Առողջագետ-ի խոսքերից
Վաղուց ու անընդհատ մի Մարդ է կանգնում իմ աչքի առջև, որի մասին ուզում եմ գրել: Ոչ, չկարծեք, նա դեռ, թվում է, էական "գործ" չի արել մարդկանց համար, Հայրենիքի համար, ընդամենը փխրուն մի երիտասարդ է, բայց գիտեմ, որ ամեն ինչ անելու է, անսահման հզոր ու արժանի Մարդ է լինելու մեր Երկրի համար:
Դա իմ Հարությունի ընկեր, համակուրսեցի, Բժշկական համալսարանի ուսանող Արտյոմ Չախոյան է. մի զարմանալի բնածին ազնվության, մաքրության և միամտության մարդկային երակ է կրում, որը տեսել եմ և գիտեմ ազնվաշունչ գավառական Գյումրիի զավակների մեջ: Այնպիսի միամիտ պարզություն, հատկապես, ձուլված հրաշալի պահպանված բարբառի հետ, սակայն դրա հետ մեկտեղ անսահման աշխատասիրություն, հզոր ինտելեկտ /իմ համակուրսեցին` դասախոսներից մեկը, այն էլ, բարդ առարկայի դասախոս, մեծ հիացմունքով էր խոսում նրա ունակությունների մասին/, մեծացել է առանց հայրական խնամքի, քանի-որ հորը կորցրել է Մեծ Երկրաշարժի ժամանակ, ապա մոր և եղբոր հետ ապրել այլ երկրում, ինչպես շատ տուժածներ, ապա բանակ և ծառայություն, ապա հիմա ուսանողական կյանք, որը կարող է հերոսական համարվել, որովհետև այդ երիտասարդը վաստակում է ամենօրյա գիշերային աշխատանքով` ծաղկի սրահում, ապա դեղատանը. հինգերորդ կուրսում է`ոչ մի օր տանը չի քնել, այլ աշխատավայրում, հերթապահության մեջ, իսկ ցերեկը... փայլուն սովորում, հիմա էլ փայլուն ծրագրավորող է, ունիկալ պրոեկտների հեղինակ:
Իսկ երազանքները... կլինիկական օրդինատուրա` Մոսկվայում, դառնալ սրտային վիրաբույժ /ի դեպ, նույն ճանապարհն է անցնում եղբայրը` մեկ տարով մեծ, ուղղակի նրան չեմ ճանաչում... մի Մարդ էլ, երևի, նա կլինի/, վերադառնալ և մյուս փայլուն ընկերների հետ միասին աշխատել Հայաստանում:
Այսքան հատկանիշներ` բնատուր պայծառություն, միամտություն, ազնվություն, մաքրություն, նվիրում մարդկանց և իր գործին, փայլուն ինտելեկտ, երազանքներ և պոտենցիալ... իրապես, Մարդ Հայաստանի: Ուրախ եմ քեզ համար, երևի դու քո համեստությամբ չէիր էլ ենթադրում, որ դու այդպիսին ես: Երևի քո ընկերների մեջ էլի քո նմաններ կան... երանի այն ժողովրդին, որ իր ծիլերը տեսնել ու գնահատել գիտի, ոտի տակ չի տալիս, այլ խնամում ու կյանք է տալիս:
Ցավով կարծում եմ, որ մենք չենք այդ ժողովուրդը, բայց հետն էլ ուզում եմ Ձենով Օհանի պես ասել, քանի այսպիսի երիտասարդներ ունենք."Սասնա աստղ բարձրցել էր" և թող այդ երազը կատարվի: