19:27 11/04/2007
ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ SHANT.TV-Ն ՈՒ KENTRON.TV-Ն
Այսօր էլեկտրոնային նամակով տարածվել է մի հաղորդագրություն, որի համաձայն վաճառվում են www.shant.tv և www.kentron.tv ինտերնետային հասցեները:
Մրցույթին մասնակցելու հայտերը, ըստ տարածված տեղեկատվության, ընդունվում են մինչև ապրիլի 30-ը, ժամը 18:00-ն: Ընդ որում, դրանք պիտի ուղարկվեն shant@kentron.tv էլեկտրոնային հասցեին և պիտի պարունակեն գնային առաջարկ: Նամակի հեղինակները «մեծահոգաբար» հայտնում են նաև, թե պարզապես կանտեսեն բոլոր այն հայտերը, որոնցում նշված գնային առաջարկը իրենց դուր չի գա:
Panorama.am-ը հետաքրքրվեց «Շանթ» և «Կենտրոն» հեռուստաընկերություններից, թե արդյոք տեղյա՞կ են այդ մրցույթի մասին և պատրաստվո՞ւմ են գնել նշված ինտերնետային հասցեները: «Կենտրոն»-ից հայտնեցին, թե մրցույթի մասին տեղյակ չեն, չնայած որ չունեն ինտերնետային հասցե: «Շանթ»-ի տեխնիկական տնօրեն Արտակ Արշակյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ այդ մրցույթի մասին: Ըստ նրա, սկզբունքային առումով իրենք պիտի արձագանքեն նաև shant-tv.org և նմանատիպ մնացած բոլոր հասցեների վաճառքի մասին հայտարարություններին, սակայն իրենք արդեն ունեն 2 հասցե` www.shant-tv.com և www.shant-tv.am:
Իսկ մրցույթի հաղթողը, նամակի համաձայն, պարտավոր է հայտում ներկայացված գումարը վճարել 4 բանկային օրվա ընթացքում` կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով: Ակնհայտ է, որ սա բավական շահավետ բիզնեսի տեսակ է, այն էլ` նախընտրական շրջանում: Իսկ եթե քաղաքական պայքարի մեջ մտած կուսակցությունը փորձի հեռուստաընկերությունից բացի իր քարոզչությունը իրականացնել նաև ինտերնետի միջոցով, ապա այս բիզնեսի ետևում կանգնածները կարող են լուրջ գումարների տեր դառնալ: Իհարկե, հետաքրքիր է իմանալ, թե էլ ի՞նչ են վաճառում www.shant.tv և www.kentron.tv ինտերնետային հասցեների ներկայիս տերերը:
Աղբյուր` Panorama.am



Մեջբերել
