PDA

Դիտել ողջ տարբերակը : Այսօրս...



Էջեր : [1] 2 3 4

Հեղինակ
25.12.2007, 00:08
Սիրելի Ֆորում, երեկոյան ժամը տասնմեկն է, այս ժամին բացում եմ այս թեման: Այս պահի մտադրությամբ` ամեն երեկո այս ժամին կմտնեմ ֆորում և մի քանի նախադասությամբ ձեզ հետ կապրեմ օրվա ապրածս:

Եվ այսպես, 24 դեկտեմբերի 2007թ, Երևան, Հայաստան: ԱՅՍՕՐՍ:

Այսօր շարունակում էի աշխատանքը մի ձեռնարկի վրա, որն ուղղված է կրտսեր դպրոցական տարիքի երեխային, և այսօրվա հերոսս ...Ցորենի Հատիկն էր: Աշխարհի բոլոր ալրաղացները պլոկում են նրա չքնաղ զգեստը, հանում են աչքը(սաղմը) և ...տալիս են անասուններին: Դրա պատճառով...չորքոտանիները առողջ են և ուրախ, իսկ երկոտանիները` գունատ և հիվանդ:
Ցորենի Հատիկը օգնության համար դիմում է իր աստեղային Հայրենիք` Օրիոն Համաստեղության Աստղերին...Եվ Մարդկությունը ստանում է Օրիոնի ուղերձը...Աշխարհի մարդկանց Կոնգրեսը հավաքվում է երկգագաթ Բարձր Լեռան ստորոտին, Արևոտ դաշտում, երեք բարդիների մոտ...ԵՎ որոշում է ընդունում`
ԵՐԲԵՔ ԱՅԼԵՎՍ ՄԱՍ- ՄԱՍ ՉԱՆԵԼ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ:

Աչքս գցեցի մեր պաշտելի "Հայլուր"-ին: Մազերը կարմրաօրանժ ներկած ինքնավստահ սիրամարգը հայտնեց այսօրվա հերթական ծեծուջարդի ֆիլմերի անունները, երեսուն վայրկյանում նրա քաղցր ձայնի հետ` մեկ- երկու սպանությոն տեսա և մի քանի այծանման-սատանայակերպ էակներ: Կարծում եմ` հայ հանրությունը, հատկապես` երեխաները քնելուց առաջ այսօր էլ ստացան գերազանց սնունդ`իրենց ենթագիտակցության համար, նրանք գիշերը կտեսնեն խիստ գեղեցիկ երազներ, իսկ վաղը կլինեն ավելի հանդուրժող...աշխարհի և միմյանց նկատմամբ:
Բարի գիշեր:

Philosopher
25.12.2007, 00:34
Կարծում եմ` հայ հանրությունը, հատկապես` երեխաները քնելուց առաջ այսօր էլ ստացան գերազանց սնունդ`իրենց ենթագիտակցության համար, նրանք գիշերը կտեսնեն խիստ գեղեցիկ երազներ, իսկ վաղը կլինեն ավելի հանդուրժող...աշխարհի և միմյանց նկատմամբ:
Բարի գիշեր:

Փայլուն էր ասված: Ես ևս կարծում եմ, որ հայ հանրությունը այս գիշեր հանգիստ կքնի, մանավանդ որ, ինչպես հայտնի է, համաշխարհային իդիոտիզմի բարձր արժեքների քարոզը, ինչպես գլխին ուղղված մուրճի հարվածը, լավ քնաբեր է: Բարի գիշեր:

Հեղինակ
26.12.2007, 00:07
Այսօրս ավարտվում է` 25 դեկտեմբերի 2007թ ,

Օրս թերևս աչքի չընկավ որևէ նշանակալի իրադարձությամբ: Այսօր երկու անգամ երթուղային տաքսի եմ նստել. ինչ թաքցնեմ`մտածում էի, թե կհանդիպեմ հայ մշակույթի անձնազոհ կազմակերպիչներին` երթուղային տաքսի վարորդներին և ֆորումին կպատմեմ, թե նրանք ինչ երգով ու երաժշտությամբ են կրթում, դաստիարակում երևանցիներին: Բայց բախտս չբերեց: Երկու վարորդն էլ մշակույթի հետ առնչություն չունեին: Չէին էլ ծխում և սուսուփուս տանում էին ուղևորներին:

Գիտեք, որ կա մի նորմատիվ ակտ, որով վարորդներին արգելվում է փոխադրամիջոցում ծխելը: Բայց լալահառաչ ռաբիս երգը ինչո՞վ է պակաս ծխախոտի ծխից: Վերջին 5-6 տարում մեկ անգամ երթուղայինում լսել եմ լավ երաժշտություն...Երբ է մշակվելու "Մշակույթի օրենքը"...Ես այսօր հանդես եկա օրենսդրական նախաձեռնությամբ, որը մեր օրենսդիրը կհասկանա գրածիս ենթատեքստում:

Անվանի խմբագրապետը հարցազրույց էր տալիս հայտնի թեթևքաշային հեռուստատեսային մեկնաբանին և տրտնջում էր` կավարտվի նախագահական մրցարշավը, թերթի տիրաժը կընկնի, ի՞նչ պետք է գրել: Խմբագրապետը չգիտի` լուրը այս աշխարհի ամենատարածված նարկոտիկն է: Զանգվածային լրատվությունը հիմնականում նարկոմանիկ տարածք է : Այդ քանի՞ ԶԼՄ է մարդկանց հասցնում մշակութային և էթիկական արժեքներ:

Մի տաս րոպե նայեցինք Էլդար Ռյազանովի ֆիլմերից մեկը - աննման Գաֆտը, Մարկովը , Սավինան, Մյագկովը, Ախեջակովան, Բուրկովը.... ճշմարիտ դերասանական արվեստի ի~նչ հրավառություն: Մտքի ծայրով մտածեցի , թե ո՜վ է այսօր ճաշակի մեր օրենսդիրը և մտքիս մեջ ասացի նրան."Հրանտ Թոխատյան ջա՜ն , ախր , դու ելար բեմ և այնտեղից սրբեցիր, հեռացրեցիր հայ դերասնական արվեստի հանդիսավորությունը և մի տնական, ռաբիսական, հումորիստական տաքուկ շեշտ մտցրեցիր: Ու՜ր են Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, որ մեկ -մեկ դասական պոեզիա գոնե կարդային և մի քանի րոպե վերագտնեինք հայ բեմի հանդիսավորությունը: ..."
Բարի գիշեր:

Առողջագետ
26.12.2007, 12:27
Այն, որ համաձայն եմ բոլոր դիտարկումների հետ, կարծում եմ, պարզ է, և մի-քանի սեփական դիտարկում...
Վարորդը երթուղային տաքսու մեջ ծխում է, բոլորիս հայտնի իրավիճակ... Նայում եմ մարդկանց դեմքերին` բոլորի համար չափազանց տհաճ է, ինչպես նաև ինձ համար, օրենքն էլ ընդունված է, /մյուս բոլոր դեպքերում ասում ենք` այ, այսինչ կամ այնինչ օրենքը պիտի ընդունել.../, սակայն բոլորս լռում ենք... Ինչու՞, ինչից ենք վախենու՞մ, կիջեցնի՞ մեքենայից, կկոպտի՞, "homo soveticus"-ի վա՞խ է, թե՞: Հիշեցի նույն երեկվա "Գարաժ" ֆիլմը` պատերազմի օրերին, մարտի դաշտում, չէի վախենա, ասում է տարեց հերոսներից մեկը, իսկ այսօր ինչու՞ եմ վախենում: Ի վերջո, ես, ես ինքս, ինչու չեմ խոսում, ինչից եմ վախենում:
Կարծում եմ, պառճառը համատարած գռեհկությունն է, կոպտությունը, անհանդուրժողականությունը: Հիշում եմ, երբ մի սփյուռքահայ մի անմեղ միտք արտահայտեց տաքսիների քիչ լինելու վերաբերյալ, ինչ գռեհիկ, անտաշ, նյարդային, գրեթե խուլիգանական պատասխանի արժանացավ վարորդի կողմից, ստիպված եղավ մեքենան կանգնեցնել և իջնել: Իսկ նստածները ուղղակի , պետք է ասեմ, "շոկի" մեջ էին: Իհարկե, հիմա կասեք, ես էլ եմ ասում, սոցիալական, նյութական դժվարությունները, ճանապարհների վիճակը/իսկապես, դիմանալ է պետք` ինչ անեն, որ չծխեն/, և այլն...
Նույնը տեղի է ունենում նաև այս կամ այն տգեղ կան ցածրորակ երաժշտության պարագայում...
Լռում ենք..., բայց մեզ էլ կարելի է հասկանալ, ո՞ր մի դեպքում չլռենք, ո՞ր մի դեպքում ընդվզենք, առանց այն էլ ապրում ենք դժվարին, կարելի է ասել, կյանքի հետ անհամատեղելի պայմաններում: Հիշեցի Իսահակյանի.
Ինչ ես գազազում, իմ վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ինչ պիտի անես,
Աշխարհը իրեն կարգով կընթանա,
Դու խեղճ, դու անզոր, ինչ պիտի անես...
Բայց այս տխուր նոտայով չեմ ուզում վերջացնել, անելիք շատ կա, և շատ լուրջ անելիք, հենց այն ցածրորակ "զվարճալի" ծրագրերն ու ժամանցն են, որոնց ձեռք են գցում լրատվամիջոցներն ու հեռուստաեթերը, հենց մարտաֆիլմերն ու "32 ատամ"-ն են, որ ձևավորում են այս տգեղ ու գռեհիկ հասարակությունը:
Իսկ հանրային և անհատական գիտակցությունները մնում են խոպան ու անմշակ այս հին և հարուստ մշակույթ ունեցող և այն արտահանելու հոգսով տառապող մեր ազգի մեջ: Ասելիք շատ կա, պարոնայք լրագրողներ, եթե միայն դուրս գաք պրիմիտիվ քաղաքական անցուդարձի և ժամանցի նեղլիկ տարածքներից:

Tigris
26.12.2007, 22:34
Ես այս շարանը շատ հաւանեցի: Լաւ է առօրեայ խնդիրների միջոցով ընդհանուրի մասին զրուցել, քան վերամբարձ նիւթերի մասին բարձր ոճով գրել:
Պիտի լինիմ այս շարանի հաւատարիմ ընթերցողը:

Հեղինակ
27.12.2007, 00:04
Այսօրս ավարտվում է, 26 դեկտեմբերի 2007թ.

Գիշերը մարդկային սիրտը ազատվում է մարմնի ու գիտակցության կապանքներից և Տիեզերքի խորունկ շերտերից, սեփական ենթագիտակցության խորխորատներից ստանում է ապագայի ծվեններ, ճշմարտության պատկերներ: Այսօրվա ահռելի մոլորակային հրդեհի մի պատկեր մնացել էր հիշողությանս մեջ, բայց ցերեկը նորից համոզվեցի, որ կյանքի հրե մաքրումը միայն արխետիպ է, մերձկրոնական իղձ, - ԻՆՔԴ, ՔՈ ԻՆՔՆԱՏԵՍ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ, ՔՈ ՕՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՔՈ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՆԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՅՌԸ ՃԵՂՔՈՂ եղունգներիդ արյունն ու ցավն են միայն երաշխիք, որ այսօրդ լինի ավելի գեղեցիկ, քան երեկդ էր...

Գայթակղություն ունեմ մեկ-մեկ պատմելու երազներս, բայց գիտեմ, որ դուք տեսնում եք ձեր երազները:

Այսօր որևէ ստեղծագործական գործ չարեցի, և կարող եմ տրտնջալ Ս. Մ. Մաշտոցի պես."Կենցաղի ծովն է ինձ ալեկոծում..." Փորձեցի գտնել Հայ դասական քնարերգության երկհատորյակը և ֆորումի հետ գրաբարով կարդալ այդ խորունկ, մարդկային շարականը, բայց չգտա ...

Երկու շաբաթ առաջ Կրթության և գիտության նախարարությանն էի ներկայացրել "Արշալույս" առողջ ապրելակերպի ձեռնարկը ` Սփյուռք ուղարկելուն աջակցելու համար: Այսօր հեռաձայնեցի. պաշտոնատարը լուրջ ու խաղաղ բացատրեց, որ նոր տարում կորոշվի ուղարկման նպատակահարմարության և քանակի հարցը : Ես էլ ` հայ հեղինակս ուրա՜խ եղա, որ պետությունս կորոշի, թե Սփյուռք ինչ ուղարկել: Բայց նույն պահին էլ թախծեցի` հիշելով , թե Հայաստան - Սփյուռք կամուրջով հայրենիքից որքան մշակութային խառնակչույթուն է հասնում Սփյուռքին, մանավանդ` մեր չերգիչները, մեր չաստղերը: Հայաստան - Սփյուռք մշակութային կամուրջի խնամք , պահպանություն և առողջություն. ահա մի հասունացած խնդիր հայ օրենսդրի, գործադիր իշխանության և հանրության համար...

Նորից գանք մեր պաշտելի Հանրայինին. երեկ թրիլլեր էր և մարտաֆիլմ , այսօր` քրեական թրիլլեր և նույն մարտաֆիլմի շարունակությունը: Հանրայինը հաստատ որոշել է, որ մենք ազգովի արժանի ենք այսպիսի բարձր արվեստի, և կինոարվեստի այլ ժանրերը պետք է դիտեն տարածաշրջանի մնացած ժողովուրդները...

Բարի գիշեր

Հեղինակ
28.12.2007, 00:11
ԱՅՍՕՐՍ, 27 դեկտեմբերի 2007թ

Այսօր խախտեցի ինքս իմ առջև վերցրած պարտականությունը` չկարդալ հայրենի մամուլը, գնեցի մի թերթ, կարդացի , և նորից ինձ պատեց թախիծը. սրտիս մեջ չմնաց ոչ մի հանդիսավոր հնչերանգ, մի սխրանքի նշույլ, ապագայի մի լույս... Գուցե ձեր կարդացած թերթերում կա՞ն...

Մի դռան առջև սպասում էի...Կարդում էի Neale Donald Walsch-ի հայտնի եռագրության մի հատորը` ռուսերեն: "Փոխել ոչ թե հանգամանքները, այլ ...գիտակցությունը": Ա~յ քեզ բանալի. իսկ մենք ուզում ենք մեր կյանքը փոխել, և ամեն օր ու ամեն ժամ գանգատվում ենք հանգամանքներից, բայց երբեք` մեր գիտակցությունից...

Զոհվեց ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ, գեղեցիկ ու նրբագեղ արիուհին, կինը, մայրը...Հայրը` Զուլֆիքար Ալի Բհուտոն այսօր հանդիպեց իր սիրելի ժառանգին: Միթե այս մոլորակի վրա իշխող սարքն ու կարգը արժանի են, որ դրանք ուղղելու համար զոհվի մի արարչական կատարելություն, մի կին...

Բայց չկա մոլորակի ապաքինման այլ ճանապարհ, քան այն հանձնել կնոջ խնամքին: Եվ ազգերն ու երկրները հանձնել կնոջ խնամքին: Գրեցի, հիշեցի մեր մի քանի իշխանավոր կանանց և...տխրեցի. տղամարդկանց տոտալ իշխանությունը փչացնում է ամենայն սրբազան բան, այդ թվում` նաև կնոջ բնությունը, և կանացի սկիզբը վրեժ է լուծում` շարունակելով տղամարդկային աշխարհաքանդումը...


Բայց էլի մեր հույսը կնոջ Գթությունն է և Սերը:

Հոգնած սիրելիս կանչում է ինձ, Այսօրս ավարտվում է...
Բարի գիշեր:

Հեղինակ
29.12.2007, 00:28
28 դեկտեմբերի 2007թ. Այսօրս ավարտվում է :

Այսօր սպիտակ թուղթ չեմ դրել առջևս և գրիչ չեմ վերցրել: Մալաթիայի շուկայում որդուս հետ նոր տարվա գնումներն էի անում: Սովորական տոնական գնումներ: Ոչինչ արտասովոր: Երբ վերադարձա տուն` սիրելուս դեմքի երջանիկ ժպիտն էր պարգևս:

Ամբողջ մոլորակը ամանօրյա տոների մեջ է: Իսկ ահա Սուրբ քաղաքի Բեթղեհեմի տաճարում իրար ծեծեցին հույն և հայ հոգևորականները: Ով հոգևորականներ, խելքներիդ ձյուն գա, ի՞նչ եք այդպես կիսում ու պաշտպանում: Իրար տարածք ոտք դնելու համար` ի՞նչ եք ավել ու փայտ ձեռքներդ առնում:

Աստվածորդու հրեղեն Ուսմունքը միասնություն ու կյանք էր բերում, բայց նրա վրա հիմնված կրոնները բաժանություն ու կռիվ են ծնել ամբողջ աշխարհում: Եվ ինչ անհանդուրժողականություն կա նույն կրոնի տարբեր ճյուղերի միջև, ինչ թշնամություն հատկապես կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև: Մնում է հուսալ, որ Աստվածորդին մի օր կգա, մի համեստ քաթանե շոր հագած` գահընկեց կանի այդ փքված հոգևոր-օլիգարխներին, նրանց գլուխներից ցած կգցի մեկմետրանոց ճոռոմ թագերը, կփշրի ոսկեզօծ գահերը և կուղարկի հանրօգուտ աշխատանքի...Այս շարքում թերևս Հայ եկեղեցին մնում է առավել զուսպն ու զրկվածը, սակայն ծանր է պետական կրոն լինելու բեռը, ծանր է իշխանության գայթակությունը...

«Արևիկ»-ի վրա շարունակում տեղալ պատիվների ու պարգևների անձրևը: Երջանիկ ու պայծառաչ մանուկները ընդունում են դրանք, և կարծում են, թե մշակութային սխրանք են արել և մեծ հաղթանակ են նվաճել: Իրակականցավ կանխագուշակումս, որ «Արևիկի» հաղթած երգը դուրս կգա ճամփորդության և նրանով կդաստիարակավի մեր մանուկ սերունդը: Ի~նչ ցավ, երգի հզոր մշակույթ ունեցող մի ազգ այս խեղճ երգով է կրթելու իր մանուկ սերունդը:

«Երկու աստղ» նախագծի եզրափակիչ փուլն է: Հրանտ Թոխատյանի տաքուկ, ընտանեկան, ռաբիսամերձ հումորը: Շուշան Պետրոսյանը` ընկողմանած սպիտակ, փափուկ հանդերձների մեջ: Անցած «Երկու աստղի» մեջ կար նոստալգիա, անցյալի երգի վերարծարծումներ, մի քիչ թախիծ ու արվեստ: Երկրորդ նախագիծը կորցրել է այս տարրերը. անգլո - սաքսոնական - նեգրական հիբրիդներ են հնչում, գուցե և լավ են հնչում, բայց նրանց մեջ չկա մշակութային հանդիսություն, չկա իղձ ու ջերմություն: Այս տողերը գրում եմ «Երկու աստղ»-ից հնչող ճղճղոցների տակ:

Շուշան Պետրոսյան. երկու կողմից ժառանգականորեն օժտված մեր վաստակավոր արտիստուհին հնարավորություն ուներ և ունի ազատվելու արթուր գրիգորյանական դպրոցի լերկ, անպտուղ դաշտից և իսկապես լինելու հայ երգի լավագույն կրողներից մեկը: Սակայն «Երկու աստղ» նախագիծը, շոումենի խոսքն ու գործը դեֆորմացնում են արտիստի կերպարը, նրա էության մեջ տարընթացում մտցնում, հեռացնում մեծ արվեստի ներքին հանդիսավորույթունից: Ափսո~ս: Հիշեցի մոր` Արաքս Մանսուրյանի համերգը` հայրենիք վերջին այցելության ժամանակ. խստաոճ գերմանական դասական երգը, Տիգրան Մանսուրյանի «Հայրեններ» շարքը...

Երկրի Նախագահը պատվում էր սպորտի ասպարեզում 2007թ.-ին մեծ ձեռքբերումներ ունեցած հայ մարզիկներին և լավ էր անում: Կգա մի օր, երբ հայ պետականությունը այդպես ասպարեզ կհանի հայ մշակույթի երիտասարդ, նոր գործիչներին, տարվա վերջին կտա նրանց ձեռքբերումների գնահատականը և կարժանացնի պետական պարգևներիի: Միթե՞ մկանների և մրցակցական մտքի ձեռքբերումները ավելի պետք է գնահատվեն, քան սրտի և բանականության պտուղները: Թե՞ սա էլ իդեալիստիս հերթական իղձն է...Իսկ դու՞ք ինչ եք մտածում...

Բարի գիշեր:

Philosopher
29.12.2007, 10:41
Միթե՞ մկանների և մրցակցական մտքի ձեռքբերումները ավելի պետք է գնահատվեն, քան սրտի և բանականության պտուղները: Թե՞ սա էլ իդեալիստիս հերթական իղձն է...Իսկ դու՞ք ինչ եք մտածում...

Բարի գիշեր:
Իդեալիզմ է անգաղափար ապրելու ցանկությունն ու անգաղափար կեցությամբ երջանկության հասնելու ուտոպիան: Մարդ-կենդանին չի կարող ապրել առանց մի բանի, որը վեր է իր կենդանականությունից: Առանց դրա նա դադարում է նույնիսկ կենդանի լինել:

Tigris
29.12.2007, 19:06
Իսկ դու՞ք ինչ եք մտածում...

Շուշան Պետրոսյան. երկու կողմից ժառանգականորեն օժտված մեր վաստակավոր արտիստուհին հնարավորություն ուներ և ունի ազատվելու արթուր գրիգորյանական դպրոցի լերկ, անպտուղ դաշտից և իսկապես լինելու հայ երգի լավագույն կրողներից մեկը:
Նախագահը մարզանք կը սիրէ, յետեւաբար մարզիկներ կը վարձատրէ:
Տիկին Բելլան արուեստի որոշ ճիւղեր կը սիրէ, այդտեղ կը ներկայանայ: Եթէ Նախագահը բէզբոլ սիրէր, Հայաստանի մէջ այդ մարզաձեւը կը զարգանար, գուցէ:
Իսկ ողջ Հայաստանը իր ժողովուրդով, վարչապետով- ճատրակի (շահմատ)* սիրահար է, այն աստիճան, որ Կիրակի օրերը, առտու-իրիկուն շախմատի վերաբերեալ հաղորդում կը սփռուի:
Շուշան Պետրոսեանը չի կարող երգչուհի դառնալ, քանզի ձայն չունի: Ընկերական շրջանակի մէջ եթէ լինէինք, կասէի. «ձայնը ..էն կելլէ»: Ազգասէր-հայրենասէր աղջիկ է, կը գնահատեմ:

Երբեմն ինքս ինձ հարց եմ տուել. «ինչո՞ւ միշտ Շուշանին եթեր է տրամադրւում...» եւ փորձել եմ պատասխանել. «վասնզի Շուշան իշխաններին կը գովերգի»:
Նոյնը Սիրոշոյի մասին, բայց նա սիրուն Շուշան է:

Այն ինչ գրուեց այստեղ, եւ մի քանի օր առաջ մի այլ զրուցարանում, Արթուր Գրիգորեան երեւոյթի մասին, հաւաստիացրեց մտածմունքս, փարատեց կասկածներս, հենց իմ ճաշակի վերաբերեալ: Ի դէպ մեր Հեղինակը պատահաբար փոքրատառ չէ արձանագրած նորա անունը:
Մի երկու երեք հոգի նստած են ակունքում, ճաշակ պարտադրում ու ջուր են պղտորում:
Մի անգամ «բախտ» ունեցայ դիտելու Արթուր Գրիգորեանի երգի կատարումը, արձանագրուած 1990ակաների սկիզբին: Աղքատիկ պահուածքը, հագուածքը, սրահի զարդարանքը, իր սառցակալած դէմքը մի կողմ թողնեմ, ներելի է, քանզի Հայաստանը ծանր օրեր կապրէր այդ ժամանակ: Գրեմ սոսկ արտաբերած ձայների մասին:
Պիտի չի գրեմ, որովհետեւ միայն ընկերական շրջանակի մէջ կարելի է նման բան ասել:
Ծո' ի՞նչ երգ, ի՞նչ ձայն, ի՞նչ մեղեդի, եւ դուն նստեր սերո՞ւնդ կը դաստիարակես:

Ծանօթ.
*Շահմատ.- շահ+մատ, արաբերէն՝ թագաւորը մեռաւ: Պարսից թագաւորներուն շահ կը կոչեն: ռուսաց լեզուի մէջ «հ» հնչիւնի բացակայութեան պատճառով, «շահմատ»ը դարձած է «շախմատ»:

Հեղինակ
30.12.2007, 00:12
Այսօրս: 29 դեկտեմբերի 2007թ.:

Այս անգամ պատմեմ, թե ինչպես է սկսվում իմ այսօրը: Վաղ առավոտյան բանջարեղենի` գազարի, բազուկի, դդումի հյութ եմ քամում իմ սիրելիների համար: Որքան քաղցր են այս կոշտ հողի տված պտուղները :

Այսօր շարունակում էի աշխատանքս «Գիրուկ տղայի արկածները Սոված աշխարհամասում» ձեռնարկի վրա: Եվ գիտե՞ք, թե որն է Սոված աշխարհամասը: Զարգացած երկրները` Արևմտյան Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան: Ճարպակալումը համաճարակ է դարձել, քանի որ այդ հարուստ երկրների երեխաները… սոված են մնում...Սնունդը կորցրել է համն ու հոտը, արհեստական է և արտադրական, ամեն պատառը ջրվում է կոկա- կոլայով և այլ հեղուկներով, չի մարսվում: Երեխան անհրաժեշտ նյութերը չի ստանում, ագահանում է, ուտում և գիրանում: Այս չարիքը դեռևս մեզ չի սպառնում, սակայն փողոցներում արդեն տեսել եք “ամերիկյան” գիրության տեր մարդկանց: Եվ զարմանալին այն է , որ Արևմուտքի երկրները անտեսում են առողջ սննդի գծով լավ կրթության դերը ճարպակալման կանխարգելման գործում: Ես էլ Հայաստանում նրանց համար դասագիրք եմ գրում: Հայիս խելքին նայեցե~ք:

Այսօրվա զրույցիս թեման էր. ամեն մարդ, երեխա պետք է սնվի իր հայրենիքի հողուջրի տված բարիքներով, քանի որ նրա գեների նյութը, նրա մարմնի ածխածինը, ջրածինը, թթվածինը ճանաչում են, սիրում են հայրենիքի տված սննդի նույնանման ատոմներին: Այդ ատոմները լսել են նույն երգերը, տեսել են նույն երազները, հիշում են Հայրենիքի անցած ճանապարհները…Հայրենիքի սնունդը դստիարակության հզոր գործոն է: Այսօր սա էի ուզում ասել մեր գլոբալացվող աշխարհին:

Այս օրերին ձեռքից մի գիրք կա, որ պատահական ինձ է հասել: Անունը չեմ ասի. սա այն գրքերից է, որն ազգերի մեջ կասկածանք ու ատելություն կարող է ծնել: Բայց միգուցե այն ճշմարիտ գիրք է, չգիտեմ: ԵՎ ահա այդ գրքում կարդում եմ բառացի հետևյալը. “…Մեր նախակրթարաններում սովորեցնենք միակ ճշմարիտ և բոլորից ավելի առաջ եղող գիտությունը` մարդկային կյանքի գոյության գիտությունը”: Ուղղակի ցնցվեցի, այս արտահայտությունը կարող եք հանդիպել նաև իմ և ԱՌՈՂՋԱԳԵՏԻ աշխատություններում…

Այդպես ուրեմն` “միակ ճշմարիտ և բոլորից ավելի առաջ եղող գիտությունը` մարդկային կյանքի գոյության գիտությունը”, դրա համա՞ր եք այդպես արգելակում մեր գործերի մուտքը հայ դպրոց…

Ճիշտ ճանապարհի վրա ենք, իմ սիրելի, իսկ Այսօրը ավարտվում է…

Սիրելի Ֆորում, բարի գիշեր:

Հեղինակ
30.12.2007, 23:27
Այսօրս, 2007թ.-ի նախավերջին օրը` 30-ը դեկտեմբերի, ավարտվում է:

Ընտանեկան հոգսեր, նախատոնական գնումներ: Այսօր գեղջկական ծագումս ռևանշ վերցրեց Նոր Տարվա թանկ կենդանական- սպիտակուցային գնումների նկատմամբ, և գյամրեզցի գեղջկուհուց գնած ավելուկով մի համով ճաշ վայելեցի:

Այսօր մի խորունկ բանավեճի մեջ էի...
Մեր կյանքում ամենուր ազատությունը, գիտելիքի և կենսափորձի, Բնության օրենքի վրա հիմնված Ազատությունը փոխարինված է ազատականության համակարգով. բոլորը իրավունք ունեն կարծիք հայտնելու, և իբրև թե դրանով մասնակցելու պետության կառավարմանը: Պետությունների զարգացումը և ուղիները հաճախ որոշվում են հանրաքվեներով: Մինչդեռ զանգվածը հաճախ չի տիրապետում ճշմարտությանը , այլ լինում է միայն կույր գործիք` հանրային կարծիքը մանիպուլիացիայի ենաթարկող ուժերի ձեռքին:

Կգա մի ժամանակ, որ երկիր մոլորակը և պետությունները կկառավարեն Ուսուցիչները և Փիլիսոփաները: Այնժամ նրանք կկրթեն նաև ազգերը, այնժամ հանրային կարծիքը գուցե ինչ որ արժեք ունենա:

Կիրակնօրյա "360 աստիճանն" էր : Այն շնչում էր իշխանական լավատեսությամբ: Ես կողմ չեմ ընդդիմադիրի` ամենայն ինչ սևացնող հայացքին, առանց ոգևորության երկիր չես կառուցի: Բայց երազում եմ, որ մի օր մեր կյանքը ներշնչվի ոչ իշխանական, այլ ազգային- պետական լավատեսությամբ:


Բարի գիշեր:

Հեղինակ
01.01.2008, 23:17
Կատարում եմ 2008թ.-ի այս բաժնի առաջին գրառումը: Այսօրս` 1 հունվարի 2008 թվականի` ավարտվում է:

Կեսօրին արդեն հանգստացել էի Նոր տարվա դիմավորման հոգնությունից ու անքնությունից և պատրաստ էի նորից` արթուն ու զգաստ աշխատել, աշխարհը սիրել և մի բան ստեղծել:

Մի շարք պատճառներով` նոր սկսվող տարին շատ ... նոր է ինձ համար: Առաջին անգամ ինձ ազատված եմ զգում մի քանի սոցիալական համակարգերի ծնած պատրանքներից և կարծրատիպերից: Դեռևս մի քանի շաբաթ առաջ կարծում էի, թե մի երկրում էական բան փոխելու համար պետք է իշխանություն ունենալ: Բայց այսօր գիտեմ, որ նախ պետք է կերտել այդ մեկ բանը փոխող մարդը: Կերտել` ինքնակերտման ճանապարհով: Դրանից հետո` Մարդը և Կյանքը միասին կստեղծեն Նոր կյանք ու Նոր համակարգեր: Իսկ ուղին և ձևերը նրանք կստեղծեն…Տիեզերքի հետ` համահեղինակությամբ:

Հենց նոր մահճակալիս մոտ դրած գրքերի մի փոքր կույտ հավաքեցի, որ դնեմ իրենց տեղերը, պիտի թվարկեմ այդ գրքերը: Խնդիրն այն է, որ գնդիկավոր գրիչից դեռևս չբաժանվածս` արդեն սիրում եմ համակարգչի ստեղնաշարը և վիրտուալ տարածքը, բայց չեմ կարծում, որ երբևէ գիրքը իմ աչքին կկորցնի իր անսահման հմայքը: Ահա ձեռքիս գրքերը. Լերմոնտովի պոեզիայի հատորը` ռուսերեն, Николай Рерих. “О вечном», Георгий Гурджиев. «Вестник грядущего добра», “Джуд Ши”- памятник тибетской медицины, Չարենցի անտիպների և փրկված գործերի հատորը:

Հինգ գիրք – հինգ Տիեզերք: Ոգու հինգ Տիրակալներ: Նիկոլայ Ռերիխը` ռուս մեծ հումանիստը, մտածողը, նկարիչը, Արևելքի երգիչը, Մեծ Ուսուցիչների վստահելի հոգին… Տոնական այսօրիս ջերմ խոնարհումը նրա անունին…Գեորգի Գյուրջիև- ալեքսանդրապոլցի հոռոմ(հույն) հոր` աշուղ Ադաշի և հայ մոր զավակը` XX դարի մեծագույն միստիկներից մեկը: Հայաստանի այս մեծ հանճարը այսօր կարող է Ուսուցիչ լինել և բարձրացնել մեր մտավոր խավը անգիտության խորխորատից…Եղիշե Չարենց. հայ պոեզիայի Դոֆինը նաիրական, մթի լեռան դեմ` անկոտրում լույսի շեղբը…: Այս ամանօրյա ժամին` խոնարհում Չարենցին և միշտ կենդանի Հայոց Հելիկոնին…

Շարունակեցի աշխատանքը ձեռնարկի վրա: Գիտե՞ք, բույսերը, հատկապես` ծաղիկներն ու ծառերը, զգում են մարդկային սերն ու շնորհակալությունը և դրանց արձագանքում իրենց աուրայի փոփոխություններով: Ահա, ձեռնարկի հերոսի մայրիկը բանաջարեղենը, օգտագործելիս, կտրելիս` նրանցից նախ ներողություն է խնդրում, ապա շնորհակալություն հայտնում: Եվ դա ազդում է պատրաստաված աղցանի համի վրա…Շնորհակալությունը … նույնիսկ սննդին է համ տալիս:


Այսօր սկսեցի կարգի բերել 2007թ.-ի օրագրերը, որ կազմում են գրեթե 450 ձեռագիր էջ: Չեմ թաքցնում, որ ես ունեմ մի ավելի խորունկ Այսօր, որի մի շարք ապրումներ վերաբերում են Մարդ-Կյանք հարաբերությունների ավելի նրբին տարածքին: Հույս ունեմ, որ օրագրիս որոշ հատվածներ ապագայում կհրատարակեմ:

Ականջի ծայրով լսում եմ “Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր” խաղը: Հայ քաղաքական գործիչը …շահածը նվիրում է եկեղեցաշինությանը: Մեզանում հոգևոր զարգացման բարձրագույն մակարդակը դեռևս մնում է եկեղեցասիրությունը…Իսկ բարձրագույն ակնթարթը` եկեղեցում մոմ վառելը և Կաթողիկոսի Աջը համբուրելը: Խեղճ հանգրվան` մի մշակութային ազգի համար: Ասածս Եկեղեցուն և Կաթողիկոսին չի վերաբերում, այլ նրանց երկրպագողներին…Իսկ նույն ժամին միակ երկրպագելի և վսեմ կառույցը, մեր ոգեկան Մայրը` Հայ Մշակույթի ամբողջությունը` նվաստացվում և թալանվում է…

Սկսվեց աշխատանքային տարին, առաջին աշխատանքային օրս ավարտված է: Ձեզ բոլորիդ ցանկանում եմ Ուրախություն և Աշխատանք:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.01.2008, 23:57
Այսօրս, 2 հունվարի 2008թ. ավարտվում է:

Խաղաղ օր, մի քիչ` աշխատանքային, հանգստանում ենք, մտածում...

Այսօր այն մտածումն ունեի, թե մարդկային կյանքը նման է հենց Երկիր մոլորակին. արտաքին կեղևը` թվացյալ կայուն, հաստատուն, ակնհայտ շերտը, իսկ խորքում ` լավան , պրոցեսը, գաղտնի պատճառներն ու գաղտնի հետևանքները, ենթագիտակցությունը, Տիեզերքը, խորհրդանիշները, երազները: Որքան մեծ է մարդկային ցանկությունը` հավատալ ու հենվել արտաքին կայունությանը, պահի թվացյալ անմահությանը:

Տոնական օր է, աչքներս` հեռուստալիքներին է: Ուզում եմ նշել մի հաղորդաշար, որին բերում եմ շնորհակալության լավագույն զգացումներս: Հ2-ի "Պարատունը"` Կարեն Գևորգյանի ջանքնով ու աշխատանքով: Հաղորդաշարի շուրջը հավաքված են մի քանի վառ պարուսույցներ, արվեստաբաններ ...Ափսոս այս տարվա լրիվ ծրագիրը չհանդիպեցի, ընդամենը մի քանի կատարում տեսա: Կարելի է վստահ լինել` հայ պարը չի նահանջում, հայ պարը ապրելու է ...

Երեկ նույն Հ2-ով մի պատկեր աչքիս ընկավ, որից շատ տխրեցի... Հիշածս վաստակաշատ Կարեն Գևորգյանը ինչ- որ մրցանակ հանձնեց ռաբիս երգիչ Արտաշ Ասատրյանին: Ռաբիս երգը արդեն դինաստիաներո՞վ է փոխանցվում, արդեն ազգային արժե՞ք է, արդեն ազատում չունե՞նք...


Այսօր հունվարի 2-ն է, և մեր պաշտելի Հանրայինը այսօր ցուցադրեց առաջին մարտաֆիլմը... Ինչպիսի~ հավատարմություն սեփական բարձր մշակութային քաղաքականությանը: Մեկ օր անգամ չուշացավ, և ինչ-որ նվաճողի նուրբ հետևողականությամբ շարունակում է մեր աբորիգեն ազգի դաստիարակությունը...

Այսօր աշխատում էի ձեռնարկիս վրա: Մարդը նայում է իր նմաններին, իրեն և նույնացնում ֆիզիկական մարմնի հետ: Այսօր ձեռքիս է մի սքանչելի մենագրություն կար` ամերիկուհի Բարբարա Բրենանի " Լույսի ձեռքերը": Հեղինակը իր գիտակցության բարձրացման և ընկալաման նոր մակարդակի հասնելու միջոցով` տեսել և նկարագրել է մարդու ևս յոթ մարմին, որոնք անտեսանելի նյութ-դաշտերի յոթ վիբրացիոն մակարդակներ են` օժտված սիրով, բանականությամբ, իմաստությամբ: Մանրամասն նկարագրված են այդ մարմինները, գույները, ճառագայթումները, սնուցումը, աշխատանքը ... Այսպիսի աշխատություններ աշխարահում բազմաթիվ են` սկսած հնդկական փիլիսոփայության աղբյուրներից : Առանց այս գիտելիքի անհնար է պատկերացնել ժամանակակից առողջապահությոան և կրթության զարգացումը:

Ձեռնարկիս Գիրուկ տղայի գիրության պատճառն էլ քվանտային դաշտում է, և նրան առողջացնելու համար պետք է առողջացնել նրա նուրբ մարմինները, նրա ներքին արևը սնել գեղեցիկ արվեստով բնության տեսարաններով, առողջ մտքերով և ապրելակերպով : Թե չէ` յուղը հանած կաթը, անյուղ կաթնաշոռը, հեծանիվով դասի գնալը կօգնեն, բայց շատ քիչ: Եվ չեն օգնում , ճարպակալման համաճարակը Արևմուտքում շարունակվում է... Մինչև կելտական պարկապզուկը չհնչի Արևմուտքի տարածքների վրա...

"32ատամը" գրավել է Արամ Խաչատրյան դահլիճը: Հայոց լեզվի ցածր մշակույթը, զգացմունքների ռաբիսական, պրիմիտիվ կառույցները, մշտական ժարգոնը արդեն ճանաչված են պետական-հանրային մակարդակով: Սա մշակութային դեգրադացիա է , բայց մի հուսալքվեք: Հայոց ոսկեբառ լեզուն այսպիսի քուրձեր շատ է վառել ու դեն շպրտել, սա էլ է վառելու:

Բարի գիշեր

Հեղինակ
04.01.2008, 00:28
Այսօրս` 3 հունվարի 2008թ., ավարտվում է:

Այսօրվա ապրումներից մեկը ռուս լեզվի գեղեցկության զգացումն էր, որը ծնվեց Մարինա Ցվետաևայի մի հրաշալի բանաստեղծությունից, որը իր բլոգում տեղադրել էր Մելիք -ը: Մեկ անգամ ևս ապրեցի այն ցավը, որ մենք կորցնում ենք կապը այդ մեծ ու հրաշալի լեզվի հետ: Մի ժամանակ ունեցել եմ վտանգի զգացում, երբ Հայաստանում ռուս լեզուն գերակայություն էր ստանում և մայրենին նահանջում էր: Նույնիսկ այդ վտանգի պահին ես երբեք չէի մտածում, թե մենք երբևէ բաժանվելու ենք ռուս լեզվից և նրանով ստեղծված սքանչելի գրականույթունից: Բայց Հայաստանի Երրորդ հանրապետությունը, նրա “հայրենասեր” հիմնադիրները հարված տվեցին այդ մեծ լեզվի ներկայությանը Հայաստանում` իբրև թե մայրենի լեզվի շահերը պաշտպանելու համար:


Կայսերական որևէ լեզու սովորելու, նրա մշակույթը յուրացնելու համար փոքր ազգերը սերունդների ու դարերի ջանք են դնում, և եթե դա արվում է սեփական ինքնության պահպապանումով, ապա մեծ թռիչք է տալիս ազգի մշակույթին և հատկապես` գրականությանը: Հայերս երեք հարյուր տարի ենք ծախսել ռուս լեզվին տիրապետելու, ռուսական տարածք գնալ-գալու և ռուս գրականությունն ու գիտությունը յուրացնելու համար: Որքան ջանք ու աշխատանք, որքան արյուն ու արցունք, հայ կամավորականի և զինվորի, հայ աշխատավորի որքան արիություն է տրված ռուս –հայկական լեզվական կապը կենդանի ուժով օժտելու համար: Եվ որքան անգիտություն, անհեռատեսություն և պետական անիմաստություն պետք է ունենայինք այդ լեզվական կամուրջը փլուզելու համար:

Բայց ամեն ինչ կորած չէ: Հայաստանի նոր սերունդը ` երիտասարդությունը, մի կողմից` կփայփայի իր մայրենի լեզուն, իսկ մյուս կողմից սիրով ու եղբայրական նվիրումով կփայփայի ռուս մեծ լեզուն: Այս միջազգային լեզուն, որը բացում է մեր առջև գեղարվեստի և գիտության հզոր հորիզոններ:

Այսօրս միայն սա չի եղել, բայց հոգնած սիրելիս սպասում է, թե երբ կավարտեմ գրառումը...Հենց նոր ճանապարհեցինք "Դար" Ակումբի հրաշալի երիտասարդներին: Նրանք ամբողջ երեկո խոսում էին ՄԱՐԴՈՒ և ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆ մասին: Իսկ դու, Հեղինակ, գրում ես , թե հայ ազգը ծերացել է...

Բարի գիշեր:

Հեղինակ
04.01.2008, 23:33
Այսօրս` 4 հունվարի 2008թ, ավարտվում է:

Ավարտեցի ձեռնարկի «Գիրուկ տղան և Ծիածանը» պատմությունը: Ահա մի հատված, որը, կարծում եմ, հետաքրքիր կլինի ֆորումի համար: Ամեն մարդ երբևէ պետք է հանդիպի Ծիածանին: Իր Ծիածանին:

Եվ այսպես.

Գիրուկ տղա.—Ծիածան, մինչև հիմա դու չկայիր, որտեղի՞ց դու ծնվեցիր:

Ծիածան.-Ես արևից եմ ծնվում, ես միշտ կամ արևի ամեն շողի մեջ , իսկ անձրևի կաթիլներն օգնում են , որ ես երևամ :

Գիրուկ տղա.-Ծիածան, եթե դեու կաս արևի ամեն շողի մեջ , ուրեմն մեր աշխարհը լցվա՞ծ է ծիածաններով :
Ծիածան.-Գիրուկ տղա, դու քո ծիածան ունես, որ գրկում է քեզ, առանց քո ծիածանի դու ապրել չես կարող: Քո ծիածանը, բոլոր մարդկանց գրկող ծիածանները չեն երևում: Բայց ահա ես տեսնում եմ քո ծիածանը, այն մեջքի կողմից գրկում է քեզ: Ահա նրա յոթ գույները, որ գրկում են քո մարմինը: Քո ծիածանը անսահման մեծ է , նրա մի ծայրը գնում է հեռու-հեռու, ես չեմ տեսնում նրա վերջը ...
Աշխարհում ամեն բույս , թռչուն., կենդանի իր ծիածանն ունի, առանց ծիածանի նրանք ապրել չեն կարող:

Գիրուկ տղա .-Իմ ծիածանը ինչպե՞ս է օգնում ինձ, որ ես ապրեմ:

Ծիածան .- Մարդիկ կարծում են , թե ապրելու համար միայն սնունդը բավական է, նրանք չգիտեն , որ ապրելու համար պետք է սնվել նաև գույներով: Գիրուկ տղա, ես տեսնում եմ քո ծիածանը, ես տեսնում աշխարհի բոլոր ծիածանները, ես տեսնում եմ ամբողջ տիեզերքը , որ լցված է յոթ գույներով: Ես քեզ կպատմեմ Տիեզերքի յոթ գույների գաղտնիքները: Կպատմեմ, թե ինչպես են նրանք քեզ կյանք տալիս:

Կարմիր գույնը քո ծիածանի առաջին գույնն է: Նա մոտ է հողին, նա սնում քո մարմնի ֆիզիկական զգացումները, քո հաճույքները և, իհարկե ` ցավը: Կարմիր գույնի միջոցով դու ստանում ես Մայր - մոլորակի ազդեցությունները:

Ծիրանագույնը քո ծիածանի երկրորդ գույնն է, նա ուժ է տալիս քո գոտկատեղին, նա մի սքանչելի ծիրանագույն գոտի է քեզ համար: Ծիրանագույնը սնում է քո զգացմունքները, քո ուրախությունն ու տխրությունը, քո հիացմունքն ու ոգևորությունը:

Դեղին գույնը շա~տ հետաքրքիր գույն է, նա օգնում է քեզ մտածել, դասերն անել ու դրանք հիշել: Բայց չկարծես, թե դեղին գույնը քո գլխից է սկսվում: Չէ~, նա քո որովայնին է ուժ տալիս, քո արևային հյուսակին:

Կանաչ գույնը: Լեռների մարգագետինների վառ կանաչը տեսե՞լ ես. ահա, այդ կանաչը սնում է քո սիրտը: Կանաչ գույնը սովորեցնում է քեզ սիրել հայրիկին, մայրիկին, տունը , ընկերներիդ, մարդկանց...

Կապույտ գույնը ... Կապույտ գույնը Խոսքի ստեղծողն է, նա խոսքի հնչյունը, միտքը, հմայքը ուղարկում է մարդկանց: Կապույտ գույնը քեզ հասնում է կոկորդիդ միջոցով, նա սնում է քո կամքը:

Մուգ մանուշակագույն ... Այս գույնը քեզ ասում է` ինչքա~ն գեղեցիկ են բույսերը, թռչունները, կենդանիները: Ինչքա~ն գեղեցիկ են աստղերը, հեռու~, հեռու~ աշխարհները, և ինչքան սիրելի են բոլորը: Եվ, մանավանդ, ի~նչ գեղեցիկ է քո հայրենիքը, որքա~ն արի են նրա հերոսները: Մուգ մանիշակագույնը քեզ սովորեցնում է սիրել ամբողջ աշխարհը:

Մանուշակագույն ... այս սքանչելի գույնի թագավորը նստած է ամենաբարձր գահին, այս գույնը մարդկանց սովորեցնում է ստեղծել, մարդ լինել:

Գիրուկ տղա.- Ես սիրում եմ Տիեզերքի յոթ Գույները, ես սիրում եմ քեզ, Ծիածան:

Սիրելի Ֆորում, այն ինչ գրված էր Տիեզերքի և նրա գույների մասին` զուտ կենսաբանական գիտելիք է, բայց այն դեռևս չի մտել կենսաբանության դասագրքեր: Բայց կմտնի...

Բարի գիշեր:

Հեղինակ
06.01.2008, 00:01
Այսօրս` 5 հունվարի 2008թ., մոտենում է ավարտին:

Տոներն ավարտվում են, և սիրելի ընտանիքս պատրաստվում է շարունակել իր նավարկությունը: Ապագա կեցության անհայտությունը լավագույն միջոցն է` մարդուն արթուն պահելու և նրա ոգեկան զարգացումը խթանելու համար: Դժվարին մի երջանկություն, որ բաժին է ընկել մեզ:


Այսօր հարևան Վրաստանում նախագահական ընտրություններ են: Մեր “Հայլուրի” տեղեկատվությամբ` տագնապալի վիճակ, բազմաթիվ խախտումներ, անկանխատեսելի զարգացումներ: Հասկացա միտքդ, պաշտելի “Հայլուր”` հստակ ակնարկում ես, որ մեզ մոտ կայուն է եղել և կայուն կլինի. մենք հո վրացի չենք, մեր նախագահն ու այժմյան թեկնածուներն էլ հո Սահակաշվիլի չեն:

Այս անգամ ես քեզ հետ լրիվ համերաշխ եմ: Չնայած ինչքան էլ կարևոր ու բարձր է նախագահի պաշտոնը` երբեք չարժե, որ ազգը նրա ընտրության ժամանակ խառնվի իրար, հեղափոխություն ու անկարգություններ անի… Եվ գիտե՞ք ինչու չարժե` որովհետև նախագահ փոխելով` մենք իշխանություն չենք փոխում, մենք ուղի չենք փոխում, մենք քաղաքակրթություն չենք փոխում:

Կգա և կանցնի փետրվարի 19-ը, մենք կունենք նոր Նախագահ: Ահա` փետրվարի 20-ից հետո կսկսվեն իրական, միակ իրական ընտրությունները: Ամեն մարդու ընտրությունը` ինչպես ապրե՞լ կյանքը: Կսկսե՞նք արդյոք մեր աշխատանքը` նորոգելու մեր մարդկային և ազգային գիտակցությունը, փնտրելու նոր ուղիներ, կերտելու նոր պետություն և ստեղծելու նոր քաղաքակրթություն: Մեր ընտրված Նախագահին էլ կփոխենք այնչափ, ինչքան մենք կկարողանանք նորոգվել և փոխվել: Ավելի լավ պետություն ունենալու մնացած ճանապարհները ընդամենը ծերացող մի ազգի մանկամտությունն են: Խիստ ասացի, որովհետև…մի երիտասարդ, իմաստուն, ուժեղ ազգի զավակն եմ ուզում լինել…


Այսօր կրկնում էին Շառլ Ազնավուրի գեղեցիկ համերգը` Հանրապետության հրապարակից: Սիրում եմ Ֆրանսիան` մեծ մշակույթի համար, բայց մի խոր դժգոհություն ունեմ, որ պետք է հայտնեմ: Մեր Երրորդ հանրապետության հիմնադիրները առաջինը Ֆրանսիա էին գնում` աշխարհ տեսնելու, աշխարհին ներկայանալու համար: Այդ ինչպե՞ս եղավ, որ բարեկամական Ֆրանսիայի մի պետական այր նրանց չտվեց ճշմարիտ խորհուրդներ` ինչպես կառուցել երկիրը: Ու՞մ էին հանդիպում Ֆրանսիայում մեր երիտասարդ առաջնորդները, ու՞մ էթիկական խնամքի տակ էին, ի՞նչ խորհուրդներ էին ստանում, որտե՞ղ էր իմաստուն Բարեկամի ձեռքը:


Բարի գիշեր:

Հեղինակ
06.01.2008, 23:29
Այսօրս: 6 հունվարի 2008թ:

Վաղը աշխատանքային տարին սկսվում է: Կարգի բերեցի թղթերս` նորից կյանքի ծով դուրս գալու համար: Ահա իմ նավակները ` թղթապանակներս – առողջագիտություն, պոեզիա, պետականագիտություն, կրթություն, հրապարակախոսություն… Ինձ ուրախացնում է այն, որ կապված չեմ որևէ մասնագիտության կապանքներով:

Տոներն անցան, չնայած սննդային գայթակղություններին` ոչ մի լուրջ սննդային խախտում չեմ արել: Ֆանատիկոս բուսակեր չեմ, հատկապես սիրում եմ իշխան ձուկը, բայց հաշվի եմ նստում Նորին մեծություն Բնության և առողջության պահանջների հետ:

Առողջագետը այսօր ինձանից ուզեց մի քանի միջազգային փաստաթղթեր, որոնք վերաբերում են կրթության ասպարեզին: Իսկ երեկ հեռախոսով խոսում էինք մի գործընկերոջ հետ, որն աշխատում է կրթության ասպարեզում: Ամենուր ներդրվում են թեսթային համակարգեր, և, իհարկե, բժշկական կրթության մեջ: Սակայն, ինչպե՞ս է հնարավոր կենդանի, արարչածին մարդու մասին գիտելիքը մտցնել չորսհարցանի ալգորիթմի մեջ: Տիեզերքը ինչպե՞ս խցկել ալգորիթմի պրոկրուստյան մահճի մեջ: Բժշկի մարդասիրական մասնագիտությունը ինչպե՞ս մասնատել, բժշկի սիրտը ինչպես ալգորիթմացնել:

Մի ումունքում ասված է` «Բժիշկը մարդկության բարձրակիրթ բարեկամն է»: Այսօրվա թեսթային համակարգերի և ապացուցողական բժշկության ոչ հումանիտար բովով անցած բժշկին մասին կարող է ասվել ` «Բժիշկը մարդկության ցածրակիրթ չարակամն է» : Եվ, ավա~ղ, դա մոտ կլինի ճշմարտությանը:

Առողջագետի հետ ցանկանում ենք «Արշալույս» ձեռնարկի հիմքի վրա որևէ հեռուստատեսությունում հաղորդաշար ստեղծել: Այսօր կարծես թե լուր առանք, որ մի տեղ այնքան էլ չի ոգևորվել մեր առաջարկով: Մի հնար լիներ`քննեինք հեռուստատեսության տիրոջ և նրա երեխայի աղիքները, հայտնաբերեինք սերնդից-սերունդ անցնող դիսբակտերիոզը` աղիքային նեխումը, մարդկային սննդառության այդ կատակլիզմը: Աղիքների դիսբակտերիոզը ի վերջո դառնում է ուղեղի դիսֆունկցիա, հոգու դիսհարմոնիա, մարդկային կյանքի դիսբալանս, և , ի վերջո, մոլորակային կյանքի դեստրուկցիա... Երեխաների կրթությունը և դաստիարակությունը պետք է սկսել մայրական կաթի առողջացումով, իսկ ավելի ուշ` սննդի առողջացումով: Մի հսկայական, ամենօրյա աշխատանք ծնողի և ընտանիքի, համայնքի և պետության համար, իսկ մեր հանրությունը, մեր հեռուստաընկերությունները դեռևս մտածում են: Զուտ մարդկայնորեն ցավ է մեզ համար` գիտելիքը համակարգել ենք, կրթական նյութ դարձրել, նախատիպը չունեցող ձև- բովանդակություն տվել, և մեր անգետ ու հիվանդ հանրությանը դեռ պետք է մտածի` մեր ձեռքից վերցնի՞ այդ հարստությունը, թե՞ չէ:

Այսօրս, ընդհանուր առմամբ, լավ օր էր:Այսօր սիրելուս ժպիտը ջերմ էր, կանացի հմայիչ քինախնդրությամբ նա ինձ հիշեցնում էր հին սխալներս... Բայց ես` նրա գեղեցկությանը լրիվ հանձնվածս, էլ ի՞նչ կարող եմ անել` հմայիչ զայրույթը մեղմելու համար...

Բարի գիշեր:

Հեղինակ
08.01.2008, 00:13
Այսօրս, 7 հունվարի 2008թ.:

Այսօր մի սովորական աշխատանքնային օր էր: ՄԻ քիչ աշխատեցի ձեռնարկի վրա, ահա հերթական զրույցի վերանգիրը. «Այն մասին, թե ինչպես Սոված աշխարհամասի երկրի նախագահները շատ գիրացան և որոշեցին նիհարել, որի համար նրանք օգտագործում էին մի բժշկի առաջարկած դիետա, և թե ինչ հիմարություն էր այդ դիետան և ինչպես ամեն ինչ ավարավեց` կիմանաք այս պատմությունից»:

Սիրելի ֆորում, Առողջագետը այժմ գրում է «դիետաների» մասին, բայց ինձ չեմ կարող զրկել հաճույքից և չբերել «նախագահական դիետայի» մեկ օրվա սննդեղենի ցանկը: Նախ` նախագահը, որը որոշել է ավելի «թեթև» և առողջարար սնվել` պետք է օրական սնունդ ընդունի ոչ ավել, ոչ պակաս` քան...վեց անգամ, այդ ընթացքում նա պետք է ուտի.. երկու ձու, երկու կտոր ոչ յուղոտ միս, հավի միս, ընկուզեղեն, ծովային ձուկ, երեք անգամ` կաթնաշոռ, խմի տոմատի հյութ, կաթով սուրճ: Ուրեմն` վեց անգամ կենդանական սպիտակուց, լավ է գոնե մեծ քանակի աղցանների հետ: Եվ ասում են, որ այս «դիետան» առողջացնում է: Իսկ թե ինչ են ուտում Սոված Աշխարհամասի նախագահները մինչև այս «առողջարար» սնունդը... այդ միայն կարելի է պատկերացնել: Ճիշտ կլինի` այդ աշխարհամասը կոչել Ագահների աշխարհամաս:

Այսօր եղա Մշակութային կապերի հայկական ընկերությունում... Երկրորդ հանրապետությունից ստացված ժառանգություն` չվերանորոգված, ցուրտ տարածքներ, բարձր-խորհրդային առաստաղներ, հնչեցին հին, կորուսյալ անուններ: Այդ միջանցքներում Կոմկուսի Կենտկոմի շունչն էր: Երկրորդ հանրապետությունը, չնայած 1937-ին, 1949-ին, այլ կորուստների` որքա~ն ուժ, մշակույթ ու գիտություն տվեց մեր ազգին և, ափսո~ս, այսօր այդ ժառանգությունը ըստ ամենայնի գնահատված չէ: Ցուրտ միջանցքներում կար անցյալի մի քանի սերնդի աշխատանքի ժխտման ցուրտ շունչը:

Ռուսատանում այս տարին հայտարարել են Ընտանիքի Տարի: Հարուստ , նորից ոտքի կանգնող կայսրությունը ուղղում է մեջքը և պետական մակարդակով ձեռք է մեկնում իր ընտանիքին, որպեսզի լուծի ժողովրդագրական ահագնացող խնդիրը: Էկրանին են բիլինային գեղեցկության սքանչելի մանուկներ, ռուս ազգը ուզում է բարձրացնել իր ընտանիքը: Հաղորդումը վարողներից մեկն Մաշա Շուկշինան էր` ռուս նոր գրականության մեծերից մեկի` Վասիլի Շուկշինի աղջիկը: Եթե այսօր մենք ուզում ենք նորից զգալ Ռուսաստանը, սիրել նրա մեծ մշակույթը, ապա դրա առաջին բանալիներից մեկն է` կարդալ Վասիլի Շուկշին:

Բարի գիշեր:

Հեղինակ
08.01.2008, 23:41
Այսօրս` 8 հունվարի 2008թ., ավարտվում է:

Այսօրս արտաքինից մի խաղաղ, բայց ներքին լարվածություն ունեցող մի օր էր: Սիրելիս ստեղծում էր ընտանիքի մի փոքր ինտերնետային ալբոմ: Ահա մեր երեք մանուկները, հոկտեմբերյան մի արևոտ օր, նստել են Իսահակյան փողոցի մայթեզրին: Խաղաղություն է, երջանկություն,երևանյան տոն: Սիրելիս փնտրում էր այդ երջանիկ օրերից բանաստեղծություններ և գտավ- ահա մի երկուսը.


Զավակներիս այգում թողած
Մրգերի մեջ ամառային,
Կապանքներից նրանց փախած
Եկավ ինձ մոտ իմ սիրելին:

Դեմքով դիպա նրա թևին,
Առա հազար մրգերի բույր,
Շուրթս հպվեց մեր արևին,
Ու ինձ այրեց արևը հուր:

…Զավակներիս ու սիրելուս
Կյանքին կպած միշտ լինեի
Ու այս թևին` թանկ ու անուշ,
Այսպես կպած` ծերանայի…


Ապրում ենք մենք , իմ սիրելի
Սովորական մի կյանքով,
Ամեն օրվա, ամեն պահի
Անվերջության պատրանքով:

Բերում է մերթ օրը իր հետ
Անարգել լույս անձկալի ,
Եվ մի օր էլ ամպերը սև
Կախվում են լուռ , թախծալի :

Բայց սիրելի իմ տան վրա
Կա մշտալուրթ մի կամար .-
-Մա'յր իմ անգին զավակների`
Դո'ւ ես երկինք մեզ համար,


Իսկ ընդամենը վաղը մեր կյանքը փոխվելու է, սկսվելու է մի փոթորկալի ժանմանակաշրջան - կոնֆլիկտներ, փնտրում, պայքար, ճանաչողություն, դժվար ձեռք բերված իմաստություն: Քսան տարվա մաքառում: Կարդում էի Գեորգի Գյուրջիևեին: Նա գրում է. «Միայն երկու կողմերի միջև կոնֆլիկտն ունի ինչ որ կաևորություն»: Ահա այսպիսին է ճշմարտությունը: Մեր մոլորակի վրա կոնֆլիկտը և պայքարն են բերում զարգացման:

Գյուրջիևը գրում է. «Կարելի է ուսումնասիրել Արևն ու Լուսինը: Բայց մարդն իր մեջ ունի ամբողջը: Իմ մեջ կա Արևը, Լուսինը, Աստվածը: Ես - ամբողջ կյանքն եմ` նրա հարստությամբ»: Ահա այսպես. մարդու մեջ կա այն նյութը, որից ստեղծված են Արևը, Լուսինը, Արարիչը...Ուրեմն` ամեն մարդ իր մեջ կրում է Արարչի նյութը: Զարմանալի բնագիտական ճշմարտություն, մինչդեռ հավատացյալը աչքերն ուղղում երկինք, դեպի վեր, դեպի անսահմանը, իսկ նրա կրծքի տակ ապրում է հենց ՆԱ , ՈՒՄ նա փնտրում այդքան վերևներում...

Այսօր կարդացի մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն, որտեղ նշված է «Երկրի իրական ներուժը հատուկ մեթոդաբանության միջոցով գնահատվում է այն ընդհանրացված գիտելիքի չափով, որին տիրապետում է այդ երկրի հանրությունը»: Ա~յ քեզ մարդկություն, կարծում է, թե «գիտելիքը» չափելով հնարավոր է չափել երկրի ներուժը, իսկ ի՞նչ մեթոդաբանությամբ կչափեք Ոգու Գիտությունը, Մշակույթը, Սերը, Կարեկցանքը, Էթիկան: Ո՞վ է դեմ բարձր տեխնոլոգիաներին, բայց առանց Բարձրագույն Էթիկայի այդ տեխնոլոգիաները ու՞ր են հասցնելու...Հիշեցի մի հայեցակարգ, որ տարիներ առաջ ներկայացրել եմ Կրթության նախարարին, և առաջարկը` միջնակարգ դպրոց ավարտողը թող հանձնի պետական քննություն` «Հայ Մշակույթ», թող շրջանավատ- օրիորդը երգի յոթ օրորոցային երգ, պարի յոթ պար, արտասանի....և այլն: Հետն էլ թող հրաշալի տիրապետի համակարգչին և ինտերնետին...

Այսօր մի հոդվածում կարդում էի հավատափոխ և թաքնված հայության մասին – թրքացած, քրդացած, արաբացած հազարավոր ընտանիքներ Թուրքիայում: Հայեր, որոնք գիտեն իրենց ծագումը: Առաջներում այս մասին կարդալիս սիրտս կեղեքվում էր, - որքան թանկ արյուն, որքան ժառանգական նյութ` օտարացած, որքան բարբառներ` լռած: Այժմ ցավս ավելի լուռ է ու ինքն իր մեջ է: Ավելի ճիշտ` հիմա ցավս ուրիշ է...

Բայց ինչու ցավով ավարտենք այս խաղաղ օրը: Այսօր սիրելիս դժգոհ էր,որ անմասն եմ իր այսօրվա աշխատանքին: Ի~նչ սիրով էր ստեղծում ինտերնետային ալբոմը, ինչ թրթիռներ էր ծնում ամեն լուսանկար...Շնորհակալությամբ հպվեցի տաք ու սիրելի ուսին...


Բարի գիշեր :

Հեղինակ
09.01.2008, 23:33
Այսօրս, 9 հունվարի 2008թ. ավարտվում է:

Խաղաղ աշխատանքնային օր էր: Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա մի գիտակրթական հիմնարկությունում, որը զբաղվում է Հայաստանի և հայութան կյանքի հետ կապված կարևոր հիմնախնդիրներով: Նվեր ստացա մի քանի կարևոր հրապարակումներ, իմ գրքերից մի քանիսը հանձնեցի հարգո հիմնադրամին:

Ահա ձեռքիս է խորհրդահայ հետախույզ, այժմ հանգուցյալ, գնդապետ Վաչե Հովսեփյանի հուշերը Գարեգին Նժդեհի մասին. «Гарегин Нжде и КГБ»: Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ խորհրդային զորքերը մոտենում էին Սոֆիային, Նժդեհը որոշել է մնալ Սոֆիայում և հանձնվել խորհրդային կողմին` հետագայում նրա հետ համագործակցելու նպատակով` ընդդեմ Թուրքիայի` հանուն Արևմտահայաստանի ազատագրման: Այսօր այս գրքից բերում եմ երկու փոքր հատված:

Նամակ Ի. Վ. Ստալինին
Վերջին հատվածը « Гражданин генералиссимус .
Не покинув Сефию, я проявил высокий патриотизм и искренное желание примирится с советской властью. Я остался, доверяя Вам. Кто доверяется исстинно великому человеку, истинному величию, тот не раскаевается. Верю, что на мое рыцарство будет отвечено рыцарством.»
Հայ ասպետական հոգու այս կոչը չի հասել բռնապետին:

Վլադիմիրի բանտում մի բանտարկյալ Նժդեհին նվիրել է հետևյալ բանաստեղծությունը

Земля Родная

С землей мешочек видел я
У старика в тюрьме,
Его он с воли нес сюда,
Как часть страны своей .

Хранил его он как бальзам,
И к ней соприкасался часто:
- Антей завидовал бы Вам ,-
Сказал ему однажды.

- Я исстрадался, милый мой,
Баролся сорок лет,
И вот ... мешочек земли родной ,-
Сказал он мне в ответ.

Тяжел режим тюрьмы,
Здесь даже стены – знак печали,
Салдаты с обыском пришли,
Мешочек с землей собрали.

Я видел слезы старика –
Он как ребенок плакал.
Что значит родная земля,
С которой жизню связан.
Кузьменко В.П.,1951г

Սիրելի Ֆորում, բոլորիդ ցանկանում եմ ունենալ և վայելել հայրենի հողը:

Բարի գիշեր:

Հեղինակ
10.01.2008, 23:59
Այսօրս` 10 հունվարի, ավարտվում է:

Դժվարին օր էր: Մարդը կարող է կյանք ստեղծել, օրեր ու ամիսներ աշխատել, բայց մտքի մի շարժը, մի նրբերանգը կարող է քանդել ամբողջ աշխատանքը, ջուրը լցնել ջանքը:
Միտքը- այդ ամենազոր գործիքը: Այսօր ես նրանով լավ չաշխատեցի:

Այսօր մահացավ Մանուկ Գասպարյանը: Այս ազնիվ մարդը կարծում էր, թե ազնվությամբ կարելի է լավ երկիր կառուցել. ավա~ղ, նա սխալվում էր, ազնվությունը առանց աշխարհայացքի` ինչպես կինը առանց տղամարդու, ինչպես հոգին առանց ...ոգու: Եվ հազվադեպ ազնիվների ազնվությունը փշրվում է նյութի և իշխանության ժայռերի վրա...
Եվ հոգին որոշում է ... հեռանալ: Իսկ մարդիկ կարծում են, թե մարդը ... մահացել է:

Ռուսաստանը որոշել է ավելի գործուն պայքար մղել ծխելու դեմ: Նա էլ է գնում Արևմուտքի ճանապարհով` հաղթահարել այն արատները, որոնք խփում են տնտեսությանը, գրպանին, և լուրջ հաջողություն արձանագրել: Բայց ձեռք չտալ ապրելակերպին, էթիկային, մշակույթին... Արևմուտքը օրական այնքան սնունդ է թափում, որքանը կբավանականացներ երկու սոված Աֆրիկա կերակրելու համար: Նայեցե~ք եվրոպացու կամ ամերիկացու օրական ճաշաբաժնին - այդպես կարող են սնվել միայն բարբարոս Հռոմի զեխ ու ագահ ժառանգները...Եվ դեռ ազգերին խելք, քաղաքակրթություն և չափանիշներ են սովորեցնում...Այսօր ես` գետնին ընկած հացի կտորը վերցնող և քարին դնող գեղջուկ ազնվականների ժառանգս, ասում եմ`ի խորոց սրտի արհամարում եմ ձեր աննման քաղաքակրթությունը...

Հանրայինի եթերից հայտնի գովազդային- ինքնագոհ ձայնը ինչ որ ֆիլմ է ներկայացնում և մռլտում է. բոլո~րը բոլորի~ դեմ: Ողորմելի~ երկիր, որտեղ են քո սոցիալական հոգեբանները, քո այսպես կոչված քաղաքագետները, վերջապես քո վերնախավն ու տերերը, որ չեն բռնում այդ գաղափարը ներմուծողի ականջից...Թե հենց իրենք են այն ներմուծողները...

Սիրելի Ֆորում, իսկ մենք կոչենք` ՄԻԱՍԻՆ, ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ, ՀԱՆՈՒՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ...

Բարի գիշեր

Հեղինակ
11.01.2008, 23:17
Այսօրս,11 հունվարի 2008թ, ավարտվում է:

Այսօրս սկսվեց Ֆորումում Biack Orchid-ի բացած նոր թեմայի ընթերցումով`Loesje. Օրվա ընթացքում կարդացի նրա մի քանի թևավոր մտքերը: Բնությունը եվրոպական ծերացած հոգուն միամիտ - հանճարեղ օգնություն է թերևս ուղարկել: Եվրոպական ահռելի պատմությունը, ջանքը, մշակույթը կերտել են հանդուրժողականության շատ գրավիչ, գրեթե անբասիր մի ճակատ, որի հետևում կարեկցանքի ու գթության օվկիանոս չի զգացվում: Դժվար է հավատալ, որ ծեր աշխարհամասը մի օր կդառնա արի պատանի և կթոթափի իր քաղաքակրթության չափած-ձևած, տեղը տեղին կարած չափանիշ - հանդերձները...Loesje-ի նման երևույթները հուշում են, որ ազգերի ոգիները չեն հաշտվում արտաքին կատարելության կեղծ դաշնության հետ և փորձում են պատռել շրջափակումը:
Խնդրում եմ Black Orchid-ին` մեկ- մեկ թարգմանել, վայելենք այս բացառիկ երևույթը...

Այսօր առավոտից զանգում էի մի հայտնի գրախանութ, որ գնամ և տնօրենի հետ պայմանավորվեմ` մեր հեղինակային խմբին առանձին ներկայացնել` այսօր վաճառքում գտնվող 12 անուն գիրք-գրքույկների սպառումը արագացնելու համար: Բայց աշխատակիցը առավոտից մինչև ժամը 17-ասում էր` "դեռ չի եկել"...Ափսո~ս:
Մտածեցի ` օրերս Ֆորումին ներկայացնել մեր գրքերի ցանկը:

Մեր մի հարգարժան քաղաքական գործիչ իր նախընտրական ծրագիրն անվանել է...
"Արարման Ծրագիր": Ժամանակին երկու նամակով գրախոսել էի նրա նախորդ` ոչ պակաս ...արարչական ծրագիրը և պատշաճ զգուշությամբ ակնարկել էի, որ այն աշխարհայացքային առումով թերի է և կարիք ունի լուրջ, էական վերափոխման: Այս նոր ծրագրին ծանոթ չեմ, բայց միթե՞ հնարավոր է առանց Բնության և Տիեզերքի համապարփակ Օրենքների իմացության` նոր որակ ստեղծել քաղաքականության մեջ: Բայց գործչի կերպարը շնչում էր այսրոպեական քաղաքական օգուտի տենդով...Նույն բառերը, նույն ժեստերը...Սակայն մենք ի՞նչ գործ ունենք ընթացիկ քաղաքականության հետ...

Սիրելի Ֆորում, "...ուղիղ կեսգիշերին թրիլլեր է": Նայեցե՜ք Առաջին ալիքը...

Բարի գիշեր:

,

Հեղինակ
13.01.2008, 12:41
Երբ Այսօրս` 12 հունվարի 2008թ, ավարտվում էր, Ինտերնետ չկար: Ուրեմն` ընդամենը մի քանի նրբագիծ:

Այսօրս, առավոտը չբացված, փշրեցի, և ամբողջ օրվա ընթացքում չկարողացա հավաքել նրա բեկորները:

Բայց, այնուհանդերձ, այսօր նշանակալի օր է. Philosopher-ի հարցազրույցը Ֆորումում ինձ համար բացեց Հայկի անձի այնպիսի եզրեր, որոնց մասին թերևս գիտեի, բայց դժվար էր պատկերացնել այդպիսի մասշտաբ ու խորություն: Հայ ազգային հանրությունը ստանում է իր մարդկային գոյության մի առողջ, աննախադեպ Ուսմունք` իր երիտասարդ զավակի ձեռքից, - ենթադրում եմ, որ այդ հանրությունը խորքում արժանի է դրան, բայց նրա մակերեսը ...գրեթե անապատ է, և որքան Աշխատանք, որքան Սեր է անհրաժեշտ` անապատը ջրարբի դարձնելու, ԿՅԱՆՔԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ այնտեղ հասցնելու համար: Սպասենք հարցազրույցի ավարտին, ինձ համար մեծ պատասխանատվություն է` լինել նրա ընթերցողը և գնահատողը...

Աչքներս լույս, Հանրայինը երեկոյան ցույց տվեց մի հրաշալի հոգեբանական ֆիլմ. կյանքով լցված կինը, իր կենսականությամբ, սիրով, համբերությամբ հաղթեց երեսպաշտ պահք պահող, տխուր հանրությանը և նրան տարավ իր հետ դեպի ուրախություն...Այսուհետ ուշադիր պետք է լինենք և գնահետենք Հանրայինի որևէ առողջ քայլ... Կոչում եմ Ֆորումին` անել այս գործը, գուցե սրանով կարողանանք փոխել, մարդ դարձնել մեր երկրի այս դժվար, եսապաշտ, վատ շրջապատ ընկած երեխային...

Բարի գիշեր:

Հեղինակ
14.01.2008, 23:37
Այսօրս. 14 հունվարի 2007թ

Սիրելի ֆորում, հավանաբար նկատեցիք, որ երեկվա «Այսօրս» դուրս չեկավ ինտերնետ և պատճառը սովորական -մարդկային էր: Կեսգիշերին մոտ Ռուսաստանի Առաջին ալիքով ընթանում էր մի լրատվական ծրագիր այդ երկրի վերջին տարվա կյանքի մասին: Մի անգամ արդեն գրել եմ, որ լուրը նարկոտիկ է և գրավում է լսողին: Վերջին տարիներին գրեթե ազատվել եմ լրատվական նարկոմանյայից, բայց այս անգամ հաղորդումը լսեցի մինչև վերջ: Վերջում ինքս ինձ հարցրեցի` ի՞նչ մնաց սրտիս մեջ: Ոչինչ: Իսկ ԴՆ Ֆորումի հանդեպ աշխատանքային ինքնապարտականությունս չկատարեցի:

Հունվարի տասներկուսի «Այսօրում» գրել էի, որ այդօրը փշրվել էր և մինչև օրվա վերջ հավաքում էի բեկորները: Այդ օրը մեր առողջագիտական ընտանիքում բախվել էին իմ արմատականությունը և Առողջագետի չափավորությունը: Կինը, մայրը ավելի խնայող է, նա ձգտում է տոն ստեղծել, իսկ տղամարդը ձգտում է օրենքը պահպանել: Բայց տոնը միշտ բարձր է օրենքից. տոնը միշտ ուրախություն է ծնում, իսկ օրենքի անզգույշ կիրառումը` բռնություն սրտի և զգացմունքի նկատմամբ:

Եվ այսպես` առողջ ապրելակերպը հրաշալի է, բայց դրա պաշտամունքը` ընդամենը կռապաշտություն է, կրոնականության տեսակ: Սերը ապրեցնում է, կրոնականությունը` քարացնում է հոգին: Մեր առողջագիտական վեճում հաղթեց կինը, մայրը, սերը, ուրախությունը:

Ընթացիկ մշակութային կյանքից: Երեկ Հանրայինով տոնական համերգ էր, որտեղ երգիչների մի զույգ նմանակում էր հայտնի նեգր երգիչներին և կատարում նրանց երգը: Երգը բխում էր աֆրիկյան ժողովրդական ակունքներից և հրաշալի էր, բայց նույն երեկոյի ընթացքում մեր երգիչ երգչուհիները ձեն-ձենի տված երգեցին մի քանի անգլերեն երգ. չգիտեմ, թե անգլոսաքսոնական – նեգրական մշակութային հիբրիդները ինչ ազդեցություն են թողնում մեր երիտասարդության վրա: Ճի՞շտ է արդյոք այս համընդհանուր մշակութային ներմուծումը:

Բրիտանական գոռոզությւունը և ռուսական արջությունը նորից ելել են իրար դեմ: Ռուսները ձգտում են կասեցնել Բրիտանական խորհրդի աշխատանքները Ռուսաստանում: Մինչև այս կայսերական ազգերը վիճում են` մտածեցի, որ Բրիտանական խորհուրդը գործում է նաև Հայաստանում: Նրա աշխատանքներին ծանոթ չեմ, բայց մեկ-երկու դիտարկում ունեմ. տարիներ առաջ Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր աֆրիկյան երաժշտական խմբերի հյուրախաղեր Հայաստանում: Այն ժամանակ տարակուսում էի, հիմա էլ մտածում եմ, թե այս կազմակերպությունը Հայաստան պետք է բերի Բրիտնական կղզիների ժողովուրդների մշակույթը` անգլոսաքսերի , իռլանդացիների, շոտլանդացիների, ուելսցիների մշակույթը: Սա կլիներ առաքելություն ... Սիրելի ֆորում դուք գիտե՞ք, թե ի՞նչ է անում Բրիտանական խորհուրդը Հայաստանում: Կամ, ասենք, Կաթոլիկական կրթական կազմակերպությունը (անունը` մոտավորապես): Միջազգային ցանց ունեցող հասարակական կազմակերպությունները ի՞նչ են անում զարգացող երկրներում...

Սիրելի ֆորում, իհարկե, ավելի կարևոր է, թե մե՞նք ինչ ենք անում մեր երկրում...

Բարի գիշեր:

Հեղինակ
15.01.2008, 23:41
Այսօրս` 15 հունվարի 2008թ, ավարտվում է:

Զարմանալի ուժ և հմայք ունեն համայնքի սովորույթները և ավանդույթները. այս բանը այսպես պետք է անել, այսպես սկսել ու ավարտել, այսպես սիրել ու ընտանիք կազմել, երկիրը և կյանքը այսպես կառուցել…

Հիշում եմ` 2005թ.-ի վաղ գարնանն էր: Այդ օրերին մտածում և աշխատում էի այն ուղղությամբ, թե որևէ պետականություն ինչպես է հնարավոր առողջացնել և գտնում էի, որ ուրիշ ճանապարհ չկա, քան եղած սահմանադրական մեխանիզմներով իշխանության բերել լայն աշխարհայացք ունեցող գործիչների, որոնք և կառողջացնեն պետությունը: Նույն այդ ժամանակ սրտի ցավեր ունեի` համառ, կրկնվող, այսպես ասենք ` համակարգային: Եվ այնպես եղավ, որ երկարատև տվայտանքից, նաև ինտուիտիվ գտնումներով եկա այն համոզման, որ եղած հանրային և քաղաքական համակարգերը չեն կարող ծառայել պետության վերջնական առողջացման, նոր որակի պետականության ստեղծման: Եղած քաղաքական ավանդույթներն ու սովորույթները հնացած են, ըստ էության` անկենդան, և նրանց մեջ հնարավոր չէ նոր գաղափարներ լցնել:

Օ~, զարմանալի բան, երբ ազատագրվեցի եղած համակարգերի պատրանքից ու հմայքից ` Մայր Բնությունը ինձ պարգև արեց և նույն օրը ազատվեցի սրտի պսակաձև զարկերակների համակարգային սպազմներից և ցավերից: Սա ես նշում եմ որպես իմ կյանքի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկը: Մարդու և հանրության հիվանդությունները ծագում են քարացած սովորություների պատճառով. սա էր կենսափորձի տված գիտելիքը:

Եվ ահա, այս օրերին, երբ նորից շփվում էինք հնդիկ մեծ մտածող Օշոյի ստեղծագործության հետ` նորից եկանք մի հստակ եզրահանգման. ամեն մարդ իր պատկերացումներով, հանրային ավանդույթին ու սովորույթին իր նվիրվածությամբ, մի բանտ է ստեղծում իր համար, որի բանտապահը հենց ինքն է: Եվ եկել է ժամանակը ապամոնտաժել անհատական գիտակցության բանտերը, փշրել պատմական շտամպները, մորեմերկ կանգնել Մայր Բնության առջև և թույլ տալ, որ նա կատարի Նոր Սինթեզ, ստեղծի Նոր Մշակույթ:

Զարմանալի բան. մի քանի հասկացություն, որոնք սրբազան էին ինձ համար` Հայ Մշակույթ, Հայ Մարդ… այս օրերին ներզգայական մի լույսի տակ երևացին ինձ ծերացած, նորոգման կարոտ… Եվ նրանց էությունից ինչը, ինչպես, մշակութային ինչ իմաստուն սխրանքով պետք է վերցնել ապագայի համար: Այսօր էությանս խորքերում շողում էր խորհրդանիշը` ԼԵՌԱՆ պատկերը` որպես վերածնության հնարավորություն: Որքան հաճախ և որքան մոտ եմ տեսել ԼԵՌԸ` երազներիս մեջ …

Այսօր շարունակում էի ծանոթանալ մի ռուս հանճարեղ գիտնականի ` Ուգոլևի ստեղծագործությանը` որպես ձեռնարկի ստեղծման սկզբնաղբյուր: Նա մի հայտնագործություն հիմնավորել և դարձրել է ընդունված փաստ, որի մասին այսօր պիտի իմանա ամեն մայր, ամեն երեխա, տարրական դպրոցի յուրաքանչյուր ուսուցչուհի… Իսկ հայտնագործություննը հետևյալն է. այսպես կոչված` անփոխարինելի ամինաթթուները, որոնք մարդը պետք է ստանա իբրև միայն մսի միջոցով, մեծ հաջողությամբ սինթեզվում են մարդու աղիքներում` օգտակար մանրէների կողմից: Եվ միսը` որպես սնունդ, բնավ էլ անփոխարինելի չէ: Յուրաքանչյուր երեխա կարող է հարց տալ վայ գիտնական -սննդագետին, թե տավարի մսի մեջ որտեղի՞ց են այդ անփոխարինելի ամինաթթուները, հո կովն էլ մսակեր չէ՞: Իսկ աշխարհի միլիոնավոր բուսակերները, որ մսի միջոցով չեն ստանում այդ անփոխարինելի նյութերը` ինչպե՞ս են ապրում…

Ահա այս պարզ ու հանճարեղ գիտելիքը բերող գիտնականը ծանր հետապնդումների և անհայտության մեջ ավարտել է իր կյանքը, բայց նրա աշխատանքը ապրում է:

Մի դիտարկում ընթացիկ մշակույթից, որի մասին վաղուց ուզում էի գրել: “Օտար խաղեր”… Այդ ե՞րբ, ո՞ր երկրի չար հանճարը որոշեց, որ առօրյա կյանքի պատմությունները հենց այնպես, առանց արվեստի, լոկ հետաքրքրասիրությունը բավարարելու համար կարելի է ներկայացնել հազարավոր մարդկանց: Սրահում մեր երիտասարդությունն է ` գեղեցիկ դեմքեր, մաքուր ճակատներ, բայց աչքի առջև այդ երիտասարդությունը… օտար խաղերով դեգեներացվում է: Ե՞րբ մի իմաստուն ձեռք Հանրայինի բեմից դուրս կվտարի այս խեղճուկրակ “դրամաները”…Եվ կհնչի, օրինակ.

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր
Ձեր հակինթ աչքերը բիլ:

Այսօրս ավարտում եմ մի սքանչելի ասույթով Պաոլո Կոելիոյից. “Հասնել սեփական ճակատագրի մարմնավորման-իրականացման` ահա մարդու միակ իրական պարտականությունը”: Սիրելի ֆորում, այս ձմեռային գիշերին, երբ ժամանակը մեզ անկասելիորեն դեպի գարուն է տանում` մաղթում եմ յուրաքանչյուրիդ` իրականացնել սեփական ճակատագիրը:

Բարի գիշեր:

Հեղինակ
16.01.2008, 23:46
Այսօրս` 16 հունվարի 2008թ., ավարտվում է:

Այսօրս խաղաղ-աշխատանքային էր, մի քիչ աշխատեցի ձեռնարկի վրա, ուսումնասիրում էի մի սկզբնաղբյուր` Դիպակ Չոպրա: Այս հնդիկ բժիշկը և մտածողը աշխատում է և ԱՄՆ- ում, և Հնդկաստանում: Ի~նչ տիտանական աշխատանք է անում այս փոքրամարմին, սևաչ, թուխ մաշկով, ժպտացող հնդիկ բժիշկը Ամերիկայում: Որքան Ուսուցիչներ այսօր աշխատում են Ամերիկայում` այդ գերհզոր պետության նյութապաշտությունը և ներքին ագրեսիան հավասարակշռելու համար: Դիպակ Չոպրայի բժշկագիտությունը` Այուրվեդիկ բժշկության համակարգը, շատ է ազդել իմ և Առողջագետի առողջագիտական աշխարհայացքի ձևավորման վրա: Շնորհակալություն այս սիրելի հեղինակին:

Երեկ գրել էի այնպիսի մի «մշակութային» երևույթի մասին, ինչպիսին է մեր Հանրայինով ցուցադրվող «Օտար խաղերը»: Այսօր ուզում եմ հիշատակել այդ հակամշակությաին երևույթի ռուսական տարբերակը` ավելի հզո~ր, մասշտաբայի~ն, կայսերակա~ն... «Пусть говօрят»... Մի զարմանալի և խորամանկ մարտավարություն ունի կեղծ մշակույթը. ամեն ինչ զրկել հանդիսավորությունից, ահա այս ռուսական հաղորդումը վարողի փռչոտ, չխնամված, անլվա տեսքը... Երեկվա հաղորդման ազդագրում կար մի թեմա` Я женат на своей учительнице... Ռուսները կասեին` какая пошлость...Համաշխարհային կեղծ մշակույթը փչացնում է ռուսական արջի մորթին...

Այսօր պատրաստում էի մի նամակ – առաջարկ ` ուղղված հայ հայտնի արդյունաբերող դրամատիրոջը` առողջ ապրելակերպի կրթության ստեղծման ասպարեզում ներդրումներ կատարելու համար: Այս մեկը հայ դրամատերերի մեջ առանձնանում է մշակութային առողջ բնազդով և առողջ մտքով, բայց հայաստանյան դրամատիրությունը մեծավ մասամբ դեռևս չտեսորեն զարմացած է իրենով, իր գոմշաճակատ մեքենաներով, և դեռևս հեռու է արվեստի, գիտություն և կրթության դերի գիտակցումից: Բայց ապագան առջևում է: Հայ դրամատիրոջ կրծքի մեջ ևս արարչական կայծ կա դրված...

Այսօրվա հայտնություններից էին Ֆորումում breeze-ի նուրբ էտյուդը և գրանցված նոր անդամի` Այգի գրառումները: «Լեզվի մաքրությունը ուղիղ համեմատական է մարդու առողջությանը», - գրում է Այգը: Ես էլ հավելում եմ` լեզուների և մտածելակերպի մաքրությունը ուղիղ համեմատական է մոլորակի և մարդկության առողջությանը:

Իսկ ԴՆ Ֆորումը շնչում է մաքուր հայերենով...

Բարի գիշեր:

Հեղինակ
17.01.2008, 23:46
Այսօրս 17 հունվարի 2008թ. մոտենում է իր ավարտին:

Այսօրս լիքն է զգացումներով և մտորումներով: Ամբողջ օրը երեկ երեկոյան տեսած մի հաղորդման տպավորության տակ էի: Ռուսական մի ալիք ցույց էր տալիս ֆիլմ` ինկերի թագավորության անկման և իսպանացի կոնկիստադորների գազանությունների մասին: Աստվածաշունչը և խաչը ձեռքերին` այդ գազանները կործանում էին մի հրաշալի քաղաքակրթություն: Ինկերի թագավորը համաձայնեց ամեն ինչի` տալ երկրի ամբողջ ոսկին, ընդունել քրիստոնեություն, բայց վերջին պահին Ս. Գրքի և խաչի հայացքի առջև նրան խեղդամահ արեցին:

Ո՞վ է հաշվել, թե այս քաղաքակրթության կրողները` եվրոպական մեծ ազգերը, Աստվածաշունչը ձեռքին որքան հանցանքներ են արել իրար և մարդկության նկատմամբ: Ս. Գրքի վրա թանձրացյալ նստած են սերունդների սխալները, երևի քրիստոնյա եկեղեցիները երբևէ ներողություն պետք է խնդրեն` Աստվածաշնչի և խաչի անունով մարդկության դեմ գործած հանցանքների, Աստվածորդու հրեղեն Ուսմունքը խեղելու համար:

Եվ երբ մտածում ես միջնադարյան խաչակիրների, ինկվիզիցիայի և այսօրվա համաշխարհային կղերականության վարքի մասին, մի պահ ենթադրում ես, թե այսօրվա քաղաքակիրթ Եվրոպան հեռու է դրանցից. օ~ ոչ , նրա աչքի առջև այսօր էլ խաչում են ժողովուրդների, և խաչողների մեջ հենց ինքն է լինում... Սրբազան Կոսովոն` սերբ ժողովրդի մշակութային սիրտը պոկում են նրա կրծքից և տալիս են ալբան-թուրքերին: Կոնկիստադորների ժառանգները հանգիստ նայում էին, թե ինչպես էին ամերիկյան ռումբերի տակ կործանվում բելգրադյան բարձրաթռիչ կամուրջները ...Նրանք հանգիստ նայում էին, թե ինչպես օկուպանտները և ամբոխը թալանում էին Բաղդադի թանգարանի համաշխարհային արժեքները…

Եվ Հայաստանում ասում են, որ եթե Կոսովոն անկախություն ստանա, ապա նույն տրամաբանությամբ Ղարաբաղը նույնպես կարող է հասնել իր անկախության ճանաչման: Ո~չ` ասում եմ ես, հայիս սիրտը համաձայն չէ Կոսովոյի կորստյան հետ. ուղղափառ տաճարների հրդեհների, այրվող գրքերի ծուխը հասնում է Հայաստան, և մենք հիշում ենք մեր բնիկ սրտի` Տարոն-Տուրուբերանի, Մշո քաղցրիկ դաշտի, Մշո Սուլթան Ս. Կարապետ անպատվված վանքի մասին, որի փլատակների մեջ այսօր արածում են քրդական այծերը: Ես համաձայն չեմ Կոսովոյի անկախության հետ, ես համաձայն չեմ Կոսովոյի կորստյան գնով` Ղարաբաղի ձեռք բերելիք` անկախության ճանաչման հետ: Ղարաբաղի անկախության բանալին մեր ոգու և մշակույթի պահպանումն է, և ոչ եվրոպական կրկնակի, քառակի չափանիշները …

Սիրելի Ֆորում, բոլորիդ…անկախություն եմ մաղթում:

Բարի գիշեր:

Հեղինակ
18.01.2008, 23:07
Այսօրս`18 հունվարի 2008թ., մոտենում է իր ավարտին:

Մի վաղեմի ցանկություն ունեի` հարմար պահի մեր աշխատանքները ներկայացնել ՀՀ նախագահի մրցանակի: Թվում էր` ճիշտ ժամանակն է – Հայաստանում հիմնել ենք գիտության և կրթության երկու նոր ուղղություն` առողջ ապրելակերպի բժշկություն և կրթություն, 2006-2007 թթ. լույս ենք ընծայել տաս անուն գիրք և գրքույկ, մի քանի գիտական հոդված, հռչակել ենք «Նոր էկոլոգական կրթության մանիֆեստը»:

Եվ ահա` ուզում էի իղձս իրականացնել, բայց կանգ առանք կես ճանապարհին: Առողջ ապրելակերպի բժշկությունը ներկայացնել այն գնահատողներին, որոնք դեղորայքային բժշկության սյուներն են` անիմաստ է: Ափսո~ս, ինչ հրաշալի զգացում կլիներ, եթե իմանայիր, որ երկիրդ կարող է գնահատել բացառիկ նոր և ապագային միտված աշխատանքերը: Բայց որոշեցինք ծանր տեղներս չթեթևացնել և շարունակել մեր ընթացքը:

«Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթը լույս է ընծայել մի հոդված մեր աշխատանքների մասին` Առողջագետի մեծադիր լուսանկարով: Նյութը լավ է շարադրված, բայց վերնագիրը մեր սրտով չէ` «Մարդն այն է, ինչ ուտում է»: Ախր, առողջագիտությունը միայն սնունդը չէ, այլ անհատի, համայնքի, ազգ-պետականության ֆիզիկական և նուրբ-էներգետիկ համակարգերի խնամքի ու առողջացման ամբողջ մշակույթը:

Մի քիչ առաջ սկսվեց «Շուշի-Մոսկվա-Երևան-Բեթղեհեմ» հեռուստակամուրջը: Հայ մշակույթի, հատկապես` տպագրության, վաղեմի կենտրոնը արժանի է ամենայն խնամքի և աջակցության: Կամուրջը սկսվեց Շուշիին նվիրված երգով (գուցե հիմն է կոչվում), և ափսոս. հերոսական բերդաքաղաքը բարեբանել արթուրգրիգորյանական ճապաղ էստրադային երգով. անռիթմ, անմեղեդի, սարքովի…Նորից ասենք` լինի Շուշին, թե հայրենի մի այլ խորհրդանիշ-անուն` արժեք է ստանում այն կենդանի մշակութով, որ բերում է նա իր հետ, որով ներծծվում է նրա աուրան, նրա ամենօրյա կյանքը… Շուշին թուրքերից առնել և հանձնել…քոչվոր-հակամշակույթին, հաջորդ տարի հայ երգի հետ կապ չունեցող` այսպես կոչված «Համահայկական երգի փառատոնը» անցկացնել Շուշիում... Ով տեսել է Ստեփանակերտում անցկացրած վերջին ողորմելի փառատոնը`կհասկանա ասածս...

Սիրելի Ֆորում, պինդ պահենք իսկական մշակույթի մեր բերդաքաղաքները...

Բարի գիշեր:

Հեղինակ
19.01.2008, 23:39
Այսօրս` 19 հունվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր աշխատում էի մի փաստաթղթի վրա, որով պետք է հայ դրամատերերին համոզենք ներդրումներ անել առողջ ապրելակերպի ասպարեզում: Դժվար գործ է, նրանցից մեծ մասը առաջին սերնդի հարուստ է, դեռ նոր է սկսել «միջազգային չափանիշներով» ապրել, աշխարհ տեսնել, վայելել ... Իսկ մենք եկել ենք և մեր առողջ ապրելակերպով ուզում ենք խաթարել նրա նոր պատկերացումները: Դժվար կլինի...

Հրանտ Դինքի սպանության օրն էր: Մեր ԶԼՄ- ների պաշտոնական հաղորդումները շատ կոշտ էին: Այս սպանության հետ կապված` թուրք տարրի հոգում ինչ- որ տեղաշարժ գուցե կատարվեց: Թուրքը ցույց տվեց ինչ-որ ջերմություն հայի նկատմամբ, եթե միայն ցույցերի հազարավոր մասնակիցների մի զգալի մասը ենթագիտակցության խորքերում չէին պահպանում իրենց արմատների ոչ թուրք լինելը: Եվ դրվում է պատմական – հոգեբանական հարցը` թուրքը կարո՞ղ է սիրել հային:

Հիշեցի մի դեպք. երեք – չորս տարի առաջ խոսում էի մի հայ մարդու հետ, որը հստակ կապ ուներ տիեզերական ինֆորմացիոն- էներգետիկ դաշտի հետ: Նրա հետ խոսում էինք մեր ժողովրդի ճակատագրից, ազգի և մարդու առաքելության մասին: Հանկարծ նա ինձ հարցրեց` իսկ Դուք կարո՞ղ եք սիրել թուրքին: Հարցը բխում էր ոչ այդ անձից, այլ ավելի բարձր հիերարխիկ ոլորտից...Հանկարծակի եկա, չկարողացա պատասխանել. իսկապես` ինձ համար հեշտ չէր սիրել թուրքին: Եվ ահա` հայ- թուրք հարաբերությունները, եղեռնի ճանաչման խնդիրը և հարակից հարցերը հանգեցնում են մեկ մոլորակային հարցի` մարդիկ ի վերջո կարո՞ղ են սիրել իրար:

ՄԻ վաղեմի հիշողություն: Երիտասարդ բժշիկս ազերի կոլխոզ-նախագահի տուն տնային այցի էի գնացել: Նստած էր հատակին` փաշայի նման` բարձերին հենված: Նայեցի, նշանակումներ արեցի, դրան հետևեց հյուրասիրությունը: Երբևէ թուրքի ձեռքի հաց չէի կերել, մանկությունս ինձ ներշնչել էր, որ դա անհնար է ... Բայց կոլխոզ - նախագահի քննախույզ հայացքի տակ կտրեցի նրա հացը: Եվ այսօր, երբ մտածում եմ Հայաստանի ապագայի մասին, հարևանների հետ նրա ապագա հարաբերությունների մասին` նորից հնչում է տիեզերածին հարցը ` իսկ դու կարո՞ղ ես սիրել թուրքին :

Ռուսաստանի առաջին ալիքով մի ֆիլմ նայեցինք Նիկոլայ Երյոմենկոյի մասնակցությամբ: Կոպիտ գրոտեսկ էր թվում կնոջ ու տղամարդու հարաբերությունների մասին, բայց ի վերջո ֆիլմը հումանիստական շեշտ ստացավ: Իրար սիրող տղամարդը և կինը որքա~ն դառը ճանապարհ են անցնում` իրար վերջնականապես գտնելու ու խնայելու համար:

Սիրելի ֆորում, խնայեցե~ք իրար:

Բարի գիշեր:

Հեղինակ
21.01.2008, 00:02
Այսօրս 20 հունվարի 2008թ. ավարտվում է :

Այսօրս սկսեցի մի հաճելի պարատականությամբ: Առողջագետի կազմած ցուցակով շուկայում գնեցի արևելյան հրաշալի համեմունքներ և սերմեր: Ահա քունջութը, ծովի աղի հետ 15/1 հարաբերությամբ` մի քիչ խարկած և աղացած ` ճապոնացի մեծահռչակ բնաբույժ Օզավայի առաջարկած բաղադրատոմսով` գոմասյո կոչվող սույն համեմունքը առողջագիտական սեղանի զարդն է:

Այսօր ձեռքիս էր Պաուլո Կոելիոյի “Ալքիմիկոսը”: Անկեղծ ասած` այն գրականությանը, որի մեջ թաքնագիտական դպրոցի տված գիտելիքը զուգորդվում է գեղարվեստի հետ` այնքան էլ վստահաբար չեմ վերաբերվում: Գեղագիտական կրթությունը Տոլստոյ-Դոստոևսկի ակունքներից քաղած հայ գրագետիս համար` Կոելիոյի գրականությունը երկրորդ-երրորդ տեսակի է: Բայց այսօր կարծես այս համոզմունքս տատանվեց. Կոելիոն այս գրքում գաղտնի գիտելիքը օգտագործում է շատ նրբորեն և կարողանում է ընթերցողին տալ բանալիներ` կեցության խորքերը գնալու համար: «Ալքիմիկոսը» այսօր ինձ օգնում էր` հասկանալու սեփական ճանապարհը, նորովի զգացի նրա գրականության նշանակությունը և գեղագիտությունը:

Այսօր նորից հաստատվեցինք այն դիտարկման մեջ, որ ստանդարտ հեռուստատեսային ծրագրերը Արևմուտքից հասնում են Ռուսաստան, այնտեղից էլ քոչում – հասնում են Հայաստան: Ահա ռուսական “Երկու աստղը “, ահա նրա վարողները ` Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը: Վերջինս այս Նոր տարվան գրավել էր Առաջին ալիքի բեմը: Մինչդեռ Նոր տարվա տոնական համերգը կարող լինել որևէ երկրի մշակույթի համայնապատկերը` հանդիսավորություն և ուրախություն տալով դիտողին: Մինչդեռ, անկասկած շատ շնորհալի Գալկինը կարող է ողջ Ռուսատանը զվարճացնել և ստվերի տակ թողնել հարյուրավոր այլ արտիստների: Ինչևէ: Ռուսական “Երկու աստղը” նույն մակերեսային մշակույթն է, միայն ավելի շքեղ ու կայսերական թափով:

Իսկ Հայաստանյան “Երկու աստղը” շարունակում է իր մեջ ընդգրկել նորանոր «ուժեր”, որոնք հեռու են երգից: Այսօր հիշեցի Ախլցիխեի Մեծ Պամաչ գյուղից` երգիչ Գրիգոր Համաբարյանին, Էրզրումի Բարձր Լեռների ժառանգորդին, որի հետ Առողջագետը շատ հեռու բարեկամություն ունի:
Սիրելի Գոքոր, որտե՞ղ ես. արի՜, հերոսական ձայնովդ և սքանչելի երգեցողությամբդ վախեցրու՜ ու ցրի՜ր այս կայծոռիկ – աստղերին,- և դուք ` հայ երգի իրական ասպետներդ, գրավեք այս անտիրական խեղճ, ապամշակութային բեմը: Եվ դարձրեք այն հայ երգի բեմ, մշակույթի բեմ, հանդիսավորության բեմ, հերոսական բեմ:

Սիրելի Ֆորում, ամեն մեկիդ ցանկանում եմ իրական, ոգեկան հանդիպում Հայ Երգի հետ.

"Մեր թագվորներ ելան սարե՜ր,
Ձեր թագվորներ ելան սարե՜ր..."

Բարի գիշեր:

Հեղինակ
22.01.2008, 00:16
Այսօրս 21 հունվարի 2008թ. ավարտվում է:

Այսօրս սկսվեց մի դրական ազդակով, որ ստացանք ԴՆ Ֆորումից. նկատի ունեմ Այգ-ի գրառումը Լ. Դռնոյանի «Արշալույս» ձեռնարկի մասին: Հիրավի, որևէ երևույթ, նաև` կրթական ձեռնարկը գնահատելու համար, պետք է ունենալ այն գիտելիքը և աշխարհայացքը, որի հիմքի վրա ստեղծված է այն: Տուր «Արշալույսը» ժամանակակից մանկավարժության պրոֆեսորին. խե~ղճ պրոֆեսոր, նրա համալսարանական կրթությունը հենված նյութապաշտական բնագիտության վրա, նրան անծանոթ են Ոգու, Մշակույթի և Բնության Բարձրագույն Օրենքները, բնազանցական գիտելիքը նրա աչքին հեքիաթ է և սնոտիապաշտություն, մետաֆիզիկական տարածքը շփոթեցնում է նրան, և ահա նա երբևէ չի կարող ճիշտ գնահատել «Արշալույսը»: Շնորհակալությունս Այգի-ն:

Այսօր սկսվեց ՀՀ նախագահության ընտրարշավը: Քանի որ հստակ որոշումս է` ընթացիկ քաղաքականության ջրերում չփնտրել Հայաստանի ապագան, բայց, այնուհանդերձ երկու միտք–դիտարկում պետք է հայտնեմ: Մենք այս ընտրություններին ընտրելու ենք անձի և գործչի, բայց չենք ընտրելու երկրի ուղի, քաղաքակրթություն, նոր և ավելի առողջ հասարակական - քաղաքական կարգ: Ուրեմն, մեծ հաշվով` ընտրություն չունենք, բայց ընտրել պարտավոր ենք,- կարծում եմ ընտրության բանալին պետք է լինի այն, թե տվյալ գործիչը պահպանե՞լ է արդյոք փոխվելու, նորանալու, էվոլյուցիա ապրելու որևէ հնարավորություն: Այս հարցադրմանը ի պատասխան մի դիտարկում ունեմ. այսօրվա տպավորությամբ` Հայաստանի առաջին նախագահը այս պահին չի ցուցադրում նորանալու, փոխվելու, ինքն իրեն ճանաչելու, էվոլյուցիա ապրելու որևէ հնարավորություն:

Այսօր Tigris-ը շատ հետաքրքիր գրառում էր արել հայոց լեզվի կրած կորուստների մասին Աjդ առիթով գրառում արեցի և հիշեցի իմ` “Հայոց տասնհինգ աշխարհներ( նահանգներ) գիտակրթական ծրագիրը”, որը մշակվել էր 1997թ.և հրատարարակվել ավելի ուշ: Ծրագիրը առաջարկում էր դպրոցի ամբողջ արատադասարանական աշխատանքը կազմակերպել որևէ հայկական աշխարհի կամ նրա գավառի բարբառով. կրթական հիմնարկը մի կիսամյակ լինում է Տարոն - Տուրուբերան, հաջորդը ` Վասպուրական և այլն: Դուք պատկերացնու՞մ եք մի դպրոց, որտեղ մի տարի անընդհատ ծփում է Սասնո բարբառը, բանահյուսությունը...և այդ ամենը` լավ ստեղծված – հավաքված կրթական նյութի, ժողովածուների, տեսաերիզների օգնությամբ...Այս ծրագրով սկսվեց մեր աշխատախմբի ծանր ոդիսականը. Մարդու էկոլոգիայի դպրոցում, որի տնօրենն էի` սկսվեց ծրագրի ներդրումը: Դա առաջացրեց մի պայթյուն, որը բերեց դպրոցի լուծարման, և մենք յոթ դատական պրոցեսներում պաշտպանում էինք Մարդու էկոլոգիայի դպրոցի գոյության իրավունքը... Սա արդեն անցյալ է, մեր համար այժմ Մարդու էկոլոգիայի դպրոցը...Հայաստանն է:

Այսօր հայ հայտնի արտադրող- դրամատիրոջը ուղարկեցի առողջ ապրելակերպի տարածման գծով հեղինակային խմբի առաջարկ-ծրագիրը: Նայած իրավիճակին` գուցե այդ փաստաթուղթը տեղադրեմ համացանցում: Ինչու ոչ, հանրային–ազգային տարածքը պետք է էթիկապես բաց լինի կարևորագույն հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար:

Ականջի տակով լսում ենք «Շանթը». «Հայ Սուպերսթար» երաժշտական շոուն է: Ոչ սրա գնահատականը տանք, այլ մի ընդհանուր օրինաչափություն դուրս բերենք: Նմանօրինակ մրցույթներում մի քանի ամսում ձևավորվում է համայնք, երբեմն շատ ջերմ, գեղեցիկ համայնք, բայց մեր աչքի առջև այն օր-օրի քայքայվում է, մեկիկ- մեկիկ հեռանում են այնտեղից ` ցավի, նախանձի, անարդարության զգացումներով, և վերջում հաղթում է մեկը` անհատը: Բոլոր արևմտյան ծագման այս շոուները համայնքի քայքայման և անհատի գերակայության հաստատման, հանրության մեջ նախանձը, խանդը, մրցությունը կուլտիվացնելու միջոցներ են: Ցավագին մի պրոցես, որի մեջ ընդգրկված է ամբողջ մոլորակը:

Սիրելի ֆորում, բոլորիդ միասնություն, համայնականի զգացում, հայրենիքի զգացում եմ մաղթում :

Բարի գիշեր:

Հեղինակ
22.01.2008, 23:32
Այսօրս` 22 հունվարի 2008 թ. ավարտվում է:

Այս վերջին օրերին սեղանիս վրա էր Չարենցի կապտակազմ քառահատորի առաջին հատորը, բացել էի հայ պոեզիայի զարմանալի էջերից մեկը` «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը.
Որպես լքված թավջութակի ձգված մի լար
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու...
Այս բանաստեղծությունը քսաներեքամյա իմաստուն մարգարեի սրտից պոկված խոսք է, այն հայ հայրենասիրական պոեզիայի գագաթներից է:

Եվ ի~նչ զուգադիպություն. այսօր նախագահի թեկնածուներից մեկը արտասանում էր այս բանաստեղծությունը ցուցարարների առջ: Թեկնածուն լավ գիտի հայ պոեզիան, գիտի այս բանաստեղծության արժեքը և նրանով ուզում է սիրտ ու ձայն շահել: Մարդ, որին անծանոթ է զոհաբերականության որևէ զգացում: Ցավագին է տեսնել, երբ լեզուն խոսում է առանց սրտի մասնակցության, և միայն օգտապաշտ ուղեղն է շարժում տակը ոսկոր չունեցող փափկասուն լեզուն:

Այսօր համացանցից մերոնք քաշել էին հնդիկ մտածող Օշոյի ևս մի քանի լավ գրքեր: Առողջագետ-ը չէր զսպում հիացմունքը և ինձ կանչում էր իր հետ կարդալու լավագույն կտորները: Ազատ մարդու, կյանքի հրճվանքով ապրող մարդու, հոգին սպանող ավանդույթների և կրոնների կապանքներից ազատ մարդու փիլիսոփայությունն է բերում այս Մեծ Ուսուցիչը:

«Ես միշտ նրա կողքին եմ ով հետևում է իր Ճակատագրին»: Թեկուզ այսօրս հարուստ չէր արտաքին գործերով, բայց լիքն էի Կյանքի և Ճակատագրի մասին խոհերով: Բնությունը ամեն օր դնում է իր նշանները, մտքի, իրադարձության, որևէ պատկերի և խորհրդանիշի միջոցով հղում է իր ուղերձները և մարդուն առաջնորդում դեպի իր կյանքի նպատակը, իր կայացումը: Եվ ինչքան մեծ է լինում մարդու ձգտումը` հեռու մնալ նպատակից և առաքելությունից, այնքան կոշտ է Բնության ձեռքը, որն ուղղորդում է նրան: Եվ Բնություն-Մարդ այս դժվարին երկխոսության ընթացքում հավաքվում է Գիտելիքը և Փորձը` պտղունց առ պտղունց:

Այսօր խաղաղ էր, մի պահ ինձ ազատեցի գործերից և խնամում էի սիրելի մարդկանց: Եվ սիրելուս շնորհակալ ժպիտն էր տվնջական աշխատանքիս թանկագին պարգևը:

Բարի գիշեր :

Հեղինակ
24.01.2008, 00:08
Այսօրս, 23 հունվարի 2008թ....

Վերջին ամսվա ընթացքում կատարել ենք մի շարք քայլեր` ստանալու Հայաստանի հանրային և ֆինանսական շրջանակների աջակցությունը` առողջ ապրելակերպի կրթական համակարգի ստեղծման, անգլերեն և ռուսերեն թարգմանության և հրատարակման, միջազգային շուկա դուրս բերելու համար: Այսօր ստացանք տեղեկություն երկու հարգո հիմնարկից, որով առաջարկում են հադիպումը և առաջարկների քննարկումը հետաձգել` մինչև նախագահական ընտրությունների ավարտը: Չզարմացանք, հիրավի` նախագահի ընտրությունը մի փոքր երկրում կարող է առնչվել մարդկանց կյանքին և աշխատանքին.... Դե ինչ, թող ընտրվի մեր երկրի նախագահը, իսկ երկրի ընթացքի իրական փոփոխությունը հնարավոր է միայն մեր գիտակցության, աշխատանքի և ջանքի միջոցով:

Այսօր եղա «Լուսաբաց» հրատարակչատանը, ուզում էի Ճշտել «Արշալույսի» վաճառքի ընթացքը: Հրատարակչատան տնօրենը` Վիտալի Ասլանյանը, եղել է վերջին տաս տարվա ընթացքում մեր գործի մշտական, հետևողական աջակիցը: Նա ևս առողջ ապրելակերպի գծով գրող հեղինակ է, նրա «Առողջ ապրեք» գիրքը մեծ հաջողություն ունի: Վիտալի Ասլանյանը` այս խաղաղ, հանգիստ, պինդ աշխատավորը (ծննդով ` Ղարաբաղի Ավետարանոց գյուղից) շարունակում է Հայաստանի հոգևոր զարթոնքին, առողջ ապրելակերպի գործին իր հանգիստ ու պինդ աջակցությունը:

Այսօր հետևում էի Philosopher-ի և Առողջագետի ջանքին` հարստացնել ԴՆ Ֆորումի «Բեռնումներ» բաժինը: Հեշտացնել մեր երիտասարդության մուտքը համամարդկային մտքի գանձարան, մղել նրան դեպի բարձրագույն արժեքներ` սա շատ կարևոր գործ է: Ահա և հարգելի Այգ-ը ֆորումում տեղադրեց Փատանջալիի դասական աշխատությունը` իր գերազանց թարգմանությամբ: Հրաշալի է, երբ օրվա մեջ մի քանի անգամ առնչվում ես Մարդկային Սրտի ու Մտքի Գագաթներին:

Այսօր փողոցում հանդիպեցի մեր լավ բարեկամ` Պետական Համալսարանի հարգարժան մանկավարժ-պրոֆեսորին: Նա առաջիններից էր, որ դրական կարծիք է տվել «Արշալույսի» կրթական նյութի, «Համայնքի առողջության դպրոց» Ծրագրի մասին: Շատ լավ, իսկ Պաուլո Կոելյոյի « Ալքիմիկոսը» խոսում է նշանների մասին: Եվ մտածում եմ` գուցե այս հանդիպումը նշան է, գուցե, այնուհանդերձ, մեր աշխատանքները ներկայացնեմ ՀՀ Նախագահի մրցանակին: Երբ տուն վերադարձա, այս միտքս զգույշ ակնարկեցի... Առողջագետի պայծառ ճակատը մռայլվեց, նա մտածում էր` «էլի անօգտակար գործի վրա պետք է ծախսի ուժերը»: Խոսքը շտապ փոխում եմ, սիրելուս ճակատը պարզվում է ... Կյանքը շարունակվում է...

Սիրելի ֆորում, ցանկանում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ուրախության և Երջանկության բարձրագույւն մրցանակները:

Բարի գիշեր:

Հեղինակ
25.01.2008, 09:53
Այսօր 24 հունվարի 2008թ., մոտենում է ավարտին:

Այսօր մեր տան ծովի աղը վերջացել էր … առանց այս սքանչելի «մթերքի» դժվար է պատկերացնել մեր կյանքը: Հայերս հատկապես սիրում ենք աղը, բայց սովորական կերակրի աղը իր մեջ բազում վտանգներ ունի մարդու առողջության համար, իսկ ահա ծովի աղը իր մեջ պարունակում է ոչ միայն NaCL, այլև հարյուր տեսակի այլ հանքանյութեր, այն իր ամբողջական առողջարար ազդեցությամբ անգնահատելի է... Բայց այսօր ծովի աղը, որը գնել էր մեր Քանդակագործը, տուփի վրա մի զավեշտական գրառում ուներ . «Օգտագործման ժամկետը 30 ամիս»,- ա~յ քեզ սննդարդյունաբերություն. կարծում է, թե ծովի աղը թխվածքաբլիթ է և օգտագործման ժամկետ ունի, մինչդեռ աղը հանքավայրում... նստել է 15 միլիոն տարի առաջ և նույնքան էլ կարող է մնալ … մեր խոհանոցի դարակին ու չփչանալ:

Այսօր մի քիչ նայեցինք «Մալախով – պլուս» հաղորդումը: Գենադի Մալախովին, մեր ռուս առողջագետ -գործընկերոջը բերում ենք հայ առողջագետներիս հարգանքը, նա և հմայիչ Ելենա Պրոկլովան հրաշալի են տանում այդ հաղորդաշարը, և որքա~ն մեծ է ռուս ազգային մշակույթը հենց այս բնագավառում - իրենց առողջությանը հետևող արվեստի մարդիկ, հրաշալի ժողովրդական դեղամիջոցներ: Ուրախ էինք այսօր հաղորդման հյուրերի շարքում տեսնելու մեծահռչակ հայ երգիչ Պավել Լիսիցյանի դստերը` Կարինա Լիսիցյանին. նրա առաջարկած շնչական վարժությունը շատ մատչելի էր:

Շարունակում էի աշխատանքը ձեռնարկի վրա. Մի զրույց էի գրում. Սոված Աշխարհամասը երազ է տեսնում, թե իր բնակիչները այնքան են գիրացել, այնքան են ծանրացել, որ ամբողջ աշխարհամասը նրանց ծանրության տակ կարող է սուզվել ջրի տակ... Բայց մտածում եմ` այսպիսի մի դառը կանխագուշակում չանել և ապագա տեսնել մեր կերած- խմած-հղփացած քաղաքակրթության համար:

Երեկոյան Առողջագետը ընդունել էր մի բժիշկ-գործընկերոջ ընտանիքի, նրանց երեխան ծանր հիվանդ է, ցանկանում էին խորհրդակցել կենցաղի և սննդի կարգավորման հարցերի շուրջ: Եվ ի՜նչ է բժիշկը նշանակել. օրը երկու ձու, երկու անգամ` միս(ընդ որում` նրբերշիկի ձևով), մեկ անգամ կաթնաշոռ, պանիր, երկու անգամ մածուն`չգիտես ինչու... մրգի հետ: Ուրեմն` հինգ անգամ կենդանական սպիտակուցներ… Իսկ թարմ բանջարեղեն չի նշանակել, հատիկեղենը` գրամներով: Տխուր է, որ ակադեմիական բժիշկը գոնե չի հետևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշախավորություններին (այս կազմակերպությունը նոր-նոր է հրաժարվել իր նախկին սխալներից) և չի տեսնում, որ իր նշանակած սննդի ութանասուն տոկոսը կարմիր լույսի տակ է` վնասակար է երեխայի համար: Սիրելի մանուկ, երբ է առողջ կենցաղի գիտելիքը հասնելու քո բուժող բժշկի գիտակցությանը:

Իսկ ո՞վ ես դու` այս գործի պատասխանատու պաշտոնատար անձ, երևի ընդամենը գիտա-քրեական հեղինակությունն ես, որ փակել ես ճշմարիտ գիտելիքի մուտքը Հայաստանի առողջապահություն, և դա անում ես գիտակցված տգիտությամբ` պաշտպանելու համար քո վարչական իշխանությունը և հավի նրբերշիկը լիառատ լափելու քո պատմական իրավունքը:

Այսօր մեր Քանդակագործը գրեթե ավարտեց մի հրաշալի քանդակ` Կինը, մրգերով լի սինին ձեռքին, լայն քայլքով գնում է առաջ … Իտալական նեոռեալիզմի կանայք են այդպիսին` վճռական, կենսալի զվարթ, պտղաբեր: Ինչպիսի~ ազատություն, ինչպիսի~ պտղաբերություն...:

ԴՆ Ֆորումի սիրելի աղջիներ ու կանայք, ձեզ ցանկանում եմ զվարթ պտղաբերություն… Ձեզանով թող սկիզբ առնի հայկական կյանքի նեոռեալիզմը, Նոր Հայաստանը...

Բարի գիշեր:

Հեղինակ
25.01.2008, 23:40
Այսօրս` 25 հունվարի 2008թ, ավարտվում է:

Հարգելի ֆորում, ինչքան էլ ցանկանում եմ հեռու մնալ նախագահական ընտրությունների տենդից, այնուհանդերձ, երբեմն դժվար է չարձագանքել: Ահա այսինչ թեկնածուն` հայտնի կուսակցապետը բերում է իր նախընտրական դրույթը առողջապահության մասին և ասում է` այն պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին: Եվ այսպես` լինի առողջապահության, կրթության կամ այլ սոցիալական բնագավառ` երկու ելակետ ունեն բոլոր թեկնածուները - ավելացնել ֆինանսավորումը և ասպարեզը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Բայց թեկնածուները չեն ասում` ի՜նչ բովանդակություն, ի՜նչ մշակույթ պետք է ունենա կրթությունը, առողջապահությունը ...
Այսպիսի քարոզարշավում ըստ էության քաղաքականություն չկա, ապագայի տեսիլք չկա, էվոլլյուցիա չկա...

Այսօր որոշեցի մի քանի հատված բերել Օշոյի «Мятеж. Революция. Религиозность» գրքից: Ահա թե ի՜նչ է իսկական քաղաքականությունը, ավելի ճիշտ` քաղաքականության բուն էությունը: Ինչ է բարեփոխումը, ինչ է հեղափոխությունը, ինչ է խռովությունը...

Реформа меняет лишь одежды человека; она изменяет форму, процедуру. Она дает человеку этикет, манеры, цивилизованность, по сути дела ничего не меняя в его сущности. Она украшает человека, придает ему внешний лоск, глянец, но глубоко внутри человек остается прежним. Реформа — это иллюзия. Это фикция. Она дает респектабельность, она превращает всех в лицемеров. Она дает хорошие внешние манеры, которые противоречат внутренней сущности. Внутренняя сущность остается непонятой. Но реформа вносит успокоение в общество.


Второй момент эволюции — это революция; она немного глубже реформы. Реформа изменяет идеи, но она ничуть не затрагивает систему, установки, стратегию.
Революция затрагивает систему, но только снаружи, не изнутри.

В человеке есть две структуры, он живет на двух планах. Один из них физический, а второй — духовный. Революция происходит лишь в физической структуре — в экономической и политической сферах, поскольку они относятся к физическому плану. Она идет дальше реформы, она разрушает много старого и создает много нового, но внутреннее существо, глубинная сущность человека по-прежнему остается неизменной. Революция устанавливает мораль, формирует характер. Реформа вводит манеры, этикет, цивилизованность: изменяет формальное поведение человека.

Есть еще третий момент эволюции, — мятеж. Мятеж рождается от внутренней сущности: он меняет сознание, вносит коренные изменения; он преобразует и перерождает — у него алхимическая природа, которая дает вам новую сущность, а не только новое тело и новую одежду. В вас рождается новый человек.

Мятеж — это внутренняя революция. Мятеж начинается «внутри», реформа начинается «снаружи». Никогда не начинайте делать что-то снаружи. Начинайте с главного, с того, что находится глубоко внутри. Начинайте с внутренней сущности.
Вот почему я учу вас не революции; я учу вас мятежу.

Революция — это удел толпы; мятеж — это дело личности, индивидуальности.
Когда человек становится мятежным, он меняется. Его не волнует власть. Он изменяет свою сущность, дает в себе рождение новому человеку. В этом внутреннем мятеже участвуют оба вида революционеров, потому что многое нужно разрушить, но и многое нужно создать.
Это не коллективное деяние. Это индивидуальное развитие.
И если миллионы людей поднимут внутри себя мятеж, то власть стран и народов перейдет в руки этих людей... — в руки мятежников.
Революция станет успешной только тогда, когда все люди станут мятежными. Потому что революция страдает раздвоением личности, а мятеж — это всегда работа одной единственной личности.

Սիրելի ֆորում,կոչում եմ բոլորիդ խռովության` սեփական կյանքի լճացման դեմ – թող քանդվեն սպառված կառույցները և թող կառուցվի Նոր Մարդը – ահա միակ խիզախ և ճշմարիտ քաղաքականությունը...

Բարի գիշեր:

Հեղինակ
26.01.2008, 23:54
Այսօրս` 26 հունվարի 2008թ, մոտենում է ավարտին.

Սիրելի Ֆորում, ողջունում եմ բոլորիդ: Այսօր ապրեցի մի լիարժեք, լիքը օր, միայն մի դժվարություն ունեմ: Խնդիրն այն է, որ միայն վերջերս եմ ոչ լրիվ հրաժեշտ տվել գրչին և սպիտակ թղթին և աշխատում եմ համակարգչով, այն էլ` շատ դանդաղ: «Այսօրս» սովորաբար թելադրում եմ մեր Քանդակագործին, այսօր նա տանը չէ` երկու օրով Ծաղկաձոր է գնացել: Մի խոսքով` հառա~ջ...

Աշխատում էի ձեռնարկի վրա, նորից կարդում էի եվրոպական փաստաթղթերը...Զարմանալի աշխարհամաս. ստեղծել է այդպիսի հզոր մշակույթ, այդպիսի գրականություն, բայց երբ խնդիրը հասնում է ապրելակերպին, հատկապես` սննդին, այս հին ու մշակութային աշխարհամասը մի նախնադարյան բարբարոս է հիշեցնում...Դատեցեք ինքներդ. Արևմտյան Եվրոպայի յուրաքանչյուր շնչի օրական ընկնում է մոտ 250 գրամ միս, և եթե այստեղ հաշվի առնենք երեխաների քանակը, որոնք փոքր տարիքում պետք է որ ավելի քիչ միս օգտագործեն, ուրեմն` չափահաս մարդը օրական ուտում է 350- 500գ միս… Այդ աշխարհամասում անասունների նախիրները բառաչելով սպանդանոց են հոսում… Իսկ անգլիացի լեդին իր կատվին կարող բուժել թանկարժեք բժշկությամբ, իսկ իր մահից հետո շանը թողնել ամբողջ հարստությունը…Եվրոպական փաստաթղթերը` ապրելակերպի առողջացման ուղղությամբ, շնչում են աշխարհայացքային երկդիմությամբ, խեղճությամբ, մտքի խճողվածությամբ…Ձգտելու ենք Հայաստանից լեռնային թարմ օդ ուղարկել այս ծեր աշխարհամասին…

Սիրելի Ֆորում, մեր ֆորումային համայնքը նոր է ձևավորվում, ես հույս ունեմ, որ մենք կդնենք հայ առողջ համայնքների հիմքը:

Բարի գիշեր:

Հեղինակ
28.01.2008, 00:03
Այսօրս` 27 հունվարի 2008թ, մոտենում է ավարտին.

Զարմանալի զուգադիպությամբ համընկել են երկու ծննդյան օր` մեր Պարույր Սեվակինը, որը կդառնար 84 տարեկան և ռուս բարդ Վլադիմիր Վիսոցկունը` կդառնար 70 տարեկան: Երկու անուն, որ եղել են և կան երիտասարդ սերունդների սրտի տիրակալները...Բայց ժամանակը գնում է, նոր սերունդը արդեն չի տեսել այն երկիրը և այն գաղափարախոսությունը, որը ծնեց այս բանաստեղծներին: Նրանց բանաստեղծությունը ներքին ապստամբություն էր տիրող բռնակալության դեմ. Սևակի հերոսը բառի և զգացմունքի ինչպիսի~ այլաբանական ավյուն էր ծախսում` բռնակալությունը սասանելու համար, Վիսոցկու խռպոտ ձայնը ճորտության ի~նչ բաստիոններ էր քանդում մարդկանց հոգիներում :

Այսօր խորհրդային բռնակալությունը չկա, սակայն թեթևացե՞լ է Մարդ –արարածի հոգու բեռը, կատարվե՞լ Սևակի և Վիսոցկու իղձը... Այսօր արդեն պարզ է, որ այդ բանաստեղծները ելել էին արտաքին կապանքների դեմ առավելապես. դրա պատճառով Սևակի պոեզիան դատողական է, փիլիսոփայական, էստրադային,- սա տրիբունի երգն է, հեղափոխականի լարված մենախոսությունը, այն չի գնում հոգու գաղտնի տարածքը, Ոգու տարածքը...

Բայց Ազատությունը Տիեզերական կատեգորիա է, Ոգու Ֆունկցիա, այն գրեթե չի առնչվում սոցիումին և սոցալականին, բռնատիրությանը կամ դեմոկրատիային...Սևակը և Վիսոցկին Ազատության երգիչը չէին, նրանք նոր մուտք անող ազատականության երգիչն էին...Նրանք Հավերժի հետ շատ հազվադեպ էին հանդիպում: Եվ Սևակի պոեզիան այսօր սոցիալական ամբոխի շուրթին է, այն մակերեսայնացնում է Մարդու աշխարհաընկալումը, այն չի կարող մեր Ոգու և Գրականության Մայրուղին լինել...Իհարկե, կոմիտասապաշտ Սևակի երգը, նրա վսեմ «Անլռելի...»-ին մնալու հայ սրտի ...հանրագիտարանային կոթողներից մեկը:

Այս սիրելի անուները նորից հուշեցին` խմել ավելի բարձր ակունքներից: Բերում եմ ևս մի քանի մեջբերում Օշոյի «Мятеж. Революция. Религиозность» գրքից:



Реформа делает из тебя джентльмена. Революция превращает тебя в праведника.
Мятеж делает тебя мудрецом. Иисус был мудрец. Все, что он делал, никак не связано с определенной моралью. Он совершал это в силу непосредственного знания. Мятеж опирается на знание, революция — на характер, реформа — на формальности.

Реформа — это косметический ремонт. Это попытка скрыть недостатки путем побелки — немного побелим здесь, немного подкрасим там, но основная структура остается прежней. Реформа может вести к революции, а может препятствовать революции; это зависит от тебя.
. Только рождение нового человека может по-настоящему породить новое общество.

Огромная часть человечества должна узнать о необходимости правильного понимания мира, о необходимости мятежа. Только тогда человек может по-настоящему стать человеком. Сейчас человек остается человеком лишь по названию; на самом деле он еще не превратился в человека, поскольку у него отсутствуют необходимые качества: сострадания нет, любви нет, медитации нет. Молитвы, благодарности нет, праздника нет. Реформа приносит новые идеи, революция приносит новую структуру, которая поддерживает новые идеи, а мятеж дает новое сознание, нового человека, новую сущность, поддерживающую эту структуру.

Հեռուստաէկրանից լսվում է Վարդուհի Վարդերեսյանի սիրելի ձայնը, մեր բեմի
պատանի Ջոնիի ձայնը. հիրավի`այս աշխարհում ինչ-որ բան սխալ է...Որքան անխնա-ապիկար է մի հանրություն, որ չի խնամում իր գեղարվեստի ապրող դասականներին, թաքցնում է երիտասարդ սերնդից նրանց անունը, ձայնը, երգը, բանաստեղծությունը... Մնացել է ընդամենը մի քանի անուն – Հովհաննես Չեքիջյան, Սոս Սարգսյան, Օհան Դուրյան, Վարդուհի Վարդերեսյան, Տիգրան Մանսուրյան...Մենք ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ՕՐ պետք է լինենք նրանց հետ, նրանք ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ՕՐ պետք է լինեն մեզ հետ:

Այլապես` ո՞վ մեզ պետք է մշակութային հայրություն- մայրություն անի...Ինչքան է շարունակվելու այս մշակութային որբությունը: Մինչդեռ մեր աչքերին փչում են շոու- բիզնեսի «աստեղային» փոշիները...

Սիրելի Ֆորում, մեր սրտի մեջ փայփայենք սիրելի անունները:

Բարի գիշեր

Հեղինակ
29.01.2008, 00:06
Այսօրս`28 հունվարի 2008թ., մոտեցավ ավարտին:

Այսօր մեր Բանակի օրն է, շնորհավորում եմ բոլորիդ և մի հեռավոր ձորում իր ծառայությունը անցկացնող մեր զինվորին: Եվ ավելացնում եմ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՐԱՇԽԻՔԸ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ է: Ուրեմն` զորություն մեր Բանակին և մեր Մշակույթին:

Այսօր աշխատում էի ձեռնարկի վրա, գրեցի մի զրույց մարդու կենսաէներգետիկ սննդի մասին, այն մասին, որ Տիեզերքը մի բազմաշերտ, բազմագույն կառույց է և նրա բոլոր գույները սնում են մարդուն: Մարդու էներգետիկ համակարգը իր անտեսանելի ձեռքերով հավաքում է Տիեզերքի նույնագույն էներգիաները, սնում նյարդային և ներզատիչ գեղձերի համակարգերը և ամբողջ ֆիզիկական մարմինը: Այժմ զարգացած երկրների բժշկությունը փորձում է ճարպակալման համաճարակի դեմն առնել և դա անում է կաթի ճարպը հանելով, պակասեցնելով շաքարն ու աղը, մեծացնելով ֆիզիկական ակտիվությունը և այլն: Ահա` ինչքան էլ սրանք օգտակար լինեն, անհնար է այս հիվանդությունը կանխարգելել առանց նուրբ էներգիաների աշխուժացման, առանց մարդու քվանտային մարմինների առողջացման: Իմ զրույցի Գիրուկ տղային ասում եմ, որ նա պետք է պարի իր ժողովրդի պարերը, կարդա նրա էպոսը, սիրի նրա լեզուն, տեսնի իր երկրի արևամուտի և արևածագի գեղեցկությունը, ահա այն ժամանակ էլ նա կապաքինվի գիրությունից :

Այսօր մի ամերիկյան հեղինակի` Մարիաննա Ուիլյամսոնի գործերն էի փնտրում համացանցում և հանդիպեցի մի ռուսալեզու կայքի` այլընտրանքային հասարակության ստեղծման նախագծով. Յոգաներ, ուսմունքներ, համաշխարհային կառավարություն, այլմոլորակայիններ, տիեզերական օգնություն ... Այս ամենը ճիշտ է, բայց եկել է Նոր Սինթեզի ժամանակը: Բոլոր Յոգաները հրաշալի են, սակայն որևէ Յոգա և նրա հետևորդը այսօր չի կարող հասարակության ամբողջական առողջացման մոտեցում առաջարկել: Կարելի է ասել, որ եկել է Ամբողջի Յոգայի, Կյանքի Յոգայի, Ուրախության Յոգայի ժամանակը:

Այսօր համացանցում լավ «որս» ունեցա , հայտնաբերցի Նիլ Դոնալդ Ուոլշի յոթ նոր գրքերի ռուսերեն թարգմանություները, ահա նրանցից մեկի առաջաբանից մի հատված:

Не существует господствующей расы.
Не существует величайшей нации
He существует единственной истинной религии
Не существует философии, совершенной в своей основе
Не существует неизменно безошибочной политической партии, высшей экономической системы или единственно правильного пути на Небеса.
Сотрите все эти идеи из вашей памяти. Уберите их из вашей жизни. Искорените их из вашей культуры. Ибо это мысли об обособлении и отчуждении, из-за них вы убиваете друг друга. Только та истина, которую Я даю вам, спасет вас:
МЫ ВСЕ ОДНО
Несите эту весть дальше через океаны, континенты

Սիրելի ֆորում, անկախության տարիներին միջազգային հանրությունը մեր գիտակցության մեջ մի միտք է ներդնում` հաստատեք ձեր երկրում ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ազատ շուկա, և դուք կդառնաք երջանիկ երկիր...

Սակայն երջանկության բանալին այստեղ չէ... Երջանկության բանալին մեր ՍԻՐՈ անսահմանության և ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ լայնության մեջ է:


Բարի գիշեր:

Philosopher
29.01.2008, 00:32
Կարելի է ասել, որ եկել է Ամբողջի Յոգայի, Կյանքի Յոգայի, Ուրախության Յոգայի ժամանակը:
Եկել է:love Հրաշալի ու դիպուկ էր:)

Այգ
29.01.2008, 21:08
Не существует господствующей расы.
Не существует величайшей нации
He существует единственной истинной религии
Не существует философии, совершенной в своей основе
Не существует неизменно безошибочной политической партии, высшей экономической системы или единственно правильного пути на Небеса.
Сотрите все эти идеи из вашей памяти. Уберите их из вашей жизни. Искорените их из вашей культуры. Ибо это мысли об обособлении и отчуждении, из-за них вы убиваете друг друга.


Լավ է ասված, միայն այստեղ քիչ մը այն չէ


Только та истина, которую Я даю вам, спасет вас:
МЫ ВСЕ ОДНО
Несите эту весть дальше через океаны, континенты

Վերևի մեջբերածիս առումով Ջալալ էդ Դին Ռումին էլ ոգով համահունչ ձևակերպում ունի:
«Կա միայն մեկ ռասա՝, սպիտակ: Բայց դա Հոգու գույնն է, ոչ թե մարմնի»

Հեղինակ
29.01.2008, 23:24
Այսօրս` 29 հունվարի 2008թ., ավարտվում է:

Շարունակվում է նախագահական մրցարշավը: Քարոզարշավի հասկացությունները և բանաձևերը պարզունակ են և իրարից տարբերվում են միայն թեկնածուի իրական ուժի, նրա խոսքի հուզական ծանրաբեռնվածությամբ: Պարզունակ բանաձևերը չեն առնչվում երկրի մշակույթին, էությանը, ապագային, և, ըստ էության, գիտական և քաղաքակրթական տարրը բացակայում է մրցարշավից: Ընտրարշավի հետ կապված` երկրի արթուն քաղաքացին մի իղձ կարող է ունենալ, որ այն ավարտվի մեկ փուլով: Երկու փուլերի դեպքում հաղթողի վարքի ու աուրայի վրա ծանր նստում է պարտված պերսոնաժների «աջակցության» գինը և պակասեցնում է հաղթողի պատասխանատվությունը ինքն իր առջև և պատմության առջև: Ուրեմն թող հաղթի մեկ փուլով նա, ով հաղթելու է և լիիրավ, լրիվ, անկիսելի, կոշտ պատասխանատվությամբ կանգնի պատմության առջև: Այդ դեպքում հնարավոր կլինի ձևակերպել նաև պատասխանատվության բանաձևը...

Այսօր մի հայտնի քաղաքական գործիչ` ոչ իշխանական դասից, ասում էր, որ պետք է մենք Թուրքիայի հետ մրցենք Եվրամիություն մտնելու ասպարեզում, այսինքն –ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլնի ասպարեզում ցույց տանք աշխարհին, որ մենք գերազանցում ենք Թուրքիային... Նորից մրցակցության կեղծ ասպարեզ,- մենք կարող ենք և պետք է լինենք լինենք ժողովրդավար, պահպանենք մարդու իրավունքները.... ինքներս մեզ համար, մեր կյանքի ու զարգացման համար, բայց ոչ Թուրքիայի հետ մրցելու և Եվրամիության դուռը ավելի ամուր թակելու համար: Եթե հարգո գործիչը ուզում է մրցել Թուրքիայի հետ, ապա թող հայ պետականությունը մրցի «թուրքական պետական հանճարի» հետ (չակերտներում Թումանյանի խոսքերն են)` պաշտպանելու ազգային շահի գերակայությունը և ազգային մշակույթը` բոլոր քաղաքական վայրիվերումներում, ինչով աչքի է ընկնում թուրք պետությունը: Հիրավի, դարավոր հակառակորդից շատ բան ունենք սովորելու` պետականություն կառուցելու ասպարեզում:

Այսօր կարդում էի Նիլ Դոնալդ Ուոլշի եռագրության առաջին գիրքը: Մեր եկեղեցու և հայ քահանայի սրտաշարժ ագնոստիցիզմը, ավետարանական մտքի դոգմատիզմը այլևս չեն կարող սնել մեր երիտասարդության իղձը` ճանաչելու աշխարհը, նրա ծագումը, նրա արարչական սկիզբը: Հիշածս գիրքը ցնցում է կոսմոգոնիկ գիտելիքի իր պարզությամբ: Չեմ կասկածում, որ մոտիկ ապագայում համաշխարհային կրթական համակարգը կհաղթահարի եկեղեցիների և կրոնների դոգմատիկ ճնշումը, և կոսմոգոնիան` իր հնագույն և ժամանակակից աղբյուրներով, կմտնի համալսարանական կրթություն, և ինչու ոչ` նաև դպրոցական հանրակթություն: Նաև կարծում եմ, որ մեր սիրելի հայ քահանան դրանից շոկի մեջ չի ընկնի և կշարունակի մեր երեխաներին կնքելու և քաղցրաբառ գրաբարով մեր ունկերը կրթելու իր դարավոր գործը :

«Հանրայինը» շարունակում է «Մի վախեցիր» հեռուստատեսային նովելի ցուցադրությունը: Եթե վերանանք նովելի թեմայից, որը հայ ազատագրական պայքարն է, և գլխավոր հերոսի և հերոսուհու համակրելի դեմքերից, ինչը իրենց ժառանգական- ֆիզիկական սեփականությունն է` այս ֆիլմը հեռանում է հայ կինեմատոգրաֆի ազնիվ, հանդիսավոր, միամիտ, խորունկ, մարդկային գեղագիտությունից, բառի և արտահայտության թանկ ապրումից և բերում է լեզվի սրբազան տարածքի աղտոտման, աղճատված գռեհիկ հոգեբանության, ցինիկ իշխանության, դեգրադացվող էթիկայի անսքող ազդակներ: Սա հիրավի` Երրորդ հանրապետության ներմուծած հակաշակույթի արտացոլանքն է կրում: Ափսո~ս: Ղարաբաղյան ընդվզումը սպասում է երբևէ նոր փարաջանովյան կամ մալյանական հանճարի վրձնահարվածներին:

Սիրելի ֆորում, այնուանդերձ, այդ ֆիլմի վերնագիրը իր խորքով հսկա իմաստություն է կրում, առողջ կյանքի ստեղծման կարևոր բանալի: Եվ այսօր ամեն մեկիդ և բոլորիդ մաղթում եմ` ՄԻ~ ՎԱԽԵՑԵՔ:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.01.2008, 23:22
Այսօրս 30 հունվարի 2008թ. ավարտվում է :

Շատ հազվադեպ եմ “Եվրանյուսի” հաղորդումները նայում, այսօր պատահաբար ուշադրությունս գրավեց մի երկար, հանգամանալից հաղորդում Աֆղանստանի մասին: Զարմանալի տրամաբանություն ունի Արևմուտքի այսօրվա բնակիչը: Զենքով ու զորքով, ահով ու մահով նա մտել է այդ երկիրը և խիստ մարդասիրական ծրագրեր է իրականացնում. կանանց պաշտպանում է նրանց ամուսինների բռնությունից, գյուղացիների սովորեցնում է ձուկ բռնել, տնտեսություն ստեղծել և այլն: Բայց ամենկարևոր գործը, որ այստեղ անում են եվրոպացին ու ամերիկացին` այս ժողովրդին դեմոկրատիա սովորեցնելն է, բայց արի ու տես, որ այս ժողովուրդը չի ուզում դեմոկրատիա սովորել: Այստեղ գործում են ցեղի, ցեղախմբի, իսլամի և այլ օրենքներ, և մեկը չկա ` հարցնի եվրոպացուն և ամերիկացուն ` ով է ձեզ իրավունք տվել ձեր դեմոկրատիան ուսուցանել այստեղ, այն էլ` երեխաների ու ծերերի, կանանց ու տղամարդկանց մահվան գնով…

Սակայն Աֆղանստանի նկատմամբ ամենամեծ հանցանքը գործեց Խորհրդային կայսրությունը: Ռուս գրող Անատոլի Իվանովը իր մի գրքում գրում է. “Սահմանից այն կողմ Աֆղանստանն է, որտեղից ոչ մի գնդակ չի արձակվել մեր երկրի նկատմամբ”: Եվ ի~նչ. կայսրությունը, նրա զառամյալ առաջնորդները որոշեցին այնտեղ խորհրդային կարգեր հաստատել և տապալեցին խաղաղ հարևանի թագավորին` Դաուդին և դրեցին իրենց դրածոներին` Բաբրաք Քարմալ, Նաջիբուլլա և այլն: Եվ այդ խաղաղ երկիրը արդեն երեսուն տարի պատառոտվում է երկպառակություններից և պատերազմից:

Այսօր Հայաստանի հյուրն էր Մոսկվայի մարզի նահանգապետը` գեներալ Գրոմովը: Նա վերջինն էր ռուսական զինվորականներից, որ լքեց Աֆղանստանը` իր ամբողջ զորախումբը հանելուց հետո: Միգուցե նա լավ զինվորական է և այժմ էլ մեր բարեկամն է, բայց դառն է այն զգացումը , որ ռուսական կայսրության զոհ է եղել մի հպարտ ժողովուրդ, որն այդպես էլ եռեսուն տարում չի կարողանում թոթափել "քաղաքակիրթ" օտարների լուծը:

Այսօր ամփոփվել է “Դպրոցական ծրագրերի” մրցույթը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը` “Ռուսալ”-ի հովանավորությամբ: ԿԳ նախարարը խոսում էր երեխաների ազատ զարգացման, նրանց մոտ բիզնես- ունակությունների ձևավորման և վերջին հաշվով` Նոր Դպրոցի ստեղծման մասին: Հարկ է հարցնել` Նոր Դպրոցի համատեքստում ու՜ր մնաց և ի՜նչ է անելու Ազգային Դպրոցի գաղափարը: Այս և նման ծրագրերի պատմության մեջ շատ հետաքրքիր է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացչության դերը: Այս համաշխարհային կազմակերպությունը, որի բոլոր գործերը և կենսագրությունը աչքի են ընկնում բացառիկ անդեմությամբ, անհամությամբ և իրական հումանիզմի աղետալի պակասով` Հայաստանում ցույց է տալիս այս բնութագրիչ հատկությունները: Երբևէ չի զգացվել, որ ՄԱԿ-ի ներկայացչությունը և այդ ժամանակահատվածի նրա ներկայացուցիչը` Չեկալովիչը, նրա ժպտերես հաջորդը կամ այսօրվանը` գոնե մի քիչ զգում են կամ ձգտում են զգալ Հայաստանի մշակութային միջավայրը, կրթական խնդիրները, յուրահատկությունները ... Իմ դիտարկումներով` այս կազմակերպության մասնակցությունը Հայաստանի կրթական կյանքին պոզիտիվ ներուժ չունի, եթե ոչ հակառակը...

Այսօր ԴՆ ֆորումի բլոգերում տեղադրեցի “Ազգ և առողջություն” հանդեսի խմբագրականը: Արտահայտում եմ իղձս, որ մի օր մեր երկրում հնչեն այլ ազգերի, այդ թվում եվրոպական ազգերի էպոսները ` “Սիդի երգը”, “Նիբելունգների երգը”, “Ռոլանդի երգը”, Հյուսիսյաին սագաները … Երբ կլինի, որ ազգերը իրար տան իրենց թանկ մշակույթները և ոչ թե միջազգային կազմակերպությունների միջոցով իրար ուղարկեն իրենց գլոբալացվող, միջազգային, քաղաքավար և անդեմ ժպիտները:

Սիրելի ֆորում ժպտանք իրար մարդկային, ազգային, համամարդկային, տիեզերական … ժպիտներով :

Բարի գիշեր :

Հեղինակ
01.02.2008, 00:09
Այսօր 31 հունվարի 2008թ. ավարտվում է:

Այսօրս սկսվեց մի հաճելի գործով` մեր զինվորին ուղարկեցի քաղցրավենիքներով ոչ մեծ ծանրոց և նամակ: Ըմբոշխնում էինք այն ուրախությունը` ինչպես է բացելու ծանրոցը:

Մեր բնապահպանները հարցնում են ՀՀ նախագահության թեկնածուներին` եթե նախագահ դառնաք` ինչպե՞ս եք լուծելու բնապահպանական խնդիրները: Այս հարցումին մի էական լրացում եմ անում. եթե նախագահ դառնաք` ինչպե՞ս եք լուծելու թիվ մեկ բնապահպանական աղետավայրի ` մարդու կյանքի և առողջության խնդիրները: Իհարկե` ծառը բնության զարդն է և այն պետք է պահպանել, բայց ծառը կարող է պահպանել միայն ֆիզիկապես և էթիկապես առողջ մարդը:


ՀՀ նախագահության թեկնածու ` ՀՀ վարչապետը այսօր ծնկի եկավ և համբուրեց Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարը: Լավ է, մեր պետականությանը ո՞վ է խոնարհված տեսել... Ու՞ր է թե պետականությունը ամեն տվնջական օր այդպես խոնարհված լիներ Ազգային Մշակույթի առջև, նրանից ստանար Երկրի կառավարման, կյանքի կերտման ազդակները: Սա կլիներ միակ ճիշտ ռազմավարությունը: Իսկ Ս Մաշտոցի գերեզմանի քարը համբուրելը մարտավարություն է, որին ևս հաջողություն եմ ցանկանում :

Այսօր ՀՀ Առաջին տիկին Բելլա Քոչարյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ: Առաջին ալիքը մեղմ ընտանեկան տոնայնության մի ֆիլմ ցուցադրեց Առաջին տիկնոջ և նրա ընտանիքի մասին: Իհարկե, ամեն երկիր ցանկանում է լինել իր կառավարիչների և մանավանդ` կանացի սկզբի խնամքի տակ: Բայց սա հազվագյուտ բարիք է, որ կարող է բաժին ընկնել որևէ ժողովրդի... Առաջին տիկինը իր կարևոր գործերից մեկը համարում է ոսկրածուծի Ռեեստրի ստեղծումը Հայաստանում` լեյկոզով հիվանդ մանուկներին օգնելու համար: Սա շնորհակալ գործ է, բայց մենք կցանկանայինք, որ Առաջին տիկնոջ ջանքը ուղղված լիներ այդ ծանր հիվանդության կանխարգելմանը` առողջ ապրելակերպի հաստատման միջոցով: Ամիսներ առաջ ես և Առողջագետը փորձեցինք Առաջին տիկնոջը հասցնել մեր հայացքը, ուղարկել էինք առողջ ապրելակերպի գծով` մեր երկու մատենաշարի գրքույկները, և հանդիպում էինք ակնկալել: Ափսո~ս, արձագանք չեղավ: Մեր պետականությունը, նրա կանացի սկիզբը ևս առայժմ հակված են երկիր բերել արևմտյան մոդելներ – ոսկրածուծի ռեեստր և ոչ առողջ ապրելակերպի համընդհանուր կրթություն ` սկսած հղի կնոջից մինչև երեխայի բոլոր տարիքները...

Այսօր Հայստանում էր Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակությունը: Ահա մեր հին բարեկամ լորդ Ջոնսթոնի` լորդորեն անխնամ և գոռոզ կերպարանքը: Ե՞րբ է լինելու, որ մենք ճիշտ անցկացնենք այս անիծյալ (կամ օրհնյալ) ընտրությունները և չգտնվենք մի գոռոզ բրիտանացու և այլոց քննախույզ, ծանր հայացքների տակ:

Ո՞րն է ճիշտ միտքը, ո՞րն է ճիշտ խոսքը, որ՞ն է ճիշտ զգացմունքը: Ուզում եմ ձեզ հաճույք պատճառել և մի մեջբերում անել Ն.Դ. Ուոլշի գրքից:
Самая Высокая Мысль — всегда та мысль, которая содержит радость.
Самые Ясные Слова — те, что содержат истину.
Самое Великое Чувство — то, которое вы называете любовью.
Радость. Истина. Любовь.
Все три взаимозаменяемы, и одно всегда ведет к другим. Не имеет значения, в каком порядке их помещать.


Սիրելի ֆորում ցանկանում եմ բոլորիդ ...Ուրախություն, Ճշմարտություն և Սեր:
Մնացյալն... ավելորդ է;)

Բարի գիշեր:

Հեղինակ
01.02.2008, 23:48
Այսօրս` 1 փետրվարի 2008թ. ավարտվում է:

Այսօր աշխատում էի մի փաստաթղթի վրա, որը կոչվում է “Ճարպակալաման դեմ պայքարի Դն Խարտիա”: 2006թ.-ի նոյեմբերին Ստամբուլում կայացավ Եվրոպական երկրների առողջապահության նախարարների խորհրդաժողով, որտեղ ընդունվեց Ճարպակալման դեմ պայքարի Եվրոպական խարտիան: Մի պետական պատասխանատուի հետ փորձեցինք համագործակցել` նախապատրաստելու ՀՀ պատվիրակության աշխատանքը… Այն ինչ հետաքրքրում էր Եվրոպական նախարարներին` հեղինակային խումբը որոշակիորեն արել և հրատարակել էր, մենք պատրաստ էինք Հայաստանի համար մի հաղթական գիտական մասնակցություն ապահովել, սակայն ապիկար համակարգը մերժեց մեր օգնությունը: Ես պատասխանատուից հետ վերցրեցի պլան-առաջարկը… Եվ ահա` Եվրոպական խարտիան, մեր գնահատականով, ոչ խորը փաստաթուղթ է, այնտեղ անտեսված է առողջ ապրելակերպի կրթության դերը, և այժմ հեղինակային խումբը առաջարկում է ԴՆ խարտիան և ստեղծում է Ճարպակալման կանխարգելման կրթական մանրակերտը:

Այսօր ՀՀ նախագահը ընդունել էր հայ ավետարանչականներին: Չեմ ուզում խորանալ ոչ դավանաբանական և ոչ էլ այլ հարակից խնդիրների շուրջ, հայ ավետարանչական եկեղեցին համարվում է Մայր եկեղեցու հետ համագործակցող կառույց, որը ծառայում է Հայաստանին: Սակայն մի խոր անհանգստություն, ներքին մի տագնապ տիրում է սրտիդ, երբ հասու ես լինում, թե ինչ մշակույթ է բերում այս եկեղեցին: Կյանքում մեն մի անգամ, մի համառ հրավերի հետևելով, եղել ենք այս եկեղեցու մի քարոզիչի քարոզին: Ինչքան խոսքաշեն է ավետարանչական քարոզիչը, նույքան զարմանալիորեն խեղճ ու անարվեստ է այդ եկեղեցու բերած հոգևոր երգը, մեղեդիները պարզունակ են և որևէ ծագումնաբանական կապ չունեն հայ երգարվեստի հետ: Մի ժողովուրդ, որ ունի հզոր ու զվարթ Շարակնոց` չպետք է ինչ–ինչ սոցիալական հաշվարկներով իր բնիկ մշակույթը փոխարինի ներմուծովի, ոչ բարձր մշակույթով, թեկուզ և նրա մեջ հնչի այնպիսի թանկ անուն, ինչպիսին Աստվածորդու անունն է: Կարծում եմ` պետականությունը և ազգային- մշակութային համակարգը զգոն պետք է լինեն ավետարանչական եկեղեցու երևույթի նկատմամբ:

Այսօր ֆորումում երկու շատ հետաքրքիր գրառումներ կային ` Այգ-ի և Տիգրիս-ի գրառումները, որոնք առնչվում են մեր երկրի ապագային ու նրա մշակույթին:

Ռուսական արջը թաթի մի երկու հարված է տվել քաղաքակիրթ Եվրոպային և ԵԱՀԿ-ին` սահմանափակելով նրա դիտորդների մասնակցությունը նախընտրական գործընթացներին: Եվրոպական գոռոզությունը և ռուսական արջությունը թող մի քիչ տրորեն իրար, քանզի երկուսն էլ բան ունեն հասկանալու. առաջինը, որ “եվրոպական չափանիշները” աշխարհի կարգուկանոնի վերջը չեն, և Մեծ Ռուսաստանի հետ պետք է հարգանքով խոսել, իսկ երկրոդը` որ …արջությունը միշտ չէ, որ սազում է իր ստեղծած մեծ մշակույթի ոգուն…

Մի միջազգային իրադարձություն ևս շատ հուզում է ինձ` Սերբիայի նախագահի ընտրությունները, որոնք ազդելու են Կոսովոյի ճակատագրի վրա: Եղբայրական զորակցություն և սեր Կոսովոյի սրբազան հողին և անպատված տաճարներին…

Սիրելի ֆորում, աշխարհը Մեկն է, Միացյալ, Միասնական: Կոսովոյի ցավը մեր ցավն է:

Բարի գիշեր:

Philosopher
01.02.2008, 23:53
Ինչքան խոսքաշեն է ավետարանչական քարոզիչը, նույքան զարմանալիորեն խեղճ ու անարվեստ է այդ եկեղեցու բերած հոգևոր երգը, մեղեդիները պարզունակ են և որևէ ծագումնաբանական կապ չունեն հայ երգարվեստի հետ: Մի ժողովուրդ, որ ունի հզոր ու զվարթ Շարակնոց` չպետք է ինչ–ինչ սոցիալական հաշվարկներով իր բնիկ մշակույթը փոխարինի ներմուծովի, ոչ բարձր մշակույթով, թեկուզ և նրա մեջ հնչի այնպիսի թանկ անուն, ինչպիսին Աստվածորդու անունն է: Կարծում եմ` պետականությունը և ազգային- մշակութային համակարգը զգոն պետք է լինեն ավետարանչական եկեղեցու երևույթի նկատմամբ:

Առավել ուշադիր պետք է լինի մարդը, առանձին վերցրած մարդը, որը պետք է, դեն նետելով ավանդական կաղապարները, չընկնի նոր, արտաքնապես նոր, բայց խորքում նույնքան ցածր ստրկության տանող հոգևոր-բարոյական թակարդները: Թեմա, որի մասին առանձին դեռ կխոսենք կրոնի բաժնում:)

Tigris
02.02.2008, 17:37
Հեղինակից խօսքից ոսկի մէջբերումներ, եւ Տիգրիսից զրոյցներ:

Այսօր ՀՀ նախագահը ընդունել էր հայ ավետարանչականներին:
Չեմ ուզում խորանալ ոչ դավանաբանական և ոչ էլ այլ հարակից խնդիրների շուրջ, հայ ավետարանչական եկեղեցին համարվում է Մայր եկեղեցու հետ համագործակցող կառույց, որը ծառայում է Հայաստանին: Սակայն մի խոր անհանգստություն, ներքին մի տագնապ տիրում է սրտիդ, երբ հասու ես լինում, թե ինչ մշակույթ է բերում այս եկեղեցին: Կյանքում մեն մի անգամ, մի համառ հրավերի հետևելով, եղել ենք այս եկեղեցու մի քարոզիչի քարոզին: Ինչքան խոսքաշեն է ավետարանչական քարոզիչը, նույքան զարմանալիորեն խեղճ ու անարվեստ է այդ եկեղեցու բերած հոգևոր երգը, մեղեդիները պարզունակ են և որևէ ծագումնաբանական կապ չունեն հայ երգարվեստի հետ: Մի ժողովուրդ, որ ունի հզոր ու զվարթ Շարակնոց` չպետք է ինչ–ինչ սոցիալական հաշվարկներով իր բնիկ մշակույթը փոխարինի ներմուծովի, ոչ բարձր մշակույթով, թեկուզ և նրա մեջ հնչի այնպիսի թանկ անուն, ինչպիսին Աստվածորդու անունն է: Կարծում եմ` պետականությունը և ազգային- մշակութային համակարգը զգոն պետք է լինեն ավետարանչական եկեղեցու երևույթի նկատմամբ
Աւետարանական, կամ ինչպէս սովոր է ասել՝ Բողոքական եկեղեցին Հայաստան աշխարհում եւ արեւմտահայութեան շարքերում, թերեւս երկու հարիւր ամեայ կեանք ունի: Մահմեդականների շարքերում քրիստոնութիւն քարոզելու ելած, սակայն ճանապարհի սկիզբին. սլաքները արեւելքի անտէր ժողովուրդներին ուղղած ամերիկացիք, այո', ունեցել են նպաստաւոր գործունէութիւն, ինչ վերաբերի Հայաստանին եւ հայ ժողովուրդին, եւրոպական կրթութիւն բերելուն: Ինչպէս Կաթոլիկ աշխարհ ապաստանած մխիթարեանները, այնպէս եւ ամերիկան եւ հիւսիսային եւրոպան, հայ ժողովուրդի զարթօնքի հիմնական ազդակներից են եղել: Հայ եկեղեցին պարզապէս հետեւել է այս «հերձուած»ների գործունէութեանը:
Արժէ յիշել նաեւ, որ հայ ժողովուրդի ազնուագոյն զաւակներից, պատկանել են Հայաստանեայց Աւետարանական եկեղեցւոյ, ինչպէս՝ Հրանտ Դինք, Սողոմոն Թեհլիրեան, Վիլիամ Սարոյեան եւ այլք:
Այս ամէնը ընդունելի է եւ հայ ժողովուրդը չի կարող մոռանալ ԻՐ պատմութիւնը:
Եւրոպան, իր լատին, եւ անգլիկան հոգեւոր երաժշտութեամբ, շահել է ծառայիս հիացմունքը: Անտարակոյս, եւրոպական հոգեւոր երաժշտութիւնը ունի երկնային բարձունք: Զուարթ հրեշտակների համերգը կարող էք լսել այդտեղ՝ գոթական տաճարների կամարների շուաքին:
Աւետարանական եկեղեցւոյ ակունքում կայ ռամկութեան բողոքը՝ շահագործող կղերական դասի, ծէսերի եւ ամէն կարգի ձեւականութեան դէմ: Այդ եկեղեցին աշխատեց վերադառնալ. քրիստոնէական պարզութեան:
Ինքս ունենալով վարչականօրէն, բայց ոչ հոգեպէս «բողոքական» ազգականներ, ներկայ եմ գտնուել Հայ Աւետարանական եկեղեցւոյ պաշտամունքին: Այո', Աւետարանական եկեղեցին չունի. «պատարագ», «ծէս», «արարողութիւն», այլ միայն պաշտամունք, որպէս աղօթք:
Հայկական Աստուածահաճոյ «Տէր Ողորմիայ»ից ետք՝ Շուէցարիական կամ Աւստրիական, իմա՝ գերմանացի ռամիկի հոգեհարազատ Ձմեռ պապիակական շոկոլատային երգեր: Այնպէս որ մի այլ տեղ նշել եմ՝ անհամատեղելիութիւնք: Ինչեւէ, խօսքը չերկարեմ:
Այժմ Ամերիկեան զանազան աւետարանականատիպ եկեղեցիկներ, առաքելական (միսիոնարական) գործունէութիւն են ծաւալում: Այդ գործունէութեան հետ մէկ տեղ, եւ Բախի երաժշտութեան փոխարէն, կաղանդ պապիկային եւ նեգրոափրիկեան ցատկել ծափելային երաժշտութիւն է մատուցւում, քրիստոսին փառաբանելու համար՝ հեշտագինին վարժեցուած սպառողական ընկերութիւններին: Քանիցս գրել եմ. «իւրաքանչիւր ազգ, աղօթելու իր կերպը ունի»:



Եվրոպական գոռոզությունը և ռուսական արջությունը թող մի քիչ տրորեն իրար, քանզի երկուսն էլ բան ունեն հասկանալու. առաջինը, որ “եվրոպական չափանիշները” աշխարհի կարգուկանոնի վերջը չեն, և Մեծ Ռուսաստանի հետ պետք է հարգանքով խոսել, իսկ երկրոդը` որ …արջությունը միշտ չէ, որ սազում է իր ստեղծած մեծ մշակույթի ոգուն
Աւաղ եւրոպական այս մրցակցումն է թուրքիայի, լինի դա ոսմանեան թէ հանրապետական, գոյութեան գրաւականը: Ռուսը, Անգլը, Փռանգն ու Պրուս-Գերմանը միշտ պաշտպանել են թուրքիան, միւս եւրոպացիներից: Նախանձ, նեղուց, տաք ջրերի եւ Պարսից ծոցի եւ Հնդկաստանի ճանապարհ եւ գերեզմանացեալ Հայաստան: Մեր քրիստոնէութիւնը՝ ազատքեղի արժէք ունի, շահագէտ եւրոպացնիների համար: Եթէ այսօր Արջաստանը պաշտպանում է Հայ-թուրք սահմանը, ապա դա հայի սեւ, խաժ, կամ երկնագոյն աչքերի համար չէ, այլ թուրքիայի, դու հասկացիր՝ պանթուրքիզմի եւ/կամ պանիսլամիզմի մուտն արգելելու, ի թաթարստան, ի Դաղեստան եւ ի բաշկիրիա եւ նման երկիրներ:
Կարծեմ պարսիկներ, նոյն մտահոգութիւնը պիտի ունենան:



Մի միջազգային իրադարձություն ևս շատ հուզում է ինձ` Սերբիայի նախագահի ընտրությունները, որոնք ազդելու են Կոսովոյի ճակատագրի վրա: Եղբայրական զորակցություն և սեր Կոսովոյի սրբազան հողին և անպատված տաճարներին
Բալկանեան թերակղզուց մինչ Կովկաս, ժողովուրդները տառապում են դեռեւս՝ ոսմանի խալիփների տարածած չարիքի սերմի պատճառած ուռուցքից: Չարիքի արմատը՝ օձի գլուխը, այդ քաղաքից է եղել, որ կոչի Կոստանդնուպոլիս:

Կոսովոյի ցավը մեր ցավն
Եթէ երբէք այդ հարաւսլավը չի ահաբեկեր Աւստրոհունգար կայսր Ֆերդինանդին, արդեօ՞ք Առաջին Աշխարհամարտը պիտի պայթեր: Չէ՞ որ մեզ հաւատացնում են, թէ Առաջին Աշխարհամարտ սկսեց այդ կայսրի սպանդով:

Հեղինակ
02.02.2008, 23:55
Այսօրս` 2 փետրվարի, 2008թ. ավարտվում է:

Այսօր շատ խաղաղ աշխատանքային օր էր: Առավոտյան աշխատում էի ձեռնարկի վրա: Գրեցի մի զրույց մեր հիվանդ մոլորակի մասին. նա ծածկված է մի ծանր վերմակով, և այդ վերմակը բրդից չէ, բամբակից չէ, այլ հյուսված է մարդկանց ծանր մտքերից, նրանց ատելությունից, նախանձից, անհանդուրժողականությունից… Հիրավի, մոլորակի լուսապսակը շատ ծանրացած է, պղտորված, և առանց նրա մաքրման` անհնար է մոլորակային կյանքի առողջացումը, պատերազմների կանխումը, աղքատության, տառապանքների ու հիվանդությունների վերացումը: Միայն լուսավոր մտքերը, առողջ մշակույթը, միայն հերոսները և երեխաները կարող են մաքրել այս հիվանդ մոլորակը: Ահա այս մասին է այսօր գրված զրույցը:

Արդեն գրել եմ, որ խուսափում եմ նախընտրական տենդին որևէ առնչություն ունենալուց. այնուհանդերձ ինչ-ինչ աղերսներ հասնում են մտքիս ու սրտիս, և ցանկանում եմ արձագանքել: Ահա` այսօր էլ խոսում էին ազգային կուսակցության մասին: Իսկապես` ի՞նչն է իրավունք տալիս կոչվել ազգային կուսակցություն` պատմությու՞նը, սիմվոլնե՞րը, ծրագի՞րը… Ես կասեմ իմ ընկալումը. ազգային կուսակցությունը նպատակ պետք է դնի պահպանել, խնամել ազգային- մշակութային համակարգը, ստեղծել ազգային դպրոց ու կրթություն, երկրում հաստատել ազգային առողջ ապրելակերպ: Այսպիսի խնդիր դնողը և իրականացնողը պետք է կարողանա գլոբալացվող աշխարհում անել այս գործը, բայց ինձ հայտնի չէ որևէ կուսակցություն, որը տեսականորեն լուծել է այս խնդիրը և գործնականում փորձում է դա անել:

Կինը և քաղաքականությունը…Այո~, առանց կնոջ գերակշիռ մասնակցության` դժվար է առողջացնել մեր մոլորակը: Բայց կինը պետք է ստեղծի կնոջը արժանի քաղաքական համակարգ: Իսկ այժմ կինը աշխատում է տղամարդու ստեղծած քաղաքական համակարգում և ստիպված է իր քնքուշ երեսը, հոգին, իր նուրբ, անկաշառ մատները կոշտացնել` այնտեղ աշխատելու համար: Չկա ավելի տխուր պատկեր, քան տղամարդկանց աշխարհում աշխատող կին քաղաքական գործիչը: Ահա այսպիսի տխուր մտորումներ` մի կին քաղաքական գործչի լարված դեմքը տեսնելուց հետո:

Քաղաքական գործիչները շատ են խոսում միասնության մասին: Իհարկե, եթե քաղաքական գործիչը գիտակցի, որ ամեն մարդ իր ազգի, մարդկության և Տիեզերքի զավակն է և պատասխանատու է և իր, և իր ազգի, և աշխարհի համար, ապա նա մոտ կլիներ միասնության բանաձևին… Բայց մեր քաղաքական գործիչը միասնություն ասելով ուրիշ բան է հասկանում, առավելագույնը` միասնական լինել…Ղարաբաղի հարցում: Սա խեղճ բանաձև է, մեզ սպասում են միասնության ավելի բարձր հանգրվաններ…

Այսօր ռուսական մի ալիքով երևաց Եգոր Գայդարի դեմքը: Սա ռուս հայտնի գրող Արկադի Գայդարի թոռն է. այս մարդը Ռուսաստանի տնտեսության քայքայողներից մեկն է, ազատական քանդարարության հեղինակը, և ժպտում է ինքնագոհ, ճարպոտ ժպիտով: Իսկ ո՞վ է Հայաստանում այս անվան հոմանիշը. և ի՜նչ էլ նման են կերպարները, և ի՜նչ վերամբարձ է սրանց ազատական- անգետ գոռոզությունը:

Սիրելի ֆորում, այսօր “Հայլուրից” հետո … մարտաֆիլմ էր: Խորհուրդ եմ տալիս` ի պատասխան “Հանրայինի” համառ, մշտական, աննահանջ մարտաֆիլմային քաղաքականության` անջատել հեռուստացույցը և ինձ նման ձեռք վերցնել Միսաք Մեծարենցի արևագույն այն հատորը, որի վրա քնար է դաջված.


Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի~ն,
հաշիշով օծուն և բալասանով.
լուսեղեն ճամփեն ես կանցնեմ գինով`
գիշերն անույշ է, գիշերն հեշտագի~ն,

Բոլորիդ անուշ գիշեր եմ մաղթում:

Բարի գիշեր:

Հեղինակ
03.02.2008, 23:29
Այսօրս` 3 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Սիրելի Ֆորում, մի անգամ ասել եմ, թե ինչպես է սկսվում այսօրս. առաջին գործս է` բանջարեղենային հյութ եմ քամել ընտանիքի համար: Այսօր մանրամասնում եմ` հյութաքամիչով քամում եմ գազարի և բազուկի հյութ` չորս–մեկ հարաբերությամբ: Ձեզ հետաքրքիր կլինի, թե ինչ արժե այդ հաճույքը. բաժակը արժենում է 75-100դրամ: Այդպիսի հյութը շատ առողջարար է, հատկապես` երեխաների համար. եթե այն մտնի մեր ընտանիքների կենցաղ,ապա մեծ նպաստ կբերի նրանց առողջությանը և վաստակ կապահովի հազարավոր գյուղացիների համար:

Սկսվում է մեծ պահքը, մեր ընտանիքը վերջին երկու տանամյակում երբեք այդպիսի խնդիր չի դրել` ճշգրիտ պահք պահել, որովհետև առողջագիտական սեղանը հիմնականում բուսական է: Բայց պահք պահելը երբեմն այնքան հոգս է ծնում, իբրև թե քառասուն օր ի՞նչ ուտել – ավելուկ, փլավներ և այլն, և պահք պահելն էլ դառնում է մի դժվարին պարտականություն: Եվ իզուր. բուսական սեղանը այնքան հարստություն և բազմազանություն կարող է ունենալ, որ տխրության կարիք չկա: Խնդիրն ուրիշ է. մշտական կենդանական սպիտակուցի` մսեղենի օգտագործումը այնպես է փոխում աղիքների միկրոֆլորան, որ այս մանրէ-գազանները տիրոջից պահանջում են անընդհատ միս ուտել: Հիշում եմ` տարիներ առաջ Առողջագետին դիմեց մի հարգարժան ու շատ գեր հոգևորական` արքեպիսկոպոս, նա եկել էր իր երիտասարդ բարեկամուհու հետ, որ խնամում էր նրան: Երբ առողջագետն ասաց , թե որոշ ժամանակ ճիշտ կլինի հրաժարվել մսից` բարեկամուհին բացականչեց . «Օ~, ոչ, սրբազանը առանց մսի չի կարող»: Ափսո~ս ...

Օ~, ժամանակներ, օ~, բարքեր: Մի երիտասարդ, օրթոդոքս, կատաղի կոմունիստ կար`ժամանակին ներկա Կոմկուսի երկրորդ քարտուղարը. այսօր նրան տեսա հեռուստատեսությամբ` աջ ազատական ՕԵԿ-ի հանրահավաքին և ելույթ ունենալիս: Այսպիսի մետամորֆոզներ ...

Երեկ ՀՀ առաջին նախագահը հայտարարել էր , որ Վանո Սիրադեղյանը մեծ գրող է և նրա անունը դրել էր Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի հետ մեկ շարքում: Այսօր առաջին նախագահի հակառակորդը հակադարձեց, թե ինչպես կարելի է հանցագործի անունը դնել այդպիսի մեծ անունների կողքին: Հանգստացե~ք, պարոնայք: Տողերիս գրողը գրականության հետ որոշ առնչություն ունի, և ասում եմ ` Վանո ՍԻրադեղյանը հրաշալի արձակագիր է և մաթևոսյանական արձակի ավանդույթի շարունակողը, բայց ի ցավ մեր երկրի` «Հայաստանի հրաշալի աձակագիր» և «Հայաստանի ականավոր հանցագործ» հասկացությունները համատեղվում են մեկ կերպարի մեջ, և, ավա~ղ, դա ողբերգական փաստ է:
60-70-ականների հայ մտավորականության սերունդը չդիմացավ իշխանության ծանրությանը և դեգրադացվեց. այս երևույթի և, մասնավորապես, Վ.Ս.-ի բնութագիրը` որպես գրող և գործիչ, կարող եք գտնել իմ «Երրորդ հանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը» մենագրության մեջ, որը լույս է տեսել 2002-ին:


Եվ այսպես, այս անգամ «Եվրատեսիլ»-ի մրցույթ է գնալու Սիրուշոն: Պատրաստվենք համազգային նախապատրաստության, ճանապարհման, սրտակեղեք սպասման, ըղձալի հաղթանակի... Նորից հայիլ-մայիլ կտրած` նայենք Եվրատեսիլի բեմին, որը Եվրոպական մայրացամաքի մշակութային դեգրադացիայի, ապազգայնացման, շոուացման և զվարճանքի երկրպագության ապացույցն է:

Սիրելի ֆորում, շտապ միացրե~ք Առաջին ալիքը, այնտեղ գնում է «Դժոխքի ծնունդ» միստիկ թրիլլերը: Իսկ մինչև այդ, իհարկե, կարող էիք մարտաֆիլմ նայել: Հանրայինի համառությունը` մշակութային դեգեներատների տեղ դնել մի ազգի, նրա երեխաներին, կանանց և ծերերին` իհարկե ...դժոխային ծագում ունի: ՀՀ նախագահության թեկնածուները, կարծում եմ, կապացուցեն իրենց մարդկային-հայկական ծագումը և մի օր, ի թիվս այլ խնդիրների, կտեսնեն այս մշակութային ասպատակությունը, որին ենթարկվել է մեր չքնաղ հայոց աշխարհը...

Սիրելի ֆորում, բոլորիդ մաղթում եմ զգոնություն և արթնություն...

Բարի գիշեր:

Այգ
04.02.2008, 09:09
]Հիշում եմ` տարիներ առաջ Առողջագետին դիմեց մի հարգարժան ու շատ գեր հոգևորական` արքեպիսկոպոս, նա եկել էր իր երիտասարդ բարեկամուհու հետ, որ խնամում էր նրան: Երբ առողջագետն ասաց , թե որոշ ժամանակ ճիշտ կլինի հրաժարվել մսից` բարեկամուհին բացականչեց . «Օ~, ոչ, սրբազանը առանց մսի չի կարող»: Ափսո~ս ...


«Եթե հեթանոս քուրմերը տեսնեին, թե որքան միս են ուտում հիմա, անշուշտ պիտի ասեին, որ մարդիկ իրենց որովայնը դարձրել են կենդանիների գերեզմանոց»:
Անանիա Շիրակացի

Հեղինակ
05.02.2008, 00:03
Այսօրս` 4 հունվարի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ֆորում, պատմության դասագրքերից երևի հիշում եք, որ հեղափոխությունների ժամանակ ապստամբները փորձում են առաջինը գրավել փոստը, հեռագրատունը …, իսկ նոր ժամանակներում` նաև ռադիոն, հեռուստատեսությունը: Այսօր պատահաբար տեսա, որ “Հայփոստի” տնօրենը օտարերկրացի է, ուրեմն` այս ձեռնարկությունը պատկանում է օտարերկրյա սեփականատիրոջ: Հայտնի է նաև, որ հեռախոսակապը ևս պատկանում է օտարներին, լավ է գոնե մեր ռազմավարական դաշնակից ռուսներին: Ահա` կարելի է առանց հեղափոխության և պատերազմի` երկրի կապը հանձնել օտարներին…Ես չգիտեմ, թե երկրի անվտանգության տեսակետից սա ինչ փաստ է, բայց միթե՞ պետական կամ զուտ հայկական կապիտալ չի եղել` այս կարևոր ճյուղերը չօտարելու համար:

Մեր հախագահության թեկնածուները սկսել են խոսել մշակույթի դերի մասին: Ի դեպ, ոչ նախընտրական շրջանում չենք նկատել, որ այդ գործիչներից որևէ մեկը ըստ էության ընդուներ ազգային մշակույթի ռազմավարական նշանակությունը, խորհրդարանում կամ նրանից դուրս խոսեր մշակույթի աղետալի վիճակի մասին: Բայց ընտրարշավի ժամանակ թեկնածուների ընդունակությունները սրվում են… Մի թեկնածու շատ ինքնատիպ միտք արտահայտեց. “մշակույթը անձնական եկամուտ չի բերում իշխանավորներին” , դրա համար էլ մշակույթով նրանք լուրջ չեն զբաղվում: Ափսո~ս, սա դառը ճշմարտություն է:

Հեռուստաէկրանին մի քանի վայրկյան ցոլաց բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի դեմքը … հիշեցի նրա մի սրամիտ և ցինիկ բանաստեղծական շարքը “Գրական թերթում”` “նոր”, “շուկայական” Հայաստանի “նրբին” հոգեբանության դրսևորումներով: Զարմանալի է, որ Հրանտ Մաթևոսյանը հավանել է այս անտի-լիրիկին: Այդ իսկ պահին հիշեցի, որ այս տարվա Նախագահական մրցանակը` գրականության գծով, ստացել է Դավիթ Հովհաննեսը, և ըստ մամուլի` “Նոր քրոնիկոնը” սփռված է սեռական հայhոյանքներով…Շնորհավորենք Վիոլետին և մյուսներին, բայց Դ. Հովհաննեսի գիրքը պետք է կարդալ, խոստանում եմ դա անել և տեսնել` իրապե՞ս խոսքը գնում է անտի-պոեզիայի մասին…

Նախընտրական արշավը այսօր դիտողիս պարգևեց մի գեղեցիկ տեսարան, որը կապ չուներ ընտրարշավի հետ… Արմավիրի մարզում մի տեղ արագիլը արդեն վերադարձել էր և նստած էր բնին: Տեսա և հիշեցի մի զարմանալի դիպված մեր կյանքից… Ժամանակին թողել էինք Երևանը և տեղափոխվել էինք մերձքաղաքային մի գյուղ, այստեղ հող ունեինք և աշնանացան արտ էինք ցանել: Եկավ հունձի օրը, կոմբայնը մտավ արտ, և երևի իմ մեջ արթնացավ գեղջուկ նախնիներիս շնորհակալությունը պտղաշատ բնության հանդեպ... Շնորհակալությունը ծփում էր սրտիս մեջ: Կոմբայնը մի պտույտ արդեն արել էր, երբ տեսանք , որ Արմավիրի կողմերից մոտ երկու կիլոմետր բարձրության վրա մեր կողմն էին գալիս երեք արագիլ: Նրանք հասան մեզ, երեք պտույտ արեցին գլխավերևում և իջան ուղիղ մեր արտի կենտրոնում` չնայած կոմբայնի հռնդյունին և 5-7 ներկայությանը: Հսկա թռչուններ էին, տեղացիները վկայեցին, որ այդ գյուղում արագիլները բույն չեն դնում և այդպիսի էջք երբևէ չեն նկատել: Բայց շնորհակալ սիրտս գիտեր, թե նրանք ինչու եկան …

Սիրելի ֆորում, ցանկանում եմ, որ կատարվեն ձեր բոլոր իղձերը և գարնան արագիլները իջնեն ձեր նորածիլ արտերի վրա:

Բարի գիշեր :

Հեղինակ
05.02.2008, 23:59
Այսօրս` 5 հունվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր հիշեցինք Հայսատանում ՄԱԿ-ի նախկին ներկայացուցչին. հիշու՞մ եք` մշտական ժպտերես, անմեղ-հրեշտակային դեմքով մի էակ էր: Նա մի անգամ հայտարարեց , որ Հայաստանում իր աշխատանքի մեծագույն ձեռքբերումը մեր երկրում ինտերնետային դրամային փոխանցումների համակարգի ներդրումն է: Ինքնին այդ համակարգը վատ բան չէ, բայց հեղինակավոր միջազգային կազմակերպությունը ինչո՞վ է զբաղված մոլորակային էկոլոգիական, էթիկական և սոցիալական ճգնաժամի այս ծանր պահին. ի~նչ ինտերնետային դրամային փոխանցումներ, երբ դեգրադացվում են ազգը և մարդը: Բայց ՄԱկ-ի ներկայացուցչի երջանիկ ժպիտն ասում էր, որ ինքն անտեղյակ է մոլորակի այդ ճգնաժամին: Հիրավի, գալիս է ժամանակը` ստեղծելու նոր որակի միջազգային կազմակերպություններ...

Մեր պաշտելի «Հանրայինը» մի շշմելու քայլ է արել. հրավիրել է մի բրիտանական հարցախույզ կազմակերպության` հետազոտություն անցկացնելու նախընտրական Հայաստնում: Այդ կազմակերպության անունն է` կարծես թե «Պոպուլու~ս», պատկանում է BBC –ին և Times-ին: Անմիջական հետազոտությունը ընդգրկել է 1500 հոգու, անցկացվել են անմիջական հարցազրույցներ, կատարվել են «վճռորոշ եզրահանգումներ», որոնք կհայտարարվեն... վաղը: Ա~յ մեր պաշտելի «Հանրային», ի՞նչ տրամաբանությամբ հարկատուների փողերով պետք է բրիտանացիները հարցնեն հայերի կարծիքները: Սա գաղափարական-նորգաղութարարական ճորտության մի տեսակ է ... խոսում էր շիկավուն, ջրիկ դեմքով բրիտանացին, իսկ ես խիստ կասկածում եմ, որ նա ինչ - որ բան է հասկանում Հայաստանից, հայից, մեր կյանքից ու հոգսից... եկել է «աբորիգենների» խոպան, մի քիչ փող կաշխատի, կգնա և կսպասի հաջորդ «աբորիգենային» հրավերին...

Այսօր նախագահության թեկնածուներից մեկն ասում էր, թե իր նախընտրական ծրագիրը քննել և հավանության են արժանացրել միջազգային փորձագետները. մեկը չկա ասի` այդ միջազգային փորձագետները չէի՞ն, որոնց խորհուրդներով մենք իբրև թե սեփականաշնորհեցինք տնտեսությունը, քանդեցինք տնտեսական, մշակութային, կրթական համակարգերը, սրանք չէի՞ն, որ միլիարդանոց վարկի մոտ 60%-ի սեղականակիցները եղան, կերան, խմեցին, վաստակեցին` օրը հազար դոլար` սին «խորհրդատվությունների» համար: Այնպես որ` հարգո նախագահության թեկնածու, եթե միջազգային փորձագետներն են հավանել ծրագիրդ, ապա պարզ է, թե դրանից ինչ է դուրս գալու...

Ռուսաստանը մի լավ տրորեց Մեծ Բրիտանիայի անգլոսաքսոնական կոշտուկները և արգելեց Բրիտանական Խորհրդի գործունեությունը Ռուսաստանի մի շարք քաղաքաներում: Բրիտանական կայսրությունը պետք է եզրահանգում անի, չափավորի իր ավանդական գոռոզությունը հետխորհրդային տարածքներում և այն էլ` Ռուսաստանում:

Ռուսական կառավարության մի հսկա պատվիրակություն եկել է Հայաստան: Վերջապես` ռազմավարական դաշնակիցը, բացի ռազմական ներկայությունից, խոշոր ներդրումներ է անում Հայաստանում: Սա կարող է ուժեղացնել թուլացած մշակութային կապերը և վերականգնել նախկին սերտ մշակութային հարաբերությունները: Ես ուրախ եմ դրա համար, ռուս լեզուն և մշակույթը սիրելի են իմ սրտին:

Եվ նորից մեր նախագահական ընտրարշավից: Մեկը ծննդաբերությունը խթանելու համար առաջարկում է ամեն երեխայի ծննդյան ժամանակ վճարել այսքան գումար... Սա վատ չէ, սակայն ... Հարգելի թեկնածուին պետք ասել` ծնելիության և ժողովրդագրության խնդիրը նախ և առաջ մշակութային ծագում ունի...Ընտանիքը պտղավորվում է մշակութապես ապահով երկրում, նաև տնտեսապես առողջ երկրում: Այնպես որ` եթե ուզում եք ժողովրդագրական խնդիրը լուծել` դպրոցներում մինչև տասներորդ դասարան մեր ապագա մայրերը թող «Վերվերի» պարեն, տղաները` հերոսական «Ծափպար», և նրանք ամուսնանալիս կորոշեն... հինգ երեխա ունենալ... ինչքան էլ այս որոշումը կախված լինի տնտեսական հանգամանքներից:

Սիրելի ֆորում, պարե~ք մեր հպարտ շուրջպարերը:

Բարի գիշեր:

Հեղինակ
07.02.2008, 00:13
Այսօրս` 6 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ֆորում, երեկ գրել էի բրիտանական մի հարցախույզ կազմակերպության մասին, որը նախընտրական հետազոտություններ է անցկացրել Հայաստանում: Այսօր հրապարակվեցին տվյալները, որոնք անսպասելի չէին. առաջատարը արդեն հայտնի է և իմ դիտարկումն էլ դրան չի վերաբերվում, այլ մի նրբերանգի: Լրագրողը նշեց, որ հարցախույզի հաշվարկները... կատարվել են Անգլիայում: Ա՜խ, ա՜խ, ա՜խ... եթե դրանք կատարվեին Հայաստանում, ապա ինչ-ինչ ուժեր կազդեին թվաբանական չորս գործողությունների կատարման վրա, բայց քանի որ հաշվարկել են Անգլիայում, ուրեմն ամեն ինչ կարգին է: Այդպես էլ անցյալ տարի հայոց լեզվի թեսթերը տպագրեցին նույն Անգլիայում: Կարծես թե դրանց Անգլիա ուղարկողը չէր կարող մի օրինակ իր մոտ կամ համակարգչում պահել: Դե՜ արի, Անգլիա, մի հիշիր քո նեոգաղութարար լինելը և մի արհամարիր այդ ծայրամասային Հայաստանի մարդկանց ճորտական հոգեբանությունը: Ուրեմն, եկեք այսուհետ մեր բոլոր թվաբանական գործողությունները կատարենք Հայաստանու~մ, Հայաստանու~մ, Հայաստանու~մ ...

ԱՄն-ում ընթանում են փրայմերիզներ ` նախագահի թեկնածուներին որոշելու համար: Հայի բախտ` մեր նախընտրած Բարաք Օբաման կարծես թե պարտվում է Հիլարի Քլինթոնին: Մեր «Հայլուրի» թղթակիցն էլ` անմոռանալի Լիլիթ Սեդրակյանը, խախտեց հավասարակշռությունը և «Հայլուրի» եթերում աշխատում էր մեր Բարաքի օգտին: Ափսո~ս, բա որ Հիլարի Քլինթոնը հաղթի, նա չի ների Լիլիթ Սեդրակյանին ու «Հայլուրին», և դրանից կարող է լուրջ միջազգային սկանդալ ծագել: Բայց դեռ ուշ չէ, եթե հաղթի Հիլարին, ապա վերջնական ընտրություններին հայերը կպաշտպանեն նրան` ընդդեմ չոր և ագրեսիվ հանրապետական Մաքքեյնի: Հաջողություն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին...

Նույն օրերին ԱՄՆ-ում մոլեգնում են տոռնադոները: Երևի Մայր Բնությունը դժգոհ է ԱՄՆ-ում ... ժողովրդավարության մակարդակից, և կատաղի կատակլիզմները ` թայֆուններ, հրդեհներ, տոռնադոներ վնասում են այդ հզոր և հարուստ երկիրը: Երևի և ԱՄՆ-ը, և մարդկությունը մի պատվիրակություն պետք է ուղարկեն Մայր Բնության մոտ և հարցնեն, թե ի՞նչն է այդքան զայրացրել նրան: Բայց վախենում եմ` Մայր Բնությունը անգլերեն չհասկանա, իսկ ԱՄՆ-ը լավ չգիտի Ոգու լեզուն, Տիեզերքի լեզուն...

Դառնանք Հայաստան: Իշխանությանը մաս կազմած, իսկ այսօր ` ընդդիմադիրի քղամիդ հագած մի թեկնածու հայտարարեց` «մենք սխալ կառուցված երկիր ենք»: Դժվար է նրա հետ չհամաձայնել, քանի որ սխալ է ոչ միայն մեր երկրի կառուցվածքը, այլև ամբողջ աշխարհի պետականությունները էթիկապես սպառել են իրենց: Բայց մեր հարգո թեկնածուն կարծում է, թե արդարության կոչերով կարելի է երկրի որակ փոխել: Մինչդեռ դա ծանր քաղքակրթական խնդիր է` մոլորակային էթիկայի, կրթության, ապրելակերպի, տնտեսության հիմնարար նորոգումով: Բայց նախագահության թեկնածուն քաղաքական գործիչ է, իսկ այդպիսիք չեն հասնում... քաղաքակրթության ափերին:

Այսօր ուրախալի լուր առանք: Հայաստանի տուֆը, շեբենը և ցեմենտը երկաթուղով հասնում են Սոչի` օլիմպիական օբյեկտները կառուցելու համար: Երկար տարիների շրջափակումից հետո` ամեն այսպիսի լուր թեթևության զգացում է ծնում: Հայ-ռուսական բանակցությունները և դրանց արդյուքները տպավորիչ էին:

Սիրելի ֆորում, թող Հայաստանը աշխարհ արտահանի իր Սերը, Գեղեցկությունը, Մշակույթը...Չմոռանամ, այսօր ԴՆՖորումը նշում էր իր նոր և խոր անդամներից մեկի` Այգ-ի քառասնամյակը:

Բարի գիշեր:

Հեղինակ
07.02.2008, 23:50
Այսօրս` 7 փետրվարի 2008թ, ավարտվում է:

Այսօր Արևելյան օրացույցով Նոր Տարի է: Շնորհավորում եմ բոլորիդ: Արևելյան օրացույցը գրավում է` Տիեզերքի հետ իր կապով, Նոր Տարին էլ Արևելքի ժողովուրդները նշում են ավելի խորունկ զգացումներով: Որքան թաքուն գիտելիք, Բնության հանդեպ թրթռուն սեր և խոնարհում կա արևելյան ավանդույթի մեջ: Միթե՞ բնապաշտությունը, Բնության գործող ուժերի և ոգիների մասին գիտելիքը հակասում է միաստվածությանը: Այստեղ պետք է ասել, որ քրիստոնեությունը` իր ներկա ագնոստիկ աշխարհայացքով շատ է աղքատացրել մարդ-բնություն հարաբերությունները և այն փոխարինել է դոգմայի չորացնող, որևէ ճանաչում բացառող դրույթներով: Բայց աշխարհը Մեկն է, վայելենք և Արևելքի խորհրդանիշները և Աստվածորդու ուսմունքի գիտելիքը` որպես մեկ ամբողջական հայացք Աշխարհակառույցի մասին:
Զարմալի մի կոչ է եղել Անգլիկան եկեղեցու առաջնորդ` Քենտրբերիի արքեպիսկոպոսը իր հոտին, այն է` պահքի ընթացքում էներգետիկ պահք իրականացնել և քիչ ծախսել լույսը, գազը և այլն : Ինքնին` հրաշալի կոչ է: Սակայն պահքից դուրս` տարվա մնացած ամիսներին, որտե՞ղ է այս եկեղեցին, մյուս եկեղեցիները, երբ զարգացած երկրները ուղղակի խժռում են աշխարհի էներգետիկ պաշարների և հումքի 70%-ը, երբ իրենց բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության ընդամենը 25%: Արքեպիսկոպոսը հաշվե՞լ է, թե մեկ անգլիացի երեխայի բաժին ընկնող սննդի քանակը որքան է գերազանցում աշխարհի միջին ցուցանիշը: Իսկ անգլիական մեկ կատվի վրա կատարվող խնամքի ծախսերը որքա՞ն են գերազանցում աֆրիկյան երեխայի վրա կատարվող ծախսերը: Ընդհանուր առմամբ` քրիստոնեական եկեղեցիները ներկա հիվանդ աշխարհակարգի պահապաններն են, նրանց էկումենիկ շարժումը որևէ էական քայլ չի արել աշխարհի առողջացման և հոգևոր- մշակութային վերածնության համար...

Հայաստանի նախագահության մի թեկնածու խոսում էր Նոր Հաաստանի մասին և ավելացնում ` նոր Հայաստանը կունենա նոր հաջողություններ և նոր հնարավորություններ: Եվ մի տեղ էլ հպանցիկ ասում է, թե մենք պետք է ամեն ինչում հետևենք միջազգային փորձին: Հարգո թեկնածու, լինել ՆՈՐ` լինի մարդ, ընտանիք, թե երկիր` նշանակում է ունենալ նոր աշխարհայացք և նոր էթիկա, սրանից բխող նոր պետական - քաղաքական գարափախոսություն, սրանց նոր միայն կհետևեն հաջողությունները և հնարավորությունները: Իսկ միջազգային փորձը ... հիվանդ աշխարհակարգի տված միջազգային փորձը քեզ կարող է երբևէ բերել իշխանության, բայց նոր Հայաստան ստեղծել չի կարող:

Հայաստանում հիմնվեց Ռուսական կենտրոն` Պետական Համալսարանում: Ռուսական կայսրությունը երեք հարյուր տարի կռիվ է տվել Կովկասի համար, և ի~նչ անփութություն` ԽՍՀՄ փլուզումից հետո նա մշակութապես նահանջել է բոլոր նախկին խորհրդային հանրապետություններից: Այդպես ռուսական զորքը նահանջում էր Վանից և Արևմտահայաստանից... Այս կայսրությունը որքան մշակույթ և գեղեցկություն, նույնքան էլ ցավ ու հիասթափություն տվել մեր սրտին... Ռուսական կենտրոնի բացումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը նորից գիտակցում է իր կենսական շահերը, այս դեպքում դրանք համահունչ են Հայաստանի շահերին: Ես ողջունում եմ այդ Կենտրոնի բացումը և ցանկանում` ռուս մեծ լեզուն և մշակույթը թող վերահաստատեն իրենց տեղը մեր մշակութային տարածքում:

Հայ մտավոր դասը հիմնել է «Կայունություն» շարժումը: Միտքը պարզ է և իր էության մեջ` դրական. թույլ չտալ «նարնջագույն» խառնակչություններ Հայաստանում: Սակայն աշխարհայացքային իմաստով այս շարժումը շատ խեղճ հիմք ունի: Ասենք հարգո Շարժումին` հիվանդ աշխարհակարգի և էկոլոգիական կատակլիզմների մեր դարաշրջանում չի կարող կայունություն լինել` առանց էթիկական առողջացաման, առանց հոգևոր – մշակութային վերածնության: Եվ հայ ազգն էլ չի կարող ունենալ կայուն առաջընթաց` առանց իր Ոգու և Մշակույթի նորոգման: Բայց մեր մտավոր դասը դեռևս չունի այս աշխարհայացքը...

Նախընտրական հանրահավաք է. հայ գյուղացիներ, մազակալած դեմքերով, անխնամ տեսքով: Հանրահավաքը Ապարանում էր: Հիշեցի ապարանցի ժողովրդական մի քանի երգիչների` Ժորա Գրգորյանին, Թամարին և մյուսներին, որոնք պահպանում են հայ երգն ու պարը` իրենց բնիկ ազնվությամբ: Սիրելի ապարանցիներ, ձեր ժայռեղեն պնդությամբ պահպանե՜ք մեր բնիկ մշակույթը:

Սիրելի Ֆորում, պահպանե՜նք մեր արարչածին, ազնվածին, բնածին մշակութային շերտը: Միայն նրա օգնությամբ կարող է երբևէ ծնվել Նոր Հայաստան:

Բարի գիշեր:

Հեղինակ
09.02.2008, 00:12
Այսօրս` 8 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր շարունակում էի աշխատանքը ճարպակալման դեմ պայքարի ԴՆ Խարտիայի վրա: Ի ուրախություն մեզ` այս հիվանդությունը դեռևս շատ չի սպառնում մեր համայնքին, բայց զարգացած երկրներում այն ընդգրկել է բնակչության քառորդ մասը և տուժում է հատկապես մանուկ սերունդը: Բայց արդեն Երևանում երևում են “ ամերիկյան” գիրության մարդիկ: Սա զտված, արհեստական սննդի “պարգևն” է մեզ:

Այսօր նորից ապրում ու վերապրում էի վերջին մեկ-երկու ամսվա ներքին կենսափորձը և նորից հաստատվեցի այն գիտելիք - զգացմունքի մեջ, որ յուրաքանչյուր մարդկային հոգի մեծ Տիեզերական Հոգու մի մասն է` օժտված ՆՐԱ ԲՈԼՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ, Նրա գեղեցկությամբ և իմաստությամբ: Ահա թե ինչու են ասում, որ մարդը կարող է և աստված լինել: Զարմանալի գիտելիք, զարմանալի փաստ … Տիեզերքը ինչ շռայլ հնարավորություններով է օժտել մարդուն:

Նորից “Այսօրիս“ հերոսն է Քենտրբերիի արքեպիսկոպոս Ուիլյամսը, որը զարմանալի հյատարարություն է արել այն մասին, որ Շարիաթի որոշ սկզբունքներ պետք է ներառնվեն Անգլիական օրենսդրության մեջ` մահմեդականների իրավունքները պաշտպանելու համար: Մահմեդականները այս երկրում շատ են, և պատկերացնում եք` ԱՆգլիայում այս տարի նորածիններին առավել հաճախ կոչել են Ջեկ և Մուհամեդ: Եվրոպական երկիր-մետրոպոլիաները հեռացել են ծայրամասերից, երրորդ երկրների զգալի մասին տիրում է գործազրկությունը, անհուսությունը, և նրանց բնակչության մի մասը լցվում է մետրոպոլիաներ… Գլոբալացման քաղաքականության հեղինակները այժմ հնձում են ոչ-ոսկե միլիարդի երկրների քայքայման հետևանքները: Այդ երկրներում իսլամը` որպես երիտասարդ կրոն պահպանում է ազգային համայնքների ինքնությունը և հզոր ուժ է դառնում: Աշխարհի նոր-գաղութարարների համար սա արթնացնող գործոն է և ստիպելու է մտածել` այս հիվանդ աշխարհակարգը առողջացնելու ուղղությամբ:

Հեռուստաէկրաններին մի պահ երևաց Լեհաստանի նոր վարչապետ Դոնալդ Տուսկի դեմքը: Կաթոլիական, արևմտամետ այս երկիրը կարծես ցանկանում է հիշել իր սլավոնական արյունը և մեղմացնել գրեթե թշնամական հարաբերություները Ռուսաստանի հետ: Հռոմի նախկին պապի` Պավել Վեցերորդի ձեռամբ այս երկիրը լրիվ ընկավ Արևմուտքի գիրկը, և կարելի է ասել, որ սա վտանգել է նրա սլավոնական առողջությունը:

Այսօր ռուս մեծ դերասան Վյաչեսլավ Տիխոնովի ութսունամայակն է: Նրա խորունկ և իմաստուն լռությունը` հայտնի ֆիլմում, Միքայել Թարիվերդիևի սքանչելի երաժշտության ուղեկցությամբ` ռուս կինեմատոգրաֆի սքանչելի էջերից է, նրա Անդրեյ Բոլկոնսկին ռուսական ազնվականության կերպարի խտացումն է: Վերջին տասնամյակներին ռուսական բեմարվեստի վարպետները շատ բանով կրթել են հայ հանրության ճաշակը: Շնորհակալության զգացումով շնորհավորում եմ մեծ դերասանի հոբելյանը:

Գանք հայրենիք` Հայաստան: Այսօր լրատվության մեջ զգացվում էր որոշակի լարվածություն` նախընտրական և հետընտրական շրջանների հնարավոր զարգացումների հետ կապված: Իրապես` այն լարվածությունը, որի նպատակը կլինի շարժել, փշրել , ձևափոխել կյանքի արտաքին շերտերը,ԱՐՏԱՔԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ` առանց ՆԵՐՔԻՆ ԷԹԻԿԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱԲԵԿՄԱՆ` պետք չեն Հայաստանին: Իշխանույթուն փոխելով` չես փոխի երկրի քաղաքական կարգն ու էթիկան: Ցանկանում եմ, որ ՀՀ նախագահի ընտրությունները լինեն իրապես խաղաղ և անփորձանք Հայասատանի համար:

Հետհայլուրյան հակամշակութային շորշոփը … «Լիկվիդացիա», «Բրիգադա», «Կորուսյալները».... և այլնը, այսօր փոխարնվեցին «Երկու աստղ» պաշտելի ծրագրով: Ափսոսում էի շատ լավ երգչուհի Աիդա Սարգսյանին, որն ընդգրկված է ժյուրիի կազմում և ստիպված է … դրական կարծիքներ տալ գրեթե առանց բացառության մշակութային խեղված կատարումների համար: Վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանին արդեն դժվար է ափսոսալ, որովհետև վաղուց և գիտակից ձևով, նա մասնակցում է այս մշակութային խառնակչությանը: Իսկ ահա ժյուրիի անդամ ` երիտասարդ ինտելեկտուալ ԱԺ պատգամավորին պետք է հարցնել, թե ինչպիսի՞ն է իր կուսակցության մշակութային քաղաքականությունը և ինչքանո՞վ է այն համահունչ «Երկու աստղի» մշակութային չքնաղ մակարդակին :

Սիրելի ֆորում այսօր Ն.Դ. Ուոլշի գրքում հանդիպեցի մի ցնցող մտքի. կյանքի բոլոր իրավիճակներում մի զբաղվե՜ք այն խնդրով, թե ուրիշները ինչ առնչություն ունեն այդ իրավիճակին, այլ մտածեք միայն, թե ինչպիսին է ձեր դերը և վերաբերմունքը: Եվ այսպես մտածե՜նք, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը և մասնակցությունը աշխարհում կատարվող ամեն ինչի նկատմամբ: Մենք ինչո՞վ կարող ենք ազդել աշխարհի վրա` նորոգելով մեր սիրտը, մեր մտքերը, մեր խոսքերն ու գործերը :

Բարի գիշեր:

Հեղինակ
10.02.2008, 00:13
Այսօրս` 9 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր մի քանի միջազգային լրատվություն գրավեցին ուշադրությունս. դիտարկենք դրանք Հայաստանից, ԴՆ Ֆորումի պատուհանից:

Այսօր Թուրքիայի խորհրդարանը վերահաստատեց իր որոշումը` վերացնել ուսումնական հաստատություններում մուսուլմանական գլխաշորերի` չարսավի կրելու իրավունքը: Ասում են, թե թուրքական հասարակությունը գտնվում է պառակտման շեմին: Իսկ ես մտածում եմ, թե կրոնները և կրոնական սովորությունները ի՜նչ հաճախ են պառակտում մարդկանց և համայնքները: Կինը կարող է գլխաշոր հագնել կամ չհագնել, բայց նա Բնության արաչածին արարածն է, նրա զարդը, և ի՞նչ է մի գլխաշորը նրա գեղեցկության առջև: Կրոնները էթիկական արժեքները մարդու ներքին, հոգեկան տարածքից տեղափոխում են արտաքին` ծեսերի և սովորույթների տարածք: Ոգու ձգտումը` ամեն օր ձգտել ինքնաճանաչման և կատարելագործման, փոխարինվում է այս կամ այն ծեսի, սովորույթի կատարման պահանջով: Այդպես ավազակները կարող են քարավան թալանել և մի զույգ մոմ վառելով` արդարանալ Արարչի առջև:

Աֆղանստանում ժողովրդավարություն հաստատող ամերիկա-եվրոպական օկուպանտները վերջապես գլխի են ընկել, որ այդ հպարտ ժողովրդին ծնկի բերել հնարավոր չէ և որոշել են երկրում կարգ ու կանոնի հաստատման գործը հանձնել Աֆղանստանի բանակին: Բայց որքան ճիշտ կլիներ` հավաքել ուսապարկերը, տանկերն ու ինքնաթիռները և …ուղղակի հեռանալ այդ ազատատենչ երկրից:

Այսօր Ավստրիայում ողբերգություն է եղել. հրդեհվել է ծերանոցը, զոհվել են տասնմեկ ծեր մարդ: Ավստրիան սգում է, հնչում են եկեղեցիների զանգերը… Երկրոդ համաշխարհայինի սպանդից հետո եվրոպական հոգին թանկ է գնահատում մարդկային կյանքը, մանավանդ` եվրոպացու կյանքը, բայց նույն պահին Իրաքում սանձազերծված պատերազմում կարող է օրական զոհվել 50-60 խաղաղ բնակիչ … Եվ այդ օրը չեն հնչում եվրոպական եկեղեցիների զանգերը: Ահա եվրոպական կրկնակի ստանդարտները և երեսպաշտությունը. նա արցյունք է թափում սեփական զոհված ծերունու մոխրացած մասունքներին, սակայն նույն սիրտը չի արձագանքում արաբ չքնաղ մանուկների պատառոտված մարմիններին ի տես: Կամ արձագանքու՞մ է, բայց ու՞ր է արձագանքը, ու՞ր է համաեվրոպական շարժումը` «ժողովրդավարության» կոպիտ, անփառունակ արտահանման դեմ:

Այսօր տեսա, թե կառնավալում ինչպե՜ս է ցնծում Պորտուգալիայի ժողովուրդը: Սիրտս ցավեց, որ մեր ազգը կորցնում է համայնքի տոն – ուխտագնացությունները, մանկության տարիներին տեսել եմ նրանց ծիածանվող գույները: Ե՞րբ ենք մի օր զանգվածային շոուի ժանրը վտարելու մեր կյանքից և ե՞րբ ենք վերականգնելու ժողովրդական ուխտագնացությունների հեթանոս ուրախությունը` մեր բարձր լեռների պարզ, անզարդ սրբատեղիներում: Ե՞րբ ենք մի համազգային երկունքով ծնելու նոր հազարամյակում մեր ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ, ՑՆԾԱԳԻՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ, ԱՐԾՎԱՅԻՆ ԹՌԻՉՔԻ բանաձևը...

Այսօր նախագահության մի թեկնածու ֆուտբոլը կոչեց «արքայական սպորտաձև»: Հըմ....Ֆուտռբոլի դեմ ոչինչ չունեմ, բայց... Ֆուտբոլը կեցության գլխավոր տարր դարձրած եվրոպական ազգերը (և ոչ միայն նրանք) դրանով խոստովանում են իրենց կոպիտ-հռոմեական ծագումը, մշակութային աղքատացումը, հոգու դեպրեսիվ վիճակը և մարզադաշտի աղմուկ- ոռնոցի մեջ սեփական ագրեսիան խլացնելու ենթագիտակցական ձգտումը... Նույն նախագահության թեկնածուն ասաց, որ ինքը երիտասարդության համար կենտրոններ կստեղծի և այլն: Հարգո թեկնածու, չեմ վստահում քո մշակութային իմաստությանը, քանզի դու հիվանդ եվրոպական մշակութային սովորությունների պատճենահանողն ես լինելու միայն:

Մի ուրիշ նախագահության թեկնածու իրեն աջակցող շարժումը երիտասարդական կոչեց և հպարտացավ դրանով: Եթե այս թեկնածուն նախագահ դառնա, ապա ինչո՞վ է զբաղվելու մեր երիտասարդությունը... Մի հետազոտություն եմ արել ժամանակին. այս թեկնածուին սատարող հայտնի թերթի 2007թ.-ի համարներում բոլոր մշակութաին հոդվածները նվիրված են եղել մեր «աստղերին», «աստղիկներին», նրանց հետ կապված մեծ ու փոքր պատմություններին և այլն: Այդ թերթում չեմ հանդիպել որևէ լուրջ մշակութային անդրադարձի: Այնպես որ, հարգելի թեկնածու` ի՜նչը քո թերթն է, նույնը կլինի նաև քո մշակութային քաղաքականությունը:

Սիրելի ֆորում, հիրավի` Հայաստանի հույսը նրա երիտասարդությունն է, բայց արդեն արթուն, արդեն արի, արդեն ... իմաստուն երիտասարդությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
11.02.2008, 00:24
Այսօրս` 10 փետրվարի 2008թ., ավարտվում է:

«Այսօրս» գրում եմ շատ խառն զգացումներով, և դա կապված է մեր երկրի ապագայի, նրա ընթացքի հետ: Ինչքան էլ ձգտում եմ հեռու մնալ նախընտրական արշավի քաղաքական և զգայական ազդակներից, այնուհանդերձ` դրանք հասնում են, և հանկարծ հայտնաբերում եմ, որ արդեն տաս- քսան րոպե խոսում ենք քաղաքականությունից:

Այսօր դիտեցի թեկնածուներից մեկի կազմակերպած հանրահավաքից մի քանի հատված: Եվ ճանաչեցի~. ժողովուրդը, որը քանի~ տարի ադրենալին չի ծախսել` ձգտում է ինչ–որ բան փոխել երկրում, աստիճանաբար պայքարի համը շոյում է հեղափոխական քիմքը, և ժողովուրդը ելնում է... Ընդհանուր դաշտը էլեկտրականցնում է նրան … Եվ այդ ամենը անցել ենք և տեսել, թե լավ կազմակերպված,ագրեսիվ, հեղափոխական զանգվածը ինչպես կարող է մի հայրենիք փշրել , առանց իմանալու, թե ի՜նչ է կառուցելու նրա ավերակների վրա: Գրեթե բոլորս եղել ենք այդ զանգվածի մեջ... Այսօր տեսա նույն զանգվածը, և մի հարց ունեմ նրան տալու, բայց այդ հարցը հետաձգում եմ “Այսօրիս” վերջում:

Այսօր տեղի ունեցավ Հանրային հեռուստատեսության կազմակերպած «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը», որոշեցի ակնդետ և ուշադիր նայել` ինչ բան է սա...Մի քանի բնորոշ մանրամասներ...

Ահա հայտարարավեց «Տարվա հայտնություն» նոմինացիան, այստեղ մրցանակը տրվեց մի Վարդան… յանի (ազգանունը լավ չլսեցի). Բարակ- ռաբիսական ձայն, ինտելեկտի նրբերանգ չկրող խոսք,- ահա այսպիսի հայտնություն: Բայց ցնցողը նոմինացիանեորի արանքում տարբեր կատարումներ էին, որտեղ հանդես էին գալիս ոչ նոմինանտները: Ահա, այս Վարդանը ստացավ մրցանակը և բեմ ելավ մի մարմնեղ, գնչուական մաներաներով անհայտ երգչուհի, որը երգում էր ռեստորանային, ռաբիսական մի երգ: Տխուր, շատ տխուր տեսարան էր ...

Հատուկ մրցանակ ստացավ «Շարմ» ընկերությունը` «Հատուկ նշանակության երգեր» նախագծի համար: Սրանք այն երգերն են, որ գրվում են Բանակի համար: Ավա~ղ, փոփ-ոճը թափանցում է այստեղ: Մեր բանակի ապագան կերտողներին պարզ ու հստակ ասում եմ. հայ զինվորին ուղղված հատուկ նշանակության երգը եղել, մնում է ու պետք է մնա հայ հերոսական երգը, այդ երգով ենք մենք հաղթել ղարաբաղյան ազատամարտում: Ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան բանակի մթնոլորտի ապամշակութացումը և ապահայկականացումը. Ցավոք, դրա վտանգը կա :

Դե~, այնտեղ շարունակվեցին մնացած նոմիանցիաները` լավագույն փոփ- ալբոմ, տարվա հիթ, լավագույն տեսահոլովակ. այստեղ նույն անուններն էին ` Սիրուշո, Միշո, Հայկո , Սոֆի , Էմի, Սուպեր Սաքո , Արամե և այլն:

Նորից անդրադառնում եմ նոմինացիաների միջև հնչած երգերին: Ահա սև շորերի դեզի մեջ մի սպիտակ մարմին, մի զույգ սպիտակ ծնկներ, և ճչում է հայստանյան փոփ-օվկիանոսի Շպռոտը....«երեխու ճիչը մենք վանում ենք մեզանից»:

Այս «չքնաղ մակարդակը» խախտեց Աիդա Սարգսյանը իր լավ երգով: Բայց այս անգամ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը ձգտեց մնալ Հանրայինի նորընծա պրիմադոննայի դերում, դուրս եկավ բեմ շքեղ, փայլփլուն զգեստով, և ի~նչ թշվառություն` հայ երգի դեսպան հռչակված երգչուհու բերանից դւորս էին գալիս այսպիսի բանաստեղծական «գոհարներ».

«Սիրտ իմ, ինչու ես դու խեղճացել».
« Քո հետևից վազել ու չհասնել»
«Պատռեմ սիրտս , դու մտիր մեջ»:

Մայր Օպերայի բեմին, մեր աչքի առջև մեռնում էր հայոց լեզուն, հայ բանաստեղծությունը` նախամարդկային, նախահայկական, խեղճ հակամշակութային շոուի մեջ:

Շոուի կազմակերպիչները մշակութային ալիբի ունենալու և իրենց ակնհայտ մշակութային խառնակչությունը արդարացնելու համար` հայտարարել էին «Լավագույն ազգագրական համույթ» նեմինացիան: Մասնակցում էին Շողակնը , Ակունքը, Մարաթուկը, Տկզարը և Կարինը: Սրտագին ողջույնս հայ մշակույթի առաջապահ գնդին: Շահեց Ակունքը: Բեմ ելավ ղեկավարը, որն ասաց` «Հայաստանի ամենաթանկ հանածոն հայ երգն է» , բայց միթե այդ դեգրադացվող լսարանը կարող էր հասկանալ այս խոսքի իմաստը: Արդեն ալեհեր, հերոսական Սարգիս Բաղդասարյանը մի երկու տող երգեց:

Ողջունում եմ նաև Աննա Մայիլյանին, որը շահեց «Տարվա լավագույն երաժշտական ալբոմ» մրցանակը` «Էթնո վոկալ» խմբով: Այս երկու երևույթը երկու լուսավոր կետերն էին համատարած մշակութային ամայության մեջ: Ափսո~ս, «Ակունքի» մրցանակը տալուց անմիջապես հետո` հնչեց մի պսեվդոհայկական կատարում, մի ոմն Ա. Հ. ռաբիսորեն մղկտում էր ու կլկլացնում .
« Ա~խ, երնբեք ես չեմ ուզել
Այս կյանքում քեզ նեղացնել»:


Սիրելի ֆորում, հիմա գալիս եմ «Այսօրի» սկզբին: Վերը գրված էր հեղափոխական զանգվածի մասին, այս զանգվածի համար մի երկու տող եմ բերում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության մի երգից, որը երգում էր մի ոմն դեգեներացված սուբյեկտ: Ցիտատս մոտավոր է . «Ես ապրել եմ ուզում, բայց էս կյանքը ինձ չի դզում...»:

Հեղափոխական զանգված, որ շուտով հեղափոխական ամբոխ ես դառնալու, քեզ, իհարկե, “չեն դզում” քո ներկա կառավարիչները, դու ուզում ես նրանց փոխել... Այսինքն, եթե դու քեզ ճորտացված ես համարում, ապա դու մի ճորտատերի ուզում ես փոխարինել մեկ ուրիշով: Սակայն դու չգիտես, թե որտեղ է քո իրական ճորտությունը: Քո իրական ճորտությունը քո Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականության մեջ է, քո Կրթության նախարարության կրթական քաղաքականության մեջ է, քո Մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության մեջ է, քո երկրի քաղաքական կարգի ապամարդկայնության մեջ է և, ամենակարևորը, քո դարավոր էթիկական անկման մեջ է: Իսկ դու ելել ես նորից ՄԻ ԱՆՁԸ ՄՅՈՒՍՈՎ ՓՈԽԵԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿ ԻՆՔԴ ՔԵԶ ՓՈԽԵԼՈՒ... բայց դու, հեղափոխական ամբոխ, նույնիսկ տաս հոգով չես գնա Հանրային` քո մանուկներին դեգեներացնող` նրա «մարտաֆիլմային» քաղաքականությունը փշրելու, չես գնա կրթության նախարարություն` քո երեխային դեգեներացնող թեսթերը վառելու... Չես գնա, որովհետև գիտակցությունդ նեղ է, աշխարհայացքդ` սահմանափակ, մտավորականդ` տգետ, առաջնորդներդ` շահապաշտ: Այն նոր ու հին ճորտատերը, որին ուզում ես բերել իշխանության` այս քաղաքակրթական ճորտության ջատագովն է և հիմնադիրը: Ուրեմն, հեղափոխական ամբոխ, ես ` մեկ հատիկ հայս, արհամարհում եմ քո հեղափոխականությունը, քանի որ այն չի ուղղված իրական ճորտության դեմ...


Սիրելի ֆորում, ցանկանում եմ բոլորիդ հեղափոխություն սրտի մեջ` հանուն գեղեցկության, հանուն կյանքի...

Բարի գիշեր

Philosopher
11.02.2008, 00:39
Հեղափոխական զանգված, որ շուտով հեղափոխական ամբոխ ես դառնալու, քեզ, իհարկե, “չեն դզում” քո ներկա կառավարիչները, դու ուզում ես նրանց փոխել... Այսինքն, եթե դու քեզ ճորտացված ես համարում, ապա դու մի ճորտատերի ուզում ես փոխարինել մեկ ուրիշով: Սակայն դու չգիտես, թե որտեղ է քո իրական ճորտությունը: Քո իրական ճորտությունը քո Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականության մեջ է, քո Կրթության նախարարության կրթական քաղաքականության մեջ է, քո Մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության մեջ է, քո երկրի քաղաքական կարգի ապամարդկայնության մեջ է և, ամենակարևորը, քո դարավոր էթիկական անկման մեջ է: Իսկ դու ելել ես նորից ՄԻ ԱՆՁԸ ՄՅՈՒՍՈՎ ՓՈԽԵԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿ ԻՆՔԴ ՔԵԶ ՓՈԽԵԼՈՒ... բայց դու, հեղափոխական ամբոխ, նույնիսկ տաս հոգով չես գնա Հանրային` քո մանուկներին դեգեներացնող` նրա «մարտաֆիլմային» քաղաքականությունը փշրելու, չես գնա կրթության նախարարություն` քո երեխային դեգեներացնող թեսթերը վառելու... Չես գնա, որովհետև գիտակցությունդ նեղ է, աշխարհայացքդ` սահմանափակ, մտավորականդ` տգետ, առաջնորդներդ` շահապաշտ: Այն նոր ու հին ճորտատերը, որին ուզում ես բերել իշխանության` այս քաղաքակրթական ճորտության ջատագովն է և հիմնադիրը: Ուրեմն, հեղափոխական ամբոխ, ես ` մեկ հատիկ հայս, արհամարհում եմ քո հեղափոխականությունը, քանի որ այն չի ուղղված իրական ճորտության դեմ...

Փայլուն ձևակերպում է: Առավել դիպուկ չէր կարող ասվել, պետք չէր, որ ասվեր: Ինչ պետք է, ասվեց: Հրաշալի է:)

Հեղինակ
11.02.2008, 23:40
Այսօրս` 11 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօրս դժվարին էր: Անցկացրեցի մի տխուր օր: Եվ ի՞նչն էր տխրությանս պատճառը: Աշխարհը լիքն է մենթալ(մտածողական) տարբեր համակարգերով ` սկսած առողջ ապրելակերպից և առողջ սննդից, վերջացրած` հավատ ու կրոն, հասարակություն և քաղաքականություն: Եվ առաջին հայացքից այդ համակարգերը այնքան ճշմարիտ են, որ նրանց տված լուծումներով հնարավոր է կյանքի շատ խնդիրներ ճիշտ լուծել: Բայց գալիս է կյանքի կենդանի պահը - թրթռուն , անննախադեպ, անսպասելի,- և պահանջում է նույնքան թրթռուն արձագանք. իսկ դու` խելոքդ, ձեռքդ մտքիդ գրպանն ես տանում, հանում ես պատրաստի մի լուծում և թվում է թե գտել ես կենդանի պահի պատասխանը ... Իզու~ր հույս, դու այդ պատրաստի սխեմայով չորացնում ես կյանքի թրթիռը և հետևաբար` Նորին Մեծություն Կյանքը: Ադպես էլ եղավ ինձ հետ այսօր: Մենթալ համակարգի տեսանկյունից ես ճիշտ էի, բայց կյանքի մի թրթիռ այսօր սպանեցի... Մնում է շնորհակալ լինել Կյանքին կոշտ դասի համար ...

Աշխարհը Մեկն է, և ուզած իրադարձություն մեզ կարող է վերաբերվել: Այսօր Եվրոպան նշում է եվրոպական Ընդհանուր Շուկայի հիմնադրման և ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման հիսունամյակը: Հիրավի, եվրոպական ժողովուրդները հսկա քայլ արեցին միավորման ճանապարհին, Եվրամիության քսանհինգ երկրների սահմանները բաց են բոլոր երկրների քաղաքացիների համար: Սա միավորված աշխարհ ստեղծելու մի կարևոր հանգրվան է: Ցավոք, մարդկության այս փորձը ունի մի քանի թերություն, որոնք պատմականորեն նսեմացնում են Եվրամիության ստեղծման դերը. նախ այս միությունը մասն է կազմում «ոսկե միլիարդի» , որը անարդար առավելություն ունի մնացած աշխարհի նկատմամբ, ծախսում է նրա ռեսուրսների և հիմքի մեծ մասը և տալիս համաշխարահային թափոնների, այդ թվում` օզոնային շերտը ոչնչացնող նյութերի մեծ մասը: Մյուս կողմից` եվրոպական մայր ցամաքը գրավված է ատլանտյան հակամշակույթի կողմից, և այստեղից մնացյալ աշխարհին հասնում են ավելի շատ հակամշակութային, քան մշակությաին ազդակներ: Զուտ մեր մասնագիտական տեսանկյունից` Եվրոպան ներկայացնում է մարդկության անառողջ ապրելակերպի, գիշատչական գերսպառման, սննդի քանակի չարաշահման կենտորններից մեկը: Մի հսկա համամարդկային ճիգ է անհրաժեշտ` ներկա Եվրոպան առողջացնելու, էթիկապես ու մշակութապես մաքրելու, երիտասարդացնելու համար: Հայաստանից հղում եմ այս մաղթանքի իրականացման իղձ և ցանկություն:

Այսօր մեր հարևան, բարեկամ Իրանը տոնում է Իսլամական հեղափոխության քսանինամյակը. հիշում եմ այդ օրերը, մի ցնցող տեսարան էր Հոմեյնիի վերադարձը տարագրությունից: Շահը` Մուհամմեդ Ռեզա Փեհլեվին, գեղեցկուհի կնոջ, քրոջ և ընտանիքի մյուս անդամների հետ նստեց Բոյինգի ղեկին. օդանավը բարձած էր արևելքի ճոխ հարստությամբ` ակնեղենով, հին գորգերով, հնագույն գանձերով և թռավ Կահիրե. այտեղ նա պիտի մեռնի քաղցկեղից մի քանի տարի անց: Եվ կատարվեց մի զարմանալի երևույթ. իսլամի կրոնական պաշտպանության տակ մի հին և իմաստուն ժողովուրդ ազգային – մշակությաին հեղափոխություն արեց և տեր կանգնեց իր ոգեղեն հարստությանը: Եվ եթե կարծենք, թե չադրայի տակ իրանի ժողովրդի կանացի կեսը ճնշված է, ապա կսխալվենք. այնտեղ, որտեղ կա մշակութային առողջ կյանք, այնտեղ է ծաղկում կինը, երեխան, ընտանիքը: Ժամանակաից Իրանը աշխարհի այն հազվադեպ երկրներից է, որտեղ աշխարիկ կյանքը նրբորեն ներթափանցված է Ոգու և Մշակութի օրենքներով: «Այսօրիս» սիրելի ընթերցող, կարո՞ղ ես պատկերացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում լինի ... «Հանրային հեռուստատեսություն» և ժամը ինն անց կեսին քո ընտանիքին «հյուրասիրի» մի քանի մահվան տեսարանով և հերթական դեգեներատիվ մարտաֆիլմով: Չե~ս պատկերացնի: Չի~ կարող լինել ... Ուրեմն, եղբայրական արթուն պարսիկ ժողովրդին բերենք մեր ջերմ շնորհավորանները` իր ազգային տոնի առիթով:

Հենց նոր ԴՆ Ֆորումում լավ նորություն կար. Այգ-ը ներկայացրել է հրաշալի երգիչ Գրիգոր Համբարյանի ալբոմը:

Սիրելի Ֆորում, լսենք ՀԱՅ ԵՐԳԸ` գողթան երգերից, Ս. Մաշտոցի և Խորենացու շարականներից, Էպոսի օղորմիսներից, գեղջկական գոհարներից ...մինչև մեր հերոսական երգերը....

Բարի գիշեր:

Հեղինակ
12.02.2008, 23:43
Այսօրս` 12 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր «Աշխարհի հույսը կնոջ քնքշությունն է, բայց ոչ երբեք տղամարդու կոպտությունը»,- ասում է հնդիկ մտածող Օշոն: Սիրելի ֆորում, երբ տեսնում ես, թե աշխարհում ինչքան լարվածություն, անհանդուրժողականություն, հակամարտություն ու պատերազմ կա` մտածում ես, թե ի՞նչ է լինելու, և որն է սրանց պատճառը... Բայց զարմանալին այն է, որ այս ամենի պատճառը հայտնի է. դա այս մոլորակի վրա կնոջ նկատմամբ վատթար վերաբերմունքն է, նրա նկատմամբ տղամարդու բռնակալությունը: Կնոջ իրական ազատագրությունը, նրա էթիկական գահակալումը միայն կարող են խաղաղեցնել այս մոլորակը: Բայց տղամարդիկ հնարել են ֆեմինիստական շարժումներ, գենդերային իրավունքներ և այլն, բայց սրանք որևէ առնչություն չունեն կնոջ ազատագրության հետ: Նույն Օշոն գրում է «Ճվճվացող, ճչացող, բողոքող ֆեմինիստները զզվաք են առաջացնում ... Նրանք ներկայացնում են տղամարդկային խելքի վատթարագույն գծերը»: Լսած կլինեք` Հայաստանում էլ կան գենդերային հավասարությանը հետամուտ ՀԿ-ներ, սրանցից մեկն էլ հիմնել է մի ապաստան` տղամարդկանց բռնություններից փախած կանանց համար: Տխուր է: Քանի այս մարդկությունը չի մոռացել Հին Կտակարանի` կնոջը նսեմացնող տողերը, քանի մարդկության հիշողությունից չեն ջնջվել համաշխարհային կրոնների նույնանման էջերը, քանի տղամարդկային անսեր քաղաքակրթությունն է է տիրելու այս մոլորակի վրա – կնոջ հարցը չի լուծվելու: Իսկ առանց կնոջ սրտի ուրախության... մեր մոլորակը տխուր է լինելու: Այսօր Առողջագետի հետ խոսում էինք այս հարցերից...

Մի մուլատ-մուսուլմանուհի Եվրոպայում ֆեմինիստների ջրերն է ընկել և պայքարում է այնտեղ մուսուլման կանանց իրավունքների համար...Չեմ վստահում եվրոպական "ազատասիրությանը", երբ առանց ազգերի հոգեբանության և մշակույթի խոր իմացության` փորձում են նրանց "ազատություն" ներարկել...

Մեր նախագահական ընտրարշավը, անկախ իր հիմնական բովանդակությունից, շատ հազվադեպ պարգևում է նաև ուրախության պահեր: Ահա, այսպիսի մի պահ տեսա այսօր. Մարտունիում տղամարդիկ գովընդ էին պարում: Տեսե՞լ եք Արևմտյան Հայաստանից գաղթածների սերունդների` ալաշկերտցիների, մշեցիների, Բուլանըխ գավառի կոփեցիների սքանչելի գովընդները: Երբ նայում ես այսօրվա հայ գյուղացուն` անխնամ, ուժեղի և հարուստի առջև քծնող, իր ձայնը հինգ հազար դրամով վաճառող այդ հանրույթին` մտածում ես, թե նա՞ է մեր մշակույթի պահողը, և շփոթությունը տիրում է սրտիդ: Բայց երբ կին ու տղամարդ ճկույթները ագուցում են իրար, ոտքերը զարկում են հողին, ծնկները ծալվում- բացվում են ազնվական շուքով` ահա այդ պահին աչքիս հայ գյուղացիները թագավոր ու թագուհի են դառնում... Զոլաքար գյուղի Քալաշյան քույրե՜ր, ապրում ե՞ք , կա՞ք … Այս երեք ազնվականուհիների պարը կյանքումս տեսած ամենաբարձր գեղեցկություններից է եղել...

Մահացավ Արփենիկ Չարենցը: Խոնարհումս պայծառ հիշատակին: Բացեցի Չարենցի անտիպ և չհավաքված երգեր ժողովածուն, որը պատրաստել է մյուս դուստրը` Անահիտը: Ահա Արփենիկին նվիրված բանաստեղծությունից մի հատված.

Ախ, դու երկրիս նմա՜ն եղիր`
Բարձր ու անհաս, մեղմ ու կարող ,-
Ախ, դու երգիդս նման եղիր`
Լցված խոհով ու քանքարով,-
Մեր մրգերի նման եղիր,-
Լիքը բերքով, դարո՜վ, բարո՜վ:

Լավ է ասված` Չարենցը մեր բանաստեղծության մայրաքաղաքն է, նա լուսավորված այնքան տարբեր լույսերով, ոճի ու խորհրդի մի արքայական հարստություն ունի նրա պոեզիան: Եվ ուզում եմ ձեզ հաճույք պատճառել և բերել Ակսել Բակունցին ձոնված բանստեղծությունից մի քառատող, որը հենց Չարենցին կարելի էր ձոնել.

Եվ բառերի համար քո մարմարյա
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջնջելի գրերն հնադարյան...

Սիրելի ֆորում, այսօր շատ տպավորություններ ունեի աշխարհից ու Հայաստանից, բայց չեմ ուզում «Այսօրիս»` կնոջը բարեբանող այս մի քանի պարբերությանը խառնել այս խառնակ քաղաքակրթության ուրիշ պատկերներ: Մանավանդ, որ այսօր իմ Սիրելու դեմքին կա մի խաղաղ գեղեցկություն, որն առավել թանկ է` երեկվա իմ հարուցած տղամարդկային անիմաստ ալեկոծությունից հետո: Ի՞նչ կա ավելի թանկ, քան քեզ ուղղված` կնոջ ժպտացող աչքերը, նրա բարձր ու հպարտ ճակատը, սիրելի ձայնը...

Բարի գիշեր:

Հեղինակ
13.02.2008, 23:53
Այսօրս` 13 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Մարդկային բարեմասնությունները և արատները ոչ մեկի մոտ այնքան պարզ չեն երևում, որքան քաղաքական գործիչների մոտ: Նախընտրական պայքարը Հայաստանում մոտենում է ավարտին,սա թեթևություն է բերում իմ սրտին...Բայց մի քանի դիտարկում այսօր ունեմ:

Ահա քաղաքական վերակենդանացման ձգտող այս գործիչը: Նա խոսում էր Հայաստանի ապագայի և անվտանգության մասին և նշում էր, որ դրանք կապված են երեք գլխավոր գործոնների հետ ` տնտեսական, ռազմական և ժողովրդագրական: Այստեղ հարգո գործչին երկու հիշեցում պետք է անեմ: Առաջինը` որևէ ժողովրդի անվտանգության գլխավոր գործոնը ազգային-մշակութային համակարգի պահպանությունն է. քո կառավարման տարիներին քայքայվեց մշակույթի ամբողջ համակարգը, հայտնի արվեստագետները անխնամ ու անտեր էին, իսկ դու էլ կարծում էիր, թե մշակույթի հարցերը լուծվելու են շուկայական հարաբերությունների համատեքստում: Այսօր էլ մշակույթի մասին չես հիշում, այսօր էլ նույնն ես ... Իսկ ժողովրդագրությու՞նը ... Քեզ է պատկանում այն միտքը, որ Հայաստանը կարող է պահել ընդամենը մեկ միլիոն մարդ, արտագաղթի դաժանագույն ծրագիրը իրագործվել է հրեշավոր ճշգրտությամբ, և այսօր խոսել ժողովրդագրության նշանակության մասին, նշանակում է կարծել, որ մարդկային ուղեղը և տիեզերական քվանտային դաշտը զուրկ են հիշողությունից...

Այսօր մեր հայտնի քաղաքական գործիչը, որի կերպարը մշակութային հստակ բնութագիր ունի, Ս. Հովհաննես եկեղեցում էր. տյարնընդառաջի տոնակատարություն, սուրբ նշխարհ և այլ ծիսական ատրիբուտներ: Արտաքինից` սա սրտաշարժ ու համակրելի տեսարան է, սակայն իր խորքում` ժամանակավրեպ է, իսկ երբ նախագահության թեկնածուն գրպանից հանեց Հիսուսի պատկերը և ցույց տվեց ներկաներին` կատարվածի ժամանակավրեպության և էթիկական խեղճության զգացումը ավելի տիրեց ինձ... Հարգո գործչին պետք է ասել, որ և մոլորակի վիճակը, և մեր երկրի վիճակը պահանջում են ոգեղենության, Ոգու և Նյութի հարաբերակցության ավելի բարձր աշխարհայացքային ընկալում: Այժմյան «քաղաքակիրթ» աշխարհը իր եսապաշտությունը, անհանդուրժողականությունը, ագահությունը թաքցնում է կրոնական ատրիբուտների ` Ս. Գրքի, Հռոմի Պապի, կրոնական ծեսերի կամ ավելի բարձր խորհրդանիշների` Աստվածորդու, Տիրամոր կերպարների քողի տակ: Այնպես որ, հարգո գործիչ, Հայաստանին տիրած հոգևոր- մշակութային, էթիկական և սոցիալական ճգնաժամի բանալին դու չես գտնի ոչ Ս. Հովհաննես եկեղեցու խորանում, ոչ նշխարի, ոչ էլ տյառնընդառաջի խարույկի կրակների մեջ, - այդ բանալին Կյանքի Գիտության բարձր ոլորտում է, որին դեռևս չեն հասել հայ քաղաքական միտքը և նրա կրողները:

Միջազգային լրահոսից ցանկանում եմ նորից նշել Կոսովոյի շուրջ ստեղծված տագնապալի իրավիճակը, այդ երկրամասի ալբանացիները պատրաստվում են մոտ օրերս անկախություն հռչակել: Ռուսաստանը դեմ է, Կոսովոյի սերբ բնակչությունը նորից պաստառներ է պարզել` «Ռուսաստան, օգնի`ր» , բայց Ռուսաստանը պահը բաց է թողել: Ելցինյան Ռուսաստանը թույլ տվեց ՆԱՏՕ-ին` ռմբահարել չքնաղ Բելգրադը: Իսկ մեր սիրտը Կոսովոյի հետ է: Արիություն ու վճռականություն եղբայրական սերբ ժողովրդին:

Այսօր մի հետաքրքիր մամուլի ասուլիս էր: Մի հայ նախարար խոսում էր Հայաստանում զբոսաշրջության զարգացման պլանների մասին մինչև 2030թ.: Կարծես թե այստեղ վատ բան չկա, միայն կարելի է ուրախ լինել: Սակայն մի խոր անհանգստություն է տիրում ողջամիտ մարդուն, քանի որ մեր երկիրը դեռևս չի գտել իր տնտեսական զարգացման, համաշխարհային շուկայի բռնությանը դիմագրավելու, տնտեսապես առողջ երկիր լինելու, մշակույթի, գիտության և կրթության երկիր լինելու բանալիները: Զբոսաշրջության քսանամայա ծրագրով կարծես վավերացվում է առևտրային- զբոսաշրջային երկիր լինելու տխուր հեռանկարը: Եվ ապա` միթե Հայաստանի կառավարող վերնախավը տիրապետում է ապագայագիտական այնպիսի հիմքի, որ կարող է քսան տարի առաջ տեսնել և նմանօրինակ ծրագիր մշակել:

Այսօր մի նախընտրական հանդիպման ժամանակ հնչեց մի տող Դանիել Վարուժանի հայտնի «Ձոնից».

Եվ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի,
Ձեզի՜ ընծա, հայ մարտիկներ...

Սիրելի ֆորում, ժամանակները փոխվել են, այժմ իրական պայքարը մարդկային կյանքի ազատագրության և արժանապավության համար` պայքար է սեփական ոգու խորքում, սեփական կյանքի լուսավորման համար,- և այս դեպքում մարտիկը դո՜ւ ես, մարտադաշտը քո՜ հոգին է: Եվ քո հաղթանակի լույսը նախ հասնում է քեզ, ապա ամբողջ աշխարհին:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.02.2008, 00:16
Այսօրս` 14 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Այսօրս սկսվեց Գրիգոր Համբարյանի ալբոմի մի քանի երգերի վայելումով: Չգիտեմ` «Նժդեհ» երգը հեղինակ ունի՞, թե՞ ժողովրդական ստեղծագործություն է համարվում: Այս երգի բառերն ու մեղեդին հայ հերոսական երգի ատաղձն են կրում: Լսում էի այս երգը և խորհում Նժդեհի մասին: ՄԻ Մեծ Հոգի, որի անձի դիապազոնը այնքան մեծ է, որ համապատասխանում է Մեծ Ուսուցչի կերպարին: Նրան հասկանում ու սիրում է հայ գեղջուկ հոգին և ասում է նրան.

Սասուն կարոտեր է ձիուդ օտներուն,
Մշո դաշտերուն բերիս վառ գարուն...


Եվ ես էլ` քսանմեկերոդ դարի հայ գրագետս, Մեծ Ուսուցչին բերում եմ խոնարհումս ու սերս: Բերում եմ այն ժամին, երբ հայ ժողովրդի կառավարչությանն են հավակնում այսքա~ն մարդ, աշխարհի աչքի առջև իրար այպանում, ժողովրդի սիրուն իբրև հավակնում... Բայց ժողովուրդը Առաջնորդ է ուզում: Նժդեհը Լեռանահայաստանի ժողովրդին կոչում էր «առաջնորդապաշտ ժողովուրդ» : Եվ ինքն իր ամբողջ կերպով Առաջնորդի տիպար էր: Եվ այսօր, այս խառնակ ժամին, մեր հայացքը քեզ ենք դարձնում, Զորավա՜ր:

Այսօր նախագահության մի թեկնածու մյուս թեկնածուին դավաճան էր կոչում` իր ղեկավարած «շարժմանը» չմիանալու համար: Հարգո՜ գործիչ, այդ ի՞նչ «շարժման» մասին ես ասում: 1988-ի Շարժումը անկախության հաստատումից հետո աստիճանաբար դեգրադացվեց և վերածվեց ազատականության և բռնատիրության հիբրիդի: Այդ հիբրիդի ալֆան և օմեգան ազատականությունն է, որն ազատության սուռոգատն է այս մոլորակի վրա, Մարդկային և էթիկական բոլոր օրենքների ոտնահարողը: Եվ այդ հիբրիդը Հայաստանում որևէ էական էվոլյուցիայի չի ենթարկվել, էթիկապես չի փոխվել, այն ստեղծող ազատական բռնատերերը պատմական ներողություն չեն խնդրել: Եվ հիմա., երբ խոսում ես նոր «շարժման» մասին` այդ հայտարարությունը այլևս մի ողորմելի և ողբերգական հնչերանգ ունի, և հերթական անգամ պատմական խաբեության զոհ է դառնում մեր երիտասարդությունը: Եվ հարցնում եմ քեզ` ո՞րն է այդ շարժման գաղափարախոսությունը և պատասխանում եմ քո փոխարեն` քո «շարժման» վազքը մինչև վայրի ազատականության ազատ-շուկայական մարագն է: Դրանից այն կողմ այդ «շարժումը» ոչ հորիզոն ունի, և ոչ էլ սրբություն...


Ռուսաստանի նախագահը այսօր մի զարմանալի բան ասաց, այն է` իր աշխատանքը ութ տարիների ընթացքում եղել է ծանր` ստրուկի աշխատանք: Ես հավատում եմ Պուտինին, այո՜, նա հսկա ջանք թափեց Ռուսաստանը բարձրացնելու համար, և այդ ջանքը գիտակցված է եղել: Իհարկե, Ռուսաստանը` որպես պետականություն, հեռու է իր մշակույթի նվաճած բարձրությունից: Ռուսաստանի Առաջին ալիքը դիտողը գիտի` ռուս մշակույթը անկման մեջ է: Բայց հավատում եմ ռուս մշակույթի ինքնանորոգ ուժին: Պուտինը ասուլիսի ժամանակ` Կոսովոյի իրավիճակի հետ կապված` սրդողած նետեց երկակի ստանդարտներով առաջնորդվողներին` «Ձեզ ամոթ չէ՞, եվրոպացինե՜ր»: Եվ ավելացրեց, որ Ռուսաստանը գործողությունների պլան ունի Կոսովոյի անկախության հռչակման դեպքում: Մենք էլ Հայաստանից, այս էլ քանիերո՜րդ անգամ, հնչեցնենք նույն միտքը` ամոթ չէ՞ ձեզ, եվրոպացինե՜ր:

Սիրելի ֆորում, ի՜նչ ապահովության մեջ կապերինք մենք, եթե իմանայինք, որ մեր երկիրը Առաջնորդ ունի, եթե իմանայինք, որ օրվա մեջ ` քսանչորս ժամ կա Մեկը, որն իր սրտի, մտքի և գործի ամբողջ ավյունով ուդղված է Հայաստանի կյանքին ու ապագային: Եվ այսօր պարզ է` ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները և այլնը առաջնորդներ չեն ծնում: Առաջնորդ կարող է ծնել միայն Ազգի Ոգին և Մշակույթը, այն էլ միայն այն դեպքում, եթե Առաջնորդը սնվի նաև Տիեզերական Բարձր Ակունքից: Եկեք այսօր, Հայաստանի համար այս դժվարին, երբեմն խառնակ օրերին, ցանկանանք մեր երկրին ապագա և առաջնորդություն:

Բարի գիշեր:

Հեղինակ
16.02.2008, 00:05
Այսօրս` 15 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօրս սկսվեց մեր զինվորին ծանրոց ուղարկելով: Այդ օրը սովորաբար լինում ենք հանդիսավոր տրամադրության մեջ: Պատկերացնում ենք հեռավոր ձորում մեր զինվորի ուրախությունը` ծանրոցը բացելիս...

Այսօր, երբ հետևում էի Կոսովոյի շուրջ զարգացող իրադարձություններին, նորից հաստատվեցի այն մտքի մեջ, որ ՄԱԿ-ի խաղաղարարները ողբերգական դեր կատարեցին. նրանց «հսկողությամբ» և, ըստ էության, թողտվությամբ Կոսովոյից դուրս վտարվեց բնիկ սերբ բնակչությունը: Այսօր էլ խաղաղարար զորքը բնավ չի խանգարում, որ Կոսովոյի ալբանացիները միակողմանի անկախություն հռչակեն: Այստեղից մենք մի հստակ եզրահանգում պետք է անենք` երբեք չհամաձայնել Ղարաբաղում և հայ- ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման որևէ գաղափարի հետ: Միջազգային հանրությունը, որպես օրենք, չի ընկալում ազգերի հարաբերությունների նուրբ տարածքի հոգեբանությունը:

Այսօր Առողջագետը մի հետաքրքիր ֆորումի հանդիպեց` «Բնական Բժշկություն»: Հայտնի ամերիկացի սենատոր Էդվարդ Քենեդին կոչ է արել` անպետք սնունդը դուրս հանել դպրոցներից,- և ինչպես չհիշել 1997թ.-ը, երբ Մարդու էկոլոգիայի դպրոցի տնօրենն էի և մանկապարտեզի համար ամեն օր շուկայից առողջարար սնունդ` միրգ ու բանջարեղեն էի գնում, դա մեր առողջագիտական ռոմանտիկայի, պայքարի և չիրականացված իղձերի ժամանակն էր: Այժմ հարստագույն Ամերիկայում միտք է ծագել` առողջարար սնունդը դպրոցում ներդնել պետական մակարդակով... Եվ մի օր էլ մի փորձագետ կգա Ամերիկայից` առողջ ապրելակերպի դասեր տալու մեր կրթության նախարարությանը: Մեր չինովնիկները հիացմունքից բերանները կբացեն, թե ի՜նչ նորություններ կան աշխարհում... Հայաստանի Երրորդ հանրապետության խեղճ վարքն է սա` չտեսնել սեփական արժեքները և խոնարհվել «միջազգային» չափանիշների առջև...Բայց արդեն չենք նեղանում, առայժմ մի ընտանիքի ուժերով, վաղը` համախոհների հետ, պետք է անենք այս գործը, և ձեռքի հետ էլ պետք է ձգտենք առողջացնել մեր անչափահաս, մի քիչ էլ խելքը պակաս` մեր հարազատ պետականությանը...


Այսօր նորից լուր ստացանք , թե ինչպես է կրոնական անհանդուրժողականությունը, կամ ազատության թյուր ընկալումը կարող են իրար խառնել ու թշնամացնել ժողովուրդներին: Հիշում եք` մի դանիացի նկարիչ արել էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները և մի թերթ էլ դա տպագրել էր, և դա ինչ զայրույթ էր առաջացրել մուսուլմանական աշխարհում: Այս պատմությունը նորացել է` այդ նկարիչը նորից է նկարել Մարգարեին, թերթն էլ նորից տպագրել է: Մեկը չկա ասի այդ եվրոպացուն. եթե ուզում ես ազատ լինել` քո ազատությունը իրացրու քո հոգու և քո մշակույթի տարածքում, ինչու՞ ես վիրավորում մի կրոնի հիմնադրի և Մեծ Ուսուցչի... Բայց հարց կա ուղղելու նաև մուսուլման աշխարհին` ինչու՞ եք նեղանում, այդ դանիացին ինչպե՞ս կարող է վիրավորել Մարգարեին, միթե՞ Մարգարեն ենթակա է որևէ վիրավորանքի, միթե ձեր արածն էլ ու զայրույթն էլ անիմաստ չեն: Եվ այսպես` այս մանուկ մարդկությունը թաղվել է կռվի ու երկպառակությունների մեջ:

Այս տողերն էի գրում, երբ հեռուստացույցից լսեցի «Երկու աստղը» վարող Ֆելիքսի պրիմիտիվ – կոմեդիանտական ձայնը...Գիտեք` Ա. Իսահակյանը Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» համարել է մեր ոգու գոհարակերտ բարձունքը... Եվ այսօր, այդ «Հանրային»- ական սուբյեկտը մի ողորմելի պարոդիա է արտասանում` այդ պոեմի նախերգանքի թեմաներով: Գոնե տաղանդավոր պարոդիա լիներ, գոնե մի կաթիլ շնորհ լիներ մեջը... Չքնաղ նախերգանքը խառնվում էր ապամշակութային տիղմին...Այդպես միայն կարակոյունլու ցեղի հրոսակը կարող է ոտքի տակ տալ ու անպատվել մի պարտված ժողովրդի սրբատեղիները...

Սիրելի Ֆորում, միթե՞ մեր մեջ է նստած կարակոյունլու ցեղի հրոսակը, միթե՞ մենք ենք մեզ նվաստացնողը... Եվ երբ ենք ինքներս մեզ ազատագրելու մեր կռած շղթաներից...


Բարի գիշեր:

Հեղինակ
16.02.2008, 23:59
Այսօրս` 16 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այս օրերին կատարվեց մի իրադարձություն, որն աննախադեպ էր իր քաղաքակրթական նշանակությամբ: Ավստրալիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն խնդրեց այդ մայրացամաքի բնիկներից` աբորիգեններից, նրանց նկատմամբ կատարած հանցանքների և բնաջնջման քաղաքականության համար: Իսկ ի՞նչ է եղել. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ավստրալիայի գաղութային իշխանությունը բնիկներից խլել է նրանց երեխաներին, տվել սպիտակներին` դաստիարակության, կամ տեղավորել մանկատներում, որպեսզի մոռանան իրենց ծագումը: Այդպես խլվել ու ձուլվել են տասնյակ հազարավոր երեխաներ: Բնաջնջման քաղաքականությունը բերել է նրան, որ բնիկները այժմ Ավստրալիայում կազմում են ընդամենը 200 հազար մարդ: Եվ այստեղ անգլոսաքսերը քիչ բանով են տարբերվել թուրքերից: Այս վերջինները խլում էին հպատակ ժողովուրդների երեխաներին, պահում-մեծացնում և դրանցից կազմավորում էին ամենադաժան ` ենիչերիների գնդերը: Ինչպիսի` թուրքական դաժան …ճիզվիտություն:

Եվ այսօր լուսավորյալ Եվրոպան ճանաչում է հայոց Եղեռնը, և սպասում ենք, որ Անգլիան էլ կմիանա այդ ճանաչողների շարքին: Բայց մենք` հայերս, էթիկապես պարտավոր ենք հիշեցնել և մյուս ժողովուրդների եղեռնները, մենք չպետք է առաջնորդվենք կրկնակի ստանդարտներով… Ես չեմ հավատում Ավստրալիայի կառավարչների անկեղծությանը, դա հաշվենկատ և այլասերված ռասայի երեսպաշտությունն է,- հողը բնիկներից խլված է, աբորիգեններն ապրում են ռեզերվացիաներում, կարելի է և ներողություն խնդրել: Եվ նորից հնչեցնենք նույն կշտամբանքը ` ամոթ չէ՞ ձեզ, եվրոպացիներ:

Վաղը Կոսովոյի ալբանացիները միակողմանի անկախություն են հռչակում: Բարեպաշտ Եվրոպան ուղարկում է ոստիկանական – իրավական- դատական մի դեսանտ, երկու հազար մարդ, որ ապահովեն անցումային շրջանը… Ինչպիսի «մարդասիրական» ցինիզմ…

Գրում էի այս տողերը և ականջի տակով լսեցի. ռուսական էստրադայի աստղ` Մաքսիմ Գալկինը վարում էր «Ինչպես դառանալ միլիոնատեր» խաղը: Իմ մոտ միշտ հարց է առաջացել` ովքե՞ր են այս միջազգային խաղի ֆինանսավորողները, և ինչո՞ւ են անհրաժեշտ նմանօրինակ խաղերը: Ուշադիր դիտարկողը կհասկանա նպատակը. այդ խաղերը մարդուն ներշնչում են, որ խաղով, բախտի բերմամբ կարելի է հարստանալ, դրանք սնում են խաղամոլական բնազդները: Որքա~ն ուժեղ են այս մոլորակի վրա քայքայիչ ուժերը... Եվ այս ամենը պատճենահանում ենք մենք` որպես … «արմենոիդ ցեղի աբորիգեններ»...

Նախընտրական արշավը Հայաստանում ավարտվում է: Այսօր զարմանալի հայտարարություն արեց ՀՀ առաջին հախագահը: Նա 1996թ-ի սեպտեմբերյան դեպքերը, երբ ժողովուրդը ձգտում էր վերադարձնել իրենից խլած հաղթանակը և դեպքերի պրովակացիոն շրջադարձի մեջ` ջարդեց Ազգային ժողովի երկաթե պարիսպը, ահա այս էպիզոդը համարեց հոկտեմբերի 27-ի նախերգանք… Իրապես, նախագահը պատմականորեն ճիշտ չի գնահատել ոչ 96-ի սեպտեմբերնյան դեպքերը, ոչ էլ հոկտեմբերի 27-ի ծագումնաբանությունը: Մեր առջև քաղաքական գործիչն էր, և ոչ երբեք մտածողը, հետազոտողը, պատմաբանը ...

Այսօր կարդում էինք Ն.Դ. Ուոլշի «Վաղվա Արարիչը» գիրքը, ահա այնտեղից մի հատված.

Карен Армстронг, религиевед и известная писательница , отмечает в своей книге «Битва за Бога», что «в 1980 году рабби Израэль Гесс опубликовал в официальном издании университета Бар-Илан статью под названием «Геноцид: заповедь Торы». В этой статье он заявляет, что палестинцы, по отношению к израильтянам — то же самое, что тьма по отношению к свету, и они заслуживают той же судьбы, которая постигла соратников Амалика».
И что же это за судьба?
Читаем Первую книгу Царств 15: 2-3: «Так говорит Господь Саваоф: вспомнил Я о том, что сделал Амалик Израилю, как он протестовал ему на пути, когда он шёл из Египта; теперь иди и порази Амалика и истреби всё, что у него; и не давай пощады ему, но предай смерти от мужа до жены, от отрока до грудного младенца, от вола до овцы, от верблюда до осла». Тогда Саул собрал людей, «двести тысяч Израильтян пеших и десять тысяч из колена Иудина», и пошёл исполнять повеление Бога.

Երբ ենք մենք` որպես ոգեկան էվոլյուցիա ապրող ժողովուրդ, ասելու, որ Հին Կտակարանի շատ էթիկական պոստուլատներ չեն համապատասխանում մեր ցեղային, ազգային, մարդկային որակներին և հետևաբար` չեն նպասում մեր զարգացմանը: Արդյոք չե՞նք կարող մի Ազգային- եկեղեցիական ժողովով հրաժարվել Հին Ուխտից կամ նրա հակամարդկային պոստուլատներից, ե՞րբ ենք մենք հռչակելու մեր Ազգային բնիկ հավատի և Աստվածորդու Ուսմունքի միասնականությունը, ե՞րբ ենք ազատագրվելու միջեկեղեցիական դոգմատիկ վեճերից և բռնելու մեր ազգային- մշակութային ինքնուրույն զարգացման ճանապարհը:


Սիրելի ֆորում` մարդկային ոգու մեջ է ամբողջ Տիեզերքի, բոլոր կրոնների, բոլոր ուսմունքների և բոլոր աստվածների գեղեցկությունը: Եվ միթե՞ դա հրաշալի չէ: Եվ եթե մենք ճանաչենք այս հրաշալի ճշմարտությունը, միթե՞ մենք վիրավորած կլինենք որևէ կրոնի, որևէ ումունքի կամ որևէ ժողովրդի աստծո: Կարծում եմ, որ` ոչ:

Բարի գիշեր:

Հեղինակ
18.02.2008, 00:09
Այսօրս` 17 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Այսօրս արտաքինից խաղաղ էր, բայց խորքում ուներ լարվածություն և արթնություն: Այսօր երկու իրադարձություն պատմական շունչ ունեին իրենց մեջ: Մեկը` պատմական անարադարություն և մյուսը ` սկսվող, ոչ դեռևս հասուն արդարության առկայությամբ....Եվ այսպես ...

Նախկին դաշտային հրամանատար, այժմ ալբանական Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին հռչակեց Կոսովոյի միակողմանի անկախությունը, և խորհրդարանը հաստատեց այդ որոշումը: Մայրաքաղաք Պրիշտինայում ժողովրդական ցնծություն է, ընթանում էր հանդիսավոր համերգ, Եվրոպական իրավական դեսանտը գալիս էր Կոսովո` օգնելու անցումային շրջանին: Նույն պահին Կոսովոյի ծայրամաս Միտրովիցայում սերբ բնակչությունը դուրս էր եկել ցույցի, ծերերի, կանանց և երեխաների արցունքոտ դեմքեր, նրանք սգում էին Սերբիայի սրտի կորուստը: Նույն ժամին Սերբիայի վարչապետ Կոշտունիցան ասում էր. «Այս ամենի պատասխանատուն ԱՄՆ-ի նախագահն է, նրա անունը և նրան օգնող եվրոպացիների անունները սև տառերով կգրվեն Սերբիայի պատմության մեջ»: Ապա հստակ նշում էր, որ Կոսովոյի անկախությունը բխում է ՆԱՏՕ-ի-ի ռազմական շահերից: Այստեղ Հայաստանից հիշեցնում ենք պարոն Կոշտունիցային` ժամանակին Քո իշխանության ժամանակ Միլոշևիչը հանձնվեց Հաագայի դատարանին, քո անպտուղ «ժողովրդավարության» պտուղներն ես հիմա հավաքում: Նույն ժամին քամին տատանում էր մի պլակատ , որի վրա Ռուսատանի նախագահի նկարն էր ... Այո,՜ «Օգնիր, Ռուսաստան» կոչը ժամանակին տեղ չհասավ: Բայց Ռուսաստանը կարծես գործում է, նրա պատասխանը կոշտ է, հենց այս րոպեներին հաղորդվում է Ռուսաստանի արձագանքի մանրամասները: Եվրոպայի անկարեկից, ոսկրոտ ձեռքերի մեջ շնչահեղձ է լինում մի սլավոնական էթնոս: Այսօր Հայաստանից հղում ենք զորակցության ու կարեկցանքի մեր զգացումները:

Այսօր Հայաստանում ավարտվեց նախընտրական ընտրարշավը, այսօր եղավ առաջին հայացքից ըտրարշավային մի իրադարձություն , բայց մեր կարծիքով` կարևոր իրադարձություն, որը ունենալու է հեռու գնացող դրական հետևանքներ:

Վերջին հանրահավաքին ՀՀ վարչապետը իշխանությունների և պետության անունից ներողություն խնդրեց ժողովրդից` անկախության 17 տարիներին թույլ տված սխալների համար: Սա նշանակալից է, որ պետության երրորդ դեմքը բերում այդ ներողությունը, սակայն այն թույլ է այնքանով, որ արված է նախընտրական ենթատեքստում և, ըստ էության, ՀՀ նախագահության թեկնածուի կողմից, և ոչ որպես պետական ակտ` ՀՀ նախագահի, Ազգային ժողովի կամ ՀՀ կառավարության կողմից:

Այս առիթով չեմ կարող մի մեջբերում չանել իմ մի աշխատությունից («1700- ամյակի հանգրվանով դեպի նոր Հայաստան», «Դարձ» հանդես, 2001թ., սեպտեմբեր):
«Հանրապետության իշխանությունները պետք է հանդես գան ժողովրդի ներումն հայցող հայտարարություններով,ընդունեն իրնեց թույլ տված ծանր սխալներն Ազգի հանդեպ, որոնք են` համաշխարհային նյութապաշտության և նրա բերած « ժողովրդավարություն», «ազատ շուկա», «մարդու իրավունքներ», «խոսքի ազատություն» կոչվող կուռքերի առջև ծնրադրությունը, ինչը բերել է երկրի փաստացի գաղութացմանը, պետականության բոլոր օղակների բարոյազրկմանը, հայ ազգի ապագայի հիմնաքարերի քայքայմանը»:

Ուրեմն` ՀՀ պետականությունը դեռևս պետք է հասկանա, թե ինչպիսին է եղել իր սխալները անկախության 17 տարիների ընթացքում: Եվ պետք է ներողություն խնդրի իր կատարած սխալների բոլոր պատճառների ու հետևանքների համար: Եվ պետք է օգնել ՀՀ պետականությանը` այս ինքնաճանաչման ու ինքնամաքրման ճանապարհին: ՀՀ նախագահության գլխավոր թեկնածուի ներողությունը միայն ինքնամաքրման սկիզբն է ...

Եվ այսօր` չդավաճանելով «Այսօրիս» ավանդույթին, ասում եմ ընթերցողիս, որ Երրորդ Հանրապետության գլխավոր լրատվամիջոցը` Հանրային հեռուստատեսությունը ինչով էր զբաղեցնում իր հանդիսատեսին այս կիրակի երեկոյան. ֆանտաստիկ ժանրի մի ֆիլմ, «Ստրկուհի Իզաուրա», ռուսական մի մարտաֆիլմ...

Ահա, ուրեմն` Երրորդ Հանրապետության պետականության գլխավոր սխալը, ես կասեի հանցանքն է այն, որ նա օտար հակամշակույթի առջև բացեց Հայաստանի բոլոր դռները: Նա պետք է ժողովրդից ներողություն խնդրի Հանրայինի «մարտաֆիլմային», «աստեղային», «եվրատեսիլային», «երեսուներկու ատամային», «սերիալային», «ժարգոնային» և այլն մշակութային հանցանքների համար: ՀՀ նախագահի թեկնածուի այսօրվա ներողությունը բացում է այդպիսի մի ապաշխարանքի ճանապարհը...

Բարի գիշեր:

Հեղինակ
18.02.2008, 23:46
Այսօրս` 18 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Այս անգամ մեր ընտանիքում մի զարմանալի խաղաղություն է տիրում` նախագահական ընտրությունների շեմին: Այս տարի, թերևս առաջին անգամ, մենք հստակ հասկացել ենք, որ մարդկային կյանքը կոչված է ավելի բարձր մի ընտրություն կատարելու համար` կյանքի իմաստի , մարդու և մարդկայնության տիրույթում: Վերջին ամիսների ընթացքում բյուրեղանում էր մեր ընտրությունը` ընտրել Նոր Կյանք, ստեղծել Նոր Ապագա, լինել Նոր Մարդ, և ահա այս ընտրությունը առնչություն չունի նախագահական ընտրությունների հետ:


Այսօր մի զարմանալի միտք-դիտարկում ունեցա. բոլոր ընտրական տեղամասերը տեղավորված են դպրոցներում: Մարդկային կյանքի ամենակարևոր ասպարեզը մնում է կրթությունը: Սակայն ընտրական տեղամաս մտնող մարդը կարո՞ղ է ընտրել թեկնածուի, որն իր երեխային կտա ճիշտ ու բարձր կրթություն: Ափսո~ս` ոչ : ՀՀ նախագահության թեկնածուները կարող են տարբերվել միայն նրանով, թե նրանք ի՜նչ ֆինանսավորում են խոստանում տալ կրթությանը, բայց նրանց ծրագրերը չեն առնչվում կրթության բուն որակին և ռազմավարությանը: Իսկ մարդկության ապագան կախված է Նոր Կրթությունից, որի հիմքը լինելու է Գիտելիքը Մարդու և Տիեզերքի, Աշխարհակառույցի մասին: Սակայն կգա մի օր, երբ մեր նախագահության թեկնածուները իրարից կտարբերվեն նաև աշխարհայացքով, ահա այն ժամանակ էլ ընտրական տեղամաս մտնողը կարող է նաև Նոր Կրթություն ընտրել իր զավակի համար:


Այսօր ամբողջ օրը ժամանակ առ ժամանակ հետևում էի Կոսովոյի շուրջը ծագած իրավիճակին, լսում էի տարբեր երկրների արձագանքները: Գլխավոր զուգահեռը անցկացվում էր Կոսովոյի` մի կողմից և մյուս կողմից` Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև: Միայն Ադրբեջանի արձագանքն էր առնչվում նաև Ղարաբաղի խնդրին: Եվ ի~նչ, համաշխարհային լրատվական դաշտի և պետությունների արձագանքի մեջ կար մի ակնհայտ ու աններելի անգիտություն: Այն սահմանագծվում էր հակահումանիտար և ցինիկ տգիտության հետ:

Ոչ ոք չէր ասում, որ Կոսովոյի ալբանացիները ինքնորոշվում են` մինչև այդ դարերի ընթացքում զավթված` սերբական հայրենիքի մշակութային սրբազան տարածքի վրա: Սա պատմական զավթիչի «ինքնորոշում» է, այդպես էլ ազերիները «ինքնորոշվեցին» Նախիջևանի հողի վրա և այնտեղից վտարեցին վերջին հայերին և ապա փշրեցին նրանց սրբատեղիները: Մինչդեռ Աբխազիան, Հարավային Օսիան և Ղարաբաղը ինքնորոշվել են հայրենի հողի վրա: Այսօր Բաղապշն ու Կոկոյտին պատմական սխալ էին անում` նշելով , թե Կոսովոյի օրինակով կճանաչվի նաև իրենց անկախությունը: Սա սրբապղծություն է` սերբական Կոսովոյի կորստի հիման վրա` ձգտել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ղարաբաղի անկախության: Վերջիններս չեն կարող օգտվել ԱՄՆ-ի ստեղծած մի անհեթեթ կոլիզիայի կեղծ արդյունքներից: Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է ճանաչի Կոսովոյի անկախությունը ...


Այս տարի լրանում է աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հարյուրամյակը: Հիշում եմ Վարդենիսը, որտեղ բժիշկ էի աշխատում. այնտեղ է ծնվել մեծ գիտնականը, հիշում եմ նրա մի քանի հարզատների: Ծանր էր տեսնել Բյուրականի աստղադիտարանի անկումը և նահանջը, այժմ ծանր է տեսնել, որ մեծ գիտնականի անունը փառաբանված չէ, սակայն դրա մեջ կա նաև օրինաչափություն: Վ. Համբարձումյանը նյութական Տիեզերքի երգիչն էր, նրան զարմացնում էին իր հայտնաբերած «սև խոռոչները», նոր «աստեղային պայթյունները», գերխիտ "թզուկները", սակայն նրա գիտության մեջ չկար իրական գիտելիք Ոգի Տիեզերքի մասին, որի գործունեության արդյունքն էին այդ աստեղային պրոցեսները...Նրա գիտությունը տեսնում էր աստղերի կյանքի թաղանթը, արտաքին կողմը... Եվ հիրավի, երբ Ոգու գիտությունը և Նյութի գիտությունը կգտնեն իրար, այն ժամանակ էլ կգա իսկական ու մեծ Գիտության Օրը:

Սիրելի ֆորում, մի քիչ առաջ մի հեռուստատեսային բանավեճ էի լսում եղբայրության մասին: Խոսում էին Կոմկուսի առաջնորդը, մշակութաբանը, հրապարակախոսը...Խոսում էին տոհմա-ցեղային, գողական, գաղափարական եղբայրության մասին.. Եվ այդ բանավեճը ոչ մի տեղ չէր հասցնում.... քանզի նրա հիմքում չկար գիտելիքը մարդու արարչական ծագման մասին: Եթե ամեն մարդու մեջ դրված է ոգին, որը մասն է Տիեզերական Մեծ Ոգու, և սա ոչ թե կրոն է, այլ ընդամենը բնագիտություն, և այստեղ է ապացույցն այն բանի, որ բոլոր մարդիկ այս մոլորակի վրա հարազատ եղբայրներ և քույրեր են... Եվ ապրում է Մեկ, Միասնական, Անբաժանելի ընտանիքը` ժամանակակից Մարդկությունը:


Ձեզ բոլորիդ մաղթում եմ եղբայրության անեղծ զգացումներ:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.02.2008, 23:44
Այսօրս` 19 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր ընտանիքով մեր կյանքի, մեր ընտրության հետ էինք, ապագայի մեր տեսիլքի հետ: Իհարկե, հետևում էինք ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքին: Միակ բանը, որ կարող էր այս ընտրությունների ընթացքում մեզ վշտացնել` անիմաստ երկպառակության որևէ բռնկումը կարող էր լինել: Մարդկանց կարող է թվալ, թե իրենք պայքարում են բարձր գաղափարի համար, նրանք կարող են առճակատման հասնել, և միայն տարիներ հետո կարող է պարզվել, որ երկպառակությունը չի առնչվել ժողովրդի կյանքին ու ապագային, այլ միայն եսապաշտ ձգտումների բախման արդյունք է եղել: Այո, այսօր մենք ընտրում էինք ՀՀ նախագահ, բայց մենք կարո՞ղ ենք ասել, որ մենք ընտրում էինք Նոր Կյանք, Նոր Քաղաքակրթություն, Նոր Ապագա, Նոր Երկիր. Ո~չ, չենք կարող ասել, որովհետև այդպիսի ընտրությունը քվեաթերթիկով չի լինում: Այդ Բարձր Ընտրությունը դեռ մենք չենք արել: Այդ բարձր ընտրությունը անում է ամեն անձ, ամեն անհատ իր էության խորքում, երբ նա ընտրում է Սերը, Մշակույթը, Ազատությունը, և այդ վսեմ ընտրության պահին նա ինքն է և ընտրողը, և իրական, անկանխակալ Դիտորդը: Այս ընտրության մեջ մարդուն օգնելու է Վաղվա Արարիչը:

Այս օրերին ձեռքներիս է Ն. Դ Ուոլշի «Վաղվա Արարիչ» գիրքը: Այս Արարիչը պահանջում է մոռանալ քինախնդիր և պատժող Երեկվա Արարչին,(որպես մարդու սխալ պատկերացումների արդյունք), վերցնել պատասխանատվությունը, լինել Վաղվա Արարչի հետ` որպես ՄԵԿ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ, կերտել սեփական կյանքը: Սա ցնցող հայտնություն է, նա բարձրացնում է կրոնական դոգմաների առջև խեղճացած մարդուն, նրանից կերտում է ազատ կամքով օժտված Մարդ-Արարիչ:

Այսօր մի գրառում արեցի ԴՆ Ֆորումում` ժամանակակից ԱՄՆ-ի մասին. այդ զարմանալի աշխատասեր, մշակութապես նոր ձևավորվող ազգը` այժմ աշխարհի և՜ հույսն է, և՜ հոգսը,- որքան չարդարացված ագրեսիա, իզուր թափված արյուն կա նրա սանձազերծած պատերազմների մեջ` Հարավսլավիա, Աֆղանստան, Իրաք... Սիրել Ամերիկայի ազատությունը և հանճարը, ապա կանգնեցնել նրան` իր այսքա~ն սխալ ճանապարհին. ահա մոլորակային մի խնդիր, որը դրված է նաև Հայաստանի և հայության առջև:

Կոսովո... կարծում եմ, ԱՄՆ-ը և Եվրոպան մոլորակային անկայունության, պատերազմի և երկպառակության մի օջախ ստեղծեցին և պատմության առջև ծանր պատասխանատվության տակ ընկան: Եվրոպան միավորվում է, ուզում է ազատ և արդար աշխարհամաս դառնալ, բայց նույն ժամին նա իր փափլիկ որովայնի տակ դնում է անարդարության, անխոհեմության և հակահումանիզմի ծանր ռումբը: Ճիշտ է նկատված, որ եթե քո միավորումը ու հարստությունը հիմնված են այլ տասնյակ ազգերի աղքատության և հյուծման վրա` ինքդ քեզ համար կստեղծես ապագա կորստյան մեխանիզմը... Սա ողբերգական հետևություն է:

Լսվում են ՀՀ նախագահական ընտրությունների սկզբանական արդյունքները, ըստ ամենայնի` հաղթելու է ՀՀ ներկա վարչապետը, այն էլ` մեկ փուլով: Ուրեմն` կլինի այս գործչի անբաժանելի, լրիվ, լիարժեք պատասխանատվությունը պատմության առջև: Մնում է, որ ամեն ընտրող իր մեջ, իր խորքում ձևակերպի այդ պատասխանատվության չափը և այն դնի նախ իր առջև, ապա և իր Նախագահի առջև:


Սիրելի ֆորում, ավարտվեցին ՀՀ նախագահի ընտրությունները, և թող մեր գիտակցության մեջ սկսվեն և շարունակվեն մեր ներքին ընտրությունները` Մարդ-Արարիչ լինելու հավերժական ընտրությունները:

Բարի գիշեր:

Հեղինակ
21.02.2008, 00:00
Այսօրս` 20 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական արդյունքներն էին հաղորդում, դժվար էր աշխատել և մտածել այլ նույթի մասին: Ժամը լարված է, ՀՀ առաջին նախագահի ղեկավարած ընդդիմությունը հանրահավաք էր անում` չհամաձայնելով ընտրությունների արդյունքերի հետ: Եվ այս ժամին չեմ կարող չասել այն, ինչ ասել և տպագրել եմ վերջին յոթ տարիների և մանավանդ` վերջին մեկ տարվա ընթացքում:

Եթե որևէ գործիչ,այս դեպքում` ՀՀ առաջին նախագահը ասում է, որ ժողովրդի կամքը խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում ազատ չի արտահայտվել, և կամ արահայտվում է այն միտքը, որ Հայաստանում ընտրությունների մեխանիզմով իշխանություն փոխելն այլևս անհնար է, և անհրաժեշտ է գնալ հեղափոխության, ապա այդ գործչին կոչում ենք`
Լինել անկանխակալ հետազոտող և ճշտել , թե ինչպես և երբ է դա սկզբնավորվել.
Ճշտել, թե անձամբ ինքը ինչ դեր ունի այդ իրավիճակի ստեղծման մեջ:
Ճշտել, թե ինչպես է հնարավոր լուծել այդ իրավիճակը և ժողովրդի կամքի արտահայտման նոր պայմաններ ստեղծել: Սա առաջինը:

Եթե մի հարյուր -հազարանոց կամ երեք- հարյուր հազարանոց զանգված այսօր հավաքվել է` ինչ որ բան երկրում փոխելու, ապա այդ զանգվածին կոչում ենք`
Հիշել` ինքը երբ է այդպես առաջ հավաքվել և ինչի է ձգտել.
Ճշտել , թե իր ձգտման արդյունքում ինչ է ստացել.
Պատմական անալոգիայով ենթադրել, թե այս անգամ ինչ է ստանալու:
Ուրեմն` սա էլ երկրորդը:

Եվ այսպես` հիշեցնում ենք ՀՀ առաջին նախագահին, որ այս ամենը սկզբնավորվել է 1996թ-ի սեպտեմբերին, երբ տեղի ունեցավ ռազմա-քրեական հեղաշրջում և նախագահեցվեց չընտրվածը: Հիշեցնում եմ, որ այդ չընտրված նախագահը ինքն է և հեղաշրջման հեղինակը: Նաև եզրահանգում եմ, որ այդ հեղաշրջումը շարունակվում է ցայսօր, նրա պատճառներն ու հետևանքները վերացված չեն:

Այդ հեղաշրջման հետևանքն այն է , որ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵԼ և ՀՍԿԱ ՓՈՐՁ Է ՀԱՎԱՔԵԼ` ՄԻՇՏ ԵՎ ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԱՆԿԱԽ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՈՒՆ ԿԱՄՔԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԱՀՊԱՆԵԼ և ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Ահա` ուրեմն, այս ժամին պատմական ատյան կանչենք ՀՀ առաջին նախագահին, նրան 1996-ին նախագահեցրած երկու ուժային նախարարներին, մեկն այլևս Սրբացած Անուն է (բայց այս ժամին պետք է կանչել ), իսկ մյուսը ամբաստանյալ է և փախստական, նրան ևս կանչել, ապա ՀՀ գործող նախագահին և այս ընտրություններում հաղթած ՀՀ վարչապետին և ասել նրանց. երբ եք համատեղ, միակամ որոշումով և քաղաքական կամքով վերացնելու 1996թ-ի ռազմական- քրեական հեղաշրջման պատճառներն ու հետևանքները:

Ահա, այս գործիչները թող լուծեն այս պատմական խնդիրը, իսկ մենք բոլորս գնանք մեր գործին` որպես ՀՀ քաղաքացիներ` մեր երկիրը կառուցելու:

Բայց վեճը շարունակվում է, վիճող կողմերը, ի դեպ, ժամանակին ստացել են մեր հեղինակային խմբի գիտական ուղերձները, որով նրանց կոչել ենք` նստել պատմական ինքնակրթության և ընկալել հիմնական քաղաքակրթական թնջուկը, որն է` Հայաստանին պարտադրվել է պետական – քաղաքական մի կարգ, որն իր էությամբ առողջ չէ և Հայաստանը դարձնում է հիվանդ աշխարհակարգում տիրող քաղաքական – տնտեսական – դիվանագիտական - մշակութային հիվանդ կապերի պատանդը: Այսօրվա վիճող կողմերը չեն էլ կասկածում, որ Երրորդ Հանրապետության քաղաքականության պատճառով Հայաստանը դարձել է տնտեսապես, էթիկապես և մշակութապես կախյալ երկիր, և դեգրադացիան շարունակվում է:

ԱՅՍՕՐՎԱ ՎԻՃՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՍՈՒՄ ԵՆՔ
Այս վեճը Հայաստանի ապագայի հետ առնչություն չունի.
Այս վեճը մեզ կարող է մրից հանել, բայց մրջուրն է գցելու.
Այս վեճը մի ապամշակութային Հանրային հեռուստատեսություն փոխելու է ավելի ապամշակությաին մի Հանրայինի հետ .
Այս վեճը մեզ կարող է ազատել «Երեսուներկու ատամից», բայց հաստատ «Վաթսունչորս ատամի» տակ ենք ընկնելու.
Այս վեճը մի խումբ կայծոռիկ- աստղերի քշելու է բեմից և մի ուրիշ խումբ կայծոռիկների է բերելու.
Այս վեճը կարող է փոխել կրթության նախարարին, բայց ոչ երբեք Հայաստանի կրթական քաղաքականությունը.
Այս վեճը կփոխի ֆինանսների, առևտրի և զարգացման նախարարներին, բայց Հայաստանի առևտրային դեֆիցիտը միայն աճելու է.
Այս վեճի վարողները գիտեն, որ երևի կա Ազգի Ոգի և Արարիչ, բայց կարծում են , որ նրանց էլ ուզած ժամանակ կարելի է այլասերել.

Այս վեճը մեր վեճը չէ, նա չի առնչվում աշխատավոր հայի ապագային:

Այս վեճի կողմերից մեկը դժվար թե երբևէ կարողանա վերակրթվել և տեսնել իր քաղաքակրթական և էթիկական մերկությունը, նա հայտարարել է, որ երբևէ չի ափսոսացել իր կատարած որևէ քայլի համար:
Մյուս վիճողը այսպիսի հայտարարություն դեռևս չի արել և պատմական հույսի մի նշույլ կա , որ նա երբևէ կարող է վերակրթվել և ծառայել Ապագայի Հայաստանին:

Ես այս պահին թողնում եմ այս վեճը և վերադառնում եմ իմ գործին:

Սիրելի ֆորում, Հայաստանի ապագան կերտում ենք մենք, դուք` հայ նոր երիտասարդությունը, բոլորս. միայն Նոր Աշխարհայացքը, Նոր Գիտակցությունը, Նոր Մշակույթը կարող են մեզ հասցնել մեր նպատակին: Այստեղ, ԴՆ ՖՈՐՈՒՄԻ էջերում ուշադիր հոգին կտեսնի Նոր Հայաստանի սպասվող արևածագերը...

Բարի գիշեր:

Հեղինակ
22.02.2008, 00:13
Այսօրս` 21 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Ասում են` Ազատության հրապարակում այսօր հնչում էին հերոսական երգեր, թնդում էին հերոսական շուրջպարեր: Այո, հայ զանգվածը կարոտել է իր հեղափոխական անցյալին և այսօր ուզում է վերարթնացնել այն: Ինձ` տարեգրիս, մնում է մի քանի դիտարկում անել և հայ զանգվածին մի քանի հանգամանք հիշեցնել:

Այո, հեղափոխությունների ժամանակ նրա ղեկավարները և զանգվածը օգտվում են ազգային մշակույթի և ոգու զինանոցից, արթնացնում են զանգվածը, նրան մղում են անձնազոհ պայքարի, իսկ հաղթանակից հետո հերոսական մշակույթը դուրս է մղվում ժողովրդի կյանքից: Ստացվում է, որ այդ մշակույթը միայն միջոց էր իշխանությանը տիրելու համար:

Ահա, սիրելի ընթերցող, այստեղ է թաքնված Հանրային հեռուստատեսության ֆենոմենի գաղտնիքը. եթե 1991-ին և պատերազմի տարիներին հայ բեմից հնչում էր Մկրեի անզուգական-խռպոտ ձայնով`“Հիմի էլ լռենք” –ը, ապա այսօր Հ1-ով լսվում են Հայկոյի, Էմիի, Սիրուշոյի, Շպռոտի և այլ “աստղերի” անոգի անսիրտ, անսեռ երգերը, և այս նվաստացուցիչ մշակույթի միջոցով ճորտացվում է ժողովրդի ոգին: Հիշեցնում եմ նաև այսօրվա հեղափոխական զանգվածին. նրա այսօրվա “առաջնորդներից” մեկի թերթը, որի գլխավոր խմբագիրն է, տարին բոլոր բարեբանում է մեր “աստղիկ”- կայծոռիկներին…

Դառնանք Ազատության հրապարակ… Այնտեղ Երրորդ Հանրապետության հիմնադիրը ձգտում է իր քաղաքական ժառանգներից, որոնց ինքն էր հրավիրել իշխանության, նորից ետ վերցնել այդ թանկ, այդ բաղձալի իշխանությունը: Հեղափոխական հայ զանգվածին հիշեցնում եմ այն, ինչ գրել եմ 2002-ին` իմ “Երրորդ հանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը” մենագրության մեջ.

Եթե Դու, Հայ Ազգ, ապստամբես Չարի մի երևույթի դեմ և ընդամենը ձգտես այդ երևույթը փոխել մյուսով, երբ մի երդմնազանցի հեռացնես իշխանությունից և իշխանության բերես մեկ ուրիշին, որը ևս չունի այլ ելք, քան երդմնազանց լինել, եթե դու չապստամբես Չարի բուն արմատի դեմ և նրան հեռացնես քո կյանքից, այլ միայն Չարի մի գլուխը կտրես, որին ի պատասխան կաճեն յոթը, Դու հաղթանակ չես ունենալու, դառը պարտությամբ են ավարտվելու քո բոլոր ապստամբությունները:
Սա է իմ պատասխանը ներկա իրավիճակին :

Երեկ պարզ ու հստակ ասել էի. այսօր` ավելի պարզ եմ ասում. հինգ հոգի` Լ.Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը , Վանո Սիրադեղյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մեր տասնյոթամյա անկախության շրջանի քաղաքական հիմնական պատասխանատուներն են , որոնցից առաջին երեքը 1996թ-ի ռազամա -քրեական հեղաշրջման հեղինակներն են, որի ավանդույթները` զուտ կոսմետիկ փոփոխություններով, շարունակվում են առ այսօր: Դրանք չեն կարող վերանալ այս հնգյակի պառակտման և վեճի միջոցով կամ էլ իշխանության վերազավթումով: Այս հինգ հոգին պատմության դատի առջև պետք է ներողություն խնդրեն 1996-ի հեղաշրջման և դրա հետևանքները առ այսօր կենդանի պահելու համար, և իշխանությունը սահմանադրական մեխանիզմով հանձնեն ժողովրդի բարոյա-էթիկական ներուժը կրող նոր ուժերի և առաջնորդների: Այդ մասին ես գրել և ասել եմ ոչ մեկ անգամ: Պատմականորեն սա նախադեպը չունեցող, բայց իրական հնարավորություն է: Ժողովուրդը պատմականորեն ապակողմնորոշված է, նա Երրորդ Հանրապետության մի թևի միջոցով ուզում է հեռացնել մյուս թևին, սակայն նա պետք է հեռացնի երկու թևն էլ, և ընտրի իր ազգային էթիկան կրող առաջնորդող ուժերին, այլապես Երրորդ Հանրապետության մասին և նրան ընտրող զանգվածի մասին կարելի է ասել Չարենցի տողերով:

Եվ թունավոր ինքյան` որպես կարիճ…

Այսօր վերջապես Կոսովո- Լեռնային Ղարաբաղ զուգահեռը ճիշտ ներկայացրեց մի գործիչ , այն էլ Լոս Անջելեսից իրավաբան` Սեթո Բոյաջյանը,- նա Կոսովոն բնութագրեց որպես անջատողականություն, քանի որ Սերբիայի բնիկ հողը այսօր անջատվում է մայր հայրենիքից, իսկ Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է բնիկ հողի վրա: Հարգանքներս հայ իրավաբանին և նույնիսկ պաշտելի Հայլուրին, որը հեռարձակեց հարցազրույցը:

Սիրելի ֆորում, սիրելի հայ երիտասարդություն եկել է քո էթիկական ինքնորոշման վճռական ժամը, մի օր քո նման բռունցքս վեր, հերոսական երգի զմայլանքի մեջ կանգնած էինք` հանուն ապագայի: Այս անգամ մեր ապստամբությունը պետք ուղղված լինի մեր անգիտության, մեր ոգեկան խեղճության դեմ: Հին ճանապարհները մեզ տարան նոր ճորտության, մենք պետք է այս անգամ գնանք Ոգու, Ինքնաճանաչման, Վերելքի ճանապարհով:

Բարի գիշեր:

Հեղինակ
23.02.2008, 00:13
Այսօրս` 22 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Այսօր հայլուրական մադոննայի դեմքը լարված էր: Օրանժ լավատեսությունը և հրակարմիր մազապսակը չէին կարողանում ծածկել զգուշավոր հայացքը – նեղացած աչքերից ցայտում էր անհանգստությունը ապագայի հանդեպ: Ոչի~նչ: Որքան անգամ նրա պաշտոնական լավատեսական ձայնը բախվել է հասարակ մարդկանց առօրյա հոգսերին, մի կտոր դառը հացի համար մղվող պայքարներին: Այո,~ պալատական հաղորդավարները, պրոդյուսերները, կոմեդիանտները և մյուսները այսօր մի քիչ տխրել են: Ես նրանց հանգստացնում եմ` քանի այս ազգը չի ապաքինել իր Ոգին, իր Մշակույթը, իր Էթիկան` միշտ էլ կլինի ձեր կարիքը…

Այսօր վերջապես մի խումբ քաղաքական գործիչներ` Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը հստակ նշեցին 1996թ.-ի, դրան հետևած մյուս ընտրությունների և այս ընտրություների ժառանգական կապը, բայց, ափսո~ս, անձանց պատասխանատվության շղթան նրանք հստակ չնշեցին… Բայց առանց դրա էլ ամեն ինչ հասկանալի է, այս ընտրությունների պատասխանատուները դրանց անցկացման ոճը ժառանգել են 1996-ի հեղինակներից: Հետևաբար, խոսքը գնում է Երրորդ հանրապետության պետական-քաղաքական համակարգի ինքնամաքրման մասին: 1996-ի պատասխանատուները և նրաց ժառանգները պետք է կանգնեն պատմության առջև` պատասխանողի դերում: Բայց ոչ երբեք դատախազի վեհատեսիլ դերում, նույնիսկ եթե նրանց միանան գլխավոր դատախազի բոլոր հնարավոր տեղակալները...

Սիրելի ընթերցող, կարո՞ղ ես ասել` ո՞վ է վարում որևէ երկրի քաղաքականությունը: Կասես` երկրի նախագահը, վարչապետը, կառավարությունը, և այլն, և այլն: Չէ~, սխալվում ես, երկրի քաղաքականությունը վարում են նրանք, ովքեր որոշում են` ի՜նչ դասագիրք տալ երեխային, ի՜նչ ֆիլմ նկարահանել, ի՜նչ արվեստ ցուցադրել, ի՜նչ ներկայացումներ դնել, ինչպե՜ս բուժել հիվանդին: Նախագահները կարող են փոխվել, բայց դասագիրք գրող – ստեղծող- ընդունող- թույլ տվող մեխանիզմը գործում է` անկախ նախագահից, - մենք չենք ունեցել երկրի նախագահ ու վարչապետ, որին հետաքրքրեր իր երկրի թատրոննների խաղացանկը, իր երկրի հեռուստատեսությունների ծրագիրը, իր երկրի երեխաների դասագրքերը … Ուզում ես հեղափոխությու՞ն անել, սիրելի~ ընթերցող, ապա ուրեմն` քո հեղափոխության սայրը ուրիշ պետք ուղղվի մեր համազգային տգիտության դեմ, մեր դարավոր էթիկական անկման դեմ…

Ահա այսօր «Երկու աստղ» շոուն է... «Ծախված կլյուչնիկ», «Մամայի սպիտակ մազերը», «Զլպոնեն մեր եթերում» և այլ այսպիսի դեգեներատիվ արտահայտություններ կոմեդիանտ Ֆելիքսի և անհաս Էմիի շուրթերից: Արդեն նշել եմ այս թշվառ շոուին կառավարող կուսակցությունից` ԱԺ պատգամավորի մասնակցությունը` որպես ժյուրիի անդամ: Նորից եմ ասում այդ պատգամավորին` հարկ է մտածել կուսակցության մշակութային քաղաքականության մասին: Քո փայլուն ինտելեկտուալ հնարավորությունները բավական չեն` մշակութային երևույթները հասկանալու և գնահատելու համար... Իսկ դու, հեղափոխական զանգված, եթե հեղափոխություն ես ուզում անել` նրա մշակութային սայրը ուղղիր «Երկու աստղի» գռեհիկ կոմեդիանտական ճաշակի դեմ, որը փչացնում է մեր երիտասարդությանը և մեր մանուկ սերնդին: Բայց քո հեղափոխությունը դեռ չի հասունացել դրա համար …

Սիրելի ֆորում, սրտիս մեջ զարմանալի խաղաղություն է, վստահում եմ Կյանքի Գաղտնի Ընթացքին, Կյանքի Մտահղացմանը, ուզում եմ բոլոր նրբին ալեհավաքներով որսալ այն...Երբ տեսնում եմ մի անգիտություն` հիշում եմ` այսինչ ժամանակ ես էլ եմ այնտեղ եղել, ես էլ նույն եմ բարբառել...Եվ այս ինքնատեսությունը ինձ տալիս է հանդուրժողականություն...

Բոլորիդ ցանկանում եմ հանդուրժողականություն` այս դժվարին, խառնակ և ...պայծառ ժամանակներում...

Բարի գիշեր:

Philosopher
23.02.2008, 13:52
Բոլորիդ ցանկանում եմ հանդուրժողականություն` այս դժվարին, խառնակ և ...պայծառ ժամանակներում...

Բարի գիշեր:


Իմաստուն խոսք լսողի հիացումով ու հպարտությամբ` ողջույններս:love

Հեղինակ
24.02.2008, 01:11
Այսօրս` 23 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօրս խաղաղ էր, մի փաստաթղթի վրա եմ աշխատում, ձգտում եմ հասկանալ երկրիս ներկա իրավճակը: Բոլոր իրավիճակները կարող են հրաշալի համարվել, եթե նրանց մեջ տեսնես Կյանքի Ստեղծագործությունը և Քո Տեղը այդ Ստեղծագործության մեջ: Եթե այսօրվա իշխանությունը և այսօրվա ընդդիմությունը տեսնեն, զգան Կյանքի Ստեղծած կոլիզիան, և գտնեն Ոգու գիտությունից բխող իրենց պատասխանատվությունը, ապա մենք կարող ենք հանգիստ քնել...Բայց, ափսո~ս, նրանք փնտրում են ՄԻԱՅՆ ՈՒՐԻՇԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ....և ոչինչ չեն գտնում, բացի ...ատելությունից: Ինպիսի~ մանկական սխալ, ինչպիսի~ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ....

Մի դիտարկում միջազգային ասպարեզից, որն առնչվում է մասնագիտական ոլորտիս: Եվրոպական խորհրդարանը և Եվր. Հանձնաժողովը փաստաթուղթ են ընդունում, որը կարգավորում է, թե ինչպիսիին պետք է լինի սննդամթերքի վրա արվող նշագրման ընդհանուր ձևը, ինչը կարտացոլի սննդի բաղադրությունը: Իբրև թե սննդամթերքն առնելիս` տեսնես մեջը ի՞նչ կա, որ առնես ...լավը, պետքականը և այլն:

Ես էլ հարցնում եմ Եվրախորհրդարանի երեսփոխաններին. Ձեր ապուպապերը շաղգամ ուտելիս` հարցնու՞մ էին, թե մեջը ինչ կա...Մարդը` սննդամթերքն առնելիս ի՞նչ է` մտքի մեջ պետք է հետազոտություն անի՞ և նոր գնի՞ սննդամթերքը...Մենք էլ ամեն ինչը մասնատող, քննող եվրոպացուն ասում ենք` աշխարհն էլ, սնունդն էլ ԱՄԲՈՂՋ Է, ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ է, ԱՆԲԱԺԱՆԵԼԻ Է. ո~վ եվրոպացի, գլուխդ նուտրիենտների թվերով մի լցրու...վայելի~ր ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ, և չես ճարպակալի, չես հիվանդանա... Բայց ՄԱՍՆԱՏՈՒՄ ԵՍ, ԱՄԲՈՂՋԸ չես ճանաչում, և կարծում ես` կարող ես չքնաղ Սերբիան բռնադատել, մասնատել, նվաստացնել, և ցավը քեզ չի հասնելու...Ողորմելի~ կենսափիլիսոփայություն...ո~վ եվրոպացի, քո մանուկներին այս խելքով չես փրկի ճարպակալման ախտից, բայց Սերբիայի մանուկները կսրբեն նվաստացման արցունքը և կդառնան մի նոր, հերոսական սերունդ...

Դառնանք մեր ազատ և անկախ Հայրենիք...Այսօր մի հեռուստատեսային ռեպորտաժում «Հայկական ժամանակի» գլխ. խմբագիրը հարցնում է` պարե՞~նք... Եվ հնչում է հերոսական պարի մեղեդին...Բայց ես` անուղղելիս, մի անմեղ հարց եմ տալիս խմբագրին. թերթիդ էջերում ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ որևէ հոդված կամ անդրադարձ կա՞ այն ազգային մշակույթին, որի հնչյունների տակ այսօր հերոսանում ես: Ուսումնասիրել եմ, և ոչ այսօր` ՉԿԱ~ :

Դու՜, գլխավոր խմբագիր, արևմտյան հակամշակույթի երգիչն ես, նայիր էջերդ, տես «ազատ» մամուլիդ ողորմելի մշակութային մակարդակը, կանչիր նրանց` օրինակ, «Էմփիրեյ» խմբին և չգիտեմ էլ ում և ինչքան ուզում ես պարի~ր նրանց կաղկանձների տակ...Իսկ մեր հերոսական երգի տակ պարելու ԻՐԱՎՈՒՆՔ ԴՈՒ ՉՈՒՆԵՍ... Եթե ԱՅՍ հեղափոխությունը հաղթի` դու հավանաբար կգլխավորես մեր աննման Հանրայինը և կշարունակես նրա ներկա նախագահի աննման գործը...Քանզի նույնն է ձեր աշխարհայացքը...Եվ դրանով կավատվի ՔՈ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ... Բայց ոչ մերը...


Եվս մի անդրադարձ մեր հայրենի չքնաղ հակամշակույթի ներկա հերոսներին... Այսօր Հանրայինի գլխավոր պրոդուսեր, գլխավոր ռեժիսոր և ճաշակի օրենսդիր Հրաչ Քեշիշյանը երդվում էր, որ չի դավաճանել իշխանություններին, որ այնքա~ն գործ ունի, 115 սերիանոց հայկական առաջին սերիալն է նկարահանում, որ ինքը... Մի~ երդվիր, Հրաչ Քեշիշյան, դու ոչ մեկին, ոչ մի իշխանավորի չես դավաճանել և չես էլ կարող դավաճանել, դու հայ հակամշակույթի հավատարիմ զինվորն ես, դու հայ «աստղիկների» բուծարան- ինկուբատորի վարիչն ես, դու համաշխարհային հակամշակույթի արտակարգ և լիազոր դեսպանն ես Հայաստանում...Եվ որևէ իշխանություն, որ կուզենա զոմբիացնել մեր երիտասարդությանը` միշտ կունենա քո կարիքը...Դու գրեթե անմահ ես, եթե միայն մեր ՄՇԱԿՈՒՅԹԻ կենսալի զորքը մի օր չմտնի Հանրային...

Իսկ...Հանրայինը այսօր երեկոյան ընդամենը մի մարտաֆիլմ էր ցույց տալիս, և մի կատակերգություն` «Երկրորդ կինը», ինչքան հասկացա` արվեստի մի կատարյալ գործ պետք է լիներ...

Սիրելի Ֆորում, ռուսական մի ալիքով սքանչելի հաղորդում է գնում Բորիս Պաստեռնակի մասին. հիշեցի գեղեցիկ Պերեդելկինոն, Պաստեռնակի գերեզմանը, սոճիներով զարդարված այն ծառուղին, որ երեք տարի ճանապարհս է եղել... Միասին կարդանք իմ մի բանաստեղծությունը` «Երգ Երրորդության» շարքից...



...

Свеча горела на столе,
Свеча горела
Б. Пастернак



Մոմը այրվում է լուռ,
Մոմը հալվում է լուռ,
Երջանիկ ենք այսօր,
Բայց ինչու ենք տխուր:

Այս անրջվող լույսից,
Մեր կամրջված հույսից
Ծնվում, արարվում է
Երջանկության թախիծ:

Որդիս է, ես ու դու.
Անհուն մի լռություն.
Տիեզերքը լցնող
Փխրուն երրորդություն...





Բարի գիշեր

Հեղինակ
24.02.2008, 23:47
Այսօրս` 24 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօր մեր Քանդակագործ-ը վերադարձավ Գավառից, գնացել էր իմ ծերունազարդ` ութսունչորսամյա մորը և իր տատին այցելության: Այն բարձր լեռներում է ապրում մեր ընտանիքը սկզբնավորող ժառանգական նյութ-ոգին: Մենք շատ ենք հեռացել նրանից, ապրում և աշխատում ենք մի ուրիշ չափումի մեջ, բայց և չենք հեռացել - նրա բարբառը, հավատը, երազները ամեն օր հասնում են մեզ… Քանդակագործ-ը բերել էր գեղջկուհի մորս պատգամը` չխառնվել օրերի խառնակություններին և ապա ավելացրել էր. «Ժամանակը տալիս է իր հերոսին», նաև ավելացրել էր` «Սրտով եղեք արի և մտքով` բարի»: Շնորհակալ եմ ծնողիս` այս իմաստության համար:

Եվ երեկ, և այսօր մի լուր էր հնչում հեռուստալիքներից, որի նկատմամբ չեմ կարող անտարբեր լինել` նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջահանգիրյանի պաշտոնազրկման և դասային աստիճանից զրկման մասին, ապա և շուրջկալի և ձերբակալման մասին:

Որպես մարդ ու մարդաբան` արդեն ինձ համար հստակեցրել եմ, որ մարդկային տառապանքը լավագույն ուղին չէ կատարելագործման, բայց կարծում եմ նրա համար սկսվում է այդ ուղին. երեկ գլխավոր դատախազի տեղակալ, մի օր անց Լ.Տ.Պ.-ի հետ հարթակին կանգնած` գրեթե ժողովրդավարական հերոս, իսկ այսօր` ՆԳ անձուկ պատերի մեջ: Բայց նոր շարժման հերոսի կոչումը դժվար թե նրան երբևէ հասնի, քանզի չենք կարող չասել. նա 1995-ի հանրաքվեի և ընտրությունների նուրբ կեղծարարության գլխավորն տեխնոլոգն է եղել: Նաև մամուլի էջերում քանի~ անգամ հնչել է` նրա նկատմամբ զոհված զինվորի մոր ցավագին անեծքը, որ այդպես էլ չի կարող իմանալ` ում ձեռքով է խաղաղ ժամանակներում զոհվել իր որդին...Իհարկե, ժողովրդական անեծքը իրավական կատեգորիա չէ և գրածիս թուլությունն է թերևս, բայց Գագիկ Ջահանգիրյանին պետք է ցանկանանք` գլխավոր դատախազ դառնալու տեսիլքով` ճամբարափոխության էթիկական անթույլատրելիության գիտակցում, իր ճանապարհի և կյանքի ճանաչողություն, ինքնամաքրում, և իհարկե` ազատության վերագտնում:

Երբ մի ազգ ուզում է արթնանալ, ելնել ոտքի, կյանք ունենալ, նա նման աշնանացան ցորենի արտի, որ գարնան տաք օրերին առաջին անձրևին է սպասում, որ ելնի, կանաչի, բարձրանա... Վերջին տարիներին մենք մի գլխավոր եզրահանգում ունենք. մեր ցորենի արտը չի կարող ջրվել ու կյանք ստանալ զուտ քաղաքականության միջոցով, քանզի սրա մեջ ջուր և ճշմարտություն չկա,- կենաց ջուրը միայն Գիտակցությունն է, Գիտելիքը և Սերը:

Եթե դու դժբախտ ազգ ես ու չես սիրում քո վերնախավին, ապա նրանից չես կարող երբևէ ազատագրվել` նրա մի թևին հեռացնելով և մյուսին իշխանության բերելով: Դու մի ճանապարհ ունես միայն ` ինքդ բարձրանաս, սիրո և գիտելիքի ծով դառնաս... Այնժամ միայն քեզանից ծնված վերնախավը կսկսի փոխվել, հետևել ու նմանվել քեզ: Այնժամ միայն դու կկարողանաս սիրել ինքդ քեզ և քո ծնած վերնախավին: Մենք կարո՞ղ ենք այդպիսի սխրանքի գնալ -մեզ կերտելով` կերտել մեր սրտին սիրելի իշխանություն, - այսպիսի գործ կարող է անել միայն ինքնաճանաչման գնացող հերոսական ազգը:

Ահա այսպիսի մտածումներով եմ 2007թ-ին հրատարակեցի և վերահրատարակեցի երեք գիրք: Այսօր, երբ մտածում էի հայրենի արտը ջրելու մասին` ձեռքս առա այդ աշխատությունները... Ահա գրքերի անունները.
Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ.
Ինչ ուղիով տանել Հայաստանը.
Ինչ քաղաքակրթություն պետք է ընտրի Հայաստանը. կրթության ծրագիր Հայաստանի պետական- քաղաքական վերնախավի համար:
Գրքերը վաճառվում են գրախանութներում: Սիրելի ֆորում, ջանք պետք է գործադրել , որ համեստ ակնիս ջուրը հասնի հայրենի դաշտերին:

Երկու խոսք վերջին աշխատության մասին: Այստեղ ջանացել եմ վերնախավին ցույց տալ, որ պետականության ներկա ընթացքը` ամբողջովին ինտեգրվել հիվանդ աշխարահակարգի մեջ, անհեռանկար է, և Հայաստանը կարող է իր սեփական առողջացման և աշխարհի առողջացման դեր ստանձնել, եթե միայն կարողանաք` ԿՐԹՎԵԼ ՄԻԱՍԻՆ:

Այսօր «Հայլուրը» երկու գույն ուներ` Ազատության հրապարակի ծնած անկանխատեսելի հետևանքները և նախագահական ընտրությունների պաշտոնական ավարտի ամփոփումը: Սակայն, սիրելի Ֆորում, արդեն լավ գիտես, թե ինչն է լինում իմ ամենակարևոր դիտարկումը «Հայլուր»-ից հետո: Ահա այսօր էլ մեր էլեգանտ, ինքնավստահ, այսօր մի քիչ ավելի ուրախ` Արտակ Հերիքյանը հայտարարեց, թե թրիլլեր է … «Սպանություն իմ տանը», ապա արկածային մարտաֆիլմ է, որտեղ... գողանում են քառասուն աղջիկների և նրանց դարձնում մարդասպաններ …

Սպասեցեք սիրելիներ, իսկ դուք ասու~մ եք` առա~ջ, Հայաստան: Ես էլ, հազարներ էլ նույնն ենք ասում, քանզի ո՞վ չի ձգտում առաջադիմության...Սակայն ինչպե՞ս գնանք առաջ. դուք, մեր պանծալի Հանրայինը ասում եք` դեպի մարտաֆիլմերի Հայաստան, դեպի թրիլլերների Հայաստան ,դեպի հակամշակույթի Հայաստան: Միամիտ մի~ եղեք, դուք հենց դա~ եք ասում, եթե ժամը քսանմեկ կեսին սպանություն է մտնում մեր տուն, մարդասպաններ են մտնում մեր տուն...

Դու~ք,դու~ք,դու~ք եք ապակայունացնում Հայաստանը, երբ ամեն երեկո հանրությանը պատկանող հեռուստատեսության միջոցով մարդասպաններ եք լցնում մեր տները: Դու~ք, դու~ք, դու~ք եք անկանխատեսելի հետևանքներ ծնում, երբ ամեն երեկո համառորեն փչացնում եք մեր մանուկ սերունդը: Ահա, ուրեմն` Առա~ջ, Հայաստան - դեպի Մշակույթի Հայաստան, Գեղեցկության Հայաստան, Առողջության Հայաստան... Ես այս Հայաստանի հետ եմ: Եվ բոլորը...

Սիրելի Ֆորում, քեզ եմ վերահասցեագրում ծերունազարդ ծնողիս մաղթանքի խոսքը` ի գեղջէ Գեղարքունիք, ի աշխարհս Գեղարքունյաց. թող ձեր սիրտը արի լինի և միտքը` բարի:

Բարի գիշեր:

Հեղինակ
26.02.2008, 15:30
Այսօր 25 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Այսօր առավոտյան զբաղված էի ԱՄՆ մի հայտնի կազմակերպությանն ուղղված նամակի կազմումով, որով մեր առաջիկա հնգամյա աշխատանքների ֆինանսավորման համար նրան էինք ներկայացնում երկու բիզնես-ծրագիր: Աշխարհում տիրող հոգեբանությամբ` զարգացած երկրները օգնում են նորանկախ երկրներին և այնտեղ ներդնում են իրենց զարգացման ստերեոտիպները: Բայց իմ նամակում կար այսպիսի հատված. «Ձեր կազմակերպությունը գտնու՞մ է, որ զարգացող որևէ երկրում կարող են լինել այնպիսի ինքնատիպ ծրագրեր, որոնք կարող են գերազանցել տվյալ ասպարեզում ԱՄՆ ձեռքբերումները, ֆինանսավորվել Ձեր կողմից, ապա օգտագործվել և այդ երկրի, և ԱՄՆ-ի զարգացման համար»:
ԱՄՆ-ում լուծված չեն առողջ ապրելակերպի կրթության և ճարպակալման կանխարգելման համար կրթական քայլերի իրականացման խնդիրները, իսկ մեր աշխատախումբը հաղթահարում է դրանք: Եվ այսպես` ԱՄՆ-ը կօգնի՞ մեզ և կօգնի՞ դրանով իրեն:

Փաթեթը հանձնելուց հետո` Երևանի կենտրոնում էի, լսեցի հանրահավաքից եկող ձայնը և առաջին անգամ այս տարի գնացի Ազատության հրապարակ, 1988-ին մեր հույսերի, իղձերի, մեր ընդվզումի ու պայքարի հրապարակը: Ահա Սպենդիարյանի արձանի մոտ է այն տեղը, որտեղ կանգնում էինք ընտանիքով:

Այո~, երբ հայ մարդը ազատվում է եսապաշտությունից, դառնում է համայնքի մի մասը, երբ նա ուզում է զգալ ներկան ու ապագան, մի զարմանալի խաղաղություն է իջնում նրա դեմքին,- հիմնական զանգվածը խիստ, խոհուն և հանգիստ էր, նա նորից ճանապարհ էր փնտրում... Իսկ հարթակին ավելի մոտ կանգնած մասը` կրքի և ֆատալ պայքարի այդ միջուկը` նույնն էր, ինչ բոլոր հեղախոխությունների ժամանակ - նա կարող է մի օրում աստվածներ ստեղծել և մի օրում էլ փշրել բոլոր աստվածները...Զարմանալի պատահականությամբ` այդ պահին վարողը խոսքը տվեց ՀՀ առաջին նախագահինին, և քանի որ կյանքում ոչինչ պատահական չի լինում` որոշեցի մնալ, լսել, զգալ ու հասկանալ նրան...

Հռետորական վարպետությունը նույնն էր. լավ դրված ու շեշտված խոսք, կուռ տրամաբանություն... Բայց այսօր 88-ը չէ, ես ուզում էի հասկանալ խոսքի էությունը: Մեջբերում եմ. «1988-ին մենք պայքարում էինք ժողովրդավարության, ազատության, ազատ շուկայի համար....»:

Զարմանքը պատեց ինձ, այդպիսի կարգախոսներ 1988-ին ընդհանրապես չի եղել: Մենք ելել էինք մեր անջատված հայրենիքի մասը միացնելու, ապա ազգային պետականություն տեղծելու, ազգային մշակույթը զարգացնելու համար: Հետո միայն, տարիներ մեջ այս կարգախոսները տրանսֆորմացիայի ենթարկվեցին... Ազգային մշակույթի և ազգային պետականության գերակայությունները մղվեցին հետին պլան, խոսքի ազատության քողածածկույթի տակ մեր երկրին տիրեց հակամշակույթը, իսկ ազատ շուկայի ստեղծման կարգախոսի քողի տակ իրականացվեց հարուստ երկրի ունեցվածքի, արտադրության վայրի սեփակաշնորհումն ու ոչնչացումը:

Թերևս հասկանալի է` Առաջին նախագահը ներկա սերնդին ներարկում է այն միտքը, որ 88-ի շարժումը եղել է առավելապես ժողովրդավարական շարժում, և այսօր պետք է շարունակել նրա ավանդույթներ.- այս ձևափոխման մեջ հավանաբար կա գիտակից ջանք`ստանալու արտասահմանի աջակցությունը և հետն էլ` երևի «նարնջագույն» աջակցություն` իշխանությանը տիրելու համար:


Մի մեջբերում ևս. «Դա՜-սա՜-դու՜լ. այսուհետ ձեր համալսարանը Ազատության հրապարակն է...»: Առաջին նախագահի այս կոչն իր մեջ ունի և պատմական, և էթիկական ճշտգրման կարիք: Մեր երիտասարդության ուսուցիչ լինելու համար` հարթակին տիրակալելը բավական չէ, զանգվածի էներգետիկայի հրեղեն սանձերը ձեռքին ունենալը բավական չէ...Այստեղ անհրաժեշտ է նոր Աշխարհայացք և Գիտելիք Տիեզերակառույցի և Կյանքի մասին: Մեր ազատական կուսակցությունները և նրանց առաջնորդները` որպես օրենք, պինդ կառչած են մնում համաշխարհային ազատականության կատարելության պատկերացումներին, նրանց այդպես էլ չի հասնում մոլորակի և մարդկության էվոլյուցիայի գիտելիքը... Նույն պահին ամբողջ մարդկությունը, մանավանդ` արևմտյան հարուստ ազգերը, հայտնվել են քաղաքակրթական փակուղու մեջ, ազատության թյուրըմբռնումը դարձել է հակամշակույթի հեղեղի ազատություն, որով դեգրադացվում են ազգերը, մոլորակը նմանվում է բարոյական և էկոլոգիական աղետավայրի...Եվ միայն հոգևոր- մշակութային և էթիկական վերածնությունը կարող են օգնել և մարդկությանը, և Հայաստանին: Նույն պահին հարթակի տիրակալը մեր երիտասարդությանը կոչում է` ընդունել այդ հիվանդ քաղաքակրթության արժեքները և, ուրեմն` կրթվե՞լ դրանցով ...

Օ~, ո~չ, ՀՀ առաջին նախագահը` հրապարակը համալսարան հռչակելուց առաջ` պետք է ճշգրտի այդ համալսարանի աշխարհայացքը... Ինձ համար աներկբա է`Առաջին նախագահը կարող էթիկական թմբիրից հանել մեր երիտասարդությանը, բայց այս պատմական ժամին նրա Ուսուցիչը լինե~լ ...

Երեկոյան հետևում էի լրատվությանը, աչքիս ընկավ Առաջին նախագահը յուրայինների հետ, շուրջպար էին պարում ... Օ~, մեր գլխավոր խմբագիրը, որի թերթը հայ էստրադային «աստղիկների» կյանքի ու բարքերի տարեգիրն է, ժողովրդի սիրտը գրավելու և իշխանության գալու համար` սովորում է նույնիսկ քոչարի ու վերվերի պարել... Իսկապես, լուրջ են աշխատում մեր նորօրյա պոլիտտեխնոլոգները... Բայց հո գիտեմ` մեր ազգային շարժումներին` որպես օրենք, հաջորդելու է հայկական հեռուստատեսությունների կոշմարը և հակամշակույթի հեղեղը: Ուրեմն` ՃՇՏԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐևՄՏՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԴՈԼԱՐՆԵՐԻՆ` ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՒՅՆԻ, ՎԱՐԿԵՐԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ՕՐԵՆՔ ՈՒՂԵԿՑՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԶՈՄԲԻԱՑՆՈՂ` ՓՈՓ- ՀԱԿԱՄՇԱԿՈՒՅԹԸ. ՈՉ ՄԻ ԵՐԿԻՐ ՉԻ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՅՍ «ՆՎԵՐԻՑ», ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԽՈՒՍԱՓԵԼ ...

Ապացու՞յց եք ուզում այս թեզի հաստատման...Նորից եթերում է մեր պաշտելի Հայլուրը.... Լարվա~ծ է, լարվա~ծ է հայլուրային մադոննան... Հանրայինի պոլիտտեխնոլոգները չեն զիջում Լ.Տ.Պ.-ի տեխնոլոգներին, բայց Ալիկ Հարությունյանը հաստատ զիջում է Նիկոլ Փաշինյանին... Նիկոլը` հանուն հեղափոխության, սովորում է վերվերի պարել, իսկ ահա Ա. Հարությունյանը որոշել է, որ այս հին, մշակութային, հիանալի թատրոն ունեցած,Փափազյան ու Սիրանույշ տված ազգի էսթետիկական ներուժը բավական է ... միայն մարտաֆիլմեր դիտելու համար... Իսկ գիշերը, սիրելի հայրենակիցներ, թրիլլե~ր է ... Հայլուրական լսարանի առջև` մի շիկահեր ու դաժան ամերիկուհի դաշույնը խրեց տղամարդու որովայնը, ապա լոգարան, մահացած ձեռքեր և այլն...Երկու րոպե էլ նայեցի մարտաֆիլմը ... երեք դեգեներատ, համակարգչային խաղ հիշեցնող տեսարաններում, մեքենա էին քշում անապատում, իսկ կոմեդիանտ Ֆելիքսի ձայնով մեկը ճվում էր` «Զարկիր գլխին, անասու~ն....»:

Եվ այսպես, երբ հիվանդ քաղաքական համակարգի մի հատվածը ուզում է խոցել իր իսկ ծնած` իշխանություն ունեցող հատվածին, նույն պահին ժողովրդի մշակութային և բարոյական դեգրադացիան շարունակվում է:

Զանգվածը բնազդով փրկություն է փնտրում, նրա հոգին ծարավ է ճշմարտության, հայրենի երգի ու պարի, մշակույթի...Նա կարոտ է հայրենի կառավարչության և բնազդով գնում է հրապարակ…Այնտեղ նա Ինքնակառավարման պահին զգում է այդ հաճույքը, այնտեղ նա հանդիպում է Իր Մշակույթին…

Բայց, ափսո~ս, այնտեղ... պոլիտտեխնոլոգներն են, որոնք գիտեն նրա կարոտի մասին, և գրավում են նրա սիրտը` փոշոտ դարակներից հանում են լռած երգերը, պարերը, դրանք այսօր պետք են... Եվ, ավա~ղ, երբ կհոսի կանաչ տարադրամի գետը, երբ իշխանությունը գրաված կլինեն` այդ երգերը նորից կհանգրվանեն փոշոտ դարակներում ` մինչև հաջորդ հեղափոխությունը... Այդպես արդեն եղել է, ահա այսպիսի դառը կանխատեսում...

Սակայն, վստահենք Կյանքի Ստեղծագործությանը, գուցե նա այս անգամ արթնության մի նոր որակ տա ԲՈԼՈՐԻՍ` իշխանությանը, ընդդիմությանը, մեր երիտասարդությանը, ամբողջ ժողովրդին...Գուցե այս անգամ մենք ՀԱՍԿԱՆԱՆՔ, ԶԳԱՆՔ ՄԵՐ ՈԳՈՒ ՊԱՀԱՆՋԸ...

Սիրելի ֆորում` ինչ էլ լինի, արևելյան իմաստությունն ասում է, որ ամեն պահի ամեն ինչ կատարյալ է ու գեղեցիկ.... Ի~նչ իմանաս, թե այս օրերի խառնարանից ի՜նչ է ծնվելու... Ցանկանանք, որ ծնվի Նոր Գիտակցություն և Նոր Գեղեցկություն...Ես զգում եմ նրանց վերահաս գալուստը:

Բարի գիշեր :

Հ.Գ. Այս գրությունը նորացվեց ավելի ուշ, պատճառի մասին` հաջորդ "Այսօրում":

Հեղինակ
27.02.2008, 00:04
Այսօր 26 փետրվարի 2008թ., ավարտվում է:

Այսօրս սկսվեց անհանգստությամբ ,- երեկ այս թեմայում արված գրառմանս մեջ կային մի քանի շեշետեր, որոնք հանգիստ չէին տալիս ինձ: Այսպիսի դեպքերում ճշգրիտ եզրակացության համար հաճախ օգնության է գալիս երազների պատկեր-սիմվոլիկան... Եվ հասկացա ` երեկվա գրառմանս մեջ կային կյանքի ամբողջ հարստությունը սեփական կենսափորձի թրի տակով անցկացնելու անձնապաստան շեշտեր: Խնդրում եմ «Այսօրիս» 25 փետրվարի ընթերցողներին` կարդալ խմբագրված տարբերակը: Պետք է վստահենք Կյանքի Ստեղծագործությանը: Բոլոր տեսակի կոնֆլիկտները, եթե նրանք չեն խորտակում կյանքի ձևերը, շատ հաճախ իրենց խորքերում ծնում են նոր կենսալի ձևեր և նոր ներդաշնակություն:


Երեկ գրել էի, որ եղել եմ Ազատության հրապարակում և լսել եմ Առաջին նախագահին, այսօր մտածում էի նորից այդ մասին: Կյանք - բեմադրիչը երբեմն զարմանալի ներկայացումներ է դնում. երեկ էր ընդամենը` 1996-ին , երբ հաղթանակած ժողովրդին նվաստացրեցին` խլելով նրա հաղթանակը: Այսօր 96-ի հեղինակը կարծես մի ներքին հրաման ունի` իր կողմից նվաստացրած ժողովրդին այս անգամ բարձրացնել, գուցե Հոգին մի գաղտնի որոշում է ընդունել, որին նույնիսկ իր անձը տեղյակ չէ... բայց ի՞նչ զոհաբերություն ունի անելու նա, զոհաբերու՞մ է իր նախկին հայացքները , ճանաչու՞մ է իր սխալները... Կամ գուցե սցենարիստ-պատմությունը այլ սցենար ունի իր մեջ...

Այսօր ՀՀ նախագահության հաղթած թեկնածու ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանրահավաքն էր, և եղավ այն, ինչ լինում է նման դեպքերում. ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իշխանությանը կարող է ընդգրկել լայն ուժերի և կարող է ստեղծվել կոալիցիոն կառավարություն: Ցավալի ճշմարտություն է. քաղաքական բախումների հիմնական պատճառը և նպատակը իշխանությունն է: Ի՞նչ է կոալիցիան` իշխանությունը կիսելու ձև: Ցավոք, քաղաքական ուժերին անծանոթ է մի այլ կոալիցիայի հնարավորությունը – ՈԳՈՒ ԿՈԱԼԻՑԻԱՆ, ԵՐԲ ՏԱՐԲԵՐ ՈՒԺԵՐ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈԳԵԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ`ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ և ԵՐԿՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ. ՈՉ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՈՉ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՄՈՏԵՑԵԼ ՈԳՈՒ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ:

Այս օրերին Երկրի բարձրագույն իշխանությունը կրող մարդկանց դեմքերին տառապանքի, անքուն գիշերների հետքեր կան ... Եթե միայն անքուն գիշերվա խոկումները բանալի լինեն ճանաչելու իրենց, Կյանքը և Իրականությունը:

Մի քանի կադր աչքիս ընկավ Ազատության հրապարակից: Ահռելի է զանգվածի էներգիան, այն ընդգրկում է զգացմունքնային ոլորտը, հազարավոր մարդկանց մեջ ռեզոնանս տալիս և ցնցում է աշխարհը: Սակայն զարմանալի օրինաչափություն. զանգվածի էներգիան փխրեցնում է հոգին, կարող ոգևորության ալիք ծնել, աչքերից անեղծ արցունք ոթել, բայց շատ հազվադեպ է այն հասնում Անհատի Ոգու խորքը և Նոր Մարդ է ծնում... Ազգային զանգվածի հեղափոխական վիճակը կարող է պատմական արդյունք տալ, եթե այն պսակվի Ոգու Առաջնորդությամբ, և եթե այդ զանգվածը արժանի է, ապա պատմականորեն այդպիսի առաջնորդություն նա կարող է ստանալ:

Այսօր լրատվությամբ մի տեղեկություն հաղորդվեց, թե ընդդիմադիր ուժերը իբր պլան են ունեցել` ուժով գրավել հեռուստատեսությունը և ռադիոն, և ուղիղ եթեր ստանալ: Սա զուտ սոցիալ- հեղափոխական մի քայլ է, և մշակութային տարեգրիս մոտ հարց է առաջացնում... Երբ հեռուստատեսությունները 24 ժամ հակամշակույթով դեգենարացնում են մեզ ու մեզ երեխաներին, չենք գնում երբեք` դրանք "գրավելու, մկկացող «աստղիկներին» դուրս հանելու և , օրինակ, Կարնո բարձր լեռների շառավիղներին` «Կարին» համույթին կամ Գրիգոր Համբարյանին ուղիղ եթեր տրամադրելու... Առանց հակամշակույթը մեր կյանքից դուրս վտարելու բարձր գիտակցության` երկրորդական են մնում ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐ ՄՆԱՑԱԾ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ...

Սիրելի ֆորում, այսօր և երբեք չեմ հոգնելու ասել ինձ և ձեզ. ըղձալի է միայն Մեկ Հեղափոխություն, որը մեր երկրում կուզենա հաստատել Բարձր Մշակույթի և Գեղեցկության իշխանություն: Մնացած բոլոր շարժումները թող ծառայեն այս Միակ Հեղափոխությանը...

Բարի գիշեր:

Հեղինակ
28.02.2008, 00:23
Այսօր 27 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Այսօրս հանգիստ էր, որոշեցի ազատվել վերջին օրերի որոշ լարվածությունից.- երկրում լարվածություն կա, եթե նույնիսկ որոշել ես չզբաղվել քաղաքականությամբ: Այսօր սկսեցի մի աշխատանք, որը որքան հաճելի, նույնքան էլ պատասխանատու է ինձ համար – Առողջագետ-ի “Նոր անգիտաց անպետ կամ ժամանակակից բժշկության երկու հանցագործությունները” մենագրության գիտական խմբագրությունը: Այս աշխատությունը ավելի շուտ գիտական էսսե է` գրված կենդանի, աշխույժ, զգացմունքային լեզվով: Առաջին անգամ է, որ ակադեմիական բժիշկը այդքան ճշմարտացի և անողոք դիտարկում է ներկա բժշկության վիճակը: Կձգտեմ սիրով անել այս գործը:

Այսօր Առողջագետ-ը համացանցում հանդիպեց Անգլիայի թագաժառանգ, Ուելսի իշխան` Չարլզի կայքին: Կայքը մեզ մասնագիտորեն մոտ է, արտացոլում է ինտեգրատիվ բժշկության և առողջ ապրելակերպի հարցերը: Կայքում կային անդրադարձներ գենետիկ փոխված սննդին, որի արտադրությունը Անգլիայում զարգացած է… Եվ ո~վ զարմանք` պարզվեց , որ թագաժառանգի կայքի ֆորումը հեռացված է ինչ-ինչ պատճառներով… Եվ պարզվեց` Անգլիայի կառավարության որոշումով. հավանաբար ֆորումի նյութերը շատ էին դիպել անգլիացի ֆերմերների շահերին: Ի~նչ խելոք են անգլոսաքսերը. իրենց գենետիկ փոխված սնունդը արտահանում են այլ երկրներ և ներկրում են առողջ էկոլոգիական սնունդ ` զարգացող երկրներից: Ի դեպ, Անգլիայի թագաժառանգը նյութական օգնություն է խնդրում հանրությունից` իր ֆոնդի և կայքի զարգացման համար…ԴՆ ֆորումին կոչ եմ անում` օգնել Ուելսի իշխանին…


Այս հետքերով մտանք մի քանի կայքեր` նվիրված գենետիկորեն փոխված սննդի հարցերին: Պատկերացնու՞մ եք` մի օրգանիզմի ԴՆԹ-ից մի հատված վերցնում են և խաչաձևում մյուս օրգանիզմի ԴՆԹ-ի հետ և ստանում են ցանկացած հատկանիշ: Եվ այդպես` կարտոֆիլը խաչասերել են… ձնծաղիկի հետ, որ ցրտադիմացկուն լինի~: Գենետիկ փոխված սննդամթերքները դիմացկուն են, գեղեցիկ, բայց դրանց օգտագործումից թերաճում է ուղեղը, քայքայվում են ներքին օրգանները: Ամերիկյան և կանադական սննդամթերքների մոտ 45%-ը գենետիկորեն փոխված են:

Վերջերս հանդիպեցի մի ծանոթի, որը Մալաթիայի շուկայում ժամանակին համեմունքներ էր վաճառում, հարցուփորձ արեցի կյանքից, աշխատանքից… Պարզվեց, որ հայ ֆերմերները իրենք սերմ չեն ստանում, այլ գնում են արտասահմանից ներմուծածը: Սա էլ ցանվում է միայն մեկ անգամ, դրանից ստացաված բույսերի սերմերը այլևս հնարավոր չէ ցանել, չեն ծլում: Այսօր կայքերից իմացանք` դրանք գենետիկորեն փոխված սնունդ են:

Ինչ մեծ դժբախտություն է մեր ժողովրդի համար, որի հիմնական սնունդը կանաչին է և բանջարեղենը` իմանալ, որ իր լոլիկը, վարունգը, բադրիջանը, մաղադանոսը, համեմը և այլն, որոնց սերմերը ներմուծվում են Դանիայից, Հոլանդիայից և այլն` գենետիկորեն փոխված են: Սա դաժան փաստ է: Ձե՜զ եմ ասում, եվրաինտեգրման մունետիկներ. ի՞նչ եք ներմուծում Եվրոպայից` գենտիկորեն փոխված մշակույթ, գենետիկորեն փոխված սնունդ և սերմեր, գենետիկորեն հիվանդ ապրելակերպ և իհարկե ` գենետիկորեն փոխված քաղաքականություն…

Սիրելի հայ երիտասարդություն, այսօր մի հարց դնենք մեր առջև. ինչի՞ համար են պատերազմները, հեղափոխությունները, և այլն… դրանք արվում են ոչ միայն շահի, հողի, իշխանության համար: Վերջնական նպատակն է լինում պարտադրել հաղթողի մշակույթը և ծնկի բերել, ձուլել պարտվածին: Ազգերը պատմության ասպարեզը թողնում են ոչ ֆիզիկապես, այլ փչանում են, դեգեներացվում, նահանջում, ձուլվում… Ուրեմն` առաջարկում եմ իրականացնել Հայաստանի որևէ հեռուստատեսության` այսպես կոչված մոնիթորինգ և պարզել, թե ի՜նչ մշակույթ է պարտադրված այժմ Հայաստանին: Ըստ այդմ` նաև հարկ է որոշել, թե այդ ո՞վ է մեզ հաղթել, ու՞մ առջև ենք ծնկի իջել: Հայ երիտասարդություն, եթե իմ համեստ կենսագիտելիքով տրված` այս առաջադրանքը կատարես և պարզ ու հստակ որոշես, թե ո՞վ է մեզ հաղթել, ապա քո աշխատանքը Հայաստանի համար կլինի առավել գիտակցված: Այս խնդիրը որ լուծեցիր` Հայաստանի ապագան քո ձեռքին է լինելու…

Այսօր մեր պաշտելի Հանրայինը ցույց տվեց, որ մշակութային քաղաքականության մեջ կարող է նույնիսկ ճկունություն ցուցաբերել: Այսօր Հայլուրից հետո պետք է ցուցադրվեր մի զվարճալի ֆիլմ և “Առաջին սերը” կինոկատակերգությունը, և պատկերացնու՞մ եք` ոչ մի մարտաֆիլմ և ոչ մի սպանություն… բայց ծեծուջարդ, իհարկե, կար: Ճիշտ է, ֆիլմերը երկրորդ տեսակի էին, բայց էլի առաջադիմությու~ն է:

Սիրելի ֆորում, չեմ թաքցնում. սիրտս անհանգիստ է. Հայաստանը և հայ երիտասարդությունը կգտնե՞ն արդյոք իրենց ճիշտ և առողջ ճանապարհը:

Բարի գիշեր

Հեղինակ
29.02.2008, 00:20
Այսօր 28 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Այսօր հազվադեպ խաղաղ ու ստեղծագործ օրերիցս մեկն էր: Ամբողջ օրը աշխատում էի մի հոդվածի վրա, որ պետք է տեղադրեմ ֆորումում կամ բլոգերում: Կարդացի, սրբագրեցի, լավ էր ստացվել: Բայց երեկոյան զգում էի, որ մի քանի հոգեբանական նրգբագծեր պետք է վերանայեմ...

Այսօր երկրի իրավիճակի մեջ ինչ-որ փոփոխություն կար,- չէ~, լարվածությունը չէր թուլացել, բայց իշխանական ալիքների նրբերանգները փոխված էին. Պատկերացնու՞մ եք` Հայլուրը հայտարարում է, որ հանրահավաքին լուրջ խախտումներ չկային, և հրապարակում ուրախ երգ ու պար էր... Իսկապես, ովքեր մասնակցել են 1988-ի շարժմանը և այժմ էլ ովքեր եղել են հրապարակում` գիտեն, թե այդպիսի հանրահավաքներում ինչպե~ս է ծփում եղբայրության, միասին լինլու, իրար օգնելու, օրինապահ լինել ջերմ զգացումը: Եվ սրբապղծություն է անում նա, ով ժողովրդի մասին ասում է, թե կային հարբածներ, անմաքրություն է տիրում և այլն:

Սիրելի ֆորում, այսօր ցանկանում եմ հիշել իմ պատանեկության մի սքանչելի օր...Այդ օրվա մասին դուք էլ լսած կլինեք` 1965թ.-ի ապրիլի 24-ը: Բժշկական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանողս ազատագրվեցի դռները փակող դասախոսի հսկողությունից և դուրս թռա: Մոտենում էի այսօրվա Հանրապետության հրապարակին, ժամը 11-ն էր , ժողովուրդն արդեն ծովանում էր, և ես` մինչև ծովին հասնելը, մենակ ու հպարտ քայլում էի... Այդ օրը եղավ մեր հինավուրց ժողովրդի պատանեկության օրը: Ես այդ օրը սիրեցի մեր ազգ-համայնքը որպես Բնության լավագույն ստեղծագործություններից մեկը: Ահա այդ օրից են սկիզբ առել 1988-ի շարժումը և մեր միասնության մյուս աստեղային ժամերը: Երբևէ Ֆորումում ավելի մանրամասն կպատմեմ այդ օրվա մասին...

Այսօր մեր տանը խաղաղ էր: Սիրելի ֆորում բոլորդ երևի գիտեք, թե ինչ է քռչիկ ճաշը. ես շատ եմ սիրում եփել այդ ճաշը, մանավանդ, որ նրա հետ վայելում եմ Առողջագետի բազում գովասանքները խոհրարարիս բարձր շնորհների մասին: Այսօր էլ նորից կրկնվեց մեր քռչիկային լիրիկան:

Եվ քանի որ խոսք բացվեց սննդի մասին` մի կարևոր դիտարկում ունեմ.հայտնի է, թե այժմ Արևմուտքի երկրներում ինչքա~ն սնունդ է թափվում. այնքան, որ կարող է մի երկու Աֆրիկա կերակրել: Մենք ձգտում ենք այնպես ապրել, ճաշն այնքան եփել, որ ոչինչ չթափենք, բայց խոստովանում եմ, որ չի ստացվում, ու միշտ ցավ եմ զգում: Սրա պատճառը նաև այն է, որ մի հստակ սովորություն արմատացել է` երբեք չենք կարողանում ուտել հին ճաշը, եթե անցել է նույնիսկ մի տաս-տասներկու ժամ: Սա շատ կարևոր առողջարարական սկզբունք է: Որքա~ն հիվանդություններ և ախտեր են ծագում հին սննդամթերք օգտագործելու պատճառով...Այսօր «ցանեցի» մեր ածիկի ցորենը...Երևի Առողջագետ- ը պատմել է ածիկի մասին...

Սիրելի ֆորում երեկ խոսում էինք գենետիկ փոխված սննդի մասին, այսօր նորից գիտակցեցինք թե որքան մեզ սիրելի, համով ու լավն է Հայաստանի ջուրը, հացը, միրգը, բնաջարեղենը, կանաչին ...Բոլորիդ ցանկանում եմ ուրախություն` վայելելու մեր քաղցր, մեր դառը, մեր սիրելի, մեր դժվարին, մեր պայծառ հայրենիքը:

Բարի գիշեր:

Հեղինակ
29.02.2008, 00:22
Այսօր 28 փետրվարի 2008թ., ավարտվում է:


Այսօր հազվադեպ խաղաղ ու ստեղծագործ օրերիցս մեկն էր: Ամբողջ օրը աշխատում էի մի հոդվածի վրա, որ պետք է տեղադրեմ ֆորումում կամ բլոգերում: Կարդացի, սրբագրեցի, լավ էր ստացվել: Բայց երեկոյան զգում էի, որ մի քանի հոգեբանական նրգբագծեր պետք է վերանայեմ...

Այսօր երկրի իրավիճակի մեջ ինչ-որ փոփոխություն կար,- չէ~, լարվածությունը չէր թուլացել, բայց իշխանական ալիքների նրբերանգները փոխված էին. Պատկերացնու՞մ եք` Հայլուրը հայտարարում է, որ հանրահավաքին լուրջ խախտումներ չկային, և հրապարակում ուրախ երգ ու պար էր... Իսկապես, ովքեր մասնակցել են 1988-ի շարժմանը և այժմ էլ ովքեր եղել են հրապարակում` գիտեն, թե այդպիսի հանրահավաքներում ինչպե~ս է ծփում եղբայրության, միասին լինլու, իրար օգնելու, օրինապահ լինել ջերմ զգացումը: Եվ սրբապղծություն է անում նա, ով ժողովրդի մասին ասում է, թե կային հարբածներ, անմաքրություն է տիրում և այլն:

Սիրելի ֆորում, այսօր ցանկանում եմ հիշել իմ պատանեկության մի սքանչելի օր...Այդ օրվա մասին դուք էլ լսած կլինեք` 1965թ.-ի ապրիլի 24-ը: Բժշկական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանողս ազատագրվեցի դռները փակող դասախոսի հսկողությունից և դուրս թռա: Մոտենում էի այսօրվա Հանրապետության հրապարակին, ժամը 11-ն էր , ժողովուրդն արդեն ծովանում էր, և ես` մինչև ծովին հասնելը, մենակ ու հպարտ քայլում էի... Այդ օրը եղավ մեր հինավուրց ժողովրդի պատանեկության օրը: Ես այդ օրը սիրեցի մեր ազգ-համայնքը որպես Բնության լավագույն ստեղծագործություններից մեկը: Ահա այդ օրից են սկիզբ առել 1988-ի շարժումը և մեր միասնության մյուս աստեղային ժամերը: Երբևէ Ֆորումում ավելի մանրամասն կպատմեմ այդ օրվա մասին...

Այսօր մեր տանը խաղաղ էր: Սիրելի ֆորում բոլորդ երևի գիտեք, թե ինչ է քռչիկ ճաշը. ես շատ եմ սիրում եփել այդ ճաշը, մանավանդ, որ նրա հետ վայելում եմ Առողջագետի բազում գովասանքները խոհրարարիս բարձր շնորհների մասին: Այսօր էլ նորից կրկնվեց մեր քռչիկային լիրիկան:

Եվ քանի որ խոսք բացվեց սննդի մասին` մի կարևոր դիտարկում ունեմ.հայտնի է, թե այժմ Արևմուտքի երկրներում ինչքա~ն սնունդ է թափվում. այնքան, որ կարող է մի երկու Աֆրիկա կերակրել: Մենք ձգտում ենք այնպես ապրել, ճաշն այնքան եփել, որ ոչինչ չթափենք, բայց խոստովանում եմ, որ չի ստացվում, ու միշտ ցավ եմ զգում: Սրա պատճառը նաև այն է, որ մի հստակ սովորություն արմատացել է` երբեք չենք կարողանում ուտել հին ճաշը, եթե անցել է նույնիսկ մի տաս-տասներկու ժամ: Սա շատ կարևոր առողջարարական սկզբունք է: Որքա~ն հիվանդություններ և ախտեր են ծագում հին սննդամթերք օգտագործելու պատճառով...Այսօր «ցանեցի» մեր ածիկի ցորենը...Երևի Առոջագետ- ը պատմել է ածիկի մասին...

Սիրելի ֆորում երեկ խոսում էինք գենետիկ փոխված սննդի մասին, այսօր նորից գիտակցեցինք թե որքան մեզ սիրելի, համով ու լավն է Հայաստանի ջուրը, հացը, միրգը, բնաջարեղենը, կանաչին ...Բոլորիդ ցանկանում եմ ուրախություն` վայելելու մեր քաղցր, մեր դառը, մեր սիրելի, մեր դժվարին, մեր պայծառ հայրենիքը:

Բարի գիշեր:

Հեղինակ
29.02.2008, 23:57
Այսօր 29 փետրվարի 2008թ., ավարտվում է

Այսօր ձմռան վերջին օրն էր, խաղաղ աշխատանքային օր: Առավոտյան` այս տաս օրերի ընթացքում առաջին անգամ, մի փաթեթ լրագիր գնեցի. հետաքրքիր էր ներկա վիճակի գնահատականները: Բայց թերթ առնելուց հետո միշտ փոշմանում եմ: Լուրը …21-րդ դարի մեծագույն նարկոտիկն է, որ լցնում է աշխարհդ, մի պահ քաղցրություն և հաճույք տալիս, բայց արագ մոռացվում: Լուրը զգացմունք չի ծնում, կամ գրեթե չի ծնում: Ուրեմն նա չի մասնակցում մարդու փոփոխությանը, էվոլյուցիային: Միայն Արվեստը, միայն Գեղեցկությունը…

Գարու~ն է. կեսօրին Առողջագետի հետ դրսում էինք, արբում էինք գարնան քամուց, մի պահ սուր զգացինք հայրենիքում ապրելու հաճույքը – քանի որ մի պահ եղել է հայրենիքը թողնելու վտանգը… Եվ այսօր վայելում ենք երկրի արթնացումը:

Կենտրոնում էինք, որոշեցինք մտնել հանրահավաք: 1988-ի շարժումը ծայրից-ծայր անցածներս` գրեթե աչքերս փակ կարող էինք պատկերացնել, թե ինչպես է ընթանում հանրահավաքը - հարթակը, ժողովրդի արձագանքը, ոգևորությունը… Եվ այդ տեսակետից` մեր այցը մի քիչ մարդաբանական-հետազոտական բնույթ ուներ. ի՞նչ է փոխվել, ինչպիսի՞ն է ժողովրդի ներկա զգացմունքային վիճակը և իհարկե` ինչպե՞ս է իր դերը կատարում հարթակը…

Հարթակը նույնն էր` հոգեբանության-հռետորության նուրբ էֆեկտներով: Երգեց մի հարյուրամյա ծերունի - մուսալեռցի ` Լևոն Տեր-Պետրոսյանի երկրացի,- պարզվեց, որ առաջին նախագահը գիտե Մուսա լեռան բարբառը: Ժողովուրդը … մեծամասամբ մեր միջին խավն էր, միջին կրթության և սոցիալական դիրքի, - զգաստ, մաքուր հագնված, բաց, միամիտ, ազնիվ դեմքերով:

Երբ հարթակը մի էֆեկտիվ, սրամիտ քայլ էր անում` ժողովուրդը բուռն արձագանքում էր…, ահա այդ պահին ես ու Առողջագետը նայում էինք իրար: Մենք լավ գիտենք, որ ազգային էներգիան կարող է երկրաստեղծ դեր ստանձնել, եթե նա իր մտավորական և պետական վերնախավի միջոցով դառնա պետականաստեղծ աշխատանքի գաղափարախոսություն, դառնա մեթոդաբանություն և ուժ և այնժամ միայն կյանք կստեղծի Հայաստանի համար: Սակայն եթե էներգիան բարձրանա, պայթի, աշխարհ էլ լցնի, բայց չդառնա աշխարհայացք և մշակույթ , ապա վերնախավի կաբինետներում, միջազգային կազմակերպություններում և այլուր կմարի, կոչնչանա և ոչինչ չի տա ժողովրդին…

Եվ որն է գերխնդիրը` հիշել 1988թ և դրան հետևած անկախության առաջին տարիները, որոնք քայքայիչ եղան մշակույթի և տնտեսության համար և դնել նպատակ` ստեղծարար հուն ուղղել ազգային համայնքի էներգիան: Ես և Առողջագետը անկեղծ էինք իրար հետ, մենք իրար ասացինք, որ քսանամյա մեր աշխատանքով` մենք մշակել, զգացել և համակարգել ենք երկրաստեղծ աշխատանքի ուղիները, մնում է միայն այդ գիտելիքը տեղ հասցնել: Իսկ այնտեղ հարթակն է, այնտեղ մարդիկ են, որ մի հսկա ճանապարհ ունեն անցնելու…ճանաչողության, կրթության, բայց նրանք կանցնե՞ն այդ ճանապարհը… Իսկ մենք ինչպե՞ս հասնենք ժողովրդի սրտին…

Այսօրվա միջազգային անցուդարձից. ուրախ էի Սերբիայի համար: Ռուսական էներգակիրները` Արևմտյան Եվրոպա մտնելուց առաջ, անցնելու են Սերբիայով, սա Սերբիայի զարգացման հզոր գործոն է: Ուրախ էի հերոսական սերբ ժողովրդի հզորացմանն ուղղված այս հնարավորության համար:

Այսօր Հայաստանում ներքաղաքական վիճակը կարծես հանգիստ էր: Չմոռանամ ասել, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոշտ հայտարարույթուն էր արել Հայաստանի ընտրությունների մասին: Չեմ վիճարկում այդ հայտարարությունը, բայց հարթակի և հանրահավաքի համատեղ ուրախությունը, սպասումը ամերիկյան գնահատականին, դրա համարումը` որպես բարձրագույն ծագման արժեք` տխրությամբ է լցնում իմ հոգին…Մի երկիր, որ “ժողովրդավարության” հաստատման համար` հեղում է երեխաների և կանանց արյունը Իրաքում, Աֆղանստանում…ինչու՞ պետք է լինի մեր դատավորը: Կարո՞ղ ենք մենք կառուցել մեր կյանքը այնպես, որ չսպասենք օտարների ուսուցչությանը և գնահատականին:

Հայլուրային մադոննայի դեմքը այսօր ավելի հանգիստ էր ու ինքնավստահ: Արթուր Բաղդասարյանի միանալը կոալիցիային մի քիչ հագստացրել էր իշխանությանը :

Սիրելի ֆորում, առանց Կյանքի Գիտության, առանց նրա ջերմ ու ճիշտ օգտագործման, առանց Մարդու կյանքի ներդաշնակության ստեղծման` արդյունավետ չեն լինի բոլոր հեղափոխությունները և շարժումները: Ցանկանանք, որ գարնան հետ արթնանաք և մենք, ճանաչենք մեր սրտում պարփակված անսահման Սերը, Կարեկցանքը և Գիտելիքը: Ահա այս ճանաչումով կսկսվի միակ իսկական հեղափոխությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
01.03.2008, 23:48
Այսօրս` 1 մարտի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ֆորում, կարճ գրելու եմ այն ապրումների մասին, որ ունեցել եմ, - ծանր , դժվարին օր Հայաստանի համար: Առավոտյան արթնացա այն զգացումով, որ վերջին երկու օրերին հեռանում եմ ճշմարտությունից, չեմ տեսնում համապատկերը: Երեկ գրել էի, որ եղել եմ հանրահավաքին, մարդկանց բաց ու պարզ դեմքերը մի պահ քեզ տանում են դեպի իրենց` գրեթե մանկական իղձերը, և մի պահ խլանում էր զգոնությունս:

Ցերեկվա ժամը մեկ-երկուսին արդեն պատրաստ էր նոր աշխատանքը, որ ուզում էի համացանց գցել, ահա այդ պահին էլ լսեցի կատարված իրադարձության մասին, շատ ծանր էր ապրածս զգացումը: Ինչու մենք չպետք է ունենայինք այնպիսի հայրենիք և այնպիսի կառավարություն, որին սիրեինք` որպես մեր զավակին: Ցավում էի մեր ժողովրդի համար, ցավում էի նաև մեր երիտասարդ զինվորների համար, որ ստիպված մահակ են բարձրացնում մարդկանց վրա: Երևի զինվոր-զավակ ունենալու հանգամանքը հավասարակշռում էր իմ զգացումները, չէ որ դժվար է մեր երիտասարդների համար` լինել գործող զորքերի շարքում և գործողություններ իրականացնել:

Մի հանգամանք ուղղակի ցնցում էր ինձ, լսեցի մի քանի անուններ, որոնք այս վիճակի մեջ` ասպարեզի վրա են` դեսպանների են հանդիպում, արդարություն պահանջում... Այդ անունները` Հրանտ Բագրատյան, Երջանիկ Աբգարյան: Մեր երկրի քայքայման վկաներս գիտենք, թե ինչ են նշանակում այս անունները. O, tempora, o, mores…

Եվ այս ժամին իմ սիրտը մեր միամիտ, ինքնազոհ, տասնամյակներ չարչարված ժողովրդի հետ է, բայց ոչ այն ուժի, որը ժամանակին քայքայել է երկիրը և այժմ առանց ապաշխարհության, առանց ինքնաճանաչման` եկել է արդարություն հաստատելու... Եվ հարցնում եմ` ու՞ր է առողջ պետականություն ստեղծելու ձեր ծրագիրը: Այդպիսի ծրագիր չկա ...

Սիրելի ֆորում, չգիտեմ ինչու` սիրտս նաև հանգիստ է. ժողովրդյան կյանքի անսպասելի և ողբերգական լարումը կարող է տալ նոր ծիլեր, հանրության և պետականության նոր որակ ստեղծել: Այսպիսի համազգային ցնցումը չի կարող չթափանցել մարդկային սրտի խորքերը` սկսած գյուղացուց մինչև պետական – քաղաքական վերանխավը: Այս դժվար օրը իրար մաղթենք համբերություն և խաղաղություն:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.03.2008, 23:19
Այսօրս` 2 մարտի 2008թ., չի ավարտվում: Չի ավարտվելու և որպես դաս` հնչելու է հետագա ապրելիք օրերի մեջ:

Չի ավարտվի ցավը - մինչև չդառնա գիտակցության արթնացման գործոն, սպեղանի` մեր պատմության համար ...

Բայց չէ~, չէ~, չէ~... դեռ չեմ կարող կշտամբել Քեզ, թթու խոսք ասել – Անգետս, Զավակս, Ծնողս, - քո թարմ վերքերի վրա ընկնում է իմ աղի արցունքը: Ես պինդ ոսոկոր եմ, փորձ ունեմ, - այն ժամին ու տարիներին, երբ դու անտարբեր ես եղել քո Կյանքին ու Ապագային – ես տվայտել եմ, և այսօր էլ դիմանում եմ քո Ցավին:

Անգետս, Զավակս, Ծնողս, - ախր ելել ես, ուզում ես տաս օրվա մեջ կյանք փոխես, բայց արդեն տա՜ս տարի, քսա՜ն տարի մի ընտանիք քեզ ասել է - որ կյանքը փոխում են ամե՜ն վայրկյան, ամե՜ն ժամ ու ամե՜ն օր, որ դրանք տարի դառնան, կյանք դառնան, հավերժություն: Անգետս, միամիտս` տաս օրվա մեջ կյանք փոխել կլինի՞:

Անգետս, Զավակս, Ծնողս.- պետք է առաջնորդ ու ուսուցիչ ունենալ, որ կօգնի քեզ` հասնելու քո սրտի մեջ գրված Գաղտնի Օրենքին: Ախր ԱՌՈՂՋ ԿԱՅՆՔԸ և ԱՌՈՂՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ հենց այնպես` իրեն-իրեն չեն ստեղծվում: Անգետս, ախր լուցկու հատիկն էլ առանց ծրագրի չի ստեղծվում, իսկ քո Կյանքի Պլանը գրված է քո սրտի մեջ, քո Գաղտնի Օրենքի մեջ, որը դեռ չես ճանաչել: Անգետս, ի՞նչ հույս ունեիր, որ իշխանության համար կռիվ տվող երկու թևերից մեկը – որ նույն բարոյականությունն ու նույն գիտակցությունն ունի,- կարող է քեզ կյանք պարգևել: Ախր ի՞նչ նոր իմաստություն էիր տեսել այդ հնի, անցածի, քարացածի մեջ, անգետս :

Վիրավորս, Զավակս, Ծնողս, եթե սիրտդ լցված էր տաս-տասնհինգ տարվա նվաստացումից` ոչ մի պարպում և ոչ մի պոռթկում չէր օգնի քեզ, - որտե՞ղ է քո Պոռթկումի Ծրագիրը, որտե՞ղ է քո վերասլաց ուղին: Դու կյանքի ծրագիր չունեիր, դու անառաջնորդ էիր այս դառը ժամին...

Զավակս, Ծնողս, անգետս, - պատրաստ եղի՜ր նշտարիս ցավին, քեզ ասելու եմ այն, ինչ չես սպասում: ԱՄԲՈՂՋՈՎԻՆ, ԼԻՈՎԻՆ և ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ` ԱՐԺԱՆԻ ԵՍ ԱՅՍ ԴԱՌԸ ՕՐՎԱՆ, ԱՅՍ ՕՐԸ ՔՈ ՎԱՍՏԱԿՆ Է: Եվ մեղավորներ փնտրիր ՄԻԱՅՆ ՔՈ ՄԵՋ, ՄԻԱՅՆ ՔՈ ՄԵՋ , ՄԻԱՅՆ ՔՈ ՄԵՋ – մյուս մեղավորները, որ գիտես` դու ես ծնել ու սնել – նրանք քո անգիտության արտացոլանքն են:


Զավակս, Ծնողս, անգետս, երեք օր առաջ արդեն միտք ունեի, արդեն պատրաստ էի ասելու, որ ծրագիր չունեցող զավակներդ պետք է իջնեն հարթակից, որ դու նոր առաջնորդներ փնտրես կամ եղածներին կրթես- բարձրացներ, - բայց ուշացա` եկավ մեկը մարտի:

Այսուհետ Քո հետ եմ ուզում լինել և ուղեկցելու Քեզ, Սիրելի Հոգի, ոչ մի վայրկյան այլևս չեմ թողնելու Քեզ: Քո նման մանկանը` անչափահասին, անհնար է մենակ թողնել այս խառնակ ժամանակների մեջ... Քո հետ եմ լինելու – քո կողմից միշտ, ամեն օր, քսան տարի մերժված հոգիս` չի նեղանում քեզանից, չէ որ դու` ՄԵԾ ԱՆՉԱՓԱՀԱՍ,
Իմ ՄԵԾ, ՊԱՇՏԵԼԻ, ԱՄԵՆԱԳԵՏ, ԱՄԵՆԱԶՈՐ ԾՆՈՂՆ ես:


Խաղաղաղությու~ն Քեզ...

Հեղինակ
03.03.2008, 23:46
Այսօրս` 3 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր առավուտյան ԴՆ Ֆորումում բացեցի նոր թեմա` «Առավոտյան էսքիզներ»: Մերոնք դժգոհում են, որ վերջերս գրառումներս ծանրացել են, քաղաքականությունը ներս է սողոսկում և Կյանքը` համապատասխանաբար նվազում: Երևի թե ճիշտ են: Միայն Կյանքը կարող է ապաքինել մեր վիրավոր երկիրը, ուրեմն ` ամեն օր բարի առավոտ եմ հնչեցնելու ԴՆ Ֆորումում:

Այսօր առավոտյան կողմ գնացի «Երիտասրդություն» մետրոյի կողքին գործող բաց գրախանութ. Զորավարի «Հատընտիրը» չունեմ, ուզում էի գնել: Բայց ընդամենը մեկ-երկու գրավաճառ էր աշխատում: Աբովյանի վրա խաղաղ էր ու գարնանային: Ամեն ինչ այնպես էր` կարծես ոչինչ չի պատահել... Ժողովրդյան կյանքը ջրի վտակ է, դեմը բացեցիր` մեկ - երկու րոպե պղտորվում է, ապա զուլալվում ու շարունակում է ընթացքը, կարծես արգելքը չի եղել: Բայց ասեմ, որ ջուրը հիշողություն ունի, ջուրը ոչինչ չի մոռանում... Սա էներգո-ինֆորմացիոն հատկություն է...

Այսօր որոշեցի «Արշալույս»-ը ուղարկել վաղեմի հակառակորդիս` իր կրթահամալիրի կրթության մեջ ներդնելու համար, նամակը նախապատրաստեցի: Անքեն եմ ուղարկելու, ոչ ոք մեր գործին այնքան օգուտ չի տվել, որքան այս հակառակորդը, նրա դրած արգելքները հաղթահարելով ենք մենք հզորացել: Ուրեմն` նա հակառակ բևեռն է, առանց որի չկա առաջադիմություն: Ողջույնս ուժեղ և հզոր հակառակորդին, նրա դիմադրությունը ավելի օգտակար է եղել, քան անկամ ու թույլ բարեկամի օրհնությունը:

Միջազգային կյանքից, իհարկե, ինձ այսօր հետաքրքրում էր Ռուսաստանի նախագահի ընտրությունը: Սիրում եմ ռուս մշակույթը և լեզուն, և, իհարկե, ցանկանում եմ, որ նա ունենա լավ առաջնորդ: Բայց այսօր անհանգստություն ունեմ. Ռուսաստանի ներկա ղեկավարությունը, , որն անկասկած սիրված է ժողովրդի կողմից, արդյոք չի չարաշահում վարչական ռեսուրսը. չէ՞ որ ռուս չինովնիկությունը հակված է ուռճանալու և ժողովրդի պարանոցին նստելու, և դա արդյոք երբևէ չի՞ բերի Ռուսաստանի ապակայունացման... Բոլոր դեպքերում ջերմ մաղթանքներ հղենք բարեկամ երկրին և սիրելի մշակույթին :

Սիրելի ֆորում, գիտեք թուլությունս` ամեն օր հետևելու մեր Հանրային հեռուստատեսության մշակութային քաղաքականությանը: Բնական է, որ այսօր տխուր ու լարված էր Տաթևիկ Բաղդասարյանը – ավերված է Երևանի կենտրոնը, զոհեր, թախիծ, մեղադրանքներ... Եվ սպասում էի, որ Հայլուրից հետո մի հավուր պատշաճի մշակութային շեշտ կլինի – մի դասական ֆիլմ ` բարձր ու վեհ հերոսներով, կամ մի համերգ , որ կարող է վեհ խոհեր ու Հայրենիքի զգացում ծնել, մի քիչ ապաքինել հուզված հանրությանը...

Բայց ո~չ, անուղղելի է մեր պաշտելի Հանրայինը: Մի քանի րոպե առաջ ցույց է տալիս ավերված մեր մայրաքաղաքը (պատճառ- հետևանքին չեմ անդրադառնում) և....անմիջապես` թրիլլեր` «Դիվահարը»` ինչ- որ սատանայական պատմություն, ապա մարտաֆիլմ` տղայի մասին, որ դարձել էր.... սպանող մեքենա: Եվ այսպես է ամբողջ աշխարհում, [B]այս աշխարհի հիմարացած հանրությունները չեն նկատում կապ` մահ սփռող մշակույթի և նրա ծնած հետևանքների միջև: Երբեք այդքան ինձ համար ողբալի չի եղել երկրում վարվող հակամշակութային քաղաքականությունը, որքան այսօր:

Սիրելի ֆորում` չենք գցի մեր տրամադրությունը, մարտաֆիլմերը չեն զոմբիացնի մեզ և մեր երիտասարդությանը, պայծառ սրտով կշարունակենք Նոր երկիր, Նոր Մշակույթ, Նոր Գիտակցություն կերտելու մեր ուղին:

Բարի գիշեր:

Հեղինակ
05.03.2008, 00:17
Այսօրս` 4 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս խորհրդածությունների օր էր: Մարդը, Ազգը, Հայաստանը – կանգնած տարիների ու դարերի խաչմերուկում. - ու՞ր են գնալու: Երկփեղկված համայնքը մի ծանր վերլուծություն է անում` ի՜նչ է եղել, ինչպե՜ս է եղել, ո՜վ և ովքե՜ր են եղել: Ո՜վ վերլուծողներ, դուք կարող եք գտնել այդպես բոլոր «մեղավորներին», դուք այդպես նույնիսկ կարող եք ճշմարտանաման լինել, բայց վերջին հաշվով սնանկ է լինելու ձեր ջանքը...Քանզի վերլուծության ժամն անցել է, եկել է ՍԻՆԹԵԶԻ ԺԱՄԸ...

Բոլոր հանագմանքները և իրադարձությունները, պատճառներն ու հետևանքները հանգում են մի հիմնական պատճառի – պակասել է Մարդու, Ազգի և Մարդկության Սերն ու Էթիկան: Օ~, վերլուծողներ, արդեն ամեն ինչ ասացի` էլ ի՞նչ ունեք վերլուծելու:


Երբ Սիրո ու Կարեկցանքի ջերմ ալիքը բարձրանա մեր սրտի մեջ, երբ այդ ալիքը վեր հանի Տիեզերական Գիտելիքը, երբ մենք նայենք մեր սրտի խորքը, ԵՐԲ ԵՍ ՆԱՅԵՄ ԻՄ ՍՐՏԻ ԽՈՐՔԸ` այնժամ կտեսնեմ, որ ԵՍ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ, և ամեն երկպառակություն կավարտվի մեր մեջ:

Այն ինչ կատարվում է` պատմական միստերիա է – ԱՊԱԳԱՆ Է ԾՆՎՈՒՄ :


«Ապագան չի առնվում, այն սովորում են», - ասում է Զորավարը, և դու` Համայնք, որ ձգտում ես բարոյական ու մարդկային ազատագրության, ե՞րբ ես նստելու Ապագայի Կրթության:

Բարի գիշեր:

Հեղինակ
05.03.2008, 23:51
Այսօրս` 5 մարտի 2008թ., ավարտվում է:


Չնայած օրը պայծառ էր, արևային, բայց ինձ համար այն դժվար անցավ: Երկրում լարվածություն կար, լարվածություն կար հայ պաշտոնեության, ՀՀ նախագահի դեմքին... Հանդուրժողանակություն, ահա այն մեծագույն որակը, որ կարող է ունենալ մարդը: Այսօր մի պահի ես հանդուրժողական չեղա: Բնությունը նորից ինձ փորձեց և պարզվեց , որ իմ... էվոլյուցիան շատ դանդաղ է ընթանում...և որքան հեռու է մարդկայինն ու կատարյալը: Մինչդեռ օրն այնքան խաղաղ էր սկսվել:

Այսօր Հայաստանում նշում էին ռազմական և քաղաքական հայտնի գործչի ծննդյան օրը: Հարգանք նրա հիշատակին, փառք նրա զենքին... Սակայն ոգեկոչման արարողություններին մեջ ինչ- որ անբնական բան կար, ինչ որ լարվածություն կար... Գործիչը եղել է 1996թ. նախագահական ընտրություններում չընտրվածին նախագահեցնող ուժը, ըստ էության` ռազմական հեղաշրջմյան հեղինակը: Նրա ուժային ազդեցության տակ են անցել 1998 և 1999թթ ընտրությունները, որոնց իներցիան շարունակվել է 2003 և 2008թթ. ընտրություններին: Ահա` 1996-ից մինչև այսօր մի գաղտնի լարվածություն էր մնացել, և որպեսզի ապաքինվենք` մենք մինչև վերջ պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ...

Մեծ ցավ է գիտակցել , որ մեր զինվորները` 18-19տարեկան, մայրաքաղաքում բախվում էին մեր ժողովրդի հետ: Ցավալի, ցավալի իրողություն: Մենք չունենք այլ ճանապարհ, քան փոխել մեր ներքին ազգային որակները և մեր պետականության որակը: Մենք կանգնած ենք ներքին, անարյուն, էթիկական հեղափոխության շեմին, որ պետք է կատարվի մեր մեջ: Բոլոր տեսակի վեճերը, փաստարկները, քաղաքական քայլերը, բոլոր տեսակի արտաքին և ներքին ազդակները ԻԶՈՒՐ ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵԹԵ ՉԼԻՆԻ ԱԶԳԻ և ՆՐԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ, ՈԳԵԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ...

Իսկ արտաքին արբիտրները պահ չեն կորցնում. Գուցե և նրանց փաստարկներում կան իրավական ճիշտ մոտեցումներ, բայց նրանց Էթիկան հենվում է սեփական շահի և մերկ կայսերական օգտապաշտության վրա:

Ուրախության ու խաղաղության զգացումը երկրում պակասել է, զնագվածային լրատվության մեջ կա լարվածություն, հայլուրային մադոննան աչքի առջև կորցնում է իր ինքնաավստահ, հայլուրական գեղեցկությունը...

«Ղոչաղ կացեք»` կասեր Թումանյանը մեզ բոլորիս
Մենք էլ մեզ նույնն ասենք:

Բարի գիշեր:

Black Orchid
06.03.2008, 00:15
Մենք կանգնած ենք ներքին, անարյուն, էթիկական հեղափոխության շեմին, որ պետք է կատարվի մեր մեջ:
Հուսանք՝ կանգնած ենք: Երբեմն՝ երբ լսում եմ տարբեր մարդկանց կարծիքներ այս կամ այն հարցի շուրջ, սկսում եմ լրջորեն կասկածել, որ այդպես է...
Այնուամենայնիվ, չեմ կորցնում լավատեսությունս ու հավատում եմ, որ այդ հեղափոխությունն անպայման կլինի ու որ այն մոտ է...
:love

Հեղինակ
07.03.2008, 00:12
Այսօրս` 6 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս խաղաղ էր, աշխատանքային: Մարմինս ու ոգիս ապաքինվում էին երեկվա լարումներից հետո:

Այսօր վերջապես թեմաներ բացեցի «Դար» ակումբի ֆորումում, այստեղ մեր երիտասարդությունն է, և ինչքան էլ բազմաշերտ թվա նրա ընդհանուր մշակույթն ու ինտելեկտը` նրա մեջ զգացվում է մի առանցք` ԼԻՆԵԼ ՆՈՐ, ԱՊՐԵԼ ՆՈՐ ԿՅԱՆՔՈՎ, ԼԻՆԵԼ ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ: Եվ նրա լարման էներգետիկան ուղղված է դեպի ապագան: Որքան պետք է ձգտեմ` իմ համեստ կենսափորձով նրան հասցնելու Ապագայի իմ զգացումը:

Երկրում շարունակվում է վերջին շաբաթվա իրադարձությունների իմաստավորումը: Վերջին բառը չակերտների մեջ պետք է առնեի... Ահա` այսօր Հանրայինում լրագրող Արթուր Սահակյանը հավաքել էր չորս մարդու` քաղաքագետներ, թուրքագետ և այլն: Բարեկամնե~ր, գիտեք, թե ո՜վ է քաղաքագետը: Սա այն մարդն է, որն ուզում է ուսումնասիրել, թե ինչ է ներկայացնում ազգ-համայնքի սոցիալ-քաղաքական կյանքը... Սա նայում է ազգ-համայնքի ճակատին, աչքերին , քթին ու բերանին, ոտքերին ու ձեռքերին և կարծիք է հայտնում դրանց մասին, բայց մեր դժբախտ քաղաքագետը չգիտի, որ մարդը, նաև ազգ-համայնքը` եռամիասնական կառույց է ` ոգի, հոգի, մարմին, ունի յոթ ֆիզիկական և հոգեկան շերտեր ,- և եթե ուզում ես հասկանալ մարդուն և ազգ համայնքը` ՈՎ ՔԱՂԱՔԱԳԵՏ, ԴՈՒ ՈԳԻՆ և ՆՐԱ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՍ: Այս չորս մարդուց առավել մակերեսային տպավորություն թողեց Լևոն Մելիք- Շահնազարյանը – նրա հետ ոգու հետախուզման չես կարող գնալ:

Հասարակությունը հիվանդ է,- ասում է մեկը: Իսկ ո՞րն է նրա հիվանդությունը` հարցնում եմ: Իրական ախտորոշումը հայտնի է միայն քչերին: ՀԻՎԱՆԴ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ և ՆՐԱՆՈՎ ՍՆՎՈՂ ՀՈԳԻՆ: Ազգ-համայնքը կարոտել է իր երգին, պարին, բարբառներին … կարոտել է ժողովրդական ուխտագնացություններին, իր կարոտներին է նա... կարոտել: Իսկ դուք` հասարակագետներ, լրագրողներ, պետական այրեր, կարծում եք թե նա քաղաքականության համար էր հրապարակ գնում... ՉԷ~, ՆԱ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ԻՐ ԱԶՆՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ Է ԿԱՐՈՏԵԼ: Դուք նրան տարիներ բաժանել եք ԻՐԵՆԻՑ, ԻՐ ՍՐԲԱԶԱՆ ԱԶԱՏ ԿԱՄՔԻՑ, ԻՐ ՀՈԳՈՒ ԽՐԱԽՃԱՆՔԻՑ, Հանրայինով և մյուս TV-ներով դեմ եք տվել անձայնեղ–ֆալշ Հայկոյին, հայոց փոփ-օվկիանոսի Շպռոտին, մնացածներին... Եվ ձեզ ` մշակութային գեբելսոիդներ, թվացել է, թե ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔԸ ՄՈՌԱՑԵԼ Է ԻՐ ԿԱՐՈՏԸ: Չէր մոռացել, և նա շատ էլեգանտ ձևով հայտնեց այդ մասին:


Այսօր մի ուրախալի լուր էլ լսեցի. Հայաստանի կառավարական շրջանակներում որոշել են ցորենի արտադրությունը կտրուկ մեծացնել և բավարարել երկրի պահանջը այն մթերքի նկատմամբ: Ով գիտի, թե ինչ է ցորենը` պետք է ցնծա այսպիսի հնարավորությունից: ժամանակին երգել եմ Գարնանացան Ցորենը` հայ գեղջուկի պաշտամունքն ու աստվածությունը:

Հայաստանում ուրան են փնտրելու և հարստացնելու… Զուտ տնտեսական իմաստով թերևս վատ չէ, բայց անվտանգության խնդիրը, իհարկե, կա... Իսկ ես` մարդաբանս, այս նորությանը ավելացնում եմ ` ՔՈ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՆՔԸ ՔՈ ՈԳԻՆ Է, և վառելիքն էլ պետք չէ Ռուսաստանից բերել – մեր լեզուն` գրաբարից մինչև բարբառներ, մեր երգն ու պարն է մեր միջուկային վառելիքը: Դողացե~ք, նրբակազմ շպռոտներ, հայ մշակույթի միջուկային հրդեհի մեջ ցնդելու են ձեր վաղանցուկ և խղճուկ փառքերը:

Եվրատեսիլ. երգի մրցույթ: Ժամանակին ու բազմիցս տվել եմ եվրոպական հակամշակույթի այս երևույթի գնահատականը և տպագրել եմ, մի անգամ կբերեմ ֆորումի համար: Այսօր նորից նշում եմ` Եվրատեսիլի երգի մրցույթը ազգային մշակույթների համահարթեցման և փչացման վայրն է, անգլոսքսոնական- նեգրական հիբրիդների բուծարանը: Այս տարի մենք ուղարկելու ենք Սիրուշոյին. մի տարի մեր պաշտելի Հանրայինը մեզ պետք է զբաղեցնի այս պատմական իրադարձությամբ: Եվ ի՞նչ երգ է տանելու Սիրուշոն: Մեծ հավանականությամբ` հիշյալ հիբրիդներից մեկը...

Սիրելի ֆորում, ո՞վ է լսել “Էրզրումի բարձր լեռներեն “ երգը: Ցանկանում եմ բոլորիդ` այսօր մտքով ու սրտով լինել հայ ադամանդյա լեզվի ու երգի հետ:

Բարի գիշեր:

Հեղինակ
08.03.2008, 00:00
Այսօրս` 7 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր զգում էի «Դար» ակումբի ֆորումի շնչառությունը: Այստեղ է երևի մեր երիտասարդության ամբողջ սպեկտորը: Հետաքրքիր է: Զգալ,ասել, տալ այն, ինչ կա սրտիդ մեջ: Եվ խոսել հիմնականի մասին, չմանրանալ,- ահա այս ֆորումում մեկ օրվա աշխատանքի եզրահանգումը:

Այսօր շարունակվում էր Հայաստանի իրադարձությունների մեկնաբանությունը: Այս առիթով հիշեցի` տարիներ առաջ տեսել եմ մի ճապոնական ֆիլմ` «Ռասյեմոն», որը բաղկացած էր յոթ նովելից. նույն իրադարձության մասին յոթ մարդու արած պատմություններն են դրանք: Եվ բոլորը տարբեր իրարից` հոգեբանությամբ, նույնիսկ փաստերով: Մեր պարագայում էլ գրեթե նույնն է, նույն իրադարձության մասին պատմում են տարբեր մարդիկ` լրագրողը, հոգեբանը, պետական գործիչը , իրավաբանը ... Բոլորը տեսնում են ալիքը, խաղը,ալեկոծությունը, մակերեսը...Իսկ Ծո՞վը` համայնքի հոգու խորքը –մետաֆիզիկական տարածքը, որը աչքը չի տեսնում, ականջը չի լսում... Մինչդեռ, Ոգու գաղտնի տարածքը բացելու մեկ բանալի կա`Սերը և Կարեկցանքը:

Օրինակ դու` մեծահարգ հոգեբանության պրոֆեսոր, մանևրում ես պսիխոանալիզի տարածքում, խոսում ես հոգեբանական մշակման տեխնոլոգիաներից, վերլուծում ես իրադարձությունների հոգեբանական մոտիվները: Եվ կարծես` ամեն ինչում ճիշտ ես: Բայց ախր դու Հոգին համարում ես ուղեղի գործունեության ֆունկցիա, ախր հոգու միջուկի` Ոգու գոյության մասին չգիտես կամ կասկածում ես: Եվ առանց Ոգու Գիտության ինչպե՞ս կարող ես ճանապարհ ցույց տալ մեր հուզված համայնքին:


Ուր էլ գնանք` գալիս հասնում ենք մշակույթին: Այսօր նորից հանրայինով շարունակվում էր «Երկու աստղ» երաժշտական շոուն... Շատ եմ գրել այս երևույթի մասին և նորից պետք է գրեմ. բեմի վրա են կոմեդիանտ Ֆելիքսը և ճղճղան, հումանիտար կրթությունից զուրկ` Էմմին: Նրբագեղ հումորից զուրկ, արհեստական ու խեղճ մի զույգ է սա: Եվ սրամտում է այս Ֆելիքսը. «Կարինան կտրել է իր մազերը և նմանվել է Դեվիդ Բեքհեմի կրտսեր եղբորը»: Նստած է մեր գեղեցիկ երիտասարդությունը, ծափ են տալիս... Ու մեկը չի հարցնում ` ո՞վ է այս Կարինան, ո՞վ է այդ Բեքհեմը և, մանավանդ, ո՞վ նրա կրտսեր եղբայրը... Եվ այսպես ելնում են զույգերը` հատուկ անձայնեղ, հատուկ անգեղ ... Եվ շարունակվում է մշակութային ագրեսիան, դեգեներացվում է դահլիճը ,հեռուստալսարանը և ամբողջ մոլորակը: Նշել ու նորից նշելու եմ լավ արվեստագետներ Նունե Եսայանի և Աիդա Սարգսյանի ողբերգական դերը: Սրանք ժյուրիի անդամ են և պարտավոր են մեկնաբանել այս ամենը: Իսկ այսօր ժյուրիի անդամ` ԱԺ պատգամավորը չկար: Երևի խորհում է կուսակցության մշակութային քաղաքականության մասին:

Միջազգային կյանքից մի քանի ուշագրավ դիտարկում. Հարավային Օսիան և Աբխազիան դիմել են աշխարհին իրենց անկախությունը ճանաչելու կոչով: Եվ կռվանն այն է, որ Կոսովոյի անկախությունը արդեն ճանաչում են շատ երկրներ. Ղարաբաղն էլ իր անկախության ճանապարհին ուզում է օգտվել այս նախադեպից: Ես էլ` մեկ հատիկ հայս, այս էլ քանիերորդ անգամ, հայտարարում եմ` ես չեմ ճանաչում Կոսովոյի ալբանացիների հայտարարած անկախությունը, նրանք «ինքնորոշվել» են Սերբիայի հողի վրա, այնպես ինչպես թուրքերը «ինքնորոշվեցին» մեր Գողթան գավառի սրբազան հողի վրա և կլանեցին Նախիջևանը: Այսպես էլ կրկնակի ստանդարտներ կլինի՞,- աշխարհը գլուխը պատովն է տվել ` ճանաչելով Կոսովոյի անկախությունը... Մենք` Հայաստանն ու Ղարաբաղը, չպետք է օգտվենք այս նախադեպից, քանզի Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվում է իր բնիկ հայրենիքում:

ԼԻնելու և ապրելու ելքը մշակույթի մեջ է... Հնչում է Ռյազանովյան հայտնի ֆիլմերից մեկի այնքան մարդկային, այնքան հարազատ մեղեդին: Հայը իր էությամբ, մշակութապես ամենատոլերանտ, ուրիշի ստեղծածը սիրող ազգերից մեկն է: Հեռացրեք մեզանից հակամշակութային հիբրիդները և մեզ տվեք իռլանդական, շոտլանդական, գերմանական, ֆրանսիական հրաշալի էթնիկ մեղեդիներն ու պարերը, տվեք մեզ ժողովուրդների հոգին, ու մենք կսիրենք ու կփայփայենք նրանց: Եվ դա պետք է անի ... հայ պետականությունը: Երբ դառնա ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒԹԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ...

Բարի գիշեր:

Այգ
08.03.2008, 22:09
Այսօրս` 7 մարտի 2008թ., ավարտվում է:


Ես էլ` մեկ հատիկ հայս, այս էլ քանիերորդ անգամ, հայտարարում եմ` ես չեմ ճանաչում Կոսովոյի ալբանացիների հայտարարած անկախությունը, նրանք «ինքնորոշվել» են Սերբիայի հողի վրա, այնպես ինչպես թուրքերը «ինքնորոշվեցին» մեր Գողթան գավառի սրբազան հողի վրա և կլանեցին Նախիջևանը: Այսպես էլ կրկնակի ստանդարտներ կլինի՞,- աշխարհը գլուխը պատովն է տվել ` ճանաչելով Կոսովոյի անկախությունը... Մենք` Հայաստանն ու Ղարաբաղը, չպետք է օգտվենք այս նախադեպից, քանզի Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվում է իր բնիկ հայրենիքում:



Հարգելի Հեղինակ, համաձայն եմ մտքիդ, համաձայն չեմ «մեկ հատիկ» բառիդ:
Լիովին կիսում եմ կարծիքդ, վերլուծությունդ, մտահոգությունդ:
Վատ չեր լինի, որ Արցախի իշխանությունները հայտարարեին, որ կտրականապես չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, այսինչ այնինչ նկատառումներից ելնելով::)

Հեղինակ
09.03.2008, 00:21
Այսօրս` 8 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր գարնանային պայծառ օր եղավ ինձ համար: Անցյալից եկող անհոգ կյանքի մի ալիք ինձ առել էր իր մեջ և դեպի ապագա էր տանում: Ափսոս, Սիրելիս տնային գործերից մի քիչ հոգնեց, նրա ուզում էի իմ ալիքի մեջ առնել, ինձ հետ տանել, ուրախություն ներշնչել:

Երկրում այսօր խաղաղության զգացումը մի քիչ ավելացել էր, երևի կանանց տոնն էր պատճառը այդպիսի զգացման: Պաշտոնական լրատվության մեջ էլ մի քիչ ավելի էր վստահությունը...Մարդկային սիրտը խաղաղություն է տենչում, բայց այնպիսի խաղաղություն, որ պահպանված լինեն ՍՐՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ : Այդպիսի խաղաղություն մենք դեռ պետք է կառուցենք: Առայժմ` Սիրտը գնում է դատողության , շահի, իշխանության և այլ տերերի հետևից և նրանց խեղճ ծառայողն է: Մինչդեռ Սիրտը թագուհի է և պետք է վերադառնա իր տիեզերական գահին:

«Եվրոպոլիս» հաղորդաշարը շարունակում է տալ մեր ներկա իրավիճակի գնահատականները. Արա Շիրազն էր, Արա Երնջակյանը և մի տիկին, որի անունը չֆիքսեցի : Եվ ի~նչ զարմանք` տիկինն ասաց այն, ինչ ես արդեն հարյուր տարի ասում եմ այս երկրում, - այն , որ Հանրայինը և մյուս հեռուստաընկերությունները ցույց են տալիս բռնության տեսարաններ և դրանցով է «կրթվում» մեր մանուկ սերունդը: Այդ պահին լրագրող Արթուր Սահակայանի դեմքը նկատելի ցնցվեց: Մնացածը մի քիչ հին էր. հիշենք մեր անցյալը, Վարդանանց պատերազմը... Մեր նոր երիտասարդության կերտման համար մենք պետք է այլ փաստարկներ բերենք: Այո~, հիշել անցյալը, բայց միայն Ապագան կերտելու համար:

Այսօրվա մշակութային անդրադարձը. ընտրվում էր Եվրատեսիլի երգի մրցույթում երգվելիք Սիրուշոյի երգը: Ի~նչ զարմանք. պարզվեց, որ հանրային հեռուստաընկերությունը գեղարվեստական խորհուրդ ունի~: Ովքե՞ր են այդ խորհրդում, ո՞րն է նրանց մշակութային քաղաքականությունը: Այսօր Սիրուշոյի շոուին մասնակցում էին Հայկոն, Տիգրան Պետրոսյանը,Շպռոտը... Մեր նորօրյա երգարվեստի ամենահետաքրքիր կողմը նրա բառերն են: Կարծես չկա, չի եղել հայ երկհարզարմյա պոեզիան.... «Դու մեղավոր չե~ս ոչ մեկի առաջ»,- ճվում է Շպռոտը... «Օրվա հուշերը մութ ու դատարկ»,- բարակաձայն նվում է Տիգրան Պետրոսյանը... Սիրուշոյի երգերի բառերը անգլերեն են, գրել է ինքը, ուրիշները` Դիջեյ Սերժոն... Իսկ «Եվրատեսիլ» են տանելու ...«Քելե» երգը»: Սիրելի~ բառ, մայրենի~ բարբառի բյուրեղ, այս ու՞ր ես ընկել. « Դե քելե~, դե ցոլա~, ֆիդան յա՜ր»,- այս ժողովրդական երգի զորավոր էներգետիկայից պոկվել և եկել, մի քիչ շունչ էր տվել այս խառնալեզու երգին... Մի քանի հայկական լադեր ևս կային: Ընդհանուր առմամբ` Սիրուշոյի շոուն հայ կեղծ մշակույթի շքահանդես էր:

Եվրատեսիլը այս տարի կայանալու է Բելգրադում` Սերբիայում, անցյալ տարի հաղթել էր կարծեմ մի տրանսսեքսուալ երգչուհի: Եվ այսօր, երբ միավորված Եվրոպան պատառոտել է Սերբիայի սիրտը, սրբազան Կոսովոն օտարել է նրանից, երբ բարձրանում է ուղղափառ տաճարների բոցերն ու ծուխը` սիրտս ցավակցում է եղբայր սերբ ժողովրդին, որ նրա սրտում լինելու է այս համաեվրոպական մշակութային խառնակչությունը: Ափսո~ս, հազա~ր ափսոս:

Այսօր Հանրայինով ցուցադրվելու է Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» Ֆիլմը: Ամիսներ շարունակ սրա գովազդը անելիս Հրաշ Քեշիշյանը ասում էր. «Սերը դժվար գործ է, հնարավոր չէ սիրել` առանց ձեռքերը կեղտոտելու»: Իսկապե՞ս, Հրաչ Քեշիշյան. այդ դեգեներատիվ, ոչ ճշմարիտ միտքը որտեղի՞ց ես վերցրել: ՍԻՐՈ ՄԻՋՈՑՈՎ, ՍԻՐՈ ՇՆՈՐՀԻՎ ՏԻԵԶԵՐՔՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ, ՄՈԼՈՐԱԿՆԵՐ ԵՆ ԲՈՒԺՎՈՒՄ, ՉՄԱՐԴՆԵՐԸ ՄԱՐԴ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ: Հրաժարվիր այդ ողորմելի մտքից, Հրաչ Քեշիշյան: Իսկ հիմա լսիր գոհարներ անգլիական ծագման սցենարիցդ. «այնքան ծխիր, մինչև սատկե~ս», «դու ուտել խմելու համար մեռած տռփամոլ ես», «այնպես ես զրխկում մահճակալին, ոնց որ ըմբշամարտիկ լինի», «էշի մեկը», «տեսքից քաղցր է և գեղեցիկ, բայց որ գրկես` հում ա և լպրծուն»: Որքա~ն լպրծուն ես, հայ հակամշակույթ...

Այսօր «Դար» ակումբի ֆորումում հետաքրքիր երկխոսություն ունեցա Սելավի-ի հետ: Առաջին անգամ արժանացա «պապիկ» քնքուշ բառին, որի հաճույքը դեռ չեմ վայելել... Չէ~, պետք է ամուսնացնել մեր Քանդակագործ-ին, որ թոռնիկ ունենանք...

Իմ Սիրելի, համաշխարհային դեկադանսի այդ խղճուկ զավակ-ֆիլմը արժանի չէ քո աչքերին: «Ոչինչ չի մնա», - ասում է նա, իսկ մենք ասում ենք` ՄԻՇՏ ԱՊՐԵԼՈՒ Է ՈԳԻՆ, ՍԵՐԸ, ԿԱՐԵԿՑԱՆՔԸ , ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ:

Բարի գիշեր:

Հեղինակ
10.03.2008, 00:24
Այսօրս` 9 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս զարմանալի կոնտրաստ ուներ` երեկվա հետ համեմատած: Երեկ օրս լի էր գարունով, արևով, և ամբողջ օրը զարմանալի արևային տրամադրության մեջ էի: Բայց այսօրս առավոտից ամպոտ էր... Գործում է տիեզերական օրենքը` Ճոճանակի Օրենքը. Ցերեկին հաջորդում է Գիշերը, Աշնանը` Ձմեռը, և ամենուր գործում է այս տատանումը: Այսպես նաև մարդկային կյանքի ու հոգեբանության մեջ: Այսօրվաս մեջ մի քիչ «գիշեր» կար, բայց, այնուհանդերձ, օրվա մեջ լցվեցի լույսով և լավ աշխատեցի:

Այսօր շարունակում էի մեր Առողջագետ-ի` Արուսյակ Նալյանի «Նոր անգիտաց անպետ» մենագրության գիտական խմբագրումը: Այս գիրքը պսակազերծում է ժամանակակից դեղորայքային բժշկությունը, նրա բոլոր միֆերը և տալիս է նոր, բնական, էկոլոգիական բժշկության ստեղծման ուղիները: Առողջագետը` տողերիս հեղինակի հետ Հայաստանում հիմնել է նոր, բնական բժշկության համակարգը, ստեղծել է դրա գործող մանարակերտը: Եթե գա մի ժամանակ, որ այն ամբողջովին ներդրվի մեր երկրում, ապա որքան արդյունավետ կլինի բժշկությունը, որքան կպակասի քիմիական վտանգավոր դեղորայքի օգտագործումը: Առողջագետ-ի գիրքը գրված է կենդանի, վառ լեզվով, ինձ համար հաճելի է աշխատել այդ գրքի վրա:

Այսօրվա հայաստանյան կյանքի համայնապատկերից....
Պատկերացնու՞մ եք, մեր ընտրությունները վերահսկելու համար Եվրոպական պատվիրակության կազմում ընդգրկված է եղել... 355 մարդ. մի ահռելի թվաքանակ, որքա~ն մարդկային և ֆինանսական ծախսեր: Եվրոպայի խնդիրն է` մեզ սովորեցնել ազնիվ ու անկաշառ ձևով ընտրաթերթիկը գցել տուփի մեջ , միայն սեփական կամքի համաձայն: Շատ լա~վ, իսկապես պետք է մեզ այսպիսի կրթություն: Բայց...

Հայաստան – միավորված Եվրոպա հարաբերությունները այնպես են դրված, որ մենք ամեն ինչում և ամենուր պետք է սովորենք Եվրոպայից և մեր կյանքում ներդնենք եվրոպական չափանիշները: Ներեցե~ք. կյանքի բոլոր ասպարեզներում` ապրելակերպ, մշակույթ, առողջապահություն, կրթություն .... այս աշխարհամասը հիվանդ է, անառողջ է նրա սնունդը, նրա երեխաները ճարպակալում են, գենետիկ փոխված սնունդը ամենուր տարածվում է: Եվրոպական տարածքը ներծված է ատլանտյան հակամշակույթով, կինոպրոկատի 80% -ը ամերիկյան մակերեսային կինոարտադրությունն է:
Ես երազում եմ այն ժամանակը , երբ Եվրոպան և Հայաստանը կապված կլինեն առողջ մշակութային կապերով, իրար կտան առողջ մշակույթի օրինակներ: Իսկ մենք, իհարկե, պետք է սովորենք ճիշտ ու սիրուն ծալել քվեաթերթիկը և գցել ուղիղ քվեատուփի մեջ, և այդ գործողությունն անելիս` լսել միայն սեփական սրտի հրահանգը...

Աչքներս լույս ... Սկսվեց հայկական առաջին սերիալի` «Այսպես էլ ապրում ենք» ֆիլմի ցուցադրությունը: Սերիալի ժանրը` ներկայացնել կյանքի սուռոգատը, մակերեսայինը, ամենօրյա – մանրը, և դա` առանց հոգու ուսումնասիրության, առանց խորունկ ապրումի , առանց արվեստի: Մի երկիր, որ մշակութապես քայքայված է` ինչքա~ն կշահեր, եթե այդ սերիաների վրա ծախսված գումարը ծախսվեր հայ գրականության էկրանավորման կամ այլ առողջ մշակութային նպատակների համար: Նորից մեր Հանրային հեռուստատեսութունը, որը սնվում է հարկատուի կողմից, կեղծ մշակույթի տարածողի դերն է ստանձնել: Այս ֆիլմի ռեժիսորը ևս հայ անփոխարինելի, ականավոր, միակ, բազմավաստակ բեմադրիչ Հրաչ Քեշիշյանն է...

Այս տարի ամբողջ աշխարհում և Հայաստանում հնչելու է Ջոնիի բարակ, զիլ ձայնը` «Աշխարհում ինչ- որ տեղ, ինչոր բան սխալ է»: Վիլյամ Սարոյանի 100-ամյակն է այս տարի: Հիշում եմ նրա հայակերտ, ազնվամետաղ կերպարը - հանդիպում էր Սրտաբանության ինստիտուտում: Եվ հնչում էր ձայնը` հզոր, ազնվամետաղ շեշտով - կարծես հեռվից, կարծես Բիթլիսի լեռներից` « Մարդը բան մը ստեղծած ըլլալու համար` գոնե մեկ անգամ խենթացած պիտի ըլլա...»:

Եվ հիշեցնում է Սարոյանը` «Մեր սիրտը լեռներում է»: Այո~, հայոց սիրտը լեռներում է, այնտեղից մեզ հեշտ է խոսել մարդկանց և աստվածների հետ:

Բարի գիշեր:

Black Orchid
10.03.2008, 03:18
Զարմանալի զուգադիպությամբ ես էլ երեկ վերհիշել էի Ջոնիի խոսքերը.

-Ես ոչ մեկի չեմ դիմում, պա, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է...
Սիրում եմ Սարոյանին, նրա ստեղծագործությունները, հորինովի ու իրական կերպարները... Մեկը մեկից հրաշալի, կենդանի, պայծառ, ՄԱՐԴ...:love

Սարոյանական մարդկանց եմ ուզում տեսնել շուրջս, բնական, իսկական մարդկանց, իսկական ժպիտներ եմ ուզում տեսնել, որ ոչ միայն շուրթերի մկանային շարժով է պայմանավորված, այլև աչքերի հրաշք փայլով...

...բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է...
:sad:

***
Ո՞ր օրենքով են բաբախում մեր սրտերը...
Ու... բաբախո՞ւմ են արդյոք...
:unsure

Philosopher
10.03.2008, 13:00
Զբաղվածության (http://www.dn4um.com) պատճառով երեկ երեկոյան և այսօր չէի մտել իմ կողմից ստեղծված, բայց նաև այս թեմայում գրող ու մտածող մարդկանց կողմից կայացված այս տունը: Հպարտ էի էսպիսի հրաշալի երկխոսություն կարդալով: Հեղինակի իմաստուն-երիտասարդական աշխարհայումը և Black Orchid-ի երիտասարդ-իմաստուն նկատումները: Կեցցեք: ես ձեզ սիրում եմ:love

P.S. Մոտակա օրերին վերադառնալու եմ: Ու... մեր սրտերը բաբախում են, այո;):love

Հեղինակ
11.03.2008, 00:39
Այսօրս` 10 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս սկսվեց մեր զինվորին փոքրիկ ծանրոց ուղարկելով: Սպասում էի մեքենային, որ պետք է տաներ ծանրոցները: Շատ ծնողներ կային: Սիրում եմ լսել, թե ինչ է խոսում մեր ժողովուրդը: Որքա~ն մարդկային տիպաժներ, որքա~ն խարակտերներ կան ... Իսկ մեր զինվորը, երբ էլ հարցնենք, թե ինչպես ես` իր հեռավոր ձորից նույն պատասխանն է ուղարկում` «ընտի~ր», բայց հո գիտենք, որ հեշտ ծառայություն չի լինում... Սիրելի, համբերատար, լավատես հոգի: Նա մեր տան փոքրն է, բայց կրթում է բոլորիս` ինչպիսին պետք է լինի մարդկային համբերությունն ու հանդուրժողականությունը:

Այսօրվա Հայաստանի կյանքից ուզում եմ մի դիտարկում անել և հուսով ե,մ, որ չեմ խախտում արտակարգ իրավիճակով նախատեսված սահմանափակումները... Փնտրվում են վերջին իրադարձությունների գծով մեղադրյալները ... փնտրվում է Նիկոլ Փաշինյանը: Անկասկած, շատ տաղանդավոր և սուր լրագրող է նա, որպես նորահայտ պոլիտտեխնոլոգ` ևս: Բայց ես` անուղղելի հայս, միշտ մի հարց ունեմ աշխարհին ու մեր հանրությանը. ով էլ լինի մարդը` Ջորջ Բուշը թե մեր Նիկոլ Փաշինյանը, ինչ տաղանդ էլ ունենա, ինչ դիրք էլ զբաղեցնի` իմ հարցն հետևյալն է նրա մասին` ինչ մշակույթ է նա բերում իր ժողովրդին: Եվ այսպես` այս ամռանը, երբ աշխատում էի մի էսսեի վրա («Ձոն Դոգվիլ-Հայաստանին») ուսումնասիրեցի «Հայկական ժամանակ» թերթի մեկ տարվա համարները` պարզելու համար, թե ի՞նչ մշակույթ է քարոզում մեր ազատական մամուլի այս առաջատարը: Եվ ի՞նչ. գրեթե բոլոր մշակութային անդրադարձերը վերաբերում էին մեր պանծալի «աստղերին». սրանք ախր այն «թզուկ աստղերը» չեն , որ հայտնաբերում էր Վիկտոր Համբարձումյանը, սրանք իրապես թզուկ են` իրենց արվեստով: Եվ Նիկոլի թերթում դուք կգտնեիք «աստղերի» մասին այնպիսի մանրամասներ, ջերմ անդրադարձներ, նրանց ապագա պլանների մասին այնպիսի հարցուփորձեր, ինչպիսին չէր արժանացել Բեռնարդ Շոուն` իր հայրենիք Անգլիայում: Եվ ոչ մի լուրջ հոդված իսկական, ազգային արվեստի մասին:

Մի «ՀԺ»-յան պատմություն առանձնապես ցնցեց ինձ. կարծեմ «Էմփիռեյ» խմբի հետ կլիպ էր նկարահանել մի երիտասարդ երգչուհի, և կլիպը վերջանում էր հերոսուհու ինքնասպանությամբ, մի քանի ամիս անց այդ թշվառ երգչուհին այդպես էլ ավարտեց իր կյանքը... Եզրահանգեմ. մեր պաշտելի Հանրայինը բուծում է «աստղիկներ», իսկ Նիկոլ Փաշինյանը երգում է նրանց կենսագրությունը,- դա նշանակում է, որ Ալեքսան Հարությունյանը, Հրաչ Քեշիշյանը...Արթուր Գրիգորյանը` մի կողմից և Նիկոլ Փաշինյանը` մյուս կողմից, թույլ են տվել հանցանք մեր երկրի և ազգի հանդեպ` երկրում հակամշակույթը քարոզելով և տարածելով, և ես` Հայ Մշակույթի Պահակազորի շարքային զինվորս, հետախուզում եմ հայտարարում` այս չորս(առայժմ`չորս) մշակութային հանցագործներին հայտնաբերելու և ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ հավերժական դատարանի առջև կանգնեցնելու համար: Մնացած և առավել կարևոր եզրահանգումները թողնում եմ ձեզ...

Լուրջ մետերեոլոգիական իրավիճակ է Մեծ Բրիտանիայի ափերին: Համաշխարհային օվկիանոսը հարվածում է այս մեծ կղզու ափերին և սպառնում բրիտանական դարավոր կեցությանը և ապահովությանը: Հայաստանից մի ուղերձ եմ հղում քաջարի բրիտանացիներին. ոչ թե դամբաներ կառուցեք, այլ սրտով, սիրով և անկեղծությամբ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵՔ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՀԵՏ: Եվ իմացեք` ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ԿԱՏԱՂՈՒՄ: Բնությանը զայրացրել են ներկա մարդկության երեսպաշտությունը, ագահությունը, պատերազմները, նրա արտադրած գենետիկ սնունդը և, մանավանդ, զարգացած երկրների կողմից շատ երկրների ստորացումը և աղքատացումը: Հարգելի բրիտանացիներ, ի՞նչ եք մտածում, երբ ռումբերից պատառոտվում են Իրաքի խաղաղ քաղաքացիները, գուցե նրանց հետմահու ճիչերն են բարձրացրել օվկիանոսի ալիքները ...


Այսօր զարմանալի իրադարձություն կատարվեց. մեր պաշտելի հայլուրային մադոննան Հայլուրից հետո չհայտարարեց, թե մեզ ինչ ինչ թրիլլերային կամ մարտաֆիլմային հաճույքներ են սպասում: Հիշու՞մ եք մարտի 3-ը, թե 4-ը` դառը օր էր մեզ համար, երբ Հայլուրից հետո, նույն զարմանալի բթությամբ հայտարարեցին նույն «աչքալույսը», թե ինչ են ցուցադրելու և շարունակեցին ցուցադրել նույն մարտաֆիլմերը, նույն սպանությունները: Չլինի՞ թե «Այսօրիս» խայթը հասել է Հանրայինի խմբագիրներին ...

Սիրելի ֆորում … ցանկանում եմ, որ ձեր անքեն խայթը հասնի բոլոր անգետներին և արթնացնի նրանց...

Բարի գիշեր:

Հեղինակ
12.03.2008, 01:04
Այսօրս` 11 մարտի 2008թ., ավարտվում է:


Այսօր Երևանի կենտրոնում էի, գարնան տաք, անուշ օր էր, քայլում էի թեթև, զգում էի կյանքի և ապագայի շունչը: Կառավարության շենքի մոտ զինվորներ էին: Բոլորը ճիշտ Հարությունիս նման... դևռևս երեխաներ: Մի ազգ և նրա պետականությունը որքա~ն պատասխանատու պետք է լինեն, որպեսզի իր զավակները ` ավտոմատները ձեռքներին, չկանգնեն մայրաքաղաքի կենտրոնում, այլ իրենց զինվորությունն անեն, իրենց կրթությունն անցնեն: Որքա~ն պատասխանատու պետք է լինենք:

Անցնում էի այն տարածքի կողքով, որտեղ մի ժամանակ Լեզվի ինստիտուտի շենքն էր: Այդ շենքում, մեր ոսկի ժամանակներում Սիրելուս հետ գրաբար էինք սովորում` մի շատ լավ լեզվաբանի` գրաբարագետ Թոսունյանի մոտ: Շենքը ներսից խնամված չէր, բայց նա ինձ արտաքինից շատ էր դուր գալիս` խիստ ճարտարապետական ոճ, մուգ գորշ տուֆ,- մի համեստ մարգարիտ Երևանի սրտում: Եվ որոշեցին այդ շենքը քանդել, որպեսզի վեհափառի համար կառուցեն ... Երևանյան նստավայր: Երկրորդ մոտիվն այն էր, որ բացվի ու երևա Կաթողիկե եկեղեցին: Այժմ եկեղեցին երևում է. շատ համեստ, ես կասեի ` ճարտարապետական տեսակետից խեղճ մի կառույց է: Լեզվի ինստիտուտի շենքը ավելի թանկ, ավելի սիրելի էր իմ սրտին: Ինչ վերաբերում է Վեհափառի երևանյան նստավայրին... Բայց ի՞նչ է անում Վեհափառը Երևանի աղմկոտ կենտրոնում... Իսկ Լեզվի ինստիտուտի քանդումը մշակութային վանդալիզմ է, որին մասնակից եղավ հայ եկեղեցու Պետը: Զոհված շենքի հիշատակին եմ ձոնում այս բանաստեղծությունը:



ՁՈՐ ԳՐԱԲԱՐԻՆ

Քաղցր է լեզուն իմ մայրենի,
Բայց մայրենիս իր մայրն ունի.-
–Դու իմ հպա'րտ, դու իմ չքնա'ղ. –
Ահա քո դեմ իջել ծնկի,
Դյութանքի դեմ բառ ու խնկի.–
Դու մեր ոգու ջահերի ջահ:

Թույլ տու~ր բառիդ բույրը շնչեմ,
Քո մագաղաթ ձեռքին դիպչեմ.–
Ես որդիդ եմ վերադարձած.
Հար ճառագի~ր գլխիս վրա,
Տու'ր ինձ սիրո անբեկ զրահ,–
Դու մեր ոգու գանձերի գանձ:

Զավակներիս շուրթին ելիր,
Սին տենչերից նրանց խլիր`
Տոգորվե~ն մեր ունեցածով.
Դարեր ի վեր` գերել ես դու
Եվ իմ տանն էլ տիրել ես դու,–
Դու մեր ոգու ծովերի ծով:


Բերկըրություն տու'ր մեր հացին,
Թիկունք լե~ր մեր ստեղծածին
Տարերքների հանդեպ ագահ.–
Դու ոսոխի զարկին սովոր,
Միշտ զինավա'ռ, միշտ զորավո'ր.–
Դու մեր ոգու գահերի գահ:



Շարունակվում են մարտի 1-2-ի իրադարձությունների քննարկումները: Հակահեղափոխական ալիքը փրփուրի երես է հանել շատ վերլուծաբանների, իսկ ես ասում եմ` շատ մի վերլուծեք. ժողովրդին տվե~ք նրա ազգային մշակույթը, նրա հոգին, վերականգնեք նրա նվաստացած արժանապատվությունը և նա կմոռանա ձեզ էլ, հեղափոխությունն էլ և կգնա իր գործին: Բայց դուք շարունակում եք նրան նվաստացնել , ո~վ վերլուծաբաններ:

ՄԻջազգային լրահոսից. Հաագայի դատարանում դատում էին խորվաթ գեներալներին` 200. 000 սերբերի ոչնչացման համար: Ի~նչ ողբերգություն. երկու նույնալեզու ժողովուրդներ, որոնք տարբերվում են միայն կրոնով` մեկը կաթոլիկ, մյուսը ուղղափառ, և ոչնչացնում են իրար: Քրիստոնեական կրոնի տարբեր ճյուղերի, աղանդների վեճերը որքան թշվառություններ են տվել ժողովուրդներին: Այսպիսի~ կրոն, այսպիսի~ էթիկա:

Շարունակվում է հայկական սերիալի ցուցադրումը` «Այսպես էլ ապրում ենք»: Հինգ րոպե նայեցի. այո~, այսպես էլ ապրում ենք, այսպես էլ դեգեներացվում հրաչքեշիշյանական Հայաստանում: Հետհայլուրյան մարտաֆիլմին կամ թրիլլերին եկավ փոխարնելու այս նոր մրակութային աղբը:

Սիրելի ֆորում, պահպանե~ք ձեզ, պահպանե~ք ձեր սիրտը հայկական հակամշակույթի պղտոր ջրերից:

Բարի գիշեր:

Հեղինակ
13.03.2008, 00:39
Այսօրս` 12 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս սկսվեց տվայատանքնով. երեկ կազմել էի մի փաստաթուղթ, որն իմ կարծիքով անվրեպ բովանադակություն ուներ: Այն կազմել էի երկրի մի բարձր պաշտոնյայի ուղարկելու համար, պարունակում էր դեռևս 2002թ-ին հայտնած կանխատեսումս, որ շուտով հայտնվելու ենք պատմական փակուղում, և այլ ելք չենք ունենա, քան ստեղծել նոր որակի ազգային պետականություն: Այսօր առավոտյան հասկացա, որ այս կանխատեսումը դեռևս չի հասնի բարձրագույն իշխանությանը. իշխանությունն էլ մարդու նման է` մինչև սիրտը չտառապի, չցավի` չի փխրանա, և նրան չի հասնի ճշմարտությունը: Կսպասեմ, թող իշխանությունը անցնի ինքնաճանաչման իր ճանապարհը:

Այսօր ձեռքիս էր մի թանկ նվեր` Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի հատընտիրները: ԴՆ Ֆորումում ընդհատել եմ “Նամակներ Զորավար Նժդեհին” շարքը, առանց Հատընտիրի դժվար էր: Իսկ Նժդեհը ասում է. “Սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգեկան ուժերին”, իսկ ես ասում եմ Զորավարին. այս դժվարին երկրում նույնիսկ Քո անվան վրա կարող է փոշի նստել` ինչ – ինչ պատճառներով: Մաքրելու ենք այդ փոշին, Զորավար:

ՀՀ նորընտիր նախագահ` ՀՀ վարչապետը այսօր Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հարցերին պատասխանելիս ասում էր` «արդյո՞ք ես ասել եմ,որ մեր երկրում զոռբաներ չկան», «արդյոք ես ասել եմ, որ մեր երկրում արդարությունը լրիվ հաղթել է»... և այդպես նա թվարկեց մի շարք ակնհայտ թերություններ, որ ունի մեր երկիրը:

Հարգո վարչապետի թվարկածին կարելի էր ավելացնել. “արդյո՞ք ես ասել եմ, որ մեր երկրում ազգային մշակույթը ծաղկում է», «արդյո՞ք ես ասել եմ , որ Հայաստանի հեռուստատեսությունները առողջ մշակույթ են տարածում», «արդյո՞ք ես ասել եմ, որ մենք մշակութապես և ապրելակերպով չենք գաղութացվում ժամանակակաից Արևմուտքի կողմից»...և այլն: Հույս ունեմ, որ նորընտիր նախագահը, բացի ակնհայտ սոցիալական շարքից, կտեսնի Հայաստանի ակնհայտ գաղութացման, էթիկական և մշակութային անկման նշանները և...

Տխրեցրեց Արցախի խորհրդարանը. մի կողմից հայտարարեց, որ Կոսովոյի անկախությունը չի կարող նախադեպ լինել լեռնային Ղարաբաղի համար, մյուս կողմից... ինքնորոշման սկզբունքի լույսի տակ ողջունվեց... Կոսովոյի անկախության հռչակումը: Բայց նորից ասենք` ալբանացիների ինքնորոշումը Սերբիայից խլված` նրա մշակութային սրտի – Կոսովոյի սրբազան հողի վրա` միջնադարյան, թուրքական բարբարոսություն է, և հայը չի կարող ողջունել այդպիսի «ինքնորոշում»...

Շատ հետաքրքիր էր քննչական խմբի տեղեկությունը, որ հայտնաբերվել են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ, այն է` հայտնաբերվել են գունավոր հեղափոխություններին հատուկ տեխնոլոգիաներ, որոնք վերաբերում են հոգեբանությանը, ֆինասավորմանը, նյութական ապահովմանը:
Շատ լավ. ես իմ կողմից մի ճշգրտում եմ ուզում անել. կասկած չունեմ, որ գունավոր տեխնոլոգիաներ և արտասահմանյան ազդակներ եղել են, բայց նաև կասկած չունեմ, որ բուն ժողովրդական զանգվածը , նրա էթիկան, նրա ներքին արժեքները կապ չունեն որևէ «գունավոր» հեղափոխության հետ...

Եվ խնդրանք ունեմ հարգո իշխանությանը` օգտագործել մի քանի` լավ հայտնի գունավոր տեխնոլոգիաներ և խլել նախաձեռնությունը քաղաքական հակառակորդից, այն է` թող Հայաստանի հեռուստատեսությունները, հատկապես Հանրայինը, Հայաստանում իրականացնեն մշակութային հեղափոխություն և օրվա մեջ քսանչորս ժամ հեռարձակեն միայն դասական մշակույթ, միայն դասական ֆիլմեր, միայն հայ էթնիկ և բոլոր ազգերի էթնիկ երգարվեստ- պարարվեստ, որ էկրանից ժողովրդի հետ խոսեն միայն ժողովրդի և մարդկության բարձր հերոսները: Հարգելի իշխանություն, եթե երբևէ կհասնես այսպիսի գիտակցության և Հայաստանում կիրականացնես այսպիսի բարձր հեղափոխություն, ապա ոչ մի Նիկոլ Փաշինյան քո հիմքերը չի կարողանա ցնցել, իսկ հիմա ցնցում է...Եվ լավ է անում... Որովհետև` և Դու` իշխանություն, և Նիկոլ Փաշինյանը հիանում եք նույն աստղիկ – կայծոռիկների լույսով, որոնց համատեղ ջանքով փայլեցնում եք հայոց հակամշակույթի մութ երկնքում...

Չէ, մեր Հանրայինին հասել են «Այսօրիս» խայթոցները, այսօր հայլուրային մադոննան, որը նկատելիորեն գեղեցկացավ Հայլուրի ընթացքում` վերջում քնքուշ և հպարտ հայտարարեց, որ մեզ ամերիկյան մի մելոդրամա է սպասում և “Այսպես էլ ապրում ենք” պաշտելի, բարձր գեղագիտական, աննման հերոսներով լի` մեր հայկական սերիալը: Պաշտելի Հանրայինի տաղանդաշատ խմբագիրներ, դուք կարծու՞մ եք` ամերիկյան մելոդրաման ամերիկյան թրիլլերից շատ բանո՞վ է տարբերվում: Լսե~ք թախանձանքս և սկսե~ք համաշխարհային կինեմատոգրաֆում ձեր փնտրտուքը… գուցե մի Չապլին, մի Ֆելլինի, մի Պազոլինի, մի Ռյազանով հանդիպի… հը՞:

Սիրելի ֆորում, ձեզ ցանկանում եմ մշատական հանդիպումներ իսկական գեղարվեստի, իսկական պոեզիայի հետ:

Բարի գիշեր:

Հեղինակ
14.03.2008, 00:56
Այսօրս` 13 մարտի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ֆորում, այսօրվա իրադարաձություններից և իմ ապրումներից ընդամենը մի երկու ուրվագիծ .

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի ասուլիսի ժամանակ արտահայտեց մոտավորապես այսպիսի միտք` երկխոսությունը կողմերի միջև հնարավոր էր նախընտրական շրջանում, ընտրություններից հետո, բայց, ափսո~ս, այդ հնարավորությունը բաց է թողնվել, չի իրականացվել: Այս միտքը թվացյալ անսխալ է, բայց իր խորքում այն մի տեսական- մեթոդաբանական լուրջ թերություն ունի: Հարց տանք` ու՞մ միջև պետք է լիներ երկխոսությունը, և պատասխանը կլինի` իհարկե, իշխանության և և Լ. Տ.Պ.-ի ու նրա կողմնակիցների միջև:

Հենց այստեղ է թաքնված մեթոդաբանական սխալը: Ի վերջո, իրար դեմ կանգնած էին ոչ թե իշխանությունը և Լևոն Տեր- Պետրոսյանը ,- այս երկու կողմերը նույն պետական – քաղաքական համակարգի երկու թևերն են ` նրա երկեվա և այսօրվա ներկայացուցիչները: Նույնն է նրանց գաղափարախոսությունը, նույնն է աշխարհայացքը և գրեթե նույնն է եղել գործելակերպը: Եվ պատմականորեն նրանք իրար դեմ չեն կանգնել, այդ հակամարտության արտաքին կողմը լուծում էր միայն իշխանության խնդիր: Մինչդեռ իրական հակամարտությունը հայ ազգային հավաքականության և ներկա գործող պետական – քաղաքական կարգի միջև է:

Տարիների մեջ գրել եմ ու նորից ասում եմ. այս պետականությունը չի համապատասխանում հայի հոգեկերտվածքին ,պատմական փորձին, իղձերին և ապագայի տեսիլքին, և ազգ- համայնքը այս կամ այն առիթով համախմբվում է` այդ դիսոնանսը լուծելու համար: Այս դեպքում Լ.Տ.Պ.-ն միայն առիթ է, բայց ոչ ազգային իղձերը արտահայտող, ազգի կերտվածքը կրող տիպար գործիչ: Հետևաբար, պատմական երկխոսություն պետք է կայանա ազգ- համայնքի և պետականության միջև, և նյութը պետք է լինի այս պետականության էթիկական լուծարումը և նոր որակի ազգային պետականության ստեղծումը:

Այսօրվա ամենախիտ իրադարձությունը, իհարկե, ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ինտերնետային հարցազրույցն էր: Ցանկանում եմ նշել հարց տվողների բացառիկ նուրբ, էլեգանտ մտածողական մակարդակը և վարչապետի զուսպ պատասխանները: Մի հարց ուզում եմ ընդգծել և մեկնաբանել: Հարցը մոտավորապես հետևյալն էր. Դուք կարո՞ղ եք համախմբել ժողովրդին և ո՞ր գաղափարի շուրջ:

Վարչապետի պատասխանը հավուր պատշաճի պետական էր, բայց այն չէր ընդգրկում հիմնական բաղադրիչը. Ո՞Ր ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ: Ըստ ամենայնի, ներկա պետականությունը համարում է, որ իր խնդիրը լուծած կլինի, եթե երկրում լինի կայունություն, ժողովրդի կենսամակարդակը աստիճանաբար բարձրանա, լուծվի Ղարաբաղի հարցը, պատերազմ չլինի և այլն: Սակայն այս մոտեցումը պատմա-մեթոդաբանական իմաստով թույլ է, քանի որ ներկա պետականությունը չի կարողանում ապահովել ազգի հոգևոր-մշակութային վերընթաց զարգացում, ընդհակառակը` ընթանում է ազգային էթիկայի, մշակույթի, ընտանիքի ինստիտուտի, համայնքների, ամբողջ ազգ – համայնքի կառույցի դեգրադացիոն պրոցեսներ: Միակ գաղափարը, որի շուրջը կհամախմբվի ժողովուրդը կլինի` ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐ ՈՐԱԿԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ` ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄՈՎ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՈՒՄՈՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՄԵՋ: Ահա մի արժանի հեռանկար Հայաստանի զարգացման համար:

Սակայն նորընտիր նախագահի մեղքը չի, որ նա չի տեսնում այդ հեռանկարը, Երրորդ հանրապետության ամբողջ վերնախավը ունի աշխարհայացքի փոփոխության կարիք, կա նաև նոր վերնախավի ստեղծման կարիք, որը կարող է իրականացնել այդ պատմական դերը :

“Այսօրիս” արձագանքներիս մեջ, ուզում եմ նշել Մելիք-ի արձագանքը(«Դար” ակումբում), թե ինչու ենք զարմանում Հանրայինի քաղաքականության վրա , չէ որ պարզ է` որ ինչ որ ծրագիր է իրականցվում: Սիրելի Մելիք, հենց դրա համար էլ պետք է ամեն օր, ամեն ժամ, առանց հոգնելու մենք պետք է պատռենք կեղծ մշակույթի բոլոր դիմակները, և այդ թվում հայկական հեռուստատեսությունների ապամշակութային քաղաքականության դիմակը:

Այս գիշեր բոլորիդ ցանկանում եմ ` ՍՐՏԻ ՊԱՅԾԱՌ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.03.2008, 00:24
Այսօրս` 14 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս իր մեջ հավաքել էր վերջին 2-3 օրերի տխրությունները: Ոչինչ ինձ այնպես չի զարկում, որքան այն, երբ որևէ սիրելի մարդու հետ պատնեշ է առաջանում – էներգիան չի շրջանառում, սիրտը տխրում է... Այսօր գարուն էր, բայց գարնան մեջ ես մենակ էի...

Այսօր մտածում էի մեր երկրի ապագայի մասին, որքան մեծ է երկրի կառավարիչների դերը, և մտքիս մեջ խոսում էի այդ կառավարիչների հետ և գրի առա մի էջ այդ մտքերից, ահա մի հատված.


«Նայում ես որևէ պետական գործչի դեմքին – տառապած, ներքին տվայտանքը լցված կնճիռների մեջ, աչքերի լույսը պակաս, լեզուն չափած-ձևած ու ... պետական... Ուզում ես հասնես, ուսը ցնցես, ճակատին ջուր ցողես ու բացականչես.
- Հայ կառավարիչ, արթնացի~ր, միայն ժողովրդի ու նրա սիրով կարող ես բոցավառվել - այստեղ հարստությունն ու իշխանությունը չեն օգնի քեզ... Ե~լ կառավարիչ, ժա՜մդ է արդեն արթնանալու. Հայաստանը և հայ ազգը կանգնած են նոր հանգրվանի եզրին, նրանք նոր ճանապարհ են ուզում, նոր կյանք են ուզում...
Ե~լ կառավարիչ, նայիր հայ կոչվող այս ժողովրդին. ի՞նչն ես սիրում դու նրա մեջ,- եթե գտար, թե ի՜նչն ես սիրում` բնավորությունը, մտքի սրությունը, մեծահոգությունը, արիությունը, միամտությունը, թե այլ ինչ` ուրեմն, սիրի~ր այնպիսի անագորույն սիրով, որ սրտիդ մեջ եղած ամբողջ հինը, անսրտությունը , կեղծիքը այրվի, և դու լինես, դառնաս Մարդ – Կառավարիչ: Եվ եթե գտնես հայի մեջ ատելի գծեր` փոքրոգություն, աչառություն, շահասիրություն, դավաճանություն, քծնություն, ապա այնպես ատիր դրանք, այնպիսի անագորույն ատելությամբ, որ իր բարձրակետում ատելությունը պայթի և նրա միջից ցայտի.... հրեղեն Սերը:
ՄԱՐԴ դարձած կառավարիչ, այնժամ դու կճանաչես քո նոր գոյությունը և կճանաչես, թե աշխարհում ի~նչ երջանկություն կա ` ԱՇԽԱՐՀԸ ՍԻՐԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ: Երբ սերը այրի ներքին տարածքդ` այդ վայրկյանին, սիրո այդ այդ ակնթարթի մեջ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՌԱՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ:»
Սիրելի Ֆորում, ես իմ իղձն ասացի, այն ուղղված է բոլորին և ամեն մեկին, ովքեր հավակնում են կառավարել այս ... անհնազանդ ժողովրդին:

Այսօր մի սիրելի, ժողովրդի սրտի մեջ ապրող, բայց այդ սրտից գրեթե... օտարված մի կերպար տեսա – մի կերպար, որը կա` որպես մեր հարստություններից մեկը: Հովհաննես Չեքիջյանը: Փառաբանված Կապելլայի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Սիրելի մաեստրո, քեզ հարցնում են, թե ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից և իմաստնորեն պատասխանում ես` անհրաժեշտ է երկու ծայրահեղ բևեռները միացնող ուժ: Բայց չես մանրամասնում, իսկ ես ավելացնում եմ` այդ ուժը Հայրենիքն է, նրա մշակույթը, նրա հոգեկերտվածքը: Սիրելի մաեստրո, բերում եմ քեզ արվեստապաշտ պատանեկությանս ողջույնը, երբ 60-70-ականներին կրթում էիր մեր սիրտը:
Իսկ այսօր Հանրայինի եթերից պիտի խռպոտ-հրեղեն ձայնովդ գոչեիր` անիրավնե~ր, վերջին անգամ ե՞րբ եք Կապելլայի համերգը հեռարձակել, ե՞րբ է իմ խոսքը լսել երիտասարդությունը, այս ի՞նչ մշակութային աղբ եք լցնում մեր նոր սերնդի վրա: Չասացի~ր, հյու~ր էիր, բայց թախծոտ աչքերիդ ու կնճիռներիդ մեջ հարց կար, բողոք կար և ... հավատ կար ` ուղղված վիրավոր երկրիդ...


Եվ մի շատ կարևոր տարր` սիրելի մաեստրոյի հարցազրույցից: Ես և Առողջագետը մեր այսօրվա գործը կոչել ենք առողջագիտություն: Տարիներ անց Նժդեհի մոտ հանդիպեցինք` «ցեղային առողջագիտություն»: Հովհաննես Չեքիջյանը` արևմտահայոց նուրբ մտածելակերպի շառավիղը, մի բառ օգտագործեց, որ կմտնի մեր զինանոցի մեջ` կենցաղագիտություն: Որքան լավ բառ` առողջ ապրելակերպի մեր աշխատանքներում կիրառելու համար:

Այսօր մի լուր առանք Չինաստանից, որի սրտում` բարձրագահ Տիբեթում, գրեթե ապստամբություն է: Տիբեթ` վսեմ իմաստության հայրենիք, երկնամերձ Լհասա... Սիրում ենք այս հեռավոր երկիրը, մի ժամանակ մեր սեղանին էին նրա պայծառ զավակներից մեկի ` Լոբսանգ Ռամպայի գրքերը, ահա «Չժուդ- Շին»` տիբեթական բժշկության հանրագիտարանը: Դալայ- Լաման ` տիբեթցիների հոգևոր – պետական առաջնորդը... Սիրտս ցավում է, որ երկու իմաստուն ժողովուրդներ ` տիբեթցիները և չինացիները, բախման մեջ են, և չին պետականությունը չի գտնում լուծումը: Բայց միթե՞ Տիբեթի ժողովուրդը իրավունք չունի ինքնուրույն ապրելու իր բարձր Հայրենիքում: Տիբեթը խո~րն է, այնտեղ են ապրում մարդկության Ուսուցիչները, այնտեղ է երևի իմաստուն Շամբալան: Սրտագին հայկական ողջույն Արևելքի իմաստուններին...

Վերադառնանք մեր սիրուն-աննման քաղաքակրթություն. ահա Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թովաս Համերբերգը` մեծագլուխ, սպիտակաբաշ այս եվրոպացին քանի օր է արդեն քարոզ է կարդում մեր կառավարիչներին: Ես էլ նրա գլխին մի քարոզ կարդամ. Ո~վ եվրոպացի, ե՞րբ եք ճանաչելու մարդու արարչական ծագումը, ե՞րբ եք պաշտպանելու ՄԱՐԴՈՒ ԲՎԱՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ` ազգային մշակույթով, աոռղջ բնության մեջ, առողջ հացուջրով ապրելու և շնչելու իրավունքները, այս բոլոր բնական իրավունքները դուք խախտել եք և մնացած մարդկությանն էլ դեռ դասեր եք տալիս...

Սիրելի ֆորում`ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

Բարի գիշեր:

Հեղինակ
16.03.2008, 01:27
Այսօրս` 15 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս գարնանային և պայծառ աշխատանքային օր էր: Որոշեցի հավտարիմ լինել հիմնական սկզբունքին և ամեն օր աշխատել որևէ ուսումնական ձեռնարկի վրա, ահա այսօր էլ աշխատեցի ճարպակալման կանխարգելման ձեռնարկի վրա, որը կոչվում է «Գիրուկ տղայի արկածները Սոված Աշխարհամասում»: Գլխի ընկա՞ք` Սոված Աշխարահամասը մեր զարգացած ու կուշտ եվրոպական մայրացամաքն է, որի երեխաները ճարպակալում են միայն այն պատճառով որ ... սովա~ծ են: Արհեստական սնունդը, կենդանական սպիտակուցների և ճարպերի առատությունը չեն բավարարում երեխայի օրգանիզմի առողջ սննդի պահանջը ` վիտամինների և միկրոէլեմենտների նկատմամբ: Այդ թաքնված քաղցը առաջացմում է շատակերություն ու ճարպակալում: Այս գիտելիքը ձեռնարկում տրված է գեղարվեստական զրույցների տեսքով:

Այսօրվա հայաստանյան կյանքի համայնապատկերից: ՀՀ վարչապետը այցելել էր 630 դպրոց ընդգրկած համակարգչային ցանց: Սա հրաշալի է, մնում է միայն ապահովել ԱՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, որով պետք է ծանրաբեռնվի ցանցը: Տեղական ցանցը և համացանցը իրենց պատմական դերը կկատարեն, եթե նրանք առողջ մշակույթով ու գիտելիքով համախմբեն մանուկ սերունդը և ժողովուրդներին: Ուրեմն` կրթական քաղաքականության հիմքը բովանդակության խնդիրն է, իսկ համացանցը միայն միջոցն է... Սա դեռևս չի ընկալված կրթական իշխանության և հանրության կողմից. իբրև թե` համակարգիչը եթե մտավ դասարան` արդեն ամեն ինչ լավ է... Իսկ կրթության նախարարի դեմքը շողում էր...մի անագորույն իղձով` ՀՅԴ-ն մտնի կոալիցիա և ինքն այս տարի էլ լինի ընդունող հանձնաժողովի նախագահը...Այս գործչի ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԲԵՎԵ ՈՐԵՎԷ ԱԶԳԱՅԻՆ - ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՐԲԵՐԱՆԳ ՉԵՄ ՆԿԱՏԵԼ: Եթե միայն չհաշվենք «Հայ եկեղեցու պատմություն» խղճալի և չկայացած առարկայի մուտքը հանրակրթություն...

Այսօր ՀՀ վարչապետի շուրթերից լսվեց մի զարմանալի բառ. նա ասաց, որ բիզնեսմենին, որը ցանկանում է գործ սկսկել` չպետք է... ԿԵՂԵՔԵԼ: Այս բառի օտագործումը պետական բարձրագույն պաշտոնյայի կողմից` ես համարում եմ նշանակալի իրադարձություն: Սա նշանակում է, որ պետականությունը գիտակցում է, որ ինքը...երևի եղել է և մնում է ԿԵՂԵՔԻՉԸ ՄԻ ԸՆԴՈՒՆԱԿ, ԱԶԱՏԱՍԵՐ ՈՒ ԱՇԽԱՏԱՍԵՐ ԱԶԳԻ... Այս գիտակցությունը կօգնի` ազատագրվել այդ կեղեքումից, և առաջին հերթին` նաև իշխող վերնախավի գիտակցության նորոգման միջոցով: Ողջունում եմ մեր պետականության ինքնախոստովանանքի այս մի նշույլը:

Այսօր ականտես եղանք, որ Տիբեթի բուդդիստ- վանականները կարող են այնպես դուրս գալ հունից, որ ջարդեն ապակիները և շուռ տան մեքենաները: Լհասայում ապստամբություն էր... Չինական իշխանությունները հայտարարում են մի խումբ սադրիչների մասին, իսկ ես Հայաստանից հորդորում եմ չինական մեծ և իմաստուն պետականությանը` գնալ դեպի խորքը, դեպի ժողովրդի հոգին, այնտեղ է թաքնված ապստամբության ներքին պատճառը... Հոգին է վրդովված, իսկ պետական մեքենան միշտ փնտրում է սադրիչներ, հանացագործներ... Եթե միայն պետություններն իմանային, որ իրենց ազգերը Հոգի ունեն, Սիրտ ունեն, Կոլեկտիվ անգիտակցականի օվկիանոս ունեն, և հարգանքով վերաբերվեին այդ Տիեզերական Տարերքին:

Հիշու՞մ եք` այս տարի Հայաստանում պատվաստման ենթարկեցին մեր մանուկ և երիտասարդ սերոընդը` մինև 27 տարեկան: Գովազդային մի վահանակի վրա մեր Շուշան Պետրոսյանն էր` իր սիրուն բալիկի հետ: Իմ և Առողջագետի սիրտը պայթում էր անզորությունից, մեր չքնաղ, մեր ոսկե սերունդը ստանում էր ինչ- որ անհայտ պատվաստանյութ: եվ ինչի՞ դեմ. անցյալ 2-3 տարում կարմրուկի և կարմրախտի մի քանի դեպք էր եղել ընդամենը… Եվ ո՞վ էր անողը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այս աշխարհի տգիտության կենտրոններից մեկը, որը փորձնական վակցինացիաներ է անում Աֆրիկայում, Ասիայում և այլուր… Այս դառը հիշողությունը արթնացավ, երբ այսօր նորից ցույց տվեցին. թռչնագրիպի դեմ, որն այդպես էլ չերևաց աշխարհում, վաճառեցին հսկա քանակությամբ դեղորայք, իսկ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը այդ բիզնեսից վաստակել է մոտ 15 միլիոն դոլար… Հանցավոր աշխարհ: Միշտ գրել և ասել ենք` մենք չենք ցանկանում մեր երկիրը կառուցել «միջազգային» և «եվրոպական» չափանիշներով, մենք չենք ցանկանում մեր կրթությունը և առողջապահությունը կառուցել պարտադրված ստանդարտներով, մենք չենք ցանկանում այս աշխարհակարգի մեխանիկական մասը լինել: Մենք ե՞րբ ենք գիտակցորեն դուրս գալու այս նոր գաղութատիրության և մեր հայկական ճորտության դեմ:

Այսօր Հայլուրց հետո, ո~վ զարմանք, Հանրայինը ցույց էր տալիս «Հարսնացու Հյուսիսից» ֆիլմը, երևի դեգենարցվող խմբագրակազմը գլխի է ընկել, որ մեկի– մեկ էլ կարելի է մի հին ու բարի բան ցույց տալ… Դե~ ձեզ տեսնեմ, Հանրայինի խմբագիրներ, մի քիչ էլ մտածե~ք, և կարող է հանկարծ մշակութային հեռուստատեսություն ունենանք…


Սիրելի ֆորում, խաղում է գարնան արևը… Բայց չեմ թաքցնում` որ այս գարնան օրերին թախիծ է բերում այն, որ ելման ջրերը շատ հաճախ ողողում և ոչնչացնում են գյուղացու աշխատանքը: Արյանս մեջ գեղջկական սկիզբը թախծում է ավերված արտեր տեսնելով… Բայց ի՜նչ էլ լինի` գարունը կյանք է բերում: Խաղաղությու~ն ու արև~ Հայաստանի արտերին…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.03.2008, 00:49
Այսօրս` 16 մարտի 2008թ., ավարտվում է:


Այսօրս զարմանալի լարված էր ու պտղալի: Օրերը թողնում են իրենց դաջվածքը, հնչում են հարցերը` ու՞ր ենք գնում, ու՞ր է գնում մեր երկիրը: Երեկ - մյուս օրը ուզում էի վերլուծություն անել, սակայն մտռքի պտուղը չոր է լինում… Սակայն այս գիշեր զարմանալի լիցք էի ստացել: Առավոտյան` դեռ լույսը չբացված, հասա գրասեղանին, - հարկավոր է սրտի գիտությամբ տալ գնահատականը` Երրորդ հանրապետության, Առաջին նախագահի, Երկրորդ նախագահի, Նորընտիր նախագահի, իշխանության ու ժողովրդի: ԵՎ ՏԵՍՆԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Դիտել սրտի աչքով ու գնահատել, իսկ քննել-դատել չպետք է լինի ասածիդ մեջ: Մի շնչով գրվեց այն, ինչ պիտի գրվեր: Սուր և դառն է այդ նյութը: Եվ լուսավոր է – ապագան է շնչում նրա մեջ: Սիրելի ֆորում, չգիտեմ` երբ եմ այն հասցնելու ձեզ:


Արտաքին շփումներս և տպավորությունները այսօր քիչ էին, միայն մի պահ աչքս ընկավ հեռուստաէկրանին` “Երեսուներկու ատամ” շոուն էր գնում: Գեղագետիս ու բժշկիս ամբողջ էությունը ծառս է լինում այդ կիսագրագետ, հումանիտար լիցքից զուրկ, գռեհկախոս համայնքի դեմ: Այդպիսի տգեղ, ապամշակութային ձագ կարող է ծնել դեգեներացվող պետականության ուղեղային արգանդը: Այդպիսի արգանդում Գեղեցկության սերմը ծիլ չի տալիս… Մեր երիտասարդությանը կոչ եմ անում` Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ “ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ԱՏԱՄԻ” ԵՐԵՎՈՒՅԹԸ , ձեր պայծառ սիրտը չի կարող շփվել այդ ողբալի միջակության հետ: Ամեն ինչում պետք է լինի գոնե մի պտղունց … ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ:

Այսօր Ծաղկազարդի տոնն էր, ժողովուրդն ասում է` Ծառզարդարի տոն: Տոնը հրաշալի է, այն միացնում է մարդկանց: Երբ ժողովուրդը հավաքվում է` անուշ խոսվածքով, երգով ու պարով` դառնում է մի միասնություն: «Ամենափառավորը տեսարանների - դա ժողովն է մի ժողովրդի»- ասում է Զորավարը: Հիշում եմ հեռավոր մանկությունս, հիշում եմ ժողովրդական ուխտագնացությունները, գույնզգույն բազմություններ, առանձին գյուղ-համայնքներ հավաքվում էին, հնչում էր հերոսական զուռնան...Վերականգնել տոները, վերականգնել ուխտագնացությունները...Ահա մի պատկեր` իմ պոեզիայից.


ՈԻԽՏԱՏԵՂԻ
(Գեղարդի վանք)

Արև~, երկի~նք, կանաչ մի ձոր,
Գույն-գույն շնչող մի բազմություն,
Գառնե~ր, աղբյու~ր, սե'ր ու խնձո'ր,
Ծալ-ծալ իջնող ուրախություն:

Այս դեմքերին չկա ոչինչ
Քրիստոնյա խեղճությունից,
Այլ ցոլանքներ ոգու թովիչ
Արևապաշտ մերկությունից:

Գրկում պահած իմ զավակին,
Կանգնած հողին այս դարավոր,
Սիրտս բացել եմ ամենքին,
Ես` երջանիկ մի ուխտավոր:

- Սպասեցե~ք, սիրելինե’ր,
Եղբայրաբար մեզ մեջ առեք,
Ես ձեզ այնքան սեր եմ բերել,
Ուր գնում եք` մե'զ էլ տարե~ք...

Այս ծերունուց առնեմ շվի,
Դնեմ շուրթին իմ լույս մանկան,
Թող մեղեդի ապա ծնվի`
Սիրո~, հացի~, անմահությա~ն:

Ծաղկազարդի տոնի մի քանի հեռուստապատկերում տեսա մթագնող տարրեր: Չկա ավելի խեղճ բան, երբ ժողովրդական տոնի բառապաշարի մեջ թափանցում է ավետարանական- դոգմատիկ տեքստեր… Եվ ասում են ` Գալի~ս է Դավիթի որդին … Ի՞նչ կա որ, գուցե և կարելի է մեջբերել Ավետարանից այս խոսքերը, բայց կրոնական շունչը կարծես մթագնում է ժողովրդական տոնը: Վկայում եմ` մեր բնիկ համայնքներում, հայի բանահյուսության և մտածողության մեջ այս խոսքերը չկան, նա իր` բնիկ տաղիկով ու խաղիկով է ուրախանում… Իսկ երբ մի մանուկ – մի աղջնակ` տատի հորդորով երգեց մի հոգևոր- կրոնական երգ` սիրտս սառեց տխրությունից:
Չէ~, չէ~, չէ~ , հազար անգամ` չէ~, մեր մանուկներին մի~ ասեք Հիսուսի մասին, կրոն մի~ դասավանդեք, Նրա անունը այդքան վաղ մի~ տվեք, կրոնական երգեր մի~ սովորեցրեք – թող նրանք ապրեն մայրենի բառ ու բանի, բարբառի ու խոսվածքի, ազատության ու արևի մեջ և իրենք մի օր կհասնեն Բնության Արարչության գիտակցությանը:


Սիրելի ֆորում, ահա ՄԵՐ ԱՌՋԵՎ ՇՈՂԱՐՁԱԿՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ` ԳԱՐՆԱՆ ԶԳԵՍՏ ՀԱԳԱԾ և Ի՞ՆՉ ԿԱ ԱՎԵԼԻ ՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑ ԱՐԱՐՉԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ, ՔԱՆ ՈՒՌԵՆՈՒ ՃՅՈՒՂԻ ԼԻՔԸ և ՊԱՅԹՈՂ ԲՈՂԲՈՋԸ:

Ողջու~յն, ԿՅԱՆՔ, որքա՜ն գեղեցիկ ես Դու:

Բարի գիշեր:

Հեղինակ
18.03.2008, 00:55
Այսօրս` 17 մարտի 2008թ., ավարտվում է:


Այսօրս սովորական էր, աշխատում էի մի առողջագիտական ձեռնարկի վրա: Մի զրույց էի գրում Ամենաբարձր դպրոցի մասին: Սա այն դպրոցն է, ապագայի դպրոցը, որտեղ երեխան կկրթվի Բնության օրենքներով, կճանաչի Բնության ու իր հարաբերությունները, կուսումնասիրի Կյանքի Գիտությունը: Մինչդեռ այսօրվա դպրոցը մանրացնում, մասնատում է կյանքը, երեխայի գիտելիքները ստուգվում են ալգորիթմի միջոցով, թեսթային համակարգով: Երեխայի գիտակցության մեջ կյանքը չի ամբողջանում: Մինչդեռ Ամենաբարձր դպրոցում երեխան կիմանա, որ ամեն ինչ կենդանի է - Երկիր մոլորակը, արևը, աստղերը, մոլորակները, նրանք ունեն սեր և գիտակցություն… Ահա այսպիսին է ստեղծվող ձեռնարկը:

Մի դիտարկում Հայաստանի կյանքից, որ ինձ ցավ պատճառեց. երկու հայտնի քաղաքական գործիչ համատեղ հոդված են տպագրել «Վաշինգթոն փոսթում»: Լավ են արել, ի՞նչ կա որ... Բայց կա մի ենթատեքստ. մեր պետականությունը նորից դատավոր է ճանաչում Արևմուտքին, նրան է ապացուցում, որ կառավարությունը թափանցիկ է լինելու և այլն: Եվ սա այն Արևմուտքն է, որի ապրելակերպը, մշակույթը, կրթությունը, սպառման մակարդակը և այլն` չեն կարող օրինակ ծառայել ամբողջ աշխարհին: Ե՞րբ է մեր պետականությունը այնքան մաքրվելու, որ ինքը լինի իր դատավորն ու գնահատողը և ամեն րոպե չփնտրի արևմտյան հզորների բարյացակամությունը:

Այսօր մի հետաքրքիր թեմա հանդիպեցի «Դար» ակումբի Ֆորումում` "Եթե նախագահի տղա կամ աղջիկ լինեի...": Դե, մեր երիտասարդությունն էլ երևակայում է, թե ինչպես կապրեր այդ դեպքում: Մինչդեռ այս թեման բարձրացնում է երկրի էթիկայի կարևորագույն հարցը` ինչպես է Հայաստանի վերնախավը կրթում, դաստիարակում իր զավակներին... Երբ է մեր վերնախավը կշտանալու ջիփերից, տներից, դղյակներից, թանկարժեք ռեստորաններից, երբ են մեր մեծահարուստները իրենց զավակներին քնեցնելու մի քիչ կոշտ ներքնակների վրա, երբ ենք մենք ունենալու մի նոր ազնվականություն... Դժվար, շատ դժվար է` առևտրային-վաշխառուական- բանկային դրամատիրությունը ե՞րբ է ծնելու և դաստիարակելու ազնվական զավակներ: Պետք է երևի սպասենք:

Մի քանի օր է` երկու ֆորումներում բացել եմ «Կրթենք մեր օլիգարխիային» թեման, տեղադրել եմ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանին ուղված բաց նամակը: Առաջին նամակի հետ ուղարկել էինք մեր ութ գրքերը … և զարմանքն է պատում ինձ, թե որքան էթիկապես կոշտ երկրում ենք ապրում մենք, որ հայ դրամատերը կարող է պատկառանք չզգալ հայ հեղինակային խմբի նկատամամբ … Մարդը երևի չի էլ պատկերացնում, որ մի «Արշալույս» ձեռնարկ կարող է պատմականորեն հակակշռել մի տաս «Գրանդ Քենդիի» արժեք կամ ... քաղցրություն ... Ինչևէ, համբերատար պետք է լինենք, երկրի բոլոր խավերը պետք է սովորեն խոսել և աշխատել իրար հետ:

Երկրում շարունակվում մարտի 1-2-ի իրադարձությւունների վերլուծությունները և գնահատականները: Կարծում եմ` այստեղ անհրաժեշտ է վերանալ անձերից, թշնամութունից, հակասությունից և հասկանալ ընդամենը մեկ բան և պատասխանել մեկ ընդհանրական հարցի` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՆՉՈ՞Վ ԵՐՋԱՆԻԿ ՉԻ ԵՂԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, Ի՞ՆՉՆ Է ՆՐԱՆ ՎՇՏԱՑՐԵԼ, Ի՞ՆՉՆ Է ՆՐԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱՊՐԵԼ, ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ , ահա` կողմերը այս հարցերը պետք է դնեն և պետականորեն ու հանրորեն պատասխանեն դրանց: Այնժամ կպարզվի, որ այսօրվա հակառակորդները համահեղինակներ են և մասնակից են եղել ժողովրդի երջանկության նվազմանը, - դե թող միասին էլ գտնեն նրա երջանկության ճանապարհները:

Վերջապես կարծես թե համոզվեցինք` հայլուրային մադոննային և խմբագիրներին հասել է “Այսօրիս” կշտամբանքները: Հայլուրի վերջում այլևս թրիլլերային և մարտաֆիլմային աչքալուսանքներ չեն տալիս հեռուստադիտողին: Շատ լավ, սա արդեն առաջադիմություն է,- ուրեմն` հառա~ջ, հարգո խմբագիրներ, մտածեք հետհայլուրյան ժամերի և ցուցադրվող ֆիլմերի բովանդակության մասին: Դրա համար անհրաժեշտ կլինի խորացնել ինքնակրթությունը, ուսումնասիրել համաշխարհային կինոն և նրա սքանչելի օրինակները ցուցադրել: Այսքան բան…

Սիրելի ֆորում, այսպես` համառորեն, այսպես` ամեն օր , այսպես` առանց հոգնելու, կաթիլ առ կաթիլ պետք է մեր կյանքում ավելացնենք ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.03.2008, 00:55
Այսօրս` 18 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր որևէ ստեղծագործական աշխատանք չեմ արել, բայց երկու շատ հետաքրքիր այցելություն եմ ունեցել:
Եղա «Սիրանույշ Եղիազարյան» դիվանագիտական թեքումով դպրոցում: Հիմնադիր տնօրենի անունով է այս դպրոցը, ում հյուրընկալվել էի: Դպրոցի թեքումը առաջին հայացքից թվում է մտացածին – բայց Սիրանույշը ապագա դիվանագետի կրթության հիմքում դնում է ազգային մշակույթը, սա հիմնական գտնումն է, որն ապահովում է այդպիսի թեքման հնարավորությունը: Նախասրահում կորուսյալ Հայրենիքի մասունքներ են` Արևմտյան Հայաստանի սրբատեղիներից բերած սրբատաշ քարի կտորներ, խեցեղեն, քար Արարատի լանջից` գրեթե գագաթից, ջուր հայրենի պայթող աղբյուրներից… Ահա երկու կամ` հացահատիկի կալսման համար…, իսկ պատերին` ասույթներ - բացառապես Նժդեհից: Հուզիչ մի բան կար այս կնոջ ոգորման, համոզմունքի, նրա ներքին, կարծր ու… անպաշտպան կանացի էթիկայի մեջ: Առանց այսպիսի Ծռերի` երկիրը հայրենիք չի դառնում: Ինչպես հասկացա հանդիպման վերջում` նա էլ ինձ էր մի քիչ ծուռ համարում…

Այսօր Առողջագետի հետ այցելեցինք հայտնի սրտաբանական կլինիկա – զարմացել էինք այցելուների և հիվանդների քանակից, որքան շատ են Հայաստանում սիրտ – անոթային հիվանդները. դա նաև վիճակագրական փաստ է: Մի քանի րոպեում տեսանք մի քանի հայտնի մարդկանց – թաղապետ, հեռուստատեսային մեկնաբան, բժշկական համալսարանի պրոֆեսոր... Բայց մեծամասնությունը … նոր հարստացած մեր խավն էր ` հաստլիկ պարանոցներ, կլորիկ որովայններ, գեր ու գունատ դեմքեր: Այո, մեր նորահարուստ խավը դեռևս չի հաղթահարել սննդի գերսպառման իր հակումը … և հիվանդներ է մատակարարում սրտաբանական կլինիկաներին: Առողջագետի հետ մտածում էինք, որ առողջ ապրելակերպը հենց այս կոնտինգենտի համար է...Բայց նրանք կուզենա՞ն առողջ ապրել...

Այսօրվա լրատվությունից երկու շատ կարևոր դիտարկում ունեմ: Մեկը վերաբերում էր պարզեցված հարկի սկզբունքներին... Դատեք ինքներդ` մանր և միջին գործարարը հումք է առնում օլիգարխից` առանց փաստաթղթի, հարկային տեսուչը այս վերջիններից թուղթ է պահանջում, որը չկա և... իրավիճակը պատրաստ է: Բայց այստեղ օլիգարխին ոչինչ չի սպառնում, նա հաջողությամբ թաքցրել է եկամուտը, իսկ պատասխան է տալիս մանր կամ միջին գործարարը... Չտեսնված բա~ն, իշխանույթան շեշտերը նոր էին և հուսադրող...

Կառավարության նիստում քննարկվեց և երաշխիքները տրվեցին, որ անօրինական տներ կառուցած քաղաքացիները կստանան սեփականաշնորհման վկայականներ, ինչը նրանց դուրս կհանի անիրավական վիճակից: Այո~, պարզ է` իշխանությունը ձգտում է առանձնակի ցավոտ և հասունացած հարցերը արագ լուծել... Սակայն այդպիսի ուշադրությունը ի~նչ թանկ արժեցավ, ինչքան ավյուն խլեց, և, ափսո~ս` ինչ թանկ արյան գնով: Սիրելի իշխանություն` չէ՞ր լինի առանց ծեծի՜ այս բաները հասկանայիր... Բայց եթե իմանա~ս, թե դեռ ինչքան բան կա հասկանալու...

Հենց նոր ականջի տակով լսում էի երկու հետազոտողների ` Հրանտ Տեր-Աբրահամայան – Անտինյան: Հրանտը տաղանդավոր է, բայց աշխարհայացքային տեսակետից չի կայանում: Մի քանի տարում` ազգայնական հետազոտողի շրջանակից անցել է ազատական –«ՀԺ»-ական հրապարակախոսի շրջանակ… Որքա~ն պետք է մեր երիտասարդ մտածող խավին ճիշտ աշխարհայացքային-փիլիսոփայական կրթություն…Այլապես տաղանդը կմարի քաղաքականության բավիղներում…


Սիրելի ֆորում, Երևանի գարունը կարճատև է, շուտով շոգ է լինելու: Վայելենք գարնան այս պայծառ, տաք օրերը:

Բարի գիշեր:

Հեղինակ
20.03.2008, 00:57
Այսօրս` 19 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր իմ հազվադեպ ոչ պտղալի օրերից էր… Գրեթե ոչինչ չեմ գրել… Գուցե և անարդարացի եմ սեփական անձիս նկատմամբ, քանի որ ներքին աշխատանքը անտեսանելի է: Կյանքի և ապագայի խնդիրները այսօր սրտիս մեջ պատասխան էին փնտրում:

Շարունակում էի Առողջագետի մենագրության գիտական խմբագրումը… Նայում ենք մեր շուրջը, մեր ներկա բժշկության վիճակին և մտածում ենք, թե ամբողջական, բնական բժշկությունը ե՞րբ է բացելու իր ճանապարհը, ե՞րբ են մեր աշխատանքը և գիտելիքները ամբողջ ծավալով պետք գալու մեր երկրին: Գոնե առողջ սննդի հիմնական մոտեցունները մտնեին բժշկություն: Բայց չէ~, հնի իներցիան մեծ է…

“Որտե՞ղ մենք սխալվեցինք”,-հարցնում է հայտնի հեռուստաեսային մեկնաբանը երկու քաղաքական գործչի, սրանք էլ հավուր պատշաճի պատասխաններ են տալիս: Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ են ասում, ճշմարտության մի եզր են բացում: Բայց մի եզրը ամբողջ ճշմարտությունը չի… Ես էլ հեռակա պատասխանում եմ հեռուստատեսային մեկնաբանին. մենք սխալվեցինք այն ժամանակ, երբ որոշեցինք մեր երկիրը կառուցել` պատճենահանելով ներկա աշխարհակարգի քաղաքական համակարգերը, որոնք էթիկապես և աշխարհահայորեն սպառված են և չեն կարող առողջ երկրի հիմք լինել … Բայց այս պատճենահանումն էլ այնքան հայավարի փնթի արեցինք, որ ստացանք այսպիսի պետություն… Ուրեմն, հարգելի Նվեր Մնացականյան, մենք սխալվել ենք էն գլխից… Իսկ երբ խոսում ենք ելքերի մասին, ապա դրանք պետք է հանգեն մեկ արմատական անհրաժեշտության` փոխել մեր պետականոթյան որակը, ստեղծել նոր որակի ազգային պետականություն:

Ապրիլի !3-ին հեռուստատեսային մարաթոն է` միջոցներ հավաքելու Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստաման կենտրոն հիմնելու համար: Առաջին հայացքից ճիշտ և հիմնավորված քայլ է…Բայց առ այսօր, այդքան ջանքից հետո, որ թափվել է այդ ուղղությամբ (ի դեպ, այս գործի հովանավորներից է ՀՀ առաջին տիկինը) արդյունքը շատ համեստ է` պատվաստավել է ընդամենը ութ հոգի… Հիմա էլ այս մարաթոնը …
Հարգելի հայութուն, բոլորիդ և ամեն մեկիդ հստակ ասում ենք. ձեր ջանքը, ձեր մարաթոնները ու հավաքած միջոցները ծախսե~ք հայ մանուկ սերնդի մշակութային և հոգեկան առողջության համար, դրանով դուք կկանխեք նաև սպիտակարյունությունը: Իսկ դուք հազար ու միլիոն եք ծախսում ոսկրածուծ պատրաստելու համար, մինչդեռ … պիտի պատվաստեք առողջ կյանք, առողջ մշակույթ, առողջ աշխարհընկալում: Եթե իմանաք, որ սպիտակարյունության պատճառը հայ երեխայի հոգու քաղցն է` առողջ կյանքի և արվեստի նկատմամբ, սնեք նրա մարմինն ու հոգին, ապա նրա ոսկրածուծը չի հիվանդանա, և այսպես դուք կկանխեք լեյկոզները: Իսկ դուք մարաթոններ եք անում…

ՀԻվանդ քաղաքակրթություն, հիվանդ հայրենիք, ե՞րբ եք թողնելու հետևանքների քրքրելը և անցնելու պատճառների վերացմանը: ԻՍԿ ԵՐԿՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ՍԻՐՈ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԿԱՍՆ Է: ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՂԾՈՒՄԸ:

Այսօր լրանում է Իրաքի պատերազմի հինգ տարին, ավելի ճիշտ` Իրաքի նկատմաբ ԱՄՆ-ի ագրեսիայի և օկուպացիայի հինգ տարին: Ոչնչով չարդարացված պատերազմ… Միայն մի դրվագ. Բաղդադը գրավելուց հետո` անպաշտպան մնաց աշխարհահռչակ Բաղդադի թանգարանը, և բոլորը` ամերիկացիները, իրաքցիները, բրիտանացիներ, ով ասես` թալանում էին այդ թանգարանը: Մշակույթի դեմ ուղղված այս հանցագործությունը ծանր պատերազմական հանցագործություն էր, այն ուղղված էր համայն մարդկության դեմ, և ԱՄՆ-ը պետք է պատասխան տա դրա համար: Իսկ նույն ժամին հաշվենկատ ամերիկացիները պաշտպանում էին մեկ այլ շենք` նավթի նախարարության շենքը… Ահա թե ինչի համար է կռիվ տալիս խիստ ժողովրդավարական Ամերիկան…

Սիրելի ֆորում, պաշտպանենք ամենաթանկը կյանքում` Կյանքը, Գեղեցկությունը և Մշակույթը:

Բարի գիշեր:

Հեղինակ
21.03.2008, 01:09
Այսօրս` 20 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս նշանավորվեց մի կարևոր գործով: Որոշեցինք առողջ ապրելակերպի «Արշալույս» ձեռնարկս մեկական օրինակով հասցնել Երևանի բոլոր մանկապարտեզներին և դպրոցներին: Տեխնիկապես մի քիչ դժվար է, բայց արձագանքները շատ դրական էին: Թող մեկ օրինակ «Արշալույսը» աշխատի ...

Սակայն այս նախաձեռնության հետ կապված մի հետաքրքիր-զավեշտալի դրվագ եղավ: Զանգահարեցի Երևանի համայնքերից մեկի կրթության բաժնի վարիչին, թե այսպես-այսպես, նախատիպը չունեցող մի ձեռնարկ է, օգնեք` տարածենք ձեր ենթակայության կրթական հաստատություններում` որպես ընթերցարան, գրադարանի գիրք: Ցնցող էր պատասխանը` կհարցնեմ թաղապետին, եթե թույլ տա` ես ձեզ կզանգեմ: Հա~, տիկին պաշտոնյա, ես մոռացել էի, որ այսօրվա թաղապետը երեկվա ռայկոմի քարտուղարն է, որին պետք է հարցնել` փռշտա՞լ, թե՞ չէ: Իսկ ես կարծում էի, թե հայ պաշտոնեությունը ժողովրդավարական ու մտածող Հայաստան է կառուցում ...

Վաղը, այսինքն մի քանի րոպե անց` Երևանում արտակարգ դրությունը ավարտվում է, բոլորն սպասում են ` ինչպիսին է լինելու դեպքերի ընթացքը: Իշխանությունը մի ամբողջ ապացուցողական համակարգ է ստեղծում, թե իրադարձությունները կրիմինալ ծագում են ունեցել: Ես` որպես մարդաբան և հասարակական փորձագետ, ժողովրդի ներքին կյանքը առանձնացնում եմ բոլոր կրիմինալ երևույթներից և ասում. նրա ներքին դժգոհությունը, երբեմն ցասումը, ունենում է ուրիշ ծագում...և ուղղված է լինում իր նվաստացման դեմ, իր հոգեկերտվածքի ճնշման դեմ: Եվ դրա հետ կապված` կմիխիթարեի իշխանությանը, նաև գործող ու նորընտիր նախագահներին.. հայ համայնքի դժոհությունը ուղղված է Երրորդ հանրապետության ամբողջ դրվածքի` պետական – քաղաքական կարգի և նրա ցածր էթիկայի դեմ: Այնպես որ` գնացե~ք խորքը, գնացե~ք խորքը, մի~ ասըռեք միայն քրեական գործոնին, այնտեղ լուծումներ չկան...

«Շանթի» էկրանին սիրելի, շատ սիրելի Արմեն Ջիգարխանյանն է, որն ասում է «պատճառները շատ են` սկսած իսկական ճշմարտությունից մինչև հրահրումները: Չեմ կասկածում , որ կան լուրջ պատճառներ»: Այո~, պետք է գնալ դեպի պատճառները, դեպի արմատները ...

«Կոլեկտիվ հասկացությունը հայ մարդու համար չէ» -ասում է սիրելի արտիստը: Ափսո~ս ` դա ճշմարտություն է: Բայց մենք ճանապարհ ունենք` ՀԱՅ ՆՈՐ ԱՌՈՂՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐԹՈՒՄԸ , ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՄԵՐ ՈՒՂԻՆ Է:
«Չարն ավելի շուտ է արդյունքի հասնում, բարին երկար է սպասում»,- ասում է Արմեն Ջիգարխանյանը: Որքա~ն իմաստություն. որքան համբերատար պետք է լինեն` սպասելով մեր գործի արդյունքներին:

Մի հաղորդման մեջ իրար դեմ էին ելել հայ առաքելականի քահանան, հայ քրիստոյա աղանդավորը և հայ հեթանոսը: Մի~ կռվեք, սիրելինե~ր, ձեզ բոլորին կրթողը, մի աշխատանքի և լուծի տակ դնողը, հաշտեցնողը ոչ Քրիստոսն է լինելու, ոչ էլ հեթանոս աստվածները. ՁԵԶ ՄԻԱՑՆՈՂԸ, ՄԵԿ ԱԶԳ ԴԱՐՁՆՈՂԸ, ՁԵՐ ԳՈՐԾԻՆ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂԸ ՁԵՐ ՆԵՐՔԻՆ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է և ՄԵՐ ԶՈՐԱՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ:

Սիրելի ֆորում նորից ասենք մեծ գեղագետի հետ` ոչինչ չարժե մի երեխայի արցունքին: Ահա բոլոր դեպքերի և իրադարձությունների գնահատման միակ ճշմարիտ բանալին:

Բարի գիշեր:

Հեղինակ
22.03.2008, 01:02
Այսօրս` 21 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս խաղաղ օր էր և աշխատանքային, թեկուզ երկրում և նրա օդում լարվածություն կար: Աշխատում եմ մի ծավալուն հոդվածի վրա Հայաստանի ներկայի` այս օրերի և ապագայի մասին: Եվ տվայտում է սիրտս` ինչպե՞ս տալ գնահատականները, որ հագիս դատավորի քղամիդ չհայտնվի… Եվ որոշեցի վստահել սրտիս, դիտարկել ու հասկանալ այս ամենը և գնալ դեպի խորքը, ԴԵՊԻ ԽՈՐՔԸ…
Այսօր մի լուր շատ ցավ պատճառեց ինձ – մի թերթում լրատվություն կար` մարտի 1-2-ին զոհվածներից մեկի մասին: Այդ երիտասարդը` երկու երեխաների հայրը, նախորդ գիշեր երազ է տեսել, որ ատամները փշրվում են և լցվում ափի մեջ, և երազը պատմել էր մորը…Մտածել են, որ կորուստ է լինելու, գուցե տատը կամ պապը… Ամենատես և Զորավոր Կյանք, միթե՞ քեզ հայտնի են ճակատագրերը, միթե տասնյակ հազարավոր մարդկանց մեջ` հայտնի էին նաև զոհերը, և խորհրդանիշ- տեղեկությունը հասել էր տարաբախտ ընտանիքին:

Շարունակվում են մարտի մեկի իրադարձությունների գնահատականները: Նորից, նորից ու նորից գնահատողները թույլ են տալիս նույն սխալը – Ժողովրդի ներքին էթիկական լարումը, միայն նրա հավաքական հոգուն հայտնի ճշմարտությունը նրանք խառնում են պատճառա -հետևանքային շղթայի շատ հեռավոր օղակների հետ` անկարգություններ, բռնարարքներ … Սիրելի հետազոտողներ, ի՞նչ եք պլեճ անում քրեական դաշտում, այդպես դուք կարող եք ապակողմնորոշել և՜ ձեզ, և՜ իշխանությանը, և՜ ժողովրդին: Ախր մեզանից կյանքը պահանջում է մտնել պատճառագիտության դաշտ, Ազգային և Տիեզերական Էթիկայի դաշտ և այնտե՜ղ, այնտե՜ղ, այնտե~ղ ելք փնտրել Հայաստանի համար:

Ստեղծվեց քաղաքական կոալիցիա, որն ընդգրկում է չորս կուսակցություն: Դե ինչ` թող լինի կոալիցիա. ուժերի ամեն մի մեկտեղում, որն իր մեջ ունի մի կաթիլ էթիկա` կարող է օգուտ բերել երկրին…Եվ, իհարկե, եթե այդպիսի միավորումը իր մեջ չունի էթիկական լիցք, ապա այն կամ նրա ստեղծած իրավիճակը մի օր պայթելու են` ամայացնելով ամբողջ քաղաքական շրջապատը:

Չորս կուսակցությունը թող կազմեն քաղաքական կոլաիցիա, իսկ մենք երազենք,- չէ~, խորհե՜նք, մտածե՜նք, գործե՜նք մի ուրիշ կոալիցիա ստեղծելու ուղղությամբ`ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՈԳՈՒ , ՍԻՐՈ և ԳԵՂԵՑԿՈՒՅԹԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ: Միայն այսպիսի հավաքական էթիկական ուժը կարող է և մեր ազգին, և մարդկությանը դուրս բերել ներկա աղետալի վիճակից…

Շարունակենք հայ հակամշակույթի մեր դիտարկումները: Մի երգիչ իրեն կոչել է Սասունցի Դավիթ… Շատ լավ… Հանրայինի մշակութազուրկ կոմեդիանտը նրա մասին է խոսում և ասում Սասունցի Դավթի քեռի… Ձենով Օհանը: Այս սուբյեկտը ծաղրում է իր ժողովրդի էպոսը: Ո~վ կոմեդիանտ, մի օր կգա Սասունցի Դավթի Քեռի Թորոսը և ծանր ցախավելով կմաքրի Հանրայինի բեմը հակամշակույթի տխրահռչակ աղբից ու նրա ասպետներից:

Հարգելի քաղաքական կոալիցիա, իսկ քո առջև խնդիր դնու՞մ ես` առողջացնել Հայաստանի մշակույթը, թե՞ մշակույթն այնպիսի մանրուք է, որ չի կարող հիշատակվել կոալիցիոն համաձայնագրերի մեջ… Մինչև չհասկանաք մշակույթի կենսական նշանակությունը, մինչև չհագեցնեք ժողովրդի սրտի քաղցը, մինչև չսիրեք ժողովրդի հոգին` քոչարի պարող ցուցարարները ձեր գլուխը դեռ շատ են ցավացնելու… ՆՐԱՆՔ ՊԱՐԵԼ, ԱՊՐԵԼ, ՍԻՐԵԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ԻՍԿ ԴՈՒՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ ԹԵ ՆՐԱՆՔ…իշխանություն են ուզում: Վերադարձրեք Ազգին նրանից խլված երազները, երգերը, տոները, նրա Կյանքը և Հպարտությունը, և նա ձեզ կհանձնի մի այնպիսի մանրուք, ինչպիսին…իշխանությունն է…

Սիրելի Ֆորում, ասենք մեր պետական իշխանությանը` մեզանից մի խլիր մեր ԱՐԱՐՉԱՇՈՒՆՉ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ, մենք էլ քեզ կթողնենք քո նյութաշունչ իշխանությունն ու հարստությունը…Ահա այսպիսի …Տիեզերական Առ և Տուր…

Բարի գիշեր

Հեղինակ
23.03.2008, 01:24
Այսօրս` 22 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս պայծառ աշխատանքային օր էր: Զարմանալի բան. տարիներ շարունակ կարող ես առողջ սննդակարգին հետևել, խնամել սեփական առողջությունը, բայց աննկատելի կարող է սխալ սողոսկել և ինչ որ բան վթարել: Սնունդս բուսական է, օրական երկու անգամ, շատ զուսպ , բայց արի ու տես, որ գիրանում եմ: Այսօր որոշեցի ավելի արթուն և ավելի քիչ սնվել: Եվ ինչ` ամբողջ օրն ավելի թեթև էի, ավելի աշխատունակ ... Ու մտածում էի` ինչպես են աշխատում մարդիկ օրը երեք-չորս անգամ ծանր սնունդ ընդունելով` խորովածներով ու կոկա - կոլաներով: Մի խոսքով, սիրելիներ, պայծառ ուղեղով աշխատելը հրաշալի բան է...

Այն հոդվածը, որի վրա աշխատում եմ, ընդգրկում է մեր կյանքի լայն համայնապատկերը ... Եվ մի ռակուրս կար, թե տեսնես` նորընտիր նախագահը ու՞մ է նշանակելու գործադիրի ղեկավար, և ենթադրելի էի, որ նրա ընտրությունը մեծ չէ և «լավագույն դեպքում վարչապետությունը կտա մի բանկոկրատի, տեխնոկրատի կամ դեմոկրատի, որը ոչինչ չի հասկանում բարձրագույն ազգային շահից և աշխարհից...»: Առաջ չեմ անցնում ենթադրությանս մեջ, բայց այսօր նորընտիր նախագահին տեսանք Ճրագալույսի Պատարագին և ու~մ ուղեկցությամբ` Կենտրոնական բանկի նախագահի: Սա այն անձն է, որ Միջազգային Արժութային Հիմնադրամի(ՄԱՀ) հետ համագործակցելով` «նպաստեց» դոլլարի արժեզրկմանը և դրամի այսպես կոչված արժեվորմանը, որը հայ աշխատավոր խավից խլեց մի քանի հարյուր միլիոն դոլլար: Եվ ահա` ի դեմս նրա գուցե այսօր տեսնում էինք Հայաստանի վաղվա վարչապետի՞ն... Ես այսօր արդեն կմերժեի նորընտիր նախագահի այդպիսի քայլը... Բայց Պատմությունը իր խաղն է խաղում, գուցե հենց այդպես պետք է լինի...

Այս կյանքից հեռացավ Վարազդատ Հարությունյանը, վանեցի վերջին մոհիկանը, տեսնես` Հայաստանում Վանում ծնված վանեցի էլ մնա՞ց, ո՞վ մեզ պիտի պատմի այն չքնաղ երկրից, Արտամետի խնձորից, քաղաքի մեջ վազող մաքուր առուներից, քաղաքային գեղեցիկ կենցաղից, ո՞վ պետք է մեզ համար խռպոտ ձայնով «Դլե յաման» երգի: Սիրելի ճարատարապետ, այնտեղ` Հայաստանի երկնքում, հայկական Վանը անվթար է և գեղեցիկ, այնտեղ դու կտեսնես քաղաքիդ բոլոր հանճարեղ զավակներին... Իսկ մենք ասում ենք. Սիրելի~, կորուսյալ երկի՜ր, մենք մեր սրտի մեջ պետք է կենդանացնենք քո անուշ բարբառները, հնչեցնենք քո երգերը, քո հերոսական պարերը և այդպե~ս, այդպե~ս, այդպե~ս քեզ ոգեկոչելով` մի օր էլ կարժանանանք քո անուշ տեսքին...

Սիրելի ֆորում, քնելուց առաջ մեր սրտի ձեռքերով գրկենք մեր անուշ, մեր դառը, մեր պաշտելի Հայրենիքը:

Բարի գիշեր:

Հեղինակ
24.03.2008, 00:44
Այսօրս` 23 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր տոն էր` Հարության օրը: Զգացումներս բազմաշերտ էին. մի շերտը ժողովրդական տոնի զգացումն է. հիշում եմ մանկությունս` ձվեր «կռվացնելու» մեր խաղերը, հիշում եմ ժողովրդական ուխտագնացությունները ... Ահա իններորդ դարի Մաքենիս վանքը, բարձր լեռան գագաթին` Սարի սուրբը, Տաշ-կափունը (Քարե դուռը): Այդ ուխտագնացությունների մեջ կրոնականություն գրեթե չկար, այլ միայն ժողովրդյան ուրախություն ...

Սակայն, երբ տոնի ուրախությանը խառնվում են դոգմատիկ տեքստեր` համառ ու կրկնվող` իմ ուրախությունը պակասում է. «կարմիր գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է, որ մաքրեց մարդկության մեղքերը...»: Եվ ամենայն քարացած այսպիսի պնդում պակասեցնում է կյանքի թրթիռը, զգացումը... Ներկա մարդկությունը` թաթախված սխալների մեջ, մտածում է, թե Քրիստոսը իր մեղքերը քավել է` էլ ի՞նչ գործ կա անելու ...

Ահա եկեղեցիները` Հռոմի պապը, մեր Վեհափառը, բարձր ու թանկարժեք թագերը գլխներին, շքեղության ու ճոխության մեջ` հորոդոր ու խրատ են կարդում մարդկությանը ... Նույն ժամին` ամենուր էթիկական, էկոլոգիական և սոցիալական ախտահարված վիճակ է, բայց եկեղեցիների մոտեցումը շատ մակերեսային է, ոչ կենսական, նրանք միայն սպասարկում են հիվանդ աշխարահակարգի ճակատը, բայց չեն կարողսանում հասնել մարդկության սրտին ու վերափախել, կրթել այն... Եվ երբ պատկերացնում ես այս մոլորակայաին ճգնաժամի պահին ի~նչ ծանր աշխատանքի է կանգնած Աստվածորդին, մարդկության մյուս Մեծ Ուսուցիչները, ինչ արյուն-քրտինք է կաթում նրանց հրեղեն ճակատներից ... Նույն պահին, օրինակ, մեր Վեհափառի ճակատին հանգչում է բարձր ու թանկարժեք թագը, իսկ շուրթերից հնչում են աշխարհիկ, գրեթե քաղաքական հորդորներ, որոնցով նա յուղում է ներկա գտնվող պաշտոնեության անհանգիստ սրտերը:

Այսօր մի հետաքրիքիր իրադարձություն էր եղել` մի հայտնի մահմեդական գործիչ ընդունել էր կաթոլիկություն: Լավ էր արել, իր գործն է: Բայց լուրն այնպես էր մատուցվում, որ քրիստոնեությունը մի մեծ առավելության է հասել իսլամի հանդեպ ... Ողորմելի մտայնություն, որ նորից բաժանում է ժողովուրդներին և կրոնները: Այդ ե՞րբ է կաթոլիկ եկեղեցին` մի ջերմ ու սրտագին ուժով ելել մոլորակը պատած ախտերի դեմ: Նույն պահին, իսլամը ավելի երիտասարդ ավյունով ճակատ է տալիս մոլորակային նյութապաշտության դեմ... Այնպես որ` մի~ հրճվեք, թե մի մահմեդական քրիստոնյա է դարձել կամ հակառակը: Հրճվենք, եթե նրանցից մեկը, մեզանից մեկը... Մա~րդ է դարձել:

Այսօր մի խումբ չինացիներ էին Հայաստանում` գործարարներ, դիվանագետներ: Հրաշալի է, ճիշտ է իմաստուն Արևելքի հետ համագործակցելը:

Հրաշալի մի հաղորդում նայեցինք` մեծանուն Ջիվան Գասպարյանը. խորունկ, հայեցի, բնական, մարդկային: Թող երկար ապրի, վայելենք իր քաղցր, կենսատու ներկայությունը Վարպետը ասում էր` «Այնքան աստղեր կան, որ իրար չեն տեսնում, մեղք են, թյուրիմացության մեջ են» :

Այսօրվա տեսած-լսած մշակութային մի գոհար եմ ուզում նշել` «Ուրֆայի կատակերգ» , կատարում էր Արսեն Գրիգորյանը` սփյուռքահայը, պարում էր «Կարինը» ` Գագիկ Գինոսյանի առաջնորդությամբ,- վեհասքանչ , հերոսական լեռնապար....

Այսօր Հանրային հեռուստատեսությունը նույն ձեռագրով, նույն պնդաճակատությամբ շարունակում էր մշակութային ահաբեկչությունը և հայ հանդիսատեսին մատուցում նույն ողորմելի ընթրիքը` մեկ թրիլլեր և մեկ մարտաֆիլմ: Հայ երիտասարդություն, եթե երբևէ ուզում ես որևէ հեղափոխություն անել, ապա առաջինը` երես թեքի~ր հայ հակամշակույթի այս հանրային-պետական կենտրոնից...

Սիրելի ֆորում շնորհավորում եմ բոլորիդ տոնը, թող մեր սիրտը հարություն առնի և հաղթահարի ամենայն կասկած, վախ, անտարբերություն և անսրտություն...

Բարի գիշեր:

Հեղինակ
25.03.2008, 01:18
Այսօրս` 24 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրս լիքն էր հակասական զգացումներով և ապրումներով:

Այսօր ավարտեցի աշխատանքը այն հոդված – էսսեի վրա, որն արտացոլում է Հայաստանի ներկա վիճակը և ապագայի ուղիները: Մերոնց աչքին` դա արդեն քաղաքականություն է` գործունեության մի տեսակ, որը կամ անպտուղ է, կամ տալիս է ոչ հասուն պտուղներ: Առողջագետը արդեն մի քանի օր է մեղմ կշտամբում է` այն գործը չես անում: Philosopher-ը ասում է. «Երկրին Մեծ Հանդուրժողականություն է պետք, երկրին Մեծ Խաղաղարար է պետք: Ամեն մարդ պետք է երկրին: Նրանց տարաբաժանումը ոչինչ չի կարող տալ, ոչինչ չի ստեղծի...»:

Լսեցի սիրելիներիս և էսսեի հետգրության մեջ սիրտս խոնարհեցրեցի բոլորի առջև, ում գուցե ցավ կպատճառի այդ աշխատությունը...Առաջին նախագահի, գործող և նորընտիր նախագահների, մեր կուսակցապետերի առջև...Բոլորը, բոլորը, բոլորը իրավունք ունեն մասնակցելու Նոր Հայրենիքի շինարարությանը: Այս միտքը քաղաքականության ավարտն է...

Այսօրվա Հիշատակի օր էր, այցելեցինք մեր ծնողներին`Առողջագետի հոր և մոր գերեզմանին: Նրանք հայ գրականության սքանչելի գիտակներ էին, մեծ մանկավարժներ, ինձ համար վայելք է եղել նրանց հետ շփվելը: Նստում էինք բաց պաշտգամբում, շնկշնկում էր Շիրակի օդը, և խոսում էինք գրականությունից, արվեստից, գեղեցկությունից: Հիշում եմ, երբ առաջին անգամ նրանց տուն գնացի այցի` ասացի Հարություն Նալյանին. կարդացե՞լ եք Չարենցի «Ի խորոց սրտի բանաստեղծությունը», որ տպագրել է «Գրական թերթը» շատ տարիներ առաջ: Նա ժպտաց, դարակից հանեց Չարենցի հատորը միջից մի թերթ և ասաց. Ահա «Գրական թերթի» այդ համարը:
Հարգանք ու սեր մեր պայծառ ծնողների հիշատակին:

Ցնցող մի տեսարան հանդիպեց գերեզմանոցի մուտքի մոտ, որի լայն հրապարակը վերածվե~լ էր... Էլիտար Գերեզմանոցի... Այստեղ թաղված էին երկրիս մեծահարուստները. մուգ գրանիտի լեռներ, արձաններ, «հյուրանոց» հիշեցնող շքեղ գերեզմաններ: Նայում էի այդ կորուսյալ հարստությանը և խղճում մեր դրամատերերին` այս ողորմելի նյութական մրցույթի համար: Գերեզմանների վրա նրանք ծախսում են հսկա գումարներ` առանց որևէ օգուտի հանգուցյալների համար: Մինչդեռ քանի~ բանաստեղծի, քանի~ գիտնականի գիրք այժմ անտիպ է` երկու դրամ չլինելու պատճառով: Հայ դրամատիրություն, արհամարհելի է քո նեկրոպոլյան փառասիրությունը...

Այսօրվա միջազգային համայնապատկերից մի դիտարկում ունեմ. Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի շրջանում թուրքերն ու քրդերը զարկում են իրար... Հայտնի է, որ թուրքերը Մեծ Եղեռնը իրականացրել են նաև քրդերի ձեռքերով, իսկ հիմա այս երկու էթնոսը մեր բնիկ հողի վրա իրար կոկորդ են կրծում: Չեմ չարախնդում, բայց քրդերի ապաշխարությունը մի մարդավարի դեռ չենք լսել, թեկուզ զղջում և ափսոսանք երբեմն արտահայտել են: Որքա~ն հայ մանուկներ են քրդացել, որքան թանկ արյուն է այժմ խայտում այն լեռներում`անտեղյակ և գուցե...տեղյակ իր ծագմանը... Ջերմ համբյուրս մեր հեռավոր մանուկների աչքերին...

Այսօր երկրում խաղաղ էր, հայլուրային մադոննան ժպտերես էր, նույնիսկ` ուրախ: Նորընտիր նախագահի այցը Մոսկվա մի քիչ վստահություն էր ավելացրել պաշտոնական լրատվությանը... Բայց չէր փոխվել պաշտելի Հանրայինի հակամշակութային ձեռագիրը: Մեր հեռուստադիտողը ստացավ իր... մի բաժին թրլիլլերը, մարտաֆիլմից մեզ փրկեց... մի վավերագրական ֆիլմ` ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ մասին:

Սիրելի ֆորում, այսօր ասենք, որ մահը պատրանք է, մահ չկա, բայց տարբեր աշխարհներում ապրող և սրտագին սիրով կապված մարդկանց կարող է թվալ, թե նրանք շատ հեռու են իրարից: ԲԱՅՑ ԿՅԱՆՔԸ ՄԵԿՆ Է, ՏԻԵԶԵՐՔԸ ՄԵԿՆ Է, ԻՍԿ ՍԵՐ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒՄ:

Բարի գիշեր:

Առողջագետ
25.03.2008, 11:12
Սովորաբար աշխատում եմ չընդհատել այս հեղինակային շարքը, թեկուզ շատ մտորումներ է առաջացնում, բայց երեկվա մեր տեսածի առումով այնուամենայնիվ մի երկու դրվակ ուզում եմ ներկայացնել: Այսպես ասած, մեր ազգային բնավորության "լավ" կողմերի վերաբերյալ:
Մի երկու տարի առաջ պայմանավորվել էինք մի շարք դպրոցների տնօրենների հետ` այնտեղ ուսուչիցների և աշակերտների համար հանդիպում անցկացնելու, առողջության, հիվանդությունների կանխման, առողջ սննդի, վերջապես կյանքի մասին խոսելու, հաևցերին պատասխանելու համար: Տպավորությունները շատ էին, շատ կերպարներ տեսանք, նորից ու նորից շատ բան հասկացանք մարդ արարածի հետ կապված...
Եվ ահա, ըստ պայմանավորվածության գալիս ենք Րաֆֆու անվան դպրոց: Անմիջապես զգացինք, որ ըստ հայկական դառը սովորության արդեն ինչ-որ մեկը հասցրել է ինչ-որ "քար" գցել... Ահագին սպասելուց հետո մի խղճուկ լսարան ստացանք... մեկ-երկու տասնյակ ոչ առաջատար աշակերտներից և մանկավարժներից... Դահլիճը սառը, անխնամ, ուշադրությունը` մինիմալ քաղարակիրթ: Դառն էր մեզ համար այն գիտակցությունը, որ մեր բերած շքեղ և կենսալից գիտելիքը այդպիսի ընդունելության արժանացավ: Սակայն մենք բավականաչափ կոփված ենք այդ առումով, խոսքը եղավ կենդանի և հետաքրքիր, բայց մենք հեռացանք` հիշելով հայտնի աստվածաշնչյան խոսքերը:
Սակայն հետաքրքիրն այն է, որ հաջորդ օրը պատահմամբ ռադիոյով լսեցի, որ հաջորդ իսկ օրը այդ նույն դպրոցում մի-քանի ժամ տևողությամբ, պաշտոնյաների ներկայությամբ, լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ և տնօրենի "բարձր" ղեկավարությամբ մի ճոխ միջոցառում է տեղի ունեցել` հայոց եղեռնին նվիրված:
Ես իհարկե դեմ չեմ և չեմ կարող լինել այդպիսի միջոցառմանը, սակայն միթե եղեռն չէ, որ այդ երեխաների և ուսուչրցների մեծ մասը հիվանդ են, վաղը մեկ երրորդը անպտուղ են լինելու, վիրահատվելու են խոցի կամ սրտային անոթների խցանման պատճառով... գուցե նրանց կյանքի և առողջության խոսք էինք բերել, ո~վ հազարամյա դպրոց ու դպրություն ունեցող "չիմաստուն" ժողովուրդ, ո~վ դավաճան պաշտոնյա...
Փոխանակ մահը կյանքի մաս դարձնենք, մահվանից Կյանքը խնայելու դասեր առնենք, մենք, ցավոք սրտի, կյանքը Մահվան բաժին ենք դարձնում, չխնամելով Կյանքի ծաղիկը, անընդհատ մահվան կուլտն ենք հզորացնում:
Ինչպես Գոգոլի "Ռեվիզոր"-ի գլխավոր հերոս Չիչիկովը, այնպես էլ մենք մեր "հին ու մշակութային", առավելևս "առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած" մեր սիրելի ու դառը Հայրենիքում շատ մեռած հոգիներ ու շատ այպանելի երևույթներ տեսանք, մեր Կյանքի գիտելիքը տարածելիս:
Առիթի դեպքում պիտի գրենք և խոսենք այդ մասին, ցավոք սրտի, առանց այս վիրահատական նշտարի մեր ազգի և հենց մեր երեխաների համար ապագա չկա:

Հեղինակ
26.03.2008, 00:41
Այսօրս` 25 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր առավոտս սկսեցի «Արշալույս»-ի տարածմանն ուղղված քայլերով: Նպատակ ենք դրել մեկական օրինակ հասցնել մանկապարտեզներին և դպրոցներին: Շատ հետաքրքիր աշխատանք է` ո՜վ է հեռախոսագծի մյուս ծայրում, ինչպե՜ս է ընկալում ասածդ ... Շատ հետաքրքիր դիտարկումներ ունեցա: Այսօր մի մանկապարտեզի տնօրեն գովում էր իր թաղապետին, թե եթե ասե~ք նրան, ինչպե~ս կօգնի... Եվ ինքը հրաժարվեց մեկ օրինակից... Բայց հիմնական մասը արձագանքում է ջերմ և ըմբռնումով...

Այսօր շարունկում էի Առողջագետի «Նոր անգիտաց անպետի» խմբագրումը: Հենց այսօր էլ առողջապահության առաջատարներն ասում էին, թե այդ գծով օրենսդրությունը հնացած է, անհրաժեշտ է նոր օրենք: Եվ նրա համար, որ... մեր դիպլոմներն անցեն արտասահմանում, որ հասնենք «եվրոպական» չափանիշներին: Զարմանալի գաղութային հոգեբանություն... Ես ու Առողջագետը լսում էինք և ասում. այս բժշկությամբ ու՞ր եք գնում, ե՞րբ է նորանալու բժշկության աշխարհայացքը, ե՞րբ է ներդրվելու բնական բժշկությունը, ե՞րբ է գործելու առողջ ապրելակերպի կանխարգելիչ համակարգը: Եվ արձանագրեցինք` առողջապահության հեղափոխությունը իրականցվում է Առողջագետի սեղանին:

Այսօր մամուլում հանդիպեցի մի հետաքրքիր փաստաթղթի: Հայ եկեղեցու մի քանի հավատացյալներ ու սպասվորներ նամակ են գրել Գարեգին 2-րդ կաթողիկոսին, այդ նամակը հայտնի է հանրությանը: Պետք է նշեմ, որ Հայ եկեղեցու ճգնաժամը դեռևս 2001-2002թթ. արտացոլվել են մեր աշխատանքներում: Հիշյալ նամակում կար մի մեծ անճշտություն. իբրև թե մեր երկրում վերջին տաս տարում իրականացվում է սխալ քսղաքականություն ժողովրդի նկատմամբ: Իսկ ես հարցնում եմ. իսկ դրանից առա՞ջ...
Մի բան հստակ է. Երրորդ հանրապետության պետականությունը հիվանդ է, և նրա հիվանդությունը տաս տարվա պատմություն չունի, այն, իմ կարծիքով, բնածին արատ է և հատուկ է նրա բուն էությանը: «Տաս տարվա» թեզը մեծ կեղծիք է, այն զուտ քաղաքական ծագում ունի, կխորացնի պառակտումը և չի առողջացնի մեր հիվանդ երկիրը...

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Հարգանք նրա հիշատակին: Մի երկու կարևոր դիտարկում: Հաղորդումներում հիշվում էր, որ հանգուցյալ վարչապետը շատ է սիրել ժողովրդական երգը, հերոսական մեր երգերը, այսօր էլ նրա հիշատակի համերգին հնչում էին հենց այդ երգերը: Ափսո~ս, չեմ նկատել, որ վարչապետի կենդանության օրոք մեր հեռուստատեսությունը վարեր ազգային-մշակութային քաղաքականություն: Հիշե~ք վարչապետի կառավարության մեջ մշակույթի նախարաներին և թախիծը կպատի ձեր սիրտը. այդքան էլ մակերեսային, այդքան էլ ապաշնորհ մշակութային քաղաքականություն: Մի իղձ ունենք. հանգուցյալ վարչապետի քաղաքական ժառանգները թող ճշգրտեն կուսակցության մշակութային քաղաքականությունը...Եվ Հանրայինի վրա ազդելու իրենց հնարավորությունները...

Երկրում ներքին լարվածություն կա, պետական այրերի դեմքերին նկատվում են նոր կնճիռներ.. Այսօր շարունակում էի այն հոդված–էսսեի զննումը, որ ավարտել եմ երեկ: Ինչպե՞ս ասել խոսքը, ինչպե՞ս չխորացնել պառակտումը, ինչպե՞ս չլարել առանց այն էլ լարած նյարդերը: Ուղին մեկն է` սիրել այս հայրենիքը և նրա բոլո~ր, բոլո~ր, բոլո~ր աշխատավորներին: Չկա մեկը, որն իրավունք չունենա մասնակցելու հայրնիքի վերաշինությանը: Ատելությունն ասում է. այսինչը չի~ կարող մասնակից լինել հայրենիքի գործին ... Սերն ասում է` բոլո~րն իրավունք ունեն:

Սիրելի Ֆորում, մենք էլ ասենք. ԲՈԼՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ....

Բարի գիշեր:

Այգ
26.03.2008, 11:30
Մի բան հստակ է. Երրորդ հանրապետության պետականությունը հիվանդ է, և նրա հիվանդությունը տաս տարվա պատմություն չունի, այն, իմ կարծիքով, բնածին արատ է և հատուկ է նրա բուն էությանը: «Տաս տարվա» թեզը մեծ կեղծիք է, այն զուտ քաղաքական ծագում ունի, կխորացնի պառակտումը և չի առողջացնի մեր հիվանդ երկիրը...


Այո հարգելի Հեղինակ, մեր Մայր Հայաստանը իսկապես հիվանդ է: Եւ հիվանդության հիմնական հարուցիչները թերևս իրար հաջորդող բուժող անձնակազմներն ու նրանց մեթոդներն են:
Հիմա էլ իրար մեջ պայքարում «արմենիկում»ի և մի անգամ արդեն իրեն չարդարացրած տզրուկաբուժության ջատագովները:

Հեղինակ
27.03.2008, 00:47
Այսօրս` 26 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր շարունակում էինք “Արշալույս”-ի տարածումը: Ուրախանում ենք, որ գիրքը մտնում է մանկապարտեզներ` գոնե մեկ օրինակով: Այնտեղ նա կաշխատի: Ուզում եմ նշել մի երկխոսություն` մանկապարտեզի տնօրենի հետ: Նա ինձ ասաց, որ առանց թաղապետարանի համաձայնության` ինքը չի վերցնի գիրքը: Իհարկե, մենք այս գիրքը տարածում ենք որպես ընթերցարան և ոչ պաշտոնական ներդրվող կրթական ձեռնարկ: Մանկապարտեզի տնօրենը ինձ կուրախացներ, եթե իմանայի, որ մեր պետականությունը զգոն է և միայն առողջ կրթություն է թողնում նախադպրոցական հիմնարկ: Բայց ավաղ` տասնյակ մանկապարտեզներում օտար դրամաշնորհներով ներդրվում են մեր մանուկ սերնդի զարգացմանը վնասող կրթական մոտեցումներ:

Այսօր ավարտեցի մի հոդված-էսսե` “Դեպի նոր գոյություն, դեպի նոր պետականություն”: Այն գրել եմ Այգի հորդորով, որը միտք էր հայտնել, որ մեր աշխատանքները տարծվեն նաև մամուլի միջոոցով: Հոդված- էսսեն ուղարկեցի մի թերթի, պետք է բանակցենք: Այս աշխատությունն իր մեջ ունի Հայաստանի ապագայի տեսլիքը` միայն սկզբնական ուրվագծի մեջ, մնացյալը ցույց կտա կենդանի կյանքի ընթացքը:

Այս տարի նշվելու է Սարդարապատի հաղթանակի 90-ամյակը: Անկրկնելի վառ հիշողություններ ունեմ ութսունական թվականներից: Առողջագետի հետ, մեր փոքրիկ մանուկներին առած, գնում էինք Սարդարապատ: Ես նրանց թողնում էի և լուծվում բազմահազարանոց ժողովրդի մեջ: Ահա “Վասպուրական” պարի խումբը, պարողները 60 տարեկան և ավելի տարիքով մարդիկ, մեծ մասը` ծնված Երկրում: Պարում էին այդ հզոր վանեցիները, ի~նչ գեղեցիկ ու ծանր ծնկածալումներ, ի~նչ հանդիսավորություն. այդպիսի ցնծագին զգացում այլևս երբեք չեմ ապրել: Գալիս էին տասնյակ խմբեր, մեր բնիկ հայրենիքի ձայնեղ զավակները… Խնդությունը և արցունքը ճնում էին սիրտս, մի քանի ժամ խենթ պտույտներից հետո` գտնում էի իմ սիրելիներին, որոնք ներում էին իմ սերը մեր ժողովրդական ու գեղջկական արվեստի նկատմամբ… Հիշում եմ մեր Philosopher-ին` մանկական սայլակի մեջ, վառ արևից թուլացած…

Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսը Կիևում: Զարմանալի է, բայց` փաստ, մեկ մարդ իր սրտում կարող է տեղավորել երեք` մշակութապես բավականին տարբեր ժողովուրդների ազգային արվեստները և յուրաքանչյուրի համար լինել յուրային` ազգային- մշակությաին գործիչ: Փարաջանովն է` հայ, վրացի և ուկրաինական արվեստների այս ժառանգորդը: Բայց մի շտկում ունեմ, որը թերևս «մոռացվում» է. Փարաջանովը նկարահանել է «Աշուղ Ղարիբ» ֆիլմը, որը ադրբեջաներեն է և այս ժողովրդի աշուղական և ժողովրդական երգարվեստն է ներկայացնում: Ես ցնցվել էի այդ ֆիլմը նայելիս, Փարաջանովըւ հասկանում էր նաև թուրքի հոգին: Հյութալի, ջերմ, ազնվաշունչ մի ֆիլմ էր դա... Սրանով ես ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր ժողովրդի ոգի ունի վսեմություն և ասպետություն, այս դեպքում մենք դա տեսնում ենք նաև էթնիկ հակառակորդի մոտ: Մեծ Փարաջանովը մեզ տալիս է հումանիզմի այդ ազդակը:

Մի լուր միջազգային լրահոսից. աճուրդի է հանվել Կարլա Բրունիի` Ֆրանսիայի առաջին տիկնոջ` մոդելի և երգչուհու մերկ լուսանկարը: Սկզբնական գինը 4 միլիոն դոլլար է: Գեղանի, թախծոտ կնոջ լուսանկար է... բայց գի~նը, բայց փա~ստը: ժամանակակից Արևմուտքը խենթացել է իր հարստությունից և բավարարվածությունից և ծերանում է … այդ բավարարվածության մեջ:

Սիրելի Ֆորում, անհագ սիրել կյանքը և ... չծերանալ:

Բարի գիշեր:

Հեղինակ
28.03.2008, 10:27
Այսօրս` 27 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօրվա աշխատանքս և հաճույքս էր կարդալ Զորավար Նժդեհի աշխատությունը` Լեռնահայաստանը - Սյունիքը Խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին: Զորավարի գերմարդկային սխրանքի մասին: Պարզվում է, որ խորհրդային դեսպանորդ Լեգրանի և Առաջին հանրապետության միջև կնքած պայմանագրի համաձայն` Սյունիքը անջատված է եղել Հայաստանից և հանձնված Ադրբեջանին: Զորավարը` հայրենապաշտ Լեռնահայաստանի ժողովրդի գլուխն անցած` փշրել է թուրք- ադրբեջանական - բոլշևիկյան զորքերը և ստիպել Սյունիքը մտցնել Հայաստանի կազմի մեջ:
Զորավարի տարեգրությունը շնչում է անկասելի ուժով ու հավատով: Նրան կարդալիս` պրկվում է մարդկային սրտի զորությունը... Զորավար, օգնի~ր մեզ` այս Հայաստանը մտցնելու Ոգեկան Հայաստանի կազմի մեջ, փրկելու նրան էթիկական ուծացումից ու փչացումից: Զորավարը մեզ հետ է, նա Մասիսի լանջերից հայու~մ է Հայաստանը...


Շարունակվում են քննարկումները Հայաստանի հետընտրական իրադարձությունների շուրջ: Եվ հարցնում են` շարունակե՞լ, թե՞ չշարունակել, կամ ինչպե՞ս շարունակել երկխոսությունը հակամարտող կողմերի` արմատական ընդդիմության և իշխանության միջև: Ես նայում եմ այդ քննարկումներին և ասում. Հայաստանում կա մեկ երկխոսության անհրաժեշտություն` Հայ Ազգի և նրա հոգեկերտվածքը ախտահարող պետականության, նրա քաղաքական կարգի միջև: Մնացած հակամարտությունները և երկխոսությունները կեղծ են և լուծում են միայն իշխանության բաժանման խնդիր: Հայ Ազգ - պետականություն երկխոսությունը լուծում է մեր գոյության խնդիրը` պետականության որակը փոխելու առումով: Սա է գործը: Սա է կռիվը: Այդ անարյուն կռվում պետք է հաղթի Հայ Ազգը և Հայ Մշակույթը:

Այսօր մի հետաքրքիր դիտարկում ունեմ. Կառավարությունը ընդունեց
«Հանցագործությունների կանխման պետական ծրագիրը», ստեղծվեց հանձնաժողով` Ոստիկանության պետի ղեկավարությամբ: Կողքից նայում եմ ու դառը ժպտում. ախր ոստիկանապետը ինչպե՞ս է կանխելու հանցագործությունները, ախր սա նախ մշակությաին խնդիր է: Հեռացրեք ծեծն ու ջարդը, սպանությունը հեռուստաէկրաններից, և հանցագործությունները կնվազեն 20%-ով: Թող հայ երիտասարդությունը պարի քոչարի ու ծափպար և երգի մեր հերոսական երգերը` մի քսան տոկոս էլ այստեղ կպակասեն... Ապա լուծե~ք սոցիալական հարցերը... Ապա` հայ վերնախավը թող գոմշաճակատ մեքենաների փոխարեն` փարի~ մեր կյանքին ու մշակույթին, սրանով կրթի մեր երիտասարդությանը, մի 30% էլ այստեղ հաշվե~ք… Իսկ ոստիկանապետի փոխարեն հանձնաժողովի նախագահ նշանակեք... մի փիլիսոփա- ազգագրագետի... Իսկ դու~ք հանցագործությունների դեմ մահակ եք ճոճում...

Այսօր Համաստեղին նվիրված գիտաժողով էր... Համաստեղ և Մնձուրի` արևմտյան բնիկ գյուղական համայնքի երգիչներ ... Արևմտահայ գյուղ, քո լեռները, քո արտերը, քո գութանները, անուշ բարբառներն ու երգերը... Միթե՞ այդ բնիկ գեղեցկությունը այլևս չի վերականգնվելու: Սիրելի, կորուսյալ աշխարհ, Համաստեղի ու Մնձուրու կախարդական վրձիններով նկարված` տեսնում եմ քեզ... Քեզ սեղմում եմ սրտիս, լսում եմ քո շնչառությունը և երազում` այն լեռների վրա, այն խորունկ կիրճերում, Մշո դաշտերում նորից հնչեին մեր բարբառները, մեր երգերը...

Սիրելի ֆորում, Հայկական բարձրավանդակի մեկ տասներորդ մասի վրա` ներկա Հայաստանն է: Այստեղ մեր սիրտն է: Այստեղ պահպանենք մեր լեզուն ու բարբառները: Այստեղ պահպանենք մեր բոլոր իղձերի անթեղները:

Բարի գիշեր:

Հ.Գ. Ուշացման պատճառը` ինտերնետ չկար:

Առողջագետ
28.03.2008, 11:44
Այս փայլուն գրառմանը ուզում եմ մի բան ավելացնել, որի մասին միշտ ցանկացել եմ գրել և ժամանակը չի բավարարել:
Իսկ դուք գիտեք, որ մարդկային ագրեսիան, դեպրեսիան, մտածելակերպի և վարքի այլ արատները, որոնք ընկած եմ հանցագործության հիմքում, ունեն մի զարմանալի ծագում ևս` դրանք կապված են կենցաղի և մասնավորապես սննդի հետ: Փոքրիկ գիտական փաստ` ուսումնասիրել են հանցագործության ցուցանիշները երկու մանկատներում /կարծեմ, ԱՄՆ-ում/, որտեղ մեկում խառը սնունդ են տվել, հատկապես մսեղենի և քաղցրավենիքի առատությամբ, շաքարավազի զգալի քանակով, իսկ մյուսում սնունդը եղել է առավել ճիշտ` ընտ հայտնի պատկերացումների. միրգ, բանջարեղել, ցորենազգիներ և այլն: Ինչպես կարող եք արդեն կռահել` էական տարբերություն է նկատվել նարկոմանիայի, գողությունների և այլ հանցագործ հակումների դրսևորման առումով:
Իսկ կա ավելի խոշոր և շատ հայտնի փորձ, որը կատարել են կապիկների համայնքների վրա, սրա մասին միշտ պատմում են Սուխումիի կապիկների արգելոցում: Էությունն այն է , որ սկզբից կապիկներին կերակրել են այնպես, ինչպես պահանջում է իրենց բնությունը, տեսակը` նրանք /ի դեպ, մեզ նման/ պտղակեր են. բանան, միրգ, տերևներ, ընկույզ և այլն: Վարքագիծը եղել է խաղաղ, ներդաշնակ, տիրել է "սիրո և ներդաշնակության" մթնոլորտ: Ապա հետզհետե սկսել են թփերի տակ անմարդկային մարդկային սնունդ դնել` ճաշեր, թխվածքներ, ըմպելիքներ /երևի, կոկա-կոլա և նման/, պաղպաղակ, և այլն: Փորձի մասնագետները նախ ֆիքսել են, որ կապիկները շատ արագ սկսեցին այդ սնունդը գերադասել, և, թողած միրգն ու ընկույզը, կրքոտ փնտրել հենց այդ սնունդը: Բայց ամենից հետաքրքիրը նրանց հոգեբանության և վարքագծի փոփոխությունն էր. նրանք դարձան կրքոտ, լարված, անհանդուրժող, խանդի տեսարաններ ի հայտ եկան, լիդերության ձգտում, և նաև, հարցագործ հակումներ: Չմոռանամ ավելացնել, որ անմիջապես առաջացել կամ խիստ ավելացել են աթերոսկլերոզը, ինֆարկտը, ինսուլտը և մյուս "քաղաքակրթության" հիվանդությունները:
Ահա ուրեմն, հանցագործության դեմ պայքարը հնարավոր չէ առանց ազգային ապրելակերպի առողջացման: Իսկ ձեր մտքով կանցնե՞ր սննդագետ կամ ապրելակերպի մասնագետ մտցնել այդ հանձնախմբի մեջ, իսկ առավելևս պետության կարևորագույն խնդիրները դնել բժշկի առջև, ոչ այն, որ դեղ է նշանակում կամ վիրահատում, այլ այն բժշկի, որ ապրելակերպի, Ամբողջի, Կյանքի բժիշկ է:

Հեղինակ
29.03.2008, 00:14
Այսօրս` 28 մարտի 2008թ., ավարտվում է:


Այսօր շարունակում էինք «Արշալույս»-ի տարածման գործը: Մինչև վերջին տարիները մենք ձգտել ենք ստանալ մեր պետականության աջակցությունը, վերջերս էլ որոշել էինք փոխշահավետ համագործակցության կոչել հայ դրամատերերից մեկին` Հրանտ Վարդանյանին: Սակայն պետությունը, ֆինանսական օլիգարխիան հսկա, ոչ դինամիկ կառույցներ են և չեն կարողանում արձագանքել ժողովրդի մեջ ծնված ստեղծագործական առաջարկներին... Եվ հիմա` երբ որևէ մանկապարտեզ մեկ օրինակ «Արշալույս»-է վերցնում` սա է լինում համայնքի աջակցությունը մեր գործին: Էլի հասարակ ժողովուրդը, էլի ծնողն է օգնում իր երեխայի համար աշխատող հեղինակին, և ինչքան համեստ է այդ աջակցությունը: Ինչևէ, արդեն ձեռնարկում ենք Առողջագետ-ի «Նոր Անգիտաց անպետ» գրքի տպագրության գործը: Հերթի է իմ պոեզիայի Հատընտիրը... Ե՞րբ են լույս աշխարհ գալու այս սիրելի զավակները...


Այսօրվա միջազգային լրահոսից. ցավալի, շատ ցավալի է Իրաքի բարեկամ ժողովրդի պառակտումը. Իրաքյան կառավարությունը և շիա ապստամբները զարկում են իրար: Նավթի հոտը, հեղվող արյունը, ամերիկայն ուղղաթիռները, զոհերը, արաբն ու ամերիկացին խառնվել են իրար... Ահա թե ինչպիսի~ ժողովրդավարություն է բերել ամերիկյան ագրեսիան Իրաքի ժողվորդին:

Այսօր նորից խոսվում էր այն մասին, որ Ամերիկան կարող է դադարեցնել «Հազարմյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը` նկատի առնելով վերջին ոչ ժողովրդավարական զարգացումները մեզանում: Որ ժողովրդավարությունը Հայաստանում փայլուն վիճակում չէ` դա փաստ է, բայց շատ կասկածելի են ժողովրդավարության հաստատման ամերիկյան լծակներն ու չափանիշները:

Այսօր խոսում էին տեղեկատվություն ստանալու` մարդու իրավունքների մասին: Ահա մենք էլ` հայ հեղինակներս, փորձում ենք տեղեկատվություն հայթայթել սփյուռքահայ դպրոցների մասին, կապ հաստատել նրանց հետ: Եվ ի՞նչ... տասնյոթամյա անկախության ընթացքում մեր պետությունը չի ստեղծել մի կայք, որի միջոցով Հայաստանի և Սփյուռքի կրթական տարածքները կշփվեին իրար, կգտնեին իրար... Եվ մենք էլ չենք գտնում, թե որտեղ են Սփյուռքի դպրոցները... Եվ ի՞նչ է մտածում կրթության և գիտության դաշնակցական նախարարը... Միթե՞ միայն միջազգային կրթական տարածքին ինտեգրվելու~ մասին, Բոլոնիայի գործընթացին միանալու~ մասին, տեղեկատվական հասարակություն ստեղծելու~ մասին և ամեն տեսակ այսպիսի, ներեցե~ք, «զահրումարների» մասին, բացի Սփյուռք–Հայաստան կրթական համատեղ տարածքի խնամքից:

Այսօր «Իրավունք» թերթում լույս է տեսել մի ծավալուն, լավ հոդված «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի մասին: Գ.Գինոսյանը հայ ժողովրդի ամենարթուն զավակներից մեկն է: Նա փնտրում ու գտնում է մեր պարերը, գտնում ու հաստատում է մեր ինքնությունը: Ահա թե ով կարող է մասնակից լինել մեր ապագայի, մեր նոր պետականության կերտմանը: Սիրելի ֆորում, գտե~ք, հայտնաբերե~ք «Կարինը», ուժ ստացեք ... Էրզրումի բարձր լեռներից...

Հանրային հեռուստատեսության կոմեդիանտը ասում է. «հայը խոստովանում է` ես սիրում եմ քեզ, ռուսն ասում է` я люблю тебя, իսկ չինացին... իր սև գործը լուռ է անում» ... Ես էլ ասում եմ` ո~վ կոմեդիանտ, սիրո խոստովանությունը սև գործ չէ,- ե՞րբ է ավարտվելու քո տխմար հումորը: Իսկ սրանց պրոդյուսերը ասում էր` «անհնար է սիրել... առանց ձեռքերը կեղտոտելու»: Մենք էլ ասենք` անհնար է նայել Հանրային հեռուստատեսություն և չաղտոտել միտքը, հոգին, սիրտը...

Սիրելի ֆորում, պաշտպանենք մեր սիրտը անգիտության, տգեղության և խավարի ազդակներից:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.03.2008, 01:04
Այսօրս` 29 մարտի 2008թ., ավարտվում է:

Գարուն է … ծիրանիները ծաղկել են: Մեր ընտանիքը հիշում է այն տասնհինգ տարիները, երբ առավոտյան արթնանում էինք և տեսնում էինք ծաղկած ծառերը: Ժամանակին թողել էինք Երևանի մեր տունը և գնացել էինք գյուղ` բնությանը ավելի մոտ ապրելու… Դժվարին տարիներ, ոգորումի տարիներ: Ծաղկած բնությունը, միրգն ու պտուղը մեզ օգնում էին, բայց պայքարն ու դժվարություններն ավելի շատ էին: Այժմ ապաքինվում ենք այդ դժվարին տարիների տված վերքերից: Գարուն է …

Այս սեպտեմբերին Հայ Առաքելական եկեղեցին նորից մյուռոն է եփելու… վաթսուն տեսակ ծաղիկներից, բալասաններից, անուշահոտ յուղերից… Սա հրաշալի է և խորհրդանշական: Որքան մաքրություն ու թաքնված էներգիա կա այս խորհրդանիշի մեջ: Որքան քաղցրություն, երբ մանկան ճակատին արևափայլում է սքանչելի ամբրոսիան…Բայց, ավա~ղ, խաթարվել է առավել հրաշակերտ մյուռոնի ստանալը… Մարդկային հոգու և նրա էության մյուռոնի: Այսօր, ամեն օր հայ մարդու, հայ մանկան հոգու մեջ լցվում են ու եփվում… վաթսուն տեսակի աղտեղություն … անհանդուրժողականություն, կեղծ մշակույթ, գռեհիկ ժարգոն, զոռբայություն, վախ, շահատենչություն և այլն: Եվ ոչ մի մյուռոն մեզ չի փրկի դեգրադացումից, եթե չփոխվեն այն բաղադրիչները, որից սինթեզվում է մեր էությունը, մեր հայկականությունը: Մյուռոն եփելուց առաջ, թող Հայ Եկեղեցին լավ մտածի, թե ինչպես մասնակից լինի հայ մարդու էության առողջացմանը: Ինչն իր գլխավոր գործն է…

Այսօր ստացա Դար ակումբից Hrayr-ի նամակը` «Իսկ որտեղից եք ծանոթ Աստվածաշնչյան խոսքերին, ինչպես եք դրանք ընկալում և ինչ են նրանք ձեր համար»:
Եվ պատասխանում եմ հրապարակավ: Աստվածաշունչը ինձ համար կյանքի և բնության արաչական ճանաչողության աղբյուրներից մեկն է: Եվ կասեի, ինձ համար` ոչ գլխավորը...

Ամեն մարդու համար արարչագործության ճանաչողության մշտական աղբյուրը կա և կլինի իր ազգային մշակույթը` ամբողջ հարստությամբ և ԿՅԱՆՔԸ: Ինձ համար ճանաչողության աղբյուր է այն ամենը, ինչ ոգեշնչում է իր ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ~ գեղեցիկ ծաղիկը, նոր բացաված բողբոջը, արևածագը, Չարենցի բանաստեղծությունը, կնոջ աչքերի փայլը, մանկան ծիծաղը...: Աստվածաշունչը..., Սողոմոնի Երգ-երգոցը, ոգեունչ և խորունկ շատ տեքստեր...

Բայց հաճախ Աստվածաշնչի մեջ հանդիպել և զգացել եմ այնպիսի գծեր, որոնք խորթ են իմ հայկական էությանը... Էթիկապես երբեք չեմ համաձայնվել Աբրահամի «իմաստնության» հետ, որը փարավոնին ներկայացրել էր Սառային` որպես իր քրոջ և խիստ պրագմատիկ ձևով հանձնել էր նրան: Հայկական էությունս չի համաձայնում Հին Կտակարանի վրեժխնդիր աստծո հետ, որը հորդորում է մի իսրայելցու` բնաջինջ անել հակառակորդի մանուկներին, ծերերին և կանանց: Եվ դեռ փնտրում են, թե որտեղ են մարդկության եղեռնների հոգեբանական արմատները:

Իմ սիրտը նաև չի համաձայնում, սիրելի Hrayr քո ստորագրության հետ, թե «ով չի ճանաչում Աստծուն, նրա մեջ ճշմարտություն չկա»: Ճշմարտությունը կա բոլորի~, բոլորի~, բոլորի` մեջ, քանի որ բոլորի մեջ դրված է արարչական անմահ կայծը:

Եթե ես ունենայի հոգևոր իշխանություն, բայց առանց դրա էլ հորդորում եմ` ազգային-եկեղեցական մի ժողովով հրաժարվել Հին Ուխտից, որպես հայոց հավատի աղբյուր ընդունել Նոր Կտակարանը` Նրա մեջ ավելացնելով մի շարք սքանչելի պարականոն ավետարաններ, միաժամանակ ընդունելով հայ բնիկ դիցարանի հոգևոր – մշակութային արժեքները: Ահա սա կլիներ Հայկական նոր վերածնության հոգևոր հիմքերից մեկը: Սիրելի հայ երիտասարդություն, երբեք մի վախեցեք ոչ մի դոգմատից, ոչ մի մեխանիկական շարադրանքից, այլ ձեր Ոգու, ձեր Մշակույթի, ձեր Հայկականության մեջ գտեք կյանքի աղբյուրները:

Այսօրս մի քիչ հոգևոր-կրոնական երանգ է ստանում, թեկուզ սիրտս ավելի շատ գարունի, կայնքի ու մարդկանց հետ է: Բայց այսօր մի դրվագ էլ կա, որի մասին ուզում եմ ասել... Մուղնու հրաշագործ, բուժիչ Ավետարանի տոնախմբությունն ու ուխտանացությունն է վաղը: Ավետարանը Մատենադարանից տանելու են Մուղնի, և հավատավոր ժողովուրդը իր համբույրն է դրոշմելու նրա վրա:

Ահա այս հաղորդումից հետո Հայլուրը հայտարարեց` այսօր ֆրանսիական թրիլլեր է… պրոֆեսիոնալ գլխակերների մասին … զոհին շղթայել;ով նրա համար կյանքի ոչ մի շանս չեն թոնղնում, ապա` շարոնակությունը. Դիտեցե~ք մարտաֆիլմ. «Օրնեքից դուրս»:
Այո~ … Մուղնու Ավետարան և... պրոֆեսիոնալ գլխակերներ … Դժվար է զսպել հոգու ալեկոծությունը և զայրույթը... Տաս օրից հետո Հայաստանի ներկա նախագահը հրաժեշտ է տալու իր ապարանքին: Ես արդեն վաղուց ասել և հրատարակել, այսօր էլ ասում եմ` անձամբ նրա վրա եմ դնում այս մշակութային ասպատակության պատասխանատվությունը, ըստ որի հայ ազգը իր խաղաղ հանգստի երեկոյան ժամին արժանի է միայն սպանություն ու ծեծուջարդ տեսնելու: Այսպիսի մի որոշում է կայացրել Հայաստանի նախագահը, նրա աշխատակազմը և նրանց դրածո` Հանրայինի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Մի ազգ մշակութապես ոչնչացնող որոշում է սա…Ես ապստամբում եմ Հանրայինի շարունակվող ցինիզմի դեմ...

Սիրելի ֆորում ձեզ կոչում եմ ոգու արթնության` մեր կյանքը եղծող հակամշակույթի դեմ:

Բարի գիշեր:

Հեղինակ
30.03.2008, 23:45
Այսօրս` 30 մարտի 2008թ., ավարտվում է:

Գարնանային խաղաղ, պայծառ օր էր: Այսօր լուր առանք մեր սիրելի զինվորից, այն խոր ձորում արդեն գարուն է, զինվորները արդեն լվացվում են գետի ջրի մեջ... Այս օրերին ընտանքիով մի հարց էինք լուծում, կարևոր մի հարց` կապված մեր կյանքի հետագա ընթացքի հետ: Չեմ մանրամասնում, բայց ձգտում էինք անել ճիշտ, էթիկապես հիմնավորված քայլեր... Եվ ի~նչ. Կյանքը ինքը լուծեց խնդիրը... Եվ եզրահանգեցինք` Մարդը քայլում է, Բնությունը` տեղ է հասցնում: Կյանքի ամենազոր, բարդ, տարերային Պրոցեսը – հոսում է մարդուց գաղտնի, գետի նման, և վաստակիդ չափով կյանքի ալիքը ափ է հանում հասանելիքը:

Շարունակվում են մարտի մեկ-երկուսի իրադարձությունների քննարկումները: Այսօրվա կիրակնօրյա 360 աստիճան հաղորդումն էր, բերեցին մի հատված «Եվրապոլիս» հաղորդաշարից. Իմ բարեկամներից ` Արմեն Այվազյանն էր: Սակայն կարծում եմ` մարտի իրադարձությունների նրա մեկանաբանությունը կարիք ունեն լուրջ ճշգրտման: Նա գտնում էր, որ փաստացի Լ.Տ.Պ. և ՀՀՇ-ն ապստամբություն էին բարձրացրել պետության դեմ, ինչը պետք է ճնշվեր: Այստեղ կա մի նրբություն` խնդիրը ՀՀՇ-իշխանություն հակասությունը չէ: Իրականում այդպիսի հակասություն որակական առումով նույնիսկ չկա:

Ներքին, էթիկական հակամարտությունը ընթանում է Ժողովրդի Ոգու և Երրորդ հանրապետության պետական – քաղաքական կարգի միջև: Պետականությունը` իր էթիկայով ազգային չէ, հայկական չէ, մշակութային չէ և ծնում է ժողովրդի խուլ հակադարձումը: Ահա այն տեղը, որտեղ պետք է աշխատեն բոլորը` փոխել պետականությւան որակը, սրա վրա պետք է աշխատեն իշխանությունը, ժողովրդի բոլոր խավերը, մտավոր դասը` Արմեն Այվազյանը, ես , մյուսները...

Միջազգային լրահոսից` ինձ առանձնապես հուզում է տիբեթական շարժումը: Համակրում եմ Չինական պետականությանը, ցանկանում եմ ` սխալներ չգործի , բայց չեմ կարող անտարբեր լինել Տիբեթի վերքին: Իմ հոգին ինչ որ չափով այնտեղ է. 7000 մետր բարձրության վրա բխում են տաք հեյզերները, աճում է Ռոդոդենդրոն ծաղիկը, բուդդայական տաճարներում պահպանվում է մարդկության իմաստությունը, քարանձավներում կենդանի են Մեծ Ուսուցիչների մարմինները` որպես մարդկության գենետիկ նյութ, իսկ նրանց Ոգիները
աշխատում են մարդկության համար: Զորավոր Տիբեթ, Հայկական բարձրավանդակից Քեզ և Քո Ոգուն հղում եմ ջերմ մաղթանքներ:
[/B]

Սիրելի ֆորում, դուք սիրու՞մ եք փոխինդ ուտել... Ահա` Տիբեթում փոխինդը պատրաստում են խարկած գարու ալյուրից` խառնած յակի յուղի հետ և տաք ջրով: Այս աննման առողջարար սնունդը կոչվում է Զամպա: Ձեզ բոլորիդ ցանկանում եմ Զամպայի քաղցրություն և նրա տված առողջությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
31.03.2008, 23:47
Այսօրս` 31 մարտի 2008թ., ավարտվում է:

Այսօր եղանք հայտնի սրտաբանական կլինիկայում, Առողջագետի հետ ներկայացրեցինք մեր աշխատանքները. ղեկավարն էր, բժիշկների մի խումբ, օրդինատորներ: Լավ մթնոլորտ էր, դժգոհ չենք: Բայց դեմքերից և ընկալման աստիճանից կարելի էր հասկանալ, որ առողջ ապրելակերպը և նրա ապաքինող ուժը, նրա կանխարգելիչ դերը` ժամանակակից բժշկի համար մի հեռավոր մոլորակ են: Սիրելի գործընկերներ, ե՞րբ եք մոտենալու ԿՅԱՆՔԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ մոլորակին: Ախր այստեղ են իրական կանխարգելման հնարավորությունները, ախր այստեղ է առողջապահության ապագան:

Առողջագետի հետ խոսում էինք և վերհիշում, թե մեր առողջապահության համակարգի պատասխանատուները, ավելի ճիշտ` ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ, ինչպես են խուսափում իրենց կլինիկաներում մտցնել առողջ ապրելակերպի բժշկության համակարգը: Այս տարիներին որքան ուժ ենք ծախսել նրանց դրած պատերը փշրելու համար: Բայց ապարդյուն: Հիվանդ մարդկանց տառապանքը եկամտաբեր է, իսկ պարզ ու հասարակ եղանակներով առողջացումը` կխփի հիվանդանոցային և դեղորայքային ինդուստրիաներին: Բայց ԿՅԱՆՔԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ հաղթանակը անխուսափելի է: Սիրելի Առողջագետ, մի~ վհատվիր, միասին պայքարելու ենք … մինչև վերջ:


Ի դեպ, հենց նոր Առողջագետին զանգում էին Բորդոյից և խորհրդակցում մի հիվանդ երեխայի համար: Այս երեխային մանկապարտեզում տալիս են, օրինակ` մեկ ճաշի ժամանակ - կանաչ լոբի, յոգուրտ, պանրով թխվածք, սեզոնային մրգեր և հյութ,- երեխան խզզում է, հազում, իսկ բժիշկը դա հիվանդություն չի համարում : Սիրելի ֆորում այսպես և այս հերթականությամբ սնվելը հիվանդության կբերի, ձեզ խորհուրդ կտանք` խմել հյութը, մի քսան րոպե անց ուտել միրգը, ապա սպասել. լավ կլիներ պանիրն ուտել առանձին` կանաչու հետ, ապա ուտել հաց և կանաչ լոբի: Սա առողջագիտական հերթականությունն է:

Իսկ Ագոյի խումբը եկել է մեզ ժողովրդավարություն սովորեցնելու: Երբ կլինի` մենք սովորեինք այդ ժողովրդավարությունը, իսկ Ագոյի խումբը գար Հայաստան` ուսանելու առողջ ապրելակերպի սկզբունքները… Դա կպայծառացներ եվրոպական դիվանագետների ուղեղները…

Երկրում քննարկվում է` ինչպես հաշտեցնել Հայաստանում հակամարտող կողմերին: Ես էլ հարցոնում եմ` ո՞վ են այդ կողմերը. կասեք` Լ.Տեր-Պետրոսայնը` իր կողմնակիցներով և նորընտիր նախագահը` իրեն օժանդակող ուժերով: Ես ավելացնում եմ` չէ~, չէ~, չէ~, հազար անգամ չէ~, հակամարտող կողմեր են հայ ժողովրդի Ոգին և նրա էթիկային չհամապատասխանող` այս հիվանդ պետականությունը: Ահա սրանց միջև կարող է գնալ երկխոսությունը: Հայ ազգային ոգին ներկայացնող Ուժը միշտ ասպարեզի վրա է …, սակայն մեր ժողովուրդը չի տեսնում նրա կրողներին, քանի որ ուժեղը, մեր սիրելի ժողովրդի պատկերացմամբ` ջիփերի նախիր պետք է քշի…Ողորմելի զանգված, քանի չես սովորել Ոգով ուժեղին տեսնել, գնահատել` արժանի չես իրական առաջնորդության…

Մի կարևոր մշակութային իրադարձություն` լրանում է Թաթուլ Ալթունյանի երգի- պարի անսամբլի ստեղծման յոթանասուն ամյակը: Շնորհավորում եմ: Բայց մեր երիտասարդությանը հստակ պետք է ասել` մեր տոհմիկ երգն ու պարը իրենց մշակութային արժեքով վեր են կանգնած այս անսամբլի ոճից. ալթունյանական մշակումները` մի քիչ քաղցր` արևելյան երանգով երաժշտությունը, հեզանազ պարերը, կովկասյան պարի որոշ տարրեր և այլն` հաճելի են աչքին, բայց ամենաբարձրը չեն, հպարտ չեն, ազնվական չեն, տոհմիկ հայկական չեն…

Սիրելի ֆորում, ցանկանում եմ ձեզ անկասելի, անպայաման, անհետաձգելի հանդիպում ՀԱՅ ՏՈՀՄԻԿ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՀԵՏ: Այն ժամին, երբ ճանաչեցիք ու սիրեցիք այդ հարստությունը` աշխարհի տերն եք դառնալու…

Բարի գիշեր

Հեղինակ
01.04.2008, 23:26
Այսօրս` 1 ապրիլի 2008թ., ավարտվում է:


Այսօր սովորական աշխատանքային օր էր: Շարունակում էի Առողջագետի մենագրության խմբագրումը, որոշել ենք հնարավորինս արագացնել տպագրությունը :

Շարունակում ենք “ Արշալույսի” տարածման գործը: Ստացվում է, բայց առանց փոքրիկ կուրյոզների չի լինում: Մի մանկապարտեզի վարիչ քննախույզ հարցնում է` իսկ այդ գրքի ստեղծմանը մասնակցե՞լ են նախադպրոցական գործի մասնագետներ… Ես էլ պատասխանում եմ` Հայաստանում վերջին քսան տարվա ընթացքում նախադպրոցական երեխայի սննդի հարցերով զբաղվել է միայն մեր աշխատախումբը և ուրիշ ոչ ոք, իսկ մանկապարտեզները առայժմ ղեկավարվում են սննդի այն նորմերով, որոնց հիմքը դրվել է… երեսնական թվականներին… Մանկապարտեզի տնօրենը շատ զարմացավ, մեծամիտ ձայնը մի քիչ նստեց և … համաձայնեց ստանալ “Արշալույսի” մեկ օրինակը:
Ի դեպ, հրաշալի են գործում կյանքի դրած արգելքները, եթե դրանք ճիշտ ես հաղթահարում: Եթե մեր հանրությունը թափվեր “Արշալույս”-ի վրա և մի քանի շաբաթում տիրաժը սպառվեր, ապա մենք ստիպված չէինք լինի ամեն մանկապարտեզի մեկ օրինակ հասցնել: Ուրեմն` կեցցե~ն կյանքի դրած արգելքերը, դրանք մեր վերընթացի աստիճաններն են:

Հոդված-էսսեն, որի մասին գրել էի` մոտ օրերս մի լրագիր տպագրելու է: Խմբագրին ասում եմ` վստահ չեմ, թե ճիշտ եմ ընտրել տպագրության ժամկետը, գուցե հետաձգենք… Իսկ խմբագիրն ասում է` դեռ ուշացրե~լ եք… Գուցե ճիշտ է, ուրեմն` հառա~ջ: Բայց քանի համարում է տեղադրելու 14 համակարգչային էջը` չգիտեմ:

Աjսօրվա միջազգային լրահոսից` մի շատ հետաքրքիր տեղեկություն: Վատիկանը, պատկերացնու՞մ եք, ի~նչ հաղորդագրություն է տարածել. թե աշխարհում իսլամի դավանողները արդեն քանակով գերազանցում են կաթոլիկներին, և բացատրել նրանով, թե մուսուլմաններն ավելի արագ են բազմանում, քան կաթոլիկները: Ես էլ Վատիկանին Հայաստանից ասում եմ. Ո~վ Պապի աթոռանիստ, ինչու՞ ես կաթոլիկ քրիստոնյային և մուսուլմանին հակադրության մեջ դնում, ինչու՞ ես կրոնները հակադրությսան մեջ դնում: Խաչակրաց արշավանքներից մինչև այսօր` միթե՞ Վատիկանը էթիկական զարգացում չի ապրել, միթե իսլամ– քրիստոնյա հակադրությունն է նրա գաղափարախոսության հիմքը: Կաթոլիկ քրիստոնյաների կառուցած աշխարհը սա չէ՞, այս հիվանդ քաղաքակրթությունը չէ՞: Այդպես էլ կրոնները բաժանում ու թշնամացնում են ժողովուրդներին…

Այդ նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ քիրստոնյաների ընդհանուր քանակը, այնուհարդերձ, գերազանցում է իսլամի դավանողներին , հաշվի առնելով նաև մյուս եկեղեցիների դավանողներին: Մի խոսքով` աչքներս լույ~ս: Այսպիսի հաղորդագրությունը ես ամոթալի եմ համարում, նրա մեջ կրոնական երկպառակության և բութ կրոնամոլության երանգ կա …

Մեր մշակութային կյանքից մի նրագբագիծ. պատկերացնու՞մ եք, սիրելի ֆորում, “Շանթով” գնում է մի հայկական քրեական սերիալ… “Վերվարածները”, ի~նչ էլ անուն է: Իսկ ես չգիտեի: Այսօր նրանց հետ հարցազրույց պիտի լինե~ր, հետագա պլանները պիտի պարզեի~ն: Ինչքան ողորմելի ընթացք է` ամեն ինչում պատճենահանել ուրիշներին, հիմա էլ քրեական սերիալն էր մեզ պակաս… Բոլոր հեռուստաալիքներով և համառորեն ընթանում է ազգային համայնքը դեգրադացնող հաղորդումների հեռարձակումը: Ինչու՞: Ո՞վ է այս քաղաքականության ճարտարապետը: Ո՞ր խավի, ո՞ր ուժի, քաղաքակրթական ո՞ր երևույթի կեղտոտ ձեռքերն են փչացնում մեր մշակութային դաշտը: Եթե այս խնդիրը չլուծվի, ապա կվատանգվի մեր ապագան…


Սիրելի ֆորում, երգիծանքի և հումորի օրը ձեզ ուրախություն եմ մաղթում, կոչ եմ անում ձեզ չդիտել, ուղղակի արհամարել այնպիսի “երգիծական հաղորդումներ”, ինչպիսին են «32 ատամը» և Հ2-ի «Պահմտոցին” և այլն: Արթուն ուրախություն բոլորիդ:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.04.2008, 23:18
Այսօրս` 2 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր գնացի հոդված-էսսեիս հետևից … “Լուսանցք” շաբաթաթերթ, համեստագույն պայմաններ, համառ աշխատանք: Գլխավոր խմբագիրը - Սուրեն Գեղամյան, մի պինդ հայ աշխատավոր, որ տարիների մեջ անում է իր գործը: Իրար հասկանում էինք կես խոսքից: Այո կա մարդկանց մի շերտ, որը ճիշտ ու անվրեպ է գնահատում Հայաստանի ներկա իրավիճակը: Այս կռվի վերջը չի կարող լինել ներկա երկու կողմերից որևէ մեկի հաղթանակը, քանզի այդ երկուսը նույն ծագումն ունեն, ելքը` ազգային ոգուց բխող աշխարհայացքի հաղթանակն է և նոր որակի պետականության ստեղծումը:


Մի երկու օր առաջ հեռաձայնել էի մեր հին բարեկամին, Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Երկուսս էլ ուրախ էինք… Այսօր “Լուսանցքում” հանդիպեցի Արմենի անդրադարձին` նվիրված հանգուցյալ վարչապետ Ա. Մարգարյանի հիշատակին ` “Շատ բան չհասցրեց”: Սիրելի Արմեն, սիրելի հայ ազգայնականներ, ախր ի~նչ պիտի հասցներ Ա. Մարգարյանը, որ չհասցրեց…Մենք պետք է անկեղծ լինենք մեր պատմության առջև: Ասել եմ ու նորից ասելու եմ` հայ նժդեհական կուսակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն, դեռևս չեն տիրապետել Նժդեհի ուսմունքի հիման վրա պետականություն կառուցելու տեսությանն ու գործելակերպին: Անձնական փորձով հաստատում եմ` Ա. Մարգարյանի կառավարությունը կրթության, առողջապահության, ապրելակերպի, մշակույթի և այլ ասպարեզներում վարել է ոչ ազգային քաղաքականություն… Սա դեռևս մեղմ բնորոշում է: Ե՞րբ պետք է Նժդեհ հրատարակելուց անցնենք Նժդեհի Ուսմունքը հասկանալուն և կիրառելուն…

Այս տարի նշվելու է Վազգեն Հայրապետի հարյուրամյակը… Շատ լավ, հրաշալի, հայրենասեր Հայ էր Վազգեն Առաջինը… Սակայն այս հոբելյանը նշելիս` պետք չէ՞ արդյոք մի անգամ էլ հաստատենք, թե ինչ էթիկական պահանջներ են ներկայացվում այս հոգևոր պաշտոնին: Առաջին պահանջն է` կաթողիկոսը ժողովրդի նեղության ժամին պետք է պաշտպանի նրա դատը: Վերջին տասնյոթ տարիներին ո՞ր կաթողիկոսն է եղել այս էթիկական բարձրության վրա: Հոբելյանն առիթ է` պատասխանելու այս հարցին:

Այսօր երկու մշակութային անդրադարձ ունեմ:
Երաժշտական փոստարկղի հաղորդավար Սուսաննա Շահինյանն ասում է, թե նամակ են ստացել մի պապիկից. “մեր բալիկը խենթի պես սիրում է Հայկոյին, խնդրում ենք հաղորդել նրա երգը” : Եվ այսպես մի քանի պապիկ - մամիկի նամակ, որոնք իրենց թոռնիկներին ուզում են նվիրել Հայկոյի երգը: Ողբա~մ զձեզ, հայ պապիկներ և հայ երեխաներ, որ ձեր սիրելի երգիչը անձայնեղ, հայ երգի հետ կապ չունեցող Հայկոն է: Մի քանիսն էլ գրել էին, թե ուզում են լսել “Արևիկ” մանկական համույթին: Ահա այսպես` մեր Հանրային հեռուստատեսությունը բթացնում և ամլացնում է մեր ժողովրդի ճաշակը:

Այսօր մի զարմանալի ցուցահանդես էր. մի հայ տղա, չգիտես ինչու` ազգանունը Նեֆյոդով (երևի հայրը ռուս է), անհատական ցուցահանդես էր բացել` աստվածաշնչյան նկարների ոճով` մոտավորապես Մանկական Աստվածաշնչի նման … Հիսուսը, առաքյալները… Եվ ի~նչ ներկայացուցչություն` փոխքաղաքապետը, փոխարտգործնախարարը, Պարսկաստանից` մի բարձրաստիճան հոգևորական… Հոգևորականն ասաց, որ այս նկարները կօգտագործվեն երեխաների դաստիարակության համար… Զարմանալի էր այս ցուցահանդեսի շքեղությունը: Ամո~թ է, սիրելիներ. Ավետարանի այսպիսի նկարազարդումը արվեստ չէ, զբաղմունք չէ, նկարչություն չէ, երեխաների կրթության նյութ չէ: Կրոնը չպետք է այսպես անարվեստ պարտադրվի մեր մանուկ սերնդին….Կեղծ մշակույթը Աստվածորդու անվան քողի տակ մտնում է Հայաստան: Եվ նրա մուտքին օգնում են տարբեր միջազգային կենտրոններ, ահա թե ինչու~ էին այդպիսի պաշտոնական դեմքեր հավաքվել…Հայկական սիրտս ապստամբում է այսպիսի “Հիսուսի”, այսպիսի “արվեստի”, այսպիսի “կրթության” դեմ…

Սիրելի Ֆորում, մեր պաշտամունքը ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ Է: Եթե Աստծո պատկերը գեղեցիկ արվեստով չի արված` մեզ ի՞նչ պետք այդ պատկերը կամ այդ…աստվածը:

Բարի գիշեր:

Հեղինակ
04.04.2008, 00:04
Այսօրս, 3 ապրիլի 2003թ, ավարտվեց:

Սիրելի Ֆորում, այսօր մի շարք հանգամանքների բերումով, հիմնականում` ծանրաբեռն եմ այլ գործերով, չեմ կարող հերթական գրառումս անել: Եվ մտմտում եմ "Այսօրիս" ապագա ընթացքի մասին... Բոլոր դեպքերում` ԳԱՐՈՒ~Ն է...

Բարի գիշեր:

Հեղինակ
04.04.2008, 23:21
Այսօրս` 4 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր առավոտյան շուտ դուրս եկա. պետք է առնեի “Լուսանցք” շաբաթաթերթը:
Տպագրվել է իմ հոդված- էսսեի առաջին հատվածը` “Դեպի նոր գոյություն, դեպի նոր պետականություն”:

Զարմանքով նկատեցի. հոդվածի հետ` որպես ձևավորում տեղադրված էր մի նկար: Գյուղին ծանոթ մարդիկ կիմանան` աղբյուրի մոտ քարից գուռ են սարքում, ջուրը լցվում է, գյուղացիները դույլով վերցնում են ջուրը տնտեսական կարիքների համար, անասուններն էլ ջուր են խմում: Ահա այդպիսի մի գուռ էր նկարում: Ուրախ եմ խմբագրի գտնումի համար: Ի դեպ, այդ գուռը հենց այդ տեսքով մի քանի օր առաջ տեսել էի երազիս մեջ: Իրապես ճշմարտությունը մի գուռ է, որից պետք է խմի ժողովուրդը… Ուրախ կլինեի,եթե իմ համեստ աշխատանքից մարդիկ ճշմարտության ջուր խմեին…

Կյանքը միշտ ճիշտ է տնօրինում իր հարցերը… Հիշում եք` մենք մի նամակով դիմել էինք հայտնի դրամատեր Հրանտ Վարդանյանին` մեր աշխատանքների մեջ ներդրումներ անելու առաջարկով: Նա էլ, ինչպես վայել է հայ դրամատիրոջը, որևէ քայլ չարեց` քանզի ծխախոտից և կոնֆետից այն կողմ` էլ ինչ… կրթություն կա աշխարհում… Եվ լավ արեց: Մեր հույսը մեզ վրա մնաց, դրա համար էլ այսօր “Արշալույսը” մանկապարտեզներ ենք տանում: Սա ավելի կարևոր է երկրի համար, քան եթե մենք քնեինք Հրանտ Վարդանյանին ներդրումների փափուկի բարձի վրա: Շնորհակալություն կյանքին` իր դասի համար:

Բայց ասել և ասելու ենք “Հայրենիք” մանկական հեռուստատեսությունը շատ կուժեղանար առողջ ապրելակերպի հաղորդաշարով: Շատ կուժեղանար ճիշտ մշակությաին քաղաքականությամբ: Սա ասել և ասելու ենք հայտնի դրամատիրոջը: Իհարկե, “Հայրենքիը” նրա սեփականությունն է, բայց նա էլ, իր “Հայրենիքն” էլ …մեր Հայրենիքի սեփականությունն են: Սա է ճիշտ մոտեցումը. մշակութային քաղաքականությունը չպետք է թողնվի անհատի գիտակցությանը, ինչպես այժմ կա մեր` մշակութապես անտեր, անպետական երկրում…

Մտածում էի շարունակել “Նամակներ Զորավար Նժդեհին” շարքը` ԴՆ ֆորումում, բայց “Դար” ակումբում թեմա է բացվել “Նժդեհի գաղափարները …”: Շատ կարևոր է` մեր երիտասարդությանը հասցնել Զորավարի Ուսմունքի էությունը: Երևի երկու ճակատով չհասցնեմ: Խնդիրն այն է, որ ֆորումներում… աշխատում եմ, ոչ թե զրուցում. ափսոս, այս գործին էլ չեմ կարողանում թեթև մոտենալ…

Սիրելի ֆորում, Նժդեհի Ուսմունքի արմատները հավերժության մեջ են, ձեզ բոլորիդ ցանկանում եմ Զորավարի տոկունությունը` այս բարդ ժամանակներում: Հայաստանը պաշարված է կեղծ գաղափարներով և կեղծ մշակույթով, այս գրեթե աներևույթ զորքերը տեսնելու համար` սուր աչք է պետք: Սրատեսությու~ն բոլորիդ:

Բարի գիշեր:

Հեղինակ
05.04.2008, 23:17
Այսօրս` 5 ապրիլի, ավարտվում է...

Այսօր առավոտյան այցելուներ ունեինք մեր հայրենի Քյավառից: Առողջագետը խորհրդատվություն էր տալիս մի ընտանիքի, որի աղջնակը` 14-15 տարեկան հիվանդ է հայտնի նյարդային հիվանդությամբ: Այս նորահաս հոգին իր կյանքը լցնում է սերիալներով ... Քյավառը որտե~ղ – հարավային Ամերիկան որտե~ղ...Նրա սիրտը նոր է բացվում կյանքի առջև, նրան սպասում է առաջին սերը..., իսկ սերիալները... Այս ամենը, իհարկե, խաթարում է աղջկա առողջությունը: Առողջագետը խորհուրդ էր տալիս` դուրս արի, զբոսնիր, կանաչների վրա քայլիր: Իսկ աղջնակը հարցնում է` « Իսկ գոնե մե սերիալ կանա՞մ իշկամ»:

Երկիրը ապրում է ... Հայկական ժողովրդավարության հայրը` Պարույր Հայրիկյանը առաջարկել է մի մաթեմատիկական համակարգ, որը կոչել է ժողովրդա- վարական- խորհրդարանական մոդել, ըստ որի ամեն մարդ կարող է մասնակցել երկրի կառավարամանը: Այժմ համակարգի գաղափարը տարածվում է Հայաստանում ...Իհարկե ՄԱՐԴՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ և Երկրի Վերածնության խնդիրը վերածել մաթեմատիկական բանաձևի` միայն ժպիտ կարող է առաջացնել: Մեր հարգարժան գործիչը այդպես էլ չի անցնում մարդու իրավունքների նշաձողը և չի գնում դեպի Ոգու և Մշակույթի արարչամերձ տարածքներ: Բայց համակարգը պետք է նայել, գուցե այնտեղ մի ոսկե հատիկ լինի ապագա Հայաստանի համար:

Այսօր Առողջագետը մի երկու ժամ աշխատել է ինձ հետ – մի նուրբ, կանացի աշխատանք... տղամարդկային սահմանափակ գիտակցության ընդլայնման ուղղությամբ: Զարմանալի զգացում ունեի. այն գիտելիքը, թե կնոջ աշխարհը ավելի հարուստ է, քան տղամարդունը` այսօր զգացի ամբողջ խորությամբ: Կնոջ աշխարհը` բազմաչափ, ներզգայական, զգացմունքային: Իսկ տղամարդունը` եռաչափ, ուղղագիծ տրամաբանությամբ, դատողական: Շնորհակալ եմ Առողջագետին` աշխատանքի համար: Այսօր հայտնաբերում էի Կին - Տիեզերքի նոր համաստեղություններ:

Երեկոյան Երևանը գեղեցիկ էր: Առողջագետի և Քանդակագործի հետ զբոսնում էինք, խոսում էինք մեր գրքերի տպագրությունից ու տարածումից: Վերջին տարիներին Քանդակագործն է հավաքել մեր բոլոր աշխատությունները: Մեր Քանդակագործը գեղեցիկ մարդ է, և երբ պատկերացնում էի, թե ինչպես է նա իր վայելուչ տեսքով մտնում մանկապարտեզ և «Արշալույս»-ը հասցնում երեխաներին` շնորհակալությամբ էր լցվում սիրտս... Որոշեցինք համառ ու հետևողականորեն տպագրված գրքերը հասցնել մեր երկրի տարբեր խավերին: Մի հրաշալի աշխատանք` հեղինակներիս և նրանց զավակների համար:

Այսօր պետք է «Դոգվիլ- Հայաստան» էսսեն ուղարկեմ «Դար» ակումբի երիտասարդ և շատ լուրջ անդամին: Հեշտ չէ հայրենիքը տեսնել իր երկու բևեռներով. մի բևեռը` գեղեցիկ, արի, մշակութային, հերոսական, մյուս բևեռը` անկյալ, ծույլ, էթիկայից զուրկ: «Դոգվիլ-Հայաստանը» դառը աշխատություն է, բայց մինչև չճանաչենք մեր արատները և չազատվենք դրանցից` չենք կարող վառել մեր հերոսական ջահերը...

Սիրելի ֆորում, նայենք մեր սրտի խորքը, բոլորիս սրտերի մեջ` խորքերի խորքում վառվում է արի հայկականության ջահը: Ինչպիսի~ գեղեցկություն:

Բարի գիշեր:

Հեղինակ
06.04.2008, 23:45
Այսօրս` 6 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր գարնանային և աշխատանքային օր էր, ես աշխատում էի մի հոդվածի վրա, որը կոչվում է “Հայաստանը և համաշխարհային կարգը”, որի հիմնական մասը վերցրել էի “Ինչ քաղաքակրթություն պետք է ընտրի Հայաստանը” գրքից: Այո~, ներկա աշխարհակարգը մի ծանր հիվանդ է, բայց արտաքինից այնքան խնամված է, հագած ու կապած, զենքով ու զրահով, փառքի ու պատվի մեջ կորած… Բայց երբ առողջագետի հայացքով ես նայում` ներկա աշխարհի և մարդկության սիրտը առողջ չէ, բանականությունը առողջ չէ, սերն ու կարեկցանքն էլ քիչ են: Եվ մենք` հայ ժողովուրդը , որ նոր ենք կառուցում մեր երկիրը, որոշել ենք այդ գործն անել “միջազգային” և “եվրոպական” չափանիշների համաձայն: Ախր, սիրելինե~ր, այդ չափանիշները առողջ մարդկության չափանիշներ չեն:

Այսօր Առողջագետը Դն ֆորումում ուղղակի ջարդեց ժամանակակից սննդագիտության կորիֆեյ` ռուս ակադեմիկոս Տուտելյանին: Մի~ վախեցեք, սա հայ չէ, թեկուզ նման անորակ հայեր ևս շատ կան… Այս վայ-ակադեմիկոսը բռնազավթել է սննդագիտությունը և Ռուսաստանին և ոչ միայն նրան` պարտադրում է խառն, անառողջ սննդառության սկզբունքները, պաշտպանում է գենետիկ մոդիֆիկացված սննդի, բիոակտիվ հավելումների օգտագործումը: Ռուսաստանում սրանց օգտագործման թույլտվությունը հենց այս ողբալի Տուտելյանն է տալիս: Հենց նոր նայում էինք Ռուսաստանի առաջին ալիքը. առանետներին կերակրում էին այն սոյայով, որից նրբերշիկ են պատրաստում, առնետները երկրորդ սերնդում արդեն սերունդ չեն տալիս և ոչնչանում են:

Հայաստանն էլ նոր զարգացող, աղքատ երկիր, պատկերացնում եք, թե ի~նչ ծագում ունեն 300-400 դրամ արժեցող նրբերշիկները, բազմատեսակ երշիկները...

Արևմուտքը նեղում է աշխարհին ոչ միայն նրբերշիկով: Ցավալի է նայել, թե ինչպես է սլավոնական Ուկրաինան ուզում մտնել ՆԱՏՕ: Հասկանում եմ ուկրաինացիների թշնամությունը ռուսների նկատմամբ` 30-ական թթ. քաղցը և այլն , բայց միթե՞ կարելի է մոռանալ ընդհանուր սլավոնական մշակութային հիմքերը, ՆԱՏO-յի հրթիռները տեղադրել սրբազան Կիեևյան Ռուսիայում և ուղղել Մոսկվայի վրա…

Սիրելի ֆորում, աշխարհը մեկ է և միասին կարող է առողջանալ: Ես սիրում եմ Ամերիկան և ցանկանում եմ, որ նա առողջ լինի: Եվ չեմ ցանականում, որ իր հիվանդությունները, իր թրիլլերներն ու մարտաֆիլմերը, իր ծեծուջարդերը արտահանի Ռուսաsտան կամ Հայաստան: Ես սիրում եմ Ռուսաստանը,- ոչ կայսերականը, ոչ ոստիկանականը, այլ Լերմոնտովի, Տյուտչևի, Եսենինի Ռուսաստանը և ցանկանում եմ, որ Ռուսաստանը առողջ լինի, և այդ առողջ երկրի հետ մենք եղբայրություն անենք:

Սիրելի ֆորում, բոլորից առավել, բոլորից շատ ես սիրում եմ Հայաստանը, առողջ Հայաստանը, հայկական բնիկ գենով և մշակույթով Հայաստանը: Սիրում եմ ապագայի~ն, ապագայի~ն, ապագայի~ն նայող Հայաստանը: Միայն պատկերացրե~ք, թե որքան գեղեցիկ է լինելու այդ երկիրը:

Բարի գիշեր:

Հեղինակ
07.04.2008, 23:27
Այսօրս` 7 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր մայրության և գեղեցկության տոնն էր: Գարունը Երևանում գեղեցիկ է : Երկրի պաշտոնական դեմքերը շնորհավորել են կանանց ` տոնի առիթավ , հավուր պատշաճի բարեբանելով նրանց դերը: Ուշադրությունս գրավեց Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորանքից հետևյալ նախադասությունը: «Աճող սերդի կրթույթունն ու դաստիարակւոյթունն է որոշում մեր երկրի ապագան»: Շատ լավ: Պրն.ԱԺ նախագահ, ի՞նչ օրենսդրական քայլեր կարող եք ձեռնարկել հանրային հեռուստատեսության քաղաքականությունը փոխելու համար, որն իր հակամշակութային հաղորդումներով զարկում է աճող սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:

Այսօր ՀՀ կենտրոնական դրամատունը խրոխտանում էր, որ իր քաղաքականությունը թափանցիկ է: Հարկ է հարցնել, թե այդ ու՞մ թեթև ձեռով դրամի ողբալի արժևորման և դոլարի արժեզրկման պատճառով մեր ժողովրդի գրպանից խլվեց մի քանի հարյուր միլիոն դոլլար:

Ողջունելի է ռուսական գրքի տան բացումը Երևանում: Պետք է մոտ լինենք , պետք է միշտ շփվենք ռուս մեծ լեզվին և մեծ մշակույթին: Այս գիծը միշտ եղել է ու լինելու է մեր սրտի մեջ, մեր մտավորականության մեջ ` Թումանյանի ժամանակներից: Եվ սա առնչություն չունի ռուսական կայսրության ու նրա վարած քաղաքականության հետ: Ինձ համար թանկ են ռուս հոգին ու ռուս մշակույթը : Եվ սա աներկբա ասում եմ մեր երիտասրադությանը:

Սիրելի ֆորում, այսօր մ իմ կյանքում մի հետաքրքիր իրադարձություն եղավ: Հիշու՞մ եք` գրել էի, որ «Լուսանք» շաբաթաթերթում տպագրվում է իմ ծավալուն հոդված – էսսեն : Առաջին հատվածը լույս տեսավ, կարդացի և հասկացա, որ առանձին երևույթների և անձերի գնահատական-ախտորոշումները քաղաքականություն են, դրանով երկրի վերքը չես բուժի: Մինչդեռ երկրին պետք են ապաքինիչ ու բարձր էներգիաներ և գիտելիքներ: Այսօր դիմեցի խմբագրին` ընդհատել հրատարակումը: Զարմացել էր և ասում էր. «Այդպիսի դեպք չէր եղել»:

Սիրելի ֆորում բոլորիդ ցանկանում եմ ` լինել անակնկալ և անսպասելի, լսել սեփական սրտի ձայնը:

Ցանկանում էի ավարտել «Այսօրս», բայց վերջին պահին...Հ1-ով տոնական համերգ է` նվիրված կանանց տոնին… Հազար ափսո~ս, հազար ափսո~ս, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի ապիկար զավակներ, որոնք կարող են այսպիսի նողկալի գործ անել, այսպիսի “տոնական” համերգ տալ, այսպիսի նողկալի “երգեր” կատարել…

Բայց չենք վհատելու. Զորավոր Հայ Մշակույթ, պահապան լե~ր մեզ…Պահիր ու պահպանիր մեզ մշակութային ասպատակությունից…

Բարի գիշեր:

Հեղինակ
08.04.2008, 23:14
Այսօրս` 8 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր մեր զինվորին ծանրոց ուղարկեցինք: Առողջագետը մեկ-մեկ շոյում էր այն ամենը, ինչ ուղարկում էինք:

Առողջագետի հետ խոսում էինք մեր ապագա գործերից: Նա մի մտահղացում ունի` գրել մի նոր գիրք, իրականացնել մի նոր սինթեզ ապագա բժշկության մասին, որն ուղղված կլինի միջազգային ընթերցողին: Մեկ-մեկ այն զգացումն ունենք, որ մեր լայն հյուրասենյակը, որտեղ աշխատում ենք բոլորս` մի վայր է, որտեղ կերտվում է Նոր Կյանքը:

Այսօր ՀՀ երկրորդ նախագահը հրաժեշտ տվեց ժողովրդին: Որքան էլ հակասական լինի նրա կառավարման շրջանը – մենք տաս տարի ապրեցինք այդ մարդու ներկայությամբ, ամեն օր տեսանք նրան: Ժողովուրդը գիտի ամեն ինչ` և լավը, և վատը. ճշգրիտ հաշվեկշիռը կա նրա սրտի մեջ: Իսկ «Դռնոյան – Նալյան ընտանիք» հեղինակային խումբը հստակ ասում է նրան. «Ցավոք, Դու չեղար մեր Նախագահը, մենք Հայաստանում գիտության երկու նոր ճյուղ ստեղծեցինք` հաղթահարելով Քո կառավարության և Քո դրած սարք ու կարգի արգելքները: Մենք ամենուր տեսանք ազգային-պետական շահը ոտնահարող ապիկար պաշտոնյաների: Մենք համոզվեցինք, որ Քո կառավարած պետությունը աչքը հառել է դրսին և դեռևս հասունացած չէ իր արժեքները գնահատելու համար: Մենք համոզվեցինք, որ Քո կառավարչությունը մշակութապես գաղութացնում է Հայաստանը: Բոլոր դեպքերում` անքեն սրոտվ քեզ երջանկություն ենք մաղթում: Կարծում ենք` ինչ-որ պահի քո փորձը պետք կգա Հայաստանին :»

Այո~, Երկրորդ նախագահի կառավարչությունը եղել է հայ մշակույթի նահանջի ժամանակաշրջան, Հանրային հեռուստատեսության կողմից հակամշակութային բռնապետության հաստատման շրջան:

Այսօր աչքովս մի հոդված ընկավ. խորհրդային շրջանից հայտնի տնօրեն Գոհար Ենոքյանը` այժմ ԲՀԿ-ի անդամ, դժգոհում է, որ իր թոռնիկները բան չունեն հեռուստատեսությամբ նայելու...սերիալներ, դատարկ ֆիլմեր: Հարգելի Գոհար Ենոքյան, քո հավանած ԲՀԿ ծրագիրը ի՞նչ է ասում սերիլաների գծով: Թե՞ ԲՀԿ-ական բարգավաճման մեջ առողջ մշակույթի բաղադրիչ չկա...

Վաղը Նորընտիր նախագահի երդմնակալությւան օրն է... Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան: Հայաստանի կառավարող վերնախավը կար՞ող է մի օր նայել իր սրտի խորքը և առանց վկաների հասկանալ` ինչպիսի՞ն է իր էթիկան: Ինչպիսի~ պատասխանատվություն այս խառը ժամանակներում: Մի անբացատրելի թախիծ ճնշում է մեր սիրտը` ինչպե՜ս անփորձանք անցնել այս ալեկոծ ժամանակների միջով:

Սիրելի ֆորում, մարդկային սրտի ՍԻՐՈ և ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎՐԱ Է ՄԵՐ ՀՈՒՅՍԸ: Այնտեղից կարող է սնվել և երկիրը, և նրա կառավարչությունը: Եթե միայն ուղղված լինեն դեպի այդ զորավոր բնական գեներատորը` Մարդկային Սիրտը:


Բարի գիշեր:

Հեղինակ
09.04.2008, 23:56
Սիրելի Ֆորում, այսօրս` 9 ապրիլի, նվիրեցի մի աշխատություն`"Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու" ֆորումում տեղադրելուն և որոշ խմբագրական աշխատանքների:

ԱՅՍՕՐՍ ԱՅԴ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է: ԿԱՐԴԱՑԵ~Ք:

http://www.dnforum.am/showthread.php?t=4457

Հեղինակ
10.04.2008, 23:19
Այսօրս` 10 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր “Դար” ակումբի ֆորումում մեր երիտասարդությունից մի հարց ստացանք` ասելիք ունե՞ք: Սիրելի Առողջագետի հետ ժպտացինք իրար – արդեն 18 տարի ասում ենք երեխային ու մեծին, համայնքին ու պետությանը, ասածը հրատարակում ենք, դատարան ենք գնում, պայքարում ենք, զարկում ենք… և այդքան տարիների մեջ գուցե ընդամենը մի քանի օր ենք անհոգ եղել … Սիրելի Առողջագետս, ցավում են մեր վերքերը, հիմա մի քիչ ապաքինվում ենք…Գուցե լեռնանցքը դեռ առջևու՞մ է: Իսկ այն կողմում…ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է…

«Դոգվիլ- Հայաստան» էսսեն կարծես թե հետաքրքրություն է առաջացրել, կարծես թե ընկալվում է: Այս սուր ախտորոշումը գուցե արթնացնի մեր հիվանդ հանրությանը ...

Այսօր մի խումբ մտավորականներ հայտարարություն են հրապարակել ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի: Մանրամասները լավ չլսեցի, տանը հյուրեր ունեինք... Բայց պատկերացնում եմ, թե ինչ են ասել...
Հարգո մտավորականություն և հարգո Վեհափառ, Ազգը աստիաճանակարգով հազար աստիճանով վեր է կանգնած իր Կաթողիկոսից, և եթե Հայաստանում գեթ մեկ մարդ կա, որը գոհ չէ Եկեղեցու Պետից, ապա մտածելու առիթ ունի Կաթողիկոսը և ոչ թե այդ մարդը: Ի դեպ, 2001թ. բաց նամակ էինք հղել Հայ եկեղեցու պետերին և հրատարակել, հստակ նշել էինք եկեղեցու ճգնաժամի առկայությունը, նրա հոգևոր օտարումը ժողովրդի խորքային հոգսից ու տառապանքից …

Երեկ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով ժամանած ամերիկյան դիվանագետը հարցազրույց էր տալիս … Նրա տոնի մեջ վատ թաքնված քամահրանք կար մեր երկրի ու պետականության հանդեպ: Ախր, մեր պաշտելի քաղաքական վերնախավ, չի՞ լինի որ այնպես աշխատեք, որ ամեն յանկի մեր հետ այդպես չխոսի: Իսկ դու` կարմրամազ յանկի, մեր Ոգուն ու Մշակույթին դեռ չես հանդիպել, եթե մի օր ձեռքս ընկնես` կհասկանաս, թե ինչ է Հայը և Մարդը, և մեծամիտ ժպիտդ կփախչի քո ապամշակութային - կոսմոպոլիտ երեսից:

Հայաստանը նոր վարչապետ ունի, որն ասում է` տարածաշրջանային լիդեր պետք է լինենք առողջապահության ասպարեզում, կրթության ասպարեզում...
Ախր, պարոն վարչապետ մենք պատճենահանում ենք հիվանդ Արևմուտքի հիվանդ առողջապահությունը և կրթությունը, ի՞նչ լիդերություն: Իրական լիդերության հիմքը ոչ թե “միջազգային” չափանիշներն են, այլ ՆՈՐԻ, ՀԱՅԿԱԿԱՆԻ, ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԻ ստեղծումն է: Երրորդ հանրապետությունը դեռ չի հասել այս գիտակցությանը:

Սիրելի ֆորում, երբ տանից դուրս եմ գալիս` տեսնում եմ բակում ծաղկած մի քանի ծառեր: Այգիներ ունեցած մարդս չեմ կշտացել ծաղիկներից... Եթե ծաղիկն այդքան գեղեցիկ է, ապա որքան գեղեցիկ է մարդկային հոգին, որպես արարչական ստեղծագործություն: Եթե միայն կարողանայինք տեսնել մարդկային հոգու ծաղիկը , ապա աշխարհում ամեն ինչ ուրիշ կլիներ...

Բարի գիշեր:

Հեղինակ
12.04.2008, 00:13
Այսօրս` 11 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր գիշերը մի հետաքրքիր պատկեր էի տեսել ... իբրև թե Հայաստանում բոլոր երկրները հող ունեն` Իտալիան, Արգենտինան... Եվ այդ հողերը ցանում են, մշակում ու եկամուտ են ստանում: Իսկ հայերը, այդ թվում` մենք, հող չունեն իրենց երկրում: Արթնացել ու մտածում էի, թե սա ի՞նչ է նշանակում ... Հիշեցի առևտրային ահռելի դեֆիցիտը,- Հայաստանը տարեկան մոտ 1 միլիարդ 200 միլիոն դոլլարի ավելի ապրանք է առնում դրսում: Այսքան փող Հայաստանը վճարում է ... այլ երկրների բանվորին, գյուղացուն, մտավորականին, այսքանով հայ աշխատավորները զրկվում են աշխատանքից: Հայաստանի գոյությունը ապահովում ու պետությանը սնում են հայ պանդուխտները, և ոչ թե տնտեսության երկնիշ աճը:

Նորընտիր նախագահ և նորանշանակ վարչապետ, այդ ի՞նչ եք լռում առևտրային դեֆիցիտի մասին, ո՞վ է ձեզ լռեցնում` Համաշխարհային բա՞նկը, Առևտրի Համաշխարհային կազմակերպությու՞նը, Միջազգային Արժութային հիմնադրա՞մը: Մտե~ք տոնավաճառ և կիմանաք, որ հայ արտադրողին վտարել են աշխատանքից, և լուցկուց ու լվացքի փոշուց սկսած` մինչև կահույք ու ավտոմեքենա` ուրիշներն են ստեղծում և մեզ վաճառում: Քանի չեք խոսել հայ արտադրողին, բանվորին ու գյուղացուն աշխատանք տալու համալիր ծրագրի մասին, քանի չեք ապստամբել ՀԲ-ի, ԱՀԿ-ի ու ՄԱՀ-ի դեմ` ես չեմ վստահելու ձեր քաղաքականությանը...

ՀՀ վարչապետը ասում է` կրթական համակարգը պետք է փոխել: Ես էլ մտածում եմ` այս մե՞կն ինչ է անելու: Հստակ գիտեմ ` անտեղյակ է Նոր Կրթության ստեղծման գաղափարախոսությանը: Կողքիցս որդիս` մեր Քանդակագործն ասում է. ներկայացրու Նոր Կրթության հայեցակարգը և ծրագրերը... Բայց գիտեմ վարչապետի փիլիսոփայությունը, ծանոթ եմ մի քանի աշխատանքների. Չի~ ընկալի, ժամանակը չէ:

Նոր վարչապետի մասին ասում են` պրոֆեսիոնալ է: Ես էլ հարցնում եմ` ինչի՞ պրոֆեսիոնալ է` բանկային գործի՞, տնտեսությա՞ն....Բայց սա ի՞նչ կապ ունի երկրի զարգացման Աշխարհայացքի հետ, Կյանքի հետ, Մշակույթի հետ: Տնտեսագիտության թեկնածու, ավագ գիտաշխատող մի վարչապետ էլ ենք ունեցել...

Շարունակվում է Կաթողիկոսի պաշտպանության պետական քարոզը... Մեկն ասում է` չպետք է պղծել հայ եկեղեցին ... Ախր, սիրելի հայ տիկին, կաթողիկոսը դեռ հայ եկեղեցին չէ, և հայ եկեղեցին էլ դեռ հայոց հավատը չէ: Հայոց ազգային հավատի արմատը ավելի հեռուն է, գնում քան Աստվածորդու Ուսմունքը: Հայորդիք, չպետք է վախենալ ոչ Եկեղեցուց , ոչ Կաթողիկոսից, ոչ անգամ Հիսուս Քրիստոսից և ոչ էլ Արարչից: Այս վախն է, որ անդամալույծ է դարձնում ազգերը, ոչնչացնում նրանց ստեղծագործ ավյունը: Միայն սիրել և երբեք չվախենալ:

Երկրում լարված խաղաղություն է: Հայլուրային մադոննան այսօր կրակի գույն ուներ և ժպտում էր` հայլուրական թագը գլխին... Ուրեմն Հանրայինի և Ալեքսան Հարությունյանի դիրքը պինդ է, շարունակվելու է թրիլլերային քաղաքականությունը: Տեսնես նոր վարչապետը ի՞նչ մշակույթ է ներկայացնում...

Սիրելի ֆորում, պինդ կացե~ք – նախագահներն ու վարչապետները գալիս են և գնում, մնում են ՀԱՅ ՈԳԻՆ, ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ և ՀԱՅՈՑ ԱՊԱԳԱՆ :
Մենք հավատում ենք այդ ապագային ...


Բարի գիշեր:

Հեղինակ
12.04.2008, 23:31
Այսօրս` 12 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօրս շատ արդյունավետ օր էր: Աշխատեցի 10-12 ժամ – խմբագրում էի Առողջագետ-ի գիրքը, իմ պոեզիայի հատորը և շարունակում էի աշխատանքը ձեռնարկի վրա` միջին դպրոցական տարիքի երեխայի համար: Բոլորը սրտիս սիրելի նյութեր են, նորից ու նորից գրավում է Առողջագետ-ի գիտական անկեղծությունը և հաճախ` մասնագիտական հանդգնությունը` ներկա բժշկության ախտերը նկարագրելիս:

Երեկ խոսում էիւնք Նոր Կրթության մասին: Եվ գիտե՞ք, որն է Նոր Կրթության հիմնական ԳԻՏԵԼԻՔ-ԱՊՐՈՒՄ- ԶԳԱՑՈՒՄԸ: Այն է , որ բնության մեջ ամեն ինչ կենդանի է, բանական, լի սիրով ու գիտակցությամբ: Երկրագունդը, մեր սիրելի Երկիր մոլորակը` բանական արարած է, նա Մոլորակային Ոգին է: Հողը , Օվկիանոսը, Օդը նրա մարմինն են, և երբ մարդը պատառոտում է այդ տարերքները` Մոլորակային Ոգին ցավ է զգում: Եվ սա բնագիտական իրականություն է: Ահա այս զգացումը պետք է հասցնել երեխային, որպեսզի նա հետո դառնա Մոլորակի Բժիշկը:

Առողջագետ-ի հետ հռչակել ենք Նոր էկոլոգիական կրթության մանիֆեստը, տարածում ենք աշխարհում: Այժմյան էկոլոգիական կրթությունը շատ պրագմատիկ է, նյութապաշտական, անհոգի: Արևմուտքի բնակիչը, գիտնականը մտածում են` բնությունը լավ պահենք, որ երկար շահագործենք: Իսկ ճշմարտությունն ասում է` Բնությունը լավ պահենք, որովհետև Մարդն ու Բնությունը մեկ են, միասին են, Կյանքն են, անբաժանելի են...

Ո՞վ է հիշում... մի գիտնական ուսումնասիրել էր Արևի բծերի փոփոխությունների դինամիկան և վերածել էր երաժշտության. ապացուցել էր, որ Արևը բանական արարած է և... երգու~մ է: Նույնպիսի Բանական Էակներ են մոլորակները, հսկայական է նրանց ազդեցությունը մարդու կյանքի ու ճակատագրի վրա...

Այսօր մի հետաքրքիր երևույթի հանդիպեցի. խոսքը «Դար» ակումբում բացված մի թեմայի մասին է. «Հարգարաժան նախագահ, շնորհավորում ենք ձեզ»: Քաղաքական կողմի վրա կանգ չեմ առնի(վաղը մտադիր եմ գրառում անել, իրականում խոսքը քաղաքակրթական երևույթի մասին է), ինձ հիացրեց Կյանքի և Գեղարվեստի փոխադարձ կապի այն ջղուտ զգացումը, որ ունեն երկխոսության մի քանի մասնակիցներ, ողջունում եմ mtahog-ին, Galatea-ին, Մելիք-ին: Չարենցյան պոեզիայի խրախճանք ստացվեց… Ահա Նրա վերջին բանաստեղծությունից մի քառատող.

Որքան գնում – այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ ,
Ես խոնարհում եմ քո առջև
Ե՜վ սիրտ, և՜ սեր, և՜ քնար…

Սիրելի ֆորում, բարձրագույն իմաստությունն ասում է, որ իրականում ՉԱՐԸ ՉԿԱ, նա ընդամենը բևեռ է, առանց որի անհնար կլիներ հասկանալ ու զգալ, թե ինչն է ԲԱՐԻՆ: Ուրեմն` կեցցեն ԲԱՐԻՆ ու… չարը, որոնց պայքարի մեջ ծնվում է ԿՅԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ: Եվ միթե՞ դրա մասին չէ ամբողջ համաշխարհային գրականությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
14.04.2008, 00:02
Այսօրս` 13 ապրիլի 2008թ., ավարտվում է:


Այսօրս պայծառ գարնանային օր էր: Առավոտյան սիրելի Առողջագետի դեմքը մի քիչ հոգնածության ամպ ուներ վրան, բայց երեկոյան կողմ գարունը հաղթեց, և նրա դեմքը շողում էր վստահությամբ և ուրախությամբ:

Այսօր կատարում էի նախապատրաստական աշխատանքներ` մեր պետականագիտական աշխատանքերը հանրային ասպարեզ նորովի հանելու համար: Վերջին տասնամյակում այսպես ենք գործել` տպագրել գիրքը և ոչ մեծ տիրաժը նվիրել–տարածել հանրության մեջ: Բայց այս գործելակերպը իրեն չարդարացրեց: Մեր բթացած հանրությունը, մանավանդ` կուսակցությունները, չէին արձագանքում մեր նվերներին, ընդամենը մի քանի արձագանք ենք ունեցել... Հիմա որոշել ենք չորս գրքից բաղկացած փաթեթը հասցնել միայն դրա համար վճարողներին ... Տեսնենք...

«Լուսանցք» շաբաթաթերթը սկսեց` «Հայաստանը և համաշխարհային կարգը» հոդվածի տպագրությունը: Թերթը իր ճակատին որպես անոնս հանել էր մի քանի պարբերություն հոդվածից, ահա դրանցից մեկը. «Համաշխարհային կարգը ինքը էթիկապես հիվանդ է, չունի մոլորակային կյանքի կազմակերպման ճիշտ աշխարհայացք և կազմակերպվածություն: Ներկա միջազգային արժեքները և չափանիշները, որոնցով կառուցվում է մեր պետականությունը, նաև դրանց կիրառման ձևերը չեն համապատասխանում հայ ազգային հոգեկերտվածքին և թույլ չեն տալիս նրան ի հայտ բերելու իր իրական կերտողական ներուժը»: Սիրելի ընթերցողս, ընդգծված տողը մի անգամ էլ կարդա...

Մի երկու մշակութային դիտարկում:

Շանթ հեռուստաընկերություն, Ժողովրդական երգի մրցույթ: Այդ նախագիծը կայացավ, բայց ոչ առանց էական թերության: Ի սկզբանե մրցույթի երգիչների նվագակցումը իրականացնում էր «Սայաթ-Նովա» համույթը: Շեշտը դրվեց գուսանական երգի վրա, ապա գերակշռություն ստացան... թաթուլալթունյանական ոճը... Խաչատուր Ավետիսյան, Հեքիմյան... Էլի վրիպում, էլի մեր երիտասարդությունը չիմացավ, որ ՀԱՅ ԵՐԳԸ ԴԱ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՏՈՀՄԻԿ ԵՐԳՆ Է, ԳԵՂՋՈՒԿ ԵՐԳՆ Է: Սա է մեր երգարվեստի հիմքը, լեզվից հետո` մեր ինքնության անձնագրերից` երկրորդը...

Մոսկվայից` հայ շոուբիզնեսի «Տաշիր 2008» մրցանակաբաշխությունն էր: Հայ ժամանակաից էստրադա, ի՞նչ կլիներ, որ դու աշխարհում չլինեիր, և մենք էլ քո անուշ տեսքին չարժանանայինք: Այստեղ էր Վլադիմիր Վոյֆովիչը, նա մեզ խոստացավ, որ Արարատին մյուս կողմից ենք շուտով նայելու, ինչը առաջացրեց դահլիճի բուռն հիացմունքը: Իսկ ես հայ զանգվածին ասում եմ` մեր Արարատը մեր Ոգին և Մշակույթն են, նրանց նայենք բոլոր կողմերից, փայփայենք ու պահտպանենք, այն ժամանակ մեր հողեղեն Լեռը ` Արարատը ևս կունենանք: Իսկ այս խեղճ մշակույթով... կորցնելու ենք նույնիսկ այսօրվա բլուրները ...

Հիշում եմ` դեռևս պատանի, երազներիս մեջ գրկում էի Արևմտյան Հայաստանը, իսկ հիմա, ներեցե~ք, մեր պետականության այս որակի պայմաններում չեմ ցանկանում նույնիսկ Արարատն ունենալ: Հանկարծ մեր օլիգարխներից մեկը որոշի սեփականաշնորհել լեռը և Նոյան տապանի տեղում ... ռեստորան և խաղատուն կառուցել, այն ժամանակ ի՞նչ ենք անելու:


Սիրելի ֆորում, ուրեմն` նախ նորոգենք մեր Սիրտը, մեր Գիտակցությունը , մեր Մշակույթը, այն ժամանակ մեր սրտի պաշտելի խորհրդանիշները հաստատապես և նյութապես մերը կլինեն:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.04.2008, 23:29
Այսօրս` 14 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Երեկ Philosopher-ը մեր կայքերը մի տեղից տեղափոխում էր մեկ ուրիշ տեղ: Այդ պատճառով համացանց դուրս չեկա, և “Այսօրս” առաջին անգամ չհասավ իր ընթերցողին:

Այսօր խմբագրում էի պոեզիաս, հնչում էին նորից հին երգերը… Մի քանի օրից հետո կսկսեմ բանակացել հրատարակության համար:

Այսoր եկել էին Վենետիկի հանձնաժողովից, մի խստահայաց մորաքույր քննության էր ենթարկում մեր ԱԺ նախագահին: Տ.Թորոսյանը ձգտում էր ապացուցել, որ ինքնաբուխ ցույցերը կարող են… այնքան էլ ինքնաբուխ չլինել, այսինքն` լինել կազմակերպված ինչ-ինչ… հանցավոր նպատակներով: Մի խոսքով` տխուր տեսարան էր… Ցանկանանք ունենալ այնպիսի պետականություն, որը գրեթե անտեսանելի աշխատի, իսկ մենք էլ… ինքնաբուխ, առանց…հանցավոր նպատակների, ապրենք մեր կյանքը:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեռանում է. տխուր էր, ձայնը դողում էր: Այս գործիչը շատ է ուզում հավատալ, որ ինքը հետք է թողել պետության պատմության մեջ: Գուցե և թողել է: Բայց նրա գործունեության ընթացքում ես չեմ զգացել ժողովրդի ճակատագրի և մշակույթի այնպիսի խորունկ զգացում, որոնք ազդեին նրա դիվանագիտական աշխատանքի վրա: Մեր երիտասարդ դիվանագիոտությունը խոնարհված տեսանք ստրասբուրգերի առջև:

Մի երկու մշակութային անդրադարձ…
Մարդ միշտ ուզում է երկրի մշակութային կյանքից որսալ ինչ որ պահ, ինչ որ իրադարձություն, որ կարող է թև տալ իրեն, ոգևորել, բայց ցավոք դրանք քիչ են պատահում :
Ահա այս տարի նորից լինելու է երգի համահայկական միջազգային փառատոնը` “Ընծա” անվանումով, Ստեփանակերտում: Փառատոնի գեղ. ղեկավարը տաղանդներով լեցուն, անմոռանալի, հայ երգի ռահվիրա Արթուր Գրիգորյանն է…Մի քանի պատկեր ցույց տվեցին. երգիչ-երգչուհիների աններդաշնակ շարժումներ, մկկացող ձայներ և այս ամենը…. համահայկակա~ն… միջազգայի~ն … փառատո~ն …

Նույն ժամին Նոր ալիքով, հարկատուների փողերով, մի քանի սուբյեկտ եթերում էին և խոսում էին… Հայկոյի, Միշոյի, Սերժոյի, Սաշի, Համոյի … “արվեստի” մասին , որ իրենք “թմով” են աշխատում և իրենց երգերից մարդիկ… “տժժում են”: Այս դեգեներատիվ կերպարանքները Հանրայինի դիվերսիոն մշակութային քաղաքակնության կրողներն են: Այսօր երկրի Նախագահը նշանակում էր կառավարության նոր անդամների…Ինձ ի՞նչ, թե ովքեր են նրանք, եթե ապրելու եմ … Միշոյի~, Սերժոյի~, Սաշի~, Համոյի~…չքնաղ երկրում: Ես արհամարում եմ Հայաստանում իրականացվող մշակութային քաղաքականությունը…


Այնուհանդերձ մի ուրախալի մշակութային իրադարձություն. Արգամ Այվազյանը ներկայացնում էր չորս գիրք Նախիջևանի մասին: Հայոց բնիկ տարածք… Գողթն գավառ, գողթան երգեր, ձայնեղ գուսաններ, Կոմիտաս ու Արամ Խաչատրյան … Արյունում է հայոց սիրտը, որ մեկ – երկու սերնդի կյանքի ընթացքում հայաթափ եղավ այս հողը և փշրվեցին մեր անմահ կոթողները: Տարիներ առաջ սիրտս այրվել է այդ ցավից, և ահա ներկայացնում եմ բանաստեղծությունը.


ԵՐԳ ԳՈՂԹԱՆ ԵՐԿՐԻ

Գողթան երկի'ր, որտե'ղ ես դու,
Որ ափին ես մայր Արաքսի,
Երգի' երկիր, որտե'ղ ես դու,
Որ իմ սիրտը ձայնդ լսի:

Ախ, որտեղ ես - երգս բերեմ
Ընծա` հողին քո գինեվետ,
Եվ ծնկաչոք այն համբուրեմ
Որդուս և իմ Սաթինկա հետ:

Ու~ր է տունըդ ավանդապահ,
Ինչո'ւ դարձավ համր ու լռին,-
Ահա երգս սառեց մի պահ`
Կարի՞ճ տեսա իմ փանդիռին:

Հնչե ~ք, լարե'ր, խոցե ~ք, լարե'ր,
Երգե~ք կարոտըս անվախճան,
Հնչե ~ք, լարե'ր, խոցե ~ք, լարե'ր,
Պատմությունը մեր դավաճան:

Հնչե ~ք, լարե'ր, կանչե ~ք, լարե'ր,
Հողի կարոտը անվախճան.
Հնչե ~ք, լարեր, կոչե ~ք, լարե'ր,
Հիշատակներն անդավաճան:

Իմ Սաթենիկ և իմ զավակ,
Լսեք երգս գիշերային,
Շուտով կգա արևածագ,
Եվ լույս կիջնի իմ փանդիռին:

Հնչե ~ք, լարե'ր, կանչե ~ք, լարե'ր,-
Գողթան երկիր, որտեղ ես դու.
Սերս ու կարոտս են վարարել,
Երգի'ս երկիր, որտեղ ես դու…


Բարի գիշեր :

Հեղինակ
17.04.2008, 09:08
Այսօրս` 16 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօրս այն օրերից էր, երբ թվում է` աշխատանք քիչ եմ արել, բայց ամբողջ օրը արթուն և լարված էի` մի ներքին ռիթմի մեջ:
Սիրելի ընտանիքս ձգտում է թոթափել մեր դժվարին ճանապարհի ծանրությունները և գնալ դեպի ապագա: Զարմանալիորեն անցյալի խորհրդանիշները` հարթմնի, թե քնած - դեպի ետ են ձգում, հիշեցնում են արմատներդ, ճանապարհը, ավանդույթները... Իսկ հոգիդ ընդվզում է , ձգտում է դեպի ապագա , որտեղ պետք է հանդիպես քո Ես-ի ու Ճշմարտության հետ:

Այսօր մեր երիտասարդության մի յուրինակ փնտրման ականատես եղա, երբ «Դար» ակումբում ծանոթացա «Շարժումը մահացե՞լ է» թեմային: Ուզում էի գրառում անել` չհասցրեցի: Մի երկու ուրվագիծ` այստեղ: Որևէ ժողովրդյան շարժում սկսում է Ժողովրդի Հոգին, որը գիտե, թե ինչ է ուզում: Ժողովուրդը ելնում է իր հարյուրամյակների թախիծը հաղթահարելու, իր սխալներից ազատագրվելու և մի նոր կյանք ստեղծելու համար: Բայց որպես օրենք` շարժման առաջնորդները չգիտեն, թե ինչ է ուզում Ժողովրդի Հոգին: Այդպես եղավ 1988թ. շարժման հետ:

Իսկ ի՞նչ է ուզում մեր այս նոր շարժումը: Սիրելի հայ երտասարդություն, ի՞նչ է ուզում այս նոր շարժումը, որն է նրա նպատակը: Իշխանափոխությու՞ն – դա ողորմելի նպատակ է: Որովհետև իշխանության փոփոխությունը ՉԻ ՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԷԹԻԿԱՆ: Ժողովրդավարական երկիր դառնա՞լ. թվում է թե վատ չէ , բայց նույնքան... ողորմելի նպատակ է: Ուրեմն … պայքար, պայքար- մինչև որտե՞ղ…

Մնում է իմանալ, զգալ, հասկանալ, թե ինչ է ուզում Ժողովրդի Հոգին: Ո՞վ և ե՞րբ է կարդալու այնտեղ գրված Գաղտնի Գիրը: Այն կարդալու համար հարթակի տիրակալ լինելը քի~չ է, քի~չ է, քի~չ է … Անհրաժեշտ է մի նոր գիտելիք` ԱՇԽԱՐՀԱԿԱՌՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ԴԵՌևՍ ՀԱՍՈՒ ՉԷ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ և ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Մեր այս շարժումը կարող է պսակվել հաջողությամբ, եթե ստանա նոր առաջնորդություն և ուղղվի մոլորակային կյանքի նորոգման ընդհանուր հուն: Հայաստանը ունի այդպիսի էթիկական ներուժ: Մեր երիտասարդությունը կարող է հայտնաբերել այդ ներուժը… Եթե միայն հաղթահարի իներցիան, չկառչի ստերետիպերից և անձերից, ամեն օր նայի իր սրտի խորքը, իր Մշակույթի խորքը...ԿԳԱ~, ԿԳԱ~, ԿԳԱ~ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԴՈՒ` ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ՔՈ ԱՄԲՈՂՋ ԷՈՒԹՅԱՄԲ ՁԳՏԵՍ ՈՒՆԵՆԱԼ ԱՅՆ...

Այսօր Հայաստանի լրատավական դաշտը լիքն էր Եվրոպական կառույցների կարծիքներով, վաղվա քննարկման սպասումով, թերիդեվիսներով և համարբերգներով...Թվում է` մի անսխալական դատավոր կա, որը մեզ կօգնի մոռանալ մեր աբորիգենային անցյալը և առաջադեմ ազգ դառնալ: Այս աշխարհայացքային թակարդի մեջ է և մեր պետությունը, և, ափսոս, մեր երիտասարդությունը: Այս գարնան պայծառ ու ազատ օրով ասում եմ` այս ծեր ու հին մայրացամաքը` Եվրոպան, մի հոգնած ու ծանր հիվանդ է, որը կարքի ունի թարմ գաղափարների ու թարմ արյան: Նա լուծել է իր հաց ու ջրի խնդիրը, բայց այդ հացն ուտում է այնպիսի ագահությամբ, որ վայել չէ Մարդուն. Ճարպակալում է Եվրոպան, ատլանտյան հակամշակույթը խեղդում է նրան... Կարծում եմ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ԵՎՐՈՊԱՅԻՆ` ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԳՏՆԵԼՈՒ... Սիրելի ընթերցողիս խնդրում եմ մտածել այս ուղղությամբ...

Լույսը գնացել էր, «Այսօրս» առավոտյան եմ ուղարկում...

Բարի առավոտ...

Հեղինակ
17.04.2008, 23:21
Այսօրս` 17 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօրս զուտ զգացական առումով հարուստ օր էր:

Մի քանի գրառում արեցի «Դար» ակումբի ` «Շարժումը մահացե՞լ է» թեմայում: Այո~, հայ ժողովրդի բազմադարյան Շարժումը` մշտական ալեկոծություներով, չի դադարել և չի դադարելու: Ուղղակի ամեն դարում կամ ժամանակաշրջանում այն ստանում է այլ ձևեր և այլ փիլիսոփայություն: Այս նոր Շարժումը չափազանց հետաքրքիր է իր ծագումով.... Գրառումներիս նպատակն էր` մեր երիտասարդությանն ասել, որ Շարժումը ի վերջո պետք է ուղղվի Հայաստանի քաղաքակրթական նորոգմանը, պետական – քաղաքական կարգի հիմնարար փոփոխությանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մաքսավորների հետ հանդիպմանը բառացիորեն հայտարարեց. «Մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով»: Հայ վերնախավի բերանից այսպիսի բան լսած չկայինք … Ինքնամաքրու~մ … Ահա թե Վերնախավի տառապած միտքն ու սիրտը ինչպիսի անակնկալ եզրահանգում կարող են անել... Նույնիսկ եթե չգիտենք, թե Նախագահի շուրթերին այդ արտահայտությունը ինչ խորություն, ինչ անկեղծություն ունի...Ահա թե ի~նչ է տալիս Շարժումը:

Հայոց Վեհափառը … Մեր նորագույն պատմության մեջ երբևէ չէր եղել, որ հայ հանրության մի հատվածը այդպես բաց ու հստակ ելնի իր Եկեղեցու պետի դեմ և կշտամբանք հնչեցնի նրա հասցեին: Այսօր պաշտոնական ուսանողությունը ուղարկել էր իր պատվիրակներին` խրախուսելու Վեհափառին…Խոստանում եմ` մոտ օրերս ֆորումում տեղադրել մի հատված իմ ` “Երրորդ հանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը” մենագրությունից` լույս տեսած 2002-ին, որտեղ արդեն իսկ ամփոփված էին եկեղեցու նկատմամաբ ժողովրդյան դժգոհության պատճառները և հնարավոր հետևանքները: Բայց կարծում ե՞ք, թե մեր այդ զգուշացումը հասե՞լ է Սուրբ Աթոռին: Երրորդ հանարապետության գոյության ընթացքում ոչ աշխարհիկ, ոչ էլ հոգևոր իշխանությունը չեն լսել ժողովրդի ձայնը: Բայց ՀՀ նախագահն արդեն ասում է. “Ինքնամաքրվենք”: Եվ ո՞վ կարող է աշխարհիկ կամ հոգևոր իշխանությանը մերժել այդ իրավունքը…

Շատ լավ , ինքնամաքրվենք, բայց ժամանակն է նաև ազատագրվել գաղութային չորրոդական երկիր լինելու հոգեբանությունից: Այսօր մեր խիստ ազգային, աննման- դաշնակցական` կրթության և գիտության նախարարը մի համաձայնագիր ստորագրեց … Բրիտանական խորհրդի հետ, որպեսզի սա օգնի մեր երկրին` միջնակարգ- մասնագիտական կրթության զարգացման … կողմնորոշիչների և չափորոշիչների մշակման հարցերում: Այս կրթության մի հսկա համակարգ ունեցած և փոշի դարձրած մի երկիր պետք է ամաչի այդպիսի համաձայնագիր կնքելու համար: Ո~վ ազգային – դաշնակցական նախարար, ամաչում եմ քո փոխարեն,- որքան ժամանակ մեր դպրոցն ու դպրությունը, մեր կրթությունը պետք է խոնարհեցնել ձեռքներին մի կտոր լեղի հաց պահած նոր-գաղութարարների առջև:

Սիրելի ֆորում մենք հայ և համամարդկային մշակույթներիի ոգով պետք է կառուցենք մեր երկիրը:

Բարի գիշեր:

Հեղինակ
18.04.2008, 23:27
Այսօրս` 18 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօրվա առաջին կեսին խմբագրում էի իմ պոեզիան: Առաջին տարբերակները, տետրերի մեծ մասը գրված են Առողջագետի ձեռքով: Հրաշալի տարիներ էին, եղել են ամիսներ, որ գրեթե ամեն օր բանաստեղծություն էր ծնվում: Վերռջնական տարբերակը Առողջագետը խմբագրում էր, և անհնար էր, որ լեզվական որևէ թուլություն անցներ բանաստեղծության մեջ: Հայ գրկանության լավագույն գիտակ մանկանավարժների դուստրը, չնայած ռուսական կրթությանը, հրաշալի է զգում մայրենի լեզուն…
Ահա մի բանաստեղծություն.


ՄԵՐ ԲԱՐԲԱՌՆԵՐԸ

Թե լինեի մեծ, թե լիներ հնար
Ու թե բախտ փայլեր մի կյանքի համար`
Կհավաքեի բարբառներն հայոց,
Բոլոր հին ու նոր բառերը հայոց -
Մոտիկ ու պանդուխտ, ապրող ու կորած,
Հազար չարչարանք ու դրոշմ կրած:


Կհավաքեի այլոց հողերից,
Թափառ գրքերի գունատ տողերից,
Օտար ձեռքի տակ մարող գաղութից,
Արդեն հեռացող ծերունու շուրթից.
Ու այդպես ընկած աշխարհե–աշխարհ`
Կհավաքեի նշխար առ նշխար:

Ապա հայրենիք ես կդառնայի
Ու աչքս Երկիր ես կհառեի .-
Կխլրտային նրանք կարոտից,
Կելնեին գերյալ քարերի տակից,
Կհասնեին ինձ …ա~խ, մայր բարբառնե'ր,
Երկրում մեր կորած դուք ապրում եք դեռ...

Ապա այս հողին ու Արագածին,
Իմ այս մանուկին, իմ այս փրկվածին
Ես կդառնայի: Գեղջուկ երգերից,
Մեր հեքիաթների քաղցրիկ էջերից,
Մեր պտղած հողի հացի շեղջերից
Մեր բարբառները կհասնեին ինձ:

Կհավաքվեին այդպես սրտիս մեջ
Իմ հայրենիքի գավառները պերճ.
Ու կհասնեի երազին իմ տան,
Փայփայված օրվան մեր միասնության,
Ու կունենայի կրծքիս տակ այնժամ
Մի ամբողջակա'ն, անբե'կ Հայաստան:

Այսօրը հարուստ էր կրթական և մշակութային աղերսներով: ՀՀ նոր վարչապետը շատ կարևորում է կրթության դերը, որը ինքնին շատ խրախուսելի սկիզբ է, և խոսում էր Համահայկական համալսարանի ստեղծման մասին: Նույնպես լավ գաղափար է , սակայն … Վարչապետն ասում էր, որ կրթությունը պետք է համապատասխանեցվի… շուկայի պահանջներին… Ահա այստեղ շան գլուխ կա թաղված: Երկիրը դառնում է առևտրային -զբոսաշրջային տարածք, ի՞նչ մասնագետների պահանջ կարող է ունենալ այսպիսի շուկան: Վարչապետը պետք է մտածի նոր որակի շուկայի, նոր արտադրական ինֆրակառուցվածքի ստեղծման մասին, որի համապատասխան էլ կստեղծվի մեր կրթությունը: Եվ ապա` պետք է զարգացնել հիմնարար գիտությունները` Ի ՀԱԿԱՌԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՊԱՀԱՆՋԻ` ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ: Պետք է զարգացնել ՀՈՒՄՆԻՏԱՐ գիտությունները` նորից Ի ՀԱԿԱՌԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՊԱՀԱՆՋԻ` ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ: Շատ վտանգավոր է ներկա շուկային տալ այդպիսի գերակայություն: Վախենում եմ, որ երկրի այս բարձր պաշտոնյան ընդամենը միջազգային ֆինանսական կենտրոնների գիծն է տանելու Հայաստանում…

Իսկ Կրթութան նախարարը խոսում էր այն մասին , որ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական ծառայությունների մատուցման կենտրոն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ներդրվեն եվրոպական չափանիշները, մի եվրոպացի էլ ասում էր, որ իրենք կօգնեն Հայաստանին` իրականացնելու այս գաղափարը: Ա~յ քեզ բան, այդ մեր ո՞ր հարևանը չի կարող անմիջապես Եվրոպայից ստանալ այդ ծրագրերը, և ապա` մեր կրթության նախարարը ե՞րբ է կհասկանա, որ “եվրոպական չափանիշներից” դենը ճանապարհ կա~, գաղափար ու կրթություն կա~:

Այսօր հանիպեցիnq “Դար” ակումբի ֆորումից` `Fedayi-ի և Գևորգի հետ: Մեր երիտասարդությունը ձգտում է հասնել Ամբողջի ճշմարտությանը, գնահատել իր ապրած ժամանակը: Ընդհանրապես այն տպավորությունը կա, որ չնայած անկախության տարիների դժվարություններին, էժանագին հակամշակույթի գրոհին, ասպարեզ է իջնում արթուն, ընդունակ նոր սերունդ, որը ճանապարհ է փնտրում… Այսօր Առողջագետի հետ խոսում էինք, որ կարող ենք շաբաթը մի հաստատուն օր ու ժամ ունենալ` մեր երիտասարդության հետ հանդիպումների համար: Դժվարին, կասեի` ահռելի խութերով լի ճանապարհ անցած հեղինակներս շատ բան ունենք տալու նրանց:

Հայոց հակամշակույթի մութ երկանկամարում փայլում է “Երկու աստղ” շոուն. գրեթե անձայնեղ երգիչ–երգչուհիներ, խառնիճաղանջ երգացանկ, մտացածին ու տգեղ ձևեր…Իսկ հումո~րը, ահա`
Ինձ կդիմեք համարձակ
Եթե ունեք քթի ծակ…
Մի խոսքով` Հանրային հեռուստատեսությանը արժանի հաղորդաշար: Այն իր ներկայությամբ զարդարում է իշխանական կուսակցության մակերեսային- ինտելեկտուալ պատգամավորը: Բայց, այնուհանդերձ, մի աչքալուսանք ունենք. հայլուրային մադոննան այս էլ ո՜րերոդ անգամ վերջում չի հայտարարում, թե ինչ թրիլլեր է սպասում մեզ…

Սիրելի ֆորում , ինչքան էլ խառնակ լինեն ժամանակները` ամեն մարդ ունի մի փարոս, որը անվթար լույս է տալիս… Այդ փարոսը մարդու սիրտն է` լի իմաստությամբ, գիտելիքով և գեղեցկությամբ: Ամեն օր մի պահ, մի տաս րոպե անջատվենք “երկու աստղից”, խառնակ լուրերից, աղմուկներից և լսենք մեր սրտի ձայնը: Սրտի զարկերի մեջ Տիեզերքի ռիթմն է:

Բարի գիշեր:

Հեղինակ
19.04.2008, 23:10
Այսօրս` 19 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօրս ռիթմ չուներ, գոհ չեմ կատարածս աշխատանքից:

Շարունակում էինք բանավեճը «Դար» ակումբի քաղաքականության բաժնում: Հիշում եմ` 1988-ին մի բանաստեղծությամբ կշտամբել էի Սիլվա Կապուտիկյանին , որ չի հասկանում Շարժման նպատակները, շատ զգուշավոր է և խանգարում է երիտասարդության ընթացքին: Լավ բանաստեղծություն էր, բայց հիմա ամաչում եմ ժողովածուի մեջ այն տեղադրել, քանի որ բանաստեղծուհին ի վերջո ճիշտ դուրս եկավ:

Այսօր արդեն «Դար» ակումբում Chuk-ն ու ՎԻշապ-ն են ինձ կշտամբում, թե կարող եմ խաթարել մեր երիտասարդության ընթացքը: Մի խոսքով` ամեն ինչ ինչ-որ ձևով կրկնվում է... Բայց այս անգամ ուրիշ է լինելու: Այո, Վիշապ-ի նշած տրանզիստրը կարող է առավելություն տալ նրան` լամպով աշխատող տարեցի նկատմամբ... Սակայն այս անգամ խոսքը գնալու է ոչ թե նյութական տարածքի մասին, այլ Ոգու տրանզիստրը և Ոգու լամպն է լուծելու մեր ապագայի խնդիրները... Իսկ այստեղ արդեն իմաստության ու փորձի այլ կատեգորիաներ են գործում:

Ժամանակակից դեմոկրատական պետության գաղափարը ծերացող գաղափար է, այն սպառել է իրեն, մեր աչքի առջև Էթիկայից զրկվում են այն կրող Եվրոպան և Ամերիկան...Մեր սիրտը Նոր որակի պետականության գործ-գաղափարի հետ է, մենք նրա աշխատավորն ենք,- այս գաղափար-ծրագիրը պատանի է. ո՞վ կա, որ կարող է Ա՜ՅՍ ԳՈՐԾԸ առաջ տանել..[/B].

[B]Իսկ դու, բարեկամս, մեզ կոչում ես իջնել Օլիմպոսից, լինել ավելի հասկանալի...Հը~մ... 20 տարի հղի կնոջ ասում ենք` այս կեր, այս երգի... որ պտուղդ առողջ ծնվի: Երեխային ու մորը սովորեցնում ենք միրգն առավոտյան ուտել, հիվանդին ասում ենք, որ բնությունը ստեղծել է բոլոր դեղերը... Եվ ամեն օր ու ամեն ժամ մեր գործին կողքից ենք նայում ու ինքնակրթվում... Հետո էլ նայում ենք այս մեր պետությանը և ասում ենք` այսպես պահիր քո մանուկ սերունդը, այս պարերը ուսուցանիր, այս հաց ու ջրով սնիր, այս Կրթությունը և Բժշկությունը տուր... Մի ծանր, ամենօրյա աշխատանք: Սա է Նոր Հայաստանի ստեղծման աշխատանքը: Եվ սա վերացական Օլիմպոս չէ, այլ մի խոպան հող, որ մշակում ու խնամք է պահանջում...

ԱԺ նախագահն Արցախում ասում է, որ ղարաբաղյան հարցի լուծման համար անհրաժեշտ են գիտական – մասնագիտական ուսումնասիրություններ: Բա ի՞նչ գործի եք եղել մինչև հիմա, հարգելի ԱԺ նախագահ: Այս հարցում հաղթելու են ոչ թե դիվանագետները, այլ գիտությունը և էթիկան...Ալեքսանդր Մանասյանը քանիցս նշել է, որ մեր պետությունը և դիվանագիտությունը չեն օգտվում գիտության հնարավորություններից...

Այսօր որոշեցի հին հակառակորդիս այնուհանդերձ ուղարկել «Արշալույսը» և մի զեկուցում: Նրա ղեկավարած կրթահամալիրում կրթական ծրագրեր ստեղծող մանկավարժների հանրապետական հավաք է: Ինչու՞ չմասնակցել: Ի վերջո, առանց հակառակորդի որևէ գործ չի կարող լինել: Ուրեմն`մեծ հաշվով հակառակորդներ չկան, այլ կան միայն համագործակիցներ, որոնք Բնության կամքով ինչ- որ ժամանակ կարող են «հակառակորդներ» կոչվել:

Նայում եմ այսօրվա Հայաստանի տարածքը, հակամարտող կողմերին և նրանց լիդերներին: Այս մարդկանց թվում է, թե իրենք թշնամինե~ր են: Մինչդեռ նրանք ԿՅԱՆՔԻ դրած ներկայացումն են խաղում, մի նոր ապագայի ծննդյան համար հող են նախապատրաստում :

Սիրելի ֆորում, ողջունենք հակառակ բևեռներում հավաքված այն հայ մարդկանց, որոնք իրար դեմ կանգնած և իրար թշնամի կարծելով` իրենց կոնֆլիկտի մեջ ստեղծում են Հայաստանի ապագայի հողը: Եվ թող ամեն մարդու սիրտը որոշի, թե ինքը որ բևեռի հետ է..

Բարի գիշեր:

Հեղինակ
20.04.2008, 23:45
Այսօրս` 20 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր գարնանային վառ օր էր: Ավարտեցի բանաստեղծության գրքիս խմբագրումը: Սկսենք լուծել հրատարակության խնդիրը: Ահա մի բանաստեղծություն, որ ծնվել է վերջին տասնամայակի խոկումներից:


Երազիս տեսա, իբրև մեր նախնիք
Խաղաղ օվկիանի մի կղզու վրա
Ստեղծել էին մի նոր հայրենիք,
Պարսպով պատել սահմանը նրա :

Տեսա սահմանը այդ մեր պետության,
Ու բացվեց տեսիլք անսպասելի –
Պարսպաշարը` քարերի տեղակ –
Դրամներ էին` չափերն ահռելի :

Ապա ինձ սիրտը երևաց երկրի,
Իբրև թե նրա խորքերի խորքում
Տիրում էր մի թուխ, անսանձ գեղուհի
Եվ օտարաբառ երգեր էր երգում:

Բարկ բառերի հետ – ալիքվող մարմին,
Բարկ բառերի մեջ – հեշտաբաց բերան .
Ու գիշեր ու զօր այդ կինը բեմին`
Ամբոխը լսում, տենչում էր նրան...

...Ծանր արթնացա. գիշեր լուսնահար. –
Նոր հոգս կփլվի քո վրա, երկի'ր.
Կարո¬՞ղ եմ լինել նեցուկ քեզ համար,
Կարո՞ղ եմ լինել հոգսիդ կարեկիր…
25.7.1994



Աշխատեցի Առողջագետի գրքի խմբագրման վրա, շուտով կավարտենք աշխատանքը: Գիրքը նա գրել է երկուսուկես ամսում, իսկ ես խմբագրում եմ արդեն …չորս ամիս: Սիրելուս դեմքը այսօր պայծառ էր, վերջին օրերի հոգնությունները կարծես հեռացել էին:

Շարունակեցինք բանավեճը “Դար” ակումբի քաղաքականություն բաժնում: Մեր երիտասարդները մի երկու չոր անդրաադարձ արեցին: Նրանց թվում է, թե մենք մի խաղաղ կղզու վրա կանգնած ենք, գրեթե բարգավաճ ու ապահով, և ալեկոծ շարժմանը կողքից միայն խելք ու խրատ ենք տալիս: Եվ մի քիչ նյարդայնանում են … Նրանք ի՞նչ իմանան, որ ընտանիքով արդեն 15 տարի գաղափարապես ապստամբել ենք այս ոչ հայկական, անիրավական, ոչ մարդկային պետականության դեմ…Ի՞նչ իմանան, որ այդ պայքարում քանի սուսեր ու վահան ենք փշրել, ինչ վերքեր ենք ստացել…

Սիրելիներ, 88-ի Մեծ Շարժումի էներգետիկան ազգովին փչացրեցինք և ծնեցինք այս հիվանդ պետականությունը: Մեծ մե՞ղք է, եթե հոգս ունենք, որ այս Շարժումն էլ մի այնդպիսի հիվանդ չծնի: Շատ լավ, թող Նոր Շարժումը արթնացնի մեր արժանապատվությունը, թող քնից հանի աղբի մեջ խրված պետականությանը, թող ժողովուդը նորից զգա իր ուժն ու վստահությունը, բայց երբեք չպետք է մոռանալ, որ այս անգամ մենք պետք է նոր որակի պետականություն ստեղծենք:

Սիրելի ֆորում ստեղծենք նոր որակի պետականություն, հայկական պետականություն, ստեղծենք երկիր ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ: Այդ պետականության ամբողջական տեսիլքը շողում է մեր աչքի առջև... Կարդացե~ք, օրինակ, Առողջագետի մի հոդվածը` "Նոր երկրի ստեղծումը
http://www.dnforum.am/showthread.php?p=11718#post11718

Բարի գիշեր

Հեղինակ
22.04.2008, 09:35
Այսօրս` 21 ապրիլի 2008թ., ավարտվում է:


Այսօր եղել են մի շարք ապրումներ ու աշխատանքներ, սակայն երեկոյան դիտեցի մի ֆիլմ կորուսյալ Հայրենիքի մասին և չեմ ցանկանում այսօր մի այլ նյութի անդրադառնալ:
Ահա Կարսը, Կարսի բերդը: Կան շենքեր, որոնք հիշեցնում են Գյումրին, Կարսի Առաքելոց եկեղեցին … Կարսից են Առողջագետի նախնիները… կարսեցիները նուրբ ու կիրթ են եղել: Ափսոս, Կարսը հայոց մեջ մնացել է նաև որպես պարտության ցավ, 1919-ին անառիկ բերդը գրեթե առանց դիմադրության հանձնվեց թուրքերին: Սա նորից ու նորից հիշեցնում է, որ բերդերը Ոգով են պահվում: Կարսի պարտության ամոթը այսօր մեզ պետք է զգոն պահի ` չհանձնելու մեր Ոգու և Մշակույթի բերդերը:

Անի… 1982-ին Ախուրյանի այս ափից տեսել ենք Անին… Այսօրվա ֆիլմում տեսանք Մայր Տաճարի երկնաթռիչ թեթև կամարները, Սուրբ Փրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենցի եկեղեցին: Միշտ զարմանք է պատճառում հայ ճարտարապետության խիստ ոճը, խոյակների, կամարների, լուսամուտների զուսպ գեղեցկությունը… Մանկությունից եկած մի սիրով ուզում էի հասնել, փարել մամռոտ, կործանված խոյակներին, երկնաձիգ սյուներին, կիսկործան գմբեթներին:

Մայրենի Մշակույթ, այս խառնակ ժամանակներում Դու ես մեզ պահպանողը: Քո զորությամբ ու Քո գեղեցկությամբ հեռացրու մեր սրտից ամենայն անմաքրությունը, լցրու այն սիրտը ծովածավալ սիրով, տուր մեր ձեռքերին նրբություն` փարելու ու բուժելու քո վերքերը, տուր մեր աչքերին տեսողություն` տեսնելու քո ապաքինող լույսը, տուր մեր ոգուն երիտասարդություն` կերտելու մի Նոր Մշակույթ, տուր մեր մտքին արիություն` ստեղծելու մի Նոր Երկիր:

Սիրելի ֆորում, բանաստեղծությանս գրքի մի շարքը կոչվում է “Խնկաբույր երկիր”, տեղադրում եմ երկու բանաստեղծություն:



ՄԵՐ ՎԱՆՔԵՐԸ
Խոյակներ ու պատեր
Եվ գմբեթները ձեր
Մենք չենք նախշազարդել
Ու չենք ոսկեզօծել:

Ոսկին եղել է քիչ,
Ներկը թանկ է եղել,
Ծաղիկներ ու հավքեր
Գրքերում ենք թողել:

Եվ դուք խոյացել եք
Գեղեցկությամբ անզարդ,
Բայց ձեր ամեն քարում
Լույս է ապրում զվարթ:

Մեր կարոտն ենք պեղել
Ձեր խուցերում մթին,
Դուք նեցուկ եք եղել
Մեր հոշոտված սրտին.-

Խորաններում հեղված
Ոսկեղենիկ բառով,
Եվ ձեր լինելության
Վայրկյանով ու դարով:


ԱՆԻ

Այն մանկան նման, որ ծնված օրից
Չի տեսել իր մոր գծերը անգին,
Եվ լուր է առել և պիտի հասնի,
Ու փարի նրա գթառատ կրծքին,-

Այդպես էլ եկա ես քեզ տեսնելու,-
Լեռներն ինձ բացին քարոտ ճանապարհ,
Եկա քո անմեռ շնչին հասնելու
Ու լաց լինելու քո բախտի համար:

Ահա իմ դեմ ես, ձորի այն ափին,
Այո, իմ մա'յրն ես, ճանաչու~մ եմ քեզ
Բայց մի սառն ալիք իջել է սրտիս, –
Ցավից, կարոտից քարացել եմ ես:

Ոչ արցունք ունեմ, ոչ ուրախություն,
Ու քեզ եմ հառում հայացքս մթնած, –
Այսօր ես ունեմ և' զավակ, և' տուն,
Իսկ դու` անզավա~կ, իսկ դու` անարգվա~ծ:

Որդիներն հաճախ անսիրտ են լինում`
Տրված գոյության դառը վայելքին,
Հիշատակներն էլ ցնորք են դառնում,
Ձուլվում օրերի ահեղ տարերքին:

Մայրական սերն է անսպառ միայն,
Եվ խաբուսիկ է լռությունը քո, –
Մի անու~շ, անհու~ն, լու~ռ խլրտում կա
Քո հազարամյա լռության ներքո:

Եվ քո քարերը - սրբատաշ ու սուրբ,
Կփղձկան հիմա արցունքի ծովեր,
Կլցնեն ձորի վիհերն անհագուրդ,
Եվ գետի ջուրը կբարձրանա վեր. –

Այդ ելած գետի,այդ ծովի միջով
Իրար կնետվենք, կհասնենք իրար,
Կգրկենք իրար անվերջ կարոտով
Իմ սե'ր, իմ մորմո'ք, տարաբա~խտ իմ մայր:



Այսօր վերանանք ամեն առօրեականից, ամեն սովորականից և հանձնվենք ՄԱՅՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՊԱՔԻՆՈՂ ԼՈՒՅՍԻՆ:

Ինտերնետ չկար, ուղարկում եմ առավոտյան, ուրեմն`

Բարի առավոտ

Հեղինակ
22.04.2008, 23:04
Այսօրս` 22 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր առավոտյան երկու մանկապարտեզ գնացի. տրամադրությունս թեթև էր, արևային, պայուսակիս մեջ` «Արշալույս»-ները: Այս պահին ինձ համար չկա ավելի պատվական մի գործ, քան հայ երեխային հասցնել մեր տարիների աշխատանքի պտուղը: Մեծ ուրախություն է, երբ դաստիարակ-մանկավարժը հավանում է զրույցները և դրանք կարդում ավագ խմբերում: Վստահ եմ, որ «Արշալույսը» աշխատելու է: «Արշալույս»-ի տարածման գործը մեր Քանդակագործն էր անում, բայց հիմա պատվեր ունի, մի գեղեցիկ հովվուհի է քանդակում...

Այս օրերին ավելի հստակվում մեր ուղին: Այո, տարիների մեր պտուղները պետք է հասցնել հասցեատիրոջը` մեր հանրության բոլոր խավերին: Ահա, պատրաստվում ենք պետականագիտական մեր չորս գրքերը հասցնել քաղաքական դաշտին և լրատավամիջոցներին: Տարիներ առաջ դրանք մենք նվիրում էինք, դա մեծ սխալ է եղել... Այսօր ափսոսում էի հատկապես մի երկու կուսակցության տված գրքերս... Այս գրքերի համար պետք է վճարել, իսկ մեր խնդիրը միայն ներկայացնելն է:

Գրքերն ուղարկում եմ մի ուղերձի հետ , որտեղ նշել եմ` ուղարկում ենք նաև մեր պետական-քաղաքական վերնախավի համար նախատեսված կրթության Ծրագիրը: Այո~, մեր պաշտոնեությանը, մեր կուսակցապետերին հստակ ասում ենք ` դուք կրթվելու կարիք ունե~ք: Բայց այս խավին դժվար հասկանալի կլինի, թե ինքը կրթության կարիք ունի: Ոչինչ ասելու ենք ու պնդելու ենք` պիտի կրթվե՜ս, հայ կուսակցապետ ...

Այս օրերին մի բառ շատ են կրկնում Հայաստանում ... « հավակնոտ» բառը, իբրև թե նոր կառավարությունը ունի հավակնոտ ծրագրեր մի շարք ասպարեզներում: Բայց նայում ես նրա կազմը ... չկան նոր գաղափարներ, չկան նոր անձինք... Թերևս ժողովրդյան ճնշման ազդեցության տակ կա մի ձգտում` լավ աշխատել, բայց առանց նոր էթիկայի ու նոր գաղափարի դժվար թե այդ ձգտումը շատ արդյունավետ լինի:

Երեկ Առողջագետը եղել էր բժշկական համալսարանում: Եվ հարցրել էր հիգիենայի պրոֆեսորին, թե այդ անփառունակ կալորիմետրը` ածխաջրատի, ճարպի ... և այլնի այրումից անջատված էներգիան չափելու համար` ինչպե՞ս կարող է բացատրել բնության հրաշակերտ մեխանիզմի` մարսողության իմաստը: Այո~, պաշտոնեական բժշկությունը շփոթվում է, երբ հանդիպում է բնական բժշկությանը և մեզ` նրա ներկայացուցիչներին:

Սիրելի Առողջագետի հետ միասին շոշափում ենք նրա գիրքը, կրկին կարդում, երազում շուտ տպագրված տեսնել այս հեղափոխական աշխատանքը: Աշխարհում ոչ մի ակադեմիական բժիշկ դեռևս այդպես չի ապստամբել իր սահմանափակ կաստայի քարացած «գիտության» դեմ: Մեր քնքուշ Առողջագետը ադամանդի պես կարծր դուրս եկավ...

Սպասում ենք, որ նոր բժշկության մեր ժառանգորդը, մեր սիրելի զինվորը կարող է հանկարծ արձակուրդ գալ ... Առողջագետը նրա համար է գրել այս գիրքը:

Սիրելի ֆորում, ցանկանում ենք, որ դուք շուտ հանդիպեք այն սիրելի մարդկանց, որոնք հեռվում են: Այս պահին ցուցադրվում է կորուսյալ հայրենիքի մասին ֆիլմը, որի ճանապարհները, լեռները լճերը, մասունքները շատ հեռու են ... Սրտով ցանկանում եմ, որ նրանք մի օր հասնեն մեզ, հասնեն տուն...

Բարի գիշեր:

Հեղինակ
24.04.2008, 00:00
Այսօրս` 23 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր սովորական աշխատանքային օր էր: Ընթերցողիս հետ կկիսվեմ միայն մի քանի տպավորություններով, որ ստացել եմ հանրային կյանքից:

Այսօր ՀՀ նախագահը հանդիպում էր հարկային ծառայության վերնախավի հետ և խիստ արտահայտություններով հորդորում` հավասար պայմաններ ստեղծել հարկատուների համար, նպաստել կյանքի բարելավմանը: Որպես մարդաբան, որ ծանոթ է Արևելքի ուսմունքներին` մի խորհուրդ պետք է տալ ՀՀ նախագահին. հարկային դաշտի կատարելագործումը սկսել բիզնեսի այն ճյուղերց և բիզնեսմեններից, որոնց հետ հանրային կարծիքով Նախագահը ունի փայատիրական հարաբերություններ - սա մարդկանց կրթելու լավագույն ձևն է` ամեն ինչ սկսել սեփական անձից... Մի օրում Հարկայինը կհասկանա, որ Նախագահը...յուրայիններից է սկսել: Մի օրում երկիրն էլ դա կհասկանա...Եվ հորդորներն այլևս պետք չեն լինի: Բայց հայ վերնախավը կհասնի՞ այսպիսի ինքնաճանաչման և ինքնագիտակցության...


Այսօր Հայաստանում էր Ռուսաստանի մշակութային գործիչ Միխայիլ Շվիդկոյը: Սա լավ է, սակայն պետք նկատի առնել, որ Ռուսաստանը այժմ ` ինչպես և Հայաստանը, մշակութապես հիվանդ երկիր է: Ով նայում է Ռուսաստանի Առաջին ալիքը` կարող է համոզվել դրանում: Ուրեմն` Ռուսաստանից պետք «ներմուծել» միայն ռուսական դասական արվեստը և ոչ թե «նոր-ռուսական» հակամշակույթը:

Այսօր գրող Ալվարդ Պետրոսյանը մի միտք արտահայտեց, որ բերում եմ բառացի. «Այս պետությունը սիրել շատ դժվար է, բայց պետք է սիրենք, ի՞նչ պետք է անենք»: Դաշնակցական պատգամավորին և գրող–հրապարակախոսին պատասխանում եմ: Ազգային կուսակցությունդ գիտականորեն չի հաղթահարում այս միջազգային պայմաններում ազգային պետություն ստեղծելու տեսությունն ու գործելակերպը, Դաշնակցությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպե՞ս ստեղծել ազգային կրթություն, ազգային մշակույթ և այլն: Վկայությունը` դաշնակցական նախարարների գործունեությունը: Ուրեմն` ի՞նչ անել: Անհրաժեշտ է գիտականորեն հաղթահարել խնդիրը և ստեղծել ազգային պետականություն` վեակերտել և նորոգել պետությունը և հետո միայն սիրել: Ինչու՞ մենք պետք է սիրենք այս հիվանդ պետականությունը:

Վաղը Մեծ Եղեռնի օրն է: Այսօր թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հունաստանում ներկայացնում էր իր գիրքը: Այս գործիչը կարողացել է հաղթահարել իր ցեղի հայատյացությունը և ճշմարիտ խոսք ասել մարդկությանը: Իհարկե, հայ- թուրք հարաբերություններում բեկման հասնելու հիմքը եղեռնագործի զղջումն է և ներողությունը, բայց ականջիս հնչում է մի հարց, որ մի հայ մարդ տվել է ինձ. «Իսկ դու թուրքին կարո՞ղ ես սիրել»: Այս հարցը ինձ ցնցել էր, հետո հասկացա նրա խոր իմաստը...Սա է գլխավոր հարցը, սրա մեջ է ժողովուրդների հաշտեցման էթիկական հիմքը: Իսկապես, ես երբևէ կարո՞ղ եմ սիրել թուրքին: Եթե ես ` մեկ հատիկ հայս, իմ սրտի խորքում կարողանամ լուծել այս հարցը , ապա հայ- թուրք բազմադարյան հակամարտության մեջ էթիկական, ապա նաև վերջնական հաղթանակը պատկանելու է արդարությանը, պատկանելու է մեզ և մարդկությանը: Երկար ժամանակ ես փնտրում էի այն կռվանը, որը կօգներ ինձ` բժշկիս և մանկավարժիս, որը գրքեր է գրում բոլոր մանուկների համար` սիրելու~ ԹՈՒՐՔԻ~Ն: Եվ մի օր գտա բանալին` թուրք մայրն ու մանուկը նույնքան գեղեցիկ են, որքան հայ մայրն ու մանուկը:

Վաղը մենք նշելու ենք մեր չքնաղ մանուկների, մեր պտղած հարսնուկների, մեր խնկահոտ ծերունիների, մեր խաղաղ ու գեղեցիկ համայնքների Զոհարբերության Օրը: Եվ այդ Օրը` փարելով մեր հիշատակներին, Կորուսյալ հայրենիքին, Հայկական Բարձրավանդակի բոլոր քարերին, մասունքներին, աղբյուներին` ես հնչեցնում եմ հայ ազգի մարդասիրության, վսեմության և Նոր Ապագայի ապոթեոզը և ասում եմ` թուրք մայրն ու մանուկը նույնքան գեղեցիկ են, որքան հայ մայրն ու մանուկը:


Սիրելի ֆորում, շատերդ գիտեք Վերամարմնավորման օրենքի մասին և գիտեք, որ արարչական մարդը գնում է գիտակից մարմնավորման` ապրելու այդ հայրենիքում և այդ ընտանիքում, անցնելու իր զարգացման ու վերահիշման մի նոր շրջան...
Այսօր` ապրիլի 23-ին, մեր սրտերի մի համատեղ կոչով կոչենք Մեծ եղեռնի ժամանակ զոհված հայ հոգիներին, նրանց լավագույն մասին` գալ մարմնավորման ներկա Հայաստան, որ ծնվի մի նոր սերունդ, ապրի իր չապրած կյանքը, և միասին կերտենք բոլորիս նոր Հայրենիքը: Ամբողջական Հայրենիքը:

Բարի գիշեր:

Հեղինակ
25.04.2008, 00:07
Այսօրս` 24 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Ավարտվում է այս երկար, դժվարին, հայկականությամբ և հայի վշտով թաթախված օրը:

Այսօր արթնանում է հայ մարդու ամեն գենի և ամեն բջջի հայկականությունը: Ինձ համար այն սկսվել է 1965-ի ապրիլի 24-ին: Այդ օրը եղել է մեր նորագույն պատմության այն առաջին օրը, երբ մենք արթնացանք տասնամյակների քնից: Այդ օրը մենք ազգովի` պատանի էինք, խենթ էինք, երեխա էինք… - և հիշում ենք մեր մեծերի ոգեշունչ խոսքը` Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը … իսկ Շիրազը չկար, ասում էին թե տնային բանտարկության մեջ է: Այդ օրը պատուհաններից մեր ցույցին նայում էին հազարավոր մարդիկ` եղեռն վերապրածները, նրանց սպիտակահեր մազերը և ձեռքերի կռունկաթև արժումները հավերժ հիշելու եմ:

Ահա այս օրը` եղեռնի 93-ամյակի օրը, ցանկանում եմ ասել այն, ինչը չի ասվում: Իմ սիրտը այսօր ապագայի հետ է և ցանկանում եմ ասել այն մասին, ինչը խանգարում է մեր ապագային:

Ինչպես չասել, որ անկախության 17 տարիներին եղեռնի ենթարկվեց մեր մշակույթը ` ձեռամբ ապիկար իշխանությունների և հիվանդ պետականության: Եվ ոչ միայն հացի պակասի պատճառով, այլև մշակութային որբության պատճառով մեկուկես միլիոն հայ լքեց հայրենիքը: Այսպիսի զանգվածային ելք հայրենիքից եղել է միայն Մեծ եղեռնի ժամանակ: Մեր պետականությունը, որը Եղեռնի ճանաչումը հռչակել է իր քաղաքականության առաջնայնություն` պետք է գիշեր ու զօր մտածի իր թույլ տված սխալների հետևանքների վերացման մասին:

Այսօր, հայացքս ապագային, ցանկանում եմ, որ

Այն էներգիայի մեկ-տասներորդ մասը, որ հայ ժողովուրդը այժմ ծախսում է Եղեռնի ճանաչման համար, ուղղել հայ մշակույթի պահպանությանը Հայրենիքում և Սփյուռքում, հավաքել, մաքրել և հրապարակ հանել հայ տոհմիկ երգը և պարը, պահպանել բարբառները:

Այդ էներգիայի մյուս մեկ-տասներորդ մասը ծախսել Հայաստանը հակամշակույթի պղտոր հեղեղից ազատելու համար, հայրենի հեռուստատեսություններից վտարել և ուղղիչ աշխատանքային գաղութներ ուղարկել բոլոր վայ-պրոդյուսերներին, վայ-աստղերին, վայ-երեսուներկու ատամներին….` Հայաստանի մշակութային մթնոլորտը եղեռնի ենթարկելու համար:

Այդ էներգիայի հաջորդ մեկ-տասներորդ մասը ծախսել կորուսյալ հայրենիքի` հայոց տասնհինգ աշխարհների մշակույթը հավաքելու, ժողովածուներ կազմելու և մակապարտեզում ու դպրոցում դասավանդելու համար:

Եղեռնի ճանաչման ջանքի մյուսը մասը ծախսել Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ ստեղծելու, հայության ընդհանուր մշակութային տարածք ստեղծելու, որով մենք կդառնանք մեկ մարմին և մեկ հոգի: Եվ ջանալ, որ այդ կամրջով հոսի միայն հայ բնիկ և առողջ մակույթը: Եվ ոչ արմենչիկյան, արամասատրյանական ռաբիզմը…

Եղեռնի ճանաչման ջանքի մյուս մասը ծախսել մեր հիվանդ պետականության առողջացման և անմիտ իշխանավորներին կրթելու համար, որ նրանք հասկանան ` ԵՂԵՌՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԼԾԱԿԸ ՀԱՅ ՈԳՈՒ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է ,- ահա այդ մշակույթը մեզ կօգնի հասնելու մեր բոլոր երազանքներին:

Սիրելի ֆորում Մեծ Եղեռնին մեր պատասխանն է` ԱՊՐԵԼ, ԼԻՆԵԼ և ԿԵՐՏԵԼ ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ:

Բարի գիշեր:

Հեղինակ
25.04.2008, 23:47
Այսօրս` 25 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր Սիրելուս ծննդյան օրն էր: Շուկա եմ գնացել, գնումներ եմ արել, հետո միասին դուրս եկանք, ծաղիկներ առանք...Հիշում ենք` վերջին տարիներին միշտ ապրիլի 24-ին բնությունը ամպուզամպ էր անում, ձյուն կամ անձրև էր գալիս, իսկ ապրիլի 25-ին` արև, անուշ եղանակ...

Սիրելիս մարդկայնության մեծ լիցք ունի իր մեջ. կանայք են կառուցում ընտանիքների կյանքը, իսկ տղամարդկանց թվում է, թե իրենք են կառուցում...

Սիրելիս է բացել իմ փակված լեզուն, ինձ բանաստեղծ է կոչել... Կինը տղամարդու հավերժական ուսուցիչն է, Սիրելուս հետ եմ անցնում այն ճամփան, որը դեպի Մարդն է տանում...

Սիրելուս հետ հազարավոր ժամեր խոսել եմ, բայց երբեք չեմ կշտացել: Շատ հազվադեպ հիմա կարող ենք միասին լինել ու....չխոսել: Բայց դա նրանից չէ, որ իրար բան չունենք ասելու, այլ նրանից, որ ահռելի խութեր հաղթահարելուց հետո մեկ-մեկ
ուզում ենք... լռել ու հանգստանալ:

Սիրելուս սիրտը ամեն հիվանդի համար անպարփակ էներգիա ունի. Մարդու հետ խոսելիս որքա~ն լույս է ճառագում այդ գեղեցիկ դեմքին...

Սիրելուս սրտին աշխարհը, մարդիկ և մանավանդ` ես, որքա~ն ցավ ենք տվել... Չնայած խաղաղ, անթերի դեմքին` ես գիտեմ, թե որքան հոգնություն, որքան ցավ, որքան տվայտանք կա նրա սրտի մեջ: Մի դժվարին ընտանիքի և մի հիվանդ երկրի բոլոր ալեկոծումները անցել են նրա միջով: Եվ քանի~ հազարամյակ պետք է ծառայեմ Նրան` Այդ Գեղեցիկ Մարդուն, այդ հրաշալի Գեղեցկուհուն, որ շահեմ նրա Սերը: Նորից շահեմ: Ապագա հազարամյակների համար...
Եվ այսօր նրան բերում եմ մի քանի երգ, որ գրել եմ ... Նրա հետ և Նրա համար...



Փոթորիկն անցավ. իջել ես ափին
Հոգնած, թևաբեկ թռչունի նման
Ու դեռ չամոքված ցավից, սարսափից,
Աղի արցունքով լալիս ես հիմա:

Փխրու~ն, կանացի~, ճերմա~կ թևերով
Դու թևածել ես երկնքում այն մառ,
Ուր կայծակներ են ճայթում ահագոչ,
Ուր աստվածներն էլ չեն լսում իրար:

Երկունքի ցավը, փնտրելով եզերք,
Քո պտղավորված մարմինն էր խոցում, –
Ի~նչ ահեղ ծով էր, ի~նչ դաժան տարերք,
Որ մանուկ արև ուներ իր ծոցում:

Հիմա հասել ես փրկության ափին`
Մանուկ-պարգև ես բերել ինձ համար.
Հոգնած, երջանիկ լալիս ես, իմ կի'ն,
Իմ զավակի հո'ւյս, իմ զավակի մա'յր:


Զավակներիս այգում թողած
Մրգերի մեջ ամառային,
Կապանքներից նրանց փախած
Եկավ ինձ մոտ իմ սիրելին:

Դեմքով դիպա նրա թևին,
Առա հազար մրգերի բույր,
Շուրթս հպվեց մեր արևին,
Ու ինձ այրեց արևը հուր:

…Զավակներիս ու սիրելուս
Կյանքին կպած միշտ լինեի
Ու այս թևին` թանկ ու անուշ,
Այսպես կպած` ծերանայի



Բարի գիշեր:

Առողջագետ
25.04.2008, 23:56
|Շնորհակալ եմ շնորհավորանքների և, ընդհանրապես, ապրած դժվար և ոչ սովորական տարիների և երջանկության համար: Երազում եմ մեր զավակների երջանկությունը վայելելու և մեր "հանձնարարություն-առաքելությունը" կատարելու մասին:

Հեղինակ
27.04.2008, 00:12
Այսօրս` 26 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Երեկ “Այսօրս” գնաց համացանց, և այդ նույն պահին ականատես եղանք մի ցնցող իրադարձության` Հ1-ը ցուցադրում էր … Լարս ֆոն Թրիերի “Դոգվիլ” ֆիլմը: Սիրելի ընթերցող, նայիր ստորագրությունս… Այո~, այդ Դոգվիլի մեջ տեսել էի այսօրվա Հայաստանի ողբերգական պատկերը. երեսպաշտ, անսիրտ, դաժան, քսու…հանրություն: Այդ հանրության, այդ համայնքի բոլոր “բարի” կողմերը մենք, Գրեյսի նման, տեսել էինք մեր ճանապարհին…Այդ ֆիլմը ներկա Հայաստանի մասին է, մեր մասին է…Ներկա Հայաստանը մի Դոգվիլ է, որի անկյալ էթիկան արժանի է…գնդակահարության: Շնորհակալությու~ն ….Հ1-ին այս սխրանքի համար: Ալեքսան Հարությունյանը այսօր պատմության դատի առջև մի քիչ թեթևացրեց իր ողբալի վիճակը` որպես հայ մարտնչող հակամշակույթի գերագույն գլխավոր հրամանատար…

Մի դիտարկում ևս…Ողբացյալ “32 ատամի” անոնսն էր…Եվ ում տեսնենք, որ լավ լինի` այդ հաղորդման մեջ…Պարույր Հայրիկյանը: Ախր, հայկական ժողովրդավարության հայրը ի՞նչ գործ ունի այդ պրիմիտիվ հակամշակույթի հետ…եվ նորից համոզվեցի` ազատականության վազքը մինչև …խոսքի ազատության մարագն է, առանց Կյանքի Օրենքների ճանաչողության, առանց Ազատության Աղբյուրի գիտական ճանաչողության` ուզած գործիչ վերջը 32 ատամի տակ է ընկնելու…

Իսկ mtahօg-ը “Դար”-ից հարցնում է` ի՞նչ է նշանակում Տիեզերական Էթիկան և Տիեզերական Իրավունքը…Եվ ինչպե՞ս չհարցնի, երբ ժամանակակից մարդը գիտի, թե Էթիկայի և Իրավունքի աղբյուրները Հին Հռոմն է, Ֆրանսիական հեղափոխությունը…Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հաագայի դատարանի Կառլո Պոնտեն և այլն… mtahog-ը տվել է այս դարաշրջանի ամենակարևոր հարցը…

Սիրելի Առողջագետս հոգնած է, այսօր` այսքանը:

Բարի գիշեր

Հեղինակ
27.04.2008, 23:41
Այսօրս` 27 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ֆորում, այսօր մի թունդ բանավեճի մեջ էի “Դար” ակումբի ֆորումի մի թեմայում, շնորհակալ եմ մասնակիցներին: Եվ նորից ու նորից մտածում էի` ի՞նչ երկիր ենք ստեղծել և ի՞նչ երկիր ենք ուզում ստեղծել: Եվ մեզ բոլորիս մտքիս մեջ գումարում էի իրար, բաժանում մեր թվի վրա և ստանում էի մի միջին հայ մտավորական:
Եվ այս միջին հայ մտավորականին ասում եմ` անկախության տասնյոթ տարիների ընթացքում սա՞ է չէ քո կառուցած երկիրը:

Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է հարցնում` քաղածդ խո՞տ չէ:

Ես էլ մի անողոք շարքով ասում եմ `
Տնտեսությանդ, կրթությանդ… շեֆերը` Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը չե՞ն:
Լավագույն և գրագետ վարչապետդ` այս երկուսի դրածոն չէ՞:
Ճակատիդ գրվածը` եվրոպական չափանիշները չե՞ն:
Բարձրագույն հեղինակություններդ` արևմտյան փորձագետները չե՞ն:
Բարձրագույն արժեքդ` խոսքի ազատությունը չէ՞, որով մի պետություն և մի ժողովուրդ իրար վրա լափ են լցնում:
Կրթությանդ լավագույն լծակը` ալգորիթմերը և թեսթերը չե՞ն, որ Անգլիայու~մ ես տպում:
Լավագույն բժշկությունդ` Ֆրանսիա չե՞ս վազում ստանալու, որ սրտիդ անոթները բացեն:
Լավագույն մշակույթդ` Հ1-ի 32 ատամը և Արթուր Գրիգորիչի ռեզինե երգերը չե՞ն:
Խմածդ հեղուկը` Կոկա -կոլան չէ՞:
Կերածդ հավը` բրազիլական գենետիկ փոխված բրոյլերը չէ:
Երազներիդ մեջ տեսած երկիրդ` արևմտյան ճարպոտած դրախտը չէ՞:

Հայ ժողովրդավարական, ազատական, հեղափոխական և չգիտեմէլինչական միջին մտավորական, ուզում ես վաթսուն տարեկան եղիր` ինձ նման, ուզում ես` մատաղահաս` մեր Chuk-ի նման – քո կերտած Հայաստանը սա չէ՞: Ինչքան ուզում ես խոսիր, ձեն տուր, բանավիճիր ու դիսպուտ արա` ի՞նչ շանս կա, որ վերը բերված թակարդներից գոնե մեկի միջից դուրս ես պրծնելու: Գոնե գիտե՞ս, թե որտեղ ես հայտնվել, ի~նչ աղբի մեջ ես…

Չէ~ , “Ձոն դոգվիլ- Հայաստանին” էսսեն իզուր չեմ գրել:

Հայ ժողովրդավարական, ազատական, հեղափոխական և չգիտեմինչական միջին մտավորական, քո կաշին հաստ է, քո միտքը քար ու ամբարտավան. ուրեմն, քո կաշին հրեղեն ճշմարտությամբ պետք է այրել, որպեսզի տակից գա ՀԱՅԻ ՄԱՆԿԱԿԱՆ, ՄԱՔՈՒՐ, ՄԻԱՄԻՏ, ԻՄԱՍՏՈՒՆ ԿԵՂԵՎԸ` ուղղված արևին, աշխարհին, քամիներին, անձրևին, մի խոսքով ` ԿՅԱՆՔԻՆ…

Յոթ տարեկանից անց արդեն ուշ կլինի, տեսել եմ միջնակարդ դպրոցի 9-10-րդ դասրանցիների, դաս եմ տվել և ասել եմ ` այս ինչքա~ն ծեր եք:

Սիրելի հայ մանուկ , սիրելի պտուղ և նորածին Հայաստանի` հույսը ձեր վրա է և մեկ էլ… նորից մանկացած ծերերի:
Մենք ապստամբել ենք անկյալ ծերերի, ամբարտավան մտավորականների, հղփացած վերնախավի ստեղծած Հայաստանի դեմ:

Սիրելի ֆորում, իսկ դու՞ք

Բարի գիշեր:

Philosopher
28.04.2008, 09:22
Այսօրս` 27 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ֆորում, այսօր մի թունդ բանավեճի մեջ էի “Դար” ակումբի ֆորումի մի թեմայում, շնորհակալ եմ մասնակիցներին: Եվ նորից ու նորից մտածում էի` ի՞նչ երկիր ենք ստեղծել և ի՞նչ երկիր ենք ուզում ստեղծել: Եվ մեզ բոլորիս մտքիս մեջ գումարում էի իրար, բաժանում մեր թվի վրա և ստանում էի մի միջին հայ մտավորական:
Եվ այս միջին հայ մտավորականին ասում եմ` անկախության տասնյոթ տարիների ընթացքում սա՞ է չէ քո կառուցած երկիրը:

Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է հարցնում` քաղածդ խո՞տ չէ:

Ես էլ մի անողոք շարքով ասում եմ `
Տնտեսությանդ, կրթությանդ… շեֆերը` Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը չե՞ն:
Լավագույն և գրագետ վարչապետդ` այս երկուսի դրածոն չէ՞:
Ճակատիդ գրվածը` եվրոպական չափանիշները չե՞ն:
Բարձրագույն հեղինակություններդ` արևմտյան փորձագետները չե՞ն:
Բարձրագույն արժեքդ` խոսքի ազատությունը չէ՞, որով մի պետություն և մի ժողովուրդ իրար վրա լափ են լցնում:
Կրթությանդ լավագույն լծակը` ալգորիթմերը և թեսթերը չե՞ն, որ Անգլիայու~մ ես տպում:
Լավագույն բժշկությունդ` Ֆրանսիա չե՞ս վազում ստանալու, որ սրտիդ անոթները բացեն:
Լավագույն մշակույթդ` Հ1-ի 32 ատամը և Արթուր Գրիգորիչի ռեզինե երգերը չե՞ն:
Խմածդ հեղուկը` Կոկա -կոլան չէ՞:
Կերածդ հավը` բրազիլական գենետիկ փոխված բրոյլերը չէ:
Երազներիդ մեջ տեսած երկիրդ` արևմտյան ճարպոտած դրախտը չէ՞:

Հայ ժողովրդավարական, ազատական, հեղափոխական և չգիտեմէլինչական միջին մտավորական, ուզում ես վաթսուն տարեկան եղիր` ինձ նման, ուզում ես` մատաղահաս` մեր Chuk-ի նման – քո կերտած Հայաստանը սա չէ՞: Ինչքան ուզում ես խոսիր, ձեն տուր, բանավիճիր ու դիսպուտ արա` ի՞նչ շանս կա, որ վերը բերված թակարդներից գոնե մեկի միջից դուրս ես պրծնելու: Գոնե գիտե՞ս, թե որտեղ ես հայտնվել, ի~նչ աղբի մեջ ես…

Չէ~ , “Ձոն դոգվիլ- Հայաստանին” էսսեն իզուր չեմ գրել:

Հայ ժողովրդավարական, ազատական, հեղափոխական և չգիտեմինչական միջին մտավորական, քո կաշին հաստ է, քո միտքը քար ու ամբարտավան. ուրեմն, քո կաշին հրեղեն ճշմարտությամբ պետք է այրել, որպեսզի տակից գա ՀԱՅԻ ՄԱՆԿԱԿԱՆ, ՄԱՔՈՒՐ, ՄԻԱՄԻՏ, ԻՄԱՍՏՈՒՆ ԿԵՂԵՎԸ` ուղղված արևին, աշխարհին, քամիներին, անձրևին, մի խոսքով ` ԿՅԱՆՔԻՆ…

Յոթ տարեկանից անց արդեն ուշ կլինի, տեսել եմ միջնակարդ դպրոցի 9-10-րդ դասրանցիների, դաս եմ տվել և ասել եմ ` այս ինչքա~ն ծեր եք:

Սիրելի հայ մանուկ , սիրելի պտուղ և նորածին Հայաստանի` հույսը ձեր վրա է և մեկ էլ… նորից մանկացած ծերերի:
Մենք ապստամբել ենք անկյալ ծերերի, ամբարտավան մտավորականների, հղփացած վերնախավի ստեղծած Հայաստանի դեմ:

Սիրելի ֆորում, իսկ դու՞ք

Բարի գիշեր:

Հրաշալի էր ասված: Յուրաքանչյուր ժամանակ ունի իր զոհերն ու իր հաղթողները, անկախ այդ զոհերի ու հաղթողների` ժամանակի մեջ ունեցած իրենց կարգավիճակի ընկալումից: Փայլուն էր:)

Հեղինակ
29.04.2008, 00:02
Այսօրս` 28 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Երեկվա «Այսօրիս» գրառումը դեռ երկար ժամանակ ինձ պահում էր իր ազդեցության տակ: Շարժումների, հեղափոխությունների ժամանակ ժողովրդական էներգիան ծախսվում է արտաքին ձևեր և պատնեշներ վերաձևելու կամ փշրելու համար... Իսկ Շարժումից մի քիչ այն կողմ դպրոցն է, մանկապարտեզը, հիվանդանոցը... Այնտեղ կրթությունը նույնն է մնում` նույն թեսթերն են երեխային ռոբոտ դարձնում, հիվանդանոցում նույն բժշկությունն է մնում, երեխան տանը նույն կոկա- կոլան է խմում, էկրանից նույն մարդասպաններն են տուն լցվում... և այդպես էլ կյանքի իրական փոփոխություն չի լինում: Մենք այս անգամ մեր շարժումականին կամ հեղափոխականին ասում ենք. պետք է ժողովրդի էներգիան նպատակային ծախսել, այն ուղղել ԴԵՊԻ ՄԵԶ ՌՈԲՈՏ ԵՎ ՄԱՆԿՈՒՐՏ ԴԱՐՁՆՈՂ, ՄԵԶ ՈԳԵԶՐԿՈՂ ԵՎ ՍԵՌԱԶՐԿՈՂ գաղափարների և ապրելակերպի դեմ, որպեսզի Նոր Գիտակցության հասնենք, առողջացնենք ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ: Բայց մեր սիրելի հեղափոխականի խելքը դրան չի հասնում, և միայն հրապարակում կանգնելն է նրա համար աշխատանքը...

Չէ~, այս անգամ ձգտենք թույլ չտալ, որ Շարժումը միայն փոխի արտաքին ֆասադները, իսկ նրանց հետևի աղբանոցները նույնը մնան, և այնտեղ հայտնի կենդանու գորշ տեսակին փոխարինեն, ասենք, սպիտակ գույն ունեցողները...Իսկ սրա համար... ուրի~շ աշխատանք է պետք, մեր ազգային համայնքը պետք է ՄԱՔՐԻ ԻՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ...Հեշտ չէ, բայց անհնար էլ չէ...

Իսկ ֆասադները իրենք իրենց ուզում են փոխել...
Այսօր մեր հայրենի կառավարությունը իր ծրագիրն էր պատրաստում Ազգային ժողով ներկայացնելու: Ի~նչ հեզություն, ի~նչ պատրաստակամություն պաշտոնյաների դեմքերին, ի~նչ խոստումներ: Այո, ահը շատ բան է փոխում մարդու, նաև պաշտոնյայի հեոգեբանության մեջ...Ինչպես ծանր հիվանդության ահը հիվանդին արթնացնում է և նա սկսում է զղջալ գործած չարիքների համար... Ափսո~ս, միայն ահով անհնար է հասնել ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓԽՄԱՆ, ԷԹԻԱԿԱՅԻ ՆՈՐՈԳՄԱՆ: Միայն ամբողջ ժողովրդի ոգեկան վիճակի նորոգումը կարող է ի վերջո և նրա, և իր պետականության գիտակցության փոփոխության բերել...

Այսօր, վերջապես, հին հակառակորդիս ուղարկեցի «Արշալույսը» և զեկուցում` հնարապետական մանկավարժական հավաքին: Եվ ինչ համընկնում. «Արշալույսը» գնաց այնտեղ, այն դպրոց-մանկապարտեզը, որտեղ տաս տարի սիրելի Առողջագետիս հետ դիրքեր մտած` պաշտպանում էինք առողջ ապրելակերպի կրթության ստեղծման մեր իրավունքը: Շատ ջրեր են հոսել, հարգելի հակառակորդիս նույնիսկ համագործակցության ակնարկ արեցի: Իսկ «Արշալույսը» տիեզերական զենք է, նրա բոլոր հերոսները ` Երկիրը, Երկինքը, Առավոտյան Աստղը, Բարձր Լեռը, Արևոտ Դաշտը ...Խնձորը, Ջուրը կենդանի հերոսներ են, ապրող էություններ... Միայն այդպիսի զգացումով, այդպիսի գիտելիքով մենք կարող ենք առողջացնել մեր երեխայի կրթությունը, ապա մեր երկրիրը, մեր մոլորակը:

Կեսօրին գնացի հրատարակչիս մոտ ` «Ձոն Դոգվիլ-Հայաստանին» էսսեն տպագրելու համար: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մտածում էի` արժե՞ այս գործը ասպարեզ հանել, կհասկացվի՞...Բայց եթե այն ծնվել է սիրուց, և ինչքան էլ ցավ տա իր ընթերցողին` ինչո՞ւ չպետք է հասկացվի:

Այս տողերը գրելուս պահին մի հաղորդում է. մեր ամերիկահայ հայրենակիցները հորդորում են հայաստանաբնակ հայությանը` խոհեմ լինել, պաշտպանել պետականությանը և այլն... Կարծես ամեն ինչ ճիշտ է... «Ինչու մենք պառակտվեցինք»,- հարցնում է մի տիկին: Եվ պատասխանը չեն գտնում... Իսկ պատասխանը ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԷ~, սիրելիներ...


Սիրելի ֆորում, կգա՞ մի օր, երբ մենք կկարողանանք ՍԻՐԵԼ ԻՐԱՐ` ԱՌԱՆՑ ԻՐԱՐ ՑԱՎ ՏԱԼՈՒ:

Բարի գիշեր:

Հեղինակ
29.04.2008, 23:16
Այսօրս` 29 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Այսօր շատ հետաքրքիր օր էր, մի ծանր բեռ կարծես ընկավ ուսերիցս: Եվ որն էր այդ ծանր բեռը... 2003թ.-ին, Առողջագետի հետ, հոգնած մեր իշխանական բութ համակարգի հետ տված քրոնիկ և դաժան ճակատամարտից` տեղափոխվեցինք մի ավելի խաղաղ վայր` շարունակելու գործը: Եվ որոշեցինք հեռու մնալ բոլոր տեսակի քաղաքական շփումներից, կուսակցություններից և կատարել միայն գործի բովանդակային մասը. ՍՏԵՂԾԵԼ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՆՐԱԿԵՐՏԵՐ…

Բայց երբ ցանկանում ես քեզ ավելի շատ մարդ լսի ... սա արդեն քաղաքականություն է: Երբ ցանկացանք բացի dnfօrum.am-ից` «Դար»-ում էլ գրենք` սա արդեն քաղաքականություն է: Տարիներ առաջ մի հայտնի գործչի ասացի` եթե ուզում ես աշխարհը փոխել` արի Մարդու էկոլոգիայի դպրոցի մանկապարտեզի տնտեսվար աշխատիր, եթե մի առողջ մանկապարտեզ միասին ստեղծենք` առողջ Հայաստան էլ կստեղծենք: Բայց գործիչը սոխի գների մեջ վրիպումներ ունեցավ...Հետն էլ իր համակարգն էր քարոզում, այսինքն գործի փոխարեն քաղաքականություն էր վարում... Հիմա իմն է... Սխալս կուղղեմ...

…Սիրելի Առողջագետս, գնանք շարունակելու մեր գործը: Վաղը այս մեր երիտասարդը մանչուկ է ունենալու, նրան մանկապարտեզ է տանելու, իսկ այնտեղ սպասում է Սորոսի ֆոնդը, «Քայլ առ քայլը», Վիժընը և այլն: Թե նրանք ինչու են այդտեղ, ինչու են փող ծախսում` մեր երիտասարդը, բնականաբար, չի իմանա...Ուրեմն այսօր պետք է մի առողջ կրթություն ստեղծել այդ մանչուկի համար: Հետո այս մանչուկի փորը կցավի, կտանեն մանկաբույժի մոտ, սա էլ այս մանչուկի փորիկը մի կիլո անտիբիոտիկ կլցնի... Ուրեմն, սիրելի Առողջագետս, դեղորայքային բժշկության դեմոնտաժը արագացրու..., որ մանչուկին ընդունող բժիշկը լավ կրթություն ստանա... Հետո մեր մանչուկը նախակրթարան է գնալու, այստեղ նրան սպասում են ուրիշ վտանգներ, իսկ մի քանի տարի հետո մանչուկը թեսթերի տակ է ճռռալու և կորցնելու է հայրիկից ստացած մտավոր կարողությունները... Եվ ինչ իմանա մեր այս երիտասարդը, որ Համաշխարհային բանկը մի 50 միլիոն դոլար է տվել` իր մանչուկի կրթությունը իր ձեռքը վերցնելու համար... Մի այդքան էլ երևի Սորոսն է ծախսելու... Չէ, սիրելի Առողջագետս, մեր հոգսը շատ է, թող մեր երիտասարդը իր հեղափոխությունն անի, իր գործն անի, չխանգարենք...

Իսկ մերը ` քաղաքակրթական հեղափոխություն է, մի քիչ ուշ, գուցե շատ ուշ կգան մեր ստեղծած պտուղների հետևից...

Չեք հավատու՞մ, հիմա լսեք, թե ինչ է ասում մեր վարչապետը. «Դեպի Եվրոպա կուրորեն չպետք է գնանք, դա վիրավորական կլինի մեր ազգի համար»: Տեսա՞ք, թե ի՞նչ արագ էվոլյուցիա է ապրում մեր իշխանությունը: Այ իշխանություն, բա էս տասը տարի քեզ ի՞նչ էինք ասում:

Այսօր ՅՈՒՆԵՍԿՈ-ն հայտարերել է պարի օր: Շնորհավորենք Հայաստանի բոլոր պարողներին: Քանի կա հայ տոհմիկ պարը` մենք Հայաստանի ապագայի համար չենք վախենում: Այս պարի մեջ, նույնիսկ ավելի քան մեր լեզվի մեջ` գաղտնագրված է և ապրում է հայի տիեզերածին էությունը: Մեր պարը մեր թիկունքն է :
Սիրելի ֆորում, ցանկանանք, որ ամեն մեկը պարի իր պարը:

Բարի գիշեր:

Հեղինակ
01.05.2008, 00:14
Այսօրս` 30 ապրիլի 2008թ., ավարտվում է:

Երեկ ու այսօր պայծառ օրեր էին. ավելի քան մեկ տասնամյակ ահռելի պայքարներից հետո` մի քիչ հանգստացել ենք, և սիրելի դեմքին տեսնում եմ նորից մի քիչ քմահաճ և գերիչ ժպիտը... Եվ ի~նչ վայելք է` միասին և նոր ուժով առաջ տանել տարիների գործը...

Այսօր «Ձոն Դոգվիլ-Հայաստանին» գրքի խմբագրած տարբերակը հանձնեցի հրատարակչին: Ախտորոշված անգիտությունը ենթագիտակցական ցասում է ծնում անգետի մոտ, այդպիսիք շատ են հանդիպել մեր ճանապարհին` նախարար, ակադեմիկոս... Սա լիբերալ մտավորականի այն տեսակն է, որն իրեն աշխարհի պորտն է զգում` զուտ ինֆորմացիայի քանակից ելնելով, որ կա սեփական ճակատի հետևում ... «Դոգվիլ...»-ը հիմնականում այս տեսակի, նաև նրա հակառակ բևեռի` ազգային գրագետի ախտորոշումն է...Բայց հիվանդը չի սիրում կարդալ իր հիվանդության պատմությունը: Բայց չգիտի` հիվանդության քուրձերը վրայից թափելուց հետո` ինչ գեղեցիկ էակ կա նրա տակ , որ ԻՆՔՆ Է…Այդ ԳԵՂԵՑԻԿ ԵՍ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆ Է ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ… «Դոգվիլը» այդ ԵՍ-ին ուղղված մեր ճիչն է ...

Ինչպես ենք մենք վերաբերվում Շարժմանը: Այս հարցը հնչում է և մեր սրտում, և այն մարդկանց մեջ, ում հետ շփվում ենք նաև վիրտուալ տարածքում: Խնդիրն այն է, որ Շարժման հետ կապված ենք անցյալի որոշ աղերսներով... Ուրեմն` մեկ–երկու հիշողություն: Առողջագետի հետ, երեխաներից փոքրին` գրկած, երկուսը` կողքերս, գալիս էինք Ազատության հրապարակ մեր տեղը` Սպենդիարյանի արձանի մոտ... Այնպես էր եղել, որ այդ նույն տեղում էր կանգնում էին Լ.Տեր - Պետրոսյանի կինը, եղբայրները, որոնցից փոքրը` բժիշկ-սրտաբանը իմ մոտ ընկերներից էր: Կամո Տ-Պ-ի հետ միասին ստեղծեցինք «Հայկական բժշկական Միությունը»....Սիրում էինք այդ ընտանիքը, Մուսա Լեռան տոներին նրանց սեղանից էինք հարիսա ուտում, այդ ընտանիքից հնչում էր արմտահայ չքնաղ պոեզիան` Կամոյի հրաշալի ասմունքով... Այդպես է անցել մեր հեղափոխական մկրտությունը: Հավատարմությունը Լ.Տ.Պ.-ին մենք պահպանեցինք մինչև 1996-ը... Հիմա նա վերադարձել է: Մենք նրանից նոր որակ, ՆՈՐ ԽՈՍՔ, ՆՈՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ... Դա մեր իրավունքն է...

Հիմա` ինչպես ենք վերաբերվում Շարժմանը: Որպեսզի պատասխանս պարզ լինի` բերեմ մի փաստ: Այժմ Հայաստանում առաջնակի ամլությունը հասել է 30%-ի... Սա նշանակում է, որ ամուսնացած զույգերի մեկ երրորդը երեխա չի ունենում: Ես առաջին Շարժումն անցած և իմ աչքով պետականության դեգրադացիան տեսած մարդս ասում եմ` այս անգամ, այս Նոր Շարժումը պետք է այնպիսի պետականություն ստեղծի, որ մեր հարսները սկսեն պտղաբերել և երեխա բերել: Հիմա կհարցնեք` Շարժումը ինչպե՞ս կարող է օգնել , որ մեր հարսի ձվաբջիջը ազատ դուրս գա ձվարանից, մտնի ֆալոպյան փող, այստեղ ճանապարհը բաց լինի և ազատ ու ուրախ հանդիպի սպերմատոզոիդին, սրանք էլ իրար փաթաթվեն ու երեխա լինի ... Բացատրում եմ մեր հեղափոխական-շարժումականին` Շարժումը պիտի ծնի այնպիսի պետականություն, որը իր աղջնակին վաղ տարիքից ճիշտ կրթություն տա, ճիշտ հաց ու ջուր տա, սեր ու մշակույթ ներարկի նրա սրտին, առողջ երգ ու պարով խնամի մատաղ կոնքը, որ ձվաբջիջը ամեն անգամ ծնվելիս` ուրախությունից խենթանա, իսկ իր տիրուհու ամուսնանալու ժամանակ` զվարթ գնա ընդառաջ և գտնի իր սիրեցյալ բջջին:
Հիմա լսիր շարժումական-հեղափոխական, եթե Քո Շարժումը այսօր իսկ, ԱՅՍ ԱՆԳԱՄ զգա, հասկանա, թե ինքը ինչի համար է, ապա նա այսօրվանից կլինի նաև Մեր Շարժումը, Բոլորիս Շարժումը: Մեր նպատակը սա է` այս անգամ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՇԱՐԺՄԱՆ ՈՐԱԿԸ, ՆՐԱՆ ՏԱԼ ՄՇԱԿՈՒՅԹ և ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Թե դրանից հետո մեր հարսների ծնելությունը չի մեծանալու, մեր ազգային կյանքը չի առողջանալու, մի համաշխարհային ազատական բլբլոցի հերթական ալիքի տակ ենք ընկնելու, մի հերթական ողորմելի վերնախավ եք ծնելու և բտելու` ապա ներեցեք... Եվ որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ինչու ենք դա ասում, ապա առաջին. այն պարզ պատճառով, որ տիրապետում ենք մեր հարսին մշակութապես ու մարմնապես առողջացնելու գիտելիքին և ուղիղ յոթ հոգի խորհրդանշական թոռնիկ ունենք` ծնված մինչև այդ ամուլ զույգերից: Ու սրա հետ էլ... տիրապետում ենք ամբողջ պետական կառուցվածքը` կրթություն, առողջապահություն, ապրելակերպ... օղակների առողջության գիտելիքին: Դրա համար պետք մտնել «Բուկինիստ» գրախանութ, 12 անուն գիրք ենք հրատարակել... Հիմա հասկացա՞ր, ֆունդամենտալիստ հեղափոխական, թե որն է իսկական հեղափոխությունը` փոխել ներկա ողորմելի պետականության ոչ միայն իշխանությունը, այլև ամբողջ պետական մշակույթը: Հիմա ամեն մեկը թող նայի, թե բացի Շարժման ոգին ու ոգևորությունը կրելուց, էլ ինչո՞վ կարող է առողջացնել մեր կյանքը: Եվ չթունավորել...

Մեր կանխատեսումն է` Շարժումը ուժեղանալու է, վճռական ժամին նրա առաջնորդությունը կնորոգվի, լիահույս ենք, որ Զանգվածի Էթիկան կհասնի դրա անհրաժեշտության գիտակցությանը:

Սիրելի «Դար» ակումբ, ես և Առողջագետը որոշեցինք վերադառնալ տուն` Դն Ֆորում և մեր գրառումները անել այնտեղ: Անչափ շնորհակալ ենք հյուրընկալման համար: Այստեղ մենք հանդիպեցինք շատ պայծառ մարդկանց: Կհանդիպենք dnfrum.am- ում:

Բարի գիշեր:

Հեղինակ
01.05.2008, 23:46
Այսօրս` 1 մայիսի 2008թ., ավարտվում է:

Օրը... աշխարհը ... մարդիկ

Գարնան թարմության մեջ – զգաստ ու կենսական էր այսօրս: Չնայած գիշերից` ցերեկ էին խուժել տագնապի ինչ-որ զգացումներ: Ապրել այս փխրուն մոլորակի վրա, այս փխրուն երկրում, այս փխրուն կյանքով – «երջանկություն» և «դժբախտության» փխրուն հավասարակշռության մեջ:

Առավոտյան Երևանը թարմ էր` լվացված երկվա անձրևով, իսկ ծանոթ ու ծեր վաճառողուհին կանչում էր ինձ ու Առողջագետին` գնելու սարերի ազնվածին մանդակն ու շուշանը: Որքան գեղեցիկ ու առողջ են այս ճկուն բույսերի սպիտակ, նուրբ ցողունները... Սիրու~մ եմ Հայաստանը...

Մի քանի տպավորույթուն... Այսօր Աշխատանքի տոնն է. «Հայաստանում միշտ եղել է հարգանք աշխատանքի և աշխատավորի նկատմամբ», - ասում է երկրի նախագահը: Այո~, եղել է, բայց ոչ Երրորդ հանրապետության պետականության կողմից, սա փշրել է հայ աշխատավորի մեջքը, բորենիական հայեցակետով և գործելակերպով սեփականաշնորհել և ոչնչացրել է գրեթե բոլոր հիմնական միջոցները, բոլոր արտադրությունները... Իսկ երեկ Աժ-ն հաստատեց Կառավարության ծրագիրը, որտեղ իհարկե խոսքեր կային աշխատատեղերի ստեղծման մասին: Բայց ինչպե՞ս, եթե խնդիր չի դրվում հայ արտադրողին պաշտպանել արտաքին շուկայի հարձակումից: Եվ չի էլ կարող այս խնդիրը դրվել, ՀՀ վարչապետը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի երաշխավորյալն է, նրանց դաստիարակած սանը չի կարող փակել շնաձուկ- կոնցեռնների ճանապարհը: Ի դեպ, կարդացել եմ վարչապետի մի քանի հոդվածներ, որոնք իմաստասիրական շղարշ ունեն: Աշխարհայացք չկա, կա միայն ավագ- գիտաշխատողեական որոշակի նրբակերտ փայլ, մտքի որոշակի նրբություն...Չեմ վտսահում այս կառավարությանը, նա չի կարող երկիրը հանել ճգնաժամից:

Մի երկու խոսք ճշմարտության մասին` մանավանդ եթե նա...100.000 տարեկան է: Հըմ... Արևմտյան, քրիստոնեական, իր ծայրահեղ արտահայտության մեջ` ինկվիզիտորական և ճիզվիտական ավանդույթը ասում է` ճշմարտությու՞ն ես փնտրում, ահա սա է, և քո առջև կդնի չորս կանոնիկ ավետարանները և ամբողջ դավանաբանությունը` շքեղ մեջբերումներով:
Արևելյան ավանդույթը ասում է` ճշմարտություն ես փնտրու՞մ` փնտրիր նախ ինքդ քո մեջ, քո կենսափորձի մեջ, իսկ մշակույթի համակարգը` ծեսերը, ավանդույթները, կրոնը և նրա աղբյուրները միայն բանալի կարող են լինել քո ինքնաճանաչման և աշխարհաճանաչման համար: Ճշմարտությունը տարիք չունի , նա գոյություն ունի միայն ԱՅԺՄ և ԱՅՍՏԵՂ, քո իրական ապրումի, քո կենսափորձի և սրտի մեջ...

Ահա արևմտյան ավանդույթը շքեղորեն ներարկված է ձեռքերը Ավետարանին դնող և երդվող պրեզիդենտների հոգեբանության մեջ, սահմանադրությունների, միջազգային պայմանգրերի և կոնվենցիաների մեջ: Եվ երբ Ամերիկան Հարավսլավիային մի բան է ասում և հետն էլ ժողովրդավարության միջազգային դասագրքերից մեջբերում է անում, իսկ այս երկիրը չի համաձայնում` մեր ժողովրդավարական Ամերիկայի նեղճակատ նախագահը ռմբակոծում է չքնաղ Բելգրադի կամուրջները: Ապա թուրք-ալբանների ձեռքով այրում է սրբազան Կոսովոյի տաճարները: Իսկ մի քիչ այն կողմ` Հռոմի սրբազա~ն պապն է... Մի քանի տարի անց, այս Ամերիկան իր ճշմարտությամբ` ժողովրդավարություն հաստատելու~ համար, բռնադատում է Իրաքը: Ահա այս նեղճակատ քաղաքակրթությունը սնվել է պսեվդոավետարանական ավանդույթից և նրա մեջբերումներից ...

Այս նեղ ճակատը լուծարելու ու փշրելու մի ճանապարհ կա` ապրել ճշմարտությունը ԱՅՍՕՐ և ԱՅՍՏԵՂ, և ապրված ճշմարտության, Կյանքի Գեղեցկության հիմքի վրա կերտել կյանքը, երկիրը, առողջացնել մոլորակը: Աստվածորդու Ոսսմունքը ոչ մի առնչություն չունի այս համաշխարհային նեղճակատության հետ, աստվածաբանական ֆակուլտետների տված ողորմելի կրթության հետ:

Սիրելի ֆորում, այս օրերիս կազմում եմ պոեզիայիս հատընտիրը, մի բանաստեղծություն կա 1988-ի շարժման օրերից: Տատանվում էի` դնե՞մ գրքի մեջ, թե՞ ոչ: Ոնց որ թե դնելու եմ, այն կարծես թե համահունչ է այս օրերին: Որախ կլինեմ լսելու ձեր կարծիքը:


ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Ձեր պապերը սև ու խառնակ թվերին
Գիշերներով ներքնահարկերը իջան,
Խոշտանգեցին այնտեղ երկրի տերերին.-
Արևերես չելավ ոչ ոք, ոչ մի ձայն:

Լուսադեմին վերադարձան նրանք տուն,
Թշվառների աղերսներով թաթախված.-
Սև խռոմին ահով քսվեց սև կատուն,
Դահիճի դեմ իրեն բացեց մի խեղճ քած:

Մահճակալը արյան լճում էր լողում,
Նոր մահերը` կափկափում սև պատի տակ,
Վարակածին սերմը նորից էր հեղվում,-
Եվ այդ գիշեր ձեր հայրերը առան կյանք:

Ելան նրաք որպես զեռուն անմաքուր,
Միշտ նույն հոգսով` ինչպես սողալ դեպի վեր,
Ծամծմելով գաղափարներ սուտ ու կույր`
Վեր սողացին և իշխում են ահա դեռ:

Նրանք մարմինն այսօր զիջում զոհերին,
Հոգիներն են նրանց հաշմում, այպանում,
Բռնադատում բնությունը մարդկային,
Ամեն սլ;ացք ու ամեն իղձ խափանում:

Երբ դուք եկաք - դուք զավակներ անհամար,
Ծնվեցիք նոր իշխանական տներում,
Վախն ու քծնանք եղան տատմայր ձեզ համար,
Մկրտվեցիք դուք կեղծիքի ջրերում:

Ձեր հայրերը ունեն մեն մի նպատակ,
Որ դուք լինեք գործիչներ նույն գեհենի,
Ուր թաղել են ապականող տիղմի տակ
Բնաշխարհիկ ձեր գեները հայրենի:

Բայց դուք նայեք, ժողովրդին նայեք ձեր,
Նայե~ք նրան այս փոթորկոտ օրերին,
Թեև դաժան կապանքների մեջ է դեռ,
Բայց ալեկոծ` նայում է նոր դարերին:

Խառնալեզու խրախճանը ձեր թողեք,
Այլալեզու ժանգը նետեք հայրերին,
Եկեք մեզ հետ, այս սուրբ վայրը հեղեղեք,
Ուր հնչում է մեր ազնվաշուք մայրենին:

Ժողովուրդը` այդ ծնողը մշտատև,
Իր անծնող զավակներին կընդունի.
Վերադարձի արցունքը դառն ու թեթև
Ձեր դեմքերից վերջին աղտը կտանի:

Բայց թե լինի` բացված դուռը չտեսնեք,
Մեր հույսերից մնաք անցավ ու անմաս,
Ձեր իսկ վերջի բոթը շուտով կլսեք,
Մոտ է ժամը, հատուցումը` հարեհաս :

Ձեզ կկիզի ճշմարտությունը անհաշտ,
Ձեր հայրերի վաստակածը ձեզ կտան,
Սերունդներին խլուրդների մթապաշտ
Սպառնում է ահեղալույս մի ատյան:
25.8.1988թ.

Հեղինակ
03.05.2008, 23:34
Այսօրս` 3 մայիսի 2008թ., ավարտվում է:


Սիրելի ընթերցողս, ներողամիտ եղիր, որ երեկվա «Այսօրս» համացանց դուրս գալուց հետո մի քանի ժամ անց ջնջեցինք: Պատանեկան միամտությամբ կարծել էի, թե քաղաքականություն կոչվող անապատում կարող է հանկարծ ապագա ծնվել, և փորձել էի բարեբանել հայտնի գործչին: Շտապել էի, այսօր արդեն համոզվեցի դրանում: Ազգի ապագան կարող է ծնվել միայն ոգու տարածքում, քաղաքականության դաշտում ապագայի հոսանքները մարում են: Հեռու~ այդ տխուր դաշտից...

Այսօրս տխուր էր, ամպոտ ու թախծոտ էր սիրտս: Եթե քեզ` ընթերցողս, հարցնեն, թե ինչու՞ է ժայթքում հրաբուխը, ինչու՞ է երկրաշարժ լինում, ինչու են մոլեգնում ցունամիները և գետերը դուրս են գալիս ափերից – ապա իմացիր, որ պատասխանը մեկն է – այդ ամենը նրանից է , որ այդ ժամին մի տղամարդ ու մի կին իրար լավ չեն հասկացել, կենարար էներգիայի հոսքը նրանց միջև դադարել է, դուրս է եկել ափերից ու զարկել է աշխարհին: Եվ տղամարդն է այս համաշխարհային փլուզման հեղինակը... Ահա թե ինչու՜ էր այսօր թախծում իմ երկինքը,- երկինքս փլվում է այն ժամին, երբ դադարում եմ ստանալ Սիրելուս կենարար ջերմությունը...Եվ ես էի այդ բարբարոսության հեղինակը...

Տխուր էր նաև Հայաստանը: Հայաստանն էլ կին է, մայր է, մատաղահաս աղջիկ է, հավերժ կանացի էություն է...Եվ կարոտ է սիրո ու խնամքի...Նայում էի այսօր նրան «խնամող» մեր այրերին, ես էլ նրանց մեջ եմ, նաև Հայաստանի ամբողջ այրությունը...Որքան ապիկար դուրս եկավ Հայաստանի այրական մասը, այս գեղեցիկ երկիրը ինչ օրի է...Այսօր նայում էի օրվա «հերոսներին», չեմ մանրամասնում` զգացողները զգում են, նայում եմ հայկական սնափառության տոնավաճառին և ափսոսում եմ լույսի և ինքնաիրացման ձգտող հոգիների համար...- Օ~ ժամանակներ , Օ~, բարքեր:

Օրվա լրահոսից մի պատկեր` մեր ոխերիմ հյուսիսային բարեկամի տարածքում` մի հայկական գյուղում հին եկեղեցին նորոգվել էր և նորից լուսավորվեց: Բակում տոնախմբություն էր, հնչում էր Շարականի աղոթք – գրաբարը, մանկան ճակատին քսվում էր մյուռոնի արծաթափայլ կաթիլը, իսկ մյուս կաթիլը կաթում էր ավազանի մեջ... Սա մշակույթ է, այդ վայրկայնի մեջ անսահման գեղեցկություն կա: Բայց ինչպես է լինում, որ այս գեղեցկության կողքին դարերով մի ճիզվիտական մութ դեմք է երևում...

Գրում եմ այս տողերը, երբ Հանրայինի էկրանից տուն է խուժում «Ոչինչ չի մնա» հարցը` համանուն հակաֆիլմի հետ: Ողորմելի կոմեդիանտ, ինչպես թե` ոչինչ չի մնա. մարդու ժպիտը, ուրախությունը, պայծառ միտքը, սիրո ալիքը անմիջապես անցնում են տարածություն, մտնում Ստեղծողի Բացարձակ տարածքը և հավերժորեն հարստացնում նրան: Ողորմելի կոմեդիանտ, քո հարցը և քո անգեղ լեզուն, քո մթնածին մտքերը ևս մտնում են Սրբազան Տարածք և աղտոտում մեր մոլորակը և մեր հայրենիքը....Բայց Տարածության Սերը ի վերջո այդ մութը տրանսֆորմի է ենթարկելու և դու, դու, դու` Հանրայինի ողորմելի հակամշակույթ, չե~ս մնալու, չե~ս մնալու, չե~ս մնալու Ստեղծող-Ազգի մշակույթի տարածքում:

Սիրելի ֆորում, ձեր սրտից մի–մի շող տվեք` մեր կյանքը պատող մութը այրելու համար:

Բարի գիշեր:

Հեղինակ
05.05.2008, 00:50
Այսօրս` 4 մայիսի 2008թ., ավարտվում է

Սիրելի ֆորում, ճիշտ է` չէ՞, որ մարդկային կյանքը երկնքի է նման,- մի օր ամպուզամպ կանի, մի օր էլ կփայլի արևը: Երեկ սիրտս ամպել էր, այսօր արև է շողում: Բայց եթե երեկ ամպած չլինեի` ինչպե՞ս այսօր ինձ կհասներ արևի քաղցրությունը: Շնորհակալ եմ այսօրվա համար:

Հիշու՞մ ես, ընթերցողս` մի երկու ագամ հարցրել եմ` ի՞նչ է անում Հայաստանում Բրիտանական խորհուրդը: Եվ այն պատճառով, որ մշակութային և գաղափարական սուռոգատներ է բերում Հայաստան: Բայց այս անգամ … “Շոտլանդիայի վերջին թագավորը”- բռնակալ իշխանության լավ հետազոտություն էր. համոզիչ արվեստ, կտրուկ վրձնահարվածներ, հրաշալի օպերատորական աշխատանք: Իհարկե, ենթատեքստը պարզ էր, Բրիտանական խորհուրդը հենց այնպես կինո չի բերում… Բայց որ արվեստ էր բերել այս անգամ` արդեն լավ է…

Բայց գիտես չէ՞, ընթերցողս, թե ինչո~վ է նշանավոր վերջին երկու-երեք օրը… Ի՞նչ է եղել մարտի 2-ին, հը՞: Ինչ որ բան եղել է… Մեր հեղափոխականը շոկի մեջ է: Այսօր մտմտում էի, թե ինչ եմ ասելու հեղափոխականին, որ պատանի սիրտը չկոտրվի և վառ մնա ավյունը… Եվ որոշեցի` ինչ ասել, մի երկու օր առաջ չէի ասի, որովհետև կհետևեր կշտամբանքը, թե` սիրելի Հեղինակ, ինչո՞ւ ես կոտրում մեզ: Չէ, հեղափսոխական` չեմ կոտրելու, այլ շոկից հանելու եմ, որ շարունակես դեպի ապագան տանող ՄԵՐ ՈՒՂԻՆ:

Իսկ հիմա` ասելիքս:
Հեղափոխական, եթե արմատական ընդդիմությունը հաղթի (տե~ս` չասացի Շարժումը, քանի որ այս երկու երևույթները բաժանվելու են…), ահա, եթե հաղթի, ապա ո՞վ կգլխավորի ասենք` Հանրային հեռուստատեսությունը: Չգիտես: Բայց ես մտածում եմ` Հանրայինը կտան Նիկոլ Փաշինյանին: Հիմա ի՞նչ է անելու Նիկոլը Հանրայինի հետ: Որ պարզ լինի, թե ինչ է անելու` բերեմ մի հետազոտության արդյունքներ: 2007-ի փետրվարին գրում էի «Ձոն Դոգվիլ- Հայաստանին» և ցանկանում էի հասկանալ` ով ով է: Չալարեցի, Ազգային գրադարանում ուսումնասիրեցի «Հայկական ժամանակի» վերջին տարվա բոլոր համարները: Նպատակս էր ճշտել` ինչ մշակույթի է դավանում այդ ազատական լրատավամիջոցը, ում մասին է գրում... Եվ ի՞նչ` բոլոր մշակութային անդրադարձերը նվիրված էին մեր “աննման” աստղերին և մի քանի սկանդալների... Միայն մի նյութ կար վարպետ Ջիվան Գասպարյանի մասին, այն էլ ոչ բովանդակային...
Եվ այսպես Ալիկ Հարությունյանը իր ինկուբատրում վերցնում է նախնական «նյութը», որոնց վրա «գրթան է նստում» հայ կարկառուն ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, և այդպես աճեցնում են «աստղերին» … Իշխանափոխությունից հետո մեր «աստղիկների» և մեր ամբողջ կեղծ-մշակույթի հետ ոչինչ էլ չի լինում: Նիկոլը գալիս է և շարունակուոմ աստեղային ճտերի խնամքը: Եվ սրանով, հեղափոխական, քո հեղափոխությունը ավարտվում է... Գլուխդ կախելու ես և շլինքդ ծռած` գնալու ես քո հանապազօրյա հացը նոր իշխաններից ստանալու... Եթե տան, եթե մոռանաս քո հեղափոխական ազնվությունը և ընդունես նրանց խաղի պայմանները...Իսկ թե դրանք ինչ պայմաններ են..., բայց այսօր չարժե ազնիվ սիրտդ պղտորել:

Ուրեմն ինչ անել, Շարժումը մահացա՞վ…

Չէ, հեղափոխական, ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ՄԱՀԱՆԱԼՈՒ: Եվ դրա պայմանն այն է , ՇԱՐԺԱՆ ՉՄԱՀԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆ ԱՅՆ Է, որ հեղափոխությունը նախ քո մեջ պետք է լինի, դու պետք է որոշես, հասկանաս, զգաս, թե Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ:

Ահա , եթե քո մեջ հեղափոխութուն լինի , և դու հասկանաս, որ` եթե դու հայ ես, երիտասարդ ես, մարդ ես, հոգի ես, ապա քեզ պետք են ոչ թե երգ` «աստղաբանաստեղծ» Ավետ Բարսեղյանի լպրծուն բառերով և աննման Շպռոտի կատարումով, այլ քեզ պետք են… Թե քեզ ինչ է պետք` կհարցնես Դանիել Երաժշտին, Արուսյակ Սահակյանին, Հասմիկ Հարությունյանին, Գագիկ Գինոսյանին...

Այսինքն` դու ոչ միայն հեղափոխական ես, այլև ՄԱՐԴ ԵՍ, իսկ մարդուն առողջ արվեստ, առողջ կյանք է պետք, ահա` երբ այդպիսի գիտակցություն տիրի քեզ, այդպիսի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ լինի քո մեջ` դու մի լավ կմտածես` Ալիկ Հարությունյանին ումով փոխարինել: Եվ, իհարկե, նաև կորոշես, թե ով պետք է լինի Շարժման Առաջնորդը.. Եվ իհարկե, այդպիսի հեղափոխությունից հետո, որ կատարվեց քո մեջ` դու կորոշես նաև` ով պետք է լինի երկրիդ նախագահը: Եվ հավատա, որ դու առանց դժվարության կբռենս այդ մարդու ձեռքից ու կտանես ուղիղ նախագահական: Որովհետև, եթե դու Մարդ դառնաս, ապա քո նախագահն էլ ստիպված կլինի Մարդ լինել: Կամ էլ ԴՈՒ ԵՎ ՄՆԱՑԱԾ ՄԱՐԴ ԴԱՐՁԱԾՆԵՐԴ ԿԳՏՆԵՔ ԱՅՆ ՄԱՐԴՈՒՆ, Ով ԿԼԻՆԻ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ :

Ուրեմն, հեղափոխական, քո վրա է մեր հույսը, նախ դու Մարդ դարձիր, որ հետո Մարդ լինի քո նախագահը: Եվ շնորհակալ եղիր` այսօր ես քեզ տվեցի իսկական հեղափոխության բանալին: Իսկ ինչ վերաբերում է մեր Նիկոլին, ապա Դոգվիլ Հայաստանում կա մի հատված նրա մասին, որ փնտրես, կգտնես...
Ես սրտանց ցանկանում եմ, որ Նիկոլն ել դառնա իսկական հեղափոխական , այսինքն` Մարդ:

Սիրելի ֆորում, Շարժումը, իրական Շարժումը չի կարող մարել, այն ուժեղանալու է և ԼԻՆԵԼՈՒ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ: Եվ այդ շարժմանը կարող են մասնակցել բոլորը`սկսած մեր հեղափոխականից մինչև երկրի նախագահը, քանզի կա՞ մեկը, որ չի ուզենա ՄԱՐԴ լինել:

Բարի գիշեր:

Հեղինակ
05.05.2008, 23:56
Այսօրս` 5 մայիսի 2008թ., ավարտվում է

Այսօրս սովորական օր էր` աշխատանքային: «Արշալույս»-ը գնաց ևս հինգ մանկապարտեզ: Հիշում եմ` ինչպե՞ս էի թախծում 1998-ին, երբ ապիկար կրթական իշխանությունը մեզ զրկեց նախադպրոցական երեխայի հետ աշխատելու հնարավորությունից: Ինչ իմանայի, որ տաս տարի անց «Արշալույս»-ով նորից կխոսենք մեր մանուկների հետ:

Բայց Դու այսօր տխուր ես, Դու թախծում ես, Հայրենիք: Դու ելել էիր ինքդ քեզանից ազատագրվելու, քո իսկ դրած կապանքները քանդելու:
Դու նորից ապրեցիր այն պահը, երբ զավակներիդ սրտերը միաձուլվում էին մի ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ, և դու քեզ ամենազոր Մայր էիր զգում: Դա քո աստեղային ժամն էր :

Բայց ինչու՞ ես հիմա թախծում...Քեզ ոչ ոք չի կարող դավաճանել, եթե ինքդ քեզ հավատարիմ մնաս:
Մի թախծիր, շուտով լսելու ես Ոգուդ Լեզուն, տեսնելու ես Նրա Օրենքները, ԱՅՆԺԱՄ ԿԻՄԱՆԱՍ, ԹԵ ԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ…Բացվելու է Քո Առավոտը:

Սիրելի ֆորում, "Այսօրս" խմբագրեցինք առավոտյան, գիշերվա մութը հեռացավ, արդեն առավոտ է:
Այսուհետ թող հնչեն միայն սխրանքի ու հաղթանակի բառեր...

Բարի առավոտ...

Հեղինակ
06.05.2008, 23:43
Այսօրս` 6 մայիսի 2008թ., ավարտվում է:

Երեկ ազդվել էի «Այսօրիս» թախծալի տոնի համար.- այդպես էլ քաղաքական դեկադանսը հասնում է մարդուն, և երբ թախծում է երկիրը` դու էլ ես թախծում...

Բայց այսօր սիրտս զգաստացավ, հասկացա, որ թախծելու պատճառներ չունենք: Ավելին` Հայաստանում ստեղծվում են զարմանալի պայմաններ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հաղթարշավի համար: Ընկնում են վերջին կուռքերը, միայն նրանք կարող էին շեղել մեր հայացքը: Այս ի~նչ արեց Նորին Մեծություն Ժամանակը – մի քանի ամսվա մեջ ՆԱ ի~նչ նրբակերտ իմաստությամբ տապալում էր կուռքերը: Եվ վերջինը...ի~նչ ողբերգական կերպար, նա արժանի է կարեկցանքի... Թանկագին արյան որդան կարմիրը կնքում է մեր նորագույն պատմության այս էջը: Սիրելինե~ր, ամեն օր պետք է մտածենք ձեր մասին, ձեր զոհաբերության գաղտնիքը հետո է բացվելու...
[/B

[B]Մնացինք մենք ու մեր սարերը: Սա անտերություն չէ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆՔ ՄԵՐ ՏԵՐԸ: Սքանչելի ժամանակ, մենք կարող ենք ազատվել կեղծիքներից... Մենք մեր մտքի ու սրտի մեջ պետք է կառուցենք մեր երկիրը: Հետո այնտեղ ստեղծածը կնյութականանա:

Այստեղ ընդամենը մի դժվարություն կա` մենք պետք է իմանանք, ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ: Եթե մենք չիմանանք, թե ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, այս երկրի նախագահը որտեղի՞ց պետք է իմանա, թե ԻՆՔՆ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ: Մեր պատկերացրածը, մեր սրտում կառուցածը ի վերջո հասնելու է նրան, բոլորին...

Ավելի կոնկրետ: Այս պահին մեր պաշտելի Հ1-ը ցույց է տալիս «Ռուզանի սիրտը» սերիալը: ՀԻՄԱ ՄԵՆՔ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆՔ, որ այս ֆիլմը ցուցադրվի: Երևի չենք ուզում, որովհետև այն ցուցադրելու բան չի... Ահա` ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ. սա է հարցերի հարցը: Կուզենայի, որ ԴՆ ֆորումում մենք համայնքով պարզեինք, թե ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ: Ինչ ապրելակերպ, ինչ տնտեսություն, ինչ կրթություն, ինչ մշակույթ... Սա արդեն աշխատանք է:

Մի երկու դիտարկում այսօրվանից: Հանրայինի Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ հրաժեշտ ենք տալու... Խոսե Իգնասիոներին, այսինքն` լատինամերիկյան սերիալներին: «Նոր ալիքը» դառնալու է մշակութային ալիք, ցուցադրվելու են «բարձրաճաշակ ֆիլմեր»: Հըմ… լա~վ է: Եվ շարունակում է Ալիկ Հարությունյանը. «ցուցադրելու ենք հայկական սերիալներ»` այսինքն լատինամերիկյան աղբը փոխարինելու ենք հայկական ազգային աղբով: «Շատացնելու ենք քաղաքական հաղորդումների շարքը». այսինքն` հայ քաղաքական չգո միտքը իր անպարագիծ տափակությամբ ամեն օր խեղդելու է մեզ... «Ցույց ենք տալու եվրոպական ֆուտբոլները», այսինքն` կործանվող Հռոմի կրկեսային այս տեսարաններով` անունը ֆուտբոլ, խցկելու ենք մեր երիտասարդության աչքն ու ականջը... Եվ շարունակում է Ալեքսան Հարությունյանը` «հրաժարական չեմ տալու, կաշխատեմ մինչև 2013թ»: Իհարկե, Հրաչ Քեշիշյանի հետ:

Սիրելի ֆորում, ահա այս պատմածիս հիման վրա ասենք` մենք լավ ֆիլմեր ուզում ենք, մենք դասական երաժշտություն ուզում ենք...ԲԱՅՑ Ալեքսան Հարությունյանին ու Հրաչ Քեշիշյանին չենք ուզում: Սրանք այն կարմիր կովն են, որ կաշին չեն փոխելու, մի փչացնող բանի փոխարեն` մի ուրիշը մեջտեղ կբերեն: Մշակութային կանալի տնօրեն կնշանակեն, օրինակ ....հմայիչ Լուսինե Թովմասյանին, կամ Հայկոյին... Ես առաջարկում եմ ...Մհեր Նավոյանին, Գագիկ Գինոսյանին... Բայց երկրի նախագահը գիտի՞ այս մարդկանց...

Ահա, եթե բոլորս ասենք` ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, այս երկուսը` Ալեքսան Հարությունյանը ու Հրաչ Քեշիշյանը չքանալու են մեր կյանքից, որովհետև մենք ՆԱԽ ՄԵՐ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱԶԱՏՎԵՑԻՆՔ ՆՐԱՆՑԻՑ: Այսպես, այս մեթոդաբանությամբ մենք կհեռացնենք հինը, անառողջը և կստեղծենք նորը...

Այսպես ուրեմն, եթե ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ՆԱԽ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ... Սիրելի ֆորում` սքանչելի գարնանային օրեր են, ստեղծարար օրեր:

Բարի գիշեր:

Հեղինակ
07.05.2008, 23:38
Այսօրս` 7 մայիսի 2008թ., ավարտվում է


Այսօր մի քիչ ցուրտ, պայծառ ու արևոտ օր էր:
Ավելի քան երբևէ` այսօր զգում էի, որ աշխարհում մի բան առողջացնելու համար, քո իսկ կյանքը առողջացնելու համար` պետք է նախ սեփական սրտում հասնել ներդաշնակության ու խաղաղության: Բայց մարդը հակված իր այսօրվա կյանքը, տրամադրությունը կապել դրսի ազդեցության, այդ թվում պետության, կառավարության և էլի շատ գործոնների հետ: Մինչդեռ այդպիսի կապը հաճախ պատրանքային է լինում, քաղաքականությունն է այդ պատրանքը ծնում, թե իբրև իր հետ է կապված մարդկանց երջանկությունը: Բայց երջանկության աղբյուրը սեփական սիրտն է: Կգա~, կգա~ այն օրը, երբ մենք կմոռանանք քաղաքականության մասին:

Իսկ այսօր առայժմ խոսում էին առօրյա քաղաքական մշակույթի և քաղաքական վերնախավի կայացման մասին: Երջանիկ է այն ժողովուրդը, որի վերնախավը էթիկա ունի: Երբ ժողովուրդը արժանի եղավ` ինքն էլ կծնի այդպիսի վերնախավ: Առաջնայինը ` ժողովրդի էթիկան է, որքան էլ որ քաղաքականությունը պնդի հակառակը:

Հ1-ով խորհրդային ժամանակների փաստագրական ֆիլմ էին ցուցադրում. Մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը: Հնչում էին Երկրորդ հանրապետության մեղեդիները: Զարմանալի է, բայց փաստ` Երկրորդ հանրապետությունը հենվում էր մատերիալիստական աշխարհայացքի վրա, բայց ուներ իդեալիստական պետության շատ գծեր: Այժմ` անկախ պետականությունը կառուցելիս, չպետք է մոռանանք Երկրորդ հանրապետության փորձը, հատկապես` համայնավարական փորձը: Անհատը իր զարգացման գագաթնակետին ձգտում է համայնքի մաս դառնալ, ձուլվել աշխարհին, համայնք ստեղծել: Այսօրվա մեր լիբերալ մտավորականը չպետք է մոռանա, որ ազատության բարձրագույն դրսևորումը առողջ համայքնի մաս կազմելն է: Սիրելի ազատական, անհատի իրավունքների, ազատությունների հարցերը լուծելիս` մի մոռացիր, որ անհատը «տան» մեջ է ապրում, որը իր համայնքն է – ընտանիքը, ազգը, և սրանք էլ կյանքի օրենքներ ու պահանջներ ունեն, կրթության ու մշակույթի կարիք ունեն... Բայց չեմ նկատել, որ իշխանություն ունենալիս` այս մասին մտածես...

Առողջ մշակութային համայնքներ, ահա անկախ պետականության պատվարը,- այնպես որ, սիրելի ազատականներ, անհատի զարգացման բարձրագույն հանգրվանը համայնքն է:

Սիրելի ֆորում, ամեն մեկս ըղձանք, որ մեր ընտանիք-համայնքը, ազգ- համայնքը, հայրենիք-համայնքը առողջ ու երջանիկ լինեն:

Բարի գիշեր:

Հեղինակ
08.05.2008, 23:34
Այսօրս` 8 մայիսի 2008թ., ավարտվում է


Այսօրս... Գրքերիս մեջ փնտրում էի Հայ քնարերգության գեղեցիկ երկհատորյակը, շատ խառն էր վիճակը` չգտա: Ուզում էի կարդալ Մեսրոպ Մաշտոցի այն շարականը, որտեղ կա այսպիսի մի տող. «Կենցաղի ծովը զիս կալեկոծե…»: Դժվար է բժշկի գործը, երբ նա հիվանդին ասում է` մի ծխիր, իսկ ինքը ծխում է… Առավել դժվար է մեր` բժիշկ-առողջագետներիս գործը – առողջ ապրելակերպի գիտելիքը երբեմն ծանր բեռ է դառնում մարդու և ընտանիքի համար: Ինքնակատարելագործումը երկսայրի սուր է, և շեղբը հաճախ է անցնում սրտի վրայով…

Երբ փնտրում էի գիրքը ` հանդիպեցի մի հին ու հրաշալի գրքի` Эдуард Шюре. “Великие Псвяшенные”: Վերջերս վիրտուալ տարածքում մի անգիտության տիպար էր հանդիպել. բայց վրիպումը ինձանից սկսվեց` այդ տարածքի գիտակցությանը անհամապատասխան գիտելիք հաղորդելով, թե ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆԴԱՆԻ, ԳԻՏԱԿԻՑ ԷՈՒԹՅՈՒՆ Է: Առանց այս գիտելիքի` ինչպե՞ս կրթություն և առողջապահություն կստեղծես, ինչպե՞ս կլուծես էկոլոգիական հիմնախնդիրը… Հիշված տիպարը հարձակվել էր այս մտքի վրա: Բայց կարող ենք չէ՞ հարցնել, թե մոլորակները ինչպես, ինչ էներգիայով են ազդում մարդկային կյանքի վրա և ինչի՞ մասին է համաշխարհային աստրոլոգիան: ՉԷ~, կանոնիկ ավետարաններում այս մասին չկա, և մեր տիպարը պատրաստ է իր անգիտության սուսերը հանել: Ահա, նշվածս գիրքը լավ սկիզբ է` համաշխարհային կրոնների բուն էությանը ծանոթանալու համար:

Այսօր մեր կառավարության ղեկավարը հանձնարարում էր նախարարներին` պահպանել աշխատանքի կարգապահությունը, աշխատանքն սկսել ժ. 9-ին և ավարտել` 6-ին: Հիշեցի` Վարդենիսում բժիշկ էի, այդ ժամանակներում շրջանի տերն ու տիրակալը շրջկոմի առաջին քարտուղարն էր: Թուրք Ռզաևին ազատել էին պաշտոնից, տեղը նշանակել էին կոմոսոմոլի կենտկոմի երկրորդ քարտուղարին: Սա եկավ. երիտասարդ, գործունյա, խստապահանջ. շուրջը կարգապահական ահ ու սարասափ էր տարածում: Բայց այս ամենը շատ շուտ անցավ, շրջկոմի քարտուղարը հիշեց, թե ինչու՜ եկել և անցավ իր գործին: Ճիշտ է, նախարարություններին էլ է աշխատանքային կարգապահություն պետք: Բայց այժմ մեզ պետք է շատ ու շատ ավելին` ՆՈՐ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, որը կարող է գնալ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, որպեսզի փոխվի մեր կյանքի որակը: Սակայն հարգելի վարչապետի ոճից ու ոգուց չի երևում, ՈՐ ՆԱ ՀԱՍԿԱՑԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋԸ: Առայժմ ամեն ինչ հիշեցնում է կոմսոմոլի երկրորդ քարտուղարին:

Այսօր և վաղը նշվում է Հաղթանակի օրը և Շուշիի ազատագրության օրը: Ինչքան էլ հեռու լինի այդ օրը, ինչքան էլ քիչ են մնացել և ծեր են երկրորդ աշխարհամարտի մասնակիցները, այս տոնի մեջ մեծ էներգիա կա` այսօրվա մեր սերդի համար: Կուզենայի նշել ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ … Իսկապես այդ պատերազմը ծնեց մեծ գրականություն, մեծ կինեմատոգրաֆ… Այդ տարիների մեջ կար մի մեծ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ, որը տասնամյակներ սնում էր ժողովուրդներին: Ափսոս, որ այդ ազնվացնող մշակույթը հեռանում է մեզանից, հեռուստատեսությունների անդրադարձերը շատ աղքատ են լինում:

Սիրելի ֆորում, նայենք Հայրենականի զինվորների մաշված ու ծեր դեմքերին և հիշենք` ընդամենը մարմին է ծերացել, կարելի նույնիսկ ազատվել նրանից, բայց Ոգու փորձը չի կորչում` սկսած ամենափոքր նրբերանգից մինչև հաղթանակի ահռելի հրճվանքը: Եվ ի հակառակ ժամանակակից դեկադանսի, որն իր ֆիլմով մռայլորեն մրմնջում է` ոչինչ չի մնա, մենք միասին, սիրով ու գիտելիքով լցված, ասում ենք` ոչինչ չի կորչում…

Բարի գիշեր:

Հեղինակ
10.05.2008, 00:14
Այսօրս` 9 մայիսի 2008թ., ավարտվում է

Այսօր մեր զինվորը արձակուրդ եկավ: Այն հեռու ձորից, որտեղ ծաղկում է գարունը, մի խենթ ջուր զարկում է ժայռերին, որտեղ կարող ես գտնել հայակերտ, սրբատաշ ավերակներ և թուրքի ձեռքով սարքած հյուղեր: Մանկությունս անցել է այն շրջանում, որտեղ թուրքական գյուղեր կային, և միշտ զարմացել եմ, թե թուրքը որքան անարվեստ է սարքում իր տունը:
Մեր զինվորը եկավ - և ծառայության հետ էլ մի քանի մշակում էր արել, որոնք պետք են այսօրվա մեր գործերի համար: Կարծես չի էլ բացակայել, խորացած է ամենանուրբ տեխնոլոգիաների մեջ: Ընկերներից մեկը անհանգստանում է` չլինի` հանկարծ Հարությունը վերադառնա և հանկարծ որոշի բժշկական համալսարանը չշարունակել ... Չէ , մեր զինվորը բժիշկ է դառնալու, հսկա մի գործ սպասում է նրան:

Երեկ շատ տխուր էինք, այսօր շատ ուրախ ենք, երեկվա տխրության մեջ ծնվում էր այսօրվա ուրախությունը: Որքան նուրբ է ստեղծագործում Կյանքը, նա գործում է իր հյուսվածքը քեզ հետ միասին, բայց դու չգիտես պատճառն ու հետևանքը… Եվ միայն հետո հասկանում ես, թե Կյանքը ինչ նրբորեն է լուծում քո հոգսը: Կյանքը ուրախություն է ծնում:

Այսօր սրտիս մեջ մի հարց էր հնչում` ի՞նչ ենք մենք ուզում… Նկատի ունեմ մեր երկիրը, մեր հանրությունը: Հարցի պատասխանը` որպես ԱՄԲՈՂՋԻ ՊԱՏԿԵՐ` թերևս ունեմ սրտիս մեջ, սակայն երբ ուզում ես մանրամասնել, ապա մի ամբողջ գիտական ապարատ է անհրաժեշտ, որպեսզի ցանկացածդ դառնա հայեցակարգ, ծրագիր և գործ: Դժվար է առողջ երկիր ստեղծելը: Մտքիդ մեջ կարող ես մի Թաջ Մահալ ունենալ, ինչն իրապես գործի սկիզբն է, բայց ամեն քարը հղկել ու տեղը դնել է պահանջում: Ահա այսպես` երկրի ամեն քարը, այն է` ամեն ասպարեզը, նորովի պետք է հղկվի ու դրվի:

Ես ու Առողջագետը այժմ եկել ու հանգել ենք ամեն քարը հղկելու գործին: Մենք մեր վեճն ու կռիվը 1997-ից էինք սկսել ` դեկտեմբերյան մի ցուրտ օր մարտահրավեր նետեցինք մի հսկա համակարգի, որն իր տանկերը շարժեց մեր վրա: Դժվար էր, ինչպես պատերազմում ... Երբեք չեմ մոռանա, երբ հերթական դատական պրոցեսում գործը պաշտպանելիս մենակ էի լինում (Առողջագետի աշխատավայրն էր պաշտպանում), և կանգնում էի թշնամանք ոռնացող ամբոխի առջև…Բայց հիմա արդեն շնորհակալ եմ նրանց` եթե արգելքը չլիներ` ինչպես էր լարվելու գործի էներգիան… Այժմ արժե խոսել ու վիճել, դնել ու վերցնել միայն մի թեմայի շուրջ` այս քարը ինչպես հղկել ու տեղը դնել, որ տաճար ստացվի… Ուրիշ բանի վրա էներգիա ծախսելը տղայություն կլինի: Մի հատված` “Երգ հայոց Պառնասի մասին” պոեմից, այն ձոնվում է ՄԻ ԲԱՆ ՍՏԵՂԾՈՂԻՆ…


Ում սերը մեծ է ապրողների մեջ`
Նա է միշտ լինում ամենանորը,
Ով շղթայված է իր երկրի բախտին`
Նա է միշտ լինում ամենախորը.
Ում աչքի առջև ոգին իր երկրի
Ներկայանում է անավարտ տաճար,
Եվ նա ցնծությամբ, անհուն երկյուղով
Կարողանում է դնել գեթ մի քար`
Հղկված, ձև առած դարի հողմերով,
Աշխարհին նայոց իր չորս կողմերով,
Բայց և հարազատ տաճարի համար`
Նա է նորարար:

Սիրելի ֆորում, հենց այս րոպեներին մի պահ ականջս ընկավ մեծ Հայրենականի սրբազան երգերից մեկը .. Քիչ անց… մի երգ էլ հնչեց – “Երկու աստղի” մի կոմեդիանտ, աղավաղումով ու կռնչյունով, իր արևին ` շոուական երանգով, “կատարում” էր մեր չքնաղ տոհմիկ երգերից մեկը… Սա մշակութային խառնակչություն է: Ահա, եթե հասնենք այն բանին, որ Հ1-ով հնչեն սրբազան ու տոհմիկ երգեր, նաև ամենայն դասականն ու նորի գեղեցիկը, իսկ կոմեդիանտները հեռանան մեր կյանքից` ահա մի քար հղկած կլինենք:

Բարի գիշեր:

Հեղինակ
11.05.2008, 00:09
Այսօրս 10 մայիսի աարտվում է :

Մայիս …Հաղթանակի օրը … Մեր հաղթանակների ամիսը …
Նաև իմ հաղթանակների ամիսը: 2000,2001,2002թվականների մայիսը ... Ծանրագույն պայմաններում այս մայիսներին հրատարկեցինք այն երեք գրքերը, որով հայոց նոր պետականության տեսության հիմքը դրեցինք. «Երրորդ Հանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը», «Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ»... Չեմ ասի ընթերցողիս, թե ինչով էին ծանր պայմանները… Իսկ այսօր լուր առա, որ պետական իրավասու մարմինը առաջարկել է հրատարակչիս` տպագրել “Արշալույսը”-ի 300 օրինակ Սփյուռքի դպրոցներ ուղարկելու համար: 18 տարվա ծանր ոգորումից հետո` առաջին պետական ուշադրությունը, առաջին հաղթանակը...

Մեր սիրելի զինվորը տանն է, արձակուրդ է... Հիշում եմ 2006 թվականը, երբ գրեթե խռովել էինք հայրենիքից և ցանկանում էինք թողնել, հեռանալ …Իսկ մեր զինվորը գնաց ծառայության: Նա մեզ կարծես ասաց` ես այստեղ եմ, սա մեր ընտանիքի հայրենիքն է: Եվ ես նորից սիրեցի այս հայրենիքը` արդեն իմ զինվոր զավակի հայրենիքը: Եվ ընտանիքով մնացինք մեր ծառայության մեջ: Այսօր երեք զավակներս քայլում էին գարնանային Երևանի փողոցներով և խմում էին նրա քաղցրությունը: Շնորհակալ եմ, որ այսօր ընտանիքով մտածում, ստեղծում և երազում ենք մայրենի լեզվով …

Այսօրվանից մի դիտարկում ունեմ, որը բաղկացած է երեք փաստից. մեր Եկեղեցու հովվապետը Վատիկանում է, աշխարհահռչակ կինոռեժիսորը քամահրանքով խոսում էր այն Իտալիայի մասին, որ կառուցում են Բեռլուսկոնին և Բենեդիկտոս պապը, իսկ մեր Հանրայինը ցույց էր տալիս Միլոշ Ֆորմանի «Գոյայի ուրվականները» ֆիլմը: Ինչ ես կարծում, ընթերցող` ի՞նչ կա այս երեք փաստերի միջև: Իսկ կապն ուղղակի է, գոնե ինձ համար: Միլոշ Ֆորմանի հանճարեղ ֆիլմը հիշեցնում է, թե որտեղից է գալիս ժամանակակից Եվրոպան.- երեսպաշտության, գաղտնի ագրեսիայի և անսրտության այս աշխարհամասը գալիս է միջնադարյան ինկվիզիցիայից և մարդատյացությունից: Եվ նա իր էությունը այժմ իրականում չի փոխել, նույն երեսպաշտ դաժանությունն է` ժողովրդավարական փետուրներ հագած: Վատիկանը, կաթոլիկ եկեղեցին ներկա հիվանդ աշխարհակարգը սնուցող մայրն է: Եվ արդեն մեկ ուրիշ ռեժիսոր ասում է այդ մասին: Եվ ահա` ու՞ր է գնացել հայոց հովվապետը, ի՞նչ հարաբերություններ է զարգացնում Վատիկանի հետ... Էթիկապես գրեթե սպառված այդ եկեղեցին, որ տարեկան դատարանների վճռով մեկ միլիարդ դոլար է վճարում իր կարդինալների և աբբատների մանկապիղծ վարքի համար` ի՞նչ կարող է տալ Հայաստանին: [Հիմա էլ Բենեդիկտոսը պետքէ գա Հայաստան, փլուզված ծնոտներով հայերեն արտասանի «եղեռն» բառը, ճորտական խնդությամբ լցնի մեր սրտերը և մեզ ավելի ամուր կապի հիվանդ աշխարհակարգի կառքին: Հայոց հովվապետ, Հայաստանն ու հայկականությունն են հայ եկեղեցու էթիկայի աղբյուրը, եթե շնորհ ունես` խմիր այդ աղբյուրներից, ուժ և ճանաչում վաստակիր ԱՅՍՏԵՂ…Շարունակվում է Միլոշ Ֆորմանի ֆիլմը, այնտեղից հնչող սրտակեղեք ճիչերը ինձ ասում են, որ ճիշտ են այս խիստ գնահատականները: Մեծ գեղագետը օգնում է այսօր ինձ ու Հայաստանին:

Սիրելի ֆորում, այսօր մի հետաքրքիր սիմվոլ-պատկեր էի տեսել գիշերը … Տեսա, որ մեր երիտասարդությունը լի ավյունով, նաև հոգսով` հարթում էր երկրի ճանապարհը... Ես ինչ որ դժգոհություն ունեի, թե ճի՞շտ է անում նա այս գործը: Եվ կշտամբանք ստացա այդ կասկածիս համար:

Թող երիտասարդությունը բացի ճանապարհը, շտկումները կարվեն հընթացս: Ուրեմն` առանց կասկածների … բացել ճանապարհը:

Բարի գիշեր:

Հեղինակ
12.05.2008, 00:16
Այսօրս` 11 մայիսի 2008թ., ավարտվում է

Մերոնք նայում են Չարլի Չապլինի «Բեմեզրի լույսերը»: Ես էլ գրում եմ այս երկու տողը, որ միանամ իրենց:

Սիրո պակասից են մեր բոլոր պրոբլեմները: Նաև մեր երկրի ու աշխարհի խնդիրները: «Սիրեք, և ամեն ինչ կստացվի» - ասում է Արևելքի իմաստունը: Քաղաքականության մեջ սեր չկա,- ահա թե ինչու չի ծաղկում երկիրը: Եվ Ստեղծողը, արդեն մեր օրերում ասում է.(ներեցեք` չեմ թարգմանում). « Пожалуйста, не путай то, что в твоем сердце, с тем, что в уме. То, что есть в уме, поместили туда другие. То, что есть в сердце, — это частичка Меня, которую ты носишь в себе». Ամաչում եմ և խոստովանում, որ կարող եմ որևէ պահի, մանավանդ` մենթալ խառնաշփոթի կամ զայրույթի պահին` խոսել և գործել առանց սիրո: Ամաչում եմ Չապլինից, ամաչում եմ Ստեղծողից:

«Այն ինչ քո խելքի մեջ է` այնտեղ դրել են ուրիշները...» Եվ միայն այն, ինչ սրտիդ մեջ է` Ստեղծողից է:

Բարի գիշեր:

Հեղինակ
12.05.2008, 23:24
Այսօրս` 12 մայիսի 2008թ., ավարտվում է:

Խաղաղ երեկո է. մեր զինվորը, արևից թխացած այտը դրած մոր ծնկին, քնած է: Այսօր առավոտյան հաց էի առնում, խնդրեցի 4 հատ ոչ սպիտակ հաց և որսացի վաճառողի հարցական հայացքը` ինչու՞ այդքան շատ: «Մեր զինվորը արձակուրդ է եկել»` պատասխանեցի վաճառողի հայացքին: Սա շատ կարևոր լուր է, որ այս օրերին ես ցանկանում եմ հայտնել մարդկանց... Եթե միայն հարցնեն...

Կեսօրին հրատարակչությունից գնում էի կլինիկա` Առողջագետին հանդիպելու: Կենտրոնում անցնում էի մի նոր կառուցված շենքի մոտով, աչքս դիպավ շենքի սրբատաշ պատին և տեսա սեպված գրությունը` կառուցեց` այսինչը, Ճարտարապետ թե........, շինարար..........: Կանգնեցի, նայեցի... Երրորդ հանրապետության ճարտարապետության ոճն էր. առաջին սերնդի մեծահարուստի ճոխության ձգտումը, որն իր մեջ ուներ և հայկական ճարտարապետության տարրեր, և Հյուսիսայինի անսիրտ...գեղեցկությունը: Այո, հայ մարդը ուզում է անմահացնել իր անունը` սեպելով այն քարի վրա... Սակայն Արևելքի իմաստունը հարցնում է. «Որտե՞ղ են այժմ Ատլանտիդայի թագավորների պալատները...»: Նույն պահին նորակառույց շենքի հիմքից լսվում է մի ընտանիքի հառաչանքը, որ հայրենիք է կորցրել: Հառաչանքը հասնում է սեպված հպարտ անվանը, պլուլվում նրա տառերին, և տառերից արդեն կաթում է զղջման արցունքը... Բայց անվան տերը չգիտե այդ մասին...

Առողջագետի հետ քայլում էինք գարնանային քաղաքով: Սուր զգում էինք մեզ տրված պարգևը… Իսկ երեկոյան, արդեն մի նոր աղբյուրից, Ստեղծողը ասում է. “Ты вообразил, будто для счастья и даже для выживания тебе многого не хватает. Ты все это выдумал.

“Միթե՞”- հարցնում եմ ես Նրան…

Առողջագետը հոգնած ու քնքուշ ժպիտը դեմքին` չի շարժվում, որ ծնկին քնած որդին չարթնանա… Մի քիչ անց մեր զինվորը արթնանում է, մեր այսօրը մոտենում է ավարտին… Աշխարհում մենք ենք, մեր մեջ է ամբողջ կյանքը: Որքա~ն բառեր, որ հնչում և կորչում են դրսում… Մենթալ ենիչերիների ժամանակն է: Իսկ Նա` Կյանքը, ասում է. “Нет истины, кроме истины внутри тебя. Все остальное — это лишь то, что тебе говорили другие.”

Բարի գիշեր:

Հեղինակ
13.05.2008, 23:51
Այսօրս` 13 մայիսի, ավարտվում է:

Այսօր զգում էինք ընտանիքի աշխատանքի ռիթմը: Մեր զինվորը արագ մտավ ռիթմի մեջ, նա գրում է ինչ-որ շատ բարդ ծրագրեր, որ կօգտագործվեն մեր կայքերի համակարգում, կարող են նաև շուկա հանվել… Նրա դեմքի թխությունը մի քանի օրում մեղմացել է…

Այսօր առաջին 5 “Արշալույսները” գնացին հանրակրթական դպրոցներ…Մի քիչ անհանգստություն ունեի դպրոցներիգծով: Դպրոց…տնօրեն…ընտրություններ…հանձնաժողովի նախագահ,- այս բառերը ծնում են տխուր ասոցիացիաներ: Դպրոցը – կարող է լինել հայ համայնքի սիրտը, պետք լինի…

Երբ տաս տարի առաջ վտանգ կախվեց Մարդու էկոլոգիայի դպրոցի վրա` ինձ թվում էր, որ ֆիզիկական տարածքի վտանգումը և կորուստը կարող է ոչնչացնել մեր գործը: Ի՞նչ իմանայի, որ Հայաստանն է Մարդու էկոլոգիայի դպրոցը, և ֆիզիկական սահմանները միայն կաշկանդում են գիտակցության ընդլայնումը…Միթե՞ մեզ կարող է այդպիսի բախտ տրվել` լինել ազատ վարչական ազդեցությունից և աշխատել դպրոց-հայրենիքում:

Այսօր ազատական հրապարակախոսը հոդված է գրել` “Օպերայի ճակատամարտը”: Նա էլ ինձ պես դեռևս կարծում է, որ իր կռիվը ինչ-որ ֆիզիկական տարածքում է, ունի ֆիզիկական ընթացք, և եթե ամեն ինչ հաջող լինի` կկառուցենք “նորմալ և լիարժեք երկիր”… Բայց հաղթանակի տեղն ուրի~շ է, նա սրտի~ մեջ է. ի՞նչ կընտրի ահա այս մարդու սիրտը վճռական պահին` օրինակ, առաջնորդի սիրտը կամ այս հասարակ մարդու սիրտը: Դու ասում ես` Օպերայի Ճակատամարտը, ես ասում եմ` Քո Սրտի Ճակատամարտը…

Ռիթմը…Կյանքի և Տիեզերքի Ռիթմը…Ուզում եմ լինել այդ ռիթմի մեջ: Ընտանիքը մի նոր գոյության նախանշաններն է զգում… Ահա այս գրքերը, որոնց ստեղծումը և տպագրությունը մի ժամանակ հյուծել է ընտանիքը. Սիրելիս միշտ սարսափով է նայել նրանց կապոցներին, տպարանի թարմ հոտը մեզ անցյալում գրեթե ուրախություն չի բերել… Սակայն այժմ ինչ-որ բան է փոխվել – մեր գիտակցության մեջ, և գրքերը պատրաստվում են ճանապարհ ելնել: Նրանք մարդկանց տանելու են մեր երազները…Սիրելուս դեմքին ինչ-որ հանգիստ խաղաղություն կա, ուրեմն` ինչ-որ բան ի~մ մեջ է փոխվել: Նրա ալեկոծումներն ու ցավը իմ մեջ մի պտղունց…կատարելություն են ծնել:

Բարի գիշեր:

Հեղինակ
14.05.2008, 23:38
Այսօրս` 14 մայիսի 2008թ, ավարտվում է:

Ցուրտ գարունը տաքանում է... Այս տարի ծիրանի լավ բերք է սպասվում: Բայց սա մերոնց մոտ էնտուզիազմ չի ծնում. նոր ենք ազատվել մեր ծիրանի այգիների բռնակալությունից, երբ պետք էր լինում բերքից ազատվել` ցուցակով ցրել հարազատներին և մնացածը չիր բացել...Մեր էկոլոգիական ծանր ոդիսականը ավարտվել է, վերադարձել ենք Երևան... Այստեղ էլ մի սքանչելի այգի ունենք, և պտուղներն ավելի քաղցր են... Այս այգին ամառ ու ձմեռ պտուղ է տալիս...

Քաղաքակրթությունը ունի իր սիմվոլները... Դրանք աներեսորեն կրկնվում են և մտնում ենթագիտակցություն...Կանի ֆեստիվալ, Օսկարի մրցանակաբաշխություն...Մի քիչ առաջ հայլուրային մադոննան գերիչ կիսաժպիտով հայտարարեց ...օսկարակիր դրամայի ցուցադրությունը` «Ուրացողները»: Հայոյանքների ամերիկյան հրավառություն... Բայց մադոննան դիմում է քո ենթագիտակցությանը և ասում է` ֆիլմը...օսկարակիր է, իսկ Ալեքսան Հարությունյանը` ազնիվ և ընդամենը օսկարապաշտ գործիչ է: Իսկ սիրտը թախծում է` ինչու՞ արևմտյան կինոմատոգրաֆը անդառնալի կորցրեց վաղ Հոլիվուդի հմայքը, անկեղծությունը, հումանիզմը...

Այսօր հեռուստատեսությամբ տեսա երկու սիրելի դեմք. Կիմ Բաքշի և Անդրեյ Բիտով... Տարիներ առաջ էր` 1981-ին, ընտանիքն ու հայրենիքը բանաստեղծություն էին ծնում: Մի ցուրտ օր էր...Սլանում էինք դեպի Էջմիածին, երևաց Հռիփսիմեի գմբեթը, ապա ամբողջ տաճարը... Այդ օրը կարծես առաջին անգամ տեսա մեր ճարտարապետության այդ մարգարիտը...Եվ ծնվեց բանաստեղծությունը: Անցավ մի քանի տարի, կարդացի Կիմ Բաքշիի մի էսսէն... նա Հռիփսիմեի վանքը տեսել և նկարագրել էր գրեթե նույն պատկերներով... Քանզի պատկերն ու կերպարը Տիեզերքի սրտի մեջ են, և երկու հայկական սիրտ նույնն էին տեսել...


ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐԸ
Ա.
Իջավ մի օր գորշ աղավնին
Դաշտի վրա Արարատյան,
Քաղցր ձայնեց, կտցահարեց,
Հողից հանեց երգ ու մատյան:

Առասպելներ գտավ այնտեղ
Հետքերի հետ անմեղ արյան,
Հիշատակի լույս ու անթեղ`
Հռիփսիմյան վկայարան:

Ապա ցնծաց գորշ աղավնին`
Նստած դաշտին Արարատյան,
Թևերն արեց ամպհովանի`
Ծածկեց մասունք, երգ ու մատյան:

Փարեց նրանց սիրագորով,
Իր սիրո մեջ պայծառացավ,
Կիսաթռիչ քարանալով`
Մի ոգեղեն տաճար դարձավ:

Բ
Այսօր եկա ես քեզ ի տես,
Հին, սրբատաշ քո քարերին,
Գթությանըդ ամենատես,
Անսրբապիղծ քո դարերին:

Ցուրտ ձմեռվա արևի մեջ
Տեսա ես քեզ, իմ գորշ թռչուն,
Եվ ձևերդ պարզ ու անեղծ`
Քարից ծնված վայելչություն:

Հողին իջած, հողին հանգչած,
Բայց և թեթև ու երկնային, –
Եվ ես լուռ ու սքանչացած`
Խոնարհվեցի քո անունին:



Թանկագին տաճար, որքան վաղուց չեմ տեսել դարավոր ծիրանենիներդ...Քո խստահայաց Տիրամոր հայացքի առջև մի օր կանգնել ենք Սիրելուս հետ... Այժմ մենք սիրում ենք Կյանքի Տաճարը... Բայց միթե՞ մոռացել ենք Քո հայաշունչ գեղեցկությունը...

Բարի գիշեր:

Հեղինակ
16.05.2008, 00:10
Այսօրս` 15 մայիսի 2008թ, ավարտվում է:

Օրը…Եթե մի քիչ հեռվից նայես օրվան, ոչ թե նայես, այլ ՀԱՅԵՍ ՕՐԸ, ապա աչքիդ առջև կբացվի մի մոլորակի կյանքի պերճանքն ու թշվառությունը…Ի՞նչ ասեմ այսօրվա մասին. որքան գեղեցկություն և որքան…անգեղություն մեկ օրվա մեջ:

Մի քիչ առաջ ժամանակակից բժշկագիտության երկու դինոզավրեր խոսում էին հայտնի ծանր հիվանդության մասին. այն Հայաստանում 37% աճ է գրանցել: Եվ ասում էին` շուտ դիմել բժշկի և շուտ հեռացնել – ահա մշակվող “ազգային ռազմավարության” էությունը: Բայց այս դինոզավրերը չէին ասում` ինչու՞ է աճել հիվանդությունը, որո՞նք են աճի գլխավոր գործոնները, ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը… Նրանք նույնիսկ ծանոթ չէին իրենց պաշտելի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եզրահանգումներին` առողջ ապրելակերպի և հատկապես` առողջ սննդի դերի մասին: Եվ ինչպիսի ագրեսիա` ժողովրդական բժշկության մի մեթոդի նկատմամբ… Եվ նորից` եվրոպական “չափանիշները” – հայկական ժամանակակից տգիտության ապաստարանը…

Այսօր հանդիպել էին հայը, թուրքը, ազերին, վրացին, ալանը և աբխազը – որ միասին պանրի մի տեսակ արտադրեն և …հաշտության ուղիներ գտնեն: Ինչպես հասկացաք` գաղափարը եվրոպական ծագում ունի, որին պատկանում է այս աբորիգեն ազգերի պատրաստած պանրի հիմնական համտեսողի պատիվը… Եվրոպան “համտեսում” է ժողովուդներին և նրանց գնահատական է տալիս` իր տուն ընդունելու համար… Եվ պանիրը… շատ կարևոր ցուցանիշ է: Մինչդեռ այդ ժողովուրդների ՀՈԳՈՒ մեջ է նրանց հիմնական քաղցրությունը և գեղեցկությունը, նաև նրանց հաշտության և համակեցության բանալին… Հադիպմանը մասնակցում էին մի թրքուհի և մի ազերուհի – երկուսն էլ հմայիչ էին…

Բարի գիշեր:

Հեղինակ
16.05.2008, 23:53
Այսօրս` 16 մայիսի 2008թ, ավարտվում է:

Այս օրերին Առողջագետի հետ նրա գիրքն էինք շոշափում, շոյում, խնամում – նա մեր զինվորն է, որ գնալու է մարտադաշտ – արի, հայկական, բաց էությամբ: “Նոր Անգիտաց անպետ”-ը… “Որպեսզի ամենայն գաղտնին հայտնի լինի”- ասում է Ամիրդովլաթ Ամասիացին… Որպեսզի հայտնի լինի, որ ներկա բժշկությունը մարդու մտածողական ճորտության վկայագրերից է… Երեկ նայում էինք դեղորայքային բժշկության դինոզավրերին .- կարծես չի եղել հինգազարամյա Այուրվեդան, չինական ու տիբեթական բժշկությունները, Հիպոկրատն ու Ավիցեննան: Այս դինոզավրը հիպոկրատյան երդում է տվել, բայց այժմ կրծքով դեմ է կանգնում դասական, հիպոկրատյան բժշկությանը: Առողջագետի գիրքը հեղափոխական է, միայն նրա քնքուշ կանացիությունը կարող է այսքան արմատական և աննահանջ լինել…

Այսօր էկրաններից երևում էր մեր սմքած հեղափոխական ամբոխը: Ինչ որ բան էին ասում, մրմնջում, առաջարկում… երկխոսություն առանց նախապայմանների, ով ում հետ պետք է խոսի և այլն: Ի՞նչ էիք ուզում փոխել, հեղափոխականներ, ինչու՞ եք սմքել… Ղոչաղ կացե~ք, երբ կիմանաք, թե իրականում ինչը պետք է փոխել` նոր շունչ եք առնելու… Արդ իմացեք` միակ էական հեղափոխությունը սեփական էության փոփոխությունն է և ի հետևանք դրա` նաև կյանքի փոփոխությունը: Իսկ դուք ուզում եք փոխել կյանքը` առանց ինքներդ ձեզ ճանաչելու և փոխելու: Իրական բարիկադները անցնում են մարդու էության միջով, ոգու միջով, և այսօր ձեզ կանչում ենք` մի վհատվե~ք, մի սմքե~ք, Հայաստանի Ոգու, Մշակույթի, Ճակատագրի բարիկադները ձեզ են սպասում:

Իսկ “Ցույցերի և երթերի մասին…” օրենքում այսպիսի դրույթ է մտցվում. “Ինքնաբուխ միջոցառումը պետք է տևի վեց ժամից ոչ ավելի”: Հըմ…Մեր պաշտելի օրենսդիրը պատիժ է սահմանում, եթե ինքնաբուխությունդ վեց ժամից ավել տևի… Սիրելի Առողջագետ, հիշու՞մ ես 1990թ.-ի հոկյտեմբերյան այն օրը, երբ սկսվեց մեր կյանքի “ինքնաբուխ միջոցառումը”: Այդ օրը մենք ինքնաբուխ ապստամբեցինք մեր հին ճանապարհի, հին Հայաստանի, հին բժշկության, հին ապրելակերպի դեմ: Չէ~, հաստատ սա վեց ժամից ավելի ստացվեց, և հանրային լճացած օրենքի առջև ի~նչ պատասխաններ ենք տվել… Հին վերքերը դեռևս նվում են, հակառակորդների կերպարները կորչում են մշուշում, նոր հակառակորդներ ծնելն անիմաստ է… Արիացի~ր, Առողջագետս… Խաղաղության Արարիչն է լուսավորում իրական մարտադաշտը…

Վաղը մեր զինվորի արձակուրդի վերջին օրն է: Այսօր նոր լվացված համազգեստը հագավ, բատինկաները մաքրեց ու փայլացրեց, որ ներկայանա զինկոմիսարիատ… Այս մի քանի օրում հասցրեց ահագին գործ անել, օգնել ընտանիքի նախագծերին և ստացավ մայրական խնամքի բոլոր նրբերանգերը: Իսկ սիրելի Քանդակագործը այսօր “Արշալույսի” տարածումից գոհ էր, ոգևորում է ինձ, ինչքա~ն աշխատանք ունենք դեռևս հանրությանը հասցնելու:
Առողջագետի հոգնած ժպիտը կանչում է ինձ…

Բարի գիշեր:

Հեղինակ
17.05.2008, 23:46
Այսօրս` 17 մայիսի 2008թ, ավարտվում է:

Այսօրս սովորական մի օր էր, սպասում եմ «Դոգվիլ...»-ի տիրաժին: Հանրային կյանքի մեջ ինչ-որ շփոթություն կա, հին կուռքերը փլվել են, նորերն ուզում են թաքցնել, որ ընթացքի հստակ ծրագիր չունեն և դա փոխարինում են հեղափոխական բառապաշարով... Ժողովրդի հոգին թախծում է, ելք է փնտրում.- չկա հավաքվելու, իրար զգալու, իրարով զորանալու հնարավորություն, - իսկ անհատները առանձին-առանձին գրեթե ամլանում են...Բայց ընդհանուր մակերեսի վրա կարելի է տեսնել ապագայի նշաններ...

Մի քանի դիտարկում այսօրվանից...
Հայաստանի կառավարությունը ճիգեր է անում` մի նոր կերպ ստանալու, նոր քաղաքականություն վարելու համար: «Պետությունների մրցակցության հարցը լուծվում է գաղափարների ոլորտում»-ասում է վարչապետը: Ուզում եմ հավատալ, որ վարչապետը հասկանում է իր ասածի իմաստը և կարո~ղ է բռնել փրկարար գաղափարների թելը..., սակայն նրա անցած ուղին և ստացած պետական-քաղաքական դաստիարակությունը` ազատական ՀՀՇ-ԱԺՄ, ՀՀ երկրորդ նախագահի վարչական-անհոգի թագավորություն, Համաշխարհային բանկ-ՄԱՀ-Կենտրոնական բանկ գաղտնի-շահատենչ «համագործակցություն»...Ուզած ժամին նրան կհիշեցնեն անցած ճանապարհի դրվագները...Չէ~, դժվար է այս մարդուց սխրանք սպասել...

Այսօր Հայաստանում հնչում էր մի սիրելի անուն... Գոհար Գասպարյանի մահվան տարելիցն էր: Մեր երկրի երկնակամարում փայլեց ու մարեց այս հիրավի անկրկնելի ընտանիքը` Գոհար Գասպարյան – Տիգրան Լևոնյան: Արևմտահայ մշակույթը, լեզուն և աշխարհընկալումը ծնեց նրանց.- անկրկնելի Գոհարի ձայնի բովանդակությունը այնտեղից էր: Տիգրան Լևոնյանի շքեղ հայերեն-հոգեբանությունը դասարան կարող էին լինել արևելահայերիս մի քիչ կոպիտ-պրիմիտիվ կերտվածքի համար: Այս զույգի փոխադարձ սերը, աշխատանքը, քնքշությունը իրար նկատմամբ...
Ես և Առողջագետը ծանոթ չէինք նրանց, բայց մի գաղտնի պաշտամունք ունեինք նրանց միության նկատմամբ...Առողջագետը Գոհարի կորուստը ընդունեց, ինչպես մոր կորուստ...Նրանք մեր երազների մեջ կային, գուցե ոգու տարածքում հանդիպում էինք:
Օրը մոտենում է ավարտին...Առողջագետը փարել է որդուն, վաղը մեր զինվորին ճանապարհում ենք` ծառայությունը շարունակելու... Նա մեր ընտանիքի ամենախաղաղ մարդն է, ներդաշնակ հոգին,- կրտսեր զավակիս մեջ ես` կյանքի բևեռների մեջ զարկվող հոգիս` միշտ ճանաչել եմ իմ ուսուցչին: Սիրելիներս, որքան եմ սիրում ձեզ...

Բարի գիշեր:

Հեղինակ
19.05.2008, 08:54
Այսօրս` 18 մայիսի 2008թ., ավարտվում է:

Այսօր առավոտյան Առողջագետի հետ ճանապարհեցինք մեր զինվորին: Ահա մի մայր, որ նույն մեքենայով անցյալ անգամ եկել էր զինվորական մասից.- ճանապարհին ձյուն է եղել, ինչ-որ տեղ բուք ու բորան, իսկ երբ մենք հարցնում էինք մեր զինվորին, թե ոնց էր ճանապարը, ինչպես եկաք` նա պատասխանում էր` ընտի~ր: Մեր զինվորը կյանքի բուք ու բորանը չի տեսնում, այլ միայն` արևը: Իսկապես, եթե մութը, բուքն ու ձյունը չտեսնես, ուրեմն նրանք չկա՞ն... Գուցե մի խաղաղ և իմաստուն հայա՞ցք կյանքին: Երջանկությունը սրտի՞ մեջ է և ոչ դրսում...

Այսօր մի հետաքրքիր դիտարկում եղավ: Մերոնցից մեկը "Նոր ալիքի" վրա միացրեց հեռուստացույցը, ամեն մեկս էլ իր գործին էր, ոչ ոք չէր նայում: Եվ ի~նչ. աչքի տակով տեսանք հայ հակամշակույթի այս ալիքը` իր ամբողջ "գեղեցկության" մեջ. ահա մի հաղորդում` չգիտես ինչու` The best խորագրով: Թաքնված տեսախցիկ է, չորս երիտասարդ ինչ-որ ռազբորկա են անում... Եթե հայոց լեզուն երբևէ կարող է մեռնել, ապա դա եղավ հենց այս հաղորդման ժամանակ: Պետական-հանրային կոչվող հեռուստալիքը, ինչ-որ անհասկանալի տրամաբանությամբ, ինչ-որ նպատակով ծառայում է մայրենի լեզվի ու ազգային մտածելակերպի դեգրադացիային:

Բայց հետաքրքիրը դեռ առջևում էր ... Դինայի հաղորդումն է ` հրավիրված էին Արա Գևորգյանը և Հենրիկ Իգիթյանը. սրանք քարը քարի վրա չթողեցին հայ էստրադայից և նշեցին, որ երկրի մշակութային կյանքը հիմք չունի, քանի որ հենվում է այսպես կոչված «հայ էստրադա» երևույթի վրա: Բայց այս իմաստուն եզրակացությունը ի չիք դարձավ, երբ հայ մտավորականի կերպարը երևաց մյուս կողմով, որի անունն է... հայրենասիրությու~ն: Այս երկու արվեստագետ-մտավորականը լայնահուն ժպիտով հաջողություն մաղթեցին Սիրուշոյին Եվրատեսիլի մրցույթում: Եվ մոռացան, որ Եվրատեսիլն է ազգային մշակույթների դեգրադացիայի և կեղծ երգարվեստի օրրանը: Եվ այնտեղ մեր մասնակցությունը կամ հաղթանակը միայն ամրապնդում է կեղծ մշակույթի դիրքերը Հայաստանում...(Սա Սիրուշոյի անձի հետ կապ չունի, նա գոնե կարողանում է երգել): Նորից տեսա հայ մտավոր դասի աշխարհայացքային կիսատ-պռատությունը և դրանից բխող` մարդկային երկդիմությունը:

Բայց սրանով կեղծ մշակույթի այսօրվա ողբալի հաղթարշավը չընդհատվեց: Ղարաբաղում արթուրգրիգորյանական «ԸՆծա» մրցույթն էր...Սա կոչվում է համահայկակա~ն... Մեր գեղջկուհիները կասեին` հողեմ ձեր ու ձեր մրցույթի արևը... Մենք 5500 զոհի գնով, ՀԱՅ ՏՈՀՄԻԿ ԵՐԳԻ ՏՎԱԾ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ Ղարաբաղ ենք ազատագրել, որ Արցախի նախագահը պետականորեն, ապա ՀՀ-ի Հանրայինը մրցանակներ շնորհե՞ն այս ողորմելի հակամշակույթին....

Սիրելի ֆորում, Հայաստանում մշակութային ահաբեկչությունը շարունակվում է: Թեկուզ արձանագրում եմ, որ Հանրայինի հետհայլուրյան մարտաֆիլմային-թրիլլերային քաղաքականությունը մի քիչ տեղի է տվել: Պատճառները չգիտեմ, գուցե նույնիսկ «Այսօրի» խայթոցներն են տեղ հասել, բայց ավելի հավանական է, որ նոր նախագահի վարչական կսմիթները կամ լարված ներքաղաքական վիճակն են ազդել:.Նույն ժամին Հայաստանում ինչ-որ կռիվ է գնում... Ինչի՞ մասին է այդ կռիվը, եթե նրա մասնակիցները չեն տեսնում մեզ ծնկի բերող մշակութային ահաբեկչությունը:

Սիրելի ֆորում, դեպի հայկական մշակութային հեղափոխություն: Դեպի գիտակցության հեղափոխություն: Ոչ մշակութային ահաբեկիչներին ...

Բարի գիշեր:

Հեղինակ
19.05.2008, 23:58
Այսօրս` 19 մայիսի 2008թ., ավարտվում է:

Այսօր շատ անուշ օր էր – աշխատանքային և ստեղծագործական:
Առավոտյան շատ հետաքրքիր իրադարձություն եղավ: Առողջագետն ասում էր` տես, այսքան “Արշալույս” ենք տարածել, կարող է նույնիսկ հավանել են, բայց մեկը էներգիա չեն ծախսի` զանգի, խրախուսի: Այս խոսքը դեռ բերանում էր, երբ մի զանգ եկավ նրան: Պարզվեց` Հայաստանի լավագույն դաստիարակ մրցանակաբաշխության հաղթողն էր` մի մանկապարտեզից: Քիչ անց ես էլ խոսեցի նրա հետ: Եվ այն, ինչ ասաց նա “Արշալույսի” մասին` կցանկանայի լսեր ամեն հեղինակ իր գործի մասին: Երջանիկ էի, որ հայ մանկավարժ–դաստիարակը զգացել էր ձեռնարկի գաղտնի արժանիքը` կյանքի գիտությունը հասցնել երեխային:

Հիշում ե՞ք, մի կրթության փոխնախարար կար` Աիդա Թոփուզյան: Կոմսոմոլական կադր էր, կրթությունից գրեթե անտեղյակ մարդ էր: Մի օր, ձեռնարկների նյութերը մի հսկա թղթապանակում գրկած, մտել էի սրա մոտ` մեր գործին ճանապարհ բացելու: Սարսափով նայում էր թղթապանակին և …առարկում: Զարմանում էի` ախր ոնց չի հասկանում ակնհայտ բաները… Հետո պարզվեց` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրանտը`900 հազար դոլար պիտի ստանային` “Կյանքի հմտությունների” ստեղծման համար, իսկ մենք այդ գործը գրեթե արդեն արել էինք… Կխանգարեինք: Աիդա Թոփուզյա~ն, որտեղ ես հիմա ծախսում կյանքիդ կոմսոմոլական հմտությունները…Որտե՞ղ, ո՞ր հայ մանուկն է կարդում ստեղծածդ…

Երկրից մի երկու դիտարկում ունեմ… Նկատել եք, չէ՞` ինչքա~ն համակրելի են Եվրոպայից Հայաստան ժամանած չինովնիկները` մանավանդ, ժողովրդավարության և մարդու իրավունքերի գծով… Ահա այսօր ժամանել էր մորաքույր Բյուքիքին: Այսպիսի կանացի ու քնքուշ դեմք ուներ մեկ էլ Հաագայի միջազգային տրիբունալի դատախազ, անմոռանալի Կարլա դել Պոնտեն: Սա այն քնքուշ դատախազն էր, որի նրբագույն հարցաքննությունների և մեղադրանքների ազդեցությամբ բանտում զոհվեց Սերբիայի առաջնորդ Միլոշևիչը: Հետո գիտեք ինչ եղավ` Կոսովոն և այլն: Իսկ ահա, մորաքույր Բյուքիքին շատ բարի է. հասցրեց հասկանալ հայերիս խորագույն ներքին դեմոկրատիզմը և մի քանի խրախուսիչ բառ ասել մեր պետության հասցեին:

Դուք լավ գիտեք իմ անմարելի սերը մեր Հանրային հեռուստատեսության նկատմամբ… Բայց այսօր ալիքները փոխելիս` հանդիպեցի մեր “Կենտրոն” հեռուստաընկերության գովազդին: Գովազդվում էին ինչ-որ ֆիլմեր. իրար հետևից ապոկալիպտիկ տեսարաններ էին. աշխարհը քանդվում էր, մարդկանց գլուխներին փլվում էին շենքեր ու մեքենաներ: Հետևեց հաջորդ գովազդը` դաժան ու ճշգրիտ հարվածներ, փշրված ծնոտներ ու մահեր: Այո, ուժային հեռուստաընկերություն է մեր “Կենտրոնը”, իսկապես` կարելի է բիցեպսներով մի երկիր նվաճել և շնորհակալության ուղերձներ ստանալ հպատակ ժողովրդից…

Սքանչելի երեկո էր. Քանդակագործը կոտրեց մեր դիմադրությունը և մեզ տարավ զբոսանքի: Առողջագետի հետ վայելում էինք Գարունը – մի քիչ սարթ, բայց տաքացող – հայրենիքի գարունը:

Սիրելի ֆորում, այս ցուրտ ու սարթ Հայրենիքը տաքացնենք… բոլորիս համար:

Բարի գիշեր:

Հեղինակ
20.05.2008, 23:27
Այսօրս`20 մայիսի 2008թ., ավարտվում է

Առավոտյան դուրս եկա տանից մի կենցաղային խնդիր լուծելու – Առողջագետը կարոտել էր չզտած, բուրավետ բուսական յուղին… Այդպիսին մոտակա խանութներում չկար, իջա SAS սուպերմարկետ, այստեղ էլ չկար. ձեռնունայն վերադարձա: Եվ կարծում եք սա կենցաղայի՞ն խնդիր է: Չէ~, սա քաղաքակրթական խնդիր է:

Ահա ուզում եմ գնել մի հաց, որն ամբողջական ալյուրից է. ցորենն աղացել են, թեփը և սաղմը չեն հանել և այդ ալյուրից հաց են թխել: Չէ~, դուք այդպիսի հաց չեք գտնի: Այժմ վաճառվող մուգ գույնի հացերի մեծ մասը ինչ որ նյութերով ներկվում են:

Հիմա էլ ուզում եմ չմաքրված, թեփը չհանված բրինձ առնել. նախ այդպիսին չկա և եթե կա էլ որևէ հատուկ խանութում` արժե մեկ կգ. 5-9 հազար դրամ: Այնպես որ` բնության կողմից տրված ամբողջական ու առողջարար բրինձի մասին կարող եմ չերազել:

Լա~վ, եթե մաքրած բրինձը ցեցը շուտ է ուտում և պահելը դժվար է, կարելի է հասկանալ…Բնական բրինձ չկա, ես էլ մի բնական, տոհմիկ երգ եմ ուզում, այնպիսին, որ երգել են իմ նախնիները: Օրինակ ` ուզում եմ լսել բանաստեղծ և գուսան Պաղտասար Դպիրի երգերը: Չէ~, չեմ կարող, հեռուստատեսությունը ինձ կմատուցի Ավետ Բարսեղյանի խոսքերով գրված ինչ-որ մեկի անհամ երգերը:

Լավ, մեր երգը լսել չստացվեց, ուզում եմ լավ պոեզիա լսել լավ կատարումով, լավ հայերեն լսել: Եվ կփնտրեմ բոլոր հեռուստատեսությունների ծրագրերը և իհարկե “պոեզիայի ժամ” չեմ հանդիպի, Վարուժանի “Ձոնը” չեմ լսի, Վահրամ Փափազյանի հայերենի մեջ չեմ ծփա … Եվ կլսեմ այն գռեհիկ սլենգը, որ միայն “32 ատամը” կարող է մեզ տալ…

Լավ , հայոց լեզու ու պոեզիա վայելել չստացվեց… Երազեմ ապագա թոռներիս համար: Ասենք` թոռ եմ ունեցել և ուզում եմ մի դպրոց տանել, որտեղ նրան թեսթերով չեն խեղդի, կթողնեն, որ ազատ սրտով ու մտքով մեծանա.. Նայում եմ չորսբոլորս և այդպիսի դպրոց չեմ տեսնում:

Մտքով տեղափոխվում եմ մի այլ` զարգացած և հարուստ երկիր և տեսնում եմ, որ, մեղմ ասած, նույն զահրումարն է…

Բա ասում էիք, թե մարդը իրավունքներ ունի՞, բա ասում էիք ժողովրդավարություն կա՞, բա ասում էիք մարդը ընտրելու իրավունք ունի՞… ԱՅԴ Ո՞Ր ԵՐԿՐՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ՄԱՐԴՈՒ` ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ…

Հիմա դու` մեր հայ պետականություն ու իշխանություն, և դու` այդ պետականությունը լավացնելու ձգտող քաղաքական ուժեր, պայքարում եք իրար հետ և ուզում եք մի լավ երկիր ստեղծել: Ես էլ երկու կողմիդ հարցնում եմ` ի՞նչ երկիր եք ստեղծելու, ի՞նչ քաղաքակրթություն եք ստեղծելու, ի՞նչ ճանապարհով եք գնալու: Կասեք` եվրաինտեգրման ճանապարհով … Չէ, իմ խելքը ձեզանից բան չի կտրում. Եվրոպան ու դուք մի խելքի եք, բոլորդ էլ ընտրում եք այս հիվանդ, զտված, անհամ, անհոտ, անմշակույթ, անլեզու, աներգ, անսիրտ քաղաքակրթությունը:

Սիրելի ֆորում, մեր երկրում ստեղծենք համով, հոտով, մշակութային, ձայնեղ, ոսկեղենիկ , հայկական, համամարդկային, նոր քաղաքակրթություն:

Բարի գիշեր:

Հեղինակ
22.05.2008, 00:08
Այսօրս`21 մայիսի 2008թ., ավարտվում է

Երևան, Հանրապետության հրապարակ: Դասական լավագույն երաժշտություն: Երգում է Եվրոպայի Հոգին: Մեծ մշակույթը կարո՞ղ է նորից առողջացնել հիվանդ ուղեղը, ճարպակալած մարմինը… Նորից հավաքել նյութի մասնիկները ու կերտել Ոգու Նոր Ամբողջություն: Թե անխաթար ձևերի մեջ ու խնամված բարեկեցության ծածկույթի տակ կզոհվի Եվրոպայի Հոգին…

Այս օրերին Հայաստանն ու Ադրբեջանը մրցում են … Եվրատեսիլում: Երեկ համբերեցինք մինչև Ադրբեջանի ելույթը: Այս արևելյան ազգը իրեն ճղում էր եվրոպացի երևալու համար: Հնչեց նաև մուղամը Եվրատեսիլի լույսերի մեջ: Հայաստանը և Ադրբեջանը մրցում են, թե ո~վ է ավելի հիմնավոր մոռացել իր բնիկ մշակույթը: Ողորմելի~ մրցություն:

Քելե, քելե քելքիդ մեռնեմ ,
Ձեր գովական խելքին մեռնե~մ…

Չինաստան … Երկրաշարժ … Տիբեթ: Երկնահաս լեռների սառը քարանձավներում փայլում են Դալայ-լամաների և Մեծ Ուսուցիչների ոսկե ինկարնացիաները: Նրանք են երևի պահպանում այս մոլորակի հավասարակշռությունը: Վտանգավոր է ճնշել այս ազատ ու սակավապետ ժողովրդի հոգին: Ափսոսում եմ, որ չինական հանճարը վթարի ենթարկվեց Լհասայի փողոցներում: Ինչո՞ւ նա ձեռք բարձրացրեց Տիբեթի վսեմ ու խիստ իմաստության վրա:

Երևան … երեկո … խաղաղության ու վայելքի մեկ-երկու ժամ: Բայց որքա~ն աշխատանք, որքա~ն ոգորում - այս մեկ–երկու ժամից առաջ: Իմ Սիրելի, մենք սիրում են այս երեկոյան լույսերը և այս խաղաղությունը: Բայց մենք գիտենք, թե այդ խաղաղության տակ ի~նչ մոլորակային ալեկոծություն է: Հենվի~ր ուսիս, իմ Սիրելի, մեզ ահռելի աշխատանք է սպասում:

Բարի գիշեր:

Հեղինակ
22.05.2008, 23:28
Այսօրս` 22 մայիսի 2008թ, ավարտվում է:

Առավոտը շատ թարմ էր – չկա ավելի զգացում, քան մարմնի գարնանային թեթևությունը, երբ սլանում ես ժամանակի միջով – գարնան միջով: Կյանքի ուրախությունը – այսօր և այստեղ, իսկ մնացյալը...ոչինչ է:

Դուք լսե՞լ եք եվրոպական չափանիշների մասին... Ես ամեն օր լսում եմ: Օրինակ, երեկ էր թե մյուս օրը` մեկն ասաց. «Մենք ունենք եվրոպական չափանիշներին համապատասխան երգ»: Սա մեր Սիրուշոյի «Քելե-քելեի» մասին էր: Ու~ր ենք հասել, է~... Բայց տեսնես` եվրոպական չափանիշների երգը ի՞նչ... հատկանիշներ ունի:

Օրինակ, մեր կոտեմը համով և հոտով համապատասխանու՞մ է եվրոպական չափանիշներին: Իսկ սամի՞թը... Չէ~, դժվար թե համապատասխանեն, մեր կոտեմը հասարակ գյուղական կանաչի է, նրան գենետիկ ինժեներիան դեռ չի հասել: Բայց ես ուզում եմ, որ մեր ամեն ինչը համապատասխանի եվրոպական չափանիշներին: Օրինակ, այսօր գյամրեզցի տատին եղինջ էր ծախում, տեսա, որ եղինջը համապատասխանում է Գյամրեզի չափանիշներին... և չառա:

Այսօր Թերի Դևիսը ընդունել էր մեր ԱԺ նախագահին և ... եվրոպական չափանիշներին համապատասխան հարցեր էին քննարկում... Մեր անթերի կուրատորի դեմքին ոչ մեծամտություն կար, ոչ խորամանկություն ու քամահրանք, այլ եվրաչափանիշներին համապատասխան....նվիրվածություն` մի անհասկանալի ազգի նկատմամբ:

Իսկապես, մենք շատ լուրջ ճանապարհ ունենք անցնելու... Մենք պետք է որոշենք, թե մեր ժպիտի մեջ ամեն անգամ որքան պետք է լինի անկեղծությունը և որքան կեղծիքը, որպեսզի այն համապատասխանի եվրոպական չափանիշներին... Մենք պետք հետևենք` մեր մանուկները ինչքան հոդ-դոգ ուտեն, որ գիրանան և հասնեն իրենց անգլոսաքս հասակակիցներին: Մենք պետք աչալուրջ լինենք, որ մեր աղջիկների ծնկները այնքան նիհարեն, որ համապատասխանեն եվրոպական մոդելների չափանիշներին, և քայլելիս օդը թրի նման կտրեն...

Բարի գիշեր:

Հեղինակ
23.05.2008, 23:37
Այսօրս`23 մայիսի 2008թ., ավարտվում է:

Այսօր մի շաբաթաթերթի պատվերով հարցազրույցը ուղարկեցի լրագրողին: Երբ տպագրվի` կտեղադրեմ ֆորումում: Իսկ առայժմ` մի հատված. «Եթե դու` բժիշկ-առողջագետդ ուզում ես առողջացնել, օրինակ` մանկապարատեզի երեխային, ապա գրում ես ու ասում` հայ երեխան հոգով ու մարմնով կլինի առողջ, եթե պարի իր ազգային պարերը... Շատ լավ, իսկ ինչպե՞ս անենք, որ պետությունը ևս աոռղջ լինի. պատասխանը նույնն է` պետականության առողջությունն էլ կախված է նրանից, թե ի՜նչպես է նա պարում, մանավանդ` ի՜նչ մեղեդու տակ է պարում...»: Ժողովուրդ, տեսնեք, թե մեր պետությունը ին՞չ մեղեդու տակ է պարում...

Այսօր մի թերթի առաջին էջին տպված էր մի հայկական կուսակցության համագումարի նախագահությունը: Բոլորը տղա-մարդիկ էին: Ոչ մի աղջիկ-մարդ չկար: Սիրելի ֆորում, այս բառը` տղա-մարդ, իմ հայտնագործությունն է. ես էլ, պատկանելով մարդու այդ տեսակին, հաստատում եմ, որ այդ տեսակից խելքս բան չի կտրում, թե նա կարող է երկիր կառուցել... Այս քաղաքակրթությունը մի գրթան է, որի տակ ինչ ձու էլ դնես` տղամարդ է դուրս գալիս և գրավում ամբողջ հանրային-պետական կյանքը: Կոնդոլիզա Ռայսի կամ մեր քյավառեցի Հրանուշ Հակոբյանի գծով չսխալվեք. սրանք տղա-մարդ կանայք են, որոնք հաստատում են օրինաչափությունը...Իսկ ո՞վ է այս մոլորակի առաջին տղա-մարդը. Հիշում եք, մեր երկրորդ նախագահը Սիրուշոյի նման ելել էր եզրափակիչ` որպես առաջին տղա-մարդը Հայաստանի... Բայց մեր «օգնությունը» նրան չօգնեց... և, իմ համեստ կարծիքով, աշխարհի առաջին տղա-մարդը Ջորջ Բուշն է...: Նրա նեղ ճակատը իմ մեջ հպարտություն է ծնում տղա-մարդկանց ցեղի բանականության նկատմամբ...

Սիրելի Առողջագետս, չե՞ս փոշմանել, որ երեք տասնամյակ ջանք ու սեր ես դրել` մի տղա-մարդու ՄԱՐԴ դարձնելու համար, մանավանդ որ առնվազն շաբաթը մեկ անգամ կասկած ես ունենում աշխատանքիդ արդյունքի նկատմամբ... Իմ Սիրելի, դեռ հեռու է մինչև ՄԱՐԴԸ իմ ճամփան, բայց շնորհակալությունս Քեզ ինչ-որ բան ասու՞մ է...

Բարի գիշեր:

Հեղինակ
25.05.2008, 22:45
Այսօրս`25 մայիսի 2008թ., ավարտվում է:

Երեկ «Այսօրս» համացանց դուրս չեկավ. փոքր հայրենիք – Գավառ (Քյավառ) էինք գնացել, որի Գեղարքունիք գյուղում մի օր լույս աշխարհ եմ եկել: Տատմայրը թրքուհի է եղել, որը պորտս կտրել ու մորս ասել է. «Յախշի ուշաղ»- «Լավ տղա է»: Հայրս մի գլխաշոր նվեր է առել թրրքուհուն... Բայց տատմայրի կանխատեսումը մինչև օրս էլ չի իրականացել...

Մեր գնալու օրը վերջին զանգի օրն էր: Հայ գյուղական համայնքը ստեղծում է նոր ծեսեր…, մոլեգնում է գեղջկական ցուցամոլությունը: Գառ են մորթում, քյուֆթա են գցում, աշխարհի կեսին հրավիրում, մի կես հարգ ու հարսանիք են անում: Շրջանավարտների արևխանձ դեմքերից մշակույթն ու բանաստեղծությունը ծորում էին գետնին:

Ամենուր ծփում էր ռաբիս «լիրիկան», այդպես վարորդները դարձան մեր ժողովրդի մշակութային ռահվիրաները. և մեկը չկա այս անտեր երկրում, որ ասի`այ շուն-շանորդիներ, ինչու՞ մենք երկու ժամ պետք է լսենք կեղծ մեղրի նման «քաղցր» այս երգերը.... Գեղարքունյաց օրիորդների մեջքերը գրեթե նունքան բարակ են, որքան Երևանում և գալարվում են ջինսերի մեջ,- միայն կարմիր ու թմբլիկ ձեռքերը և մի քիչ կարտոշկա դունչիկները խոսում են գեղջկական ծագման, կոպիտ կենցաղի և կաթնասերի չարաշահման մասին:

Մեր գյուղական համայնքը տեսա մշակութապես խեղճ ու անկյալ, նրա կյանքից մի հնամենի, գաղջ բումունք էր գալիս, ինչպիսին ունի սև թփով եփած մեր գոնչոլը:

Չէ, հոգիս ծառանում է քո դեմ, հայ գյուղական համայնք, ինչպիսին քեզ տեսնում եմ այսօր - սիրել չեմ կարող... Թեկուզ բարբառդ մշտապես սիրելի է սրտիս...

Իմ սիրելի, դու` Կարս–Գյումրի քաղաքային մշակույթի շառավիղդ, մի օր հարսնացար այս կոպիտ հայրենի աշխարհին... Դու անցար այս համայնքի նվիրական սիրո, կոշտ փաղաքշանքի ու գնահատանքի, գեղջկական միստիկայի միջով – դու ելար Սարի սրբի ու Պառվի վանքի թեք ու այրված լանջերով, հնամենի խաչքարների փոշին նստեց նրբագիծ դեմքիդ վրա...Դու նրա հարսանիքների սեղանին շուք տվեցիր և կանանց վշտակոծ խմբերի մեջ` ճանապարհեցիր նրա մեռյալներին...Քո խոնարհ ու վսեմ հարսնությունը այս կոպիտ հողը երկար է հիշելու... Սակայն այլևս բավական է, սա քո աշխարհը չէ: Դու պետք է հեռանաս այստեղից` առանց ափսոսանքի, թափ տուր վրայիցդ նրա փոշին... Միայն հեռվից, ՔՈ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, ՔՈ ԿԱՆԱՑԻ ՀԱՆՃԱՐԻ բարձունքից դու այս համայնքին կարող ես արթնացնող խոսք ու վերածնության կոչ բերել:

Հայ գյուղական համայնք, ես էլ թողնում եմ քեզ առանց ափսոսանքի, որպեսզի կարողանամ երբևէ քեզ բարձրացնել այս ճահիճից:

Իմ Սիրելի, մեր ապստամբությունը հին Հայաստանի, անկյալ ու ծերացած Հայաստանի, ԱՅՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ դեմ շարունակվում է: Ինչ որ տեղ, գուցե ոչ շատ հեռվում մեզ սպասում է Նոր Հայաստանը: Նրան հանդիպելու համար ընդամենը… պետք է ստեղծել ԱՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Բարի գիշեր:

Հեղինակ
26.05.2008, 23:36
Այսօրս`26 մայիսի 2008թ., ավարտվում է:

Դեռևս փոքր հայրենիք - հայրենի գյուղ կատարած ուղևորության տպավորության տակ եմ: Ինձ համար միշտ գաղտնիք է եղել, թե հայ գեղջուկ կինը ինչպես է սիրում, ինչ բառերով է արտահայտում իր զգացմունքները: Թեկուզ մեր բանահյուսությունը պահել է դրա չքնաղ կտորները: Տարիներ առաջ կարդացի մի աշխատություն “Հռո կինը”` Արևմտահայաստանի մի գավառում կնոջ վիճակի մասին: Միշտ հակված եմ եղել իդեալականացնել հայուհու դիրքը ընտանիքում և տոհմի կյանքում, սակայն այդ գիրքը ծանր տպավորություն էր թողել… Ծանր կենցաղը և մշտական հոգսը ճնշում են գեղջկուհու հոգին:

Բայց ի՞նչ է լինում, երբ նրբակերտ հոգին է ընկնում ֆիզիկական աշխատանքի ու չարչարանքի այդ հունը, ինչ է մնում նրա նուրբ ապրումներից: Ու՞մ է բաժին ընկել ահա այս մարգարիտը: Նա, ով հայ բանաստեղծության կրողն էր, ում շուրթերից չէր իջնում երգը և ասմունքը… “Աղջկան շուտ կարգենք, մե լավ տղի տանք, տուն ու տեղ ունենա…”- այսպես է վշվշում գեղջկական նյութատենչ լոգիկան… Եվ տալիս են… Մարգարիտն ընկնում է աթարի փոշու մեջ, կորցնում փայլը, իսկ սրտի մեջ` արցունքի գետում, խեղդվում է բանաստեղծությունը, լռում է երգը: Հարթ մազերը պսակում են գունատ դեմքը, աչքերը անձկալի փայլում են…Այս մարգարտի դաժան ճակատագրի համար կրում եմ հանցավոր տոհմի պատասխանատվության իմ բաժինը… Այս դժբախտ Ուսուցիչը ինձ հարցնում է. “Սա՞ է քո գովերգած հայ ընտանիքը…”

Հայ ընտանիք, ծառս եմ լինում քո երեսպաշտության և նյութապաշտության դեմ, դու այլևս չես կարող լինել մեր հավիտենության ամրոցը… Այժմ տեսնում եմ քեզ` հայ կնոջը նսեմացնողի դերում, այսպես դու ճանապարհ չունես: Իսկ սիրելի հոգուն, նրա ճորտացած մարմնին և էությանը կոչու~մ եմ` դեն նետի~ր շղթաներդ, դեն նետի~ր երեխաներիդ ազգանուն տված խոպանչի-որձի ուղարկած լեղի հացը, ելի~ր բանտից. քեզ է սպասում Բանաստեղծությունը, Կյանքը, Արվեստը, քեզ է սպասում այս մոլորակի վրա մեծագույն բարիքը` ԿՆՈՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Բայց խուլ զնդանիդ մեջ արդյո՞ք քեզ կհասնի իմ ձայնը…

Լույս տեսավ “Ձոն Դոգվիլ – Հայաստանին” էսսեն: Առավոտյան բերեցինք տիրաժի մի մասը: Շոյում էի մուգ-կանաչ կազմը, կարդում այդ կոշտ ձոնի վերջին պարբերությունը... Հայրենիք, ինչպե՞ս կարողացա այսքան հանդուգն լինել…

Բարի գիշեր:

Հեղինակ
27.05.2008, 23:19
Այսօրս` 27 մայիսի 2008թ, ավարտվում է:

Եվ այդպես մարդը գնում է պատի տակով – աշխարհը պատից այս կողմն է – այն կողմ կյանք չկա, արև չկա, լույս չկա, - և հանկարծ պատը ավարտվում է, փլվում… Պատը չկա: Արևելքից ցայտում է լույսը, Կյանքն ամբողջանում է: Իմ սիրելի, պատի տակով գնում է մի ամբողջ մարդկություն և կարծում է, թե այն երբևէ չի ավարտվելու: Բայց մի վայրկյան ևս, և Արևը ցայտելու է: Իսկ մեր Արևը` գուցե մի ակնթարթ ավելի շուտ… Եթե միայն… հասնենք գագաթին:

Իմ Սիրելի, հիշու՞մ ես մեր կյանքը հարթավայրում: Երբ վերելք չկա` շուրջդ հավաքվում է մարդկային ամբոխը - հարազատներ, աշխատակիցներ, առողջներ ու հիվանդներ… Մի ամբողջ համայնք: Բայց փորձիր սկսել վերելքը, և այս համայնքը մի վայրկյանում դառնում է ամբոխ. մոլեգնում է նրա զայրույթը, թե ինչպե՞ս ես համարձակվել դեպի վեր ելնել: Հիշո՞ւմ ես է` ինչպես հատ-հատ թողեցինք բոլորին: Ոչ ոք չէր ցանկանում իր ոտքերն արյունել լեռան քարերի վրա: Հեռացա~ն, կորա~ն , մահացա~ն…

Այժմ գրեթե մենակ ենք, զառիվայրը գրեթե ուղղաձիգ է, բայց գագաթը մոտ է: Այնտեղ` հարթավայրում թողել ենք սեփականությունը, տունը, այգիները, ծառերը…ամեն ինչ: Անգամ այն գեղեցիկ սպասքը – հիշու՞մ ես ` գնել էինք մի հյուսիսային երկրում, ուր ճափորդում էինք: Քեզ չեմ խոստովանել, որ մորմոքով եմ հիշում այն պահը, երբ բաժանվեցի Հայկազյան-Երկհատորից…Ինչու՞ բաժանվեցի: Այժմ չկա գրեթե ոչինչ նյութական, թողեցինք ներքևում ամբոխին.- մնացել ենք ես ու դու: Եվ մեր զավակները: Եվ Լեռը, որի գագաթը մոտ է: Քիչ է մնացել, իմ Սիրելի: Մի~ ափսոսա թողնել վերջին մանրուքները: Գագաթին ԴՈՒ սպասում ես ՔԵԶ, ԵՍ սպասում եմ ԻՆՁ…Մենք թեթև պետք է լինենք, մենք թռչուն պետք է լինենք: Մեզ սպասում են Արևը և Ապագան:

Եվ այսօր արդեն, իմ Սիրելի, թեթևացման մի շող դիպել էր դեմքիդ: Այսօր զգում էիր, որ գագաթը մոտ է…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.05.2008, 23:55
Այսօրս` 28 մայիսի 2008թ, ավարտվում է:

Սիրելի ֆորում, այսօր ցայտնոտի մեջ եմ: Երեկ շատ անակնկալ հրատարակիչս ստորագրել էր պայմանագիրը պետական մարմնի հետ` “Արշալույսի” վերահրատարակման մասին` Սփյուռքի կրթական հաստատություններում օգտագործելու համար: Եվ մեկ օր ունեմ` որոշ շտկումներ անելու, վաղ առավոտյան գիրքը գնալու է տպարան:

Թարսի նման կամ բարբախտաբար` այսօր բժշկական ինստիտուտի մեր կուրսով տարիներ անց հանդիպել էինք: Սիրելի դեմքեր, կայացած ճակատագրեր, զավակներ ու թոռներ, վաստակաշատ կյանքեր: Տարել էի գրքերս, որ հպարտանամ, հաշվետու լինեմ սիրելի մարդկանց: Ամեն ինչ լավ էր, սրտառուչ … Բայց սա արդեն ուրիշ, անցած քաղաքակրթություն է: Այդ սիրելի մարդիկ գրեթե չէին հասկանում, թե ինչ եմ անում… Մի քանի ժամում կարոտեցի մերոնց, որոնք ուղղված են դեպի ապագան… Ես գիտեմ, որ ինձ տանը ուրիշ մարդկություն, ՆՈՐ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ է սպասում… Վերադարձա տուն, փարեցի Սիրելուս, և երջանիկ էի, որ այդքան գեղեցիկ մարդու հետ եմ ապրում…

Շողում է ճակատագրի սայրը, պտտվում երկնքում և սլանում դեպի քեզ: Եվ ինչ որ գաղտնի օրենքով զարկում է քո կողքին, մի քիչ հեռու… Անվնա~ս ես, կարելի է շարունակել ճանապարհը: Իմ Սիրելի, անցյալը, այսօրը և ապագան հավաքվում են մեկ կիզակետում, ԱՅԺՄ ԵՎ ԱՅՍՏԵՂ, սա միակ իրական կյանքը: Սա է կենդանի ակնթարթը…

Հասնեմ “Արշալույսին”: Մշո, Սասնո, Կարնո, Մոկաց…շառավիղներ, գիրքս ճամփա է ելնում դեպի ձեզ… “Արշալույսի” բոլոր զրույցներով, բառերով ու տառերով համբուրում եմ ձեր աչուկները…

Բարի գիշեր:

Philosopher
29.05.2008, 11:49
Հասնեմ “Արշալույսին”: Մշո, Սասնո, Կարնո, Մոկաց…շառավիղներ, գիրքս ճամփա է ելնում դեպի ձեզ… “Արշալույսի” բոլոր զրույցներով, բառերով ու տառերով համբուրում եմ ձեր աչուկները…

Բարի գիշեր:


Անդրանիկ Ծառուկյանին հիշեցի. որբանորցների էլէգիկ շղթան, կորչող տեսակի ողբերգությունը` օտար ծառի հետ ուրիշացման տագնապով... Ու մանուկներ, մանուկներ, մանուկներ, որբացած ազգի մանուկներ: Հիմա նրանց ծոռներն են ապրում, տեսնես մարդեղենացման տագնապը կա՞... Շնորհակալ եմ, Հեղինակ:)

Հեղինակ
30.05.2008, 00:16
Այսօրս` 29 մայիսի 2008թ, ավարտվում է:

Չկա ինձ համար ավելի սիրելի մի ակնթարթ, երբ ԳԻՐԸ փայփայում եմ, հղկում – և ՁԵՎ-ն ու Է-ն գտնում են իրար, խոսում իրար հետ… Ուրեմն, ես արդեն ազատ եմ, կարող եմ Գիրը ուղարկել ճամփորդության: Այդպիսի զգացում ունեցա, երբ հրատարկչության աշխատակցի հետ ավարտեցի Գրքի ձևավորումը: Եվ Նրան ուղարկեցի Կյանք:


Եվ ամբոխի ձեռքից
Ինչ ունեի տալով
Մաս- մաս գիրը առա
Էջ-էջ փայփայելով …

Սա մի կտոր էր իմ երազներից …

Չկա այս աշխարհում ավելի գեղեցիկ բան, քան պտղաբեռ Ծառը: Եվ ավելի ողբերգական մի տեսարան, քան կտրված, տապալված Ծառը: Իմ երազներում ծառը Մարդն է: Տեսնես, ի՞նչ զգում Ծառի Ոգին, երբ կանգնում է իր զոհված բարձրուղեշ մարմնի կողքին: Երևի մի պահ միայն թախծում է և սլանում վեր` խշշալու տիեզերական անտառներում…Սիրելի Ծառերս, սիրում եմ ձեր պտուղները… Ես ուզում եմ ձեր Այգեպանը լինել…

«Ինչորտեսիլում» բարձր տեղ գրաված մեր գեղեցկուհուն հարց տվեց հայլուրային ժպտերեսը. «Ի՞նչ խորհուրդ կտայիր հաջորդ տարի «Ինչորտեսիլի» մեր մասնակցին»: «Լավ տիրապետել անգլերենին»,- պատասխանեց գեղեցկուհին: Հըմ… Իսկ դուք կարծում էիք, թե «Ինչորտեսիլում» մենք ներկայացնում ենք մեր արվեստը՞, և խորհուրդը արվեստի՞ն է վերաբերելու: ...Ամաչում եմ ներկա հայ քաղաքակրթության ժամանակակիցը լինելուս համար: Ամաչում եմ այն երկու կրկնվող քաղցր ու անուշ բառերից, որ հնչում էին «Ինչորտեսիլի» բեմից: Սիրելի~ բառեր, այդ որտե՞ղ էիք ընկել...

Մի քանի տարի առաջ, ընդամենը մի քանի րոպե տեսել եմ ձեզ` երեք քույրեր: Թոնրատան սևացած հազարաշենի տակ, թոնրի կողքին դուք պարում էիք մեր տոհմական շուրջպարը: Ձեր ալրոտ, խնկաբույր ծնկների ծալումների հետ իջնում-բարձրանում էր իմ սիրտը – անընդգրկելի վայելքի մեջ: Ձեր կոշտ դեմքերի հադիսավորությունը չեմ մոռանալու... Որտե՞ղ եք, ապրու՞մ եք, կա՞ք, սիրելիներ: Լիներ «Տիեզերատեսիլի» մրցույթ, հայ Ծիրկաթինից տանեիք մեր զորավոր արվեստը...

Բարի գիշեր:

Հեղինակ
31.05.2008, 00:40
Այսօրս` 30 մայիսի 2008թ., ավարտվում է:

Այսօր գրքերիս փաթեթը ուղարկում էի հանրային մեր դաշտին: Մերոնք անունը կնքել են “քաղաքական” փաթեթ: Բայց դա պայմանական անուն է … Այս գրքերում քաղաքականություն չկա…

Շոյում եմ կազմերը - ահա քեզ ուղարկում եմ մարտադաշտ` եռագույնով զարդարված Եռագույնս - որի էջերում, Հայրենիք, ապրել եմ քո ողբերգությունը, քո անկման պատճառները և տեսե~լ եմ, տեսե~լ եմ, տեսե~լ եմ քո աստեղային ժամը:

Եվ քեզ եմ ուղարկում, Ոսկեգույնս, քո կազմի տակ պահ եմ տվել երկրիս պետականության ապագայի տեսիլքը:

Եվ քեզ, Պղնձագույնս - պղնձե զրահս, կարմրահատ ցորենի գույն ունես դու և վրադ գրված է` “Ինչ ուղիով տանել Հայաստանը”: Իսկ վերջում հիշեցում կա` “…ասված է Հայոց աստվածաշունչ էպոսում` աշխարհը կավերվի և նորից կշինվի, այնժամ քո ոգու ցորենը կմեծանա և մասուրի չափ կլինի և ոգուդ գարին` ընկույզի չափ”: Պղնձե զրա~հս, սիրում եմ քեզ…

Եվ քեզ` կապուտկազմս – ի~նչ հանդգնություն` քո էջերում գրել եմ այս հոգնած երկրին տիրած և ամեն օր նրան լլկող վերնախավի… կրթության և դաստիարակության Ծրագիրը: Դուք ասում եք` փոխել, հեռացնել, պատժել, գրողի ծոցն ուղարկել, իսկ հետո` նորերին բերել, հետո էլ սրանց փոխե~լ, հեռացնե~լ, պատժե~լ … Ես էլ ասում եմ` ՎԵՐՆԱԽԱՎԻՆ ԿՐԹԵԼ: Բայց սա չէ ամենամեծ հանդգնությունս: Մեր օլիգարխների և մեծատուների համար ուսման վա~րձ եմ նշանակել` տասներկու դասի համար` մե~կ միլիո~ն դրա~մ: Եվ սպասում եմ առաջին ունկնդիրներիս: Պատկերացրեցի՞ք, չէ՞ - մեր պայծառ օլիգարխներին` Հեղինակի դպրոցում: Չկասկածե~ք` այդ դպրոցը լինելու է…

Եվ քեզ եմ ուղարկում, Կանաչկա~զմս. քո գույնը նման է այն հայրենի կանաչին, որ արդեն խենթացել է ջրի պակասից և թունդ կանաչել է: Մեր երկիրն էլ ջուր չի տեսել որքան վաղուց… Եվ քո էջերում, Կանաչակազմս, հայ ժողովրդին տվել եմ ամենածանր կշտամբանքը, որ երբևէ նրան տվել է իր զավակներից որևէ մեկը: Եվ գիտեմ ` ներելու է ինձ , քանզի կշտամաբանքս… սիրու~ց է ծնվել:

Բարի գիշեր:

Հեղինակ
31.05.2008, 23:47
Այսօրս` 31 մայիսի 2008թ., ավարտվում է:

Այսօր հանգստացանք հայրենի բնության գրկում: Ուր էլ լինես ` Հայաստանն է` իր լույսով ու ստվերով: Բուսաբանական այգու չորացած ծառերը ոչ ոք չի կտրում, գոնե վառելու համար տանեին: Այգու տարածում գտնվող ռեստորանից վերջում մուղամանման ինչ որ բան էր հասնում մեզ: Բայց հայրենի զեփյուռը սքանչելի էր: Կանաչին փռել էի թղթապանակիս պարունակությունը և շոյում էի հաջորդ “Արշալույսի” նյութերը: Սիրելիներս վայելում էին բնության խաղաղությունը:

Առավոտյան մի ապացույց ստացանք, որ մեր քաղաքական գործիչների մեջ կան մարդիկ, որոնք կարդում են … զանգեցին մի հայտնի խորհրդարանական կուսակցությունից և խնդրեցին “քաղաքական” փաթեթից ևս երկուսը հասցնել իրենց: Ուրախացա, թերթեցի Կանաչկազմս.- տեսնես ի՞նչ է ասելու նա այդ մարդկանց սրտին:

Այսօրվա մոլորակային կյանքից երեք նրբագիծ.

Վիճակագրորեն մոլորակի վրա աղետները շատացել են: Ինչու՞: Իսկ պատճառը մարդկության կողմից մոլորակի կենսաէներգետիկ տարածքի աղտոտումն է, ատելությունն ու անհանդուրժողականությունը ծնում են երկրաշարժեր, ջրհեղեղներ…Մարդկությունը ստանում է ահեղ զգուշացումներ… Վայ վախեցա~, Ճիզվիտացող մի աթեիստ հանկարծ չհարցնի` որտեղ է դա գրված, որտեղ են ապացույցները…

Մարդկությունը պայքարում է ծխելու դեմ: Շատ լավ է անում: Բայց հիշեցնում ենք ևս երկու նարկոմանիաների մասին, որոնց դեմ պայքարի անհրաժեշտությունը դեռևս չի հասել մարդկության գիտակցությանը: Այս նարկոմանիաներից նա առանձնահատուկ հաճույք է ստանում և չի ուզում բաժանվել: Սննդային նարկոմանիա - շատակերությունից հիվանդանում և մահանում են միլիոնավոր մարդիկ: Կեղծ- մշակութային նարկոմանիա, որից ապուշանում են հարյուր միլիոնավոր մարդիկ: Դե ինչ, մի տաս տարի հետո գուցե հասնենք այս նարկոմանիաների հաղթահարմանը: Հա~, չմոռանամ, Հանրայինը արդեն երրորդ օրն է` բռնադատում է եթերը համայկակա~ն… “Ընծա” մրցանակաբաշխության Ճվոցներով: Նեպալցիները գահից գցեցին իրենց թագավորին, մենք երբ ենք գահազուրկ անելու հայ հակամշակույթի թագավոր Ալիկ Հարությունյանին և նրա վեզիր Հրաչ Քեշիշյանին…

Ցնցված էի Եթովպիայի սովի պատկերներից, մոտ 200 հազար երեխա գտնվում են մահվան եզրին: Նույն պահին Նյու - Յորքում թափում են օրական այնքան սնունդ , որը կբավարարեր այդ դժբախտ ազգին սնելու համար: Ամերիկացի զբոսաշրջիկները երկհարկանի ավտոբուսների երկրորդ հարկից նայում էին սովի տեսարաններին և բավարարում սուր զգացողությունների դեստրուկտիվ պահանջները: Ողբալի մարդկություն, որ խոսում է հումանիզմի ու ժողովրդավարության մասին: Ողբալի քաղաքական միտք Հայաստանի, որը ձգտում է մեզ ինտեգրել այդ հիվանդ, էթիկայից զուրկ աշխարահակարգին: Կապուտկազմս, գործդ լավ կանե~ս…

Բարի գիշեր:
Հ.Գ. Ժողովուրդ ջան, բոլդ-ի ծրագիրը վթարվել է, չեմ կարողանում գրածս "սիրունացնել"

Հեղինակ
01.06.2008, 23:58
Այսօրս` 1 հունիսի 2008թ, ավարտվում է:

Այսօր Սիրելուս հետ հիշում էինք մեր կյանքի զարմանալի դեպքերը, երբ որսացել, տեսել ենք, թե ինչպես է ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ: Հիշեցինք` 2005-ին մի մրցանակ էինք շահել, որի մասին նախապես տեղեկացվել էինք… Եկանք Արամ Խաչատրյան համերգասրահ, կազմակերպիչները մեզ նստեցրին հավուր պատշաճի մի տեղ, որ մեր անունը հայտարարելիս` տեսախցիկները որսան մեր երջանիկ դեմքերը… Բայց մինչև այդ մի հայկական ապիկարություն էր եղել մեջտեղում, և հոգաբարձուական խորհուրդը վերջին պահին մեր նոմինացիան հանել էր, մեր աշխատանքը տեղափոխել այլ նոմինացիա, և այդ խմբից մեկին հաղթող էր ճանաչել: Եվ ահա եկավ պահը, և մեր անունը չհնչեց: Անցավ մեկ տարի, Առողջագետը եղել էր այդ հաղթողի մոտ` նրա աշխատավայրում,- իհարկե, նա չէր իմացել, որ մեզանից խլված հաղթանակն են իրեն տվել … Բայց տեսեք կյանքի ստեղծագործությունը` նա առանց խնդրանքի, մի ինչ որ իմպուլսով` Առողջագետի առջև դրել էր հենց նոր ստացված այն գրքերը, որոնք անհրաժեշտ էին մեզ… Առողջագետի նոր գրքի մտահաղացումը ամբողջացավ… Կյանքը փոխհատուցեց իր պարտքը…

Գրքերը… Մեզ նրանք հասնում են զարմանալի ուղիներով: Նրանց բերողներին մենք ԿԱՊԱՎՈՐ ենք կոչում: Նրանք մի գաղտնի հրամանով մեզ ճշգրիտ պահին հասցնում են գիրքը: Որևէ գիրք կարող է լինել գրախանութում, բայց եթե ժամանակը չի եկել` կնայես այդ գրքին ու չես վերցնի ձեռքդ: Բայց եթդե եկել է հանդիպման ժամանակը` գիրքը թև կառնի ու կհասնի քեզ:

Այսօր համերգի էինք` Միքաել Թարիվերդիևի երաժշտության աշխարհը Երևանում … [/B[B]Հայ հոգին կարող է վայելել ուրիշ ազգերի հայրենիքները, բայց մահվան պահին կամ դրանից հետո ցանկանում է սավառնել հայրենի լեռների վրա... Հայ ընտիր հասարակություն էր համերգին: Ճիշտ է, ամֆիթատրոնի բարձրությունից պարտերում տեսա մի փուչ-ակադեմիկոսի, որ մի օր փակել էր մեր ճանապարհը: Հորոսկոպային աքլորս ծղրտաց մեջս, բայց արվեստի մթնոլորտը ինձ հուշեց, որ չարժե ատել այդ գոմշաճակատին…

Օրն հրաշալի էր, և ինչի՞ մեջ էր նրա հրաշքը,- Իմ Սիրելի, Կյանքը ակնթարթի մեջ է` պահի ու վայրկյանի մեջ: ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԶԳՈՒՄ ԷԻՆՔ ԱԿՆԹԱՐԹԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ – բոլոր պայքարները, գաղափարները, շահերը մի կլորիկ զրո են` ակնթարթի գեղեցկության դեմ:

Բարի գիշեր:

Հեղինակ
02.06.2008, 23:42
Այսօրս` 2 հունիսի 2008թ., ավարտվում է:

Կանաչկազմս, կապուտկազմս և մյուս գրքերս մտել են հանրային տարածք: Ահա կանաչկազմս հադիպել է մի շատ երիտասարդ կուսակցապետի և վերջինս մտածել է ` վերցնե՞լ, թե՞ չվերցնել գիրքը: Արդյունքում` կանաչկազմը վերադարձել է տուն, և միասին մտածում ենք` ի՞նչ կարդա այդ կուսակցապետը, ավելի մեղմ ինչ ուղարկել նրան, որ չխրտչի… Իսկ ահա մանկապարտեզի տնօրինուհին կարդացել է “Արշալույս”-ի մի զրույց` “Ջուրը” և պարզել է, որ ճաշելիս ջուր, այլ հեղուկներ չպետք է խմել կամ խմել ընդամենը մի քանի կում… կատարել է այս խորհուրդը և առողջությունը վերականգնվել է: Եթե միայն մեր մանուկները և մեծերը կոկա-կոլաների գետը չլցնեն ճաշերի վրա, ապա նրանց մոտ հիվանդությունները մի քսան տոկոսով կպակասեն, և քիմիական դեղորայքի մի տասը տոննա կմնա Հայաստանի դեղատներում… “Արշալույսս”, թե այս գործն անես` դու~ անես…

Իսկ ահա` Վեհափառ Հայրապետը այսօր բարձր շքանշանով պարգևատրեց հայտնի դեղաբան-ակադեմիկոսին: Այս վերջինը այն մարդկանցից է, որը Հայաստանը հանձնել է քիմիական դեղորայքի ճորտությանը: Այս պարգևատրումով մեր Եկեղեցին ցույց տվեց, որ ինքը երկու էշի գարի իրարից չի տարբերում գիտության և մշակույթի ասպարեզներում և մնում է հիվանդ աշխարհիկ կարգի կցորդը: Այդպես էլ պետք է լիներ. հարցրեք` ինչպե՞ս է բուժվում մատաղի թևը լիուլի կերած և կարմիր գինին խմած, մեծաշուք որովայնով արքեպիսկոպոսը` պահքո՞վ, ծոմո՞վ… Վեհափառ Հայրապետին խորհուրդ եմ տալիս կարդալ պարականոններից ` Խաղաղության ավետարանը, որը մի հզոր ապոթեոզ է` նվիրված բնական բժշկությանը և առողջ ապրելակերպին: Առողջագետի հետ` սիրում ենք ԳԻՏՈՒԹՅԱՆ այդ ակունքը: Մեծ հաշվով` Աստվածորդին է ժամանակակից ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆԴԻՐԸ: , Նրա հետ են Արևելքի շքեղ բժշկությունները... Եվ ահա` այս բժշկությանը պետք է աջակցի Հայ եկեղեցին, և ոչ թե պատիվներ տա քիմիական-դեղորայքային մոնստրի կարկառուն ներկայացուցչին:

Երեկ, երբ Թարիվերդիևյան համերգից հետո գրում էի “Այսօրս”` Առողջագետը մտել էր համացանց` մեր մեծաշնորհ հայրենակցի մասին նյութերն էր կարդում: Թարիվերդիևը ասել է Երևանի մասին . “Այս վարդագույն քաղաքը չընդունեց ինձ”: Նա հեռացել է Հայաստանից, փայլուն կրթություն ստացել Մոսկվայում և եղել է մոսկովյան բոհեմի ճաշակի օրենսդիրը: Իսկ հիմա` միայն մահից հետո … վերադարձել է Հայաստան:

Հայաստա~ն, կոշտ երկիր ես դու, շատ և շատ ու~շ ես սիրում քո զավակներին, նախանձը և չկամությունը մտել են քո զավակների գենոտիպի մեջ, ի~նչ արարչական գենային ինժեներությամբ դու կարող ես ազատվել այդ ախտերից: Ես ել վկայում քո հիվանդությունը, ապաքինում եմ ինձ հասցրած վերքերդ և …սիրում եմ Քեզ:

Եկել է ժամանակը` ՀԱՅԱՍՏԱՆԸ, Հայաստանի ԵՍ-ը, Հայաստանի ՈԳԻՆ, Հայաստանի ՄՇԱԿՈՒՅԹԸ ազատագրել նրան միշտ ուղեկցող փոքրոգի, նախանձ, քինախնդիր, չկամ, փոքրատառիկ հայաստանից: Կանչկա~զմս, եղիր հայելի , թող այդ փոքրատառիկ երկիրը տեսնի և ճանաչի իրեն…

Ողջույն ՄԵԾԱՏԱՌ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ…

Բարի գիշեր:

Հեղինակ
03.06.2008, 23:04
Այսօրս` 3 հունիսի 2008թ., ավարտվում է:

Երեկ և այսօր Առողջագետի, մեր զավակաների հետ այն զգացումն ունեցանք, որ երկար տարիների ոգորումից ու դժվարություններից հետո` մեր աշխատանքները իրենց ճանապարհն են բացում – զգում էինք “Արշալույսի”, մյուս գրքերի հնարավոր տիրաժների շունչը: Խոստովանում եմ ` սա շատ տարօինակ վիճակ է, մենք սովորել ենք գործել առանց հաջողության, գիրքը գրել ինքնապատվերով, ամեն ինչ ստեղծել շատ հեռավոր ապագայի համար: Միթե՞ մենք կտեսնենք այդ հեռավոր թվացող ապագան, միթե՞ մենք կտեսնենք ընղձալի հունձքը…

Այսօր երկու անգամ շատ դառն զգացում ունեցա և նորից համոզվեցի , որ մեր քաղցրիկ Հայաստանը տնտեսապես ու մշակութապես գաղութացված երկիր է…

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը` շատ բարդ անունով մի տիկին, Հայաստանի կառավարությանն էր ներկայացրել մի փաստաթուղթ: Եվ գիտե՞ք ինչի մասին … Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության ուղենիշները մինչև 2012թ. (մոտավորապես այսպես): Մեր խոնարհ ու մեղմիկ վարչապետն էլ գրեթե արդարանում էր, որ կառավարության ծրագիրը և այդ փաստաթղթի դրույթները շատ մոտ են իրար: Եվ այսպես` միլիարդանոց պարտքը դրված է մեր սերունդների պարանոցին, և ՀԲ-ն թույլ է տալիս իրեն տնօրինել Հայաստանի կառավարության վարքը: Ողբալի~ վիճակ մի “անկախ” երկրի համար:

Այսօր ՀՀ նախագահը ընդունեց Սիրուշոյին … Ես ֆորումում շատ եմ գրել Եվրատեսիլի մասին, որպես Եվրոպայի ազգային մշակույթների դեգրադացիայի երևույթ և նշել եմ, որ մեր պետականությունը` ընդունելով Եվրատեսիլի “խիստ կարևոր” մրցույթ լինելու հանգամանքը` նպաստում է մեր ազգային մշակույթի դեգրադացիային: Այսօր էլ մեր նախագահին ասում եմ` այն օրը, երբ Սիրուշոյի փոխարեն նախագահական պալատ կմտնեն հայ տոհմիկ մշակույթի ներկայացուցիչները` ապարանցի Թամարն ու ժորա Գիրգորյանը, զոլաքարեցի Քալաշյան քույրերը, մեր ասացողներն ու երգիչները, երբ պալատի կամարների տակ կհնչեն մեր անուշ բարբառներն ու քաղցրաշեշտիկ խոսվածքները, երբ կհնչեն սրբակենցաղ Դանիել Երաժշտի մշակումները, երբ մեր ազգի Նանեն` Արուսյակ Սահակյանը մեր սրտին կհասցնի “Սասունցի Դավիթը” և թև առնեն անմահ օղորմիսները, ահա այն ժամանակ մեր պետականությունը հնարավոր կլինի կոչել…ազգային և մշակութային: Մեր սիրունիկ Սիրուշոն էլ կունենա իր տեղը և կաշակերտի այդ մեծ արվեստին…

Բարի գիշեր:

Հեղինակ
04.06.2008, 23:39
Այսօրս` 4 հունիսի 2008թ., ավարտվում է:

“Իմ տատարակի քունն է եկել”, -երգում է Հասմիկ Հարությունյանը: Այո~, մեր օրորոցային երգը ծնվել է Մայր երկրի սրտի մեջ, Մայր կնոջ սրտի մեջ, Հայ Գեղջուկ կնոջ սրտի մեջ - այդքան արարչական մի ծնունդ: Հայ մանուկ, քեզ ինչպե՞ս զրկեցինք այդ աստվածաշունչ մեղեդիներից, ի՞նչ է երգում հիմա մայրդ քո սնարի վրա:

“Մենք մեղավոր ժամանակներում ենք ապրում, մենք երեխային թողել ենք անպաշտպան”- ասում է Հասմիկ Հարությունյանը:

“ Ձագիս դնեմ օրորոց ,
Փռեմ մարգրտի ծածկոց”,- երգում է Հասմիկը: Հիմա ի՞նչ են քաշում մեր մանուկների վրա, ինչի՞ց են գործում նրանց ծածկոցները:

“ Դուն պզտիկ իս ,
Բարո~վ մեծնաս” ,- երգում է երգչուհին: Ինչպե՞ս մեծացնենք մեր պզտիկներին, ինչով սնենք, շահենք ու պահենք նրանց…

“Ումի՞ց ենք թաքցնում մեր մշակույթը, ինչու՞ չենք հասցնում նրա տերերին”,- հարցնում է Հասմիկ Հարությունյանը: Եվ այս հարցին պատասխան չեն տալիս… Նա է հարցնում, ես եմ հարցնում, հազարներով հարցնում ենք` ինչու՞ եք մեզանից թաքցնում մեր տոհմիկ մշակույթը: Ինչու՞ են տարաշխարհիկ աղմուկները աղտոտում մեր երեխաների հոգին: Եվ դեռևս պատասխան չկա:

Սիրելի Հասմիկ, համբուրում ենք պայծառ ճակատդ: Թող քո ձայնով, “Շողակն”-ի շողերով, ձեր բոլորի շնորհներով ՀԱՅ ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԵՐԳԸ հասնի աշխարհի բոլոր մանուկներին, ապաքինի բոլոր հիվանդներին … Եվ մի օր, վերածնությւան մի պայծառ օր ՀԱՅ ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԵՐԳԸ քո ձայնով, “Շողակն”-ի շողերով վերադառնա~, հասնի~ Հայաստան և ԱՐԹՆԱՑՆԻ ՄԵԶ այս կեղծ մշակութային կոշմարից:

Բարի գիշեր:

Հեղինակ
06.06.2008, 00:11
B]Այսօրս` 5 հունիսի 2008թ., ավարտվում է:
[/B]
Զանգվածային լրատվություն… ԶԼՄ…Չորրորդ իշխանություն…

Այսօր ձեզ հետ էի շփվում, լսում էի խմբագրապետների ձայներ, հեռուստա-մեկնաբանական ծանոթ ելևեջներ…Մի անմեղ խնդիր էի լուծում` կանաչկազմս - «Դոգվիլ...»-ը և մյուս գրքերը, մի անմեղ մաքսանենգությամբ անցկացնել ԶԼՄ-ի զգոն հոգեբանական պահակակետով և բազմեցնել խմբագրապետի սեղանին... Որ կարդան... Բայց շան հոտառություն ունեին. նրանք լավ են ճանաչում մանավանդ պայթուցիկ նյութերը... Ահա այս մեկը. քաղաքական խոհանոցներում քանի~ տարի արդեն քուջուջ տվող և ծուղրուղու կանչող այս քաջարի աքլորը...Խոստովանում եմ` ես էլ քանի~ տարի կարդացել եմ այդ ծավալուն քուջուջները – մեր դժբախտ երկրում ինչը ինչպես կլինի, ով ում հետ կգնա, ինչ թեժ աշուն կամ գարուն է մեզ սպասում... Անցնում են ամիսներ, քուջուջների պրոգնոզները չեն իրականանում, բայց քաղաքական աս – ու –լիսի հմայքն անկասելի է...

Լու~րը... Մեր դարի այս քաղցր ու հմայիչ, զգլխիչ և գրգռող այս նարկոտիկը... Այն առավել հաճելի է, երբ պատմում է ուրիշների դժբախտության մասին, իսկ նույն ժամին դու «ապահով» ապրու~մ ես...

Զանգվածային լրատվություն… ԶԼՄ… Չորրորդ իշխանություն… Սրանց միացել են համազգային զրուցարանները. մեկը հարց է տալիս, մյուսը պատասխանում է: Եվ գնա~ց... Ինչի՞ մասին են խոսում այս հազարավոր մարդիկ... Հայկական մեր զրուցարանները, մեր նորօրյա այս «օդաները»: Հին ժամանակներում գոնե հեքիաթներ էին պատմում հերոսների և վիշապների մասին, իսկ մեր օրերու~մ...միայն վիշապների մասին:

Զանգվածային լրատվություն… ԶԼՄ… Չորրորդ իշխանություն… Ե՞րբ ես լուր բերելու Կյանքից, Ապագայից, Գեղեցկությունից... Ե՞րբ ես Արվեստի լեզվով խոսելու մարդկանց հետ... Ե՞րբ ես լուր բերելու մեր Ոգու հայրենիքից... Ե՞րբ ես խոսելու մեր սրտերի հետ:

Երբ այս տողերն էի գրում, Առողջագետը մի ԶԼՄ-ով խոսում էր...առողջ ապրելակերպի մասին: Չէ~, առանց ԶԼՄ-ների կյանք չկա այս քաղաքակրթության մեջ: Առողջագետն ավարտեց, այսօրս էլ ավարտվեց...

Բարի գիշեր...

Հեղինակ
06.06.2008, 23:27
Այսօրս` 6 հունիսի 2008թ., ավարտվում է:

Առավոտ է, ամառ է…
Անցնում եմ փողոցը. դիմացից` մի բարձրահասակ, մարմնեղ, կիսասպիտակահեր տատիկ կտրում է փողոցը - թոռան հետ: Նրանք անցան փողոցը: Դեռևս երիտասարդ տատիկը` վստահ ու պինդ քայլերը դնում էր այս մոլորակի հողին… Իսկ թոռը առաջ էր վազում… Միասին դեպի ապագա էին գնում…

Մայթեզրին մի մանչուկ` 12-13 տարեկան, միրգ էր վաճառում: Սպիտակ թթից մի քիչ էր մնացել - պետք է առնեմ: Թոռան գործին հեռվից հետևում էր պապը: Այս ձմեռ պապից էլ դդում էի առնում: Թոռը ինձ համար կես կիլո քաղցր արև է կշռում: Աչքերը պայծառ են, նա մի օր, մի այլ մոլորակի վրա մարդկանց արևի լույս է տալու… Եվ քաղցր է լինելու այդ լույսը…

Արամ Խաչատրյան փողոցով ելնում եմ վեր: Դիմացից գնում է մի մայր` երկու փոքրահասակ որդիների հետ – երկու կողմից գնում են և ժամապահի պես պահպանում են մորը: Իսկ մայրը … Ցորենհացի տաքությամբ շողում են նրա գիրգ թևերը…

Ահա փողոցը կտրում է մի ուրիշ մայր - մենակ է, բայց հաստատ մայր է: Ոտքերը պինդ, վստահ, մայրաբար զարկում է հողին: Քայլում է լայն ու լիքը, ինչպես հողը, - որ ոտքի ելել ու քայլում է: Մի քանի ակնթարթ, մի երկու լուսատարի անց - այս մայրը մի ուրիշ համաստեղությունում մոլորակ է ծնելու և մի երկու միլիարդ զավակներ: Ի~նչ բեղմնավոր արգանդ, ինչպիսի~ մայրություն:

Այսօր տեսա, մեր քաղաքում ԱՍՏՎԱԾՆԵ~Ր ԷԻՆ քայլում:

Բարի գիշեր:

Հեղինակ
07.06.2008, 23:24
Այսօրս` 7 հունիսի 2008թ, ավարտվում է:

Մարդը … Կանգնել է այս Տիեզերական Ալեհավաքը – Երկիր մոլորակի վրա և հավաքում է անհուններից եկած լույսերը…

Մարդը… այս Տիեզերկական Ալեցրիչը կանգնել է Երկիր մոլորակի վրա և անհուններին ուղարկում է իր ալիքները: Ամեն մարդ Անուն ունի և ամեն մարդ ունի իր Անկրկնելի Ալիքը:

Մարդ, Քո պայծառ ու անկրկնելի ալիքը հասնում է մինչև Օրիոն և նրանից անդին, և այնտեղ ամենուր ճանաչում են Քեզ… Դու ԱԿՐԿՆԵԼԻ ՄԱՐԴ ԵՍ: Գալակտիկաները սիրում են քեզ:

Մարդ , Քո Մեղեդին հնչում է և երբեք չի մարելու, անկրկնելի է Քո Մեղեդին: Դու միշտ երգելու ես Տիեզերքում:

Մարդ … Ինչու՞ հնարեցիր Դժոխքը, դա քո ստեղծագործությունն է: Դու ես նաև հնարել այն զայրացկոտ Աստծուն, որին հնազանդել ես և որից վախենում ես… Երգի~ր անկրկնելի մեղեդիդ, ինչու՞ ես վախենում:

Բարի գիշեր:

Հեղինակ
08.06.2008, 23:01
Այսօրս` 8 հունիսի 2008թ, ավարտվում է:

Եվրոպա … Հին Աշխարհ …
Երեկ քեզ տեսա - Ոտքի Գնդակի քո գլադիատորները հասան իրար վրա: Տեսա քո նորհռոմեական ամֆիթատրոնները` ծեփ ամբոխով, որոնց դու առատորեն ձիթապտուղ ու գինի ես բաժանում: Տեսա Ոտքի Գնդակի քո պաշտամունքը…
Դու ուզում էիր քո այս պաշտամունքին հանդիսավորություն տալ…Եվ Տիեզերքի ստեղծած միլիոնավոր չքնաղ ձևերից ընտրել էիր խորանարդը … ուղիղ գծեր, որ հատվում են ուղիղ անկյան տակ` հավասար ու հասկանալի, և սիրելի` քո ծերացած հոգուն: Հիրավի, դու մե~ծ աշխարհամաս ես – ինչպիսի~ գեղեցկություն, ինչպիսի անկրկնելի խորանարդներ …

Եվրոպա… Հին Աշխարհ… Ուզում եմ լսել քո էպոսները, տեսնել հյուսիսային ծովերիդ կապարե գեղեցկությունը, սպիտակ ռատուշաներիդ վերասլաց գծերը: Սակայն քո լեզուն լռում է, մի՞թե քո հոգին մոռացել է իր երգերը, ինչու՞ են լռում Նիբելունգները, Ռոլանդը, Սիդը …

Եվրոպա… Հին Աշխարհ… Ուզում եմ զգալ քո սրտի զարկը, ինչպիսին էր նա հազար- հազար տարի առաջ – քո արիական, միամիտ, անկաշառ սիրտը: Ուզում եմ զգալ քո Հոգին, սիրել քո Հոգին: Սակայն ինչու՞ ես այդքան հեռու, ինչու՞ են լռում քո խորհրդանիշները, ինչու՞ է լռում քո հոգին: Միթե այս խորանարդն է քո խորհրդանիշը, որ զավակներդ դրել են իրենց գլխին` արվեստի թագի փոխարեն:

Եվրոպա… Հին Աշխարհ… Երբևէ կարո՞ղ ես ազատվել ուղիղ գծի պաշտամունքից և գտնել չքնաղ կանացի ուսերիդ արարչական կորությունը…

Բարի գիշեր:

Հ.Գ. Սիրելի ֆորում, երեկ միանգամից երկու գրառում էի արել նույն բաժնում, և երեկվա “Այսօրս” գրեթե չկարդացիք… Բայց կուզենայի, որ կարդայիք…

Հեղինակ
09.06.2008, 23:58
Այսօրս` 9 հունիսի 2008թ, ավարտվում է:

Ասում են` Հոգին ապրում է մարմնի մեջ: Ինչպիսի~ թյուրըմբռնում: Մինչդեռ Հոգին գրկում է մարմնին, ստեղծում–արարում է նրան, պահում-պաշտպանում: Մարդը հենց Հոգին է, իսկ մարմնամարդը կարծում է, թե ինքը` իր մարմի~նն է:

Մարմնամարդ, ուղեղային քո բանականությամբ, սոցիալական քո ճանաչողությամբ, ժառանգական քո հակումներով ասում ես` սա է իմ տեղը, սա է իմ աշխատանքը, սա է իմ առաքելությունը:

Բայց Հոգիդ անհանգիստ է, նա Լուր ունի Բարձր Հայրենիքից, Առաքելություն և Ուղի ունի: Չե~ս ուզում ճանաչել Ուղիդ, քեզ համոզում ես, խորամանկում, փախչում ծառայությունից, քո իսկ Հոգուց: Փախստական, շատ հեռու չես կարող գնալ… Իմաստուն արգելքները քեզ են սպասում. ոտքերդ արյունել ես ճանապարհի փշերից...

Բայց մոտենում է քո աստեղային վայրկյանը... Մի օր, մի զարմանալի օր սրտիդ բանականությունը ազատագրվում է ուղեղի, սոցիումի, ժառանգականության բռնությունից.... Դու լսում ես մի նուրբ, հրաշալի, հարազատ ձայն: Քո Ձայնը: Նա Քեզ ասում է, որ Դու Հոգի ես, Առաքելություն ու Ուղի ունես.- սա քո Ոսկե Ժամն է... Եթե լսեցիր և հասկացար` ի՞նչն է այլևս մտահոգում քեզ – հիվանդությու՞նը, ա՞հը, կործանու՞մը: Քո աստեղային վայրկյանի մեջ այրվում է քո հիվանդությունը, քանզի դու ճանաչեցիր Առաքելությունդ...

Քո ֆիզիկականն ու հոգեկանը այսուհետ միասին են, դաշն են, - դու մտնում ես Տիեզերական Դաշնակցություն Կուսակցությա~ն մեջ:

Ինքնաճանաչում ցոլում է դեմքիդ, ճակատդ բացվում է: Մի ակնթարթում գալիս է ազատագրությունը: Դու տեսար Ուղու շարունակությունը, Լեռան գագաթը Քեզ է սպասում:

Իմ Սիրելի, մի օրվա մեջ ինչքա~ն բան ապրեցինք... Ի~նչ ժամանակին մեր դեմ ելան թանկագին նշանները...

Բարի գիշեր:

Հեղինակ
11.06.2008, 09:10
Այսօրս` 10 հունիսի 2008թ., ավարտվում է:

Այսօր մի խոշոր կուսակցությունից լուր տվեցին, թե մեր գրքերի “քաղաքական” փաթեթը վերցնում են: Քանդակագործը գնաց. պատասխանատուն արել էր վճարումը, բայց հետն էլ դժգոհել, թե` “Երկրի առջև հարցեր են ծառացած”, իսկ դու~ք գրքեր եք գրում, տարածում … Հը~մ … Մեր քաղաքական խավին թվում է, թե իրենց հավիտենական գզվռտոցի մեջ է ծնվելու երկրի ապագան: Կապուտկազմս, կշողաս կուսակցական լիդերի սեղանին, մեկ- մեկ գուցե բացի և իմանա, որ ոչ թե խելքին զոռ տալով, այլ սրտով ու սիրով է կառուցվում երկիրը… Եվ իմանա, որ առողջ պետականության հիմքը Առողջ Մշակույթն է և Ազատ Մարդը:

Հայաստանում Հանրային պալատ են ուզում ձևավորել: Տեսնես, մերօրյա մի Սոկրատ և Պլատոն կընկնեն այնտեղ, որ երկխոսեն իրար հետ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ… Բարձր Օրենքների, Տիեզերքի և Մարդու մասին: Որ այդ Գիտելիքի և Էթիկայի հիմքի վրա կառուցեն մեր երկիրը: Այլապես մեզ ի՞նչ է տալու այդ Հանրային պալատը…

Դուք ոչ մի բանի կարիք չունե~ք …Այսպես է ասում իմաստուն Չարլի Չապլինը. Նա` անգործ և անտուն թափսառաշրջիկը, սիրելի ընկերուհու հետ դուրս եկավ մայրուղի, ճանապարհը բաց էր, և արևը արդեն ծագել էր… Երջանիկ ժպիտը ցոլում էր Չարլիի և ընկերուհու դեմքերին:

Սիրելի Ֆորում, վաղը արևը ծագելու է, ուրեմն էլ ինչի՞ կարիք ունեք դուք:

Բարի գիշեր:

Հ.Գ Սիրելի ֆորում, գիշերը ինտերնետ չկար, ուղարկեցի առավոտյան

Հեղինակ
11.06.2008, 22:14
Չինգիզ Այթմատովի հիշատակին

Այսօրս` 11 հունիսի 2008թ., ավարտվում է:

Մահացել է Չինգիզ Այթմատովը:

Այս մոլորակը – Տիեզերքի այս Բորանլի կիսակայարանը թողել է նրա երգիչը… Թախծում է Ղրղզստանը, թախծում է Իսսիկ -Կուլը, թախծում է… Հայաստանը:

Մերոնցից` Ծմակուտի Հանճարը, հայ գեղջուկ-ազնվականների դասի հետ, դիմավորում է Քեզ …

Քո գրականությունը … Քո Նայման-անան կանչում է ինձ, աշխարհին, այս հայրադավ մոլորակին. «հիշի~ր, քո հայրը Դոնանբա~յն է, Դոնանբա~յը …»

Հավատավոր Չինգիզ, այսօր աշխարհում քո երգած Եշուային ամեն օր խաչում են այն խաչի վրա, որ ... կրոն է կոչվում: Եշուայի Ուսմունքի վեհ հետևորդն էիր դու...

Հավատարիմ Չինգիզ, այսօր բերում եմ հայկական գնահատանքս հավատարիմ գայլերիդ զույգին – հերոսական Թաշչայնարին և նվիրական Աքբարային, քո գայլերը նույնիսկ մեզ` մարդկանց սովորեցնում են մարդ լինել և ընտանիք ունենալ...

Մեծահնար Չինգիզ, ինչու՞ թողեցիր Ղրղզստանի լեռները, ինչու՞ թողեցիր Իսսիկ-Կուլը - և այն տարիքում, երբ հանճարդ կարող էր նոր սուզումներ անել դեպի մարդկության ճակատագրի խորքը` իջևանեցիր Ավստրիո շահած-պահած մայրաքաղաքում, գերմանական անշունչ պերճանքի մեջ: Հայկական հոգիս բողոքում էր, ծառանում Քո այդ որոշման դեմ: Դու մարդկության դեսպանն էիր Արարչի առջև, ինչպե՞ս իջար մինչև պետության դեսպան լինելու գոյությանը: Ինչու՞ թողեցիր Իսսիկ-Կուլը, ինչու՞ թողեցիր աստվածակերտ յուրտերը... Միայն վերջերս լուր եկավ, որ ուզում ես վերադառնալ Տուն, վերադառնալ Գրականություն... Բայց արդեն ու~շ է....

Մեծաբժիշկ Չինգիզ, քեզ չասացի՞ն բուժումդ.- Քո լեռների ձյան ջուրն էր Քո բուժումը:

Մեծարար Չինգիզ – ինչու՞ չհանգեցիր հայրենիքում, մի վսեմ յուրտի մեջ, որ ղրղզ կանայք` իրենց երկրի կարգով հավաքվեին շուրջդ, զարկեին անշնչացած մարմնիդ, չանգռեին դեմքերը և կանչեին Քեզ, ապա Տյան-Շանի ձյուների նման մի սպիտակ քաթանի մեջ` քեզ առնեին ձեռքերի վրա, տանելու դեպի երկինք, դեպի անմահություն... Ողբում եմ քո բացակայությունը հայրենիքից այդ վերջին վայրկյանին, միթե՞ Նյուրենբերգն էր արժանի վերջին շնչիդ...

Հայկական արցունքս ընկնում է Իսսիկ-Կուլի ջրերի մեջ և... բոցավառվու~մ է:

Հայաստանից հրե պսակ եմ բերում անմահ հիշատակիդ:

Բարի գիշեր:

Հեղինակ
12.06.2008, 23:36
Այսօրս` 12 հունիսի 2008թ., ավարտվում է:

«Արշալույսը» գնում է դպրոցներ… Հեռախոսային շփումս տնօրենների հետ մեծ մասամաբ հաճելի է, շատ արագ ու դրական կողմնորոշվում են: Պետական Կրթակարգը և Չափորոշիչը խնդիր են դնում առողջ ապրելակերպի ուսուցում բոլոր դասարաններում, սակայն ձեռնարկներ ասպարեզի վրա չկան: Եվ ահա` «Արշալույսը», մեկ օրինակի հետևից դպրոց են մտնելու ձեռնարկի վաշտերը …

Այսօր աշխատում էի մի կարճ ծրագրի վրա, որը նախատեսում է «Արշալույսի» թարգմանություն և հրատարակում անգլերեն: Վստահ եմ` անգլալեզու ընթերցողը և երեխան կընդունեն գիրքը, մնում է գտնել ծրագիրը ֆինանսավորողին:

Ուրախ եմ Ժիրայր Սեֆիլյանի ազատության համար: Արևելքի երկրորդ Երևանի` Բեյրութի ծնունդը նուրբ մտավորական է, մանկան նման անկեղծ գործիչ: Եվ այսօր ասում է. «Անկեղծորեն` մենք էլ օգտագործում ենք Լևոն Տեր-Պետրոսայնին որպես գործիք` այս իշխանություններից ազատվելու համար»: Սիրելի Ժիրայր, իսկ ի՞նչ գործիք օգտագործենք Երրորդ հանրապետության ընդհանրական անկյալ էթիկայից ազատվելու համար: Ինչպե՞ս ազատվենք հիվանդ պետականության կարգ ու սարքից: Լ.Տ.Պ.-ն այստեղ չի օգնի, ինքն է այդ հիվանդ էթիկայի և կարգ ու սարքի հիմնադիրներից մեկը: Չէ~, առանց աշխարհայացքի փոփոխության այստեղ ճանապարհ չունենք: Իսկ մենք այժմ ավելի, քան երբևէ, խաղաղ ենք: Ինչ հաճույք է` «քաղաքական» փաթեթը ուղեկցող նամակում գրել .«Հեղինակային խումբը գործում է քաղաքական դաշտից դուրս»:
Մենք նախապատրաստում ենք ազատությւան միակ զենքը` նոր աշխարհայացքի, գիտելիքի և էթիկայի համաձուլվածքը: Որտե՞ղ եք, Նոր Աշխատավորներ:

Բարի գիշեր:

Հեղինակ
13.06.2008, 23:45
Այսօրս` 13 հունիսի 2008թ., ավարտվում է:

Իմ Սիրելի
.
Մայրդ ասել է. «Աշխարհում ես տգեղ մարդ չեմ տեսել»,- ահա սա քո գենն է. նուրբ, խնայող, մարդաշահ, արվեստաշունչ – Գյումրիի տոհմիկ արհեստավորների, արվեստասերների, ուսուցիչների գենը - առավել նրբացած Իսահակյանի լիրիկայով , բարբառի քաղցր ելևեջով և կանացի տիեզերական համբերանքով: Այնտեղից ես դու գալիս:

Հայրդ – Կարսի Առաքելոցից քիչ հեռու` սև տուֆից կառուցած տնից էր նա – Կարսից ու Կարսի այգուց – ձիգ ու մաքուր այն գավառական քաղաքից նա Գյումրի էր բերել գեղագետի իր բաց նյարդը – որ ճզմել էին էնկավեդեի սապոգները, ցավեցրել էին Կերչի ճահիճները, այդ նյարդի վրա էր ընկել տվնջական ուսուցչական աշխատանքի աղի քրիտինքը, - հայ գրականությունը ցոլանում էր այդ բաց ու բարձր ճակատի վրա: Այնտեղից ես դու գալիս:

Տոհմը հավաքում է դարերի իր ավյունը, նրբությունը, շնորհները և տալիս է մեկին – նա մի բողբոջ է ծնում, որի մեջ իրականացնում է իր երազները - և այդ ժամին տոհմը` կատարած իր իղձը կարող է հանգստանալ և ... փշրվել: Դու տարտղնված տոհմիդ այդ բողբոջն ես, դու թանկ ես...Դու տոհմիդ դեսպանն ես Ապագայի առջև...

Եվ այսօր կանգնած ես մի նոր, անկասելի, անհրաժեշտ Սխրանքի առջև - և պետք է կատարես այդ Սխրանքը – դարերի քաղցրույթւոնը քո մեջ է հավաքված – ավյունը և համբերությունը քո մեջ են – Ստեղծողը որքան ջանք է թափել քեզ այդ Սխրանքին մոտեցնելու համար:

Իմ Սիրելի… Ժամն է, որ բոլորին ներես քո ապրած բոլոր թախիծները... Ժամն է նվիրվելու միայն մեկ նպատակի – խնամելու Քո Գավաթը, որտեղ Քո Կյանքն է...

Բարի գիշեր:

Հեղինակ
14.06.2008, 23:33
Այսօրս` 14 հունիսի 2008թ., ավարտվում է:

Այսօր զարմանալի առավոտ էր, Սիրելուս հետ զարմանում էինք այն հյուսվածքի վրա, որ գործում է Կյանքը: Մայր-Բնությունը համառ, համբերատար, երբեմն ուղղակի «խորամանկ» քայլերով – խաղում է քեզ հետ, մեկ արգելքներ դնում ու մեկ ոգևորում, հիվանդություն անգամ տալիս – գլուխդ ցավեցնում, աչքերդ մթնեցնում – մինչև ճանաչես Առաքելությունդ, մինչը տեսնես Ուղիդ: Եվ երբ տեսնում ես Ուղիդ` հաստատվում է մի զարմանալի խաղաղություն: Մայր Բնությունը ինքն էլ է խաղաղվում, հանգստանում - մենք նրան այնքան գլխացավանք ու հոգս ենք տալիս:

Սիրելուս հետ հիշում էինք անցյալ տարվա այս օրերը. մի օր նա հագել էր սպիտակ-պուտավոր, գեղեցիկ շրջազգեստ և գնացել էր այցելության մեր լավ ընկերներին, որ աշխատում են էներգոինֆորմացիոն բժշկության ասպարեզում: Եվ ինչ` այդ օրը Սիրելիս շատ զվարթ էր ու գեղեցիկ, և էներգետիկ հարված էր ստացել, ինչը ժողովրդի մեջ կոչում են «աչք առնել»: Որովայնի ծանր ցավեր, անհանգիստ վիճակ, չէինք կարողանում ախտորոշել: Բայց օգնությունը ի վերջո եկավ. ազատված այդ նեղությունից ու այլ գաղտնի սպառնալիքներից և … նոր ուժեր հավաքած` նա անցավ նոր գիրքը գրելուն:

Այսօր Սիրելուս դեմքը հագիստ էր, չքացել էին վերջին օրերի տվայտանքները, նա այս անգամ էլ հասկացել էր Մայր Բնության ուղերձը: Նրան նոր աշխատանք է սպասում, սխրալի աշխատանք - կատարել ժամանակակից ակադեմիական բժշկության, դասական և էներգոինֆորմացիոն բժշկությունների ներդաշնակ սինթեզ, և դա անել այնպես, որ այդ սինթեզը մտնի բժշկական կրթություն, ծառայի ՆՈՐ ԲԺՇԿԻ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ:

Իմ Սիրելի, Մայր Բնությունը մեզ հետ է, ինչու՞ չկատարենք Նրա իղձը:

Բարի գիշեր:

Հեղինակ
15.06.2008, 23:58
Այսօրս` 15 հունիսի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ֆորում, վերջին մի քանի օրը “Այսօրս” շատ անձնական էր ստացվում, տեսնես մեր Հայրենիքն ի՞նչ օրի է… Սիրտս աչքի մի ծայրով միշտ նրա կողմն է նայում, ուզում է անուշ պատկերը տեսնել, ձայնը լսել… Բայց Հայրենիքը լռում է… Նայում եմ, և աչքիս մեր լրատվությունն է, մեր երկրի կառավարչի թախծոտ դեմքը: Ինչու՞ ուրախություն չկա այս մարդու դեմքին: Նայում եմ մյուս դեմքերին, նույն թախիծն է… Թե իշխանության հակառակորդ էլ է` ուրախ և հպարտ իր ընդդիմադիր հանգամանքով, բայց երեսի տակ նույն անհանգստությունն է, նույն թախիծը…

Եվ այդ նույն ժամին մի բոցավառ հոգի, մի անստվեր խղճմտանք ուզում է ցրել մշուշը, ուզում է ապրել, ուրախանալ, պարել… Այդ մեկը Ժողովրդի Հոգին է, նա ձգտում է իրական ազատագրության… Երկու կողմից նրան դեմ են տալիս իրենց հասկացածը, թե սա է ազատագրությունը: Բայց Ժողովրդի Հոգին գիտի, թե ինչ է իրական ազատությունը…

Այսօր լսում էինք մեր երգող շատրվանները: Մտքիս ծայրին էր` թե այս մի գործը ինչ լավ է արվում – միայն դասական ընտիր երաժշտություն: Այս էր մտքիս` մեկ էլ հանկարծ ձայն առավ մեր անգին “Արևիկը” իր ֆալշ- մանկական երգերով: Հետո ճիշտ է` հնչեցին նաև հայկական մաքուր մոտիվներ, բայց խառնակ էր ընտրությունը, ընտրողը շոումեն էր եղել, կեղծն ու դասականը խառնել էր իրար: Շատրվանները հայերեն լավ չէին երգում: Չէ, մենք բոլորս պետք է սովորենք երգել ու պարել: Հայերեն: Համամարդորեն: Տիեզերորեն: Այն ժամանակ մեր շատրվանները, մեր ջրերը , մեր ցայտաղբյուրները, մեր երեխաները, մեր արևները… հայերեն կերգեն:

Բարի գիշեր:

Հեղինակ
17.06.2008, 00:03
Այսօրս` 16 հունիսի 2008թ., ավարտվում է:


Ի՞նչ է կյանքիդ ու հոգուդ վառելիքը, մարդ.- աթար է, ածուխ է, կապույտ գազ է, թե … ոգու ատոմային էներգիա: Զարմանալի բան` այս վերջին ամիսներին գոհ էի գործի առաջընթացից, բայց պարզվեց Հոգիս , Էությունս գոհ չեն – սիմվոլները կշտամբում էին ինձ` ի՞նչ ես բոցավառում աթարներդ, երբ ոգուդ միջուկային էներգիան է պետք: Զարմանալի իրողություն – Բնությունը ասում է, որ դու կարող ես աստված լինել, իսկ դու ասում ես` ախր, ես ընդամենը սոցիալական մարդ եմ…

Ոսկեգույնս, Կանաչկազմս և մյուսները մտնում են կուսակցական գրասենյակներ, պետական ատյաններ և … քննության են ենթարկում այնտեղ նստած գործիչներին: Ահա այս նյարդային, քամին երեսին առած, մշտապես արդարությամբ զինավառ կուսակցապետուհին – արդեն մեկ շաբաթ է` որոշում է ընդունել, որ փաթեթը վերցնում է և մնում է, որ գործավարի մոտ թողնի գումարը, իսկ սա էլ մեզ լուր տա: Ահա այս հսկայական մասշտաբի և պատասխանատվության բացառիկ ֆինանսական քայլը մեր կուսակցապետուհին չի կարողանում անել – մեկ մոռանում է, մեկ սպասում է, որ մենք պիտի գնանք, հետո էլի է մոռանում… Անգին կուսակցապետուհիս, ախր համեստ հեղինակս մեր քաղցրիկ հայոց աշխարհի` չի կարող ամեն օր հեռաձայնել քո քնքշաձայն գործավարներին և հիշեցնել, որ Կանաչկազմը կարդալու համար պիտի վճարել…

Բա այս մեկը … սա էլ պետական մակարդակով համակարգում է Հանրային խորհրդի ստեղծման աշխատանքները: Ախր Հանրային խորհուրդը նրա համար է, որ հանրային միտքը մեկտեղի և ճանապարհ գտնի հայրենիքի համար, մենք էլ ուղարկել ենք 15 տարիների մեր պտուղը: Բայց մեր կարկառուն պաշտոնյան վախեցել էր Կապուտկազմը ձեռքում պահելուց … Կապուտկազմը կրթական ծրագիր է հայոց պետական – քաղաքական վերնախավի համար, բայց ինքը պետական հանճար է, ի՞նչ կրթության կարիք ունի… և գործավարի միջոցով վերադարձրել է գրքերը: Այս մարդու ձևավորած Հանրային խորհուրդը ի՞նչ է լինելու...

Բայց և հրաշալի լուրեր ունենք - մի դպրոցի անծանոթ տնօրինուհին միանգամից 35 "Արշալույս" վերցրեց բոլոր դասարանների համար: Լույս տեսավ և կրթության նախարարությանը հանձնվեց "Արշալույսի" 2-րդ հրատարակությունը` Սփյուռքի համար... Կյանքը շարունակվում է...

Բարի գիշեր:

Հեղինակ
17.06.2008, 23:58
Այսօրս` 17 հունիսի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ընթերցողս, մի քանի անգամ “Այսօր”-ներում գրել եմ, որ աշխատում եմ ճարպակալման կանխարգելման ձեռնարկի վրա, ինչը նախատեսվում էր եվրոպական-ամերիկյան հանրության համար և մեր աձագանքն էր Ճարպակալման կանխարգելման Եվրոպական խարտիային: Վերջերս սկսեցի հասկանալ, որ ընկնում եմ եվրոպական մտածողության ծուղակի մեջ: Եվրոպական մտածողությունը խնդիրն անջատում է ամբողջից, ճարպակալումն անջատում է ապրելակերպի համալիրից և փորձում լուծել: Իզուր ջանք է` մինչև աշխարհայացքի և ապրելակերպի խնդիրը չլուծես` ոչ մի ճարպակալման խնդիր էլ չես լուծի: Ես էլ սրանց ջրերն էի ընկել… Մինչդեռ Նոր Կրթության խնդիր պետք լուծել, և ձեռնարկը աստիճանաբար դառնում է մի նոր “Արշալույս”` արդեն միջին դպրոցական տարիքի համար: Ամեն ինչ մաս-մաս անող, մաս-մաս սիրող, մաս-մաս տիրող, մաս-մաս կառուցող եվրոպական, անգլո-սաքսոնական մտածողությունը սպառված է, անկենդան, անպտուղ: Նոր Հայաստանը պետք է կառուցենք Ամբողջի գիտության հիմքի վրա:

Մեր ազատական հայտնի լրատվամիջոցի Ուստա Հրանտը այսօր լուրջ ճեղքում է արել և գրել, որ հայերը ինչպես փլուզեցին Խորհրդային Միությունը, այդպես էլ կարող են փլուզել Եվրամիությունը, եթե եվրոպացիները … իրենց խելոք չպահեն… Ուստա Հրա՜նտ, եթե եվրոպացիները Շարժման կոշտուկը չտրորեին և օգնեին իշխանափոխությանը` այդ սպառնալիքը չէիր տալու՞, չէ՞: Մինչդեռ, այո~, հայությունը և Հայաստանը կարող են լինել Նոր մարդկության առաջին շարքերում և փլուզել ներկա հիվանդ եվրոպական քաղաքակրթությունը: Բայց սա արդեն ուրիշ պատմություն է: Այս պատմությունը մենք արդեն 15 տարի անում ենք մեր աշխատություններում: Բայց Ուստա Հրանտը, թեկուզ ուրիշ դաշտից, արդեն մոտենում է ապագային:

Այսօր Առողջագետի հետ շոյում էինք “Արշալույսի” նոր հրատարակությունը: Կազմի նկարի մեջ Սիրելիս շատ գեղեցիկ է. նա որքա~ն ջանք է դրել այս գրքի ստեղծման մեջ: Կարդում ենք “Հայրենիքների ժողովը” զրույցը… Խոսում են Կապուտաչյա, Սևաչյա, Շեղաչյա, Հրաչյա … հայրենիքները, նրանք որոշում են փոխել այս աշխարհի կարգը:

Սիրելի ֆորում, եթե հայրենիքները որոշել են փոխել աշխարհի կարգը` մեզ բոլորիս մնում է միայն մի բան` անել այդ գործը և մի արդար կարգ հաստատել այս հոգնած մոլորակի վրա…

Բարի գիշեր:

Հեղինակ
18.06.2008, 23:58
Այսօրս` 18 հունիսի 2008թ., ավարտվում է:

Առավոտ էր … Մի երիտասարդ մայրիկ իր երկամյա աղջկան տանում էր առավոտվա լույսերի և թարմության միջով: Մեր քաղաքային չոր բակի միակ բալենու պտուղը հասել է. մի կին քաղում ու վայելում էր հասուն պտուղները:

Այսօր ձեռքիս էր մի սիրուն կանաչ գիրք, որը անսպասելի ձևով հասել է ինձ – քսաներորդ դարի մեծագույն Ուսուցիչներից մեկի գիրքը` “Բնության գրքի գաղտնիքները”: Հիշում եք, չէ՞, մեր դպրոցական կենսաբանության դասագրքերը - ավելի ձանձրալի ի՞նչ բան կա աշխարհում, մինչդեռ Ուսուցչի գիրքը պատմում է ԿԵՆԴԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: Ուսուցիչը գրում է գերմանացի մեծ միստիկ Յակով Բոմեի մասին. Բոմեն կոշկակար էր. մի օր նա ուղղակի կուրացավ հանկարծակի լույսից – նրա շուրջը բոլոր առարակաները լույս էին տալիս: Ահաբեկված նա դուրս թռավ տանից, դրսում էլ նույնն էր.- քարերը , ծառերը, ծաղիկները, բույսերը լույս էին տալիս ու խոսում էին նրա հետ:

Ահա անմարելի գիտելիքը - ամեն ինչի մեջ, ամեն մեկի մեջ պարփակված է Լույսը – Արարչական կայծը: Եվ եթե քարի մեջ լույս կա, ապա էլ ուր մնաց` մարդու~ մեջ – ՄԱՐԴ-ԱՐԱՐՉԻ ԼՈՒՅՍԸ:

Այս օրերին, այսօր ևս Սիրելուս հետ ապրում էինք մեր կյանքի թերևս ամենանուրբ ու խորիմաստ օրերը: Հանկարծ աչքիդ առջև բացվում է նրբակերտ այն հյուսվածքը, որ գործում է Կյանքը: Հանգամանքները, մարդիկ, իրադարձությունները…ամեն ինչ կապված է իրար հետ գաղտնի կապերով, կարծես մի կախարդ գեղագետ քեզ համար է գործել այդ չքնաղ գոբելենը - ի~նչ իմաստություն, ի~նչ զարմանալի կենսանախշեր…

Այս վայրկյանին, երբ գրում եմ այս տողերը, հնչում է հումանիստական մեծ կինեմատոգրաֆի զարմանալի երգերը.
И нынче нам нужна одна- Победа-
Одна на всех: мы за ценой не постоим.

Այո~, մեզ հաղթանակ է պետք: Հաղթանակ, որից հետո մենք կտեսնենք քարի մեջ պարփակված լույսը…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.06.2008, 00:00
Այսօրս` 19 հունիսի 2008թ., ավարտվում է:

Խաղաղ օր էր - այն օրերից, երբ Սիրելուս ժպիտը շողում էր առավոտից մինչև երեկո – մեկ նա փայլում էր տասներեքամյա մի աղջնակի համար, որն ուզում է ազատվել ճակատագրական հիվանդությունից - և ապա` մի գեղեցիկ շրջազգեստ հագնելիս, մեկ էլ` իր մայրական գործերի մեջ – երբ ելակի մուրաբայի զգլխիչ հոտը բռնել էր տունը և փռված թեյավարդը բուրում էր մեր տան բոլոր սեղանների վրա:

Ժողովրդական երգն ասում է` Գութան չեղնե~ր - աշխարհն ի~նչ էր:
Ես էլ ասում եմ ` Կնոջ երջանիկ ժպիտը չլիներ - աշխարհն ի~նչ էր:

Մի երկու նրբագիծ մեր մոլորակից և մեր քաղցրիկ հայոց աշխարհից:

Հին աշխարհը` Եվրոպան ուզում է սահմանադրության նման մի բան ունենալ – Լիսաբոնյան համաձայնագիրը: Բայց իռլանդական պարկապզուկի սոլոն խաթարեց եվրոպական նվագախմբի համերգը – հին, արիական առողջության բնազդը ելնում է հիվանդ մարմնի որոշումների դեմ…

Մեր վարչապետը ասում է, որ մեր կյանքը պետք է հենվի գիտության վրա: Չեմ նսեմացնում գիտության ձեռքբերումները, բայց հարցնում եմ հարգո վարչապետին` ո՞ր գիտության վրա - այն գիտությա՞ն վրա, որը ցամաքեցնում էր Սևանը, ցամաքեցրեց Արալը, աղտոտեց գետերն ու ծովերը, նենգափոխեց բնությւան տված սնունդը… Այն գիտությա՞ն վրա, որը ճանաչում է միայն նյութը, մոլեկուլը, ատոմը, մասնիկը և չի ճանաչում Ոգին, Գեղեցկությունը, Տիեզերական Օրենսգիրքը: Չէ~, հարգո վարչապետ, Հայաստանին պետք է Նոր Գիտություն, այս գիտությունը դեռևս անծանոթ է մեր Գիտությունների Կաճառին: Եվ այդ գիտությունը գալիս է…

Վաղը մարտի 20 -ն է. ժողովրդի մեջ ներքին այրում է գնում – նա ձգտում է պարպել տարիների նվաստացման լարվածությունը և ազատագրվել իր ստեղծած կապանքներից – այդ նույն ժամին նրա թիկունքի հետևում եվրոպաները, իշխանությունները, ընդդիմությունները և մնացածածները իրենց աղունն են աղում – բանակցում են, ինտրիգում են, հաշվարկում են, եղծում են, կեղծում են, վախենում են … Սիրելի Հոգի, ե՞րբ են բացվելու աչքերդ, ե՞րբ ես ճանաչելու ՔՈ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և ՔՈ ՈՒՂԻՆ - ահա այն ժամանակ Քո թիկունքին բոլոր ելածները մժեղի նման ցած կթափվեն և դու ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ կելնես…

Բարի գիշեր:

Հեղինակ
20.06.2008, 23:39
Այսօրս` 20 հունիսի 2008թ., ավարտվում է:

Սիրելի ֆորում, այսօր նորոգում էինք մեր մյուս կայքը, որի համար գրեցի մի անդրադարձ` իմ մասին: Որոշեցի տեղադրել "Այսօր"-ում: Եվ այսպես...


Իմ մասին

Մանկությանս առաջին հիշողությունը թուրքի այն տունն էր, որտեղ հանգրվանեց գյուղական ուսուցչի մեր ընտանիքը (թուրքերը հեռացել էին այդ վայրերից) - նոյեմբեր էր, արդեն ցուրտ էր, բլուրները գորշ էին, հացատանը մի քիչ տաքություն կար: Հետո պետք է հասկանայի, թե ինչու ենք այդտեղ եկել – այս գյուղում տասնամյակներ առաջ հանգրվանել էին Արևմտյան Հայաստանից գաղթածները – ես այստեղ` չորսամյա մի մանուկ – հանդիպեցի ու սիրեցի կորուսյալ հայրենիքը ու նրա բարբառները: Երազներիս մեջ ես շատ եմ գրկել այդ Հայրենիքը և ... Լեռը:

Հաջորդ վառ հիշողությունս - գյուղական տոնախմբություն է, կանայք` բազմագույն “բաղդադիները” գցած գլխներին` խմբերով գնում են Տաշ-կափուն(քարե դուռ) – մի փոքր սրբավայր` հնամենի խաչքարով. հավաքվել են գյուղերով, զուռնաները զնգում են, մեր հարևան կոփեցիները աննման քոչարի են պարում: Հիշում եմ նաև հարսանեկան խաղտունները…

Դեռևս հինգ տարեկան` դպրոց եմ գնացել դասվար հորս հետ, հաջորդ տարին արդեն գրքեր էի կարդում և օրինական աշակերտ գրվեցի…

Տասներկու տարեկանում տպագրել եմ առաջին բանաստեղծությունս: Այդպես վաղ տարիքում` Վարդինիսի շրջանում բանաստեղծ եմ հռչակվել և սիրված եղել գրասեր ուսուցիչներիս և գեղջուկ ժողովրդի կողմից: Առաջին հոնորարով մի հսկա ձմերուկ եմ առել և նրա քաղցր միջուկի հետ վայելել եմ մանուկ բանաստեղծի փառքը:

Տասնչորս տարեկանում առաջին անգամ մտածեցի` ես այսքան սիրում եմ իմ հայրենիքը, բայց նրա ի՞նչն եմ սիրում, նրա մարդկա՞նց – կոլխոզի նախագահ Մամիկոնին, կուսքարտուղար Սուրենին, բրիգադիրներ Սերեին ու Ազատին` կոպիտ ու անտաշ այդ մարդկա՞նց: Ընկերոջս` Վաչիկի հետ մի հսկա ցորենի եղիկ էինք արել, ուսներիս դրած տանում էինք, որ աղանձ անենք – կուսքարտուղար Սուրենը մեզ բռնեց, գործը միլիցիա տվեց, մի կերպ պրծել ենք…

Վաչիկի հետ ձորի ափին նստած որոշել ենք – Լենինը այս լայն տեղով կարող է լոք անել ու ձորը անցնել, իսկ Ստալինը` մի քիչ ավելի նեղ տեղով…

Տասնվեց տարեկանում առաջին անգամ Երևան եմ եկել, որ բժշկական ինստիտուտ ընդունվեմ, բայց այդ ինստիտուտի տեղը չեմ իմացել… Չորրորդ դասարանցի հորեղբորս տղան է ինձ ուղեկցել, ցույց տվել… Գեղջկուհի մորս ցանկությունն է եղել` ինձ սպիտակ խալաթով բժիշկ տեսնել. ես էլ բանասիրական էի ուզում ընդունվել… Երազում էի բժշկականից կտրվել, բայց ընդունվել եմ և բժիշկ եմ դարձել:

Շատ եմ սիրել բժիշկ-թերապևտի իմ մասնագիտությունը: Այդ տարիներին Վարդենիսում շատ ազերիներ էին ապրում: “Հարա՞ն աղրիեր”,- հարցնում եմ թուրք կնոջը - որտե՞ղ է ցավում: “Մադասի աղրիեր, դոխտուր”,- ստամոքսս է ցավում, բժիշկ,- ասում է նա և քանդում է տաս ծալանոց շորի կապերը և բացում է որովայնի վերին հատվածը, և ալթայական հեռվից իմ ռունգերին է զարկում էթնոսի բումունքը: Մի քանի անգամ տրակտորով տնային այցեր եմ գնացել…Այդ շրջանի հռչակավոր մի բժշկի հետ հանդգնորեն կիսում էի լավ բժշկի անունը` գեղջուկ մեր ժողովրդի պարգևը…

Մի օր փոստատար Մխտոյի Մուշոն գյուղի գրասենյակի մոտ մի սպիտակ տեղեկացում է ինձ տվել - ինձ Մոսկվա են կանչել ասպիրանտական կրթության - ընդունվե~լ եմ: : Մեր փոքր աղբյուրաշատ գյուղից միանգամից ընկել եմ Ռուսական կայսրության մայրաքաղաք. “Он по русски говорит, как по турецки”… Սիրել եմ ռուս լեզուն, Տոլստոյին, Դոստոևսոկուն, ռուս գիտությունը - Մոսկվայում սրտաբան դարձա, սիրեցի այդ մասնագիտությունը, հազարավոր սրտերի զարկեր հնչում են իմ ենթագիտակցության մեջ…

1990-ից նոր ճանապարհն եմ ելել` Մարդ-միկրոտիեզերքի և Մեծ-Տիեզերքի ճանաչողության ճանապարհն եմ բռնել… Եվ պարզվել է, որ ամեն ինչ պիտի նորանա և պետք է հաստատվի Նոր Կրթություն, Նոր Բժշկություն, Նոր Ապրելակերպ…

Զարմացած եմ մնացել, որ… Աստված կա: Զարմանքս ավելի է մեծացել, երբ հասկացել եմ, որ Արարիչը ոչ թե հավատի ծնունդ է, ուղեղի մորմոք, կրոնի ֆունկցիա, այլ … Բնագիտական Կատեգորիա, մշտատև և մշտագո Ստեղծագործ Աշխատավոր… Բայց հետո զարմանքս ավելի է մեծացել, երբ իմացել եմ, թե աշխարհում ինչ կա - չկա, ինչ տեսնում եմ ու զգում` քարը, ծառը, մրջյունը, մարդիկ, լեռները, ամեն ինչը – հենց Արարիչն է, որ կա: Կյանքը – ակնհայտ և գաղտնի ԿՅԱՆՔն Է ՆԱ: Մի օր էլ ցնցված էի, երբ իմացա` Արարչից հետո - Մայրը և Կինն է երկրորդ սրբազնագույն արարածը աշխարհում… Այս զարմանքի մեջ եմ և այսօր, երբ գրում եմ այս տողերը: Այդպես էլ զարմացած ապրում եմ…

Բարի գիշեր:

Հեղինակ
21.06.2008, 23:27
Այսօրս` 21 հունիսի 2008թ., ավարտվում է:

Այս երիտասարդ մարդն ասում է. “Ես ազատություն եմ ուզում”: Ես ասում եմ “Հրաշալի է, ես էլ եմ ազատություն ուզում… Բայց եթե ստանանք ազատությունը` ի՞նչ ենք անելու նրա հետ”: Մեր երիտասարդի դեմքին մտահոգություն կա, մի քիչ մտածելուց հետո ասում է. “Ազատությունը կնվաճենք, հետո կտեսնենք …”: Ես ասում եմ. “Այդպես չի լինում, ազատությունը քմահաճ էակ է… Եթե անգիտության մեջ լինես` նա շատ արագ ճորտություն է դառնում”: Երիտասարդի դեմքին անհասկացություն կա, իսկ ես շարունակում եմ. “Մի անգամ ես քո նման նվաճել եմ ազատությունը. սրտով, սիրով, ավյունով…Մի սերունդ նվաճել է: Բայց զարմանալի բան. նա շատ շուտով ծանր ճորտություն դարձավ այդ սերնդի համար”: Երիտասարդը զգում է, որ իդեալը կարող է փլվել, ուզում է հեռանալ, ես միայն մի պահ կանգնեցնում եմ նրան և ավարտում . “ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, և հենց այսօր, հենց ՀԻՄԱ արժե, որ դու սկսես սովորել Ազատության Գիտությունը”:

Հեղաշրջման գիտությունը, հեղափոխության գիտությունը, իշխանություն փոխելու և իշխանության հասնելու գիտությունը, իհարկե, ինչ որ բան արժեն… Եվ իհարկե, ինչ որ բան արժեն նաև դրանց տիրապետող մարդիկ… Նրանք կարող են լինել ազնիվ մարդիկ, գերազանց մարդիկ… Սակայն այս սոցիալական գիտությունները պատմականորեն, մշակութորեն… ոչինչ են, զրո են Ազատության Գիտության հանդեպ, քազի նրանք ազատություն չեն բերում ՄԱՐԴՈՒՆ: Երբեք չեն բերել: Այս պարզ ճշմարտությունը հնարավո՞ր է հասկանալ: Ազատությունը ԿՅԱՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է:

Այսօր Հայաստանում կա առնվազն յոթ մարդ, որ գիտե, թե ինչ է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ(գուցե թիվը շատ ասացի…): Սա հսկայական մի թիվ է Հայաստանի համար: Այնպես որ, սիրելիներ, դուք այս անգամ շանս ունեք իրական ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ: Եվ հերթական, դարեր կրկնվող ճորտությունից խուսափելու:

Բայց դրա համար հենց ԱՅՍՕՐ, հենց ՀԻՄԱ պետքէ սկսել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ: Չմոռանամ ասել, որ այս կրթությունը մարդն անցնում է իր մեջ, իր խորքում, իրեն ծնող Բնության դեմ հանդիման կանգնած:

Բարի գիշեր:

Հեղինակ
23.06.2008, 00:12
Այսօրս` 22 հունիսի 2008թ., ավարտվում է:

Թեյավարդը բուրում է սեղանիս վրա, արդեն գրեթե չորացել է, ըմպում եմ բուրմունքը և աշխատում ձեռնարկի վրա… Այսօրվա զրույցիս հերոսներն են Հայր Տիեզերքը և Մայր Տիեզերքը, որ ծնել են մեր այս չքնաղ երկրագունդը: Մեր սերերի ու տառապանքների մոլորակը:

Սիրելիս այսօր սպիտակ կեռասի մուրաբա է եփում: Անցյալի երջանկությունը պարույր է տվել, անցել փոթորիկների միջով և հասել է այսօր – որպես ոսկեգույն պտուղներ:
Հիշում ենք երեկվա երկու պատկեր: Կոնսերվատորիայի այգում համերգ էր, օպերային արվեստի լավ դպրոց անցած մեր երիտասարդները երգում էին … Մի երկու տարեկան մանուկ, ուղիղ մեջտեղում կանգնած` լսում էր համերգը: Մադամ Բատերֆլայը կրթում էր մեր մանկանը: Այսպես է ստեղծվում մշակութային ազգը:
Համերգը վերջացավ, ուրախ ու թեթև սրտով անցանք Սայաթ–Նովայի պողոտան և մտանք Ազատությւան հրապարակ: Տեսանք Հայ Բանաստեղծությունը և Հայ Երաժտությունը մետաղական կոնստրուկցիաների մեջ բանտված: Օ~, պետականություն, Դանիել Անդրեևի նկարագրած դաժան ուիցրաորն ես դու: Քո գոյությունը պահել-պահպանելու համար պատրաստ ես շնչազրկել պոեզիան և լռեցնել երաժտությունը:

Ո~չ, ո~չ և ո~չ եմ ասում այս մոլորակի բոլոր պետականություններին – երբ է Տիեզերական Համայնքի վսեմ Օրենսգիրքը էջք անելու այս դժբախտ մոլորակի երկրներում: Եվ դա հնարավոր է միայն մշակույթի միջոցով, արվեստի միջոցով: Երբ է մեր պետությունը մշակութային դառնալու: Մի քանի րոպե առաջ մի կանացի ձայն ճվում էր. “Կյանքը կարճ է, լավ իմացեք”: Նույն պահին “Վերվարածների” աղբը աղտոտում էր Հայաստանը: Տեսնես ո՞վ է ֆինանսավորել այդ ողորմելի նախագիծը: Այդ որ ոխերիմ բարեկամը…

Ուշ երեկո է արդեն: Մուրաբան եփվել է, ոսկե պտուղները բուրում են ամռան քաղցրությամբ: Սիրելուս տաք ձեռքը թրթռում է ափիս մեջ: Մեր թիկնեղ զավակը մի քանի ոսկե պտուղ է “գողանում” և ժպտում մանկան անմեղությամբ:

Պահի գեղեցկությունը: Տիեզերքը մի պահ լռում է, աստղերը մի պահ փայլում են միայն մեզ համար… Պահի մեջ ծփում է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ:

Բարի գիշեր:

Հեղինակ
24.06.2008, 00:32
Այսօրս` 23 հունիսի 2008թ., ավարտվում է:

Չկա մի ավելի ֆանտասմագորիկ պատկեր, քան այն, երբ մարդանման կապիկները առնում են կացինները և կտրում են երկրի ծառերը:

Չկա ավելի խաբուսիկ մի զգացում, քան այն, երբ առավոտյան թարմ օդը զարկում է դեմքիդ, երբ արևը ցայտում է, բայց իրականում - հոգին մի գաղտնի, վերանցական, չզգացվող շմոլ գազի մեջ, իր նման հոգիների հետ, մի տուն-գազակամերայում – խեղդվում է և չի կարողանում աշխարհին հայտնել այդ մասին:

Եվ հարցնում եմ քեզ, մարդ, և ինձ եմ հարցնում, թե ո՞վ է կապիկներին կացին տվել, որ կտրեն երկրի ծառերը:- Եվ պատասխանը մեկն է – մենք ենք տվել:

Եվ հարցնում եմ` որտեղի՞ց են եկել այդ մարդ-կապիկները, ե՞րբ են ծնվել, որտե՞ղ են ապրում – այս հարցմանը հոգին դառը քմծիծաղ է տալիս և ասում. այդ կապիկները դու ես ծնել, սիրելիս, իսկ ավելի ստույգ – այդ կապիկները դու ես, որ կաս և մարդ կոչվող քո նմաները. դու~ք եք կտրում երկրի ծառերը:

Ե՞րբ ենք կանգնելու ինքնաճանաչման անողոք հայելու առջև, երբ ենք ենք տեսնելու մեզ. երբ ենք տեսնելու սովորույթ և ավանդույթ կոչվող ճորտատերերին, որոնց ճորտը մենք ենք,- և որոնց ազատորեն տրվելու իրավունքը` այդ ճորտությունը` անձի ազատություն և չգիտեմ էլ ինչ զահրումար ենք կոչում… Որիս ասեմ – քե՜զ, ի՜նձ, երրորդի՜ն – նարկոմաններ հացի, ջրի, ծխախոտի, գարեջրի, ատելության, անտարբերության, բառային փորլուծի, քաղաքականության, հավատի, կրոնի…Ո՞րն ասեմ… Ե՞րբ ենք ՄԱՐԴ դառնալու: Ե՞րբ ենք ՄԱՐԴՈՒ պես ապրելու…

Եվ ամեն անգամ, երբ անզգաստ, կիսաքուն, “ազա՜տ”, ռոբոտանման, նարկո- վայելչորե՜ն, ագահ, անասնաբույր մի հերթական նարկոմանիկ սովորույթ-քայլն ենք անում, հերթական նարկոմանիկ օրն ենք ապրում` վերանցական տարածքում ծնում ենք մեզ հար և նման կապիկներ, որ կտրելու են երկրի ծառերը, և արտաշնչում ենք այն դարչնագույն գազը, որի մեջ խեղդվելու են մեր սերունդները…

Բարի գիշեր

dvgray
24.06.2008, 08:15
Ցավոք կրիտիկական մասսան կարծես թե ետևում է...
Նման է մի մեծ գետի դելտային; Լիքը ճյուղեր է գոյացնում, որպեսզի հաջորդիվ նորից հավաքվի մի տեղ, լճի, ծովի մոտ, մեջ; Ցավոք, մերը միայն ճյուղավորվում է; Իսկ հավաքվելը չկա; Գնում կորում է... գետնի տակ է անցնում հավաքականը... իսկ քշելուց մնում է միայն ցեխը, ճահիճը

Հեղինակ
25.06.2008, 00:23
Այսօրս` 24 հունիսի 2008թ., ավարտվում է:

Երբ հասնում ես դաշնության, երբ ասում ես – ազատ եմ և ապրում եմ` նույն այդ օրը մակընթացության ալիքը գալիս է, ջուրը զարկում է ափերիդ, հողմը զարկում է կրծքիդ, աչքերդ այրում է ալիքի հարվածը- և այդպես Մայր-Կյանքը փորձում է, թե ինչի՜ ես հասել, թե ի՜նչ արժե քո դաշնությունը:

Եվ մի ակնթարթում, այդ էլ որերորդ անգամ, դաշնությունը փլվում է, քաոսը խուժում է այգիդ, նորից ճյուղակոտոր են քո ծառերը… Իսկ ասում էիր, թե դաշնության ես հասել, թե աստղերն են քո զրուցակիցները և արևներ են շողում կրծքիդ տակ… Պարզվում է` նույն նեանդերտալցին ես, բարեկամս… Դեմքիդ դաժան գծերի մեջ ջուրը սառչում է, մազերդ ձյուն է նստում, աչքերիդ մեջ կարկուտներ են…

Նորից սկսել…Նորից սկսել: Հիշիր` դու ՈՎ ես, հիշիր` ՍԻՐՈՒ~Մ ես: Մակընթացության ալիքը հետ է քաշվում… Դու մոտենում ես քո անձի գլխավոր դամբին, ջուրը չի՞ սասանել, չի՞ փլվել.- Չէ~, անվնաս է, ես ՍԻՐՈՒՄ ԵՄ, իմ դամբը անվնա~ս է… Ահա այստեղ իմ նորատունկներն են, ահա ծառերս, բայց աղջամուջ է, լուսաբացը կգա` կտեսնեմ` չե՞ն վնասվել նորատունկներս…Իսկ ահա, դամբի այս եզրին իմ սիրած մանուշակներն են – վայրի, բնական, անկեղծ – մանուշակները…Նրանք անվնա~ս են, նրանք բուրու~մ են…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.06.2008, 00:03
Այսօրս` 25 հունիսի 2008թ., ավարտվում է:

Սիրում եմ վաղ առավոտյան, թարմ օդի և արևի մեջ գնալ միրգ ու բանջարեղեն առնելու… Մի օր տուն եմ տուն եմ դառնում… դիմացից գալիս է մի արևկեզ, մուգ մաշկով, դեմքը կայտառ գյուղացի կին, վերավաճառող է, շուկա է մտնում: Կինը նայում է իմ առած երեք գալ ավելուկին և ասում . “Տարա~վ Սևանի ավելուկները”: Սիրում եմ գյուղացի կանանց արևկեզ դեմքերը:

Գեղեցկուհին, ոտքերը - սպիտակ սլաքներ, որ ճեղքում են առավոտյան օդը և տանում օրիորդի գեղաքանդակ մարմինը…Դեպի անսահմանություն…Սիրում եմ Բնության կերտած կանացի էսքիզները…

Գնում են երկու մոլոկան` մայր ու աղջիկ` սպիտակ զգեստներով, սպիտակ ծաղկավոր գլխաշորերով – մաքրակենցաղ, խաղաղ …Երբևէ որևէ մոլոկանի հետ խոսած չկամ, բայց սիրում եմ մեր մոլոկաններին:

Այսօր մեր Հանրային հեռուստատեսություն մի սպիտակ աղավնի հյուր էր եկել, թռչում էր պատշգամբից պատշգամբ,- հյուրասիրում էին, կարծես պարում էր: Մի օտարալեզու պարային երգ-մեղեդի դրեցին, որ ներդաշնում էր նրա շարժումներին: Պետք է ենթադրել, որ հայկական պարային ռիթմերի տակ աղավնին չէր կարող պարել: Հայլուրային մադոննան մաղթեց մեզ բոլորիս աղավնային խաղաղություն: Հետո սկսեց մի ֆիլմ, և ուղիղ երկու րոպե անց տեսա մի սարսռալի սպանություն: Եթե այդ աղավնու հանդիպեմ` պետք է հարցնեմ` այդ ու՞ր էիր հյուր գնացել… Տեսնես, ե՞րբ եմ սիրելու մեր Հանրային հեռուստատեսությունը:

Շուշան Պետրոսյանը: Լարված է: Ժողովրդի սիրո կարիքն ունի, բայց այն պակասել է: Առանց ներքին էթիկայի` պետականությունը կդեգրադացվի և իր հետ կդեգրադացնի իր արվեստագետին: Տեսնես, ե՞րբ կլինի ասեմ` սիրում եմ մեր պետականությունը: Դա կլինի Շուշան Պետրոսյանի և իր ոստիկան ամուսնու աստեղային ժամը…

Մնացին մեր հարազատ թուրքերը … Հիշում ե՞ք, մի անգամ գրել եմ. մեկը հարցրեց` իսկ թուրքին կարո՞ղ ես սիրել: Սա և թուրքի խնդիրն է, և իմ խնդիրը, բայց երևի ավելի շատ իմ խնդիրն է: Երբ կլինի` աշխարհն այնքան փոխվի, մեր երկիրն այնքան, ես` հայս այնքան փոխվեմ ու զորանամ, որ ասեմ` ես սիրու~մ եմ թուրքերին: Դա կլինի այս մոլորակի աստեղային ժամը… Եվ Հայաստանի աստեղային ժամը…

Բարի գիշեր:

Հեղինակ
26.06.2008, 23:52
Այսօրս` 26 հունիսի 2008թ., ավարտվում է:

Մեր վարչապետն ասում է. Դուք կարո՞ղ եք գաղափարներ ծնել: Եվ այնպես է ասում ` կարծես ստեղծել է գաղափարներով հղիանալու բոլոր պայմանները: Ախր, հարգո վարչապետ, գաղափարները գլխին զոռ տալով և ուղեղում չեն ծնվում, այլ սրտի և երևակայության մեջ… Իսկ ՄԱՐԴՈՒ սիրտն ու երևակայությունը պետք է խնամել, իսկ դա պետք է անեն Հայրենիքը և նրա պետականությունը… Խնամե՞լ եք, օրինակ, Պարիս Հերունու արևային էներգետիկայի ծրագիրը… Վարչապետին ուղարկելու եմ պետականագիտական փաթեթը` բնաբանով – «Մենք գաղափարներ կարող ենք ծնել, իսկ դուք կարո՞ղ եք դրանք մարսել»:

Գիտություն ԿՅԱՆՔԻ և ԵՐԿՐԻ մասին... Ռուս գիտնական Վասիլի Դոկուչաևը և նրա աշակերտը` մեծն Վլադիմիր Վերնադսկին... Նոոսֆերան, բանականության ոլորտը... «Աշխատում են մոլորակային բանականության բոլոր ալիքները...» «Հողը կենդանի էակ է» - ասում է Դոկուչաևը: Երկրագունդը երազներ է տեսնում: Եվ տեսնում է, թե իր մոլորված զավակները ե՜րբ են տեսնելու իր արցունքը:

Մեծն Ակբարը խորհում էր Գոլկոնդայի արշավանքի մասին… Նա տեսավ մի մրջյուն, որ հատակին քարշ է տալիս իրենից մի քանի անգամ ծանր մի բեռ…Նա հասկացավ, որ Բնությունը հուշում է, և գոչեց. «Ինչի՞ համար է Գոլկոնդայի ծանրությունը», և հրամայեց դադարեցնել արշավանքի նախապատրաստությունը…Երկրի համար սկսվեց մի խաղաղ ժամանակաշրջան…

Ծփում է մոլորակային բանականությունը, և ՔՈ բանականությունը ՆՐԱ մի մասն է, օժտված ՆՐԱ բոլոր շնորհներով: Եվ ամեն օր ստանում ես Նրա ուղերձները: Ուշադիր մի հայացք, գուցե մրջյունն է այսօր բերել Բարձրագույն Լուրը…

Բարի գիշեր:

Հեղինակ
28.06.2008, 00:26
Այսօրս` 27 հունիսի 2008թ., ավարտվում է:

Ամառ է… Արև … Մրգեր…

Կին - Բնությունը խենթացել է և իր կիրք- մրգերը պարգևում է մարդկանց: Առավոտյան հովիկը հարցնում է. «Տեսնես Աստվա՞ծ կա և տեսնես սիրու՞ն է...»: Սպիտակ կեռասը և ծիրանը ոսկե ծիծաղով պատասխանում են. «Մե~նք ենք Աստվածը, որ կանք, համբուրի~ր մեզ...»: Սև ճիզվիտ-բադրիջանը լսում է այս խոսքերը և մատնագիր է գրում ինկվիզիցիային` Հեղինակիս վրա, որ պատշաճ հարգանքնով չեմ խոսում մեր սիրելի Աստծո մասին...

Բայց Բնության զարդը հատիկն է: Մի մարդ կարմրահատ ցորենի ածիկ է պատրաստել և շուկա է հանել... Ապրի ինքը: Առել ենք, որ փորձենք, անուշ բուրում է: Ամբողջ ձմեռ ծլացրած ցորեն ենք կերել, շնորհակալ ենք... Սրտիս ամենամեծ ցավերից է, երբ երեկվա հատիկեղենով փլավը թափում ենք: Բնության առջև ինձ հանցագործ եմ զգում: Ախր հատիկը զահաբերել էր իրեն` ինձ, իմ Սիրելու ու մեր զավակների համար: Իմ այս հանցանքին մասնակից է ամբողջ «զարգացած» մարդկությունը: Ագա~հ մարդկություն, ագահ «ոսկե միլիարդ».- ինչքան ուտում է, երկու այդքան էլ թափում է... Ի՞նչ ժողովրդավարություն, եթե Ոսկե Հատիկի ձայնը չեք լսում...

Աշխարհը փոքր է... Հյուսիս-ատլանտյան բլոկը` ՆԱՏՕ-ն ոտքի տեղ է անում Հայաստանում: Քաղաքավար է ՆԱՏՕ-ն, ժպտերես, բարեկամաբար շուլալվում է Հայաստանին: Մերոնք զգույշ սիրաշահում են: Ժպտում է ՆԱՏՕ-ն: Ես էլ, իբր իմիջիայլոց, հարցնում եմ . “ՆԱՏՕ- ջան, ախր ռումբը Աֆղանստանում թալիբ ու ոչ թալիբ չի հարցնում և զարկում է փուշտուն երեխաներին, սրա վերջը ի՞նչ է լինելու...”: ՆԱՏՕ-ն չի պատասխանում և նորից ժպտում է:

Նելոսոն Մանդելան 90 տարեկան է, 27տարի նստել է, վերջը հաղթել է, մեր Ջիվան Գասպարյանը նրա պատվին նվագում է Անգլիայում... Հայկական փառասիրությունս մի քիչ շոյվում է, ուրախ եմ մեր վարպետի համար: Բայց մի քիչ... Եվրոպական քաղաքական, պսևդոհումանիստական շոու էր,- մի սևամորթի Աստծո ոտքեր կհանեն, մնացածին ոտքի և սպիդի տակ կտան...

Բայց մեկ է` այս մոլորակի վրա իսկական հումանիզմը հաղթելու է: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: Մեր անսրտությունը...

Բարի գիշեր:

Հեղինակ
28.06.2008, 23:30
Այսօրս` 28 հունիսի 2008թ., ավարտվում է:

Լուսաբաց է…Աղջամուղջ…
Առաջին արթնացած թռչունները մենաձայն սաղմոսում են: Շատ հազվադեպ, իմ Սիրելի, այսքան վաղ արթնանում ենք: Նուրբ դիմագծերդ մեղմ լույս են տալիս կիսախավարի մեջ: Դու էլ ես արթնացել: Մենք գիտենք` երբ այսքան վաղ ենք արթնանում, ուրեմն ինչ որ բան պետք է գտնենք իրար մեջ հենց այդ ժամին: Արթնացող բնութան մեջ զգացումները, սիմվոլները, ապագան մի ուրիշ լույսի տակ են երևում…

Կնոջ աշխարհը…Կանացի աշխարհը… Տղամարդուն միշտ թվացել է, թե ինքն այդ աշխարհում է, նրա տիրակալն է և տերը: Ինչպիսի~ անգիտություն: Մոլորակի տղամարդկային սկիզբը չի էլ մոտեցել կնոջ աշխարհի դռներին: Տղամարդիկս մոլորակային ճանապարհներին կռվի ենք բռնվել – նյութի, փառքի, իշխանության համար, իրար կոկորդ ենք կրծում, իսկ կանայք սպասում են… Տղամարդը գիտի, որ մոլորակի գլուխն ու ուղեղը ինքն է, բայց չգիտի, որ մոլորակի սիրտը կինն է…

Ուզում ես կայսր եղիր, թագավոր եղիր կամ նախագահ` քո ամենամոտ կինը կարող է մի հայացքով քեզ ոչնչացնել և իջեցնել գահից… Քանզի միայն նա գիտի, ո~վ կայսր, քո իրական արժեքը, և նա կարող է իմանալ, որ դու… ցածր ես ամենավերջին թափառաշրջիկից…

Տեսնես ի՞նչ են մտածում այս աշխարհի տիրակալների մասին նրանց կանայք: Օրինակ` Այս մեծ տերության նախագահի կինը…, երբ փարում է իր նեղճակատ կողակցին` երևի ասում է. “ Իմ սիրելի Ժորժիկ, ես քեզ սիրում եմ, դու հրաշալի~ նախագահ ես…”: Եվ այդ նույն ժամին մի հեռավոր երկրում նախագահի ուղարկած ռմբակոծիչների ռումբերից զոհվում են անմեղ մանուկներ… Բայց կինը երբեք չի դեգրադացվում, նա իր սրտում գիտե, թե ի՜նչ է արել նախագահը… Եվ երբե~ք չի մոռանում, որ նրա ճակատը նեղ է…

Իմ Սիրելի, այսօր շատ հոգնած ենք… Այսօր լավ աշխատեցինք, շնորհակալությամբ հակվում ես ուսիս… “ Այսօրս” ավարտում եմ, հիմա կգնանք…

Բարի գիշեր:

Հեղինակ
30.06.2008, 00:04
Այսօրս` 29 հունիսի 2008թ., ավարտվում է:


Վարդավառի վարդերս վառ…


Այս վարդավառի վարդերը մեր երեխաներն են` ջրով լիքը ամանները ձեռքներին - մեզ ջրելու և մաքրելու համար:


Արդյոք «հարյավ» պիտի՞ երգես,
Վառսիրտ երգիչ, երկրիս համար

Հարցնում է բանաստեղծը, և ի պատասխան ամբոխները, գրագետները, մեջլիս նստածները, զրուցարանները բառային ժայթքումներ են անում – չկա հուր, չկա հրաբուխ,- կա միայն մոխիր, բառային մոխիր, որ ցանվում է մեր հոգնած դեմքերի վրա... Մի վախեցած ամբոխ կարող էր մի քանի օրում ազգ դառնալ, հերոսանալ, բայց նրա թիկունքին երկու ուժ կարող են համաձայնության գալ, և մի օրում հերոսական ազգը նորից ամբոխ է դառնու՞մ...

«Նայիր, թափված քանի կորյուն

Բառային այս քաոսի, այս սառցաբուխի մեջ մոռացվել են նրանք – «որքան- որքան, որքան արյուն», - այն մեկի, այն ընկածի, որ երազ էր տեսել, թե ատամները փշրվում ու թափվում են ձեռքի մեջ,- ահա այն զոհյալի երկու զավակները այս վարդավառին տխուր էին և չէին ջրում անցորդներին: Իսկ ամբոխը շարունակում է ժայթքել իր մոխրե շատրվանները, որոնք նստում են մոռացվող հիշատակների վրա:

Ինչորբանափոխությու~~ն,- գոչում է ամբոխի մի հատվածը:
Ինչորբանափոխությու~~ն,- ի պատասխան գոչում է մյուս հատվածը:

Գիտակցափոխություն,-որոտում է մի ձայն` Սրտի Ձայնը, և այս երկրում չկա մեկը, որ հարցնի` ի՞նչ է այդ գիտակցափոխությունը... Իսկ եթե մեկը հարցնի` ի՞նչ է այդ Նոր Գիտակցության անունը` նրան պատասխանելու եմ` ՎԱՐԴԱՎԱՌԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որով մարդը կարթնանա քնից, կլվացվի հայրենի Պայթող Աղբյուրների ջրով, կնայի Ելնող Արևին, կսկսի ԱՊՐԵԼ, ՍԻՐԵԼ, ամեն վայրկյան զգալ ԿՅԱՆՔԸ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ... Այդպես մենք` երկոտանիներս, Մարդ կդառնանք, իսկ դու` զանգված, ԱԶԳ կդառնաս... Այդ օրը դու իսկապես կհերոսանաս...

Բարի գիշեր:

Հեղինակ
01.07.2008, 00:21
Այսօրս` 30 հունիսի 2008թ, ավարտվում է:

Այսօր չէր, երեկ էր: Մեր մանուկները նախապատրաստվում էին մանկական Եվրատեսիլին: Հայլուրի լրագրողը գիտեք ի՞նչ բառերով սկսեց հաղորդումը, ղոչաղ կացեք, որ չկորցնեք ձեր բանականությունը. “Ինչպես գալարվել միկրոֆոնը ձեռքին”: Ահա սա էր սովորեցնում Նադեժդա Սարգսյանը իր սաներին: Ընտրություն էին անում, թե ով պետք է գնա Եվրատեսիլ: Այնտեղ էր նաև հայ մեծ գեղագետ, ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, որի ազնվական անֆասը իշխում էր Հայկական ժամանակի և տարածության վրա…

Երեկ խոսում էինք գիտակցության փոփոխության մասին, այսօր եկեք մի թեսթ դնենք` այո և ոչ ալգոռիթմով: Համաձա՞յն եք ,որ`
-Եվրատեսիլը դեգրադացնում է ազգային մշակույթները.
-Եվրատեսիլում գրաված բարձր տեղը կամ հաղթանակը պատիվ չէ մեր երկրի համար և բերում է հակամշակույթի տարածմանը Հայաստանում.
-Եվրատեսիլում բարձր տեղ գրաված որևէ անձի ընդունումը բարձրագույն իշխանության կողմից խոսում է և իշխանության, և մշակույթի ապակողմնորոշվածության և գաղափարական դեգրադացիայի մասին:
Եթե այս երեք հարցերին որևէ մեկը և հատկապես` որևէ նորօրյա հեղափոխական “ոչ” պատասխանի, ապա նա իր գլուխը հանգիստ կարող է տալ հայ հակամշակույթի բետոնե պատին ու փշրել: Չեմ ափսոսա: Քանի որ հեղափոխությունը նախ պետք է լինի հենց ԱՅՍՏԵՂ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ մեջ:

Մի օր գնալու եմ կայարանամերձ հրապարակ` հանդիպելու մեր Սասունցի Դավթին… Մեր Ծռին ասելու եմ. “Սասնա Ծու՜ռ, օգնության հասի~ր”: Նա կքշի Քուռկիկ Ջալալին, կհասնի Հանրապետության հրապարակ, կհանի Թուր-Կեծակին, կշողացնի, և կորոտա նրա ձայնը. “ Ես ձըր հե~ր… ես ձըր մե~ր … Ձեր պապու պառեկ մլի՜մ, հորի գինա՞ք հայ ազգ անտեր ի մնացե…”: Թե Ծուռը օգնի: Վախից մերոնք տակը կանեն, Նադեժդա Սարգսյանին մշակութային կուսանոց կուղարկենք, Հրաչ Քեշիշյանին և Ալիկ Հարությունյանին` ուղղիչ աշխատանքային գաղութ` հեռուստատեսության մասին օրենքը բազմիցս և չարամտորեն խախտելու համար, իսկ մեր սիրելի մանուկներին կազատենք մարմնագալար շարժումներից… Թող մեր մանուկները Հայկական Բարձրավանդակում պարեն իրենց արքայական պարերը, թող Եվրատեսիլի դեգեներատները գան և տեսնեն, թե ի~նչ է իսկական արվեստը…

Գրում էի այս տողերը, երբ լսվում էր ռուս մեծ հումանիստ ու գեղագետ Դմիտրի Լիխաչովի ձայնը… Պատանի ժամանակ ընկերների հետ հիմնել են… Տիեզերական գիտությունների ակադեմիա, որի համար դատվել և հինգ տարի ստալինյան ճամբարներում է անցկացրել:

Չէ~, այս հայկական ցեխից դուրս գալու համար մեզ կօգնի միայն Տիեզերական Գիտությունը:

Բարի գիշեր:

Հեղինակ
01.07.2008, 23:55
Այսօրս` 1 հուլիսի 2008թ, ավարտվում է:

Իմ Սիրելի, այս սպիտակ ծաղիկները – անունը չգիտեմ, սպիտակ են ու անբիծ, բայց ցողունները պինդ ու վստահ են,ինչպես ընտանիքդ, իմ Սիրելի, - հինգ էություն` կանգնած արևի ու փոթորիկների դեմ:

Այսօր մեզ համար կարևոր օր է, - քանի~ տարի առաջ էր, երբ մենք սկսեցինք ապրել նույն հարկի տակ. ընդամենը երեկ էր, ընդամենը երեկ… Մեր երկարամյա ճանապարհի ապացույցները. ահա նրանք - մեր բարձրուղեշ ու պայծառաչ որդիները:

Ուրիշ ի՞նչ ապացույց ունենք, որ մենք այդքա~ն տարի միասին ենք եղել, ահա մեր ծնած պոեզիան` “Երգ Երրորդությունը”: Մենք աղջիկ չունեինք. պոեզիան եղավ մեր դուստրը… Հիշու՞մ ես, օրն ավարտվում էր, դու մարգարտաշար ձեռագրով արտագրում էիր այդ օրը գրված բանաստեղծությունը: Սիրելի խմբագիրս, քեզանից հետո ո՞վ կարող որևէ բառ փոխել իմ բանաստեղծության մեջ.


Որդիս է , ես ու դու.
Անհուն մի լռություն.
Տիեզերքը լցնող
Փխրուն երրորդություն:

Իմ Սիրելի, եղե՞լ է մի օր, որ մեր սիրտը քնած լինի և մեր միտքը` ընդարմացած… Դու ինձ սրտի արթնության արշալույսներ ես պարգևել…

Իմ Սիրելի, իմ տղամարդկային անկատարությունը` այս քաղաքակրթության ծնունդը, գենետիկ իմ բեռը, համայնքի դարավոր տիղմերը` դու մաքրում և այրում ես այլմոլորակային հրով ու համառությամբ: Դու քո անծիր բժշկությամբ ապաքինում ես ինձ, կերտում Նոր Տղամարդ, որը պատկառում է Կնոջ Աշխատանքի հանդեպ: Դու ապաքինում ես քո հիվանդներին` նրանց Մարդ դարձնելով:

Իմ Սիրելի, Այսօրս Քեզ էր պատկանում… Նաև Վաղս Քեզ է պատկանելու...

Բարի գիշեր:

Հեղինակ
03.07.2008, 00:41
Այսօրս` 2 հուլիսի 2008թ., ավարտվում է:

Ինչպե՞ս է ծնվում երգը: Իսկական երգը,- այն, որ լսողի հոգին վերցնում է իր թևերին և տանում դեպի լուսեղեն ոլորտներ:

Մշտապես հնչում են վերին սֆերաները, երկնի նրբագույն շերտերը - և նույն ժամին աշխատավորն իր գործն է անում, իր վայելքի մեջ է, իր ակոսն է բացում - և աշխատավորի հոգին որսում է սֆերաների մեղեդին, տալիս իր գույնն ու նրբերանգը, և այսպես մի “Հորովել” է ծնվում:

Հնչում են սֆերաները, տիեզերական սիրո մշտական մեղեդին հնչում է նրբագույն շերետերի մեջ ,- և այդ նույն վայրկյանին սիրահար սիրտը ցանկանում է իրեն պատած զգացումն արտահայտել և որսում է սֆերաների մեղեդին, տալիս նրան իր սրտի քնքշությունն ու երանգը, և այսպես ծնվում է` “Չինա~ր ես”:

Հնչում են թախծոտ սֆերաները, բաժանման անվերջ թախիծը հնչում է … և այդ նույն պահին մի պանդուխտի սիրտ որսում է տիեզերական թախծալի մեղեդին, նրան միացնում է իր անեզրական թախիծը և ծնվում է… “Անտունին”:

Եվ այսպես, իսկական երգը երկու հեղինակ ունի` Արարիչը և Մարդկային Հոգին: Սակայն ո՞ր մարդկային հոգին, ո՞վ կարող է Արարչի համահեղինակը լինել…

Հասուն հոգին: Այո, շա~տ հազվադեպ երեխայի հոգին էլ կարող է շատ վաղ տարիքում հասուն լինել – լինում է մի Մոցարտ, մի Պագանինի… Բայց որպես օրենք` երեխայի հոգին դեռևս անհաս է, նրա նուրբ մարմինները դեռևս զարգացած չեն և նա չի կարող որսալ Արարչական Սֆերաների ձայնը:

Ի՞նչ է մանկական Եվրատեսիլի նախագիծը, այն նախատեսում է, որ շատ թե քիչ ձայն ունեցող ամեն երեխա կարող է երգ գրել, հեղինակ կոչվել և իր ստեղծածը ներկայացնել աշխարհին: Բայց ի՞նչ է ստացվում. անհաս հոգին չի կարող որսալ գեղեցիկը, և որպես ընդօրինակող էակ` երեխան դեսից–դենից վերցրած ոճերն ու ձայները խառնում է իր անհաս հոգու անպատրաստ թրիթիռներին, և ստացվում է մի ողորմելի խառնուրդ, մի կակաֆոնիա…Չեմ թաքցնում, իմ կյանքի և գոյության նվաստացուցիչ և ողբերգական ժամն է, երբ հայ պայծառաչ մանուկները բեմի վրա թշվառ ու ճվացող կլոուններ են դառնում… արթուր գրիգորյանական մշակութային որբեր:

Խեղճ երեխաներ, հիվանդ երեխաներ, ժամանակից շուտ ծերացող երեխաներ… Հանցագործ նախագիծը նրանց դարձնում է իր հանցանքի մասնակիցը, նրանց “ծնած” անհաս ու խեղճ “երգերը” տիրում են այս թշվառ աշխարհը:

Մանկական Եվրատեսիլը հակամշակութային հանցանք է: Առողջ երեխան պետքէ սնվի իսկական մակույթով, որը դարերի կամ գոնե տասնամյակների փորձությունն է բռնել: Եվրատեսիլին մեր այս մանակցության հանցանքի պատասխանատուն ամբողջ հայ հանրությունն է` բոլորս:

Բարի գիշեր:

Հեղինակ
04.07.2008, 23:15
Այսօրս` 3 հուլիսի 2008թ., ավարտվում է:

Հայաստանի Ազգային անվտագության ծառայությունը ... ՀՀ նախագահը հանդիպել է ծառայության միջուկի հետ և խոսում է նրանց խնդիրների մասին:

Տեսնես ԱԱԾ-ում կա՞ մշակութային անվտանգության բաժին, տեսնես կա՞ այն գիտակցությունը, որ երկրի անվտանգության սահմանները անցնում են մոր և երեխայի, տղամարդու և կնոջ, ծերի և երիտասարդի մշակութային դաստիարակության միջով, այդ սահմանները քայքայում են կեղծ արվեստը, գեղեցկության քայքայումը, լեզվի ու բարբառի եղծումը:

Տեսնես ԱԱԾ-ում գիտե՞ն, որ երկրի անվտանգության կարևոր ասպարեզ է կրթությունը, դպրոցը, գիտե՞ն արդյոք, որ երեխայի գենետիկ առողջությունը կարող է վտանգվել ոչ առողջ կրթական ծրագրերի ներդրման միջոցով, կրթության ապամշակութացման միջոցով:

Տեսնես ԱԱԾ-ում գիտե՞ն, որ երկրի անվտանգության մյուս կարևոր ասպարեզը առողջապահությունն է... 0-23 տարեկանների համատարած վակցինացումը` 1,2 միլիոն մարդու ընդգրկումով` ուղղված կարմրախտի դեմ,- այն կարմրախտի, որով երկրում տարին հիվանդանում է ընդամենը քսան – երեսուն մարդ` եղել է ագրեսիա մեր երիտասարդ սերնդի առողջության դեմ:

Տեսնես ԱԱԾ-ում գիտե՞ն, որ երկրի ժողովրդագրական անվտանգությունը սասանված է, և դրա հիմքում ընկած է մշակութային անվտանգության սասանումը – մարդիկ երկիրը թողնում են, կամ երեխա քիչ են ունենում, կամ ուշ են ամուսնանում ոչ այնքան նյութական պատճառներով, այլ այն պատճառով, որ երկիրը կորցնում է իր մշակույթը և որպես անմշակույթ մայր` չի կարողանում լավ խնամել իր զավակներին:

Մի բան ԱԱԾ-ում հաստատ չգիտեն, որ ազգային անվտանգության հիմքը, հիմնական գործոնը ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ է - կյանքի, կենցաղի, ամեն ինչի մեջ, այդ թվում` պետության կյանքում:

Գրում եմ այս տողերը այն պահին, երբ Միտյա Կարամազովը`ողբերգական և ոգեշունչ - խոսում է ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ մասին, Գեղեցկության գաղտնիքի մասին:

Բարի գիշեր:

Հ.Գ. տեխնիկական անհարթությունը` կայքի տեղափոխման պատճառով:

Հեղինակ
05.07.2008, 00:06
Այսօրս` 4 հուլիսի 2008թ., ավարտվում է:

Տիգրան Խզմալյան. «Երևանի գլխավոր գաղտնիքը». ֆիլմ Ալեքսանդր Թամանյանի մասին:

Սերը … Ռեժիսորն արել է իր հատնագործությունը. մեծահանճար ճարտարապետը նախագծել է Երևանը, Օպերայի շենքը, որովհետև... սիրել է: Իր կնոջը: Իր երեխաների մորը: Մեր մայրաքաղաքը սիրո~ ծնունդ է. ահա այսպիսի լուր մեզ տվեց, այսպիսի գաղտնիք բացեց Տիգրան Խզմալյանը:

Այո~, սքանչելի իրադարձություն է, երբ