Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Քաղաքակրթական հիմնախնդիրները Դոստոևսկու "Կարամազով եղբայրներ" վեպում

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Քաղաքակրթական հիմնախնդիրները Դոստոևսկու "Կարամազով եղբայրներ" վեպում

    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    Ֆ.Մ. Դոստոևսկին (1821-1881) համաշխարհային գրականագիտության և փիլիսոփայության մեջ առավել մեծ չափով արծարծված և մեկնաբանված հեղինակներից է: Ռուս միստիցիզմը, գրական սիմվոլիզմը նրա երկերում հակված են տեսնելու իրենց ակունքները, ավանդական գրականագիտությունը նրա երկերը, նրանցում արծարծված երևույթները մեկնաբանում է կա'մ սոցիալ-քաղաքական, առավելագույն դեպքում` ազգային-հոգեբանական պատճառականության տեսանկյունից, կա'մ գրական-գեղագիտական մեկնակետից` այդպիսով շարունակելով 19-րդ դարի ռուս հեղափոխական-դեմոկրատական գրականագիտական մեծ դպրոցի ավանդույթները (որի ներկայացուցիչների` մասնավորապես Բելիսնկու, ապա և Գերցենի և Չերնիշևսկու կողմից Դոստոևսկին գնահատվեց որպես նոր փուլ ռուսական դեմոկրատական, սոցիալ-քննադատական գրականության մեջ), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի արևմտյան փիլիսոփաներից յուրաքանչյուրը Դոստոևսկու ստեղծագործության մեջ տեսնում է այն, ինչ համարում է կարևոր արևմտյան քաղաքակրթության և համաշխարհային անտրոպոլոգիայի համար. օրինակ, Ֆրոմը կարևորում է ազատության և մարդու կողմից նրա բեռից խուսափելու դոստոևսկիական բնորոշումները, Շպենգլերը` ռուս հոգու, ռուս մարդու և միջավայրի հակասության այնպիսի բնորոշումները, որոնք թույլ են տալիս ռուսական մշակույթը և պատմությունը` իր այս կամ այն դրսևորումով տեղադրել համաշխարհային պատմության պսեվդոմորֆոզների համակարգում և այլն: Եթե այս բոլոր և դեռ հնարավոր մեկնությունները փորձենք պատճառաբանել ծագումնաբանական տեսանկյունից, ապա կստացվի, որ Դոստոևսկու երկերի մեկնության մեջ հիմնականում որպես մեկնակետ են ընդունվել կա'մ դասական գրականության և գրականագիտության և կա'մ դասական փիլիսոփայության չափանիշները: Օրինակ, քննելով "Ոճիր և պատիժ" վեպի գլխավոր հերոսի կատարած ոճրագործության դրդապատճառները` Կ.Ի. Տյունկինը, խոսելով ժամանակի ռեֆորմների, նրանց անարդյունավետության և դրանից բխող հուսահատության մասին, որ պատել էր Դոստոևսկուն այս վեպը ստեղծելիս, համարում է, որ նախ` դա ոճրագործություն էր "վնասակար և չնչին", աղքատների տառապանքի վրա իր հարստությունը դիզող պառավի նկատմամբ (ինչը, կարծես թե ակնհայտ է և չի կարող երկմտանքի տեղիք տալ), և ապա, այդ մեկնակետից շարունակելով իր դատողությունը, գտնում է, որ այդ ոճրագործությունը պայմանավորված էր ցարական Ռուսաստանում տիրող սոցիալական-քաղաքական իրավիճակով և ինչ-ինչ "ինտելիգենտական" մտային հակումներով: Այս մեկնակետը Դոստոևսկու երկերի, նրա հերոսների ու գաղափարների մեկնության թերևս ամենամասնակի, ամբողջության մեջ չբավարարող սկզբունքն է: Առավել քան ակնհայտ է, որ Ռասկոլնիկովի (որը ոչ Օբլոմով է, ոչ Չիչիկով) հանցագործության մեջ առավելագույնը երրորդական տեղ և դեր ունեն և' այդ սպանված պառավի անձը, և' մի կողմից` հարստության և փոքր մարդու կծծիության և մյուս կողմից` աղքատության, տաղանդավորության և համաշխարհային մեսիանականության հակասությունը, որ գոյություն ուներ պառավի և Ռասկոլնիկովի միջև: Ռասկոլնիկովը արտաքին ոտնձգություն է կատարում պառավի դեմ` դրանով ներքին ոտնձգություն կատարելով իր սեփական անձի դեմ` "ցանկանալով տառապել", ինչպես պետք է անընդհատ կրկնեն "Կարամազով եղբայրներ" վեպի հերոսները, ցանկանալով իր ներքին լաբորատորիայում ևս մեկ փորձ դնել սեփական տառապյալ հոգու համար, ևս մեկ խոչընդոտ` այն հաղթահարելուց հետո ապրելու հույսով, ևս մեկ պատնեշ "կենդանի կյանքի" և սեփական գորշ, սակայն դրանով իսկ անփոխարինելի ներաշխարհի միջև: Ռասկոլնիկովը ոճիր է գործել, բայց իր դեմ և այդ ոճիրի մեջ չկա սոցիալական ակտի ներքին, ոչ թե արտաքին բնույթը: "Նրա ճակատագրական սխալը ոչ միայն նրանում էր, որ նա վճռեց սպանել պառավին, այլ նրանում, որ նա ոտնձգություն կատարեց իր հոգու նկատմամբ` նրա "հավերժական պահանջներով"": Նույն այս մեկնակետից գնահատելով "Կարամազով եղբայրներ" վեպը` Բելկինը այն համարում է սոցիալ-փիլիսոփայական վեպ-ողբերգություն` այս վեպի առաջացման գլխավոր պատճառ համարելով երկու հեղափոխական իրավիճակների միջև ընկած շրջանում (1859-1861 և 1879-1880թթ.) առկա սոցիալական տեղատվությունը: Մինչդեռ, ինչպես գրում է Շպենգլերը, "Նրա հոգին վեր է ամենայն սոցիալականից: Այս աշխարհի բոլոր երևույթները նրան ներկայանում են որպես այնքան անկարևոր երևույթներ, որ նա բոլորովին չի անհանգստանում դրանց բարելավմամբ… Դոստոևսկին, ինչպես յուրաքանչյուր իսկական ռուս մարդ, պարզապես չի նկատում դրանք": Դոստոևսկին որպես գեղագետ մեծագույն դիալեկտիկ-անտրոպոլոգ է, և եթե կարող է լինել նրա որևէ սոցիալական գաղափար նրա երկերում, ապա դա կարող է լինել շատ ավելի խորը, առաջին հայացքից չնկատվող, որոշակիորեն նաև` պատմական տեսանկյունից տարժամանակյա գաղափար, ինչը և կարելի է տեսնել նրա ստեղծագործության տարբեր հատվածներում, գուցե որոշակիորեն նաև` որպես բոլոր երկերի մի ներքին ենթատեքստ: Դոստոևսկու գրականագիտական մեկնության մեկ այլ հատված է նրա երկերի զուտ գրական-գեղագիտական հատկանիշների մեկնությունը, որը ևս, գուցե առավել մեծ չափով, քան սոցիալ-քաղաքական մեկնակետը, չի համապատասխանում Դոստոևսկու ստեղծագործության իրական բնույթին, չի նպաստում այդ բնույթի ամբողջական բացահայտմանը: Այս առնչությամբ Ն. Բերդյաևը, նկատի ունենալով նաև Դոստոևսկուն, գրում է. "Ռուսական հոգին վերցնում է իր վրա համաշխարհային պատասխանատվության բեռը, այդ պատճառով նա չի կարող արարել մշակութային արժեքներ այնպես, ինչպես արարում է լատինական կամ գերմանական հոգին": Սա չի նշանակում, որ ռուսական հոգու ստեղծած մշակութային արժեքները իրենց գեղարվեստական և գեղագիտական հատկանիշներով զիջում են արևմտաեվրոպական արժեքներին, այլ որ` դրանք բարձր արժեքներ են, սակայն զգալիորեն այլ արժեքային համակարգի մեջ: Կարծում եմ, սա առավելագույն չափով վերաբերում է Դոստոևսկուն: Դոստոևսկին ռուսական ռեալիզմի մեծագույն ներկայացուցիչն է, ըստ էության նա հավատարիմ է ռեալիզմի աքսիոմին` հիմնված կերպարների և հանգամանքների տիպականության սկզբունքի վրա: Սակայն Դոստոևսկին նաև ռեալիզմի սահմանները հեղափոխած գեղագետ է: Նրա համար և' իրականությունը, և' այդ իրականությունն ընկալող սուբյեկտիվ հոգեբանությունը ոչ միայն միաշերտ չեն, այլև բազմաշերտ են` բառի ամենաուղիղ իմաստով: Իրականությունը, կյանքն ամբողջությամբ մի տոտալ exsistentia է, որը ունի բազմաշերտ կառույց և որը չի կարող և չպետք է սխեմատիզացվի. սա Դոստոևսկի գեղագետի հավատամքն է, որից էլ բխում է նրա ստեղծագործությանը բնորոշ, նախապես հենց իրեն հատուկ ռեալիզմի ալոգիզմը, որի հիմքում ընկած է կյանքի ռեալության դիալեկտիկական կառուցվածքը, նրանում առկա հակադրամիասնությունը, որի ամբողջական պատկերումը հենց Դոստոևսկու "բարձրագույն ռեալիզմի" հիմնական խնդիրն ու իրականացված նպատակն է: Այս հատկանիշը հաճախ դրսևորվում է Դոստոևսկու ստեղծագործության մեջ առկա` պատմողի և հեղինակի ընդգված տարբերակվածությամբ, որը հաճախ համընկնում է հրապարակախոս-փիլիսոփա Դոստոևսկու և գեղագետ Դոստոևսկու տարբերակվածությանը: Որպես Դոստոևսկու ռեալիզմի ալոգիզմի օրինակ կարելի է հիշատակել Ֆյոդոր Կարամազովի կերպարը, որին բազմաթիվ անգամներ ուղղակի բնորոշումներ տալուն զուգահեռ (ինչը չի ներվի որևէ ռեալիստի` բառի գրականագիտական առումով)` միևնույն ժամանակ նրա բերանում դնում է այնպիսի ձևակերպումներ (օրինակ. "Այդ "արարածը", այդ "գեշ վարքի տեր կինը" գուցե ձեզնի'ց ավելի սուրբ է, պարո'ն աբեղաներ, ճգնավո˜ր աբեղաներ: Գուցե նա անկում է ունեցել իր պատանությանը, միջավայրը կործանել է նրան, բայց նա "շատ է սիրել", և Քրիստոսն անգամ ներել է այդ կնոջը, որ շատ է սիրել…" (Գրուշենկային Մարիամ Մագդաղենացու հետ համեմատելը չի անցնում ոչ մեկի մտքով, բացի հայր Կարամազովից), կամ` "Դուք այստեղ կաղամբ ուտելով փրկում եք ձեր հոգիները և կարծում եք, թե արդարներ եք: Խարակաձուկ եք ուտում, օրը մի հատիկ խարակաձուկ և կարծում եք, թե խարակաձկով աստծու˜ն եք կաշառում" (Աստծո հետ մերկանտիլիստական հարաբերության` որպես Ռեֆորմացիայի և ետռեֆորմացիոն ողջ քրիստոնեության և, ընդհանրապես, կրոնականության ամենաբնորոշ հատկանիշներ են համարում Ֆրեյդը, Վեբերը13 և այլն, և այս ճշմարտությունը ևս միայն Ֆյոդոր Կարամազովի բերանից է լսվում) և այլն), որոնք ոչ միայն կասկածելի են դարձնում իր` պատմողի կոշտ որակումները (օրինակ, խեղկատակ, անպիտան, անբան), այլև մտածել են տալիս այդ ողբերգական, արտաքին կեղծիքով իր ներքին ճշմարտությունը պաշտպանել ցանկացող, իմաստության բավական լուրջ խորքերի հասու (պատահական չէ Միուսովի գնահատականը` Եզոպոս) կերպարի ("…երբ ես մարդկանց հետ եմ լինում, հենց այդպես էլ ինձ թվում է, թե ես ամենից ավելի ստորն եմ, և թե բոլորն ինձ խեղակատակի տեղ են դնում, դե˜հ ես էլ` "արի' ուրեմն, ասում եմ, իսկապես խեղկատակի դեր խաղամ, չե'մ վախենում ձեր կարծիքից, որովհետև բոլորդ էլ, առաջինից մինչև վերջինը, ինձնից ավելի ստոր եք") իրական բնույթի մասին: Եվ կամ` նույն Ֆյոդոր Պավլովիչի հետ կապված այն դրվագը, որտեղ նա լսելով կնոջ` Ադելաիդա Իվանովնայի մահվան մասին չգիտես ուրախանում է, չգիտես` ողբում. "ասում են, վազեց փողոցով մեկ և սկսեց ուրախությունից ձեռքերը երկինք բարձրացնել ու գոռալ` "Արդ արձակեա' զծառայս քո, տէ˜ր", բայց ոմանք էլ ասում են, թե հոնգուր-հոնգուր լաց եղավ երեխայի պես, և այնքան, որ մարդիկ նույնիսկ խղճալով էին նայում նրան… Շատ հնարավոր է, որ և մեկն է, և մյուսը": Ահա առանձին մարդկային հոգու և հետևաբար նաև կյանքի դիալեկտիկական խորքի մի անբռնազբոս բացահայտում. հերոսը և ողբում է, և հրճվում, և սրանց միասնական պատկերումն էլ հենց այդ ալոգիկ թվացող, բայց իրականության երկրորդային-երրորդային շերտերի խորքը գնացող, այդ շերտերի տրամաբանությունը բացահայտող և դրանով իսկ բարձրագույն ռեալիզմի արտահայտությունն է:
    Միևնույն ժամանակ, բազմաշերտ է մարդու հոգին ընդհանրապես և գրողի ու ընթերցողի հոգին մասնավորապես: Եվ եթե մի դեպքում նա կարող է ընկալել որևէ կերպարի որպես հակահերոս, ապա հաջորդ վայրկյանին այն կարող է առաջացնել նրա մոտ կարեկցանքի կամ, նույնիսկ, հոգեհարազատության զգացում: Դոստոևսկու երկերի մեկնության գրական-գեղագիտական մեկնակետը քննադատին կանգնեցնում է նաև այլ, ոչ պակաս կարևոր հարցի առջև. ի՞նչ անել Դոստոևսկու հերոսների երկար, հաճախ տասնյակ էջեր գրավող մոնոլոգների հետ, որոնք ռեալիզմի ավանդույթներին հարիր չեն և, ըստ տրամաբանության, պետք է փոխարինվեին, ասենք, գործողությունների միջոցով կերպարին բացահայտելու մեթոդին` առանց երկարաշունչ ինքնախոստովանանքների. ինչպես գրում է Մերեժկովսկին, "Լ. Տոլստոյի մոտ մենք լսում ենք, որովհետև տեսնում ենք, Դոստոևսկու մոտ մենք տեսնում ենք, որովհետև լսում ենք": Կամ ի՞նչ անել նրա վեպերում գործողությունների խիստ փոքր ժամանակահատվածում խտացվածության հետ, ինչը զուգորդվելով տեսարանների` թատերականության հասնող պատկերավորության հետ, կարծես կլասիցիզմի շունչ են տալիս նրա երկերին: Ասել, որ Դոստոևսկին ռեալիստ չէ՞, իսկ ո՞վ է համաշխարհային գրականության այն ալտերնատիվ գրողը, որին կարող ենք տալ ժամանակակից մարդու հոգու չբացահայտված ու չտեսնված ծալքերը հետողականորեն, անվախ և ճշգրիտ բացահայտողի դափնիները: Այսպիսի օրինակները կարելի է շարունակել, սակայն միայն սրանք էլ բավական են ցույց տալու համար, որ Դոստոևսկու երկերի ամբողջական քննության համար միայն գրական-գեղագիտական տեսանկյունը խիստ նեղ է և այս դիրքերից կատարված մեկնությունների արդյունքում (որը կարող է բերել, օրինակ, այնպիսի հետևության, թե "Կարամազով եղբայներ" վեպը խիստ ձգձգված է և ձանձրալի) աչքի առջև կարծես կորում է ամենատես և ամենազգա "ստեղծագործական կատաստրոֆիզմի" ծնունդը:
    Ինչ վերաբերում է Դոստոևսկու երկերի մեկնության դասական փիլիսոփայական չափանիշներին, ապա այստեղ առանձնացվում են նրա կրոնա-փիլիսոփայական հայացքները, քրիստոնեության և գործուն սիրո դոստոևսկիական մեկնությունները, մարդկային հասարակության ապագայի նրա տեսիլքը, որոնք տեսական խտացվածությամբ արտահայտվում են "Կարամազով եղբայրներում"` մասնավորապես` հայր Զոսիմայի քարոզներում, նաև` այլ երկերում: Պետք է նշել, որ համաշխարհային և մասնավորապես` քրիստոնեական կրոնականության, կրոնի և հասարակության փիլիսոփայության տեսանկյունից Դոստոևսկու երկերում արծարծված փիլիսոփայական գաղափարները և մոտեցումները քննելու դեպքում առավելագույնը, որ կարելի է արձանագրել, դա ռուս միստիցիզմի մեջ նրա ներդրումն է, համաշխարհային անտրոպոլոգիզմի մեջ նրա ստեղծագործության վիթխարի նշանակությունը, քրիստոնեական ավանդական գաղափարների, թեև հանճարեղ, բայց վերաձևակերպումները, ինչպես նաև հասարակական կյանքում հոգևոր և նյութական աշխարհների միաձուլման, հոգևոր-բարոյական արժեքներով և հոգու անմահության շահախնդրությամբ մահկանացու մարմնում ճիշտ ապրող հասարակության իդեալը: Եվ եթե ահա միայն այս սահմաններում տեսնենք Դոստոևսկու ներդրումը համաշխարհային գրականության, փիլիսոփայության, կրոնականության և ընդհանրապես` մշակույթի մեջ, ապա մեզ համար դժվար պիտի լինի նրան նույնիսկ ռեֆորմատոր կոչելը, մինչդեռ նրա ստեղծագործությունները և' համաշխարհային գրականության, և' համաշխարհային քաղաքակրթության մեջ խիստ նշանակալի երևույթներ են:

  2. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Քաղաքակրթական հիմնախնդիրները Դոստոևսկու "Կարամազով եղբայրներ" վեպում

    Ընդհանրապես` Դոստոևսկու ստեղծագործության քննության մեջ ոչ միայն գրականագիտական պրիմիտիվիզմի և համահարթեցման չհասնելու, այլև այդ ստեղծագործության անտեսանելի շերտերը բացահայտելու և նրա հանրագումարային գնահատականը գոնե վարագույրի ծայրից տեսնելու համար, պետք է տարբերակել երկու Դոստոևսկու` փիլիսոփայական գիտակցությամբ Դոստոևսկուն և գեղավեստական գիտակցությամբ Դոստոևսկուն: Վ. Վերեսաևը Դոստոևսկուն և Տոլստոյին նվիրված "Կենդանի կյանք" աշխատության մեջ փիլիսոփայական և գեղարվեստական գիտակցությունների համակեցություն և հակադրություն է տեսնում Տոլստոյի մոտ. "– Բարություն: Սեր: Ինքնազոհողություն,– պնդում են Տոլստոյի հերոսները և Տոլստոյ-քարոզիչը: / – Կյանք: Կյանք: Կյանք:– հակադրվում է Տոստոյ-գեղագետը": Դոստոևսկու ստեղծագործության մեջ, սակայն, Վերեսաևը չի գտնում այդ երևույթը` նշելով, թե "Կյանքի կարևորագույն հարցերին Դոստոևսկին մոտենում է բանականության և տրամաբանության դիրքերից": Այս մոտեցումն, իհարկե ճիշտ է, սակայն եթե խոսքը գնում է միայն Դոստոևսկի-քարոզչի, փիլիսոփայական գիտակցությամբ Դոստոևսկու մասին, իսկ ինչ վերաբերում է Դոստոևսկի-գեղագետին, որին չի նկատում Վերեսաևը, ապա նա ոչ միայն ասում է "Կյանք: Կյանք: Կյանք", այլև, ինչպես կտեսնենք, ասում է ավելին, քան կարող են ասել և իր, և Տոլստոյի բոլոր "ճշմարտասեր" հերոսները միասին վերցրած:
    Փիլիսոփայական գիտակցությամբ Դոստոևսկուն ընթերցողը հանդիպում է համարյա բոլոր երկխոսություններում, որտեղ նրա հերոսները մեծ կրքով քննարկում են "անիծյալ" հարցերը: Դոստոևսկին իր` գոնե այս կամ այն չափով երևացող հերոսներից և ոչ մեկին (բացառությամբ կանանց կերպարների, որոնք հիմնականում Դոստոևսկու համար այս տեսանկյունից երկրորդական նշանակություն ունեն) չի ազատում այդ հարցերի բեռից, այլ, ընդհակառակը, կարծես մի գիտակցական ազդակով յուրաքանչյուր վեպում ստեղծում է որևէ հավերժական հարցի կամ հարցերի խմբի քննարկման մի շրջանակ, որտեղ ինքը` որպես գաղափարախոս և որևէ գաղափարի պաշտպան, հանդես գալով սովորաբար ոչ թե մեկ, այլ երկու կամ ավելի հերոսների միջոցով (հատկապես այս շրջանի ռուս գրականությանը բնորոշ բազմաձայնությամբ) և նույնքան խորը փիլիսոփայական դատողություններ դնելով այն հերոսների բերանում, որոնք կոչված են լինել իրեն օպոնենտ, հասնում է փիլիսոփայական դիսպուտի բարձր աստիճանի` Պլատոնի դիալոգները հիշեցնող, և որ, իր համար ավելի կարևոր է, ընթերցողին է հասցնում "անիծյալ" հարցերի վերաբերյալ սեփական` կարծես արդեն իսկ կյանքի exsistentia-ի (գեղարվեստական իրականության) պրիզմայի միջով անցած մոտեցումներն ու կրեդոները. "Դոստոևսկու պատմողը,– գրում է Վետլովսկայան,– նաև բարոյախոս է, և նրա կողմից բերվող յուրաքանչյուր փաստ նա տալիս է այս կամ այն բարոյական գնահատականի միջավայրում` երբեմն քողարկված, երբեմն բաց խրատականությամբ": Սա փիլիսոփայական գիտակցությամբ Դոստոևսկին է, որի եզրահանգումները դուրս չեն գալիս արդեն նշված հարցերի և հեղինակի կողմից կատարված փիլիսոփայական ներդրումների շրջանակից:
    Մյուս կողմից, և սա արմատապես կարևոր է Դոստոևսկու ստեղծագործությունը հասկանալու, նաև այդ ստեղծագործության մեջ արծարծված կենսական խնդիրները վեր հանելու գործում, Դոստոևսկին այն բացառիկ հեղինակներից է, որը իր ինտուիտիվ ընկալումները (որոնք իրական գեղարվեստի անհրաժեշտ հիմքն են) միևնույն, արդեն սեփական գիտակցությամբ փորձարկված և գնահատված երևույթների վերաբերյալ արտահայտում է առանց ավելորդ կաշկանդվածության, առանց այդ ընկալումների և սեփական գիտակցության փոխադարձ հսկողության` արդյունքում հաճախ առաջադրելով տրամագծորեն հակառակ մոտեցում միևնույն երևույթի նկատմամբ: Գեղարվեստական գիտակցության ընձեռած այս հնարավորության ֆենոմենը չափազանց նուրբ է, հիմնականում` անտեսանելի և աննկատելի, ինչի արդյունքում նրա "իրապաշտությունը` գերագույն իմաստով" և ստեղծագործության կատաստրոֆիզմը, որը Բերդյաևը համարում է Դոստոևսկու ստեղծագործության հիմնական հատկանիշներից, ստեղծում են երկձայն մեղեդի, որտեղ փիլիսոփայական գիտակցության ձայնն ավելի բարձր է ու լսելի, սակայն ընթանում է ընդհատումներով, մակընթացություններով և տեղատվություններով, իսկ գեղարվեստական գիտակցության, իրականության ինտուիտիվ ընկալման ձայնը ավելի ցածր է, բայց անընդհատ, առանց որի ոչ միայն չեն կարող արտահայտվել փիլիսոփայական գիտակցության ըմբոստացումները, այլև չի կարող լինել մեղեդին` ընդհանրապես: Այս երկձայնությունը մենք տեսնում ենք հատկապես "Կարամազով եղբայներ" վեպում, որտեղ երկու ձայների լարված հնչեղությունը հասնում է բարձրագույն աստիճանի:
    Փիլիսոփայական գիտակցության և գեղարվեստական գիտակցության արտահայտման և տարերային համակեցության երկու օրինակ բերենք: Այսպես, "Կարամազով եղբայրներում" հայր Զոսիմայի կերպարը Դոստոևսկու` որպես անհատի համար ամենաթանկ, ամենասրբազան, սեփական գաղափարների ամենավեհ ու արժանի կրողն է, և Դոստոևսկու համար չկա ավելի մեծ պարգև իր սիրելի հերոսի` Ալեքսեյ Կարամազովի համար, քան այն, որ նա' ստացավ Զոսիմայի օրհնությունն ու վերջին պատգամը, և ուրեմն նա' է լինելու նրա գործի շարունակողը: Եվ ահա երկրորդ հատորը սկսվում է այն պատմությամբ, որ հայր Զոսիմայի դիակից "այդքա˜ն շուտ", երբ "դեռ մի օր էլ չէր անցել", սկսում է տարածվել նեխանքի հոտ և բոլորի համար անսպասելի Զոսիմայի մարմինը արագ նեխում է: Այս պատկերը, թեև իր տարօրինակությամբ հանդերձ, երբ հեղինակը իր ամենասիրելի կերպարին, իր գաղափարների ու երազների կրողին նեխացնում է, կարող է առայժմ լուրջ եզրակացության հիմք չհանդիսանալ: Սակայն երբ վեպի վերջում, մանուկ և անմեղ Իլյուշկայի թաղման պատկերը նկարագրելիս, Դոստոևսկին նկատում է, "և տարօրինակ բան, դիակից համարյա հոտ չէր գալիս", ահա այստեղ է, որ ստեղծված մի հակադրության միջոցով Դոստոևսկին և' Զոսիմային, և' Իլյուշկային վերածում է սիմվոլների, և առաջինի նեխելն ու երկրորդ չնեխելը դառնում են այդ սիմվոլներին բնորոշ հատկանիշ-սիմվոլներ: Ահա մի շտրիխով, այս դեպքում հանդես գալով ոչ թե փիլիսոփայական գիտակցությամբ (դա հավասար կլիներ այն բանին, որ Պլատոնը որպես իր "Պետության" էպիլոգ գրեր` "այս ամենը կեղծիք է"), այլ ինտուիտիվ ընկալմամբ, գեղարվեստական գիտակցությամբ` ստեղծվում է երկու սիմվոլների այնպիսի հակադրություն, որի նշանակությունն իր արմատներով գնում է դեպի համաշխարհային կրոնականության, նրա նոր փուլի ճգնաժամի, մարդկային հասարակության զարգացման պարբերափուլերի և այլ խնդիրների ոլորտ (այս մասին կխոսենք ստորև): Փիլիսոփայական գիտակցությունը առաջադրում է հայր Զոսիմային որպես փրկության ուղի, գեղարվեստական գիտակցությունը դատապարտում է նրան` որպես փակուղի: Որպես երկրորդ օրինակ, կարելի է բերել "Ոճիր և պատիժ" վեպի վերջին պատկերները. "Մյուս ափի հեռվից լսվում էր երգի ցածր ձայն: Այնտեղ` արևով ողողված անծայրածիր տափաստանում, սև կետերի նման աղոտ երևում էին թափառական յուրտեր: Այնտեղ էր ազատությունը և ապրում էին ուրիշ` այստեղացիներին բոլորովին ոչ նման մարդիկ, այնտեղ կարծես ինքը ժամանակն էր կանգ առել, կարծես դեռ չէին անցել Աբրահամի և նրա նախիրների դարերը", և որպես շարունակություն` Ռասկոլնիկովի "Բարձի տակ դրված էր Ավետարանը": Մի կողմ թողնենք այն, որ Ռասկոլնիկովը դեռևս չէր բաց արել Ավետարանը: Այստեղ կարևորն այն է, որ Դոստոևսկին իր իդեալին, որի գեղարվեստական արտահայտությունն է վերջին պատկերը, հակադրում է մեկ այլ, իր համար բոլորովին անընդունելի և մերժելի գաղափար` նախապատմական մարդկության կյանքի վերակենդանացմամբ մարդկությանը ճգնաժամային վիճակից հանելու իդեալը, որը արտահայտված է նախորդ պատկերի միջոցով և որը Սմատսը ձևակերպում է այսպես. "Պատմության մասին մտքերը ինձ դարձնում են պեսիմիստ… իսկ նախապատմության մասին մտքերը` օպտիմիստ":

  3. #3
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Քաղաքակրթական հիմնախնդիրները Դոստոևսկու "Կարամազով եղբայրներ" վեպում

    Այսպիսով, Դոստոևսկու ստեղծագործության մեջ մենք տեսնում ենք երևույթների ընկալման երկու հարթություն` ընկալում փիլիսոփայական գիտակցությամբ և ընկալում գեղարվեստական գիտակցությամբ: Եվ ահա առաջին հերթին հենց վերջինիս շնորհիվ էլ, մեր համոզմամբ, Դոստոևսկին, որը որպես իր էությամբ ռուս ճշմարտասեր, ցանկանում է ոչ պակաս, քան «կյանքի վերափոխում, աշխարհի փրկություն», ձևավորում է այդ աշխարհի հիմնարար խնդիրների մի ողջ համակարգի գեղարվեստական պատկերը` արտացոլված ռուս հոգու անխաբ հայելու մեջ:
    Աշխարհի և մարդու, նրա հիմնարար խնդիրների դոստոևսկիական պատկերումը իրենց էության մեջ ախտորոշում են, ինչից էլ բխում է Դոստոևսկու ստեղծագործության երկու չափազանց կարևոր հատկանիշ.
    ա. Դոստոևսկին նկարագրում է կերպարների զարգացման և գործունեության այնպիսի պայմաններ, որոնք տիպական են հասարակության համար` որպես ներքին ախտահարված, ֆիզիկական գոյությունից վերացարկված և կարծես մի մետաֆիզիկական տենդով բռնված օրգանիզմ և ոչ թե որպես ամենօրյա միանման կյանքով ապրող հավաքականություն: Ինչպես բժիշկն է իր պարտականությունը տեսնում միայն հիվանդությունը, միայն ախտահարված բջիջները, օրգանները ցույց տալու մեջ, այնպես էլ Դոստոևսկուն չեն մտահոգում, կամ ավելի ճիշտ` որևէ բանով չեն ձգում ոչ նկարագրած քաղաքի, ոչ Ռուսաստանի և ոչ էլ համաշխարհային կյանքի առողջ բջիջները: Նա չի հասկանում կամ, ավելի ճիշտ, հասկանում է, բայց նրա հոգուն հասանելի չեն ոչ մարդկային ամենօրյա կյանքի անդորրը, ոչ ռուս կյանքի ոչ ողբերգական, ոչ կատակերգական, այլ պարզապես` հոսքը (որը, թեև տխուր ու հուսահատական, բայց կա Գոգոլի, Չեխովի մոտ, թեև անհանգիստ փնտրումներով, բայց կա Տոլստոյի մոտ), ոչ էլ համաշխարհային հավաքականության տոտալ մարմնի և նրան սեփական պատկանելության հոգեբանությունը: Այսինքն` կյանքի այն մակերեսը, արտաքին շերտը, որն ընկալում է քննադատական ռեալիզմի հավատարիմ գեղագետը, մինչդեռ Դոստոևսկու տեսած իրականությունը գնում է դեպի իրականության երկրորդային և երրորդային շերտերը: Ահա այս հանգամանքներով էլ պայմանավորված է Դոստոևսկու ստեղծագործություններում իրադարձությունների և կերպարների զարգացման համար նախատեսված ժամանակի խիստ, կարծես պարտադրված սահմանափակությունը, որի ընթացքում չի կարող ակտուալ կյանք (թե արտաքին, թե ներքին) պատկերվել, այլ միայն` ախտորոշումը այդ կյանքի հիվանդ բջիջների, ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ լինելու է և լինելու է հաստատապես, քանի որ կան դրա ակտուալացման միտումները: Դոստոևսկու ստեղծագործություններում չկա և չի կարող լինել մարդկային կյանք այնպիսին, ինչպիսին այն կա իր արտաքին կաղապարի, իր ամենօրյա կենսագործունեության մեջ. Դոստոևսկինախտորոշող է և նրա խնդիրն է գտնել այն, ինչախտահարված է և անտրոպոլոգիական դաժանսայրով բացել, ուսումնասիրել և գուցե նաև` բուժել:
    բ. Այն տարածված տեսակետը, թե Դոստոևսկին ներկայացնում է մարդու` որպես տեսակի, սոցիալական և բարոյական էակի ներաշխարհը, իր գրավչությամբ հանդերձ` մեր կարծիքով խիստ թերի է: Դոստոևսկին ներկայացնում է ոչ թե մարդուն` ընդհանրապես, այլ հենց հիվանդ մարդուն` հիվանդ քաղաքակրթության պատճառին ու հետևանքին: Դոստոևսկու խնդիրն է ներկայացնել պաթոլոգիան և հուշել դրա առաջացման պատճառները` ինչպես մարդու տիպային պոտենցիալ, այնպես էլ քաղաքակրթության ակտուալ հատկանիշների մեջ, բայց ոչ երբեք ներկայացնել մարդուն` ընդհանրապես: Եթե Դոստոևսկու «մարդը»իսկապես «մարդ» հասկացության հոմանիշն է, տարժամանակյա մարդու անձնագիրը, ապա մարդտեսակը իսկապես դատապարտված էկործանման` առանց ավելորդ բացատրություններիև ապացույցների: Եվ, անշուշտ, հենց այս մտայնությունն է պատում ընթերցողին, և գուցե Դոստոևսկու ստեղծագործության հիմնական ակամա թերությունն էլ այն է, որ նրա գերհզոր ստեղծագործական ուժը ախտորոշումը ներկայացնում է որպես իրականություն, և ռեալիզմի տիպականության հակադարձ ազդեցությամբ տիպական դարձնում պաթոլոգիան, առավել ևս, որ Դոստոևսկու «Կրամազով եղբայրներ» վեպն, օրինակ, աչքի է ընկնում նրանում դիդակտիկ տենդենցի առկայությամբ : Այս առնչությամբ ուշագրավ է Վերեսաևի դիտարկումը. «իրականում երբեք չկար և չեր կարող լինել ոչՌասկոլնիկով, ոչ Կիրիլով, ոչ Իվան Կարամազով: Եղել է միայն մեկ-միակ այդպիսի ճգնավոր` ինքըԴոստոևսկին, և այն էլ նա կարողացավ լինելայդպիսին միայն այն պատճառով, որ իրճգնավորությունը կատարում էր ոգու մեջ և ոչ թեկյանքի» : Ասել է, թե Դոստոևսկու հերոսները նաև ինքը` գեղագետը չեն, այլ կարծես նաև հենց հեղինակի պոտենցիալությունը:

  4. #4
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Քաղաքակրթական հիմնախնդիրները Դոստոևսկու "Կարամազով եղբայրներ" վեպում

    «Գուցե,– գրում է Մերեժկովսկին,– նա ոչ այնքան արվեստագետ է, որքան հոգեկան հիվանդությունների բժի՞շկ, որին պետք է ասել` բժիշկ, բժշկվիր ինքդ» : Դոստոևսկու մարդը հիվանդ, սեփական հոգում կյանքի ծիլերը դաժանորեն սպանած, սեփական հոգում տաժանակրության դատապարտված ժամանակակից կամ, թերևս, ապագայի մարդն է: Նրան հասանելի չեն ոչ բնության գեղեցկությունը, ոչմարդկային սիրո ջերմ գրավչությունը, ոչմարդկային իրական, դոգմատիկ կամ բարդհոգեբանական պատճառներով չպայմանավորված, անգիտակցական նվիրվածությունն ուառաքինություն:
    Այսպիսով, Դոստոևսկու ստեղծագործական աշխարհում և' մարդը, և' աշխարհը արտացոլվում են իրենց այն հատկանիշներով, որոնցով ախտորոշվում են, իսկ այն հատկանիշները, որոնցով ապրում և ապրելու են, Դոստոևսկուն հասանելի չեն. «Նա,գրում է Վ. Վերեսաևը,– տառապալից ձևով գիտե, որ այդ ամենը կա, բայցայն անհուսալիորեն հեռու է» : Պետք է նշել, սակայն, որ «կենդանի կյանքը» հասանելի չէ Դոստոևսկու փիլիսոփայական գիտակցությանը և սուբյեկտիվ հոգեբանական ընկալմանը, որոնք անկասկած գերիշխող են նրա երկերում, սակայն գեղարվեստական գիտակցությունը երբեմն կարողանում է սողոսկել այդ մութ աշխարհից ներս. փիլիսոփայական գիտակցությամբ Դոստոևսկու «երեխաների»` ասենք, տառապանքով «ճշմարտության» հասած Մարկելի կողքին հայտնվում է Իլյուշկան, որին պետք չէ ո'չ տառապանք, ո'չ ճշմարտություն, ո'չ փրկություն, որը ցանկանում է ոչ թե տառապել, այլ` ապրել:
    Պետք է նշել նաև, որ Դոստոևսկու մարդը բոլորովին էլ ռուս մարդը չէ և Դոստոևսկու քաղաքն (Սկոտոպրիգոնևսկ թե Պետերբուրգ) ու երկիրն էլ ռուսական և Ռուսաստան չեն (և այս խնդրում մենք չպետք է համաձայնենք Բերդյաևի, Շպենգլերի և այլ ուսումնասիրողների հետ), այնպես, ինչպես Կարամազովների ընտանիքը պարզապես 19-րդ դարի կեսերի ռուս ազնվական ընտանիք չէ միայն. ինչպես նշում է Բելկինը, «Կարամազովյան ընտանիքը իրենից ներկայացնում էխտացված կերպով անհատական և հասարակական հարաբերությունների պատկերը ընդհանրապես, ամբողջ աշխարհի, այնպես, ինչպես այն ընկալում էր արվեստագետը» : Նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին ընդհանրապես: Անշուշտ, ռուս կյանքը ևս եղել է քաղաքակրթական հիվանդությունների բացիլակիր` ինչպես անհատական, այնպես էլ հավաքական մակարդակներում, սակայն հիվանդ բջիջների այդպիսի խտացվածությունն ու կուտակումը ցույց է տալիս, որ Դոստոևսկու համար տեղն ու տեղանունը խիստ անկարևոր և ոչինչ չասող երևույթներ են («Կարամազով եղբայներում», օրինակ, նա ընդամենը մեկ անգամ և կարծես ակամա է հիշատակում քաղաքի անունը), իսկ տվյալ մարդկային հավաքականությունը` ավելի մեծ` համաշխարհային հավաքականության սիմվոլն ու մանրակերտն է:
    Այս առնչությամբ պետք է նշել նաև, որ Դոստոևսկու ստեղծագործության մեջ արտահայտված պրոբլեմատիկայի տեղայնացումը որևէ առանձին հասարակության կամ մշակույթի վրա և մասնավորապես դրա ձևակերպումը` որպես հակաբուրժուական կամ հակակապիտալիստական մեկնակետից բխող եզրահանգումներ (ինչը մեծ տարածում ունի դոստոևսկիագիտության մեջ ), Դոստոևսկու երկերում արտահայտված ճգնաժամային երևույթների տեղադրումը բուրժուական ինդիվիդուալիզմի և անարխիզմի շրջանակներում և հենց այս մեկնակետից Դոստոևսկու ախտորոշող գրականության գնահատումը, նշանակալի չափով զրկում է քննադատությանը այդ պրոբլեմատիկայի ամբողջական բացահայտման ու գնահատության հնարավորությունից: Անշուշտ, եթե խոսքը գնում է մարդու միայնակության պրոբլեմի մասին, ապա այն` որպես սոցիալ-հոգեբանական երևույթ առավել ակներև կերպով արտահայտվում է արևմտյան հասարակություններում, հատկապես 15-16-րդ դդ.-ից սկսած, սակայն այն իր արմատներով գնում է դեպի հելլենիստական ժամանակաշրջան` արևմուտքում և ինդիվիուալիստական ու փրկության կրոնների ձևավորման շրջան` արևելքում, և հենց այս շրջանում առկա ինդիվիդուալիզացիայի միտումն էլ որպես իր զարգացման արդյունք ունի արևմտաեվրոպական ինդիվիդուալիզմը, նույն 19-րդ դարի Ռուսաստանում (մասնավորապես` քաղաքային կյանքում) առկա հոգեբանական ինդիվիդուալիզմը և փիլիսոփայական պերսոնալիզմը, արևելքում (օրինակ, Հնդկաստանում) խիստ արտահայտված անհատական կրոնականությունը և այլն: Եվ այս ամենը մտնում է մարդու միայնակության պրոբլեմի և և դրա դոստոևսկիական պատկերման մեջ, ինչով Դոստոևսկու արտահայտած պրոբլեմատիկան, նաև այլ երևույթների առնչությամբ, դառնում է քաղաքակրթական և ոչ թե ռուսական, արևմտաեվրոպական կամ, ասենք, մերձավորարևելյան: Եթե Դոստոևսկի արվեստագետի նպատակը լիներ հենց բուրժուական հասարակության մեջ առկա պրոբլեմատիկայի բացահայտումը, ապա նա պետք է ակնհայտ առաջին պլան մղեր Իվան Կարամազովի զուտ արևմտյան, պրոմեթևսյան միայնակությունը, բայց ոչ երբեք Ալյոշայի ապոկալիպտիկ, արևելյան հոգեբանությանն ու կրոնականությանը, փրկության կրոններին բնորոշ միայնակությունը:

    Շարունակելի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •