#3
29.05.2008, 10:42 (2667 Դիտումներ)
Մի անգամ վաղուց մեկը փորձել էր խեղդել զգացմունքը:
Մեկը ափին էր կրկին, բայց այլևս չէր փորձում:
Մեկն ընդամենը եկել էր այն երեխայի հետևից, որին լքել էին ավելի վաղուց, քան երբ փորձել էր խեղդել զգացմունքը:
Երեխան նստած էր ավազներին, ու մեկը տեսավ, որ կենդանի է` գույներ ունի:
Մեկ ուրիշը համբուրել էր նրան առավոտյան` սև-սպիտակ: Համբուրել էր նկարը ու հեռացել. չէր հավատացել, որ կենդանի է: Ասել էին` “տես, սա ինքն է”, նա էլ համբուրել էր, անզգացմունք:
Իսկ զգացմունքը ներծծվել էր մեկի մենակության մեջ ու այլևս չէր բուրում: Զգացմունքը թաղել էր ինքն իրեն, որ ոչ մի բուրմունք չարձակի, որ ազատ լինի չափող, կշռող, կազմազատող հայացքներից: Դառն էր էդ ազատության գինը, մղկտում էր փակված վայրի կենդանու պես:
…. Մեկը մրսում էր: Նա ուզում էր մոտենալ երեխային ու խնդրել, որ թույլ տա իրեն գրկել: Բայց չէր մոտենում, վախենում էր նրա լռությունից, վախենում էր նրա հեռու, բացակա հայացքից:
Մեկը թափառում էր ամայի ափին` դիտելով երեխային բոլոր կողմերից…
Երեխան նստած էր անշարժ, ինքն էր մենակ, ու հայացքը մանկան խոհունություն ուներ, չէր մեծացել. նրան լքել էին վաղուց, հենց էդ վիճակում:
Մեկը սիրում էր երեխային, որին պետք չէր սեր:
Մեկը լացում էր երեխայի համար, որը չէր խմում արցունքները:
Մեկը մեռնում էր, բայց երեխան անցել էր էդ սահմանը:
Մեկը խոցված էր երեխայի համար, երեխան` նույնպես:
Մեկն ուզում էր խնդրել երեխային, որ թույլ տա իրեն գրկել: Մեկն ուզում էր լռել երեխայի հետ:
Մեկը փորձում էր պատկերացնել, թե ինչպես է ապրելու այսուհետ: Ջղաձգվում էր ներսը, ուզում էր ճչար: Ինքը չէր… Վայրի կենդանին էր:
Մեկն ուզում էր խնդրել երեխային, որ թույլ տա իրեն գրկել: Մեկը մրսում էր, հագուստ չուներ…
- Ինչու՞ ես մնում:
Կենդանին մռնչաց էլ ցավագին:
- Դու հիվանդանում ես, ու քեզ բուժել չեմ կարող:
Կենդանին խուլ մռռաց:
- Դու էլ չես հավատում:
Նայեց հավատարիմ աչքերով:
- Չեմ կարող քեզ էլ կերակրել:
Լռեց հուսահատ:
- Քեզ սիրում եմ, բայց էլ չեմ կարող պահել:
Կուչ եկավ ու գլուխը թաքցրեց փշերի տակ:
- … Չեմ ուզում տեսնել հոգեվարքդ: Ցուրտ է այստեղ, կոտրվող ապակիների շրխկոցն է, որ շփոթում ես կենդանի ձայների հետ, մեկ էլ` միջանցիկ քամիներ. լքված է տունը:
Խոնավացան աչքերը կարոտից:
Մեկը վերցրեց չորացած մի ճյուղ ու հուսահատությունից մոլեգնած համոզվածությամբ դաղեց կենդանու ողորկ, բայց թույլ մաշկը: Ոչ մի դիմադրություն… Հետո գրկեց ու դառը լաց եղավ:
Կենդանին դանդաղ, համրաքայլ հեռացավ….
Մի անգամ միայն ետ նայեց, թափ տվեց պոչն ու դանդաղ անէացավ դեպի լուսին:
Մեկը մոտեցավ երեխային: Երեխան նայեց ներքևից ու ժպտաց: Նա նստեց կողքը` ավազներին, գրկեց նրան` տաք ու կենդանի: Լուսաբաց էր:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում
