Սցենար
09.02.2008, 23:13 (2171 Դիտումներ)
Պատկերացրեք այսպիսի մի սցենար. զինվորական բժիշկին տեղեկացնում են, որ մի քանի կիլոմետր հեռու հիվանդ մարդ կա (գուցե զինվոր), որին շտապ բուժօգնություն է անհրաժեշտ: Բժիշկն իր պատրաստակամությունն է հայտնում օգնել հիվանդին, բայց պարզվում է, որ նրան մեքենա տրամադրել չեն կարող... Բայց մարդ է մեռնում, պիտի օգնության հասնել, ոչինչ, պիտի ամեն դեպքում գնալ ու հասնել հիվանդին... Ու բժիշկը ոտքով ճանապարհ է ընկնում... Ցուրտ ձմեռ է, ու ոտքով կիլոմետրեր կտրել-անցնելը դժվարին գործ է: Սակայն բժշկին առաջ է մղում այն գիտակցումը, որ այնտեղ, մի քանի կիլոմետր այն կողմ, մի մարդ իր կարիքն ունի... Մյուս կողմից, սակայն, ցուրտն անողոք է ու դաժան, այն անխնա, մեկ առ մեկ վերացնում է իր ճանապարհից կյանքի ամեն դրսևորում... Ու մեր հերոս բժիշկն էլ բացառություն չի... Ցրտից սառչում է Մարդը՝ ամայի ճանապարհին, մենակ, իր առաքելությունն ավարտել այդպես էլ չհասցրած...
*
Անհավանական է թվում այս սցենարը, չէ՞: Գուցե նաև մի տեսակ պարզունակ, ծեծված ու "փոփ" ոճում, կարծես հատուկ մելոդրամաներ սիրող տանտիրուհիների համար ստեղծված հերթական սրտաճմլիկ պատմություն լինի...
Հնարավո՞ր է, որ սա իրական լինի: - Հնարավոր է, գուցե: Բայց հաստատ ոչ այս դարում, ոչ հիմա:
Միայն թե... փաստ կա, որ սա կատարվել է ընդամենը օրեր առաջ, Ղարաբաղում...
*
Մեղավորներ չեմ փնտրում, մեկնաբանություններ չեմ անում: Մի քիչ շատ եմ տպավորված՝ մտածել կարողանալու համար...
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում
