PDA

Դիտել ողջ տարբերակը : Այսօրս...



Էջեր : 1 [2] 3 4

Հեղինակ
08.08.2008, 00:09
Այսօրս` 7 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Լրանում է հայ բնիկ տոմարի 4500 տարին – քառասունհինգ դար առաջ մեր Հաբեթոսյան Հայկը հաղթեց Տիտանյան Բելին, արիացի առաջնորդը գետնեց սեմական ծագման հսկային… Այդ երկու ռասաների տիտանական պայքարը շարունակվում է մինչև այսօր,- օ~, ոչ, մենք թշնամիներ չենք, այլ երկու բնական բևեռներ, որոնց շփման կետում նյութը շիկանում է մինչև միլիոն աստիճան, դա բնավորությունների ու սկզբունքների պայքար է:

Բելը ընկավ, բայց նա անմահ է մինչև այսօր, քանզի կենդանի մնաց նրա բնավորությունը ներկա մարդկության մեջ… Եվ հայության մեջ…Հաբեթոսյան Հայկը այժմ շփոթված է թվում: Հայ Մարդ, որքա~ն ես փոխվել 4500 տարում.- ու՞ր են կորել քո կապույտ աչքերը, որտե՞ղ են քո ոսկյա գանգուրները: Եվ, մանավանդ, Բելից որքա~ն գծեր ես վերցրել և դաջել ազնիվ կերպարիդ…

Մի ներքին բնազդով միշտ սիրել եմ քեզ, քո սրտի մեջ միշտ զգացել եմ ցեղային ազնվություն, բայց երբ շփվե~լ եմ հոգուդ մակերեսին և վերջին երկհազարամյակում հագած բելական քուրձերիդ…. Սիրելի~ հոգի, այդ որքան ես փոխվել. Ե՞րբ ես Հայկանալու, հայ մարդ: Երբ ես Մարդանալու, մարդ…

Չեմ կարող մոռանալ, չեմ կարող չհիշել… Մի ահեղ` մահու և կենաց կռվի մեջ էինք շատ ուժեղ հակառակորդի հետ: Մեր զավակը – Մարդու էկոլոգիայի դպրոցը, փակված էր, մենք թողել էինք դասասենյակները և մանկապարտեզի խմբերը… “Արշալույսի” զրույցները սառեցին մեր շուրթերին: Սպառնում էր ամեն ինչը կորցնելու վտանգը… Հակառակորդը շատ հզոր էր… Եվ նրա ահից մեզ լքեցին բոլոր նրանք, ովքեր մեզ հետ կիսում էին մեր առողջ, ամենօրյա, լի սեղանը, ստանում էին աշխատավարձ Առողջագետի համեստ վաստակից: Հին բարեկամները անցնում էին լուսամուտի տակով և ահից չէին նայում մեր կողմը: Օ~, դավաճանություն, հայ երգարվեստ-պարարվեստի ասպետուհին, որ մեր սիրո ճառագայթի մեջ էր, նա էլ չէր նայում մեր կողմը... Ես այն ժամանակ հասկացա, որ մենք զարկել ենք միայն Բելի մարմինը…

Չեմ կարող մոռանալ, չեմ կարող չհիշել… Մի օր դատարան եկավ մեր նախկին աշխատակիցը … թիկունք լինելու հակառակորդին – նա, ում դեղնած ու միակ զավակը վարդագույն էր դարձել մեր ձեռքերի շփումից, մեր գիտելիքով, ինքը խուսափել էր ծանր վիրահատությունից, կյանք էր ստացել… Երբ ստացա մի գրքի համեստ հոնորարը` առաջինը նրան լրավճար տվեցի… Եվ այդ կինը եկել էր մեզ զարկելու, որովհետև մի կտոր լեղի հաց էին խոստացել: Ինչո՞ւ էիր եկել, Բելի աղջիկ, ե՞րբ ես Հայկուհի դառնալու… Ցեղի դեգրադացիան իմ աչքով եմ տեսել,- դա շատ անհրաժեշտ եղավ հետո, երբ խոկում էինք` ինչպես ապաքինել այդ թանկագին հիվանդին…

Չքնաղ է երևանյան երեկոն, մայրաքաղաքս բուրում է հասուն դեղձի նման... Օգոստոսյան արևի շեղջեր են մայթերին, այդ ի՞նչ պտուղներ են: Հայկական դեմքերի շքահանդես է, այսքան պայծառ ճակատներ որտե՞ղ կարող եք տեսնել: Եվ սիրտս նորից ասում է քեզ…

Մենք ելել ենք մի վճռական ճակատամարտի: Բելը մահացած չէ, զարկվել է նրա մարմինը, սակայն հոգին նրա ամպ է կտրել, մի ահեղ ամպ և դարերի մեջ մտել մեր տները, մեր հոգիները… Մենք ելել ենք կռվի մի Բելի դեմ, որ մեր մեջ է, որ հենց մենք են - մեր բելությունը, մեր ինքնադավությունը, մեր ծուլությունը… Բայց մեր մեջ Հայկն ավելի զորավոր է… Զորավոր Նախահայր, ելի~ր, առ Ոգուդ Լայնալիճ Աղեղը և խոցի~ր հակառակորդին…

Բարի գիշեր:

Հեղինակ
08.08.2008, 22:57
Այսօրս` 8 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այսօր մարդկային անսրտության և անգթության օրն է:

Այսօր նաև մարդկային հանճարի ու մշակույթի օրն է:

Այսօր տեսանք մարդ- գազանի և մարդ-Աստծո բևեռները:

Այսօր մենք հարց տվեցինք մեզ - մենք գազանի՞ հետ ենք, թե՞ Արարչի:

Սահակաշվիլին ասում է` «Մենք կռվում ենք մեր հայրենիքի ամբողջականության համար, այդ հողը մեր հայրենիքն է...» Այ Սահակաշվիլի, ալանները իրենց հողի վրա ապրում են անհիշելի ժամանակներից և Ալանիան պատմության մեջ հիշվում է Վրաստանից ոչ ուշ: Օսիան ներկա օսերի պատմական հայրենիքն է: Այ փոքրիկ կայսրություն Վրաստան, ե՞րբ ես հրաժարվելու Ստալինի մատիտով քեզ տրված տարածքներից:
Ծանր էր տեսնել փոքր ժողովրդի ողբերգությունը: Ծանր էր տեսնել գաղութարարի դաժանությունը, որը եկել էր ոչնչացնելու և հայրենի հողից զրկելու մի ժողովրդի: Հայերս և Հայաստանը չպետք շարժվեն կրկնակի ստանդարտներով: Կարծում եմ, պատմությունը կորոշի` Արևմուտքի թևերով թռչող, ամերիկյան փողերով շնչող, անգլերեն աղոթող ու կանչող այս չտես, նյարդային մագիստրոսին հեռացնել Կովկասից - թող վերադառնա Հոլանդիա` տնփեսայի կարգավիճակով:

Նույն այսօրը չինացին ասում էր «Մեկ աշխարհ, մեկ երազանք», և ավելացնում էր` «Սեփական եսը պետք է լավացնել»: Արևելքի իմաստությունը տեսանք զարմանալի մշակութային ձևերի մեջ... Տեսնես, ներկա գտնվող արևմտյան լիդերները մի բան վերցրեցի՞ն չինական շքեղ քաղաքակրթությունից: Ողջույն չին ժողովրդին: Եվ ցանկություն ` շտապ հաշտվել իմաստուն Տիբեթի հետ և նրան տալ փաստացի անկախությու: Մի մեծի վայել չէ ճնշել մեկ այլ մեծի...

Այս փոթորկոտ օրվա վերջին մի փոքրիկ փաստ …
Բաթումից մեր գլխավոր հյուպատոսը ասում էր, թե ինչպես պետք է հետ վերադառանան մեր հանգստացողները: Չեմ կանգ առնի այն խնդրի վրա, թե ինչպես Քոչարյանի կառավարությունը անհեռատեսորեն մեր հանգստացողների գետը ուղղեց դեպի Բաթում, (հավանաբար մեծ շահույթ ունենալով )` փոխանակ ուղղելու Սևան և Հայաստանի մյուս չքնաղ վայրեր` երկրում պահելով երկրի հարստությունը: Այսօր այդ մասին չէ խոսքը, այլ... Մեր հյուպատոսի անունն է Հակոբ Հաջի Հակոբյան: Այ Հաջի Հակոբ, ինչու՞ էս ծանր օրը “Այսօրիս” մեջ հայտնվեցիր... Հայ դիվանագետ, այդ ի՞նչ քարթու անուն ես վրադ առել,- հաջի լինելը մեր ժամանակներում ի՞նչ արժանիք է, ի՞նչ կոչում է: Նախահայր Հայկի հաղթանակի օրը` խորհուրդ եմ տալիս - գնա Արարատ լեռը բարձրացիր և կոչվիր Հակոբ Արարատի Հակոբյան...

Բարի գիշեր:

Հեղինակ
09.08.2008, 23:46
Այսօրս` 9 օգոստոսի 2008թ., ավարտվում է:

Այսօրս սկսվեց խորունկ զգացումներով… Հեռուստատեսությամբ ցույց էին տալիս Հնդկաստանը, Կուլուի հովիտը: Долина Кулу…Որքա~ն անգամ այս տեղանունը հնչել է մեր սրտում, մեր կյանքի տարբեր փուլերում: Հիմալայների ստորոտում է այս հովիտը, հեռվում սրագագաթ, ձյունապատ լեռներն են… Իսկ հովիտը … աշխարի բոլոր մրգատու ծառերը, խնձորի այգիներ, վազող մաքրաջուր վտակներ, թուխ, բայց արիական դիմագծերով աշխատավոր հնդիկներ … Այստեղ իրենց կյանի գրեթե քսան տարին ապրել են Նիկոլայ և Ելենա Ռերիխները` ռուս և համաշխարհային մշակույթի այս երկու տիտանները, որոնց անունները մոտ են մեր սրտին: Այստեղ` Կուլուում, իր սիրած Հիմալայների խստաշունչ գեղեցկության մեջ, իր սիրելի Մեծ Ուսուցիչների վեհ Աշատարակներին մոտ` նա գրի է առել «Կենդանի բարոյագիտությունը» և պատրաստել տպագրության: Այստեղ Նիկոլայ Կոնստանտինովիչը նկարել է իր շատ հայտնի կտավներ, աշխարհին ուղարկել հումանիզմի իր բոցաշունչ խոսքը... Չենք թաքցնում, այդ հերոսական զույգը իմ և Առողջագետի մեջ առաջացնում է խոնարհության և սիրո ջերմ զգացումներ: Ով տեսել է Ելենա Իվանովնայի լուսանկարները` կասի, որ նա շատ նման է ազնվական հայուհու (մի աղբյուրում կարդացել եմ, որ նրա աղջկական ազգանունը` Շապոշնիկովա, ծագել է հայկական` Փափախչյան ազգանունից, և նրա նախնիները հայեր են): Բայց սա բնավ կարևոր չէ, Ելենա Իվանովնան և Նիկոլայ Կոնստանտինովիչը մեր համար մնում են մարդկային Գեղեցկության, Մշակույթի, Ազնվության տիտաններ: Հայաստանից համբույր նրանց խնկաբույր հիշատակին և կենդանի գործին:

Դժվար է վերադառնալ այս օրերի ծանր իրականությանը. Հարավային Օսիա: Երեկ ես մտածում էի` Սահակաշվիլուն վտարել Հոլանդիա` տնփեսայության: Ռուսները նրան Հաագա են խոստանում: Ես կողմ եմ: Շարունակվում է միջազգային լրատվական խառնակչությունը. Բի-բի-սին, CNN-ը չեն տեսնում, չգիտեն, որ մի գիշերվա ընթացքում ոչնչացվեց մի ժողովրդի հայրենիք, ժողովուրդը տարահանվել է, սրանք միայն խոսում են, թե Ռուսաստանը հարձակվել է հրեշտակ Վրաստանի վրա... Եվ ոչ մի խոսք մի բռնաբարված ազգի մասին... Եվ այս զառամյալ քաղաքակրթության հետ մենք պետք դեռ ինտեգրվե~նք...

Այս ամե~նը, այս ամե~նը, պատկերացնու՞մ եք, մշակութային ծագում ունի. Ո՞վ է Սահակաշվիլին, ո՞վ է նրա թիմը – Սորոսի ֆոնդի, միջազգային ՀԿ-ների կողմից դեգեներացված մարդիկ, սրանք մտածում են աշխարհի մասին նույն կատեգորիաներով, ինչպես հայտնի գերտերության նեղճակատ նախագահը: Ի ցավ սրտիս, այս դեգենարատիվ մտածելակերպը կա նաև հայ իրականության, նաև երիտասարդության մեջ: Բարկա~մս, բարեկա~մս, հերի~ք է գրառում անես ֆորումներում, գնա~, Դոստոևսկու մի վեպ բացիր, Չարենցի մի հատոր ու կրթվի~ր, կրթվի~ր:

Այս ամենը, իհարկե, մշակութային ծագում ունի … Այսօր հիշեցինք Ռերիխներին, «Կենդանի բարոյագիտությունը», մարդկային-տիեզերական ճանաչողության անսահմանությունը: Ավա~ղ, ներկա քրիստոնեությունը շուտ հեռացավ իր գնոստիկ աղբյուրներից, Աստվածորդու հրեղեն ուսմունքից – ձկնորս-առաքյալների կրթական սահմանափակությունը և ավետարանական մեջբերումներով ամբոխները ճորտացնելու ճիզվիտական ավյունը շատ բան սպանեցին ժողովուրդների մեջ – դրանց արդյունքը արևմտյան նեղճակատ քաղաքակրթությունն է, նեղճակատ նախագահները, նեղճակատ հռոմապապերը, երիցս նեղճակատ պատրիարքները և կաթողիկոսները: Մեզ անհրաժեշտ է Գիտելիքի նորոգում, Սիրո նորոգում, Հավատի նորոգում, Կյանքի նորոգում…

Բարի գիշեր:

Հեղինակ
10.08.2008, 23:49
Այսօրս` 10 օգոստոսի 2008թ., ավարտվում է:

Այսօր մի պահ թվաց, թե Հայաստանի Երրորդ հանրապետության գործերը վատ են … Պատկերացնում ե՞ք` ժամը իննից մի քիչ անց «Հայլուրն» սկսվում է, գնում է մի սյուժե` փոխարտգործնախարարի հետ` Վրաստանից մեր հանգստացողների վերադարձի մասին... Եվ «Հայլուրն» հանկարծակի.... անհետանում է էկրանից: Մի կինո դրեցին , մի քանի րոպե անց էկրանի վրա անշարժացավ մի սպանված կնոջ դեմք, և ֆիլմը.... շարունակվեց: Ի՞նչ է եղել, «Հայլու~ր», եթե տանտերը տանը չէ, կարելի է նաև գլխավոր լրատվական ծրագիրը հանե՞լ եթերից: Անհասկանալի է, զարմանալի է …

Այս ի~նչ աշխարհ է, մարդիկ` ձենը գլուխները գցած, խոսում են, մարդկության մի կեսը հարցազրույց է վերցնում մյուս կեսից և ... խոսում են: Ուղղակի ցնցված եմ ՄԱԿ-ի Անվտանգությւան խորհրդի այսօրվա նիստից, քննարկվում էր Հարավային Օսիայի հարցը: Լսեցի գրեթե բոլորին. միայն Պանամայի ներկայացուցիչը կեսբերան դատապարտեց վրացիների հարձակումը Օսիայի վրա, մնացածը` խոսում էին Ռուսաստանի ագրեսիայի դեմ և Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանության մասին:

Ես մի դժվարին «բախտ» եմ ունեցել` մեր գործի պաշտպանությամբ համար մասնակցել մի քանի դատական պրոցեսների, - որքա~ն անգամ է պատահել, որ ընդդիմախոսդ, որևէ իրավական կողմ նայում է աչքերիդ ու ցինիկ ստում է: Ահա, նուրբ ստախոսության այդպիսի զարմանալի հանդես տեսա... Անսահման է մարդկային ցինիզմը, զարմանալի էր Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանների ցինիզմը, ոչ մի խոսք այն մասին, որ մի փոքրիկ հայրենիք ջնջվել է երկրի երեսից: Կոստա – Ռիկա կոչվող մի երկրի դեսպանը լկտիորեն խելք էր սովորեցնում Ռուսաստանին, թե ի~նչ եք խոսում ագրեսիայի, գենոցիդի, էթնիկ զտման մասին..., Ով մարդկային թյուրիմացություն, եթե քեզ ու քո Կոստա – Ռիկային ջնջեին երկրի երեսից, ի՞նչ բառեր պետք է օգտագործեիր...

Մի տխուր եզրակացության հանգեցի` ներկա աշխարհակարգը և մարդկությունը զուրկ են էթիկայից: Պետք է լինել ուժեղ, և սեփական ուժի, արդարության և էթիկայի բարձունքից խոսել այդ ճերմակատամ միջազգային չինովնիկների հետ: Ամաչում եմ երկրիս համար, որ իր ներքին և արտաքին քաղաքականության ամբողջ սպեկտրը բխեցնում է էթիկայից զուրկ քաղաքակրթության «արժեքներից»:

Այս օրերին տեսա շատ օս երեխաների պատկերներ, նաև կանաց, ծերունիների... Կյանքը, Ճշմարտությունը, Գեղեցկությունը...երեխայի ժպիտի մեջ են: Մի երեխայի արցունքը, մի ծեր մոր լացը բարձրագույն ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆ ԵՆ...Սիրելի մանուկներ, սիրելի մայրեր, Հայաստանից սիրտս խոնարհեցնում եմ ձեր ցավի առջև...

Բարի գիշեր:

Հեղինակ
11.08.2008, 23:52
Այսօրս` 11 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այսօրս... Լարված աշխատում էի... Գրում էի այնպիսի նոր կրոնական կուռքերի մասին, ինչպիսին են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները... Հատկապես` մարդու իրավունքները: Երբ նայում ես այս մոլորակի ժողովրավարներին` վեգետատիվ նյարդային համակարգդ ապստամբում է, և խառնում է սիրտդ... Երեկ ինձ առանձնապես ցնցեց Անվտանգության խորհրդում Բրիտանիայի ներկայացուցիչը - մի սևազգեստ, գեր կին է... Եվ ինչ է ասում այս բրտանուհին. «Ոչ մի համեմատություն ՆԱՏՕ-ի գործողությունների հետ Հարավսլավիայում և Կոսովոյում...» Եվ սա ասում է Ռուսաստանի վերաբերյալ` Հարավային Օսիայի դեպքերի առիթով: Բրիտանուհի դեսպա~ն, Արևմուտքը քինախնդրորեն հոշոտեց Կոսովոյի սրբազան հողը և այն հանձնեց թուրքերին: Իսկ գոնե այս անգամ` ռուսները հաստատ էթիկապես բարձր են և օսերի սրբազան հողը` Ալանիան, պաշտպանում են նրա տերերի համար.. Ինչո՞ւ ես այդպես կրքով պաշտպանում վրացական դուչեի իրավունքները...

Մեր ժամանակաների դուչեն ... Երբ մազերը ճակատին են թափվում և ձեռքը պարզում է առաջ, քիչ է տարբերվում իր հայտնի նախորդներից: Այսօր հագել էր պաշտպանական ժիլետը և խրոխտ ժպտում էր... Մի փոքր սպառնալիք` մեր դուչեն պոկվեց տեղից ու... փախավ: Ա~յ դուչե, վախենու~մ ես կյանքիդ համար, բա մի գիշերվա մեջ ինչպե՞ս 2000 խաղաղ մարդ սպանեցիր ...

Այսօր գրում էի միջազգային տեռորիզմի մասին, ավելի ճիշտ` մեջբերում էի մտքեր «Երրորդ հանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը» գրքից: Աշխարհում ամենացինիկ տեռորիզմը մշակութային և հոգևոր – էթիկական տեռորն է , երբ խոսքի ազատության նշանաբանով, հակամշակույթի աղբով մարդուց խլում են նրա լեզուն, հոգին, ուրախությունը, հայրենիքի զգացումը: Մեր միջազգային ժողովրդավարները այս նուրբ տեռորիստներն են: Հոդված էի գրում ու ձգտում պատռել սրանց քաղաքակիրթ դիմակները:

Հայաստանի Նախագահ, վերադարձեք Հայրենիք: Հասկանում եմ` ուզում եք մեդալով-պատվով վերադառնալ, մեր մարզիկների հետ լինել, բայց մեր պետականության բարձրագույն շահը պահանջում է այստեղ լինել... Հայաստանի ապագայի համար բացառիկ կարևոր օրեր են...

Այս դժվար օրերին մի լուսավոր աշխարհ կա – մանուկների դեմքերը: Հարավային Օսիայի մանուկների դեմքերը: Ահա մի աղջնակ` յոթ–ութ տարեկան, մազերը երկար, խոշոր ու սև աչքերով: Փոքրիկ գեղեցկուհի, երբ մեծանաս, մի գեղեցիկ Սաթենիկ ես լինելու, գալու ենք հարսնախոսության` ուզելու ենք մեր Արտաշեսի համար: Եթե չհամաձայնե~ս` մի ոսկե պարան կգցենք մեջքիդ, պատիվներով կբերենք Հայաստան, և մեր թագուհին կլինես :

Բարի գիշեր:

Tigris
12.08.2008, 17:27
Գուցէ պէտք է պարսաւել, արհեստական սահման գծողներին: Եթէ լենինի նպատակը, իրապէս, ազգերին մշակութային ինքնավարութիւն շնորհելն էր, ապա ի՞նչ իմաստ ունէր, առանց այն էլ նօսրացած օս-ալան ժողովրդին երկու մասի բաժանելը: Կամ լրիւ Վրաստանի կազմում պիտի լինէին, կամ էլ Ռուսաստանի: Ի՞նչ իմաստ ունէր փոքրաթիւ լեզգիների մի մասը առնել ՌԴ Դաղստանի ինքնավար հանրապետութիւնում, միւսը թողնելով կեղծանուն Ատրպայճանի մէջ:
Կայսերական պետութիւնների հնուց աւանդուած ազգային քաղաքականութիւնն է եղել սա. «բաժնէ՛, որ տիրես» :
Եթէ Արցախն ու Նախճաւանը Հայաստանի կազմում լինէին, Հայաստանի կախումը Ռուսիայից նուազ կը լինէր: Ուրեմն՝ իրականում սովետական կոմունիզմը ազգերին ինքորոշում չբերեց, այլ բերեց երջանիկ ստրուկ լինելու հոյակապ զգացմունքը, որին յաջորդեց անխուսափելի յուսախաբութիւնը: Փոքր հանրապետութիւններն էլ, ժառանգել են երբեմնի տիրոջ՝ կայսրութեան պահուածքը, իրենցից աւելի փոքրերի՝ փոքր ազգերի հանդէպ, ու չեն կարողանում համոզուել, որ նրանք էլ պետականակերտ ազգ լինելու ձգտում կարող են ունենալ, կամ էլ նոր ձեւաւորուող, իբր ժողովրդավար ու եւրոպական չափանիշներին հետեւող նոր պետութիւնների կեանքին հաւասար մասնակցել:
Գեղեցիկ խօսքերը, գաղափարներն ու վարդապետութիւնները, որոնք ըստ կարգի պիտի նպաստէին մարդկութեան երջանկութեանը, նպաստում են շպարելու նոյն՝ անցեալի վայրագ զաւթիչների հանցաւոր գործողութիւնները: Ուղղափառ կրօնի, Ժողովրդավարութեան, Ալլահի ու իր Պէղամբերի անուններով, շատ անմեղների արիւնն է հեղուել: Քանիցս մտածել եմ. ինչի՞ համար է այդ ազգերի կազմակերպութիւնը, որ իբր միացեալ է, բայց իրականում, ապահովութեան խորհուրդ կոչուածի վտանգաւոր ներկայութեամբ է ականապատ: Բոլոր կարգի ահաբեկիչները դաշնակից են իրականում, լինեն պետական մակարդակով, թէ կազմակերպական: Իրականում, մեկը միւսի գոյութիւնը արդարացնում է: Ձեռք ձեռքի տուած, իւրաքանչիւրը իր ագարակում հերոսանում է, իբր՝ վասն ազգի ու վեհ գաղափարների: Չգիտեմ՝ եթէ երբէք Միքայէլ Սահակի որդին աւելի ժողովրդականացած դուրս պիտի գայ մի քանի հազար մարդու կեանքն արժած այս պատերազմից:
Ազատ մտածող մարդուն պետական քարոզչանքը չի ազդում, սակայն, ցաւօք, քաղաքական լուրերին հետեւողների մեծ մասը, նախօրօք դիրքորոշուած է ում հետ եւ ում դէմ պիտի լինի: Այնուհանդերձ, ողջունելի է ազատ մամուլի՝ անաչառ լրատւութեան ու մանաւանդ անկողմակալ մեկնաբանութեանց տարածումը լրատուամիջոցներով:
Մարդկութիւնը,- եթէ կայ այդպիսի բան,- միահամուռ պէտք է դատապարտի պատերազմը, ու սգայ բոլոր զոհերի համար: Վրաստանում ապրում է 0,5 միլիոնից քիչ պակաս հայութիւն, ու բացի այդ, Վրաստանի անկախութիւնը Հայաստանի անկախութեան գրաւականն է:
Ալանիայում պատերազմի դադրեցումը պիտի զուգակցի զօրքերի վերադարձը նախնական դիրք, ու ամեն իրավիճակ իր նախկին դրութիւնը պէտք է գտնի: Այս պատերազմը, եթէ աւարտի վերոյիշեալի պէս, այդ պարագայում, տարածքում, հազիւ թէ որեւէ հաւակնորդ համարձակի սահման փոխել. ուժի միջոցով: Արցախում ոչ-պատերազմ ոչ-խաղաղութիւնը վիճակը բիւր անգամ լաւ է, քան այլ տարբերակ, ուր բացառւում է լիիրաւ անկախութիւնը ու հայ հողի ամբողջականութիւնը:
Անդրկովկասում աշխարհաքաղաքական դրութեան փոփոխութիւնը ի վնաս կամ ի շահ Ռուսիոյ, Հայաստանի եւ Արցախի համար աղիտալի կարող է լինել: Նա այնքան ինքնավստահ չպիտի լինի, որպէսզի Հայաստանն ու մնացեալ անդրկովկասեան հանրապետութիւնները կուլ չգնան, ու ոչ այնքան տկար, որպէսզի նոր կայսերական ուժերի կողմից տարածքը արկածախնդրութիւնների թատերաբեմ չլինի:
Մեր միակ մխիթարանքը կարող է լինել՝ տարբեր ժողովուրդների ու քաղաքացիների սթափ գնահատանքը իրավիճակին:

Հեղինակ
12.08.2008, 23:43
Այսօրս` 12 օգոստոսի 2008թ., ավարտվում է:


Այսօրս շատ զարմանալի օր էր: Առավոտից սկսած այն զգացումն ունեի, որ այս աշխարհում ինչ–որ մի ծեր, անպետք, երեսպաշտ բան կործանվում է և մի երիտասարդ, առողջ ուժ ` բարձրանում…

Այսօր դրամատիկ օր էր, այսօր Եվրոպան մի փոքր ու հպարտ ժողովրդի ասում էր – կա տարածքային ամբողջականության սկզբունքը և դու պետք է ապրես այս պետության սահմաններում: Ասում էին ժպտալով` ի~նչ էլ ատամներ ունեն… Ահա եվրոպական հյուսիսից եկած այս դիվանագետը, որ չգիտես ինչու` մի քիչ հաբեշի էր նմանվում: Իսկ ահա այս աշխույժ նախագահը, որի շարժումները հիշեցնում են Լուի դե Ֆյունեսի ժեստերը: Այս նույնն էր ասում նաև մեր պաշտելի գերտերության նեղճակատ նախագահը, որը խոսքի մեջ մի բան խառնեց և գրավոր տեքստով կարդաց. «չպետք է թույլ տալ, որ Վրաստանը փոխի իշխանություն Ռուսաստանում»: Սիրելի գերտերության նախագահ, գլխի չե՞ս , թե ինչ ես կարդում: Չէ~, Կոնդին քեզ հետ լավ չի պարապել...

Վրաստա~նը, Վրաստա~նը … Ամաչում եմ քո համար, գեղեցիկ Վրաստան, չքնաղ Սաքարթվելո: Ինչպես չհիշեմ` Իսահակյանին հարցրել են` եթե երկիրդ լքելու լինես` որտե՞ղ ավելի ապահով կզգայիր, ու՞ր կգնայիր... Եվ նա ասել է` Վրաստանը: Ափսո~ս, հազա~ր ափսոս վրաց ժողովրդի ընտրած ճանապարհի համար: Ափսոս, որ սեմական գենը միշտ դեպի Արևմուտք նայեց, գերմանացու և անգլիացու կանչեց, հիմա էլ արդեն Ամերիկային երկրպագեց և իր տունը տվեց, թուրքի ձեռքից զինվելու փող առավ, Իսրայելից` զենք ու զրահ... Միթե՞ Գրիբոեդովի և Նինո Ճավճավաձեի վեպը, Նինոյի հավատարմատությունը ոչ մի ատոմ սեր չեն թողել սրտիդ մեջ... Վրաստա~ն...

Ի՞նչ է անում Հայաստանը: Երկիրս, ե՞րբ ես պետական ազգ դառնալու... Մի պատմություն եմ հիշում Առաջին հանրապետությունից – կարծեմ Վարդգես Պետրոսյան էր անում: Մի հայ պատվիրակություն մեկնելիս է լինում կարևոր, ճակատագրական միջազգային բանակցության: Պատվիրակության ղեկավարը լուր է առնում, որ հորաքույրը մահացել է: Մեկնումը կասեցնում է, գնում է, հորաքրոջը տեղը-տեղին թաղում, հեքնահողն էլ տալիս` նոր երրորդ օրը վերադառնում է և գնում բանակցության: Երկիրս, ե՞րբ ես երկիր դառնալու:

Ինչ է ասածս – իհարկե, լրիվ զուգահեռ չեմ անցկացնում, փառք Աստծո:
Բայց, երկրիս կառավարիչ, մերձավոր դաշնակիցդ պատերազմի մեջ է, մերձավոր հարևանդ էլ նրա հակառակորդն է,- ուրեմն դու որտե՞ղ պետք է լինես... Այստե~ղ, այստե~ղ, այստե~ղ... Բայց դու չես մեղավորը,- մեղավորը այն անպետական ազգն է, որ ծնել է քեզ, ինձ, բոլոր անպետականներիս և իր անպետական խելքով կրթել: Վերադարձի~ր, այս դրամատիկ օրերին կերտվում է նաև Հայաստանի ապագան, ղարաբաղյան հարցի ապագան... Լավ էր, գոնե Հայաստանից մի արթուն մարդու արձագանք գնաց լրատվական միջոցներով...Ո՞վ է այս ժամին կառավարում Հայաստանը...

Այսօր զարմանալի օր էր, այսօր մի զարմանալի և երիտասարդ ուժ ուզում էր պատռել հիվանդ քաղաքակրթության թաղանթը և դուրս գալ... Տուր նշտարդ, պատմությու~ն, պատռենք պտղաթաղանթը, թող ծնվի Նոր Քաղաքակրթությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
13.08.2008, 23:58
Այսօրս` 13 օգոստոսի 2008թ., ավարտվում է:

Այսօր ավարտեցի Հռոդոսյան թեզիսները (շնորհակալ եմ Այգին, իր գրառումով նա հուշեց, որ ռուսերեն Родос-ը հայերեն Հռոդոսն է): Հռոդոսյան ֆորումը, քաղաքակրթությունների երկխոսությունը… – մարդիկ, կրոնները, ազգերը խոսում են իրար հետ, ելք են փնտրում: Սա հորիզոնական, տարածվող երկխոսություն է: Բայց ու՞ր է նրա արդյունքը… Մեր աշխատությամբ ես ու Առողջագետը ասում ենք` եթե ուզում ես բան ստեղծել` անհրաժեշտ է ուղղահայաց երկոսություն - ինքդ քո սրտի հետ, նաև Բնության ու Արարչի հետ: Սա է բովանդակություն տալու հորիզոնական երկխոսությանը, սրա միջոցով մարդը խոսելու է Ճշմարտության ու Գեղեցկության հետ, այդպես է հնարավոր նոր հայրենիք ստեղծել: Եվ այս ամենը ` ԳԻՏՈՒԹՅՈՒՆ է - ահա մեր Հռոդոսյան թեզիսները…

Վերջին օրերի հուզումները այսօր մի քիչ հանդարտվեցին, բայց ֆարսը շարունակվում է: Հարավկովկասյան դուչեն` դեմքին հումանիտար հուզմունք և քաղաքակիրթ ցասում ասում էր. “Ռուսնե~ր, հո թաթար-մոնղոլ չեք, ի՞նչ է ձեզ պետք, ինչո՞ւ եք մտել Ցխենվալի, ինչու՞ հողին հավասարեցրիք այդ փոքրիկ, գեղեցիկ քաղաքը”: Ընթերցողս, բերանդ երևի զարմանքից բաց մնաց, բայց ես չզարմացա. մեր ճանապարհին մի չորս-հինգ այսպիսի տիպ հանդիպել եմ – արդարամի~տ , ժողովրդավա~ր, և դաժան , էթիկայից զուրկ …

Ափսոսում եմ, իհարկե, սլավոնական արյան դեգրադացիայի համար – ուկրաինացի Յուշչենկոն , լեհ Կաչինսկին …- և հասկանում եմ` ռուս կայսրությունը հսկա դեր ունի նրանց դեգրադացիայի մեջ: Ատելությունը արյան մեջ այնպես է մտել, որ դուրս չի գալիս: Եվ այսօր, երբ այս սլավոնները բռնում եմ այս մեկի արյունոտ ձեռքերը և վեր բարձրացնում` չենք մոռանում ռուս կայսրության դարավոր սխալները: Այնպես որ` ներողամիտ լինենք մեր չարացած սլավոնների նկատմամբ:

Ռուս էլիտան այս օրերին փայլուն աշխատեց: Եթե այդ հոգին ազատվի կայսերական վաղեմի ախտերից, ապա նա կարող է ապագա կերտել: Նշում եմ երկու լիդերների, Լավրովի, Կարասինի, Չուրկինի, գեներալ- գնդապետ Նոգովիցինի փայլուն աշխատանքը:

Ուշ երեկո էր: Երևանին մաքրող ու սառը անձրև տեղաց, այս պահին հայրենիքը խաղաղ է: Ափսո~ս, թուրքերի ճարպիկ լամուկները ջարդել են մի քանի հայկական կայքեր: Խաղաղության մեջ է մեր ուժը: Խաղաղության կարոտը, ստեղծագործելու կարոտը ծխում է մարդկային սրտի մեջ: Ապրել, լինել, ստեղծել, սիրել: Տեսնես` երբ են դադարելու մարդու ստեղծած փոթորիկները այս մոլորակի վրա: Այս պահին լսում եմ օս երիտասարդ կնոջ ձայնը – նրա կազմած բառարանը, տարիների աշխատանքը վառվել է պատերազմի բոցերի մեջ… Վառվել է ԲԱՌԱՐԱ~ՆԸ: Առանց ԲԱՌԱՐԱՆԻ` մենք ինչպե՞ս ենք խոսելու իրար հետ…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.08.2008, 00:09
Այսօրս` 14 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Գենը ուրացողը… Հայ գենը… այդ թանկագին նյութը շատ անգամ կորսվել է, խառնվել օտարի հետ և կորցրել է իր ինքնագիտակցումը: Բայց սա դեռ ոչինչ, սա հասարակ ձուլում է: Առավել ողբերգական է այն դեպքը, երբ գենի կրողը գիտե իր մեջ հայկական գենի առկայությունը, ձգտում է օր առաջ մոռանալ դրա մասին, լինել ձուլող ազի լիարժեք անդամ, բայց չի կարողանում մոռանալ… Չի կարողանում և լցվում է անհուն ատելությամբ իր ծագման նկատմամբ: Աբդուլ-Համիդի մայրը հայ էր: Արյունարբու սուլթանը վրեժ էր լուծում իր ոչ լիարժեք թուրք լինելու համար: Հիտլերի մայրը հրեա էր – նուն պատմությունը, նույն վրեժը:

Այս մեկը, այս փոքրիկ նյարդային բռնակալը ծագումով հայ է: Սա էլ ուզում մոռանալ իր հայ լինելը, չի կարողանում և ուզում է ոչնչացնել, սպանել, տիրակալել, որ հաղթահարի խորին անլիարժեքության զգացումը: Եվ չի կարողանում…

Դեպի հարավ ենք նայում - Արաքսից այն կողմ, գնում Արարատի փեշերով մինչև Վանա լիճ, Տիգրանակերտ, ապա Քրդստանի լեռները… Ամենուր, իսլամ ընտանիքների ու ցեղերի մեջ, գիշեր ու ցերեկ կայծկլտում է հայ գենը - մեկը հավերժ կորուսյալ, մեկը` անլիարժեք ու վրեժով լցված իր նկատմամբ, մյուսը` ծպտյալ, անունը` Սուլեյման, բայց քնելուց առաջ խաչ է հանում, իսկ շուրթերը շշնջում են` Հայր մե~ր: Որտե՞ղ ես, հայ գեն – հրեղենս, քաղցրս, պաշտելիս – պայծառաչս, միամիտս, կորուսյալս… որտե՞ղ ես:

Հենց նոր, Սիրելուս հետ Հրազդանի ձորին նայող այգում էինք … Մեր երիտասարդ զույգերը, իրար փարած, վայելում էին հայրենիքը… Շողում էին կամրջի լույսերը, արդեն գրեթե աշնան հովը փարում էր մեզ: Միայն հեռվից գալիս էր մի լփռոշ ռեստորանային երաժշտություն, որը աննկատ ու անարգել աղտոտում էր ձորը, Հայաստանը, աշխարհը… Այն հասնում էր սրբազան գենին ու այլասերում այն, - այս զույգերը կկարծեն, թե սա է` այս խմած աղմուկն է իրենց Հայրենիքը… Հայկական գենս, միթե՞ հայրենիքում էլ ապահովություն չունես:

Առողջագետին ասում էի – մեկ ու կես միլիոն հայ վերջին տասնհինգ տարում թողել է Հայրենիքը: Մենք այս պահին վայելում ենք մեր երկիրը … ինչպիսի~ լույսեր , ի~նչ խաղաղություն… Բայց այս նույն ժամին հայ մարմինն ու հոգին, հայ գենը տվայտում են աշխարհի չորս ծագերում, փնտրում են իրենց ծագումը, կորցնում, գտնում, նորից կորցնում… Ո՞վ կարող է հաշվել մեր չծնված մանուկների քանակը, ո՞վ կարող է պատկերացնել ամուլ արգանդների տվայտանքերը, ո՞վ կարող է լսել կորսվող գեների վերջին հառաչանքները:

Հայ գեն, այս ժամին իմ արցունքը ընկնում է քո շիկացած պարույրների վրա…Որտե՞ղ ես – հրեղենս, միամիտս, կորուսյալս…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.08.2008, 23:51
Այսօրս` 15 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Շատ խիտ օրերե են … Փլվում են միջազգային կարծրատիպերը... Երևում է, որ միջազգային թագավորները... մերկ են: Մի քանի նրբագիծ` այսօրվա պատկերներից:
Հայտնի է` այժմյան զարգացած երկներում շատ տարածված է ալերգիայի երևույթը: Երբ օրգանիզմը չի ընդունում որևէ նյութ և դրա նկատմամբ խիստ հիվանդագին պատասխան է տալիս: Եվ եվրոպական միտքը փնտրում է երևույթի պատճառը, դրա վրա ծախսվում են միլիոնավոր դոլարներ... Օրինակ` երեխայի մաշկի վրա խազեր են անում և վրան դնում են … խնձոր, դեղձ, ծաղիկ … Եվ եթե կարմրում է, ուրեմն` դա է ալերգենը... Եվ չեն կասկածում, որ երեխայի աղտոտված , թույներով լցված օրգանիզմն է հիվանդագին պատասխան տալիս նունիսկ առողջ նյութերին: Ծաղիկն է մեղավորը, ծաղիկն է ալերգենը, - ասում է եվրոպական դեգեներացվող ինտելեկտը:

Մի մոլագար ցեղասպանություն է անում, բայց այս անգամ այնպես է լինում, որ ցեղասպանի ձեռքը մեկը բռնում է և հետ է շպրտում: Եվրոպական միտքը հաշվարկում է և ասում է ցեղասպանի ձեռքը բռնողին. “Ճիշտ է, այնտեղ ինչ որ վատ բան եղել է, բայց քո պատասխանը համասնական չէ, և ես քեզ դատապարտում եմ”: Ցեղասպանը չէ մեղավորը, մեղավորը նա է, ով ոչ համամասնական պատասխան է տվել նրան, - այսպես է դատում դեգենարցվող եվրոպական ինտելեկտը:

Եվրոպացիները շատ են սիրում կոսովյան ալբանցիներին, նրանց անկախացնում են և ասում` սա արտակա~րգ դեպք է, սա չի~ կարող որպես նախադեպ ծառայել: Հարցնում ենք` բա հարավային օսե՞րը: Չէ~, ասում է եվրոպացին, օսը ուրիշ է... Էլի ենք հարցնում ` բա աբխազնե՞րը, ղարաբաղի հայե՞րը: Պատասխանում է` չէ~, մենք նրանց էլ չենք սիրում... Մենք սիրում ենք միայն Կոսովոյի ալբանացիներին... Հետո էլ ավելացնում է` շատ չաշխուժանաք, հա~, թե չէ օսերիդ, աբխազներիդ, հայերիդ Հաագա կտանե~մ,- այսպես է ասում եվրոպական դեգեներացվող ինտելեկտը:

Հայ ժողովրդավարնե~ր, գիտեմ, ծանր է ձեր օրը... Ղոչաղ կացե~ք: Ձեր իդեալը` այսպես կոչված քաղաքակիրթ երկրներն են ... զառամյալ ու հոգնած Եվրոպան և մեր հարազատ կովբոյական Ամերիկան... Ի՞նչ կլինի` սրանցից սովորենք քվեաթերթիկը ճիշտ ծալել, տուփի մեջ գցել ու հետո` ճիշտ, մարդավարի հաշվել: Մնացածը` մեր տան կառուցումը, ՈՒՐԻՇ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ...

Այսօր նորից գնեցի հայտնի ազատական լրագիրը, մեր Ազատական Լրագրողը շարունակում է իր երևակայական ուղևորությունը: Մի լավաշի չափ էջի վրա պատմում է, թե ինչպես է մի գնացքում հարբել և ինչպես է զուգարանում ազատվել ալկոհոլի սպանիչ քանակներից... Ահա այսպիսի հակագեղագիտություն... Դեպի սա է տանում եվրոպական դեգենարցվող ինտելեկտը...

Մի քիչ տխուր ստացվեց, բայց վհատելու հարկ չկա:
Այսօր աշխատում էի մի հոդվածի վրա – ո՞ր ազգերը, ո՞ր ժողովուրդները կարող են նոր սինթեզ կատարել, Նոր Մշակույթ և Նոր Ապրելակերպ ստեղծել: Ու՞մ սիրտն է երիտասարդ, կարեկցանքով լի... Կա~ն այդպիսի օջախներ այս աշխարհում, կյանքը անվերջ է և լույսը անվերջ է...

Բարի գիշեր:

Հեղինակ
16.08.2008, 23:22
Այսօրս` 16 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այսօր որոշեցինք մի քիչ հանգստանալ: Աշտարակի ձորը…Թեթև էինք գնացել - հեթանոսական կրակ և քրիստոնեական մատաղ չէինք նախատեսել…

Ձորը գեղեցիկ էր … Երբ աշունը մոտենում է, գետի ջրերը պարզվում են – աղբյուրի ջրի նման: Առաջին անգամ տեսա մանր ձկների առատություն, մի փոքրիկ, կանաչաթև,երկարակտուց թռչուն մանր ձուկ էր որսում` հենց մեր աչքի առջև:

Հայ համայնքը հանգստանում է տոհմերով: Դիմացի ափին մի բազմանդամ տոհմ է` հարսներով, երեխաներով… Գետի եզրի բարձր որձաքարին նստում է այրը` մի ձեռքին սիգարետ է, մյուսին` սուրճը: Նրան մոտենում է կինը` սալաթագույն տաբատը հագին, ձեռքը դնում է ամուսնու թուխ ուսին և նստում հարևան որձաքարին: Ընտանեկան իդիլիա - Աշտարակի ձորում:

Հայ համայնքի կյանքի ապոթեոզը - խորովածը. դիմացի տոհմը այսօր խաշլամա է նաև անում… Առողջագետի ձեռքին մի գիրք է` Айванхов “Центры и тонкие тела”: Մեծ Ուսուցիչը այս գրքում ասում է, թե մարդը կարող է մի քիչ պակասեցնել մարմնական վայելքները և ստանալ այլ` ոգեղեն հաճույքներ: Այս մտքի վրա` քամին փոխում է ուղղությունը և դիմացի ափի խորովածի ծուխը հասնում է մեզ ու մի պահ խեղդում մեզ և Ուսուցչին…

Ինչ որ տեղ կլկլում է ռաբիսը, կլարնետը սիրտ է լացացնում - կլկլոցի հետ երգչի բոլոր ջիգյարները` լյարդը, փայծախը, սիրտը դուրս են գալիս և փշրվում դիմացի ժայռերի վրա: Ժայռերը այլևս չեն զարմանում, թեկուզ մի քանի դար այստեղ են հասել Սաղմոսավանքի սաղմոսները:

Իսկ ես ի~նչ գործ էի անում, որ ասեմ` կզարմանաք. ուսումնասիրում էի Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքը: Այս փառապանծ օրենքն ունի 23 էջ: Այնտեղ փնտրեցի “մշակույթ” բառը և չգտա…Վաղն էլ եմ փնտրելու, կարո՞ղ է կա: Իսկ ահա հեռուստատեսության ծրագրային քաղաքականության երեք կետ, որ սահմանում է այդ պայծառ օրենքը. առավել հնչողություն ունեցող տեղեկատվության ապահովում, ապա` այնպիսի հաղորդումներ, որոնք ապահովում են հասարակության բոլոր շերտերի շահերը(?) և երրորդը ` տեղեկատվությունը հասցնել խուլ-համրերին: Սրանք են քաղաքակիրթ ազգի քաղաքակիրթ հեռուստատեսության նպատակները: Չէ~, գնանք, խուլ ու համր դառնանք, մեր Հանրայինը մեզ կհասցնի ամբողջ տեղեկատվությունը: Թե չէ~ ազգ, ազգային մշակու~յթ…էլ ի՞նչ կուզեիք: Մի ցնցող կետ կար – “հեռուստատեսությունը պետք է ապահովի լեզվի անաղարտությունը” , ինչը փայլուն կատարում է 32 ատամը… և “Մարդու արժանապատվությունը”, ինչը վեհանձնաբար իրականացնում է …Հ2-ի “պահմտոցին”….

Ավելի լավ է մարդ մի քար լիներ, մի կանաչթև թռչուն, մի բարձր ծառ, իր համար ապրեր այս ձորում, քան կարդար այս ցածր, շատ ցածր, մի ազգի ոգու և կյանքի նկատմամբ ստորաբար ցածր… այս օրենքը: Հեռանում ենք ձորից` շնորհակալ լինելով, որ մեր ժայռերը, մեր գետը, մեր օդը դեռևս չեն ենթարկվել… միջազգային ստանդարտներին:

Բարի գիշեր:

Հեղինակ
17.08.2008, 23:14
Այսօրս` 17 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Մեկ շաբաթում աշխարհը փոխվեց: Այժմ մենք ապրում ենք ավելի արագ փոխվող աշխարհում: Այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը մի մոլագարի մղեց ցեղասպանության - զինեց, պահեց, պահպանեց և մղեց ագրեսիայի: Բայց ցեղասպանը պարտություն կրեց: Մի զոհ ժողովրդի արյան գնով նաև մենք ` հայերս, այսօր կարող ենք ավելի թեթև շնչել: Խոսքս, իհարկե չի վերաբերում մեր այն գործիչներին, որոնք մեկ-երկու տարի առաջ ձգտում էին նույն դերակատարության, ինչ-որ հարավկովասյան մեր դուրսպրծուկը: Այդ մասին ժամանակին գրել եմ: Ցավակցում եմ մեր այդ գործիչներին: Եվ հորդորում` խմբագրել սորոսամետ ձգտումները:

Սովետի ժամանակնեում մի կարծրատիպ կար – երբ խոսում էին որևէ պետության հանցանքների մասին` ասում էին ` ժողովուրդը մեղավոր չէ, ժողովուրդը միշտ լավն է: Այս մոտեցման մեջ, իհարկե, ճշմարտություն կա, բայց ո՞վ է ծնում հանցանք կատարող իշխանությունը: Լուսնից հո չի՞ ընկնում:

Հանգուցյալ Զվիադ Գամսախուրդիան այսօր էկրանից ասում էր` օսերը աղբ են, վրացական ավելով պետք է ավլենք նրանց: Բատոնո Զվիա~դ, ադպես չեղա~վ , հորդ` բատոնո Կոնստանտինեի պոեզիան քեզ այդպե՞ս է կրթել…Եվ տեսա՞ր` ինչ եղավ… Ջարդվեց վրացական ցախավելը…

Այո, Ռուսական կայսրության փոխարքաների, գեներալ-նահանգապետների մայրաքաղաքը, Ստալինի հայրենիքը վերջին երկու դարերի ընթացքում մի փոքրիկ կայսրություն էր դարձել` գոռոզ, նախահարձակ, ազգերը ձուլող և փչացնող… Այժմ Թիֆլիսում, հայոց երբեմնի պանդուխտ մայրաքաղաքում, հայրերեն խոսք չես լսի. փնտրել եմ ` գրախանութներում որևէ հայկական գիրք չեմ գտել:

Չէ~, վրաց ժողովուրդը ևս պատասխանատու Օսիայի ցեղասպանության համար: Նրա բնավորության մեջ թափանցել է արհամարհանքը ծավալով փոքր մշակույթների նկատմամբ… Այժմ, երբ նայում եմ Գորիից գաղթածներին ու հումանիտար աղետին, ասում եմ` ափսո~ս քեզ, վրաց ժողովուրդ, բայց վաստակել ես քո այս վիճակը…

Գանք մեր ազնիվ հայրենիք: Երեկ հիշատակել էի Հեռուստատեսության մասին օրենքը, այսօր նորից հիշեցնում եմ Օրենքի հինգերորդ հոդվածը. “Հեռուստաըն կերությունը պարտավոր է ապահովել իր հաղորդումների լեզվի անաղարտությունը”: Եվ պահպանում է. հենց նոր 32 ատամի Նիկոn , Միկոն և Տիկոն էին էկրանին, ահա երկու լեզվական գոհար “Բումաժնիկդ բռնաբարեցին”, “իրանք էլ են ուզում ղժան”:

Սա քրեական հանցանք է, հանցանք մարդու, մշակույթի, մեր մանուկ սերնդի դեմ: Սա օրենքի խախտում է: Եթե գործեի հասարակական դաշտում, ապա փաստերը կհավաքեի և կդիմեի դատարան… Բայց այդ դաշտում չեմ, նաև թանկ է ժամանակը: Բայց Հայաստանում …Շարժում կա, Համաժողովրդական շարժման կենտրոն, թող անեն այդ գործը… Թե չէ` Արարատ Զուրաբյանին և Երջանիկ Աբգարյանին իշխանության բերելով` 32 ատամը չի փշրվելու…

Բարի գիշեր:

Tigris
18.08.2008, 17:43
Մի այլ տեղ, մերոնք, Սահակաշվիլուն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքի օրինակ էին բերում: Նրան աստուածացնում էին, կաշառակերութեան դէմ պայքարում, փտած պաշտօնեաներին հալածելու խնդրում նրա ունեցած աւանդի առթիւ: Բայց ի յայտ եկաւ, որ այդ արժէքները, որ դաւանում է նա, սոսկ արտաքին շպար էին: Նրա երկրպագուները գիտէի՞ն, որ նա կարող է հազարից աւելի անմեղ ու անզէն մարդ սպանել, երբ բազմակողմանի խաղարար համաձայնագրի գործադրում կայ տարածքում:
Երբեւէ չարդարացնելով Երեւանում տեղի ունեցածը, Օսիայում տեղի ունեցածը անհամեմատ աւելի անմարդկային է:
Վերոյիշեալ օրինակների յիշատակումը լոկ նրանց համար է, ովքեր կարծում են ժողովրդավարութեան ու մարդկութեան երջանկութեան բանալին գտել են: Նրանք ամաչում էին «Ջորջ Բուշ» անուան յիշատակումը, Իրաքի պատճառով, հիմա պիտի ամաչեն «Միքայէլ Սահակաշվիլի» անուան յիշատակումը, Օսիայի պատճառով:
Հայաստանի ու հայ ժողովուրդի արեւելումը «օրիենտացիա» հայամետ պէտք է լինի:
Ազատինք ռուսամետ, ամերիկամետ, թուրքամետ խորք ու խօսք պիտակներից: Հայ ժողովուրդի միտքի մայրաքաղաքը, երբ Արարատը, Մասիսն ու Երեւանը լինեն, այն ժամանակ հայամետ կլինենք:
Ուրախ եմ, որ Հայաստանը դեռ եւս, գոյնզգոյն յեղափոխութեանց պարարտ հող չի եղել: Հայաստանում յեղափոխումը եռագոյն պէտք է լինի: Կարմիր, կապոյտ եւ ծիրանագոյն:
Այնպէս որ քանիցս նշել էք, յարգելի Հեղինակ, վարչակարգ փոխելը խնդիրներ չի լուծում: Մարդկանց մտածելակերպը, աչառու հովանաւորումը, օրէնքի մասնակի կիրառումը պէտք փոխուեն: Կփոխուի՝ հայ մարդու դէպի լաւը եղափոխմամբ:
Լաւ, կարող եւ մասնագէտ մարդը իր գործը չպիտի կորցնի, իշխող վարչակարգի քաղաքական հայեացքը չբաժնեկցող կուսակցութեանց կողմը հարելուն պատճառով:
Գալիս են հաւատարիմները, գնում են մասնագէտները: Այսպէս շարունակուելով, ձեր շատ գործածած դեգեներացում բառն է հասցէատէր գտնում:
Հայ ենք, ոչ այնքան վայրենի, ինչպէս հարեւանները: Կարող ենք աւելի լաւը լինել:

Չէ~, վրաց ժողովուրդը ևս պատասխանատու Օսիայի ցեղասպանության համար

Նոյնը երբ ասում ենք թուրքերի մասին, ասում են. «Չէ՜, թուրք ժողովուրդը մեղաւոր չէ, լաւ թուրքեր էլ կան»: Եթէ լաւ թուրքեր կան, լաւ վրացիք էլ կարող են լինել: Բայց, չէ՞ որ համիդեան կոտորածները, զինուած ժողովուրդի կողմից անզէն ժողովուրդի հանդէպ է գործադրուել, պետութեան յանցաւոր ձեռնծալութեամբ եւ գրգիռով:

Հեղինակ
18.08.2008, 23:22
Այսօրս` 18 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այսօրս անցավ լարված աշխատանքի մեջ: Կյանքը երբեմն դնում է հետաքրքիր «թակարդներ» և քեզ ուղղում այլ ձեռնարկների: Անցյալ շաբաթ Հռոդոսյան թեզիսները պատրաստել էի, պետք է զանգեի հայտնի գործչին, հանդիպեի և հանձնեի` ֆորումի կազմկոմիտեին հասցնելու համար: Բայց ա~յ քեզ բան. այդ հիմնարկի հեռախոսները մեկ օր չաշխատեցին, և ես ունեցա մի ամբողջ օր …մտածելու համար: Հասունացավ նոր որոշում` գրել երկրորդ զեկուցումը – ավելի մատչելի համաշխարհային էլիտայի համար: Հիշեցինք` այդպես մի քանի անգամ եղել է, երբ որ ինչր-որ հեռախոսներ չեն աշխատել, և մենք փոխել ենք ընթացքի ուղղությունը…

Հետքրքրությամբ կարդացի Տիգրիսի արձագանքը երեկվա «Այսօրին»: Այո~, ժողովրդավարության քղամիդի տակ հանդես եկեղ գործիչները շատ յուրօրինակ հետքեր են թողնում: Վրաց ժողովրդավարը սկսեց պետավտոտեսչության կտրուկ բարեփոխումներով և այդ գործի մեջ խորանալով` «Գրադ»-ների համար կանաչ լույս վառեց` մինչև Ցխենվալի: Ելցինը Ռուսաստանը դուրս հանեց Խորհրդային Միության կազմից, դրանով ազատություն տվեց խորհրդային բոլոր ազգերին, բայց հետո ավելի մեծ ազատություն տվեց... իր դուստր Տատյանա Դյաչենկոյին, որը համաշխարհային բանկից ստացած 5 միլիարդ դոլլար վարկը միանգամից փոխադրեց ... իր անձնական հաշվին: Մեր Շարժումը արթնացրեց ազգը, բայց նաև բորբոքեց մեր անմահ սերը կանաչ գույնի նկատմամբ, և Կոնյակի գործարանը (այժմյան աուդիտով` գնահատված է 750 միլիոն դոլլար), վաճառվեց, թե՞ չվաճառվեց «Պեռնո –Ռիկարին», ընդամենը 30 միլիոն դոլարով, որից ընդամենը 2 միլիոնը` անմիջապես, մնացածը` եսիմ երբ և ինչ ձևով:

Ամերիկան էլ է սկսել հրաշալի սահմանադրությայմբ, բայց այսօր ժողովրդավարությունը տարածում է ռմբահարումների միջոցով – Աֆղանստան, Իրաք: Մի քանի օր առաջ էլ իր սատելիտի ձեքով և իր տված զենքներով` ոչնչացնում էր մի փոքր ազգ: Ի՞նչ է լինելու այս «ժողովրդավարության» վերջը:

Մենք էլ մի միամիտ, անձփորձ, անպետական ազգ - բերաններս բաց լսում ենք հեքիաթներ ժողովրդավարության մասին, քվեաթերթիկը ճիշտ ծալելու և ճիշտ գցելու մասին, և այնքան ծույլ ենք, որ չենք հարցադրում` էս աշխարհում ապրելու ուրիշ ձև, մտածելու ուրիշ կերպ չկա՞ արդյոք...

Ի~նչ էլ հարցեր եմ տալիս ... Մեր Էքս-նախագահը` Ռ.Ք.-ը այսօր Սևանում էր... Հայլուրային մադոննան, իր երջանիկ օրերին հատուկ օրանժ ժպիտով ասում էր «Ռոբերտ Քոչարյանը կարողանում է ճիշտ որոշել քամու ուղղությունը»: Խոսքը սերֆինգի մասին էր, բայց մենք բոլորս հասկացանք, թե ի~նչ նկատի ունի հայլուրային մադոննան.- նրա ժպիտը երջանիկ էր, նրա մեջ ջերմ հիշողություններ էին արթնացել:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.08.2008, 23:38
Այսօրս` 19 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այսօր ամաչեցի Եվրոպայի և եվրոպացիների համար: Մամուլի ասուլիս էր տալիս ՆԱՏՕ-ի գլխ. քարտուղար դե Հոոպ Սխեֆերը` ալյանսի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունից հետո: Եվ ինչ. այս բարձրաստիճան չինովնիկը ոչ մի խոսք չասաց Հարավային Օսիայի մասին: Կարծես ոչինչ չի եղել, կարծես մի հայրենիք չի քանդվել, մի գիշերվա մեջ երկու հազար մարդ չի զոհվել: Եղել է միայն այն, որ ռուսական արջը հարձակվել և օկուպացրել է փոքրիկ, անզեն, քաղաքակիրթ Վրաստանի մի մասը: Ուրիշ ոչինչ: Հարկավոր է արջի թաթերը մի լավ ջարդել և դուրս հանել քաղցր ու մեղր Վրաստանից: Իսկ քանի որ Վրաստանը, ինչպես հայտնի է, մի անմեղ երկիր է, նրան շուտ պետք է ընդունել ՆԱՏՕ: Վրաստանի ՆԱՏՕ ընդունման գործընթացը ըստ էության շարունակվում է: Ահա այսպիսի եվրոպական ցինիզմ:

Այս օրերին մենք երբ տանը լսում ենք եվրոպական նախագահներին, արտաքին գործերի նախարարներին, այլ պաշտոնյաների, միշտ արձնագրում ենք` խոսքը ջրիկ է, էթիկակական բաղադրիչը` խեղճ, տրամաբանությունը` կաղ: Եվ զարմանալի չէ - կոպիտ նյութապաշտությունը և պրագմատիզմը ի վերջո հյուծում են հոգին, բթացնում էթիկան, և մարդու տեղը մնում է միայն ժպտացող– քաղաքավար մանեկենը: “Այսօրիս” այս էջից քաղաքակիրթ Եվրոպայի ճակատը զարկում ու այրում եմ օս երեխաների արցունքով, այրված ու բռնադատված հողով, ծերերի վշտով, հղի հարսերի պտուղների կանգնած սրտիկներով …

Ամո~թ Եվրոպային: Մեր բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենը զգուշացնում էր` հեռո~ւ եվրոպական քաղաքականությունից: Այսօր էլ պետք է հեռու մնանք: Հոգու նրբին զգացումներից և էթիկայից աղքատացած այս աշխարհամասը շատ վտանգավոր է ոտքի կանգնող ժողովուրդների համար:

Այսօր մեր արտգործնախարարը հանդիպել էր իր ռուս գործընկեր Լավրովի հետ, զրույցը տևել է երկուս ու կես ժամ: Պետք է պատկերացնել, թե Է.Ն.-ի գլխին Լավրովը ինչ դասախոսություն է կարդացել: Մեր ռազմավարական դաշնակիցը կռիվ էր անում,- ի դեպ մի կռիվ, որի ելքը ահռելի նշանակություն ուներ մեր կենսական շահերի տեսանկյունից: Այդ ժամանակ մեր Նախագահը Պեկինում էր, իսկ նրա օգնականները վախեցած լռում էին` չլինի, թե Սահակաշվիլին փակի ճանապարհը: Բայց կարելի էր, չէ՞, և մեր ոխերիմ բարեկամի հետ զգույշ լինել, և տեղում` զգոն ու անքուն` ուշադիր լինել դաշնակցի նկատմամբ:

Այսօր ավարտեցի նոր աշխատանքը` պայմանական անունը` Հռոդոսյան թեզիսներ -2-ը: Այն իմ նվերն է – այս անգամ` ոչ կայսերական, այլ խորին արդարությունը կրող Նոր Ռուսաստանին:

Բարի գիշեր:

Հեղինակ
20.08.2008, 23:46
Այսօրս` 20 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այս վերջին օրերին մեր զգացումները աշխարհի նկատմամբ սրացած են – ի՞նչ աշխարհ է, ու՞ր ենք գնում, ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:

Եվ ամենուր տեսնում ենք – մարդկային միտքը ` փաթաթված արհեստական ժպիտների մեջ, ամենուր շողում են հարթ ատամնաշարերը – այս ի~նչ քաղաքավար մարդկություն է … Բայց որտե՞ղ է սիրտդ – մարդկությու~ն…

Ֆրանսիայի նախագահը թռել է Աֆղանստան. տաս Ֆրանսիացի զինվոր զոհվել են, քսանն էլ` վիրավոր են: Թալիբներն են զարկել: Զինվորների առաջ ելույթ ունենում և հարցնում է Սարկոզին. “Ինչո՞ւ ենք մենք այստեղ”: Եվ պատասխանում է. “Որպեսզի մենք մեր ներդրումն անենք` աշխարհում ազատության գործի համար”: Հարգարժան նախագահ, Մոնմարտրը որտե~ղ, փուշտունների չոր-անապատ լեռները որտե~ղ: Այստեղի ազատությունն ուրիշ է, կարգն ու սարքն ուրիշ է, մարդն ու աշխարհն ուրիշ են: Այս զինվորներին վերցրու, տար տուն, թող աֆղան ցեղերը իրենք որոշեն իրենց ճակատագիրը:

Մի ցնցող պատկեր այսօր տեսանք. Եվրանյուսի թղթակիցը` մի լղոզված տիպ, մադամ Տյուսոյի մոմե թանգարանից փախած, անկենդան միմիկայով` հարց է տալիս մի գեղեցիկ, նրբակազմ, ժպտացող կնոջ: Այս համակրելին Էկի Թկեշելաշվիլին է` վրաց արտգործնախարարը: Անգլերենը` ջրի պես, ժպիտը` եվրամիութենական: Եվ ասում է. “Ես զարմացած եմ, որ քսանմեկերերոդ դարում մեր վրա կարող էր հարձակվել մեր հարևանը”: Գեղեցիկ վրացուհի, Գյուրջիստանի գյոզալ, քո սիրելու և սիրվելու ժամանակն է, բայց ստելու ժամանակը չէ… Իսկ քսանմեկորորդ դարում կարո՞ղ է մի գերազանց զինված պետություն հարձակվել և “Գրադներով” զարկել մի փոքրիկ երկրի, որն ինքնորոշվել է և չի ցանկանում ապրել այդ զինվածի հետ: Գեղեցիկ վրացուհի, Գյուրջիստանի գյոզալ, քո անգլերենով կարելի է մի լավ միջազգային ՀԿ ստեղծել, մի լավ գրանտ ստանալ` “Կենդանիների պաշտպանությունը Վրաստանի անտառներում” ծրագրով և բարգավաճել… Եվ չխառնվել այնպիսի գործի, ինչպիսին փոքր կայսրության քաղաքականությունն է…

Շոգ է, դուրս էինք եկել, Սունդուկյանի թատրոնի այգում էինք: Հիշում եմ այն տարիները, երբ այս այգում կառուցվում էին մեր “վենետիկյան ջրանցքները”,- ո~նց էինք ուրախացել, ինչքա~ն էինք հպարտանում…Այն ժամանակ մանուկ ազգ էինք, իսկ մանկության հետ հանդիպելս` տեսնում ես, որ այն ամենը ինչ եղել է, մի քիչ խեղճ է եղել… Հիմա ջրանցքները ծանծաղ էին, բայց ծառերը հզոր էին նախկինի պես: Մի կորուսյալ քաղաքակրթության թախիծ փշրվում էր հին շատրվանի մանուկ ջրերի մեջ:

Բարի գիշեր:

Հեղինակ
22.08.2008, 00:10
Այսօրս` 21 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՀՀ Առաջին նախագահը հստակ հայտարարել է իր դիրքորոշումը` Վրաստանը փորձել է իրականացնել ցեղասպանություն, և Ռուսատանի միջամտությունը կանխել է Հարավային Օսիայի ոչնչացումը: Բարձր եմ գնահատում Առաջին նախագահի այս դիրքորոշումը: Եթե պետությունը չի կարողանում մի լիաբերան խոսք ասել` հայտնի հանգամանքների պատճառով, ապա ընդդիմադիր ուժը պետք է լրացնի այդ բացը: Սակայն շարունակենք: Թղթակիցը հարցրել է և առաջին նախագահը պատասխանել է.

“Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդումներին, թե իբր Սահակաշվիլին չէր կարող նախաձեռնել պատերազմը՝ առանց ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգների հավանությունը:

Այդ պնդումները ես համարում եմ անհիմն եւ անհավատալի, քանի որ բացառված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման լուրջ պետությունը որեւէ մեկին դրդեր այդպիսի արկածախնդրության: Այլ բան է, որ նախագահ Սահակաշվիլին կարող էր սխալ ընկալել կամ մեկնաբանել Արեւմուտքից ստացած որոշ բարեկամական ժեստեր”:

Հարգելի Առաջին նախագահ, հմուտ քաղաքական մարտավարի ձեր դիրքը ստիպում են ասել այս կիսաճշմարտությունը, իբրև թե կարելի է Ռուսաստանի սիրտը շահել և ԱՄՆ-ին էլ դժգոհ չթողնել: Չէ, Առաջին նախագահ, սա կիսաճշմարտության ճանապարհն է… Իսկ ճշմարտությունն այն է, որ մեծ հաշվով ԱՄՆ-ն է այդ ողբերգության հեղինակը, նա էր զինել և թև տվել նախահարձակին:

Հարգելի Առաջին նախագահ, հիշում եք` երբ Արևմուտքը տրորեց նոր Շարժման կոշտուկը` դուք հանրահավաքին հայտարարեցիք, հիշելով Շպենգլերին. “Արևմուտքը հոգի չունի~” … Հարավային Օսիայի ողբերգությունը ցույց տվեց, որ իսկապես ԱՐԵՎՄՈՒՆՏՔԸ ՀՈԳԻ ՉՈՒՆԻ: Նրա ոչ մի գործչի բերանից չհնչեց մի լիարժեք նախադասություն, որով դատապարտվեր ցեղասպանը և ցավ հայտնվեր կատարվածի համար: Այս հին ու գծուծ վաշխառուն իր շահերն էր փնտրում…

Դուք ավելի հետևողական պետք է լինեք, հարգելի Առաջին նախագահ: Մեր երիտասարդությունը Ձեզանից ճշմարտություն է սպասում: Եվ պետք է ասել, որ մեր Երրորդ հանրապետությունը, իր ստեղծման օրից սկսած մինչև այսօր, հետևել է այդ անհոգի համայնքի պոստուլատներին: Նրա “խորհուրդներով” է իրականացվել սեփականաշնորհումը, և այն ամենը, ինչ եղել է: Իհարկե, մենք “լավ աշակերտներ” ենք եղել: [/B]

Հարգելի Առաջին նախագահ,[/B] Դուք պետք է առաջ գնաք և ասեք, որ նոր Շարժումը ևս և դեռևս գտնվում է այդ համաշխարհային անհոգի գոյացության հմայքի ազդեցության տակ և մենք այդպիսի առաջնորդությամբ ապագա չունենք: Որ ձեր համախոհների բանակը պետք է անցնի քաղաքակրթական վերագնահատման շրջան, ինքնակրթության լուրջ շրջան, որպեսզի ազատագրվի մի հիվանդ աշխարհակարգի ստեղծած քաղաքական պատրանքներից:

Կյանքը շարունակվում է… Ալաններն իրենց Ազնավուրն ունեն` Վալերի Գերգիևը: Այսօր նրա ղեկավարծ սիմֆոնիկ նվագախումբը Ցխինվալի կենտրոնում համերգ էր տալիս: Ավերակների ֆոնի վրա հարյուրավոր մոմեր էին վառվում: Դիրիժորի կախադական ձեռքերը նվագախմբի սրտից հանում էին մարդկային հերսականության, կարեկցանքի և ապրած ողբերգության թրթիռները: Բազմահազար լսարանի թախծալի և ոգեշունչ դեմքերը խոսում էին նվագախմբի հնչյունների հետ: Մի զոհ ժողովուրդ հառնում էր ավերակներից ` ապրելու համար…

Բարի գիշեր:

Հեղինակ
22.08.2008, 23:15
Այսօրս` 22 оգոստոսի 2008թ, ավարտվում է:


Երեկ գործով գնացել էի մերձերևանյան մեր քաղաքներից մեկը, երթուղայինով հետ էի գալիս: Դիմացս մի երիտասարդ տատիկ էր նստած, ծնկներին` հինգ- վեց տարեկան սիրունիկ աղջնակ-թոռնիկ: Գիրուկ էր, թուշիկները լիքը, ձեռքին մի մեծ սպիտակ բուլկի էր, ախորժակով ու հավեսով ուտում էր: Հանգիստ ու երկար կերավ, հետո տատիկը պայուսակից շշով ջուր տվեց, խմեց, շուրթերը սրբեց և գլուխը դրեց տատիկի կրծքին: Այնքան ախորժակով էր ուտում, որ աչքիս առջև թուշիկներն ավելի լցվեցին: Առողջագետիս հայացքից չվրիպեց, թե ինչպես են տանը պահում թոռնիկին. թխվածքներ, պաղպաղակ, կոկա-կոլա…

Այո՜, մեր մանուկ սերնդի առողջության պահպանման կարևոր խնդիր կա, այս դիտարկումս ոչ պատահական է, ոչ էլ անվնաս ու անմեղ մի հարց: Սիրելի մայրիկ, սիրելի տատիկ, ախր այդ կրեմով թխվածքները, որ ամեն օր վայելում ես` ավելորդ կալորիաները նստում են փափլիկ թևերիդ, լիքը գոտկատեղիդ, գիրուկ որովայնիդ վրա… Բայց դու յոլա ես գնում, արդեն մայր ես… Իսկ ահա մեր վեց - յոթ տարեկան աղջնակները որտե՞ղ տեղավորեն ավելորդ ճարպը, վաղը 14-15 տարեկան են լինելու, ճարպը նստելու ձվարանների վրա, իսկ ահա 20-21 տարեկանում ամլություն է դառնալու …

Երեկ էր, մյուս օրը Առողջագետի հետ փողոցում մի գիրուկ տղա տեսանք, լավ է, որ Երևանում նրանք շատ քիչ են… Մեր երեխաները հիմնականում ձիգ են, արևոտ, նիհարիկ, բայց… եվրոպական չափանիշները գալիս են : Այդ մայրցամաքում երեխաների 30-40%-ը ավելորդ քաշ ունեն: Երեկ լուր առանք Ռուսաստանից. գլխավոր սանիտարական բժշկի հրամանով դպրոցական սննդից հանված են բոլոր այսպես կոչված պոնչիկները, պերաշկիները , տապակած սնունդը և այլն:

Այս օրերի ամենացնցող լուրը տեսանք-լսեցինք երեկ: Անգելա Մերկելն էր` Գերմանիայի կանցլերը, առջևում ինչ-որ ընտրություններ են` երևի Բունդեստագի: Եվ կանցլերը այցելում էր մանկապարտեզներ ու դպրոցներ, պատրաստվում է նախընտրական քարոզչության ժամանակ կրթության բարեփոխումների առաջարկներ անել: Եվ ինչ է ասում կանցլերը. լսե~ք. “Սխալ է երեխաներին տարրական դպրոցից հետո բաժանել հեռանկարայինների և ոչ հեռանկարայինների: Սա անհավասարություն է ստեղծում”: Հա՞, տիկին կանցլեր, հա՞, արևմտյան կրթական համակարգ… Բա եվրոպական չափանիշներով արդեն քանի~ տարի` մի երկրում` տարրական դպրոցից հետո, մյուս դեպքում` հիմնական դպրոցից հետո, երեխաներին հոսքերի եք բաժանում և ասում. “Դու ընդունակ ես, բունդեստագի դեպուտատ կդառնաս, դու մենեջեր կդառանաս, իսկ դու, չէ~…, գնա արհեստագործական…. ”: Եվ արհեստագործական գնացողը այդպես էլ…ՇԻԼԼԵՐ ՉԻ ԿԱՐԴԱԼՈՒ: Տիկին կանցլեր, գերմանացու համար Շիլլեր չկարդալը թշվառություն է...

Ձեզ հատնի չէ՞ր, որ երեխան ուշ է բացվում, ո՞վ գիտի, թե տասներկու տարեկան երեխան ի՞նչ է դառնալու, ձեզ հայտնի չէ՞ր, որ էյնշտեյնը տարրական դպրոցում վատ է սովորել և քիչ է մնացել մտավոր հետամանաց համարվի… Ձեզ հայտնի չէր, որ տղա-երեխաները դպրոցում կարող են չփայլել, բայց հետո մեծ գիտնական դառնալ: Ահա ուրեմն մի եվրոպական չափանիշ էլ անփառունակ ավարտ է ունենում: Բայց ավաղ ուշ է, Հայաստանը պինդ կպած`այդ չափանիշը ներդնում է ու ներդնում…

Երեկ անդրադարձ էի արել մեր երկրի Առաջին նախագահին: Այսօր էլ մի դիտարկում ունեմ: Հարգելի Առաջին նախագահ, եթե դուք նորից նախագահության գաք, ապա հավանաբար կրթության նախարար կնշանակեք ձեր հայտնի թիմակցին, որը իմ... պատմական գործընկերն է եղել: Նա ընդհանուր կրթությունը ապահովում է մինչև 6-րդ դասարան, դրանից հետո արդեն երեխաները բաժանվում են հոսքերի: Ժամանակին այս ամենը նա բերում էր Արևմուտքից, նաև Գերմանիայից: Բայց Անգելա Մերկելը գլխի է ընկել, փոշմանել է… Ի՞նչ եք անելու:

Իմ պաշտելի Հայաստանի երրորդ հանրապետություն: Կանխատեսում եմ, որ մի 5-10 տարի հետո Արևմուտքը, ժամանակի պատին սեղմված, հրաժարվելու է միջազգային և եվրոպական չափանիշների մեծ մասից: Այն ժամանակ ի՞նչ ես անելու: Էդքան կառավարիչներդ իրենց ճղել են, Եվրոպայի մեջ ինտեգրվել են, չափանիշներն ընդունել են և կպարզվի, որ մեծ մասը եղել է խլա~մ, անցա~ծ, ժամանակավրե~պ:
Հայաստանի Երրորդ հանրապետություն, ասել եմ ու էլի ասելու եմ` խելքդ գլուխդ հավաքիր, մենք պետք է կյանքի բոլոր ասպարեզներում մշակենք ազգային- համամարդկային չափանիշներ` էթիկական-գիտական հիմքերով:

ԵՎ ԻՄԱՑԻ~Ր, ԿԱՐՈՂ ԵՆՔ, ՄՇԱԿՈՒՄ ԵՆՔ, ՄՇԱԿԵԼՈՒ ԵՆՔ, ՈՒՆԵՆՔ, ՀԱՐՈՒՍՏ ԵՆՔ, ՀԱՂԹԱԿԱՆ ԵՆՔ…
Միայն թե, Երրորդ հանրապետություն, դու խելքդ գլուխդ հավաքե~ս:

Բարի գիշեր:

Հեղինակ
23.08.2008, 23:24
Այսօրս` 23 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Նորից Աշտարակի ձորում ենք – մենք մի շաբաթում փոխվել ենք, և ո~վ զարմանք, ձորն էլ է փոխվել: Ձկների վտառները այսօր կարծես անհետացել էին: Ո՞ւր էին գնացել, - հետո մերոնք մի քանիսը տեսան: Գուցե սահանքներով վար են իջել – դեպի մայր գետ` Արաքս – մեծանալու, ապրելու, պտուղ տալու… Ես նրանց լեզուն չգիտեմ…

Հայ համայնքը հանգստանում է, գետում լողանում էր յոթ-ութ տարեկան մի մանուկ, և … մի տաս հատ ձմերուկ, մնացած մարդիկ նարդի էին խաղում: Հայ մարդու մեդիտացիան – նարդին,- ընկնում են բախտի զառերը, շրխկում է պատասխանը, ժայռերը նայում են – անշարժացած մտքի, հայ անաղարտ ու վսեմ ան-մտքության մեդիտատիվ վայրկաններն են, և երբ դու չես խոսում ու մտածում – Արարիչը արթնանում է անմեղ սրտիդ մեջ:

“ Երբ չկան էլ դեռ չկար”, - ասում է բանաստեղծը, այդ “չկա”-յից ինչպես են ծնվել այս ահռելի ժայռերը: Մայր-Աստվածուհին իր Աջով այս ի~նչ աշխարհ է ծփել, այս ի~նչ գեղեցկություն ստեղծել: Ամեն քարը սիրո ու էթիկայի կրողն է, քարը ամեն ինչ գիտի, զգում ու ապրում է, մեջը թաքնված բոց կա…

Այս մոլորակի վրա միայն մարդն է, որ ազատ կամքը չարաշահելով, աղտոտել է իր մեջ վառվող բոցը: Հայ մարդը … դիմացի ափից մղկտում է ռաբիսը,- չէ~, այս մղկտոցի մեջ մեր բոցը չի մաքրվելու:

Նորից հիշում եմ երկրիս հոգսը… “Այնտեղ , որտեղ վերջանում է բարոյականությունը, սկսվում է քաղաքականությունը”,- ասում էր մեր նորագույն պատմության դեմքերից մեկը, և ինքն էլ եղավ այս մտքի կրողը: Մի հրեղեն Ճշմարտություն գալիս է այրելու, քամուն տալու այս վայ-իմաստությունը: Այնտեղ, որտեղ կա էթիկա, այնտեղ է իսկական քաղաքականությունը:

Երեկ-մյուս օրը նայում էի մեր հարևան ծանոթ ֆորումը… Մեր տղերքից ամեն մեկը մի Բժեզինսկի է, մի Քիսինջեր… Խելքիդ զոռ մի տուր, սիրելի բարեկամս, ասա` Ամերիկայի ի՞նչն ես սիրում – Դրայզերի՞ն, Ֆոլկների՞ն, վաղ Հոլիվուդը՞, սարսափ ֆիլմերը՞, իսկ Ռուսաստանի՞… Իսկ Վրաստանի՞- “Մի վշտացիր” ֆիլմը՞, “Սուլիկո” երգը, հայաշեն, զվարթ Թիֆլիսը, Իլյա 2-րդ պատրիարքի՞ն գուցե… Իսկ հայրենիքիդ` Հայաստանի ի՞նչն ես սիրում: Գտի~ր նրանց մեջ Գեղեցկությունը ու պինդ բռնիր, սիրիր, խնամիր սրտիդ մեջ… Եվ թո~ղ գեոպոլիտիկ վարժանքներդ, դա համաշխարհային ակուլաների գործն է… Նրանք ուզում են, որ դու մոռանաս հայկականությունդ և քեզ ակուլայի ձագ երևակայես` իբր ազատ լողում ես համաշխարհային քաղաքականության ջրերում… Չսխալվե~ս, եթե ուզում ես լողալ` եղիր Սևանա լճի ոսկեպուտ իշխանը…


Այնտեղ, որտեղ կա ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, այնտեղ է միակ, ճիշտ, նոր, առողջ, կենդանի քաղաքականությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
24.08.2008, 22:58
Այսօրս` 24 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այսօրիս առավոտը շատ անուշ էր. ծանրոց էինք ուղարկում մեր զինվորին… Նա ծառայում է էն բարձր լեռներում, էն լեռների մեջի խորունկ ձորում, որտեղ մրգաշատ այգիներ են,- ափսոս այս տարի կարկուտը զարկել է, միրգ չկա: Զինվորական սնունդը, հիմնականում լիարժեք, բայց իր մեջ շատ քիչ է նախատեսում միրգ ու բանջարեղեն, և մեկ-մեկ ծանրոց ենք ուղարկում: Մեր զինվորը շատ նրբանակատ մարդ է, չի եղել գեթ մի անգամ, որ դժգոհի, մի բան խնդրի…

Վերջին օրերի իրադարձությունները, կյանքը, քաղաքականությունը… Որպես ծնող` լավ էի հասկանում. օսերի և աբխազների պայքարը իրենց իրավունքների համար, ռուսական հաղթանակը թեթևացնում էին … մեր զինվորների հոգսը, Հայաստանի հոգսը: Սլավոնական հոգին, ուղղափառ ավանդույթը իր մեջ կարեկցանքի մեծ լիցք ունեն,- և այս անգամ նրանց մեջ չկար կոպիտն ու կայսերականը, այլ միայն կենդանի ու արդարամիտ սկիզբը, - նա հաղթանակ էր տանում գեոպոլիտիկ մարազմի դեմ:

Ափոսոսում եմ… Վրաց ժողովուրդը նայում է այն կողմ, որտեղ Արևը մայր է մտնում. իր ընտրությունն է, իր իրավունքը… Եվ կարծում է, թե Արևը Արևմուտքից է ելնում… Սեմական պրագմատիզմը ձգում է, արյունը քաշում է…

Բայց որտեղի՞ց է ամեն օր ելնում Արևը: Զորավոր Արևելք, Քո կողմից է ամեն օր ծագում Արևը: Շնորհակալ ենք քո պայծառ Արևի համար: Հնչում են Գեղեցկության և Իմաստության հիմները…

Պեկինի օլիմպիադայի հանդիսավոր փակումն էր: Ծփում է Արևելքի խորհրդանիշների օվկիանոսը: Մարդկության և Ազգի կոլեկտիվ անգիտակցական դաշտը… որտեղ ծնվում են էպոսները, հնչում են տիեզերական մեղեդիները, որտեղ բացվում են բոլոր ծիածանները, այնտեղից են ճանապարհն սկսում հերոսները, այնտեղ են համաշխարհային թախծի և երջանկության ակունքները: Չինական հոգին կապված է այդ ենթագիտակցական օվկիանոսի հետ և տեսնում է հրեղեն սիմվոլներ: Խոնարհու~մ մեծ մշակույթին, ողջու~յն զորավոր Չինաստանին:

Բայց հոգիս անհանգիստ է` Տիբեթը, Տիբեթը… Հիմալայների բարձունքներին, գուցե անհատակ կիրճերի մեջ, մարդու համար անհասանելի վայրերում – Մեծ Ուսուցիչների նստավայրն է, մարդկության Իմաստության Ամրոցը, վսեմ Աշտարակները… Սիրում եմ Չինաստանը, բայց հոգիս գոչում է` կեցցե~ Տիբեթի ազատությունը, կեցցե~ն անառիկ Աշտարակները…

Օլիմպիադայի էստաֆետը հանձնվեց Լոնդոնին: Անգլո-սաքսոնական մշակույթը ուզում էր բան ասել մարդկությանը: Ահա օմնիբուսը, մարդիկ լցվում էին ներս և դուրս գալիս… Ահա հինգ – վեց մարդ կռացած, իրար կողքի շարված, և մեկը քայլում է նրանց մեջքերի վրայով: Ահա ֆուտբոլի գնդակը… Ների~ր, սիրելի~ ընթերցողս, չեմ կարող սրտիս ցավը չասել. եվրոպական մշակույթը զրկվում է երևակայությունից… Մնաց մի օմնիբուս, մեջքը խոնարհած մարդիկ ու մի ֆուտբոլի գնդակ… Այդ խոնարհված մարդիկ աչքիս ազգերն էին, որոնց մեջքերի վրա քայլում է այս անհոգի, անսիրտ աշխարհակարգը:

Ճենացի իշխան Մամիգունը եկավ Հայաստան և սկիզբ դրեց Մամիկոնյան փառահեղ տոհմին: Սիրտս համաձայն է, Հայաստա~ն, պտղավորվի~ր ոգով Արևելքի, փառք վերցրու նրանից, ստեղծիր մի նոր, հայկական, ազնվական, Մամիկոնյան պետականություն…

Բարի գիշեր:

Tigris
25.08.2008, 11:08
Ողջոյն,:)
Ոմանք ասում են Ճենքը, այժմ համշէնցիներով բնակուած տարածքն է, պատմական Ճանք-Ճենքը, կամ այժմու Լազիստանը:
http://hyeforum.com/index.php?showtopic=6565&view=findpost&p=243058

Հեղինակ
25.08.2008, 23:09
Այսօրս` 25 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այո , Արևը ելնում է Արևելքից և ոչ այլ տեղից:

Այսօր նշանակալից օր էր: Իմ ապրած ամենախիտ օրերից մեկը: Այն ինչ գրել եմ, մտածել եմ, ապրել եմ - այսօր աչքիս առջև իրականանում էր:

Մի անգամ Առողջագետին ասացի. “Ապագա հայ պետականության ամբողջ տեսիլը աչքիս առջև է է, վստահ եմ` ինչպես պետք է կառուցել մեր երկիրը, միայն ղարաբաղյան հանգույցի լուծումը դժվար է տեսնել”: Սա մի ծանր խնդիր էր թվում հայության համար: Այսօր իմ ուսերից ընկավ ծանրությունը: Կարծում եմ` նաև շատերի: Այն աշխարհակարգը, այն հիվանդը, որն արգելում էր մեզ լինել իսկապես անկախ, լուծել Ղարաբաղյան խնդիրը,- ահա այդ աշխարհակարգը այսօր սկսեց փլվել: Ճակատագիրը Ռուսաստանի ձեռքով է դա անում…

Հիվանդ, երեսպաշտ աշխարահակարգ, դու տարածքային ամբողջականության սկզբունքի քողի տակ ցանկանում ես արգելել ազգերի ինքնորոշման իրավունքը… Դու իբրև կողմնակից եղար ինքնորոշմանը` Կոսովոն… Դու պատառոտեցիր չքնաղ Սերբիան, նրա մշակությաին սիրտը` սրբազան Կոսովոն տվեցիր օտար տիրողին: Դու հանցանք արեցիր, աշխարհակարգ, դու օգնեցիր զավթիչ ալբանացուն: Բայց Կոսովյան հարյուր սրբազան տաճարների ծուխը և մորմոքը իզուր չեն անցել: Այսօր դու պատժվեցիր, այսօրվանից սկսվեց քո պսակազերծումը... Եվ երկու ինքնորոշվող ազգ օգնություն ստացան, գործեց հոգու և սրտի ամբողջականության սկզբունքը, հակառակ քո ողորմելի տարածքային ամբողջականության:

Պետդումայի նիստը - Զյուգանով, Ժիրինովսկի, Մորոզով – նրանց ելույթները… Վերջին ամիսների “Այսօր”-երի էջերում հնչել են այդ մտքերը…

Հայ ազատական-ժողովրդավարական փաղանգ, Հայաստանի Առաջին, Երկրորդ և Երրորդ նախագահներ, ՁԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԺԱՄՆ Է: Այն աշխարհը, որի հետ դուք գիշեր ու զօր ինտեգրվում եք` մի հիվանդ, էթիկայից օրեցօր զրկվող, հոգին կորցնող աշխարհ է: Նրա ախտերը նաև մեզ են հասնում … Ձեր աշխարհայացքը կարիք ունի հիմնարար նորոգման: Այն աշխարհը, որին ուղղված էին ձեր հիացական հայացքները, փլվելու է … Անվերապահորեն: Այսօր Ռուսաստանի գործիչը ասաց . “Последняя, трусливая цивилизация”. Ես նրան ջրի ակունքին նստած Վիշապ եմ կոչել…

Սիրելի ընթերցողս, այսօր նորից հնչեցնում եմ “Այսօր”-ի էջերում հնչող մշտական կոչը. ՄԵՆՔ ՊԵՏՔԷ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ:

Ջերմ շնորհավորանքներս ալան և աբխազ ժողովուրդներին: Եղբայրնե~ր, Արևը ծաում է Արևելքից: Ձեր նորածիլ անկախությանը արևշատություն եմ մաղթում…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.08.2008, 23:56
Այսօրս` 26 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այսօր ծանոթանում էի “Քաղաքակրթությունների երկխոսություն” միջազգային ֆորումի` Հռոդոսում կայանալիք սեսիայի թեմատիկ նախագծի հետ: Ահա պլենար նիստի անվանումը` Диалоговое сообщество как модель современного развития. Երկխոսական հանրակցություն… Ենթադրվում է, որ մոլորակի զարգացաման համար անհրաժեշտ է երկխոսություն պետությունների, ազգերի, կրոնների, հակամարտող ուժերի միջև: Իսկապես անհրաժեշտ է: Իրար հետ խոսելու հնարավորությունը արարչական պարգև է:

Բայց ինչպե՞ս է ստացվում, որ ազգերը խոսում են իրար հետ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրամիությունում…, ապա խոսում են պետությունների ղեկավարները, փորձագետները… Բայց մի օր դրանցից մեկը որոշում է պատերազմ սկսել, հողեր գրավել: Տեսնում են` չի ստացվում, հույսը դնում են կրոնավորների վրա, թե` եթե սրանք երկխոսեն, ապա խաղաղություն կլինի… Ահա թեմատիկ բաժնի անվանումը` Религиозное сотрудничество как потенциал предотвращения цивилизационных и социальных конфликтов.

Ափսոս, պետք է ցավ պատճառեմ ֆորումի Կազմկոմիտեին և ասեմ. կրոնները մնում են մեր մոլորակի գլխավոր բաժանողները: Կրոնները ծնում են ամենադաժան հակամարտությունները: Միայն հիշենք կաթոլիկ եկեղեցու դարավոր էքսպանսիան ուղղափառ եկեղեցու տիրույթներում: Այսօր լսեցինք Վրաստանի Իլյա Երկրոդին: Նա ասում էր` “մենք դարեր պայքարել ենք մեր տարածքային ամբողջականության համար”: Ուզում է ասել, թե դարեր պայքարել են… փոքր կայսրություն լինելու, փոքր ազգերը ձուլելու համար… Մեր հարևանները առանձնապես վարժ են մշակութային արժեքների ձուլման գործում: Եթե մեր հարևան թուրքերը քանդում են հուշարձանները, ապա վրացիներն ավելի “հումանիստ” են. նրանք քարի վրայից ջնջում են հայկական մակագրությունը և վրացերեն նոր մակագրություն անում, իբրև` հուշարձանը վրացական է… Եվ թե վրաց արյան քանի՞ տոկոսն է հայկական, և հուշարձանների` քանի՞ տոկոսը, հայտնի է միայն մեր` համահայկավրացական Աստծուն:

Եվ ահա մենք էլ Հռոդոսյան ֆորումին ուղարկում ենք մեր զեկուցում այն մասին, որ` ա~յ մարդկություն, ա~յ մարդիկ, էդքա~ն իրար հետ խոսեցիք, երկխոսեցիք, եռախոսեցիք – իրար լավ չհասկացաք,- էլի կռիվ եք անում, իրար աչք հանում ու արյուն թափում… Պետք է լինի երկխոսության, այսպես ասած, այլ ձևաչափ` երկխոսություն սեփական սրտի և հոգու հետ, և նրա միջոցով` Բնության և Ստեղծողի հետ… Այս երկխոսությունը ոչ Հռոդոս գնալ, ոչ հրավեր, ոչ ծախս ու փող է պահանջում, այլ միայն Մարդ լինել և Սիրտ ունենալ: Եթե չլինի այս երկխոսությունը, ապա ոչ մի ֆորում, ոչ մի ՄԱԿ ու ԵԱՀԿ չեն օգնի մեզ…

Այսօր էլ այն զգացումն ունեինք, որ Արևը ելել է Արևելքից և հորիզոնից վեր է բարձրանում: Հիվանդ աշխարհակարգի խավարասերները այսօր անհասկանալի բաներ էին մրմնջում և մթնածին սպառնալիքներ հնչեցնում, բայց Արևը սրանց շան տեղ չէր դնում ու բարձրանում էր դեպի զենիթ: Հին քաղաքակրթության ստվերները փախչում էին բարձրացող Լուսատուից:

Բարի գիշեր:

Հեղինակ
27.08.2008, 23:46
Այսօրս` 27 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Այսօր ամբողջ օրը լարված աշխատանքից հետո` երեկոյան դուրս թռա` փոստից նամակ ուղարկելու և մի քիչ օդ շնչելու համար:

“Արմենիա-Մարիոթ” հյուրանոցի առջևով անցա և կտրում էի փողոցը` փոստ գնալու համար: Հրապարակից դուրս եկող մի ջիփ խելոք կանգնել էր և ճանապարհ էր տալիս անցորդներին,- չէ~, մեր ջիփիշխանությունը մի քիչ զգուշավոր է դարձել, առաջ այդպիսի բան չէիր տեսնի:

Անցնում էի մի շքեղ ծաղկանոցի կողքով: Հա~, Լենինի մոնումենտի պատվանդանի տեղն է, ծածկել են ծաղիկներով: Ափսո~ս կապտասև գրանիտից կերտած հրաշալի պատվանդանը: Այն ինքնին ճարտարապետական արվեստի գեղեցիկ կերտվածք էր – նրա վրա կարող էր դրվել մեր ժողովրդի բարձրագույն սիմվոլներից մեկը: Բայց այդ սիմվոլը մենք չգտանք: ՀՀ առաջին նախագահի կառավարությունը որոշեց, որ ժողովրդավար ազգին սիմվոլներ պետք չեն և ոչ էլ անտիրական պատվանդաններ: Եվ որոշեց քանդել սքանչելի կառույցը: 2001-ին այնտեղ մի հսկա ալյումինե խաչ էր, վրան լամպեր էին վառվում: Տոնում էինք քրիստոնեության ընդունման 1700-ամյակը: Շատ խեղճ տեսարան էր: Լավ է` հիմա այստեղ գոնե ծաղիկներ են:

Արևմուտքը չի սիրում հանդիսավորություն և ասում է` մենք բոլորս ազատ ենք, մենք բոլորս հավասար ենք, մենք բոլորս կարող ենք հարստանալ, մենք բոլորս կարող ենք նախագահ լինել: Սա միգուցե հումանիստական-հաճելի զգացում է ծնում, բայց սպանում է հանդիսավորությունը և առաջնորդ ունենալու կարոտը: Հայն այդ կարոտը պահպանել է, բայց քանի որ առաջնորդի գծով բախտը չի բերում` իր կարոտն առնում է թաղապետերից և թաղային զոռբաներից…Ո՞վ կարող է լինել այս միամիտ ժողովրդի առաջնորդը...

Նայում ես Արևմուտքի լիդերներին. նրանց մեջ առաջնորդ չկա,- թեթև, կոմունիկաբիլ, ճարպիկ, հետաքրքիր մարդիկ են: Բայց առաջնորդներ չեն… Ահա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը – սև տաբաթներ, տրորված-աղյուսագույն պիջակներ, մտահոգ ու փափլիկ դեմք… Եվ ասում է Ռուսաստանի քայլի վերաբերյալ` “Դա անթույլատրելի է”… Ուզում է ասել` օս երեխաները կարող են ապրել վրացական երրորդ ցեղասպանության սպառնալիքի տակ: Չէ~, սա նրանից է, որ տիկին կանցլերը երեխա չունի: Մի քիչ երիտասարդ լիներ` իրեն և քաղաքացիական ամուսնուն մեր Սարի-սուրբ տանեինք, մի երկու մոմ վառեին, մի լավ տղա ունենային… Եվ տիկին կանցլերը շատ բան կհասկանար` նայելով իր փոքրիկ Գյունտերին, բայց որ երեխա չունի …

Երևանը գեղեցիկ էր, հավաք, ձիգ… Մեզ հոյակապ ու դժվարին ժամանակներ են սպասում...

Բարի գիշեր:

Հեղինակ
28.08.2008, 23:34
Այսօրս` 28 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Երե՞կ էր, թե՞ մյուս օրը Վրաստանի նախկին առաջնորդ Շեվարդնաձեն էր խոսում: Այս մարդը, հիշում եք` Խորհրդային միության վերջին արտգործնախարարներից էր և Գորբաչովի հետ վարժվում էր Արևմուտքի հետ երկխոսության մեջ: Նա միջազգային մասշտաբի խորամանկ աղվես է և ահա` ինչ էր պատմում «Ժամանակին մենք մոտ էինք Պուտինի հետ և նա ինձ ասում էր. –Ինչ կարող են անել ամերկացիներ` մենք էլ կարող ենք անել: Իսկ ես պատասխանեցի` դա ճիշտ է, բայց ամերիկացիները նաև փող ունեն»: Ահա թե որտե~ղ է թաղված շան գլուխը: Մարդկանց և երկների արևմտասիրությունը դոլլարային ծագում ունի:

Վաղուց մեր հայտնի ազատական լրագիրը չէի առել: Այսօր վերցրեցի և ի~նչ. առաջին էջին մի վերնագիր է` «Ի վնաս մեզ»: Տեսնես` մեզ ի՞նչն է վնաս: Պարզվում է` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) նախագահները հավաքվելու են և քննարկելու են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման հարցը: Եվ մեր թերթը անհանգստանում է` ախր լարվածություն կառաջանա Վրաստանի հետ, Հայաստանն էլ ՀԱՊԿ-ի անդամ է և այդ լարվածությունը մեզ վնաս կլինի: Թերթը մոռանում է, որ ՀԱՊԿ–ը մեր դաշնակցային վահանն է Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեմ, ՀԱՊԿ-ը պարտավոր է լինել Հայաստանի կողմում, եթե Հայաստանը մտնի պատերազմի մեջ...

Հայտնի ազատական լրագրող, աշխարհի հակառակ կողմից երևի նոր ես եկել և չես իմացել, որ քո իմացած աշխարհը մի քիչ փոխվել է... Հին աղվես Շեվարդնաձեն կարող էր ցինիզմով հայտարարել, որ ամերիկացիները փող ունեն ... Դու դեռ ջահել ես, բայց ավելի խորամանկ ես և ոչ պակաս ցինիկ... Եվ այն կազմակերպությունը, որի մեջ հետ մենք ռազմական դաշինքի մեջ ենք, նուրբ առևտրով թերթիդ էջերից վաճառում ես ամերիկացիներին: Դու և հոգևոր հայրերդ ինչպիսի~ էվոլյուցիա պիտի ապրեք, որպեսզի ձեր աչքն ու սիրտը կտրվեն դոլլարային պարկից և ուղղվեն Հայաստանի իրական ապագային:

Այսօր վերջին մեկ ամսվա լարվածությունը ավարատվեց, վերջապես երկու զեկուցումը ուղարկեցի Հռոդոսյան ֆորումին: Առողջագետը շատ դժգոհեց` մեր կյանքից խլեցի~ր այս մեկ ամիսը, լարվեցի~ր, հոգնեցի~ր... Ես էլ ասում եմ` անու~շս, Հռոդոս կգնանք, և կփոխհատուցեմ քո կրած նեղությունը... Բայց, մեր մեջ ասած, գործը լավ արեցի...

Սիրով ու սպասումով բացեցի պոեզիայիս գրքի համակարգչային էջերը, արդեն պայմանավորվել եմ հրատարկչի հետ: Շոյում էի վիրտուալ էջերը. մի շարք ունեմ` «Խնկաբույր երկիր», երգել եմ հայ ճարտարապետությունը, Հայաստանի գրեթե բոլոր վանքերը: Առողջագետի հետ շրջեցինք Հայաստանը, մեր երկու մանկահասակ զավակների հետ, մեր երրորդը դեռ չէր ծնվել... Հիշում եմ, մի օր հետ էինք գալիս Գոշավանքից. մութ էր, անտառի միջով էինք գնում, հոգնած էինք... Մեքենայի հետևի նստարանից մեր չորս տարեկան Քանդակագործը հարցնում էր` հիմա էլ Ջուխտակ վանքեր ենք գնալու՞:

Աշտարակում մի սիրուն, նրբագեղ վանք կա - Մարինեի վանքը. շատ հռչակված չէ, բայց գեղեցիկ է... Ահա բանաստեղծությունը:



ՄԱՐԻՆԵԻ ՎԱՆՔԸ

Սքանչելի երկունքով
Ընձյուղվել է դեպի վեր
Բնաշխարհիկ այս հողից
Գեղեցկուհին թխահեր:

Ցավի նման մի խորունկ
Ճեղք է բացվել սեգ պատին, –
Ո՞վ է արդյոք դավադիր`
Գեղաքանդակ օրիորդին:


Լուսամուտները նեղլիկ
Պահապան աչք են կարծես,-
Ո՞վ կարող է թափանցել
Նրա կարծրիկ սրտից ներս :

Եվ թշնամին դարերով
Ոչ մի ուղի չի գտել,
Միայն հայոց արևի
Շեկլիկ շողն է ներս մտել :

Թեկուզ ցավեր ու արցունք
Ճեղք են բացել սեգ պատին`
Բարկ արևն է փեսացու
Գեղաքանդակ օրիորդին:

Բարի գիշեր:

Հեղինակ
29.08.2008, 23:52
Այսօրս` 29 оգոստոսի 2008թ, ավարտվում է:

Զարմանալի բաներ են կատարվում աշխարհում: Մեր հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը և Թուրքիայի TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրենը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այժմ հանգիստ կարող ենք շնչել. հայ հակամշակույթի և «աստղերի» ինկուբատորի վարիչ Ա. Հարությունյանը այնպես կհամագործակցի Թուրքիայի հետ, որ թուրք ազգային մշկաույթը կհիվանդանա, կդեգրադացվի, և մենք կգետնենք մեր դարավոր հակառակորդին: Թե այդ ընթացքում Հանրայինը ինչ կանի Հայաստանի հետ` էդ մեկ Ալեքսանը գիտի, մեկ էլ հայերի և թուրքերի ընդհանուր Արարիչը ...

Իսկ ավելի լուրջ` մեր Հանրայինը շատ բան ունի սովորելու Թուրքիայի մշակութային քաղաքականությունից.- ինչ արժե միայն ազգային, բնիկ երգերի հետուստատեսային ուսուցումը... Թող նաև Ա.Հ-ը թուրքերից սովորի գովընդ պարել, այդ պարը նրանք հայերից են վերցրել: Նաև թող Հանրայինի կամերաները շրջեն Անատոլիայում, Քրդստանի լեռներում և այնտեղ գտնեն թաքնված հայություն, ձայնագրեն կորսվող գեների վերջին առկայծումները, նաև երգեր, պարեր... Սա մի հսկա աշխատանք է, որ պետք է անել...

Բայց հայ հակամշակույթը շարունակում է ծաղկել: Հիմա էլ ազգովին Ռազմիկ Ամյանին պիտի sms-ային հերոս դարձնենք: Երեկ պատահաբար լսեցի երգը: Մի չորս-հինգ ոճի էկլեկտիկ, ջորիական խառնուրդ էր,- մեկ կլարնետը կլկլաց, մի ժողովրդական մոտիվ հնչեց, հետո արթուր-գրիգորյանական անմեղեդի մեջտեղ եկավ, հետո էլի ինչ-որ բան: Զարմացնում է այս տիպի երգիչների հումանիտար կրթության աղետալի պակասը: Մինչդեռ կոնսերվատորիայում ունենք լավ վոկալ դպրոց... Բայց լավ դպրոց անցածը «աստղ» չի դառնում: Մարդ ու երգիչ է դառնում...

Ռուսաստան... մի տեղ ռազմական հաղթանակ կարող է տանել, մի տեղ էլ` ոտքով-գլխով կհանձնվի հակառակ ուժի ծնած հակամշակույթին: Ռուսական Առաջին ալիքն ու մեր Առաջին ալիքը նույն քաղաքականության ծնունդն են: Նայում ես ռուսական ժամանակակից մարտաֆիլմերը և ամաչում ես ռուս մեծ թատրոնի ու կինոյի համար: Համառուսական պրիմադոննան ռուս մշակույթից դուրս է քշել բոլորին և իր դեղնախուրձ գլուխն առած` Մաքսիմ Գալկինի հետ ասպատակում է մի ժողովրդի մշակութային տարածքը: Հռոդոսյան ֆորումին ուղարկած մի հոդվածս մի նուրբ-գիտական, բայց բավականին շրխկան ապտակ է ռուսական քնած ինքնագիտակցությանը:

Ոչինչ, սա էլ է անցնելու... Այսօր հնչում էր Մարինա Ցվետաևայի պոեզիան: Ռուս կանացի հանճարը, ռուս կանացիությունը – ինչքան էլ ապրում է մի արբած, խառը ժամանակի մեջ - թույլ չի տա մեծ մշակույթի դեգրադացումը: Ես հավատում եմ այդ Մշակույթի վերազարթոնքին...

Ուզում եմ ավարտել, չի ստացվում... Քաղաքական մշակույթ ... տեսնե՞ս այսպիսի բան կա աշխարհում, թե այս արտահայտությունը ծնվել է ուղեղային մորմոքից: Ահա մեր բարակաձայն, նիհար, շեկլիկ, ակնոցավոր արմատական ընդդիմադիրը... Եվ ի~նչ է ասում. Անդրկովկասում շուտ լուծենք հակամարտությունները, որ շուտ, անարգել մտնենք ՆԱՏՕ: Չէ~, մեր ազատականությունը անբուժելի հիվանդ է, նրան կիջեցնենք ճանապարհին ու կշարունակենք ճանապարհը:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.08.2008, 23:29
Այսօրս` 30 օգոստոսի 2008թ, ավարտվում է:

Մեր այսօրը սկսվեց նրանով, որ Առողջագետը համացանցում հանդիպեց մի հոդվածի ու … շատ զայրացավ: Եվ ինչի՞ մասին էր. ԱՄՆ-ում մի հորմոնալ նյութ են հայտնաբերել, որը վեց ամիս ընդունելուց հետո կնոջ մոտ բնական ցիկլը դադարում է և կինը կարող է ապրել … առանց գլխացավանքի ու հոգսի:
Ներկա արևմտյան մտածելակերպի խեղումները անսահման են , բայց այսպիսի այլանդակություն դժվար էր պատկերացնել: Մենստրուալ ցիկլը կնոջ մարմնի թարմացման և նորոգման ամենամսյա շրջանն է: Մայր Բնության զարմանալի պարգևը: Եվ բժշկություն կոչվող անգիտությունը կարող է ձեռք բարձրացնել այդ բնական շրջափուլի վրա: Նույնը կլիներ, եթե ՄԱԿ-ը հավաքվեր և որոշեր որևէ երկրում … ցերեկն ու գիշերը չեղյալ հայտարարել: Ահա այսպիսի…ախմախություն:

Առողջագետը զայրացած էր …Մինչդեռ, մեր` Հայաստանի հոգսերի մեջ` առաջիններից մեկը հենց առաջնային ամլությունն է, մոտ 30%: Եվ որքան շատ են բնական ռիթմի խանգարումները մեր աղջիկների մոտ – կոկա-կոլան, խառը սնունդը, թխվածքները, գենետիկ փոխված մսեղենը իրանց գործն անում են: Վերականգնել կյանքի ռիթները, հաշտ լինել Բնության հետ, և տիեզերական ռիթմերի հետ:

Տիեզերական ռիթմերից դուրս ընկած մի քաղաքակրթություն ցնծում ու քեֆ է անում` կարծելով, թե ինքը Տիեզերքի զարդն է և միակ բանական կղզյակը: Հնում ասում էին` խնջույք ժանտախտի ժամանակ: Հին Հռոմի ժառանգներն ենք, նրանք գլադիատորների մարտերին էին նայում, արյուն էին տենչում, խենթանում… Այժմ ֆուտբոլ են նայում, ազգովին գոռում, հետն էլ ամեն օր մահ ու ծեծուջարդ տեսնում: Գրեթե ոչինչ չի փոխվել: Չէ~, ֆուտբոլի դեմ բան չունեմ, ուղղակի մեր հռոմեական ծագման մասին եմ ասում …

Հռոմեացիները Բրիտանիա էլ էին հասել: Ներկա բրիտանացիները լիուլի ժառանգել են հռոմեական գոռոզությունը: Մանավանդ, այժմյան արտաքին գործոց նախարարը: Այս մարդը Շեքսպիր կարդացե՞լ է, կյանքի ու ճակատագրի մասին մի ներզգացում ունի՞: Կոալիցիա է ուզում ստեղծել Ռուսաստանի դեմ: Որ ի՞նչ անի: Օսերին ստիպի ապրել վրացիների հե՞տ: Թե կրճատի Ռուսաստանի ծովային, օդային և հողային սահմանները: Ժամանակի ռիթմից դուրս թռած գոռոզ բռիտանացի, մի քիչ էլ տարիք ա~ռ, բայց նայիր` Ալցհեյմերի հիվանդությամբ չհիվանդանաս, ինչպես ձեր երկաթե լեդին: Իսկ ութսուն տարեկան հայ գեղջուկների մոտ երբեք այդ հիվանդությունը և մտքի թուլություն չեմ նկատել…

Թուրքիայի նախագահը գալիս է Հայաստան…Իսկ իմ ականջին հնչում է այն հարցը, որ տվել են ինձ երեք տարի առաջ “ Իսկ դու թուրքին կարող ես սիրել”: Այս հարցի ճիշտ պատասխանը գտնելու համար մի հսկա կյանք պիտի ապրես: Ես փորձում եմ գտնել այդ հարցի պատասխանը:

Բարի գիշեր:

Հեղինակ
31.08.2008, 23:13
Այսօրս` 31 օգոստոսի 2008թ, ավարտվում է:

Ամառն ավարտվում է, 2008-ի փոթորկալի ամառը: Օգոստոսը – սկսվեց միաբևեռ, կոշտ, արհեստական աշխարհի փլուզումը: Այն աշխարհի, որտեղ երկրների տեղն ու դերը, ազգերի բախտն ու ճակատագիրը որոշվում են ստրատեգների եսապաշտ ուղեղներում և մութ աշխատասենյակներում: Բայց Կյանքը փշրում է բոլոր հաշվարկները:

Այս օրերին սրտով զգում էի Կյանքի ձեռագիրը, զգում այն գաղտնի, արդար զսպանակները, որոնք կարգավորում են մոլորակի կյանքն ու իրադարձությունները: Եվ այդ զսպանակները բժեզինսկիների ձեռքում չեն, ոչ էլ կոնդիների ճերմակաթույր ատամների տակ: Նրանք Կյանքի էներգետիկ խորքերում են, որտեղ բարձրագույն Գիտակցությունն է, Էթիկան և Սերը… Ողջու~յն այն Մեծ Սրտերին, որտեղ ստեղծվում է մեր մոլորակի ապագան:

Կյանքը… Տարերքները… Մոլորակի վրա օդը և ջուրը գժվել են, ելել, զարկում են հողին ու մարդկանց, քշում, տանում են մարդու ստեղծած նյութական աշխարհը… Որքա~ն վիրավոր է մի մոլորակ, որքա~ն անարգված, որքա~ն մեծ է նրա ներքին թախիծն ու դժգոհությունը:

Դեպի Ամերիկայի ափեր է շարժվում “Գուստավ” փոթորիկը: Բնության ստիխիալները խենթացել են և շարժում են օդի և ջրի հսկա զանգվածներ: Միայն մարդու սրտից պոկված սրտագին խոսքը կարող է հանգստացնել ստիխիալներին: Բայց ով կպատկերացնի, որ Ջորջ Բուշը Տեխասի իր ռանչոյում ծնկի է եկել և աղոթք է անում. “Օ~, ստիխիալներ, խնայեցե~ք Ամերիկան”: Չէ նա ավելի շուտ կկանչի Կոնդոլիզա Ռայսին և որպես նախկին սովետոլոգի` կհարցնի . “Օ~, Կոնդի, միթե՞ “Գուստավը” ռուսական մետերեոլոգիական զենքի արդյունք չի”: Եվ մինչև Կոնդին կպատասախանի նրան, “Գուտավը” կծածկի Լուիզիանա նահանգը:

Եվ այս փոթորկոտ աշխարհում Հայաստանը: Մեզ էլ մի օր հասել է Բնության ծանր հարվածը: Չենք կարող հպարտանալ, թե մոլորակային Ոգին խնայել է մեզ,- ո՞վ գիտե, թե Լենինականի հայտնի միս-կոմբինատի ճանապարհին քանի միլիոն անասունի արցունք է կաթել` սպանադանոց գնալիս… Ասում են, անասունները զգում են մահը ու լալիս են` մինչև գիլիոտոնի իջնելը… Եվ մեր աղետյալ երկրի նուրբ տարածքներում այդ տարիներին որքան ցավ ու բառաչ կար, և գուցե Մեծ Երկրաշարժն էլ եղավ, որպեսզի մաքրի մեր նյութապաշտական պատրանքները:

Հայը, Մեծ Հայը աշխարահին նայում է մոր նման, Բնության նման և որպես Վիլյամ Սարոյան ասում է “Հայաստան չկա, Ամերիկա չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա~յք”:

Սիրում եմ հայն ու Հայաստանը: Բայց կգա՞ մի օր, երբ անքեն, լայն սարոյանական սրտով կասեմ` ես սիրում եմ ամբողջ աշխարհը:

Բարի գիշեր:

Tigris
01.09.2008, 12:59
Դեպի Ամերիկայի ափեր է շարժվում “Գուստավ” փոթորիկը: Բնության ստիխիալները խենթացել են և շարժում են օդի և ջրի հսկա զանգվածներ: Միայն մարդու սրտից պոկված սրտագին խոսքը կարող է հանգստացնել ստիխիալներին: Բայց ով կպատկերացնի, որ Ջորջ Բուշը Տեխասի իր ռանչոյում ծնկի է եկել և աղոթք է անում. “Օ~, ստիխիալներ, խնայեցե~ք Ամերիկան”: Չէ նա ավելի շուտ կկանչի Կոնդոլիզա Ռայսին և որպես նախկին սովետոլոգի` կհարցնի . “Օ~, Կոնդի, միթե՞ “Գուստավը” ռուսական մետերեոլոգիական զենքի արդյունք չի”: Եվ մինչև Կոնդին կպատասախանի նրան, “Գուտավը” կծածկի Լուիզիանա նահանգը:
Իսկ նա, ե՞րբ ծնկի պիտի գայ, Իրաքցի մանուկներից խլուած մանկութեան առիթով: Անուղղայ են, այնքան ժամանակ, որքան յետեւում ու առջեւում ծափահարողներ ունեն:
Ամերիկեան «ժողովրդավարութիւնը» ծնում է նոր ջորջբուշեր, յանձինս Մակ Կէնի: Արդեօ՞ք վերջինս այնքա՜ն է «հռովմէացի» դարձել, որ չի յիշում սկովտիացի պապերի ազգային ազատագրական պայքարը, անգլոսաքսոնների դէմ, ու նոյն ոգիով գալիս է շարունակելու գաղափարակից նոր-հին պահպանողականների գործը: Տեսնենք՝ ամերիկացի ժողովուրդը պիտի կարենայ ձեռքազատուել երկնից առաքելութիւն ստացածի իր հոգեկերտուածքից, ու վերադառնայ այն օրերի հոգեկերտուածքին, երբ ինքն էր մղում ազգային ազատագրական պայքար, յանուն սեփական անկախութեան:
Զաւեշտալի է, երբ այս ամենը խօսւում ու կատարւում է Աստծոյ անունով: Աստուած անմեղ է, քանզի նա մեր՝ մարդկանց ձեռքին, խամաճիկ է դարձել: Ու Ջորջ Բուշն ու իր նմանները, ի'նչ կրօնի էլ պատկանեն, խօսում են աստծոյ անունով, բայց իրականում՝ ուզում են աստուած լինել. կեանք ու մահ բաշխելով ըստ իւրեանց քմահաճոյքին: Սա նմանի Փառաւոն-աստուած, Բել-աստուած, նահապետ-ցեղապետ-աստուած հին օրերի ընկերային ընդունուած կարգավիճակին:
Ցաւօք, ինչպէս ես, նաեւ ուրիշները, տեսնում ենք Ամերիկայի հետամնացութիւնը գոնէ այս մարդ-աստուած, մարդ-մարդ յարաբերութեան բնագաւառում, որ քայլ չի պահել Եւրոպայի ու եւրոպացիների լուսաւոր մակարդակին: Եւրոպան, օրինակելի բացարձակութիւն չսեպելով հանդերձ, արժէ յիշել գոնէ մահապատժի պարագան, որ դեռեւս գործադրւում է աշխարհին դաս տուող Ամերիկայում:

Հեղինակ
01.09.2008, 23:34
Այսօրս` 1 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:


Հայաստանը պետք է ճանաչի Հարվային Օսեթիայի և Աբխազիայի
անկախությունը:

Այսօր խառնում էի հին թղթերս… Ահա գրառումներ «Կենդանի Բարոյագիտությունից» հնչում է մարդկային իմաստությունը` կարճ ու կտրուկ տողերի մեջ, որոնց մեջ կրակ կա:

«Մարդու կերպարը կերտվում է մարդկության էներգիայով»: Ի՞նչ ունի իր մեջ այսօրյա մարդկության էներգիան - հոգնած, հոգին կորցնող, մշակութապես խեղված մի մարդկություն: Մենք ապրում ենք Հայաստանում, այսօր վերաբացվեցին մեր դպրոցներն ու բուհերը... Եվ մեր առաջին դասարանցիները երգում էին «Արևիկի» երգած «Երազանքների բարի փերի» –ն, իսկ Ինտերվիդենիեի մրցույթում հաղթեց Ռազմիկ Ամյանը... Այս վերջինը ժողովրդական երգի առաջին կատարմանը երգել է... մի հրեական երգ: Հրեական երգի դեմ բան չունեմ, թող մի Շլոմո երգի իր երգը: Բայց որքան պետք է դեգեներացվի մի ազգ, որ իր չքնաղ երգարվեստը պահի դարակում և նրա զավակը նույնիսկ չիմանա իր գանձերի տեղը... «Արևիկն» ու Ռազմիկ Ամյանն են մեր ժողովրդի մշակութային «հերոսները»: Չէ~ ու հազար անգամ` չէ~: Ես չեմ ցանկանում, որ մեր մանուկ սերուդը կրթվի այս էներգիաներով: Ես ուզում եմ, որ աշխարհը փոխվի...


Վրաց ժողովուրդը այսօր... շղթա էր բռնել` ի նշան բողոքի: Սահակաշվիլին` գրկին մի երեխա, անգլերեն հարթ բլբլում էր: Վրաց ժողովու~րդ, դու մի քանի շաբաթ առաջ բռնադատեցիր մի անմեղ ու խաղաղ ժողովրդի, և հիմա զարմանում ես, որ քեզ են բռնադատում: Սկսի~ր քեզանից, ո~վ թույլին ու փոքրին բռնադատող փոքրիկ կայսրություն: Չէ~, ես ուզում եմ, որ աշխարհը փոխվի...

«Ես կտամ աշխարհի առուծախի դեմ պայքարի ուղին» - այսպես է ասում իմաստությունը: Ահա հավաքվել է Եվրամիությունը` արդարի և հաշտարարի քղամիդ է ուզում գցել իր ուսերին, բայց մտքին միայն մի բան կա` շահն ու առևտուրը: Եվ մի բառ անգամ չի հնչեցնում` ի պաշտպանություն փոքր ու փշրված մի երկրի... Եվ որքա~ն խոսքեր, աշխույժ միմիկա, ջրիկ մտքեր... Չէ~, ես ուզում եմ, որ այս աշխարհը փոխվի...

Եկել է Հայաստանի «քոմփլիմենտարիզմի» վերջը (Վարդան Օսկանյանի ականջը կանչի): Լեռնային Ղարաբաղը` աչքը աշխարհին ասում է. ճանաչե~ք իմ անկախությունը, և կոչը ուղղված է նախ մայր երկրին: «Քոմփլիմենտա~ր» Հայաստան, վերջը ի՞նչ ես ասելու:

Առաջին հանրապետության օրերին է եղել. վրացիները փակել էին երկաթգիծը և թույլ չէին տալիս` ցորենով բեռնված գնացքը գա Հայաստան: Իսկ այստեղ` սովահար ժողովուրդ: Հայ կառավարության խնդրանքները չեն անցնում. վրաց մենշևիկները չեն բացում ճանապարհը: Միայն Անդրանիկի խիստ հեռագիրը վրաց կառավարությանը ստիպում է թողնել գնացքը: Ասածս ինչ է. վրացիները միշտ փակել ու փակելու են ճանապարհը: Ուրեմն, Ռուսաստանի հետ համաձայնել և ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Իսկ ճանապարհի բաց պահելու համար վրացիներին անել միայն մեկ վճար ու թանկ վճար` վիրահայության չեզոքությունը վրաց պետականության այս դժվար ժամին: Բայց միայն այս վճարը: Եվ երկու նոր պետությունների ճանաչումով վերջապես ազատվել ճանապարհը փակելու` վրացական հավերժական տեռորից - և եթե փակի` Ռուսաստանի հետ բացել բոլոր միջոցներով: Բացել առհավետ: Այդ ճանաչումով Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մտնում են հաղթանակի միակ ենթատեքստ – ուրիշ ենթատեքստ չկա: Աբխազիայի և Հարավային Օսեթիայի Ճանաչումը հայ պետականությունը կդնի նոր էթիկական բարձրության վրա... Հայաստանը դրանով կդառնա նոր, թարմ, կենդանի, երիտասարդ Աշխարհակարգի մասը...

Ընթերցողս, համեստ մի գրչով երգել եմ այդ Աշխարհակարգի ծնունդը` վերջին տարիներին: Այժմ տեսնում եմ նրա ծնունդը...

Եվ այդպես է լինելու – Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավայի Օսիայի անկախությունը: Հայաստանը լինելու է մի անխորտակ կղզի այս փոթորկոտ տարածաշրջանում: Բայց ոչ այս Հայաստանը: Նոր Հայաստանը:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.09.2008, 23:52
Այսօրս` 2 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Մեր այսօրը սկսվեց մի հրաշալի գործով: Առողջագետը բանակցել էր պետերբուրգյան հրատարակչի հետ` այս անգամ “Արշալույսի” թարգմանության և ռուսերեն հրատարակության գծով: Հրատարակիչը արագ և դրական արձագանքել է ,- և ահա առավոտյան Առողջագետը սկսեց թարգմանել մի քանի հատվածներ: Զարմանալի զգացումներ են ծնում դրանք,- բանահյուսական, էպիկական պարզ ձևը` Կյանքի խորունկ ճշմարտությունների մասին:

Առողջագետը խնդրեց գտնել Նիկոլայ Ռերիխի ժողովածուն` «О Вечном»...Սիրում եմ մեծ հումանիստի այս հրատարակությունը, հրաշալի է «Мальчику» շարքը: Նիկոլայ Կոնստանտինովիչը ձգտում է Տղային հասցնել բարձրագույն էթիկական արժեքները: «Արշալույսի» տղան էլ նույն կերպարն է, բայց նյութերի ձևն ու բովանդակությունը ուրիշ են … Առողջագետի հետ միշտ իմացել ենք, որ իմ համեստ աշխատանքով արձագանքել եմ մեծ հումանիստներ Նիկոլայ և Ելենա Ռերիխների տիտանական աշխատանքին: Մեր աշխատանքի ոսկե վայրկյաններն էին,- ես մի նոր զրույց էի գրում “Արշալույս 2“–ի համար` խաղաղության մասին, Առողջագետը թարգմանում էր... «Մայրիկների ժողովը»: Քանդակագործը հավաքում էր արդեն թարգմանված նյութը: Որքա~ն քաղցրություն այդ վայրկյանների մեջ:

Մի տխուր լուր հայրենի կյանքից: Մահացել է Գրանտ փղի կինը` Մաշան ( և իհարկե` ոչ թե սատկել է, ինչպես հաղորդեց մեր պաշտելի Հայլուրը): Ցավակցում եմ Հրանտ Վարդանյանին, նա բավականին լուրջ գումար էր ծախսել այդ փղին Ռուսաստանից բերելու համար: Մեր հայտնի դրամատերը կարող է մի հսկա փիղ բերել մեր երեխաների համար, հետն էլ նրանց պաղպաղակ ու կոնֆետ վաճառել, բայց մի դրամ չի ծախսի նույն երեխայի առողջ ապրելակերպի կրթություն ստեղծելու համար: Հիշեցնում եմ, որ Հրանտ Վարդանյանը լռությամբ մերժեց մեր առաջարկը` նպաստելու այդ կրթական համակարգի ստեղծմանը: Դե ինչ, անքեն խորհուրդս փիղ Գրանտի հաջորդ հարսնացուի գծով - շոու մի սարքե~ք, մի նկարահանե~ք , փղի կողքին կանգնած` երջանիկ մի ժպտացե~ք, թե չէ մարդու սարքած փառասիրական-գովազդային շոուին մարդը կարող է դիմանալ, բայց անմեղ փիղը չի դիմանա, աչք կառնի և տխուր վերջը կարող է կրկնվել …

Ուզում էի ավարտել, հենց նոր ականջիս ընկավ մեր մի պրոֆեսորուհու – Լյուդմիլա Հարությունյանի այս նախադասությունը (նա հարցազրույց էր տալիս «թեթևքաշային» և լրագրային արվեստի տիտան` մեր հայտնի լրագրողին ), և ահա «Հարվային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչումը չի համապատասխանում մեր շահերին»: Տիկին պրոֆեսոր, մեր ճանաչումը կհամապատասխանի այդ ժողովուրդների բարձրագույն շահերին, համամարդկային էթիկայի շահերին և արդարության շահերին: Այստեղից հետևում է` նաև մեր շահերին: Կարծում ենք, որ պրոֆեսորական աստիճանը կօգնի ձեզ` հասկանալու այս պարզ, լուսավոր, մարդկային տրամաբանությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
03.09.2008, 23:44
Այսօրս` 3 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Այսօրս կյանքիս լավագույն օրերից չէր… Կյանքը պուլսացիա է, տատանում վեր ու վար… Այսօր ճոճանակը ներքևում էր, որտեղ թախիծն է և մթնշաղը, և սիրտս այդ ցածրերում երազում էր արև ու թռիչք:

Թախծի մոլորակ … Այս աշխարհակարգը … Իսպանիայի ափերին մոտենում է նավը, որը Աֆրիկայից բերում է ոչ օրինական իմիգրանտների. տասներկու մարդ արդեն մահացել են, մնացածը հազիվ շարժվում են: Աշխարհակարգի իշխանությունը պատկանում է “Ոսկե միլիարդի” երկրներին, նրանք իրենց էժան ու անորակ ապրանքներով խեղդել են ժողովուրդներին, դատապարտել նվաստացման ու սովի և դեռ մեծ-մեծ բրթում են ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին: Հազարավոր հիվանդներ տեսած բժիշկ եմ, բայց այսպիսի մեծամիտ, քայքայված ինքնաքննադատությունը կորցրած հիվանդ, ինչպիսին այս աշխարհակարգն է` չեմ հանդիպել:

Ընթերցողս, խնդրում եմ նայես` որտե՞ղ է արտադրված այսօրվա հագած շալվարդ, իսկ կոշիկնե՞րդ, վերնաշապի՞կդ, ներքնահագու՞ստդ…Հասկացա՞ր` ինչու եմ հարցնում…Աշխարհակարգը որոշել է, որ դու, ես էլ քեզ հետ` մի ապաշնորհ ազգ ենք, շալվար կարել չգիտենք, ոչ էլ մայկա ու գուլպա, ոչ էլ հաստոց ու մեքենա կարող ենք արտադրել, ոչ էլ կարող ենք աստղերի հետ խոսել… Այլ կարող ենք միայն հյուրանոցի ծառայող լինել և առավոտյան մաքրել իր աղբը… Եվ այդ փչացածը(ներեցե~ք) պարտադրում է իրեն ինտեգրվել, իր ծոցը մտնել, իր “չափանիշներն” ընդունել…Եվ դու, ընթերցողս, արդեն քսան տարի դա ես լսում… Քո երեք նախագահները արդեն քսան տարի դրան հավատացել են և քեզ նույնն են ասել… Բայց ես քեզ ասում եմ` փչացած Աշխարհակարգը պետք է ապամոնտաժվի… Հայաստանը և նրա պետականությունը վճռական դեր կարող են ունենալ այս գործում… Չե՞ք հավատում…Հիմա լսեցե~ք…

ՀՀ նախագահի հանդիպումը դիվանագիտական կորպուսի հետ:ս Նախագահը ասում է “Աշխարհակարգի վերանայում”: Շշմելու բան է. դեռ հուլիս ամսին այս բառակապակցությունը անհնար էր, ինչպիսի~ սրընթաց փոփոխություն: Հանդիպումը ռուս գործընկերոջ իզուր չի անցել: Այս արտահայտությունը հայկական ծագում չունի: Հարգո նախագահ, չեմ էլ մտածում, որ երբ գրքերս երբևէ եղել են ձեր սեղանին` աշխարհակարգի փոփոխության հրամայականին Դուք ծանոթ եք նրանց էջերից… Ես այսօրվա հնչած մտքին ավելացնում եմ` Նոր աշխարհակարգի ստեղծում: Աշխարհակարգի վերանայումը կանխատեսված է և ետընթաց չունի:

Հայաստանի և Թուրքիայի շփումների մասին Նախագահը ասում է “Դա լինելու է մեր երկու երկրների քաղաքական հասունության փորձաքարը”: Հը~մ… Թուրքական հազարամյա պետականությունը շատ հասուն է, “թուրքական պետական հանճարին” (Թումանյանի արտահայտությունն է) մենք կարող ենք զարմացնել, հաղթահարել, վեր բարձրանալ միայն Նոր էթիկական արժեքներով, Նոր լինելով, Նոր պետություն ստեղծելով… ԱՅՆՔԱՆ ՆՈՐ, ԱՅՆՔԱՆ ՎՍՏԱՀ, ԱՅՆՔԱՆ ԲԱՐՁՐ, ԱՅՆՔԱՆ ԽՈՐ, որ Թուրքը չճանաչի Հային…


Բարի գիշեր:

Հեղինակ
04.09.2008, 23:54
Այսօրս` 4 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Այս օրերի կարևոր իրադարձությունը – Թուրքիայի նախագահի այցը Հայաստան: Դրա նախօրեին մի պահ ճնշենք մեր մեջ դարերի վիրավորանքը և հիշենք այն, ինչ թուրքի մեջ կարելի է սիրել:

Նախ լեզուն - նուրբ է, ճկուն, հոսուն, երգեցիկ: Երկու տարի աշխատեցի Վարդենիսի շրջանում, որի ազգաբնակչության մեծ մասը թուրքեր էին – ազերիներ, ափսոս չսովորեցի լեզուն: Տեղի բժիշների մեծ մասը հրաշալի տիրապետում էր թուրքերենին: Հիշում եմ Ամիրասլանովին – իմ հարևանն էր, և չգիտես ինչու` հաճախ աղ չէր ունենում և ինձանից էր խնդրում, (ընտանիքը և հարստությունը ինչ-որ գյուղում էր), լավ գիտեր մանկավարժ տոհմս: Սա շրջանի կրթության բաժնի վարիչն էր. կիրթ, անթերի հագնված, հրաշալի տիրապետում էր հայերենին – գրավոր և բանավոր և հանրակրթական բոլոր առարկաներին: Մեղմ էր, գիտուն, դիվանագետ, - մի խոսքով իսկական թուրք էր: Բայց խոսում էին, որ թաքնված շեյխ է և շրջանի թրքության առաջնորդը:

Թուրք կինը – եթե միջին տարիքից անց է, ապա մազերը - կարմիր հինա դրած, մեջտեղում` «բախտը» բացած, դեղին մուսուլմանական «թումբան» հագած, ժպտերես ու ամոթխած...Անպայման` մի քանի ոսկե ատամով: Եվ ընդհանրապես, ոսկե ատամը շատ սիրված էր թուրքերի մեջ, նրանք լայնացնում էին ժպիտը` իրենց հարստության այդ վկայականը ցույց տալու համար:

Թուրքական ասացվածքները – Արևելքի ամբողջ իմաստությունը: Տասնամյակներ առաջ և ընդհանրապես` հայերն իրար հետ խոսելիս կամ վիճելիս` մի թուրքերեն ասացվածք կբերեին` իրենց ճշմարտությունը հասատելու համար:

Թուրքը հարգալից է, ժպտերես, անշտապ... Եթե հիվանդ է և դու բժիշկ ես` կուզենա համբուրել ձեռքդ: Չի շտապում թուրքը ` երեք ծալ արևելյան խելք ունի. մեկը քեզ համար է – մանր աչքերով ուշադիր կնայի վրադ, հարգալից գլուխը թափ կտա, մյուս ծալը իր համար է - այստեղ նա չի ժպտում, այլ կշռում է քեզ, իսկ երրորդ ծալը իր ցեղի ու հավատի համար է, որտեղ նա կոշտ է, անդավաճան ու դաժան: Հուզական հայ, հիշիր թուրքի այս երեք ծալքերը:

Թուրքը 45 միլիոն տվեց Սահակաշվիլուն` զինված ուժերի նորացման համար, այս վրացական անխելքը կռվի դուրս ելավ` նաև սնված թուրքի նվերով: Բայց թուրքը աշխարհի մեջ առաջինն ինքը Մոսկվա հասավ և համերաշխություն հայտնեց Ռուսական Արջին` այս անխելքին դաս տալու համար:

Պետականության ու պետական շահերի զգացումը շատ բարձր է թուրքի մոտ , հատկապես բարձրաստիճան զինվորականության մոտ: Մեր կիսա-պետական գործիչները շատ բան ունեն սովորելու թուրքական պետական խավից: «Թուրքական պետական հանճարը»,- այսպես է ասել Թումանյանը:

Դե, եթե թուրքը այսքան բարեմասնություններ և իմաստություն ունի, ապա Աբդուլլա Գյուլը կարող էր այցելել ... Ծիծեռնակաբերդ: Բայց այսպիսի քայլի համար թուրք լինելուց հետ նաև ... արիացի պետք է լինել: Իմաստության այս վսեմ աստիճանը արդեն անմատչելի է թուրքին:

Չէ~, բարեկամներ, թուրքին հաղթելու միայն մի ճանապարհ կա – սիրել նրան, ինչպես Արարչի ամեն մի ստեղծագործություն:

Բարի գիշեր:

Հեղինակ
06.09.2008, 00:14
Այսօրս` 5 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Ստացանք Հռոդոսյան` «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային ֆորումին մասնակցելու պաշտոնական հրավերը, մեր զեկուցումներն ընդունված են: Մենք մի «համեստ» առաջարկ ենք արել. հարստացնել ֆորումը և ավելացնել նոր ձևաչափ` «Մարդ-Տիեզերք երկխոսություն» - այս մարդկությանը թվում է, թե քաղաքակրթություններով հավաքվենք, մի քիչ «գյալաջի» անենք, ջան ասենք-ջան լսենք` մեր մոլորակի գործերը լավ կգնան... Մանավանդ, հույսը դնում են հոգևորականների երկխոսության վրա – եթե իրար հետ նստեն մուֆթին ու ռավինը, կաթոլիկների կարդինալն ու ուղղափառների միտրոպոլիտը և մնացածները... Բայց սրանք էս քանի հարյուր տարի զբաղված են Աստծուն ճղելով և իրար մեջ բաժանելով – մեկը խաչափայտն է իրենով անում, մեկը սավանը, մեկը խաչվելու տեղը, մեկը` նրա ընտրյալ ժողովուրդը լինելու պատիվը: Կրոնները զարկում են էգոցենտրիզմի և անգիտության ռեկորդներ: Վատիկանն էլ, մյուս քրիստոնյա կրոններն էլ պինդ փարել են չորս կանոնիկ ավետարաններին, և աստված մի արասցե` մի ուրիշ աղբյուր ու գիտելիք մեջտեղ գա, եթե այդ չորս աղբյուրից և սուրբ հայրերից չէ~...

Պետք Մարդը, այդ թվում` մուֆթին ու ռավինը, կարդինալն ու միտրոպոլիտը և մնացածները, քաղաքական և գիտական էլիտաները երկխոսության մեջ մտնեն ԿՅԱՆՔԻ ՀԵՏ, նրա արմատների ու ծագման, ԿՅԱՆՔԻ ՍՏԵՂԾՈՂԻ հետ: Երկխոսություն ծառի հետ, ծաղկի հետ, աստղերի ու արևի հետ: Սովորել նրանց լեզուն, հասկանալ ու սիրել նրանց: Իսկ այդպիսի երկխոսության միջոցը ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ Է - ամենօրյա կենցաղում, աշխատանքում, հարաբերություններում... Մեր կրթության, առողջապահության, տնտեսության ...մեջ: Պետք է ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ կյանքը, հայերեն ասած` ռեմոնտ անել, հիմնարար ձևով...

Ընթերցողս, այս ուշ ժամին գլուխդ չցավեցնեմ, մենք Հռոդոս ենք ուզում տանել մեր քսանամյա աշխատանքը, մեր երազները, մեր ապագա երկրի մանրակերտը... Մենք ամեն օր տեսնում ենք մեր ապագա հայրենիքը: Մի գեղեցի~կ, հրաշալի~ Հայաստան... Մնաց` ստեղծենք այդ Հայաստանը:

Բարի գիշեր:

Հեղինակ
07.09.2008, 00:40
Այսօրս` 6 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Մեր ֆուտբոլի հավաքականը պարտվեց Թուրքիայի հավաքականին: Ես առանձնապես չտխրեցի այդ պարտության համար: Ֆուտբոլային, մարզական այլ հաղթանակները, այո~, բարձրացնում են ժողովրդի ոգին, բայց այդ բարձրացման որակը բարձր չէ – սա հռոմեածին մարդկության փառատենչ հաղթանակներն են, դրանք սնում են հոգու մակերեսային, եսապաշտ շերտերը:

Տարիներ առաջ…Պոլիտեխնիկի լեփ-լեցուն դահլիճը: Պարույր Սեվակը… Եվ դժգոհում էր բանաստեղծը այն ժամանակվա մեր երիտասարդությունից, թե` հասկացա~նք, սիրե~նք ֆուտբոլը, բայց ամբողջ օրը մարդ ինչպե՞ս կարող է միայն ֆուտբոլի մասին մտածել և խոսել… Այն ժամանակ Հայաստանը ֆուտբոլային երկիր էր: Սարգիս Հովիվյա~նը…

Չէ~, մեզ պետք են ուրի~շ հաղթանակներ: Ֆուտբոլը – այժմյան Արևմուտքը, արևմտյան ազգերը պրիմիտիվացնող գործոններից մեկը: Այն ազգերի մեջ ծնում է գլոբալ, թաքնված ագրեսիա, նրանց դարձնում է երջանիկ ամբոխներ, այն ընդամենը փոխարինում է պատերազմի կիրքը: Եթե ինձ հարցնեին` կուզենայի՞ր, որ Հայաստանը ունենանար շատ ուժեղ հավաքական, հաղթանակներ տաներ, մեր ստադիոնները լցված լինեին, ապա սրտիս խորքում կասեի – հեռու~ այդպիսի «հաջողությունից», այն կապուշացներ մեզ, և մենք կլրացնեինք հիմարացած ազգերի ստվար շարքը... Մեզ պետք են ուրի~շ հաղթանակներ...

Ուր նայում ես` մրցություն է – հարևանները մրցում են իրար հետ, թե ում դոշակն է ավելի հաստ ու փափուկ, ավտոյի ճակատը` ավելի լայն ու ավելի սև, թաղապետերը մրցում են, թե ում աղբարկղներն են ավելի լիքը, երգիչները մրցում են, թե ով է կապկաթռիչքներ անելու Եվրատեսիլի մրցույթում, երկուաստղայինները մրցում են հինգաստղային դառնալու համար, երկրները մրցում են, թե ում դանակն է ավելու սուր` մյուսների կոկորդին դեմ տալու համար... Չէ~, մեզ պետք են ուրի~շ հաղթանակներ...


Բայց այս մարդկության մեծագույն հանցանքը եղավ այն, որ նա մրցության հանեց երեխաներին... Այս անմեղ հոգիները, որ բացվում են ծաղկի նման – իրար որքան~ն նման և որքա~ն իրարից տարբեր – ահա, այս չքնաղ հոգիները 4-5 տարեկանից լսում են` դու ընդունա~կ ես, դու թույլի~կ ես, դու ծույլի~կ ես, դու ... անհույս ես, քեզանից մարդ դուրս չի գա... Երեխաները – այս անհայտ ու հրաշալի հանճարները ՓՉԱՆՈՒՄ ԵՆ, ԶՈՀՎՈՒՄ ԵՆ, ՀՈԳԵԶՐԿՎՈՒՄ ԵՆ ... մեծահասակ կոչվող ապուշների կազմակերպված ՄՐՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ...

Չէ~, մեզ պետք են ուրի~շ հաղթանակներ...

Բարի գիշեր:

Հեղինակ
07.09.2008, 23:29
Այսօրս` 7 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր ըմպեցի երկու ակունքից - կյանք էի ըմպում:

Վերադառնում են Սվյատո–Դանիլովյան վանքի զանգերը – վերադառնում են պանդխտությունից – հնչոււմ են զանգերը, հնչում է սլավոնական ուղղափառությունը,- ես հավատացի զանգահարին - նա պարում էր հնչյունների հետ, նա պարում էր Տիեզերքի հետ: Ըղձացի, որ երկրի~ս զանգերը այդպես հնչեն: Որ հավատամ երկրիս զանգահարներին... Զանգեր ունե՞ս հոգուդ մեջ, դու լսու՞մ ես նրանց հնչյունները...

Հանդիպում սուֆիզմի հետ – պայծառ էություն, կենդանի ու զվարթ Արևելք: Մոլլա Նասրեդդին, որտե՞ղ են կորել պատմություններդ: Ռոն Ֆրիկեի «Բարաքա» ֆիլմը: Բարաքա - կյանքի շնչառություն:

Հողը – Երկրագունդը կին է, կնոջ մարմին, - և վիրավո~ր է: Ծառը խշշում է: Ծառը ընկնում է և պատռվում է նրա մարմինը: Պատռվում է կնոջ մարմինը:

Ամերիկյան հնդկացիները – կենդանի~ աստվածներ: Ողորմելի, ապուշացած մի մարդկություն թութակի պես կրկնում է` Կենդանի Աստված - չե՞ք տեսնում, ահա Կենդանի Աստվածները, որին դուք` գունատադեմ չաստվածներ և գաղութարարներ - սպանեցիք: Ծառերի ու թփերի միջից նայում է մի ամերիկյան հնդկացի կին – չքնա~ղ Տիրամայր...

Հնչում է հավատի ապոթեոզը, բարձր են բոլոր կրոնները: Փորձում են խոսել Արարչի հետ:
Ողջույն քրիստոնեություն, սիրում եմ քեզ :
Ողջույն կանաչ Իսլամ, սիրում եմ քեզ: Սուֆի~զմ, Դու պաշտելի ես:
Ողջույն բուդդայականություն, սիրում եմ քեզ: Եվ հինդուիզմ, և հուդայականություն: Եվ բոլորիդ: Մանավանդ` փոքր ժողովուրդների կրոնները, որ կատարյալ են, ինչպես Արևը: Սիրում եմ ձեզ:

Ծառը խշշում է, ծառը կին է... Իսկ կինը վեր է բոլոր կրոններից... Կյանքն էլ կին է, Կյանքն էլ վեր է բոլոր կրոններից... Մարդը Կյանք է ուզում. կրոննե~ր, մի խանգարե~ք...

Ջու~ր, քո թափվող ջրվեժները – ջրվեժների ահեղագոչ աղոթքը: Ծառերի աղոթքը, ընկնող ծառի ճիչը, նրա վերջին աղոթքը:

Մարդիկ ապրում են տներում, բոլոր տները ճաղեր ունեն, բանտեր են տները: Աստվածուհիները ապրում են ճաղերի հետևում: Ճաղերը բաց են, թռե~ք, երեխաներ դեպի երկինք: Դեպի ազատություն...

Մրջնանոց մարդկություն: Բանվորները աշխատում են – ռիթմի պարտադրության մեջ: Տիեզերական ռիթմերը չեն – կոնվեյերները, մետրոն, խաչմերուկները: Վերականգնե~լ մարդկության տաճարը, որտեղ լռությու~նն է:

Մի անմեղ պոռնկուհի կանգնել է պատի տակ և ... նայում է այս մարդկությանը: Մուրացկաններ, պոռնիկներ, անկյալներ... Հեյշաները խոսում են Արարչի հետ: Հեյշաները գիտեն Նրա լեզուն:

Վառվում են կրակները երկրի վրա: Կրակները երևում են Տիեզերքից: -SO~S -կանչում է Երկրագունդը,- կործանվու~մ ենք: Օրիոնից տեսնում են մեզ, շտապում են օգնության... Մարդկանց նկարները, մահերի նկարները: Զենքերն ու զորքերը տիրում են աշխարհը: Հոծ, ահարկու, մահաբեր ուժեր:

Արևը խավարում է... Ո՞վ կառաջնորդի մեզ, ե՞րբ կծնվի...Մարդը: Նոր Մարդը: Այն ժամին, երբ մարդը կպարի, երբ կինը կպարի, երբ տղամարդը կպարի` կնոջ սպիտակ զգեստ հագած:

Տղամարդու գլուխը` իր մթությամբ գալիս, լցնում է տեսադաշտը, փակում է Տիեզերքը – ակնթարթ անց գլուխը լուծվում է Տիեզերքի մեջ, ելնում խավարից ու քնից: Բացվում է աստղազարդ երկինքը – փրկվա~ծ ենք – ապրելու~ ենք:

Այսպես տեսա Ռոն Ֆրիկեի «Բարաքա» ֆիլմը:

Բարի գիշեր:

Հեղինակ
09.09.2008, 00:13
Այսօրս` 8 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր տեսա … ՉՀԱՅԻՆ: Նա ով կարծում է, թե ինքը ՀԱՅ է: Ասել է թե մարդասեր է, միամիտ է, հյուրասեր է, անկեղծ է, հետն էլ` գործիչ է, շինիչ է, հայրենատեր է, հայրենասեր է… Մի խոսքով` հայ է ու մարդ է…

Բայց ես տեսա, որ երկրում հայտնի այս մարդը ընդամենը… հագած-կապած աստրալ ուրվական է – պտտվում է հանդիպումից-հանդիպում, իրավիճակից-իրավիճակ, ժողովից-ժողով – միշտ փափուկ-մարդաշահ-ազնիվ-պսևդոկոմունիստական-լայնաճակատ-լայնախոհ: Բայց ԿՅԱՆՔԸ գալիս է ու գնում, աստրալ ուրվականները չեն տեսնում Կյանքը, Նրա Արցունքը և Ուրախությունը… Նրանք միայն քարշ են տալիս աստեղային մարմնի խոնավ, կիսայրած զգացումները, ոչինչ չի հասնում…նրանց սրտին, որովհետև ՍԻՐՏԸ բացակա է…

Եվ սարսափն այն է, որ այս ուրվականները… երկիր ու աշխարհ են նաև կառավարում, ԿՅԱՆՔԻ հարցեր են լուծում… Հենց նոր ճանապարհին մի այդպիսի ուրվական տեսանք – լիքը-փորով պորտֆելը ձեռքին` իբրև մեջը բա~ն կա, գիտությու~ն կա… Մի այդպիսի ուրվականի հայկական ձևով օրերս իմփիչմենտ արեցին, բայց տարիներ առաջ սրան մի գրքի մեջ նկարագրել էի, երբ դեռ երկրորդ դեմք չէ~ր… Ծույլ հայ, ինչու՞ գրածս չկարդացիր, և այս ուրվականին ու~ր հասցրեցիր…

Չհայ, քե~զ եմ ասում, Չհայություն, քեզ եմ ասում: Դու ամենուր ես, Հայաստանի թվացյալ տերն ես դու, դու ես բացում ու փակում բոլոր դռները, քո ձեռքին են այս երկրի հացն ու ջուրը, բայց միևնույն է` ՔՈ ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է: Ամենուր տեսնելու եմ քեզ, քո կիսատ-պռատությունը, քո ծուլությունը, քո թաքնված-ժպտերես տմարդությունը, քո ինքնապաշտ-այլամերժ կառավարչությունը, քո խնամված գեշությունը և քո ազնվազարմ էշությունը… Այսօրվանից այլևս չես թաքնվի ինձանից…

Չհայ, գտնելու~ եմ քեզ, տեսնելու~ եմ քեզ, որտեղ էլ լինես` ինչ պատմուճան էլ հագած լինես` ճանաչելու եմ քեզ և մեջտեղ եմ բերելու – որ աշխարհը տեսնի քո չհայությունը և քո չմարդությունը, որ ԻՆՔԴ ՔԵԶ ՏԵՍՆԵՍ…

Եվ այնքան տեսնես քեզ, այնքան ամաչես քո գոյությունից, այնքան երազես մի մարդավայել կյանք, այնքան կարոտես Մարդու խոսքի ու սիրո, այնքան տանջվես ու խոկաս` մինչև ՄԱՐԴ ԴԱՌՆԱՍ…

Բարի գիշեր:

Առողջագետ
09.09.2008, 09:42
Իսկ մի-գուցե հենց դա էլ հայն է, այսօրվա հա~յը, ուղղակի մեր լավատեսությունը խանգարում է մեզ խոստովանել և բացահայտորեն դա ասել:
Ես համենայն դեպս այս և շատ այլ "մարդկանց", որոնց մենք հանդիպել ենք մեր ճանապարհին, սկսում եմ ընկալել որպես այսօրվա մարդ-տեսակի և նաև "հայ" մարդու տիպական կերպար:
Իսկ ամերիկացինե~րը, որ իրենց կուսակցական հավաքները պրիմիտիվ շոուի են վերածում, իսկ եվրոպացինե~րը, որ իրենց գագաթաժողովներում իրենց իսկ ֆիլմերի խեղկատակներին են նմանվում...
Մարդ-տեսակը դեգրադացվել է, և մենք դրա տարբեր ապացույցներն ենք ստանում...
Իմ սիրտը...չի կարող տանել այս հոգեկան համատարած հիվանդությունը, տեսնես Արարիչն ինչ է անում, միթե անզոր է...

Հեղինակ
09.09.2008, 23:08
Այսօրս` 9 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:


Առողջ Հայ, Առողջ Հայաստան, Առողջ Մոլորակ

Չէ~, հաստատ մեր Արարիչը Տիեզերքի լավագույն սցենարիստն է, ռեժիսորը և իհարկե` լավագույն պրոդյուսերը:

Ընթերցողս, երեկ մի հերթական անգամ հանդիպել էինք չՀային և տեսել էինք մարդկային այդ տեսակի ամբողջ ստորությունը ,- և այդ մեկի ստորությունը կարող է շատ բան արժենալ մեր ժողովրդի համար – նա կասեցրեց մի բարձր թռիչք, որ նախապատրաստել էինք: Եվ ծնվեց երեկվա դառը “Այսօրս”-ը:

Բայց այսօր Տիեզերքի Լավագույն Սցենարիստն ու Ռեժիսորը անակնկալ էին նախապատրաստել.- օրերս զանգել էր մի անծանոթ տիկին, որ կադացել էր մեզ…Եվ հանդիպելու էինք:

Այսօր տեսանք ՀԱՅ-ին: ՀԱՅ-երին: Եվ այն էլ որտե~ղ – երբեք չէինք մտածում, որ Հյուսիսային պողոտայի մոդեռն հարկերում հայկական կանաչ կղզյակ կարող է լինել, հայկական հոգու ռեակտոր գործել…

Կինը, մայրը, բանաստեղծը, նկարիչը – բաց հայկական դեմք, մաքուր ճակատ, լայն ու մանկորեն բաց աչքեր - աշխարհի գաղտնիքի ու հրաշքի առջև զարմացած: Մեր Ծռերի սերնդից է այս կինը - զուտ հայկական երևույթ – համաշխարհային հայտնի մտածելակերպի ժխտումն է նա – մեր աչքի առջև բաբախում էր հայկականությունը` իր միամիտ գեղեցկությամբ: Նկարները – Տիեզերքի շերտերի կենդանի բաբախյունը – զարմանալի գույներ առած…

Հայկական բալզամ – ոչինչ ավելի անուշ երբևէ չէի ըմպել – հետազոտողն ու բանաստեղծն է այն ստեղծում – այդ բալզամը տանք մեր հիվանդ Հայրենիքին, որ ապաքինվի:

Ծռեր էին - այս ազնվական արևմտահայը, ալաշկերտյան այս շառավիղը… Ինձ համար Հայաստանի կենտրոնը միշտ այնտեղ է, որտեղ արևմտահայոց սերունդերն են - բարբառը կենդանի է և շառավիղներ է տալիս…

Անցյալ տարի էր, մենք խոկում էինք - գրեթե քսան տարվա անկախ երկիր ենք, բայց չկա Սփյուռքը ընդգրկող տեղեկատվություն, մանավանդ կրթա-մշակութային: Մեր Philosopher-ը գնեց հերթական դոմենը` spyurq.am, երազում էինք այդ կայքը ստեղծել, բայց միթե՞ մեր ուժհը կպատեին դրա համար: Եվ այսօր լսեցինք - նվիրված ծռերի խումբը` առանց պետությանը հարցնելու, ստեղծել են Սփյուռքի բիզնես և մշակութային տարածքների ամբողջական տեղեկատվական համակարգ… Եվ հնչում է սրբազան միտքը - ստեղծել համահայկական միասնական մշակութային տարածք: Որքա~ն ենք փայփայել այս միտքը: Եղբայրեներ, այսօր դու~ք եք այն հնչեցնում…

Չէ~, Հայը Զորավոր է, Ծուռ է, Միամիտ է, Միասիրտ է, Միածին է… Ես նորից հավատացի Հային: Ուրեմն և ինձ հավատացի: Հավատացի, որ… Զորավոր եմ:


Զորավոր Հայ , Զորավոր Հայություն, ձեզ է պատկանում Ապագան…

Բարի գիշեր:

Այգ
10.09.2008, 17:11
Իսկ մի-գուցե հենց դա էլ հայն է, այսօրվա հա~յը, ուղղակի մեր լավատեսությունը խանգարում է մեզ խոստովանել և բացահայտորեն դա ասել:
Ես համենայն դեպս այս և շատ այլ "մարդկանց", որոնց մենք հանդիպել ենք մեր ճանապարհին, սկսում եմ ընկալել որպես այսօրվա մարդ-տեսակի և նաև "հայ" մարդու տիպական կերպար:
Իսկ ամերիկացինե~րը, որ իրենց կուսակցական հավաքները պրիմիտիվ շոուի են վերածում, իսկ եվրոպացինե~րը, որ իրենց գագաթաժողովներում իրենց իսկ ֆիլմերի խեղկատակներին են նմանվում...
Մարդ-տեսակը դեգրադացվել է, և մենք դրա տարբեր ապացույցներն ենք ստանում...
Իմ սիրտը...չի կարող տանել այս հոգեկան համատարած հիվանդությունը, տեսնես Արարիչն ինչ է անում, միթե անզոր է...


Հարգելի Առողջագետ, վերջին լիարժեք Հայը Մհերն էր, որ մտավ ագռավաքար:
Այժմյան «հայեր»ը ավելի շատ «յահ» են:
Իսկ այսօրվա մարդկությունը վաղուց է Գիտակցության Իշխանությունից նահանջել, և դիրքավորվել մայրիշխանության կամ հայրիշխանության խրամատներում:
Սակայն ոչինչ չի կարող Արարչին ստիպել դադարել ժպտալ:

Հեղինակ
10.09.2008, 23:27
Այսօրս` 10 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Այսօր արթնացա և ինչպես եղավ ` ձեռքս տարա և կողքից վերցրեցի առաջին պատահած գիրքը, բացեցի … Առողջագետը աչքերը բացեց և զարմացավ իմ վաղ ընթերցասիրությանը… Դանիել Անդրեևի «Աշխարհի Վարդը»: Կարդում էի ստիխիալների – բնության ոգիների մասին:


Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով...

Ռուս մեծ միստիկի գիտակցությունը թափանցել է մետաֆիզիկական տարածք, տեսել չքնաղ շերտեր և լսել նրանց տիխիալների անունները, որ հնչում են որպես երաժշտություն – Լիուրնա, Վլանմիմա, Իռադրանա, Նիվեննա… «Սպիտակ լայնություններ, անաղարտ ու անպետմելի մաքրությամբ, ահա թե ինչ է Նիվեննան` եղյամի, նոր նստած ձյան ստիխիալները»: Ի դեպ, ստիխիալների անունների մեջ հանդիպեցի նաև Լիլիթ անունը – բոլոր մարդկությունների Աֆրոդիտեն է նա – մարդկանց մարմինների ձևավորողը և մարմնական սիրո քաղցրության ստեղծողը:

Իսկ այսօր Բանգլադեշում ջրհեղեղ է, Իսպանիայում - կարկուտ ու ջրհեղեղ, Հայկ փոթորիկը զարկում ԱՄՆ-ի ափերին: Երկրագնդի նուրբ տարածքներում ստիխիալները խենթացել են... Եվ կխենթանա~ն` այսքան ատելություն, անհանդուրժողականություն, պատերազմներ, պայթյուններ, սպանություններ, քրեական դրամաներ, այսքան կեղծիք – էլ ստիխիա՞լ կդիմանա, երբ մարդն արդեն չի դիմանում: Եվ նրանք` այդ նուրբ հոգիները, որ հովի շրշյունով, ցողի շնչով, ծովի լազուրով, պտղաբեր անձրևներով պետք է խնամեին մարդուն –, ահա այդ հոգիները զզվել են մարդուց և քանդում, փչացնում, խեղում են նրա տուն-մոլորակը:

Բայց մարդկությունը ոչինչ չի սովորում: Նայում ես այս աշխարհի ուժեղների քաղաքակիրթ դունչերին և զարմանում ես…Մեր պնդաճակատ Հանրայինը հերթական քրեական դրաման է ցույց տալիս... Մեր հեղափոխականը տենչում է փոխել իշխանությունը, բայց պատրաստ չէ մեկ միլիմետր փոխել իր գիտակցությունը... Այսօր Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմանի վրա կառուցված գերհզոր արագացուցչի փորձարկումն էր – 27 կմ. թունելով բաց թողեցին պրոտոնների առաջին փունջը… Եվ ասում են` «Աշխարհն սպասում է, թե երբ է բացվելու աշխարհակառույցի գաղտնիքը»: Եվ կարծում է, թե գաղտնիքը կարող է բացել նրանով, որ պրոտոնների փնջերը խոյերի նման… ճակատով զարկեն իրար: Իբր այդ ժամանակ կայծեր կթռնեն, և իրենք կհասկանան, թե Մեծ Պայթյունի ժամանակ ինչպես է աշխարհը ծնվել… Ա~յ խեղճ մարդկություն, կարդալը մոռացե՞լ ես – բացիր վեդաները, կարդա պարզ ու վսեմ բանաձևերը… Հետո էլ` աշխարհը Սիրուց է ծնվել, Մեծ Պայթյունն էլ Հայրական և Մայրական սկիզբների միասնական օրգազմն է եղել…Պա՞րզ է:

Չէ~, արագացուցչի դեմ բան չունեմ, անպայման մի գիտելիք կտա, մի գործի կօգնի… Բայց մոլորակային ճգնաժամը հաղթահարվելու է ՄԻԱՅՆ ՍԻՐՈ և ԷԹԻԿԱՅԻ միջոցով: Տաս միլիարդ ծախսել, արագացուցիչ են սարքել, բայց մոռացել են անփող, անծախս... կապվել Տիեզերքի Սրտի հետ և ստանալ անծայրածիր Էներգիա և Գիտելիք...

Գալու՞ է մի օր, երբ նույն սեղանի մոտ կնստեն Կրոնավորը, Արվեստագետը և Գիտնականը և համատեղ, համաշունչ կճանաչեն աշխարը:

Չքնաղ Լիլի~թ, ստեղծի~ր և խնամի~ր մեր մարմինները այնպես, որ մեր հոգին լինի արթուն, միտքը պայծառ և մենք վայելենք ու ըմբոշխնենք Սերը:

Բարի գիշեր:

Հեղինակ
11.09.2008, 23:17
Այսօրս` 11 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Այսօր հանդիպեցի մի աշխարհի հետ, որից վաղուց բաժանվել էի: Մի մշակութային օջախ կա, որտեղ ամեն շաբաթ հանդիպում են, լսում են մի բանախոսի, խոսում աշխարհից ու երկրից: Մի մարդու էի փնտրում, մոտը ուներ մի շատ հին հրատարակություն…Եվ ահա առաջարկեցին օրվա բանախոսը լինել: Տխուր էր սրտիս համար: Այն մարդիկ, որոնց ճանաչում էի` նույն կաղապարների մեջ էին: Եվ պատրաստ էին այնտեղ մնալ էլի հարյուր տարի… Բայց տխրության մեջ մի քիչ քաղցրություն կար – կորուսյալ խորհրդային քաղաքակրթության նոստալգիան էր…

Շավիղ Գրիգորյանը – հայ աշուղագիտության 86-ամյա նահապետը, մայրենի լեզվի նրբաճաշակ գիտակն ու երգիչը: Ծերացել էր նահապետը: Ափսոս, այս անգամ չխոսեց աշուղ Ջիվանուց, Մահուբի Գևորգից, Հայրիկից: Մի հեռացող աշխարհ - որքան գանձեր, որ ծերացած մարմինը կարող է տանել… Ապա ասում էր նահապետը, թե պատրաստվում է գնալ հաջորդ հանրահավաքին… Չեն հասունանում մեր քաղաքական մանուկները…

Առաջընթաց … Մինչև այժմ էլ մարդկության զգալի մասի գիտակցության մեջ առաջընթաց - պրոգրես եզրույթը առնչվում է միայն գիտատեխնիկական առաջընթացի հետ: Մեկն ասում է Եվրոպայի մասին` «Ֆոլքսվագեն ստեղծողը հոգի չունի՞...» Եվ մտորում է հայ մտավորականը` մենք պետք է ձգտենք հասնել Եվրոպային... Ֆոլքսվագենի փայլը կուրացնում է մտավոր և պետական խավերին, նրանք չեն նկատում մշակույթի, հոգու առողջության, էթիկայի հետընթաց - ռեգրեսը: Նրանք տեսնում են միայն Հայաստանի եվրավերանորոգման «պրոգրեսի» հնարավորությունը... Հոգնեցուցիչ է բանավիճել այդ օկուպացված հոգիների հետ...

Սեպտեմբերի 11. Համաշխարհային առևտրային կենտրոնի երկնաքերերը փլվեցին Մանհեթենում – ինքնաթիռ-տարանների հարվածներից: Ոնց էր եղել` այդ ահաբեկչությունից վեց օր առաջ մի բանավեճի մեջ ասել էի - Մանհեթենի երկնաքերերը հողին կփռվեն, և մի երիտասարդ մտածել էր, թե կապված չե՞մ արդյոք համաշխարհային տեռորիզմի ուժերի հետ: Չէ~, ուղղակի եզրահանգել էի, որ Արևմուտքի մշակութային ահաբեկչությունը չի կարող հետևանքներ չծնել... Ատլանտյան հակամշակույթը տարանի է ենթարկում մարդկային հոգու վսեմ բարձունքները, միլիոնավոր հոգիներ ողբում են իրենց ազգերի մշակույթների փլատակների վրա...

Ահա կանգնած են խոնարհ միլիտարիստները – զույգերով - մեր որձ ու էգ աղավնիները – Բուշն ու իր կինը, Չեյնին ու իր կինը - սգում են, հիշում են և թափ են տալիս սպիտակ թևերը... Եվ թևերից թափվում են ռումբեր փուշտունական խաղաղ գյուղերի վրա, 90 մանուկ ու ծեր զոհվում են մեկ օրվա մեջ - և այդպես հազարներ են զոհվում... Եվ հնչում է կոչը աֆղանական չոր ու դեղին լեռների գագաթներից` Փուշտուննե~ր, ի զե~ն – դուրս հանել այս զինված աղավնիներին հայրենի տարածքներից...

Եվ հնչում է Բնության կոչը այս մոլորակի վրա – նորանա~լ, նորանա~լ, նորանա~լ: Դեն նետել երեսպաշտ դիմակները: Տիեզերական լռության մեջ խոսել Սրտի հետ: Լռության մեջ լսել Սրտի ձայնը:

Բարի գիշեր:

Հեղինակ
12.09.2008, 23:39
Այսօրս` 12 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Երեք շենքերի արանքում լայն բակն է – ցայտաղբյուրը անգին ջուր է ցայտեցնում – մանուկները խաղում են, վազում, ճչում- սևաչ, պայծառաչ մանուկներ, ամեն մեկը - մի փոքրիկ, զարմանալի աստված…
Ես ինչքա՞ն եմ սիրում այս մանուկ աստվածներին:

Կանայք – զարմանալի նրբագեղ այս արարծները, օվալ գծերի նրբին անցումներով ստեղծված – մայրերը, որ վազում են իրենց մանուկների հետևից - աղջիկները, որ հասնում են նարինջ-դեղձերի նման - և մեծ մայրերը, որ խնկաբույր են տարածում - ահա նրանք ապրում են իմ աչքի առջև:
Ես ինչքա՞ն եմ սիրում այս կին աստվածուհիներին:

Երեկ - արդեն պատմել եմ - մի ծեր վայրում էի – ամեն ինչ ծեր էր – բայց ցանկանում էին պահպանել գոնե անցյալի անթեղները – կորսվող կրակները անուժ կայծկլտում էին - բայց կենդանի ու հզոր էր այս ծերի նախանձը - տաս տարի առաջ էլ նույն նախանձն էր - չէր փոխվել այս “մտավորականը”- և նախաձագիծ դեմքը ուղղակի զարկում էր ինձ` իր հյուրին – նաև կանաչկազմիս, կապուտկազմիս, մյուս զավակներիս - բայց եթե ասված է, որ աստվածները նախանձ են, ապա ինչպե՞ս նեղանամ այս մեկից …
Ես ինչքա՞ն եմ սիրում նախանձի այս աստծուն:


Երեկ չէ մյուս օրն էր – արդեն պատմել եմ – հանդիպեցի չՀային – սա հայի ամենատարածված տեսակն է – դարերի մեջ կորցրած արի ազնվականությունը - քաղաքական քամիների մեջ կորցրած սրտի տաքությունը – քաղաքային լանդշաֆտի ու ասֆալտների վրա մեծացած այս ճարպիկ քաղաքային մողեսը – բայց նույն պահին` էության խորքում նա ունի աստվածային կայծը – սրբազան մոնադը, որի լույսը, ավա~ղ, չի ցոլանում ճակատի վրա - և ճարպիկ շահախնդրությամբ փակեց մեր արձակած արևային նետի ճանապարհը, որ թռչում էր դեպի նպատակակետ - ահա սա է այսօր մեր աչքի առջև…
Ես ինչքա՞ն եմ սիրում քաղաքային լանդշաֆտի այս մողես-աստծուն:

Որ կողմը նայես – մոլորակն է – մարդիկ, ծառերը, կանաչները, փողոցների քարե եզրագծերը, նոր լցված սև հողը – աշնան մրգերը – ամենուր այս մոլորակն է, մեր մոլորակը – իսկ նրանից անդին, աներևույթ – Մոլորակը Ստեղծողն է – Տիեզերական Մայրը – փակում եմ աչքերս ու տեսնում եմ Նրան – գուցե Արարատի բարձունքի վրա, գուցե Հիմալայների սրբազան կատարներին, գուցե հենց այստեղ, այս քաղաքի աներևույթ խորանի մեջ – Տիեզերական Մայրը, որ Նայում է սրտիս խորքը և հարցնում ինձ –
-Դու ինչքա՞ն ես սիրում Իմ Ստեղծած Աշխարհը, դու ինչքա՞ն ես սիրում Իմ Բոլոր Զավակներին...

Բարի գիշեր:

Առողջագետ
13.09.2008, 09:55
[B]Իսկ արդյոք նախանձ հային, քաղաքային դատարկ սրտով մողեսին պե՞տք է սիրել, կամ ձգտել դրան: Գուցե դա ուսմունքների սերմանած սին բանաձև՞ն է:
Հիշում եմ, Հրանտ Մաթևոսյանի թաղմանը մեկը կոչեց նրան "հավերժական անհաշտ":
Չեմ սիրում և չեմ էլ ուզում սիրել... շատ երևույթներ և նրանց կրողներին... չթվարկեմ...
Կարծում եմ, Տիեզերական Մայրը ինձ կհասկանա... չէ՞ որ ինքն էլ է դեմքը թեքել այս մարդկաթյունից, քանի այն այսպիսին է:

Հեղինակ
14.09.2008, 00:01
Այսօրս` 13 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Երեկվա «Այսօրս» ֆորումում տեղադրելուց հետո պատրաստվում էինք քնել, երբ մի վավերագրական հաղորդում գրավեց մեր ուշադրությունը: Ռուսական առաջին ալիքով իտալական վավերագրական ֆիլմ էր, որը ցուցադրվում էր լայն լսարանում, հրավիրված էին փորձագետներ,լրագրողներ, ականատեսներ:

2001թ.-ի սեպտեմբերի 11-ը. մահապարտների կողմից ղեկավարվող «Բոինգները» զարկեցին Համաշխարհային առևտրային կենտրոնի երկվորյակ երկնաքերերին: Ֆիլմը բացում էր ահռելի ճշմարտությունը... Եվ ճշմարտությունն այն է, որ 10-15 խեղճուկրակ, կիսագրագետ արաբներ չէին կարող այդ մասշտաբի ոճիր կազմակերպել – օրը ցերեկով գրոհել հսկա գերտերությունը, նրա պաշտպանության նախարարությունը` Պենտագոնը, հսկա երկնաքերերը:

Եվ ի~նչ է պարզվում` «Բոինգների» խոյահարումից առաջ շենքերում արդեն եղել են պայթյուններ` ստորին հարկերում, կան վերապրած ականատեսներ, որոնք այրվածքներ են ստացել: Շենքների բոլոր սյուների և հատվածների մեջ դրվել են պայթուցիկ նյութեր, որոնք խոյահարումիվց հետո գործի են դրվել և պայթել են: Այդ շենքերը միայն ինքնաթիռի հարվածից չէին կարող փլվել:

Ֆիլմը եզրահանգում էր` սեպտեմբերի 11-ը կազմակերպել են ամերիկյան և վերազգային վերանախավերը – ամերիկյան աշխարհակալության մոտիվացիան արդարացնելու, ԱՄՆ-ի հակառակորդ մոգոնելու համար – հետևեցին Աֆղանստանի և Իրաքի պատերազմները, Կոսովոն... Բայց ամենահետաքրքիրը - Բեն Լադենը ամերիկյան նախագիծ է և ծառայում է նույն նպատակին: Ալ-Ղաիդայի զինյալները կռվել են Կոսովոյում` ալբանացիների կողմից, վարժվել ամերիկյան ճամբարներում: Ալ-Ղաիդան ևս ամերիկյան նախագիծ է... Ի դեպ, սեպտեմբերի 11-ի բոլոր ահաբեկիչները սովորել են ԱՄՆ-ի օդագնացության ակումբներում, նրանց վիզաները տրված են եղել ակնհայտ խախտումներով, քանի որ պետական ատյանները շահագրգիռ են եղել նախագծի մեջ:

Ծանր էր տպավորությունը: Ի~նչ հանցանք ասեs թույլ են տալիս կայսրությունները` իրենց քաղաքականությունը իրականaցնելու համար:

Այսօր մեր տանը խաղաղ էր – անուշ աշնանային օր էր: Ոչ մի գործի վրա չկարողացա կենտրոնանալ - այսօր Առողջագետի մայրական- տնտեսական օրերից էր – կծու աջիկա եփելու ահաբեկչական ծրագիրն էինք իրականացնում:

«Առօրյայի գեղեցկությունը»,- մի օր ասել էր գեղջկուհի մայրս: Առողջագետի հետ շատ էինք զարմացել այդ խոսքերի խորության վրա: Այսօր էլ մի քանի ժամ ոտքի վրա էինք, – իմ վարձը գերազանց էր – ժամանակ առ ժամանակ փարում էի Առողջագետի տաք, արևոտ թևին, մեկ – մեկ համբուրում... և աղում էի տաքդեղը , սխտորը, մաղադանոսը,- խոսում էինք, որ շուտով տուն կգա մեր զինվորը և կվայելի ամռան պահածո արևները...

Առօրյայի գեղեցկությունը – ամենօրյա-սովորական–կենցաղային ուրախությունը… Կյանքի համը, հոտը, նրբերանգը, բուրմունքը…

Բարի գիշեր

Հեղինակ
14.09.2008, 23:26
Այսօրս` 14 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Հենց նոր մաեստրո Տիգրան Մանսուրյանը ասում էր. “Պետք է գիտակցել փլուզման չափերը և ստեղծել քաղաքակրթություն”: Չգիտեմ` ի՞նչ նկատի ուներ մաեստրոն` Հայաստանի՞, թե՞ աշխարհի փլուզման չափերը, ստեղծե՞լ այս քաղաքակրթության օրինակը, թե՞ բոլորովին նոր քաղաքակրթություն: Երբևէ կճշտեմ, թե ինչ նկատի ուներ, բայց ես միշտ ասել եմ` Ստեղծել Նոր Քաղաքակրթություն...

Օդանավ է կործանվել` ռուսական, Պերմում… «Վեստին», Առաջին ալիքը ցույց են տալիս անկման տեղը, հրդեհը, ծուխը, զոհվածների ցուցակը … Միլիոնավոր տիրաժներով բազմացվում է այս ողբերգությունը, կրկին ու կրկին հասցվում մարդուն, թափանցում ենթագիտակցություն, ծնում անհուսություն: Ապա գալիս են ջրհեղեղները, երկրաշարժերը... Եվ այս ամենը բազմացվում է ողբերգական տիրաժներով:

Հանճարը, գեղեցկությունը, ծաղկի բացվելը, բանաստեղծության ծնունդը, մեղեդու ծավալումը - սրանք գրեթե չեն բազմացվում, սիրտ չեն մտնում, մարդուն չեն հասնում: Ողբերգակա~ն մարդկություն …

Եվ այս ամենը մի ողբերգական, մոլորակային տրամաբանությամբ - գրավել մարդու ենթագիտակցությունը, այնտեղ սերմանել բռնություն, անհանդուրժողականություն, ատելություն, կտրել մարդու կապը իր արարչական էության հետ: Եվ ինչու միայն վթարները – համաշխարհային հեռուստատեսությունը, ԶԼՄ-ները ծառայում են այս նպատակին:

Բենեդիկտոս Պապը, նախկին կարդինալ Ռացինգերը – դեմքը դեղներանգ, անշարժ, միմիկան պակասել է, գնում Պողոս Երկրոդի ճանապարհով… Մինչդեռ մեսսան փառահեղ է` Փարիզի կենտրոնում, շողում են կարմիրն ու սպիտակը, ճոխությունը արքայական է, և հավատացյալ ամբոխը կրոնավորի ձեռքից վերցնում է սուրբ նշխարի պտղունցը: Ամեն ինչ գրեթե կատարյալ է... բայց նույն ժամին մարդկության կեսը խոկում է քաղցի ու հիվանդությունների մեջ, աչքի առջև ժողովուրդներ են բռնադատվում: Բայց կաթոլիկ եկեղեցու կարմիրն ու սպիտակը շողում են անբիծ մաքրությամբ... Ողբերգական մարդկություն…

Այսօրվա ամենախորունկ ապրումներից մեկն այն էր, որ մի անգամ էլ տեսանք Լեվ Նիկոլաևիչ Տոլստոյի կյանքի վերջին տարիների ողբերգությունը: Այդ հանճարը փնտրում էր Ճշմարտությունը ամենուր` Արարչի, կրոնների, սրբերի, վանքերի մեջ, բայց երբեք սեփական կնոջ անձնազոհ կյանքի և իր ընտանիքի անպարփակ երջանկության ու դառը կորուստների մեջ, այսինքն` Կյանքի մեջ: Եվ ինչպիսի դաժան ավարտ այդ պտղաբեր կյանքի ...

Զարմանալի մադկություն ... Բայց այս պատմության մեջ ամենազարմալին այն է, որ այս աշխարհում որևէ բան կարող է փոխվել, եթե որևէ բան փոխվի քո մեջ: Սիրել կյանքը, մի անմեղ մանուկ որպես և լինել այնքա~ն մանուկ, որ մոռանալ Արարչին, նրա Օրենքները, նրան ծառայող սրբերին, նրա կրոններն ու եկեղեցիները... Լինել, ապրել, հրճվել, ազատ սավառնել, սիրել ... Եվ եթե այդպե~ս լինել, այդպե~ս ապրել, ապա Արարիչը առիթը բաց չի թողնի` լինել քեզ հետ, որ իրեն էլ մի բաժին հասնի քո մանկական ուրախությունից:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.09.2008, 23:28
Այսօրս` 15 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր առավոտյան մի շատ հետաքրքիր լուր առանք – Ալլա Պուգաչովան որոշել է Մաքսիմ Գալկինի հետ հեռուստատեսություն հիմնել` ժողովրդի գեղագիտական դաստիարակության համար, «Կուլտուրա» ալիքի ֆորմատով, հիմա սպոնսորներ են փնտրում... Ընթերցո՜ղս, սա լա՞վ լուր է, թե՞ վատ լուր: Իմ կարծիքով … շա~տ վատ լուր է:

Ալլա Պուգաչովան իր տեսակի մեջ կատարյալ է – դժվար է պատկերացնել էստրադային երգչուհու շնորհի և դրմատիկ տաղանդի այդպիսի զուգակցում:
Մաքսիմ Գալկինն էլ իր տեսակի մեջ ևս կատարյալ է – դժվար է պատկերացնել պարոդիստի շնորհի և ձայնային դիապազոնի այդպիսի զուգակցում:

Երկուսի արվեստի մեջ էլ կա գեղագիտություն, վարպետություն, փայլ, զվարճանք: Չկա միայն … հանդիսավորություն: Միայն այն արվեստը, որն իր խորքում հադիսավոր է, վեհ, որ սիրտը լցնում է հանդիսավորության թրթիռով, բարձրացնում նրան վեր` դեպի բարձր ոլորտներ, ստիպում մտածել մարդու, ճակատագրի, հայրենիքի մասին, - ահա միայն այդպիսի արվետը կարող է կրթել ու բարձրացնել ժողովրդին:

Փոփ արվեստը զուրկ է այս բարձր հատկանիշներից:
Փոփ արվեստը ծառայում է միայն զվարճանքին ու ժամանցին:
Փոփ արվեստը զուրկ է Հանդիսավորությունից:
Փոփ արվեստը զուրկ է բարձրագույն թրթիռներից, որոնք հասնում են մինչև հոգու նուրբ տարածքներ, դեպի Ոգու ինքնիշխան կատարներ:

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը ցանկանում են վերջնականապես օկուպացնել ռուս մշակութային տարածքը, զվարճանքի փրփուրը հանել վեր, լցնել աչքն ու ականջը, խլացնել սրտի ձայնը, իրենց տակ առնել ու ծածկել իրական զգացմունքի ադամանդները, ուրախության և հոգսի արցունքները:

Ահա այդպես էլ մեր Սիրուշոն, Հայկոն, Անդրեն ու մյուս «աստեղային» փաղանգը օկուպացրել են Հայ Երգի տարածքը և մտածում են այդ բռնազավթումը խորացնելու մասին, նրանք հայ երիտասարդությանը չեն կարող տանել սրտի ու հանդիսավորույթան բարձունքներ:

Նույն ռուս արվեստից մի ուրիշ օրինակ. ուշ-ռյազանովյան ֆիլմերից մեկը – «Старые клячи» - մի քայքայված հանրության փլատակների, փոշու և աղբի տակից մարդկային հոգիները ելնում են վեր, մաքրվում հրեղեն մարդկայնությամբ, դառնում գրեթե աստվածներ... Այդ վսեմացնող հոգիների տված մի վայրկյանի ապրումը չեմ փոխի Մաքսիմ Գալկինի ամբողջ ռեպերտուարի հետ...

Այսօր տանը խոսում էինք «հայ մտավորական» կոչվող երևույթի մասին: Այս երևույթը ավելի շատ տխրություն ունի իր մեջ, քան ուրախություն ու գիտություն: Խոսքս, իհարկե, այսպիսի բարձունքների մասին չէ – Ավետ Տերտերյան, Տիգրան Մանսուրյան, Արտավազդ Փելեշյան... Ավելի ընդհանրական դիտարկված` հայ մտավորականի համար հայրենասիրությունը պաշտոն է, խեղճությունը` գոյության պայման, սահմանափակությունը` գոյության ձև, թևաթափությունը գոյավիճակ, նախանձամտությունը` արտաշնչման ակտ... և այլն... Մեր Philosopher-ը այս տեսակի անողոք ախտորոշողն է... և իրենով` նրա ժխտումը:

Լինել Հայ, Լինել Մտավորական, Լինել Մարդ – չլինել «հայ մտավորական» - սա է խնդիրը ...

Բարի գիշեր:

Հեղինակ
17.09.2008, 00:02
Այսօրս` 16 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսրօվանից մի քանի նրբագիծ:

Առողջագետը երեկ ստացել էր իր գրքի գրական խմբագրումը: Հրատարակիչն ուղարկել էր իրեն ուղղված խմբագրի նամակը. «Տպավորված եմ, ինչպե՞ս կարող եմ ընդունելության լինել հեղինակի մոտ կամ ստանալ գրավոր խորհրդատվություն»: Ուրախ էինք, կատակում էինք. «Մենք ապրում ենք այսպիսի~ հայտնի հեղինակի հետ...» Բայց մեր քնքուշ Առողջագետը փառքի մասին չի մտածում, այլ միայն այն մասին, թե երբ է թոռնիկներ ունենալու...

Աշխարհը ցնցվում է ֆինանսական փոթորիկներից, կանաչ տարադրամի համաշխարհային փուչիկը պատրաստվում է պայթել, և ի՜նչ կլինի այդ պայթյունից հետո` դժվար է ասել: Հիվանդ քաղաքակրթությունը այժմ օդի մեջ է, իբրև թե ճախրում է դեպի նոր հորիզոններ … այդ փուչիկի միջոցով... Բայց փուչիկը մի օր պայթելու է: Կանաչ տարադրամի տպագրության հաստոցը մի օր հոգնելու է...

Չէ~, լավ օրեր չեն գալիս ազատական գաղափարի, գունավոր հեղափոխությունների հետևորդների և արևածագը արևմուտքից սպասողների համար: Ուկրաինական մայդանի զավակ` նարնջագույն հեղափոխությունը շնչակտուր է... Հայ ազատականությունը այժմ զբաղմունք ունի, բայց սպասելու ենք այն պահին, երբ նա պատասխան պետք է տա` ու՞ր է գնալու հնարավոր- հեղափոխական Հայաստանը:

Հայաստանում հյուր է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը: Տեսնե~ք` ի~նչ գովասանքներ է հղում Հայաստանի կառավարությանը` աղքատության հաղթահարման և արտադրության աճի գծով հաջողությունների համար… Վստահ եղե~ք, եթե ձեզ գովում է ԱՄՀ-ն , ապա դուք օգնում եք նրա գաղութարար քաղաքականությանը և ձեր երկիրը նրա ոտքի տակ է… Այժմ Համաշխարհային բանկն ու ԱՄՀ-ն են տնօրինում Հայաստանի զարգացման հայեցակարգային մոտեցումները, նրանք են որոշում` ինչպես պետք է զարգանա տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, և մի գլուխ մեզ գովում են: Հայ հեղափոխությունը կարող է փոխել երկրի կառավարիչներին, բայց լեզու չեն թրջի այն մասին, թե ում ձեռքին է Հայաստանի կառավարման իրական ղեկը…

Այսօր շատ յուրօրինակ օր էր ինձ համար, մտքիս մեջ հնչում էր մի արտահայտություն` Ոգու կարգապահություն, ռուսերեն լավ է հնչում – Дисциплина Духа - երբ ամեն ժամ, ամեն րոպե արթուն ես կամ ձգտում ես արթուն լինել` քո մոլորակին և քո երկրին պատահած այս խառնաշփոթի մեջ: Լինել արթուն, աշխատել, ստեղծել: Ազատվել սոցիումի ստեղծած պատրանքներից: Երեկ գրել էի, այսօր նորից հնչեցնում եմ` հայ մտածող մարդու համար առաջին խնդիրն է` ազատվել «հայ մտավորական» լինելու կարծրատիպից, այս միտքը հնչում է մեր ընտանիքում: Ամեն ինչ հնացել է այս մոլորակի վրա: Հավաքել միայն Գանձերը: Լինել նոր: Լինել Նոր մարդ: Եվ մանկական զարմանքով նայել այս նոր ստեղծվող աշխարհին:

Բարի գիշեր:

Հեղինակ
17.09.2008, 23:28
Այսօրս` 17 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Տիեզերական պուլսացիան – երակազարկը – ամենուր և ամեն օր, ամեն երևույթի մեջ: Առավոտյան արթնացել էինք, և մի սիմվոլ թախիծով էր լցրել մեր սիրտը – տեսել էի մարդկային կամքի և երջանկության սահմանափակումը այն ամենով, ինչով անձը անցել է իր ճանապարհը – ներկայացված հաշիվները պետք է վճարել, ազատությունը համբերանքի և աշխատանքի արդյունք է: Տիեզերքը չի սահմանափակում քո ազատությունը, դու ես քո բոլոր անազատությունների հեղինակը:

Եվ Սիրելիս, որ ուզում է ազատագրվել երկար տարիների տվայտանքից ու լարվածությունից, զգալ նորից կյանքի և առօրեայի գեղեցկությունը, տխրեց այդ սիմվոլիկայի ազդեցության տակ …

Բայց օրը շարունակվում էր…Խոսում էի դպրոցների տնօրենների հետ, «Արշալույսը» մեկ-մեկ, երկու-երկու մտնում է հայ դպրոց... Հեռախոսագծի այն ծայրին որքա~ն տարբեր մարդիկ... Պետք է ասեմ, որ հիմնական տպավորությունս լավն է, տնօրենները հասկանում են, որ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ անհրաժեշտ է մեր դպրոցին... Տղամարդ տնօրենները քիչ են, և մոտավոր վիճակագրությամբ` նրանց մեջ ինտելեկտի սուղ պաշարը կրկնակի անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կին տնօրենների մոտ:

Տիեզերական պուլսացիան – երակազարկը... օրը շարունակվում էր... Օրվա երկրորդ կեսին ստացանք լուր պետերբուրգյան հրատարակչից... Նախ ասեմ, որ Առողջագետը մի քանի օր պատրաստում էր «Արշալույս»-ի անոտացիան և սիրով թարգմանում էր զրույցներ` տարբեր բաժիններից... Եվ չէր կարողանում կտրվել... սա էլ թարգմանել, սա էլ... Եվ ահա մեկ օրում ստացանք հրատարակչի արձագանքը:
Ընթերցողս, թույլ եմ տալիս ինձ` անփոփոխ այն ներկայացնել.
Я успел ознакомиться с материалами пособия "Рассвет" - впрочем, бегло, но
мне этого стало достаточно, чтобы впечатлиться. Мне очень понравилась идея
книги, и я живо представил, как она может воплотиться. И я высоко оцениваю
ее духовный потенциал, впрочем, и коммерческий тоже. Это как раз та из книг,
которыми издателю лестно и приятно заниматься - для души и осознания того,
что занимаешься благородными вещами.
Книга должна быть непременно богато и ярко проиллюстрирована.
И вообще (прямо сейчас пришло в голову) - может, стоит издавать каждую из 8
частей отдельной книгой?

Տիեզերական պուլսացիան – երակազարկը... առավոտյան տխրության ցածրակետին հաջորդեց զուտ մարդկային ուրախության բարձրակետը: Սիրտ, պատրա՞ստ ես լինել այս հավերժական ճոճանակի մեջ... Պատրա՞ստ ես տեսնել ժպիտի մեջ հասունացող արցունքը և արցունքի մեջ ծաղկող ուրախությունը... Եվ այդ տատանումների մեջ մեկ վայրկյան անգամ չմոռանալ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ...

Բարի գիշեր:

Այգ
18.09.2008, 12:00
Այսօրս` 17 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

И вообще (прямо сейчас пришло в голову) - может, стоит издавать каждую из 8
частей отдельной книгой?



Հարգելի Հեղինակ, եթե դեռևս չեք պատասխանել, խնդրում եմ խորը խորհել:
Մասնատված գրքույկներից հրատարակիչները քանիցս ավելին են շահում , իսկ ընթերցողները պետք է վազվզեն:
Իսկ հաշվի առնելով նշված և իրական տպաքանակների մեծ տարբերությունը, խաբված է լինելու ոչ միայն ընթերցողը:

Հեղինակ
18.09.2008, 23:20
Այսօրս` 18 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Փոթորկոտ ժամանակներ … Ընդամենը մեկ ու կես ամիս առաջ – վրաց- օսական թնջուկի պայթյուն, Ռուսաստանի հաղթանակ, և ներկա աշխարհակարգը ճաք տվեց: Բայց աշխարհակարգը շատ հզոր է, շատ անարդար և գազանի նման մռնչում է երկրների ու ժողովուրդների վրա…

Այսօր 24док ալիքով երևում էին Ռուսաստանի հին ու նոր առաջնորդները: Բորիս Ելցինը: Նրան օրերս Հայաստանի և իր մեծ բարեկամ անվանեց նոր Շարժման առաջնորդը: Եվ դա արեց հպարտությամբ: Բայց այս անունը պատմականորեն հպարտություն չի ծնում ռուսաց սրտի մեջ: Նրա վարչապետներից առաջինը` Եգոր Գայդարը: “Հարվարդյան լակոտների”- ամերիկյան տնտեսագետների թելադրած շոկային թերապիան - հսկա ու հարուստ երկրի տնտեսության կազմալուծումը: Նույն շոկային կազմաքանդումը Հայաստանում: Հրանտ Բագրատյանը: Ե՞րբ են այս մարդիկ` Ռուսաստանում և Հայաստանում, ներողություն խնդրելու պատմությունից: Այս վերջինը նաև նոր Շարժման բեմից խելք ու խրատ է տալիս այս իշխանությանը, իբր ինքը մի բան հասկացած մեկն է… Չէ~, սա հիվանդ, անարդար աշխարհակարգն է…

Միայն մի մարդ հետխորհրդային տարածքում, մի պետության, մի ղեկավար պահպանեց իր երկիրը - չքանդեց, չթալանեց, չապականեց, չսեփականաշնորհեց… Նա չթողեց, որ հարվարդյան լակոտները մտնեն իր երկիր: Ոչ մի արտադրական ձեռնարկություն չկազմալուծվեց, շան մսի գնով չվաճառվեց - պահպանվեց երկիրը, ներուժը, ապագան: Բելոռուսը և Լուկաշենկոն: Եվ քանի որ չենթարկվեց աշխարհակարգին և նրա ազդեցության ապիկար գործակալներին` անելու իրենց սև գործը` նրան բռնակալ են կոչում: Աշխարհակարգի հայկական դեգենրատ- մանկլավիկները ևս վիրավորում են Բելոռուսին և նրա Նախագահին: Գետինը մտնելու փոխարեն… Չէ~, սա հիվանդ, անարադար աշխարհակարգն է:

Մոտենում է Հայաստանի Անկախության օրը: ՀՀ նախագահի հրամանագրով տրվել են պարգևներ, կոչումներ: “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” առաջին աստիճանի մեդալով պարգևատրվել է “Այսօր”-իս փառապանծ հերոսներից մեկը` Արթուր Գրիգորյանը: Ես էլ Նախագահին ու նրա Կառավարությանը ասում եմ - եթե դուք կատարեք ձեր բոլոր խոստումները, եթե Հայաստանը դառնա արդարության դրախտավայր, եթե ծաղկի մեր երկիրը, եթե մենք բոլորս բնակարան ու մեքենա ունենք - միևնույն է, Երրորդ Հանրապետությու՜ն, եթե քո մշակութային հերոսը Արթուր Գրիգորյանն է լինելու – դու, ի վերջո, մի խեղճ, անկյալ, աղքատ, ցածր երկիր ես լինելու և մի 30-40 տարի հետո թողնելու ես պատմությւան ասպարեզը: Որովհետև տանուլ ես տալու մշակութային պատերազմը: Չէ~, սա հիվանդ, անարդար աշխարհակարգն է:

Հենց նոր խոսում էին կարծես Շենգենի համաձայնագրի երկրների մուտքի վիզայի մասին: Եվ ասում էին` մատնահետքերը վերցնում են վեց տարեկանից սկսած: Ողորմելի աշխարհակա՜րգ, ուրեմն յոթ տարեկանը արդեն կարող է հանցագործ լինե՞լ: Չէ~, յոթ տարեկան երեխան մեր մոլորակի տերն է, նրա ափերի մեջ գրված է մոլորակի ճակատագիրը – դու` անարդար, ապամշակութային աշխարհակարգ, փշրվելու ես յոթ տարեկան մանուկների ափերի հուժկու և արդար հարվածներից…

Բարի գիշեր:

Հեղինակ
19.09.2008, 23:39
Այսօրս` 19 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:


Աշխարհը …. Հայաստանը … Մենք …

Վաստակավոր մանկավարժի կոչում է ստացել Երևանի թիվ 146 մանկապարտեզի դաստիարակ Ալվարդ Մովսիսյանը: Շնորհավորում եմ: Այս մանկավարժը առաջինն է եղել Հայաստանում, որ բարձր գնահատեց «Արշալույսը», ինչը ժամանակին շատ է ուրախացրել մեզ: Այս ստեղծագործող դաստիարակի հետ համագործակցելու ենք: Աշխատավորը – երկրի գլխավոր հարստությունը:

«ՀՀ» օրաթերթում լուր կար – մեր կաթողիկոսը ընդունել է Հյուսիսային Իտալիայից ուխտավորների – մոնսինյոր Դ.Ջ. Գիբերտին Վեհափառին է նվիրել Թուրինում պահվող Հիսուս Քրիստոսի պատանքի կրկնօրինակը: Հը~մ... Ի՞նչ է նվիրել մոնսինյորը … Գործվածքի՞ կրկնօրինակը: Ի՞նչ առնչություն այն ունի օրիգինալի հետ, ինչպե՞ս է դարձել նրա կրկնօրինակը: Պաշտոնական – կրոնական մարազմ և ուրիշ ոչինչ: Լավ կլիներ, որ պաշտոնական եկեղեցիները իրար նվիրեին Աստվածորդու Ուսմունքի իրենց կենդանի ընկալումը... Կամ, օրինակ, Վատիկանում խստագույն գաղտնիությամբ պահվող այն տեղեկությունները, որոնք վերաբերում են Հիսուսի և Արևելքի փակ դպրոցների առնչություններին, որ օգնել է և ամրապնդել Նրա առաքելությունը: Ժողովուդները կարիք ունեն կենդանի հավատի, խոսքի, գիտելիքի, Արարչի և Տիեզերակառուցի միասնական ընկալման, և ոչ երբեք...պատանքի, ինչ ծագում էլ այն ունենա...

Սկսվել է մեր պաշտելի Հանրայինի նոր հեռուստաշրջանը և ի~նչ է խոստանում ` լատինամերիկյան սերիալների փոխարեն դիտելու ենք մեր սերիալները - սկսվել է.... հայկական ոստիկանական սերիալի նկարահանումը... «Կորուսյալները» շարունակվելու են, կան այլ «խոստումներ»: Հայ մշակութային կյանքի դեգրադացիայի երդվյալ ջատագով և անփոփոխ կենտրոն Հանրային հեռուստատեսությունը շարունակում է իր գործունեությունը...

Նույն ժամին խիստ ակտիվ է ՀՀ ազգային անվտանգության քարտուղարը: Այս հիվանդ աշխարհակարգի ջատագովն է այս գործիչը, չեմ կարծում, որ նա ունի լուրջ պատկերացում ազգային անվտանգության մասին: Եթե ունի` թող խորհրդի նիստով որոշի, որ ոստիկանական սերիալը դեռևս չնկարված` հակամշակութային աղբ է և վնաս է մեր ազգային անվտանգությանը... Թող փոխարենը նկարվի, օրինակ, «Սասունցի Դավիթ» բազմասերիանոց էպոպեան: Գաղափարն էլ անվճար եմ տալիս... Եվ հետո, թող մշակվի հայեցակարգ հետևյալ խորագրով` «Ազգային- մշակութային համակարգը` որպես հիմք ազգային անվտանգության»:

Ցնցող նորություն. փիղ Գրանտի կինը` Մաշան զոհվել–թունավորվել է կենդանաբանական այգի այցելող երեխաների տված սննդից: Այն սնունդը, որ եղել է երեխաների ձեռքին – սպիտակ հացն է, բուլկին, թխվածքը, կոնֆետը... Հիմա լսեցի՞ր, հարգելի հանրություն, որ այս սննդատեսակները... թունավոր են... Ոչ ուղղակի, այլ առողջագիտական տեսանկյունից, իրենց երկարատև ազդեցությամբ: Եթե ձեր երեխաները և դուք դիմանում եք, ապա դա հակառակը չի ապացուցում: Մաշայի մահից մի բան սովորելու՞ եք: Իսկ Հրանտ Վարդանյանը պատրաստվում է ևս չորս փիղ բերել, թասիբի է ընկել... Հանուն այս փղերի գոնե` նա գուցե ֆինանսավորի՞ առողջ ապրելակերպի կրթության ստեղծումը: Առողջ ապրելակերպ` գոնե փղերի համար...

Կոնդոլիզա Ռայսի մակերեսային ու ցինիկ ելույթը Մարշալի հիմնադրամում: Այս կինը քաղաքական դինոզավր է իմ աչքին... Նա և իր քաղաքական «էթիկան» կորչելու են և չեն հիշվելու...

«Շանթով» ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Նահագծել է Մատենադարանի նոր մասնաշենքը` առանց որևէ պատվերի և վարձատրության... Եվ գործը ստացվել է: Սա ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ֆենոմենն է: «Այսօրիս» սրտագին ողջույնը Աշխատավորին:

Բարի գիշեր:

Հեղինակ
20.09.2008, 23:43
Այսօրս` 20 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

ՀՀ նախագահը պարգևներ ու կոչումներ էր հանձնում: Եվ ասում էր. «Պետությունը ունի հայ մշակույթը պահպանելու ու զարգացնելու դեր...»: Շատ լավ, բայց պետք է նայել Հանրային հեռուստատեսություն, նայել մշակութային ամբողջ տարածքը և համոզվել, որ պետությունը իր մշակութապահպան դերը վատ է կատարում: Ինչևէ, դառնանք պարգևատրվածներին:

Արսեն Գրիգորյանը – Մրոն – հայ երգի այժմյան հավատարիմ խենթերից մեկը: Շնորհավորում եմ:

Այսօր Առողջագետը ծանոթացել էր Հարություն Խաչատրյանի տիկնոջ հետ - ուրախ ենք: Հիշում եք` «Ոսկե Ծիրանի» օրերին այս համառ ու անխոնջ Աշխատավորը «Այսօրերիս» հերոսն էր: Չգիտեմ, նա ստացե՞լ է արդյոք էլփոստով 23 հուլիսի ուղարկած նամակը, որ այսօր մեջբերում եմ.

Հարգելի Հարություն Խաչատրյան.
"Դռնոյան-Նալյան ընտանիք" հեղինակային խումբը ողջունում է Ձեր աշխատանքը` հանուն Կյանքի և Մշակույթի: Այս դժվարին ժամանակներում մեր Մշակութային Զորավարներն են երկրի գաղտնի կառավարչությունը... Ասում են` «ստվերային կառավարություն...» Բայց անստվեր է հայ մշակութային կառավարությունը, և հրաշալի է նրա առաքելությունը...
«Ոսկե Ծիրանին» մի քանի արձագանք ենք տվել մեր հիմնած www.dnforum.am կայքում: Ուղարկում ենք այդ հատվածները` անվթար թողնելով այդօրվա գրառումը... Ոսկեծիրանյան այս օրերը թող անցնեն` մտադիր ենք հանդիպել Ձեզ և բերել մեր գրքերը - մի դժվարին և «գաղտնի» ճակատում էլ մենք ենք...
Սրտագին ողջյուններով...

15 հուլիսի «Այսօր»-ը նվիրված էր մեր իրական և միակ` մշակութային վերնախավին: Ահա Հարություն Խաչատրյանին ներկայացնող հատվածը.
«Ոսկե Ծիրանը… Հարություն Խաչատրյանը: Ջավախքի կապույտ առավոտներից, կոշտ ու պինդ բարբառից, քարերի ոսկե քարաքոսից, հայասառն աղբյուրների պայթյուններից, Էրզրումի բարձր լեռներից է եկել է այս Աշխատավորը ու գերբնական ճիգով խոնարհեցնում է աշխարհը հայ սրտի ու մտքի առջև… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը:" Մովսես Խորենացի մեդալը պատշաճում է նրա սխրաքին: Շնորհավորում ենք:

Այսօր երկու հայ մարդ` Ռազմիկ Դավոյանը և Երվանդ Մանարյանը խոսում էին մեր երկրի, կյանքի, չարի ու բարու մասին: Ռ.Դ.-ը ասում է` «Հայաստանը գտնվում է ճիշտ ռելսերի վրա...»: Ե.Մ.-ը կարծես թե համաձայն չէ. առաջինը նախագահամետ է, երկրոդը` Կոնգրեսին է հարում: Սիրելինե~ր, քանի~ անգամ ասենք, որ խնդիրը այս կամ այն նախագահի, իշխանության-ընդդիմության մեջ չէ: Ե՞րբ է հայ մտավորականը աշխարհը դիտելու արծվային թռիչքի բարձունքից, որ տեսնի այս մոլորակի և իր երկրի իրական վիճակը: Հազար ասված է` այս քաղաքակրթությունը հիվանդ է, հազար ասել ենք` Հայաստանը քաղաքակրթական սխալ ճանապարհի վրա է – նա պատճենահանում է հիվանդ աշխարհակարգի համակարգերը, «եվրոպական» և «միջազգային» չափանիշները: Հայ մտավորական, Արևմուտքի մայրամուտի մասին լսե՞լ ես, Շպենգլեր, Շուբարտ, Օշո կարդացե՞լ ես, Նոր Քաղաքակրթության և Նոր Հայաստանի հեռավոր ցոլանքները տեսե՞լ ես: Թե չէ` ճիշտ ռելսե~ր, իշխանությու~ն ու ընդդիմությու~ն...

Միջազգային կյանքից մի նրբագիծ - Քյոլնի մզկիթի շուրջը ծագած լարվածությունը. – «STOP ISLAM»-ասում է եվրոպացին. – ինքն աշխարհը քանդել է , աղքատացած ազգերը Եվրոպա են լցվում, նոր է գլխի ընկել` իսլամն է փնովում: Փոխանակ իր ագահությանը և աշխարհի անարդարությանը նայի... Ես էլ նայում եմ Աստվածաշնչի վրա երդվող և երկրներ ռմբահարող նախագահներին, ազգերին աղքատացնող միջազգային կառույցներին, մանկապիղծ կարդինալներին, երեսպաշտ կառավարություններին և ասում եմ` - STOP կեղծ-քրիստոնեություն... Եվ ավելացնում եմ` համաշխարհային անարդարության ճիշտ ախտորոշումն է մարդկության գործը և ոչ թե մինարեթի բարձրության դեմ ուղղված անիմաստ թշնամությունը...

Բարի գիշեր:

Հեղինակ
21.09.2008, 23:57
Այսօրս` 21 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Մեր անկախության օրն է, ընդունեցեք շնորհավորանքներս…

Ուղիղ 17 տարի առաջ էկոլոգիական խենթերս առանք մեր ընտանիքը, հեռացանք Երևանի մի շքեղ թաղամասից և հանգրվանեցինք մի գյուղում` “բնությանը ավելի մոտ լինելու համար”: Նոր տան պատշգամբին զարկել էինք եռագույնը. գյուղի լակոտները երկու ժամ անց թռցրեցին մեր դրոշը: Հետո կիմանայինք` այդ գյուղում տիրակալում էին “քուրդ բեկերի” ժառանգները, հիշում եմ` մի բեկ-գյուղապետ երկու ժամ հայոյում էր գյուղացիներին, և դա կոչվում էր ընդհանուր ժողով… Բայց մենք դեռ մանուկ-հայրենասեր էինք, գլուխներս դեռ տաք էր, մեր դառը կրթությունը դեռ առջևում էր…

Որքան էլ դառը լինի գիտակցել` այս 17 տարին եղել են մշակութային, կրթական, գիտական և էթիկական նահանջի տարիներ: Մենք այս տարիներին “կերտեցինք” մեր կախվածությունը հիվանդ աշխարհակարգից, եվրոպական և միջազգային “չափանիշներից”…Մենք ամեն օր երդվում ենք, որ հավատարիմ ենք մնալու այդ կախյալ վիճակին, մեր կրթության, մշակույթի, առողջապահության և այլ նախարարությունները ուղղորդվում են տարատեսակ միջազգային փորձագետների կողմից…

Բայց և հայտնի է` ճահիճում է բացվում լոտոսը. հայկական-միջազգային մեր ճահիճում մի օր բացվելու է մեր մշակութային-ոգեկան ինքնության նորոգ ծաղիկը:

Այսօր մի կարևոր քայլ է արվել դեպի իրական անկախություն – Մշակութային ալիքի բացումը… Իհարկե, հասկանում եմ, հայեցակարգը ջրիկ է, մեր անմահ “աստղերը” հեշտ չեն հանձնելու ալիքը, այսօր Հայկոն և իր ընկերները անմեղեդի ճվում էին այնտեղ… Այնուհանդերձ, հայ երգը մեկ- մեկ հնչելու է…

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ունի երեք առաջապահ, ընտիր գունդ, որով մենք գրավելու ենք նոր սերնդի սիրտը և ապագայի ճանապարհը – ՏՈՀՄԻԿ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ, ԷՊՈՍԸ և ՊՈԵԶԻԱՆ… Ավա~ղ, առաջին օրը ցույց տվեց, որ Մշակութային ալիքում կարող է ամեն ինչ լինել, բայց չլինի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆՏԻՐ ՄԻՋՈՒԿԻ գաղտնի, թանկ զգացողությունը: Ե՞րբ ենք ինքնանալու այնքան, որ մեր կյանքի ամեն վայրկյանը լի լինի ԳԱՂՏՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ սրբազան գիտակցությամբ: Ե՞րբ է մեր մշակութային ԿԵՆԱՑ ԳՈՒՆԴԸ երդում տալու` հաղթել այդ պատերազմում…Այսօրվա մշակութային հակասական, ուրախ ու տխուր օրը պսակվեց մի համարով – պարում էր հայրենի հպարտ “Կարինը” և երգում էր Մրոն… Հայրենի մեղեդի և ռիթմ, քո հրեղեն ու սառը շիթը զարկում եմ հոգնած դեմքիս – Զորավոր ես դու…

Բարի գիշեր:

Հեղինակ
22.09.2008, 23:51
Այսօրս` 22 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Առավոտս – չնայած արև ու պայծառ օր էր – թեթև չէր: Երեկվա “Այսօրիս” մեջ մի հոգեբանական վրիպում էր եղել – այն, ինչ Միտքը ճշմարտություն է համարում` Սիրտը կարող է վրիպում դիտել… Գիշերային սիմվոլները հուշեցին, թե որտեղ է եղել իմ սխալը, և լսելով սրտիս ձայնը` ադմինի թույլտվությամբ խմբագրեցի “Այսօրը”… Բայց ամբողջ օրը մեջս կար հոգնություն և ծանրության զգացում…

Անկողնուս մոտ` կողքիս, գրքերի մի բուրգ է դարսված – մի քանի օր առաջ վերցրել էի Շոլոխովի “Խաղաղ Դոնը”, հայերենը` Հ. Մազմանյանի թարգմանությամբ: Ամոթս է` այս վեպը լավ չեմ կարդացել և, իհարկե, ճիշտ կլիներ` բնագիրը կարդայի… Բայց այս հայերեն թարգմանությունը գրավեց ինձ … Իմանալ կյանքը - ամպրոպի որոտի բնավորությունը, գետի ջրի ճղփոցը, գերանդին և կալսվող խոտը, հացը, ջուրը, հագուստը… մարդկային սրտի ցավագին կծկումը: Իմանալ կյանքը - կարդալ այս գրականությունը և լինել կե՞ղծ… Ճշմարտությունը խուլ ճնշում է հոգիդ, կենդանի կյանքի գեղեցկությունը ցավագին ճղփոցով լցվում է սրտիդ մեջ... Եվ կարդալով այս գրականությունը` հասկանում ես, թե որքա~ն շատ է կեղծիքը կյանքում, որքան շատ են դատարկ, անիմաստ, անսիրտ ասված բառերը…

Այսօր Առողջագետի հետ խոսում էինք, և խոստովանեցինք, որ ինտերնետը և լրատվությունը, այն էլ վաղ առավոտյան` խլում են օրվա ավյունի մի մասը: Սրտի թարմությունը, զգացողությունը պետք է պահպանել: Միջոցից խնամքով օգտվել, որ այն չբթացնի զգացմունքը…

Մշակութային ալիքը – երկրորդ օրն է. ինչքան էլ թույլ լինի հայեցակարգը` սա մեծ ձեռքբերում է և նոր շունչ է մեր` արդեն անապատացվող մշակութային տարածքի համար: Ահա մոսկվայաբնակ, Գյումրիի ծնունդ` ականավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը… Սիրում ենք Կարս-Գյումրի ազգագրական-գենետիկ գծի այս զարմանալի կերպարները – խաղաղ, միամիտ, երախտապարտ – մեկի մասին ասում է նա` “շատ բան է արել հայերի համար”, և պատրաստ է սիրտը հանել ու տալ… Գյումրվա արվեստապաշտ, միամիտ հոգին հենց այնպես, ձեռի հետ գրավել է աշխարհը: Սա հայկականության երևույթն է:
Ապա Ռոդենի մասին վավերագրական հրաշալի ֆիլմը: Ռոդենը մարմարի միջից հանել է Քամիլա Կլոդելի կորացած մարմնի գեղակերտ գծերը – որքա~ն կենդանություն. հիշու~մ եք այդ քանդակը…

Իսկ հիմա ֆիլմ է գնում Վան Գոգի մասին: Ընդամենը երեք օր առաջ այս ժամին ծամածռվում և անիմաստ բլբլում էին մեր “աստղերը”, դիջեյները և այլք,- ականջդ կանչի~, Հրաչ Քեշիշյան: Քանի~ կլիպի պատվեր կորցրեցիր, քանի “աստղ” պետք է հայտնաբերեիր ու մարդամեջ հանեի~ր: Մի հուսալքվիր, որոշվել է` դեռևս երկու ժամ “հայ էստրադա” պետք է լինի, դու և Ալեքսան Հարությունյանը “աստեղային” բիզնեսը պահում եք: Բայց դրա վերջն էլ է գալու… Հա~, մոռացա, մերոնք ասացին, որ Սոֆի Դեվոյանն է եղել Մշակութային ալիքով… Չեմ հիշում, “Սոֆի Դեվոյան” երևույթին “Այսօրս”-ում մի անգամ կարծես անդրադարձել եմ, բայց այսօր հստակեցնեմ. հայ կեղծ-արվեստի լավ փաթեթավորված օրինակներից է սա – իհարկե, արվեստագետը իրավունք ունի պարի նոր շարժումներ ստեղծել, հինը նորովի բամադրել, բայց Ս.Դ.-ի քաղցր-մեղցր ձեռագիրը, պարերի արհեստական-քնքուշ-հոտավետ մեկնաբանությունը ոչինչ չեն տալիս մեր խիստ-ազնվական պարարվեստին…

Բարի գիշեր:

Philosopher
23.09.2008, 01:21
Ապա Ռոդենի մասին վավերագրական հրաշալի ֆիլմը: Ռոդենը մարմարի միջից հանել է Քամիլա Կլոդելի կորացած մարմնի գեղակերտ գծերը – որքա~ն կենդանություն. հիշու~մ եք այդ քանդակը…

Կամիլի "Միտքը":love
Երազանք կար այդ աղջկա մեջ, մի երազանք, որ Ռոդենին էլ երևի հասու չեղավ... Ու չի լինի: Մեջքի պրկումն ավելին էր, քան աչքերը, մտածող ու թաց, միշտ բաց աչքերը...

Հեղինակ
23.09.2008, 23:03
Այսօրս` 23 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այս օրերին ինչո՞վ է ապրում մեր մոլորակը:

Դրսից` փայլ, երկնաքերեր, շլացուցիչ հարստություն, գունագեղ հագուստներ, լեփլեցուն սեղաններ. ներսից – տառապյալ մի աշխարհ, որ փրկություն է որոնում: Նյութի իրականացված ճոխության մեջ մեկուսանում ու տվայտում է հոգին, իսկ այնտեղ, ուր հոգին արթուն է – նյութի աններդաշնակ պակասը ծվատում է սովահար մարմինը: Աններդաշնակության աշխարհն է սա…

Այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանն է – այս թույլ ու անպատասխանատու կազմակերպության հսկա զրուցարանը: Այսօր ուղիղ եթերում լսեցի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի… ողբը:

Եվ ողբում-ազդարարում է Սարկոզին` “Մենք այլևս չենք կարող սպասել”: Շարժուն, աշխույժ դիմագծերը, դրամատիկ շարժումները, ճակատի հոգսաշատ կնճիռների խաղը սաստկացնում են եվրոպական ողբը: “Մենք այլևս չենք կարող կառավարել աշխարհը` օգտագործելով XX դարի մեխանիզմները”: Անելանելության զգացումը շնչում է նախագահի խոսքի մեջ…

Ձե~զ եմ ասում, եվրաինտեգրման հայ մունետիկներ` արդեն հազար անգամ ասվել է – եվրոպական ընտանիքը հիվանդ է և Հայաստանը չի կարող, չպետք է ինտեգրվի հիվանդ ընտանիքին, այլ պետք է ձգտի համատեղ առողջացման, Նոր Ճանապարհի, Նոր Քաղաքակրթության ստեղծման… Ականջներդ սրե~ք, եվրաինտեգրման հայ մունետիկներ, և լսե~ք Սարկոզիի ողբը:

Եվ ասում է Ֆրանսիայի նախագահը. “Ամեն մեկի ճակատագիրը կապված է բոլորի ճակատագրին”,- ահա այն Ճշմարտությունը, որն ամեն օր ոտքի տակ է տալիս Արևմուտքը… Նա կարծում է, որ Աֆրիկան կարելի սպիդի բերանը տալ, բայց ֆրասիացին ու բրիտանացին թանկ մարդկային տեսակներ են և արժանի են ապրելու…Չէ~, չի լինելու այդպես, քանզի “ամեն մեկի ճակատագիրը կապված է բոլորի ճակատագրին”:

Եվ շարունակվում է եվրոպական ողբը. “Ինչ մեզ հիմանրար կապում է, ավելի բարձր է, քան նույնիսկ ժողովրդավարությունը – դա մարդու արժանապատվությունն է”: Օհո~, այսպիսի~ նորություն, ուրեմն` աշխարհում մի բան կա, որ վեր է ժողովրդավարությունից… էլ ի՞նչ, հարգելի Ֆրանսիայի նախագահ, - մնացածը հայտնի չէ~ քեզ. Ոգին, Մշակույթը, Բնության Օրենքը, Տիեզերքի Օրենքը, Տիեզերական իրավունքը… Բայց ինչ ասացիր` էլի շնորհակալ ենք: Ձեզ եմ ասու~մ, հայ ժողովրդավարներ, մանավանդ` հեղափոխականներ,- ավելի ճիշտ` ես չեմ ասում – Սարկոզին է ասում` աշխարհում կան ժողովրդավարությունից վե~ր բաներ, հասկանալի՞ է…

Եվրոպան ողբում է, մտածում, զգում, բայց չի գտնում պատասխանը: Եվրոպան կարիք ունի օգնության, ծեր մայրցամաքը անհուսալի հիվանդ է, նա սպասում է մի բնական, հրաշափառ, անսպասելի բժկության: Նա այսօր աշխարհին պատմում էր իր գանգատները - հունգարական հրեաների շառավիղ` մի ֆրանսիացու շուրթերով – բայց պատրա՞ստ է լսելու իր ախտորոշումը և ստանալ հրե բուժումը – այրել Հոգին խեղդող երեսպաշտ հանդերձները և մորեմերկ կանգնել Արևին դեմ-հանդիման…

Եվ այս ժամին, երբ դեռ գրում եմ այս տեղերը, աչքիս առջև Երկրի պատկերն է` կապույտ ու խոր երկինքը, ամպերի չուն, երկգագաթ սրբազան Լեռը, կապտամշուշ դաշտավայրը: Ոգու մի վսեմ Արագացուցիչ բոլորում է Լեռը, այնտեղ գուցե մեր իղձերը, մեր ոգու մասնիկները սլանում են ահռելի արագությամբ և ահա ուր որ է` զարկելու են մի համաշխարհային պատի, որ փշրեն այն և բացվի ճանապարհը: Սա հայիս զգացումն է, բայց սիրտս ասում է` այնտեղ Մարդկության Ոգու մասնիկներն են: Ո՞վ է ստեղծել ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉԸ, այդ ի՞նչ ԶՈՐԱՎՈՐ ՈՒԺ է… Հայրենիք, թող ԱՅՍՏԵՂ, ՔՈ ՀՈՂԻ վրա, Ոգու Արագացուցչի մեջ ծնվեն ապագայի բանաձևերը…

Բարի գիշեր:

Հեղինակ
24.09.2008, 23:21
Այսօրս` 24 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Այս աշխարհը…

Այսօր նորից ԴՆ ֆորումից հայենք մեր աշխարհը: Մի քանի նրբագիծ միայն…

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասում է. աշխարհում սանձազերծվել է երեք ճգնաժամ` ֆինանսական, էներգետիկ, պարենային: Պան Գի Մուն ջան, այս բոլոր ճգնաժամերը ձագերն են միայն մի ընդհանուր մոլորակային ճգնաժամի, որի անունն է էթիկական, հոգևոր-մշակութային ճգնաժամ: Բայց այս մեկը ՄԱԿ-ը չի կարող տեսնել, նրա աչքերում համապատասխան նյարդային ռեցեպտորներ չկան – ՄԱԿ-ի աչքերը ամերիկյան – ռոբոտային արտադրության են:

Ջորջ և Լորա Բուշերը Սպիտակ տանը ընդունել են Ռուսաստանի, Իրանի , Հյս. Կորեայի … այլախոհներին: Ռուսաստանից գնացել է “մեր” Գարի Կասպարովը: Շախմատիստը իր մի գիրքը նվիրել է Բուշին. անունը չկարողացա հիշել, բայց գրքի միտքն այն է, որ շախմատը կյանքի արտացոլումն է… Չէ,~ Գարի ջան, շախմատի մեջ կա ինտելեկտ, պայքար, մրցակցություն – սա Բուշի աշխարհն է,- բայց չկա Սեր , Էթիկա, Կարեկցանք – սա էլ Դոստոևսկու աշխարհն է… Հանդիպմանը Բուշը սոխակ էր կտրել, ոգեշնչում էր ազատությանն համար պայքարողներին: Բայց սրանք փողի համար էին գնացել, բայց այդ անշնորհք Բուշը փողի մասին բան չի ասել…

Ալ-Ղաիդան վերջերս նորից ահաբեկեց աշխարհը. Պակիստանի ահավոր ահաբեկչությունը, “Մարիոթ” հյուրանոցի ոչնչացումը, տասնյակ զոհեր…Բայց մեկը չկա այս աշխարհում, որ հարցնի` այ Ալ-Ղաիդա ջան, դու ո~վ ես, ե~րբ ես ծնվել, ինչու~ ես ծնվել, ուր ծննդականդ, ովքե~ր են ծնողներդ… Չէ~, չեն հարցնում, Ալ-Ղաիդան տեռոր է անում, Ամերիկան էլ սա պատճառ է բռնում, աշխարհը գրավում, ազգերը բռնադատում… Չզարմանա~ք, մի օր սրա ծննդականը գտնելու են, և ո՞վ է լինելու ծնողը…

Ֆինլանդիան, այս հյուսիսային խաղաղ, լուռ, հավաք, աշխատավոր երկիրը: Բայց ինչու՞ ամեն մարդ այս երկրում պետք է ատրճանակ ունենա: Եվ մոլագարը կրակ է բացում դպրոցի վրա, տասնյակ զոհված ու վիրավոր երեխաներ: Ազատության գաղափարի ինչպիսի~ դեգրադացում:

Սա քիչ է` եվրոպական Արագացուցիչը փչացել է, երեսուն տոննանոց տրանֆորմատորը վառվել է... Ափսո~ս, հույս ունեինք տեսնել Մեծ Պայթյունը, Սև Անցքը- Черная дыра և գլխի ընկնեինք, թե ինչպես է ստեղծվել աշխարհը... Թե չէ~, ասում են` Աստվա~ծ, արարչությու~ն, - որ եվրոպական կոլայդերը կա` էլ ի՞նչ արարչություն....

Վախթանգ Կիկաբիձեն այսօր ասել է, որ Ռուսաստանն է ոչնչացրել Ցխինվալը… Կարծել են, թե ապա տեղեկատվություն է. ճշտել են, չէ~, այդպես էլ ասել է… Եթե արտիստը, գեղագետն է ստում, ապա բուրդ է այս աշխարհի բանը… “Чем думают эти…Крутятся, крутятся…”

Բարի գիշեր:

Հեղինակ
26.09.2008, 00:06
Այսօրս` 25 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:


Խաչ և Ազատություն

Այսօրս խաղաղ էր ու լիքը – զգացումների և դիտարկումների երկու գիծ- որի՞ց սկսել:


Խաչը
Լսեցի մերոնցիցի մեկի ձայնը, որ կանչում էր ինձ. մշակութային ալիքով մի կլիպ էր, որ տեսել եք.- Երգիչ Անդրեն` շալակին խաչը, մղկտում է.

Խաչին մոտ, խաչին մոտ,
Բացվեց լույս առավոտ
Եվ սարն ի վեր է ելնում` ուսերին ծանր փայտի զանգվածը: Տեսնես` ու՞մ է պատկանում այս ողորմելի կլիպի գաղափարը և բեմադրությունը:

Չկա ավելի նսեմացուցիչ մի բան Աստծո և Մարդու համար, քան խաչված լինելը: Առավել նսեմացուցիչ է` նսեմացման այդ սիմվոլ-գործիքը դարեր շարունակ դարձնել պաշտամունքի առարկա և մարդկության աչքի առջև պահել մարդկային անշունչ, խաչված մարմինը: Այդ սիմվոլը իր հետ բերում է Վախի, Տառապանքի, Ստորակայության զգացումներ: Թեկուզ Աստծո առջև: Բայց միթե այդ դեպքում դրանք արդարացված են… Ո՞վ է Արարչին հարցրել` ինքը գո՞հ է, որ մենք այդպես սարսափում ենք Նրանից, մանավանդ` իբրև թե նրա ստեղծած գովական Դժոխքից…

Մինչդեռ Խաչի սիմվոլը գալիս է Բնությունից – իրականում նա Ազատության և Կյանքի սիմվոլն է: Նա խորհրդանշում է ուղղահայացի և հորիզոնականի` Երկնքի և Երկրի հանդիպումը և հատումը: Տղամարդակային առնականության և կնոջ կանացիության փարումը, արարչականի և մարդակայինի հանդիպումը: Բայց մնացել է միայն վախը, ահը և … կույր պաշտամունքը:

Հայ ժողովուրդը երգում Խաչը` իր խաչքարերի մեջ – ողջու~յն ծաղկող Խաչի կենսականությանը և ո~չ` մեռյալ սիմվոլի բերած նսեմացմանը, ահին ու անգիտությանը:


Ազատություն
Հայտնի գերտերության նեղճակատ նախագահը, “ազատության” ջատագովը, կոչ է արել իր երկրին` համախմբվել ու կանխել տնտեսական աղետը… Ո~վ նեղճակատ նախագահ, քեզ ո՞վ էր ասել` պատերազմներ սկսել, ազգեր բռնադատել, տասնյակ հազարավոր մարդ սպանել, թանգարաններ թալանել և … սնանկացման եզրին հասցնել քո երկիրը և ցնցել ամբողջ աշխարհը: Նեղն ես ընկել` աղավնի ես կտրել և ղունղունում ես, սրանք չե՞ն քո “ազատության” և “ժողովրդավարության” պտուղները:

Գերմանիայի ֆինանսների նախագահ Շթայնբրուկը այսօր ասաց.- “Այս վիճակի համար մեղավոր է ԱՄՆ-ը և ֆինանսական համակարգի անգլոսաքսոնական մոդելը, որը շատ ազատական է”: Եղբայր Շտայնբրուկ, մինչև արիական ոտքիդ քրիստոնեա-դեմոկրատական կոշտուկը չտրորեցին` ձայն չհանեցիր…Բայց դեռ ու~ր ես, առաջիկա մի քանի տարում դեռ ի~նչ երգեր եք երգելու` կրթության, բժշկության, ապրելակերպի … ճգնաժամի համար մեղավո~ր են անգլոսաքսոնական մոդելները: Տեսնելու~ ենք ազատության երևույթի անգլոսաքսոնական վերսիայի վախճանը: Պատրաստվեցե~ք այդ դառը օրվան, հայ ազատականներ և այլոք…

Այս մտքերի հետ էի, երբ մերոնցից մեկը էլի ձայն տվեց. էլի մշակութային ալիքով – հին կրթական հակառակորդս խոսում էր: Ափսոս, հաղորդման վերջն էր… Ասում էր, թե իր կրթահամալիրում տասնհինգ օրում մանկապարտեզների դաստիարակները փոխվում են, որովհետև հանդիպում են… Ազատությանը և Մտքին: Հին հակառակորդս, ախր քո աշխարհայացքը ազատության անգլոսաքսոնական մոդելից դենը չի անցել… դու ներկա աշխարհակարգով հիացածն ես, նրա երգիչն ես… Ոչի~նչ, մի անգամ Գերմանիա կգնաս` Շտայնբրուկը քեզ կասի` ինչն ինչոց է – ինձ չհավատացիր, հո Շտայնբրուկին կհավատա~ս…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.09.2008, 23:22
Այսօրս` 26 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր մի քիչ խառն էր ու լարված, մի պահ կորցրեցի խաղաղ ու նպատակասլաց կյանքի զգացողությունը… Հետո օրը մտավ հունի մեջ: Այսօրվա զգացողություններից մեկը բյուրեղացավ – կրթությունը:

Մեր վարչապետն ասում է. “Կրթությունը պետք է լինի ցկյանս”: Գնահատում եմ վարչապետի խոհա-փիլիսոփայական սուզումները, նա երբեմն մոտենում է բարձր ճշմարտությունների: Այսօրվա մտքից ելնելով` նաև գնահատում եմ գրաբարյան ձևերի նկատմամբ նրա սերը… Բայց գիտե՞ք որտեղ է նա հռչակում մինչև կյանքի վերջը կրթվելու անհրաժեշտությունը:

Եվրոպական խորհուրդը կազմակերպել է դասընթացներ մեր երիտասարդ քաղաքագետների, լրագրողների համար: Թույլ եմ տալիս ինձ ասել, որ Եվրոպական խորհրդի այս քայլը` քաղաքական դասընթաց կազմակերպել այսպես կոչված “զարգացող երկրում”` աբսուրդային քայլ է: Եվրոպան ցայսօր ( օգտվենք գրաբարյան ձևից) Ամերիկայի քաղաքական գաղութն է: Եվրոպան չունի այս մայրացամաքի և մոլորակի առողջ զարգացման հայեցակարգ: Եվրոպական երկրների ընդունած Կայուն զարգացման հայեցակարգերը դեգենարատիվ են և չեն գործում: Եվրոպան ունի միայն մեկ ռեալ քաղաքականություն` մնալ ոսկե միլիարդի մասը, տռզել, կենդանական սնունդով դեգեներացնել իր մանուկ սերունդը, աղքատ երկրներին ճիճիլ տալով` ցույց տալ իր հարստությունը և բոլորի գլխին քարոզ կարդալ եվրոպական չափանիշների մասին: Եվրոպայի տված կրթությունը ցկյանս պետք չէ Հայաստանին:

Կրթության պակասի ռեկորդ է խփել հմայիչ Սառա Փելինը – փոխնախագահության թեկնածուն` ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից: Մեր Սառա Փեյլինը հինգ երեխա ունի: Վերջինը դաունիկ է ծնվել: Քանի որ ոչինչ պատահական չի լինում, ապա այս հիվանդ երեխան ապստամբել է իր ճակատագրի դեմ, ծնվել Դաունի հիվանդությամբ, որպեսզի չստանա կեղծ, մշակութազուրկ ամերիկյան կրթություն: Եվ լինել ավելի համեստ, քան իր հմայիչ մայրիկը: Իսկ մայրիկ Փեյլինը ասում է` “…մենք պետք է ուժեղացնենք մեր զինվորական ներայությունը Աֆղանստանում, որպեսզի այնտեղ հաղթենք այնպես, ինչպես հաղթեցինք Իրաքում: Նրանք պետք է մեր հողը չմտնեն”: Մեկնաբանություննները թողնում եմ ընթերցողին:

Ընթերցողս, քեզ ցկյանս ուրախություն եմ մաղթում:

Բարի գիշեր:

Հեղինակ
27.09.2008, 23:09
Այսօրս` 27 սեպտեմբերի 2008թ, ավարտվում է:

Աշուն է …Օրերը ցրտում են, առավոտը - գիշերվա անձրևից հետո: Ամպերի միջից երևում է մի երկու կտոր երկինք: Դիմացից գալիս է մի մայրիկ` հինգ-վեց տարեկան աղջկա հետ: Մայրիկը թխահեր է, բայց աղջիկը - աչքերը կապույտ, մազերը ոսկեգույն, մի իսկական սլավոնուհի: Չքնա~ղ սլավոնուհի, ի՞նչ գենետիկ խաղով Հայկական բարձրավանդակ ես եկել: Թե գենդ կարոտել էր արիական հայրենիքիդ…

Ոզում եմ միրգ ու բանջարեղեն առնել, բայց մայթն ազատ է, խանութը`փակ… Հա~, հիշեցի. իմացել եմ, որ լոռեցի խանութպանները տղային պսակել են. հարսանիք են անում… Սրանց մրցակից` քաղցրախոս ու կեղծավոր եղվարդցի տատիկը, օգտվելով բարենպաստ կոնյուկտուրայից` իր ապրանքը գովելով, ինձ հինգ կիլո բան է վաճառում: Եվ ամեն անգամ ժեստով ցույց է տալիս կշեռքի սլաքը, որը մեկ կիլոն մեկուկես է ցույց տալիս - իբր` շա~տ եմ կշռում:

Օրերը ցրտում են , և ինչքան ցրտում են – մեր տանը մի մեղմ ուրախություն ավելանում է: Մոտենում է խորը աշունը - մեր զինվորը ավարտելու է ծառայությունը:

Մեր զինվորը - նրա ճանապարհը դեպի ծառայություն անցնում էր իմ մանկության միջով: Այդ բնակավայրը թուրքերը Բասարգեչար են ասել` “կոխիր- անցիր”: Չենք վրդովվում քոչվորի դեմ, նա մեզ սովորեցնում է – եթե “կոխիր-անցիր”, ապա մեր անգիտությունը, դարերի մեր խեղճությունը - և լինել արի, լինել հաղթական:

Կըզլ-վանք – Կարմիր վանք, - այսպես էր կոչվում վանքը, որ ամեն առավոտ տեսնում էի հեռվում – ավելի ճիշտ – նրա դարավոր ծառերը… Չենք վրդովվում քոչվորի դեմ, որ այսպես է կոչել Մաքենիսը` IX-րդ դարի կոթողը: Այդպիսի վսեմ ու պարզ խաչքարեր ուրիշ տեղ չեմ տեսել, միայն մեկ հատ` Մայր Տաճարի բակում: Վսեմ պարզություն:

Մենք վերակոչում են մեր սրբատեղերը, բայց սա մեզ քիչ կօգնի: Պետք է նորացնենք ու փոխենք մեր Միտքը, Մտածումը: ՄԻՏՔԸ ԱՐԱՐՉԻ ԳՈՐԾԻՔՆ Է - Կենդանի Արարած, Անմահ Նյութ… Մենք կարող են փոխել մեր աշխարհը - ավելի վառ դարձնել մեր գարունը և ավելի քաղցր` մեր աշունը: ՄՏՔԻ միջոցով:

Հենց նոր - ճապոնացի հետազոտողի գիտափորձը. վերցրել է երեք ապակե սրվակ` մեջը բրինձ, վրան ջուր ավելացրած: Մեկ ամիս շարունակ ամեն օր առաջին սրվակին ասել է` “շնորհակալություն”, երկրորդին ասել է` “դու հիմար ես”, իսկ երրորդին ոչինչ չի ասել: Մեկ ամիս անց` առաջինում բրինձը խմորվել է, ջուրը դարձել է ոսկեգույն ու բուրավետ, երկրորդում` բրինձը մգացել, իսկ ջուրը սկսել է գարշահոտ արձակել: Երրորդում` ուղակի սևացել ու նեխել է:

Միտքը` Արարչության Գործիքը: Մտքով քաղցրացնենք մեր Երկիրը…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.09.2008, 23:41
Այսօրս` 28 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:


Տունը

Տունը – մարդկային կյանքի և սոցիալական ձգտումների ապոթեոզը: Այսօր քո մասին էի խորհում - Մարդու Տուն – այնպիսին ինչպիսին տեսել եմ քեզ - և քո ապագայի կերպարն էի ուզում տեսնել:

Խորհրդային շրջանի հայի Տունը – որքա~ն համբերություն, որքա~ն համառություն` այն ստեղծելու և կահավորելու համար: Այնտեղ իշխում էր չեխական սալիկի, մետլախի և սանտեխնիկայի չաստվածությունը: Հերոսական ջանքեր – “Ճարելու” վերանորոգման բոլոր նյութերը, ապա կահույքը, բյուրեղապակին…

Մի շիլաչք, բարգավաճ հարազատ ունեի – հիմա էլ ունեմ: Սա հարուստ դարձավ պահածոյի “կրիշկաների” արտադրության և վաճառքի միջոցով. բյուրեղապակու ու հախճապակու մեջ փայլում էր նրա տունը: Այդ իմ հարազատը և նրա եղբայրները հարցնում էին ինձ. “ Մեբելդ ինչակա՞ն ա”: Ես` գեղջկական հպարտությամբ ու հոխորտալով ասում էի. “ Հունգարակա~ն, Վելենցիա~”: Շիլաչքը ուղիղ աչքով հարգալից չափում էր ինձ…

Թվում էր` հայի տունը ամրոց է – բայց պայթեց 1988 երկրաշարժը, և խնամքով սարքված թռչնաբները ավերակ դարձան: Մի շփոթված ժողովուրդ` նայում էր իր քանդված երազների փլատակներին: Միթե՞ այդքան հեշտ էր քանդել Տունը…

“Իմ տունն իմ ամրոցն է”- ասում է անգլոսաքսը. նա մտնում է տուն և նրա խավարչտին առաստաղի տակ մոռանում է այս մոլորակի հոգսերը և իր բոլոր պարտքերը: Քաղաքի պարիսպների մոտ շառաչում է համաշխարհային օվկինոսը, բայց անգլոսաքսը մտածում է. “ Օվկիանոսը հարգում է մեզ, նա գիտե~, որ մենք բրիտանացիներ ենք”: Ես` Մեծ Երկրաշարժը տեսած հայս, քմծիծաղում եմ անգլոսաքսի այս բարձր “ծանոթության” վրա:

Ընթերցողս, ես եղել եմ այս քաղաքակրթության կրողը - լրիվ ու բոլորեքյան…Ես տենդով ու արբած` կառուցում էի իմ տները…

Եվ այսօր ես ու սիրելիներս ազատ ենք որևէ սեփականության կապանքներից,- բայց ազա՞տ ենք արդյոք,- փշրվել են արդեն բոլոր շղթաները, - բայց արդյո՞ք փշրվել են… Բայց սիրտս ասում է - կա մի պատրանք, որից պետք է բաժանվել – Հին Տան - կայուն, հավերժական, անխորտակ տան պատրանքը: Այդ պատրանքը ժամանակ առ ժամանակ կլանում է քեզ, քաղցր յուղի նման նստում շուրթերիդ, լցնում աչքերդ, որ նորից տրվես իրեն, քնես իր ծնած պատկերների, կեղծ հաստատունության, սովորությունների պատյանի, հին տան ճորտության մեջ:

Ահա, սիրելիներս, միասին ամեն օր մի քայլ ենք անում` Նոր Կյանք ստեղծելու համար - ահա մեկիդ ժպիտը, մյուսիդ ձեռքի գծած արվեստական նրբագիծը, մյուսիդ հերոսական կառուցումը, ծառայությունը, աշխատանքը, ստեղծումը, Նոր Մարդ լինելու և Նոր Երկիր տեսնելու երազը, ամեն մեկի աչքի առջև փայլող լուսեղեն մանրակերտերը - և հասկանում եմ` ՆՈՐ ՏՈՒՆ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ ժամանակի մեջ – ո~չ քարից, ո~չ բետոնից, ո~չ մետաղից, - այլ Սիրուց, Ստեղծումից, Ուրախությունից, Արիությունից, - այդպես կառուցել, սիրելիներիս հետ, մեր Նոր Տունը: Ազատության Տունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
29.09.2008, 23:47
Այսօրս` 29 սեպտեմբերի 2008թ., ավարտվում է:

Առավոտը նոր էր բացվել, մեր Philosopher-ը ձայն տվեց, համակարգչի մոնիտորի վրա մի անհասկանալի պատկեր էր: Մի քանի սուրանկյուն ձևեր, մի անկանոն քառանկյուն, մակերեսները` ներկած բաց կարմրա-մանուշակագույն գույնով, մեջտեղում օլիմպիական օղակներն էին: Ի~նչ պարզվեց. Մեծ Բրիտանիայում չորս տարի հետո կայանալիք Օլիմպիական խաղերի սիվոլն էր, որի ստեղծման վրա ծախսվել է 450 հազար ֆունտ ստեռլինգ: Երկնամերձ Չինաստանի խորախորհուրդ սիմվոլիկայից հետո - ինչպիսի~ սուրանկյուն խեղճություն…

Սա սպասելի էր – եվրոպական մտածելակերպը, անգլոսաքսոնական հաշվարկող ուղեղը չէին կարող այլ բան… ստեղծել: Անգլոսաքսոնական ուղեղին հայտնի չէ, որ ՍԻՄՎՈԼԸ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԱՅԼ ՈՐՍՎՈՒ~Մ Է…
Սիմվոլը Տիեզերքի Զարդն է, Լեզուն է, Ուղերձը, Բովանդակությունը… Տիեզերքն իր միլիարդավոր սիմվոլներից ոչինչ չէր ուղարկել անգլոսաքսոնական մտքին: Եվ անգլոսաքսը…մոգոնել է: Նրա մոգոնած սուրանկյունները ոչնչացնում են ամենայն նուրբ անցում, կորություն, կանացիություն, ոգեղենություն – Սիմվոլը լեցուն է կանացիությամբ, այն Կին-Տիեզերքի լեզուն է: Անգլոսաքսոնական տղա-մարդկային ուղեղը չի կարող խոսել Տիեզերքի հետ …

Հիշում եմ ինձ` 20-21 տարեկան պատանուս. 2-րդ համարի ավտոբուսում եմ, Քանաքեռ-Կայարան – ժողովուրդը ծեփ էր – լիքը… Բժշկական ինստիտուտի գերազանցիկն էի, հետն էլ` շատ կարդացած, և ինչ էի մտածում, որ լավ լինի… Մտածում էի, թե ես այս ավտոբուսի ամենագրագետ ու զարգացած մարդն եմ – մտքիս մեջ համեմատու~մ էի, ինտելեկտովս հպարտանու~մ էի… Ես այս քաղաքակրթության զավակն էի – մրցող, մրցակցող, ուղեղին զոռ տվող,- և երբ իմ նմանները 90-ականներին եկան իշխանության - մեր ավագ գիտաշխատողները և գրողների միության անդամները, նրանք սկսեցին կառուցել 3-րդ հանրապետությունը և վատ կառուցեցին: Շատ վատ կառուցեցին: Բայց ի՞նչն էր պակաս այդ սերնդին… Ի՞նչն է պակաս այդ գրողը տարած անգլոսաքսոնական քաղաքակրթությանը…

Հայաստանում կա մի մարդ, որի մասին ասում են. “Նրա սթափ հաշվա~րկը , ինտելե~կտը”…Հա~, ես էլ էի այդպես մտածում. ինտելե~կտ, լեզու~, հաշվա~րկ… Հետո, շատ հետո պետք է հասկանայի և հարցնեի. իսկ ու՞ր են նրա Սերն ու Կարեկցանքը…. Եթե գերմարդկային, գերհամակարգչային ինտելեկտ ունես, քաղաքական շախմատի թագավոր ես, սթափ ու ինտելեկտուալ ես, բայց Սեր ու Կարեկցանք չունես - դու մի կլորիկ Զրո ես…Ավա~ղ, իշխանություն ունենալիս` այդ Զրոն դառնում է անսահմանության ձգտող բացասական մեծություն …

Ընթերցողս, մի բան արա, հաջորդ Օլիմպիական խաղերի համար մի մարդավայել խորհրդանիշ գտիր, որսա~ ու հանի~ր Տիեզերքի սրբազան պահոցներից, ուղարկիր Մեծն Բրիտանիայի օլիմպիական կոմիտեին, որ այդ սուրանկյուն գեշությունը չորս տարի չիշխի Բրիտանիայի, Եվրոպայի և համայն Աշխարհի վրա:

Ուզում էի ավարտել, բայց լսում եմ… “Արտույտների ագարակը”: Հայ Հոգի, Սիրելի Հոգի, կարո՞ղ ես մոռանալ հողին ցփնված թանկագին արյանդ պատկերը, կարո՞ղ ես տեսնել Զորավոր Ապագայիդ Խորհրդանիշերը… Գիտեմ` Դու կարող ես, գիտեմ` Քո Սիրտը չի ցամաքել…

Բարի գիշեր…

Հեղինակ
30.09.2008, 23:14
Այսօրս, 30 հոկտեմբերի 2008թ, ավարտվել է...


Ընթերցողս, հերթական գրառումն արել էի ճիշտ ժամանակին, անցավ գիշերը, և հասկացա, որ նրա մեջ ինչ-որ թուլություն կա… Անհանգիստ էի… Այժմ արդեն առավոտ է, հաջորդ օրվա առավոտը: Սեղանիս այն ձեռագիր էսքիզն է, որ երեկ չէի հավաքել, և միայն մի զգացում, մի դիտարկում էր անցել գրառում: Այժմ նորոգում եմ “Այսօրս” , և ասում եմ` բարի առավոտ…

Անձրև է, աշուն…Պտուղները մանրանում են, մրսում ու…թանկանում: Տուն եմ դառնում գնումներով: Բակով գնում է միջին տարիքի մի պապիկ`թոռնիկի հետ – պապիկը մի քիչ կաղում է – բնական դեֆեկտ է կամ պատերազմի հետևանք. թոռնիկի ջինսե գլխարկի տակից դուրս են թափվել մի քանի արևագույն խոպոպ… Պապիկը այնպիսի~ հպարտությամբ է նայում թոռնիկին,- և մի քիչ կաղլիկ, մի քիչ մանրիկ պապիկը… աշխարհակալ Թամեռլա~ն է դառնում:

Թե մեր Արաբկիր համայնքի մի կաղլիկ պապիկ իր թոռով կարող է աշխարհի թագավոր դառնալ, ապա հայտնի գերտերության նեղճակատ նախագահը նույն ժամին կարող է … կուրկուռի ձագ դառնալ, բառիս ամենաանմիջական իմաստով: Դե նայեք – այս նեղճակատը չի կարողանում կասեցնել իր փուչիկային ֆինանսական կայսրության փլուզումը… Բելգրադի կամուրջները, Բաղդադի թանգարանները, Քաբուլի մզկիթները իրենց փոշիների միջից մի երկու քաղցր խոսք և մի քանի “օրհնություն” են հղում նրան…

Մի այսպիսի կազմակերպություն կա – Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողով և սա մի նախագահ ունի, անունը` Թերի Դեվիս: Այս անթերի Թերի Դեվիսը այս երկու օրը լուրջ գործ ունի – ԵԽԽՎ- ն քննարկում է մի հարց – Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը` Վրաստանի վրա հարձակվելու համար… Չէ~, էնքան էլ լուրջ չի քննարկում, բայց դե առիթ է, էլի~, մի քիչ Ռուսաստանի վրա խոսելու համար: Եվ ինչ է ասում այս անթերի դիվանագետը` ախր ԵԽԽՎ-ի կանոնադրությունում գրված է, որ բոլոր հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով… Հա~, անթերի ջան, գրվա~ծ է, բայց եթե մեկը Գրադներով զարկի քո եվրոպական լայն, անխռով ճակատին և կրակ տա տա քո և կնոջդ փափլիկ անկողիններըը, ապա դու ի՞նչ կանոնադրական պատասխան ես տալու այդ “երիտասարդ ժողովրդավարության” ագրեսիային…

Մեր Լևոն Զուրաբյանն էլ հո չի մղկտում` Եվրոպան զբաղված է, էս Վրաստանի հարցն էլ մեջտեղ ընկավ, թե չէ էսպես չէին թողնի, մեր իշխանություններին էլ տեղը կդնեին… Բայց որ զբաղված են` ի՞նչ անենք… Ոչի~նչ, ոչի~նչ, հարգելի Լևոն Զուրաբյան, մի քանի օր հետո Թերի Դևիսը, Ռուսաստանին տեղը դնելուց հետո, կզբաղվի մեր իշխանություններով…

Այսքանը, օրն արդեն բացվել է, և ասում եմ`

Բարի օր…

Հեղինակ
02.10.2008, 00:04
Այսօրս` 1 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Հայ Մարդ… Սիրում եմ այս երկու բառերը մեծատառ գրել: Հայի մեջ բարձրը և վեհը տեսնելու ժամին: Բայց, երբ նայում եմ հայ կյանքը` տեսնում եմ, թե որքան քիչ մարդիկ կարող են Հայ Մարդ կոչվել` գենետիկ և մշակութային լիարժեքության տեսանկյունից: Ցավոք, այսօր ապրեցի մի դառը հիասթափություն. երկար տարիներ մեզ հետ ճանապարհ անցած և մեր գործին աջակցած մի հայ մարդ չկարողացավ տանել մեր վերջին ամիսների համեստ հաջողությունները: Եվ նորից համոզվեցինք` որքա~ն դժվար է տանում հայը իր մերձավորի հաջողությունը, նրա թռիչքի հնարավորությունը…

Այսօր սկսեցի անմիջական բանակցությունները “Արշալույսի” ռուսերեն հրատարկության գծով, որոնց հիմքը այնպես հաջող դրել էր Առողագետը` հրատարակչին ներկայացնելով անոտացիան և մի քանի թարգմանված նյութեր.- ստացա պայամանագրի տեքստը: Ուրախ եմ, որ համեստ աշխատանքս հնչելու ռուս մեծ լեզվով: Ձեռնարկում մի զրույց կա` “Հայրենիքների ժողովը”, որի հերոսներից մեկը Կապուտաչյա Հայրենիքն է –Ռուսաստանը:

Այս օրերին մտածում էի ժեստ անել` “Արշալույսը” որպես նվեր ուղարկել Կրթության Ազգային ինստիտուտին: Բայց փոշմանեցի: Կմտածեն, թե ուղարկել եմ գնահատական ստանալու և կտան մի անկապ մարդու` գրախոսության, ինչպես արել են տարիներ շարունակ: Թե Կրթության նախարարությունը ե~րբ կհանդիպի “Արշալույսին”` այս անգամ արդեն` որպես ձեռնարկ ճանաչելու և Հայաստանի դպրոցներին հասցնելու համար - ժամանակի գործն է:

Մի քիչ առաջ մի հաղորդում էր գնում աղանդների մասին: Ի՞նչ է աղանդը: Ես էլ պատասխանում եմ – այն ուսմունքը կամ գաղափարների համակարգը, որ մարդուն մի նեղ խորշ է մտցնում և կտրում ընտանիքից, համայնքից, հայրենիքից և ազգային մշակույթից – աղանդ է: Իմ աչքին աղանդավոր է նաև այն հավատացյալը, որը գրկել է Ս. Գիրքը, և աշխարհում ոչ ճշմարտության այլ աղբյուր, ոչ այլ գեղեցկություն, ոչ էլ այլ մշակույթ և զբաղմունք ճանաչում… Մեր օրերում կան շատ թաքնված աղանդավորական զբաղմունքներ. օրինակ, այն ՀԿ- ները, որոնք վարժվում են գրանտային բառապաշարի յուրացումով և կյանքի հետ որևէ կապ չունեցող ծրագրերի մշակումով… Որոշ երկրներում այդ ՀԿ-ներում աճածները նախարարներ են դառնում…Մեզ մոտ էլ պատահում է...

Բարի գիշեր:

Հեղինակ
02.10.2008, 23:50
Այսօրս` 2 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր օրը պարզ էր – ինչպես կարող է պարզ լինել երևանյան աշնանային օրը – ուրախության արցունքի նման – տաք ու վճիտ: Աշնան արևը փարում է` սիրելի, արևային մարդու նման – այսօր նա տաքացնում է մի քիչ ջարդված մարմինս` ինձ խնամելով, - գիտի, որ կարիք ունեմ:

Առողջագետին հրատարակիչը ուղարկել է գիրքը` վերջնական ուղղման համար, հետն էլ նրբանակատ ակնարկել է, թե չանհանգստանա՞, որ ես իր վերջին նամակին չեմ պատասխանել… Ես մի քիչ ծուլացել եմ, այսօր երրորդ օրն է, նա սպասում է Պայմանագրի վերաբերյալ իմ առաջարկներին… Կատակում ենք` հայտնի հեղինակնե~ր ենք, հրատարակիչները սպասու~մ են… Հայկական տարածքում այսպիսի բան չենք տեսել:

Մի տնօրեն ասում է` առայժմ ձեռնպահ կմնամ “Արշալույսը” վերցնելու հարցում: Ես էլ ասում եմ` ախր պետությունը կարող է շատ ուշացնել, իսկ երեխան ԱՅՍՕՐ արժե որ իմանա` խնձորն ուտել սոված փորին…, ճաշի վրա սառը ջուր չխմել… Գիտելիքի այս մի քանի պատառիկը կարող են հարյուրավոր երեխաներ առողջացնել: Տնօրենս – տղամարդ է – հեռախոսի այն ծայրից անտարբեր մնչում է` թող պետությունը մտածի: Ես այս մեկին գրողի ծոցն եմ ուղարկում և շարունակում եմ “Արշալույս”- ի ճանապարհը բացել… Մեր Քանդակագործը պատրաստ է մինչև Լուսին հասցնել գիրքը, բայց առայժմ յուրացնում է Երևանի համայնքները…

Այսօրվա միջազգային պանորամայից մի զարմանալի եզրահանգման եկա – գրեթե հայտնագործություն… Այն գործիչները, որոնք իրենց կյանքի զարդը և աշխարհի հիմնական արժեքը համարում են “դեմոկրատիան” – ի վերջո դեգրադացվում են: Օրինակը – հետսովետական տարածքի երկու ամերիկյան սածիլները – Յուշչենկոն և Սահակաշվիլին: Սրանցից առաջինը մարտական հերթապահությունից հանել է յոթ հակաօդային պաշտպանության կայանք և շան մսի գնով վաճառել է երկրորդին, նաև իմացել է, թե ինչ նպատակով են դրանք օգտագործվելու: Պարզ է, որ մեր “դեմոկրատները” այս ապրանքի գինը իրար մեջ են խոսել և գործարքը ունի արտաբյուջետային հատված… Էգուց-մյուս օրը վռնդվելու են, իսկ “դեմոկրատական” Ամերիկայում ապրուստը թանկ է:

Ավա~ղ, նույն օրինաչափությունը Հայաստանում է: Չտեսանք գեթ մի հայտնի “դեմոկրատ”-ի, որը չխոնարհվեր հայտնի գույնի հայտնի տարադրամի սելավի առջև: Բայց այսօր մի անգամ եմ Ձենով Օհանի ձենով գոռանք մեր “դեմոկրատների” ականջին – “դեմոկրատիան” ընտրելու ձև է, միջոց է, մեխանիզմ է, հնար է, ճար է – բայց ԸՆՏՐԵԼԻՔ ՉԷ, ՆՊԱՏԱԿ ՉԷ… Նպատակը, “դեմոկրատիներ” ջան, ԿՅԱՆՔՆ Է, ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԸ: Իսկ այդպիսի ԿՅԱՆՔ ստեղծելու գործից, ընտիր հայերենով ասած, դուք բեխաբար եք… Հա~, համաձայն եմ, հաստատենք ժողովրդավարություն, հետն էլ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՍՏԵՆՔ… Օրինակ, ի՞նչ անենք, որ երեխան Խնձորի և Շոկոլադի միջև ընտրություն անելիս` ընտրի Խնձորը…

Ընթերցողս, քեզ հիասքանչ ընտրություն եմ ցանկանում…

Բարի գիշեր:

Հեղինակ
03.10.2008, 23:29
Այսօրս` 3 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Առավոտյան դուրս եկա` վայելելու սկսվող օրը…

Մայթին մի գեղջկուհի վաճառում է այն, ինչն ինքն է հավաքել – ալոճը, մասուրը, ավելուկը… Ճանաչում եմ` Կոտայքի նախալեռների պտւղներն են: Սիրում եմ Գառնին – գյուղը, տաճարը, մարդկանց…Մեր բնիկ Հայրենիքի մի անխառն կղզի է Գառնին: Այսօրվա արևելահայերս մեծավ մասամբ գաղթել-եկել ենք Արևմտյան Հայաստանից: Եվ վաղուց մեզ բնիկ հայ ենք զգում… Բայց սրտիս համար բնիկ Հայաստանն ուրիշ է…

Լոռեցի խանութպանները հարսանիքն արել են, գործի են անցել, և նորից մայթը գրավված է բազմագույն բանջարեղեն-մրգերով: Նորընծա փեսան չկա – տեսնես մեր խանութպանները որտե՞ղ են անցկացնում մեղրամիսը…

Երեք թերթ եմ առնում – հազվադեպ է այսպես լինում – մեկը` խիստ պաշտոնականը, մյուսը` խիստ ընդդիմադիրը, երրորդը սրանց միջև մանևրողը: Պաշտոնականը գրում է` “Հայկական հրաշքի բանաձևը”: Ընդդիմադիրը գրում է` “Ի՞նչ է ասում”: Երրորդը ճարպկամիտ հարց է տալիս` “Անորոշ ներկա… Գեղեցիկ ապագա՞”: Գլխի ընկա՞ք – ՀՀ նախագահի ուղերձին է վերաբերում… Պաշտոնականին ասեմ` առանց էթիկական ինքնամաքրման - հողագործից մինչև նախագահը, առանց հոգևոր-մշակութային ինքնորոշման` ներկա համաշխարհային կայսրությունից – հայկական հրաշքն անհնար է: Ընդդիմադրին ասեմ` քո առաջնորդն ի՞նչ մի նոր բան է ասել, որ այդպես զարմացած հարց ես տալիս. առանց ներկա “ժողովրդավարության” ու “խոսքի ազատության” ախոռները մաքրելու (մի անգամ մեզ այդ ախոռում կապել են, հիմա էլ այնտեղ ենք և ժողովրդավարորեն կվում ենք) – հայկական հրաշքն անհնար է: Իսկ երրորդին ասում եմ – միշտ այդպես ճարպիկ ես, միշտ ուզում ես խելոք գառ լինել և երկու մոր կաթ ուտել – ուրեմն, մեր անորոշ ներկան կարող է պարզվել, եթե մենք սկսենք խմել մի մորից – ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ: Բայց նկատել եմ` ծույլ ես և Ճշմարտության պտուկը չես փնտրում… Իշխանության պտուկն ավելի մոտ է: Իսկ այդպես հայկական հրաշք չի լինի…

Ընթերցողս, միշտ, ամեն օր – ամեն վայրկյան ես հավատում եմ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇՔԻՆ: Այդ ՀՐԱՇՔԻ ակունքը մեր Սրտի, մեր Մշակույթի, մեր Էության մեջ է…Մենք ամեն օր ու ամեն վայրկյան ստանում ենք նրանց ՈՒՂԵՐՁՆԵՐԸ - զորավոր ու ճշմարիտ: Ընթերցողս, ինչու՞ ես յոթ փակի տակն դրել սիրտդ և չես լսում ՈՒՂԵՐՁՆԵՐԸ, որ քեզ հղում են – ոսկե տերևների շրշյունը, հրաչյա մանուկների պահմտոցին, հղի կնոջ ոսկե պտուղը, ծերերի մագաղաթե դեմքերի զվարթ թռչնագրերը… Այս ՈՒՂԵՐՁՆԵՐԸ որ հասկացար` քեզ համար մի երջանիկ երկիր կառուցելն ի՞նչ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
04.10.2008, 23:14
Այսօրս` 4 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Գանձասարի ուրցը… Առողջագետին բերել է իր հիվանդը, և էլի մի քանի չորացրած կանաչիներ: Ես գիտեմ մեր լեռնաշխարհի ուրցը – մանրիկ, ծաղկած, գանգուր խմբերով` արևոտ լանջերին, քարերի-ժայռերի արանքում – կծու, սուր, խիտ է մեր ուրցի հոտը: Իսկ ահա Գանձասարի ուրցը – տերևներըը լայն ու երկար, փարթամ կլինի թարմ բույսը - իսկ հոտը` նուրբ, մեղմ, ազնվական…

Չքնաղ երկիր, Հայոց Արևելյան կողմանց գեղեցիկ Հայրենիք – Արցախ… Ազգերը վերադարձնում են, վերագրավում են իրենց հայրենի կղզիները, որ արբենան նրա հողով ու ջրով, համով ու հոտով, որ նրա միջոցով ավելացնեն կյանքի ավիշը, ապրեն…Բայց զարմանալի եղավ այս դեպքը – հազարավոր զոհերի գնով ազատագրված այս հողից Մայր Երկիրը դեռ չի ստանում կենսական ավիշներ – ես` հողապաշտ ու մրգապաշտ հայս և առողջագետս – ուզում եմ շուկայից առնել ու վայելել Արցախի պտուղները: Ապա վայելել – մշակույթի միջոցներով – նրա բարբառը, բանահյուսությունը, այսօրվա կյանքի պատկերները… Բայց ոչին չկա… Ոչ պտուղ, ոչ բարբառ, ոչ մշակութային կապ… Չէ~, կա-չկա` էլի մեր հայկական ապիկարությունն է սրա պատճառը…

Մշակութային անդրադարձ – երեկ Շուշան Պետրոսյանի համերգ-բենեֆիսն էր` Հանրայինի ուղիղ եթերում: Եթե ուզում եք հասկանալ ինչ մշակութային քաղաքականություն է վարում Հայաստանը, նրա Հանրային հեռուստատեսությունը, ապա նայեք այդ համերգը… Այս արվեստագետը կարող էր բյուրեղանալ, հայ մշակույթի խորքը գնալ, հետազոտել ու երգել… Բայց նա իր դառը հացը առավ Հանրայինի ձեռքից, նա եղավ Ալեքսան Հարությունյանի հակամշակութային սելավի մի մասը – դժվար է ուտել մեր պետականության բռից և չդառնալ նրա հատվածը…Շուշանի համերգը – խեղճ էր, էկլեկտիկ, իբրև բազմաժանր –իրականում խառնածին, որովհետև արվեստի բարձր շունչը լքել էր համերգի տարածքը – այնտեղ միայն զվարճանքն է, ժամանցը, “ուրախ լինելը – ուրախությունը…”

Միջազգային անդրադարձը…, թող ների ընթերցողս, վերաբերում է բրիտանական … առնետներին: Քաղաքակրթությունների իրական պատկերը – նրանց ճակատին չի գրված, այլ նրանց հետնախորշերում: Մեծ Բրիտանիայում առնետների ահռելի աճ է գնում – դժվար է պատկերացնել, որ այդ խնամված ու գոռոզ երկիրը գրոհում են այս կենդանիների հոտերը, որոնք հասնում են բնակարաններ… Այս երկիրը ավետյաց երկիր է առնետների համար, քանի որ բրիտանացին տարեկան տասնյակ միլիոնավոր տոննաներ սնունդ է նետում աղբանոց… Այդ նույն ժամին - միլիոնավոր սովամահ մանուկներ աշխարհում: Նույն ժամին 50 միլիոն կուշտ առնետներ միայն Բրիտանիայում…

Եվ ասում են – մենք պետք է ինտեգրվենք այդ քաղաքակրթությանը …Բայց ինչու՞...
Մեր Թլոր Դավիթը համաձայն չէ~ - Սասնո լեռներից որոտում է նրա ձայնը .- ձեր պապու պառեկ մլի~մ, Հայաստան անտե~ր եք տեսել…

Բարի գիշեր:

Հեղինակ
06.10.2008, 00:04
Այսօրս` 5 հոկտեմբերի 2008 թ., ավարտվում է:

Այս երկու օրս չարաշահեցի սառը ջրով ցայվելու մի սովորությամբ – երբ շատ հոգնած եմ լինում` մեկ դույլ սառը ջուր վայրկյանապես լցնում եմ վրաս, և հոգնածությունը` չկա. – բայց այս անգամ “պատժվեցի” մեջքի ցավով: Տարիներ առաջ էր, մի անգամ էլի ռադիկուլիտը ինձ կորացրել էր – մեր Քանդակագործը վշտացած ասաց. “ Պապ ջան, ի~նչ շուտ ծերացար, մենք վայ թե է~լ լավ չապրենք…” Այսօր հիշում էինք…

Աշխարհում զարմանալի բաներ են կատարվում: Այսօր համաշխարհային լրատվամիջոցները մի ցնցող լուր հաղորդեցին. Մեծ Բրիտանիայում պատրաստվում է օրենք, որի մասին բրիտանացիներին կհայտնի դեկտեմբերին ինքը` Թագուհին. – Օրենքը նախատեսում է ստեղծել համաբրիտանական համակարգ` ձայնագրել բոլոր հեռախոսային խոսակցությունները և կարդալ ու ֆիքսել էլեկտրոնային փոստի բոլոր նամակները: Այս նախագծի վրա ծախսվելու է 12 միլիարդ ֆունտ ստերլինգ: Հըմ… Ահա թե ի~նչ է լինելու անգլո-սաքսոնական վայրի լիբերալիզմի վերջը – համընդհանուր կասկածամտություն և հետապնդում… Ահա ինչ է լինելու ոսկե միլիարդի բարեկեցության և մնացած աշխարհի դեգրեդացիայի քաղաքականության վերջը – ոսկե միլիարդը դեգրադացվում է և ժողովրդագրական, և մշակութային առումներով… Անգլո-սաքսոնական ազատականությունը սպանում է վսեմ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ…

Առավոտյան վաղ REGNUM-ը բացեցի և ահա, ևս մի լուր, որը չի ցնցում, բայց նրա մեջ մի տխուր բան կա… Հռոմի Պապը` Բենեդիտոս XVI-ը սկսեց 140-ժամանոց “Բիբլիական մարաթոնը”: 1 248 կարդացողներ 140 ժամ “Աստվածաշունչ” են կարդալու` Ս. Երուսաղեմյան Խաչի բազիլիկի մոտ` Հռոմում: Կարդացողները ընտրվել են 150 հազար թեկնածուներից… Նրանց մեջ են Իտալիայի նախկին 3 նախագահները, ներկա նախարարներ, Հռոմի քաղաքապետը, հայտնի ռեժիսորներ, լրագրողներ…, ապա` մի քանի կույր, գնչուների երգչախումբը, մի քանի բանտարկյալ… Այսինքն` ամբողջ հանրությունը…
Արևմուտքը և կաթոլիկությունը հավատի ֆենոմենը տանում են դեպի շոու, դեպի ձև ու ցուցամոլություն, դեպի թատերականացում: Եվ ովքե~ր են կարդացողները – ներկա աշխարհի հայտնիները և փառաբանվածները, և նրանց հետ` մի երկու կույր, մի երկու բանտարկյալ… Մինչդեռ մի մոլորակ տնքում է ցավի և երկպառակության մեջ, մինչդեռ մարդը և մարդկային սիրտը բանտված է շոուների, զվարճանքների և երեսպաշտության մեջ, մինչդեռ Մարդը սպասում է ազգերի և կրոնների ինքնամաքրմանը… Մինչև այդ` ուզում եք 140 հազար ժամ էլ “Աստվածաշունչ” կարդանք – ազատագրությունը չի լինելու…

Աշնան տաք օրը ավարտվում է – ռուսական Առաջին ալիքը մի հետաքրքիր հաղորդում ունի – “Անունը` Ռուսաստան” – նայում ենք: Ալեքսանդր Նևսկու մասին է: Լսում եմ… Բարձրացնել որևէ ազգ` առանց նրա Հերոսների, անհնար է: Եվ նորից սրտիս մեջ հնչում է կրթական խնդիրը, մի վաղեմի իղձ – հայ և համամարդկային հերոսներով ներշնչել, բնակեցնել, ապրեցնել մեր կրթությունը: Հայ երեխային և պատանուն ազատագրել ժամանակի հակահերոսներից, ծեծուջարդի ողորմելի “ասպետներից”… Մեր հույսը – մեր հայտնի և անանուն Հերոսները…

Բարի գիշեր:

Հեղինակ
06.10.2008, 23:45
Այսօրս` 6 հոկտեմբերի 2008 թ., ավարտվում է:

Հայտնի ազատական լրագրի մի հոդված ընկավ աչքիս. ՌԴ և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսը անցել է ռուսերեն, ըստ այդմ` խախտվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: Ֆորմալ առումով, ամեն ինչ ճիշտ է – անկախ Հայաստանի արտգործնախարարը ինչու՞ պետք է իր մայրաքաղաքում օտար լեզվով ասուլիս տա... Բայց երբ խնդրի խորքն ես նայում` տեսնում ես մի կոմպլեքսավորված ազգի և նրա տարբեր շերտերի սպեկուլյատիվ դողերոցքը... Ազատական լրագիրս Հայոց լեզվի դարդը չի, այլ այն բանի, որ Ռուսաստանի վերջին հստակ քայլերը տարածաշրջանից դուրս են մղում իր շրջանակի քաղաքական ուժերի պատրոններին... Ասուլիսը եթե անգլերեն լիներ` այդքան չէր գրգռի ազատական ԶԼՄ-ին: Բայց սա էլ չէ ամենակարևորը: Երբ անգլիացի գաղութարարները հեռացան Հնդկաստանից` հնդիկ ժողովուրդը իր կյանքից չվտարեց անգլերենը, այլ ընդհակառակը` տվեց երկրորդ պետական լեզվի կարգավիճակ, յուրացրեց և օգտվեց անգլոսաքսոնական պրագմատիզմից և համաշխարհային կապերից և դարձավ աշխարհի ամենադինամիկ երկրներից մեկը... Ծիծաղելի կլիներ, եթե Անգլիայի հեռանալուց հետո` մի քանի տարի անց, Հնդկաստանի արտգործնախարարը իր անգլացի կոլեգայի հետ ասուլիս տալիս` խոսեր հինդու լեզվով...

Ազատական լրագի~րս, թող պսևդո-հայրենասիրական աքլորությունդ – հայոց լեզվի մասին ես մտածու՞մ – մի լավ հանրահավաք կազմակերպիր Հանրայինի պատերի մոտ, ցնցիր Հ1-ը, որի մի շարք հաղորդումներ անիծում են հայոց լեզվի, մեր մանուկ սերնդի, մեր ապագայի հերը... Գնա դպրոց, մի երկու թեսթ քաշիր, թեսթային ախմախությանը հասու եղիր, որ իմանաս, թե որտեղ է մեր լեզուն ցեխի մեջ ընկնում: Այս Ճամփան որ բռնեցիր` կտեսնես, թե որն է մշակույթի և լեզվի զորացման ուղին... Այն ժամանակ երբ գործես և արդյունք ունենաս` կասես - մեր լեզվին ոչինչ չի սպառնում... Այն ժամանակ կհասկանաս` ԼԵԶՈՒՆ Է ՈՐԵՎԵ ԱԶԳԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔԸ... Եվ երբ այս ամենը դու և խմբագիրդ հասկանաք, և Ռուսաց արտգործնախարարը նորից գա Հայաստան և ասուլիս տա` կասեք – մենք մշակութապես անկախ ու սուվերեն երկիր ենք` թող ասուլիսը ռուսերեն լինի, թող մեր երիտասարդ դիվանագետը լսի այդ մեծ ու հզոր լեզուն...

Հանրային մտային խեղճությունը և կեղծիքը բազմադեմ է... Մի պատգամավոր կպել է, թե Ազգային ժողովի տարածքում մի մատուռ-եկեղեցի կառուցենք, թե ամեն մարդ, նաև պատգամավորը «ադամական մեղքից» հեռու չէ, և եթե մատուռ-եկեղեցին կառուցվի` «մենք կունենանք մի Ազգային ժողով, որտեղ ավելի հաճելի կլինի մտնել...»: Խելքիդ ձյուն գա, պատգամավոր, որ մատուռի և մոմ վառելու մեջ ես տեսնում հայ պետականության ինքնամաքրման և առողջացման հնարավորությունը... Հենց այս պահին որոշեցի այս պատգամավորին որոշ լուսավորչական (ոչ գրիգոր-լուսավորչական) գրականություն ուղարկել... մեր այն գրքերի փաթեթը, որ պայմանականորեն «քաղաքական» ենք կոչում...

Հենց նոր` մի լավ լուր բազմատանջ ու քառատված մի երկրից` Աֆղանստանից – թալիբները և իշխանությունը գաղտնի բանակցություններ են վարել և որոշել են հաշտվել, թալիբներին ընդգրկել քաղաքական համակարգ... Այն ժամանակ յանկիներին և ՆԱՏՕ-ին կարելի կլինի երկրից դուրս «հրավիրել»: Իսկապես, հրաշալի լուր է...

Ընթերցողս, քեզ հրաշալի լուրեր եմ ցանկանում...

Բարի գիշեր:

Հեղինակ
08.10.2008, 00:19
Այսօրս` 7 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր հիշում էի վերջին օրերի “Այսօրներս”, նաև հետևում էի օրվա անցուդարձին ու լրատվությանը, և մի թախիծ ճնշում էր սիրտս. ինչու՞ մարդ իր արարչաընծա օրվա և ժամանակի զգալի մասը պետք է նվիրի այսքան եղծության…Երբ մարտի 1-ով նվաստացված ժողովրդի վերքը փորփրելու համար ԱԺ հանձնաժողովը կանչում է ու՞մ – 2 լղոզված յանկիի – որ խորոված լափեն, տափակ դատողություններ անեն, իրենց յանկիական ներկայությամբ զարդարեն նիկոյանական հանձնաժողովը - և ես մտածում եմ, որ “Այսօրիս” մեջ կգրեմ այդ մասին – բայց ես դա անելով` հանցանք եմ անում արարչածին ժամանակի հանդեպ – քանի որ հայ-ամերիկյան այս եղծությունը ինչու՞ ես պետք է դուրս բերեմ տարածություն… Եվ սիրտս ասում էր ինձ – հեռու~ եղծությունից:

Ընթերցողս, օրվա ավարտը եկավ հաստատելու մտածումս… Եվ ի~նչ հայտնություն – մենք ենք եղծությունը մարդամեջ հանում, կենդանություն տալիս… Բայց ի~նչ եղավ այսօրվա ավարտին` վեր է եղծությանը սովոր մեր երևակայությունից…

Ընթերցողս, գիտես իմ վառ ու անմարելի սերը մեր անփոխարինելի Հանրային հեռուստատեսության նկատմամբ… Այդ սերը ինձ պետք հուշեր` զգույշ լինել Հ1-ի հետ: Բայց… Մի 2-3 շաբաթ առաջ մեզ հետ կապի դուրս եկան հին ծանոթներ` թե հաղորդում է նկարահանվում բուսակերության մասին, մեզանից 7-8 րոպեանոց մի կտոր են ուզում նկարահանել… Այս հեռուստատեսային գործերը մեր Առողջագետն է անում… Եվ միայն տեսնել` ինչ պատասխանատվությամբ: Այս անգամ ես էլ անուղղակի մասնակցեցի այս գործին և մի քանի ժամ համացանցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստաթղթերն էի նորից նայում… Հիրավի, բուսական սննդի առավելությունը և առողջարար ազդեցությունը աստիճանաբար գիտակցվում է: Մեր փորձն էլ այստեղ հսկայական է, ի ուրախություն մեզ` հարմարեցված մեր համայնքի կյանքին – քանզի մի ոսկե միջինով ենք գնում, մարդն ու համայնքը տոն ունեն , հարսանիք ունեն – հո բոլորին բուսակերության թրի տակ չե՞ս քաշի … Խոսքը գնում է` գերակայությունը տալ բուսական սննդին և մանավանդ` մանուկ սերունդը պաշտպանել հին, գենետիկորեն փոխված կենդանական սննդի` ինչքան “համով”, քառակի վտանգավոր սելավից…

Բայց մենք մոռացել էինք, թե ու~մ հետ գործ ունենք … Չկա գրեթե մի թեմա, մի խնդիր, որին Հանրայինը կարողանա դիպչել` առանց հակամշակույթի վարակի տարածման … Մեզ սրան ներկայացնող լրագրողը – Մանուշակ կոչվող – ասել էր, թե հաղորդումը` “Հատուկ ռեպորտաժ”, այս անգամ բուսակերության մասին է – դուրս եկավ էլ Էքստրի~մ, էլ սատանիստնե~ր, էլ յոգա~, էլ չգիտեմ ինչ զահրումար - և այս ամենը իրար խառնած արտակալեքսանյանական պսևդո-էքսպրեսիայի մեջ – առանց գիտելիքի, առանց սիրո, առանց նրբության – պսևդո-զվարճանքի խեղճ ու լպիրշ անգիտությամբ… Եվ այս ամենի մեջ – մեր Առողջագետը` մի նվաղուն նախադասությամբ – 10-15 րոպեի հանգամանալից նրա խոսքից այս շոու-ենիչերմենները այդ մի նախադասությունն էին թողել… Եվ նրան – այդ նվիրված Աշխատավորին տեսանք այդ անպատիվ հաղորդման մեջ…

Բայց մեղավորը մենք էինք – Ճշմարտությունը և Գեղեցկությունը չի կարելի զոռով, ամեն միջոցով առաջ տանել... Այն էլ` այսօրվա Հանրային հեռուստատեսության միջոցով... Պետք է փայփայել Ճշմարտությունը և Գեղեցկությունը, զորացնել, մինչև կգա նրանց օրը …

Բարի գիշեր:

Philosopher
08.10.2008, 11:32
Ես կցանկանայի լսել Արտակ Ալեքսանյանի բացատրությունները:)

Արտակը, ի դեպ, մեր ֆորումի անդամ է, այնպես որ ասելիքի դեպքում դժվարություներ չեն լինի:)

Հեղինակ
08.10.2008, 23:11
Այսօրս` 8 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է…

Օրը և նրա Գեղեցկությունը: Եթե միայն օրվա մեջ լիներ Աշխատանքը, Արվեստը և Բնությունը – Գեղեցկության այս երեք ակունքները - և բոլորի մեջ ներթափանցեր նույն դաշտը –Սերը…

Հարցրեցին Արմեն Ջիգարխանյանին. Ինչպիսի՞ն է նրա աչքին Երևանը, Հայաստանը… Մեծ արտիստը այժմ մի բնական դեր է խաղում – իր կյանքի ամենաիմաստուն ու ամենագեղեցիկ դերը - ինչպիսին պետք է լինի ծերացող ու չծերացող, շնորհներով լի Հայը: Եվ պատասխանում է հարցին. “Դժվարին ու երկար է ճանապարհը դեպի … իրոք Հայաստան”: Իրոք Հայաստան – քերականական և ոճական առումով` մի քիչ ծուռտիկ արտահայտություն է, բայց որքան խորը: Ե՞րբ ենք հասնելու մեր երազների երկիրը` Իրոք Հայաստան …

Ապա ասում է արտիստը. “Դեպի էն շատ բարձր գեղեցկությունը”: Ահա թե ինչն ենք կորցրել: Աշխատանքի ու սոցիալական ձգտումների, պայքարների ու բախումների մեջ կորցրել են ձգտումը դեպի էն շատ բարձր Գեղեցկությունը”: Լռեինք, փակեինք մեր աչքերը, մոռանայինք ունայն բախումները… Եվ ձգտեինք տեսնել` ի՞նչ է ուզում մեր սիրտը, որտե՞ղ է Գեղեցկությունը…

Գեղեցկությունը – մշակույթի երեք ճյուղերի մեջ` արվեստի, կրոնի և գիտության: Եվ Կյանքի մեջ: Գիտության մեջ էլ է գեղեցկություն պետք – անորսալի, իռացիոնալ, զգացմունքային: Քիմիայի գծով Նոբելյան մրցանակակիր են դարձել երեք ամերիկացիներ` մեդուզայի մարմնում հայտնաբերված կանաչ լուսավորվող սպիտակուցների հայտնագործման և կիրառման համար – սրանք օգնում են առավել շուտ հայտնաբերել քաղցկեղի բջիջները: Նոբելյան Մրցանակ` նյութի հերթական արտահայտությունը հայտնաբերելու համար… Որտե՞ղ է այստեղ Գեղեցկությունը… Մինչդեռ Ոգու անսպառ էներգիան սպասում է իր ճանաչմանը…

Գեղեցկությունը Կյանքի մեջ… Աֆղան երեխաներ են` փոշու մեջ, խրճիթների առջև կանգնած: Մի մանկան ձեռքերի մատները ցանի մեջ կորած են, նա տենդորեն քորում է վերքերը: Ծանր սնկային ախտահարում է… Երեխաների դեմքերին փոշի, վերքեր, արցունքներ… Ի՞նչ են անում այստեղ, այս աղքատ ու տառապյալ երկրում քաղաքակիրթ ինգլիզը, ֆրանկը, յանկին… Նրանց ինքնաթիռները, տանկերը, ռումբերը… Որտե՞ղ է այստեղ Գեղեցկությունը:

Մարդկային ուղեղը իր օրվա գործն է անում - իր փնտրումը, շահը, նպատակը… Բայց հոգին սրանց հետ գործ չունի: Նա առանց դադարի, գիշեր ու ցերեկ միայն մի հարց է տալիս. ՈՐՏԵ՞Ղ Է ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ…

Բարի գիշեր:

Հեղինակ
09.10.2008, 23:04
Այսօրս` 9 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է…

Այսօր-երեկ մի երկու ցնցող լուր ստացանք մեր մոլորակի Արևմտյան Կողմանց երկրներից: Ընթերցողս, իհարկե, դրանք ցնցող են եղել իմ համար, բայց քեզ եմ թողնում ցնցվել-չցնցվելու ընտրությունը…

Պարզվում է` համաշխարհային ֆինանսական ճգնաժամը խիստ ազդել է անգլիական բանկային մակլերների վրա. նրանք սկսել են ավելի հաճախ եկեղեցի գնալ, մոմ վառել… Մի քանիսը հայտարարել են, որ արդեն մտածում են, թե աշխարհում փողից բացի ուրիշ բաներ էլ կան: “Եվրանյուսի” կին հաղորդավարը` իր փափուկ-կրծքային, խորհրդավոր ձայնով հաղորդում էր այս չտեսնված լուրը – բրիտանացին սկսել է մտածել, թե աշխարհւմ ուրիշ բանե~ր էլ կան, - ա~յ քեզ նորություն…Տեսնես ի՞նչ է այդ ուրիշ բանը…

Մի անսովոր և զարմանալի միտք է ծագել ամերիկացիների մոտ. – տեսնելով աշխարհի վիճակը և մոլորակի վրա կախված ոչնչացման վտանգը` ամերիկացիները առաջարկել են` մարդկության լավագույն ստեղծագործությունները և մարդու ԴՆԹ-ի կառուցվածքի բանաձևերը տեղադրել CD-դիսկերի վրա և հանել միջմոլորակային կայան, որպեսզի դրանք պահպանվեն ապագայի համար: Դե~ մեկ էլ տեսար երկիրը կործանվեց, և դիսկի վրա կմնան մարդկության ստեղծած արժեքները:

Այս ամենը կլիներ շատ ծիծաղելի, եթե միայն չլիներ այսքան խեղճ ու անգետ: Արևմտյան երևակայությունը, Արևմուտքի մարդը չի էլ կասկածում, որ այն ամենը, ինչ նյութականորեն ստեղծված է մեր մոլորակի վրա – ամեն ինչ` քարից սկսած մինչև մարդը` իր բարձր բանականությամբ, ունի իր անտեսանելի կրկնակը` մատրիցան նուրբ–էներգետիկ տարածքում: Եվ եթե, Աստված չանի, նույնիսկ մոլորակը ֆիզիկապես կործանվի, ապա մարդկությունը – ամբողջ մարդկությունը` իր բոլոր անհատներով, մնալու է որպես ապրող, մտածող ու սիրող ամբողջություն, բայց նուրբ – էներգետիկ չափման մեջ: Եվ ԴՆԹ-ի բանաձևն էլ կարիք չկա գրել դիսկի վրա, քանի որ այն կա քվանտային դաշտում:

Հիշում եք` կարծեմ մի անգամ գրել եմ. “Արշալույս” ձեռնարկում կա մի զրույց` “Հայրենիքների ժողովը”: Հավաքվում են մոլորակի հայրենիքները` Կապուտաչյա, Շեղաչյա, Սևաչյա, Հրաչյա… և մյուս հայրենիքները և ժողով են անում` թե ի՞նչ է լինելու այս աշխարհի վերջը, ի՞նչ անեն, որ ազատվեն Վիշապից… Խոսքը առաջինը վերցնում է Կապուտաչյա հայրենիքը … Վերջը որոշում են այս աշխարհի կարգը փոխել և նոր արդար կարգ հաստատել: Այս զրույցի մի հերոսը` Կապուտաչյա Հայրենիքը` Ռուսաստանն է, որ առաջինն է խոսք վերցնում… Մնացածը` երևակայեք, թե ովքեր են: Եվ ահա, այս օրերին Ռուսաստանի նախագահը, չնայելով Ամերիկայի և Եվրոպայի դեմքին ու դիրքին, առաջարկում է նոր աշխարհակարգի ստեղծման ու միաբևեռ աշխարհակարգի լուծարման իր ծրագիրը: Եվ պատկերացրեք` մեր մի քիչ խորամանկ, բարեհամբույր, նրբաճաշակ Նիկոլա Սարկոզին Եվրոպայի կողմից տալիս է իր համաձայնությունը: Հետն էլ ժպիտով, մի քիչ ամոթ–զամոթ ասում է. մի պայմանով` ԱՄՆ-ը մերն դաշնակիցն է և պետք է մասնակցի ապագա բանակցություններին: Մի խոսքով` Կապուտաչյա հայրենիքը կարևոր գործ է սկսել… Մեր ազատական- արևմտամետ խավին խնդրանք ունեմ` այս առիթով սուգ չհայտարարել, այլ ուշադիր հետևել իրադարձություններին: Հրաչյա մեր հայրենիքը` Հայաստանը, այդ իրադարձություններով դեպի նոր ապագա է գնում:

Հա~, խոսք բացվեց մեր ազատական-արևմտամետ խավից… Մեր հայտնի Ազատական Լրագրողը շարունակում է իր լրագրային վեպը… Աշխարհի “հակառակ կողմից” եկել է իր հայրենի իր քաղաքը, հասել մանկություն… Մեր աչքի առջև իր “ազատությամբ” զարմացած գրագետը մտել է հակագեղագիտության պղտոր ջրերի մեջ, քանզի առանց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ գիտելիքի և էթիկայի` ի՞նչ կարող է տալ մարդուն և երկրին ազատության սուռոգատը` ժամանակակից ազատականությունը – նրա վայրի հակամշակույթը, վայրի տնտեսությունը, վայրի հարաբերությունները… Դառն է լինելու մեր ազատական-արևմտամետ խավի արթնացումը…

Բարի գիշեր:

Հեղինակ
11.10.2008, 08:40
Այսօրս` 10 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է…

Այսօրս սկսվեց մի հաճելի իրողությամբ… Երեկ մի դպրոցի տնօրենի տարել էինք “Արշալույսի” մեկ օրինակ: Այսօր զանգահարեց և խնդրեց…53 օրինակ` “”դասղեկի ժամ” դասի համար: Այդքան չունեինք, ուղարկեցի ավելի քիչ քանակ: Բայց կարևորը այս խնդրանքի մոտիվն էր – առաջին անգամ հայ մանկավարժը ճանաչեց ձեռնարկի դաստիարակչական լիցքը: Շնորհակալ եմ:

Մի պաշտոնյա կա` հայտնի մի կազմակերպության փոխնախագահը: Մեր քաղցրիկ սովետական շրջանից` պատրուս արած նոր իրականության ծառի վրա – դեմքը խոշոր, ճակատը լայն, կնճիռները խորը - ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ գիտի, նույնիսկ Բլավատսկայայի “Գաղտնի դոկտրինան” է կարդացել… “Արշալույսը” դեմը դրեցինք, թե` նախ ռուսահայ սփյուռք հասցնել` երեխաները կարդան և հայերենը չմոռանան, ապա ռուսերեն թարգմանել և հարատարակել: Գլուխը շորորեց, գրեթե համաձայնվեց… և ոչինչ չարեց: Գնացել էի գրքերի փաթեթը հետ վերցնելու, ափսո~ս` չհանդիպեցի: Այդ վարչական մումիայից դժվար է մտքի շարժ ու գործուն քայլ ակնկալել…

Տերյանի վրա էի, առավոտյան օրը զնգում էր… Առա երկու լրագիր և հին սովորությամբ` դեմքով ու ակնոցներով խրվեցի սրանց էջերի մեջ. - երբ քսան րոպե անց աչքս բացեցի` աշխարհը չքնաղ էր, կանաչը` խիտ զմրուխտի գույնի, Տերյանը գլուխը ողբերգականորեն հակել էր ձախ ուսին, քիչ հեռվում լճակի ջուրը կոհակվում էր: Եվ այնքան ափսոսեցի, որ քսան րոպե կորցրել եմ և ականջս կախել եմ լրագրերի բամբասանքին: Երևանը զուսպ ցնծում էր - մի գաղտնի ուրախությամբ…

Շարունակվում է մեր չքնաղ քաղաքակրթության դեգրադացիան, ուղակի մեր աչքի առջև: Պատկերացնու՞մ եք` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն ասում է` թալիբների դիմադրությունը շարունակվում է, հարկավոր է մեծացնել ռազմական ծախսերը, ուժեղացնել պայքարը նարկոբիզնեսի դեմ… Կարծես չի էլ լսել, որ թալիբները և իշխանությունը բանակցում են, ուզում են պատերազմին վերջ տալ: Չէ~, աֆղան ժողովուրդը պետք է միավորվի և իր հողից դուրս վռնդի այդ զինված ու մեծամիտ ամբոխըը…

Իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակը գիտեք ու՞մ է շնորհվել – դժվա~ր է պատկերացնել – ֆինլանդիայի նախկին պրեզիդենտ Մարտի Ահտիսաարիին … Սա այն մարդն է, որը ծրագիր մշակեց` Կոսովոն անջատել Սերբիայից և անկախացնել: Սա վերջին հարյուրամյակում Եվրոպայում իրականացված, թերևս, էթիկապես` ամենացածր, քաղաքականապես` ստոր ծրագիրն է, որի դժնի շնչով այրվեցին և հողին հավասարվեցին Կոսովոյի ուղղափառ տաճարները, մայր հողից դուրս վտարվեց բնիկ սերբ բնակչությունը և եկվոր տարրը` ալբանացիները` որպես մեծամասնություն, հռչակեցին անկախություն: Որպեսզի հայոց ծույլ քաղաքական մտքին պարզ լինի այս իրավիճակը – մոդելավորենք օրինակի վրա.- ասենք` Զանգեզուրում թուրք տարրը քանակով այնքան մեծանար, որ գերազանցեր հայերին, ապա ՆԱՏՕ-ի և այլոց օգնությամբ ստեղծեր “Զանգեզուրի ադրբեջանական հանրապետություն” և անկախություն հռչակեր: Եվ այրվեին, քանդվեին Տաթևի վանքը, Նորավանքը, Գնդեվանքը… Այսպիսի մի “ծրագիր” կազմողին մենք պետք է հետապնդեինք և կիսայրվող մարխով այրեինք նրա ծեր, լպիրշ աչքերը: Որ չտեսներ իրեն շնորհված Նոբելյան մրցանակը…Եթե ոչ ուղղակի, այլ քաղաքական իմաստով...
Այս պրիմիտիվ զուգահեռը բերում եմ նրանց համար, ովքեր Կոսովոյի անկախության նախադեպով ուզում են հասնել Ղարաբաղի անկախությանը: Ո~չ, հայ հոգին չի կարող այդչափ ստոր լինել, որ չհասկանա տարբերությունը: Ալբան տարրը ինքորոշվել է սերբական բռնազավթված և անպատվված տարածքի վրա, սերբ մշակույթի մոխիրների վրա - ուրեմն ` ո~չ Կոսովոյի անկախությանը, ուրեմն` ո~չ Ահտիսաարիի նոբելյան մրցանակին, ո~չ` զառամյալ Եվրոպայի քաղաքական ստորությանը:

Ընթերցողս, ինչ էլ լինի` աշնան օրը մաքուր էր, արևը ցոլում էր և բյուրեղյա օդը զուսպ ցնծում էր Երևանում…

Բարի գիշեր:

Հ.Գ Ուշացման պատճառը` ինտերնետ չկար:

Հեղինակ
11.10.2008, 23:39
Այսօրս` 11 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է…

Չէ, հաստատ ծուլացել եմ: Այսօր ոչ մի տող չեմ գրել- գրեթե ոչ մի գործ առաջ չեմ տարել: Բայց … ապրել եմ: Ո՞վ է ասել, որ ապրելը… գործ չի:

Կեսօրին Առողջագետի հետ դուրս եկանք - մասնակցել էր մի դասագրքի ստեղծմանը, գնում էր հրատակաչություն հոնորարն ստանալու: Ես էլ ցանկացա ուղեկցել – շուկա էլ կմտնեմ: Երեկ ընտանքիով գլուխ էինք կոտրում – տեսնես ինչքա՞ն է լինելու հոնորարը, բայց այդպես էլ չէինք գուշակել հրատարակչի…քայլը: Հայաստանում ո՞վ է հեղինակին փող տալիս… Այս հրատարակիչը տալիս է:

Առողջագետից բաժանվում եմ և նեղ նրբանցքով գնում եմ դեպի Կոմիտասի շուկա: Ահա այս նեղ տեղով, սառցապատ աստիճաններով երկու տարի անցել ենք,- որքա~ն դժվարին օրեր. իսկ այսօր արդեն մի պտուղ ենք ստանալու մեր ոգորման դիմաց:

Մտնում եմ շուկա: Գեներիս մեջ շուկայական ուժեղ տարր կա - հարազատներիցս մեկը` նախկին կոլխոզ և սև շուկաների հայտնի կարտոֆիլ վերավաճառողն է եղել: Կոլխոզ-շուկան` ներկա “Ռոսիայի” տեղում. նեղ շարքեր, խառն ամբոխ, ծիծակի և քյաբաբի հոտը: Այստեղ, "Սև Շուկայում", իմ հարազատը թագավոր է եղել և ախտահարել է իր լյարդը: Նրա հաջորդներից` ես, ճիշտ հակառակ նպատակն ունեմ, շուկայից առողջություն եմ տանում սիրելիներիս – հավեսով սակարկում եմ, սիրում եմ միրգ- բանջարեղենի կարմիր գույնը - զվարթութոյւն է տալիս կյանքին:

Եվ ընդհանրապես` գեներիս հետ բավականին լուջ երկխոսություն ունեմ – Մայր բնությունը հոգացել է, որ ճակատ տալու շատ տեղ ունենամ: Մայրական կողմից – ալաշկերտյան ժառանգությունից ստացել եմ տղամարդկային խելք – ինտելեկտը չարաշահելու և կյանքը չորացնելու` շատ վտանգավոր հատկանիշը: Առողջագետը եղավ անկատար գեներիս պոլիգոնը, որտեղ փորձարկում և նրա քնքուշ օգնությամբ հաղթահարում եմ կնճիռները: Բայց և գեներիս շնորհակալ եմ - առանց նրանց` որքան բան կմնար չզգացված, չհասկացված...

Տոհմումս մի պրոֆեսոր ունենք – նորմալ գիտնական է. այս մեկն էլ դրված է, որ հասկանամ – այդ ու՞ր ես գնում, փառատենչ հոգի, սոցիալական ձգտումներիդ մեջ` ինչքա՞ն բարձր ու վսեմ բաներ ես ոտքի տակ տալու… Եվ կարո՞ղ ես հասնել մի հանգրվանի, երբ չկա ոչ մի ձգտում – և այդ “զրոյական” կետում հանկարծ կտեսնես Կյանքի Գեղեցկությունը…

Վերադառնում եմ տուն. բակում երեխաները խաղում են, մի աղջնակ գոչում է` “Ես Սիրուշո~ն եմ”: Եթե ուզում ես մի մանուկ սերունդ կրթել – ապա ստեղծիր նախ նրա հերոսներին: Մեր կյանքը ապահերոսնում է, բայց գալու է հերոսների ժամանակը…

Առողջագետը վերադառնում է: Մեզ համար նոր է գրի ու գրքի միջոցով հաց վաստակելը, չկա ավելի քաղցր հաց աշխարում… Հայ գրագետի անմեղ հպարտությունը խոսում է մեջս:

Երեկո է: Մերոնք այս երկում օրը մի քիչ ծաղրում են իմ վիպասիրությունը. թե` գործերը թողել` վեպ ես կարդում… “Խաղաղ Դոնը” - երբ գրում եմ այս տողերը` մեծ գեղագետը կարծես հարցնում է` գիտե՞ս, զգու՞մ ես, ճանաչու՞մ ես քո կյանքը, մարդու և ազգի կյանքը, որ գրիչ ես վերցրել ձեռքիդ: Օրվա ավարտին Չարենցն է - մի սքանչելի բանաստեղծություն ունի` նվիրված Իզաբելլային: Ահա ավարտը…

Երկու գալիք ասպետ հայի,
Հարս ես սնում արդեն դու պարզ,
Երկու չքնաղ նաիրյան հարս ,-
Օ, պրինցուհի` դեմքով նայիվ…

Ռոնդոյի ռիթմով բանաստեղծությունը լցնում է աշխարհը: Չարենցը, ուշ Չարենցը, ողբերգական Չարենցը: Կենսալի Չարենցը:

Բարի գիշեր:

Հեղինակ
12.10.2008, 23:41
Այսօրս` 12 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է…

Ի՞նչ կա-չկա աշխարհում… Համայնապատկերը շատ լայն է – ինչի՞ն ուղղեմ “Այսօրիս” ճառագայթը…

Ավտոաղետում զոհվեց Ավստրիայի հայտնի քաղաքական գործիչ Յորգ Հայդերը: Նա ազգայնական էր, Արևմուտքում նրան ուլտրա-աջ էին անվանում … Հայտնի էր նաև նրանով, որ համակրում էր գերմանական ֆաշիզմին: Ի՞նչ է ազգայնականությունը, ո՞վ է ազգայնականը: Նա, ով իր երկրի սարքի ու կարգի հիմքում ցանկանում է դնել ազգի ոգին, մշակույթը և ավանդույթները: Արևմուտքի նյարդը բթացած է, նա կամ չի հասկանում, կամ մերժում է ազգայնականությունը, քանի որ այն իբրև հիշեցնում է ֆաշիզմը: Իրապես, ֆաշիզմը վարկաբեկեց ազգայնականությունը: Բայց ֆաշիզմին Գերմանիայում փոխարինեց էթիկապես բութ, լղոզված, միայն նյութական շահին ձգտող քրիստոնյա–դեմոկրատականությունը: Զոհված Հայդերը ևս սահմանափակություն ուներ, երբ ասում էր. Ռուսաստանը ինչու՞ է մասնակցում Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնատին, Ռուսաստանը ի՞նչ գործ ունի Եվրոպայի հետ: Մյուս կողմից, Հայդերը ձգտում էր ավստրիական գյուղական տնտեսության զարգացման, մշակույթի զարգացման, նա իր մեջ կրում էր ազգայնական գաղափարախոսության շատ առողջ տարրեր… Ափսո~ս Հայդերին, ցավակցությու~ն Ավստրիայի ժողովրդին:

Հայ ազգայնականությունը. – Նժդեհի և Հայկ Ասատրյանի ումունքը հնարավորություն է տալիս լինել բարձր, լինել լայն, հեռանալ նեղ ազգայնական կարծրատիպներից, սիրել աշխարհը և ազգերը և ազգային մշակույթի միջոցով վերակերտել հայ կյանքը:

Իսկ ահա, հակառակ բևեռում հայ ազատականությունն է… Սա այս օրերին նման է մի կատվի, որին ոնց էլ գցես` ոտքի վրա է կանգնում: Համաշխարհային գերազատական տնտեսության փուչիկը աչքի առջև փսկում է, հայտնի գերտերության նեղճակատ նախագահը շփոթված է և ինչ-որ մարդասիրական սենտեցիաներ է արտաբերում` այդ նույն ժամին շարունակում է ագրեսիան և բռնադատում է մի քանի երկիր: Մեր աչքի առջև համաշխարհային ազատականության սիրելի որդին – հարավկովկասյան մեր դուրսպրծուկը իր անփառունակ օրերն է ապրում… Բայց մեր գլխավոր ազատական լրագրի համար այս ամենը` հեչ, և այսօր գրում է` “Ակումբը էլ գրավիչ չէ”: Եվ “ակումբ” անվանում է ԱՊՀ գագաթաժողովը, մեր ազատական լրագրի սիրտը ՆԱՏՕ է քաշում, Եվրամիություն… Գլուխդ պատով ես տվել, ազատական լրագի~ր, ԱՊՀ-ն էթիկապես ու մշակութապես ավելի բարձր է, քան քո մտքի մեջ եղածները… Իսկ Հավաքական Անվտանգության կազմակերպությունը Հայաստանի վահանն է հնարավոր ագրեսիայի դեմ…

Այս օրերին մեր վարչապետը Ամերիկայում է, վաղը Համաշխարհային բանկի և Միջազգային Արժութային հիմնադրամի տարեկան հավաքն է,- մեր վարչապետն այնտեղ տանու մարդ է… ՀԲ և ՄԱՀ-ը Հայաստանին դիֆերամբներ են կարդում: Է~լ չկարդան, մեր վերնախավի հետ նրանց հարաբերություններն ավելի սերտ են, քան որևէ մեկ այլ երկրի … ՄԱՀ-ն էր հուշել մեր ԿԲ-ին, վերնախավին, այսօրվա վարչապետին` դոլարի արժեզրկման տեմպը արհեստականորեն արագացնել և հայ պանդուխտների վաստակած 200-300 միլիոն դոլարը միասին գրպանել: Հիմա իրար դիֆերամբներ են ձոնում…

Մահացավ լատվիական մեծ դերասանուհի Վիա Արտմանեն: Նրա լայն, վեհ ճակատը, ջերմ – անհունորեն մեծ – ժպտացող աչքերը, անսահման, անքեն մարդասիրությունը չեն թողնի մեզ: Հեռանում են մի շատ զարմանալի, շատ հակասական, շատ պտղաբեր, հանճարաշատ մի քաղաքակրթության, մի պատմական շրջանի վերջին դեմքերը… Գնացել է մեր Հրանտ Մաթևոսյանը, հեռացավ Չինգիզ Այթմատովը… Անտերանու՞մ է մեր մոլորակը, թախի՞ծն է նստում մեր սրտերի վրա… Ովքե՞ր են թարգմանելու մեր արցունքները:
Խոնարհու~մ Վիա Արտմանեի հիշատակին…

Արևը սպասվում է Արևելքից… Լուսաբացից առաջ մութը թանձրանում է…

Բարի գիշեր:

Հեղինակ
13.10.2008, 23:14
Այսօրս` 13 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է…

Այսօր առավոտյան դուրս եկա, երևանյան մի դպրոց պետք է գնայի և տեսա`


Պատկերներ Երևանից

Մի պարսիկ զույգ է գնում. պարսկուհին երիտասարդ է, բարեկազմ, սև կիսավերարկուն չի կարողանում թաքցնել տիրուհու վստահությունը, իսկ գլխաշորը չի զսպում մազերը: Տղամարդը ևս երիտասարդ է – բայց ճաղատության ճանապարհին է - մի քիչ առջևից է գնում, իսկ աղջիկը` մի կես քայլ հետևից: Հետևեցի - այդ տարածությունը չէին խախտում: Պարսիկ կինը չի շտապում հավասարվել տղամարդուն: Հայ կինն էլ չի շտապում: Հազարամյակները ճնշել են նրանց հոգին: Ե՞րբ պետք է հավասարավեն տղամարդուն… Ե՞րբ պետք է մասնակցեն աշխարհի կառուցմանը: Ապա զգույշ ու հաստատ գոնե կես քայլ առաջ անցնեն: Այն ժամանա~կ…

Մտնում եմ դպրոց, պատերին “Մահ իմացյալ …” պաստառն է: Ֆիդայիններ… Նաև, ո~վ զարմանք, “Առողջ ապրելակերպ” պատի թերթ – նիհարիկ, անվստահ բովանդակություն… Մուտքի դռնից մինչև տնօրենի սենյակը քսան մետր է, այդ վայրկյանների մեջ` կայծակում է միտքը. “Ինչպե՞ս և ինչո՞վ նորոգենք հայ դպրոցի ՄԻՋԱՆՑՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ”: Ահռելի մանկավարժական խնդիր է սա – ովքե՞ր են մեր Հերոսները, ովքեր են մեր Ուսուցիչները: Ովքե՞ր են կրում ապագայի հունտը: Ովքե՞ր կարող են հսկել ու լցնել ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ:

Վերադարձի ճանապարհին եմ, սպասում եմ երթուղայինին: Կանգառի մոտ կրպակ է – տիրուհին` սնիկերսների և շաքարաքլորների թագուհին, զրուցում է մի հաճախորդ-բարեկամուհու հետ. “Աղջկաս օրգանիզմի դիմադրողականությունը ընկել է…, բժիշկներն ասում են…” Ես գիտեմ, թե ինչ են ասում բժիշկները. կնշանակեն վիտամինների շարքերը, բայց առավոտյան մի ուրցով թեյ չեն տա մեր կրպակի տիրուհու դստերը:

Երևանի այս թաղամաս-գյուղում եզդիներ շատ կան - ահա երթուղային նստեց մի կին. ոսկե կլոր ականջօղերով - մի ժամանակ հայ գեղջուկ կանայք նույն գինդերն էին հագնում: Լաչակի տակ է առել ալեխառն մազերը, մի քանի լղարիկ վարս դուրս են թռել քունքերի մոտից. աջ թևին ոսկե “բիլազուկն” է – աչքերը խեղճ են ու տխուր` մայր ոչխարի աչքերի պես – տեսնես քանի՞ երեխա է ծնել: Գիտեմ, ուրախության ժամին այս եզդի գեղջկուհին հիանալի գովնդ կպարի. քրդի երգը - լեռները խոսում են Աստծո հետ – էպիկական թռիչքների երգն է սա: Կոմիտասը իր բեռլինյան թեզը քուրդ երաժշտության մասին է ներկայացրել… Կանգառ է, լեռների դուստրը իջավ Մալաթիայի շուկայի մոտ և խեղճ-խեղճ կորավ քաղաքակիրթ ամբոխի մեջ…

Հայուհին – շուրթերը մի քիչ հաստ են ու խռովկան. նստել է ուղիղ` այնտեղ, որտեղ մի քիչ առաջ եզիդուհին էր նստած – նուրբ գործվածքի տակից թրթռում է լանջը, աչքերն ուղղված են դեպի հեռու, այն կողմը, ուր Արագած լեռն է: Ինչի՞ մասին է մտածում հայուհին: Վարորդի մագնիտաֆոնը մղկտում է` “Ո՞վ սիրեց ինձնից ավել, սիրելի~ս”, իսկ երեկոյան այս հայուհին կլսի Արամեի պրիմիտիվ - քեֆչի շեշտադրությամբ երգը և կտեսնի Շպռոտի բաց-կրեմագույն, բովանդակությամբ լի ժպիտը: Հայուհիս, ի՞նչ կա մեջդ, ի՞նչ ես երգում, ի՞նչ ես զգում - պատասխան չկա… Իմ իջնելու ժամանակն է…

Այսօր զանգեց հայտնի ահաբեկչի հայրը – մտավորական մարդ է, երկար տարիներ ճանաչում էի, երկրացի ենք,- անունը չգիտեի, “երկրացի” էի կոչում: Մի երկու-երեք տարի առաջ պարզվեց, որ նա նույն ինքն է: Զավակները ցմահ նստած են – ինքը` մենակ, լքված, հիվանդ… Ողբերգական ազգ, որ իր մարդկանց բաժանում է երկու տեսակի` հայրենասերներ ու դավաճաններ… Հարյուր, թե երկու հարյուր տարի է – հազար, թե երկու հազար տարի է` “հայրենասերները” վճիռ են հանում և ժամանակ առ ժամանակ զարկում են “դավաճաններին”… Ե՞րբ կլիներ` ՄԱՐԴ լինեինք - լիարժեք, լիիրավ, լիարյուն – չլինեինք ոչ “հայրենասեր”, ոչ “դավաճան”: Ձանձրացրել է այս խեղճ-հայկական երկհազարամյա դասակարգումը:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.10.2008, 00:10
Այսօրս` 14 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր Առողջագետի հետ խոսում էինք հայոց կյանքից ու ճակատագրից, մշակույթից, Թումանյանից ու նրա Անխելք մարդուց ու Ձախորդ Փանոսից: Եվ այդպես`


Մի հայկական միֆի մասին

Լավ գիտեք Թումանյանի “Թմկաբերդի առումը” պոեմը: Իսահակյանն այն անվանել է “գոհարակերտ բարձունք”, որից դենը չի անցել մեր բանաստեղծությունը: Այս պոեմով ստեղծվել ու ապրում է մի հայկական միֆ. Շահի ուղարկած աշուղը երգում է նրա սերը, պատմում փառքի ու հարստության մասին և գրավում է Թմկա մատաղ տիրուհու սիրտը… Եվ չքնաղ իշխանուհին հաղթահարում է դավաճան գործի խորին ամոթը և ընտրում արքայական փառքի ու մեծության հասնելու մի ցածր ուղի. նա Շահին է հանձնում Թմուկ բերդը…

Ի՞նչ կլիներ , եթե Թմկա տիրուհին չգայթակղվեր և չհանձներ հայրենի բերդը: Եթե չլիներ այս միֆը, միգուցե ուրիշ լիներ մեր պատմության ընթացքը: Ժողովուրդն էլ կին է - ուզում է լավ ապրել, փառքի ու հարստության մեջ լինել – խնամել իր մարմինը, մազերը հինա դնել, աչքերին սուրմա քաշել, արևելյան գորգերի վրա քայլել, ճենապակյա գավաթով օշարակ ըմպել…

Այդպես էլ եղավ մեզ հետ 1990-ականներին – այդպիսի փառահեղ հաղթանակ զինական պայքարում, այդպիսի միասնություն մեր զորական ուժի և իր ծնող Ազգի - վաղուց, շատ վաղուց չէինք տեսել: Եվ քնեցինք հաղթանակի դափնիների վրա: Աշխարհակարգը – Շահը – չէ~, այս անգամ` Արևմտից Թագավորը, ուղարկեց իր աշուղներին – չէ~, այս անգամ` իր տրուբադուրներին, որ երգեցին Աշխարհակարգի փառքը և անհուն հարստությունը… Եվ մինչև հաղթանակած Ազգը - Թաթուլը քնած էր իր հերոսների հետ – ժողովուրդ-կինը, այդ ագահ գեղեցկուհին բացեց մեր երկրի սահմանները…

Մնացածը հայտնի է … Սևաչյա մատնիչը տրվել է Շահի - Արևմտից Թագավորի ողորմածությանը: Հայրենի բերդի կյանքում - սկսած աղբյուրի ջրից, առվից ու դաշտից, թղթից ու գրչից մինչև հացն ու ջուրը, թելն ու ասեղը, բահն ու հողը - ամեն ինչ Շահի ձեռքին է: Աշուղները դեռևս շարունակում են նրա գովքը, որ սևաչյա մատնիչը ուշքի չգա, միշտ մնա հմայված ու տրված… Հայրենի հերոսները, նրանց սիրտը, աշխատանքը, ավյունը գրեթե սպանված են, անպատված, անարթուն…

Ընթերցողս, լսու՞մ ես արդյոք Շահի Աշուղների երգերը, դու էլ սևաչյա մատնիչ քո ժողովրդի մի հատվածն ես, մասն ես - նրա զավակն ես: Որտե՞ղ են Ժողովրդիդ անպատված հերոսները: Մատնի~չ սևաչյա - հայ ժողովուրդ, ե՞րբ է դավաճանության հրեղեն ամոթը այրելու դեմքդ…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.10.2008, 23:14
Այսօրս` 15 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր մեր Philosopher-ի ծննդյան օրն է…
Մարգարյանի ծննդատուն, 1982թ: Նստած եմ ծննդատան բակի նստարանին – արևը ջերմացնում է, ճիշտ այսօրվա նման: Գնել եմ բոլոր թերթերը – “Правда”, “Известия”, “Խորհրդային Հայաստան”... Այն ժամանակ ծննդատները բերդի էին նման – մեկը` բանալին ձեռքին, պաշտպանում էր մուտքը, անհնար էր ներս թափանցել: Մի երկու անգամ զանգեցի բաժանմունք, մեր մայրիկի ձայնը աղճատված էր` ցավից…

Ժամերն անցնում են, երեկոյան ուղիղ յոթին ինձ կանչում են: Ընդունարանի նախասրահում – երկու տարբեր անկյուններում, երկու սանիտարկա են կանգնած – սպիտակ, արժանապատիվ …թումբաններով, և անքթիթ, լուրջ նայում են ինձ: Սրանք լուր բերողներն են, սա մի առանձին պաշտոն էր, և ամեն հերթափոխի հայտնի էր, թե ով է լուրը տանելու: Մի անգամ էլ ճշտեցին, թե ով եմ, որ ծննդկանի ամուսինն եմ…և մեկը` անկիրք, անժպիտ ասում է.
- Տղա ես ունեցել:
Ես պոռթկում եմ.
- Ա~յ տնաշեն, մի քիչ ժպտա~, երեսդ զվարթացրու~, աչքալուսանք տու~ր, ինչ ես թթված-թթված…, - ասում եմ, զայրացած ու …երջանիկ` իր բաժին թղթադրամը խալաթի գրպանն եմ խցկում… Ծնվեց Հայկս:

Այն տարիներին մի սովորություն կար. մարդիկ երեկոները հարազատներով հանդիպում էին, ուտում-խմում էին, և հիմնական խոսակցության նյութը նույնն էր – էս Սովետը ե՞րբ է փոխվելու, գոնե լուցկու գինը փոխվի – էստեղ էլ նույնը, Վլադիվաստոկում էլ… Եվ գանգատվում էինք… Հայկը լսում էր ու ասում. – “Էս երկիրը փոխեիք` նոր մեզ ունենայիք…”: Ի՞նչ իմանայինք – առանց… իրեն` դժվար կլինի երկիր փոխել:

Երեկվա “Այսօրս” ավարտել էի, կարդում էինք, - Հայկը արագ, ոտքի վրա … գրախոսեց ““Թմկաբերդի առումը” պոեմ-միֆը, նաև իմ մեկնաբանությունը: Եվ ասաց. “Սևաչյա մատնիչը չէր մեղավորը, այլ Թաթուլը, որ հարբել էր…” Այո~, և Թումանյանը, և ես` նրա հետնորդը – գիտակացաբար, թե անգիտակացաբար, միֆական ողբերգության բեռը դնում ենք կնոջ ուսերին: Մինչդեռ մեր անկումների պատճառը – մեր անսթափության մեջ է, մենք արբում ենք հատկապես մեծ ու փոքր հաղթանակների ժամին, որն ամենավտանգավոր ժամն է: Ահա այդ ժամին – նյութը, նյութականը, մատերիան, մայրը, կինը, կանացին … անտերանում են և կարող են ընկնել…

Երևանը – երեկոյի շորի մեջ, մայրական-կանացի խաղաղությամբ, գեղանի էր… Պահպանել, սիրել, խնամել Երևանի կանացի գեղեցկությունը… Եվ քնի մեջ անգամ` արթուն լինել…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.10.2008, 23:31
Այսօրս` 16 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Ցերեկն ու գիշերը, արևն ու լուսինը…
Ուրախությունը և թախիծը: Թռիչքն ու անկումը:

Այսօր օրս ամպոտ էր… Երեկվա ուրախությունից հետո սիրտս երևի “հանգստանում էր”: Թախիծը գալիս է այն ժամին, երբ հոգին կարծում է, թե ինքը մենակ է, առանձին, չսիրված…Միամի~տ հոգի, նա չգիտի, որ ինքը երբե~ք մենակ չէ, երբե~ք առանձին չէ և միշտ… սիրվա~ծ է: Նա ուղղակի կարող է չիմանալ, թե Ով է իրեն սիրում …

Ուրախությունը գալիս է այն գիտակցության ժամին, երբ մարդն իր սրտի հետ է, իր էության տերը, երբ ինքն է դառնում իր լուսարարը – այդ լուսեղենը մենակության հոգս չունի – նրա հետ է աշխարհը, տիեզերքը, Արարիչը … Այդ ուրախությունը մարդկայնանում է, երբ համապարփակ Սերը մարմնավորվում է, և մի ձեռք` դողացող մատներով – կրքի, նվիրումի, ինքնաձուլումի հրայրքով բռնում է նրա ձեռքը… Բացարձակ, անպարագիծ Ուրախությունը կարող ես ճմլել մատներով և տանել շուրթերիդ…

Թախիծը պատրանք է, իսկ Ուրախությունը – բացարձակ է…

Այսպես էի մտածում, և, այնուհանդերձ, օրը թախծոտ էր… Թախծի ժամին երբեմն խրոխտանում եմ` թե այսօր էլ կստեղծագործեմ, գործերս կանեմ… Բայց իզուր է – մինչև չփայլի Սիրելուս ժպիտը, մինչև էներգիայի փայլփլուն վտակը նորից չկապի մեզ – չեմ կարող ոչինչ ստեղծել – Նա իմ բոլոր թռիչքների համահեղինակն է: Իսկ թախիծս և անկումներս մի հեղինակ ունեն - որ ես եմ…

Սակայն ինչ հրաշալի է Բնության Օրենքը – եթե չլիներ Գիշերը` ինչպե՞ս կարող էինք տեսնել ու գնահատել վաղ Լուսաբացի ցողոտ Ուրախությունը… Եթե չլինեին իմ Թախիծները, ինչպե՞ս կարող էի զգալ Ուրախությունը վերագտնելու կարոտը…

Ընթերցողս, ցանկանում եմ, որ հաղթահարես Բնության Օրենքը և միշտ… ուրախ լինես: Եթե միայն չկարոտես թախծին…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.10.2008, 23:34
Այսօրս` 17 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Հայաստան աշխարհս …

Կոնսերվատորիայի մոտի այգով հրատարակչություն եմ գնում: Մայթեզրի երկար աթոռին մի զույգ է նստած – բայց ոչ իրար կողքի` ինչպես լինում է, այլ… հեծել են աթոռին, իրար դիմաց, իրար են նայում ու խոսում: Թխլիկ, նիհարիկ, արևոտ են ձիավորները – տղամարդու և կնոջ հավերժական զրույցն են անում:

Հրատարակչությունից հետ գալիս – Մաշտոց-Իսահակյան խաչմերուկում մի քանի անուշ աղջիկ են կանգնած – ինձ են պարզում մի թուղթ. այսօրվա հանրահավաքի թռուցիկն է: Պայքարի ստրատեգիայի մասին է լինելու խոսքը… Չգիտեմ ինչ են ասելու, բայց ես պայքարի մի ստրատեգիա գիտեմ – Հայաստանին անհրաժեշտ է հոգևոր-մշակութային հեղափոխություն, Գիտակցության ու Սիրո մի նոր բարձունքի նվաճում… Մնացած “ստրատեգիաները” – քաղաքական տակտիկաներ են երևի…

“Հայի տուն” - երգում է Արսեն Գրիգորյանը – Մրոն: Պայծառ ու մաքսանենգ Մրո, ոնց ես հաջողացրել` “Երգի պետական թատրոն” կոչվող` հայ մշակույթը եղծանող կառույց մտնել, “Հայ երգասացներ” դպրոց հիմնել և այսօր Հանրայինի փողերով բենեֆիս անել…ուղիղ եթերում: Դրվատում եմ պայծառ մաքսանենգությունդ – հայ երգը բոլոր միջոցներով պետք է ասպարեզ հանել, նույնիսկ Հանրայինի միջոցով:

Հա~, Հանրայինը … Հիշու՞մ եք, չէ՞, Բրիտանիայից եկել էին Բի-Բի-Սի-ի մասնագետները, մոնիթորինգ էին անում, մեր Հանրայինի քեֆն ու հալը, ծրագիրն ու եկամուտն էին նայում… Հետ են գնացել և նորից վերադարձել են, այս անգամ` զեկույցով… Եվ ինչ են ասում. մեր Հանրայինը լավ բիզնես կառույց է - վերջին մեկ տարում` եկամուտներն երկու անգամ աճել են: Մեր Հանրայինը հիմնականում ցուցադրում է ժամանցային-զվարճալի ծրագրեր: Չէ, այսպես չի լինի,- ասում են բրիտանացիները,- հանրային բովանդակության ծրագրերը պետք է շատացնել: Եվ որ ամեն ինչ լավ լինի` Բի-Բի-Սի-ի մի քանի մասնագետ են ուղարկելու, որ ստուգեն, աշխատեն, սովորեցնեն…

Ինչպես չասես. Ա~յ Բի-Բի-Սի, քո քաղաքակրթությունը բոլոր ուղղություններով, բոլոր կարերից պատռվում է – բացի լրատվության անգլոսաքսոնական նարկոմանիայից – դու ի՞նչ ես բերում աշխարհին և ի՞նչ ես տալու մեր թշվառ Հանրային հեռուստատեսությանը. Քաչալ ես – գնա գլխիդ ճարն արա, մենք մեր պաշտելի Հանրայինի հարցը կամաց-կամաց կլուծենք…

Հա, քիչ էր մնում մոռանայի - կոմեդիանտ Ֆելիքսը Հ1-ից կամաց քոչում է մշակութային ալիք “Արարատ” և այսօր մի “ինտելեկտուալ” խաղ էր վարում… Մինչև ուշքի գանք - մի քանի ամսում մշակությաին ալիքը կդառնա հակամշակութային…

Բայց այսօր մեր օրն է - Մրոն հայ բնիկ երգի-պարի ծաղկաքաղ է անում – դահլիճը, Հանրայինը, աշխարհը, բոլոր շնչավոր և անշունչ առարկաները… պարում են:

Բարի գիշեր:

Հեղինակ
18.10.2008, 23:14
Այսօրս` 18 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Առավոտյան ինձ զարմացրեց մի անսպասելի դիտարկում: Երբ արթնանում եմ` անմիջապես համացանց եմ մտնում - միշտ հետաքրքիր է` քանի՞ մարդ է կարդացել “Այսօրս” գիշերվա ընթացքում: Այդ թիվը գրեթե մշտական է` ունեմ ընթերցողների մի անտեսնելի խումբ, որին շնորհակալ եմ:

Ընթերցողս, առավոտյան քեզ վհատված տեսա… “Այսօրս” ընդամենը մեկ տասնյակ մարդ էր կարդացել, - դու գրեթե չէիր եկել այդ վիրտուալ հանդիպմանը: Հասկանում եմ` ինչու~: Բայց ի՞նչ կա վհատելու… Կյանքը` այդ զարմանալի բեմադրիչը երբեք չի սխալվում: Ամեն պահի ամեն ինչ կատարյալ է…

Ազգ-համայնքի կոլեկտիվ ենթագիտակցականը, - այնտեղ է այս Մեծ Հավաքական Անհատի բոլոր թաքնված զգացումները, բոլոր իղձերը և նպատակները: Եվ ահա` Շարժումը փաստում է – այդ Մեծ Հոգին անհանգիստ է, ուզում է ազատվել կապանքերից, ապրել, ստեղծել, երջանիկ լինել: Այս Մեծ Հոգու Ներքին Էներգիան ալիք է տալիս, հասնում է անհատ մարդու, մարդկային խմբերի գիտակցությանը: Եվ ի՞նչ` էներգիան դառնում է քաղաքական շահերի գումար… Բայց քաղաքական շահերը շատ հեռու են լինում Մեծ Հավաքական Անհատի – ժողովրդի հոգու իրական իղձերից:

ԸՆթերցողս, մի վհատի~ր, ամենակարևորը` Ժողովրդի Հոգին որոշում է ընդունել` ՓՈԽԵԼ ԻՐ ԿՅԱՆՔԸ: Այս հզոր, ենթագիտակցական, հրաբխային ցանկությունը մեր քաղաքական թարգմանիչները այսպես են թարգմանել` ժողովուրդն ուզում է փոխել իշխանությունը: Ընթերցողս, սա անորակ թարգմանություն է և հետևանք է հոգե-լեզվական անգիտության: Քաղաքական ուժերը չգիտեն ժողովրդի լեզուն: Ժողովուրդը ևս – թող ներվի ինձ հանդգնությունս – ինքն էլ մի հավաքական ծույլ է և ջանք չի անում հասկանալ իր Հոգու Լեզուն:

Եվ այսպես` ժողովրդի սիրտը ասում է. ՓՈԽԵ~Ք ԻՄ ԿՅԱՆՔԸ: Ընթերցողս, ասենք` թարգմանիչը դու ես: Այս պահանջ – խնդրանքը դու ինչպե՞ս ես հասկանում: Դու ինչպե՞ս ես ցանկանում փոխել ՔՈ ԿՅԱՆՔԸ: Դու եղիր թարգմանիչը և մեզ համար թարգմանիր այդ զարմանալի ցանկությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.10.2008, 23:16
Այսօրս` 19 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօրս խաղաղ էր – սիրով ու մտածումներով լեցուն: Ընթերցողս, քեզ հետ էի խոսում մտքիս մեջ…

Եվ ասում էի.- Ընթերցողս, ուրեմն Ի՞ՆՉԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ: Եվ զարմացա~ծ, զարմացա~ծ լսում էի պատասխանդ – մի քիչ երերուն, մի քիչ անվստահ – դժվար է ազատվել էլեկտրականացված կարծրատիպերից: Եվ պատասխանդ էր` պետք է ՓՈԽԵԼ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:

Ապա ասում էի. - Ընթերցողս, եթե փոխվի մեր գիտակացությունը, Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ: Հնչում էր պատասխանդ.- Եթե փոխվի մեր գիտակցությունը, ապա նրա հետ կփոխվի ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, կնորանա ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ… Կփոխվի ԱՄԵՆ ԻՆՉ:

Ես զարմացած մնացի քո պատասխանից: Դա թռիչք է: Դա իմ երևակայության արդյունքը չէ: Դա քո սրտի աշխատանքն է: Եվ որպեսզի վստահանամ լսածիս մեջ` հարցրեցի, - Եթե փոխվի մեր երկրի իշխանությունը, ապա դրա հետ ի՞նչը կփոխվի… Եվ լսում եմ պատասխանդ.- ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ…

Շնորհակալ եմ, ընթերցողս, դու հասար հիմնական եզրահանգման: Ուրեմն` “վշտանալու կամ լալու պատճառ չիք…” Ուրեմն կա մի “ստրատեգիա”, մի “տակատիկա”, մի որոշում, մի միտք, մի իղձ, մի նպատակ – լինել Նոր Մարդ, ունենալ Նոր Գիտակցություն, ստեղծել Նոր Կյանք:

Ընթերցողս, հիմա կհարցնես` ինչպե՞ս հասնել այդ նպատակին: Հը~մ… Հարցիդ պատասխանը կարող ես փնտրել տերևի նրբակերտ կանաչի, ծիծեռնակի թռիչքի, մանկան ժպիտի, օրորոցային երգի ելևեջի մեջ: Ամենուր: Հարցդ հազար պատասխան ունի – Կյանքն է պատասխանողը: Իսկ եթե ինձ ես հարցնում, ապա ասեմ. այսօր մի ժողովրդական երգ էի դնդնում քթիս տակ.

Էրթանք Ստամբոլ,
Բերինք ջուխտըմ սոլ,
Ես ու իմ յարը
Հագնինք դորե-դոր:

Գիտե՞ք եղանակը, երգե~ք ինձ հետ: Մեր պանդուխտ իղձերի հեռավոր, երազային քաղաքները: Հագնենք մեր երազային “սոլերը”, մեր լեռան կատարին մի ճերմակ ապարանք մեզ է սպասում… Իսկ դրսում` Երևանում, սքանչելի աշնան երեկո է, կյանքը զնգում է…

Գեղեցկության այս ժամին – մենք արդեն Նոր Մարդ ենք…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.10.2008, 23:57
Այսօրս` 20 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօրս այն օրերից էր, երբ հոգիս չէր ցանկանում որևէ արտաքին գործի դիպչել - ցանկանում էի միայն մի մեծ սրտի հենվել, նրա հետ մտածել և զգալ:

Օրերս գրքերն էի կարգի բերում, և ձեռքս ընկավ Ուսուցիչ Օմրաամ Միքայել Այվանհովի գրքերից մեկը – “Մտքի ուժերը”: Այս Ուսուցիչը ազգությամբ բուլղարացի է, ուսուցիչ Պյոտոր Դոնովի աշակերտը , բայց ապրել և ստեղծագործել է Ֆրանսիսայում: Զարմանալիորեն հասկանալի, խաղաղ, իմաստուն, խորաթափանց Ուսուցիչ է Այվանհովը: Նրա ստեղծագործությունները ծփում են Լույսի և Գիտելիքի ալիքներով: Այս Ուսուցչին կարդալով` կարելի է հասկանալ “քրիստոնեություն” հասկացության ամենաբարձր ու խոր մեկնությունը:

Առավոտյան մի քանի սպիտակ թուղթ կարեցի իրար, գրիչն առա ձեռքս և անցա “Մտքի ուժերը” գրքի “մշակմանը”… Հրաշալի է այդ զգացումը - ամբողջովին հանձնվել Ուսուցչի իմաստությանը: Ահա մի հատված գրքից.
“Աշակերտի գլխավոր որակները - նա միշտ գիտակից է և յուրաքանչյուր պահի գիտի իր մեջ հոսող մտքերի բնույթը – հենց որ անցնում է մի բացասական միտք կամ զգացում` նա այդ իսկ ակնթարթին նրանց կանգնեցնում է, փոխարինում կամ վերափոխում: Ահավասիկ` ամենաառաջին աշխատանքը - տիրել, ուղղել և կարգադրել այն ամենը, ինչ ընթանում է ձեր մեջ: Երբեք թույլ չտալ որևէ ներքին իրադարձության, հոգեբանական ֆենոմենի, զգացման` իրականանալ ձեր մեջ` առանց ձեր գիտակցության մասնակցության”:

Սակայն որքա~ն քաոս, անպետք մտքերի քանի~ երամներ, որքա~ն քինախնդրություն` այսօրվա մարդու գլխի մեջ: Որքա~ն անպետք ու խառն ինֆորմացիա – այսօրվա տեղեկատվական հասարակության մեջ: Դաժանության և ատելության ինչքան պատկերներ – որ հորդում են այսօրվա հեռուստաալիքներից…

Այսօր մի քանի ալիքներով ցույց տվեցին մի երևույթ, որ դժվար է միանշանակ գնահատել. Գերմանիայի մայրաքաղաքը` Բեռլինը, այս օրերին շքեղորեն լուսավորել են - պողոտաները, ծառերի շարքերը, զբոսայգիները ծփում են հեքիաթային լույսերի մեջ: Հարստության և ճոխության մի շքահանդես էր դա: Մտածում ես` է~հ, ի՞նչ կա որ` հարուստ են և կարող են - թող լուսավորեն իրենց մայրաքաղաքը: Բայց, մյուս կողմից` այդ ահռելի արտաքին լուսավորությունը զուգորդվում է արևմտյան մարդու ներքին անլուսավորության, մենակության, ապամշակութացման և հավատի խեղճության հետ: Իրականում` արտաքին շքեղությունն ու լույսը միայն ձգտում են ծածկել ներքին խավարը և անհուսությունը:

Այս օրերին մի ներքին վհատություն կա հայ հանրության մի մասի մեջ: Եվ պատճառը մեկն է – երբ լույսը փնտրում ես արտաքին հանգամանքների – մարդու, քաղաքականության և այլնի մեջ, ապա հանգամանքների բերումով կարող ես կորցնել լույսի զգացումը… Մինչդեռ կա Աղբյուր, որից մշտապես լույս է բխում…
Սա է ասում Ուսուցիչը:

Բարի գիշեր:

Հեղինակ
21.10.2008, 23:47
Այսօրս` 21 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Աշնան զնգուն, մաքուր, տաք օր էր: Երկիրն ապրում էր իր կյանքով…

Կեսօրին մոտեցա թերթերի կրպակին, մի երկու` հակադիր ուղղության թերթ պետք է գնեի. “ՀԺ”-ն չէր սպառվել, բայց “Իրավունքը” սպառվել էր: Հը~մ, հետաքրքիր է, մինչև այժմ հակառակն էր:

Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան: Ռուսաստանի երիտասարդ լիդերը լուրջ, ընդունակ աշխատավոր է, հարգանք է ներշնչում: Իհարկե, աշխարհայացքային ընդլայնումը շարունակվում է: Ռուսաստանը քաղաքակրթական լիարժեք շրջադարձ դեռևս չի արել, գործում են դեռևս “միջազգային չափանիշները”… Բայց արթնությունը զգացվում է… Լավ է, որ մերոնց “քոմփլիմենթարիզմը” համը չի հանել, ՌԴ –ի հետ հարաբերությունները չեն տուժել: Բայց չեմ թաքցնի` սրտիս մեջ անհանգստություն կա. Ղարաբաղի խնդիրը լուծելիս վտանգ կա, որ ռուս -թուրքական դարավոր “սիրախաղերը” կարող են մեր հաշվին ռեցիդիվ տալ: Բայց միանշանակորեն Հայաստանը և Ռուսաստանը քաղաքակրթական համախոհներ են - և խոսքը առավելապես պետությունների մասին չէ, այլ ժողովուրդների ու մշակույթների:

Հայաստանի կյանքը… Ընդդիմադիր թերթը խնդությամբ գրում է. “Ընտրվել է գեներալի որդին”: Եթե գեներալը Առաջին նախագահի ճամբարի՞ց է, ուրեմն` նա և իր որդին պաշտելի՞ են: Կամազ-ային գեներալը իր կերպարով ոչինչ չի ավելացրել հայոց քաղաքական լանդշաֆտին, նայում ես որդու լուսանկարին և հոգիդ չի խնդում…Կամազ-ային քաղաքակրթությունը ծաղկում է, իսկ ընդդիմադիր թերթը ցնծում է…

Ընդդիմադիր լրագրողը, որ եղել է “աշխարհի հակառակ կողմում” հարցնում է ` ինչու՞ է Էդինբուրգի օդակայանը այդքան փառահեղ, իսկ Բիշքեկի օդակայանը այդքան խեղճ: Ու տաս անգամ տարբեր շեշտերով կրկնում է այս հարցը: Վերջն էլ` հիացմունքից ծնկները դողալով, հարցնում է` ինչու՞ ես քեզ այդքան պաշտպանված զգում էդինբուգի օդակայանում: Հա~, Ազատական լրագրող, այդպես կարծի~ր, դու եղել ու մնում ես արևմտյան գաղութարարների երգիչը… Իսկ Կրգզստանի լեռները, Իսսիկ-Կուլը, Այթմատովի գրականությունը, Բիշքեկը, կրգզական յուրթերը էթիկապես ավելի բարձր են, պաշտպանված են, քան Լոնդոնը, Էդինբուրգը, Վինձորի դղյակը…

Հայաստանի մշակույթը … “32 ատամը” Հ1-ից քոչում է “Շանթ”… Շնորհավորում եմ, այս ալիքի ստեղծագործական դիմագիծը կամբողջանա… Հենց նոր “Շանթով” կրիմինալ սերիալի հերթկան ֆիլմն էր: Հայկական կրիմինալ: Մի տեսնեիք ինչ լեզվական կրթություն էին տալիս մեր մանուկ սերնդին ու երիտասարդությանը: Մարդ հպարտությունից ուզում է …լաց լինել:


Բարի գիշեր:

Հեղինակ
22.10.2008, 23:54
Այսօրս` 22 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Մի հարևան ունեինք - նույն բարձրահարկ շենքում էինք ապրում: Այս մարդը հայրենասեր էր – բարձրահասակ, գլուխը մեծ, ճակատը լայն, աչքերը նայում էին վերամբարձ ու հրամայական – հայրենասեր ճանաչված մարդը էլ ինչպե՞ս կարող էր նայել աշխարհին: Հայրենասիրությունը նրա զբաղմունքն էր, մասնակցում էր Գրողների միության, այլ մտավոր խմբերի կազմակերպած միջոցառումներին, գիտեր բոլոր վերջին նորությունները, թե ԿԳԲ-ն ինչ քայլեր է նախատեսում հայրենասերների դեմ և այլն: Մնացած գործերի մեջ – ճիշտ ասած այս մարդը լուրջ գործ էլ չուներ – պսեվդո-արհմիութենական ղեկավար էր և մի կատարյալ միջակություն, - բայց հայրենասեր լինելու կոչումը պսակում էր նրա բարձր ճակատը և ինքնագնահատականի կռվանն էր:

Հայրենասիրություն – հայ մարդու հազվադեպ թռիչքների և ավելի հաճախ` անկումների և ինքնախաբեության դաշտը:

Հայրենիք, դու ո՞վ ես, ի՞նչ ես, ինչի՞ համար ես ստեղծվել: Անկասկած, Արարիչը քեզ ստեղծել է նրա համար, որ դու խնամես քո զավակներին - լեզու տաս, երգ ու պար տաս, ուրախություն ու կյանք տաս: Բայց հայրենասիրություն կոչվող երևույթն ասում է, թե դու ստեղծված ես նրա համար, որ քո զավակները քեզ պաշտեն, սիրեն, ծառայեն և քեզ համար զոհվեն… Բայց ուզում եմ այսօր հարցնել քեզ - դու արժանի՞ ես…

Հայրենիք, ես քեզ սիրելու ու ծառայելու շատ դաժան դպրոց եմ անցել, - ինչքան սիրել եմ քեզ - քո անգո ամբողջությունը, քո միֆը - այնքան ամեն օր, գրեթե ամեն մարդու ու դիպվածի միջոցով, դու ծանր կախվել ես իմ պարանոցից ու կասեցրել ես թռիչքս: Երբ ցանկացել եմ հանդիպել քո դեսպաններին - և հանդիպել եմ, նրանց մեջ – հազարից մեկի մեջ չեմ տեսել այն վսեմ գեղեցկությունը, որ իբրև ունես… Այնքան է եղել, երբ մի մարդու կոչել եմ` “ազգային հարստություն”, “ազգային արժեք”, “հայ մարդ”, նույնիսկ` “ուսուցիչ”, - որոշ ժամանակ անց տեսել եմ նրա ստոր անկումն ու ցածրությունը: Հայրենիք, որտե՞ղ են քո վսեմ դեսպանները:

Հայրենիք, դու ստեղծված ես մարդու հոգին խնամելու, բարձրացնելու, ծաղկեցնելու համար: Դու միջոց ես, միջավայր ես, լծակ ես – մարդկային հոգու ծաղկման: ՄԱՐԴՆ ավելի բարձր է, քան Հայրենիքը: ՄԱՐԴԸ ՀԱՎԵՐԺ է, նա Տիեզերքի ճամփորդն է, նա ԱՍՏՎԱԾ էլ կարող է դառնալ… Իսկ հայրենիքները ստեղծվում են Մարդու զարգացման համար և ինչ որ ժամանակ անց` կարող են լուծվել պատմության ալիքներում…

Հայրենիք, այս տողերը գրում եմ, որպեսզի ազատվեմ քո և անգետ զավակներիդ, քո միֆական ու հիվանդ պատմության ստեղծած պատրանքներից, քո հին ու նոր կեղծիքներից… Ես ուզում եմ ազատագրվել հատկապես քո ԱՅՍՕՐՎԱ պատրանքներից, քո կերպարի համապարփակ ու կեղծ դիմակներից… Որպեսզի կարողանամ նորից սիրել քեզ: Եվ նորից - իմ հաճույքի և ուրախության համար – նորից ՍՏԵՂԾԵԼ ՔԵԶ:

Բարի գիշեր:

Հեղինակ
23.10.2008, 23:07
Այսօրս` 23 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Երեկվա “Այսօրս” հանգիստ չէր տալիս – այնպես, ինչպես անհանգիստ է լինում մարդու սիրտը, որը կշտամբել է իր մորը…

Հայրենիքն էլ կին է, մայր է… Նա իր գեղեցկութան ու փառքի մեջ է լինում, երբ նրա զավակներից` տղամարդկային կեսը խնամում է նրան, կնոջն ու մորը արժանի պատիվներ տալիս: Հայրենիք, ենթագիտակցության խորքերից ինձ հասավ քո կշտամբանքը… Ես չեմ խնամել քեզ, դու ինձ տվել ես քո լավագույն դուստրը – ես նրան չեմ խնամել, ես քո կանացիութունը չեմ երկրպագել, ես քո ուրախությունը չեմ ավելացրել… Եվ դրանով – մասնակից եմ եղել քո հիվանդություններին ու քո անկմանը: Ես ավելացրել եմ դառնությունը այս դժվարին երկրում… Եվ հանդգնորեն դեռ հարցնում եմ` թե արժանի՞ ես արդյոք զավակներիդ սիրուն և անձնազոհությանը…

Հայրենիք, ենթագիտակցությունս ինձ հասցրեց և մյուս կշտամբանքդ – դու հիշեցրեցիր, որ ինձ տվել ես կյանքի լավագույն պարգևները – դրանք եղել են զարմանալի պարգևներ – անձի, համայնքի, ազգի ներշնչված կյանքի, լիառատ ջրի, շենշող ուրախության օրեր և տարիներ – մամռոտ քարերդ և վանքերիդ բարձրաթռիչ կամարներիդ մեջ տեսել եմ վսեմ ինքնությունդ - և այսօր համարձակվում եմ հարցնել, թե ո՞վ ես դու… Մայրս, սիրասունս – ինչպե՞ս հանդգնեցի…

Եվ այսօր – ճանապարհների այս տագնապալի հանգույցում կանգնած – հարց եմ տալիս ինքս ինձ – ինչպե՞ս միաժամանակ լինել և հոգու վսեմ ազատության մեջ` ազատ քեզանից, աշխարհից, Արարչից – ձեր ծնած պատրանքներից, որոնց հեղինակները սակայն մարդիկ են, - և միաժամանակ լինել քաղցրորեն անազատ` փարած քեզ, աշխարհին, Արարչին… Եվ այն ժամանակ կտեսնեի քո լույսն ու ստվերը – միաժամանակ - և նոր օրերի քո կերպարին մի նրբագիծ գուցե ավելացնեի…

Դու լսում ես հարցս և մայրական մեղմությամբ պատասխանում ես` Արևելքի իմաստուններից մեկի անմահ բառերով` “Սիրի~ր, և ամեն ինչ կստացվի…”

Բարի գիշեր:

Հեղինակ
24.10.2008, 23:36
Այսօրս` 24 հոկտեմբերի 2008թ., ավարտվել է:

Ընթերցողս, առավոտյան կարդացի “Այսօրս” – միջազգային քաղաքականության մասին մի երկու նրբագիծ էի արել: Կարդացի և հասկացա, որ քաղաքականությունը ԿԵՆԴԱՆԻ ԿՅԱՆՔԻ սուռոգատն է – կյանք չէ, ուրախություն չէ… Զգացի, որ քաղաքականությունը փչացնում է “Այսօրիս” էջերը… Եվ որոշեցի ջնջել այդ էջը:
Չպետք է ափսոսալ – հեռացնել այն ամենը, ինչ դժգունացնում կամ սպանում է կյանքը… Թողնել այն, ինչի մեջ արև կա, սեր կա…

Բարի առավոտ:

Black Orchid
25.10.2008, 16:09
Ընթերցողս, առավոտյան կարդացի “Այսօրս” – ...… Եվ որոշեցի ջնջել այդ էջը:
Սրանից հետո պիտի անպայման գիշերը կարդամ, նոր քնեմ:sad:...



Չպետք է ափսոսալ – հեռացնել այն ամենը, ինչ դժգունացնում կամ սպանում է կյանքը… Թողնել այն, ինչի մեջ արև կա, սեր կա…
:yes::love

Հեղինակ
25.10.2008, 22:47
Այսօրս` 25 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Կեսօրին մոտ է, Առողջագետիս հետ քայլում ենք աշնան միջով: Կանաչ պարիսպներ ստեղծող մի բույս կա, տեսել եք – սրա տերևները կարմրում են մի զարմանալի թնդությամբ, ի վերջո` կատաղի բորդո երանգ ստանում և ցփնվում են ճանապարհիդ. - աշնան կրակների վրա դնում ես սառը կոշիկներդ և գնում ես…

Երեկոյանում է. օրն անսպասելի տաք էր: Վաղարշյան մի մայթից անցնում եմ մյուսը. Ճանապարհս խաչում և դեմովս անցնում է 16-17 տարեկան նորահասը – երեխայորեն դեռ գիրուկ է` շատ կաթ կերած եղջերվի ձագի նման, դեմքը սպիտակ-լիքը, մի աչքը մի քիչ շիլ է, բայց նայում է ուղիղ - և թրթռուն մտնում է քաղաքային մայթերի թավուտները:

Մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ Մուսլիմ Մագոմաևը: Այս թուրք-ազերի արտիստը Առնո Բաբաջանյանի երգերի լավագույն կատարողներից էր: Եթե կար խորհրդային մշակութային ազնվականություն, ապա նա այդ խավից էր: Մուսլիմը համարվում էր էստրադային երգիչ – բայց ի՞նչ էստրադային - նա Երգիչ էր: Խորհրդային էստրադան արվեստի տեսակ էր… Նա էն մեծ երկրի խորհրդանիշներից էր - իր մեջ կրում էր ազգային և մշակութային փոխհարստացման իդեալը: Հարգանք մեծ արտիստի հիշատակին և անքեն ցավակցություն հարևան ժողովրդին:

Մեր հայրենի մշակութային դաշտից: “32-ատամը” արդեն “Շանթում” է և այսօր էկրանից ապացուցում էր, որ “Տափակություն կոչվում է այն հարթությունը, որի բոլոր կետերը 1 մմ անգամ չեն բարձրանում ընդհանուր ողորմելի մակերեսից”: Իսկ երեկ Հայկոյի բենեֆիսն էր Հ1-ով… Հայկոն նորից ապացուցեց, որ մեր երկրում կարելի է երգիչ կոչվել` առանց ձայն ունենալու: Սրա մասին շատ եմ գրում “Այսօրիս” մեջ – անմահացնում եմ այս խեղճ Հերոստրատին, որն իր նվաղուն ձայնի փոքրիկ լեզվակով հրդեհի է մատնում հայրենի երգի տաճարը:

Այսօր մշակութային ալիքով անմահ ժապավենն էր - “Մենք ենք, մեր սարերը”… Այս ֆիլմը և համանուն վիպակը ապացույց են այն մեծ ճշմարտության, որ մեծ գեղարվեստը ծնվում է ոչ թե ցնցող սյուժեի տիտանական ամպլիտուդներով, այլ մարդկային հոգու, համայնքի կյանքի նրբին բառակերտումով: Հրանտը - հայ գեղջուկ սրտի ծմակուտյան-տիեզերական լայնությունների հետազոտողը: “Տաշքենդ” վիպակը կարդացե՞լ եք, հիմա կարծեմ ուրիշ անուն ունի.- հրատարակման պահին ձեռքս էր ընկել ամսագրային տարբերակը – մինչև այժմ նրա լեզուն, գեղջուկի հոգեբանության հազարածալ խորքերը մնացել են հիշողությանս մեջ:

Գիշերանում է… Նայում եմ բակին: Լուսարձակի լույսերի մեջ ծառերի տերևները բացարձակ անշարժ են – ուշ և խաղաղ աշուն է: Բայց երեխաների արևային պարսը դեռ բզզում է մեր բակում և հավաքում է կյանքի մեղրը: Ընթերցողս, այս տողերով և նախնյաց ծեսով` շուրթերիդ եմ քսում այդ մեղրը: Որ աշունդ քաղցր լինի…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.10.2008, 22:56
Այսօրս` 26 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Բարդ օր էր: Հազվադեպ է լինում, որ ուզենամ օրն արագ անցնի: Սովորաբար վայելում եմ րոպեն – սրտիս` այդ պահի զգացումի լիակատար ըմբոշխումով: Եվ քաղցրությունը ծագում է ոչ անպայման բարձր մտածումներից, այլ կյանքի այն փոքր տարրերից, նրբերանգներից, որոնց մեջ կյանքի նկարն է… Բայց այսօր դրանք չէի նկատում, ուզում էի, որ օրն արագ հեռանա…

Դուրս եկա, անձրևը մանրիկ մաղում էր… Մի երկու բան պետք է առնեի: Մինչև դուրս եկա մի խանութից` անձրևը խոշորացել էր… Երբ առվի ջուրը մոտենում է մրջնանոցին` նրանք ահաբեկված մի-մի ձու են վերցնում և փախչում են` փրկելու սերունդը: Տեղատարափը քշում էր Երևանի մայթերի բնակիչներին – գեղջկուհին` թրջված կնճիռների խեղճությունը երեսին` հավաքում էր անմեռուկի, արևքուրիկի և մայրամախոտի փնջերը և տեղավորվում էր ծածկի տակ…

Մի մարդ դեղագործից այսինչ դեղն էր խնդրում – տանը հիվանդ կա, տաքություն ունի. – բայց այսինչ դեղը չկա, և աչքիս առաջ այցելուն և դեղագործը միասին կոնսիլիում են անում, որոշում են տան հիվանդի բուժման մարտավարությունը… Ծիծաղելի աշխարհ, իսկ քեզ թվում է, թե հիվանդներին բուժում են … բժիշկները: Այս մասին Առողջագետը շատ է գրում…

Դժվար օրս դժվար է անցնում: ՌԵԳՆՈՒՄ եմ մտնում… Մի քանի հաղորդագրություններ տագնապ են ծնում: Երբ ռուսն ու թուրքը ելնում են շփման և բանակցելու են …հայկական խնդիրների շուրջ, ապա դու` անզուգական ու միամիտ հայս, արթուն պետք է լինես:

Օրս մոտենում է ավարտին: Սիրելիներս ինձ ներում են վատ տրամադրությունս. գիտեն, որ վարպետ եմ` փոքր փաստերից մեծ ողբերգություններ երևակելու… Արյանս մեջ է այդ գենետիկ դրամատուրգը: Օրվա վերջը մի քիչ քաղցրացնում է դդմի մուրաբան, որ շատ սիրում եմ…

Իսկ ԿՅԱՆՔԸ հարցնում է` ե՞րբ ես դու ինձ լրիվ և անվերապահ վստահելու…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.10.2008, 00:09
Այսօրս` 27 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Անցավ երեկվա դժվարին օրը… Կյանքի տաքությունը կարող է վառք դառնալ, ապա խորշակի վերածվել և այրել կենսական տարածքները: Հուր-տարերքը երկսայրի սուր է – կարող է կյանք տալ, կարող է և ոչնչացնել: Այսօր կրակս արդեն մեղմ էր, և խաղաղություն էր սրտիս մեջ:

Նոր “Արշալույսի” անթիվ ատաղձներից այսօր մշակեցի մի երկուսը … Ինչպե՞ս կրթել ու դաստիարակել ազգերը, հերոսի ո՞ր տեսակը կարող է դա անել - Ուսուցիչը, Զորավարը, թե՞ ուղղակի Մարդը… Այս հարցը ցանկանում էի հասցնել մեր մանուկ սերնդի սրտին, նրա համար մատչելի լեզվով:

Մի երկու օր առաջ մեր Philosopher-ը մի պատմություն արեց, թե մեր հայերից մեկը Մոսկվայում… “տաջիկի գործ” է անում: Այս հայս “ունի”, ասենք, 50-100 հոգիանոց տաջիկների խումբ և այս կամ այն կազմակերպությանը վարձակալության է տալիս խումբը ու որպես միջնորդ` փող է աշխատում, ընդ որում` դա անում է տանը նստած, հեռախոսով: Լավ է անում, բան չունեմ ասելու, հարցը հայի մեջ չէ… Բայց “տաջիկի գործ” արտահայտությունը խորապես վիրավորել էր սիրտս… Ա~յ ցինիկ քաղաքակրթություն, ա~յ անարդար աշխարհակարգ, այս ի՞նչ օրի ես հասցրել մեծ, բանաստեղծական ազգերը:

Հնչում է անմահ ֆարսի լեզուն, հնչում է տաջիկա–պարսկական անմահ պոեզիան - Ռուդաքի, Ֆիրդուսի, Օմար խայամ, Հաֆեզ, Սայադի, Ջամի… Այս անուններից ամեն մեկը կարող է տաս ազգի ճակատ զարդարել… Փառք տաջիկ ժողովրդին, փառք նրա պոեզիային:

Ինձ համար չկա ոչինչ ավելի սիրելի, քան որևէ ժողովրդի բնիկ երգը, և մանավանդ` հայոց բնիկ երգը – այդ երգերին անգամ Աստծո մատը չի կպել… Որքա~ն դրանք ինքնածին են , ինքնարարչական, ինքնաթով:

Եթե նորից կյանք ստանայի, կամ երբևէ ունենամ նոր կյանք` կնվիրեի ազգերի էպիկական ժառանգությանը – կսովորեի նրանց լեզուները, կկարդայի էպոսների բնիկ տեքստերը և կվայելեի դրանց ծնող երկրների հոգու քաղցրությունը… Այնժամ գուցե մի չնչին չափով կզգայի, թե ի~նչ է զգացել Արարիչը` ազգերը կերտելու վսեմ ժամին:

Բարի գիշեր:

Հեղինակ
29.10.2008, 00:45
Այսօրս` 28 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Պողոսյան պարտեզի կամ Սիրահարների այգու կանաչի զմրուխտը լցվում էր մեր մեջ - Առողջագետիս հետ կեսօրին այնտեղ էինք և վայելում էինք ուշ աշնան քաղցր հրայրքները:

Ի~նչ զորավոր ուժ ունի ցեղային պատկանելության զգացումը: Ահա այս Պողոսյան-հայը իր հարստությունից մի մաս – 1,3 միլիոն դոլար դրել է այս կանաչ բլուրների և զվարթ առուների, այս կանաչի և աշնան ծաղիկների մեջ - և ի~նչ հայկական բավականություն է ստանում: Ոգու և հոգու… “բիզնեսը” - բոլոր բիզնեսների մեջ բարձրագույնը:

Գնում են տատիկները` թոռնուհիների հետ: Երևակայությանս մեջ տատին մանկանում է և, ո~վ զարմանք, դառնում է նույն թոռնուհին, - այդքա~ն էլ զարմանալի նմանություն: Իսկ ահա թոռնուհին – 10-12 տարեկան կլինի` քիթը մի քիչ սուր ու վեր պարզած, ճակատը լայն ու բարձր, պարանոցը երկար ու նիհարիկ – մի փոքրիկ հայ իշխանուհի… Եվ գնում է տատը` աջ ձեռքով պինդ բռնած իր անմահությունը:

Մանկական սայլակը տանում է բարեկազմ մայրիկը - աչքի տակով նայում ենք սայլակի մեջ – երկուսս էլ երեխայի ծուռ ենք: Դեմքը չտեսանք, միայն ձեռքերի ալաբաստրե փոքրիկ մատները, որ փայլում էին ծածկոցի եզրի վրա… Եվ մեր շուրթերը դողացին դրանք համբուրելու տենչից,- որքա~ն ենք համբուրել մեր զավակների մատները:

Ով տեսել է երեք ամսական երեխայի ձեռքը, բռնել ալաբաստրե մատները, ապա նա ինչպե՞ս կարող է կասկածել Արարչի գոյության մասին:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.10.2008, 00:09
Այսօրս` 29 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Առավոտյան դուրս եկա, բակում երկու մանչուկ կռվում էին. մեկը ընկել էր մյուսի հետևից: Հետապնդվողը կանչում էր. “ Էդո~, պաշտպանի~ր”: Էդոն կողքից վազում էր, բայց մի քիչ թուլութոք - միտք չուներ օգնելու... Հետապնդողը հասավ , մյուսին գետին գցեց և սկսեց ոտքերով խփել:
-Էդո~, պաշտպանի~ր,- կանչում էր ընկածը:

Մեր մոլորակի վրա մարդիկ, ազգերը ու ժողովուրդները կանչում են. “Աստվա~ծ, պաշտպանի~ր”: Բայց մեր Աստվածը չեզոք ու իմաստուն աստված է, նա թողնում է, որ մեր մոլորակի վրա եփած ճաշը մենք ուտենք և ինքներս հասնենք մեր ազատագրությանը:

Առաջարկել են ՄԱԿ-ի կազմում ստեղծել կրոնների կոնսուլտատիվ խորհուրդ: Որ կրոնները հավաքվեն, խելք-խելքի տան, այս մոլորակը ցեխից հանեն... Բայց որ կողքից ես նայում, թե կրոնները և նրանց ներկայացուցիչները ի~նչ անհանդուրժողականությամբ են նայում իրար... Ամեն մեկն աշխարհին նայում է իր Սուրբ գրքի, իր դոգմայի պրիզմայով... Եթե մի ուղղափառ քրիստոնյայի ասես, թե Հիսուս Քրիստոսը և Մուհամմեդ մարգարեն երկնային տարածքում կարող են իրար հետ աշխատել, կամ ինչպես հիմա են ասում` համագործակցել, հանուն մարդկության , ապա մեր քրիստոնյան քեզ կնայի ճիզվիտական հայացքով և կուզենա ոչնչացնել այդպիսի մտքի համար: Իսկ արևելյան իմաստությունն ասում է. «Տիրակալ Բուդդան և Տիրակալ Քրիստոսը պահում են երկրագունդը»: Հեռու~ մեր ճիզվիտի սուր ականջներից:

Այսօր միջազգային ալիքներով մի տեղեկատվություն էր գնում էֆթանազիայի և նրա կողմնակիցների մասին: Սրանք այն մարդիկ են, ովքեր օգնում են ծանր հիվանդներին` թողնել ֆիզիկական մարմինը, այսինքն` մահանալ: Աս մարդկանց դատում են... Մեր երեսպաշտ մարդկությունն ասում է` եթե 16 տարի կոմայի մեջ գտնվող հիվանդի արհեստական շնչառությունն անջատես, ապա քեզ տաս տարի դատ է հասնում, իսկ եթե նեղճակատ նախագահ ես և երկրների դեմ պատերազմ ես սանձազերծել, ապա կարող ես օրը հարյուր մարդ սպանել` ծաղիկ հասակում, քեզ ոչ ոք չի դատի և քթիցդ մի կաթիլ արյուն չի գնա ...

Ընթերցողս, զվարթ շետով ավարտենք այսօրվա «Այսօրս» և ասենք` կյանքն է բարձրագույն գեղեցկությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
31.10.2008, 00:10
Այսօրս` 30 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:


Երևանյան էսքիզներ


Գնում եմ կեսօրի միջով –Երևանի սրտում եմ: Երևանցիները … Ահա դիմացից գալիս է թանկ ու հնաոճ կոստյումով մարդը, որ փողկապի մեջ դրել է իր ամբողջ արժանապատվությունը: Արդեն տարիքով է, կոստյումի կտորը` ուշ սովետի ժամանակներից – անմեղ սովետական կոռուպցիոներ է եղել, ասենք` ՍՈւ-ի պետ (իմացա՞ք սա որն է – строительное управление), այժմ գնում է իր կառուցած քաղաքի միջով, բայց հիմա ձեքին ոչ մի շինարարական օբյեկտ չունի… Գնում է անցած քաղաքակրթության վերջին մոհիկաններից մեկը…

Կոմիտասի շուկայի կանգառում երթուղային եմ նստում, դեռ չի շարժվել, այս երթուղայինին է մոտենում մի կին… Դիմագծերը լիքն են ու կոպիտ - նման է մի քիչ ամերիկյան հնդկացու, տարիքը` դեպի 45-ն գնում, մաշկը` երեկվա լավաշի քնքշության… Բնավ չես ասի, թե գեղեցիկ է - բայց պարանոցը այնպես նազանի թեք է պահում, խոշոր աչքերում այնպիսի մի գաղտնիք կա, շուրթերին` գրեթե նորածին մի ժպիտ - որ ամբողջ տեսքով ասում է աշխարհին` Ես գեղանի եմ - և ո՞վ կարող է վիճարկել Կնոջ սրտի` Բնության բարձրագույն ատյանի այս որոշումը:

Մաեստրոն… Դեմքի կնճիռների մեջ – Հայաստանը: Լեզուն խոնարհ է – արորի խոփի նման, ոչ մի ավելորդ բառ չի ասում: Իր Նվագը խոնարհ է, իր Գործիքը խոնարհ է… Միայն հերկում է: Իր գործը հերկելն է… Վարպետս, կարդայիր գրածս, քանի~ իզուր բառ կհանդիպեիր… Հանեի~ր, սինոռին գցեիր…


Արևմտյան էսքիզներ

Մի քանի օր առաջ մեր սիրելի Black Orckid-ը մի ֆիլմ էր բերել` արևմտյան ռեժիսորի էր - անունն էլ չիմացա: Մերոնք նայեցին ֆիլմը, ես` ընդամենը մի քանի կտոր – դեռ նայելու եմ: Մարմնավորյալ կանացիությունը պարում էր բնության հետ: Կինը պարում էր փղերի հետ: Մի ծեր ու մի երեխա խաղում էին հովազների հետ, Մարդը խաղում էր Անապատի ավազների և ավազահողմերի հետ: Մարդկանց ու գազանների ճկուն ֆիգուրներ – Արարչի սրտից ծնված: Արևե~լքն էր… Եվ այդպես` ամայացող Արևմուտքը նայում է դեպի Արևելք` ապրելու համար: Արարիչը երկրագանդի այն կողմը մարմնավորման է ուղարկում վսեմ հոգիներ – սնանկացումից փրկելու նրան:

Մարդը և էքսկավատորը: Ֆրանսիացի բալետմեյստեր-պարողը զարմանալի էսքիզ է հղացել. Նա պարում էր… էքսկավատորի փորիչի հետ – կովշ են ասում,- փորիչը պտտվում է պարագծով, պարողը փարում է փորիչին, քնքշորեն ձեռքը սահեցնում պողպատե ատամների վրայով, բռնում նրանցից ու սլանում օդով: Ապա իջնում, ծնկում էր հողին – փորիչի անխնա մետաղը հետևի կողմից զարկում էր նրան, հանում վեր, և շարունակվում էր մետաղի ու մարդու անբնական խաղը… Հանդիսատեսները – գազոնին նստած կանայք, երեխաներ – զարմացած նայում են… Արևմուտքը ձանձրացել է, նա ասելիք չունի և միայն հնարում-բստրում է սենսացիոն էսքիզներ… Եվ մարդը պարում է էքսկավատորի հետ: Հոգնել է Արևմուտքը…

Ընթերցողս, քո մեջ Արև կա, դու չես հոգնել…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.11.2008, 00:10
Այսօրս` 31 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Առավոտ է, Առողջագետի հետ դուրս ենք գալիս բակից… Շենքի կողքի տարածքը – մի քանի թուփ կա, մի քանի թափված տերև… Շատ ծեր զույգը – դողդոջ տղամարդն ու կինը հավաքել են տերևները և կրակ են տվել: Անչափ ծանոթ է այդ ծուխը երկուսիս, մի ժամանակ մեր այգու խաշամն էինք այրում… Ծեր կինը ավելով հավաքում էր վերջին տերևները: Շուտով այս դողդոջ զույգը թողնելու է իր մարմին- հագուստները և ճախրելու է Տիեզերքի թովիչ ազատության մեջ:
Չափսոսա~լ, այրել հինը:

Եզնիկ Կողբացին գրում է. “Վերաբերվեք ձեր մարմնին` ինչպես ձեր թշնամուն…”: Ո~վ պատմիչ, ինչու՞ ատել արարչաստեղծ մարմինը: Նյութը` բյուրեղացած ոգին է, նրա միջոցով հնարավոր է գործել, ստեղծել, աշխարհ փոխել: Քո կոչը հին է, հնացած է. ոգին ու մարմինը դաշն պետք է լինեն, մեկը չպետք է ծաղկի, իսկ մյուսը` թաղկի – ահա խնդիրը:
Իսկ պատմահայր Խորենացին գրում է պարսից առասպելների մասին` դիմելով Սահակ Բագրատունուն. “Բայց ի՞նչ ցանկություն է արդյոք, որ ունես Բյուրասպի Աժդահակի անպիտան ու անճոռնի առասպելների նկատմամբ…Ի՞նչ կարոտություն ունես այդ սուտ առասպելներին, կամ ի՞նչ կարիք ունես այսպիսի շինծու, անմիտ ու անհանճար զրույցների: Միթե՞ սրանք հույների պերճ ու ողորկ, պատճառավոր առասպելներն են, որոնց տակ թաքնված են ճշմարիտ իրողությունները”: Քերթողահա~յր, մի այպանիր եղբայր ժողովրդի բնիկ բանահյուսությունը – նրա մեջ ազգի հոգու պատմությունն է, - թեկուզ այն կոշտ ու անհարմար է թվացել հելլենական կրթությամբ նրբացած լսողությանդ: Հնացած է քո միտքը, Պատմահա~յր, մանավանդ քո սերը ողորկ հելլենիզմի – այսօր արդեն` եվրոպական քաղաքակրթության նկատամամբ...
Այրել հինը:

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի ռուսական գլխավոր հյուպատոսությունը իր կայք-էջում օրերս գրել է. “Այսպես կոչված հայկական եղեռնը”: Մի շփոթվի~ր, հայ հոգի, - միշտ էլ Թուրքիայում ռուս դիվանագետը - Ստամբուլում դեսպան կլինի, թե Տրապիզոնում` գլխավոր հյուպատոս, չի դիմացել արևելյան քծնանքին, փողին, խարդավանքին, նաև դրանց մեջ տեսել է իր շահը, - սա կայսերական Ռուսաստանն է… Մինչդեռ հայը իր էությամբ, իր մշակութային բնազդով սիրում է ռուս հոգին, ռուս մշակույթը - մեր սերը առ Ռուսաստան առողջ է և չի փլվում կայսերական դավաճանությունից… Ո~չ Ռուսաստանի փտած կայսերականությանը, զգուշանալ դրանից` մանավանդ այս օրերին, երբ ռուս-թուրքական սիրախաղի ռեցիդիվ կարող է լինել` ի վնաս Հայաստանի: Կեցցե~ ռուս հոգին, ռուս մշակույթը և Ռուսաստանը:
Այրել հինը:

Մեր Բարաք Օբաման քիչ է մնացել նախագահ դառնա: Սպիտակ ռասան այնքան դեգեներացվեց, որ քենիական ծագման աֆրիկացու էթիկան ավելի բարձր է նրանից: Բայց ո՞վ է Օբամայի կողքին – Մադլեն Օլբրայթը, Զբիգնև Բժեզինսկին - դեգենրացվող արևելա-սլավոնական միջավայրում ծնված-սնվածները, որոնք ներկա աշխարհակարգի կերտիչ-երգիչներն են: Բարաք Օբամա~, այրի~ր անցյալ դարից մնացած այդ խաշամը:
Այրել հինը:

Ընթերցողս, չափսոսանք - այրենք հինը:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.11.2008, 00:04
Այսօրս`1 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Առավոտը ցուրտ էր ու խստաշունչ – բայց արևոտ օր էր լինելու… Մարդկային հոգին ձգտում արևի ու խաղաղության - բայց իր ծնած փոթորիկներով նա ամպեր է ծնում և ինքն էլ ծածկում է իր արևի երեսը…

Հազվադեպ թախծոտ օր էր: Ուզում էինք գնալ հայրենի գյուղ, բայց այնպես ստացվեց, որ չգնացինք… Հին օրերի մի ուրախություն ու սովորություն այսօր փշրվեց - չծնված: Տարիների մեջ որքա~ն անգամ Սևանի ափով սլացել ենք դեպի հայրենի օրրան – մեր աչքի առջև Սևանը հետ էր քաշվում, տեսել ենք արծաթափոր ձկների կոտորածը - փռված ափին: Վերջին տարիներին ջուրը բարձրանում է, հին մի տագնապ հեռանում է… Մի յուրացրած լողափ ունեինք` մետաղե սնկաձև հովանոցով - լողափի ավազը վաղուց ծածկվել է ջրով… Ուզում եմ, որ ջուրը բարձրանա, ծածկի ճանապարհը, հանգստյան փոքր տները, դղյակները և… հասնի վաղեմի կրապատ եզրագծին: Այսօր չգնացինք – տեսնես ի՞նչ գույնի էր Սևանը - կապա՞ր էր, թանա՞ք էր, թե՞ փիրու~զ էր – երջանիկ մեր օրերի գույնը…

Անուրախ մտա մի ֆորում, մեր երիտասարդների սիրտը կսկիծ է պատում – բարեկամ երկրում մի երիտասարդ հայ են սպանել – երեք ոստիկաններ: Մի~ մորմոքիր, երիտասարդ հոգի~: Օտար երկրին մի~ դարձրու վրիժառու հայացքդ: Դու քե~զ դարձիր, քո երկրին, քո երկրի ոստիկանին: Եվ ինքդ քե՜զ բարձրացրու և ապա բարձրացրու քո՜ երկիրը: Վրեժ ես ուզում լուծել - լուծի՜ր ինքդ քեզանից: Երբ բարձրացնես քո երկիրը – կբարձրացնես նաև բարեկամ երկրին ու նրա ոստիկանին, և այնտեղ… հայ չեն սպանի: Ուրիշ ճանապարհ չկա ազգ դառնալու… Եվ Մարդ լինելու…

Մի քանի պատկերներ - և կյանքը ապաքինում է: Երիտասարդ մայրն ու սայլակի մեջ նստած մանուկը խոսում են: Չէ~, մանուկը չի խոսում - ընդամենը մի քանի ամսական է, - այլ միայն մոր քնքուշ կանչերին պատասխանում է արծաթ ծիծաղով… Կողքով անցնում ենք, սայլակից մի ակնթարթ շեղ մեզ է նայում, բայց երբ անցնում ենք` նորից լսում ենք, որ ծիծաղի ծաղիկները սփռվում են այգու կանաչների վրա:

Ընթերցողս, հիշու՞մ ես, մի անգամ գրել էի – թախիծը` պատրանք է, ուրախությունը` հավերժ է: Հիշեցրու ինձ գրածս – ես այսօր նրա կարիքն ունեմ…

Բարի գիշեր:

Հեղինակ
02.11.2008, 23:40
Այսօրս`2 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Օրվա սկիզբը իր մեջ դառնություն ուներ - մեծ երկրի լրատվական ծառայությունը "վիճելի տարածք" կոչեց չքնաղ հայկական երկրամասը: Իբրև խնդրի էությունն այն է, որ հայն ու թուրքը վիճում են այս տարածքի շուրջ: Օ~, ո~չ, անվիճելի տարածք է սա, մենք տարածքային վեճ չունենք թուրքի հետ – ուղղակի հայ քարերն ու հայ ծառերը, հայ տառերն ու զանգակատները, հայ լեռներն ու հայ մարդիկ ինքնորոշվել են ու ինքնաճանաչել են` այս հայրենի տարածքի վրա - և մի մանուկ ցեղ նորից հաստատում է ապրելու իր իրավունքը:


Թշնամական էթնոսի
Ուղու վրա մթնածիր,
Փայլում է միշտ մեկուսի
Քո աստղը, իմ երկիր…

Չծնված երեխաների կսկիծը: Չծնված բանաստեղծությունների, չնկարված նկարների, չերգված երգերի կսկիծը: Հայտնի է, որ չծնված երեխաները երկար տարիներ պտտվում են իրենց ապագա ծնողների շուրջ - զգում, ճանաչում, սիրում նրանց և պատրաստվում մարմնավորման: Պատանի~ բանաստեղծ, որ զոհվեցիր այն պատերազմում, այդպե~ս էլ չհանդիպեցիր քո չծնված զավակին և գրի չառա~ր նաև արդեն ապրող բանաստեղծություններդ:

Ամբողջ օրը մի նյութ էի խմբագրում – չէ~, վերա-գրում էի - մի երիտասարդ լրագրողուհի զրուցել է Առողջագետի հետ և հոդված է գրել… Լրագրողուհի~ս, երբ ես կարդալու հայրերեն գրված բոլոր վեպերը և բոլոր բանաստեղծությունները: Բոլո~րը, անխտի~ր: Որ աշխատածդ հացը հայրերեն լինի:

Հանգստիս ոսկե ժամն է – հավաքել մի քանի գիրք, հաջորդ ձեռնարկի նյութերը ու գնալ ննջարան: Շոլոխովի “Խաղաղ Դոնը” - և ի~նչ հայտնություն ինձ համար - սա հակապատերազմական վեպ է: Մեծ գեղագետը արգահատանքով է նկարագրում Առաջին համաշխարհային պատերազմը: Բայց դեռ Երկրորդն է լինելու – երկու անլիարժեք տիրանների սանձազերծածը:

Ռուս ճակատագրական կանայք - Ակսինյան: Կանացի սիրտը այրվում է մինչև վերջ: Անխնա կանայք, ողբերգական կանայք…

Օրվա ավարտը մշակութորեն գաղջ է, տխուր է – Մոնիկա Մանուչարովան` Գյումրիից, Ճչալու է Եվրատեսիլում, իսկ առայժմ ճչում է Հանրայինով: Ֆալշ-թագավոր Ավետ Բարսեղյանը և կեղծագանգուր թագուհի Շպռոտը տափակախոսում են… Եվ հանկարծ… “ Կարինը” – “Յար-Խուշտան” թնդացնում է տաղավարը – Հանրայինը փլվելու է…

Բարի գիշեր:

Հեղինակ
04.11.2008, 08:43
Ընթերցողս, Այսօրս`3 նոյեմբերի 2008թ., վաղուց ավարտվել է,
բայց ինտերնետ չկար…և չհանդիպեցինք: Արդեն հաջորդ օրվա
առավոտն է: Ահա երեկվա “Այսօրս”…

Բաղրամյան պողոտայով բարձրանում ենք Առողջագետի հետ – երթուղայինով: Աջից` հողաթմբի վրա ծաղկած վաղենակի կարմրա-ծիրանագույն շերտերն են – աշնան վերջին կրակները: Ձախ մայթից աստիճանները իջնում են ցած` դեպի «փոսի դպրոցը», դեպի այն ինհարկանի շենքը, որտեղ ծնվել են զավակներս: Հիմա այնտեղ չենք...

Հիշում եմ ավագիս` Քանդկագործի հետ – երկու տարեկան էր – առաջին անգամ աստիճաններով բարձրանում էինք, գնում էինք պողոտայի վրայի հացի խանութ: Կողքիցս քայլում էր լուրջ, կենտրոնացած – կարևոր գործի էինք` հաց էինք առնելու: Քանդակագործս այդպես էլ կյանքի դժվարին ճանապարհ է անցնելու, իսկ... հացի խանութը – անշուք փայտե դարակներով, թխվածքի բաժինը` սովետական մարգարինով թխված կոշտ քաղցրավենիքով և աղքատաշուք տորթերով – այլևս չկա, տեղը` ինչ-որ ֆեշենեբել խանութ է...

Մենք թողեցինք Այգեձորը և գնացինք… “էկոլոգիապես մաքուր միջավար” – գյուղ: Լա~վ մաքուր միջավար էր… Ջրում եմ ծիրանի այգին: Դեպի ինձ է գալիս - մի քիչ կռացած, չորուկ դեմքով գեղջկուհի Նատոն – քաղցրալեզու, տեղն եկավ` ագրեսիվ - երկաթյա գեղջկական տրամաբանությամբ, և սկսում է. “ Ախր, բժիշկ ջան, էս թավուր չըլնի, ընչի՞ ես քու առուն իմ հողի ճմով ճմե,- էն հալիվոր խիվանդ պառկած ի, անտեր կնիկ ես տեսի՞: Էս յոնջան էս ի՞նչ իս արի~”: Փորձում եմ արդարանալ, բայց ինչքան ՆԱՏՕ-ի դեմ է հնարավոր արդարանալ, էնքան էլ Նատոյի...

Այսօրվա մեջ հանգստություն կար – կարծես խուսափել ենք մի ահագնացող ու կույր ճնշումից և մի կենսական հարցի շտապողական լուծումից, որը կարող էր պարտադրվել...

Ըմպում էինք աշնանային Երևանը...Սիրեցինք Սիրահարների այգին: Մտանք մի կես ժամով – առաջին մի քանի նստարանները զբաղված էին իրար փարած զույգերով: Առողջագետս «վհատում» է, թե` «շուտով անհնար կլինի այգի մտնել...» Չհամաձայնեցի` մեզ չեն խանգարի, թող վայելեն սերը… Մեր առաջին հանդիպումներից մեկն էլ այս այգում է եղել...

Օրն ավարտվում է: Վաղենակի աշնանային կրակները մթի մեջ հիմա չեն երևում...

Ահա այսքանը, և այս անգամ` բարի լու~յս:

Հեղինակ
04.11.2008, 23:26
Այսօրս`4 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Առավոտները մաքուր են, թափանցիկ, բյուրեղյա – ուրի~շ է Երևանի աշունը ... Աշնան ծաղիկները - նրանք շատ են Երևանում: Մենք սովորում ենք խնամել մեր աշունը:

Աշխարհը … Որքա~ն տարօրինակ է այս աշխարհը: Առավոտյան մի քանի հեռուստալիքներով գնում էր հաղորդում այն մասին, որ հռչակավոր Սոտբիի աճուրդում վաճառվել է Մալևիչի մի նկար` 60 միլիոն դոլարով: Ցույց էին տալիս այդ «շեդեվրը» - մի քանի եռանկյուններ, քառանկյուն` տարբեր գույներով ներկած… Երկրաչափական ձևերը դինամիկ էին` կարծես շարժման մեջ: Կարելի~ է այս նկարը լավ դիզայներական աշխատանք համարել, բայց … գեղանկարչության գլուխգործո~ց, «շեդե~վր»…

Արարչական ստեղծագործության մեջ քառանկյուններ, եռանկյուններ, ուղիղ անկյուններ չկան... Արարիչը հրաշալի նկարիչ է - նա սիրում է կորը, գծի ու գույնի նուրբ անցումները... Իսկ Մալևիչը … Նրա հայտնի «Սև քառակուսին» այս նկարչի “գլուխգործոցն” է: Բայց ի՞նչ է կատարվել – գեղեցկության զգացումը կորցրած մարդկության մի մասը խելքին զոռ է տվել, «Սև քառակուսին» գլուխգործոց է համարել, ինքն իրեն հիմարացրել և ապա հիմարացրել է ամբողջ մարդկությանը: Եվ դեգեներացված համաշխարհային ամբոխը որոճու~մ է~ «Մալևիչը, նրա «Սև քառակուսին»: Ա~յ դեգեներացված մարդկություն, այդ նկարի մեջ ոչինչ չկա` բացի սևից ու քառակուսուց... Որտե՞ղ է նրա Գեղեցկությունը:

Աշխարհը - Տիեզերքը նուրբ է, նրբակերտ է, նրբաղոտ է, - Նրա ձևերը անկրկնելի են, գույներն ու գծերը նուրբ են և անցումները` գրեթե անտեսանելի... Հրաշալի նկարիչ է Արարիչը:
Թումանյանի քառյակը` «Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ...»- հիշում եք... Անհիշելի վերհուշների մշուշներում նրբաղոտ...

Առողջագետ հետ նորից Պողոսյան պարտեզում ենք - կեսօրից հետո: Նորից փնջում էինք մանկական գեղեցկության կերպարներ - մեր սրտի մեջ: Որքա~ն սիրելի մանուկներ - մայրերի հետ: Ժառանգական և կենսաբանական մի կարոտ սեղմում է մեր սիրտը - ու մենք ցանկանում ենք տեսնել մեր արյունը կրող նոր մանուկներ – նրանք ապագայում մեզ են սպասում:

Ընթերցողս, աշխարհը գեղեցիկ է – ամեն ինչ գեղեցիկ է. այս ծերունու ամպոտ հայացքը, այս գեղեցկուհու ճկուն իրանը, այս ընկնող տերևի վերջին հառաչը, վազող ջրի անկրկնելի ու կորչող կոհակները:

Ո~չ` Մալևիչի «Սև քառակուսուն» ...
Այո~` Տիեզերքի նրբաղոտ գեղեցկությանը...

Բարի գիշեր:

Հեղինակ
05.11.2008, 23:20
Այսօրս`5 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Ընթերցողս, դու այսօր կարող ես ինձ շնորհավորել: Հիշու՞մ ես, «Այսօրիս» հակահերոսներից մեկը հայտնի գերտերության նեղճակատ նախագահն է եղել: Այսօր նա և իր ժառանգությունը կրող նախագահության թեկնածուն պարտություն են կրել: Իսկ նեղճակատ նախագահի քաջարի զորքը հենց այսօր սպանդ է արել Աֆղան ստանի գյուղերից մեկում` ռումբ գցելով հարսանիքի վրա: Գաղութարարի ինչպիսի~ ստորություն: Սպիտակ ռասան դեգենարցվում է աչքի առջև: Անգլոսաքսոնական քաղաքակրթությունը ավարտվում է...

Հնչում են նեգրական սպիրիչուելսները – աֆրիկյան Քենիայի տարածքների վրա, նեգրերին տեղափոխող բեռնանավերի ստորին հարկերում, Նոր Անգլիայի անծայրածիր տարածքներում: Եվ որտեղ էլ ապրում են սևամորթ ժառանգները - նրանք պահպանում են ռասայի ներքին երաժշտականությունը, կենսունակությունը.... Եվ ահա` սպիտակ Ամերիկայի էթիկական դեգրադացիայի ֆոնի վրա – սև ռասան պահպանել է իր բնածին մարդկայնությունը և տալիս է իր կանաչ շյուղը – որը և դառնում է ամբողջ Ամերիկայի հույսը: Բարաք Օբաման ԱՄՆ –ի նախագահն է:

Ի~մն է , ի~մն է , ի~մն է –ագահորեն ասում է գունատադեմ սպիտակամորթը,-իմն են գաղափարները, իմն է Երկրագնդի հարստությունը, իմն են հողի պտուղն ու ընդերքը: Իմն են աստղերն ու լուսինը, իմն են նավթը, բանանը, կոկա կոլան... Այսպես է ասում սպիտակ ռասան, այսպես է ասում Ամերիկան, և սահման չի ճանաչում նրա ագահ անհատապաշտությունը:

Բայց բնությունը քնած չէ – երբ ասում ես` իմն է, իմն է, իմն է, - և ձգտում ես մնացած բոլորից խլել հողը, նավթը, պտուղը, հարստությունը, իրավունքը - և լցվում ես, ճարպակալում ես, աչքերդ մթնում են, բանականությունդ խավարում է - և մի օր էլ ամեն ինչ քո եղածը տալիս ես նրան, ում ճնշել ու ստորացրել ես: Այն կրոնը, որի դեմ ելել էր Ամերիկան իբրև թշնամանքի աղբյուր և ահաբեկչության ծնող – իսլամը, ահա այսօր այդ կրոնը իրենից ծնված զավակին ուղարկում է Ամերիկան կառավարելու: Արդարացի է:

Բարի գիշեր:

Tigris
06.11.2008, 13:34
Հոյակա՜պ «այսօր» էր:
Կարծեմ սպիտակ ցեղի յաղթանակի օր էր նաեւ, քանզի նա իմացաւ ճիշտ ընտրել:

Հեղինակ
06.11.2008, 23:48
Այսօրս`6 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Ընթերցողս, վերջերս “Այսօրիս” հետ մի հետաքրքիր դեպք պատահեց: Նոյեմբերի 3-ի կեսգիշերին ինտերնետ չունեինք, “Այսօրս” չգնաց, միայն առավոտյան տեքստը գցեցի համացանց և ի~նչ… Ընթերցողներիս քանակը 30-40 հոգով պակասել է: Ափսո~ս, իսկ ես կարծում էի, թե արդեն միասին ենք գնում…Ընթերցողս, մեկ օրվա տեխնիկական վրիպումը ինձ չներեցիր, բա եղա՞վ…

Մի երկու դիտարկում ունեմ Ռուսաստանից: Գիտեք` ուրախ եմ, որ Ռուսաստանը ունի երիտասարդ ու լայն աշխարհայացքով առաջնորդներ… Բայց ահա` Ամերիկան էլ ունեցավ երիտասարդ ու ճկուն առաջնորդ: Ռուսաստանի արձագանքը մի քիչ կրավորական է, չասեմ ` սառը: Մի երկու վերլուծության մեջ էլ հանդիպեցի, թե Մակ-Քեյնը ավելի հարմար կլիներ Ռուսաստանի համար – նրա ֆոնին Ռուսաստանի առաջնորդները կփայլեին և ավելի դյուրին ձևով եվրոպական և մյուս երկրները կթեքեին Ռուսաստանի կողմը:

Ռուսաստա~ն, մի նախանձիր Ամերիկային , քո առաջնորդները պակաս չեն Բարաք Օբամայից, և ինչու՞ միասին նրանք չեն կարող Նոր Աշխարհակարգ ստեղծել… Ինչու՞ անպայման հակադրվել ու մրցել, եթե կարելի է իրար օգնել ու առաջ տանել աշխարհը: Ե՞րբ է գեոպոլիտիկ աղբը հեռանալու երկրների հարաբերություններից:

Նստած է մեր Բարաք Օբաման – ձիգ , երիտասարդ, դինամիկ,- բայց ովքե՞ր են կողքին նստած – երկու գեոպոլիտիկ ավերակ` աջից Զբիգնև Բժզինսկին, ձախից` Մադլեն Օլբրայթ.ը, այս երկուսի ներկայությունից կթոշնի մեր Բարաք Օբաման… Հենց նոր լրացուցիչ տեղեկացանք – Բիլ Քլինթոնի թիմն է գալիս նոր կառավարություն: Չէ~, դժվար թե սևամորթ նախագահը աշխարհայացքային ճեղքում անի և հասնի Նոր Աշխարհակարգի ստեղծման անհրաժեշտության գիտակցության:

Նորից գանք Ռուսաստան. Մի քաղաքագետ կա` Ալեքսանդր Դուգին – եվրասիականության գաղափարի հետևորդ, գեոպոլիտիկ ուսումնասիրությունների մի խոշոր կենտրոնի ղեկավար: Այս Դուգինս լայն ճակատ ունի, փառահեղ բոյարական միրուք, կապույտ-թափանցիկ աչքեր, մի խոսքով` սլավոն մտավորականի կերպար է: Երեկ Ռեգնումում կարդացի սրա հարցազրույցը մի թերթի` “Накануне” և ի~նչ է գրում` Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններից մենք “քամել ենք” ամենայն հնարավորը, այժմ պետք է շրջվենք դեպի Ադրբեջան և Թուրքիա: Բավականին ընդարձակ հարցազրույցում ոչ սիրտ կար, ոչ էթիկա, իրականում` ոչ էլ խելք կար: Ալեքսանդր Դուգի~ն, դու թավալ ես տալիս գեոպոլիտիկ աղբի մեջ, դու էլ Բժինսկու և Քիսինջերի ռուսազգի որդին ես… Ռուսաստան-Հայաստան ռազմավարական կապը ոգու և մշակույթի տիրույթում է, իսկ այս տիրույթը չի պատկանում կայսերական վերլուծաբանների կույր խլուրդներին:

Ռուսաստանի նախագահի ուղերձը: Հատուկ ուշադրություն կրթության ասպարեզին - հինգ կետից բաղկացած մի լուրջ ծրագիր է: Հինգերորդ կետը` երեխայի առողջ ապրելակերպի նշանակության ընդունումը, որով այն կդառնա հիմք արդյունավետ առողջապահության: Դե ի~նչ, “Արշալույսը” ճիշտ ժամանակին է թարգմանվում ռուսերեն… Օգնե~նք Ռուսաստանի նախագահին…

Բարի գիշեր:

Հեղինակ
07.11.2008, 23:29
Այսօրս 7 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Ընթերցողս, երեկ Ֆրիկի նման քեզ գանգատ էի արել, որ մի տեխնիկական ընդմիջման պատճառով… Այսօր առավոտյան մտա ֆորում, դու քանակային-շռնդալից պատասխան էիր տվել - “Այսօրիս” հետ ես … Շնորհակալ եմ:

Վաղը առավոտյան հայրենի գյուղ եմ գնալու. մի պանդուխտ վերադարձել է հեռավոր երկրից, մի հարազատ անցյալ տարի հավերժ հեռացել էր – վաղը տարին են անում,- մի խոսքով` անհրաժեշտորեն պետք է գնալ:
Առաջներում` հայ գյուղն ինձ համար եղել է ազգային լիցքերի պահուստավայրը, մեր ապագայի երաշխավորը, մշակությաին պահապանը… Հետո ավելի ուշ` հոգսը նստել է սրտիս, երբ հասկացել եմ, որ հայ գյուղը դեգրադացվում է:

Միակ հարստությունը, որն անվերապահ ունի գյուղը` այդ գավառի բարբառն է: Եվ որտեղ այն անվթար է` իր մեջ պահում է մարդկային հարաբերությունների նրբագույն ծալքեր, որոնք հարստացնում են կյանքը: Ավա~ղ, ժարգոնը և գողական ոճը քաղաքների հետնախորշերից հասնում են գյուղ և փչացնում երիտասարդ սերնդի լեզուն: Բայց ծերերի շուրթերին բարբառը փայլում է ոսկեբեր հանքի նման և նրա մեջ շողում են մայրենի լեզվի անգին երակներ: Առողջագետը գիտի, թե ի~նչ վայելք է ինձ համար` լսել բարբառի անվթար կրողին: Օրերս Գյումրիից մի հյուր ունեինք – գրեթե տարեց մի կին – անուշ ու միամիտ բարբառը շուրթերին: Մարդու և լեզվի լրիվ միաձուլում:

Հայ գյուղը միշտ պաշտամունք է է ունեցել տպագիր խոսքի նկատմամբ… Երբ մի գրագետ շրջանային թերթում հոդված կամ բանաստեղծություն էր տպում – գյուղն ալեկոծվում էր հպարտությունից: Հիմա այդպես չէ, հիմա նայում են ավտոմեքենայի կոտոշների մեծությանը և սևությանը: “Արշալույսը” նվեր էի ուղարկել գյուղական դպրոցի տնօրենին, հետն էլ ակնարկել էի, թե տարածման խնդիր կա – տիրաժը նոր էր դուրս եկել: Կարծում եք` տնօրենը հպարտացա՞վ համագյուղացու տպած գրքի համար: Չէ~, այդ տնօրենը միշտ զբաղված է ընտրություններով: Հա~, չմոռանամ` գյուղում կլսես հայոց ընտրական համակարգի սրբազնությունը և կուսական գեղեցկությունը հաստատող շա~տ պատմություններ: Այնպիսի անատոմիական մանրամասներով, որ կամաչես… Հայ գյուղը նահանջում է, կոպիտ նյութապաշտության ոստանն է հայ գյուղը:

Երեկ էր կարծես` մշակութային ալիքը մի հարսանեկան տեսահոլովակ էր ցույց տալիս – հայ “հումորի” և էստրադայի “աստղերն” էին այնտեղ – սովորական քեֆչիական-կլարնետային քաղց-մեղցրություն, տաշի–տուշի և շաբաշի թղթադրամների խոլական հարսնապար: Մեր Հանրայինը երբեք չի հասկանա, որ հակամշակույթի ցուցադրումով է հենց այլասերվում ազգը: Եթե ուզում ենք նորոգել հայ գյուղը, ապա պետք է սկսել հարսանեկան ծեսից… Գրել եմ, երազել եմ, ասել եմ` վաստակաշատ ասողներին կրկնելով, որ պետք է ստեղծվի հարսանեկան ծեսի համահավաք տեքստ ու երաժշտություն: Եվ մշակութային օրենսդրությամբ պարտադրվի մի ազգի. հանրային իր տոնը – հարսանիքը, համայնքը պետք է անի հայ մշակույթի պահանջներին համապատասխան: Այդ օրը կսկսվի հայ գյուղի վերածնությունը:

Ընթերցողս, երազում եմ` քեզ հետ տեսնել հայ հարսանեկան ծեսի վերածնությունը և տարածումը: Հարսանիքդ անեինք – ես ու Առողջագետս էլ քավոր-քավորկին կանգնեինք…

Բարի գիշեր:

Լրագրող
08.11.2008, 02:54
Այսօրս` 7 հոկտեմբերի 2008թ., ավարտվում է:
[B]Բայց մենք մոռացել էինք, թե ու~մ հետ գործ ունենք … Չկա գրեթե մի թեմա, մի խնդիր, որին Հանրայինը կարողանա դիպչել` առանց հակամշակույթի վարակի տարածման … Մեզ սրան ներկայացնող լրագրողը – Մանուշակ կոչվող – ասել էր, թե հաղորդումը` “Հատուկ ռեպորտաժ”, այս անգամ բուսակերության մասին է – դուրս եկավ էլ Էքստրի~մ, էլ սատանիստնե~ր, էլ յոգա~, էլ չգիտեմ ինչ զահրումար - և այս ամենը իրար խառնած արտակալեքսանյանական պսևդո-էքսպրեսիայի մեջ – առանց գիտելիքի, առանց սիրո, առանց նրբության – պսևդո-զվարճանքի խեղճ ու լպիրշ անգիտությամբ… Եվ այս ամենի մեջ – մեր Առողջագետը` մի նվաղուն նախադասությամբ – 10-15 րոպեի հանգամանալից նրա խոսքից այս շոու-ենիչերմենները այդ մի նախադասությունն էին թողել… Եվ նրան – այդ նվիրված Աշխատավորին տեսանք այդ անպատիվ հաղորդման մեջ…


Ներողություն, որ ուշացումով եմ պատասխանում:
Չեմ ցանկանում ավելորդ մանրամասների մեջ մտնել կոնկրետ էդ ռեպորտաժի համար: Պատասխանել եմ Հեռուստատեսություն բաժնում, կարող եք կարդալ բացատրությունները:

Ուղղակի մեկ խնդրանք:

Մինչև որևէ գրառում կատարելը, մի պահ մտածեք այն մարդու մասին, ում մասին որ գրում եք: Ինչպես նա կարձագանքեր:

Եթե համարում եք, որ "պսևդո" բառը մեկ նախադասության մեջ մի քանի անգամ օգտագործելով, ավելի ինետելեկտուալ շղարշ եք տալիս ձեր խոսքին, ապա սխալվում եք:

Ինչ վերաբերում է կոնկրետ մարդկանց չնկատելը, և փոխարենը Հանրայինը` որպես մեկ մեծ չարիք ներկայացնելը, ապա դա ձեր գործն է: Ուղղակի մի փորձեք հասցեական լինելով ձեր դժգոհության մեջ, փաստարկներում լինել աբստրակտ:
եվ հետո` հարցազրույց կարող են վերցնել երկու ժամ, բայց օգտագործել երկու բառ: Դա պայմանավորված է նյութի ՕԳԳ-ով:

Անպատիվ, առանց սիրո, գիտելիքի, նրբության,- լավ էլի...: Պաթոսը մի դարձրեք դրոշակ: Առավել ևս, մեր իրականության մեջ, երբ ամեն ինչ պաթետիկ է` սկսած ինքնագնահատականից մինչև մեկ հաղորդումից կամ լրագրողից դժգոհություն:

Հարգանքներով`
Լրագրող

Հեղինակ
09.11.2008, 00:20
Այսօրս 8 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Գեղարքունիքի կանայք … Նստած են դասե-դաս այս երկրամասի գեղջուկ- տիրուհիները` գունաթափ լաչակները ճակատներին պինդ կապած, հանգույցները ձգած,- լաչակների տակից կնճիռները փախչում են դուրս, ինչպես մեր զառիթափ Գյունեի անձրևային առուները: - Դեմքերը անսեր ու խորհրդավոր – այդ տարեց կանայք պահում են մեր կոշտ հողի ինքնությունը:

-Գործերդ իմա՞լ են ,- հարցնում է պանդխտությունից նոր եկած գեղջուկը, և ինչ- որ պատասխանդ լսելով` շարունակում է քննությունը ,- գործի տերը դու ե՞ս, թե՞ մեկ ուրիշն էլ կա քո գլխին, և եթե լրացնում-ասում ես, որ գիրք ես գրում – կրթություն ես ստեղծում` աչքերը խորամանկ նեղանում են, բայց վախենում է հարցնել, թե այդ գիրքը ի՞նչ վաստակ ես ունենալու և մի քիչ լռում է … Ապա քիչ անց չի համբերում ու ծորացնում է` չէ~, գործի մեջ փարա պիտի հլնի~, թե չէ~…. Ուզում ես ջարդել գեղջկական-մատերիալիստական մռութը, բայց լռում եմ, և գեղջուկի խորամանկ աչքերը քննչական հաղթանակ են տոնում…

Ծեր, շատ ծեր մայրս պինդ բռնում է ձեռքս, նստեցնում է կողքին, շորերից լավաշի հոտ է բուրում,- և անում է մի հին, շա~տ հին պատմությունը մի հայ ղեկավարի մասին, որին ժողովուրդը շատ է սիրել, բայց ափսո~ս` Բերիան տարել է Թիֆլիս, մեջքին կրակելով` սպանել է: Այս ղեկավարի մայրը իրեն երրորդ հարկից ցած է գցել… Հոսում է էպիկական պատումը, մորս ձայնի մեջ` դառնություն ու խանդաղատանք… Աղասի Խանջյանի մասին է այս հին պատմությունը, բայց մորս պայծառ ուղեղը երևի մի քիչ մթագնել է, և այս անգամ այս հերոսին նա Մացակ Պապյան է կոչում, իբր նրա մասին է այս եղերական պատմությունը…

Ծփում է գեղջկական աշխարհը իր հոգսերի մեջ: Եվ ամեն խոսակցություն գալիս– հանգում է մի բանի` ինչքա՞ն է նյութը – խեղճ ու հաշվենկատ մի համայնք է ապրում այն բարձր լեռներում: Միայն մանուկները, միայն մանուկները դեռ գեղեցիկ էին:

Տեսե՞լ եք Նորատուսի մետաղե աշտարակները – Սևանի նեղ պարանոցի մոտ` մի տասնյակ բարձր մետաղե աշտարակներ երկինք են խոյանում – նրանք Սովետի ժամանակ խլացնում էին “Ամերիկայի ձայնը” և այլ ձայներ: Այժմ ինչու՞ են խոյացած երկնքում, ի՞նչն են խլացնում, ի՞նչն են տարածում…

Երրորդ հանրապետություն պետականությունը ևս խլացուցիչներ ունի … Նա խլացնում է հոգու ձայնը և չի թողնում, որ այդ ձայնը հասնի մարդուն, գիտակցությանը: Հա~, հիշեցի` վաղ առավոտյան մերոնք ֆորում մտան ու ձայնեցին` Լրագրողը պատասխանել է Հանրայինի մասին մեր կոշտ դիտարկմանը:

Հարգելի Լրագրող, շնորհակալ եմ արձագանքի համար, այն զուսպ էր…Միայն մի կարճ մեկնաբանություն… Ի՞նչն է որևէ կյանքի նպատակը, կասեի՞ք: Ես ասեմ` լսել սեփական սրտի, հոգու ձայնը, որ բարձրացնում-տանում է մարդուն – դեպի Կյանք, դեպի Ճշմարտություն: Ի՞նչ է անում ժամանակակից հեռուստատեսությունը – Նորատուսի խլացուցիչների նման նա աղմուկ է դնում, խցկվում Մարդու և նրա Հոգու միջև - աղմկում, շշկլացնում, ապուշացնում է նրան, որ չլսի Հոգու ձայնը: Խլացուցչի նման - բզզում է, տժժում, վժում է, ճվում է հակամշակույթը – զվարճանքի, շոուների, “աստղային” բլեֆների, 32 ատամների կրճտոցների, “Արևմտյան բզիկների” … անվերջ հոսանքի մեջ… Ավա~ղ մեր լրատվական խավը մեծավ մասամբ լծված է այս գործին,- չենք դատում, այլ պատռում ենք աչքերը փակող փառը: Եվ նաև ձեր աչքերը փակող փառը – մղելով ձեզ ինքնաճանաչման և աշխարհաճանաչման… Մի~ չարացեք, դա էլ մեր գործն է… Մարդու և նրա հոգու կապը մաքրում ու ուժեղացնում է Գեղեցկությունը - արվեստը, բնականը, բնությունը, վերջին հաշվով` ճշմարտությունը:

Երևան ենք դառնում, - մշուշ է, թախիծ է, ամպ է այս քաղաքի վրա … Վաղը, վաղը այս Հայրենիքի վրա բացվելու է մի զուսպ, խիստ, բյուրեղյա առավոտ… Եթե միայն չնահանջի մեր Սերը… Եթե միայն չնահանջի…

Բարի գիշեր:

Philosopher
09.11.2008, 01:07
Այսօր ինձ թույլ տամ Հեղինակի Այսօրիս մի հատվածին երկրորդել: Խոսքը Լրագրողի պատասխան-դիտարկման մասին է:

Լրագրող:)

Նախ` Հեղինակի խոսքում կրկնությունները որևէ առնչություն չունեն պաթոս բառի հետ` որևէ իմաստաբանական առումով: Կրկնությունների արվեստը ոչ բոլորին է տրված: Գուցե այնուամենայնից պետք է սկսենք սովորելուց` արդեն իսկ ապացուցված թերացումների համար արդարանալիս մեղադրանքներ շռայլելուց առաջ: Հրաշալի կլիներ, որ քննարկվող հաղորդման հեղինակը (կամ նրան հաղորդում պատվիրող տեղյակ խմբագիրը) գոնե ինտելեկտուալ շղարշ ստեղծելու կամ իր խոսքը պաթոսով հարստացնելու թեկուզ անհաջող փորձ աներ: Գուցե դա էլ կդառնար սեփական խոսք ասելու ուղի նրա համար, ու նա կդառնար ասելիքը հաղորդմամբ փոխարինող ՕԳԳ-աստեղծ խողովակից` ասելիք արտադրող: Հրաշալի ելք կլիներ:
Ինչ վերաբերում է հասցեականությանն, ապա Հանրայինի "բարիքները" ավելի քան հասցեական են, ի տարբերություն դրանց զոհ գնացած անտեղյակ հոգիների, որոնք պաթետիկ թե անպաթոս ինգնահատականների արդյունքում պիտի մնան որբ հոգով ու ամուլ մտքով: Ու ցավոք նրանց ՕԳԳ-ն արդեն նույնիսկ հանրայինի համար կլինի անպարզելի:
Հրաշալի է, որ Հանրային հեռուստատեսությունը սկսում է մտածել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ խոսքը: Դա նշանակում է, որ կարելի է հուսալ մի օր էլ հանրայինից լսել պատասխանատու խոսք ու ասելիք: Թող որ առանց պաթոս: Կարևորը որ` առանց բզիկների ու այն էլ` խիստ ՕԳԳ-ացված ուլտրաարևմտյան բզիկների: Ասելիք Հանրայինին ու բանը ձևելու անբզիկ բանաձև:)

Հեղինակ
09.11.2008, 23:45
Այսօրս 9 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Երեկվանից մտքիցս դուրս չի գալիս Լրագրողի մարդասիրական միտքը, ահա այն.
[B]Մինչև որևէ գրառում կատարելը, մի պահ մտածեք այն մարդու մասին, ում մասին որ գրում եք: Ինչպես նա կարձագանքեր": Հիրավի` խնայել մարդկային հոգին, ցավ չպատճառել...

Եվ լրագրողի մյուս միտքը.'Ինչ վերաբերում է կոնկրետ մարդկանց չնկատելը, և փոխարենը Հանրայինը` որպես մեկ մեծ չարիք ներկայացնելը..."
Էլի համաձայն եմ, պետք է նկատել կոնկրետ մարդկանց:

«Այսօրս» խնդիր է դնում` նորից հիշել այն մարդկանց, որոնց կարելի է կոչել Հ1-սիմվոլներ: Հիշեմ նրանց և յուրաքանչյուրի հետ կապված «ամենավառ» տպավորությունս:

Հ1-սիմվոլներից առաջինն, իհարկե, Հանրայինի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն է: Մի օր նա ասում էր, լսած կլինեք. ( մեջբերում եմ մոտավորապես). «Մենք չպետք է մոռանանք, որ հեռուստադիտողի ձեռքին կա … հեռակառավարման վահանակ, և նա... փոխում է ալիքը: Լավ հաղորդումները լսարան չեն հավաքում: Մենք պետքէ հաշվի առնենեք պահանջարկը»: Հա՞, Ալեքսան Հարությունյան, տաս տարի «կերտել», «ստեղծել», «դաստիարակակել» ճաշակից ու ինտելեկտից զուրկ հեռուստադիտող, ապա... նրա ճաշակի վրա հենել Հանրայինի քաղաքականությունը: Լա~վ է... Սա պատճառի և հետևանքի անհոգի, եթե չասենք` լկտի տեղափոխություն է... Այո~, դուք եք ստեղծում ձեր ողորմելի լսարանը, բայց դա ոչ ձեզ, ոչ էլ լսարանին չի ազատում պատմական պատասխանատվությունից` Հայաստանի գլխավոր հեռուստատեսությունը հակամշակույթի ինկուբատոր դարձնելու համար:

Հանրայինի երկրոդ սիմվոլը Հրաչ Քեշիշյանն է, այս ալիքի անփոխարինելի պրոդյուսերը, ռեժիսորը և այլն... Հիշու՞մ եք «Ոչինչ չի մնա» ֆիլմը: Էլ ի՞նչ եք հիշում: Միթե՞ մոռացել եք Հ.Ք.-ի աֆորիզմը, որ գնում էր այս ֆիլմի անոնսում` մեկ-երկու ամիս շարունակ: Նորահայտ Լարոշֆուկոն – մեր Հրաչ Քեշիշյանն ասում էր. “Հնարավոր չէ սիրել` առանց ձեռքերը կեղտոտելու”: Բանականությունը չկորցրած մարդի~կ, ի՞նչ է ասում այս միտքը: Մինչև հիմա հայտնի է եղել` Սերը սրտի ֆունկցիա է, և ոչ…ձեռքերի: Մինչև հիմա հայտնի է եղել` Սերն է բոլոր արատների բուժողը, մարդուն ու անձը բարձրացնողը: Այս զառանցական միտքը ինչու՞ չէր նկատում Հանրայինի խորհուրդը, օրինակ` բազմավաստակ արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը: Կարծեմ Ստեփան Պողոսյանն էլ դեռ այնտեղ է – ինչու՞ սասունցու կոշտ ձեռքով չքաշեց այս զառանցանքը արտաբերողի ականջը:

Ալեքսան Հարությունյանն ու Հրաչ Քեշիշյանն են Հ1-ի «աստղային» ինկուբատորի տերերը. (ներողություն լրագրողից «ինկուբատոր» պաթետիկ բառը երկրորդ անգամ օգտագործելու համար): Այս ինկուբատորը շատ շահավետ բիզնես է… Հատկապես ցնցվել էի, երբ տեսա վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանին` նորահաս երգչուհի-աղջնակի դերում, Արման Հովհաննեսյանի հետ մի երգ կատարելիս – այս վերջինին Հ1 –ը դրանով ասպարեզ էր հանում… Բայց ափսոս չէ՞ր վաստակավոր արտիստուհու այդպիսի դեվալվացիան:

Հ1-ի երրորդ սիմվոլը ... տեսնես ո՞վ է… Այս տեղի համար շատերը կպայքարեն, ես այս պատվավոր տեղը տալիս եմ հանրաճանաչ շոումեն և բանաստեղծ Ավետ Բարսեղյանին ... Խոսքն ու եղանակը` երգի այս երկու բաղադրիչները: Ավետ Բարսեղյանը երգերի խոսքեր է գրում: Ընթերցողս, թեմա բացենք, Ավետ Բարսեղյանի բոլոր երգերը հավաքենք, կարդանք ու հարցնենք. այս մարդը Տերյան կամ Չարենց կարդացե՞լ է: Այս մարդը հայրեն կարդացե՞լ է, այս մարդը տաղիկ ու խաղիկ լսե՞լ է… Ո՞վ է սրան բանաստեղծ կոչել ... Իհարկե, Հ1-ը: Սա նաև Հ1-ի գլխավոր շոումենն է. Նա ճչում է և անընդհատ հորդորում ծափահարել,- ինքն է որոշում, թե ինչի~ համար պետք է ծափահարել…

Ընթերցողս, Հանրայինի այս պատկերասրահը շարունակելու եմ ... Բայց չեմ ուզում սիրտդ կոտրած ավարտես «Այսօրիս» ընթերցումը… Հենց նոր մշակութային ալիքով մի պիես էր` արևմտահայերեն, չգիտեմ` ով էր հեղինակը, կճշտեմ. երևի Շահան Շահնուրը: Աննման էր Վարդուհի Վարդերեսյանը: Սիրելի~ մայր – Վարդուհի Վարդերեսյան, վերջին ծանր տաս-տասնհինգ տարիներին, եթե քեզ հաճախ տեսնեինք` մեզ մայրություն կանեիր, անուշ լեզուդ կլսեինք, քնքուշ խնամքիդ կարժանանայինք… Որքա~ն հազվադեպ ենք տեսել ու լսել քեզ: Բայց այսօր տեսանք:


Բարի գիշեր:

Black Orchid
10.11.2008, 14:49
Ընթերցողս, թեմա բացենք, Ավետ Բարսեղյանի բոլոր երգերը հավաքենք ....
:nea:Համաձայն չեմ. երգերի տեքստերը հավաքելու համար այդ երգերը լսել ու "ուսումնասիրել" է պետք, ԴՆ ֆորումի անդամների ժամանակի վատնումը, նյարդերի քայքայումն ու ուղեղների աստիճանական բթացումը ոչ մեկիս պլանների մեջ չի մտնում;):

Լրագրող
10.11.2008, 16:18
Այն, որ Հ1-ը վատ է աշխատում, բոլորը գիտեն, ու հատկապես ձեր հիշատակած մարդիկ: Չեմ ցանկանում որևէ մեկին պաշտպանել կամ էլ արդարացնել Հ1-ի ծրագրային քաղաքականությունը, երբեմն այն ինձ էլ է անհասկանալի:

Երկար կարելի է զրուցել անհրաժեշտ և/կամ հետաքրքիր հաղորդումների մասին: Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչպես ես վերաբերում հեռուստատեսությանը` բիզնեսի, լրատվամիջոցի, թե հանրային փրկօղակի:

Ես ինքս էլ այդ որոնումների մեջ եմ, ավելի շուտ ոսկե միջինի բանաձը հանելու փորձերի մեջ`ներկայացնել օգտակար հաղորդում` հետաքրքիր ձևաչափով, անհրաժեշտ էթիկայի նորմերին համաձայն և դինամիկ` իր մատուցման մեջ: Ոչ բոլոր փորձերն են հաջողակ: Սակայն կարևորը կարծում եմ չհանձնվելն է: Անընդհատ փորձելը:

Հանրայինի դեպքում, ով էլ քննադատի, իրավունք ունի: Մենք հանրությունից ենք սնվում, հենց նրան էլ պատասխանատու ենք: Իմ գրածն ընդամենը վերաբերում էր "թևաթափ" չանելուն: Վերանանք էդ "Արևմտյան բզիկներից"...դիտել եք օրինակ, "Առողջապահական սխալները"` նույն հաղորդման մեկ այլ թողարկում, "Գավառացի քաղաքապետերը" կամ օրինակ "Սկանդալները"...դրանք շատ աշխատված, անքուն գիշերների, ռիսկերի ու նյարդերի հաշվին էր արված: Ու ցավալի է, որ մեկ հաղորդման մեկ ռեպորտաժով կարելի է դատել մի ամբողջ ստեղծագործական խմբի մասին, որն այսօր հայկական ամբողջ հեռուստաեթերում, բառացիորեն միակ հաղորդումն է, որ դեռ փորձում է ծրագիր պատրաստել հատուկ ռեպորտաժ ժանրի մեջ:

Կարելի է անընդմեջ վիճել, հեռուստաճաշակը, քաղաքականության պես է` ամեն մեկն իր կարծիքն ունի: ուղղակի, այդքանով հանդերձ` թևաթափ մի արեք մարդկանց, որոնք գոնե փորձում են ընդառաջ գնալ ձեր իսկ քննադատությանը...

Հեղինակ
10.11.2008, 23:21
Այսօրս 10 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Այս օրերի դիտարկում-ապրումներից – Բարաք Օբամայի ընտրությունը: Աշխարհը – ի դեպ` այն աշխարհը, որին` մեզ ճղելով, ինտեգրվում ենք,- ընդունեց, որ ինքը հիվանդ է, և Օբամայի ընտրությունը իրեն առողջանալու շանս է տալիս: Սևամորթ գործչի էթիկան այսօր ավելի բարձր է, քան սպիտակ էլիտայի էթիկան – բայց աշխարհը առողջացնելու համար քիչ է բարձր լինել արդեն անկյալից – պետք է ունենալ Նոր Էթիկա:

Օբամային շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ,- և ինձ համար հաճույք է թարգմանաբար մի հատված ներկայացնել այդ շնորհավորանքից. “Դուք գիտեք, որ Բարձրյալի կողմից մարդկանց պարգևած հնարավորությունները մշտատև չեն, և հուսով եմ` Դուք կշտապեք օգտվել Ձեզ տված շանսից` որպեսզի կարևորեք մարդկանց հանապազորյա կարիքներն ու արդարությունը` եսապաշտ ու անարժան փոքրամասնության անկուշտ պահանջների փոխարեն”: Այսպես արդարացի ու անշղարշ է խոսում իմաստուն Արևելքը: Ողջույն բարեկամ երկրի առաջնորդին:

Իրանի մշակութային քաղաքականությունը – սա առնչվում է “Այսօրիս” շնչին… Հեռուստատեսությունը միայն պետական է և վարում է հստակ մշակութային քաղաքականություն: Պատկերացնու՞մ եք մի ալիք, որտեղ հնչում է իր ժողովրդի պոեզիան - Ֆիրդուսին, Հաֆեզը, Օմար Խայամը…, ապա երգը, պարը, ավանդությունները:

Հեռուստատեսությունը և աշխարհը: Մարդը և աշխարհը: Ընթերցողս, չեմ բարդացնի, բայց մի դիտարկում – գիտելիք ցանկանում եմ հասցնել քեզ: Մարդկային Հոգու արարչական կորիզը և նրան հարող բարձր էթիկական ու մտածողական շերտերը, - ահա սրանք կարիք ունեն գեղեցկության, արվեստի, բանաստեղծության – նրանք սիրում են հանդիսավորություն, սա վսեմ խղճի թագավորությունն է: Բնությունը, ազգային և համամարդկային մշակույթները սնում են Հոգու այս բարձր տիրույթները, մարդուն Մարդ են դարձնում: Բայց մարդկային հոգին ունի այլ, մակերեսային հանդերձներ - աղտոտված, փնթի, շահատենչ, մեղկ ու մանր արատներով սնուցված: Ահա – այս շերտերը ուրիշ սնունդ են ուզում: Ներկա հեռուստատեսությունը, ԶԼՄ-ները աշխատում են գլխավորապես այս շերտերը սնելու համար:

Լուրը - հիմնական նարկոմանիկ ապրանքը, սնում է հետաքրքրասիրության, բամբասանքի, ուրիշի տառապանքով ուրախանալու, ուրիշի մահը տեսնելու ցածր բնազդները… Լուրի ցածրագույն տեսակը սենսացիան է, սկանդալը: Սրանց օգնության է գալիս կեղծ-երգը, կեղծ-պարը, կեղծ-բանաստեղծությունը…ԿԵՂԾ ԿՅԱՆՔԸ… Որևէ հեռուստատեսություն իրեն ճղում է այս տարածքը գրավելու, մարդ ու գովազդ որսալու, ԿԵՂԾ ԿՅԱՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ համար: Հեռուստատեսության շահն է` մարդուն ոչ ասուն արարած դարձնել, ձեռնածու, ապամշակութային դեգեներատ - և ծաղկեցնել իր բիզնեսները… Սա համաշխարհային մի հանցանք է, որի մեջ ներքաշված են նաև Հայաստանի հեռուստատեսությունները… Ինչու չձգտել` ախտորոշել այդ հանցանքի ծագումը և հասնել մեր երկրի ապաքինման – մեր հանրության` սկսած հասարակ մարդուց մինչև երկրի վերնախավը – ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ:

Ո~վ հեռուստատեսության ծառայող, նախ քեզ համար գրեցի այս մի քանի տողը… Հիմա նայիր, դու արվե՞ստ ես ստեղծում քո գործով, թե՞ ծառայում ես հոգու ցածրագույն բնազդների բավարարմանը… Այս հարցը քո ինքնաճանաչման բանալին է: Հաջողություն քեզ այդ դժվարին ճանապարհին: Բոլոր դեպքերում` տխրելու կամ լալու պատճառ չիք… Եթե հիմա չէ` հարյուր տարի անց ամեն ինչ լավ է լինելու…

Ընթերցողս, ինչի՞ն ծառայեցիր այսօր: Վստահ եմ` ծառայեցիր Կյանքի Գեղեցկությանը:

Բարի գիշեր:

Առողջագետ
11.11.2008, 10:52
Չեմ կարող բավարարվել սովորական շնորհակալությամբ. փայլուն կրթական նյութ էր:

Հեղինակ
12.11.2008, 00:38
Այսօրս 11 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Ընթերցողս, “Այսօրս” ավարտվում է վարպետ Ջիվան Գասպարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգի հնչյունների տակ: Լսում ենք համերգը, և ես մեր Քանդակագործին թելադրում եմ այս տողերը:

Ջիվան Գասպարյան – որքան հստակ ու մաքուր է այս մարդու միտքը – խաղաղ հայկականությամբ լեցուն. ոչ մի ավելորդ բառ, սիրո և իմաստության ժլատ, խաղաղ գոհարներ: Նույնքան զուսպ ու ազնվական է նրա նվագը:

Այս մեծ հոբելյանը առիթ է, որպեսզի հայ մշակույթը ներկայանա այս բեմին,- եթե ազգային մշակույթդ զորավոր է – երգդ երգ է, պարդ պար է և բառդ բառ է, ապա ազգիդ մայրերը կաթ կունենան, երեխաներդ հանճարներ կլինեն, մեծերդ` շնորհներով լի, ծերերդ` շռայլ, զինվորներդ` անպարտելի, զորավարներդ կշահեն ճակատամարտերը, պետական այրերդ կլինեն ազնիվ ու վեհանձն: Եթե կարծում եք, թե որևէ պետություն ամուր է միայն օրենքներով, միջազգային չափանիշերով և այլն, ապա սխալվում եք. - օրենքները գործում են մարդկանց սրտերի միջոցով, իսկ սրտերը կրթվում ու զորանում են մշակույթով:

Այս հոբելյանը առիթ է` տեսնել, թե ով է այսօր բեմին, ով է ներկայացնում մեր մշակույթը, ինչ վիճակում է այսօր մեր մշակույթը: Փառք աստծո, հայտնի է, որ վարպետը չի սիրում մեր էստրադայի խղճուկ “աստղերին”, մի քանի անգամ արտահայտել է իր վերաբերմունքը, և համերգի կազմակերպիչները չեն համարձակվի ասպարեզ հանել Հայկոյին ու Անդրեին: Բայց ով գիտի` համերգը դեռ շարունակվում է:

Բայց նայենք, թե ով է ասպարեզի վրա:

Պարի պետական անսամբլը – վիրտուոզ է նրա պարը. – ոճը` հայկականի և հյուսիս-կովկասյան, վրացական պարային ոճերի մի սինթեզ: Աչքի համար անչափ գրավիչ է, սակայն հայ պարի բարձրագույն արտահայտությունը չէ սա: Այս սինթեզը սովետի ժամանակներից է, - ազգերի եղբայրությունը և բեմեր գրավելը հրաշալի են, բայց արվեստի մաքրությունը անսակարկելի արժեք է, և վստահ եմ` մի օր հրաժարվելու ենք Պարի պետականի այսօրվա սինթեզից: Հայ բնիկ պարը խրոխտ է, վսեմ շարժումները - թվացյալ աղքատ, բայց արքայորեն հարուստ են ու զուսպ. – հայ պարի մեջ ձեռքերը չեն պարում, գրեթե չեն պարում, այլ պարում են հպարտ իրանը և ոտքերը` հողից վեր - Արարչին հասցնելով մեր հպարտությունը: Այս համերգին դեռևս հայ պար չկա, եթե լինի` վերջում կգրեմ:

Թաթուլ Ալթունյանի անվան պարի պետական անսամբլը, - սրա ոճն էլ նոր ժամանակների սինթեզ է - հայ երգը, աշուղականը, արևելյան ոճերը – քաղցր ու ակնահաճո սինթեզ է սա, բայց սա ևս հայ երգն ու պարը չէ: Կարեն Գևորգյանի “Բերդն” էլ ելավ բեմ – այս պարուսույցի հանրային աշխատանքը անսահման գնահատելի է, բայց իր անսամբլը կատարումները չեն համապատասխանում իր տեսական հասունությանը:

Հրաշալի էր Լևոն Մալխասյանի ջազը` Ջիվան Գասպարյան-կրտսերի դուդուկի հետ - “Դլե –յամանը”:

Այս համերգի հայտնությունը Ջիվան Գասպարյան-կրտսերն է. մինչև այժմ Վարպետը աճեցրել է թոռանը, գրեթե ասպարեզ չի հանել, տարիների ջանք է դրել… Եվ այսօր ասում է – ահա իմ արվեստի ժառանգը: Սա լավ դաս է երկու շաբաթում “աստղ” հռչակվող դարձվորներին:

Ափսո~ս, հազար ափսո~ս, հայ գեղջուկ, քաղաքային և հոգևոր երգը – այդ անծայրածիր օվկիանոսից որևէ կոհակ այս համերգի ափ չելավ – չկար հայ երգի լաբորատորիա-համույթը` “Ակունքը”, չկար Սայաթ-Նովա գուսանական համույթը, չկային “Կարինը” և “Մարաթուկը”… Եվ ափսո~ս, կար Սոֆի Դեվոյանի ֆալշ-հայկական պարը…

Դրսից եկել են հռչակավոր արտիստներ – բարձրագույն վիրտուոզներ, եկել են խոնարհվելու մեծ արվեստագետի վաստակին: Վաղուց այսպիսի մշակութային ճոխ երևույթ չէր եղել…

Փառք մեծ վարպետին` Ջիվան Գասպարյանին:

Բարի գիշեր:

Tigris
12.11.2008, 16:09
Այսօրս 11 նոյեմբերի 2008թ.,
Վայելեցի իւրաքանչիւր բառը:

Հեղինակ
12.11.2008, 22:59
Այսօրս 12 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Երեկ Տիգրիսի բացած թեմայում – Գեորգի Գյուրջիև - կար այդ հայտնի Ուսուցչի ասույթը. «Եթէ դուք գիտէք, որ այդ մեկը վատ է, սակայն շարունակում եք անել, իմացե՜ք, որ դուք անուղղելի մեղք եք գործում»: Այո~, եթե սխալը գիտակցված չէ` հետևանք չի առաջացնում: Տեսե~ք մեր առևտրային օլիգարխի երջանիկ դեմքը. ճարպիկ, հնարամիտ առևտրով նա աղքատացրել է հազարավոր մարդկանց, նրանցից խլել է արտադրություն ունենալու և աշխատելու իրավունքն ու հնարավորությունը, բայց մեղքի գիտակցում չունի և պատասխան էլ չի տալու... Հենց գիտակցեցիր սխալդ` սկսվում է պատասխանատվության շրջանը: Հեշտ է անպատասխանատու մարդու գործը: Իսկ պատասխանատուին զարկում են և թշնամիները, և Բնության օրենքը: Բայց իրական երջանկության հասնում է պատասխանատուն – սա է մարդու էվոլյուցիայի ճանապարհը:

Մեր տանը սովորություն կա – հին թերթերը մեկ-մեկ մեջտեղ ենք բերում, և այստեղ հանդիպում են զարմանալի նյութեր: Ահա մի լուր հայտնի ազատական լրագրից – մի շաբաթ առաջ է եղել: Հանդիպել են ազատական բանաստեղծուհի- հրապարակախոսն ու դերասանուհին, խոսել են հայկական սերիալների մասին... Այսպես, բանաստեղծուհի-հրապարակախոսը կարծում է, որ սերիալները կյանքի հայելին են, և նրանցից շատ բան կարելի է սովորել... Եվ ապա` «եթե սերիալների միջոցով էլ կյանքը չարտացոլվի հեռուստատեսությամբ, ապա դրանում... ճշմարտության հատիկ էլ չի մնա...»: Դերասանուհին էլ աել է, որ սերիալի բառապաշարը պետք է վերահսկել: Ի վերջո երկուսով եզրահանգել են, որ «սերիալների որակը կարող է բարձրանալ դրանց թվի աճով, երբ կլինի մրցակցություն:»

Ուրեմն, այսպես: Հրապարակախոս-բանաստեղծուհիս, դու նաև Շարժման մեջ ես, դու ազատականության տեսաբան ես, դու լավաշաչափ հոդվածներ ես գրում, իսկ եթե հեղափոխությունը հաղթի` դու հաստատ Հանրայինի խորհրդի մեջ կլինես... Եվ ահա, քո եզրահանգումով, որ հայտարարել ես ի լուր աշխարհի - ներիր տղամարդկային կոպտությանս, – գլխարկ դրած սիրունիկ գլուխդ պատով ես տվել: Սերիալը կյանքի վավերացումն է ոչ արվեստի լեզվով ու միջոցներով, այլ պրիմիտիվ, մակերեսային-գռեհիկ վավերագրույթան ժանրն է սա, որը առնչություն չունի արվեստի հետ: Պետք չէ հերթական ազատական էշությունն անել` սերիալ շատ արտադրել, որ իբր լինի~ մրցակցություն ու դրանց որակը բարձրանա~: Իրեն հարգող մշակութային ազգը սերիալ չի նկարի, և եթե փող ունի` թող էկրանավորի իր դասական գրականությունը: Եվ լավ էկրանավորի... Ողղակի հայկական սերիալ պետք չէ արտադրել: Պետք չէ հերթական կապկային պատճենահանումն անել արևմտյան հակամշակույթից:

Ընթերցողս, քեզ խոստացել եմ Հանրայինի սիմվոլներն ասպարեզ հանել, նկարագրել: Զարմանալի բան է կատարավել, - մի պարզ հոգի, մի պարզունակ մարդկային կառույց ուր որ է` դառնում է Հ1 – սիմվոլ... Մեր Շպռոտն է սա... Երկու օր առաջ էր` «Թեժ տասնյակի» համերգն էր – Ավետ Բարսեղյանի հետ Շպռոտն էր տանում այդ աննման համերգը - բայց Շպռոտը նաև դեր ուներ - ճակատին մի կարմիր խաչ էր զարկել, իբր թե դիմածնոտային կլինիկայի գլխավոր բժիշկն է – Անի Աշոտովնան: Այ չմեռնես դու, Շպռո~տ... Հա~, ինչու՞ դիմածնոտային – սցենարիստ-խմբագիրը մեզ հիշեցնում է, որ մենք դեմք ունենք, ծնոտ ունենք, նաև քիթ ունենք, որը կարող է կարիք ունենալ նորոգման,- դրանով Հ1-ի մի սիմվոլացող պերսոնաժի աղունին է ջուր լցնում, նրա համար կլիենտուրայի հարց լուծում: Ա~յ քեզ ճարպկություն... Բայց գանք մեր Շպռոտին: Մազերը դեղձան-սպիտակ են, այտերը` միամիտ-կարմիր, շուրթերը` պրիմիտիվ ելակի գույնի, իսկ մտքերը` թորած ջրի պարզ մաքրությամբ... Եվ ահա, այս սքանչելի արարածը, օրեցօր կարճացող շրջազգեստի միջոցով ընդգծում է, որ ինքը բարեկազմիկ է, թզուկ ինտելեկտի առկայծումներով ասում է, որ ինքը... դարակազմիկ է... Եվ որ ինքը... Հանրայինի բրենդ է դառնում... Ընթերցողս, թշվառ ընթերցողս, մարգարեությունս կատարվեց,- այս իսկ վայրկյանին Հ1-ի գովազդային պոռոտաձայնը ավետեց` կիրակի օրը ... Շպռոտ Աշոտովնան և սիլիկոնային մուլյաժները ինչ-որ հաղորդման մեջ... Վայելի~ր, Հայաստան, Շպռոտի բարձր, սիլիկոնային արվեստը...

Բարի գիշեր:

Հեղինակ
13.11.2008, 23:10
Այսօրս` 13 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Օրերը ցրտում են, պտուղները սմքում են, ուշ աշնան մեջ շնչում է ձմեռը: Բակում ցայտաղբյուրը ցուրտ երկնքին է հղում իր մանուկ աղոթքը – մի զվարթ ու բարձր շիթով: Գեղեցիկ է, բայց ջուրը… ափսոս է: Հայկական բարձրավանդակի ջուրը: Ամեն օր զարմանում եմ` որքան քաղցր է այդ ջուրը: Ի~նչ հարստություն է մեզ տրված Արարչի կողմից: Եվ դեռ չենք տեսել Բինգյոլի - Բյուրակնի աղբյուրները, Սասնո պայթող աղբյուրները…

Ուշ երեկոյան - Վաղարշյան փողոցի լույսերի մեջ մի մայր տուն է գնում – մթերքներ ձեռքերին, դեմքը լարված է, սև-շողացող աչքերը ուղղված են հեռուն` դեպի տարածություն… Մայրը սուրում է դեպի իր զավակները, նրանք հաց ու ջրի են սպասում. քիչ անց թևատարած կիջնի բնի վրա - ձագուկները կաղմկեն, սնունդ կստանան, կերջանկանան… Մի մայր դեպի իր բույնն է գնում:

Արաբկիր թաղամասը: Մի ժամանակ սա Երևանի կենտրոնից հեռու է եղել, և այստեղ բնակարաններ են ստացել համեստ գիտաշխատողներ, ուսուցիչներ, դերասաններ… Այդ սերունդը արդեն երիտասարդ չէ, բայց նրա ներկայությունը զգացվում է, նա թաղամասին խաղաղություն է տալիս: Այս սերնդի մարդկանց կարելի է տեսնել սննդի խանութներում` ընտրություն անելիս - ահա այս կինը – մաշկը խնամված է, սպիտակ, իսկ դեղին երանգը խոսում է այն մասին, որ սիրում է “լավ ապրել” - նուրբ և երկար ընտրություն է անում մի քանի երշիկների ու նրանց ֆիրմաների միջև… Երևի մոռացել է մեր անգին-սովետական դատարկ խանութները… Բայց դեմքին մնացել է մի կորուսյալ քաղաքակրթության տված արժանապատվությունը;

Գիտության մարդիկ: Հսկա գլուխ, առյուծաբաշ մազեր, մանր ու քննախույզ աչքեր, բարձ ու համառ ճակատ…Սա ռուս լեգենդար գիտնական Տիմոֆեև-Ռեսովսկու կերպարն է – հռչակավոր Զուբրը` կենսաբանը, կենսաֆիզիկոսը, գենետիկը: Հերոսական մի դեմք գիտության մեջ, որի կերպարը նկարագրված է Դանիել Գրանինի “Զուբր” վեպում: Եվ ինչ է ասում այս գիտնականը – ներկա գիտությունը չի արտացոլում Ճշմարտությունը, այն միայն եղած տեղեկությունների համակարգումն է: Մեծ գիտնականը զգում էր, որ նյութական գիտությունը թերի է` առանց Ոգու գիտության: Եվ ահա, այսօր ակադեմիական գիտությունը չի կարողանում հաղթահարել մոլորակային ճգնաժամը: Նրան պակասում է Էթիկան: Ուրիշ ճանապարհ չկա… Երբ խոսում են Հայաստանի գիտության զարգացման մասին` դա միայն դառը ժպիտ է ծնում – քանզի առավելագույն երազանքը ժամանակակից եվրոպական չափանիշներին հասնելն է: Բայց մեկը չի հարցնում – եթե “եվրոպական չափանիշները” բարձր են ու համամարդկային – ինչու՞ է աշխարհը շան օրի, ինչու՞ է խորանում ճգնաժամը…

Առողջագետը շարունակում է “Արշալույսի” ռուսերեն թարգմանությունը: Այս օրերի մեջ կա մի մեղմ, գիտակցված քաղցրություն… Գրքի յուրաքանչյուր զրույցը, տողը ապրված են, Առողջագետը հիշում է` որ զրույցի ատաղձը ինչպես է ծագել…
Կյանքի գաղտնիքը… Որքա~ն կիրք, որքա~ն ցավ, որքա~ն սխալներ – մարդկանց ճանապարհին: Եվ երբ Կյանքը ձգտում է զուլալվել, ճանաչել ԻՆՔՆ ԻՐԵՆ` մնում են Սերը և Աշխատանքը` մարդկային սրբազնության այս երկու ակունքները:

Բարի գիշեր:

Հեղինակ
14.11.2008, 23:45
Այսօրս` 14 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր առավոտյան Առողջագետը հորդորում էր ինձ` կարդա~, կարդա~ Օշոյի հոյակապ գիրքը. “От медицины к медитации”. Կան մտածողներ, որոնց ուսմունքները ջրի պես հագեցնում են ճանաչողության ծարավը:

Տարիներ առաջ էր … Առողջագետի հետ գնում էինք ճանաչողության լայն ճանապարհով - և ժամանակակից գիտությունը, և բոլոր հոգևոր աղբյուրները – լինի քրիստոնեություն, թեոսոֆիա, արևելյան և արևմտյան մտածողներ, փիլիսոփաներ, սրբեր: Մի հարազատ բժիշկ-ընկեր ունեինք, որի հետ տարիների ճանապարհ էինք անցել… Նա ճշմարտության կրքոտ և պայծառ փնտրող էր, բայց երևի հոգնեց … Եվ ապաստանեց մի օրթոդոքս հայ քահանայի թևի տակ, դարձավ նրա ծխի անդամը: Եվ եղավ մի օր, երբ նա հավատաքննիչի լարված հայացքով նայում էր մեզ ու ասում` “Կա՞ աշխարհում մի բան, որ այստեղ չկա, էլ ի՞նչ եք փնտրում”: Եվ ցույց էր տալիս Աստվածաշունչը:

Հայ պատմության մեջ չկա ավելի տխուր մի բան, քան հայ հետադեմ կղերականը կամ նրա ուղղափառ հետևորդը: Նրանց հետաքննությանն է ենթարկվել նույնիսկ մեծն Նարեկացին, նույնիսկ Կոմիտասը… Եվ հիմա ո՞վ է ասել, որ մենք` բժիշկ-բնագետներս ու մարդաբաններս, մեր աշխարհայացքը պետք է խցկենք որևէ հավատի դոգմատիկ սահմանների մեջ:

Եվ ահավասիկ` թերթում եմ Օշոյի գրքի էլեկտրոնային էջերը… Բոլոր քաղաքական հոսանքները և բոլոր կրոններն ասում են` այսօր դժվար է, համբերեք` վաղը լավ է լինելու, ձեզ պայծառ ապագա է սպասում: Բարփոխումները արդյունքն կտան … Կամ էլ` Փրկիչը կգա… Մինչդեռ մարդը պետք է ապրի, երջանիկ լինի ԱՅՍՕՐ ԵՎ ԱՅՍՏԵՂ: Միայն երջանիկ մարդը կարող է իրապես ապագայի կերտման կենտրոն դառնալ…

Ի՞նչ է մեդիտացիան: Հայ հոգևոր մշակույթին առավել հարազատ է ոգեշունչ աղոթքի ֆենոմենը, և մեզ համար դժվար ընկալելի է արևելյան ծագման մեդիտացիաների և տեխնիկան, և էությունը: Վերջերս կարծես թե ընկալում եմ այս երևույթը… Երբ նայում ես կապույտ երկնքին – սիրտդ լցվում է նրա լույսով, սրտիդ մեջ չկա ոչ մի բառ, ոչ մի միտք, նույնիսկ զգացում չկա, այլ միայն կապույտին, Ամբողջին միաձուլման պահը: Այդ վայրկյանին Տիեզերքը լցվում է մեջդ, անձայն խոսում սրտիդ հետ: Գեղեցկության ամեն պահը – լավ երգը, բանաստեղծությունը, բնության պատկերը ծնում են այդ անբառ հանդիսավորության վիճակը, որ հենց մեդիտացիան է: Ափսո~ս, հազա~ր ափսոս, մեր հանրությունը հեռուստատեսության աղմուկների, գռեհիկ հումորի ու զվարճանքի հեղեղի մեջ հազվադեպ է ունենում այն հանդիսավոր վայրկյանը, երբ մարդկային Սիրտը խոսում է Տիեզերքի հետ: Առանց բառերի:

Տիգրիսը մի լավ թեմա է բացել` “Ծառը”: “Արշալույս-2”-ում մի նյութ կա` “Լեգենդ ծառի մասին”: Վաղը կտեղադրեմ այդ թեմայում: Սիրում եմ ծառը: Ամառանոցում երեք կեռասի ծառ ունեինք, նրանք գեղեցիկ էին ու գիտակից` մարդու նման: Նրանց բները տաք էին, և երբ փարում էիր` նրանք տաք էին սիրելի մարդու նման… Մեր ճանապարհի ինչ որ ժամի մենք բաժանվեցինք այդ ծառերից: Տեսնես` կա՞ն, տեսնես ապրում ու խշշու՞մ են մեր կեռասի ծառերը:

Ընթերցողս, ինչպե՞ս ես … Աշխարհում միայն մի բան կա, որ սրբազան է` Կյանքը: Եվ մեկն էլ` Գեղեցկությունը: Մեկ-մեկ անհանգիստ եմ լինում, թե “Այսօրս” ինչ որ բան… փշրում է սրտիդ մեջ – մի ճշմարտություն, մի պատկերացում, մի գնահատական… Եթե այդպես լինում է` մի ափսոսա – ազատված տեղը բաց Կյանքի և Գեղեցկության առջև…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.11.2008, 23:31
Այսօրս` 15 նոյեմբերի 2008թ., ավարտվում է:

Կյանքը - ամենամեծ Սցենարիստն ու Ռեժիսորը:
Այսօր մեր կյանքի բարձր ու ուրախ օրերից էր: Եվ այնպես պատահեց, որ այսօր մեր դժվար ու տխուր օրերից մեկը եղավ: Եվ այդ երկուսը - միաժամանակ: Այդպես էր որոշել այդ զարմանալի Սցենարիստ – Ռեժիսորը:

Շնորհակալություն: – Մի տեղ, մի լուսավոր ուսմունքում հանդիպել եմ այն մտքին, որ շնորհակալության զգացումը կապում է բոլոր աշխարհները - ֆիզիկական, նուրբ և Հրե աշխարհները: Շնորհակալության լեզուն հավասարապես հասկանում են հովիվը, սուրբը և Արարիչը:

Առողջագետի մոտ խորհրդատվության էր եկել մի երիտասարդ կին – նիհարակազմ էր, թևերը երկար, մաշկը` գունատ: Ամուսնացած է երկու- երեք տարի, հղիությունները չի պահում` վիժում է երկրորդ ամսվա վերջին, ունի ալերգիայի երևույթներ, օրինակ, չի կարող… մեղր ուտել, ուղղակի “թունավորվում է”… Առողջագիտական իմաստով պարզ էր իրավիճակը, որ ոչ մի դեղորայքով չես շտկի - օրգանիզմը և արյունը աղտոտված են, իմուն համակարգը` լարված ու հիվանդ,- Առողջագետը տվեց հիմնարար խորհուրդներ օրգանիզմի մաքրման - մի տաս օր անց արդեն մեղրը դարձավ “յուրային սնունդ”, էլի տաս օր անց` հղիություն: Անցնում է ճգնաժամային ժամկետը` հղիությունը շարունակվում է: Ինչպիսի~ ուրախություն` ևս մի կին զավակ է ունենալու, և միայն ապրելակերպի առողջացման միջոցով: Առողջագետը մտածում է` ևս մի քանի նուրբ քայլեր, շտկումներ, որպեսզի հղիությունը հասնի հաջող ավարտին… Բայց ու~ր է, թե … Անցնում է մեկ ամիս, երջանիկ կինը ե՞րբ է գալու… Առողջագետը սպասում է, որ գոնե մեկ անգամ էլ կանցնի` իր հարգանքը բերելու Առողջագետին և նրա գործին: Այդպես էլ չեկավ: Տեսնես պտուղը ի՞նչ է մտածում մոր մասին…

Անշնորհակալ մարդը փշրում է երկնքի կամարը մարդկության գլխին, և կապարված փլատակների տակ մնում են և ինքը և մարդկությունը:

Անշնորհակալ մարդը կտրում է կապը իր և Արարչի միջև, վտանգավոր է անշնորհակալ մարդը:

Եվ այսօր մտածում էի ու ասում. Ով Զարմանալի Սցենարիստ և Ռեժիսոր, ինչու՞ մեզ այսօր ուղարկեցիր և մեծագույն ուրախություն, և մի ուրիշ անշնորհակալ մարդու տված դառը ցավը: Հարցիս ի պատասխան Արարչական Սցենարիստ-Ռեժիսորը խորամանկ ժպտում է և անձայն ասում.
-Ես քեզ այսօր ուղարկել եմ Կյանքի Լավագույն Սցենարները: Դու խաղա քո դերը – Ես եմ քո կյանքի Ռեժիսորը… Հետն էլ մտածիր, թե ինչու՞ եմ ուղարկել այդքան հակասական սցենարներ – նույն օրվա փաթեթի մեջ: Բայց իմացած եղիր - այդ երկուսը միասին ստեղծում են քո Լավագույն Օրը: Եվ շնորհակալ եղիր շռայլությանս համար:

Ընթերցողս, ի՞նչ է ասում այս զարմանալի Կյանքը…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.11.2008, 23:20
Այսօրս` 16 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Մեր զինվորը վերադարձավ ծառայությունից:

Ընթերցողս, հիշում ես` մի անգամ գրել էի – Արևը ծագում է Արևելքից: Սա շատ հին միտք է, սա մարդկության առաջին մտքերից է: Իմ արևը, իմ զինվորը գալու է Արևելքից, Հայոց արևելյան կողմերից: Մեր սիրտը զարկում էր նրա ճանապարհին ընդառաջ:

Մայրը, ճանապարհին նայող մայրը: Պատշգամբից երևում է Վաղարշյանի այն հատվածը, որտեղից անցորդը թեքվում է աջ և մտնում է Շիրվանզադեի դպրոցի և Երաժշտական դպրոցի բակը. այդ փոքրիկ հատվածում պետք է երևար մեր զինվորը: Բոլորս հոգնեցինք նայելուց և ցրվեցինք տան մեջ: Միայն մայրը շարունակում էր նայել – նա այդպես ճանապարհ էր դրել որդուն և նույն տեղում` սպասում էր նրա հայտնվելուն… Եվ վերջապես, հնչում է նրա կանչը` “Հարությու~նս”:

Ընթերցողս, հայտնի՞ է, չէ՞, այն միտքը, որ Արարիչն ստեղծել Կյանքը: Վերջերս, միայն վերջերս ինձ հասել է այն գիտելիքը, որ այս մտքի մեջ թերություն կա – այս միտքը Արարչին ու Կյանքը անջատում է իրարից… Իբրև մի տեղ, ամպերի մեջ նստած է մի Ծերուկ-Արարիչ և նրանից դուրս գտնվում է իր ստեղծած Կյանքը: Մինչդեռ Կյանքը հենց Արարիչն է - կենդանի ձևերի մեջ:

Նայում եմ Արևելք, այնտեղից է գալու իմ որդին… Առջևս փռված է քաղաքային լանդշաֆտը - մի քանի ծառ, բակը, ցայտաղբյուրը, բազմահարկ շենքեր, բետոնե հարթություններ և մի քանի մարդ… Այս ամենը Կյանք – Արարիչն է: Այս բետոնի մեջ փողփողում է արարչական հուրը:

Սիրելի Արարիչ, քեզ նաև Աստված են ասում – գիտես վաղեմի իղձս – մոռանալ , հիմնավորապես մոռանալ քո անունը, այնպես մոռանալ, որ դու իբրև չկաս… Մեզանից անջատ դու չկաս - և ԿՅԱՆՔ է քո անունը և դու լուծված ես ԿՅԱՆՔԻ մեՋ… Նայում եմ Արևելք, այնտեղից է գալու իմ զինվորը, – իսկը ժամն է` մոռանալ Քո Անունը և ուղղակի երջանիկ լինել: Գիտե~մ, գիտե~մ, դա քո իղձն է` որ ես երջանիկ լինեմ ու մոռանամ Քո Անունը:

Արևելքից եկավ իմ զինվորը:

Վաղը բացվելու է խիստ ու ցրտաշունչ առավոտը…Զինվորս արթնանալու է աշխատանքի համար, նա աշխատավոր է… Նաև գիտե, թե ինչ է Սերը – որը պահել, պահպանել է նրան: Սեր և Աշխատանք – մարդկային սրբազնության երկու ակունքները – նրանք ծանոթ են իմ որդուն:

Բարի գիշեր:

Հեղինակ
17.11.2008, 23:24
Այսօրս` 17 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Մեր զինվորը վերադարձել է: Այս միտքն էր տրոփում այսօրիս մեջ, որդիս վերադարձել է: Ինձ ազատեցի բոլոր գործերից - և թողեցի միայն մեկը` ապահովել սիրելի մարդկանց փոքր ու մեծ ուրախությունները:

Դռան զանգը տալիս են, մտածում եմ` զինվորիս ընկերները կլինեն… Բացում եմ - երկու երիտասարդ կին են կանգնած, անծանոթ են: Սիրտս տհաճությունից սեղմվում է - թափառող քարոզիչներ են… Բայց չեմ փակում դուռը, այլ հարցական նայում եմ` ի՞նչ են ուզում: Մեկն ասում է.-“Դուք կուզենայիք իմանալ շատ կաևոր բան …”: Եվ ցույց է տալիս մի գիրք` կազմը սև ֆոն է, վրան կարմիր տառերով խորագիրը. “Պե՞տք է վախենալ դժոխքից”: “Դժոխք չկա” ,- ասում եմ ես և փակում եմ դուռը:

Որդիս վերադարձել է… հայոց արևելյան կողմերից: Այս օրերին սրտիս մեջ կա մի ծանր տագնապ - երբ մեզանով, մեր ապագայով սկսում են զբաղվել օտարները – եվրոպաները, ռուսաստանները, էլ չեմ ասում` ամերիկաները և թուրքիաները, ուրեմն` լավ չեն լինի մեր գործերը: Որովհետև` եթե չորս հիվանդ հավաքվում են, ինչպե՞ս կարող են արդարության և կյանքի առողջացման խնդիր լուծել: Չգիտեմ` ինչպես է լինում, բայց եթե երբևէ նշված կամ այլ դերակատարներ հավաքվել են` հայկական որևէ հարց քննարկելու, նրանք միշտ ստորության ռեկորդներ են զարկել: Մեր ապագայի հարցերի պատասխանները մենք կարող ենք ստանալ մեր հայկականության ակունքից, մեր սրտից: Կարող ենք, եթե ազատվենք հայ էթնոսի բոլոր ձեռքբերովի արատներից:

Էն բարձունքներում կայծակներն են զարկում: Էն բարձունքներում կայծակի զարկից երկաթե դուռը կարմրում է, էն բարձունքների ժայռերին կաթում է հայի դառը և աղի քրտինքը: Բայց ահա մի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս - միասին գալիս են մեր աշխարհները, թթի օղի են քաշում գլուխները և արդարացի լուծում են փնտրում ինչ որ հարցի, որը պատմականորեն, տիեզերականորեն ՉԿԱ… Նրանք հաստատ եկել են վիժեցնելու մեր իղձերը և մեր երազները: Ընթերցողս, մեր իղձերը …հողի մասին չեն… Մեր իղձերի գագաթը - ճանաչել մեր սրտի հարստությունը…

Ընթերցողս, հաստատ իմացիր` դժոխք չկա: Որ իբրև դժոխք կա - դրա մասին են ասում բոլոր եկեղեցիները, բոլոր կրոնները և նրանց սուրբ գրքերը, բայց հայտնի է` դժոխք չկա: Դժոխանման կյանք ստեղծում են մարդիկ, ազգերը և ֆիզիկական աշխարհը թողնելիս` իրենց հետ են տանում այդ դժոխանման պատկերները և դժոխային գիտակցությունը... Այդ պատկերներից, մարդու ստեղծած այդ իրականությունից է կերտվել անդրաշխարհյան “դժոխքը”:

Իսկ դրա՞խտ ,- կհարցնես դու: Ընթերցողս, Դրախտը կա և նա… քո մեր սրտի մեջ է:

Բարի գիշեր:

Tigris
18.11.2008, 21:03
Այսօրս` 17 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Մեկն ասում է.-“Դուք կուզենայիք իմանալ շատ կաևոր բան …”: Եվ ցույց է տալիս մի գիրք` կազմը սև ֆոն է, վրան կարմիր տառերով խորագիրը. “Պե՞տք է վախենալ դժոխքից”:
Պէտք է վախենալ, մանաւանդ, երբ սատանի պատուիրակները կանացի տեսքով դժոխքից գալով շեմիդ կանգնում են:

Հեղինակ
19.11.2008, 00:24
Այսօրս` 18 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Զարմանալիորեն խաղաղ օր էր - ներհուն խնդությամբ լի – սպասումի և լարվածության օրերից հետո: Տրվեցի գիտակից “ծուլության” – միայն սիրելիներիս խնամքն էր գործս: Բայց դե գիտեմ – երբեմն “ծույլ” օրերի մեջ են ծնվում նոր ուղիները:

Այս օրերիս հիմնական գործն է – ավարտին հասցնել “Արշալույս-2”-ը, որ նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխայի համար. այն ընդգրկելու է ոչ միայն առողջ ապրելակերպի համակարգը, այլ բացելու է Կյանքի Գիտության խորքային շերտերըը: Տարրական մասնիկը, էլեկտրոնը, ատոմը - ամեն ինչ բնության մեջ` ունի ներքին բանականություն, սնվում է նույն տիեզերական Մայր Էներգիայից: Զուգահեռ բնագիտությունն է այս ձեռնարկի նյութը – ԿՅԱՆՔԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ – սիրո, ներդաշնության, էթիկայի բացահայտումը երեխայի համար:

Ընթերցողս, չեմ թաքցնի քեզանից. այն ժամին երբ ծնվել է սուր ու դառն աշխատությունս – “Ձոն Դոգվիլ Հայաստանին” – մի իղձ կա մշտապես սրտիս մեջ` կծնվի՞ արդյոք մի նոր աշխատանք` “Դեպի Գոդվիլ-Հայաստան”: Մեզ ապագայում սպասվում է ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ, որտեղ ապրելու են իսկական մարդիկ,- սակայն ինչպե՞ս գնալ մեր երազների այդ աշխարհը: Այն, ինչ կոչվում է ժամանակակից քաղաքականություն - փիլիսոփայական և տեսական անկյուններից դիտած` մի անպտուղ ջորի է – լա~վ իմանաս, ընթերցողս: Բայց այդ ջորին գեղեցիկ զամբիկի տեսք ու հմայք ունի – միլիոնավոր մարդիկ զբաղված են այդ անպտուղ կենդանուն թիմարելով:

Այսօրվա “ծուլությանս” ծրագրի մեջ – գնեցի երկու հայրենի թերթ – մեկը` հայտնի ազատական լրագիրը և մյուսը` նրա հակառակորդ չափավոր ընդդիմադիրը, որն այսօր արդեն հստակ իշխանական է: Սրանք երկուսն էլ տաս-հազարական են… Չգիտեմ, թե տարիներ անց ինչպես կգնահատվի ներկա օրերի հիմնական կոլիզիան – այս քաղաքական համակարգի հիմնադիրները ելել են իրենց ստեղծած համակարգի դեմ …

Ազատական լրագիրս մի լավ կծել է նախկին արտգործնախարարին իր “Սիվիլիտաս” շարժման համար: Ազատական լրագիրս, ախր դու ու մեր թոփ-թազա “Սիվիլիտասը” նույն սանրի կտավն եք: Եվ այդ ի՞նչ քաղաքակրթություն ես երգում, ո~վ նախկին արտգործնախարար: Երբ աչքիդ առջև փլվում է այդ քաղաքակրթությունը…

Ընթերցողս, իսկ մենք քեզ հետ լինենք Կյանքի Գեղեցկության հետ, սա է իմ և քո քաղաքականությունը…

Բարի գիշեր:

Հեղինակ
19.11.2008, 23:53
Այսօրս` 19 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Սայաթ-Նովա փողոց, Ս. Կաթողիկե եկեղեցին` Լեզվի քանդված ինստիտուտի տարածքի մեջտեղում - որբ ու անշուք կանգնած: Շինարարական պարիսպները փողոցի վրայից հանել են, - ըստ ամենայնի, Վեհափառի երևանյան նստավայրը չի կառուցվելու, և այստեղ փոքրիկ այգի կլինի: Կաթողիկոսի այդ ցանկությունը պատմական-հայկական պարանոյա էր – ուղեղի մորմոք, մտքի հիվանդություն, որը չէր բխում հայ հոգևոր-եկեղեցական ավանդույթի ոգուց ու տառից և նոր` բիզնես- ժամանակների ծնունդ էր: Ժողովրդական պոռթկումը սրբեց-տարավ նաև Վեհափառի այդ հիվանդ ցանկությունը… Հուսանք, որ սրբել- տարել է…

Տարածքը վերքի է նման. աչքիս առջև Լեզվի ինստիտուտի կատարյալ ու համեստ շենքն է – արդեն կորուսյալ – մեր մշակութային վերքերի շարքն անցած: Իրար դեմ այն օրերին կանգնած էին երկու հոգի – Նայիրի երկրի սրտում – Հայ Եկեղեցու Պետը և Հայ Լեզվագիտության Պետը – Գարեգին Բ Կաթողիկոսը և ակադեմիկոս Ջահուկյանը: Պատմական կոլիզիան ես չեմ ստեղծել, բայց մի հարց կարո՞ղ եմ տալ. ո~վ բանական մարդիկ, մի ազգի Եկեղեցի՞ն է ավելի բարձր, թե՞ նրա Լեզուն: Այս երկու Պետերից ո՞վ էր այդ ժամին էթիկապես ավելի բարձր: Որպես օրերի վկա` աներկբայորեն ու սրտով վկայում եմ – Գևորգ Ջահուկյանը էթիկապես բարձր էր, անմրցելիորեն բարձր էր Գարեգին Բ կաթողիկոսից: Լեզվի ինստիտուտի շենքը էթիկապես անմրցելիորեն բարձր էր խեղճուկրակ Կաթողիկե եկեղեցուց:

Բայց պարտվեց մեր Լեզվագիտության Պետը: Նա կյանքից հեռացավ վիրավոր սրտով: Չեմ հիշում նույնիսկ` նա հեռացավ մինչև՞ շենքի քանդումը, թե՞…Երրորդ հանրապետության պետական խավը թիկունք եղավ Եկեղեցու պետին, որովհետև նրան իշխանության էր բերել ինքը` ազդելով ազգային-եկեղեցական ժողովի ընթացքի և որոշման վրա, ինչպես ժամանակին վկայեց հայ մամուլը: Իր աշխատասենյակ-ճգնարանից վտարվեց Մեծ Լեզվաբանը: Սա Երրորդ հանրապետության ծանր հանցանքներից մեկն էր…

Գևորգ Ջահուկյան: Հիշու՞մ եք, տեսե՞լ եք այն հաղորդումը – ասմունքող Սվետլանա Խանումյանի հարցազրույցը Լեզվաբանի հետ: Եվ նրա բանաստեղծությունների ասմունքը: Քնարերգության աննման գոհարներ էինք դրանք… Դողդոջ ու ծեր էր Մեծ Լեզվաբանը – բայց աչքերի մեջ երիտասարդական փայլ ու խանդ կար – նա հիշում էր սեփական սրտի պատանեկան զարկերը…

Եվ նորից` Լեզվի ինստիտուտի շենքը: Դրսից` հայկական համեստ, կամարակապ գոհար էր: Ներսից անխնամ էր այն տարիներին, բայց առաստաղը բարձր էր, լուսամուտները` լայն – դասական կառույց էր: Եթե խնամվեր ու նորոգվեր` մեր լեզվագիտության տաճարը կարող էր դառնալ – նաև նյութապես գեղեցիկ: Այն տարիներին – Հայրենիքի փնտրման մեջ – այնտեղ էինք լինում. մայր լեզվի` գրաբարի քաղցր տարածք էինք գալիս… Բայց այլևս չկա նաև մեր երիտասարդ օրերի սիրելի վկան… Թող փշրվի այն ձեռքը, ով քանդեց Լեզվի ինստիտուտի շենքը – չեմ անիծում, այլ արժանին ու անվերապահն եմ հայցում:
Փա~ռք մեծ լեզվաբան Գևորգ Ջահուկյանի սուրբ հիշատակին:

Ընթերցողս, Լեզվի ինստիտուտի շենքը կերտենք մեր սրտի մեջ – մայրենի լեզվի գեղեցկության ու շնչի պահպանումով:

Բարի գիշեր:

Tigris
20.11.2008, 16:16
Այսօրս` 19 նոյեմբերի 2008թ


Մեզ՝ թուրքից, քրդից, պարսիկից, ազերաթուրքից ու վրացուց հիմնովին տարբերակողը խաչը չէ, հայերէնն է: Մնացեալ զանազանիչները հինգերորդական նշանակութիւն ունեն:
Թէ ի'նչ վերաբերում է ունեցել, անկախ պետութիւն կերտելու կոչում ունեցող նորօրեայ քաղաքական վերնախաւը, այդ պետութեան գոյութեան դրդապատճառ հանդիսացող հիմնական տարբերակիչի հանդէպ. զաւեշտալի է:
Ջահուկեաններ՝ մեկ էլ դժուար ծնուեն: Մատենադարանի համարժէք մարդկանց՝ բացառիկ գիտութիւն ու տեղեկութիւն ունեցող ուղեղների հանդէպ ի՜նչ վերաբերմունք է դրսեւորուել: Այսպիսի սրբութիւնները, փոխանակ փառքի դափնեպսակի արժանանալու, վտարուել են աշխատավայրից: Ահա' թէ ի'նչպէս է գնահատել պետութիւնը՝ անգինն է հատել, իրեն անգնահատելիօրէն ծառայողին:

Հեղինակ
20.11.2008, 22:53
Այսօրս` 20 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Ուշ աշնան սառն անձրևի տակ տխրել է փողոցը: Միայն մի կարմիր-արև մեծ դդում սառը մայթին բոցկլտում է: Այս մեծի կողքին` մի քանի ավելի փոքր արև-դդումներ ճեղքում են մայթերի թախիծը… Դդումների արևային ապստամբություն է աշնան դեմ – Վաղարշյան փողոցի վրա:

Կյանքը շարունակվում է… Այսօր մեզ այցելել էր մեր նախկին ուսանողուհիներից մեկը, որը հիշեցրեց մի հին ծանոթության – մի կնոջ մասին, որն այժմ իրենց բարեկամն է և մեզ ողջույն էր ուղարկել: Տարիներ առաջ էր. մի անգամ աշխատավայրում մեզ այցելեց 50-55 տարեկան մի կին – մազերն ալեխառն էին, դեմքը լիքն էր ու գունատ. կյանքից հոգնած մայր էր` ութ երեխա ուներ: Ծանոթացանք, և նա գրեթե անմիջապես ասաց մի ճշմարտություն, որին հասել էր դառը փորձով: “Կրոնը հաշիշ է”,- ասաց կինը. մենք այս բառակապակցությունը լսել էինք միայն պատմական մատերիալիզմի դասերին, ուղղափառ մարքսիստների բերանից… Իսկ հիմա դա ասում էր մի կին, որը “հավատացյալ” էր և տարիներ շարունակ եղել էր կրոնական մի համայնքի անդամ:

Կինը, ինչպես ասացի, ութ երեխա ուներ: Ամուսնու հետ անդամագրվել էին մի կրոնական խմբակի – ավետարանական եկեղեցու մի ճյուղը: Ամեն օր տաս հոգով աղոթքի են կանգնել, “պաշտամունքների” մասնակցել… Երեխաները փոքր են եղել, նրանցից մեկը` փոքրահասակ աղջիկը, չի ցանկացել մասնակցել պաշտամունքներին, ամուսնու հետ ճնշել են նրան: Ճնշել են իրար: Ծանր հոգեկան փնտրումների, երբեմն էլ` կրոնական էքստազի ու ուրախության մեջ, ավելի հաճախ` տվայտանքի մեջ անցել են տարիներ… Եվ վերջապես, տարիների մեջ եկել է եզրահանգման` “կրոնը հաշիշ է”: Երկար տառապանքից հետո կինը հասկացել էր` հավատի այդ ձևը` անընդմեջ ծեսերով` անկախ անձի հոգու պահանջից և մասնակցության պարտադրությամբ, խեղում է մարդկային կյանքը և ազատությունը:

Կրոնական համայնքը… Այն, իհարկե, իր մեջ կարող է ունենալ և հավատ, և առողջություն, և համատեղ ձգտում դեպի կյանքը: Մի անգամ – առաջներում այդ մասին գրել եմ – ծանոթության համար ներկա ենք եղել մի ավետարանական խմբի պաշտամունքի ծեսին. – ուրախ, ջերմ համայնք էր` պերճախոս քարոզիչով և եղբայր-քույրերի ջերմիկ ողջագուրումներով, Հիսուսին նվիրված պարզունակ ու մի քիչ խեղճ–գովաբանական երգերով…Ի~նչ համեմատություն հայ հոգևոր երգի, ծովածավալ և զվարթ մեր Շարակնոցի հետ: Սակայն ինչքան էլ ջերմ լինի կրոնական համայնքը` նրա հիմքում դրված են դոգմայի քարե պոստուլատները, որոնք ի վերջո կենսազրկում են համայնքի կյանքը: Եվ մեր առողջագիտական ճանապարհի այս վերջին տարիներին` մեր սիրտը համառ ու անհոգնել կոչում է հայ մարդուն` հեռու~, հեռու~, հեռու~ կրոնական համայնքներից:

Իմ – հայ մարդուս սրտի համար – երկու համայնք կա, որոնք կարող են և հեռու լինել կատարելությունից, բայց գոնե ձգտում են դրան. – հայ ընտանիք-համայնքը` մեծի ու փոքրի քաղցր ու ոչ բռնի հիերարխիայով… Եվ ապա` մեր բնիկ հայրենական համայնքները – Արևմտյան Հայաստանի գյուղական կորուսյալ համայնքները, որոնց հեռավոր ցոլանքները կան Մնձուրու գեղանկար գործերի մեջ:

Սիրելի ընտանիքս, հսկա ալեկոծումներ և փորձություններ ես անցել, և այժմ երկու տարերք է քեզ տիրում` Սերն ու Աշխատանքը – դու ես իմ սրտի սիրելի Համայնքը:

Բարի գիշեր:

Tigris
21.11.2008, 16:13
Այսօրս` 20 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Մի անգամ – առաջներում այդ մասին գրել եմ – ծանոթության համար ներկա ենք եղել մի ավետարանական խմբի պաշտամունքի ծեսին. – ուրախ, ջերմ համայնք էր` պերճախոս քարոզիչով և եղբայր-քույրերի ջերմիկ ողջագուրումներով, Հիսուսին նվիրված պարզունակ ու մի քիչ խեղճ–գովաբանական երգերով…Ի~նչ համեմատություն հայ հոգևոր երգի, ծովածավալ և զվարթ մեր Շարակնոցի հետ: Սակայն ինչքան էլ ջերմ լինի կրոնական համայնքը` նրա հիմքում դրված են դոգմայի քարե պոստուլատները, որոնք ի վերջո կենսազրկում են համայնքի կյանքը: Եվ մեր առողջագիտական ճանապարհի այս վերջին տարիներին` մեր սիրտը համառ ու անհոգնել կոչում է հայ մարդուն` հեռու~, հեռու~, հեռու~ կրոնական համայնքներից:


Մի քանի օր առաջ, առաջին անգամ լսեցի, Վահագնի ծննդեան նուիրուած երգը, որի բառերը գիտէի: Արդ՝ որքա՜ն նման է Հայ շարականների եղանակները, Վահագնի երգի եղանակին ու ոգուն: Իւրաքանչիւր ժողովուրդ, իր հոգեւոր երգերը հիւսում է, ըստ իր աւանդական հոգեւոր երգին: Ուստի, զարմանալի թող չթուի, եթէ հեթանոս ու քրիստոնեայ սեւամորթի հոգեւոր երգը հնչի նման, մուսուլման ու քրիստոնեայ արաբի կամ սեմացու հոգեւոր երգը նոյնպէս: Աւետարանակաների հոգեւոր երգերը, -կը ներէք,- Գերման ցեղերի ժողովրդային զուարթ ու պարզ երգերից են բխել, այս պատճառով էլ խեղճ ու աղքատիկ են թւում ի մեզ: Վահագնի նուիրուած երգը տարաւ ինձ մի տեղ, ուր վաղուց չէի եղել: Ամպոտեցի, ու յիշեցի մի ժողովուրդ:
Առ ի գիտութիւն. Հայ Աւետարանական եկեղեցին, պաշտամունքի ընթացքին, յաճախ երգում է շարականներ:

Հեղինակ
21.11.2008, 23:48
Այսօրս` 21 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Առավոտ էր , ամպոտ էր – օրվա մեջ երևաց արևը: Շնչում էի ուշ աշնան հեռացող տաքությունը: Այսօրվաս մեջ կենցաղը, աշխատանքը և երազանքը ձուլված էին – և փոխարինում էին իրար:

Շրջանցում էի բազմահարկ տան անկյունը, երբ որսացի իրար հետ զրուցող երկու կնոջ խոսակցություն – սա այն սերունդ է, որն ռուսական կրթություն է ստացել, և նրա խոսքը խառն է – լավ ռուսերերնը և լավ հայերենը իրար հետ, ինչը սովորական կենցաղային փաստ էր առաջներում… Սա մեր այն մտավոր դասն էր - խնամված, սոցիալական բարձր դիրքով, արտոնյալ լեզվով աշխատող – որ Հայաստանի տերն էր…

Ընթերցողս, գիտես, որ սիրում եմ ռուս լեզուն և ռուս մշակույթը, սակայն եղել է ժամանակ, երբ ռուսական կրթության հանդեպ հայ դպրոցի նահանջը ծանր ճնշել է հոգիս: Հիշում եմ` Սրտաբանության ինստիտուտում – հարյուրավոր բժիշկներ և գիտաշխատողներ ուներ - այդ տարածքում ընդամենը մի քանի հոգի ունեին հայկական կրթություն – տողերիս հեղինակը , Կամոն` Տեր-Պետրոսյանը, Հայկ Վարդանյանը և էլի մեկ –երկու հոգի: Ես մի քիչ ինտեգրվել էի ռուսախոս խավին – մոսկովյան ասպիրանտուրայի շնորհիվ: Եվ ներսից գիտեմ նրան – այդ խավը մեծ էթիկական կորուստներ ուներ: Ռուս մեծ լեզուն, առանց հայկական աշխարհընկալման, նրանց հաշմանդամ էր դարձրել… Եվ այդ ժամանակ է ծնվել “Մանկուրտների թագուհին” բանաստեղծությունը – մի քանի անսիրտ, մեծ հաշվով` անկիրթ, բարձր կոչումներով կին-գիտունների եմ հիշում


Դայլայլում է հեշտ ու հարթ
Նա արտոնյալ բարբառով.
Ամեն միտքը` մի կեղծ զարդ
Ընդելուզված փրփուրով :

Ամեն երեխա, ամեն մարդ, ամեն մայր պետք է կրթություն ստանա մայրենի լեզվով, և միայն դրանից հետո` մեծ ազգերի լեզուները կգան ծաղկեցնելու և արգասավորելու մարդկային հոգին: Եվ թող հայերենը իր խնկալի ծանրությամբ նստի, գրավի մեր հոգին, և ապա` եթե կա մի մեծ լեզու, որ կարող է մեզ թռիչքներ տալ` թող լինի ռուսերենը կամ այլ որևէ լեզու…

Հենց նոր մշակութային ալիքով մի գիտնական էր Մարատ Օրդյանի հյուրը – մեկ անգամ հնչեց ազգանունը – Իսրայելյան: Աստղագետ է, ուսումնասիրում է` ըստ աստղերի լուսային ալիքների տատանման, աստղերի վրա հնչող ձայները, աստղերի “մեղեդիները”… Եվ զարմանալի է հայտնագործությունը – ամեն աստղ ունի իր ձայնը, իր մեղեդին, որով նա տարբերվում է մյուս աստղերից: Աստղերը երգում են: Գիտնականն ասում էր, որ դա կախված է նրանց կառուցվածքից, ջերմությունից և այլ ֆիզիկական պարամետրերից: Բայց որ ամեն աստղ Հոգի ունի, որը երգում է իր մեղեդին – աստղագետը չէր ասում այդ մասին: Հոգուց բացի, Գիտակցությունից բացի – չկա Տիեզերքում որևէ այլ աղբյուր, որը կարող է ներդաշնակ մեղեդի ծնել:

Ընթերցողս, ողջունենք Աստեղային Հոգիներին, որոնք երգում են Տիեզերքի անսահմանության մեջ… Ողջույն մեր Արեգակին, որի երգած մեղեդին հնչում է մեր մոլորակի վրա…

Բարի գիշեր:

Հեղինակ
22.11.2008, 22:51
Այսօրս` 22 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Մարդիկ կան, որ արթուն են ծնված օրից…Արթուն են, երբ երեխա են ու պատանի են, մի~շտ արթուն են: Եվ սրտի նյարդը բաց` նայում են այս խառն աշխարհին … Ահա այս աղջնակը: Սկսվում է նրա վազքը այս աշխարհում: Բայց… աշխարհը քնած է, ծովափը քնած է, մայրը քնած է – և պարարտ մատակի պես վրնջում է պատահական տղամարդու տված հաճույքից … Արթուն է միայն ծովը, որ շառաչում էր, և արթուն է աղջնակը – աչքը` կորած հոր ճանապարհին:

Արթուն հոգին խոսում է Բնության հետ, գիտի նրա լեզուն: Նա կոչում ու բարձրացնում է տարերքները – նրա կոչով ծովն է ելնում, փոթորիկն է շառաչում, կրակն է բորբոքվում – և այս փոքրիկ, վիրավոր սիրտը որոշում է հրդեհի մեջ այրել քնած հյուղը, քնած կյանքը – և ընտանիքը` տատը, մայրը և ինքը նետվում են բաբելոն, որ Մոսկվա է կոչվում:

Ի՞նչ է անելու արթուն հոգին այդ քնած, ահեռի քաղաքում: Ամեն ինչ այստեղ վաճառվում է – նույնիսկ Լուսնի հակառակ կողմի լանդշաֆտը: Այստեղ բոլորը հարբած են – ոչ կյանքի քաղցրությամբ, այլ քնով, ծխով, մարմնի թույներով… Մենակ է արթուն հոգին. ահա տատը` անցյալ դարի կնճռոտ մի հուշարձան, մայրը` արդեն սուպերմարկետի թագուհի` ճարպոտ հայացքը հառած մսավաճառ տղամարդուն և մեկ էլ` պղտոր գետից փրկված տղան` լուսնի լանշաֆտի վաճառքով զբաղվող բիզնեսմենը… Եվ աղջիկը այստեղ` կյանքի այս անապատում կյանք է փնտրում:

Եվ գտնում է: Սեր է գտնում: Նրա դեմքը, դեմքը, դեմքը – գծերը անհարթ ու երկարավուն, աչքերը լեցուն թախծով, մարմինը` անբարեկազմ ու թույլ – ահա այս անգեղ ձագը միանգամից գեղեցկանում է, շուրթերը լցվում են ապրելու ու համբուրելու ցանկությամբ… Եվ նա թռչում է, գնում է ապրելու…

Եվ ապրելու տենչի մեջ այս արթունը, այս գեղեցիկը տեսնում է սիրելի մարդուն սպառնացող վատանգը – նրան տանող ինքնաթիռը վթարվելու է և տեղ չի հասնելու… Եվ կասեցնում է սիրելի մարդու թռիչքը և մի անգամ էլ փրկում է նրան: Ապա երջանիկ, թեթև թռչում է մեգապոլիսի մայթերով, անցնում է խաչմերուկները, թռչում է դեպի սիրելի մարդը: Եվ նրա աչքերը ժպտում են, դեմքը գեղանի է, նա մոտ է երջանկությանը… Բայց կատարվում է “անսպասելին”, և նա զարկվում ու անշունչ փշրվում է մայթին:

Ինչու՞, ինչու՞, ինչու՞ այդպես եղավ: Այդպես եղավ, որովհետև այդ աշխարհը, այդ մեգապոլիսը, այդ քնած լուսնային բիզնեսմենը արժանի չէին, որ նրանց հետ ապրեր այս արթունը, այս գեղեցիկը: Նրա հոգին որոշում է թողնել այդ կեղծ, քնած, այդ լպիրշ աշխարհը:

Ավարտվում է “Ջրահարսը” (“Русалка”) Ֆիլմը: Ջրահարսը հեռանում է և մեզ թողնում է իր պատգամը` արթուն եղե~ք: Հիշում եք` այդպիսի մի պատգամ արդեն մեզ թողել է մի աստված… Մարդկային սիրտը պատառոտվում է` որքա~ն հասկանալի, նույնքա~ն դժվար իրականանալի է Ջրահարսի դասը: Աշխարհը դեռ մրափում է ծանր քնի մեջ: Այնտեղ ջրահարսերը դեռ չեն կարող ապրել…

Ասպարեզ է իջնում մի նոր հայ մեծ ռեժիսոր` Աննա Մելիքյանը – Փարաջանովի, Պազոլինիի, Կուստուրիցայի փաղանգից է նա:

Ողջույն մեծ արվեստին : Ընթերցո~ղս, արթուն եղի~ր…
Քնելը… դավաճանություն է:

Բարի գիշեր:

Հեղինակ
24.11.2008, 00:06
Այսօրս` 23 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Սաբահա…Սաբահա… Չքնաղ մուսուլմանուհի, Առավոտ է քո անունը: Եվ որտեղի՞ց գիտեմ, որտեղի՞ց գիտեմ, թե ինչ է նշանակում քո անունը: Իմ Հայրենիքն էլ մի օր պատառոտվել է, նրա կենդանի բեկորները հասել էին այն բարձր գյուղը - և նրանք “սաբախտան” էին ասում առավոտյան վաղ ժամը: Սաբահա… Առավոտ է քո անունը:

Պատերազմը... Պատերազմը պատառոտեց սերբ լեզվի գեղեցիկ, մեծ, հիասքանչ, միասնական Հայրենիքը – իր փոքր հայրենիքներով: Եվ ո՞վ ծնեց այդ պատերազմը: Հրամանատար Ալեքսիչ, դու ամեն ինչ գիտես պատերազմի մասին … Սա ու՞մ պատերազմն է: Եվ Ալեքսիչն ասում է - ա իմ պատերազմը չէ, սա քո պատերազմը չէ… Սա տականքների պատերազմն է:

Միլոշ Ջուկի~չ, Միլոշ Ջուկի~չ, դու ուզում ես խաղալ Բելգրադի “Պարտիզանու՞մ”… Դու այսօր առար լուրը, դու խաղալու ես “Պարտիզանում”: Բայց այս ի՞նչ թուղթ է սեղանին, որտեղի՞ց է… Մայրը – խեղճ կատակերգակ երգչուհին, վերցնում է նամակը և ճչում է մայրական ցավից – ծանուցագի~ր է: Միլոշ Ջուկիչ, դու չես խաղալու Բելգրադի “Պարտիզանում”: Բելգրադը միֆ է, “Պարտիզանը” միֆ է… Փլվում են քո երազները… Միլոշ Ջուկիչ, քո Բոսնիան պատառոտվում է: Քո գնդակը ձեղնահարկում անտեր է մնալու…

Հրանոթները սլանում են գնացքի գծերով – գնում են պատառոտելու սերբական լեզվի հայրենիքը: Այս ժամին նա իմ հայրենիքն է - հրանոթի վրա նստած աղավնի, փրկի~ր Հարավսլավիան: Սա մեր պատերազմը չէ, սա տականքների պատերազմն է…

Լուկա Ջուկիչ, դու մուսուլմանուհի ունեցե՞լ ես: Նրանք այստեղ կապուտաչ ու սլավոն են, արյունով ու լեզվով սլավոն են, բայց… մուսուլմանուհի են… Պայթում են հրանոթային արկերը: Սաբահան չի կարող քնել, նա երկնչում է, ուզում է քո կողքին պառկել, թևիդ մոտ ապաստանել… Լուկա Ջուկիչ դու սիրու~մ ես մուսուլմանուհի Սաբահային: Արկերը պայթում են: Դու մոտենում ես նրան: Դու սիրում ես Սաբահային: Դուք սիրում եք իրար… Եվ հեռանալու եք երկաթուղու գծերից դեպի անտառի խորքերը, այնտեղ` հայրական տանը սպասում է ձեզ նախահայրը: Ցնծում է արյունը, դուք գլորվում եք աշնան խաշամի միջով դեպի խոտի բարդոցը: Խելագար բուրում է խոտը: Եվ դուք սիրում եք իրար` այդ խենթ բուրմունքների մեջ…

Ճակատագիրը` համառ է ու իմաստուն – այս ավանակի նման է, որ կանգնած է գծերին… Ավանակը լալիս է: “Ինչու՞ է նա լալիս”: “Նա սիրուց է տանջվում և ուզում է, որ գնացքը իրեն զարկի” :

Լուկա Ջուկիչ, քեզ բաժանեցին Սաբահայից: Բոսնիական սերբերը և մուսուլմանները փոխանակում են գերիներին. տարան քո Սաբահային և հետ տվեցին քո որդուն: Դու ընտանիքիդ հետ վերադառնում ես տուն: Ուրուրը պատառոտել է քո սագերը, բայց տունդ կա… Լուկա Ջուկիչ, կարո՞ղ ես ապրել առանց Սաբահայի: Չէ~, չե~ս կարող: Դու փախչում ես տնից, պարանոցդ դնում ես երկաթգծի ռելսին, պինդ գրկում ես երկաթե շերտը և… սպասում, որ գնացքը կտրի քո գլուխը:

“Բայց աստված կույր կատվի ձագ չէ, նա գիտե, թե ինչ է անում… Նա աշխարհը ստեղծելիս ճան չի խաղացել”: Եվ ավանակը – համառ` որպես ճակատագիր` կանգնում է գծերին ու կանգնեցնում է գնացքը: Լուկա Ջուկիչ, գնացքը կանգնել է, դու չե~ս մեռնելու, դու գտնելու~ ես Սաբահային:

“Կյանքը հրաշք է” … Եղբայրական ողջույն Էմիր Կուստուրիցայի արվեստին…

Ընթերցողս, ԿՅԱՆՔԸ ՀՐԱՇՔ Է…
Կյանքի հրաշքի չտեսնելը - դավաճանություն է...

Բարի գիշեր:

Հեղինակ
25.11.2008, 00:28
Այսօրս` 24 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Ընթերցողս, գիտես այն բանալին, որի միջոցով կարող են բացվել բոլոր դռները - աոողջ մշակույթը: Մարդու, ընտանիքի, ազգի կյանքի մշակույթը:

Մանկական Եվրատեսիլ…Ինչպե՞ս են ստեղծվում այսպիսի նախագծերը, ի՞նչ ուղեղներում են ծնվում դրանք: Ինչպե՞ս է ստացվում, որ գրեթե բոլոր երկրների ելույթները նման են` երկու կաթիլ ջրի պես – մենակատարը ճղում է իրեն, պարում ու թռչկոտում, իսկ ուղեկցող խումբը մարմինները ծալում, ցնցում է բոլոր ձևերով - միայն թե ուրախ լինի, միայն թե զվարճալի լինի… Եվ որպես օրենք` չերգվող ուղղանկյուն “մեղեդիներ” են – բնական, երաժշտական, էթնիկ մեղեդին և ռիթմը գրեթե չեն թափանցում Եվրատեսիլ:

Ուրեմն` ո՞ր ուղեղներում, ե՞րբ է ծնվել այս նախագիծը – երեխային առավելագույնս հեռացնել իր ժողովրդի երգի-պարի արվեստից, նրանից ստեղծել զվարճացող, աններդաշնակ, ճղճղացող մի արարած: Սա հանցանք է երեխայի հոգու նկատմամբ: Սա հանցանք է Բնության ու Արարչի նկատմամբ: Այդ երեխան ընդօրինակող էակ է - և հայրնեիքը նրան տալիս է ընդօրինակելու իր արվեստի լավագույն գոհարները… Որ երեխան մարդ դառնա … Նրա սրտում իր ազգի և համամարդկային մշակույթները նստվածք տան, որ ինքն էլ կարողանա ԲԱՆ ՍՏԵՂԾԵԼ: Եվրատեսիլը դնում է ուղիղ հակառակը` երեխայից ստանալ ապամշակութային դեգեներատ…, որը կարող է ինչ որ բան մոգոնել, սրա-նրա աջակցությամբ մի քիչ երգի նմանեցնել և ասպարեզ հանել:

Մոնիկա Մանուչարովա. միթե՞ այս դեռահասի երգած “երգը” որևէ մեկը կարող է երգել, միթե՞ այդ “երգը” կարող է որևէ սիրտ ուրախացնել, կարող է որևէ տան, համայնքի մեջ ապրել ու սիրվել: Այդ խեղճ դեռահասի ձայնը բարձր տոներում թրատում էր օդը և մարդկային ականջը: Գեղարվեստական ղեկավար Նադեժդա Սարգսյանը – այս կնոջ միտքը, գեղագիտությունը, կերպարը, խռպոտ ձայնը, ճաշակը ավստահություն են ներշնչում:

Եվ այս ամբողջ աղբը, այս կազմակերպված միջազգային ապամշակութային հանցանքը մեր Հանրայինը որդեգրել է որպես քաղաքականություն, դրա վրա ծախսում է հանրային միջոցները… Այս ապամշակութային հանցանքը ստանում է բարձր պետական աջակցություն: Այս ապամշակութային հանցանքը իրականացվում է իրեն մշակութային ազգ համարող մի ժողովրդի անտարբեր հայացքի առջև…

Ո՞վ է հնարել այս նախագիծը:

Բարի գիշեր:

Հեղինակ
26.11.2008, 09:53
Այսօրս` 25 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Ընթերցողս, դու երջանի՞կ ես, որ հայ ես: Ինչի՞ մեջ է քո հայ լինելու երջանկությունը:

Այս սևամորթ երգչուհին քանի~ օր է տիրել է մեր տունը - զարմանալի ու իմաստուն ֆոն ստեղծել մեր աշխատանքի համար … Երգում է Սեզարիա Էվորան – աֆրիկյան սավանաների անծայր անդաստանները խաղաղ ու լեցուն ձայնով խոսում են սրտիդ հետ: Այդպես երգում է Կյանքը: Ի~նչ երջանկություն է, եթե արվեստագետը ՄԱՐԴՈՒ ԼԵԶՎՈՎ խոսում է սրտիդ հետ: Հիրավի, ես կուզենայի մի սևամորթ լինել, որ Սեզարիա Էվորայի արվեստը ավելի խորը զգայի, այդ արվեստը ավելի ի~մը լիներ …

Էմիր Կուստուրիցայի “Белый кот, черная кошка” ֆիլմը… Գնչուական համայնքի ավազակ անդամներից մեկը - մեզ մոտ նրան կասեին “թաղային հեղինակություն” – որոշում է ամուսնացել իր շատ տգեղ քրոջը և ազատվել չամուսնացած քույր ունենալու դարդից. - և մի տղայի հետ, որն արդեն սիրում է խարտյաշ գեղեցկուհուն: Հարսանիքը սկսվելու վրա է, բայց… մեռնում է փեսացուի պապը: Մեր փեսան շատ է տխրում, բայց հետո … ցնծում ուրախությունից, որ պապն իր մահով ընդհատելու է հարսանիքը: Բայց գնչու ավազակը հրամայում է` պապին հանել ձեղնահարկ, սառույցների մեջ դնել և… սկսել հարսանիքը: Եվ ի~նչ հարսանիք … Հարսանիքի ժամանակ մի գնչուական բարոն էլ է մեռնում, սրան էլ են հանում ձեղնահարկ և սառույցներով պատում… Հարսանիքը փոթորկվում է, խարտյաշ գեղեցկուհին լալիս է ու պարում, սպիտակ կատուն էլ սիրում է իր սևուկ էգին, փեսացուն մթնել է վշտից` Դանուբի պղտոր ջրերի պես: Բայց մեր հարսնացուն` տգեղ ու կարճահասակ, մի գեղեցիկ Մարդ է դուրս գալիս. նա խղճում է փեսացուին և… փախչում է հարսանիքից` ազատություն տալով նրան, ճանապարհին էլ գտնում է իր բախտը:

Արվեստի կախարդանքն է - գնչու համայնքի ամեն մարդ ապրում է, ամեն նյարդ կենդանի է, ամեն դիմագծի մեջ արև կա, ամեն մկան պարում է, ամեն աչք տեսնում է… Էմիր Կուստուրիցան նվեր է բերել իր ժողովրդին – մի ցնծագին ռիթմի մեջ նկարելով նրա կյանքը – հիրավի` ես կուզենայի գնչու լինել - այսպիսի մի համայնքի հետ կապրեի, կպարեի նրա հետ - իմ Սիրելու հետ, որը… գնչուհի կլիներ…

Ընթերցողս, դե ասա~, եթե դու հայ ես ծնվել, ապա ինչո՞վ ես ամեն օր երջանիկ - հայ լինելուդ համար: Ո՞րն է քո երջանկության հայկական աշխարհը…

Բարի գիշեր:

Հ.Գ. Ուշացումս` տեխնիկական պատճառով:

Tigris
26.11.2008, 12:06
Գնչուները՝ մի տեղ ցիգան, այլուր՝ խիթան, շրջապատի ժողովուրդների կողմից անարգուած ու ստորին մարդ նկատուած լինելով հանդերձ, կարողացել են Աշխարհին նուիրել Գեղեցկութիւն, ընդելուզելով Արեւելքը՝ նրա սիրոյ կրակը, Արեւմուտքի կեանքին:
Պահելով իրենց ցեղային ու ընտանեկան ամրութիւնը, իրենց ապրած երկրներում, անպայմանօրէն ազդուել են տեղական ժողովուրդների մշակոյթներից, բայց նաեւ իրենց են ստեղծել. հարստացնելով դրանք: Այսօր չենք կարող պատկերացնել Սպանիան, առանց գնչուական ֆլամենկո երաժշտութեան: Նմանապէս Հունգարիան, առանց գնչուական ջութակի յուզիչ սիրային ելեւեջներին: Հայ մեծ երաժիշտ Կարո Հայրապետեանը, յաճախ էր նուագում ցիգան երաժշտութիւն:
Այս ժողովուրդը, չի դաւաճանել իր էութեանը, որ լինելով փնթի, ծոյլ, ու շրջիկ մուրացկան, իմացել է ստեղծել գեղեցկութիւն, աւելացնելով մարդկութեան ստեղծած գեղեցկութիւնների վրայ շատ կարեւոր մի շերտ: Սիրենք ու ընդունենք նրանց ինչպէս որ կան, եղել են: Գնչուական ոգին ձգտել է միշտ լինել ազատ. կեանքում, սիրոյ մէջ, ինքնութեան մէջ, այլապէս գնչու լինելուց կդադարի ու կձուլուի միւս ժողովուրդների մէջ: Մինչ Առաջին Աշխարհամարտի տարեթիւը, Արեւմտեան Հայաստանում, նաեւ Արեւելեանում, յիշատակւում էին գնչուական համայնքներ, գիւղեր եւ այլն: Կոչւում էին Բոշա: Բոշաները անյքան էին հայացել, որքան մի հայ կարող է լինել այդպիսին: Այդպիսներից էր Սեբաստացի Մուրատը: Ունէին իրենց արիական լեզուն, որն ազդուել էր հայերէնից: Ուրեմն, գնչուն ինչքան նստակեաց լինի ու շաղախուի միւս ժողովուրդներին ազդուելով նրանց բարքից, այնքան գնչու լինելուց կդադարի: Իսկ առանց նստակեաց լինելու, մարդս չի կարող լինել աշխատասէր, շինարար ու ստեղծել բարձր քաղաքակրթութիւն:
Ինչո՞վ լինենք երջանիկ: Այդպիսի պահեր ապրել եմ, երբ Հայ բարձր արուեստի ներկայացման եմ հանդիսատես եղել: Մանկական թէ երիցական եւրատեսիլները այդպիսի երջանկութիւն չեն պարգեւում: Անցնենք:
Գուցէ երջանիկ լինեմ նաեւ բաց լինելով Աշխարհին՝ հասկանալով ու վայելելով ուրիշ ժողովուրդների ստեղծած երջանկութիւնները... ի շարս՝ Ափրիկեան ծագումով երգչուհու լատինամերիկեան մեղեդիները:
Բարի օր:

Հեղինակ
27.11.2008, 00:03
Այսօրս` 26 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Ընթերցողս, այսօր` մեր շախմատային հաղթանակի մասին: Գրում եմ իրավունքով – ժամանակին դիտել եմ Տիգրան Պետրոսյանի բոլոր մրցամարտերի բոլոր պարտիաները – սկզբից մինչև վերջ. նրա հաղթանակները նոր սերունդ էին կերտում…

Որքա~ն մանուկ էինք, որքա~ն անփորձ – մեր մանուկ, միամիտ ազգի պես, որը զարմանում էր իր ուժի և հաջողության վրա: Մեր զարթոնքի առաջին արշալույսն էր, հետո կգար հաջորդ, առավել վառ արշալույսը – արցախյան շարժումը և հաղթանակը պատերազմում: Հետո գալու էին… մեր էթիկական անկումների, մեր նահանջների վերջալույսները – դառնաբույր մշուշների մեջ…

Բայց ի՞նչպես եղավ, ինչու՞ 60-ականների մեր շախմատային արթնացումը, արցախյան ընդվզումը և հաղթանակը չդարձան մի նոր Հայրենիքի և մի նոր էթիկայի ստեղծման հիմք – մեր նոր ապագայի հիմքը: Եվ այսօր հնչում են ա՜յս հաղթանակի ծնծղաները… Նայում եմ մեր հիրավի հերոսական հնգյակին և սիրտս ցնծում է – ինչպիսի~ համեստ ու հզոր աշխատավորներ են, բայց ուրախությանս դառնահամ է խառնվում անմիջապես – որտե՞ղ և ինչպե՞ս ենք մսխելու այս հաղթանակի էներգիան…

Պաշտելի Հայլուրը հաղորդում է – մեր շախմատային ընտրանուն հանդիպելու համար` Կ. Դեմիրճյան համերգային դահլիճում ելույթ են ունենում հայ էստրադայի աստղերը: Հը~մ … Ես հանգիստ մեկնաբանում եմ այս լուրը և ասում. այդ աստղերը և այս հանդիսավոր օրը նրանց բեմ հանողները իրենց գլուխը տվել են Կարեն Դեմիրճյան համերգասրահի բետոնե պատերին – քանի որ մեր շախմատային հաղթանակը մենք պետք է տոնենք ոչ թե այծային մկկոցների և կատվային մլավոցների տակ, այլ հայ երգի ու պարի հանդիսավոր ռիթմերի, մեր հերոսական շուրջպարերի մեջ: Եթե այս հաղթանակը չի պանծացվելու մեր ոգուն ու գենին համապատասխան արվեստով, ապա նա պարտություն է դառնում…

Այս շախմատային հաղթանակը կարող է հաղթանակ լինել, եթե նա.
հայ կրթական գործչին կտա մի ներքին հրաման` ազատելու կրթությունը թեսթային ախմախությունից և դնելու սքանչելի ներըմբռման և պայծառ տրամաբանության տիրույթների մեջ.
հայ մշակութային գործչին կտա հրաման` բեմերից և հեռուստատեսությունից վտարել կեղծ արվեստի անփառունակ “ասպետներին” և թիկունք կանգնել մեր բնիկ արվեստին.
հայ բժշկին կտա հրաման` ազատագրվել արևմտյան բժշկության դեղորայքային կապանքներից և ստեղծել նոր, բնական, մշակութային բժշկություն.
հայ դատավորին կտա հրաման ` ճանաչել Տիեզերքի Բարձրագույն Բարոյական օրենքները և իր գործն անել նրանց վսեմ Էթիկայի համաձայն.
հայ պաշտոնյային կտա հրաման` իր կյանքի նպատակն համարել աշխատանքի տեղ ստեղծել հայ աշխատավորի համար և փակել, օրենսդրորեն ու գործադրորեն փակել այդ աշխատավորին խեղդող` օտար ապրանքների հեղեղների մուտքը Հայաստան.
հայ պետականությանը կտա հրաման` մեջք չծռել “միջազգային” չափանիշների և ատամները շողացնող դեսպանորդների առջև և ստեղծել առողջ պետականություն…


Այս հրամանների շարքը կարելի է շարունակել:

Նայում եմ քո ոգևորությանը, հայ մարդ, և ուրախանում եմ քեզ հետ: Սրտիս սիրելի է քո մանկական ու բաց ցնծությունը: Բայց եթե դու վաղը առավոտյան չես որոշի` լինել ՆՈՐ ՄԱՐԴ և ԿԵՐՏԵԼ ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ, ապա և այս հաղթանակը, և դու դառնալու եք մի խեղճ հայկական միֆ – անգոյության ձգտող - այժմ և հավիտյան:

Բարի գիշեր:

Tigris
27.11.2008, 18:36
Նայում եմ մեր հիրավի հերոսական հնգյակին և սիրտս ցնծում է – ինչպիսի~ համեստ ու հզոր աշխատավորներ են, բայց ուրախությանս դառնահամ է խառնվում անմիջապես – որտե՞ղ և ինչպե՞ս ենք մսխելու այս հաղթանակի էներգիան…

Ճիշտ էք նկատել՝ յաղթանակի բերկրանքին չենք դիմանում. շուտով մսխում ենք:

Հեղինակ
28.11.2008, 00:04
Այսօրս` 27 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

“Այսօրներս” գրելիս միշտ մի զգացում եմ ունենում, որ ընթերցողիս հասցնում եմ ոչ միշտ խորին անձնականը – ինչ որ շերտ մնում է սրտիդ մեջ` չարտահայտված, դժվար է անկեղծանալ մինչև վերջ – մարդկային սիրտը ինչ-որ բան միշտ պահում է իր համար:

Այս վերջին օրերին մեր կյանքում լարվածություն կար… Մեր ճանապարհին միշտ եղել են կարծես նշանակված մարդիկ, որոնք պետք է անեն ինչ-որ ստորություն, ցուցադրեն ինչ-որ բացառիկ ցածրություն – հանուն մեր ճանապարհի և պատկերացումների ճշտման: Միայն ուժեղ հարվածն է փոխում գիտակցությունը: Կայծքարից կայծեր են թռչում և կրակ են ծնում միայն կտրուկ հարվածի ժամանակ: Առաջներում չէինք ճանաչում այդ մարդկանց և հարված ստանալիս մտածում էինք` ախր ինչու՞… Հիմա նրանց հանդիպելիս` մեկ-երկու օրում հասկանում ենք –ճակատագիրն է ուղարկել: Այս օրերին հանդիպել էինք այդպիսիներից մեկին:

Դե ինչ, ողջու~յն արգելքներին, որոնք փոխում են մեր գիտակցությունը: Ողջու~յն նույնիսկ այն դավաճաններին, որոնք ծանր գնով, սեփական ճակատագրի խեղման գնով` քեզ դաս են տալիս, ճանապարհդ են ուղղում:

Մեծ դավաճանների հետ` մարդու ճանապարհին հանդիպում են նաև ավելի մանր հոգիներ, որոնք ևս դավաճանության տիրույթում են գործում: Մի հորեղբոր տղա ունեմ – քաղցրալեզու~, պատվով-հարգանքո~վ… Սրա տոհմական կարգախոսն է` “մենք ախպե~ր ենք…”: Ահա այս մեր աղբերը 7-8 տարի առաջ այցելեց մեզ աշխատավայրում - հիվանդացել էր փսորիազով: Ամբողջ մարմինը` ձկան կոշտ թեփուկների նման ցանով էր ծածկված: Օգնություն էր խնդրում, Առողջագետը մի պահ չուզեցավ պատասխանատվությունը վերցնել և առաջարկեց մի բուսաբույժի դիմել, որի մասին լսել էինք… Մեր աղբերն ու կինը շատ խնդրեցին – տղայի վարձը պետք է տան, էսպես ապրել չի լինի, “ինձ մոստից կգցեմ” և այլն… Առողջագետը որոշեց առողջարար սննդի և բնական միջոցների համակարգը տալ: Հոկտեմբերն էր, 2-3 այցելություն, աշխատանք, հեռախոսային շտկումներ… Ապա հունվարին գյուղ գնացինք` մի տոհմական արարողության: Այս մեր եղբայրը կնոջ հետ մոտեցել էր Առղջագետին, ասել էր, որ մարմինը լրիվ մաքրվել է, մնացել է մի փոքրիկ կարմրած հատված, որից սկսվել է հիվանդությունը: Որպես շնորհակալություն` Առողջագետի բուռը մի 20-դոլարանոց էր խցկել… Հետո գնաց խոպան, աշխատեց, ապրեց: Հիմա, ասում է, փոքր սրացումներ մեկ-մեկ լինում են...

Այս օրերին այդ հարազատիս օգնության կարիքն ունեցանք: Այնքան էլ նշանակալից չէր կարիքը – ուշադրություն, սրտացավություն բժիշկներիս ընտանիքի նկատմամբ, որի օգնությունից տոհմը միշտ ու լիուլի օգտվել է... Խնդրեցի մի հանձնառության մասին, զգացի, որ խուսափում է` հիշեցրեցի 20 դոլարով ստացած հսկա բուժական արդյունքը… Եվ ինչ է ասում այս հարազատս. “Ձեր հիմնարկի պատի գնացուցակում գրված էր, որ խորհրդատվությունն արժե 10 դոլար, ես էլ երկու անգամ եմ եկել, ուրեմն` իմ բուժումն արժեր 20 դոլար: Եթե ավելի թանկ արժեր` ասեի~ք”: Ահա այսպիսի աղբերական-տոհմական ստորություն:

Հենց այս ժամին ամբողջ աշխարհում գնում է համահայկական տուրքի մարաթոնը… Որքա~ն քաղցր է ցեղային ինքնության գիտակցումը: Եվ որքա~ն դառն է սեփական արյունիդ ստորությունն ու դավաճանությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
28.11.2008, 23:43
Այսօրս` 28 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Բաղրամյան պողոտայի մայթով մի կին է իջնում ցած – ձեռքին մի լայն, նոր առած ավել… Կինը մեր հասարակ խավից է – ոտքերը պիդ ու մկանուտ են, իրանը վճռական, դեմքը խաղաղ ու մեղմ – իջնում է ցած: Ներքևում քաղաքի սիրտն է – իր առողջությամբ ու հիվանդություններով – թե այս կինն իր ավելով ավլի, մաքրի ու առողջացնի մեր կյանքը…

Այսօր աշխատում էի “Արշալույս-2”-ի մի նյութի վրա: Ո՞րն է մոլորակային կյանքի թշվառության պատճառներից մեկը – նրա կրթությունը: Սա մի պատ է դարձել, որ բաժանում է սիրտը մտքից, սերը` բանականությունից, ներզգացումը` տրամաբանությունից: Այդ կրթությունն ասում է` սա քար է, սա բույս է, սա կենդանի է, սա մարդ է, սա… թիվ է… Հետո սրանց մարմինն է քրքրում, նյութի մանր հատվածները տեսնում, ալգորիթմներ է կազմում… Երեխայի միտքը վարժեցնում, հիշողությունը լարում ու մարզում: Հիմա կասեք` շատ էլ լավ է անում, բա ի՞նչ անի… ՄԱՐԴ ՍՏԵՂԾԻ…Այդ կրթությունը չի տեսնում, որ քարի մեջ հրդեհ կա, բույսը զգում է, կենդանին սիրում է, մարդը արարիչ է և թիվը… ստեղծագործության կենդանի գործիքն է: Այդ կրթությունը չի ընդունում, որ իր նպատակը ուղեղի վարժանքը չէ , այլ սրտի դաստիարակությունը: Ե՞րբ է փլվելու այդ մոլորակային պատը, ե՞րբ են մեր գիտակցության մեջ, մեր կրթության մեջ նյութի և ոգու աշխարհները միանալու իրար…

Այսօր ուրախացրեց մշակութային ալիքը – իր լուրերով: Բեմադրվել է Ավետ Տերտերյանի “Երկրաշարժ” օպերան, բեմադրիչը Լևոն Իվանյանն է, որին վաղուց գիտենք – աշխարհը նուրբ, կենդանի զգացողությամբ զգացող արվեստագետ է: Օպերայի լեյտմոտիվը մարդու և ամբոխի հակամարտությունն է – այս մոլորակի բոլոր երկրաշարժերը ծագում են ամբոխների կործանիչ էներգիայից – իսկ սեյսմոլոգները կարծում են, թե երկրաշարժերի պատճառները գեոդեզիական բացատրություն ունեն… Մոլորակային աղետների դեմ կարող են առնել միայն Սերը, Սիրտը, Մշակույթը:

“Մշակով” մի լուր էլ գնաց – տեսա այն կրթահամալիրի տարածքը, Մարմարյա սրահը, որտեղ անցել են իմ ու ընտանիքիս կյանքի տաս տարիները. կարող էի ասել` լավագույն տարիները, եթե նրանց երկրորդ կեսը չլինեին լի դաժան հակամարտությամբ ու պայքարով: Հին հակառակորդիս կրթահամալիրն էր – նա սկսել էր գրաբարից, էպոսից, բանահյուսությունից, արևմտահայերենից, երգ ու պարից, բայց հետո … գնացել էր ուրիշ տեղ – արևմուտքներ, պոդիում, մրցակցություն, թեսթեր և այլն: Այսօր տեսա, որ վերապատրաստվող մանկավարժները ծեսեր են երգում ու պարում… Հակառակորդիս աշխարհայացքն է փոխվե՞լ, թե՞ արևմուտքների այդ ջատագովը հին ազգային ծեսերով մրցակցային խնդիր է լուծում` ձգտելով կրթական լիդերության… Չգիտեմ, այդ աշխարհն արդեն շատ հեռու է մեզանից…

Իսկ ավելով կինը իջնում է Բաղրամյանով… Ավլելով իջնում է:

Բարի գիշեր:

Tigris
29.11.2008, 12:43
Ձեր իմաստուն խօսքը առաւօտեան աղօթքի նման է հնչում: Երախտապարտ եմ:
Յիրաւի, կրթութեան գործը վսեմագոյնն է: Ի՞նչն է կրթում մեզ. լաւ խօսքը, լաւ երգը, լաւ ներկայացումը, եւ կեանքը իր բոլոր դժուարութիւններով:
Հայերէնի մի ուսուցչուհի ունէի, որի դասաւանդումը այն չէր, բայց նրանից յիշում եմ այս խօսքը, որ պարբերաբար ասում էր. «Տառապանքը կ’ազնուացնէ հոգին»: Ուրեմն ի'նչ՝ պէ՞տք է տառապենք որ ազնուանանք: Սրանից էլ տրամաբանական մի հարց է առաջանում. Ո՞վ է տառապում... ծուռը, սխալն ու տգեղը չսիրո՞ղը, նրբազգա՞ցը:
Եթէ ճիշտ են այս հետեւութիւնները, ապա ի՞նչ անել, ի՞նչպէս կրթել, որ մարդիկ լինեն նրբազգաց, նրբանկատ, գեղն ու տգեղը ջոկող:
Մի ուրիշ տրամաբանական հարց էլ է առաջանում. եթէ տառապանքն է ազնուացնում հոգին, ապա ի՞նչ բարոյական իրաւունք ունի դաստիարակը՝ դաստիարակւողից պահանջելու տառապել: Մի՞թէ անձնական նախասիրութեան տարածք չէ զգալ-չզգալը, ճաշակը, ծուռն ու շիտակը որոշելը: Կեանքն աւելի հեզասահ չէ՞ անզգամի մօտ:
Չգիտեմ: Երեւի ամէնի ինչի չափաւորն է կեանքի հաւասարակշռութիւնը պահում, կամ՝ չպահանջել աւելին, քան այս ծառը կարող է պտղել:

Հեղինակ
29.11.2008, 21:25
Այսօրս` 29 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Տիգրիսի խոսքին պետք է դառնամ… Հիրավի, մարդուն կրթում և դաստիարակում է կյանքը` իր բոլոր դժվարություններով: Մեր Արարիչը ունի բացարձակ կիբեռնետիկ- ծրագրավորող շնորհներ և անվրեպ ստեղծում է այն բոլոր իրադարձությունները, որոնք անհրաժեշտ են մարդուն – աշխարհը ճանաչելու և սիրելու համար:

Արարչի, այսինքն` Կյանքի այդ իրադարձությունները երբեմն շատ դառն են լինում – հոգին տվայտանքով անցնում է նրանց միջով… Այստեղ մարդը և հատկապես` նրա բանականությունը ճնշող կրոնները ասում են` Աստված տառապանք է ստեղծել, որ դրա միջոցով վճարես քո պարտքերը, մաքրվես ու ապրես: Առաջին հայացքից` երկաթյա տրամաբանություն է – աշխարհը լիքն է տառապանքով, և տառապում են հատկապես զգայուն և ազնիվ հոգիները:

Սակայն այստեղ կա – մեծ սխալ ասեմ, թյուրիմացություն ասեմ, որը խաթարում է մարդկության կյանքը: Արարիչը տառապանք չի ստեղծում, տառապանքի միջոցով չի աշխատում, տառապանք տալու նպատակ չունի – այդ ամենը ստեղծում է մարդը և տանում է իր արածների հետևանքները միայն:

Բայց մեծ է տառապանքի հմայքը. մեծագույն մտածողները և սրբերը հանձնվել են նրա հմայքին: Հիշում եմ ռուս ժամանակակից կանոնացված սրբերից մեկին` վիրաբույժ-արքեպիսկոպոս Վոյնո-Յասինեցկին, որն ասում էր` “Ես սիրեցի տառապանքը”: Երբ սիրտը ելք է փնտրում, հոգին այրվում է երկրային քավարանի իրական դժվարությունների մեջ – այդ ժամին մարդը վճարում է իր սխալների համար և այրող ցավի մեջ այրում է սեփական սխալները: Բայց ինքն է լինում այդ այրող քավարանի ստեղծողը:

Տառապանքի քանակը Երկիր մոլորակի վրա հասել է աղետալի չափերի… Եվ Արարիչը կարծես ասում է – իջեցրե~ք խաչյալին խաչից, որին նա ելավ երկու հազար տարի առաջ – նա վսեմ, կենդանի, տքնաջան Աշխատավոր է,- ինչու՞ նրան պաշտել ու սիրել այդպիսի նվաստացնող մի պատկերի նայելով: Տառապանքը մոլորակի վրա դուրս է եկել սահմաններից – այն այլևս չի մաքրում, չի ազնվացնում, այլ միայն խեղում է մարդկային կյանքը: Բոլոր համաշխարհային կրոնները կարդում են իրենց ահասարսուռ պոստուլատները, վախեցնում մարդուն դժոխքի պատկերներով…Մինչդեռ, դժոխքը մարդու ստեղծաործությունն է և եթե կա էլ, ապա միայն որպես մարդու պատկերացումների ողբալի հանրագումար:

Ընթերցողս, հայ մշակույթի երևույթների մեջ առանձնապես շողում է ԽԱՉՔԱՐԸ – այդ զարմանալի հայկական գեղեցկությունը: Բայց վերջին տարիներին մի միտք անընդհատ հետևում է ինձ – մենք այնպիսի նվիրական սիրով սիրեցինք ԽԱՉԸ, այնպես երգեցինք ու տրվեցինք նրան, որ նրա մեջ գաղտնագրեցինք մեր անծայր, անվերջանալի տառապանքը: Մի հրաշք լիներ – վերջին խաչքարը գործող վարպետն ավարտեր գործը, մաքրեր խաչքարի ծաղկած թևերը, մուրճը և բրիչը նետեր Արփայի սլացող ջրերի մեջ և բացականչեր. “ Ես այլևս չեմ երգելու մեր տառապանքը, ես այլևս չեմ երգելու մահը…”

Բարի գիշեր:

Հեղինակ
30.11.2008, 23:02
Այսօրս` 30 նոյեմբերի 2008թ, ավարտվում է:

Ընթերցողս, լսե՞լ ես, չէ՞, որ խելոք աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: Այդպես էլ ես օրերս իմ դրած առողջագիտական թակարդի մեջ ընկա: Առողջագետի հետ գիտենք, որ կարտոֆիլն ունի շատ հզոր ներծծող հատկություններ. կարող ես շերտով կարտոֆիլը դնել դեմքի այտուցի, անհարթության վրա, և աչքիդ առջև այտուցը անցնում է: Որոշեցի առավոտները մի բաժակ կարտոֆիլի հյութ խմել` մի քիչ քաղցրացրած բազուկով ու գազարով – սրտիս զարկերկները կթարմանան և… այլն: Կարտոֆիլն առել եմ մի ապարանցուց - հո~ կարտոֆիլ չէ. պալար կա` կես կիլո է կշռում` կոշտ ու անմշակ - այն կոշտ հողի ծնունդը: Խմում էի հյութը, բայց սրտիս մեջ կասկած կար - ախր շատ մեծ են, շատ պարարտանյութ ու պեստիցիդներ տված չլինե՞ն… Կարտոֆիլային էպոպեաս ավարտվեց երեկ - բորբոքվեցին հարականջային ավշային հանգույցները – ցավ, ջերմություն, հիմա էլ տաքություն ունեմ…

Բայց այս պատմության մեջ մի լավ բան կա – եթե ակադեմիական բժիշկը դեղը նշանակում է դեղաբանության ու կոնկրետ հրահանգի որոշ իմացությամբ, ապա առողջագետ-բժշկին Աստված տալիս է այնքան փոքր ու մեծ փորձություններ ու հիվանդություններ, որ ամեն ինչ գրեթե անցնում է նրա սեփական կյանքի ու փորձի միջով: Չկա գրեթե առողջ սննդի ու ապրելակերպի որևէ խորհուրդ, որի փորձառությունն անցած չլինենք: Հիմա էլ այս կարտոֆիլիայի պատմությունը: Որտեղի՞ց գտնենք մաքուր բանջարեղեն ու միրգ, երբ ամբողջ բերքը գրեթե թունավորված է…

Բայց ուզում եմ դառնալ Ապարան: Մեր այս գավառի` թվացյալ կոշտ ու անտաշ արտաքին ձևերի տակ թաքնված է մեր ինքնության մի նուրբ ու հզոր շերտ: Միշտ Ապարանի միջով էի անցել – գյուղերը չէ գնացել. մի քանի տարի առաջ գնացինք Թթուջուր. լեռնային երկրի մշուշները, հուռթի կանաչը, կորնգանի վարդագույն հրդեհները:
Ապարանում են ապրում մեր երգի ու պարի անխառն, տոհմիկ կրողներ: Դրա մասին ժամանակին “Այսօրումս” գրել եմ: Ինձ միշտ զարմացրել է այն ԲԱՐՁՐ ԿՈՒԼՏՈԻՐԱՆ – այստեղ հենց կուլտուրա բառն է սազում, որոնք ունեն հայ բնիկ արվեստի կրողները: Երբ 2005 թ-ին լսեցի ապարանցի Ժորա Գրիգորյանի երգեցողությունը, թվում էր, թե այդ մարդը հայ աստվածների դեսպանն է Հայաստանում – երգի ամեն տողը, ամեն հնչյունը դուրս էին գալիս գեղջկական ազնվականության վսեմ անկեղծությամբ:

Ընթերցողս, այսօր թակարդի մասին խոսք եղավ. ասեմ, թե շոու-բիզնեսը մեր ժողովրդական երգի, մեր արվեստի առջև ինչ թակարդ է դրել: Տեսած կլինեք` Հ1-ով գնում է Թաթա-Պրոդակշընի գովազդը – Արման Հովհաննիսյանը պետք է երգի մարզա-համերգային համալիրում: Այս երգիչս ժողովրդական երգեր է երգում, բայց սրա ամբողջ կերպարը` նեղլիկ ճակատը, լիքը թշերը, աչքերի բացվածքը, ձայնի ու կատարման ռեստորանային-քեֆչիական երանգը ասում են, որ գործ ունենք ժողովրդական երգեցողության գռեհիկ իմիտացիայի հետ – ցավոք, այն ծնել է և մարդամեջ է հանում Երրորդ Հանրապետությունը, նրա Հանրային հեռուստատեսությունը: Համահայկական տուրքի հեռուստամարաթոնն էր, երկու անգամ բացեցի, երկու անգամ էլ… Արամեն էր: Այս ուրբաթ էլ Հ1-ով նրա բենեֆիսն է: Սրա երգեցողությունն էլ քաղցր- մեղցր - քեֆչիական է, իսկը` ներկա Հայաստանի և մեր գլենդելների համար: Ապարանի կոշտ ու ծանր հողը` ձեր երգի, ձեր շոու-բիզնեսի, ձեր Հ1-ի վրա – ոչ անեծք, այլ պատմական անհրաժեշտություն…

Ընթերցողս, ցանկանում եմ, որ միշտ վայելես Կյանքի Ազատությունը: Ինչպես ապարանցի մեղուն – կորնգանի դաշտերի վրա…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.12.2008, 23:33
Այսօրս` 1 դեկտեմբերի 2008թ, ավարտվում է:

Կարծես ապաքինվում եմ ապարանյան կարտոֆիլի տոքսիկ հարվածից: Շատ զարմանալի ազդեցություն ունեն թեթև ջերմային հիվանդությունները – մաքրվում ես, թեթևանում, նիհարում – միտքդ էլ պայծառանում է: Այսօր ձեռնարկի համար մի զրույց գրեցի: Ասում են, չէ՞ – մեխանիկական, քիմիական, էլեկտրական, միջուկային էներգիաներ: Իսկ Մտքի էներգիա՞ն: Մոտենում է այն ժամանակը, երբ այս էներգիան կհամարվի բնագիտական կատեգորիա և կդասավանդվի մյուսների հետ զուգահեռ: Որպես Տիեզերքի գլխավոր էներգիա, որից ծագում են մյուսները: Ասված է, չէ՞ , Ի սկզբանե Բանն էր: Այստեղ վերջնականապես կհանդիպեն Կրոնն ու Գիտությունը: Բայց այս վաղեմի հակառակորդների հանդիպման համար մի պատշաճ պալատ է պետք – թող այն լինի Կրթության Պալատը…

Կոշի գաղութում դատապարտյալները եկեղեցի են կառուցել– բացումն էր. Կաթողիկոսն էր, արդարադատությւան նախարարը: Իհարկե, լավ է ոգեղենության որևէ ձև, քան դրա բացակայությունը: Եկեղեցին և մոմի դալուկ բոցը կարող են ծնել ջերմ ու ազնիվ զգացումներ: Տեր-Կարապետ քահանա Գոլըճյանն էլ ասում էր` դատապարտյալների առջև պետք է լինի Խաչելության պատկերը և Հարության պատկերը: Սա համաշխարհային զառանցանք է, տեր-հայր. Մարդուն ապրելու համար Կյանք ու Արվեստ է պետք, – դատարանի վճիռներին մի ավելացրեք դոգմայի և հոգևոր ճորտության վճիռները:

Աշխարհի երկրները հավաքվել են բնակլիմայական ճգնաժամի` գլոբալ տաքացման դեմ պայքարի մի համաժողովում: Ամեն ինչ կխոսեն, կդնեն ու կվերցնեն, հաշվարկներ կանեն, տարեկան վառվող նավթի ու քարածուխի քանակը կհաշվեն: Բայց կմոռանան ամենակարևորը` պետք է սկսել երեխայի ձեռքը տրվող հոտ-դոգի մեծությունից: Մինչև մարդկության ապրելակերպը զուսպ չդառնա, ամեն օր կերածը, փչացրածն ու թափածը չպակասի, ինչպե՞ս կարող է գլոբալ տաքացման դեմ պայքարը հաջողությամբ պսակվել: Սիրելի ամերիկաներ և եվրոպաներ, գլոբալ տաքացման գերխնդիրը ոչ թե արտադրական է, քաղաքական, այլ միայն էթիկական:

Մեր աննման Հայրենիքում սպասվում են ինչ-ինչ քաղաքական իրադարձություններ: Մեր աննման գործընկեր «Գելապ»-ը խոպան է եկել և Հանրայինի պատվերով սոցիոլոգիական հետազոտություններ է անում... Մեր աննման ու միամիտ ժողովուրդն էլ սպասում է, թե ի՞նչ է լինելու...
Ընթերցողս, միայն քեզ է հայտնի – աշխարհում որևէ բան կարող է փոխվել, եթե այդ փոփոխությունը ծիլ տա նախ քո սրտի մեջ:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.12.2008, 23:52
Այսօրս` 2 դեկտեմբերի 2008թ, ավարտվում է:

Ընթերցողս, երեկ գրել էի Մտքի էներգիայի մասին: Միտքը կենդանի արարած է, նյութական գոյություն, որն ապրում է, գործում և ձգտում է նյութականանալ, միս ու արյուն հագնել: Այսօր ձեռնարկի համար փորձում էի նյութը պարզեցնել և այս գիտելիքը հասցնել 5-6-րդ դասարանի երեխային:

«Ես մի սպիտակ մարմարե պալատ կկառուցեմ»,- մտածում է ճարտարապետը: Այս միտքը ապրում է ճարտարապետի մեջ, ապա տարածվում Տիեզերքով մեկ և ձգտում է պայմաններ ստեղծել իր իրականացման համար: Բայց ապրում և գործում է միայն այն Միտքը, որը մարդու մտածողական (մենթալ) դաշտից անցել է սրտի միջով և զգացմունք է ստացել: Ուրեմն, սպիտակ մարմարե պալատը կկառուցվի, եթե դրա մասին միտքը աշխարհ է ելել ազնիվ ու անկեղծ զգացումով, եթե նա ծնունդ է կենդանի ապրումի:

Եվ ահա, ընթերցողս, պատկերացրու, որ մեր երկրի որևէ քաղաքական գործիչ – իշխանական, թե ընդդիմական – նշանակություն չունի, մտքեր է արտահայտում մեր երկրի վերակերտման և ապագայի մասին: Եթե այդ մտքերը արդյունք են միայն մտածողական ապարատի – ինտելեկտի ու վերլուծության, խելքի ու տրամաբանության – և չեն անցել սրտի ու սիրո միջով, եթե զգացմունքի ու անկեղծության թևեր չեն առել – ապա դրանք ընդամենը մի կլորիկ զրո են մնում: Պատկերացնու՞մ ես – դրանք ուղղակի չեն աշխատում: Քանի որ բացակայում է Նորին Մեծություն Զգացումը: Եթե նույնիսկ այդ մտքերը դառնում են հրաման ու որոշում, նույնիսկ` Օրենք, ապա նրանք թուլացնում են նաև այդ ակտերը: Առանց սրտի հնարավոր չէ լավ երկիր կառուցել: Բայց հիվանդ երկիր կարելի է կառուցել:

Բայց կյանքը տալիս է հետքրքիր դիտարկումներ:
Կոնդոլիզա Ռայսը – այս բութ սովետոլոգը, որի գիտելիքները աշխարհի մասին սկսվում են ԿԳԲ-ից և վերջանում ռուսական ներկա «դիկտատորներով», որը համաշխարհային ֆինանսական և էթիկական ճգնաժամի հեղինակներից է, իրաքյան պատերազմի ոգեշնչողներից մեկը, – ահա այս Կոնդին լավ դաշնակահար է: Այսօր նա Բրամս է նվագել Անգլիայի թագուհու համար: Որտե՞ղ է խախտվել արարաչական կապը Արարիչ – Բրամս – Կոնդի եռյակի մեջ: Միթե՞ Կոնդին Բրամս նվագելիս չի հիշում Իրաքը, ինչու՞ արվեստը չի արթնացրել այդ ագրեսիվ ուրուրին, որի զինյալները ծվատում են արաբ երեխաներին:

Կյանքը շարունակվում է: Զինվորս … երկու շաբաթ է արդեն տանն է: Դեմքի նիհար թխությունը մի քիչ բացվել է, դիմագծերը մի քիչ լցվել են: Բայց կապը զորամասի հետ շարունակվում է: Այսօր մի սպա էր եկել – և մի երրորդ մարդուց լսեցի զինվորիս ծառայության մասին... Շնորհակալ եմ զավակիցս... Իսկ սպան շատ երիտասարդ էր, գրեթե պատանի, նա գնաց իր դժվարին ճակատագիրը կերտելու...

Բարի գիշեր…

Հեղինակ
03.12.2008, 23:50
Այսօրս` 3 դեկտեմբերի 2008թ, ավարտվում է:

Կարտոֆիլային թունավորումը արդեն նահանջում է, ջերմություն չունեմ, այսօր տանից դուրս եկա: Առաջ ընկնելով ասեմ, որ երեկոյան մեզ այցելեց գեղջուկ եղբայրս` ընտանիքով – մեր զինվորի զորացրման առիթով – և պատմեցին, թե ինչպես գյուղացիները սերմացուն թաթախում են “Պրիստիժ” կոչվող թունաքիմիկատ – զահրումարի լուծույթի մեջ և ցանում են – երևի կոլորադյան բզեզի դեմ է: Այն թունավորում է նոր պալարները, որոնք կարելի է ուտել հողից հանելուց… վեց ամի~ս անց: Բայց ո՞վ է այդ ժամանակին նայում: Պատմեցին, որ հում կարտոֆիլից թունավորվել և զոհվել են հղի անասուններ: Ա~յ քեզ փորձանք: Դե մեր հայ գյուղացին էլ այնքան փնթի է, որ գոնե իր տան օգտագործելիք կարտոֆիլը մաքուր չի ստանում…

Հա~, ուրեմն, տանից դուրս եկա – մերձքաղաք պետք է գնայի մի գործով – և որոշեցի մի լրագիր առնել ու ճանապարհին… հանգստանալ: Ամեն անգամ որոշում եմ` չառնել, գլուխս ինֆորմացիայով չլցնել, մնալ ստեղծագործության ոլորտում… Բայց լրատվության նարկոտիկը շատ գերող է: Առա թերթը և իմացա, որ … դատավոր Մացոն ամենակոռումպացված դատավորն է, որ Խաչիկ Սուքիասյանը բնույթով դավաճան չէ, որ ՀՀՀ-ի փողերը ծախսվել են Ռ.Ք.-ի մարզական նախասիրությունները Ծաղկաձորում և այլուր սպասարկելու համար, որ մարտի մեկին Լ.Տ.Պ.-ն պատրաստ է եղել բանակցելու, որ Ջհանգիրյանի քաշը` այն բանից հետո, երբ նա հրել է Շուշանի ամսունուն` չի պակասել… Այս ամենից հասկացա , որ մեր բոլորիս մի մասը ԼԱՎՆ է ու անդավաճան է, իսկ մյուս մասը, անկասկած, ՎԱՏՆ է:

Գլխի ընկա, որ նորից լրատվության թակարդում եմ, որ նրա մեջ այդ զահրումար “Պրիստիժից “ մի բան կա, որ թունավորում է մարդուն: Թերթը խցկեցի պայուսակիս մեջ և հանեցի Նիլ Դոնալդ Ուոլշի այն գիրքը , որ ճանապարհներիս ուղեկիցն է: Եվ բացեցի առաջին պատահական էջը: ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ԵՆՔ` ասում է առաջին պատահած նախադասությունը… Եվ ապա, “ Եթե դուք հասկանաք այս միտքը, ապա կփոխվի ամեն ինչ, կփոխվի տնտեսությունը, քաղաքականությունը, մարդկանց պատկերացումները մարդկային հարաբերությունների, կոնֆլիկտների, բուն կյանքի նպատակի մասին, կփոխվի ամեն ինչ…”

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ԵՆՔ . – դա նշանակում է , որ Տիբեթի Դալայ-լաման, մեր Ռոբերտ Քոչարյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նվաստ Հեղինակս, նաև խանութպան` լոռեցի Մանյան ու իր անթրաշ ամուսինը` Ռուբիկը … ՄԵԿ ԵՆՔ: ՄԱՐԴ ԵՆՔ: Արարաչական ծագում ունենք և պատասխանատու ենք իրար համար:

Այո~, ես պատասխանատու եմ դատավոր Մացոյի և նրա ապագա սերնդի առջև – հաստատ նրա թոռն էլ դատավոր է լինելու, և որպեսզի գոնե թոռը արդար դատի` նրա ԷԹԻԿԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ դաստիարակությունը պետք է սկսել այսօր, նա պետք է իմանա Մայր Բնության Օրենքների մասին… դրա համար էլ գրում եմ “Արշալույս”-2 ձեռնարկը: Իսկ լոռեցի խանութպանների թոռը հաստատ բանաստեղծ է լինելու: Եվ մի լավ պոեմ է գրելու Քեոփսի բուրգի մասին – ախր Եգիպտոս գնացին հարսանեկան ճամփորդության… Մանավանդ որ մենք` հայերս, ղպտիները, արաբները …. ՄԵԿ ԵՆՔ:

Շիրվանզադեի դպրոցից դուրս եկող երեխաների պարսը… Եթե ուզում եք իմանալ` ի~նչ է նշանակում Գեղեցիկ ու Միասնական Մարդկություն, ապա եկեք, տեսե~ք ու լսե~ք այդ մեղուների ոսկե բազմությունը…

Բարի գիշեր:

Հեղինակ
04.12.2008, 23:09
Այսօրս` 4 դեկտեմբերի 2008թ, ավարտվում է:

Այսօր առավոտյան արթնացա զարմանալի զգացողությամբ: Համայնքը … Ամբողջ գիշեր աչքիս առջև էր մեր երկիրը, նրա մայրաքաղաքը, նրա համայնքները: Հայ համայնքը դրսից ծածկված է անտարբերության և հոգնածության մշուշներով… Բայց ներսից մի կարոտ, մի լույս, մի չեզոք-հրեղեն էներգիա ճնշում է նրա հոգին և ցանկանում է ազատագրվել: Այս գիշեր ինձ թվում էր, թե ես ինչ որ առնչություն ունեմ այդ էներգիայի հետ… Ինձ թվում էր, որ մի գաղտնի կյանք, մի ձգտում խռովում է համայնքի հոգին…

Քայլում են մարդիկ փողոցով – սովորական, մտազբաղ դեմքեր: Բայց մարդը չգիտե, որ իր կրծքի տակ Արև կա, մարդը չգիտե, որ նա կարող է մի օր մոլորակ ստեղծել… Մարդը չգիտե, որ ինքը Արարչի Որդին է և օժտված է հսկայական էներգիաներով: Համայնքը նրան ասել է` դու մի խեղճ պտուտակ ես իմ հազարապտուտակ մեքենայի մեջ, և Արարչի Որդին… համաձայնե~լ է:

Զարմանալի իրողություն – մարդկային համայնքը նույնն է, նույն ծագումն ունի, ինչ աստղերի համայնք-համաստեղությունները: Մարդիկ աստղեր են, նույնքան լուսավոր և ինքնաբավ: Բայց նրանց ինքնություն-սրբազնությունը լխճված է – հոգնած համայնքը չունի ավյուն, արև, երազ, միտք, ձգտում, ապագա… Բայց այսօր տեսա, զգացի, որ համայնքի աստեղային էներգիան բարձրանում է և կարող է պատռել հոգնածության թաղանթը:

Մեր պետականություն-համայնքը այսօր պատվում էր իր մարզիկերին: Եվ ի~նչ պատիվներ: Երկրի կառավարիչը ընդունել էր պրոֆեսիանալ բոքսի հայ չեմպիոնին: Սա սովորական, ամենօրյա իրականություն է – մեղադրանք չունեմ: Բայց եթե այդ իրականությանը նայենք ԿՅԱՆՔԻ ԷԹԻԿԱՅԻ բարձունքից, ապա ամոթը պետք է խանձի մեր հինգհազարմյա սֆաթները: Մոլորակային ախտը – դաժան ֆիզիկական մրցակցությունը, դարձել է ամբոխացող ժողովուրդների և նրանց պետականությունների պաշտամունքի առարկան: Ողորմելի համայնք, ե՞րբ ես ազգային պատիվների արժանացնելու պատանի բանաստեղծին, որը գրել է անկրկնելի լիրիկայի առաջին շարքը… Ու՞ր է Գեղեցիկի Պաշտամունքդ, ո~վ անգեղ հինգհազարմյա համայնք:

Միջազգային համայնքը… Այսպիսի~ ամբոխ պատմությունը չի տեսել: Երեկ նեղճակատ նախագահը նստել էր, իբր վշտից ծնկներն էր ծեծում, թե` հետախուզությունը վատ էր աշխատել և չէր հայտնաբերել, որ Իրաքում զանգվածային ոչնչացման զենք չկա… Եվ հետախուզության սխալի պատճառով սկսվեց պատերազմը Իրաքում: Եվ ախուվախ էր անում մեր նեղճակատը, և չկա մեկը այս լրբենի միջազգային համայնքում, որ պարզ ու մարդավարի ասի նրան. ո~վ նեղճակատ, դու ես պատերազմի պատճառը, դու պատերազմի հանցագործ ես… Չէ~, չեն ասում – ամբոխների աչքին նա գերտերության նախագա~հ է, նա անսխալակա~ն է, նա պատերազմ սկսելու իրավունք ունի~…

Ընթերցողս, մի գաղտնի կարոտ մաշում է մեր համայնքի հոգին, նա ուզում է ելնել ու ապրել – ազնիվ առաջնորդներով, աշխատասեր տղամարդկանցով ու նվիրական կանանցով, քաջ զավակներով: Մի~ վհատիր, այդ համայնքը ելնելու է: Քանզի ապրելու… ուրիշ ճանապարհ չկա:

Բարի գիշեր:

Tigris
05.12.2008, 13:04
Այսօրս` 4 դեկտեմբերի 2008թ, ավարտվում է:
Միջազգային համայնքը… Այսպիսի~ ամբոխ պատմությունը չի տեսել: Երեկ նեղճակատ նախագահը նստել էր, իբր վշտից ծնկներն էր ծեծում, թե` հետախուզությունը վատ էր աշխատել և չէր հայտնաբերել, որ Իրաքում զանգվածային ոչնչացման զենք չկա… Եվ հետախուզության սխալի պատճառով սկսվեց պատերազմը Իրաքում: Եվ ախուվախ էր անում մեր նեղճակատը, և չկա մեկը այս լրբենի միջազգային համայնքում, որ պարզ ու մարդավարի ասի նրան. ո~վ նեղճակատ, դու ես պատերազմի պատճառը, դու պատերազմի հանցագործ ես… Չէ~, չեն ասում – ամբոխների աչքին նա գերտերության նախագա~հ է, նա անսխալակա~ն է, նա պատերազմ սկսելու իրավունք ունի~…
Բարի գիշեր:

Քաղաքականութիւնը խաբելու արուեստն է: Առաջինը՝ ամերիկացի ժողովուրդը պէտք է դատի նրան, աւելի քան 4000 ամերիկացի զինուորի մահուան խնդրով:
Ժողովրդավարութիւն, արդարութիւն, միջազգային ընտանիք եւ օրէնք, սրանք բոլորը անիմաստ ճամարտակութիւններ կմնան, եթէ կրտսեր Ջորջ Բուշը դատարանի առջեւ չկանգնի, որպէս պատերազմի ոճրագործ: Աշխարհը՝ դեռ ստրուկների եւ տէրերի ժամանակը չի շրջանցել: Սպիտակ տան ապագայի սեւ բնակիչ Բարակ Ոբաման, պիտի կարողանա՞յ թօթափել այդ համակարգի նստուածքը իր վրայից, թէ՞՝ պաշտօնը նրան էլ պիտի գայթակղեցնի: Ամերիկացի զինուորը անդատելի, անձեռնմխելի է: Ամերիկան աստուած է, պապա է, յետեւաբար՝ անդատելի:
Ուրեմն, շատ չհաւատանք Միջազգային ընտանիք ու օրէնք կոչուածին, կերտենք մեր Հայրենիքը. այնպէս որ պէտք է մեզ, պահենք մեր Արեւելեան Կողմը. այնպէս որ նպաստաւոր է մեզ:

Հեղինակ
05.12.2008, 22:16
Այսօրս` 5 դեկտեմբերի 2008թ, ավարտվում է:

30 տարի առաջ այսօր մահացավ Առողջագետիս մայրը – Գյումրիի մանկավարժական կոհորտայի փայլուն աստղը, զարմանալի ու նրբանկատ ծնողը, միամիտ և աստվածնման հոգին: Հիվանդ եղավ ընդամենը հինգ օր – Առողջագետն ու ես` մեր բժիշկ լինելու հանգամանքով, ավելի շատ էինք լինում նրա կողքին – մինչև այն ակնթարթը, երբ նա պայծառ գիտակցությամբ ու արթուն էթիկայով – թողեց մեզ:

Կիմա Կոտբաշյանը և Հարություն Նալյանը Գյումրիի մանկավարժ-հայագետների այն սերդից էին, որոնց համար չկար մայրենի գրականության որևէ անծանոթ անկյուն – բայց առավելապես իսահակայանապաշտ էին նրանք, թեկուզ Թումանյանի վսեմ էպիկան էլ մոտ էր նրանց սրտին: Այն տան պատշգաբին – որը փլվեց երկրաշարժի ժամանակ – Շիրակի շնկշկան հովերի մեջ, ժամերով խոսում էինք հայ գրականությունից:

Այդ վերջին օրերին – այդ հինգ օրերի մեջ – ես տեսա մոր սխրանքը, որի միակ միտքն ուղղված էր իր զավակների կյանքի խնամքին – և ծանր վիրահատությունից հետո` տվայտանքի մեջ, հաղթահարելով ֆիզիկական տառապանքը` անխոնջ մայրը մեզ հետ խոսում էր կյանքից ու գեղեցկությունից: Առողջագետը պատմել է – երբ ես մեկ-մեկ դուրս էի գալիս – միայն այդ ժամանակ նրա խաղաղ դեմքը այլայլվում էր, նա աղջկա մոտ կարող էր ցույց տալ, որ ցավը տանջում է իրեն… Ափսո~ս, որ շատ շուտ զրկվեցինք այդ պայծառ ակունքից, ափսո~ս, որ երեք զավակներս չխմեցին նրա խաղաղ և իմաստուն ջրերից:

Գենետիկ մի բացառիկ հարստություն Կիմա Կոտբաշյանը և Հարություն Նալյանը բերում էին Անի – Կարս – Գյումրի բազմադարյան քաղաքային մշակույթի շերտերից – նուրբ վարվելակերպով ու մտածելակերպով: Հին Բայազետի-Ալաշկերտի` կոշտ գեղջկական գենետիկ հավաքածուիս համար, Առողջագետիս ընտանիքը ուրի~շ քաղաքակրթություն էր – բայց խոստովանեմ նաև` իմ ծռությունը պետք եղավ այդ մշակույթին: Գենի հարստությունը լիուլի անցել է զավակներիս – Քանդակագործիս կատարյալ գեղեցիկ դեմքը և բարձրուղեշ կառուցվածքը, Philosopher-իս սրտի ու գիտակցության խորունկ ծալքերը, իսկ Զինվո~րս – նա մայրական գենի պահուստի կատարյալ կրողն է – թեկուզ սուր և համառ քիթը և արագ խոսվածքը վկայում են, որ նա իմ պապե Սերգոյի ժառանգն է նաև:

Ընթերցողս, երբ հիշեցի հայ գրականության ու մանկավարժության այս բարձր մշակներին, մի գաղտնի անհանգստություն ճնշում է հոգիս – կգա՞ն արդյոք նորերը, որ այդքա~ն նվիրված կլինեն գրականությանը և դպրոց կմտնեն: Մի հոգս էլ կա – բավակա՞ն է արդյոք հայ գրականության ներքին էներգիան` Նոր Սերունդ կերտելու համար: Չե՞ն ծերացել նրա դասական էջերը: Նրանք կարո՞ղ են Նոր Մարդ ստեղծել: Թումանյանական հայ համայնքը շատ հին է, շատ ծեր – անխելք մարդը, ձախորդ փանոսները, անբան հուռին, տերն ու ծառան – սրանք մի անցած քաղաքակրթություն են, նրանցով հերոսներ և նոր մարդ չես կարող կերտել: Բայց, այնուհանդերձ, ճոխ է մեր գանձը – էպոսը, հին քնարերգությունը, հայրենները, արևմտահայ և արևելահայ դասականները: Բայց այդ ամենից վեր Չարենցը – մեր Ոգու հերոսականության այս գագաթը. – երբ հոգնած կլինենք, երբ կուզենանք գտնել մի չծերացող ապագայի ակունք – նա մեզ սպասում է:

Եվ նորից` «Այսօրիս» անուշահոտ խունկը – Կիմա Կոտբաշյանի և Հարություն Նալյանի պայծառ հիշատակին:

Բարի գիշեր:

Հեղինակ
06.12.2008, 23:35
Այսօրս` 6 դեկտեմբերի 2008 ավարտվում է:

Չէ~, էս ապարանյան կարտոֆիլի բերած թույնը լավ տանջեց ինձ: Միայն այսօր մարմինս թեթև էր, պարանոցիս ցավերը պակասել էին… Մի սովորություն ունեմ – սա հիշատակվում է նաև առողջագիտական գրականության մեջ – առավոտյան սոված ժամանակ խմել նոր դրված թթվի ջուրը. կարմիր, կծու, ծակող – նոր հասած մաճառի է նման և շատ առողջարար է: Բայց հիմա նայում եմ մեր թթվի ջրին ու մտածում եմ – մեր անխոնջ գյուղացին կաղամբի, գազարի, բազուկի աճեցման ժամանակ ի՞նչ պեստիցիդներ է օգտագործել և մեր թթվի ջրի մեջ ի՞նչ նյութեր կան: Այսպես մտածում եմ, բայց… խմում եմ:

Դժվար ժամանակներ են – բանջարեղենից ու թթվի ջրից սկսած, ընտանիքի ու համայնքի կյանքից, մինչև պետական բարձրագույն իշխանություն – կարոտ են մաքրության: Ամեն տեղ կեղծն ու ճշմարիտը ապրում են իրար հետ, և կեղծիքը հագնում է ճշմարտանման այնպիսի զգեստներ, որոնց նայելիս գլուխդ պտտվում է: Կեղծիքը հագնում է փառքի, պատվի, հարստության զգեստներ, գերազանց շպարվում է, քաղցր-մեղցր ժպտում, գրավիչ բուրում է, ապա նրա կերպարը մտնում է մարդու հոգու կառույցի մեջ և ճանաչվում որպես… ճշմարտություն: Դժվարի~ն- դժվարի~ն ժամանակներ:

Մահացել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Պետը – Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ I-ը: Չեմ թաքցնում, որ միշտ նախանձով եմ նայել ռուս հոգևոր դասին` կրթվածության, խաղաղության, ամբողջականության ուրիշ կերպար ունեն նրանք: Ռուս ներկա հիերարխներից աչքի է ընկնում միտրոպոլիտ Կիրիլը. կարծում եմ, որ նա կընտրվի Տեղապահ, ապա և Պատրիարք:
Մեր հոգևոր դասից սիրելի կերպար էր Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը. ափսո~ս, շուտ մահացավ – նա իր մեջ կրում էր Արևմտյան Հայաստանը, ներկա Հայաստանը և Սփյուռքը` որպես մեկ Միասնական Կարոտ:

Հայոց հայրապետներից իմ մանկական հիշողության մեջ մնացել է Գևորգ Չորեքչյանի անունը. – մահացել է 1954թ.-ին: Նրա մասին մի ավանդություն են պատմում. Ստալինը կանչում է Չորեքչյանին և ասում. – Հայաստանի հայությունը տեղափոխենք Ալթայ, այնտեղ կառուցեք մի նոր Հայաստան: Չորեքչյանը լսում է և համարձակվում պատասխանել. Ալթայում նոր Հայաստան կառուցելու համար դուք այնտեղ պետք է տեղափոխեք նաև Արարատ լեռը: Ստալինը այս հանդուգն պատասխանի համար ապտակում է Կաթողիկոսին, բայց նրա դժոխային պլանը տապալվում է:

Հրաշալի է, երբ մի ժողովուրդ ունի իրեն կառավարող պետական իշխանութուն, որին վստահում է և հոգևոր իշխանություն, որին սիրում է: Վստահ եմ, որ մի օր մենք էլ կունենանք այդ զգացումը:

Ինտերնետում հենց նոր մի նյութ պատահեց. պարզվեց, որ քանդված Լեզվի Ինստիտուտի տեղում այնուամենայնիվ, վեհարան կառուցվելու է, հետն էլ մի նոր եկեղեցի` Սուրբ Աննա անունով, որն իր մեջ կներառի ներկա Կաթողիկե մատուռը: Բայց ես մնում եմ նույն մտքին ու նորից հնչեցնում եմ, որ Երևանի սրտում մի նոր եկեղեցի և նոր վեհարան պետք չէր մեր ազգին: Թող այնտեղ մնար Լեզվի Ինստիտուտը, քանզի Հայ Լեզուն ու Դպրոցն են մեր հավերժական եկեղեցին և Հայ Ուսուցիչն է մեր հավերժական վեհափառը… Եվ եթե այսօր մենք` որպես ազգ, ունենք մեկ ավելորդ լումա, ապա այն պետք է ուղղվի հայոց համազգային նոր վեհարանի – ՆՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ստեղծմանը:

Բարի գիշեր:

Հ.Գ. Հենց նոր ռուսական ՎԵՍՏԻ-ով հայտնեցին` միտրոպոլիտ Կիրիլը ընտրվել է Տեղապահ…

Հեղինակ
07.12.2008, 22:23
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 7-ը:

Մեծ Երկարաշարժի տարելիցի օրն էր – 20-ամյակը:

Մինչև այն հեռավոր օրվա բացվելը … Գիշերը տեսել էի ծառեր, որ բնով թեքվում, զարկվում էին հողին ու նորից կանգնում էին: Ձեռքիս տետր տեսա այդ փոթորկալի ժամին: Գիշերն անցավ, բացվեց այն օրվա առավոտը: Այն եղերական ժամին ու վայրկյանին «Զվարթնոցում» էի – օդակայանի հսկա կառույցը խլացրեց երկրաշարժի թափը, և ոչինչ չիմացած` մի ուղերթով թռանք Մոսկվա – այնտեղ արդեն տեսանք ողբացող հայություն:



Ռեքվիեմ


Չճչա'ս, չանիծե'ս, չկքվե~ս,
Դու մա'յր ես, մե'ր մայրն ես, իմացի'ր.
Ապստամբ արյունդ ցանուցիր`
Չճչա'ս, չանիծե'ս, չկքվե~ս:

Չճչա'ս – մանուկներդ չկան.
Մատներով տրոփող հողեղեն
Քաղեցին ծաղիկներ ձյունեղեն. –
Չճչա~ս – մանուկներդ չկան:

Չկանչե'ս հայրերին – չե'ն գալու,
Աջերը – երազկոտ վեր պահած`
Գնում են դեպի լյառն Արագած. –,
Չկանչե~ս հայրերին – չե~ն գալու:

Չկանչե'ս մայրերին, որ չկան,
Ձյունացած մանուկներ թևերին
Հասնում են մեր կարմիր արևին. –
Չկանչե~ս մայրերին, որ չկան:

Չկքվե'ս, չբեկվե'ս, մա~յր ես դու.
Մենք մանուկ – հինգ հազար տարեկան,
Մամիտ` մենք ապրել ենք այսքան. –
Չկքվե~ս, չբեկվե~ս, մա'յր ես դու :

Մենք խենթ ենք – հինգ հազար տարեկան`
Կդառնանք նորից մեր գրերին,
Մեր մանուկ, մեր զորեղ պայքարին.-
Մենք խենթ ենք – հինգ հազար տարեկան :

Մեր գլխին դի'ր ափըդ խստաշունչ,
Հայրենի'ք, պահապան մեզ եղի'ր,
Անարցունք հորդորով հեղեղի~ր. –
Մեր գլխին դի'ր ափըդ խստաշունչ:

Եվ ների'ր, և ների'ր մեր աստծուն,
Քո առջև – նա մանուկ է անկար,
Թե զորեր` մեզ իր ձեռքը կտար. –
Եվ ների~ր, և ների~ր մեր աստծուն:

8 դեկտեմբերի 1988թ,
ժամը 12.00, Մոսկվա

Կարոտներիս Հայրենիք, ի՞նչ ասեմ քեզ այս դժվարին տարելիցի օրը:
Կասեմ միայն այն` ինչ դժվար է ասել, անհնարին է ասել – բայց անհրաժեշտ է, քանզի միայն այրող ճշմարտությունը քեզ կարող է օգուտ տալ և կանխել նոր երկրաշարժերդ:

Եվ այսպես` առաջին. – Երկրաշարժերի պատճառը մարդկանց ու ազգերի հոգու փլուզման, նպատակների խաթարման և Կյանք-Հավատի խեղման մեջ է: Գուցե այն եղերական ժամին դու այս մոլորակի վրա ամենացավագին, ամենաթույլ կետն էիր – և դու տեսար քո ծնած և մարդկության ծնած երկրաշարժը... Մեծ Երկրաշարժիդ պատճառը քո մեջ էր – այս դաժան ճշմարտության ընկալումը քո առջև կարող է բացել նոր ճշմարտություններ:

Երկրորդ. – Մարդիկ ու ազգերը հնձում են իրենց ցանածը` որպես դաս` Նոր Կյանք ստեղծելու համար. միայն շատ արթուն ու արժանի մարդը ու արժանի ազգը կարող են այդպիսի դաժան և ուղղակի դաս ստանալ – միայն նրանք, ովքեր կարող են դասը յուրացնել: Մեծ երկրաշարժը քո դասն էր – դու գուցե այդ օրը բացեցիր քո Ապագայի Դուռը... Դու արթունների ու ապրողների մեջ ես լինելու, Հայրենիք...

Երրորդը և վերջինը. – Որպես նվաստ տարեգիր` վկայում եմ. Մեծ Երկրաշարժի դասը չի հասել քո գիտակցությանը, – մի քանի վայրկյանում նյութի կործանումը տեսածդ` այսօր էլ քչփորում ես նույն նյութական փոսը – մտավոր դասովդ, պետությունովդ, քաղաքական կոչվող դաշտովդ – քչփորում ես նույն փոսը... Միայն մի նոր աչքով տեսնեիր, թե ինչո~վ ես զբաղված: Մինչդեռ, Ոգուդ և Մշակույթի մեջ է գրված քո Կյանքի Գիրը – դու այդ Գրին դեռևս չես հասել, առաջին էջը դեռևս չես բացել...

Կարոտներիս Հայրենիք, ներողամիտ եղիր, որ այս դժվար տարելիցի օրը ցավեցրեցի սիրտդ: Քո արթնության համար:

Բարի գիշեր:

Հեղինակ
08.12.2008, 22:56
Այսօրս` 8 դեկտեմբերի 2008, ավարտվում է:

Մահացել է Պարիս Հերունին:

2005 թվականն էր, աշխատում էինք “Տաթև գիտա-կրթական համալիրում” – Կոմիտասի շուկայի հարևանությամբ` 14-հարկանի շենքերից մեկն է, իսկ նրա կողքին Ռադիոֆիզիկայի ինստիտուտն էր: Գիտեինք` այնտեղ տնօրենը Պարիս Հերունին է` հայ գիտության լեգենդար դեմքերից մեկը: Այնպես եղավ, որ այդ թվին հիմնեցինք “Ազգ և Առողջություն“ հանդեսը, պատրաստեցինք առաջին համարի էլեկտրոնային տարբերակը, որոշեցինք երկրոդ համարի համար հարցազրույց վերցնել Պարիս Հերունուց:

Գնացինք Առողջագետի հետ: Ռադիոֆիզիկայի ինստիտուտը – Երկրորդ հանրապետության խորտակված գիտության պահպանված մոհիկաններից մեկը – մաքուր, խնամված միջանցքներ, պահպանված և գործուն գիտական կազմ … Եվ տնօրենը` Պարիս Հերունին – գլխին իր դասական բերետը, խոսքը դանդաղ և խուլ, արտաքինը` ոչ դինամիկ, բայց միտքը` սուր, ճշգրիտ, կարգապահ ու ամբողջական: “Որտեղից եք դուք գալիս”,- հարցրեցի. ”Գալիս եմ իմ ծնողներից – Կիլիկիո Հաճնից, հրաշքով փրկված իմ հորից, իգդիրցի իմ մորից, իմ հոյակապ մայրական տատից – Սուրմալուի բարբառից եմ գալիս”:

Թայլանդի թագավորն ասել էր իր դեսպանին. ”Գնա Հայաստան, Հայաստանը գիտության երկիր է, պետք է համագործակցել”: Հերունին հայ գիտության ասպետն էր, “Հերունու հայելային աստղադիտակ”-ի հեղինակը, որի ստեղծումը կոչել էին “Հերունու ավանտյուրա” – մի զարմանալի սխրանք էր եղել այդ գործը: Վիկտոր Համբարձումյանը չէր խանգարել և ասել էր` “Չի կարող պատահել, որ Հերունին մի բան սարքի` չաշխատի”: “1985թ, առաջին դիտարկումը... Դիտարկման երրորդ օրը 250 լուսատարի առաջ բռնկված մի աստղ հայտնաբերեցինք, – սա նշանակում է, որ Տիեզերքը ապրում է… Տարա Համբարձումյանի մոտ, ասաց` Աստծո մատը խառն է եղել”: Պարիս Հերունին ժխտեց “Մեծ պայթյունի” հնարովի տեսությունը և ապացուցեց, որ Տիեզերքի էվոլյուցիան մշտական գործընթաց է:

1994թ, երբ հայ գիտությունը գրեթե փլուզված էր, Պարիս Հերունին կտրուկ փոխում է իր գիտական հետաքրքրությունների շրջանակը և սկսում է “Ցից քարերի” – Քարահունջի հինավուրց աստղադիտարանի ուսումնասիրությունները: Նա ապացուցեց, որ հազարամյակներ առաջ մեր հայարի նախնիները այս հողի վրա հզոր գիտություն են ունեցել: “Հայերը և Հին Հայաստանը” անգլերեն աշխատությամբ նա ցույց տվեց, որ Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթության կենտրոն է եղել, որտեղից գիտություն են վերցրել, կրթվել են ուրիշ ազգերը: Նրա այս աշխատանքները փայլում են գիտական ռոմանտիզմի փայլով, նաև ճշգրտությամբ և խորաթափանցությամբ: Ուրարտուն ոչ հայկական տեսնողները դարձան նրա թշնամիները, սակայն, իր վկայությամբ, չհամարձակվեցին բաց գիտական բանավեճի ելնել գիտության այս Սասնա Ծռի հետ…


Հերունու վերջին տարիների ոդիսականը – նա նախագծել էր արևային մարտկոցների մի համակարգ` բարձր արդյունավետությամբ… Նրան Իսրայելից, Ճապոնիայից առաջարկել էին միլիոնավոր դոլլարներ` գյուտը վաճառելու և այդ երկրներում արտադրություն դնելու համար: Հերունին հպարտ մերժել էր` “Ես այս գյուտը արել եմ Հայաստանի համար”: Այն տարիներին, երբ Երրորդ հանրապետության վերնախավը վաճառեց այն ամենը, ինչ հնարավոր էր վաճառել, Պարիս Հերունին չվաճառեց իր գյուտը: Մի հոգս ուներ` Հայաստանում դնել այդ մարտկոցների հզոր արտադրություն և մեծ գումարներ վաստակել Հայրենիքի համար: Այսպես կարող էր վարվել միայն հերոսը: Բայց Հայրենիքը չէր շտապում նրան օգնել… Չգիտեմ` նրան հաջողվեց ավարտել մարտկոցների փորձնական արտադրության ստեղծումը: Բայց նա անվհատ էր, մենակ թողնված` նա բացառում էր գյուտը ուրիշ երկրի տալու միտքն անգամ… Ահա թե ո~վ պիտի լիներ հայ երիտասարդության կուռքը, ահա ո~վ պիտի լիներ Երրորդ Հանրապետության էթիկան ստեղծողը:

Հեռացավ Պարիս Հերունին, հայ գիտության և ինքնության ճակատում` մինչև վերջին շունչը մնաց մեծ գիտնականը:

Փա~ռք Պարիս Հերունու – մեր ժամանակների Հայ Հերոսի հիշատակին:

Բարի գիշեր:

Հեղինակ
10.12.2008, 00:17
Այսօրս` 9 դեկտեմբերի 2008թ, ավարտվում է:

Առավոտյան քրքրում էի թղթերս և հանդիպեցի մի զարմանալի նախադասության. “Կա խորունկ զուգահեռություն Բնական օրենքի և ազգային օրենքների միջև”: Չգիտեմ` որն է աղբյուրը, կարծեմ` ամերիկյան միջուկային ֆիզիկոս և հասարակական գործիչ Ջոն Հեջլինը:

Որքա~ն խորունկ է այս միտքը – ազգային օրենքները, այսինքն` պետության ընդունած օրենքները պետք է զուգահեռ լինեն, բխեն Բնության օրենքներից…Բայց վերցրեք ուզած ասպարեզ – կրթություն, առողջապահություն և այնտեղ գործող օրենքները և կտեսնեք խոր հակասություն բուն կյանքի օրենքների հետ: Օրինակ` Բնության օրենքն ասում է. մարդ կրթվում- դաստիարակվում է համայնքի բնիկ մշակույթով, բայց պետության օրենքները ճանապարհ են բացում կեղծ մշակույթի առջև: Բնության օրենքն ասում է` թող ձեր երեխային կրթեն Արուսյակ Սահակյանն ու Դանիել Երաժիշտը, բայց պետության օրենքը – Հեռուստատեսության մասին օրենքը – ճանապարհ է բացում Արթուր Գրիգորյանի ու Հայկոյի առջև:

Ասում են` զարգացած, առաջադեմ, քաղաքակիրթ երկիր ստեղծենք… Սա ասում է և երկրի իշխանությունը, և քաղաքական ընդդիմությունը… Եվ երկուսն էլ նույն մտքին են` դրա համար կան եվրոպական ու միջազգային չափանիշներ: Չէ~ , հազա~ր ասացինք, ա~յ չափանիշագետներ, միակ ճշմարիտ չափանիշը սահմանում է Բնության Օրենքը: Ե՞րբ եք միասին նստելու կրթության` Բնության Օրենքի առջև:

Այսօր պաշտոնապես հայտարարեցին` Հայաստանում նվազում է ծնելիությունը: Սա մի ժողովրդի կյանքի ինտեգրատիվ ողբերգական ցուցանիշն է: Ինչպե՞ս խնամել հայ երիտասրադ կնոջ արգանդը – սնել, ջրել, փխրեցնել – հո՞ղ է, չէ՞, պտու՞ղ է ուզում տալ, չէ՞: Բայց կոկա–կոլայով, արհեստական սննդով, կատվա- մլավան երգերով արգանդ չես խնամի, երեխա չես ստանա …

Այսօր Երեխայի իրավունքների համընդհանուր կոնվենցիայի ընդունման 60-ամյակն է: Այնտեղ գրված է` երեխան ունի ազատ ինֆորմացիա ստանալու իրավունք: Հը~մ, ո՞ր ինֆորմացիայի մասին է խոսքը… Երեխայի անկապտելի իրավունքն է` կրթվել-դաստիարակվել իրեն ծնած ժողովրդի ազգային մշակութային համակարգով: Այս իրավունքը կոնվենցիայում չկա: Այսօր երեխայի իրավունքը խախտվում է բոլոր երկրներում – հատկապես` այսպես կոչված զարգացած երկրներում: Բռնությունը, հոտ–դոգերը, ապամշակութային կրթությունը բթացնում և ապուշացնում են երեխային: Եթե Հայաստանում կհանդիպեք երեխայի իրավունքների պաշտպանության եվրոպական փորձագետի, ապա վստահորեն մի հովվի չոմբախով տվե~ք նրա քաղաքակիրթ պարանոցին և հեռացրե~ք Հայաստանից:

Հայ ազգային համայնքը ապագայում կարող է ստեղծել երեխայի բնական իրավունքների պահպանման մի համակարգ, որը կարող է օրինակ ծառայել ամբողջ մարդկության համար – կարող է, եթե ինքը առողջանա և ստեղծի Նոր Կրթություն:

Ընթերցողս, ինչու՞ տեսնել օրվա խավարը, եթե ապագայի լույսը չի լինելու դրա պատասխանը…

Բարի գիշեր:

Հեղինակ
10.12.2008, 23:08
Այսօրս` 10 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր կատարեցի Առողջագետիս խնդրանքը և եփեցի մեր լեռնցի ժողովրդի համով ճաշերից մեկը – հռչակավոր քռչիկը` կծու, կարմիր, հոտավետ - Առողջագետիս համբույրը և մերոնց շնորհակալությունը եղան վարձս, այնպես որ խոհարարի կարիերա եմ անում մեր տանը:

Շարունակում եմ “Արշալույսի” ռուսական թարգմանության նայելը – թարգմանել է Առողջագետը: Այսօր Պետերբուրգից ստացանք հրատարակչի նամակը, թե անհամբեր սպասում է “Արշալույսին”: Իսկ Առողջագետի մենագրության մակետն արդեն պատրաստ է, շուտով գնալու է տպարան: Նայում եմ “Արշալույսի” տեքստերը – այնքան պարզ են, անխորամանկ, և եթե մի ավելորդ, գեղեցիկ բառ ես ուզում դնել նախադասության մեջ, ապա բառը ճչում` չէ~, իմ տեղը չէ, ինձ հանե~ք այստեղից: Նախնիներիս բանահյուսական մտածողությունն օգնել է ինձ:

Մի անգամ պատմել եմ – կան մարդիկ , որ տարիներ կապված են մեր գործի հետ և որոնք ճիշտ ժամանակին բերում են զարմանալի գրքեր: Ահա երեկ էլ մեր սիրելի տիկին Լիլիան բերեց հերթական գիրքը – Բրյուս Լիպտոնի “Հավատի կենսաբանություն: Ով է կառավարում բջիջների գիտակցությունը”: Գիրքը պսկազերծում է Դարվինի ուսմունքը – արևմտյան մարդու անհատապաշտության, ուժի իրավունքի ծնունդը և հաստատում է Բնության կոլեկտիվիզմի – համայնքի էվոլյուցիոն ուժը: Առողջագետը կլանում է գիրքը և մանկան պես արդարանում է որդիների առջև, որ գրքի պատճառով կարող է այդքան ոգևորվել:

Օրը խաղաղ էր և լուսավոր, բայց մի պահ աչքերս մթնեցին, երբ տեսա վրաց երկնքում խոյացած Ս. Նորաշենի հայկական անաղարտ գեղեցկությունը և փռչոտ ու ագրեսիվ վրաց հոգևորականի ոտնձգությունը այդ եկեղեցու նկատմամբ: Թիֆլիսահայ համայնքը – երբեմնի մեր շքեղ ու հզոր համայքնը – տարեց-տարի նահանջեց ու խեղճացավ և այսօր ընկրկում է մեր ոխերիմ բարեկամի առջև: Մեր հակասությունը վրաց ազգի հետ – ներքին ու քաղաքակրթական հակասությունը – թաքցվում, “ներս է գցվում” և ավելի խեղող է դառնում` միակ ճանապարհի փակման սպառնալիքով, ինչը լկտիացնում է և այս ազգի վերնախավին, և նրա տականքը: Բայց հիշենք` մի օր այդ հակասությունը պայթելու է – վրացահայ համայնքի ազատագրման հրամանով - և այդ միակ ճանապարհի հարցը մի օր լուծվելու է, բայց ոչ հավերժ խեղճության ու հավերժ լռելու ստորացնող, վտանգավոր բանաձևով: Հայ ազգը և նրա պետականությունը կունենա՞ն արդյոք իմաստություն` պատմականորեն ու ճշգրիտ ժամը ընտրել` այս թաքնված հակասությունը արևերես հանելու ու այրելու համար: Ինչու չէ` նաև հանուն ժողովուրդների բարեկամության :

Վրաց փռչոտ հոգևորական, ձեռքերդ հեռու Ս. Նորաշենից և Թամամշյանների սուրբ գերեզմաններից:
Վրացահայ գաղութ, գալիս է քո միասնության, քո ելույթի, քո էթիկական ազատագրության ժամը - թելադրել պայմաններ մի անկյալ, պարտված պետականության և ոչ թե հավերժ բարեկամություն խաղալ նրա հետ:

Բարի գիշեր:

Հեղինակ
11.12.2008, 22:29
Այսօրս` 11 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօրվա արթուն առավոտը: Բոլոր մշուշները, փոշիները, բոլոր վշտերը խտացել էին ջրի կաթիլների մեջ և ընկել էին հողին - երկինքը պարզ էր երեխայի աչքի նման և զվարթ էր նորածին արևը: Այդ վայրկյաններին Հայրենիքի գոյությունը հոգու փաստ է դառնում…

Բայց որքան շատ են պատրանքները: Երեկ էր… Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Փարաջանովի մասին գիրքը նվիրեց ՀՀ վարչապետին` որպես մեզանում լիբերալ հայացքների վառ կրողի: Ահա ՄԻ պաշտպանի տրամաբանությունը ` շարված մի թելի վրա – Սովետ-Փարաջանով-ազատություն-լիբերալիզմ-Տիգրան Սարգսյան: Մեր վարչապետը ուղիղ գծով դառանում է Փարաջանովի հոգևոր ժառանգը: Ահա այսպիսի, ներեցե~ք, հայկական խորաթափանցություն, ահա մեր լիբերալ-ազատական մտավոր դասի աշխարհայացքը:

Մարդու իրավունքների պաշտպան: Մարդու ո՞ր իրավունքների… Մեր ՄԻ պաշտպանի աչքի առջև փլվում է համաշխարհային լիբերալիզմը և նրա ստեղծած տնտեսությունը, նրա անգլոսաքս մոդելը, բայց մեր Մի պաշտպանին ի՞նչ - նա հայ լիբերալիզմի ժառանգն է` իր տաքուկ գրասենյակում նստած - մի քիչ Կոնգրեսի հետ սիրախաղ կանի, մի քիչ իշխանության սիրտը կառնի, մի քիչ վարչապետի մազերը կյուղի, մինչդեռ ՄԱՐԴՈՒ ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Գիտություն է պետք, Գիտելիք է պետք …


Ընթերցողս, բայց ո՞րն է իրական գիտության աղբյուրը, որ պետք է մեզ` որպես ազգի ու երկրի: Մի հեղինակություն կա, ում հավատում է այս մարդկությունը: Ալբերտ էյնշտեյնը: Նա ասում է. “Ամենագեղեցիկ և խոր զգացումը, որ մենք կարող ենք ապրել – դա միստիկ ապրումն է: Հենց նա է իսկական գիտության շարժիչ ուժը”: Ափսոս մեր զանգվածը և վերնախավը չեն խմում այս աղբյուրից… Մոմավառությունից դենը չի անցնում հայ հոգևոր գիտելիքը և հայոց փիլիսոփայությունը…

Առողջագետը բացել էր www.brucelipton.com կայքը: Մի ռուս գիտնականի մեկնաբանություն կար: Հետազոտողները խոսքը վերածել են էլեկտրամագնիսական ալիքների – եթե խոսքը եղել է կոպիտ ու հայհոյական, ապա նրա ծնած ալիքները փչացրել են բջջի գեները, խաթարել ու ընդհատել են ԴՆԹ-ի շղթան: Իսկ բարի ու ջերմ խոսքերի ալիքները առողջացրել են գենը, վերականգնել ԴՆԹ-ի ամբողջությունը: Ահա, երբ ասում ենք` մեր մանուկ սերնդի, մեր երիտասարդության բնիկ գենետիկ առողջությունը չպետք է վստահել Հ1-ի ֆիլմերի լեքսիկոնին, Ավետ Բարսեղյանի “պոեզիային”, “Վերվարածների” գողական սլենգին, այլ նրանց պետք է հանձնել հայ էպոսի, դասական պոեզիայի, երգի ու պարի խնամքին, վերջին հաշվով` ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՆԱՄՔԻՆ: ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՆԱՄՔԻՆ: Սա է պետության ու ազգի առողջացման, վերակերտման բանալին: Սա պետք է լինի գործնական քաղաքականության նպատակը…

Ընթերցո~ղս, պետությու~նս, հայ երիտասարդությու~նս, մտավո~ր դասս - կարո՞ղ եք ձեր այսօրվան նայել, հենց այսօր ինչո՞վ էիք զբաղված: Հարցիս ենթատեքստում կշտամբանք չկա, այլ միայն ինքնաճանաչման մեթոդաբանություն…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.12.2008, 23:36
Այսօրս` 12 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Երեկ “Այսօրս” էի գրում և Հ1-ին ականջի տակով հետևում, երբ լսեցի գովազդային խրոխտաձայնի մի արտահայտությունը - “Նորին Լպրծունություն Շպռոտ Առաջինը…” Հասկացա, որ Հանրայինի գետնաքարշ հումորի գովազդն է… Բայց ամեն ինչ սահման ունի: Հանրայինի փաստացի տերերը որքա~ն պիտի անպատիժ զգան իրենց, որքա~ն ներքին լկտիություն ու սանձարձակ ամբարտավանություն պետք է ունենան, որ հասնեն մայրենի լեզվի նկատմամբ այդպիսի սրբապղծության: Եվ հասնեն այդպիսի արհամարհանքի` սեփական ժողովրդի նկատմամբ :

Նորին Լրպրծունություն Շպռոտ Առաջին … Աղջի~կս… Աստծո կողմից տրված մի սիրուն երես ունես, մի զույգ հարթ-սիրուն ազդրեր, ապա կրթությամբ ու դաստիարակությամբ չփայլող մի շիկահեր գլուխ – աղջի~կս, ինչու՞ ես մեջտեղ ընկել և Հանրայինի պրիմիտիվ “բրենդն” ես դառնում: Քեզ ասպարեզ հանողը գիտի, թե ի~նչ է անում - հենց քեզ նման մի խեղճ, կրթությունից ու խորությունից զուրկ մի կերպարով կարելի է դեգեներացնել հայ երիտասարդությանը: Շպռո~տ, հայ իգականության խեղճ ժառանգս, մի փեսացու գտիր, գնա ամուսնացիր, մի քանի ճուտ ծնիր և այս “հանրային” խայտառակությունից ազատիր և քե~զ, և մե~զ:

Նորին Լպրծունություն Հանրային Հեռուստատեսություն և դու~ք` նրա ղեկավար այրեր,- ամենավերջին տվյալներով բոլորդ էլ հայ եք, հո ծպտյալ, թաքնված այլազգիներ ու թշնամիներ չե՞ք – էս ի՞նչ եք անում մեր լեզվի, մեր երիտասարդ սերնդի հետ, այս ի~նչ լպրծուն համառությամբ փչացնում եք մեր ժողովրդի գոյության պատվարը` նրա լեզուն, մտածելակերպը, նրա հոգու մանկական հանդիսավորությունը :

Ընթերցողս, ինչքա~ն էլ խեղճ լինի հայոց օրը, ամեն օր լույսի մի ճառագայթ շողում է … Ահա Սոս Սարգսյանը – պատմում է իր Մեծ Ընկերոջ - անզուգական Մհեր Մկրտչյանի մասին… Եվ իր մասին է ասում. “Մինչև այժմ նախանձում եմ հայկական դպրոց գնացածներիդ, մոր կաթ կերածներիդ…”: Ախր Սոսը ռուսական դպրոց է գնացել…

Հայերենս, մայրենի լեզուս, աննմանս, ճոխս, հարուստս, կատարյալս, թագուհիս, մայրս, սիրելի կինս, հոգիս, ձայնս, ազատությունս – քո մեծ բանաստեղծի նման` թուրքերեն մի բառով այսօր գոտեպնդում եմ քեզ` “Ղոչաղ կա~ց”…

Երբ քո հանդիսավոր հնչյունները կզնգան – մեր ծննդատանը` նորածնի ականջին, մանկապարտեզում, դպրոցում, խորհրդարանում, կառավարությունում, փողոցում, ընտանիքներում, հեռուստատեսություններով, ամենուր – այդ օրը դու կսկսես ուղղել մեր ուղեղների ծալքերը, կհզորացնես մեր հոգնած սրտերի զարկերը, դու մեզ ուժ կտաս, կլինես մեր բարձրագույն կառավարչությունը և կօգնես մեզ` նոր երկիր ստեղծել…

Մայրենի լեզուս, Թագուհիս, Մայրս … Բարի գիշեր:

Հեղինակ
13.12.2008, 23:05
Այսօրս` 13 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր հայ մշակույթի տոն օրերից է - այսօր ծնվել են Գոհար Գասպարյանը և Տիգրան Լևոնյանը:

Անցնում են տարիները: Այնպես հանկարծակի ու անսպասելի հեռանում են Մեր Տան Մեծերը, և ամեն անգամ որբության զգացում է տիրում մեզ: Բայց լինում է այնպես, որ այդ զգացւմի մեջ – “գնա մեռիր – արի սիրեմ” մեր հայկական անմեղսունակ վարքով - մենք նորովի հայտնաբերում, գտնում ենք հեռացածին և նորից ծնող ենք ունենում:

Գոհար Գասպարյան և Տիգրան Լևոնյան – Արևմտյան Հայաստան-Սփյուռք միացյալ մշակութային տարածքի ժառանգներն էին նրանք: Այդ տարածքը շնչում է նրբաշեշտիկ արևմտահայերենով, որը յուհատուկ քաղցրություն է տալիս անհատին, նրա կենցաղին, մտածելակերպին, արվեստին…

Գոհար Գասպարյանը … Լեզուն խոնրահ էր, նույնիսկ` թվացյալ պարզունակ, թվում էր` սփյուռքահայ ծագման կին ու մայր է ընդամենը …Բայց երբ երգում էր, ահա այդ վայրկյանին մայր-կինը աստվածուհի էր դառնում - այդպիսի ՎԻԹԽԱՐԻ ԿՈՒԼՏՈՒՐԱ արվեստագետները հազվադեպ են ունենում: Վերջին երկու տասնամյակում գրեթե զուրկ էինք նրանից, նրան մեզանից… թաքցնում էին: Իր տանն էր, գործում էր իր աննման ձեռագործները, շարֆեր ու սվիտերներ` Տիգրանի համար, եփում էր իր հռչակավոր ճաշերը: Մինչդեռ մայրություն պիտի աներ մեր երիտասարդությանը:

Տիգրան Լևոնյանը - միայն կյանքի վերջին ճանաչեցինք նրան,- այդքան խորաթափանց լեզու, հայ մշակույթի բոլոր ծալքերի` ներառյալ պոեզիայի, խորունկ զգացողություն և խորունկ գեղագիտություն: Տեսնես գրավոր թողե՞լ է իր խոսքը, բայց բանավոր խոսքը մի հայկական վրձին էր, որով աչքիդ առջև նկարում էր իր հայրենադարձությունը , պատանեկությունը, իր արվեստը…

Գոհար Գասպարյան և Տիգրան Լևոնյան զույգը – ամուսնական զույգի բարձրագույն էտալոն էր, որի էթիկան չտեսավ, չգնահատեց և որի դեմ հաճախ վայրահաչեց հայ քաղքենի համայնքը – ամո~թ այդ համայնքին: Առողջագետն ու ես բախտ չունեցանք նրանց տեսնելու և ճանաչելու, բայց այդ զույգը կար մեր երազների մեջ: Առողջագետը Գոհարի նկատմամբ զավակի զգացում ուներ, և իր երազների մեջ տեսնում էր նրա բարձր էությունը, նաև` այդ ընտանիքին սպառնացող վտանգները…

Ամեն մարդ մի գաղտնի իղձ ունի – որ ազգի մեծերը ֆիզիկական մահից հետո գնում են Հայրենիքի լուսեղեն շերտեր և այնտեղ կան, գործում են, ապրում են… Մտածում ես այսպես ու չես հավատում… Միայն տարիներ առաջ, երբ կարդացի Դանիել Անդրեևի “Աշխարհի Վարդը” միստիկ գլուխգործոցը` պարզ եղավ, որ բոլոր ազգերն ունեն իրենց հոգևոր հայրենիքները – ԶԱՏՈՄԻՍՆԵՐԸ, ՍԻՆԿԼԻՏՆԵՐԸ… Հոգևոր Հայաստանը միֆ չէ, այլ գերիրականություն, միակ հավերժ իրականությունը, որտեղ Հայոց Մեծերի Հիերախիան է, որն ապրում ու ոգորում է Հայաստանի համար: Եվ ինչ կասկած, որ Գոհար Գասպարյանը և Տիգրան Լևոնյանը Հայոց Սինկլիտում են …

Ողջու~յն անմահ Հայոց Սինկլիտին…
Հավերժ փա~ռք Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի անմահ հիշատակին:

Բարի գիշեր:

Հեղինակ
14.12.2008, 23:44
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 14-ը:

Երեկ էր... Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղը – Գալշոյենց Տան պայծառ շառավիղ Մուշեղի ծննդավայրը: Հայ գրագետ խավն էր և գյուղացիները – գնահատում էին Մուշեղ Գալշոյանի բացառիկ գրականությունը... Գրականության հետ կապված մի կին` մայրաքաղաքից, գանգատվում էր, որ գրողը դպրոցական ծրագրերից գրեթե հանված է:

Զարմանալի ազգ ենք ... Մի բանաստեղծ-գրող կա, գիտեք` Հովհաննես Գրիգորյանը,- գյումրեցի է, ծանր ու գրագետ հայ մարդ է: Բանաստեղծ է, բայց... ներեցեք` բանաստեղծ չէ, նրա արձակ ոտանավորի մեջ խելք էլ կա, միտք էլ կա, երևի էլի ինչ-որ բան կա, բայց ռիթմ, պաթոս, մեղեդի, զգացմունքից ծնված անմիջական ապրում - այն ինչ լիրիկայի հիմքն է - չկա: Չկա~, հո զոռով չի՞: Եվ մի օր Հովհաննես Գրիգորյանը ասում էր` իմ գործերն արդեն դասավանդում են, դասագրքեր են մտել...

Մուշեղ Գալշոյանը ... Երեք պայծառ անուն մեր նոր գրականության մեջ – Ակսել Բակունցը, Հրաչյա Քոչարը և Մուշեղ Գալշոյանը, որ երգեցին կորուսյալ հայրենիքի առասպելը և նրա վերապրած ժառանգներին: Ինչպես գեղջուկ մեր երգը 70-ականներին ժայթքեց Սասնո տան ժառանգների սրտից – այժմյան Թալինից, այնպես էլ Խաչիկ Դաշտենցի և Մուշեղ Գալշոյանի գրականության միջոցով ժայթքեց մեր կարոտը առ կորուսյալ հայրենիքը: Եվ Մուշեղը – ասպետական Մուշեղը – իր ասպետական գրականությամբ դուրս է մղվում դպրոցական ծրագրերից... Ողորմելի~ կրթական իշխանություն, ի~նչ էլ գիտես, ի~նչ էլ բնազդ ունես, որ կերակրողիդ` Համաշխարհային բանկի սրտով է դա, նրա բռից կրթական վարկ ես ուտում և դավաճանում ես մայրենի գրականությանը...

Տեսնես Վազգեն Շուշանյանը, Համաստեղ, Շահան Շահնուրը, Մնձուրին կա՞ն կրթական ծրագրերի մեջ: Կրթության Ազգային ինստիտուտ ունենք, Կրթական ծրագրերի կենտրոն, մի~ փորձեք նրանց կայքերի մեջ գտնել հայ գրականության ծրագրերը – ի՞նչ է դասավանդվում, ինչպե՞ս – չեք գտնի, դրանք ռազմական գաղտնիքի նման մի բան են:

Երազում եմ, երազում եմ - կգա այն օրը, երբ ազգի մշակութային առաջնորդները կվերցնեն ներկա դպրոցական ծրագրերը և այնտեղից դուրս կվտարեն կեղծ դասականներին և միջակ գրականությունը և հայ մանկանը կհասցնեն հայ և համաշխարհային վսեմ գրականությունը: Դպրոցական ծրագրերից է սկսվում առողջ պետության կառուցումը...

Այսօր մի հետաքրքիր միջադեպ եղավ, զանգեցին «Ար» հեռուստաընկերությունից և առաջարկեցին ինձ և Առողջագետին մի հաղորդում նկարահանել: Վերջապես Առողջագետի հետ որոշեցինք հստակ ու մարդավարի մերժել: «Ար»-ի տերերին` Վարդանյան ընտանիքին առաջարկել էինք իրենց արտադրած պաղպաղակի և քաղցրավենիքի անառողջ ազդեցությունը ինչ –որ չափով չեզոքացնել` առողջ ապրելակերպի հաղորդաշար բացելով և կրթության ստեղծմանը օժանդակելով: Հետն էլ տասնմեկ անուն գիրք էինք ուղարկել, նաև` «Արշալույսը»: Հիշում եք` գրել եմ - մեր հայտնի օլիգարխը նույնիսկ չբարեհաճեց մի մարդավարի պատասխան տալ հեղինակներիս: Ե՞րբ է հայ համայնքը, «Ար»-ը, կամ այլ հեռուստաընկերություն մարդավարի, որպես գործ ու ծրագիր խնդրելու` արյուն- քրտինքով հավաքած մեր գիտելիքը... Բայց ոչ հենց այնպես` մեր պատկերները էկրանին երևացնելու չնչին գնով... Առողջագետիս հետ ուրախ էինք – մի կարծրատիպ էլ այսօր փլուզեցինք...

Բարի գիշեր:

Հեղինակ
15.12.2008, 23:37
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 15-ը:

Երեկ` “Այսօրս” գրելիս մեր Քանդակագործը ձայն տվեց` Հ1-ով “Ակունքն” է երգում… : Եվ ի~նչ` “10 աստղի” բեմին ինչ–որ ձևով հայտնվել է “Ակունքը”: Հայ երգի լաբորատորիա-համույթը ինչ որ հրաշքով ճեղքել էր արգելքը և հայտնվել էր Հանրայինի բեմին:

Եվ այստեղ եղավ զարմանալին ու զավեշտականը – երգում ու պարում էր արդեն ալեհեր, Սասնա ժայռակտոր հիշեցնող, քաղցրաձայն սասունցի Սարգիս Բաղդասարյանը - նրա մարմինն ու հոգին ` թրծված մեր ծանր գովնդների ռիթմերի մեջ – պարում էին իրենց պարը, - երբ Սարգսի ձեռքը բռնեց ու սկսեց պարել - ո~վ` էս մեր խեղճ Շպռոտը, էս մեր անտեր - անտիրական Շպռոտը - չգիտեր, թե ինչ է հայ պարը - ոտքեր ջղային, աններդաշնակ զարկում էր գետնին, կարմիր շալվար հագած` կոնքն էր ճոճում, ուսերը` նյարդային վերուվար անում, բայց բան չէր ստացվում… Էդ խեղճ երեխան հայ երգի ու պարի շունչն անգամ չէր զգացել…

Ակունքի կենսածով երգից ու պարից ազդվել էր անգամ Հ1-ի դեգեներացված լսարանը - օվացիա սարքեցին: Ծարավ էինք` “Ակունքը” մեզ երեկ ջուր տվեց: Մի երկու սիրելի դեմք արդեն մեծացել էին, մի քանի նոր դեմքեր կային, բայց “Ակունքը” ինքն էր… Նույն անդավաճանն էր… Ո՞վ է ասել, որ հայի երգը տխուր է, թեկուզ և ունենք նաև տխուր երգեր - անտունիներ, պանդուխտի երգեր: Հայ բնիկ երգը արիածին է, արիական է, արիաշունչ է, արի է – ուրախ է, կյանքով լիքը… “Ակունքը” հայ երգի պատգամաբերն է:

Ընթերցողս, գիտե՞ս, չէ՞, երեխան շատ հպարտ է լինում, երբ իր ծնողը` մայրը գեղեցիկ է լինում: Մեր ընտանիքի փորձից պատմեմ. մեր Philosopher-ը չէր սիրում մանկապարտեզ գնալ, լացով ու ողբով ընդդիմանում էր, բայց … երբ մեր մայրիկը գնում էր մանկապարտեզից նրան վերցնելու` դեմքին ուրախություն էր ծաղկում… Եվ մինչև հիմա էլ պատմում է – “Գալիս էր մաման` մորթե գլխարկը դրա~ծ, մուշտակը հագա~ծ, սիրու~ն …” Մեր Առողջագետը հիմա էլ է գեղեցիկ, բայց այն ժամանակ շլացուցիչ էր – չէինք կշտանում մեր գեղեցիկ մայրիկին նայելով …

Ընթերցողս, ինչ է ասելիքս – Հայրենիքն էլ մի մայր է, և ի~նչ հպարտություն որդիներիս համար, եթե մեր մայրը գեղեցիկ լինի - շքեղ, բարձրահասակ, հագած-կապած – ոսկեգույն, գործած զգեստներով, հայկական աստվածուհու կերպարով: Եվ պատկերացնու՞մ ես, գուցե մեր մայրն հենց այդքան գեղեցիկ է, բայց մենք նրա պատկերը չենք տեսել, անուշ հոտը չենք առել, ձայնը չենք լսել… Եվ շատ հնարավոր է, որ այժմ մեր տեսած Հայրենիքը սրբազան Հայք-Հայաստանը չէ , այլ մի խորթ մայր է, մերացու - ուրիշի շորեր հագած, ուրիշ կերպար առած, լեզուն եղծված, իր ծագումն ու երգը մոռացած:

Ընթերցողս, այս մտքերի հետ էի, երբ երեկ և այսօր - կրկնում էին հաղորդումը, նայեցի “Ակունքի” երգն ու պարը: Գտիր “Ակունքը”, նա մայր երկրի գիտակից դեսպաններից է: Այսօր Հայաստանում կան շատ քիչ համայքներ – արվեստի, աշխատանքի, բնակության վայրի, որոնք այդքան զոհաբերական, այդքան հայկական լինեն… Ընթերցողս, գտիր “Ակունքը”: Նա գուցե լինի նախադուռ – մի օր տեսնելու Մորդ պատկերը:

Այսօրվա թեմայիցս դուրս – անչափ ուրախ եմ նեղճակատ նախագահի սֆաթին շպրտած արաբ լրագրողի երկու կոշիկների առիթով… Սա նեղճակատի կարիերայի ավարտի վերջին ակորդներից է: Նեղճակատ նախագահ, հեռացրու զորքդ Իրաքից: Կեցցե~ Իրաքի արաբական եղբայր ժողովուրդը: Կեցցե~ աշխարհը` առանց յանկիական պրիմիտիվ “դեմոկրատիայի”…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.12.2008, 23:31
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 16-ը:

Այսօր մի փոքրիկ տոն էր մեզ համար – մեր զինվորը մեկ ամիս առաջ վերադարձավ ծառայությունից: Վերհիշեցինք նրա ծառայությունը, իրապես ընտանիքով միասին անցկացրեցինք այն: Այս առիթով ես նորից ցուցադրեցի իմ “խոհարարական արվեստը”: Պիցցայի պատրաստի խմոր էինք առել, մնացել էր որոշել, թե ինչ համով նյութերով այն դնել վառարան: Այստեղ շատ լուրջ խնդիր կա – համարվում է, որ որևէ համով բան կարելի է ստանալ միայն կենդանական սպիտակուցի – մսի միջոցով: Բայց ես քունջութի, կտավատի, կարտոֆիլի, կաղամբի, կծու տաքդեղի և մի քանի այլ բաղադրիչների միջոցով կծու, համեղ ու բուրավետ խառնուրդ էի ստացել – “Հեղինակ”-ային պիցցան առաջացրեց մերոնց հիացմունքը… Մի խոսքով, խոհարարիս կարիերան շարունակվում է…

Մի քանի նրբագիծ այսօրվա մտորումներից: Հիշում եմ` երբ ամռանը “Արշալույս”-ն էի դպրոցներին հասցնում, ցանկի մեջ մի քանի անգամ հանդիպեցի “Ավագ դպրոց – արհեստագործական” բառակապակցությունը: Դպրոցի այս տեսակը, անկեղծ ասած, շատ է տխրեցնում: Ժամանակին մի կրթահամալիրում տեսել էի երեխայի վաղ “մասնագիտացման” հետևանքները… Ստացվում է, որ 15-16 տարեկան երեխան արդեն կարող է կողմնորոշվել, թե ինքն ինչ է դառնալու: Եթե արհեստավոր է դառնալու, ապա նրան ի՞նչ պետք է… Բակունց կարդալ: Հիշվածս դպրոցները այդպես էլ չզանգեցի…

Եթե 16 տարեկան պատանին որոշել է, որ նա պիտի ծրագրավորող լինի, ապա հանրային պատկերացման մեջ` նրան ինչի՞ն է պետք իմանալ, թե ինչ է Հայրենական Մեծ պատերազմը… Եվ այսպես, ամբողջ Հայաստանում և աշխարհում ընթանում են երեխայի տեսադաշտի նեղացման, կրթության ապամշակութացման, ապահումանացման գործընթացներ: Հենց նոր հասու եղանք, որ դպրոցում միասնական քննությունների թիվն ավելացվել է` և, օրինակ, հայ ժողովրդի պատմություն և ընդհանուր պատմություն առարկաները ևս պետք է հանձնվեն թեսթային տարբերակով:

Սա դեգեներացիայի ճանապարհն է: Մեր նոր սերնդին մենք ստիպում ենք ապրել անապատում - ժողովրդի պատմությունը` նախ նրա ոգու և մշակույթի պատմությունն է, իսկ դպրոցը ստիպում է երեխային` մարզել հիշողությունը և հիշել միայն դեպքերի տարեթվերը: Իսկ ինչպես պիտի թեսթավորել հայ գրականությունը, արվեստը … Սա համաշխարհային խենթություն է, որի “միջազգային չափանիշներին” ենթարկվում է Հայաստանը:

Եվ այս ամբողջը այն պատճառով, որ ժամանակակից գիտությանը հայտնի չէ հասարակ մարդաբանական ճշմարտությունը – գիտելիքի և իմաստության օրգանը ոչ թե ուղեղն է` իր հիշողական, մտածողական ֆունկցիաներով, այլ մարդկային սիրտը` աշխարհի զգացմունքային ընկալումով և ներզգացողական ճանաչումով: Համաշխարհային գիտության մեծագույն անունները հասել են բարձրագույն ձեռքբերումների` ինտուիտիվ մտածողության և ճանաչողության միջոցով:

Ընթերցողս, քո սրտին պայծառություն եմ ցանկանում:

Բարի գիշեր:

Հեղինակ
17.12.2008, 22:56
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 17-ը:

Այսօր գրեթե ավարտեցի “Արշալույս”-ի ռուսերեն թարգմանության խմբագրումը – սիրելի թարգմանիչս` Առողջագետը լավ է արել գործը, բայց մի քանի տեղ վերականգնեցի հեղինակային հայացքը: Սովորաբար, մանկական գրականություն ասված բանը ենթադրում է տեքստի մեջ “մանկական” յուրահատուկ արտահայտությունների, փաղաքուշ շեշտերի ու երանգների առկայություն: Բայց, իմ կարծիքով, բարձրագույն մանկական գրականությունը պետք է մաքուր էպիկա լինի, ասք լինի - պարզ ու խաղաղ - առանց գեղեցկացնող տարրերի:

Մանկան դաստիարակությունը: Այսօր աչքս “Հայրենիք’ ալիքի վրա էր,- տանը երեխա չունենք, քիչ ենք նայում այս մանկական ալիքը: Մի քանի օր առաջ հադիպել էի մի հաղորդման - ‘Մանկական լուրեր” – հաղորդավարի զնգուն ձայնը, պայծառ աչքերը, նյութի պարզ մատուցումը գրավում էին… Իսկ այսօր տեսա մի մանկապարտեզի հրաշալի տիկնիկային ներկայացումը – “Շունն ու կատուն”: Շարունակեցի հետևել - աշխարհի լավագույն մուլտերը: Եվ լավ է` ռուսերեն տեքստը չի թարգմանվում, թող երեխաները այսպես սովորեն այդ մեծ լեզուն – երեսպաշտություն կլիներ մեջտեղ բերել լեզվի մասին օրենքի դրույթները:

Ընթերցողս, գիտես, որ Վարդանյան ընտանիքից նեղացած ենք մնացել – առողջ ապրելակերպի կրթության ստեղծման և հաղորդաշարի բացման մեր առաջարկին արձագանք չեղավ…Բայց ինչպե՞ս այսօր չնշեմ Վարդանյան ընտանիքի հստակ, լավ մշակված մշակութային քաղաքականության մասին, որ իրականացվում է “Հայրենիքով”… Տեսնեի~ք մեր մանուկների ջերմ մենախոսությունները – Հայրենիքի մասին: Ահա այս մանուկ աստվածուհին – սպիտակ ճակատին մի զույգ խոպոպ, աչքերը` արևներ – բարեբանում էր մեր Հայրենիքը:

Եվ այսպես, հստակ է, որ Հրանտ Վարդանյանը` որպես դրամատեր ու գործիչ, վարում է ճիշտ մշակութային և ճիշտ տնտեսական քաղաքականություն: Հրանտ Վարդանյանը հայ դրամատիրության դրական կերպարն է – ափսո~ս, նրա ձայնը լսելի չէ տնտեսական քաղաքականության տարածքում – ՀԲ-ն և ԱՄՀ-ը` ներկա վերնախավի և առևտրային օլիգարխիայի հետ` ճնշել են Հայաստանի քաղաքականությունը սեփական արդյունաբերողի պաշտպանության ասպարեզում:

Ուրեմն ի՞նչ - կեցցե~ Հրանտ Վարդանյանը: Իսկ մեր առևտրային դրամատերերը թող մտածեն – բավական է կուտակել, կապիտալը ուղղել սեփական արտադրությունների ստեղծմանը, որպեսզի պետությունը ինվեստիցիաներ չմուրա ուրիշների դռանը:

Ընթերցողս, կներես, որ ընկա քաղաքականության ասպարեզ, - բայց ամենուր ԿՅԱՆՔՆ Է, որը կարոտ է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ: Կյանքը ստեղծում է իր ՁևԵՐԸ, իր ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ - փոփոխության ժամը աստեղային ժամ է: Այս տողերը գրում եմ արդեն առավոտյան - գործնական քաղաքականությունից հեռու լինելը գուցե անարդարացի զգացում է ծնել մեջս - թե ի՞նչ կա զուր պայքարների մեջ, եթե դա Ոգու և Մշակույթի պայքար չէ... Բայց առավոտյան արդեն արթնություն կա - զոհաբերված կյանքերը կշտամբում են - և սիրտս այս ժամին ԿՅԱՆՔԻ հետ է, նրա ստեղծագործության...

Ապրում ենք զարմանալի ժամանակներ… Խիտ են ժամանակները...

Բարի գիշեր:

Sufi
18.12.2008, 01:33
Հարգելի Հեղինակ, կարծում ոմ եմ Ձեր վերջին գրառումը կատարվել է դեկտեմբերի 17-ին: Սխալմամբ նշված է 16-ը:
Բարի մաղթանքներով'

Sufi

Հեղինակ
18.12.2008, 23:55
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 18-ը:

Հայրենիք… Հայրենիք… Այն օրից , երբ լույս տեսավ “Ձոն Դոգվիլ-Հայաստանին” աշխատությունս, որոշեցի - քեզ ամեն ինչ ասացի, հիմա գնում են իմ գործին ,- թե պետք լինի մի ձայն կտաս, մի լուր կուղարկես…

Դու լուր չես տալիս, ձայն չես տալիս… Ես էլ վերջնական հասկացել եմ - որևէ բան փոխելու միակ ճանապարհը գիտակցության ընդլայնումն է և փոփոխությունը: Եվ հարյուր տարվա մենության մեջ անում եմ գործս – մշակելով նոր գիտակցության ազդակներ կրող կրթական նյութը - ձեռնարկներ, հրապարակախոսություն … Մի շրջանում` ամառը, հինգ գրքից բաղկացած փաթեթն էի ուղարկում: Բայց հե՞շտ գործ է կուսակցական ամենագետ լիդերին գիրք ուղարկել, թե կարդա~: Եվ այսպես, շարունակվում էր իմ հարյուր տարվա մենությունը…

Բայց երեկ մի զարմանալի բան պատահեց: “Այսօրս” գրեցի, գնացի քնելու: Մի միտք կար այնտեղ - արդեն փոխել եմ` ներողուրթյուն էի խնդրում ընթերցողիցս քաղաքականության մեջ ընկնելու համար, թե իբր այնտեղ կյանք չկա, գործ չկա, շարժում չկա: Եվ ահա այստեղ ըմբոստացավ իմ խորունկ ենթագիտակցությունը… Տիեզերական Համապարփակ էներգետիկ-ինֆորմացիոն դաշտը – դուք նրան կարող եք Արարիչ կոչել - կշտամբեց իմ սահմանափակ գիտակցությունը` անճշտության համար և ասաց` կոնկրետ քաղաքականության մեջ գործ կա, և այն էլ ինչքա~ն: Եվ ահա խորհրդանիշները:

Զարմանալի է այն, ինչ տեսել եմ – ես հազվադեպ եմ քվանտային դաշտի խորհրդանիշները ասպարեզ հանում, բայց այս անգամ տեսածս ցնցող էր: Տեսա Հայաստանի ջրերը - լճերը, գետերը, լողավազանները, - տաք և արևոտ ջրերում լողանում էին ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, բարձր չիներ - և ո~նց էին լողանում - բրաս ոճով, թևերը լայն թափահարելով: Խորհրադանիշն ասում է` Հայաստանի կյանքը տիրում են ոստիկանության գեներալները:

Ապա տեսա մարդկանց խմբեր – գրեթե ամբոխներ, որոնց ոստիկանները խմբերով տանում էին զուգարան - սրանք ստորգետնյա էին – այնտեղ աճած ծառերի արմատները վնասված էին և անտառները առանց կյանքի էին:

Հայրենի~ք… Հայրենի~ք… Մարկեսյան միստիցիզմի այս պատկերներով Դաշտը կշտամբեց ինձ: Մի կարևոր գործ կա գործնական քաղաքականության մեջ – մոտենալ Հայաստանի տաք, արևոտ ջրերին և ասել այնտեղ լողացող ոստիկանության գեներալներին – Հայաստանի տաք ջրերը նրա Ուսուցչի, Բանաստեղծի, Նկարչի, Երաժշտի համար են, նրա Գյուղացու ու Բանվորի համար են, Աշխատավորի համար են: Դուք էլ, ոստիկանության գեներալներ, կարող եք լողալ Հայաստանի ջրերում, բայց տեղներդ իմացե~ք…

Այսօրվա ավարտը: Խոսում էին տեղեկատվական պատերազմների մասին, և ո~վ – մեր անվտանգույթան անդուլ երաշխավոր Արթուր Բաղդասարյանը - խոսքի ազատության և արևմտյան այլ արժեքների այս երգիչը, ինչ-որ գիտաժողովում: Հը~մ… Էս տաս տարի է` գրում եմ – էդ զահրումար խոսքի ազատությունը միայն ծխածածկույթ է` տեղեկատվական ահաբեկչություն իրականացնելու համար, բայց էս տարիներին քանի լափառոշ բերան է ճղվել, քանի վահան է փշրվել, քանի տոննա օդ է տատանվել – ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԴՂՐԴԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Իսկ հիմա կպարզվի, որ նույն CNN-ը, կամ հայ ժողովրդի սիրեցյալ “Ազատություն” ռադիոկայանը, կամ մեր աննման հեռուստատեսությունները տեղեկատվական պատերազմի դիվիզիոններ են, որոնք նպատակասլաց լվանում են մեր և այլ ազգերի խոնարհ ու սիրուն գլուխները:
Հա~, չմոռանամ, հիմա ընթանում է մի ծանր ու թաքուն պատերազմ - մշակութային պատերազմ: Սա շատ դաժան, խորը խրամատավորված հակառակորդի ագրեսիվ պատերազմն է – ազգային մշակույթների դեմ: Վստահ եղեք, մի հինգ տարի հետո Արթուր Բաղդասրայանը կխոսի նաև այս պատերազմի մասին: Իսկ մինչև այդ մեր նորածինները մոր արգանդում կդեգերանացվեն` մարտաֆիլմերի և սարսափ ֆիլմերի աղաղակների և մեր “աստղերի” մկկոցների տակ:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.12.2008, 23:36
Այսօրս` 19 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:


Գեները…Ժամանակը… Կյանքը…

Գեները – այս զարմանալի ու բարդ ասեղները, որի վրա Ժամանակը հագցնում է իր թելերը և նրանցով Կյանքը հյուսում է իր զարմանալի հյուսվածքները: Կյանքը – նրա մեջ ապրող Մեծ Հոգին – կարող է նորոգել գենը, փոխել ու այլ հատկանիշներ տալ նրան, կարող է փոխել թելերի գույնը, կարող է հնարել նոր ու զարմանալի կենսանախշեր:

Մեր շենքի հարևանությամբ միրգ-բանջարեղենի խանութ է: Այստեղ խանութպանը Մանուկն է ու իր ռուս կինը – կինը մաքուր հայերեն գիտի, երևի մոլոկան է,- ժպտերես ու կայտառ չէ, ինչպես լինում են սլավոնուհիները: Սրանք երկու երեխա ունեն. մեծը տղա է` չորս-հինգ տարեկան, մազերը սև, աչքերը սև, մի իսկական թուխ-մանուկ, իսկ աղջիկը - արևային, արևադեմ սլավոնուհի` ոսկե խոպոպներով … Այդպես է գենետիկայի խաղը – հայրն ու մայրը ստեղծել են իրենց երկու հեքիաթային կրկնօրինակները: Երբ տուն եմ վերադառնում – աղջնակը փոքրիկ արևի պես սուրում է Վաղարշյան փողոցի շենքների միջով. – մանու~կս, ինչ գեղեցի~կ ես…

Գենետիկ անվտանգություն – պահպանել միլիոնավոր տարիների մեջ ստեղծված ժառանգական հարստությունը: Գեների խնամքը անվտանգության խնդիր է… Այսօր նշվում էր Հայաստանի անվտանգության աշխատակցի օրը: Ե՞րբ է ԱԾ-ում բացվելու գենետիկ անվտանգության բաժին, որը կմշակի ազգային գենոֆոնդի էթիկական, մշակութային, կրթական և բժշկական խնամքի խնդիրները, ե՞րբ է մշակվելու “Ազգային գենոֆոնդի պահպանության մասին” օրենքը: Գենոֆոնդը վթարող առաջին ախտածին ազդակը – ժարգոնային, հիվանդ, տխմարածին լեզուն է…

Տեսնես որտեղի՞ց են նեղճակատ նախագահի գենետիկ արմատները: Հին աշխարհի ժառանգական վտակներից ձևավորվեց ամերիկյան մեծ ու աշխատասեր ազգը, նա արեց բազմաթիվ էթիկական ու մարդկային սխրանքներ, ցույց տվեց արդարության փայլուն օրինակներ… Ավա~ղ – վերջին տասնամյակներին ընչաքաղցությունը և գոռոզությունը սասանել են այս գեղեցկությունը… Իսկ նեղճակատը որոշել է Դալլասում բացել Ազատության ինստիտուտ, որտեղ կրթություն կստանան այնպիսի լիդերներ , ինչպեիսին Սահակաշվիլին է, – իբր թե ազատության լիդերներ պատրաստելու համար: Նեղճակատ նախագահ, Մեծ Կանյոնի հողերն ու փոշին քո ինստիտուտի, քո Սահակաշվիլիի և քո դավանած “ազատության” վրա…

Առողջագետս այսօր մի քիչ տխուր էր: Ինքը մարդկային-կանացի ստեղծագործության տիպար է, բայց գենի մեջ կա ինքնագնահատականի պակաս, ազգային տխրություն… Եվ այսօր Առողջագետիս գենը ելել էր իր պայծառ էության դեմ… Բայց տխուր էլ` Առողջագետս գեղեցիկ է:

Ընթերցողս, ողջունում եմ գենոֆոնդիդ տիեզերական հարստությունը և քո մեջ ապրող հազարավոր նախնիներիդ… Ողջ լե~ր:

Բարի գիշեր:

Հեղինակ
20.12.2008, 23:47
Այսօրս` 20 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Ընթերցո~ղս, ընթերցո~ղս… “Այսօրիս” էսքիզն արդեն արել էի - մի սովորական, մի քիչ էլ անսովոր “Այսօրս” էր գրածս, բայց երեկոյան ժամը ութին պայթեց գեղարվեստի այն միջուկային ռումբը, որը կոչվում է Էմիր Կուստուրիցայի գեղագիտություն: Նայեցի տեքստիս ու… ամաչեցի – ահռելի ճշմարտության հանդեպ մանկական թոթովանք էր գրածս:

Էմիր Կուստուրիցայի “Անդերգրաունդը”: Պատերազմը … Ուզած պատերազմ սկզբում մղում են բոլորը միասին - բայց մի ժամի, մի դավաճան ժամի, երբ արև չկա, երբ դավադիր գիշեր է – կյանքի մակերես սողում ու կյանքը գրավում են, պատերազմի արդյունքները գրավում են գործիչները – մնացյալ ժողովուրդը մնում է կյանքի ստորին հարկում: Նրա պատերազմն անվերջ է… Եվ նրան ներշնչում են – դու պատերազմի մեջ ես, ահա Տիտոն քեզ նվեր է ուղարկել – ժամացույց, նայիր ժամին ու կռվի~ր, քո պատերազմը վերջ չունի~…

Քսան տարի է` վերջացել է պատերազմը … Անդերգրաունդում արև չկա, ոչ ոք արև չի տեսել: Հերոսական Չոռնի, դու մտածում ես, թե պատերազմը շարունակվու՞մ է: Սաքսոֆոնը ողբում է, արև չկա, քո որդին արև չի տեսել: Նա ծնվել է գիշեր-երկրում… Ուր որ է - մի իմաստուն կապիկ կհասնի զենքին և կպայթեցնի ձեր պատրանքը:
Մարկոյի կին - շիկահեր գեղեցկուհի - կանացիություն երկրիդ, զա~րկ Մարկոյի գլխին, դու գիտես, թե ինչպես քսան տարում Մարկոն սողացել է վեր, հասել իշխանության, դարձել Տիտոյի աջ ձեռքը - և դու գիտես` ինչպե~ս է սողացել… Զարկ նրա գլխին: Դու` շիկահեր կին, իշխանուհի, դու գիտես ճշմարտությունը քո ամուսնու մասին…

Բայց կգա օրը, կփլվի կեղծիքը: Մարկո, հուսահատության մեջ դու գնդակներով կփշրես քո ծնկները: Բայց մնալու ես նույն ստորը - զենքի առևտրականը, հարստության գերին: Եղբայրդ կվերցնի փայտը և կփշրի քո մեջքը, իսկ քիչ անց շիկահերիդ հետ կվառվես բենզինի կրակների մեջ: Երկրիդ տաճարները կվառվեն քո վառվող աճյունի հետ…

Գեղագետի ախտորոշումը ահռելի է … Քսան տարի, քսան տարի հողի տակ, որտեղ կյանք չկա… Առաջին անգամ մարդ հասկանում է - գեղագետը նրան հասկացնում է, թե ինչպես է կյանքը ծնում իր բիճ զավակներին, որոնք ծածկում են արևի երեսը և ժողովրդին քշում են ապրելու կյանքի նկուղներում: Բայց կա մի երազային աշխարհ, որտեղ բոլորը կներեն իրար, և այնտե~ղ, այնտե~ղ կլինի Իվանի հարսանիքը…

Ընթերցո~ղս, ընթերցո~ղս, միգուցե դու՞ մի ելք գտնես անդերգրաունդի բնակչության համար… Այս աշխարհում:

Ողջույն Էմիր Կուստուրիցայի արվեստին:

Բարի գիշեր:

Հեղինակ
21.12.2008, 23:21
Այսօրս` 21 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:


Գիրքը…

Ճիշտ են ասում, էլի, - կյանքի դժվարին, լարված ժամերին մարդկային սիրտը փափկում է, տառապանքը փխրեցնում է հոգին և նրա մեջ ծլարձակում են լավագույն մտքեր - ահա այս էի մտածում երեկ, երբ գնեցի հայտնի ազատական լրագիրը, որտեղ մեր քաղաքական հալածական Նիկոլ Փաշինյանը գրել էր. “Մտեք գրախանութ, տվեք վաճառողին 5 հազար դրամ և խնդրեք ցույց տալ ժամանակակից հայ գրողների գրքեր, և այդքան գումարի գիրք գնեք, նվիրեք ձեր մտերիմներին”: Բրավո, Նիկոլ: Առանց ընթերցողի հայ գրող չի կարող լինել: Նիկոլը նաև առաջարկում է ներկայիս մամուլի օրգաններին` ամեն օր մի էջ նվիրել ժամանակակից հայ գրականությանը – գնել բանստաեղծություններ, պատմվածքներ և հրատարակել: Բայց Արմեն Շեկոյանի սիլաչիական դեկադանսը հույս չի տալիս, թե Նիկոլը, ՀԺ-ն, մյուս ազատական մամուլը գիտեն, թե ինչ է լավ գրականությունը…


Գիրքը, հոնորարը … Մի քանի տարի առաջ էր – իջնում ենք Աբովյանով, ընտանեկան բյուջեում ունենք մի քանի հարյուր դրամ: Մտնում եմ գրախանութ – այսօր արդեն չկա, տեղը մի խանութ է - տեսնես ի՞նչ եղան էն հին, բարեհամբույր աշխատակցուհիները,- հա, մտնում եմ գրախանութ, մերոնք հուսավառ նայում են իմ հետևից… Եվ ի~նչ, վաճառվել էր 7 օրինակ “Երրորդ հանրապետության ողբերգություն…” գրքից` 14 հազար դրամ: Քեֆչի Հասանի պես այդ օրը քեֆ արեցինք, լողավազան գնացինք և այլն: Հայ ընթերցողը այդ օրը ապահովեց համեստ գրագետիս ու իր ընտանիքի կյանքը: Հայրենիք, ե՞րբ ես հաց տալու գրչի մարդկանց:

Սիրելի գրքերս … Ամենասիրած հատորներից մեկը եղել է Իսահակյանի մեծադիր գիրքը - 50-ականների հրատարկություն է: Հիշում ենք` այդ հատորով Առողջագետիս հետ բացեցինք “Ալագյազի մանիների” հմայքը: Չարենցի անտիպների և փրկված գործերի հատորը – գորշ կազմով – այս գիրքը Հայ Ազնվության ու Արիության Վկայարանն է: Չարենցը – Անդավաճանույթան Մեր Ուսուցիչը:
Պաղտասար Դպիրի փոքրիկ հատորիկը – ինչ-որ տեղ կորել է – ընթերցողս, կարծում ես ` Տերյանն է հայ ամենաքնքուշ քնարերգո՞ւն ,- Դպիր կարդա~:

Մի շատ սիրելի, շատ պաշտելի գրքույկ ունեմ – ռուսերեն է: Վերջին տարիների իմ ընկերն ու ուղեկիցը - Ж.Сент-Илер “Криптограммы Востока”: Այս անվան տակ` Ելենա Իվանովնա Ռերիխի լուսե անունն է: Մարդկության լեգենդները, Արևելքի լեգենդները: Լեգենդը պսակում է մարդկային միտքը, նրա մեջ են խտանում ճշմարտությունները: Եթե ուզում եք զգալ ժողովուրդների կյանքի շունչը, հրեղեն երակը, իմանալ, թե ով է Մարդու Որդին - կարդացե~ք այդ լեգենդները: Լեգենդ Քարի մասին: Այն քարը, որ բերված է Օրիոնից և օգնում է մարդկությանը` ճանապարհ բացել: Ահա հատված լեգենդից
“ Արարատ լեռան վրա է հրեղեն քարը: Նովգորոդյան դյուցազունը փշրվեց` քարին դիպչելով, քանզի չէր հավատում: Նովգորոդի կամքը պահանջում էր տիրել գանձը, սակայն անհավատությունը բեկեց հրաշքի հնրավորությունը”:
Գի~րքս, դու իմ Լեռան մասին ես, դու մեր Քարի մասին ես: Մենք կհասնենք Քարին, որն Արարատի գագաթին է …

Բարի գիշեր:

Հեղինակ
22.12.2008, 22:34
Այսօրս` 22 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Տարվա Ամենաերկար Գիշերը…

Մի մոլորակ, մի շփոթված մարդկություն, մի շփոթված մարդ – բնության Արևն են ուզում, բայց ամենաերկար գիշերն է նրանց հարազատը – նրանք չգիտեն, որ մի դժվար ժամի երդում են տվել – հավատարիմ լինել ամենաերկար գիշերին… Եվ ահա եկել է Ամենաերկար Գիշերը:

Հոգի~, դու երազում ես Արև, Կյանք, Ուրախություն – վաղը սկսվելու է այն օրը, որն ավելի երկար է լինելու, քան նախորդը: Վաղը Արևը կսկսի վերադառնալ, վաղը մի դաշտում, ձյան մի թմբի տակ` սառած հողի գրկում ձնծաղիկը կիմանա, որ Արևը վերադառնալու է… Որ դա խաբկանք չէ, այլ իրականություն, որին այնքա~ն սպասել ես: Հոգի, ինչու՞ չես ուրախանում, ինչու՞ ես փարել Ամենաերկար Գիշերիդ:

Հոգի~, Արևի ցնծություն է լինելու, Արևի վերադարձ… Դու գիտես, որ Կյանքը վերադառնալու է: Բայց Ամենարերկար Գիշերը քո փորձությունն է: Դու փարել ես ինչ-որ չնչին ուրախության կամ ազատության, բայց դա ընդամենը Ամենաերկար Գիշերի ազատություններից է: Դեռևս չծագած Արևը հարցնում է` “Դու սիրու՞մ ես ինձ”: Քնած ու սառը ծառը հարցնում է` “Դու սիրու՞մ ես ինձ”: Դեղնած, սառած կանաչը հարցնում է` “Դու սիրու՞մ ես ինձ”: Դու պատասխանում ես` “Սիրում եմ ձե~զ”… Բայց գաղտնի խորքդ դեռևս Ամենարերկար Գիշերին է պատկանում: Դու նրանից դեռ չես բաժանվել…

Նայի~ր, Հոգի~, որքան թախիծ մարդկային կյանքում – թվում է` օրը բացվել է, ցերեկ է, թվում է` մարդիկ արթնացել են, քայլում են, ապրում են… Բայց ուշադիր նայիր, Հոգի~, մարդիկ քնած են, նրանք Արևը չեն տեսնում, Ամենաերկար Գիշերը շարունակվում է…

Հոգի~, մի վհատի~ր, Վաղը գալու է, Վաղը ավելի շատ Արև է լինելու, Վաղն արդեն ամենարեկար գիշերը անցյալ է լինելու:

Այսօրս - իմ Ամենաերկար Գիշերը:
Վաղը – իմ Հեռավոր Ցերեկը:

Բարի գիշեր:

Հեղինակ
23.12.2008, 22:21
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 23-ը


Ամեն ինչ սկսել նորից

Հոգի~, անցավ Ամենաերկար Գիշերը: Այն կարող էր լինել մի կյանք, մի դարաշրջան, մի սերունդ – բայց անցնում է նույնիսկ ամենաերկար գիշերը: Արևը նորից պետք է ծաղկեցնի այս սառած հողը: Այսօր Արևը սկսեց իր աշխատանքը – համբերատար Լուսատու, արդեն քանիերո~րդ անգամ դու սկսում ես նույն գործը:
Արևն ամեն ինչ սկսում է նորից:

Հոգի~, Արևը չի ձանձրանում անել նույն գործը, նա գուցե տասմիլիարդերորդ անգամ պետք է տաքացնի այս հողը և նրա գրկի մեջ ննջող ձնծաղկի սաղմը: Բայց դու, Հոգի, ասում ես. “Չէ~, ես քանի~ անգամ եմ փորձում - չի ստացվում, իմ հողը չի հալվում, ձնծաղիկը չի արթնանում…”: Ասում ես ու փախչում …, բայց Արևը կանչում է քեզ.
Ամեն ինչ սկսել նորից:

Հոգի~, հիշու՞մ ես, թե ի~նչ ավերներ եղան Ամենաերկար Գիշերվա ընթացքում – սառեցին բառերը, որ գրել էիր, մոռացվեցին սիրելի մեղեդիները և պարերը, որ էջք էին արել` տիեզերական ռիթմերի մեջ: – Բայց անցել է Ամենաերկար Գիշերը – բառերը, մեղեդիները, պարերը, անհուշ ժամանակների միջից, կանչում են քեզ.
Ամեն ինչ սկսել նորից:

Հոգի, հիշու՞մ ես. դու ուզում էիր ճանաչել աշխարհը, դու ելնում էիր բարձր լեռներ, դու Հիմալայների տաք հեյզերների մոտից քաղում էիր Ռոդեդենդրոնը – մարդկային իմացության հրե ծաղիկը: – Բայց հետդարձի ճանապարհին դու ամեն ինչ կորցրել ես – քո ծնկներն արյան մեջ են, քո ձեռքերը կոպիտ են ու անսեր, քո աչքերից մաղում են սպիտակ ձյուներ – բայց անմահ Ռոդեդենդրոն Ծաղիկը կանչում է քեզ.
Ամեն ինչ սկսել նորից:

Հոգի, Ամենաերկար Գիշերվա ճանապարհներին հնչում են ԿՆՈՋ հառաչանքները: Ամենաերկար Գիշերը դու~ ես ստեղծել, Հոգի~, կնոջը տանջելու համար – և այժմ հավաքում ես նրա տրտունջները: – Բայց մեկ է` առանց ԿՆՈՋ ԱՇԽԱՏԱՆՔԻ` Ամենարեկար Գիշերը չէր ավարտվելու, – և Արևի հետ ծագում է Հավերժ Կանացիությունը, Տիեզերական Գարունը սկսվել է, և նա` Հավերժ Կանացիությունը, ասում է քեզ.
Ամեն ինչ սկսել նորից:

Բարի գիշեր:

Հեղինակ
24.12.2008, 23:51
Այսօրս` 24 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Չէ~, ժամանակները խառնվել են… Առավոտյան դուրս ես գալիս – տաք մարտյան օդ է զարկում դեմքիդ, անտերև ծառերին եղյամ չէ, այլ ոստերից տաք անձրև է կաթում… Ուր որ է` բողբոջները կսկսեն ուռչել: Ուր որ է` բալենու մի հատիկ ծաղիկ – ձյունի փոխարեն – կբացվի այս ծառի վրա: Տարօրինակ ժամանակներ, վտանգավոր ժամանակներ…

Երկրագնդի կապույտ զգեստը պատռվել է, գեղեցիկ մոլորակը ուզում է վերականգնել իր հագուստը, որ իր ընտանիքում` Արեգակնային համակարգության մեջ – երևա ամբողջ փայլով… Բայց Երկրի զավակները խուլ են: Նրանք այրու~մ են, այրու~մ են, այրու~մ են մոլորակի ծառերը: Եվ նրանց տաքությունից մեր բակի բալենու վրա մի ծաղիկ շուտով բացվելու է… Ինչպիսի~ ողբերգություն:

Այրում են ծառերը…
Մինչդեռ կա մի հրաշալի բույս, բնության մի զարմանալի պարգև, որը կարող է ծառայել հումք` թղթի ստացման, թեթև արդյունաբերության համար: Բայց նրա ճանապարհը փակ է… Ծառ կտրողների եկամուտները կպակասեն: Կանեփ է այդ բույսի անունը – “զարգացած” ու հիվանդ ազգերը այն մարիխուանա են կոչում, տերևները ծխում են…, դրա համար էլ, իբր, նրա ցանելը պետք է արգելել: Իսկ առողջ ու միամիտ ազգերը այս բույսը կանեփ են կոչում և վայելում են նրա սերմը – այդպիսի հագեցած, կատարյալ, անուշ համ միայն կանեփն ունի: Կանեփով պասուց տոլման – մեր լեռնցի ժողովրդի սիրելի ամանօրյա ճաշը: Եվ մի կարևոր դիտարկում – հիշում եմ մանկությունս, կանեփ ցանել են բոլորը, բայց ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԻՄԱՑԵԼ ԵՎ ՀԻՄԱ ԷԼ ՉԳԻՏԻ, որ կանեփը …մարխուանա~ է:

Ընթերցողս, գիտե՞ս, չէ՞, հայտնի ավետարանական ասացվածքը. “Սիրեցե~ք զմիմիյանս”: Սա ունիվերսալ բանալի է, բայց այնքան է կրկնվել – կուշտ հոգևորականների, անպատասխանատու քաղաքական գործիչների, երեսպաշտ ու շահատենչ բարեգործների կողմից – և երբ ասվում է` լսում ես ու չես հավատում, թե պետք է սիրել իրար… Մինչև չգա ՓՈՐՁԸ: Եվ մանավանդ` անձնական և համաշխարհային ՓՈՐՁԱՆՔՆԵՐԸ:
Աշխարհի բոլոր քաղաքական, էկոլոգիական, սոցիալական և էթիկական ճգնաժամերից, ամեն մարդ–անհատի կյանքի բոլոր ճգնաժամերից մի ելք կա – ՍԻՐԵԼ:

Բարի գիշեր:

Հեղինակ
25.12.2008, 22:34
Այսօրս` 25 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:


“Այսօրս” մեկ տարեկան է
Կամ ազատվել բոլոր բանտերից

Ընթերցողս, ես էլ քեզ պես մի մանուկ եմ – կարող եմ մեկ տարի տուն կառուցել և մեկ րոպեի մեջ` քանդել արածս: Բայց փառք Աստծո – “Այսօրս” հասավ իր մեկամյա տարելիցին: Չեմ քանդել…

Եվ ինչի՞ մասին գրել այսօր: Գրել ու բարեբանել մեկ տարվա արածս – անմիտ մի զբաղմունք կլինի, քանզի գրածս այլըևս ինձ չի պատկանում և գրեթե առնչություն չունի իմ հետ: Մնացել եմ ես – ինչպիսին կամ: Եվ սա է միակ անվիճե;լի իրականությունը: Եվ – ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՄ և ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՄ ԼԻՆԵԼ – ահա միակ նյութը, որով արժե զբաղվել այս թանկագին ժամին:

Եվ այսօր, այս թանկագին ժամին, ուզում եմ գրել այն բանտերի մասին, որոնցից ցանկանում եմ դուրս գալ: Ահա մեկը: Թեկուզ, գենս ինձ տվել է լեռների կանաչի փափկությունը, կարող եմ համաձայնել մարդուց բխող ալիքի ու կարծիքի հետ… բայց, ավա~ղ , միաժամանակ լեռնցու անհանդուրժող կողը, որը կարող է զայրույթի մեջ նվաստացնել մարդուն և աշխարհը: ԿԱՐԵԿՑԱՆՔԻ ՈՒ ՄԵՂՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ – սա բանտ է, սա մեղք է, սա մի խարան է, որ դաջված է իմ ճակատին և ինձ ծնող ազգի ճակատին: Ամո~թ մեզ: Պետք է դուրս ելենել այս բանտից: Նա է ծնում իմ բոլոր կորուստները: Եվ երկրիս կորուստները…

Այսօր ևս մի տարելից ունեմ – ուղիղ տաս տարի առաջ` այս օրը Առողջագետիս հետ ՀՀ Վճռաբեկ դատարանի դահլիճում էինք - ծեփ ժողովուրդ էր, երեք դատավոր իրար հետևից կյանքի ու մահու հարցեր էին քննում, հերթը հասավ մեր գործին – Մարդու էկոլոգիայի դպրոցի կարգավիճակին, և դատարանը հաստատեց այդ դպրոցի գոյության իրավունքը… բայց ասածս այդ չէ – դա պատահական արդար որոշում էր – այդ օրը և հետագայում տեսա, թե ինչպես է մարդը դատում մարդուն, դատարանը դատում է մարդուն, ազգը դատում է մարդուն… Եվ ես էլ` իմ կյանքի ճանապարհներին, այս կամ այն առիթով դատել ու դատում եմ մարդուն, բայց չեմ հասել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ: Եվ մենք – ես ու ինձ ծնող ազգը մի խարան ունենք մեր ճակատին ` ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ: Ամո~թ մեզ: Պետք է դուրս գալ այդ բանտից :

Ատելությունն ազգերի միջև: Այս վերջին օրերին ռուսն ու ուկրաինացին իրար միս են ուտում, ամոթ է նայելը – մինչդեռ եղբայրներ են` լեզվով, կրոնով, բնավորությամբ: Հայն ու թուրքը: Այս հարաբերությունը ինձ համար անձնական է ու պատմական – մանուկ օրից մի խուլ ատելություն դրված է մեջս թուրքի նկատմամբ: Ծնված օրից թուրքի հացի նկատմամբ նողկանք էր դրված մեջս – թվում էր, թե կմեռնեմ, եթե այդ հացը դնեմ բերանս – մինչև մի օր թուրք կոլխոզնախագահի տանը, գորգի վրա ծալապատիկ նստած` չկտրեցի նրա հացը… Նաև հիշեցնեմ` մի թրքուհի է կտրել պորտս, մանկությանս մեծ մասը ապրել եմ թուրքի սարքած տան մեջ, երիտասարդ բժիշկ էի – օրը տաս թուրք հիվանդ էի ընդունում: Եվ ահա, տարիների մեջ իմ դեմ ելավ նաև կորուսյալ Հայրենիքը` խլված թուրքի կողմից – այդ ՀԱՅՐԵՆԻՔԸ և ԼԵՌԸ քանի անգամ գրկել եմ երազներիս մեջ: Եվ ահա – ի՞նչ անել – թուրքի նկատմամբ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ դրված է մեր գեների, մեր սրտերի մեջ և որպես խարան` դաջված է մեր ճակատին: Ամո~թ մեզ, մենք պետք է ելնենք նաև այս բանտից:
Ընթերցողս, եթե հիշում ես, “Այսօրիս” մեջ մի անգամ հնչեցրել եմ կոչ-բանալին և գրել – “Թուրք մանուկը գեղեցիկ է, Թուրք մայրը գեղեցիկ է”:
Այն օրը, երբ մենք դուրս կգանք ԱՏԵԼՈՒԹՅԱՆ բանտից, այդ օրը մենք կհաղթենք – նախ ինքներս մեզ, և հետո միայն` թուրքին:

Ընթերցողս, իմ բանտերը անթիվ են, բայց ես ուզում եմ ելնել այդ բանտերից – եթե դու էլ ես ձգտում ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ապա արի “Այսօրիս” հետ: Մեկ տարեկանիս հետ:

Բարի գիշեր:

Հեղինակ
26.12.2008, 23:26
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 26-ը:

Դուրս եկա տանից` երաժշտական դպրոցի բակի կողմը, ելումուտ էին անում սաները – ահա աղջիկների խումբը: Ավտոտնակի հետևից երկու տղա – 15-16 տարեկան, ծիկրակում էին – մազերը թաց ու նոր սանրված, բեխիկները` երեկ են ծլել, ձայնը` առավոտյան է հաստացել – եկել են իրենց կյանքի գործին:

Խաղը սկսված է… Այդ խաղին է նվիրված լինելու ամբողջ կյանքը. կրթություն կստանան, սոցիալական սանդուղքով կելնեն ու կիջնեն, կլինի պայքար հացի ու դիրքի համար – միևնույնն է – ամեն ինչի մեջ արական ու իգական սկիզբների խաղն է լինելու: Սոցիալական տարածքը ընդամենը մի վերմակ է, որի տակ եռում է սեռերի խաղն ու պայքարը: Եթե կտեսնեք մի պաշտոնյա, որ ճզմում է աշխատակիցներին, բռանպետ է ամեն ինչում, ապա իմացեք, որ սեր չունի, արհամարհված է իր կնոջ կողմից և ընդամենը մի ստոր էակ է:

Այս մտքերն էի մտմտում, և ոնց եղավ – նայեցինք էմիր Կուստուրիցայի “Գալիս են հարսնացուները” ֆիլմը: Այս դժբախտ տղամարդը - լողլող, չար, քինախնդիր – ծեծում ու պատառոտում է ամուլ ու խեղճ կնոջը և մի օր թաղում է նրան: Եվ հետը չի դնում նրա ոսկին: Չար, անտեր, անհոգի տղամարդը սպասում է իր պատժին: Եվ մի օր գալիս է հարսնացուն – քնքույշ, հեզ, անտուն աղջիկը, և նրա գալու հետ` ծաղկում է փոքրիկ հյուրանոց-ռեստորանը: Քնքույշը, հեզը, անտունը երգում է – հարբած հյուրերը ձայնակցում էին, քիչ անց նետվում են վրան – վերցնելու մատաղ մարմինը: Դժբախտ, չար, քինախնդիր տղամարդ, հիշու՞մ ես, չէ՞, ինչպե՞ս փշրեցիր քո ամուլ ու խեղճ կնոջը: Նրա վրեժը լուծված է: Հյուրերը քեզ սպանեցին, քո քնքույշ, հեզ, անտուն հարսնացուն գնաց կյանքը ապրելու… Նա լուծեց բոլոր կանանց վրեժը…

Հիմա դու, մա~նչս, նայում ես ավտոտնակի հետևից… Երաժշտական դպրոցի սանդուղքին կանգնած է քո հարսնացուն – քնքույշը, հեզը, տնավորը: Զգույշ եղի~ր, մանչս: Եթե քո պապը քինախնդիր է եղել, ծեծել ու սպանել է իր առաջին ամուլ կնոջը, հետո առել է քո տատին և դու աշխարհ գալու շանս ես ստացել և ահա ավտոտնակի հետևից նայում ես, – ուրեմն` զգույշ եղի~ր… Երաժշտական դպրոցի աստիճաններին կանգնած այս մատաղ գեղեցկուհին կարող է լուծել հիսուն տարի առաջ զոհված կնոջ վրեժը:

Աստիճաններով աշակերտ-գեղեցկուհիները ցած իջան: Ավտոտնակի դարանակալները` վագրի ձագերի զգույշ քայլերով սկսեցին մոտենալ նրանց… Խաղն սկսված է…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.12.2008, 23:21
Ավարտվեց 2008թ.-ի դեկտեմբերի 27-ը

Մի օր, զորացրվելուց մի քանի օր անց, մեր զինվորն ասաց. “Չզարմանաք, եթե մի օր մեր տուն գա մի չորրորդ դասարանն ավարտած, հասարակ գյուղացի տղա, և նա կլինի իմ ընկերը. Ուրեմն` նրա հետ մի օր ծանր օր եմ անցկացրել, իրար օգնել ենք…” Այսօր այդպիսի մի տղա էր մեզ հյուր եկել: Այս օրերին Հարությունս մի լուրջ ծրագրի վրա է աշխատում – բայց ահա` 2-3 ժամ ընկերոջ հետ խոսեցին դեսից- դենից, ընկերոջ հեռախոսից, հեռախոսի երաժշտությունից, դուրս եկան, նորից եկան, էլի խոսեցին հեռախոսից … Մենք գիտեինք, որ Հարությունիս համար ժամանակը ոսկի է, գործը սպասում է, հետն էլ` խոսակցության թեմաներն ուղղակի իր համար չէին – բայց համբերատար ու նրբանկատ զավակս մի անգամ անհամբերություն ցույց չտվեց: Ես` անհամբերս, հավանաբար` թաքնված գոռոզս – դաս առա զավակիցս: Շնորհակալ եմ:

Որքան անհանդուրժողականություն աշխարհում: Հրեաներն ու արաբները նորից զարկում են իրար. երկու եղբայրների` Սեմի ու Քամի ժառանգներն են և ոչ մի կերպ չեն կարողանում բաժանել սուրբ հողը: Բայց ինչու՞ բաժանել հողը – կարո՞ղ են, չէ՞ եղբայրների տղաները – գենետիկորեն այդքա~ն մոտ, այդքա~ն հարազատ – խնամել նույն տարածքում գտնվող իրենց սրբատեղիները և ապրել իրար հետ – չէ՞ որ ուրիշ ճանապարհ չկա: Զարմանք են հարուցում ազգերը կառավարող գաղափարները…

Նույն ժամին հնդիկն ու պակիստանցին էլ իրար միս են ուտում: Նույն արի ցեղերի ժառանգներն են, մի քիչ սևություն առած տեղացի ցեղերից … Սրանք էլ եղբայրներ են, բայց ճանապարհի կեսից բաժանվել են… Այս անգամ էլ բաժանողը կրոնն է: Չէ~, չկա ճանապարհ առանց հանդուրժողականության:

Գանք մեր հայրենիք: Այս նույն ժամին մեր իշխանությունն ու դատարանը` մի կողմից և մեր ընդդիմությունը` յոթ ամբաստանյալներով, մյուս կողմից – թշնամության ու ատելության նետերով զարկում են իրար: Այս երկուսն էլ մոռացել են, որ նույն` Երրորդ հանրապետության քաղաքական կարգի զավակներն են… Այսօրվա ամբաստանյալները երեկվա իշխանավորներն են… Իրար հետ են ստեղծել այս երկրի կարգը, երկուսն էլ պատասխանաոտւ են այսօրվա եղածի համար – բայց այնպես իրար վրա փնչում, որ ոնց որ մեկը Մարսից է իջել, մյուսը ` Վեներայից… Չէ~, չկա ճանապարհ առանց հանդուրժողականության:

Բարի գիշեր:

Հեղինակ
28.12.2008, 22:50
Այսօրս` 28 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Երթուղայինի ապակու միջից փայլում է կանացի գեղեցիկ կիսադեմը – երթուղայինը շարժվեց և Կինը գնաց դեպի անհայտություն: Տեսնես, ո՞վ էր այդ կինը, ի՞նչ է ապրել, ի՞նչ է տեսել – տենես, Տղամարդ-Տիեզերքը ինչպե՞ս է փայփայել նրան:

Կնոջ մարմինն ու հոգին – նյութի բարձրագույն արտահայտման ձևը – և ստեղծված են միայն սիրելու համար. Տիեզերքը, նրա արական կեսը մի իղձ ունի - փայփայել կնոջը` ոտքի եղունգներից սկսած մինչև ծոծորակի քնքույշ մազերը – սրա համար Տիեզերքը ստեղծել է տղամարդուն: Եվ դու, տղամարդ, ինչպե՞ս ես անում քո սրբազան ծեսը, – դու միգուցե գտնում ես, որ Կինը արժանի չէ երկրպագության կամ կնոջ ոտքերի մատները համբուրելու համար չե՞ն, կամ կինը ավելի ցածր էակ է, քան դու՞ - այ այստեղ դու սխալվում ես, և դրա համար էլ պատմականորեն քո գլուխը պատին ես տվել…

Գնում են մայրն ու աղջիկը: Մայրը հասարակ կին է. հոգնած է - թառամած սպիտակ թրաշուշան է – դեմքի մաշկը սմքած է, աչքերը թույլ փայլում են: Կողքին աղջիկը – մի դողդոջուն եղեգ, բարակ իրանը տատանվում է ձմեռային քամուց: Տեսնես այս մայրը ինչպե՞ս է ունեցել այս աղջկան – սիրո պահը, պայթյունը, պտղավորումը: Տեսնես սիրո՞, թե՞ ատելության ծնունդ է այս նուրբ եղեգը: Եվ ի՞նչ է սպասում նրան – ո՞վ նվագելու նրա վրա, ի՞նչ հնչյուններ է նա արձակելու…

Մարդկային կյանքը, մոլորակային կյանքը մի նպատակ ունի – երջանկացնել կնոջը, որպեսզի նրա մարմինն ու հոգին զգան Մայր-Տիեզերքի, կանացիության ու մայրության տված նուրբ, չընդմիջվող հեշտանքը: – Այնտեղ, որտեղ կնոջ մարմինն ու հոգին փայփայված չեն` ամեն ինչ սկսվում է կործանվել: Խեղճ մոլորակ – չգիտե, թե որտեղի~ց են իր երկարաշաժերը, ջրհեղեղները, պատերազմները…

Եվ կա մի արևելյան-հայկական միֆ, որ նսեմացնում է կնոջը, այրում է մարդկային ուղեղը և պատասխան փնտրում – կուսության պահպանման միֆը: Թուրք-արևելյան ծագման տղամարդն ասում է – պահպանիր այդ թանկարժեք թաղանթը, ես եմ քո ասպետը, ուր որ է` երևալու~ եմ… Բայց գալիս է ասպետության թեկնածուն – պարզվում է` մի որձ արջի ձագ է եղել – պտտվում է քաղցր սկահակի շուրջը, կողքից-կշտից հոտ է քաշում, համտեսում է մեղրը, և մի օր էլ մրթմրթալով հեռանում է… Եվ որտեղի՞ց իմանա քաղցր սկահակի տիրուհին, ի՞նչ իմանա` ո~վ է իր ասպետը… Եվ կուսության պահպանման միֆը դառնում է ուղեղի մորմոք, ազգային հիվանդություն: Մի երեսպաշտ համայնք – ճարպավիզ հայրիկները և ճարպածալ մայրիկները, տառապելով բարոյական ամնեզիայով, խոսում են պատվի ու մաքրության մասին… Եվ պատրաստ են ամեն ինչ կոտրելու քաղցր սկահակի տիրուհու – մեր նուրբ եղեգի վրա և … կոտրելու այն: Մինչդեռ, հայ ախտավոր համայնք, լավ իմացած եղի~ր, աղջիկը, կինը, կանացի սկիզբը վեր են ամեն արատից – այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից… Թողնում եմ` “Ամեն”-ը դու ասես…

Աստվածուհի~ Անահիտ, օգնի~ր մեզ լուծելու այս մորմոք-միֆը և ազատագրելու մեր նուրբ եղեգը նվաստացումից…

Բարի գիշեր:

Հեղինակ
29.12.2008, 23:01
Այսօրս` 29 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այսօր առավոտ … Առողջագետի հետ մտանք համացանց, “Այսօրիս” համայնքը կլանել էր երեկվա գրառումը: Հասկանում եմ: Շնորհակալ եմ: Առողջագետս – հմայիչ Ուսուցիչս է բացել սրտիս աչքերը:

Հայ կինը… Մի քանի տարի առաջ էր, կարծեմ` պատմել եմ, – այն լեռնային գյուղում էինք, որտեղից է մայրս – ալաշկերտյան նախնիներիս սերունդներն են: Առողջագետին ու ինձ կանչեցին մի հիվանդի մոտ. “Խարս լավ չէ~…”: Գնացինք – հատակին, կարպետի վրա նստած էր “խարսը” – գունատ, անխնամ երիտասարդ մի կին… Շուրջը նայում էր վախվորած – այդպես կենդանիներն են նայում, երբ անակնկալ հարվածի են սպասում: Ամուսինը – սև կաշվե կիսավերարկու հագած, լիքը երեսը` սև խոզան, աչքերը` կարմրած ու նեղ, փնչում է` որձ գոմեշի նման – նոր է խոպանից եկել: Խեղճ երիտասարդ կնոջ վզին են եղել երեք երեխա, կեսուրն ու կեսրայրը, անասունները, հողը, ջուրը… Բոլորը պահանջել են, բոլորը հրամայել են ու նվաստացրել: Եվ ահա` նյարդերը հյուծված, ջնջխված – նստած է հատակին ու հիվանդ երինջի նման` շուրջն է նայում:

Հայ կինը… Այո~, նա իր արի նախնիներից շատ բան է պահպանել, նա տղամարդու հետ հավասար ու ավելի վեր կանգնելու արժանիք ունի, կին ու մայր լինելու ուժ ունի իր մեջ… Անահտական մեհյանների երբեմնի քրմուհին դարերի մեջ չի կորցրել իր գաղտնիքն ու հմայքը: Բայց վերջին տասնամյակներին հայ կանացի սկիզբը դեգրադացվում է … Պատճառները շատ են…

Սրտիս մեջ, թե բանականության – վերջին տարիների մեջս միշտ մի հարց է հնչել` ինչպե՞ս հայ կանացիությունը կրթել, բարձրացնել … Եվ մի երազ ասեմ, մի իղձ ասեմ – միշտ կա աչքիս առջև. մանուկ հասակից ու դպրոցում հայ աղջկան հագցնել ոսկեկար հագուստներ, նախ հանձնել մեր պարին ու երգին, լեզվին ու բանաստեղծությանը, սովորեցնել մեր օրորոցայինները, ապա նրան հասցնել մարդկության մշակույթը – դպրոցի 12 տարում կրթել նրան, սիրտը մշակել, հոգին բարձրացնել – և ստանալ հայ կանացի սկզբի մի նոր սերունդ … Ահա այդ սերունդը կգար ու տիրություն կաներ մեզ, մեր ընտանիքներին, մեր պետությանը…

Ընթերցողս, իսկ դու կարծում ես, թե կա՞ մի այլ ճանապարհ…

Բարի գիշեր:

Հեղինակ
30.12.2008, 23:27
Այսօրս` 30 դեկտեմբերի 2008թ., ավարտվում է:

Այս առավոտ անսպասելի նորություն ունեինք – մեկ օրում “Այսօրիս” ընթերցող- համայնքը բազմապատկվել էր – ֆենոմե՞ն, թե՞ ինչ որ տեխնիկական ծագման թյուրիմացություն – չեմ կարող ասել: Նաև հասկանում եմ – մարդկային սիրտը կարոտ է ճշմարտության և անկեղծության – տուր մի կում օդ, էլ չեմ ասում ` օդի շիթ, և կեղծիքի թագավորությունը կսկսի քանդվել:

Առողջագետս … Երբ գրում եմ նրա մասին, նրա հմայքի ու կանացիության մասին` ընթերցողս կկարծի, թե վիճակախաղի մի երջանիկ տոմս շահած մեկն եմ – այո~, շահած եմ, սակայն ընթերցողս չգիտի, որ սրտիս պայծառության ամեն վայրկյանը նրա ջանքով է ստեղծվել, Սիրելուս արցյունքից են սնվել իմ բոլոր թռիչքները…

Այս մոլորակը թյուրիմացությունների մոլորակ է: Տեսնես, տղամարդիկս կարո՞ղ ենք մի գործ լավ ու ներդաշնակ անել մինչև վերջ… Ապացուցելու համար, թե կարող ենք` գոնե մեկ փաստ պետք է բերենք – կյանքի որևէ ասպարեզից, պետականաշինությունից: Մի հայ գիտնական է եղել, որն ասել է` Սևանի մակերեսը շատ մեծ է, շատ ջուր է գոլորշանում, եկեք ջրի կեսը բաց թողնենք – մակերեսն էլ երկու անգամ կփոքրանա և գոլորշիացումն էլ կքչանա: Այս տրամաբանությունից բան հասկացա՞ք: Այսպես է ասել, դրել են ու լիճը ցամաքացրել, մահվան եզրին էին հասցրել: Հիմա նոր` հազար ծախսով ու ջանքնով նորից փրկում են… Եվ այսպես, հազար օրինակ կարող ես բերել – մինչև մերօրյա գերտերությունների որոշումները: Եվ այս ամենը այն պատճառով, որ տղամարդը պատերազմ է հայտարարել կնոջը և չի օգտվում նրա ինտուիցիայից և իմաստությունից:

Բայց տղամարդը այս մոլորակի վրա մի մեղք ունի, որն ամենամեծն է իր բոլոր արածների մեջ – նա նվաստացրել է կնոջ ֆիզիկական սերը և նրա սեռականությունը: Բոլոր կրոնները և բոլոր տղամարդիկ, ձեն ձենի տված` կնոջ սեռականության մեջ տեսնում են ամոթ, թաքցնելու բան, մեղք ու արատ… Մեկը չկա ասի` երբ հողի միջից կանաչը ծլում է` ամո՞թ է: Երբ աղավնին աղավնուն սիրում է` ամո՞թ է: Կնոջ արարչաստեղծ, սքանչելի ձևերի հանդեպ հիացմունքի փոխարեն – մի համաշխարհային ցինիզմ է տիրում – մոլորակային պոռնո-պայթյունը դրա արտահայտությունն է: Մինչդեռ, կնոջ մարմինն ու սեռականությունը արժանի են միայն արվեստի և պոեզիայի…

Բարի գիշեր:

Հեղինակ
31.12.2008, 22:21
http://dnforum.am/images/menq.gif
2008 թվականը ավարտվում է:


“Այսօրիս” ընթերցող – համայնք,
Առողջագետիս հետ շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին:

Եվ ինչ ասել այս օրը, բացի նրանից, որ


Չկա այլ Նպատակ – Սիրուց բացի,
Չկա այլ Կրոն – Գեղեցկությունից բացի,
Չկա այլ Աշխատանք – Ինքնակերտումից բացի:


Շնորհավոր Նոր Տարի:

Միշտ ձեր` Հեղինակ,
Առողջագետ

Հեղինակ
01.01.2009, 22:43
Ավարտվում է 2009թ. առաջին օրը:

Ժամանակը գլորվում է ինքն իրեն, իր մեջ, իր համար … Եվ նրա հոսանքի մեջ ընկած` մենք ցնծում ենք, որ մի հատված էլ գլորվեց, և դեռ զգում ենք աշխարհի համը և տեսնում ենք արևի լույսը: Օ~, ծերերի ժամանակ, այդ ու՞ր ես գլորվում:

Ո~վ երջանիկ հոգի, կարո՞ղ ես սանձել ժամանակի ձին, թռչել թամքին, և մեկ տարվա մեջ – ամեն տարի – վերադառնալ դեպի քո սիրտը, քո մանկությունը, քո անմեղությունը – և տարվա վերջում ասել` մի տարի էլ մանկացա, մի տարով էլ իմաստնացա… Օ~, մանուկների ժամանակ, դու սանձված ես…

Անցյալ տարին – իմ համար… Չեմ կարող մի զարմանալի փաստ չնշել. ես հանդգնեցի – չէ~, առանց որևէ ահի, – երկիրս կոչել շների երկիր – “ Ձոն Դոգվիլ- Հայաստանին”, և սրտի գիտությամբ տեսա այն պատճառները, որոնցով նա իջել էր այդքա~ն ցած: Եվ ի՞նչ – մի ազգ` իբր կարդացող, իբր տպագիր խոսքը պաշտող, իբր կրթված, – ահա այդ ազգի մեջ չեղավ մեկը, որ գար, այդ գրքույկը շպրտեր աչքերիս և ասեր. – Դու կու~յր ես, այս ի՞նչ ես գրել. մեր երկիրը աստվածների~ երկիր է: Կամ մի ուրիշ բան ասեր… Չէ~, չեկավ այդ մեկը:
Երկիր, լռում ես, որովհետև իսկապես մի Դոգվի՞լ ես, իսկապե՞ս մտածող ու տառապող գոնե ՄԵԿ ՄԱՐԴ չունես…

Երկրիս հանդիսավորություն, որտե՞ղ ես: Նոր Տարին գալիս է կյանքի նորոգման ահռելի կոչով – իսկ դու լողում ես զվարճանքի ու ժամանցի խղճուկ ջրերի մեջ: Երբ հանդիսավորության տաք արցունքը այրում է մարդու թարթիչները և ընկնում է հողին` բոց է բարձրանում… Երկիրս, որտե՞ղ է քո հանդիսավոր ու տաք արցունքը:

Երկրիս նախագահ, ո՞վ է գրում Քո տեքստերը: Նախորդդ հիմնեց այդ ավանդույթը – հա ~, հարկահանությունը, մաքսայինը, ոստիկանությունը… կարևոր ասպարեզներ են… Տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը ևս… Բայց, Երկրիս նախագահ, մարդկային սիրտը, մարդիկ կարոտ են անկեծության, եղբայրության, կարեկցանքի…

Չէ~, չկա~ ուրիշ ելք, մենք պետք է ճանապարհ ելնենք: Մենք պետք է ելնենք Դոգվիլից: Մի իղձ, մի կարոտ ճնշում է սիրտս – ինչպե՞ս անեղծ բառով, պարզ խոսքով, անվթար գիտությամբ նկարագրել այդ ուղին: Երկիրս, ինչպե՞ս նկարագրեմ Ճանապարհը: Այն Ճանապարհը, որ տանում դեպի Գոդվիլ, դեպի Աստվածների երկիր:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.01.2009, 23:11
Նոր – 2009 թվականի երկրորդ օրը` հունվարի 2-ը ավարտվում է :


Մենք ու մեր միֆերը

Փոխվում են տարիները, բայց նույնն են մնում մեր միֆերը: Եվ եթե դուք կարծում եք, թե Նոր Տարին իսկապես նոր է, ապա չարաչար սխալվում եք, – եթե միֆերը նույնն են` ի՞նչ կարող են անել նոր տարիները…

Մեր ամենատարածված ու բաղձալի միֆը – կա մի քաղաքակիրթ, ազատ աշխարհ, որից մենք հեռու ենք, որը գրեթե անհասանելի է, որին մենք պետք է ինտեգրվենք…
Այս միֆը … Մեր գանգը տրեպանացիա են արել, բացել են մեր հայկական ուղեղը և այս միֆը – կոկոսի փաթիլների պես, ցանել են մեր ուղեղի գալարներին և տուփը փակել են: Եվ այդպես – ծնվելուց անմիջապես հետո, մեր նորածինը, նաև մեր չափահաս բնակչությունը, նաև մեր կառավարիչները մի բան են անմեղսունակ բլբլում – մենք պետք է ինտեգրվենք Եվրոպական ընտանիքին: Եվ մեկը չի հարցնում` ի՞նչ է էդ Եվրամիությունը, ի՞նչ ապագա է նրան սպասում, մենք ի՞նչ ենք անելու այնտեղ – այս մասին միֆը լռում է: Բայց սա դեռ ի~նչ…

Դեմոկրատիայի և նրա տարածման միֆը … Մի այսպիսի սիրունիկ ենթամիֆ կա: Դու մտնում ես ընտրական խցիկ, այնտեղի գրիչով ճիշտ նշում ես նրա անունը, ում ընտրում ես, ապա թերթիկը սիրուն ծալում ես և քնքույշ շարժումով սահեցնում ես քվեատուփի նեղլիկ անցքից ներս: Եթե դու այս արարչաշունչ գործողությունը անում ես հենց այսպես, հանձնաժողովն էլ ճիշտ հաշվում է թերթիկները, ապա դու կարող ես ուղեղ էլ չունենալ, և քո երկիրը ծաղկելու է: Այդքան հզոր բան է դեմոկրատիան – սա եվրոպական դեմոկրատիայի միֆն է… Եթե այս միֆին որևէ մեկը համաձայն չէ, ապա անմիջապես նրա հզոր չափաքանակները լցնում են ռմբակոծիչների կերոսինի մեջ, խցկում են ֆուգասների փորը, կասետային ռումբերի մեջ և քշում են աշխարհի չորս բոլորը… Մի օր գալիս, հասնում են Աֆղանստան. – այստեղ ասում են. – Մենք այդ ընտրաթերթիկի ու ընտրատուփի դեմ բան չունենք, բայց մեզ ղեկավարում են մեր ցեղերի առաջնորդները… Այստեղ միֆը ջղայնությունւից պայթում է և մահ է սփռում այդ “հետամնաց” երկրի վրա:

Փառք Աստծո, այսպիսի պատիժ մեզ չի սպառնում: Այս միֆը մեզ այնպես է դեգեներացրել, որ ամեն շարքային հայից սկսած մինչև նրա քաղաքական առաջնորդները – բոլորը անխտիր, նույնն են բլբլում, թե մեզ պակասում է միայն ժողովրդավարությունը: Թե սա լինի` մեր կրթությունը, մշակույթը, տնտեսությունը հենց այնպես, իրեն-իրեն ծաղկելու են… Ինչպես տոտալ սեփականաշնորհումից հետո` հենց այնպես, իրեն-իրեն, ձեռաց ծաղկեց մեր արտադրությունը… Ահա այսպիսի աներես միֆ…

Այս համաշխարհային միֆեր հնարողները հենց այնպես, ձեռի հետ ապուշացնում են մի միֆական ազգի, նրա պետականությանը… Սրանք լիքը զբաղմունք ունեն – առաջին քրիստոնյա ազգ, Եղեռնի ճանաչում, չորրորդ սերնդի բարեփոխումներ….

Մեր տեղական, հայկական միֆերը … Չէ~, երկար է ստացվում, մի ուրիշ անգամ սրանց մասին…
Ընթերցողս, ցանկանում եմ, որ Նոր Տարում ամեն ինչ տեսնելիս, ամեն ինչ լսելիս` ինքդ քեզ հարցնես – սա ի՞նչ միֆ է … Այս համեստ գրությունն էլ կարդալիս` նույնը հարցրու, գուցե սա էլ մի միֆ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
04.01.2009, 00:02
2009 թվականի հունվարի 3-ը ավարտվում է:

Ընթերցողս, մի անգամ գրել եմ, որ Քանդակագործս է հավաքում “Այսօրիս” տեքստերը – այդ գործը ես շատ դանդաղ եմ անում: Դե, ես դեռ սպիտակ թղթի ու գրչի մարդ եմ և նոր եմ “ինտեգրվում” նոր տեխնոլոգիաներին… Հա, ուրեմն, Քանդակագործս է հավաքում, բայց այսօր նա վատառողջ է – նոր տարվան ամեն ինչ խառնեց իրար, վրան էլ վրացական լիմոնադ լցրեց, և այսօր ջերմություն ունի… Էդ վրացական լիմոնադը լավ էլ խմիչք է - մերոնք Հայաստանում հուպ են տվել` տարաշխարհիկ ջրեր են արտադրում – ֆետի, ֆանտա, կոլա…, գոնե թարխունով լիմոնադը չմոռանային…

Կեցության լուռ ուրախությունը… Նոր տարվա խաղաղ աշխատանքային ռիթմը: Առողջագետը շարունակում է “Արշալույսի” ուղեցույցի ռուսերեն թարգմանությունը: Եվ պատրատվում է անցնել իր նոր գրքին… Բայց հետն էլ դժգոհում է – վերջին տարիների լարումներից հետո` կարծես խաղաղություն է հաստատվել մեր կյանքում, և դա կարծես ներքին ամայության, դատարկության զգացում է ծնում… Բայց այդպիսի զգացումը կարող է հղիության նման լինել – գուցե նոր պտուղ է հասունանում…

Այսօր կարդում- մշակում էի նոր ստացված գրքերից մեկը – Նիլ Դոնալդ Ուոլշի: Զարմանալի զգացում է` բացել ապագայի դուռը: Պարզվում է, որ ապագայի դպրոցը պետք ունենա երեք հիմնական առարկա, ավելի ճշգրիտ – երեք կրող գաղափար` ՀԱՇՏԵՑՈՒՄ, ՎԵՐԱԿԵՐՏՈՒՄ, ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ… Մարդկության ախտերի բուժումը սկսել մանկապարտեզից և դպրոցից…
ՀԱՇՏԵՑՈՒՄ – ռասաների, սեռերի, ժողովուրդների, կրոնների միջև…
ՎԵՐԱԿԵՐՏՈՒՄ – հրաժարում հին ուղիներից, միֆերից, սովորույթներից… Մարդ-տեսակի վերակերտում:
ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ – մարդու անհատական բանականության և Կյանքի միավորում…

Առողջագետս մի քիչ ժպիտով է նայում իմ ոգևորությանը – կարդալ ապագայի գրքերը… Աշխատանք և խաղաղություն: Կյանք, տուր մեզ այդ բարիքը:

Ընթերցողս, ի՞նչ ցանկանամ Քեզ այս Նոր Տարում: Աշխատանք և խաղաղություն, իհարկե: Բայց առանց Սիրո – այս երկու բարիքը դժվար է ունենալ… “Սիրեցե~ք, և ամեն ինչ կստացվի…”

Բարի գիշեր:

Հեղինակ
04.01.2009, 23:43
2009 թվականի հունվարի 4-ը ավարտվում է:

Ընթերցողս, մի քանի օր առաջ գրել էի, թե ինչպես են ստեղծվում միֆերը: Որոշեցի այս անգամ քեզ մի հեքիաթ պատմել, քանի որ հեքիաթը մարդիկ ավելի լավ են հասկանում…


Հեքիաթ Վասալ Ալիքի և նրա Ճպռոտ-ֆավորիտուհու մասին

Լինում է, չի լինում` մի երկիր է լինում - չէ~, էդ երկրի անունը Հայաստան չի լինում, իզուր այդպես մտածեցիք… Էդ երկիրը թագավորություն է լինում - իր թագավորով, արքունիքով, նազիր-վեզիրով … Էդ թագավորության մեջ մի երեսուն- քառասուն փոքրիկ թագավորություններ են լինում, որոնք վասալ են գալիս երկրի թագավորին, բայց դրանց սահմաններում վասալ-թագավորն է տեր ու տիրական լինում:

Էս հեքիաթս մի վասալ-թագավորության մասին է, որ կոչվում էր Հանրային հեռուստատեսություն: Դե, գիտե~ք, թե ինչ բան է հեռուստատեսությունը - երբ հայելու նման մի բանի մեջ պատկերներ են երևում ու փոխվում, իսկ պատկերներն ուղարկվում են որոշ տեղերից` մարդկանց ուղեղները գրավելու, նրանց հիմարացնելու և կառավարելու համար: Հանուն արդարության ասեմ, որ հեռուստատեսությամբ մեկ-մեկ պատմում են բարձր ու գեղեցիկ աշխարհների մասին, բայց սա շատ քիչ է լինում…

Էդ վասալ թագավորության վասալ թագավորի անունը Վասալ Ալիք է լինում: Մի օր Վասալ Ալիքին կանչում է երկրի թագավորի աշխատակազմի ղեկավարը – առաջին վեզիրն ու ասում. “Լսի~ր, ով Հանրայինի թագավոր, մեր էս երկրի ժողովուրդը շատ անհեզ է ու անհաշտ, - էնպես արա, որ նա մի քիչ ապուշանա, գոհ լինի իր կյանքից, ու թագավորության մեջ խաղաղություն լինի: Հասկացա՞ր, չէ՞”: “Հրամանքդ,- պատասխանում է Վասալ Ալիքը,- Մեծն թագավորի Աշխատակազմի ղեկավար, մարդիկ ապուշանում են ծուռ ու գռեհիկ խոսքից, ծուռ երգից , ծուռ պարից , ծուռ խոսք ու զրույցից … Վստահի~ր ինձ, ես ամեն ինչ կանեմ”:

Էս Վասալ Ալիքը Հանրային է վերադառնում, և ինչքա~ն գռեհիկ ժարգոնով խոսող կա` կանչում է, որ հումոր անեն, ինչքան անձեն կա` կանչում է, որ երգեն, ինչքան ծուռոտ կա` կանչում է, որ պարեն, ինչքան բլբլան կա` կանչում է, որ հարցազրույց տան… Թե աշխարհն էլ շուռ գա, թագավորն էլ փոխվի` սա էս նույն գործն է անում…

Բայց սա քիչ է լինում. Վասալ Ալիքը գլխի է ընկնում, որ երկիրն ավելի արագ կապուշանա, եթե դրան կնոջ մատ խառնվի… Եվ որոշում է Հանրայինի ֆավորիտուհի դարձնել մի անխելք, մազը կարճ աղջկա: Որ աշխարհը տեսնի ու մտածի – թե Հանրայինի թագուհին էս անխելքն է` էլ խելքն ու շնորհքն ու՞մն են պետք… Կանչում է մի երգչուհու, անունը` Ճպռոտ - երեսը` հիմարիկ ու սիրուն, ուղեղը` ողորկ ու փայլուն, քիթը վեր ցցած ու աննման… Վասալ Ալիքը հրաման է տալիս ողջ շրջապատին - Ճպռոտի գովքն արե~ք, անունը տվե~ք, թող Հանրայինի թագուհի դառնա: Եվ Ճպռոտի անունը տարածվում է… Ու մի օր երբ հարցնում են պալատական առաջին երգչուհի` ֆրելեյն-Շաշանին, թե ո՞վ է ամենաշնորհքովն ու ձենովը վասալ արքունիքի կանանց մեջ, նա պատասխանում է` Ճպռո~տը, Ճպռո~տը… Վերջը Ճպռոտը Հանրայինի առաջին կին է հռչակվում, սկսում է իշխել վասալ թագավորության մեջ և ամբողջ երկրի վրա, - Երկրի կանայք ու տղամարդիկ էլ նայում են նրան և հիմարանում են…

Վերևից ընկնում է երեք խնձոր. մեկը Վասալ Ալիքին, մեկը` Ճպռոտին, մեկն էլ քեզ` ընթերցողս, որ ականջներդ կախ տեսնում ու մարսում ես երկրիդ քաղցր միֆերը…

Բարի գիշեր:

Հեղինակ
05.01.2009, 23:45
2009թ թվականի հունվարի 5-ը ավարտվում է:

Բարեգործության միֆը: Այս միֆը գործված է շատ ու բազմազան թելերով – մարդկային խեղճությունը, հացի կարոտը, հարուստի փառատենչությունը, օգնության քաղցրությունը – և միֆը պանծացնում է բարեգործությունը` որպես այս մոլորակի բարձրագույն էթիկական բարիք և բարեգործի անունը` որպես բարեկամ մարդկության:

Բայց մոլորակի վրա չկա մարդուն նսեմացնող որևէ այլ զբաղմունք, քան ներկա բարեգործությունը, երբ մարդկության գիշատիչ մասը մյուս` թալանված մասին վերադարձնում է խլվածի մի չնչին մասը: Հայ բարեգործը – սա անմահ կերպար է – վիզը հաստ` ծանր ոսկյա շղթայով, ճակատը բարձր, աչքերը` գավառական արևներ… Աջ ու ձախ բաշխում է և պանծացնում իր հասարակ ծագումը, իր վսեմաշուք ծնողների անունները:

Սովետի ժամանակներն էին – երբ մեքենայով սլանում էինք Շիրակի դաշտի մայրուղիներով, երկու կողմերի սևահողերի միջից փայլում էին սպիտակ ճակնդեղի գլուխները - Սպիտակի շաքարի գործարանի հումքն էր: Քանդվեց գործարանը, ամայացան Շիրակի սևահողերը - և շաքարավազի ներկրման շնորհիվ մի քանի օլիգարխներ առաջացան: Եղան մեկ-երկու փորձ` վերականգել շաքարի գործարանը – մեկը կարծեմ բրիտանացի գործարար էր, բայց մեր շաքարային օլիգարխները` պետության հետ միասին, ճզմեցին այդ փորձերը… Եվ ահա, եթե մի շաքարային օլիգարխ բարեգործություն է անում- և անում է - ապա դա հանցագործ ծագման բարեգործություն է: Ասում են, շաքարային օլիգարխներից մեկը ուզում է շաքարի գործարան կառուցել: Դուք լսե՞լ եք, հավատալս չի գալիս…

Վիվասելը. Ռալֆ Հիրիկյան – իրապես շատ էլեգանտ ու ազնվական սփյուռքահայի կերպար է – հպարտանալ կարելի է, որ Սփյուռքը տալիս է նման կազմակերպված գործիչներ: Բայց նրա բարեգործության մեդալի հակառակ երեսը – Երրորդ հանրապետության խայտառակություններից մեկն է` բջջային ամենաթանկ կապը աշխարհում: Այդ խայտառակությունը մինչև այժմ էլ մաքրված չէ մեր պետականության ագահ ճակատից – նա էր Արմենթելի մենաշնորհի շահախնդիր հեղինակը, նաև Վիվասելի գների հեղինակը…

Կա բարեգործության միայն մեկ տեսակ, որ արժանի է հարգանքի – այն օգնությունը, որը բարձրացնում է մարդուն, նրան տալիս է աշխատանք ու վաստահություն, նրան դարձնում է անկախ` բարեգործից, պետությունից, աշխարհից:

Կորչի~ բարեգործությունը - և նրա հետ` բարեգործների ներկա կերպարները…
Կեցցե Մարդու կողմից Մարդուն տրվող Օգնությունը…

Բարի գիշեր:

Հեղինակ
06.01.2009, 23:47
2009թ թվականի հունվարի 6-ը ավարտվում է:

Մեր հայկական միֆերը … Հայ ընտանիքի միֆը:

Ծնողական սիրո արարչական ջերմությունը: Մարդը, գայլը, ծիծեռնակը կարող են ծնող լինել… Արարիչն իր սիրո դաշտից նրանց սրտի մեջ դրել է այդ բնազդը… Ես նորից ուզում եմ երգել հայ ընտանիքը: Բայց մի ձայն կարծես ասում է ինձ. “Սպասի~ր, սպասի~ր, հեղինակ, դու շա~տ ես բարեբանել հայ ընտանիքը, այժմ դու ուրիշ խոսք պետք է ասես…”

Նոր տարվա օրերն էին … Մի ձայն հասավ մեզ հայկական Անդերգրաունդից, երիտասարդ մի կին էր մեզ շնորհավորում – մի կին, որ մայր լինելը ու ընտանիք ունենալը զոհել է կին լինելու և մարդ լինելու իրավունքին: Հայկական ստորաշխարհից հնչում էր կնոջ ողբերգական ձայնը – բայց նա այլևս կին չէ … Նա նույնիսկ մի ծիծեռնակ չէ, մի գայլ չէ, որ ազատ թռչում և ազատ վազում են բնության մեջ… Նա ընդամենը համայնքի ճորտն է: Հայ ընտանիք, դու այլևս մի հիվանդ միֆ ես, եթե անգամ մի ճորտ կին կա Հայաստանում:

Հնչում է Գորան Բրեգովիչի երաժշտությունը: Սերբական հարսանեկան երգ է - սա ի՞նչ մեղեդի է, ինչու՞ է թեման այդքան ողբալի, միթե՞ հարսանիքը մարդկային կյանքի պսակը չէ… Ի՞նչ է ողբում կանացի հոգին: Մի քանի վայրկյան անց հնչում է մի այլ մոտիվ և Բրեգովիչի երաժշտության խելահեղ, կենսուրախ ալիքների մեջ կորչում է տխրությունը…

Կինը, կանացի մարմինն ու հոգին - լուսակիր նյութի չքնաղ ձևերը: Եվ դեռ ասում են, թե կինը կարող է նույնիսկ միանձնուհի դառնալ` Հիսուսի հարսնացուն լինել… Եվ նրա թրթռուն մարմնին երբեք չպետք է դիպչեն սիրելի մարդու մատները…
Այսօր Աստվածորդու ծննդյան օրն է - շնորհավորում եմ բոլորիս և Նրան` Աստծուն և Մեծ Ուսուցչին – սիրում եմ նրա Ուսմունքը: Բայց հետն էլ ասում եմ.- Հիսուս Նազովրեցի, ես այս երկրի հայրերից մեկն եմ և Քեզ որևէ հայ աղջիկ` որպես հարսնացու, չունեմ տալու… Հայ աղջիկները թող հարսնանան Կյանքին, Գեղեցկությանը, Սիրուն: Կգա մի օր – այն հեռու չէ, երբ հայ աշխարհիկ-եկեղեցական ժողովը կլուծարի նաև կուսակրոնությունը Հայ եկեղեցու մեջ – այդ խեղճ անախրոնիզմը, որովհետև կինը երբեք չի խանգարի հոգևորականին` ճանաչել Աստծուն… Ընդհակառակը, կնոջ սիրո միջոցով տղամարդը կարող է ճանաչել Արարչի Ստեղծած Կյանքը:

Ընտանիքը… Հայկական բարձրավանդակի վրա, մեր հեռավոր արիական էությունից, մեր սրտի խորքերից հնչում է երգը.

Մեր թագվորներ ելան սարեր,
Օրհնվի~ն թագվորն ու թագուհին…

Մենք Նոր Հայրենիք պետք է ստեղծենք: Մենք Նոր Ընտանիք պետք է ստեղծենք:

Բարի գիշեր:

Հեղինակ
07.01.2009, 22:31
2009թ թվականի հունվարի 7-ը ավարտվում է:

Տոներն ավարտվեցին:
Երևանն ազատվում է հետտոնական թմբիրներից և արթնանում է` ամենօրյա կյանքի համար: Առավոտը տաք էր, փափուկ – ձյան նման: Երիտասարդ մայրը, մանկանը գրկած, սլանում էր ինչ-որ տեղ` դեպի կյանք – երեսին հոգնածություն կար, նիհար գծերը գունատ էին` մի քիչ դեղնավուն երանգով – մայրության չարչարանքն ու անքուն գիշերներ, որ միայն իրեն են հայտնի: Թունդ-կանաչ լաչակ կապած եզիդուհին կանչում է. “Ախպե~ր ջան, լավ լավաշ…”: Պատկերացրեցի, որ նրա թուխ ձեռքերից բուրում է Ալագյազի լանջերին արածած ոչխարների պանրի հոտը… Եվ փոշմանեցի լավաշ առնելու մտադրությանս մեջ…

Երեկ նորից նայեցինք Լարս ֆոն Թրիերի “Դոգվիլ” ֆիլմը – արդեն երրորդ անգամն է… Բայց այս անգամ նորից ցնցված էինք – ի~նչ ահեղ է գեղագետի դատավճիռը: Ներկա համայնքները – դրսից քաղաքավար, մարդավար, ժողովրդավար – ներսից փտած, աղտոտված, անկարեկից էություններ են – պատրաստ ուզած ժամանակ հոշոտելու իրենց ձեռքն ընկած թույլին և, մանավանդ, հավատավորին:

Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի երաժշտության հեղինակ Գորան Բրեգովիչը. հնչում է զվարթ մեղեդին` “Կալաշնիկո~վ, Կալաշնիկո~վ”: Սա հարավային սլավոնների պաշտած սովետական ավտոմատն է: Միթե՞ գնդակահարել - ո~չ փտած համայնքի ֆիզիկական կերպարները, այլ էթիկապես այրել կեղծը, ցածրը, ստորը, որ պաշտում է այդ համայնքը: Այդ դեպքում սիրտս կերգի Գորան Բրեգովիչի հետ …

Առողջագետը բացեց Լարս Ֆոն Թրիերի մասին ինտերնետային էջերը, – Դանիայի հանճարը բողոքում է իր երկրի մամուլից – խոսքը մեկ արած` փնովում են նրա ֆիլմերը, և ինչի՞ համար… Որովհետև հա պատռում է արևմտաեվրոպական երեսպաշտ դիմակները և ասում է` հիվա~նդ եք… Հիվա~նդ ես դու, զառամյալ Եվրոպա, ինչքան էլ մակիյաժի տակ ծածկես դեմքիդ անկյանք կնճիռները և, մանավանդ, չորացած ու անսիրտ հոգիդ…

Եվրոպայի փորի տակից, հարավային սլավոնների ասպատակված երկրից, Կոսովոյի գերի տաճարներից, սլավոն ազատ հոգիների միջից հնչում է երգը...

Բարի գիշեր:

Հեղինակ
08.01.2009, 22:59
2009թ թվականի հունվարի 8-ը ավարտվում է:

Վերջին “Այսօրերիս” մեջ խոսում ենք միֆերի մասին:

Ամեն քաղաքակրթություն ունի իր միֆերը, մեր քաղաքակրթության առաջին միֆն էլ նախասկզբնական մեղքի միֆն է – ա~խ, ա~խ, Եվա, ինչու՞ իմաստության ծառից քաղեցիր և ճաշակեցիր խնձորը, ինչու՞ կորցրեցիր դրախտը… Եթե դու այդ մեղքը չանեիր, մենք հիմա բոլորս անմեղ հրեշտակներ կլինեինք և ման կգայինք դրախտի այգիներում … Թե չէ` պայքար կյանքի համար, սոցիում, կռիվներ և պատերազմներ: Ա~խ, ա~խ, Եվա, ինչու՞ քաղեցիր մեղսալի խնձորը…

Մեր քաղաքակրթության երկրորդ միֆն այն է, որ պետք է ապրեն արժանիները, ովքեր ուժեղ են և հոշոտում են թույլերին: Ճիշտ է, ըստ միֆի` արարածները, նաև մարդիկ, իրենց տեսակի ներսում օգնում են իրար, սակայն եթե խնդիրը հասնում է կյանքին, ապա ամեն ոք կարող է հաստատել իր տեղը ուժի միջոցով: Նայենք ներկա կյանքը – և մեր աչքի առջև կբացվեն այս միֆի ողբալի հետևանքները:

Այս միֆերը արդեն սպաոում են իրենց: Այս միֆերը հյուծել են մարդկությանը – որքան ատելություն և դաժանություն մոլորակի վրա… Ձեռքիս է մի իմաստուն աղբյուր, այդ հեղինակի մասին մի քանի անգամ գրել եմ, – ահա այդ գրքում Տիեզերական Բանականությունն ասում է. Եթե ձեր բնության խորքում դրված լիներ “չարի” բանզդը, ապա դուք բնազդաբար չէիք նետվի գետը` խեղդվող երեխային փրկելու… Մարդու բնական բնազդն է` լինել արդարության, միասնության ու սիրո մեջ:

Հանդիպած կլինեք – կան մի քանի կենդանաբանական հեռուստալիքներ: Անգլոսաքսոնական բնագիտական ավանդույթը շատ հզոր է. նկարված են զարմանալի ֆիլմեր կենդանիների մասին, դրանք ապշեցուցիչ են իրենց դրամատիզմով և մանրամասներով: Բայց … այդ ֆիլմերը կենդանական աշխարհը ներկայացնում են այնպիսի դաժան գծերով, այնքան… անհոգի, որ կարծես այն դաժան ու անարադար մարդկության կրկնօրինակը լինի… Այսօր մի ֆիլմում մրջյունների մի տեսակ ասպատակեց մյուսի բնակավայրը, գերեվարեց բոլոր ձվերը, որպեսզի ծնվեն ճորտ մրջյուններ: Հաստատ, այդ մրջյունները սնվել են ֆաշիստական գաղափարներով: Կենդանական աշխարհի դաժանության պատճառները պետք է փնտրել մարդու մեջ: Ո՞վ է ասել, որ կենդանական աշխարհը չի ընկալում մարդկության գաղափարները:

Չէ~, այս մարդկության միֆերի հետ պետք է մի բան անել: Ի՞նչ դատարանի դիմել և խնդրել` արդարացնելու Եվային – նա մեղք չի արել` մարդկությանը տանելով ճանաչողության ճանապարհով: Եվ բնավ էլ Ադամն ու Եվան մեղք չեն արել, երբ ճանաչելել են իրենց սեռը… Տղամարդու և կնոջ մարմնական սերն էլ նախասկզբնական մեղք չէ, այլ նախասկզբնական բարիք, որ Արարչի կողմից տրված է մարդուն: Եվ հրաժարվել մյուս միֆերից, որոնք ատելություն են սերմանում մարդկանց և կենդանիների աշխարհներում…

Ընթերցողս, չեմ կարծում, թե դու կուզենայիր ապրել միայն դրախտում և չստանալ ԿՅԱՆՔԻ տված ահռելի կենսափորձն ու հաճույքը…

Բարի գիշեր:

Հեղինակ
09.01.2009, 23:31
2009թ թվականի հունվարի 9-ը ավարտվում է:

Վերջին օրերին մեր տանը – էմիր Կուստուրիցայի շունչը և Գորան Բրեգովիչի երաժշտությունը: Մի երգ – կարծեմ “Գնչուների ժամանակը” ֆիլմից – կին- մենակատարը և խմբերգը, գնչուական և սլավոնական մոտիվներ: Մեղմ ու անքեն լալիս է սլավոնական հոգին: Ինչո՞վ են ապրում ազգերը, միթե՞ չեն կարոտում իրար, միթե՞ չեն ուզում տեսնել իրար…

Կարոտել եմ եղբայրներիս – իռլանդական, շոտլանդական, գալլական, գերման ժառանգներին – որտե՞ղ են նրանց երգերը, որտե՞ղ են պարերը, ինչու՞ չեն հասնում մեզ, ինչու՞ չեն ծփում աշխարհում… Կարոտում եմ ազգ-եղբայրներիս: Որտե՞ղ եք, սիրելիներ, հազարավոր տարիներ առաջ մի Մայր հայրենիքից բաժանվել ենք – իսկ հիմա պատեր են մեզ բաժանում … Սահմանները թվացյալ բաց, բայց ազգերի մշակույթները թաքնված են յոթ դռների հետևում, յոթ կողպեքներով փակած: Ազգ- եղբայրններ , որտե՞ղ եք, որտե՞ղ է ձեր հոգին… Սասնա ծռերի Հայրենիքից կանչում եմ ձեզ – կարոտցե~լ եմ ձեզ, ձեր անուշ լեզվին ու երգին…

Բայց բոլորից շատ քեզ եմ կարոտել, Հայրենիք … Ամեն օր քայլում եմ քո հողի վրա, շնչում եմ քո օդը, տեսնում եմ քո Լեռը, բայց կարոտ եմ Քեզ… Երազներիս մեջ որքա~ն անգամ գրկել եմ քեզ կամ Լեռը, կարծես հեռու~ եք, կարծես չկա~ք… Հեռու ես, որովհետև զավակներդ քո լեզվով չեն խոսում, քո երգը չեն երգում, քո պարը չեն պարում… Եթե խնդրանքս չլսես, եթե քեզնից կարոտս չառնեմ, քո քաղցրությամբ չլցվեմ – ումի՞ց նեղացած մնամ, Հայրենիք:

Պատկերացնու՞մ եք – դուրս եք եկել փողոց, ամենուր մանուկներ` զարմանալի խելոք աչիկներով – և նրանք մայր ունեն – Մայր հայրենիք … Բայց այդ Մորից լուր չունեն, նրա քաղցր կաթը չեն խմել, նրա լեզուն չեն լսել, նրա ուժը չեն ստացել: Այդպիսի բարբարոսություն ո՞վ է տեսել:

Լսի~ր, քեզ եմ ասում, Հայաստանի բարբարոսական կրթական համակարգ – ա~յ ողորմելի կրթական համակարգ, դու մի հսկա ոսկե ժառանգության վրա ես նստած, բայց այդ ի՞նչ ես սովորեցնում մեր զավակներին… Քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել, բայց ինչպե՞ս չասել – այ դաշնակ կրթական նախարարներ, այ նախորդ նախարար. մի անգամ քեզ հարց չտվեցի՞ր, թե ի՞նչ է ազգային դպրոցը, ազգային կրթությունը, էդ ձեր կոտրած ձեռքով Կրթության օրենքի մեջ ես գրել… Էդ ինչի՞ն եք ինտեգրվում, հայ մանկան հոգին էդ ի՞նչ միջազգային թեսթային աղբով եք լցնում: Մանկան հոգին ազգային և մարդկային մշակույթի է կարոտ, իսկ դուք ինտեգրվում եք…

Հայրենիք, կարոտել եմ Քեզ…

Բարի գիշեր:

Հեղինակ
10.01.2009, 23:50
2009թ թվականի հունվարի 10-ը ավարտվում է:

Չէ~, աշխարհը շատ է խառնվել :

Մեր հարևան Վրաստանը և ԱՄՆ-ը ռազմավարական համագործակցության խարտիա են ստորագրել, - Ամերիկայի կողմից` Կոնդոլիզա Ռայսը և վրաց արտգործնախարարը: Չէ~, էդ լավ է, որ պետությունները իրար հետ բարեկամություն են անում, խնդիրներ են լուծում, հասարակ մարդկանց շփումը հեշտացնում: Բայց նայե~նք այս երկու երկրների բարեկամության մոտիվներին: Հատուկ նշվում է Վրաստանի ակտիվ մասնակցությունը Իրաքում “դեմոկրատիայի” հաստատման գործում: Ա~խ, ա~խ, ի~նչ էլ գործ է արել Վրաստանը - օգնել է ԱՄՆ-ին` ոչնչացնել մի խաղաղ երկրի անկախությունը և 100 հազար բնակչություն… Խարտիայում առանձնապես նշվում է երկու երկրների դեմոկրատիաների զարգացման անհրաժեշտությունը, - ոնց որ Վրաստանում դեմոկրատիան ելել ու իրեն ուտում է - է~լ քաղաքական սպանություններ, է~լ կոռուպցիա, է~լ ընդդիմության ճնշում… Եվ, ի վերջո, խարտիայով Ամերիկան վստահեցնում է, որ կօգնի Վրաստանին երկխոսության մեջ մտնելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ: Հիշու~մ ենք, մի անգամ ԱՄՆ-ը “օգնել է” այդ երկխոսությանը, և Վրաստանը խոսել է տանկերի ու գրադների լեզվով: Այս ամենը այդքան տխուր չէր լինի, եթե այս կեղծ-դեմոկրատական ալյանսի մեջ մտնողը չլիներ մեր հյուսիսային հարևանը, որի հետ դատապարտված ենք լինելու “բարեկամներ”` մինչև աշխարհի վերջը…

Էս սլավոնական Ուկրաինան էլ աչքը Արևմուտքին է գցել – նարնջագույն օգնություն ստանալու և Ամերիկայի աչքը մտնելու համար` պատրաստ է Ռուսաստանի միրուքից ամեն օր մազ պոկել, աչքի մեջ ավազ ցանել… Եվ այս ամենը անում է այն պրիմիտիվ գիտակցությամբ, թե աշխարհում ամենայն լավը ազատ Ամերիկայից է և Արևմուտքից, իսկ ամենայն վատը` կայսերական Ռուսաստանից: Եվ վերջն էլ` մի ամբողջ պետություն ու ժողովուրդ իրենց սարքած թակարդի մեջ են ընկնում, գազը 250 դոլարից 450-ի հասցնում, վերջն էլ չի երևում, թե ինչ է լինելու: Թե իմանաս` ազնվական ու հավատավոր գործիչներ են - Յուշչենկոն լողանում է կոռուպցիայի ծովի մեջ, բայց հակառուսական հանդերձանք հագած` ուզում է աշխարհի աչքին թոզ փչել, թե դեմոկրատ է, ազատական է, ազատատենչ է… Մեր նարնջամետները ուշադիր պետք է հետևեն Յուշչենկոյի և Սահակաշվիլիի արկածներին, որպեսզի նույն սխալները մեր գլխին երբևէ չբերեն:

Իսրայելն ու պաղեստինցիները նորից կռվում են… Հա~, համաձայն եմ, ՀԱՄԱՍ-ը չպետք է գնդակոծի Իսրայելը, հա~, Իսրայելը, ինչպես ամեն ժողովուրդ, ունի անվտանգության իրավունք ու անհրաժեշտություն: Բայց 2006-ին մի իսրայելցի կապրալի գերի ընկնելու և չվերադարձնելու պատճառով` մի հսկա պատերազմ եղավ, կապրալին այդպես էլ չվերադարձրեցին, բայց ատելության քանակը տասնապատկվեց…: Հիմա էլ` ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելական քաղաքների գնդակոծության առիթով` լայնամասշտաբ պատերազմ Գազայում: Բայց, ախր, ատելությունը կուտակվում է, արյան մեջ է մտնում, սերնդից սերունդ է անցնում…
Ե՞րբ է ատելության այս շղթան ընդհատվելու: Ուժով ու պատերազմով շղթան չի ընդհատվելու... Բայց հրեան ու արաբը կկարողանա՞ն իրար սիրել... Այս հարցը առանձնապես կարևոր է հայերիս համար, մենք էլ սիրել-չսիրելու մի փոքր խնդիր ունենք...

Բարի գիշեր:

Հեղինակ
11.01.2009, 23:16
2009թ թվականի հունվարի 11-ը ավարտվում է:

Գիտեք ու սիրում եք մեր մեծ արտիստ Արմեն Ջիգարխանյանին: Հարցազրույց էր տալիս “Совершенно Секретно” հեռուստալիքին: Հայի բնավորությունը և կերտվածքը ներդաշնորեն հյուսվել են ռուս մշակույթին և հրաշալի սինթեզ է ստացվել – արտիստի խորունկ կենսափորձը և իմաստությունը: Բայց այսօր ասածս դա չէ: Լրագրողը արտիստին հարցնում է Ամերիկայի մասին, և նա պատասխանում է. “Այնտեղ հարգում են օրենքը – էթիկական օրենքը (այստեղ արտիստը մատը վեր է պարզում) – և մյուսը` պետական օրենքը, որին ենթարկվում են”: Լսում ու ցավում ես մեծ արտիստի համար: Հայ ամենամեծ մտավորականն էլ` լինի իր գործի վարպետը, լինի մեծ ու հանճարեղ – ի վերջո չի հաղթահարում աշխարհայացքի այն սահմանը, որ նրան իրոք իմաստուն է դարձնում: Ամերիկան ու~ր, էթիկական օրենքն ու~ր – համաշխարհային անառողջ ապրելակերպի ու մտածելակերպի այս բաստիոնը դարձել է մոլորակի հոգսը, իսկ արտիստը խոսում է նրա էթիկական օրենքի մասին:

Թումանյանից ու Նժդեհից հետո, ափսո~ս, չունեցանք այն մտավոր ուժը, որ կարող է վճռական ժամին պարզ ու իմաստուն խոսք ասել, կյանքը ճիշտ ուղիով տանել: Համատարած շփոթություն, արժեքների խառնակություն – հատկապես Երրորդ հանրապետության տարիներին:

Ասում են հրապարակախոսություն, հրապարակախոս – սա այն մարդն է, որ հանրության մեջ – նրա սրտի մեջ կանգնած, խոսում է նրա կյանքի մասին: Եվ սպասվում է, որ նա ճանապարհի և ապագայի մասին էլ կխոսի: Բայց այսպես է ստացվել – հրապարակախոսը կխոսի կյանքի , հատկապես` թերության ու ստվերի մասին, բայց երբ հարցը կգա լույսին ու ճանապարհ բացելուն` կասի, թե այդ գործը պետական այրերը պետք է անեն… Բայց պետական այրը ի՞նչ գիտի, թե ի՞նչ է լույսը, – նրան չեն կրթել, չեն սովորեցնել, նա կարծում է, թե պետությունը այդպես են կառավարում:

Մեր մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը սիրտ շահող հրապարակախոս էր, բայց երբեք չեղավ ուսուցիչ պետական խավի, այլ միշտ պահանջող, – բայց ումի՞ց պահանջել. եթե չես կրթել, սրտի մեջ մշակույթ չես ներարկել: Երրորդ հանրապետության հիմնադիր խավը իր վրա շատ քիչ աշխատեց, արյուն-քրտինք չթափեց, գիշերները չխոկաց հայրենիքի ճակատագրի մասին… Եղանք ծույլ, մակերեսային, ազատական բլբլաններ … որ գեղգեղում էինք “Ազատության” և “Ամերիկայի ձայնի” ճշմարտանման, քաղցր կրկներգերը: Եվ մինչև հիմա էլ նույնն ենք գեղգեղում…

Չէ~, հայ մտավորականին, հայ հրապարակախոսին կարելի է սիրել ազնիվ սրտի, հայրենասիրության, հառաչի ու հոգսի համար – բայց երբ կգա օրը` ՃԱՆԱՃԱՐՀ ԸՆՏՐԵԼՈՒ (խոսքս իշխանությունը փոխելու մասին չէ – սա ճանապարհի ընտրության հետ կարող է առնչություն չունենալ), նրան մի կողքի պետք է կանգնեցնել և մեկին–երկուսին գտնել, որ ելել են վեր և տեսնում են հայկական հորիզոնից այն կողմ` ԿՅԱՆՔԸ, ԱՊԱԳԱՆ, ՄՈԼՈՐԱԿԸ: Եթե միայն այս մեկ-երկուսի պահանջն ունենանք…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.01.2009, 23:46
2009թ. հունվարի 12-ը ավարտվում է:

Սիրում եմ բնության կերտած կանացի էսքիզները:

Սև-կպրե մազերը ճակատի վրա կտրած են, իսկ կողքերից թափվում են ուսերին: Դեմքը թուխ է և գծերը նրբակերտ են, աչքերը նայում են հեռաստանին – թվում է երկնքին – և աղջիկը նմանվում է էգ արծվի – սև մազերը հիմա թևերի հետ բացվելու են. ի~նչ արծիվ է, ի~նչ ձագեր է ունենալու…”Կանգառում պահե~ք” – հանկարծ երգում է գեղեցկուհու ձայնը, պատրանքը ցրվում է, ճկուն արծիվը իջնում է երթուղայինից և … թռչում դեպի Օպերայի շենքը: Իսկ ես շարունակում եմ ճանապարհս:

Կանգառում ձյուն է: Ցրտոտ արևի մեջ – պինդ ու հաստատ կանգնած է կինը: Արդեն երիտասարդ չէ, արդեն երկրորդ սերնդի մայրությունն է անում: Լիքը դեմքը հունցված է հայկական կավից. այտերը լիքն են ու լայն, մի քանի խորը կնճիռ զարդարում են դեմքը. սա դեմք չէ – սա մայր հողի լանդշաֆտ է` կիրճերով ու մաքուր վտակներով – մի քանի միլիոն տարի առաջ է ծնվել այս մայրը: Չէ~, ապահով կարելի է ապրել այս աշխարհում…

Երկրի կանացիությունը ու մայրությունը ապրում են: Ինչ-որ զարմանալի ուժով կինը կենսունակություն է տալիս իր տանը, քաղաքին, աշխարհին … Նկատել եք – երբ մի տեղ եք գնում, հյուր եք գնում – և ինչ-որ մի պատահականությամբ տիրուհին տանը չէ, ապա դատարկություն է – տղամարդը չի կարողանում լցնել անօդ տարածությունը:

Չէ~, Տիեզերքի արական նյութը շատ է տարբերվում իգական նյութից – տղամարդու նյութը` իբրև ուժեղ ու կարծր` զոդված է կամքով ու բանկանությամբ. զարկից ցնցվում է, մի զարկ ևս, և նյութը ճաք է տալիս կամ փշրվում է: Բայց կնոջ նյութն ուրիշ է – այն միացված է սիրո և իմաստության քնքույշ, համառ, կենսասեր ուժով… Բնությունը զարկում է, կյանքը զարկում է, տղամարդը զարկում է – կնոջ նյութը համառ ճկվում է, թեքվում է, դիմադրում է, բայց… չի փշրվում: Նա չի կարող փշրվել, նա պետք է ապրի, որովհետև պատասխանատու է ԿՅԱՆՔԻ համար:

Տուն եմ դառնում: Ամենուր այս հողի վրա քայլում են կյանքի տիրուհիները… Մենք` տղամարդիկս, կարող ենք հանգիստ ապրել… Կարող ենք երկիրը սարքել, քանդել, ամեն ինչ գլխիվայր շուռ տալ… Կարող ենք գզվռտվել, քաղաքականություն խաղալ, ամեն տեսակի էշություններ անել… Հոգ չէ~, գեղանի աստվածուհիները պահում են մեր երկիրը:

Բարի գիշեր:

Հեղինակ
13.01.2009, 23:38
2009թ. հունվարի 13-ը ավարտվում է:

Մեր հայկական միֆերը… Չէ~, էն միֆի մասին, որ պատմելու եմ – համաշխարհային միֆ է, բայց նրա հայկական տարբերակը շատ գունեղ է: Այս միֆի անունն է … “Հարցազրույց, որ պարզելու է ճշմարտությունը”:

Եթե երկու իմաստուն են խոսում` սա հարցազրույց չէ. – սա երկխոսություն է – Պլատոնի և Սոկրատեսի հայտնի “Դիալոգները”: Իմաստունները երկխոսությունը օգտագործում են ճշմարտության իրենց վերսիան հայտնելու համար:

Բայց ամեն մարդ էլ ուզում է իմանալ ճշմարտությունը: Դրա համար էլ նա հարց է տալիս մի ուրիշ մարդու – ավելի խելոքի ու տեղյակի – և ականջները սրած` լսում է պատասխանները: Ահա այստեղ էլ ծնվում է այն միֆը, թե կարող ես հարց տալ ու լսել ճշմարտությունը: Կամ վեճի մեջ է ծնվում Ճշմարտությունը… Այս միֆը գրավել է հեռուստատեսությունները – աշխարհի մի կեսը հարց է տալիս ու լսում է մյուս կեսի պատասխանները:

Այս միֆի հայկական ծառայողները: Նստում է “Կենտրոն”-ի Պետրոսը – մի գունավոր, ճմրթած վերաշապիկ կամ բազմագույն սվիտր հագած, պարարտ դեմքը վստահություն է ճառագում… Եվ սկսում է հարցազրույցը… Եվ քանի որ Պետրոսը տան տերն է, և նրա գիտական-ազատական-նոր ժամանակների-կարդացած գլխի մեջ կան լցված բազում գաղափարներ, մտքեր, տեղեկություններ, նա մեր զարգացած հայ գրագետն է, նա մեր ամենագետն է, – ահա այդ պատճառով նա միշտ ավելի խելոք է երեևում, քան հարցազրույց տվողը: Մեր Պետրոսը հատկապես ընդգծված արհամարհանք ունի “հայ մտավորականի” հանդեպ, նրա ժամանակը ատլանտյան է, նա գիտի, թե արևմուտքից է երևալու մեր արևը: Եվ այդպես, մեր Պետրոսն ու հարցազրույց տվողը ճշմարտության աներևույթ բյուրեղից մի քանի ատոմ են պոկում, մեկ- մեկ էլ` մի քանի մոլեկուլ, դես են զարկում, դեն են զարկում, և հարցազրույցն ավարտվում է: Եվ որպես օրենք` նրանք երբեք երբեք չեն հասնում ճշմարտությանը, նրանք չեն տեսնում ճշմարտության բյուրեղի ուրվագծերը – ամեն նյութի դեպքում` այնքան ամբողջական ու անկրկնելի… Որովհետև Ճշմարտությանը հասնելու համար ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ՈՒ ՍԻՐՏ Է պետք, լիքը գլուխը այստեղ չի օգնի…


Մի ուրիշ օրինակ մեր հայկական տարածքից – “Շանթ”-ի Նվերը – ամեն բառը դնում է կշեռքի մի նժարին, մյուս նժարի վրա դնում է մի կիլոգրամանոց կշռաքար – և այդպես` մեկկիլոանոց բառերն հանում ու նվեր է տալիս – և այդ բառերով քայլում է լուրերի, հարցերի ու պատասխանների մակերեսի վրայով, և չի տեսնում ներքին պատճառները:

Եվ այդպես ծփում են հարցազրույցները – հարցազրույց են տալիս պետական և քաղաքական գործիչները, արվեստագետները, մարզիկները, բոլորը… Եվ բոլորը գոհ են, բոլորը երևացին աշխարհին… Իսկ ճշմարտությունը ամեն օր փախչում է մեր ձեռքից, մեր կյանքը – մեր ապրելակերպը, մեր մշակույթը, մեր կրթությունը ԿԱՐՈՏ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, ԽՆԱՄՔԻ… Բայց մենք չենք կարողանում նրանց օգնել: Նրանց մասին ճշմարտությունը փախչում է, ճշմարտությունը մի ուրիշ կարգի թռչուն է, նրան երբեք մենք չենք բռնում… Դրա համար էլ այս օրին ենք…

Ի՞նչ է կյանքը, ո՞րն է նրա նպատակը, ո՞րն է նրա պահպանման ուղիները, ի՞նչ է մշակույթը, ի՞նչ է ապրելակերպը, ի՞նչ է հացն ու ջուրը, ի՞նչն է պետության հիմքն ու ուժը…. Այս կենսական հարցերին հարցազրույցները չեն պատասխանում: Ճշմարտությունը փախչում է մեր ձեռքից… Ճշմարտությունը փաստ չէ, տեղեկություն չէ, ինֆորմացիա չէ, չափանիշ չէ – Ճշմարտությունը արարչական վիբրացիա է, աշխարհայացք, որ կարող է ԲԱՌ ու ԿԵՐՊ հագնել, ԳԻՏԵԼԻՔ կոչվել – Ճշմարտությունն ապրում է գիտակցության բարձր ոլորտներում, որը տեսնելու , լսելու, նրա մասին պատմելու համար …հարցազրույց և վեճ պետք չէ: Այլ մի ուրիշ բան… ՈՒՐԻՇ ԲԱՆ…

Բարի գիշեր:

Հեղինակ
14.01.2009, 23:16
2009թ. հունվարի 14-ը ավարտվում է:

Արևմուտքը … Ցյուրիխի գիտնականների մի խումբ միկրոռոբոտ է ստեղծել – շատ փոքր` աչքին անտեսանելի… Ջրի կաթիլի հետ այդ ռոբոտը կաթեցնում են աչքի մեջ, ռոբոտը մտնում է փոքր երակի մեջ և շարժվում արյան հոսքով, կատարում ախտորոշիչ և բուժական գործողություններ: Իրապես, տեխնիկական հրաշք է: Եվ հանկարծ, պատկերացրե~ք, այս հրաշքը ստեղծողներին Արևելքի իմաստունն ասում է. գիտեք, կան նուրբ և անտեսանելի էներգիաներ, որոնք կառուցում են աչքը, վնասվածքների դեպքում վերականգում են նրա ամբողջականությունը, ապաքինում հիվանդությունները: Եվ բժշկության նպատակը պետք լինի` վերականգնել այդ էներգիաների հոսքը, և նրանք կբուժեն հիվանդ աչքը: Եվ ամեն օրգան ինքն իրեն կառուցող, վերականգնող, ապաքինող մի նուրբ, անտեսանելի “ռոբոտ”-ծրագիր ունի, ընդ որում այդ “ռոբոտը” օժտված է… գիտակցությամբ: Ցյուրիխցի գիտնականը կլսի Արևելքի իմաստունին, քմծիծաղ կտա ու կգնա… ավելի փոքր ռոբոտ ստեղծելու:

Արևմուտքն, իհարկե, շատ պաշտելի բաներ ունի – կարգ ու կանոն, օրինապահություն, աշխատասիրություն, աշխատանքի կազմակերպվածություն, առողջ պրագմատիզմ… Եվ նոր ոտքի կանգնող պետությունները փարում են Արևմուտքին` այս բարիքները ստանալու համար: Բայց եթե անկեղծ լինենք` գրավում է Արևմուտքի հարստությունը: Բայց թե ու՞ր է գնում Արևմուտքը, ի՞նչ ապրելակերպ, ի՞նչ կյանք է նա ստեղծել իր երեխայի համար, ի՞նչ է լինելու Արևմուտքի վերջը – այս հարցերը նոր պետություններին չեն հետաքրքրում… Արևմուտքի շռայլ փայլը կանչում է…

Կա նաև պաթոլոգիկ սեր Արևմուտքի նկատմամբ: Ուկրաինայի Յուշչենկոն – այս մարդը նախագահ է դարձել իր կնոջ ու նրա մերձավոր շրջապատի օգնությամբ – կինը ԿՎՀ-ի բարձրաստիճան գործակալ է – սա համընդհանուր հայտնի է: Այս Յուշչենկոն աշխատում է այնպես, ինչպես սովորական ազդեցության գործակալ – ամեն ինչ անել բոսսին դուր գալու համար - և ամենահեշտ ճանապարհը Ռուսաստանի հետ կռիվ սարքելն է: Ահա այսպիսի սեր Արևմուտքի, հատկապես` Ամերիկայի նկատմամբ:

Արևմուտքը … Նա իր գործին է – մշակում է եվրոպական և միջազգային չափանիշներ` ամեն ինչի համար – դուռը, լուսամուտը, սննդի կալորաժը, մարդու իրավունքները, դատը, դատաստանը… Մի օր էլ գլուխը կբարձրացնի Արևմուտքը և կտեսնի, որ իր սարքած աշխարհը քանդվում է: Եվ այն պատճառով, որ իր մշակած չափանիշների մեջ չկան էթիկան, սերը և կարեկցանքը:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.01.2009, 23:11
2009թ. հունվարի 15-ը ավարտվում է:

Ընթերցողս, այսօր մեր Արարիչը ինձ խուտուտ է տալիս, թե… իր մասին գրեմ: Գիտեք, դե պատասխանատու բան է Աստծո մասին գրելը… Մանավանդ, որ նրա անունը ահ ու վախ է ներշրչում, չէ՞ որ նա է մեր մեղքերի հաշվողը և մանավանդ` պատժողը:

Բայց վախենալով բան չի ստացվի, ավելի լավ է գրեմ:

Զարմացած եմ մնացել, – հետո իմացել եմ, որ աշխարհում շատ-շատերն են զարմացած – ի՞նչ կնշանակի Աստծո ընտրյալ ժողովուրդ: Սիրելի Արարիչ, ստացվում է, որ մի ժողովուրդ քո սիրելին է, նրան դու տալիս ես բոլոր բարիքները, նրա առաջ բացում ես բոլոր դռները… Իսկ մնացածնե՞րը. նրանց համար արդեն մտածում ես` սրան այսքան կտամ, սրան` այսքան… Եթե խնդրին մոտենանք զուտ ծնողական զգացմունքի տեսակետից, ապա, սերելի Արարիչ, այստեղ դու զիջում ես ուզած շարքային ծնողի: Ծնողը իր զավակներին գրեթե միշտ հավասար է սիրում: Իսկ ստացվում է, որ Դու մի ժողովրդի ավելի ես սիրում, քան մնացածներին… Չեղա~վ, չեղա~վ, ո~վ Արարիչ, դա քեզ պատիվ չի բերում…

Ափսո~ս, Աստվածաշունչը ձեռքիս չէ, թե չէ մի քանի բան կնայեի, մի քանի մեջբերում կանեի… Սիրելի Արարիչ, Ս. Գրքում քո անունը Եհովա է – թող Եհովա լինի, ուրիշ գրքերում քո անունը Կրիշնա է, Օզիրիս, Վիշնու, Շիվա, Բրահման… Կարևորը անունը, չէ այլ բովանդակությունը: Ս. Գրքում նկարագրված Արարիչը շատ զայրացած է, շատ անգամ` վրեժխնդիր, հրաման է տալիս` իրեն չլսողներին փշրել, սպանել… Ս. Գրքի էջերից ամենուր լսվում է Քո զայրացած, վրիժառու ձայնը… Արարի~չ, Դու իսկապե՞ս այդպիսին ես, թե Քո մասին այդպես պատմել են այս կամ այն մարգարեները…

Սիրելի Արարիչ, հատկապես սիրտս չի համաձայնում, թե ինչպես են խոսում Քո պաշտոնյաներն ու Եկեղեցիները կնոջ մասին: Սկսած մեղավոր Եվայից, որ կերավ խնձորը: Դե~, Ադամն էլ էր մեղավոր, որ ճանաչեց իրեն ու Եվային, և սկսվեց նրանց մեղսալի սերը… Սիրելի Արարիչ, եթե ես Ադամի տեղը լինեի` հաստատ նրա հետ կուտեի խնձորը… Աչքս կբացվեր, կտեսնեի Եվայի չքնաղ ձևերը և կվայելեի նրա գեղեցկությունը: Դու հո դեմ չե՞ս, որ ես` Քո զավակը, երջանիկ լինեմ: Իսկ ես երջանիկ եմ միայն իմ Եվային սիրելով:

Եվ վերջին զարմանքս. Հիսուս Քրիստոսը Քո Միածին Որդին է…, իսկ մնացած ժողովուրդների Աստվածնե՞րը, իսկ մնացած մարդի՞կ: Նրանք քո Որդին չե՞ն: Օրինակ, Կոմիտաս փողոցով քայլող մի տղա , անունը` Արա – քո որդի՞ն չէ, և նրա հետ քայլող մի չքնաղ աղջիկ, անունը Նվարդ, քո աղջիկը չէ՞: Իսկ ի՞նչ է նշանակում Միածին – անարատ բեղմանավորումից ծնվա՞ծ… Ռուսերեն ավելի արտահայտիչ է` непорочное зачатие. Իսկ սովորական բեղմնավորումը արատավո՞ր է, մարդը արատի ծնու՞նդ է: Չէ~, ինչ որ բան այստեղ սխալ է…

Սիրելի Արարիչ, վերևում նկարագրված Քո վերսիան հնացած է… Քո Առավել Ամբողջական Վերսիան թակում է մեր սրտի դռները, որ ներս մտնի… Ես բացում եմ Դուռը Քո Առջև… Եվ հիմա, երբ Դու կարդացիր այս տողերը – Դու ամենուր ես, Դու նաև ինտերնետում ես – գիտես, թե ինչու դրանք գրեցի… Դու իրականում հաստատ Ուրի~շ ես, դու իրականում հաստատ Կատարյա~լ ես…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.01.2009, 23:35
Այսօրս` 2009թ. հունվարի 16-ը ավարտվում է:

Երեկ էր… Արդեն “Այսօրս” էի գրում, աչքս հեռուստացույցին էր, և պատահաբար … Կենտրոնի լրատվականն էր, մեկնաբանում էին ռուս-ուկրաինական գազային ճգնաժամը: Երևի լսած կլինեք – մի մարդ կա` Աղասի Ենոքյան, իրեն քաղաքագետ է կոչում… ՀՀՇ-ի մարդկանցից է… Եվ ինչպես է սա մեկնաբանում ռուս-ուկրաինական ճգնաժամը – ակնարկում է, թե իբր ճգնաժամը Ռուսաստանի խնդիրն է դնում` որպես էներգիայի ոչ վստահելի մատակարարի, – հետո էլ նրբորեն դիտարկում է, թե Հայաստանը Իրանից կարող է գազ ստանալ. դե~, Ռուսաստանն է, մեկ էլ տեսա~ր…

Ա~յ Աղասի Ենոքյան կոչեցյալ, ախր արևմտասիրությունը և նարնջագունությունը պետք է չափ ունենան… Ռուսաստանը էդ ճգնաժամում ի՞նչ դեր ունի – պարզ չէ՞, որ այն սանձազերծել է Ուկրաինան` ԱՄՆ–ի դրդմամբ` Ռուսաստանի և “Գազպրոմ”-ի հաղթարշավը Եվրոպայում կասեցնելու համար: Պարզ չէ՞, որ Յուշչենկոն ամեն ինչ անում է իր արևմտյան բոսսերի աչքը մտնելու համար: Իսկ Ռուսաստանը Հայաստանի էներգետիկայի խնդրում ի՞նչ բացասական դեր ունի – գազի մատակարարումը հստակ համագործակցության հիմք ունի, ատոմային էներգետիկան և նոր ատոմակայանի կառուցումը կապված են Ռուսաստանի հետ: Հասկացա~նք, Աղասի Ենոքյան, հավանաբար` արևմտյան գրանտակեր ես, նարնջասեր ես, ՀՀՇ-ական ես, Ռուսաստանի մշտական փնովողն ես, ԱՄՆ–ի դրոշն էլ տեսնելիս` ծնկներդ հաճույքից դողում են, բայց ամեն ինչ սահման պետք է ունենա…

Հա~, ասացի, որ էս մեկնաբանությունը գնում էր “Կենտրոն”-ի լրատվականով: Այստեղ մեթրը մեր թունդ արևմտամետ Պետրոս Ղազարյանն է, “Կենտրոն”-ի տերն էլ “Բարգավաճն” է, “Բարգավաճ”-ից` Աժ փոխխոսնակն էլ` Արևիկ Պետրոսյանն է, որն ասում էր. Հայաստանը այլընտրանք չունի, քան անդամակցել ՆԱՏՕ-ին:

Չէ~, մենք գործ ունենք մի ամբողջական քաղաքական ու լրատվական համակարգի հետ, որը վերջին մեկ-երկու տասնամյակում սնվել է արևմտյան գաղափարներով ու փողերով, այդ թվում` վարկերով ու գրանտներով: Այս համակարգը ծնում է կեղծ մշակույթ. ո՞վ է Հայաստանի հոգևոր-մշակութային տերը, կարո՞ղ եք ասել. մեր հումանիտար թեքման կառավարությու՞նը, մեր մատաղահոտ Եկեղեցի՞ն – չէ~, այդ տերը Հանրային հեռուստատեսությունն է, այս ժողովրդի ուղեղը լվացողը և դեգեներացնողը: Ալիկ Հարությունյանը հակամշակութային կոմբինատ է ստեղծել, մի հատ էլ ինկուբատոր է բացել և “աստղերի” արտադրանք է տալիս… Եվ գիտե՞ք, թե ո~վ է Ալիկ Հարությունյանի արտադրության բարեբանողը – հայ նոր Շարժման հեղափոխական բոցավառ տրիբուն` “Հայկական ժամանակ” թերթը - նրա բոլոր մշակութային անդրադարձները նվիրված են Հանրայինի կայծոռիկ-“աստղերին”… Եվ այստեղ շրջանը փակվում է – նույն ճաշը, նույն քաղաքական համակարգը, նույն աշխարհայացքը, նույն մարդիկ, որոնք իբր հակամարտ դերեր են ստանձնել և միայն ճաշաբաժինների համար կռիվ են տալիս…

Ընթերցողս, գիտեմ, որ այս տողերի կարդացողների զգալի մասը երկրի համար ցավող մարդիկ են, որ փոփոխության են ձգտում… Եթե այս տողերի մեջ ինչ-որ բան քեզ ցավ է պատճառում, մի վհատի~ր… Քանզի որևէ Շարժում նախ պետք է հենվի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ վրա, իրականանա ՈԳՈՒ մեջ և ապա միայն նա կարող է հաջողության հասնել ՖԻԶԻԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ… Առանց ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ` ժողովրդական շարժումները շատ տխուր ավարտ են ունենում… Ընթերցողս, փնտրիր և գտիր ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, և այն ժամանակ դու կկարողանաս ՇԱՐԺԵԼ, ԱՐԹՆԱՑՆԵԼ ինքդ քեզ և աշխարհը…

Բարի գիշեր :

Հեղինակ
17.01.2009, 23:15
Այսօրս` 2009թ. հունվարի 17-ը ավարտվում է:


Հայերի ժամանակը

Նայում էինք Էմիր Կուստուրիցայի “Գնչուների ժամանակը”: Գեղագետը չի վախեցել` բացել է մի ժողովրդի ծալքերը – որքան տիղմ, որքան ցավ, որքան արցունք… Միայն Սերը կարող է տալ այդպիսի արիություն: Բացել կեցության շերտերը, բացել ախտերը… Որպեսզի երբևէ ապաքինվել… Հոր հանգած աչքերին ժողովրդի սովորությամբ դրվում է երկու ոսկեդրամ… և նրա զավակը – արդեն գող, արդեն գնչու – ջարդում է լուսամուտը և հոր աչքերի վրայից թռցնում է ոսկիները… Այդպիսին է գնչուների ժամանակը: Տխուր ախտորոշում…

Ո՞վ է քննելու հայերի ժամանակը… Վերջինը Ծմակուտի Հրանտն էր, որ երգում էր հայ գեղջուկների ժամանակը: Նրա հերոսները մարդ էին, նրանք հայրենիք ունեին: Նրանք գրեթե աստվածներ էին… Բայց այդ ժամանակը փլվեց, ՀԱՅԻ մեջ արդեն ցեց է մտել… Հիմա ո՞վ է երգելու ԱՅՍ հայերի ժամանակը:

“Ինչպես լաց չլինեմ, երբ հոգիս է ցավում”, – գնչու կնոջ խոսքերը կարող են կրկնել հայ հազարավոր կանայք – պանդխտություն, ընտանիքների տարանջատում, կարոտ, արցունք… Փոթորիկ է անցել – մի ժողովուրդ, որ կարծես ամբողջացել էր` փշրվեց ու նորից ցրվեց … Ո՞վ է երգելու այդ ցավը, ո՞վ է քննելու այդ ժամանակը:

Ժողովրդին ազգ են դարձնում, մարդ են դարձնում նրա բանաստեղծները… Այդ ժամին ի՞նչ ասում ժողովրդի հոգին – բանաստեղծը խոսում է իր Սրտի – նույն է թե` Արարչի հետ, բայց նրա ձայնի նրբերանգը տալիս է ժողովրդի հոգին… Ժողովուրդը լսում է իր զավակի երգը և մարդանում է: Բայց այս ի՞նչ է եղել – ծնվում է բանաստեղծի խոսքը, բայց այդ արաչական ծնունդը նույն պահին ծածկվում է սոցիումի փոշիով և գռեհիկ մեկնությամբ: Որտե՞ղ են բանաստեղծները, ե՞րբ է գալու նրանց ժամանակը…

Տղան ասում է աղջկան` “Սիրի~ր ինձ, ինչպես քո աչքերը”: Գնչուն այդպես է ասում, և հայն էլ այդպես կասի… Եվ երբ Տղամարդու և Կնոջ դաշինքը կհաստատվի – – այս Դաշինքով է սկսվելու որևէ Նոր Կյանք – ՀԱՅԸ իր ենթագիտակցության մեջ կվանի, կհեռացնի բոլոր գծուծ պատկերները և անկումները, վախերն ու հաշվարկները, կեղտոտ շահերը և հաշմանդամ բառերը, կեղծ երգերը և կեղծ գրականությունը, բոլոր կուսակցությունները և թայֆաները, կեղծ աստվածները և ծանր հագուստները… Այս ամենը կվանի, կհեռացնի, կթաքցնի ենթագիտակցության մութ հորի մեջ...
Եվ գիտակցության մեջ, վերգիտակցության մեջ կշողացնի իր անեղծ լեզուն, իր երգն ու բանաստեղծությունը, կփայլեցնի իր լեռների արևը, կհոսեցնի կենաց աղբյուրները – որքա~ն հարստություն ապրելու համար…

Եվ այն ժամանակ, այն ժամանակ, այն ժամանակ ՄԻԱՅՆ կգա~ ՀԱՅԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ…

Բարի գիշեր:

Հեղինակ
18.01.2009, 23:07
Այսօրս` 2009թ. հունվարի 18-ը ավարտվում է:


Եվ նորից` Հայերի ժամանակը

Երեկվա “Այսօրս” կարդացել էր մեր Philosopher-ը – անողոք ընթերցողս, և հարց է տալիս – հա՞, այդքան մոտ է հայերի ժամանակը, հայ տղամարդն ու կինը արդեն դաշինք են կնքելու՞: Նա գիտի, որ ես թռել եմ մի հսկա անդունդի վրայով – հենց այնպես, ձեռքի հետ թռել եմ և նկարագրել եմ, թե գալու է հայերի ժամանակը: Բայց դրա համար մի ժողովուրդ – գոնե նրա երկու-երեք տոկոսը, պետք է թռնի անգիտության անդունդի վրայով… Բայց այդպիսի քանակ դեռ չի երևում…

Երեկ գրել էի. “Երբ Տղամարդու և Կնոջ միջև դաշինք կհաստատվի – այս Դաշինքով է սկսվում որևէ Նոր Կյանք”, բայց այս դաշինքին հասնելու համար մի ազգ պետք է վերակրթվի, վերաձևվի, վերամարդավորվի - ՄԱՐԴ ԴԱՌՆԱ, բայց ու~ր է … Այսօր հարսանիք տեսա, հարսն ու փեսան “Համմեր”-ի մեջ էին, – մեր մշակույթը ջիփանում է, գնչուանում է, մեր կանացի սկիզբը ապրանքանում է, մեր հարսանիքը "համմեր"-անում է, մեր գլուխը հիմարանում է, մեր շունչը կտրվում է… Լա~վ դաշնագիր կկնքվի Տղամարդու և Կնոջ միջև` ջիփի սալոնում:

Բայց, ի վերջո, ե՞րբ է գալու հայերի ժամանակը… Այս երկրում երևի մի քանի մարդ կան, որ երևի գիտեն այս հարցի պատասխանը: Ներեցե~ք, ասենք` ես դրանցից մեկն եմ… Բայց դու, ընթերցո~ղս, վաղը չես վազելու մոտս, որ իմանաս, թե ինչպե՞ս է գալու հայերի ժամանակը: Ընթերցողս, չես գալու, որովհետև քո գիտակցությունն էլ է… ավաղ, ջիփավորված – դու առայժմ ճշմարտություն չես փնտրում, դու գնում ես զանգվածի հետ, սկզբի համար` մեքենաների մի շարասյուն է պետք, առջևը մի սպիտակ գոմշաճակատ մեքենա, որ դու ուժ զգաս, որ նրա մասը դառնաս… Չէ, այսպես չի~ գա հայերի ժամանակը …

Բայց ե՞րբ է գալու հայերի ժամանակը – պատասխանը մի բարձր լեռան գագաթին է: Եվ այդ լեռը նյութական չէ~ - Գիտակցության Լեռը: Ոչ մի շարասյունով, ոչ մի 100-հազարանոց ցույցով այնտեղ չես հասնի: Ընթերցողս, դու~, դու~, դու~, հենց դու պետքէ է ելնես այդ գագաթը: Պատասխանատվությունից թաքնվել հնարավոր չէ, չես կարող ասել` Ժողովուրդ կա, Շարժում կա, կհասնեն` ես էլ նրանց հետ կլինեմ – սա ինքնախաբեություն է… Երբ մենա~կ, մենա~կ, մենա~կ, հենց դու~ կհասնես գագաթին, մի ԲԱՆ ԻՆՔԴ ԿՀԱՍԿԱՆԱՍ` առանց ուղեղ լվացող ճառերի, մի պտղունց Ճշմարտություն ձեռք կգցես – ՔՈ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ – ահա այդ պահն ուրի~շ է:

Այդպես է գալու հայերի ժամանակը: Միայն այդպես:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.01.2009, 23:58
Այսօրս` 2009թ. հունվարի 19-ը ավարտվում է:


Եվ մի անգամ էլ` Հայերի ժամանակը

Չէ~, ՀԱՅԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ չի թողնում ինձ… Ամբողջ օրը մտմտում էի` ինչի՞ց կարող է սկսվել, ի՞նչ քայլով – հայերի ժամանակը:

Ամեն մարդ մտածում է` պետք է փոխել աշխարհը… Եվ սկսում է փոխել, ինչքան խելքը կտրում է: “Փոխում”-պրծնում է, նայում է, թե ինչ է ստացվել – տեսնում է` կամ բան չի ստացվել, կամ ավելի է վատացել… Եվ ամենակարևորը` ԻՆՔԸ ՆՈՒՅՆՆ Է ՄՆԱՑԵԼ… Այստեղ է բոլոր հեղափոխությունների գաղտնի ողբերգությունը…

ԿՅԱՆՔԸ հարց է տալիս. – Ո՞վ ես դու, որ ուզում ես փոխել աշխարհը: Այս հարցի մեջ կշտամբանք չկա – Կյանքը չի նվաստացնում քեզ, այլ ուղղակի հիշեցնում է, որ աշխարհը փոխելուց առաջ – Դու պետք է ճանաչես և փոխես նախ ինքդ Քեզ: Ահա այսպիսի մի մանրուք ընդամենը…

Հիմա, ընթերցողս, քեզ հետ և առանձին-առանձին տվայտում ենք – ե՞րբ կգա հայերի ժամանակը: Անկեղծ ասած` ես մի ելք եմ տեսնում, որ ամեն հայ մարդ ճանաչի ինքն իրեն` ով է ինքը, գիտակցի ինքն-իրեն, իր գոյությունը: Եվ դառնա ՄԱՐԴ:

Այս օրերին մի հրաշալի աղբյուր կա ձեռքիս, այդ գրքում առաջարվում է մի պարզ, մատչելի տեխնիկա – նայում ես ինքդ քեզ հայելու մեջ, խորը ներշնչում ես և երեք անգամ հարցնում` Ո~վ ես… և այդպես օրը մի քանի անգամ, մեկ ամսվա ընթացքում:
Եվ մի օր ասում ես, – Ես ՄԱՐԴ եմ ու ունեմ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Եվ եթե ունեմ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ապա աշխարհում չկա մեկը, որի խոսքն ու մտքերը ընդունեմ հալած յուղի տեղ, քանի դրանք իմ Սիրտը չի ապրել` որպես սեփական կենսափորձ և իմ Գիտակցությունը չի ընդունել:

Եվ մի օր ասում եմ` ես ՀԱՅ եմ - և եթե հայ եմ, ապա իմ լեզուն սա է – միակը , գեղեցիկը, մաքուրը. իմ ԼԵԶՈՒՆ – իմ էությունը: Իմ երգը սա է – մաքուրը, գեղեցիկը , արդարը, ջերմը, բյուրեղյան. իմ ԵՐԳԸ – իմ էությունը: Սա իմ պարն է – հպարտը, արին, հերոսականը. Իմ ՊԱՐԸ – իմ էությունը: Եվ վերջապես, ես հայ եմ ու սա է իմ Արդարությունը: ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ – իմ էությունը:

Եվ մի օր ասում եմ – ես Արարիչ եմ, ես նրա նման եմ, նրա մասն եմ, նրա պես ստեղծող եմ, ես լեզու ունեմ, ես ԲԱՆ ունեմ ասելու և անելու: Ես ստեղծագործող եմ: ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – իմ էությունը:

Ահա, ուրեմն, ընթերցողս, այսպիսի ինքնաճանաչումով մարդը կարող է Մարդանալ և գիտակցել իր ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: Եվ այս ամենը կարող է սկսվել մի հասարակ ջանքից – ամեն օր հարցնել` ո~վ եմ Ես, ո~վ եմ Ես…


Ինքնաճանաչումով կարող է գալ հայերի ժամանակը… Սկսել Ինքնաճանաչման և Ինքնակերտման Շարժում… Որպեսզի գա ՄԱՐԴԿԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԸ… Եվ նրանց մեջ` ՀԱՅԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.01.2009, 23:14
Այսօրս` 2009թ. հունվարի 20-ը ավարտվում է:


Մարդկանց ժամանակը

Ընթերցողս, ե՞րբ է գալու մարդկանց ժամանակը: Որ մենք ապրենք ներդաշնակ, խաղաղ ու ստեղծագործ կյանքով: Ե՞րբ է գալու այդ ժամանակը: Այս հարցն էր սրտիս մեջ, բայց այս օրը մի հայտնի իրադարձությամբ էր նշանավորված...

Այսօր պաշտոնից հեռացավ նեղճակատ նախագահը: Եվ հեռանալով` ի~նչ է ասում. “Ես ընտանի մարդ եմ, Լորան ինչպես կասի, այնպես էլ կապրեմ”: Հա՞, ընտանի մարդ, Լորային հարցրել էի՞ր, երբ ոչնչացնում էիր Բաղդադի աշխարհահռչակ թանգարանը, քանդում էիր Աֆղանստանի լեռները, վառում էիր Կոսովոյի տաճարները: Չէ~, նեղճակատ նախագահ, դու ընտանի չես – վայրենի ես... Հեռացի~ր: Որ գա մարդկանց ժամանակը:

Բարաք Հուսեյն Օբամա: “Բարաք” – նշանակում է օրհնություն, благословение, – հիշում եք` մեր բարբառներում կա “բարաքյաթ” բառը: Երևի նույն արմատն է: Սա ճակատագրի խաղն է – արհեստական թշնամանքը քրիստոնյա և իսլամ կրոնների միջև, արհեստական ահը մուսուլման աշխարհի նկատմամբ, թշնամությունը ռասաների և կրոնների միջև ընդհանրապես` ծնեցին իրենց ճակատագրական հետևանքը` մուսուլման աֆրկացու որդին այսօր ձեռքը դրեց Աստվածաշնչի վրա և երդվեց` որպես Ամերիկայի նախագահ: Գուցե դա օգնի, որ գա մարդկանց ժամանակը...

“Մեր դպրոցները քչերին կարող են սովորեցնել”, – ասում է ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման – այն երկրի նախագահը, որի տնտեսությունը ամենահզորն է, որի կրթական համակարգը ուխատատեղի է դարձել նոր զարգացող երկրների համար: Լսեցի՞ք, այդ երկրի դպրոցները քչերին կարող են բան սովորեցնել: Ուրեմն պետք է ստեղծել Նոր Կրթություն: Որ գա մարդկանց ժամանակը...

“Վերակերտել Ամերիկան”, – ասում է Բարաք Հուսեյն Օբաման: Այո~, ՎԵՐԱԿԵՐՏԵԼ, որովեհետև ԱՅՍ ԱՄԵՐԻԿԱՆ արդեն սխալ երկիր է` մինչև իր հիմքերը.... Եվ նույն ակնթարթին գանք Հայաստան: ՎԵՐԱԿԵՐՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Լսեցի՞ք: Առիթն է և նորից պետք է ասել` ոչ թե և ոչ միայն իշխանություն փոխել, մարդ փոխել, չգիտեմ` էլ ի~նչ փոխել... ԱՅԼ` ՎԵՐԱԿԵՐՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Կառուցել մի նոր երկիր, ստեղծել նոր էթիկա, կերտել նոր մշակույթ...

Ծա՞նր է, ընթերցողս, իսկ դու կարծու~մ էիր... Բայց միայն այդպես կարող է գալ մարդկանց ժամանակը:

Բարի գիշեր:

Հեղինակ
21.01.2009, 23:41
Այսօրս` 2009թ. հունվարի 21-ը ավարտվում է:


Նորից մարդկանց ժամանակը,
կամ
Ի՞նչ ասացիր, Բարաք Հուսեյն Օբամա…

Այո~, մեր կյանքը կարիք ունի նորոգման… Մենք բոլորս ուզում ենք Մարդ լինել: Այժմ մարդկանց ժամանակը չէ, այլ մարդանմանների ժամանակը – ամենուր կյանքը եղծված է: ՄԱՐԴԸ անկյուն է քշված… Բայց մենք ուզում ենք, որ գա մարդկանց ժամանակը:

Երեկ մոլորակը էյֆորիայի մեջ էր, գերտերության նախագահ դարձավ ՄԱՐԴՈՒ էթիկական գծեր ունեցող աֆրոամերիկացին, – նա և իր զգաստ կինը համակրանք են ներշնչում… Նա մշակութային արմատ և հայրենիք ունի - Քենիան - որքան էլ այն հեռավոր ու անիրական լինի: Քենիացի կանանց պարերի ռիթմերի քաղցրությունը, շարժումների նրբագեղությունը կհասնեն նրա սրտին, նա չի կարող քնել, ինչպես իր անմշակույթ, գրեթե դեգեներացված նախորդը: Եվ իհարկե, մոլորակի վրա ամեն մարդ ենթագիտակցորեն հույս ունի` գուցե այս փոփոխությունը մոտեցնի մարդկանց ժամանակը:

Անկեղծ լինեմ – Բարաք Հուսեյն Օբամայի ինաուգուրացիոն խոսքը զուտ ամերիկյան երևույթ էր, – թեկուզ նրա մեջ կային արդեն անհանգստության նշաններ` իր բովանդակությամբ նա նոր ապագայի ու վերածնության խոսք չէր դեռևս… Քանզի ուսուցիչների մեջ են Բժիզինսկին, Մադլեն Օլբրայթը, Քլինթոնները…

“Մենք ներողություն չենք խնդրելու մեր ապրելակերպի համար”, – ասաց Բարաք Հուսեյն Օբաման: Սա ողբերգական հայտարարություն է: Ամերիկյան ապրելակերպը, որը տարածվում է ամբողջ աշխարհում, հիվանդ է և հիվանդածին է, բայց ամերիկացու մոտ, նաև նորընտիր նախագահի, չկա դրա գիտակցությունը: Ամերիկյան ապրելակերպի հիմնական գիծը ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է, – եթե աշխարհի մարդիկ որոշեն ապրել այնպես, ինչպես ամերիկացիները – վառել նույնքան բենզին, ուտել և թափել նույնքան սնունդ, ունենալ նույնքան բնակտարածք և մեքենա, ծախսել նույնքան էլետրաէներգիա, այնքան փող վճարել բժշկության համար և այլն, ապա դրա համար անհրաժեշտ կլինի 5-6 Երկիր մոլորակ… Եվ հպարտանա՞լ այդ ապրելակերպով… Եվ ներողություն չխնդրե՞լ այդ ապրելակերպի համար…

Չէ~, կարծում եմ, Բարաք Հուսեյն Օբաման այդ ողբերգական հայտարարությունը արել է իներցիայով: Նա արդեն ներողություն է խնդրում, երբ պատրաստվում է Իրաքը հանձնել իրաքցիներին, Աֆղանստանում խաղաղություն հաստատել, փակում է Գուանտանամոն: Եվ մի օր էլ գուցե իմանա, որ ամերիկյան ապրելակերպը` սնունդը, զանգվածային մշակույթը, բժշկությունը, մյուս տարրերը հիվանդածին են, կլանում են մոլորակի ռեսուրսները և պետք է առողջացվեն: Եվ Ամերիկան ներողություն պետք է խնդրի` իր հիվանդ ապրելակերպը աշխարհում տարածելու համար:

Բարի գիշեր:

Հեղինակ
22.01.2009, 23:55
Այսօրս` 2009թ. հունվարի 22-ը ավարտվում է:


Էս ձմռան մեջ գարուն կա…

Հունվարի վերջերն է, բայց ով քայլում է Երևանի փողոցներով, կհաստատի ասածս` էս ձմռան մեջ գարուն կա… Թե Երկարագունդն է ավելի արագ պտտվել, մարտ ամիս է հասել` չենք իմացել, թե հողի տակից տաքություն է ելնում… Արևկող տեղերում ձյունը հալվում է, աղջիկները մազերն արևին են տվել, ինչ որ տեղ` Երևանից դուրս - նախալեռներում, մի տաքուկ թմբի տակ գուցե բացվում է ձնծաղիկը…

Իջա Կոմիտասով – Առողջագետիս առջև մի հանձնառություն ունեմ` գտնել “Նանե” հանդեսի անցյալ տարվա վերջին համարը – մի հոդված կա իր մասին: Լրագրողը վատ աղջիկ չէր, բայց նրա գրած նյութի վրա մի քանի ժամ խմբագրական քրտինք եմ թափել… բայց “Նանեի” 12-րդ համարը չկա ու չկա, վաճառվել է: Ընթերցողոս, թե մի տեղ կհանդիպես, լուր տուր - գնանք առնենք: Առողջագետս գրել է, որ մեր կյանքը ինչքան էլ ձմեռ լինի` մեջը գարուն կա…

Հա, “Նանեն” էի փնտրում` այս տարվա առաջին համարը ցույց տվեցին` Ռիմա Դեմիրճյանի մեծադիր լուսանկարով: Դեմիրճյան ընտանիքի նկատմամաբ, զուտ պատմականորեն վերցրած` զգացումներս խառն են… բայց վերջնական “ինտեգրալ” արդյունքը ջերմ է - հայր-Դեմիրճյանի կառավարման խորհրդային շրջանը էպոխա էր ` անկախ նույնիսկ իր անձից – խաղաղ ու պինդ մի ժողովուրդ էր կայանում… Տիկին Ռիմա Դեմիրճյանը հանդիսավոր կին է ու մայր - երբ ժողովուրդը ունի այդպիսի մայրեր` նրա ձմռան մեջ գարուն կա…

Մի նորություն ունեմ - մի նորությու~ն, ընթերցողս, որ լսես` ուրախությունից վեր կթռնես: Դե~, գիտեք իմ հրակեզ ու անմար սերը հայրենի հեռուստատեսությունների հանդեպ, - էդ “սիրուց” քիչ է մնում կորցնեմ բանականությունս, քանի~ անգամ եմ գրել “Այսօրերիս” մեջ - այնքան նողկալի է “հայկական հեռուստատեսություն” կոչվածը… Եվ պատկերացնու՞մ եք` մտավորականների մի մեծ խումբ ասպարեզ է ելել, “Տհաճ եթեր” մրցանակ է սահմանել - Ռուբեն Հախվերդյանը, Հովհաննես Չեքիջյանը, Վարդուհի Վարդերեսյանը և ուրիշներ - հավաքվել են և “քացու” տակ են գցել հայկական հեռուստաընկերությունները, - կարդացի, սիրտս հովացավ: Բա որ ասում էի` էս ձմռան մեջ գարուն կա~…

Էլ ի՞նչ գրեմ, ընթերցողս… Սիրտդ չկոտրեմ, բայց ասեմ, որ մեր երկրում ձմեռ է, շատ խորը ձմեռ, հայ հողը սառել է` ուղիղ մի մետր… Բայց այդ շերտից անդին, մեր սրտերի սրտւմ, մեր արյան շիթում, մեր էության մեջ - արև~ է, տա~ք է, մեր մշակույթի ձնծաղիկները ծաղկու~մ են… Քանի որ էս ձմռան մեջ գարու~ն կա…

Բարի գիշեր:

Հեղինակ
24.01.2009, 00:03
Այսօրս` 2009թ. հունվարի 23-ը ավարտվում է:

Էմիր Կուստուրիցայի “Գնչուների ժամանակը” – երեկ երեկոյան նայեցինք վերջին` 4-5-րդ մասերը: Հայ մարդիկ ենք – մեր հայրենիքում, բայց մեր սիրտը այդ խեղճ, թափառիկ ցեղի հետ էր, որի հոգին մի երգեցիկ եղեգ է և երգում է աշխարհի ու մարդու անկման վշտերը – մենք ապրում էինք հերոսների հետ, ապրում նրանց ուրախությունն ու արցունքը: Արվեստը բռնում է քո ձեռքից և այդ ազնիվ տիրակալին ենթակա` գնում ես մարդկանց ճակատագրերի հետևից – վերջին տասնամյակներում երևի այդքան ազդեցիկ, այդքան տիրական եղել է Չինգիզ Այթմատովի գրականությունը:

Ֆիլմի վերջին էպիզոդը ցնցող է. գլխավոր հերոսի` Պերխանի քեռին, նրա զոհվելուց հետո, գնում է մատուռ` աղոթելու իր զարմիկի հոգու համար… Փայտե խաչելությունը ընկած է կողքի, քեռին ուղղում է խաչելությունը, խնդրում, որ Պերխանի հոգին Հիսուսը տանի ամենաբարձր ու արժանի մի տեղ… Վերջում էլ ձեռի հետ մի խնդրանք է անում, թե` օգնի~ր, ճանախաղում շահեմ… Այստեղ Հիսուսը հույսը կտրում է մարդուց, և փայտե խաչելությունը շրխկալով նորից կողքի է ընկնում: Մարդը և իր հավատալիքը արժանի են իրար – մարդը և փայտե անարվեստ կտորի մեջ մտած աստվածը հավասարապես խղճալի են, նրանք չեն կարող նոր կյանք ստեղծել…

Ինչ էլ անեմ, ինչ արվեստի էլ հանդիպեմ – միշտ էլ դուք եք աչքիս առջև` հայ երկիր, հայ կյանք, հայ մարդ – դուք ի՞նչ գործի եք, դուք ի՞նչ եք ստեղծում… Մի քիչ առաջ էր` Առողջագետի հետ որոշեցինք “Որբեր” սերիալից մի կտոր նայել: Դժվար է անարվեստ բան նայելը… Ընդամենը մի քանի ֆրազ, ապա հնչում է “Չափդ ճանաչիր, քեզ եմ ասում….”,“Ձայնդ կտրի~ր…”: Այստեղ է սերիալների խեղճ գրավչությունը – ուղղակի, անարվեստ վավերականությունը կեղծ արվեստի զենքն է, նա գրավում է պրիմիտիվ հոգիներին, անմշակույթ զանգվածին և նրանցից ամբոխ է ստանում… Մշակութային որբության ժամանակը….

Բարի գիշեր:

Հեղինակ
24.01.2009, 23:24
Այսօրս` 2009թ. հունվարի 24-ը ավարտվում է:


Տղամարդու և կնոջ սերը

Դուք կարծում եք` ինչու՞ է շողում Արևը, ինչու՞ է շողում Լուսինը: Նրանք երկնակամար են ելնում, ամեն օր շրջան են անում, աշխատում և ամեն օր լույս են տալիս – միայն մի բանի համար – լուսավորելու Տղամարդու և Կնոջ սերը:

Երբ Արևը – կենդանի, եռքով` որպես Արև-Աստված, ամեն օր խաղում է, ամեն օր ծաղկում է, հպարտ իր գոյությամբ ու աստվածությամբ – և երջանիկ է – բայց եթե Արևի ականջին ասես` կուզենայի՞ր մի օրով տղամարդ լինել` ջերմությունդ 37 աստիճան, բայց սիրտդ – սիրո արև, և ինքդ` մարդ – փարել սիրելի գեղեցկուհուն, – ասա , կուզենայի՞ր – և Արև- Աստվածը կասեր` ուզու~մ եմ, ուզու~մ եմ տղամարդ լինել և իմանալ` ինչ է Տղամարդու և Կնոջ սերը…

Երբ Լուսինը, նվաղուն ու քնքույշ լույսով, սահում է մոլորակի վրայով, արթնացնում հուշեր ու հիշատակներ – և ներհուն է նրա փայլը և երջանիկ է նա իր գոյությամբ – բայց եթե մոտենաս ու Լուսնի ականջին ասես` կուզենայի՞ր մի օրով կին լինել – հողի տաքությամբ ու քնքշությամբ, և դողացող մարմնով փարեիր սիրելի տղամարդուն, և զգայիր արևային բույրը և տղամարդու սերը – և Լուսինը կասեր` ես ուզու~մ եմ, ուզու~մ եմ կին լինել և իմանալ, թե ինչ է Տղամարդու և Կնոջ սերը…

Ահա, թե ինչու~ են ապրում Արևն ու Լուսինը – նրանք սպասում են ու միլիարդ տարի սպասելու են, որ մի օր Տղամարդ ու Կին լինեն և իմանան, թե ինչ է Տղամարդու և Կնոջ սերը…

Եվ այդպես էլ շարժվում են բոլոր երկնային մարմինները, և այդպես էլ իր պտույտն է անում մեր Գալակտիկան` Ծիր Կաթինը, և այդպես ապրում է ողջ Տիեզերքը, և այդ աշխատանքը մի իմաստ ունի` լուսավորելու Տղամարդու և Կնոջ սերը…

Եվ մեր մոլորակը – մեր անուշ մոլորակը – նրա բույսերը սվսվում են, նրա թռչունները երգում են, նրա պտուղները հասնում են, նրա ծովերը խշշում են, անձրևները թափվում են, նրա ծաղիկները բացվում են… որպեսզի զարդարեն Տղամարդու և Կնոջ սերը:

Նայում էինք Վիտտորիո դե Սիկայի “Արևածաղիկներ” ֆիլմը - Տղամարդու և Կնոջ հավերջական սերը:

Բարի գիշեր:

Հեղինակ
25.01.2009, 23:16
Այսօրս` 2009թ. հունվարի 25-ը ավարտվում է:

Ընթերցողս, շատ համբերանք է պետք ժամանակակից հայ մտածողի լսելու համար – որքան ոլորապտույտ են մարդկային մտքի ճանապարհները: Էդմոնդ Ավետյան, – լսած կլինեք, մեր հին ազատական փաղանգից է, Զատիկյանի ժամանակներից, Սոլժինիցինի և Սախարովի պայքարող սերնդից, հետապնդվել է – մի խոսքով` հարգանքի արժանի կենսագրություն: Դասախոս է եղել, ուսանողներն են եղել Վանոն, Սերժ Սարգսյանը, Սուրեն Զոլյանը, Հենրիկ Էդոյանը… Գրել է “Մետաֆիզիկայի ներածություն” գիրքը, հիշատակում է Պլատոնին, Սոկրատեսին, Թալեսին, հնդկական “Մահաբհարատա” էպոսը: Վերջում լրագրողը այս չարչարված մտածողին հարց է տալիս, թե ի՞նչ է լինում մարդու հետ` մահանալուց հետո… Եվ ինչ է ասում էդմոնդ Ավետյանը – “Մյուդին ասում է, որ մեռնելուց հետո հոգին ապրում է… բայց ես նրա հետ համաձայն չեմ: Մնում է միայն մարդու հիշատակը, իսկ հոգին` ուղեղի ֆունկցիայի հետ մարում է…” Տեսնես, այս մետաֆիզիկը, այս փիլիսոփան, այս մտածողը ի՞նչ է վերցրել իր հիշատակած աղբյուրներից… Եվ էդ անտեր “մետաֆիզիկայի” մասին ի՞նչ է գրել: Սրանով է ավարտվում այս կյանքի էպոպեան, և ֆիլմն էլ ավարտվում է… Ահա այսպիսի տխուր հայ մտածողություն…

Ընթերցողս, շատ համբերանք է պետք` ներկա հայ մշակութային, ավելի ճիշտ` հակամշակութային տարածքին նայելու համար: “Շանթով” մի մրցույթ է` “Թաքնված տաղանդ”: Ամբողջ երևույթը չեմ գնահատում – պատճենահանված է, այն էլ շատ թույլ, ռուսական նույնանուն հաղորդաշարից… Մի մանկական պարի համույթ էր, անունը` “Լամբադա” – աղջնակներ են` 11 – 13 տարեկան, սիրունիկ, անուշ, պայծառ երեխաներ… Պարում էին լատինամերիկյան պարեր. գիտեք, այս պարերը հասուն կանացի մարմնի համար են, լիքը կրքով ու շարժումներով: Բայց մանկական տարիքի համար – անհամապատասխան, սեքսուալ շարժումների մի ամբողջ կասկադ, վաղահաս կանացիություն – ջարդվում է հասունացող քնքշությունը, վնասվում են կենսաէներգետիկ կառույցները, մարդը փչացնում է Մայր Բնության գործը` կերտելու ապագա կնոջը և մորը… Մշակութային հանցանք, տգիտություն… Եվ բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, ժյուրիի անդամը – մեր “հայհոյական լիրիկայի” այս դեմքը, առաջին տեղը տվեց “Լամբադա” խմբին… Ծանր է, շատ ծանր է այս իրականությանը նայելը:

Այսօր “Երկու աստղ” շոուի նոր փուլի սկիզբն էր: Մի մասնակիցներին նայեի~ք, մի ժյուրիին նայեի~ք… Այս պատմության մեջ մի հոգի կա, որի համար սիրտս ցավում է – գենետիկ պահուստի փչացման համար: Շուշան Պետրոսյանը: Եթե այս արտիստը լուրջ աշխատեր իր վրա, հայ երգի ու երգեցողության ընկալման խորացման ուղղությամբ, ապա լուրջ արդյունք կարող էր լինել: Բայց նա արդեն Հանրայինի պատանդն է, և արտիստի ճանապարհի դեգեներցիան մեր աչքի առջև է…

Ընթերցողս, չենք հանձնվելու այս տխուր իրականությանը… Այս օրերին սիրտս լիքն է ապագայով: Այդ ապագան ի՞նչ է պահանջում: Մեջբերում եմ մի պայծառ աշխատությունից. “Հրաժարվել հին ճանապարհներից, միֆերից, սովորություններից և շարժառիթներից”: Ուրեմն, հրաժարվենք կեղծիքների Հայաստանից: Փնտրենք ու գտնենք Նոր Հայաստանը: Մեր Սրտի մեջ…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.01.2009, 23:58
Այսօրս` 2009թ. հունվարի 26-ը ավարտվում է:

Ենթագիտակցությունը – հոգու մեջ պահում-պահպանվում են անցյալի բոլոր պատկերները. երջանկության ու վայելքի, անկման ու դժբախտության պահերը – և շատ հազվադեպ այդ խորքից ելնում, ցայտում է մի շող և լուսավորում է երջանկության մի տարածք – թվում է արդեն մոռացված… Եվ այսօր մի այդպիսի ապրում ունեի – գիշերվա մեջ այնքան խորը, այնքան իրական ծփում էր մեր կյանքի այդպիսի մի շրջան… Որքա~ն երջանիկ ենք եղել Սիրելուս հետ…

Երջանկության գիտակցումը – ԱՅԺՄ և ԱՅՍՏԵՂ – դժվար տրվող բարիք է, կարող ես իրականում երջանիկ լինել – իսկ ամենախոր իրականության մեջ ապերջանկություն չկա, – նաև ունենալ բարձրագույն բարիքներ, բայց չգիտակցել դրանց գոյությունը… Որովհետև չես տեսել ճոճանակի հակառակ բևեռը – կորստի ու ցավի բևեռը: Բայց եթե այս վերջին` դժվարին ու ծանր բարիքն էլ ես ունեցել, ապա ձեռք ես բերում կյանքի ամեն վայրկյանը, ամենաչնչին պահը որպես երջանկություն տեսնելու ունակությունը: Ուրեմն արթուն ես: Երջանկության թռչունը բռնում է միայն արթունը, և նա հեռու չէ – սեփական սրտում:

Գոյության երջանկությունը և պահի գեղեցկությունը – Սիրելուս հետ դժվարին ճանապարհ անցած` այժմ գնահատում ենք խաղաղության ու միասին լինելու ամեն վայրկյանը: Եվ չենք ուզում վատնել ժամանակը անիմաստ, անցողիկ բաների վրա: Երեկ նորից Առողջագետին համառ հրավիրում էին` հայտնի հեռուստատեսության ամենօրյա առավոտյան հաղորդմանը մասնակցել – շաբաթը հինգ օր: Առաջ լիներ` կվազեինք, “կլուսավորեինք” մեր դժբախտ հայրենիքը – բայց հիմա… Նաև մտնե~լ հայրենի հեռուստատեսությունների անմշակույթ ենթատեքստի մեջ… Հ1-ը, Հ2-ը, “Արմենիան” … դեռ հեռու է մշակութային հեռուստատեսություն դառնալու իրենց օրը: Շա~տ հեռու է:

Խաղաղ երեկո է: Դարչինով ու շաքարավազով լցոնված` խորոված խնձորը մեր սիրելի քաղցրավենիքն է: Անուշ հոտը բռնել է տունը: Սիրելուս դեմքին շողում է հոգնած ժպիտը: Օրն ավարտվում է …

Բարի գիշեր:

Հեղինակ
28.01.2009, 00:12
Այսօրս` 2009թ. հունվարի 27-ը ավարտվում է:

Մոսկվայի և Համայն Ռուսաստանի պատրիրաքի ընտրությունը… Զարմանալի պատկեր է ներկայացնում ժամանակակից քրիստոնյա եկեղեցին – շողում է ոսկեգույնը` շքեղ որմնանկարների մեջ, փայլում են թանկագին քարերը, ծալեծալ իջնում են ծանր, նրբակար զգեստները, իրար հետ մրցում են հագեցած գույները… Շատ ջրեր են հոսել 2000 տարում – Հիսուս Նազովրեցին` իր սպիտակ քաթանե շորը հագած – մինչև այսօրվա եկեղեցիների աշխարհիկ հարստությունը: Հավատը հագավ կրոնի ձևեր, առավ նրա հարստության ու հզորության ատրիբուտները … Բայց Հավատը շնչահեղձ էր լինում այդ հարստության մեջ: Հավատի բնակատեղին մարդկային սիրտն է, նա ապրում է որպես թրթիռ, զգացում, բերկրանք: Իսկ կրոնը կազմակերպություն է, փառք, իշխանություն, ինքնագոյության պայքար: Եվ այդպես, իրական հավատն ու կրոնը բաժանվեցին…

Ռուս ուղղափառությունը… Ռուս հոգևոր դասը իր դեմքին կրում է մարդկայնության և ոգեկանության բարձր կնիք – ուղղափառությունը սլավոնական դեմքերին տալիս այն մշակութային կերպը, որը հատուկ է ռուս մշակույթին: Չեմ համեմատում այժմյան հայ հոգևոր դասի հետ – շատ համեստ է հայ կրոնավորի կրթական ու հոգևոր մակարդակը, շատ նեղ է նրա աշխարհայումը: Թեկուզ հայ եկեղեցին ևս իր գրկում աճեցրել է գերազանց մշակութային գործիչներ:

Ինչքան էլ շքեղ լինի եկեղեցու արտաքին կերպը – լինի Ռուս ուղղափառ, Հայ առաքելական, Հռոմի կաթոլիկ, կամ Հունաց ուղղափառ – ինչքան էլ պինդ ու անսասան լինեն նրանց դոգմատները, եկեղեցիները այժմ չեն պատասխանում մարդկության առջև ծառացած հարցերին և չեն լուծում մոլորակային ճգնաժամի կնճիռները: Եկեղեցիական դոգմատները կարիք ունեն վերանայման: Լսած կլինեք, երբ մեր հոգևորականը քարոզի մեջ ասում է` “հավիտենական կյանքի արժանանալ…”, կարծես թե հավիտենական կյանքը պարգև է, որ տրվում է արժանավորներին, իսկ անարժանների~ն …

Սա դոգմայի անգիտությունն է: Եկեղեցիները ստիպված կլինեն վերանայել իրենց վերաբերմունքը Վերամարմնավորման Օրենքի նկատմամբ և ընդունել նրա ունիվերսալ բնույթը: Ամեն կյանք – այս ծաղկի կյանքը, այս ծառի կյանքը, այս մարդու կյանքը հավիտենական են, նրանք միայն կարող են փոխել ձևերը, և բոլոր կյանքերը, որպես Մեծ Կյանքի մասեր` շարունակվելու են իրենց էվոլյուցիոն շրջապտույտը …

Բարի գիշեր:

Հեղինակ
28.01.2009, 23:25
Այսօրս` 2009թ. հունվարի 28-ը ավարտվում է:


Կինը և կրոնը
կամ
Որտեղ է Մայրը


Քրիստոնեական Երրորդությունը – Հայրը, Որդին և Սուրբ Հոգին…Առողջ դատողությունը այստեղ հարց է դնում. Հայրը կա, Որդին կա, իսկ որտե՞ղ է Մայրը: Առանց կնոջ և կանացի սկզբի, ոչ մի Տիեզերք չի կարող կառուցվել և ոչինչ չի կարող ստեղծվել: Պարզ է, որ Սուրբ Հոգին հենց կանացի սկիզբն է – Մայր-ծնողը, Մխիթարիչը, Ամոքիչը… Սակայն քրիստոնեությունը ամոթխածաբար և վախվորած ` թաքցնում է Կնոջ և Մոր անունը:

Ինչպես Վերևում, այնպես էլ Ներքևում – այսպես է ասում Արևելքի իմաստությունը և թաքուն գիտելիքը… Իսկ Ներքևում հայրն է, մայրն է և որդին: Ուրեմն և Վերևում էլ նույնն է… Կանացի սկիզբը – Աշխարհի Մայրը, շողում է Արևելքի լեգենդներում: Եվ ասում են` շատ հազարամյակներ առաջ նա իր երեսը շրջել է մարդկությունից` վշտացած նրա անկման համար: Եվ այժմ` մեր մոլորակի համար այս դժվարին ժամին, Աշխարհի Մայրը իր երեսը դարձնում է դեպի մարդկությունը:

Զարմանալի պատկեր է ներկայացնում այժմյան մարդկությունը – նրա իշխանական խավերում հիմնականում տղամարդիկ են` մուգ կոստյումներ հագած, բացառությամբ Հյուսիսային Եվրոպայի, որտեղ կանայք են երևում… Բայց զարմանալին այն է, որ կրոնը բացառապես տղամարդկանց ձեռքին է: Դրա համար էլ համաշխարհային կրոնները այդքան անհաշտ են ու ագրեսիվ: Երբ որևէ տուն ես մտնում և այնտեղ մայրը չկա, ուրեմն` այնտեղ ոչինչ չկա, այնտեղ դատարկություն է, և տղամարդու ցուրտ քամին է միայն… Միայն կինն է որևէ տուն, որևէ կյանք, որևէ Տիեզերք ջերմացնում: Դրա համար, իրական հավատը կնոջ սրտի մեջ է, իսկ կրոնը և կրոնական իշխանությունը` տղմարդկանց ձեռքերում:

Ճշմարտությունը ոչնչանում է դոգմայի սառը գրկում: Երբ կրոնավորն ասում է` Սուրբ Հոգի, ասում է հարյուր անգամ, այս ասածը մնում է որպես մի քարացած, հեռավոր հասկացություն: Բայց նայե~ք Մայր Բնությանը, նայե~ք փայլող աստղերին, նայե~ք Արուսյակը, որը որպես աստղ շողում է առավոտյան երկնքում, նայե~ք մանկանը` բարուրի մեջ, ծաղիկը` թփի վրա – սրանց բոլորի մայրը Տիեզերքի մայրն է – Մայր Աստվածուհին, Տիեզերքի վսեմ ու պաշտելի Տիրուհին:

Հարգելի կրոններ – քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, հինդուիզմ և այլն – բացե~ք ձեր դոգմայի քարե դռները … Գալիս է Տիեզերքի Մայրը` զմրուխտե թագով, ոսկեկար հրեղեն շորերով, անհուն գթությամբ ու կարեկցանքով: Իսկ դուք – մարդիկ, որտե՞ղ կարող եք տեսնել Նրան ու ճանաչել Նրան – ելե~ք դուրս, – Նրա դուստրերը` նրբին ու գեղեցիկ դեմքերով, սահում - քայլում են Երևանի փողոցներով: Եվ ամբողջ աշխարհով:

Բարի գիշեր:

Հեղինակ
29.01.2009, 23:33
Այսօրս` 2009թ. հունվարի 29-ը ավարտվում է:

Երեկ էր, թե մյուս օրը` մեր Philosopher-ն ասաց. “Եթե անհատն է ճահճի մեջ, ապա շանս կա, որ նա կարող է փրկվել, բայց եթե ազգն է ճահճի մեջ…” Սրան կարելի է ավելացնել. “Եթե մարդկությունն է ճահճի մեջ…”:

Առաջներում միշտ վստահ եմ եղել ազգ-համայնքի իմաստությանը, 1988-ի Շարժման ժամանակ մարդկային միակամ միասնությունը ապշեցնում էր ինձ, սիրտս վառվում էր այդ տեսարանին դեմ հանդիման… Ի~նչ զորեղ է մարդկանց լուռ, խաղաղ, ադամանդյա միասնությունը: “Ամենափառավորը տեսարաններից – դա ժողովն է մի ժողովրդի”, – ասում էր Նժդեհը: Այդպիսի վերելքը` որպես օրենք, ծնում է ռազմական հաղթանակներ:

Սակայն զարմանալի փաստ է. մարդկանց ադամանդյա միասնությունը – այն ինչ 1988-ի Շարժումն էր – մարդկային կյանքի նոր որակ չկարողացավ ստեղծել: Ժողովրդի միակամ ուժը կարող է հաղթել ֆիզիկական թշնամուն, բայց այն գրեթե անուժ է դառնում, երբ պետք է հաղթահարել սեփական արատները, փոխել ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ: Ինչպես ասում են` բիլակն այստեղ չի օգնում: ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ: Միայն Գիտելիքով և Աշխարհայացքով զինված, իմաստուն կառավարչություն ունեցող ազգը կարող է կյանքի նոր որակ ստեղծել: 1988–ի Շարժման մասնակիցներս և ժառանգներս այս հատկանիշները չունեցանք… Եվ այն սրբազան ուժը, որ ոտքի էր հանել մի ժողովրդի` մարդկային կյանքը կերտելու ժամին ցրվեց, անօգտակար եղավ:

Հասկանում եմ, լավ եմ հասկանում – նման իրավիճակ է ստեղծվել նաև այժմ – նոր Շարժում, նոր հույսեր… Եվ նորից նույն զարմանալի ֆենոմենը – ժողովրդի ժողովի մեջ հոգին թողնում է կյանքի ճահիճը, ելնում է վեր, միանում մյուս հոգիներին և ճախրում մաքրության բարձունքներում: Բայց մեկ օր անց կամ մեկ ամիս անց նա նորից պետք է իջնի կյանքի տարածք – ԿՅԱՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ համար, ԱՊՐԵԼՈԻ համար: Այստեղ բարձունքների զգացումը, Շարժման զգացումը կարող են օգնել, բայց առանց Ճշմարտություն ու Գիտելիքի` անհնար է առաջ գնալ… Եվ այս ժամին մեր միամիտ ու մանուկ ազգը եվրոպաներին է նայում, մի երկու եվրաչինովնիկների գնահատականներին սպասում և ապավինում… Մինչդեռ սրանք էլ մի ուրիշ` մոլորակային ճահճի բնակիչներ են, նրանք երբեք և ոչնչով չեն կարող օգնել մեր երկրին… Մեր` հայկական ճահճից դուրս գալու համար, մեզ մի ակունք կարող է օգնել` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:

Ճշմարտությունը: Եվ միայն: Բայց ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ դեռևս չի փնտրվում Հայաստանում:

Բարի գիշեր:

Հեղինակ
31.01.2009, 00:07
Այսօրս` 2009թ. հունվարի 30-ը ավարտվում է:

Ընթերցողս, նորից կարդացի երեկվա “Այսօրս” և մտածում էի` կասես, թե ի՞նչ բան է այդ ճշմարտության փնտրելը: Փորձեմ բացատրել:

Ասենք մի մարդ, օրինակ` ես – ակտիվ քաղաքացիական դիրք ունեցող մարդ եմ, կարող է` մտավորական եմ, հետն էլ` երկրիս կյանքի բեկումնային պահերին` հեղափոխական եմ: Դա նշանակում է` ես ուզում եմ շրջել աշխարհը և նոր աշխարհ ստեղծել: Այստեղ ես գտնում եմ իմ նման մտածողներին, և միասին սկսում ենք աշխարհ շրջելու գործը: Եթե ես հեղափոխական եմ, ուրեմն` լիքն եմ գաղափարներով և առաջադեմ մտքերով, կատարյալ եմ տեսնում ինքս ինձ և այն զանգվածի գաղափարը, որի մասն եմ կազմում… Իսկ մնացյալը – չէ~, անարդարության մի օվկիանոս է մնացյալը, մնացյալը լավը չէ – այս իշխանավորը, այս ջիփավորը, այս թաղային զոռբան , այս օրենքները … Ելնում ենք, ուսուվ դեմ ենք տալիս, հեղափոխություն ենք անում… Կամ … չենք անում: Այսպես անցնում է մի 10-20 տարի… Հենց այսպես է եղել 1988-ի սերնդի հետ:

Անցնում է մի քանի տարի, նայում եմ – նույն իշխանավորն է, նույն ջիփավորը, նույն զոռբաները և նույն օրենքները, միայն մի քանիսն են փոխված լինում: Պահո~,- լեզուս կծում եմ ես, - ուրեմն, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, ոչինչ չի փոխվել… Նայում եմ ուշադիր, նայում եմ ինքս ինձ` տեսնում եմ – նախ ե~ս չեմ փոխվել…

Կյանքի մի հասարակ պատկեր – ասենք, ես մի երեք տարեկան երեխա ունեմ, նայում է, թե ոնց եմ ես հաց ուտում… Ապխտած երշիկը դնում եմ սպիտակ հացի մեջ, ուտում եմ, վրան կոկա-կոլա եմ խմում, մի հատ “Սիգարոն” եմ ծխում սուրճի հետ և թիկն տված բարձին` ամերիկյան դետեկտիվ եմ նայում: Իմ հեղափոխությունը հաղթել է, վայելում եմ կյանքը… Տղաս էլ ինձ նայում – և վաղը կուտի-կխմի-կծխի- կինո կնայի այնպես, ինչպես ես: Այս ամենը նա կանի այնպես, ինչպես մինչև հեղափոխությունը և նրանից հետո անում էին մեր բոլոր հայրիկները… Եվ աննման ցեղիս դեգենարցիան կշարունակվի…

Ահա եկա այն բանին, թե ինչ է ասել` փնտրել ճշմարտությունը: Պարզվում է, որ ես հեղափոխական չեմ եղել, քանի որ չեմ ելել իմ միակ թշնամու – իմ տգիտությունների անվերջ շարքի դեմ, ես չգիտեմ` ինչպես ապրել, ինչպես սիրել, ինչպես աշխատել, ինչպես կրթվել, ինչպես երկիր կառուցել, որ ես ու իմ զավակը դեգեներատներ չդառնանք… Չգիտեմ և վերջ… Մեկ էլ հանկարծ մի փրկարար միտք է ծագում իմ մեջ – լավ կլինի` հաց ու ապխտած երշիկ ուտելուց հետո` կոկա- կոլա չխմեմ, այլ մի քանի կում սառը երևանյան ջուր: Սա կլինի իմ գտած առաջին ճշմարտությունը` ԻՄ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ: Այսպես կարող է սկսվել իմ ինքնաճանաչումը: Եվ մեր անգին հայկական ճահիճի ճանաչումը, որի կատարյալ ու անթերի բնակիչը ես եմ…

Բայց ես դժվար թե հասնեմ առաջին փրկարար մտքին: Առաջին փրկարար միտքը – աշխարհի փոխելը սկսել ինձանից, իմ կյանքից Դժվար թե հասնեմ, որովհետև ես առաջադեմ մտավորական եմ, ես հեղափոխական եմ, կատարյալ եմ, գաղափարական եմ, ինֆորմացված եմ, կարճ ասած – հայկական ծագման շուն-շանորդի եմ, մեծամիտ եմ, ճոռբերան եմ ու հավիտենապես տխմար եմ – ինձ ավելի հեշտ է շարունակել նույն կյանքը, ապրել նույն ճահճում, հեղափոխություն խաղալ, հաղթել ու պարտվել … Միայն թե չճանաչեմ ինքս ինձ – իմ շանորդությունը, իմ հավիտենական տգիտությունը: ՄԻԱՅՆ ԹԵ ՉՃԱՆԱՉԵՄ ԿՅԱՆՔԸ…

Բարի գիշեր:

Հեղինակ
31.01.2009, 23:30
Այսօրս` 2009թ. հունվարի 31-ը ավարտվում է:

Այսօր Առողջագետը մի վավերագրական ֆիլմ էր նայում 24-док-ով, ես էլ իմ գործերին էի: Բայց սկսեցի նայել և չկարողացա կտրվել: Բի-Բի-Սի-ի ֆիլմն էր` Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ագրեսիայի մասին… Ամբողջ օրը տեսածիս հետ եմ եղել. առաջին անգամ էր, երբ պարզ ու լրիվ երևաց` ինչպե՞ս է նայել Արևմուտքը այդ պատերազմին, ի՞նչ են մտածել Արևմուտքի մարդիկ: Ցնցված էի, դժվար էր պատկերացնել այն , ինչ լսեցի ու տեսա…

Կոսովոն Սերբիայի համար նույնն է, ինչ Տարոնը Պատմական Հայաստանի համար: Կամ Արևելյան Հայաստանի համար Արարատյան դաշտը` Էջմիածնով ու Խոր-Վիրապով: Այդքան նվիրական ու սրբազան տարածք մի ժողովրդի համար… Եվ ինչ է եղել Կոսովոյի հետ… Որ պատկերացնեք` բերեմ օրինակ Հայաստանից: 1988-ի Շարժումից առաջ մեր Մասիսի շրջանում – թուրքերը Զանգիբասար էին ասում – թուրքերը ուր որ է` մեծամասնություն էին կազմելու: Ահա պատկերացրեք` Մասիսի թուրքերն այնքան շատանային, որ լցվեին նաև Էջիմիածին, մյուս շրջաններ և մի օր ստեղծեին Զանգբասարի ազատագրության բանակ` տարածքը Հայաստանից անջատելու համար – ալբանացիները ստեղծեցին Կոսովոյի ազատագրության բանակը: Եվ ահա այստեղ գար մեր պաշտելի Արևմուտքը` Ամերիկան, Անգլիան, Գերմանիան ու մյուսները` մարդու իրավունքների կարգախոսներով, կանգնեին Զանգիբասարի թուրքերի կողմը, օգնեին նրա խռովարար զինական ուժին և հռչակեին “Զանգիբասարի թուրքական հանրապետություն” և ճանաչեին այն: Հետո էլ կրակի տային Էջմիածինը և Խոր-Վիրապը: Ահա թե ինչ է եղել Կոսովոյում: Ահա այս պատմական անարդարության և Արևմուտքի պոռնկա-քաղաքական դավադրության մասին էր այդ ֆիլմը, խոսում էին նրա հեղինակները` Քլինթոնը, Թոնի Բլերը, ՆԱՏՕ-ի հրամանատարները… Այդպիսի անհոգի ցինիզմ, բիրտ ուժի ծնած այդպիսի ստորություն դժվար է պատկերացնել: Թոնի Բլերը, այդ լեզվանի բրիտանացին, ցինիկ ու հարթ բլբլում էր, և ուզում էիր զգալ` այդ մարդու մԵջ կա՞ էթիկա. կա՞ պատմության զգացողություն, կա՞ արդարության զգացում…

Սերբիան – երիտասարդ սլավոնական գեղեցկուհի ազգը` փարած էր իր արմատին, ուղղափառ տաճարներին և իր պատմական սրտին` Կոսովոյին: Եվ նրա դեմ ելավ Եվրոպան` անհոգի, անթով այդ զառամյալ պառավը – նրան մաշում էր նախանձը, երբ նայում էր գեղեցկուհի Սերբիային:

Այսօր բերում եմ սերս, արցունքս, խանդաղատանքս, օգնությունս երիտասարդ ու արի սերբ ժողովրդին… Եվ տեսնում մոխիրներից բարձրացող Կոսովոյի տաճարները – որպես ոգի ու մշակութ ապագա ունեցող մի ժողովրդի:

Եվ ասում եմ Եվրոպային - Հայաստանից. – Լիքը, տռզած, կուշտ, անհոգի, անսիրտ աշխարհամաս – եթե կարծում ես` ճարպակալած մարմնիդ հաշվին կապրես ու կանցնես ճակատագրի ձմեռը, ապա սխալվում ես – առանց Էթիկայի, առանց Սիրո, առանց Խղճի ճանապարհ չկա…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.02.2009, 22:49
Այսօրս` 2009թ. փետրվարի 1-ը ավարտվում է:

Ընթերցողս, էսօր մի քիչ հիվանդ եմ – մրսել եմ, տաքություն ունեմ, հազում եմ ու փռշտում… Եթե անկեղծ լինեմ – սիրում եմ մի քիչ հիվանդ լինելը, – շատ եմ փորձել. Մայր բնությունը մարմնիդ մեջ հավաքված ավելորդ նյութերը քայքայում է, կրակի է տալիս, ավել կերած-խմածը “քթիցդ է բերում”: Դեմքդ – հայմորյան և ճակատային խորշերը ազատվում են թափոններից, ուղեղդ ու մարմինդ թարմանում են: Մանավանդ` եթե տաքություն ունեմ` ժառանգական լավ ախորժակս սանձվում է, քիչ եմ ուտում և հույս եմ առնում, թե ավելորդ վեց-յոթ կիլոգրամի հետ հաշիվներս կմաքրեմ, մի քիչ կնիհարեմ…

Ընթերցողս, ուզում եմ, որ իմ հիվանդությունից դու էլ մի օգուտ քաղես… Եթե հարբուխ կունենաս` քթիդ մեջ գալազոլին և ամեն տեսակի այլ ախմախություն չկաթեցնես, քանի որ դրանք դադարեցնում են հոսքը, օրգանիզմի մաքրումը կասեցվում է… Փռշտա~, ինչքան քեֆդ քաշում է…Խմիր մրգային և բանջարեղենային հյութեր, որ ողողեն և մաքրեն մարմինդ: Եթե ջերմությունդ շատ բարձր ու սպառնալից չէ – ոչ մի ջերմ իջեցնող մի ընդունիր, այլ մի քիչ իջեցրու` խնձորի քացախով ամբողջ մարմինը մերսելով… Եվ թող Բնության կրակի մեջ վառվեն այն բոլոր նյութերը և թույները, որոնք բթացնում են քո միտքը, զգացումը, աշխարհընկալումը: Այն նյութերը և թույները, որ առատորեն ստացել ես երշիկների, չիփսերի, գենետիկ փոխված մսեղենի, թխվածքների, կոկա–կոլայի հետ… Եվ եթե իմ հիվանդությունը քեզ տա օգուտ` այս երկու խոսքի միջոցով, ապա միգուցե դու – որևէ ընթերցողս` պայծառացած սրտով և ուղեղով, մի օր կկարողանաս ինչ-որ բան փոխել մեր հիվանդ երկրում և հիվանդ աշխարհում:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.02.2009, 23:28
Այսօրս` 2009թ. փետրվարի 2-ը ավարտվում է:

Ընթերցողս, հիվանդությունս շարունակվում է… Քանի որ ունեմ ժառանգական թուլություն փռշտալու նկատմամբ – մայրական կողմս հենց սկսում է` փռշտում է ուղիղ հինգ անգամ – ահա, ուրեմն, ննջարանում այսօր այնքան ուժեղ փռշտացի, որ հյուրասենյակում հանգստացող մեր հոգնած Philosopher-ը տեղից վեր թռավ: Բայց հիմնականում պառկած չեմ, առավոտյան մերոնց տվեցի մրգային նախաճաշը, որ իմ սիրած գործերից է:

Հիմա ասեմ` ոնց եմ պառկում ու հիվանդանում… Մահճակալի կեսին, Առողջագետիս տեղում լցնում եմ գրասեղանիս բոլոր թղթերը, դրանք 6-7 կիլոգրամ են կազմում, բայց գիտեմ, որ մի… 50 գրամ էլ չեմ կարդալու: Մի հատ գործած թասակ ունեմ, որն հագնելիս` դեպի եզրերը գնալով լայնանում է և այնպես լայն է նստում գլխիս, որ միջնադարյան ֆլամանդացու եմ նմանվում: Մերոնց դա դուր չի գալիս, բայց ես թասակս շատ եմ սիրում :

Այսօր ի՞նչ եմ կարդացել, ինչի՞ վրա եմ մտածել… Ընթերցողս, հիշում ես, մի անգամ գրել եմ. Տիեզերական Բանականությունը – այսպես գիտական ու խորիմաստ կոչենք “ամպերի մեջ” նստած մեր Մեծ Հայրիկին` Աստծուն,- հա, ուրեմն, Տիեզերական Բանականությունը այժմ էլ է ուղերձներ հղում մարդկությանը: Ախր, մարդկությունը շան օրի է, ինքն էլ Ծնող է, անհանգստացած է… Այստեղ պետք է նախազգուշացնեմ, որ հայ օրթոդոքս ճիզվիտը այս տողերը կարդալիս կասի` այն, ինչի մասին Ավետարանում չկա` սատանայից է… Բայց սա ուրիշ պատմություն է: Հիմա ձեռքիս են Նիլ Դոնալդ Ուոլշի գրքերը – “Զրույցներ Աստծո հետ” եռագրությունը, “Վաղվա Աստվածը” և այլն :

“Աշխարհը հրաշալի է, բայց դուք` մարդիկ չեղաք այնքան հրաշալի և չգտաք միջոցներ, որ մարդիկ քաղցից չմահանային և ավելի քիչ արեցիք, որ նրանք իրար չսպանեին: Փաստորեն, դուք թույլ եք տալիս, որ ձեր աչքի առջև երեխաները սովից մահանան: Եվ մարդկանց դուք սպանում եք այն բանի համար, որ նրանք ձեզ հետ համաձայն չեն:
Դուք պրիմիտիվ հասարակություն եք:”

Սա մեջբերում էր:

Ընթերցողս, այս ախտորոշումը Արարիչը տվել է իմ և քո հասարակությանը:

ՄԵՆՔ ՊՐԻՄԻՏԻՎ ԵՆՔ: Մեր ՄԱԿ-ով, միջազգային հանրությամբ, կառավարություններով, համաշխարհային կրոններով, եկեղեցիներով, մզկիթներով ու սինագոգերով, հավատացյալներով ու անհավատներով, մեր գիտությամբ ու կրթությամբ – ահա այս ամենով` ՄԵՆՔ ՊՐԻՄԻՏԻՎ ԵՆՔ:

Այ քեզ նորություն, իսկ ես ու դու`ընթերցողս, կարծում էինք, թե մեր ինտելեկտն ու խելքը ելել` մեզ ուտում են...

Բարի գիշեր:

Հեղինակ
03.02.2009, 23:00
Այսօրս` 2009թ. փետրվարի 3-ը ավարտվում է:

Ընթերցողս, արդեն լավանում եմ, ջերմություն չունեմ: Այս գիշեր քունս արդեն պայծառ էր, և երազներս խորհրդանշական էին: Առողջագետս էլ լուծեց իմ ֆլամանդական թասակի խնդիրը – մի քիչ նեղացրեց … Հիմա հագնում եմ և բերետի ձև եմ տալիս: Ուզում եմ Առողջագետիս աչքին բերետավոր ու երիտասարդ տեսք ունենալ, բայց չգիտեմ` ստացվու՞մ է, թե՞ չէ…

Հա, խոսք գնաց երազների մասին: Սա առիթ է, որ համեստ անձնական փորձով ու գիտելիքով փորձեմ մի քանի թյուրըմբռնում ցրել… Հաճախ է, չէ՞ հնչում հարցը. “Իսկ դու երազների հավատու՞մ ես”: Ի պատասխան` մարդկանց մեծ մասը օրինակներ է բերում, թե շատ երազներ իրականանում են … Որ երազն իր մեջ մի գաղտնի խորհուրդ ունի:

Ծփում է մարդու ենթագիտակցության օվկիանոսը, այնտեղ պահվում են մարդու բոլոր օրերն ու վայրկյանները, նրանց տված ապրումները, նաև նախնիների կյանքն ու կենսափորձը: Քնած ժամանակ մեկ մարդու ենթագիտակցությունը միանում է ամբողջ մարդկության ու Տիեզերքի կոլեկտիվ անգիտակացական դաշտին, որտեղ Անցյալն է, Ներկան ու Ապագան… Ծփում է Արարիչը, որպես Բացարձակ Հաճախականության Դաշտ` իրենից արծարծված բազմաթիվ նուրբ դաշտերով, բոլորը` գիտակից, բանական, բնակեցված, սիրով ու կարկցանքով լի… Եվ մարդկային հոգին կարող է շփվել, լուր ստանալ և երազ տեսնել Արարչական դաշտերի բոլոր շերտերից, հիմնականում` իր և մարդկության ենթագիտակցությունից, այդ թվում` մութ ու ստորին բազում շերտերից: Եվ մարդը տեսնում է – վսեմ ու պայծառ տեսիլքներից մինչև մարդկության ստորագույն անկումնրը – ահա երազների դիապազոնը:

Ուշադի~ր, ընթերցողս, նուրբ էներգետիկ տարածքում կա նաև Ապագան -ԱՊԱԳԱՅԻ ՊԼԱՆԸ` իր իրադարձություններով, պատկերներով… Դրանք փոխված, խորհրդանշանների շարքի ձևով` որպես երազ – պատկերի ու սցենարի կերպ առած – մնում են քնած մարդու հիշողության մեջ… Ապագան արդեն կա նուրբ տարածքում, նա ֆիզիկական տարածքում սպասում է իրականացման: ԵՎ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ Է… Երազն իրականանու~մ է…

ԿԱՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ… Այո~, Արարչական Դաշտը երազի միջոցով կարող է տալ տեղեկություն իրավիճակի տարբերակների, նաև կործանարար ելքի մասին… Տալ այդ կործանման ԱՊՐՈՒՄԸ: Այդ ապրումը ստիպում է մարդուն փնտրել իրադարձության պատճառները, ԻՐ ՏԵՂԸ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԵՋ, ընտրություն անել… Մտածել և խոկալ… Եվ եթե մարդը կատարում է միակ, ազնիվ, բարձրագույն, պայծառ էթիկական ընտրությունը, ապա Արարչական Դաշտը, որի անունն է ԿՅԱՆՔ, կարող է հեռացնել հարվածը – Մոր Կարեկցանքով: Դու մի ակնթարթում կարող ես փոխել քո ճակատագիրը: Դա Ծնող-Կյանքի զարմանալի պարգևն է…

“Էն գիշեր ձենով Հովան Դավթի վրա երազ տեսավ…
–Էսօր մեր քաղքի պարիսպ կայներ էր,
Մեր թազա բաղ կանաչեր էր,
Մեր ջահեր քաղքի պարսպին վառվեր էր,
Մեր բաղի բլբուլ կանչեր էր.
Կա–չկա մեր որբ Դավիթ մեր հողին մտեր է:”

Ընթերցողս, քեզ այսպիսի պայծառ երազներ եմ ցանկանում…Հետո, եթե առիթ լինի, մեր Հայրենիքի մասին տեսած մի քանի երազներ կպատմեմ քեզ…

Բարի գիշեր…

Հեղինակ
04.02.2009, 23:47
Այսօրս` 2009թ. փետրվարի 4-ը ավարտվում է:

Օրը… Թվում է, թե օրդ քեզ է պատկանում – քո ուրախությունը, աշխատանքը, ստեղծագործությունը… Բայց աշխարհը` իր հոգսով ու ցավով` խուժում է օրվադ մեջ …

Առողջագետը այսօր կլինիկայում ընդունելություն էր արել – 12-14 հիվանդ էր ընդունել – նորաբաց կլինիկան երկու շաբաթով անվճարության ակցիա է հայտարարել, և մեր ժողովուրդը թափվել է` մի պտղունց անվճար առողջություն ստանալու… Եվ պատմում է. երիտասարդ կին, ամուսինը աշխատում է արտասահմանում – լարված կյանք, գանգատները` սրտի բաբախումներ, հոգնածութուն, լարված նյարդեր, և երիտասարդ կինը դիմում է բժշկական օգնության… Նրան կարող են սրտագրության ուղարկել, վահանագեղձը քննել, նյարդերը հետազոտել, անալիզներ անել, ախտորոշումներ դնել: Բայց նա ԿՅԱՆՔԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԻ, նա մշտական սթրեսի մեջ է, ՆԱ ԿՅԱՆՔ Է ՈՒԶՈՒՄ – ի՞նչ պետք է անի այստեղ բժշկությունը:

Երկիրս …Մի հանգամանք կա մեր երկրում, մի պատմություն, որի մասին անհնար է պատմել – որքան պարզ է այն, այնքան նրանում խորն է թաքնված մի ստորություն, մի վերնախավի անկման վկայություն:

Մեր դրամը կատաղել` իրեն ուտում է: Մի գլուխ արժևորվու~մ է. ռուսական ռուբլին այս օրերին էժանանում է` դոլարի նկատմամբ. այն ռուբլին, որի թիկունքին նավթ կա, գազ, ոսկի, հարստություն… Դոլարի հերն անիծվում է է, եվրոն ցնցվել է, բայց մեր դրամը` հե~չ – Կուստուրիցայի էշի նման կանգնել է տեղում ու վերջ, չի էժանանում: Սրա մասին շատ է խոսել մեր փիլիսոփա վարչապետը, ապացուցել է, որ սա լավ է: Բայց աշխարհով մեկ պարզ է. դրամը արհեստական “արժևորելով”` ճարպկորեն մեր պանդուխտների ձեռքից խլեցին 300-400 հարյուր միլիոն դոլար, սպանեցին տեղական արտադրողին: Մեր առևտրային օլիգարխիային պետք է այսպիսի~ դրամ, որ 305-310 դրամով մեկ դոլար առնի, շատ ապրանք ներկրի և շարունակի համառ լկտիությամբ թալանել, ճզմել այս ժողովրդին: Եվ այս գիծը տանում են` առևտրային օլիգարխիան, պետական վերնախավը և միջազգային շնաձկերը միասին, համատեղ, ոհմակաբար…

Ցածր է, ցածր է, ցա~ծր է մեր երկրի էթիկան, մեր վերնախավի էթիկան:
Որքա~ն ագահություն, որքա~ն անպատասխանատվություն…

Բարի գիշեր:

Հեղինակ
06.02.2009, 09:33
Այսօրս` 2009թ. փետրվարի 5-ը ավարտվել է, արդեն հաջորդ օրվա առավոտն է - մեր կայքի սերվերը նորոգվում էր, երեկ ֆորումը չէր բացվում...

Երևանը … Ձմռան մեջ գարուն կա… Ցուրտ արևի մեջ տաքություն կա: Քայլում են մարդիկ – ամեն մեկի դեմքին ինքնություն կա, ճակատներին` հպարտություն, քայլվածքների մեջ – տիրականություն կա: Երևանն է …Արժեր հայ ծնվել, արժե այս քաղաքում սպասել գարնանը:

Էլի Երևանն է… Մի դպրոց են ցույց տալիս – տետրեր են առել, վրան մի հայկական սերիալի “հերոսի” – մի գողի նկար է. մի երեխայի հարցնում են` ուզու՞մ ես նրա նման լինել, ասում է` հա, ինչու՞ ես ուզում. ասում է` որովհետև ուժե~ղ է: Հարցնում են կրթության փոխնախարարին` ի՞նչ եք անում, սա ասում է` ի՞նչ կարող ենք անել – իբր թե` ազատ շուկա է: Այստեղ հերթը գալիս է, որ ես ասեմ – գլուխդ պատովն ես տվել, “հեղափոխական” ծագման պաշտոնյա, օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ մտեք, Օրենքի լրացում ընդունեք և Օրենքով արգելեք կրթական աղբի տարածումը շուկայի միջոցով:
Չէ~, չարժեր հայ ծնվել… ԿՅԱՆՔԻ ԳԱՐՈՒՆԸ այս քաղաք չի գալու…

Հեռուստավահանակը մի պատկեր էլ է որսում – “Շանթն” է, հայկական սերիալ է: Մի տականք է խոսում – մեր համայնքի տականքը… Չփոխեցինք ալիքը, ասացինք` նայենք, տեսնենք, սրա վերջը ի՞նչ է լինելու… Վերջը ամոթն էր… Ոնց էլ գետինը չես մտնում, անունով հեռուստատեսություն, ո՞վ է ֆինանսավորում այս աղբի ստեղծումը, ի՞նչ նպատակներով… ՀՀ Նախագահի աշխատակազմ, ի՞նչ գործի ես – ընդդիմադիր մի ալիք լիներ, հիմա լեզուն քոքից կտրել էիք… Բայց թշնամական, ազգին ընդդիմադիր, հակամշակութային գետի դեմը չե~ք առնի: Չե~ք տեսնում… Թե՞ ձեռք է տալիս, որ երիտասարդ մեր սերունդը, մեր մանուկները դեգեներատներ դառնան և հպատակ լինեն ձեզ – ա՞յժմ և հավիտյա՞ն…
Չէ~, չարժեր հայ ծնվել… ԿՅԱՆՔԻ ԳԱՐՈՒՆԸ այս քաղաք չի գալու:

Երևանը … Ինչ էլ լինի` ձմռան մեջ գարուն կա: Համայնական աղբի տակ, մեր գոյության խորքում` մշակույթի ադամանդ կա~… Բոց կա~: Այրելու է այս աղբածին, աղբակեր, աղբակոլոլ, աղբահոգի աղբագոյությունը…

Չէ~, արժե հայ լինել: ԿՅԱՆՔԻ ԳԱՐՈՒՆԸ ԳԱԼՈՒ Է:

Բարի առավոտ:

Հեղինակ
06.02.2009, 23:49
Այսօրս` 2009թ. փետրվարի 6-ը ավարտվում է:

Այսօր կարևոր և ուրախալի օր է մեր համար: Մի քանի ապրում խլրտում էին մեջս, և պատրաստվում է հանդիպմանը ընթերցողիս հետ, բայց օրվա կեսին մի լուր առանք …

Առողջագետիս հետ ստացանք երկար սպասված լուրը. այսօր Ս. Պետերբուրգի “Կռիլով” հրատարկչությունում լույս տեսավ Արուսյակ Նալյանի գիրքը “Два преступления современной медицины или Ненужное для неучей”. Մեր ուրախությունը շատ մեծ է: Մի նոր “Անգիտաց անպետ” է այս գիրքը: Մեզ գոնե հայտնի չէ, որ վերջին 50-70 տարում Հայաստանում ապրող հայ բժշկի գիրքը լույս տեսած լինի որևէ համաշխարհային լեզվով: Գիրքը լույս է տեսել “21-րդ դարի բժշկություն” մատենաշար-խորագրի տակ:

Առողջագետիս հետ միասին միշտ հիշում ենք իմ կատակներց մեկը – ես նրան միշտ հորդորում էի գրել դոկտորական ատենախոսություն և պաշտպանել, որ գիշերն արթնանալիս հիշեմ, թե ի~նչ հայտնի պրոֆեսորուհու կողքին եմ քնած: Հիմա էլ կատակում եմ, թե այսպիսի հայտնի հեղինակի հետ եմ քնում, դա խիստ շոյում է իմ փառասիրությունը…

Առողջագետիս այս գիրքը նրա բժշկական սխրանքի միայն մի փոքր, գրական մասն է: Երբ Առողջագետը հանդիպում է հիվանդի հետ – հարյուր- հարյուր անգամ վկա եմ եղել – այդպես վերափոխվում ու պայծառանում է մեծ հոգին, մեծ արտիստը, – բայց Առողջագտը դերի մեջ չի մտնում, այլ իր ողջ էությամբ լինում է ԻՆՔԸ` մի ուշադիր ու կարեկից Մայր – նրա աչքերը վառվում են, բարձր ճակատը լուսավոր է, ամեն մարդու հետ աշխատելիս` նա դնում է իր ամբողջ Կարեկցանքը և Գիտելիքը: Մենք գիտենք – Հայաստանի առաջին Բժիշկ-Ապաքինողն է նա, և այսօր դա ազդարարում եմ բարձրաձայն… Եվ չենք սպասում որևէ մեկի ճանաչմանը: Սա շատ կարևոր է. մեր համար թանկ է մեր ինքնաճանաչումը և ինքնագնահատականը… Սա է մարդկային արժանիքի գնահատականի միակ ճիշտ ուղին… Իսկ համայնքի՞ գնահատականը, Հայրենիքի՞ գնահատականը… Մեր համայնքը դեռ պետք է հասունանա, մարդանա, բարձրանա…Մեր մանուկ ու անգետ համայնքից ի՞նչ պահանջես… Այս գաղութացված և օտարի առջև խոնարհված Հայրենիքից ի՞նչ պահանջես…

Շնորհավորում եմ Սիրելուս մեծ հաջողությունը: Նրան սպասում է ավելի մեծ աշխատանք: Նոր Հայաստանի գլխավոր որակներից մեկը պետք է լինի Նոր Բշկությունը: Արուսյակ Նալյանը ստեղծում է այդ բժշկությունը:

Բարի գիշեր…

Հեղինակ
08.02.2009, 00:23
Այսօրս` 2009թ. փետրվարի 7-ը ավարտվում է:


Համայնք և ամբոխ …

Համայնք… Երբ մարդիկ իրար հետ խոսում են Կարեկցանքի լեզվով` ասում են. – Եղբայր, որտեղդ է ցավում, սի՞րտդ է ցավում… Եվ ապաքինում են մարդկային սիրտը: Համայնքի մարդը – ծաղիկ է, ծառ է, աստղ է: Համայնքի խիղճը բյուրեղյա է, տեսողությունը արծվի է, ինքն իրենից Աստված էլ կկերտի: Հայրենի համայնք, դու կա՞ս… Ես քեզ տեսնում եմ հարթմնի երազներիս մեջ: Համայնք, ես սիրում եմ քեզ…

Ամբո~խ … Ես քեզ լավ եմ ճանաչում. դիմագծերդ անթով – քիթդ, բերանդ, երկար ականջներդ, թութակի լեզուդ … Ես քեզ տեսել եմ, Ամբո~խ …
Ամբոխի որդի, մեկ տարուց ավելի է, որ այստեղ գրում եմ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ: Հա~, այս ֆորումում ես ամեն օր գրում եմ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ… Դու, Ամբոխի որդի, ամեն օր ծամում ես գրածս` որպես մաստակ, և ծույլ մտքիդ մի հարց անգամ չի գալիս – ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԸ….Իսկ դու, Ամբոխ, եռում ես քո կեղծ եռքի մեջ, ելնում ես, ամանի բերանից թափվում, պատեպատ զարկվում, բայց դու ամուլ ես… Ամբոխ և Ամբոխի որդիներ, ես արհամարհում եմ ձեզ…

Համայնք, տեսնում եմ, ահա համեստ փեշիդ տակ առել ու պահում ես վերջին աշխատավորներիդ – մեկը գիտե ցորեն ցանել, մեկը սիրում է քարի զարդանախշը, մեկը մի պտղունց հայրեն է հիշում, մեկի ծնկները պարածալվում են, մեկը տեսնում է անտեսանելին, մեկը խոսում է աստղերի հետ… Համայնք, սրտի մի անկյունում դու պահում ես քո աստեղային ժամի հիշողությունը, որպես բանալի Ապագայի… Համայնք, ու~ր որ է` դու արթնանալու ես… Մի սերունդ – մեր տներում, փողոցներում, երազների մեջ փնտրում է քեզ: Հայրենի համայնք, սիրտս կարոտում է քեզ – ես մի մանուկ եմ, որ քեզ նման ծնող է ուզում… Միթե՞ չես լսում ձայնս, միթե՞ չես տեսնում արցունքս, միթե՞ քեզ չի հասնում միտքս: Համայնք, ես սիրում եմ քեզ…

Ամբոխ, ես քեզ չէի ճանաչի, եթե մի օր քո զավակը եղած չլինեի… Ես մի օր քո մասն եմ եղել և կարծել եմ, որ դու համայնք ես, սուրբ ես, սրբածին ես… Կարծել եմ, թե դու մեր կարոտների գագաթն ես… Բայց երբ գտա ինքնությունս, այդ օրը քեզ նայեցի կողքից և տեսա, որ …ընդամենը ԱՄԲՈ~Խ ԵՍ: Եվ այսօր, Ամբոխ, ես քեզ ասում եմ. քո Աստվածը հին է ու հնարված է, քո Հայրենիքը հին է ու ծերացած է, քո Հավատը հին է ու սպառված է, քո առաջնորդները հին են ու եղծված են… Դու հին ես ու ապագա չունես: Ամբոխ, ես արհամարհում եմ քեզ…

Համայնք, եկել է քո ինքնորոշման ժամը: Դու պետք է ապրես, որ ապրեցնես մեզ: Ամբոխ, եկել է քո ինքնաճանաչման ժամը, դու պետք է ինքնայրվես ու փոշի դառնաս, կամ Համայնք դառնաս, որ փրկես քո որդիներին…

Համայնք, ես սիրում եմ քո Գեղեցկությունը, որովհետև առանց նրա ինչպե՞ս կճանաչեի Ամբոխի անգեղությունը: Ամբոխ, ես սիրում եմ նույնիսկ քո անգեղությունը, որովհետև առանց նրա ես ինչպե՞ս կճանաչեի Համայնքի Գեղեցկությունը: Համայնք և Ամբոխ, ես սիրում եմ ձեր պայքարը, որովհետև այդ պայքարի անունն է Կյանք:

Բարի գիշեր:

Հեղինակ
08.02.2009, 23:33
Այսօրս` 2009թ. փետրվարի 8-ը ավարտվում է:

Գալիս է, գալիս է մեր Հայրենիքի գարունը… Միայն թե ցրտերը հեռանան իրենց ժամանակին, որ միամիտ բողբոջները շուտ չբացվեն և հետո սառչեն… Միայն թե մեր ծաղիկներին ձյուն չգա: Գալու է գարնան առաջին օրը, և տաս ալ ծաղիկ է բացվելու մեր հիշողության դաշտում – զո՞հ էին, թե՞ զոհաբերություն – ճակատագիրը դեռ չի պատասխանել այդ հարցին:

Ժողովրդյան կայնքը հոսում է … Հաց ու ջրից հետո` կյանքի երկրորդ գլխավոր բաղադրիչը համայնքի այդ օրվա մշակույթն է – ինչո՞վ են ապրում մարդկային սրտերը: Երեկ աչքի տակով հետևում էի այս տարվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը…

Գիտե՞ք` ինչ տպավորություն ստացա: Լինում է, չէ` կեղծ ու ղալբ մարդ – գիտի, որ ինքն այդպիսին է, աշխարհն էլ գիտի, բայց իր կեղծ գործն անելիս` մի երկու բարեպաշտ հոգոց է հանում, մի երկու կարիքավորի է օգնում, որ խաբի մարդկանց, թոզ փչի մարդկանց աչքերին: Մեր Հանրային հեռուստատեսությունը այդպիսի ղալբ մարդու է նման – մի երկու լուսավոր շիթ էր թողել – նոր անվանակարգեր` ընդհանուր կեղծիքի մեջ անարգել լողալու համար:

Հանրայինի անփոխարինելի Հրաչ Քեշիշյանն ասում է – բառացիորեն . “Սա իսկապես ազգային մրցանակաբաշխություն է, որովհետև մասնակիցները նույն ազգի մարդիկ են…” Ի՞նչ կարծիքի եք` ի՞նչ է ասում այս մարդը – մեզ է ձեռք առնում, թե ինքը մտային ոլորտի խնդիրներ ունի: Ախր “ազգային” բառը մշակութային բովանդակություն պետք է կրի և ոչ թե` էթնիկ-աբորիգենային մեկնություն ստանա:

Մրցանակ ստացավ “Շողակն”-ը, – սա հազվադեպ լուսավոր կետերից էր այդ մրցանակաբաշխության մեջ – հայ աշխատանքային երգերի ալբոմի համար, որ թողարկվել էր Նյու- Յորքում: Ամո~թ մեզ, օտարն էր ճանապարհ բացել մեր գանձերի համար: Հասմիկ և Ալեքսան Հարությունյանները, քույրն ու եղբայրը, համառ ու գիտակից աշխատավորները: “Շողակնը” հոգի է … Նրանք օտար էին այդ դահլիճում… “Շողակնը” ելնում է համամարդկային մշակույթի շողակն գագաթները: Իսկ մեր “աստղերի” կեղծ մշակույթը մի օրում փոշի է դառնալու, կգա մի օր, որ կմոռանանք նրանց բոլորի անունները:

Բարի գիշեր:

Հեղինակ
09.02.2009, 23:25
Այսօրս` 2009թ. փետրվարի 9-ը ավարտվում է:

Ընթերցողս, երեկվա խոսքս պետք է շարունակեմ … Թեկուզ միտք չունեի, բայց մի ազդակ ինձ վերադարձնում է հայ երգի թեմային:

Ծակքար անունով մի գյուղ կա, գիտեք, – Մարտունու շրջանում: Այս գյուղի միջով շատ եմ անցել – նրանից վեր` Թազագյուղ եմ գնացել, որտեղ մայրական տոհմս է ապրում – ալաշկերտյան ժառանգները, ես էլ Տեր-Պետրոս քահանայի թոռան թոռն եմ: Հա, Ծակքարի մասին էի ասում, այս գյուղում տոն էր, մի հուշարձան էին բացում և գյուղի 181-րդ տարեդարձն էին նշում: Մի գյուղացի ընդամենը երկու տող երգեց մի ժողովրդական երգից… Հին կարոտը պայթեց սրտիս մեջ – լսեցի ՀԱՅ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ, հայ երգ – այդ “անմշակ” գյուղացու արարչական շուրթերից:

Ընթերցողս, մեր գեղջուկ ժողովրդի մեջ մի արտահայտություն կա. “օսյաթ կենիմ քըզի”, ասել թե` պատգամ ունեմ, խնդրանք ունեմ քեզ… Ուրեմն, նույնը ես քեզ եմ ասում – թե հայ ես, թե մարդ ես, թե ծնող ու նախնիք ունես, թե երեխա ունես, հայրենիք ունես, – իմացի~ր, ականջիդ օղ արա, մի մոռացի~ր. կա ՀԱՅ ԵՐԳ, կա ՀԱՅ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ: Դու նրանց մասին չգիտես, նույնիսկ մեր հայտնի ժողովրդական երգիչները հազվադեպ, շատ հազվադեպ են հասնում էն վսեմ կատարելությանը, ինչին հասնում են հայ երգի ԱՌԱՋԻՆ ԿՐՈՂՆԵՐԸ` օրորոցային երգող գեղջկուհի մայրը, կամ գեղջուկ սերմնացանը…

Գանք երեկվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: 2008թ լավագույն երգիչ է ճանաչվել Արման Հովհաննիսյանը: Ես դա գիտեի, տարվա մեջ նկատեցի, որ Ալեքսան Հարությունյանը տանում է այդ “պրոեկտը”: Այս երգիչը մի անբուժելի դժբախտություն ունի – թեկուզ նա երգում է հայ երգեր, բայց դրանք բխում են, այսինքն` ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է, ռաբիսական, ոչ հայկական, անկիրթ , ոչ հայեցի հոգուց – նրա երգը հայ երգի ռաբիսական նուրբ սուռոգատն է: Սա Հանրայինի ճարպիկ “նվերն” է մեր հանրությանը, որ նա մոռանա, թե ինչ բան է հայ երգեցողությունը:

Այս մտքերի մեջ էի … Արթուր Շահնազարյանը` “Արարատ” ալիքով – երաժշտագետը, կոմիտասագետը – մեր հին բարեկամը: Արթուրը հայ մշակույթի բարիկադների վրա է, Արթուրը իր զորավոր գործին է… Ահա, թե ինչ էր ասում Արթուր Շահնազարյանը
“Մեր բնավորությունը մեր ընտիր երգերի մեջ է”:
“Մեր բոլորի արյան մեջ կան այդ երգերը, նրանք գենետիկորեն երեխայինն են, նա չի կարող դրանք մոռանալ ”:
“Երգն ու պարը – ամենահեշտ միջոցն է փոխել մարդուն”:

Բարի գիշեր:

Հեղինակ
10.02.2009, 23:50
Այսօրս` 10 փետրվարի 2009թ, ավարտվում է…


Վտանգավոր գարուն

Վաղ առավոտյան դուրս եկա… Չեմ հիշում, որ փետրվարին վերջին քսան տարում այսքան տաք եղած լինի: Շնչում էի գարնան օդը, ճանապարհի ծառերը ուր որ է արթնանալու են… Արարատյան դաշտը, մանավանդ` արաքսամերձ այգիները և դաշտերը, շատ շուտ են տաքանում. բողբոջելու են ծիրանիները, դեղձենիները: Իսկ փետրվարի վերջին հանկարծ կարող են զարկել ցրտերը… Միթե՞ հրաշք կլինի, միթե՞ այս վաղ գարունը չի ընդհատվի և պտուղ կծնի այս տառապյալ երկրի համար…

Վաղ գարուն… Վտանգավոր գարուն… Որքան սպասել ենք, որքան ըղձալի ես, այնքան մեր սիրտը դողում է քո անհայտության առջև… Մի ազգ հիմա իր ձմեռն է ապրում – ձյուն է նստել մեր Սիրո, մեր Կարեկցանքի, մեր Էթիկայի վրա… Եվ սպասում ենք Գարնան ձնհալի – ազատագրության: Միայն Գարունը ժամանակին լինի, միայն չցրտահարվեն մեր բողբոջները:

Վաղ գարուն է… Գալիս է մարտի 1-ը: Այդ օրը ծածկված է գաղտնիքի քողով – ինչու՞ է եղել այդ օրը: Ինչու ՆՐԱՆՑԻՑ մեկը երազ էր տեսել և առավոտյան պատմել էր մորը – ատամները փշրվեցին և լցվեցին ափի մեջ… Միթե՞ Ճակատագիրը արդեն ընտրել էր ՆՐԱՆՑ: Այդ օրը ինչու՞ եղավ: Միայն չասե~ք` քաղաքական առճակատման արդյունքում և ստոր դավի պատճառով… Դրանք միայն հետևանքներն էին – պատճառները մեր ճակատագրի, մեր էության խորքերում են: Սիրտս խոկում է այդ օրվա գաղտնիքի հանդեպ – ինչու՞ եղավ այդ օրը, ի՞նչ է ասում նա…

Վաղ գարուն… Վտանգավոր գարուն… Ուզում եմ, որ լինես, որ դառնաս արթնության գարուն: Ինձ հաճախ թվում է, թե ես արթնացել եմ, որ արթուններից մեկն եմ – բայց մի խորին կասկած դեռևս տանջում է ինձ` գուցե ես էլ հազարավոր քնածներից մեկն եմ – ահա քնած բազմությունները, որոնք ինչ որ բան են ասում, ինչ որ մտքեր վանկարկում, իրար դեմ են ելնում և իրար աչք հանում… Բայց նայե~ք, նրանց աչքերը փակ են, հայացքները կույր է - նրանք դեգերում են նույն շահերի և ատելության բավիղներում, ինչպես իրենց նախնիները… Չէ~, այս գարնանը պետք է արթուն լինել, քնած մնալը վտանգավոր է: Ես պետք է արթուն լինեմ - ցերեկ ու գիշեր… Տրորում եմ աչքերս, շփում եմ ճակատս – արդյո՞ք արթուն եմ, - մինչև Գարնան Արևի Շողը դիպչում է աչքերիս… Եվ սիրտս Ճչում է – ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՆԱԼ…

Վաղ գարուն է… Վտանգավոր գարուն է … ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՆԱԼ…

Բարի գիշեր…

Հեղինակ
11.02.2009, 23:10
Այսօրս` 11 փետրվարի 2009թ, ավարտվում է…

Այն հազվադեպ օրերից էր, երբ սիրտս և միտքս չկենտրոնացան որևէ նյութի վրա, այլ մնաց այն, ինչ կոչվում է ԿՅԱՆՔ – լուսաբացը, Սիրելուս կիսադեմը` բացվող առավոտի մեջ, զավակներիս կայտառ ձայները` սպասվող օրվա աշխատանքի շեմին, երազների խորհրդավոր պատառները… Հիշում էի մի քանի երազներ – Տիեզերքը սիրում է մարդու մեջ ՄՏՔԵՐ ԾՆԵԼ` ուղակելով փոքրիկ, խորունկ սցենարներ: Երեկ Առողջագետի հետ քննարկել էինք շատ անձնական մի հարց, և անորոշության մի զգացում մնացել էր մեր մեջ… Եվ ահա, այսօրվա մի խորհդանշական պատկերի միջոցով Տիեզերական Ինֆորմացիոն Դաշտը տվել էր շատ նրբին բացատրություն այդ նյութի վերաբերյալ: Տիեզերքի ամենատես իմաստնությունը ապշեցնում է…

Այո~, եկել է ժամանակը պարզ ու հստակ ասելու. պետք է ցրել մարդկային անգիտությունը առ այն, որ Մարդն է միակ բանական արարածը այս Տիեզերքում… Ցրել նաև այն տգիտությունը, որ Բնության մեջ կան “շնչավոր” և “անշունչ” առարկաներ – մարդը շնչավոր է, իսկ քարը անշունչ է… Բայց Բնության մեջ չկա ոչինչ, որը չունենա իր էներգետիկ մատրիցան – քարի մեջ ԿՅԱՆՔ կա, ԲՈՑ կա, թաքնված ՀՈԳԻ կա… Նա է քարի ստեղծողը, ծնողը …

Մի քիչ առաջ մի հաղորդում էր` հրաշքներ կա՞ն, թե՞ ոչ… Չգիտեմ ով էր, մի հոգևոր գիտնական էր երևի, որ խոսեց Հիսուս Քրիստոսի հրաշքի մասին: Իհարկե, հրաշք է Աստվածորդու մարմնի փոխակերպումը և ելքը փակ գերեզմանից` նրա Ոգու հրեղեն ազդեցությամբ… Ապա նրա վերադարձը և հանդիպումը աշակերտների հետ: Բայց այս հրաշքի վկայակոչումը սովորական մարդու ուշադրությունը ուղղում է դեպի ՀՐԱՇՔԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ… Եվ հոգևոր գիտնականին քաղքավար ժեստով պետք է մի կողմ տանել և ցույց տալ ՆՈՐ ԲԱՑՎԱԾ ԾԱՂԻԿԸ… Նրա կառուցվածքը, հրաշագեղ նրբությունը, արարչական բույրը, առեջք-վարսանդ կրքային խաղը ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀՐԱՇՔ ԵՆ, որ կարող է տեսնել մարդը:

Ընթերցողս, վաղը առավոտյան երբ դուրս կգաս փողոց` ուշադի~ր, ուշադի~ր, ուշադի~ր նայիր անցորդներին… Եվ կտեսնես զարմանալի դեմքեր – պայծառ ճակատներ, հրացայտ աչքեր, լուսեղեն գծեր… Քայլում են ապրող, սիրող, մտածող… Աստվածորդիները: Ամեն մեկի կրծքի տակ Սիրտ կա – մի հրե Արեգակ… Եվ նրանք ապրում են` այս աշխարհում գոնե մեկ անգամ հրաշք տեսնելու հույսով: Այն դեպքում, երբ նրանցից ամեն մեկը մի արարչածին հրաշք է: Բայց նրանք չգիտեն այդ մասին…


Բարի գիշեր…

Հեղինակ
12.02.2009, 23:28
Ավարտվեց այսօրս` 2009թ.-ի փետրվարի 12-ը:

Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք... Բանաստեղծի այս տողը այսօր հնչում էր մեջս – մենք ամեն օր տալիս ենք այս հարցը, և պատասխանն ավելի ու ավելի անորոշ է դառնում: Ո՞րն է մեր հայրենիքը:

Բոլորովին մանուկ, տպագրում էի հայրենիքին նվիրված բանաստեղծական թոթովանքներս – նրանց մեջ Հայաստանը մի անիմանալի, չքնաղ երկիր էր, – բայց երբ նայում էի շրջապատիս կոպիտ մարդկանց` կոլխոզի բրիգադիրներին, ծույլ գյուղացիներին, մի քոլ կարտոլի համար իրար աչք հանող գեղջկուհիներին – հասկանում էի` սա չէ~ իմ սիրելի հայրենիքը:

Եվ ի՞նչ մնաց` որպես հայրենիք – հարսանիքների կորուսյալ խաղտուններից` գովնդների ոսկեծանր շարքերը, արևմտահայոց բերած քաղցրիկ բարբառները, ավելի ուշ տարիներից` անհայտությունից ելած մեր գեղջուկ երգը, ապա հայ բանաստեղծությունը, մեկ էլ` 60-70- ականների Երևանի կապույտ լճակները: Մնացյալը` հայ խորհրդային, կոլխոզային համայնքներն էին – կենցաղի, մշակույթի, ապրելակերպի խառնակ, երբեմն էլ գռեհիկ ու խեղճ ձուլվածքներով:

Եվ այսօր, և այսօր մենք նորից ասում ենք` ո՞րն է մեր հայրենիքը… Նրա մշակույթի բնիկ կրողները – ասացողը, երգողն ու պարողը, նկարիչն ու երգահանը – թանկ աշխատավորները, կեցության ծովի ալիքների մեջ կռիվ են տալիս … Նրանք են գուցե մեր հայրենիքը – առավելապես նրանք: Բայց հայրենիքը նրանց չի պատկանում, հայրենիքի տերեն ուրի~շ են…

Երկրի տերերը – ոչ Հայրենիքի, – պետական, քաղաքական վերնախավը… Երբեք այդքան անտեսլական չի եղել հայ մարդու էությունը – այդքան խոհազուրկ, այդքան եսապաշտ… Բայց երկիրը ապրում է, չնայած նրա կյանքը բռնադատված է կեղծ գաղափարների օտարածին և հայածին հորդաներով:

Եվ ու՞մ հարցնել այժմ, թե որն է մեր հայրենիքը: Չէ~, անգին բաբո, բանաստեղծիդ նման քեզ չեմ հարցնի – քո կենցաղը, քո գերդաստանը, քո երկիրը, քո երազները այլևս եղծված են, դու չես կարող ինձ պատասխանել: Հայ համայնք, դու հին ես, դու հավատազուրկ և մշակութազուրկ ես – հին և ուժաթափ են քո աստվածները… Դու չես կարող ասել, թե որն է մեր հայրենիքը:

Այս հայրենիքում կա միայն ՄԵԿԸ – նա, ով ճեղքել է իր գիտակցությունը ծածկող բոլոր եղծյալ շերտերը, հասել է մի կողմից` իր հայ գենի նախաստեղծ մաքրությանը և, մյուս կողմից, ճեղքել է ներկայի ու անցյալի հանդերձները և հասել է ապագայի մարդու` ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱ ԲՆԱԿՉԻ գիտակցությանը… Նա, ով կարող է կոչվել ՆՈՐ ՄԱՐԴ – ահա Հայաստանում ծնված ու ապրող այդ ՆՈՐ ՄԱՐԴՈՒՆ կհարցնեմ – որն է մեր հայրենիքը: Եվ ՆՈՐ ՄԱՐԴԸ ինձ կպատասխանի …

Բարի գիշեր:

Հեղինակ
13.02.2009, 23:41
Այսօրս` 2009թ. փետրվարի 13-ը ավարտվում է:

Երևանում գարուն է … Տեսնես որտե՞ղ, ո՞ր ծաղիկն է առաջինը բացվելու ծաղկեթմբին: Բայց ինքս ժպտում եմ իմ հարցին – Երևանում լիքը ծաղիկնե~ր են , նրանք արդեն բացվե~լ են…

Կանգառում ավտոբուս եմ նստելու – թռչում, ճանապարհս փակում է մի նոր բացված ծաղիկ – բարակ անձրևանոցը մանուշակի գույնի է, շուրթերը նույն գույնի են ներկված, և ժպիտը ծաղկած է – լրիվ բացվել է երևանյան այս մանուշակը…

Տեսե՞լ եք այնպիսի կանացին դեմքեր – Սիրելուս դեմքը մեր խաղաղության տարիներին միշտ այդպիսին եմ տեսել – երբ կնոջ դիմագծերի մեջ շողում է մի մեղմ արև, և նա աշխարհին ասում է` ես կին եմ, ես երջանիկ եմ, ես խնամված եմ … Այդ ժամին կինը հավաքում է կյանքի էներգիան, նա գիտի, որ այս մոլորակի վրա կնոջ խաղաղ երջանկությունը հավերժ չէ, և գալու են փոթորիկները… Եվ էն գեղեցիկ ժամերին նա պատրաստվում է հանդիպել կյանքի տարերքներին…

Եթե ձեզ հարցնեն, թե այս Տիեզերքում, բանական արարածներով բնակեցված ո~ր մոլորակն է ամենագեղեցիկը, ապա վստահ կարող եք ասել – այն մոլորակը, որտեղ կինը խնամված է ու երջանիկ … Որքա~ն քիչ են այդ մոլորակները … Որևէ քաղաքակրթության զարգացման աստիճան որոշվում է առաջինը սրանով…

Երևանում գարու~ն է … Մեր քաղաքը բարեկազմ դիցուհիների թագավորությու~ն է… Նրանք, ճկուն ցողունների վրա դողացող ծաղիկների նման, անձայն բուրում են և քայլում Երևանի փողոցներով:
Երևանում գարու~ն է …

Բարի գիշեր:

Հեղինակ
15.02.2009, 00:10
Այսօրս 14 փետրվարի 2009թ. ավարտվում է:

Զարմանալի արարած է ժամանակակից մարդը: Նա մի կեղծիքի պոչից կբռնի և նրա հետևից կգնա մինչև կյանքի վերջը – կարիերա կանի, անուն կհանի, նույնիսկ մինչև իր հայրենիքի պանթեոն կհասնի:

Մի համաշխարհային կեղծիք կա – անունն է Կայուն Զարգացման հայեցակարգ – սրա փաստաթղթերը ընդունվել են ՄԱԿ-ի վեհաժողովի կողմից 1992-ին … Վա~յ, վա~յ, իբր թե` այ մարդկություն, էսքան անկայուն ու խելառ զարգացում չպետք է լինի – խնայենք ռեսուրսները, խնայենք ջրերը, անտառները, հողերը… որ մեր ծոռներին էլ մի բան հասնի: Չէ~, եկեք կայուն զարգանանք, էսպես չի լինի~ …
Եվ այդպես, ագահ մարդկությունը ուզում է իրեն փրկել, բայց միտք չունի փոխելու ոչ իր էթիկան, ոչ մտածելակերպը, ոչ ապրելակերպը: 1997 և 2000-ին ՄԱԿ-ի վեհաժողովները քթի տակ մրմնջացին, որ Կայուն զարգացումը չի ստացվում: Մեր մոլորակի գործերը այնքան վատ էին, որ մարդիկ դադարեցին, ամաչեցին խոսել… կայու~ն զարգացումից:

Եվ այդպես, Կայուն զարգացման հայեցակարգը գրեթե մոռացան: Բայց ոչ Հայաստանում… Աստեղ ունենք Կայուն զարգացման ասոցիացիա, որի նախագահն է էկոլոգ Կարինե Դանիելյանը… Էս մեր գործիչը բավական խելոք է և գիտի, որ առանց ազգային էթիկայի առողջացման` որևէ երկրի Կայուն զարգացման տեսիլքը բլեֆ է… Մյուս կողմից` ի՞նչ մոլորակային կայուն զարգացում – օզոնային շերտի պատռվածք, բնական կատակլիզմներ, պատերազմներ, ֆինանսական փլուզումներ, մարդկության ագահ և անառողջ ապրելակերպ… Բայց մեր Կարինե Դանիելյանը համառն է. որպեսզի իր կայուն կարիերան շարունակվի` նա հուպ է տվել, և մեր խեղճ ու կրակ, աշխարհի բանից ու փիլիսոփայությւոնից անտեղյակ կառավարությանը ստիպել է… Եվ կառավարությունը ընդունել է Հայաստանի կայուն զարգացման ծրագիրը 2008-ին: Այսօր էլ դնում-վերցնում էին, այդ գծով ջանքը շարունակում էին…

Հայաստանը – մի երկիր` առանց առաջնորդող գաղափարի, երկպառակված, աշխարհի ստերը շալակած, գլոբալացման ցանցերում թպրտացող, գերտերությունների խաղին խեղճ ու խորամանկ նայող, իր մշակույթից և ոգուց կտրված – ահա, այսպիսի Հայաստանի Կայուն զարգացման ծրագիրը բլեֆ է, և այսօր այդ բլեֆով էին զբաղված Հայաստանի կառավարությունը և բլեֆամայր Կարինե Դանիելյանը:

Երբ այս տողերն եմ գրում – Եվրատեսիլի ընտրական համերգն է, ասում են Ինգան ու Անուշն են գնալու – Արշակյանները: Ափսո~ս Ինգան ու Անուշը, – իրենց մեծ շնորհով և հայեցի երգեցողությամբ, ինչու՞ եկան այս խառնակչությանը մասնակցելու…

Ընթերցողս, կա ԿԱՅՈՒՆ, ՄՇՏԱԿԱՆ զարգացման մի կիզակետ, որը կարող է փրկել մեր մոլորակը – Մարդու Սիրտը:

Բարի գիշեր:

Հեղինակ
16.02.2009, 00:10
Այսօրս` 15 փետրվարի 2009թ., ավարտվում է:


Մոր կաթը, խոզի խոճկորը, մշակույթը և… Եվրատեսիլը

Ընթերցողս, այսօրվա ասոցիացիաներս քեզ կթվան իրարից շատ հեռու – բայց նրանց միացնում է ճշմարտությունը: Իսկ հիմա ամեն ինչ հերթով:

Այսօր Nat Geo Wild ալիքով մի շարք հետաքրքիր հետազոտություն ցույց տվեցին – խոճկորների երկու խումբ էր. մեկը մոր կաթ էր կերել, մյուսին այդ բարիքից զրկել էին և ծծակով արհեստական սնունդ էին տվել: Մոր կաթ կերած խոճկորին գցեցին լողավազան, – ո~նց էր լողում` առույգ և ուրախ, և երբ հասավ պլատֆորմին, ոտքերը դիպան հատակին` հանգիստ քայլեց և ելավ ջրից: Մոր կաթից զրկված խոճկորը ջրի մեջ նյարդայնացավ, ճչաց և սկսեց խեղդվել, նա չէր զգում հատակը: Այս խոճկորը այդպես չսովորեց լողալ…

Իսկ ի՞նչ է ուտում մարդու ձագը…Մոր կաթի մեջ կյանքն է, նաև այդ ընտանիքի և ազգի մշակույթը, սերը, լեզուն, երգը, սովորությունները, հավատը… Մոր կյանքը նյութականանում է կաթի մեջ և հասնում է զավակին: Մոր կաթը երեխային տալիս է խելք, սեր, իմաստություն…

Տարիներ առաջ մանկապարտեզում հետազոտությունն ենք արել – մոր կաթ լիարժեք կերել էին երեխաների 40 տոկոսը, մնացածի մոտ կաթը կամ քիչ էր եղել, կամ չէր եղել: Մեր համայնքում ի~նչ երեխաներ կմեծանային, եթե բոլորը մեկ-մեկուկես տարի մոր կաթ ուտեին: Եվ ինչպե~ս չասեմ մեր ապագա մայրիկներին – այդ ու՞ր եք կոկա-կոլա քաշում և և մեկ- վեց ամսվա հնության թխվածքներ ուտում, դուք դրանով չորացնում եք ձեր կրծքերը: Դուք չե՞ք ուզում, որ ձեր ապագա զավակները լողան կյանքի ավազանում և հաստատ քայլեն մեր հողի վրա – ուրեմն այսօրվանից պետք է պատրաստվել` երեխային կրծքով կերակրելուն: Պետք է էն գլխից մեր աղջիկներին պատրաստել հղիության, մայրության…

Ազգային մշակույթն էլ, իսկական մշակույթն` ընդհանրապես, մոր կաթ է ամեն մարդու համար: Եթե մայրական կաթը չի հերիքում` արհեստական սնունդ են տալիս – այդպես էլ կեղծ մշակույթն է այսօր հասնում մեր սերնդին: Այսօր ցավում եմ, որ Ինգան ու Անուշը – Արշակյան քույրերը մասնակցելու են Եվրատեսիլին… Այդ երկու գեղանի հայուհիները հայ երգի զարմանալի զգացում ունեն, յուրօրինակ կատարում ու մեկնություն, և որքա~ն ճանապարհ ունեն անցնելու – ճանաչումի, մաքառման, մաքրման… Բայց սայթաքեցին, նրանք իրենց անգին շնորհը խառնեցին Եվրատեսիլի շոու-ոճին: Մոր կաթը խառնեցին անհայտ ծագման կենդանու կաթին: Մենք – ոչ միայն ես – Առողջագետս և մերոնք, ցավում ենք այդ կորստի համար:

Ընթերցողս, հարցրու մայրիկիցդ, քանի՞ ամիս ես մոր կաթ կերել: Եթե քիչ ես կերել, ապա լրացման հնար կա – ազգային մշակույթն է մեր բոլորի մայրական կաթը:

Բարի գիշեր:

Հեղինակ
16.02.2009, 22:43
Այսօրս` 2009թ. փետրվարի 16-ը ավարտվում է:

Այսօր մի դպրոցից ինձ ու Առողջագետին հրավիրեցին` “Արշալույս”-ի գծով սեմինար անցկացնելու և ակնարկեցին դասարան մտնելու և դասընթաց կազմակերպելու մասին: Սեմինարը կանենք, բայց դասարան մտնե՞լ … Ու~շ է… Հիշեցինք, թե ինչպես երկրի ապիկար պաշտոնեությունը ընդհատեց մեր աշխատանքը դպրոցում ու մանկապարտեզում: Հիմա այլևս մեր էներգիան ուղղված է միայն ստեղծագործությանը – ձեռնարկների ստեղծմանը: Բայց մի խորունկ կարոտ մեջս մնացել է – դասասենյակը, մանուկների վառվող աչքերը… Սակայն վերադարձ չկա:

Հիշում եմ` հինգերորդ դասարանում դասի էի, անցա “Տիեզերքը մեր տունն է” զրույցը` “Արշալույսից”: Եվ ի~նչ հարցեր տվեցին երեխաները – լսե~ք ու զարմացե~ք.
-Տիեզերքը հայր ու մայր ունի՞…
- Տիեզերքը դպրոց գնացե՞լ է…
-Տիեզերքը երեխաներ ունի՞…
-Տիեզերքը ինչո՞վ է սնվում…
Այստեղ կոսմոգոնիայի հիմնական հարցերն են, այստեղ համալսարանական ապագա կրթության հարցերն են, և դրանք հնչեցնում էին երեխաները: Մեր կրթությունը դեռևս չի տալիս դրանց պատասխանները:
Եվ ասենք` Տիեզերքը սնվում է Սիրով: Սիրո դաշտն է այն ունիվեսալ էներգիան, որով սնվում են Տիեզերական մարմինները ու մարդիկ…

Մարդուն խնամողը, ուրախացնողը, պահպանողը իր համայնքն է…Բայց որքա~ն է դաժանացել մարդկային համայնքը: Իսկ Ջիվանին երգում էր` “Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես…” Այդ ե՞րբ է եղել, և եղե՞լ է արդյոք:


Հիմա ինձ ու Առողջագետին համայնքը նորից կանչում է… Կամ գուցե կանչելու է: Մեր մեջ ամբողջ սոցիալականը – մարդկանց գնահատանքը, փառքը, դիրքը, իշխանությունը այրվել են… Եվ ամեն օր մենք մենք այրում ենք նրանց վերջին փշրանքները… Եվ մնում է միայն Սերը – անհասցե Սերը, այն ուղղված չէ ոչ հայրենիքին, ոչ համայնքին և ոչ մարդուն – այն վառվում է ինքն իր մեջ, ինքն իր համար…

Բարի գիշեր:

Tigris
17.02.2009, 21:05
Այդ ե՞րբ է եղել, և եղե՞լ է արդյոք:
Ջիւանու մի ժամանակակցի վկայութեամբ՝ ախալքալաքցիների ուսումնատենչութիւնը փորձանք է եղել Ախալքալաքի համար, քանի որ, ուսանելու գնացողը յետ չի եկել, եւ եթէ եկել է՝ հայրենի գաւառում, իր ստացած ուսմամբ, աշխատելու հնարաւորութիւն ու միջոց չի ունեցել:

Հեղինակ
17.02.2009, 22:53
Այսօրս` 2009թ. փետրվարի 17-ը ավարտվում է:

Երկրի ծերերը … Նկատած կլինեք` իրար են հանդիպում 70-80 տարեկան ծերերը` հին ընկերներ և զբոսնում են արևի տակ` Երևանի տաքացող փողոցներով: Նրանց քայլքերը մի քիչ անվստահ են, աչքերը – թաց ու անփայլ, վերարկուները` թանկարժեք սովետական կտորներից` իրենց վրա կարած: Երևի նախկին շինարարներ են` աշխղեկներ, ՍՈՒ-ի պետեր, ապա բարձր որակավորման բանվորներ, դատավորներ… Երբ խոսում են իրար հետ – ձայների ու բառերի մեջ 60-ականների շեշտերն են – ուրի~շ երկիր էր, ուրի~շ քաղաքակրթություն…

Միշտ նկատել եմ – մեր ծերերի խելքը տեղն է… Մանավանդ` մեր գյուղերում չեք հանդիպի ծերի, որ մոռացել է քո անունը, կամ մտավոր թուլության ինչ-որ նշան ունի: Նրանց մարմինը ծեր է, բայց հոգին չի ծերանում: Եվ այդ պահպանվածության պատճառը Սերն է: Նրանք ապրում են թոռների ու ծոռների հետ, ամեն օր նրանց հոգսն են քաշում, սիրում ու խնամում… Սերը այնպիսի հորմոններ է ծնում, որ հաղթահարում է ուղեղի անոթների սկլերոզը…

Անբնական ու վայրենի է ներկա Արևմուտքի “գտնումը”` երիտասարդ ընտանիքները շուտ բաժանվում են ծերերից, և սրանք` մնացած մենակ – մաշված մարմինները քամուն տված` զբոսնում են այս մոլորակի երկրներով… Եվ սա կոչում են երջանիկ ծերություն: Առանց Սիրո և Հոգսի` սիրելի մարդկանց համար, ծերերի ուղեղի անոթները սկլերոզի են ենթարկվում, և Ալցհեյմերի հիվանդությունը նրանց դռանն է… Այս հիվանդությամբ տառապում են Արևմուտքի ծերերի վաթսուն տոկոսը – հիվանդը աստիճանաբար մոռանում է իր անձը և ինքնությունը, չի ճանաչում նույնիսկ զավակներին: Այդպիսի ողբերգական վախճան ունեցավ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, Անգլիայի երկաթե լեդին` Մարգարետ Թեթչերը նույն ճանապարհն է բռնել… Անգլոսաքս քաղաքակրթությունը անսեր է թողնում ծերերի կյանքը…

Սիրել: Ստեղծել: Խնամել իր և սիրելի մարդկանց կյանքը: Զարգացած քաղաքակրթություններում երեխաների դաստիարակությունը տանում են ծերերը: Մեծ ողբերգություն էր մեր դպրոցների` այսպես կոչված “օպտիմալացումը” – սիրո պայծառ հասունության ժամին շատ մանկավարժներ բաժանվեցին մեր մանուկներից:

Սիրել – նշանակում է երբեք չծերանալ:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.02.2009, 00:21
Այսօրս` 18 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր Առողջագետի հետ գնացինք մի դպրոց` սեմինար անցկացնելու ուսուցիչների համար: Բաղրամյանից իջանք այն քարե աստիճաններով, որտեղով իջել էինք մեր լավագույն տարիներին: Հարազատ ճանապարհ էր…

Մեր սովորական ուսուցչական լսարանն էր – բացառապես կին- մանկավարժներ. հայ տղամարդը հիմնավորապես ձեռք է քաշել մանկանց կրթությունից – և այստեղ մի բան տխուր է. դպրոցը ընտանիք է, հոր և մոր խորհրդանիշները պետք է լինեն:

Մեզ համար շատ կարևոր էր իմանալ` ինչպես է լուծել նախարարությունը VIII-IX դասարանների առողջ ապրելակերպի դասընթացի խնդիրը, և խնդրեցինք նյութերը: Տվեցին, մի ձեռնարկ էր ուսուցչի համար … Ծանոթ ազգանուններ, ծանոթ ձեռագիր … Ավելի ճիշտ` սեփական ու մարդկային ձեռագրի կատարյալ բացակայություն – առողջ ապրելակերպի հիմնախնդրից հեռու կանգնած մարդիկ մի “կրթական” սուռոգատ էին կազմել` արևմտյան կրթական շուկաներից թռցրած մի քանի ձևերով: Ամաչեցինք մեր երկրի համար, տխրեցինք հայ երեխայի համար…

Թախիծը – կեցության թախիծը – մտել է ամենուր, չկա սրտի և մտքի առողջություն, չկա հացի ու ջրի առողջություն, նպատակի ու հասնելու միջոցների առողջություն: Մի մոլորակային թախիծ նստել է մարդկանց կյանքի ու գործերի վրա…

Ինչպե՞ս առողջացնել այս թախծի մոլորակը:
Ինչպե՞ս ուրախությամբ լցնել մեր թախծի հովիտները:
Ինչպե՞ս կյանքով լցնել մեր հոգնած ու վշտոտ երկիրը…

Որտե՞ղ են Սիրո և Իմաստության ակունքները:
Որտե՞ղ են Ճշմարտության ակունքները:
Ինչու՞ մենք չենք փնտրում, չենք ճանաչում, չենք սիրում այդ ակունքները:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.02.2009, 23:49
Այսօրս` 19 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր զարմանալի օր էր – այնպես եղավ, որ կենցաղի անընդհատ ու թեթև հոգսերի մեջ` որևէ գործի առջև չնստեցի և մի տող չգրեցի: Բայց ամբողջ օրվա մեջ սիրտս արթուն էր – անընդհատ զգում էի ամեն պահը, գոյությունը, արևը: Զգում էի իմ գոյությունը… Լսում էի սիրելիներիս ձայները, տեսնում դեմքերը, զգում նրանց փոքրիկ խնդությունները: Խնդությունը – Գոյության առաջին նշանը և ապացույցը:

Երեկ Առողջագետի հետ – երբ դառնում էինք դպրոցի սեմինարից – հանդիպեցինք Հայաստանի լավագույն մարդկանցից մեկին` Վիլիկ Ենգիբարյանին: Նա այն հազվադեպ մարդկանցից է, որ գիտե ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին: Սա մարդուն տրված հազվադեպ պարգև է:

Վիլիկ Ենգիբարյանի հետ երկու խոսք փոխանակեցինք, նա ասաց, որ մի հավաքի է եղել – երկրում կան մարդիկ, որոնց հասնում են ճշմարտության ցոլանքները – ճշմարտության օզոնը խենթացնող է, միանգամից մարդ պոկվում է գոյության գորշ մակերեսից և ելնում է վեր – բայց վտանգավոր է ճշմարտության ծովը: Այնտեղ` որպես օրենք, փնտրողնրի զգալի մասը վթարի է ենթարկվում – մեկ կյանքը շատ քիչ է լինում այդ ծովում լողալ սովորելու համար:

Այո, Հայաստանում կան և գործում են խմբակներ, որտեղ մարդիկ ձգտում են ճշմարտության, և նրանք ցանկանում են իրենց տեսիլքը և գիտելիքը օգտագործել հայրենիքի վերակերտման համար: Նրանց սերը և ինտելեկտը անհամեմատ բարձր է գործող քաղաքական վերնախավի սիրուց և ինտելեկտից, – վերջինս` քաղաքական վերնախավը` որպես օրենք, անտեղյակ է ճշմարտությունից և չի կարող կյանք ստեղծել: Բայց ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ փնտրողները ևս լավ օրի չեն – նրանցից ամեն մեկի փոքրիկ ես-իկները ճնշում են փնտրող ԵՍ-ի թռիչքները: Եվ այդ խմբակները, դեռևս չստեղծված, քայքայվում են: Ափսո~ս… Որովհետև այնտեղ չի գործում Հիերարխիայի օրենքը – աստիճանակարգի օրենքը գործում է մարդկանց հասարակությունից սկսած մինչև բարձրագույն աշխարհներ, մինչև գալակտիկաների կառավարում… Բայց հայ բնավորությունը չի սիրում Հիերախիայի օրենքը: Թշվա~ռ ազգ – նա մինչև գոտի կխոնարհվի “բարեգործ” զոռբայի առջև, բայց չի տեսնի Ոգու Ազատամարտիկին…

Այսօր մի կես ժամ ազատ եմ եղել, կարդում էի Արևելքի լեգենդները - և ու~մ մասին- ՍԻՐԵԼԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ չեմ ցանկանում այստեղ գրել: Նրանք սրտիս մեջ են… Ողջու~յն Նրանց :
“Մենք շատ բան գիտեինք, իսկ Նա կարողանում էր ամեն ինչ: Նրա Ուսմունքին ծառայել - որոշեցինք Մենք այնժամ … ” Եթե իմանայի~ք` ՈՎՔԵՐ են ասել և ՈՒՄ մասին…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.02.2009, 23:53
Այսօրս` 2009թ. փետրվարի 20-ը, ավարտվում է:

Այսօր ճնշող օր էր – արև չկար, և թեկուզ շատ ցուրտ չէր, բայց ձմռան ռևանշի զգացում կար օդի մեջ: Վաղ գարնան տաքուկ շեշտերը կորել էին, և բնությունը հիշեցնում էր, որ ձմեռը դեռ չի ավարտվել, արդեն տաքացած բողբոջները մրսում էին:

Մարդկային կյանքը: Մարդկանց պատկերացման մեջ – միայն ֆիզիկական կյանքը: Սրա պահպանման համար աշխատում են մեր գործընկերները` բժիշկները: Այնպես եղավ, որ այս վերջին երկու օրվա ընթացքում եթերով, մամուլում երևում է մի հայտնի սրտաբան-վիրաբույժ: Ինքնագոհ, Ճապաղալեզու, միշտ պատրաստ վիրահատության, կերած-խմած…Այս մեկի ինտելեկտի, մտածելակերպի ու ամբողջ կերպարի օրինակով կարելի է տեսնել թե որքա~ն չորացած ու անսիրտ է ներկա բժշկությունը: Մինչդեռ հնում ասում էին. “Բժիշկ- փիլիսոփան Աստծուն է նման …” Ժամանակակից բժիշկները Աստծուն ոչ մի բանով չեն հիշեցնում: Մեր մտավոր ոչ մի խավի լեզուն այդքան անիմաստ, անմշակույթ, անկարկից չէ, որքան այս խավի լեզուն…

Երջանկության խնդիրը – մեր Philosopher-ը հենց նոր ասում էր` մարդիկ չեն տեսնում այն ամենը, ինչ իրական երջանկությունն է: Իսկ երջանկությունը հենց ԿՅԱՆՔՆ է – նրա խաղը, նրա փոքր ու մեծ, հայտնի ու թաքնված ուրախությունները… Մինչդեռ մարդիկ երջանկությունը փնտրում են իրենցից դուրս – դրսի հանգամանքների, քաղաքական իրավիճակի, սոցիումի այլ իրավիճակների մեջ – իսկ սրանք միայն պայմաններն են: Երջանկության իրական աղբյուրը մարդկային սիրտն է, առողջ աշխարհահայումը:

Մերոնք հենց նոր նայել էին Ալան Պարկերի “Պատը” ֆիլմը: Ես նորից չկարողացա նայել – հոգնած հանգստանում էի: Եվ մերոնք ֆիլմից ճնշված էին, հատկապես Առողջագետը – որքան ծանր է ներկա մարդկության ենթագիտակցության բեռը, որքան աղբ պետք է այրվի, որպեսզի մաքրվի ԿՅԱՆՔԸ մեր մոլորակի վրա:

Եվ այսօր – այս կիսաձմեռ, կիսատ-արև օրը նորից գալիս ենք նույն մտքին. Մարդկային սիրտը, Գեղեցկությունը և Ներդաշնակությունը – շնչավորված Բնությամբ և Մշակույթով – միայն կարող են երջանկացնել ներկա մարդկությանը, նոր կյանք ստեղծել: Կյանքի ներկա որակը սպառել է իրեն… Ներկա Էթիկան, աշխարհակարգը, համաշխարհային կրոնները սպառել են իրենց…
Եվ մեր սիրտը անհանգիստ է մեր տխուր, մեր, մեր անգին, մեր դառը, մեր անուշ Հայրենիքի համար…

Բարի գիշեր:

Հեղինակ
21.02.2009, 22:57
Այսօրս` 2009թ. փետրվարի 21-ը, ավարտվում է:


“Շշից նոր դուրս եկած ջինը”

“Այսօրիս” այս խորագիրը իմը չէ – նայեք փետրվարի 20-ի “Հայկական ժամանակը” մեր մեծաշնորհ նկարիչներից` Սարգիս Մուրադյանի դստեր` Զարուհի Մուրադյանի հոդվածի վերնագիրն է: Եղբայրական ողջույններս Զարուհի Մուրադյանին: 1988-ի Շարժման սկզբնավորման վկաներից է նա – նրա գրիչը ճշմարիտ է, զգացմունքը` կենդանի, փաստերը` տեղը-տեղին – կարդացի և ապրեցի Շարժման սկզբնավորման օրերի մեր զարմանալի արթնացումը…

Բայց անդրադարձս այդ հոդվածին հոգսից է ծնվել: Կարդանք Զարուհու հոդվածի վերջին պարբերությունը. “Սակայն ես լավատես եմ` Ջինը կրկին դուրս է եկել 20 տարի անց, և ես կարծում եմ` նա իր արդար գործը կանի:” Նկատի ունի` նոր Շարժումը: Ջինն էլ – մեր Ոգին է, մեր Էությունը, ազգային թաքնված էներգիան, որ դուրս է եկել զսպված վիճակից և գործում է … Շատ լավ… Բայց այստեղ մի երկու հարց, նաև ցանկություն պետք է հղեմ Զարուհի Մուրադյանին, նաև ընթերցողիս:

Կհամաձայնեք` 1988-ի շարժումը տվել է մի գերազանց արդյունք – հաղթանակ Արցախյան ազատամարտում: Բայց մյուս կողմից` Շարժման Արդարությունը և Ուժը չդարձան պետականաշինության հիմք, և մենք շատ հիվանդ ու անարադար երկիր ստեղծեցինք: Խոստովանենք, որ մեր “Ջինի” իմաստությունը և խելքը բավական չեղան, որ մի լավ պետություն ստեղծվի – նա իր գործը լավ չարեց: Եվ շատ շուտ Երրորդ հանրապետության տերերը նրան քշեցին և նա… նորից շշի մեջ մտավ:

Հիմա մեր Ջինը նորից դուրս է եկել… Եվ նա նորից ունի իր մեջ մեր սրտի լավագույն իղձերի գումարը… Ես էլ նրան ասում եմ` ո~վ հայկական Ջին, այս անգամ քո էներգիան պետք է երկրաստեղծ դեր ունենա, այլապես շշից իզուր ես դուրս եկել – պարելով, սպիտակ թաշկինակն անպարագիծ թափ տալով, նույնիսկ իշխանություն փլուզելով` քո նպատակին հասած չես լինի: Օ~, Հայոց Ջին, քո սրտի մեջ կա Ծրագիր ու Գործ, հիշի~ր քո ծագումը, քո արարչականությունը, քո Նպատակն ու Աշխատանքը: Մենք քեզ հետ Նոր Երկիր պետք է ստեղծենք: Ուրեմն` ոգևորված լինելով – պետք է նախ կրթվենք, արյուն-քրտինք թափենք, գիշեր ու ցերեկ խոկանք, որ հասու լինենք` ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՐԴԱՐ ԵՐԿԻՐ ՍՏԵՂԾԵՆՔ… Թե չէ` անփորձ հոգին կարծում է – եթե Ջինը դուրս է եկել` դե մի բան կանի~…

Թե նպատակդ չճշտես, ով Զորավոր Ջին, իզու~ր ես շշից դուրս եկել… Թե Նոր Երկիր ստեղծելու նպատակը չդնես` Երրորդ հանրապետությանը տիրող ուժերը – իշխանություն լինի թե ընդդիմություն, քեզ նորից կքշեն ու նորից շշի մեջ կմտցնեն: Որովհետև դու նրանց խանգարելու ես` իշխանությունը բաժանելու ժամին: Դու շշի մեջ կլինես, և կմնա միայն մեր տրորված կարոտը… Այս անգամ արդեն դժվար կլինի ասել, թե մեկ էլ երբ ես դուրս գալու…

Մեր Ոգին բանտողը, մեր “Ջինը” բանտող շիշը մեր ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է: Փշրել այդ շիշը…

Ահա ինչ կուզենայի ասել Զարուհի Մուրադյանին և քեզ, ընթերցողս:

Բարի գիշեր:

Հեղինակ
22.02.2009, 22:51
Այսօրս` 2009թ. փետրվարի 22ը, ավարտվում է:

Խառն օր էր – եղանակը, մարդիկ, լուրերը զգացումները…

Ձմեռը զգուշացրեց, որ ինքը դեռ չի գնացել, և միգուցե լավ արեց – ծառերը թող ուշ ծաղկեն, որ չզոհվեն անակնկալ ցրտերից…

Նոր սերնդի էթիկական դաստիարակություն… Հենց հնչում է այս բառակապակցությունը` մարդիկ մտածում են կրոնի մասին, կրթության մեջ “Կրոն” առարկան մտցնելու մասին: Մինչդեռ ամեն ազգ և նրա էթիկան ավելի հին են, քան իր դավանած կրոնը: Իսկ կրոնը կրթության մեջ մտցնելը… Այսօր լսում էի Ռուս Ուղղափառ եկեղեցու հայտնի դեմքերից մեկին` միտրոպոլիտ Կլինմենտին, որը խոսում էր կրթության մեջ “Սրբերի վարքը” մտցնելու մասին:
Սրբերի վարքը… Պատկերացնու՞մ եք, որ այս նուրբ նյութը դառնա կրթական ձեռնարկ և դասավանդվի դպրոցում… Չէ~, եկեղեցին դպրոց կբերի իր դոգմաները, քարացած տողերը, վեճերը, ծեսերը: Մինչդեռ իրական էթիկական դաստիարակությունը, որ կբացի երեխայի սիրտը աշխարհի, նաև Արարչի և Նրա Ստեղծագործության հանդեպ – Գեղեցկության Կրթական Միջավայրի ստեղծումն է – լեզուն, երգը, պարը, հերոսների կյանքը, Մայր Բնության հրաշագործության հանդեպ Հիացմունքը և Զարմանքը, ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔԻ ճանաչման ձգտումը: Մինչդեռ մի տեր-Հակոբի հանձնիր երեխային, և նա սուրբ հայրերից սերտած բերանացի տողերով երեխայի մեջ կխեղդի Գեղեցկության զգացումը…

Մեր վարչապետը և կառավարությունը բլբուլ են կտրել – խոսում են … տեղական արտադրողին օգնելու մասին: 18 տարվա անկախ պետականություն ենք, և առաջին անգամ երկրի բարձրագույն իշխանությունը սկսում է հասկանալ, որ իր գլխավոր խնդիրը ԵՐԿՐԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԻՆ օգնելն է, նրա գործին նպաստելն է … Տարնսֆերները պակասել են, ճգնաժամը ճզմում է, և իշխանությունների գլուխը սկսել է աշխատել… Ոնց որ թե խելքի են գալիս: Բայց ո՞վ պետք է պատասխանի 18-ամյա պետական հանցագործության համար – երբ բոլոր միջոցներով պետությունը և առևտրային օլիգարխիան ճզմում էին և այսօր էլ ճզմում են տեղական արտադրողին, ինչի հետևանքով անգործ մնաց ու արտագաղթեց մի աշխատասեր ժողովուրդ…

Ընթերցողս, ղոչաղ մնա, ամեն ինչ լավ է լինելու…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.02.2009, 22:44
Այսօրս` 2009թ. փետրվարի 23ը, ավարտվում է:

Կյանքը շարունակվում է… “Տհաճ եթեր” նախաձեռնությունը ճեղքել է հանրային դաշտի անտարբերությունը և նրա ուշադրությունն ուղել դեպի ցածրորակ հեռուստահաղորդումների և հատկապես` լեզվի խաթարումների խնդիրը:

Երեկ էր, մեր հարգելի Լրագրողը` Արտակ Ալեքսանյանը հարցազրույց էր վերցնում ՀՀ նախագահի աշխատակազմի` նոր ստեղծված տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանից և հարցեր էր տալիս հեռուստահաղորդումների ցածր որակի մասին: Եվ ի~նչ էր պատասխանում այս տեղեկատվական այրը – հաղորդումները կկոդավորվեն – ուզում է ասել` հեռուստատեսային աղբին ձեռք չենք տա. այս վտանգավոր աղբը թող եթեր գնա այս` իբր “անվնաս” ժամերին (օր., երբ երեխաները քնած են), իսկ մնացած աղբը` այս ժամերին: Եվ այսպես, հանրությունը խնդիր է դնում հակամշակութային աղբը հեռացնել հեռուստատեսություններից, իսկ պետական մեքենան … կոդավորում է աղբը և նրա ցուցադրման ժամերն է փոխում…

Եվ սա պատահական չէ … Հիշում եք` ով է Արա Սաղաթելյանը. նա արդարադատության նախարարության մամլո խոսնակն էր: Շատ տարիներն նրա մտային շրջանակը ընդգրկել է մեր հայրենի կալանավայրերը և նրանց խնդիրները… Հիմա մարդուն բերել են և ասում են` ի՞նչ ես անում այս “Տհաճ եթեր” կոչվող տհաճության հետ: Եվ Արա Սաղաթելյանի ստերեոտիպն աշխատում է – մեր Հայաստան-“կալանավայրից” բողոքներ կան, պետք է հանրությանը հանգստացնել, մի երկու կեղծ քայլ անել… Նրա առջև մշակութաբանական խնդիր է դրված, իսկ նա տեղեկատվական-իրավական-վարչական լուծումներ է փնտրում… Այս մարդն ի՞նչ գործ ունի մշակույթի և հեռուստատեսության հետ… Ցավալի է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրային քաղաքականությունը:

Կյանքը շարունակվում է …
Մի քանի օր առաջ մի սննդային հայտնագործություն եմ արել … Գիտեք, չէ՞` մարոլից լավ գարնանային աղցան է ստացվում… Մի երկու օր առաջ տեսա , որ մարոլ չունենք, և աղցանն արեցինք սպանաղից – սա էլ, գիտեք, հիմնականում տապակած են ուտում: Բայց հում սպանաղից աղցանը հոյակապ ստացվեց, մարդու ուղեղի բջիջներն ուղղակի “բացվում” են… Այ էս սպանաղի աղցանից ուտեր Արա Սաղաթելյանը… Նկատե՞լ եք, թե մեր պետական վերանախավին պատականող մարդկանց աչքերի տակ ի~նչ մութ տոպրակներ են… Դրանք կարելի է կոչել “չալաղաջային սինդրոմ”… Այդ սինդրոմի բուժման համար առաջարկում եմ սպանաղի աղցան` օրը երեք անգամ:

Ընթերցողս, քո աչքերի տակ մաշկը հարթ է ու առողջ, բայց քեզ էլ սպանաղի աղցանը չի խանգարի…

Բարի գիշեր:

Հեղինակ
24.02.2009, 23:06
Այսօրս` 24 փետրվարի 2009թ., ավարտվում է:


“Ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս”

“Այսօրիս” խորագիրը Հրանտ Մաթևոսյանի կոչ-աղոթքի վերնագիրն է, ես չէի կարդացել այս զարմանալի փաստաթուղթը… Տպագրված էր մի քանի օր առաջ` “ՀԺ”-ի փետրվարի 20-ի համարում: Իսկ հրատարակման առիթը Հերմինե Նավասարդյանի նամակն է` ուղղված Նիկոլ Փաշինյանին:

Նախ` Հերմինե Նավասարդյանի նամակի մասին… Վաղուց չէի հանդիպել լեզվի ու մտքի, զգացմունքի ու մտածումի այդպիսի խտացում. – դուստրս, քույրս, անուշս` Հերմինե Նավասարդյան, ազնիվ սրտիդ արժանի մի հայրենիք մենք ունենալու ենք, – ես կուզենայի քե~զ համար կառուցել այդ հայրենիքը, քե~զ համար:

Պատմության անկյունադարձային ժամերին Հայ Մեծերը միշտ դիմել են ժողովրդին կոչով – դիմագրավել մարտահրավերներին և երկիր կառուցել… Անգերազանցելի է մնացել Վարդանի ոգեշունչ խոսքը` Ավարայրից առաջ: Եվ Նժդեհի գրականությունը` փիլիսոփայորեն ամենախորը, հոգևոր գիտելիքի ներսուզումներով: Եվ ահա` մեծն Հրանտ Մաթևոսյանի կոչ-աղոթքը` կառուցելու մեր անկախ հայրենիքը: Այս տեքստը հրանտորեն ճոխ է, խորունկ ու բարդ – և պարզ` հայկական հայրենասիրության հին ավանդական ատաղձով: Եվ այդ աղոթքը պատգամում է ամենքին` շատից շատը ու քչից քիչը դնել հայրենիքի կամարների հիմքում: Թվում է` էլ ի՞նչ կարող է ասել ժամանակի Մեծը` իր ժողովրդին:

Կարդացի Հրանտի աղոթքը և Նոր Ժամանակների, Նոր Աշխարհայացքի, Նոր Մոլորակի, Նոր Քաղաքակրթության, Նոր Հայաստանի էներգիան խլթխլթում էր մեջս, ելնում, բարձրանում, ալիքվում, և բարձրանալով` հնչում աներկբայորեն – հայ հայրենասիրության այս որակը այլևս հնացած է, և ինձ` նոր ժամանակների հայիս չի բավարարում Հրանտ Մաթևոսյանի աղոթքը: Քանզի այդ աղոթքում չկա այն Գիտելիք-Իմաստությունը, թե ԻՆՉ դնել հայրենի կամարների հիմքում և ԻՆՉՊԵՍ կառուցել այդ կամարները:

Չի բավարարում, որովհետև Մեծը իր Մեծությունը հենում Հայ Գյուղացու էթիկայի վրա, բայց որքանով էլ այդ էթիկան թվա սրբազան ու անեզր – այն աշխարհայորեն արդեն խեղճ է և սահմանափակ` մի մոլորակի, մի մարդկության, մի երկրի, մի մարդու գրեթե անբուժելի էթիկական ախտերը բուժելու և մարդուն Մարդ դարձնելու համար: Հրանտ Մաթևոսյանի կոչ- աղոթքը առնում եմ սրտիս մեջ` որպես հայրերիս անեղծ պատգամը, բայց գոչում եմ` Նոր Հայաստան կառուցելու համար հրաժարելով հրաժարիմք հայկական հնացած հայրենասիրությունից – նա չի կարող մեզ դեպի ապագա առաջնորդել: Մեզ պետք է Նոր Էթիկա, մեզ պետք են նոր Նոր Ճանապարհներ

Բարի գիշեր:

Հեղինակ
25.02.2009, 23:15
Այսօրս` 2009թ. փետրվարի 25ը, ավարտվում է:

Երեկվանից մի պատկեր, մի իրադարձություն դուրս չի գալիս հիշողությունիցս – մտովի անընդհատ վերադառնում էի տեսածիս: Ռուսական մի լավ հեռուսատալիք կա “Совершенно Секретно”, այս ալիքն էլ մի երիտասարդ մեկնաբան ունի` Ստանիսլավ Կուչերը: Նրա հյուրը երեկ Ռուսաստանի հայտնի քաղաքական գործիչ Ժիրինովսկին էր:

Վլադիմիր Վոլֆովիչը մի սխրանք է արել, որ միայն հրեան կարող էր անել – նա Ռուսաստանի քաղաքական դաշտում գրավել է ռուս ազգայնականի խորշը – պինդ ու հարատև, և ռուսները սեփական ազգայնականությունը քաղաքական գործոն են դարձնում նրա միջոցով: Հսկա էրուդիցիան, նուրբ միտքը, աշխարհի, մանավանդ` Արևելքի հրաշալի իմացությունը, ռուսական շահի գերակայության զգացումը ապահովում են Ժիրինովսկու հաջողությունը:

Կուչերն ու Վլադիմիր Վոլֆովիչը խոսեցին դեսից- դենից – լավ հարցազրույց էր: Եվ վերջում Կուչերը` սլավոն մտավորականին հատուկ մի խորունկ, սրտագին, ուղղափառ, մարդկային շեշտով հարցնում է` հնարավո՞ր է, որ աշխարհում, խաբեության փոխարեն, տիրեն ազնվությունը, բարոյականությունը… Կուչերը մտածում էր, թե ո~վ-ո~վ, բայց Ժիրինովսկին մի բան կունենա ասելու դրա մասին… Բայց այստեղ շշմելու բան տեղի ունեցավ:

Կուչերը հարց էր տալիս մարդկության էթիկայի և ապագայի մասին – նրա լեզվի տակ բան կար, նա գիտի, որ առանց էթիկայի առողջացման` մարդկությունը ապագա չունի… Բայց պարզվեց, որ Ժիրինովսկու էրուդիցիան այստեղ ավարտվում է – նա չգիտեր, որ մարդկության ապագան կապված է նրա էթիկայի փոփոխության հետ: Նա Կուչերի հարցին պատասխանեց` Ո~չ, մարդկությունը երբեք չի կարող ապրել ազնվության ու բարոյականության պայմաններում: Մոլորակային էթիկայի խնդիրը անծանոթ էր քաղաքական գործչին: Խեղճ տեսարան էր:

Նայում էի այս տեսարանին և մտածում էի մեր հայրենի գործիչների մասին: Անկեղծ լինեմ` սրտիս մեջ շատ եմ նեղացել, որ նրանց ուղարկել եմ գրքերս , բայց արձագանք չեմ ստացել: Բայց մարդիկ իրենց քաղաքական բիզնեսի մեջ են – նրանց չի հետաքրքրում Նոր Հայաստանի խնդիրը: Բայց իմացած եղի~ր, ընթերցողս, գալիս են նոր ժամանակներ (Արամ Կարապետյանի ականջը կանչի) – առանց Նոր էթիկայի, Նոր Իդեալների` քաղաքական գործունեությունը փուչ ու սնանկ է լինելու: Ինչպիսին կա այժմ:

Բարի գիշեր:

Հեղինակ
26.02.2009, 23:06
Այսօրս` 26 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Քո Սուվերեն Գեղեցկությունը

Իմ Սիրելի, լույսը բացվել է… Ես լսում եմ շնչառությունդ, զգույշ շարժումով փնտրում եմ ձեռքդ… Ահա տաք մատներդ. իմ Սիրելի, դու արթնանում ես…

Եվ նայելու ես դեմքիս և ուզելու ես իմանալ, թե ինչպե՞ս եմ ապրել այս գիշերը, ի՞նչ լուր ունեմ նուրբ աշխարհներից, ու՞ր է գնում մեր կյանքը, մեր աշխատանքը: Ամեն օր դու ինձ, ինքդ քեզ, ճակատագրին հարցնում ես – ուր ենք մենք գնում, ինչ է մեզ սպասում: Քանի~ տարի Կյանքը մեզ հագիստ չի տվել, և ամեն օր դու տվել ես այս հարցը և այսօր էլ պատասխան ես փնտրում… Եվ դրանով էլ Կյանքը մեզ դժվարին պարգև է տվել – Արթնություն:

Իմ Սիրելի, եկել է մեր բերքահավաքի սկիզբը … Բայց մինչև այդ … Ես քեզ հանդիպեցի ու սիրեցի – բայց սիրո մեջ էլ` Մարդկության Պատրիարխալ Հանցանքների կրողն էի ես: Տղամարդը դարերի ընթացքում դարձել էր կնոջ Մոլորակային Մեղադրող, և մի հավերժական դատարանում դատում էին կնոջը - Մոլորակային Կանացիությունը: Այս մոլորակի վրա չկար մի տղամարդ, որ չկատարեր այդ դերը և Մեղադրող չլիներ: Ես էլ այդ գործի կույր շարունակո~ղն էի:

Բայց Դու` Իմ Գեղեցիկ ու Համբերատար Մեղադրյալ, գիտեիր քո կանացի գործը – դու ուղին կորցրած, մոլորակը քանդող Տղա-մարդուց Մարդ պետք է ստանայիր, – քո սիրով ամեն օր ու ամեն վայրկյան մաքրելով պատրիարխալ ժանգը:

Հարթմնի ու երազներիդ մեջ դու հասու էիր առաքելությանդ – Տղամարդուց` Մարդ ստանալը ահռելի ջանք է պահանջում և երկար ճանապարհ է… Եվ ես քեզ օգնում էի – դա իմ աստեղային ժամն էր, մենք դաշնակիցներ էինք… Չեմ հանդգնում ասել, թե հասել եմ քո ըղձալի հանգրվանին, բայց կարող եմ վկայել, որ քո անձնազոհ նպատակը միշտ դա է եղել ու կա…

Եվ ես մի օր, Տիեզերքի աչքի առջև պատռեցի Կնոջը մեղադրող` դարերի մեջ գրված Մեղադրական Եզրակացությունը և նույն Տիեզերքի առջև ճանաչեցի Քո Բարձր Սուվերեն Գեղեցկությունը:

Դու արթնացել ես… Մատներդ տաք են, սրտիդ մեջ թաքնված արևից են ջերմանում: Իմ Սիրելի, այսօ~ր էլ արևիր մեր կյանքը:

Ընթերցողս, այս մոլորակի վրա չկա գեթ մեկ կին, գեթ մեկ կին, որն արժանի չլինի` մի տղամարդուց ստանալու այնպիսի մի ուղերձ, որը ես ուղղեցի իմ Սիրելուն…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.02.2009, 23:12
Այսօրս` 2009թ. փետրվարի 27ը, ավարտվում է:

Գեղեցիկ է Երևանի գարանանամուտը – թեկուզ օրն անարև էր, բայց տաքությունն ու լույսը շատ էին: Առողջագետի հետ մտանք գրախանութ, ուզում էինք իմանալ, թե դրսում նոր հրատարակված գրքերը ինչպես են հասնում Հայաստան – Առողջագետի գիրքն էր մեր մտքի մեջ – պարզվեց, որ գրքի վաճառականները գնում են Մոսկվա և բերում են:

Եվ մի քայլ արեցինք, բայց հետո փոշմանեցինք մեր արածը: Հանդիպեցինք մի այդպիսի գրքի վաճառականի, նրա հիմնական բիզնեսն էր` վաճառել մեր ներկա բժշկության գրքերը: Առողջագետի գրքի անվանումը ուղղակի խրտնեցրեց վաճառականիս – “Ժամանակակից բժշկության երկու հանցանքնե՞րը” – սա ի՞նչ գիրք է: Զգաց, որ իր բիզնեսի հունի մեջ չէ այս գիրքը… Իսկ մենք հասկացանք` մեր գործը ստեղծելն է – թե գիրքն ինչպես կհասնի ընթերցողին – թող որոշի ընթերցողը, վաճառականը, բիզնես- մթնոլորտը, այլ անհայտ հանգամանքներ…

Աշխատել… Ստեղծել… Եվ եթե լույս ունես` լույս տալ – եթե լույսը կա` նա կգտնի իր ճանապարհը: Առողջագետիս հետ կհասնե՞նք այդպիսի խաղաղության, Արևելքում այս վիճակը “ին” են կոչում, որն իր խաղաղության, թվացյալ “անգործության” մեջ կարող է հասունացնել միջուկային ուժի մի պայթյուն…

“Ազգս նպատակ է, անձս` միջոց” – այս հայրենասիրական ասացվածքը հենց նոր ասում էր հայ երգի ներկա լավագույն մեկնիչներից մեկը` Արսեն Գրիգորյանը` Մրոն: Չէ~, չէ~, ճշմարիտն ուղիղ հակառակն է – ազգը պետք է լինի միջոց, մայր, կենաց միջավայր, որ կկրթի, կսնի, կճոխացնի իր զավակին` այսօրվա ու հավերժի համար: Ազգերը նույնիսկ կարող են գալ ու անցնել – ի ցավ մեր սրտի – և կարող են մարել նրանց հոգևոր հայրենիքները, մոռացվել լեզուն և երգերը, բայց մարդը հավերժ է և հավերժորեն նա իր մեջ պահելու և տանելու է այն ազգերի քաղցրությունը, որի զավակն է եղել:

Հայաստանս… Երևանս …

Բարի գիշեր:

Հեղինակ
28.02.2009, 23:28
Այսօրս` 28 փետրվարի 2009թ. ավարտվում է:


Վաղը Մարտի 1-ն է


Ընթերցողս, այս խորագրի տակ նյութը գցել էի... Բայց առավոտյան հանեցի: Այսօր Ժողովրդի Հոգին չարժե ծանրաբեռնել ոչնչով - նա գնալու է իր ճանապարհը այնպես, ինչպես գնալու է...

Բարի լույս...

Հեղինակ
01.03.2009, 23:48
Այսօրս` 1-ը մարտի 2009թ. ավարտվում է:


Կարեկցանքը

Ի՞նչն է պակաս ժամանակակից մարդու սրտի մեջ – սովորաբար գիտակցվում է, որ պակաս է սերը, հանդուրժողականությունը, այլասիրությունը անշահասիրությունը… Բայց տարիների մեջ համոզվել եմ – կյանքիս ամենակարևոր պահերին, ամենածանր հանգրվաններին մի զգացում պակաս է եղել իմ մեջ – կարեկցանքը: Սիրել կարող են բոլորը – թռչունը, շունը, ձին… և, իհարկե, նաև մարդը… Բայց կարող է ԿԱՐԵԿՑԵԼ միայն մարդը:

Այսօր մարտի 1-ն էր: Վաղուց արդեն – մի քանի տարի է – ես ու Առողջագետը մեր քաղաքացիական ակտիվությունը տեղափոխել ենք զուտ աշխատանքի տարածք, ընտանիքի սիրո տարածք – եթե մենք կարողանանք խնամել, պահպանել մեր կյանքի այգին` դրանով էլ ծառայած կլինենք մեր երկրի ապագային: Սեփական կյանքի խնամքը` քաղաքացու բարձրագույն պարտականությունը – սա նոր կոչ է և կարող է չընկալվել մեր համայնքի կողմից:

Եվ այսօր մենք հանրահավաքի չէինք գնացել – այնտեղ չէր զարկում մեր կյանքի զարկերակը: Բայց օրվա վերջում սրտիս մեջ կասկած կար – գուցե քիչ եմ կարեկցում ժողովրդի հոգսին ու պայքարին: Գուցե կարեկցանքն իմ մեջ քիչ է…

Զոհերից մեկի շունը անընդհատ ոռնացել է – մարտի 1-ից` երկու օր առաջ և այդ օրը: Շունը, շունը անգամ գիտի ապագան, զգացել է մոտեցող ողբերգությունը, բայց մարդը փակել է իր ներզգացության բոլոր դռները… Փակել իրեն, իր սիրտը նուրբ էներգիաների, Տիեզերքի իմաստության առջև … Եվ իր խեղճուկրակ ուղեղը բացել է բառերի ու բառակույտերի առջև: Նա ձգտում է ազատագրության, բայց չգիտե, որ ինքն է իր բանտապահը …

Մտա համացանց, նայեցի հանրահավաքի հետ կապված նյութերը, հիմնական ելույթը: Ժողովրդի Հոգին էլ ձգտում է ազատագրության, բայց, ավա~ղ` նա միայն մի կողպեք է տեսնում, որ դրված է իր հույսերի փակ դռան վրա – փշրեի~նք այդ կողպեքը և ազա~տ կլինեինք… Այսքա~ն էլ միամտություն, այսքա~ն էլ անգիտություն: Ուզում ես զայրանալ, ուզում ես հիշեցնել… Կողպեքները մեկը չեն – հարյուրն են, նոր միտք ու նոր աշխարհայացք է պետք… Բայց նույն այդ իսկ պահին հասկանում ես – չկա ուրիշ ճանապարհ, քան ԿԱՐԵԿՑԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ…

Միայն կարեկցել, միայն սիրել …

Բարի գիշեր…

Հեղինակ
02.03.2009, 23:52
Այսօրս` 2 մարտի 2009թ. ավարտվում է:

Առավոտ էր, մայթեզրից իջա փողոց և սպասում եմ, որ անցնեմ Վաղարշյանը – քիչ մնաց երես-երեսի բախվեի մի կնոջ հետ. երկուսս էլ շարժման մեջ էինք… Լավ էր չբախվեցինք – տղամարդու և կնոջ բախումներից են ծագում բոլոր երկրաշարժերը…

Դիմացի մայթին` “Քանզելո” տարօրինակ անվամբ եզդիական խանութի ուղիղ դիմաց, մայթի մեջտեղում մի աղջնակ է կանգնած` սև ճտքավոր կոշիկները հագին, ոտքերը նուրբ, երկար ու բարակ – հայկական բարակոտն ֆլամինգոն սպասում է իր ընկերոջը – գարնանային մայթերը իր համար տաք ջրերի լճակներ են…

Շենքի անկյունին հենված` ձնծաղիկներով լի սինին աջ ձեռքով պահել է մի կին և գարուն է առաջարկում անցորդներին – մազերը մրսած են ու քամահարված, կոշտացած է դեմքը – տեսնես կա՞ մեկը, որ ջերմացնի նրա ճաքճքած գեղջկական շրթունքները…

Այսօր հանդիպեցի հին ընկերներիցս մեկին – նա համաշխարհային մի Ուսմունքի հետևորդ է, այդ Ուսմունքը ամենավառն է յոգաներից: Եվ հարցնում է` դպրոցական դասագրքերում ինչու՞ չպետք է գրել Մեծ Ուսուցիչների մասին: Ես էլ ասում եմ` դասագրքերի մեջ չպե~տք է գրել, չպե~տք է գրել ոչ Մեծ Ուսուցիչների, ոչ Հիսուս Քրիստոսի, ոչ Աստվածամոր և ոչ էլ… Մուհամմեդի մասին: Դասագրքերը պետք է լինեն ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ: Զարմացած նայում է…

Բաժանվում եմ ազնիվ ընկերոջիցս և ժամանակավոր գերության մեջ եղածի նման` սլանում եմ տուն – այնտեղ Սիրելիս է և Ազատության մեր կղզյակը – նրա պայծառ ճակատը հակվել է բոլոր Ուսմունքների վրա, նա անցել է տղամարդուս հարուցած բոլոր փոթորիկների միջով և դու~րս է եկել – նրա սրտի մեջ չկա ոչ մի ուսմունք, ոչ մի կրոն, ոչ մի մեռած տող – այլ միայն Սերն ու Կյանքը… Ես փարում եմ իմ Ազատության պահապանին …

Բարի գիշեր:

Հեղինակ
04.03.2009, 12:08
Ինտերնետ չկար, տեքստը տեղադրում եմ հաջորդ օրը...


Այսօրս` 3 մարտի 2009թ., ավարտվում է:

Երեկ էր, մի զավեշտական ու տխուր լուր հանդիպեց Regnum-ում. Կալինինգրադում բլիթները արագ ուտելու մրցույթ է եղել – մի 48 տարեկան տղամարդ մրցության ժամանակ դրել ու բեմին… մահացել է: Հիմա քննում են, թե ինչի՞ց է մահացել: Ա~յ քննիչներ, արագ ուտելուց է մահացել …

Այս դառը լուրը այսօր հիշում էի` մեր “արժևորված” դրամի “արժեզրկման” զավեշտալի ու տխուր փաստի առիթով: Սա իբր “ազատ շուկա” դավանող պետականության ու օլիգարխիայի լկտի խաղի հերթական փուլն է` իրենց միջազգային փայատերերի հետ - նախ դրամի “արժևորման” միջոցով տարին 200-300 միլիոն դոլար խլեցին մեր պանդուխտների տրանսֆերներից, հիմա էլ ճար չունեն` դրամն “արժևորում” են, բայց սովորել են շատ ու արագ ուտելուն, դրա համար էլ զուգահեռաբար բարձրացնում են գները… Չլինի~ թե գերեկամուտները պակասեն…

Ինձ մնում է մի զավեշտալի ու տխուր մարդաբանական գիտելիք հայտնել մեր աննման առևտրային օլիգարխիային – երբ մարդ այս աշխարհում շատ է ուտում ու խմում, այն աշխարհ անցնելիս շատ դժվար է տանում ուտել-խմելու բացակայությունը, քանի որ ցանկությունները կրող աստրալ մարմինը դեռ չի “մեռել” և, օրինակ … չալաղաջ է ուզում… Մարդը նայում է դեմը դրած “չալաղաջին”, բայց պարզվում է որ այն չկա, միայն պատկերն է… Եվ ծանր է լինում տառապանքը… Այնպես որ, հայրենի օլիգարխներ, շատ մի թանկացրեք ապրանքները – միևնույն է, մի օր աստրալ չալաղաջ եք “ուտելու”…

Թողնենք այս ագահ ու զավեշտալի տարածքը …
Եթե որևէ մեկն ուզում իր Հայրենիքը առաջ տանել, ապա նա պետք է կարողանա Հայրենիքից առաջ անցնել, նրանից վեր բարձրանալ, նրան…ատելու չափ սիրել, որպեսզի հնարավոր լինի երբևէ նրան օգնել …

Այսօր նորից լսեցի Գրիգոր Համբարյանի երգերի շարքը – ժամանակին Այգ-ն էր ֆորումում տեղադրել: Եվ թախծում էր մի ժողովրդի հոգին . “Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ… ”, “Սասուն կարոտցել է ձիուդ օտներուն”, և մի հին կարոտ, մի ցավագին սեր նորից խլրտաց մեջս … Սիրում եմ քեզ, Հայրենիք, բայց եթե զգոն չլինեմ` քո կարոտը, քո սերը, քո ցավերն ու թախիծները, քո հողմահար սրբատեղիներն ու գրքերը ինձ կքաշեն, կտանեն, կառնեն իրենց գրկի մեջ … Քեզ սիրում եմ, բայց քո գրկի մեջ չեմ ցանկանում լինել: Այնտեղից չեն երևա ապագայի բարձունքները: Քո գիրկը հին է, խնկահոտ է – նրա ծխից կմշուշվեն աչքերս և ես չեմ տեսնի Ճշմարտությունը: Չեմ ցանկանում քո գրկում լինել, եթե նույնիսկ… ատելու չափ սիրում եմ քեզ:

Բարի գիշեր...

Հեղինակ
04.03.2009, 23:01
Այսօրս` 4 մարտի 2009թ., ավարտվում է:

Կեսօրին Առողջագետիս հետ “պտույտ մը” արեցինք Երևանի տնտեսական խանութներում – մի անհրաժեշտություն ունեինք: Սրանք Վարդանանց փողոցի հայտնի խանութներն են – ահա այստեղ էլ հայ մարդը և հայ պետականությունը կարող են տեսնել, ներեցե~ք, իրենց գոյության ապիկար վիճակը:

Ուշադիր էինք, ապրանքների փայլուն ծովի մեջ մի հայկական ասեղ անգամ չգտանք: Միգուցե կար, բայց մե՞նք չհանդիպեցինք: Ցավով ու խանդով հայտնաբերեցինք` կենցաղային տեխնիկայի զգալի մասը թուրքական արտադրության էր: Լսե~ք մեր պետական ու հանրային խավերի հոգոցները` ի~նչ լավ կլինի` բացվեր հայ-թուրքական սահմանը: Մինչդեռ սահմանն արդեն բա~ց է – հիմնականում և միակողմանիորեն` Թուրքիայի համար… Նա իր ծավալուն արտադրանքով խեղդել է մեր շուկան և մեր արտադրողին ` մեր ագահ առևտրային օլիգարխիայի հրավերով և օգնությամբ:

Նայում էինք գազասալիկները, էլեկտրասալիկները, այլ արտադրանքներ – ի՞նչ է, մեր հաստոցաշինարարները չէի՞ն կարող… կենցաղային տեխնիկա արտադրել… Եթե մեր գործարանները… մեռած չլինեին:

Լսե՞լ եք, չէ՞` ասում են ինչ-որ մեկի մասին – “հզոր միտք ունի”, “ստրատեգիական մասշտաբի մտածող է”, “հզոր ինտելեկտ ունի” – մենք բոլորս այսքան ընտիր ինտելեկտ ունեինք, հատկապես` 1991-96 թվականներին` երկրի բուռն սեփականաշնորհման տարիներին: Եվ գիտե՞ք` ոնց էին սեփականշնորհվում խոշոր գործարանները: Նախ` հնարավոր գնորդները “մուտք” էին գտնում կառավարություն, նրանցից մեկն այնտեղ պայմանավորվում էր, իհարկե` երկու գնի մասին – մեկը պետք է գնար բյուջե, իսկ մյուսը` պետական բարձրագույն այրերի գրպանները: Բայց գործարանները թանկ ապրանք էին – ի՞նչ անեին, որ էժան գնահատվեր` ի վնաս բյուջեի, և ավելի շատ մնար գրապանի համար: Այստեղ մի դիվային տեխնիկա էր գործում` կառավարությունը և իր նշանակած տնօրենը ամեն ինչ անում էին, որ գործարանը պատվերներ չստանար, պարտքերի տակ ընկներ և սնանկ ճանաչվեր – դրանից հետո դրա գինը կտրուկ ընկնում էր: Աշխատավորական կոլեկտիվներն իրենց ուտում էին, ուզում էին աշխատել, պատվերներ ստանալ, պահպանվել, բայց դավաճան մեխանիզմը գործում էր: Գործարանը սնանկ էր ճանաչվում և վաճառվում էր շան մսի գնով: Գինու կոմբինատը` մեծն Ռաֆո Իսրայելյանի ճարտարապետական գոհարը, սպիրտի և գինիների հսկայաքանակ պահուստի հետ, վաճառվել էր մեկին` ընդամենը 65 (վաթսունհինգ) հազար դոլարով: Հետո միայն այդ մեկից գործարանը գնել է ներկա սեփականատերը…

Այնպես որ, ընթերցողս, եթե կլսես, թե մեկը թե “հզոր միտք” ունի, ապա իմացիր, որ այդ “հզոր” ինտելեկտը ծախսվել է` Հայաստանը մի թշվառ առևտրային տարածք դարձնելու համար: Այս տողերն եմ հավաքում, և ականջիս տակ վշվշում է մեր փիլիսոփա-վարչապետը… Այս մարդը հատուկ վարժանք է անցել` պետության, իր, առևտրային օլիգախիայի, Համաշխարհային բանկի և Արժութային Միջազգային հիմնադրամի ակնհայտ ստորությունները` որպես երկնային ամբրոսիա ներկայացնելու համար…

Առանց ԷԹԻԿԱՅԻ` որևէ ինտելեկտ ՈՉԻՆՉ է: Ավելին` անսիրտ, հաշվենկատ ինտելեկտը ՎՏԱՆԳԱՎՈՐ է…


Բարի գիշեր:

Հեղինակ
05.03.2009, 23:20
Այսօրս` 5 մարտի 2009թ., ավարտվում է:


Ճշմարտության կարոտը …

Անցնում է օրը - և ամենուր, ամեն պահի մեջ ճշմարտությունը ծածկված է լինում տարբեր հադերձներով: Ճշմարտությունը չի երևում, բայց նրա կարոտը խռովում է մարդկային հոգին:

Ամեն օր և ամենուր ԿՅԱՆՔԻ սուբստանցիան ծածկված է կեղծիքի ճշմարտանման պատկերներով: Բայց մարդկային հոգին ձգտում է ազատվել կեղծիքից: Եվ ձգտում է, և… վախեցած է, – հոգին վախենում է ճշմարտությունից, նա սիրում է կեղծիքի փափուկ, բազմագույն, սովորական տաքուկ հանդերձները…