Այս թեմայում ներկայացնում եմ իմ անձնական բլոգի որոշ գրառումներ, մասնավորապես` մտածումներն ու ակնարկներ: Մնացածը` Բլոգում:
Աղջիկը - 1
Նստած եմ 39 համարի երթուղային տաքսու մեջ: Դիմացիս նստարանին նստած ես դու` տատիդ շորերի նոր տարբերակները հագած, տատիցդ ավելի ամոթխած հայացք ունեցող, տատիդ առաջին գիշերվան երնեկ տվող աղջիկ: Շորերդ ու զարդերդ պարզ են, ճիշտ այնպիսին, ինչպիսին հագավ տատդ` դիմացի հարևանի տուն գնալու համար: Կիրակի էր: Տոն: Մայրը ալյուրի ուղարկեց, ու քանի դեռ իր գործերին էր, տատդ հագավ Թիֆլիսից հոր բերած զարդերն ու դուրս եկավ: Քո զարդերն էլ նույնն են` նույն ամոթխած անմեղությամբ: Անմեղսունակության վերածվող հայաքդ` խեթ-խեթ շրջումներիդ ուղեկից դարձրած, գնում ես: Մորդ պատասխանելով, թե տաս րոպեից, ճիշտ տաս րոպեից տանը կլինես` գնում ես: Գնում ես... Բայց չէ, դու չես գնում, երիտասարդ, պատանի կյանքդ է գնում, աստվածատուր մարդն է մեջդ մեռնում` արդեն առանց ջղաձգումների, կյանքն է մեռնում` ազգիդ պատմական ջղաձգումը կենսափորձ դարձրած, դու ես մեռնում` ետևումդ նստած մարդու աչքերում: Մարդ է մեռնում: Արթնանալ է պետք:



Մեջբերել