Ես սիրում եմ պարել...
10.12.2007, 02:55 (2596 Դիտումներ)
Դժվար է լինել ծաղիկ: Վտանգը մեծ է: Առավել դժվար է սարի փեշի ծաղիկ լինելը: Դու ստիպված ես անընդհատ պայքարել: Դժվար է պայքարել, եթե դու թույլ ես, պաշտպանվելու համար ոչինչ չունես: Դժվար է: Բայց պետք է:
Ես ծաղիկ եմ ու աճել եմ սարի փեշին: Երբ առաջին անգամ աշխարհը տեսա, նայեցի արևի այրող ճառագայթներին ու երկնի լազուրին, ես դեռ ծաղիկ չէի: Ինչ-որ կանաչ ծիլ էի, ով դեռ նույնիսկ չգիտեր թե ծաղիկն ինչ է: Ես նայեցի իմ շուրջն ու սարսափեցի ամայությունից: Ինձ վախեցրեց սարի գորշ ու քարքարոտ լանջը: Ես չտեսա կենդաննի ոչ մի բան ու վախեցա: Միայնակ էի ու անպաշտպան: Այդ ժամանակ ես ոչինչ չգիտեի: Ես նույնիսկ բառեր չգիտեի, այն բառերը, որոնցով հիմա պատմում եմ իմ կյանքի պատմությունը: Ես անգամ մտածել չգիտեի: Չգիտեի, բայց մտածում էի ու մտքումս սարսափում:
Ես ուզեցի փախնել: Բայց փոքրիկ արմատներս, պարզվեց, այնքան էլ թույլ չէին: Կամ գուցե թույլ էին, բայց ամեն դեպքում ինձնից ուժեղ: Չգիտեմ: Միայն գիտեմ, որ ինձ փախչել չհաջողվեց: Չէի կարողանում հողից դուրս պրծնել ու վազել:
Ես անգամ հիմա չգիտեմ. դա լա՞վ է, թե՞ վատ: Ի՞նչ կլիներ, եթե կարողանայի փախչել: Գուցե ընկնեի մի հեքիաթային աշխարհ ու ապրեի երջանիկ ու կարճ մի կյանք: Իսկ գուցե պարզապես չորանայի ու մեռնեի՝ այդպես էլ մտածել չսովորելով, ապրելով ավելի կարճ:
Այդպես եղավ իմ հարևանի հետ: Նա ծլեց ինձնից ուղիղ երկու օր հետո: Լավ եմ հիշում այդ օրը: Այդ օրն առաջին անգամ մարդ տեսա: Ավելի ճիշտ մարդիկ: Մի փոքրիկ աղջնակ էր՝ գեղեցիկ, բայց ամբարտավան, ու նրա հայրը, խստադեմ, բայց բարի:
- Վա՜յ, նայիր ի՜նչ սիրուն է, - ասաց աղջնակը՝ նկատելով հարևանիս: Հայրը չհասցրեց ձեռքը բռնել: Աղջնակը վազեց հարևանիս մոտ ու պոկեց այդ խեղճ ու փոքրիկ կանաչ ծիլը:
- Աղջի՛կս, պետք չէ պոկել: Դա պետք է աճեր ու գեղեցիկ ծաղիկ դառնար: Դու սպանեցիր խեղճ ծաղիկին, - խրատեց հայրը:
- Դե որ սպանեցի, էլ ինքն ինձ պետք չէ, - շրթունքները վիրավորված կծելով ասաց աղջնակն ու հարևանիս գցեց գետնին, ուղիղ իմ դիմաց:
- Մի՛ նեղացիր, դստրի՛կս, - ասաց հայրը, - ուղղակի սովորիր այն, ինչը քեզ սովորեցնում են:
- Չեմ ուզում սովորել, - համառեց աղջնակը:
Չգիտեմ, թե հետո էլ ինչ խոսեցին հայրն ու աղջիկը: Մնացածը չլսեցի, քանի որ նրանք խոսելով հեռացան: Իսկ ես նորից մնացի մենակ: Ավելի ճիշտ, մահամերձ հարևանիս հետ: Ես այդ օրն առաջին անգամ հասկացա, թե կյանքն ինչն է: Այդ օրն առաջին անգամ հասկացա, թե որքան լավ է ապրելն ու արևին, երկնքին նայելը: Այդ օրն առաջին անգամ գիտակցեցի, թե մահն ինչ է ու նայեցի իմ առջև պառկած մահին՝ հարևանիս, որը գունատվել էր, էլ չուներ քիչ առաջվա թարմությունը, այլևս այնքան գեղեցիկ կանաչ չէր, ինչպես ես էի:
Ես վախեցա: Վախեցա ու խղճացի հարևանիս: Ուզեցի ձգվել ու գրկել նրան: Մահվանից առաջ մխիթարել ու շոյել: Բայց որքան էլ որ ձգվեցի, նրան չհասա, արմատներս, ամեն դեպքում, ինձնից ուժեղ էին: Բայց ես նրանցից այնքան էլ դժգոհ չէի: Նրանք ինձ օգնում էին ապրել, իսկ ես արդեն գիտեի, թե կյանքն ինչ է:
Իսկ մահվանն այդ օրն ավելի մոտիկից ծանոթացա: Ես անընդհատ ուզում էի նայել իմ սիրելի արևին ու մտածել միայն նրա մասին: Բայց հարևանս իմ առաջ էր մահանում, ու ես չէի կարողանում նրան չնայել: Նա իմ աչքի առաջ փոքրանում էր, իմ աչքի առաջ կորցնում իր գույնը, թառամում ու չորանում: Սարսափելի էր: Սարսափելի է, երբ միակ բույսը, որին ճանաչել ես քեզնից բացի, մահանում է քո աչքերի առաջ ու դու նրան օգնել չես կարող: Գոնե լավ է, որ երեկոյան կողմ քամի եղավ ու հարևանիս թռցրեց տարավ: Ես էլ նրան չտեսա ու, ճիշտն ասած, դրա համար էլ դժգոհ չեմ: Վերջում նա շատ վախենալու տեսք ուներ, իսկ ես վախկոտ եմ: Ու այդ օրն հասկացա, որ ես մահացածներից էլ եմ վախենում:
Բայց ես միայն սկզբում ուրախացա քամու համար: Իսկ հետո այն սկսեց ինձ անհանգստացնել: Նախ ցուրտ էր, իսկ ես շատ բարակ էի հագնված: Ասենք, չգիտեմ էլ, կարելի՞ է ասել հագնված էի, թե՞ ոչ, որովհետև իմ «հագուստը» իմ բնական մաշկն էր, որ շատ բարակ էր ու ինձ չէր կարող պաշտպանել սառը քամուց: Ու ես դողում էի ու երազում տաքուկ տեղի մասին, երազում էի արևի մասին, կամ էլ, գոնե, ինչ-որ թաքստոցի: Օրինակ, ի՜նչ լավ կլիներ, եթե ես ապրեի, ծլած լինեի քարի ետևում: Այդ դեպքում այս քամին ինձ չէր սարսափեցնի:
Բայց շուտով պարզվեց, որ սառնությունը ամենամեծ վտանգը չի: Իհարկե, ես կարող էի հիվանդանալ ու այդպես էլ չմեծանալ, ցրտահարվել ու չորանալ, թառամել, բայց պարզվեց, որ ավելի մեծ արհավիրք էլ կա: Այդ արհավիրքն էլի նույն քամին էր, որ գնալով սաստկանում էր: Նա ուզում էր ինձ պոկել ու թռցնել հեռուները, ինչպես քիչ առաջ հարևանիս արեց: Իսկ ես արդեն գիտեի, թե ինչ է նշանակում, երբ քեզ պոկում են ու հասկանում էի, որ կապ չունի, թե պոկողն ով կլինի՝ փոքրիկ աղջի՞կը, թե՝ փոթորիկը: Ես նորից ու նորից հիշում էի հարևանիս տանջված տեսքն ու չէի ուզում անցնել նույն ճանապարհով: Ես դեռ այնքան բան ունեի տեսնելու, այնքան բան պետք է սովորեի, իմ մահանալու ժամանակը չէր: Ու ես կառչել էի հողից:
