Ինչպես ազատվել այս նոր վարակից
09.01.2008, 15:30 (1025 Դիտումներ)
ԻՆՉՊԵ՛Ս ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԶԱՏԵԼ ԱՅՍ ՆՈՐ ՎԱՐԱԿԻՑ
ընդդեմ աղանդների եւ կրոնախևության
Խորհրդային աթեիզմի յոթ տասնամյակների ընթացքում այնքան էինք կարոտել Հավատի մասին ճշմարիտ խոսքի՝ երբ ազատություն ստացանք՝ մեր դռները լայն բացեցինք կենսատու ճշմարտության առջև։ Եվ այն գիտելիքը, թե կյանքը նյութական ուժերի բախման արդյունք և քաոս չէ միայն, այլ կա մարդու ու ազգի կյանքը կարգավորող վերին ուժ՝ հիրավի կենսատու եղավ շատերի համար։ Սակայն հայի միամտությամբ մեր դռները շատ լայն էինք բացել, կարծում էինք, թե հավատի շիթը ինչքա՜ն հորդանա՝ մեր կյանքն էլ այնքան կծաղկի ու երջանիկ կլինի։ Երկրի ծանր սոցիալական վիճակն էլ բարեբեր հող էր, գործում էր քրիստոնեության հնադարյան պոստուլատը, թե այս ծանր օրից փրկությունը միայն Հիսուսի և նրա Ավետարանի մեջ է։ Աշխարհը քանդող խավարի ուժերն էլ հո քնած չէին֊. տեսան հայի մոլեռանդությունը, նրա բացած դռներով ներս խուժեցին, "քարոզչության" հիմարությամբ¦ ընտանիքներ ու համայքներ գրավեցին։
Մի օր էլ քնից արթանացանք և ի՜նչ տեսանք. "հավատքի" եկած հազարավոր ընտանիքներ՝ ծնող ու երեխա ամեն օր աղոթքի են կանգնում, փրկություն աղերսում, աղի արցունք թափում և հույս ունեն, որ ինչ-որ ժամանակ փրկվելու ու երջանիկ են լինելու։ Տեսանք տասնյակ ու տասնյակ համայնքներ, հազարավոր մարդկանց՝ հավաքված դպրոցներում և այլ շենքերում՝ լսում են ավետարանական պերճախոս քարոզիչների, Ս. Գրքի նրբանուրբ մեկնություններով իրենց գլուխը լցնում, իբրև խելոքանում ու բարիանում, բայց ամենօրյա կյանքից, ուրախությունից ու աշխատանքից զրկվում, ապագա փրկության հնարավորությամբ միայն գոհանում։ Լսեցինք Հիսուսին նվիրված խեղճ ու անարվեստ երգեր, որ երգում են այդ խեղճ ամբոխները՝ մի անհպարտ, ողորմելի ուրախությամբ։
Եվ ինչքա՜ն շատ այս «հավատքը» տարածվեց մեր մեջ, այնքան Հիսուսի անունով աղանդներ մտան Հայաստան, այնքա՜ն մեր ազգային կյանքը կազմալուծվեց, մեր երգն ու պարը, մեր ուրախությունը պակասեց։ Եվ չենք ասում, թե միայն աղանդավոր հայն է այս օրին ընկել. ամեն ոք, որ քրիստոնյա լինելը այդպես է հասկանում, իր գլուխն ու իր ընթացքը «հավատքի» մեջ մտցնում՝ այս ողբալի վիճակին է արժանանում։ Երբ գալիս է մատաղահաս աղջիկը, որն իրեն Հիսուսի հարսնացու է համարում, սենյակում փակվում, ինքն իրեն ժպտում ու տխրում, միայն իր «փեսացուի» անունը մրմնջում՝ հասկանում ես, որ հիվանդություն է զարկել այս մատաղ մարմնին ու հոգուն։ Երբ գալիս է հայ գրագետը՝ հոգևոր տառապանքի ու աղոթքի ահռելի փորձով, Ս. Գրքի իմացությամբ, մնացյալ «անհավատ» ու «տգետ¦» աշխարհին ուղղված գոռոզ ու մութ աչքերով՝ հասկանում ես, որ մի անպտուղ ծառ է քո առջև կանգնած։ Եվ երբ նայում ես հայոց աշխարհին ու տեսնում ես հազարավոր «հավատացյալների» շուրթերին Հիսուսի և Տիրամոր անունները, իրենց աղոթքին ու տառապանքին տրված, ամենօրյա ստեղծագործ աշխատանքը և պարտականությունները լքած՝ հասկանում ես, որ այդ բարձր Անունների քողի տակ Չարը զարկել է Հայաստանը և ամեն ժամ ու ամեն օր ամլացնում է մեր ազգը, նրա ստեղծագործ զավակներին։
Այո՜, մի ծանր ախտ զարկել է Հայաստանը, և ինչքա՜ն շատ են հնչում «Հիսուս», «Տիրամայր» և «Ավետարան» անունները, որոնք այլևս բառեր են դարձել, կրկնվում են ու կրկնվում, արդեն հեռուստառադիոեթերից հորդում, նորանոր ընտանիքներ ու համայնքներ գրավում, նորանոր «հավատացյալներ» ծնում - այնքան խորանում է ախտը, այնքան չորանում է հայոց կյանքը։
Եվ ով չի կուրացել՝ կտեսնի, թե ի՜նչ դիվային նրբությամբ, դրսից, համաշխարհային կենտրոններից է ուղղորդվում այս վայ-հավատքի ալիքը` հայ ազգին ծնկի բերելու և հավատազրկելու համար։
Ամբոխի կրոնախևությունը գալիս է լրացնելու մեր մտավորական դասից շատերի յուրահատուկ ու թաքնված աղանդավորությունը: Հայտնութենական (ապոկալիպտիկ) ժամանակներում, երբ նյութի տակ ճնշվում են ոգին ու ոգեղենը՝ մշակույթի ու գիտության մարդիկ փրկության ելք են փնտրում այլևայլ ուսմունքների մեջ, ձգտում են ինքնամաքրվել և կատարելագործել իրենց կյանքը։ Սա դարերով հայտնի երևույթ է, անհարիր չէ նաև մտավորականությանը - Հ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Գ. Նժդեհը քաջածանոթ էին Արևելքի ուսմունքներին։ Սակայն այստեղ էլ մի նոր վտանգ է սպառնում մեզ. եթե մեկը ոտքով-գլխով մտնում է մի ուսմունքի մեջ (թող դա լինի ամենաճիշտ ու հզոր ուսմունքը/, ապա նա, հր համար նույնիսկ աննկատելի, հեռանում է Հայրենիքից, լեզվից ու մշակույթից և ղառնում է այդ ուսմունքի զինվորը: Անցնել և ուսումնասիրել բոլոր ուսմունքները, ապա հիմնավորապես մոռանալ դրանք և վերադառնալ դեպի Հայ Մշակույթը - ահա մի արժանի ճանապարհ հայ մտավորականի համար, քանզի չկա աշխարհում մի գանձ, Տիեզերակառույցի մի ներբերանգ, որ արտահայտված չլինի մեր մշակույթի՝ էպոսի և բանահյուսության, լեզվի ու բարբառների, երգի ու պարի մեջ։ Միայն ազգային մշակույթը, լիարժեք և առողջ հայ կյանքը կարող են սնել ներկա մտավորականությանը։ Որևէ ուսմունքի մեջ մտած մարդը և հետևորդը, որպես օրենք, կորած է լինում հայ կյանքի համար։
Եվ եթե դեռ հայ ես ու մարդ` քո աչքի առջև կելնեն հայոց իրական հավատը կրող հայորդիք - հպարտ, ազատ, աշխատասեր,ստեղծարար, հայրենակերտ ոգով, լցված իրենց քաղցր բառ ու բանով, երգով ու պարով, առակով ու ասացվածքով, նաև հավատով առ այն, որ հայն Աստված ունի, անտեր չէ այս աշխարհի վրա։ Այս հայի աղոթքը իր առավոտյան "բարի լույսն" է, աղոթարան-արևածագին ուղղված խնդալի հայացքը, իր ընտանիքին ու աշխարհին ուղղված զուսպ, գորովալից ուրախությունը և այդ օրվա անձնվեր, հերոսական աշխատանքը։ Այս անձնուրաց, ընտանիք ու Հայրենիք պաշտող, մայրենի լեզվով ճոխացած, Մարդ-Բնություն տաճարում աշխատող ու ոգորող Հային են տրվում բարձրագույն շնորհները, նա է ստեղծում մեր չքնաղ երգերը, կերտում մեր էպոսը, կենդանի պահում մեր կյանքը։
Այս դժվարին ժամին, այս նոր ու թվացյալ «աստվածահաճո» վարակից ազատվելու համար, հայ մարդը իր ձեռքը պետք է մեկնի իր մշակույթին, իր բնիկ հատկանիշներին՝ հայկականությանը։ Եթե գլուխը «հավատքը» ու Ս.Գրքի մեջ թաղած մեկը որպես օրենք անպտուղ մեկն է դառնում, ապա հայ մշակույթի ու բնիկ հոգեկերտվածքի տարածքներում ապրող հայ մարդիկ տալիս են քաղցր ու կենսալից մշակութային պտուղներ։ Հայ կյանքի մեջ հավատը, ավելի ճշգրիտ՝ նրա կրոնական ատրիբուտները, չեն կարող կեցության առաջին հիմնաքարը լինել, դրանք հայ մշակույթի մի մասն են միայն։
Եվ դրա ապացույցը բերենք ոչ թե աշխարհիկ մեր կյանքից, այլ 18-րդ դարի հոգևոր մի գործչի` աստվածաբան, բանաստեղծ, Ամենայն հայոց Կաթողիկոս Ղազար Ջահկեցու «Դրախտ ցանկալի» գրքից (ըստ Ա. Այվազյանի աշխատասիրության)։ Նա հայերին ու հայ ազգը բնորոշում է հետևյալ վեց հատկանիշներով (ըստ իր բերած հերթականության), օրհնյալ ազգ ու տոհմով, բարեբանյալ երկրով, լեզվով կանխազարդված, գրով բարգավաճ, հավատով ազնվացած և ամբողջությամբ ճոխացած։ Սրանից հետևում է, որ`ով իր ծագումով՝ ազգուտոհմով հպարտ է ու ինքնիշխան, իր բնիկ հայկական տարածքը՝ Հայրենիքը սիրող, մայրենի լեզվի չքնաղ տարերքի մեջ, իր ճոխ գրի ու մշակյույթի կրող՝ զուսպ հավատը գալիս է նրան ազնվացնելու և անունը բարձարցնելու։ Հանե՜ք հայոց չորս առաջին հատկանիշները, և առանց նրանց կունենաք կրոնախև հավատացյալների ներկա ամբոխը, որի մեջ մտնող ամեն հայ մարդ այլևս կորած է Հայրենիքի ու ընտանիքի համար, իսկ նրա անունը՝ անպտուղ ու սնանկացած։ Եվ այսօր հանցավոր է այն ծնողը, համայնքն ու ազգը, որ իր զավակներին, իր մատաղ սերունդը, վերը բերված հատկանիշներով հարստացնելուց ու ամրապնդելուց առաջ՝ նրանց կրոնի դուռն է տանում և «հավատացյալ» դարձնում։
Ամփոփենք. ամեն ընտանիք ու Հայաստանը գիտակից ջանքով ձեռքը պետք է գցեն իրենց բնիկ արժեքներին, մշակույթին և ապաքինվեն մեր աշխարհը տիրած այս նոր վարա[։
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
2002թ
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում