PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերէնի արևելեան և արևմտեան գրական տարբերակների վերաբերեալ



Tigris
18.09.2009, 18:58
«ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆԻ ԵՒ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ»


Ռ. Կ. Սաքապետոյեան


ԵՐԵՒԱՆ – 2004

Tigris
18.09.2009, 18:59
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ


ՄԻԵՒՆՈՅՆ ԲԱՌԱՁԵՒԵՐԻ ԱՐՏԱՅԱՅՏԱԾ ՏԱՐԲԵՐ ԻՄԱՍՏՆԵՐԸ ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆՈՒՄ ԵՒ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆՈՒՄ





.....Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի բառապաշարների զուգադրական քննութիւնը ի յայտ է բերում նաեւ մի իւրայատուկ բառախումբ, որի մէջ մտնող բառերը, ունենալով ձեւային նոյնութիւն, բովանդակութեամբ լիովին չեն համընկնում կամ համընկնում են մասամբ: Այլ կերպ՝ նման բառերի իմաստային դաշտերը լիովին իրար «չեն ծածկում», հանդիպում են թէ ամբողջովին վերաիմաստաւորուած բառեր, թէ՛ բառիմաստի ընդլայնմամբ լրացուցիչ իմաստներ ձեռք բերած եւ թէ ընդհանուր իմաստի նեղացմամբ մասնաւոր իմաստ ձեռք բերած բառեր: Մեր ուսումնասիրութեան համար այս հանգամանքը առանձին կարեւորութիւն չունի, քանի որ համանուն-բազմիմաստ բառերի տեսական քննութիւնը դուրս է մեր ուսումնասիրութեան նպատակներից, մանաւանդ որ հարցը իր ամբողջ լայնքով ու խորքով քննուել է հայ լեզուաբաններից: Մեր այս ուսումնասիրութեան ընթացքում, առաջնորդուելով հայ եւ ռուս լեզուաբանների ուսումնասիրութիւնների արդիւնքներով, ջանացել ենք հարցը դիտարկել արեւելահայերէն-արեւմտահայերէն կտրուածքով: Նման մօտեցումը իհարկէ չի կարելի ամբողջովին նորութիւն համարել: Այս տեսանկիւնով հարցն առաջինը քննել է Հր. Աճառեանը, ապա թռուցիկ անդրադարձել են Գ. Սեւակը, Ա. Մուրվալեանը, Ա. Սուքիասեանը, Ս. Էլոյեանը, Ռ. Շալունցը եւ ուրիշներ:


.....Հր. Աճառեանը այդ առիթով գրում է. «Բառը միեւնոյնն է, բայց երկու բարբառներում տարբեր իմաստ ունի»: Այնուհետեւ նա բերում է 12 առաւել ցայտուն բառային օրինակներ՝ պատկերացում տալու համար յիշեալ բառախմբի մասին (վայրկեան, պտտել, հով, մտիկ անել, լաթ եւ այլն): Ակնյայտ է, որ խօսքը արեւելահայերէն-արեւմտահայերէն համանունների մասին է, որ սովորաբար հակադրւում են տարածքային յատկանիշով: Հայերէնի համանուններին անդրադարձող բոլոր հեղինակներն էլ, նշելով համանունների հնարաւոր բոլոր տեսակները, դրանք առանձին ուսումնասիրութեան նիւթ չեն դարձնում հայերէնի երկու տարբերակների հակադիր կտրուածքով: Կարծես արդարացնելու համար նման մօտեցումը՝ Ռ. Շալունցը՝ իր այդ ընդհանուր առմամբ արժէքաւոր ուսումնասիրութեան մէջ գրում է. «Քանի որ երկու տարբերակների համար էլ բառապաշարը գրեթէ ընդհանուր է, եւ հայութեան երկու հատուածների համար էլ այն հաւասարապէս հասկանալի, ուստի ուսումնասիրութեան ընթացքում գրական հայերէնի ամբողջ բառապաշարը դիտել ենք որպէս ընդհանուր համակարգ»: Սակայն նոյն աշխատութեան մէջ մի այլ տեղ հեղինակը հակասում է ինքն իրեն՝ գրելով. «Շատ համանուն բառեր (13,1%-ը) հակադրւում են տարածքային յատկանիշով, այսինքն՝ համանունական խմբի անդամներից մեկը ընդհանուր է հայերէնով արտայայտուող իւրաքանչիւր անձի համար, միւսը գործածական է միայն արեւմտահայ գրական տարբերակում: Այս տեսակէտից համանունական խմբի անդամները հակադրւում են, երբ մեկ անդամը գործածական է արեւելահայ գրական լեզւում, միւսը՝ արեւմտահայերէնում:


.....Հնարաւոր է, որ համանունութեան այս տիպը ընկալուի հասարակութեան ոչ բոլոր անդամներից: Եթէ արեւելահայ գրական տարբերակով հաղորդակցուող մարդուն անծանօթ է համանունական խմբի մեկ անդամը (տուեալ դէպքում արեւմտահայերէնում գործածուող բառ-համանունը), ապա նրա համար համանունական այս խումբը գոյութիւն չունի: Եւ ընդհակառակը, եթէ արեւմտահայերէնով խօսող մարդուն անծանօթ է արեւելահայերէնում գործածուող համանուններից մեկը, ապա նրա համար եւս համանունական այս խումբը գոյութիւն չունի»:


.....Բնականաբար ճիշտ է եւ ընդունելի այս վերջին տեսակէտը, որին հեղինակը հանգել է փաստական նիւթի թելադրանքով: Արտայայտութեամբ համանունների միջեւ գոյութիւն ունի նոյնութեան յարաբերութիւն, իսկ բովանդակութեամբ համանունական խումբը բնութագրւում է իմաստային որեւէ առնչութեան բացակայութեամբ: Ինչ խօսք, նոյն ձեւն ունեցող եւ բովանդակութեամբ չհամընկնող բառերի մի մասը կարելի է ընկալել որպէս բազմիմաստ բառեր, որոնց միջեւ իմաստային առնչութիւնները համաժամանակեայ կտրուածքով դեռեւս ընկալելի են եւ առաջանում են իմաստային տարբեր զուգորդութիւնների կամ հնչիւնափոխութիւնների հետեւանքով:


.....Ուշագրաւ է, որ միեւնոյն բառը կամ բառաձեւը, լեզուի երկու տարբերակներում ձեռք բերելով տարբեր իմաստներ, դարձել են բազմիմաստ բառեր, որոնք իմաստային անցումների հետագայ մթագնումով վերածուել են համանունների: Իբրեւ յիշեալ երեւոյթի լաւագոյն ապացոյց կարող է ծառայել այն հանգամանքը, որ այդ բառերը արեւելահայերէնում եւ արեւմտահայերէնում պատկանում են տարբեր խօսքի մասերի: Բերենք մի քանի բնորոշ օրինակներ (նախապէս տրւում է բառի արեւելահայերէնում ունեցած խօսքիմասային պատկանելիութիւնը):



Ռ. Կ. Սաքապետոյեան


«Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի բառապաշարային առանձնայատկութիւնները»

Tigris
19.09.2009, 21:03
Ազգային – ած. (ազգային ժողով): // գ. (Հոգնած ազգային մը կը հաստատէ…Մամ.):
Ախորժաբեր – ած. Առհասարակ ախորժակ բացող: // գ. Ախորժակ բացող թոյլ սպիրտային խմիչք (ապերատիւ):
Ամսական – ած. (ամսական առաջադրանք): // գ. 1. Աշխատավարձ: 2. Թոշակ:
Անել – բ. (Գործ անել): // գ. (1. Անելանելի վիճակ. 2. Փակուղի):
Աներեւոյթ – ած. Չերեւացող (աներեւոյթ թշնամի) // գ. Անորոշ դերբայ:
Անթել – ած. Առանց թելի // գ. Ռադիո (ընդունիչ):
Անոյշ – ած. Քաղցր // գ. Քաղցրաւենիք, մուրաբա:
Գինով – գ. Գինի բառի գործիականը (Գինով լի կարաս) // ած. գ. (Գինով մարդ, գինովի խօսք):
Գրագէտ – ած. Գրաճանաչ // գ. Գրականութեամբ զբաղուող, գրող:
Ընդծովեայ – ած. Ստորջրեայ // գ. Սուզանաւ:
Թունել – գ. Գետնուղի // բ. Թունաւորել:
Ծննդական գ. Ծննդեան տուեալները հաւաստող վկայական // 1. ած. Ծննդին վերաբերող: 2. գ. Ծննդկան: 3 . ած. Ծննդաբերելու ունակ:
Կաթիլ – գ. Հեղուկի նուազագոյն մասնիկ // բ. կաթել:
Մեղք – գ. Յանցանք // ձ. Ափսոս:
Միանգամայն – մ. Բոլորովին, ըստ ամենայնի: 2. Միաժամանակ: // մ. 1. Միանգամից, բոլորը միասին: 2. Միաժամանակ: 3. Իսկոյն: 4. շ. Նաեւ:
Մրգածոր – ած. Քաղցրածոր: // գ. Մրգանուշ, կոմպոտ:
Պապա – գ. Հայր: // ած. Պատկառելի, յարգարժան (Պապա մարդ):
Փոխադրական – 1. ած. Փոխադրելուն վերաբերող: 2. գ. Տրանսպորտ: // ած. Տարափոխիկ, վարակիչ:

...Իմաստային տարբերակուածութիւնը մի շարք բառերում առաջացել է նաեւ բայասեռի տարբերութիւններ, որ շատ բնական է: Այսպէս, արեւելահայերէնի կանգնել չեզոք սեռի բայի կանգ առնել, ոտքի ելնել իմաստների դիմաց արեւմտահայերէնում սովորական է նաեւ դրա պատճառական իմաստը՝ կանգնեցնել (յուշարձան կանգնել), որով այս բայը դառնում է ներգործական: Նոյն երեւոյթը հանդիպում է նաեւ մի շարք այլ բայերում, օր. ժրել (չբ.-աշխուժանալ եւ նբ. ամրացնել), կծկել (նբ. թելը կծիկ անել եւ չբ. Ճողոպրել), պտտել(պտտիլ) - (նբ. պտտեցնել, դարձնել եւ չբ. զբօսնել, շրջել), սուաղել (սուաղիլ) – (նբ. ծեփել եւ չբ. սովից՝ ծարաւից նուաղել) եւ այլն:

...1. ..Այս խմբի բառերի մէջ առաջին հերթին առանձնանում են համանունները, որոնք պատահական նմանութեան արդիւնք են: Այսպէս՝
...Ախոյեան – Հակառակորդ // Չեմպիոն (ճատրակի աշխարհի ախոյեան Տիգրան Պետրոսեան...Մամ.):
...Դաշնակ - «Դաշնակցութիւն» կուսակցութեան անդամ (Դաշնակները կարմիր բանակի հարուածներից ջախջախուել էին ու փախել Արաքսի միւս կողմը...ՍԽ): // Փոքր դաշնամուր (Վահրամ նստած էր դաշնակին առաջ...ԱԱ):
...Եղկ – Խղճուկ, ողորմելի (երեկուայ եղկ ձորերում կանչեց ահա մի շչակ...ԳՄ) // 1. Գոլ: 2. Մեղկ, թոյլ (Գետակ մը ջինջ կաթի պէս եւ եղկ անոր հանգունակ...ԴՎ):
...Թռուցիկ – Քաղաքական բովանդակութեամբ տպագիր կամ ձեռագիր թերթիկ (ժամանակաւոր կառավարութեան տապալման առաջին թռուցիկն եմ ցրում...ՎԹ): // Խաղալիք օդապարիկ (երբ ալ անցնի շրջանը թռուցիկի խաղերուդ...Եւտ):
...Ժրել – Ժիր դառնալ, աշխուժանալ // Խսկցկ. Ամրացնել (Աթոռին ոտքը գամերով ժրեցի):
...Լաթ – Փալաս // Զգեստ, շոր (Ես ալ տուն երթամ լաթ փոխելու...ՀՊ):
...Լող – Լողալը // Գլանաձեւ ծանր քար կամ երկաթ՝ տանիքը հարթելու համար, տափան (Էրիկ կնիկ տանիքին վրայ լողը կը քաշեն...ՌԶ): Գործածւում է նաեւ լողել բայը՝ խմոր բացել, գրտնակել իմաստով (Խմորը առնել ու զայն լողել տափարակ սեղանի մը վրայ: լողուած գլանին վրայ կարագ քսել...ԱՏ):
...Լուծում – Լուծել, լուծուելը (Կիպրական խնդրի լուծումը պէտք է գտնեն շահագրգիռ կողմերը...Մամ.) // Վերլուծութիւն (Տրամաբանական լուծումը կը կատարենք խօսք առ խօսք...ԶՄ):
...Ծրար – Նամակածրար (Ծրարը բացելուց յետոյ մատները դողում էին, երբ հանում էր նամակը ... ԱԲ): // 1. Կապոց, փոստային ծանրոց (Թղթատունը այդ տեսակ ծրարները նամակներուն հետ չի բաժներ...ԵՕ): 2. Կտորի հակ, թոփ (Անգլիայէն ապսպրած ամերիկանի ծրարներուն վրայ իր սիրած մեկ աղջկան պատկերը փակցնել տուած էրվրայ իր սիրած մեկ աղջկան պատկերը փակցնել տուած էրվրայ իր սիրած մեկ աղջկան պատկերը փակցնել տուած էր...ԳԶ):
...Կազմած – 1. Կազմել բայի յարակատար դերբայը: 2. Կազմուածք // Հանդերձանք, սարք, գործիք (Շինականն իր կահն ու կազմածը բերած՝ հոն հիմներ է նոր գիւղակ...ԴՎ):
...Կառք – Ծածկ ունեցող, երկանիւ կամ քառանիւ յարմարաւետ սայլաձեւ փոխադրամիջոց (Ահա կառքը՝ մի զոյգ ձի լծած...ԱԲ): // Աւտոմեքենա (Խորթ հայրը վարորդ մըն է: Շատ Վարպետ: Ճիփ Մեհմեր կ’ըսեն անոր, այնքան արագ կը վարէ կառքը...Մամ.):
...Կարգել – Որեւէ գործի նշանակել, (Կարգի՛ր մի բանի, գնա իր համար աշխատանք անի...ՅԹ): // Պսակել, ամուսնացնել (Տան բժիշկը իրենց երթալէն յետոյ ըսած էր, թէ որչափ կարելի է շուտ կարգէ իւր աղջիկը...ԱԱ):




Ռ. Կ. Սաքապետոյեան

«Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի բառապաշարային առանձնայատկութիւնները»

Tigris
28.09.2009, 12:07
...Հոն բառը արեւելահայերէնում անուանում է համապատասխան բոյսը եւ նրա պտուղը, իսկ արեւմտահայերէնում նշանակում է այնտեղ (Հոն կայ մոխիր...յիշատակ...ՊԴ):
...Հով – ած. Զով (վերջապէս մի հով անտառ են մտնում ... ՅԹ) // գ. Մեղմ քամի, հովիկ (թէպետ թռչնիկն ու հովն հայոց աւերակաց շրջին վերայ...ՄՊ):
...Ձանձրոյթ, ձանձրութիւն – Տաղտկութիւն, ձանձրալի վիճակ (Դահլիճը լիքն էր..., որը թմրած դէմքով, որը ձանձրութեամբ լսում էր նուագածութիւնը...Շ): (Պատանու ձանձրոյթը փարատուեցաւ, երբ դատարկեցին շամպայնի վերջին բաժակը...Ր): // Նեղութիւն, անհանգստութիւն (Թող ձանձրութիւն չառնէ մինչեւ հոս գալու...ԼԲ): ԺՀԲԲ-ն այս բառը բացատրում է ձանձրանալ, որ ճիշտ չէ, եւ պէտք էր բացատրել նեղութիւն կրել, նեղութիւն քաշել:
...Միայն – Բացառապէս, միմիայն (Վանդունց բադին միայն որդու մասին էր մտածում...ԱԲ) // Մենակ, միայնակ (Հարիւր հոգուոյ գլուխ հանելիք գործը միայն կ’ուզէ կատարել...ՅՊ):
...Շառ – 1. Փորձանք: 2. Զրպարտութիւն, սուտ մեղադրանք (Ո՞վ է գող, էդ ո՞ւմ ես շառով տալիս...ՍԽ): // Ալ, կարմիր, բոսոր (Մխոտ ճրագին շառ լոյսէն հացերն ամբողջ կարմիր են...ԴՎ): Ի դէպ, սրանք համանուն են նաեւ արեւելահայերէն, բայց հանդիպում են միայն բաղադրութիւններում՝ շառագոյն, շառագունել:
...Պապուկ – Խոնաւասէր միջատ // Խեղճ զառամեալ ծերուկ (Ինչպէ՞ս կ’ուզէք, որ ազնուական ընտանիքներ ժամ գան, երբ պապուկները հոն լեցուած են...ԵՕ): (Յակոբիկը միայն, ալեհեր անծանօթ ծերունւոյն հանդէպ, որ «պապուկը» կը յիշեցնէր իրեն, ... կ’արտասուէր...ՏԿ):
...Սորել (սորալ) արեւմտահայերէնում կազմում է քառանդամ համանունային շարք 1. Հոսել: 2. Անցքերը՝ որջերը մտնել: 3. Վէգը սլլացնելով գետին գցել: 4. Նոր ատամ հանել՝ ծկլթել: Արեւելահայերէնում այս բառն ունի նաեւ աչքի լոյսը թուլանալ եւ աչքը դուրս ընկնել համանունները:
...Ցանկ – Գրքի գլուխների կամ մասերի ցուցակ (այս գիրքը ցանկ չունի...մամ.) // Ցանկապատ (Օ՜, իմ այգիս կութքի մէջ երկայնքն ի վեր ցանկերուն կը կթէին սարբինան...ԴՎ):
...Քանակ – Թիւ, չափման ենթակայ քանակութիւն (Խօսեցին Վարդանի զօրքերի քանակի մասին...ԴԴ): // Քանոն (Վարժուհին իր սեղանին առաջ անցած մեկ ձեռքով գանակը կը զարնէր սեղանին...ԶԵ): (Իրաւ է, որ մեծ քանակը կոտրեցաւ, բայց սատկեցաւ նաեւ մուկը...ՇՇ):





Ռ. Կ. Սաքապետոյեան

«Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի բառապաշարային առանձնայատկութիւնները»

Tigris
28.09.2009, 12:08
Եթէ որեւիցէ կերպ անհամաձայնութիւն եմ յայտնում այս կամ այն հեղինակի մտքերին, դա չի նշանակում թէ թեթեւի եմ առնում մտաւորականի ու գիտնականի նրանց նպաստն ու կարողութիւնը:
Թոյլ տուէ՛ք առարկութիւններս արձանագրեմ:


1 - ԺՀԲԲ-ը ճիշտ է: «Ձանձրոյթ» բառի առաջին իմաստը, արեւմտահայ երեխայի համար, հենց ձանձրանալն է (տաղտկիլ): Սաքապետոյեանի մէջբերած երկրորդ իմաստը, -նեղութիւն քաշել,- առաջացել է թուրքերէն «զահմեթ չեքմէք» բառակապակցութիւնից:
2 - Արեւմտահայերէնում «միայն» կնշանակէ միայն: «Միայնակ» իմաստի համար գործածւում է «առանձին» եւ «մինակ» բառերը:
3 - Շառ բառը, չար իմաստով առկայ է նաեւ արեւմտահայ խօսակցական լեզւում: Այդուհանդերձ, բնիկ շառ բառը (շառագոյն) արտամղուած չի համարուել արեւմտահայերէնից: «Արմատականում» չար բառը չի ստուգաբանել Աճառեանը. ակնյայտ է հայերէնից (կամ աւելի հին մի մեռած ու անյայտ լեզուից) փոխառեալ լինելը արաբերէնում, որ չունի չ հնչիւնը: Այն ինչ գրաբարի ու արեւմտահայերէնի բառապաշարին մաս է կազմում, ինչո՞ւ արեւելահայերէնի բառապաշարի մասը չի համարւում: Մի՞թէ այդքան արժէք ունի չար բառի բարբառային տարբերակ «շառ»-ը:
4 – Ցանկ բառի ներքոյ մէջբերուած արեւմտահայերէն օրինակի հեղինակի անունը նշուել է ԴԴ, որ ըստ գրքի համառօտագրութիւնների ցանկի, Դերենիկ Դեմիրճեանն է: Արձանագրեցի ԴՎ:
5 – Արեւմտահայերէն քանակ՝ քանակ: Զապել Եսայեանը նկատի ունի գանակ բառը, որ առաջացել բնիկ հայերէն գան (http://www.sd-editions.com/AnaServer?lalt+4621659+dictframe.anv) («ծեծ») բառից: Շփոթի պատճառը արեւմտահայերէն ք եւ գ տառերի համահնչիւնութիւնն է:


Տիգրիս

Tigris
19.11.2009, 19:49
,,,,2. Արեւելահայերէն-արեւմտահայերէն համանունների մէջ հանդիպում են այնպիսիք, որոնք առաջանում են բառակազմական բաղադրիչների տարակերպ ընկալման պատճառով, որի հետեւանքով բառը ստուգաբանւում եւ ընկալւում է մի քանի ձեւով: Բերում ենք համապատասխան օրինակներ:
,,,,Անել – Համապատասխան բայի անորոշ դերբայը (մի բան անել) // անելանելի վիճակ, փակուղի (Սիրոյ բոլոր լուսաւոր ուղիները խոր, անյոյս անելներ են ինծի համար... ՏՉ): (Ֆրանսացին մտաւ քովի անելին մէջ... ՇՇ):
,,,,Այս բառը թէեւ հազուադէպ, սակայն հանդիպում է նաեւ արեւելահայերէնում, բայց ածականական՝ դժուարին, ծանր իմաստներով (Նկարագրելով իր անել վիճակը, մերթ նախատում էր, մերթ աղերսում օգնել իրեն...Շ): Հակառակ սրան՝ արեւմտահայերէնում բառն ունի նշուած գոյականական իմաստը, որի մասին վկայում է նաեւ անելի մատնուիլ դարձուածքը:
,,,,Անլիութիւն բառը արեւելահայերէնում ունի ոչ լի, աղքատ իմաստը (Ապրել անլիութեան մէջ), իսկ արեւմտահայերէնում՝ առանց աղի, անալի (կերակուրին անլիութիւնը):
,,,,Առանձնապէս մակբայը արեւելահայերէնում նշանակում է յատկապէս, (ճերմակ թելերը...իրենց փայլով առանձնապէս աչքի էին ընկնում...ՎԽ), իսկ արեւմտահայերէնում այս բառն ունի առանձին՝ միայնակ իմաստը (Կը խնդրեմ, որ առանձնապէս եւ յատուկ կառքով մը երթամ պալատ...ԵՕ):

,,,,Բերում ենք նման համանունների այլ օրինակներ: Նախապէս տրւում են բառերի արեւելահայերէն իմաստները:
,,,,Անթել – 1. Անութի տակն առնել: 2. Առանց թելի // Առանց թելի՝ լարի հեռահաղորդում, ռադիո (Եւ կարծէք թէ այս բոլորը բաւական չըլլային, բաց դռնէն ներս անցաւ նաեւ անթելի մը ճռինչը... ՇՇ):

Ինչպէս տեսնում ենք, այս բառը համանունային զոյգ է կազմում նաեւ արեւելահայերէնում՝ մի դէպքում կապուելով անութ, միւս դէպքում ան եւ թել բաղադրիչների հետ: Արեւմտահայերէնում այն 2-րդ՝ առանց թելի իմաստից հեռանալով՝ գործառական հիմքով իմաստափոխուել է եւ վերածուել գոյականի:

,,,,Եկամուտ – Հասոյթ (Կոլտնտեսութիւնը պէտք է ունենայ այնպիսի խաղողներ, որոնք եկամուտ են բերում...Սեկ.):// 1. Դրսից եկած, օտարամուտ (եկամուտ բարքեր): 2. Բառային օտարաբանութիւն: 3. Նորահաւատ:
,,,,Ենթակայական – 1. Ստորադաս: 2. Ենթակային յատուկ: 3. –ող վերջաւորութեամբ դերբայը, // Սուբյեկտիւ (ենթակայական վերաբերմունք):
,,,,Ենթակետ –Թուարկումների ժամանակ մեկ կէտի տակ խմբաւորուող ստորաբաժանումներից իւրաքանչիւրը (Բանաձեւի առաջին կէտը ունի հինգ ենթակէտ):// Ստորակէտ:
,,,,Երկրաչափութիւն – Մաթեմատիկայի մի բաժինը, // Հողաչափութիւն: (Հինգ տարի վերջը, երկրաչափի վկայականս առնելէ ետքը, տօնախմբութեան երեւոյթի մը մէջ հանդիպեցայ իրեն...ԳԶ):
,,,,Երկրորդական – Ոչ հիմնական, օժանդակ (Երկրորդական նախադասութիւն) // Միջնակարգ (Հայրը ... կրցած էր երկրորդական ուսում տալ իր զաւակին... ՎՄ): Բառի այս իմաստը ֆրանսերէնի secondaire բառի իմաստային պատճէնումն է: Թէ Ֆրանսիայում, թէ Սփիւռքում այսպէս են անուանում միջնակարգ դպրոցի բարձր դասարանները (աւագ դպրոց):
,,,,Ընդծովեայ – ած. Ստորջրեայ (Անդերսենի հեքիաթի գեղանի ջրահարսին թոյլ է տրւում հեռանալ մարջանէ ընդծովեայ ամրոցից...Մամ.):// գ. Սուզանաւ (Նախագահը պիտի ժամանէ նաւակովն: Ինչո՞ւ նաւակովն եւ ոչ թէ ընդծովեայով... ՇՇ):
,,,,Ընկերային – Ընկերական (Պաշտօնական խօսակցութիւնը այժմ աւելի մտերմական, աւելի ընկերային ձեւ էր ստացել... Ր): // Հասարակական, սոցիալական (Երկիրը մեծ առաջընթաց արձանագրած է ընկերային մարզերու մէջ... Մամ.):
,,,,Ընկերութիւն – 1.Ընկերական յարաբերութիւն (Մանուկներից իւրաքանչիւրն աշխատում էր Անժիկի ընկերութիւնը ձեռք բերել...Ակսել Բակունց) 2.Միութիւն, կազմակերպութիւն (Վառոդեանը... խորհրդաւոր կերպով ակնարկում էր իր՝ ընկերութեան անդամ լինելու հանգամանքը...ԵՉ): // Հասարակութիւն (Զուարճախօս է, ընկերութիւններու մէջ կ’ախորժի կատակներ ընել...ՅՊ):
,,,,Թելադրութիւն – Ուսումնական գրաւոր աշխատանք (Ստուգողական թելադրութիւն) // Թելադրանք, դրդում (Տկարամիտներն են, որ օտար թելադրութիւններու մտիկ կ’ընեն... ԵՕ): (Խանութներուն, տուներուն վրայի ծանուցումները հազար թելադրութիւններ կ’ընեն մարդուս...ԳԶ):
,,,,Լսարան – 1. ԲՈՒՀ-ի դասասենեակ (Քանի դու կալանաւոր ես, այդքան ժամանակ լսարանում քո նստարանի վրայ կդնենք եղեւնեայ պսակ... ԱԲ): 2 Ունկնդիրների խումբ (Ուշադիր լսարան) // Ուսումնառութեան տարիներից իւրաքանչիւրը՝ կուրս (Ան աւարտած է 2-րդ լսարանը...Մամ.):
,,,,Խոնարհութիւն – Խոնարհ լինելը (Ընթանալ խոնարհութեան շաւղով...ԵՉ): // Գլուխն իջեցնելը իբրեւ ողջոյնի կամ յարգանքի արտայայտութիւն (Կիները...երբեմն սեղանին խոնարհութիւն մը կ’ընեն...ԳԶ):
,,,,Ծննդական – Ծնունդի վերաբերեալ տեղեկանք՝ վկայական (Ծննդականով նա 16 տարեկան է...Մամ.): // 1. Ծննդկան, 2. Ծննդաբերելու ունակ:
,,,,Հակակշիռ –Հաւասարակշռող, զուգակշիռ (հակակշիռ նժար) // հսկողութիւն (Ամերիկա իր հակակշիռը հաստատած է Իրաքի վրայ...Մամ.):
,,,,Հանդերձեալ – Անդրշիրիմեան, այնկողմնային // 1. Լաւ սարքաւորուած, պատրաստած: 2. Լաւ զուգուած-զարդարուած: 3. Մի բան անելու պատրաստ (Հանդերձեալ է պատարագելու):



Ռ. Կ. Սաքապետոյեան

«Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի բառապաշարային առանձնայատկութիւնները»



Ծանօթ. Տիգրիսից.
} Ընկերային բառի առաջին եւ հիմնական իմաստը արեւմտահայերէնում նոյնն է ինչ արեւելահայերէնում, այսինքն՝ բարեկամական, ընկերական ջերմ ու մտերմիկ...: Իսկ երկրորդ իմաստը՝ սոցիալական, նոր է: Society (societé) բառը թարգմանուել է ընկերութիւն (տե՛ս ընկերութիւն բառի տակ), ուստի նրանից ածանցեալ միւս բառերն էլ ածանցուել են ընկեր բառից. սոցիալական՝ ընկերային, սոցիալիստ՝ ընկերվար:

Tigris
21.11.2009, 20:12
ԱՃԱՌԵԱՆԻ ՅՕԴՈՒԱԾԻ ԼՈՅՍԻ ՆԵՐՔՈՅ


ՏԻԳՐԻՍԻՑ ՎԵՐԱՔԱՂ ՀԱՄԱՆՈՒՆ (http://www.dnforum.am/showpost.php?p=15127&postcount=9) ԲԱՌԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ


http://www.dnforum.am/showpost.php?p=15127&postcount=9


Աճառեանը, սան («դաստիարակութեան ենթակայ աշակերտ») եւ սան («կաթսայ») բոլորովին տարբեր ծագում ու արմատ ունեցող երկու բառ է յիշատակում (տե՛ս «Արմատականը»): Սաքապետոյեանի օրինակներից յիշեմ հոն (այնտեղ, անդ) եւ հոն (պտուղը), որոնք տարբեր ծագում ունեցող բառերն են: Իսկ անոյշ (ած. քաղցր– արեւելահայերէն) եւ (գ. քաղցրաւենիք, մուրաբա – արեւմտահայերէն) բառը բազմիմաստ է եւ ոչ համանուն:
Ինչ որ հասկացայ Աճառեանից, եւ տրամաբանութեան թելադրութեամբ, բառը, եթէ նոյն ծագումը ունի, բազմիմաստութիւնից համանունութեան չի կարող դառնալ՝ կմնայ բազիմաստ բառ: Յատկապէս, նկատի ունիմ Սաքապետոյեանի սոյն պարբերութեան միտքը.
.....«Ուշագրաւ է, որ միեւնոյն բառը կամ բառաձեւը, լեզուի երկու տարբերակներում ձեռք բերելով տարբեր իմաստներ, դարձել են բազմիմաստ բառեր, որոնք իմաստային անցումների հետագայ մթագնումով վերածուել են համանունների: Իբրեւ յիշեալ երեւոյթի լաւագոյն ապացոյց կարող է ծառայել այն հանգամանքը, որ այդ բառերը արեւելահայերէնում եւ արեւմտահայերէնում պատկանում են տարբեր խօսքի մասերի: Բերենք մի քանի բնորոշ օրինակներ (նախապէս տրւում է բառի արեւելահայերէնում ունեցած խօսքիմասային պատկանելիութիւնը):»

Tigris
01.04.2010, 15:15
y…Ձայնաւորութիւն – Ձայն ունենալը, ձայնաւոր լինելը // Ձայնաւորութիւն ընել՝ եկեղեցում երգել (Աղօթքն աւարտելէն ետք շապիկ կը հագնէր ու ձայնաւորութիւն կ’ընէր...ՅՊ):

…Ձեռնարկ – Ուսումնական օժանդակ գիրք (Բուհական ձեռնարկ) // 1. Գործ սկսելը, նախաձեռնութիւն: 2. Միջոցառում, հանդիսութիւն (Արդարեւ չափազանց դժուարին ձեռնարկ մըն էր այս...ԵՕ):
…Մականուն – Աւել անուն («Շաշ ուստան» դարբին Վանէսի մականունն էր...ԱԲ), // Ազգանուն (հետզհետէ մականունը փոխած էր նախ Նարպեյ եւ ետքը Լուսինեան դառնալով...ԵՕ):
…Մասնաւոր – 1. Առանձնակի (Մի՞թէ կարիք կայ ամէն մի մասնաւոր դէպք լրագրին հաղորդելու...Շ): 2. Քիչ, աննշան: 3. Անհատական, ոչ պետական // մ. Միտումնաւոր, դիտմամբ (Այդ ամէնը մասնաւո՞ր կ’ընես...Գ. ԱՃ.):
…Մարելիք – հանգցնելու, հանգցնելիք (Մարելիք հրդեհ) // Թալկացում, ուշաթափութիւն (Յետոյ մարելիք մը եկաւ վրան, երեսը կապուտցաւ...ԳԶ):
…Միջոցառում–որեւէ նպատակի համար ձեռնարկուող գործողութիւն (Միջոցառման հետեւանքով քաղաքը մաքրուեց աղբակոյտերից...Մամ.) // Մարզանքի շարքերի բացուելը եւ որոշ հեռաւորութեամբ (միջոցով) դասաւորուելը: Համանունական (http://www.dnforum.am/showpost.php?p=15127&postcount=9) զոյգի առաջացումը կապւում է միջոց բառի տարբեր իմաստների հետ՝ տարածութիւն եւ հնարք: Իսկ միջոցառութիւն բառն ունի թէ՛ արեւելահայերէնի միջոցառում իմաստը, թէ՛ արեւմտահայերէնի տարածութիւն պահելը:
…Վարիչ – Հիմնարկի կամ նրա մի բաժնի ղեկավար (Արի՛ քեզ դարձնենք ֆերմայի վարիչ...ՆԶ): // Վարորդ (Կառքի վարիչը սեղմեց ճչարձակը...ՇՇ): Այս համանունների առաջացման պատճառը վարել բայի տարբեր իմաստներն են՝ ղեկավարել, ուղղութիւն տալ գործերին (գրաբարեան իմաստ) եւ աւտոմեքենայ քշել:
…Վարպետորդի – գ. Վարպետի որդի // ած. Ճարպիկ, խորամանկ, հնարագէտ (հանդուգն, վարպետորդի, ձեռներէց մարդ մըն էր խմբապետը...ԵՕ):
…Տնտեսագէտ – Տնտեսութեան մասնագէտ (ԲՈւՀ-ը այս տարի տուել է բազմաթիւ տնտեսագէտ շրջանաւարտներ...Մամ.): // Խնայող, տնարար (Տիկին անահիտ տնտեսագէտ տանտիկին մըն է...Մամ.):
,,,Տնտեսագիտութիւն – Գիտութիւն տնտեսութեան կառավարման մասին // Խնայողութիւն, տնտեսվարութիւն (Քրիստոստուր տնտեսագիտութեան դաս ալ կու տայ իւր աշակերտներուն, սակաւապէտութեան կը հրաւիրէ զանոնք...ՅՊ):
,,,Փոխան– Վարտիք, ոտաշոր // Փոխարէն (Փոխան ծաղկեպսակի կը նուիրէ հազար Լ.ո....Մամ.):
,,,Նշենք նաեւ մի քանի այլ օրինակներ:
,,,Մատնատիպ – Մատներով տպուած // Գրամեքենայ:
,,,Մենատուն – Առանձնատուն // Մենաստան:
,,,Միանգամայն – Բոլորովին, ըստ ամենայնի // 1. Բոլորը միասին: 2. Միաժամանակ: 3. Նաեւ: 4. Իսկոյն, անմիջապէս:
,,,Մրգածոր – ած. Մրգահիւթի պէս ծորացող // գ. Մրգօղի:
,,,Նախակարգ – Նախապէս կարգուած՝ սահմանուած // 1. Առաջին կարգ: 2. Նախապէս կարգաւորուող՝ կարգաւորուած: 3. Սկզբնական:
,,,Նաւախարիսխ – Նաւի խարիսխ // Նաւակայան:
,,,Նորավիպագիր –Նոր վիպագիր՝ արձակագիր: // Նորավէպեր գրող, նովելիստ:
,,,Պատկերագիր –1. Հիերոգլիֆ: 2. Կենդանու կամ բոյսի պատկերով տառ: // 1. Նկարիչ: 2. Տեսք, կերպարանք:
,,,Վաւերական – 1. Ստոյգ, հաւաստի: 2. Վստահելի, արժանահաւատ // 1. Իրական, ճիշտ, հարազատ: 2. Իսկական: 3. Օրինական:
,,,Տնաշինութիւն – Տների շինարարութիւն // Տնարարութիւն:
,,,Փոխանուն – (քեր.) Այլ խօսքի մասերի գոյականաբար գործածութիւնը // Դերանուն:
,,,Քննիչ – 1.Նախաքննութիւն իրականացնող պաշտօնական անձ: 2. Գործերը ստուգող պաշտօնեայ // 1. Քննող: 2. Ուսումնական հաստատութիւններում կարգապահութիւնը հսկող վերակացու: 3. Գրաքննիչ:
,,,Օժանդակ – 1. Օգնական, նպաստող: 2. Լրացուցիչ // Գետի վտակ:



Ռ. Կ. Սաքապետոյեան



«Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի բառապաշարային առանձնայատկութիւնները»






……………Նկատառումներ Տիգրիսից.–






Արեւմտահայերէնում ձայնաւորութիւն նոյնն է ինչ արեւելահայերէնում՝ ձայն ունենալը: Տիգրանակերտի բարբառով՝ ձայնէ՛ – կանչէ՛: Ձէնով Օհան– ուժեղ ձայնով Օհան: Ձայնաւոր անձ լինելը՝ եկեղեցում կամ խրախճանքում երգող մարդ լինելու հանգամանք ունենալը, արեւմտահայերէնում, առաջացել է նրա առաջին իմաստից՝ ձայն ունենալուց, ինչպէս որ է արեւելահայերէնում:


Արեւմտահայերէն մասնաւոր բառը դիտումնաւոր իմաստով, խօսակցականի յատուկ է: Գրագէտ մարդիկ գիտեն եւ կը գործածեն դիտումնաւոր, դիտմամբ և միտումնաւոր բառերը:


Նոյնը կարող եմ ասել մարելիք բառի մասին, որ արեւմտահայիս համար հիմնականօրէն նշանակում է հանգցնելիք կրակ:


ԲՈւՀ-ը գրել եմ ինչպէս որ է գրքի մէջ: «ՈՒ» բառը մի գրանշան է համարւում՝ կարծես ւ տառը ո տառի շարունակութիւնն է: Զոյգ գուլպայ՝ հատը կարճ. շապիկ, որի մի թեւի թեզանիքը կարճ եւ միւսը երկար: Հայաստանի Հանրապետութիւնում «թշնամութիւն» կայ գլխագիր Ւ-ի հանդէպ: Աւելի ճիշտ՝ անգրագիտութիւն: ԲՈւՀ եւ ԲՈՒՀ:


Արեւմտահայերէնում եւ արեւելահայերէնում մի շարք նոյն բառերի իմաստային նուրբ տարբերութիւնները կարելի է դասել հայերէնի բառերի իմաստային նուրբ տարբերութիւնների շարադրանք՝ նոյն բառարանում, նոյն բառի տակ:


Արեւմտահայերէն «օժանդակ» միայն գետի վտակ չի նշում, այլեւ այն իմաստները, որ արեւելահայերէնում ունի

Tigris
03.06.2010, 19:41
….3. Արեւելահայ-արեւմտահայ լեզուական համակարգերում համանուններ առաջանում են նաեւ ուղղագրութեան փոփոխութեան կամ տարբեր կարգի հնչիւնափոխական երեւոյթների հետեւանքով: Այսպէս, գրաբարի յօդ բառը ուղղագրութեան փոփոխութեան հետեւանքով արեւելահայերէնում սկսել է գրուել հոդ, որո հետեւանքով նոյնանում են՝ ա. Ոսկորների խաղ (յօդերս ցաւում են), բ. Քերականական յօդ իմաստները զուտ արեւմտահայերէն հոդ՝ այդտեղ բառի գրութեան հետ (Հոդ աստղերը չեն մեռնիր, ծաղիկներն հոդ չեն թոռմիր, ամպերը չեն թրջեր հոդ, երբ խաղաղ էք դու եւ օդ...ՊԴ):
….
….Նոյնը վերաբերում է նաեւ անյօդ բառին, որ նշանակում է յօդազուրկ եւ համանունային զոյգ է կազմում նաեւ արեւելահայերէնում ՝ առանց մարմնի յօդերի եւ առանց քերականական յօդերի, իսկ արեւմտահայերէնում դրանց լրացուցիչ հակադրւում են անկապ, կցկտուր իմաստները:
….
….Բրինձ – հատիկաւոր բոյս // Արքայազն (Պրինց բառը արեւմտահայերէնում գրւում է բրինձ եւ արտասանւում է փրինց, որ ձեւով համընկնում է յայտնի բոյսի ու նրա հատիկների անուանման հետ՝ առաջացնելով համանունային զոյգ: Մարկ Տվէնի նշանաւոր վէպի արեւմտահայերէն թարգմանութիւնը ունի «Բրինձը եւ աղքատը» վերնագիրը:

….Կազ (գազ) -1. Նիւթի ֆիզիկական երեք վիճակներից մեկը (Օդը պէտք է մաքրել թունաւոր գազերից...Մամ.): 2. Գազային վիճակում այրուող նիւթ (Հայաստան մուտք գործեց բնական գազը...Մամ.) // Նաւթ, կերոսին եւ դրանով աշխատող լամպ (Տիկինը շուտ մը դրացւոյն տունը վազեց եւ անոր կազն բերելով լուսաւորեց Աբիսողոմ աղային խուցը...ՅՊ):

….Կրող – Կրել բայի ենթակայական դերբայը (Բեռ կրող) // Գրող, չար ոգի (Կրողը տանի): Այս տարբերակման շնորհիւ արեւմտահայերէնը խուսափում է գրող բառի համանունութիւնից (գրականութեամբ զբաղող եւ սատանայ), որ առկայ է արեւելահայերէնում Դրանք տարբերւում են նաեւ արտասանութեան պլանում՝ հնչւում են գրողը տանի եւ Քրողներու միութիւն:

….Հոյզ – բառը գրաբարում նշանակում էր մրգի, բանջարեղէնի հիւթ, իսկ յոյզ՝ յուզմունք, զգացմունք, որ նոյնութեամբ պահպանուել է արեւմտահայերէնում: Արեւելահայերէնում երկու բառն էլ ունեն նոյն գրութիւնը՝ հույզ, որի հետեւանքով առաջացել է համանունութիւն:

….Ձգել – Քաշել, ձիգ տալ (նա ձգեց գօտին... ու սկսեց պարել...ՍԽ): // Թողնել, նետել, գցել, յետաձգել (Էրիկը ձգել, երկիրը ձգել, գործը ձգել):

….Ձգողութիւն – Ձգողական ուժ, ձգողականութիւն // գրաւչութիւն: Արեւելահայերէնի յիշեալ իմաստի դիմաց արեւմտահայերէնն ունի քաշողականութիւն բառը:

….Մորթ – 1. Անասուն մորթելու գործողութիւն: 2. Կոտորած // Մաշկ, կաշի, մորթի:

….Պարոն – Այս բառը կապւում է ֆրանսերէն baron բառի հետ, որ արեւմտաեւրոպական մի շարք երկրներում նշանակում է ազնուական տիտղոս՝ միապետի անմիջական հպատակ՝ վասալ: Փոխառութիւնը ակնյայտօրէն կատարուած է միջինհայերէնեան շրջանում, երբ պայթական բաղաձայնները եռաստիճանից դարձել էին երկաստիճան: Այդ է վկայում բառի տառադարձումը. ձայնեղ բ հնչիւնը արտայայտելու համար այն տառադարձուել է խուլ պ-ով: Հետագայում բառն անցել է արեւելահայերէնին, բայց արդէն իմաստափոխուած՝ որպէս տղամարդուն դիմելու յարգական ձեւ (պարոն Աշոտ): Նորագոյն շրջանում արեւելահայերէնը ֆրանսերէնից (ռուսերէնի միջնորդաւորմամբ) կատարել է այս բառի ուղղակի փոխառութիւն, որի հետեւանքով առաջացել է համանունային զոյգ՝ բարոն՝ ազնուական տիտղոս եւ պարոն՝ դիմելաձեւ: Սրանց երկու տարբեր բառեր լինելը առաւել ակնյայտ է դառնում, երբ հարկ է լինում այս բառերը գործածել միեւնոյն կապակցութեան մէջ: Այսպէս, հունգարական «զինուորական երաժշտութիւն» ֆիլմի հայերէն կրկնօրինակում господин барон արտայայտութիւնը թարգմանուած է պարոն բարոն:

…Պտտցնել – Դարձնել, շարժել (Շոգին մի անկիւնում պտտեցնում էր մի մեծ անիւ...Շ) // Պտտցընել, ման գալ, զբօսնել (Մեզ դեռ տեղուանքը պիտի պտըտցընէ...ԵՕ):



Ռ. Կ. Սաքապետոյեան

«Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի բառապաշարային առանձնայատկութիւնները»







Ծանօթ. Տիգրիսից.
….- Բրինձ բառը իբրեւ իշխան, արքայազն, անգործածական է, այլեւ մերժուած: Ես չգիտեմ մի տեղ, ուր կարդացած լինեմ նման մի բառ: Թերեւս Կիլիկեան Հայաստանում, Ալիծի ու Զապելի ժամանակները, լատինների հետ շփման արդիւնք, առաջացել է նման բառի գործածութիւն: Բառարանային է: Միւս կողմից, բրինձ բառը իբրեւ հատիկ, խիստ ծանօթ է եւ ամէնօրեայ գործածական բառ, որին բոլորս սիրում ու յոյժ գնահատում ենք՝ յատկացնելով անուանակոչեալին փառաւոր տեղ սեղանների վրայ, ամաններում:
Գիտեմ նաեւ բազմաթիւ հայեր, Պատմական Հայաստանի ու Հիւսիսային Սիրիայի հայաբնակ ու հայախօս համայնքներից սերած, ովքեր ի տարբերութիւն կարծուածի, արտասանում են փրինձ prindz, փոխանակ արտասանելու prints՝ արեւմտահայ «օրինաչափ» հնչիւնաբանութեան հակառակելով:
«Արմատական»ը՝ հայ հին գրականութիւնից ժառանգած բառերի այս հիանալի հանրագիտարանը, ճանաչում է երեք բրինձ: Յապաւումով ներկայացնեմ:

*ԲՐԻՆՁ «որիզ, բրինձ»: = պահլաւերէնից փոխառութիւն. ինչպէս ցոյց է տալիս ձ ձայնը: Պարսկերէն պիրինջ: Արդէն Նախքան Քրիստոս Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յունարէն òρίνδα, ορυζα (որից հայերէն որիզ):
(Ըստ երեւոյթին, յունարէնից էլ եւրոպական միւս լեզուներին է անցել, օրինակ՝ rice – T.)

*ԲՐԻՆՁ «իշխան»: = Ֆրանսերէն prince, գերմաներէն prinz, իտալերէն prince եւն. Ծագում են լատիներէն princeps «առաջին, նախկին գլխաւոր» բառից:

*ԲՐԻՆՁ «պղինձ, արոյր, անագապղինձ»:

….– Կրող եւ գրող բառերի վերաբերեալ հեղինակի մտքերի հետ համաձայն չեմ պարզ եւ մի պատճառով: Հայերէնը գրաւոր լեզու է, ունի գիր, հետեւաբար երբ ուսումնասիրւում է այս լեզուն, ինչպէս այս գրքում, ուսումնասիրութիւնները կառուցւում են գրաւոր լեզուի վրայ, ուղղագրութեամբ, այնպէս որ գրուել ու գրւում է այն. հիմք են ընդունւում գրութեան ձեւերը եւ ոչ արտասանութիւնները: Կարծում եմ սխալ է Կրող//գրող բառերը մի պարունակի մէջ տեսնելը, այլեւ ինչ-որ խուսափումների մասին խօսելը: Կրողը շալակողն է բոլոր հայերի համար, գրողը՝ տառերը շարադրելով իմաստալից մտքեր արձանագրողը (արեւմտահայի եւ արեւելահայի բոլոր ուղղագրութիւններով): Իսկ «տանող-գրող»-ը իր անունը ստացել է գրառողի իր գործից, գրելու իր գործունէութիւնից:
Այլ խօսքով, երբ արդարօրէն խօսւում է համանունների մասին, հիմք ունենալով ուղղագրութիւնը, գրելով բրինձ, մի գրելաձեւ, եւ ունենալով երեք իմաստ (արքայազն, ուտելի հատիկ եւ պղինձ), մենք չենք կարող տարբեր գրելաձեւեր մէջբերել եւ բոլորովին տարբեր արմատ, ծագում եւ իմաստ ունեցող բառերը մէջբերելով խօսել համանունութեան մասին: Բացի այդ, արեւելահայ մեր եղբայրները Կ տառը չեն արտասանում ինչպէս Ք, որ խօսք լինի «Քրողներու միութեան» մասին, իբրեւ կրողներու միութիւն: Անհեթեթ բաներ են, քանի որ հիմք ենք ընդունում արտասանութիւնը: Հիմքը պիտի լինի ուղղագրութիւնը, գիրը, լաւապէս ճանաչելով նրանց՝ Մաշտոցեան ճանաչումով: Արեւմտահայը գուցէ արտասանում է «Քրողներու միութիւն», ինչը ճիշտ կարող է համարուել արեւմտահայերէնի օրինաչափութեամբ, սակայն սխալ է հայերէնի օրինաչափութեամբ: Ամէն արեւմտահայ պարտադիր պէտք է իմանայ Մաշտոցի Այբուբենի ճիշտ հնչիւնները:

….– Արեւմտահայերէնում թէեւ գրւում է յոյզ, արտասանւում է հույզ: Այսինքն, դարձեալ ճիշտ ուղղագրութիւնը գալիս է եւ մեզ փրկում բառի համանունացումից: Այլ խօսքով, կրկնելու եւ ոչ կրկնուելու գնով, կրկնենք, որ հիմք պիտի ընդունել ուղղագրութիւնը:

….Ստորեւ համառօտ մէջբերում«Արմատական»ից, «յոյզ» եւ «հոյզ» անջատ բառերի վերաբերեալ:
….
….ՀՈՅԶ «ծառից վազած հիւթ, խէժ». նոր գրականում նշանակում է առհասարակ «քամուած հիւթ», որից հուզաթաղանթ:

….Հեղինակի նշածը, իբր գրաբարեան իմաստ, ըստ վերոյիշեալ օրինակին, նոր ժամանակներին է յատուկ: Մի ժամանակաշրջան, որ կանգ է առել, գուցէ, բոլոր «յ»-երի «հ»-ացումով:

….ՅՈՅԶ «որոնում, փնտռտուք, խուզարկութիւն», «ծփում, տակնուվրայութիւն, խռովութիւն, շփոթութիւն, աղմուկ»:
….Յուզիչ, յուզել, յուզմունք, յուզումնալից, սրտայոյզ նոր բառեր են:

….- Ձգել բայի բազմիմաստութիւնը, արեւելահայերէն պրկել իմաստն ու արեւմտահայերէն գցել իմաստը գալիս են գրաբարից: Իսկ «գցել» արեւելահայ բառը նոյն գրաբարեան ձգել բայից է առաջացել՝ տառաշրջութեամբ:
….Արմատականը «ՁԻԳ» բառի տակ որպէս առաջին իմաստ ճանաչում է «պիրկ». Ոսկեբերանի Եսայի մարգարէի մեկնութիւնում «ամուր, պինդ» իմաստներով է ներկայացել, իսկ Ճառընտիրում «երկար». մատենական այլ աղբիւրներում (տե՛ս «Արմատականը») «նեարդ», «հիւսուածք, զգեստ», «արօրի մասերից մեկը», «նետ, սլաք»: Արձանագրուել են ձիգ դնել «նետաձիգ լինել» եւ ձիգ արկանել «երկարաձգել» բառակապակցութիւնները: – Աճած տ մասնիկով՝ ձգտել: Ձգել բայի տարբեր իմաստները մեր գրական երկու տարբերակներում, առաջացել են այն նշող գործողութեան եւ նրան անմիջապէս յաջորդող գործողութեան իմաստներից: Իհարկէ՝ ձգելուն պիտի յաջորդէ նետելը: Մի տեղ պրկում է (ձգում, քաշում, ամրացնում՝ թոյլ տալու համար), միւս տեղ պրկածը արձակում՝ գցում: Այլ խօսքով՝ արեւմտահայերէնում ձգել բայը ստացել է ձգելու գործողութեան որպէս հետեւանք նետելու իմաստից: Թողնել, յետաձգել իմաստները գցել, նետել, դէնը շպրտել իմաստներից են առաջացել: