Կյանք...
02.12.2007, 23:50 (1379 Դիտումներ)
...Գյուղի գերեզմանոցը գտնվում է բնակավայրերից մի քիչ հեռու, մի հարթավայրում, ուր ինչքան աչքդ կտրում է, կարող ես նայել, ու ոչ մի ծառ տեսադաշտդ չի փակի:
*
Արդեն պապիկիս մահվան երրորդ շաբաթն է, ու ցավն իրեն ավելի է զգալ տալիս: Թվում է, թե գնալով պիտի մեղմանա, բայց ժամանակի հետ կարոտն ավելի է թեժանում...
*
Դժվար է պատկերացնել, որ մարդն այլևս չկա: Ամեն անգամ, միևնույն է, տան դուռը բացելիս կարծում ես, որ պիտի էլի նստած լինի նույն կարմիր բազմոցին՝ մոխրագույն կոստյումը հագին, ականջակալներն ականջին, գլխարկն անպայման գլխին... Ուզում ես, որ դրսում դրված թախտին նստած՝ էլի դեղձ կլպելիս լինի իր՝ արդեն վաղուց մաշված ու տասնյակ տարիների աշխատանքից բարակած ծալովի դանակով... Ուզում ես նստել կողքին ու լսել, երկա~ր-երկար լսել նրա պատմություններն իր երիտասարդության, տատիկի հետ ունեցած սիրավեպի կամ պատերազմական արկածների մասին...
***
...Երբեմն հայացքս շեղում էի հողաթմբի վրա տնկած փայտե խաչից, բայաթի կանչող տատիկներից ու հալված ձյունից ցուրտը տարած ծաղկաթերթերից ու նայում հորիզոնին... Այնքան պարզ էին երևում սարերը... Թվում էր՝ միայն մի քանի մետր է մեզ բաժանում նրանցից...
Երկինքն ամպամած էր, բայց սարերին չհասած՝ կապտագորշ ծածկոցն ավարտվում էր, ու չնայած կեսօրն անց էր, սակայն առավոտի թարմությամբ մի կարմրանարնջագույն ուրախություն էր պարուրել սարերին...
...Նայում էի սարերի գլխին՝ այդ կարմրի մեջ նեղ, հորիզոնական շերտերով փռված խուճուճ ու ուղիղ ամպերին ու մտածում, որ այնուամենայնիվ, կյանքը հրաշք է...
![]()
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:



Email բլոգի գրառում
