Նայել RSS հոսքը

Philosopher

Քաղաքակրթական հիմնախնդիրները Դոստոևսկու "Կարամազով եղբայրներ" վեպում. առաջնային, բնական կապերի քայքայումից հետո երկրոդական, անբնական կապերի առաջացումը

Գնահատել այս գրառումը
Ե. ԱՌԱՋՆԱՅԻՆ, ԲՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ, ԱՆԲՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

"…Կորցնելով մարդկանց և աշխարհի հետ ընդհանրության զգացումը,– գրում է Ֆրոմը իր "Փախուստ ազատությունից" աշխատության մեջ,– մարդը ճնշված է իր անօգնականության և ոչնչության զգացումից: Դրախտը վերջնականապես կորսված է. ինդիվիդուումը կանգնած է միայնակ, անսահման և սպառնալից աշխարհին դեմ առ դեմ: Նոր ազատությունը անխուսափելիորեն առաջացնում է անօգնականության և անուժության, կասկածի, միայնակության և վախի զգացում: Որպեսզի ունենա գործելու հնարավորություն, մարդը պետք է որևէ կերպ ազատվի այդ ամենից": Քաղաքակրթական երևույթի այս նկարագրությունը ընդհանուր առմամբ համապատասխանում է նաև Դոստոևսկու հերոսներին, միայն այն տարբերությամբ, որ մենք նրանց հիմնականում չենք տեսնում այդ ճակատագրական խաչմերուկին մտամոլոր կանգնած, այլ արդեն` այդ ամենից ազատված: Բայց ինչպե՞ս: Այդ ամենից, այսինքն` նախնական, դեպի սեփական դեռևս հարուստ հոգուն միտվելուց առաջացած ազատության վակուումից, ազատվելու առաջին ձևը հանդիսանում է փաստացի լիակատար հրաժարումը սեփական անհատականության անկախությունից, սեփական "ես"-ի նույնացումը սեփական անձից դուրս ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ. և այս ամենը արվում է այն բանի համար, որ ձեռք բերվի ավելի վաղ կորսված ուժը, որի պակասն ունի ինդիվիդուումը: Մի խոսքով, մարդը ձգտում է ձեռք բերել նոր, "երկրորդական" կապեր` կորսված առաջնայինների փոխարեն: Ինչպես վերևում նշվեց, ըստ էության, մարդը առանձնապես մեծ ազատություն ձեռք չի բերում արտաքին աշխարհից դեպի ինքն իրեն միտվելու արդյունքում, թեև դա նրան թվում է վերջին և միակ ելքը հոգևոր ճգնաժամի հաղթահարման. ինչպես դեռահասն է գրում. "երբ կկտրեմ կապերը բոլորի հետ, կմտնեմ կեղևի մեջ և կդառնամ կատարյալ ազատ" (պատմականորեն է միայն, որ վաղ, ֆեոդալական համակարգերի քայքայման շրջանում, ապա` Ռեֆորմացիայի գաղափարախոսությամբ նա ձեռք է բերում ազատության որոշ, հիմնականում` ներքին-հոգևոր շրջանակներ): Ավելին` միտվելով դեպի ինքն իրեն մարդն իր ներսում ակտիվացնում է իր սեփական ես-ը, որը Դոստոևսկու մոտ նույնացվում է սատանայի հետ (Իվանի պատասխանը սատանային. "Ե'ս եմ ասում դրանք, ե'ս եմ խոսում, ոչ թե դու"), և ապա` հակադարձ ուժով, արտաշխարհի ձևավորման համար հիմք է դարձնում այդ ակտիվացած ներաշխարհը` արտաշխարհի ազդեցությամբ ներաշխարհը կերտելու փոխարեն ներաշխարհի ազդեցությամբ կերտելով իր, սուբյեկտիվ արտաշխարհը: Եվ թեև այստեղ կորչում է և արտաշխարհի, և ներաշխարհի իրական բնույթը, դրանք ծաղրանկարային բնույթ են ստանում, սակայն այնուամենայնիվ, քանի որ ներաշխարհը պահանջում է արտաշխարհ, և հակառակը, այս պսեվդոարտաշխարհում ստեղծվում են համակարգեր, որոնցից պետք է ազդվի, որոնց պետք է ենթարկվի ներաշխարհը` չնայած որ նրա մեջ արդեն իսկ այս ամենը կա: Ահա այսպես ձևավորվում են այն երկրորդական կապերը, որոնք փոխարինում են նախապես` իրական, օբյեկտիվ արտաշխարհում գոյություն ունեցած առաջնային կապերին: Մարդու ամայացած ներաշխարհի այս էքսպանսիան դեպի արտաշխարհ և դրա արդյունքում` կեղծ արտաշխարհի ձևավորումն ու արտաշխարհի և ներաշխարհի միջև երկորդական արհեստական կապերի հաստատումը Դոստոևսկու ստեղծագործության հիմնական ենթատեքստերից է:
"Կարամազով եղբայրներում" հանդես եկած կերպարներից յուրաքանչյուրը յուրովի է անցել գոյության և չգոյության սահմանը, որը բաժանում է առաջնային-բնական կապերով և երկրորդական արհեստական կապերով զարգացող ու ապրող աշխարհները (Դմիտրին այս սահմանը կոչում է ցանկապատ): Այս սահմանը անցնելուց հետո "Թվում է,– գրում է Վերեսաևը,– որ մարդու առջև բացվել է աշխարհը` իր հնարավորությունների ողջ բազմազանությամբ", սակայն դա միայն խաբկանք է, և ոչինչ չի մնում մարդուն, քան ստեղծել երկրոդական կապեր, գաղափարներ և համակարգեր, որոնց կուրորեն ենթարկվելով, նա կկարողանա վերգտնել իր նախկին ապահովության և աշխարհի հետ հոգեբանական ընդհանրության զգացումները: "Կարամազով եղբայրներում" մենք տեսնում ենք իզոլացված, հոգևոր և հոգեկան ճգնաժամ ապրող մարդու կողմից ստեղծված երեք սուբյեկտիվ աշխարհ`
ա. կրոնական, որին բնորոշ է "ներքին ճշմարտության", կրոնական ներքին զգացողությունների պրոյեկտում արտաքին աշխարհի երևույթների վրա և յուրահատուկ, կրոնական պատճառականության և որևէ գերբնական ուժի (անպայմանորեն` անհատական) կամային մեխանիզմներով զարգացող արտաշխարհի ստեղծում: Սա առավել չափով արտահայտված է Ալեքսեյ Կարամազովի և հայր Զոսիմայի կերպարներում, որոնց մեջ թեև Դոստոևսկին ցանկանում է տեսնել ապագայի գործիչներին` ելնելով Բերդյաևի ձևակերպած այն սկզբունքից, թե "Որպեսզի մարդ դառնալ, անհրաժեշտ է, որ Աստված լինի և որ Աստվածամարդը հայտնվի" (ընդգծումը Բերդյաևինն է), սակայն միևնույն ժամանակ չի կարողանում է թաքցնել այն պատճառը, որը, օրինակ, Ալյոշային մղեց դեպի կյանքի այդ ճանապարհը. "Տվյալ շրջանում այդ էր հուզել միայն նրան և, այսպես ասած իդելական մի ելք էր բացել` աշխարհիկ չարության խավարից դեպի լույսը մաքառող նրա հոգու համար": Բացի նրանից, որ սա իրականությունից փախուստի դրսևորում է ("դու արի կյանքում առաքինի եղիր… և կտեսնես, որ դա ավելի դժվար է",– հակադարձում է Ֆյոդոր Կարամազովը), այստեղ գլխավորն այն է, որ Ալյոշան ելք է փնտրում, ուրեմն նա արդեն իսկ ունի ճշմարտության պահանջ ("Ավելացրեք նաև, որ նա մեր վերջին ժամանակների պատանիներից էր մասամբ, այսինքն` ազնիվ էր իր բնությամբ, ճշմարտության պահանջ ուներ, որոնում էր այն ու հավատում դրան (ուշադրություն դարձրեք, դեռ չգտած, դեռ որոնելով, բայց արդեն հավատում էր, իսկ ինչի՞ն և ու՞մ), և հավատալով` տենչում էր անմիջապես նվիրվել դրան իր հոգու ամբողջ ուժով, ձգտում էր շուտափույթ սխրագործության, անպայման ցանկանալով ամեն ինչ զոհել այդ սխրագործության համար, զոհել նույնիսկ կյանքը"), ինչն արդեն իսկ քաղաքակրթության և մարդու հոգու պաթոլոգիկ վիճակի ցուցանիշ է, ամենօրյա կյանքում չգիտակցված ճշմարտության (որը Լաո-ցզին համարում էր միակ իրական ճշմարտությունը) բացակայության ուղղակի հետևաքը: "Նրանցից դուրս են գալիս չափազանց ջերմեռանդ հավատացյալներ,– ավելի ճիշտ` ջերմեռանդ հավատալ ցանկացողներ. բայց ցանկությունը նրանք ընդունում են իբրև հավատ",– դաժան ախտորոշում է տալիս Վասինը` "Դեռահասից": "Մարդը (կարդա` Դոստոևսկու մարդը) անսահմանորեն աղքատ է,– գրում է Վերեսաևը:– Նա միայնակ, անօգնական, ջարդած ոտքերով հաշմանդամ է, և աստված պետք է նրան` որպես անթացուպ: Այլապես հենց հիմա նա կընկնի": Ալյոշայի համար աստծո գաղափարը ո°չ անձնական գաղափարական փնտրումների արդյունք է և ո°չ էլ ազգային ավանդույթով փոխանցված կյանքի ատրիբուտ, աստծո գաղափարը նրա համար միայն անթացուպ է. եթե կլինի որևէ այլ նման անթացուպ, որը կլինի նույնքան ամուր, ոտքեր ունենալու ինքնախաբեության համար նույնքան հարմար, ապա, խնդրեմ, Ալեքսեյ Ֆյոդորովիչը համաձայն կլինի նաև դրան: Այն, որ Ալյոշան ընտրում է կրոնական ուղին և ոչ թե` գիտակցական կամ հասարակական-քաղաքական, սա հոգեբանական խառնվածքի խնդիր է. յուրաքանչյուրին դուր է գալիս մի որոշ գույնի անթացուպ, և գույնի տարբերությունը այդ անթացուպը ոտք չի դարձնում: Նա և նրա ուղին ոչ բարձր են և ոչ ցածր Իվանի կամ Ռակիտինի ուղուց ("Նրանք ոչ հիմար են, ոչ խելոք են մյուսներից. նրանք խանգարված են, ինչպես բոլորը". Կրաֆտ. "Դեռահաս"), նրանք նույնական են իրենց բուն պատճառի մեջ, որն էլ հենց միակ չափանիշն է այդ ճանապարհի ճիշտ կամ սխալ լինելու համար: Ալյոշան` որպես "ցանկապատը"անցած ևս մեկ հերոս, ցանկապատից այն կողմ, չգոյության մեջ, ստեղծել է իր պսեվդոաշխարհը և նախ` այնտեղ է սիրում է "վերացական մերձավորին" և ապա` նոր միայն իր այդ սերը պրոյեկտում է իրական մերձավորի վրա` առանց նրա "դեմքը տեսնելու", ճանաչելու ("Որպեսզի սիրես մարդուն, պետք է նա թաքնվի. բավական է դեմքը ցույց տա մի քիչ` կորա˜վ սերը"). ""Մարդկության նկատմամբ սերը" պետք է հասկանալ միայն այն մարդկության նկատմամբ, որը հենց դու ստեղծել ես քո հոգում",– ասում է Վերսիլովը "Դեռահասից": Ալյոշան չի ընտրել այն ճանապարհ, որով նա այդքան համոզված կերպով ընթանում է. այն նրան պարտադրվել է քաղաքակրթական ճգնաժամի և մարդկային հոգու որբացման ընդհանուր հոլովույթի մեջ: Այդ պատճառով թեև այն կարող է լինել բացատրելի, բայց ճիշտ` երբեք:
բ. գիտակցական, որին բնորոշ է հակադրվելով առաջինին, գիտակցության և տրամաբանության կուլտիվացիա և արտաշխարհի ձևակերպում` որպես մի մտային կառույց` նյութական-գիտակցական մեխանիզմներով զարգացող: Սա առավել չափով բնորոշ է Իվան Կարամազովին, որին Դոստոևսկին կերտել է որպես եվրոպական մտածողության, ճշմարտության ձգտող տիպիկ եվրոպական հոգու մարմնավորում ("Որտեղի՞ց է բուսել այդ տիպը: Բոլորովին ուրիշ մարդ է, խորթ է մեր հոգուն",– հարցնում է Ֆյոդոր Պավլովիչը. "Ես ուզում եմ Եվրոպա գնալ Ալյոշա… Եվ գիտե˜մ, որ պարզապես մի գերեզմանոց է իմ գնալիք տեղը, բայց ամենաթանկ, ամենաթա˜նկ գերեզմանոցը, ա'յ թե ինչ",– պատասխանում է Իվանը): Եթե Ալյոշան ընդունում է աշխարհը, քանի որ այն աստծո կողմից է ստեղծված` իր "գործուն սիրով"փորձելով շտկել այն, ապա Իվանը չի ընդունում այդ աշխարհը, քանի որ այն աստծո կողմից է ստեղծված, որին Իվանը ընդունում է, բայց չի հասկանում: Դոստոևսկու "անաստված"հերոսները, որոնց թվին է պատկանում նաև Իվանը, "Բոլոր նրանք բոլորովին էլ անաստված չեն: Նրանց մեջ կա աստծո խորը կարոտ, նա նրանց առջև է: Բայց նրանք չեն կարող ենթարկվել նրան. նրան շատ հարցեր ունեն նրանք, որոնց պատասխանները չկան": Ի՞նչ է մնում անել այս մարդկանց, որոնք հրաժարվում են միայնակությունից և հոգու ճգնաժամից փախչելու հնագույն` կրոնական ձևից. նրանց մնում է ընտրել նորագույն ձևերը` եվրոպական փիլիսոփայական, գաղափարական ուղղությունները` ըստ ճշմարտության փնտրման մոլուցքի հզորության` մեծ հավատաքննիչի գաղափարները (Իվան), նապոլեոնականության գաղափարը (Ռասկոլնիկով), ռոտշիլդականության գաղափարը (Արկադի Դոլգորուկի) և այլն: Դոստոևսկու կողմից չափազանց սուր կերպով է ներկայացված արևմտյան մտածողության ճգնաժամը` որպես քաղաքակրթության ընթացքը ուղղորդող մտքի ճգնաժամ:
գ. հասարակական-քաղաքական, որին բնորոշ է սոցիալական գաղափարների և պատմական պատճառականության սկզբունքներով զարգացող կառույցների (կամ երբեմն` գոյություն ունեցած, կամ գոյություն ունենալիք) կուլտիվացիա, սա առավել չափով բնորոշ է Ռակիտինին, Կրասոտկինին: Ռուս տղաների այս սերունդը, "դեղնակտուց" սոցիալիստների այս բանակը իր համար ստեղծել է մի աշխարհ, որտեղ դասակարգային հարաբերություններից և սոցիալական երևույթներից բացի ոչինչ գոյություն չունի. նրանք նույն մարդիկ են, ինչ Ալյոշան և Իվանը` միայն երևույթների ընկալման ավելի մակերեսային ընդգրկումներով և որքան էլ վերջիններս տառապեն` մարդկային բնության և տիեզերքի "անիծյալ հարցերի" բեռի տակ կքած, քաղաքակրթական ընթացքը ուղղորդվում է Ռակիտինի և Կրասոտկինի կողմից, որոնք դեն են նետել ամեն ինչ, որոշել "այլևս չմտածել" (խորը չմտածել) և շտապում են ճգնաժամ ապրող ներկայից փախչել դեպի "սոցիալապես արդար" ապագա:
Դոստոևսկու այս բոլոր հերոսներն էլ` իրենց երկրոդական կապերով, իրականության զգացումն ու նրա բացակայությունից շնչահեղձ եղող ճշմարտությունը կորցրած հաշմված հոգիներ են, որոնք կա°մ գիտեն, կա°մ գոնե զգում են իրենց ճանապարհների միացյալ փակուղայնությունը և կարծես հենց նրանց հոգու խորքից է գալիս Մառլոյի Մեֆիստոֆելի ինքնադատապարտումը. "Իմ դժոխքն ամենուր է, և ես հավերժորեն նրա մեջ, / Դու կարծում ես, որ նա, ով տեսել է աստծոն, / Ով երկնային ուրախություններն է վայելել,/ Չի՞ տառապում բյուր դժոխքներում` / Զրկվելով հավերժ երկնային արքայությունից":

Մեկնաբանություն

Թրեքբեքներ