PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերէն-Ածանցում



Tigris
09.12.2008, 22:09
Մէջբերում, Աղեքսանդր Մարգարեանի «ժամանակակից Հայոց Լեզու» գիրքից, հրատարակուած՝ Երեւանի պետական համալսարանի հայոց լեզուի ամբիոնի կողմից 1990-ին:

Tigris
09.12.2008, 22:10
Ածանցում


Ընդհանուր բնութագիր

Ածանցումը արմատի, բառի կամ բառահիմքի եւ բառակազմական եղանակներից մէկն է, որ բազմադարեան պատմութիւն ունի եւ բառակազմական շատ մեծ դեր է կատարում նրա բառապաշարի հարստացման գործում:

Սովորական աշակերտ բառից, օրինակ, կազմուած ունենք ոչ միայն աշակերտակից, աշակերտասէր, աշակերտատետր, աշակերտավայել..., այլեւ՝ աշակերտաբար, աշակերտական, աշակերտել, աշակերտօրէն, աշակերտութիւն, աշակերտուհի բաղադրեալ բառերը, որոնցում –(ա)բար, -ական, -ել, -օրէն, -ութիւն, -ուհի մասնիկները ածանցներ են:

Այդպէս եւ քաղցր բառից կազմուած բազմաթիւ բաղադրեալ (օր.՝ քաղցրաբար, քաղցրաբերան, քաղցրաժպիտ, քաղցրալուր, քաղցրախօս, քաղցրահամ, քաղցրաձայն, քաղցրօրօր..) բառերի շարքում կան նաեւ շատ ածանցաւոր բառեր, ինչպէս՝ քաղցրաբար, քաղցրային, քաղցրանալ, քաղցրապէս, քաղցրաւետ, քաղցրաւուն, (այլեւ՝ քաղցրաւունութիւն), քաղցրաբար, քաղցրացում, քաղցրեղէն, քաղցրութիւն եւ այլն: Թէ բառակազմական ինչպիսի դեր ու արժէք ունեն ածանցները, կարելի է տեսնել Աւետիք Իսահակեանի «Երջանկութեան իմաստը» արձակ բանաստեղծութիւնից առնուած յետեւեալ հատուածում:

«Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արեւառ, եկաւ եգիպտական անապատը, որ մեծ սփինքսից հարցումներ անէ՝ երջանկութեան խորհուրդը իմանալու համար»

Անապատի դեղին լռութեան մէջ բազմել էր հինաւուրց Սֆինքսը՝ անդորրեւ աներեր. Նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդաւոր հեռուները:

Եկաւ դերվիշը, արձանացաւ Սֆինքսի առջեւ, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրւող աւազի մէ, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից յառեց նրա աչքերին եւ ասաց.

-Եկել եմ մօտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու, թէ՝ ի՞նչ է երջանկութիւնը, որն է նրա իմաստը: Եւ մնացել եմ անպատասխան (ԵԺ, 3, 44):

Այսպիսով՝ բերուած օրինակները ցոյց են տալիս, որ ածանցումն իրօք շատ կարեւոր բառակազմական եղանակ է եւ այնպիսի համակարգ է ներկայացնում, առանց որի լուսաբանութեան չի կարելի պարզ պատկերացում կազմել հայերէնի բառակազմութեան եւ ածանցների ու դրանց բառակազմական դերի ու նշանակութեան մասին:

Ածանցման բառակազմական մեծ դերն ու կարեւորութիւնը նկատի ունենալով, հայ լեզուաբանական-քերականագիտական միտքը վաղուց է զբաղուել նրա ուսումնասիրութեամբ: Դ. Թրակացու «Քերականական արուեստ» («Τέχυη γραμματική») երկի հայերէն թարգմանութեան մէջ եւ վաղ շրջանի մի շարք քերականների (Կ. Գալանոս, Ս. Ջուղայեցի, Բ. Դպիր, Մ. Սեբաստացի, Մ. Չամչեան, Մ. Սալլանթեանց, Ա. Բագրատունի, Ա. Այտընեան եւ ուրիշներ) աշխատութիւններում ածանցներն ուշադրութեան են արժանացել եւ ներկայացուել յատկապէս իրենց իմաստային տեսակներով:

Հին քերականները գիտակցել են, որ ածանցներն ինքնին կամ առանձին վերցուած որեւէ ճշգրիտ իմաստ չեն արտայայտում, աննշանակ մասնիկներ են եւ բովանդակաւորւում են, երբ արմատների, բառերի կամ բառահիմքերի հետ միաւորւում ու նոր բառեր են կազմում:

Երեւոյթն այդպէս է ըմբռնել ու մեկնաբանել նաեւ Մ. Աբեղեանը, որը եւ նոր հայերէնի ածանցման ու ածանցների առաջին հիմնաւոր, իր գիտական արժէքն ու նշանակութիւնը թարմօրէն պահող ուսումնասիրութիւն է կատարել: «Ածանցական բառերը,-նշել է նա դեռեւս «Աշխարհաբարի քերականութիւն» գրքում,- կազմուած են մի բառից, կամ արմատից եւ մի ածանցից, այսինքն մի աննշանակ մասնիկից, որ դրուելով բառի կամ արմատի վրայ՝ նոր բառի նշանակութիւն է տալիս նրան»:

Այս միանգամայն ճիշտ ելակէտից քննելով հայերէնի ածանցումն ու ածանցները, Մ. Աբեղեանը

ա) նախածանցներն ու վերջածանցները տարբերակել է եւ նկարագրել առանձին-առանձին.

բ) բերել է համապատասխան օրինակներ՝ ամեն անգամ պահպանելով չափի զգացումը.

գ) նշել է, թէ ածանցները ինչ իմաստ արտայայտող բաղադրիչների հետ են գործածւում եւ ինչ խօսքի մասերի պատկանող բառեր կազմում.

դ) ցոյց է տուել, թէ տարբեր ածանցներով ինչքան բառեր են կազմւում, եւ նրանցից որոնք են, որ առաւել գործուն են, կենսունակ, եւ որոնք են, որ կենսունակ չեն կամ քիչ բառեր են կազմում.

ե) այբբենական կարգով ներկայացրել է ինչպէս նախածանցների, այնպէս էլ վերջածանցների ամբողջական ցանկը եւ նշել նրանց արտայայտած իմաստները.

զ) զբաղուել է ածանցների առաջացման խնդրով եւ առաջին անգամ ճիշտ բացատրել մի շարք ածանցների ծագումը:

Այս ամենով հանդերձ ածանցների՝ Մ. Աբեղեանի կատարած քննութիւնը, ի հարկ է, սպառիչ չէ: Բոլոր դէպքերում այն համապատասխանում է իր ժամանակի լեզուաբանական գիտութեան մակարդակին եւ այսօր, անշուշտ, իր հնացած, պակասաւոր կողմերն ունի: Նախածանցաւոր բառերն, օրինակ, «առաջադիրներով բաղադրութիւններ» համարելով, Մ. Աբեղեանը առաջադիրների (իմա՛ նախածանցների) մէջ է առել նաեւ այնպիսի միաւորներ, ինչպէս՝ առաջ, դէմ, զոյգ, կանուխ, ետ||յետ, մէջ, շուրջ, վայր, վեր (դէպի վեր իմաստով), որոնք նաեւ իբրեւ անկախ բառեր են գործածւում, ինքնուրոյն բառային իմաստ ունեն եւ հիմնական ձեւոյթների հետ բաղադրուելով՝ ո՛չ թէ ածանցաւոր, այլ իսկական բարդութիւններ են կազմում, ինչպէս, օրինակ՝ առաջակողմ, դիմակաց, զուգընթաց, միջանցք, յետադարձ, կանխագէտ, շրջահայեաց եւ այլն:

Կամ՝ ընդհակառակը, նա առ եւ ընդ նախդիրները, որ ածանցի նշանակութիւն են ձեռք բերել եւ իրօք նախածանցաւոր բառեր են կազմում, ինչպէս՝ առհասարակ, առօրեայ, առընթեր, ընդյատակ, ընդամենը, ընդգետնեայ, ընդգրկել եւ այլն, բարդութեան բաղադրիչներ եւ նրանցով կազմուած ձեւերն էլ կցական բարդութիւններ է համարւում: Եւ կամ թէ չէ՝ վերջածանցների մէջ էլ Աբեղեանը զետեղել է նաեւ թափ (ուշաթափ, ուժաթափ, զինաթափ...), կից (գործակից, աշխատակից, ուղեկից...) բառերը, որոնք չեն կորցրել իրենց արմատական իմաստը եւ նոյնպէս իսկական բարդութիւններ են կազմում:

Ածանցների աբեղեանական քննութեան մէջ չեն արտացոլուել եւ չէին կարող արտացոլուել վերջին տասնամեակների ընթացքում նրանց համակարգում կատարած փոփոխութիւններն ու տեղաշարժերը: Նմանապէս այնտեղ քննութեան չեն առնուել բազմածանցաւոր բառերը եւ ցոյց չեն տրուել, թէ ինչ ածանցներ են յարակցւում, հերթագայում ու գործածւում իրար հետ
Սրանք, սակայն, այնպիսի բացեր ու պակասութիւններ են, որոնք ամենեւին չեն նսեմացնում Մ. Աբեղեանի ուսումնասիրութեան գիտական արժէքն ու նշանակութիւնը: Բոլոր դէպքերում այն հայոց լեզուի ածանցների լաւագոյն քննութիւնն է, որը եւ, բնականաբար, հիմք ու ուղեցոյց է ծառայել յետագայում այլ հետազոտութիւնների համար:

Դրանցից առանձնապէս յիշատակութեան արժանի է լեզուաբան Արմ. Մուրվալեանի «Հայոց լեզուի բառային կազմը» աշխատութիւնը: Այդտեղ նա հանգամանօրէն քննել է հայերէնի նախածանցներն ու վերջածանցները եւ լեզուական նոր ու հարուստ նիւթի հիման վրայ ցոյց է տուել, թէ իրապէս ինչ պատկեր են ներկայացնում նրանք հայերէնում:

Նախածանցները նախամասնիկներ անուանելով, Մուրվալեանը դրանք երկու խմբի՝ նախդիրների (բաղ-, դեր-, մակ-, պար-, առ-, արտ-, բաց-, հակ-, համ-, ներ եւ այլն) եւ ժխտական կամ բացասական մասնիկների (ան-, ապ||ապա, դժ-, տ-, չ-) է բաժանել եւ զատ-զատ նշել նրանց գործածութիւններն ու կիրառական առանձնայատկութիւնները: Նմանապէս նա վերջածանցների դասակարգում է կատարել եւ արձանագրել, որ ըստ գործունութեան կամ կենսունակութեան կան երկու տեսակ՝

ա) հնացած կամ բարբառային ածանցներ.

բ) բառակազմական հին ու նոր ածանցներ:

Առաջինի մէջ յիշատակելով շուրջ 90 (օր՝-գար, -ար, -եղի, -եստ, -ինք, -ոտի, -ունդ, -ուչ, -ուստ, -ուրդ եւ այլն), իսկ երկրորդի մէջ՝ 70 (օր.՝ -բար, -ական, -ային, -անք, -ատ, -արար, -եղ, -ենի, -իչ, -իւն, -ոտ, -որդ, ութիւն, -ում, -ուն եւ այլն) ածանցներ, Ա. Մուրվալեանը գերազանցապէս ծանրացել է գործուն վերջածանցների վրայ, կատարել իմաստային դասակարգում եւ բազմահարուստ փաստերի ցուցադրմամբ աւելի ակներեւ դարձրել նրանց բառակազմական արժէքն ու նշանակութիւնը:

Ա. Մուրվալեանի հետազոտութիւնն իր ընդգրկած լեզուական հարուստ նիւթով եւ վերլուծութիւններով, անշուշտ, համալրում է ածանցների աբեղեանական ուսումնասիրութիւնը եւ դրա հետ միասին թերեւս աւելի ամբողջական պատկերացում տալիս ածանցման, իբրեւ բառակազմական եղանակի մասին: Բայց միաժամանակ պէտք է ասել, որ բոլոր հարցերը չէ, որ բաւարար լուծում են գտել այնտեղ: Մուրվալեանը միշտ չէ, որ ճիշտ է որոշել ածանցների, իբրեւ բառակազմական-բառաստեղծական, եւ արմատների, իբրեւ հիմնկան ձեւոյթների, սահմանները եւ անվերապահօրէն ածանցներ է համարել, օրինակ, -(ա)մած, -(ա)հար, -արկ, -(ա)կալ, -որակ (<որ+ակ) հիմնական ձեւոյթները, որոնք, սակայն, չեն կորցրել իրենց արմատական իմաստը եւ չեն ստացել ածանցական նշանակութիւն:

Նմանապէս շատ անգամ նա չի տարբերել լիովին քարացած, բառերի անկապտելի մաս դարձած երբեմնի մասնիկները (օր.՝ յաճախ<յ+աճ+ախ, խոհեմ<խոհ+եմ, ճղճիմ<ճղճ+իմ, նորոգ<նոր+ոգ, խարոյկ<խար+ոյկեւ այլն) սակաւ հանդիպող, բայց գիտակցւող (օր.՝ աղտեղի<աղտ+եղի, մսեղի<միս+եղի, թթուաշ<թթու+աշ, կարմրաշ<կարմիր+աշ, սնունդ<սին||սուն+ունդ, սերունդ<սեր+ունդ, ժողովուրդ<ժողով+ուրդ, յագուրդ<յագ+ուրդ եւ այլն)ածանցներից եւ դրանց հետ հաւասարապէս միատեսակ կազմութիւններ է դիտել:

Բաւարարուելով այսքանով, նշենք որ հետագայում եւս ածանցների մասին գրուել են աշխատութիւններ, որոնցում նրանք քննուել-մեկնաբանուել են հենց հիմնականում Մ. Աբեղեանի եւ Ա. Մուրվալեանի ուսումնասիրութիւնների ընձեռած լեզուական նիւթի ու տուեալների հիման վրայ:

Այն մասնիկը, որ արմատի կամ բառի վրայ դրուելով՝ նոր բառ է կազմում, կոչւում է ածանց: Ածանցը այդպիսով լեզուական այնպիսի միաւոր է, որով իրացւում է ածանցումը, եւ կամ՝ որի միջոցով մեծ թիւով բառեր են կազմւում:

Ածանց քերականական անուանումը առաջին անգամ գործ է ածուել Դ. Թրակացու քերականութեան հայերէն թարգմանութեան մէջ եւ, համապատասխանելով յունարէն παραγωγους= լտ. Derivativum բառին, նախապէս, Նոր հայկազեան բառարանի բնութագրմամբ, նշանակել է «Բառ ըստ քերականաց՝ ածեալ եւ անցուցեալ՝ այս ինքն վերածեալ ի նախատիպ գոյոյ յայլ վիճակ յաւելուածով աննշան մասնկան, որ տայ մասնաւոր նշանակութիւն»:

Ներկայումս ածանց անուանումով հասկացւում են զուտ այն մասնիկները, որոնք զանազան հիմնական ձեւոյթների կամ բառերի հետ նոր բառեր են կազմում: Այստեղից հետեւում է, որ ածանցը բառաստեղծական-բառակազմական ձեւոյթ է եւ, իբրեւ այդպիսին, մեծ ու կարեւոր դեր է խաղում լեզուի բառապաշարի հարստացման գործում:

Մարմնաւորում ստանալով բառաբաղադրութիւնների մէջ, ածանցները յարաբերակցւում են մի կողմից հիմնական ձեւոյթների, արմատական բառերի կամ բառահիմքերի, իսկ միւս կողմից՝ բառայարաբերական ձեւոյթների՝ վերջաւորութիւնների հետ եւ նրանցից միաժամանակ տարբերւում իրենց թէ՛ դերով եւ թէ՛ նշանակութեամբ: Եթէ բարդ բառերում նրանց բաղադրիչները՝ հիմնական ձեւոյթները, հանդես են գալիս իբրեւ հաւասարազօր լեզուական միաւորներ եւ միատեսակ ընդհանուր նշանակութիւն են արտայայտում, ապա ածանցաւոր բառերում հիմնական ձեւոյթները եւ ածանցները համապատասխանաբար միատեսակ՝ հիմնական եւ երկրորդական, արմատական ու ածանցեալ նշանակութիւններ են արտայայտում եւ նրանց միասնութիւնը կազմում:

Ածանցների, իբրեւ բառակազմական ձեւոյթների, բնորոշն այն է, որ նրանք ոչ թէ նիւթական, ճշգրիտ, այլ ընդհանուր վերացական իմաստ են արտայայտում, ինչպէս՝ մակ-, արտ-, համ-, տրամ-, տար-..., -ոց, -ու, -ական, -ացու, -եղ, -եայ, -մունք, -ովին եւ այլն:

Tigris
09.12.2008, 22:11
Ոմանք, անտեսելով ածանցների որոշման համար կարեւոր նշանակութիւն ունեցող այդ հանգամանքը, վերջին ժամանակներում յատկապէս, «յայտնագործել են» մի շարք ածանցներ, ինչպէս՝ ամենա-, -(ա)-բան, -արկ, -զան, -կալ, -մած, -որակ (<որ+ակ), -ունակ (<ուն+ակ) եւ այլն: Բայց հազիւ թէ ճիշտ լինի դրանք ածանցներ համարել, որովհետեւ իրապէս մենք ոչ թէ նման մասնիկների, այլ այնպիսի բաղադրիչների հետ գործ ունենք, որոնք բոլորովին էլ չեն զրկուել իրենց բուն արմատական իմաստից եւ առանձնաբար անգամ իբրեւ նիւթական իմաստ ունեցող լեզուական միաւորներ են ըմբռնւում:

Բան բառն, օրինակ, որ բալ «ասել, խօսել» բայի մի հին ձեւն է, յունարէնի λογος «խօսք» բառի նման մի շարք բաղադրութիւններում գործածուելով որպէս վերջին բաղադրիչ՝ նաեւ «իմացող, գիտցող» նշանակութիւն է արտայայտում եւ այդ նշանակութեամբ էլ ոչ թէ ածանցաւոր, այլ իսկական բարդութիւններ է կազմում, ինչպէս՝ երկրաբան (geologist), հնէաբան (paleontologist), հնաբան (archaeologist), կենսաբան (biologist), սրտաբան, հանքաբան (mineralogist), ստուգաբան (etymologist), այլեւ՝ լեզուաբան, իրաւաբան, տրամաբան (վերջինս ածանցաւոր բառ է եւ որի մէջ էլ արմատը բան-ն է) եւ այլն:

Կամ՝ զան «կերպ, եղանակ, ձեւ, տեսակ» ձեւոյթը, որ փոխառութիւն է հին պարսկերէնից եւ հանդիպում է միայն բաղադրեալ բառերում, ինչպէս՝ այլազան, բազմազան, զարմանազան, սրբազան, այլ եւ՝ զանազան, նոյնպէս ոչ թէ ածանց, այլ արմատ է, որ գործ է ածւում իր բուն նշանակութեամբ:

Այդպէս եւ ածանցներ չեն արկ-ը, կալ-ը, մած-ը, որովհետեւ գործածւում են իրենց բուն բայական նշանակութեամբ, ինչպէս՝ հիմնարկ, գլխարկ, ձեռնարկ, մեկնարկ, մազակալ(ել), ջրակալ(ել), ամպամած, տախտակամած եւ այլն:

Ածանցները, իբրեւ բառակազմական-բառաստեղծական ձեւոյթներ, որոշակիօրէն տարբերւում են նաեւ բառայարաբերական ձեւոյթներից՝ վերջաւորութիւններից: Վերջիններս շատ աւելի վերացարկուած ու ընդհանուր նշանակութիւններ են արտայայտում, զուտ քերականական արժէք ունեն, կիրառւում ու հանդէս են գալիս սոսկ բառաձեւերում: -Ի մասնիկը, օրինակ, աղ արմատից կազմուած աղի (<աղ+ի) բառում, որ գործ է ածւում անկախաբար եւ նշանակում է՝ «1-հարկ եղածից աւելի աղ պարունակող (Կերակուրը աղի է), 2-Դառն, ծանր, (Աղի արցունք է թափում)», բառակազմական ձեւոյթ՝ ածանց, իսկ փոփոխուած՝ հոլովական ձեւերում (օր՝ Աղի գինը աժան է)՝ բառայարաբերական ձեւոյթ է:

Այդպէս եւ՝ ձեւով նոյն, իմաստով տարբեր են, ասենք, -աց, չ-, -ք, -ին եւ այլ մասնիկները, երբ արմատի կամ բառի հետ գործածուելով՝ մի դէպքում նոր բառ են կազմում, ինչպէս՝ աղաց, նրբազգաց, ինքնագնաց, չտես, չկամ, չբեր, տարիք, շարք, գիրք, վերջին, առաջին..., իսկ այլ դէպքում սոսկ քերականական նշանակութիւն են արտայայտում, ինչպէս՝ աղացի, աղացիր, աղաց, չտեսայ, չտեսար, չտեսաւ, քաղաքացիք, երեւանցիք, վերջը- վերջի(ն), առաջ-առաջի(ն) եւ այլն:

Իրենց բովանդակութեամբ, դերով ու նշանակութեամբ տարբերելով հիմնական բառայարաբերական ձեւոյթներից՝ արմատներից ու վերջաւորութիւններից, ածանցները, սակայն, անջրպետուած կամ սահմանազատուած չեն նրանցից: Ինչպէս փաստերն են ցոյց տալիս, դեռ շատ վաղ ժամանակներից սկսած, ածանցների առաջացման համար հիմք են ծառայել մի շարք բառարմատներ ու բառայարաբերական ձեւոյթներ: Ըստ որում նկատելի է, որ լեզուի երկարատեւ զարգացման ընթացքում է, որ իմաստափոխուելով՝ դրանք ածանցներ են դառնում: Իսկ սա նշանակում է, որ ածանցաստեղծումն ինքնին բարդ ու այնպիսի երեւոյթ է, որը յատկանշւում է անցման հետաքրքիր իրողութիւններով. Լեզուն երբէք չի բաւարարւում եղած ածանցների գոյութեամբ եւ անհրաժեշտութեան դէպքում ստեղծում-առաջ է բերում նաեւ որոշ նոր ածանցներ, որոնք, սակայն, յաճախ կապուած են մնում իրենց սերող ձեւերի հետ եւ մեծ մասամբ էլ դրանց ու ածանցների միջին տեղն են բռնում: Այդպիսի ձեւոյթները կոչւում են ածանցակերպներ եւ տարբեր իմաստային աստիճանաւորումներ են ունենում:

Ձեւոյթներ կան, ինչպէս՝ վարի<վար+ի (ընկերվարի, մարդավարի, տնավարի), որոնք շատ աւելի են հեռացել իրենց սերող արմատական ձեւից եւ գերազանցապէս ածանց են գիտակցւում: Ձեւոյթներ կան, ինչպէս՝-գործ, -հան, -հար, միջ- եւ այլն, որոնք մի շարք բաղադրութիւններում պահում են իրենց բուն իմաստը, օրինակ՝ ասեղնագործ, հրաշագործ, ձեռագործ, սեւագործ..., բրդահան, բմբլահան, արմատահան, քաղհան..., նետահար, ճիպոտահար, արեւահար..., միջակէտ, միջամատ, միջավայր..., իսկ մի շարք բաղադրութիւններում էլ արմատական իմաստից զրկուելով՝ իբրեւ ածանց են գործածւում, օրինակ՝ ծխախոտագործ, գաջագործ, գինեգործ, փականագործ, այգեգործ,..., գիշերահան, առաւօտահան, գլխահան..., ծնկահար, գօտկահար, ջութակահար, սրնգահար..., միջշրջանային, միջցամաքային, միջազգային, միջքաղաքային եւ այլն: Ձեւոյթներ էլ կան, ինչպէս՝ նախ-, գեր-, մինչ-, եւ այլն, որոնք ե՛ւ իբրեւ անկախ, ինքուրոյն բառ, ե՛ւ իբրեւ ածանց են գործածւում:
Սրանք ածանցաստեղծման բարդ գործընթացի անխուսափելի ու օրինաչափական արտայայտութիւններն են, որոնք իրենց հերթին ածանցների բառակազմական բնոյթն են բացայայտում:

Ածանցներն այնպիսի մասնիկներ կամ ձեւոյթներ են, որոնք, արմատի կամ բառի վրայ դրուելով, բոլոր դէպքերում նոր բառեր կամ ինքուրոյն բառային միաւորներ են կազմում: Նրանք, ինչպէս յայտնի է, քանակով առանձնապէս շատ չեն: Բոլոր՝ կենսունակ, սակաւ կենսունակ եւ ոչ կենսունակ ածանցները՝ նախածանցներն ու վերջածանցները միասին վերցրած 200-ից աւելի չեն: Եւ չնայած դրան, ածանցները, որ նոյնպէս յայտնի է, բառակազմական շատ մեծ դեր են կատարում եւ բազմատեսակ արմատների կամ բառերի, բազմատեսակ ձեւոյթների հետ կազմում բազմազան իմաստներ արտայայտող, բազմատեսակ ու բազմաբնոյթ բառեր: Ըստ որում նրանք ոչ միայն գոյականի, ածականի, մակբայի եւ բայի, այլեւ դերանուան, թուականի, այսինքն՝ նիւթական իմաստ ունեցող բոլոր խօսքի մասերի հետ են գործածւում եւ տարբեր խօսքամասային նշանակութիւն արտայայտող բազմաթիւ բառեր կազմում: Հարկ է նաեւ նշել, որ ինչ իմաստներ էլ որ հաղորդեն հիմնական ձեւոյթներին կամ բառերին, նրանք անխտիր բառակազմական ածանցներ են եւ արժեւորւում են առաջին հերթին հենց նրանով, որ նոր բառեր են կերտում:

Բայց միաժամանակ կան ածանցներ, որոնք նոր բառեր կազմելով՝ նաեւ որոշակի քերական նշանակութիւն են արտայայտում: Այդպիսի ածանցները կոչւում են բառաքերական ածանցներ եւ լեզւում էլ, կարելի է ասել, երկակի դեր են կատարում: Դրանք բառային մակարդակում միւս ածանցների պէս հանդէս են գալիս իբրեւ բառակազմական ածանցներ, նշանաւորւում բառակազմական արժէքով, իսկ քերական մակարդակում քերական այս կամ այն նշանակութիւնն են արտայայտում եւ իբրեւ քերական ձեւոյթներ գիտակցւում: Օրինակ՝ -ել, -ալ մասնիկներով ե՛ւ ինքնուրոյն բայական-բառոյթային միաւորներ են կազմում, ե՛ւ նրանց միջոցով բայական խօսքի մասի յարացուցակային համակարգ նէ որոշւում: -Գոյն վերջածանցով այնպիսի բառեր են կազմւում, որոնցով որակական ածականների գերադրական աստիճանն է արտայայտւում: -Ացն, -եցն, -ցն ածանցներով այնպիսի բայեր են կազմւում, որոնք քերական՝ գործողութեան պատճառականութեան նշանակութիւն են արտայայտում:

Ածանցները, իբրեւ բառակազմական-բառաստեղծական ձեւոյթներ, ունեն բազմազան դրսեւորումներ ու արտայայտութիւններ եւ որոշակի հետաքրքրութիւն են ներկայացնում՝

ա) բառի կազմում գրաւած իրենց դիրքի ու հերթագայութեան,

բ) ձեւաբանական-հնչիւնական կառուցուածքի,

գ) արտայայտած իմաստների,

դ) կենսունակութեան ու գործածութեան յաճախականութեան,

ե) ինչպիսի ձեւոյթների հետ գործածուելու եւ ինչ խօսքի մասերի պատկանող բառեր կազմելու,

զ) ծագումնաբանական եւ հայոց լեզուի պատմական զարգացման ընթացքում կրած տեղաշարժերի տեսակէտից:



ԱԾԱՆՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԴԻՐՔԻ

Լեզուներում ընդհանրապէս ածանցներն ըստ դիրքի լինում են երեք տեսակ՝ նախածանցներ, միջածանցներ եւ վերջածանցներ: Նախածանցները դրւում են արմատի կամ բառի սկզբում, միջածանցները՝ արմատի ներսում, իսկ վերջածանցները՝ արմատի կամ բառի վերջում:

Ածանցների այդ երեք տեսակներից հայերէնին յատուկ են նախածանցներն ու վերջածանցները, որոնք եւ իրենց ոչ միայն դիրքով, այլեւ ծագմամբ ու պատմական կեանքով, իմաստային կիրառութիւններով, բառակազմական արժէքով ու նշանակութեամբ, ընդհանուր քանակով ու տեսակարար կշիռով որոշակիօրէն տարբերւում են իրարից եւ կազմում առանձին համակարգեր:







ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐ

Նախածանց են կոչւում այն մասնիկները կամ ձեւոյթները, որոնք դրւում են արմատի կամ բառի սկզբում եւ կազմում նոր բառ, ինչպէս՝ անտուն, մակերես, բացատրագիր, ընդմիշտ, տարօրինակ, համաժողովրդական, արտասահման եւ այլն:

Հայերէնը ունի համեմատաբար քիչ նախածանցներ: Ահա եւ դրանց ամբողջական ցանկը.

Ան- Ընդ- Շար-

Անդր- Թեր- Չ-

Ապ- Հակ- Պար-

Առ- Համ- Ստոր-

Արտ- Հար- Վեր-

Բաղ- Հեղ- Տ-

Բաց- Հոմ- Տար-

Գեր- Մակ- Տրամ-

Դեր- Նախ- Փաղ-

Դժ- Ներ- Փար-

Ենթ- Շաղ- Փոխ-

Նախածանցները, իբրեւ բառակազմական ձեւոյթներ, ունեն իրենց համապատասխան հնչիւնական կազմը կամ կառուցուածքը: Նրանք՝

ա)քիչ՝ մէկ (չ-, տ-), երկու (ան-, ապ-, առ-), երեք (արտ-, բաղ-, բաց-, ենթ-, ընդ-, հակ-, համ-, տար-, վեր-, փոխ- եւ այլն) եւ ամենաշատը՝ չորս (անդր-, ստոր-, տրամ-) հնչիւններից կազմուած միաւորներ են.

բ) ընդհանրապէս վերջանում են բաղաձայնով կամ բաղաձայնայանգ ձեւոյթներ են.

գ) միահնչիւններից՝ չ-ից եւ տ-ից բացի միւսները պարտադիր կերպով ձայնաւոր են ունենում:

Նախածանցները մեծ մասամբ կազմուած են երեք հնչիւնից:

Կից բաղաձայն ունեցող նախածանցները արտաբերւում են ը ձայնով, ինչպէս՝ տըրամ<տրամ, ըստոր<ստոր:

Նախածանցները արմատին կամ բառին միանում են երկու կերպ.

ա) անմիջականօրէն, առանց կապող ձայնաւորի՝ յօդակապի, ինչպէս՝ անյուսալի, անբախտ, անպայման, անշահախնդիր, անբարոյական, դժբախտ, դժգոյն, տկար, տհաս, չտես, չկամ, դերբայ, ընդհանուր, ընդյատակ, շաղկապ, ներգաղթ, ներդաշնակ եւ այլն.

բ) յօդակապով, ինչպէս՝ ենթադրութիւն, ենթակայ, արտահանել, արտակարգ, հակադարձ, հակագրոհ, հականիշ, համաձայն, տրամաբանութիւն, տրամադիր եւ այլն:

Նախածանցներ կան, որոնք ե՛ւ յօդակապով ե՛ւ առանց յօդակապի են ածանցաւոր բառեր կազմում, հմմտ., օրինակ՝ տարագիր, գերագնահատել, մակագրել, նախահաշիւ, փոխադարձ, անդրաձիգ եւ բաղկացուցիչ, տարբերութիւն, մակդիր, մակբայ, անդրշիրիմեան, նախդիր, ստորգետնեայ եւ այլն:

Ձայնաւորով սկսող արմատին կամ բառին աւելանալու դէպքում նախածանցներն ընդհանրապէս յօդակապ չեն առնում, ինչպէս՝ դերանուն, արտասանել, ապերախտ, բացարձակ, գերիշխան, համընդհանուր, ստորգետնեայ, հակընդդէմ, տարօրինակ եւ այլն:

Այդ կանոնից շեղուելով՝ հակ- եւ ենթ- նախածանցները առանձին դէպքերում ձայնաւորից առաջ յօդակապ են ունենում, ինչպէս՝ հակաազգային, հակաալիք, հակաական, հակաականակիր, ենթաընտանիք, ենթաարեւադարձային, ենթաօձիք, ենթաիմաստաւորում, ենթաորովայնային եւ այլն:

Նախածանցները, մի ամբողջական համակարգ կազմելով հանդերձ, ոչ միայն արտաքին՝ հնչիւնական, այլեւ ներքին՝ բովանդակային, ինչպէս նաեւ գործառութային, կիրառական կողմերով եւ տարբերւում իրարից: Նրանք տարբեր չափ ու քանակով բառեր են կազմում եւ, բնականաբար, նոյն բառակազմական արժէքը չունեն: Նախածանցները կան, որոնք իրենց սկզբնաւորման շրջանից սկսած կազմել եւ այսօր էլ շարունակում են կազմել բազմաթիւ ածանցաւոր բառեր: Բայց կան նաեւ նախածանցներ, որոնք երբէք բառակազմական մեծ ոյժ չեն ունեցել եւ կա՛մ լրիւ մեռել, դարձել են անկենսունակ, կա՛մ պահպանւում են սոսկ որոշ բառերում: Դա էլ ամենից առաջ ու հիմնականում պայմանաւորւում է նախածանցների արտայայտած իմաստով, ըստ որի, ինչպէս յայտնի է, նրանք լինում են երկու տեսակ՝ ժխտական եւ ոչ ժխտական:

Tigris
09.12.2008, 22:14
Ժխտական նախածանցներ
Ժխտական են կոչւում այն նախածանցները, որոնցով «կա'մ բացասւում է բառի հիմնական նշանակութիւնը, կա'մ ցոյց է տրւում մի յատկութիւն, մի բան չունենալը»:

Հայերէնն ունի 5 ժխտական նախածանց՝ ան-, ապ-, դժ- (արեւմտահայերէնում՝ տժ-), չ-, տ-, որոնք ոչ ժխտական ածանցներից ոչ միայն նշանակութեամբ, այլեւ ծագմամբ ու պատմական կեանքով են տարբերւում: Ժխտական նախածանցները, ինչպէս փաստերն են ցոյց տալիս, միւս նախածանցներից շատ աւելի առաջ են ստեղծուել եւ գալիս են նախագրաբարեան շրջանից:

ԱՆ-, ժխտական նախածանցների մէջ ծագումով ամենահին, ամենագործուն ու ամենարդիւնաւետ ածանցն է, որ ըստ ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարանների տուեալների պատահում է 3 հազարից աւելի բառերում: Գործածւում է նիւթական իմաստ ունեցող խօսքի մասերից՝ գոյականի, ածականի, ինչպէս նաեւ բայարմատի կամ բայաբնի հետ, կազմում բացասական նշանակութեամբ բազմազան բառեր:

Ան- ժխտականը, որ հաւանաբար հնդեւրոպական ծագում ունի,

ա) «Դրուելով գոյականների վրայ՝ կազմում է ածականների բացասական ստացական նշանակութեամբ, այսինքն՝ ցոյց է տալիս մի բան չունենալը. նշանակութեամբ նոյնանում է առանց նախադրութեան հետ», ինչպէս՝ անգոյն=գոյն չունեցող, առանց գոյնի. անդէմ, անլեզու, անյոյս, անմարմին, անմարմին, անպատասխան, անվախ, անշաղկապ, անդասակարգ եւ այլն:

Գոյականների հետ ան- ածանցով երբեմն կազմւում են մակբայներ ու եղանակաւորող բառեր, ինչպէս՝ անպայման, անտարակոյս, անպատճառ, այլեւ՝ անշուշտ:

բ) «Դրուելով ածականների վրայ՝ բացասում է նրանց նշանակութիւնը
ԱՊ-, երկրորդ՝ առաւել գործուն ժխտական նախածանցն է: Հր. Աճառեանի մեկնութեամբ ծագում է պարսկերէնից եւ նախապէս գործ է ածուել հենց այդտեղից փոխառնուած ապալեպ «անխորշ, «անգոգ», ապենիազ «անկարօտ», ապերիսան||ապարասան «անսանձ» եւ այլն բառերի մէջ:

Հայերէնում ապ- ածանցով ունենք շուրջ 200 բառ, որոց մի մասը վաղ անցեալում է ստեղծուել, ինչպէս՝ ապաբան, ապագով, ապազէն «անզէն», ապագործ, ապաժամ, ապաթոյն, ապաձայն, ապանշան, ապաջան, ապաշնորհ, ապաշուք, ապերասան, ապերախտ, ապիկար (ապակար-ի փոխարէն), ապուշ «անխելք, խելք չունեցող» եւ այլն, իսկ մի զգալի մասն էլ, ինչպէս՝ ապարդիւն, ապաբախտ, ապանեխում, ապադասակարգային, ապապետականացում, ապառազմականացնել, ապաքաղաքական, ապաքօղարկել, ապակողմնորոշում, ապակենտրոն, ապերջանիկ, ապօրինի եւ այլն, աւելի ուշ՝ աշխարհաբարեան եւ հայոց լեզուի զարգացման շրջանում ստեղծուել է:

Ըստ որում նկատելի է, որ՝

ա) Ապ- ածանցը անցեալում դրուել էհիմնականում արմատական գոյականի եւ երբեմն նաեւ բայարմատի վրայ եւ կազմել ածականներ՝ բացասական կամ ժխտական նշանակութեամբ, ինչպէս՝ ապահարկ-հարկ չտւող, ապերասան-սանձ չունեցող, անցանձ, ապաշուք-անշուք, ապաջան-անջան, ի զուր ջանացող եւ այլն:

բ) Աշխարհաբարեան շրջանում ապ- ածանցը դրուել է նաեւ ածականի վրայ, բացասելով նրա նշանակութիւնը, ինչպէս՝ երջանիկ-ապերջանիկ, քաղաքական-ապաքաղաքական, դասակարգային-ապադասակարգային, ռազմական-ապառազմական, շարային-ապաշարային եւ այլն:

գ) Դրւում է մի խումբ, մանաւանդ պատճառական բայերի վրայ եւ կազմում նոր բայեր՝ բացասւող գործողութեան նշանակութեամբ, հմմտ., օրինակ, ազգայնանալ-ապազգայնանալ, ազգայնացնել-ապազգայնացնել, ազգայնացւել-ապազգայնացւել, կենտրոնանալ-ապակենտրոնանալ, կենտրոնացնել-ապակենտրոնացնել, կողմորոշել-ապակողմնորոշել, մագնիսանալ-ապամագնիսանալ եւ այլն:

դ) Դրւում է նման բայերի հիմքերից կազմուած բայանունների վրայ եւ կազմում գոյականներ՝ բացասւող նշանակութեամբ, ինչպէս՝ կենտրոնացում-ապակենտրոնացում, պետականացում-ապապետականացում, ռազմականացում-ապառազմականացում, քօղարկում-ապաքօղարկում եւ այլն:

Ծանօթ. 1.- Ի տարբերութիւն միւս ժխտական նախածանցների, ապ-ը բաղաձայնով սկսող բաղադրիչների հետ միանում է ա յօդակապով:

Ծանօթ. 2.- Ապ- ածանցը մթագնել է ապուշ բառում, որից կազմուած բաղադրութիւններում էլ, ի դէպ, արմատի ու ձայնաւորը սղւում ու չի արտայայտւում:

Ծանօթ. 3.- Ապ- ժխտականը տարբեր է յունարէնի նմանողութեամբ կազմուած ապա- նախածանցից, որ հանդիպում է ապացոյց, ապաթարց բառերում:

Դժ-||Տժ-, ծագում է պարսկերէնից եւ հիմնականում գործածւում է այդտեղից փոխառեալ մի քանի բառերի հետ, ինչպէս՝ դժբախտ-անբախտ, բախտ չունեցող, դժգոհ-անգոհ, ոչ գոհ, դժգոյն-անգոյն, դժկամ-տհաճող, չուզող, դժպարիշտ-անբարիշտ, բայց նաեւ՝ դժմիտ-չարամիտ, անհաւան, դժպատեհ-անպատեհ:

Անկենսունակ լինելով, դժ- ածանցը նոր բառեր չի կազմում եւ հանդէս է գալիս միայն սկզբնատիպ ձեւերից կազմւած բաղադրութիւններում, ինչպէս՝ դժգոյն-դժգունակ, դժգունել, դժգունանալ, դժգունադէմ, դժգնութիւն, դժգոհ-դժգոհել, դժգոհանք, դժգոհութիւն եւ այլն:

Չ-, առաջ է եկել ոչ բառից՝ ո-ի անկումով: Իբրեւ բառակազմական ածանց, շատ գործուն է եղել գրաբարում, որտեղ եւ բայարմատի, գոյականի եւ ածականի վրայ դրւելով՝ կազմել է ածականներ եւ գոյականներ, ինչպէս՝ չլուր, չտես, չփոյթ, չգոյ, չազգ- ոչ ազգ, անպիտան ազգ, չաստուած- ոչ աստուած, սուտ աստուած, չերեց- ոչ երեց, իր կոչմանն անարժան երեց, չախորժելի- անախորժ, չանցաւոր- ոչ անցաւոր, մնայուն, չգիտուն- անգէտ, տգէտ, չհաւանական- անհաւանական եւ այլն:

Հայոց լեզուի զարգացման ընթացքում չ-ն, անշուշտ, ան- ժխտականի ճնշմամբ զրկւել է կենսունակութիւնից եւ հիմնականում գործ է ածւում, որոշ թիւով բայարմատների հետ եւ դրանցից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ չբեր, չտես, չկամ, չհաւան, չհաս, չխօսկան, չբերութիւն, չկամօրէն, չկամութիւն, չհասութիւն եւ այլն:

Ծանօթ., 1.-Չ- բառակազմական ածանցը պէտք է տարբերել բայերի հետ գործածւող՝ գործողութեան ժխտում արտայայտող չ- քերականական մասնիկից, ինչպէս՝ գրել-չգրել, չգրած, չգրող, չգրեց, չգրի եւ այլն: 2.- Որոշ բառերում, ինչպէս՝ չիք (<չ+ի+ք), չնչին (<ոչ+ինչ+ին), չնաշխարհիկ (<ոչ+ինչ+աշխարհիկ) չ-ն մթագնել ու այլեւս իբրեւ ածանց չի գիտակցւում:

Տ-, առաջ է եկել, անշուշտ, չ- ածանցից՝ որոշ բառերում (օր.՝ տգէտ<չգէտ) տեղի ունեցած փոխազդեցական հնչիւնափոխութեան հետեւանքով: Այդ են հաստատում գրաբարից աւանդուած տգէտ, տխեղծ, տկար, տհալ, տհաճ, տհաս, տքնել, տմահանալ, այլեւ՝ տգեղ, տգոյն, տմոյն բառերը, որոնցում այն ե'ւ իմաստով, ե'ւ դրսեւորումներով համընկնում է չ-<ոչ մասնիկին եւ ոչ միայն մեծ մասամբ բայարմատների, այլեւ հենց որոշ բայերի հետ գործածւում: Ակադեմիկոս Գ. Ջահուկեանը տ-ն հնդեւրոպական ծագում ունեցող ածանց է համարում (տե'ս Հայոց լեզուի պատմութիւն, էջ 242):

Ժամանակակից հայոց լեզւում տ-ն անկենսունակ ածանց է եւ գործածւում է զուտ նախնական բառերում ու նրանցից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ տգեղ-տգեղանալ, տգեղութիւն, տգեղադէմ, տգեղացում, տկար-տկարամիտ, տկարանալ, տկարաւուն, տհաճ-տհաճօրէն, տհաճութիւն, տմարդ-տմարդի, տմարդօրէն, տմարդութիւն, տքնել- տքնութիւն, տքնում, տքնաջան, տքնաջանութիւն եւ այլն:
Ոչ ժխտական (դրական) նախածանցներ
Ոչ ժխտական (դրական) են կոչւում այն նախածանցները, որոնք բառի կամ արմատի վրայ դրուելով՝ այլ նշանակութիւն են արտայայտում: Ժխտական նախածանցները եթէ հաւասարապէս միատեսակ՝ ժխտման կամ բացասման, ապա ոչ ժխտական (դրական) նախածանցները տարաբնոյթ իմաստներ են արտայայտում եւ բազմազան տեսակի, ինչպէս նաեւ շատ աւելի մեծ թուով ածանցաւոր բառեր են կազմում:

Ի տարբերութիւն ժխտական ածանցների, որ առաջ են եկել աւելի վաղ՝ կենդանի խօսակցական լեզւում, դրական նախածանցները, ինչպէս յայտնի է համեմատաբար ուշ՝ 5-6-րդ դարերում են ստեղծուել՝ յունաբան դպրոցի ներկայացուցիչների կամ յունաբանների կողմից եւ զուտ գրային, գրաւոր ծագում ունեն: Բայց սա, ի հարկ է, չի նշանակում, թէ այդ նախածանցները արհեստական, արտաքոյ կարգի նորամուծութիւններ են, եւ լեզուն նախապէս չի զգացել ու առաջադրել դրանց պահանջը: Հենց այն հանգամանքը, որ դասական (ոսկեղնիկ) գրաբարում նշմարւում են արդէն որոշ նախածանցներ, ինպէս՝ բաց-, գեր-, համ-, վեր-, տար-, այլ եւ՝ առ-, ընդ-, ցոյց է տալիս, որ հայոց լեզուն ոչ միայն զգացել է ու նախածանցման պահանջ է առաջադրել, այլ եւ հնարաւորութիւն ընձեռել յունաբան դպրոցի ներկայացուցիչների համար յունարէնի նմանողութեամբ, բայց հենց հայերէնի լեզուական նիւթի հիման վրայ ստեղծելու բուն հայկական նախածանցներ:

Ուստի՝ բոլորովին էլ պատահական չէ, որ նրանք, ինչպէս Հր. Աճառեանն է նշել, ա) կա՛մ «պարզապէս հայերէն բառեր են», ինչպէս՝ առ, յար<«կից», բաց, գեր, բ) կա՛մ «հայերէն սովորական մի բառի արմատ են իրօք կամ ենթադրաբար», ինչպէս՝ փոխ, հակ, ներ, բաղ, արտ, ստոր. կա՛մ «հայերէն սովորական ձեւեր են՝ ձեւով կամ նշանակութեամբ փոփոխուած», ինչպէս՝ ենթ (<ընդ «տակը»), փաղ (<բաղ), հոմ (=համ, որ փոխարեալ է իրան. ham մասնիկից), վեր (<ի վեր «վերեւ»), շար (շարել «կարգել, դասել» բայից), փար (<պար), եւ դ) կա՛մ մասամբ դեռեւս չեն ստուգաբանուած, ինչպէս՝ մակ, դեր, տրամ:

Այսպիսով՝ նախածանցները յունարէնի նմանողութեամբ կազմուել են հայերէնի իսկ սեփական տարրերից եւ կենսունակութիւն ու կիրառութիւն ստացել առաջին հերթին հենց նրանց շնորհիւ: Եւ, այնուհանդերձ, բոլոր նախածանցները սկզբնապէս բառակազմական միատեսակ արժէք չեն ունեցել եւ ոչ էլ հաւասարապէս անփոփոխ են մնացել: Փաստերը ցոյց են տալիս, որ՝ ա) հոմ-, փաղ-, փար- նախածանցները իբրեւ համ-ի, բաղ-ի, եւ պար-ի ձեւափոխութիւններ, որոնցով գրաբարում որոշ թիւով բաղադրեալ բառեր են կազմուել (օր՝ հոմագունդ, հոմածին, հոմանուն..., փաղանուն, փաղառութիւն, փաղաբառնալ, փաղագրութիւն...), հետագայում լրիւ դուրս են ընկել գործածութիւնից. բ) նախածանցների կազմում տեղի են ունեցել որոշ համալրումներ. անդր «դէպի այնտեղ, այնտեղ, դեն» մակբայը աշխարհաբարում իմաստապէս վերացարկուել եւ նախածանցի է վերածուել, ինչպէս՝ Անդրկովկաս (Այսրկովկասի նկատմամբ), անդրավարտիք, անդրադարձ եւ այլն: Կամ՝ նախ մակբայը, որ, իբրեւ այդպիսին, ե՛ւ առանձնաբար (օր.՝ Նախ լուացւում են, յետոյ նախաճաշում), եւ բաղադրութիւններում (օր.՝ նախնի, նախկին, նախօրօք, նախապէս, նախորդ, նախակերտ եւ այլն) է գործածւում, ապա այլ դէպքերում ոչ նիւթական՝ վերացական, ինչ-որ բանի սկզբի, ելման իմաստ է արտայայտում եւ այդ իմաստով համապատասխանելով, ասենք ռուսերէնի пред- մասնիկին, նոյնպէս նախածանց ըմբռնւում, ինչպէս՝ նախագարնանային, նախազգացում, նախդիր, նախադասութիւն, նախագահ եւ այլն. գ) եթէ որոշ բառեր նախածանցի լիակատար իրաւունք են ստացել եւ իբրեւ այդպիսին են գործածւում լեզւում, ապա բառեր էլ կան, ինչպէս՝ միջ- (<մէջ), մինչ, որոնք նախածանց դառնալու ընթացքի մէջ են գտնւում:

Տարբեր նախածանցներով տարբեր չափ ու քանակով նոր բառեր են կազմւում: Նրանց մի մասով, ինչպէս՝ անդր-, առ-, արտ-, գեր-, ենթ-, ընդ-, հակ-, համ-, նախ-, ներ-, վեր-, տար-, փոխ-, համեմատաբար՝ շատ, իսկ մի մասով, ինչպէս՝ բաղ-, բաց-, դեր-, թեր-, յար-, յեղ-, մակ-, շաղ-, շար-, պար-, ստոր-, տրամ-, ընդհակառակն, քիչ ածանցաւոր բառեր են կազմւում: Նկատելի է անգամ, որ որոշ նախածանցներ (օր.՝ դեր, շաղ) սոսկ մի քանի բառերում են գործածւում:

Նախածանցներն իրարից տարբերւում են նաեւ իմաստաբանական տեսակէտից: Ածանցներ կան, որոնք բազմիմաստ են, այսինքն՝ մէկից աւելի իմաստներ են արտայայտում. օրինակ՝ համ- նշանակում է ե՛ւ «ամէն, բոլոր», ե՛ւ «նոյն, մի», ե՛ւ «միասին, միատեղ», տար- նշանակում է ե՛ւ «տարբեր, այլ», ե՛ւ «հեռու, դէն, դուրս», վեր-նշանակում է ե՛ւ «վրայ, վերեւ», ե՛ւ «վերստին, կրկին» եւ այլն: Ածանցներ էլ կան, ինչպէս՝ արտ-, բաղ,- հակ-, ներ- եւ այլն, որոնք մէկ իմաստ են արտայայտում եւ կոչւում են մենիմաստ ածանցներ:
Ունենալով հանդերձ նման տարբերութիւններ, նախածանցները բացառապէս բաղաձայնայանգ բառակազմական ձեւոյթներ են եւ, ինչպէս ասուել է, բառին կամ արմատին միանում են կա՛մ առանց յօդակապի, կա՛մ յօդակապով, կամ ե՛ւ յօդակապով, ե՛ւ առանց յօդակապի: Դա էլ հենց ցոյց է տալիս, որ ա յօդակապը նախածանցի կազմի մէջ չի մտնում, նախածանցի ինչ-որ տարբերակ չի ստեղծում, եւ այն կարծիքը, թէ իբր անյօդակապ եւ յօդակապ ձեւերը նոյն ածանցի տարբերակներն են, անհիմն է եւ փաստօրէն խանգարում ու թոյլ չի տալիս ճիշտ որոշելու այն դերը, որ կատարում է յօդակապը նախածանցաւոր բառերի կազմութեան մէջ:

Նախածանցները առանձին-առանձին այսպիսի պատկեր են ներկայացնում.



ԱՆԴՐ-, նշանակում է դէպի այն կողմ, դէնը, այն կողմի: Դրւում է՝ ա) գոյականի վրայ, կազմում գոյականներ, ինչպէս՝ անդրաշխարհ, անդրաբեմ, անդրավարտիք, անդրբեւեռ, անդրշիրիմ, անդրաթռիչք, Անդրկովկաս. բ) գոյականից (մեծ մասամբ տեղի իմաստ ունեցող) կազմուած ածականի վրայ, կազմում ածականներ, ինչպէս՝ անդրգերեզմանային, անդրլեռնային, անդրջրհեղեղեան, անդրովկիանոսեան, անդրքաղաքային. գ) բայարմատի վրայ, կազմում ածականներ, ինչպէս՝ անդրադարձ, անդրահար, անդրաձիգ:
Ծանօթ. 1.- Անդր նախածանցը որոշ դէպքերում նաեւ բայի հետ է գործածւում, ինչպէս՝ անդրադառնալ, անդրաձգել, անդրացնել:

Ծանօթ. 2.- Անդր-ով մեծ մասամբ առանց յօդակապի են նոր բառեր կազմւում:

2.- ԱՌ- (=յուն. προσ), ծագում է գրաբարեան առ նախդրից եւ նշանակում է դէպի, մօտ, կից, վրայ, առաջ, դէմ: Դրւում է զանազան ձեւոյթների ու բառերի (բայարմատ, բայ, գոյական, ածական, մակբայ) վրայ, կազմում բայ, ածական, գոյական, մակբայ, եւ անգամ կապ, ինչպէս՝ առկայծել, առգրաւել, առդիմել, առձայնել, առադրել, առդիր, առաձիգ, առկախ, առողջ, առնմանում, առէջք, առձեռն, առհասարակ, առյաւէտ, առժամանակ, առերես, առանձին, առանց եւայլն:

Ծանօթ.- Որոշ բառերում (օրինակ՝ առագաստ, առարկայ, առակ)՝ լրիւ, իսկ որոշ բառերում (օրինակ՝ առաջ<առ+աջ, առանց<առ+անց) մասամբ առ- նախդիր-ածանցը մթագնել է իր իմաստը:

3.- ԱՐՏ- (= յուն. έκ, ξ), ծագում է արտաքս («դուրս») բառից՝ -աքս մասի կրճատմամբ եւ նշանակում է դուրս, դրսում: Գործածւում է՝ ա) բայերի հետ, ինչպէս՝ արտաբերել, արտագրել, արտասանել, արտադրել, արտաշնչել, արտահանել, արտամղել. բ) բայաբնի հետ եւ կազմումածական, ինչպէս՝ արտաբերդ, արտակարգ, արտապատկեր, արտախելք, արտակենտրոն, արտացոլք, արտատիպ եւ այլն:

Ծանօթ.- Արտօնել (<արտ+ունել) բայում եւ արտօն հիմքից կազմուած բաղադրութիւններում (արտօնեալ, արտօնութիւն, արտօնագիր...) արտ- նախածանցն այլեւս չի գիտակցւում:

Արտ- նախածանցը գործ է ածւում նաեւ –ական, -ային ածանցով մի շարք ածականների հետ եւ կազմում ածական, ինչպէս՝ արտադասարանական, արտադասարանային, արտամթնոլորտային, արտամուսնական, արտանախահաշուային եւ այլն:

4.- ԲԱՂ- (=յուն. συν), ծագում է բաղել («կցել») բայի բաղ արմատից. նշանակում է կից, իրար հետ, միասին: Անկենսունակ ածանց է, գործածւում է որոշ՝ բաղադիր, բաղակից, բաղակոյտ, բաղաձայն, բաղդաս(ել), բաղդատ(ել), եւ դրանցից կազմուած բառերում, ինչպէս՝ բաղադրիչ, բաղադրամաս, բաղադրութիւն, բաղադրեալ, բաղաձայնական, բաղաձայնոյթ, բաղդատական, բաղդատում, բաղկացուցիչ, բաղկացութիւն եւ այլն:

5.- ԲԱՑ- (=յուն. απο), ծագում է գրաբարի ի բաց մակբայից եւ նշանակում է հեռու, մի կողմ: Գործածւում է բացակայ, բացակայել, բացակայում, բացակայութիւն, բացայայտել, բացայայտ, բացայայտեալ, բացայայտօրէն, բացայայտում, բացառել, բացառիկ, բացառութիւն, բացառական, բացասել, բացասում, բացասական, բացականչել, բացատրել, բացատրութիւն, բացատրագիր, բացարձակ, բացարձակապէս եւ նման բառերում:

Ծանօթ.- Բաց- նախածանցը պէտք է տարբերել բարդութիւններում գործածուող բաց («ոչ փակ, բացած, բացուած») արմատից, ինչպէս՝ բացագլուխ, բացերես, բացօդեայ եւ այլն:

6.- ԳԵՐ- (=յուն. ύπερ), ծագում է գեր բառից եւ նշանակւոմ է՝ 1. վեր, աւելի քան, չափազանց, 2. բարձր, գերագոյն, բարձր աստիճանի: Բաւական գործուն ածանց է: Դրւում է՝

ա) Բայի վրայ, ցոյց տալիս գործողութեան գերազանցութիւն, ինչպէս՝ բեռնել-գերաբեռնել, գնահատել-գերագնահատել, գերագանձել, գերադասել, գերածախսել, գերակատարել, գերակշռել, գերահռչակել, գերաճել, գերիշխել, գերարտադրել, գերբնակեցնել, գերհագենալ, գերսնուել, գերտաքանալ:

բ) Բայարմատի վրայ, կազմում ածական՝ ինչ-որ բանի բարձր յատկանիշով օժտուած լինելու նշանակութեամբ, ինչպէս՝ գերադաս (=աւելի բարձր դասուած՝ դասուող), գերազարդ, գերալիր, գերայաղթ, գերայարգ, գերամեծար, գերակայ, գերակատար:

գ) Ածականի վրայ, սաստկացնելով կամ զօրացնելով նրա նշանակութիւնը, ինչպէս՝ գերադրական, գերազնիւ, գերահզօր, գերամաքուր, գերամուր, գերապայծառ, գերաչար, գերառատ, գերբարձր, գերբնական, գերերջանիկ, գերզգայուն, գերծանր, գերկարճ, գերճշգրիտ, գերընտիր, այլեւ՝ գերարագ:

դ) Գոյականի վրայ, կազմում գոյական կամ ածական՝ բարձր ու գերազանց յատկանիշի նշանակութեամբ, ինչպէս՝ գերահռչակ (=շատ հռչակուած), գերճաճանչ (=չափազանց ճաճանչաւոր), գերանդորր (=չափազանց անդորր), գերաշխատանք, գերթթւուկ, գերձայն, գերմարդ, գերշահոյթ, գերջանք:

Tigris
24.07.2009, 19:41
Ոչ ժխտական նախածանցներ

(շարունակում)



7. ԴԵՐ- (=յուն. άντι), նշանակում է փոխարէն, փոխանակ: Գործածւում է դերանուն (= անուան փոխարէն), դերբայ (= բայի փոխարէն) եւ դրանցից կազմուած դերանուանական, դերանուանաբար, դերբայական, դերբայաձեւ բառերում:

Ծանօթութիւն 1.- Դեր- նախածանցը չպէտք է շփոթել դեր (ռուս. роль) գոյականի հետ, որով շատ բարդ բառեր են կազմւում, ինչպէս՝ դերասան, դերակատար, դերախաղ եւ այլն:
Ծանօթութիւն 2.- Դերծովակալ, դերնախագահ, դերգնդապետ, եւ այլն բառերը դեր- նախածանցը փոխարինելով փոխ-ով՝ հնացել ու դուրս են մղուել գործածութիւնից:

8. ԵՆԹ- (=յուն. ύπο), ծագում է գրաբարի ընդ նախդիրից. նշանակում է տակը, ստոր: Նոյն այդ նշանակութեամբ գործ է ածւում՝ ա) հիﬓականում գոյականների հետ, ինչպէս՝ ենթագիծ, ենթադաս, ենթաաընտանիք, ենթաբարբառ, ենթախումբ, ենթակարգ, ենթահող, ենթամաշկ, ենթամաս, ենթաշերտ, ենթաշրջան, ենթավերնագիր, ենթատեսակ, ենթատոհմ, ենթացանք, ենթավարպետ, ենթասպայ, ենթատեսուչ. բ) որոշ բայերի ու բայարմատների հետ, ինչպէս՝ ենթածել, ենթավարձել, ենթարկել, ենթամնայ, ենթակայ, ենթակալ եւ այլն:

Ծանօթութիւն.- Ենթ- նախածանցը հանդիպում է նաեւ դրանցից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ ենթադրական, ենթադրութիւն, ենթագիտակցաբար, ենթածովային, ենթամաշկային, ենթագետնեայ եւ այլն:

9. ԸՆԴ-, ծագում է գրաբարի համանման նախդիրից: Գործածւում է երբեմնի՝ «1.հետ, 2. վրայ, 3. տակ, տակից, 4. մէջ, ներս, միջից, միջով» նախդրային նշանակութիւններով: Դրւում է՝ ա) բայերի վրայ եւ կազմում զանազան նշանակութիւններով նոր բայեր, ինչպէս՝ ընդգծել, ընդգրկել, ընդլայնել, ընդհատուել, ընդունել..., այլեւ՝ ընդառաջել, ընդարձակել, ընդդիմանալ եւ այլն. բ) ածականների վրայ եւ կազմում ածականներ՝ աւելի լայն նշանակութեամբ, ինչպէս՝ ընդարձակ, ընդխառն, ընդհանուր, ընդունայն, ունակ-ընդունակ. գ) մակբայի վրայ եւ կազմում նման բառեր՝ սաստկական նշանակութեամբ, հմմտ., օրինակ՝, առաջ-ընդառաջ, միշտ-ընդմիշտ, այլեւ՝ դէմ-ընդդէմ, հակառակն-ընդհակառակն. դ) հազուադէպ գոյականի վրայ եւ կազմում գոյական՝ որեւէ բանի ցած գտնուելու նշանակութեամբ, օրինակ՝ ընդաշխարհն (=ստորերկեայ աշխարհ), ընդյատակ, ընդօթեակ:

10. ԹԵՐ-, ծագում է թերի բառի թեր արմատից. նշանակում է պակաս, ոչ լրիւ: Իբրեւ գեր- նախածանցի հականիշ, գործ է ածւում թերաբեռնել, թերագանձել, թերագնահատել, թերակատարել, թերակշռել, թերհաշուել, թերարտադրել, ինչպէս նաեւ համանման հիմքերից կազմուած թերաբեռնում, թերագանձում, թերագնահատում, թերագնահատանք, թերակատարում, թերարտադրանք, թերարտադրութիւն եւ այլ բառերում:

Ծանօթութիւն.- Թեր- նախածանցը ամբողջապէս չի զատուել իր սկզբնաձեւից եւ յաճախ բաղադրութիւնների մէջ իբրեւ հիմնական ձեւոյթ է գործածւում, օրինակ՝ թերակղզի, թերահաւատ, թերատ, թերուս եւ այլն:

11. ՀԱԿ- (=յուն. άντί), ծագում է հակել («ծռել, միտել») բայի հակ արմատից եւ նշանակում է հակառակ: Գործածւում է՝ ա) բայերի հետ, արտայայտելով հակառակ գործողութեան նշանակութիւն, ինչպէս՝ հակազդել, հակաճառել, հականեխել, հականերգործել, հակասել, բ) գոյականների հետ եւ կազմում գոյականներ՝ որեւէ բանի հակադիր նշանակութեամբ, ինչպէս՝ հակագրոհ, հակաբեւեռ, հակաբեռ, հակապատկեր, հակապահանջ, հակափորձ, հակահարուած, գ) ածականների վրայ եւ կազմում ածականներ՝ հակառակ նշանակութեամբ, ինչպէս՝ ազգային-հակազգային, ժողովրդական-հակաժողովրդական, հակահանրային, հակահետեւակային, հակամարդկային, հակապատմական, հակատրամաբանական, դ) բայարմատների վրայ եւ կազմում ածականներ՝ հակադիր գործողութեան ընդհանուր նշանակութեամբ, ինչպէս՝ հակադարձ, հակամերձ, հակաքարշ, այլեւ՝ հակընթաց...

12. ՀԱՄ-, ծագում է պարսկ. hamaբառից եւ իբրեւ նախածանց՝ «1. նման, նոյն, մի, միեւնոյն», «2. Ամէն, բոլոր, ամբողջ», «3. Մեկտեղ, միասին» նշանակութիւններով կեանքի է կոչուել աւելի վաղ շրջանում՝ դասական գրաբարում:
Հայերէնի ամէնաբեղուն ու արդիւնաւետ նախածանցն է, որ եւ՝

«Նոյն, միեւնոյն» նշանակութեամբ հիմնականում գործ է ածւում գոյականի հետ եւ կազմում գոյականներ ու ածականներ, ինչպէս՝ համաբնակիչ (=միեւնոյն տեղի բնակիչ), համաբնոյթ (=նոյն՝ միեւնոյն բնոյթով), համագիւղացի, համագոյն, համադաս, համազգեստ, համաժառանգ, համալեզու, համակրօն, համաձայն, համաձեւ, համահայր, համամայր, համամիտ, համանշան, համանուն, համաշեշտ, համաչափ, համասեռ, համաստիճան, համատեղ, համատեսակ, համարժէք, համարուեստ, համաքաղաքացի, համերանգ:
«Մեկտեղ, միասին» նշանակութեամբ հիմնականում գործ է ածւում բայարմատների հետ եւ կազմում ածականներ, ինչպէս՝ համաբնակ (=միասին բնակուող), համածին, համակեաց, համընթաց, համագնաց, համագումար:
«Ամբողջ, բոլոր, ամէն» նշանակութեամբ գործ է ածւում՝ ա) ածականների հետ, կազմում ածականներ, ինչպէս՝ համազգային, համագաղափարական, համագործարանային, համադպրոցական, համաժողովրդական, համամարդկային, համամիութենական, համաշխարհային, համաքաղաքային, համապայծառ, համընդհանուր եւ այլն. բ) գոյականի, բայարմատի հետ եւ կազմում գոյական կամ ածական, ինչպէս՝ համալսարան (=բոլորի լսելու տեղ), համալուր (=ամէն տեղ լսուող), համաճարակ, համասփիւռ, համացոյց, համատարած:


13. ՅԱՐ- (= յուն. παρα, συν), ծագում է յարել («կցել») բայի յար արմատից եւ նշանակում է մօտ, հետ, կից, կիպ: Գործածում է յարակից, յարադիր, յարանուն, յարաշար, յարադաս, յարաշեշտ, յարաբարդ, յարացոյց, յարաբերել, յարամերձ բառերում եւ դրանցից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ յարաբերութիւն, յարաբերական, յարակցական, յարակցութիւն, յարանունութիւն, յարացուցային եւ այլն:

Ծանօթութիւն.- Ինչպէս ժամանակին Մ. Աբեղեանն է զգուշացրել, յար նախածանցը չպէտք է շփոթել յար «միշտ» մակբայի հետ, որով իսկական բարդութիւններ են կազմւում, օրինակ՝ յարատեւ, յարաշարժ, յարաժամ, յարափայլ, յարածուփ եւ այլն:

14. ՅԵՂ- ծագում է յեղել (<գրբ. յեղուլ «շուռ տալ, փոխել») բայի յեղ արմատից եւ մի բան փոխելու, դարձնելու, վերածելու նշանակութեամբ գործ է ածւում յեղաբեկել, յեղակարծել, յեղաշրջել, յեղափոխել, յեղաշարժել բայերում եւ նրանց հիմքերից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ յեղաբեկում, յեղաշրջիկ, յեշաղրջում, յեղափոխական, յեղափոխիչ, յեղափոխութիւն եւ այլն:

15. ՄԱԿ- (= յուն. έπι), ծագում է, անշուշտ, գրաբարում առանձին աւանդուած մակ բառից եւ նշանակում է վրայ, վերեւ: Նոյն այդ նշանակութեամբ գործ է ածւում՝ ա) գոյականի հետ եւ կազմում գոյական, ինչպէս՝ մակաբոյս, մակագիր, մակազարդ, մակալեզու, մակակար, մականուն, մակափակ, մակբայ, մակերես, մակերիկամ եւ այլն. բ) բայարմատի կամ բայահիմքի վրայ, կազմում գոյական կամ ածական, ինչպէս՝ մակաբոյծ, մակադիր, մակդիր, մակահերձ, մակընթաց եւ այլն. գ) բայի հետ, ինչպէս՝ մակաբերել, մակակցել, մակաճել, մականուանել եւ այլն:

Ծանօթութիւն 1.- Մակ- նախածանցը գործ է ածւում նաեւ տարբեր բառահիմքերից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ մակագրում, մակագրութիւն, մակերեսային, մակերեսօրէն, մակերեսաչափական, մակընթացութիւն եւ այլն:
Ծանօթութիւն 2.- Մակարդակ (<մակ+արդ «ձեւ, կերպ»+ակ) բառում մակ- նախածանցը մթագնել ու այլեւս չի գիտակցւում:

16. ՆԱԽ-, ծագում է նախ մակբայից եւ գործածւում է «առաջի, սկզբի, առաջ, սկզբում» եւ «ժամանակով առաջ, նախքան, մինչ» նշանակութիւններով:
Առաջին նշանակութեամբ գործ է ածւում՝ ա) գոյականի հետ, կազմում գոյական, ինչպէս՝ նախաբան, նախագիծ, նախադուռ, նախալեզու, նախախորշ, նախածանց, նախահայր, նախաճաշ, նախամայր, նախապատճառ, նախասկիզբ, նախերգ եւ այլն. բ) բայարմատի կամ բայհիմքի հետ, կազմում ածական, ինչպէս՝ նախագիւտ, նախագոյ, նախազգաց, նախախնամ, նախածին, նախահունչ, նախամեծար, նախամուտ, նախաստեղծ, նախատաշ, նախընթաց, այլեւ՝ նախդիր (գոյ.):
Երկրորդ նշանակութեամբ գործ է ածւում –ական կամ –ային ածանցով ածականների հետ, կազմում ածական, ինչպէս՝ նախաաշխատանքային (=մինչաշխատանքային), նախագարնանային, նախադիպլոմային, նախադպրոցական, նախահաշուարկային, նախայեղափոխական, նախապատերազմական, նախապատմական, նախախորհրդային, նախատօնական, նախընտրական եւ այլն:

Ծանօթութիւն.- Նախ- նախածանցը պէտք է տարբերել նախ մակբայից, որ իբրեւ հիմնական ձեւոյթ է բաղադրեալ բառեր կազմում:

17. ՆԵՐ- (=յուն. έν) ծավում է ներս||ներքս բառի արմատից եւ նշանակում է ներս, ներսում, մէջ: Բաւական բեղուն ածանց է. գործածւում է՝
ա) Բայերի հետ, արտայայտելով դէպի ներս, ներսում կատարւող գործողութիւն, ինչպէս՝ ներազդել, ներածել, ներամփոփել, ներարկել, ներգաղթել, ներգործել, ներգրաւել, ներթափանցել, ներխուժել, ներծծուել, ներհոսել, ներհիւսել, ներշղթայել, ներշնչել, ներմուծել եւ այլն:
բ) Բայարմատների հետ եւ կազմում ածական, երբեմն էլ գոյական՝ դէպի ներս, ներսում կատարւող գործողութեան ընդհանուր նշանակութեամբ, ինչպէս՝ ներամփոփ, ներգաղթ, ներգոյ, ներդիր, ներթափանց, ներկայ, ներհայեաց, ներտաշ եւ այլն:
գ) Գոյականների հետ եւ կազմում գոյական կամ ածական՝ ներունական նշանակութեամբ, ինչպէս՝ ներանձն, ներգիծ, ներդաշն, ներջանք, ներաշխարհ, ներուժ եւ այլն:
դ) Ածականների հետ եւ կազմում ածական՝ ինչ-որ բանի ներսին՝ միջին վերաբերող յատկանիշի նշանակութեամբ, ինչպէս՝ ներգանգային, ներամուսնական, ներմիութենական, ներունակ, ներշնչական, ներճիւղային, ներմիջուկային եւ այլն:

Ծանօթութիւն 1.- Ներ-ով առանց յօդակապի են ածանցաւոր բառեր կազմւում:
Ծանօթութիւն 2.- Վաղուց յօդակապով աւանդուած ձեւերը (օր.՝ ներաբնակ, ներաբոյս, ներագաղթ, ներադարձ եւ այլն) հնացած են ու անգործածական:

18. ՇԱՂ- (= յուն. συν), ծագում է գրբ. շաղել («կապել, միացնել, կպցնել») բայի արմատից: Անկենսունակ ածանց է, գործածւում է միայն շաղկապ բառում եւ նրանից է կազմուած հին եւ նոր բաղադրութիւններում՝ շաղկապել, շաղկապում, շաղկապութիւն, շաղկապային, շաղկապենի, շաղկապիչ:

19. ՇԱՐ- (= յուն. συν), ծագում է շարել բայի արմատից եւ նշանակում է միասին, կից, շարքով: Հանդիպում է մեծ մասամբ որոշ բայերում եւ դրանց հիմքերից կազմուած բաղադրեալ բառերում, ինչպէս՝ շարադասել― շարադասական, շարադասօրէն, շարադասութիւն. շարադրել― շարադրական, շարադրանք, շարադրում, շարադրութիւն. շարակցել― շարակցական, շարակցուել, շարակցւում. շարահիւսել― շարահիւսական, շարահիւսութիւն, շարահիւսում, շարահիւսաբար, շարահիւսագիտութիւն, այլեւ՝ շարունակ― շարունակել, շարունակաբար, շարունակութիւն, շարունակելի եւ այլն:

Ծանօթութիւն.- Շար- նախածանցը պէտք է տարբերել բաղադրեալ բառերում իբրեւ արմատ գործածուող շար ձեւոյթից, ինչպէս՝ շարական, շարային, շարոյթ, շարամէջ, շարասիւն եւ այլն:

20. ՊԱՐ- (= յուն. περι), ծագում է պար («շուրջ, շրջան») արմատական բառից եւ շուրջը, չորս կողմը, շուրջանակի նշանակութեամբ գործ է ածւում գոյականից, բայից, բայարմատից... կազմուած որոշ բառերում, ինչպէս՝ պարագիծ, պարամետր, պարագօտի, պարագայ, պարբերել, պարբերոյթ, պարբերութիւն, պարբերաբար, պարունակ, պարունակել, պարունակութիւն, պարփակել, պարփակուել, պարփակում, պարառական եւ այլն:

21. ՍՏՈՐ- (= յուն. ύπο), ծագում է համանման բառարմատից եւ նշանակում է ցած, ներքեւ, տակը: Սակաւ կենսունակ ածանց է. գործածւում է բայարմատից, գոյականից, բայից կազմուած որոշ բառերում ու բաղադրութիւններում, օրինակ՝ ստորաբաժանել, ստորաբաժանում, ստորագիր, ստորագրել, ստորագրում, ստորագրութիւն, ստորադաս, ստորադասական, ստորադասութիւն, ստորոգում, ստորոգեալ, ստորադիր, ստորադրեալ, ստորակէտ, ստորգետնեայ, ստորերկեայ, ստորջրեայ եւ այլն:

Ծանօթութիւն.- Ստոր նախածանցը պէտք է տարբերել ստորին իմաստով գործածուող հիմնական ձեւոյթից, օրինակ՝ ստորանալ, ստորացում, ստորաքարշ, ստորոգի, ստորաստիճան եւ այլն:

22. ՎԵՐ- (= յուն. α’να), ծագում է (ի)վեր «վերեւ, վերի ծայրը» արմատական բառից եւ, իբրեւ նախածանց, նշանակում է՝ 1. վրայ, վերեւ եւ 2. նորից, վերստին:
Առաջին նշանակութեամբ գործածւում է՝
ա) Բայերի հետ եւ կազմում նոր բայեր՝ վերաբերական նշանակութեամբ, ինչպէս՝ վերագրել, վերաբերել, վերահսկել, վերապահել, վերավստահել եւ այլն:
բ) Բայարմատի կամ մի այլ բառի հետ, կազմում գոյական կամ ածական՝ դերբայական նշանակութեամբ, ինչպէս՝ վերակացու, վերարկու, վերադաս, վերադիր, վերահաս, վերահան եւ այլն:
գ) Որոշ ածականների հետ եւ կազմում ածականներ՝ մի բանի վրայ՝ վերեւ գտնուելու կամ մի բանից բարձր լինելու նշանակութեամբ, ինչպէս՝ վերգերեզմանային, վերդասակարգային, վերերկրեայ, վերգետնեայ, վերջրեայ, վերգանգային եւ այլն:
Երկրորդ նշանակութեամբ գործածւում է՝
ա) Բայերի հետ եւ կազմում նոր բայեր՝ գործողութեան կրկնութեան նշանակութեամբ, ինչպէս՝ վերաբաժանել, վերագնահատել, վերագրանցել, վերադառնալ, վերադասաւորել, վերախմբաւորել, վերակառուցել, վերակենդանանալ, վերահրատարակել, վերանայել, վերաշարադրել, վերապրել, վերաստեղծել, վերավարժեցնել եւ այլն:
բ) Բայարմատի հետ եւ կազմում գոյական կամ ածական՝ նորից կատարուող գործողութեան ընդհանուր նշանակութեամբ, ինչպէս՝ վերադարձ (= նորից դառնալը՝ ետ գալը), վերաճ, վերակոչ, վերայց եւ այլն:

Ծանօթութիւն.- Վեր- ածանցը պէտք է տարբերել վեր մակբայից, որ բաղադրութիւններում իբրեւ հիմնական ձեւոյթ է գործածւում,օրինակ՝ վերընթաց, վերասլանալ, վերելք (հկռկ. վայրէջք) եւ այլն:

23. ՏԱՐ- (= յուն. παρα, δια), ծագում է գրաբար տար («հեռու, հեռաւոր, օտար») արմատական բառից: Գործուն ածանց է եւ նշանակում է՝ 1. հեռու, օտար, դէն, դուրս, 2. տարբեր, այլ, 3, առանց՝ ան-, դժ-:
Առաջին՝ «հեռու, օտար, դէն, դուրս» նշանակութեամբ գործածւում է՝ ա) բայարմատի կամ բայահիմքի հետ, կազմում ածական, ինչպէս՝ տարաբնակ (= հեռու տեղ բնակող), տարագիր, տարագնայ, տարագնաց, տարակայ, տարակաց, տարահալած, տարաձիգ, տարամերժ եւ այլն. բ) բայի հետ եւ կազմում բայեր, ինչպէս՝ տարաբաժանել, տարաբնակուել, տարագրել, տարամերժել, տարածել, տարանջատել եւ այլն:

Ծանօթութիւն.- Այդ նշանակութեամբ տար- նախածանցը երբեմն գործ է ածւում նաեւ գոյականի հետ, կազմում գոյական կամ ածական, օրինակ՝ տարաշխարհ, տարակենտրոն, տարականոն:

Երկրորդ՝ «տարբեր, այլ, ուրիշ» նշանակութեամբ գործածւում է գոյականի հետ եւ կազմում ածական, օրինակ՝ տարաբարբառ, տարաբեւեռ, տարաբնոյթ, տարագիծ, տարաժամկէտ, տարալեզու, տարակազմ, տարաձեւ, տարաճաշակ, տարասեռ, տարատեսակ, տարարմատ, տարօրինակ եւ այլն:
Երրորդ՝ ժխտական ան- կամ դժ- ածանցի նշանակութեամբ գործ է ածւում գոյականի կամ ածականի հետ, կազմում ածական, ինչպէս՝ տարարժէք (= անարժէք), տարաբախտ (= անբախտ, դժբախտ, ապաբախտ), տարադէպ, տարաժամ, տարաշնորհ, տարամիտ եւ այլն:

Ծանօթութիւն.- Տար- ածանցը հանդիպում է նաեւ յիշեալ ձեւերից յատկապէս մի քանի (-ութիւն, -ական, -ային, -ու, -իկ եւ այլն) վերջածանցներով կազմուած բաղադրութիւններում, հմմտ., օրինակ, տարաձայն–տարաձայնել, տարաձայնուել, տարաձայնութիւն, տարաձայնում. տարագիր–տարագրեալ, տարագրել, տարագրուել, տարագրութիւն, տարագրում եւ այլն:

24. ՏՐԱՄ- (= յուն. δια), ծագում է տրամ («ամուր, պինդ, հաստատուն») արմատից եւ իբրեւ նախածանց նշանակում է «այս եւ այն կողմ(ից). մի կողմից, մի ծայրից մինչեւ միւսը»:
Գործածւում է որոշ գոյականների, բայարմատների հետ, կազմում գոյական կամ ածական, ինչպէս՝ տրամաբան, տրամագիծ, տրամագիր, տրամադիր, տրամալուր, տրամախոհ, տրամախօս, տրամանկիւն, տրամաչափ:

Ծանօթութիւն.- Տրամ- նախածանցը հանդիպում է նաեւ դրանցից կազմուած բաղադրութիւններում, հմմտ., օրինակ՝ տրամաբան–տրամաբանել, տրամաբանական, տրամաբանութիւն. տրամադիր– տրամադրել, տրամադրուել, տրամադրութիւն, տրամադրելի եւ այլն:

25. ՓՈԽ- (= յուն. μετα), սերում է փոխել բայի փոխ արմատից, որը իբրեւ այդպիսին գործ է ածւում, օրինակ, փոխարէն, փոխանակ, փոխատու, փոխանորդ, փոխելի, փոխեփոխ, փոխանակել, փոխազգեստ, փոխ տալ, փոխ առնել եւ մի շարք այլ բառերում:
Արմատական իմաստից հեռանալով եւ ածանց դառնալով՝ ա) «...բայերի հետ նշանակում է՝ 1) փոխելով կամ փոխուած ձեւով անել. մեկից կամ մի տեղից առնելով ուրիշին տալ, ուրիշ տեղ դնել, կարգել եւ այլն», ինչպէս՝ փոխադրել, փոխակերպել, փոխանցել, փոխարկել, փոխատեղել, փոխատնկել, փոխակրել, փոխաբեռնել եւ այլն. 2) փոխադարձաբար որեւէ բան անել՝ կատարել, ինչպէս՝ փոխադարձել, փոխազդել, փոխընդհարուել, փոխկապակցել, փոխհաղորդել, փոխհարուածել, փոխներգործել, փոխվստահել եւ այլն:

Ծանօթութիւն.- Այս վերջին նշանակութեամբ փոխ-ը գործածւում է նաեւ որոշ գոյականների, բայարմատների, այլեւ՝ զանազան ածանցաւոր բառերի հետ, ինչպէս՝ փոխայց, փոխհարուած, փոխներգործութիւն, փոխյարաբերութիւն, փոխկանչ, փոխհրաձգութիւն եւ այլն:

Բ) Գոյականների հետ նշանակում է՝ փոխարէն, փոխանակ, տեղը, օրինակ՝ փոխանուն, փոխարժէք, փոխարքայ, փոխնախագահ, փոխտեսուչ, փոխգնդապետ, փոխծովակալ եւ այլն:

261. Այսպիսով, ինչպէս կատարուած քննութիւնն է ցոյց տալիս, նախածանցները զանազան արմատների կամ բառերի վրայ դրուելով՝ բազմազան իմաստներ ու յարաբերութիւններ են արտայայտում եւ, լրացնելով կամ համալրելով իրար, կազմում, անշուշտ, մի ամբողջական համակարգ: Ըստ որում նկատելի է, որ այս դէպքում եւս նրանք որոշակի կապեր ու աղերսներ են դրսեւորում միմեանց նկատմամբ, յատկանշւում հոմանշութեամբ եւ հականշութեամբ:
Հոմանիշ են, օրինակ, ան–դժ, ապ–տար (անբախտ–դժբախտ–տարաբախտ), ան–տ (անգէտ–տգէտ), բաղ–համ (բաղադրութիւն–համադրութիւն), բաց–տար (բացագնաց–տարագնաց), ընդ–ստոր (ընգետնեայ–ստորգետնեայ), մակ–վեր (մակակար–վերակար), ենթ–ստոր (ենթադաս–ստորադաս), բաղ–շար (շարահիւսութիւն–բաղհիւսութիւն) նախածանցները:
Սրանց հակառակ հակադիր իմաստներ են արտայայտում եւ հականիշեր են արտ–ներ (արտաշնչել–ներշնչել, արտագաղթ–ներգաղթ), բաց–առ (բացակայութիւն–առկայութիւն), բաց–ներ (բացակայ–ներկայ), գեր–թեր (գերակատարել–թերակատարել, գերաճ–թերաճ), գեր–ստոր (գերադասել–ստորադասել), հակ–համ (հակակիր–համակիր, հակադրել–համադրել), համ–տար (համաձայնութիւն–տարաձայնութիւն, համասեռ–տարասեռ, համաձեւ–տարաձեւ), ընդ–վեր (ընդգետնեայ–վերգետնեայ), ստոր–վեր (ստորադաս–վերադաս) եւ այլն ածանցները:

Tigris
02.09.2009, 20:34
ՆԱԽԴԻՐՆԵՐԻ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԱՐԺԷՔԸ


,,,,§ 262. Բուն նախածանցներից բացի հայոց լեզւում նրանց համարժէք բառակազմական դեր են կատարել նաեւ գրաբարեան առ, զ, ընդ, ըստ, ի(յ) եւ ց նախդիրները: Գործածուելով տարբեր հոլովների հետ եւ արտայայտելով քերականական զանազան նշանակութիւններ, նոյն այդ հիմքի վրայ նրանք ձեռք են բերել նաեւ բառակազմական արժէք, դարձել բառի բաղադրիչ մաս: Ըստ որում դա տեղի է ունեցել լեզուի պատմական երկարատեւ զարգացման ընթացքում, եւ իւրաքանչիւր նախդրի բառակազմական արժէքն էլ պայմանաւորուել է, անշուշտ, նրա արտայայտած քերականական նշանակութեամբ: Դրա համապատասխան տարբեր նախդիրներ տարբեր բառակազմական արժէք են դրսեւորում եւ տարբեր չափ ու քանակով բառեր են կազմում:

,,,,§ 263. ԱՌ նախդիրը, որ երբեմն գործ է ածւում առանձնաբար՝ նախդրային կիրառութեամբ (օրինակ՝ առ մեկը մայիսի, սէր առ հայրենիքը, դիմել առ այն...), մի կողմից եթէ որոշ բառերում (օր.՝ առոյգ, առաքել, առագաստ, առակ, առասպել եւ այլն) մթագնել ու ձուլուել է արմատին, ապա միւս կողմից իբրեւ նախածանց է գործածւում ու նոր բառեր կազմում (տե՛ս § 260, 2):

,,,,§ 264. Զ նախդիրը, որ արեւմտահայ գրական լեզւում եւ որոշ բարբառներում նաեւ հենց իբրեւ նախդիր է գործածւում (օր.՝ «Զանոնք կ’ատեմ ես»), եթէ մի շարք դէպքերում լիովին ձուլուել է բառին կամ արմատին ու չի գիտակցւում, ինչպէս՝ զգալ (<զ+գալ), զգոյշ (<զ+գոյշ), զայրանալ (<զ+այր+անալ), զիջել (<զ+իջ+անել), զեղծ (<զ+եղծ), զբաղուել (<զ+բաղ+ու+ել), զով (<զ+հով), զատ (<զ+հատ), սքողել (<զ+քողել), սփռել (<զ+փռել) եւ այլն, ապա մի շարք դէպքերում զգալ է տալիս իր գոյութիւնը, ինչպէս՝ զարդ<զ+արդ, զարթուն<զ+արթուն<արթ+ուն, զարտուղի<զ+արտ+ուղի, զօծել<զ+օծել, զեռալ<զ+եռալ եւ այլն:
,,,,Չնայած դրան, զ նախդիրը հիմնականում մեռած բառակազմական մասնիկ է եւ առանձին ածանց համարուել չի կարող:

,,,,§ 265. ԸՆԴ նախդիրը, որ դադարել է իբրեւ նախդիր գործածուելուց, հանդէս է գալիս երկու տեսակ բաղադրութիւններում: Բաղադրութիւններ կան, որոնցում նա հնչիւնի անկման օրէնքով փոփոխուել է, ձուլուել եւ բառի կամ արմատի «անբաժանելի» մաս է դարձել, ինչպէս՝ ընկեր<ընդ+կեր (=միասին ուտող), ըմբռնել<ըն+բռնել<ընդ+բռնել, ընկճել<ընդ+կճել<ընդ+գճել, ընձեռնել<ընդ+ձեռնել, ընթեր<ընդ+թեր, ընտիր<ընդ+դիր եւ այլն: Բաղադրութիւններ էլ կան, որոնցում այն իբրեւ նախածանց է գործածւում (տե՛ս § 260, 9):

,,,Ծանօթութիւն.– Յարադրական ու կցական բարդութիւններում ընդ նախդիրը պահում է իր նշանակութիւնը եւ իբրեւ բառակազմիչ բաղադրիչ է հանդէս գալիս, օրինակ՝ մերթ ընդ մերթ, մէջ ընդ մէջ, խոչընդոտ:

,,,,§ 266. Սահմանափակ քերականական նշանակութիւններ արտայայտելու եւ հիմնականում իբրեւ նախդիր (կապ) գործածուելու պատճառով ըստ-ը առանձնապէս զգալի բառակազմական դեր չի կատարել հայոց լեզւում: Անցեալում նրանով՝ թէ՛ ըստ եւ թէ՛ ստ ձեւով կազմուել են սոսկ մի քանի բառեր, ինչպէս՝ ըստանձնել||ստանձնել, ըստգտանել («1. Յանցաւոր գտնել, 2. Մեղադրել, պախարակել, դատապարտել»), ըստգիւտ||ստգիւտ («1. Յանցանք, մեղադրելի գործ, 2. Մեղադրանք, հանդիմանութիւն, 3. Պախարակելի, մեղադրութեան արժանի»), ըստհուն («Ներհուն, շատ գիտուն) եւ այլն, որոնցից միայն մեկը՝ ստանձնել­­­‑ն է իբրեւ կենդանի բառ գործածւում այսօր հայերէնում:

,,,Ծանօթութիւն.– Ըստինքեան, ըստերեւոյթին, ինքնըստինքեան, ըստամսեայ, ըստմասնեայ եւ նման բառերում ըստ-ը ոչ թէ ածանց, այլ կցական բարդութեան բաղադրիչ է:

,,,,§ 267. Ի նախդիրը, որ նման կիրառութեամբ կեանքի է կոչուել ժամանակակից հայոց լեզւում, ինչպէս՝ ի գիտութիւն, ի նշանաւորումն, ի տարբերութիւն, ի հակադրութիւն, ի շահ, ի նպաստ եւ այլն, բառեր է կազմել երկու՝ բաղաձայնից առաջ՝ ի, ձայնաւորից առաջ՝ յ<ի ձեւով, ինչպէս՝ իբրեւ (ի+բար+եւ), իսպառ (<ի+սպառ), իհարկէ (<ի+հարկէ), այլեւ՝ ի ծնէ, ի բնէ, ի պաշտօնէ, յածել (<ի+ածել), յաջող (<ի+աջող), յոյժ (<ի+ոյժ), յանուն (<ի+անուն), յանձին (<ի+անձին), յաւելուած (<ի+աւելուած), յարձակ (<ի+արձակ), յօգուտ (<ի+օգուտ) եւ այլն:

,,,,§ 268. Վաղ շրջանում, ինչպէս նաեւ նոր ժամանակներում ց նախդրով նոյնպէս որոշ բառեր են կազմուել, ինչպէս՝ ցայգ (<ց+այգ), ցերեկ, ցանկ, ցգրութիւն, ցմահ, ցպահանջ, ցտեսութիւն: Ըստ որում նկատելի է, որ ձայնաւորով սկսող ձեւերում ց նախդիրը նոյնպէս մթագնել է, իսկ միւսներում պահում է իր նշանակութիւնը:

,,,,§ 269. Այսպիսով՝ փաստերը ցոյց են տալիս, որ՝ ա) գրաբարեան նախդիրները ամբողջութեամբ վերցրած բառակազմական զգալի դեր են կատարել հայոց լեզւում. բ) տարբեր նախդիրներ տարբեր բառակազմական արժէք են դրսեւորում, որը եւ պայմանաւորւում է նրանցից իւրաքանչիւրի արտայայտած թէ՛ ընդհանուր եւ թէ՛ քերականական նշանակութիւններով. գ) նախդիրները պատմական կեանքի զարգացման տարբեր ընթացք են ունեցել. առ-ը եւ ընդ-ը եթէ գործուն նախածանցներ են դարձել, ապա միւսները կա՛մ ձուլուել են բաղադրուող բառերին, կա՛մ իբրեւ վերապրուկ են մնում նրանց մէջ:

Tigris
07.01.2010, 19:47
ՎԵՐՋԱԾԱՆՑՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ




,,,,§ 270. Բառի կամ արմատի վերջում դրուող այն մասնիկները կամ ձեւոյթները, որոնք նոր բառ են կազմում, կոչւում են վերջածանց: Լուսաւոր, աշակերտական, հրեղէն, գարնանային, խոհուն, լաւութիւն բառերում –(ա)ւոր, –ական, –եղէն, –ային, –ուն, –ութիւն մասնիկները վերջածանցներ են, որովհետեւ դրուել են լոյս, աշակերտ, հուր, գարուն, խոհ, լաւ բառերի վերջում եւ նոր բառ կազմել:
,,,,Հայոց լեզուն, ինչպէս յայտնի է, հարուստ է վերջածանցներով: Դրանք, որ ամբողջութեամբ վերցրած հասնում են շուրջ 200-ի, լինում են երկու տեսակ՝ անուանական եւ բայական: Անուանական են կոչւում այն վերջածանցները, որոնք բառի կամ արմատի վերջում դրուելով՝ անուանական որեւէ խօսքի մասի (գոյական, ածական, թուական, դերանուն, այլեւ՝ մակբայ) պատկանող բառեր են կազմում, ինչպէս՝ նստարան, քաղաքացի, ուժեղ, երկաթեայ, երկրորդական, ամբողջապէս, արագութիւն, բոլորովին, ազնուօրէն եւ այլն:
,,,,Իսկ բայական են կոչւում այն վերջածանցները, որոնք բառի կամ արմատի վրայ դրուելով՝ կերտում կամ կազմում են բայեր, ինչպէս՝ գրել<գիր+ել, խաղալ<խաղ+ալ, մտնել<մուտ+ն+ել, զարմանալ<զարմ+ան+ալ, փախցնել<փախ+ցն+ել, կոտրատել<կոտր+ատ+ել, փշրուել<փշուր+ու+ել եւ այլն:





ԱՆՈՒԱՆԱԿԱՆ ՎԵՐՋԱԾԱՆՑՆԵՐ



,,,,§ 271. Անուանական վերջածանցները մեծ ու գերակշիռ տեղ են բռնում ածանցնումների մէջ ընդհանրապէս. ըստ այդմ էլ նրանք շատ աւելի բարդ ու բազմազան պատկեր են ներկայացնում իրենց ծագման ու պատմական կեանքի, հնչիւնական կազմի կամ արտաքին կառուցուածքի, արտայայտած իմաստների, գործունութեան ու կենսունակութեան, բաղադրութիւնների մէջ ունեցած դիրքի, քանակի եւ հերթագայութեան, տարբեր ձեւոյթների հետ բաղադրուելու եւ տարբեր խօսքի մասերի պատկանող բառեր կազմելու ու այլ տեսակէտներից:
,,,,Քննենք դրանք առանձին-առանձին:





Անուանական ածանցների ծագումը



,,,,§ 272. Ինչպէս բառարմատները, այնպէս էլ անուանական վերջածանցները ծագումնաբանական տեսակէտից բաժանւում են երկու խմբի. վերջածանցներ կան, որոնց ծագումը յայտնի է, բայց կան նաեւ այնպիսիները, որոնք դեռեւս չեն ստուգաբանուած, եւ պարզ չէ, թէ ինչից են առաջ եկել կամ ինչ ծագում ունեն: Հայ լեզուաբանական գիտութիւնն, օրինակ, պարզել է, որ –ատ ածանցը առաջ է եկել հատանել («կտրել») բայի հատ արմատից՝ հ սկզբնահնչիւնի անկումով (*գունահատ>գունատ, *կիսահատ>կիսատ), -արդ ածանցը առաջ է եկել համանման արմատից՝ դրա իմաստի մթագնմամբ (ինչպէս՝ խորանարդ, գմբեթարդ), -կոտ ածանցը առաջ է եկել –ուկ+ոտ ածանցների միացմամբ (ինչպէս՝ վախուկ+ոտ>վախկոտ, քնուկ+ոտ>քնկոտ), -ստան ածանցը փոխառեալ ածանց է եւ սերում է պարսկերէնից (ինչպէս՝ այգեստան, մենաստան, Հայաստան), –ք-ն նախապէս քերականական (յոգնակիակերտ) մասնիկ է եղել (ինչպէս՝ գիրք, տարիք, երկինք) եւ այլն:
,,,,Իսկ թէ ի՞նչ ծագում ունեն, ասենք, -ան (բաժան, խցան), -ոց* (դպրոց, մատնոց), -իկ, (հնդիկ, փոքրիկ), -ուկ (գառնուկ, թզուկ), -ոյթ (երեւոյթ, սովորոյթ), -իչ (գրիչ, սուլիչ), -ին (վերջին, ստորին) եւ մի շարք այլ ածանցներ, տակաւին պարզ չէ:
,,,,Եւ չնայած դրան, հայ լեզուաբանական-քերականագիտական միտքը զգալի նուաճումներ է ձեռք բերել, անշուշտ, նաեւ վերջածանցների ծագման բնագաւառում, որտեղ էլ ամենամեծ ծառայութիւնը, ինչպէս յայտնի է, պատկանում է անուանի լեզուաբան Մ. Աբեղեանին:
,,,,§ 273. Իր «Հայոց լեզուի տեսութիւն» աշխատութեան մէջ հանգամանօրէն քննելով հայերէնի վերջածանցները, Մ. Աբեղեանը նրանց առաջացման չորս ուղի է նշել: Առաջին. մի շարք բառարմատներ բաղադրեալ կազմութիւններում ժամանակի ընթացքում եւ աստիճանաբար մթագնել են իրենց բուն արմատական իմաստը եւ վերացական-ընդհանրական նշանակութիւն ստանալով՝ դարձել նոր բառեր կազմող մասնիկներ՝ ածանցներ:
,,,,Ածանցների առաջացման մի՝ կարեւոր ու հիմնական ուղին, ուրեմն, բառարմատի իմաստի մթագնուﬓ է, որը եւ տեղի է ունեցել երկու ձեւով. իր իմաստը մթագնելով՝ այն մի դէպքում հնչիւնական որեւէ փոփոխութիւն չի կրել, իսկ մի այլ դէպքում նաեւ հնչիւնական փոփոխութիւն է կրել:
,,,,Առաջին ձեւով՝ առանց հնչիւնափոխութեան եւ սոսկ արմատի իմաստի մթագնմամբ են առաջ եկել, օրինակ՝ -ած (արկած, կոտորած), -արդ (գմբեթարդ, խորանարդ), -բար (ընկերաբար, ազնուաբար), -գին (լալագին, թախանձագին), -հան (գիշերահան, առաւօտահան), -հար (ծնկահար, լանջահար), -գոյն (լաւագոյն, խոշորագոյն), -օրէն (ջերմօրէն, հարազատօրէն), -պէս (մեծապէս, հաստապէս), -ուստ (հեռուստ, արտաքուստ), -վարի<վար+ի (ընկերավարի, մարդավարի), այլեւ՝ -աւետ (երանաւետ, հոտաւետ), -ուն (գիտուն, սիրուն), -ունդ (սերունդ, սնունդ), -որդ (առաջնորդ, ժառանգորդ), -ուրդ (ժողովուրդ, խորհուրդ) ածանցները:
,,,,Երկրորդ ձեւով՝ արմատի իմաստի մթագնման հետ մեկտեղ հնչիւնական փոփոխութեամբ են առաջ եկել –ատ (կիսատ, գունատ, պոչատ), -ւոր<բոր (ահաւոր, լուսաւոր, մարմնաւոր), -եղ (ահեղ, գունեղ) ածանցները, որոնցից առաջին երեքը, ինչպէս յայտնի է, ծագում են հատ(անել), հոտ, բոր (բերել բայի արմատի մի տարբերակն է, հմմտ. քերել և քորել), իսկ վերջինը՝ հեղուլ («լցնել») բայի հեղ արմատից:

,,,,Ծանօթութիւն.– Անշուշտ կան այդ երկու ձեւով առաջ եկած այլ ածանցներ, որոնք չեն ստուգաբանուած:

,,,,§ 274. Երկրորդ. մի խումբ ածանցներ էլ առաջ են եկել քերականական ձեւոյթներից՝ բառերի հոլովման, խոնարհման, վերջաւորութիւններից, յոգնակիակերտ մասնիկներից: Իսկ դա նշանակում է, որ լեզուի պատմական երկարատեւ զարգացման ընթացքում մի շարք թեքոյթներ կամ վերջաւորութիւններ ևս աստիճանաբար զրկուել են իրենց բուն քերականական նշանակութիւնից եւ դարձել բառային-բառոյթային միաւորներ կազմող մասնիկներ՝ ածանցներ:
,,,,Այսպիսով՝ ածանցների առաջացման մի այլ կարեւոր ուղին էլ բառաքերականական, բառայարաբերական ձեւոյթների իմաստափոխութիւնն է:
,,,,Այդ ուղիով առաջ են եկել՝
,,,,ա) Վերջածանցներ՝ յոգնակիակերտ մասնիկներից, ինչպէս՝ -անի (աւագանի, ազատանի, նամականի, տեսականի), -ինք (նախատինք, քրտինք), -ք (գիրք, միտք, տարիք, երկինք), -մունք (ուսմունք, յուզմունք, զգացմունք), -ունք (սկզբունք, հիմունք, թիկունք)...
,,,,բ) Վերջածանցներ՝ սեռական-տրականի վերջաւորութիւնից, ինչպէս՝ -այ (Սեւանայ, Գեղամայ), -աց (ռուսաց, վրաց, կենաց, կամաց, ձեռաց, խաչակրաց, այլեւ՝ բարեացակամ, մտացածին), -ի (աղի, կաղնի, երկաթի, վայրի, փայտի), -ից (Կասպից, Պարսից), -եան (Մամիկոնեան, Գրիգորեան, պլատոնեան), -ոյ (յարգոյ, մեծարգոյ, հեզաբարոյ), -ոց (հայոց, գլուխգործոց, Վայոց...)
,,,,գ) Վերջածանցներ՝ բացառականի վերջաւորութիւնից, ինչպէս՝ -ուց (վաղուց, հնուց, մանկուց), -ից (նորից):
,,,,դ) Վերջածանցներ՝ գործիականի վերջաւորութիւնից, ինչպէս՝ -աւ (իրաւ, բնաւ, հարկաւ, սակաւ), -իւ (ազնիւ, հազիւ, առթիւ, խստիւ, մեղմիւ), -եւ (բարեւ, առջեւ, յետեւ, այսուհետեւ), -օք<աւք (խելօք, իրօք), -ով (կաթնով, թանով, փութով, գինով, յուսով):

,,,,Ծանօթութիւն 1.– Ի սրտէ, ի ծնէ, ի բնէ, ի պաշտօնէ, ի հարկէ, հետզհետէ և նման գրաբարեան փոխառեալ ձեւերում երբեմնի է հոլովակերտ մասնիկը քարացած ածանց պէտք է համարել:
,,,,Ծանօթութիւն 2.– Որոշ ձեւերում, ինչպէս ժամանակին Մ. Աբեղեանն է նշել, -ուց ածանցը դարձել է –ութ, ինչպէս՝ մանկութ (<մանկուց), մորութ (<մորուց):

,,,,ե) Վերջածանցներ՝ բայի անցեալ կատարեալի հիմքային վերջաւորութիւնից, ինչպէս՝ -աց (աղաց, լուսնագնաց, յետամնաց, ճառասաց, անձնուրաց, լարախաղաց), -ոյց (կառոյց, մատոյց, թաքոյց), -եց<եաց (գործընկեց, գահընկեց):
,,,,զ) Վերջածանցներ՝ բայի գրաբարեան խոնարհման տարբեր ձեւերի վերջաւորութիւններից, ինչպէս՝ --եայ (համարեայ**, տէրողորմեայ), -ի (ողորմի, երեւի), -ես (կարծես, ասես):
,,,,է) վերջածանցներ՝ դերբայական վերջաւորութիւնից, ինչպէս՝ -եալ (անցեալ, կատարեալ, տուեալ, հանգուցեալ), -ող (ծնող, գրող, ուսանող, սովորող, կարող):

,,,,§ 275. Երրորդ. մի խումբ վերջածանցներ էլ ծագում են երկու մասնիկների միացումից, ինչպէս՝ -ալի<ալ+ի (զգալի, զարմանալի), -ածոյ||ածու<ած+ոյ (չափածոյ, ժողովածու), -ակի<ակ+ի (ուղղակի, յանկարծակի), -այք<այ+ք (քմայք, դեղօրայք), -անակ<ան+ակ (ճօճանակ, մրցանակ), -անի<ան+ի (լեզուանի, աչքանի), -անուտ<ան+ուտ (հոսանուտ, շիջանուտ), -անք<ան+ք (երազանք, փորձանք), -աւուն<աւ+ուն (կարմրաւուն, երկարաւուն), -արէն<ար+էն (յունարէն, փոխարէն), -արք<ար+ք (գործարք, լուծարք), -ացի<աց+ի (քաղաքացի, տեղացի), -ացու<աց+ու (մահացու, սերմնացու), -ացք<աց+ք (գնացք, ընթացք), -ելի<ել+ի (սիրելի, գովելի, բուժելի), -ենի<են+ի (մայրենի, տանձենի), -երէն (հայերէն, վրացերէն), -երորդ<եր<եար+որդ (հինգերորդ, քսաներորդ), -եցիկ<եց<եաց+իկ (երգեցիկ, ազդեցիկ), -էք<եայ+ք (ջրօրհնէք, նշանդրէք), -իք<ի+ք (ուտելիք, գրելիք, գործելիք), -կիկ<ակ+իկ (պատանեկիկ, տեղեկիկ), -կեն<իկ+եան (ծակոտկեն, հիւսկեն), -կոտ<ուկ+ոտ (վախկոտ, նախանձոտ) , -կուն<իկ+ուն (խաղացկուն, ծիծաղկուն), -օնք<աւն+ք(զարթօնք, գեղօնք), -ովի<ով+ի (ջրովի, շինովի), -ովին<ով+ին (գլխովին, ամբողջովին), -ոտի<ոտ+ի (մեռելոտի, օտարոտի), -պանակ<պան+ակ (թղթապանակ, դրամապանակ), -պատիկ<պատ+իկ (կրկնապատիկ, բազմապատիկ), -ուած<ու+ած (զանգուած, հարուած), -վարի+վար+ի (ընկերվարի, քաղաքավարի), -ութիւն<ոյթ+իւն (մեծութիւն, սովորութիւն), -ոյք<ոյ+ք (պիտոյք, կահոյք), -ունի<ուն+ի (ծերունի, գողունի), -ուցք<ույց+ք (այտուցք, մոլուցք):
,,,,Կան նաեւ այնպիսիները, որոնք առաջ են եկել երեք մասնիկների միացմամբ, ինչպէս՝ չէք<իչ+եայ+ք (բերողչէք, կարողչէք, աւետչէք), -ոտիք<ոտ+ի+ք (փորոտիք, ցնցոտիք), -ուածք<ու+ած+ք (հիւսուածք, շինուածք), -ունիք<ուն+ի+ք (Արշակունիք, Բագրատունիք):
,,,,Այսպիսով՝ բերուած գրեթէ սպառիչ օրինակները ցոյց են տալիս, որ տարբեր մասնիկների միացութեամբ բաւական շատ վերջածանցներ են կազմուել հայերէնում: Միւս վերջածանցների պէս դրանք եւս մի ընդհանուր բառակազմական նշանակութիւն են արտայայտում եւ իբրեւ մի ամբողջական միաւոր տարբեր բառերի կամ արմատների վրայ դրուելով՝ նոր բառեր կազմում:
,,,,Այսպիսով՝ վերջածանցների առաջացման մի այլ կարեւոր ուղին էլ երկու (երբեմն նաեւ երեք) մասնիկների (հիմնականում՝ ածանցների, սակաւ՝ հիմքի վերջաւորութեան ու ածանցի կամ ածանցի ու վերջաւորութեան) միացութիւնն է: Ըստ որում՝ ածանցներ կան (օր.՝ -ութիւն, -կոտ, -ուած, -կեն, -երէն եւ այլն), որոնց բաղադրիչներն աւելի սերտ են միացել իրար, մթագնելով նրանց կազմութիւնը, բայց ածանցներ էլ կան (օր.՝ -անք, -անակ, -ալի, -վարի, -ոտիք եւ այլն), որոնց բաղադրիչներն այսպէս թէ այնպէս զգալ են տալիս իրենց գոյութիւնը:
,,,,§ 276. Չորրորդ. ածանցներ էլ կան, որոնք մի այլ լեզուից են փոխ առնուել: Այդպիսի ածանցները կոչւում են փոխառեալ ածանցներ: Հայերէնը ունի երկու տեսակ փոխառեալ ածանցներ՝ հին եւ նոր:
,,,,Հին են կոչւում այն ածանցները, որոնք հայերէնը փոխ է առել վաղ շրջանում՝ պարսկերէնից, ինչպէս՝ -պան (այգեպան, ձիապան, սայլապան), -ստան (Հայաստան, մենաստան, բուրաստան), -ուհի<ուրհի (թագուհի, իշխանուհի), -ակ (օրինակ՝ կապուտակ):
,,,,Իսկ նոր են կոչւում այն վերջածանցները, որոնք հայերէնը փոխ է առել նոր ժամանակներում հիմնականում ռուսերէնի միջոցով՝ եւրոպական լեզուներից, ինչպէս՝ -իստ (կոմունիստ, մարքսիստ, տրակտորիստ..., այլեւ՝ թառիստ), -իզմ (լենինիզմ, մարքսիզմ, բիւրոկրատիզմ...այլեւ՝ դրամփիանիզմ):
,,,,Այսպիսով՝ վերջածանցների առաջացման մի ուղին էլ փոխառութիւնն է, որը, սակայն, իր ընդհանուր դերով ու նշանակութեամբ մեծապէս զիջում է ածանցների առաջացման միւս ուղիներին: Եւ դա ինքնին հասկանալի է. փոխառեալ բառերի հետ անցնելով փոխառու լեզուին՝ նման ածանցները շատ հազուադէպ են «պոկւում» նրանցից եւ կիրառւում կամ գործածւում իբրեւ ինքուրոյն բառակազմական ձեւոյթներ:
,,,,Նշանակում է՝ եթէ ածանցը գործածւում է զուտ փոխառեալ բառում եւ առանձնաբար նոր բառեր չի կազմում, փոխառու լեզւում փաստօրէն ածանց չի հանդիսանում: Ճիշտ այդպէս՝ հայերէնում իբրեւ ինքուրոյն ածանց չեն գիտակցւում ռուսերէնից եւ ռուսերէնի միջոցով այլ լեզուներից փոխառեալ մի շարք բառերի ածանցական մասնիկները, ինչպէս՝ -իա (դիվերսիա, սանատորիա, կոմեդիա, դեմոկրատիա...), -ացիա (դիսերտացիա, ֆորմացիա, ինֆորմացիա, ագիտացիա...), -անտ (ասպիրանտ, լաբորանտ, դիլետանտ, օկուպանտ, դիվերսանտ...), -որ (դիրեկտոր, տրակտոր, ռեկտոր, պրոֆեսոր...), -ատ (ռեկտորատ, ռեֆերատ, դեպուպատ, դեկանատ...), -ոն (սեսիոն, աւիացիոն, ագիտացիոն, ինֆեկցիոն...), -իտ (բանդիտ, բրոնխիտ, ֆոսֆորիտ..., այլեւ՝ նաիրիտ), -ենտ (ասիստենտ, դոցենտ, պառլամենտ, պրեզիդենտ...) եւ այլն:
,,,,§ 277. Այսպիսով՝ ծագումնաբանական տեսակէտից վերջածանցները իրօք բարդ ու բազմազան պատկեր են ներկայացնում: Նրանք մի կողմից եթէ հայոց լեզուի բառակառուցուածքային շատ փոփոխութիւններն են արտացոլում, ապա միւս կողմից ցոյց են տալիս, թէ ինչ տեղաշարժեր են կատարուել իրենց իսկ կազմում: Ամէն մի ածանց, ծագումով յայտնի թէ անյայտ, յատկանշւում է իր պատմական կեանքով ու կենսագրութեամբ: Ածանցներ կան, որոնք ծնունդ են առել շատ հեռաւոր ժամանակներում եւ կապւում են հիմք-լեզուի հետ, ածանցներ կան, որոնք գալով հեռաւոր անցեալից՝ ձուլուել են բառարմատին եւ այլեւս չեն գիտակցւում, ածանցներ կան, որոնք առաջ են եկել լեզուի պատմական զարգացման շրջանում, ածանցներ էլ կան, որոնք կազմաւորման ընթացքի մէջ են եւ լիովին չեն զատուել իրենց սերող ձեւերից:
,,,,Սրանք իրողութիւններ են, որոնք ցոյց են տալիս, որ վերջածանցները երբէք նոյնը չեն մնացել եւ հայոց լեզուի զարգացման համընթաց ևս փոփոխութիւններ են կրել, գնալով աճել են ու ծաւալուել, հարստացրել ածանցման ընդհանուր կազմը: Այս եւ նման հարցերի լուսաբանութիւնը, հասկանալի է, մեծ կարեւորութիւն է ներկայացնում բառակազմութեան և նրա զարգացման համար:

Ծանօթ. Տիգրիսի.–
· -Ոց վերջածանցի վերաբերեալ տե՛ս Ջահուկեանի աշխատութիւնը (http://www.dnforum.am/showpost.php?p=14097&postcount=9)՝
«Յատկապէս աչքի զարնող գործիքի անուններ կազմող –ոց-ի (հալոց (հալեմ), քորոց (քորեմ) եւ այլն) զուգադիպութիւնը խեթ. –uzzi համատիպ ածանցի հետ (išḫuzzi- «գօտի». išḫiįa- «կապել»), URUDUkuruzzi- «հատոց, կտրելու գործիք» եւ այլն). Սրանցից հայերէնը բխեցւում է հ.-ե. *-o-sko-ից, որից խեթական ածանցը չէր կարող ծագել. նրա համար ենթադրելի է *-ti-ով հնդեւրոպական ձեւ. այս դէպքում նմանութիւնը կամ պատահական է (եթէ փոխառութիւնը բացառւում է), կամ, թերեւս, հայերէնի՝ նոյն *-ti-ով ձեւից բխելու արդիւնք (հմմտ. նաեւ լիկ. atanazi — հայ. աթենացի):»
· Արեւմտահայերէնը համարեա բառով (որ գրաբար հայերէն նշանակում է՝ համարի՛ր (արեւելահայերէն), համարէ՛ «հաշուէ՛» (արեւմտահայերէն)) գրաբարի հրամայական եղանակն է նկատի առել ու գրւում է առանց յ-ի եւ շեշտի, որպէս քարացած բառ, որ ստացել է գրեթէ իմաստը:
· Վրացի ազգի անունը կազմուել է Վիր(ք)+աց+ի ձեւով, և առաջին վանկի ի ձայնաւորի անկումով: Նոյն կազմութեամբ հայ ժողովուրդի անունը կլինէր հայացի: Ըստ երեւոյթին՝ որպէս միաձոյլ ազգ չեն գիտակցուել հայերից, հետեւաբար տեղացիութեամբ են ճանաչուել, աւելի քան որպէս ուրոյն ազգ: Մօտաւորապէս նոյն կազմութիւնն ունեն իտալացի,ֆրանսիացի, սակայն՝ արաբ (ոչ արաբացի), յոյն (ոչ յունացի), մար, հնդիկ, պարսիկ, եւ այլն: Ասում ենք վրացերէն, նշելու համար այդ ժողովուրդի լեզուն, նոյն կազմութեամբ ֆրանսիացիների լեզուն պիտի լինէր ֆրանսիացերէն, ինչպէս որ է՝ եբրայեցերէն: Սակայն, եբրայեցի ցեղի անուն է՝ չկայ Եբրայաստան կամ նման մի տեղանուն, ուստի ցեղի անունով անուանակոչուել է լեզուն ու ստացել –ացի+երէն ածանցները: Փաստացի՝ միայն եբրայեցերէն, վրացերէն լեզուների անունները հայերէնում ունեն –ացի՝ տեղացիութիւն կամ պատկանելիութիւն նշող ածանցն իրենց մէջ: Ի դէպ՝ եբրայեցի անուան հիմքում սեմական լեզուների եբր (աբր) արմատն է («անցում»), որ այս պարագայում նշում է Կարմիր Ծովից անցնողները:
· Պատանեկիկ բառի վերաբերեալ: Բառի արմատական ձեւն է պատանի, որից ածանցեալ է, հաւանաբար, պատանիակ, որ սակայն արձանագրուել է պատանեակ ձեւով, որից էլ ածացնուել է պատանեկիկ: Այլ խօսքով՝ ի և ա իրար յաջորդող ձայնաւորները վերածւում են ե-ի՝ բառի ածանցման պարագայում. պատանեկիկ բառիուղղագրութիւնը դա է ասում՝ պատանիակիկ>պատանեկիկ:
· Հեղինակի մէջբերած տեղեկիկ բառը անծանօթ մնաց ինձ:
· -Օնք վերջածանցի առնչութեամբ միջամտել եմ հեղինակին, որովհետեւ ի տարբերութիւն միւս վերջածանցներին, սրա նախնական-դասական վիճակը չի տրուել(-ոնք<ոն+ք):
· Այլ լեզուաբանների աշխատութիւններում –ունի վերջածանցը ուրարտական է համարւում (կասկածով): Ըստ իս, այստեղ, ածանցը ունի+ք (հայերէն յոգնակերտ ածանց) ձեւով պէտք է տարբաղադրել, եւ ոչ՝ ուն+ի+ք, քանզի չունենք արշակուն, բագրատուն ձեւերը, ինչպէս որ կան ծերուն, գողուն, նուաղուն: -Ունի ազգանուանակերտ վերջածանցը մի ամբողջութիւն է:

Tigris
07.07.2011, 19:18
ՎԵՐՋԱԾԱՆՑՆԵՐԻ ՀՆՉԻՒՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔԸ
,,,,§ 278. Վերջածանցները, իբրեւ բառակազմական ձեւոյթներ, նոյնպէս ձեւի եւ իմաստի միասնութիւն կազմող լեզուական միաւորներ են: Վերջածանցների ձեւը նրանց հնչիւնական կազմն է, իսկ իմաստը՝ այն նշանակութիւնը, որ արտայայտւում է նրանով: Ունենալով իրենց ե՛ւ ձեւը, ե՛ւ իմաստը, վերջածանցները, սակայն, շատ աւելի վերացարկուած լեզուական միաւորներ են եւ որեւէ նիւթական իմաստ չեն արտայայտում:
,,,,Ի՞նչ նիւթական իմաստ են արտայայտում, օրինակ՝ -ած, -ակ, -ային, -ան, -աւետ, -արան, -ացու, -եղ, -ի, -ենի, -իկ, -իչ, -կոտ, -ում, -ութիւն... եւ անգամ՝ -բար, –օրէն, -գար, -ածոյ եւ այլ ածանցները ինքնին. անշուշտ, ոչ մի: Բայց սա, իհարկէ, չի նշանակում, թէ ամէն հնչիւն կամ հնչիւնակապակցութիւն կարող է իբրեւ վերջածանց գործածուել: Վերջածանցները բառի կազմում ծնունդ առած ու ինքնորոշուած լեզուական միաւորներ են եւ իբրեւ այդպիսիք են, որ ձեւի եւ իմաստի միասնութիւն են կազմում կամ ունեն իրենց համապատասխան ձեւն ու իմաստը:
,,,,§ 279. Անուանական վերջածանցները առանձնապէսարտաքին-հնչիւնական բարդ կառուցուածք չունեն: Նրանք ընդհանրապէս քիչ՝ 1-ից մինչեւ 5 հնչիւններից կազմուած ձեւոյթներ են եւ արտայայտւում են՝
,,,,ա) Մեկ ձայնաւորով, ինչպէս՝ -այ (Գեղամայ, Վանայ), -Է (փայտէ, արծաթէ, լուսէ), -ի (աղի, տանձի, վայրի), -ու (ազդու, վրիժառու, ահարկու), -ոյ (մեծարգոյ, հաճոյ, խստաբարոյ):

,,,,Ծանօթութիւն.– Ձայնաւորներից միայն ը-ով է,որ ածանց չի արտայայտւում:

,,,,բ) Ձայնաւոր+բաղաձայն-ով, ինչպէս՝ -ած (կոտորած, վարկած, արկած), -ակ (գետակ, բուժակ, խմբակ), -ան (խթան, կծան, դերասան), -աշ (թթուաշ, կարմրաշ), -ատ (կիսատ, պոչատ), -ար (կերպար, տիպար), -աց (կենաց, աղաց), -եղ (համեղ, ուժեղ), -էք (ջրօրհնէք, երեսբացէք), -իկ (շնիկ, փոքրիկ), -ին (վերջին, դժուարին), -իչ (երգիչ, բացատրիչ), -իւ (խստիւ, շնորհիւ), -ող (ծնող, գրող), -օն (կտրօն, գործօն), -ոտ (ամպոտ, թախծոտ), -ոց (ակնոց, դպրոց), -ուկ (արջուկ, կարմրուկ), -ում< ումն (ուսում, որոշում), -ուն (խոհուն, հաստատուն), -ուտ (շամբուտ, եղէգնուտ) եւ այլն:
,,,,գ) Ձայնաւոր+բաղաձայն+ձայնաւոր-ով, ինչպէս՝ -ալի (զգալի, հիանալի), -ածոյ||ածու (չափածոյ, ժողովածու), -ակի (ուղղակի, յանկարծակի), -անի (լեզուանի, նամականի), -ացի (գիւղացի, քաղաքացի), -ացու (հարսնացու, շորացու), -եղի (մսեղի, աղտեղի), -ենի (հայրենի, բալենի), -ելի (ատելի, տեսանելի), -ովի (կիսովի, հնարովի), -ուհի (բժշկուհի, ուսանողուհի), -ունի (ծերունի, գողունի) եւ այլն:
,,,դ) Ձայնաւոր+բաղաձայն+բաղաձայն-ով, ինչպէս՝ -այն (միայն, վաղորդայն), -անց (երեսանց, սրտանց), -անք (յորձանք, երազանք), -արդ (գմբեթարդ), -արք (գործարք, լուծարք), -ացք (լուացք, հայեացք), -եստ (պահեստ, ուտեստ), -իցս (բազմիցս, քանիցս), -որդ (ձախորդ, որսորդ), -ոյթ (երեւոյթ, բնոյթ), -ոյք (դրոյք, կահոյք), -ոյց (զեկոյց, կառոյց), -ունդ (սնունդ, սերունդ), -ունք (հիմունք, թիկունք), -ուստ (փախուստ, ելուստ), -ուրդ (ժողովուրդ, յագուրդ), -ուցք (մոլուցք, այրուցք) եւ այլն:
,,,ե) Ձայնաւոր+բաղաձայն+ձայնաւոր+բաղաձայն-ով, ինչպէս՝ -ական (գիտական, յաւերժական), -ային (լեռնային, ազգային), -անակ (մրցանակ, յաղթանակ), -անոց (ամառանոց, հիւանդանոց), -անուտ (հոսանուտ, շիջանուտ), -աւուն (դեղնաւուն, բարձրաւուն), -աւետ (խոտաւետ, երանաւետ), -արան (նստարան, ճաշարան), -եղէն (հրեղէն, ոսկեղէն), -երէն (հայերէն, լեհերէն), -ովին (լիովին, ամբողջովին), -օրէն (ջերմօրէն, զգուշօրէն) եւ այլն:
,,,զ) Ձայնաւոր+բաղաձայն+ձայնաւոր+բաղաձայն+բաղաձայն կամ ձայնաւոր+բաղաձայն+բաղաձայն+ձայնաւոր+բաղաձայն-ով (դասական ուղղագրութեամբ՝ ձայնաւոր եւ կիսաձայն («ու» երկբարբառ)+բաղաձայն+ձայնաւոր եւ կիսաձայն («իւ» երկբարբառ)+բաղաձայն - Տ.), ինչպէս՝ -երորդ (վեցերորդ, քսանհինգերորդ), -ություն<-ութիւն (իմացութիւն, խնդութիւն) :,,,,Ծանօթութիւն.– Նման կազմութիւն ունեցող ածանցները շատ քիչ են:
,,,է) Մեկ բաղաձայնով, ինչպէս՝ -ք (փառք, խօսք, վարք, շարք):
,,ը) Բաղաձայն+ձայնաւոր-ով (դասականով՝ ձայնաւոր+ձայնաւոր եւ անձայն յ) ինչպէս՝ եայ (յա) (պողպատեայ, առօրեայ), -նի (յայտնի, գաղտնի), -ցի (լեռնցի, երեւանցի):
,,,թ) Բաղաձայն+ձայնաւոր+բաղաձայն-ով, ինչպէս՝ -բար (սիրաբար, հերոսաբար), -գար (ցաւագար, լեզուագար), -գին (ցաւագին, կարօտագին), -կէն (հիւսկէն, ծակոտկէն), -կան (լացկան, որսկան), -կոտ (վախկոտ, ցասկոտ), -կուն (խաղացկուն, ծիծաղկուն), -ման (վառման, եռման), -եալ (անցեալ, տուեալ), -եակ (հնգեակ, եռեակ), -եան (մայիսեան, հեգելեան), -յուն<-իւն (դասական ուղղագրութեամբ՝ ձայնաւոր+ կիսաձայն («իւ» երկբարբառ)+բաղաձայն- Տ.) (դոփիւն, շրշիւն), -չէք (բերողչէք, հաւատչէք), -պան (այգեպան, դռնապան), -պէս (նիւթապէս, հաւասարապէս), -ուած (դասականով՝ ձայնաւոր եւ կիսաձայն («ու» երկբարբառ)+ձայնաւոր+բաղաձայն) (հարուած, զանգուած), -ւոր (լուսաւոր, հեռաւոր):
,,,ժ) Բաղաձայն+ձայնաւոր+բաղաձայն+բաղաձայն-ով, ինչպէս՝ -գոյն (մեծագոյն, ազնուագոյն), -մունք (յուզմունք, ցուցմունք), -ստան (հեռաստան, այգեստան), -ուածք (դասականով՝ ձայնաւոր+ կիսաձայն («ու» երկբարբառ)+ձայնաւոր+բաղաձայն+բաղաձայն) (ասացուածք, կեցուածք):
,,,ժա) Բաղաձայն+ձայնաւոր+բաղաձայն+ձայնաւոր-ով, ինչպէս՝ -ուածոյ (դասականով՝ ձայնաւոր+ կիսաձայն («ու» երկբարբառ)+ձայնաւոր+բաղաձայն+ձայնաւոր եւ բաղաձայն («խուլ» յ) (հիւսուածոյ, շինուածոյ), -վարի (մարդավարի, ընկերվարի):
,,,ժբ) Բաղաձայն+ձայնաւոր+բաղաձայն+ձայնաւոր+բաղաձայն-ով՝ -պանակ (թղթապանակ, դրամապանակ), -պատիկ (բազմապատիկ, տասնապատիկ):

,,, § 280. Կառուցուածքային այս տարբեր արտայայտութիւնները ցոյց են տալիս, որ կան երկու տեսակ՝ ձայնաւորով եւ բաղաձայնով սկսողածանցներ: Ըստ որում նկատելի է, որ ձայնաւորով սկսողները գերակշիռ եղ են բռնում վերջածանցների ընդհանուր կազմում: Այդպիսի ածանցների դէպքում ձայնաւորը մի տեսակ նաեւ կապակցական (յօդակապային) դեր է կատարում եւ հնարաւորութիւն է ստեղծում, որ նրանք հեշտօրէն միանան բառին կամ արմատին եւ նոր բառ կազմեն:
,,,Գալով բաղաձայնով սկսող ածանցներին, պէտք է ասել, որ դրանց մի մասը եւս անցեալում սկսել է ձայնաւորով, եւ դրա՝ կրած պատմական կամ շեշտային հնչիւնափոխութեան հետեւանքով է, որ բաղաձայնով սկսող ածանց է դարձել:
,,,Այդպէս են առաջ եկել –կակ<իկ+ակ, -կան<ուկան, -կոտ<ուկ+ոտ, -մունք<ումն+ք (ուսումն–ուսմունք), -եայ, -եալ, -եակ, -եան, -իւն, -ուած, -ուածք, -ուածոյ վերջածանցները:,,,Դրանք հանելու դէպքում խիստ նուազում են բաղաձայնով սկսող վերջածանցները՝ -բար, -գար, -գին, -գոյն, -պան, -պանակ, –պատիկ, -պէս, -ստան, -վարի, -ւոր, -ք, որոնք, բացառութեամբ վերջինի, որ յոգնակիակերտ մասնիկ է եղել, բառի կամ արմատի վրայ աւելանում է բաղադրեալ (ածանցաւոր) բառ են կազմում զուտ ա յօդակապի միջոցով: Ածանցաւոր բառերը այս դէպքում չեն տարբերւում այն իսկական բարդութիւններից, որոնց բաղադրիչներն իրար հետ կապւում են նոյնպէս յօդակապով (օր.՝ լուսավառ, յուսախաբ, ձեռագիր), եւ որն էլ հաւասարապէս վերաբերում է նրանցից իւրաքանչիւրին: Սա եւ ցոյց է տալիս, որ սխալւում են իրաւք նրանք, ովքեր ա յօդակապը միացնում են բաղաձայնով սկսող ածանցին եւ նրա հետ ներկայացնում իբրեւ մի ամբողջական բաղադիր:,,,Չպէտք է մոռանալ, որ ինչպէս իսկական բարդութիւններում, այնպէս էլ ածանցաւոր բառերում իրար է կապում ա յօդակապը այնպիսի բաղադրիչներ, որոնք որոշակի յարաբերութեան մէջ են գտնւում եւ միասնաբար մի ընդհանուր նշանակութիւն արտայայտում: Այսպիսով՝ երկու դէպքում ա յօդակապը բառի ինքնուրոյն բաղադրիչ է, եւ դա այդպիսին դիտելով միայն՝ կարելի է ճիշտ պատկերացում կազմել վերջածանցների նաեւ արտաքին-հնչիւնական կազմի կամ կառուցուածքի մասին:
,, § 281. Վերջածանցները, իբրեւ իրենց որոշակի հնչիւնական կազմ ունեցող ձեւոյթներ, միատեսակ ձեւով չէ, որ հանդէս են գալիս բաղադրութիւնների մէջ: Ածանցներ կան, ինչպէս՝ -ակ, -ատ, -անք, -ական, -անակ, -այն, -աւետ, -արան, -բար, -գար, -եղ, -եստ, -ութիւն, -կոտ, -մունք, -իւն, -ստան, -ւոր, -երորդ, -րորդ, -ող, եւ այլն, որոնք որեւէ փոփոխութիւն չեն կրում: Եւ, ընդհակառակն, կան ածանցներ, ինչպէս՝ -ային, -գին, -ին, -իչ, -իստ, -եայ, -եալ, -պատիկ, -ում, -ոյթ, -ոյց, -ուն, -ունդ, -ուչ, -ուրդ..., որոնք հնչիւնափոխուող ձայնաւոր կամ երկհնչիւն ունենալով՝ բառի աճման կամ թեքման ժամանակ փոփոխւում են:
,, Առաջին տեսակի ածանցները կոչւում են անհնչիւնափոխ, իսկ երկրորդ տեսակի ածանցները՝ հնչիւնափոխ ածանցներ, որոնք նաեւ ի, ու ձայնաւորներին եւ եայ, ոյ երկհնչիւններին յատուկ հնչիւնափոխական դրսեւորումներ են ունենում, ինչպէս ի>Ø հասարակային–հասարակայնութիւն, հասարակայնօրէն, հասարակայնացում. ահագին–ահագնանալ, ահագնադէմ, ահագնալից. գեղեցիկ–գեղեցկանալ, գեղեցկութիւն, գեղեցկադէմ. առաջին–առաջնային, առաջնորդ, առաջնակարգ, առաջնեկ. գրիչ–գրչակ, գրչութիւն, գրչակից. բազմապատիկ–բազմապատկել, բազմապատկում եւ այլն:
,,Ի>Ը՝ հանգիստ–հանգստանալ, հանգստութիւն. զայրագին–զայրագնել, զայրագնում:

,,Ծանօթութիւն 1.– կան դէպքեր, երբ բառավերջում ածանցի ի-ն ընկնում է, օրինակ՝ հայրենի–հայրենական, հայրենասէր, հայրենանուէր. վայրենի–վայրենանալ, վայրենութիւն, վայրենացում:
,,Ծանօթութիւն 2.– Ինչպէս իսկական բարդութիւններում, այնպէս էլ ածանցաւոր կազմութիւններում ա յօդակապը կամ ածանցի ա սկզբնաձայնաւորը նախորդ բառի ի վերջահնչիւնին միանալով՝ տալիս է Ե, օրինակ՝ ընտանեկան<ընտանի+ական, տարեկան<տարի+ական, բարերար<բարի+արար, հոգեւոր<հոգի+ա+ւոր, կարեւոր<կարի+ա+ւոր եւ այլն:,

, Ու>Ø – գիտուն-գիտնական, գիտնականութիւն. վայելուչ-վայելչատես, վայելչօրէն. անասուն-անասնական, անասնապահութիւն. ուսում-ուսման. որոշում, որոշման, որոշմամբ:,
, Ու>Ը – ժողովուրդ-ժողովրդական, ժողովրդասէր. սերունդ-սերնդակից, սերնդափոխութիւն:
,,Եայ>է – գործունեայ-գործունէութիւն. առօրեայ-առօրէական. կատարեալ-կատարելութիւն, կատարելապէս..., այլեւ՝ միութիւն-միութեան-միութենական:
,, Ոյ>Ու – կառոյց-կառուցել-կառուցում, կառուցուածք. երեւոյթ-երեւութական, երեւութապէս:
,, Ոյ>Ø – սառոյց-սառցահատ, սառցապատ, սառցաշունչ:
,, Հնչիւնափոխ ածանցները, որոնք հանդէս են գալիս տարբեր տեսակի բաղադրութիւններում եւ մեծ մասամբզգալիօրէն հեռանում են իրենց նախնական ձեւից, կոչւում են ածանցի տարբերակներ: Այսպէս՝ -ային→այն, -գին→գն, -ին→ն, -իչ→չ, -ուն→ն, -ոյթ→ութ, -ուրդ→րդ զուգադիր ձեւերում առաջինները եթէ բուն՝ սկզբնատիպ ածանցներ են, ապա երկրորդները՝ նրանց տարբերակներն են:

Tigris
12.06.2012, 11:54
ՎԵՐՋԱԾԱՆՑՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔԸ

,,,,§ 282. Ածանցները քիչ հնչիւններից կազմուած լինելով, այս կամ այն նշանակութիւնն են հաղորդում արմատին կամ բառին, երբ նրա հետ յարաբերակցւում են, արտայայտելով արտաքին աշխարհի բազմազան իրողութիւնների, երեւոյթների միջեւ իրապէս գոյութիւն ունեցող զանազան կապեր ու յարաբերութիւնններ: Ըստ այդմ էլ հնչիւնական տեսակէտից նրանք որքան պարզ, իմաստային-իմաստաբանական տեսակէտից, ընդհակառակն, բարդ պատկեր են ներկայացնում:

Գործածուելով բազմատեսակ հիմնական ձեւոյթների (արմատների), բազմատեսակ բառերի հետ՝ անուանական վերջածանցները ոչ միայն շատ թւով բառեր են կազմում, այլեւ բազմատեսակ ու բազմաճոխ իմաստներ են արտայայտում եւ հարստացնում այդպիսով նաեւ լեզուի իմաստաբանական կազմը:

,,,,§ 283. Ինչպէս լեզուի ինքուրոյնաբար գործածուող միաւորները՝ բառերը, այնպէս էլ անուանական ածանցները զանազան իմաստներ են արտայայտում: Ածանցներ կան, որոնք տարբեր բառերի կամ արմատների վրայ դրուելով՝ միայն մեկ կամ միայն նոյն իմաստը, ածանցներ էլ կան, որոնք՝ ոչ թէ մեկ կամ նոյն, այլ մեկից աւելի իմաստներ են արտայայտում: Այսպիսով՝ ածանցները լինում են երկու տեսակ՝ մենիմաստ եւ բազմիմաստ:

Մենիմաստ ածանցներ

,,,,§ 284. Մենիմաստ են կոչւում այն ածանցները, որոնք բառի կամ արմատի վրայ դրուելով՝ միայն մեկ իմաստ են արտայայտում, ինչպէս՝ -արդ, -աւետ, -աւուն, -ացք, -գար, -գոյն, -է, -եղ, -երորդ||րորդ, -կոտ, -ման, -ովին, -ուստ եւ այլն:

Եւ իրօ՛ք. դրանցից իւրաքանչիւրը գործ է ածւում զուտ մեկ, ասենք՝ -արդ-ը՝ «ձեւի, մի բանի նման լինելու» (օր.՝ խորանարդ=խորանի ձեւով), -աւետ-ը՝ «մի բանից շատ ունենալու կամ մի բանով հարուստ լինելու» (մրգաւետ, ծաղկաւետ), -աւուն-ը՝ «մի բանի մօտաւորապէս նման լինելու, նուազական յատկանիշի» (կարմրաւուն, հաստաւուն), -գար-ը՝ «հիւանդութեան, փչացած լինելու» (ցաւագար, աչագար), -գոյն-ը՝ ածականի գերադրական աստիճանի (մեծագոյն, խստագոյն), -եղ-ը՝ «մի բանից շատ ունենալու» (համեղ, ուժեղ), -երորդ||րորդ-ը՝ «դասի, կարգի» նշանակութեամբ (միւսների եւ ընդհանրապէս ածանցների նշանակութիւնների մասին տե՛ս,§ 308):

Բազմիմաստ ածանցներ

,,,,§ 285. Բազմիմաստ են կոչւում այն ածանցները, որոնք արմատի կամ բառի վրայ դրուելով՝ մեկից աւելի իմաստ են արտայայտում: Անուանական ածանցների մի զգալի մասը, ինչպէս՝ -ակ, -ական, -ակի, -ային, -անք, -արան, -ենի, -ի, -իկ, -իչ, -եայ, -եակ, -ոց, -օն, -որդ, -ութիւն, -ուկ, -ուհի, -ուն, -պան, -պէս, -ստան, -ւոր եւ այլն, բազմիմաստ ածանցներ են:

-Ային ածանցը, օրինակ, իբրեւ բազմիմաստ ածանց, ցոյց է տալիս՝ «ա) այն տեղը, ժամանակը, եղանակը եւ այլն, որի մէջ, որի վրայ կայ, ապրում է, լինում է մի բան իր բնութեամբ» (Մ. Աբեղեան, Հայոց լեզուի տեսութիւն, էջ 242), ինչպէս՝ ջրային (կենդանի), հիւսիսային (երկիր), դաշտային (ծաղիկ), դրախտային (կեանք), «բ) այն տեղը կամ բանը, որից ծագում է, առաջ է գալիս մի բան, եւ ապա եւ այն նիւթը, որից կազմւում է մի բան» (Մ. Աբեղեան, Հայոց լեզուի տեսութիւն, էջ 242), ինչպէս՝ արեգակնային (ճառագայթ), ծովային (աղ), օդային (տարածութիւն). «գ) ինչ որ իր բնութեամբ կայ մի տեղում, մի ժամանակում, մի բանի մէջ, կամ թէ ունի մի ուրիշ բան, մօտաւորապէս «-ոտ» ածանցի նշանակութեամբ» (Մ. Ա., Հայոց լեզուի տեսութիւն), ինչպէս՝ լեռնային (երկիր), խաւարային (գիշեր), հողմային (եղանակ). «դ) այն տեղը, բանը եւ այլն, որի վրայ կայ, կարգուած է, կատարւում է մի բան» (Մ.Ա., նոյն տեղում), ինչպէս՝ եկամտային (հարկ), ծովային (իշխանութիւն), հարկային (բաժանմունք):

Կամ՝ -արան ածանցը, որ բաւական գործուն ածանց է, բառի կամ արմատի վրայ դրուելով՝ կազմում է գոյականներ՝ ա) մի բան կատարելու տեղի նշանակութեամբ, օրինակ՝ բուժարան, բնակարան, լսարան, ննջարան, մրցարան, ընթերցարան...բ) որեւէ բանի տեղի նշանակութեամբ, օրինակ՝ գանձարան, կրակարան, տնկարան, դասարան, հանդերձարան... գ) գործիքի, առարկայի, ամանի կամ անօթի նշանակութեամբ, օրինակ՝ զգայարան, մատուցարան, նուագարան, վառարան, լուացարան...դ) գրքի, ժողովածուի, ինչ-որ բաների հաւաքածուի նշաննակութեամբ, օրինակ՝ երգարան, տաղարան, այբբենարան, բառարան, աւետարան, հանրագիտարան եւ այլն (Մ. Ա., Հայոց լեզուի տեսութիւն):

Այդպէս նաեւ մի շարք իմաստներ է արտայայտում –իկ ածանցը, գործածուելով՝ ա) նուազական-փաղաքշական նշանակութեամբ, օրինակ՝ աչիկ, մանկիկ, աստղիկ, արեւիկ, սիրունիկ, անուշիկ. բ) ազգի անուան նշանակութեամբ, օրինակ՝ հնդիկ, պարսիկ, խափշիկ, խուժիկ. գ) ենթակայական կամ յարակատար դերբայի նշանակութեամբ, օրինակ՝ թափանցիկ, շրջիկ, ռազմիկ, ագուցիկ, ուռուցիկ, թռուցիկ. դ) նուազական կամ սաստկական յատկանիշի նշանակութեամբ, ինչպէս՝ փոքրիկ, մանրիկ, մեղմիկ, քաղցրիկ, բարձրիկ, կարճիկ, հաստիկ, հաստլիկ, ցածրիկ եւ այլն:

Մի այլ օրինակ. –ոց ածանցը, որ գործածւում է գոյականի, թուականի, բուն կամ բնաձայնական բայարմատի հետ, ցոյց է տալիս՝ ա) որեւէ բանի, առարկայի տեղ, օրինակ՝ դպրոց, դարբնոց, ծաղկոց. բ) հագուստեղէն, գործիք, անօթ, օրինակ՝ ծածկոց, թիկնոց, ձեռնոց, մատնոց, ակնոց, սղոց, սփռոց, օրօրոց. գ) գործողութիւն, ինչպէս՝ խշշոց, վշշոց, թշշոց, բզզոց, թխկոց, խռխռոց եւ այլն:

Նմոյշի համար բերուող այս մի քանի օրինակները ցոյց են տալիս, որ ածանցներն իրօք բազմազան իմաստներ են արտայայտում եւ դրանցով մեծապէս հարստացնում բառերի իմաստաբանական կազմը: Ածանցների բազմիմաստութիւնը պայմանաւորւում է նաեւ այն բաղադրիչների բազմազանութեամբ, որոնց հետ նրանք միանում ու նոր բառեր են կազմում:

Tigris
21.07.2013, 11:45
ԱԾԱՆՑՆԵՐԻ ՁԵՒԱԻՄԱՍՏԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ





,,,,§ 286. Իբրեւ ձեւի ու իմաստի միասնութիւն կազմող լեզուական միաւորներ, ածանցները սահմանազատուած չեն իրարից եւ ինչպէս ձեւային, այնպէս էլ իմաստային որոշակի կապեր ու առնչութիւններ են երեւան հանում միմեանց նկատմամբ: Այսպէս՝ ա) կան ածանցներ, որոնք արտաքին-հնչիւնական կազմով նոյնն են, բայց տարբեր իմաստներ են արտայայտում. բ) կան ածանցներ, որոնք տարբեր հնչիւնական կազմ ունեն, բայց նոյն կամ իրար մօտ իմաստներ են արտայայտում, եւ վերջապէս՝ գ) ածանցներ էլ կան, որոնք հնչիւնական կազմով տարբեր լինելով՝ հակադիր իմաստներ են արտայայտում: Ուստի բառային միաւորների պէս ածանցները եւս լինում են՝ համանուն, հոմանիշ (նոյնանիշ, համանիշ), եւ հականիշ:




Համանուն ածանցներ




,,,,§ 287. Համանուն են կոչւում հնչիւնական կազմով նոյն, իմաստով տարբեր ածանցները: Այդպիսի ածանցներ են՝ -անի՝ «ունեցողի» նշանակութեամբ (օր.՝ լեզուանի, գեղանի) եւ –անի՝ յոգնակի հաւաքականի նշանակութեամբ (օր՝ նամականի, տեսականի), -անք՝ բայանուանական նշանակութեամբ (օր.՝ երազանք, փշրանք, բամբասանք) եւ –անք՝ յոգնակի հաւաքականի նշանակութեամբ (տեղանք, տականք, ծտանք, կտորտանք), -անակ՝ գործողութեան արդիւնքի, հետեւանքի նշանակութեամբ (օր.՝ յաղթանակ, մրցանակ) եւ –անակ՝ կերպ, պէս՝ նմանութեան նշանակութեամբ (օր.՝ շեղջանակ, քրդանակ), -ոց՝ տեղի, գործիքի եւ այլն նշանակութեամբ (օր.՝ դարբնոց, ակնոց, խշշոց) եւ –ոց՝ յոգնակի սեռականի նշանակութեամբս (օր.՝ Հայոց, Վայոց, գլուխգործոց), -աց՝ յոգնակի սեռականի նշանակութեամբ (օր.՝ վրաց, ռուսաց, խաչակրաց) եւ –աց՝ գործողութեան կամ նրա արդիւնքի նշանակութեամբ (օր.՝ աղաց, ջրաղաց, սրընթաց, նպաատակասլաց):


Ծանօթութիւն 1.– Համանուն ածանցները, որոնք քանակով առանձնապէս շատ չեն, սովորաբար տարբեր ծագում են ունենում:


Ծանօթութիւն 2.– Ածանցների համանունութիւնը որոշւում է նրանց առանձին տեսակների մէջ մտնող առանձին ածանցների հնչիւնական կազմի նմանութեամբ. ուստի եւ չի կարելի ան- ժխտական ածանցը (օր.՝ անկիրթ, անհամ) եւ –ան վերջածանցը (օր.՝ խցան, սուտասան) համանուններ համարել:




Հոմանիշ ածանցներ



,,,,§ 288. Հոմանիշ են կոչւում արտաքին հնչիւնական կազմով իրարից տարբեր, իմաստով նոյն կամ մօտ ածանցները: Հոմանիշ ածանցներն իրենց հերթին լինում են՝ նոյնանիշ եւ համանիշ:


,,,,Նոյնանիշ ածանցները հնչիւնական կազմով տարբերուելով իրարից՝ նոյն կամ գրեթէ նոյն իմաստն են արտայայտում: Ինչպէս –բար, -պէս, -օրէն (օր.՝ զգաստաբար–զգաստապէս–զգաստօրէն. հաստատաբար–հաստատապէս–հաստատօրէն. դիւցազնաբար–դիւցազնապէս–դիւցազնօրէն...), -իկ, -ակ, -ուկ (օր.՝ սեւիկ–սեւակ–սեւուկ), -եայ, –է (օր.՝ արծաթեայ–արծաթէ, մարմարեայ–մարմարէ, փայտեայ–փայտէ), -անոց, -արան, -ստան (օր.՝ մենանոց–մենարան–մենաստան, ծաղկանոց–ծաղկարան–ծաղկաստան), -ւոր, -եղ (օր.՝ զօրաւոր–զօրեղ), -պան, -որդ, -ւոր (օր.՝ սայլապան–սայլորդ–սայլւոր) եւայլն:


Նոյնանիշ ածանցները սովորաբար հանդէս են գալիս նոյնահիմք կազմութիւններում եւ կարող են փոխարինուել միմեանցով: Բայց ինչպէս երկու բառ չկայ, որ թուաբանօրէն նոյն իմաստն ունենան, այնպէս էլ նոյնանիշ ածանցները, նոյն իմաստը կամ իմաստները արտայայտելով հանդերձ, այս կամ այն չափով տարբերւում են իրարից: Հոմանիշ ածանցների մէջ այդ պատճառով գերիշխում են ոչ թէ նոյն, այլ մօտ իմաստ արտայայտող ածանցները, որոնք եւ կոչւում են համանիշ ածանցներ:


,,,,§ 289. Տարբեր ածանցների ընդհանրական իմաստն այդպիսով այն կարեւոր հիմունքն է, որով որոշւում է նրանց հոմանշութիւնը: Ըստ այդմ էլ ընդհանուր առմամբ հոմանիշներ են այն ածանցները, որոնք արտայայտում են՝


,,,,ա) Ձեւի նշանակութիւն, ինչպէս՝ -բար, -պէս, -օրէն (հարազատաբար-հարատազապէս-հարազատօրէն):


,,,,բ) Փոքրացուցիչ-փաղաքշական նշանակութիւն, ինչպէս՝ -իկ, -ակ, -ուկ (սիրունիկ, լճակ, արջուկ):


,,,,գ) Նուաստական-արհամարհական նշանակութիւն, ինչպէս՝ -ակ, -ուկ (գրչակ, իմաստակ, թզուկ, խղճուկ):


,,,,դ) Տեղի նշանակութիւն, ինչպէս՝ -արան, -ստան, -անոց, -ոց, -ուտ (լսարան, Հայաստան, հիւանդանոց, դպրոց, շամբուտ):


,,,,ե) Մի բան անողի, կատարողի նշանակութիւն, ինչպէս՝ -իչ, -ող, -որդ, -պան, -արար, -ւոր (երգիչ, ուսանող, որսորդ, այգեպան, գործարար, բանւոր):


,,,,զ) Մի բան ունեցողի նշանակութիւն, ինչպէս՝ -ւոր, -աւետ, -ոտ, -եղ, -անի (լուսաւոր, հոտաւետ, մազոտ, համեղ, լեզուանի):


,,,,է) Բայանուանական (գործողութեան) նշանակութիւն, ինչպէս՝ -ում, -իւն, -մունք, -անք, -ոյթ, -ութիւն (զգացում, զգացմունք, դուփիւն, տանջանք, սովորոյթ, սովորութիւն):


,,,,ը) Վերաբերական, յատկացական նշանակութիւն, ինչպէս՝ -ային, -ական (տնային, տնական) եւ այլն:


,,,,Ինչպէս բերուած օրինակներն են ցոյց տալիս, համանիշ ածանցներն աւելի բազմազան դրսեւորումներ ունեն եւ շատ աւելի հոմանշային յարաբերութիւններ են արտայայտում: Նոյնանիշ ածանցներն, օրինակ, եթէ սովորաբար նոյն բառի կամ արմատի վրայ դրուելով են հոմանիշներ կազմում, ապա համանիշները հոմանիշներ են կազմում տարբեր բառերի կամ արմատների հետ: Նկատելի է նաեւ, որ մենիմաստ ածանցները եթէ սոսկ մեկ իմաստի, ապա բազմիմաստ ածանցները զանազան իմաստների համապատասխան են հոմանիշ ածանցներ ունենում: -Ւոր ածանցն, օրինակ՝ «մի բան անողի նշանակութեամբ»՝ -աւետ, -ոտ,-եղ, -անի, իսկ «մի բան կատարողի նշանակութեամբ»՝ -իչ, -ող, -որդ, -պան, -արար ածանցների հետ է հոմանշային շարքեր կազմում ու հոմանշութիւն արտայայտում:


Այդպէս եւ –ոց ածանցը տեղի նշանակութեամբ տեղի իմաստ արտայայտող՝ -անոց, -արան, -ուտ, իսկ գործողութեան նշանակութեամբ բայանուանական նշանակութիւն արտայայտող –ում, -մունք, -իւն, -անք... ածանցների հետ է հոմանշային շարքեր կազմում:


Այսպիսով՝ ածանցների հոմանշութիւնը որոշելու համար ոչ միայն իմաստային ընդհանրութիւնները, այլեւ դրանց չափն ու աստիճանը պէտք է նկատի ունենալ: Այլապէս կստեղծուի մի ամբողջ շփոթ, շատ ածանցներ միանգամայն անտեղի կխառնուեն իրար եւ առաջնային կամ էական կհամարուի ածանցների ոչ թէ ընդհանուր բառակազմական, այլ ածանցաւոր բառերի բառային իմաստը: Չպէտք է մոռանալ, որ ածանցային եւ բառային հոմանշութիւնները որքան էլ ընդհանրութիւններ ու սերտ կապեր ունենան, միեւնոյնն է, նաեւ տարբեր իրողութիւններ են:




Հականիշ ածանցներ



,,,,§ 290. Հականիշ են կոչւում տարբեր հնչիւնական կազմ ունեցող այն ածանցները, որոնք հակադիր իմաստ են արտայայտում: Ի տարբերութիւն նախածանցների, որոնք յատկանշւում են հականշութեամբ եւ իրենց հականիշները ունեն (տե՛ս,§ 261), վերջածանցները ընդհանրապէս հականշային իմաստներով իրար հետ չեն կապւում ու հոմանշային զոյգեր կազմում: Մասնակի դէպքերը, ինչպէս՝ պոչաւոր-պոչատ, գունաւոր-գունատ, ականջաւոր-ականջատ, մի կողմ թողած, պէտք է ասել, որ կան վերջածանցներ, ինչպէս՝ -ւոր, -ուն, -կոտ, -ոտ, -իկ..., որոնք հականշային յարաբերութեան մէջ են գտնւում որոշ (յատկապէս՝ ժխտական) ածանցների հետ եւ արտայայտում մեծ մասամբ մի բան ունեցողի եւ չունեցողի, մի բանով օժտուած եւ մի բանով օժտուած չլինելու նշանակութիւն, ինչպէս՝ բախտաւոր-անբախտ, արժէքաւոր-անարժէք, թեւաւոր-անթեւ, շնչաւոր-անշունչ, պոչաւոր-անպոչ, դիմաւոր-անդէմ, կեղծաւոր-անկեղծ..., գիտուն-անգէտ||տգէտ, խօսուն-անխօս, հասուն-անհաս||տհաս||չհաս, երերուն-աներեր, սայթաքուն-անսայթաք, վարարուն-անվարար, թափանցիկ-անթափանց, գեղեցիկ-տգեղ, ամպոտ-անամպ, կրքոտ-անկիրք, վախկոտ-անվախ եւ այլն: