Նայել RSS հոսքը

Հեղինակ

Անհատի, ազգի և պետականության առողջացումը...

Գնահատել այս գրառումը
Այս հոդվածը "Ազգ և Առողջություն" հանդեսի առաջին համարի խմբագրականն է:





Ա
ԱՆՀԱՏԻ, ԱԶԳԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ
ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ - ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐ


Ապրելակերպի ու մտածելակերպի մոլորակային համահարթեցումը և անդեմացումը, որը համաշխարհայնացում (գլոբալացում) անունն է առել, իր կոշտ ավելով զարկում ու հյուծում է ազգերն ու մշակույթները և հետն էլ հռչակում, թե ինքն այլընտրանք չունի, սա է աշխարհի զարգացման ճանապարհը: Եվ մոլորակի արևմտյան կողմից ի՞նչ է բերում համաշխարհայնացումը. գուցե կելտական պարկապզուկի զվարթ ու առողջ հնչյունները, գուցե հյուսիսային սագաների խորունկ իմաստությունը, գուցե Մեծ էդդայի առասպելական խորությունը, գուցե Նիբելունգների, Ռոլանդի, Սիդի երգերը:

Օ¯, ոչ, նրա ավելը իր հետ բերում է մշակութային մուտանտների, կեղծ մշակույթի անկենդան փոշին, որ ամեն օր լցվում է մեր աչքն ու ականջը, հիվանդացնում մեր մանուկ սերունդը, ամլացնում մեր հարսների արգանդները, մթագնում մեր ծերունիների իմաստությունն ու խանգարում, որ ամեն վայրկյան տեսնենք Բնության ու Հայրենիքի արարչական գեղեցկությունը:

Երբ դեռևս 1992 թվականին բժիշկ-առողջագետների հեղինակային մեր խումբը (որը 1994-ին հարստացավ մեծաշնորհ Արուսյակ Սահակյանով, հայ երգի և պարի մասնագետներով, աստղաբան-հոգեբանով) մշակում էր «Մարդու Էկոլոգիա» գիտակրթական ծրագիրը, ուներ արդեն իրավիճակի այս գիտակցությունը, թերևս միայն ոչ լրիվ բյուրեղացած: Տաս տարիների ընթացքում մեր ձեռքին ունենալով մի ոսկյա գիտական բանալի, այն է` մարդը միայն մարմին չէ, այլ տիեզերածին եռամիասնություն` ոգի, հոգի ու մարմին, մշակեցինք մարդ-անհատի առողջության պահպանման հայեցակետ-մանրակերտերը: Եվ շատ շուտ եզրահանգեցինք, որ ծրագիրը պետք է կոչել «Հայ մարդու էկոլոգիա», քանզի հայի ֆիզիկական մարմինը պետք է խնամել ու սնուցել իր հայրենի հողուջրի տված սննդով, քանզի Հայկական բարձրավանդակի քարը, հողը, բույսը ունեն նույն ճառագայթումները, ինչ հայի գեները և կարող են փայփայել, առողջացնել նրա մարմինը: Իսկ ոգին ու հոգին… Արարչական կայծը` անմահ մոնադը, նրբակերտ ու անտեսանելի զգեստներ հագած` որպես հոգի, էջք է անում ֆիզիկական մարմնի մեջ, սնունդ ու խնամք պահանջում, որ առավել պայծառանա, հիշի իր ծագումը և շարունակի հավերժի իր ճամփորդությունը: Իսկ հոգին սնողը ազգային մշակույթն է, և այս անգամ ի¯նչ մշակութային խրախճանք է սպասում նրան: Տիեզերքի սրտում ծնված մեղեդին էջք է արել գեղջուկ սրտի մեջ և կոչվել է հայ գեղջուկ երգ, տիեզերական ռիթմերը էջք են արել համայնքի սրտի մեջ և դարձել հայ տոհմիկ պար, Տիեզերքի կարգուկանոնն ու օրենքը գրվել են ազգի սրտի մեջ և կոչվել էպոս. և երբ հայ մարդը երգում է իր երգը, պարում է իր պարը, լսում իր էպոսը և հետն էլ ուտում է իր լեռների կարմրահատ ցորենի հացը, այնժամ նրա մարմնի մեջ արտադրվում են հայկական գեղեցկության հորմոններ, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, առողջացնում նրա բոլոր համակարգերը և ապաքինում նրան: Այս հայացքը ճշմարիտ է ամեն ազգի` իռլանդացու և հույնի, ֆրանսիացու և հնդիկի, բոլոր ազգերի համար: Սա բնագիտություն է և սպասում է իր ժամանակակից հետազոտողին ու հաստատողին:

Եվ երբ այսօր մի հայ մարդու սրտի պսակաձև զարկերակները սկսում են խցանվել և ցավը պատառոտում է նրա կրծքավանդակը, նա վազում է եվրոպաներ, ուր զարկերակներն անփորձանք ու մեծագույն վարպետությամբ կմաքրեն, քանզի ի՞նչ կա Հայաստանում,– ահա, հայ մեծատուն պաշտոնյայի հաստլիկ թևից պետք է պինդ բռնենք ու ասենք` այդ ու՞ր ես վազում, քո սրտի զարկերակները խցանվել են նյութապաշտական աշխարհայացքի պատճառով, քո բնիկ երգն ու պարը մոռանալու, Հայրենիքի ու Տիեզերքի նախանշած ապրելակերպից ու ռիթմից, կարգից ու օրենքներից հեռանալու պատճառով. ետ վերադարձի¯ր, այստեղ կգտնես քո դեղն ու ճարը: Եվ գուցե նաև սովորես ու հասու լինես, թե ամեն ազգ պետք է ունենա իր ազգային առողջապահությունն ու բժշկությունը, թե այլևս պետք չի այդքա°ն խեղճորեն պատճենահանել վնասակար, գենոֆոնդը փչացնող, մարդուն նսեմացնող, քիմիական դեղի առջև կռապաշտորեն խոնարհվող արևմտյան բժշկական համակարգերը, նրանց պարտադրանքներն ու այսպես կոչված «բուժական չափանիշները»: Ահա այսպես, տարիների մեջ ձևավորվեց նոր` ազգային բժշկության գիրն ու ներդրման ծրագիրը, ստեղծվեց գործող մանրակերտը, որը մարդու առողջության խնդիրը լուծում է նրա ապրելակերպի և շրջապատող մշակութային միջավայրի առողջացման միջոցով, իսկ դրա իրականացման լծակը անհատի, ընտանիքի և համայքնի կրթությունն է: Գործող մանրակերտը շատ արդյունավետ է և օգնում է կանխարգելել և ապաքինել ծանր քրոնիկական հիվանդությունները: Այդ ծրագիրը պատրաստ է այսօր իսկ մուտք անել բժշկական կրթություն և գործնական առողջապահություն:

Սակայն այս գործի հենց սկզբից մեզ համար պարզ էր, որ մարդ-անհատը կարող է առողջ լինել, եթե նրան ծնող ու պահող ազգ- համայնքը լինի մշակութապես առողջ, եթե նորոգվի ամբողջ ազգի ապրելակերպն ու կյանքը և նա վերստանա իր բնիկ կերտվածքի գծերը` ժամանակի նոր հոլովույթի նրբագծերով հարստացած: Ահա այդպես էլ սկսեց ձևավորվել ազգային առողջ ապրելակերպի կրթական համակարգը` ազգը կազմող բաղադրիչ մասերի համար` սկսած նորակազմ ընտանիքից, հղի կնոջից ու նրա պտղից մինչև տարեցն ու ծերը, քանզի խոսքն ու բովանդակությունը տարբեր պետք է լինեին ամեն մի օղակի համար: Այս ինքնանորոգ շրջանի առաջին օղակը պտուղն է: Ներարգանդային կյանքում ստացած բոլոր ազդակները գրանցվում են ապագա երեխայի ենթագիտակցական դաշտում, դառնում պատճառ նրա առողջ կյանքի կամ հիվանդությունների. ահա թե երբ պետք է սկսել երեխայի կրթությունն ու դաստիարակությունը, մարդ-անհատի առողջության կերտումը: Ինչ երգեր է լսում պտուղը, ի°նչ պար է պարում մայրական արգանդում և ուրեմն` ինչով է ապրում հղի կինը, նրա արյունով ինչ հորմոններ, ինչ սնունդ և մշակութային ազդակներ են հասնում պտղին, իսկ ծննդաբերույթյունից հետո ինչ է բխելու կաթնաղբյուրից, մայրական կաթով ինչ մշակույթ է ներարկվելու երեխային: Եվ այսպես, այս մտածումներով ստեղծվել ու ստեղծվում է ազգային առողջ ապրելակերպի կրթությունը, տպագրության մեջ է «Արշալույս» ձեռնարկը` 7-11 տարեկան երեխաների համար, ստեղծվում են մյուս ձեռնարկները:

2004 թվականին Համահայկական Առաջին կրթական խորհրդաժողովին ներկայացրեցինք մեր աշխատանքը` համայնքի և, մասնավորապես, մայր-կնոջ կրթության դրույթներով, և խորհրդաժողովի ընդունած բանաձևի հիման վրա ամբողջացավ "Համայնքի առողջության դպրոց"
ծրագիրը, որի մշակումը և մաս-մաս իրականացումը սկսել էինք դեռևս 1994-ից: Ահա այդ ծրագրի արդյունքներից մեկը` «Առողջության ուղերձներ մայր-կնոջը» մատենաշարը, արդեն լույս աշխարհ է գալիս: Առողջ ապրելակերպի կրթությունը սնվում է առավել լայն ու խոր, մշակութային ակունքներից` տիեզերագիտություն ու մարդագիտություն, դիցաբանություն և էպոս, բանահյուսություն և ազգագրություն, և, ի շարս դրանց, նաև ժամանակակից գիտությունը` իր համեստ տեղում: Ստեղծվող կրթությունը մեր պատասխանն է միջազգային հանրության խորհրդատվությամբ ու փորձով Հայաստանի հանրակրթության մեջ ներդրվող «Կյանքի հմտություններ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» և այլ լրացուցիչ առարկաներին, դրանց ծնող հիվանդ աշխարհակարգին և նրա մասը կազմող` մշակութային ավյունը կորցրած, պարարտ մարմնի մեջ` հոգու ձայնը խլացրած, ատլանտյան հակամշակույթի կողմից գերեվարված, ծեր ու հիվանդ աշխարհամասին` եվրոպական ընտանիքին: Եվ քանի որ առիթն է, պետք է ասենք. երբ մեր երկիր Եվրոպայից կամ այլ տարաշխարհներից գալիս են փորձագետներ` մշակույթի, կրթության և այլ ասպարեզների գծով մեզ օգնելու նպատակով, ապա ժամանակն է նրանց ասելու. Հայաստանը մշակույթի գծով ունի երկու հզոր ու ամենատես փորձագետներ` Հայ Գեղջուկն ու Գեղջկուհին, որոնց հետ, նրանց թողած ժառանգության հետ մենք խորհրդի ենք նստելու` մեր մշակույթը առողջացնելու գործն անելիս. իսկ դուք վերադարձեք ձեր երկրներ, ուր հոգևոր-մշակութային աղետ է արդեն, և եթե մի փշուր խոնարհություն ունեք պահած` գուցե Հայաստանից կամ ձեր իսկ բնիկ արմատներից կարող եք ստանալ օգնություն` ձեր հոգին ու առողջությունը վերագտնելու համար:

Եվ վերջապես, մեր այս խմբագրականը մոտենում է իր ամփոփիչ հանգուցակետին. ազգն ու անհատը չեն կարող առողջ ու կենսունակ լինել, եթե առողջ չլինի նրանց կյանքը կարգավորող պետականությունը: Վերջին հինգ տարիների ընթացքում մեր հեղինակային խումբը մշակել է պետականության առողջացման հիմնախնդիրները (հրապարակվել են երկու մենագրություն և բազմաթիվ հոդվածներ, ձևավորվում է գիտության նոր ճյուղ` պետականության էկոլոգիա): Եվ եղել է մի օր, երբ մի ահռելի թեթևություն է իջել մեր սրտին` որպես ճշմարտությամբ ներշնչված գիտելիք և իրականանալի գործելակերպ: Նորից մեզ օգնեց տիեզերածին գիտելիքն առ այն, որ ամենայն կենդանի կառույց, նաև պետականությունը, եռամիասնական է. ահա նրա մարմինը` իշխանության երեք ճյուղերով և կյանքի բոլոր ասպարեզները կարգավորող իրավական ակտերով, ահա նրա հոգին, որ ազգն է ու ազգային մշակույթը, ահա նրա ոգին` Տիեզերական Օրենքների բույլը, որով, ի վերջո, պետք է կառուցվի և կարգավորվի պետական կյանքը: Ի¯նչ անգիտության մեջ էինք և դեռևս կանք, երբ կարծում էինք, թե մեր պետականության մարմինը պետք է կառուցել «միջազգային չափանիշներին» համաձայն, մինչդեռ պետք էր որոշել, թե ազգն ու ազգային մշակույթը խնամելու և ծաղկեցնելու համար ինչ պետական-քաղաքական համակարգ է անհրաժեշտ, ինչ գաղափարախոսությամբ և գործառույթներով: Քանզի եթե պետականությունը զրկվի իր հոգուց` ազգային մշակույթից, ապա ինչի՞ միջոցով նա կստանա Տիեզերքի արդարությունն ու ճշմարտությունը, պետականության կառուցման ճիշտ սկզբունքները: Ազգային ու համամարդկային մշակույթները, նրանց մեջ ամփոփված արարչական գիտելիքը, դրանցով ներթափանցված ազգային-համայնական կյանքը գերակա արժեքներ են, իսկ այնքան գովական, նորօրյա կուռքեր դարձած ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը և ազատ շուկան, իրենց ներկա բովանդակությամբ, միայն ստորակա, սպասարկու արժեքներ են և չեն կարող փոխարինել այդ բարձր արժեքներին: Մեր հեղինակային խումբը մի շարք աշխատություններում տվել է նշված սպասարկու արժեքների իրական գնահատականը:

Իսկ թեթևություն իջավ մեր սրտին նաև այն պատճառով, որ հաստատվեց մի ակնհայտ գիտական ճշմարտություն. պետականության ապագայի խնդիրը չի կարող լուծվել այն պատրանքային դաշտում, որը կոչվում է քաղաքական պայքար և ժողովրդական զանգվածների ավյունը խլող և իզուր ծախսող այն հակամարտության մեջ, որը կոչվում է իշխանություն-ընդդիմություն կռիվ: Առողջ պետականության ստեղծումը մշակութաստեղծ աշխատանք է և առնչություն չունի այդ կռիվների հետ:
Մեր տեսանող մտավորականությունը արդեն իսկ կարող է ստեղծել նոր գիտակցության կիզակետը, ձևավորել երկրի նորոգման, մշակութային պետության ստեղծման դասընթացը, կրթության կանչել տասնհինգ տարին նոր բոլորած մեր անչափահասին` մեր Երրորդ Հանրապետությանը, Ուսուցչի համբերությամբ ու սիրով կրթել նրան, կրթել պետական-քաղաքական վերնախավը, ժողովրդական զանգվածները և աստիճանաբար, քայլ առ քայլ լայնացնել նոր գիտակցության դաշտը: Հայաստանում պետք է թողնել միայն պայքարի մի գիծ, մի ջրբաժան, որի մի կողմում կլինի ճշմարիտ գիտելիքն ու գիտությունը, մյուս կողմում` մարտնչող ու եսապաշտ անգիտությունը, և դժվար է այժմ ասել, թե որ աշխատավորը, որ գեղջուկն ու բանվորը, որ գործարարն ու նախարարը կլինեն գիտելիքի զորքի մեջ, ովքեր կլինեն ազգային մշակույթի և նոր պետականության մշակույթի կրողները: Բայց պայքարն այլևս անպտուղ չի լինի, մենք այլևս չենք նայի աշխարհի ուժեղների կողմը, այլ ինքներս, մեր անարյուն կռվի մեջ, կհաղթահարենք մեր անգիտությունը, կամբողջացնենք մեզ և կստեղծենք առողջ ազգ- պետականություն:
2005թ
Կատեգորիաներ
Ինքնաճանաչում

Մեկնաբանություն

Թրեքբեքներ