PDA

Դիտել ողջ տարբերակը : Այսօրս...



Էջեր : 1 2 [3] 4

Հեղինակ
18.03.2009, 23:46
Այսօրս` 18 մարտի 2009թ, ավարտվում է:

Մի երկու օր առաջ էր – տուն էի վերադառնում, մուտքի առջև մի հինգ-վեց տարեկան աղջնակ խոսում էր մեկ ուրիշ աղջնակի հետ, որն առաջին հարկի լուսամուտից գլուխը դուրս էր հանել: Դրսի աղջնակի սև մազերը թափված էին ուսերին` մուգ անձրևանոցի վրա, աչիկները վառ էին` հայկական աչքերի և հայացքի տիպիկ ժառանգական գեղեցկությամբ. – աշխարհի որ ծայրին էլ տեսնեիր նրան, կասեիր` հա~յ է այս չքնաղ մանուկը: Մեր մուտքի տիրուհին խաղում էր, փափլիկ մատներով սև մազերը դեն էր գցում աչքերի վրայից, ժպտում էր մեր կարմիր արևի նման…

Գեղեցիկ են մեր մանուկները – որքան երջանիկ պետք է լինի մի ազգ կամ մի ընտանիք այդպիսի մանուկներով: Իսկ մանկասիրությունը թերևս մեր լավագույն ազգային գիծն է …

Վերջին տաս-քսան տարում շատ եմ խորհել, մտածել ու գրել, թե մեր մանուկների համար ի՞նչ կրթություն ու ի՞նչ կյանք պետք է ստեղծենք: Եվ մի եզրահանգում աներկբա է – հիմնականը երեխայի համար ԱՌՈՂՋ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է – առավոտից մինչև երեկո երեխան ի՞նչ է տեսնում, լսում, զգում, ուտում, խմում …

Հենց նոր մի զարմանալի լուր լսեցինք միջազգային լրահոսից – Ռուսաստանի նախագահը ամիսներ առաջ մի պատմության դասագիրք է բացել և դրանց մեջ եղած հարցերը` ուղղված երեխային, կոչել է հրեշավոր – чудовищные вопросы: Պարզվել է, որ կրթության նախարարությունը ոչ մի լծակ չի ունեցել` ազդելու դասագրքերի հրատարկության վրա, դրանք կարող են տենդերներում հաղթել ու մտնել կրթություն: Նման կարգ գործում է նաև Հայաստանում: Հրատարակիչը կարող է “լավ դասագիրք սարքել”, հաղթել տենդերում, և գիրքը կմտնի դպրոց… Ա~յ քեզ կրթական քաղաքականություն…

Աչքիս առջև է մեր մուտքի տիրուհին, այն հրաշալի աղջնակը – տեսնես նրա աչքերն այսօր ի՞նչ տեսան – ի՞նչ նայեցին հեռուստացույցով, ինչ գրքի նկարներ նայեցին, նրա ականջներն ի՞նչ լսեցին – ի՞նչ խոսք, մեծերի ի՞նչ խոսակցություն, ի՞նչ երգ, տեսնես նա այսօր ի՞նչ կերավ ու խմեց … Տեսնես` ինչպիսի՞ն էր մեր չքնաղ մանկան կրթական միջավայրը:

Թե երկիր ենք, թե ազգ ենք, թե մարդ ենք, թե կենդանի շունչ ունենք, թե սիրտ ունենք, թե ապագա ունենք` ամեն օր ու ամեն ժամ պետք է մեզ հարց տանք` ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԵՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ:

Բարի գիշեր:

Առողջագետ
19.03.2009, 10:44
Երեկ "Այսօրս"-ի 500-րդ գրառումն էր: Սա լուրջ երևույթ է մեր կյանքում, նաև ազգային կյանքում: Կարծում եմ, նոր գրական ոճ է ստեղծված` փոքրիկ, կարճ խոսքի մեջ ձուլված են օրվա բոլոր երևույթները` հեղինակի ներքին ապրումից մինչև մոլորակային անցուդարձը` քաղաքական, մշակութային...
Ափսոս, որ սովորել ենք չտեսնել, չլսել, չարձագանքել, չգնահատել... իսկ այս ամենը միասին չապրել է նշանակում...
Հույս ունեմ, որ մի օր սակայն այս ամենը կլինի, մենք էլ ազգովին կյանք կառնենք, իրական, ոչ խաբուսիկ զարթոնք կապրենք, և նորից ձեռք կբերենք տեսնելու, լսելու, արձագանքելու, գնահատելու ունակությունը... նորից կապրենք:

Իսկ Հեղինակին` ինձ հայտնի և "անհայտ" աղբյուրներից ուժ ու կենսականություն եմ ցանկանում` գործը շարունակելու համար:

Հեղինակ
20.03.2009, 00:41
Այսօրս` 19 մարտի 2009թ, ավարտվում է:

Շնորհակալ եմ Առողջագետին, նկատեց, որ “Այսօրիս” 500-րդ գրառումն էր:

Ընթերցողս, ու՞մ համար ես գրում “Այսօրս”… Գիտեմ, որ դու կաս, որ կարդում ես… Բայց ես քեզ չեմ վշտացնի՞, եթե ասեմ, որ “Այսօրս” ես գրում եմ իմ համար: Ես զրուցում եմ ինքս ինձ հետ, իմ սրտի ծաղկման համար – և եթե իմ սիրտը ծաղկի, ապա այդ ծաղկման` բույրն ասեմ, էներգիան ասեմ – կհասնի ամբողջ աշխարհին և գուցե ապաքինի նրան: Նաև գուցե քեզ հասնի, ընթերցողս:

Բայց չեմ կարող երկու ընթերցողի առանձնակի չհիշել – Առողջագետին և Black Orcհid-ին, որոնցից ստացած գրեթե ամենօրյա “շնորհակալություները” արդեն ծես են, որով կանացի այդ երկու սիրտը ինձ կորով են տալիս` ամեն օր զգալու ու սիրելու աշխարհը: Շնորհակալ եմ այդ երկու քնքուշ ու հարազատ հոգիներին` “Այսօրս” հավատարիմ ուղեկցելու համար:
Նաև շնորհակալ եմ Tigris բարեկամիս` ԴՆ ֆորում-ի հավատավոր ստեղծողներից մեկին, նա ամեն օր կարդում է համեստ գրություններս:

Նաև ասեմ, ընթերցողս – ես գիտեմ “Այսօրիս” արժեքը, որքանով այն ինձ չի պատկանում… Նրա միջով անցնում է նոր ժամանակների, նոր աշխարհայացքի մի թարմ էներգիա, որ ձգտում է ցնցել բոլոր խարխուլ հիմքերը` լինեն դրանք մոլորակային կամ ազգային, պետական կամ կրոնական ծագման – այրել բոլոր հնոտիները, բոլոր եղծությունները… Եվ սիրտս ասում է` եթե ուժ ունենայի, տիտան լինեի, եթե երկնաչափ բոց ու լույս ժայթքեի` պիտի այրեի այն ամենը, ինչ խանգարում է ԿՅԱՆՔԻՆ կյանք լինել:

Բայց որտե՞ղ է մարդկային կյանքի և ողբերգությունը, և թռիչքը: ԿՅԱՆՔՈՒՄ ՄԻ ԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԱՅՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԱՅԴ ԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳՏՆԵՍ ՈՒ ԱՅՐԵՍ ՆԱԽ ԻՆՔԴ ՔՈ ՄԵՋ: Այլապես իզուր կանցնի քո ջանքը: Ուրեմն, ճշմարիտ Կյանքի բոցը նախ պետք է անցնի քո միջով, այրի նախ քո եղծությունները… Ահա թե ինչու և հոգիդ, և մարմինդ խարկվում են այդ բոցի մեջ… Եվ այսօր, այս երեկո ցավում են նրանք… Եվ որքա~ն ցավ է տալիս քո ինքնակերտումը սիրելի մարդկանց…

Իսկ Հանրությունը՞: “Հանրություն” կոչվող ամբողջը կարդու՞մ է “Այսօրս” – գուցե մի օր ձայն տա, գուցե մի օր կանչի Հեղինակիս: Օ~, ո~չ, Հանրությունը ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐՓԱԾՈՒՆ Է – նա վերուվար է անում, խլրտում է, սիրում է ու ատում, թփրտում է ու նվաղում` ժամանակի խուտուտներից և կոկետորեն կարծում է, թե ապրու~մ է, թե ստեղծու~մ է … Բայց նայե~ք, կեղծ է այդ ապրելը… Նայե~ք հանրության սոցիալական և քաղաքական մակերեսներին, այնտեղ կտեսնեք միայն պատրանքներ, այնտեղ ապագա չկա: Ապագան կրում են միայն հազվադեպ անհատները, որոնց Հանրությունը մակերես չի հանում, այլ նկուղներ է քշում…

Բայց կգա~ մի օր, կգա~ մի օր, կգա~ մի օր, երբ պայծառ անհատների աշխատանքով և ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻ հրամանով այս հանրությունը ՀԱՄԱՅՆՔ կդառնա – մշակութային, գեղեցիկ, պայծառաչվի, անքեն, արդար ՀԱՄԱՅՆՔ:

“Այսօրս” ուղղում եմ, նվիրում եմ, խոնրահեցնում եմ այդ Ապագա Համայնքին, որ պետք է կերտենք: Միասին: Հիմա և ամեն օր…

Բարի գիշեր:

Հեղինակ
21.03.2009, 00:42
Այսօրս` 20 մարտի 2009թ, ավարտվում է:

Կեսօր էր, մտա “Բուկինիստ” գրախանութ. սպասում ենք` Առողջագետի գրքի տիրաժից Երևան հասնի, բայց դեռ չի հասել…
Մանկական բաժնում ձեռքս առա մի պատկերազարդ, լավ հրատարակված գիրք. Հովհաննես Այվազյան “Տիեզերքը” – մանուկների համար:

Հայտնի աստղագիտական գիտելիքն է այստեղ – Մեծ Պայթյունի տեսությունը, ըստ որի դրանով է սկիզբ առել տեսանելի Տիեզերքը: Հետագայում Տիեզերքի ամբողջ նյութը նորից կհավաքվի մի կետում և սա կոչվում է… Մեծ Ճայթյուն: Մեր գալակտիկան` Հարդագողի ճամփաները… Արեգակնային համակարգությունը – Արեգակը և մոլորակները… Նյութի կառուցվածքը, ատոմը, տարրական մասնիկները…

Իհարկե, երեխան պետք է իմանա այս ամենը… Բայց Տիեզերքի կենդանի շունչը չկա այս սիրուն գրքի մեջ – այստեղ Տիեզերքը անկենդան, անիմաստ նյութի կուտակում է: Գուցե Տիեզերքը ստեղծված է ՄՏՔԻ՞ միջոցով – այս մասին չի մտածում մեր ժամանակակից աստղագետը և կրթական նյութի հեղինակը: Բայց որ տեղը գա կմեջբերի Ս. Գրքից, թե` Ի սկզբանե Բանն էր …

Ներկա գիտությունը հասել է քվարկին – ամենափոքր տարրական մասնիկը, և դաշտերին – գրավիտացվիոն դաշտը, ատոմի կառուցվածքը պահպանող դաշտը… Իսկ թե ինչ կա մի քիչ այն կողմ – ավելի նուրբ, ներկա գիտության կողմից դեռևս չհետազոտված ՆՅՈՒԹԱԿԱՆ-ՀՈԳԵՎՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ, բանականությամբ ու սիրով լցված, ԲՆԱԿԵՑՎԱԾ Նուրբ Աշխարհը, Հրե Աշխարհը` իրենց տիեզերական աստիճանակարգով…

Ժամանակն է, ժամանակն է` մեր կրթությունը ազատել մատերիալիստական տգիտությունից, և դպրոցից մինչև համալսարանական ամբիոններ` ուսումնասիրել Կենդանի ու Բանական Տիեզերքի Գիտությունը: Աղբյուրները շքեղ ու լայնորեն պահպանված ու հրատարակված են – հին եգիպտական տաճարների գաղտնի գիտելիքը, Վեդաները, Ավեստան, ազգերի էպոսները, վերջին դարերից` թեոսոֆիան, Բլավատսկայայի “Գաղտնի դոկտրինան”, ժամանակակից կոսմոգոնիկ աղբյուրները: Եվ վերջապես` գիտությունների գիտությունը – աստղաբանությունը…

Տիեզերքի ամենահզոր դաշտը – Սիրո Դաշտը, նրանով են սնվում ու ապրում գալակտիկաները, աստղերը, մոլորակները, նաև` մարդը, կենդանին, բույսը, քարը… Եվ սա կրոն չէ, այլ ընդամենը` ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ… Մեր երազանքն է, նաև գիտա-կրթական նպատակը, ստեղծել մի առարկա կամ առարկաների շղթա, որ կուսումնասիրի ՍԻՐՈ ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ…

Բարի գիշեր:

Հեղինակ
22.03.2009, 00:56
Այսօրս` 21 մարտի 2009թ, ավարտվում է:


Առողջագետի գիրքը, նախագահ Օբաման,
մեր իշխանությունն ու ընդդիմությունը

Ընթերցողս, կկարդաս “Այսօրիս” վերնագիրը և կմտածես, թե ի՞նչ կապ ունեն Առողջագետի գիրքը …Օբաման և այլն... Պարզվում է, մեր աշխարհը շատ փոքր է, և նրա տարբեր ծայրերում կարող են լինել շատ նման իրադարձություններ: Աշխարհում հասունանում են փոփոխություններ …

Պարզվում է` այս տարի հունվարի կեսին ԱՄՆ-ում աշխատող չորս հայտնի բժիշկ հետազոտողներ` DEEPAK CHOPRA , DEAN ORNISH , RUSTUM ROY and ANDREW WEIL տպագրել են մի հոդված “Այլընտրանքային բժշկությունը գլխավոր ուղի”, http://online.wsj.com/article/SB123146318996466585.html: Հսկայական փաստագրական և վիճակագրական նյութի վրա նրանք առաջին անգամ հստակորեն, անվախ, արիորեն ասել են, որ ներկա բժշկության համակարգը թանկ, ոչ արդյունավետ համակարգ է, նրանից պետք է ազատվել և գործածության դնել ալտերնատիվ բժշկությունը, որը հայտնի է առողջ ապրելակերպի բժշկություն, ինտեգրատիվ բժշկություն անուններով:

Բայց սա չէ ամենից զարմանալին – Դիպակ Չոպրան և Դին Օրնիշը Ամերիկայում նախապատրաստել են այս հեղափոխությունը, և այն սպասելի էր – զարմանալին այն է, որ նախագահ Օբաման ինտեգրատիվ բժշկությունը դրել է առողջապահության գծով իր ծրագրի հիմքում: Սա ցնցող նորություն է – Օբաման դրանով պայթեցնում է ներկա քաղաքակրթության միջնաբերդերից մեկը: Ամերիկան կկարողանա՞ հրաժարվել ներկա թանկ, անիմաստ բժշկությունից, որ փրկի իրեն, իր տնտեսությունը…

Այդ նույն ժամանակ` Ամերիկայից հեռու, գրեթե գաղութացված մի երկրում` Հայաստանում ծնվում մի ազատ, արի աշխատություն – լույս է տեսնում Առողջագետի գիրքը: Այստեղ զարմանալին այն է, որ մեր հեղինակային խումբը, կարծում եմ, ավելի առաջ է գնացել և հիվանդությունների կանխարգելման գործը տեղափոխում է կրթություն, ստեղծվում են ձեռնարկներ մանկապարտեզի և դպրոցի, ամբողջ համայնքի համար – լույս է տեսել “Արշալույսը”, գալիս է հաջորդը… Այս խնդիրը աշխարհում դեռևս լուծված չէ: Բայց մեկ է` այս հեղինակների սխրանքն անգնահատելի է, Առողջագետն ու ես նրանց, նրանց սնող խորը գիտելիքին բերում ենք մեր հիացմունքը…

Դիպակ Չոպրան և հեղինակները գրում են. “Առողջ ապրելակերպի բժշկությունը մոտեցնում է իրար լիբերալին և պահպանողականին, դեմոկրատին և հանրապետականին, որովհետև այն մարդկային կարիք է… ” Ապրելակերպի առողջացումը բարձրացնում է մարդու պատասխանատվությունը – կոկա-կոլա և ալկոհոլ ամեն օր խմող մարդը չի խնամում իր կյանքը, նա ինչպե՞ս կխնամի ուրիշների կյանքը, եթե դիրք ու իշխանություն ունենա…

Բայց ի՞նչ կապ ունեն մեր իշխանությունն ու ընդդիմությունն այս պատմության հետ: Շատ անմիջական կապ ունեն – մերոնք իրար հետ վիճում են, թե ով ավելի լավ իշխանություն կլինի, չէ՞: Բայց իշխանությունը պետք է ծառայի ԿՅԱՆՔԻՆ, նա պետք է իմանա, թե ի՞նչ է կյանքը… Սակայն նայե~նք մեր հայկական վեճերին, դրանք ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ, քանզի ՄԱՐԴՈԻ ԿՅԱՆՔԻՆ չեն վերաբերում: Քաղաքական խավերին և աշխարհում, և Հայաստանում դեռևս չեն հասել ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ…

Լավ կլինի, որ մեր Գործող նախագահը և Առաջին նախագահը առողջ ապրելակերպի մի դասընթաց անցնեն – իրենց առողջությունը կլավացնեն, դեմքերը կթարմանան, – և հետն էլ կծանոթանան ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ... Օբամայի հետ հանդիպելիս էլ մի մեծ ասպարեզում Հայաստանի առաջնայնությունը ներկայացնելու հիմք կունենան: Դա մի մեծ թռիչք կլիներ մեր պետականության համար, կյանքի պահպանումը կդառնար նրա առաջին հոգսը:
Անկեղծ եմ ասում, ընթերցողս, մենք պատրաստ ենք մեր վերնախավի առողջությամբ զբաղվել և օգնել նրա գիտակցության ընդլայնմանը… Հետն էլ քաղաքական օգուտ կստանանք – մենք վազում ենք ամերիկաների և եվրոպաների հետևից, չլինի հասնենք և տեսնենք, որ նրանք… ուրիշ տեղ են գնացել:

Բարի գիշեր:

Հեղինակ
23.03.2009, 00:11
Այսօրս` 22 մարտի 2009թ, ավարտվում է:


Գարուն է…

Բակի միակ ծիրանենին – բողբոջները ուռչել են, մի քանի օր անց սպիտակ ծաղիկները պայթելու են … Եվ այդ քնքույշ պայթյունի ձայնը հասնելու է Տիեզերքի ամենահեռավոր գալակտիկաներին: Եվ տանելու է լուրը – Երևանում գարու~ն է…

Սուպերմարկետի մուտքի դռնից մի քիչ այս կողմ` մանկական սայլակ է, որի վրա հակվել են երեք հոգի – սայլակի մեջ այդ ի՞նչ պտուղ է, գարնան այդ ի՞նչ նշան է` չեմ կարողանում տեսնել… Բայց նայեք այն “ծառերին”, որ ծնել են այդ պտուղը – տատը, հայրն ու մայրը – գեղեցիկ դեմքեր չէին, կոշտ ու անմշակ էին, ինչպիսին ունենում է մեր հասարակ ժողովուրդը: Բայց մանկան շողքը ընկել էր դեմքերին, և նրանք գեղեցկացել էին...

Անցնում եմ կանգառը, մարդիկ ավտոբուս են նստում … Ահա մի պարսիկ զույգ է – երիտասարդ տղամարդը բարձրանում է ավտոբուս, և նրան հետևում է աղջիկը: Չէ~, չեղա~վ, պարսիկ բարեկամս – կինը գարուն է, նա մի քայլ առաջ պետք է լինի տղամարդուց, և այն ժամանակ մեր բոլոր գործերը գարունոտ կլինեն:

Մտնում եմ խանութի հացի բաժին և ցորենի թեփ եմ հարցնում, – սա ցորենի գեղեցիկ զգեստն ու սաղմն է, որ մարդիկ հանում են և, ափսո~ս, տալիս են անասուններին: Բայց հիմա, նաև մեր ջանքերով, այս ոսկի արժեքը մարդիկ էլ են օգտագործում, հատկապես` երեխաները: Նրա մեջ է ցորենի հատիկի ամբողջ արժեքը, վիտամինների փունջը, մայր հողի ուժը: Մեկ կիլոգրամն արժե… 3000 դրամ: Իսկ նույն, բոլորովին նույն թեփը մեր չորքոտանի բարեկամները ստանում են… 60 դրամով: Լա՞վ է, չէ…Երբ է գալու մեր բանականության գարունը…

Ահա այս մայթին առևտուր են անում ծեր մայրն ու աղջիկը – միրգ է և բանջարեղեն: Տուփի մեջ տեսնում եմ գարնան եղինջը, նրա ցողունները և տերևները ավելի շատ վարդագույն են քան կանաչ… Տեսնես որտեղի՞ց են քաղել, ո՞ր քարերի տակից… Վաղ եղինջը չի ծակում, դեռ երեխա է, փուշ չունի: Քնքու~յշ է վաղ եղինջը…

Երևանում գարուն է …

Բարի գիշեր:

Հեղինակ
24.03.2009, 00:44
Այսօրս` 23 մարտի 2009թ, ավարտվում է:

Սովորական մի օր էր… Խմբագրում եմ “Արշալույս-2”–ը` միջին դպրոցական տարիքի երեխաների համար. որոշեցի նոր նյութերի ստեղծումը դադարեցնել, ի մի գալ – դժվար է ընդգրկել անընդգրկելին:

Ամեն օր մարդու աչքի առջևով անցնում է ժամանակակից աշխարհը – հոսում է լուրերի գետը – և ամենուր երևում է, թե որքան շփոթված է մեր մարդկությունը:

Հիշում եք, երկու օր առաջ գրել էի Ամերիկայում աշխատող հնդիկ բժիշկ Դիպակ Չոպրայի և իր գաղափարակիցների հոդվածի մասին` “Այլընտրանքային բժշկությունը` գլխավոր ուղղություն” – այս բժշկությունը ձգտում է դառնալ հիմնական, պաշտոնական բժշկություն: Այսօր Առողջագետը այն ֆորումում էր, որտեղ քննարկվում է այդ հոդվածը: Զարմանալի մարդիկ են ամերիկացիները, անհանգստանում են, թե դեպի ու՞ր են տանում իրենց Չոպրան և մյուսները – չլինի՞ ընկնեն միստիկայի մեջ, հեռանան գիտությունից և այլն: Ա~յ ամերիկացիներ, մի ձեզ ու ձեր բժշկությանը նայե~ք, և մի վախեցե~ք, որ աշխարհում Ամերիկայից բացի… Աստվա~ծ էլ կա:

Տրագիկոմիկ մի պատկեր մեր հայկական կյանքից – Հայաստանի գլխավոր մարքսիստին ՀԱԿ-ի ցուցակում 22-րդ տեղն են տվել, – դե~, լավ էլ տեղ է, համարյա` անցողիկ, բայց բոցավառ տրիբունը զայրացել է… Ա~յ Հայաստանի գլխավոր մարքսիստ – դու որ մարքսիստ ես, ձախ պրոլետարական առաջնորդ ես` ի՞նչ գործ ունես ՀԱԿ –ում` աջ ազատական Կոնգրեսում, որ հլը մի բան էլ զայրացել ես: Չմոռանամ ասել, որ գլխավոր մարքսիստը մեր գործընկերն է, մասնագիտությամբ թերապևտ է և մի պոլիկլինիկայի թերապևտիկ բաժնի վարիչն է: Կարելի է ենթադրել, որ բյուջետային աշխատավարձ ու որոշակի պաշտոն ունեցող մեր մարքսիստը դժվար թե շատ ընդդիմանա իշխանության փշոտ փաղաքշանքին:

Ամերիկայում էլ մեր Բարաք Օբաման չի կարողանում ազատվել պետդեպի կարծրատիպերից և Վենեսուելային մեղադրել է ահաբեկչության տարածման մեջ: Մեր Ուգո Չավեսն էլ չի խնայել և մեր Բարաք Օբամային “խղճուկ անգրագետ” է կոչել: Չէ~, Ամերիկան շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ հասկանա, թե ինչ է Ազգը, Ազգային մշակույթը և Ազգային հոգեբանությունը: Որ հասկացավ` Լատինական Ամերիկայի հետ, էլ չեմ ասում` մնացած աշխարհի հետ, ավելի զգույշ կլինի…
Իսկ Լատինական Ամերիկան զարմացնում է – այդքան միստիկա և այդքան երիտասարդություն` մի հոգու մեջ, վկան` Մարկեսի, Ամադուի, Կոելիոյի գրականությունը…

Ընթերցողս, լավ մնա, աշխարհն անսահման գեղեցիկ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
25.03.2009, 00:14
Այսօրս` 24 մարտի 2009թ, ավարտվում է:


Տեսնես` ո՞վ է լուր բերում Արարչից

Այս խորագիրը մտքիս եկավ, երբ մի շատ տխուր լուր լսեցի – Հռոմի պապ Բենեդիկտոսին դիմավորելիս` Աֆրիկայի մի երկրում հրմշտոց է եղել, մարդիկ են զոհվել ու վիրավորվել:

Հարցնենք մեր աֆրիկացի եղբայրներին ու քույրերին. – Ա~յ ժողովուրդ, Հռոմի պապը ձեր ի՞նչն է, որ այդքան հավաքվել եք, ծով եք կապել, վերջն էլ պղտորվել եք ու ճզմել եք իրար: Ձեզ Արարչից ի՞նչ լուր էր բերել Բենեդիկտոս պապը… Մոռացել ե՞ք` նրանից շատ առաջ Աֆրիկա են եկել սպիտակ գաղութարարները, որ քանդել են դարերով դրված ձեր ինքնաբավ կենցաղը: Նրանց հետևից եկել են միսիոներները և քանդել են ձեր հազարամյակների ինքնաբավ հավատը: Հիմա Բենեդիկտոս պապից ի՞նչ եք սպասում…

Մի քանի օր առաջ “Եվրանյուսը” Աֆրիկայից լուր էր տալիս… Քրիստոնեական համայնք էր, սևամորթ եկեղեցականը, երանելի ու խեղճ ժպիտը դեմիքին, ասում էր. – Մենք այլ տեղից օգնություն չունենք սպասելու, բացի մեր Տեր Աստծուց…
Բայց նա չէր լսում, որ Արարիչը նրան ասում է` ԴՈՒ~Ք, ԴՈՒ~Ք, ԴՈՒ~Ք պետք է առողջացնեք ձեր կյանքը, ձեր աշխարհամասը, ձեր հավատը – այնժամ միայն Ես կկարողանամ օգնել ձեզ: Սևամորթ եկեղեցականը այս քաղաքակրթության սոխակն էր, որ կորեկ էր ստացել եվրոպաներից և իր երգն էր երգում` ծանր հիվանդ ու աղքատ Աֆրիկայի համար:

Աֆրիկյան ժողովուրդների հավատները պանթեիստական են. բնության ամեն շնչի – քամու, ծառի, առվի, երկնքի ու աստղի միջոցով աֆրիկացին խոսում է Արարչի հետ: Այդ հոգին ի՞նչ կարող է ստանալ կաթոլիկ եկեղեցու դոգմատից:

Հիմա դառնամ խորագրիս հարցին, թե ո՞վ է լուր բերում Արարչից: Բենեդիկտոս պա՞պը: Բայց ո՞վ գիտե, թե նա ի՞նչ հարաբերություններ ունի Արարչի հետ – ուր մնաց, թե լուր բերի Նրանից և հաղորդի աֆրիկացիներին: Կամ օրինակ, մեր շատ սիրելի Վեհափառը,- չէ~, Վեհափառի բոստանը քար չեմ գցում, – այլ միայն հարցնում եմ, թե՞ ով է ավելի մոտ Արարչին` մեր Կաթողիկոսը, թե հենց նոր մայրացած մի չքնաղ հարսիկ… Իմ համեստ կարծիքով, նոր մայրացած կինը Արարչի դեսպանն է – ես մտքիս մեջ Հռոմի պապին ու մեր Կաթողիկոսին մի կողմ եմ թողնում և համբուրում եմ նոր մայրացած կնոջ ձեռքը, որպես բարձրագույն սրբազնություն:

Բարի գիշեր:

Հեղինակ
26.03.2009, 00:51
Այսօրս` 25 մարտի 2009թ, ավարտվում է:


Ամոթալի տարելից

Երեկ մի տարելից էր 20-րդ ողբերգական դարի վերջին ամոթը – տաս տարի առաջ` ԱՄՆ-ի հարձակումը Հարավսլավիայի վրա, որով սկսվեց այդ երկրի կազմալուծումը և Կոսովոյի “անկախության” իրականացումը:

Մարդ կա` դեմքը կիրթ է ու պարզ, ճակատը` բաց, ժպիտը` լայն ու բարյացակամ – տեղով` հրեշտակ: Մեկ էլ այս քաղաքակրթական ասպետը կարող է սև պայուսակից հանել սև ավտոմատը և պաթոլոգիկ հաճույքով կրակ բացել կանանց ու երեխաների վրա: Այդպիսին էր ԱՄՆ-ը 1999-ին – նրա ռումբերից փշրվեցին Բելգրադի սպիտակաթռիչ կամուրջները: Ընդհատվեց սերբերի ազնվական պարը` իրենց կամուրջների վրա – Եվրոպայի սրտում սպանվեց Արդարությունը, դրանից հետո ինչպե՞ս է ապրելու այդ աշխարհամասը…

Հարավային սլավոններ… Սերբիան և մյուս արյունակից ազգերը` Խորվաթիան, Սլովենիան, Չեռնոգորիան… Սերբերի բռնի իսլամացումը ծանր սպի է թողել սերբական էթնոսի հոգու վրա` կիսելով այն: Նրբաշեշտիկ սերբերենը հնչում է ուղափառի ու մուսուլմանի շուրթերից – և նրանք թշնամիներ են: Երիցս անիծյալ լինեն կրոնների այն շեշտերը, որ բաժանում են ազգերին կամ նույն ազգի երկու հատվածները հանում են իրար դեմ: Հարավսլավիան սլավոնական գերէթնոսի բարձր պետական ստեղծագործությունն էր և մեծ ապագա ուներ: Բայց ԱՄՆ-ը որոշեց իր ռումբերով խորացնել անջրպետները և տրոհել Հարավսլավիան: Եվ սուրբ Կոսովոյի տարածքի վրա` բնիկ սերբական մշակութային տարածքի վրա անկախացնել ալբանացիներին: Ինչպիսի~ ամոթալի որոշում…

Մարդ ամաչում է Բիլ Քլինթոնի, Մադլեն Օլբրայթի համար… Դա Բիլի պատերազմն էր` նաև “Մոնիկա Լևինսկի” սինդրոմից ազատվելու համար: Դա Մադլենի պատերազմն էր – հայիս համար ամոթալի եմ համարում հակասեմիթության որևէ դրսևորում, բայց չեխական հրեուհու` օղիահոտ սպառնալիքները` այդ ժամանակ ուղղված աշխարհին, ամոթալի էին – չէ՞ր հիշում, որ մի ողջակեզ ժողորդի զավակն է:

Հարավսլավիայի տրոհումը և Կոսովոյի “անկախացումը” Ռուսաստանի ամոթն էր. վարչապետ Չերնոմիրդինը. այդքան պղտոր ու մշուշոտ բանականություն ռուսներին հատուկ չէ: Կամ վրացամայր ունեցող Սերգեյ Իվանովը – լպրծուն` Արևմուտքի առջև խեղճ կանգնած:

Սերբիան … Սերբերը… Սերբերենը … Նա Եվրոպայի – ծեր ու զառամ աշխարհի երիտասարդ հոգին է, Սերբիան նայում է դեպի Արևելք, դեպի Ռուսաստան: Մի մանկական հավատ ու կարոտ կա նրա սրտի մեջ – ապավինել մայր արմատին: Սերբը շատ նման է հային, սերբն ու հայը նույն հայդուկա- ֆիդայական ծռությունն ունեն…

Ռուսը , սերբը , հայը …

Բարի գիշեր:

Հեղինակ
27.03.2009, 00:46
Այսօրս` 26 մարտի 2009թ, ավարտվում է:


Գարնանային էսքիզներ

Երևանամերձ քաղաք – գործով էի գնացել: Մի ամայի տարածք կար, անցյալ տարի ծիրանի այգի են տնկել: Այսօր տեսա – մատղաշ ծառերը սիրուն էտված էին, մի քանիսի վրա այս տարի ծաղի~կ է բացվելու: Եվս երկու-երեք գարուն - և ծիրանի այգին շառաչելու է` Արարատյան դաշտի երեկոյան քամուց – ոսկե պտուղները ցոլացնելով կանաչ տերևների և վերջալույսի արևների մեջ:

Մայթով դեպի ինձ են գալիս հայրն ու աղջիկը: Հայրը – ճանաչեցի ծանր լյարդա-երիկամային հիվանդին – մաշկը` դեղնա-հողագույն, ճակատը` խամրած, աչքերը լարված նայում են առաջ և հարցնում են… գարնանը` ապրելու՞ եմ, - և գարունը պատասխանում է նրան` ապրելու~ ես…

Երևանում եմ – երթուղային է նստում Ռուբենսի վրձնի տակից ելած մի աղջիկ – արևային վարսերով գծված օվալի միջից դեմքի սպիտակ կաթը ելել-թափվում է, և գեղանկարիչ Մայր բնությունը այդպես եռման պահել է` առնելով չքնաղ շրջանակի մեջ… Այդ լիքը գեղեցկուհին – աչքերը աննկատ ժպտում են, մարմինը` մի քիչ հաստլիկ ու բոյով կեռասի ծառ է – իր գոյությամբ ծիծաղում է աշխարհի չորուկ-մորուկ, անհամ մոդելների վրա…

Նրա դիմաց նստած է սպիտակադեմ ու զուսպ մի տարեց մայր – տեսնես որտե՞ղ են զավակներն ու թոռները, – մատին փայլում է լավ փայլեցրած ամուսնական մատանին. այս թալիսմանը տեսնես քանի՞ գարուն է գրառել իր ոսկե հիշողության մեջ, տեսնես ի՞նչ կյանք է նա տեսել… Մայրը նայում է առաջ, ապագային – իր զավակների գարունն է…

Տուն եմ դառնում… Երկու տարեց կին – հավանաբար` քույրեր են, դժվարությամբ բարձրանում են խանութի երկու-երեք աստիճանը – միթե՞ այս գարնան մեջ էլ ձմեռ կա… Նրանց մոտով սլանում է խանութպան Մանուկի ռուսավարս, թեթևոտն աղջիկը, հիշու՞մ եք նրան… Իսկ շենքի պատին սիրահարված պատանին ներկով անգլերե~ն դաջել է` “Իմ հրեշտակ…” Այս խոստովանությունը մի 30 տարի մնալու է` մինչև հրեշտակը իջնի հողին և մի սովորական տատիկ դառնա… Բայց մինչև այդ` որքա~ն կյանք կա, որքա~ն գարուն կա…

Գարու~ն է…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.03.2009, 23:25
Այսօրս` 27 մարտի 2009թ, ավարտվում է:

Մարազմի հայրենիք

Երեկ մի լուր լսեցի – օրն արդեն ավարտվում էր, և չէի կարող արձագանքել – երեկ գարու~ն էր: Բայց այսօր, երբ հիշում էի այդ չարաբաստիկ տեղեկությունը, ինձ թվում էր, թե ձմեռը նորից իջել է մեր հայոց աշխարհի վրա:

Դե գիտեք , թե ինչի մասին են մեր հայկական սերիալները, որոնք ցուցադրվում են մասնավոր ալիքներով – անունով գողերի ու ավազակների մասին են: Մարդ ես, էլի, մտածում ես, որ Հանրայինը` չնայած իր մշակութային անկյալ վիճակին, այդքան չի ընկնի… Բայց Հանրայինն ընկավ և ինչպե~ս ընկավ – նկարահանվել ու ցուցադրվելու է… 120 մասանոց մի սերիալ հակառակ բևեռի մասին – մեր ոստիկանության մասին: Ստացվում է` հանրությունը գողերի գովքն է անում, իսկ պետությունը` ոստիկանության, և այս երկու բևեռը բերում են ու դաջում մեր թշվառ ուղեղների մեջ:

Սերիալը` անունը “Արջաորս” – այստեղ մենք, որպես հայածին կապկային հանրություն` կապկելու ենք ամերիկաներին, նրանց շերիֆներին և դետեկտիվներին – կրակոցներ, ծեծուջարդ, մարդաորս, արջաորս…

120 օր, երբ մեր սիրտը կարոտել է մեր լեզվին, մեր պոեզիային, երբ մեր շուրթերը պապակվել ու չորացել են, երբ մեր մշակույթի արտերն անջուր են, երբ մեր հոգին իմաստուն խոսք է ուզում, կյանք է ուզում …
120 օր, երբ մենք նահանջելու ենք առանց երգի, երբ մեր մանուկների աչքերի մեջ լցվելու է աշխարհի փոշին, երբ նրանք շնչասպառ են լինելու, երբ նրանց մանուկ սրտերը պատառոտվելու են մարդասպանների ոռնոցներից,
120 օր, երբ մենք փնտրելու ենք իրար, երբ մենք կարոտելու ենք իրար ձայնի, երբ մենք ցանկանալու ենք պատռել ողորմելի գոյության պատյանը, նորից ծնվել և ՄԱՐԴ ԼԻՆԵԼ,
ահա այդ 120 օրերի ընթացքում, մարազմի այս թագավորության մեջ, ժողովրդի փողերով մեր ՊԵՏԱԿԱՆ հեռուստատեսությունը մեզ ապուշացնելու է:

Ինչպե՞ս ասել, ինչպե՞ս որոտալ այս պետության, նրա քաղաքական համակարգի, նրա իշխանության ու ընդդիմության խուլ ականջներին, որ ոստիկանությունից առաջ, զինված ուժերից առաջ, անվտանգությունից առաջ` ԱԶԳԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՊԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՂԸ ՆՐԱ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է:

120 օր – 120 մասանոց սերիալ գողերին ու ավազակներին բռնելու մասին: Մարազմի հայրենիք, ե՞րբ ես ազատվելու այս խավարից:

Բարի գիշեր:

Հեղինակ
29.03.2009, 00:34
Այսօրս` 28 մարտի 2009թ, ավարտվում է:


Աշխարհի մարազմը
կամ
“Ելակը սուպերմարկետում”


Ամերիկյան ինվեստիցիաներ… Ամերիկյան սուպերմարկետ … Սերբիա, ուրախացի~ր, քո սրտում Ամերիկան սուպերմարկետ է բացել: Այստեղ ամեն ինչ կա~ – օձի կաթ կա այստեղ, թռչունի լեզու կա այստեղ, էլ չեմ ասում` կոկա–կոլա, գենետիկ փոփոխված սնունդ, խմիչքներ, տորթեր… Վաճառողուհիները կրակում են աչքերով – ահա մի գնորդ – “շքեղ տղամարդ է, – ասում է նրանցից մեկը: Աչքերով կանչում է, և պայմանավորվում են երեկոյան հանդիպել: “Շքեղ տղամարդուն” ուզում էր նաև մյուս վաճառողուհին – նա մեր հերոսուհին է – նրա սիրտը կոտրված է, սուպերմարկետին դա թա~նկ է նստելու…

Սերբիա, ուրախացի~ր, քո սրտում Ամերիկան սուպերմարկետ է բացել – օձի կաթ կա այնտեղ, թռչունի լեզու կա այնտեղ … Աշխարհն էլ մի սուպերմարկետ է, որի տերը Ամերիկան է… Այստեղ մարազմ չկա, սա 100-տոկոսանոց ճշմարտությու~ն է …

Բայց մեր հերոսուհին սրտնեղած է, նա ձեռքից բաց թողեց “շքեղ տղամարդուն”… Մոտենում է վերջին գնորդը – մի հին, սերբական արտադրության տատիկ է – նա ելակ է գնում թոռան ծննդի համար: Բայց հերոսուհին սրտնեղած է, “Փակ է”,- շպրտում է նա տատիկի երեսին և ձեռքից խլում է ելակը: Ծեր կինը տնքում է` սա ի՞նչ աշխարհ է…

Ամերիկյան սուպերմարկետ, ո՞վ կարող է դիպչել քո կարգուկանոնին ու հարստությանը, նա եկել է դեմոկրատիա~յի, ինվեստիցիանե~րի հետ: Բայց պայթում է սերբական վենդետան – սուպերմարկետ է ներխուժում սերբ ազատամարտիկ Մարկոն` տասը տարի կռված բանակային խոհարարը, վիրավորված տատիկի թոռը – և ավտոմատը ձեռքին փշրում է ամերիկյան սուպերմարկետը: Սերբական դեմոկրատական պետության փառապանծ հատուկ նշանակության ջոկատը ելնում է Մարկո Կալևիչի դեմ ` վնասազերծելու նրան:

Գիշեր է… Մարկո Կալևիչը փշրել է ամերիկյան հարստությունը: Մարկոն և մեր հերոսուհին – նա ով վիրավորել էր Մարկոյի տատիկին – սիրում են իրար. քաղցր է ելակի տորթը, բայց առավել քաղցր է սուպերմարկետի փլատակների վրա ծաղկած սերբի ու սերբուհու սերը: Հայտնի նշանառուն` “Ճնճղուկային Բազեն”, նշանակետի մեջ է առնում Մարկոյին, բայց տեսնում է նրա սերը - և դողում է ձեռքը… Նշանառուն չի սպանում Սերը…

Ամերիկյան սուպերմարկետ, դու ավիրված ես … Սերբ ազատամարտիկը փշրում է քո կարգ ու կանոնը: Աշխարհը ամերիկյան սուպերմարկե՞տ է, – Մարկո Կալևիչ, դու փշրեցիր այդ մարազմը և գտար քո սերը: Դու և քո սերը, նույն ձեռնաշղթայով միացած, հանձնվում եք… Դուք միասի~ն եք: Սերը հավերժ է, իսկ սուպերմարկետը ոչինչ է…

Էմիր Կուստուրիցա – “Ելակը սուպերմարկետում”:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.03.2009, 00:05
Այսօրս` 29 մարտի 2009թ, ավարտվում է:


“Տղամարդը և կինը ”

Հանդիպում են տղամարդն ու կինը, ո՞վ կարող է անել այդ հանդիպման պատմությունը …

Նրանք արդեն հադիպել են, նրանք սիրում են իրար: Սևահեր կինը – նուրբ մաշկի ու նյարդերի այդ գեղեցիկ համաձուլվածքը… Եվ ամուսինը – արի կասկադյորը: Նրանք պարում են իրենց կյանքը – դա կյանք չէ, այլ բրազիլական սամբա` խելահեղ, նուրբ, նյարդային: Որքա~ն երջանկություն: Տղամարդը – մոլորակային անուղղելի կասկադյորը, որ պայթեցնում է հրե խաղալիքներ, խաղում նրանց հետ` անվախ ու արի. – զգու~յշ , կկոտրես պարանոցդ: Եվ նա կոտրում է պարանոցը: Եվ կինը մնում է մենակ … Շքեղ նյարդերի այդ կծիկը մնում է մենակ:

Մյուս զույգը – հանդիպել են ու սիրում են… Կնոջ դեմքը – հռոմեական պատրիկուհու գեղեցկություն. նա սպասում է տղամարդուն: Իսկ տղամարդը – կյանքը ռալիի մեջ, թռչում է մեքենայով` սառած ու ցեխոտ ճանապարհների վրայով: Մրցավազք – բութ մարդկության այս զբաղմունքը: Ձեր մրցավազքը չարժեր այս գեղեցիկ կնոջ վշտին – ամուսինը վիրավորվում է, անգիտակից` վիրահատական սեղանին է – և կինը հուսալքության մեջ ինքնասպան է լինում: Այս անգամ մնում է տղամարդը: Մնում է մենակ: Ապրում է:

Եվ ահա, հանդիպում են այս երկուսը, այս երկու մենակը, կորուսյալ սիրո այս երկու ժառանգները: Հնչում է մի նրբակերտ լեզու, ձգվում է նորածիլ մեղեդիների մի շարք` փարիզյան փողոցների քնքշության մեջ… Տղամարդը և կինը – նրանք նայում են իրար. “ Դու և ես քաղաքում մենակ ենք”: Նրանց մանուկները խաղում են իրար հետ, նրանք էլ են խաղում… Եվ անիմանալին ձգում է նրանց:

Մատները տղամարդու… դեսպանն են: Երբ արիությունը չի հերիքում, երբ բառերը չեն ծնվում, որ խոստովանություն անեն – մատները լուռ դողով մոտենում են կնոջ մատներին – ահա ուր որ է` կլինի հպումը, առաջի~ն հպումը, առաջի~ն խոստովանությունը: Բայց դեսպան-մատները կորցնում են պահը…

Տղամարդը և կինը …Անիմանալին ձգում է նրանց, այդ պահին ծովի ալիքները հասկանում են նրանց և իրար վրա թավալվում են… սիրու~ց: Ճայերը այդ վայրկայնին սիրում են իրար, տղամարդու և կնոջ սիրուց շու~նն էլ է երջանկանում: Ալիքները, ճայերը, շունը… Մի քանի օր անց` թռչում է կնոջ հեռագիրը ռալին ավարտած տղամարդուն` ես քեզ սիրում եմ: Տղամարդը թռչում-հասնում է, երկու վիրավոր ձուլվում են իրար… Փայլում է էքստազի և քնքշանքի արևը, նրանք ապաքինվում են ու ամբողջանում… Բայց անցյալը դեռևս այրում է կնոջը, և նա հեռանում է… Երբ գնացքը կանգնում է կառամատույցին և կինը իջնում է, նրան դիմավորում է … Սերը: Տղամարդը թռել և ավելի շուտ էր հասել այդ կառամատույց, քան գնացքը:
Շուտ էր հասել… Սերը ուժեղ է մեզանից…

ՍԵՐԸ ՈՒԺԵՂ Է ՄԵԶԱՆԻՑ – ասում է Կլոդ Լելյուշի “Տղամարդը և կինը” ֆիլմը, ասում են Անուկ Էմեն և ժան-Լուի Տրիտինյանը:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.03.2009, 23:10
Այսօրս` 30 մարտի 2009թ, ավարտվում է:

Ճնշող մեծամասնության… "հաղթանակը"

Այսօր մի շշմելու իրադարձության ականատես եղանք – հեռուստատեսությամբ, ռուսական “Վեստի” ծրագիրը ամբողջ օրը ցուցադրում էր ուղիղ հաղորդում` Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների արտահերթ համագումարից: Ընթերցողս, եթե կարծում ես, թե դա չի առնչվում մեզ ու մեր խնդիրներին, ապա սխալվում ես – այդ համագումարի մեջ տեսանք նաև Հայաստանի և նրա մշակույթի ախտերը:

Եղավ մի օր, երբ Խորհրդային Միությունում բոլորն արթնացան իրենց անկախ երկրներում: Եվ որոշեցին` այսուհետ ազատ ենք – արվեստն էլ է ազատ, թող ստեղծագործի` ով կարող է… Ով ինչ ուզում է` թող նկարի, գրի, նկարահանի, թատրոն խաղա – և ազատ շուկան թող որոշի նրա ստեղծածի արժեքը... Բայց էդ անտեր ազատ շուկան մի կոկորդիլոս դուրս եկավ – կերավ, փչացրեց ազգային մշակույթի շատ տարրեր… Մեզանում` մեծն Մհեր Մկրտչյանը զոհվեց ցուրտ անտարբերությունից, մոռացան նշել Խորեն Աբրահամյանի 70-ամյակը, Գոհար Գասպարյանի 80- ամյակը խեղճորեն նշեցին կամերային թատրոնի համեստ բեմին: Հայ արվեստը, նրա մեծերը և նոր եկողները անտարբերության մատնվեցին:

Հիմա` կինեմատոգրաֆը … Ռուս կինեմատոգրաֆը: Մի հսկա մշակութային շերտ Ռուսատանում նահանջեց, և ամերիկյան մարտաֆիլմերի կոպիտ, անճաշակ պատճենները գրավեցին այդ երկրի էկրանները: Այդ շրջանում Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը եղել և կա Նիկիտա Միխալկովը: Նա, իհարկե, նշանավոր արվեստագետ է, բայց հետն էլ – ազատ-շուկայական կինեմատոգրաֆի կնքահայր, ճարպի~կ ազատշուկայական` պրովոսլավ խաչակնքումով զարդարված, մի խոսքով` այս ժամանակների տիպիկ գործիչ: Եվ ահա` ապստամբություն Միխալկովի դեմ, ամերիկա–ռուսական հակամշակույթի դեմ: Ղեկավարում են Մառլեն Խուցիևը, նրա հետ է նաև մեր հայրենակից Կարեն Շահնազարովը – նրանք կարծես հաղթում էին` համագումար արեցին, Խուցիևը` նախագահ: Բայց Ռուսաստանի դատարանը չեղյալ հայտարարեց ապստամբության արդյունքները…

Այսօր հաղթեց “մեծամասնությունը”: Արտահերթ համագումար, ապստամբները` բազմահարյուր արվեստագետներ, բացակա էին, հաղթեց Նիկիտա Միխալկովը: Ամո~թ “մեծամասնությանը”: Ափսո~ս – փոքրամասնության ժամանակավոր պարտությունը:

Մեծամասնությու~ն… Ո՞նց ես դու ծնվում – մեկը քո ամանից ճաշ է ուտում, մեկը սպասում է, թե կուտի, երրրոդ խեղճ ու կրակը` միշտ ուժեղի կողմն է, մի ուրիշի պետքին էլ չէ, թե ինչ է կատարվում… Եվ այդպես, ծնվում է Մեծամասնությունը: Մեծամասնություն, դու դաժան, ագահ, սոցիալական կոկորդիլոս ես, որ կուլ ես տալիս փոքր ձկների հանապազոր իրավունքները: Քեզ ուժ է տալիս այսպես կոչված “ժողովրդավարությունը”:
Բայց եթե փոքրամասնության մեջ կա գեթ մեկ հոգի, որ սիրում է ճշմարտությունը, սիրում է արվեստը, սիրում է իր երկիրը և աշխարհը, ապա ՆՐԱ ՄԵԿ ՁԱՅՆԸ ԱՎԵԼԻՆ ԱՐԺԵ, ՔԱՆ ՔՈ “ՀԱՂԹԱՆԱԿԸ”, ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ:

Բարի գիշեր:

Հեղինակ
01.04.2009, 00:14
Այսօրս` 31 մարտի 2009թ, ավարտվում է:

Կեսօր էր, Թումանյան – Մաշտոց խաչմերուկին, “Սթար” սուպերմարկետի մոտ երկու երիտասարդ աղջիկ, վրաները` առջևից ու հետևից գովազադային տախտակներ առած – “Թումանյանի շաուրմա”, մի գովազդային բացիկ էլ իմ ձեռքը խցկեցին: Բացիկին լուսանկար է – հինգ–վեց լայնաթուշ, հաստափոր խոհարարներ` շաուրմայի շարքի դիմաց հպարտորեն կանգնած: Մեր հայ շաուրմաչին տեսեք ի~նչ է արել – իր ապրանքի անունը միացրել է հայ մեծ բանաստեղծի անվանը – այս փաստը կարող է միայն ապուշին անտարբեր թողնել: Ո՞վ է իրավունք տվել ազգային սրբության անունը միացնել խոզի մսի անվանը – նրանք ի՞նչ կապ ունեն:

Հիմա գանք մեր հայկական շաուրմասեր հանրությանը: Որտե՞ղ է մեր խեղճուկրակ լեզվի տեսչությունը: Որտե՞ղ է Կենտրոնի նախկին թաղապետ, այժմ` արդեն նշանակովի քաղաքապետ, վաղը` մեկ էլ տեսար` ընտրովի քաղաքապետ, պարոն Գագիկ Բեգլարյանը – նրա գործն է միայն ֆիզիկական աղբը՞ մաքրել Երևանի փողոցներից: Իսկ “մշակութայի՞ն” աղբը, իսկ կրթական միջավայրը աղտոտո՞ղ աղբը: Եվ որտե՞ղ է մեր հեղափոխական փաղանգը – իշխանության ամեն վրիպում կնկատեն, բայց չեն նկատի նրա ձեռքի տակ փթթող հակամշակույթը - հատկապես` հայրենի հեռուստատեսություններով: Չէ~, իրենք քաղաքական խնդիրներ են լուծում… Ո՞վ պետք է հսկի, մաքրի, ազնվացնի ՄԱՐԴՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ: Միթե՞ սա առաջին քաղաքական և իրական հեղափոխական խնդիրը չէ... Միթե՞ սա քաղաքական պայքարի առաջին նպատակը չէ....

Որտեղի՞ց ստանալ էթիկական օգնություն … Հայ հոգին, մշակույթը միթե՞ նահանջում են և կարող են տանել այս և բազմահազար այլ անպատվությունները … Տուն եմ դառնում, անցնում եմ Կոմիտասը, առջևից փողոցն անցնում է մոլոկանների մի ծեր զույգ. տղամարդը թեք նայում է ինձ – ռուս սրբի դեմք է` սրբապատկերից իջած… Ուզում եմ նրան հարցնել` որտե՞ղ են հայ զորավոր սրբերը, և կարծես լսում եմ լուռ պատասխանը` հայ սրբերը հոգնել են իրենց երկրային հայրենիքից, շաուրմայի և իքի-բիրի հոտի մեջ, ապրելակերպի ու մշակութային այս խառնակչության մեջ սուրբ կմնա՞...

[B]Երեկոյան Երևանը տաք էր, լուսավոր: Փողոցներում` հայ գենի նրբակերտ մարմնավորումներ: Չէ~, գեղեցիկ է այս հայրենիքը, քաղցր է այստեղ ապրելը: Միայն ամեն ինչ լինի իր տեղում – սրբերը` երկնքում, Թումանյանը` մեր սրտում, իսկ շաուրման` իր տեղում` երկաթե շշերի վրա: Ես ու դու էլ` ընթերցողս – մեր տեղում: Այսքան բան…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.04.2009, 23:13
Այսօրս` 1 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Դեպի… Ավետյաց երկի՞ր…

Որքա~ն վիշտ, որքա~ն թշվառություն այս մոլորակի վրա: Ինչպե՞ս է լինում, որ մի հայրենիք իր զավակներին չի կարողանում տալ աշխատանք, ապահովություն, խնամք, և նրանք բռնում են հուսահատ օտարության ու գաղթի ճանապարհները: Վերջին օրերին տեսանք մի քանի ցնցող պատկերներ – Աֆրիկայի տարբեր երկրներից, սովահար և հուսալքված մարդկանց խմբերը լաստանավերով, նավակներով ելնում են ծով` եվրոպական ափեր հասնելու, հաց և աշխատանք գտնելու հույսով, - և ալեկոծությունից, հիվանդություններից, սովից շատերը զոհվում են… Ծանր էր տեսնել այդ պատկերները:

Նրանք ձգտում են հասնել… ավետյաց երկրներ: Բայց ինչպե՞ս է պատահել, բնության ո՞ր օրենքով ստեղծվել այդ վիճակը – մի երկիր ծփում է հարստության մեջ, օգտագործում է ամեն շնչի հաշվով մեծ էներգետիկ և նյութական ռեսուրսներ, իսկ մի ուրիշը… Ահա այստեղ է միջազգային և եվրոպական “չափանիշների” ամբողջ երեսպաշտությունը և կեղծիքը – զարգացած, այսպես կոչված “քաղաքակիրթ” երկրները ամենաբիրտ ձևով գրավել են թույլ երկրների շուկաները, խեղդել են նրանց արտադրողին – գոնե մի թել, մի ասեղ, մի լվացքի փոշի, մի գդալ ու դանակ այդ ազգերը չե՞ն կարող արտադրել… Եվ նրանց անգործ ու սոված զավակները դուրս են գալիս ծով` փրկարար եվրոպաներ հասնելու համար…

Այդպես էլ եղավ մի օր մեզ հետ, և այսօր էլ դեռևս այդ չարչարանաց ճանապարհը կանչում է մեզ – մի օր մեր երկիր են խուժել տարատեսակ “փորձագետներ”, ՀԿ-ներ, դեսպանորդներ, որոնք “խորհուրդներ” են տվել` ինչպես քվեաթերթիկը ճիշտ ծալել և գցել քվեատուփի մեջ, բայց չեն ասել` ինչպես պահպանել ու զարգացնել սեփական տնտեսությունը – որովհետև նրանք եկել են երկիրդ առևտրային տարածք, գաղութ, իրենց ձեռքին նայող խեղճ խնդրող դարձնելու համար… Եվ հիմա զարմանքը պատում է մարդու, երբ վերջերս Հայաստան է հրավիրվում Եվրամիության փորձագետների պատվիրակությունը` նորից մեզ խելք ու խրատ տալու համար…

Բայց այսպես չի մնա… “Քաղաքակիրթ” երկրները` այսպիսի անարդար աշխարհակարգ ստեղծելու համար` արդեն կանգնած են պատմության ատյանի առջև… ԿՅԱՆՔԸ թույլ չի տա բռնադատելու իր Օրենքները: Մեր աչքի առջև փլվում է այն ամենը, ինչի մեջ կա ժողովուրդների արցունքը:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.04.2009, 23:27
Այսօրս` 2 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Մանչուկը, կոկա-կոլան և Տիեզերական Ծիածանը

Առավոտ էր, մի երիտասարդ հայրիկ` իր 5-6 տարեկան մանչուկի հետ դուրս եկան խանութից: “Կկարողանա՞ խմել”, - հարցնում է այս հայրիկի ընկերը: “Հա~, կխմի~…”,- հպարտ պատասխանում է հայրիկը: Նայում եմ` մանչուկի մի ձեռքին կեսլիտրանոց կոկա-կոլայի շիշ է, որի կեսը խմել է, իսկ մյուս ձեռքին` ֆանտայի շիշ է, որ հավանաբար խմելու է…

Մեջս խոսեց առողջագետ-մանկավարժի անհանգստություն-բնազդը, ինչ-որ բան ուզեցա ասել կոլայապաշտ հայրիկին… Բայց մտածեցի` դրանով այս մանչուկին չեմ օգնի: Եկա տուն, նոր “Արշալույս”-ը խմբագրելիս` հասել էի այն տեղին, թե ինչպես է ԾԻԱԾԱՆԸ ՍՆՈՒՄ ՏՂԱՅԻՆ:

Այո~, մեզ ու մեր մանուկներին սնում է Տիեզերքը` իր յոթգույն Ծիածանով – իր յոթ գույներով: Մեր աչքը չի տեսնում այդ գույները: Մարդու մեջքի կողմից, ողնաշարի երկայնքով և նրանից դուրս` ձգվում է էներգետիկ սյունը` իր յոթ կենտրոններով, որոնք ընկալում են Տիեզերքի էներգիայի յոթ հաճախականությունները – յոթ գույները` կարմրից մինչև մանուշակագույն: Եթե մի ակնթարթ անգամ ընդհատվի այդ էներգափոխանակությունը` կընդհատվի նաև ֆիզիկական մարմնի կյանքը…

Ընթերցողս, բերում եմ նոր “Արշալույս”-ից մի հատված… Այստեղ մեր հերոսը` Տղան, հանդիպել է Ծիածանին… Եվ Ծիածանը ասում է նրան.

"Ես քեզ կպատմեմ Տիեզերքի յոթ գույների գաղտնիքները, ես քեզ կպատմեմ, թե ինչպես են նրանք քեզ կյանք տալիս:
Կարմիր գույնը քո Ծիածանի առաջին գույնն է, նա մոտ է հողին, նա սնում է քո մարմնի ֆիզիկական զգացումները, հաճույքն ու ցավը: Կարմիր գույնի միջոցով դու ստանում ես Մայր մոլորակի հողի առողջությունը …
Ծիրանագույնը քո Ծիածանի երկրորդ գույնն է, նա ուժ է տալիս քո գոտկատեղին, նա մի սքանչելի ծիրանագույն գոտի է քեզ համար … Ծիրանագույնը սնում է քո զգացմունքները, քո որախությունն ու տխրությունը, քո հիացմունքն ու ոգևորությունը …
Դեղին գույնը…. Սա շա~տ հետաքրքիր գույն է, նա օգնում է քեզ մտածել, դասերն անել ու հիշել… Բայց չկարծես, թե դեղին գույնը քո գլուխն է սնում. չէ~, նա քո որովայնին է ուժ տալիս, քո Արևային հյուսակին:
Կանաչ գույնը … Լեռների մարգագետինների վառ կանաչը տեսե՞լ ես, - ահա այդ կանաչը սնում է քո սիրտը, քո սերը - կանաչ գույնը սովորեցնում է քեզ սիրել մայրիկին, հայրիկին, ձեր տունը, քո ընկերներին, մարդկանց …
Կապույտ գույնը … Կապույտ գույնը խոսքի թագավորն է, նա ուղարկում է խոսքի միտքը, այս գույնը քեզ հասնում է կոկորդի միջոցով, նա սնում է քո կամքը, խոսքը, միտքը…
Մուգ մանուշակագույնը … Նա հասցնում է քեզ այս գույնի թագավորի սերը: Այս գույնը քեզ ասում է. ինչքա~ն գեղեցիկ են բույսերը, թռչունները, կենդանիները, ինչքան գեղեցիկ է քո հայրենիքը, ինչքան արի են նրա հերոսները: Մուգ մանուշակագույնը քեզ սովորեցնում է սիրել ամբողջ աշխարհը…
Մանուշակագույնը. այս սքանչելի գույնի թագավորը նստած է ամենաբարձր գահի վրա, այս գույնը մարդկանց սովորեցնում է ստեղծել ու մարդ լինել …
Տղան լսում էր Ծիածանին, նրա ասածից շատ բան չէր հասկանում, բայց արդեն զգում էր, որ ինքը Ծիածան ունի … Իսկ Ծիածանը շարունակեց.
-Տղա, եթե քեզ հասնեն Տիեզերքի բոլոր գույները, դու առողջ կլինես …
-Ծիածան,- ես սիրում եմ Տիեզերքի յոթ գույները, ես սիրում եմ քեզ, Ծիածա~ն:
Ծիածանը հեռացավ, Տղան արդեն գիտեր, որ ամբողջ աշխարհը լցված է յոթ գույներով … Եվ ինքն էլ յոթգույն ծիածան ունի…"

Տիեզերքը – նրա գույները, ռիթմերը, մեղեդիները: Ինչպե՞ս անել, որ դրանք անվթար հասնեն երեխային – ահա ծնողի, դպրոցի, հայրենիքի նպատակը:

Բարի գիշեր:

Հեղինակ
03.04.2009, 23:29
Այսօրս` 3 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Հայկական տոնավաճառ

Չեմ սիրում տոնավաճառ գնալ – բայց մեկ-մեկ պետք է լինում – այսօր մերոնց հետ գնացել էի` մի քանի գնումների: Տոնավաճառը – “Բանգլադեշի” հռչակավոր գոմերը, որ հիմա սալիկապատվել են, սպիտակ ու մաքուր առաստաղներ, օդափոխիչներ… Առևտրային դրախտ… Այստեղ մանրակերտերի մեջ մենք ենք – մեր կորուսյալ աշխատանքի մորմոքը, մեր արատները, վաճառականի մեր ջիղը, մեր բութ ու հնացող ցավը… Մի ստեղծագործ խավ քշվել է այստեղ – օտարի ստեղծածը վաճառելու…

Կոշիկ վաճառողը - 60-ամյա այր է, հայ-սովետական միջին խավից, քաղաքավար, մարդաշահ խոսվածով: Լեզվի մեջ խոյ-սալմաստական հնչերանգներ են. պատկերացնում եմ` եղեգնաձորցի է, “Հայէլեկտրո” գործարանում բարձր որակավորման խառատ կամ որակի տեսուչ է եղել, գործը կորցրել է, անցել է առուտուրին… Խառնվել է իրար – երեք հաճախորդ` միանգամից – այդպիսի բախտ ո՞վ է տվել հռչակավոր գոմերի բնակչին… Առնում ենք երեք զույգ թեթև մարզական կոշիկ – մեր քայլքը թեթևանալու է, բայց ի՞նչ է փոխվելու այս մարդու կյանքում…

Գոմի շքեղ շարքերը – դարսիդարս ապրանքներով, և նրանց արանքներում կանգնած տղամարդիկ և կանայք – կորցրած իրենց անցյալը, աշխատանքը, ինքնությունը: Այստեղ պարապությունից հետ է աճում միտքը, զգացումը – վաճառողների դեմքերի միմիկան կարծես քարացած է…

Քաղաքականացվա~ծ են “Բանգլադեշի” հռչակավոր գոմերը… Ականջիս են հասնում մի վաճառողուհու զրնգուն` ոչ այն է հիացական, ոչ այն է կշտամբական խոսքերը. “Կրակի կտոր ա կերել Լևոնը…”, և մյուսի հարցը` “ Ասում են` ինքը լիբանանահայ ա, հա՞…” Բնազդաբար հայացքս թեքում եմ, որ ասեմ` չէ~, մուսալեռցի է, բայց ծնվել է Հալեպում, ուրեմն` սիրիահայ է… բայց անցնում եմ: Տոնավաճառը եռու~մ է:

Ժամանակին – Սովետի ժամանակներում, եթե լավ ապրանք էր պատահում, ասում էին` չեխակա~ն է, կամ էլ ամենաքիչը` “ Պրիբալթիկայից ա~…” Հիմա ասում են` “Իմը մաքուր թուրքական ապրանք ա~…” Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, հայկական ապրանք եմ ման գալիս, մանավանդ օտար պիտակների տակ… Հայ վարպետները լավ գիտեն մեր ժողովրդի հին ու անկորնչելի սնոբությունը – ապրանքի արտասահմանյանն է լավ - և օտար պիտակների տակ թաքնված` արտադրում և ծախում են իրենց գործը: Այդ վարպետների գործը սրտիս ուրախությունն է… Սպասի~ր, առևտրային օլիգարխիա, սպասե~ք, մանր ներկրողներ – մի օր գալու եք և համբուրելու եք ՀԱՅ ՎԱՐՊԵՏԻ կոշտ և աշխատավոր ձեռքը: Նա է լինելու մեր երկրի փրկողն ու տերը:

Տոնավաճառ… Այստեղ է Երրորդ հանրապետության դառը պատմությունը: Այստեղ է մեկուկես միլիարդանոց առևտրային դեֆիցիտի ամոթը: Այստեղ է այդ դեֆիցիտը…չտեսնո~ղ քաղաքական համակարգի անամոթությունը: Այստեղ է առևտրային օլիգարխիայի ստեղծած պետության արևելյան-չարչիական, խունջիկ-մունջիկ սիրունությունը: Բայց կգա մի օր – մենք կստեղծենք մի նոր Հանրապետություն – և հայ մարդը դուրս կգա “Բանգլադեշի” գոմերից – նորից ստեղծելու, նորից արտադրելու, երկիր ծաղկեցնելու համար:

Բարի գիշեր:

Հեղինակ
05.04.2009, 00:01
Այսօրս` 4 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Ուրեմն, մեր Միշել Օբաման հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհուն… Էս թագուհուս սիրտն այնքան է շարժվել մեր Միշելին տեսնելիս, որ 57-ամյա կառավարման ընթացքում առաջին անգամ խախտել է էթիկետը և ձեռքը բարեկամաբար դրել է Միշելի գոտկատեղին: Դե էստեղ էլ խաղացել է մեր Միշելի աֆրիկյան արյունը և նա, կրկնակի խախտելով էթիկետը` փաթաթվել է Բրիտանիայի թագուհուն… Ի~նչ սենսացիա է, նորին բրիտանական սրբազնությունը այդքա~ն մարդամոտ է, այդքա~ն ջերմ է եղել…

Առավոտից` այս լուրը լսելուց հետո, մեջս փթփթում էր զայրույթը – ո~նց էլ արևմտյան փիար-մեքենան կարողանում է իր խորհրդանիշները պանծացնել – ի~նչ մարդկային է բրտանական թագը, ի~նչ պարզ ու վեհապանծ է թագուհին: Բայց չգիտեի, որ երեկոյան Էմիր Կուստուրիցայի “Մարադոնա” ֆիլմը կգա լուծելու իմ հումանիտար վրեժը…

Դիեգո Արմանդո Մարադոնա – աջ բազկին Չե Գեվարայի պատկերն է դաջված, ձախ ոտքին` Ֆիդել Կաստրոյի – հարվա~ծ, և Անգլիայի դարպասը գրավվա~ծ է: Տարիներ առաջ երկաթյա լեդին դեպի Մալվինյան կղզիներ շարժեց բրիտանական նավատորմը: Գիշեր էր, դավադիր ինֆրակարմիր տեսողության օգնությամբ` բրիտանական զորքը իջավ կղզիներ… Ծանր էր Արգենտինայի պարտության ցավը: Եվ Մարադոնան վրեժ է լուծում – ֆուտբոլի դաշտում երկաթյա լեդին է, կողքին` թագուհին, ապա Ուելսի իշխան Չարլզը, Թոնի Բլեյերը… Այս մի խեղկատակն էլ Ջորջ Բուշն է… Մարադոնան հաղթում է նրանց – ֆուտբոլով ու մարդկայնությամբ: Էմիր Կուստուրիցան ծաղրում է բրիտանական թագը: Ցավում է Էմիրի սիրտը… Սերբիայի համար:

Այո~, կգա մի օր, երբ “փոքր ազգերը կտոնեն էպիկական հաղթանակ մեծ ազգերի դեմ”: Մարադոնան չի ընդունում Ուելսի իշխանի հրավերը` ծանոթանալու- “ չեմ կարող սեղմել ձեռքը, որ արյան մեջ է”: “Նա, ով վերևում է` միրուքով է ու արդարացի”,- ասում է Մարադոնան: Գեվարա, Կաստրո, Չավես, Էվո Մորալես, Կուստուրիցա – Լատինական Ամերիկան, Սերբիան… Ուզում եմ ավելացնել` Հայաստանը…

Հայաստանը… Այստեղից ձայն եմ տալիս. “Ամեն ինչ կլինի ազատության երգով”: Եվ երգում ենք հայերս` “Եթե մենք Մարադոնա լինենք, կլինի խաղ հաղթական”:

Օրվա վերջն է… Էս նեղ մաջալին մի պահ նայում եմ մեր Մշակույթի նախարարության կայքը, և ոնց որ գլխիս տան. “Կայքի տեղծմանն ու զարգացմանը խորրհրդատվական աջակցություն է ցուցաբերում "British Council" ընկերությունը": Ստրուկների պետություն Հայաստան, ե՞րբ ես ազատագրվելու…

Բարի գիշեր:

Հեղինակ
05.04.2009, 23:42
Այսօրս` 5 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Մեր Ծաղկազարդ տոնի, ամերիկյան “սեռական դաստիարակության ”
և էլի մի քանի բանի մասին …

Ընթերցողս, խորագրից շոկի մեջ չընկնես, իսկ հիմա` ամեն ինչ հերթով:

Մեր Ծաղկազարդ տոնն է – ծաղկել են մեր աշխարհի ծիրանենիները, ծաղկում է բալենին, հերթի են դեղձենին ու կեռասենին:
Բայց եթե ինձ հարցնեն, թե ո՞րն է հայոց աշխարհի ամենավառ ծաղկած ծառը, կասեի` նորահաս մեր աղջիկները, որ ծաղկում են մեր ընտանիքներում, մեր արևոտ քաղաքում ու երկրում: Եվ եթե մի բան ունենք պահպանելու, առողջացնելու, խնամելու – ամեն աղջկա ապագա մայրության սրբազան ապարատն է – քնքույշ ձվարանների տիեզերական ֆունկցիան. – սա ասում եմ որպես ծնող, բժիշկ ու հանրություն:

Եվ այսպես` մեր Ծաղկազարդ տոնը եկավ ու կապվեց այսպես կոչված “սեռական դաստիարակության” խնդրին: Առավոտ էր, Առողջագետը կանչեց իր համակարգչի մոտ` համացանցից մի բան կարդալու – Ամերիկայում վաղաժամ հղիությունների կանխման մասին էր – 11-15 տարեկաններին դպրոցում բաժանում են հորմոնային հակաբեղմնավորիչներ ու պահպանակներ … Այստեղ իմ ծռությունը բռնեց… Եվ ահա թե ինչ եմ ուզում ասել…

Ա~յ տապոռա-յանկիական մանկավարժություն, լսի~ր, թե քեզ ինչ եմ ասում Հայաստանից… Երբ ծաղկում է սեռականության ծաղիկը – ամեն անհատ իր ճանապարհն ունի դրա իրականացման… Եվ որպես օրենք` վաղ պատանեկան տարիքում ծաղկած Սերը մի հպման, մի վաղ համբույրի է ձգտում, և ապա միայն ձգտում է լիակատար ֆիզիկական ձուլման: Եթե մի հանրություն կարողանա ստեղծել առողջ մշակութային կյանք, ծաղկող սեռականությունը խնամող ամենօրյա մթնոլորտ, ամեն մեկը բնական հունով կմոտենա այն օրվան, երբ կուզենա ձուլվել մեկ ուրիշի մարմնին… Սա կլինի բնական ընթացք, ամեն մեկը դրան կհասնի իր օրը… Բայց դու` տապոռա–յանկիական մանկավարժություն, երբ բոլոր 12 տարեկան դեռահասներին բաժանում ես պահպանակ և հակաբեղմանավորիչներ, ապա դրանով այդ դեռահասներին ասում ես – բոլորդ այսօր իսկ կարող եք ապրել սեռական կյանքով – խմե~ք այս կոճակները և օգտագործե~ք այս պահպանակները… Հա~, չմոռանամ ասել, որ այդ տարիքում հորմոնների օգտագործու~մը… Սա հանցանք է Սիրո, Գեղեցկության, Բնության նկատմամբ:

Խնամել սեռականության ծաղկող ծաղիկը` Բնության այդ զարմանալի պարգևը: Ես, հայ ծնողս, երազում եմ, որ մեր նոր սերունդը թրթռա, ապրի, ծաղկի գեղեցիկ կյանքի ու մշակույթի մեջ – ոչ յանկիական կամ եվրոպական պրիմիտիվ կրթական ծրագրերով, ոչ սեռականության միջազգային աղբով – այլ Բնության տված ձգտումով մեր պատանին ու աղջիկը հասնեն իրար:

Եթե մենք այսպես պահենք նրանք, այսպես խնամենք – իմաստնորեն մի օր կազատվենք նաև կարմիր-խնձորական և այլ կանխավարկած-բլեֆներից, և չեն լինի ոչ վաղ հղիություններ, ոչ այլ խաթարումներ… Բայց եթե այնպես պատահի, որ մի 15 տարեկան աղջնակ մայրանա, ապա նրա ծնած զավակը կլինի մեր սիրո, մեր խնամքի և մեր մեծահոգության առարկան: Այդ վաղ մանուկը կասի մեզ. “Իմ մայրիկը ծաղկել էր, նա ի՞նչ մեղավոր է: Իմ հայրիկը ծաղկել էր, նա ի՞նչ մեղավոր է: Ես էլ մի ծաղիկ եմ, ես ի՞նչ մեղավոր եմ”: Եվ մենք` որպես մշակութային ազգ, կգայինք համբուրելու մեր դեռահաս մայրիկին ու նրա չքնաղ զավակին:

Բարի գիշեր:

Հեղինակ
06.04.2009, 23:11
Այսօրս` 6 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Օրն ավարտվում էր, փորձում էի այսօրվա զգացումներից ու ապրումներից առանձնացնել այն, ինչ կուզեի քեզ հասցնել, ընթերցողս: Բայց մի զգացում եկավ ծածակելու օրվա մեջ ապրածս…

Մշակութային ալիքով Հասմիկ Հարությունյանն էր` “Շողակն” համույթից – երգչուհին և հետազոտողը:

Հասմիկ Հարությունյանը… Նրա դեմքին կարծես դիպել է մեր ցուրտ լեռների քամին – մի քիչ բնաշխարհիկ կոշտություն կա, մի քիչ` խստություն, բայց ժպիտը, ծիծաղը, աչքերը շնչում են ջերմ հայկականությամբ ու կանացիությամբ: Եվ երբ խոսում է` ձայնն էլ մի քիչ խզված է թվում, բայց երբ երգու~մ է … Այդպես միայն մեր աղբյուրներն են երգում: Այդպես միայն Մայր Հայրենիքն է երգում…

Օրորոցայինները … Հասմիկ Հարությունյանի անկրկնելի մեկնությամբ: “Մայրը ամեն ինչ խոսում է երեխայի հետ: Օրորոցայինները հեքիաթներ են Տիեզերքի, Երկրի , Արևի, Լուսնի մասին”: Մի ժողովուրդ իր երեխայի հետ խոսում է օրորոցայինների լեզվով: “Օրորոցայինները կապում են Հայրենիքին ու երեխային”:
Իմ տատրակի քունն է եկել,
Անուշ երգով օրո~ր, օրո~ր…
Հաղորդման ժամանակ Հասմիկը մի քանի օրորոցայիններից կտորներ կատարեց: Մի ժողովուրդ կարող է հպարտ լինել, որ այդ անսահման հարստության տերն ինքն է:

“Մենք նվիրում ենք մեր գրանցումերը Հանրային ռադիոյին, որ հնչեցնեն…Վերջերս ավելի հաճախ են հնչեցնում… Բայց ճիշտն ասած` համույթի անունը չեն տալիս, ասում են` գովազդ կլինի”: Հլը մի նայե~ք մեր մշակութային իշխանության ամբարտավանությանը – քիչ չէ, որ համույթը նվիրում է, տալիս է հնչեցնելու իրավունքը – առանց որևէ վճարի, բայց օգտագործելիս նույնիսկ անունը չեն տալիս:

“Շողակնի” հավաքած գանձերը… Դրանք հրատարակում է ամերիկյան մի ընկերություն, Հայաստան չեն հասնում – քիչ են, թանկ են: “Հայաստանում պետք է պատվիրատուներ լինեն, որ հրատարակվեն – թող լինի Հանրային ռադիոն, Մշակույթի նախարարությունը, – բայց դեռևս չկան”: Եվ օրորոցայինները չեն հասնում մեր մայրերին ու մեր մանուկներին: Հիվանդ երկիրս, երբ ես խմելու քո բնիկ ակունքներից…

Հասմիկ Հարությունյանը իր օրորոցայիններով Ամենամայր է: Երգիր մեզ համար, Մայր, մենք բոլորս քո մանուկներն ենք…
Հերուր էնիմ իմ պզտիկին,
Հերուր էնի~մ ու օրորի~մ…

Բարի գիշեր:

Հեղինակ
07.04.2009, 23:31
Այսօրս` 7 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Տոնդ շնորհավո~ր…

Բարձր դասարանի աշակերտուհիների կչկչան խումբը իջնում է Կոմիտասով – բազմագույն վառեկների երամ է, – կողքից մի աքլորության թեկնածու ռեպլիկ-շնորհավորանք է ուղարկում` “Աղջիկնե~ր, տոներդ շնորհավոր…”, մեր կչկչանները մի քիչ խլշկոտում են և վազում են առաջ…

Կանգառն է… Մի երիտասարդ կին անջատվել է սպասողների խմբից, իջել է փողոց և նայում է հեռուն – ե՞րբ է երևալու իր երթուղայինը… Մազերը վառ-արևագույն են, աչքերը կիսափակ է արել – ոչ այն է արևից, ոչ այն է քամուց, – տեսնես ու՞ր է գնում, ո՞վ է սպասում նրան… Տոնդ շնորհավո~ր…

Մայթով գնում է մի ծեր կին – մուգ գուլպաները գրկել են նիհար, դողդոջուն սրունքները, մուգ բարակ վերարկուն ծածկում է հոգնած ուսերը, ձեռնափայտը զարկում է մայթին, և ելնում է 80 տարիների փոշին – մի ամբողջ էպոխա` մի կենսագրության մեջ – ստալինյան բռնատիրությունից մինչև վայրի ազատականության խաշխաշ-ծաղիկները… Էլ ուժ չկա~, հանգստանալու ժա~մն է… Մա~յր, տոնդ շնորհավո~ր…

Իսկ ահա այս 60-ամյա մայրը հագել է կարճաթև ժակետ, – թեկուզ մի քիչ դեռ ցուրտ է, թեկուզ մի քիչ քամի է, բայց մայրը հոգնած թևերը տվել է արևին – թևերը թառ-սպիտակ են, երևի մայրորեն բուրում են` սպիտակ հացի նման, – և ուզում է մի քիչ տաքանալ, ձեռքերը թխանան և ուժ առնեն, որ խնամի զավակներին և թոռներին… Տոնդ շնորհավո~ր…

Արդեն երեկոյանում էր. Վաղարշյան-Կոմիտաս անկյունում մի փոքրամարմին կին տեսա – ենթագիտակցորեն անհաճելի մի զգացում ունեցա. ո՞վ է, ծանո՞թ է – սև գուլպաներ, աններդաշն կազմվածք, մազերը կարճ ու աղքատ – և հանկարծ կիսադեմով դեպի ինձ է դառնում, գուցե աչքը աչքիս է դիպչում… Ճանաչեցի~ - Կրթության նախարարության պաշտոնատարն է, բժիշկը… Իսկ դու հիշեցիր, ընթերցողս, վերջերս մի դպրոցում հանդիպել էինք “Առողջ ապրելակերպ” ձեռնարկին` ուսուցչի համար – հայ կրթության ամոթը, և հեղինակներից մեկը այս պաշտոնատարն է: Տարներ առաջ Առողջագետը սրան ասել էր. “Մենք նոր գործ ենք անում…”, իսկ նա հակադարձել էր. “Դե ինչ, ձեզ էլ կվառեն` Ջորդանո Բրունոյի պես”: Ճանաչեցի, արագ հեռացավ. սպասի~ր, Ճիզվիտուհի, քեզ բան ունեմ ասելու~: Չի~ սպասում, հետևից կանչում եմ` տոնդ շնորհավո~ր…

Տուն եմ դառնում, ճանապարհին կակաչներ եմ առնում Սիրելուս համար: Նա փարում է ինձ – տաք պարանոցին` իմ սիրած տեղին հպում եմ շուրթերս, ներշնչում եմ ծանոթ բուրմունքը և արտաշնչում եմ շնորհակալությունս, գնահատանքս, դեռ չասված խոսքերս… Տոնդ շնորհավո~ր…

Բարի գիշեր:

Հեղինակ
08.04.2009, 23:06
Այսօրս` 8 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Այսօր ուզում եմ լռել: Ընթերցողս, որ բացել ես այս էջը և ցանկանում ես խոսք լսել` այսօր լսիր Լռության Ձայնը: Թո~ղ օրվա աղմուկն ու աղաղակը, լուրերն ու շփոթը և լսիր սեփական Սրտի Ձայնը:
“Այսօրս” քեզ չի խանգարի: Ես էլ այսօր ուզում եմ լռել:

Բարի գիշեր:

Tigris
09.04.2009, 17:30
Անկասկած, շատերս պէտք ունենք լուռ մնալու: Սակայն, յարգելի Հեղինակ, համատարած շաղակրատութեան մէջ, Ձեր ամեն մի խօսքը մի նախշ է, մի բարձրաքանդակ՝ ընդհանուր հոգեւոր անտաշութեան մէջ:

Հեղինակ
09.04.2009, 23:44
Այսօրս` 9 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Աշխարհն ապրում է իր կյանքը…

Հայությունը սպասում է` Օբաման կհնչեցնի՞ “ցեղասպանություն” բառը: Մի համաշխարահային կշեռք կա – մի նժարին ճշմարտությունն է, իսկ մյուս նժարի վրա մոլորակային մի խլրտո~ց է, առուտու~ր է – իր հետ առուտուր են անում Օբաման ու թուրքերը, Օբաման ու հայերը, սրանց միանում են եվրոպացիներն ու ռուսները, առուտուր են անում շահերն ու հակաշահերը, քրիստոնեությունն ու իսլամը, և այս ամենի արդյունքում պետք է որոշվի` Օբաման արտասնելու՞ է այս բառը: Մինչդեռ այդ առուտուրի տեղը եթե դրվի մի պտղունց էթիկա – սա տիեզերական հաղորդիչ է, և Օբամային կհասցնի իր Սրտի Ձայնը: Բայց Օբաման կլսի՞ իր սրտի ձայնը:

Այսօր մի քանի գնումներ արեցինք տան համար – այն, ինչ ստեղծում է այսօրվա Արևմուտքը` կենցաղային տեխնիկա, աման-չաման և այլն – կատարյալ նյութական մշակույթ է: Այն ուրախություն է տալիս ու բավարարում է սիրտը: Բայց Արևմուտքը կարծում է, թե ինքը – իր հոգին, միտքը, էթիկան, հավատը նույնքան կատարյալ են, ինչքան այս փայլուն, սիրուն գազօջախը… Մինչդեռ ձևի և նյութականության պաշտամունքը ամլացրել է նրա կենսական ակունքները: Հեշտացնել կենցաղը – թող լինի փայլուն ու սիրուն, բայց ազատված Ժամանակն ու Էներգիան ուղղել Գեղեցկությանն ու Արվեստին…

Եվ ուր էլ նայենք` մի ահռելի գերխնդիր, մի գերնպատակ կանգնած է մարդկության առջև` ինչպե՞ս կրթել նոր սերունդը: Այսօր շոշափում էի մի քանի աղբյուրներ, ձեռքիս էր Արամ Ղանալանյանի “Ավանդապատումը”, որքան բազմարշերտ է ժողովրդի հիշողությունը – և հրեղենը կա, և բազմադարյան մոխիրը… Ի՞նչը վերցնենք ու պահպանենք, վերափայլեցնենք ու վերապատմենք մեր զավակներին… Ինչպե՞ս կրթենք-ստեղծենք ՄԱՐԴ-ՀԵՐՈՍՆԵՐ` մեր ապագայի համար…

Գոտի… Գոտեպնդվել… Գոտին քաջության ու առնականության խորհրդանիշն է մեր մեջ, գոտին պահպանում ու պնդում էր հայի ու հայուհու մեջքը` մեր բնիկ տարազները վկա են: Գոտիի խորհրդանիշը այսօր վառվում էր սպիտակ թղթիս վրա… Պետք է երգել, բարեբանել ԳՈՏԻՆ – մեր ՄՇԱԿՈՒՅԹՆ է մեր քամար-պողպըտին…

Ընթերցողս, ինչպե՞ս անենք, որ մեր աղջիկները պահեն-պահպանեն իրենց բարակ մեջքը, որն ամեն օր բաց է ցուրտ քամիների առջև - բայց ոչինչ հավերժ չէ` այս նորաձևության վերջն էլ կգա…

Բարի գիշեր

Հեղինակ
10.04.2009, 23:32
Այսօրս` 10 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Այս Հայրենիքը

Մի սպասում, մի իղձ կա այս երկրի օդում, հողում, ջրերի մեջ… Սպասում և իղձ – այս մոլորակի օդում, հողում, ջրերի մեջ…

Կոշտ կեղևի տակ – նյութի, հացի ու ջրի, բախում-պայքարների, կեղծիքի ու շահերի կեղևի տակ – տրոփում է մի Հոգի` միամիտ, շփոթված, արցունքոտ աչքերով:
Եվ կոշտ կեղևի տակից – երբեմն զարկում է անկեղծության մի շիթ` այդ Հոգու Ձայնը: Նա կանչում է, մարդկային ձայնով նույնիսկ վանկարկում է` “Ազատություն” – և նկատի ունի Հոգի Լինելու Իրավունքը, Մարդ Լինելու Իրավունքը… Բայց երբ շիթն անցնում է կոշտ կեղևի միջով` մոռանում է այս նախնական իղձը, և “Ազատություն” ասելով` հասկանում է անձանց, ուժերի, դերակատարների հաղթանակ: Հիշողության ողբերգական կորուստ… Նա նորից մոռանում է Իրեն, Իր Բարձրագույն Շահը, Մարդ Լինելու Իր Իրավունքը…

Այս Հայրենիքը… Այս Ժողովուրդը` իր աստեղային ժամին – մի սքանչելի երեխա է, արի պատանի է, գթաշատ մայր է, իմաստուն-համբերաշատ ծերունի է – ով տեսել է նրան իր սրբազան ժամին` կհաստատի այս բառերի իմաստը: Բայց երբ աստեղային ժամն անցնում է – ցրվում է “Ժողովը Մի Ժողովրդի”, անհատը բաժանվում է Սրբազան Ժողովից – նա մնում է մենակ` առանց Գիտելիքի, առանց Սիրո Մշակույթի… Մոտեցիր այդ մենակներին` Խոսք հասցրու, Ճշմարտություն տար, Սեր Բաժանիր – բայց նրանք արդեն մոռացել են աստեղային ժամը, նրանք արդեն նախանձի ու մանրիկ էգոյի ողբալի տոտեմներ են…

Ազատություն… Այս Բառը հիմա այս Հայրենիքի Սրտի մեջ է: Բայց նրա գիտակցությունը, նաև նրա ապարատը` ուղեղը, նրա մենթալը անտեղյակ են Ազատություն Բառի Իմաստին – և եթե “ստանա” իր պատկերացրած “ազատությունը” – կգտնվեն հենց իր մեջ մարդիկ, որ նրա միջոցով կկռեն նոր ձեռնաշղթաներ… Բայց քաղցր է Ազատություն Բառը…

Իմ սիրտը Ազատության Դպրոց է ուզում… Ես ուզում եմ հասկանալ` ինչ է Ազատությունը: Ես ուզում եմ հասկանալ մի հայրենիքի Ազատագրության Գաղտնիքը և Ուղին…

Բարի գիշեր

Հեղինակ
11.04.2009, 22:30
Այսօրս` 11 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Այսօր Առողջագետիս հետ “պտույտ մը” արեցինք Երևանի կենտրոնում…
Պտույտն սկսեցինք մի գրախանութից, որ Կորյունի փողոցի վրա է – Բժշկական համալսարանի դիմացի մայթին: Այստեղ վաճառում են ներկա բժկության գիտա-կրթական գրականություն: Հետախուզության էինք գնացել – Առողջագետի գիրքը կբերե՞ն Սանկտ-Պետերբուրգից… Չէ~, գիրքը չկար: Չեն բերի~, Առողջագետի ռումբը կարող է հանկարծ պայթել և այրել պաշտոնական բժշկության շքեղակազմ հատորները…

Աբովյանն այսօր ցորենի կանաչ դաշտ էր – այնքան շատ էին զատկի ձվերի համար ցանված կանաչ ափսեները: Մի կին կանչում էր` “Ժինգյալով հա~ց”, առաջ անցանք, բայց փոշմանեցինք և հետ դարձանք… Ղարաբաղցի կին էր` դեմքը լիքը և կոշտ, մազերը թունդ սև ներկած ու դիզված, պինդ ու քաղցր էին բարբառի շերտերը … Ժինգյալով հացն առանք և քայլելով վայելում էինք… Հետն էլ մտածում էի, թե որքան քիչ ենք ծանոթ Ղարաբաղի մշակույթին, բանահյուսությանը, որքան հազվադեպ է Հայաստանում վաճառվում ինչ-որ բան` այդ հարուստ հողի պտուղներից – ես 15 տարում մի անգամ խաղող եմ առել: Այնպես որ Ղարաբաղից առայժմ վայելել ենք մի ժինգյալով հաց և… երկու նախագահ: Դե, դա էլ քիչ չէ~…

Այսօր համացանցում հանդիպեց աշխարհի օրորոցայինների մի հրաշալի ալբոմ – շատ ազգերի օրորոցայիններից մեկական օրինակ – մեկ երգի մեջ անգամ երևում է ազգի բնավորությունը, հոգին: Եվ չկար գեթ մեկը, որի հանդեպ մարդու սիրտը չլցվեր գորովանքով… Էս ինչ անաստված մոլորակ է – ազգերը կարոտ մնացին և իրենց մշակույթին, և մյուս ազգերի ստեղծած գանձերին… Վայելում էինք այդ անուշ գոհարները, և սիրում, սիրում էինք դրանք ստեղծող ազգերին:

Վաղը Զատիկ է, մեր ժողովրդի սիրած տոներից մեկը – կենսալի հայ բնավորությունը այս տոնը ազատել է քրիստոնեական միստերիաներին հատուկ ծիսականությունից և իր պարզ ու խնդալի օրն է ապրում… Հայի արտաքին անհավատության մեջ երևում է ապրելու ուրախության պարգևած հավատը…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.04.2009, 23:30
Այսօրս` 12 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Հարության բնագիտությունը

Ընթերցողս, շնորհավորում եմ Զատիկդ… Շնորհակալ եմ, որ այսօր, այս անուշ օրը բացել ես այս էջը…

Այնպես է եղել, որ մայրական կողմից ժառանգություն եմ ստացել Կյանքի որոշակի նուրբ-իռացիոնալ ընկալումը, քահանա նախնիներից երևի ստացել եմ ինչ-ինչ գեներ ու աշխարհընկալում… Նրանց ժառանգներից մեկի տանը` մատուռում այժմ պահպանվում է Արծիվ ավետարանը` բերված Արևմտյան Հայաստանից և հրաշալի ձևով ճանապարհին փրկված արծվի կողմից, որը, ըստ տոհմական լեգենդի, խուրջինով գետն ընկած Ավետարանը հանել է ջրից և հասցրել է գաղթողների հեռացած քարավանին… Վաղ մանկության տարիներից այս պատմությունը սիրտս լցնում էր խանդաղատանքով:

Նաև եղել է այնպես, որ մարդաբանության ու բժշկության ճանապարհի գիտելիքը եկավ ու ցրեց խորհրդավորության ու հրաշափառության այն շղարշը, որով ծածկված է կրոնականության դաշտը: ՀՐԱՇՔԸ իր էության մեջ` ԲՆԱԿԱՆ է, այն իր ծագումով ԲՆԱԳԻՏԱԿԱՆ է…

Երբ ասում են, որ Աստվածորդին հարություն առավ, այս պատմությունը ծածկում են մարդկային երևակայությանը անհասանելի հրաշքի խորհրդավորությամբ, ապա դրանով խլացնում են ճանաչողության որևէ ձգտում, և ստեղծվում է կրոնական անգիտության ֆենոմենը: Մի քայլ այն կողմ` ահն է պատժող ու խիստ Աստծո նկատմամբ, և պատրաստ է “հավատացյալի” խեղճ ու դողդոջուն կերպարը: Հավիտենական կյանքի, հարության և մանավանդ` մեռելների հարության մասին հավատացյալ ամբոխի մրմնջոցը երբեք չի ծառայել մեր ազգի բարոյական առաջընթացին, իսկ այսօր նրա մշակութային և ազգային որբության ծխածածկույթն է միայն…

Իսկ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ Է – Աստվածորդին` իր հզոր էներգետիկայով սուբլիմացիայի ենթարկեց իր ֆիզիկական մարմինը, և անձավի առջև դրված ժայռը չէր կարող խանգարել նրան: Այնուհետ նա վերադարձավ և հանդիպեց աշակերտներին նուրբ մարմնով – բայց այնքան նյութականցված, որ տեսանելի և շոշափելի էր նրանց համար: Այս հիրավի հրաշալի իրողության վրա հետագայում հենվեց քրիստոնեական դոգմատը, թե Քրիստոսի երկրորդ գալուստին մեռելները հարություն կառնեն և ֆիզիկական մարմնով կելնեն գերեզմաններից: Մինչդեռ այս խեղճ “սպասումը” ընդամենը արձագանքն է Վերամարմնավորման օրենքին, որը մի Տիեզերական ժողովի թեթև ձեռքով “չեղյալ” է հայտարարվել: Կգա այն օրը, երբ հայ ազգային-եկեղեցական ժողովը կընդունի Վերամարմնավորման օրենքը և մեզ կազատի գերեզմանների բացվելու տխուր սպասումից…

Այո~, այսպես կոչված “մեռյալները” հետ կվերադառնան, բայց մարմնավորվելով մեր չքնաղ հարսնուկների նոր պտուղներ մեջ… Հատկապես, թող մի սքանչելի իղձ ծփա մեր սրտի մեջ – Մեծ Եղեռնի ժամանակ զոհված մեր մանուկները, մեր նորընծա մայրերը, մեր արի հայրերը թող մարմնավորվեն շուտ – այն տարիներին, երբ մենք նոր ոգեկան թռիչք պետք անենք, և իրենց ընդհատված կյանքը շարունակեն մեր ապագա Ազատ Հայրենիքում… Մենք ինչպե՞ս կարող ենք նրանց կանչել մարմնավորման – միայն ԿԵՆԴԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ հզոր թրթիռներով…

Բարի գիշեր:

Հեղինակ
13.04.2009, 22:34
Այսօրս` 13 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Առավոտը ցուրտ էր, այս էլ որերորդ անգամ` վերջին 2-3 տասնամյակում, ապրիլին մեր ծաղկած ծառերին ձյուն է գալիս: Մեր ընտանիքի կյանքի մեկուկես տասնամյակը անցավ մի գյուղում, ուր գնացել էինք մեր էկոլոգիական աշխարհայացքի թելադրանքով… Եվ մեր փորձով գիտենք` անակնկալ ցուրտը մի քանի ժամում կարող է ոչնչացնել տարվա բերքը: Մի տարի ծիրանի հսկա այգում ընդամենը ՄԵԿ ԾԻՐԱՆ էր հասել… Եվ ամեն անգամ բնության դաժան խաղը տեսնելով` հարց է ծագում սրտիդ մեջ – ինչու՞, ինչու՞ է Բնություն-Մայրը ոչնչացնում իր ստեղծած գեղեցկությունը…

Եվ էլի պատճառը մարդու մեջ է – Բնության մարդածին խեղումները ուղղակի խենթացրել են բնության ոգիներին – ստիխիալներին, որոնք այլևս չեն կարողանում ներդաշնեցնել մարդու և բնության համատեղ կյանքը… Միայն մարդու էթիկայի, մտածելակերպի մաքրումով է հնարավոր կարգավորել տարերքները, կանխել երկրաշարժերը, ջրհեղեղները…

Կեսօրին բակում մի երեխա կանչում է մյուսին. “Էսօր դաս չկա~, էսօր մեռելոց է”… Այս բացականչության ու այն ծնած փաստի մեջ մի տխուր բան կար, մի ակնհայտ անգիտություն… Իհարկե, մենք պետք է հիշենք մեր սիրելի մարդկանց, որոնք հեռացել են – այստեղ ծիսական քայլերով և հիշողության արծարծումով պահպանվում է էներգետիկ կապը սերունդների միջև, ֆիզիկական և նուրբ աշխարհները այդ ժամին ճանաչում են իրենց` որպես ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ մասեր… Եվ ամեն ընտանիք, ամեն մարդ տոնին հաջորդած օրը` իր գիտակցությանը և ավանդույթին համաձայն հիշում է… Սակայն Մեռելոցի օրը համընդհանուր-պետական ձևի մեջ դնե՞լ, աշխատանքից ազատ օր հայտարարե՞լ… Մեր Վեհափառի կրոնական ջերմեռանդությունը և մեր Նախագահի մարդասիրությունը չէի՞ն կարող ավելի վսեմ մի քայլի մղել` մեր ազգային կյանքի առողջացման համար: Չէ~, չէ~, մեզ պետական-պաշտոնական մեռելոցի հնարավորություն մի~ տվեք. մենք մի պատշաճ ձև, մի երկու ժամ կգտնենք` մեր պարտքը կատարելու - մեզ ԱՆԸՆԴՀԱՏ ՏՈՆ է պետք, մեզ վերջ չունեցող ԱՇԽԱՏԱՆՔ է պետք, մեզ պարի նմանվող ԿՅԱՆՔ է պետք, մեզ կյանքը նորոգող ՊԱՐ է պետք… Իսկ դուք, Եկեղեցու և Պետության պետեր, ամեն օր քնելուց առաջ մի կես ժամ մտածեք ձեր որոշումների շարժառիթների և անկեղծության մասին…

Բարի գիշեր:

Հեղինակ
14.04.2009, 23:06
Այսօրս` 14 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Վերջին օրերի տագնապները` կապված ցրտի, ձյան և այգիների հնարավոր վնասման հետ, կարծես անցնում են… Շատ դառն է լինում, երբ մեկ օրվա մեջ գյուղացու վաստակը ոչնչանում է: Վերջին երկու տասնամյակին բնական աղետների կորուստը մեր գյուղական համայնքը փոխհատուցում էր արտագնա աշխատանքով: Այս տարի դժվար է, շատերը չեն գնացել: Հայաստանի հողերի զգալի մասը չեն մշակվում – գարնանը միջոցներ չկան, տեխնիկա չկա, ստացված բերքը մշակող ձեռնարկություններ չկան: Մի պետություն, որ ստացավ և մսխեց, “խորհրդատվությունների” և “փորձագետների” վրա ծախսեց հսկայական միջոցներ, երբեք լուրջ չզբաղվեց գյուղի խնդրով – մսխած միջոցների 10%-ը բավական էր հայ գյուղը տեխնիկայով ապահովելու և հողի մշակումը մշտապես վարկավորելու համար:

Գյուղը – որևէ ժողովրդի լեզվի, բարբառի, հավատի, բանահյուսության, էպիկական մտածելակերպի պահպանման վայրը, քաղաքային մշակույթի գաղտնի սնողը – այժմ մեզանում դեգրադացվում է: Դրա գիտակցումը, գյուղի մշակութային-ռազմավարական նշանակության գիտակցումը չկա – հնչում են միայն պետական քարոզչության, գյուղացուն օգնելու մասին պաշտոնական ծնծղաները: Վտանգավոր է հայ գյուղի մշակութային անկյալ վիճակը – ողբալի է տեսնել նրա քեֆչիական հարսանիքները, կորսվում է հարսանեկան ծեսը, նրա երգային-պարային մասը…

Մի քիչ առաջ մեզ ստիպեցինք մի քանի կադր նայել “Որբերը” սերիալից… 70-րդ մա~սն էր: Պատկերացնու՞մ եք` 70 օր Հանրայինը մի ժողովրդի համոզում է, ներարկում է, հավատացնում է, որ նա որբերի հայրենիք է… Դժվար է նայել սև հագած այդ երեխաներին, անտանելի է լսել նրանց խեղճ խոսվածքը – այս ապամշակութային պետականությունը հանցանք է կատարում սեփական ժողովրդի դեմ…

Այնուհանդերձ, գարուն է… Քաղցր են մեր երկրի պտուղները - սպասելու ենք, որ հասնեն…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.04.2009, 23:57
Այսօրս` 15 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Մեր նախագահը Իրանում էր… Մենք շատ բան ունենք սովորելու հարևան երկրից…

Առիթ ունեցել ենք կարդալու և լսելու Իրանի ներկա նախագահի, նաև Հայաստանում Իրանի դեսպանների ելույթները` այս կամ այն առիթով: Զարմանալի ներքին պաթոս, հավատ և էթիկա ունի պարսիկ գործիչների խոսքը – Արարչի գոյությունը, հավատի և մշակույթի գերակա դերը, հանրային կյանքի բարոյականությունը կա այնտեղ: Իսկ ահա ինչ կուզենայի, որ մեր պետականությունը ուսումնասիրեր և փոխառներ Իրանի փորձից.
- Ինչպե՞ս է աշխատում Իրանի Մշակույթի նախարարությունը, ի՞նչ ազդեցություն նա ունի գործող ռադիո- և հեռուստաալիքների վարած մշակութային քաղաքականության վրա.
- Պետության վարած մշակութային քաղաքականությունը ի՞նչ արտացոլում ունի երկրի սահմանադրության, օրենսդրության և գործադիր նորմատիվ ակտերի մեջ.
- Իրանում ինչպե՞ս է ներկայացվում ժամանակակից համաշխարհային մշակույթը – ցուցադրվու՞մ են արդյոք պսևդո-ռեալիստական սերիալները, մարտաֆիլմերը… Եթե չեն ցուցադրվում, ապա ի՞նչ հիմնավորումով… Ի՞նչ են ասում այդ մասին Իրանի պետական հեռուստատեսությունների տնօրենները: Ի դեպ, հայկական պատվիրակության մեջ կարծես թե չկային մեր մշակույթի նախարարը, և իհարկե չկար Հանրայինի խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը: Ինչու՞ չկային – երևի թե այստեղ մենք Իրանի հետ հակառակ բևեռներում ենք – մենք` մեր անմար սիրով առ եվրոպական չափանիշները, իսկ Իրա~նը…

Ընդհանուր առմամաբ` Իրանի հետ Հայաստանի մերձեցումը մեծ ներուժ ունի մեր երկրի ապագայի տեսանկյունից:
Այցից մի էկզոտիկ պատկեր մնաց – երկու նախագահների հանդիպման ժամանակ մեր աննման Հրանուշ Հակոբյանը մի բաց ու քնքուշ գլխաշոր էր գցել գլխին` իսկը մի կանացի հրեշտակ` իջած մեր հայրենի Քյավառի ցուրտ լեռներից…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.04.2009, 22:57
Այսօրս` 16 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, անկեղծ լինեմ, այսօր առավոտյան մի միտք էի մտմտում – ինչ-որ ժամանակ ընդհատեմ “Այսօրս”, քանի որ մի գործ, մի նախագիծ կարծես թե գրավում է ինձ և ամբողջովին ուզում եմ մխրճվել նրա մեջ… Մի անգամ եղել է արդեն, երբ մերոնցից մեկը տվել է մի կարևոր գաղափար, և ես գիրք եմ գրել... Հիմա էլ նման մի պատմություն կա, գաղափարը դեռ եփվում է, չեմ կարող բացել… Խոսքը պոեզիայի մասին է: Եվ ուզում էի թողնել “Այսօրս”-ը… Բայց օրվա ընթացքում մի բան պատահեց, և այդ մտադրությունս գոնե այս պահին չեմ իրականացնի…

Պատկերացրեք` մի հասարակական կազմակերպություն է, որը իրականացնում է ծրագիր` Դեռահասների, և ոչ միայն նրանց, աբորտների գծով – քարոզչություն, անվտանգության ապահովում և այլն: Ծրագրի սպոնսորը կարծես Բրիտանիայից է, ֆինանսավորման չափը որոշվում է ԿԱՏԱՐՎԱԾ ԱԲՈՐՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ: Հասկանալի՞ է – փողը կլինի, եթե Ծրագրի կատարած աբորտները լինեն որոշակի քանակով – նշվել է 1200 թիվը` տարեկան: Ծրագրի նպատակներից մեկը նաև ընտանիքի պլանավորման գծով Հայաստանի օրենսդրական և հանրային կարծիքի դաշտերի ապահովումն է: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ապահովում…

Մի քստմնելի դետալ – Ծրագիրը նախատեսում է տեսագրող սարքերի տեղադրում և ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԻՄԱԾՆԵՐԻ հետ բժշկի հանդիպման տեսագրում, որպեսզի բացառվի հետևյալը – ԲԺԻՇԿԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՅՑԵԼՈՒԻՆ ՀԱՄՈԶԵԼ` աբորտ չանել: Պիտի համոզի` անել աբորտը: Որ եվրոպական փողերը հասնեն Հայաստան…

Ափսո~ս, ուրիշ մանրամասներ մեզ հայտնի չեն: Սա նման է եվրոպական-բրիտանական ձգտումներին` կառավարել չորրորդական երկրներում ծնելիությունը, պակասացնել ազգաբնակչության քանակը, դեգրադացնել… և այդ ֆոնի վրա ապահովել զարգացած երկրների` ոսկյա միլիարդի բարեկեցությունը: Հայաստանը, որտեղ առանց այդ էլ առաջնակի անպտղությունը հասել է 30%-ի, կանգնած է ժողովրդագրական աղետի շեմին… Եվրոպացիները ինչու՞ ծրագիր չեն իրականացնում անպտղության գծով, ինչու՞ չեն նպաստում ծնելիության մակարդակի վերականգնմանը… Այս և նման Ծրագրերը համաձայնեցվու՞մ են ՀՀ Կառավարության հետ: Թե այս անտիրական երկրի հետ ամեն եվրո-դեգեներատ կարող է անել իր սրտի ուզածը, եթե ձեռքին փող կա: Նույնանման եվրո-պրոցեսներ ընթանում են կրթության, բժշկության, ապրելակերպի և այլ բնագավառներում…

Ընթերցողս, մեր պետականությունը, նաև մեր հանրության գերակշիռ մասը, նաև հանրության ապստամբ-անհամաձայն հատվածը – այս բոլորը արևմտասեր են, “ժողովրդավար” են, եվրոպասեր են, սրանց բոլորի ծնկները դողում են “քաղաքակիրթ երկրներ” ֆենոմենի առջև, սրանք բոլորը պատրաստ են մեր երկիրը հանձնելու “լուսավոր Եվրոպայի” խնամքին, սրանք բոլորը պատրաստ են երգելու Եվրատեսիլի մրցույթին և երջանկանալ 8-րդ տեղով…

Ես էլ էսօր, էս էլ քանի անգամ, էս բոլորին ասում եմ – ձեր անգետ հայկական գլուխները պատով եք տվել, ՔԱՆԻ-ՈՐ`
Եվրոպան ծեր է և ճգնաժամի մեջ է,
Ներկա քաղաքակրթությունը ծեր է, փտել է և Ճգնաժամի մեջ է,
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ…
Եվ Եվրոպան էլ պետք է գնա նոր ճանապարհով...


Հայ ժողովրդավարության երգիչներ, ե՞րբ է ձեզ հասնելու այս պարզ Ճշմարտությունը…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.04.2009, 23:59
Այսօրս` 17 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Այս օրերին մի դժվարին, բայց նոր խնդիր է դրված առաջս – ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ի՞նչ և ինչպե՞ս ասել երեխային – պոեզիայի լեզվով: Առջևս է Ճշմարտության և Գեղեցկության դաշտը – սկսած մեր էպոսից ու ավանդություններից, այլ ազգերի էպոսներից մինչև տիեզերածին աղբյուրները: Այդ զարմանալի և իմաստուն էակին` երեխային, ի՞նչ ասել Կյանքի մասին… Երեխան ամեն ինչ գիտի – նա քննում է մեր գրած “մանկական” բանաստեղծությունները, հեքիաթները և ներզգայորեն զգում է, որ մեծահասակներս հիմարներ ենք և ոչինչ չգիտենք Կյանքի Էության մասին: Նա ճանաչում է կյանքի հազվադեպ առկայծումները մեր մեջ… Բայց կանցնի մի քանի տարի, և ծեծուջարդի “գեղարվեստով” մենք կհիմարացնենք նաև երեխային, և նա կդառնա մեր արժանի ժառանգը… Ի՞ՆՉ ԱՍԵԼ, Ի՞ՆՉ ՊԱՏՄԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ – սա չլուծված խնդիր է այս դժբախտ մարդկության համար…

Արամ Ղանալանյանի “Ավանդապատումը” – քաղցր են հատկապես այն ավանդությունները, որոնք բերված են որևէ բարբառով. կյանքում մեր գրեթե բոլոր բարբառները լսել եմ, և կարծես ականջիս հնչում են հայ գեղջկական ձայներ` հեռավոր մանկությունից: Հատկապես հպարտ եմ լինում, երբ գիտեմ դժվար հասկանալի բարբառային բառերի իմաստը… Մերոնք մի քիչ թարս են նայում իմ “ռետրո” զբաղմունքին – չլինի մեր լայն ու բարձր թռիչքին խանգարի հայկականության նեղ գավառային ընկալումը: Մի վախեցե~ք, սիրելիներ, հայ ավանդապատումների մեջ ես ուզում եմ որսալ տիեզերական հնչյուններ և գտնել ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ստեղծման կռվաններ…

Բոլոր մարդիկ Ճշմարտություն են փնտրում…Մեր հրաշալի արտիստը – Սոս Սարգսյանը… Պինդ, սրտառուչ ձայնը մի քիչ նստել է: Եվ ասում է` Արարչի մասին. “Ինչու՞ ես պատժում, եթե Դու ես մեզ ստեղծել… Մարդուն կատարյալ ստեղծեի~ր”: Եվ ապա` “Մոլեռանդ հավատացյալ չեմ, բայց փնտրում եմ կյանքի իմաստը…”

Այո~, մեր մոլորակի վրա մարդը կորցրել է Կյանքի Իմաստը – Սերը, Ճշմարտությունը և Ուրախությունը. այս եռյակի մեջ է Արարչի Էությունը: Մարդկությունն իր կրոնների օգնությամբ հնարել է մի վրեժխնդիր և պատժող Աստծո կերպար և նրա վախից կուռկուռի ձագ է դարձել, ահի և անհուսության ծակն է մտել… Եվ մեր մեծ դերասանը զարմացած հարցնում է “Ինչու՞ ես պատժում…”

Ընթերցողս, եթե ասեմ, որ Արարիչը շատ վերջերս լուր է ուղարկել, թե` “Այ մարդիկ, էդ պատժող Աստվածը դուք եք հնարել և շառի մեջ եք ընկել… Իսկական Արարիչին, Վաղվա Արարչին դուք նոր եք ճանաչելու… Ձեր Աստվածաշունչը, մյուս կրոնների Ս. Գրքերը լիակատար և միակ աղբյուրը չեն Արարչի ճանաչողության…” Եվ պատկերացնու՞մ ես, ընթերցողս, որ այս լուրը ուղարկված է հրաշալի տեքստով և անթերի, հիմնարար գիտականությամբ… Դու իմացիր այդ մասին, միայն հայ կղերականի ականջը չընկնի… Հա~, չմոռանամ ասել, որ Արարիչը լուր է տվել, թե ԻՆՔԸ ԻՐ ՍՏԵՂԾԱԾ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋ Է… Ա~յ քեզ նորություն, իսկ մենք կարծում էինք, թե Նա Երկնքու~մ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
18.04.2009, 23:34
Այսօրս` 18 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Երեկ մերոնք համերգ էին գնացել – Armenian Navy Band-ը “Ավանգարդ” ակումբում - ես ու Առողջագետը տանն էինք… Վերադարձան ուշ, համերգը երկար էր տևել, բերել էին դիսկը: Հեղինակը` Վարդան Գրիգորյան – կոմպոզիտոր, դուդուկի և զուռնայի մենանվագը: Լուսանկարում` կոշտ ու հասարակ հայ մարդու դեմք է, այդպիսիք հանդիպում են մեր լեռնային գյուղերում… Բայց գործերը, նվագը մի հսկա մշակույթ են կրում իրենց մեջ: Այս համույթը և Վարդան Գրիգորյանը հենվում են լայն մշակութային հենքի վրա – ամբողջ Արևելքը, նաև ջազի մշակույթը: Հնչում է վիրտուզ մի աղոթք – առ Մարդը, առ Կյանքը… Զարմանալի էին դուդուկի և զուռնայի ֆանտաստիկ մենանվագները: Մի անհանգստություն հնչում էր սրտիս մեջ – թուրքական-արևելյան-մուղամային մոտիվները` ինչքան էլ գերազանց ջազային մշակման ու ձևափոխման ենթակվեն` իրենց մեջ կրում են հայ երաժշտական մտածողության ստվերման և ճնշման վտանգ… Բայց ինչ էլ լինի` մենք գործ ունենք շատ լուրջ աշխատավորների հետ…

Մի ափսոսանք. “Ավանգարդ” ակումբից մերոնք շորերի հետ բերել էին հայ բոհեմի ծխախոտի թունդ բումունքը – հնարավոր չէ՞ Armenian Navy Band-ի բարձր արվեստը զուգակցել առողջ կենսակերպի և մաքուր-զրնգան օդի հետ…

Երբ լսում էինք տաղանդով և արվեստագետի ազնիվ քրտինքով շունչ առած այդ երաժշտությունը` նորից հիշեցինք մեր երկրի վարած վայ-մշակութային քաղաքականությունը: Պատկերացրեք, մեր պաշտելի Հանրայինը որոշում է Armenian Navy Band-ի արվեստը լայն-հայաստանյան ասպարեզ հանել – կազմակերպում է լայն գովազդ, համերգ` Արամ Խաչատրյան դահլիճում, ուղիղ հեռարձակում… Բայց չէ~, չի անի, մեր երկրում իսկական աշխատավորին չեն խնամում – Տիգրան Մանսուրյանը ավստրիաներում պետք է հաց վաստակի, Հասմիկ Հարությունյանը օրորոցայինները Նյու-Յորքում պետք է ձայնագրի, “Ակունքը” Հայաստանում պետք է փոշով ծածկվի, “Շարականը” պետք է լռի… Այս վսեմ աշխատավորները տարիներ խնամել են իրենց գործը, հազար անգամ փայփայել են ամեն երաժշտական ֆրազը, հազար անգամ կենդանացրել են ամեն պարային շարժումը… Բայց այդ նույն ժամին ծավալվում է “Երկու աստղի” պղտոր ալիքը – այստեղ չերգիչը մեկ շաբաթում երգիչ կարող է կոչվել և իրենով լցնել-խցկել մեր դեգեներցվող լսողությունը և տեսողությունը…
Որ մենք չլսենք-չտեսնենք Տիգրան Մանսուրյանին, Հասմիկին, “Ակունքին”, “Շարականին”, Armenian Navy Band-ին… Հայաստանում իրականացվում է սահմաններ չճանաչող ՄՇԿՈՒԹԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ… Այդ ահաբեկչության կենտրոնը Հանրային հեռուստատեսությունն է, մյուս հեռուստատեսությունները:

Ողջույն Armenian Navy Band-ի արվեստին, մաղթում եմ առավել բյուրեղացած հայկականություն… Իսկական աշխատավորների ժամը կարող է ուշանալ, բայց անկասելիորեն գալու է:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.04.2009, 23:26
Այսօրս` 19 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Ո՞վ ես դու

Ինքս ինձ եմ ասում. թե քեզ եմ ասում, անցորդ. թե քեզ եմ ասում, ընթերցողս`
Ո՞Վ ԵՍ ԴՈՒ…

Ծեր կինը – դեմքի կնճիռների ձորակները իջնում են վերից վար, այդ կնճիռներում թաքնված են օրվա փոշիները, նաև տասնյակ տարիների ապրած կյանքի փոշիները. որքան աշխատանք ու սեր, որքան վիշտ ու անկում, որքան իղձ ու նպատակ կա նրանց մեջ… Այդ ծեր կնոջ կնճիռների փոշին ես դու… Այդ ծեր կինն ես դու…

Այս մանուկը – սայլակի մեջ` ինչպես գահին նստած, նայում է մարդկանց – իր հպատակներին, ճակատը սպիտակ է` Բարձր Լեռան հավերժական ձյան նման, աչքերը սև են ու փայլուն – մեր գիշերվա երկինքն են. թագուհի մայրիկը հրում է սայլակը և անցնում է, ես հայացքով խոնարհվում եմ մեր ապագային` այդ մանուկ-արքային:
Այդ մանկան ճակատի անեղծ ձյունն ես դու… Այդ մանուկն ես դու…

Այս շունը – այս բծավորը, իր ցեղի ամբողջ գեղանիությունը, հավատարմությունը ունի իր մեջ: Տիրոջ հետ վազում է, ճկվում, սիրում, հաչում, հառաչում… Սա իր տունն է, իր քաղաքն է, իր մոլորակն է – այստեղ է ապրում այս գեղանի բծավորը:
Այդ բծավոր շունն ես դու…

Տեսե՞լ ես թթի նոր պտղած ծառը – բողբոջի միջից պայթում է ապագա պտուղը – կանաչ է, անհարթ` ծաղիկ չէ, բայց պտուղ էլ չէ – բայց մի օր լուսնի նման սպիտակ և արևի պես քաղցր պտուղը կաթելու է ցած` մարդու~ համար:
Այդ թթի ծառն ես դու… Նրա կանաչ, անհաս պտուղն ես դու…

Արամ Խաչատրյան դահլիճում այսօր մի շքեղ համերգ էր – 330 տղամարդ օվսաննա են երգում. ես չգիտեմ, թե ում. Բարձրագույն ու Մաքրագույն Էակի՞ն, թե՞ իրենց մարդկային կաստայի նսեմ փառքին և ինքնագոյությանը…
Այդ փառավոր ու խեղճ երգչախումբն ես դու…

Օպերայի առջև նույն ժամին, հակառակ մայթի վրա մի բարակ ու նիհար կին, չոր ծնկներին դրած երաժշտական գործիքը` մի բարակ նվագով աշխարհ է արթնացնում… Օ~, նա դրամ չի աղերսում…
Այդ խղճի թագուհին, այդ… մուրացկանն ես դու:

Համերգին օթյակում նստած էր մեր նշանավոր Մաեստրոն – փառապանծ կապելլայի քառասուն տարվա ղեկավարը: Սիրելի Հոգի, քո կախարդական մատների տակից որքան չքնաղ մեղեդիներ են ցանվել մեր հոգիների մեջ, մեր հողի վրա, այս մոլորակի վրա… Մենակ էր Մաեստրոն, նա մեր մշակույթի հոգսն էր խոկում:
Այդ Բարձր ու Վսեմ Վարպետն ես դու…

Դու Բարձրն ու Ցածրն ես, դու Վսեմն ու Անկյալն ես, դու Կրակն ու Հողն ես, դու Սերն ու Ատելությունն ես, դու Անմահն ու Անցավորն ես…

ՄԱ~ՐԴ ԵՍ ԴՈՒ…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.04.2009, 23:34
Այսօրս` 20 ապրիլի 2009թ, ավարտվում է:

“Այսօրս” գրելու ժամին միշտ մի կատակ է պտտվում մեր տանը. մեր Philosopher-ը ասում է “Պապ ջան, շատ երկար բան մի գրիր – գրիր` Առողջագետս ժպտում է, մի քիչ հոգնած` ինձ է կանչում… Բարի գիշեր”… Եվ ծիծաղում ենք…

Իրապես, Ուրախությունն է մարդկային կյանքի գլխավոր իմաստը: Եվ Խաղաղությունը: Այն Խաղաղությունը, որը հաստատվում է երկար տարիների փոթորիկներից հետո, ներքին աշխատանքի ու սիրո միջոցով: Եվ չեմ ասի, թե հասել ենք այդ պայծառ հանգրվանին, բայց երբեմն տեսնում-զգում ենք, որ կարող ենք նրան հասնել: Սակայն դժվար է մոռանալ տարած փոթորիկները… Առողջագետս, երբ արթնանում է առավոտյան, կարծես թոթափում է ոչ միայն գիշերվա, այլևս անցյալի ոգորումից և հոգսից եկած մշուշոտ տեսիլքները…

Ցերեկը Առողջագետիս հետ նույն սեղանի մոտ նստում ենք դեմ-դիմաց – նրա գրասեղանը “գրավել” է մեր Զինվորը, – եղբայրների հետ սենյակի այդ հատվածում աշխատում են իրենց համակարգիչների վրա… Առողջագետը այս օրերին թարգմանում է “Արշալույսի” ուղեցույցը – մի քիչ ուշացնում ենք, – ես էլ խմբագրում եմ իր թարգմանությունը: Իր գրքի տպագրության ուրախությունը մի քիչ խլացել է – գիրքն արդեն ապրում է իր կյանքով, և նրանից պետք է բաժանվել` նոր աշխատանք, նոր գիրք սկսելու համար…

Հետևում ենք, իհարկե, երկրի կյանքին – և զգում ենք, որ մի մոլորակային լարվածություն կա, և մեր Հայրենիքն էլ այդ լարվածության կիզակետում է… Եվ գիտենք, որ արտաքին-քաղաքական լարումները միայն ֆոն են ներքին, գաղտնի, ոգեկան հեղաբեկումների համար: Ահա այստեղ կարող են լինել այն փոփոխությունները, որոնք կարող են փոխել մեր երկրի ճակատագրը… Ահա այստեղ կարող են պետք գալ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ և ՆՈՐ ԵՐԿՐԻ ստեղծման այն մշակում-ծրագիր-տեսիլքները, որ մեր ընտանիքը տարիներ ստեղծում-տանում է իր հետ:

Չեմ թաքցնի, որ այս վերջին ամիսներին մի անհանգստություն ճնշում է սիրտս – նորից եկել է ժամը, երբ ՀԱՅԸ իր ռազմական հաղթանակը կարող է տանուլ տալ ամերիկա-եվրոպա-ռուս-թուրքական դիվանագիտական կարուսելի մեջ… Այստեղ պետականությունը մի ճանապարհ ունի – հույս չդնել որևէ ալյանսի, դաշնակցի, խաղադրույքի վրա, այլ հենվել միայն սեփական ժողովրդի ուժի ու վճռականության վրա և “Չէ” ասել հիշյալ քառյակի ատելություն-սիրախաղից ծնված բոլոր հակահայ քայլերին… Բայց պետականությունը կունենա՞ այդ իմաստությունը…



Ընթերցողս, կատարում եմ Philosopher-իս խորհուդը և իր ասած ձևով ավարտում եմ… Թեյ դրեցինք, մեր առած նոր թեյնիկը եռալիս շոգեքարշի ձայն է հանում… Ես ու Առողջագետը կոճղապղպեղով( իմբիրով) թեյ ենք խմելու… Թեյնիկն արդեն կանչում է, ես գրում եմ այս բառերը, Առողջագետը գնաց խոհանոց, Քադակագործը օգնում է նրան… Philosopher-ը շտապեցնում է` “ Պապ, հոգնած ենք, չես պրծնու՞մ…”

Բարի գիշեր:

Հեղինակ
21.04.2009, 23:38
Այսօրս` 21 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Առավոտյան երաժշտական դպրոցի աստիճանների վրա կանգնած էին երեք մանչուկ. մեկի ձեռքին դուդուկ կար, նվագեց մի շատ անուշ երաժշտական ֆրազ, մի քիչ անց կրկնեց… Նոր էր սովորում երևի… Շարունակվում է մեր երկրի կյանքը: Մենք կյանք ու մշակույթ ենք փոխանցում մեր երեխաներին: Երեք մանչուկ – երաժշտական դպրոցի աստիճանների վրա…

Անցա բանջարեղենի բացօթյա խանութի մոտով. խանութպան Մանուկի 6-ամյա տղան ջուր էր ցանում մի քիչ թառամած կանաչիների փնջերի վրա… Հայ ապագա անվանի վաճառականը սկսել է իր ճանապարհը, նա կարիերան սկսել է կանաչիները ջրելով…

Տուն դառնալիս` մուտքի մոտ երկու տղա խաղում էին – մեկի ձեռքին ներկարարի գործիք կար` ներկ քսելու պտտվող գլանակը, մյուսի ձեռքին փոքր դույլ էր`մեջը լցված էր “ներկը”: Պատրաստվում էին “նորոգելու” մեր մուտքի աառաջին հարկի միջանցքը, որն իսկապես նորոգման կարիք ունի… Լավ է, փորձ ձեռք կբերեն և վաղը, մյուս օրը կորոշեն նորոգելու մեր երկիրը, որը ևս նորոգման կարիք ունի…

Պատկերացնու՞մ եք, երեկ առաջին անգամ սեփական աչքերով տեսել եմ հայ առևտրային բուրժուազիայի ներկայացուցչի, որը չի մտածում` շատ ու էժան ներկրի, վաճառի և խեղդի հայրենի արտադրողի գործը, այլ մտածում է` գնել ու վաճառել հայրենի արտադրողի ստեղծածը – որակովը, լավը, ներմուծածին գերազանցողը… Եվ այդ մեկը` “Սթար” խանութների ցանցի գործադիր տնօրենն էր, երեկ “Շանթ”-ով – ափսոս, անունը չֆիքսեցի… “Ընտրե~ք հայկական արտադրանքը” – այսպիսի կոչ 18-ամյա մեր անկախ պետության մեջ առաջին անգամ էի կարդում – Վաղարշյանի վրա գտնվող “Սթար”-ի խանութում: Գործադիր տնօրենը` զուսպ, ինտելեկտ և պարզ միտք, անվրեպ մտածողություն` ուղղված և երկրի, և իր բիզնեսի զարգացմանը: Նա հստակ ակնարկեց, թե ինչ ահռելի վնաս տվեց երկրի արտադրողին դրամի փորձանք- “արժևորումը”: Առայժմ մեր պետությունը առևտրային բուժուազիայի հետ է, առայժմ պետությունը ուղղակի պայքարում է հայրենի արտադրողի հետ` նրա դեմ հանելով ներկրված ապրանքների գետը…

Ընթերցողս, մենք ենք մեր աղբյուրի ակին նստած վիշապը… Մենք պետք է հաղթենք ՄԵԶ…

Ընթերցողս, մենք մի հոյակապ երկիր ենք ստեղծելու…

Բարի գիշեր:

Հեղինակ
22.04.2009, 23:33
Այսօրս` 22 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Լսեցի՞ք Հայլուրով, մի Աժ պատգամավոր ունենք` Աշոտ Աղաբաբյան, “Բուռնաշ” մականունով. Երեկ ՀՀ ոստիկանապետի աչքի առջև 3 ջիփերով խախտել է ճանապարհային երթևեկությունը - մեծ արագությամբ կտրել-անցել են խաչմերուկը: Ոստիկանապետը – խոսքաշեն ու պայծառացած, հանրությանը հավաստիացնում էր, որ խախտողները պատիժ են կրելու… Շատ լավ…

Լսում էի այդ սյուժեն, և Երրորդ Հանրապետության պետականությունը աչքիս մի Բուռնաշ է երևում, որը խախտել է Հայ Ազգի Էթիկական և Մշակութային Երթևեկության Հինգհազարամյա Կանոնագիրքը, ինչի պատճառով տարահանվել է երկրի ազգաբնակչության մեկ երրորդը, հազարավոր ընտանիքներ պետք է ստեղծվեին` չեն ստեղծվել, հազարավոր մանուկներ պետք է ծնվեին` չեն ծնվել, հազարավոր ընտանիքներ քայքայվել են, որ մեր անառիկ բերդերն էին… Այս կարգազանցության հեղինակը եղել ենք բոլորս` մեր արատներով… Եվ պատասխան ենք տալիս… Բայց և պատասխան են տալու Երեք Կարգազանց Վարորդները – Երրորդ Հանրապետության Երեք Նախագահները:

Այսօր էլի մի քանի Վսեմաշուք Կարգազանցի տեսանք հեռուստաէկրաններին – Ամենայն Հայոց Հայրապետը, որը եղավ վկան Երրորդ Հանրապետության պատճառած չարիքների, բայց մի խոսքով անգամ և երբևէ հակառակ չգնաց դրան, այլ անտարբերությամբ քաջալերեց, Եկեղեցին էլ դարձավ ականատեսն ու մասնակիցը մեր մշակութային-էթիկական անկման… Եվ որտե~ղ տեսանք այսօր Հայրապետին – Ազգային Ակադեմիայի ընդհանուր ժողովին - և հարկ է հարցնել` ի՞նչ է անում Հայրապետը հոգևոր և նյութական գիտությունների մերձեցման և ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ուղղությամբ, որը կբացի մեր երկրի ճանապարհը… Այսօր տեսանք ևս մի Կարգազանց Վարորդի – մեր ներկա վարչապետը – այս էկլեկտիկ փիլիսոփան, որի կարգազանցությամբ` ԿԲ-ի նախագահի և ներկա պաշտոնում, ունեզրկվել են մեր հազարավոր պանդուխտները և հայրենի արտադրողները – նա է մասնակիցը և կատարողը դրամի հանցավոր “արժևորման”... Նա էլ պատասխան կտա…

Ընթերցողս, այս գրությունս որևէ օգուտ չի տա ոչ մեկի, եթե չգիտակցվի ամենակարևորը – Մենք Բոլորս Կարգազանց Վարորդներ ենք, և պետք է քննություն տանք` նոր Վարորդական Իրավունք ստանալու… Դա մի սխրանք է, որ կարող են անել միայն առողջացող ազգի զավակները:

Եվ ես` մեկն այդ կարգազանցներից, այս օրերին խոկում եմ կատարածս սխալների համար, և ուզում եմ քննություն տալ: Արժանի լինել Նոր Կյանքի, ունենալ նոր Վարորդական Իրավունք…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.04.2009, 23:31
Այսօրս` 23 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Պրիմիտիվ ազգ, ղոչաղ կաց…

Ընթերցողս, էս օրը տխուր օր է մեզ համար – չէ~, Եղեռնի մասին չէ խոսքս…
Ավանդությունն ասում է, որ Ստեփան Զորյանի վերջին խոսքերն են եղել. “Պրիմիտիվ ազգ”… Իսկ Հովհաննես Թումանյանը հեռանալիս ասել է. “Ղոչաղ կացե~ք…” Երկու մեր մեծերի այս երկու արտահայտությունը այսօրվա համար են ասված, և ահա ինչու…

Հայ և թուրք էթնոսների հանդիպման հազարամյա պատմությունը այսօր արձանագրեց ևս մի էջ – կուզենայի ասել` ողբերգական էջ… Որևէ քայլ – մարդու լինի, կառավարության լինի կամ ամբողջ ազգի – կարող է կյանք ու լույս տալ քայլն անողին, եթե նրա խորքում դրված են Սերը, Էթիկան և Ճշմարտությունը: Այսօր գիշերը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և ստորագրել են հարաբերությունների զարգացմանն ուղղված “Ճանապարհային քարտեզ”…
Ի՞նչ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ այն ստորագրել Թուրքիան – նրա “ճշմարտությունը” ժխտում է Մեծ Եղեռնը, նրա “սերը” իր թյուրքական գրկի մեջ ոչնչացնում է Արևմտահայաստանի նյութական մշակույթը` Ս. Կարապետ վանքից սկսած և հասնում է… Ջուղայի խաչքարերին, նրա “էթիկան” Օսմանյան կայսրությունից ժառանգածն է մնում: Այս ամենն ակնհայտ է, և մեզ մնում է արձանագրել, որ թուրք պետական հանճարը էս ողորմելի ու շահապաշտ մարդկության առջև բեմադրում է իր մարդկայնացման մի ներկայացում` առանց դրա որևէ խոր ապրումի ու փաստի… Ռեժիսորի օգնական ունենալով Հայաստանի երրորդ հանրապետությունը…

Ի՞նչ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ այն ստորագրել Հայաստանը – մեր երկրի պետականության ճշմարտությունը թերի է. թուրքի հետ հաշտությունը կարող է իրական և հիմնավոր լինել, եթե հայ պետությունը իր մեջ ներառնի ամբողջ հայության կենդանի զգացումը, հանձնարարությունը և վստահությունը, նաև հավատը ներկա մարդկության էթիկայի էական փոփոխության վերաբերյալ… Բայց չկա ոչ հանձնարարություն-վստահությունը, ոչ էլ արյունռուշտ մարդկության էթիկայի փոփոխության որևէ նշան…

Այս պայմաններում միայն մի “պրիմիտիվ ազգի” կառավարություն կարող է այդպիսի գլոբալ խաղի մեջ մտնել, այդպիսի ձևերով և շարժառիթներով… Հայ քաղաքական միտքը վերջին հարյուրամյակում տառապել է զուտ հայկական ծագման նևրասթենիայով, այսօր էլ դրա ականատեսն ենք: Կասե՞ք դուք` Հայաստանի երեք նախագահներ, ովքե՞ր են կազմել ու կազմում Ղարաբաղի հարցով աշխատող գիտական խումբը, որը մշակում է այդ հարցի ռազմավարությունը և մարտավար քայլերը… Չեք կարող ասել, որովհետև չեք ունեցել ոչ այդպիսի ապարատ, և ոչ էլ պետական էթիկա – պատշաճ մակարդակի վրա դնելու այդ աշխատանքը…

Պրիմիտիվ ազգ, ղոչաղ կաց…
Ընթերցողս, չզարմանաս, բայց քո ձեռքում է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ… Ոնց ուզում ես, հասկացիր…

Բարի գիշեր:

Հեղինակ
24.04.2009, 23:05
Այսօրս` 24 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Փակել ինքնաեղեռնի ճանապարհները

Այսօր, Հայրենիք, ի՞նչ կարող եմ ասել քեզ… Պետք է ասեմ այն, ինչ սրտով ապրել եմ: Ասել այն, ինչ ԻՄՆ Է, բայց այսօր դեռևս ՔՈՆԸ ՉԷ, ԳԻՏԱԿՑՎԱԾ ՉԷ քո կողմից – որպես պետականություն և որպես հանրություն…

Հայրենիք, դու հետ ես նայում և քո ցավի հետ ես, և մի ներքին ահ կա մեջդ – թող ճանաչվի Եղեռնը, որ հանկարծ ՉԿՐԿՆՎԻ… Մի~ վախեցիր, ամեն անձ ու ազգ ինքն է ընտրում իր գալիքը, և եթե դու ընտրես ԳԱԼԻՔ ԱՌԱՆՑ ԵՂԵՌՆԻ, ապա այդպես էլ կլինի: Բայց այդպիսի անեղեռն գալիք դու ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵՍ… Իսկ ո՞րն է քո ընտրությունը… Քեզ հետ այլևս այդպիսի չարիք չի պատահի, դու եթե չգնաս նրա դուռը – աննկատ ու անգիտակից: Բայց, ավա~ղ, դու արթուն չես, և ընթացքիդ մեջ վտանգ կա: Քո աչքերը բացելու անհրաժեշտությունը կա, քո անգիտությունը հաղթահարելու անհրաժեշտությունը կա…

Ազգային գենը – նյութականը, խնամվում է ազգային-հոգևոր գենի կողմից, որը դաշտ է, անշոշափելի է, ալիք է և ապրում է Հոգևոր Հայաստան տարածքում: Եթե դու այսօր և հետագա տարիներին խնամես միայն քո ֆիզիկական գենը – այն էլ` եթե~ խնամես – ապրես, ընտանիքներ ստեղծես, մանուկներ ծնես, ապա նրանց համար… տներ ու ջիփեր առնես, բայց եթե չխնամես հոգևոր գենդ, ապա նյութական գենդ կմնա անտեր-անտիրական, կփչանա, ԵՎ ՓՉԱՆՈՒՄ Է… Քո հոգևոր գենը դեգրադացվում է, դու ՀՈԳԵՎՈՐ ԻՆՔՆԵՂԵՌՆԻ ես գնում… Ֆիզիկական գենիդ ինքնահերքում-ոչնչացումը այս պայմաններում ընդամենը մի քանի տասնամյակի խնդիր է… Ճանապարհին մի թուրք կգտնվի, որ ավարտի մեր ինքնաեղեռնը:

Նյութական գենի փայփայողը, պահպանողը, գենի քրոմոսոմների և ԴՆԹ-ի կառուցվածքի անվտանգության երաշխավորը ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է - լեզուն, բարբառը, երգը, պարը… Այսօր քո մանուկների գեները գրեթե անտեր-անտիրական են. նայիր շուրջդ – քո հարսանիքները, քո դպրոցները, քո հանրային կյանքը` հեռուստատեսությունները… Աչքի առաջ քո ֆիզիկական գենը դառնում է փուչ մարմնի կրող – քանի որ դու ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱԵՂԵՌՆԻ ես գնում…

Այս ԻՆՔՆԱԵՂԵՌՆՆԵՐԻ հեղինակը մենք ենք: Հայ մշակութային ինքնաեղեռնի հեղինակը մեր այսօրվա պետականությունն է, ավելի կոնկրե՞տ – Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը և նրա ծնած ՀԱԿԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ - սրա սողուն ձագերն են մնացած` գրեթե բոլոր հեռուստատեսությունները… Այս ԻՆՔՆԱԵՂԵՌՆԻ ԾԱԳՈՒՄԸ և հաղթահարման ուղիները ուսումնասիրված չեն, այն գիտակցված չէ: Իսկ դու, ողբալի Հայրենիք, մի ողբերգական քնի մեջ ես…

Հայրենիք, քեզ թափ տու~ր, արթնացի~ր… ԱՅՍՕՐ արթնացիր և ԿՏԵՍՆԵՍ – քո պետականությունը 18-ամյա ծեր է, քո մտավոր դասը ծեր է, քո առաջնորդները ծեր են – բայց բնավ իմաստու~ն… Քո Աստվածն անգամ ծեր է… Քո սրբերը հետամնաց են, քո ուսուցիչներն անգետ են, քո վաճառականներն ագահ են… Արթնացի~ր և իմացի~ր, որ մեկ ճանապարհ ունես – ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐ ԵՐԿԻՐ ստեղծել: Նոր ՃԱՆԱՊԱՐՀ պետք է սկսել…

Դու կարո~ղ ես ՆՈՐ ԵՐԿԻՐ ստեղծել: Կարող ե~ս: Կարող ե~ս: Կարո~ղ ես...

Ներողամիտ եղիր, որ ԱՅՍՕՐ գրեցի այս գրությունը …

Բարի գիշեր:

Հեղինակ
25.04.2009, 23:51
Այսօրս` 25 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, էսօր երեք բաժին ունի “Այսօրս”, խնդրում եմ քաղցր համբերությունդ…



Իմ Սիրելու Ծննդյան Օրն էր
Թող Առողջագետիս ճառագայթը շողա մեր կյանքի ու մեր աշխարհի վրա…



Հայի թեթև ձեռքով ցեղասպան պետությունը չվաստակած
բարիք է ստանում` գրեթե ոչինչ չտալով

Այո, կատարվեց անսպասելին: Հայ պետականությունը` չսպասելով, որ Թուրքիան նեղություն կրի, հանդիպի իր անցյալին, խոկա ու զղջա, զղջումը հասնի նրա էության խորքերին, որ հայ-թուրք հաշտությունը լինի հիմնավոր և արդարացված – նրա համար բացելով պատասխանատվությունից խուսափման կամ դրա հետաձգման, Անդրկովկաս խուժելու և անկոչ դատավոր կանգնելու հնարավորություն, դրանով հարցականի տակ դնելով արցախյան հաղթական պատերազմի պտուղները, խաթարելով աշխարհի հայության պրկված ջանքը, Հայաստանի և Արցախի ազատություն-անկախությունը`
կատարել է մարդկության և հայ ազգի էվոլյուցիայի բարձրագույն նպատակներին անհարիր քայլ և արժանի է կրելու դրա դառը հետևանքները:
“Ճանապարհային քարտեզը” – առանց Թուրքիայի զղջման – ո՞ւր է տանում…



Ի՞նչ անել

կամ
Ճանապարհային քարտեզ` Հայաստանի և հայության առաջընթացի

Ընթերցողս, առավոտյան որոշեցի այս փաստաթուղթը հանել - հայ համայնքս թող անցնի իր ճանապարհը, տա-առնի, կողմնորոշվի... Հին սովորությամբ` մի քիչ շտապել էի. օրը կգա` նյութը նորից կտեղադրեմ...

Բարի գիշեր:[/B]

Philosopher
26.04.2009, 00:13
Առաջին ու մյուս մասերի կոնտեքտում`

1. Մարդը ծնվում է ամեն օր: Օրը մարդունն է:

2. Ազգերը ծնվում են ոչ մեկ օրում ու մեռնում` ոչ մեկ օրում:

Օրը ապրելու համար է, իսկ մեռնողները իրենք թող թաղեն իրենց մեռելներին:

Բարի գիշեր:)

Հեղինակ
26.04.2009, 23:33
Այսօրս` 26 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, երեկ գրառումիցս իմացար, որ անհանգիստ եմ, եթե չասեմ` շատ հիասթափված Հայաստան-Թուրքիա “Ճանապարհային քարտեզի” առնչությամբ: Եվ ունեմ մի հին կիրք – իրավիճակին պատասխանել որևէ հայեցակարգային, ծրագրային փաստաթղթով… Մերոնք դա չեն սիրում – իմ սիրելիներից տարիներ ինչքա~ն կյանք ու ժամանակ եմ խլել` գրելով ու տպագրելով այդ գործերը… Երեկ էլ – թեկուզ Առողջագետիս ծնունդն էր – ոտքի վրա, դնելով ամբողջ ծրագրային կիրքս, գրեցի մի հանդիմանանք` ուղղված մեր պետականությանը – մի նոր “Ճանապարհային քարտեզ…” Գրեցի ու տեղադրեցի “Այսօրիս”-ի մեջ: Բայց չէի ուզում մերոնք կարդային, Առողջագետիս հորդորեցի գնալ քնելու… Բայց Philosopher-ս կարդացել էր…

Եվ առավոտյան մեր տանը անցած տարիների խոսակցությունն էր – ինչո՞վ պատասխանել երկրի որևէ հոգսի, իրադարձության… Մի հիմնարար եզրահանգման ենք եկել – պատասխանել ԱՊՐԵԼՈՎ, կյանքի մեջ մի կենարար երակ ավելացնելով, կյանքի որևէ ասպարեզում կենդանի մանրակերտ ստեղծելով – գիտեք իմ և Առողջագետի աշախատանքների մասին` Նոր կրթության, բժշկության ասպարեզներում… Բայց երբ մի ծրագիր ես գրում, մի քաղաքական ուրվագիծ ես անում` դեռ չեմ տեսել, որ մի մարդու սիրտ շարժվի, նրան մի քայլի մղի… Կասեք` բա քաղաքական կուսակցությունները էդ գործին չե՞ն, ինչու՞ նրանց հետևից գնում են… Չգիտեմ, մի քանի օր առաջ 700 երիտասարդ մարդ մտան Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ – գնացեք հարցրեք` ինչու՞ մտան… Դե, երևի այդ կուսակցության մշակած “Ճանապարհային քարտեզը” իրականացնելու համար…

Հա, ուրեմն, Philosopher-ս կարդացել էր… և բացասական վարկանիշ էի ստացել հետևյալ հիմնավորումով. “Գայթակղություն: Գիտակից ճանաչողությունը չի շտապում, ամեն ինչ անում է հայելով: “Հայություն” մի խոսքով” … Եվ ճիշտ է – մտածել, որ պետական մի պաշտոնատար, կամ մեկ ուրիշը կկարդա որևէ ուղենիշ խոսք ու կսկսի մտածել իր վարքի մասին` միամտություն է… Ափսո~ս, մարդ լինի, թե պետականություն` մինչև ճակատը պատին չտա ու չփշրի` չի փոխի իր ընթացքը… Երկրի աշխատավորներին մնում է` ԽՆԱՄԵԼ ԿՅԱՆՔԻ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆ, ԼԻՆԵԼ, ՍՏԵՂԾԵԼ…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.04.2009, 23:33
Այսօրս` 27 ապրիլի 2009թ, ավարտվում է:


Ե՞րբ է աշխարհը գովում հային...
կամ
Մենք չե՞նք կարող մի գեղեցիկ երկիր ստեղծել…


Բաղրամյանով իջնում էի ցած – երթուղայինով: Աչքիս առջևով անցնում էին ԱԺ շենքի երկաթե ծանր ցանկապատը և դարպասները, կանաչած-ծաղկած այգին: Այդ ցանկապատը – մեր նորագույն պատմության ողբերգական վկան – 1996-ի սեպտեմբերին ճոճվում էր զանգվածի ճնշումից, ուր որ է` փլվելու-ընկնելու էր – իսկ այսօր էլ վկայում է, որ ազգը և իր ստեղծած իշխանությունը բաժանված են մի ծանր պատով… Որքա~ն Սեր և Իմաստություն է պետք երկու կողմից` ԱԺ ցանկապատը և դարպասները ազգային կոնսենսուսով փշրելու-հեռացնելու համար – որ չլինեն, որ լինենք ՄԵԿ, ՄԻԱՍԻՆ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ժողովուրդ: Այս դժվարին ժամին, երբ Ճշմարտությունն ու սուտը խառնվել են իրար, ԱՅՍ ԺԱՄԻՆ պետք է տեսնել այդ հնարավորությունը… Բայց ովքե՞ր, ո՞ր ազնավուր հայ մարդիկ կարող են այս իղձը իրականացնել…

Այսօր նորից նայում էի մարդկանց – հայ մարդկանց, մտքիս մեջ այրում էի նրանց տարատեսակ – նախանձի, ատելության, հոգեկան ճորտության հանդերձները, և ո~վ զարմանք, այդ դեմքերը ինձ ու աշխարհին էին նայում այնպիսի նախաստեղծ մաքրությամբ, այնպիսի հայկական գեղեցկությամբ, որ կարող են ունենալ միայն Աստվածները… Եվ ես նրանց հարցնում էի. Ո~վ Հայ Աստվածներ և Աստվածուհիներ, մենք չե՞նք կարող մի գեղեցիկ երկիր ստեղծել…

Կողքիս նստած է Մայրը – սպիտակ, գունատ դեմքին մեղմ թրթռում են չոր շուրթերը` - ինչ որ բա՞ն է մրմնջում, գուցե հեռվում ապրող թոռնուհու՞ն հիշեց, ապա մաշված մատներով դրամ է փնտրում դրամապանակում – երբ աշխարհի հարուստն է ինքը…Ոտքերը` մաշված գուլպաների մեջ, նրան տանում են դեպի անմահություն… Եվ սրտիս մեջ, մտքիս մեջ նրան հարցնում եմ` Մայր Աստվածուհի, մենք չե՞նք կարող մի գեղեցիկ երկիր ստեղծել…

Երևան եմ դառնում մերձքաղաքից – երթուղային է նստում մի գյուղացի տղամարդ` երկու լիքը պայուսակով, կանաչի է տանում վաճառելու. աչքերը կայտառ են ու ժպտում են, ցորնագույն մաշկը առողջ է և արևառ, տեղավորվելիս մի երկու խոսք է ասում - բարբառը ցայտում է… Մտքիս մեջ, սրտիս մեջ ես այդ մարդուն ասում եմ – հողի ու ջրի մարդ ես, հազար բարիք ու չարիք ես տեսել, գլխովդ մի քանի պետական կարգ ու թագավոր է անցել – ահա, ասա ինձ, Գեղջուկ Աստված, մենք չե՞նք կարող մի գեղեցիկ երկիր ստեղծել…

Այս հարցը, ընթերցողս, այսօր շատերին եմ տվել… Բայց չեմ ուզում ծանրացնել “Այսօրս”… Բայց մեկին ևս պետք է հարցնեմ: Տունդարձիս անցնում եմ Նախագահական նստավայրի կողքով… Եվ աչքիս դեմ ելնում է ՀՀ գործող նախագահը, ես նրան եմ դառնում, մտքով այրում եմ նրա պետական-քաղաքական-դիվանագիտական հանդերձները, և մնում է մորեմերկ ՄԱՐԴԸ, և ես նրան ասում եմ. Ի՞նչ է եղել մեր սրտի ու մտքի, մեր բնազդի հետ – մենք չգիտե՞նք` եթե հային իրար հետ միաձայն գովել են եվրոպացին` ինգլիզը, ֆրանկը, գերմանը, սրանց հետ ամերիկացին, հրեան, թուրքը, ռուսը, ապա հայը հաստատ մի պատմական սխալ է արած լինում – սրանք բոլորը այդ սխալին են միշտ սպասել` այդ հայ-գլխացավանքը լուծելու համար… ԴՈՒ ԱՅԺՄ ԱՅԴ ՍԽԱԼՆ ԵՍ ԱՆՈՒՄ… Եվ չգիտե~ս, թե ինչ է ուզում Քո Հոգին – ոչ հանդերձներդ, այլ Հոգիդ – նա ոչ իշխանություն է ուզում, ոչ հարստություն, ոչ փառք, այլ միայն այն, որ Դու Մարդ լինես: Եվ ես այդ Մորեմերկին հարցնում եմ` մենք չե՞նք կարող մի գեղեցիկ երկիր ստեղծել…

Հայաստանում ապրող 3,5 միլիոն Հայ Աստվածներ և Աստվածուհիներ, հարցնում եմ ձեզ` մենք չե՞նք կարող մի գեղեցիկ երկիր ստեղծել…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.04.2009, 23:08
Այսօրս` 28 ապրիլի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, այսօր սիրտս ուզում է հանգստանալ… Կյանքն իր դրվագները ստեղծում է որոշակի Ծրագրով - և երբեմն “վատ”-ի միջոցով է ստեղծվում “լավ”-ի հնարավորությունը: Ընդամենը կյանքի ամեն դրվագ հարցնում է մարդուն` “Հոգի, ո՞րն է քո ընտրությունը…” Ես էլ նայեցի այսօրվա կյանքին, անցուդարձին, մարդկանց – և որոշեցի հանգստանալ… Սա է այսօրվա իմ ընտրությունը: Լինել այն պայծառ ու խաղաղ տարածքում, որ ստեղծում են սիրելիներս…

Բարի գիշեր:

Հեղինակ
29.04.2009, 13:27
Բարի լույս, ընթերցողս


Լրացում “Այսօրիս”
կամ
Ժամանակ չկա հանգստանալու, Հեղինակ

Այս գրությունս ինքնակշտամբանք է – ախր դու, Հեղինակ, երեկ իրավունք չունեիր հանգստանալու… Սուր, ահեղ ժամանակներ են – Արթնությու~ն մեզ: Մեր սրտերում և շուրթերին – միայն Ճշմարտություն` բազմածալ կեղծիքին ի պատասխան… Առավոտյան արդեն զգաստ էի…

Ցախավելը գիտեք – Առողջագետս մի քանի անգամ տեսել է` ինքը ՀԱՎԱՔԱՐԱՐ Է և ՑԱԽԱՎԵԼՈՎ մաքրում է տարածքները… Դժվար է տրվում այս կոչումը, շատ դժվար:

Ընթերցողս, չեմ ուզում այս լրացումը երկարացնել… Երեկ ձեռքիս էր Արամ Ղանալանյանի կազմած “Առածանին” – էն կապուտկազմ հրաշալիքը` հրատարակված 1960-ին… Նախ` մեր հարգանքը մեծ բանագետի հիշատակին: Եվ ապա, այսօր Առածանին կօգնի ինձ` մի քանի բան ասելու, որ մի հատորի մեջ սովորական խոսքով չես տեղավորի: Ուրեմն`


Յոթ առած “Առածանի”-ից

Խաղալ կա, կաղալ էլ կա

Աղվեսի վկան իր պոչն ա

Շատ համ ուներ, խանձրահամն էլ տվեց վրան

Գդալ-գդալ կիտեցինք, շերեփ-շերեփ դուրս տվինք

Գեղ առավ, քաղաք ծախեց

Ձին ու ջորին կռվան, էշը ոտնատակ մնաց

Ծառը գանգատ գնաց աստծո մոտ կացնիցը, որ իրան կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա:

Էս յոթ առածը – էս յոթ հայելին քո առաջ եմ դնում - մեր աննման, իմաստուն, աստվածասեր, անթերի, հեռատես, մարդասեր, ինքնասեր, առաջադեմ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ…

Ողջ լերու~ք, վայելե~ք գարնան օրը... Ձեր` Հեղինակ

Հեղինակ
29.04.2009, 23:22
Բարի երեկո, ընթերցողս, այսօրս` 29 ապրիլի, ավարտվեց...

Քանի որ այսօր առավոտյան գրառում արել եմ` թանկ ուշադրությունդ ուղղում եմ այդ գրությանը...

Բարի գիշեր:

Հեղինակ
30.04.2009, 23:44
Այսօրս` 30 ապրիլի 2009թ, ավարտվում է:


“Ի՞նչ է քո էություն…”

Այս էպիկական-միամիտ հարցումը մեխված է մեջս – բայց որտեղի՞ց է, մեր էպոսից է երևի… Այս խառը ժամանակներում հնչեցնելու հարց է, ամեն մեկը նախ կարող է իրեն ուղղել, այս հարցմունքով է սկսվում ինքնակերտումը…

Բայց խոստավանենք, ընթերցողս, որ դժվար է մարդու աչքերի մեջ նայել կամ հեռակա հարցնել` “Ի՞նչ է քո էություն…” - ամեն Մարդ իր կերպարի մեջ կատարյալ է, արարչածին է – ո՞վ կարող է նրա թանին թթու ասել: Մեկ էլ տեսար մեր Արարիչը նեղացավ` թե ո՞վ կարող է թերագնահատել նրա կատարյալ զավակին…

Բայց արի ու տես, որ աշխարհում կա մի տեղ, մի ասպարեզ, որտեղ իրար վատ ու գեշ ասելը ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է, այսինքն` եթե ուզում ես այդ ասպարեզում աշխատել, պետք է սովորես ոտքի վրա ամեն ինչի մասին խոսել, այպանել կամ բարեբանել, դատել կամ արդարացնել, - և հայտնի է այդ չքնաղ ասպարեզի անունը` քաղաքականություն… Մեկ-մեկ այստեղ գործողի լեզուն այնքան արագահաս է, ճկուն` հեթանոս տարփուհու նման, անմիտ-ծլվլան` որպես դեղձանիկի լեզու, և արագահոս է այնքան` մեր հայրենի առուների պես, որ խեղճ միտքը հետևից չի կարողանում հասնել…

Ասածս ինչ է – այս օրերի մտավարժողները ռեկորդներ են սահմանում: Չէնք իմացել, որ հայ գործիչների մեծ մասը ականավոր արևելագետներ և հատկապես` թրքագետներ են… Բայց նույնիսկ սա չէ կարևորը – այլ մարդկային մակերեսի հանկարծահաս փոփոխությունը: Մի հմայիչ կին կա – լրագրող, իսկ այժմ արդեն` քաղաքական գործիչ: Հիշում ենք նրա սուր, կրակոտ քաղաքական անդրադարձերը, ընդդիմադիր լրագրության այդ գոհարները – չեմ հեգնում: Բայց այնպես եղավ, որ հմայիչ լրագրողուհուն նկատեցին իշխանական բուրգից և կանչեցին, և նա սահուն անցավ այն բուրգի մեջ, որի ուղղությամբ արձակում էր իր սևաթյուր նետերը… Հիմա մեկը չի հարցնում` “Ի՞նչ է քո էություն…” Այդ չհարցնողները չեն էլ զարմանում` ի՞նչ է եղել որ…

Ընթերցողս, ի՞նչ կլինի, ավարտեմ չարենցյան էպիգրամների շնչով…


N.N.

Օ~, պատգամավորուհիս, տեսքով միանձնուհու,
“Чолка”-դ հույժ կատարյալ – հմայք ունի անհուն,-
Որտեղի՞ց է սրվում ավյունդ քաղաքական –
Ընդդիմադիր սուր լեզվից “лезвие”-ական,
Թե հեսանդ նոր է – իշխանական անուն…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.05.2009, 23:37
Այսօրս` 1 մայիսի 2009թ, ավարտվում է:

Կեսօր էր – Առողջագետի հետ դուրս եկանք – ծիրանի օր էր, ծիրանի երկինք էր: Սայլակում նստած մանուկը լալիս էր և կանչում էր խանութ մտած մորը – սրտիկից բխում էր մաքուր և անցավ արցունքը: Մանուկ լինեինք, կանչեինք մեր մոլորված Հայրենիքին ու նրա պետերին, որ համաշխարհային տոնավճառ են մտել…

Տարիներ առաջ էր, էլի մի արևոտ օր էր – հոկտեմբեր ամիսը: Տոնում էինք “Էրեբունի-Երևան” տոնը – ընտանիքով ժողովրդի մեջ էինք… Մեր երեք մանուկները շատ մանր էին – հիշում եմ պահը, երբ երեքով իրար կողքի նստած էին քարե մայթեզրին` աչքերը արևից կկոցած… Կարծեմ Վահանս էր – ասաց. “Էս ի~նչ միլիցայոտ օր է…” Իսկապես, միլիցիոներները շատ էին… Այսօր նրանց ոստիկան են ասում, և այսօր էլ “ոստիկանոտ” օր էր…

“Պողոսյան այգիներ” պուրակը. լանշաֆթի կանաչը ուր որ է` պայթելու էր իր կանաչությունից… Երևի դրա համար էլ պուրակում շատ էին ոստիկանները, և մինչև…կանաչի պայթյունը` վայելում էին հայրենի խաղաղությունը: Տեսանք սքանչելի մանուկներ: Տեսանք ծեր մանուկներ – քաղցր, նստած ձայներով խոսում էին և հիշեցնում մի կորուսյալ քաղաքակրթության մասին…

Մայիսի 1-ը, հանրահավաքը: Արագ նայել եմ Առաջին նախագահի ելույթը. նա մեծահոգաբար ձոն ձոնեց Թուրքիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական հաղթանակին` Հայաստանի նկատմամբ, մեր իշխանության հիմնական սխալ դիտարկեց Եղեռնի գծով հանձնաժողովի ստեղծումը: Այնուհետ – “… հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը... որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար:” Հը~մ… Թուքիայի ընդգրկումը Ղարաբաղյան խնդրում ծանր կացություն է ստեղծել Հայաստանի համար, Առաջին նախագահը դեմ չգնաց ներկա իշխանության հիմնական սխալին` Արևմուտքին չվանելու համար… Մեր հույսը մնաց բուն Ղարաբաղի համառ կողը, որ կարող է դեմ գնալ Հայաստանի իշխանությանը: “ Գդալ-գդալ կիտեցինք, շերեփ-շերեփ դուրս տվինք” – առածը դեռ չի իրականացել, բայց վտանգը մեծ է… Հայաստանի ժողովուրդը այս սպառնալիքի դեմ այժմ առաջնորդազուրկ է… Բայց “պատմության անիմանալի ընթացքը” անակնկալ կարող է ունենալ իր մեջ…

Երեկոն զնգում էր – օդը մաքուր էր ու թեթև, լույսերը` առատ. որքա~ն մեծ բարիք է խաղաղ Հայրենիքի այս րոպեի զգացողությունը…

Բարի գիշեր:

Հեղինակ
02.05.2009, 22:42
Այսօրս` 2 մայիսի 2009թ, ավարտվում է:


Ի՞նչ անել այս թարս աշխարհի հետ

Ընթերցողս, որ մեր մոլորակի վրա ինչ որ բան էն չէ` արդեն պարզ է… Շատ խառնակ մոլորակ դուրս եկավ էս մեր սիրուն մոլորակը: Ամեն մարդ ուզում է մի արդար ու լավ երկիր ունենալ - և ինչը լավ չէ` կապում են այս կամ այն անձ հետ – բայց որ խորն ես նայում` երկրիդ ու կառավարչիդ թարսությունը աշխարհի կարգից ու մոլորակից է գալիս… Դրա համար էլ, երբ մի թարս բան հեռանում է, նրա հետևից եկողն էլ մի բան չի լինում… Չէ~, եթե մեր երկիրն ուզում ենք կարգի բերել, աշխարհից պիտի սկսենք… Հո չվախեցա՞ր, ընթերցողս…

Օրինակ, մեր Բարաք Օբաման – ճիշտ է` մեզ տված խոստումը մեր օգնությամբ չկատարեց, բայց մտքին կա իր երկիրը կարգի բերել: Եվ ասում են` նրա առաջին գործը Ամերիկայի տնտեսության առողջացումն է, և էս թեզիսը ամբողջ աշխարհը գոհունակ ու թութակի պես կրկնում է… Չեղա~վ, Բարաք ջան – քո առաջին գործը Ամերիկայի ԷԹԻԿԱՅԻ ԱՌՈՂՋԱՑՈՒՄՆ Է – երկրիդ ապրելակերպը, մտածելակերպը, սպառումը, կրթությունը, առողջապահությունը … անհույս հիվանդ են, սրանք որ առողջացնես – տնտեսությունը հետևանք է և ինքը կբռնի առողջացման ուղին: Բարաք ջան, թե ինձ չես հավատում` մի քանի ամերիկյան նշանավոր հեղինակներ կան` կարդա նրանց գրքերը: Լավ իմանաս` էդ զառամյալ Բժեզինսկուց և Քիսինջերից օգուտ չկա, ձեռք քաշիր, և կարդա ահա այս հեղինակներին. –N.D. Walsch, J. Hagelin, M. Williamson, T. Hartman, B.M. Hubbard, R. Theobald, M. Lerner, J. Robins և այլն: (Կուժ, քեզ եմ ասում, կուլա դու լսիր: Այստեղ կուլան մեր` այսպես կոչված էլիտան է… )

Մեր Դաշնակցությունը ընտրարշավը սկսեց ծառ տնկելով: Շատ լավ է, ծառ տնկելուց ավելի բարձր գործ չկա… Բայց որպես ՀՀ քաղաքացի` մի խնդրանք ունեմ Դաշնակցությանը. ծառ տնկելու հետ ճշտել, թե էդ “ազգային” բառը, էդ քաղցր ածականը ի՞նչ բովանդակություն ունի ասենք կրթության, ապրելակերպի, առողջապահության, տնտեսության … ասպարեզներում: Թե “ազգայինը” կապ չունի սրանց հետ – թե “ազգային” պիտի հավերժորեն “պոռանք” և “լուսավորյալ եվրոպաներու” չափանիշները երկրպագենք: Իմ համեստ կարծիքով, սա շատ կարևոր է, և եթե Դաշնակցությունը լուծի այս խնդիրը, ապա կարող է մեր ամբողջ երկիրը ծառապատել…

Չերկարացնեմ` “Այսօրս” չծանրանա… Ընթերցողս, լսել ես, չէ՞, Խոզի գրիպի մասին… Ասեմ, իմանաս – աշխարհում մի հայտնի~, մարդասե~ր… լեգիտիմ-ահաբեկչական կազմակերպություն կա – Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն – ԱՀԿ, որը կապված է դեղորայք և վակցինա արտադրող սինդիկատների հետ.- սրանց փողը երբ պակասում է`մի վիրուս են մեյդան հանում, աշխարհով մեկ շուխուռ են դնում, 6 միլիարդ մարդու դիվադադար են անում, մի քանի միլիարդ դոլար աշխատում են և վիրուսին ճանապարհ են դնում… Չե՞ք մոռացել “Թռչնի գրիպը’` մի երկու տարի առաջ էր… Մեր Լոռվա գյուղացիները իրենց հավերը մորթեցին կերան, բայց այդ գրիպը չերևաց… Իսկ “Տամիֆլյու” հակավիրուսային դեղի վաճառքից ԱՄՆ պաշտպանության անփառունակ նախարար Դոնալդ Ռամսֆելդը վաստակեց 15 միլիոն դոլար – բաժնետեր էր: Գոնե մեր միամիտ լոռեցիների վնասը քաշեր… Եվ հիմա ու՞ր է այդ Թռչնի գրիպը…

Չէ~, էս թարս աշխարհի հետ մի բան պիտի անել… Առանց մոռանալու մեր անուշ ու անթերի Հայրենիքը...

Բարի գիշեր:

Հեղինակ
03.05.2009, 23:41
Այսօրս` 3 մայիսի 2009թ, ավարտվում է:

Այսօր շատ զարմանալի օր էր – մի ժամանակային տարածքում` ԱՅՍՕՐ և ԱՅՍՏԵՂ հանդիպեցին անցյալը, ներկան և ապագան…

ԱՆՑՅԱԼԸ - մեզ հյուր էին եկել մարդիկ, որոնց 15-20 տարի չէինք տեսել – մոտ և հեռավոր բարեկամներ: Իհարկե կար թախիծ` մի կորուսյալ էպոխայի և երկրի համար, բայց և վստահություն, որ մենք պետք է թողնեինք այն երկիրը… Զարմացրեց մարդկային գենի համառությունը` պահպանել իրեն – գյումրեցի մի հեռավոր բարեկամ ունեինք, որի դեմքը հրաշալի հիշում եմ. այսօրվա հյուրերի մեջ էր նրա տղան, որը հոր բացարձակ պատճենն է…
Խորհրդային Հայաստանի պատկերը կորչում է մշուշների մեջ… Մնում է նրա տարիներին ստեղծած մշակույթը – Չարենցի պոեզիան, Բակունցի և Մաթևոսյանի արձակը, Թամանյանի ճարտարապետությունը, էպոսի համահավաքը, գեղջուկ երգի-պարի վերարթնացումը, գեղանկարչության և երաժշտության մի քանի գագաթներ… Նաև ժառանգեցինք ռազմական մշակույթ, որը օգնեց նորօրյա ազատագրական կռվին: Մնացածը կկորչի պատմության մշուշներում…

ՆԵՐԿԱՆ – ի՞նչ բերեմ այսօրվա մեր ներկայից: Հանդիպել եմ մի բրազիլական հետազոտության` արված 20 տարում – սերիալները իջեցնում են ծնելիությունը և բարձրացնում են ապահարզանների քանակը. երբ սերիալի գլխավոր հերոսները բաժանվում են, նրանց հետ ապահարզանի են գնում իրական մարդիկ… Հանրայինով շարունակվում էր “Երկու աստղ” մշակութային թշվառությունը…
Մեր նախագահը այսօր ասել է. “Մենք ցանկանում ենք փոխել մեր կյանքի կանոնները և ապրել եվրոպական կանոններով”(թարգմանեցի ռուսերենից): Հարգելի նախագահ, սա պարզունակ մոտեցում է այն հիմնախնդրին, ինչը կոչվում է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԻՆԹԵԶ: Ժամանակակից եվրոպական ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ – ապրելակերպը, սպառումը, մոլորակային էգոցենտրիզմը` ծաղկել մնացյալ աշխարհի դեգրադացիայի հաշվին – արդեն պատմականորեն սպառել են իրենց… ՀՀ նախագահը առաջ է տանում ՄԻԱԿ կուսակցության ջահելների սուպերքաղաքակա~ն “գտնումը” – Հայաստանը տեսնել տխրահռչակ “ոսկե միլիարդի” կազմում… Իսկ ես հայտարարում եմ` մենք չենք ցանկանում ապրել “եվրոպական կանոններով”:

ԱՊԱԳԱՆ – Մի քիչ առաջ կարդում էի մարդկության կողմից վերջին տարիներին ստացած Տիեզերական Տեղեկատվությունը – մեր մոլորակը հասել է էթիկական և ֆիզիկական հյուծման ծայրակետին… Մոլորակի մարմինը անխնա շահագործումից երևի չկարողանա վերականգնվել, սպասվում են տարբեր կատակլիզմներ: Իրավիճակը կարող է շտկել միայն ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ փոփոխությունը… Նյութը հսկայական է, ընթերցողս, ինչը՞ քեզ հասցնեմ… Նույն այս պարին ականջիս տակ “Երկու աստղից” մի կատարյալ ոռնոց է լսվում… Ահա, այն ժամանակ, երբ մենք կդադարենք ոռնալ, բլբլալ, մեյմունություն անել, իշխանա-դեգրադացվել, հարստա-հարվել, աղբա-քսերոքսվել, խավարա-սիրել, ԿՅԱՆՔա-մերժել - և ուղիղ կնայենք բարձրացող Արևին – ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ, գուցե նաև կարողանանք… ապրել:

Բարի գիշեր:

Հեղինակ
05.05.2009, 00:12
Այսօրս` 4 մայիսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, այսօր շատ ուշ սկսեցի գրառումն անել – վախենում եմ` ժամանակ չունենամ նյութս սպառելու - և պատճառն այն էր, որ չկարողացա կտրվել “Գարնան տասնյոթ ակնթարթը” ֆիլմի գունավոր վերսիայից… Ի դեպ, Պետերբուրգի կոմունիստները դատարան են դիմել` այդ վերսիան ստեղծած ստեղծագործող խմբի դեմ – լեգենդար ֆիլմի գեղագիտությունը կեղծելու, ժամանակի շունչը խեղաթյուրելու դեմ… Ինչևէ, հիմա աչքի տակով նայում եմ և հավաքում եմ այս տեքստը…

Սրտիս ու մտքիս մեջ այսօր մի լեյտմոտիվ էր հնչում – մեր կյանքում, աշխարհում ինչ-որ բան պետք է փոխվի, և դու, մա~րդ, ավելի որոշակի ու հստակ կարող ես լինել քո որոշումների մեջ… Օրինակ, մեր սիրելի հայկական պետությունը հիմքից ճիշտ չի կառուցված – գիտեմ` որևէ բան փոխելու համար նախ ինքդ պետք է փոխվես, ինքդ պետք է հասու լինես ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և դրանով կարող ես օգնել երկրիդ… Բայց այնպես կարող է լինել, որ երկիրդ չուզենա ստանալ քո օգնությունը… Այն ժամանակ ի՞նչ անել… Եվ սրտիս մեջ հնչում էր պատասխանը… ՆՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ էր հնչում սրտիս մեջ…

Եվ աշխա~րհը – կեղծիքի և անգիտության այս թագավորությունը… Համեստ կանխատեսումներս այսպես կոչված Խոզի գրիպի վերաբերյալ արդարանում են – պարզվեց, որ կա “Տամիֆլյու” դեղի 2 միլիոն դոզա, և այդ հսկա քանակը տրվեց 80 երկրների… Բայց շուխուռը շարունակվում է` չնայած էպիդեմիան արդեն դեպի մարում է գնում… Մի հետաքրքիր փաստ ևս այս օրերի աշխարհից – նշում են Բրիտանիայի երկաթե լեդիի` Մարգրետ Թետչերի իշխանության գալու 30 տարին: Ի~նչ գնահատականներ, ի~նչ խոնարհում անգլո-սաքս քաղաքակրթության այս կուռքի առջև… Եվ չհնչեց այն հիմնական ճշմարտությունը, որ Մարգրետ Թետչերը տնտեսության մեջ անգլո-սաքսոնական մոդելի, վայրի լիբերալիզմի ջատագովն էր, - այդ մոդելը թեկուզ օգնեց իր ժամանակի Անգլիային, բայց այժմ արդեն եղավ համաշխարհային ծանր ճգնաժամի պատճառը: Եվ շարունակվում է մոլորակային կեղծիքի տոնավաճառը…

Ընթերցողս, մեր հայրենիքը հայտնվել է համաշխարհային կեղծիքի շրջապտույտում… Միամիտ հայությու~ն, ինչ շիկացած խոփ դեմ տալ քո թմրած ոտքին, որ արթնանաս…

Բարի գիշեր:

Հեղինակ
06.05.2009, 00:15
Այսօրս` 5 մայիսի 2009թ, ավարտվում է:

Մեր երիտասարդությունը… Նրա բնազդը խլացած չէ, նա միշտ փոփոխություն է ուզում, նրան չի բավարարում հայրերի ստեղծած աշխարհը:

Այսօր ՀՀ նախագահը հանդիպել է ուսանողական խորհուրդների նախագահների հետ և ասել է. “Առանց ակտիվ երիտասարդության մենք չենք կարող ունենալ ուժեղ պետականություն, իսկ առանց ուժեղ պետականության անհնար է մեր երկրի զարգացումը:” Դժվար է չհամաձայնել… Սակայն պետք է ասենք մեր իշխանությանը, որ պետականությունը, ցավոք, չունի երիտասարդության էթիկական դաստիարակության որևէ մտածված համակարգ: Երիտասարդությունը կրթվում է առաջինը` ՄՇԱԿՈՒՅԹՈՎ, երկրորդը` ՀԵՐՈՍՆԵՐՈՎ, երրորդը` ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ: Նայենք մեր Հանրայինը և մյուս հեռուստատեսությունները, և կտեսնեք, թե ինչով է կրթվում նա: Նայենք մեր զոռբաների փաղանգը, սրանք են այսօրվա հերոսները… Նայենք վայրի կապիտալիզմի կոպիտ վրաերթերը մեր կյանքի վրա – սրանք են մեր հանրային արժեքները: Եվ եթե ուշադիր նայենք, ապա այս “դաստիարակության” կնիքը կտեսնենք հատկապես ուսանողական խորհուրդների նախագահների լիքը դեմքերի վրա…

Երիտասարդության այն մասը, որը դուրս է իշխանության ազդեցության տիրույթից` սնվում է իշխանության փոփոխման քաղաքական իդեալով – սակայն սրանից չի բխում , թե նա սնվում է առողջ մշակույթով, հերոսների վսեմ կերպարներով կամ բարձր հանրային արժեքներով… Եվ այստեղ է մեր կյանքի մեծագույն դժբախտությունը – երիտասարդությունը չունի բարձր իդեալներ… Եվ այստեղ է ԷԹԻԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ խնդիրը – նրան տալ, հասցնել այդ իդեալները…

Այսօր Ռադիոյի Օրն է` նշվում է աշխարհում… Ընթերցողս, ուզում եմ այսօր ուշադրությունդ ուղղել մեր մշակույթի այս կարևոր օղակին – խորհրդային տարիներն ռադիոն եղել է մեր ժողովրդի մշակութային կրթության պատվարներից մեկը – որքանով էլ ասածս անհավանական հնչի… Հայ դասական երգը – Կոմիտաս, Եկմալյան, ապա աշուղականը`Ջիվանին, Սայաթ Նովան, դրանց անզուգական կատարողները` Արմենակ Շահմուրադյանը – Տարոնի սոխակը, Շարա Տալյանը… Հիշում եմ` ինչ հետևողականությամբ, ամեն շաբաթ, որոշակի ժամերի հնչում էր այդ երգը: Նաև դասական երաժշտությունը…Այժմյան մեր Հանրային ռադիոն իր հարուստ պահոցներում գանձեր է պահում: Բայց այժմ եկել է “դիջեյ”-ների ժամանակը: Հայ ռադիոն նահանջում է, բայց այսօր էլ նրա մեջ դեռ կա ավանդույթի ինչ-որ ուժ, ինչ-որ թաքնված հմայք… Շնորհավոր տոնդ, Հանրային ռադիո, մի օր բացելու ենք քաղցր պահուստներդ

Բարի գիշեր:

Հեղինակ
07.05.2009, 00:24
Այսօրս` 6 մայիսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, այսօր շատ ուշ եմ սկսում գրառումս, նոր եմ տուն մտել – անակնկալ մեր հարազատներից մեկը եկավ, դուրս եկանք…

Մի գյումրեցի, մականունը Ղուրբան – իսկական անունը չհիշեցի – մի գիրք է գրել` “Մենք գյումրեցիներ ենք”… Մեր հարազատը հանդիպել է հեղինակին, ցույց է տվել Առողջագետի գիրքը, նա էլ խնդրել է Առողջագետի լուսանկարը և կենսագրականը` նոր հրատարակության մեջ տեղադրելու համար: Նայեցինք այդ գիրքը – սրամիտ հեղինակ Ղուրբանը առաջին գյումրեցի է ներկայացրել … Անանիա Շիրակացուն: Լավ կազմած գիրք էր, բայց մեր սիրտը չքաշեց` Առողջագետին նրա էջերում տեսնել… Գրքից մի անեկդոտ մնաց հիշողությանս մեջ. Ուսուցիչը աշակերտին կհարցնե` ի՞նչ տարբերություն 330 վոլտի և 220 վոլտի միջև. աշակերտը կպատասխանե. 330 վոլտը միանգամից կսպանե, իսկ 220-ը տանջամահ կենե…

Հա, մեր հարազատը մոսկովյան գործարար է, բիզնես ունի Մերձբալթիկայում… Մի երկու ժամ խոսում էինք կյանքից, դեսից-դենից, տնից ու հաջողությունից… Երբ Առողջագետի հետ դուրս եկանք նրա տնից` հասկացանք, որ մենք գնացել ենք նոր ճանապարհով – աշխարհիկ հաջողության փայլուն փրփուրները, հաջողակ ու հարուստ անունները, կարիերայի շքեղ ու լպրծուն աստիճանները մեզ համար հեռավոր մի աշխարհ էին… Սրտի ու մտքի ազատ թռիչքը, ստեղծումը, կյանքի ներքին ուրախությունը և դրամատիզմը մենք այլևս երբեք չենք փոխի աշխարհիկ թռիչքների հետ… Սրտի ազատություն, մտքի անկախություն` նյութական հիմքին հենված – և ազատվել սոցիումի ճահճային հմայքներից: Ազատության բանաձևը գտած, երկնքի ու աստղերի գեղեցկությունը տեսնող, իր սրտի ձայնը լսող երիտասարդ մարդիկ կստեղծեն մեր երկրի ապագան…

Վերադարձանք տուն, անցյալից նորից վերադարձանք մեր ներկային – շողում են երեկոյան լույսերը, զնգում է մայիսյան անձրևահոտ օդը, ԿՅԱՆՔԻ ծնած ուրախությունը, թախիծը, տագնապը, կարոտը … զրնգում են ԱՅՍ ՎԱՅՐԿՅԱՆԻ մեջ…

Բարի գիշեր:

Հեղինակ
08.05.2009, 00:12
Այսօրս` 7 մայիսի 2009թ, ավարտվում է:

Առավոտյան Առողջագետը համացանցում էր, զարմացած և ուրախացած ձայն տվեց, թե շատ հետաքրքիր նյութ է հանդիպել – նկարահանել են պտղի պարը արգանդում, իհարկե` երաժշտության ռիթմի տակ: Պտուղը պարու~մ է…

Եվ հիշեցի – կարծեմ մի անգամ առիթ եղել է` պատմել եմ - Առողջագետը հղի էր մեր առաջնեկով, գնացել էինք համեգ: Հնչում էին դհոլն ու զուռնան, թնդում էր խմբապարը, և հանկարծ Սիրելիս վախեցած հպվեց թևիս… Նա զգացել էր, որ մեր չծնված զավակը… պարում է, տոտիկներով և թաթիկներով ռիթմիկ զարկում է արգանդի պատերին: Տարիներ անց գրեցի “Առաջին պարը” զրույցը, որը մտավ “Արշալույս”-ի մեջ:

Եվ այդ ժամանակներից, և այժմ էլ հաստատվեցինք այն գիտելիքի մեջ, որ երեխայի դաստիարակությունը պետք է սկսել ներարգանդային կյանքից, սկսել հղի կնոջից… Սկսել նորածնային շրջանից – մոր կաթի միջոցով են անցնում մայրենի մշակույթի ծնած առաջին հորմոնները: Յոթ տարեկանում արդեն ուշ է լինում… Իսկ ի՞նչ ասել մեր պատանիների և երիտասարդների մասին, որոնք լսում են…

Երեկոն պարգևեց մի հրաշալի համերգ – զարմանալի զգացում է, երբ Հայ Էթնոսի Հոգին երգում է իր երգը – թախծի, կարոտի երգը: Երգում էր Սուսաննա Սիրադեղյանը – խիստ, գրեթե անուրախ դեմք, թախծոտ ճակատ և … ՁԱՅՆԸ: Նրան լսե՞լ ես, ընթերցողս… Իսկական արվեստագետը չի “շողում” օրապակաս “աստղիկների” պես – նա լռության, երբեմն գրեթե անհայտության մեջ խնամում է իր արվեստը…
Մարոն սարեն կուգեր,
Հուր շալակին ժախ էր.
Մարոյի ծամեր,
Հուր թիկունքին կախ էր…

Ասում են` լինելու է ժամանակ, որ Երկիր մոլորակը սառելու է, աշխարհի վերջ է լինելու և մարդկությունը տեղափոխվելու է - և այդ ժամին` եթե ինձ հարցնեին, թե ի՞նչ ես ուզում տանել այս մոլորակից – ես կփարեի այդ ԳԵՂՋՈՒԿ ԼԵԶՎԻՆ, այդ ԳԵՂՋՈՒԿ ԵՐԳԻՆ, և կվերցնեի իմ հետ… Իմ համար, աշխարհի համար, Տիեզերքի համար…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.05.2009, 22:29
Այսօրս` 15 մայիսի 2009թ, ավարտվում է:


Ողջու~յն, ընթերցողս

Գրեթե 10-օրյա ընդմիջումից հետո նորից ֆորումում եմ – ավարտեցինք մեր կայքերի տեղափոխումը նոր սերվերի վրա, երեկոյան ժամերին հանգստանում էի այս ամենօրյա ռիթմից – բայց չեմ թաքցնում, կարոտել եմ “Այսօրսիս”…

Այս վերջին օրերին շատ քամիներ են շաչել, ներքին խմորումներ են եղել մեր երկրում, շատ զգացումներ են ծնվել ու մարել – մենք ապրում ենք մի անհանգիստ, փոթորկոտ ու հոգնած մոլորակի վրա, և ամեն օր, ամեն ժամ կյանքը հարցնում է մարդկային սրտին – ո՞րն է քո ընտրությունը, ի՞նչ ես դու սիրում, ի՞նչ է քո կյանքի նպատակը…

Այսօր ցերեկ հանգստանում էի – Առողջագետը նստեց կողքիս, հենց նոր լսել էր Տիգրան Մանսուրյանին, պատմեց… Եվ հասկացանք` Երկիրը ունի զավակներ, որ նրա էությունն են, սիրտն են – իսկ մնացածը` քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, լրագրողներ, շոումեններ, ֆուտբոլիստներ, օլիգարխներ… Երկրի փրփուրն են: Հազվադեպ թանկը խորքումն է, նա չի հանդիպում փրփուրներին:
Մեր սիրտը – իմ ու Առողջագետիս, որսում է հայրենի խորքերից եկող հնչյունները: Կյանքը կտրել է մեր կապը փրփուրների հետ…

“Հայոց լեզուն է իմ հոգու հայրենիքը” – ասում է Տիգրան Մանսուրյանը: Հայոց լեզվի տիրակալներն են մեր իրական սուվերենության հիմքը: Այս դժվար ու խառնակ օրերի մեջ, երբ մեր Հայրենիքը մոլորվել է մեգ-մշուշներում և չգիտե, թե ուր գնալ – ԼԵԶՈՒՆ և նրանով ստեղծված կենդանի արվեստն է փրկարարը…
“Զվարճա~նք, զվարճա~նք, զվարճա~նք”,- մորմոքում է Տիգրան Մանսուրյանը. աշխարհն ու մեր Հայրենիքը միայն զվարճանքն են ճանաչում` որպես կյանքի նպատակ ու ապրելու կերպ – ամենուր ծաղկում են զվարճանքի կենտրոնները – ռեստորանային մեղկ արվեստը, “Երկու աստղային”, “Եվրատեսիլային” շոուները… Ի՞նչ գործի եք, պարապ զվարճացողներ, երբ են լռելու ձեր դատարկ ծնծղաները, ձեր ճչոցները – երբ է գալու այն օրը, երբ ամեն ՄԱՐԴ-ԱՆՀԱՏ, ամեն ԱԶԳ կձգտի հանդիպել իր սրտի հետ, փնտրել իր հոգու հայրենիքը:

Հայոց լեզու – մայրս, գեղեցիկս, վեհանձնս – քեզ եմ գալիս, այս օրերին քեզ հետ եմ… Բացում եմ Չարենցի անտիպների հատորը – “Իմ Լերան աղոթքը”.

Դեպի արև, դեպի կյանք, դեպ դաշնություն ու ձև,
Կերպավորման, դաշնության, բյուրեղացման ձգտող
Այս քաոսի խաժադուժ արշավանքի հանդեպ
Լինելու բարձր ու զգաստ` ոչ ենթակա ստրուկ…

Կարգի էի բերում գրքերը – գտա Պաղտասար Դպիրի կորցրած հատորիկը… Կարոտել էի…

Բարի գիշեր:

Tigris
16.05.2009, 15:44
Բարի վերադարձ:

Հեղինակ
16.05.2009, 23:50
Այսօրս` 16 մայիսի 2009թ, ավարտվում է:


Բոլորդ հո՞ս եք

Ընթերցողս, վերջին 7-8 օրում մի քանի իրադարձություններ են եղել, որոնց պետք է անդրադառնամ… Մի իրադարձություն – մի մշակութային եղծություն եղավ… Հիշում եք` նախանցյալ շաբաթվա ընթացքում մեր Առաջին ալիքով գովազդ էր գնում, որ կիրակի օրը ոմն Արման Հովհաննիսյանի համերգն է – այո, ոմն, քանի որ նոր-նոր երևացած, անվաստակ մի երգիչ է - և այդպիսի~ շռնդալից գովազդ…

Ահա թե ինչ եղել իրականում. այս երգիչը մեկ-մեկ կատարում էր ժողովրդական երգեր, և թվում էր, թե ճիշտ ճանապարհի վրա է, գուցե շնորհք էլ ունի – բայց ձայնի քաղցր-մեղցրությունը, պարզունակ-ռաբիսական շեշտերը, նեղ ճակատը, թմփլիկ-ռեստորանային այտերն ասում էին, որ գործ ունենք հայ բնիկ երգարվեստից հեռու մի մարդու հետ, որի տարերքը շա~տ հեռու է հայ երգի զուսպ, լուսավոր խորանից…
Բայց մեր աննման Հանրայինը – ավելի ճիշտ` Ալիկ Հարությունյանը որոշեց, որ այս երգչին պետք է առաջ մղել – երևի մի տարի առաջ էր` մի կլիպ Շուշան Պետրոսյանի հետ, այստեղ Շուշանը մի անմեղ աղջկա կերպար էր երգում` ճակատին անփույթ մազափնջով, - նրա կողքին այս անհայտ երգիչն էր` իր լիքը ու նեղ ճակատը վաստակավոր արտիստուհու ուսին հպած… Բոլոր տեսակետներից այս զույգը դիսոնանս էր, և կլիպն ասում էր` ահա այսպես է ծնվում-“ծնեցվում” “աստղը” հայ հակամշակույթի մութ երկնքում…
Եվ վերջապես գովազդված համերգը – 2-3 ժամ Հայաստանի ՊԵՏԱԿԱՆ ալիքը հեռարձակում էր անորակ – ողբալիորեն անորակ խոսքերով և ռաբիս մեղեդիներով երգեր, և մեր երգիչը “հայրենասիրական” մղկտոցով կանչում էր.
Երևան, Երևան գնալու եմ
Հիմնական Երևան մնալու եմ…

Բայց հայ արվեստը մեռած չէ… Հայ մեծերը հսկում են մեզ, մեր կյանքը, մեր անկում-վերելքները: Մեծն Գոհար Գասպարյանը… Պատմում էր Օպերայի աշխատակցուհին. ներկայացման ժամանակ Գոհար Գասպարյանը իր սենյակից բեմ էր գնում այդ օրվա բոլոր աշխատողների հետ – դիմահարդարը, հանդերձարարը, ռեժիսորը, նրա օգնականը… “Բոլորդ հո՞ս եք”- հարցնում էր, և բեմ էր ելնում: Բոլորը սպասում էին, պարտիան ավարտվում էր և միասին վերադառնում էին սենյակ… Բոլորդ հո՞ս եք:
Գոհարն ասել է – ես Չերչիլին հանդիպեցի, Ստալինին տեսա, Բրեժնևին հանդիպեցի, բայց …Հայաստանի մշակույթի նախարարին չկարողացա տեսնել: Տեսնես, ո՞ր ողբալի նախարարի մասին է ասել մեծ արտիստուհին…

Մեր Հայրենիքի, Հայկական բարձրավանդակի, մեր չկորուսյալ և կորուսյալ լեռների վրա հնչում է Հայ Մշակույթի հավաքական ձայնը – ուղղված մեր գեղջուկ երգիչներին, ասացողներին, հավաքողներին, պահող-պահպանողներին, հայ արվեստի բոլոր մշակներին և հարցնում է . “ԲՈԼՈՐԴ ՀՈ՞Ս ԵՔ”…
ՀՈ~Ս ԵՆՔ – հնչում է հայ մշակների հզորաշունչ պատասխանը…

Բարի գիշեր:

Հ.Գ. Այս ժամին Հայաստանը սպասում է Ինգայի և Անուշի ելույթին: Ընթերցողս, ես մի անկեղծ մաղթանք ունեմ – ցանկանում եմ, որ նախախնամությունը խնայի նրանց, չպարգևի պյուռոսյան հաղթանակ, նրանք գրավեն վերջին տեղը, թողնեն Եվրատեսիլի խղճուկ բեմը, ապամշակութային շոուն և վերադառնան Հայ Երգի վսեմ ակունքին…
Մշակույթի Տիրակալ-Աստվածներ, արթնություն պարգևող ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ պարգևեք մեր թագուհիներին, նրանց ուրիշ գահ է սպասում…

Հեղինակ
17.05.2009, 23:23
Այսօրս` 17 մայիսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, երևի սրտիդ առել էր, որ երեկ Ինգային և Անուշին… պարտություն էի մաղթել – գիտեմ, հայրենասիրություն ասած բանը` իր պարզունակ ընկալումով մի ժամանակ ես էլ եմ ունեցել… Բայց այսօր մեր հայրենասիրությունը մեկը կարող է լինել – փշրել կեղծիքի սարերը և գտնել մեր գոյության ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` պտղունց առ պտղունց: Իրապես գոհ եմ – մեր թագուհի քույրերը իրենց չքնաղ կյանքի քանի~ ամիսը իզուր նվիրեցին Եվրատեսիլին, և երեկվա անհաջողությունը կարող է նրանց սթափեցնել…

Բայց իրականում ի՞նչ եղավ – քույրերի միակ մեղքն այն էր, որ համաձայնել են մասնակցել այդ գործին – լուրջ արվեստագետները Եվրատեսիլ չեն գնում, քանի որ սրա` այսպես կոչված “չափանիշները”, սղոցում են երգարվեստի ազգային-մարդկային միջուկը և գերակայությունը տալիս են շոու տարրին, էֆեկտներին… Բայց զարմանալին այն է, որ մարդկային սիրտը ԵՐԳ Է ՈՒԶՈՒՄ, և քվեարկության արդյունքները հաճախ հենց մեղեդային, լավ երգն են գնահատում…

Իրական մեղավորը` Եվրատեսիլին մեր մասնակցության ալիկհարությունյանական, հրաչքեշիշյանական, ավետբարսեղյանական, շարմական կոնցեպցիան է – ՀԱՅ ԵՐԳ ՉԵՐԳԵԼ, այլ հնարել, բստրել, սարքել, ինգլիզացնել, շարմացնել, զարմացնել, հիմարացնել… Ախր ԵՐԳԸ ԹԵՄԱ Է ՈՒՆԵՆՈՒՄ – այսինքն` ՄԵՂԵԴԻ, իսկ այս տարվա չարաբաստիկ “Ջան-Ջանը” Հիմնական Թեմա չուներ – թեման մի չորս անգամ փոխվեց, ուրեմն – երգ չէր… Այն ոչ զամբիկ էր, ոչ երիվար էր, ոչ մատակ ձի էր, ոչ սպիտակ էշ էր – նա մի կատարյալ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՋՈՐԻ ԷՐ – անպտուղ էր… Եվ այդ անպտղությունը ծնվել էր այն երկրում, որը ունի առնվազն ՀԱԶԱՐ ԵՐԳ – որոնք մեր օրերի հեղինակի սրտով կարող էին անցնել, վերածնվել, ՆՈՐ ԵՐԳ ԿՈՉՎԵԼ և գրավել Եվրատեսիլ կոչվածի բեմը… Առանձնապես “ցնցող” էր այդ “Ջան-Ջանի” բառային մեղկ ատաղձը – անմահ բանաստեղծ ավետ բարսեղյանի, չգիտեմ մեկ էլ ում ստեղծածն էր…

Եվրոտեսիլին տարած մեր ջորի երգը պատճենահանում էր Հայաստանի երրորդ հանրապետության վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: Մի լավ նայե~ք – դրանք նույնն են… Մեր եվրատեսիլային հիվանդության ծագումը փիլիսոփայակա~ն է…

Բայց այսօր կյանքը մեզ հայկականության և մշակույթի մի շատ անակնկալ նվեր տվեց… Մեր երիտասարդ քառյակը արշավի էր գնացել – “Բնատաճարի” կազմակերպած – բնություն, մեր բնիկ պարը, ուխտագնացություն մի հայրենի սրբավայր, և այդ ամենը` կազմակերպիչների գործի գիտակից, ճանաչողական, կրթական շեշտերով: Նայեցինք նկարահանված Արևապարը - այն պարը, որ Գագիկ Գինոսյանի “Կարինն” է կատարում: Մայրենի Մշակույթ, հանի~ր մեզ այս մոլորակային ցեխերից…

Բարի գիշեր:

Հ.Գ. Հենց հիմա կրկնում են “Եվրատեսիլը”: Հաշվեցի` “Ջան-Ջանի” մեջ ուղիղ 6 անգամ մեղեդին փոխվեց… Լսեցի Ադրբեջանի ներկայացրածը – հասարակ, պարզունակ մեղեդի էր, բայց մեղեդին ու ռիթմը կրկնվում էին, հիշվում էին – այսինքն` ԵՐԳ ԷՐ: Դե ինչ, “Շարմ”ոշաշունչ հայ երաժշտական հանրություն – սովորիր ադրբեջանցիներից… Եվ դու էլ, Հայաստանի երրորդ հանրապետություն, այս օրերին մի նման խնդիր ունես… Համարյա եվրատեսիլային խնդիր…

Հեղինակ
19.05.2009, 00:03
Այսօրս` 18 մայիսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, նայում էի վերջին օրերիս գրառումները և մտածում էի – կասես` էս մեր Հեղինակը ի՞նչ է կպել մշակույթին ու ձեռք չի քաշում - ախր, մեր կյանքում այնքան բան կա, այնքան հոգս կա… Լսեցի անձայն հարցդ և որոշեցի մի խնդրի անդրադառնալ, որով քեզ` ընթերցողս, պատասխան կտամ: Եվ այդ խնդիրը առնչվում է մեր գեղեցիկ ազգի չքնաղ կեսին…

Պատկերացրու, քնքուշ հայուհիս – որ մեր երկրի ապագա մայրն ես, մի օր ամուսնանալու ես և սպասելու ես հղիության – դա կնոջ աստեղային ժամն է – այն ես երգել եմ….

Իրանըդ անթեք ու արքայական,
Ձևերով ընտիր, տեսքով կուսական,
Բնության ձեռքին կդառնա խմոր,
Կհունցվի իրան մի արքայամոր:

Մի ծանր, անձև ու հոգնած իրան
Ծանր ու պտղաբեր մայր հողի նման,
Բայց իր մեջ զարկվող սրտիկով փոքրիկ
Հմայք կստանա հազարապատիկ:

Բայց իմացած եղիր, որ մինչև հղիությունդ քո և ամուսնուդ շուրջը արդեն պտտվում են ձեր ապագա երեխաները… Մարմնավորման եկած այդ գիտակից մարդ-էությունները ընտրում են իրենց ծնողներին – այդ ընտրությունը երբեմն տարիներ է տևում… Եվ պատկերացրու, քնքուշ հայուհիս, որ քո շուրջը պտտվում է մեկը, որ միջին դարերում բանաստեղծ է եղել, հայրեններ է գրել ու երգել, այս անգամ էլ ուզում է կոմպոզիտոր դառնալ… Եվ գիտի, որ դու սիրում ես արվեստը – երգն ու երաժշտությունը, և որոշել է քո զավակը լինել:
Բայց այնպես է եղել, որ դու սերդ գցել ես մեր աննման Երգի թատրոնի ու նրա ինկուբատորում ծլած “աստղերի” վրա, հետն էլ “32 ատամ” ու “Երկու աստղ” ես նայում – հնչում են “աստղերի” ճվճվոցները, անճոռնի ժարգոնով կրճտում են 32 ատամները, և քո մարմնի ու հոգու մեջ թափանցում են այդ կոպիտ վիբրացիաները, ռեզոնանսի մեջ են մտնում դրանց հետ, վարակվում… Քո մարմնում արտադրվում են հակագեղագիտական նյութեր, քո մատաղ արգանդը այլևս գեղեցիկ, մաքուր մի տարածք չէ~…

Եվ մեր միջնադարի բանաստեղծը, այդ մանուկ ու գեղեցիկ հոգին շփոթվում է, նա տեսնում է, որն իր ապագա մայրը հիվանդ է, ինքը չի կարող նրա արգանդում ապրել և ապա նրա զավակը լինել… Եվ բանաստեղծը որոշում է հեռանալ… Դու, քնքուշ հայուհիս, այդպիսի զավակ չես ունենալու… Եվ եթե դու վերջերս սերդ գցել ես նաև “Որոգայթների” և “Վերվարածների” վրա, ապա հնարավոր է, որ քո մարմինն ու հոգին, քո արգանդը մարմնավորման կկանչեն մի միջնադարյան ավազակի, որը սնվելով քո արգանդի հիվանդ վիբրացիաներով` կդառնա մի ժամանակակից ավազակ: Եվ քանի որ դու մենակ չես – ներկա ողորմելի հակամշակույթը գրավել է հայ կանացիության զգալի մասը, ապա մենք կունենանք նոր սերնդի ահռելի որակական անկում…

Քնքուշ հայուհիս, խնամիր քեզ – մարմինդ ու հոգիդ, արարչական արգանդդ բարձր մշակույթով - և կծնես լավագույն զավակներ… Եվ ես էլ, համեստ Հեղինակս, անդադրում և անհոգնել պիտի բարեբանեմ Հայ Վսեմ Մշակույթը – քո ապագա Զավակների Արարչական Սնունդը…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.05.2009, 00:01
Այսօրս` 19 մայիսի 2009թ, ավարտվում է:

Հեռանալ աղմուկներից, մոռանալ երկրիդ երկպառակությունները, խռովությունները, բախումները… Ապրե~լ:

Դաղձը խելահեղ բուրում է… Տեսնես ով է քաղել, որ լեռնային վտակի կամ աղբյուրի ափերին, հասցրել է մայրաքաղաք և վաստակել է այսօրվա հացը: Ով էլ լինի` շնորհակալ ենք նրան: Սիրելիս տերևներն առանձնացնում, փռում է թերթին – չորոնա` հրաշալի թեյ կլինի… Բայց դաղձը լավաշի հետ խենթացնող համ ունի, և փռված դաղձը մաշվում է աչքի առջև…

Շուշանը – ոչ ծաղիկը, այլ բանջարը – մերոնք շատ սիրում են: Երբ մտածում ես` գենետիկորեն փոխված սննդմթերքների այս դարում ի~նչ հարստություն է մայրենի բնության տված այս զարմանալի բարիքը – ի~նչ նուրբ, էլեգանտ բույր, ի~նչ մաքրություն, ինչ գեղեցիկ ու ձիգ է ամեն շուշանի սպիտակ մարմինը…

Մերոնք – Philosopher-ը և Black Orchid-ը Էջմիածին էին գնացել – Մայր տաճար: Զգացել էին այն բացառիկ մաքրությունը, որով շնչում է տաճարի, ամբողջ տարածքի աուրան – այնտեղ մշտապես ներկա են մի քանի պայծառ Հայրապետներ, որ մաքրում են Մայր Տաճարի լուսապսակը: Պահպանել այդ զնգուն մաքրությունը, երգել Շարակնոցը, ապրե~լ…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.05.2009, 23:50
Այսօրս` 20 մայիսի 2009թ, ավարտվում է:


Եվրատեսիլը, Արևմուտքը և Հայաստանը

Վերջապես, հայ հանրությունը ի մի է գալիս Եվրատեսիլի երգի մրցույթի վերաբերյալ: Երեկ կոմպոզիտոր Արամ Սաթյանը ասել է. “ Ես երգի մասին մի բան կարող եմ ասել` էկլեկտիկ երգ է: Երգը պետք է լինի միաձուլված մի ամբողջություն, ոնց որ մի պոռթկում, այդ երգը այդպիսին չէ”: Իսկ ջազմեն Արմեն Թութունջյանը` Չիկոն, ասել է. “54 տարվա այդ մրցույթը, 55-րդն էլ թող տեղի ունենա, հետո հանդիսավոր փակվի, որովհետև բացարձակ ոչ մի արժեք չի ներկայացնում. ամեն երկրում ժողովրդի վզին, ականջներին փաթաթում են ինչ-որ մի վատ երգ և ստիպում են, որ ազգը լսի ու ասի, որ իրոք լավ երգ է…: Հայերը որ սփյուռք չունենային, ի՞նչ պիտի լիներ, 25-26 տեղը պիտի գրավեին”:

Ինչպե՞ս է ծնվել այս մրցույթը: Մանրամասները կարելի է ուսումնասիրել, բայց իհարկե, մրցույթի ծնողը ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է: Արևմտյան քաղաքակրթությունը: Այսօր մեջբերումների օր է - ևս մի մեջբերում, այս անգամ` հենց Արևմուտքի մասին: Հնդիկ մտածող Օշոն գրում է. “Ահա թե ինչ եղավ Արևմուտքի հետ: Արևմուտքը հասավ բոլոր նյութական բարիքներին, դարձավ հարուստ, բայց նա այժմ շատ հյուծված է, շատ հոգնած : Ճամփորդությունը խլեց նրա ամբողջ հոգին: Նա ծայրահեղ վիճակի հասցրեց արևմտյան մարդուն: Նրան մատչելի է ամբողջ արտաքինը, բայց նա լրիվ կորցրել է կապը ներքինի հետ: Այժմ նա ունի ամեն ինչ, ինչ կարող է պետք գալ մարդուն – բայց ՉԿԱ ԻՆՔԸ` ՄԱՐԴԸ… Կա հարստություն, բայց մարդն իրեն հարուստ չի զգում. Ընդհակառակը, նա իրեն զգում է աղքատ, լրիվ սնանկացած…”

Եվրատեսիլի մրցույթը ծնել է Արևմուտքի հյուծված հոգին, որը փորձում է արտաքին էֆեկտների, լույսերի ֆեյերվերկի, փայլուն արտաքինի տակ ծածկել, մոռանալ իր հյուծված, դատարկված էությունը… Սակայն Արևմուտքն ունի շատ հզոր կղզյակներ, հզոր անհատներ, որոնք պահպանում են նրա կապը ՈԳՈՒ հետ, ԱՐԱՐՉԻ հետ... Մեր խնդիրն է` չշլանալ Արևմուտքի մակերեսային լույսերով, այլ գտնել նրա մեջ ԿՅԱՆՔԻ ԿՂԶՅԱԿՆԵՐԸ...

Հայաստանը... Չնայած մենք նյութապես, ֆիզիկապես, տնտեսորեն անկազմակերպ մի երկիր ենք – բայց հոգեպես, ներքին էթիկայով, մշակույթով ՄԵՆՔ ՀՅՈՒԾՎԱԾ ՉԵՆՔ. ավելին` վառ ու կենդանի էություն ենք – մեր այն մասով, որ միամիտ է Արարչի պես, մի հավերժ մանուկ, որը հավատում է Հայաստանի ապագային… Եվ մեր Ինգան ու Անուշը` իրենց արվեստով, մեր կենդանի էության վկայություններից են: Դրա համար էի ես ափսոսում – այդ չքնաղ արվեստագետները ի՞նչ գործ ունեին Արևմուտքի ջղաձիգ, արհեստական “ուրախության” մեջ…

Ընթերցողս, քո սրտին ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ եմ մաղթում…

Բարի գիշեր:

Հեղինակ
21.05.2009, 23:48
Այսօրս` 21 մայիսի 2009թ, ավարտվում է:


Խաղաղություն

Երևանը բուրում է նոր եկած անձրևի բույրով: Խաղաղությու~ն է….

Հյուսիսային պողոտայի փոշին լցվել է աչքերիս մեջ – ցավում են: Այս տարածքում հանդիպել են հայի հանճարը և հայի անսրտությունը: Առաջներում սրբատաշ տուֆը այսքան նուրբ չէր – այժմ այն մի նոր, խորունկ լույս ունի, և փայլում է կարծես ինքն իր համար, անմատչելի գեղեցկությամբ… Շենքերի ֆանտասմագորիկ, հեքիաթային զանգվածները կարծես ասում են – մենք գեղեցիկ ենք, մենք նոր ենք, դուք մեզ ավելի ուշ եք սիրելու… Նորից պոռթկում է քամին, նորից պտտվում է փոշին, մի պահ անձեռնակերտ զանգվածները կորչում են աչքից… Եվ քամու հետ, փոշու հետ կարծես հասնում են այստեղից վտարված բնիկ բնակիչների աղեխարշ ձայները:
Հյուսիսային պողոտան, լայն բացված պատուհան-աչքերով, դեռևս մութ ու անկենդան, գրեթե անբնակիչ – նայում է աշխարհին, Հայաստանին, մարդկանց… Հյուսիսային պողոտան ուզում է ապրել… Խաղաղությու~ն է….

Բազմագույն լույսերի մեջ պարում են շատրվանները… Մի տարեկան մանուկը` անհագ կրքով ու ցանկությամբ, գնում է, թռչում է դեպի լույսերը… Նրա դեմքին լույսերը մի չքնաղ արշալույս են վառել, նա սլանում է դեպի իր Հայրենիքի սիրտը, դեպի Գոյի Ակունքը… Այս մանուկը իր շուրջը կյանք է ստեղծում: Նա ծնվել է, նա ապրում է… Խաղաղությու~ն է…

Հյուսիսային պողոտայով հետ ենք վերադառնում: Անձրևի սառը կաթիլները արթնության են կոչում: Օպերայի վիրավոր զանվածը նայում է մեզ… Ճարտարապետը կերպարը քննախույզ հարցնում է մշուշների միջից – ԱՅՍՕՐ Ի՞ՆՉ ԵՔ ՍՏԵՂԾԵԼ… Այսօր ինչո՞վ եք ապրել: Խաղաղությու~ն է…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.05.2009, 00:10
Այսօրս` 22 մայիսի 2009թ, ավարտվում է:

Մի քանի ուրվագիծ այս օրերի մեր հայկական կյանքից:

Ո՞վ է երկրիդ հերոսը – այն էլ լինելու է քո զավակը: Մեր երկրի այսօրվա հերոսները նրանք են, ովքեր առավել քանակի նյութ և իշխանություն են հավաքում իրենց ձեռքին: Եվ եթե օրինակ բերեմ, ապա չպետք է ուզենամ որևէ մեկին նվաստացնել – ամեն մարդ իր տեսակի մեջ կատարելություն է: Բայց մի տեղեկություն, անկասկած, ցնցեց մեր հայ հանրությանը – Գյումրիի քաղաքապետը դարձավ մի ակադեմիայի իսկական անդամ – ակադեմիկոս Վարդան Ղուկասյան… “Հըբը՞” – կասեր գյումրեցին… Բայց այս անդրադարձը քաղաքապետին չի վերաբերում, այլ այն խեղճ մտավորականին, որի ծնկները դողում են հարստության և մի պնակ խաշի առջև… Բայց անդրադարձս այդ մտավորականին էլ չի վերաբերում, այլ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ, ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ - որ գրչի ու գիտության մարդուն այսքան նվաստացրեցինք…

Շարունակվում է ասպատակությունը մեր լեզվի ու մշակույթի հանդեպ: Հիշու՞մ եք “Թումանյանի շաուրման”… Այդպես է այդ “օբյեկտ” կոչեցյալի պաշտոնական անունը, գովազդվում է: Հայ շաուրմաչիների երևակայությունը անսպառ է – Թումանյանի հարցը լուծելու հետո անցան Սայաթ-Նովային. մերոնք – զայրույթս վառ պահելու համար – բերել էին մի ուրիշ գովազդային բուկլետ` “Շաուրմա Սայաթ” – պարզ է, չէ՞, թե որտեղ է գտնվում այս շաուրման… Սրբազան հայ պոեզիա, համբերություն տուր մեր սրտին…

Այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ասում է. “Մենք հոսպիսներ ենք ստեղծելու…”: Գիտե՞ք` ինչ է հոսպիսը… Սա հիվանդանոց է անհույս հիվանդների համար, որոնք ապրում են կյանքի վերջին շաբաթները կամ օրերը, որտեղ հատուկ խնամք է իրականացվում: Այդպիսիք կան Արևմուտքում, - իսկապես հեռացող մարդու վերջին օրերը մեզնում մի խայտառակ պատկեր, տգիտության խրախճան են ներկայացնում, երբ մի տոհմի բոլոր միջոցները ծախսվում են մարդուն “փրկելու” համար, իզուր ծախսվում են հսկայական միջոցներ… Մինչդեռ մարդը ակնհայտ հեռանում է, նա փոխում է գոյության ձևը: Բայց ՀԱԿ համակարգողի առաջարկից տխրեցի – մեր քաղաքական ուժերը շարունակում են արևմտյան բոստաններում իրենց պլեճն անել, գաղափարներ թռցնել և այստեղ-այնտեղ դրանք ասպարեզ հանել – ի՞նչ կարիք կա քաղաքապետի ընտրության առիթով հոսպիս խոստանալ մեր խեղճ հանրությանը – երբ ԵՐԿՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ խնդիրն է մեր առջև դրված…
Իսկ եթե հոսպիս` ապա միայն Հայաստանի պետական-քաղաքական կարգի, նրա աշխարհայացքի համար… Երրորդ Հանրապետությունը հիմքից սխալ է կառուցված - մեզ պետք ՆՈՐ ԵՐԿԻՐ, երկրաստեղծման նոր աշխարհայացք…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.05.2009, 23:44
Այսօրս` 23 մայիսի 2009թ, ավարտվում է:

Նորից Հայրենիքի փնտրումը… Ո՞րն է, բաբո, մեր Հայրենիք – այս հարցը անձայն հնչում է ամենուր… Եվ այսօր նորից հնչում էր սրտիս մեջ:

Վայելքի մի րոպե ունեմ, երբ վերցնում եմ սիրելի գրքերի մի կույտ, լցնում եմ անկողնու վրա, թիկն եմ տալիս նրանց կողքին և բացում եմ պատահական էջեր… Եվ կում-կում ըմպում եմ այդ աղբյուրների ջուրը…

Այսօր վերցրեցի “Ազգագագրություն և բանահյուսություն” հատորները – գիտեք, տարիների մեջ դրանք հրատարակել է մեր Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը – հուրախություն մեզ` այդ ինստիտուտը չի մարել և այժմ էլ գործում է: Բոլոր հատորները չունեմ – ցավով հիշում եմ, որ Այգեկ գյուղի գրականության ուսուցիչը վերցրեց “Գեղարքունիք” հատորը և … կորցրեց: Ափսո~ս, այնտեղ կային բանահյուսական կտորներ այժմյան Վարդենիսում ապրողների բարբառից` բերված Արևմտահայաստանից – հարազատ էր ականջիս, բժիշկ-թերապևտիս աշխատանքս Վարդենիսում եմ սկսել…
Ահա “Մուսա լեռ” հատորը, կազմել է մեծավաստակ Վերժինե Սվազլյանը: Ուզու՞մ եք վայելել բարբառը – ահա մի երկու տող…


Ուրիսքը իրք


Բաբգոն ցանուձ խնծրինէյն
Խնծիր գուդը էյմ ծակեյն
Նանի~, յավրում, նանի~…


Չէ~, անհնար է հասկանալ, ահա թարգմանությունը.


Օրորոցի երգ

Պապի տնկած խնձորենին,
Միրգ է տալիս իմ ձագին,
Նանի~, բալաս, նանի~…

Մեր բարբառները – մեր ադամանդե զրահները: Քանի կա բարբառը – մեր սրտից երգ ու բանաստեղծություն է ծնվելու:

Ընթերցողս, ախր այսօր մի քանի նրբագիծ էլ ունեմ, բայց արդեն ամաչում եմ…այդ նյութը բերել: Երբ դիպչում ես հայրենի սրբազնություններին, դժվար է այլևս ժամանակի եղծություններին անդրադառնալ: Բայց մարդ կորցնում է զգոնությունը, ուրեմն – եղծությունը պետք է տեսնել: Հենց նոր “Շանթով” մեր տխրահռչակ “32 ատամն” էր – դու մի ասա~ - Ամերիկայում հյուրախաղերի են եղել: Այդ “հումորստների” “հումորի” և գեշ, անտանելիորեն գեշ ժարգոնի վրա չեմ զարմանում, այլ այն հայ երիտասարդ մարդկանց վրա, որ նայում են դրանց և անկեղծորեն… հռհռու~մ են…

Այսօր վերջին զանգն էր… Կրթության նախարարի` հանրությանը երևալու դեբյուտն էր` այս նոր կարգավիճակում… Գուցե Արմեն Աշոտյանը իր տեսակի մեջ մի կատարելություն է – մեր երիտասարդ և խոսքաշեն ինտելեկտուալը, հետն էլ` ախր, մեր կոլեգան է` բժիշկ է, և կարծես վշտանալու պատճառ չի~ք, - միայն մի հարց խռովում է ինձ – այս անփորձ, կյանքի մակերեսի վրա ֆիգուրիստի պես սահող մարդը Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅ ԴՊՐՈՑԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ…

Ընթերցողս, քո լեզվին, քո հայերենին ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ եմ ցանկանում…

Բարի գիշեր:

Հեղինակ
24.05.2009, 23:59
Այսօրս` 24 մայիսի 2009թ, ավարտվում է:


“Շորվեն արտը չեն տարել…”

Ընթերցողս, օրվա մեջ մտովի “Այսօրիս” հետ եմ լինում, մտածում եմ` ապրածից ինչն եմ գրելու, բայց մինչև հասնում է օրվա վերջը` միտքս փոխում եմ – ամենաուժեղ ու վառ ապրումը առնում է իր տեղը… Այսօր էլ` Առողջագետիս հետ մի տեղ էինք գնացել, մի մարդու հետ էինք առնչվել և նորից տեսել էինք մարդու հոգու անկյալությունը - և մտմտում էի` ընթերցողիս այսօր կասեմ, որ կեղծիքը այս մոլորակի վրա արդեն անտանելի է դառնում, մարդն արդեն խեղդվում է իր ստեղծած գաղջության մեջ, պետք է ելնել մի ազտագրական կռվի – Ոգու ազատագրության… Այս մտքերի մեջ էի, մոտենում էի համակարգչին… և պատահաբար – մշակութային ալիքով Ինգայի և Անուշի համերգն էր…

Մոռացա այսօրվա գաղջությունը, մոռացա մեր մոլորակի մշուշները – որովհետև շողաց Հայ Մշակույթի Արևը… Քույրերի կատարմամբ լսել էի առանձին երգեր, բայց սա ամբողջական համերգ էր – միայն չորսացի, թե երբ էր նկարահանվել… Բայց ինչ տեսանք` խորապես ցնցեց և ինձ, և մերոնց…

Եվ մինչև կհաղորդեմ քեզ, ընթերցողս, տեսած-լսած-ապրածս, ուշադրությունդ ուղղեմ այսօրվա խորագրիս… Այն մի տող է երգից, մեր պատմական Շատախի, որ գրի է առել Մարո Մուրադյանը – դուստրը Հայրիկ Մուրադյանի: Ի՞նչ “շորվեն” – սա մեր գեղջուկ ժողովրդի սիրած` ձավարով ու բանջարով ջրիկ ճաշն է – երգն էլ մի ծույլ մարդու մասին է, որ ուշացրել ու շորվեն հանդ չի հասցրել… Իսկ ինչ եմ ուզում խորագրով ասել` կկարդաս վերջում…

Դանիել Երաժիշտի “Շարականից” հետո ՀԱՅ ԵՐԳԻ այդպիսի նորովի, կենդանի, զվարթ, խոր, հերոսական, նուրբ մեկնաբանություն չէի հանդիպել… Քույրերը ամեն երգ երգում էին նոր հայտնաբերած գանձի պես, որ նրանք բացում էին աշխարհի առջև: Եվ ամեն գանձ իրենցն էր, իրենց գտածն էր, ապրածն էր…


Վա~յ, վա~յ, վառվում եմ
Վա~յ, վա~յ, հալվում եմ


Մորմոքում էր Անուշը – հայ կանացիությունը զարմացած նայում էր աշխարհին, չքնաղ դեմքին խաղում էր ողբերգական զարմանքը… Եվ նույն Անուշը – Լոռվա գութաներգը երգող գեղջկուհին է, որ գութանով կարող է վարել մեր հողը, մեր մշակույթի դաշտը, մեր հոգին…

Ամենակարևորը – Արշակյան քույրերը ցույց տվեցին, որ ՀԱՅ ԵՐԳԸ ԿԱՐՈՂ Է նոր ժամանակների մեջ նոր հնչերանգ ու նոր ձև առնել և ելնել աշխարհ - և այդ նույն վայրկյանին` նրանք հավատարիմ էին մնում երգի ԲԱՌԻ և ՄԵՂԵԴՈՒ բոլոր նրբություններին: Նրանք արարչորեն հավատարիմ էին մեր երգի ոգուն… Եվ ի~նչ օգնություն, և ի~նչ հավատարմություն, և ի~նչ արվեստ համերգին մասնակցող երաժիշտների կողմից: Արևային “Թամզարան” համերգի արևային ապոթեոզն էր:

Եվ թող իրենց գլուխը պատերով տան նրանք, ովքեր երգ են “սարքում”` իբր էստրադա հանելու համար, ովքեր “աստղեր” են խաղացնում` իբր աշխարհի բեմեր ու Սփյուռք գրավելու համար, ովքեր Հանրայինով ռաբիզորեն կլկլացնում են` իբր սա է ժողովրդական երգը… Եվ հատկապես` թող իրենց գլուխը պատերով տան նրանք, ովքեր կարծում են, թե Եվրատեսիլին ներկայանալու համար պետք հայ երգը քառատել` իբր եվրոպական չափանիշներին “հասցնելու” համար…

Հիմա` “Շորվեն արտը չեն տարել…” – ինչ եմ ուզում ասել: Այդ ծույլը հայ պետականությունն է, որ մեր աշխատավոր ազգին զրկել է իր սննդից – իր մշակույթից, և աշխարհում դես ու դեն ընկած` Եղեռնի հարց է ուզում լուծել, Թուրքիայի սահման է ուզում բացել, ճգնաժամ է ուզում հաղթահարել – բայց առանց մշակութային քաղցր սննդի` ՈՐԵՎԵ ԱԶԳ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼ…

Ընթերցողս, պինդ մնա, ապագան մեզ է պատկանում…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.05.2009, 00:02
Այսօրս` 25 մայիսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, երեկվա մի միտք ուզում եմ շարունակել. “կեղծիքը այս մոլորակի վրա արդեն անտանելի է դառնում, մարդն արդեն խեղդվում է…” Տագնապի ձայները հնչում են ամենուր…

Մի երկու օր առաջ Ռուսաստանի նախագահը ասել է, որ դպրոցական երեխաների առողջության վիճակը սարսափելի է: Գուցե մեր երեխաների վիճակը ավելի լավ է – Հայաստանի կանաչին, բանջարեղենը, մրգերը օգնում են: Բայց շարունակվում է կոկա-կոլայի, այլ կասկածելի հեղուկների, հոտ-դոգերի համաշխարհային հարձակումը… Եվ չկա ոչ մի հանրային ու պետական պաշտպանություն:

“Որոգայթ – 2” – ի Հովոն հենց այս պահին սրտագին խոսակցություն է վարում մի երեխայի հետ և զբաղված է նրա դաստիարակությամբ: Այսօր մի երկու առևտրային ֆիրմա – “Կոպոլիվան”, “Լեգոն”, մեր մանուկների համար մրցանակաբաշխություն էին կազմակերպել և, իհարկե, նույնպես զբաղված էին նրանց դաստիարակությամբ: Եվ իհարկե, նրանք չէին հարցրել Կրթության նախարարության թույլտվությունը… Համաշխարհային բանկը մի 25 միլիոն վարկ է տվել, իր ձեռքն է վերցրել ամբողջ կրթական քաղաքականությունը և նույնպես զբաղված է մեր երեխաների դաստիարակությամբ: Եվ չկա ոչ մի հանրային ու պետական պաշտպանություն:

Առավոտյան ամեն մարդ արթնանում է, իջնում է փողոց, եթե գործ ունի` գործի է գնում, հետո տուն է գալիս, հաց է ուտում և … Ահա այստեղ է հարցերի հարցը` սրանից հետո էլ ի՞նչ է անում այս մարդը: Ասեմ. նա բոլոր հեռուստալիքներով տեղյակ է լինում, որ մարդկանց մի քանի խմբեր – սրանց անունը կուսակցություններ են – պայքարի են ելել մի քանի այլ խմբերի հետ, և սրանցից ամեն մեկն ապացուցում է` եթե ինքը ունենա իշխանություն, ապա լավագույնս կկազմակերպի ԱՅԴ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ… Էս ափաշկարա ստին, էս քաղցր կեղծիքին հավատում են ԲՈԼՈՐԸ և ամբոխ դարձած` մասնակցում են սրանց կազմակերպած շոուներին, որոնք, ինչպես հայտնի է` կոչվում են ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ… Բայց եթե մի հնար լինի` վերցնես մի առանձին կուսակցություն և մի առանձին կուսակցապետ ու հարց տաս սրանց` Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԸ, Ի՞ՆՉ Է ԵՐՋՆԿՈՒԹՅՈՒՆԸ, Ո՞Վ Է ՆՈՐԱԾԻՆ ՄԱՆՈՒԿԸ… և այլն: բայց այս հարցերին նրանք չեն պատասխանի, նրանք երկու էշի գարի չեն ջոկում այն մեծ գաղտնիքի մեջ, որ կոչվում է ԿՅԱՆՔ: Բայց աշխարհին հավատացնում են, թե իրենք ոտքի են ելել` լավացնելու մեր ԿՅԱՆՔԸ…

Ո՞վ է ուղղելու այս վիճակը: Այս պղտոր հեղեղի դեմ ո՞վ է առնելու: Այս կեղծիքի սարերը ո՞վ է քանդելու: Այս որոգայթները ո՞վ է փշրելու: Այս մշակութային որբանոցը ո՞վ է փակելու…

ԴՈՒ, և միայն ԴՈՒ, ընթերցողս: Այս բոլորը ԴՈՒ ԵՍ ԱՆԵԼՈՒ… Դու, մենակ, ամբոխից անջատ, հոտից բաժանված: ՄԵՆԱԿ: Մինչև քեզ կմիանան ևս մի քանի հոգի: Մի քանի հոգի – ԱՐԹՈՒՆ ՄԱՐԴԻԿ: Հաջողություն եմ ցանկանում…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.05.2009, 00:13
Այսօրս` 26 մայիսի 2009թ, ավարտվում է:

Մի նորություն լսեցի, որը և ուրախացրեց, և դառը մտածումներ ծնեց … Ռուսաստանը որոշել է բացել Վերին Լարսի սահմանակետը, որով նա միանում է Վրաստանին և որը Հայաստանի միակ ցամաքային ուղին է դեպի հյուսիս: Վերին Լարսը վերանորոգման պատրվակով փակ է 2006 թվից – թե ինչ վերանորոգում էր դա` շատ դժվար է պատկերացնել: Չեմ բացառում, որ ռուսների հիմնական նպատակը եղել է Վրաստանի շրջափակումը: Բայց փաստն այն է, որ դրանով մեր դաշնակից ու բարեկամ երկիրը երեք տարի ցամաքային շրջափակման մեջ է պահել Հայաստանը: Իսկ մենք խոսում ենք թուրքական սահմանի բացման մասին… Այդ սահմանն էլ է փակ, բայց… ոչ Թուքիայի համար - նա հսկայական առևտրային էքսպանսիա է իրականացնում Հայաստանում… Թուքիայի համար սահմանը բաց է: Ռուսաստանի համար էլ Հայաստանը հավերժական բարեկամ է, երեք տարին էլ ի՞նչ մեծ ժամկետ է… Եվ այս ամենի հետ Ռուսաստանը և Թուքիան քիչ առնչություն ունեն, այլ միայն մեր հայկական ապիկարության հետ, որը խանգարում է մեզ` ճիշտ ժամանակին ու մեծ տակտով… ապտակել բարեկամին ու թշնամուն և ամեն մեկին իր տեղը դնել…

Այսօր մի տեղեկատվություն-նորություն էլ կար, որն ուղղակի շատ անսպասելի էր… Գիտեք, Զատիկին – Հարության տոնին, Երուսաղեմում ամեն տարի Սրբազան Կրակը էջք է անում, - ներկա հավատացյալները, քրիստոնյա ազգերը ցնծությամբ ընդունում են այդ հրաշքը… Այս տարի ռուսները հատկապես շատ ակտիվ էին, մի մեծ պատվիրակություն էր գնացել – Յակունինին տեսանք` ՌԴ երկաթգծի տնօրենը, Մատվիենկոն և ուրիշները: Կրակը հատուկ ինքնաթիռով բերեցին և իշխանական հովանու տակ` հասցնում էին բոլոր երկրամասերը…

Այս ամենը սքանչելի կլիներ, եթե… Անկեղծ ասած` միշտ կասկածում էի, թե Արարիչը այդպիսի մի պարզունակ հրաշք է պարգևում ներկա քրիստոնյա եկեղեցիներին, երբ հատկապես նրանց ներկայությամբ ու մասնակցությամբ` մեր մոլորակը հայտնվել է աղբի ու ատելության գրկում: Այսօր համացանցում հանդիպեցինք նյութերի… Բերված էին Երուսաղեմի հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդի անուղղակի խոստովանությունը, որ Կրակի էջքը իմիտացիա է, այդ մասին գիտեն եկեղեցու պետերը, հետախուզական ծառայությունները… Ուղղակի դա էլ մի հսկայական բիզնես է, որ ձեռք է տալիս բոլոր մասնակիցներին… Կարծում եմ` այդ բիզնեսը ձեռք չի տալիս միայն Ստեղծողին, որի անունով նման համաշխարհային “շուխուռ” է լինում:

Խոստովանում եմ` սիրտս հանգստացավ, ես կարծել էի, թե Արարիչը տարին մեկ անգամ ընդառաջ է գնում ամբոխի հարայ-հրոցին ու փառատենչ եկեղեցիներին: Պարզվեց` չէ, և սերս ու հարգանքս Արարչի նկատմամբ մի հաստատում էլ ստացավ…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.05.2009, 00:00
Այսօրս` 27 մայիսի 2009թ, ավարտվում է:


Մեր ներքին ցինիզմը

Մարդն ապրում է, խոսում է ուրիշ մարդկանց հետ - և ամեն պահի իր վրա զգում է նրանց քննախույզ հայացքները – ի՞նչ է ասում, ինչու՞ է ասում… Եվ սա ստիպում է մարդուն` հարմարվել շրջապատին, լինել իր խոսքի գրաքննիչը, խոսել-մտածել սոցիումի օրենքներով, դուր գալ մարդկանց: Բայց րոպե անց իրավիճակը փոխվում է – մարդը մնում է իր հետ մենակ, նա կարող է մտածել` ինչ ուզում է, ցանկանալ` ինչ ուզում է, իր մտքի մեջ սիրել, ատել, սպանել… Թվում է` վկաներ չկան, և այդ ժամին մեր մեջ ծաղկում է ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ՑԻՆԻԶՄԸ:

Բայց մարդու այսպիսի “ազատությունը” իր մեջ թաքնված իրոնիա ունի: “Առանձին” Ապրող և Մտածող Հոգին և Տիեզերքի Մեծ Հոգին սահմաններ չունեն, նրանք իրար հետ են, նրանք ՄԵԿ են - և Առանձին Ապրող և Մտածող Հոգու բոլոր մտքերը և զգացումները ընկալվում են Մեծ Հոգու կողմից և գրանցվում են նրա անպարփակ հիշողության մեջ: ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ՑԻՆԻԶՄԸ գաղտնիք չի մնում, նրա մասին գիտի Տիեզերքը, աշխարհը, մարդիկ… Ի վերջո, այն գրվում է մեր դեմքերի վրա և կարդացվում է մեր աչքերի մեջ… Բայց մենք դրան տեղյակ չենք լինում…

Եվ մարդու մեջ – նրա էգոյի տարածքներում շառաչում է այդ ՆԵՐՔԻՆ ՑԻՆԻԶՄԸ, - և որքան կյանք, որքան ծիլ, որքան ուրախություն է այն չորացնում իր ճանապարհին…

Մի երկու անդրադարձ ունեմ այսօրվա համար, բայց չգիտեմ` ինչպես կընկալվի ասածս… Օրինակ, այսօր “Մեսրոպ Մաշտոց” շքանշանի է արժանացել ՀՀ նախագահի` տնտեսության գծով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Այս մարդը եղել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, ապա անցել է ներկա պաշտոնին: Ի պաշտոնե` նա մասնակից է եղել Հայաստանի տնտեսական քաղաքականության ձևավորմանը - Համաշխարհային բանկի և Արժութային Միջազգային հիմնադրամի թելադրանքով` դրամի ողբերգական “արժեվորմանը” և մեր պանդուխտ խավի ուղարկած տրանսֆերտների խլմանը, տեղական արտադրողի ճնշմանը, վարկային միջոցների “խորհրդատվական” փոշիացմանը` ի վնաս զարգացման ծրագրերի… Ըստ այդմ` այս մարդու ՆԵՐՔԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ շատ աններդաշնակություն կա, այս մարդը աշխարհում շատ աններդաշնակություն է ստեղծել… Նա իր կրծքին ինչպե՞ս է կրելու Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանը…

ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ՑԻՆԻԶՄԸ համաճարակի է վերածվել - և ողբերգությունն այն է, որ վերնախավի ցինիզմը փոխանցվում ու արմատակալում է հասարակ ու աշխատավոր մարդկանց մեջ, հողագործի ու բանվորի մեջ, և որ ամենասարսափելին է – ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ: Չէ~, այսպես անհնար է պահպանել ԿՅԱՆՔԸ:

Ընթերցողս, գիտե՞ս, չէ՞, ինքս ինձ ու քեզ ինչ պետք է ասեմ – ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐԱ ՔՈ ՆԵՐՔԻՆ ՑԻՆԻԶՄԸ, և դու կազատագրես մեր հայոց աշխարհը այդ վարակից:

Բարի գիշեր:

Հեղինակ
28.05.2009, 23:48
Այսօրս` 28 մայիսի 2009թ, ավարտվում է:

Առողջագետիս հետ նոր վերադարձանք տուն. անսպասելի, բայց հաճելի ցուրտ էր – Կոտայքի նախալեռների քամին Երանում էր… Ճանապարհին խոսում էինք, մտքի ծայրով “Այսօրիս” հետ էի – ի՞նչ եմ այսօրվա ապրումներից ու մտքերից հասցնելու ընթերցողիս…

Եվ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՈՒ իղձը երկսայրի սուր է – մի կողմից պետք է տեսնես կյանքի ստվերը, խավարը, գրես ու ասես այդ մասին, մյուս կողմից` պետք է ունենաս ՆՈՐ ԿՅԱՆՔԻ տեսիլքն ու գիտելիքը, այն կենդանացնելու, ստեղծելու կարողությունը: Բայց մինչև նյութականացման հնարավորությունը շատ հեռու է… Մեկ էլ տեսար դարձար ստվերի ու խավարի տարեգիր… Եվ այնքան ուզեցա մի առողջ մարդկության, մի առողջ ազգի զավակը լինել: Ապագա ունենալ: Չմտածել համընդհանուր դեգրադացիայի մասին: Չկարդալ ապոկալիպտիկ գրքերը, չլսել ապոկալիպտիկ լուրերը: Ապրել: Մոռանալ Արարչի մասին – ապրող ու երջանիկ մարդուն ի՞նչ պետք է Արարիչը:

Մի քիչ առաջ փողոցում մի մայր էր գնում և սայլակով տանում էր իր մանկանը: Մանուկը խայտում էր, ծիծաղում, թռչում էր դեպի մայրը… Այս երկուսի խաղը… Այս մանուկը լինեի ես…

Սիրում եմ հայրենի լեռներից եկող քամիները – մի շունչ դիպչում է դեմքիս – Հատիսի լանջերից է գալիս, քառասուն-ակունք աղբյուրներին է հանդիպել, հայրենի համեստ մատուռներ է մտել ու դուրս եկել, և հիմա շտապում է – Երևանին թարմություն է ընծայում, ապա Արարատյան դաշտով սլանալու է դեպի Հայկական Պարը, դեպի Երկիր… Անմեղ ու միամիտ – հայրենի քամին փարելու է բոլորին, ոչ ոքի չի ասելու… մութի և ստվերի մասին: Նա կարող է պատմել միայն լեռնային ծաղիկների մասին: Հայրենի աշխարհի քամին լինեի, լեռներին ծաղկած ծաղիկը լինեի ես…

Բարի գիշեր:

Հեղինակ
30.05.2009, 00:11
Այսօրս` 29 մայիսի 2009թ, ավարտվում է:


Մշակութային աղբահանություն – ե՞րբ է գալու օրը

Մեր բակում մանկական խաղերի ու ատրակցիոնների մի զանգված են բեռնաթափել, դեռ չեն տեղադրել: Մերոնք առավոտյան լսել են. մի երեխա ասում է մյուսին. “Լսիր, հիմի ո՞վ է էս տվել` Գագիկ Բեգլարյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը…” Մյուս երեխան պատասխանում է … Սկսվել է մեր մանուկ սերնդի սոցիալական դաստիարակությունը:

Ասում են` մեր մայրաքաղաքի գլխավոր հիմնախնդիրներից է աղբահանությունը: Ֆիզիկական աղբը – մարդու ֆիզիկական կենսագործունեության հետևանքը: Իսկ մարդու հոգու կյանքը – ի՞նչ աղբ է առաջացնում հոգու անառողջ կյանքը: Ցավո~ք, չկան աղբամաններ` մշակութային, էթիկական աղբը հավաքելու համար: Մարդկային հոգին է իր մեջ հավաքում այդ ամբողջ եղծությունը: Նաև Տարածությունը, որի մեջ անտեսանելիորեն հավաքվում է այդ ոչ ֆիզիկական աղբը:

Ովքե՞ր են իրականացնում մեր մայրաքաղաքում, մշակութային քաղաքականությունը – մշակույթի նախարա՞րը, քաղաքապե՞տը, թաղապետե՞րը, դպրո՞ցը… Եթե ասեք` այո, կսխալվե~ք: Այդ քաղաքականությունը իրականացնում են երթուղային տաքսիները, սրճարանները, վարսավիրանոցները… Մի վարսավիրանոց կա, որտեղ հաճախում եմ – բարեհամբյուր տիրուհի ունի, լավ վարսավիրներ: Բայց այս մարդիկ որոշել են, որ վարսավիրանուցում մշտապես պետք է “խժան” ռուսական և հայկական էստրադայի էժան “աստղերը”… Մի կես ժամում լավ “լիցքավորվում” եմ, և այդ հիմար մեղեդիները ամբողջ օրը հնչում են իմ մեջ: Սրճարանների տերերի մշակութային “ճաշակը” հասնում է լկտիության – մեր մշակույթի խորհրդանիշը` Օպերան, քիչ է թե ենթարկվել է օլիգարխիկ հարձակման և իր սրբազան տարածքի ֆիզիկական հոշոտման, սրան գումարվել է շրջապատի սրճարաններից հորդող գռեհիկ երաժշտությունը, որը զարկում է Օպերայի վիրավոր պատերին…

Հիմա ուզում ենք մաքրել մեր քաղաքը – լավ քաղաքապետ ունենալ, ջուր ու մաքրություն ունենալ, խնամք ու արդարություն ունենալ – սա սոցիալական ոլորտն է, քաղաքականության ոլորտն է: Այստեղ է հիմա հանրային ջանքի կիզակետը: Բայց եթե չլինի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ – չհեռացվի մեր կյանքից հակամշակույթը, կեղծը, վուլգարը, ռաբիսը և ազատ-շուկայական, հանրային-հեռուստատեսական, ծեծուջարդական, լեզվա-մտածողական աղբը, ապա ոչ քաղաքապետի փոփոխությունը, ոչ իշխանության փոփոխությունը չեն ապաքինի մեր հիվանդ երկիրը: Մեր հիվանդությունը ԷԹԻԿԱԿԱՆ ծագում ունի, ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ծագում ունի…

Ընթերցողս, ո՞րն է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ քո ծրագիրը…

Բարի գիշեր:

Հեղինակ
30.05.2009, 23:48
Այսօրս` 30 մայիսի 2009թ, ավարտվում է:


Հոգին ի՞նչ “ընտրակաշառք” է ուզում

Ամեն օրը մարդու համար ընտրության օր է: Մարդու ամեն քայլը ընտրություն է: Այնպես որ` “ընտրություն” ասած բանի հեղինակը ոչ թե եվրոպական ժողովրդավարությունն է, այլ ինքը` Արարիչը: Ընտրությունը մարդու էվոլյուցիայի մեխանիզմն է:

Բայց մարդու համար ընտրությունը դժվարին խնդիր է – ախր, մարդը մի միասնական, ամբողջական, անկիսելի արարած չէ – նա եռամաիսնական է – Հոգին, Բանականությունը (խելքը), Մարմինը: Եվ չիմանաք, թե սրանք իրար հետ հաշտ ու խաղաղ ապրող մասեր են, -չէ~, ընդհակառակը, նրանց մեջ ամեն ընտրության պահին փոթորկում են տարաձայնությունները… Նրանցից ամեն մեկն ունի իր ցանկությունները, շահերը…

Հոգին ուզում է ապրում ու զգացում, ուրախություն ու արցունք, խանդաղատանք ու արդարություն: Հոգին գիտի ճշմարտությունը, մարդու իրական ճանապարհը, առաքելությունը: Հոգուն չես խաբի – նա քաղաքականությամբ չի զբաղվում: Նրա նպատակը մարդուն Արարչին հասցնելն է, Կյանքի գեղեցկության ճանաչումը: Նրան չես կարող կաշառել հայտնի ձևերով, նրան սիրելի “ընտրակաշառք” –ը ուրի~շ է – Գեղեցկություն, Զգացմունք, Արդարություն, Փորձի տված Գիտելիքը…

Բայց ահա Բանականությունը (խելքը) ուրիշ բնավորություն ունի – նա կրթվել է սոցիումի օրենքներով, սովորություններով, “միջազգային չափանիշներով”… Նա ամեն րոպե հիշում է իր մտավոր “բագաժը”, գցում-բռնում է, հաշվարկում, օգուտն ու վնասը նկատի առնում, համայնքի ու շրջապատի հետ հաշվի նստում: Եվ եղած շատ ճանապարհներից մեկը ընտրում է մեկը… Ի դեպ, նրա ընտրությունը կարող է համընկնել կամ չհամընկնել Հոգու որոշման հետ:

Բայց արի ու տես, որ խելք-Բանականության որոշումը պետք է կատարի Մարմինը: Սա էլ ուրիշ պահանջներ ունի – սիրում է ուտել, խմել, հաճույքներ ստանալ: Եվ մարմինը գցում-բռնում է` ի՞նչ ընտրություն անի, որ բավարարի իր հաճույքները… Եվ այնպես է լինում, որ Հոգին` խղճի միջոցով մի բան է ուզում, Բանականությունը` խելքին զոռ տալով` մի ուրիշ բան է ուզում, իսկ Մարմինն էլ – անկուշտ կամ սոված` ձեռքը իր ուզածին է ձեռք գցում:

Որևէ մարդու, նաև հանրության կամ ազգի որակը, էվոլյուցիոն մակարդակը որոշվում նրանով, թե նրա ամեն ընտրություն որքանով է մոտ Հոգու պահանջներին… Մարդու և Մարդկության ներկա ճգնաժամն ասում է, որ նրանց ընտրած արժեքները կամ կենսակերպը հիմնականում չեն համապատասխանում Հոգու ընտրությանը… Երջանիկ է այն մարդը, որի Հոգին, Բանականությունը և Մարմինը ներդաշն են…
Ընթերցողս, հիմա ինքդ որոշիր, թե քո որևէ ընտրությամբ այս երեքից ու՞մ ջրաղացին ես ջուր լցնում… Բայց իմացած լինես, որ մարդը հաճախ իր բանականության որոշումները շփոթում է հոգու որոշումների հետ… Դե~, քեզ հաջողություն եմ ցանկանում…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.06.2009, 00:03
Այսօրս` 31 մայիսի 2009թ, ավարտվում է:



Կյանքը և չկյանքը` մեկ օրվա մեջ

Դե, պարզ է, որ օրվա ընթացքում հետևում էինք ընտրությունների ընթացքին - նույն մեր հայկական ազնիվ, արդար, անկաշառ, անսպառնալիք, չքնաղ ընտրություններն էին:

Օրը զարմանալիորեն զնգուն ու մաքուր էր: Մեր լուռ ու խաղաղ բակը այսօր Դիսնեյ-լենդ էր դարձել – նախընտրական եռքի մեջ դրված ատրակցիոնը լիքն էր մանուկներով: Առողջագետի հետ մտածում էինք, թե պլաստմասայից սարքված այդ լեռը շոգ օրերին չի՞ վնասի մանուկներին – բայց երեխաների ուրախությունը սահման չուներ… Չքնաղ ձագուկների մի ամբողջ երամ ճռվողում-երգում էր` երիտասարդ մայրիկների և տատիկների հսկողության տակ: Մեր տունը լիքն էր այդ ձայներով – ընդամենը մեկ ժամ առաջ գնացին…

Այսօր երկու մշակութային երևույթ ջերմացրեցին օրը:
Ռուբեն Հախվերդյանը… Զարմանքով հիշեցինք, որ վերջին առնվազն տաս տարում երգիչը Հ1-ով մի մարդավարի համերգ չի տվել, նաև չի երևացել մյուս ալիքներով – գուցե մե՞նք չենք տեսել: Այսօր` Շանթով – “Աստղիկներ” հախվերդյանական մտահղացումը: Լավ էր, մանուկների երգը համոզիչ էր, հմայիչ էր – ոչ այնպես, ինչպես “Արևիկի” ֆալշ-մանկական երգերը: Ռուբենը` տաք գլխարկ հագած - նուրբ, հոգեբանական, ջերմ երգացանկով: Լավ է, երբ լավ երգիչը երգում է և քաղաքականությամբ չի զբաղվում - այս վերջինի մեջ նա համոզիչ չէ – առնվազն:

Անահիտ Սահինյանը – այժմ արդեն` մեր գրականության 90-ամյա Մեծ Մայրիկը: Ազնիվ ու մաքուր է նրա ստեղծած գրականությունը – աստղերի հետ չի խոսել, բայց մարդու սրտի հետ խոսել է նա: Դեմքը և ձեռքերը մագաղաթյա, մտածողությունը, խոսքը – մաքուր ու թարմ` որպես առավոտյան օդը: Անցնում է մի զորավոր սերունդ – որքան քաղցրություն է տանելու իր հետ:

Նույն օրը` որքան չկյանք կար Հայաստանում: “32 ատամը” տափակ հումորը լմլացնում էր եթերում: Հանրայինը ավետեց, որ ցուցադրելու է “Սրիկաների դպրոց” ֆիլմը, կարծես սրիկաների հայկական դպրոցը մեզ քիչ է… Նույն Հ1-ով կլկլացնում էր իր աճեցրած ռաբիս-երգիչ Ա.Հ.-ը: Շանթը ավետեց “Որոգայթներ-2”-ի սկսվելը, գովազդում մի քանիսը հայ-ամերիկյան ոճով շանսատակ արեցին իրենց նման մի քանիսի: Պարզվեց, որ Ակնա-լճի տարածք (Այղր-լիճ) հենց այնպես չես մտնի, արդեն “օբյեկտոտ” տեղ է, մասնավոր բոստան մեր հայրենիքի – պատմեցին հեծանվարշավից վերադարձած մեր որդիները…

Ընթերցողս, ինչ էլ լինի` Հայաստանում էս արև-օրը ավելի շատ կյանք կար, քան չկյանք… Մենք ընտրում ենք կյանքը: Ընտրում ենք Արևը…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.06.2009, 22:42
Այսօրս` 1 հունիսի 2009թ, ավարտվում է:


[B]“Ընտրություննե՞րը մեզի պիտի զարդարեն”
կամ
Քանի որ ես մի ապիկար հայ եմ

Ընթերցողս, ախր մարդուն բան ասելու համար բառերը քիչ են, թույլ են, անզոր են… Հիմա քեզ ուզում եմ մեր երեկվա, մեր այսօրվա մասին ասել և չգիտեմ, թե որտեղի՞ց սկսեմ: Մի խոր սիմվոլիկա լիներ – միստերիա լիներ, երազ լիներ` տեսնեիր, գուցե ասածս էլ քեզ պետք չլիներ… Բայց ախր դու երազ չես տեսնում, ընթերցողս: Եվ հայկական վերջին միստերիան ե՞րբ է եղել…

Բայց փորձեմ… Մի քիչ հեռվից գամ: Գիտեք, սկսվեցին բուհական ընդունելության քննությունները: Հայտնի են, դրանք թեսթային են և հենվում են մարդու հիշողության վրա: Բայց մարդը միայն հիշողություն չէ – նա նաև միտք է, ինտուիցիա է, երևակայություն, զգացմունք… Թեսթերով սրանք չես ճանաչի: Մարդու ընդունակությունների և կոչման ստուգման այս ձևը դեգրադացնում է մեր կրթությունը և դպրոցը: Լա~վ… Հայաստանում երեկ ընտրություններ են եղել – խիստ օրինական և փայլուն, այսօր էլ հանրահավաք է, որտեղ կգնահատվի դրանց փայլունության աստիճանը: Բայց սա կազդի՞ բուհական քննությունների վրա: Ոչ մի ձևով: Դրանք “զուգահեռ” պրոցեսներ են և երբեք չեն հանդիպելու: Ստացվում է, որ որևէ ընտրություն չի ազդելու… մեր երեխաների կրթության ու ապագայի վրա: Եթե դրանք նույնիսկ լինեին գերփայլուն և քաղաքապետ ընտրվեր, օրինակ, աննման մտավորական Տիգրան Կարապետյանը… Ուրեմն, “ընտրությունները մեզի չեն զարդարելու՞…”

Հիմա` էլ ավելի լուրջ: Հիշում եք` մի հանրավաքում ՀԱԿ առաջնորդ` Առաջին նախագահը, նեղացած Արևմուտքից, ասաց, որ Արևմուտքը… փտած է` վկայակոչելով Շպենգլերին և այլոց: Շատ լավ: Հեղինակս էլ մի աշխատության մեջ Եվրոպային զառամյալ պոռնիկ եմ կոչել – ներեցե~ք կոշտությունս: Այսօր դրանում, կարծում ենք, համոզվեցինք. այդպես նրբորեն մանևրում է միայն փորձառու պոռնիկը` միայն իր գաղտնի շահի մասին մտածելով: Բայց խոսքս ուրիշ բանի մասին է: Ճիշտ է ասում Առաջին նախագահը, որ Արևմուտքը փտած է, երևի այսօր էլ, զայրացած եվրոպական կիսատ-պռատությունից` նույնը ասի: Ուրեմն, եթե փտած է, իսկ մենք էլ նորանկախ երկիր ենք և պետություն ենք կառուցում` այդ “փտածի” չափանիշները չպետք է պատճենահանենք` ոչ մի ասպարեզում:
[B]Պետք է ստեղծենք ՆՈՐԸ, ԱՌՈՂՋԸ, ՀԱՅԿԱԿԱՆ-ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ: Բայց ներեց~եք անկեղծությանս – Առաջին նախագահը իր առջև երբեք չի դրել և չի դնում այդ խնդիրը - և նրա իշխանության ժամանակ, և այժմ էլ Հայաստանը “կպած” պատճենահանում է “եվրոպական չափանիշները”…

Ի՞նչ է ստացվում – հայոց Շարժումները, նախագահները, իշխանությունները, ընդդիմությունները, ամբողջ հայությունը գնում է մի ճանապարհով, որը երբեք չի հանդիպելու ԻՐ ԿՅԱՆՔԻ հետ, իր կրթության, ապրելակերպի և այլնի հետ… Դրա մասին կմտածեն լուսավորյալ և զարգացած եվրոպաները… Ուրեմն, նորից ստացվում է, որ “ընտրությունները մեզի չե՞ ն զարդարելու…”

Բա ի՞նչ անենք,- կհարցնես դու, ընթերցողս: Այստեղ մի ելք կա – մի օր Հայաստանում կլինի մեկը – այդ մեկը կարող է դու լինես – որ կգա ու կասի` մենք մի ընտրություն ունենք – Նորին Մեծություն Ճշմարտության և Նորին Ոչնչություն Կեղծիքի միջև: Ապա կասես` Հայաստանի բոլոր ներկա համակարգերը` քաղաքական, մշակութային, ապրելակերպի, կրթական, լրատվական, ԿԵՂԾ ԵՆ:
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԿԶԱՐԴԱՐԻ ՄԵԶ… Գուցե և ավելացնես, որ դու մի պտղունց ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ ես…

Եվ այդ բոլորը դու կասես ԻՆՁ: Ես էլ կնայեմ, ընթերցողս, ի՞նչ ֆիզիկական ուժ ու թիկունք ունես – կտեսնեմ, որ նախընտրական շարասյուն չունես, սև կամ սպիտակ ջիփ չունես, փող չունես, թայֆա չունես, երբևէ իշխանության հասնելու շանս չունես, և ես ՔԵԶ ՈՒ ՔՈ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ, մեղմ ասած, ռադ կանեմ… Քանի որ ես ընդամենը մի ԱՊԻԿԱՐ ՀԱՅ ԵՄ… Որ այս 2000 տարի զբաղված եմ պատճենահանելով – հույներին, լատիններին, հիմա էլ` եվրոպաներին, ամերիկաներին… Քեզ ռադ անելուց հետո կորոշեմ անելիքս – եթե լրիվ ապիկար եմ` մի ձևով իշխանության թևի տակ կմտնեմ, կուճուր կգամ, մի քիչ լեղի հաց կունենամ ու կապրեմ… Եթե պակաս ապիկար եմ` կհարեմ ընդդիմությանը, էնտեղ էլ է լավ – շատ ենք, հզոր ենք, հեշտ ու հանդիսավոր է… Երկու տեղում էլ շատերի հետ կլինեմ, մտածելու կարիք չի լինի, կլուծվեմ նրանց մեջ, նրանց թոքերով կշնչեմ, նրանց ուղեղով կմտածեմ, նույնիսկ տեսար` ավագանու անդամ կլինեմ - և ոչ ոք չի տեսնի ապիկարությունս: Եվ ոչ ոք չի իմանա, որ ես վերջապես կարող էի հանդիպել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ, բայց փոքրոգաբար, ստորաբար խուսափել եմ…

Բարի գիշեր:

Հեղինակ
03.06.2009, 00:11
Այսօրս` 2 հունիսի 2009թ, ավարտվում է:


Ի՞նչ եմ ես ուզում

կամ

Ինչպիսի՞ն լիներ իմ երկրի թագավորը


Ընթերցողս, նայեցի վերջին օրերի “Այսօր”- ները և թախիծ իջավ սրտիս – գրածներիս մեջ լարվածություն կա, երկրի լարումները ազդում են… Ճշմարտությունը նրբագեղ թռչուն է, նրան կոշտ ձեռքերով ու տրամաբան խելքով չես բռնի… Եվ այսօր ուզում եմ պարզ լինել, հստակ լինել, և մի մանկան, մի պատանու հայացքով նայել մեր կյանքին և հասկանալ` ԵՍ Ի՞ՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ: Եվ որպեսզի ասեմ, թե ինչ եմ ուզում` մի քանի պատկեր միայն բերեմ մեր կյանքից և հետն էլ ասեմ սրտիս իղձը, թե ինչպիսին լիներ երկրիս թագավորը… Որ ես հանգիստ ու վստահ ապրեի: Դու էլ, ընթերցողս:

Գիտեք, մի հաղորդում կա Հ1-ով – “Թեժ տասնյակ”, հեռուստատեսողները որոշում են սիրված երգիչների տասնյակը: Է~, լավ են անում… Մեկ-մեկ պատահական նայում եմ: Երեկ, ամեն անգամվա նման սկսեցին 10-րդ տեղից և կամաց-կամաց մոտեցան…առաջինին` հաղթողին: Հաղթողը այս անգամ Զարուհի Բաբայանն էր – գիտեք, վատ երգչուհի չէ, հետն էլ` մշակութային ընտանիքում է, հարսն է հայ մշակույթի կորիֆեյ Սոֆի Դեվոյանի – ասում եմ գրեթե առանց հեգնության: Հիմա` երգը… Երգը մի ռեստորանային, հասարակ, քեֆչիական, պրիմիտիվ բան էր: Ափսոսեցի հմայիչ Զարուհուն… Ափսոսեցի երկրիս, որ այդ ԵՐԳՆ ԷՐ ԸՆՏՐԵԼ: Իսկ դուք ասում եք, որ մեր քաղաքացին կաշառվում է ու ճիշտ ընտրություն չի անում: Բա ո՞նց եք ուզում – ռեստորանային “մշակույթով”, խորովածային նեյնիմ-նեյնիմով դեգեներացրել եք, հիմա էլ ուզում եք, որ ճիշտ ընտրություն անի՞:

Բայց ասեմ` ԵՍ ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ: Ես ուզում եմ, որ իմ երկրի թագավորը իմ նման “Թեժ տասնյակը” տեսնելիս` մտածեր – “Էս ինչքա՞ն է ընկել իմ ժողովրդի, մեր երիտասարդության ճաշակը, որ այս քեֆչիական երգին է առաջին տեղը տվել: Այստեղ մի շան գլուխ կա թաղված, այստեղ հիվանդություն կա, որի ես անտեղյակ եմ”: Ահա, այսպես մտածեր երկրիս թագավորը, և եթե ծայրը բռներ` այս մի փաստով կդներ ԻՐ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԵՐԿՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ: Եվ կհավաքեր իմաստուն խորհրդականների ու միասին կգտնեին բուժումը…

Կամ ասենք` “Որբերը” – այս արև-պայծառ օրերին, այս գարուն-ամառ հրաշքի մեջ, ամեն օր` Հայլուրի մարմելադային լավատեսությունից հետո, էկրանը մթնում է և մի զույգ թշվառ, մութ, հուսահատ մանկական աչքեր նայում են Հայաստանին և Սփյուռքին: Հետո` “որբերի” դերակատար երեխաները սկսել են այցելել մանկական հիմնարկներ` հանդիսավոր հանդիպումների: Ամեն օր հաստատ այդ մութ աչքերը տեսնում է երկրիս թագավորը – նա չի՞ հասկանում, որ այդ աչքերը մթնեցնում են մեր երկիրը: Նրան հայտնի՞ չէ, որ մշակութային դեգեներացումը գաղտնի, խիստ գաղտնի զենք է, որին տիրապետում են աշխարհում, և որի ցանցի մեջ ընկնում են նորանկախ երկրները…

Եվ դու, ընթերցողս, ծնկերիդ ես տալիս ու վշվշում ես` ախր էս ի՞նչ ընտրություններ են, էս ի՞նչ վաճառվող ժողովուրդ ենք, էս ի՞նչ իշխանություն ունենք: Շատ մի վշվշա - “Թեժ տասնյակ”-ի առաջին համարը դու ես ընտրել, “Որբերը” և “Որոգայթները” դու ես նայում… Երկրի թագավորն էլ քո թագավորն է – գնա, պալատի առջև ցույց արա և պահանջիր – ազատագրել Հայաստանը մշակութային որբությունից և հակամշակութային որոգայթներից… ԵՍ ՍԱ ԵՄ ՈՒԶՈՒՄ: Երբ դու, թագավորը, բոլորդ կգաք այս հիմնարար մտքին – մնացածը ինքն իրեն կլուծվի…

Ընթերցողս, եթե ԴՈՒ, ԴՈՒ, ԴՈՒ այս հիմնարար մտքին չգաս, ապա արդարության քո ձգտումը անպտուղ է լինելու: Քո բոլոր ընդվզումները, քո և թագավորի բոլոր տեսակի հարաբերությունները – ջերմ ծառայությունից սկսած մինչև ապստամբություն – անպտուղ են լինելու: Անպտուղ – քանի դեռ դու և թագավորը նույնն եք, նույն խելքի եք… ՓՈԽՎԻՐ ԴՈՒ – ԵՎ ԿՓՈԽՎԻ ԹԱԳԱՎՈՐԸ: Ուրիշ ճանապարհ չկա:

Հարց ունե՞ս - կգտնե~ս “Այսօրիս” էջերում…

Բարի գիշեր:

Հեղինակ
03.06.2009, 23:59
Այսօրս` 3 հունիսի 2009թ, ավարտվում է:

Վերջին օրերի լարվածությունից չեմ ասի հոգնել եմ, բայց...


Եթե ճանապարհին արգելք կա – մարդու ճանապարհին կամ ժողովրդի, ապա որպես օրենք` ինքն է լինում արգելքի հեղինակը: Այս միտքը առօրյական գիտակցությամբ դժվար ընկալելի է – մարդը արգելքը փնտրում է ուրիշի մեջ, դրսում: Բայց իրոնիան այն է, որ դրսում եղած արգելքը դու ես սնել, մեծացրել, պահել-պահպանել… Որ նա ելնի քո դեմ և կենսափորձդ խորանա… Սովորաբար արգելքի հաղթահարման համար գործի են դրվում ֆիզիկական օրենքները – ուժը, նյութը, կազմակերպությունը: Բայց այստեղ մարդուն (նաև ժողովրդին) դառը հիասթափություն է ստացվում – արգելքը, ճանապարհի քարը կարող է հաղթահարվել միայն Ոգու Օրենքներով – այլապես կլինի միայն հաղթահարման պատրանք և մի արգելքը կփոխարինվի մի ուրիշով…

Ավելի պարզ ու անկեղծ: Այսօր Հայաստանի Առաջին նախագահը ելել է Երկրորդ և Երրորդ նախագահների դեմ: Բայց Առաջին նախագահն է ծնել նրանց : Ինչ խոսք` կարող է լինել վեճ, նույնիսկ` մահացու վեճ, ծնողի և զավակների միջև: Համաշխարհային էպիկան վկա: Նրանք կարող են նաև չճանաչել իրար – էպոսներում այդպես է լինում: Նրանք կարող են նաև ուրանալ արյունակցական կապը: Բայց Բնությունը չի մոռանում - և մոդելավորում է նրանց դաժան հանդիպման հետևանքները` ըստ իրենց թույլ տված էթիկական խեղումների…

Մի ելք կա, այն էլ խիստ տեսական – եթե ծնողն ու զավակը կանգնեն Բնության խորանի առջև, ճանաչեն իրար և զղջման արցունքի մեջ` ճանաչեն իրենց ապօրինությունները ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ: Բայց դա մեր փչացած դարում գրեթե անհնար է – նրանց թիկունքներին շնչում են նյութատենչ և տգետ զանգվածները, որոնք այս թշվառներին հրում են առաջ – միայն հաղթել:

Բարի գիշեր:

Հեղինակ
04.06.2009, 23:52
Այսօրս` 4 հունիսի 2009թ, ավարտվում է:


Կյանքը շարունակվում է...

(Երևանյան էսքիզ)

Խաղողի որթը պատի վրայով մագլցում է վեր – չորրորդ հարկին է հասել… Ամեն հարկի լուսամուտից կանաչ-թավիշ աչքերով ներս է նայում և մարդկանց ասում.- “Ես դեպի Արևն եմ գնում, ինձ հետ չե՞ք գա …” Եվ մարդիկ մտածում են` գնա՞լ, թե չգնա՞լ դեպի Արևը: Եվ որոշում են գնալ – այսպիսի ուղեկցողի հետ` խաղողի կանաչ որթի հետ, աստղերին էլ կհասնես…

Որտեղից-որտեղ` մեր մայրաքաղաք մի ընկույզի ծառ է ընկել – գրեթե բանտարկված է 9-հարկանի շենքի և մետաղե ավտոտնակների միջև, բայց պոռթկացել-ելել է բանտից և խշշում է անհնազանդ, հերոսական խշշոցով – “Իմ արմատները խորն են, իմ մեջքը չի կոտրվի, իմ գոտին պողպատից է, իմ պտուղները պինդ են, իմ միջուկը քաղցր է…” Այսպես է խշշում անհնազանդ ընկուզենին…

Իսկ որտեղի՞ց է այս հինգհարկանիի հարևանը` գեղանի բարդին – մեջքը` բարակ ու սպիտակ, վարսերը` արծաթականաչ, մի 11-12 տարեկան կլինի, նոր է սկսել աշխարհը տեսնել: Նրան էլ է զարկում ուժեղացող քամին, կարող է փոթորիկ դառնալ - ճկվում է, վարսերով քսվում է հինգհարկանիի տուֆե պատին, բայց չի վհատում, ուղղում է մեջքը, նորից կանգնում գեղանի ու կայտառ… Նա չի խոնարհվի, նա չի կոտրվի – նա նաիրյա~ն բարդի է…

Տեսնում եմ` բարդու կողքով, սկսվող անձրևի ու պոռթկուն քամու միջով գնում է բարակիրան նաիրուհին – նրա գլխի վերև, մի տաս մետր ու ավելի բարձրության վրա քամին վեր է հանել մի դատարկ ցելոֆանե տոպրակ, որ ֆռֆռում է վերևներում` թե էս երկինքն ի~մն է, - բայց ինչպես եղավ` քամին փոշմանում է, նրան ուղղագիծ գետին է զարկում` նաիրուհու ոտքերի տակ, և աղջիկը ոտքի տակ է տալիս դատարկ տոպրակը – ա~յ դատարկ, ու՞ր էիր էդքան վեր թռել, չգիտեի՞ր, որ վերջդ սա է լինելու…

Քամին ու անձրևը ուժեղանում են – ներքևում, ավտոտնակների կողքով անձրևի արծաթե շիթերի միջով սլանում է 10-12 աղջիկների երամը – երկարավա~րս, սրընթա~ց, ազա~տ – քամին չի կարողանում նրանց մազերը բռնել, նրանք սլանում են դեպի հասունություն, դեպի սեր, դեպի մայրություն…

Երկի~րս, էս ինչքա՞ն քաղցր ես եղել… Եվ կյանքդ անկասելի շարունակվում է…

Բարի գիշեր:

Հեղինակ
05.06.2009, 23:35
Այսօրս` 5 հունիսի 2009թ, ավարտվում է:

Մենք ապրում ենք շատ փոքր աշխարհում. մի հեռավոր երկրում կարող է մի բան կատարվել, որ խոսում է քո կյանքի ու ձգտումների հետ: Ահա երեկ էլ Առողջագետը մի լուր հանդիպեց – իսրայելական բանակում մտցրել են բժիշկ-սննդագետի հաստիք, որը զբաղվում է զորամասի սննդի և անձնակազմի առողջ ապրելակերպի հարցերով: Եվ հիշեցինք…

1994 թիվն էր, իմ ու Առողջագետի առողջագիտական գործի սկիզբն էր – մենք, թևավորված գաղափարով` մշակում և պետական ատյաններին էինք ներկայացնում ամենատարբեր, և այդ ժամանակի համար` գրեթե ֆանտաստիկ ծրագրեր: Մի ցուրտ ձմռան օր էր, գնում ենք Պաշտպանության նախարարություն, նախարարը Վ. Սարգսյանն էր… Ներկայացրել էինք զինվորական սննդի առողջացման և կադրերի վերապատրաստման մի կոնկրետ ծրագիր: Զինվորի սննդի ընդամենը մի քանի շտկում – ճաշի սկզբին փոքր քանակի հում բանջարեղենի ներդրում, հեղուկների ճիշտ օգտագործում և այլն - և կարելի է կանխել շատ հիվանդություններ… Ռազմա-բժշկական վարչությունում եղանք, մեր ծրագիրը չոգևորեց պաշտոնատարներին… Մտածեցինք` երևի երկիրը նոր է դուրս եկել պատերազմից, այդպիսի գործերի պատրաստ չեն… 2006-ին նորից փորձեցինք, նույն արդյունքը…

Կանցնեն տարիներ, առողջ սննդի գաղափարը հաստատ ՆԱՏՕ էլ կմտնի, և մի օր այնտեղից Հայաստան կգան սպիտակ-ժպտացող ատամնաշարով փորձագետներ, որոնք “կօգնեն” տեղական մասնագետներին` հայկական բանակում ներդնելու առողջ սննդի սկզբունքները… Եվ նրանց օրական աշխատավարձը կլինի 500-1000 դոլար: Եվ հայ զինվորական բժիշկները կխոնարհվեն նրանց առջև` իրենց “նոր” և “խոր” գիտելիքների համար…

Եվ պատկերացնու՞մ եք` նման ասպարեզների թիվը շատ է, որտեղ և մեր հեղինակային խումբը, և այլ հեղինակներ կարող են առաջնայնություն ունենալ և ԳԻՏԵԼԻՔ ԱՐՏԱՀԱՆԵԼ զարգացած երկրներ… Բայց Հայաստանը հենց սկզբից և այժմ էլ կառուցվում է գաղութային երկրի մոդելով – պատճենահանել համաշխարհային մետրոպոլիաների համակարգերը – ապրելակերպ, կրթություն, առողջապահություն, տնտեսություն… Մինչև այս անգամ էլ փոթորկվում են հետընտրական կրքերը – Հայաստանը այսօր ստորագրեց Համաշխարհային բանկից 25 միլիոն դոլար վարկ ստանալու պայմանագիրը – “Կրթության բովադակություն և համապատասխանություն”: Հը~մ… իհարկե` համապատասխանել եվրոպական ստանդարտներին և դպրոցի ավարտական, նույնն է` բուհական քննություններին գլխի մեջ պահել, ասենք` 100.000 հարցի պատասխան, բայց դեգրադացնել սիրտը, ինտուիցիան, երևակայությունը…

Որտե՞ղ կա, ո՞վ է բերում Հայաստանը ապագաղութացնելու գործն ու գաղափարը: Եթե կգտնես, ընթերցողս, ինձ էլ լուր կտաս… Եվ պինդ մնա, ամեն ինչ լավ է լինելու – բայց այդ լավը կարող է տարբեր լինել քո պատկերացրածից… Նեղության ժամին, տվայտանքի ժամին.. . արժե ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ փնտրել...

Բարի գիշեր:

Հեղինակ
06.06.2009, 22:53
Այսօրս` 6 հունիսի 2009թ, ավարտվում է:

Այսօր երկու բևեռ , երկու սկիզբ իրար դեմ են կանգնել` իմ գիտակցության մեջ… Նույն մարդկության մեջ - և որքա~ն տարբեր…

Առաջին բևեռը: Մի մեծատուն – արբած իր ազդեցությամբ և հարստությամբ, իր ժառանգի հարսանիքն է անում, և միլիոն վարդ թռել-հասել են այդ հարսանիքին: Տեսնես, ի՞նչ գույնի են այդ վարդերը: Երևի կարմիր են, արյան գույնի… Իսկ կանաչ տերևներին նստել են բյուրեղ կաթիլներ – երևի արցունքներ են…

Երկրորդ բևեռը: Գայլաշան պատմությունը – Ստիվեն Սպիլբերգի “Բալտո” մուլտֆիլմը – սա պատմություն է մարդու մասին: Որովհետև այս գայլաշան էթիկան բարձր է – ինչպիսի~ սեր կյանքի նկատմամբ, ծնողական ի~նչ զգացում դուստր-գայլաշան նկատմամբ:

Երկու ծնողի – մարդու և գայլաշան կերպարները կանգնած են իրար դեմ, երկու սիրտ – արարչածին: Եվ ասում է գայլաշունը` “Ես ապրում եմ, բայց չգիտեմ, թե ով եմ ես”: Մարդը այդպիսի հարց չի տալիս – նա կարծում է, թե գիտի` ո~վ է ինքը:

Մարդը ուզում է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա – այս աշխարհը, այս երկիրը, այս փողոցները, այս հարստությունը – ամեն ինչ: Մանավանդ` հարստությունը: Գայլաշունը իմաստուն է և ասում է. “Նա վախենում է ոչ թե մահից, այլ փոփոխություններից” : Նա մարդկանց մասին է ասում - այն մարդկանց, որոնք ժանիքները խրել են ժամանակի մարմնի մեջ և պատառոտելով ժամանակը` ձգտում են կանգնեցնել այն: Ժամանակն արյունահոսում է, բայց կանգ չի առնում… Մարդը ժանիքները հանում է ու քիթը խրում է վարդի փնջերի մեջ…

Մարդը ձգտում է կայունության – իբր նա աղյուս առ աղյուս դարսել է և շարել է կայունության պատը: Ա~խ, քաղցր կայունություն, պահպանի~ր ձեռգցածս… Իսկ գայլաշունն ասում է. “Կան աստղեր, որ հանգում են, և կան, որ նոր են վառվում…” Բայց մարդը անտեղյակ է այս աստղաբանությանը… Գայլը ոռնու~մ է – ինչպիսի~ աղոթք: Մարդը խոսում է – չափված, ձևված, նախորոք գրած – բերանացի արած, և ո~չ մի աղոթք նրա խոսքերի մեջ: Թեկուզ ոռնալ – բայց մի պտղունց անկեղծություն լինի, մի պտղունց աղոթք լինի…

Գայլաշունը գիտի, որ ջրի միջով է ապագայի ճանապարհը – մաքրվելու համար: Սառույցները նրա համար ճանապարհ են ստեղծում: Գայլաշունը ապրելու է: Մարդը վախենում է ջրից, թեկուզ իր վարդերը դնում է ջրի մեջ: Բայց ինքը չի կարող ՋՐԻ մեջ մտնել: Նա վախենում է ջրից: Նա վախենում է կյանքից: Եվ այդպես էլ կխեղդվի փոշու ալիքների մեջ…

Բարի գիշեր:

Հեղինակ
07.06.2009, 23:54
Այսօրս` 7 հունիսի 2009թ, ավարտվում է:

Մոդերատորական

Ընթերցողս, գիտես, որ ես եմ "Այսօրիս" մոդերատորը - առավոտյան կարդացի գրածս և նորից տեսա, որ նորից խուժել եմ ընթացիկ քաղաքականություն... Չէ~, չեմ ասի, թե ուզում եմ հեռու մնալ մեր երկրի և աշխարհի կյանքից - ընդհակառակը այդ կյանքն անցնում է սրտիս միջով... Բայց մի բան հաստատ գիտեմ - քաղաքականության խոսք ու զրույցով, սրա լծակներով անհանար է մարդուն փոխել, արթնացնել, առողջացնել... Եվ մեր երկիրն առողջացնել:
Միայն Գեղեցկության միջոցով, մեկ էլ` Ճշմարտության միջոցով է հնարավոր սիրտ արթնացնել, - այս վերջինն էլ` ոչ ուղիղ ու մերկ քարոզով, այլ էլի գեղարվեստի, խոսքի միջոցով...

Մի պատմություն, որ պատմել է Իսահակյանը իր հուշերում - Ս. Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն հյուր է եկել ցարական Ռուսիայի օբեր - պրոկուրոր Պոբեդոնոսցևը, որը հանդիպման վերջին ուղիղ ասել է, թե հայերը ի՞նչ հույս ունեն ապագայի վրա - նրանց ոչնչացնում են, ձուլում... Վանահոր պատասխանը. թե` մեր հույսը Աստծո վրա է, մեր տոկունության և ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՄԱՆԱԼԻ ԸՆԹԱՑՔԻ վրա է...

Ասածս ինչ է - միայն տարիներ հետո կերևա, թե այս օրերի կոլիզիայի մեջ ինչը ինչ դեր ունեցավ, և վերջին հաշվով ԿՅԱՆՔԻ ԴՐԱԾ սցենարի գաղտնի միտքն ինչ էր...
Ընթերցողս, երեկվա գրածս ջնջում եմ, իսկ քեզ հաջողություն և արթնություն եմ մաղթում...

Միշտ ձեր` Հեղինակ...

Բարի առավոտ...

Հեղինակ
09.06.2009, 00:08
Այսօրս` 8 հունիսի 2009թ, ավարտվում է:

Ժողովուրդները կարոտ են առաջնորդության: Անքան կարոտ, որ ԱՄՆ սևամորթ նախագահի ի հայտ գալը ցնցել է մեր քաղաքակիրթ աշխարհը:

Բարակ Օբամայի ելույթը Կահիրեի համալսարանում: Վերջին տասնամյակներում համաշխարհային լիդերներից չի եղել մեկը, որին մի ելույթից հետո կոչեին քարոզիչ, պատմաբան, տնտեսագետ, ուսուցիչ, զինվոր, իմամ, կայսր… Ահա` այսպիսի զարմանալի բնութագրումներ տվեց ԱՄՆ նախագահին աշխարհի մամուլը: Այդ ելույթի մեխը երկու համաշխարհային կրոնների հաշտեցման ջանքն է – իսլամի և քրիստոնեության: Նա ցիտել է Ղուրանը. “Ով կսպանի անմեղին, դա նույնն է, որ նա սպանել է մարդկությանը”: Արժեր Օբամային հիշեցնել հայկական ցեղասպանության խնդիրը և այն համադրել Ղուրանի այս` իրապես հրաշալի մտքի հետ: Մինչդեռ ժողովուրդները իրար դեմ հանցանքներ են անում և իրենց արածը փաթեթավորում են կրոնական հանդերձներով… Եվ սա քիչ է` կրոններն էլ իրենց հերթին ուզում են ճնշել իրար, մեծացնել սահմանները - քրիստոնեությունը ունի մի ներքին մեծամտություն մյուս կրոնների հանդեպ, բայց ի՞նչ էթիկական հիմքի վրա` ինկվիզիցիա՞ն, խաչակրաց արշավանքնե՞րը, ներկա քրիստոնյա աշխարհի էթիկական դեգեներացիա՞ն: Իսլամն էլ ագրեսիվության մեջ չի զիջում քրիստոնեությանը… Բայց վերջին հաշվով` ժողովուրդների փոխադարձ մշակութային բարեկամությունը վեր է կրոնական տարանջատումից… Վկան հայ-արաբական եղբայրական հարաբերությունները` հատկապես Եղեռնից հետո…

Բայց գամ Բարակ Օբամային: Անկասակած, նա բարձր երևույթ է համաշխարհային քաղաքականության մեջ: Սակայն, ԱՄՆ-ը և աշխարհը էթիկական, էկոլոգիական, թշնամական ճահիճից վեր հանելու համար Օբամայի աշխարհայացքը նեղ է – այլապես նա չէր որոշի մնալ Աֆղանստանում և ռմբահարել փուշտունների աղքատ գյուղերը: Օբամայի հայացքը դեռևս չի ուղղված դեպի ԿՅԱՆՔԻ և ՏԻԵԶԵՐՔԻ օրեքները, դեպի բարձրագույն ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Նա բարեխիղճ և ազնիվ փնտրող է… Կհասնի՞ արդյոք Օբաման ճանաչողության բարձունքներին – իմ կարծիքով` դրա շանսը մեծ չէ…

Իսկ ժողովուրդները կարոտ են առաջնորդության:

Բարի գիշեր:

Philosopher
09.06.2009, 00:45
Օբաման հավատն է սեփական եսի հակառակ կողմի նկատմամբ: Իսկ կյանքը սկսվում է հենց այդ հավատից: Այնպես որ, հավատանք սկսված պրոցեսին:)

Հեղինակ
10.06.2009, 00:08
Այսօրս` 9 հունիսի 2009թ, ավարտվում է:

Ամեն օր, ընթերցողս, ծանրութեթև եմ անում` այօրվա ապրածից ի՞նչ գրեմ, մեկ-մեկ օրվա կեսին որոշած եմ լինում, բայց օրվա վերջու~մ… Ահա այսօր էլ որոշել էի… Բայց… եկավ Սերգեյ Բոնդարչուկի “Պատերազմ և խաղաղություն” Ֆիլմը, “Նատաշա Ռոստովա” մասը, “Культура” ալիքով…

Թողնեինք համաշխարհային զրուցարանը, ապոկալիպտիկ լուրերը, վթարները, զոհերը, համաճարակները, խոզագրիպը, ընտրությունները, ջրհեղեղները… Թողնեինք այս աշխարհի խառնակչությունը և … նայեինք այս մանկամարդ դեմքին: Նրա սպասու~մը, սպասու~մը – ահա կգա ՆԱ, ում պատրաստ է սիրելու այս սիրտը. նրա դեմքին, աչքերի մեջ, շուրթերին շողում է սպասումն ու տագնապը: Գեղանի պարանոցը թեքվում է առաջ, ձգվում է առաջ – տեսնելու կյանքը, սիրելի մարդու վերադարձը… Եվ այս ծաղկող հոգու կյանքը – ռուս ձմեռային լայնարձակ տափաստանի, կանաչ անտառների, երգի ու պարի, կենցաղի, կայսերական շքեղության ու ժողովրդական տարազների ծաղիկների ֆոնին…

Մենք էլ կարողանայինք ազատվել ժամանակի պարտադրած վազքից ու աղմուկից, և Տոլստոյի աչքերով տեսնեինք մեր սովորական, ամենօրյա կյանքի պոեզիան… Տեսնեինք մեր կյանքի հյուսվածքը – օրվա արևը, ծաղիկները: Քուչակի աչքերով տեսնեինք մեր “յարուկի” գեղեցկությունը – լուսնի լույսի տակ տեսնեինք…

Բարձրանում-իջնում է Նատաշայի կուրծքը – նրա հետ շնչում են աշխարհը, կյանքը, մարդիկ. - սիրուց վեր` կա՞ մի ավելի բարձր գեղեցկություն, որի համար արժեր ապրել… Սիրուն սպասող, սիրող մարդուց կա՞ ավելի բարձր էակ այս արևի տակ…

Բարի գիշեր:

Հեղինակ
10.06.2009, 23:59
Այսօրս` 10 հունիսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, գուցե այսօր դու էլ կայիր “Արևի տաճար” վավերագրական կինոնկարի բաց հանրային դիտմանը – հայ մտավոր խավն էր եկել, մի պահ զգացի մեր արթնացման վաղեմի տարիների ջերմ շնչառությունը: Չկա ավելի թանկագին մի ժամ, քան այն ժամը, երբ գնում ես հանդիպելու Հայրենիքի հետ: Այդքան ըղձանքով կարելի հանդիպել միայն սիրեցյալին: Եվ ի~նչ հայտնություն, երբ սրտիդ մեջ նրա պատկերը գծած գնում ես, բայց այս մեկ հանդիպմանը պարզվում է, որ նա ավելի գեղեցիկ է, քան քո փայփայած կերպարը… Եվ այդ հրաշքը լինում է, երբ գեղագետը բացում է Հայրենիքի սիրտը – չէ՞ որ դու գնացել ես հանդիպելու ոչ քարերին, ոչ ջրերին, ոչ անգամ հայրենի արևին ու երկնքին, այլ այս բոլորի մեջ պարփակված ՍՐՏԻՆ…

“Արևի տաճարը” – ստեղծված ձեռամբ ռեժիսոր Շավարշ Վարդանյանի, սցենարիստ Վահան Տեր-Ղազարյանի, նախագծի հեղինակ Արմինե Դեմիրճյանի. նրանք որոշել են “պճեղ մը անուշ երկրի” ԳԱՌՆԻ անունով գաղտնիքը հետազոտել, բացել, հասկանալ, սիրել… Եվ դա արել են ժամանակակից արևմտյան վավերագրության հետազոտական-կրթական շեշտերով, հայկական լեռնաշխարհի այս մի հատվածը աշխարհին ներկայացնելու մի թաքուն իղձով - և լավ էր ստացվել… Փոքրակազմ խումբը սխրանք էր արել, մի հսկա գիտական-պատմական շերտ էր բացել` հայրենի երկրի չքնաղ պատկերներով… Ողջույն ֆիլմի հեղինակներին…

Այնուհանդերձ, սիրտս անբավարար մնաց – ես ասք էի ցանկանում լսել-տեսնել, բայց տեսա հետազոտողի զարմանքը և հարցերին պատասխան գտնելու ազնիվ ճիգը… Սակայն, ամենամեծ գաղտնիքը բացվում է միայն սրտի տեսողությամբ… Չէ~, չէ~, Հայրենիքը արարչական ստեղծագործություն է, նրան հետազոտելով չես բացի – միայն սրտի պայծառատեսության վայրկյանին, միայն գեղեցկության ծնած կայծակի լույսերի տակ… Եվ այդ վայրկյանին Հայրենիքը` իր ողջ լինելությամբ խուժում է սրտիդ մեջ, գրավում ծայրից-ծայր, և արցունքիդ միջով դու տեսնում ես նրա բոլոր ծիածանները… Նաև գաղտնիքները: Այդ սրբազան ժամին էլ նա քեզ մղում է սխրանքի – սիրել, վերակերտել իրեն - մի Նոր Հայրենիք ստեղծել…

Ընթերցողս, առիթն է, ասեմ – շատ եմ սիրում Գառնին, գյուղը, գյուղացիներին – սա մեր բնիկ Հայրենիքի մի բյուրեղ կտորն է: Այնտեղ, մանավանդ տոնախմբությունների օրերին, սիրելիներիս հետ չքնաղ ժամեր եմ ապրել - և մի օր էլ ծնվել են ահա այս երկու բանաստեղծությունը: Այդպես եմ տեսել Գառնին:

1. ԳԱՌՆԻ

Վաղ գարուն է, մտնում եմ ներս
Այս դարպասով արքայական,
Ինձ ողջունեց, խնդրեց զենքս
Արևադեմ մի զորական:

Տվեցի զենք, երդում ու երգ
Ես հայրենի զորականին,
Թախանձեցի ապա տեսնել
Նրա հպարտ տիրակալին:

Բայց զորականն արևադեմ
Եվ խստաշուչ, և հյուրընկալ,
Ասաց` բերդում վաղուց արդեն
Հայոց արևն է տիրակալ.

Նրան պատմի'ր, ո~վ դեսպանորդ,
Հայրենիքի անց ու դարձից,
Հայցիր խորհուրդ, արա հարցում
Մեր ապրելու առեղծվածից:

Եվ արևելք ես նայեցի`
Խոնարհվելով կապույտ գահին,
Ծունկս գետնած` ողջունեցի
Հայոց հողի տիրակալին:


2. ԳԱՌՆԻԻ ՏԱՃԱՐ

Օ~, մարդկային սրտի գաղտնիք,
Քո մասին եմ ես խորհում,
Երբ տաճարն այս` շուքով անտիկ
Նորից իմ աչքն է շոյում:


Ինչու՞ սիրտս չի թրթռում
Գեղեցկության դեմ վերին,
Պաշտամունքով չի խոնարհվում
Հրաշագեղ ձևերին:

Մեր վանքերն են վեհ ու խոնարհ`
Անպճնությամբ մայրական,
Անանց հրճվանք սրտիս համար,
Սիրո աղբյուր մշտական:

Շնչի մեջ էլ հելլենական
Շքեղաշուք տաճարի
Ես փնտրում եմ թոթովանքը
Հայոց մանուկ հանճարի:

Եվ գտնում եմ անհուն խանդով
Մայրամուտում այս քարե,
Որ ծնվում է նոր հավատով
Նոր արշալույս հանճարեղ:

Այնժամ սիրտս, չքնաղ տաճա'ր,
Խոնարհվում է նաև քեզ,
Քո հեթանոս զոհարանին
Վառած խոնարհ մոմի պես:

Բարի գիշեր:

Հեղինակ
12.06.2009, 00:19
Այսօրս` 11 հունիսի 2009թ, ավարտվում է:

Գիտեք, գրել եմ, որ որևէ լրագիր հազվադեպ եմ առնում. “Առավոտը” ` դրանց թվում: Երեկվա համարը – օրվա մեջ մի քանի անգամ բացեցի: Նպատակս չէ մի բնութագիր տալ, ինչ-որ բան ծանր ու թեթև անել, բայց… Մի հոդված կար – պարզվեց երգիչ կա, մականունը` Ծյոմ Յուժնի – ներեցե~ք մշակութային անգիտությանս, ծանոթ չէի… Այս Ծյոմ Յուժնին համերգ է տալու Մարզա-համերգայինում: “Որոգայթներում” Տիկո է խաղում, որը “շատ սիրված է”… Երգացանկը, ինչքան հասկացա, բանտային արվեստն է: Թղթակիցը հարցնում է` ի՞նչ երգեր են լինելու, Ծյոմ Յուժնին պատասխանում է` հիմնականում դաստիարակչական համերգ է լինելու: Հըըը~մ: Բանտային արվեստով է դաստիարակվելու մեր լսարանը: Հիմա դառնամ “Առավոտի” գլխավոր խմբագիր, պայծառ-ազատական, ընդդիմադիր-զգույշ-հերոսական Արամ Աբրահամյանին – շատ էլ խոսքի ազատություն, շատ էլ շիթիլ արած “պահանջարկ”, շատ էլ օպերատիվ լրատվություն – էս պղտոր գետը ինչու՞ եք ստեղծում… Եվ լողում եք անսահմանափակ անպատասխանատվության լիբերալ-հակամշակութային-շերեփուկաշատ ջրերում: Եվ դառնամ ու հարցնեմ` ե՞րբ ես փոշի դառնալու, հայ “ազատականություն”…

Այսօր Երևանում սոցիոլոգիական ինչ-որ միջազգային գիտաժողով է: Շատ լավ: Մի չինացի ասում է. “Մենք էլ ունենք նորանալու խնդիր, բայց ոչ ուրիշներին պատճենահանելով…” Փառք չինացուն: Բայց գամ մեր սոցիոլոգիային: Էս սոցիոլոգիան ուսումնասիրում է, պատկերավոր ասած, ծովի ալիքները – ինչպես են թավալվում, որ ալիքը որի վրա, ինչ բարձրություն ունեն, ինչպես են շառաչում ու հառաչում… Եվ մեր սոցիոլոգիան եզրահանգում է անում սրանով ԾՈՎԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ… Հըըըըը~մ: Մեր սոցիոլոգիան չի նայում ծովի խորությունը, չի լսում ծովի ԼՌՈՒԹՅՈՒՆԸ… Նա չգիտի Բնության Ոգիների` ստիխիալների մասին: Հզոր, քմահաճ, իմաստուն ստիխիալները խաղում են ծովի ջրերի հետ, օդի և արևի շողերի հետ, նրանց շնչից է ալեկոծվում ծովը… Ստիխիալները Արարչի չքնաղ ասպեկտներից են – Նրա անսահման ստեղծագործության մի միջոցն են նրանք…

Խե~ղճ սոցիոլոգիա – իսկ քեզ թվում է, թե ուսումնասիրում ես Մարդկային Կյանքի Ծովը… Ընթերցողս, ես ու դու գնանք դեպի մարդկային սրտի արարչական ակունքը…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.06.2009, 23:45
Այսօրս` 12 հունիսի 2009թ, ավարտվում է:

Մի քանի օր առաջ էր, Հանրապետության հրապարակի մայթով գնում էինք, և տեսանք երկու արտասահմանցու – երիտասարդ մարդիկ, սև կոստյումներով, նույնանման պայուսակներ ուսերին ձգած` ամբողջ հանդերձանքը համազգեստ էր հիշեցնում – ունիֆորմա, և մերոնցից մեկն ասաց, որ քարոզիչներ են… Երևի ինչ-որ աղանդի, եկեղեցու… Մարդ ուզում է մոտենա և ասի` այ տղա ջան, այ եսիմ որ եկեղեցու քարոզիչ ջան, ինչի՞ ես երկիրդ թողել և էդ անպտուղ գործով Հայաստան ես եկել, մեր դարդը քիչ է` հիմա էլ պետք է հասկանանք, թե դու ինչ ես ասում: Մեր հասկացած Քրիստոսը քո բերած Քրիստոսից պակաս չի լինի, մեր խաչքարն էլ իր գեղեցկությամբ ձեր գիպսե խաչելությանը հո կգերազանցի… Կլինի՞` սև պայուսակդ առնես, բերածդ “օգնությունն” էլ հետը և գնաս Հայաստանից:
Բայց չեն գնում – տանը զանգը տալիս են, բացում ենք. մի 60-ամյա կին է, սպիտակ մազերը կարճ կտրած, դեմքը` ինտիլիգենտ հրեշտակի, աչքերը` աշխույժ ու դիվանագետ, և ասում է. “Չե՞ք ուզենա Աստվածաշնչի անվճար դասեր ստանաք տանը”: Հըըը~մ… Զինվորս մեղմ ճանապարհում է եհովականին… Իսկ ես մտածում եմ` բոլոր տեսակի բռնադատություններից ամենածանրը սա է – մարդուն խեղդել կրոնական որոգայթների մեջ…

Եթե հայ ազգը ունի մի անգերազանցելի Մայր Տաճար, ապա դա իր Ոգին է և Մշակույթը, եթե Հայաստանը ունի մի շքեղ պատարագ, ապա դա իր Բնությունը առավոտյան արթնացնող թռչունների երգն է, ապա իր գեղջուկ երգն ու օրորցայինը, և եթե ունի կրոն, ապա դա իր ազնիվ հայկականությունն է, որ մեջ հայացված քրիստոնեությունը և նրա ստեղծած մշակույթը միայն մի քաղցր շերտ են կազմում…

Այսօր երկու մշակութային քաղցրություն վայելեցի - և որքան տարբեր են նրանք: Առաջինը. տարիներ առաջ “Գարուն” ամսագիրը տպագրել էր ապոկրիֆներից` Տիբեթյան Ավետարանը: Ժամանակին շատ էի հիացած մնացել… Այսօր գտա համացանցում, ռուսերեն – սա Ճշմարտության ճանաչողության Ավետարան է, սա կնոջը բարձրացնող Ավետարան է: " Պաշտեք կնոջը - Տիեզերքի Մորը, նրա մեջ է Արարչական ստեղծագործության ամբողջ ճշմարտությունը:" Տիբեթյան Ավետարանը, մյուս պարականոնները իմ համար կրոնից դուրս գտնվող` Ազատության ու Գիտելիքի վսեմ հռչակագրեր են… Հիսուսը – Ոգու Անողոք Հեղափոխականը. այդքան սեր և այդքան սուր – նույն սրտի մեջ:
Երկրորդ քաղցրությունը – ռուս մեծ երգչուհի Լյուդմիլա Զիկինայի 80-ամյա հոբելյանն էր: Չկա ավելի բարձր մարդկային զգացմունք, երբ մի ուրիշ ժողովրդի արվեստը, նրա արվեստագետը սիրտդ բարձրացնում են վեր, երբեմն նույնիսկ ավելի վեր, որքան քո մայրենի արվեստը: Սիրտս փարում է ռուս ժողովրդական երգին, սիրտս խոնարհվում է Լյուդմիլա Զիկինայի արվեստին…

Բարի գիշեր:

Հեղինակ
13.06.2009, 23:34
Այսօրս` 13 հունիսի 2009թ, ավարտվում է:

Շուշան-բանջարը բուրում է առավոտի թարմությամբ: Երևանում ամառ է, այս շուշանը մի գեղջկուհի քաղել է բարձր լեռներում, որտեղ ձյունը նոր է հալել: Նրբին, ճկուն, սպիտակ – հայրենի հողի պարգևը: Որևէ ժողովրդի հոգեկան-ֆիզիկական առողջությունը որոշվում է նաև նրա սնունդով: Ահա 10-ամյա գեր մանուկը, որը մեծացել է երշիկի ձվաձեղով – մեր քաղքենու երևակայությունը սահման չունի – Առողջագետս համառորեն ձգտում է արթնացնել շենգավիթցի մորը… Չի արթնանում: Շուշան-բանջար, մեր հույսը դու ես, ապաքինիր մեր մանուկներին… Մեր օրերի “շենգավիթյան քաղաքակրթությունը” սա է:

Առողջագետս այս վերջին օրերին անընդհատ հարցնում է` կարդացի՞ր. խոսքը Էրիկ-Էմմանուել Շմիտտի “Օսկարը և Վարդագույն Տիկինը” վիպակի և այս զարմանալի հեղինակի մյուս գործերի մասին է… Իսկ ինքը մեկ օրում ուղղակի կլանեց նույն հեղինակի “Ավետարան ըստ Պիղատոսի” վիպակը: Եկել է ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ բացող-ուսուցանող հեղինակների ժամանակը… Մեր սիրելի Black Orchid-ը ֆորումում արդեն տեղադրում է հատվածներ Անտուան դը Սենտ-Էկզյուփերիի “Ամրոց” վեպից: Այսօր նայեցի ամբողջ վեպը – “թերթեցի” մոնիթորի վրա և հասկացա` եկել է մի շատ կարևոր գիրք` իմ այս օրերի համար…

Աշխարհն ապրում է իր կյանքը: Բարեկամ երկրի ժողովուրդը ընտրեց իր Նախագահին: Երեկ մի տեղ հանդիպեցի` Իրանի նախագահի միակ եկամուտը համալսարանական պրոֆեսորի իր աշխատավարձն է: Հավատում եմ: Իրանի իսլամական հեղափոխությունը հավատարիմ մնաց իր իդեալիզմին, չայլասերվեց: Շնորհավորում եմ Մահմուդ Ահմադինեժադի ընտրությունը: Եթե մի մարդու և նրա քաղաականության մասին ծերուհի Եվրոպան և բուշական Ամերիկան այդքան վատուգեշ է ասել` իմացե~ք, որ նա ՄԱՐԴ Է: Ես հավատում եմ, որ ապագան պատկանում է Հոգու Գիտելիք, Էթիկա և Հավատ ունեցող կառավարիչներին:

Խաղաղ երեկո է… Սիրելիներս ամեն օր ՆՈՐ ԿՅԱՆՔԻ մի նրբերանգ են կերտում - և այդ կերտումը ընդամենը մի գաղտնիք ունի – տեսնել ամեն պահի, կյանքի ամեն դրվագի, ամեն մանրուքի ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ…

Բարի գիշեր:

Հեղինակ
14.06.2009, 23:49
Այսօրս` 14 հունիսի 2009թ, ավարտվում է:

Մորմոքում է Բոբ Մառլին – սևամորթ երգիչը երգում է Աֆրիկայի միասնության մասին: Ինչու՞ մարդիկ չեն կարող միասին ու միասնական լինել: Ինչու՞ ազգերը չեն կարող հաշտ ու միասնական լինել: Ազգերը հասել են ատելության ու անհանդուրժողականության ծայրակետին, դրանից այն կողմ… կյանք չկա:

Այս վերջին երկու օրերին անընդհատ, չեմ թաքցնում, միջազգային ասպարեզի մի լուրի ընթացքին էի հետևում – լսել եք` Ռուսաստանը փակել է Բելոռուսիայի կաթնամթերքների մուտքը իր շուկա` մի իսկական առևտրային պատերազմ մերձավորագույն դաշնակցի դեմ: Ինչու՞ այս լուրը այսքան դիպչում է հայիս սրտին – պատճառը ռուսական կայսրության բնավորության յուրահատկությունն է, որն իր փշոտ կողմով շատ անգամ վիրավորում է` հատկապես մերձավոր ազգերին: Տեսեք, Ռուսաստանը 1990-ականների սկզբին իր ոսկու պաշարի զգալի մասը ծախսեց ատասահմանյան զուգագուլպաներ և այլ զիբիլ ներկրելու համար, մինչև երեկ ներկրում էր միլիոնավոր տոննաներով “բուշի տոտիկներ”, այսօր էլ նրա շուկան բաց է եվրոպական մսամթերքի և այլ ապրանքների դեմ, բայց դրել ու փակել է Բելառուսիայի կաթնամթերքի ճանապարհը:

Բելոռուսիան – այս երկիրը և նրա առաջնորդը հետխորհրդային շրջանում պահպանեցին իրենց ազգային սեփականությունը վայրի սեփականաշնորհումից, այժմ ՄԻԱԿ ԵՐԿԻՐՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, որ տնտեսական աճ ունի, կրողն է սլավոն սուպերէթնոսի միասնական մշակութային տարածքի ստեղծման գաղափարի, Ռուսաստանի հետ տնտեսական և մշակութային ինտեգրացիայի: Սրանով Բելոռուսիան կանգնում է գլոբալացման այն ալիքի դեմ, որը քայքայում է ազգային տնտեսությունները, մշակույթները, ապրելակերպը… Եվ ռուսական կայսերական մեքենան զարկում է այս երկրին – թե ու՞ր պիտի գնա, մեկ է` մեր հետ է լինելու, մեր ոտն է ընկել…

Ես սիրում եմ Ռուսաստանը, գիտեմ, որ մեր “եվրաինտեգրման” և “եվրաչափանիշների” մոլությունը անցնելու է, մեր ճանապարհը Ռուսաստանի հետ է, Ռուսահայաստանի տարածքի վրա ապրեց հայությունը, անգնահատելի եմ համարում այժմ ռուս զինական ուժի ներկայությունը մեր սահմանին, բարբաջանք եմ համարում այն դուրս բերելու մասին բոլոր կոչերը, պաշտպանում եմ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղժման մասին` այսօր կնքված համաձայնագիրը: Եվ այս ամենի հետ ասում եմ` պետք է զգոն լինել և ժամանակին զարկել ռուսական կայսերական թաթին, որը հատկապես անխնա է մերձավոր դաշնակիցների և հավատարիմների նկատմամբ…

Մորմոքում է Բոբ Մառլին – սևամորթ երգիչը երգում է աշխարհի միասնության մասին:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.06.2009, 23:55
Այսօրս` 15 հունիսի 2009թ, ավարտվում է:

Նայում եմ մեր բակի խաղահրապարակին: 3-10 տարեկան մանուկներ են… Բայց մեկ-մեկ գալիս են արդեն դեռահասներ – ահա 13-14 տարեկան աղջնակը… Մազերը երկար են, հարթ ու առատ` գրեթե օրիորդական շքեղության – գեղանի ձիուկի նման ցնցում է գլուխը, մազերը ծփում են, ձեռքերով գրկում է մազերը, փայփայում, փռում է ուսերին, ապա հավաքում և ձախ ուսի վրայով առաջ նետում, դունչը խրում փնջի մեջ և երազկոտ մի պահ քարանում… Նա պատրաստվում է ապրել…

Բնությունը ազգին տալիս է հրաշալի ժառանգական նյութ – լինում է, որ շատ երկար նայում ենք մանուկների խաղին և տեսնում ենք հայկական բնածին գեղեցկության անվերջ ապարանջանը: Երկիրն այդ ապարանջանը առնում է կրծքին, ջերմ փայփայում վաղ մանուկ տարիքում, բայց ահա կգա դպրոցը, կգա կյանքը, և կխամրի չքնաղ ապարանջանը…

Այս օրերին հանրային հայացքը միասնական պետական քննություններին է ուղղված:“Թեսթ” ասած բանը դարձավ մեր կյանքի մութ բաղադրիչը – մեր կյանքը, գրականությունը, գիտությունը, կրթությունը, բնավորությունը պետք է անցնեն այս “թեսթի” թրի տակով, պրիմիտիվ ալգորիթմը պատառոտում է սրանց, զրկում էությունից, գցում ճիվաղ ոտքերի տակ ու տրորում… Այս ամենը կազմալուծվում է, բայց ամենաողբալին երեխայի անձի դեգեներացումն է: Այս օրերին մի երկրի` Ռուսաստանի առողջ կրթական ուժերը տագնապ են հնչեցնում: Հայաստանում իդիլիական խաղաղություն է: Հայ գրականությունից 20 բալ է ստացել ընդամենը 12 աշակերտ: Հայ գրականությունը - նրա ոգին, գեղագիտությունը, հումանիզմը, հատակապես` հայ պոեզիան, կորցնում են իրենց ամբողջական կերպարը և չեն դաջվում երեխայի հոգու մեջ… Հայոց Հելիկոնում, կարծում եմ, սուգ է – Ալիշանը և Պեշիկթաշլյանը, Չարենցը և Թումանյանը ողբում են, որ հայ ժառանգական նյութը զրկվում է հայոց լեզվի ու գրականության խնամքից…

Սա քիչ է` շարունակվում է հայկական հեռուստատեսությունների զանգվածային սերիալային ավազակային հարձակումը մեր հոգու և կյանքի վրա – մենք “Արմենիա” ալիք չունենք, հենց նոր մերոնցից մեկն ասաց, որ այստեղ այնպիսի սերիալներ են, որ “Որոգայթները” գլուխը պատին են տվել…

Հիմա ի՞նչ ասենք, ինչպե՞ս ասենք, ու՞մ ասենք, որ չխախտենք համացանցի էթիկան – այն որոշումներ ընդունողներին, որոնք մշակութային-կրթական ահաբեկչության են ենթարկում իրենց ազգը – Ա~յ ոչ ասուն արարածներ, ե՞րբ եք նստելու ինքներդ ձեր հանդիման և հարցնելու եք ինքներդ ձեզ – էս ի՞նչ ենք անում… Ու՞մ դրդումով, ի՞նչ դավադրությամբ, ի՞նչ եղկելի շահի թելադրանքով…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.06.2009, 23:21
Այսօրս` 16 հունիսի 2009թ, ավարտվում է:


Առավոտ է, արև է: Սակայն մի անտեսանելի ձեռք մի կողմ է քաշում վարագույրը, որի վրա նկարված է Արևը և բացում է բեմը…

Բեմին սառել է քնած դշխուհին – Մայրը: Նրա թարթիչներին եղյամ է նստած, ճակատին` բարակ ձյուն է, ձեռքերը անշարժ են… Միայն կրծքի` գրեթե աննշմարելի ելևեջն է ասում, որ շնչում է… Անտեսանելի բժիշկը լսում է նաև նրա սրտի խուլ զարկերը…

Մայրը հիվանդ է, ձյուները պատել են նրան: Եվ թեկուզ Արևը շողում է Տիեզերքում, և ձյուները կայծկլտում են, բայց անուժ ճառագայթները չեն տաքացնում Մորը:

Ո՞վ է, այդ ո՞ր զավակն է, որ տաք շնչով ուզում է հալեցնել Մոր թարթիչների եղյամը, տաքացնել սառը ճակատը, ուշքի բերել ծնողին: Օ~, դա պատրանք է, բեմը դատարկ է:

Լճերը սառն են, սառույց են կտրել նրանց մեջ ապրող ձկները: Ձկները չեն խոսում, նրանք լռության խորհրդանիշներն են: Լռություն է: Մայրը չի լսում և չի խոսում: Մայրը հոգնել է:

Ո՞վ սիրտ ունի, ո՞վ ձայն ունի, ո՞վ զորություն ունի: Թող մտքի մեջ աղոթք կարդա, թող ձայն տա, թող բռնի ու տաքացնի մոր ձեռքերը… Նա, ում միտքը կհասնի ադամանդի կարծրության, Արևի ջերության և ցողի անկեղծության` նա կարթնացնի Մորը: Մայրը կարթնանա: Կճանաչի զավակներին: Բոլորին – առանց խտրության: Եվ կհալվի նրա թարթիչների եղյամը…

Ո՞վ սիրտ ունի, ո՞վ ձայն ունի, ո՞վ զորություն ունի…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.06.2009, 23:54
Այսօրս` 17 հունիսի 2009թ, ավարտվում է:

“Օսկարը և Վարդագույն Տիկինը” - այսօր կարդացի. Արյան քաղցկեղով տառապող մանուկ Օսկարը տաս օրում ապրում է 100 տարվա կյանք, դառնում է հարյուր տաս տարեկան և … մահանում է: Նա այս տաս օրվա ընթացքում հասցնում է “ամուսնանալ” չքնաղ Պեգի Բլյուի հետ, որը պառկած է հիվանդանոցի հարևան պալատում: Ամեն օրը Օսկարը բարեկամական նամակ է գրում Աստծուն… Եվ Արարիչը նրան բացում է Կյանքի գաղտնիքը:

Օսկարը գրում է. “Դու ինձ բացեցիր քո գաղտնիքը. Պետք է ամեն օր նայել աշխարհին այնպես, կարծես նրան տեսնում ես առաջին անգամ:”
“Ես հետևեցի քո խորհրդին և օգտագործեցի այն: Ես հայում էի աշխարհը, օրվա գույները, ծառերը, թռչունները, կենդանիները: Ես զգում էի, թե ինչպես իմ ռունգերի մեջ մտնում է օդը և ստիպում է շնչել: Ես լսում էի միջանցքից եկող ձայները` որպես տաճարում հնչող ձայներ: Ես ինձ կենդանի զգացի: Իմ մեջ լցվում էր մաքուր ուրախության դողը: Կեցության երջանկությունը: Ես լցված էի հրճվանքով ու զարմանքով: Աստված, շնորհակալ եմ, որ դա արեցիր իմ համար: ...Դու ինձ մտցրեցիր գաղտնիքի սիրտը, որ ես հայեմ այդ գաղտնիքը:”

Մանուկ Օսկարը տաս օրում հասունացավ… Ես զգացի, որ ես էլ հասունացա այդ մանկան հետ: Ես, որ վեցերորդ տասնամյակս անցել եմ… Այդպես եղել է շատ քիչ – միայն այն զարմանալի, ահռելի օրերին, երբ կյանքը բացում է իր խորունկ խորհուդներից մեկը:

Մենք պետք է հասունանանք: Մենք անգետ մանուկներ ենք… Մենք ծերանում ենք մեր ինտելեկտի, էգոյի, խելքի, տրամաբանության բավիղներում – ծերանում ենք, բայց չենք հասունանում: Մենք հատկապես ծերանում ենք սոցիալական պայքարի և քաղաքականության բավիղներում: Մենք պետք է հասունանանք… Վերցնենք կանաչ տերևը, նայենք-հայենք-մխրճվենք-նորից հայենք-նորից նայենք նրա գծերին, կանաչ խավին, կանաչ “երակներին”, որ եզրերից ձգվում են դեպի տերևի կենտրոնը, իսկ այնտեղ լցվում են “գետի” մեջ, որ հոսում է դեպի կյանքի արմատը… Այդպես տեսնում ենք Արարչի դեմքը: Կամ տեսե՞լ եք քիվի վրա քայլող աղավնուն – հպարտ գլուխը, վճիտ աչքերը նայում են անհունին, քայլքը` անմեղ է ու արքայական: Այդպես կնայենք և կտեսնենք Մայր Աստվածուհու գեղեցկությունը: Եվ կհասունանանք…

Բարի գիշեր:

Հ.Գ. Ընթերցողս, գտիր համացանցում. Эрик-Эмманюэль Шмитт, “Оскар и Розовая Дама”…

Հեղինակ
18.06.2009, 23:52
Այսօրս` 18 հունիսի 2009թ, ավարտվում է:

Այսօր աշխատում էի այն ձեռնարկի վրա, որ պայմանականորեն կոչել եմ “Արշալույս” – 2: Այս օրերին Հայաստանում իշխում է նորին մեծություն թեսթը – աշխարհը մասնատողը, ամբողջի փշրողը, գեղեցկության լուծարողը, երեխային դեբիլացնողը: Թեսթն է որոշում երեխայի ապագան, նա է տալիս իրեն կազմողների հացը - և ի~նչ եռանդով կազմողները թեսթերը դարձնում են ավելի բարդ, ծուղակային… Եվ ահա, այդ հանրային-թեսթային հիպնոզի դեմ պայքարի մի ճանապարհ կա – ստեղծել կրթություն ԱՄԲՈՂՋԻ ՄԱՍԻՆ – որ երեխան աշխարհը տեսնի որպես ամբողջություն…

Ահա, “Արշալույս” – 2 ձեռնարկի մեջ կրթական այդ իղձն եմ ուզում իրականացնել: Աշխատանքիս հաճելի փուլն է, երբ նյութը պատրաստ է, անհրաժեշտ է կառույցի բերել, գիրքը տեսնել… Ներկա բնագիտությունը – միայն նյութն է, նրա կառուցվածքը, հատկանիշները, էներգիայի շոշափելի տեսակները: Բայց մի օր երեխան կարող է հարցնել, թե այդ ի՞նչ էներգիա է, ի՞նչ անիմանալի հրաշք է, որ ատոմի կառույցի մեջ էլեկտրոնը կարող է միլիոնավոր տարիներ պտտվել ատոմի միջուկի շուրջը... Իսկ պատճառն այն է, որ ամեն տարրական մասնիկի մեջ դրված է նախաստեղծ արարչական էներգիան և բանականությունը: Էլեկտրոնը ՍԻՐՈՒՄ է, պրոտոնը ՍԻՐՈՒՄ Է… Քարի մեջ բանականություն և հուր կա, բույսը զգում և ճանաչում է, կենդանին սիրում է… Բնության մեջ շրջանառում են Սիրո Էներգիան, Կարեկցանքի Էներգիան…

Այսօր մի շնչով կարդացի Է.-Է. Շմիտտի “Մսյո Իբրահիմ և Ղուրանի ծաղիկները” վիպակը: Զվարթ, կենսուրախ, իմաստուն մսյո Իբրահիմը – նա իր մեջ, իր կերպարի մեջ առնում է իսլամի մի շքեղ ճյուղի` սուֆիզմի գեղեցկությունը: Ո՞ր կրոնն է ավելի կենսական – այն կրոնը, որը չի պակասեցնում կյանքի տված ուրախությունը… Այդպիսին է եղել մեր նախնյաց – արիների հավատը: Նրա հեթանոսական ուրախությունը անցել է հայկական քրիստոնեության տոների մեջ... Ազգերի բոլոր առավելությունները նրանց բնիկ ժառանգականությունից են, արարչածին գաղտնագրերից, որ դրված է նրանց հոգիների մեջ, իսկ բոլոր թերությունները – նրանց կրոններից է: Ցավոք սրտի: Ազգերի հոգիները նրանց մոտեցնում են, իսկ կրոնները` բաժանում են…

Այսօր Հայաստանը հյուրընկալում էր Սիրիայի նախագահին` Բաշար ալ-Ասադին: Սիրիական պետականության ուժը նրա ազգայնականության մեջ է – այն Արաբական Արևելքի առավել կազմակերպված, ինքնագիտակից, էթիկական որոշակի լիցք ունեցող պետականությունն է: Եղեռնից հետո Իսմիլ խաթունը կաթ տվեց մեր Թլոր Դավթին: Ողջու~յն Սիրիայի նախագահին:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.06.2009, 23:58
Այսօրս` 19 հունիսի 2009թ, ավարտվում է:

Երևանյան օրերը տաք են և բուրում են մայրական թևերի նման: Առավոտյան դեմս ելավ պատկառելի տարիքի ու տեսքի մի կին – լայն, խաղաղ ու խիստ դեմք, հոգնության ու արժանապատվության կնիքով, ձեռքին` մի հսկա ծաղկեփունջ էր: Ծանր ու հաստատ քայլքով գնում էր այդ Մայրը: Ես զարմացած նայում էի – իմ առջև Մայրության անձեռակերտ ու ապրող… մոնումենտ էր:

Օրեր առաջ – հաղորդում մի ականավոր Կնոջ և Մոր մասին. Վերա Մուխինա, ռուս մեծ քանդակագործը – գիտեք հայտնի քանդակը` “Մոսֆիլմի” խորհրդանիշը: Խստահայաց, մի քիչ տղամարդկային դիմագծերով այս կինը – զարմանալի տաղանդ, զարմանալի ու դժվարին ճակատագիր… Նրա ամուսինը` ոչ պակաս լեգենդար, ոչ պակաս դժվարին ճակատագիր: Բժիշկ Ալեքսեյ Զամկովը 1930-ականներին գիտական սխրանք է արել – ցույց է տվել, որ հղի կնոջ մեզը պարունակում է առողջարար հորմոններ և կարող է բուժել բազում հիվանդություններ: Ուրինայից ստացել է “Գրավիդան” դեղանյութը, ստեղծել է ինստիտուտ, այդ դեղով բուժվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` ստալինյան ռեժիմի գործիչներ, հանրահայտ Կլարա Ցետկինը… Մի երկրամասում մալարիա է եղել, հղի կնոջ ուրինայով հիվանդների 80%-ը բուժվել է…

Եվ ի՞նչ – կարծում ե՞ք` կոչում ու պատի՞վ են տվել. – չէ~, շառլատան են կոչել, չնայած կնոջ մեծ փառքին նույնիսկ` չեն խնայել, ինստիտուտը փակել են, “Գրավիդան” –ը արգելել են… Զամկովը` ճնշված ու լքված` մահացել է սրտամկանի ինֆարկտից…

Բայց գամ մեր օրերը, մեր կյանքին… Հիվանդ է մեր կյանքը, և միայն կինը, մայրը կարող է մեզ բուժել: Կնոջ մեջ ամեն ինչ ապաքինող է – ժպիտը, քնքշությունը, իր շուրջը կյանք ու ջերմություն ստեղծելու կարողությունը: Հղի կինը – Արարչի դեսպանը մեր մեջ: Եվ հիմա էլ պարզվում է, որ հղի կնոջ ուրինայով կարելի բուժել գրեթե բոլոր հիվանդությունները: Իմ և Առողջագետի համար ուրինոթերապիան նորություն չէ, բայց հասկացանք, թե որքան ճիշտ ու արդյունավետ կլինի այս տարբերակը… Հին միստերիաների, արխետիպերի, նաև երազների մեջ ուրինան ներկայանում է որպես մաքրագործման, ապաքինման խորհրդանիշ…

Դե ի~նչ, ընթերցողս, ցանկանանք, որ մեր հարսները շատ անգամ հղիանան, լցվեն արարչական հյութերով, նրանց արյան մեջ վազեն ոսկեշունչ հորմոններ, նրանց ուրինայի մեջ լցվեն ապաքինող ու կայտառ նյութեր… Եվ ես ու դու, ընթերցողս, խորհրդանշորեն վերցնե~նք հայ հղի կանանց ուրինան` ոսկե գավաթների մեջ և ցփնե~նք մեր հիվանդ հայոց աշխարհի, մեր հիվանդ պետության վրա… Որ առողջանան… Վերջում էլ ես ու դու մի-մի կում պահենք մեզ համար և ըմպենք հանուն մեր ապագայի – հավատա` բացարձակ մաքուր, անմանրէ, հարուստ, արարչական հեղուկ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
21.06.2009, 00:35
Այսօրս` 20 հունիսի 2009թ, ավարտվում է:

Հիշում եք` մի անգամ գրել էի – Եհովայի վկա տիկինը, որ դուռը թակում է և պատրաստ է “անվճար աստվածաշնչյան կրթություն” տալ հենց տանը… Երեկ երրորդ անգամ զանգը տվեց, ես էլ հարցում արեցի. “Էդ Եհովա աստվածը չի՞ ասում` մի մարդավարի գրաֆիկ կազմիր – ու՞ր ես գնացել, ո՞ր շենքն ես մտել, ո՞ր դուռն ես թակել, ի՞նչ պատասխան ես ստացել… Եվ ապա, տիկին, մեզ աստվածաշնչյան կրթություն են տալիս բացվող օրը, նոր բացված ծաղիկը, հայրենի հողի պտուղներըը, երեխաների կանչերը: Մի խոսքով` կյանքը… Մենք զայրացած ու նևրասթենիկ աստծո հետ չենք ուզում գործ ունենալ…” Այսպես ասացի և ճանապարհեցի եհովական անկոչ “հրեշտակին”:

Հայաստանում նշվելու է հայ գրատպության 500-ամյակը: Շատ լավ, աշխարհի գրասեր ազգերից մեկն ենք… Այսօր բարձրագույն իշխանությունը նիստ էր անում` միջոցառումներ մշակելու համար: Շատ ախ ու վախ է անում իշխանությունը – գրադարաններն են կրճատվել, ֆոնդերը չեն թարմացվում, գրախանութներ չկան… Քայլեր են նախանշվում: Բայց չենք մոռանալու – 1990-ականներին եղավ այս ավերը, երբ երկրի բարձրագույն իրական իշխանությունը մի քանի հայ գրողի ու գրագետի ձեռքին էր…

Չէ~, մեր հույսը էլի մնում է “պատմության անիմանալի ընթացքի վրա…” Այսօր տեսանք Վայքի Հերհեր գյուղի մանուկներին, որ երգում էին մեր հին ու հավերժ մանուկ երգերը: Պարուսույց-երգուսույցը մեր աշախատակիցն է եղել… Հնամենի մի սրբատեղիի մոտ` երկշարք կանգնած մանկական երգչախումբը ոսկեձայնում էր մի զվարթ երգ… Հիշեցինք այն տարիները, երբ մեր երեք զավակներին Առողջագետի հետ տանում էինք երգի-պարի – մի քանի ամսում Վահանս “պարբաշի” էր արդեն, Հայկիս հետ թռնում էին, դեռ փոքր Հարությունս շարքի վերջում էր…

Հայ երգի-պարի հետ կապված` ևս մի անձնական դրվագ… Վարդենիս էինք գնացել – գիշերով հոգնած եկանք Գեղարքունիք` հայրական տուն: Սիրտս ծակում էր – օրը լարված էր եղել – պառկել ենք` պուլսս արագ է, շունչս կտրվում է, ոչ կաթիլ կա, ոչ վալիդոլ, գիշերվա ժամը մեկն է… Ես էլ, մեր մեջ ասած, նման դեպքերում շատ եմ խառվում իրար… Առողջագետս ելքը գտավ ու ասաց. “ Մտքիդ մեջ երգիր երեխաների երգերը – “Դոգուրմա”, “Կաջլան եկավ…” – երգիր, կլավանաս…” : Երգեցի, ամեն երգի հետ պուլսիս հաճախությունը 5-ով իջնում էր… Կես ժամ հետո` երգելով խաղաղ քնեցի…

Ընթերցողս, եթե էսօր քեֆդ լավ չի ու քունդ չի տանում` երգի~ր մեր երգերը…

Բարի գիշեր:

Հեղինակ
22.06.2009, 00:37
Այսօրս` 21 հունիսի 2009թ, ավարտվում է:

Հունիսի 21-ը Երաժշտության օրն է – այսօր շատ երկրներում երաժշտարվեստը փակ դահլիճներից դուրս է գալիս բաց հրապարակներ… Առողջագետի հետ հենց նոր վերադարձանք համերգից – կոնսերվատորիայի այգում էր, մեր կամերային երգչախմբերն էին: Կոմիտաս էին երգում – այս տարի 140-ամյակն է…

Կոմիտաս – մեր հոգու մեծ թարգմաններից մեկը: Նա Արևելքի բազմաթել երաժշտական հյուսվածքի մեջ գտավ-առանձնացրեց-փայլեցրեց հայ երգի-պարի ոսկե թելը: Գտավ հայ երգն ու պարը, և վարպետ ձեռքով, զգուշորեն երբեմն մաքրեց ու մշակեց, եվրոպական ավարտուն ձևերի մեջ դրեց…

Բայց պետք է հանդգնեմ ու ասեմ – հայ գեղջուկ երգը` իր բնական ծննդից ու բազմադարյան կյանքից հետո այնքան կատարյալ է, որ նրան ձեռք տալը - նույնիսկ Կոմիտասի ձեռքը – մի բան կխաթարի, մի ջերմին նրբերանգ կհեռացնի… Սա զարմանալի իրողություն է… Հայ բնիկ երգը նախ Արարիչը քթի տակ, իր համար երգել է – մեր հոտաղն ու կալվորը, բանջար հավաքողն ու սիրուց կրակված հարսնուկը լսել ու երգել են… Ախր, այդ չքնաղակերտներին ինչպե՞ս դիպչել…

Արարիչն ու գեղջուկը – նրանք են հայ երգի հավասար համահեղինակներն են, Կոմիտասը` հայտնագործողն ու ներկայացնողն է: Հայ երգի ապագան տեսնում եմ – շարունակել կոմիտասյան սխրալի ուղին, շարունակել փնտրումը, գզրոցներից հանել դեռևս չերգված երգերը – ՀԱՆԵԼ, ԲԱՅՑ ՉՄՇԱԿԵԼ, այլ միայն մի քիչ մաքրել, փոշին հեռացնել… Չհանդգնել անել այն, ինչ միայն Կոմիտասին էր թույլատրելի: Եվ փոշին հեռացնելիս` ամեն վայրկյան խորհրդի նստել Վսեմ Հեղինակների հետ…

Փա~ռք Հայ Արարչին, Հայ Գեղջուկին և Կոմիտասին – այս խաղաղ ժամին համբուրում եմ նրանց հողաբույր, արարչաբույր աջերը…

Բարի գիշեր:

Հեղինակ
22.06.2009, 23:15
Այսօրս` 22 հունիսի 2009թ, ավարտվում է:



Համբուրագիտություն

Պարզվում է` բրիտանական գիտնականները հիմնել են գիտության նոր ճյուղ, որն ուսումնասիրում է մարդկային համբույրի ֆիզիոլոգիական, հոգեբանական և այլ հատկությունները: Նոր ճյուղը կոչել են ֆիլեմատոլոգիա, հայերեն` համբուրագիտություն: Արդեն պարզել են, որ երկու սիրահարների ռոմանտիկ համբույրը ոչ միայն զգացմունքային պայթյուն է ծնում, այլև ակտիվացնում է մի շարք հորմոնների գործունեությունը, պակասեցնում է սթրեսային հորմոնների մակարդակը…

Շատ լավ, համբույրի դրական ազդեցությանը ոչ ոք չի կասկածում, իսկ դրա գիտական հիմնավորումը գուցե և հրաշալի է… Սակայն զարմացնում է անգլոսաքսոնական կիրքը – աշխարհը մասնատել, մանրացնել և ուսումնասիրել հերթական մասի հատկանիշները: Շուտով հերթը կհասնի, օրինակ, ծիծաղի ազդեցության ուսումնասիրությանը – ծիծաղաբանության միջոցով, - դրա հետևից կգա խուտուտաբանությունը, քորաբանությունը… Այստեղ նոր գիտությունների ստեղծման լայն ասպարեզ կա…

Ես էլ մի քանի գիտական նոր ճյուղեր ստեղծելու գաղափարներ եմ տալիս: Հենց այնպես եմ տալիս, անվճար: Ավելին` հետամուտ չեմ լինելու հեղինակային իրավունքներիս պաշտպանությանը: Սկսեմ.

Երեսպաշտագիտություն. – ի՞նչ է լինում մարդու հետ– ի՞նչ իմուն, հորմոնալ փոփոխություններ, - երբ նա կատուների իրավունքների մասին իր պառլամենտում կարող է օրինագիծ քննարկել, և նույն ժամին սառնասրտորեն, առանց հիմնավոր պատճառի զորքեր մտցնել որևէ խաղաղ երկիր – և, հետևապես, պատերազմական հանցանքներ անել…

Մարտաֆիլմագիտություն. – Այն կուսումնասիրի այս ֆիլմերի - ծեծուջարդի, սպանության ազդեցությունը երեխաների վրա - և կհայտնաբերի այն հսկայական դրական տեղաշարժերը, որոնք լինում են նրա հոգեբանության մեջ` ամրապնդելով երեխայի էթիկական և ֆիզիկական առողջությունը, և դրանով կնպաստի սուպերմենների բուծմանը ամբողջ քաղաքակիրթ աշխարհում:

Ապոկալիպտոլրատվագիտություն – մեկ լրահոսի մեջ 5 և ավելի լուրերը կատալիզմների ու աղետների մասին ինչքանո՞վ են բարձրացնում մարդու հոգու պայծառությունն ու լավատեսությունը և նպաստում են նոր էկոլոգիական աշխարհայացքի ձևավորմանը:

Հոյակապ գիտական ճյուղ կլինի Ֆաստֆոււտ-հոտդոգագիտությունը, որը կհիմնվի ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Իսկ Հայաստանում մեծ հեռանկար ունի թումանյանիշաուրմագիտությունը: Բարով վայելեք գաղափարներս, արտոնում եմ անհատ ձեռներեցների` “Այսօրիս” այս էջը վաճառել բրիտանացիներին և բիզնես անել…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.06.2009, 23:49
Այսօրս` 23 հունիսի 2009թ, ավարտվում է:

Զոհվել են “Որոգայթի” հերոսներ Գարիկն ու Գոքորը - ցավոք, սա այսօր Հայաստանի առաջին նորությունն է: Որևէ կյանքի ընդհատումը, այն էլ ծաղկուն տարիքում, ցավ է և ընտանիքի, և հանրության համար – դառն է գիտակցել, որ մարդու կյանքի առաքելությունը մնաց անավարտ… Ցավակցում եմ:

Հիմա` ըստ էության: Տիեզերքում ոչ մի բան պատահական չի լինում – այս մարդկանց ողբերգական հեռանալը, վստահ եմ, լավ էքստրասենսը կտեսներ ամիսներ ու տարիներ առաջ: Նրանք իրենք էին ողբերգորեն կերտել իրենց կորուստը: Նրանք մահվան ու բռնության պատկերներ ստեղծողներն էին: Նրանք մահվան և բռնության երգիչներն էին:

Մարդու արտահայտած որևէ միտք, մարդու ստեղծած որևէ կերպար չի կորչում – սերիալն ավարտվում է, բայց նրա “կրկնօրինակը”` որպես մտաձևերի և կերպարների գումար, մնում է քվանտային դաշտում, մտնում տվյալ համայնքի կոլեկտիվ ենթագիտակցականի մեջ, ուժեղացնում է մահի և բռնության մոլորակային արխետիպերը… Հատկապես, այս կերպարները ամուր տեղավորվում են մանուկների ենթագիտակցության մեջ, ձևավորում են նրանց անհատականությունը: Թե ինչպիսին է լինում այդ ազդեցությունը, ինչ անհատականություններ կարող են ձևավորվել` կարելի է միայն պատկերացնել:

Ահա, ուրեմն, ցավակցելով Արամ Միսկարյանի և Գեղամ Ղանդիլյանի մահը – միաժամանակ պարզ ու հստակ ասում եմ, որ նրանց հեռանալը հայ համայնքի կյանքից` տիեզերական չափանիշներով արդարացի իրադարձություն է: Այն Բնության իրականացրած քայլն է և նշանն է այն բանի, որ հայ ազգային համայնքը դեռևս լրիվ ոտնատակ չի եղել և իր ընդերքում կարող է հաունացնել իրադարձություններ, որոնք կոչված են պաշտպանելու ԻՐ ԿՅԱՆՔԸ` իր իսկ մի մասի մահացու հարձակումներից: Իսկ որ մարտնչող և ցինիկ հակամշակույթը մահացու վտանգ է և մեր ազգի, և մարդկության ապագայի համար` ես որ գրել եմ բազում անգամ… Այդ խեղճ դերասաններն էլ` ի վերջո միայն զոհեր են… Զոհեր` գիտակից և լավ կազմակերպված հակամշակութային հանցագործության...

Բարի գիշեր:

Հեղինակ
24.06.2009, 23:55
Այսօրս` 24 հունիսի 2009թ, ավարտվում է:

Օրն ավարտվում է – սիրտս, ի՞նչ ես ուզում ասել մարդկանց: Ա~խ, մարդկային կյանքի ստվերները… Որքան գրավիչ է` տեսնել օրվա ու դեպքերի մութ կողմերը և տալ լույսի բանալիները: Բայց չենք տեսել մի դեպք անգամ, երբ մարդուն ասես իր կամ երկրի կյանքի ստվերի, հիվանդության մասին, և այդ մարդը լավանա, առողջանա – չէ~, չարությունն է եղել միայն պատասխանը…

Ուրեմն, գոնե այսօր – միայն լույսի մասին: Վաղ առավոտ էր, այն թարմ ու մանուկ ժամը, երբ մենք բաց ենք իրար ու բացվող օրվա առջև… Առողջագետս մի հղում ուղարկեց – մի շատ խոր աշխատանք էր Աննա Ախմատովայի մասին: Թողեցի օրվաս գործը – ռուս բանաստեղծուհու` մի քիչ արևելյան պրոֆիլը, ազնվական պարանոցը, խորունկ ու թախծալի հայացքը և պոեզիան – այդքան անկեղծ կարող է խոսել միայն ռուս կանացի հոգին – գրավեցին ու տարան ինձ դեպի կնոջ սրտի նրբակերտ ապրումները: Պատկերացնու՞մ եք – կինը պատմում է իր սրտի կյանքը - և բանաստեղծության հատորի մեջ չես կարող գտնել մի ավելորդ ածական, մի սեթևեթանք, մի ծույլ ու հոգնած տող… Զնգում է բանաստեղծությունը – առավոտյան արևի նման, թախծող մայրամուտի նման, սիրտ պատառոտող անձրևի նման… Կուզենայի, շատ կուզենայի ռուս կանացի պոեզիայի լուսաշարը հասներ հայ չքնաղ կանացիությանը և կրթեր նրան - Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաևա, Բելա Ախմադուլինա, Մարիա Պետրովիխ, Վերա Զվյագինցևա…

Վահան Տերյանը, Գանձան… “Կարոտ” հաղորդաշարի հաղորդումն էր – հին նկարահանում էր – 2004թվի… Սիրում եմ հայ բնիկ գյուղը և նրա մեջ եմ տեսնում մեր մշակույթի ակունքը: Եվ վերջին տարիներին – լի եմ ցավով, որ հայ գյուղական համայնքը քայքայվում է: Այսօր սիրտս ապաքինեց Գանձան… Պատկերացնու՞մ եք` էն լավ տարիներին այս գյուղը 4 … թատերական խումբ է ունեցել, բեմադրել են Շեքսպիրի “Օթելլոն”… Զնգում էր Կարնո բարբառը: Ցնցում էր հայ մարդու – օտարի ձեռքի տակ գտնվող, բայց չհնձնվող հայ համայնքի մանկական իդեալիզմը և հավատը – առ իր ոգին ու մշակույթը…
Կարնո բարբա~ռ – այս սրբազան ժամին համբուրում եմ ամեն բա~ռդ, հնչյու~նդ, շե~շտդ – սիրում եմ քեզ, սիրում եմ կապույտ մշուշների մեջ, հոգսի ու մաքառումի մեջ ապրող այն համայնքները, որոնց շուրթերին դու ամեն օր բոցավառվում ես…

Բարի գիշեր:

Հեղինակ
25.06.2009, 23:31
Այսօրս` 25 հունիսի 2009թ, ավարտվում է:

Արցունք են ոթում – տնային տնտեսուհիներ, գեղեցկադեմ օրիորդներ,, երգիչներ, դերասաններ… Կապույտ երկնքում մխրճված եկեղեցու գմբեթն էլ թերևս ուզում է ինչ-որ բան ասել: Մարդիկ վարժվել էին այս երկու կերպարներին: Հիմա գնացին – ինչպե՞ս լցնել կյանքը: Եվ արցունք են թափում – ոչ հեռացածների, այլ իրենց համար: Որովհետև առջնորդներ և հերոսներ չունեն: Ստիպված քրեական սերիալի կերպարներին են տվել իրենց սիրտը: Անհերոս ժողովուրդ – խղճալի է քո թափորը…

Երկու փոքր, բայց համառ ազգ ապստամբել էին մի փոքր, բայց ազգերը համառորեն ուծացնող կայսրության դեմ – այս կայսրության առաջնորդը դիմեց ագրեսիայի` այդ երկու ազգի հայրենիքները ոչնչացնելու համար: Ինչպես իր հարևանը փորձում է ոչնչացնել մեր հայրենիքի մի մասը: Հիմա այս փոքր կայսրը եկել է Հայաստան – համաձայն եմ` ճանապարհի խնդիր կա, նրա մայրաքաղաքում մեծ գաղութ ունենք, նաև բնիկ համայնք ու հող ունենք իր կազմում – հարաբերությունները չպետք սրացնել: Պետք է համատեղ ապրել: Սակայն այդ ո՞ր էթիկական օրենքով այս “կայսրին” մայր համալսարանի ոսկե մեդալ և պատվավոր դոկտորի կոչում ենք տալիս… Տալիս ենք և պատվավոր դոկտորին չենք հիշեցնում, որ իր ճաղավանդակների հետևում է հայրենի մեր համայնքի հերոսը – դատապարտված 10 տարվա բանտարկության: Ո՞նց է հանդիսավոր ընթրիքի հացը կուլ գնում… Ամաչում ենք` չլինի “կայսեր” տրամադրությունը ընկնի և ճակատին ընկած մազափունջը – որն համառորեն հիշեցնում է` չգիտեմ, թե ում – ահա չլինի` այդ մազափունջը նեղանա մեզանից…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.06.2009, 23:44
Այսօրս` 26 հունիսի 2009թ, ավարտվում է:

Մարդկայինը և տիեզերականը – մեկ օրվա մեջ, մի կտոր հողի վրա, մի հայրենիքում, մի համայնքի կյանքում – իմ սրտի սիրելիների համայնքը…

Առողջագետիս հետ այս երկու օրը վերհիշել ու վայելում ենք ՀՈՂԸ – կոշիկները հանում ենք ու քայլում կանաչների վրա – երեկ Թումանյանի այգում էինք, այսօր – Պողոսյան պարտեզներ… Մանուկները թավալ տալիս` գլորվում էին պարտեզի կանաչների վրա, աներկբայորեն ապացուցելով այն թեզը, որ Երկիրը կլոր է… Մայրիկները նայում էին նրանց խաղին – մայրորեն լիքը, խաղաղ, սիրառատ` ի ապացույց այն ճշմարտության, որ մեր մոլորակը անմայր ու անտեր չէ: Մենք էլ ապահովության զգացում ունեինք, որ այսքան մայր կա աշխարհում…

Դուրս էինք գալիս այգուց - և սրտիս միջով ցոլաց-անցավ մի ցավագին, ջերմ, տաք միտք, թե որքան մեծ բարիք է խաղաղ Հայրենիքը: Եվ այն մանուկը, որ Հայրենիք է կոչվում – կարիք ունի, որ իրեն ձեռքերիդ վրա առնես, խնամես, սիրես… Բայց այստեղ կա մի զարմանալի ու թաքնված իրոնիա – մի գաղտնիք, որին նոր ենք հասու եղել – եթե դու ուզում ես առողջ երկիր ունենալ, և գիշեր-ցերեկ հոգս ես քաշում, պայքարներ ես մղում, ճակատ ես տալիս ու ճակատ ես փշրում – ոչինչ չի ստացվի. – դու մի զավակ ունես, որին պիտի խնամես, մի պարտեզ ունես, որ պիտի ջրես, մի աշխարհ ունես, որ կարող ես փոխել ու պայծառացնել - և ԴԱ ԴՈՒ ԵՍ – առանց քո պայծառացման` քո Հայրենիքը մնալու է խավարի մեջ…

Տուն ենք դառնում… Մի գրկանոց մանուկ – սայլակի գահին նստած. թուշիկները լիքն են, երեսը` սպիտակ ու խաղաղ, աչքերը նեղ են, հայացքն ուղղված է անվերջին – մի հայ Բուդդա – ուղիղ` Երևանի սրտում… Չէ~, մեզ անծանոթ չէ Արևելքի իմաստությունը – մեկ էլ տեսար` այս Բուդդան ու մեր Քրիստոսը միասին հասնեն ու խոսեն մեր սրտի հետ… Անձրև է գալու, առաջին կաթիլները բերում են աստղերի բույրը: Մենք արագացնում ենք քայլը, մեզ հասնում ու անցնում է մայրը` մեր Բուդդան գրկի մեջ…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.06.2009, 23:54
Այսօրս` 27 հունիսի 2009թ, ավարտվում է:

Օրերս մի հետաքրքիր լուր հանդիպեցինք – Բելգիայի Գենտ քաղաքի իշխանությունները պաշտոնապես շաբաթվա մի օր – հինգշաբթին – հռչակել են “օր առանց մսի”: Գենտը – Եվրոպայի գեղեցիկ քաղաքներից մեկը, դարձել է բուսակերական շարժման պիոները: Եթե շաբաթը մեկ անգամ ամբողջ տարի մսից հրաժարվել – սա նույնն է, թե հեծանիվով անցնել 1250 կիլոմետր… Ես էլ այստեղ հաշվեցի` տարվա մեջ ես միս չեմ ուտում մի 360 օր, - ընթերցողս, ստացվում է, որ տարվա մեջ ես հեծանիվ եմ քշում … մոտ 10. 000 կմ: Ինչևէ, ես ու Առողջագետը շատ ուրախացանք այս լուրից – եթե մի քաղաքակրթության բնորոշ գծերից մեկը կենդանական սնունդն է, ապա ամեն քայլ, որ ընդհատում է այդ արատավոր շրջանը` նշանակալի իրադարձություն է: Ողջու~յն Գենտ քաղաքին…



Գենտ քաղաքը… Այս քաղաքը և նրա համալսարանը սիրելի են մեր սրտին – Գենտի համալսարանում է ուսանել Դանիել Վարուժանը: Հիշեցի, ձեռքիս առա Վարուժանի հատորը: Ահա, մեր այս օրերին նման հոգիներ են մեզ պետք, որոնք իրենց մեջ կրում են – “Ցեղին սրտից” մինչև “Հացին երգը” – ցեղի դյուցազնական ուժից մինչև ցորյանի արտերի քնքշությունը…

Սնել ոգին, սնել հոգին, սնել մարմինը: Մեր օրն այսօր հոլովվում էր իր սովորական ընթացքի մեջ – հերթական հեղինակը և գիրքը ճիշտ ժամանակին հասել են ինձ – գիրքը կլանում եմ` Առողջագետիս երբեմնակի անուշ կշտամբանքների ուղեկցությամբ… Մերոնք ինձ “խլեցին” գրքից և պատշգամբում նստած` վայելեցինք այն պոեզիան, որ ծնվել է մեր ճանապարհին…

Եվ քանի որ այսօր խոսք գնաց բուսակերության մասին, ապա մի քիչ գլուխ գովեմ, և ահա ի~նչ առիթով – ամառային խառը տոլման գիտեք` տաքդեղով, լոլիկով, սմբուկով, կաղամբով… Ընդունված է, որ այս տոլման մսով է լինում: Ես էլ, արդեն անցյալ տարի որոշեցի ապացուցել, որ այս տոլմայի անմահական համը մսի պատիվը չէ, այլ բանջարեղենի… Եվ բրնձի, կանաչիների, տարբեր համեմունքների այնպիսի մի լցոնում ստացա, որ հիշյալ բանջարեղենի հետ ծնեց բուսական տոլմայի այն փառքը, որ թնդում է մեր ընտանիքում – մեր պապայի տոլմա~ն… Ահա, այսօր այդ տոլման էինք արել – հա~, չմոռանամ ասել, որ նյութերը ես եմ պատրաստում, բայց անգին Առողջագետս է տոլման փաթաթողը… Բայց մերոնք տոլմայի փառքը ամբողջովին ինձ են վերագրում…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.06.2009, 23:46
Այսօրս` 28 հունիսի 2009թ, ավարտվում է:

Օրեր առաջ էր, մի հաղորդում եղավ – Օբամա հայրիկն ու մայրիկը` Բարաքն ու Միշելը, իրենց երկու աղջիկներին թույլ չեն տալիս ուսումնական շաբաթի ընթացքում հեռուստացույց նայել և ասում են` դասերն արեք, շանը կերակրեք և զբոսանքի հանեք… Անկասակած, սևամորթ նախագահը շատ բան է հասկանում, շատ բան գիտի… Նա գիտի, որ ամերիկյան հեռուստատեսությամբ երեխա չես կրթի: Նա, հավանաբար, գիտի, որ ամերիկյան կինո և հեռուստաարտադրանքը աշխարհի բոլոր երկրներում հեռուստատեսությունը դարձնում է անտանելի` երեխայի դաստիարակության տեսանկյունից… Օբաման մի սխրանք աներ և իր իշխանության տված իրավունքով` ելներ այդ համաշխարհային հակակրթության դեմ…

Երեխաները… Նրանք մեզ լուր են բերում Տիեզերքից: Նրանք բերում են իրենց հետ աստղերի բույրը: Նրանք բերում են իրենց բոլոր հայրենիքների գեղեցկությունը, լեզուն, առասպելները, էպոսները… Երեխաները գալիս են` աշխատելու և վերակերտելու մեր կյանքը: Բայց մենք նրանց, ծննդյան առաջին իսկ օրն ասում ենք` դուք պետք է լինեք այնպիսին, ինչպիսին մենք ենք – դուք պետք է կրեք մեր անունները, սիրեք մեր սովորությունները, պաշտեք մեր արժեքները, հավատաք մեր աստվածներին: Դուք պետք է լինեք մեր նման և մեր պապերի նման – մանավանդ` պապերի նման, ներառյալ` նրանց հագած չարոխները…

Բայց երեխաները զարմացած նայում են մեզ – նրանց աչքերում մի միտք կա, որ մենք չենք կարողանում կարդալ: Երեխաները մեզ ասում են` մենք եկել ենք Նոր Կյանք ստեղծելու… Մենք չենք հասկանում նրանց միտքը, և նրանց սրտի, մտքի, երևակայության վրա` է~լ բռնությամբ, է~լ կրթությամբ, է~լ հանուն մեր անմար սիրո` զոռով քաշում ենք մեր ապերջանիկ կյանքի կաշվե պատյանները… Ինչպիսի~ հանցագործություն:

Շոյում եմ մի գրքի էլեկտրոնային էջերը… Մի քանի էջ եմ կարդացել – սա լուր է մեր հավերժական հայրենիքից: Լուր է այս ժամանակներում մոլորակ եկած մանուկների մասին – ինդիգո-երեխաները: Նրանց մուգ մանուշակագույն աուրաները… Երեխաները եկել են մաքրելու, նորոգելու մեր կյանքը: Կարողանայինք չսպանել նրանց: Կարողանայինք` մեզ, մեր մոլորակը, մեր հայրենիքները հանձնելու այդ երեխաների խնամքին…

Բարի գիշեր:

Հեղինակ
29.06.2009, 23:41
Այսօրս` 29 հունիսի 2009թ, ավարտվում է:

Ամբողջ աշխարհում մի հարց է հնչում` ինչի՞ց է մահացել Մայքլ Ջեքսոնը: Նրա անձնական բժիշկը` սրտաբան Կոնրադ Մյուռեյը հայտարարել է, թե ինքը չի հասկանում, թե ինչու՞ է երգիչը մահացել… Գրեցին, որ այս բժշկին երգիչը վարձել է մի երկու շաբաթ առաջ` Մեծ Բրիտանիայում կայանալիք համերգներին նախապատրաստվելու համար: Եվ նա երգչի հյուծված մարմինը “կարգի բերելու” համար նրան նշանակել է 7 դեղից բաղկացած մի խթանիչ խառնուրդ… Հիմա զարմանում է` ախր, ինչու՞է դրել ու մահացել…

Այս պատմության մեջ մի կողմից` ամբողջ աշխարհն է ու միլիոնավոր երկրպագուները, որ ուզում էին` Մայքլ Ջեքսոնը երկար ապրեր ու իր արվեստով լիներ իրենց հետ, սրանց հետ` Մայքլի հարազատներն էին, որ հորդորում էին երգչին` հաղթահարել ծանր ֆիզիկական հյուծումը և նորից բեմ ելնել, վաստակել, կես միլիարդանոց պարտքերը փակել… Մյուս կողմում` այս բոլորի դեմ կանգնած է մի հոգի, մի տառապած, իր վերելքներից ու անկումներից հոգնած, բնության օրենքները խախտած ու տասնյակ վիրահատությունների ենթարկված, իր ճերմակ մաշկից զզված մի սևամորթ մարմին, աշխարհիկ խառնակչությունից ու փառքից այլևս փախչող ու մի այլ, ազատ աշխարհ փնտրող Բարձրագույն Ես – ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ: Նա ուղղակի որոշել էր հեռանալ: Եվ հեռացավ:

Ոստիկաններ, դետեկտիվներ, պաթանատոմներ, թունաբաններ, դատական բժիշկներ, փաստաբաններ – մի փնտրե~ք Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառը: Նա երկար տարիներ բռնադատել էր իր ֆիզիկական մարմինը, նա վիրաբույժի դանակով քերել և ամբոխին էր նետել արարչական պարգևը – իր սևաթուխ բնական ժպիտը, նա ստոր ամբոխի քսու քաղցը հագեցնելու համար հագել էր մի գունատ դիվային դիմակ, որը չէր կարող ժպտալ… Այդ անժպիտ մարդը իր հոգու խորաններից հանում էր վերին ժառանգությունը, շպրտում մարդկանց, հագեցնում նրանց քաղցը, բաց ինքը` փառքի մեջ կորած – դառնում էր մի մենակ ու անօգնական հոգի… Մարմինը խնդրում էր նրա Բարձրագույն Եսին – հեռացի~ր, ես չե~մ կարող տանել քո դեմքի ու թևերի սպիտակ լաթերը, ես չե~մ կարող տանել իմուն-ճնշիչների ահռելի քանակները… Հեռացի~ր, Մայքլ Ջեքսոն…

Եվ Մայքլ Ջեքսոնի Բարձրագույն Եսը որոշեց թողնել իր տառապող մարմինը: Եվ հեռացավ: Նման դեպքերում հերձումը կարող է ոչինչ չհայտանաբերել` որպես մահվան անմիջական պատճառ: Հերձողի դանակը և ներկա գիտությունը կարծում են, թե պատճառը պետք է գտնել, տեսնել, շոշափել… Ինչ-որ մեկին պատժել: Բայց նրանք չեն կարող այլևս հանդիպել այն մեկին, որն իրականացրել է այդ անհասկանալի “մահը”… Նա այլևս հեռու է, նա անվտանգության մեջ է, նա ապաքինվում է որևէ երկնային հոսպիտալում, որտեղ երկրային արդարադատությունը մուտք չունի…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.07.2009, 00:09
Այսօրս` 30 հունիսի 2009թ, ավարտվում է:

Մի անգամ կարծես գրել եմ – անկողնուս մոտ, ստվարաթղթե արկղի մեջ գրքեր են, որ եկել են ու չեն գնացել… Մնացել են, որ մեկ-մեկ բացեմ, և հանդիպենք իրար – այստեղ Չարենցի անտիպների գորշակազմ հատորն է, Պաղտասար Դպիրի հատորիկը, “Ռուս պոեզիայի երեք դարը”, ԽՍՀՄ ժողովուդների էպոսների մի հատոր, “Մահաբհարատայի” մասերից մեկը…

Եվ վերջերս դու էլ ես այստեղ, բարեկամս` Էռնեստ Հեմինգուեյ… Մեր Philosopher-ն է սիրում ցերեկները հանգստանալ մեր սենյակում և հատորդ դրել է գրական արկղիս մեջ… Եվ այսօր բացում եմ “Ֆիեստա”-ն… Վաղուց, շատ վաղուց եմ կարդացել: Եվ հիմա տարիներ ուզում եմ զգալ` ինչո՞վ ես դու գրավում երիտասարդ հոգիները, որտե՞ղ է քո գաղտնիքը… Եվ կարծես փայլատակում է քո արվեստի բնութագիրը` մի քանի բառի մեջ – դու Այսօր-ի և Այստեղ-ի երգիչն ես… Եվ քո ամբողջ կյանքը մի հիմն է` ձոնված ԱՅՍՕՐ-ին և ԱՅՍՏԵՂ-ին… Դու քո կյանքով ու գրականությամբ երգում ես ՊԱՀԻ գեղեցկությունը, արյան խաղը, կրքի ծփանքը, մտքի ծնունդը, անցնող վայրկյանի մահը, նրա ծնած թախիծը… Եվ կարդալով քեզ հասկանում էի – սիրելի ազգիս հնադարյան գենին այնքան պակասում է քո կյանքի աստվածարյալ հատկանիշը – ապրել ԱՅՍՕՐ և ԱՅՍՏԵՂ, չքրքրել անցյալի մթին խորշերը և վախով չնայել ապագային…

Այսօր նորից հանդիպեցինք, Էռնեստ Հեմինգուեյ: “Ֆիեստա”-ն: Այսօր ի՞նչ ես խմելու, բարեկամս – բիսկայան լիքյո՞ր, մարտինիի կոքտե՞յլ, կալվադո՞ս, rioja alta՞… Իսկ ե՞ս – չէ~, բարեկամս, ես էն գլխից արբած եմ, չե~մ խմում… Շատ հազվադեպ` միայն մեր Արենի գինիներից: “Ֆիեստա”-ում Արենի չկա, և լավ է, որ չկա…
Էռնեստ Հեմինգուեյ, քեզ համար մի ծանր լուր ունեմ – քո իմացած ֆիեստան Երկիր մոլորակի վրա ավարտվում է: Քո գրականությունը շուտով կդառնա հիշողություն` Երկիր մոլորակի վրա ապրած մարդ-դինոզավրերի մասին, որոնք երջանիկ անգիտության մեջ, ոտքի վրա քնած, գարեջրի և մանր ծովախեցգետիների տամուկ գոլորշիի մեջ սպառում էին ԿՅԱՆՔԸ… Սպառում էին` առանց վերականգնելու… Ավարտվում է մոլորակի ֆիեստան, քեզ ծնած երկրի, քեզ ծնած քաղաքակրթության ֆիեստան…

Բայց մի վհատի~ր, Էռնեստ Հեմինգուեյ… Գալիս է նոր ֆիեստայի դարաշրջանը – ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՖԻԵՍՏԱ – երբ մարդը կտեսնի, թե ինչպես է պայթում ծաղկի կոկոնը և արևի առաջին ճառագայթը, կլսի սեեփական սրտի և աշխարհի սրտի զարկերը… Նա կլսի, թե իրեն ինչ է ասում նույնիսկ քարը: ԱՆՇՈՒՆՉ ՔԱՐԸ կխոսի մարդու հետ: Կխոսի կյանքի ու ներդաշնության մասին: Եվ այս նոր ֆիեստային մասնակցելու համար պետք չէ… խմած լինել: Պետք է ուղղակի այս ժամին այստեղ լինել… Դու էլ կարող ես ԱՅՍՏԵՂ լինել, գուցե մի անդալուզյան գեղեցկուհու արգանդ սպասում է քեզ…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.07.2009, 23:45
Այսօրս` 1 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Այսօր մեր օրն է, իմ Սիրելի: Քանի՞ տարի առաջ էր – այս օրը: Հիշու՞մ ես մեր այն գեղեցիկ բույնը: Ի~նչ գեղեցիկ թռչուն էիր դու, ի~նչ սպիտակ էին քո թևերը…

Մեր ձագերը: Նրանք մեծանում էին այն բարձր թռչնաբնում, որտեղ չէին հասնում կյանքի փոշիները… Նրանք ուժ էին հավաքում և սեր, որ մի օր իջնեն ցած, որտեղ փոթորիկներ էին: Եվ ինչ հեռատես էր կյանքը – նրանք այնքա~ն սեր էին ստանում, որ կանգնեին եկող փոթորկալի օրերի առջև… Եվ կանգնեցին: Նրանք միշտ եղել են մեր ուսուցիչները, այսօր մենք ճանաչում ենք նրանց ուսուցչությունը… Խոսում են նրանք - և ես ճանաչում եմ այն մտքերը, որ բարձր Ուսուցիչներն են ասել: Ժպտում են նրանք - և ես ճանաչում եմ նոր ծագող արևը: Մեր որդիները - ես ճանաչում եմ նրանց բարձր ինքնությունը, որ մեր համար է, բայց մեզ չի պատկանում…

Իմ Սիրելի, հիշու՞մ ես այն զարմանալի խորհրդանիշը – կնոջ արցունքները ընկնում էին ցած, բայց, ո~վ զարմանք, նրանք դառնում էին լուսեղեն քարեր… Ես շոյում էի այդ քարերը: Եվ կինն ասում էր – այս քարերը ես թողնելու եմ նրանց, ովքեր գալու են` անցնելու իրենց կանացի ճանապարհը: Երազիս կինը դու էիր, իմ Սիրելի: Այդ արցունքները քոնն էին, բայց հեղինակը ես էի… Ինձ սփոփում է միայն այն, որ քարերի ալքիմիային գուցե մասնակից էի… Դու այս ծանր մոլորակի վրա անցնում էիր քո ճանապարհը և քո համար, և եկող կանացի ճակատագրերի: Ես այժմ ճանաչում եմ քո բարձր ինքնությունը:

Իմ Սիրելի, մենք ունենք ճանապարհի մի նշնաբառ(пароль), որ այսօր գրեթե ասացինք իրար – նոր օրերի ճանապարհը անցնելու համար: Այդ նշանաբառը մի բառից չէ… Ափսո~ս, ես իրավունք չունեմ բացելու նրա գաղտնիքը: Մանավանդ որ` նրա էներգիան դեռ նոր է թրթռում մեր շուրթերին… Մեր նոր օրերի նշանաբառը դեռ նոր ծնվում է…

Բարի գիշեր:

Հեղինակ
02.07.2009, 23:44
Այսօրս` 2 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Դիմանկար-էսքիզներ

Գրեթե ամեն օր տեսնում եմ այդ մարդուն – նիհար ու վհատ տեսքով, ձեռքին` մատուցողի նման մի թղթե արկղ պահած - թխվածք է բաժանում խանութներին… Նրա մարմինը մի քիչ թեքված է աջ` իր քաղցր բեռի ծանրությունից, աչքերը թախծոտ են, դեմքի մաշկը արևից թխացել է… Նրան տեսնում եմ օրվա տարբեր ժամերին – կեսօրից անց տեսնում եմ նրան այն պահին, երբ համեստ վաստակով ինչ-որ բան է առել ընտանիքի համար: Եվ ամեն օր այդ թախծոտ ու թեքված մարդը քաղցություն է բաժանում…

Անցնում եմ Կոմիտասը – մի մարդ, ձեռքը կրծքին` վերնաշապկի գրպանին դրած` գրեթե վազելով անցնում է փողոցը: Երևի ինչ-որ թանկ փաստաթուղթ է, կամ փող է` վախենում է, թե ընկնի… Դեմքը կենտրոնացած է, պարզ դիմագծերով - զգացվում է, որ երբևէ չի ուշացել աշխատանքից… Երևի խորհրդային ժամանակներում VI կարգի խառատ է եղել, մատներով “մարդ է ստեղծել”, 20 տարի դազգահ չի տեսել և այսօր վազում է… անցյալը հետ բերելու համար: Գուցե գրպանում աշխատանքային գրքույկն է, և մի կորուսյալ երկիր սեղմել է սրտին… Գուցե անձնագրի մեջ թոռնիկի նկարն է, որին երբևէ չի տեսել… Չգիտեմ, “VI կարգի խառատը” անցնում է Կոմիտասը և Վաղարշյանի մայթով գնում է դեպի Հայաստանի անհայտ ապագան…

Երաժշտական դպրոցի բակով սլանում է խանութպան Մանուկի և իր մոլոկան կնոջ զավակը` հայ-ռուսական հրեշտակ-աղջնակը – այդքա~ն գեղեցիկ արարած… Անկեղծ ասած` այսպես կոչված “խառը” ամուսնությունը սրտիս չի նստում – նրանցից ծնված մանկան սիրտը կարող է պատառոտվել երկու տարբեր մշակույթների միջև… Բայց խանութպան Մանուկի աղջի~կը… Ապրի~ մեր մոլոկան հարսը, որ նրան ունեցել է…

Մայրը մի քիչ առաջ է գնացել, երկամյա աղջնակը հետևից չի հասնում, տեղում կանգնել է և մանուշակ աչքերը հառել է ձեռքի խաղալիքին և ինչ-որ բան է ասում… Մայրը, գրեթե ճչալով, կանչում է. “Շուտ արի, Քրիստի~կ, ի՞նչ ես կանգնել…” Աղջկա մանուշակ աչքերը նայում են մորը և զարմանում` ու՞ր է շտապում մայրիկը… Իսկ ես մտքիս մեջ զարմանում եմ - էս բաղաձայն անունը ինչու՞ են տվել մեր մանուշակ աղջկան – հա~, ներմուծել ենք…

Բարի գիշեր:

Հեղինակ
03.07.2009, 23:50
Այսօրս` 3 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Մի երկու ամիս առաջ էր – պայծառ մի օր էր, իջա Աբովյանով, հրապարակով, թեքվեցի ձախ` կայարանի կողմը գնացի: Մի գործ ունեի այդ կողմերում… Ինչքան հիշում եմ` “Այսօրումս” գրել եմ այդ օրվա մասին: Եվ ճանապարհին ապրեցի իմ կյանքի ամենավառ զգացողություններից մեկը: Այսօր նորից հիշեցի այդ ապրումը…

Այդ օրը ես առաջին անգամ տեսա մարդկանց – բոլորի դեմքերը տարբեր էին, մարդկայնորեն գեղեցիկ կամ “տգեղ”(գրեցի ու ամաչեցի այս բառի համար և առա չակերտների մեջ – մի՞թե մարդը կարող է տգեղ լինել), - այո~, առաջին անգամ տեսա մարդկանց: Բոլորի դեմքերից, դիմագծերից, մաշկից, աչքերից անդին շողում էր մի Արեգակ – բոլորի համար նույնը, - և լույս էր տալիս նրանց: Ես առաջին անգամ տեսա, որ փողոցներով Աստվածներ են քայլում…

Եվ այսօր, երբ նորից ճակատագիրը իմ առջև բացել է ահա այս գրքի էջերը – գրքի անունը չեմ կարող տալ, - երբ փնտրում ու գտնում եմ Բարձր Հեղինակի երկրորդ, երրորդ… գրքերը, և այն ճամփորդի նման, որ ծարավ է, որ փնտրում է և ճիշտ օրը և ժամին գտել է թանկագին աղբյուրը – ահա, այսօր այդպես ծարավորեն կարդում էի մարդ-աստվածների մասին: Եվ, անկեղծ ասած, դժվար է տեսնել ու գրել այդ մարդ-աստվածների… ստվերի մասին, երբ գիտես, որ նրանք Արեգակ են կրում իրենց մեջ: Եվ “ստվերը” միայն խաղ է, պատրանք, հնարանք – մարդ–աստվածը ուղղակի որոշել է մի քանի տասնյակ տարի ուղղակի մարդ լինել – ապրել, տառապել, ձյուների միջով գնալ, փոթորիկների միջով անցնել… Եվ նույնիսկ մոռանալ իր մեջ ապրող Արեգակի մասին…

Շնորհակալ եմ այսօր ստացած պարգևի համար – մի Իմաստուն ինձ ամբողջ օրվա ընթացքում ասում էր, որ մարդիկ Աստվածներ են…

Բարի գիշեր:

Հեղինակ
04.07.2009, 23:27
Այսօրս` 4 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Ձոն Արևամուտին

Խաղաղություն լիներ մարդու սրտի մեջ – այն խաղաղությունը, երբ հաշտ ես ինքդ քեզ հետ, աշխարհի հետ, - և ամեն օր, ամեն օր – երկրիդ և աշխարհիդ որ ծայրում էլ լինեիր` արևամուտի ժամին թողնեիր բոլոր գործերդ, բոլոր մտածումներդ և աչքերով ուղեկցեիր մայր մտնող Արեգակին… Եվ նրան ասեիր` այսօր այսպես ապրեցի, այս արեցի ու չարեցի – ապա նայեիր մայր մտնող լուսատուի ահռելի ընթացքին…

Այդպիսի արևամուտեր շատ եմ տեսել… Ամպերի շառագունած, տեղ-տեղ` հրակարմիր շերտերի միջով լուսատուն իջնում է ցած… Եվ ամեն րոպե տեսողության պատրանքով Արեգակի չափերը մեծանում են, ահագնանում են: Նրա վերջին ճառագայթները ճեղքում են ամպերը, նրանց սպիտակ կրծքերը կարծես վիրավոր են – չէ~, արյուն չէ, այլ հու~ր է, որով բռնկվել են ամպերը… Արևի հեռանալը տագնապ է ծնում… Հանկարծ լուսատուն չվերադառնա, հանկարծ գիշերը մեր մոլորակին մի բան չպատահի… Բայց սիրտդ գիտի` Արև մայր է մտնում` նորից ծնվելու համար:


Արևամուտը կարմիր, փառավոր,
Կենդանի հոգուն ահ էր ներշնչում.
Թևերի վրա լեռների խոժոռ
Հայոց վիրավոր ծովակն էր շնչում :

Արևն էր մեռնում հարության հույսով,
Այնպե~ս հաշտորեն և այնպե'ս հանդարտ.
Օ~, պահ ըղձալի մեր կենդանության,
Օ~, լինելության ահեղ ակնթարթ:


Երկիրս, հոգնա՞ծ ես… Մի վհատի~ր, նայիր մայր մտնող Արեգակին… Նրան հանձնիր բոլոր հոգսերդ, բոլոր տրորված իղձերդ, բոլոր պատրանքներդ… Եվ դու էլ նրա հետ մայր մտիր – քո հազարամյա անուրջների գիշերվա մեջ: Մնաց ընդամենը մեկ օր, չէ~, մնաց ընդամենը մի գիշեր - և Արեգակը վերադառնալու է, և դու էլ ծագելու ես նրա հետ – արևոտ, արևաշունչ, արևառ, - դու էլ մի Արև ես լինելու և ծագելու ես քո կյանքի ծիրանի ծովի վրա: Դա լինելու է վաղը: Պատրաստվի~ր Արևածագդ տեսնելու…

Բարի գիշեր:

Հեղինակ
05.07.2009, 23:50
Այսօրս` 5 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Մենք ցեխի մեջ ենք
Մենք – Մարդկությունը

Առավոտ էր – մեր Philosopher-ը իրեն հայտնի ֆորումներից մեկում մի լուր կարդաց… Ամերիկացի է, գրող – գրում է առողջ սննդի մասին, գուցե և մեր գործընկերն է: Ամերիկացին հայր է և հայտնում է - երեկ, Ամերիկայի անկախության օրը, Աֆղանստանում զոհվել է իր որդին` Ահարոնը: Մենք ամեն օր սովոր ենք տեսնել ու լսել մահերի մասին… Տասնյակ ու հարյուրավոր մահերի մասին… Բայց ամերիկացի ծնողի գրառումը ցնցող էր: Սիրտս ողբում էր ամերիկացի տղայի մահը: Դեպի Արևելք, դեպի Աֆղանստան ուղարկեցի ծնողական ցավս, ուզեցա հասնել ու հանգստացնել տնից հեռու զոհված երիտասարդ հոգուն… Բայց կարո՞ղ էի հասնել, հասա՞ արդյոք…

Զարմանալի են կյանքի դրած սցենարները: Ավարտվեց առավոտյան պատկերը, դարձա նորից իմ այս օրերի գործին… Տիեզերական Ոգին խոսում էր ինձ հետ – Կրայոնի ուղերձների միջոցով, նրա խոսքերը ինձ էին ուղղված: Եվ Ոգին ասում էր մարդկանց – դուք բարձր եք, դուք Մարդ եք, Տիեզերքը խոնարհվում է ձեր աշխատանքի առջև, Տիեզերքից եկած Ուսուցիչ Կրայոնը եկել է լվանալու ձեր ոտքերը… Ոգու ջերմագին Սերը հեղեղվում էր այդ տեքստերից: Ոգին կոչում էր բարձրանալ, Նոր Դարաշրջանն սկսվում է, կոչում էր` ապրել, լինել, ստեղծել… Կրայոնի ուղերձները – այդպես միայն շնչում են մեր լեռները` իրենց արարչական մաքրության լուսաբացյան ժամին…

Այդպես էլ կշարունակվեր օրը, եթե Philosopher-ը և մեր սիրելի Black Orchid-ը բերած չլինեին հերթական անսպասելի ֆիլմը – Ստենլի Կուբրիկի “Ամբողջա-մետաղական պատյան”(“Цельнометаллическая оболочка”): Վիետնամի պատերազմի մասին: Գեղագետի դաժան բացահայտումը:
“Ի՞նչն է աճեցնում խոտը: Արյու~նը, արյու~նը, արյու~նը”
“Աստված պաշտում է ծովային հետևակը: Քանի որ մենք սպանում ենք այն ամենը, ինչ տեսնում ենք”
“Մենք ծնված ենք` սպանելու համար”
“Քարե սիրտը – ահա թե ի~նչն է սպանում”
Եվ այս ու ավելի զազրելի կոչերից հետո անսահման ցինիզմով է հնչում`
“Ծնունդդ շնորհավոր, սիրելի Հիսուս”: Խեղճ Հիսուս Նազովրեցի, ի՞նչ իմանայիր, որ անունդ հնչելու է այս մոլորակի ամենակեղտոտ պատերազմների ժամանակ, ամենաարգահատելի գործերի մեջ և ամենապիղծ շուրթերից…

Օրն ավարտվում է: Գիտեմ, որ մեկ օրվա մեջ Ահարոնի զոհվելը, Կուբրիկի ֆիլմը և Կրայոնի ուղերձները համատեղելը պատահական չէր – զգում-տեսնում եմ Ոգու դառը ժպիտը: Նա ինչ-որ բան է ասում: Կմտածեմ, թե ինչ է ասում: Բայց հասկացա, որ մենք – ողջ մարդկությունը ցեխի մեջ ենք… Ապա հիշեցի, որ Կրայոնն ասում է` Նոր Դարաշրջանում ցեխն անգամ լույս կտա, գիտակցություն կունենա…

Բարի գիշեր:

Հեղինակ
07.07.2009, 00:06
Այսօրս` 6 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Երեկ լսեցինք` Երևանում Կաթողիկոսի նստավայրը կառուցվելու է, հետն էլ եկեղեցի` Ս Կաթողիկեն ամբողջացնելով, հարակից պուրակով, ծախսվելու է 5 միլիոն դոլար: Համացանցով փնտրում արեցի, 2003թ գիտնականների ընդվզումին հանդիպեցի… Բայց հայ վերնախավը համառ եղավ – որոշված էր` այդ տարածքը տալ Վեհափառի տնօրինությանը, այդպես էլ արեցին…

Այս մասին “Այսօրումս” մի երկու անգամ գրել եմ… Բայց սրտիս ցավը չի հանգստանում: Լեզվի ինստիտուտի ճարտարապետական մարգարիտը չեմ մոռանում: Եվ ահա, այսօր ուզու~մ եմ հավատալ` Երևանի սրտում երկրորդ Վեհարանի կառուցումը կնպաստի մեր ազգի մշակութային վերազարթոնքին: Ուզում եմ հավատալ ու… չեմ հավատում: Ինչու՞: Մեր կաթողիկոսը վա՞տն է: Չէ~, վատը չէ, լավ կաթողիկոսը է~լ ոնց է լինում – աշխարհի հետ գնալ-գալ ունի, էկումենիկ շարժման մեջ է, Վատիկանի ու պապի հետ` եղբայրական կապերով կապված, հայրենի պետությանը միշտ թիկունք է կանգնած… Բա ինչու՞ չեմ հավատում: Երևի կրոնական դոգմատն է հնացել: Երևի հավիտենական կյանքի կրոնական վերսիան անհասկանալի՞ է, գուցե մեռյալների հարության և գերեզմաններից դուրս գալու պնդումը միամիտ-անգիտակա՞ն է…

Չէ~, իմ չհավատալը ուրի~շ պատճառ ունի: Այդ պատճառին կարող է հասու լինել նաև հանուն նոր Վեհարանի` Լեզվի ինստիտուտի շենքը աննյութականացրած ու երկինք ուղարկած մեր Վեհափառը: Դրա համար պետք է մի երեկո թողնել հայ ժողովրդի հոգևոր կառավարչության ծանր գործը և աչքը հառել մեր մեղսաշատ կյանքին – նայե~լ, բայց ափսոսում եմ Նորին Սուրբ Օծության աչքերին ու ականջներին – նրանք կլցվեն մեր հեռատեսիլի, փողոցի, կյանքի լեզվական ու մտածողական աղբով… Մի առաջարկ կունենայի - գուցե մեր եկեղեցին իր ներկա ճանաչողական, հոգևոր-մշակութային էությամբ կարիք ունի մաքրմա՞ն, նորոգմա՞ն, վերափոխությա՞ն… Գուցե մեր եկեղեցին ծե՞ր է և կարիք ունի երիտասարդական ավյունի… Եթե ոչ` ապա ինչպե՞ս է բաց աչքերով նայում այս մշակութային անկմանը ու չի… համբարձվում: Վշտից:

Հենց նոր “Որոգայթի” հերոսը ասում էր` “Դու խաբարություն ունե՞ս…” Դե պարզ է` “խաբար” թուրքերեն բառը մի ձևով պե՞տք է հայացնել, և ահա գտել են ելքը` ստեղծելով ցարդ հայ աննման ժարգոններին անհայտ` “խաբարություն” բառը: Ինձ մնում է հարցնել մեր վերնախավին և մեր Վեհափառին - Խաբարություն ունե՞ք, որ ձեր վարչական և հոգևոր կառավարման տակ գտնվող Հայաստանում փլուզվում են Հայոց Լեզվի Վեհարանները և դրանց փոխարեն կառուցվում են գողական ժարգոնի աղբարանները…

Բարի գիշեր:

Հեղինակ
07.07.2009, 23:41
Այսօրս` 7 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Մշակութային որբություն


Ավատվում է Հայլուրը, և վայրկյան չանցած` գորշանում է հեռատեսիլի էկրանը և հայտնվում է մի քարացած մանկական դեմք – “Որբերը” սերիալի դժբախտ հերոսուհին` գունատ, թախծոտ աչքերով, հուսալքության ու քարացածության ճնշող էներգիայով “ողջունում” է հայությանը – ի Սփյուռս և ի Հայս… Եվ եթե դու, ընթերցողս, կարողանաս դիմանալ այդ դեպրեսիվ սկզբին և շարունակել դիտումը, ապա կհայտնվեն այլ հայ երեխաներ… Ճակատագրով տրորված այս մանուկները որտեղի՞ց են հայտնվել… Բայց ամենասարսափելին նրանց տեսքը չէ, այլ … լեզուն: Լսե~իք, թե ինչպես են խոսում նրանք…

Բայց` նախ այն հարցը, թե որտեղի՞ց են նրանք հայտնվել: Եթե որևէ արվեստի գործ, այս դեպքում` հեռուստասերիալը, որևէ առնչություն ունենար գեղագիտության հետ, ապա նա խնդիր կդներ արտացոլել կյանքի ընդհանրական, տիպական երևույթներ… Անկեղծ ասած` հայ համայնքին միշտ ուշադիր նայել եմ, մեծին ու երեխային քիչ թե շատ ճանաչում եմ, անծնող ու աղքատ ընտանիքներ էլ տեսել եմ, բայց այսպիսի անլույս, անկիրթ, անմշակ որբություն չեմ տեսել: Ընդհակառակը, հայ երեխային, անկախ սոցիալական վիճակից, միշտ շատ հպարտ եմ տեսել – նա ոչ մեկի ձեռքին չի նայի, քաղցրավենիքդ կմերժի ու շատ պիտի խնդրես, որ քեզ մոտենա ու կարեկցանքիդ ու ձեռքիդ հպվի… ՀԱՅ ՄԱՆՈՒԿԸ – ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՊԱՐՏ ՄԱՆՈՒԿԸ – այդպես գիտեմ…

Ուրեմն, որտեղի՞ց է “Որբերի” մեջ խտացված, հային ու հայ մանուկին ոչ հատուկ` այդ մութ, տգեղ որբությունը… Ասեմ` որտեղի~ց է – Հայաստանի երրորդ հանրապետության անճարակ, բառադի մշակութային քաղաքականությունից… Այս պետությունը ԱՄԵՆ ՕՐ Հանրային հեռուստատեսությանը 45 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ դոտացիա է տալիս` բյուջեից: Տալիս է, և ասում է – այս ժողովրդին ապացուցիր, որ ինքը որբ է, կառավարչություն չունի, լեզու և երգ չունի, պար ու ուրախություն չունի, արվեստ ու բանաստեղծություն չունի… Նարեկացի ու Չարենց, Բակունց ու Օշական չունի… Այս ժողովուրդը միայն գող ու ավազակ ունի, գոքոր ու հովո ունի, որբ ու որբանոց ունի… Այս ժողովուրդդը արժանի չէ անկախ ու հպարտ գոյության – սա են մեզ ապացուցում Հանրայինը, նրա խորհրդի կազմում նստած` արդեն սակավամիտ ու ագահ ծերերը, Հանրայինը տնօրինող մշակութային դիվերսանտները…

Այո~, Հայաստանում կա որբություն, և այդ որբությունը մշակութային է: Հային ու հայ մանկանը զրկել են Հայրենիքի խնամքից – Հայրենիքի ձեռքերը, մատները, զգացողությունը` նրա մշակույթն է, որոնք անդամահատված են…
Այս որբությունից ազատման մի ճանապարհ կա – մի օր մեր Թլոր Դավիթ, Թուր Կեծակին ձեռքին, մեր Ոգու սրբազնագույն բարձունքներից իջնի~ Հայաստան և որոտա~ Երրորդ հանրապետության ու նրա ստեղծողների ճարպոտ ականջներին.
- Ձեր պապու պառեկ… ձեր հեր ու մեր… ձեր կերած հարամ հաց մլի~մ… Հորի գինա~ք հայ ժողովուրդ անտե՞ր է…

Ընթերցողս, մեր Թլոր Դավիթի հետ կրկնի~ր նրա յոթհարկանի հիշոցքը, որ տեղ հասնի…

Բարի գիշեր:

Հեղինակ
08.07.2009, 23:33
Այսօրս` 8 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Այսօր Զինվորիս ծնունդն է – այս անունը դեռ հնչում է Հարությունիս կերպարի հետ: Վերջին ամսվա մեջ նա արշավների, հեծանվարշավների մեջ էր – դեմքը թխացել է, մի քիչ մեծ քիթը կարմրել է արշավային արևներից… Դիմագծերը ծառայությունից հետո մի քիչ փափկել էին - մայրական խնամքից, բայց հիմա նորից ավագ-սերժանտական կոշտություն են ստացել: Բայց միտքը, գիտակցությունը շնչում են նուրբ զգացողություններով… Զինվորիս ծնունդն էր…

Այսօր խոսում էինք այն երիտասարդ հոգիների մասին, որոնք ծնվել են այս ժամանակներում, մի-մի պայծառ արև ունեն իրենց մեջ, հայտնության գեղեցկություն, նորի ժայթքման, ապագայի մարդ լինելու հնարավորություն… Բայց ափսո~ս, հազար ափսո~ս – այս չբացված արևները, ինքնակարոտ հանճարները մտնում են հանրային կյանքի ասպարեզ, հագնում են կաղապարներ և գիշեր-ցերեկ տրորվում են այդ կաղապարների մեջ… Եվ չեն գտնում իրենց: Ահա ամենատարածված կաղապարը – ազնիվ հոգին պետք է պայքար մղի գործող իշխանության դեմ և լինի շարժման մեջ… Շարժման բոստանը քար չեմ գցում – ձեռքիս քար չկա – բայց սոցիալական շարժման մեջ կծերանան մեր հույս- զավակները… Նրանք այդպես էլ չեն իմանա, որ աշխարհում կա մի ԻՍԿԱԿԱՆ ու ԱՀԵՂ ՇԱՐԺՈՒՄ, և այն ծավալվում է, նրա մեջ է ամեն մարդու և աշխարհի ապագան, նրա մեջ է իսկական գիտելիքն ու ինտելեկտը - և այն ՈԳՈՒ ՇԱՐԺՈՒՄՆ Է:

Հիշում եմ, երբ Զինվորս վերադարձավ ծառայությունից, գրեցի – Զինվորս եկավ Արևելքից, Արևն էլ ծագում է Արևելքից – նկատի ունեի ոչ թե որդուս, այլ Արևելքի իմաստությունը… Բայց այսօր Արևելք-Արմուտքի գծով մի շտկում ունեմ… Այս օրերին ձեռքիս են հոյակապ աղբյուրներ, որոնք Ոգու ուղերձներն են Մարդկությանը: Երբևէ գրելու եմ նրանց մասին… Առայժմ փայփայում եմ գրքերը – մինչև կգա օրը… Եվ այդ աղբյուրները գրի են առել Արևմուտքի մարդիկ – աշխարհի այդ մասը դեռևս չի խեղդվել շահատենչության ծովի մեջ - և այնտեղ ապրում են վսեմ հոգիներ… Այսօր սիրտս խոնարհվում է նրանցից մի քանիսի առջև - Նիլ Դոնալդ Ուոլշի, Լի Քերրոլի առջև… Եվ ասում եմ` Արևը ծագում է նաև Արևմուտքից…

Բարի գիշեր:

Հեղինակ
10.07.2009, 00:03
Այսօրս` 9 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Երեկ, այսօր նայում էինք Հարությունիս և ընկերների վերջին արշավի – “Խոսրովի անտառ” արգելոցի լուսանկարների շարքը` Facebook- ում… Գառնիի ձորը, լեռնաշղթան, Հավուց-Թառ եկեղեցական համալիրը, Ս. Ստեփանոս վանքը… Քարերը, թփերը, վանքերից հեռու ընկած թախծող խոյակները…

Մտովի այս վեց երիտասարդ մարդկանց հետ անցնում էի ու ճանաչում Հայաստանը: Տարիներ առաջ սիրտս երգել է խնկաբույր երկրի երգը, շատ հազվադեպ ուխտատեղիներ կան, որ չեմ տեսել - Սիրելուս և այն ժամանակ` դեռևս մանուկ` զավակներիս հետ: Հավուց Թառը չէի տեսել – թերևս շատ անմատչելի լինելու պատճառով: Այսօր վայելում էի լուսանկարները… Հավուց Թառի վսեմ սյուները և խոյակները – զվարթնորեն մեծաշունչ և էլեգանտ են նրանք: Ս. Ստեփանոսի պահպանված ճակատը - զարմացնում է հայ ձեռքի ստեղծածի պարզությունը և ճաշակը:

Ճանաչում էի Հայաստանը – Նրա Քարերը… Մի ներքին վստահություն և աներկբա գիտելիք ունեմ առ այն, որ երկրի քարերը գիտեն երկրի լեզուն: Լեզուն, խոսքը հնչում է մարդկային սրտի ու մտքի մեջ, ապա թրթռում են ձայնալարերը, բացվում են շուրթերը, և խոսքի արարող էներգիան լցվում, գրավում է Տիեզերքը…Եվ նյութական Տիեզերքի առաջին բնակիչը` Քարը, նրա մեջ ապրող ոգին ընկալում են լեզուն` համաթրթիռ նրա հնչյուններին: Մեր գութաներգերը և պատարագները, մեր խաղիկներն ու հայրենները գրանցված-պահպանվում են և սրբատաշ, և մեր բնական-անմշակ քարերի մեջ…

Մի պահ մտքով թռա Արևմտահայաստան – վստահ եմ` Երկրի քարերը չեն մոռացել հայերենը, մեր անուշ բարբառները: Ամեն քարի բազմաշերտ հիշողության մեջ հայերենը պինդ դաջված է և վառ է – և ամեն օր այրում է թուրքերենի և քրդերենի խաշնարած, պատահական թրթիռները – նրանք դեռևս չեն կարողանում տիրել Հայ Քարերի տաճարյալ հիշողությունը և գրանցվել այնտեղ…

Արևմտահայաստանի քարե~ր, չլինի թե՞ մոռացել եք հայերենը… Սիրելինե~ր, թե դժվարություն ունեք` լուր տվե~ք, ընդամենը մի քանի Քարի խնդիր է – Գառնո ձորից, Հավուց Թառից… կվերցնենք-կգրկենք, սահմանը կանցկացնենք, կբերենք ու Երկիր կհասցնենք, որ գիշեր ու զոր հայերեն հնչեն ու ձեզ ուսուցչություն անեն…

Միայն թե Հայաստանի քարերը չմոռանան հայերենը…

Բարի գիշեր:

Հեղինակ
10.07.2009, 23:58
Այսօրս` 10 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Առավոտյան Philosopher-ի հետ նորից խոսում էինք այն մասին, թե որքան ահռելի մշակույթ է ստեղծել մարդկությունը և որքան աղքատ է ամեն ազգի մշակութային սեղանը: Պատկերացնում ե՞ք` ամեն ազգ ունի մշակութային այգի, որտեղ տարին բոլոր ծաղկում են կախարդական ծառեր, հասնում են անմահական պտուղներ, հողի սրտից բխում են սառն աղբյուրներ… Բայց էս աննման ազգս մոռացել է այգու ճանապարհը, մոռացել է իր պտուղները…

Եվ իրապես, նստես ու թերթես նրա գրականությունը – բանավորից գրի առնվածը և մարդու ստեղծածը, ապա երաժշտությունը` էլի նույն կարգով, ապա նայես ու քննես պարը, սրա շարժումն ու ռիթմը, ապա ձեռքով շոյես ճարտարապետությունը, նկարչությունը… Ապա ձեռքդ առնես նրա կիրառական արվեստը, պատկերացնես, թե ինչպիսին կլինի նրանով զարդարյալ կենցաղը: Ապա հայացքդ գցես ուրիշ ազգերի ստեղծածին – էպոսներին, բանաստեղծութայնը, երգին ու պարին…

Եվ այս ամենից հետո, անգին ընթերցողս, ծուռ նստենք ու ճիշտ խոսենք – նայենք մեր կյանքին` առավոտից մինչև երեկո և հարց տանք մեզ` էս անսպառ հարստությունից ամեն օր ի՞նչ է ստանում մեր երեխան, մեր ընտանիքը, մեր երիտասարդն ու ծերը: Եվ մեր առջև կելնի մշակութային սովյալների բազմությունը – ներկա կյանքը մշակութային Օսվենցիմ է, մեզ համար` մշակութային Դեր-Զոր է… Զարմանալի և ողբերգական է կացությունը – այս սովյալները ոչ մի պահանջ չունեն, նրանց մարմինները պարարտ են ու խնամված, բայց հոգու ցածր տատանումները խոսում են սովի մասին… Այստեղ ավելացնեմ, որ լուսավորյալ Արևմուտքը, և, մասնավորապես, Եվրոպան, չնայած նյութականորեն պահում է մշակույթը, բայց հարուստ ազգերի բնակչության գերակշիռ մասը մշակութային և էթիկական սովի մեջ է…

Չնայած ապամշակութային խրախճանքին` Մարդու Հոգին թախծում է: Ընթերցողս, այդ խորունկ թախիծը չի հասնում մեր գիտակցությանը… Հոգին արդեն ճչում է, նա չի կարող ապրել այս աղտեղության մեջ: Նա օգնություն է խնդրում… Հեռվում երևում է շառագունող հորիզոնը, հեռվում Ոգու հրդեհն է… Չէ~, թվում է, թե հեռվում է – մենք երկնքին տեսնում ենք մեր ծառս ելած, ահեղ Ոգու արտացոլանքը: Մենք ընտրություն պետք է անենք – մենք բանակցություններ պետք է սկսենք ՄԵՐ ՈԳՈՒ ՀԵՏ…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.07.2009, 00:06
Այսօրս` 11 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Ա~խ, այդ Եվրատեսիլը… Մանավանդ, մանկական Եվրատեսիլը: Այսօր առավոտից ուրիշ միտք ու մտադրություն ունեի “Այսօրիս” համար, բայց եկա~վ մանկական – հայկական – եվրատեսիլական ժամը: Գիտե~ք, իմ ցավոտ թեման է…

Ուզում եմ, որ այս անդրադարձիս մեջ անհանդուրժողականություն չլինի, այլ միայն ճշմարտություն և գիտություն - մանկավարժական գիտություն: Հիմա հերթով…
Մանկական Եվրատեսիլի պայմանն է – ստեղծագործության հեղինակը երեխա պետք է լինի … Շատ լավ, թող լինի… Երեխաները միշտ ստեղծագործում են, ինչու՞ չէ … Բնական համայնքում երեխան մի բանաստեղծություն կգրի, մի երգ կգրի – կկարդա, կերգի իր համայնքի` դպրոցի, թաղի, գյուղի համար, շատ երջանիկ կլինի և կգնա ավելի լավ բանաստեղծություն ու երգ գրելու, իր շնորհը բացահայտելու, կրթվելու… Վատ երգը շատ վնաս չի տա, չի տարածվի: Բայց Եվրատեսիլի համայնքը էլեկտրոնային-հեռահաղորդակցական է - և վատ, թույլ, անտաղանդ երգանման բանը կհասնի միլիոնների անպաշտպան ականջներին…

Հաջորդ ցավը - մանկական Եվրատեսիլի “չափանիշներով”` մրցույթին մասնակցող երգը պետք է ուղեկցվի կատարողների տռճիկ տալով և ցատկտոցով – ազգային-դասական շարժման տարրը, մեղեդու և ռիթմի ներդաշնությունը բացակայում է այս թշվառ մրցույթի բեմին…

Եվ ապա – ամենից հակամանկավարժականը. Երեխային այս մրցույթը ասում է` դու կարող ես շնորհ չունենենալ, լավ երգ չբերել, բայց ՄՐՑԻ~Ր, ՀԱՂԹԻ~Ր, ՆՊԱՏԱԿԻԴ ՀԱՍԻ~Ր… Սա արդեն այս հիվանդ քաղաքակրթության կոչն է - Եվրատեսիլը կաճեցնի ապագա դեգեներատ պետական գործիչների և քաղաքագետների…

Հիմնականը – երգանման “երգերով” Եվրատեսիլը փչացնում է երեխայի էսթետիկական կրթության համաշխարհային միջավայրը, նրան կտրում է իսկական արվեստից և գեղեցկությունից: Այս “մրցույթին” Հայաստանի մասնակցությունը աղետալի է մեր մանուկ սերնդի ապագայի համար: Վկայությունը – այս տարի մանկական Եվրատեսիլ է գնալու ղափանցի մի աղջնակ` “Բարսելոնա” երգով: Քիչ է թե` Եվրոպայի թիմերը գնդակ են տշում և մեր չափահաս բնակչությունը հայիլ-մայիլ կտրած ամեն օր ֆուտբոլ է նայում, հիմա էլ ուղիղ մեկ տարի մեր մանուկները “Բարսելոնա” երգն են ճվալու – ի ամոթ հայ հանության և հայ մշակույթի…

Բարի գիշեր:

Հեղինակ
13.07.2009, 00:00
Այսօրս` 12 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Անմեղսունակ ազգ

Հայլուրն ասաց. հանդիսատեսը և ժյուրին միաձայն ընտրեցին “Բարսելոնա” երգը` մանկական Եվրատեսիլում ներկայացնելու համար: Միաձա՞յն: Մի հանդիստես չեղա՞վ, որ ձայն չտար այդ երգին… Մի ժյուրիի անդամ չեղա՞վ, որ… Սա արդեն նման է անմեղսունակության: Երեկ գրել եմ - երեխայի ու այս մրցույթի մասին, այժմ անմեղսունակության այս դեպքը փորձենք քննել: Իսկ անմեղսունակը մի հինավուրց ազգ է…

Դեպքի էությունը: Մի ազգ, նրա հանրային կառույցները միջազգային բեմ են հանում իրենց երեխային – մի պահ վերանանք այն փաստից, որ այդ բեմը ոչ մի մշակութային արժեք չունի: Ազգը կարծում է, թե արժեք ունի – ուրեմն` պատասխանատու է իր արածի համար: Եվ ի՞նչ է անում ազգ-հանրությունը – նա ընտրում է ուրիշ ազգի մի խորհրդանիշ, որը հեռավոր կապ չունի արվեստի հետ: Նա իր մանուկ սերնդի սիրտը խոնարհեցնում է այդ ոչ-մշակութային խորհրդանիշի առջև, որով ջլատում է այդ սերնդի էվոլյուցիոն ընթացքը: Սա կարող է անել կամ գիտակից հանցագործը, կամ անմեղսունակը…

Հետևանքները – ՀՀ-ն պետք է հայտարարի իր ինքնալուծարման մասին և դառնա Բարսելոնյան ֆուտբոլային պրոտեկտորատ – “Բարսելոնայի” գլխավոր մարզիչը համատեղության կարգով կլինի այդ պրոտեկտորատի գեներալ-նահանգապետը: Նրան տեղական աբորիգեններից կօգնեն` որպես տեղակալ, այժմ` Հանրայինի խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը, պրոտեկտորատի վարչակազմի էսթետիկայի և էթիկայի վարչության պետը կլինի Հրաչ Քեշիշյանը… Մեր վերնախավը ինտերնացիայի կենթարկվի, կտեղափոխվի Իսպանիա և կապրի ճամբարում` Ատլանտիկայի ափին…

Երկու խոսքով – ազգի անմեղսունակության ծագման մասին: Հին հիվանդություն է, բայց մի դրվագ հիշեցնեմ… Մի գրագետ ունեինք, որը բարձր իշխանության էր հասել Երրորդ հանրապետությունում: Պատկերացնում ե՞ք – այս գրագետը չալարեց, էն անտեր-մութ տարիներին Հարավային Ամերիկայից դուրս գրեց “Պարզապես Մարիա” սերիալի հերոսուհուն, բերեց Երևան և հագեցրեց իր գեղջկական- կոթեցիական փառասիրության ծարավը… Երրորդ Հանրապետության հիմնադիր այրերը և նրանց ժառանգները այս “էթիկայից” դենը չեն անցել: Եվ այս “էթիկայի” առաջին զոհերը ազգի Ոգին է և Մշակույթը… Երրորդ հանրապետությունը մոռացել է, թե ինքը ինչու~ է ստեղծվել…Այդպես “կերտվում” է ազգի և նրա պետության պատմական անմեղսունակությունը…

“Բա ի՞նչ անենք, բա ո՞նց անենք…” Անկե՞ղծ: Ասելիքս ընթացիկ քաղաքականության հետ կապ չունի… Մենք այժմ ունենք Շարժում: Այդ Շարժումը շա~տ հեռու է մշակութային անմեղսունակության ֆենոմենի ընկալումից: Մեր կոթեցի գրագետը Շարժման հեռակա սիրտն է… Շարժման սիմվոլը, որ բանտում է – նրա լրագրի մշակութային քաղաքականությունը, նրա հայացքը աշխարհի հակառակ կողմին` հայ մտավոր խավի մշակութային ճորտության և արևմտյան-գոտկատեղային խոնարհման վկայությունն են: Բայց սիմվոլը շանս ունի – գուցե տևական տառապանքի մեջ հասկանա – քաղաքական, տնտեսական, իրավական և մնացյալ ազատությունների հիմքը մեկն է` ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ազատությունը: Բայց մեր երիտասարդ տրիբունը այս ազատության հոտն անգամ չի առել…

Մնացիր դու, ԸՆԹԵՐՑՈ~ՂՍ: Չշոփեթվես, դու մենակ չես: Մոտենում է ժամը - ՈԳԻՆ որոշել է այրել բոլոր քուրձերը և ազատագրվել: Եթե կամենաս` ԴՈՒ կարող ես լինել Ոգու կիզակետերից մեկը – մի ակնթարթում դեն նետելով բոլոր մեռած համակարգերը, որ ստի ու կեղծիքի քուրձերով ծածկել են հոգիդ… Մի մոլորյալ ազգի, մի շփոթված ու գաղութացված երկրի հույսը ԴՈՒ ես…

Բարի գիշեր:

Հեղինակ
13.07.2009, 23:49
Այսօրս` 13 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Խնամված երկրի ֆենոմենը

Գիտեք այն էստակադան, որ Նորքի զանգվածը միացնում է Մյասնիկյան պողոտային – աջի վրա Բուսաբանական այգու մուտքն է: Երեկ մերոնց հետ գնացել էինք այգի` հանգստանալու: Քայլում էինք էստակադայի մայթային հատվածով – ամառային քնքուշ ծաղիկների շարքը` ծաղկամանների մեջ, զարդարում էր մայթի ամբողջ երկարությունը: Չտեսանք ոչ մի վնասված ծաղիկ ու ծաղկաման… Մարդկային ձեռքի ու սրտի խնամք կար: Ծաղիկների գույները – մարդկային երևակայությունը գերազանցող երանգներով…

Բուսաբանական այգին, գիտեք, գործում է շատ դժվարին պայմաններում: Հին փառքը մարել է, նորը դեռևս չի եկել, բայց խնամք ու ձեռքի հոգատար աշխատանք կար – ամենուր թարմ ջրված էր, կանաչը հուռթի էր… Ինչ անուշ զգացում է` նստել հողին և զգալ – սա քո Հայրենիքի հողն է, այդ հողը խնամվում է…

Խնամված երկիր… Այս հասկացությունը ասոցացվում է առավելապես եվրոպական քաղաքակրթության հետ, թեկուզ Արևելքն էլ տալիս է գերազանց օրինակներ: Մենք երկրի նյութական խնամքի սկիզբն էլ դեռ չենք անցել… Բայց երկրի խնամքի չափանիշներն արդեն ուրի~շ են, նյութական խնամքը քի~չ է… Ինչպե՞ս խնամենք մեր երկիրը…

Ամեն Հայրենիք ունի մի սրբազան հող, պտղաբեր մի այգի, հորդառատ սիրո մի աղբյուր, որի խնամքով է սկսվում Հայրենիքի իրական ծաղկումը… Եվ այս հողը… ԿԻՆՆ է, ՄԱՅՐԸ… Կինը իր մեջ հավաքել է Մայր-Հողի բոլոր շնորհները: Ծննդաբերության շնորհը նրա առավելագույն արարչությունն է…
Եվ ի՞նչ – հազարամյակներ առաջ տղամարդկային սկիզբը պատերազմ է հայտարարել կանացի սկզբին, Կնոջը - և… հաղթե~լ է: Վերցրե~ք ամենաջերմ սիրով կապված զույգը, և նրանց մեջ էլ կտեսնեք, որ այստեղ կա տիրող, հաղթական, պահանջող կողմ, որ տղամարդն է, և հանձնվող, թույլ, ենթակա կողմ, որ կինն է… Եվրոպական ֆեմինիստական շարժումները իբրև ձգտում են հավասարության, բայց այդ ձգտումը առավելապես սոցիալական երանգ ունի… Մինչդեռ Կանացի Հոգին, Կանացի Էներգիան մնում են չձերբազատված, մարդկությունը չի օգտվում Էներգիայի, Սիրո, Կարեկցանքի այդ անսպառ աղբյուրից: Խնամել Երկիրը – նշանակում է` խնամել կնոջը…

Տղամարդը այդ թանկ Մայրենի Հողին – Կնոջը վերաբերվում է առայժմ ոչ- ասուն արարածի պես – իր կճղակներով տրորելով նրա սրբազան մարմինը, սրբազան սիրտը, նրա պայծառ բանականությունը: Խնամել Հայաստանը – նշանակում է խնամել նախ և առաջ կնոջը… Ճանաչել նրա վսեմ Սուվերենությունը, Հավասարությունը և Գեղեցկությունը… Հայ տղամարդկային սկիզբը մի հսկա ճանապարհ ունի անցնելու… դեպի Կինը:

Բարի գիշեր:

Tigris
14.07.2009, 22:42
Չեմ կարողանում պատկերացնել, այնպիսի մի աշխարհ, ուր թշնամի բանակների կռուողները նախանձախնդիր կլինեն, հակառակորդ ժողովրդի քնքոյշ սեռի ներկայացուցիչների երջանկութեան հանդէպ՝ Խորհելով՝ «Չսպանենք սրանց այրերը, որպէսզի չդժբախտանան»:

Կինը կբերի՞ աշխարհիս խաղաղութիւն: ինչպէ՞ս:

Հեղինակ
15.07.2009, 00:18
Այսօրս` 14 հուլիսի 2009թ, ավարտվում է:

“Ոսկե ծիրան” կինոփառատոնն է… Դեռ մեր սրտի մեջ են անցյալ տարվա փառատոնի մի քանի լուսեղեն պատկերներ – պարսիկ Հոջաթը, Չեռնոգորիայի գյուղացիները… Անցյալ տարի նորից հաստատվեց այն միտքը, որ մարդկությունը ավելի շատ գեղեցկություն ու արվեստ է ստեղծում, քան հասնում է միջին-թվաբանական մարդուն… Սրան ավելի շատ հասնում է հակամշակույթի աղբը: Եվ այս տարի սպասում էինք փառատոնի նոր հայտնություններին…

“Կույր խոզը, որն ուզում է թռչել”: Այս անունով մի ֆիլմում հարցնում է ինդոնեզացի ռեժիսորը: Թույլ ֆիլմեր շատ ենք տեսել – բայց այսպիսի խավար, ստոր, տմարդ պասկվիլ մարդու և մարդկության մասին – չէինք տեսել: Այս ռեժիսորը – խավարի այս երգիչը, ասում է` այն հանրությունը, որի մասն է ինքը, այն մարդիկ, որոնց ինքը գիտի – ստոր ու աղբի մեջ թավալ տվող խոզ են և չեն կարող թռչել: Այս հայացքը կարող էր լինել կոշտ ռեալիզմի նշան, գեղագետի ազնիվ խոստովանություն – եթե միայն ռեժիսորը խավարի այդ թագավորությունում տեսներ ելք, մի նշույլ լույս, մի սիրտ տաքացնող դետալ` այս երկրի բնիկ կյանքում: Գոնե մի նշույլ լույս…

Չէ~, լույս չկար – միայն մի անգլերեն երգ էր հնչում – իսկապես լավ երգ, որ երբեմն երգում էին կույր խոզի թագավորության մի քանի բնակիչներ, որոնք ոնց որ թե գլխավոր հերոսներն էին այս պասկվիլի… “Ես քեզ սիրում եմ’ – ասում էր երգը, լավ էր անում, - բայց միթե՞ ռեժիսորի գեղագիտությունը չէր կարող մի այլ հենարան գտնել իր ժողովրդի կյանքում: Միթե՞ միայն մի անգլերեն երգ… Սա նման է արևմտածին ՀԿ-ականների արևմտասիրությանը, որոնք գրանտածին "լույսը" սպասում են միայն արևմուտքից և պատրաստ են ցեխի կոխել մնացած հետամնաց մարդկությանը և իրենց աբորիգեն ազգին…

Չեմ կարող ասել, թե ինչպես է ծնվել այդ ֆիլմը: Բայց նա անձամբ ինձ հարցրեց – դու հավատու՞մ ես, որ "կույր խոզ"` մարդկությունը կարող է թռչել… Պատասխանում եմ – մարդկության զգալի, եթե ոչ գերակշիռ մասը, իրապես խավարի մեջ է, - Օ~, ոչ, ի ցավ սրտիս` չեմ կարող ասել, որ իմ հայրենիքը Լույսի և Հույսի Հայրենիք է… Բայց ամե~ն օր, ամե~ն օր, ամե~ն օր մենք պետք է փնտրենք Մարդու Լույսը: Ահա~, ահա~ – Մարդու Լույսը շողում է, Տիեզերքի անպարփակ Լույսը շողում է… Երեկ փայփայել եմ մի քանի Բարձր Ուղերձներ - Նա, Ում Ձեռքին Շողում է Սուրը – հայտնում է` Մարդկությունը կոլեկտիվ որոշում է ընտրել` Լինել, Սիրել, Շողալ… Փարում եմ այդ որոշմանը… Այս միտքը միստիկ ծագում չունի, այլ ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, ՄԱՐԴԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ...

Վրայիցս թափ եմ տալիս այսօրվա փոշին ու խավարը…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.07.2009, 23:52
Այսօրս` 15 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Մենք և “չենելինգի” երևույթը

Կեսօր էր, դուրս եկա մեր տան մուտքից, և աչքս դիպավ դիմացի շենքի մուտքի մոտ կանգնած մանկանը – նոր խուզած գլուխը, սուր հայացքը` ուղղված երկնքին, այդ վայրկյանին` անշարժ դիմագծերը, նրան նմանեցնում էին եգիպտական քուրմի… Բայց ես զգացի, որ այս մանուկը ավելի նոր է, ավելի բարձր է, քան անցյալի կրոնների, մեր արիական-հեթանոսական, քրիստոնեական հավատների էներգետիկան… Ինդիգո-մանուկը` մուգ կապույտ աուրայով, նայում էր դեպի Նոր Հայաստան…

Ի՞նչ է ասում մեր հանրությունը – ու՞ր է գնում մեր երկիրը, ու՞ր է գնում աշխարհը… Այսօր հայ գրագետը թերթում գրել է. “Ոչ մի ողջամիտ մարդ չի կասկածում, որ երբևէ Հարավային Կովկասը դառնալու է արևմտյան համակարգի լիարժեք մաս…”: Այս գրագետը գտնում է, որ ներկա Արևմուտքը մի կատարյալ մոդել է հանրային կյանքի, էլ ու՞ր մենք պետք գնանք…

Ի՞նչ է ասում մեր եկեղեցին – նա և մյուս քրիստոնեական եկեղեցիները խոսում են Արմագեդոնի և աշխարհի վերջի մասին…

“Բա ի՞նչ անենք, բա ո՞նց անենք…” Գիտե՞ք` էս հարցը ինչու եմ չակերտի մեջ առել – մի սքանչելի արտիստ ունեինք – Սուրեն Քոչարյան, որ Թումանյան էր կարդում և նրա մի հեքիաթից հնչեցնում էր այս հարցը` Լոռվա բարբառի քաղցր շեշտերով: Ես էլ եմ ասում` բա ի՞նչ անենք, բա ո՞նց անենք… Ինչպես տեսաք` մեր պետությունն ու մեր գրագետը մեզ պատկերացնում են ներկա արևմտյան քաղաքակրթության գրկում: Եկեղեցին էլ մեզ պատկերացնում է` մեր մի մասին` դրախտին ծոցում, մյուս մասին էլ` արմագեդոնյան գրողի ծոցում… Որ ճիշտ ասեմ` այս երկուսն էլ ոչ մի հավատ ինձ չեն ներշնչում, երկուսից էլ տգիտության հոտ է գալիս:

Ահա այստեղ պիտի ասեմ այն, որ լեզվիս տակ պահել էի - և չգիտեմ դեռ` արժե՞ ասել, թե՞ չէ… Բայց ինչու՞ չասել Ճշմարտության մասին: Բայց ասելուց առաջ մի հարց տանք մեր եկեղեցու հայրերին – ինչպե՞ս են գրվել Ավետարանները… Իհարկե, կպատասխանեն` Սուրբ Հոգու թելադրանքով… Եվ դա ճիշտ կլինի: Բայց սրան կհետևի մի ուրիշ հարց` Ս. Հոգին ավետարանիչներից և եկեղեցու հայրերից հետո` էլ բան չի՞ ասում, գրավոր ուսմունք ու խոսք չի՞ հասցնում մարդկանց…

Խոսքս ավարտեմ: Եկա “չենելինգի” երևույթին: Վերջին 10-15 տարվա ընթացքում Տիեզերական Բանականությունը մի հսկա նյութ է ուղարկել մարդկությանը, որը խոսում է Նոր Աշխարհի ստեղծման, Նոր Մարդու կերտման, մոլորակային էկոլոգիայի առողջացման մասին: Ներկա քաղաքական և կրոնական աշխարհայացքները շատ պրիմիտիվ ու աղքատ են` այդ գրականության հետ համեմատելիս: Երեկվա “Այսօրիս” մեջ հիշատակել էի… քրիստոնեության ուժակիր Էություններից Մեկին` Միքայել Հրեշտակապետին, Որից Ստացած Ուղերձները նոր կյանքի ստեղծման մի սքանչելի դասընթաց են մարդկության համար…



Ոչ արևմտյան հիվանդ քաղաքակրթություն, ոչ Արմագեդոնյան սարսափներ, այլ Նոր Աշխարհի ստեղծում…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.07.2009, 00:01
Այսօրս` 16 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Ի~նչ գեղեցիկ մարդիկ – Երևանում

Այս օրերին Մարդ բառը հնչում է սրտիս մեջ: Մարդը – ֆիզիկական մարմին հագած Ոգի… Եվ այդ Ոգու միջով հոսում են Տիեզերքի կենսատու էներգիաները – Գալակտիկայի կենտրոնից, Սիրիուսից, մեր Արեգակից, մոլորակներից… Մարդը – հրեղեն մի սյուն, որը… քայլում է Երևանի փողոցներում: Ես այսօր նայում էի նրանց – Երևանում քայլող մարդկանց:

Դանդա~ղ, դանդա~ղ գնում է կինը… Կարճ կտրած մազերը նոսր են և հոգնած, դիմագծերը խառնվել են կնճիռներին… Բայց մի ներքին կամքով նա հարթում է դեմքը, գծերը խստանում են, սուր աչքերը ուղղված են ինչ-որ հեռու կետի… Ապա աչքերը կենդանանում են – քննախույզ ու ցավագին մի միտք կա նրանց մեջ: Ոտքերը գնում են դանդաղ – կապույտ երակները տաքանում են ամառվա տապի մեջ, իրանը ծեր է – բայց հպարտ է ու բարձրահասակ, համառ ու հպարտ պարանոցը արժանապատվորեն կրում է ծեր գլուխը: Մայր արծիվը թևաբաց ճախրում էր Երևանում… Որքա~ն գեղեցիկ էր նա…

Գիրուկ, ճերմակերես ու ժպտերես երիտասարդ մայրիկը գրկած տանում է երեխային: Մեկ տարեկան աղջիկը – մոր հրաշալի պատճենը: Մայրն ու աղջիկը ժպտում են իրար – պարզվում է, որ Տիրամայրն այս անգամ աղջիկ է ունեցել: Աշխարհը պտտվում է իր հոլովույթի մեջ, մարդիկ ատում են ու սիրում, ինչ-որ տեղ են շտապում… Բայց մայրն ու մանուկը նայում են իրար ու ժպտում…

Գյուլբեկյան փողոցի նեղ մայթով գնում եմ դեպի Կոմիտասի կողմը – մի երիտասարդ մարդ փոշոտ մայթին դրել է մի փոքր պայուսակ կանաչ խնձոր – վաճառում է: Աչքս ընկնում է խնձորին – գնելու միտք չունեմ, նկատում եմ վաճառողի խնդրող հայացքը… Այս մարդը սափրված չէ, ավելի շատ նկարիչի է նման, քան առևտրականի – դեմքին մտքի ու մշակույթի դաջվածք կա… Անցնում եմ, հայ մեծ նկարչի նկարները չեն վաճառվում, դրել` խնձոր է ծախում… Գոնե խնձորը ես առնեի…

Հենց նոր Առողջագետիս հետ տուն դարձանք – ճանապարհին մի ֆանտաստիկ պատկեր տեսանք. մի ծեր մարդ, իրանը մերկ, սպիտակ մազերը քամուն տված անվաչմուշկներով սլանում էր Վաղարշյանով… Ապա մտավ Կոմիտաս և վազանցելով երթուղայիններին` սլացավ դեպի վեր: Այդ ծեր նետը – արձակված Արարչի աղեղից` ասու~մ էր – Ես Ապրում եմ, Զգում եմ… Ես Անմահ եմ… Տեսնես ո՞վ էր այդ խենթը…

Եվ վերջապես – Philosopher-ն ու Black Orchid-ը նայել էին թուրք ռեժիսոր Օզջան Ալփերի Սոնբահար(Աշուն) ֆիլմը` համշենահայերի մասին: Մերոնք զգացել էին մեծ տաղանդի շունչը: Համշենահայոց բարբառն էին լսել: Համշե~ն… Oscan Alper, սրտագին ողջույններս – եղբայրս, երակներիդ մեջ ի՞նչ արյուն է հոսում…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.07.2009, 23:56
Այսօրս` 17 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Երևանյան շոգը ծփում է… Ծիրանն անցավ իր արևային բարձրակետը, դեղձը օրանժ գույն է քսում իր` դեռևս կանաչ, այտերին, իսկ խաղողը արևային ալքիմիայով թթվից շաքար է ստանում… Մենք էլ ծփում ենք ամռան արևի մեջ… Եվ սովորում ենք ամեն օր մեր մեջ մի քիչ քաղցրություն ավելացնելու արվեստը…
Այսօրվանից – միայն մի քանի նրբագիծ:

Այս տարի “Ոսկե ծիրանի” մեր խրախճանքը դեռ չի ստացվում - գուցե լավ ֆիլմերը չտեսանք: Այսօր երկու ֆիլմ նայեցինք: Բոսնիացի բանաստեղծ Գորան Սիմիչի մասին` կենսագրական-վավերագրականը: Գերում է հարավային սլավոնի անկեղծությունը, ցնցում է հայրենիքի կորստի զգացումը, պոեզիայի վավերագրական պարզությունը… Բայց ես – իդեալիստ-սերբասեր հայս, ամեն սլավոնից սպասում եմ գերմարդկային իդեալիզմ, խոնարհում մի անհնար ապագայի առջև… Բայց և ֆիլմի անունը – “Երբ սատկում ես կատվի պես”, և հերոսի տարագրության տված բարձրագույն պարգևը` Կանադայի քաղաքացիությունը, և հայրենիքից մնացած ամենավառ ապրումը` գրանիտե գերեզմանաքարը` զոհված Սիմիչների անուններով, և պոետի վերջին ապրումը` կյանքից շուտ հեռանալու մասին – ահա այս ամենը ճնշեցին սիրտս… Հարավային սլավոնը ընդամենը ինտեգրվեց այն քաղաքակրթությանը, որը բզկտեց չքնաղ Հարավսլավիան: Գորան Սիմիչը գրեթե երջանիկ էր: Բայց ես չէի կիսում նրա… ինտեգրատիվ երջանկությունը… Մերոնք նրա մեջ ավելի բարձր հերոս տեսան և մի քիչ զարմացան գնահատականիս սառնության վրա…

Ֆրանսահայ երիտասարդ ռեժիսոր Տիգրան Ավետիքյանի “Ջուրն ընկնելով” ժապավենը: Քաղաքակրթական դեկադանսը – ամեն ինչ կա, բայց չկա կյանքի իմաստը: Մի քսան րոպե տևած ֆիլմում – պատանու դեպրեսիան. իրեն աջ ու ձախ զարկեց, լճի մեջ ընկավ, ոտքը վնասեց, տուն եկավ և սենյակի դուռը փակեց… Ա~յ տղա, մի պահ լողասենյակի դուռը պատահաբար բացեցիր և տեսար լողացող նրբակազմ աղջկան - և դեպրեսիադ այդ չքնաղ տեսարանից չանցա՞վ… Չէ~, թեկուզ ֆիլմում կար նրբագեղություն, բայց այն չէր համոզում… Այնտեղ կեդանի մարդ չկար…

Մեր Վեհափառը Մոսկվայում է, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հյուրը: Պատրիարքի ողջյունի խոսքում կար մի նշանակալից արտահայտություն – նա ասաց մեր ժողովուդների “հոգևոր միասնության” մասին (“духовная целостность”): Ես ողջունում եմ այս միտքը – այն դժվար հասկանալի կլինի ներկա քաղաքակրթության այնպիսի հետևորդների համար, որոնք կրկնում են դիվանագիտության ցինիկ պոստուլատը – “Չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր”: Իսկ Ռուսիո Պատրիարքը տիրապետում է ավելի բարձր գիտելիքի – ժողովուրդների ներքին, մշակութային-հոգևոր միասնությունը վեր է կանգնած դիվանագիտությունից… Նոր Ռուսաստանը շողալու է, և Հայաստանը տեսնում եմ նրա կողքին – նույնպես լույսերի մեջ…

Բարի գիշեր:

Հեղինակ
18.07.2009, 23:40
Այսօրս` 18 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Եթե հանդեպում ես մեծ արվեստին, ապա նա երկու հարց է տալիս քեզ – ո՞վ ես դու և ո՞րն է քո հայրենիքը… Ճապոնացի ռեժիսորի Կոհեյ Օգուրիի “Կայակոյին է նվիրվում” ֆիլմը:

Հնչում է ռեժիսորի տավիղը` կայան, նա երգում է մարդու մասին… Հայրենիքից պոկված և Ճապոնիայի խստաշունչ բնության մեջ դեռևս արմատներ չձգած կորեացիների մասին: Այս մարդիկ քայլում են օտարության միջով, նրանց հայրենիքը նվաստացված է եղել, այժմ նրանք ապրում են նվաստացնողի հողի վրա: Նրանք քայլում են ծառերի մութ շարքերի միջով – ծառերը ճապոնացի են, պինդ են, մռայլ են, բայց կորեացիները այստեղ արմատ չունեն: Կորեացի պատանին շատ տարիներ անց հյուր է եկել տարեց զույգին - և ֆիլմի տարածք է մտնում մի մեղմ լույս – Կայակոն:

Որբ Կայակոյին որդեգրել է կորեացի զույգը... Նա է միակ ուրախությունը, նա է ծեր ծնողների միակ շողը: Բայց Կայակոյի մեջ կա մի լուռ ապստամբություն: Նրանց հյուր է գալիս կորեացի պատանին, սկսում է ծաղկել նրա և Կայակոյի սերը… Կայակոն թողնում է ծնողներին, և ինչ որ մորաքրոջ տանը պատանին գտնում է Կայակոյին և տանում… Պատանին գրկում է նրա եղեգյա մարմինը: Բայց ծնողները – արևելյան սեփականատիրության այդ խեղճ հրեշները պոկում, տանում են աղջկան… Մարում է սերը, այս մոլորակի վրա մի սեր էլ է սպանվում…

Ինձ` հայիս, այս ֆիլմը պատգամ էր բերել: Այս մեղմալույս, տեղ-տեղ մռայլ ֆիլմում երկու անգամ լույսը պայթեց – իմ համար էր լույսը պայթում: Մի անգամ – կորեական ժողովրդական տոնախմբություն էր, պարում էին մանուկները և ծեր կանայք: Սպիտակ և կարմիր գույների ցնծագին զուգակցումը – զգեստների մեջ, իսկ ե~րգն ու պա~րը… Ճանաչեցի~, այսպես էր ուրախանում և մեր ժողովուրդը` իր կորուսյալ ուղտագնացությունների տարիներին: Ճանաչեցի~ - իմ ուրախությունը տեսա նրանց մեջ, ես այդ վայրկյանին մի կորեացի էի: Ես ուզեցա կորեացի լինել: Եվ սրտիս մեջ նորից հնչեց – չկա արվեստի ավելի բարձր մի կատար, քան ժողովրդական արվեստը…

Եվ լույսի երկրորդ պայթյունը այս ֆիլմում: Կորեական համայնքը, ձյուների միջով, մեծով ու փոքրով շարժվում էր դեպի օվկիանոս… Որ օվկիանոսը ոտքով կտրի ու հասնի հայրենիք, հասնի Կորեա… Պետք էր տեսնել այդ վճռական, գեղեցիկ ընթացքը: Եվ ինձ – ընդհանրական հայիս – ամերիկահայիս և ֆրանսահայիս, լիբանանահայիս ու ռուսահայիս, հասավ ֆիլմի պատգամը… Ահա մենք հավաքվել ենք – Ամերիկայի արևմտյան ափերից ոտքով կտրում անցնում ենք այդ աշխարհամասը, հասնում ենք Ատլանտիկային, ոտքով կտրում-անցնում ենք օվկիանոսը, Արևմուտքից հավաքում ենք հայի բեկորները, և մոտենու~մ ենք, մոտենու~մ ենք մեր չկորուսյալ Հայրենիքին… Նրա պատկերները, սրբատեղիները, քարերը սպասում են մեզ: Նրա պայթող աղբյուները սպասում են մեզ…

Կոհեյ Օգուրիի “Կայակոյին է նվիրվում” ֆիլմը: Ողջու~յն մեծ արվեստին…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.07.2009, 00:12
Այսօրս` 19 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Սոնբահա~ր, Սոնբահա~ր…

Այս թուրքերեն բառը, որ նշանակում է աշուն` այլևս մտավ հայ մշակույթի պատմություն: Սիրեցինք այդ բառը: Ինչպես սիրում ենք աշուն բառը Տերյանի մոտ: Այդպես այլևս սիրելու ենք սոնբահար-ը` համշենահայ Օզջան Ալփերի ֆիլմի համար…

Շտապեմ ասել այն հային, որ հայրենասեր է կոչվում – համշենահայ ռեժիսորի ֆիլմը համշենահայության մասին չէ, թեկուզ այդ համայնքի կյանքն էլ կա, բարբառն էլ կա… Ֆիլմը Մարդու և Մարդկայնության մասին է… Մարդկային սրտի մասին է: Բանտի ու ազատության մասին է: Եվ երբ այդ բարձր կատարները նվաճում է Համշենի մի զավակ` նա իր բարբառը հասցնում է մինչև այդ կատարները…

Ընթերցողս, ինչպե՞ս քեզ հասցնեմ այն ապրումը, որ ծփում էր “Նարեկացի” արվեստի կենտրոնի փոքր դահլիճում: Տաս տարվա բանտարկությունից հետո` տուն է գալիս` Համշենի առափնյա լեռներում ծվարած գյուղ է գալիս մեր հերոսը… Ծեր շունը ճանաչում է նրան, հայրը չկա… Մա~յրը, մա~յրը – ով տեսել է բնաշխարհիկ հայ կնոջը` իր զգեստի ծալքերով, իր բարբառի քաղցր փշուրներով, զավակին փայփայող խոսվածքով, ապա պիտի ապշեր` գեղագետը փրկել է հայ մայրության-կանացիության մի կորսվող երկինք… Եվ Համշենի լեռների մշուշներն են դիմավորում հերոսին…

Այս ֆիլմը գրեթե իրադարձություն չուներ, այս ֆիլմը գրեթե սցենար չուներ… Այս ֆիլմը ողղակի լիքն էր Կյանքով – էլ ի՞նչ իրադարձություն, ի՞նչ սյուժե… Յուսուֆի կրծքի տակ շնչում է ծանր հիվանդությունը, չոր հազը պատառոտում է ապագայի հյուսվածքը, բայց ի՞նչ ապագա, երբ նրա ապրած ամեն վայրկյանը ԿՅԱՆՔ Է – Համշենի երկինքները անձրև են պոռթկում, և նա խոսում է անձրևի հետ, Համշենի լեռները ձյունում են, և նա գրկում է ձյուները, Համշենի ամպերը տուն են մտնում, և նա փաթաթված այդ ամպերին` քնում է… Բայց նրա սիրտը բանտված է, նա ազատություն է ուզում – ազգայի՞ն, սոցիալակա՞ն, մշակութայի՞ն ազատություն – չէ~, նա տենչում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ բարձրագույն տեսակը, և նրա բողոք-աղաղակը ցնցում է Համշենի լեռները: Երբ այս պայծառ հերոսը հանդիպում է վրացուհուն, որ թողել է դստերը իր երկրում և եկել է Թուրքիա` մարմնավաճառությամբ փող աշխատելու – ահա, նա վրացուհուն սիրում և բարձրացնում է – այդպես կարող է սիրել միայն Մարդը…

Հերոսի կուրծքը հազից փշրվում է, նա հեռանում է կյանքից: Մոր ողբը ցնցում է Համշենի լեռները… Օզջան Ալփերը ֆիլմի ավարտից հետո ասաց. “Ուզեցա աշնան ողբ մը ըսել և …ըսի” : Բայց այս ողբը արթնացնելու է հազարավոր հոգիներ – ապրելու և ցնծալու համար…

Բարի գիշեր:

Հեղինակ
21.07.2009, 00:03
Այսօրս` 20 հուլիսի 2009թ, ավարտվում է:


“Աննա Կարենինա” – մի նոր վերադարձ
կամ
Կնոջ սերը աշխարհիս խաղաղություն կբերի

Ընթերցողս, վերջերս հարգելի Tigris-ը “Այսօրիս” մի արձագանք էր տվել, որը չէր հեռանում մտքիցս… Եվ առիթ էի ուզում` մի հանգամանալից պատասխան տալու: Եվ թող տարօրինակ չթվա` այդ առիթը եղավ “Ոսկե Ծիրան” փառատոնի սահմաններում` ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի “Աննա Կարենինա” նոր ֆիլմի ցուցադրությունը: Բայց նախ` երկու մեջբերում.

Մեջբերում` 13 հուլիսի “Այսօրից”.
"Եվ ի՞նչ – հազարամյակներ առաջ տղամարդկային սկիզբը պատերազմ է հայտարարել կանացի սկզբին, Կնոջը - և… հաղթե~լ է: Վերցրե~ք ամենաջերմ սիրով կապված զույգը, և նրանց մեջ էլ կտեսնեք, որ այստեղ կա տիրող, հաղթական, պահանջող կողմ, որ տղամարդն է, և հանձնվող, թույլ, ենթակա կողմ, որ կինն է… Եվրոպական ֆեմինիստական շարժումները իբրև ձգտում են հավասարության, բայց այդ ձգտումը առավելապես սոցիալական երանգ ունի… Մինչդեռ Կանացի Հոգին, Կանացի Էներգիան մնում են չձերբազատված, մարդկությունը չի օգտվում Էներգիայի, Սիրո, Կարեկցանքի այդ անսպառ աղբյուրից: Խնամել Երկիրը – նշանակում է` խնամել կնոջը…"

Մեջբերում Տիգրիս-ից.
“Կինըկբերի՞ աշխարհիս խաղաղութիւն: Ինչպէ՞ս”:

Այս նոր “Աննա Կարենինան” երեկ առավոտյան նայեցինք: Անսպառ է Լ.Ն. Տոլստոյը, անսպառ են նաև նրա մեկնիչները – արվեստասերի մեր սիրտը բավարարված էր: Փայլուն տիրապետում նյութին ու կենսակերպին, իսկ հայտնությունը Օլեգ Յանկովսկու Կարենինն էր… Մնացածը` ևս հրաշալի էին, Աննայի դերակատարի անունը չֆիքսեցի – նոր էր, թրթռուն, նյարդային և հավերժորեն զարմացած աշխարհի վրա – նա սեր է ուզում, իսկ այդ ապիկար աշխարհը փսփսու~մ է, կարծիք հայտնու~մ, այդ “փչացած” կնոջը այպանում…

Սիրելի Տիգրիս: Աննա Կարենինայի ողբերգությունը – դեռևս այս մոլորակի վրա չավարտված – պատասխան է տալիս քո հարցին: Այստեղ խնդիրը շատ հին է ու խճճված, նրա պատասխանը ներկա պատմությունը և գիտության այլ ճյուղեր չեն տալիս: Նախ հարցնեմ – չի՞ զարմացնում այն փաստը, որ Աստվածը միայն Հայր է, իսկ Մայր Աստված չկա՞ - ի՞նչ է` ամեն մարդ իրավունք ունի զույգ կազմելու, և հանկարծ Հայր Աստվածը զրկված է այդ տարրական իրավունքից – Տիեզերքի ամբողջ իշխանությունը Իր Ձեռքն է առել և առանց Կնոջ այսպիսի շիլաշփոթ է սարքել: Հենց այստեղ է թաղված “շան գլուխը”, և այդ անգիտության հեղինակը ներկա տղա-մարդկությունն է: Նա Կնոջը զրկել է Սիրուց և Էթիկական իշխանությունից – սկսած Տիզերական Կանացի Սկիզբը չճանաչելուց մինչև Կնոջ փաստացի իրավազրկումը Երկրի վրա: Սրա պատճառով են ծագել այս աշխարհի բոլոր վթարները…

Կինը չի ճանաչում ուրիշ ոչինչ, բացի Սիրուց: Աննա Կարենինան – Սիրո իր պահանջով և արդարությամբ վեր է կանգնած բոլորից… Նրա դատը տիեզերական է, իսկ ապիկար ամուսինը և սիրեկանը ուզում էին այն լուծել “ԶԱԳՍ”-ի և այլ հիմարությունների միջոցով: Այն օրը երբ մենք մեր սիրելի Հայր Աստծու կողքին կտեսնենք Մայր Աստվածուհուն, կտոնենք նրանց… Հրաշափառ Ադամանդե Հարսանիքը, ներողություն կխնդրենք նրանց բոլոր դուստրերից` պատճառած չարիքների համար, հմայիչ Աննա Կարենինայից ևս - ահա այն ժամանակ մենք կբուժենք մեր մոլորակի բոլոր վերքերը…

Եվ Կնոջ սերը աշխարհիս խաղաղություն կբերի…

Բարի գիշեր:

Tigris
21.07.2009, 16:40
Շքեղօրէն շարադրուած գեղեցիկ եւ իմաստուն մտքեր: :)


Սիրելի Տիգրիս: Աննա Կարենինայի ողբերգությունը – դեռևս այս մոլորակի վրա չավարտված – պատասխան է տալիս քո հարցին: Այստեղ խնդիրը շատ հին է ու խճճված, նրա պատասխանը ներկա պատմությունը և գիտության այլ ճյուղեր չեն տալիս: Նախ հարցնեմ – չի՞ զարմացնում այն փաստը, որ Աստվածը միայն Հայր է, իսկ Մայր Աստված չկա՞ - ի՞նչ է` ամեն մարդ իրավունք ունի զույգ կազմելու, և հանկարծ Հայր Աստվածը զրկված է այդ տարրական իրավունքից – Տիեզերքի ամբողջ իշխանությունը Իր Ձեռքն է առել և առանց Կնոջ այսպիսի շիլաշփոթ է սարքել: Հենց այստեղ է թաղված “շան գլուխը”, և այդ անգիտության հեղինակը ներկա տղա-մարդկությունն է: Նա Կնոջը զրկել է Սիրուց և Էթիկական իշխանությունից – սկսած Տիզերական Կանացի Սկիզբը չճանաչելուց մինչև Կնոջ փաստացի իրավազրկումը Երկրի վրա: Սրա պատճառով են ծագել այս աշխարհի բոլոր վթարները…


Սեմական նախնական մտածելակերպի արդիւնք: Աստուած այր է, իսկ եկեղեցիները կարող են քոյր լինել, ինչպէս հարուստ փեսացուի թեկնածու կիներ – դարձեալ նախնական կեսնակերպին ու մտածելակերպին համահունչ:
Արաբերէնում խօսքային մի դարձուածք կայ՝ քոյրն է, այսինքն՝ շատ նման է, նոյնն է: «Սա չեղաւ՝ միւսը կլինի. խնդիր չկայ»:
«Այր աստուածը» իրեն ինքնազրկել է այդ իրաւունքից, քանզի անկարութիւնը նրան խանդոտ, նախանձ եւ բարկացկոտ է դարձրել:

Հեղինակ
21.07.2009, 23:57
Այսօրս` 21 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Աղքատության փիլիսոփայության հմայքը
և… թշվառությունը

Կեսօր էր, Կասյան փողոցից տուն` Վաղարշյան եմ բարձրանում… Մի տրոլեյբուս մոտեցավ – գիտեք, կան նորերը, շատ գեղեցիկ են, բայց էս մեկը հին ու սովետական դուրս եկավ: Նստեցի…

Տրոլեյբուսը ճռռում էր, հազում ու փռշտում, մանավանդ երբ բացվում-փակվում էին հին, ծռված դռները: Ուղևորները – լիք-լիք տնային տնտեսուհիներ, թոշակառուներ, կային մի երկու բարեկեցիկ քաղքենի, որ խնայում էին 50 դրամը… Ահա մի 70-ամյա մարդ, որը հաստատ կոնստրուկտորական բաժնի վարիչ է եղել - և վաղեմի իներցիայով պարանոցին մի խորհրդային-վարչական փողկապ էր կապել, որը շոգի հետ խեղդում էր խեղճ մարդուն… Իսկ կողքիս երկու նստարանին նստած էին քույր ու եղբայր – 12-13 տարեկան երեխաներ` մոր ու մորաքրոջ հետ: Քույրը արևածաղիկ էր չրթում, եղբայրը լպստում էր մատները – ինչ որ բան կերել-պրծել էր… Աղքատության թագավորություն էր:

Մեր հասարակ ժողովուրդը – տարիներ` ինչ-որ անգիտությամբ, նրան համարել եմ մեր ազգային էթիկայի կրողը, իբրև թե հարստությունը փչացնում է մարդուն, ահա` հասարակ ժողովուրդն է մեր արժեքների կրողը: Բայց այս վերջին տարիներին տեսել եմ – որքան աղքատ ու կախյալ է մարդը, այնքան ստոր ու խեղճ է նրա կյանքը, այնքան գետնաքարշ է նրա հոգեբանությունը: Եվ այսօր հայրենի տրոլեյբուսի մեջ բացված պատկերը նորից ճնշեց ինձ… Եվ ես նորից, մի անգամ էլ, այս անգամ` առհավետ մերժեցի աղքատության փիլիսոփայությունը…

Բայց նայե~ք աղքատության ապոլոգետներին: Սրանք հիմնականում համաշխարհային կրոններն են, առավելապես քրիստոնեությունը… Նայե~ք պապերի, պատրիարքների, կաթողիկոսների ոսկեզօծ թագերին, ոսկեկար զգեստներին, վերջին մոդելի “Մերսեդեսներին” - Հիսուս Նազովրեցու սպիտակ ավանակից ու քաթանե խիտոնից ու~ր են հասել… Հետն էլ հորդորում են մտածել միայն հոգու փրկության, հավիտենական կյանքի մասին, և դոգմայի բառակուտակի տակ խեղդվում է թրթռուն, կենդանի, զվարթ և … հարուստ կյանքի տեսիլքը:

Ընթերցողս, եթե ինչ-որ ճանապարհ միասին ենք անցել, ապա գիտես, որ Մշակույթն ու Գեղեցկություն եմ համարում Կյանքի հիմքը… Այսօր մի էական լրացում ունեմ – Մշակույթն ու Գեղեցկությունը` Հարստության չքնաղ շրջանակի մեջ:

Հարստությունը և ապահովությունը էլ ավելի են ազնվացնում ազնիվներին, և նրանք առավել շատ ժամանակ են ունենում խոսելու… Աստվածների հետ:

Բարի գիշեր:

Հեղինակ
22.07.2009, 23:54
Այսօրս` 22 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Մամա~, մամա~…

Մեր բակում մի երեխա կա` 10-12 տարեկան տղա, կանգնում է շենքի կողքին, նայում է վեր` դեպի իրենց բնակարանը և կանչում է. “Մամա~, մամա~…” Բայց ոնց է լինում` էս մեր անծանոթ մաման թե չի լսում, թե տանը չի լինում, թե չլսելու է տալիս` չի պատասխանում երեխային: Տղայի սիրտը պատռվում է` “Մամա~, մամա~” է կանչում, շենքի կեսը դուրս է նայում… Եվ այսպես կրկնվում է շատ հաճախ… Բայց պարզ է` մայրը մի օր պատասխանելու է իր զավակին:

Ինչի՞ համար հիշեցի կյանքի ստեղծած այս էսքիզը: Այս ժամին, երբ կյանքը մեր մոլորակի վրա, մեր երկրում` թվում է թե անտանելի է դառնում` մենք բոլորս, ամեն մեկս մի մանուկ է, որ կանգնել է ճակատագրի առջև և կանչու~մ է` մամա~, մամա~: Եվ գիտենք, որ Բնությունը Կին է և Մայր է… Կյանքն էլ Մայր է և լսում է մեր կանչը… Մայր-Բնության մեջ ամեն ինչ – մի ափ հողը, մի կտոր քարը, մի կանաչ բողբոջը, նույնիսկ տարածության մի կետն անգամ շնչում է Մայրությամբ: Զարմանալի է Տիեզերքի Մայրական Էներգիան – նա գիտակից, անհոգնել, ստեղծագործ ուժով ամենուր Կյանք է ստեղծում, աճեցնում, խնամում…

Երբ իջնում է երեկոն, արևի մարող շողերի մեջ սլանում են ծիծեռնակները: Տեսնես որո՞նք են մայր-ծիծեռնակները, տեսնես այս տարի բույն դրե՞լ են, ձու դրե՞լ են, ձագերը ե՞րբ են լինելու…


Այս գեղեցիկ մոլորակի Մայրությունը շարունակվում է…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.07.2009, 23:47
Այսօրս` 23 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Այս գրառումը ջնջում եմ, բացատրությունը` 24 հուլիսի գրությանս մեջ: Շնորհակալ եմ սիրելի մարդկանց, որ դրվատել էին...

Միշտ ձեր` Հեղինակ

Հեղինակ
24.07.2009, 23:34
Այսօրս` 24 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, կարդացի վերջին օրերի “Այսօրներս”… Ստացվում է` աշխարհում ինչ-որ բան “լավ” է և ինչ-որ բան “վատ” է… Սրանով է լցված մեր կյանքը, մարդկանց ու իրադարձությունները գնահատելով ու դատելով է անցնում մեր օրը… Թողած մեր սիրտը, մեր հոգին – մենք զբաղված ենք ուրիշների կյանքը գնահատելով: Բայց հայտնի է` ուրիշի ստվերը տեսնելով` չես ցրում մութը, ինչը հնարավոր է միայն սեփական սրտի պայծառացումով…

Նայեցի երեկվա “Այսօրս” – որ էս ժողովուրդը “Որոգայթ” է նայում, որ “Վերվարածների” գովաբանության մեջ հենց նոր մասնակցում էր հայտնի թատերագետը – պատկերացնում ե՞ք, առանց ամաչելու իր հայկաբան-պրոֆեսորական փառքից, որ ազատական լրագիրը միայն “աստղերի” մասին անդրադարձ կանի, որ էս երկիրը չունի մշակութային քաղաքականություն – հետո ի՞նչ… Սրտիս պայծառ մեկ ժամը ինչու՞ պետք է նվիրեմ որևէ մեկի ոչ առողջ ընտրությանը… Այդ մեկը կարող է մի ազգ լինել: Այդ ազգը կարող է լինել հայ մեծ ու հինավուրց ազգը: Ինչու՞ սրտիս պայծառ ժամը նվիրեմ հայ ազգի աղբանոցը քրքրելուն, նրա այս կամ այն զավակին իբրև թե ճիշտ ճանապարհի բերելուն…

Չ~է, այս ճանապարհը հին է, անստույգ, անարդյունք… Ես մի հող ունեմ, որ պետք է մշակեմ, մի շունչ ունեմ, որ ազատ պետք է լինի, մի աղբյուր ունեմ, որ հորդաբուխ պետք է պահեմ, մի արև ունեմ, որ պետք է բոցավառեմ - և դա իմ սիրտն է, իմ կյանքն է… Ես պատասխանատու եմ միայն իմ համար: Թող ամեն մարդ ընտրի այն, ինչ ընտրում է: Ես որևէ մեկին կարող եմ օգնել միայն իմ սրտի թրթիռով: Ուրիշ ոչնչով:

Ընթերցողս, առաջին գործս այս Նոր Ուղեծրում – ջնջել երեկվա “Այսօրը” … Կարդացի ու ամաչեցի… Աշխարհում “լավ” ու ‘վատ” չկա – կա միայն Կյանք…

Ճապանոցի մեծ ռեժիսոր Կուրոսավայի “Երազները” ֆիլմը: Թող աղվեսները անեն իրենց հարսանիքը: Ես կնայեմ այդ ֆիլմը: Այս վայրկյանին ֆիլմը գնում է: Կուրոսավան պատմում է իր երազները: Եթե իրավունք ունենամ և շնորհ առնեմ, մի օր աշխարհին կպատմեմ իմ երազները…

Բարի գիշեր:

Հեղինակ
25.07.2009, 23:47
Այսօրս` 25 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Զարմանալի օր էր – այն ապրելու ինչ-որ ռիթմ, ինչ-որ բովանդակություն էինք նախատեսում – բայց մեր այսօրի մեջ պայծառորեն ներխուժեց Վասիլի Շուկշինը, նրա ծննդյան 80-ամյակն էր… Տարիներ սրտիս մեջ տանում եմ մեծ գրողի, ռեժիսորի և դերասանի նկատմամբ սերս ու խոնարհումս, և ուրախ եմ, որ մերոնց համար էլ այսօր տոն էր…

Կատուն գետի սառն ալիքները զարկում են ափի գետաքարերին… Ալթայի երկրամասի խիստ ու գեղեցիկ բնությունից, ռուս գյուղի աշխատանքից ու ռուս լեզվից է գալիս այս գեղագետը… Երգում են ծերերը, երգում են երիտասարդները, ծփում է ժողովրդական պարզ ու անխորամանկ կյանքը, հնչում է ռուս գյուղացու ջերմ խոսվածքը… Եվ մի օր այս աշխարհի զավակը գալու է մայրաքաղաք – “Մոսֆիլմ”-ի կինոհրապարակներից մեկում տեսնում են մի երիտասարդ մարդու` տելեգրեյկա հագած, ոտքերին` կիրզայե սապոգներ, գլխարկը աչքերին քաշած, տելեգրեյկայի գրպանը` տետր ու գրիչ խոթած… Բոլորը ա~խ են քաշում` ինչ լա~վ են հագցրել կոլխոզի նախագահի դերասանին: Բայց մեկը ճանաչում է նրան ու ասում` Շուկշի~նն է, նրան ոչ ոք չի հագցրել, նա այդպես է հագնվում… Շուկշինը – այդպես հասարակ, այդպես գեղջկորեն - բայց տիրաբար խուժեց ռուս գրականություն և կինոմատոգրաֆ…

Սուր և նիհար դեմք, աչքերը նեղ են ու սուր, այտոսկրերը մի քիչ դուրս ցցված, չոր շրթունքները պինդ սեղմված են, խիստ դիմագծերը թախիծով լիքն են: Այս դեմքին արթնություն է, դեմքին արթուն սեր է: Թվում է` Շուկշինը երբեք չի քնում, սուր աչքերի մեջ ցավ կա, նրա դեմքին ու սրտում շնչում է մի ցավագին թախիծ – իր հայրենիքի ծնած թախիծը: Դերասան-Շուկշինը ձև չունի, նա ինքն իրեն է խաղում… Նա փարում է սպիտակ կեչուն և ասում է. ”Հարսնացու~ս, կսպասե~ս…”: Եվ հավատում ես – նա առանց կամերայի էլ նույնն է ասել սպիտակ կեչուն…

Շուկշինի գրականությունը… Շուկշինի կինեմատոգրաֆը – “Калина красная”, “Печки-лавочки”, “Они сражались за родину”… Շուկշինի երգած ռուս գյուղը… Ես` հայ գրագետս, միշտ սրտիս մեջ ունեցել եմ իղձ` այս մեծ գեղագետի արվեստը ավելի լայնորեն մտցնել հայ-մշակութային տարածք: Բայց, ափսո~ս, թվում է, որ իր հայրենիքում էլ` նա եթե ոչ մոռացվում է, ապա երիտասարդության շուրթերին ու սրտի մեջ չէ… Ռուս մշակույթի հանրային բեմը գրավել են էստրադային կոմեդիանտները…

“Հարսնացու~ս, կսպասե~ս”- մրմնջում են Վասիլի Շուկշինի շուրթերը: Եվ սպիտակ կեչին սպասու~մ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.07.2009, 23:29
Այսօրս` 26 հուլիսի 2009թ, ավարտվում է:



Կուրոսավայի երազները

Երկու օր առաջ նայեցինք ճապոնացի ականավոր ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի “Երազները” ֆիլմը: Ֆիլմը ունի ութ էպիզոդ-երազ, առաջին երազը ուղղակի ցնցեց ինձ, և այն էլ մի համընկնումով, որը զուտ անձնական պատճառ ուներ…

11-12 տարի առաջ էր, մի օր առավոտյան մեքենայով, Առողջագետի հետ մոտեցանք այն կրթական հիմնարկին, որի կազմում գործում էր մեր Առողջագիտության կենտրոնը: Կանգնեցինք և մեքենայի միջից ողջունեցինք մի աշխատակցի – հայտնի մանկավարժ է: Նա մոտեցավ, ընդամենը մի երկու խոսք փոխանակեցինք, և նա ասաց. “Էսօր մի զարմանալի երազ եմ տեսել. իբրև թե աղվեսների հարսանիք էր, և ես այդ հարսանիքի քավորն էի…” Եվ ավելացրեց մի քանի մանրամասներ: Չհասակացանք` ինչու՞ այդ մարդը պատմեց դա, այնքան էլ մոտ չէինք, որ իրեն թույլ տար այդպիսի անկեղծություն… Հետո մենք գնահատեցինք, որ շատ ծանր խորհրդանիշ էր տեսել - ավելի ուշ այդ “հարսանիքը” տեսանք իրականում… Բայց ասելիքս խորհրդանիշի իրականացման մասին չէ…

Դառնամ Կուրոսավային – ցույց են տալիս առաջին էպիզոդ-երազը և ի՞նչի մասին է այն – աղվեսների~ հարսանիքի… Մարդկության ենթագիտակցության մեջ ծփում է սիմվոլների ծովը, և “աղվեսների հարսանիք” սիմվոլը մի օր որսացել է Կուրոսավան, մի օր էլ մեր մանկավարժը… Եվ Կուրոսավան “նկարել” է սիմվոլը – իր արտածման և գործողության մեջ: Պազոլինի – Փարաջանով – Կուրոսավա – Կուստուրիցա… Այս քառյակը – երազների և իրականության միասնության երգիչները: Երբ տարիներ առաջ տեսանք Փարաջանովի “Նռան գույնը”, զարմանում էինք` ռեժիսորը ինչպե՞ս է հնարել պատկերները - որտեղի՞ց, աներևակայելի երևակայության ո՞ր ծալքերից է հանել դրանք: Հետո միայն պետք է հասկանայինք - Փարաջանովը նկարել է իր երազները և տեսիլքները: Իսկական գեղագետը եթե երազ էլ չի նկարում, ապա ոգեշնչման մեջ ստեղծում է այնպիսի պատկերներ, որոնք կարծես հարթմնի տեսած երազի ծվեններ են…

Բայց նորից, նորից դառնամ Կուրոսավային… “Դեղձենիների այգին” երազը: Այգին կտրել են: Տղան երազի մեջ հանդիպում է կտրված ծառերի … ոգիներին: Չքնաղ ոգիներ, անմարմին- անծառ ոգիներ: Մարդու համար ինչը՞ կարող է ավելի ծանր լինել, քան հանդիպել զոհված ծառերին… Ծառերի ոգիները ցավում են, որ տղան այլևս չի տեսնի դեղձենիների այգին: Ծառերի ոգիները որոշում են նորից մարմնավորվել, նորից լինել, որ տղան այգի տեսնի: Եվ տղան տեսնում է նոր ծաղկած այգին…

Ընթերցողս, ցանկանում եմ` երբևէ նկարես քո տեսած պայծառ, արդար և ինչու՞ ոչ` մարգարեական երազներդ… Բայց իմացած լինես` ամենազարմանալի և դժվար մեկնելի երազը ԿՅԱՆՔՆ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.07.2009, 23:39
Այսօրս` 27 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, հիշում ես` մի քանի օր առաջ ապստամբեցի ինքս իմ դեմ – որ բոլոր մարդկանց նման ես էլ քննում եմ կյանքը և այսինչ բանը “լավ” եմ համարում, իսկ այնինչ բանը` “վատ”… Եվ կյանքում ավելացնում եմ տարանջատումը, բաժանումը, տարբերությունը: Մինչդեռ կյանքի վսեմ նպատակը մարդկանց միավորելն է, սիրո ու կարեկցանքի դաշտի ստեղծումը:

Մի քիչ առաջ Առողջագետիս ասում եմ` ահա, որոշել եմ` այլևս մարդկանց տարանջատող “լավ” և “վատ” կատեգորիաները չգտագործել, դե ասա` “Այսօրումս” ի՞նչ եմ գրելու… Առողջագետս գիտի, թե այսօրս ինչպես է անցել և ասում է` գրիր այն, ի~նչ ապրել ես… Բայց Առողջագետը գիտի` ապրածիս-մտածածիս մեջ կա մի հսկա շերտ, որ այնչափ անձնական է, որ հենց այնպես չես պատմի: Բայց պիտի փորձեմ…

Իսկ մինչև այդ` մի հատված էլ մեր զրույցից: Առողջագետին ասում եմ` պատկերացնու՞մ ես մի քաղաքական գործիչ, որ քնելուց առաջ մտածի – էսօր հակառակորդիս հետ բանավիճելիս ի՞նչ սխալ եմ արել, ի՞նչ անճիշտ միտք եմ արտահայտել, ինչո՞վ եմ անարդար եղել և նրան ցավ եմ պատճառել… Որոշեցինք, որ այդպիսի մեկը դժվար լինի… Դե, ընթերցողս, դու գտիր, թե մեր քաղաքական այրերից ու մայրերից ո~վ քնելուց առաջ կմտածի իր սխալների մասին: Ահա` որքա~ն է արմատացած ուրիշի աչքի մազը տեսնելու և իր աչքի գերանը չտեսնելու հին ու “չքնա~ղ” հատկությունը…

Բայց դառնամ ինքս ինձ – ինչո՞վ էր լցված օրս: Մինչդեռ մարդկության մեծամասնությունը զբաղված է տրոհելով, անջատելով, ցավ ու տառապանք պատճառելով – ահա, նույն ժամին` համեմատաբար փոքրաթիվ անհատներ, ամենօրյա խոկումով ու մտածումով օգնության են հասնում իրենք իրենց, Երկիր մոլորակին, մարդկությանը: Այդ մարդիկ սրտի մարդիկ են, ապրում են սրտով, մտածում և ստեղծում են սրտով… Նրանց ապրելու կերպը – Ուրախությունն է, որը ծնվում է հոգու նրբին թրթիռներից, աշխատանքից, ստեղծումից: Եվ այդ մարդիկ են որոշում Երկիր մոլորակի ապագան: Նրանց պայծառ խոկումների արդյունքում մեր մոլորակը այժմ դուրս է գալիս թշնամության տեղապտույտից, անցնում է ավելի բարձր վիբրացիոն մակարդակի… Մոլորակի վրա այժմ ներքին վերակերտման մի հսկա աշխատանք է ընթանում, որից գրեթե անտեղյակ են կառավարությունները, կրոնները, աղանդները, միջազգային կառույցները… Այդ աշխատանքը Մարդու և Տիեզերքի համագործակցության մի ոդիսական է, որի ավարտը դեռ հեռու է… Ահա, այս օրերին ձեռքիս են Մարդու հերոսական աշխատանքի տարեգրությունից` մի քանի աղբյուրներ: Խմում եմ այդ ակունքների բյուրեղյա ջուրը… Այնտեղ շողում է մի հիմնական միտք – ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ԵՆՔ:

Ընթերցողս, մի օր դու էլ հանդիպելու ես այդ աղբյուրներին: Կամ հանդիպե՞լ ես…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.07.2009, 23:12
Այսօրս` 28 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Առավոտ շատ շուտ արթնացանք, վաղ լուսաբաց էր… Սիրելուս դեմքը գեղեցիկ էր և շնչում էր խաղաղությամբ: Նրա տաք թևերը բուրում էին ամռան այգու նման… Որտեղի՞ց է սկսվում կյանքը, հայրենիքը – շատ եմ փնտրել ու միշտ դրսում… Եվ հիմա երջանիկ եմ, որովհետև գտել եմ – նրանք սկսվում են Սիրելուս սրտի Ուրախությունից…

Երբ Արևելքը շառագունել էր` լուսամուտից դուրս նայեցի: Քաղաքային լանդշաֆտի ֆոնին, ինչ-որ տեղ հեռվում, ամպերի մեջ բարձրանում էր Արևը: Ինքը չէր երևում, այլ միայն երկինք թռչող ճառագայթները: Ծիծեռնակները սլանում էին ճառագայթների մեջ… Օդի օվկիանոս էր, այն ձգվում էր շատ հեռու` մինչև Հիմալայներ, և տեսա, որ այդ օվկիանոսում լողանում-սուրում էին ծիծեռնակները… Նրանց հայրենիքը երկինքն է, նրանք սահմաններ չեն ճանաչում…

Philospher-ը համացանցում գտավ ՕզջանԱլփերի (Özcan Alper) “Սոնբահար” ֆիլմի երգը, տեղադրեց ֆորումում: Այս երգը, ըստ համացանցի տեղեկության, հեղինակ ունի, բայց թվում է, որ նա հայ ժողովրդական ողբերգ է… Ես այսօր երգը լսեցի ոչ որպես ողբերգ, այլ որպես մոր կոչ` ուղղված իր անմահ Որդուն – Լինել, Ապրել, Սխրագործել…
“Հոգիս մատաղ լինի, որդիս…”
Հայերեն բառերը հրեղեն փշուրների նման թափվում էին համշենահայ մոր շուրթերից… Եվ այրում էին: Որդին հեռանում էր, բայց երգը մեր հոգին տանում էր Համշենի լեռներ, և ավելի վեր, ավելի վեր… Համշենամոր երգ-արցունքի մեջ բեկվում էր գոյության և ապագայի լույսը և հասնում էր ինձ: Այս օրերին շատ լիքն եմ եղել – քեզ հետ կարող են անգամ աստվածները խոսել, բայց նրանց բարձրագույն լույսը կարող է հասնել միայն արվեստի թրթիռներով:

Եվ այսօր սիրտս նորից երգում էր` Սոնբահա~ր, Սոնբահա~ր… Բայց սրտիս մեջ աշուն չէր, այլ գարուն էր… Սիրելիս գիտեր գաղտնիքս, նա գիտեր, որ սրտիս մեջ գարուն է…

Բարի գիշեր:

Հեղինակ
29.07.2009, 23:59
Այսօրս` 29 հուլիսի 2009թ, ավարտվում է:



Ջրհեղեղ է.

Մշակութային Նոյյան տապան. ի՞նչ վերցնել



Ընթերցողս, երեկ շատ լիքն էի ու պայծառորեն լարված – Սոնբահարի ողբերգը սրել էր կենսազգացումս… Բայց երեկ որոշեցի զուսպ լինել և թողնել, որ զգացումներս բյուրեղանան… Եվ երեկ ապրածս այսօր բացում եմ քո առջև, ընթերցողս:

Այսօրվա խորագիրս փաստ է արձանագրում – այո~, աշխարհում ջրհեղեղ է: Բայց դեռևս համաշխարհային օվկիանոսի ջուրը չէ` բևեռների հալված սառույցների ջուրը: Ուրի~շ է այս ջրհեղեղը – բարձրացել է մոլորակային անառողջ կենսակերպի, հակամշակույթի պղտոր ջուրը և կարծես ծածկում է Կյանքը: Ընթերցողս, այսօր, հենց ԱՅՍՕՐ քո կյանքը ինչո՞վ է լուսավորվել, ի՞նչ աստղ է փայլել քո համար, անկեղծության ի՞նչ արև է շողացել քո համար – եթե շողացել է, ուրեմն` դու ապրում ես: Բայց չենք կարող չտեսնել, որ պղտոր ջուրը բարձրանում է… ԿՅԱՆՔԸ, նրա հրաշքը, նրա ուրախությունը վտանգված են: ԿՅԱՆՔԸ չի կարող տանել մեր իսկ ոտնձգությունը, ԿՅԱՆՔԸ ՈՒՂՂԵԼՈՒ Է ԱՅՍ ՎԻՃԱԿԸ: Ջրհեղեղ է:

Մեր էությունը ձայն է տալիս մեզ` լսե~ք, լսե~ք, լսե~ք… Ջրհեղեղից պետք է փրկել ամենաթանկը: Ամենաթանկը, իհարկե, մեր սիրտն է և սրտի Ուրախությունը: Բայց սիրտը չի կարող ապրել առանց Գեղեցկության: Եվ արդ` ի՞նչ ենք փրկելու ջրհեղեղից: Մեր սրտերի երևակայությամբ կառուցենք մի նոր Նոյյան տապան, որտեղ պետք է վերցնենք Մայր Մշակույթի ամբողջ գանձը: Երբ պղտոր ջրերը գնան` մեր գանձը պահած կլինենք, նա ջրի բաժին չի դառնա… ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ի՞նչ ենք վերցնելու: Ընթերցողս, արի~ ինձ հետ, մեզ մի ծանրակշիռ, բայց քաղցր աշխատանք է սպասում…

Նախ` Լեզուն: Քեզ` Գրաբարս, Քեզ` Արևմտահայերենս, Քեզ` Արևելահայերենս, Ձեզ` Բարբառներս – պետք է սեղմենք մեր սրտին ու վերցնենք: Իսկ ձեզ` փոքրատառյա ու էազուրկ ժարգոններ – գողական, քաղքենիական, քաղաքական-անիմաստ-փուչիկական և այլն, հանձնելու ենք պղտոր ջրերին:

Եվ ապա` Պարը: Երգի հետ: Բոլոր կրողները – եթե պետությունն էլ միանար – մի հավաքչական սխրանքի գնային, - մասունք առ մասունք, Կոնսերվատորիայի և արխիվների գզրոցներից, ամբիոններից, Ռադիոյի պահոցներից, անհատ անձանց հավաքածուներից հանել, մաքրել, դասակարգել, փայլեցենել, կատարել, թվագրել… ՊԱՐԻ ԱՄԵՆ ՇԱՐԺՈՒՄԸ: ԵՐԳԻ ՄԵՂԵԴՈՒ ԱՄԵՆ ԵԼԵՎԵՋԸ: Բնիկը, արարչածինը: Չմոռանալ մեր ոսկե Շարակնոցը: Ոգեկոչել Խորեն Պալյանի սխրանքը` նորերին զորակոչելով – նա 2500 շարական գիտեր: Նրանք մեր Ոգու Երգն են և կապ չունեն կրոնի հետ: Եթե Եկեղեցին մասնակցեր – գոնե կարդարացներ իր ներկա գոյությունը:

Ապա` մեր Բանաստեղծությունը: Իհարկե` Գրականությունն ընդհանրապես: Բայց ոչ ամբողջը: Ես Թումանյանի “Ձախորդ Փանոսը” Մշակութային Նոյյան տապան չէի վերցնի – մեր ձախորդության ու ճորտության գրականությունը չէի վերցնի…

Այսօր դեռևս այսքանը, Մշակութային Նոյյան տապանը` իր սխրալի նավավարներով, սրտիս մեջ է… Այս կոչը դեռ հնչեցնելու եմ – գիշեր ու ցերեկ դադար չեմ առնելու…

Բարի գիշեր:

Հեղինակ
31.07.2009, 00:20
Այսօրս` 30 հուլիսի 2009թ, ավարտվում է:

Վերջին երկու շաբաթների ոգեշունչ ուղեգիծը – երբ խոսում էր Ոգին և Նրա Օրենքները: Այսօր մի ընդմիջում եղավ – մերոնք ժամանակին 2-3 անգամ նայել էին Ալան Պարկերի “Փինկ Ֆլոյդ. Պատը” ֆիլմը, և ինչպես էր եղել` ես միշտ չէի կարողացել լրիվ նայել: Այսօր նայեցի ու հասկացա, թե ինչ ծանր հիվանդությունից պետք է ազատագրվի մարդկությունը: Այս ֆիլմը դեռևս հրատապ է, ներկա քաղաքակրթությունը դեռևս դուրս չի եկել դեգրադացիայի տեղապտույտից:

Մեզ պետք չէ այդպիսի կրթություն,
Պետք չէ մեզ` հսկել մտածողությունը,
Մանկավարժական ճիվաղություն դասարաններում.
Ուսուցիչնե~ր: Թույլ տվե~ք` մենք ինքներս լինենք:

Այս տողերը ողբերգել է անգլոսաքս հեղինակը - և նրա հետ` ամբողջ աշխարհը: Այս քառատողը պետք է խփել Կրթության նախարարության պատին – այս քաղաքակրթության ինքնախոստովանանքը` եվրաինտեգրման մեր մունետիկների համար: Ներկա կրթության մսաղացը գործում է, ափսո~ս մեր կանաչ մանուկները, ափսո~ս ողջ աշխարհի մանուկները… Երեխան բանաստեղծություն է գրում, և նրա նուրբ մատները դաղում է “ուսուցչի” հարվածը: Ներկա դպրոցները – ահա թե որտեղից են սկսվում պատերազմները:

Բայց ամենասարսափելին նույնիսկ դպրոցը չէ~… Ամենասարսափելին տղամարդու և կնոջ պատերազմն է, դաժան կռիվը սեռերի միջև: Բնության այս երկու ծաղիկը ելնում են իրար դեմ, պայքարը դաժան է, նսեմացուցիչ` երկուսի համար: Կին-սիմվոլը դառնում է կարմրաբոց երախ, որ կլանում է տղամարդ-սիմվոլին: Ծաղիկի նուրբ ցողունը փշալար է դառնում: Սեռերի թշնամանքը ծնում է մոլորակի ամենածանր հիվանդությունը: Մոլորակի սիրտը պատռվում է, և նրա խորքում երևում է Պատը:

Պատը ծնում է տիրաններ: Տիրանը բեմից կռնչում է իր ճառը, և դիմակավոր ամբոխը խենթանում է: Հաստատվում է մուրճերի թագավորությունը: Պատի վրա խամաճիկ-մարդու ստվերն է միայն խաղում: Պատը շրջագծով կլորանում է և իր մեջ է առնում դժբախտ մարդուն – նա մի չնչին կետ է, և նրա վրա հարձակվում է իր իսկ ստեղծած հրեշը...

Ահա ներկա քաղաքակրթության դիմանկարը: Ախտորոշումը: Իսկապես, հիմար պետք է լինել`“Փինկ Ֆլոյդ. Պատը” նայելուց հետո հավատալ քաղաքական երեսպաշտների “ժողովրդավարական” էքսկուրսներին…

Ազնիվ հեղինակները կանխատեսում են – ՊԱՏԸ ՓԼՎԵԼՈՒ Է: Այժմ արդեն հաստատապես հայտնի է` ՊԱՏՆ ԱՐԴԵՆ ՓԼՎՈՒՄ Է: Փլվում է Լույսի, Սիրո, Գիտակցության շողարձակումից: Եվ երբ փլվի` նրա քարերի հետ կխաղան աշխարհի երեխաները…

Բարի գիշեր:

Հեղինակ
31.07.2009, 23:30
Այսօրս` 31 հուլիսի 2009թ, ավարտվում է:


Ի՞նչ կլինի մեզ հետ


Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե մեր աչքերը, ունկերը, բոլոր մյուս զգացողությունները փակենք աշխարհից եկող ամեն տեսակի լուրերի, “նորությունների”, բամբասանքների, աղմուկների առջև… Թվում է, թե կդատարկվի մեր կյանքը: Պատկերացրեք միայն` առավոտից մինչև երեկո, ի~նչ բազմազան են մեր ստացած գրգիռները, տպավորությունները, և դրանց մեծ մասը գալիս է վերը նշված շարքից…

Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե առավոտյան չգնենք ընդիմադիր 1-2 լրագիր, հասու չլինենք այն գրոհներին, որ զայրացած ընդդիմությունը ձեռնարկում է բոլոր սահմաններն անցնող իշխանության հանդեպ, և չգնենք ևս մի լրագիր, այս անգամ` իշխանական, որտեղ հասու կլինենք, որ ընդդիմությունը զազրախոսում է և նույնպես անցնում է բոլոր սահմանները… Չէ~, հաստատ, մեր կյանքը շուռ կգա…

Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե երեկոյան ուղիղ ժամը 9-ին չփարենք մեր աննման “Հայլուրին”, չստանանք այդ օրվա հաղորդավարի` հայլուրական երջանկության սպեցիֆիկ ճառագայթումը – հայլուրական ժպիտի այն յուրահատուկ էներգետիկան, որը կարողանում է նույնիսկ ջրհեղեղի կամ բերքը կործանած կարկուտի մեջ գտնել մի դրական գիծ, որը կերտվել է մեր աննման իշխանության անմիջական մասնակցության շնորհիվ… Չէ~, անկեղծ եմ ասում, միշտ արմանք-զարմանք եմ կտրել, թե ինչպես է այս ծրագիրը աշխարհի բոլոր “դրական” երևույթները բերում-կապում մեր պետականության անդուլ գործունեությանը: Ես էլ գրչի մարդ եմ, բայց այդպիսի ճարպկությունը իմ խելքի բանը չի… Չէ~, եթե “Հայլուր” չնայենք` մեր կյանքը հաստատ կդատարկվի…

Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե այս ալիքից այն ալիք չանցնենք, չլսենք` այսօր քանի մարդ է կոտորվել, որտեղ են հրդեհները կուլ տվել անտառներ և տներ, որտեղ են ջրերը ելել ու կատաղած հեղեղել են այսինչ մայրցամաքի երկրները … և ապա, Մել Գիբսոնը պապարացիին ոնց է ծեծել, 72- ամյա Սիլվիո Բեռլուսկոնին “պուտինյան” մահճակալի վրա ի~նչ սխրանքներ է արել, և այլն, և այլն…Չէ~, էս ամենը եթե չլինի` մեր ներքին աշխարհը վայ թե~ դատարկվի, էլ ինչի՞ մասին մենք պետք մտածենք քնելուց առաջ…

Հը~մ… Այստեղ թվարկումս դադարեցնում եմ և ավելացնում եմ երկու շատ հասարակ միտք: Եթե այս ամբողջը չլինի, կամ մենք մեզ ազատագրենք այս համաշխարհային զիբիլի ամենօրյա ազդեցությունից, ապա Մեր Սրտերը կարտասվեն ուրախությունից, կսկսեն լսել իրենց զարկերի ձայնը, նրանց կհասնի Կյանքի լույսը և գեղեցկությունը…


Երկրորդ միտքս նորություն է – երեկ մեր ընտանիքը վերջնականապես որոշեց` մեր կյանքից վտարել լրատվական հեռուստատեսային ծրագրերը: Եվ այն ամենը, ինչը ԱՐՎԵՍՏ չէ… Մնաս բարո~վ, մշտաժպիտ “Հայլուր”…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.08.2009, 23:39
Այսօրս` 1 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Այս օրը քաղցր էր նարինջ դեղձի նման:
“Ոչինչ չեմ արել” – գրեթե չեմ կարդացել, չեմ գրել, հեռուստացույց չեմ նայել, թերթ չեմ գնել: Առավոտվանից միայն սիրելիներիս հետ եմ եղել – նրանց մեծ ու փոքր ցանկություններն եմ կատարել, սիրելի դեմքերին եմ նայել…

Մրգերն այսօր քաղցր են եղել, փողոցում մեր տեսած մանուկները քաղցր են եղել… Արևը այսօր ծաղկել էր, մարդիկ ծաղկել էին: Ոչ մի տխուր մարդ չեմ տեսել:

Այսօրս նարինջ դեղձի նման հասուն է եղել:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.08.2009, 23:12
Այսօրս` 2 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Աշտարակի ձորում էինք – հանգստանում էինք: Լեռներից իջնող գետի ջուրը այս անգամ սառն էր, հարյուրավոր մարդկանցից շատ քիչ լողացողներ կային… Սառը ջուրը կարծես կտրում է մարմինդ, և ելնում ես գետից, համարյա վերածնված… Օդի կատարյալ խաղաղությունը, ժայռերի վեհանձն լռությունը, գետի հանգստացնող խշշոցը փայփայում էին մեզ…

Հանգստի վայրերում մեր համայնքը իր աստեղային ժամն է ապրում – գալիս են մեծ տոհմերով, ծերերով ու երեխաներով… Առաջին միտքս ու զգացումը լինում է - վայելում են հայրենիքը, և ի~նչ հազվադեպ պարգև է խաղաղությունը: Բայց խաղաղության իդիլիան շուտ ցրվում է – այս համայնքը կամ պետք է վերածնվի, կամ այս գոյությունը անհնար է շարունակել: Այն ռիթմերը և մեղեդիները, որոնց տակ պարում է համայնքի մարմինը – կենսատու չեն.- կարելի է ևս մեկ-երկու տասնամյակ էլ պարել այդ մեղկ հնչյունների տակ, բայց դեգրադացիան անխուսափելի է: Մեզ ուրիշ պար է պետք, այլապես կփլվեն մեր ժայռերը…

Գետի մյուս ափին մի մեծ տոհմ էր: Պապը, գրկած մեկ տարեկան թոռանը, պարում էր և ռիթմի տակ պարացնում էր մանչուկին: Մանչուկը խլրտում էր, ռիթմի հետ շարժում ձեռքերը, գրեթե պարում էր… Եվ հաստատորեն` այս մանուկը պարելու է իր պապի պարերը: Չէ~, մի բան պետք է մտածել – մեր մանուկները պետք պարեն ոչ պապերի, այլ ԻՐԵՆՑ պարերը… Պապերի հիշողությունը և էսթետիկան վթարված են: Մեր մանուկներին պետք է սպասեն ուրիշ պարեր, ուրիշ առավոտներ, ուրիշ արևներ…

Հանգստանում էինք: Բայց չեմ թաքցնի – ձորի խաղաղությունը, կենցաղի ու հացուջրի քաղցրությունը, սիրելիներիս ներկայությունը ինձ չէին խանգարում` տեսնել ու լսել ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ցոլարձակումները: Ընդհակառակը` մեղմ խնդությունը, Սիրելուս շոյող հայացքը` ուղղված զավակներին, կյանքի խորունկ գաղտնիքի մշտական զգացողությունը վառում ու ոգեշնչում էին… Եվ մեկ-մեկ թվում էր, թե կյանքի – մոլորակային կյանքի, մեր ազգային կյանքի` սովորական, գաղջացող ընթացքը ընդամենը մի պտղաթաղանթ է, որ շուտով պատռվելու է - և սրբազան պտղաջրերի միջից ժայթքելու-ծնվելու է ՆՈՐ ԿՅԱՆՔԸ…

Բարի գիշեր:

Հեղինակ
03.08.2009, 22:52
Այսօրս` 3 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Այսօր ավագ որդուս` մեր Քանդակագործի ծննդյան օրն է: Նա է բացել իմ փակված լեզուն, նա է ինձ բանաստեղծ կոչել: Չեմ տեսել երբևէ ավելի գեղեցիկ մի պատկեր, քան մայրը մանկան հետ: Կաթնահոտ մանուկը բնության աստղն է…

Այնպես է եղել, որ բանաստեղծները երգել են կնոջը, նրա գեղեցկությունը: Սիրելիս ու առաջնեկս ինձ բանաստեղծ կոչեցին, և ես երգեցի հղի կնոջը, ծծդկանին, մորն ու մանկանը:



Մայրացել ես: Գալիս եմ քեզ
Ես իմ անհոգ հեռուներից …

Եվ ահա դու, իմ կարոտած,
Դեմքիդ ժպիտ մի մեղավոր,
Որ մազերդ չեն հարդարված,
Անխնամ է տեսքդ այսօր: –

Հագել ես մուգ, տաք գուլպաներ
Ու գունաթափ, անձև խալաթ, –
Արդեն այն ջինջ աղջիկը չես`
Ծանրություն է իջել վրադ:

Եվ պոռթկումով մի մայրական
Դու հպվում ես, լռին փարում,
Իսկ ես` արդեն հայր ու պաշտպան,
Երեխա եմ նորից դառնում:

Մի այլ բույր կա մազերիդ մեջ`
Հույսի~, ցավի~, հիվանդությա~ն,
Կաթնարարիչ մի աղբյուրի,
Լույս հատնումի և հարության:

Շշնջում ես ինչ-որ խոսքեր
Մեր նորածին որդու մասին,
Ու բերկրանքի ջերմին շողեր
Լուռ ձուլվում է վերջալույսին:

Հեռանում եմ. պատշգամբից
Ուղեկցում ես ինձ, սիրելի~ս, –
Մի նո'ր, մի մե'ծ, մի տա~ք արև
Գունատ դեմքիդ լույս է տալիս:



...

Փոթորիկն անցավ. իջել ես ափին
Հոգնած, թևաբեկ թռչունի նման
Ու դեռ չամոքված ցավից, սարսափից,
Աղի արցունքով լալիս ես հիմա:

Փխրու~ն, կանացի~, ճերմա~կ թևերով
Դու թևածել ես երկնքում այն մառ,
Ուր կայծակներ են ճայթում ահագոչ,
Ուր աստվածներն էլ չեն լսում իրար:

Երկունքի ցավը, փնտրելով եզերք,
Քո պտղավորված մարմինն էր խոցում, –
Ի~նչ ահեղ ծով էր, ի~նչ դաժան տարերք,
Որ մանուկ արև ուներ իր ծոցում:

Հիմա հասել ես փրկության ափին`
Մանուկ-պարգև ես բերել ինձ համար.
Հոգնած, երջանիկ լալիս ես, իմ կի'ն,
Իմ զավակի հո'ւյս, իմ զավակի մա'յր:


Բարի գիշեր:

Հեղինակ
05.08.2009, 00:08
Այսօրս` 4 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Առավոտը մաքուր էր ու սառը-արևոտ - այդպես լինում է Երևանի չքնաղ աշնանը: Կոմիտասի մայթերը ջրված էին, մի քանի փոքր վարդանոցներ տեսա` լրիվ չբացված կարմրաօրանժ վարդերով: Մի մարդ ջրում էր վարդերը և մանուկ եղևնիները: Խնամքը և մաքրությունը շոյում էին աչքը: “Կառուցե~լ հայրենի Տունը”, – շշնջում էին ամռան ծաղիկները…

Առավոտը ապաքինում էր հոգնած մարմինս… Ընթերցողս, մի դիտարկում ունեմ այս վերջին օրերից: Հիշում ես` գրել էի - երեկ մեր Քանդակագործի ծնունդն էր, իսկ դրանից առաջ Աշտարակի ձոր էինք գնացել: Ուրեմն, այնպես եղավ, որ մենք երկու օր իրար վրա “քեֆ արեցինք” – է~լ ինչ հայկական քեֆ առանց կենդանական սպիտակուցի – միս, ձուկ, ձու… Մեր ընտանիքի սնունդը հիմնականում բուսական է – միրգ, բանջարեղեն, հատիկեղեն, և շատ հազվադեպ ենք մսով ճաշ պատրաստում… Մեր կյանքը և մեր առողջագիտական գործը տարամիտում չունեն – այն ինչ ուսուցանում ենք մեր սաներին, ընտանիքներին` մենք էլ ենք այդպես ապրում… Այնպես որ` այս երկու օրերի “քեֆչիությունը” լավ չտարանք – սպիտակուցային սնունդը թուլացնում է մտային գործունեությունը, աշխատունակությունը ընկնում է… Մի խոսքով` այսօր հանգստանում էինք – աղցան, հնդկացորենով փլավ, խորոված բանջարեղեն - և զվարթ էինք, որ մեր կենցաղը այդչափ մաքրված է…

Եվ չեմ թաքցնի` այսօր խոսեցինք մեր նորածին վերնախավի մասին, որը հարուստ նախնիների մշակույթ ու արիստոկարատիզմ չունի, և ուղղակի “հարձակվում” է կյանքի “վայելքների” վրա – իսկ քանի որ հայ կենցաղի այժմյան “ապոթեոզը” խոզի չալաղաջով խորովածն է ու թանկ ձկնեղենը, ապա պետք է ենթադրել, որ մեր վերնախավի զգալի մասը տառապում է քրոնիկական սպիտակուցային թունավորումով… Եվ երբ, ասենք, մեր վարչապետը կամ այլ բարձր պաշտոնյա միտքը արտահայտում է շատ տարտամ, ոչ վառ, հոգնած - և ասածի մեջ քիչ է լինում իրական հոգսը կամ սերը մարդկանց նկատմամբ, ապա այլ պատճառների թվում չպետք է մոռանալ սննդային գործոնը… Կարելի է նույնիսկ զարմանալ, թե գրեթե ամեն օր մսեղեն ուտող, կոկա-կոլա խմող պաշտոնյայի հոգին և ուղեղը ինչպես են աշխատում, ինչպես է նա “կառավարում” մեզ…

Երևանյան ամառը զարմանալի է – քաղցր են հայրենին հողի պտուղները: Առողջագետիս հետ հենց նոր վերադարձանք տուն և բերեցինք մեր առավոտյան նախաճաշը – 7 կիլոգրամանոց մի ձմերուկ… Եվ ավելացնեմ` կուշտ ճաշելուց հետո ձմերուկ ուտելը… “պետական հանցագործություն” է: Միրգը, ձմերուկը, սեխը – միայն քաղցած ժամանակ…

Բարի գիշեր:

Հեղինակ
06.08.2009, 00:17
Այսօրս` 5 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, մի անգամ կարծես թե գրել եմ, որ “Այսօրս” գրելիս ինչ-որ երկվություն եմ զգում – օրվա մեջ կարող եմ զբաղվել, ապրել շատ խնդիրներով, բայց գրել միայն այն, ինչ անցնում է ներքին գրաքննիչիս խոժոռ հայացքի տակով: Մարդկային սրտի իրական ապրումը երևի մաքուր գեղարվեստի խնդիրն է, և վավերագրական արձակը միշտ չէ, որ հասնում է կյանքի խորքերը: Ինչևէ, այսօր էլ այդ զգացումն ունեմ: Ապրածից ի՞նչը հանձնել վիրտուալ այս էջին…

Ուրեմն, այսօր փորձեմ ազատվել երկվությունից: Ասեմ` ինչով եմ զբաղվել ամբողջ օրը: Շարունակում էի մշակել այն լայնածավալ գրականությունը, որը վերաբերում է Մարդ-Տիեզերք հարաբերությանը` կապին, փոխազդեցությանը: Եվ աչքիս առջև բարձրանում էր այն ահագնորեն գեղեցիկ, կատարյալ, լուսավոր, խորհրդավոր արարածի պատկերը, որ ՄԱՐԴ է կոչվում…

Հիշում ե՞ք, մի շատ պարզ և հետաքրքիր գիրք կա` Մուդիի “Կյանք մահից հետո”… Ափսո~ս, այս և նման գրքերով է հաճախ ավարտվում մեր հետաքրքրությունը ՄԱՐԴՈՒ ծագման և իրական էության մասին: Իրականությունը շատ ավելի շքեղ է ու զարմանալի… Պատկերացրեք` նայում եք ֆիզիկական մարդուն – իրանը, գլուխը, ոտքերը, ձեռքերը… Եվ պատկերացրեք, որ նրան նայում եք պայծառատեսի աչքերով, որ տեսնում է մարդու կենսաէներգետիկ համակարգը… Նայում եք մարդուն այսպես կոչված մահից հետո – լուսավոր դեմք, հրացայտ աչքեր, լուսապսակ գլխին. մեջքի կողմից հրի սյուն է` իր 7 չաքրաներով, որոնք հրե կոներ են և որսում են Տիեզերքի էներգիաները: Հրե սյունը գլխից բարձրանում է դեպի վեր, այնտեղ նա ունի ևս հինգ չաքրաներ, որոնք ստանում են գալակտիկական էներգիաները: Դեպի ցած` հրե սյունը խոյանում է դեպի Երկիր մոլորակի խորքը:

Այս զարմանալի հրեղեն արարածը ՄԱՐԴՆ է: Նա չունի ֆիզիկական մարմին, բայց ունի այլ մարմիններ - նա գեղեցիկ է, նա մտածում է, սիրում է, կարեկցում է… Երբ նա ապրում է մեր աշխարհում, գիշերը թողնում է մարմինը և հրեղեն ընթացքով սլանում է մոլորակի վրա, ստանում է կրթություն, լիցքավորվում է: Մշտապես նրա հետ են բարձր Ղեկավարները:

Ընթերցողս, եթե այնպես կլինի, որ վաղը առավոտյան հանդիպես մի մարդու, որին չես սիրում… Կամ կկարդաս մեկի մասին, որ մի հասարակ սրիկա է և որի տեղը ճաղավանդակն է… Բայց հավատա խոսքիս, որ նրանցից ամեն մեկը մի հրեղեն, լուսավոր արարած է, որը որոշել է այս կյանքի ընթացքում այդ կերպարի մեջ լինել, այդ դասն ու փորձն առնել, այդպես հարստանալ, և մի քանի տասնամյակ անց Տիեզերք տանել իր ապրած կյանքի անգին դասերը… Եվ այդ “սրիկան” նույնքան կարիք ունի սիրո, ինչքան և դու…

Մի նախադասություն` այսպես կոչված “հավատացյալների” համար – այս գրությունս գիտական հիմք ու ծագում ունի և չի առնչվում կրոնի հետ…

Բարի գիշեր

Հեղինակ
06.08.2009, 23:55
Այսօրս` 6 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Առողջագետիս հետ նոր վերադարձանք տուն, ուշ է արդեն… Վաղը որոշել ենք հայրենի գյուղ գնալ – վաղուց չենք եղել, “Այսօրս” մի օրով կընդհատվի: Անկեղծ ասած` ուզում էի այսօր էլ “ծուլություն” անել և համացանց դուրս չգալ: Բայց որոշեցի մի շատ կարճ, բայց կարևոր անդրադարձ անել…

Ընթերցողս, ինչպե՞ս փոխել աշխարհը: Ինչպե՞ս վերակերտել մեր հայրենիքը: Դու էլ, ես էլ, աշխարհի միլիոնավոր մարդիկ էլ համարել են, որ աշխարհը կփոխվի, եթե “բարին” հաղթի “չարին”: Ընդ որում, ամեն մեկը ունի բարու և չարի իր չափանիշները: Իբրև բևեռների կռվի ու մեկ բևեռի հաղթանակի մեջ է ծնվում ապագան… Նայե~ք մեր հայրենիքին, նայե~ք ծայրահեղ բևեռացմանը – հակոտնյա ուժերի պայքարը հնարավոր փոփոխության և առջընթացի հույս է ստեղծում:

Սա պատրանք է, և ահա թե ինչու: Որևէ կենդանի գոյության – լինի դա մի բույս, մի կենդանի, մարդ ու ազգ, մարդկություն ու մոլորակ – ահա, որևէ գոյության զարգացման մակարդակը որոշվում է նրա ալիքի հաճախականությամբ – նրա ՎԻԲՐԱՑԻՈՆ վիճակով: Եթե մարդ ցանկանում է առաջ գնալ – ոչ սոցիալական, այլ ոգեկան իմաստով, - ապա նա պետք է Սիրով ու Մշակույթով կրթի իր սիրտը, հասնի իր թաքուն էությանը, նրա բարձրագույն վիբրացիաներին, և դրանով վերափոխի իր գոյությունը և կյանքը: Եվ եթե մի երկիր էլ ուզում է դուրս գալ թշնամության և բևեռացման ստեղծած քաոսից, ապա իր ընտիր զավակների Սիրով ու Կարեկցանքով կարող է փոխել իր ՎԻԲՐԱՑԻՈՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ և գնալ իրական առաջընթացի ճանապարհով:

Բևեռացման ստեղծած առաջընթացի մոդելը սպառել է իրեն: Անգետ ազգերը կմնան այս մոդելին գերի և ատելության մեջ կկորցնեն իրենց ավյունը: Սակայն շատ քչաթիվ մարդիկ կարող են համառ, սիներգիկ ոգեկան աշխատանքով – մարդկանց աչքից հեռու ու հանրային կազմակերպվածության սահմաններից դուրս – բարձրացնել իրենց ազգի և մարդկության վիբրացիաները և նրանց դուրս բերել համապարփակ ճգնաժամից:

Ընթերցողս, այսօր հստակ ու վերջնական հասկացա - ՍԱ Է ՄԻԱԿ ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ: Երջանիկ կլինեի, որ հայերեն հնչող այս տողերը հասնեին ընկալող որևէ սրտի… Չեմ կասկածում – այդ սրտերը կան Հայաստանում…

Բարի գիշեր:

Հեղինակ
08.08.2009, 00:06
Այսօրս` 7 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Հենց նոր Առողջագետի հետ վերադարձանք հայրենի Գավառից – իմ ծննդավայրից, որոշեցինք չգիշերել… Վաղուց Սևանի ափերով չէինք գնացել – ջուրը բարձրանում է, և Սևանի չորացման հետ կապված մի հին վերք այլևս չի մխում մեջս…

Այս մեկօրյա ճամփորդությունը դեպի մանկության ու պատանեկության վայրեր ծնեց նոր ապրումներ – զգացի, որ փոխվել եմ: Զգացի, որ ինքս նորից ծնում եմ ինձ – մարդը պետք է լինի Նոր Մարդու և ծնողը, և տատմայրը – այդ ծնունդը հսկողություն, ջանք, հմտություն է պահանջում… Ես փոխված էի… Եվ հայացքս երևույթների մեջ նոր իմաստ էր փնտրում ու գտնում:

Նախ բարբառը: Հին Բայազետի բարբառը սիրում եմ և երգել եմ.

Իմ կոշտ բարբառ, անհաշտ բարբառ,
Ապրում ես մեր ցուրտ լեռներում,
Ժայռերի մեջ ալմաստափայլ,
Մանկանց փխրուն հոգիներում…

Եվ այլն… Սակայն այսօր բարբառը սիրտս չէր տաքացնում: Ճանապարհին վարորդի կոպիտ խոսվածքն էր ուղեկցում մեզ, մի քյավառական մարշրուտ-նամե էր… Բարբառի մեջ, նրանով արտահայտված մտքերի մեջ – նյութական գոյության դաժան խանդակների մեջ – աղոթք չկար: Կար ձգտում, պահանջ, պայքար, կռիվ, աղքատություն… Բայց աղոթք չկար: Այն աղոթքը, որի մեջ արեգակներ են ծնվում և ճառագայթ նետում դառն հացի ու աղքատության ձմեռների վրա:

Մայրս: Շատ ծեր և գրեթե կույր ծնողս ինչո՞վ դիմավորեց ինձ: Նա ասաց. “Քեռուդ աղջկան դատախազ են նշանակել, աչքդ լու~յս…” Մեր գեղջուկ ժողովուրդը որքա~ն է սիրում իրեն հարստահարող հանրային աստիճանակարգը: Քիչ անց նա զգուշորեն բթում է կողիս. “Էն տղեն նոր ա էկել Հոլանդայից – մե խատ բանբաներկա ու արաղ առեք, գացեք տեսե~ք” : Այստեղ խոսքը մեր երիտասարդ դիվանագետի մասին է, որ նոր է վերադարձել երկամյա եվրոպական գործուղումից… Ոնց ասեմ մորս, որ խեղճաժպիտ Էդվարդ Նալբանդյանի գերատեսչության կրտսեր ծառայողին այդ պատիվը այսօր չեմ կարող տալ… Քիչ անց մայրս գեղջկական-կոլխոզային դիվանագիտության և պարզունակ միստիցիզմի ևս մի քանի դասեր է տալիս: Եվ զգում եմ – նրա ծնողությունը իմ համար սպառված է, մնում է կենսաբանական կապը: Չէ~, Նոր Կյանք ստեղծելու համար մեզ ուրիշ ակունքներ են պետք…

Ճանապարհը: Մի գովազդ կա, տեսած կլինեք. “Կոսմոս. ժամանցի կենտրոն”: Հա~, Տիեզերքն էլ ենք ժամանցի կենտրոն դարձրել: Արարչի հետ նարդի ենք խաղում: “Շանգրիլա” խաղատան գովազդն է` Կոտրենք կարծրատիպերը: Վա~յ, չմեռնես դու, Շանգրիլա, ի~նչ էլ հրատապ կարգախոս է… Ափսո~ս, որ հայրենի ղումարբազությանն է վերաբերում…

Սևանը: Ջուրը կապրակապույտ էր: Խռովված էր և ալեկոծ: Բայց ափսոս չլսեցի, թե նա այսօր ինչ էր ասում…

Բարի գիշեր:

Հեղինակ
09.08.2009, 00:03
Այսօրս` 8 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Կոմիտասի ծաղկանոցներում այսօր վարդերը վառվում էին: Վարդը – ծաղիկների թագուհին. ասում են` լոտոսի հետ` նա է կրում առաջնության պսակը: Առավոտյան տեսա զարմանալի վարդեր – մուգ կարմրաթավիշ գույնի: Մի քիչ առաջ Առողջագետի հետ տեսանք սպիտակ վարդեր: Եվ հիշեցինք – տարիներ առաջ շատ վարդեր ենք ունեցել, բայց այդպես էլ չհաջողվեց սպիտակ վարդեր աճեցնել: Կոմիտասի վրա այսօր վարդերը վառվում էին…

Առավոտյան մի ժամ կա, երբ օրը դեռևս մանուկ է և բուրում է մանկան թարմությամբ: Այսօր այդ ժամին մի քանի ծերեր տեսա – մանուկ օրվա մեջ նրանք դեպի հավերժություն էին գնում: Ահա գալիս է կինը – ժամանակը փոխել է բնության տված ներդաշն ձևերը, հոգնած ուսերը այլևս նրբագեղ չեն, գունատ շորը չէր ծածկում ուսերի չորությունը – միայն աչքերն են վառվում ուշադիր, նպատակասլաց փայլով: Տեսնես` ի՞նչ հոգի է, ինչո՞վ է ապրում, ի՞նչ է զգում, երբ աչքը դիպչում է վառվող վարդերին…

Մի շատ կոլորիտային պերսոնաժ – նկարագրից գուցե նույնիսկ ճանաչեք. յոթանասունին մոր տղամարդ է, սպիտակ-ջրիկ մազերը երկար են և ուր որ է` կհասնեն ուսերին, նոսր միրուքը ծածկում է դեմքի հոգնած արտահայտությունը, աչքերը ծածկված են բարակ մշուշով – բայց հայացքը ուշադիր է, նույնիսկ լարված: Բայց այս մարդու կերպարի հիմնական տարրը ինքը չէ, այլ այն փոքր սունդուկը, որ պահում է ձեռքին – անցյալ դարի 50–ականներից եկած մի “չեմոդան” է դա, 8 անկյուններին նիկելափայլ մետաղ հագցրած: Եվ այս անդրջրհեղեղյան չեմոդանով նա ինչ-որ տեղ է գնում – դանդաղ, հանդիսավոր, կենտրոնացված: Տեսնես` ի՞նչ է տանում նա սունդուկի մեջ - գուցե նկարչի ներկե՞ր, գուցե մի անմահական սրի՞նգ… Եվ ու՞ր է գնում այս խորհրդավոր ծերը… Չգիտեմ, բայց նա ամբողջ իր կերպարով ասում է` ես ապրում եմ և ամեն օր ճանապարհ եմ ելնում…

Այսօր առավոտը մանուկ էր, և առավոտի միջով գնում էին հոյակապ ծերունիներ: Եկավ երեկոն, որ հասուն էր ու տաք, և երեկոյի միջով ճախրում էին հոյակապ մանուկներ… Այսօր սրտիս մեջ վառվում էին Կոմիտասի վարդերը…

Բարի գիշեր:

Հեղինակ
09.08.2009, 23:43
Այսօրս` 9 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Պողոսյան պարտեզների կանաչ հատվածները կարմիր պարանով շրջագծված են, որ հանգստացողները չտրորեն դրանք… Մի մանուկ չէր նայում այդ կարմիր “զգուշացմանը”, տաս անգամ մտավ ու դուրս եկավ… Եվ երբ մտնում էր` վազում-բարձրանում էր կանաչ բլուրի վրա, այնտեղից հպարտ նայում էր աշխարհին և նորից իջնում էր ցած… Իջնում էր` նորից բարձրանալու համար: Կարմիր պարանները բոլորին զգուշացնում էին` չե~ք կարող մտնել կանաչ տարածքներ – կարծես թե կանաչները ստեղծված են այլմոլորակայինների նավերի վայրէջքի համար: Բայց մանուկը հաղթահարում էր այդ մտացածին արգելքը… և ազատ սլանում էր իր մոլորակի վրա: Եվ ես մտքիս մեջ կանչում էի` կարո~ղ ես, կարո~ղ ես, կարո~ղ ես…

Այս երկու օր է` մի հաղորդում դուրս չի գալիս մտքիցս: Գիտեք, ռուս-վրացական հինգօրյա պատերազմի տարեդարձն էր: Այդ պատերազմի մասին անցյալ տարի գրել եմ, այս անգամ անդրադարձի մտադրություն չունեի: Բայց… Մեր հարևան երկրի բարձրագույն եկեղեցական պաշտոնյան երեկ զգուշացրել է աբխազներին և օսերին, որ եթե մնան առանց Վրաստանի, ապա կվերանան աշխարհի երեսից: Ինչու՞ է Վրաց Պատրիարքը արտահայտել այս ոչ լուսավոր միտքը` իր գործն է: Բայց ես սրտագին համոզվածությամբ հայտարարում եմ – աբխազ լինելը սրբազնություն է, օս լինելը սրբազնություն է… Այս ազգերը թող հավերժ վայելեն իրենց հայրենիքները: Չմոռանամ ավելացնել, որ վրացի լինելը ևս սրբազնություն է:

Արդեն երևի տաս օր է, որ մեր հեռուստացույցը չենք միացրել: Չենք լսում նորությունները, պաշտոնական խրոնիկան… Մեր ականջների և աչքերի մեջ չեն լցվում համաշխարհային աղմուկն ու աղետների պատկերները: Զարմանալի վիճակ է – սիրտդ, ներքին կյանքդ կարծես ազատագրվել են մի արտաքին բռնակալությունից: Եթե միայն մարդկային սիրտը – այդ ատոմային ռեակտորը, ստանա ճիշտ “վառելիք” – արվեստ, գիտելիք, աշխատանքի վայելք, սեր – ինչպիսի՞ էներգիաներ նա կարող է գեներացնել: Մի մեղմ, զգաստ, սրտագին թրթիռ կա տանը – որքան ժամանակ է ազատվում իրար զգալու համար…

Բարի գիշեր:

Հեղինակ
10.08.2009, 23:28
Այսօրս` 10 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Այսօր երևի հոգնեցի – վերջին մեկ ամսվա մեջ կարդում ու ապրում եմ այն նորագույն աղբյուրները, որոնք վերաբերում են մարդու և Երկիր մոլորակի էվոլյուցիային… Դրանց լույսի տակ մակերեսային թոթովանք են թվում այսպես կոչված քաղաքագիտական վերլուծությունները: Երկիր մոլորակը ապրում է նորոգման մի զարմանալի շրջան: Երևի շատ խիտ էին ապրումներս – մի կողմ թողեցի աղբյուրները և ձեռքս առա մի քանի սիրելի հատոր…

Չարենցի կապուտկազմ չորսհատորյակի առաջին հատորը – լույս է տեսել 1962-ին: Ակադեմիական հրատարակություն է: Մարտիրոս Սարյանի` մի քիչ թախծոտ, ավելի շատ` հանգիստ ու խորհրդավոր, մազափունջը ճակատին Չարենցը… Կարդացել եք “Ութնյակներ արևին” տաք, կրքոտ, խելառ շարքը… Կարդացի այն բանաստեղծությունները, որ գրել է 16-19 տարեկան հասակում – զարմացնում է կարսեցի պատանու վիթխարի լեզվական կուլտուրան: Այո, Տերյան-ուսուցիչը արդեն կար, բայց հայոց լեզվի այս նոր շունչը անսպասելի է… Իսկ որ 23-24 տարեկան երիտասարդը կարող է որսալ Արևելքից ելնող արևը, Սայաթ-Նովայի սիրով ճմլել նրան իր սրտի մեջ, գինի դարձնել և հեղեղել “Տաղարանի” մեջ – սա արդեն հայ բանաստեղծության ցնծությունն է…

Մենք սպասում ենք մեր նոր հանճարներին – չարենց-մանուկներին: Ըստ ամենայնի` նրանք այժմ ծնվում են: Եթե միայն ամեն նոր մայրացող հարսիկ իմանար, թե ինչ բարձր է իր առաքելությունը: Եթե միայն կարողանար կանգնել աստղաշատ երկնքի առջև և ինդիգո երեխա խնդրեր իր համար: Նոր Երկրի ստեղծման գործը կարագանար: Նոր մանուկները մի քսան տարի անց վճռական շրջադարձ կանեին մեր երկրի կյանքում…

Չարենց-մանուկներ, մենք սպասում ենք ձեզ… Իսկ մինչև ձեր գալը` մենք կձգտենք լինել մի ինդիգո-մանուկ, տեսնել Նոր Արշալույսը և ճանապարհ բացել ձեր համար…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.08.2009, 00:05
Այսօրս` 11 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Մի քիչ առաջ Առողջագետի հետ տուն էինք վերադառնում: Մուտքում խանութպան Մանուկի և իր ռուս կնոջ չքնաղ աղջնակն էր` 4-5 ամյա շիկահեր գեղեցկուհին: Եվ մենակ չէր – իր տարիքի մի տղա-մանչուկի հետ: Տղայի տատը, երևի երկրորդ հարկից, ձայն է տալիս. “Էմի~լ, տուն արի…” Էմիլը չի ուզում մենակ գնալ և ասում է աղջկան. “Գնանք, խաղանք…” Շիկահերը վարանում է, չի ուզում բաժանվել, իսկ տատը կանչում է. “ Էմի~լ, ու՞մ հետ ես. ցտեսություն ասա, արի~”: Բայց մեր ջենտլմեն Էմիլը չի զիջում, բռնում է աղջկա ձեռքից ու տանում է վեր… Չէ~, մի տաս տարի հետո խանութպան Մանուկի աղջիկը իր շիկահեր-ռուս հմայքով կայրի Վաղարշյան փողոցի փեսացուների սրտերը…

Մարդկային կյանքը… Մի հրաշակերտ գիտելիք, մի տիեզերական կանչ հասնում է մեզ, աշխարհի բոլոր մարդկանց. “Դուք աստվածնե~ր եք, բայց չգիտե~ք այդ մասին”: Մարդիկ այնքան են սովորել իրենց առօրյա պատկերին, երկոտանի արարածի իրենց բնությանը, իրենց զայրույթներին և եսապաշտությանը, որ չեն էլ կարող ենթադրել իրենց արարչական ծագումը…

Այս օրերին մի այրող գրականություն հասել է ինձ – դա լույսի ու ճշմարտության մի գետ է, որի մեջ լողանում եմ: Անկեղծ լինեմ` առավոտյան ուզում եմ երբեմն ընդհատել այդ “լողը”, շարունակել հաջորդ “Արշալույսի” հրատարակման նախապատրաստման գործը, պետերբուրգյան հրատարակչի համար մի սեղմագիր պետք կազմեմ, բայց… չեմ կարողանում: Լույսի այս գետը գրավում է, նրա մեջ հագեցնում եմ տասնամյակներ հավաքված մի ծարավ: Այնտեղ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔԻ վարագույրը հետ է քաշված… Այդ գաղտնիքը մինչև այժմ ցանկացել են մեկնաբանել համաշխարհային կրոնները, մարգարեները, հոգևոր ուսմունքները: Բայց այնպես է ստացվել, որ մարդը խոնարհվել է ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔԻ առջև և այդ խոնարհումից չի կարողացել վեր բարձրանալ, լինել ազատ ու ինքնիշխան – ընդհակառակը, գաղտնիքի “տիրապետման” միջոցով կրոնները և սնոտի վախը նրան ճորտացրել են… Առաջին անգամ հազարավոր տարիների ընթացքում` ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԱԶՏԱԳՐՎԵԼ: ԱՐԴԵՆ ԱԶԱՏԱԳՐՎՈՒՄ Է:

Ահա, ընթերցողս, այս օրերին խմում եմ ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Սրտիս մեջ իղձ կա` մի օր այն քեզ հասցնել, աղբյուրները նշել: Բայց գիտեմ` ոչ մի բան մարդու հենց այնպես չի հասնում, եթե ճիշտ ժամին չլինի` կկարդաս ու չես տեսնի… Բայց մի բան հաստատ իմացիր – մեր աչքերին հիմա մի մութ, սև, դարավոր փառ է նստած և մենք չենք տեսնում ԿՅԱՆՔԸ, և ամեն օր մեր ուղեղն ու լեզուն ծնում և արատաբերում են անիմաստ, անտարբեր, անկյանք բառեր ու բառակույտեր…

Վաղն իսկ թող սկսվի մեր ազատագրությունը: Սկզբի համար – տեսնել կյանքի Գեղեցկությունը: Վաղվանից տեսնել: Տեսնել, որ խանութպան Մանուկի աղջիկը … աստվածուհի է, և այս անգամ ուղղակի, իր հավեսի համար որոշել է գալ մեր մոլորակ, լինել մի հասարակ խանութպանի աղջիկ, հասունանալ Վաղարշյան փողոցի ասֆալտների վրա, հետո օրիորդ լինել և խելքից հանել մեր մոլորակ եկած մի քանի արի աստվածների: Այդ խաղի համար է նա եկել: Այդ աստվածներին դուք կարող եք ամեն օր տեսնել, նրանք վազում-խաղում են մեր բակերում…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.08.2009, 23:17
Այսօրս` 12 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Մի բան պիտի հիշեմ և հիշելուց առաջ զգուշացնեմ, որ այն քաղաքականության հետ կապ չունի: Հիշում եք` մեր մի նախագահի մի թևավոր արտահայտությունը` “Ո~վ է այն տղամարդը…” Այս արտահայտության մեջ է մեր մոլորակի արական սկզբի ինքնագնահատականը, թե` “մեր արու ցեղի նման կատարյալ ոչինչ աստված դեռ չի ստեղծել…” Այս ցեղը գտնում է, որ նա ակնհայտ առավելություններ ունի կանացի սկզբի նկատմամբ` ֆիզիկական, ինտելեկտուալ, էթիկական - և իրավունք ունի իշխելու Երկիր մոլորակի վրա: Թե ինչի է բերել տղամարդու պատրիարխալ իշխանությունը` երևում է անզեն աչքով…

Սրա վերջը ի՞նչ է լինելու… Սև ու մուգ կապույտ կոստյումներ հագած, փողկապներ կապած` մարդկության այս կեսի իշխանությունը անցել է բոլոր սահմանները… Բայց պարզվում է, որ այդ իշխանության վերջը մոտ է…

Հիմա կասեք` ըհը~, կանայք վեր են կենալու խլելու են տղամարդկանց իշխանությունը: Սա շատ պարզունակ լուծում կլիներ, մանավանդ, որ կանայք տղամարդկանց իշխանության տակ ախտահարվել են և կորցրել բնածին իմաստության ու գեղեցկության շատ հատկանիշներ: Տղամարդն ու կինը - իրար ձեռք բռնած, իրար օգնելով, իրար սիրելով` պետք է հաղթահարեն տղամարդու պատրիարխալ իշխանությունը: Բայց ոչ մի նոր մատրիարխատ հաստատելու համար: Այլ Տղամարդու և Կնոջ Սիրուց ու Հավասարակշռությունից ծնված մի նոր կյանք: Սա մի նոր գարուն կլինի մարդկության համար:

Այդ գարունը մոտենում է: Այդ գարունը անկասելի է:

Բարի գիշեր:

Հեղինակ
14.08.2009, 00:26
Այսօրս` 13 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Առավոտյան շուտ բակ իջա – Արարատյան դաշտի մի գյուղացի զույգ իր փոքրիկ շուկան էր բացել - ես էլ որոշեցի մեր տան առևտուրն անել: Հնամաշ “Ժիգուլիի” բեռնախցիկից ու սալոնից հանեցին-շարեցին դեղձ, լոլիկ, սմբուկ, տաքդեղ… Ամուսինը 50 տարեկանի մոտ էր, լիքը արևխանձ դեմքով, անվստահ խոսվածքով – իմ քաղաքային հագուկապը և ակնոցները երևի նրա մոտ ասոցացվեցին ռայկոմի հրահանգչի կերպարի հետ, որի առջև նա խոնարհվել էր կոլխոզի բրիդադիր եղած ժամանակ, և փորձված ականջս նրա ձայնի մեջ որսաց գեղջկական քծնանքի նուրբ հնչերանգներ… Կինը ավելի վստահ էր, սև մազերը նույնիսկ մի երեք շաբաթ առաջ բաց ներկել էր, և խնամքի նշաններ կային դեմքին: Կինը շատ արագ գովեց ապրանքները, “կոտրեց” իմ թույլ դիմադրությունը դեղձը առնել-չառնելու գործում, դեղձը հաստատ թերակշռեց, երկու թիզ բոյ ունեցող սմբուկի անշնորհք երկարությունը սորտով բացատրեց… Փոշոտ մեքենան, մաշված անվադողերը, մեքենայի կտուրից “էստի համեցե~ք” կանչող միակ ձմերուկը խոսում էին տվնջական աշխատանքի ու ծանր կյանքի մասին…

Տուն բարձրացա, և վերևից մի երկու անգամ էլ նայեցի այդ մարդկանց ու նրանց աշխատանքին: Եվ ինքս ինձ ասում էի. “Քանի~ տարի իդեալականացրել ես հայ գյուղացու կերպարը – է~լ մեր մշակույթի կրողն է, է~լ մեր լեզվի կրողն է, է~լ մեր էթիկայի հիմքն է: Հը՞, հիմի ի՞նչ կասես…” Եվ իդեալիստ գրագետս նահանջեցի իմ իսկ դրած հարցի առջև - հայ գյուղացին կորցնում է բարբառը, նրա խոսքը ժարգոնանում է` հայրենի հեռուստատեսության բարենպաստ ազդեցությամբ, հարսանիքի ծեսը մոռացված է, երգն ու պարը ռաբիս-քեֆչիական են, էթիկան` վար ու վեր է անում` մեր չքնաղ ընտրությունների հետ համընթաց… Աշխատանքը – գյուղարտադրանքի ստեղծումը և վաճառքը – չունի մշակույթ, թեթևություն, արժանապատվություն…

“Բա ի՞նչ անենք, բա ո՞նց անենք”: Հայ գյուղական զանգվածը դեգրադացումից փրկելու և արարչակերտ համայնք դարձնելու համար պետք է մի դիմում գրել Սեփական Ոգուն – դրանով` Արարչին և Երկիր մոլորակի Ոգուն և խնդրել – ՄԵԶ ՄԱՐԴ ԴԱՐՁՐՈՒ: Բայց ինչպե՞ս անել այդ դիմումը: Հայ Գյուղացին այնքան նյութախեղդ է ու խեղճ, որ չի կարող մի ակնթարթի մեջ վեհանալ ու անեղծ աղոթք ժայթքել… Մեր տերտերի աչքն ու միտքն էլ իր ծխի ձեռքին է, նա մատաղի թևն է ուտում և կարմիր գինին վրայից խմում, նա հավատի ու զարգացման հետ առնչություն չունի… Մի ճանապարհ կա – Հայ Գյուղացին ունի գաղտնագրված մի Աղոթք, որը նա կարող է արտահայտել ազատ ու անկաշկանդ, տիեզերորեն արդյունավետ – ԱՂՈԹՔ, ՈՐ ՆՐԱՆ ՄԱՐԴ ԿԴԱՐՁՆԻ, կկապի Կյանքի հետ, կհեղաշրջի նրա աշխատանքը և կյանքը, կազատագրի նրան նորօրյա թավադների ճնշումից…

Այդ ԱՂՈԹՔԸ ՆՐԱ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐՆ Է: Եվ Մշակույթի այն արարչածին շերտերը, որոնք արժանի են ապրելու: Երբ հնչի այդ միակ ԱՂՈԹՔԸ, այն ժամանակ է~լ իր Ոգին, է~լ Արարիչը, էլ Երկնային Ուժերը կօգնեն նրան: Այն ժամանակ նրա աճեցրած սմբուկն անգամ ավելի գեղեցիկ կլինի և իր երկու թզանոց բոյով չի խրտնացնի անփորձ գնորդիս…


Բարի գիշեր:

Հեղինակ
15.08.2009, 00:07
Այսօրս` 14 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Նստած է հայ խանութպանը – լուսամուտից հայում է աշխարհը և այնտեղից էլ առևտուր է անում: Ճակատի մաշկը դեղնավուն է – երևում է` սնունդը առողջ չէ, աչքերը հոգնած են… Խանութում ամեն ինչ կա` բոլոր տեսակի սննդամթերքներից սկսած մինչև տնտեսական մանր-մունր ապրանքները: Հարցնում եմ` 40-վատանոց լամպ ունե՞ք. դե ո՞նց կարող է չունենա – փորձարկում է ու տալիս: Հա, չմոռանամ ասել, որ մեր միջանցքում լույսի աղբյուր դրեցինք, այդ թույլ լամպն էլ դրա համար էի առնում:

Բայց դառնամ մեր խանութպանին: Երբ լամպը տալիս էր` աչքս ընկավ դեմի հարթակին – Աստվածաշունչ էր կարդում խանութպանը. տառերը մանր էին, էջերը` սյունակավոր ու հնամաշ, ուղղագրությունն էլ որսացի` հին կամ սփյուռքյան հրատարակություն էր… Լամպն առա, հասա Առաղջագետին և հայտարարեցի` “Այսօրիս” նյութը պատրաստ է – Աստվածաշունչ կարդացող խանութպանի կերպարը պատմական է ու տիպական, և հեղինակիս երևակայությունը ցնցված էր:

Ընթերցողս, ի՞նչ կուզենայի ասել խանութպանին… Կուզենայի ասել, որ Ս. Գրքի գլխավոր Աստվածը շատ զայրացած է ու քինախնդիր – մարդ վախենում է այդ Եհովայից – քանի~ տեղ` հրաման տալիս իրեն հավատացողներին` գնացե~ք, կոտորե~ք, չխնայե~ք ոչ մեկի` երեխաներին, ծերերին, կանանց… Ս. Գրքի հսկայական էթիկական, հումանիտար և գեղարվեստական արժեքը շատ է տուժում դրանից – բայց ճանապարհ կա` նորից քննախույզ աչքով կարդալ Աստվածաշունչը և այն ազատել հին, արժեզրկված հատվածներից: Եվ դա անել առանց վախենալու և սնոտի սարսափի… Հետն էլ կարելի է մարդավարի ու առանց շփոթության խոսել Եհովայի հետ – նրա բնավորությունը, պահանջկոտությունը, եթե կուզեք` մենթալիտետը, չեն համապատասխանում Մարդկության վերածնության և ազատագրության նպատակին,- և ասել Նրան` Սիրելի Մեր Աստված, շատ աշխատեցիր, հոգնած կլինես, գնա և Տիեզերքի անսահմանության ու նիրվանայի մեջ հանգստացիր… Մեզ հիմա ուրիշ Աստված է պետք… Իսկ ինչպիսի՞ն – Նոր, Ազատ, Անկանխակալ Արարչի կերպարը արդեն շողում է Երկիր Մոլորակի սրտի մեջ…

Ապա կասեի խանութպանին – եթե սիրում ես Ավետարանը, ապա Գիրքը մի կողմ դիր և նայիր Կյանքին… Ինչո՞վ Կյանքը ավետարան չէ… Երբևէ տեսե՞լ ես Ծառի Գեղեցկությունը: Իսկ տեսե՞լ ես Թիթեռի Թևի Գեղեցկությունը… Ա~յ տնաշեն, եթե չես տեսել` քեզ ինչո՞վ կօգնի այդ խեղճ գիրքը – նրա հնամաշ էջերը, հնաոճ լեզուն, անհասկանալի սիմվոլները: Նայիր կյանքի~ն, ո~վ խանութպան: Ապա աչքերդ գոցիր և պատկերացրու, որ դու` հասարակ խանութպանդ, քո սրտի մեջ ունես մի արարչական Արև, որի հզորությունը հասնում է 40 միլիարդ վատտի, այդ Արևը իր մեջ ունի Ավետարանի ամբողջ Ինֆորմացիան, Գիտելիքը, Սերը, Կարողությունը… Ավետարան Ուղարկողը մի նպատակ ուներ – որ դու, լամպ ծախող խանութպանդ, իմանաս քո սրտում վառվող Տիեզերական Լուսատուի մասին…

Ընթերցողս, ահա թե ինչ կասեի խանութպանին:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.08.2009, 23:44
Այսօրս` 15 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Այս օրերին մի պատկեր դուրս չի գալիս հիշողությունիցս: Առողջագետի հետ անցնում էինք Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը: Տեսանք Կոմիտասով դեպի վեր գնացող մի պարսկուհու – սովորաբար նրանք գնում են դանդաղ քայլքով, արևելորեն մի քիչ անշտապ ու խոնարհ – բայց այս մեկը գնում էր արագ, սև շորերը քամու շնչից մղվել էին դեպի հետ, բարձրահասակ ու սլացիկ ֆիգուրը, սև գլխաշորի տակ, թեքված էր առաջ: Նման դինամիկ արևելուհի թերևս տեսել ենք վաղ Սարյանի նկարներում… Պարսկուհու կերպարի մեջ կար մի անբնական բան – նրա կանացի մարմնից, դեմքից, էությունից ոչինչ չէր երևում – միայն մի սև ամպ, որ ջղաձիգ սլացքով գնում էր դեպի անհայտը…

Չեմ թաքցնում – միշտ բարձր եմ գնահատել Իրանի Իսլամական հանրապետության մշակութային քաղաքականությունը, այն պատնեշը, որ դրված է արևմտյան հակամշակույթի ճանապարհին: Հիրավի, պարսիկ հեռուստադիտողի համար ավելի գնահատելի է Հաֆեզի և Ռուդաքիի պոեզիան լսել, քան ասենք, իրենց սեփական Հրաչ Քեշիշիի անտաղանդ ֆիլմը դիտել… Սեփական մշակույթի և ինքնության պահպանման գիտակցությունը և բնազդը վառ է Իրանում…

Սակայն սևասքեմ պարսկուհու պատկերը խորապես ցնցեց ինձ… Ոչ մեկին չեմ ուղղում հարցս, այլ ինքս ինձ հարցնում եմ – ի՞նչ մեղք կամ սխալ կա, երբ կնոջ արևաբաց թևերը ազատ գրկում են կյանքը: Ի՞նչ մեղք կա երբ կնոջ արևաշող դեմքը նայում է աշխարհին: Ի՞նչ սխալ կա, երբ կնոջ արարչակետ մարմինը խաղում է գեղեցիկ շորի ազատութայն մեջ: Ի՞նչ սխալ կա, երբ կնոջ` ազնվամորու նման կարմիր շուրթերից, սփռվում է ամռան բույրը…

Մեղք ու սխալ չկա… Կեցցե~ կնոջ ազատագրության համաշխարհային հեղափոխությունը…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.08.2009, 23:01
Այսօրս` 16 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Այս օրը շատ երկար էր իմ համար: Այս տողերն էլ հավաքում եմ դեռ վաղ – արևը նոր է մայր մտել: Առավոտյան “Մարաթուկի” կատարմամբ մի քանի երգ-պար նայեցի… “Մարաթուկը” – մեր էթնիկ անձնագրի ամենավառ էջերից մեկը…

Եվ ամբողջ օրը մտածում էի – որտե՞ս ես հիմա, Հայրենիք… Երգերիդ ու պարերիդ մեջ մեկ-մեկ այնքան միամիտ ես, այնքան մանուկ ես… Բայց երբ հիշում եմ կյանքդ, հոգնած ոտքերդ, փոշոտ օրերդ – մտածում եմ` որտեղի՞ց այնքան նվիրվածության ու խանդաղատանքի արցունք, որ լվանային ծեր ոտքերդ – որ մանկանայիր, որ ուժ առնեիր… Եվ հանկարծ մեջս կայծակեց միտքը, որ ՀԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ հնարավոր չէ վերանորոգել, վերակերտել, անհնար է լվանալ նրա ոտքերը – ՀԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԹՈՂՆԵԼ… Որովհետև դու բևեռների հայրենիք ես, բևեռները զարկում են իրար, և դու դարձել ես` Թումանյանի նմանությամբ ասած`
Վեճի Հայրենիք,
Վերջի Հայրենիք…

Զարմանալի մի ժամանակ է մեր մոլորակի վրա – բևեռների պայքարով, վեճով ԿՅԱՆՔ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ: Այլևս չի ստեղծվելու, այդ էպոխան անցնում է: Վեճի էներգիան կենսատու չէ, նրա միջոցով Ճշմարտությունը չես հասնի, ճանապարհ չես բացի: Ճշմարտության ԱԼԻՔԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ուրի~շ է, նա ուրի~շ չափման մեջ է… Վեճի մունետիկներ, եկե~լ է ձեր ապրած ու ստեղծած աշխարհի վերջը…

Այս ճշմարտության գիտակցումը դառը կլինի շատերի համար: Այն դառն է իմ համար ևս – իմ գրականությունը, իմ գրքերը ծնվել են բևեռացված հայրենիքում… Ես հին հայրենիքի հետ պետք է թողնեմ ինքս ինձ – հինը, վիճածինը, հնաշունչ-կրքայինը: Պետք է թողնեմ իմ ստեղծած մի աշխարհ – որքա~ն դառնություն: Բայց պետք է թողնեմ… Հին հայրենիք, քո ավարտվող պատմության վրա ընկնում է իմ աղի արցունքը: Եվ վերջին անգամ…

Այսօրվանից հուսալքության մի հնչյուն, վեճի մի երանգ, մթի մի թել անգամ չի հնչելու իմ սրտում և իմ գրած տողերի մեջ – ԺԱՄԱՆԱԿԸ ՀՂԻ Է, գուցե նույնիսկ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷԼ ՀՂԻ Է, և այս մոլորակի ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԷԼ ՀՂԻ Է – է~, ընթերցողս, կարո՞ղ ենք տատմայր լինել և ընդունել ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ծնունդը:

Այսօրվանից սկսել Նոր Կյանքի ստեղծումը, մենք պետք է ստեղծենք Զուգահեռ Հայրենիք… Թող այս վեճի հայրենիքը ապրի ու քարշ տա իր գոյությունը… Մենք – շատերը, կոչվածները, գուցե միայն մեկ տոկոսը` պետք է ստեղծենք Նոր Հայրենիք – անկախ հնից, մեր հոգու և ֆիզիկականի այլ չափման մեջ: Այդ Զուգահեռ Հայրենիքը պատմականորեն լինելու միակ ապրողը, ով կարող է` հին հայրենիքից կհասնի այնտեղ… Ով կարող է…

Նոր Հայրենիք, Նոր Կյանք, ողջունում եմ ձեզ… Այսուհետ միայն ձեր հետ եմ լինելու, ձեզ եմ սիրելու…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.08.2009, 23:11
Այսօրս` 17 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Մարդն է ստեղծում Իր Կյանքի Իրականությունը: Այս երեք բառն արժեն` մեծատառ գրվելու: Այդ երեք բառը կախում չունեն ոչ սոցիումից, ոչ պետությունից, ոչ անգամ Աստծուց: Կախում չունեն և վերջ: Ստեղծի~ր Քո Կյանքի Իրականությունը…

“Մարաթուկի” Մկրեն – Մկրտիչ Սարգսյանը. ապրեց իր Կյանքը, երգեց իր Երգը: “Փնտրում եմ երգ” – 2 օր առաջ ԴՆ ֆորումի թեմայում հղում է դրել mp333-ը: Լավ ես անում, որ փնտրում ես, սիրելի mp333 – գտի~ր Մկրեին: Նա երկրի վրա երգեր է թողել: Նրա խռպոտ ձայնը հնչում է չկորուսյալ Հայրենիքի տարածքների վրա: Եթե Արևմտյան Հայաստանը ապրում է մեր երազների մեջ, ապա Մկրեի կերպարն ու ձայնը այդ երազային երկրից են…

Առավոտյան Առողջագետի հետ փողոցում հանդիպեցինք երաժշտագետ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին: Մի քանի տողում դժվար է ներկայացնել նրա վաստակը – հայ երգուպարի ռազմավարական նշանակության կրողն է նա և իրականացնողներից մեկը: Եվ ի~նչ է անում այժմ – ձայնագրում է “Սասունցի Դավիթ” էպոսի երգային կատարումը - մեր էպոսը երգվել է, մոտ 130 հատվածից է այդ ահռելի աշխատանքը: Երեկ գրել եմ` Զուգահեռ Հայրենիք – նորի~ց կրկնենք, միասի~ն կրկնենք այս Երկու Բառը: Արթուրը այդ Հայրենիքի ստեղծողներից է… Երգել ու զգալ էպոսը – վերցնել ապրեցնողը, տիեզերածինը, օրենսդնողը, խնդություն պարգևողը… Եթե հատված կլինի, որի մեջ կա մարդկայինի անկման ելևեջ, ապա ինչու՞ չհրաժարվել դրանից…

Մտքիս մեջ այսօր Թումանյանի “Հառաչանքը” պոեմն էր, նրա ծերունին… Աղքատության ու անհուսության այդ վաղեմի մրմունջը… Այս ծերունու հետ ինչու՞ գնալ Նոր Հայաստան: Ինչու՞ չազատվել այն դարավոր կեղծիքից, թե աղքատությունն ու արդարությունը երկվորյակ եղբայրներ են: Ինչու՞ չլինել ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ԱՐԴԱՐ: Եվ չհառաչել: Այլ խնդալ, պարել ու ստեղծել…

Բարի գիշեր:

Հեղինակ
18.08.2009, 22:40
Այսօրս` 18 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Այսօր երկու միտք հետապնդում էին ինձ… Գիտեք, “Այսօրս” համացանց է դուրս գալիս գրեթե միշտ կեսգիշերին: Եվ այնպես է լինում, որ Առողջագետս, արդեն հոգնած, գնում է քնելու… Օրվա վերջին մենք կարծես բաժանվում ենք – չեմ կարողանում քնելուց առաջ դիպչել տաք ուսին, զգալ մատների մեղմ հպումը, երկու խոսքով վերապրել անցած օրը: Եվ դա դառնում է մի հսկա կորուստ – Սիրելուս քունը սկսվում է առանց ինձ, և գուցե դա պատճառ է լինում, որ գիշերային մեր ճամփորդությունների և երազների մեջ առանձին լինենք… Չէ~, սիրտս սրա հետ չի համաձայնում, և հիմա, դեռևս արևը մայր չմտած, հավաքում եմ այս տողերը… Որ ուշ երեկոյան Սիրելուս մենակ չթողնեմ…

Եվ երկրորդ մտորումս: Լինում է օր, երբ ուզում եմ լռել: Հիշում եք` մի անգամ եղել է: Լինում է օր, երբ քեզ, ընթերցողս, ոչինչ չեմ ուզում ասել: Դա այն օրն է, երբ ուզում եմ ինքս իմ հետ լինել: Խոսել սեփական սրտի հետ: Այս աշխարհում կա մեկը, որին ամենից քիչ գիտեմ, քիչ եմ ճանաչում, քիչ եմ սիրում - և այդ մեկը իմ սիրտն է… Մինչդեռ կեցության հին պարադիգմը ասում է` սիրիր մերձավորիդ… Բայց քանի՞ լումա արժե իմ սերը առ մերձավորը, եթե ես չսիրեմ իմ սիրտը, նրա ձգտումները, նրա երազները… Սիրտս, ամենամերձավորս – ի՞նչ ես ուզում:

Այսօրիս ավարտին դեռ մի քանի ժամ կա: Արևը դեպի մայրամուտ է գնում: Ամռան քաղցր օրը պտտվում է իր հոլովույթի մեջ: Մի քիչ անց Սիրելուս հետ դուրս ենք գալու – սիրում ենք երեկոյան քամու փաղաքշանքի մեջ մի քիչ “մրսել”… Սիրում ենք գնել ամառվա շռայլ պտուղները – առավոտյան նախաճաշի համար:
…………………………………………………………………………………………………

Երեկոյան մեր շրջապտույտից տուն վերադաձանք: Ճիշտ ժամանակն է` համացանց մտնել, այս երկու տողը տեղադրել և… ազատությու~ն: Բայց, չէ~, ընթերցողս, մի կարևոր բան ուզում եմ վերջին տողում ասել…

Եվ ասում եմ` կյանքը հոյակապ բա~ն է…

Բարի գիշեր:

Հեղինակ
19.08.2009, 22:14
Այսօրս` 19 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Ձա~գս…

Սիրում եմ այս բառը – ձա~գս… Առողջագետիս հետ նոր էինք ամուսնացել, և առաջին անգամ Գյումրիում, նրանց ընտանիքում լսեցի, որ մեծերը երեխաներին ձայն են տալիս` ձա~գ… Կարին – Կարս – Գյումրի բարբառախմբի մեջ այս բառը հնչում է տարբեր երանգներով, բայց նույն քաղցրությամբ: Այս բառի մեջ կա Մայր Բնության ընդհանրական կանչը – մենք նրա, այդ Մեծ Մոր ձագերն ենք…

Առողջագետի հետ երթուղային էինք նստել: Մի ջահել, գեղանի մայրիկ իջնում էր` 1-2 տարեկան աղջնակի թևից բռնած: Երբեք չէինք մտածի, որ նրա շուրթերից կլսենք - բայց Երևանի շոգ ամառվա մեջ հնչեց թարմ-զրնգուն բառը` ձա~գս…

Այնպես եղավ, որ այսօր մեր Philosopher-ը աշխատանքային հանդիպում ուներ մերոնց մի լավ ընկերոջ հետ: Նա ծննդով Գյումրիից է, իր մեջ կրում է հայկական-լեռնային գենի բարեմասնությունները – աշխատասիրություն, ազնվություն, նպատակասլացություն… Վերջին 6 տարում գիշերը տանը չի քնել – աշխատանք դեղատանը, պատրաստվում է սրտային վիրաբույժ դառնալ… Մերոնց հետ մի համատեղ գործ կարող էին անել – բայց այս ազնիվ սիրտը` իր պատկերացումներով մեր հայկական-գավառական տիրույթում է: Նա դեռ իր համայնքի, իր աշխարհի զավակն է – բայց այդ աշխարհը հին է, նրա էթիկան պտղաբեր չէ… Philosopher-ը ձգտում էր նրան արթնացնել, մղել դեպի նոր աշխարհընկալում, նոր մտածելակերպ… Բայց իր աշխարհի զավակը օգնություն էր սպասում ավելի ցածր տիրույթում` "ընկերություն" և այլն… Եվ վերջում ձայնի մեջ հնչում էր վիրավորանքի արցունքը… Քեզ օգնողը ԴՈՒ ԵՍ, ձա~գս, մի վհատի~ր…

Ամեն մարդ, այս աշխարհի զորեղներն անգամ` իրենց սրտի մեջ մանուկ են: Բայց նրանք չգիտեն, թե ում զավակն են – իրենց մո՞ր, Հայրենիքի՞, Աստծո՞ - և նեղության ժամին նրանցից մեկի օգնությանն են դիմում: Բայց ամեն մարդու մեջ – նրա սրտի մեջ վառվում է մի պայծառ Արև` իր Բարձրագույն Եսը: Նա մի պայծառ էակ է, նստած Ոսկյա Գահույքին – կատարյալ, անթերի, իմաստուն, ամենակարող – մի վսեմ Աստված: Այն ժամին, երբ մարդ նեղության ու տվայտանքի մեջ օգնություն է փնտրում, պատեպատ է զարկվում, ուրիշների ձեռքին ապավինում – ահա, այդ նույն պահին Բարձրագույն Եսը շողում է մարդու սրտի միջից և ասում. Ի՞նչ ես ուզում, Ձագս, որ Ես Չեմ Կարող Քեզ Տալ…

Ընթերցողս, քո Բարձրագույն Եսը ամեն վայրկյան հարցնում է քեզ` ինչպե՞ս ես, Ձա~գս…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.08.2009, 22:45
Այսօրս` 20 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Կեսօր էր – մեր բակ “հյուր” էր եկել մի թափառական երգիչ, որի մասին մի անգամ գրել եմ: Մերոնք գիտեն “թուլությունս” և ինձ պատշգամբ կանչեցին: Նույն մարդն էր – այս շոգին պիջակ հագած, երգում էր և թախանձագին նայում վեր` բաց պատուհաններին, թե տեսնես ու՞մ կհասնի իր ձայնը, ումի՞ց մի ուշադրություն ու մի քիչ դրամ կստանա…

Այսօր էլ լավ էր երգում – երգեցողության մեջ և կուլտուրա կար, և այն սրտառուչ երանգը, որ հատուկ է բնածին ժողովրդական երգեցողությանը: Հայտնի է, որ կրթությունը կոնսերվատորիայում հաճախ շատ կորուստների է բերում, “պրոֆեսիոնալիզմը” սպանում է երգի բնական երանգները… Երգչի մի քիչ խռպոտ, ցածր, թավ ձայնը, նրա ներքին ջերմ վիբրացիան` շրջապատի բետոնային պեյզաժի ֆոնի վրա, ստեղծում են այն պատրանքը, որ ժողովրդական մի տոնախմբության մեջ ես հատնվել… Իրապես, զարմացնում էր երգչի կուլտուրան – որտեղի՞ց էր սնվել այս մարդը… Իջա ներքև, միայն մի քանի վայրկյան մոտեցա - բաց կապույտ աչքերը վեհերոտ ժպտում էին, ես խոնարհվեցի մշակույթը կրողին և հեռացա` հետս տանելով հերթապահ օրհնանքի բեկորները…

Եվ նորից ասեմ հազար անգամ ասածն ու հայտնին – այդ թափառական երգիչն է երկրի կենսունակության աղբյուրներից մեկը… Եթե մի ժողովուրդ ձգտում է պահպանել իր կապը Ստեղծողի հետ, ստանալ տիեզերական էներգիաներ ու ներշնչանք, ապա պետք է իմանա, որ արվեստի բազմաչափ էներգիաներով նա կապվում է Ստեղծողի սրտի հետ և նրա հետ մտնում է Համա-Ստեղծման աշխատանքի մեջ: Մի ուրիշ ժողովուրդ կարող է դա անել լավ կազմակերպված աղոթքի կամ մեդիտացիայի միջոցով – հիշատակեմ հրեաներին, որոնց մի զգալի մասը օրթոդոքս հավատացյալ են և որոնց հիմնական գործը Արարչի հետ մշտական կապի պահպանումն է: Հայ կրոնավորը – մեր քահանան շատ նյութական է և շատ առօրյա- կենսասեր, որ մի զորավոր աղոթք հնչեցնի և իր երկրի հարցերը Արարչի հետ քննարկի - և գուցե լավ է, որ այդպես է…

Բայց մենք ունենք Տիեզերքի հետ Երկխոսության, Կյանքի նորոգման մի հզոր միջոց – մեր արվեստը, հատկապես` մեր բնիկ երգն ու պարը: Վստահ լինենք` նրանց ամեն ջերմ հնչյունի և ամեն նրբագեղ շարժման մեջ Արարիչը երգում է ու պարում… Բառացիորեն այդպես – թե՞ կարծում ենք, որ Ստեղծողը զբաղված է միայն իր սպիտակ միրուքը շոյելով և գործ չունի երգի ու պարի հետ…

Անհատը, ընտանիքը, համայնքը, ազգը – առանձին երգուպարերով ու տարերային ուրախությամբ կամ Ծեսի ու Տոնի ազգային-համայնքային բյուրեղակերտ կազմակերպվածությամբ – ահա ինչը կգա փոխարինելու այսօրվա մեր մշակութային անկազմակերպ գոյությունը:

Ողջու~յն ապագայի այս տեսիլքին: Ողջու~յն նաև թափառական երգչին, որ այսօր երգի ցող ցանեց մեր շոգ, բետոնյա տարածքների վրա…

Բարի գիշեր:

Հեղինակ
21.08.2009, 23:21
Այսօրս` 21 օգոստոսի 2009թ, ավարտվում է:


Ձոն մեր մրգերին

Իսկապես, ես շատ անշնորհակալ կլինեի, եթե մի օր ձոն չերգեի մեր երկրի ամառային պտուղներին – նրանք իմ, նաև մեր ընտանիքի ուրախության աղբյուրներից են…
Պատկերացրեք, վաղ առավոտ է: Մերոնք սպասում են մրգային նախաճաշին – այդ սրբազան գործը մեր տանը ինձ է վստահված… Մինչև այդ` միայն ուրցով կամ այլ թեյաբույսով թեյ ենք խմած լինում: Հաց-պանիր-թեյը միասին` վաղ-քարեդարյան սխալ սովորույթ է, առողջության անկման մի պատճառ է համարվում և մեր նախաճաշը չէ…

Մի մեծ հախճապակե սինի ունենք – սրա վրա ես սիրուն կտրում ու “բարձում” եմ առնվազն երեք տեսակ պտուղ` ըստ սեզոնի – օրինակ, հրաշալի զուգակցում էր սև թութը, սպիտակ կեռասը և կանաչ խնձորը: Իհարկե, սրանցից որևէ մեկն առանձին իսկ` հրաշալի և լիարժեք նախաճաշ է… Այս օրերին ձմերուկը, սեխը և դեղձը միասին հրաշալի նատյուրմորտ են ներկայացնում: Այստեղ չմոռանամ ասել, որ ձմերուկը և սեխը սիրում են մենակ լինել և ավելի լավ է նրանց առանձին ուտել: Բայց ախր իրար հետ շատ սիրուն պատկեր են…

Մեր սերը և բարեկամությունը մրգի հետ երկար պատմություն ունեն… Այն ունեցել է նաև շատ դժվարին էջեր: Ժամանակին` մեր էկոլոգիական աշխարհայացքի թելադրանքով, թողել էինք Երևանը և մերձքաղաքային մի գյուղ էինք գնացել ապրելու… Մի տարի էլ որոշեցի մեծ ծիրանանոցի ազատ տեղերը լրացնել, և մոտ 60 ծառ տնկեցի – սև հողով, գոմաղբով… Բայց այդ գյուղի համայնքը մի բարի պտուղ չէր - ծառերը գողանում էին… Մոտ երկու ամիս այգում քնեցի` վրանի մեջ… Հիշում եմ` զարկում էր անձրևը, խոնավությունը սողում էր ներս, գիշերը ցրտում էր – նավթի ճրագի տակ` սրթսրթալով կարդում էի իմաստուն գրքեր մարդու էվոլյուցիայի մասին` մոռանալով, որ այդ մարդու պատճառով, ավելի ճիշտ` իմ խելքի պատճառով` այդ ցուրտ վրանում էի: Գլուխներդ չցավացնեմ - բոլոր ծառերը կպան, մի քանիսը ծաղկեցին, և ի~նչ ծառեր էին` ընկույզ, կեռաս, խնձոր, թութ… Ծառերը կանաչեցին, ես տուն գնացի… Բայց 1-2 շաբաթում Աբրահամի այծերը կերան մեր կանաչ ծառերը…

Այս օրերին սիրում եմ դեղձ առնել – նրա փափուկ, տաքուկ, քաղցրիկ մարմնի մեջ երկրիդ քաղցրությունն է: Մեծ վայելք է – հայացքդ, սիրտդ, հոտառությունդ մխրճել մրգերի թագավորության մեջ և քաղել նրանց տված անսահման հաճույքը: Եվ ի~նչ ցավ – լսում ես, որ կան մանուկներ, “լավ” պահած-պահպանված մանուկներ, որ միրգ “չեն սիրում”… Ընթերցողս, միրգ ուտելու կրթության կարիքը կա, այս գրությունս էլ մի քայլ էր այդ ճանապարհին…

Ընթերցողիս և բոլորին - ցանկանում եմ վայելե~ք հայրենիքի և աշխարհի լավագույն մրգերը:

Բարի գիշեր:

Հեղինակ
22.08.2009, 23:12
Այսօրս` 22 օգոստոսի 2009թ, ավարտվում է:


Գինու սափորը, Ռիչարդ Բախը և Գոգոլի “Տարաս Բուլբան”…

Մի քիչ առաջ տուն վերադարձավ մեր Philosopher-ը` Black Orchid-ի հետ… Մի կավե գինու սափոր էին առել և մի հսկա գավաթ – դրանով գարեջուր կամ գինի են խմում… Philosopher-ը ոչ այնքան գարեջուրն ու գինին է սիրում, որքան դրանք խմելու հետ կապված հազվադեպ “ծեսը” - և այսօր էլ` ավելի շատ գավաթի գեղեցկությամբ էր հիացած…

Գինու սափորը արվեստի մի հրաշալի ստեղծագործություն է – հիմնականում Հայկական բարձրավանդակում հայտնաբերված ժայռապատկերների սիմվոլներ են… Դրանք շատ նրբագեղ են և իրենց մեջ ունեն ստեղծող էթնոսի պարզ հանճարի աշխարհաընկալումը… Բայց արվեստագետը սիմվոլները ապրել է, և դրանք սափորի վրա այժմեական էին, կենդանի ու նրբագեղ էին… Շոյում էինք սափորը - մեր կյանքը զարդարող ևս մի գեղեցկություն…

Philosopher-ի հետ խոսում էինք կյանքի և արվեստի մասին: Եվ ասում էր – այս սափորը կարող է գրավել մեկին և նրան ձգել-տանել դեպի իր ազգային գոյությունը – բայց մեր ազգային գոյությունը առողջ չէ, և արվեստի միջոցը չի ծառայի իր նպատակին… Եվ ես պատկերացրեցի մի նեղճակատ հայրենասերի, որ կասի` բա~ մեր ժայռապատկերները, բա~ մեր կիրառական արվեստը… Եվ այնժամ այս գինու սափորը և այս գավաթը մեր հայրենասերին կկապեին իր սահմանափակ ճշմարտության տիրույթին… Միայն ազատագրված, ազգային երկնքից վեր ճախրողի համար` ազգային արվեստը թռիչքի հրապարակ է…

Եվ ի՞նչ տարբերություն, թե որ գեղեցկությունն է քեզ ապրեցնում – մի մանկան անուշ թոթովանքը, սիրելի երգի մի պատառիկ, այսօրվա մեր սափորը, Ռիչարդ Բախի խորաշունչ մաքսիմները, Տարաս Բուլբայի բիլինային ինքնությունը… Նա, ով ապրում է ԱՅԺՄ և ԱՅՍՏԵՂ – կյանքի ցանկացած ակնթարթի մեջ գտնում է կյանքի իմաստը: Նրանք – այդ հասյալները, նայում են, դիտարկում են գետի մյուս ափին գտնվող փնտրողներին, որոնք ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ փնտրում են հեռավոր ապագայի մեջ` ձեռքից բաց թողնելով ԱՅԺՄ-ի ոսկե ակնթարթները…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.08.2009, 23:29
Այսօրս` 23 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Հայրենիք, այսօր առավոտյան քեզ հետ էի: Քո երգերի հետ էի… Տեսնում էի քեզ, լսում էի քեզ: Եվ ամեն երգիդ մեջ – թե ինքը` երգն էր մանուկ, թե կատարողներն էին մանուկ – քեզ մի միամիտ, սրտաբաց մանուկ էի տեսնում, որ զարմացած նայում է իր պատմությանը և աշխարհին: Մոտենում էի, որ քեզ լավ տեսնեմ, զգամ, կարոտս առնեմ.
Վարդն էրեսին փռուկ էր,
Վախենամ, թե խռովուկ էր…

Դու գուցե իսկապես խռոված ես ինձանից – հիշու՞մ ես, այն տարիները, երբ քո կերպարից և հոգսից չէի բաժանվում… Մի շքեղ Իդեալ, մի Մայրական աստվածություն, Արվեստի մի տաճար էիր իմ համար – բայց չէի կարող հանդիպել Իդեալիս, որ տաք ձեռքին դիպչեմ, խրախուսանքն ստանամ, թևեր առնեմ… Ընդհակառակը, մի դաժան հետևողականությամբ դու խուսափում էիր հանդիպումից, դու գրեթե անգո էիր - և միայն ինչ-որ չար մշուշներ ու փշեր հեռացնում էին ինձ – քո դեսպաններն էին երևի…

Մինչև իմացա մի գաղտնիք, որ այսօր քեզ պետք է հայտնեմ` գուցե սիրտդ կոտրելով… Եվ ահա այդ գաղտնիքը - ամեն մարդու հայրենիքը, հավերժալույս ու անկորնչելի հայրենիքը ԻՆՔՆ Է, իր սիրտը: Մարդու սրտում են պահված նրա բոլոր նյութական ու կորնչելի հայրենիքների պատկերները, ապրած կյանքերը, բոլոր զգացումների քաղցրությունը և անկումների ցավը: Դու, հայրենիք – իրականում չես այն Մեծ Հայրենիքը, որի առջև պետք է ծնրադրեմ… Դու մի քաղցր, սիրելի, դառն, մշուշոտ, փշոտ իջևանատուն ես, որտեղ իջևանել եմ` հերթական փորձառությունս անցնելու… Երևի դու գիտեիր այս գաղտնիքը և իմաստուն Մոր խստությամբ ինձ հետ էիր հրում կրծքիցդ` ավելի բարձր Ճշմարտության կրծքից կաթ խմելու համար… Եվ դա քեզ գերազանցորեն հաջողվեց, շնորհակալ եմ – այժմ ազատ եմ քեզանից…

Այսօր նորից քեզ հետ էի, քո երգերի հետ էի: Թեկուզ քեզ Մայր են կոչում, ես էլ հենց նոր քեզ Մայր կոչեցի – բայց ի՞նչ անեմ, որ երգերիդ ու բնավորությանդ մեջ, էն մաքուր խորքում ինձ մանուկ ես երևում` կարոտ օգնության ու խնամքի, և ամենակարևորը – կարոտ իմաստության…

Հիմա լսի~ր, ուշադիր լսի~ր… Հայրենիքս, մանուկս… Գիտեմ, որ ուզում ես ապրել: Գիտեմ, որ վիրավոր ես – ծնկներդ արյունած են… Ապրելու համար դու մի Գետ պետք անցնես – դու գիտե՞ս այդ գետի մասին: Արածանիից ավելի ջրառատ ու վտանգավոր է Նա, Եփրատից էլ ավելի~… Գետի մյուս ափին աշխարհն ուրի~շ է, կյանքն ուրի~շ է, երկինքն ուրի~շ է, արևն ուրի~շ է… Դու այդ աշխարհում չես եղել, թերևս միայն մեծերիդ երազներում տեսած լինես… Բայց Գետը պետք է անցնել: Հայրենովի և ազգովի այդ Գետը անցնել չի լինի – միայն անհատները: Հետո միայն նրանք կարող են քեզ գրկել ու անցկացնել, ո~վ թախծոտ մանուկ` հայրենի~ք…

Ես քեզ շատ սիրեցի… Եվ հիմա փորձում եմ այդ Գետն անցնել: Գուցե նույնիսկ անցել եմ – այդ գաղտնիքը դեռևս ինձ չի բացված: Բայց իմացած եղի~ր, թե Գետն անցած եղա – մանու~կս, գալու եմ քո հետևից, որ քեզ էլ տեղափոխեմ… Մենակ էլ լինեմ – գրկելու եմ քեզ, ելման ջուր եմ մտնելու…

Իսկ Գետի մյուս ափին աշխարհն ուրի~շ է, կյանքն ուրի~շ է, երկինքն ուրի~շ է, արևն ուրի~շ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
24.08.2009, 23:28
Այսօրս` 24 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, կհավատա՞ս – այսօր ոչինչ չեմ ուզում գրել… Եվ ոչ այն պատճառով, որ այսօր քիչ եմ ապրել և քեզ ասելու բան չունեմ: Ընդհակառակը – երբ ապրումդ լինում է այնքան խորունկ, որքան Բնությունը, դու էլ Բնության նման ուզում ես ուղղակի ԼԻՆԵԼ… Բնությունը իր համար ԿԱ, նա ոչ ոքի ոչինչ չի ուզում ասել…

Այս վայրկյանին, ԱՅՍՏԵՂ և ԱՅԺՄ, ուզում եմ ուղղակի լինել և վայելել այս պահի գեղեցկությունը…

Ընթերցողս, երբ կկարդաս այս երկու տողը, ահա այդ ակնթարթին նույնը քեզ եմ ցանկանում – խորը շնչել և զգալ ակնթարթի անկրկնելի, տիեզերորեն թախծալի ու կարոտալի գեղեցկությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
25.08.2009, 23:26
Այսօրս` 25 օգոստոսի 2009թ, ավարտվում է

Ո~չ պապիկացմանը, ո~չ տատիկացմանը…

Կեսօրից հետո էր, տուն էի դառնում և մուտքի մոտ մի զարմանալի տեսարանի ականատես եղա… Հավաքված էին` չչափազանցնեմ` մի 15-20 մանուկ – 5-6 տարեկան, քմահաճ մազերը ուսերին փռած, ոսկյա աղջնակներ, նույն տարիքի, կիսավարտիքներ հագած, հերոսական ծնկները քերծված` ցորնագույն տղեկներ, մի երկու ճերմակ-բամբակ մայրիկ էլ նրանց հետ էին… Բայց այս բոլորը տեսարանի հանդիսատեսներն էին – իսկ տեսարանն ուրի~շ էր… Առաջին հարկի լուսամուտի բետոնյա քիվին նստած էր մի 3 տարեկան մանուկ – դժվար էր որոշել` տղա է, թե աղջիկ, նրա դիմաց կանգնած էր տատիկը – լիքը, շիկահեր, կարմիր շալվար հագած – այդ տատիկը մեր բակից է, հաճախ եմ տեսնում: Մանուկը նայում էր տատիկին մի քննող հայացքով, մի քիչ չարությամբ թե խաղով, և ինչքա~ն ուժ ուներ` ապտակում էր բազմավաստակ “նախնիին”… Տատիկն ինչ-որ բան էր ասում - և նորից մի ապտակ էր “ուտում”… Մինչև մուտքի մի քանի մետրն անցա` երեք ապտակ տեսա… Խռովահույզ հանդիսատեսը նայում էր…

Ընթերցողս, տատիկ-թոռնիկ պատմական հակամարտության մեջ ու՞մ կողմն է քո համակրանքը… Նույն հարցը դու կտաս ինձ: Հիմա ասեմ: Պետք է ենթադրեմ, որ տատիկը մի սովորական, իր կյանքից վախվորած, եփող-թափող, բազմաշերտ “նապոլեոն” թխող, թոռնուհուն էսօրվանից “օժիտ” հավաքող` մի շիկահեր և կարմրաշալվար… հայ դինոզավրուհի է… Իսկ եթե հանկարծ թոռնուհին մի ինդիգո-մանուկ է, որ աստղերից իջել է` այս խամրած մոլորակը պայծառացնելու, այս հոգնած հայրենիքը փայլացնելու, այս լճացած կենցաղի վրա` լոտոս մի ծաղիկ լինելու համար… Եվ ինդիգո-մանուկը արդեն գիտի իր տատին, նա ճանաչել է այդ քաղցր-մեղցր ճորտատիրուհուն - նա ուզում է իր նման դարձնել, “տատիկացնել” այս աստղային մանկանը: Իսկ մանուկը զրնգան ապտակով ուզում է վանել, հեռացնել նրան … Իմ համակրանքը մանկան կողմն է, և ես գոչում եմ – Ո~Չ ՏԱՏԻԿԱՑՄԱՆԸ …

Բա~ պապիկը… Կգրկի թոռանը, նիկոտինից դեղնած` խոզան-բեղերը կքսի նրա քնքուշ պարանոցին, կասի` “Կյանքի~դ մեռնեմ…”, հետո նրան գրկած` ծխախոտը կփստացնի, գարեջուր խմելիս` մի երկու կում էլ թոռանը կտա, ճարպոտ երշիկի կտորը նրա հետ կկիսի – չի իմանա, որ աստղերից իջած այս հոգին եկել է իր ստեղծած, իր նմանների ստեղծած աշխարհը փոխելու, պայծառացնելու համար, նոր կենցաղ ու կյանք ստեղծելու համար: Սա էլ չի իմանա, որ իր թաքուն նպատակը մեկն է` թոռանն էլ իր նման գարեջուր կռճող դարձնել, բթացնել, “պապիկացնել”… Բայց չգիտի, որ չի հաջողելու… Աստղերից իջած այս նոր սերունդը չի հանձնվելու: Եվ ես այս անգամ էլ գոչում եմ` Ո~Չ ՊԱՊԻԿԱՑՄԱՆԸ…

Ընթերցողս, կոչս քաղաքական չէ: Այսօր քեզ հետ հիմնում ենք Շարժում – լուրջ, առանց հումորի - Ո~Չ ՊԱՊԻԿԱՑՄԱՆԸ, Ո~Չ ՏԱՏԻԿԱՑՄԱՆԸ…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.08.2009, 23:17
Այսօրս` 26 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Խաղաղություն էր բակում… Երիտասարդ մայրիկները գորովանքով խաղացնում էին իրենց մանուկներին: Հանկարծ քամին զարկեց, գրեթե փոթորիկ ելավ, և մայրիկները խտտեցին, գիրկն առան նրանց… Քամին սուրում էր, մայրերը կրծքերին սեղմեցին երեխաներին և տարան նրանց: Եվ այդպես էլ, մոլորակի վրա գրեթե ցունամի է բարձրանում - կենսակերպի, էթիկայի, էկոլոգիայի վթարներով - և առաջին գործը` գրկել, պաշտպանել մեր մանուկներին…

Հիշեցի երիտասարդ ծնողության տարինեը – այդ ի~նչ զարմանալի զգացում է` մանկանդ թրթռուն, ջերմ մարմինը սեղմել կրծքիդ, նրա շունչը ունի կաթի ու ծաղկի բույրը… Եվ սպասում ես – ե՞րբ է ասելու առաջին բառը… Եվ ի՞նչ է լինելու առաջին բառը: Մի գիշերաժամի մեր անդրանիկը – երևի ութ ամսական էր – կանչեց` ջու~ր… Եվ հետո խոսում են մանուկները: Նրանք կարող են պատմել աստղերի մասին:

Հետո խաղաղվեց մեր բակը: 8-10 տարեկան տղեկները շարունակեցին խաղը: Գրեթե բոլորի ձեռքին “ատրճանակ” կար – խաղացողները “կռվում” էին մարտաֆիլմերի բոլոր կանոններով. թաքնվում էին մեքենաների հետևում, հանկարծակի դուրս գալիս, կրակահերթ արձակում… Խաղացողներից մեկը տարիքով մեծ էր – 10-12 տարեկան, սև կիսավարտիքով, գիրուկ, մի քիչ արդեն “փոր ուներ” – այս մեկը ձեռքին ավտոմատ ուներ և “կռվի” մեջ գերիշխում էր… Բայց մի վառ-կանաչ բլուզ հագած մանչուկ – չլինի՞ թե իսլամական “ահաբեկիչ” էր – հետևից մոտեցավ մեր սև-տաբաթավոր գիրուկին և ծոծրակին դեմ տվեց ատրճանակը… Այստեղ “կռիվը” ավելի թունդ շարունակություն ունեցավ…

Այս մանկական պատերազմին չէր մասնակցում միայն մի մանուկ – կապույտ մայկա էր հագած, մազերը ոսկի էին, աչքերը կապույտ էին… Նա խաղաղ նայում էր… Նա չէր մասնակցում այդ խաղին: Երևի այն պատճառով, որ նա ուներ այլ խաղընկերներ – արևը, աստղերը, արքայազն-մանուկները: Ատրճանակ խաղացնողները չունեն այդպիսի խաղընկերներ: Իսկ այս մանուկը, որի մազերը ոսկի էին, տեսնում էր հեռավոր աշխարհներ… Մնացած մանուկները շուտով ձեռքերից կթափեն բոլոր զենքերը: Նրանց էլ մի օր կհասնի հեռավոր աշխարհների լույսը…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.08.2009, 22:36
Այսօրս` 27 օգոստոսի 2009թ, ավարտվում է:



Լեռն Արագած



( միֆ, գուցե` անավարտ)



Արագած Լեռն է… Ստորոտին մի երկիր է փռված: Հավաքվել են այդ երկրի երեխաները – պետք է Լեռ բարձրանան: Նրանք գիտեն, որ ոտքով Լեռը բարձրանալ անհնար է – այդ բարձունքը հաղթահարելու համար պետք է Ուղի ունենալ: Դրա համար Արագած լեռան վրա երկաթգիծ են կառուցել – երևի ոլորապտույտ Ուղի, որը պարույրաձև դեպի գագաթ է տանում… Մանուկները հավաքվում են – խումբ-խումբ հավաքվում են: Սպասում են Գնացքին…

Արագած Լեռը… Ստորոտին փռված երկրում ավանդություն է եղել, որ գիշերը լեռան վրա վառվում է մի կանթեղ: Բայց վաղուց կանթեղը ոչ ոք չի տեսել: Մի Հին Ուսուցչի կանթեղն է նա – գուցե յուղն է սպառվել, գուցե վար է ընկել: Ուղի կառուցողները չեն տեսել այդ կանթեղը: Այս Միֆի մեջ այդ կանթեղը չկա…

Մանուկները հավաքվում են – խումբ-խումբ հավաքվում են: Մոտենում եմ մի խմբի – ես ինչ-որ մի գործ ունեմ այստեղ: Ես էլ եմ սպասում գնացքին – մանուկների համար: Մի մանկան հագին տեսնում եմ մի զոլավոր բլուզ, որից իմ հագին էլ կա: Հա~, հասկանում եմ – ես էլ մի մանուկ եմ, որ ուզում է Լեռը բարձրանալ: Զոլավոր բլուզ հագած մանուկը ե~ս եմ…

Սպասում ենք Գնացքին: Չի գալիս: Սպասման մի թախիծ, թե կարոտ ծփում է Լեռան ստորոտին: Գնացքը պետք է ուղարկի Կառավարի՞չը, բայց ինչու՞ է ուշացնում… Ի՞նչ երկիր է Լեռան ստորոտին փռված երկիրը: Սկսում է ձյուն գալ, մեծ ու ծանր փաթիլներով: Ձյունը շարունակվում է, երկաթգիծը կծածկվի… Գնացքը չի գալիս: Խումբ-խումբ` մանուկները սպասում են:

Ձյունը շարունակվում է, և հանկարծ պարզ է դառնում, որ այս ձյունոտ եղանակին Գնացքի ճանապարհը կփակվի… Անհնա~ր է բարձրանալ, իզու~ր է սպասել… Եվ մանուկները ցրվում են: Օրը մի քիչ բացվում է, կարծես նույնիսկ արև կա: Բոլորը ցրվում են: Շարունակվում է հին կյանքը – Առանց Լեռան Գագաթի…

Արդեն հարթմնի – ուզում եմ հարցնել` ինչու՞ ձյուն եկավ: Ինչու՞ Գնացքը չեկավ: Ինչու՞ Լեռան ստորոտին փռված երկրի մանուկները չելան Ուղի, չգնացին դեպի Լեռան գագաթը: Եվ մի ներքին ձայն ասում է – “Ձյուն եկավ, որովհետև քո սրտի մեջ սառույցներ կան: Ձյունը ծնվում է մարդկանց սրտերում, իսկ նրանք կարծում են` երկնքի~ց է գալիս…”
Ապա ներքին այդ ձայնը շարունակում է – “Դու արդեն գիտես ձյունը հալեցնելու գաղտնիքը, դու արդեն գիտես, թե ինչպես կարող է բացվել Ուղին…”

Ընթերցողս, այս անավարտ միֆը հանձնում եմ քո երևակայությանը: Որ ավարտին հասցնես: Գուցե ԴՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՍ: Գուցե` ես էլ:

Բարի գիշեր:

Հեղինակ
28.08.2009, 23:31
Այսօրս` 28 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Աշնան շունչ կա – մրգերը ավելի են քաղցրանում, առավոտները և երեկոները գրեթե ցուրտ են, օրերն ավելի պարզ ու զրնգուն են դառնում:
Եվ աշնան օրվա մեջ` երեկվա թախիծն այսօր ուզում է ինքն իրեն մոռանալ, ուրախություն դառնալ… Բայց թախծի վերափոխման համար ջանք է պետք - և առաջին ջանքը գիտակցության այն թռիչքն է, երբ հասու ես լինում – ԹԱԽԻԾ ՉԿԱ, ԹԱԽԻԾԸ ՊԱՏՐԱՆՔ Է…

Չէ~, սիրտս չի կարող մոռանալ, որ երեկվա առասպելի մեջ` դեպի Լեռան գագաթ տանող գնացքը չեկավ… Սիրտս ապստամբում է – ոչ առասպելի սիմվոլների, այլ մեր կյանքը պատած սառույցների դեմ: Բայց գիտեմ – արդեն “դեմ” լինելով` որևէ բան հնարավոր չէ փոխել: Պարզունակ “պայքարների” էպոխան անցնում է – այդ էպոխայի ու պայքարների ցավերից նոր եմ ապաքինվում, և որքա~ն սպիներ են մնացել… Գիտեմ` միայն Լույս, Գիտելիք, Սեր - և կարող են հալվել սառույցները: Եվ ձյունը կդադարի գալ: Եվ մանուկներին Լեռան գագաթ տանող գնացքը կգա…

Առաջներում մի պատվար ունեի, մի վսեմ վեմ, որին հենվում էի – Ազգային Մշակույթը: Հիմա էլ եմ հենվում – Մշակույթի մեջ են թաքնված արարչական վիբրացիաները, որոնցով մարդը կարող է բարձրանալ: Սակայն արդեն հայտնի է – Մարդկության գիտակցությունը պետք է բարձրանա այլ վիբրացիոն մակարդակի, և այնժամ միայն ազգային ու համամարդկային մշակույթները կարող են իրենց կրթական դերը կատարել: Առանց ԳՈՅՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄԻ փոփոխության – մշակույթն էլ կկազմալուծվի… Իսկ ՉԱՓՈՒՄԻ փոփոխությունը – միայն մարդկության մի մասի համառ ջանքով և տիեզերական մեխանիզմներով… Եվ Մարդկությունը ստանում է զարմանալի օգնություն...

Աշուն է արդեն – Հայաստանի քաղցր ու արևոտ աշունը: Առանց թախիծի: Տերյանական աշնան իդիլիան մոտ չէ իմ սրտին: Ես սիրում եմ մրգի, սիրո, առատության, կայացման աշունը…

Բարի գիշեր:

Հեղինակ
29.08.2009, 23:00
Այսօրս` 29 օգոստոսի 2009թ, ավարտվում է:



Վաղարշյան փողոցի մադամ Բովարին


Առավոտյան մի հայտնի խանութում առևտուր եմ անում – հաց-հրուշակեղենի բաժնում: Սպասում եմ – մինչև իմ առջև կանգնած կինը ավարտի իր առևտուրը: 70-ը վաղուց անցել է - հագնված է շատ նուրբ ու խնամքով. ժակետը ծաղկազարդ է, գեղեցիկ ու գունատ նրբագծերով, թանկ ու արժանապատիվ հնաոճություն ունի… Ձեռքերը ժակետի եզրագծի տակից դուրս են եկել ազնիվ խոնջությամբ – մաշկը սպիտակ է ու չոր, մատները բարակ են ու խնայված, եղունգների ներկը զարմացնում է վառ կարմրությամբ… Եվ անմիջապես տեսնում եմ այդ վառքի բացատրությունը – շուրթերը ներկված էին ճիշտ նույն գույնի շրթներկով. վերին շրթունքին երկու վառ շերտ միանում էին իրար` մի սրտաձև ուրվագիծ ստեղծելով - և այնքան մաքուր ու ճշգրիտ էին գծերը, որ ասում են` տիրուհին բնավ չի շտապել և հայելու առջև տեսել է իր անխամրելի հմայքը…

Կինը թխվածքներ է ընտրում - և դա անում է խաղաղ հանգստությամբ ու անշտապ… “Փախլավան ի՞նչ արժե…”- հարցնում է: Գնդլիկ, թխահեր վաճառողուհին, որ սովոր է արագ աշխատելուն, ձայնի մեջ` մի քիչ թաքնված նեղսրտություն, պատասխանում է` 350 դրամ… “Իսկ քաշով փախլավա՞ն քանիս է…”: Կիլոն` 3500 – ասում է գնդլիկը և համառ աչքերը հառում իմ հերոսուհուն… “Լավ, մի քանի կտոր դրանից տուր…” Ապա կինը հատիկ-հատիկ ընտրում է ևս մի քանի կտոր թխվածք, մինչև որ տուփի տարածքը լրիվ լցվում է: “Ի՞նչ բռնեց…”,- հարցնում է, վաճառողուհին մի կլորիկ գումար է ասում… Այստեղ իմ լսողությունը մի քիչ դիսոնանսի մեջ է մտնում այս “բռնեց”-ի հետ – այսպես ասում էին 60-ականների հայ քաղքենիները, մինչդեռ իմ հերոսուհին ոնց որ արիստոկրատուհի պիտի լինի…

Կինը հեռանում է: Վառ ներկած շրթունքները տանում են կորուսյալ գեղեցկության պատմությունը: Եվ չգիտեմ` ու՞մ համար էր տանում թխվածքները… Գուցե միայն թոռնիկների: Առողջագիտական բնազդս խռովվում է – ա~խ, այդ թխվածքները, “բարեկեցիկ” կյանքի այդ արհեստական ու վտանգավոր զարդարանքները… Բայց հերոսուհիս արդեն հեռու է, ես նրա հետևից ուղարկում եմ իմ չասված ուղերձը… Վաղարշյան փողոցի մադամ Բովարին դուրս է գալիս խանութից` դեպի ոչ-առևտրային ազատություն… Իսկ ես – Վաղարշյան փողոցի Ֆլոբերս – թխահեր վաճառողուհուց խնդրում եմ կշռել 3 կիլոգրամ շաքարավազ` Առողջագետիս “Մոշի կոմպոտ” ծրագիրը իրականացնելու համար:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.08.2009, 23:28
Այսօրս` 30 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, հիշում ես, մի անգամ գրել եմ` Առողջագետիս խոսք եմ տվել – շուտ գրել “Այսօրս”, որ երեկոյան չբաժանվենք… Հիմա արդեն մոտենում է կեսգիշերը – իսկ ես նոր եմ հավաքում այս տողերը… Առողջագետս հենց նոր մոտեցավ և ասում է` ես երևի չսպասե՞մ… Չէ~, կարճ եմ կապելու…

Եթե շատ կարճ – այսօրս` մի երկար, արևոտ, քաղցր, մրգավետ, տագնապոտ, խաղաղ, հրաշալի, անկրկնելի օր էր: Օրվա վերջը մի քիչ մշուշոտ էր – մի իսպանական ֆիլմ էին մերոնք բերել – դաժան ու կասկածելի-միստիկ ֆաբուլա ուներ, բայց վերջը պարզվեց, որ ամեն ինչ այս կյանքում պայծառ է… Եթե այդ պայծառության մեջ մեկ-մեկ էլ դաժանություն թափանցի… Իսկ դա մոլորակային կյանքից է…

Այսօր մի սքանչելի աղբյուր հանդիպեցի – մեր չքնաղ մոլորակը որոշել է – լսեցի՞ր, ընթերցողս, ՈՐՈՇԵԼ Է – Երկիր մոլորակը ՈՐՈՇԵԼ Է թողնել տառապանքների ու ահերի հազարամյակները և անցնել դեպի ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ, դեպի Նոր Կյանք: Ընթերցողս, հիմա կասես` ո՞նց թե որոշել է… Հա, հենց այդպես, ՈՐՈՇԵԼ Է…


Ընթերցողս, սրանից ավելի լավ լուր որտեղի՞ց գտնեմ… Եվ այդ լուրը քեզ հայտնեցի: Եթե շնորհակալ չլինես` կնեղանամ… Կամ էլ ասես` էս ի՞նչ անհեթեթություն է գրում մեր Հեղինակը, Երկիր մոլորակը քար է, հող է, ջուր է – ո՞նց կարող է մի բան որոշել… Բայց ես քեզ ասացի Ո ~Ր Ո~Շ Ե~Լ Է~…

Բարի գիշեր:

Հեղինակ
31.08.2009, 23:43
Այսօրս` 31 օգոստոսի 2009թ, ավարտվում է:

Այսօրս զնգաց և անցավ… Առավոտյան մեջս խլրտում էին մի քանի սիմվոլներ – անցյալի չիրականացված իղձերը փրփրում, ելնում էին մակերես - որպեսզի մի անգամ էլ երևան, մի անգամ էլ կարոտ ծնեն և կորչեն անցյալի չգո հորձանքներում: Ինչքան հոգիս դեպի ԱՅՍՕՐ Է ձգտում – բազմադեմ, քաղցրաշերտ, բազմադեմ ենթագիտակցությունը իր երգերն է երգում… Բայց ուզում եմ Ոդիսևս լինել, լսել գրավիչ կանչերը, բայց մնալ ԱՅՍՏԵՂ և սլանալ դեպի ապագա…

Այսօրս զնգաց և անցավ… Իմացության հաճույքը լիուլի վայելեցի – բայց ավելի լավ է ստեղծել, քան կարդալ ստեղծելու մասին: Ավելի լավ է ապրել, քան կարդալ ԱՊՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: Ավելի լավ է սիրել, քան մտածել սիրո մասին: Այս օրերին մի քիչ խմածի նման եմ – Տիեզերքի մասին գիտելիքը արբեցրել է ինձ… Բայց լավ գիտեմ – մի օր բոլոր իմաստուն աղբյուրները մի կողմ եմ դնելու - և խմելու եմ սեփական սրտի ակունքից: Է~, ի՞նչ անենք որ Աստված կա – թող իր համար լինի, ով է իրեն խանգարում… Կարելի է մոռանալ նրա գոյության հրաշքի մասին անգամ – հանուն մի վայրկյանում ապրած ՍԻՐՈ ՀՐԴԵՀԻ … Բայց հո գիտես` ՔՈ ՍԻՐՈ հորձանուտում – ֆիզիկական, զգայական, մարդկային զգացումների հորձանուտում` քեզ հետ միասին ՔԵՖ Է ԱՆՈՒՄ ԱՐԱՐԻՉԸ: Եվ հետն էլ աչքով է անում – “Տղա~ս, ի~նչ լավ է, որ մոռացել ես ինձ և ապրում ես…”

Այսօրս զնգաց և անցավ…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.09.2009, 22:33
Այսօրս` 1 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Նոր վերադարձանք Սևանից – այս տարի չէինք եղել: Սևանը չի հանգստացնում - Սևանը ուլտրամանուշակ արևի, կապույտ քամու, արծաթե ջրի մեջ քեզ մի լավ գրկում-տրորում է, և ետ է շպրտում երևանյան անդեմ-անհասցե շոգի գիրկը: Որ լավ իմանաս – տաք դաշտավայրերը բթացնում են աշխարհի ընկալումը, և մեկ-մեկ լեռներ պետք է գնաս… Որ չմոռանաս, որ դու լեռներից ես սերում…

Մեր` Սևան գնալու ձևն էր հետաքրքիր – Առողջագետս` Գյումրիում ծնված լինելու և հռչակավոր դեպոյի շչակը ամեն օր լսած լինելու, թե մի այլ հանգամանքով` գնացք շատ է սիրում… Եվ որոշեցինք գնալ գնացքով` էն որ էլեկտրիչկա են ասում, կայարանն էլ` Քանաքեռից… Դե~, ես ստացա իմ հայրենագիտական-ազգագրական հաճույքները – գնացքը գնում էր բնակավայրերի միջով, որոնցից մի քանիսը չէի տեսել… Տեսանք հոյակապ պտղած ծառեր, տների բակերում` փեշերը դարսիդարս` դասական մեծ մայրիկներ – լեզուս չի բռնում նրանց պառավ ասել, սինոռներում հորուկած հորթեր, գյուղական լիության, բայց ավելի շատ` խեղճության պատկերներ…

Երկաթգծի ամբողջ երկարությամբ տեսանք խորհրդային անցած քաղաքակրթությունը – կիկլոպյան բետոնային շինություններ` անհայտ նպատակով ստեղծված, կայարանների կիսաքանդ սալահատակներ, մի քանի վարդագույն սյունաշարեր – ստալինյան լավատեսությամբ, նաև ինդուստրիալ վիթխարի կառույցներ: Ընդհանուր պատկերը ճնշող էր – մենք դեռևս Հայաստանը կարգի չենք բերել, խնամված երկիր չենք դարձրել… Գնացք նստող-իջնող մարդիկ էլ քիչ էին – ահա չորս ընկեր, նախկին եռակցողներ, թե փականագործներ` Աբովյանից, վաղուց գործ չտեսած ձեռքերով` տուզ ու թագավոր էին խաղացնում – նրանց ձեռքերից իրենց կյանքը հեռացել էր… Ուզեցա կյանքն ու ապագան հաստատող դեմքեր, նրբագծեր որսալ… Հեռու էին, անիրական էին…

Այս ամենը սրտիս մեջ ծփում էր և մի գլխավոր միտք ծնում – լինել և ստեղծել: Առողջագետիս ծիծաղը և Քանդակագործ-որդուս մեղմ ժպիտը բյուրեղացնում էին ապրումներս, և իրականում թախիծ չկար… Սրտի մեջ կառուցել բյուրեղյա պալատներ - որ դրանք… ԻՐԱԿԱՆԱՆԱ~Ն…

Բարի գիշեր:

Հեղինակ
02.09.2009, 23:55
Այսօրս` 2 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Հենց նոր նայեցինք չին ռեժիսոր Վոնգ Կարվայի “Սիրո տրամադրություն” ֆիլմը… Իրական գեղարվեստի մեջ դիտողը (ընթերցողը, լսողը…) իրեն է փնտրում: Փնտրում է իր էությունը: Այս ֆիլմի կենցաղի ու մարդկանց մեջ ես տեսնում էի այն, ինչը քիչ ունի կամ չունի ինձ ծնող ցեղը և ես… Կյանքի այն նուրբ, զուսպ, գունատ, մշուշոտ ներկապնակը, որը հատուկ է խորհրդավոր Արևելքին: Այն հմայքը, որ ունեն մի երկու գունատ բառը և նրանց հետևում թաքնված զգացումները…

Եվ այսօր ուզում եմ իմ մեջ ներծծել Արևելքի այդ նուրբ ու հարուստ ժլատությունը - երբ ասում ես քիչ, բայց կրծքիդ տակ դղրդում է արցունքի գետը: Սա հատկապես անհրաժեշտ է մեր օրերում, երբ աշխարհով մեկ դղրդում է բառերի քաոսային գետը, իսկ նրանց հետևում չկա մի կաթիլ անեղծություն, մի կաթիլ արցունք կամ ուրախություն… Բայց չդատեմ երևի – ես միայն իմ բառերի, իմ ուրախության ու արցունքի տերն եմ…

Կնոջ հպարտ պարանոցը, ձիգ իրանը, շորի էլեգանտ գեղագիտությունը, քայլվածքի խորհրդավոր ճկունությունը… Եվ ժպիտը, որ ծածկում է ինչ-որ տեղ, ինչ-որ չինական պարսպի հետևում թաքնված կանացի ցավը: Ապա նոր ծնվող սերը: Եվ այս ֆիլմի տղամարդը - սիրո հանդեպ` անօգնական տղայությունը, լարված ձգտումը – որ ոչ մի տեղ չի հասցնելու… Նրանք բաժանվում են – իրար չգտած, բայց աշխարհում մի բուռ Սեր, անկասկած, ավելանում է: Նա, ովքեր սպասում էր, թե լիցքերը կհանդիպեն և ըմբոշխնում էին կայծակի պայթյունը` հիասթափված կփակի ֆիլմի վերջին էջը: Իսկ մի ուրիշը կզգա, որ գեղեցկությունը լիցքերի թափառիկ երամների մեջ էր… Ես կդժվարանամ ասել, թե ես սրանցից որ մեկն էի…

Բարի գիշեր:

Հեղինակ
03.09.2009, 23:49
Այսօրս` 3 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:


Էսքիզներ

Առավոտ է… Շիրվանզադեի անվան դպրոցի մուտքի մոտ իջել է երիտասարդ մայրիկների երամը: Եվ կտուց-կտուցի` ղունղունում են առաջին դասարան գնացած իրենց ձագերի մասին: Այս տեսարանից դու կարող ես տանել միջին թվաբանական` երևանցի երիտասարդ մոր դիմանկարը – սա ավելի գեղեցիկ չէ, քան չամուսնացածը, հագնված է ավելի պակաս հմայիչ, դեմքի շպարը մի քիչ անփույթ է… Բայց աչքերը վառվում են անկասելի կրակով – եր~բ է դուրս գալու իր աննման ձագուկը…

Առաջ եմ գնում… Կոմիտասի վրա ոռոգման ջրերը ելել են և ծառերը ջրելով` դեպի Կասյան են շտապում: Այս ջրերը Սևանից են գալիս – առաջներում` սիրտս կպայթեր, Սևանը ցամաքում էր, բայց էն օրը տեսա` Սևանը բարձրանում է և ապրելու է…

Վարսավիրանոցում – տիրուհին և էլի մի երկու գիրուկ աստվածուհիներ, մազերին ներկ էին քսել ու բլբլում էին – պատրաստվում էին երեկոյան հանդիպել իրենց տան արու աստվածներին: Ես նստեցի իմ տեղում - և վարսավիրի մկրատի տակից թռած սպիտակ մազափնջիս մեջ տեսա, որ սև մազերի քանակը մոտենում է նվազագույնին… Հը~մ, մի բան պետք է անել – երիտասարդացման մի ծրագիր պետք է մեջտեղ բերել` մազերս սևանա~ն…

Վարսավիրանոցից դուրս եկա: Մայթեզրին մի էգ բուլդոգ պառկել է ու հանգստանում է… Կրծքերը պայթում են կաթից – շանորդի տերը շուտ ծախել է լակոտներին - եկամուտն ստացել է, բայց խեղճ մոր կրծքերի մասին չի մտածել – ախր կաթից պայթելու են… Բուլդոգը հանգստանում է, և անցորդները հարգում էին նրա` կյանքի ու հանգստի, երևանյան աշնան արևի տակ պառկելու սրբազան իրավունքը…

Քիչ առաջ գնացի – մի մայր ու աղջիկ դեմս ելան… Մայրը հիսունն անց էր – մաշկը գունատ էր, աչքերն ամպագույն, ոտքերը` թեթև սանդալների մեջ, տանում էին նրան - և ոտքերը այնքա~ն գունատ էին, նուրբ, գրեթե վերերկրային էին - և մտածեցի` Օրիոնից մարմնավորման է եկել, այս դժվար մոլորակը “վայելել” և այժմ պատրաստվում է վերադառնալ Տուն… Ողջու~յն Օրիոնի գունատ աստվածուհուն…

Երևանում այսօր հիասքանչ աշուն էր…

Բարի գիշեր:

Հեղինակ
04.09.2009, 23:55
Այսօրս` 4 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:


Մարդ էլ իր մորից կարոտ մնա…


Աշխարհը գրաված, մեծամեծ համերգասրահներ առած, տաս ձայնասկավառակ թողած, պայծառ ու կայացած – “Շողակն” անսամբլը այսօր առաջին համերգն էր տալիս հայրենիքում: Առաջին համերգը: Այդպես կարոտած զավակն է գալիս մորը փարելու… Այսօր “Շողակն” զավակն էր եկել: Արամ Խաչատրյան համերգասրահում տոն էր: “Շողակնի” սիրտը երգում էր.
Մեր դուռ, մեր տուն,
Օ~յ, օ~յ, օ~յ , օ~յ,
Օ~յ, մեր սարեր, օ~յ…
Ա~խ, ի~նչ դժվար հայրենիք եղար. ա~խ, ի~նչ դժվար մայր եղար… Մարդն էլ ապրի իր հայրենիքի հետ, բայց նրանից կարոտ մնա, նրա լեզվից, երգ ու պարից կարոտ մնա: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը գիտակից կարոտյալների լեփ-լեցուն ծով էր…

Հասմիկ Հարությունյանը: Դեմքը նույն ներքին խստությունն ուներ, նույն թաքուն-գեղջկական հոգսը – բայց զգացումի նշույլն անգամ ծաղկեցնում էր այդ դեմքը, պայթում էր մանկականորեն բաց ժպիտը – այդ դեմքին մի մշակութային ազգի հավաքական ազնվությունն էր… Հասմիկի երգած օրորոցայինները – մեր գոյության անձանագրի քաղցրիկ էջը:
Օրոր ասեմ օրորոցին,
Անուշ քուն գա գրկանոցին…

Մեր Մեծ Հայրենիքի երգի-պարի գեղանկար քարտեզն էր – Վանից մինչև Ապարան…
Փեսեն եկավ Արևելքեն
Կռունկ եկավ Վանա ծովեն,
Հարսիկ տարան Մեղրագետեն…
Հմուտ ու հայրենապաշտ “Շողակնը” ձեռքիցդ բռնած տանում էր – չմոլորվե~ս, մանչս, Սա Հայաստանն է – Ռուսա-ն ու Տաճկա-ն պոկվել, ընկել են, մենք ամբողջական հայրենիք ենք…

Բայց մեծ արվեստը միշտ պատկանում է աշխարհին: “Շողակնը” ստեղծել էր այնպիսի դինամիկ, կրակոտ, սրտագին կոմպոզիցիա, որը կարող էր բոլոր ազգերի սրտերը գրավել, և գրավում է – Գևորգ Դաբաղյանի դուդուկը, Լևոն Թևանյանի շվին ու ծիրանափողը, Կամո Խաչատրյանի դհոլը, Կարինե Հովհաննիսյանի քանոնը… վիրտուզ խենթության մեջ էին: Ալեքսան Հարությունյանը – Հասմիկի եղբայրը, տեսել ու ստեղծել էր այդ հարաշարժ կախարդանքը: Այս ամենի գագաթը – գոնե իմ համար` Հասմիկի ու Ալեեքսանի երգն ու պարն էր…

Հասմի~կ, ոտքդ պինդ զարկի~ր հայրենի հողին, գեղանի ծնկածալի~ր… Այս դժվար Հայրենիքը միայն այդպես կարելի է առնել: Եվ բարձրացնել…

Բարի գիշեր:

Հեղինակ
05.09.2009, 22:45
Այսօրս` 5 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:


Այսօր ծննդյանս օրն է – Աշխարհը` ինչպես տեսա…


Օրն առավոտ էր և պայծառ էր: Մենակ մի տեղ էի գնում – ավտոբուսի մեջ էի: Մի սպիտակահեր, խնամված, մազերը ետ տված պապիկ նստեց – իր սքանչելի տղա-թոռնիկի հետ: Թոռնիկը երջանիկ գեղգեղում էր և խոսքի բռնվեց կողքը նստած մի կնոջ հետ: Չէի լսում, թե ինչ են խոսում, բայց պապիկի ասածը լսեցի. “Այ տղա~, տան եղած-չեղածը մի~ պատմի…” Այստեղ մտածեցի, որ պապիկի տանը կան բաներ, որը հանրային ուշադրությունը չարժե ներկայացնել… Բա որտե՞ղ է խոսքի ազատությունը: Մի քանի կանգառ անց նրանք իջան ավտոբուսից, իջնելիս թոռնիկն ասում էր. “Էս ու՞ր հասանք…”: Իսկ պապիկը պատասխանում էր. “Իջի~ր, իջի~ր…” Պապիկն ուզում էր ասել – ես գիտեմ, քո ի՞նչ իմանալու բանն է… Նրանք իջան, և ես պապիկին ուղարկեցի իմ ուղերձը. “Սիրելի պարոն-պապիկ, գալիս են նոր ժամանակներ – այժմ ծնվում են իմաստուն թոռնիկներ, նրանք գիտեն ու~ր իջնել-բարձրանալ, նրանք եկել են մեզ բարձրացնելու… Բարձրացնելու ՆՈՐ ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՆԱՎ… Այնպես որ, պարոն-պապիկ, խելքդ գլուխդ հավաքիր… Սրանից հետո դու թոռնիկն ես, լսի~ր քո 4-ամյա պապիկին…

Չգիտեմ, ուղերձս տեղ հասավ, թե չէ… Բայց առավոտի սիմվոլները հեղեղի նման թափվում էին վրաս… Մի մարդ – կանաչապատման բանվոր, ծառ է ջրում, խողովակից բխում է ջուրը… Մարդը անշարժ, գրեթե կախարդվածի պես, նայում և լսում է ջրին: Հետևեցի – այդպես էլ չշարժվեց… Մարդը լսում էր Ջրի և Հողի Աստվածներին… Ասում են` Աստվածը Մեկն է – հա~, ճիշտ է, բայց Ինքը ո՞նց է կառավարում այս անսահման Տիեզերքը – էնտեղ Կառավարություն, Խորհրդարան, վարչություններ չկա՞ն: Երևի կան, և ահա` Կանաչապատման Տիեզերական Վարչության Պետ-Աստվածը կարող է խոսում էր Կանաչապատման Բանվոր-Աստծու հետ…

“Այսօրս” կաղքատանա, եթե չպատմեմ… Էս անգամ էլ տեսա մի տատիկ` իր անուշ թոռնուհու հետ… Կիսամոդեռն տատիկ էր – մազերը կարճ կտրած, ծոծրակը նոր էր վարսավիրի մկրատի տակից դուրս եկել և շողում էր նորին տատիկային ճերմակությամբ: Բայց դեմքը մի քիչ ճնշված էր, ճակատին թառել էր նորին տատիկային հոգսերի ամպակույտը… Իսկ թոռնի~կը, միայն տեսնեի~ք… Մազերը մի հյուս էին արված, հյուսը առաջ էր գալիս, ճակատի վրայով շրջան էր անում - մի գեղեցիկ թագեզրի նմանվում, որ զարդարում էր ալաբաստրե ճակատը… Ոսկեգույն Մազերը ալեհավաքների նման երևի ընդունում էին աշխարհի ցնծությունը և սփռում էին պայծառ դեմքին… Իմ տեսած ամենաչքնաղ մանուկը: Նոր Կանացիություն Պատգամաբերն էր նա – նրա հյուսը այլևս չի կտրվելու, մեր կապը Տիեզերական Կանացության հետ չի ընդհատվելու…

Այս տողերը հավաքում էի, երբ դեռևս արև էր: Հենց նոր դուրս եկա, մի քանի բան պակաս էր, պետք է բերեի… Հացի վաճառողուհին – մի համակրելի, մեծակն աղջիկ` տալիս է հացը - և տեսնում եմ, որ մի քիչ առաջ լաց է եղել…
Իրավունք չունեմ հարցնելու, բայց ասելու իրավունք ունեմ – արցունքի այս հովիտում հավաքել արցունքները և նրանցից ադամանդներ ստեղծել… Ահա ապրելու իմաստը – ադամանդներ ու լույս ստեղծել…

Այսպես տեսա աշխարհը իմ ծննդյան օրը, շնորհակալ եմ:

Միշտ ձեր` Հեղինակ

Հեղինակ
07.09.2009, 00:00
Այսօրս` 6 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Երեկ Կյանքը տեսա առանց տարանջատման – Իր Ամբողջացման Ճանապարհին: Որքա~ն ցնծություն, որ Կյանքը կարող է լինել առանց բևեռացման, առանց ատելության – միայն Սիրո ու Կարեկցանքի տիրույթում: Բայց արդեն գիշերը բարձրանում էր ենթագիտակցության ալիքը – Կյանքի բևեռացումը այժմ հասել է ծայրագույն աստիճանի… Իմ ենթագիտակցության խորքից ելնում էին պատկերներ -անցածս ճանապարհի անձնական, սոցիալական, քաղաքական բևեռացումները: Խանդո~տ ենթագիտակցություն, դու չես ուզում, որ սիրտս ապրի ներդաշնության մեջ, ուզում ես, որ չմոռանամ տառապանքի ուղիները…

Այսօր նախախնամորեն իրականությունը ևս հիշեցրեց, թե ինչ դառը ճանապարհ է անցել այս մոլորակը և դեռևս անցնում է… Մերոնք բերեցին Ռոման Պոլանսկու “Դաշնակահարը” ֆիլմը – ստեղծված հրեական ծագման լեհ երաժիշտ Վլադիսլավ Շպիլմանի հուշագրությունների հիմքի վրա – հրեական Հոլոկոստի մասին: Ես հասկացա, որ ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵԻ ԱՅՍ ՖԻԼՄԸ… Հոլոկոստը, Հայոց Եղեռնը – մարդու կողմից մարդու նվաստացման ծայրակետերն են սրանք, մարդու անկման ցածրակետերը…

Չէ~, պետք է բարձրանալ: Այս ստոր գոյությունից պետք է բարձրանալ: Այս գենոցիդալ գիտակցությունից պետք է բարձրանալ: Ատելության այս մթնախորշերից պետք է բարձրանալ: Այս համաշխարհային ստոր առուծախից ու խաբեությունից պետք է բարձրանալ: Գեոպոլիտիկա կոչվող էթիկական անապատից պետք է բարձրանալ… Դաշնակահարի ձեռքերը ստեղնաշարի վրա խաղում, թպրտում, թռչում ու ընկնում էին մի զույգ սպիտակ աղավնիների նման – այդ ձեռքերը կարող են լինել հրեայի ձեռքեր, հայի ու թուրքի ձեռքեր – ոչ ոք այլևս չպետք է սպանի այդ ձեռքերը: Ներկա մարդկության անկյալ վիճակից պետք է բարձրանալ…

Եվ այդ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ սկսվում է մարդկային սրտից: Նա է որոշում` Սիրել ու Բարձրանալ… Ինքն իրեն բարձրացնել: Տեսնել իր աստվածարյալ էությունը:
Ապա սկսվում է Մոլորակի սրտից… Երկիր մոլորակի սիրտն է որոշում` Բարձրանալ… Եվ այդ Որոշումն ընդունված է:
Բայց անցյալը դեռևս ողբերգորեն ներկա է, մարդկային աչքը փոփոխություն չի տեսնում, թվում է` այս ամենը հավերժ է…

Բայց միայն թվում է: Սիրել, Կարեկցել, Բարձրանալ – Որոշումն ընդունված է…

Բարի գիշեր:

Հեղինակ
07.09.2009, 23:47
Այսօրս` 7 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, գրել եմ մի անգամ, որ ընտանիքով հրաժեշտ ենք տվել հեռուստատեսությանը… Բայց խոստովանեմ, որ ինտերնետային լրատվական մի քանի կայք ձեռքի հետ նայում եմ… Սրտի իղձ ունեմ – որ գա օրը, երբ կթողնեմ ամենօրյա լրատվության նարկոմանիկ դաշտը: Բայց չեմ ուզում ինքս ինձ ստիպել, կգա նաև այդ օրը:

Այսօրվա լրատվությունից մի դրվագ եմ հիշում – ասեմ միայն էականը` առանց փաստի հանրային կողմի գնահատականի: Մի երիտասարդ մարդ ուզում է հացադուլ անել` անազատության մեջ լինելով: Անկասկած` իր դավանած գաղափարները պաշտպանելու համար: Նաև անկասկած է, որ դա իրավունքն է և իր ընտրությունը: Իմաստուններն ասում են, որ “ճիշտ” ու “սխալ” չկա, այլ կա փորձառության ձեռք բերման և կրթության տարբեր ճանապարհներ…

Բայց նայում եմ նկարին - մեղմ ժպտացող, վստահող պատանեկան դեմք, ձեռքերը վեր պարզած` նայում է քեզ և կարծես ինչ որ բան է ուզում հարցնել: Կամ գուցե ինձ թվում է… Եվ նա պատրաստվում է անառողջ վիճակում, փխրուն ֆիզիկական մարմնով` գնալ այդպիսի քայլի: Առանց քննարկելու քայլի իմաստը` ինձ թույլ եմ տալիս ասել այդ պատանուն – Դու, քո կյանքը, քո առողջությունը, քո երազները, քո ապագան, ահա այս ամենը միասին` հարյուրապատիկ ավելի թանկ են, բարձր են, պայծառ են այն գաղափարներից, որոնք դու այժմ դավանում ես: Դու հավերժ ես ու ապրող ես, դու մարդ ես և բացարձակ արժեք ես, իսկ գաղափարները և դրանք առաջ տանող նյութական կառույցները պատրանք են, փրփուր են, արտացոլանք են, ստվեր են…

Պահպանել ԿՅԱՆՔԸ, Ազատությունը փնտրել սեփական սրտի ներսում, չշտապել… Կյանքի ընթացքը, հոսանքը կասեցնող պատերը իրենք-իրենց քանդվելու են - և այդ պատերը ֆիզիկական չեն, այլ տեղավորված են մարդկանց գլուխներում: Դրանք մտածին հրեշներ են: Եվ նահանջում են միայն սրտի ու զգացումի առջև… Պահպանել ու խնամել ԿՅԱՆՔԸ` որպես բարձրագույն արժեք – մնացյալը` ԿՅԱՆՔԸ իր հարահոս ընթացքի, իր հոսուն պրոցեսի մեջ կառնի, կլուծի, կպարզեցնի…

Բարի գիշեր:

Հեղինակ
08.09.2009, 23:01
Այսօրս` 8 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Մի տարեց զույգ, երևի առնվազն 40-ամյա ամուսնական ճանապարհ անցած, դանդաղ առաջ է գնում… Հաճախ եմ տեսնում այս զույգը – դեմքերին մի հին հոգնություն կա: Տեսնես ի՞նչ ուղի են անցել, ի՞նչ վեճերով, ի՞նչ վերելք-անկումներով… Մի կյանք, որի հիմնական շարժիչ ուժը եղել է տղամարդային էներգիայի գերակայությունը և կնոջ էներգիայի ստորակա վիճակը: Բայց այդպես ճանապարհ չկա – առջևում պատ է… Տարեց զույգը շարունակում է ճանապարհը - և չգիտեմ` նրանց առջև պատ է, թե բաղձալի ազատության հեռաստանը… Ես նրանց հետևից կանչում եմ – Վերջ Տարանջատմանը, Վերջ Բևեռացմանը… Այժմ և Այստեղ:

Ազգը պետություն է ստեղծում, որ իրեն կառավարի, իշխանություն է ձևավորում, որ իրեն ծառայի… Հետո ազգն ու իշխանությունը սկսում են իրար չհավանել – ազգին դուր չի գալիս իշխանության ագահությունը, իսկ իշխանությունը չի սիրում ազգի կամակորությունը… Բայց այս երկուսը մոռանում են, որ իրենք հարազատներ են – ծնող ու երեխա` միաժամանակ, նրանք ամեն օր ծնում են իրար: Եվ պայքարի են ելնում ազգն ու իշխանությունը – իրար դեմ: Եվ այդպես կռիվ տալով` ուզում են ապագային հասնել: Բայց կյանքը այսօրվա ֆունկցիա է, այսօրվա գործ է… Դեպի “լուսավոր ապագա” գնացող ազգի ու իշխանության հետևից պետք է կանչել` Վերջ Տարանջատմանը, Վերջ Բևեռացմանը… Այժմ և Այստեղ:

Տարիներ առաջ էր, մի հրաշալի աշխատակից ունեինք – պատմաբան, ազգագրագետ, հայ երգի ու պարի, էպոսի հայտնի գիտակ: Վաղուց չենք հանդիպել: Նա մի անգամ զարմանալի պատմություն արեց. տեսիլք էր ունեցել, որ ինքը նախորդ կյանքում թուրք է եղել, բարձրաստիճան իշխանավորի զավակ…Վանում: Տեսել էր հորը – կարմիր ֆես կապած, բարձրաշխարհիկ ու գեղեցիկ մորը, սլանում են ավտոմեքենայով: Տեսել էր, որ տատը թաքնված, հավատափոխ հայ է եղել, և մի ողբերգական ժամի աղոթել է - և այդ ժամին եղել է ավտովթար, ծնողները և ինքը զոհվել են… Այս տեսիլքի տեսել է մի քանի անգամ, մանրամասնորեն… Մեր աշխատակիցը հրաշալի, մշակութակիր, հզոր հայ է – բայց նրա մեջ երևի ծխում էր կարոտը նախորդ կյանքի` թրքուհի մոր նկատմամբ: Եվ այդպես, ժողովուրդները կարող են թշնամի լինել, կռվել ու իրար սպանել, բայց նրանք մոռանում են, որ իրենց զավակները կարող են մի անգամ հայ ծնվել, իսկ մի ուրիշ անգամ` թուրք… Նույնիսկ այս երկու ազգին, անվստահության ու ատելության բեռի տակ կքված` Նոր Ժամանակը ձայն է տալիս - Վերջ Տարանջատմանը, Վերջ Բևեռացմանը… Այժմ և Այստեղ:

Ընթերցողս, գրում եմ այս տողերը, սրանք վերջին օրերի ապրումներիս միայն մի մասն են - և գիտեմ` որքա~ն ճանապարհ կա անցնելու, որքա~ն ջանք կա թափելու, որ ասենք` Տարանջատման Վերջը Եկավ, Բևեռացման Վերջը Եկավ…

Բարի գիշեր:

Հեղինակ
09.09.2009, 23:33
Այսօրս` 9 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:


09 – 09 – 09

Այսօր էներգետիկ տեսանկյունից շատ կարևոր օր էր – երեք 9-րի զուգակցումը ստեղծել էր բացառիկ հնարավորություններ` նոր և վերափոխիչ էներգիաների ստացման, Երկիր մոլորակի առողջացման համար… Իմ և Առողջագետիս առջև լցված էին ոգեշունչ աղբյուրներ… Ընթերցողս, դժվարանում եմ ավելին ասել կամ գրել, բայց իմացիր, որ Մարդկային Սիրտը այս մոլորակի վրա կատարում է զորավոր թռիչք` դեպի Գոյության ու Կյանքի Նոր Որակներ… Մարդկային Սրտի մեջ, նրա խորերի խորքում շողում է մի Արև, որը շնչում է Ուրախությամբ ու Լույսով: Եվ Մարդը մի Լույսի սյուն է, որի մի ծայրը սլանում է դեպի Մոլորակի կենտրոն և խարսխվում է մոլորակային սրտին, իսկ մյուս ուղղությամբ սլանում է դեպի Արևը, և նրա միջով` դեպի Ստեղծողի Սիրտը:

Եվ ահա, հազարավոր տարիներ Մարդը մոռացել է, թե Ով է Ինքը – մի Հրածին Ոգի, որ իր մեջ կրում է Տիեզերքի ամբողջ կառուցվածքը և գաղտնագրերը: Մոռացել է, և դարեր կարծել է, թե ինքն ընդամենը մի ամենակուլ և ագահ երախ է կամ մի անհագ արու և էգ - և բնության պարգևած մարմին-տաճարը ստորացրել է` նրան վերագրելով միայն սեռականության ու սննդառության ֆունկցիաներ… Եվ ագահությունը, սեփական ծագման մոռացությունը պատճառ է դարձել պատերազմների, ցեղասպանությունների, անլուր մարդկային տառապանքների…

Այսպես այլևս անհնար էր ապրել, մոլորակը մոտենում էր մի ողբերգական հանգուցալուծման – բայց Մարդկության մի փոքրաթիվ, բայց պայծառ հատվածի ջանքով Մոլորակը այժմ գնում է դեպի վերածնություն, դեպի վիբրացիոն նոր մակարդակ… Այսօր սիրտս Մարդկության հետ էր, նրա ջանքի հետ էր…

Այսօր մի ակնթարթ եղավ, երբ հիշեցի Արևելքի աղբյուրներից մեկը – այն մասին, որ Արարատի վրա է Հրե Քարը, և սրտով ըղձացի, որ վերափոխիչ Տիեզերական էներգիաները խարսխվեն այդ Քարին, կենդանացնեն Նրան… Եվ Հրե Քարից լույսը բաբախելով տարածվի մեր սրբազան Հայրենիք-բնօրրանի` Հայկական բարձրավանդակի վրա, վերարծածի մեր երազները և վերակերտի մեր Սիրտը և Էթիկան… Եվ թող լինի այդպես…

Բարի գիշեր

Հեղինակ
10.09.2009, 22:25
Այսօրս` 10 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Այսօր հանգստանում էի: Վերջին երկու ամիսներին ինֆորմացիան այնքան հագեցած էր` և գիտական, և զգացումային տեսակետից, որ երևի հոգնել էի… Առողջագետիս հետ դեղձի կոմպոտ էինք փակում – վաղուց չէինք արել… Զբաղվել տնտեսությամբ և խոսել կյանքի ու աշխարհի, մեր գործերի ու ձգտումների մասին – հրաշալի ժամեր են դրանք:

Այնուհանդերձ, մի հրաշալի նյութ տվեցի Առողջագետին… Այդ նյութի մեջ բացված էր այն ողբերգական փաստի իմաստը, թե ինչու միջին դարերում ոչնչացրել են պայծառատես և իմաստուն կանանց` նրանց “վհուկ”, “սատանայի ծառա” կոչելով: Խնդիրն այն է, որ քրիստոնեությունը ձևավորվեց որպես տղամարդկանց կրոն – նրա մեջ գերակշռում էին կնոջ ստորակայության գաղափարները: Եվ քրիստոնեական եկեղեցիները, հատկապես միջնադարյան Եվրոպայում, ոչնչացնում էին կանացի սկզբի փայլատակումները – Ժաննա Դ’ Արկի ողբերգությունը, հազարավոր այլ զոհեր: Այդ է պատճառը, որ քրիստոնեությունը եղավ ոչ հավասարակշիռ, կարեկցանքը պակաս կրոն – աշխարհի ներկա պառակտված վիճակի մեջ նա ունի իր դերը: Նա իր միջից, իր ընդերքից դուրս մղեց Մարիա Մագդալինայի քնքշությունը և կարեկցանքը…

Տղամարդու և կնոջ պատերազմը – քանի~ հազարամյակ է արդեն… Ավելի ճիշտ` տղամարդու սանձազերծած պատերազմը կնոջ դեմ… Մի հայ տղամարդ, իր արևին յոգ` ասել էր – ես կնոջ ձեռքի հացը չեմ ուտում: Ա~յ զահրումար ուտես դու – որ կնոջ ձեռքի հացը չես ուտում` բա ի՞նչ ես ուտում… Մի տղամարդ էլ ասել – կնոջը լսիր, ու հակառակն արա… Ա~յ գլուխդ պատին տաս – որ կնոջ զգացածը, ապրածը աչքի չառնես` ի՞նչ արժե քո արածը…
Առողջագետիս հետ խոսում էինք տղամարդ-կին պատերազմի մասին, և դառնությամբ հիշում էինք իմ վարած պատերազմի մասին` Սիրելուս դեմ: Մենք անցել ենք այդ անարդարացի պատերազմի գրեթե բոլոր սցենարները - և երջանիկ եմ, որ Սիրելիս ՀԱՂԹԵԼ Է… Ինձ հաջողվեց պարտվել... Այդպիսի հաջողությունը հազվադեպ է տղամարդու համար – ասում եմ` հստակ ու անկեղծորեն:

Մի քիչ առաջ իրար հետ պատշգամբում էինք – աշնան ցուտ կար: Սիրելուս տաք պարանոցին դիպա – ամա~ռ էր… Նրա հպարտ պարանոցը խոնարհված չեմ տեսել տղամարդուս ճնշման հանդեպ – ոչ մի անգամ: Սիրելիս ՀԱՂԹԵԼ Է ինձ… Ուրեմն` ես էլ եմ ինձ հաղթել… Սա արդեն շատ լուրջ ձեռքբերում կլինի, եթե միայն պատրանք չլինի…

Բարի գիշեր:

Հեղինակ
11.09.2009, 23:48
Այսօրս` 11 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, հիշում ես, ժամանակին մի քանի անգամ գրել եմ իմ` “Արշալույս” ձեռնարկ-ընթերցարանի մասին` կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար – առողջ ապրելակերպ, նոր աշխարհայացք: Նաև գրել եմ, որ շարունակում եմ աշխատանքը “Արշալույս -2”-ի վրա – սա պայմանական անունն էր: Այսօր, երկամսյա ընդմիջումից հետո, նորից վերադարձա այդ գրքին, և արդեն որոշեցինք գրքի վերջնական անունը – “Աստղային մանուկ”: Այո~, մենք բոլորս աստղային ծագում ունենք… Մեր սրտում մի անմահ Աստղ կա, և մեր իրական Հայրենիքը…Տիեզերքն է:

Գրում եմ այս տողերը, և մտքի ծայրով մտածում եմ – տեսնես` ընթերցողս այս տողերի տակ ի՞նչ է հասկանում… Մեկը կասի` դե~ բանաստեղծական այլաբանություն է, ախր գիտությանը հայտնի է ակադ. Օպարինի տեսությունը, որ կյանքը ծագել է ջրում` նրա մեջ լուծված տարբեր նյութերից ստացված բուլյոնից – ի~նչ Տիեզերք, ի~նչ բա~ն… Մյուսն էլ կասի` պարզ է, խոսքը գնում է այն մասին, որ Աստվածն է ստեղծել մարդուն… Ընթերցողս, ասածիս գիտական ձևակերպումն հետևյալն է – ամեն Մարդ տիեզերական քվանտային դաշտի մի կտորն է` կազմակերպված էներգո-ինֆորմացիոն կառույց, որը մարմնավորվել է ֆիզիկական մարմնի մեջ… Առանց ֆիզիկական մարմնի էլ` մարդը Մարդ է – լիքը Սիրով, Գիտակցությամբ և Կարեկցանքով… Ահա Քվանտային Հայրենիք ու Ծագում ունեն աշխարհի բոլոր մանուկները, և նրանց կրթությունը, դաստիարակությունը, հիվանդությունների կանխարգելումը պետք է հենվի այս գիտելիքի վրա… Ահա` Նոր Կրթության և Նոր Բժշկության ձևավորման ասպարեզն է մեր աշխատանքը, որտեղ ես ու Առողջագետս դնում ենք մեր համեստ ջանքը…

Առողջագետիս հետ նոր փողոցում հանդիպեցինք մի շատ կոլորիտային մարդու - իմ մանկության Լճավան գյուղի շառավիղ, մի ուրիշ անգամ ավելի մանրամասն կպատմեմ: Նրա մասին այստեղ գրելու առիթը բացառիկ է – մի երեք տարի առաջ նա մեզ ասաց հայ մեծ գիտնականՀովհաննես Դավթյանի և նրա "Հիմնարար դաշտի տեսություն" գրքի մասին… Ահա, այս հեղինակը զուտ մաթեմատիկորեն հանգել է բանական դաշտերի գոյության գաղափարին…

“Այսօրս” մի քիչ գիտական ստացվեց, և վերջին միտքս: Գիտեք, չէ՞, շատ տասնամյակներ առաջ Գենետիկան, Կիբեռնետիկան կեղծ-գիտություններ են համարվել… Այս գծով աշխատող շատ գիտնականներ “գործուղվեցին” Սիբիր` իրենց հետազոտությունները ճամբարներում “շարունակելու”… Եվ ի՞նչ լինի, որ լավ լինի – Ռուսաստանի Ակադեմիայում այժմ գործում է հանձնաժողով` այսպես կոչված կեղծ-գիտության դեմ պայքարելու համար – 16 մեծգլուխ ակադեմիկոս է մտնում դրա մեջ, պայքարում են հետևյալ ուղղությունների դեմ – թվարկեմ` աստրոլոգիա, տորսիոն դաշտերի տեսություն, ոչ ավանդական բժշկություն, սառ միջուկային սինթեզ, ալիքային գենոմ, բիոէներգոինֆորմատիկա… Ռուսը կասեր` стыд и позор…

Ընթերցողս, ևս մի միտք ու ավարտեմ – իրական գիտելիքի ու գիտության աղբյուրը ոչ միայն ուղեղն է, այլ առավելապես` Սիրտը: Մարդկային Սիրտը…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.09.2009, 23:15
Այսօրս` 12 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Տարօրինակ օր էր – սովորաբար օրս շնչում է մի հավասար կրակով, բայց այսօր տատանվում էի կեցության բևեռների միջև… Գուցե հոգնած էի, և մարմնիս կայտառությունը բավարար չէր` ցածրակետի ձգողությանը դիմագրավելու համար… Այսօր գրեթե ժամանակ չեղավ – հանգիստ ու խաղաղ հայելու աշխարհը, չնայած Առողջագետիս հետ տեսել ենք մի քանի չքնաղ մանուկներ, և առավոտն էլ պայծառ էր… Տեսնել մանուկների կյանքը – ահա միայն սրա համար արժե ծնվել…

Հայրենիքի կյանքը… Այն զարմանալի հայտնագործություն-գիտելիքից հետո, որ հայրենիքի կյանքի նորոգումը հնարավոր է միայն քո սրտի ու կյանքի նորոգման միջոցով – ահա այս գիտելիքը ընկալելուց հետո` դժվար է հավատալ լուրերի բերած էներգիաներին… Լուրերի ինտերնետ-ռեսուրսը նայում եմ` այն ինչ վերաբերում է Հայաստանին – բայց ո՞ր լուրն է բերում իրական փոփոխության ու կենսականության էներգիան` անհնար է ասել: Միակ իրականը` այսօր ԴՈՒ ի՞նչ ես ավելացրել ՔՈ լույսին – դա նաև ՀԱՅՐԵՆԻՔԻ ձեռքբերումն է… Միակ բանաձևը:

Ընթերցողս, գիտես, չէ՞, ստվերի մասին այլևս չեմ գրում – ստվերից ի՞նչ կարելի է ստանալ կյանքի համար: Բայց գիտեմ, մարդկային սիրտը վարժեցված է դրամային, վեճին, ցավին, կոնֆլիկտին… Իհարկե, սիրտդ ցավում է, երբ մեքենայի վրա կարդում ես – տաքսի “Չարենց”… Մեզ “Թումանյանի շաուրման” քիչ էր… Մեր մանր վաճառականները գրավում են հայոց Հելիկոնը և այնտեղ շաուրմանոց են սարքում – որտե՞ղ ներշնչանք ստանան մեր երիտասարդ լիրիկները: Մի ինդիգո-մանկան մեջ վերամարմնավորվեր Չարենցը, մտներ Լեզվի տեսչություն և նախշեր մեր լեզվի “պահապաններին”: Հա~, մերոնք ինձ հաճախ հիշեցնում են` զանգել Լեզվի տեսչության պետին – ի դեպ` նորմալ մարդ է - և հարցնել` չկա՞ օրենսդրական նորմ, որով կարգելվեր հայ դասականների անվան օգտագործումը առևտրային նպատակներով…

Բայց կյանքի լույսը ավելի շատ է և ավելանալու է օրեցօր - մութը պատրանք է, փորձ կամ փորձանք է ընդամենը – դիմանալ: Լուսամուտից – մանուկների հրապարակն է, գեղանի 5-ամյա աղջնակը, մազերը երկու հյուս արած` սլանում է աշնան քամու միջով: Քաղաքային-բետոնային լանդշաֆթին ցողվում է մի քանի ծառերի կանաչը… Վերադառնում եմ սենյակ – այս աղբյուրը ասում է, որ Արքանզասի հսկա կվարցե բյուրեղները այս օրերին արթնացան 12-հազարամյա քնից, այժմ ընդունում են Տիզերական էներգիաներ և տարածում մոլորակի վրա… Լույսով բեռնավորվել են Ապաքինման Զմրուխտյա Բյուրեղը, Գիտելիքի Կապույտ Բյուրեղը…

Գիտելիք… Ապաքինում… Լույս…

Բարի գիշեր:

Հեղինակ
13.09.2009, 22:46
Այսօրս` 13 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Աշուն է… Գնում ենք դեպի սեպտեմբերյան արևահավասար – իսկ այնտեղից գնալու ենք դեպի ձմեռ: Բնության ձեռքը այնպես մայրորեն` տալիս է արև, մրգեր, աշնան խուլ ամպրոպներ, մանր անձրև: Աշուն է: Երևանում ամպրոպներ են…

Ինչպե՞ս գնալ ճանապարհը: Մարմինը, էգոն – ձգտում են կայունության, տաքության, կանխատեսելիության… Եվ մի գծի վրա շարում են իրարից բխողների շարքը – աշխատանք, հաջողություն, բարեկեցություն… Այս շարքի մեջ հաճախ մխրճվում է իշխանություն կոչվածը, որը չորրորդական երկրներում թվածս բարիքների կանխապայմանն է… Բայց, այնուհանդերձ, ինչպե՞ս անցնել ճանապարհը – այն, որ նախատեսված է ՔՈ համար…

ՄԵԿ ԳԾԻ փիլիսոփայությունը սպառվում է: Մեկ գծի ճանապարհները փլվում են: Մեկ գծի բարեկեցությունը մոլորակային մասշտաբով արդեն վրիպած արժեք է… Մարմինը, էգոն դող է բռնում – նրանք չեն ճանաչում նոր ճանապարհները: Հոգին նրանց ուզում է ինչ-որ բան հասցնել, բայց կապը դժվար է - ներքին-մարդկային “արմենթելը” լավ չի աշխատում…

Մի քիչ առաջ դեռ լույս էր, կապար ամպերը պատել էին հորիզոնը: Արևմուտքից հասնում էին խուլ դղրդոցներ, կայծակների լույսը չէր երևում: Սրտիս մեջ հնչում էր հարցը` ինչպպե՞ս շարունակել ճանապարհը: Եվ հանկարծ կայծակեց այն միտքը, որ մարդ չի կարող նույնիսկ պատկերացնել հնարավոր ուղին – այնքա~ն նոր, անսպասելի, անճանաչելի կարող է լինել այն… Սրտիս մեջ մխում էր կարոտը դեռևս չտեսնվածի, չգտնվածի հանդեպ - և միայն սրտի մեջ կարող ես գտնել դեպի այնտեղ տանող ուղին… Չերկմտել, չվախենալ… Զգալ-պատկերացնել-տեսնել բազմաթիվ ԳԾԵՐԻ ստեղծած գոլոգրաֆիկ խաղը… Մոլորակային կյանքի խաղը…

Եվ այնպես, ինչպես տարիներ առաջ, դեռ գրեթե երեխա, կանգնած էի այս երկրի մայրաքաղաքի դարպասների առջև և ցանկանում էի բացել դրանք, մտնել քաղաքի սիրտը, սիրել և լինել…, այնպես էլ այսօր` նույնքան մանկորեն – կանգնած էի մոլորակային անհայտության դարպասների առջև և ցանկանում էի զգալ` ինչպե՞ս բացել դրանք… Իսկ Երևանում աշուն էր, ամպրոպները դղրդում էին…

Բարի գիշեր:

Հեղինակ
14.09.2009, 23:21
Այսօրս` 14 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, առավոտյան կարդացի գրությունս - չհավանեցի: Մասնակի, ոչ ընդհանրական, ոչ պոզիտիվ նյութ էր - մի փորձի պատմություն էր, բայց ամեն փորձ չես պատմի հանրությանը: Փորձը քեզ է տրված - քեզ համար: Գրառումը հանեցի:
Սեպտեմբերյան պայծառ առավոտ է: Ապրել և լինել:

Բարի լույս...

Միշտ ձեր` Հեղինակ

Հեղինակ
15.09.2009, 22:56
Այսօրս` 15 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Հանդուրժողականություն… Այս բառ-էությունն էր այսօր իմ ներսում զնգում… Նրա պակասը իմ մեջ` երեկ բնությունը ցույց տվեց մի փորձով: Բնությունը – Մեծ Հանդուրժողը և Համբերատարը, հազարավոր, միլիոնավոր տարիների մեջ կերտում է մեզ… Եվ չի նեղանում, որ ուշ ենք հասկանում… Ճիշտ է` պատճառ-հետևանք կապով մեկ-մեկ ճլոթում է, բայց միշտ հանդուրժում է մեզ… Հետն էլ սիրում է:

Տեսե՞լ եք կոյուղու աշխատողների աշխատանքը, երբ մի բազմահարկ տան այդ համակարգը խցանվում է: Այս մարդիկ միշտ յուրահատուկ տեսք ունեն – սմքած, թուխ դեմքերով, միջին տարիքն անց, հոգնած: Դժվար է ամեն օր գործ ունենալ մարդու կենսագործունեության այս մի հետևանքի հետ… Անցնում էի բակով – այս համբերատար սանիտարները ինչ-որ փակված ուղի էին բացում – լուրջ, տխուր, լքված… Ի՞նչ իմանան այս խեղճ մարդիկ, որ այս մոլորակը ծածկված է մարդկային մտքի արտաթորանքներով… Միտքը – այդ թվում` դեգեներատիվ, հայհոյական, սպանիչ միտքը, չի մահանում, չի կորչում… Եվ մոլորակը ծածկված է մտային արտանետումների դարչնագույն շերտով… Ի~նչ տիտանական ջանք է անհրաժեշտ` այդ մոլորկային աղբը այրրելու համար:

Միտքը չի մահանում… Բառը չի մահանում… Մանավանդ` ցավ, վերք պատճառող բառը:

Մայթով գնում ենք – ասֆալտին, չգիտես որտեղից, մի բուռ կարմրահատ ցորեն է թափվել: Մեջս խոսում է հատիկի նկատմամբ գեղջկական պաշտամունքը – ոչ ծիլ է տալու, ոչ հաց է դառնալու, ոտքի տակ գնալու-կորչելու է… Հատիկը – Տիեզերքի նվերը մարդկությանը: Հետո գիտակցորեն խլացնում եմ ափսոսանքս – Մոլորակը առատ է, շռայլ է, լիքն է – ի՞նչ ես մտածում այս մի քանի հատիկի համար… Ամենաթանկ Հատիկը – մարդկային կյանքը…

Այսօր նորից տեսա այն խորհրդավոր աղջկան – կարծեմ մի անգամ պատմել եմ – բարձրահասակ, սլացիկ, գեղեցիկ դիմագծերով, բայց մի զարմանալի զբաղմունք ունի – հսկա մոմլաթե պարկերը ձեռքին` ինչ որ բան է հավաքում, գուցե շշեր, այլինչ – կնոջ, աղջկա համար մի ցածր զբաղմունք… Այսօր գեղեցիկ հագնված էր, մոդայիկ պայուսակով, բայց շրջազգեստի ճեղքը շատ բարձր էր – խեղճ մատչելիությունը ճչում էր - և մի քանի ժամ ազատված իր ստոր աշխատանքից` երևի գնում էր ջերմություն, կարեկցանք կամ սեր գտնելու…

Երևանի մայթերին աշնան ծաղիկները վառվում էին մուգ կապույտ երանգներով…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.09.2009, 22:49
Այսօրս` 16 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Առավոտը խիստ էր ու ամպոտ – լուսաբացից առաջ կայծակ էր, ամպրոպ, տեղատարափ անձրև… Բակը գրեթե ամայի էր: Միայն մի բարձրահասակ, ձիգ-սպիտակ շոր հագած երիտասարդ կին կտրում էր թաց ասֆալտի սևությունը – երևի աշխատանքի էր շտապում: Քիչ անց խաղահրապարակ վազեց մի սև, թաթիկները սպիտակ շնիկ և ասֆալտից ազատ` թաց հողի վրա “գործի անցավ” – առջև ոտքերով երկար ու համառ փորում էր հողը… Հետո հոտոտում էր փոսը, և նորից շարունակում աշխատանքը: Երևի իր ցեղային ճշմարտությունն էր փնտրում…

Այսօր և իմ մտքերի մեջ, և մի գրական աղբյուրում` նորից մարդկության ենթագիտակցության խնդիրն էր – որքան վերք, որքան ցավ, որքան չլուծված կնճիռներ… “Մարաթուկի” Մկրեն կեսօրին իր մրմուռն էր երգում.
Սուրբ Կարապետ վանքին մոտիկ
Կա մի աղբրիկ խորոտիկ,
Ով որ խմի մի պուտիկ,
Կզովանա հուր սրտիկ…
Մի հին թախիծ, ուր որ է` հասնում էր սրտիս… Հետո մի քանի հերոսական երգ ու պար լսեցի-նայեցի, բայց թախիծս չէր անցնում, և հին պատանեկան ամենահաղթ լավատեսությունս – մի միամիտ սերնդի հավատամքը` լուռ կծկվում էր սրտիս մի խորշում: Նա գիտի` հիմա այլ հաղթաթղթեր են պետք, հիմա ուրիշ հերոսներ են պետք…

Ահա մի գեղեցիկ մայր – Հայրենիքը, երիտասարդ է, ասում են 5000 ակնթարթ է տարիքը… Վիրավոր է, բարեկազմ մարմինը ծածկված է վերքի կեղևով – որտեղ ձեռք ես մեկնում` վերքից բարձրանում է արյուն-արցունքի կաթիլը… Մաքրել կեղևը, սիրելի մարմնին քսել սրբազան Բարձրավանդակի ծաղիկներից ստեղծված բալզամներ…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.09.2009, 22:23
Այսօրս` 17 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Կյանքը… Օրն իր զարմանալի հյուսվածքն է հյուսում: Ժամանակ-ասեղը ստեղծում է այնքա~ն տարբեր հանգույցներ: Հողի վրա քայլում են կենդանի աստվածներ – արդեն քանի՞ միլիոն տարի: Սառը տեղատարափը զարկում է քաղաքային լանդշաֆթին – ի՞նչ է ասում բետոնյա խրճիթների բնակիչներին: Խանութպան Մանուկի ռուս աղջիկը վազում է անձևաջրի լճերի միջով – այս ծովահարսը ինչպե՞ս է մեր անծով երկիրն ընկել…

Դուրս եմ եկել տնից – անձրև չկա, սիրելիներիս մի քանի մանր ցանկությունները պետք է կատարեմ… Առողջագետս լսել էր ռեհանի հյութի մասին, ճշտել էր բաղադրատոմսը, առավոտյան երկու փունջ ռեհան ենք առել – մուգ կապտա- մանուշակագույն, առողջ, ճկուն-գեղանի խուրձ: Բարձր Ուսուցիչների ականջը կանչի – կասեին` ինդիգո-ռեհա~ն… Չէ~, ինչ էլ լինի` քաղցր է այս մեր եռաչափ նյութական աշխարհը – ռեհանը շոշափում ես, հոտ ես քաշում… Բա դե~ղձը, թու~զը, խնձո~րը… Քթի տակ դնդնում եմ. “Մազիրդ ռեհա~ն…” Բա~ կնոջ մազերի բույրը: Չմոռանամ շաքարավազը` ռեհանի հյութի համար…

Շենքի պատի տակով գնում է տարիքով կինը – նիհար, չորացած ոտքերը տանում են գեր, ծանրացած մարմինը… Ափսո~ս, ափսո~ս – մարմինը ինչու՞ է այդքան շուտ ծերանում: Նրա դիմացից գալիս են երկու երիտասարդ, կաթնագույն մայրիկ` իրենց մանուկների հետ: Իմ ափսոսանքի զգացումը վայրկյան անգամ չտևեց – աչքիս առջև Կյանքը Ամբողջացավ:

Խանութում եմ: Դրսում որոտաց ամպրոպը: Մի ուրիշ երգի ֆրազ կպել` չի պոկվում – “Մարաթուկի” երգած - և էս աշուն եղանակին` խանութում, մտքիս մեջ երգում եմ – “Գարու~ն է, գարու~ն է”: Դեմս կանգնած մորաքույրը մի քիչ զարմացած` չափեց ինձ - հասկացա` ոչ թե մտքիս մեջ էի երգել, այլ լսելի դնդնացել էի… Հայացքով հայցեցի ներողամտությունը – որ էս ամպոտ եղանակին գարունն եմ հիշել… Հա, էլ ի՞նչ ունեմ առնելու – մեր Philosopher-ը երեք “սխալ” ուտելու բան է ուզել, ես էլ մի “սխալ” բան եմ առնում, և որոշում եմ ասել, որ մյուս երկուսը չկային – սա իմ առողջարարական մարտավարությունն է… Բայց տուն եկա և … խոստովանեցի խորամանկությունս…

Օգնում եմ Առողջագետիս – ընթրիքից առաջ: Ու մի պահ թախանձագին նայում եմ Սիրելուս – “Ես 15 րոպե թողնեմ քեզ, մի քիչ մտածելու-կարդալու բան ունեմ” - սա մեր տան հավերժական կատակն է, Առողջագետս ասում է` “15 րոպե առանց քեզ ի~նչ եմ անելու… Լա~վ, լա~վ, մեր պապան մեզ թողեց, գնաց մտածելու…” Մոտենում եմ սեղանիս, ահա կարդացածս.
“Շատ տարիներ …..-ն խոսում էր տրանսֆորմացիայի մասին - զոհի գիտակցությունը` հաղթողի գիտակցության, աղքատության գիտակցությունը` ծաղկման գիտակցության: Այլևս ժամանակ չկա` ցավելու հին աշխարհի համար”: Ամբողջ սրտով փարում եմ այս բառերին, նրանց ընդունում եմ սրտիս մեջ, ճմլում եմ` որպես քաղցր խաղող ու խմում եմ` որպես նորահաս գինի… Եվ հարբած` վերադառնում եմ խոհանոց… Սիրելիս տեսնում է, որ խմած եմ… Կյանքն իր հյուսվածքն է հյուսում…

Բարի գիշեր:

Հեղինակ
18.09.2009, 23:13
Այսօրս` 18 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Մի քիչ` սոցիալական… Գնացել եմ սանտեխնիկայի խանութ` երկու շաբաթ առաջ առած ու փչացած ցնցուղը ետ տալու – ավելի ճիշտ` ետ տալու փորձ անելու… Փորձս չի հաջողվում – ինչպես պետք էր սպասել. դուբայներից բերված և միջազգային բրենդներին նմանեցված` կեղծ ապրանքները լիքն են Հայաստանում, ո՞րը ետ վերցնեն: Վաճառողը – պիտի ասեի` հաստավիզ վաճառողը, բայց ինչպես տեսնում եք` խուսափեցի – իրավիճակը մեկնաբանող իմ մի ակնարկին ի պատասխան ասաց, որ մենք հոյակապ ժողովուրդ ենք, - ափսո~ս, որ մեր պետությունն է վատ… Սրան ի պատասխան, ես էլ ասացի, որ պետությունը ծնել ու ստեղծել ենք ես ու ինքը: Հիմա էլ, այս վայրկյանին էլ, մեր երկխոսությամբ ստեղծում ենք այդ պետությունը…

Խաղաղ դուրս եկա – վաճառականը նոր զարգացող երկրի վաճառականն է, իրական բիզնես- միջավայր չի տեսել, կրթություն չի ստացել… Կասյանով բարձրանում էի, - ափսո~ս, խանութները փակվեցին, և չկարողացա ավելի թանկ ու անվրեպ գնում անել… Վերջը լավ է լինելու, ես ու վաճառականը միասին մի լավ երկիր ենք կառուցելու – “խնդալու կամ լալու պատճառ չիք…”

Եվ մտածում եմ – ամեն ինչ որոշելու է այն, թե մեր սիրտն ու միտքը ինչպե՞ս են թրթռալու, մենք աշխարհն ու մեզ ինչպե՞ս ենք տեսնելու, կյանքի վերափոխման ու առողջացման մեր գործը ինչպե՞ս ենք անելու… Մի անհատի, համայնքի, ազգի մեջ ԼՈՒՅՍԻ ՔԱՆԱԿՆ Է որոշելու նրանց ապագան… ՈԳՈՒ ազատության ու թրթիռների մակարդակը: Եվ ինչքա~ն մտածում եմ – երկու գործոն կա` կրթություն և մշակույթ, որոնցով հնարավոր է ազդել - և այն դեպքում, եթե կա երրորդը` արժանապատիվ սոցիալական կյանքը… Այսպես եմ մտածում և շրջանցում եմ մեր բազմահարկ շենքի անկյունը, որտեղ 3-4 ավագ-դասարանցիներ հավաքված` խոսում են… Մի տղա, իբր հումորով, հանգերգում է`
Վահան Տերյա~ն,
Արի~ մեր յան…

Տխրում եմ – անգամ եղած մշակույթը, գրականությունը չեն հասնում երեխային, համայնքին… Առանց նրանց` ինչպե՞ս բարձրանալ… Հետո սիրտ եմ առնում, հետո վճռական հավատում եմ – Մշակույթի և Ոգու էներգիաները քնած չեն – եթե մի քիչ արթուն լինենք, մի քիչ ուղղված դեպի Լույսը` Մշակույթն ու Ոգին մեզ ձեռք կտան ու կհանեն այս կիսաքանդ քաղաքակրթության փլատակների միջից… Մնում է միայն` սրտով ցանկանալ դա և ԱՊՐԵԼ… Եվ իհարկե, Հավատալ…

Բարի գիշեր:

Հեղինակ
19.09.2009, 23:43
Այսօրս` 19 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Այսօր երկու պերսոնաժ մեխվեցին հիշողությանս մեջ:

Կոմիտասով իջնում է արևելցի կինը – գիտեք, պարսկուհիները` սև գլխաշորով և սև կիսավերարկուով են լինում, բայց այս մեկը… Հագած էր մաքուր-սպիտակ կիսավերարկու, պայծառ-սպիտակ գլխաշորով, որի տակից գնում էր կարմիր ժապավենը և պսակում էր ալաբաստրե ճակատը… Լավատեղյակ չեմ – գուցե մուսուլմանության տարբեր ճյուղերը կնոջ տարբեր հագուկապ են ենթադրում – մեր Tigris-կիմանա, - բայց այս մեկը այդպես տոնականորեն էր հագնված: Գեղեցիկ էր արևելուհին – սիրտս եղբայրորեն ողջունեց նրան: Եվ նորից սրտիս մեջ հնչեց կնոջ գեղեցկության ու ազատության մեղեդին – առանց կնոջ ազատագրության` մենք չենք հալեցնի այս մոլորակի սառույցները: Եվ ինչքան էլ արևելորեն “ճիշտ” հնչի, թե արևմտյան սանձարձակության դեմ պետք է պայքարել – սա չի արդարացնում կնոջ արևելյան ճորտության որևէ դրսևորում – սկսած սևաշոր արտաքինից` մինչև հոգու թաքուն թիարանները…

Ասֆալտին նստած է մուրացիկ տղամարդը - օրն արև է, տաք է: Աչքերիդ նայում է ուշադիր, խաղաղ հայացքով, սպիտակախառն միրուքը ծածկում է նիհար այտոսկրերը: Դեմքին գուցե և ժպիտանման բան կա – այդպես նայում են մեր մարդաշահ գեղջուկները, նրանք կռիվ չունեն աշխարհի հետ… Մի կես ժամ հետո նույն ճանապարհով ետ եմ դառնում – մուրացիկը նույն տեղում է, նայում եմ, աչքս առնում է աչքին – Ճանաչեց… Նուրբ ու խաղաղ ակնարկում է` նոր տվեցիր, կարող ես անցնել… Անցա – մի զուգահեռ փայլատակեց մտքիս մեջ – այս մուրացիկի և մեր մարդկության միջև:
Մուրացիկների Համաշխարհային կազմակերպությունը – այս մարդկությունը… Նստել է Տիեզերքի խաչմերուկներից մեկին և Աստծուց կյանք ու հաջողություն է խնդրում: Աստված ասում է – քեզ Կյանք տվել եմ, Արև տվել եմ, Հող տվել եմ, Սեր տվել եմ – էլ ի՞նչ ես ուզում… Չէ~, մեր մարդկությունը, պինդ նստել է մեր Գալակտիկայի տաք ասֆալտին, ձեռքը պարզել էն Գալակտիկայի կենտրոնին և բոլոր մակարդակի աստվածներից բան է խնդրում: Աստվածներն էլ` ձենը մեկ արած, ասում են – Մարդկությու~ն, քո սրտի մեջ է գրված քո երջանկության գաղտնագիրը, կարդա~ և ապրի~ր, դու Աստծո ու հրեշտակների կարիք չունես… Եվ ասում են` Մարդկությունը լսել է այս հորդորը, վեր է կացել, կանգնել է աստեղային ճանապարհի եզրին, ձեռքը տարել է սրտին և ԱՐԴԵՆ ԼՍՈՒՄ Է ԻՐ ՍՐՏԻ ձայնը…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.09.2009, 23:52
Այսօրս` 20 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, շատ ուշ եմ սկսում գրառումս – նոր ավարտեցինք Ջոել Շումախերի “Օպերայի ուրվականը” դրամա-մյուզիկլի դիտումը – մի մռայլ, սարսռազդու սյուժե` հրաշալի երաժշտության հետ: Եթե իմանայի այդքան դառը, ստորացված հոգու դրամա, սրտի դաժանություն կա այդ ներկայացման մեջ` չէի նայի…

Մութը` լույսի հետ: Կրքերի բախում ու դրամա: Արցունք ու տառապանք – ընմիջված հազվադեպ ժպիտներով: Սա է ներկա մարդկության ապրելակերպը: Եվ էգոն իր համար ստեղծում է սրտի գաղտնարաններ, որտեղ պահում-թաքցնում է իր ստոր անկումները: Մթի խորշեր են դրանք, որտեղ առավոտի լույսը, կարեկցանքը չի թափանցում: Այդ մթի ու եսապաշտության վրա են հենվում մարդկանց կառավարման լծակները: Այսպես ապրել անհնար է… Պետք է ճեղքել, լույսով մաքրել մթի քարանձավները…

Եվ մարդու սիրտը, բացված իր իսկ Լույսի առջև, հրահանգ է տալիս իր թշվառ ու շփոթված էգոյին` հանձնել թաքստարանները… Ապա լույսը պատռում է մութ վարագույրները, փշրում է արգելապատերը… Մարդու սրտի լույսը ծփում է – վերջ հազարամյակների դառը դրամաներին, արցունքներին, վերքերին… Մարդը ազատություն է ուզում, մեղմ ուրախություն, իր գոյության մշտական զգացում… Մարդը կյանք է ուզում:

Եվ ով կարող է` կհայտնվի լույսի կոկոնի մեջ, նրան կհանձնի իր հոգու ստորագույն տիրույթները, կազատագրվի նրանցից, և կոկոնի միջից կծվի նորից – որպես Նոր Մարդ: Արդեն ժամանակն է…

Բարի գիշեր:

Tigris
21.09.2009, 17:31
Այսօրս` 19 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:
մեր Tigris-կիմանա



Ռամադանի միամսեայ ծոմի աւարտն է՝ իսլամի «Ֆիթր» տօնն է, սպիտակ գոյնը երեւի դա է նշում՝ մեղքերը քաւուել են, սրբութեան մէջ են: Կարմիր ժապաւէնը գլխին խորհրդանշում է շիիզմը, ղըզըլբաշութիւնը, Ալիի որդիների՝ Հասանի եւ Հուսէնի թափած արիւնը:

Հեղինակ
21.09.2009, 23:31
Այսօրս` 21 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:


Անկախություն

Երբ ծաղկի կոկոնը - ինքն իր մեջ պլուլված, ինքն իրենով արբած` ուզում է պատռվել, արևերես դուրս գալ - և ազատվում է ինքն իրենից, պատռում է կանաչ պատյանը, բացվում են մանուշակագույն թերթերը - և Ծաղիկը ամբողջ աշխարհին ասում է` ԵՍ ԿԱՄ - Ահա Սա Անկախություն է…

Երբ տան մուտքից դուրս է թռչում մի զարմանալի էակ – արևագույն բլուզը հազիվ զսպում է իր մեջ գրկված թրթիռները, բոցե-կարմիր շրջազգեստը չի կարողանում զսպել քմահաճ ու ազատ քայլքը – գնչուհու նման` հայացքով այրում է շրջապատը, այդպես երիտասարդ կինը աշխարհն ազատում է քաղաքային լանշաֆթից – կա միայն ինքը` չկան բետոնյա շենքերը, չկան հողը խեղդող ասֆալտները, չկան կապանքները, - և կինը ասում է` ԵՍ ԿԱՄ… Ահա Սա Անկախություն է…

Երբ մեկ տարեկան մանուկը – հայտնաբերած առաջին հնչյունները` գոչգոչում է, անհասկանալի խոսում, աշխարհի բոլոր լեզուներով կանչում, ավելի քաջ` քան ոմն Ալեքսանդր Մակեդոնացի` քայլքն առաջ է գցում, աշխարհը գրավում ու սիրում, աշխարհն առնում ու զարմանում, և ո՞վ կարող է այդ հմայիչ աստծո դեմն առնել – ով ասում է` ԵՍ ԿԱՄ - Ահա Սա Անկախություն է…

Երբ նորամայր կինը – թեքված զավակի սնարին` քնացնում է նրան. սիրուց սիրտը պատռվում է-լիքն է, - ի՞նչ ասի իր անլեզու ձագին, ինչպե՞ս հանգստացնի, քուն բերի նրա աչքերին - և նորամոր կնոջ սիրտը հանկարծ համաթրթիռ գտնում է մի մեղեդի, որ սլանում է ինչ-որ ոլորտներում, ձգում է վար, շուրթերին առնում ու երգում - և այդպես ծնվում է օրորոցային երգ, որը 5000 տարի ապրում է էն բարձրիկ լեռնաշխարհում, և նրանով հոգի առած Արվեստը ապրում է, և այն կրող Համայնքը ասում է` ԵՍ ԿԱՄ – Ահա Սա Անկախություն է…

Երբ 70-ամյա պատանին, սպիտակին տվող երկար մազերը ետ է տալիս և ազատում է ճակատը, և ապրում է իր համար – ամբողջ աշխարհը իր հայրենիքն է, բայց այս երկիրը մի քիչ ավելի է սիրում, լեզուն է սիրում, Չարենց ու հայրեն է սիրում - և իր համար մեկ է որտեղ ապրել` պարտք չունի, պարտատեր չունի, տալ ու առնել չունի – իրենը` իր նրբիկ ուրախությունն է, իր մեղեդիներն են, իր կյանքն է, - և անգամ չի էլ ասում, բայց միտքը շողում է ամբողջ կերպարից` ԵՍ ԿԱՄ – Ահա Սա Անկախություն է…

Ինչը աշխարհում` այս ամենից մի նշույլ անգամ պակաս է – լավ քողարկված ճորտություն է…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.09.2009, 00:00
Այսօրս` 22 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Այսօր Էջմիածնում էի: Անցնում էի Մայր տաճարի մուտքի մոտով – հրապարակից, - մտա, վաղուց չէի եղել: Աջի վրա Ճեմարանի շենքն էր, լսվեց զանգի ձայնը, սևազգեստ ճեմարանականների զանգվածը այդ պահին ներս էր մտնում…

Մի քիչ օտարոտի էր – սովոր ենք, չէ՞, հին մուտքին, որ ուղիղ Տաճար էր տանում, ձախի վրա հուշաղբյուրն էր… Հիմա լրիվ ուրիշ է – ձախի վրա մի հսկա կառույց է վեր սլանում – գլանաձև, արդեն չորս հարկանի տան բարձրություն ունի, այդպիսի մի բան մեր ճարտարապետությունից չեմ հիշում: Մի ճեմարանականի հարցնում եմ` ի՞նչ կառույց է – ճեմարանականը գունատ է, նիհար, ակնոցավոր – ասում է` մատուռ է լինելու, մի փոքր մատուռ… Մեր համեստ Թուխ-մանուկ մատուռներից հետո` այս “փոքրը” զարմացնում է իր “հյուսիս-պողոտայական” ամբիցիոզ չափերով… Առաջ եմ գնում – էլի ձախի վրա` Ս. Տրդատի հուշախորանն է, չէի տեսել… Գուցե գեղեցիկ է ու վեհատեսիլ – բայց անցյալի այս թանկ ոգեկոչումը չգիտեմ ինչու` չի ուրախացնում…

Նայում եմ աջ – հեռվում Մայր տաճարն է… Նայեցի միայն և շնչեցի տարածքի օդը: Սրբազան տարածքը մեղրի ու հացի բույր ուներ – 15 դարերի մեջ մեր հավաքած ոգեկանության բույրը… Շնչեցի այդ բույրը և նորից հասկացա – պաշտոնական եկեղեցին ազգի ոգեկանության գլխավոր կրողը չէ – կրողը ազգն է` իր լեզվով ու բանարվեստով… Եվ Եկեղեցին այնքան է ոգեկան, որքան մշակութակիր է – այստեղ չեն օգնի նորօրյա եկեղեցաշինական պոմպեզ ոճը, հսկա չափերը, “հյուսիս-պողոտայական” թանկությունը… Կօգնի միայն ներքին էթիկական վերակերտումը:

Մայր Տաճարի բակը բուրում էր մեղրահացի բույրով…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.09.2009, 23:23
Այսօրս` 23 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Մի տեխնիկական գործ էի անում – տպիչի տեղը փոխել էի, մի էլեկտրական երկարացուցիչ (удлинитель) էի վերանորոգում, որ միացնեմ… Քանդեցի այս ապրանքը, ընդհատված տեղը միացրեցի և նորից հավաքեցի: Ինչպես վայել է հայ գրագետիս շնորհքին` մի մաս “ավելացել” էր և անտեր ինձ էր նայում… Ի՞նչ անեմ, միացնեմ` կաշխատի, արժե՞ էս դետալը տեղը դնելու համար նորից քանդել… Այստեղ ինձ կողքից նայեցի ու տեսա հայ ազգային հիվանդություններից մեկը…

Ի՞նչպես նկարագրեմ այդ հիվանդությունը… Ասենք` մարդ մի գործ է անում – այս գործը անել-ավարտելը պահանջում է ճշգրտություն – մարդու մտածումի, զգացումի և էթիկայի մի համաձույլ, սևեռուն համատեղում: Սրա միջոցով գործը լինում է ավարտուն, անթերի, ֆունցիոնալ… Այսպես է աշխատում արևմտյան մարդը, գոնե` նյութի ասպարեզում: Արվեստի մեջ էլ այս մարդը հաճախ հասնում է կատարելության: Նաև կառավարման մեջ – համայնքային, պետական կառավարման գործերում… Հայ մարդը – հատկապես` Հայաստանում, որևէ գործ անելիս` համակողմանի ու արվեստորեն չի քննում այն, իր համար չի պարզում դետալները, ներդաշնության պայմանները… Եվ ամեն գործի մեջ – հաց թխելուց սկսած մինչև պետության կառավարում` կիսատ-պռատության մի կնիք է զգացվում…

Այսպես մտածեցի, որոշեցի բուժվել իմ հայկական հիվանդությունից, նորից քանդեցի երկարացուցիչը և հավաքեցի… Թվում էր` գործն ավարտել եմ, բայց պարզվեց, որ թափթփվածությանս ախտը դարերի պատմություն ունի… Ուշադիր նայեցի սեղանին և հայտնաբերեցի, որ մի աննշան, բայց շատ ֆունկցիոնալ դետալ ևս “ավելացրել” եմ: Սա մի տափակ ասբեստի շերտ էր, որ գրկում-սեղմում էր ներս մտնող լարերը, անշարժացնում… Ինձ ոչ ոք չէր նայում, ոչ ոք չէր տեսնում արածիս թերությունը… Միայն ԵՍ ԷԻ ՏԵՍՆՈՒՄ: Բայց ախր արդեն աշխատում է, և ժամանակ էլ չկա… Բայց չէ~, որոշեցի ԻՆՔՍ ԻՆՁ չխաբել – նորից քանդեցի երկարացուցիչը և վերջապես անթերի հավաքեցի… Ազգային ծանր հիվանդության բուժման մի նախնական քայլ արեցի…

Տպիչով մի հոյակապ գիրք տպեցի… Հա~, գրքի հեղինակը մի անունով ԷԼԵԿՏՐԻԿ Է, աշխատությունը մարդկանց ԼՈՒՅՍ հասցնելու մասին է…

Բարի գիշեր:

Հեղինակ
25.09.2009, 00:12
Այսօրս` 24 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:



Ձոն Ձևը Ստեղծողին



Երեկ գրել էի որևէ գործ անելիս` անթերիության ձգտման մասին…

Զատիկ տեսե՞լ եք – արևագույն, կոշտ ու կլորիկ թևիկների վրա` սև պուտիկները փայլում են… Ձեռքիդ վրա դանդաղ սահում է, թևերը բացում է, որ թռչի – բայց վստահում է, ձեռքդ տաքուկ է, զգում է` մա~րդ ես… Եվ միայն քիչ հետո թռչու~մ է – մի սքանչելի, փոքրիկ արև` այս անսահման տիեզերքում: Զատիկ Ստեղծողը կատարյալ է արել իր գործը… Եվ Զատիկը նախ ստեղծել է Մտքի Մեջ – պատկերացրել է, ծրագրել, ամեն մանրուք չափել ու ձևել, Ձևի ներդաշնությունը զգացել - և ստեղծագործորեն պայթել է Ձևը…

Տեսե՞լ եք ձյունապատ լեռների կիրճի աղբյուրը, մարտ ամիսն է, ջուրը հոսում է քարացած սառույցների միջով - և հանկարծ աղբյուրի կողքի հողի կտորին, գրեթե ջրին կպած` տեսնում ես նոր ծլած Դաղձը – նուրբ մանուշակագույն, տռուզ բողբոջներով – հոտավետ, ազատ, արվեստորեն շքեղ… Ձև Ստեղծողը որքան տարրեր տեսել է միանգամից – Դաղձի բողբոջը, ցողունը, բուրյան տերևները, ապա ծաղիկները: Տեսել է նաև Ձևի ամբողջ ճարտարապետության ներքին նրբությունները` անտեսանելի մարդկային աչքին: Եվ Ստեղծողը կատարյալ Ձև է ստեղծել…

Մարդն էլ ձգտում է կատարյալ Ձևեր ստեղծել: Արվեստի մեջ որքան հաճախ նա մոտենում է Ստեղծողին: Նա Մտքով ու Սրտով կարողանում է մոտենալ Նրան: Եվ ինքն էլ Ստեղծող լինել: Բայց, ավա~ղ, ավելի հաճախ մարդը զոռ է տալիս միայն դատողական մտքին, մոռանում է իր սրտի գոյությունը, և ստեղծում է սիրուն ու սղալիկ, թվում է` կատարյալ ձևեր, բայց առանց Կյանքի ու կենդանության…

Բայց Նոր Կյանքը շնչում է մեր մեջ – մեր գեղեցիկ մոլորակի վրա… Եվ կանչում է, կոչում է իր զավակներին – օգնել Ձևը Ստեղծողին… Սիրել նրա ստեղծած Ձևերը: Սիրել ու սովորել նրա անսահման ձևաստեղծ հանճարից: Եվ Ձևի մեջ ազնվություն ու ֆունկցիոնալություն դնել: Այդպես կարելի է մի լավ գրիչ, մի լավ թեյնիկ, մի լավ ընտանիք կամ մի լավ պետություն ստեղծել: Հետն էլ ազատ ու անկաշկանդ լինել, ուրախ լինել - թռչել Զատիկի պես, բուրել Դաղձի նման…

Բարի գիշեր:

Հեղինակ
25.09.2009, 23:10
Այսօրս` 25 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Այսպիսի ռադիկալ փաստաթուղթ կրթության վերաբերյալ ձեռքս դեռ չէր ընկել: Հենց այսօր էր տեղադրվել համացանցում: Գիտեք, կրթության մասին շատ եմ գրել - Նոր Կրթության մասին: Բայց այս փաստաթղթի կրակը այրում էր… Չեմ կարող հղումը դնել – մենք պետք է հասունանանք, ազատագրվենք, որպեսզի Ճշմարտությունը չայրի մեզ…

Երեխան հանդիպում է, ասենք, Ծառին… Նրա շփումը Բնության այս կանաչ զավակի հետ – մարդու տված շիվը` մանուկը և Ծառը: Երեխան տեսնում, լսում, զգում է Ծառին – այս երկուսի միջև մի անլսելի երկխոսություն է ընթանում, բարեկամություն հաստատվում, էներգիաների փոխանակություն է լինում: Եվ այդպես, երեխան ճանաչում ու սիրում է Բնությունը, մարդկանց, կյանքի ձևերը և էներգիաները… Կրթության նպատակն է` օգնել, նպաստել այս ճանաչողությանը: Նոր Կրթությունը պետք է ապրել, ստեղծել, տարածել…

Բայց ներկա կրթությունը վերցնում և մասնատում է Ծառը – թեսթի “այո”-ի և “ոչ”-ի մեխանիկական ընտրության մեջ տարաբաժանում են Ծառի տերևը, ծաղիկը, պսակը – նրանց կառուցվածքը, ֆունկցիաները, գեղեցկությունը… Երեխայի սրտի մեջ փլվում է Ծառը, մոխրանում… Եվ մենք երեխային ստիպում ենք այդ մոխիրները պահել իր հոգու մեջ, մոխրանալ նրանց մեջ - և այս ամենը կոչում ենք կրթությու~ն… Ներկա դպրոցը սպառել է իրեն: Մեր հազարամյակների ճորտության կրողների անփառ բուծարանը:

Նոր Կրթությունը պետք է ապրել, ստեղծել, տարածել… Առողջագետիս հետ տարիների մեջ քայլեր ենք արել, ձեռնարկները և մոտեցումները ստեղծվում են: Այսօրվա գտած 8-էջանոց փաստաթուղթը շատ բարձր աղբյուրից է – այն ոգեշնչել էր ինձ, - ԳՈՒՅՆԸ, ՁԱՅՆԸ, ԹԻՎԸ, ՁԵՎԸ Նոր Կրթության մեջ երեխային հասցնելու են կենսական էներգիաներ… Ամեն ծնող, ամեն ուսուցիչ, ամեն ընտանիք ու պետություն վաղը իսկ – եթե դա հնարավոր լիներ – պետք է անցնեին Նոր Կրթության ստեղծմանը…

Ազատությու~ն մեր երեխաներին:

Բարի գիշեր:

Հեղինակ
26.09.2009, 23:54
Այսօրս` 26 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Կեսօրին մոտ Առողջագետի հետ դուրս եկանք, անցանք բակով և դուրս եկանք Արամ Խաչատրյան փողոց – տեղ էինք գնալու… Այդ փողոցը գիտեք – ծառախիտ է, խրուշչովյան շենքեր են, այնքան էլ մաքուր չէ, բայց մի յուրահատուկ ջերմություն ու կոլորիտ ունի: Այս փողոցի յուրահատկություններից մեկը կանաչ, մեծ համայնքային աղբամաններն են, իրար կողքի շարված մայթին – ոչ այնքան հաճելի յուրահատկություն… Անցնում էինք մի այդպիսի շարքի կողքով:

Ու՞մ երևակայությունն է եղել, խեղճ “գեղեցկության” ու՞մ ձգտումը – մեկը աղբանոցի պատի վրա, հենց աղբամանների գլխավերևում - երկարությամբ ամրացրել էր մի թիթեղյա արծիվ – կտուցը հպարտ, թևերը հպարտ, հայացքը արծվային… Այս սիմվոլը դուք կարող եք տեսնել Հայաստանի որոշ հանրային կառույցների ճակատին – չեմ նշում, թե որ – ի՞նչ կարևոր է… Բայց կարևորն այն է, որ արծիվն ու աղբանոցը միասին մի ահռելի ճշմարտություն էին արտահայտում…

Մեր արծիվները իջել են աղբանոցների՞ն… Ի՞նչ է եղել նրանց հետ… Արծիվը եղել է մեր լեռների, հայկականության, հաղթանակների սիմվոլը: Մեր լեռները կանգու՞ն են: Մեր հայկականության միջուկը առո՞ղջ է: Մեր հաղթանակները եղե՞լ են: Եթե` այո – ապա այս արծիվը ինչու՞ է իջել աղբամանների վրա:

Այս վայրկյանին մտքով դատարկում եմ Հայաստանի բոլոր աղբամանները, իր տեղից հանում և աղբաման եմ գցում այդ թիթեղյա արծիվը – երկվության ու պարանոյայի այդ խեղճ սիմվոլը, ապա դառնում և նայում եմ սրտիս խորքը – որևէ աղբ, որևէ կեղծ արծիվ թաքնվում է մարդկային էներգիայի կույր, քարացած գրպաններում… Մեջս փնտրելու եմ - ազգային քարացածության ու հավատալիքների մեջ են թաքնվում չգոյ հաղթանակների “արծիվները”… Գտնել, ճանաչել, լուսավորել… Ապա հեռացնել, չգոյության գիրկը ճանապարհել…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.09.2009, 23:13
Այսօրս` 27 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Օրս վերընթացի մեջ չէր: Կյանքը մի երկու մանր արգելք էր դրել – լավ չհաղթահարեցինք: Կյանքը հիշեցրեց, որ Նորը գուցե և արմատ տվել է, բայց միջին ուժգնության քամին կարող է նրան տատանել: Օրվաս Ուրախությունը պակաս էր…

Ենթագիտակցությունը հանում է անցյալի պատկերներ, սպառված էներգիաներ, գենետիկ վթարներ, չսպառված ափսոսանքներ – չես փախչի նրանցից, - ամեն մեկին մտովի պետք է հայես, ուսունասիրես, ընդունես, շնորհակալ լինես, և միայն դրանից հետո կարող ես նրանցից բաժանվել: Մի հսկա կյանք, մի լիքը կենսագրություն – մի մարդու, մի տոհմի, մի ազգի – 95%-ով թերիմացության, անսիրության, նեղսրտության, անոթության էներգիաներով է լի: Այս բոլորին պետք է ասենք – ՄՆԱՑԵ~Ք ԲԱՐՈՎ: Բայց ջանք է պետք:

Եվ սիրտս արդեն գիտի, որ Կարեկցանքի, Սիրո և Խոնարհության մեղմ էներգիաների մեջ են թաքնված ամենահաղթ ուժերը: Որ հաղթահարես քո միլիոն տարվա ժառանգությունը, որ փլեցնես քո իսկ ստեղծած պատերը: Բայց մի քանի մանրիկ արգելք, և պատերը նորից կարող են փոշիների միջից բարձրանալ…

Օրվա վերջը – ամպրոպ, կայծակ, սառը անձրև… Բնությունը մաքրում էր ինքն իրեն: Որքան ամպրոպ, կայծակ, սառը անձրև պետք է լինի – մեկ մարդկային սրտի ու կյանքի մեջ – որպեսզի Կյանքը հաղթի…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.09.2009, 23:20
Այսօրս` 28 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Առավոտը ցուրտ էր, անուրախ, անձրևոտ… Մարդիկ շտապում էին ազատվել փողոցի թաց գերությունից և գտնել տաքության ու լույսի օազիսներ: Կանաչի վաճառող տղամարդը թափ էր տալիս համեմի փունջը, նրա քվազիմոդյան կնճիռներից անձրևի կաթիլները թափվում էին համեմի վրա… Նա կանաչին ձեռքին գնում էր դեպի մայթեզրը` մրսող շարքի մեջ փունջը դնելու, և նրա կարճ-կաղացող ոտքի ճղփյունից խախտվում էր մոլորակի հավասարակշռությունը: Կապարե ամպերից ծվեններ էին կախվել ցած` քրդի ոչխարների թաց բրդերի նման – երկնային լվացքը կախվել էր բետոնե շենքերի վրա ու …լալիս էր:

Ես արագ անցնում էի թախծի այս թագավորության միջով և մտածում էի – այս երկրում երբևէ արև եղե՞լ է…

Կեսօրը վաղուց էր անցել, իրիկնանում էր… Եվ ո՞ր հրամանով եղավ – մեր սենյակի մեջ, որտեղ աշխատում ենք` արևը լցվել էր – ամռան օրերի նման: Դուրս եկանք - կանաչի վաճառողը չկար, մայթերին լուսավոր մարդիկ էին, էսմերալդաները խայտում էին մայթերի վրա… Արևը այնպես էր շողում, որ կարծես միտք չուներ երբևէ մայր մտնելու: Սրտիս մեջ ճմլվում էր կեցության գաղտնի հաճույքը: Սիրելուս դեմքից հեռանում էին ցուրտ առավոտվա ստվերները: Սիրահարների այգու զմրուխտը անմեկնելի թարմությամբ էր շողում…

Անցնում էի լույսի այս թագավորության միջով և մտածում էի – այս երկրում երբևէ մութ եղե՞լ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
30.09.2009, 00:04
Այսօրս` 29 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Բարձրանալ… Այս ծանր մոլորակային կեցությունից բարձրանալ: Թեթևացնել ու բարձրացնել մեր թանձր մարմինները: Բարձրացնել մեր թանձր, անհանդուրժողականությամբ թաթախված գիտակցությունը…

Դեպի Վաղարշյան փողոց` կողքի ցածր նրբանցքից բարձրանում է կինը – բարձրահասակ, սլացիկ, նման է սև մինարեի – միայն դեմքի ճերմակությունը սպիտակ, կատարյալ լույսից է… Հասավ մայթին և շարունակեց ընթացքը` հպարտ, անխռով – թվում էր` սև, ձիգ, մարմնին սերտաճած հագուստից, սև բանտից ելք չկա: Սակայն դեմքի սպիտակ լույսը բոցավառ էր - և ուր որ է` պայթելու էր, ազատագրելու էր կնոջը – սև հագուստի վրա ծաղկելու են մանուշակներ…

Ինչպե՞ս կարող է բարձրանալ մի ամբողջ համայնք – մի ազգ` երկպառակության ու վեճի պատրանքների միջից: Վեճի մեջ չի կարող արդարություն ծնվել – ինչքան էլ հուսա յոթ գոմշի կաշի հագած գիտակցությունը: Միայն մի ուղի կա – եթե գիտակցությունը արթնանա – Ջանքի, Գեղեցկության և Արվեստի միջոցով: Ահա այսօր Տիգրան Մանսուրյանը երաժշտությունը կանչում էր` Հոգի~, բարձրացի~ր… Սրինգը մի լուսավոր մեղեդի էր հնչեցնում – մեղեդին հասնում էր երկինք թռած աղավնիների հետևից, հասնում էր երևի Արարչի ականջին, բայց հաստատ ու աներկբա` մեղեդին հասնում էր մեր թանձր մարմինների մեջ ծվարած Հոգուն…

Բարձրանալ… Ջանքի, Գեղեցկության և Արվեստի միջոցով:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.09.2009, 23:31
Այսօրս` 30 սեպտեմբերի 2009թ, ավարտվում է:

Կեսօր էր, Առողջագետի հետ մթերքի խանութ էինք մտել, - մի փոքր բաժին էլ ունի այդ խանութը, որտեղ մանր-մունր տնտեսական ապրանքներ են վաճառում: Մինչև Առողջագետս այնտեղ ինչ-որ բաներ էր ընտրում, ես կանգնած էի քաղցրավենիքի բաժնի մոտ…

Ալեհեր ծերունի էր, բարձրահասակ – երիտասարդ ժամանակ պարթևահասակ պիտի կոչվեր… Դեմքը ազնիվ վարդագույն էր, հոնքերը ճերմակ էին, ակնոցը անհնազանդ իջնում էր քթի մեջտեղին – կռացած` քաղցրավենիքի բաժնի հարուստ տեսականին էր նայում… Տարբեր տեսակի տորթեր կային, նաև առանձին կտորներով – բազմանախշ, բազմագույն, և խիստ մեծ հավանականությամբ` շատ քաղցր… Ձոն չեմ ձոնում այս սննդատեսակին – շատ գրավիչ-վտանգավոր է առողջության համար, և դառնում եմ իմ հերոսին… Այսպես, ծերունին երկար-բարակ զննեց քաղցրավենիքները, նույն տեղով մի քանի անգամ անցավ, երկար մտածեց և … ակնոցը հանեց-դրեց գրպանն ու գլխիկոր հեռացավ… Չհավանե՞ց, կամ չէ՞ր կարող գնել, կամ միայն կարո՞տ էր քաղցրավենիքի տեսքին և ուղղակի նայու՞մ էր… Չգիտեմ…

Նա գնաց, իսկ ես բերանիս մեջ դառնություն զգացի… Երկիրս այս օրերին նման է այս ծերունուն: Հիշեցի 2 օր առաջ գրված Tigris-ի անդրադարձը “Լուրեր, վերլուծություններ…” բաժնում` Այսօրուայ դրութեամբ (http://www.dnforum.am/showthread.php?goto=newpost&t=5651) – բերանիս մեջ երևի այդ գրության դառնությունն էր: Հիրավի, Հայաստանը նմանվում է այդ ծերունուն – վերջին հազար տարում մեր առջև չի եղել երբևէ այսքան քաղցրություն` որպես սեփական Կյանքի ու Ապագայի տնօրինման հնարավորություն… Երբեք չի եղել: Եթե ելակետ ունենանք Էթիկան, Արդարությունը և Գիտակցության նորոգման անհրաժեշտությունը – ապա մենք Հաղթական ու Հաղթող պետք է լինենք… Սակայն որո՞նք են մեր ելակետերը…

Մի ելակետ աներկբա է – որևէ երկրի ճակատագիր որոշվում է նրա մեկ անհատի Սիրո և Գիտակցության տիրույթում: Չէ~, ես չպետք է թույլ չտամ իմ ծերունի հերոսի սխալը: Ես այսօր իմ սրտի մեջ պետք է ընտրեմ կյանքի լավագույն քաղցրավենիքը: Պետք է ընտրեմ նախ իմ համար – իմ կյանքի, իմ թռիչքի համար: Եվ եթե ճիշտ ընտրեմ – այն կլինի նաև Հայրենիքիս համար…

Բարի գիշեր:

Հեղինակ
01.10.2009, 23:23
Այսօրս` 1 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:


Քրդուհին, Միշել Օբաման և … Հայաստանը

Վաղարշյան փողոցի պերսոնաժները… Ինչպիսի~ կերպարներ կարելի է տեսնել այս փողոցում: Մայթով, մի քսան մետր ինձանից առաջ, գնում է մի կորացած կին` ավելի երիտասարդ կնոջ հետ… Մոտենում եմ: Կորացած կինը քրդուհի է – մուգ կանաչ գույնի թավշյա զգեստը, բազմաթիվ ծալքերով ծփում-զարկում է խոնջացած ոտքերին, թելավոր գոտին գրկում է հոգնած գոտկատեղը: Մի բրդե շալ ետևից թեքությամբ ծածկում է մեջքը, անցնում ձախ ուսի վրայով և կապ առնում ներս ընկած կրծքի վրա: Սպիտակ լաչակը` կարմիր ծաղիկներով պսակում է թուխ ճակատը… Դեմքին նայելիս` վստահ կարող ես ասել, որ մի ութ զավակ ծնած կլինի: Վստահ գնում է քրդուհին – իր ազգի աստեղային ժամն է գուցե – պետություն են ստեղծում: Ափոն բանտում է, բայց ոգին չի կորցնում: Էնտեղ կան Թալիբանին, Բարզանին… Չէ~, քրդուհու ցեղի գործերը աջ են գնում, թուրքերի հետ էլ “արձանագրություն” չեն կազմում, պահմտոցի չեն խաղում, այլ համառ լեռնցու ստրատեգիայով` զիջումների են պարտադրում… Մի երկու քրդական ռևերանս էլ մեր անխելք ազգի կողմն են անում… Չէ~, էս քրդուհու գործերը աջ են գնում…

Տուն եմ վերադառնում: Առողջագետը համացանցից մի հետաքրքիր նորույթ է հայտնում: Միշել Օբաման հեռուստացույցով հաղորդաշար է սկսում – առողջ սնունդ, պատմելու է նաև Սպիտակ տան բանջարանոցում իր աճեցրած լոլիկի, տաքդեղի, գազարի մասին… Շատ լավ է անում: Ամերիկայի նախագահական զույգը գլխի է ընկել - ներկա բժշկությունը արատավոր է, - և համառ ու զգույշ քայլեր է անում նրա դիրքերը թուլացնելու և նոր, առողջարարական բժշկությունը լայն ասպարեզ հանելու համար: Առողջագետիս հետ հիշեցինք – առողջ ապրելակերպի հեռուստատեսային հաղորդաշարի ծրագիրը տարիներ շարունակ, այս կամ այն առիթով դնում էինք հայրենի հեռուստատեսությունների առջև - Հ1, Հ2, “Ար”, “Հայրենիք” և այլն… Մեզ չհաջողվեց կոտրել նրանց բութ դիմադրությունը: Միշել Օբամային հաջողվեց – բայց այնտեղ կան գերգիգանտ կիկլոպներ – “Մակդոնալդս”-ը, դեղորայքային ինդուստրիան… Չէ~, մեկ է` Միշել Օբամայի գործերը լավ են գնում…

Դառնամ Հայաստան: Այսօր մեր լրատվական դաշտում, մեր երկրում մի պերսոնաժ էի փնտրում, մի դեմք ու կերպար, որին նայեի ու ասեի – Չէ~, Հայաստանս, քո գործերը աջ են գնում… Սրանց մեջ չգտա: Տեսա մի քանի երիտասարդ մայրիկներ` զավակների հետ, այդ մանուկներին նայեցի ու մտածեցի - Չէ~, Հայաստա~ն, քո գործերը աջ են գնում…

Բարի գիշեր:

Հեղինակ
02.10.2009, 23:30
Այսօրս` 2 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Տարիներ առաջ էր, մի հոդվածաշար էի տարել` մի ազգային-ազգայնական լրագրում տպելու համար: Խմբագիրը – ափսոս, հիմա չկա, մի լավատես ու աշխատավոր հայ էր. հարցրեցի` մեր երկրի գործերը ոնց են, ասաց` լավ բան չեմ տեսնու~մ… Երեխայի պես զարմացա – մեր ազգի պես առողջ, մշակութային ազգի ստեղծած երկրի մասին մեր ազգայնականը էս ի՞նչ է ասում: Միշտ համարում էի – սառույցի միջից էլ լինի` բողբոջ ենք տալու, նոր երկիր ենք ստեղծելու…

Անցավ մի քանի տարի – այս անգամ էլ իմ ապագայագիտական աշխարահայումի մասին մի դառը երազ տեսա – տեսա` իմ աչքը երկու սֆերայից է. վերին սֆերան բաց է, երկինքը տեսնում եմ, բայց ստորինը փակ է, հողն ու երկիրը չեմ տեսնում - և պետք է գնամ վիրահատության` աչքս բացելու… Սրանից մի երկու տարի անց էլ հանդեպեցի մեր մի լավ բարեկամի` պայծառատեսի, խոսեցինք հայրենիքից ու նրա ապագայից - և նա հանկարծ պարզ ու հստակ ասաց` ԴՈՒ ՍԻՐԵԼ ԵՍ ՔՈ ԻԴԵԱԼԸ… Երբ զարմացած նայեցի, թե որտեղի՞ց նա վերցրեց այդ ցնցող, ցավագին միտքը, նա լուռ մատը ուղղեց դեպի երկինք: Այդ պահին հասկացա, հետո գրականության մեջ էլ հանդիպեցի - մարդ կարող է ստեղծել Հայրենիքի իր իդեալը, սիրել նրան, ինչը կարող է հեռու լինել Ճշմարտությունից…

Կյանքը և ժամանակն արեցին իրենց վիրահատությունը: Աչքս բաց է, կամ ինձ թվում է, թե բաց է… Մի քանի տարի առաջ շատ մանուկ էի: Գուցե, կամ ավելի ճիշտ` հաստատ, մի քանի տարի անց էլ հիշելու եմ այսօրվա մանկությունս… Բայց մի բան հաստատ է – այսօր Հայրենիքի ճանապարհը փնտրում եմ ավելի ճշգրիտ մեթոդիկայով – ոչ ուրիշների կայացրած որոշումների, պայքարների, շարժումների մեջ, որն ուղեկցվում էր նրանց քայլերի գնահատականով ու այպանումով – այլ փնտրում եմ ԻՄ ՍՐՏԻ ՄԵՋ… Եթե գտա~, եթե Սերս տեսա~վ Ուղին, եթե ես` մեկ հատիկ հայս, արժանի եղա~ պայծառ Հայրենիքի, եթե տեսա~, թե Նորի առաջին Քարը ինչպես պետք է դնել – ահա այն ժամանակ, ահա այն ժամանակ միայն բոլոր վաղածին “արձանագրությունները”, բոլոր էգոյածին հաշվարկները, բոլոր գեոպոլիտիկ քուջուջները ի չիք են լինելու - և Նոր Հայրենիքը լինելու է… Միայն այն ժամանակ:

Ընթերցողս, այդ մեկ հատիկ հայը կարող է` ԴՈՒ ԵՍ – ականջիդ ասեմ` եկել է Նոր Հայրենիքների ստեղծման ժամը: Բայց Նոր Հայրենիք ստեղծելուց առաջ` դու ԻՆՔԴ ՔԵԶ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵՍ… Ահա այս գործի ամբողջ գաղտնիքը:

Բարի գիշեր:

Հեղինակ
04.10.2009, 00:11
Այսօրս` 3 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Առողջագետիս հետ հենց նոր վերադարձանք հայրենի Քյավառից (Գավառ), իմ հայրենի գյուղից: Հարսանիքի էինք – քրոջս որդին էր ամուսնանում: Այդպես մարդ գնում է հանդիպելու իր գենին, իր անցյալին, իր համայնքին… Եվ այդտեղ քաղցրություն կա – այդպես քաղցր է թոնրի լավաշը, վայրի մեղրը կամ ուրիշ մի բան, այդպես բուրում է տան առջև ցանած համեմի ծաղկած թուփը… Սակայն գիտես, ընթերցողս, սիրտս հայրենիքում ուրիշ փնտրումներ ունի: Եվ այդ փնտրումը չի առնչվում քաղցր համի ֆիզիոլոգիայի հետ – որպեսզի չնեղացնեմ ոչ մեկի` հայրենի քաղցրություններին բերում եմ համբույրս… Դրանով էլ ավարտվում է ուխտագնացությունս և սկսվում են անքեն դիտարկումներս:

Հայրենիքս – այն հայրենիքը, որ հարսանիքի հոլովույթ է, արյունակիցների թաց ու անկեղծ համբյուրներ, քեֆչիական պարի մեջ ելևեջ անող զվարթ մարմինների ռիթմը – ահա` այս հայրենիքը ծեր ու հոգնած տեսա… Տեսա մարդկանց, որ տաս տարում նույն տեղում պարում են իրենց հին, շատ հին պարը – նկատի ունեմ նյութի վրա բորբոսի նման աճած “էթիկան”…

Բայց առավել դժվարին է տեսնել մշակութային ճահիճը, որտեղ ազգովի հայտնվել ենք – քեֆչիական մեղեդի-ռիթմերը կերան մեր հոգին.
Ջանե ջան, ջիգյար ջան,
Չըլնենք իրար դավաճան…
Էս ապուշ մեղեդին մտել էր մեջս, կես-կատակ կես-լուրջ ճանապարհին երգում էի Առողջագետիս համար… Եվ եթե իմ մեջ էր մտել, ապա ինչ պետք է ասել հարսանիքին ներկա եղած երեխաների մասին: Առաջներում մեկ-մեկ հարսանիքներին երգում էին գյուղի ձայնեղները, և մեկ-մեկ հրա~շք էին երգում – վերջին խաղտունների վկան եմ եղել… Բայց այժմ տեխնիզացված ռեստորանային ռեպերտուարը տեղ չի թողնում մարդկային հոգու ու ձայնի համար…

Չէ~, այսպես ճանապարհ չկա… Նորոգել մեր կյանքը: Վերակերտվել: Վերածնվել: Եթե դրա համար պետք է մեռնել – ապա մեռնել` ոչ ֆիզիկապես, այլ պատկերացումների ու սովորույթների ամբողջ մամշած բեռը թաղելով: Կամ այրելով… Եվ այս ամենը անել սիրով և այն գիտելիքով, որ ամեն մարդ – նույնիսկ ամենածույլը, անկյալը, ապամշակութայինը – իր սրտի մեջ ԱՐԱՐԻՉ Է…

Ազատությու~ն բանտերում պահվող Արարիչներին…

Բարի գիշեր:

Հեղինակ
04.10.2009, 23:17
Այսօրս` 4 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Խոստովանեմ, ընթերցողս, երեկվա մեղեդին – նորի՞ց կրկնեմ պրիմիտիվ երկտողը` “Ջանե ջան, ջիգյար ջան, Չըլնենք իրար դավաճան…” – մակաբույծի(պարազիտի) պես կպել էր ինձ, ամբողջ օրը քթիս տակ և ոչ միայն` երգում էի… Պատկերացրեցի, թե ամեն հարսանիքից հետո` հարսանքավորների գլխի և լսողության մեջ ի~նչ է կատարվում… Օգտվելով սանիտարա-հիգենիկ բառարանից` կարելի ասել, որ ամեն ժամանակակից հարսանիք զանգվածային հակամշակութային թունավորում է… Այսօր Առողջագետիս հետ հանգստանում էինք…

Այսօր մեր մշակութային աշխարհայացքը մի հեղինակավոր հաստատում ստացավ – համացանցում հանդիպեցի մի հեղինակի` Խոսե Արգուելյես – նկարիչ, պոետ, տիզերական հարմոնիայի հետազոտող, փիլիսոփայության դոկտոր: Խ. Արգուելյեսը ուսումնասիրում է մշակույթի շարժիչ դերը մոլորակային տրանսֆորմացիայի մեջ…

“Երբ արվեստը աններդաշնության մեջ է, կյանքի ապահովման բոլոր մնացած համակարգերը անկում են ապրում”, - ասում է այս հեղինակը: Մեկ ուրիշը` Ոիլյամ Բլեյկը ասում է` “ Արվեստների անկումը և երևակայության ժխտումը – ժողովուրդների վրա պատերազմների տիրապետման պատճառն է”: Երեկ պատահաբար Հ1-ը միացրեցի – մի խցի մեջ երկու մարդ էին` բանտարկյալի զոլավոր շորեր հագած` ժարգոնով ինչ-որ բան էին “խոսում” – դա դժվար էր բանական մարդկանց խոսակցություն համարել… Բանտախցի էսթետիկան ի՞նչ կարող է տալ մեզ… Միայն բարձր արվեստը և նրա միջոցով ստացվող բարձր էներգիաները կարող են օգնել մեզ` ստեղծելու աշխույժ տնտեսություն, արդար կառավարում, հուսալի պաշտպանություն:

Բայց այսօրս առավել քան լուսավոր էր – սիրելի մարդկանց պայծառ վիբրացիաների մեջ էի, խոսում էինք այն ամենից, ինչը մարդուն ՄԱՐԴ է դարձնում:


Կյանքի ստեղծման աշխատանքը – աշխարհիս լավագույն աշխատանքը…

Բարի գիշեր:

Հեղինակ
05.10.2009, 23:36
Այսօրս` 5 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Զարմանալի լիքը, բազմաշերտ օր էր – բայց երբ նստել եմ “Այսօրս” գրելու` չգիտեմ – օրվա ի՞նչը հիշեմ, հունցեմ սրտիս մեջ, բառ ու խոսք դարձնեմ… Եվ դա մասամբ նրանից է, որ կյանքիս մի ընդգրկուն շերտ շա~տ անձնական է և դեռևս չեմ կարող կիսել ընթերցողիս հետ… Այսօր` թերևս միայն մի քանի տարր միայն` կյանքի ներհուն մասից:

Մեր Philosopher-ը շատ հաճախ է ասում, որ հասարակության ներքին հոգեբանությունը սնվում է աղքատության ու սովի փիլիսոփայությունից – դրանով են հաճախ պայմանավորված հանրային, քաղաքական, ընտանեկան կյանքի անտի- զարգացումները: Մենք ունենք շատ հարուստ ու շքեղ մի մայր - Մայր Մոլորակը, Նա ունի այնքա~ն հող ու ջուր, Նա այնքա~ն Շռայլ է ու Ազատ, որ կարող է մի լիառատ կյանք ապահովել իր բոլոր զավակների համար: Բայց զավակները… Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե Սովածության ինչ սինդրոմ է գործում մեր երկրում, երբ ագահ առևտրային դրամատերը և նրա թիկունքին կանգնած ագահ իշխանությունը վերջին տարիներին դրամի վայ-“արժևորման” միջոցով թալանեցին մեր պանդուխտների վաստակը և ճզմեցին մեր արտադրողին: Խե~ղճ, սովա~ծ օլիգարխիա, սովա~ծ պետականություն, ագա~հ հոգևորականություն` ձեզ կշտացած տեսնեի~նք…

Եվ ի~նչ զարմանալի փաստ – բարձրագույն ոգեկան աղբյուրները, որոնք այս ժամին բխում են մարդկության համար` խոսում են Առատության, Լիության մասին (ռուսերեն աղբյուրներում` изобилие): Հայ ազգը աղքատության փիլիսոփայության կրողներից է, մենք պետք ներենք իրար այդ արատը և ազատվենք նրանից, մենք պետք է ներենք մեր սովյալ մեծահարուստներին, նրանք առավել չափով օգնության կարիք ունենք… Մեր աչքերի առջև, մեր երևակայության վիզուալ պատկերներում, մեր ամենօրյա կյանքի ամեն ակնթարթին` պետք է տեսնենք մի ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ԱՌԱՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏԿԵՐԸ …

Այսօր ինձ հասան Ոգեկանության ու Կյանքի հրաշալի Աղբյուրներ: Սիրով ու երախտագիտությամբ շոշափում էի տպիչի միջից ելնող տաք թղթերը – որքա~ն շնորհակալ եմ: Ափսո~ս, սիրելի լեզվով – հայերեն, նրանք չկան, հայ հոգուն ու մարդուն միթե՞ չեն հասել այդ Աղբյուրները: Կամ հասել են, բայց ինձ հայտնի չէ…

Բարի գիշեր:

Հեղինակ
06.10.2009, 23:18
Այսօրս` 6 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:


Այն մասին, թե ինչպես Ֆիլումենա Մարտուրանոն
մարդ դարձրեց Դոմինիկո Սորյանիին

Սա հավերժ պատմություն է, այս պատմությունը վերջ չունի… Ո՞վ պետք է մարդ դարձնի այս մարդանման արարածին, որ տղա-մարդ է կոչվում… Այս օրերին կարդում էի – չէի կարդում` ապրում էի, Երկիր մոլորակի ողբերգությունը, որտեղ գերիշխող տղամարդկային էներգիաները քիչ էր մնում` կործանեին չքնաղ մոլորակը… Եվ իր անգիտութայն մեջ` որքան գոռոզ ու ամբարտավան է այդ էներգիան – չեմ դատում, այլ ինքնաճանաչման դառը փորձով եմ վկայում…

Դոմե~, Դոմե~ - որ հասարակությանը հայտնի ես որպես Դոմինիկո Սորյանո, դու հազար անգամ ցածր ես Ֆիլումենայից… Նա դուրս է եկել մարդկային դժոխքից, աղքատության ու կեղտի թագավորությունից, այնտեղից, որտեղ մարդիկ իրար “բարի լույս” և “բարի գիշեր” չեն ասում… 16-ամյա նրա գեղեցկությունը առել է հացթուխը` մի քանի բլիթով: Եվ նա դուրս է եկել աղքատության թագավորությունից` իր մարմնի գնով գոնե ապրելու համար: Բայց նա քսան տարի սիրում է քեզ, Դոմե~… Դու ապու~շ ես, Դոմինիկո Սորյանո, քո ծեր մայրը բարձրաշխարհիկ վամպիր է, քո հարսնացուն բարձրաշխարհիկ ինքնավաճառող է – նա հարսանիքից առաջ սակարկում է ամուսնական պայմանագրի պայմանները… Եվ դու չքնաղ Ֆիլումենային պոռնիկ ես կոչում – ինքդ քե~զ նայիր… Այդպես էլ կմնայիր քո սոցիալական շերտի ցեխի մեջ, եթե չլիներ Ֆիլումենա Մարտուրանոն… Նա քեզ Մարդ կոչեց, նա քեզ Հայր դարձրեց… Դոմե~, Ֆիլումենայի ոտքը ցավում է – մեծն Սոֆի Լորենը 40 համարի կոշիկ է հագնում – Դոմե~, համբուրի~ր Ֆիլումենայի հարված կրունկը…

Ֆիլումենա Մարտուրանո – այս երեկո մեր սիրտը քեզ հետ էր, այս մոլորակը ապրելու տեղ կդառնա, եթե այնտեղ կինը ստանա իր արժանի տեղը… Ֆիլումենա~, քո գեղեցկությունը, կին լինելու քո արվեստը, մայր լինելու քո աշխատանքը կարող են պահել ու բարձրացնել նոր սերունդը: Կորչի~ մոլորակային հակամշակույթը – Ֆիլումենա, մի ավել վերցրու~ և ավլի~ր, կանալիզացիա լցրու~ այսօրվա ֆիլմերի մեծ մասը…

Խոնարհում Վիտտորիո դե Սիկայի և Տոնինո Գուեռոյի, Սոֆի Լորենի և Մարչելլո Մաստրոյանիի արվեստին:

Բարի գիշեր:

Հեղինակ
08.10.2009, 00:07
Այսօրս` 7 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, գիտես, քաղաքականությունից չեմ գրում: Երկրի ապագայի հարցերը լուծվում են նուրբ ոգեկան տարածքներում, այնտեղ է սիրտս աշխատում… Սակայն երբեմն արտաքին-քաղաքական կյանքը այնպիսի կոպիտ դրսևորում է ունենում, որ անհնար է չարձագանքել: Նաև` այս գրառումս շարունակությունն է Tigris-ի մտահոգությունների – նայիր` Այսօրուայ դրութեամբ (http://www.dnforum.am/showthread.php?t=5651), “Լուրեր, վերլուծություններ…” բաժնում, այսօրվա գրառումը:

Եվ այսպես, Նախիջևանում հոկտեմբերի 3-ին կայացավ թյուրքալեզու պետությունների ղեկավարների վեհաժողովը – Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Ղրղըզստան, Թուքմենիա, Ուզբեկստան: Վերջին երկուսը ներկայացված էին ոչ նախագահների մակարդակով: Անկասկած է` ընթացող գործընթացների ֆոնին, այս հավաքի անցկացնելը Նախիջևանում խոսում է այն մասին, որ թյուրքական տարրը տոնում է իր հաղթանակը` հայ ուծացված երկրամասում հավաքելով իր լիդերներին – վերջին հայը վաղուց հեռացել է այստեղից, Հին Ջուղայի խաչքարերը փշրված են, պատմական մյուս հուշարձանները` գրեթե լրիվ ոչնչացված… Սակայն էթնիկ-քաղաքական լկտիությունը չափեր չի ճանաչում…

Ադրբեջանի նախագահը այդ հավաքին ասաց հետևյալը – ի դեպ հայկական ծույլ ԶԼՄ-ներից չեմ վերցրել մեջբերումը. “Նախիջևանը Թուրքիային սահմանակից` Ադրբեջանի միակ ռեգիոնն է: Ադրբեջանից ժամանակին նրա պատմական հողի` Զանգեզուրի ռեգիոնի անջատումը և միացումը Հայաստանին, կարելի է ասել, աշխարհագրորեն անդամահատեց մեծ թյուրքական աշխարհը: Այսինքն, թյուրքական աշխարհի գործունեությունը, որպես միասնական ընտանիքի, միասնական ուժի` տասնամյակներով ընդհատվեց: Բայց ընդունված որոշումներով, կատարված քայլերով մենք այսօր ամրապնդում ենք այդ կապը: Ճիշտ է, աշխարհագրորեն մեր միջև այսօր տեղադրված է Զանգեզուրի ռեգիոնը – հնադարյան ադրբեջանական երկրամասը, որը գտնվում է Հայաստանի կազմում”:

Այդպես: Եթե մենք ունենայինք վերնախավ, որն ունենար մի նշույլ պետական երևակայություն, մի նշույլ էթիկա և մի նշույլ ազգային գիտակցություն, ապա նա անկախության տարիներին.
-միջազգային մակարդակով կբարձրացներ Նախիջևանի հայաթափման հարցը, որպես թյուրքական տարրի կողմից ցեղասպանության շարունակություն,
-կդիմեր միջազգային դատական ատյաններին` Նախիջևանի մշակութային արժեքների ոչնչացման հանցանքը պատժելու համար,
- կդիմեր միջազգային ատյաններին` Թուրքիայի կողմից Նախիջևանի գծով վերցրած պարտականությունները չարաշահելու և ցեղասպանությունը այնտեղ շարունակելու փաստով` այստեղից բխող հետևանքներով…
Ահա, այս դեպքում, Նախիջևանում այժմ չէր կայանա պանթյուրքական այդ խառնաժողովը և, իհարկե, չէր հնչի Ադրբեջանի նախագահի լկտի հայտարարությունը…

Բայց եթե հնչել է` ապա ու՞ր է ՀՀ ԱԳՆ բողոքի նոտան այդ վեց երկրների կառավարություններին:

Ընթերցողս, եթե կարդացիր ու հասար այս տողին, ապա ասեմ` այստեղ ավարտվեց իմ քաղաքական անդրադարձը և սկսվեց իսկական ասելիքս…

Ով կարդում է այս տողերը, թող պատկերացնի պատմական մեր Գողթան գավառը, մեր ձայնեղ երկրամասը, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի, գողթան երգիչների հավերժական հայրենիքը… Թող պատկերացնի և տեսնի այդ գավառը` այսօրվա Նախիջևանի Ավտոնոմ հանրապետությունը, թյուքական կառավարչությունից ազատված, հայացված` որպես մաս մեր պատմական Հայրենիքի: Պատկերացնել, տեսնել, սրտի մեջ փայափայել, վերստանալ, վերածնել Հայկական Նախիջևանը… Եվ կլինի այդպես: Ու՞ր է ձեր Երևակայությունը, հայորդիներ: Ու՞ր է ձեր Սերը… Ու՞ր է ձեր աշխարհակերտ ավյունը… Այս ժամին, կեսգիշերին, երբ Սրբազան Բարձրավանդակի վրա պտտվում են ուրուրները` միայն մեր Սերը, Ավյունը, Հավատը, Կարոտը կարող են ցրել մեր մեջ սողոսկած գիշերային խավարը…

Սրբազան Հայրենիք, Քեզ կամբողջացնենք ամեն օր, ամեն ակնթարթ մեր Երևակայության, մեր Երազների մեջ – առանց ատելության քո վրայից մենք կհեռացնենք հազարամյա բռնակալության փառը, և Դու Կամբողջանաս Իրականության Մեջ… Եվ կլինի այդպես:

Բարի գիշեր:

Հեղինակ
08.10.2009, 23:22
Այսօրս` 8 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:


Թուրքը` մեր հազարամյա տիեզերական քննողը
կամ
Ավելի լավ է թուրք խաշնարած լինել, քան “Որոգայթի” Հովո…


Ընթերցողս, երեկվա գրառումս հետաքրքրություն էր առաջացրել… Օրվա մեջ նորից կարդացի - և մի ցավագին միտք խոցեց ինձ – այդ գրության մեջ ես գնացել եմ մի հին, փոշոտ, անարժանապատիվ ճանապարհով, ես գնացել եմ հայկական ինքնախաբեության ճանապարհով: Այդ ճանապարհը քեզ էլ է հաճելի, - դու էլ դեմ չես, որ մեր դժբախտությունների պատճառը թուրքը հայտարարվի… Չէ~, սեփական անգիտության դեմ կռիվ ելածս` թույլ չեմ տա, որ իմ գրած կեղծիքը մի օրից ավելի կյանք ունենա: Նույնիսկ ուզում էի գրառումը հանել, բայց որոշեցի թողնել – ընթերցողս, մի անգամ էլ կարդաս երեկվա գրածս, որ իմ հետ ամաչես քո ուշադրության համար…

Ո՞վ է թուրքը… Ուղիղ հազար տարի է, ինչ թյուրքական էթնոսը “քննում է” մեզ – ապրելու մեր կարողությունը, կամքը, իմաստությունը… Նա մեր կենսական տարածքների զգալի մասի վրա հաստատեց իր պետական իշխանությունը, անտանելի պայմաններ ստեղծեց, և մենք պետք է հաստատեինք մեր ապրելու իրավունքը… Եվ որքան էլ զարմանալի լինի` հիմնական մեր հաղթանակ-ձեռքբերումը ռազմական չի եղել, այլ մշակութային – մենք հայկական անտեսանելի պետականություն կերտեցինք Տաճկահայաստանում – մեր ընտանիքների և համայնքների մեջ պահպանեցինք մեր աննման մշակույթը – 1915-ից առաջ Արևմտյան Հայաստանը, թեկուզ ֆիզիկապես տարտղնված` մի առողջ հոգևոր-մշակութային կազմավորում էր: Բայց հիմնական “քննությունը” մենք չտվեցինք, և թուրքի պետական կամքով Արևմտյան Հայաստանը դատարկվեց մեզանից: “Քննողը” իր հարցերն ունի Արարչի հետ – արձանագրենք ողբերգության մեր բաժինը – մենք պատմության առջև “քննություն” չբռնեցինք, և դաժան քննողը մեզ դրեց կենսականության ամենացածր գնահատականը:

Գանք մեր այսօրվան, գանք նաև իմ երեկվա գրությանը… Թուրքը, և ոչ միայն նա, այսօր քննում են մեզ: Մենք մոռացել ենք հազարամյա փորձը – եթե հաջողության ասպարեզ կա, ապա դա` Մշակույթի պահպանումն է, քանզի մնացած ասպարեզներում` քսու դիվանագիտության, պատմական պահմտոցիի ու խաղի մեջ` մենք կատարյալ ապաշնորհներ ենք… Որքա~ն անգամ ռազմական փայլուն հաղթանակները մենք մսխել ենք քաղաքական ռուլետկայի անբարոյության մեջ: Բայց այս անգամ մենք գերազանցեցինք մեզ: Մենք մշակութային ենիչերիների մի բանակ հանեցինք մեր լեզվի, կերտվածքի, արվեստի, ամբողջ Մշակույթի դեմ… Ալիևը Զանգեզուրն է ուզում, և ես` հայ գրագետս խրոխտանում եմ, նրան լկտի եմ կոչում, լեզվով թուր եմ ճոճում - և այդ նույն ժամին Հայաստանը, Զանգեզուրն էլ ներառյալ, հանձնված է – ոգեպես հանձնված է… Այս երկրի հերոսը “Որոգայթի” Հովոն է և նրա նմանները – ամենուր` կեղծ-արվեստում, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ… Սրանք ամեն օր “Թումանյանի շաուրմա” են ասում, այս բառակապակցությունից գետին չեն մտնում, և հայ երեխան կարծում է, թե Թումանյանը, հազա~ր ներողություն, արու խոզի անուն է – շաուրման բա ինչի՞ց են պատրաստում… Չգիտեմ` դուք ինչպես, բայց ոգեկան-մշակութային այս եղծանումը, երկրի “հովոյացումը” և “շաուրմացումը” իմ մեջ ծնում են մի ցանկություն – ավելի լավ է` մի թուրք խաշնարած ծնված լինեի, իմ համար ապրեի, հավատ ու երգ ունենայի…

Ելքը: Ո՞րն է ելքը: Թող թուրքը անցկացնի իր քննությունը: Թող տա իր քինախնդիր, նուրբ ու դաժան հարցերը: Թող գիշերը շուռ ու մուռ գա փափուկ դոշակի վրա և որոշի` վաղը ոնց եմ խաբելու էդ ախմախ հայերին: Թուրքն իր գործին է, իր իրավունքն է: Մենք մեր էթիկայի տերն ենք: Ամբողջ խնդիրը մեր մեջ է: Ամբողջ խնդիրը իմ մեջ է և քո մեջ է, ընթերցողս: Այս միտքը ֆիգուրալ ու սեթևեթ ծնունդ չէ, այլ ընդամենը ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ:

Ելքը մեր մեջ է: Այս գրությունս մոտ 100 մարդ կամ մի քիչ ավելի` կարդալու են: Ի՞նչ կլինի, եթե այս ՀԱՐՅՈՒՐ ՄԱՐԴԸ – մենք` այսօր որոշենք - նայել մեր սրտի խորքը, տեսնել մեր իրական կյանքը, տեսնել մերն լույսն ու մութը, որ ՎԱՂԸ մի թել լույս մեր մեջ ԱՎԵԼԻ լինի, մի պտղունց ուրախություն ԱՎԵԼԻ լինի, մի փշուր գիտակցություն ԱՎԵԼԻ լինի, մի բուռ սեր ԱՎԵԼԻ լինի, մի տող բանաստեղծություն ԱՎԵԼԻ լինի… 100 մարդ, կարո՞ղ ենք գնալ այս սխրանքին…

Բարի գիշեր:

Հեղինակ
09.10.2009, 23:30
Այսօրս` 9 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Մանկությունից մի հիշողություն ունեմ – մի վայրի բույս կար, որ եթե կտրում-քաղում էիր` արմատից ու ցողունից դառը կաթ էր գալիս, այդ կաթը հավաքում, չորացնում էինք, և շատ դառը մաստակ (ծամոն) էր ստացվում… Բայց քիչ անց դառնությունը անցնում էր, և գեղջուկ երեխաներս վայելում էինք քաղցրացող ծամոնը… Ասեմ` ինչու հիշեցի… Ժամանակակից մարդը ատամի տակ գցում է բազմատեսակ մաստակներ – լրատվություն, սերիալ, փոփ-արվեստ, քաղաքականություն… Սրանց հաճախ միանում են ալտրուիզմը, հայրենասիրությունը, մարդասիրությունը, որպես զբաղմունք… Դե հաճելի են, էլի~… Այս մաստակները քաղցր են, դուրեկան, իրենց մեջ ունեն նարկոմանիկ տարրեր, արբեցնում են և բավարարում էգո-ի ամենատարբեր պահանջները:

Հիշածս մաստակները մի հիմնական դեր ունեն – նրանք օգնում են մարդուն, նաև ազգին, մոռանալու, որ ԻՐ ԱՉՔՈՒՄ ԳԵՐԱՆ կա… Փա~ռք այս մաստակներին և նրանց ծամողներին…

Ահա թե ինչու հիշեցի մանկությանս դառնակաթ բույսը – դե~, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ միշտ էլ դառն է լինում, նա կոմֆորտից զրկում է իր “խորշը” գտածին… Իսկ աչքի միջի գերանը կսպասի…

Բարի գիշեր

Հեղինակ
11.10.2009, 00:26
Այսօրս` 10 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Հայկական Բարձրավանդակ – մեր ժառանգական նյութի, մեր սրտի ու սիրո, մեր մշակույթի և մեր էպոսի Հայրենիքը: Այս ակնթարթին – հենց նոր ստորագրվեցին Արձանագրությունները – ահա, այս ակնթարթին մի ներքին դող է անցնում Բարձրավանդակով, այնտեղից սերած հայ ժողովրդական զանգվածի միջով, այդ հողի բոլոր վիրավոր մասունքների, բոլոր քարերի ու ապառների միջով… Ու՞ր է տանում այս ճանապարհը…

Այս հարց-տվայտանքին մի պատասխան ու մի լուծում կա: Այն համընդհանուր է, ունիվերսալ, անշփոթելի… Բայց նախ` մի կարճ զննում…

Ազգի ժառանգական նյութը, կոլեկտիվ ենթագիտակցությունը և արտաքին գիտակցության զգալի մասը անձայն գոչում են – ԴԵՊԻ ԵՐԿԻՐ: Ահա, “ԴԵՊԻ ԵՐԿԻՐ” կոչենք այս էներգիան – մենք երազում ենք, որ այն հոսի, իր անկասելի հոսանքի մեջ առնի մեզ, Հայաստանի պետությունը, Սփյուռքը… Եվ մենք վերադառնանք: Եվ Արդարություն լինի… Եվ այս ձգտման հաջողության համար մենք մարտնչում ենք հասանելի միջոցներով – մասնավորապես` մեկն ասում է` ստորագրել, մյուսն ասում է` չստորագրել այս կամ մեկ ուրիշ Արձանագրությունները, կատարել այս կամ այն քայլերը… Սրանք լուծում չեն մեր հարց-տվայտանքին, թեկուզ գոյության իրավունք ունեն…

Ո՞րն է համընդհանուր է, ունիվերսալ, անշփոթելի լուծումը…

Այսօր, այս գիշեր, աստղալից երկնքի առջև, հայացքը և սիրտը ուղղել` նախ դեպի մեր Սրբազան Հայրենիքը, պատկերացնել ու զգալ նրա ժառանգական նյութի նախասկզբնական, մաքուր վիբրացիան, վերհիշել, վերաթրթիռ ապրել – ապա` ամեն մեկը դառնա դեպի իր Սիրտը, դեպի ֆիզիկական և հոգեկան ԴՆԹ-ի բազմաշերտ պարույրները և իր Սրտի հետ կազմի մի Արձանագրություն – անվթար, արդար, անխորտակ մի փաստաթուղթ` ամեն օր ձգտել` գտնել, հասնել իր նախաստեղծ մարդկային-հայկական էությանը, անխոնջ աշխատանքով ու սիրով մաքրել ԴՆԹ-ի պարույրները, վերստին մարդանալ, լինել Նոր Մարդ - այնժամ ամեն մեկս կգտնի մյուսին, ԲՈԼՈՐԻՆ, մենք կդառնանք ՄԵԿ, այնժամ մեր մաքրված ու վերասլաց ԴՆԹ-ները կթրթռան իրար հետ` ամբողջ աշխարհի վրա, անկասելի հոսանքով իրենց մեջ կառնեն ներկա Հայաստան-պետությունը, ամբողջ Հայկական Բարձրավանդակը… Այնժամ “ԴԵՊԻ ԵՐԿԻՐ” էներգիան կդառնա անկասելի, նա անվերապահ ճշտությամբ կգտնի իր նպատակին հասնելու բոլոր քաղաքական, տնտեսական, դիվանագիտական լուծումները…

Ուրեմն, ընթերցողս, կազմել Արձանագրություն սեփական սրտի հետ և ստորագրել: Ստորագրման արարողությանը ներկա կլինի Հայոց Սինկլիտը – կարծում եմ` Նարեկացու առաջնորդությամբ: Կլինեն Կոմիտասը, Թումանյանը… Քո և Քո Սրտի Արձանագրությունը` ճանաչել իրար… Մնացած դրույթները` ինքդ կմշակես: Այս գիշեր կամ երբևէ…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.10.2009, 00:02
Այսօրս` 11 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Հայերեն մի լավ բառ կա – ջանք, ռուսերեն այս բառի իմաստը հնչում է որպես усилие: Որքան էր զարմանքս, երբ վերջերս մի աղբյուրից տեղեկացա, որ մուսուլմանական աշխարհում կիրառվող հայտնի բառը` ջիհադ, ևս ջանք է նշանակում: Նախասկզբնական իմաստը խեղաթյուրվել է, այժմ ջիհադ ասելով` կրոնական պատերազմ կամ սրան մոտ մի բան են հասկանում, մինչդեռ սկզբնական իմաստը ջանք է նշանակում… Ահա, ջանք է պետք` ամեն մարդու ներսում կամ աշխարհում մի բան փոխելու համար: Պատերազմ պետք չէ, ջանք է պետք: Երեկ դրա մասին էի գրել… Բայց, անկեղծ ասած, ես չգիտեմ` ընթերցողս ինչպե՞ս ընկալեց գրությունս: Եվ չգիտեմ, ընթերցողս ջանք դրե՞ց համեստ գրությանս իմաստի մեջ մտնելու համար…

Նոր վերադարձանք տուն – Երևանի տոնն էր: Ոնց ստացվեց` “Ակունք”-ին հանդիպեցինք – նույն մաքուր, անաղարտ հայկական երգն էր, նույն հպարտ, բարձրագնա պարը: Մի քիչ տարիք էին առել - Սարգիս Բաղդասարյանն արդեն ալեհեր էր, բայց ձայնը Սասնո լեռներից էր գալիս: “Ակունք”-ի ելույթի ժամանակ մի ծեր կին, սպիտակ թաշկինակը ձեռքին պարում էր – այդպես պետք է պարի մարդը` ռիթմ-մեղեդին գենի ու բջիջների մեջ պետք գրված լինի… Մի համեստ, մաշված շոր էր հագին, դեմքը` խորշոմների մեջ – բայց պարի շարժումների մեջ` թագուհու էր նման… Կրծքիս մեջ բարձրանում էր մի հին, մի ծանոթ արցունք – Հայրենիք, ինչպե՞ս պահենք-պահպանենք քո հարստությունը…

Ոնց եղավ – այսօր մի պանդոկ մտանք, որտեղ մեզ հաց ու ջուր տվեց երիտասարդ հնդկուհին, պանդոկի անունն էլ հիշեցնում էր Պատճառի ու Հետևանքի օրենքը – “Կարմա”… Ահա, երիտասարդ հնդկուհին վերջում, սեղանի այն կողմից ձգվեց և հաշիվը իմ առջև դրեց… Հասկացա խորհրդանիշը` ավագն է պատասխանատու ճակատագրի առջև: Բայց հնդկուհին մի դաս էլ տվեց – մանրը վերադարձնելիս ձգվեց և դրեց որդուս - մեր ավագի առջև: Կարմայի հետևանքները քաղում է նոր սերունդը` ասում էր խորհրդանիշը…

Գեղեցիկ էր երեկոյան Երևանը – նա շնչում էր լույսերի ու մեղեդիների, տագնապների ու սպասումների մեջ…

Բարի գիշեր:

Հեղինակ
13.10.2009, 00:27
Այսօրս` 12 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ուշ է արդեն, երբ հավաքում եմ այս տողերը, միք քիչ հոգնած եմ… Այսօրվա ապրածից երկու պատկեր կուզենայի դնել իրար կողքի…

Առավոտյան անցա Վաղարշյանը, հակառակ մայթին մի տարեց կին ու ավելի երիտասարդը վիճում էին: Երիտասարդ կնոջ ֆալցետը լսողությանը ցավ էր տալիս – արցունքախառն, չներող, ոտքի տակ տվող ատելությամբ` նա մյուս կնոջը ինչ-որ բան էր ասում: Չգիտեմ, գուցե և արդարացի բան էր ասում, բայց ատելության քանակը ոչնչացնում էր որևէ արդարություն… Մարդկանց վեճերը… Բևեռների այս թագավորությունը: Բևեռների ատելավառ պայքարը: Այսօր արդեն հայտնի է – այդ պայքարում կյանք չի ստեղծվում: Ես սա էի մտածում, երբ երիտասարդ կինը - ցավագին մնչյուններ հանելով, սևաշոր, արցունքի ու ատելության մեջ – սլացավ կողքովս…

Իսկ երեկոյան… Կեցության թանկ պատկերների մի շարք էր մեր աչքի առջև - “Մարաթուկի” համերգին էինք գնացել, ընտանիքով… Պար առ պար, երգ առ երգ – մեր աչքի առջև թերթվում էր մեր ինքնության անձնագիրը… Ո՞վ է ասում հայը տխուր ազգ է, ո՞վ է ասում, որ մեր երգերը տխուր են: Մեր երգերի մեջ կյանքի ավիշը ուռչում է և պատրաստ է պայթել անհուն քաղցրությամբ: Մեր պարերի մեջ կյանքի անբևեռ միասնությունն է – այդպես միասին են լեռները` լեռնաշարեր որպես: Եվ եթե կա բևեռ, ապա տղամարդ-կին երկու ազնվական բևեռներն են – ինչպես Տիեզերական կարգն է հաստատել: “Մարաթուկի” համերգը միասնության, արևագալի, վերածնության հայտագիր էր: Մտածում էի – եթե մի ազգ ուզում է աղոթք հղել Արարչին, ապա չկա ավելի ձև քան Երգը, Պարը, Ուրախությունը, Միասնական Ցնծությունը…

Ահա, այս երկու պատկերը` այսօրվա կյանքից: Մենք պետք է ընտրություն անենք: Մենք պետք է ընտրություն անենք մի կողմից` Բևեռացված Կյանքի – Վեճի և Ատելության և մյուս կողմից` Միասնական Կյանքի – “Մարաթուկի” և Մշակույթի միջև: Ընտրություն անել: Այսօր:

Բարի գիշեր:

Հեղինակ
13.10.2009, 23:02
Այսօրս` 13 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Կեօրին մոտ Շենգավիթի կողմերը պետք է գնայի: Մի երթուղային կա – թ. 49-ը, գիտեք, - այդ երթուղայինը նստեցի… Նույն համարով էլ վերադարձա` երկար “պտույտ մը ընելով Երևանի թաղերուն մեջ”… Երրորդ մաս, Շենգավիթ, Նորագավիթ… Այս թաղերը սնեցին մեր կես քաղաքային – կես գավառական ապրելու և մտածելու կերպը, նաև մեր ռաբիս կիսաարվեստը: Նախկին Կիրովի գործարանի վետերանները նարդի էին շրխկացնում, սև ու ձիգ շորեր հագած շենգավիթյան գեղեցկուհիները Երևանի Կենտրոն էին շտապում` իրենց գավառական ծագումը մոռանալու, մետրոյի մոտի շուկայում` արևի տակ քաղցրանում էին խաղողի բլուրները, ինչ-որ տեղից շան կլանչոց էր լսվում…
Նայում էի այս տարածքը, մի տամուկ տաքություն կա և այնտեղ, և սրտիդ մեջ – Երկրիդ մի կտոր հողն է, նրա մարդիկ են: Եվ հնչում էր մեջս – այս աշխարհը սպառվում է, այս տաքությունը արդեն գաղջ է, այս մանուկները ուրիշ աշխարհ են ուզում… Բարձրանալ, ելից դուռ գտնել, ելնել շենգավիթներից…

Երթուղայինով Շենգավիթ գնալ-գալը ուղիղ մեկ ու կես ժամ էր տևում: Սև թղթապանակիս մեջ հրեղեն նյութեր կային – ոնց էլ չէր վառվում… Լուսամուտի մոտ նստած կլանում էի էջերը, և մեկ-մեկ միայն` աչքի տակով նայում էի քաղաքի կոնտրաստային պատկերներին… Բարձրանալ: Բարձրանալ սեփական պատմությունից, գենից, լավագույն և ոսկե ժամանակներից անգամ – եթե եղել են… Բարձրանալ:

“Ի՞նչ անել” – մի աղբյուրում հնչում էր այս դասական և հավերժական հարցը: Պատասխաները շատ էին – դրանք ցոլցոլում են բոցերի պես, դրանք չես համեմատի մեր ժամանակների կուսակցական “ծրագրերի” հետ – այս վերջինները մարդկային անհամության կատարն են: Բերեմ “ի՞նչ անել” հարցին միայն մի պատասխան, որը վառվում է նուրբ բոցով… Ահա այն. “Սկսեք այն բանի փնտրումից, ինչ ձեզ մոտ ժպիտ է ծնում, և դա արեք այնքան հաճախ, ինչքան կարող եք…”

Սկսել այն բանի փնտրումից, ինչն Ուրախություն է ծնում – Մարդ և Ազգ դառնալու ճանապարհը… ԿՅԱՆՔԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ, և ոչ զվարճանքի…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.10.2009, 00:07
Այսօրս` 14 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Տղամարդը և կինը: Հայ տղամարդը և հայ կինը: Այսօրս երկու պատկեր դրեց առջևս - և ուզեցա, որ այդ պատկերները դուք էլ տեսնեք:

Մետրոյի գնացքում եմ: Մետրոյում չուզենաս էլ` նայում ես դիմացի մարդկանց… Ես սիրում եմ մարդկանց նայել: Մարդկանց նայել – նույնն է, թե նրանց Ստեղծողին նայել: Դիմացս նստեց մի զույգ, հասուն երիտասարդ տարիքի… Տղամարդը – հագել է բաց կրեմագույն կոշիկներ` երևի մեր երկրում ամառ է եղել, տաբաթը ջրիկ-կապտավուն գույն ունի, բաճկոնը կոշիկների գույնի է… Դեմքը միամիտ-զարմացած արտահայտություն ունի – այդպես գյուղից եկած մեր մանուկներն են նայում քաղաքի շատրվաններին. դիմագծերը անհարթ են, բայց տղամարդը ձգտում է վստահ երևալ: Երեկ է սափրվել, ճակատը լայն չէ, աչքերը վազվզում են մետրոյի լույսերի հետ… Մեր Երրորդ մասի քաղաքակրթությունից է տղամարդը… Բայց կինը… Կարծես անկախ մի գոյություն – երկու “անհնազանդ” մազափունջ թափված են ճակատին, դեմքի մաշկը եթե թարմ էլ չէ, բայց խնամված է, այտոսկրերը արևելորեն լայն են, մաշկը գրկում է նրանց, իջնում այտերի նուրբ փոսերը և էլեգանտ թեքությամբ ձգվում դեպի բարակ շուրթերը, որոնք սեղմված են քմահաճ համառությամբ: Աչքերը նեղ չեն, բայց սեղմված են ու նեղ են թվում… Կնոջ աչքերը աշխարհում ինչ-որ կարևոր, ինչ-որ գեղեցիկ բան են փնտրում: Կինը այլմոլորակային մի քաղաքակրթությունից է…

Նայում էի այս զույգին – Տղամարդը Երրորդ մասում սառել-մնացել է, գեղջուկը այդպես էլ մնացել է – մոռացած իր բարբառը և կենցաղը, և չի էլ սովորել շատրվանների ու սիրո լեզուն… Կինը եկել է, իջել աստղերց, երևի նրան բարձրացնելու համար: Տղամարդը կարող է բարձրանալ, եթե միայն ստանա աստեղային-կանացի, ապրեցնող էներգիաներ… Զույգը իջավ, ես էլ պետք իջնեի – Տղամարդը և Կինը քայլում էին իրարից հեռու, նրանք գնում էին իրար գտնելու…

Երկրորդ պատկերը… Պատկեր չէր - այլ մոլորակային այն ցեխի հետազոտությունը, որի մեջ դարեր թավալ է տվել տղամարդը` իր հետ ցեխի մեջ քաշելով կնոջը: Գեղագետական ուսումնասիրությունը: Այդ հանճարեղ պատկերի նկարագրությունը որոշեցի թողնել վաղվան…
Կեսգիշեր է, թիկունքիս հեռուստացույցն է – երկու էթնոս շարունակում են հազարամյա պատերազմը, բայց ձև են անում, թե խաղաղությու~ն են խաղում… Մինչև վաղը:

Բարի գիշեր:

Հեղինակ
16.10.2009, 00:32
Այսօրս` 15 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ուշ է արդեն, մի քանի րոպե հետո կեսգիշեր կլինի, նոր տուն վերադարձանք – Philosopher – ի` Հայկիս ծնունդն էր… Երեկ գրել էի, որ երկրորդ պատկերը` Կնոջ և Տղամարդու մասին կգրեմ այսօր… Բայց ժամանակը սուղ է, վախենամ` ապրումս տեղ չհասցնեմ: Բառի պատասխանատվության ենթական եմ մնում: Ուրեմն` վաղը…

Այնուհանդերձ` ևս մի քանի տող: Եվ, իհարկե, Philosopher-իս այսօրվա մասին: Ի՞նչ է ասում մեր Philosopher-ը: Արժե գրել` գոնե մի քանի միտք: Կյանքի բարձրագույն արժեքը հենց ԿՅԱՆՔՆ է, մնացյալը – Հայրենիք, Ընտանիք, Կրոն, Աստված և այլն` որևէ բան արժեն, եթե նպաստում են, պայման են ստեղծում ԿՅԱՆՔԻ ԾԱՂԿՄԱՆ համար: Այսօրվա կյանքում եղած բոլոր պայմանականությունների, ձևերի, սովորույթների մեծ մասը խեղդում է Կյանքը: Ներկա հայ կյանքը` իր ձևերի և հոգեբանության մեջ` ծեր է, բորբոսնած է… Մենք մի նոր կենդանություն, մի նոր կյանք պետք է ստեղծենք…

Խնամել Կյանքի ծաղիկը: Ո՞վ է ցանել Կյանքի սերմը: Որտեղի՞ց է այդ սերմը: Ի՞նչ է ուզում այս Ծաղիկը: Նայե~ք ծաղիկների համայնքը – Ազգ է նրա անունը: Այդ համայնքը խնամելու, սիրելու, կառավարելու համար` դու ընդամենը մի գիտության պետք է տիրանաս - Գիտություն Ծաղկի Մասին: Այսքան բան: Ընդամենը:

Բարի գիշեր:

Հեղինակ
16.10.2009, 23:13
Այսօրս` 16 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Այո~, օրն ավարտվում է, բայց միտքս այն սյուժեի մեջ է, որ երկու օր առաջ խոստացել էի ընթերցողին: Տղամարդու և Կնոջ մոլորակային ողբերգությունը - մի գեղագիտական ուսումնասիրության մեջ: Կյանքի գաղտնիքը, ցավը և լույսը տրոփում են գեղագետի սրտի մեջ… Ֆեդերիկո Ֆելլինի – “Ճանապարհ” ֆիլմը…

Ջելսոմինա~, Ջելսոմինա~, ու՞ր ես գնում… Մի գնա~, մի գնա~, մի~ թող մորդ և չորս քույրիկներիդ: Բայց Ջելսոմինան չի կարող չգնալ, մայրը և քույրիկները սոված են, ընդամենը տաս հազար լիրով` մայրը համաձայնում է նրան տալ կրկեսի թափառական արտիստ Ձամպանոյին: Ջելսոմինա – փխրուն, վեհերոտ հայացք, ծանր վերարկուի մեջ առած մի փոքրիկ մարմին, մարդուն վստահորեն նայող մանկական աչքեր… Դեռ կին չէ, բայց երեխա էլ չէ… Այս քնքուշ, անպաշտպան արարածը – ու~մ ձեռքերում: Ձամպանո~ - դու չուգունե շղթան ջարդում ես կրծքի մկանների լարումով, դու մի թափառական ցուլ ես, դու գրեթե անասուն ես - և քո ձեռքերում է այս քնքուշ աղջնակը…

Ձամպանոն – տղամարդկային էներգիայի խտացումը, մարդկային ցեղի ու դաժանության, կոպտության ու անսրտության այս մարմնացումը: Միայն կարելի է պատկերացնել, թե այդ թափառականը ինչպես է առաջին անգամ վերցնում քնքուշ Ջելսոմինային, ի~նչ է կատարվում Ջելսոմինայի սրտի մեջ… Իսկ կատարվում է անսպասելին – ամեօրյա խեղճության, կեղտի, ստորացման մեջ նկատվում է մի մեղմ ճառագայթ – Ջելսոմինան սիրու~մ է այդ անասունին: Ձամպանոն մարդ է սպանում, Ջելսոմինան գրեթե խելագարվում է, խղճահարված բռնակալը ասում է. “Ուզու՞մ ես, ես քեզ տուն տանեմ, մորդ մոտ…”, որին նա պատասխանում է. “Իսկ քեզ հետ ո՞վ կմնա՞…” Եվ հանդիսատեսն էլ ցավով մռնչում է Ջելսոմինայի հետ – ողորմելի բռնակալ, քեզ հետ ո~վ կմնա, դու առանց կնոջ կորա~ծ ես: Բայց ոչ Ջելսոմինայի, ոչ մեր աղաղակը չի հասնում վայրենացած տղամարդուն – նա մի օր լքում է քնած, անպաշտպան աղջկան: Հեռանալիս` Ձամպանոն նրա կողքին դնում է շեփորը, որի վրա Ջելսոմինան նվագում էր իր սիրո մեղեդին…

Տարիներ անց այդ մեղեդին Ձամպանոն լսու~մ է – մի գեղջկուհի երգում է այն… Նա Զամպանոյին պատմում է մի կեսախելագար աղջկա մասին, որ նվագում էր այդ մեղեդին… Այն մասին, որ նա հիվանդացել ու մահացել է իրենց տանը…
Ուշացած զղջումը պատառոտում է Ձամպանոյի սիրտը, կայծակները լուսավորում են երկինքը և հանցագործի դեմքը – հազարավոր տարիներ նույն հանցանքը կատարած տղամարդը ուր որ է` կարո~ղ է ՄԱՐԴ դառնալ… Ջելսոմինա~, Ջելսոմինա~, լսու՞մ ես, Ձամպանոն սիրու~մ է քեզ…

Այս ԼՈՒՐԸ - Քո Ձամպանոն արդեն սիրու~մ է քեզ – ահա, այս ԼՈՒՐԸ ֆիլմը բերում է աշխարհի բոլոր բռնադատված կանանց… Եվ ոչ միայն նրանց – բոլոր կանանց: Բերում է Տղամարդու մոլորակային զղջումը…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.10.2009, 22:53
Այսօրս` 17 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Այն ինչ պետք է գրեմ` սկիզբ է ենթադրում… Բայց որտեղից սկսել, երբ ուզում ես գրել Անսկզբի մասին…

Ուզում եմ գրել Հայրենիքի մասին: Այսօրվա նրա հանգրվանի մասին: Արձանագրություններ… Եղեռնի ճանաչում… Չկորուսյալ Երկիր… Սրտիս մեջ, ինձ թվում է, ահռելի նյութ ու գտնում կա, բայց ձեռքս չի գնում գրելու… Մի հրաման է հնչում սրտիս մեջ – ԼՌԵԼ: Եվ միայն Սիրել…

Կարդում եմ Tigris-ի գրառումները – աչքիս առաջ Հայ Սփյուռքը տրորվում է ցավի մեջ: Ուզում եմ ձեռք մեկնել, ուզում եմ որոտալ Ճշմարտությունը, ուզում եմ ասել Ճանապարհի մասին… Հայ Սփյուռքը տրորվում է ցավի մեջ, նաև Հայաստանը: – Որդեծնության ցա՞վ է, թե՞ պարալիզված հիվանդի… Ուզում եմ տարիների տվայտանքի իներցիայով ելնել, գոչգոչել, գիրք ու կոչ գրել, ախտորոշում դնել… Միգուցե ծնու՞նդ ընդունել:

Լավ, ընթերցողս, մի քիչ շեղվեմ` փխրուն սիրտդ չծանրաբեռնելու համար, և մի պատմություն անեմ: Բժշկական համալսարանի 3-րդ, թե 4-րդ կուրսի ուսանող եմ, մեր գյուղ արձակուրդ եմ գնացել: Եվ մի գիշեր լուսամուտը թակում են` մեր հարևանի աղջիկը` Հայկուշը, որոնց տուն մի ուսուցիչ տնփեսա էր եկել, ծննդաբերում է… Ինձ կանչում են, որ մեր ծննդաբեր Հայկուշին ազատե~մ, ծնունդ ընդունե~մ… Ես էլ 19-20 տարեկան եմ, հիմա չեմ հիշում` մանկաբարձություն անցե~լ էի արդեն, չէի անցե~լ… Գնացի: Հայկուշս մի բոյով-բուսաթով, մի խոշորոտ, խոշորփոր, ահռելի կին է` պառկած ցավերի մեջ – կանգնել եմ, պիտի օգնե~մ… Հիմա էլ, երբ հիշում եմ նրա ճչոցները, արդեն երևացող պտղի գլխի սևուկ մազերը` մարմինս դող է պատում: Արդեն մոռացել եմ` կոնկրետ ինչ արեցի, օգնեցի՞ մի բանով, թե՞ չէ, բայց Հայկուշը անփորձանք մի շշմելու տղա ունեցավ: Առավոտյան լուր տարածվեց` մեր Լևիկը Հայկուշի ծնունդն է ընդունե~լ` տեղը տեղի~ն, շնորհքո~վ…

Ասածս ինչ է – մենք` որպես Ազգ ու Հայրենիք – պիտի հղի լինենք, մեր արարչական սերմով իսկ պտղավորված: Մենք մի Հայկուշ պետք է լինենք: Մենք մի չքնաղ մանուկ պետք է ծնենք – Նոր Հայաստան: Խնդիրը հղի լինել-չլինելն է… Մենք մեր սերմի տեղը գիտե՞նք, մեր արգանդը կարո՞ղ է պտուղ աճեցնել: Մենք, վերջապես, հղի՞ ենք… Առավոտից մինչև այս ժամը դրա մասին էի ուզում գրել: Բայց մի անձայն հրաման հնչեց մեջս – լռել, ժամանակը չէ… Մի բան կարող եմ հաստատ ասել – Նոր Հայաստանի ծնունդն ընդունելու համար Կրթությունս չի բավարարում, Սերս չի բավարարում, եթե կուզեք` Ծնունդն ընդունելու Տեխնոլոգիան չի բավարարում… Թե մի օր բավարարի` հաստատ կիմանամ: Եվ գուցե մի օր ծնվող Նոր Հայաստանի սևուկ մազերը տեսնեմ…

Կրթվել, Սիրել, Սպասել…

Բարի գիշեր:

Հեղինակ
18.10.2009, 22:59
Այսօրս` 18 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Դժվարին օր էր – ալեկոծություն կար մեր կյանքում: Բայց Կյանքը շարունակում էր իր հոսքը` իր հետ տանելով մի ակնթարթ առաջ ապրածն ու զգացածը: Այդ պահին սիրտը որսում է Կյանքի ալիքներին փայլող լույսերը – այն գումարվում է սրտի լույսերին… Լույսը` միակ ձեռքբերումը…

Առավոտյան Առողջագետի հետ հանդիպեցինք մեր` Այգեձորի տան հարթակի հարևանին – լավ սրտաբանին, ժողովրդական բժշկին, մարդուն… Հիշեցինք այն տարիները, երբ ծնվում էին մեր մանուկները: Անցյալի և ապրածի լույսը…

Այդ` այգեձորյան տարիներին, մեր գրասեղանը ննջարանում էր, որի վրա բարուրում էինք մեր նորածին զավակներին: Հիշում եմ` մի ճապոնական, վառ նկարներով թերմոս ունեինք, որ գրասեղանին էր: Երեքամսյա մեր ավագը գլուխը թեքում էր, աչքերով գտնում էր թերմոսի վրա նկարած ծաղիկները և ժպտում, գեղգեղում, խոսում էր ծաղիկների հետ: Այդպես մի ժամ կարող էր հանգիստ պառկել և հմայված նայել թերմոսի ծաղիկներին… Անցյալից մնում է միայն լույսը…

Միջնեկ որդիս միշտ ուշ էր քնում, եթե ստիպեիր, օրորեիր` կարող էր զայրացած ճչալ, լաց լինել… Այդ տարիներին մի հեռուստատեսային հաղորդում կար` “Հանդիպում” – ժամանակակից երաժշտության դասական դեմքերի ու հայտնի խմբերի մասին, որը շատ էլեգանտորեն վարում էր հայտնի թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը: Առողջագետը հոգնած քնում էր – հաղորդումը շատ ուշ էր, միայն ես էի նայում: Բայց իմ երկու տարեկան միջնեկի քունը չէր տանում, պահանջում էր` ես էլ նայե~մ… Ի վերջո, հաղթահարում էր մեր արգելքները, վարդագույն տոտիկներով վազում ու թռնում էր բազմոցին, ոտքերը ծալում ու նստում` խաժ, հաղթական աչքերով նայելով մեզ - և մինչև ուշ գիշեր նայում էր հաղորդումը: Անցյալից պահպանվում է միայն լույսը…

Իսկ փո~քրս... Երկու ամսով Լենինգրադ էի գնացել, վերապատրաստման: Վերադարձա տուն և անհամբեր մոտեցա օրորոցին - վեց ամսական էր, նրան շատ քիչ էի խնամել, համբուրել... Մոտեցա, վարդագույն գլխարկը բոլորում էր սիրունիկ երեսը: Նայեց ինձ, նայե~ց... և ոչ մի ռեակցիա ու ժպիտ - նա մոռացե~լ էր ինձ: Երկու ամսում մոռացել էր - համբույրներով ծածկեցի ձեռքերը, երեսը... Քիչ-քիչ սկսեց հիշել, և մի երկու օր անց` դեմքին նորից ծաղկեց ճանաչելու ժպիտը...


Հոսում է Կյանքը… Քաղցրությունը և Ցավը` նույն օրվա մեջ: Հոսում է Կյանքը, նա տանում է Ցավը, եթե միայն ձեռքերով պինդ չբռնես: Այլապես անցյալը կարող է դառնալ մի ծանրություն, որ ետ կքաշի… Ամեն օրը, ամեն ակնթարթը անցյալ է դառնում, Կյանքը միայն ԱՅԺՄ է և ԱՅՍՏԵՂ: Իսկ անցյալից հիշել, պահել միայն Լույսը – ուրիշ ոչինչ: Քանի որ Լույսից բացի` Կյանքում ուրիշ ոչինչ չկա, որ արժե պահել…

Բարի գիշեր:

Հեղինակ
19.10.2009, 22:40
Այսօրս` 19 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Հիշում ես, ընթերցողս, վերջերս գրել էի իսլամական աշխարհում շրջող մի բառի մասին – ՋԻՀԱԴ, որը մեր քրիստոնյա ականջին հնչում է որպես ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ կամ նման մի այլ բան… Մի աղբյուրում նշված էր. “ջիհադ արաբերենից թարգմանած նշանակում է` ջանք, усилие, և դա ամենից առաջ հոգևոր հասկացություն է, որը նշանակում է սրտագին ջանք և նպատակասլաց ոգեկան աշխատանք` Երկրի վրա մարդու և ամբողջ կյանքի արարչական ծագման ընկալման ճանապարհին: Այն, որ ջիհադ բառը այժմ ասոցացվում է ոչ մուսուլմանների դեմ մուսուլմանների զինված պայքարի հետ` դա եղծված և ոչ ճիշտ ընկալում է” :

Ես ու Առողջագետը սիրեցինք այդ բառի սկզբնական, արմատական իմաստը: Եվ ինչու՞ մեր մեջ ջիհադ բառը չազատենք եղծված ընկալումից… Եվ մեկ-մեկ, երբ տեսնում եմ իմ աշխարհի, դրսի աշխարհի մի երևույթ, որի մեջ երևում է մութի կամ անգիտության թելը` կես կատակ – կես լուրջ` ջիհադ ենք հայտարարում…

Անցյալը… Մարդու անցյալը իր մեջ կրում է գենի ու ցեղի, ընտանիքի ու համայնքի, սեփական կյանքի, նաև ազգի ու մարդկության նստվածքները… Սրանք անցնում են ենթագիտակցություն, խառնվում իրար, ծփում ու փրփրում… և ելնում են անսպասելի պահերին: Այս օրերին առիթ եղավ, երբ ինքս ինձ նայեցի ու տեսա – ես խոսում ու գործում էի ինչպես իմ նախնիները` նույն գեղջկական հարմարվողականությունը, քաղցրալեզու “դիվանագիտությունը”… Իսկ ի՞նչ է ուզում ԿՅԱՆՔԸ` իր ծաղկման, թևաբախման ու թռիչքի համար` գեղջուկ շառավիղս այդ ժամին չէր նկատում: Տասնամյակներ հայ գյուղացուն եմ համարել մեր կերտվածքի ու մշակույթի կրողը – բայց այժմ նրան ծանր հիվանդ եմ տեսնում, նրա էթիկայով մենք ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔ չենք կարող ստեղծել… Ջիհա~դ` մեր ցածր գեղջկականությանը…

Ցերեկը մի քանի րոպեով պառկել էի բազմոցին, հանգստանում էի և աչքերս փակ` երազում էի երեխաներիս ապագայի, կյանքի մասին… Ոնց եղավ, որ պահին կամ որ մտքի վրա եղավ` չգիտեմ, բայց հանկարծ զգացի, որ երազանքներս ստանում են հայ-քաղքենիական գծեր, փափուկ-տաքուկության նրբերանգներ… Չէ~, ընթերցողս, սխալ չհասկանաս, ես վաղուց Ո~Չ եմ ասել աղքատության ու զոհաբերականության փիլիսոփայությանը, միայն ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ կարող է ՄԱՐԴ լինելու պայմաններ ստեղծել: Բայց այն ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ, որը ամեն օր ուղղված է նրբության, գեղեցկության ստեղծմանը, ընտանիքում արվեստի հաստատմանը, կյանքի նրբին, գաղտնի ծաղիկների բացմանը… Ուրեմն` այո~ կյանք ստեղծող հարստությանը և առատությանը: Եվ Ջիհա~դ` մեր ցածր քաղքենիությանը…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.10.2009, 23:02
Այսօրս` 20 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Օրվա առաջին կեսին Առողջագետի մոտ եկավ մեր նախկին մի հիմնարկի աշխատակիցը - խորհրդատվության կարիք ուներ… Այդ մարդը գրքերի մի կապոց էր բերել, հրատարակիչ է… Երևի մի դար առաջ է եղել – հայերեն մատենաշար է տպագրվել` “ՈՍԿԵ ԲԱՐԵԿԱՄ ՀԱՅ ԸՆՏԱՆԵԱՑ”… Այս մատենաշարը սիրված է եղել կիսամութի մեջ ապրող մեր համայնքի կողմից – տպագրվել են տարբեր հեղինակների խոհանոցային խորհուրդներ, առողջության բանալիներ, աստղագուշակներ և այլն… Մատենաշարը իր դարի զավակն է եղել – մարդու կյանքի մասին աղոտ պատկերցումներով, ճշտի ու սխալի, բարձրի ու սնոտիի յուրահատուկ խառնուրդով: Հիմա մեր այսօրվա հյուրը – նման մի գործ է արել, նույն “Ոսկե Բարեկամը…”, նույն գավառական մշուշը, լեզվական խոտանը, ապրելակերպի նույն հայկական էկլեկտիկան… Հիմա էլ առջևս են այդ գրքերը, նրանցից խեղճություն է բուրում…
Դե ինչ, եթե այսօր բոլորը փնտրում են “Հայ ընտանեաց”, նաև մեր Ազգի համար “ոսկե բարեկամներ…”, ապա այն կարող է լինել միայն ՈԳԻՆ, և այն ՄՇԱԿՈՒՅԹԸ, որը ՈԳԻ ունի իր մեջ… Մնացյալը – մեր մարմնի, մեր հոգնած հոգու մշուշներն են, ստվերները, ախտերը… Լինել ԱՎԵԼԻ, քան կաս: Լինել ԱՎԵԼԻ… Սա է խնդիրը:

Մերոնց հետ ավտոբուսով Կոմիտասից կենտրոն էինք իջնում: Մի երիտասարդ մայրիկ էր նստած, ծնկներին` աղջնակը, իսկ ձեռքերով պահել էր մեկ տարեկան տղային… Նայեցի, մանչուկը – ոսկեվարս, կապույտ թե կանչավուն աչքերով` ուղիղ ինձ էր նայում… Փորձեցի ժպտալ, բայց ինքը ժպտերեսներից չէր… Մանկան դեմագծերը ներդաշն չէին, պատկերցրեցի արդեն հասուն մարդ – չէ~, այդ դեմքից ոգեղենություն չէր կաթում… Philosopher-ը ականջիս շշնջաց` “Շաուրմաչի կդառնա՞…” Եվ նայում էի մանկանը ու մտածում` “Կամ շուրմաչի, կամ աստված – երկուսից մեկը…” Ընտրությունը մանկանն է - աստված դառնալու ճանապարհին նրա դիմագծերը ազնվություն ու գեղեցկություն կստանան… Լինել ԱՎԵԼԻ, քան կաս: Լինել ԱՎԵԼԻ…

Արևելքում և ամբողջ աշխարհում հայտնի մի Մեծ Ուսուցիչ կա – վերկրոնական համաշխարհային Ուսմունքի հեղինակ – Նրա Անունը հայտնի է… Ահա Այս Ուսուցիչը վերջերս ասել է` Իմ Ազատ Կամքով Որոշեցի տասնյակ անգամ գերազանցել Ինքս Ինձ, ըստ այդմ` մոռացե~ք Իմ Անունը`…, այսուհետ ինձ կկոչեք Տիրակալ ԱՎԵԼԻ, Владыка БОЛЕЕ…

Զարմանալի է, Աստվածներն անգամ որոշում են ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԻՐԵՆՑ, իսկ մարդը – իրենից գո~հ, կատարյա~լ` ման է գալիս այս վիրավոր մոլորակի վրա… Լինել ԱՎԵԼԻ, քան կաս: Լինել ԱՎԵԼԻ…


Լինել ԱՎԵԼԻ: Լինել ԱՎԵԼԻ: Լինել ԱՎԵԼԻ…

Բարի գիշեր:

Հեղինակ
21.10.2009, 23:15
Այսօրս` 21 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Այդ օրը կարող ես ունենալ ամենաբարձր զգացումները, կարող ես ծփալ սիրո և արևի մեջ, բայց գիշերը արթնանում է ենթագիտակցությունը և վեր է հանում իր մեջ պահված մութ շերտերը, անմխիթար սիմվոլները… Դրանք կարծես ասում են – որքա~ն բան կա մաքրելու, որքա~ն ճանապարհ կա կտրելու…

Երեկ սիրտս կանչում էր – լինել ԱՎԵԼԻ, ինքն իրեն ԳԵՐԱԶԱՆՑԵԼ…Բայց ենթագիտակցության ավգյան ախոռները… Այդպես էլ եղել է դարերի մեջ – անհատը ապրել է խեղճության, ագահության, աղքատության դերերը, էգոյի մյուս դերերը, առանց իրական ազատության ու առատության ազդակաների - և այս ապրած դերերը դարձել են էներգետիկ գրանցում, գրվել են ժառանգական նյութի` ԴՆԹ-ի նյութական և նուրբ–էներգետիկ պարույրներում և փոխանցվել են հաջորդ սերունդներին: Եվ երբ այսօր անհատը ուզում է լինել ԱՎԵԼԻ, լինել ՄԱՐԴ` ենթագիտակցությունը հիշեցնում է` պետք է մաքրվե~լ…

Եվ ահա` այս ժամանակներում, երբ երևում է Նոր Կյանքի տեսիլքը, երբ Ազատությունը լայնացնում է իր սահմանները, երբ Նոր Երկիրը ստեղծվում է ինքնածնության հրաշքով` պատմության ճանապարհներին կանգնած հոգնած ազգերը մտածում են`ի՞նչ անել… Կա միայն մի Ճշմարտություն – ԻՆՔՆ ԻՐԵՆ ԱԶԱՏԱԳՐՈՂ, ինքն իրեն նորոգող անհատը կարող է դառնալ մաքրման կենտրոն, ազատության կիզակետ և նորոգելով իր հոգին ու մարմինը, առողջացնելով իր էներգիան, բարձրացնելով իր վիբրացիաները… Անհատներից է սկսում ազգերի և մարդկության վերածնությունը:

Դե ինչ, ընթերցողս, գուցե քո սրտի արթնացումով ու ինքնապայծառուցումով պետք է սկսվի մեր հոգնած ազգի Նոր Կյանքը: Այս պայծառ ու աստղավառ կեսգիշերին քեզ հաղթանակ եմ մաղթում: Եվ, իհարկե, ինքս ինձ նույնպես հաղթանակ եմ մաղթում…

Բարի գիշեր:

Հեղինակ
22.10.2009, 23:03
Այսօրս` 22 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Տաք ու խաղաղ աշուն է… Սիրելուս հետ դանդաղ գնում էինք Վաղարշյանի մայթով, երեկոյան լույսերի մեջ: Ես նրան պատմում էի աշխարհում հայտնի մի զույգի` Լորեյն և Կիմ Մայքլսների կյանքի պատմությունը – հենց նոր էի կարդացել: Այս զույգը Մոլորակի էվոլյուցիայի և Գիտելիքի տարածման մեջ հսկա դեր ունի, բայց նրանց կյանքը ուղեկցվել է ծանր վայրիվերումներով, վերելք-անկումներով և ի վերջո, նրանք բաժանվել են… Մի տղամարդ ու կին, որ խոսում են աստվածների հետ, չեն կարողացել պահպանել իրենց միությունը և համագործակցությունը… Եվ պատճառն էլի մեկն է եղել – տղամարդը չի ընդունել, չի ձգտել կանացի ու տղամարդկային էներգիաների առողջ հավասարակշռության, իր մեջ կրել է կնոջ նկատմամբ գերակայության հազարամյակների հիվանդությունը…

Կինը հազարամյակներ առաջ խռովել է Տղամարդուց… Կինը ծածկել է իր հոգին, ծածկել է իր դեմքը, աչքերը: Տղամարդուն թվացել է, թե նա տեսնում է կնոջը, սիրում է նրան, բայց գերակայության զգացումը թունավորել է նույնիսկ Սերը… Տղամարդ-Կին լավագույն միություններն անգամ հաճախ քայքայվել են: Տղամարդու մեջ իր սեռի էներգիան խլացրել է կանացի էներգիայի տարրերը – ինտուիցիա, քնշություն, կարեկցանք… Կինը ևս վարակվել է տղամարդկային էներգիաներով և իրեն պաշտպանելու համար թաքցրել, խեղել է սեփական ինքնությունը…

Սիրելուս հետ հիշում էինք մեր անցած ճանապարհը: Եվ հիշում էինք` ես կատարել եմ տղամարդկային ցեղին հատուկ գրեթե բոլոր հանցանքները նրա նկատմամբ, նաև հասկանում – ծանր կատակլիզմների մեջ մենք փորձվում էինք, մաշվում էին մեր հոգու կեղևները, և տեսնում ու հասկանում էինք ԿՅԱՆՔԸ… Եվ ծանր այդ ճանապարհին մենք կայանում էինք – Առողջագետս` որպես ապաքինող, իսկ ես` որպես մանկավարժ… Եվ որքա~ն հաճախ է եղել, երբ ահա-ահա` մենք կորցնում ենք իրար… Բայց վերջին պահին, վերջին պահին մի ուժ պահել է մեր միությունը…

Երեկոյան լույսերի մեջ Սիրելուս կիսադեմը առաջվա նման գեղեցիկ է: Տեսնում եմ նաև ճակատին իջած տարիների հոգնությունը: Նա թեք նայում է ինձ - այն վաղ տարիների, այն վառ տարիների գեղեցկությունն է…

Կինը այս մոլորակի վրա վերադառնում է իր գահին: Իմ Սիրելի, ես ճանաչում եմ եմ Քո Էներգիայի գեղեցկությունը…

Բարի գիշեր:

Հեղինակ
23.10.2009, 23:31
Այսօրս` 23 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Երկու միտք – Կյանքի երկու ասպեկտ այսօր իմ հետ էին, և չէի կարող բաժանվել նրանցից: Առողջագետիս հետ հենց նոր հիշում էինք դրանց հետ կապված մեր զգացումները, պատկերները…

Տարիներ ի վեր մի սիմվոլ միշտ տեսել ենք – երազների մեջ, և վերապրել, հասկացել նրա իմաստը ֆիզիկական իրականության մեջ: ԱՎԵԼ-ի սիմվոլը: ԱՎԵԼ, որով ավլում են, մաքրում են տունը: Առողջագետը մի քանի անգամ տեսել է նույն պատկերը – որ ինքը հավաքարար է և մաքրում է մի հիմնարկի բակը, ներքին տարածքը: Ես վերջերս, ընդամենը մեկ անգամ տեսա այդ պատկերը, բայց ձեռքիս… ՑԱԽԱՎԵԼ էր: Գիտեք ցախավելը – սա սարքում են բավականին կոշտ բույսի, մացառի ճյուղերից և օգտագործում են բակերը, գոմերը ավլելու համար:

Մաքրել ԿՅԱՆՔԸ - իհարկե, նախ սեփական կյանքը` թյուր պատկերացումներից, կեղծ արժեքներից, կեղծ արվեստից, ապա` ուղղել սնունդը, ապրելակերպի մյուս տարրերը… Առողջագետի մշակած բժշկական համակարգը հիմնված է ՄԱՔՐՄԱՆ վրա – նա վերցնում է Բնության տված հրաշալի ավելները և մաքրում է հիվանդի օրգանիզմը: Մաքրված մարմնի մեջ արթնանում են ինքնաապաքինման էներգիաներ և միակ իրական Ապաքինողը` Բնությունը, անում է իր գործը: Մաքրել, հավաքել, ավլել…

Մի կայքում հանդիպել էի մի կյանքի պատմության, որ հատուկ է այս Նոր Ժամանակներին – մի կին, որ կյանքի առօրյականության ճահիճից կարողացել էր ելնել, ճանաչել ինքն իրեն, սիրել ԻՐ ԿՅԱՆՔԸ, օգնել ինքն իրեն, ապա և ուրիշներին: Այդ ընթացքում նա ճանաչել էր նաև սեփական էներգիաները… Եվ մի պատմություն է անում այս Լարիսան – նա էքստրասենսիվ ձևով լսել էր Բարձր Էներգետիկ Աղբյուրից, թե` եթե մետրոյում կամ այլուր կհանդիպես որևէ հավաքարարուհու, ապա մոտեցիր նրան և ասա` Դու աստվածուհի ես… Հաջորդ օրը մեր հերոսուհին մոտեցել էր մետրոյի մի հավաքարարուհու և ասել էր. “Դու աստվածուհի ես…” Խեղճ կինը շատ շփոթվել էր և դառնացած ասել` այդ ե՞ս եմ աստվածուհին: Բայց էքստրասենսը տեսել էր, թե ինչպես մի հրեղեն սյուն հավաքարարուհու գլխից զարկել էր դեպի երկինք: Որովհետև հավաքարարուհին իրականում ԱՍՏՎԱԾՈՒՀԻ Է…

Ողջույն աշխարհի բոլոր հայտնի և անհայտ հավաքարարներին: Նրանց, ովքեր ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ:

Բարի գիշեր:

Հ.Գ. Ընթերցողս, թող երկրորդ անդրադարձս մնա վաղը, լա՞վ…

Հեղինակ
24.10.2009, 23:15
Այսօրս` 24 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Եվ այսպես, ընթերցողս, շարունակում եմ երեկվա գրությունս…
Գիտե՞ք երկու մարդու, որոնք անսահմանորեն ատում են իրար… Երևի մտածեք` ինչն է շա~տ` իրար ատող մարդիկ, և, ցավոք, դա կլինի դառը ճշմարտություն… Դիմում եմ կոնկրետ ընթերցողիս և գրեթե կրկնում նույն հարցը` կա՞ մեկը այս երկրում, որին ատում ես – ամբողջ սրտով, և ցանկանում ես կործանում – որ նա չտեսնի արևի երեսը… Եթե գոնե մի ընթերցողիս կյանքում կա այդպիսի մարդ (կամ մարդիկ), ապա շարունակեմ…

Եվ պատկերացնենք այն մարդուն և նրա կյանքը, որին այդպես վառ, այդպես վերջնական ատում ես դու… Եղել է մի օր, երբ այդ մարդը դեռ չի եղել… Եղել է մի օր, երբ մի տղամարդ իր գրկի մեջ է առել մի կնոջ, այդ ակնթարթին պտղավորվել է մեր ապագա անտի-հերոսը - և ի~նչ` աստղալի երկինքը, աստղերը և մոլորակները պտղի վրա դաջել են իրենց անկրկնելի կնիքը, և ծնվել է այս Տիեզերքի անկրկնելի մի անհատականությունը: Նա ծնվել է, մայրական կաթը նրա արյան մեջ ոթել է սերունդների Սերը, Կենսափորձը, Ազատության ձգտումը: Մայրը գրկել է նրա կաթնաբույր մարմինը, հայրը բռնել է ձեռքից և խրախուսել առաջին քայլերը: Չէ~, մեր անտի-հերոսը Սիրո Ծնունդ է…

Գնացե~ք և ուսումնասիրե~ք նրա էներգետիկ կառույցը – նրա մեջ բաբախում է Տիեզերքի նախասկզբնական էներգիան, նրա ԴՆԹ-ն, բջիջները, սիրտը շնչում են այդ էներգիայով… Արարչական էներգիան նրա դեմքին ժպիտ է դառնում, գորովանքի արցունք` աչքերի մեջ, սիրո բառեր` շուրթերի վրա: Նա ճամփորդում է, նա Փորձ է հավաքում, նա սիրում է… Չէ~, մեր անտի-հերոսը Սիրո Ծնունդ է, այդ ո՞ր անգետն է ատում Տիեզերական այս ճանապարհորդին: Նույնիսկ այս մոլորակի վրա ապրող էներգետիկ վամպիրները, նույնիսկ Կալիգուլան ու Հիտլերը կրել են արարչական կայծը և չեն կորցրել սիրելու և սիրվելու իրավունքը: Նույնիսկ տարրական մասնիկները անտարբեր չեն մարդու նկատմամբ և նրանց ուղին կարող է փոխվել հետազոտողի ազդեցությամբ – քվանտային մեխնիկայի հայտնի դրույթը… Չէ~, մեր անտի-հերոսը Սիրո Ծնունդ է – ուղղակի այս մարմնավորման ընթացքում նա ընտրել է անտի-հերոսի դերը - ուսումնասիրության համար:

Ուրեմն, կյանքում բացարձակ է ՍԻՐՈ ասպեկտը… ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ասպեկտը ապագա չունի, այն պատրանք է… Չէ~, իհարկե, վամպիրի ու բռնակալի դեմ արգելանք դնե~լ, սահման գծե~լ, եթե նախահարձակ է – ատամները փշրել… Բայց միևնույնն է` ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ասպեկտը ապագա չունի: Նրանով ոչինչ հնարավոր չէ փոխել: ՍԻՐՈՎ հնարավոր է ամեն ինչ…

Կեցցե~ կյանքի ՍԻՐՈ ասպեկտը… Կորչի~ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ անպտուղ ասպեկտը…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.10.2009, 00:26
Այսօրս` 25 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Վարդանանց փողոցը գիտեք – կեսօր էր, Կինոյի տան մայթով մի քանի անգամ գնացի-եկա, Առողջագետիս էի սպասում, մի գործով այդ կողմերում էինք… Այս փողոցը Երևանի սրտի մեջ է, նրա մանրուքների մեջ մայրաքաղաքիս դեմքն էի փնտրում: Արև էր, տաք էր… Այն զգացումն էր մեջս, որ ունենում է մարդ, երբ իր տանն է…

Զանգվածեղ, փայտե դռներով, հսկա լուսամուտներով մի հաստատությունն էր, պատին գրված էր. “Տրվում է վարձով”: Դռան մոտից, մայթի սալահատակի միջից` վեր էր ելնում խաղողի մի որթ – ես որթ ասեմ` դուք ծառ հասկացեք. ելնում ու հասնում ուղիղ 4-րդ հարկ… Խաղողի այս ծառի բնի շուրջը սալահատակ արողը մի միլիմետր անգամ հող չէր թողել` գոնե մի քանի կում ջուր տալու համար – ծառը որտեղի՞ց է ջուր խմում… Խաղողի տերևները արդեն պատրաստվում էին պոկվել և մի օր թռչել քամու հետ… Աշնան Երևանը…

Մի հաստատության լուսամուտին շքեղորեն գրված էր անունը` “Սուսոյի մոտ” – կարծես կարի արհեստանոց էր… Լայն լուսամուտից հընթացս ներս նայեցի – Սուսոն չէր երևում, միայն մի այցելու աթոռին նստած` սպասում էր: Խաղաղություն էր…

Առողջագետի հետ հանդիպեցինք մեր մի լավ բարեկամի – նրանցից է, ով Գիտելիքը ստանում է ոչ գրքերից: Նորից այսօր կանգնած էր հարցը – ինչպե՞ս խնամել, առողջացնել Կյանքը… 20-րդ դարում մարդը խելքին զոռ տվեց, ճիշտ է` շատ էլ հաջողություններ ունեցավ, ճիշտ է` աշխարհի մի մասում առատություն էլ ստեղծեց: Բայց ի վերջո հասավ մարդուն գիտելիքի տալու և նրա գիտելիքը ստուգելու թեսթային համակարգին - և իր պատկերացման մեջ մաս-մաս արեց այն զարմանալի Գաղտնիքը, որ Կյանք է կոչվում… Մինչդեռ մարդուն Մարդ դարձնողը, ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ որոշողը նրա սիրտն է – սիրո և զգացումների դաշտը: Կյանքը սրտով ստեղծել, Աշխարհը սրտով կառուցել – թող Խելքն էլ օգնի Սրտին…

Առաջ գնալ, ելնել, բարձրանալ – Սրտի բացած ճանապարհներով:

Բարի գիշեր:

Հեղինակ
26.10.2009, 23:45
Այսօրս` 26 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Առողջագետի հետ ատամնաբուժական կլինիկայում էինք – կարիք ունեինք: Մի դռան մոտ տեսանք անցնող մի սերունդ… Մեր ծերերը… Կյանքի ծերունազարդ ասպետներին տեսանք – դողդոջ ու հոգնած: Զարմանալի մարդաբանական էջ էր մեր առջև…

Բուժքույրը ձայն է տալիս` “Չապաևն ու~ր է, Չապաևը…” Էս Չապաևը առաջ եկավ – բարձրահասակ, մի քիչ կորացած, սպիտակ մազերը երկար էին - ծերունին արվեստագետ չէր, մազերն ինչու՞ էր երկար թողել: Մտավ ներս, քիչ անց դուրս եկավ` ինչ-որ թղթեր ձեռքին: Որտե՞ղ է հիմա մեր Չապաևի ձին, թոռները գիտե՞ն իր անվան առասպելական ծագումը, տեսնես անունը նրան տանու՞մ է ռուսական ցուրտ տափաստաններ, թե՞ հոգին պինդ կպած է մեր հայկական տաքուկ բազմոցին: Չապաևը գնաց… հանդիպելու իր սպիտակ ձիուն, որ նրան սպասում է, հաստա~տ սպասում է` Կյանք կոչվող գաղտնիքի մի հանգրվանում…

Մենք արդեն բժիշկների աշխատասենյակում էինք, Առողջագետը զբաղված էր, ես պատին հենված` նայում էի իմ առջև բացված կյանքի էջին… Մի այլ ծերունի հագել էր արհեստական ատամնաշարերը, երիտասարդ բժիշկը ուզում էր ճշտել` ինչպես է ստացվել: Եվ ասաց. “Ժպտա~…”: Երևի այցելուն չհասկացավ, թե ինչ` բժիշկը նորից հորդորեց. “Հայրիկ, ուղղակի ժպտա~”, և որպեսզի հայրիկը հասկանա, թե ինչ է ասում` բժիշկը իր դեմքին մի լայն ժպիտ հանեց… Բայց իզու~ր, մի երկու փորձից հետո` բժիշկը դժգոհ նետեց` “Հանի~ր…”, և չէր կարող զարմանքը թաքցնել` “Ախր, ժպտալն ի՞նչ է, որ չի ժպտում…” Ծերունին իջավ բազկաթոռից, մեղավոր դեմքով – դիմագծերով շատ նման էր վերջին տարիների Կիրիլ Լավրովին, և մեղավոր ձայնով մրմնջաց. “Ախր չի~ ստացվում…” Կնճիռների բարակ առուների միջով թախիծ, թե ցավ էր հոսում…

Մարդը չի կարողանում ժպտալ: Ոչինչ ավելի դառը` դժվար է պատկերացնել: Քանի՞ տարի չի ժպտացել, եթե մոռացել է ժպտալը: Բայց բողոքի աղաղակ հանելն իզուր է… Քայլ պետք է անել: Այսօր և Այստեղ:
Եվ այնպես լինի, որ օրվա մեջ հարյուր անգամ լայն ժպտալ, կիսաժպիտը ամբողջ օրը դեմքին պահել, օրվա մեջ մի կես ժամ ծիծաղել… Այս Բարձր Վճիռը ընդունել… Ի՞նչն է խանգարում…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.10.2009, 00:13
Այսօրս` 27 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Երեկոյանում էր. պառկած հանգստանում էի, երբ կիսաքնի միջից լսեցի դաշնամուրի նվագը – վերևի հարկերից մեկում էր անհայտ երաժիշտը: Ամբողջ շենքի համար էր կարծես հնչում կատարումը – ներդաշն, կրքոտ, գրավիչ… Սրտիս մեջ մի տաքություն խաղաց – ներդաշնակ ու խաղաղ կյանքի իղձն ունեն բոլոր մարդկիկ…

Այնպես եղավ, որ վերջին ամիսներին բացել էի, ավելի ճիշտ` ժամանակին գտել էի Իմաստության և Սիրո մի քանի նոր Ակունքներ – Տիեզերքը միշտ խոսել է և շարունակում է խոսել մարդու հետ… Դժվար էր կտրվել – այն Լուրը, որ մեր Մոլորակը գնում է ինքնամաքրման` դեպի նոր վիբրացիոն մակարդակ – ուրախությամբ էր լցրել սիրտս… Մարդկությունը իր էության խորքում որոշել է, որ այսպես ապրելն արդեն անհնար է և գնում է ինքնամաքրման և ապաքինման – առաջիկա տարիներին սպասվում են արմատական հեղաբեկումներ կյանքի բոլոր ասպարեզներում: Եվ դրանց հիմքը – Մարդու գիտակցության փոփոխությունն է… Չերկարացնեմ – այսօր դժվարությամբ կտրվեցի այդ պայծառ աղբյուրներից և դարձա իմ ստեղծագործական աշխատանքին… Եվ բոլոր աղբյուրները ասում են` ամեն մարդ ԻՐ ՄԵՋ պետք է գտնի ամենապայծառ ակունքը…

Հիշեցինք – այսօր հայտնի ողբերգական իրադարձության 10-ամյակն էր… Մինչև այսօր էլ այդ ողբերգության պատճառները փնտրվում են այս կամ այն մարդու, այս կամ այն ուժի մեջ: Ե՞րբ է մեր ազգը թողնելու իր երկարաձիգ մանկության շրջանը – պատճառները ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՄԵՋ ԷԻՆ, մեր գիտակցության մեջ… գիտակցությունը, մեր սիրտը, մեր ապրելակերպը… Թե՞ մենք չենք ստեղծել մեր աննման Երրորդ հանրապետությունը… Թե՞ հայ գրագետներս – գրողներ, գիտաշխատողներ – հասած իշխանության` չսահմանեցինք ագահության ու իշխանազանցության ռեկորդներ… Այսօր մենք հետազոտելու և վերակերտելու մի ասպարեզ ունենք, որով կկանխենք նման օրերի կրկնությունը – մեր գիտակցությունը, մեր սիրտը, մեր ապրելակերպը…

Բարի գիշեր:

Հեղինակ
29.10.2009, 00:20
Այսօրս` 28 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Տաք ու պայծառ աշունը Երևանում շարունակվում է… Ամեն մարդ աշունից, կյանքից, աշխարհից առանձնացնում է իր ընկալածը, իր տեսածը - և նույն տարածքում կա հազար աշուն, հազար կյանք, հազար աշխարհ… Եվ բոլորը տարբեր իրարից: Զուգահեռ աշխարհների իրականությունն է սա - Առողջագետիս հետ այսօր ապրում էինք մեր տեսած Աշունը, աշունի մեր վարկածը …

Խաչմերուկի մայթին, գրեթե մարդկանց ոտքերի տակ, վառվում էին կարմիր խնձորները: Նրանց խեղճ տիրուհին – մազերը ամպի նման ճերմակ էին և պսակում էին մագաղաթե դեմքը, ձեռքերը չոր ու խորշոմած` պահել էին արդեն կշռված խնձորի տոպրակը… Շուրջը շարժում էր, կյանք, երիտասարդ մարդիկ սլանում էին կյանքի հետևից… Մայթի վրա վառվում էին կարմիր խնձորները – նրանք շտապում էին բաժանվել աղքատ ծերությունից և հեռանալ… Հեռանալ այնտեղ, որտեղ կյանքը թշվառ չէ, այլ շնչում է հարստությամբ ու առատությամբ… Երևի բյուրեղապակյա մի սկահակ էին երազում կարմիր խնձորները…

Աշնան ոսկե խաշամը ծածկել է Շիրվանզադեի դպրոցի առջևի փոքրիկ պուրակը: Հայ դասականի կիսանդրին` մի երկու փունջ քարե վարսեր քամուն տված` հայացքն ուղղել է դպրոցի մուտքին – ուզում է հասկանալ, թե այս նոր սերունդը այս ՔԱՈՍ-ից ո՞նց դուրս գալու և ինչպե՞ս է կռիվ տալու իր ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ… Այս վերջին օրերին մի ցանկություն մեջս խլրտում է` նորից կարդալ հայ դասական արձակը – տեսնե՞ս` նա կարո՞ղ է բանալի լինել մեր այսօրվա պատանու և աղջկա ինքնակայացման համար, տեսնես` ի՞նչ են գրում մեր գրականության դասագրքերը… Տեսնես հայ դպրոցում օդ կա՞, ջուր կա՞, կյանք կա՞ այս ժամին… Ուզեցա հարցնել քարե Շիրվանզադեին, բայց նա լուռ էր…

Մի նոր տարաշխարհիկ ծաղիկ է ի հայտ եկել – նման է բացվող կաղամբի, կենտրոնում մանուշակագույն ծաղկաթերթերն են, որոնք դեպի դուրս կանաչում են և … տերև են դառնում: Մի հատ գնեցինք, մեծ ծաղկամանը լցնում է այս մեկ ծաղիկը: Առողջագետս նայում է այս տարօրինակ գեղեցկությանը և … չի կշտանում:

Մեր երեկոյի մեջ անակնկալ կար – լինում է, չէ՞, երբ քո իրականության մեջ խուժում է այլ իրականություն, որի հետ իրականում խզել ես ժառանգական, տոհմական կապերդ: Այդ շփման ժամանակ առանձնապես սուր ես զգում, թե որքան անշարժ, որքան գաղջ է մեր այսօրվա տոհմերի կյանքը: Մի պահ մեղքի ինչ որ զգացում տիրեց ինձ – բայց չկա այլ ճանապարհ, քան ստեղծել առողջ, ստեղծագործ, հարուստ կյանքի զուգահեռ իրականությունը և խնամել, փայփայել այն…

Բարի գիշեր:

Հեղինակ
30.10.2009, 00:08
Այսօրս` 29 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, այսօրս եղել է խաղաղ ու աշխատանքային… Աշխատում էի “Աստղային մանուկ” ձեռնարկի վրա – սա առողջ կյանքի մի ընթերցարան է միջին դպրոցական տարիքի երեխաների համար: Եվ մտածեցի – մի զրույց այդ ձեռնարկից թող լինի այսօրվա իմ նյութը… Եվ այսպես.





ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՎԱՐԴԸ

Կա մի շատ հին պատմություն, որ Իմաստուն ծերունուց եմ լսել, ես էլ ձեզ կպատմեմ:
Գեղեցիկ ու լայն դաշտավայրում մի վարդի թուփ էր ապրում, և ամեն գարնան նրա վրա մի շքեղ վարդ էր բացվում: Ցերեկը արևն էր նրան փարում, գիշերը ցողն էր նրա թերթերին նստում, մի օր էլ փոթորիկ էր փչում, անձրևն ու կարկուտը զարկում: Երբ օրը խաղաղ էր լինում, վարդը ուրախ ու անհոգ բուրում էր, իսկ փոթորիկի ժամանակ ճկվում էր նրա նուրբ ցողունը, թերթերը դողում էին, վարդը ցավ ու ահ էր զգում: Վարդը ոչինչ, ոչինչ չէր մոռանում. նա հիշում էր իր կյանքի բոլոր օրերը, բոլոր հանդիպումները մեղուների, բզեզների և իհարկե` մարդկանց հետ: Մի օր էլ գալիս էր թառամելու ժամանակը: Վարդը տխրում էր, որ թառամելու է և այլևս չի տեսնելու գեղեցիկ դաշտավայրը, երկինքն ու արևը… Բայց թառամելու պահին նրան մի հմայիչ ձայն շշնջում էր…

Մի~ վախեցիր, մի~ վախեցիր,
Օ~, քնքուշ վարդ, գիրկս դարձի~ր:

Վարդը լսում էր այդ ձայնը, որ նրան կանչում էր… Եվ ո~վ զարմանք, թառամած վարդից ինքը պոկվում էր - մի անտեսանելի, նրբին վարդ, պտտվում էր թառամածի շուրջը և քիչ անց սլանում էր դեպի վեր, դեպի լուսավոր աշխարհներ: Ու իր հետ տանում էր բոլոր հիշողությունները, արևի սերը և փոթորկի հարվածները, տանում էր այն ամենը, ինչով ապրել էր, ուրախացել ու տխրել էր գարնան ընթացքում:
Պտտվում էր տարին, նորից գալիս էր գարունը, և վարդի թուփը նորից բողբոջում էր: Անտեսանելի վարդը թռչում էր դեպի թուփը, ինչ որ թախիծ սկսում էր ճնշել նրան, և նա զգում էր, որ թփի բողբոջը կանչում էր իրեն:
Եվ վախենում էր Անտեսանելի վարդը: Հիշում էր անցյալ տարվա փոթորիկն ու կարկուտը, նա չէր ուզում թողնել իր լուսավոր աշխարհները: Բայց այդ պահին նույն մեղմ ձայնը, այս անգամ արդեն դաշտավայրից կանչում էր նրան.

Մի~ վախեցիր, մի~ վախեցիր,
Օ~, քնքուշ վարդ, վերադարձի~ր:

Լսում է այդ ձայնը Անտեսանելի վարդը, կարոտից դողում են նրա անտեսանելի թերթերը և նա նորից որոշում էր վերադառնալ գեղեցիկ դաշտավայր, մոտենալ վարդի թփին, գրկել նորաբաց բողբոջը և նրանից մի նոր ու քնքուշ վարդ ստեղծել:
Եվ այդպես շատ տարիներ Անտեսանելի վարդը շարունակում էր իր կյանքը և ամեն գարնան գալիս էր դաշտավայր, որ օգնի վարդի թփին` մի նոր ու ավելի գեղեցիկ վարդ ստեղծելու: Եվ ամեն անգամ նա լսում է նույն մեղմ ու հրաշալի ձայնը, որ կանչում է նրան ու բոլոր անտեսանելի վարդերին.

Մի~վախեցիր, մի~վախեցիր,
Օ~, քնքնուշ վարդ, վերադարձի~ր:

Բարի գիշեր:

Հեղինակ
31.10.2009, 01:03
Այսօրս` 30 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Մի բառակապակցություն կա, մի անուն, մի գաղափար – նա տենդ է, ցավ է, երազ է, դրախտ է… Նա լեզու է, քար է, խաչքար է, բարբառ է… Արևմտյան Հայաստա~ն – մեր կորուսյալ բնօրրանի մասին է խոսքս:

Այնպես եղավ, որ այս վերջին շաբաթների ընթացքում այս սիմվոլը երկու անգամ հնչեց ԶԼՄ-ներում – իմ համար` երկու անգամ… Միայն այդ հաղորդումների իմաստը բերեմ այստեղ – առանց մանրամասնելու…
Regnum գործակալության ռուս մեկնաբանը գրեց. “…հայկական սփյուռքը շուտով ձեռնարկելու է “Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության” ձևավորմանը, որի հետ և նա կապում է հայկական պետականության պատմական կենտրոնը: Հետևաբար, խոսքը գնում է Մերձավոր Արևելքում հայերի ինտեգրման լուրջ գործընթացի մասին, այնպիսի վիճակի վերաստեղծման մասին, որի ժամանակ ներկա Հայաստանի տարածքը կարող է դիտարկվել որպես “ռուսական նախագիծ”, որի ռեսուրսը պատմականորեն սպառված է”: Չեմ մեկնաբանում – բայց մի բան պարզ է` Հայ Սփյուռքը կարող է հայտարարել, որ ինքը Եղեռնի հետևանքով առաջացած իրավական իրականություն է և … Երրորդ Հանրապետության ուսերից վերցնել մի բեռ, որ թյուրըմբռնորեն նրան վստահել էր…

Գամ երկրորդ էպիզոդին: Բայց մինչև այդ` մի դիտարկում … Մենք տանը հաճախ ենք կատակում – եթե մեր ներկա Հանրապետությունը երբևէ լինի Արևմտյան Հայաստանի հողերի տնօրինողը, ապա մեր օլգարխները կառնեն Ախթամարը և Ս. Խաչ համալիրին կից կկառուցեն մի շքեղ կազինո… Եվ ահա` այսօր ինչ-որ բան հնչել է մի պատգամավորի շուրթերից, թե` մեր հայտնի օլիգարխը սահմանը բացվելու դեպքում հողեր կառնի Արևմտյան Հայաստանում, և եթե նրան մնա` ինքը ամբողջ Արևմտյան Հայաստանը կառնի…

Խնդա՞լ, թե՞ լալ: Մեր նորաթուխ ու հմայիչ պատգամավորուհու աչքին մեր պատմականորեն նորաթուխ օլիգարխը կարող է իր մեկ միլիարդ կապիտալով առնե~լ Արևմտյան Հայաստանը - հազարամյա կայսրության ձեռքից, որի միայն պետական բյուջեն 70-80 միլիարդ է: Չէ~, մեր աննման Երրորդ հանրապետության և նրա վերնախավի էթիկան չի բավարարի կորուսյալ Հայրենիքի իրավահաջորդը լինելու… Արևմտյան Հայաստանի իրավահաջորդը կա - նա մեր Ոգին է, մեր Մշակույթը, մեր էթնիկ ժառանգականությունը: Մի աներևակայելի ցնցում, մի ոգեկան արթնացում, մի աստեղային ժամ սպասում է մեզ – եթե միայն հասնենք նրան…

Արևմտյան Հայաստա~ն - տենդ է, ցավ է, երազ է, դրախտ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
31.10.2009, 23:46
Այսօրս` 31 հոկտեմբերի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, մեկ-մեկ ծուլությունս բռնում է… Այսօր մեր Philosopher-ի հետ Երևանի կենտրոնը ոտքով չափեցինք – նա շատ է սիրում, երբ իր ընտրությամբ հագուստ-կապուստ ենք առնում: Խանութներում հագնում էի տարաշխարհիկ հագուստներ ու կոշիկներ, Philosopher-ը զգոն էր` չլինի թե հարմար բանը չփորձենք… Երկու լավ բան առանք, մնացածներից մի կերպ գլուխս ազատեցի… Մի խոսքով, մի քիչ հոգնած եմ: Եվ որոշեցի “Աստղային մանուկ” ձեռնարկից մի զրույց տեղադրեմ – այն գրված է նախ մեծերի համար… Եվ այսպես`



ՍԻՐՏՆ ՈՒ ՈՒՂԵՂԸ


Ասում են` կար ժամանակ, շատ ու շատ հազարամյակներ առաջ, երբ մարդու Սիրտն ու Ուղեղը շատ սիրում էին իրար: Սիրտը թագավորն էր, մարդու կյանքի տերն էր, իսկ Ուղեղը նրա առաջին նախարարն էր, նրա առաջին ծառան: Թագավոր Սիրտը իր մեջ շատ սեր ուներ, նա սիրում էր մարդկանց, Երկիրը, Արևը… Ու Սիրտը միշտ սիրով էր անում ամեն ինչ ու երբեք չէր սխալվում: Ուղեղն էլ` որպես հավատարիմ ծառա, կատարում էր Սրտի հրամանները, բայց ինքն էլ աշխարհի մասին գիտելիքներ էր հավաքում ու խելոքանում: Այսպես անցնում են հազարամյակներ, եկան ու անցան մարդկանց սերունդներ, մարդիկ շատ ու շատ բան իմացան երկրի, երկնքի և աստղերի մասին:

Մի օր էլ Ուղեղը գոռոզացավ, թե ինքը շատ-շատ բան գիտե. “Առանց ինձ Սիրտը ի՞նչ կարող է անել, արի կլինի` թագավորությունը Սրտից խլեմ ու թագավորեմ”: Այսպես Ուղեղը ապստամբեց իր տիրոջ` Սրտի դեմ ու սկսեց օգնականներ փնտրել: Շռայլ խոստումներ տվեց բոլորին. Աչքերին ասաց` ձեզ միշտ սիրուն ու փայլուն բաներ ցույց կտամ, Լեզվին` քեզ միշտ համեղ կերակուրներ կտամ, Մարմնին` քեզ շքեղ ու թանկագին շորեր կհագցնեմ: Ապստամբները ճնշեցին Սրտին, փակեցին նրան վանդակի մեջ, և այդ օրվանից մարդը սկսեց ապրել Ուղեղի թելադրանքով: Սերն ու կարեկցանքը քչացան, մարդիկ դադարեցին իրար օգնել, ընդհակառակը` սկսեցին կռիվներ անել, իրարից հաց ու ջուր խլել, իրար ատել… Իսկ Ուղեղը նորանոր խոստումներ էր տալիս:

Եվ սկսեցին կռվել – մարդը` մարդու հետ, գյուղը` գյուղի հետ, քաղաքը` քաղաքի, հետո էլ երկիրը` երկրի հետ: Սիրտն իր վանդակից ձայն էր տալիս, թե` մա~րդ եղեք, իրար սիրե~ք, բայց ո՞վ էր նրան լսում: Ապստամբ Ուղեղը մինչև հիմա էլ շարունակում է թագավորել մարդու և մարդկության վրա: Ի՞նչ է լինելու սրա վերջը:

Բարի գիշեր:

Հ.Գ. Ընթերցողս, վերջը լավ է լինելու – լուր կա` աշխարհում Սիրտը հաղթելու է և շուտով վերադառնալու է իր գահին:

Հեղինակ
01.11.2009, 23:15
Այսօրս` 1 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Մի քանի շաբաթ առաջ էր – Philosopher-ը խոսակցության մեջ մի ակումբցու (“Դար” ակումբ) ազգանուն տվեց – չեմ հիշում` ինչ առիթով… Այդ ազգանունը շատ սիրելի է մեզ, նրա կրող Լեզվաբանը եղել է մեր մեծ բարեկամը: Philosopher-ին խնդրեցի` առաջին իսկ հանդիպմանը ակումբցի օրիորդին հարցնել հոր անունը - մի քանի օր անց մի հավաքի նորից հանդիպել էր նրան, բայց չէր հարցրել… Միթե՞ նա Լեզվաբանի դուստրն է, թե երևակայության խաղ է… Եվ որոշեցի այսօր մի փոքրիկ էսսե ձոնել Լեզվաբանին, արթնացնել մի պայծառ հիշատակ` այս մեր խառնակ օրերի մեջ – իսկ մնացյալը թողնել իր ընթացքին… Եվ այսպես`



Ձոնում եմ Լեզվաբանի հիշատակին



Թե ինչպես էի ծանոթացել Լեզվաբանի հետ` չեմ հիշում – բայց լավ հիշում եմ այն օրը, երբ փոսի դպրոցի աստիճաններով Բարեկամությունից իջանք Այգեձոր փողոց, որ մեր տուն գնայինք: Տան մոտ հանդիպեցինք Առողջագետին, որ մեր առաջնեկին սահնակով զբոսանքի էր հանել… Ծանոթացրեցի, և խոսքի մեջ Լեզվաբանը ասաց` “տիկին Արուսյակ” – հետո պարզվեց, որ 26-ամյա սիրելիս այս “տիկին”-ից շոկի մեջ է ընկել. այդ տարիներին սրտաբանների մեր շրջապատում իրար ռուսավարի անուն–հայրանունով էին դիմում, Սրտաբանության ինստիտուտում միայն մի սանիտարկայի էինք “տիկին” ասում… Ահա, այսպես սկսվեց մեր բարեկամությունը Լեզվաբանի հետ: Մեր Քյավառի կողմերից էր – Կարմիր(Կուլալի) գյուղում էր տոհմը… Բոլոր երկրացիներիս “երկրացի” էի ասում – Լեզվաբանը նրանց մեջ պատվական դիրք ուներ…

Խորհրդային տարիներին եթե մետրո էին կառուցում` անկախ այն բանից, թե ո~ր հանրապետությունում էր` մետրոյի մուտքը զարդարում էին ռուսերեն М տառով: Լեզվաբանը երկարատև ու համառ պայքարի էր ելել – Երևանի մետրոն հայերեն Մ տառով պսակելու համար… Այն տարիներին դա Կոմկուսի կենտկոմի մակարդակով լուծվող հարց էր… Եվ հաջողեց – երբ անցնում էինք մետրոյի մոտով` հպարտությամբ նայում էր Մ տառին – այս մեկն իր զավակն էր:

Լեզվի առողջ օգտագործման նուրբ զգացում ուներ Լեզվաբանը: Խանութի վրա գրված էր լինում “Կոշկեղեն” – ասում էր` “Ախր “-եղեն” ածանցը կոշիկի կողքին չե~ն դնում, պետք գրել “Կոշիկ”… Կամ ռուսերեն Продукты թարգմանում էին “Մթերքներ” – Լեզվաբանը շտկում էր` պետք է գրել Մթերք… Հարցը հասցնում էր Տերմինաբանական կոմիտե, այլ գերատեսչություններ, և որոշ ժամանակ անց հասնում էր ուղղման: Մի անգամ ասաց. “ Ասում են` անասնագոմ, իսկ ի՞նչ է` մարդու գոմ է՞լ է լինում – պետք է ասել` գոմ… Հիմնել էր “Լեզվասեր” ակումբ, մեզ անդամ գրեց, շատ էինք հպարտանում…

Այդ տարիներին իմ պոեզիան էր ծնվում, Լեզվաբանը շատ էր սիրում “Երգ երրորդության” շարքը, կատակում էր` այ տղա, բա որ նոր երեխաներ ունեցար` պիտի նոր շարք գրե՞ս` Երգ չորրորդության, Երգ հինգերորդության (ինքը` Լեզվաբանը, երեք չքնաղ աղջնակ ուներ, գրեթե մերոնց տարիքի)… Գրական հասարակության կողմից շատ ընդունված ու սիրված էր: Եվ ասում էր` գրական աշխարհից ու՞մ “բերման ենթարկեմ”, որ պոեզիայիդ ծանոթանան… Այդպես Լեզվաբանը մեր տուն “բերման ենթարկեց” Սիլվա Կապուտիկյանին, հայտնի գրականագետներ Սուրեն Աղաբաբյանին, Սերգեյ Սարինյանին… Գրական սալոն էր դառնում մեր տունը - Լեզվաբանը սուսուփուս, հանգիստ նստում էր, միամիտ-խորամանկ ժպիտը երեսին և գրական մեծերին ու մեզ զրույցի հանում իրար հետ: Մանկորեն հպարտանում էր, որ ինձ ու Արուսյակին հայտնաբերել է ոչ գրական տարածքում և իր “հայտնագործության” մասին պատմում էր մեր լեզվական-գրական համայնքին… Աննախանձ սրտի հարստության տեր էր նա: Դեմքին` մեր քարոտ գավառի կոշտությունը կար, բայց իր կոչումի ու գործի մեջ – աննահանջորեն նուրբ ու ճշգրիտ էր:

Լուր առա, որ հիվանդ է, այցի գնացի տուն: Մի քանի օր հետո նորից գնացի, նա արդեն տանը չէր… Հեռացել էր հավերժություն…

Սիրելի ակումբցի, շատ երջանիկ կլինեմ, եթե պարզվի, որ Լեզվաբանի դուստրն եք – սուր և արդարամիտ բնությանդ շատ կպատշաճեր մի այդպիսի ազնվական ծագում… Եթե չէ` էլի շնորհակալ եմ, որ ազգանունդ առիթ տվեց հիշելու ու բարեբանելու մեր լեզվի անխոնջ մշակի պայծառ հիշատակը…

Բարի գիշեր:

Հեղինակ
02.11.2009, 22:44
Այսօրս` 2 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Կեսօր էր – Առողջագետի հետ շրջանցեցինք մեր բազմահարկ շենքի անկյունը և դուրս եկանք շենքի կողքը` այստեղ մեր տնտեսուհիները բուրդ են չորացնում, իսկ տաք օրերին նաև… չբխու~մ – ներողություն եմ խնդրում ձեր ականջներից` այս կենցաղային բառը օգտագործելու համար… Բայց այս անգամ տեսանք մի պատկեր, որն ինձ ցնցեց – այդպիսի դառը սիմվոլ հնարել անհնար է…

Տեսանք երեք մանուկ – 5-7 տարեկան, նրանք բռնեցին վերմակի երեսի անկյուններից` վրան բրդի բուրգ էր, ահա ուրեմն` բռնեցին անկյուններից, ուսերին առան և հանդիսավոր երթով շարժվեցին դեպի տուն… Բուրդը սև էր ու տխուր էր, մանուկներն էլ ուրախ չէին…

Բուրդը հայոց մեջ հոգսի ու նեղության սիմվոլ է… Քանի՞ հազար տարի նույն վերմակն է մեր վրա – հոգսի, աղքատության, անապահովության վերմակը: Եվ մենք սահու~ն, աննկա~տ, հոգատարորե~ն այդ վերմակը – նրա երեսով, բրդով, չբխելու փայտով, այժմ փոխանցում ենք մեր մանուկներին… Ես ասեմ վերմակ – դու, ընթերցողս, հասկացիր` ապրելու կերպ, մտածելու կերպ – փսորած հավատալիքներ, մամշած սովորույթներ, կասկածի սարդոստայններ, հոգու մթին գաղտնարաններ…

Մեր սրտի մեջ – մեր սրտերի սրտի մեջ մի խարույկ վառենք – այն Բոցով, որ Ոգին է տալիս… Հավաքենք – սիրով հավաքենք, ոչ ատելությամբ – մեր հազարամյա վերմակները, ապա հատ-հատ ուշադիր նայենք նրանց – սիրով նայենք, ոչ ատելությամբ, տեսնենք-ճանաչենք-շոշափենք-հոտ քաշենք – ա~խ, մեր հազարամյա վերմակներ… Մեկին նայելիս ժպտանք, մյուսի վրա խանդաղատանքի արցունք ոթենք, մի ուրիշին նայելիս` ցավից ու ստորացումից ոռնա~նք – այսպես բոլոր վերմակները հատ-հատ նայենք, եթե կուզեք` գիտականորեն ու ներզգայորեն նայենք - և ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐ վերմակները – սիրով և ոչ ատելությամբ – նետենք Ոգու խարույկի վրա… Որ վառվեն, որ կորչեն, որ հավետ հեռանան մեր կյանքից…

Եվ ՄԵՆՔ – ամեն մեկս` որպես մի միամիտ մանուկ, նայենք ինքներս մեզ – գեղեցիկ, անմեղ, իմաստուն մանուկներ լինենք… Եվ երբ գիշերը քնենք` աստղանկար երկինք պատկերող մետաքս առնենք` մեր լուսեղեն ու թեթև մարմիններին…

Բարի գիշեր:

Հեղինակ
03.11.2009, 22:39
Այսօրս` 3 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Երբ առավոտյան բացում ես աչքերդ` մտածում ես, որ արթնացել ես – տեսնում ես աշխարհը, մարդկանց, ինքդ քեզ… Եվ այդպես ապրում ես օրդ, վստահ լինելով, որ արթուն ես…

Բայց անցնում են տարիները, հետահայաց նայում ես անցած “արթուն” օրերիդ և հասկանում ես, որ այն ժամանակ… քնած ես եղել: Եվ, իհարկե, “հիմա” հաստա~տ արթուն ես… Այս պատրանքը հարատև է մեր մոլորակի վրա:

Որևէ մեկի քունը և արթնությունը չխաթարելու ու դատողության նյութ չդարձնելու համար` հիշեմ սեփական “քնի” մի քանի դրվագներ: Ժամանակակից մարդու համար երկարատև քնի լավագույն ասպարեզը քաղաքականությունն է – մի ժամանակ համարում էի, որ քաղաքական կարգը փոխելով, “ազգային” պետականություն ստեղծելով` հնարավոր է մարդկային կեցությունը ազնվացնել… Հետո պարզվեց, որ մարդու էվոլյուցիան գրեթե կապ չունի և առնվազն զուգահեռ չէ քաղաքական ձևերի էվոլյուցիայի հետ: Այդպես մի օր “արթնացա”, թոթափեցի քաղաքական շարժումների քաղցր բեռը և անցա ՄԱՐԴՈՒ ուսումնասիրության` որպես Տիեզերքի զավակ – Ոգու, Բանականության և Մարմնի միասնություն… Մտածեցի` հաստատ արթնացել եմ, և մյուսներին, շատերին քնած տեսա…

Բայց, ավա~ղ, ինձ դառը հիասթափություն էր սպասում: Այդ նոր ճանապարհին համարում էի, որ ես` “արթունս” պիտի ուսուցչություն անեմ “քնածներին” և նրանց հասցնեմ Կյանքի Օրենքները: Նույնիսկ չեմ ալարել և քաղաքական վերնախավի կրթության մի ծրագիր եմ մշակել և գրքով հրատարակել: Սակայն պարզվեց, որ աշխարհը փոխելու մի ձև կա միայն - փոփոխությունը սկսել քեզանից և սեփական էության զարգացումով ու կրթությամբ` աշխարհում ավելացնել լույսը… Առանց ինքնակերտման աշխատանքի` մնացյալը սին քարոզչություն է: Զգացի, որ էլի “քնած” եմ եղել, թեկուզ արթնության տարրեր եղել են…

Հիմա, թվում է, արթուն եմ: Մարդկության կյանքի քաոսի մեջ երևում են արարչական ստեղծագործության նուրբ զարդանախշերը: Սիրտս զարկում է – երբ ելնում եմ Կյանքին, նրանից բխող Լույսին ընդառաջ: Աշխարհում կա մի ուրի~շ խաղաղություն – մի՞թե հնարավոր է նրան հասնել: Բայց ներքին ձայնս ասում է` զգույ~շ, դու կարող ես նորից քնել… Եվ հիմա, կեսգիշերից առաջ, այս հնամյա երկրում, նրա ճագատագրային ուղիների խաչմերուկում կանգնած` ասում եմ – ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԵԼ…

Ուզում եմ արթուն լինել:

Բարի գիշեր:

Հեղինակ
04.11.2009, 23:43
Այսօրս` 4 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Մայրը և դուստրը – այս ֆենոմենի մեջ գաղտնիք կա, հավերժ կանացիության շարունակությունը կա… Միշտ նայում, զգում, ըմպում եմ այս ֆենոմենը - և սրտիս մեջ մեկ քաղցրություն է մնում, մեկ դառնություն… Մի քանի վայրկյանի մեջ երևակայությունդ մեծացնում է աղջկա տարիքը, և որքա~ն հաճախ տեսել եմ բնական մարդկային կրկնօրինակներ, որոնց բաժանում է ընդամենը մի քսան տարի… Բայց այսօրվա նյութս այս ֆենոմենի մի այլ նրբագիծ է բերում…

Մայրը 27-28 տարեկան էր, աղջիկը` 6-7… Մոր դեմքը սուր էր - բարակ քիթը համառորեն առաջ էր մղված, այտերը նիհար ու գունատ էին, սև աչքերը աշխարհին նայում էին մի նյարդային-չմահավան հայացքով, սև կիսաերկար մազերը ծածանվում էին աշնան ցուրտ քամուց… Ինչ էր եղել, չգիտեմ, բայց մայր ու աղջիկ կռվում էին… Մոր ձայնը բարձր էր, սուր – ինչ- որ պահանջ էր դնում, աղջնակը ի պատասխան երկու ձեռքի բարակ մատները ագուցել էր իրար, նյարդային լարումով ոլորում էր դրանք և հետն էլ բարակ ձայնով անհամաձայնություն հղում մորը: Չեմ չափազանցնում – լարված իրավիճակ էր. երկու սերունդ կռիվ թե պատերազմ էին մղում… Աշխարհի երկվությունը և բևեռացումը մտել է Մոր և Դստեր սրբազան տարածքը – էլ այս աշխարհում խաղաղություն կլինի՞… Չասե՞մ նորից` վերջ երկվությանը, վերջ բևեռացմանը…

“Մահաբհարատայի” ռուսերեն թարգմանության մեջ կնոջը բնութագրող ածականներ կան, որոնց հնչումը և պատկերները շատ գեղեցիկ են – лотосоокая, широкобедрая… Փորձեմ հայերեն թարգմանել` лотосоокая – լոտոսակն, կարելի է` լայնակն, широкобедрая… չէ~, էս մեկը լավ չի ստացվում… Ինչ առիթով հիշեցի այս ածականները – անցնում էի խաչմերուկը, դեռ հիշում էի կռվող մորն ու աղջկան, երբ դեմս դուրս եկան` լայնակն մի մայրիկ դստեր հետ… Շատ նման էին – ի~նչ խաղաղություն կար երկուսի դեմքին էլ, ի~նչ մեղմ կանացիություն, դեմքերի սպիտակ մաշկը թեթև շառագունած էր քամուց – այդպես վաղ արշալույսն է լինում լեռներում: Նայեցի Մորն ու Դստերը – չէ~, մեր մոլորակը աննման մոլորակ է, և կյանքը հրաշք է… Եվ ապաքինվելու է կյանքը…

Եվ որպեսզի մեր տղամարդկային կեսը անմասն չմնա այս լավատեսությունից` հիշեմ մի սքանչելի միտք: Կրայոնն ասում է` տղամարդը գետի ափերն է, կինը` ջուրը – կանացի էներգիան կարող է հոսել ու ստեղծագործել, եթե գրկված է հուսալի ու բարձր ափերով… Եվ թող այդպես լինի:

Բարի գիշեր:

Հեղինակ
05.11.2009, 22:57
Այսօրս` 5 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Մի շաբաթ կլինի - Tigris-ը ֆորումի “Արևմտահայ և սփյուռքահայ գրականություն” ենթաբաժնում տեղադրել էր Սիամանթոյի մի քերթվածքը… Չեմ ուզում ոչ խորագիրն ասել, ոչ էլ բովանդակությունից խոսել – այն մեր անհուն վերքի մի էջն է… Հարյուրամյա հեռվից մարդկության անկման ահեղ տեսարանը հասնում է մեզ: Ի՞նչ է մեզ բերում այդ բանաստեղծությունը – սիրտս ծառս է լինում մեր կործանումի այդ տեսարանի դեմ… Մենք պետք է ապրենք: Պետք է ստեղծենք Նոր Մարդկային և Հայկական Կյանք: Մենք Պետք է Ազատագրվենք Անցյալի Արյունալի Պատկերներից: Մենք Պետք է Լույս Ստեղծենք…

Բայց ինչպե՞ս: Սիրտս մեկ շաբաթ մտմտում էր, և ահա այսօր գրում եմ`


Բացել, կենդանացնել, վերականգնել
Չ’Կորուսյալ Հայրենիքի Լույսի Պորտալները

Չ’Կորուսյալ Հայրենիքը այժմ բռնազավթված է: Բայց չմոռանանք – Արարիչը հավասար սիրում է բոլորին, և, ավա~ղ, բռնազավթողին նույնպես: Բռնազավթողը Չ’Կորուսյալ Հայրենիքի տարածքների վրա հաստատում է իր էներգետիկան – խոսում է, երգում է, պարում է, երազում է, աղոթում է… Եվ Արարիչն անգամ – լսում է բռնազավթողի աղոքը - և նրան ուղարկում է կյանք ու ստեղծելու իրավունք: Այդ նույն ժամին – մեր Սրբատեղիները, Երկրի հողի մեջ թաքցրած մեր Տերաֆիմները` դռների բանալիներ, թանկագին քարեր, ձեռագիր մատյաններ – մաշվում են, կորցնում էներգիան, հեռանում մեզանից… Մեր Լույսի Պորտալները, որով մեր էթնոսը Երկրում ստանում էր Արարչի էներգիան և կապ պահպանում Նրա հետ` թուլանում են, և բռնազավթողը հաստատում է իր պորտալները և երկխոսության ելնում Արարչի հետ…

Մի քանի միլիոն` մեր ապրող հոգիները, մեր կոլեկտիվ-էթնիկ ենթագիտակցությունը աղաղակում են` այս կորստին դեմ հանդիման կանգնած: Սակայն աղաղակը մեզ չի օգնի - մեզ անհրաժեշտ է Նոր և Անվերպահ Սեր` ինքներս մեր հանդեպ, Նոր Գիտակցություն` Մեր ու Արարչի կնքած Պայմանագրի դրույթների վերհանումով և ճանաչողությամբ, և վերջապես անհրաժեշտ է` ճանաչել-գործել Էներգիայի Օրենքների համաձայն…

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ որպես – խորունկ խոկումով ու փնտրումով առանձնացնել Չ’Կորուսյալ Հայրենիքի խորհրդանիշներից` 7 Սրբազան Անուն – անհուն սիրով ու անհուն գորովանքով ընտրել…
7 Սրբազան Անունները ուղեկցել հին կամ նոր պատկերներով, որոնք կրում են Անունների Գեղեցկությունը և Էներգիան - և տարածել համաշխարհային կապի բոլոր միջոցներով:
Ապա 10 միլիոնանոց մեր էթնոսով, ամեն շաբաթ որոշակի ժամի, համատեղ խոկումով ու լուսեղեն հավատով հնչեցնել 7 Սրբազան Անունները…
Եվ այսպես Չ’Կորուսյալ Հայրենիքի տարածքում ստեղծել 7 Լույսի Պորտալներ - և ամենօրյա սրտագին ջանքով ու աշխատանքով ուժեղացնել Պորտալները: Վերականգնել Չ’Կորուսյալ Հայրենիքի կապը Արարչի և մեր Կոլեկտիվ Սրտի հետ…

Եվ չմոռանալ` Չ’Կորուսյալ Հայրենիքի ամենահզոր Պորտալը Մեր Կոլեկտիվ Սիրտն է – ամենօրյա ջանքով ու սիրով, մշակութային խնամքով հզորացնել այս Գլխավոր Պորտալը…


Բացել, կենդանացնել, վերականգնել Չ’Կորուսյալ Հայրենիքի Լույսի Պորտալները…

Հեղինակ
06.11.2009, 22:47
Այսօրս` 6 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:


Երեք Բառ – երեք Քաղաքակրթություն

Մի օր Լեզվաբանը հարցրեց. “Տաքանալ բառի ի՞նչ հոմանիշ կասես…” Հարցնում ու խորամանկ ժպտում է: “Ջերմանալ…” – ասում եմ: “Իսկ որ քուրսու մոտ նստում ես և ոտքերդ կախում ես թոնրի մեջ` ի՞նչ է լինում…” Հիշեցի մեր` Նոր-Բայազետի բարբառի մի հռչակավոր բառ ու բացականչեցի` գըրմըխու~մ ես… Գըրմըխել – “ը” տառերը գրում եմ, որ ճիշտ կարդացվի – այս բառի մեջ կա հայ գեղջկական կենցաղի ողջ փիլիսոփայությունը: Մի կորուսյալ կենցաղ – հայ-քուրսիական քաղաքակրթություն կոչենք այն` հեռացել և հավերժորեն կորչում է անցյալի մշուշոտ տարածքներում…

Առավոտյան Առողջագետի հետ շուկայում հատապտուղներ էինք առնում – չորացնում ենք, ձմեռը հոյակապ թեյեր կունենանք: Մի հագեցած-կարմիր գույնի հատապտուղ տեսանք, առաջին անգամ էինք տեսնում, ռուսերեն рябина են ասում… Տուն դարձանք, բառարանները նայեցի, հայերեն Արոսենի են ասում այս ծառ-թփին: Արոսենու պտուղը մեր պատշգամբին, արևի տակ վառվում էր… Հիմա գիշեր է արդեն, դուրս եկա պատշգամբ, կիսամութի մեջ պտուղները դեռ վառվում են… Առա ձեռքիս մեջ – կարմիր արեգակներ էին, ափերս տաքանում էին…
Մայր Երկիր` չքնաղ Աստվածուհի Գայա – լսել եմ, որ վեր ես գնում, մաքրվելու ես ու պայծառանալու ես, Երկրագունդը փոխվելու է – Նոր Կյանք, Նոր Քաղաքակրթություն է ստեղծվելու … Եվ շատ բան մեր Մոլորակի վրա ուրիշ կերպ է առնելու… Օ~, Աստվածուհի, լսի~ր թախանձանքս, պահպանի~ր Արոսենու պտուղը…

“Հատոր” բառը գիտեք – գրքի մասին ասում են` հատոր առաջին, նաև ասում են` սրտիս հատոր… Բայց այս բառի մի նոր ու զարմանալի կիրառում հայտնվեց, որ դեռ չի մտել հայոց լեզվի գործածություն – այսօր կմտնի: Մի 7-8 օր առաջ էր, ավելի ճշգրիտ` հոկտեմբերի 29-ին, ուղիղ չենելինգի ժամանակ Հեշուա բեն-Իոսիֆը` նույն ինքը` Հ.Ք.-ը, պատասխանել էր մի հարցի, որ վերաբերում է` ռուսերեն գրեմ – Цивилизации Хаторов. Նայեցի անգլերեն տարբերակը, և այսպես` hator – хатор – հատոր: Ուրեմն` Հատորների քաղաքակրթություն… Հատորները Սիրիուսից եկած, բարձր զարգացման հասած էակներ են, որոնք հազարամյակներ օգնել և այժմ էլ օգնում են մարդկությանը` նրա ոգեկան զարգացման մեջ: Նրանք ապրում են 7-րդ չափման մեջ և, բնական է, անհասանելի են երրորդ չափումում ապրող` սովորական մարդկանց զգայարաններին: Նրանք մարդկությանը հաղորդել են անգին գիտելիքներ, հատկապես` Ձայնի օգտագործման ասպարեզում: Հեշուայի չենելինգը ձոն է` ուղղված Հատորների քաղաքակրթությանը…

Ավարտեմ:
Հրաժեշտ տանք հայ-քուրսիական քաղաքակրթությանը.
Ողջու~յն Քեզ` Մայր Երկրի Աստվածուհի – չքնաղ Գայա, Քեզ հետ ստեղծե~նք Նոր Հայկական քաղաքակրթություն.
Ողջու~յն Հատորների քաղաքակրթությանը, ողջու~յն բազմածալ Տիեզերքի բոլոր բնակիչներին…

Բարի գիշեր:

Հ.Գ. Երկու խոսք չենելինգ, channeling կոչվող երևույթի մասին: Եթե կարծենք, որ ժողովուրդների աստվածները, սրբերը, ուսուցիչները և հերոսները ամպի նման ճախրում են երկնքում և այնտեղից միայն նայում են մեր փնտրումներին, ապա սխալված կլինենք: Նրանք գործում են, նաև ուղիղ Խոսքի միջոցով, որը տեղ է հասցվում ընտրյալ կանալների միջոցով: Մարդկանցից` ում ժամանակը գալիս է` հանդիպում է չենելինգային ծով գրականությանը… Ավելացնեմ, որ երևույթը չի առնչվում կրոնական դոգմաներին, այն զուտ բնագիտական, տիեզերական ֆենոմեն է և շփման մեջ է քվանտային ֆիզիկայի, դաշտերի տեսության տիրույթների հետ…

Հեղինակ
07.11.2009, 23:33
Այսօրս` 7 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Այսօր դեպրեսիվ օր էր – օրվա բոլոր վայրկյանները նման էին իրար… Սովորաբար, օրվա մեջ լինում են մի քանի ուժեղ ապրումներ, որոնցից մեկը կամ մի քանիսը դառնում են “Այսօրիս” առանցքը: Ապրումի այդպիսի բարձրակետեր այսօր չկային: Եվ որոշեցի` հանգստանում եմ…

Դու էլ հանգստացիր, ընթերցողս… Իմ հերթական գրության վրա մտածելու փոխարեն` լսիր սեփական սրտիդ ձայնը: Չկա այս Տիեզերքում և մեր Գալակտիկայում մի այնպիսի գաղտնիք, որին Սիրտդ հասու չէ… Ուղղակի մարդու Գիտակցության և Սրտի կապը թույլ է – այս մոլորակի գրեթե բոլոր մարդկանց մոտ: Լսել սեփական Սրտի զարկերը…

Բարի գիշեր:

Հեղինակ
08.11.2009, 22:46
Այսօրս` 8 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Ուշ աշնան տաք արևը փայլում էր Երևանի վրա: Կոմիտասի այն հատվածում էինք, որ խնամված ու գեղեցիկ է: Ծառերը դեռ չեն տերևաթափվել, իսկ աշնան ծաղիկները բոցավառվում են մաքուր մայթերի վրա: Սիրելիս հպվում էր թևիս, վայելում էինք մեր երկրի առավոտը…

Բայց մեր գիտակցության հեռավոր խորքում դողում էր այն միտքը, որ ներդաշնության արտաքին պատկերի տակ փոթորիկ կա. Կյանքը - իրերի և երևույթների ամենօրյա ծածկույթի տակ խլրտացող Կյանքը, ուզում է դեն նետել ծանր վերմակը: Ազատագրվե~լ, մաքրվե~լ, լինե~լ: Եվ մարդկանց մեջ ո~վ հարցնում է իր սրտին, թե հնարավո՞ր է ԱՅՍՊԵՍ ապրել, և ստանում է պատասխանը` ՉԷ~, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ~ - ահա, այս մեկը սպասում է, որ Կյանքը վերջապես կպատռի հիվանդ գոյության հազարամյա ծածկույթը և կազատագրի իրեն: Եվ բոլորիս… Եվ այդ մեկը գիտի նաև, որ Կյանքին օգնել է պետք: Ապրելո~վ միայն:

Կարո՞ղ է լինել Նոր Կյանք… Ուշ աշնան տաք արևը առավոտյան ասում էր – կլինի~ Նոր Կյանք: Նույնը կրկնում էին մայթերին վառվող հրեղեն ծաղիկները: Նույնն էին ասում մայթերին քայլող մարդիկ: Կյանքի բոլոր կրողները – հասարակ ու թանկ քարերը, աշխարհի բոլոր հպարտ ծառերը, բոլոր ծիծեռնակները, բոլոր գետերը, ծովերը, օվկիանոսները համատեղ որոշում են ընդունել – կլինի~ Նոր կանք: Բոլորը գիտեն այդ մասին: Եվ մարդուն էլ է լուր հասել - կլինի~ Նոր կյանք, բայց այս լուրը մարդու սրտից դեռ չի հասել արտաքին գիտակցությանը…

Օրն ավարտվում է – արվեստն էլ ասում է` կլինի~ Նոր Կյանք…
Աննման Ջինան` Վիտտորիո դե Սիկայի “Հաց, Սեր և Ֆանտազիա” սև-սպիտակ ֆիլմի հազարագույն ծիածանի միջից նույնն էր կանչում մեզ…

Այսպես ապրել այլևս հնարավոր չէ~…
Եվ լինելու է Նո~ր Կյանք…

Բարի գիշեր

Tigris
09.11.2009, 12:26
Այսօրս` 6 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:



Երեք Բառ – երեք Քաղաքակրթություն


Մի օր Լեզվաբանը հարցրեց. “Տաքանալ բառի ի՞նչ հոմանիշ կասես…” Հարցնում ու խորամանկ ժպտում է: “Ջերմանալ…” – ասում եմ: “Իսկ որ քուրսու մոտ նստում ես և ոտքերդ կախում ես թոնրի մեջ` ի՞նչ է լինում…” Հիշեցի մեր` Նոր-Բայազետի բարբառի մի հռչակավոր բառ ու բացականչեցի` գըրմըխու~մ ես… Գըրմըխել – “ը” տառերը գրում եմ, որ ճիշտ կարդացվի – այս բառի մեջ կա հայ գեղջկական կենցաղի ողջ փիլիսոփայությունը: Մի կորուսյալ կենցաղ – հայ-քուրսիական քաղաքակրթություն կոչենք այն` հեռացել և հավերժորեն կորչում է անցյալի մշուշոտ տարածքներում…



Քիչ առաջ մեր քուրդ սրճեփը ասաց՝ գարմըկանի ա («տաք է»):
Գըրմըխ-ը սրա մի տարբերակն է, իսկ ընդհանրապէս՝ հայերէն ջեր (http://sd-editions.com/AnaServer?lalt+5533334+default.anv)մ (հնդեւրոպ. նախալեզուի guer-): Ջերմուկ:

http://www.sd-editions.com/AnaServer?lalt+4621659+dictframe.anv

Հեղինակ
09.11.2009, 23:43
Այսօրս` 9 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Առավոտից մի գրություն այրում էր ձեռքս – մեր ժամանակակից կրթության և նրանից անվերապահորեն հրաժարելու մասին է այն… Բայց այնպես չէ, որ ֆորումում տեղադրեմ, քեզ հետ կարդանք, ընթերցողս – վախենում եմ գրության բոցից` հանկարծ չայրի քեզ, երևակայությունդ, աշխարհայացքդ… Եվ այդ խոսքը կոչ է անում`ապստամբել ներկա կրթության, այն պարտադրող սոցիումի քարացած համակարգերի դեմ: Ազատագրել երեխաների ներկա սերունդը… Այդ սերունդը արդեն որոշում է ընդունել – ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԶԱՐԳԱՆԱԼ…

Գիտե՞ք, չէ՞, կան երեխաներ, որ լավ չեն սովորում, միշտ նրանց մանկավարժները ամաչեցնում են` գերազանցիկների հետ համեմատելով, նրանք չեն սիրում տնային աշխատանքներ կատարել, չեն մերվում դասարանին ու նրա արժեքներին, նրանք երազկոտ նայում են լուսամուտից դուրս և երազում են ազատությու~ն, ազատությու~ն… Այդ երեխաները երջանիկ չեն դպրոցում, նրանք ուրի~շ կրթություն են ուզում, նրանք մոլորակ են եկել ուրի~շ նպատակով…

Մարդիկ երազում են – լինել ազատ, ապրել արժանապատիվ կյանքով, կյանքը լցնել գեղեցիկի ու արվեստի թրթիռներով: Բայց այս երազանքը անհնար է իրականացնել առանց Նոր Կրթության: Թող կոկորդ պատռեն սոցիումի դեմագոգները, թող իրենց պատկերացումների սահմաններում` հազար նախարար փոխեն, հազար “բարեփոխում” անեն – միևնույն է` Նոր Կյանքի առաջին ծիծեռնակը մեկն է լինելու` հրաժարվել ներկա կրթական համակարգից – նրա թեսթերից, գնահատման մոտեցումներից, հիշողության բռնադատումից…

Մանուկների ներկա սերունդը – ապստամբների սերունդ է լինելու… Նրանց մեջ շատ են ինդիգո-երեխաները – բացառիկ հոգեկան հատկանիշներով: Նրանք եկել են` չեզոքացնելու ներկա սոցիումի օրենքները, բոլոր սոցիալական համակարգերը, որոնք կաշկանդում են երեխաների և բոլոր մարդկանց ազատ կամքը… Սիրելի հայ հանրություն, հայ մանուկ սերնդի ապստամբությանը ԵՂԻ~Ր ՊԱՏՐԱՍՏ…

Հրաժարվե~լ ներկա կրթական համակարգից…
Կեցցե~ Նոր Կրթությունը – ազատ սերնդի կրթությունը…

Բարի գիշեր

Հեղինակ
10.11.2009, 23:17
Այսօրս` 10 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Հագեցած ու լարված օրն ավարտվում է, զգացումների հոսքերից ի՞նչը առանձնացնեմ ընթերցողի համար: Մի քիչ հոգնած եմ... Այնուհանդերձ, ժամանակ եղավ առանձնանալու… Առջևս հենց հիմա այն աղբյուրն է, որտեղ հանդիպեց զարմանալի կոշտ մի բառակապակցություն… Գրում եմ այս բառերը, նորից ինձ հասնում է հեղինակային իրավունքը անվերապահ հարգողիս ներքին ձայնը – ընթերցողիդ ասա~ աղբյուրը և դի~ր հղումը… Ներքին ձայնս մի կերպ հանգստացնում եմ, գնում եմ մի միջանկյալ խաղաղարար լուծման – նշում եմ` այս աղբյուրի հեղինակը А.М. – ն է - մի վսեմ Ոգի, որի խորությունը և լույսը աննկարագրելի են…

Եվ ահա` ինձ ցնցած բառակապակցությունը. “Հոտային հասարակություն”, աղբյուրում ռուսերեն` “Стадное общество”… Եվ այսպես, հոտային է կոչվում այն հանրությունը, “որտեղ մարդիկ նայում են կրոնական և պետական գործիչներին և սպասում են, թե ինչ կասեն նրանք իրենց – ինչ անել, ինչպես մտածել և ով լինել:” Այս հոտի անդամները ընկնում են իրենց նախնիների դրած թակարդների մեջ – ցեղային, քաղաքական, մշակութային և կրոնական: Միլիոնավոր, միլիոնավոր մարդիկ չունեն սեփական անկախ մտածելակերպ, խիստ կանոնները և դոգմաները նրանց պահում են ահի, մեղքի և իներցիայի մեջ…

Ահա այսպիսի ծանր ախտորոշում… Այս ախտորոշումը լրիվորեն համապատասխանում է մեր հայ հանրությանը: Մեր հայկական “հոտը” երբեմն նաև սիրելի է, մանավանդ` երբ զգայական ազնվության բարձունքին է: Բայց միևնույն է` հոտ է, որովհետև այն կազմող անհատները չեն անցնում անհատական ինքնակերտման ճանապարհը, չեն սնվում իրենց Ներքին Արևից, այլ սնվում ու ոգեշնչվում են միայն արտաքին աղբյուրներից: Դժվար է տանել այս ախտորոշումը: Դժվար է հավատալ, որ արդարության և ազնվության բոլոր արտաքին ալիքները միայն հոտ են ձևավորում և երբեք ՄԱՐԴ ՉԵՆ ԿԵՐՏՈՒՄ:

Գնալ ինքնաճանաչման: Ճանաչել հոտային վիճակը: Մտածել: Ինքն իր առջև ազնիվ լինել: Սիրել իրեն – քո սրտում Արև կա: Դու չես կարող ևս հազար տարի էլ հոտի անդամ լինել: Դու Մարդ ես: Դու Արև ես:

Բարի գիշեր:

Հեղինակ
11.11.2009, 23:15
Այսօրս` 11 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Նայում ես Մարդուն – լուսեղեն ճակատ, փայլող աչքեր, սիրո ու մտքի ճառագում - և այս ամենը նա ստանում է ժառանգական նյութի` գեների միջոցով: Գենն արարչակերտ է, ԴՆԹ-ի պարույրները ոչ միայն նյութական են, այլև էներգետիկ – նրա 12-շերտանի հյուսվածքի ճնշող մասը անհասանելի է ներկա գիտությանը և հետազոտական միջոցներին… Թերս միայն մարդկային ինտուիցիան և երևակայությունը կարող են պատկերացնել, որ գենի մեջ շողում են Սիրո պարույրը, Կարեկցանքի պարույրը, Քնքշության պարույրը… Եվ հազարամյակների մեջ Մարդու Սերը ծաղկում է, Կարեկցանքը հեղվում է, Քնքշությունը նրբանում է - և բոլոր ձեռքբերումները հարստացնում են պարույրները, բարդացնում ԴՆԹ-ի կառուցվածքը – ապա այս ամենը անցնում է հաջորդ սերնդին… Ոչ մի ձեռքբերում չի կորչում, արարչական պահոցները անկիզելի են… Գեների մեջ թրթռում է Մարդու Լեզուն, նրան ծնող Ազգի Արվեստը, բոլոր կյանքերում թրթռացած լեզուների քաղցրիկ շեշտերը…

Նայում ես Մարդուն – լուսեղեն ճակատը մթնել է, աչքերի մեջ չարության մարխեր են, սերը և միտքը բաբախում են ընդհատ-ընդհատ… Հազարամյակների մեջ, ինքնապաշտպանության և ինքնահաստատման ծանր խնդիրը լուծելով, իր անձի սահմանները գծելով, նյութական ու արարչական սկիզբների միջև պատառոտվելով, բևեռների արանքում տրորվելով – Մարդը իջել է գոյի հատակը, և բոլոր ձեռք բերած հատկանիշները մտել են գենի պարույրների մեջ… Այնտեղ են Ատելության պարույրը, Ագահության պարույրը, Դաժանության պարույրը… Ժամանակակից մարդու ԴՆԹ-ի բոլոր շերտերի մեջ թափանցել են այս հատկանիշները…

Երբ նայում ես արարչածին մարդու մթնած ճակատին` սիրտդ արյունվում է – նա կոչված է Հերոս լինելու, բոլոր մարդիկ կոչված են Հերոս լինելու – բայց Մարդկության ճակատը մթնել է… Սակայն մարդը չի հանձնվում: Նա ուզում է մաքրել իր սիրտը, և մաքրում է - և նրա ջանքը ի վերջո հասնում է ԴՆԹ-ին – սկսվում է գենի մաքրումը: Բայց Մարդուն խանգարում է սոցիումը – սոցիումի ավելները պրիմիտիվ են` վարչական, օրենսդրական, քարոզչական… Այդ ավելների մեջ Սեր չկա, Արվեստ չկա, Կարեկցանք չկա: Սոցիումի ավելները չեն հասնում գենին…

Վերականգնել արարչակերտ գենի մաքրությունը – Սիրո, Կարեկցանքի, Արվեստի, Հարուստ Կյանքի միջոցով: Մոլորակի վրա վառվում է մանուշակագույն մաքրող բոցը – Ատելության, Ագահության, Դաժանության պարույրները հալվում են, գոլորշիանում…

Բայց Գենիդ Մաքրման Համար Անհրաժեշտ են` Քո Մտադրությունը, Քո Համաձայնությունը, Քո Աշխատանքը…

Բարի գիշեր:

Հեղինակ
12.11.2009, 22:54
Այսօրս` 12 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Ծառի վրա մի տերև կա – նա շատ գեղեցիկ է… Մայր-Դիզայները գծել է մի գեղանի միջին գիծ, որից բաժանվում են դեպի եզրերը գնացող գծերը: Տերևի վրա կան քնքուշ, գրեթե աննկատ մազիկներ, որ նրան թավշե նրբություն են տալիս: Տերևի կանաչը հագեցած է և առատ, նա արևի պակաս չունի… Տերևը կատարյալ է: Գեղեցիկ է:

Եվ մի օր Տերևը որոշում է քամու հետ տատանվել ու … խշշալ: Բայց նա չի լսում իր ձայնը: Նա նայում է իր շուրջը տատանվող տերևներին – նրանք բոլորը կատարյալ են և տատանվում են քամուց… Տերևը փորձում է լսել նրանց: Տերևը նայում է Ծառի պսակը - բոլոր տերևները շատ գեղեցիկ են, Ծառի պսակը գեղեցիկ է: Տերևը սքանչանում է այդ գեղեցկությամբ, և սքանչացման մեջ` հանկարծ նրա լսողությունը բացվում է… Տերևը առաջին անգամ լսում է Ծառի խշշոցը:

Եվ այդպես գեղեցիկ Տերևը անում է իր առաջին հայտնագործությունը – թեկուզ ինքը կատարյալ է և անկրկնելի, բայց նա կարող է խշշալ միայն մյուս կատարյալ տերևների հետ… Միասին:

Տերևն իր հայտնագործության մասին պատմում է մի հայտնի փիլիսոփայի, նա էլ այս հայտնագործության հիման վրա մի աշխատություն է գրում` “Համայնքի Օրենքը”: Այս աշխատությունը անթերի է լինում, այն ընթերցում են մեր Գալակտիկայի բոլոր բնակեցված մոլորակների բնակիչները: Այն մտցնում են Գալակտիկական Խորհրդի Գրադարանի Ոսկե ֆոնդ, այն պարտադիր է դառնում բոլոր մոլորակների դպրոցների համար: Բայց աշխատությունը մի թերություն է ունենում` փիլիսոփան մոռացել էր գրել սկզնաղբյուրը, որ մեր Տերևի հայտնագործությունն էր…

Ընթերցողս, ես հնարավորություն ունեցա ուղղելու հայտի փիլիսոփայի բացթողումը և այսօր Գրադարանին ուղարկեցի Տերևի հայտնագործության անվանումը.
Կատարյալ Տերև. “Ծիրանի Ծառի խշշոցի մասին”: Հայաստան երկիր, Երկիր մոլորակ, Արեգակնային համակարգություն, 2009թ` երկրային ժամանակի:

Բարի գիշեր:

Հեղինակ
13.11.2009, 23:17
Այսօրս` 13 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Վարդը… Չգիտեմ, թե որտեղ եմ տեսել այդ Վարդը: Նա մշտապես ծաղկում է, նա մշտապես բաց է, նա ուղղված է դեպի Վեր, որտեղից գալիս է Լույսը… Վարդի համար չկա ամառ ու ձմեռ, չկա գիշեր ու ցերեկ – նա մշտապես ծաղկում է, նա անթառամ վարդ է: Վարդը ցերեկը ստանում է արևի լույսը, գիշերը` աստղերի լույսը – Վարդի աշխատանքը շա~տ գրավիչ է` երբեք չքնել ու Լույս ստանալ…

Այդ զարմանալի Վարդի կողքին միշտ տեսել եմ մի կին – նա խնամում է վարդը: Միգուցե նա է աճեցրել վարդը, կամ ստեղծել է… Նա Վարդի Մայրն է: Գիշեր ու ցերեկ Մայրը խնամք ու սեր է ճառագում: Վարդը ամեն ակնթարթ լի է վստահությամբ – Մայրը երբեք չի բաժանվում նրանից: Եվ Վարդը ծաղկում է անսահման ուրախության ու վստահության մեջ… Մայրը իր երկու ափի մեջ է առել Վարդը:

Եվ այնպես եղավ, որ այս մոլորակի բոլոր բնակիչները – մարդիկ, կենդանիները, բույսերը լսեցին զարմանալի Վարդի մասին – որ նա ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ բաց է… Եվ լույս է ստանում արևից ու աստղերից: Եվ այնպիսի~ գեղեցիկ Մայր ունի, որ աշխարհը չի տեսել: Եվ բոլորը եկան ու հարցրեցին Վարդին, թե ինչպե՞ս է եղել, որ նա միշտ բաց է… Եվ բոլորը ցանկացան Վարդի նման բաց լինել…

Կատարվեց զարմանալին – Երկիր մոլորակի բոլոր մարդիկ, բոլոր կենդանիները և բույսերը սկսեցին փոխվել ու նմանվել Վարդին: Ժամանակ անց Երկիր մոլորակը նույնպես նմանվեց Վարդի… Աստղային հեռուներից – Պլեյադներից, Սիրիուսից, Արկտուրից, Անդրոմեդից, Անտարեսից նայողները տեսան, որ Երկիրը նման է բաց վարդի, որ ուղղված է դեպի Տիեզերքը - և ծաղկում է` Մոր երկու ափերի մեջ պահած: Եվ աստղերը հասկացան – Երկիրը բացվել է Վարդի նման և պատրաստ է ստանալ իրենց լույսը… Եվ աստղային հեռուներից Լույսը հորդեց դեպի Երկիր…

Մարդիկ մի օր արթնացան և իրենց մոլորակը փոխված տեսան… Մարդիկ, կենդանիները, բույսերը փոխվել էին և լույս էին ճառագում: Եվ Վարդն էլ էր փոխվել, և Մայրը… Երկիր մոլորակի վրա սկսվեց Բաց Վարդի Դարաշրջանը, որին այնքա~ն դարեր սպասել էին մարդիկ…

Բարի գիշեր:

Հեղինակ
14.11.2009, 23:59
Այսօրս` 14 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Առողջագետիս հետ Երևանի կենտրոնում էինք – չափում էինք ուշ աշնան գունատ փողոցները… Դեպի գարուն ենք գնում – բայց ճանապարհը ձմռան միջով է անցնում: Բոլոր ճանապարհները դեպի գարուն են տանում… Ոչ դեպի Հռոմ, ինչպես կարծում էին հին աշխարհում, և ոչ դեպի մահ, ինչպես կարծում էին ավելի ուշ ժամանակներում… Դեպի Գարուն են տանում ճանապարհները…

Բայց Գարնան ճանապարհին որքա~ն Ձևեր են ստեղծվում, ապրում և անվերադարձ կորչում: Բնության ստեղծած Ձևերը… Այսօր մենք տեսնում ու ըմպում էինք Մարդկային Ձևերի երաժշտությունը:

Հյուսիսային պողոտայի և Աբովյանի խաչմերուկում անվաչմուշկներով պարում էր ալեհեր մարդը: Նա լսում էր իր երաժշտությունը, իր սիրտը - և ազատ պարում էր… Նա պարում էր Ազատության պարը: Պայմանականություններին ստրկացած մարդիկ նայում էին նրան և չէին հավատում, որ կա ազատության և ինքնապարի այդպիսի էներգիա: Նայում էին և ազատագրվում էին… Մարդկային Սքանչելի Ձևը պարում էր – նայել, ըմպել, հիշել այս Ձևի անկրկնելիությունը…

Ավտոբուսի մեջ ենք – դիմացներս` երկու աթոռների վրա Արարչական Ձևերի այնպիսի պանորամա էր, որ կարելի էր խենթանալ: Ինչպիսի~ հարստություն նրբակերտ դիմագծերի, ցորնագույնի նրբերանգների, ուրախության ու վշտի նրբագին անցումների… Ահա կինը թոռան հետ – դեմքը մտքի և զգացմունքի մեղմ կնիք ունի` այդպիսին էին ուշ խորհրդային մտավորականները, մաշկի հեռավոր-հողագույնը խոսում է հոգնածության և անառողջ կենցաղի մասին. տաք ու լիքը ձեռքերրը գրկել են գունատ թոռանը… Հայ Կնոջ Ձևը – որքան պաշտելի գծեր ունի այս Ձևը: Ահա տարեց կինը – լուսամուտի միջով նայում է դեպի անսահմանություն, դեմքին ժամանակի գծած բարակ կիրճերն են, ձեռքի փայտը հենել է հատակին – հիմա ուժ կտա, կելնի ու …կթռչի դեպի երկինք: Ձևը կլուծվի լույսերի մեջ – այս վայրկյանին ըմպենք նրա անկրկնելի գեղեցկությունը… Պանորաման փոխվում է, մեկը իջնում է և նրա տեղը նստում է – ո~վ լինի, որ լավ լինի – Հայաստանի եզիդների առաջնորդը… Աչքերը հոգսաշատ են, կարմրած – հաստատ կաթնամթերք շատ է սիրում, թղթապանակում մի հարյուր թուղթ կա` թափանցիկ է… Ձևի Ազգային նրբերանգնե~րը – տեղ չունեմ ավելի մանրամասնելու և ողջունում եմ Շամս աստծու կերտած այս քանդակը…

Արարչակերտ Մարդկային Ձևերը… Ամեն առավոտ այս անգին ստեղծագործությունները ելնում են իրենց տներից: Տեսնել, ըմպել, սքանչանալ… Եվս մի ակնթարթ, և այս Ձևերը հալվելու են մշուշի մեջ: Որսալ, պահել, սիրել, սքանչանալ…

Բարի գիշեր:

Հեղինակ
15.11.2009, 23:55
Այսօրս` 15 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Այս ամենն արդեն էպոս է արդեն, բանահյուսություն – ծնվել է Ստամբուլում, հայրը օսմանյան բանակի բժիշկ է եղել, 1920-ականներին ներգաղթել են Հայաստան: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, զորամիավորումն ընկել է շրջափակման մեջ, գերի է ընկել, 3 տարի ապրել է համակենտրոնացման ճամբարում և աշխատել է, ապա վերադարձել է տուն… Որպես նախկին գերի` ստալինյան ռեժիմի կողմից դատապարտվել է – 10 տարի սիբրիյան ճամբարներ: Վերադարձել է հիվանդ ու փշրված, հանդիպել է առողջ ապրելակերպի գծով առաջին աշխատությանը` անգլերեն, անցել է բնական սննդի – ուտել այն, ինչ տալիս է Մայր Բնությունը, ապա նաև յոգա, ֆիզիկական վարժանքներ: Մաքրվել ու առողջացել է: Ստեղծել է առողջ ապրելակերպի առաջին խմբակը Հայաստանում, եղել է հայ առաջին բնաբույժների ուսուցիչը… Հեռակա` նաև մեր ուսուցիչն է – նրա աշակերտներից մեկն է մեզ այս ուղին ցույց տվել…

Մի քանի ամիս հետո լրանում է 90 տարին: Մեզ դիմավորեց փողոցում – քայլում է արագ, փոքրամարմին է, նիհար, հայացքը սուր, միտքը սուր, ձայնը պինդ է ու լիքը կյանքի զգացողությամբ… Տանը կինն էր – խաղաղ ու առողջ մտքով, ապրում են երկուսով, մի քանի շենք այն կողմ` աղջկա ընտանիքն է, թոռնիկները…

Միայն պատկերացնել – 50-60 տարի Մարդը հավատարիմ է Բնության Օրենքին… Չի սիրում “հումակերություն” բառը – Բնության ստեղծածը “հում” կոչելն ի՞նչ իմաստ ունի… Արևը չի՞ կարող այնպես ստեղծել մարդու սնունդը, որ այն օգտագործվի` առանց լրացուցիչ մշակման: Առավոտյան 4-5 կիլոմետր վազում է, զարկերակը այդ ժամանակ չի անցնում 85-ից – չի հոգնում, կարող է վազքը շարունակել: Առողջությունը կատարյալ է:

Աչքերը փայլում են, երբ խոսում է ապագայի մասին – բնաբուժական կլինիկա պետք է հիմնել, Հայաստանում առողջ ապրելակերպի գործը առաջ տանել: Ցույց է տալիս նամակը` ուղղված “ռուսաց թագավորին”: Ասում եմ` կառավարությունները դեգրադացված են, առողջության հեղափոխությունը պատք է սկսել ներքևից – համաձայնում է: Պատմում եմ մեր ոդիսականը, մորմոքում է` “ափսո~ս, ինչու շուտ չենք հանդիպել…”: Միտքն ուղղված է ապագային, կրծքի տակ խաղում է անվերապահ հաջողության կրակը… 90-ամյա Հերոսը ամեն օր հաղթում է: Այս փոքրամարմին, փխրուն հսկան Մարդ է – նա սովորեցնում է Կյանքի Հիմնական Օրենքը – Լինելության Օրենքը:

Այս երկու տողը մեր ձոնն է` ուղղված աննկուն առողջագետ 90-ամյա Վահե Դանիելյանին: Նրա կյանքին, ապագային, ձգտումներին…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.11.2009, 23:00
Այսօրս` 16 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Այն օրերից էր, երբ որևէ գերակա զգացում չի տիրել սրտիս – ուրեմն, ընդունի~ր մի քանի դիտարկումների ծաղկաքաղը, ընթերցողս…

Նստեցինք տաքսի, արդեն սովորական դարձած շարժումով ձեռքս տարա` ամրագոտին գցեմ: Վարորդը, ի զարմանս մեզ, ասաց. “Պետք չի~, պետք չի~…” Զարմացա, հարցական նայեցի, պարզաբանեց. “Էս ավտոն չեն կանգնեցնում…” Հա՞ - քրթմնջացի` մի պահ շփոթված, բայց ակնթարթ անց հասկացա ակնարկի իմաստը և ասացի. “Եթե չեն կանգնեցնում, ուրեմն մենք երբեք երկիր չենք դառնալու…” Պատկերացնում ե՞ք, այդ տաքսին ու նրա վարորդը “իմունիտետ” ունեին Օրենքի դեմ – պատճառը ենթադրելի էր – դեմս “շողում” էր մի դրոշ` որոշակի պատկանելության… Տխուր էր:

Ի՞նչն է երկու մարդուն կապում իրար – եթե մեջտեղից հանենք սեռային ձգողությունը: Անկասկած, երկու հոգու վիբրացիաների մակարդակը – կյանքը, մեծ հաշվով, տատանումների դաշտ է, որտեղ թրթռում են մեր զգացումները, ինտելեկտը, աշխարհընկալումը: Եվ երկու մարդ իրար նման ու տարբեր են հենց վիբրացիոն մակարդակներով… Համաթրթիռ հոգիները ձգում են, ռեզոնանս տալիս, վեր են բարձրացնում իրար… Իսկ դիսոնանսը որևէ մեկին – բարձր հաճախականություն ունեցողին – աննկատ ու աստիճանաբար իջեցնում է: Մոլորակը սրընթաց գնում է դեպի բարձր հաճախականություններ – ողջու~յն անվախ ճախրողներին…

Մի մարդ կա – Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկի արևհայաց հատվածում ծախում է ինչ ասես – դդում, տնային ծաղիկներ, սրանց սածիլները, մի քանի կծու տաքդեղ է դրված, մի քանի փունջ` փոքր-հոտավետ մեխակներ, ինչ-որ սերմեր, մանր-կանաչ լոլիկ` պստլիկ մի բուրգ… Այս մարդը վաճառում է ՄԱՆՐՈՒՔ – շուկայական հայացքով եթե դիտենք: Մեկ-մեկ տեսականին ընդլայնվու~մ է – Սուպերմանրուքի~ տեր է դառնում մարդը:
Բայց երբեմն մեզ` մարդկանց, որքա~ն պետք է մանրուքը… Որքա~ն կարևոր է կյանքում մանրուքը…

Ընթերցողս, այսօր էլ տեղ չունեմ – մեծ նյութերս լավ չեն կարդացվում, որոշեցի` մի ուրիշ անգամ ձոն եմ գրելու Նորին Մեծություն Մանրուքին: Ուշադիր նայենք` կյանքի մեծագույն գաղտնիքները, որ ուզում ենք բացել` Մանրուքի մանրիկ թևերի տակ են…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.11.2009, 22:38
Այսօրս` 17 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:



Վերելք


Մարդը գնում էր մի հարթ, խաղաղ, լուսավոր տարածքով – նա վաստակել էր այդ հանգիստ տարածքը: Նա այն գտել էր երկար դեգերումներից հետո: Նրա ոտքերը դեռ ցավում էին և հիշեցնում անցած դժվարին ճանապարհի խութերի մասին: Եվ չէր պատկերացնում, որ երբևէ կուզենա թողնել այն զուտ մարդկային նիրվանան, որ գտել էր – լույս կա այստեղ, կյանք կա, էլ ի՞նչ կարող է ուզենալ մարդկային հոգին… Բայց մարդը չգիտեր, թե ի~նչ է պատրաստել ճակատագիրը…

Եվ մի օր առավոտ, երբ նա ելել էր իր նոր կյանքի հաճույքը վայելելու և քայլում էր արևոտ տարածության մեջ` նրա առջև անակնկալ ելավ մարմարե աստիճանների շարքը – որտեղի՞ց հայտնվեց, որտե՞ղ է ինքը` նա չէր կարող հասկանալ… Եվ մարմարյա հոյակերտ աստիճանները նրան կանչեցին` բարձրանա~լ: Մարդու հոգու խորքում, ինչ որ հեռավոր անկյունում նվում էր ափսոսանքը նոր գտած կյանքի, հանգստի ու բավականության համար, որ ուներ: Բայց ափսոսանքը տևեց ընդամենը մի ակնթարթ, աստիճանները կանչում էին…

Եվ մարդը ելավ մարմարե աստիճաններով: Նրանք լայն էին և դեպի աջ ու ձախ ձգվում էին դեպի անսահմանություն… Մարդը բարձրանում էր արագ, ինչ որ նոր, անհասկանալի ուժ նրան ձգում էր դեպի վեր: Աստիճանները վերջացան, մի քիչ գնաց հարթակով և նրա առջև ելավ մի դուռ: Դռան վրա կար ոսկեզօծ բռնակ` նուրբ զարդագծերով, նախշերի բոլոր տարրերը հստակ փայլով երևում էին… Մարդը ձեռքը տարավ բռնակին, պտտեց – սիրտը բաբախում էր` ու՞ր է մտնելու, ի՞նչ է տեսնելու, և որքա~ն մեծ էր նրա զարմանքը, երբ նրա դեմ ելավ մարմարե աստիճանների նոր շարքը:

Մարդը սկսեց նոր վերելք: Ու՞ր է հասնելու, ու՞ր են տանում մարմարե աստիճանները… Այս անգամ էլ մարմարե աստիճանները վերջացան և, ո~վ զարմանք, նորից նրա դեմ ելավ նույն դուռը և նույն բռնակը… Բռնա~կը – մարդը հայացքի ճառագայթը մխրճեց նրա նախշերի մեջ, մի պահ սրտի մեջ դողաց կասկածը` կբացվի՞ արդյոք, ձեռքը տարավ, բռնեց և… Բռնակը պտտվե~ց, և… մարդու առջև բացվեց մարմարե աստիճանների նոր շարքը: Սիրտը զարկում էր, մարդը գնում էր դեպի վեր – նա զգում էր, որ իրեն սպասում է ինչ որ զարմանալի բարիք, թե հայտնություն… Աստիճանները նորից ավարտվեցին, նորից նրա դեմ ելավ նման մի դուռ, նորից պտտե~ց զարդանախշ բռնակը և…

Մարդը մտավ – բայց ու՞ր մտավ – դժվար է բառերով նկարագրել նրա տեսածը. երևի տաճար էր կամ հսկա ամֆիթատրոն` յարուսների շարքերով, որ ձգվում էին դեպի վեր – դեպի երկինք, կամարակապ հսկա լուսամուտներից ներս էին բխում բազմաթիվ արևների հորդ լույսերը… Մարդը սքանչացած նայեց իր դեմ ելած Գեղեցկությանը և գոչեց` “Ահա Նպատակը, ահա Հաղթանակը…”

Ընթերցողս, այս պատկերը դու ես տեսնելու – ես ընդամենը նկարագրեցի այն, ինչ տեսնելու ես…

Բարի գիշեր:

Հեղինակ
18.11.2009, 23:47
Այսօրս` 18 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Օրը ցուրտ էր, տաք աշունն ավարտվում է: Տարին իր շրջանն է անում, Երկիր մոլորակը ճշգրտորեն իր պտույտն է անում Արևի շուրջը: Եվ այս փաստը չի զարմացնում ոչ մեկի – այդ ինչպե՞ս է եղել, որ իբրև անշունչ-անբանական մի հողագունդ այնպե~ս է պտտվում Արևի շուրջը, որ իր պտույտով Գարուն, Ամառ, Աշուն և Ձմեռ է ստեղծում: Եվ ամեն ինչ անում է վայրկյանի մասերի ճշտությամբ… Ամեն տարի… Եվ այդպես` միլիոնավոր տարիներ: Չէ~, այս ամենը առանց Բանականության դժվար է պատկերացնել…

Օրը ցուրտ էր: Ծառերի տերևները շարունակում են դեղնել: Ամենուր – մայթերին, ծառերի բներին, ոսկե խաշամի մեջ, շտապող մարդկանց աչքերի մեջ` մի քիչ ափսոսանք կար, որ կյանքը սառչում է, բնությունը քուն է մտնելու…

Առողջագետիս հետ վարսավիրանոց ենք մտնում – սպասում եմ նրան և լուսամուտից դուրս եմ նայում… Կոմիտաս- Գյուլբեկյան խաչմերուկն է, մեքենաները կանգնում են, ապա շարժվում… Հենց այդ պահին մի ավտոմոբիլային մուրացիկ իր գործին էր – մեքենան կանգնում էր կարմիր լույսի տակ, մի փոքրիկ մարդ – 50-55 տարեկան, շալվարը կարճ, գուլպաները սպիտակ, մաշված-կաշվե կիսավերարկուով, մազերը ցանցառ – մոտենում էր մեքենայի լուսամուտին, լարված ժեստերով ինչ-որ սրտաճմլիկ բան էր ասում վարորդին, շարժում էր նրա սիրտը և… Փոքրիկ մարդը աշխատում էր եռանդով, մոտեցավ մի տաս վարորդի, հաջողությունը` հիսուն առ հիսուն էր: Մի պահ ընդհատեց գործը, ելավ մայթ և այնտեղ սպասող մեկի բռի մեջ մետաղադրամ լցրեց…

Աչքիս առջև ներկա մարդկության ամոթն էր – մարդու աղքատությունը: Այսքան հող, այսքան ջուր, այսքան արև - և… աղքատությու~ն: Մտքովս անգամ չէր անցնում դատապարտել փոքրիկ մարդուն – գիտեի, որ նա Սիրտ ունի, Սրտի մեջ Արև կա, մեր Գալակտիկայի բոլոր աստղերի լույսը կա… Գուցե փոքրիկ մարդը որևէ կյանքում կայսր է եղել, չարաշահել է իշխանությունը, խլել է հասարակ ժողովրդի ինչքը, ասպատակել գրավված երկրները… Եվ այս անգամ որոշել է փոքրիկ մարդ ծնվել, աղքատության կենսափորձն անցնել և Կոմիտաս-Գյուլբեկյան խաչմերուկում ավտովարորդներից մետաղադրամ մուրալ… Մտքով ողջունեցի փոքրիկ մարդուն և ասացի` մեր մոլորակի վրա աղքատության ու տառապանքի էպոխան անցնում է, հաջորդ կյանքի համար մի ուրիշ բան պլանավորի~ր…

Ընթերցողս, քեզ Հարստություն և մշտական Ուրախություն եմ մաղթում…

Բարի գիշեր:

Հեղինակ
19.11.2009, 23:29
Այսօրս` 19 նոյեմբերի 2009թ, ավարտվում է:

Ընթերցողս, որոշեցի “Աստղային մանուկ” անտիպ ձեռնարկ-ընթերցարանից մի զրույց տեղադրել այսօր: ԿՅԱՆՔ կոչվող գաղտնիքի մասին է այս զրույցը:


ՔԱՐԸ


Շատ ու շատ վաղուց, հազար-հազար տարի առաջ երկու լեռան արանքում, խոր ձորի մեջ մի քար էր ապրում: Նրա անունը Կապույտ Քար էր: Կապույտ Քարն ապրում էր իր համար, բայց չգիտեր, որ ինքն ապրում է ու իր մեջ Կյանք կա:

Մի օր լեռան գագաթից պոկվեց մի մեծ քար, այդ քարի անունը Սպիտակ Քար էր: Սպիտակ Քարը դղրդալով իջավ ձոր և ինչքան ուժ ուներ` զարկեց Կապույտ Քարին: Կապույտ Քարից կայծեր դուրս թռան, ցնցվեց ու դողաց Կապույտ Քարի մեջ ապրող Կյանքը: Եվ Կապույտ Քարը հասկացավ, որ իր մեջ Կյանք կա: Հետո Կապույտ Քարը հանգստացավ, ու նրա մեջ ապրող Կյանքն էլ հանգստացավ ու քնեց:

Անցավ էլի հազար տարի, մի օր ձորի միջով սև-սև ամպեր անցան, ու մի հզոր կայծակ զարկեց Կապույտ Քարին: Ցնցվեց ու դողաց Կապույտ Քարի մեջ ապրող Կյանքը, հետո հանգստացավ ու նորից քնեց:

Անցավ էլի հազար տարի, մի օր լեռներին անձրև ու կարկուտ զարկեց, ջրհեղեղ եղավ ու եկավ անցավ այն ձորի միջով, որտեղ Կապույտ Քարն էր ապրում: Ջրհեղեղը զարկեց Կապույտ Քարին, նրա մեջ ապրող Կյանքը ցնցվեց ու դողաց, հետո հանգստացավ ու նորից քնեց:

Այսպես անցան հազարավոր տարիներ, Կապույտ Քարին հազար ու հազար անգամ դիպան ուրիշ քարեր, կայծակներ ու հեղեղներ: Քարի մեջ ապրող Կյանքը սկսեց զգալ ամեն հարված ու արթնանալ: Եվ մի օր էլ զգաց, որ առավոտյան արևը ծագում ու երեկոյան` քնում, ինքն էլ արևի հետ արթնանում է ու քնում… Եվ շատ ուզեցավ Կապույտ Քարի միջի Կյանքը դուրս գալ քարի միջից, տեսնել Արևը, Երկինքն ու աստղերը:
Եվ ասում են` ապրում է Կապույտ Քարը երկու լեռան արանքում ու նրա մեջ ապրող Կյանքը ուզում է ազատվել ու լույս աշխարհ դուրս գալ …

Բարի գիշեր: