Ուզում եմ այս թեմայում քննարկենք, թե ինչի վրա է հիմնված մարդկային հույզերի հիմք հանդիսացող ամենազորեղ զգացմունքը՝ սերը՝ ամենալայն մարդկային իմաստով, առանց սեռային ու միջսեռային սահմանափակումների:
Մենք բոլորս հիմա կարող ենք բազմաթիվ մարդկանց անուններ տալ, որոնց սիրում ենք, չէ՞: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե հատկապես ինչու եք սիրում տվյալ մարդուն: Որովհետև նա ձեր նկատմամբ լա՞վ է տրամադրված, որովհետև նա էլ ձե՞զ է սիրում, որովհետև նա ունի այսինչ և այնինչ արժանիքնե՞րը...
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց արի ու տես, որ մենք ոչ միշտ ենք շարունակում սիրել մարդկանց, երբ նրանք ինչ-որ լուրջ սխալ են գործում մեր նկատմամբ, տառապանք են պատճառում մեզ, այնինչ բոլորովին վերջերս մեզ թվում էր, թե այդ մարդիկ մեր ամենասիրելի մարդկանցից են... Երևի կարիք չկա ապացուցելու, թե քանի-քանի ջերմ, սիրառատ ու անսասան թվացող հարաբերություններ են մի ակնթարթում խզվում ու վերածվում ատելության ու թշնամանքի, երբ իրար սիրող մարդկանցից որևէ մեկը համարձակվում է մյուսին ցավ պատճառել, այլ կերպ ասած՝ չարդարացնել դիմացինի սպասելիքները: Բայցևայնպես, մեր բազմաթիվ սիրելիների շարքում կա նաև մարդկանց մի փոքրաթիվ խումբ, որոնց նկատմամբ մեր ջերմ ու սրտագին վերաբերմունքը կարծես կախված չէ ոչնչից... Նրանց կողմից արված նույնիսկ ամենաաններելի սխալները մեզ չեն ստիպում փոխել մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Մենք նրանց սիրում ենք՝ անկախ ամեն ինչից, ու պատրաստ ենք ներել բացարձակապես ամեն ինչ...
Օրինակ, երբ սիրում ենք մեկին, որին համարում ենք ազնիվ, բարի, նվիրված և այլն, բայց հենց որ պարզվում է, որ այդ բոլոր արժանիքները նա իրականում չունի, այսինքն՝ այդ ամենը լոկ պատրանք էր, անմիջապես ակամա դադարում ենք այդ մարդուն սիրելուց, և դրա համար մեզ ոչ ոք չի կարող մեղադրել. միանգամայն տրամաբանական է թվում։ Գրեթե յուրաքանչյուրիս հետ էլ երևի պատահել է, չէ՞։ Ուրեմն արդյոք չի՞ ստացվում, որ մենք սիրում էինք ոչ թե մարդուն, այլ նրա արժանիքները։ Եվ մի՞թե դա կարելի է սեր համարել... Բայց եթե դա սեր չհամարենք, ապա քանի՞ մարդ կգտնվի աշխարհում, ում մենք իսկապես սիրում ենք... Կամ արդյոք բոլո՞րը կարող են ասել, որ այդպիսի մարդիկ իրենց կյանքում ընդհանրապես կան... (Ի դեպ, սրանք ոչ թե հռետորական հարցեր են, այլ պատասխաններ ակնկալող հարցադրումներ)
Ցավալի է գիտակցել, բայց եթե այս սկզբունքից ելնելով մոտենանք հարցին, իրոք ստացվում է, որ մենք իրականում շատ քիչ մարդկանց ենք սիրում... Իսկ մնացածների նկատմամբ վերաբերմունքը գոնե մեր ենթագիտակցության մեջ հստակ տրամաբանված ու պատճառաբանված է լինում։ Թերևս միայն ծնողական, հատկապես մայրական սերն է, որ համարյա միշտ վեր է այս ամենից։
Եվ այսպես, սերը պատճառ ունի՞, թե՞ ոչ։ Կարելի՞ է արդյոք պատճառաբանված դրական վերաբերմունքը սեր համարել, որքան էլ որ այն ուժգին լինի։ Թե՞ ավելի ճիշտ կլիներ այդ վերաբերմունքն այլ կերպ անվանել...![]()



Մեջբերել