ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱ

Հայ պոեզիայում սոցիալական գիծը հին պատմություն ունի. Մաշտոցի շարականներից սկսած մինչև Ֆրիկ, մինչև Սևակի «Եղիցի լույսը»: Սակայն այս պոեզիայի կապը սոցիումի, կենցաղի արգելքների հետ թվացյալ է: Իր խորքում այն տիեզերական ծագում ունի. ֆիզիկական մարմնամարդը ձգտում է վերագտնել կորուսյալ ազատությունը և գեղեցկությունը, որ նա ունեցել է բարձր ոլորտներում: Ահա այսպիսի պոեզիան դուրս է գալիս կենցաղի սահմաններից և դառնում է իսկական քնարերգություն: Ֆորումի ուշադրությանն եմ ներկայացնում «Զարթիր...» շարքը , որտեղ ընդգրկված գործերը ստեղծվել են վերջին երկու տասնամյակում: Երազն ու կյանքը, ենթագիտակցությունը և իրականությունը, Տիեզերքն ու Հայրենիքը, ահա այն բևեռները, որ դուք կտեսնեք այստեղ: Այս բևեռներից է ծնվում և մարդու, և բանաստեղծի արթնությունը: Իրական, ոչ սոցիոլոգիզմի ծնած արթնությունը:
Վերջինս բանաստեղծություն չի ծնում...
Եվ այսպես, «Զարթիր...» շարքը:

Զարթիր

1987թ-2005թ

1. ԵՐԳ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ

Ես մի կղզի էի
Սիրո օվկիանոսում ,
Հրով ես լի էի
Հրո օվկիանոսում :

Հեղեղները թախծի
Իմ վրայով անցան ,
Հեղեղները սիրո
Իմ վրայով անցան ,

Ապա կտոր տեսա
Մի սիրելի հողի,
Խորշոմ դեմքը տեսա
Իմ ծեր ծնողների:

Ես հողն էի ցանում,
Քրտինք էի ոթում.
Հողին իմ ծնողի
Հուր արցունքն էր կաթում:

Ես մի մանուկ էի,
Որ ծնող էր տենչում ,
Ես մի մենակ էի ,
Որ ջու'ր, հո'ղ էր տենչում:

Ապա նորից թախծի
Հեղեղները անցան ,
Օվկիանոսում հրի ,
Խոկում էի անձայն:

Ես մի կրակ էի
Տիեզերքի ծոցում,
Ազատ էակ էի
Հրե օրորոցում :




2. ՎԵՐԱԴԱՐՁ

Փնտրող հոգին իրեն զարկում պատեպատ,
Ինչ-որ մի ձեռք ուզում է լույս ներս ոթել.
Իզու~ր ճիգ է. հոգիները հուսահատ ,
Չեն ուզում ո'չ անիծել , ո'չ աղոթել :

Բայց խորքերում – ընդերքի մեջ այդ մթի ,
Նրան ընդմիշտ մի արև–ահ է կիզում.
Այնտեղ կյանքն է , այնտեղ վախճանն է ստի ,
Ապա կյանքի պսակ` արվեստն ու լեզուն :

Ո'վ չի կորցրել իր ատաղձը բնածին
Եվ կրում է դեռ կնիքը մայրական ,
Փրկություն է բերում լլկված իր անձին,
Երբ հասնում է այդ կայանը մշտական :

Կույր կենցաղի ավերակող իղձերից ,
Դառը հացի պայքարներից խորթացած,
Իմ ե'րգ , իմ բա'ռ, ձեզ եմ դառնում ես նորից
Եվ տենչում եմ, որ դա լինի վերադարձ:

3. ԱՏՅԱՆ
Ա.
Իրար կողքի– գայլաբարո– գայլաշար
Պպզած կարմիր աթոռներին թավշապատ,
Միջակության ժանիքներով սովահար
Կրծոտում են ինքնությունը իմ հպարտ:

Գորշ դեմքերի կնճիռներում հողագույն
Կա հոգնություն հարյուրամյա ծերության,
Ժանիքները – սակայն առողջ ու կանգուն `
Միշտ ընդունակ եղերական զորության :

Այդպես քինոտ, այդպես մեկ- մեկ , գայլաբար`
Ելնում տեղից` հենված հետին թաթերին .
Ժանիքվում է երախներում ամեն բառ
Եվ լեղի է ցայտում գունատ պատերին :

Եվ ելնում են, և խոսում են քինաբառ,
Ժահր են թափում իմ ինքնության գահերին ,
Բայց նետում եմ նրանց միտքն իմ տիրաբար`
Որպես կրակ , որ նետում են գայլերին :


Դուք խավարով իրար զոդված – միասին ,
Օ~, բիրտ ու պիղծ միջակների տերություն ,
Մահ ես կարդում մեր փրկության երազին
Եվ հաստատում նորից ահ ու գերություն:

Բ.

Եվ խավարն է քարի նման ծանրանում ,
Եվ չի լսվում մարդաբարբառ ոչ ի ձայն.
Պատմությունն է այստեղ նորից համրանում.-
Ես մենակ եմ այս ատյանում դավաճան :

Հացին ծախյալ թշվառական հոգիներ,
Ճանաչում եք լոկ մեկ աստված այս պահին,
Ով տալիս է ժահրաբաժին հացը ձեր
Եվ կառչած է, և հենվում է ձեր ահին :

Խավարածին և անողորմ դաշինքով
Ստրկորեն դուք կապված եք նրա հետ
Եվ զառամյալ ձեր իղձերով ու կամքով
Սատարում եք նրա կամքը անհեթեթ:

Չեք ունեցել ո'չ հերկ, ո'չ բերք սեփական ,
Կախյալ ու հեգ` պիտի մնաք այդպես հար ,
Առ մերձավորն` ուրացողի չարությամբ,
Իսկ նյութի դեմ – որպես ստվեր դողահար:

Գ
Ն-ին և Լ-ին

Ամենուրեք ուր ազատ կամքն է խեղվում`
Միշտ պայթում է բիրտ կրքերի խրախճան,
Գթության նուրբ հնչյուններն են տրորվում
Ու խլանում ատյաններում դավաճան :

Դուք այստեղ եք , դուք`իմ քույրեր գթության ,
Ձեզ էլ ինձ հետ այսօր ատյան են կանչել`
Որպես վկա իրենց թունոտ խնդության,
Եվ ուզում են աչքիս առջև ձեզ տանջել :

Ձեր դեմքերին սահում է մի գունատ դող ,
Ահն է զարկում ձեր դեմքերին որպես ձյուն ,
Ինչպես լինեմ այս ատյանում ես հաղթող ,
Ինչպես բերեմ ձեր հույսերին փրկություն :

Եվ ելնում եք` ոչ իբրև ստրուկ ու վկա,
Ամեն մեկդ ճշմարտության փխրուն բերդ,-
Ճակատներիդ ճորտության մութը չկա,
Այլ հավատն է ճառագայթում սիրո հետ…



4. ՈՒՂԵՐՁ ՉԱՐԻՆ

Սևասև է թույնըդ ինչքան `
Այնքան հստակ – բյուրեղ եմ ես.
Չարությունդ` քինոտ ինչքան,
Այնքան ներող – զորեղ եմ ես :

Սուտդ թե դույզն ամոթ չունի`
Ճշմարտության ասպետն եմ ես .
Կործանողըդ թե գութ չունի`
Հար ստեղծող վարպետն եմ ես:

Թե հաց էլ տաս` վարքս ես խլում –
Պարտք չունեցող մշակն եմ ես.
Թե գանձ էլ տաս` հանքս ես խլում–
Քո նենգության գուշակն եմ ես :

Բարությունըդ ինչքան շահով`
Էլի նույն խենթ բարին եմ ես.
Թե ընկեր ես պահում ահով`
Անընկեր էլ` արի' եմ ես :

Մեռցրիր ինչքա~ ն անձիք հպարտ.–
Հանգչող արտիդ հերկողն եմ ես.
Ինչքան էլ դու լինես տմարդ,
Քեզ մա'րդ դարձնող, փրկո'ղն եմ ես:

5. …

Երազիս տեսա , իբրև մեր նախնիք
Խաղաղ օվկիանի մի կղզու վրա
Ստեղծել էին մի նոր հայրենիք,
Պարսպով պատել սահմանը նրա :

Տեսա սահմանը այդ մեր պետության,
Ու բացվեց տեսիլք անսպասելի –
Պարսպաշարը` քարերի տեղակ –
Դրամներ էին չափերն ահռելի :

Ապա ինձ սիրտը երևաց երկրի,
Իբրև թե նրա խորքերի խորքում
Տիրում էր մի թուխ, անսանձ գեղուհի
Եվ օտարաբառ երգեր էր երգում:

Բարկ բառերի հետ – ալիքվող մարմին,
Բարկ բառերի մեջ – հեշտաբաց բերան .
Ու գիշեր ու զօր այդ կինը բեմին`
Ամբոխը լսում, տենչում էր նրան...

...Ծանր արթնացա. գիշեր լուսնահար. –
Նոր հոգս կփլվի քո վրա, երկի'ր.
Կարո՞ղ եմ լինել նեցուկ քեզ համար ,
Կարո՞ղ եմ լինել հոգսիդ կարեկիր…



6. ՏԵՍԻԼՔ

Ինչ-որ քաղաք տեսա – պարիսպներ ու տներ ,
Իրենց պոչը խածնող թափառական շներ :

Պարիսպների վրա – թռչող գունատ քամի ,
Փողոցները անմարդ – թախծոտ տարաժամի:

Հետո քամին իջավ անկյանք փողոցներին
Եվ իր թևին առավ փոշիները դեղին : –

Եվ ծածկի տակ տեսա մի տղամարդ ու կին ,
Ապա կարկուտ զարկեց այդ տարաբախտ երկրին :

Կանչեց տղամարդը. – Գնա~, օ , հեռացի~ր, –
Սիրտը գիտեր սակայն արդարությունն անծիր :

Եվ պահանջը ձայնի հրե մի շունչ առավ ,
Հրե թախանձանքը դեպի երկինք թռավ :

Երկնքի դեմ դիմաց – ընկա այդպես ծնկի.
Իմ կողքին դու էիր – աղոթքի պես մի կին:

Երբ ակնթարթ անցավ` քամի , կարկուտ կորան,
Արևելքը բացեց հրե աղոթարան :

Ոթեց արևն ահա շողերն իր առաջին ,
Խաղաղություն իջավ ամեն քար ու շնչին : –

Դեռ հեծկլտում էի – ընկած այդպես ծնկի ,
Իմ կողքին դու էիր – աղոթքի պես մի կին:

1997թ


7. ...
Մի երազի մեջ`
Մանկության դաշտում
Քնած էի ես
Հաշտ ու անտրտում.
Ու երբ արթնացա
Այդ երազի մեջ,
Մի վայրի նախիր
Հոսում էր անվերջ:
Նրա դեմ ելա
Կամքով հուսավառ,
Որ դաշտն ազատեմ
Ապրելու համար:




8.
9. ...

Կյանքի շփոթ ընթացքում
Թախիծ իջավ երբ սրտիս,
Ես լսեցի ձայնը Քո .
-Ինչու՞ ուրախ չես, որդի'ս :

Եվ սիրտը իմ ` խոնջացած
Օրվա գործից ու ցավից ,
Քեզ պատասխան շշնջաց.
–Այնքա~ն հոգս ես տվել ինձ:


Նորից հնչեց ձայնը Քո
Խոր խորքերում իմ սրտի.
–Հո'գսդ, ցա'վդ դու տուր ինձ ,
Ուրախ ապրի'ր, իմ որդի:


10. ԵՐԳ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ

Եկե~ք, սիրելի'ք, եկե~ք, եղբայրնե'ր,
Ելե~ք վհատված համայնքի խորքից.
Լռության խաչը պիտի խոսի ձեր,
Որ նա արթնանա այդ ահեղ խոսքից:

Եկե~ք, սիրելի'ք, եկե~ք, եղբայրնե'ր,
Վերածնության մշակներ խոնարհ.
Ճշմարիտ գործը պիտի փայլի ձեր
Նյութով կուրացած ճամփորդի համար:

Եկե'ք, որ ասեք խեղճ մերձավորին`
Խճողյալ մտքի թովչանքին սովոր,
Որ Սերն է կյանքը, և Մեկն է ուղին.
Որ Սիրտն ու սրտի Տերն են զորավոր:

Եկե~ք, սիրելի'ք - ոչ իբրև սակայն
Մեծ ճշմարտության դաժան քարոզիչ,
Այլ իբրև ծնողք մի հիվանդ մանկան,
Որ մոլորվել է իր պատրանքներից:

Եկե~ք, եղբայրնե'ր, աննկատ քայլքով,
Աննկատ լույսով իրար միացեք
Եվ ձեզ հաղորդված միածին կամքով
Հայրենյաց համար ճանապարհ բացեք:


11.
12. ...

Մինչ երկրային տարածքում
Ասպետները փառքերի
Իրար կրծքեր են խոցում
Տեգերով մութ կրքերի, –

Մինչ ապագան են տեսնում
Լոկ մարմնեղեն աչքերով ,
Նպատակին են հասնում
Լոկ հողեղեն ոտքերով ,-

Ու ձեռքերով դողացող ,
Պատրանքներով հալածված
Խլում են մի կտոր հող
Ու մի կտոր դառը հաց ,-

Նույնժամ ծիրում երկնային,
Լազուրներում փառահեղ
Հավաքվել են խորհրդի
Դատավորները ահեղ .-

Ամենատես աչքերով
Մեր սրտի խորքն են տեսնում,
Ամենահաս ցոլքերով
Մեր էությանն են հասնում ,-

Եվ կշեռքով հրեղեն`
Տիեզերքի առջև բաց,
Արդ` կշռում են Սերը մեր
Եվ Ապագան հայրենյաց:


13. ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Երբ ես նվաղած ուժով մարմնական ,
Թևերիս առած իմ հոգնած հոգին`
Ուզեցի դադար առնել մի վայրկյան ,
Հանձնվել կյանքի մանուկ վայելքին ,

Երբ որ ուզեցա մի անգամ ասել`
Է'լ ինչպես տանեմ ճնշող հոգսը քո,
Մարեցին այնքան և եռանդ, և սեր
Դաժան փնտրումի ծանրության ներքո .

Երբ որ ըղձացի մի վայրկյան ամբողջ`
Իմ տունն ունենալ ` հայրենիք որպես `
Զավակներիս հետ, սիրելի կնոջ
Ապրե~լ – մոռանա'լ , չհիշե'լ էլ քեզ.-

Այդ նույն վայրկյանին քո ահեղ կամքով
Ի մարտ կոչեցիր նոր զավակների,
Որ հատուցումի հրե օրենքով
Փայլեցնեն սուրը ճակատագրի,-

Նույն ակնթարթին հուսավառ հոգին ,
Հայրենիք` քեզ հետ ու կյանքի հետ հաշտ ,
Նորից ձեռքն առավ իր Թուր Կեծակին ,
Ըմբոստների հետ իջավ մարտադաշտ:


14. ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ

Այս ցուրտ սարերի
Մանուկ ու ծերից,
Այս կոշտ դեմքերի
Անփայլ գծերից,

Հոգնած մայրերի
Ձեռքերից ալրոտ,
Անէրիկ կանանց
Աչքերից աղոտ,

Բազալտ բարբառի
Չտաշված բառից,
Մանկան գրչի տակ
Ծնվող նոր տառից,

Աշխատող բահի
Համառ ցոլքերից,
Ճնշող կարիքի
Արթուն խորքերից,

Հուսալքության
Անթեղի միջից,
Չծնված մանկան
Երկրացունց ճիչից,

Արևը ծածկող
Ամպերից թխպոտ,
Հողը կեղեքող
Վեճերից խռպոտ,

Ծալեծալ նստող
Դավից ահավոր,
Դավի մեջ ծնվող
Ցավից զորավոր,

Այն վերջին, վերջին
Վայրկյանից անհույս
Կելնի¯, կծագի¯
Մի նոր արշալույս:


15. ...

Միթե վերջին զինվորդ եմ ես
Նվաստացած իմ երկիր,
Անօգնական դու կանգնած ես
Խավարի դեմ ակնակիր :

Որդիներդ` ոհմակ որպես,
Քո մարմինն են ծվատում ,
Ու ժամեժամ պատում է քեզ
Եվ թախիծ, և վհատում :-

Ահա մեկը ` դեմքը ծածակած
Մի սուրբ ու վեհ անունով
Ճնշում է մորը խոշտանգված
Թուրանական ավյունով :

Արդ մյուսը` ցեղի սրտից
Մի օր ծնված այս որդին ,
Այսօր արդեն անկարեկից
Ոտքն է դրել մոր սրտին:

Եվ խոսում են խոսքով արդար`
Իբրև փայում հույս ու իղձ ,
Բայց գործում են շահով ճարտար
Եվ օրենքով սրբապիղծ :

Կեղծիքի սև փառն է ծածկել
Խղճի օրրանը բնիկ,
Եվ այնտեղից վտարված են
Սեր, հավատ ու հայրենիք :

Ի~նչ պատասխան ժամին այս մութ , –
Դա~վ է, դրժու'մ ու հանցա'նք .
Ուր է սուրը` շեղբով անգութ ,
Ճշմարտությամբ ցոլարձակ:

Միթե վերջին զինվորդ եմ ես
Դավով պարտված իմ երկիր ,
Միթե այդպես պիտի լռես ,
Խավարի մեջ ակնակիր:


16.. ՄԱՆՈՒԿ ՀՈՎԻՎԸ

Այն ցուրտ լեռներում , ամպերին մոտիկ,
Գառների հոտը իր առջև արած ,
Հացի տոպրակը և հոգսը ուսին`
Սար էր ելնում մի մանուկ խաշնարած:

Մթնած երկինքը մոլուցքով հղի
Ճակատագրի պես նայում էր նրան .
Խրտնչած հոտը կպել էր հողին `
Ամպի հալածված քուլայի նման :

Չորս կողմ ճայթեցին ահալույս ջահեր,
Անձրևը զարկեց որպես ցուրտ անեծք.
Ինչպե'ս իր հոտը տանի դեպի վեր,
Եվ ու'ր է տանում ճամփան հողմածեծ:

Բայց կասկած չկար մանուկ սրտի մեջ`
Նա անահ ձայնեց երկյուղած հոտին ,
Հոտը սիրտ առավ` ելա~վ, ալիքվե~ց ,
Որ հասնի լեռան ազատ գագաթին:


17 …

Երազիս մեջ մի կին,
Գեղջուկ, անշուք մի կին
Մեր երգերն էր երգում.
Բնաշխարհիկ երգեր,
Որ ծնեց սիրտը մեր`
Մեր հին հայրենիքում:

Քաղցրաշեշտիկ երգեր,-
Ա'խ, հայրենի երկիր
Ու բարբառներ կորած.
Ա'խ, գեղջկուհի իմ քույր,
Ա'խ, երգեր մեր մաքուր
Ու մայրամուտ վառած:

Նա ավարտեց երգը,
Մոտեցա, որ ձեռքը
Հպեմ իմ աչքերին-
Լռին նա հեռացավ,
Գնաց ու միացավ
Կարմիր ցոլանքներին:


Մայր մտնելուց առաջ
Արևն` արև վառած,
Պայթեց լույսով մի նոր.
Լույսում այդ ահռելի
Սիրտս սիրով էր լի
Եվ ինքնատես, և խոր:

Մի հեղեղվող արցունք
Կարոտանքով անձուկ
Ցայտեց իմ աչքերից.
Ապրե~լ` ես կանչեցի,
Ապրե'լ` թախանձեցի
Բոլոր արևներից:

Բոլոր արևներից,
Բոլոր անհուններից
Կյա'նք առա ձեզ համար.
Քե'զ, գեղջկական իմ երգ,
Քե'զ, դարերի իմ բերք,
Քե'զ, մայրենի իմ բառ:
(շարունակելի)