Ի՜մ արմատները... այդ օրն իսկապես հասկացա, թե այդ արմատներին որքան եմ սիրում: Այդ փոքրիկները այնպիս համառությամբ էին պահում իմ կյանքը, որ ես սկսեցի մտածել, որ նրանցից ավելի հզոր մեկն աշխարհում չկա՝ ո՛չ մարդը, ո՛չ քամին, ո՛չ որևէ մեկը:
Սարսափելի գիշեր էր: Այդ գիշեր մեկ րոպե աչք չկպցրի: Ճիշտ է, դեռ լույսը չբացված՝ քամին դադարեց, բայց վախենում էի քնել: Բա որ հանկարծ նորի՞ց սկսվեր: Առավոտյան, երբ արևն իր գլուխը բարձրացրեց դիմացի սարի ետևից, զարմացած նայեց ինձ, բայց ոչինչ չասաց: Այդ արևը շատ նրբանկատ է: Արդեն երրորդ օրն էր, ինչ մենք իրար էինք նայում ու նա ինձ առաջին անգամ էր այդպես խեղճացած ու վախեցած տեսնում: Բայց արևն ինձ ավելորդ հարցեր չտվեց: Երևի հասկացավ, որ այդպես էլ պետք է լինի մեկի հետ, ով իր կյանքի երկրորդ օրն արդեն մահ է տեսել ու մի կերպ դիմացել ուժեղագույն քամու հարվածներին: Նա պարզապես քաջալերող ժպտաց ու աչքով արեց ինձ:
Իսկ հետո, կարող եմ երդվել, այդ ամբողջ օրը նա միայն ու միայն ինձ համար էր շողում ու շողշողում երկնքում: Ես գիտեմ արևին, ինքը սիրում է օգնել տկարին ու թույլին, խեղճին: Այդ օրն իմ հերթն էր: Արևը կարողացավ ինձ քաջալերել, ու ես սթափվեցի: Սիրելիիս ճառագայթների հետ իմ մեջ կյանք մտավ, ու ես վայելեցի այդ կյանքը ու նույնիսկ ժպտացի: Ժպտալուց մտածեցի, որ գուցե սխալ եմ անում, որ ժպտում եմ. չէ՞ որ հարևանս միայն երեկ է մահացել: Չի կարելի, չէ՞, այդքան սառնասիրտ լինել: Բայց արևն ինձ այնքան էր ուրախացնում, որ ակամայից մոռացա հարևանիս:
Այդպես շարունակում էի ապրել ու սովորել: Շուտով իմացա, թե ինչպես պետք է քամուց պաշտպանվել, ինչ դիրքով կանգնել, որ քամին սարսափելի չլինի, որ իսպառ վերանա քեզ թռցնել-տանելու վտանգը: Ես մեծանում էի ու մեծանալուս հետ ավելանում էին գիտելիքներս:
Բայց ամենակարևորն այն էր, որ ես արդեն միայնակ չէի: Արդեն շատ հերևաններ ունեի, որոնք հերթով իրենց գլուխը հանում էին հողի տակից: Նրանց հետ ավելի հետաքրքիր էր ու ավելի անվտանգ: Անվտանգ, որովհետև պատահական անցորդը, եթե ուզում էր ինչ-որ մի ծիլ պոկել, քիչ հավանական էր, որ հենց ինձ կպոկեր: Ճիշտ է, հիմա ավելի հաճախ էի մահ տեսնում, բայց արդեն դա էլ կարծես սովորական էր դարձել: Թեև ամեն անգամ, երբ ինչ-որ մի ճանապարհորդի ոտքերի տակ տրորվում ու մահանում էին հարևաններիցս մի քանիսը, սիրտս սկսում էր անհանգիստ բաբախել, իսկ ես ինձ վատ ու թույլ էի զգում: Համ էլ սկսում էի մրսել, եթե անգամ չափազանց շոգ էր լինում: Երևի մեղավորը կյանքիս երրորդ գիշերվա քամու հիշողությունն էր, որն ինձ այնքան սառեցրել էր: Չէ՞ որ այդ քամին ինձ ուղեկցել էր առաջին մահը տեսնելուս օրը:
Բայց ընդհանրապես, ինչքան էլ որ հիմա հիմնականում տխուր բաների մասին եմ պատմում, ուրախալին ավելի շատ էր: Եվ իհարկե ամենապայծառ բանն իմ կյանքում արեգակն էր, ով չէր ծուլանում ամեն օր դուրս գալ ու ժպտալ ինձ, աչքով անել, գուրգուրել: Բայց չափազանցումը եմ, ամեն օր չէ: Իրականում մեկ-մեկ նրան չէին թույլատրում դուրս գալ:
Ես ամպեր էլ եմ սիրում: Այն սպիտակ, քուլա քուլա ամպեր, որ բազմաձև լողում են բիլ երկնքում ու տարբեր կերպարանքներով ուրախացնում իմ կյանքը, գցում երազանքների գիրկը: Բայց չեմ սիրում մռայլ ու գորշ ամպերը, որ մեկ էլ հանկարծ դուրս են լողում դիմացի սարի ետևից ու բռնում ողջ երկինքը: Այդ անսիրտներն ինձնից թաքցնում են արևիս ու լույսը, չեն թողնում ջերմանալ: Ու էլի սառում եմ: Այդ օրերին տրամադրությունս շատ վատ է լինում: Անկախ ինձնից միայն մռայլ բաների մասին եմ հիշում: Հիշում եմ առաջին հարևանիս, ով հեռացավ կյանքից ու այդպես էլ չհասցրինք ծանոթանալ: Մեկ-մեկ արևն ավելի ուժեղ է գտնվում ու կարողանում է ճեղքել այդ կուռ ու չար ամպերին ու ինձ մի քանի րոպե ողողում է լույսով, իր ոսկեգույն շողերով: Այդ պահերին այնպիսի երջանկությամբ եմ լցվում, որ էլի ուզում եմ արմատներս հողից պոկելով դուրս նետվել, երգել ու պարել: Բայց սիրում եմ կյանքը ու շատ եմ վախենում մահից, դրա համար չեմ փորձում: Ես միշտ երազել եմ պարելու մասին, բայց երբևէ չեմ փորձել: Ես հասկանում եմ, որ եթե ինձ հաջողվի պարել, ապա ամենայն հավանականությամբ դա կլինի իմ առաջին և վերջին պարը: Չգիտեմ, արդյո՞ք այնքան հրաշալի բան է պարելը, որ հանուն դրա կարելի լինի կյանքին հրաժեշտ տալ: Բայց այդ պարելու ցանկությունը շատ կարճ է տևում, որովհետև ամպերը շատ ուժեղ են ու մի քանի րոպեում թաքցնում են համարձակ արևի ճառագայթներին:
Դեռ լավ է, որ սովորաբար այդ մռայլ օրերին հաջորդում է զուլալ անձրևը: Անձրև շատ եմ սիրում: Նույնիսկ չգիտեմ, ավելի շատ անձրև եմ սիրում, թե արև: Օրինակ ի՜նչ լավ կլիներ, չէ՞, որ անձրևն ու արևը իրար հետ լինեին: Այդ դեպքում ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ արարածը: Չնայած մի գաղտնիք ասեմ. ես մի անգամ տեսել եմ այդպիսի բան: Այդ օրը հա՛մ արևոտ էր, հա՛մ էլ անձրև էր գալիս: Ի՜նչ երջանիկ օր էր: Ու ի՜նչ գեղեցիկ էր: Այդ օրը նույնիսկ երկինքն էր փոխվել, զուգվել ու զարդարվել էր: Նրա կապույտի վրա գեղեցիկ շերտերով իրար էին հաջորդում բազմաթիվ ծաղիկների գեղեցիկ գույներ՝ կարմիր ու կանաչ, կապույտ ու դեղին, մանուշակագույն ու էլի ուրիշ գեղեցիկ գույներ: Շատ գեղեցիկ էր: Հետո խոսակցություն հասավ ականջիս, որ այդ զարդարանքը ծիածան է կոչվում: Այդ մասին պատմել էր դիմացի սարի փեշին ապրող դարավոր կաղնին: Պատմել էր իր կողքին աճող ծաղիկներին, սրանք էլ պատմել էին իրենց հարևաններին, սրանք իրենց հարևաններին ու այսպես եկել ու ինձ էր հասել: Ի՜նչ հետաքրքիր է: Ես չհապաղեցի ու այդ մասին պատմեցի իմ հարևաններին, նրանք էլ երևի կպատմեն իրենց հարևաններին ու այսպես կհասնի աշխարհի բոլոր բույսերին ու բոլորը կիմանան, որ երկինքն էլ է տոնական օրերին զարդարվում, ծիածան է կապում:
Ինչքան եմ ուզում ճանաչել այդ կաղնուն: Որքան լավ կլիներ, եթե ծլած լինեի նրա կողքին: Ասում են, որ այդ բարի ծերունին իր դարեր տևող կյանքում ինչե՛ր ասես, որ չի տեսել, որ իմաստուն է ու սիրում է տարբեր հետաքրքիր պատմություններ պատմել: Բայց, ավաղ, մենք իրարից շատ հեռու ենք ապրում, ու եթե ես որոշեմ իմ տեղից պոկվեմ ու գնամ նրա մոտ, ապա երևի կմահանամ, այնպես որ կաղնուն ճանաչելն այդպես էլ երազանք կմնա:
Բայց ոչինչ, խոսք ու զրույցներով նրա պատմած շատ բաներ ինձ հասնում էին: Այսպես, օրինակ, ես իմացա, որ մի օր ծաղիկ եմ դառնալու: Ես այդ ժամանակ նույնիսկ չգիտեի, թե ծաղիկն ինչ է: Այն ժամանակ մի բարակ ծիլ էի, չունեի տերևներ ու նույնիսկ չգիտեի, թե տերևը կամ ծաղիկը ինչ տեսք են ունենում: Հետո երբ իմ վրա սկսեց կոկոն աճել ու ես անասելի ցավեր էի ունենում, այնքան էլ չէի վախենում, որովհետև ծերունի կաղնու պատմածներից գիտեի, որ դա հիվանդություն չէ, ու որ լրիվ նորմալ են այդ ցավերը:
Ես իմ հարևաններից առաջինն էի, որ կոկոն ունեցա ու բոլորը հիացած ինձ էին նայում: Ասենք... լրիվ նորմալ էր, որ առաջինը իմն էր, որովհետև, ամեն դեպքում, նրանցից շուտ էի ծնվել: Բայց շուտով, ընդամենը մեկ-երկու օր հետո, կոկոններ ունեցան նաև հարևաններս ու դադարեցին ինձ նախանձել: Այնքա՜ն սիրուն էր սարի լանջն այդ օրերին: Ամենուր իմ եղբայր ու քույր ծաղիկներն էին՝ դեռևս կոկոններով, բայց այնքա՜ն գեղեցիկ:
Բայց այստեղ մի նոր փորձանք եկավ: Մեր լանջում իր հոտն արածացնելու համար մի հովիվ եկավ: Ճիշտ է, ոչխարները նրանք մեզնից բավական հեռու էին, բայց մի քանի չարաճճիներ փախնում ու մեզ էին հասնում: Հարևաններիցս քանի-քանիսը զոհ դարձան այդ անկշտումների համար: Նրանք երևի չէին էլ գիտակցում, որ դրանով ինչ-որ մեկի կյանքին վերջ են տալիս: Այդ անխելք կենդանիները միայն իրենց բնազդով են շարժվում. միայն արածել արևի տակ ու միայն արածել, ուտել, հա ուտել:
Դեռ լավ է, որ հովիվին դուր չեկավ սարի այդ լանջի բուսականությունը, ու նա ոչխարներին առավ ու ուրիշ տեղ տարավ:
Իսկ այդ ընթացքում ցավերն ուժգնանում էին ու ես առաջինն էի, ում կոկոնը հանկարծ բացվեց ու նրա տակից դուրս եկան թերթիկները: Ամբողջ սարի լանջով մի «ա՜խ» բարձրացավ: Բոլորը ուղղակի հիացած էին իմ նուրբ թերթիկների վառ գույներով: Բոլորը երազում էին, որ իրենց կոկոններն էլ շուտով բացվեն ու իրենք էլ ծաղկեն:
Շուտով դա էլ եղավ, ու սարի լանջը դարձավ գույնզգույն մի հրաշք: Որքա՜ն գեղեցիկ էր մեզնից ամեն մեկն առանձին ու մենք բոլորս միասին: Բայց դա էլ իր վատ կողմերն ուներ: Այս համընդհանուր գեղեցկությունները ում ասես, որ չէր գրավում:
Շուտով այստեղ շտապեցին բազմաթիվ գիշատիչ միջատներ, որոնց միակ գործը մեզ ոչնչացնելն էր, մեզ կոտորելը: Ամեն օր մեր աչքի առաջ նրանք կրծում էին մեզնից շատերը թերթիկներն ու ցողունները ու մեզ դատապարտում դաժան ու դանդաղ մահվան: Մեզնից խլում էին մեր կյանքը, իրենց ստոր կյանքն ապահովելու համար: Մենք ապրում էինք վախի մթնլորտում ու անգամ արևով հիանալ չէինք հասցնում: Ամեն վայրկյան մի վայրենի միջատ կարող էր գալ ու սկսել կրծոտել հենց քո՛ ցողունը: Իսկ մենք նույնիսկ պաշտպանվել չէինք կարող, որովհետև, ճիշտ է, շատ գեղեցիկ էինք, բայց շատ թույլ էինք:
Այդ օրերին էր, որ առաջին անգամ սկսեցի չսիրել արևին: Հանկարծ արևը, որ միշտ այնքան բարի ու ժպտադեմ էր, որ միշտ ջերմացնում ու փայփայում էր ինձ, դարձավ դաժան: Նա այլևս այն մեղմ ջերմացնողը չէր, այլ մի կատաղի հրե գունդ: Տեսնես ու՞մ վրա էր այդքան զայրացել, որ մեզ վառում էր ողջ ուժով: Մենք անընդհատ ծարավ էինք, իսկ ջուր չկար: Մենք աստիճանաբար կորցնում էինք մեր վառ գույները ու նմանվում մեր շրջապատի գորշ գույներին, քարի ու հողի գույնին: Մեզնից շատերը չէին դիմանում այդ հարվածին ու թոշնում էին, աստիճանաբար կորցնում էին իրենց հմայքը, թառամում ու հեռանում մեզնից՝ իրենց փոխարեն թողնելով անկենդան ցողուններ: Նրանց թերթիկները թափվում էին ու մնում այնտեղ, որտեղ ընկել էին, որովհետև նույնիսկ քամի չկար, որ դրանց թռցներ, տաներ հեռու՜-հեռուները:
Ասենք մեկ-երկու անգամ անձրև էլ եկավ: Բայց ավելի լավ կլիներ, որ չգար: Այդ անձրևները ուղեկցվում էին կարկուտով ու կայծակով: Սարսափելի էր կայծակը ու ցավոտ կարկուտը: Ողջ մարմնով կուչ էի գալիս, որ հանկարծ կարկուտի սառցեհատիկներն ինձ չկպնեին: Բայց այդ անիրավները կարծես հենց ինձ վրա էին նշան բռնել ու գալիս, ուժով զարնվում էին՝ անասելի ցավ պատճառելով: Իսկ կայծակը, որ գիշերները հանկարծ լուսավորում էր ողջ երկինքը, սարսափեցնում են իր ծակող տեսքով: Կաղնին պատմել էր, որ դրա պատճառով շատ ծառեր ու բույսեր են վառվել ու մենք շատ էինք վախենում այդ լուսավոր բծերից, որ մեկ էլ հայտնվում ու կորում էին սև երկնքում:
Բայց ընդհանրապես ամռանը երաշտ էր, ինչպես արդեն ասացի, անձրև մեկ-երկու անգամ եղավ: Իսկ մեզնից քչերն էին, որ դիմացան այդ թեժ արևին ու ապրեցին ողջ ամառվա ընթացքում՝ դիմադրելով արևի ու գիշատիչ միջատների դաժան հարվածներին:
Հետո եկավ աշուն, ու մեզնից քչերն էին, որ դեռ մնացել էին: Այդ քչերն էլ կորցրել էին իրենց թարմությունը ու գեղեցկությունը, թեև էլի յուրովի գեղեցիկ էին: Պատահական անցորդը, մեզ տեսնելով, կմտածեր, թե չորացած ու կյանքից զրկված ծաղիկների է տեսնում: Քչերը կհասկանային, որ այդ չոր ծաղիկները դեռ իրենց արմատներով կառչած են մայր հողից ու իրենց մեծ ճիգերով ապրում են:
Աշու՜ն... ես նորից սկսեցի ապրել ու շնչել: Արևն էլ առաջվա նման չէր վառում ու էլի սկսել էր շոյել ինձ: Նա ինձ այդպես էլ չպատմեց, թե ամռանն ինչու էր այդքան բարկացած ու այդքան անգութ: Բայց հիմա նա փոխվել էր ու դա լավ էր: Հետո անձրև էլ եկավ: Կարոտել էի անձրևին ու ջրին: Ինչ հաճելի էր, երբ անձրևի կաթիլները մեղմ իջնում ու զարնվում էին թերթիկներիս: Ես մի քիչ թարմացա, փափկեցի ու սկսեցի լիաթոք շնչել:
Հետո ամեն օր անձրև էր գալիս, ու դա արդեն սկսեց ձանձրացնել: Սկզբից միայն ձանձրացնում էր, իսկ հետո, քանի գնում, ավելի տհաճ էր դառնում: Արդեն մեր մայր հողը մշտական ցեխ էր: Մենք ստացել էինք մեր բաժին ջուրն ու մնացյալն ավելորդ էր: Էլի սկսեցի հիշել առաջին երազանքս: Դուրս պրծնել հողից ու վազել, փախնել-հեռանալ այստեղից: Գտնել մի տեղ, որտեղ անձրև չէր գալիս: Բայց որքան էլ որ ձգվեցի, դա ինձ չհաջողվեց: Արմատներս դեռ ինձ պահում էին: Նրանք դեռ այդքան ուժ ունեին:
Պարզվեց, որ միայն ես չեմ, որ այդ երազանքն ունեմ: Շուտով հարևան ծաղիկներիցս մեկին դա հաջողվեց: Բայց այդպես էլ չհասկացա, ի՞նքն էր ուժեղ, արմա՞տն էր թույլ, թե՞ անձրևն էր մեղավոր: Չիմացա, որովհետև տեսա, թե ինչպես այդ խեղճը արմատներով դուրս պրծավ հողի տակից ու անշնչացած փռվեց գետնին: Նրան վազել ու փախչել չհաջողվեց: Նա մահացավ հենց այն պահին, երբ հողից դուրս պրծավ: Սարսափելի տեսարան էր:
Բայց չէ, երևի գիտեմ, երևի ամեն դեպքում անձրևն այդպես արեց, որն այնքան էր թուլացրել ցեխացած հողը, այնպիսի մածուցիկ նյութ էր դարձրել, որ նրանից ծաղիկների արմատները էլ չեն կարողանում կառչել:
Ես սկսեցի վախենալ:
Պարզվեց, որ վախս իզուր չի: Շուտով հերթով բոլոր հարևաններս դուրս էին պրծնում հողի միջից ու անշնչացած փռվում գետնին:
Հիմա մենակ ես եմ մնացել: Իսկ անձրևը դեռ շարունակվում է: Ես մնացել եմ, որովհետև ապրել շատ եմ սիրում: Ես ուզում եմ ապրել ու ինչքան ուժ ունեմ, արմատներովս կառչել եմ մածուցիկ հողից: Բայց զգում եմ, որ այն արդեն փախնում է արմատներիս տակից:
Ես հասկանում եմ, որ սա իմ վերջն է:
Սա իմ վերջին օրն է:
Գուցե վերջին ժամերը:
Ահա թե ինչու որոշեցի այս մասին պատմել ձեզ: Ուզում եմ, որ իմանաք, որ հեշտ չէ սարի ծաղիկ լինելը: Դա բավական դժվար գործ է:
Բայց հիմա դրա մասին չի, որ մտածում եմ: Չնայած դժվար է, բայց ուզում եմ, որ իմ նմաններն էլի լինեն, որ սարն էլի գեղեցիկ լինի, որ ուրիշ ծաղիկներ էլ ապրեն ու վայելեն կյանքի բարիքները: Որովհետև, ճիշտ է, դժվար է ապրելը, բայց այդ կյանքում այնքան ուրախ պահեր եմ ունեցել, այնքան երջանկություններ: Ու պետք է, որ ուրիշներն էլ դա զգան, չնայած դժվարություններին:
Ուրեմն հիմա պետք է մտածել սերմ տալու մասին: Պետք է մտածել այն մասին, թե ինչպես անեմ, որ սերունդներ ունենամ: Ի դեպ, դա էլ է ինձ ծեր կաղնին հուշել: Հիմա նա ինձ հետ է: Երբ փակում եմ աչքերս, տեսնում եմ նրան, ու նա ինձ ասում է. «մի՛ հանձնվիր, դու սիրել ես կյանքը, ու դե պետք է բազմաթիվ կյանքեր պարգևես»:
Ես չգիտեմ, թե դա ինչպես եմ անելու, բայց կանեմ: Մինչև վերջս հասնի, դրա ձևը կգտնեմ:
* * *
Ես գիտեի, որ իմ արմատները չեն կարողանալու երկար պահել ինձ, ու մի պահ ես էլ ընկա: Բայց ընկնելուս պահին անձրևն արդեն դադարել էր ու քամի էր բարձրացել: Ես երբեք չեմ սիրել քամի, բայց հիմա այն ինձ անհրաժեշտ էր: Այն թռցրեց ինձ ու ես սկսեցի ճախրել օդում՝ կատարելով իմ կյանքի առաջին ու վերջին պարը: Հաճելի էր: Ես սիրեցի պարելը: Դա մի աներևակայելի զգացմունք է: Ես գիտեմ, թե այս քամին ինձ ուր է հասցնելու: Ես կհասնեմ դարավոր կաղնուն ու իմ կյանքը կավարտվի այնտեղ: Բայց դա իրական ավարտը չէ, որովհետև գարնանն այստեղ կծլեն իմ սերունդները ու դրա համար ես պետք է շնորհակալ լինեմ քամուն: Իմ սերունդներն ավելի երջանիկ են ապրելու, քան ես, քանի որ նրանց իրենց կյանքում խորհուրդներ է տալու անձամբ ինքը՝ կաղնին:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում