Նայել RSS հոսքը

Հեղինակ

Յո երթաս, Հայ Եկեղեցի

Գնահատական. 1 ձայն, 5.00 ընդհանուր:
Յո՞ երթաս, հայ եկեղեցի

1700-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԳՐՎԱՆՈՎ ԴԵՊԻ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Սույն գրությունը, բովանդակային աննշան տարբերություններով, իբրև կոչ և բաց նամակ, ուղղվել է Հայ եկեղեցու պետերին, ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին։ –Խմբ.

Հայաստանը, հայությունը և մարդկությունը նշում են հայոց մեջ քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը։ Ազգովին հույս ունեինք և ունենք, որ այդ տարեդարձը նոր ավյուն կներարկի հայությանը, կնորոգի նրա կապը Աստվածորդու և Հոգևոր Հայաստանի հետ, կլինի վճռորոշ հանգրվան՝ հայոց վերածնության ճանապարհին։ Սակայն այս ի՞նչ ծանր քար է դրված Հայաստանի կրծքին, ինչու՞ է շարունակվում ահագնացող արտագաղթը, ինչու՞ տոնական ուրախություն չի ծփում հայրենաբնակ հայության մեջ և Սփյուռքի տարածքի վրա։ Հոգեկան կայտառության և նոր բարոյական ուժերի զորաշարժի փոխարեն՝ մի համընդհանուր նահանջ է տիրել մեզ, մի անլույս թախիծ է սողոսկել հայոց սրտից ներս։ Հայոց պետականությունը և Հայ Առաքելական եկեղեցին կարծես չեն տեսնում այս համատարած նահանջը, շարունակում են տոնական քայլերի շարքը, սակայն ժողովրդի գերակշիռ հատվածը անհաղորդ է մնում դրանց։ Եվ արդ, ինչու՞ հայ ազգը իր այս մեծ տոնի ժամանակ անգամ չի զվարթանում, մի՞թե խախտվել է նրա կապը այն զորավոր Ակունքի հետ, որը կյանքի ու ամենայն ուրախության Սկիզբն ու Պատճառն է։

Հայտնի ճշմարտություն է, որ ամենայն բանական գոյություն՝ լինի մարդ ու ընտանիք, ազգ, պետականություն, թե մարդկություն, կարող է ապագա ունենալ լոկ այն դեպքում, եթե գնա իր արած սխալների ու չարիքների հետևանքները շտկելու, Վերին Օրենքները ճանաչելու և դրանց համաձայն իր կյանքը վերակերտելու ճանապարհով։ Եվ եթե այս պատմական ժամին Հայաստանը և հայությունը տագնապի մեջ են` հարկ չէ արդյոք, որ Ազգը, Պետականությունը և Եկեղեցին համատեղ ջանքով հասու լինեն, թե ինչու՞ է խաթարվել հայոց կյանքը, ինչպե՞ս ուղղենք մեր խոտոր ընթացքը, ի՞նչ է մեզանից պահանջում Վերին Կամքը։ Եվ ապա՝ Հայաստանը մասն է մի բզկտված ու հիվանդ աշխարհի, և կարո՞ղ է նա ապաքինվել առանց ամբողջ մոլորակի ապաքինման։

Խոստովանություն և Զղջում - ահա ամեն անհատի, նաև ազգերի, պետականությունների և մարդկության վերածնության ու փրկության ճանապարհը։ Մինչդեռ Երկիր մոլորակը մի ահեղ Փորձության մեջ է. համաշխարհային նյութապաշտությունը տիրել է աշխարհը, նրա շահատենչ ճիրանների մեջ խեղդվում են բոլոր ազգերը։ Նույնիսկ ներկա գերհզոր տերությունները, որոնք թվացյալ ապահովության մեջ են և զարկված ու զրկված ազգերի հաշվին փորձում են պահպանել իրենց ոսկե միլիարդ բնակչության բարեկեցիկ կյանքը՝ իրենք են դառնում իրենց իսկ սնած նյութապաշտության և կեղծ մշակույթի առաջին զոհերը, աշխարհի աչքի առջև է նրանց ազգերի բարոյական ու ֆիզիկական անկումը։ Այս մոլորակային քաոսը գնալով խորանում է. բարոյական, էկոլոգիական և տնտեսական աղետը շուտով կփլվի մարդկության գլխին, եթե տեղի չունենա Վերին Կամքից բխող հոգևոր ինքնամաքրում և վերածնություն։

Սակայն այս ճակատագրական ժամին աշխարհի պետականությունները չեն դրսևորում ինքնանորոգման կամք և գործում են եսակենտրոն շահերի թելադրանքով։ Իսկ եկեղեցիները հայտնվել են նյութական գործունեության և շահի գերակայության տիրույթներում, սերտաճել են համաշխարհային նյութապաշտության պես-պես կառույցներին՝ դրանով իսկ փաստացի ծառայելով նրանց աշխարհակուլ նպատակներին։ Եթե այդպես չէ՝ ինչու՞ որևէ քրիստոնեական եկեղեցի բարոյական ապստամբություն չի բարձրացնում նյութապաշտության, աշխարհը ողողած հակամշակույթի և անբարո ապրելակերպի դեմ, կոչ չի անում իր ազգին ու երկրին` դուրս գալ այդ դատապարտված շրջապտույտից։

Այս ժամին առավել դժվար է հայության և Հայաստանի վիճակը. Մեծ եղեռն և Մեծ երկրաշարժ տեսած երկիրը վերջին տասնամյակում նաև Մեծ փլուզում ապրեց, արտագաղթը չի դադարում, վտանգված է ազգային բնօրրանից մնացած հողակտորի և հայոց պետականության գոյությունը։ Ո՞րն է ելքի ճանապարհը։
Ահա այս բախտորոշ ժամին էլ տոնվում է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը։ Ի՞նչ անել, որպեսզի այդ տոնը կենսական ու նորոգիչ հուն մտնի և հոգևոր արթնության, ինքնաճանաչման ու ապագայի տեսիլքը բացող օր դառնա հայոց համար։ Ազգն իր հայրենիքում, որպես գերակա և լիիրավ կազմավորում՝ իրավունք ունի և պարտավոր է պետականությունը և եկեղեցին ծառայեցնել իր նպատակներին, նրանց օգնել գտնելու այդ հունը։ Իսկ օգնության միակ միջոցը հրեղեն ճշմարտությունն է՝ ինչքա՜ն էլ այս պահին պետականությունը և եկեղեցին նրան անպատրաստ լինեն։ Միայն ճշմարտությունը կարող է այրել հայոց աչքերին իջած սև փառը և հրաչյա մեր ազգին ցուցանել ապագայի դռները։
Եվ արդ՝ թղթին ենք հանձնում որոնելիք ճշմարտության մեր ըմբռնումները:

Ա. Համաշխարհային նյութապաշտությունը՝ հազարամյակների այդ հրեշը, հասել է ուժի և պիղծ զորության իր գագաթնակետին։ Ագռավաքարից ելնող մեր Փոքր Մհերի մեջ տեսնելով իրեն սպառնացող վտանգը՝ նա կազմակերպված ուժերով զարկեց ու զրկեց Հայաստանր, սին չափանիշներով և խորհուրդներով, վարկերով և այլ լծակներով այլասերեց մեր Երրորդ հանրապետությունը, խլեց պետականության կրողների ազգային ինքնագիտակցությունը, նրանց դարձրեց իր կամակատարները, կործանեց երկրի մշակութային ու տնտեսական անվտանգության համակարգերը։ Երրորդ հանրապետության բարոյական անկումը առանձին գործիչների անկման խնդիր չէ միայն, այն ազգի զգալի մասի, նրա մտավորականության և քաղաքական ուժերի նյութապաշտական կուրության և անգիտության արդյունք է, որը ծանր մեղք դարձավ մեր իսկ ճակատագրի, բուն հայկական էության և Աստվածորդու հավատի հանդեպ։ Վերջին տասնամյակում պետական իշխանությունը և նրան ընդդիմադիր քաղաքական ուժերը երկուստեք բաժին ունեն այդ մեղքի մեջ, քանզի նրանց վեճն անպտուղ է, շարունակաբար բորբոքվում է համաշխարհային նյութապաշտության կողմից ասպարեզ նետված կեղծ-֊բարոյական արժեքների շուրջ և չունի որևէ հանգուցալուծում, որը կարող է բացել մեր ապագայի դռները.

Բ. - Հայ եկեղեցին եղավ լուռ ականատեսը և ակամա մասնակիցը Երրորդ հանրապետության ողբերգության.- այն եկեղեցին, որը երբևէ արծվի պես ելնում էր թշնամու դեմ՝ իր թևերի տակ առնելով ու պաշտպանելով ազգային հավաքականությունը՝ ավա՜ղ, ընկրկեց սեփական պետականության ապազգային ընթացքի առջև և տաս տարիների ընթացքում տերունական կշտամբանքի մի խոսք անգամ չուղղեց բարոյական ուղենիշները կորցրած պետականությանը։ Գուցե պատճառներից մեկն այն է, որ պետականության մի շարք կրողներ և արտաքին ուժեր, եսաշահ նպատակներով և անօրինաբար խառնվեցին վերջին երկու կաթողիկոսական ընտրություններին, որ Մայր Աթոռ Ս. էջմիածինը դարձնեն իրենց քաղաքականության կցորդը, ինչը, կարծես, հաջողվել է նրանց։ Այլապես՝ ինչու՛ Հայոց վերջին Հայրապետերը հովվական գավազանով չփշրեցին իշխանական դռները, չմտան մութ պալատներ, և ի լուր ժողովրդի չորոտաց հայրապետական ձայնը.– Այս ի՞նչ եք անում, անիրավնե՜ր։
Արտագաղթի քարավանները շարունակում են լքել երկիրը, իսկ օդակայանից ընդամենը մի քանի քայլի վրա՝ լռում է Ս. էջմիածինը, լու՜ռ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ինչու՞ հայոց բզկտված լեռնաշխարհի վրա, մեր վշտի հովիտներում, մեր դատարկվող քաղաքներում ու գյուղերում չի հնչում հայրապետական ահեղ ու սաստող խոսքը` հայորդինե՜ր, այդ ու՞ր եք գնում։ Այնպիսին է դառը տպավորությունը, թե Հայ Եկեղեցին, հանրապետության իշխանությունների նման, հայոց արտագաղթի պարտադրված ծրագրի մեջ նույնքան ողբերգական դերակատարում ունի, որը լռեցնում է նրան և ստիպում՝ չանել որևէ բարոյական, կազմակերպական կամ նյութական զորակցության ծանրակշիռ քայլ՝ արտագաղթը դադարեցնելու համար։
Հայ եկեղեցին, պետականության հանգույն, իր հայացքն ուղղել է դեպի Արևմուտք ու Վատիկան, դեպի նրանց նյութապաշտ և բարոյապես սպառված ակունքները, մինչդեռ հայ ազգի կյանքն ու անբիծ հավատն են եկեղեցու հոգևոր կենսունակության միակ անսպառ Ակունքը։
Պետականությունը և Եկեղեցին, ենթարկվելով ազգերի իրավունքները ոտնահարող միջազգային կեղծ-արժեքային համակարգերի և իրավական դաշտի պարտադրանքներին, անպաշտպան թողեցին երկրի, ամեն հայ ընտանիքի ու համայնքի մշակութային սահմանները, ազգային մշակութային դաշտը քայքայվեց և փոխարինվեց հակամշակույթով, ինչը գոյության հոգևոր խարիսխներից զրկեց հայ մարդկանց և դարձավ աղանդների ներխուժման հիմնական պատճառը։
Ինքնաճանաչման հունով վերոհիշյալ ծանր մեղքերի մարումը անհրաժեշտ պայման է հայոց նոր վերածնության, ինչի համար հզոր խթան կարող է հանդիսանալ քրիստոնեության ընդունման մեծ տարելիցը։
Հայ Առաքելական եկեղեցին դարերով եղել է զոհ-եկեղեցի և հերոս-եկեղեցի միաժամանակ, կրել է անլուր տառապանքներ և կատարել անուրանալի սխրանքներ։ Արդ, եկել է նոր սխրանքի ժամը՝ քրիստոնեության 1700-ամյակը նշել Ոգու մեջ, ինքնամաքրվել, նորոգել կապը Աստվածորդու հետ, նոր շունչ տալ Ազգային Հավատին և այդ հունի մեջ օգնել հայ ազգին` վերընձյուղվել ու զորանալ, աշխարհաշեն դեր ստանձնել և դառնալ նոր ու բարոյական աշխարհակարգի հիմնողներից մեկը։ Միաժամանակ, ինքնանորոգվելով՝ Հայ եկեղեցին կարող է մոլորակի վերածնության և հավատի ընդհանուր առողջացման գործում վճռական դեր ստանձնել։ Եվ թող մեկ անգամ էլ Արարատի սուրբ փեշերից սկսվի Մարդկության Նոր սկիզբն ու կյանքը։
Արդ, այս կարևոր տարեդարձը կենսատու շրջադարձի վերածելու համար, հարկ է իրականացնել հետևյալ անհետաձգելի, պատմականորեն հասունացած նորոգչական ձեռնարկումները և քայլերը.

1. Հայ եկեղեցին պետք է ինքնամաքրվի ու ինքնանորոգվի, ազատվի նյութապաշտության վարակից, ազգային հավատի, ազգային մշակույթի ու զուսպ ապրելակերպի լույսով նորոգի եկեղեցու ներքին կյանքը, տոգորվի Հայ Ազգի և Եկեղեցու համամարդկային առաքելությամբ և որպես հայ մշակույթի շնորհակիր ամրոց՝ շարունակի դարերի մշակութաստեղծ աշխատանքը։ Հայ եկեղեցին պետք է վկայի ու հայտարարի հայության սրբազան նպատակը՝ միավորվելու և ապրելու հայոց բնօրրանում, որն է Հայկական բարձրավանդակը, մաքրել, նորոգել ու լուսավորել նրա սրբատեղիները և վերականգնել նրա կենսամշակութային ամբողջականությանը։

2. Սակայն, Հայ եկեղեցին չի կարող նորոգվել և ապաքինվել, եթե չնորոգվի ամբողջ քրիստոնեական շարժումը։ Հայ եկեղեցու պետերը հարկ է, որ դիմեն աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիներին՝ խզել կապերը համաշխարհային նյութապաշտության հետ և ազատվել նրա դիվային պարտադրանքներից, տեր կանգնել ամեն էթնոսի ազգային հավատին և դառնալ ազգային մշակույթների անսասան սյուներ, օգնել ազգերին՝ գնալ հոգևոր-մշակութային վերածնության սեփական ճանապարհով, համատեղ ջանքով ու աղոթքով ճանաչել Աստվածորդու Ուսմունքի բուն էությունը, դադարեցնել Չարի կողմից հրահրվող դավանաբանական անպտուղ վեճերը, այլ կրոնների հետ համատեղ մշակել մեկ ընդհանուր հոգևոր-գիտական հայացք Տիեզերակառույցի մասին և ճշմարիտ գիտելիքի համապարփակ լույսով կրթել և ճշմարտությամբ մերձեցնել ազգերն ու ժողովուրդները։

3. Վերջին տարիներին հայոց բնիկ (արիական) հավատի ջատագովները ձգտում են մերժել ամենայն քրիստոնեականը և վերադառնալ հնին, մյուս կողմից՝ որոշ եկեղեցական գործիչներ մերժում են հայոց հին հավատի ու մշակույթի հետ կապված արժեքները, ինչը լուրջ պառակտիչ գործոն է դարձել և խորացման միտում ստացել։ Հայ Առաքելական Եկեղեցին մի հայաշունչ կոնդակով կարող է վերջնական լուծում տալ այդ խնդրին եւ հաստատել, որ Հայոց բնիկ Հավատը և Աստվածորդու Ավետարանը բխում են նույն Ակունքից, կազմում են հայոց էության միաձույլ և անբաժանելի լույսը, որն իսկ հայոց Ազգային Հավատն է, և այդ միասնական ճառագայթը բեկող-բաժանողները՝ լինի դա հայոց հին դիցարանի ոգեկոչումով, թե Աստվածորդու անվան զուտ կրոնական, անկյանք վերացարկումով` մեղք են գործում ինչպես ազգային հավաքական Ոգու, այնպես էլ բոլոր ժամանակների շնորհատու Արարչի հանդեպ։

4. Հանրապետության իշխանությունները պետք է հանդես գան ժողովրդի ներումն հայցող հայտարարություններով, ընդունեն իրենց թույլ տված ծանր սխալներն ու մեղքերը Ազգի հանդեպ, որոնք են՝ համաշխարհային նյութապաշտության և նրա բերած՝ ժողովրդավարություն, ազատ շուկա, մարդու իրավունքներ, անձի ազատություն, խոսքի ազատություն կոչվող կուռքերի առջև ծնրադրությունը, ինչը բերել է երկրի փաստացի գաղութացման, պետականության բոլոր օղակների բարոյազրկման, հայ ազգի ապագայի հիմնաքարերի քայքայման։

5. Հայաստանի մտավորականությունն ու քաղաքական ուժերը պետք է ազատվեն համաշխարհային նյութապաշտության պարտադրած պատրանքներից ու կարծրատիպերից, ճանաչեն Ազգային Մշակույթում և Ավետարանում գաղտնագրված Տիեզերական Օրենքները, գիտակցեն դրանց հիմքի վրա կեցության բոլոր ասպարեզները վերակերտելու պատմական անհրաժեշտությունը, աշակերտեն ազգային հավաքական Ոգուն՝ այդ Բարձր Օրենքները ճանաչելու ու կիրառելու համար։

Հայության հոգևոր, մտավոր եւ քաղաքական իրական ընտրանին, հայրենազգաց և ազգահոգ բոլոր ուժերը պետք է օժանդակեն և մասնակցեն անկասելի Գիտելիքով ու Սիրով զինված ազգային նոր ուժի ձևավորմանը, որը ծնրադրելով Ազգի էության ու ճակատագրի առջև, ինքնամաքրված ու նորոգված՝ կստեղծի ազգային մշակույթի և արարչական օրենքների վրա հենված նոր պետականություն, մեզ հոգեհարազատ ազգերի հետ կմաքառի հանուն Նոր Աշխարհակարգի։
Լևոն Դռնոյան
“Դարձ” հանդես, 2001թ
Կատեգորիաներ
Ինքնաճանաչում

Մեկնաբանություն

Թրեքբեքներ