Առողջագետի օրագիր
24.02.2008, 13:20 (1076 Դիտումներ)
Երեկ լուրջ աշխատանքային օր էր. մտքի և զգացմունքների լարումով: Նախ, եկան իմ երկու "հին" հիվանդները. երկու կիրթ, տարեց կանայք. երկուսն էլ 70-նն անց: Այս երկու կանայք հրաշալի օրինակ կարող են լինել ժամանակակից կիրթ մարդու առողջական ձեռքբերումների: Այս երևույթը նոր է ձևավորվում աշխարհում. մարդիկ սեփական առողջությունը և երկարակեցությունը կերտում են գիտելիքով և ջանքով: Եթե նախկինում երկար էին ապրում "ինքնաբերաբար", ցեղային հատկանիշների շնորհիվ և բնական կյանքի բերումով, ապա այսօր, բացառիկ անբարենպաստ, սթրեսային, քաղաքային էկոլոգիայի պայմաններում այս երկու կանանց նման շատ /թեկուզ, ցավոք, ոչ շատ/ մարդիկ սկսել են էական ջանք ու գիտելիք կիրառել "առողջաստեղծ" աշխատանքի առումով: Նույն ֆենոմենը հաճախ կարելի է տեսնել նաև ռուս մտավորականների շրջանում, հավանաբար, սա կա նաև և նույնիսկ տարածված է արտասահմանում: Դա հրաշալի, որջունելի ջանք է, և, որ ամենակարևորն է, փայլուն արդյունքներ է տալիս: Մեղմ, գեղեցիկ ամենօրյա աշխատանքով հաջողվում է ոչ միայն կասեցնել սրտային հիվանդության, անոթային փոփոխությունների հիվանդագին զարգացումները, այլ անգամ շատ պրոցեսների "հետզարգացում" արձանագրել:
Շնորհակալ եմ իմ այս /ինչպես և մյուս բոլոր/ հիվանդներից, ես էլ նրանց հետ ճանապարհ եմ անցնում, "առողջության պահպանման էթիկա" ենք կերտում միասին:
Երկու լուրջ հոգս ու մտահոգություն ունեցա. հիվանդներիցս մեկը "համը հանել" էր, և չարաշահել բնական միջոցները, իմ բոլոր նշանակումներին ավելացնելով սեփական գտնումները, և ինչ-որ անակնկալ իրավիճակ էր ստեղծվել, որ նման էր խոցային արնահոսության. շատ եմ նման ծանր տվայտանքներ ունեցել, կապված այդպիսի իրավիճակների հետ, այդ ապրումներից հաճախ ինքս եմ վատանում, օրվա մեջ անընդհատ կապի մեջ լինում հիվանդի կամ նրա հարազատի հետ, փորձում նրանց ճիշտ ուղղությամբ տանել, և պահպանել բժշկական համակարգի հնարավոր սխալ, անխոհեմ քայլերից: Այս անգամ էլ, կարծես, ամեն ինչ բարեհաջող անցավ, իմ ախտորոշումը ճիշտ էր, մենք գործ ունեինք ոչ թե արնահոսության, այլ լեղուղիների անակնկալ դատարկման հետ, մաքրման հետ, հիվանդս "անփորձանք " մի-քանի ժամից դուրս գրվեց, և ես իմ հերթական եզրակացություններն արեցի: Այս իմ ճանապարհին յուրաքանչյուր հիվանդ ինձ համար մի ահռելի փորձ է եղել, քանի-որ ստեղծագործական մոտեցման դեպքում քանակի կատեգորիան և վիճակագրությունը երկրորդ պլան են մղվում, և յուրաքանչյուր դեպք ունիկալ է դառնում: Հիշեցի, որ Տիբեթում բժիշկ-լամաները 36 տարի են կրթվում, իսկ մեկ ուրիշ հայտնի ասացվածք պնդում է, թե բժիշկ լինելը դժվար չէ. դժվար է ընդամենը առաջին 40 տարին: Կարծես թե իմ վեցամյա կրթությամբ և երեսունամյա բժշկական փորձով մոտենում եմ այդ սահմաններին:
Իսկ թե ինչ ջանքեր պիտի գործադրեմ և ինչ լուծումներ պիտի գտնեմ իմ փոքրիկ անուշիկ Անիին ծանր հիվանդության ճիրաններից ազատելու համար... այս մտորումներին կանդրադառնամ հաջորդ գրառման մեջ:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում