#1
16.01.2008, 08:20 (2191 Դիտումներ)
Մարդը, որը վաճառում էր երջանկության հորմոններ, սննկացրեց ինձ, և երբ այլևս ոչինչ չունեի, անվճար առաջարկեց համբերության կաթիլներ` մի ամանի մեջ, որի սանդղակը ժամանակն էր: Ընդամենը պետք էր օրը երեք անգամ խմել երկուական կաթիլ, մինչև ժամանակի վերջը: Կաթիլներն արճճի պես ծանր էին և կուլ չէին գնում: Երեքի փոխարեն տասնմեկ անգամ ձեռքս առա սրվակը, բայց այդպես էլ չկարողացա փորձել ենթադրվող անհամությունը, վերջում ջարդուփշուր արի պատին ու հանգստացա: Բայց չէ, չհանգստացա: Էլի գնացի մոտը. Այս անգամ օրորեց գլուխն ու այլևս իմ կողմ չնայեց: Արհամարհանքը քամի թքեց մխացող ինքնասիրությանս վերջին շեղջերի վրա, որոնք բոցավառվեցին ուժգին, քան երբևէ, ու քշեցի մինչև ամենաամայի ափը:
Երեկոն ոսկեգույն ճանապարհ էր փռել հանդարտ ալիքներին: Նստեցի ափին. օվկիանոսի շնչառությունն էր, ու մի քանի ճայ էին ճվում ժամանակ առ ժամանակ: Ավարտի համոզվածության հանգստությամբ (ինչպիսի զգացմունք) մեկիկ-մեկիկ տնտղում, շոյում էի ափամերձ ջրի քարերը, որոնք գեղեցիկ ու կենդանի էին ջրում, բայց հանելուն պես խամրում էին: Կրկին թրջում էի ու կսկիծով` հրդեհի բոցերով ճարճատող, դաջում դրանց երազ-գեղեցկությունը այնտեղ մի տեղ`սրտի հետևում: Կարոտը կուլ էր տալիս դեպի իր մութ, սարսափի չափ անհայտ խորքերը: Ճնշող էր, բայց ինչքան… Ափսոսանքով հանեցի նեղ օրվա համար պահած մի քիչ ճիգ, որի գերլարումով ուղեղս արտադրեց կամքի նեյրոններ. հավաքեցի քարերն ու նետեցի որքան հնարավոր է հեռու: Չհասցրի անգամ տեսնել ինչպես կորան ալիքներում…
Երեկոն ծովի մակարդակին էր արդեն: Հանվեցի, մտա ջուրը: Ոսկով փայլփլող շերտը տանում էր դեպի հորիզոն: Սահում էի անսովոր թեթև, անարգել, անջանք, ծփում էի արագություն: Անհանգիստ էի վերադարձիս համար, բայց չէի կարողանում դիմադրել…
Ափից մնաց թույլ ուրվագիծ: Իսկ այստեղ ծովի ժանյակները թավշյա քաղցրություն ունեն: Մեջքի վրա պառկած` գրկում եմ հայացքով երկնակամարի կորությունը: Սա է իրականությունը, մնացածը` անուրջներ բանտում: Ինչպիսի քառաչափ խորություն դեպի վերև. գույնն է չորրորդ չափողականությունը: Ես նավակ եմ: Ուզում եմ մեղմ օրորվեմ ու չմտածեմ հետոյի մասին. փայտյա անշունչ նավակ, որին ոչ ոք ոչ մի ձև չի վերաբերվում: Ուզում եմ լռվեմ ժամանակի մեջ ու չմտածեմ: Շոշափում եմ հավերժությունը…
Երեկոն գորշացավ, ու ես ճեղքում եմ սև ալիքները դեպի ափ…
… Ճանապարհ, լույսեր, ուղղորդված աղմուկ. ինձ կլանում է գիշերային քաղաքը: Ես սլանում եմ ինչ-որ տեղ, ապրելու ինչ-որ կերպ, պատկանելու ինչ-որ մեկի, դառնալու ինչ-որ մեկը…
Այդպես էլ կա:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում
