Անցած օրվա պատառիկներ
19.10.2009, 03:15 (1641 Դիտումներ)
Սիրում եմ Դավթաշենի կամրջի տակի անցուղին, մանավանդ վերջը, որտեղ աստիճաններով կարող ես իջնել ներքև, հետո էլ, ցանկության դեպքում, ձոր: Լավ էր էնտեղ... Արևը ջերմ էր ու գուրգուրում էր` հոգատար ու սիրող: Զեփյուռը մեղմ շոյում էր, մի տեսակ, կարծես, ժպտալով...
Մի հարյուր մետր հեռավորության վրա մի քանի բանվոր էին աշխատում: Հրաշալի էր. համ ինձ մենակ չէի զգում, համ էլ բավականաչափ հեռու էին, որպեսզի կարողանայի հույզերիս ազատություն տալ` առանց ավելորդ նյարդայինացնող հարցուփորձի:
Վերադարձին տեսա, թե ինչպես էր մի թռչուն ճախրում ձորի վրա: Ամենայն հավանականությամբ կաչաղակ էր կամ ագռավ, բայց ինձ արծիվ թվաց: Չուզեցա փոխել այդ զգացողությունս իրականությամբ, ու այն ինձ համար մնաց Արծիվ: Էսպես ավելի լավ է:
*
Թումանյանից Մոսկովյան գնացող փոքրիկ փողոցում այս տարվա մեջ առաջին անգամ գիտակցեցի, որ աշունն, իսկապես, եկել է: Գետնին թափված ու չորացած տերևների քանակը այլ բան մտածելու հնար չէր թողնում: Ապշել էի: Ինքնաբերաբար անցա փողոցն ու, մինչև Մոսկովյան հասնելս, մի լավ խշխշացրի խաշամը: Սիրում եմ աշունը:
*
Հետո հիշում եմ մանկական ժպիտների հրավառությունը... Հետո` պատի վրա քնած մարդուն, որին խշխշոցով չարթնացնելու համար "ստիպված" էի փոխել "երթուղիս"... Հետո հիշում եմ ինձ` խոտերի ու խաշամի մեջ բազմած... Հետո` գնացքը, դրա փոքրիկ ուղևորներին, նրանցից հատկապես այն մեկի հայացքը, որը զարմացած ինձ էր նայում... Հետո մի այլ պատկեր եմ հիշում. երբ մի դեղին ու չորացած տերև կախվել էր սարդոստայնի թելից ու ճոճվում էր զեփյուռից, մինչ շրջապատի տերևները գրեթե անշարժ էին: Այս պատկերը ճիշտ ժամանակին լրացնելու եկան երկու դեղնած տերև, որ հանդարտ ու գեղեցիկ պարեցին դեպի գետին: Գետի թեթև խշշոցը իդեալականացնում էր պատկերը... Հետո հիշում եմ գնացքի երկրորդ գալուստը, երբ մի փոքրիկ տղա օճառե պղպջակներ էր բաց թողնում գնացքի ետևից... Արտակարգ տեսարան էր, իսկը հեղինակային ֆիլմի համար նախատեսված...
*
Լուսանկարիչների խումբը դուրս շատ եկավ: Քիչ էր մնում խնդրեի ու միանայի նրանց:
Բայց ոչինչ, մի քանի աշնանային պատկեր նկարեցի: Չափազանց լավն էին: Մնում է, որ նկարները լավ ստացված լինեն:
*
...Պահակ կնոջը բարևեցի թեթևակի ժպիտով, ինչին ի պատասխան լսեցի տաքուկ` "Բարև, բալիկ ջան": Ջերմացա... Ու մեկ էլ երբ ինձ անհարմար մի պահի մի երիտասարդ մայր առաջարկեց բռնել notebook-ս, էլի շատ լավ զգացի: Ետ վերցնելիս ասացի` "Շնորհակալ եմ" ու զգացի, թե ինքն իրեն ինչքան լավ զգաց:
*
Նորոն ու Անյուտն էլ էին շատ լավը... Օրվաս պայծառ կետերից էին:
*
Գրիչս էլ էր լավը. Faber-Castel: Ու բավականին սիրուն:
*
Հետո Ազնավուրի անվան հրապարակում լողացող բադերի շշմեցուցիչ գեղեցկությունն ու գունավորումն եմ հիշում, իրեն թափահարող բադի գծագրված դեղին կտուցը, մուգ կանաչ գլուխը...
*
Էդպես էլ չիմացա` օրը ոնց մթնեց: Մայրամուտի ժամանակ սրճարանում էի, որտեղ նույնպես ինձ, չգիտես ինչու, չափազանց լավ էին վերաբերվում: Արիստոկրատի պես էի զգում:
***
Մոտավորապես էսպես: Էլ շարունակելու ուժ չունեմ:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում
