PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտորումներ լեզուի մասին



Tigris
15.09.2008, 21:51
Հնդեւրոպական նախալեզուն խօսող ժողովուրդների մայր հայրենիքի վայրը ենթադրաբար Հայաստան աշխարհն է եղել: Անյիշելի ժամանակից մինչ Քրիստոսից 3000 առաջ, հնդեւրոպացիք խումբ առ խումբ բաժանուելով առանձին զարգացում ապրել են՝ Իտալական, Գերմանական, Կելտական, Բալտիկ-Սլավական, Հնդիրանական, Յունական եւայլն եւայլն խումբերը: Սա չի նշանակում թէ վերոյիշեալ անուններով ազգեր կամ ժողովուրդներ եղել են այդ ժամանակ, այլ՝ նշանակում է թէ այս պայմանական անուններով խումբերը բաժանուելով մայր հնդեւրոպական նախալեզուից, անջատօրէն զարգացել են:

Եթէ նկատէք, Հայաստանը գտնւում է հնդեւրոպական լեզուներ գործածող ազգերի միջատեղը: Հնդեւրոպական լեզուները բաժանւում են երկու մեծ խումբի. Սաթեմ եւ կենտում (եթէ սխալ է. խնդում եմ ուղղէք ինձ): Հայերէնի դիրքը իւտայատուկ է եւ չի պատկանում ոչ մի խմբի: Հնդեւրոպացիք երբ հեռացան ենթադրեալ մայր հայրենիքից (Հայաստանից), Հայ ազգը դեռեւս չէր կազմաւորուել, ինչպէս նաեւ միւս ազգերը չէին կազմաւորուել:

Հայերէնը հոմանիշների ծաղկոց է, որի բուրաստաններում կարող ես քաղել բազում մոռացեալ եւ գործածւող բառեր: Քաղաքակրթական նշանակութիւն ունեցող բառեր եւ անուններ ազգերը վերցրել են միմիանցից: Յաճախ բառի բնիկ հայերէնը դուրս մղուել է տեղ տալովը մուծուած բառին: Մինչ այդ մուծուած բառերը շաղախուելով մկրտուել են հայրենի հողում ու ջրում դարերի ընթացքում, հայավարի արձագանգ ստացել՝ հայի շուրթերում: Աշխարհում ամէնահարուստ բառապաշար ունեցող լեզուներից մինն է հայերէնը: Մեզ մնում է գտնել եւ ընթերցել բառարանները:

Tigris
16.09.2008, 17:12
Գիտնականներ շուար են եւ չեն կարողանում փաստել հնդեւրոպական նախալեզուն խօսող ժողովուրդների մայր հայրենիքը: Ենթադրողներ կան, որոնք ասում են թէ այդ հայրենիքը եղել է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԸ:

Այս ենթադրութեան ամէնաուժեղ փաստարկը այն է թէ հնդեւրոպական լեզուները է լ իրանց մէջ պարունակում են սեմական լեզուների պատկանող եւ այդ լեզուներից փոխառեալ բառեր: Հետեւաբար այդ մայր հայրենիքը լինելու է Սեմական աշխարհին մօտիկ մի վայր: Սեմական աշխարհի ամէնամօտիկ հնդեւրոպական լեզու խօսող երկիրը պատմական Հայաստանն է: Ուստի Հայկական լեռնաշխարհից տարածուել են այդ բոլոր ժողովուրդներն ու լեզուները, որոնք ապրում են եւ խօսւում են իրլանդայից-բենգալիա:

Tigris
18.09.2008, 23:10
Մենք այսքան գլխացաւ, վէճ եւ բանք չէինք ունենար, եթէ գրաբարէն չի հրաժարէինք, Մեսրոպեան ուղղագրումէն, Մեսրոպեան արտասանումէն չի հրաժարէինք:
Այս ամէն ներկայի եւ ապագայի գլխացաւի պատճառը անոնք են, ովք լեզուն հեշտացնելու, ժողովուրդին մօտեցնելու համար առաջարկելով գործադրած են. իրենց տան բարբառի գրականացումը:Բաժանէ, որ տիրես քաղաքականութիւնը հայի օրհնանքով, միջոցով եւ մշակութային իմաստով գործադրուեցաւ, այստեղ (Պոլիս) եւ այնտեղ (Թիֆլիս):

Tigris
18.09.2008, 23:10
Որեւէ լեզու գիտնալու համար, նախ՝ այդ լեզուի Այբուբենը պէտք է սորվիլ:
Որքանո՞վ ծանօթ ենք հայոց Այբուբենին:
Եթէ մէկ ազգ ենք, մէկ ձեւով պէտք է արտասանենք հայոց այբուբենը:

Tigris
18.09.2008, 23:11
Որքա՜ն որ օտար բառեր պարունակեն, դարձեալ բարբառները կը մնան հայերէնի իմացութեան, զարգացման եւ հարստացման համար անգին գանձեր:

Tigris
18.09.2008, 23:19
... Այս մտայնութեամբ, իւրաքանչիւր գաւառ կամ նահանգ, եթէ իր բարբառը գրականացներ. մենք կ’ունենայինք 10 առանձին գրական հայերէններ. հետեւաբար 10 առանձին ազգութիւն:
Ես կը հաւատամ ՄԷԿ ԱԶԳ, ՄԷԿ ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարին: Եթէ մէկ ազգ ենք. մէկ Այբուբեն պէտք է ունենանք:

Tigris
19.09.2008, 21:38
Պետութեան բացակայութեան պայմաններում՝ հայերէնը անպաշտպան մնացել է մի տասնեակ դար: Կարծում եմ՝ մեր լեզուի պատկերը այլ կը լիներ, եթէ պետութեան բացակայութիւնը այսքան երկար չ'տեւեր: Ինձ համար հայերէնը. յաւիտեան ուսանելի առարկայ է: Չեմ համոզւում, որ մեր լեզուի այժմեան պատկերը բնական է կամ կայացած է: Ո՞վ ասաց թէ գրութեան եւ հաղորդակցութեան (լրատուամիջոցներ) լեզուն պէտք է համահունչ լինի ժողովրդական լեզուին: Միշտ գրութեան եւ հաղորդակցութեան լեզուն տարբերուել է հասարակութեան օգտագործած լեզուից: Դա եղել է եւ Մեսրոպի ժամանակ եւ նրանից ետք: ...Միայն ասեմ, որ արաբական քսանից աւել պետութիւններ, գործածում են 1500 տարուայ հնութիւն ունեցող մի լեզու, որպէս լրատուամիջոց եւ որպէս ուսուցման լեզու:

Tigris
19.09.2008, 21:38
Անգլախօսները այո խնդիր ունեն, որովհետեւ գործածում են լատին 26 տառերը: Տառեր որոնք չեն գոհացնում անգլերէնի հնչիւնների պահանջքը: Բայց Մաշտոցը մեզ համար ստեղծել է 36 տառ, որոնց վրայ աւելացել է 2 տառ: Ս.Մերոպ հայ էր, հայ ժողովուրդի համար ստեղծեց այբ ու բենը, իսկ լատին տառերը ստեղծուել են Հռոմի բնակիչների համար:

Tigris
19.01.2009, 20:01
Այսքա՜ն հնդեւրոպական բառ մը, -խօսքը` stér-star-stella-astron-ի մասին է,- ի՞նչպէս սեմական կրնայ ըլլալ: Նկատի ունիմ Հին կտակարանային՝ Եսթեր-Esther-ը եւ Ասորեստանեան՝ Աշտար-ը:
Խիստ կասկածիմ այս բառի ծագումով սեմական ըլլալուն: Սեմական հին լեզուներու մէջ այս բառի գոյութիւնը[Աշտար (դիցուհի)՝ աստղի խորհրդանիշով], յաւելեալ ապացոյց է՝ Հնդեւրոպական Նախալեզուի առաջին տրոհման վայրի վերաբերեալ, որ Հայկական Բարձրավանդակն ու յարակից շրջանները կրնան ըլլալ. ըստ կարգ մը լեզուաբաններու:
Բոլոր հնդեւրոպախօսները Հայկական Բարձրավանդակի եւ յարակից շրջաններու հնդեւրոպախօսներէն ստացած են այս բառը, եղափոխելով՝ տարբեր հնչեղութիւններ տալով, հասցուցած են օրերս՝ Իռլանդիայէն մինչեւ Բանգլադեշ: Սեմական լեզուներ խօսողներու հետ Հնդեւրոպացիներու ամենահաւանական հանդիպման վայրը՝ Ասորիքը, Հայկական Բարձրավանդակի հարաւն ու Միջագետքն է: Միթէ՞:

Tigris
05.08.2009, 13:49
«Էստեղ պահի՛»
Ի՞նչ պահել: Ադամա՞նդ, ոսկի՞, թէ՝ ի՛նչ: Արեւելեան թուրքերէնից է այս ձեւը՝ saqla, որ գործածական է Թաւրիզում, եւ այլուր, «կանգնի՛ր» իմաստը տալու համար, որպէսզի ուղեւորը կառքից վայր իջնի:


Կարելի է գործածել գրաբար «կա՛ց», որ այստեղ, «կայ (http://www.sd-editions.com/AnaServer?lalt+4621659+dictframe.anv)» արմատ բայի («կամ», «կաս» «կայ») հրամայականն է:


-----
«Թվում է, գուշակեցի ինչումն է գաղտնիքը»


Հայերէն գաղտնին, մի բանի մէջ չի լինում, այլ՝ ի՛նքն է լինում: Ուրեմն՝ թւում է, գուշակեցի ի՛նչ է գաղտնիքը:

Tigris
07.08.2009, 11:11
«.... Մեր Հանրապետութիւնում»
Երբ երկիրը Խորհրդային Միութիւնն էր, այսպէս էին ասում: Հիմա, վերջինս չկայ, երկիրը Հայաստանն է, ուրեմն՝ մեր երկրում:

«.... որպէսզի դարձեալ չկրկնվեմ»
Զգո՛յշ: Խօսողը երկու անձ չի լինում: Ուզում է ասել՝ որպէսզի դարձեալ չկրկնեմ [խօսքը]:

Tigris
13.08.2009, 19:34
«Ե՛ւ Փանոսը ե՛ւ Բարթողիմէոսը»
Ինչո՞ւ երկու «և»:
Մեկը, մի ժամանակ, այս նորամուծութիւնը մտցրել է լեզուին, որ առայսօր շարունակւում է օրինաչափօրէն:

«Արի՛ կիսվենք»
Խօսողը չի կարող կիսուել. միտքը՝ նմանապէս: Այնպէս որ ջուրը չի կարելի զետեղել, նմանապէս միտքը չի կարելի կիսել: Բաժնեկցել, սրտակցել, զրուցել, խօսակցել, խորհրդակցել եւ զանազան այլ բառեր կարելի է գործածել, նկատի առած, թէ խօսքն ինչին է վերաբերում:

- Արի կիսվենք,
- Շնորհակալ եմ, ուզում եմ ողջ մնալ:

Մի՞թէ սա էլ ռուսաբանութիւն է:

Tigris
14.11.2009, 18:02
Լեզու մշակող
Արդի աշխարհաբարի գրական տարբերակները կերտողները, լեզուին հիանալի տիրապետողներ եղած են: Նրանք ազատ են զգացել եւ մշակել են այն: Լեզուին տիրապետողները յոյժ գիտակցել են նրա պատմական զարգացումը, բառի արժէքը, արմատական իմաստը, խօսքի ձեւերը, եւայլն:
Այլ խօսքով՝ լեզուն չէին կարող մշակել ու գրականի տեսք տալ, եթէ չիմանային գրաբար ու աշխարհաբարի տարբեր դրսեւորումները: Սրանք, գրական լեզուն կերտողներն են:

Լեզուական կաղապար պահպանող
Սրանք պատրաստի ձեւեր սովորող ու պահպանողներ են: Յաճախ չեն խորանում, թէ կարելի է նաեւ ուրիշ ձեւ որդեգրել, եւ որ բառն ու խօսքը ինչ-ինչ իմաստային զարգացումներ է ապրել, ու միշտ ճիշտ չէ բառերը բանտել որոշ իմաստներով:

Լեզուն իմացողը չի կաշկանդում իր գրիչը ընդունուած «արդիական» կաղապարներով՝ քաջ գիտենալով կաղապարի նախ գաղափար ու մտային գործունէութիւն լինելը:
Մշակողի համար լեզուն թաղի երախան է, ծանօթը, ուստի՝ նոր տիտղոսները, հանգամանքները խափանիչ չեն կարող լինել վարուելու մի քիչ քմահաճ, բնական եւ հարազատի յարաբերութեամբ: Լեզուն իմացողը չի կարող խեղաթիւրուած ներկայացնել բառը, զի գիտէ էութիւնը՝ «ով» է նա, ծնողը, քեռին, խաղընկերը:

Նկատի չունեմ ինձ:

Tigris
28.12.2009, 18:37
Ուղղագրութեան պարագան: Փոխուեց՝ իբր տառ-հնչիւն համակարգ ստեղծելու համար, սակայն Է. Աղայեանի խօսքերով՝ այն չի իրականացել. ներկայիս հայերէնի ուղղագրութիւնը ձայն-հնչիւն օրէնքով չէ, քանզի բոլոր գրական անցեալ ունեցող լեզուները չեն կարող ուղղագրութեան չհետեւել եւ որդեգրել տառ-հնչիւն ուղղագրութիւն: Ու տալիս է օրինակներ՝ մարդ, որ տառադարձելիս դառնում է mard, մի բառ, որ ողջ աշխարհի հայերի արտանութեամբ mart է:
Սովորոյթը, վարժեցուած լինելը, ընտելանալը՝ համակարգին, գաղափարին եւ համոզմունքին, մեծ ազդեցութիւն է թողնում անձի մօտ՝ ճշմարտութեան ընդունելիութեան հարցում:

Ուղղագրութեան վերջնականապէս տառ-հնչիւն անցումը աղետալի պիտի լինէր ոչ միայն մարդ բառի համար, որի մարթ արձանագրումը կլինի ոչ բոլորին ծանօթ մարթ բառի ջնջումը կամ համանունացումը, այլեւ ապագայի համար, որովհետեւ կարիք պիտի ստեղծուէր այն փոխել ամէն անգամ երբ բառի արտասանութիւնը փոփոխւում է քուչում: Կարող ա քուչի տղերքը համաձայն չլինեն բառի արտասանութեան հարցում, այդ պարագայում ո՛վ ա լինելու ճիշտը, մեծամասնութիւնը՞:
Ուրեմն չի իրականացել տառ-հնչիւն ուղղագրութիւնը: Ի՞նչ ունենք հիմա: Կէս-կէս բան: Կէս դասական ու կէս տառ-հնչիւն ուղղագրութիւն, կարկտան, չթեղէն:

Գիտեմ՝ հայը ունի հազար ու մի հոգս, ու նա բոլորովին չի նկատում ու պէտք էլ չունի նման հարցերով զբաղելու: Գիտեմ նաեւ, որ գրուել է Քրիստոս յարեաւ, ոչ հարեաւ: Առաջինի պարագայում բառի արմատն է ար (յարեալ «կազմեալ»), երկրորդի պարագայում հար («խփել», «զարկել»): Ուստի՝ Յարութիւն գրել (արտասանելով harutyun):
Վիրաւորանքն ու հեգնանքը խօսքի ճշմարտացիութիւնը չի ապացուցում, ասուածը համոզիչ չի դարձնում: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել, երբ մի բացարձակ ճշմարտութիւն ապացուցման կարիք է զգում Քուչստանում, որտեղ ուզւում է քուչերէնը համազգային լեզու դարձնել:

Նոյն խստութեամբ կը վերաբերիմ արեւմտահայութեան որոշ շրջանակներում ընդունուած խօսակցական այն ձեւին, որ իբր ներկայ շարունակական եղանակն է ապահովում խօսքի մէջ՝
կերթամէ, կուգամէ, կերթայէ, կուգայէ, կառնեյէ: Արեւմտահայերից ոչ ոք չի համարձակուի նման գռեհիկ ձեւը գրականացնել եւ օրինակացնել:

Եմ, ես, է: Ասում եմ, ասում ես, ասում է: Էական բայը է-ն է, ուստի՝ երրորդ դէմքի ա-ացման պարագայում տրամաբանօրէն եմ և ես բայերն էլ պիտի ա-անային, որպէսզի փոփոխութիւնը համահաւասար տարողութիւն ունենար լեզուի մէջ: Ասում ամ, ասում աս, ասում ա:
Բարբառները պաշտպանելիս, մտահան պիտի չի անել, որ նրանցից իւրաքանչիւրը ազդուել է տուեալ բարբառը խօսող համայնքը շրջապատող այլազգիների լեզուներից: Այստեղ չեմ խօսում բարբառային այն անգնահատելի գանձերի մասին, որ ժառանգ է մնացել հայերէնի աւելի հին վիճակներից:
Այախօսութեան մէջ պարզ երեւում է պարսկերէնի, նաեւ թուրքերէնի կովկասեան տարբերակի ազդեցութիւնը:
Թող ներեն ընթերցողները՝ եթէ նեղացնել չլինէր, ասելիքս ասած չէի լինի:

Մաղթում եմ արեւելահայերէնը միշտ կը հնչի է-ով: Ինչ վերաբերում է դասական ուղղագրութեանը, ապա խորհրդային տարիներին հրատարակուած լեզուաբանական գրքերում հայերէնը բացատրւում է դասական ուղղագրութեամբ, միշտ, ընթերցողի նկատողութեանը յանձնելով բառի նախկին ուղղագրութիւնը, որից յետոյ է ամէն ինչ հասկանալի ու պարզ դառնում: Վստահ եմ, որքան էլ անտեսուի դասական ուղղագրութիւնը, նա կայ ու կմնայ՝ հայերէնի հետ միասին:

Tigris
21.01.2010, 22:08
,,,,Լեզուական հարցերու վերաբերեալ հաղորդումի մը ընթացքին, հիւրը ըսաւ. «Մեր պապիկներից ու տատիկներից ենք ժառանգել»: Համաձայն եմ: Սակայն այլ հարց է, թէ, արդեօ՞ք պապիկներն ու տատիկները իրենց պապիկներէն ու տատիկներէն այդպէս ժառանգած են: Խօսքը բարբառներու մասին էր: Ինչպէս լեզուն՝ ընդհանրապէս, այնպէս ալ բարբառը՝ մասնաւորապէս, փոփոխական է:

,,,,Հիւրը կը պաշտպանէր բարբառի միայն քերականութենէն օգտուելու գաղափարը՝ որովհետեւ եթէ բառապաշարն ալ պաշտպանէր, ու անցեալին պաշտպանողներ շատ ըլլային, այսօր պիտի ունենայինք թուրք-արաբական բառապաշարով յղփացած հայերէն մը: Թուրք-արաբական՝ որովհետեւ արաբերէնէ թուրքերէն փոխառեալ եւ ատկէ ալ հայերէնի բարբառներն անցած բառեր են: Հնչիւնային յատկանիշներով թուրքական, սակայն բառակազմութեամբ ու արմատի ծագումով արաբական:

,,,,Բառի անհրաժեշտութեան մասին
Եթէ բառը անհրաժեշտ է լեզուին մէջ, յանապազօրեայ հացի նման ընդունինք մեր սեղանին, սակայն ի՛նչ ըսել անոր, որ կը գործածէ սուս (թուրքերէն «լռէ». արաբերէն չէ,), մինչ կայ հայերէն համարժէքը, որ լիովին կը բաւարարէ իմաստի հաղորդումը: «Արա, սուս մնա՛ մի քիչ»:
Ղափանցեանի վկայութեամբ, եթէ ճիշտ կը յիշեմ՝ գիրքը չունիմ, արա գոյականը կը նշանակէ ընկեր, եւ ծագումը հայկական է:
,,,,Սո՛ւս «լռէ՛», սուստա «լուռ» եկամուտ թրքերէն բառեր են խօսակցականի մէջ, սակայն բարեբախտաբար, գրական լեզուն մշակողները այսպիսիները դուրս շպրտած են, որովհետեւ կան հայերէն համարժէքները: Մեր նախնիքը, կ’երեւայ, շատ լսած են այս բառը մեր սիրասուն դրացի ազգի ներկայացուցիչներէն, եւ այդպիսով մոռցած են հայերէնը՝ տարբեր հայկական բնակավայրերու մէջ: Այդպէս եղած են այնթապցիները, որոնց բարբառի մասին կը վկայէ Աճառեանը՝ չեմ գիտեր որմէ տեղեկանալով ատոր մասին:

,,,,Լեզուական ժառանգի հարցը
Պապերէն ու տատերէն ժառանգ մնացած ըլլալը չի բաւէր, պէտք պատշաճ ու ընդունելի հայերէն մը ունենանք՝ ձգտինք անոր: Առտու՝ անկողինէն արթննալնուս պէս, փնթի տեսքով չենք ներկայանար մարդոց, շուկայ եւ փողոց, այլ՝ կը սանտրուինք, կը լուացուինք, կը կոկուինք, յետոյ կը ներկայանանք:

,,,,Մի՛ ամաչիր հայերէնից, մի՛ ամչնար հայերէնէն
Հայերէնի արեւմտահայ տարբերակը խօսողներու շրջապատէն արեւելահայ տարբերակը խօսող շրջապատ տեղափոխուող անձը, -նաեւ հակառակ պարագան,- յաճախ չտարբերելու համար նոր շրջապատէն՝ կ’ընդունի նոր շրջապատի լեզուական լաւն ու վատը, ընտիրն ու աղբը (նկատի ունիմ հայկական «սերիալներու» լեզուն):
,,,,Ահա թէ ի՛նչպէս երեւանցի զարգացած ու կրթուած անձը, որու բնիկ լեզուին մէջ կայ երեխայ բառը, երբ յայտնուի արեւմտահայկական շրջապատ, չտարբերելու համար միւսներէն, կը խօսի լեզուն (արեւմտահայերէնը) ինչպէս որ կը լսէ՝ «մեղք է չօջուխը»: Մենք ունինք «երեխայ» եւ «մանուկ» հայերէն հիասքանչ բառերը, հետեւաբար պէտք չունինք «չօջուխ»ին:
Կը հաւաստեմ՝ այն ինչ որ փոխել կուզես, ժամանակի ընթացքին կը փոխուի: Կամք պէտք է:
Գիտենք որ արեւմտահայ գրողները գործածած են նմանատիպ բառեր, սակայն միայն մէջբերելու համար պատմուածքի մը հերոսին բառերը, որպէսզի բնական ու հարազատ ըլլայ խօսքը: Այդ չի նանակէր, թէ հայերէնի արեւմտեան գրական տարբերակի բառապաշարին մաս կազմեցին նմանօրինակ բառերը: Սակայն նոյն մօտեցումը չենք տեսներ սովետահայ լեզուագէտներու տրամաբանութեան մէջ. եթէ բառ մը գործածուած է գրողի մը գործին մէջ՝ ուրեմն հայերէնի բառապաշարին մաս կը կազմէ:

,,,,Մէջբերում, «ԺՀԼԲԲ».
Սուս, 1. մ. Լուռ, անձայն, անծպտուն, առանց ձայն՝ ծպտուն հանելու: Բա մենք սուս պիտի նստե՞նք (ԱԲ): 2. մ. Կամաց, մեղմ: Շարժուեց ալիք, հովը թռաւ՝ Աղբիւրը սուս կլկլաց (ՇԿ): 3. ա. (հզվդ.) Լռակեաց, ձայն՝ ծպտուն չհանող, սուսիկ: Շատ սուս մարդ է: 4. ձ. Լռելու՝ լռեցնելու նշան՝ լռի՛ր: — Ո՞ւր գնացին ծաղիկները:— Սուս, քնած են հողի տակ (ՅԹ): ◊ Սո՜ւս անել՝ կենալ—լռել: Թուսեանը միանգամայն սուս էր արել (Ն): — Բաս ինչ կանես, որ սուս չես կենալ (ՅԹ):Սուս ու փուս— բոլորովին լուռ, անձայն: Առաքել ամին սուս ու փուս վայր իջաւ կտուրից (ՆԶ):

,,,,Հակուած եմ ըսելու՝ բնաձայնական ծագումով թուրքերէն սուս բառը հայերէն չէ՝ թէեւ լայնօրէն գործածական է:
,,,, «Արմատականը» ունի այս.
ՍՈՒՍ«մատուտակ» Բժշկական. ունի միայն ՀԲուս. § 2806:
=Արաբերէն կամ պարսկերէն سوس sūs «մատուտակ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 249 և Steinschneider WZKM 12, 99):—Աճ.
Այսինքն՝ հինէն չէ աւանդուած, գրաբարի մէջ չկայ. հին հայերը չունէին այս բառը՝ սուս «լռութիւն, լռէ՛»:

,,,, «Մաքրամոլներուս» դէմ հակաճառողները կ’ըսեն, թէ հայերէնի բառապաշարը կազմուած է փոխառեալ բառերէ: Ճիշտ է, բայց ո՞ր իրանական ժողովուրդը այսօր կը գործածէ պաշտպան բառը, որ պահլաւերէն աւանդուած չէ, աւելին՝ աւանդուած պահլաւական ձեւն է փուշտիպան: Սակայն բառի կազմութիւնը կը խօսի իրանական ծագման մասին: Հայերէնի փոխառած իրանական ծագումով բառերը, վաղնջեան ժամանակներէն գործածող չունին՝ հայերէն բացի: Դեռ աւելին՝ պահլաւերէն շատ բառերու միակ վկայարանը հայերէնն է: Ուրիշ բառեր, փոխառնուած են մեռած ու անհետացած լեզուներէ: Չստուգաբանուած բառերը հայերէն չհամարելու ոչ մեկ հիմք ունինք:
Կայ նաեւ արանք բառը, որ թուրքերէն արա (ժամանակի եւ կամ տեղի միջեւ տարածք) բառի հայացուածն է՝ -անք ածանցով:

,,,,Արեւելահայ գրական լեզուն մշակողները մաղելով մաքրեր են բազմաթիւ օտար ու անպէտք բառերը. մնացեր են մի քանին՝ սուս, արանք եւայլն: Նոյնը պատահած է արեւմտահայերէնի պարագային: Հայերէն լաւ գիտցող գրագէտները անպէտք համարած են այն ինչ որ գրաբարը կամ միջին հայերէնը արդէն ունին, ուստի թափած են: Այլապէս մենք կունենայինք հարիւրաւոր բառեր, որոնց պէտքը չզգացուիր այժմ: Փոխարէնը՝ բազմաթիւ հին գրական բառեր, անգործածական դառնալով, մոռացութեան պիտի մատնուէին, եթէ չվերակենդանանային:

,,,,Անհրաժեշտ համարուող բառերու մասին
Հիմա, եթէ ըսեմ հեքիաթ բառը աւելորդ եկամուտ բառ մըն է, իսկոյն բողոքաւորները պիտի հակաճառեն, թէ՝ պատմութիւն, պատում եւ առասպել բառերը չեն կրնար փոխարինել հեքիաթ-ը, որովհետեւ այն ուրիշ իմաստ ունի, եւայլն:
,,,,Ուրեմն՝ նախքան Հայաստանի արաբական գրաւումը, հայ տատիկներն իրենց թոռներուն հեքիաթներ չեն պատմած: Հեքիաթ حكايات, արաբերէն հիքայա حكاية «պատմութիւն» բառի յոգնակին է պարզապէս: «Հազարումեկ գիշերներ»ը հեքիաթ են՝ օրինակի համար:
,,,,Արաբները առասպել իմաստի համար ունին ըստուրա إسطورة, որ յունարէն historia բառն է փոխառեալ:
Մեր առասպելը («մտացածին սուտ պատմութիւն») սքանչելի բնիկ հայկական բառ մ’է՝ առ նախդիրով եւ սպել մոռցուած արմատով: Անգլերէն spell-ը նոյնն է: Գոթերէն spill «առած, ասացուածք, պատմութիւն». Հին սաքսոներէն spell «խօսք», god-spel «Աւետարան». Հոլլանդերէն spellen «երազ մեկնել», գերմաներէն bei-spiel «օրինակ», եւայլն:
Բայց մենք յամառօրէն հեքիաթ բառը պիտի գործածենք:

Tigris
15.03.2010, 20:44
Հանրային հեռուստատեսութեան «Մենք հայ ենք» նախագծի Մաշտոցին նուիրուած հաղորդման ընթացքում, քաղաքական գործիչ Պարոյր Հայրիկեանը ընդվզեց.–«Իբրեւ թէ յարգում ենք Մաշտոցին, բայց իրողապէս դաւաճանում ենք նրան՝ չկիրառելով նրա կարգած ուղղագրութիւնը»- մօտաւորապէս այս միտքը ասելով:
Պատմաբան Վիրաբեանը հակադարձեց, ասելով, թէ շարքային հայը, ժողովրդի 90 առ հարիւրը, չգիտէ գրել հասարակ մի դիմումնագիր, ուստի արդարացուած չէ դասական ուղղագրութեան վերադարձի կոչը, քանզի ժողովուրդը էլ աւելի անգրագէտ է լինելու:
Մի այլ հակաճառող ասաց, որ Մաշտոցն ստեղծել է 36 տառ, մինչ դասական ուղղագրութեամբ օգտագործւում էր 38 տառ՝ Օ և Ֆ տառերը յաւելուած:

Ամերիկացի ծերակուտականները (սենատորները) մերժում էին Հայկական Ցեղապսանութեան օրինագիծի ընդունումը, սակայն չէին մերժում այդ ոճիրի իրականութիւն լինելը. պարզապէս աննպատայարմար է, ըստ նրանց, Ցեղասպանութեան ճանաչումը:
Նոյն ոգով, երեք հոգի մերժեցին Հայրիկեանի դիմումը:

Սովետական ուղղագրութիւնը ի գործ դրուեց հենց անգրագիտութան դէմ պայքարի բովում: Եթէ չի վերացել, մինչ այսօր, այդ անգրագիտութիւնը, անիմաստ է դարձել «բարեփոխման» պատճառաբանութիւնը, պատճառաբանութեամբ նաեւ՝ նոր ուղղագրութիւնը:
Օ տառը նորութիւն չէ, այն իրողապէս Ա+Ւ տառերի միացումն է՝ աւճառ<օճառ: Հետեւաբար ճիշտ չէ համարել նոր տառ:
Ֆ-ի մասին կարելի է վիճել, որպէս աննշան ներդրում՝ բուն հայերէնի առումով, սակայն անհրաժեշտութիւն դարձած աւելում՝ փոխառեալ բառերի տառադարձման առումով:
Մաշտոցը ստեղծել է լատինական O հնչիւնը ունեցող հայկական տառ. այն չէր կարող չստեղծուել, քանզի հայերը ունէին, ու միշտ ունեցել են Օ հնչիւնը՝ բառի սկիզբը, մէջտեղը եւ վերջը: Այդ տառը Ո-ն է, որ Մաշտոցի օրերը (իսկ հիմա՝ նաեւ բարբառերում) հնչում էր Օ: Այսինքն՝ «որոշ» բառը չէր արտասանւում voroš, այլ՝ oroš:
Այդպէս են արտասանւում՝ օ-ով, մի շարք հայերէն բառեր, բարբառներում, քանի որ պահպանել են գրաբարեան արտասանութիւնը: Այդպիսիներից է «որ» շաղկապը (արտասանւում է օր), ողորմի (օղորմի) բառը եւ այլն:

Tigris
15.03.2010, 22:31
Բոլոր ազգերը իրենց գրաբարը ունեցած են, այսինքն լեզուի այն վիճակը, որ կերտուած է ազգային պետութեան ծաղկումի ժամանակ:
Արաբական ազգային կրօնքի՝ իսլամի ի յայտ գալով, Արաբական թերակղզիի Հիջազ գաւառի արաբներու լեզուն պետական լեզուի կարգավիճակ ստացաւ: Իսլամը գրուեցաւ արաբերէնով: Ապա յաջորդաբար կազմուեցան Օմայեան եւ Աբբասեան խալիֆայութիւնները, որոնք ուժեղ արաբական պետութիւններ էին:
Անցան1400 եւ աւելի տարիներ: Շատ ջուր հոսեցաւ կամուրջին տակէն: Իրար յաջորդեցին տարբեր օտար պետութիւններ, յետոյ արաբախօս ժողովուրդները անկախացան մեկը միւսէն շատ հեռաւոր տարածքներու մէջ՝ Եմենէն մինչեւ Մարոք, Միջագէտքէն մինչեւ Մաւրիտանիա: Ասոցնմէ ոչ մեկ հաւաքականութիւն չէր գործածէր 1400 տարուայ հնութիւն ունեցող գրաբար արաբերէնը: Խօսակցական, աշխարհաբար արաբերէնն էր տիրական լեզուն: Սակայն ոչ ոքի միտքէն անցաւ խօսակցական արաբերէնը գրականացնել, կրթութեան, հաղորդակցութեան լեզու դարձնել: Բոլորն ալ, 22 արաբական պետութիւնները, վերադարձան գրաբար արաբերէնին՝ Արաբի Ֆուսհային: Այսպիսով վերականգնեցաւ արաբական միութիւնը՝ լեզուի միջոցով:
Այսօր, Մարոքի, Ալժիրի խօսակցական արաբերէնը անհասկանալի է Իրաքի, Սուրիայի արաբներուն, եւ հակառակը նոյնպէս: Բոլոր արաբները իրար հիանալի կը հասկանան, միայն գրաբար արաբերէնի շնորհիւ:
Գրաբար արաբերէնը հասկընալի է բոլոր արաբներուն, քանի որ այն ուսուցման, կրթութեան, հաղորդակցութեան, հեռատեսիլի եւ գրականութեան լեզուն է:
Բացի այդ, միայն գրաբար արաբերէնը ունի լեզուական այն հարստութիւնը, որ պէտք է լեզուի մը՝ օտար լեզուէ մը թարգմանութիւն կատարելու համար: Գիտական գրութիւններ աշխարհաբար արաբերէնով չեմ կրնար երեւակայել իսկ: Աշխարհաբար արաբերէնները չեն մշակուած, չեն հարստացուած՝ գրաբար արաբերէնէն փոխառեալ բառերով ու ձեւերով (այնպէս որ մշակուած են գրական աշխարհաբար արեւմտահայերէնն ու արեւելահայերէնը):
Արաբական որոշ բարբառներ հասկընալի են արաբական աշխարհի ժողովուրդներուն՝ շնորհիւ ֆիլմարտադրութեան բարձր մակարդակին, որմով կը յատկանշուին այդ բարբառները խօսող արաբական ժողովուրդները: Գեղեցիկ չեն:
Նորոյթ է, վերջերս, օտար սերիալներ ու ֆիլմեր թարգմանել աշխարհաբար արաբերէնով, յատկապէս Լիբանանասուրիական բարբառով: Որքան տհաճ է լսել այն, քանի որ վարժուած ենք լսել գրաբար արաբերէնը, սովորած ենք՝ սովորոյթ դարձած է լսել գրաբար արաբերէնը, 1400 տարուան հնութիւն ունեցող լեզուն: Որքան տհաճ է լսել աշխարհաբարը, ու որքան հասարակ ու գռեհիկ կը հնչէ, աղքատ ու թշուառ՝ գրաբար արաբերէն լսելու վարժ մեր ականջներուն:

Գրաբար արաբերէնն ալ, իհարկէ, ինչպէս ամէն լեզու, ունի փոխարեալ բառեր: 1400 տարի առաջ արձանագրուած այդ լեզուն, իր մէջ ունի յունարէն, հնդկերէն, պարսկերէն եւ մանաւանդ ասորերէն բառեր:

Tigris
16.03.2010, 13:00
Արդեօք ովքե՞ր են, ի՞նչ կտրիճներ են

Արդեօք ովքե՞ր են նոր փոխառութիւնների պաշտպանները: Ինքնութիւնը, ինքնաճանաչումը, ինքնորոշումը իդենտիֆիկացիայով ճանաչողները:
Էքստերիերի եւ ինտերիերի: Իտալերէն էլ սովորե՞նք:

Մեզնից ո՛վ կարող է ասել, թէ տիրապետում է հայերէնի ողջ հարստութեանը, բառապաշարին: Երեւի թէ քչերս, տասնեակներ: Հետեւաբար, մտածում եմ, նոր ժամանակների օտար փոխառութիւների մեծ մասը մուտք է գործել հայերէն, նրան բաւարար չտիրապետողների միջոցով:
Ժամանակ անց, սովորական կլինի, մենք էլ վարժ՝ էքստերիերի եւ ինտերիերի. բանաստեղծութիւնների մէջ էլ կգործածուեն նման բառեր:
Ինչո՞ւ: Որովհետեւ հայերէնը կարիք ունի դրանց, որովհետեւ աւելի հեշտ է պատրաստը, fastfood-ը իւրացնել, քան թէ լեզուն ուսումնասիրել, ճանաչել, ու նրա հարստութիւնից օգտուել:
Լեզուի պետական տեսչութիւնը չի տեսնում լեզուի ապապետականացումը:

Ի դէպ՝ այս երգի բառերն են հայկականը, երաժշտութիւնը քրդական մի հին երգից է վերցուած:

Tigris
23.03.2010, 19:02
«Իսկապէս շատ զգացուած եմ. ինծի համար շատ հպարտառիթ է»
Ծանօթ խօսքերը շատ ենք լսել, մանաւանդ «իսկապէս զգացուածներից»:
Այս «իսկապէս»ը, կարծում եմ, առաջացել է այնպիսի հաւաքականութիւնների մէջ, ուր իսկութիւնների սղութիւն կայ, եւ ընդհանրապէս մարդիկ կեղծաւոր են իրենց արտայայտութիւններում, ուստի կարիք են զգում «իսկապէս» ասելու,՝ հաւատացնելու համար, որ այս անգամ իսկապէս են ասում: Ժամանակ անց, սովորութիւն դառնալով, «խօսքի բերում», «արտայայտչաձեւ», «բացման խօսք», «բացականչութիւն» են դառնում:
Ուրեմն, մարդու ամենաշատ գործածած բառերը ուսումնասիրելով, կարող ենք յանգել եզրակացումների՝ տուեալ անձի պատկանած հաւաքականութեան արժէհամակարգի, բարոյական եւ հոգեբանական իրավիճակների մասին:

«Ուղղակի շատ զգացուած եմ»
Անուղղակի զգացուած լինելը ո՞րն է: Այսինքն զգացումների եւ յուզումների ալիքները ուղղակի իջել են սիրտ, կամ զգացումների ընկալման մի այլ ընկալող անդամ (receiver): Ի՞նչ հարկ կայ ասելու, թէ որ ուղիներով է ընկալուել զգացմունքը՝ ուղղակի թէ անուղղակի, ուղիղ թէ կոր. կարեւորը դրանց ընկալումն ու վկայումը չէ՞:
Այստեղ սխալ չկայ, ուղղակի՝ «ուղղակի» բառը լսելուց յոգնել եմ, մի քիչ էլ ուրիշ բառ կարող ենք ի գործ ածել, գոնէ ժամանակաւորապէս:

Tigris
07.04.2010, 16:20
,,,,Միակ հայկական կառոյցը, որի գոյութիւնը Սփիւռքում անհրաժեշտ է, դա հայ դպրոցն է: Սրա կարեւորութիւնը ոչ բոլոր հայկական համայնքներն են զգում: Եկեղեցի, ակումբ, մշակութային միութիւն, թատրոն, երգ ու պարի համոյթ, եւ այլն, բոլորը, բոլորը անիմաստ ու աւելորդ են, եթէ նրանցում գործող հայ մարդը չի անցել ու չի դաստիարակուել հայ դպրոցում: Տակաւին, աւելորդ ու անիմաստ է Հայ Դատի պայքարը, Ապրիլ 24 տօնելը, Զատկին եկեղեցի գնալը, եթէ սրանք անողի լեզուն հայերէն չի բարբառում հարազատօրէն: Հայը պէտք է, եւ թող իմանայ, թէկուզ 10 լեզու, բայց նրա առաջին ու հիմական լեզուն հայերէնը պիտի լինի, որպէսզի մտածէ հայերէն, զգայ հայօրէն եւ ապրի հայութեամբ:
Բոլոր փոքր ազգերի ինքնապաշտպանական բնական ու արդար բնազդին է պատկանում ինքնուրոյնութիւնը պահելու մղումը: Ինքուրոյնութեան հիմնականն ու անտեղիտալին լեզուն է, իր հին ու նոր վիճակներով, գիրով ու գրականութամբ, բարբառներով ու գրականով, արձանագրուածով ու բանաւորով:
,,,,Ոմանք, իբրեւ «ազնուականութեան» դրսեւորում, իրենց որդիները տալիս են օտար կրթարաններին, իբր այդ դպրոցները գնացող երեխաները օտար լեզուներին լաւապէս տիրապետելով, կեանքի ասպարէզներում աւելի յաջողակ են լինում: Թող ներեն այդ ծնողները, եթէ ասեմ տգէտ են, քանի որ աչք ծակող փաստ է հայեցի կրթութիւն ստացած եւ կեանքի գրեթէ բոլոր ասպարէզներում բացառիկ յաջողութիւններ ունեցած հայերի գոյութիւնը:

Tigris
09.06.2010, 11:16
«Որքան լեզու գիտես, այդքան մարդ ես»

Եթէ մեկ լեզու գիտես, այդ չի նշանակում թէ մարդ չես, մարդկութիւնից հեռու ես: Բայց, որքան շատ լեզու իմանաս, այդ լեզուով խօսող ազգերի պատմական, հոգեւոր եւ մշակութային փորձառութիւնը կրած կլինես, ինչի հետեւանքով այդքան մշակութային իմաստով գունեղ, հարուստ մարդ կլինես:

Լեզուն մտային աշխատանքի ամփոփում է: Դարձուածքներ, ասացուածքներ, առածներ թեւաւոր խօսքեր՝ սրանք բոլորը դաստիարակիչ եւ կրթիչ յատկութիւններ են, որոնցով լեզուները արժեւորւում են:
Լեզու իմանալ՝ նշանակում է նաեւ սրանց տիրապետել, եւ ոչ միայն բառերի իմաստները իմանալ:

Մայրենի լեզուն, մեր պարագայում Հայերէնը, ամէն մտայինի հիմքն է, որի վրայ կառուցւում, բարդւում ու աւելանում են միւսները:

Tigris
04.11.2010, 20:47
Հասկանալի է՝ Խորհրդային երկրում ամէն ազգային ու ազգայնական թերարժեւորման ենթարկւում էին. ի պատուի էին ռուսերէնն ու ռուսականը: Իսկ հիմա՞:
Հեռուստատեսութեամբ ելոյթ են ունենում մարդիկ, ովքեր չգիտեն հայերէն, չեն հասկացել իրենց ողջ կեանքում, որ պէտք է լաւապէս հայերէն իմանալ եւ խօսել:
Այս մարդիկ խօսում են ազգից ու հայրենիքից, Հայաստանի ճակատագրից ու ապագայից, քաղաքականութիւնից, Հայկական Աշխարհից, սակայն հայերէն չգիտեն:
Չգիտեն, քանի որ այսքան տարի է չեն գտնուել մի այնպիսի միջավայրում, ուր մարդկանց այպանում են, «ամօթ է» ասում են՝ հայերէն չիմանալու պատճառով:
Նրանց աղքատիկ ու անգրագէտ հայերէնը նախընտրելի է գրագէտ օտար լեզուից:
Այո, պէտք է լինել խստապահանջ: Թող խօսեն հայերէն, նոյնիսկ եթէ ամաչեն իրենց հայերէնից: Թող ամաչեն իրենց անկատար հայերէնից, որպէսզի լաւ սովորեն հայերէնը:
Մեր եկեղեցիները, տուները, դպրոցները, մշակութային ակումբները, հեռուստաալիքները, օդանաւերը, հիւպատոսարանները, պետական-վարչական կառոյցները հայկական հող են: Հայկական հողում պէտք է խօսուի միայն հայերէն: Օդանաւն ու հիւպատոսարանը եթէ չափազանցութիւն եղան, ապա հեռուստատեսութիւնն ու եկեղեցին երբէք չափազանցութիւն չեն:
Օտարներին հայութիւն ու Հայաստան քարոզելու համար կարելի է նոյնիսկ Ուրդուով հեռարձակւող հեռուստաալիք ունենալ, սակայն հայերի համար հեռարձակւողը ինչպէ՞ս հայերէնով չանել: Այդ կնշանակէ հայերէնի հանդէպ յարգանք եւ պատկառանք չունենք, նրանով չենք պայմանում Հայ ազգի գոյութիւնը:
Հայերէնն ու Հայութիւնը դաշնակից են, որոնցից մեկի թուլութիւնը միւսի թուլութիւնն է:
Առանց հայերէնի անիմաստ են ամէնը:
Այսօր, ես չեմ կարողանում ընկալել անգլիախօս Իռլանդիա: Անգլիախօս Իռլանդիա՝ նշանակում է անգլիական մի երկիր, որ ունի առանձին պետութիւն եւ առանձին տարածք, բայց ոչ առանձին ազգութիւն: Այդ մեկը անցեալին կը պատկանի: Հիւսիայինն էլ անգլիական մի մարզ է պարզապէս:

Tigris
06.12.2010, 19:49
Լեզուներ կան իրար նման են հնչում, սակայն ազգակից չեն: Չեմ կարողանում անուանել կամ գիտական բացատրութիւն տալ այս երեւոյթին:

Հունգարերէնը հնչում է մի տեսակ պարսկերէնի նման,- սա իմ առաջին տպաւորութիւնն է եղել, հիմա յստակ զանազանում եմ: Թէեւ ալթայական լեզուաընտանիքին է պատկանում, ու պարսկերէնից շատ հեռու է, սակայն ձայնաւորները, որ կան երկու լեզուներում, տալիս են վերոյիշեալ թիւր պատկերացումը:

...Կարծում եմ հին պոլսահայերը այսպէս չէին խօսում (Ռոբեր հատտեճեանը զոր օրինակ): Մի տեսակ «ը» ձայնաւորը թուրքական «ը»-ի նման է հնչում:

Երեսուն թէ քառասուն տարի հայաշատ Հալէպում ապրող հայեր, ովքեր Միջագետքից են եւ ազդուել են արաբերէնի միջագետքեան առոգանութիւնից, դեռ եւս մատնում են իրենց ծննդավայրը՝ խօսելով մի տեսակ միջագետքեան հայերէն, որ Տիգրանակերտի բարբառի եւ արաբերէնի ուժեղ ազդեցութիւնն ունի:

Հայերէնից եւ թրքերէնից հաւասար հեռաւորութեամբ կեցող մի արաբ հարց տուեց՝ արդեօ՞ք նման են կամ ազգակից: Երկու լեզուներն էլ չգիտէր: Բանակում էի: Մի քիչ վիրաւորուեցի, քանի որ բացարձակ նմանութիւն ու ազգակցութիւն չկայ: Ի՞նչ է պատճառը, որ արաբի մտքում այս հարցը ծագեց, ինչպէս իմ մտքում ծագեց հունգարերէնի եւ պարսկերէնի նմանութիւնը:

Երկու լեզուներն էլ ունեն «չ», որ չունի արաբերէնը, երկուսն էլ չունեն արաբերէնի կոկորդայինները (Իստանպուլեան թուրքերէնը չունի): Երկուսն էլ չունեն կարճ ու երկար ա, ու, ի ձայնաւորները, ինչպէս արաբերէնը: Սակայն կայ գլխաւորը՝ թուրքերը ապրելով հայկական ու անատոլիական-հելլենական միջավայրում, փոխուել են, թէեւ մինչեւ այսօր նրանց միջինասիական հնչիւնները կան տեղ-տեղ:

Մանաւանդ Թրակիայի եւ յարակից շրջանների թուրքերը ծագումով թուրք չեն, բալկանեան գաղթականներ են՝ թրքախօս դարձած՝ սլաւոնախօսութիւնից կամ ալբանախօսութիւնից:

Արդի թուրքերէնի կնքահայր Քեմալն ինքը անատոլիացի թուրք չէր, ուր այդ լեզուն որոշ չափ պահել է միջինասիական թրքականութիւնը, թրքերէնի բնիկ հնչիւնները:
Հետեւաբար, թրքական հեռուստատեսութիւնից հնչող թրքերէնը լսողը պիտի կարծի ինչ-որ եւրոպական լեզու է խօսւողը: Ինչ որ է: Իսկ թուրքերէնի ադրբէջանական տարբերակը (Աճառեանի բառով՝ արեւելաթուրքերէն) լսողը պիտի կարծէ պարսկերէն, որի հնչերանգներով են արտայայտւում նրանք:

Այսինքն, արտաքին ազդակները միշտ էլ եղափոխում են մարդուն, եթէ նա ամուր չի կարչած իր արեան կանչին: Կարչելու պէտք չկայ. թոյլ տուր գործելը եւ նա քեզ կուղղի: Արեան կանչ, հոգիի կանչ, եւ ամէն տեսակ կանչ, որ մարդու Է-ից է բխում:

Որքան էլ տարօրինակ թուի, երբ լսեցի չերքեզերէն, Յորդանանի բնակիչ չերքեզներից, ինձ թւաց ասորերէնի նման, որը մօտ կամ հեռու ազգակցական կապ չունի Հիւսիս արեւմտակովկասեան լեզուների հետ:
Լեզուի առոգանութիւնն այդ տպաւորութիւնը տուաւ:

Եբրայերէն սփռող լրատուամիջոցներից լսում եմ. գործածում են վերակենդանացած եբրայերէնը, որ Մարիամի որդու Յիսուսի ժամանակներում արդէն մեռած լեզու էր (ոմանք ասում են եբրայեցերէն). Տաճարային լեզու էր, այդպէս էլ մնաց դարեր շարունակ:
Ինձ թւում է՝ մեր թւարկութիւնից հազարաւոր տարիներ առաջ գործածուած եբրայերէնը տարբեր պիտի հնչեր, քան ինչ կը հնչուի այսօրուայ հրեայի լեզւով: Մի տեսակ՝ բաղաձայնները բնիկ սեմական չեն կարծես: Բնօրինակին աւելի մօտ են արտասանում, կարծեմ, Եմենից գաղթած հրեաները:

Գալով մեզ, շատ հետաքրքրական պիտի լինէր, եթէ հրաշքով արձանագրուած լինէր տարբեր դարերում հայերի հնչած խօսքը: Որքան էլ գիրը պահպանէ լեզուն, դարձեալ չի կարող լեզուի առոգանութիւնը հարազատութեամբ պահել: Գրով լեզու սովորողները այն արտասանում են ինչպէս մի երգչախումբի անդամը արտասանում է օտար լեզւով գրած երգի տեքստը:

Լեզուն որքան էլ հետագայում սովորի մեկը, չի կարող նրա հնչեղութիւնը իւրացնել, ինչպէս իւրացնում է առաջին բառերը սովորող երախան, մօրից, ու դառնում է նրա մայրենին:
Դարեր շարունակ բնական ճանապարհով փոխանցւող լեզուի հնչեղութիւնը փոխւում է:

Ինչպէս հունգարերէնը «խուլ», «խոր», «տափակ» եւ հնադարեան է հնչւում մեր ականջին, նմանապէս մեր նախագրաբարեան՝ Երուանդունիների ժամանակի հայերէնը կարող է այդպէս հնչել մեր լսողութեանը, եթէ հրաշքով արձանագրուած լինէր ու մեզ հրամցուէր:

Հայաստան առաջին ներգաղթողների ներկայացուցիչները երբ խօսում են, հեռուստացոյցով, մատնում են իրենց արեւմտահայ առոգանութիւնը: Ձայնի որակից շուտով գտնում եմ՝ առանց կարդալու կամ իմանալու խօսողի ո՛վ լինելը: Արեմտահայի ձայնը տարբեր է. մեղմութիւն կայ:
Ոմանք չեն սիրում «կոշտ» հնչող արեւելահայերէնը: Արեւմտահայերէնի «նրբութիւնն» ու արեւելահայերէնի «կոշտութիւնը» մեկնաբանելը մասնագիտութիւնիցս վեր դասելով, կարող եմ ենթադրել բնակլիմայական պայմանները, որի ազդեցութեամբ է ձեւաւորուել արեւմտահայերի ծայրարեւմտահայկական արտասանութիւնն ու հնչողութիւնը: Ծովը, համեմատաբար մեղմ կլիման, միջերկրականեան հողի բերքը...:

Ես միշտ ասել եմ, տարբեր տեղեր, ու նորից կասեմ, որ հայերէնը իր ամբողջութեամբ, բարբառներով, գրական տարբերակներով, արտասանութիւններով, իմն են: Ես սիրում եմ նրա բոլոր դրսեւորումները՝ ոչ որպէս պարտականութեան գիտակցում, այլ արեան կանչ, քանի որ Արեւմտահայաստանի եւ Կիլիկիայի մեծ քաղաքներու բնակիչներս սերուել ենք հաւասարապէս պատմական Հայաստանի տարբեր գաւառներից եկած հայերից: Նրանք փախչելով սելջուկներից եւ թաթարներից՝ եկել հաստատուել են արեւմուտք:

Չեմ սիրում ֆրանսերէն աքսանով խօսւող արեւմտահայերէնը եւ ռուսական ակցենտով խօսւող արեւելահայերէնը:
Սիրում եմ արեւմտահայերէնի նման հնչող արեւմտահայերէնը եւ արեւելահայերէնի նման հնչող արեւելահայերէնը:

Որեւէ լեզուի, նաեւ հայերէնի, գրական տարբերակը կազմաւորւում եւ զարգանում է տուեալ երկրի կենտրոնական, մշակութային եւ քաղաքական նշանակութիւն ունեցող քաղաքում: Գրաբարը՝ Վաղարշապատում, Արեւմտահայերէնը՝ Պոլսում, Արեւելահայերէնը՝ Թիֆլիսում են կազմաւորուել:

Սակայն լեզուն չի կարող լինել թաղամասային կամ արուարձանային երեւոյթ: Այն յոյժ կապակցուած է նրա հայրենիքի բնաշխարհին: Վաղարշապատում արձանագրուած գրաբարը սնուել է Արարատեան դաշտի բնաշխարհում ապրող ժողովրդի լեզուից՝ գիւղից քաղաք մշտապէս հոսքի շնորհիւ: Միամտութիւն է կարծել նաեւ, որ գրական արեւելահայերէնն ու գրական արեւմտահայերէնը վերոնշեալ քաղաքների արգասիքն են: Ծոփքի, Բարձր Հայքի, Փոքր Հայքի աւաններից, քաղաքներից ու գիւղերից Պոլիս գաղթած եւ հայրենի բնաշխարհով ապրած-սնած հայերի կանոնաւորած եւ կազմաւորածն է գրական արեւմտահայերէնը: Գրական արեւելահայերէնն էլ, նոյնպէս, Արարատեան, Գուգարաց եւ Սիւնեաց աշխարհներից սնուած հայերի թիֆլիզաբնակ ներկայացուցիչների կազմաւորածն է:

Այսինքն՝ միշտ երկրի օդը, հողն ու ջուրն է օգնում. դրանցով հաղորդուած մարդն է մեծ քաղաքում կանոնակարգել եւ գրական տեսքի է բերել լեզուի գրական արդի տարբերակը:

Կտրուած լինելով հայ գիւղից, հայրենի բնաշխարհի կլիմայական պայմաններում կոպտացած ու նրբացած լեզուի լեզուակիրներից, քաղաքային գաղութներում ապրող սփիւռքահայի հայերէնը ազդւում է շրջապատող լեզուների առոգանութիւնից եւ հնչեղութիւնից:
Էլ Արաբկիրից, Ակնից, Բալուից հայեր չեն գալիս, ու չեն յիշեցնում քաղաքաբնակ նոր պոլսեցուն, դամասկացուն, հալեպցուն՝ լեզուի սկիզբը, բունը, արմատը, հայրենի բնութեան ձայների հետ ունեցած մայրենիի ներդաշնակութիւնը: Ու նրանք սկսում են հայերէնը հնչել պոլեցի թուրքի նման, միջերկրականցի ֆրանսիացու նման, ծովեզրաբնակ արաբի լեզուի ելեւէջներով ու եղանակներով:

Ուրեմն՝ լաւ արեւմտահայերէն խօսելու համար ականջ պէտք է տալ հայրենի լեռներում փչող հովին, առուակների կարկաչին, հողի տարերքին, խօսող քարերին ու վանքի շարականին...

Սարոյեանը, որի սիրտը լեռներում է, իր «կտրուկ» արեւմտահայերէնով գուցէ աւելի ճիշտ է հնչեցնում արեւմտահայերէնը, քան՝ նրանից աւելի ընդարձակ բառապաշար ունեցող ու քերականութիւն իմացող իր համաքաղաքացին, որի սիրտը Վեգասում է, կամ Լոնգ Բիչում:
Վերջինս խօսում է հայերէն, ինչպէս ամերիկեան անգլերէնը, քանի որ ազդուել է ամերիկեան միջավայրից ու կրում է այդ բնաշխարհի ազդեցութիւնը, ինչի պատճառով վերոյիշեալ անտեղեակ անձը, որ հաւասարապէս հեռու է անգլերէնից ու հայերէնից, այս անգամ հնչող հայերէնը պիտի նմանեցնէ ամերիկեան անգլերէնին եւ հարց տայ՝ «Արդեօ՞ք հայերէնն ու անգլերէնը նման լեզուներ են»:
Եւ մենք այս անգամ կը պատասխանենք՝ ոչ, նման չեն, հեռու են` 5000 (վերիվարոյ) տարուայ հեռաւորութեամբ մօտ են:

Tigris
08.12.2010, 21:05
ԽՈՐԵՆԱՑԻԻ ԱՐՏԱՇԷՍ ԱՐՔԱՆ

ԵՒ ՕՃԱՌԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑԸ



Քանակապէս փոքրաթիւ եւ քաղաքականապէս թոյլ ազգերին պատկանողները միշտ ձգտել են կրթուել ուժեղ ազգերի եւ պետութիւնների լեզուներով, որպէսզի մասնակցեն կայսրութեան քաղաքական կեանքին:
Մարդկային է ու բնական:
Այսպէս էր Արտաշէսից առաջ, հաւանաբար երկիրը հելլենամոլ էր դարձել. ու ծայրից ծայր հելլենական երեւալու ձգտում կար: Փոքր Ասիոյ բնիկների օրինակը աչքի առաջ:
Այսպէս էր նաեւ Մաշտոցի ժամանակ:
Ըստ Խորենացու, Արտաշէս հրամայեց հայերէն խօսել, քանի որ հզօր պետութիւն էր կառուցում ու կարող էր օրինակելի լինել՝ իրեն ձգել փոքր ազգերն ու ցեղերը:
Արտաշէս մեծ պետութիւն կազմեց եւ պետութեան հզօրութեանը համահունչ, ձեռնարկեց հայախօսութեան: Պետական պաճանջ էր զանազանուելը՝ հարեւան միւս հելլենական քաղաքակրթութեամբ տոգորուած պետութիւններից:
Եթէ այդպէս չանէր, Հայաստանի բնակիչները վաղուց պարթեւացած, թերեւս՝ վրացիացած, հելլենացած եւ ասորացած պիտի լինէին ու չհասնէին Մաշտոցի դարաշրջանին:
Մաշտոցի ժամանակ նոյնպէս երկիրը վտանգի տակ էր, Մեծ Հայքը մասնատուած էր, ծայրագաւառների բնակիչները օտարանում էին, պահլաւերէնը գրաւել էր ազնւականին ու ռամիկին, սակայն Մաշտոց չունէր Արտաշէսի հզօր թագաւորութիւնը: Վռամշապուհը Արտաշէս չէր: Ստեղծուեց Այբուբենը եւ հայի խօսքը արձանագրուեց, որպէսզի բնիկ լեզուն կարողանայ մրցակցել ախոյեան լեզուների հետ: Պետական շահի պահանջ էր:
Մաշտոցը, Սահակ Հայրապետն ու Արշակունի արքան չյուսահատեցան պահի իրավիճակից, այն, որ երկիրը կուլ է գնում իրենից մեծերի մշակոյթներին ու քաղաքական ազդեցութիւններին. հաւատում էին, որ Հայաստանը ապագայում կարող է մեծանալ, բարգաւաճիլ ու հզօրանալ, ուստի պէտք է ապագայ հզօր Մեծ Հայքի համար ստեղծել գրային համակարգ, աւանդել գրականութիւն, համակարգուած լեզու՝ ուղղագրութեամբ եւ քերականութեամբ:
Այլապէս պետականութիւն պահելը անիմաստ է. վասն ինչի՞ պահել առանձին թագաւորութիւն եւ պայքարել նրա գոյութեան համար, նոյն հեղինակութիւնը՝ որպէս իշխող դասակարգ, կարող էին վայելել նաեւ կայսրութեան մէջ՝ ձուլուելով նրա մշակոյթի ու տարածքի մէջ:

Արտաշէսներն ու Վռամշապուհները պահեցին ու զարգացնելով մեր օրերին հասցրին Հայ Ժողովուրդը:

Բնական է եւ մարդկային, որ Արտաշէսի եւ Վռամշապուհի կողքին, մեր ազգի մէջ, ունենանք սովորական մարդիկ՝ պա՜րզ, բնական ու ընթացիկ, ովքեր հայ են եւ այդպէս լինելը համարում են պատահականութիւն, հետեւաբար առաքելութիւն չեն համարում դրօշակակիրը դառնալ ժառանգութեան: Սրանք կարող են հայախօս լինել, պատահաբար, եւ կարող են հայախօս չլինել՝ դարձեալ պատահաբար:
Որեւէ մեկի հայախօս լինել-չլինելը չի բնորոշում նրա դրօշակակիր լինել-չլինելը, այլ՝ թէ նա որքա՛ն է նախանձախնդիր յաջորդող սերնդին փոխանցելու հայախօսութեան եւ հայութեան դրօշակը:
Ամբողջ համայնքներ, ընտանիքներ կարող են հայախօս չլինել, դժնդակ պատմական պայմանների բերումով, սակայն առաջին իսկ բարեբախտ առիթին աւելի հայանում են՝ հայախօս դառնալով՝ յաջորդող սերունդին հայեցի կրթութիւն ջամբելով, ինչին ձգտում են օտարախօս ծնողները:

Հայախօսների շրջապատում էլ կարող են լինել մարդիկ, ովքեր չեն գնահատում իրենց նախնիների զոհողութիւնները. նրանց հայ ծնելու համար, ու երբ հնարաւորութիւն են ունենում, փորձում են աւելի հզօր մի մշակոյթի ու ազգի հետեւորդ համարուել ու լինել:

Եւ կան մարդիկ, հայախօս կամ օտարախօս, ովքեր անպայման ուզում են հայութեան դրօշակը փոխանցել յաջորդ սերնդին՝ ջամբելով նրան հայեցի դաստիարակութիւն եւ հայերէն կրթութիւն:

Հայաքիչ քաղաքներից ու աւաններից հայերի ենք հանդիպում. փորձում են խօսել հայերէն, , սակայն դժուարանում են, բառեր չեն գտնում ու նրանց խօսքի՝ նախադասութեան մէջ գերակշռում են օտար լեզուի բառերը: Այդպիսիներից մեկի հայրը մուսալեռցի է, որդուց լաւ է խօսում հայերէն, իսկ որդին՝ արաբախօս յոյն մօրից ծնւածը, չի կարողանում առանց արաբերէնի հասկացնել միտքը, իսկ այս վերջինիս որդին մի օր պիտի յիշի որ ինքը հայ է՝ ազգանուան –եան բաղադրիչի շնորհիւ, քանի որ նրա մայրն էլ օտար է, իր հօրը մօր նման եւ օտարախօս:
Մեկ ուրիշը, Միջագետքում ծնւած ու Պարսից Ծոցի արաբական երկրում կեանքը անցկացրած, փորձում է խօսել հայերէն, չի լինում, նրան ազատելու համար մենք ենք խօսում տուեալ պահի ու վայրի հզօր լեզւով, որպէսզի հաղորդակցուենք:

Ընկերս նոր եկաւ Այնթապից, ուր գնացել էր գործով: Թուրք գործարանատէրը խօսում է արաբերէն, քանի որ ընկերս լաւ չգիտէ թուրքերէն: Ընկերս հարցնում է, թէ ուստից գիտէ արաբերէն, նա պատասխանում է, որ սղերդցի է (քաղաք Բաղէշի հարաւում- Մեծ Հայքի Աղձնիք նահանգում), ուր արաբ շատ կայ, բայց պապը հայ է: Ընկերոջս հարցին, թէ ի՛նչ է պապի անունը, դժուարանում է պատասխանել՝ արդարանալով որ երկար ու դժուարահունչ մի անուն է, որը չի յիշում:

Վաթսունն անց պատկառելի Սլավիկը տասնութ տարեկանից ի վեր ծննդավայր Արցախում չի եղել: Ծառայել է Հիւսիսային Կովկասում ու ամուսնացել-բնաւորուել է այնտեղ: Նա հայերէնի գրական տարբերակը չգիտէր, իսկ մենք Արցախի բարբառը չէինք հասկանում. գուցէ նա էլ չգիտէր՝ մոռացել էր:
Եւ մենք, երկու հայ, հաղորդակցւում էինք թուրքերէնով: Մենք՝ այդ լեզուի Կիլիկեան տարբերակով, իսկ նա՝ նոյն լեզուի Բագուի տարբերակով:

Քիչ առաջ հանդիպեցի ուրֆացի թուրքերի, որոնց մասին հալեպցի հայ հօրեղբօրորդին ասում է, թէ հայեր են: «Ի՞նչ են անունները», - հարցում եմ. տալիս է թուրքական-թուրքերէն անուններ: Նրանց հանին երկու տարի յաճախել է Սիրիայում մի գիւղական հայկական վարժարանում, ուր սովորել է մի բանաստեղծութիւն ու մինչեւ այսօր արտասանում է՝ իմացած միակ հայերէն խօսքը: Առաջին Աշխարհամարտից, Եղեռն, Սիրիայում հայօրէն ապրելուց յետոյ վետադարձել են Ուրֆայ, պատմական հայրենիք. տուն-տեղ ունենալու համար՝ փոխարէնը զիջել են ազգութիւն ու մշակոյթ, լեզու ու եկեղեցի:
Մեր դիմաց, ասում են՝ հայ են, սակայն ապրում են թուրքի կեանքով, թրքերէնով:
Կարեւորը ուրիշ ազգերի դիմաց, Ուրֆայում, ազատօրէն ազգութիւն ապրելն է:
Շատ ենք լսում-հանդիպում նման պարագաների: Այս եւ նման երեւոյթներ մի՞թէ մարդս չի դարձնում աւելի ամուր կառչած իւրայինին, սեփականին, ինքութեանը:


Այնպէս որ տեսանք վերեւ, հայերէնը պաշտպանուած չէ սփիւռքի տարբեր անկիւններում, եւ բնական է պաշտպանուած չլինելը, քանի որ պետական հովանաւորութիւն չունի Հասիչէում ու Ֆրեզնոյում, Պիատիգորսկում ու Զաարբրուքենում:
Այս իրականութեան հակակշիռ՝ հայերէնի համար ռազմավարական պաշտպանութիւն եւ հովանաւորութիւն ենք ակնկալում տեսնել Հայաստանի Հանրապետութիւնում:

Մեր յոյսի լոյս Հայաստանում, նրա արբանեակային հեռուստակայաններում, հետզհետէ աւելանում է օտար լեզուի, յատկապէս ռուսերէնի, հնչած տեւողութիւնը: Հեռուստաալիքները,- իրարից քաջալերուելով կարծես,- մի տարի առաջուայ հետ համեմատած, աւելի շատ են ռուսերէն խօսք հնչեցնում՝ իրենց յարգարժան հիւրերի, հրաւիրեալների ու հարցազրոյց տուողների բերանով:
Սա շառաչուն ապտակ է սփիւռքահային, մանաւանդ որ չի թարգմանւում, անուղղակի հասկացնելով՝ որ Ռուսերէնը պետական լեզուին համազօր է Հայաստանում, եւ այդ լեզուն չիմանալով՝ սփիւռքահայը չի կարող գործել ու լիարժէք քաղաքացի դառնալ Հայրենիքում:

Եւ շատ զարմանալի է, որ հայ ժողովրդի ներկայի եւ անցեալի վերաբերեալ հաղորդումներում, հրաւիրեալներից շատերը նախընտրում են ռուսերէն խօսել: Զարմանալի է, քանի որ հաստատօրէն հայերէն գիտեն, Հայաստանում են ապրել կամ ապրում են. խորհրդահայ վերնախաւին են պատկանել, կամ նրանց զաւակներն են, գիտնականներ են եւ դասախօսներ, մշակոյթի գործիչներ են եւ բանասէրներ:
Հաղորդումներից առաջ նրանց չեն խնդրում հայերէն խօսել, ուստի, որպէս շատ բնական երեւոյթ. խօսքը հնչում է ռուսերէն: Հայերէնը ստորադասւում է ռուսերէնին, խորհելով՝ որ ամէն հայ պէտք է անպայման ու բնականաբար իմանայ ռուսերէնը:
Այսպիսի հաղորդումներում, Հայերէնից Ռուսերէն անակնկալ անցման ժամանակ, միանգամից օտարանում ու խորթանում է եթերը աչքիս:

Պէտքը կա՞յ ասելու, որ անձնապէս թշնամութիւն չեմ տածում ՌՈՒՍ ԱԶԳԻ հանդէպ: Ընդհակառակը՝ նրա զաւակների բարգաւաճումն եմ ցանկացել միշտ. Ռուսաստանում: Նրանց ցաւով ենք ցաւել, նրանց ուրախութեամբ ենք ուրախացել:
Գրում եմ յատուկ նրանց համար, ովքեր մտքի մի թեթեւ ճախրանքով կարողանում են ինչ-ինչ պիտակներ փակցնել իմ նման մտածողներին, թէ ծայրայեղական ենք, թէ ցեղապաշտ ենք ու էլի ինչ-ինչ Խորհրդային քարոզչամեքենայի օգտագործած բառերի իմաստը նշող յատկանիշներ ունենք:

Ռուս եւ Հայ ժողովուրդների միջեւ փոխադարձ յարգանքին, իրաւունքի եւ ազատութեան փոխադարձ ճանաչումին եմ հաւատացել միշտ:
Փոխադարձութիւնը, կողմերի միջեւ, դաշնակցութեան հիմքն է:

Աշխարհին պիտի բացուել, պիտի սիրել աշխարհը: Պիտի ճանաչես այն, որ կարենաս սիրել ու յետոյ դառնաս տուն: Աշխարհը տարբեր տներից է բաղկացած ու եթէ չունենաս քո սեփական տունը, աշխարհը ճանաչելու համար դուրս գնալու, ուրիշներին այցելելու եւ յետոյ տուն վերադառնալու իմաստնութիւնն ու փորձառութիւնը երբէք պիտի չի ունենաս, այլեւ պիտի չի ճանաչես՝ ո՛չ աշխարհը, ո՛չ նրա բաղկացուցիչ տները, ո՛չ էլ քո ինքնութիւնը, քանի որ բաղդատելու եւ համեմատելու գոյականներ չունես:
Առանց սեփական տան, աշխարհը քո համար լինելու է ուրիշների տների բակերը, քանի որ տուն չունեցող մարդը չի հասկանայ ուրիշների տուն ունենալու իմաստն ու խորհուրդը:

Մարդկային յարաբերութիւնը փոխադարձութեան հիմունքով է պայմանաւոր եւ մարդիկ սիրում են սեփական մի անկիւն ունենալ:

Tigris
28.02.2011, 20:59
Գերմանացին երբ անգլերէն, անգլիացին ալ սպաներէն կը կարդայ, շուտով կ’անդրադառնաս անոնց ոչ բնիկ, օտարաբան արտասանութեան. անշո՛ւշտ, երբ որ այդ լեզուներու հնչողութեանց լաւ կը տիրապետես:

Այսինքն, ա՛յն անգլիացին, ա՛յն սպանացին, ա՛յն գերմանացին, որ առաջին անգամ կը սորվի միւս լեզուն եւ անոր կ’ընտելանայ իր գերմանական, անգլիական կամ սպանական առոգանութեամբ եւ արտասանական առանձնայատկութեամբ:
Հնդիկը, որ Ամերիկա ներգաղթած է, բայց ճիշտ չարտասանէր: Անոր զաւակը արդէն ամերիկացիի մը նման կ’արտասանէ:

Սփիւռքահայ-արեւմտահայ երախան չի ստանար արեւելահայերէնը, անոր արտասանութիւնը, որպէս դասանիւթ, այդ պատճառով արեւելահայերէնը կը կարդայ արեւմտահայերէն:

Մեծնալով կ’ըլլայ երգիչ եւ կ’երգէ. «Չան, չան, չան, քարուն է...»

Արեմտահայերէն «չան» բառ չկայ, արեւելահայերէն ալ չկայ: Իրողապէս մեր երգիչը կը տեսնէ ջան, բայց կը կարդայ չան:
Ո՛րեւէ լեզուի տիրապետելու համար անհրաժեշտ է այդ լեզուի արտասանութիւնը ուսանիլ: Ուղղագրութիւնը սորվիլ, ընթեռնուլ, բայց ճիշտ չկարդալ, արդէն մեծ թերութիւն է:

Մենք գիտենք հայերէնը մեկ է, որպէս լեզու, սակայն արեւելահայերէնի բառն ու գիրը արեւմտահայերէնի պէս կարդալ, կը նշանակէ անգիտանալ հայերէնը՝ այդ լեզուի արեւելահայ գրական տարբերակը:

Արեւմտահայը գիտէ ջան բառը, -որ պարսկերէն հոգի կը նշանակէ, - սակայն կը գրէ ճան ձեւով:
Ճան՝ լազ ժողովուրդի անուանումներէն մեկն է եւ կապ չունի ջան (հոգի) բառին հետ:

Արեւմտահայը, որ կը լսէ «Չան, չան, չան, քարուն է», պիտի կարծէ այսպէս բառ կայ. եւ Հայաստանի Հանրապետութեան մէջ, կամ դուրսը, արեւելահայի հանդիպելով, պիտի գործածէ այս բառը. «Վարդան չան», «Աշոտ չան». առանց անդրադառնալու իր անհեթեթ արտասանութեան, իսկ արեւելահայն ալ պիտի կարծէ թէ այսպէս բառ կայ արեւմտահայերէնի մէջ, կամ ջան-ի արեւմտահայերէնն է չան-ը:

Մինչ գիր-գրականութենէ հեռու եղող արեւմտահայն ու արեւելահայը հանդիպելու ատեն, առանց «միջամտութեան» իրար պիտի գոչեն՝ ջան կամ ջանիկ. առանց գրականութեան պատճառած թիւրիմացութեան. աւելի ճիշտ՝ առանց թերի ուսուցման պատճառած թիւրիմացութեան:

Վերեւի նախաբանը գրեցի՝ յետոյ ասելիքիս պատրաստելու համար ընթերցողը:

Արեւմտահայ եւ արեւելահայ միջավայրերում, այնտեղ որ սովորեցրել ու սովորեցնում են գրաբար, կատարում են արեւմտահայերէնի կամ արդի արեւելահայերէնի արտասանութեամբ:

Համացանցում տեսնում եմ գրաբար ուսուցանող թեմաներ, որում գրաբարի արտասանութիւնը մեկնելիս, բացատրում են գրեթէ արեւելահայերէնի բառերը արտասանելու նման:
Նոյնը կատարում է արեւմտահայ ուսուցիչը, որ գրաբարը սովորեցնում է արեւմտահայ դպիրին:

Մեր գրաբար սովորողները չեն սովորում գրաբարի արտասանութիւնը, յար եւ նման այն արեւմտահայ երեխային, որ սովորում է լոկ արեւելահայերէնի ուղղագրութիւնը, բայց ոչ՝ ճիշտ կարդալը կամ արտասանելը:

Գրաբար սովորում են, առանց սովորելու գրաբարի արտասանութիւնը:


Յիշեա, Տէր, եւ ողորմեա, եւ օրհնեա զուխտաւորս եւ զպտղաբերիչս եկեղեցւոյ Քում սրբոյ, եւ որք յիշեն զաղքատս ողորմածութեամբ:

Վերոյիշեալ գրաբար պարբերութեան աշխարհաբար արտասանութիւնն է հետեւեալը.

Hishya Ter, yev voghormya, yev orhnya zukhtavors yev ezpetghaberitches (e-ն այստեղ կարդալ ը) yekeghetsvo Kum serbo, yev vork hishen zaghkates voghormatzutyamb

Մինչ գրաբար արտասանութիւնը պէտք է լինի հետեւեալը (մօտաւորապէս).

Yishea Teir. eu olormea, eu aurhnea zoukhtauores eu ezpetlaberitches ekeletsuoy Koum serboy, eu ork yishein zalkates olormatzouteamb.

Օտար է հնչում, բայց գրաբար հայերէնը սա էր, իր առաջին արձանագրութեան ժամանակ:

Աշխարհաբարների վերջնական յաղթանակից առաջ, նրանց արտասանութիւնն արդէն վաղուց յաղթել էր գրաբարը որպէս գրականութեան լեզու գործածողների գրաբարի արտասանութեան հանդէպ. նրանք՝ գրաբարը յամառօրէն գործածողներն ու պահել ուզողները, արդէն աշխարհաբար էին արտասանում գրաբարը՝ պահելով միայն լեզուի արձանագրուած ձեւը:

«Յովնաթան» բառն օրինակ, Հովնաթան ձեւով արտասանելը՝ գրաբար արձանագրուած խօսքը կարդալիս, եկեղեցում, արդէն գրաբար չէ, աշխարհաբար է:

Գրութեանս միտքը սա է. լեզուն սովորելիս, պիտի անպայման սովորել նաեւ նրա բնիկ արտասանութիւնը:
Մենք սովորում ենք 18րդ դարի գրաճանաչ մարդու գրաբարը, բայց ոչ 5րդ դարի գրաբարը, որից ժառանգ մնաց միայն գիրը, արձանագրութիւնը, բայց ոչ արտասանութիւնը:

Tigris
04.04.2011, 22:12
Ամէն ժողովուրդ պետական կազմ ստեղծելու մակարդակին կը հասնի. հասնելով քաղաքական ու քաղաքացիական բարձր գիտակցական մակարդակի:

Կը թուի թէ հայ ժողովուրդի ստուար մեկ մասին համար ազգային լեզուն, հայերէնը, ժամանակաւոր հագուստ կրնայ ըլլալ. անոր բացակայութիւնը արգելք չէ ազգային ինքնագիտակցութիւն դրսեւորելու եւ հանդէս գալու իբր հայրենասէր հայ մարդ:

Իռլանդացիներուն պէս՝ կարելի է ուրիշ լեզու խօսիլ եւ պայքարիլ ազգի եւ հայրենիքի ազատութեան համար:

Այսինքն՝ օր մը կարելի է թուրքախօս հայ ըլլալ, ուրիշ օր մը անգլախօս, ռուսախօս... եւ միշտ հայ ու հպարտ հայկական ինքնութեամբ:

Այս կերպ մտածողներուն համար ազգայիններ են նաեւ հայերէն չբարբառողները, քանի որ հայկական բանի մը հետ առնչութիւն ունին կամ ունեցած են հոս կամ հոն:

Ի պատուի են օտարախօսները, քանի որ օտար լեզուներով կը խօսին եւ հայ ըլլալնին կը յիշեն կամ կը յայտնեն:
Այսինքն՝ ով օտարախօս է եւ հայ ըլլալը կը նշէ՝ աւելի սիրելի է, քանի որ այլասէր հայու մէջի ստրուկը կը հրճուի ի տես «օտարի» հայասիրութեան եւ հայ ինքնութեան ընդունման:

Իսկ ով միշտ կը յայտնէ իր հայ ըլլալը՝ չխօսելով հայ ըլլալու մասին, այլ պարզապէս ապրելով իր հայկականութիւնը, լեզուն, մշակոյթը եւայլն, անտեսուած է:

Այլասիրութեան, օտարասիրութեան եւ ազգային թերարժէքութեան տեսակ մը արձագանգը՝ դրսեւորուած մեր լրագրողներու, հեռատեսլային աշխատակիցներու եւ հասարակական գործիչներու գործունէութեամբ, որ ամէն տեղ հայ փնտռել է, առանց տեսնելու իր «քթի տակի» հայը:

Կարեւորը մեր մարդը յաջողած է, գրպանը դրամ շատ, հարթակներ գրաւած եւ գուցէ ներդրում կատարէ ՀՀ-ի մէջ:

Անշուշտ երբ այս տողերը կը գրեմ՝ իմ մտի ունիմ այն, որ ես, եւ ընթերցողս, գիտեմ իմ մասին՝ չունիմ ընդհանրացնելու, բոլորը միագոյն ու միատեսակ դատելու եւ համարելու հակում:

Այսուհանդերձ, երբ կը խօսին ազգային հպարտութեան եւ հերոսական անցեալի մասին, ի՞նչ կը հասկընան, չեմ գիտեր, երբոր իրենց մէջ պարտուած ու յաղթուած է ազգային լեզուն՝ հայերէնը:

Մեր ազգային լեզուն հայերէնն է: Ո՛չ խոռերէնն է, ո՛չ խեթերէնը, ո՛չ ալ սպաներէնը:

Մենք ունեցեր ենք խայտառակ պարտութիւններ եւ հերոսական պարտութիւններ:
Մեր հերոսամարտերը հերոսական պարտութիւններ են: Պարտութիւն են, քանի որ հայրենիք յանձնեցինք: Ո՞վ կը հակասէ: Ո՞վ կը մերժէ հասկընալ հայ մարդու վիշտը, երբ կը թողուր անյիշելի ժամանակներէ ի վեր ապրած հայրենիքը: Պարտութիւն բերած կռիւի պատճառը հայ մարդու ունեցած դիրքն էր այդ հող-հայրենիքի վրայ:

Եւ լեզուն չպահպանելը, ուր որ ըլլայ, խայտառակ պարտութիւն է, քանի որ այստեղ հայ մարդն է միակ մեղաւորը, մեղքի մեծագոյն բաժինի պատասխանատուն:

Ոչ ոք քեզ կը ստիպէ, այլեւս, որ տան մէջ թրքերէն, քրդերէն կամ յունարէն խօսիս. ազատ ես, եւ լեզուդ կորսնցնելդ կամ պահելդ ու զարգացնելդ քու ընտրութիւնն է:

Հայ մտաւորականը, որ հայերէն չի գիտեր ու հայերէն չի գրեր, ըստ իս կա՛մ հայերէնի հանդէպ արհամարհանք ունի, կամ ալ կեղծ մտաւորական է, կեղծ գիտնական է, քանի որ իր ծուլութիւնը հայերէնի կապակցութեամբ տգէտ պահած է զինք:

Հայազգի գիտնականը, հայազգի ակադեմիկոսը կամ պատմաբանը, որ հայերէն չի գիտեր, ըստ իս ընտրած է հայ չըլլալ (թէեւ ատոր մասին չարտայայտուիր՝ թէկուզ ալ չգիտէր) քանի որ իր աշխատասիրութեան ընթացքին ժամանակ չէ յատկացուցած հայերէնին, օրական կէս ժամ, եւ հասած է գիտական ու մշակութային միջազգային կամ տեղական բարձր մակարդակի, սակայն մեկ նախադասութիւն իսկ հայերէն չի գիտեր գրել:
Սա կը նշանակէ արհամարհանք, կամ ալ հայերէնի ու հայախօս հայութեան հանդէպ հաւատքի չգոյութիւն:
Ինչպէս հրեան բարձր դիրքեր գրաւած է եւ Այնշտայն դարձած ՝գերմաներէնով ու անգլերէնով, նմանապէս հայը. բարձր դիրք ունեցած է ֆրանսերէնով ու անգլերէնով՝ Ֆրանսայի, Ամերիկայի, Մեքսիկայի համար, սակայն ոչ Հայաստանի համար, քանի որ միտքին մէջ Հայաստան չկայ, կամ յոյս ու հաւատ չունի անոր հանդէպ:

Ընդունելի ըլլալու ցանկութիւնն է ասոր պատճառը, նաեւ համակերպելու, ազգային ջիղը թոյլ հաւաքածոյ զանգուածին: Երբ իւրաքանչիւր ոք բնական կը նկատէ այս երեւոյթը, խօսողը կըլլայ յարձակման եւ անարգման ենթակայ՝ հաւաքածոյէն եւ անոր պետութիւն ընողէն:

Բարձրաստիճան կղերականը միշտ կ’ակնարկէ եկեղեցւոյ մէջ ըլլալու պատշաճ կերպը, յատկապէս կիներու համար, սակայն նոյն կղերականը չի վտարեր իր յանձնարարականին չանսացող հարսնաքոյրը (կնքամայրը), քանի որ յաճախորդ է՝ դրամ վճարող:
Նմանապէս մենք մերիններէն չենք պահանջեր ճիշտը, նշելով սխալը, քանի որ ազգային բարերար է, յաճախորդ, ջոջ կամ թաղական: Ի վերջոյ՝ մարդուժի պակաս ունինք, մեկ ալ անտեղի բաներու համար սրտե՞ր նեղացնենք: Հայերէն-մայերէն՝ ի՜նչ պարապ բան, կարեւորը արմինյըն ջենոսայդը ռիքոգնայզ ըլլայ, որպէսզի իր հայ ըլլալու բաւարարուածութիւնը զգայ: Եղբա՛յր, նախ ինքնութիւնդ ռիքոգնայզ ըրէ հայերէնով:
Եւ այս է իրավիճակը հայութեան, ամէն ինչի մէջ. մշակութայինէն մինչեւ կազմակերպական, քաղաքականէն մինչեւ յարաբերութիւններ: ԽԾԲ

Ես թշնամին չեմ Հայոց ցեղասպանութեան ճանաչումին, բայց նման քաղքենի հայոց համար այն ծէս դարձեր է, ձեւով մը աննպատակ պայքար, բայց որո՞ւ համար: Հայերէնի հանդէպ արհամարհանք ունեցողներու սերունդներո՞ւն. Հայերէնի հանդէպ հաւատք չունեցողներո՞ւն. Հայերէնին նշանակութիւն չտուողներո՞ւն:
Երբ ինք պզտիկ ճիգ մը չի գործադրեր ամէն օր հայերէն սորվելու, գրելու, հասկընալու, ալ ի՞նչ կ’ըսպասէ խեղճ կոնգրեսականներէն, նոյնիսկ թուրք պետութենէն:
Թուրքը մեզ պիտի չի՞ ըսէ, թէ՝ դուք ամերիկացի դարձեր ու վերջացեր էք, գէշ-աղէկ կ’ապրիք նահանգներուն մէջ. ձեր ինչի՞ն պէտք է Հայաստան:

Ո՞ւր են նժդեհեան ցեղակրօնները Ամերիկայի: Ո՞վ կասեցուց կամ մարեց գործունէութիւնը անոնց:

Երբ մենք հայերս իրար հետ պիտի խօսինք, պիտի նամակցինք, ինչո՞ւ ուրիշ ժողովուրդի մը գիրը կամ լեզուն պիտի գործածենք:

Հետեւաբար՝ ի՞նչ յաղթանակներու մասին է մեր օտարախօս հայերու հպարտութիւնը, երբ որ յաղթանակի իրենց բաժինին մէջ իրենք վճռած են պարտուիլ՝ ըլլալ օտարախօս, ըլլալ օտարագիր, ըլլալ տգէտ հայութենէ.- չէ՞ որ լեզուն է հայութիւնը:

Հարց չէ բարձրացուած բարձրացնելու կոչում ունեցողներէն, քանի որ առկայ է յարմարելու, թշնամի չշահելու, «յաջող» ձեռնարկներու եւ դրամահաւաք կազմակերպելու անհրաժեշտութիւնը:

Գալով Հայաստանի Հանրապետութեան տարածք. մտաւորականներն ու գրողները, լրագրողներն ու հեռուստատեսային հաղորդավարները աւելի ծոյլ ու չկամ են, աւելի ահաւոր արհամարհանք ունին հայերէնի հանդէպ. աւելի այլասէր են եւ օտարասէր, քանի որ ի տարբերութիւն սփիւռքի այլասէրին, որ պարտադրուած անգլերէն ու ֆրանսերէն կը խօսի, Հայաստանի Հանրապետութեան մէջ ապրող եւ հայերէն գրողներն ու հաղորդավարները կարծես պարտադրուած Հայերէն կը խօսին ու կը գրեն...

Հետզհետէ կը կերպարանափոխուի արեւելահայերէնը: Առաջ այսպէս չէր:

Հայաստանի մէջ այդքան ճիգ ու աշխատանք պէտք չէ ճիշտ հայերէնի համար, եւ ընդհանրապէս՝ հայերէնի համար, որքան աշխարհի որեւէ կողմը: Այսուհանդերձ կը տեսնենք արեւելահայերէնի աղաւաղումը, ամէն օր, ամէն տեղ, ամէն առթիւ եւ անարգելօրէն: Մարդիկ կարծես դիտմամբ ռուսերէն բառեր կը գործածեն, քաջ գիտնալով հանդերձ այդ բառերու հայերէնը: Եւ որո՞ւ մեղադրես, երբ որ սովետագիր բառարաններու մէջ տեղ գտած են այդ բառերը, ու որեւէ մեկը չի հասկընար, չի մատնանշեր, որ ատոնք հայերէն չեն:

Նոյն տողին մէջ երկու-երեք մինչեւ հինգ ռուսերէն բառի գործածումը ոչ այլ ինչ է, քան հայերէնի հանդէպ բացարձակ արհամարհանք:
Նոմինացիա, միգրացիա եւ հարիւրաւոր ռուսերէն բառեր, որոնց հայերէնը անպայման կայ, եւ գիտենք բոլորս, սակայն, այս պարագային ամէն ինչ ընդունելու եւ ընկալելու հայկական ամենաթողութիւնը իր աւերը կը գործէ հայերէնի հանդէպ. դուրս մղելով հայերէնը՝ լեզուամտածութիւնը, ոճը, արտասանութիւնը, բառապաշարը, եւ ընդունելով օտարինը. լեզու կամ անոր բաղադրիչներ:
Այս հաղորդավարներէն ու բլոգագիրներէն կը պահանջուի վերոյիշեալ օտարախօս սփիւռքահայի գործադրելիք ճիգի 10 տոկոսը միայն, որ կը զլացուի:
Հայերէն կը գրեն՝ քանի որ պարտադրուած են. հայերէն կը խօսին՝ քանի որ կուզեն հասկընալի ըլլալ բոլորին: Նոյն այլասիրութիւնը, նոյն ծուլութիւնը հոս ալ կայ:
Լեզուն ասոնց համար միջոց է, պարզապէս հաղորդակցելու գործիք: Անոնք չունին պատմական, հոգեւոր, գիտական կամ գեղագիտական նախանձախնդրութիւններ:

Նոյն կերպ չկան նախանձախնդրութիւններ`ազգային ու պետական կեանքի միւս ասպարէզներուն մէջ:

Թեթեւը (գռեհիկ ոճը), դիւրինը (օտար լեզուն, օտար բառը) այսօր ընդունելի է, քանի որ արդի հայը ծոյլ է, չի սիրեր զարգանալ ու սորվիլ, չի սիրել մաքուր խօսիլ:
Եթէ մաքուր խօսի, Աստուած մի՛ արասցէ, 32 Ատամի կամ Վիտամինի տղայոց ծանակին կ’ենթարկուի:
Ան պէտք է գրէ՝ սենց, տենց, նենց, պէտք է ա-ախօսէ, որ տղերքը ընդունին զինք:
Նոյնն է պարագան հայախօս գաղութներուն մէջ:

Պատմական պատեհ կամ անպատեհ պահի թելադրանքի գերին է, գէթ մի բան փոխելու, մի բանով ընդդիմանալու ցանկութիւն չկայ: Ինք այսպէս է, եւ վերջ:

Նոյնն է ուղղագրութեան չարափոխումը, որ չհասաւ նպատակին, խօսքի եւ գիրի կապը չեղաւ այնպէս որ կուզուէր՝ տառ-հնչիւն. եւ ժողովուրդը չեղաւ գրագէտ: Գրագիտութիւնը անձնական ճիգ կ’ենթադրէ, մինչ եղածը հազիւ տառաճանաչում է:
Եղածը եղած է մտածողները, չարափոխուած ուղղագրութեան ջատագովները, վերեւի հոսանքի ենթարկուողներուն կը նմանին եւ չունին նախանձախնդրութիւն եւ ընդդիմանալու կորով, ոչ ալ նուազագոյն ճիգի ու աշխատանքի կամք:
Հացկերութային հայկական ժողովրդային գաղափարախօսութիւնն է այս ամենաթողութեան պատճառը՝ ըլլալ ուրախ. ըլլալ երջանիկ. ապրիլ թեթեւ. կենսավարել որպէս անպատասխանատու. եղածը ընդունիլ ինչպէս որ է. հոսանքն ի վեր չթիավարել. ձեւանալ պայքարող, բայց ըլլալ փոր կապող. ճիշտը համարել պարտադրուածը, բայց ոչ ճշմարիտը. ծուլութիւն:

Tigris
02.08.2011, 15:30
Եթէ ազգայնականութիւնը կեղծ գիտութիւնն է. կեղծ լեզուաբանութեամբ եւ կեղծ պատմաբանութեամբ, ապա ես զերծ եմ նման գաղափարական ուղղուածութիւնից: Կարծում եմ հայը լուսասէր է, ոչ խաւարասէր:

Այլ խօսքով՝ հայ ազգայնականութիւնը չի կարող լինել թուրք ազգայնականութեան նման կեղծիքի վրայ հիմնուած գաղափարախօսութիւն: Մեր հաւատը լոյսն է, որ նաեւ զէնքն է մեր:

Հակաճառելով ամերիկեան եւ սովետական կեղծ հայագիտութեան՝ ոմանք այնքան սխալ բաներ են գրում, որոնց սրբագրումը կարող է տեւել սերունդների կեանքերը: Ի զուր չէ՞՝ վատնելու են ապագայ սերունդները, իրենց ժամանակից ու ճիգից ահագին ժամանակ. տուրք տալով հայրերի իբր հայրենասիրական՝ կեղծ պատմագիտութեան դէմ արած գործերը սրբագրելով:

Բարդոյթի է վերածուել ոմանց համար մութ անցեալը, որը մութ է բոլոր ազգերի համար: Այսօր չկայ մի ազգ, որ իմանայ իր պատմութիւնը մանրամասնութեամբ. մինչեւ եօթ հազար տարի յետ:

Բոլոր ազգերն էլ չգիտեն իրենց ազգային պատմութիւնը, որովհետեւ մի տեղ նոյնանում են բոլորի նախածնողները... այս կամ այդ պայմանական անունը կրող քաղաքակրթական ժամանակաշրջանով:

Ամաչելը տեղին չէ, եթէ մեր հարեւան ազգերից մի քանիսը մեզանից առաջ գիր են ունեցել ու գրել են դրանով բառեր ու նախադասութիւններ. պատմելով անցքեր եւ նկարագրելով բազում երեւոյթներ:

Հների մէջ ամենահինը լինելու պարտադրանքին ենթակայ չենք: Ոչ ոք մեզանից չի պահանջում ամենահինը լինել, ամենաօրրանայինը լինել, բոլորի հայրն ու մայրը լինել, բացի մեր հոգիները կրծող նախանձից:
Այնպէս որ՝ եթէ այդպէս լինելու փաստեր կան. հանգիստ պէտք է վերաբերուենք դրանց: Եթէ չկան՝ դարձեալ հանգիստ պէտք է վերաբերուենք եւ մեր շախմատին նայենք ու Հաղարծնին, որը չնորոգուած աւելի էի սիրում: Այլապէս՝ նոր կազմաւորուած մի ազգի տգէտ անդամին կնմանուենք, որն իրն է համարում տարածքի բոլոր հնութիւնններն ու անցեալ քաղաքակրթութիւններ ստեղծող ազգերի արժէքները:

Ես հայ եմ: Իմ լեզուն հայերէնն է, որի թուանունները մեկ, երկու, երեք, չորս... են: Այս թուանուններից զատ թուանուններ գործածող հին ազգերը իմ նախահայրերը չեն կարող լինել: Գուցէ նախահայրերիս խնամիները...գուցէ դաշնակից ցեղեր, որոնք ձուլուել են մեր մէջ, ինչը շատ բնական երեւոյթ է հազարամեակների պատմութիւն ունեցող ազգ-պետութեան համար:

Իմ ազգայնականութիւնը հիմնուած է հայերէնի յիշողութեան վրայ: Եթէ հայերէնս յիշում է, ուրեմն այդպէս է, եւ իւրային է, եթէ չի յիշում իր խորխորատներում, ուրեմն խորթ է եւ օտար:
Նկատի չունեմ հետեւեալը, թէ հայերէնի ուսումնասիրութիւնը յուշում է, որ բազմաթիւ արմատ բառեր չարձանագրուելով կորած պէտք է լինեն:

«Սա կարող է իմ հարազատը լինել», արիւնդ կը քաշի: «Սա չի կարող իմ հարազատը լինել», քիչ-շատ լեզուական հմտութիւն ու «քիմային համտեսութիւն» ունենալով կարող ես «զգալ», -որ գալ արմատից է,- որ այս հնամենի լեզուն հայերէնի «նախահայրը» չի կարող լինել:

Եթէ հայերէնս խանգարում է ինձ իմ նախահայրերը գտնելու, թող խանգարի, քանի որ հայերէնը իմ նախահայրերի լեզուն է: Հայերէնի հին վիճակը վաղնջահայերէնն է, որը բոլորովին մի ուրիշ լեզու չէ, ինչպէս փորձում են ճգնաբար ցոյց տալ տիտղոսաւորներից ոմանք:
Հայերէն բառերի վաղնջահայերէն տարբերակները չեն կարող բոլորովին ուրիշ բառեր լինել. մտացածին բացատրութիւններով:

Լալիք իրավիճակ է ստեղծուել. Հայերէնի արդի վիճակով մեկնում են հնութիւնը, երբ մենք քաջ գիտենք նոյն բառի հին վիճակը հայերէնում տարբեր է հնչել: Գաւառի անունը հնչել է այսպէս (...), մինչ պատմական թնջուկ են իբր հանգուցալուծում. բառերի եւ տեղանունների արդի վիճակներով:

Գիտութեանն ընտրողաբար չի կարելի մօտենալ: Ընտրել քեզ դուր եկած տուեալները՝ զանց առնելով քո ասել ուզածին հակասող տուեալները:
Գիտնականը թող ոչ մի եզրակացման չյանգի, - դա աւելի է շինիչ,- եթէ պատմական եւ լեզուական բոլոր տուեալների ուսումնասիրութիւնը թոյլ չի տալիս երզակացութեան յանգել: Ընտրողաբար զատելով քո քիմքին դուր եկած տուեալները. կարող ես գրքեր գրել եւ գիտնականի համբաւ վաստակել, բայց դա կլինի անտեսելով գոյութիւն ունեցող եւ քո ընտրած թեմային վերաբերող միւս տուեալները:

Մրցոյթի ներկայացած մարզիկի նման, որ ընտրողաբար մարզուել է՝ իր սրտին հաճոյ եղած ժամին եւ ցանկացած մարզական սարքով:

Պատերազմի ներկայացող բանակի նման, որ պատերազմելու է իր սիրած զինատեսակներով, ցանկացած ժամին, ուզած ձեւով:



Կասկածով պիտի մօտենալ բացայայտածին՝ հակափաստարկների գոյութեան պարագայում:

Եթէ հակափաստարկներ չկան. բոլոր տուեալները ուղղորդում են դէպի նոյն եզրակացութիւնը. ուրեմն յայտնագործութիւն է:

Լուրջ գիտնականը նա է, ով կասկածով է մօտենում իր գտածին, հնարաւորինս աշխատելով հակասել իրեն, եւ երբ չի գտնում հակասելու բան, այդ ժամանակ վստահաբար յայտնում է, թէ յայտնագործել է նորութիւն:

Այլապէս՝ տխուր եւ յուսահատ փորձեր են կատարւում քանդելու հին պատմագիտութեան «դպրոցները». նոր եւ խախուտ պատմագիտութեամբ:
Հինը քանդելու համար նորը այնքա՛ն ճիշտ ու այնքա՛ն սուրբ (մաքուր) պէտք է լինի, որի առկայութեամբ հինն ինքնըստինքեան կփխրի:
Բայց նորն աւելի քիչ սխալ չէ, քան սխալ համարուած հինը:

Tigris
15.02.2014, 20:38
Այլեւայլ բաներ

«Հակամարտութիւն» բառը սկսեր է տեղ գտնել արեւմտահայերէն լրատուներուն մէջ:
Հակ- նախածանցը դնելով «մարտ» բառին վրայ, մի՞թէ confrontation («առճակատում») բառի հայերէն տարբերակը ստեղծուեր է: Վստահ չեմ:

Ազդ- ազդեցութիւն-հակազդեցութիւն
Յաղթ-յաղթութիւն-հակայաղթութիւն (?)
Պարտ-պարտութիւն-հակապարտութիւն (?)
Մարտ-մարտութիւն-հակամարտութիւն (?)

Ենթադրենք «հակ-»ը ժխտական նախածանցի իմաստով չէ գործածուած. հակիլ, ծռիլ, յարիլ, հակում ցոյց տալ իմաստով գործածուած նախածանց է, ինչպէս՝ հակամէտ բառի կազմութիւնը, ապա ի՞նչ է հակամարտութիւն բառի ստեղծման արդարացուցիչ պատճառը: Կռիւի հանդէպ հակում ցոյց տա՞լ:
Ինչո՞ւ կը բարդացնենք մեր կեանքը, իմաստախճճախրթնաբանակնճիռներով:

Մարտ, կռիւ, պատերազմ էք գնում, բարո՛վ գնացէ՛ք,
Վախկոտն ամէն օր է մեռնում, իմացէ՛ք...
-*-*-*-*-*-*-*-*-

Արտասանական սխալ է (օտար լեզուի ազդեցութեամբ) –ութիւն>-ուցյուն արտասանութիւնը, որ հետզհետէ բնական եւ աննկատ կը դառնայ:

Մայրիներու երկրէն արեւմտահայերէնով լուրեր կարդացող հաղորդավարուհին՝ –ութիւն>ուչյուն՝
Հայութիւն>հայուչիւն, հայութեան>հայուչեան...

+++++++++++++++++++

Սփիւռքահայ հաղորդավարը, երբ կ’արտասանէ օտար անուն (տեղանուն, անձնանուն), նախընտրելի է կարդայ հայու պէս, հայկական հնչիւններով, որքան ալ լաւ գիտնայ իր բնակած երկրի լեզուն:

```````````````````````````````