20-րդ դարի արևմտյան մտածողության ուղիների տարորոշման վրա վիթխարի ազդեցություն ունեցած Ֆ.Մ. Դոստոևսկին, որը դեռ մինչ արևմտյան քաղաքակրթության ճգնաժամային օրինաչափությունների դրսևորումը հասարակական կեցության և նրա կենսագործունեության համակարգերում, համակարգված կերպով նկարագրեց ժամանակակից մարդու և քաղաքակրթության ճգնաժամը, միևնույն ժամանակ կարողացավ մարդկային մտածողության հորիզոնում բարձրացնել մի հարց, որը հետագայում, արդեն 20-րդ դարի փիլիսոփայության և 21-րդ դարի տարատեսակ փնտրումների մեջ պետք է դառնար մեկնակետային, այն է` ի՞նչ է կենդանի կյանքը: Ինքնին այս հարցը պարադոքսալ կարող էր լինել արևմտյան քաղաքակրթության նախորդ փուլերի մտածողության համար, քանի որ այն պարունակում է ներքին թվացյալ հակասություն. եթե կա կյանք, ապա այն կենդանի է, իսկ կենդանի կյանքի մասին հարցնելով մենք ենթադրում ենք, որ կա նաև անկենդան կյանք, ինչը կարծես զուրկ է ամենայն ռացիոնալ տրամաբանականությունից: Այս հակասությունը, սակայն, ինչպես ցույց տվեց այս հարցի մշակման հետագա պատմությունը և քաղաքակրթության հետագա զարգացումը, առավել չափով է բնորոշում այն երկընտրանքը, որը կանգնած է ժամանակակից մարդու առջև: Նա իր ամենօրյա կեցությամբ ապացուցում է, որ ինքը կա, սակայն միևնույն ժամանակ` որ կենդանի կյանքի ճիշտ բանաձևի փնտրտուքը կենսականորեն կապված է սեփական գոյության ամեն վայրկյանի շնչավորման և իմաստավորման բարդագույն խնդրի հետ: Եվ ուրեմն` երկընտրանքն էլ պարադոքսալ է. ապրել, բայց լինել կենդանի դիա՞կ, թե՞ շարունակելկենդանի կյանքի փնտրումը` վտանգելով սեփականփաստացի գոյությունը կեցության չգո տարածքում:
Եթե դոստոևսկիական հարցը դնում ենք քաղաքակրթության զարգացման արդի շրջանի և նրա շրջանակներում ծավալված փիլիսոփայական փնտրումների դիտարկման հիմքում« ապա հետազոտություն են պահանջում երեք հարցեր.
1. ո՞րն է կենդանի կյանքի փնտրտուքի անհրաժեշտությունը
2. ի՞նչ է կենդանի կյանքը
3. ինչպե՞ս կարելի է դրան հասնել
Առաջին հարցը ուղղակիորեն կապված է ժամանակակից արևմտյան քաղաքակրթության ճգնաժամի հետ, որը, ինչպես նշեցինք, եվրոպական մտածողության մեջ արձանագրվեց դեռ մինչև իր ամբողջական դրսևորումը: Այն Դոստոևսկուց, Կյերկեգորից ու Նիցշեից հետո առանձնակի ուշադրության արժանացավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փլուզվեցին Նոր ժամանակների պատկերացումները բանական մարդու մասին, և մարդը հայտնվեց դարվինյան կապիկի ու ֆրոյդյան նևրոտիկի հատկանիշներով տարբերակված կեցության դաշտում: Քաղաքակրթական ճգնաժամի վերաբերյալ տարբեր փիլիսոփայական տեսություններ ճգնաժամային օրինաչափություններն ու դրսևորումները տեսնում են տարբեր դաշտերում` մշակույթի, գիտության` հոգեբանության և այլն: Այս մոտեցումները, սակայն, նույնական են մեկ հիմնական կետում, որը բացատրում է այդ ճգնաժամի առաջացումը և հիմնական հետևանքները և որը լավագույնս ձևակերպեց Մարտին Բուբերը:



Մեջբերել