Նայել RSS հոսքը

Հեղինակ

Հայաստանը և համաշխարհային կարգը

Գնահատել այս գրառումը
Հայաստանը և համաշխարհային կարգը

Հայաստանի Երրորդ հանրապետության պետական–քաղաքական կարգը իր սկիզբն առնում է Համազգային Շարժումից, այդ շրջանում նրա գաղափարաբանությանը հատուկ էին ազգային պետականության ստեղծման և ազգային մշակույթի զարգացման գերակայությունները, սակայն աստիճանաբար առավելություն ստացան միջազգային արժեքները` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ազատ շուկա և դրանց հետ` զարգացման միջազգային և եվրոպական չափանիշները: Որևէ նորանկախ երկրի համար սա կարող է ճիշտ ընտրություն լինել, եթե գործող համաշխարհային կարգը իր մեջ կրի մոլորակի հարաշարժ զարգացման, նյութական և ոգեկան սկիզբների ներդաշնակության, բոլոր ազգ-պետությունների հավասարաչափ առաջխաղացման հնարավորություններ:
Հայաստանի պետականությունը իր ընտրության մեջ ելնում էր այն կանխադրույթից, որ համաշխարհային կարգը և, մասնավորապես, նրա մի հատվածը` եվրոպական ընտանիքը` ազգ–պետությունների համագործակցության ու կազմակերպման առավել կայուն, ներդաշնակ ձևն է, և Հայաստանը պետք նպատակ դնի ինտեգրվել վերջինիս կառույցներին: Սակայն այս կանխադրույթի ճշմարտությունը լուրջ կասկածի է ենթարկվում մի քանի հայտնի հանգամանքների առկայության պատճառով. ինչու՞ համաշխարհային կարգը` իր միջազգային կառույցներով և հսկայական փորձառությամբ, չի ապահովում նոր անկախացած երկրի սահուն ու անցավ մուտքը իր մեջ, ինչու՞ «անցումային» կոչվող շրջանը պարտադրաբար ուղեկցվում է մշակութային, տնտեսական և սոցիալական փլուզումներով և արտագաղթով, ինչու՞ համաշխարհային կարգի տրամադրած մեկ միլիարդանոց վարկի 40-60 տոկոսը խորհրդատվությունների վրա ծախսած Հայաստանը չի ստացել պետական շինարարության համար անհրաժեշտ գիտելիք և փորձառություն, ինչո՞ւ 17-ամյա անկախության շրջանից հետո երկրի ներքին սոցիալական ճգնաժամը, մշակութային, կրթական և էթիկական նահանջը շարունակվում են:
Այս հարցադրումները կարող են ունենալ առնվազն մի քանի պատասխան:
Առաջին` համաշխարհային կարգը նպատակ չի դնում ապահովել նորանկախ երկրի լիարժեք զարգացումը` ելնելով առաջատար երկրների դիրքերի պահպանման եսակենտրոն շահերից և նրանցից երրորդական երկրների մշտական կախվածությունը ուժեղացնելու ձգտումից: Երկրորդ` համաշխարհային կարգը ի'նքը էթիկապես հիվանդ է, չունի մոլորակային կյանքի ճիշտ կազմակերպման աշխարհայացք և կազմակերպվածություն: Եվ երրորդ` ներկա միջազգային արժեքները և չափանիշները, որոնցով կառուցվում է մեր պետականությունը, նաև դրանց կիրառման ձևերը, չեն համապատասխանում հայ ազգային հոգեկերտվածքին և թույլ չեն տալիս նրան ի հայտ բերելու իր իրական կերտողական ներուժը:

Այսպիսի հարցադրումներ իր առջև կարող է դնել և պատասխաններ փնտրել արթուն, քաղաքակրթական ավանդույթներ, ինքնագիտակցության որոշակի մակարդակ ունեցող քաղաքական վերնախավը: Չենք պնդում, որ Հայաստանի վերնախավը զուրկ է այս հատկանիշներից. ընդհակառակը` խնդիր պետք է դնել ինքնաճանաչման միջոցով տեսնել սեփական առողջության և ինքնագիտակցության տարրերը` հազարամյակների հայ մշակույթի և կենսափորձի մեջ, դրանք նորովի համակարգել, ամբողջացնել ու գործի դնել և դուրս գալ զարգացման նոր ճանապարհ: Այդ նոր ճանապարհը չի հակադրվի համաշխարհային կարգին, այլ կունենա նաև նրա առողջացման հստակ հայեցակետ:
Սակայն Հայաստանի պետական-քաղաքական վերնախավը այսպիսի աշխարհաճանաչման և գիտակցության ընդլայնման մի փորձ հենց այնպես դժվար թե ձեռնարկի: Ցավոք, այդպիսի դանդաղումը կարող է ստեղծել պատմական հանգամանքների, իրավիճակի, շահերի բախման այնպիսի սուր կոլիզիա, որը հարցականի տակ կդնի երկրի անկախությունը կամ նույնիսկ գոյությունը, նաև վերնախավի կառավարչությունը, դիրքն ու սեփականությունը, ինչը կստիպի վերնախավին` աճող քաոսի մեջ գտնել մի ամուր, սեփական հանգրվան, հայկական խարիսխ, որին կարող է կառանվել պետականության նավը: Դա հնարավոր է նաև, եթե ազգային զանգվածի և վերնախավի արթուն հատվածները վաղօրոք պատրաստած լինեն այդ խարիսխը` որպես գաղափարախոսություն, քաղաքականություն և գործելակերպ` Հայաստանին սպառնացող քաոսը դիմագրավելու համար:

Ներկա համաշխարհային կարգը որևէ նորանկախ երկրի, այս դեպքում` Հայաստանի աչքին ներկայանում է որպես ինքնաբավ, արդար և արդարության ձգտող, կայացած, կայուն, վերհասկելի, կանխատեսելի համակարգ, որն իր կայացածությունը փաստում է կյանքի բոլոր ասպարեզները գնահատող «միջազգային չափանիշներով», որոնց պետք է ձգտի և ենթարկվի իր կազմի մեջ մտնող որևէ երկիր: Հայաստանը ընդունել է համաշխարհային կարգի պահանջները և ձգտում է իր ներքին ու արտաքին կյանքը ենթարկեցնել դրանք արտացոլող հիմնական արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն և ազատ շուկայական տնտեսություն: Այս չորս արժեքային համակարգերը աստիճանաբար ձեռք են բերում կրոնական դոգմային հատուկ ազդեցության և ինքնապահպանման ձևեր, որոնք գրեթե բացառում են դրանց էության և գործառույթների նկատմամբ որևէ կասկած, հակադրում կամ գործողություն: Այս «նոր հավատի» ֆենոմենը արտացոլվում է երկրների սահմանադրություններում, զարգացման հայեցակարգերի ու ծրագրերի մեջ:
Չնայած կայացածության և կայունության արտաքին նշաններին, համաշխարհային կարգը և նրա վերազգային ատյանները վերջին երկու տասնամյակներում արձանագրում են սպառման ներկա տեմպերի, մոլորակային պաշարների հյուծման, վերահաս էկոլոգիական աղետների վտանգավորությունը մոլորակի, նաև իր գոյության համար, ինչն իր արտացոլումը գտավ ՄԱԿ-ի 1992,1997 և 2000 թթ վեհաժողովների ընդունած` Կայուն զարգացման հայեցակարգի փաստաթղթերում, ինչպես նաև այն փաստաթղթերում, որոնք արձանագրում են` հայեցակարգը չի գործում և սահքը դեպի աղետ շարունակվում է: Մոլորակային կյանքի հավասարակշռության խախտումը հասել է ահռելի չափերի. զարգացած երկրների մեկ միլիարդ բնակչությունը /Հյուս. Ամերիկա, Արևմտյան Եվրոպա, Ճապոնիա/ ծախսում է մոլորակի պաշարների 70-տոկոսը և տալիս է մոլորակային աղբի 70-տոկոսը: Խզումը հարուստ ու աղքատ ազգերի միջև աճում է, տարեցտարի աճում է աղքատ և ճգնաժամի մեջ գտնվող ազգ-պետությունների քանակը:

Արևմտյան քաղաքակրթությունը ուսումնասիրող հետազոտողները և ապագայագիտական կենտրոնները /Օ. Շպենգլեր, Վ. Շուբարտ, Է. Ֆրոմ, Մ. Բուբեր, Օշո, Կ. Սվասյան, Հռոմեական Ակումբ/ արձանագրվում են այդ քաղաքակրթության ճգնաժամը և մոտակա մայրամուտը, ինչն արտահայտվում է ազգային- համայնական համակարգերի քայքայումով, Մարդ-Բնություն օրգանական կապերի խզումով, անհատի ինքնօտարացումով և դեստրուկցիայով, էթիկական, մշակութային, կրթական, առողջապահական, ապրելակերպի համակարգերի դեգրադացիայով, կեղծ մշակույթի աննախադեպ աճով և դրա կողմից հանրային կյանքի բոլոր ասպարեզների և զանգվածների գիտակցության գրավումով: Քաղաքակրթության հարուստ ու խնամված ճակատը, զարգացած քաղաքական ու սոցիալական համակարգերը միայն ծածկում են ընդհանուր ետընթացի պատկերը, առաջատար երկրների կառավարությունները չեն ցուցաբերում քաղաքական կամք և չեն ձգտում գիտակցության ընդլայնման` դեգրադացիոն գործընթացները կանխելու համար: Թվում է, թե Հայաստանի պետականությունը, նրա պետական–քաղաքական վերնախավը անտեղյակ են այդ գործընթացներին: Աշխարհակարգի գլոբալացման և նրա արժեքներին Հայաստանի ինտեգրման էթիկական, մշակութային և մնացած հետևանքները Հայաստանի պետականության և մտավորականության կողմից չեն ուսումնասիրվել, համալիր գնահատական չեն ստացել և երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա չեն ազդել ու չեն ազդում:
Հայաստանի կողմից ներկա քաղաքակրթության արժեքների անվերապահ ընդունման և դրանք ներկայացնող համաշխարհային կառույցներին ինտեգրման ուղեգիծը, դրանից բխող ներքին և արտաքին քաղաքականությամբ, ծնել են խոր ճգնաժամեր և արդեն իսկ դարձել են զարգացման արգելակող գործոններ մի շարք ասպարեզներում: Ներքո բերում ենք այն դիտարկումները, որոնք բխում են հեղինակային խմբի հետազոտություններից:
Կրթություն: – Կրթական համակարգը առանց վերապահումների ընդունել է կրթության մեջ «միջազգային չափանիշներին» հետևելու պահանջը: Կրթական համակարգի գլխավոր որակային հատկանիշը դառնում է գիտելիքների ստուգման թեսթային համակարգը, որը մասնատում և ալգորիթմացնում է կրթության օբյեկտը` Բնությունը, երեխան իր մեջ այլևս չի կրում որևէ Առարկայի ամբողջությունը, այլ միայն հիշողություն նրա հարյուրավոր տարանջատ մասերի մասին: Սա մասնատում և հյուծում է երեխայի անձը, խեղում նրա զգացմունքը, երևակայությունը, գիտակցությունը: Թեսթային համակարգը ապամշակութացվող և դեգրադացվող քաղաքակրթության ծնունդն է: Այն աստիճանաբար տարածվում է գեղարվեստի ու գրականության ուսուցման վրա, ինչը խեղում է երեխայի Գեղեցկության զգացումը, հաշմում նրա կենսաէներգետիկ համակարգը: Կրթական բարեփոխումների նոր փուլը ենթադրում է թեսթային համակարգի աստիճանական ներդնում նաև հիմնական դպրոցում /5-9դաս./, ինչը կբերի ճգնաժամի խորացման: Ազգային բնիկ (տոհմիկ) մշակույթն է երեխայի կենսաէներգետիկ համակարգի, մարմնական և հոգեկան առողջության խնամքի հիմնական միջոցը, մինչդեռ այն գրեթե վտարված է կրթությունից. երգն ու պարը երեխան անցնում է միայն տարրական դպրոցում, մնացյալ տարիներին նա հանձնված է կյանքի դպրոցի ապամշակութային ազդեցությանը: Հիմնական և միջնակարգ դպրոցներ ավարտած պատանին ու աղջիկը Մայր Մշակույթի կրողները չեն: Կրթական համակարգը չի կատարում «Կրթության Օրենքի» առանցքային պահանջը` ազգային դպրոցի ստեղծման մասին:
Կրթական համակարգում իրականացվող քաղաքականությունը այլևս դուրս է եկել ՀՀ կառավարության ազդեցության տիրույթից, այն որոշվում է միջազգային պարտավորություններով, վարկային ծրագրերով, և միայն ՀՀ պետականության արտահայտված քաղաքական կամքը կարող է կանգնեցնել դեգրադացիոն գործընթացները:
Առողջապահություն: Ժամանակակից համաշխարհային պաշտոնական բժշկության հիմնական սկզբունքներն են` պայքարել հիվանդությունների ծնած հետևանքների – ախտանիշների դեմ` օգտագործելով քիմիական դեղորայքի և վիրահատության եղանակները և գործնականում ոչինչ չանել պատճառների վերացման ասպարեզում:
Ներկա բժշկությունը մարդուն դիտարկում է միայն որպես ֆիզիկական մարմին, չի ընդունում կենսաէներգետիկ համակարգի ինքնուրույն գոյությունը և պատճառական դերը հիվանդությունների ծագման մեջ, ալգոռիթմացնում է մարդու ֆիզիկական մարմնի մասին գիտելիքը և բժշկական օգնությունը` ախտանիշ – դեղորայքային և/կամ վիրահատական միջամտություն սկզբունքով: Ախտորոշումը և միջամտությունը հիմնականում վստահվում են հետազոտության եղանակներին և բուժման ալգոռիթմին, բայց ոչ բժշկին, նրա կլինիկական մտածողությանը և կարեկցանքին, հիվանդի ապրելակերպի առողջացմանը և ապաքինման ձգտմանը, ինչը դեգրադացնում է բժշկի անձը և հիվանդի անձը, խզում նրանց միջև առաջացող ապաքինող կապը, բացառում իրական կանխարգելման և առողջության վերականգման հնարավորությունը: Սա դեգրադացվող քաղաքակրթության բժշկությունն է, Հայաստանը այսօր պատճենահանում է այդ բժշկությունը: Այս իրավիճակը բացառում է Հայաստանի առողջապահության մեջ նոր որակի ստեղծումը, բժշկության և բժշկական կրթության մեջ առողջ ապրելակերպի կանխարգելիչ համակարգի ներդնումը:
Մշակույթ: – Հայաստանի պետական-քաղաքական կարգը չունի այն գիտակցությունը, որ ազգային-մշակութային առողջ համակարգն է ազգ- պետականության անվտանգության առաջին գործոնը և իր նշանակությամբ գերազանցում է նույնիսկ տնտեսական, ռազմական կամ դիվանագիտական գործոններին: Ահա թե ինչու` խոսքի ազատություն քաղաքակրթական արժեքը հանգեցրել է իր էությանը հակառակ երևույթի. Հայաստանում ազատ շրջանառվում է ներկա հակամշակույթը` մարդատյացության, ատելության և բռնության դրսևորումներով, խեղված լեզուն, եղծ երգն ու պարը, գռեհիկ հումորը: Մանուկ սերնդի դաստիարակության մշակութային միջավայրը խեղված է և հերոսազրկված, էպիկական հերոսներին փոխարինել են ներմուծված և տեղական ծագման «աստղերը» և հակահերոսները:
Հայաստանի կյանքի տարբեր ասպարեզների վերլուծությունը կարելի է շարունակել, սակայն եզրակացությունը արդեն ակհայտ է` երկրի պետական-քաղաքական կարգը բռնել է հիվանդ քաղաքակրթության համակարգերի պատճենահանման ուղին, Հայաստանը դառնում է կախյալ, աշխարհակարգի վերջին շարքերում ընթացող երկիր:
Հայաստանի պետական-քաղաքական վերնախավը իր երկու թևերի` իշխանության և ընդդիմության պայքարի միջոցով չի կարող գտնել վերը բերված մարտահրավերների պատասխանը, քանի որ այդ երկու թևերի վեճը զուրկ է գիտական, աշխարհայացքային և էթիկական բաղադրիչներից, ըստ այդմ` անպտուղ է. – ընդդիմությունը և իշխանությունը գործում են նույն քաղաքակրթական արժեքների տարածքում:
Իրավիճակից ելքի միակ ճանապարհը պետական-քաղաքական վերնախավի գիտակցության ընդդլայնումն է` նրա կրթության, աշխարհայացքի փոփոխման և ճանաչողության նոր բանալիների ձեռքբերման միջոցով: Հայաստանի մշակութային ներուժի ու վերնախավի հնարավորությունների համատեղումով և ռազմավարական դաշինքով, գիտակցության համատեղ ընդլայնումով, հնարավոր է Հայաստանը կողմնորոշել դեպի նոր, առողջ քաղաքակրթություն և նոր արժեքներ, ինչով Հայաստանը կարող է համաշխարհային կարգի առողջացման կենտրոնի դեր ստանձնել և առաջնայնություն նվաճել արդի աշխարհում:


Լևոն Դռնոյան
Արուսյակ Նալյան

Հ.Գ.Այս հոդվածի բարձրացրած հարցերի ավելի մանրամասն պատասխանները ընթերցողը կարող է գտնել հեղինակների` «Ինչ քաղաքակրթություն պետք է ընտրի Հայաստանը. Դասընթացի ծրագիր պետական-քաղաքական վերնախավի համար» գրքում. «Լուսաբաց» հրատ., 2007թ., Երևան:
Կատեգորիաներ
Ինքնաճանաչում

Մեկնաբանություն

Թրեքբեքներ