Բարև, էս լավ ֆորումի լավ ժողովուրդ, ֆորումում դնում եմ իմ գրածներից մի քանիսը, թողնելով գնահատականները ձեր հայեցողությանը (եթե չալարեք կարդալ)
ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ
Ձյուն է գալիս, ու համուրում
Շուրթերդ տաք, հետո հալվում...
Ու կաթիլն այդ` սեր է բուրում...
Ձյուն է գալիս, ու մի փաթիլ
Իմ շուրթին է դիպում հանկարծ,
Հետո հալվում, դառնում կաթիլ
Ու կաթիլն այդ` Սեր է բուրում...
Սեր է բուրում, ասես առաջ
Քո շուրթին է դիպել նա տաք,
Ու պոկել է խոր մի հառաչ
Սիրահարված սրտիցդ բարկ...
ԳԱՐՈՒՆ Է
Գարուն է, սեր իմ,
Գարուն է եկել,
Ուզում եմ անվերջ
Գարունը երգել:
Գարուն ես, սեր իմ,
Լեցուն ես բույրով,
Լեցուն ես գարնան
Անուշ համբույրով:
Գարու՛ն իմ, սե՛ր իմ,
Արի դու ինձ մոտ,
Արի, համբուրեմ
Հոգիդ` դեռ ձյունոտ:
Գարուն է, սեր իմ,
Գարուն է եկել,
Ուզում եմ անվերջ
Գարունը երգել:
ԹԻԹԵՌ
Կուզեի լինել թիթեռ սևաթև,
Այգուդ կածանի եզրին իջնեի,
Նայեիր դու ինձ, ու իմ թևերին
Քո հուր աչքերի հետքը թողնեիր:
Ու թռչեի ես հավերժի միջով.
Երկու ալմաստներ` թևերիս վրա,
Ու հիշեիր ինձ լռիկ հառաչով,
Եվ ափսոսանքով, որ արդեն ... չկամ
Թախիծ
Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...
Խոստովանանք
Դու ուզու՞մ ես լսել
Անկեղծ խոստովանանք.
Դե, ուրեմն, լսի՛ր
Ու մի շրջվիր երμեք,
Երբեք մի հեռանա
Մինչև վերջ չլսած.
Քեզ համար դա դատարկ,
Հասարակ մի բան է.
Ինչու՞ ես դու սիրում
Քեզ սիրողին տանջել…
Գիտե՞ս, միայն դու չես.
Մարդկությունն է այդպես:
Դու գիտե՞ս ինչ է սերը,
Ի՞նչ է նշանակում
Ինչ-որ մեկին սիրել,
Ինչ-որ մեկի համար
Գիշերը չքնել,
Ինչ-որ մեկի համար
Ինքդ քեզ մոռանալ,
Քեզանից հեռանալ
Ու կողքից քեզ դիտել,
Ու քեզ չճանաչել…
Դու ոչինչ չգիտես,
Չե՛ս կարող իմանալ.
Քո բնույթը չէ դա:
Քո սրտում բաբախող
Սառույցի այդ փոքրիկ
Ու դաժան կտորից
Դեռ կաթիլ չի կաթում,
Ժամանակն է, սակայն…
Ինչպիսի՞ն են թվում
Քո աչքերը հենց քեզ.
Դու տեսնու՞մ ես արդյոք
Դրանցում հրակեզ
Ճառագայթն այն ահեղ,
Որ այրում է սրտեր,
Արարում է մարտեր,
Որի մի հպումից
Այրվում են քաղաքներ…
Դու տեսնու՞մ ես արդյոք
Աչքերում քո լուսե
Լույսը այն հնազանդ,
Որ ենթարկում է իրեն
Տիեզերքներ անթիվ,
Ու սրտեր բազմազան:
Որ լոկ մի տեսնելով
Ստրկանում են հավետ
Սպարտակները բոլոր:
Սպասի՛ր, դեռ մի գնա,
Ես դեռ չեմ վերջացրել,
Այն, որ սիրում եմ քեզ`
Կարելի է պատմել
Տարիներ շարունակ,
Կարելի է պատմել
Ճիշտ այնքան ժամանակ,
Քանի երկիրը կա,
Քանի մարդկանց սրտում
Բաբախող սառույցի
Այդ փոքրիկ կտորից
Հազարից մի անգամ
Կաթիլներ են կաթում,
Երբ որ նրանց կողքին
Լինում է գեթ մի մարդ,
Որի գժված կրծքում
Սառույցի փոխարեն
Հրաբուխ է դրված…
12.12.02
ՔՈՒՅՐ ԻՄ, ԳԱՐՈՒՆ է
Գարու˜ն է գալիս,
Գարու˜ն, սիրելի˜ս…
Գարուն է գալիս ու լցնում խինդով,
Լցնում խենթ պարով եւ անմահությամբ
Մեր գիժ սրտերը, մեր բոց սրտերը...
Գարու˜ն է գալիս,
Գարու˜ն է, գարու˜ն...
Քու՛յր իմ գեղեցիկ, խնդա՛, ծիծաղի˜ր...
Քանի որ կրկին գարուն է եկել,
Քանի որ կրկին ամպերն են ցրվել
Այն մութ ձմեռվա,
Ու լույսն է գարնան
Իմ սիրտը շոյում,
Ուր էլ որ լինեմ`
Բանտերում մթին,
Թե քո լույս գրկում…
Ուր էլ որ լինեմ`
Գարունն է ձգում,
Գարունն է գգվում...
Իսկ դու` ծիծաղի˜ր,
Խնդա˜
Քո ջահել, լուսավոր սրտով…
Ու սիրի˜ր, սիրի˜ր, սիրիր անդադար,
Սիրիր ու հիշիր,
Որ ես էլ, այստեղ
Ամբողջ էությամբ,
Հոգով ու սրտով
Սիրու˜մ եմ, սիրու˜մ...
Ու սերն իմ հավերժ
Քոնն է լինելու,
Քու˜յր իմ,
Սիրելի˜ս...
Առավոտ
Թախծոտ շշուկներ, մշուշներ աղոտ...
Մրմունջներ թաքուն հնչեցին օդում
Ու երազանքիս մեջ` մի առավոտ...
Ու առավոտում մի հրաշք կար` դու...
Եվ առավոտի վաղորդյան օդում
Քո շնչի անուշ վարդաբույրը կար,
Ու քո աչքերի երկնագույն մովում
Ծագող արևի մեղմաշունչ մի կայծ...
Անէանալով իմ էությունից,
Քո էությանը ծածուկ դիպչելով,
Ես հեռանում եմ ինքս ինձանից՝
Հավերժ դեպի քեզ՝ քեզնից փախչելով...
Մշուշոտ պատկեր
Մշուշոտ պատկեր...
Աղոտ ինչ-որ կյանք...
Հեռավոր մի ձայն,
Տխու՜ր, մենավո՜ր
Ու դժբա՜խտ, դժբա՜խտ...
Երազներ դաժան,
Ու ԴԵՌ անկատար...
Ու ԴԵՌ անկատա՜ր...
Անիծվես դու, ԿՅԱՆՔ...
ԿՅԱՆՔ, դու անիծվե՜ս...
Հորիզոնին կից՝
Արյունոտ մի գիծ,
Ու երկրագնդի արյունոտ վզին՝
Հուժկու տապարի հարվածից ծնված,
Արյունով լցված, ոսկրապատ մի վիհ...
Իսկ հաղթանակին
Կատաղի ձգտող մի քանի խղճուկ,
Կեղտոտ մարդուկներ
Փորձում են հասնել, ի՜նչ էլ որ լինի՝
Իրենց կարևոր նպատակիկին՝
Որովայն լցնել...
Մեղա՜ քեզ... Աստվա՜ծ...
Զգույշ, չխեղդվես ... Արյունի վիհում ...
26.03.2007
Գարուն աղջիկ
Գարու՛ն աղջիկ, ցորնամարմին, նազանի,
Սև աչքերդ, քանց գիշերի կաթիլներ
Քո վարսերի գիշերային անձրևից՝
Երազներս խոլ ցանկանքով են լցրել...
Քո մասին եմ երգս հիմա երգում ես,
Ու երազում գիրկդ ընկնել հոլանի,
Որ մոռանամ ինձ ու դառնանք երկու կես
Այն հրաշքի, որին կյանք են անվանել...
ԱՌԱԳԱՍՏԸ
Իսկ հեռվում մի խելառ առագաստ
Օրորվում է դանդաղ
Ու պարում այս գիշեր հնարած
Ծովի երգը խելառ:
Առագաստ, իմ հույսի, կարոտի
Խելագար դու վկա,
Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
Իմ սերը էլ չկա...
Ու թվում է, թե ես եմ այդ նույն
Առագաստը խելառ.
Խենթանում եմ, լալիս ու պարում
Այս ծովում խելագար:
Առագաստ, իմ հույսի, կարոտի
Խելագար դու վկա,
Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
Իմ սերը էլ չկա...
Ռոմանտիկ պատկեր
Ռոմանտիկ պատկեր...
Գնում է աղջիկն ու լաց է լինում,
Իսկ հեռու- հեռվում մի ջահել տղա
Իրեն կորած է արդեն համարում,
Ու հուսահատված, ու հուսալքված
Սրտի փոխարեն նա պոմպ է զգում,
Որ իր արյունն է ուղղակի քաշում ու տալիս գլխին...
Մի բան կա միայն տղայի մտքին.
Մեռնել է ուզում, մեռնել ու ոչինչ,
Ոչ մի պատառիկ աղջկա խոսքից,
Ոչ մի SMS ու ոչ մի ժպիտ
Չի ուզում հիշել:
Չի ուզում տեսնել
Ինքն իրեն անգամ նա հայելու մեջ...
Ռոմանտիկ է չէ՞...
Ու ծիծաղելի,
Ու ... թույլ, երևի...
Կարող եք ազատ, ու գուցե նաև, նույնիսկ՝ անպատիժ
Ծաղրել տղային...
Հիմա նա չկա, հիմա ՆԱ չկա...
07.11.2007
ՑԱՎԸ
Նա դանդաղ մոտեցավ դռանը, նայեց. անցքից ոչինչ չէր երևում. երևի անցքն էր կեղտոտ, կամ մուտքում մութ էր, բայց նրան դա նույնիսկ չհետաքրքրեց: Նա նույն դանդաղ ու անտարբեր քայլերով արդեն պատրաստվում էր ետ դառնալ իրեն այդքան սիրելի դարձած շշերի գիրկը, երբ նորից լսվեց դռան կամացուկ թակոցը: Նրա կիսաբաց աչքերում հույս երևաց. սպասում էր երևի արդեն մի ամբողջ տարի...
Դուռը ճռռալով բացվեց, աղջիկն ասես ընդարմացած կանգնել էր շեմին ու ասես չէր ուզում առաջ գալ, հետո ներս մտավ: Կիսախավարին դեռ անսովոր նրա աչքերը աստիճանաբար սկսեցին նշմարել դռան ու պահարանի արանքում դեմքի հարցական ու մի քիչ էլ բութ արտահայտությամբ կանգնած տղային, ասես հարցնում էր. «Ինչու ես եկել, ո՞վ ես»...
_ Այս ինչ ես արել քեզ հետ, _ աղջիկը մի քիչ ձևական տոն ուներ, _ հենց հիմա ձեռքիցդ գցիր էդ կեղտը:
Տղան նոր միայն նկատեց, որ վաղուց արդեն դատարկվել է ձեռքի շիշը: Նա բաց թողեց շիշը, որ դանդաղ, սահելով Նրա մատերի արանքով, ընկավ գետնին ու կոտրված սրտի ձայն հանեց:
Նրանց ընդամենը մի շաբաթ էր բաժանում, ընդամենը մի շաբաթ, որ հիմա անվերջություն էր թվում:
Տղան դանդաղ, ասես տհաճությամբ ուսումնասիրում էր աղջկան: Տեսավ նրա ինչ-որ տեղից իրեն ծանոթ ու մի քիչ մաշված գլխարկը, վերարկուն, ձեռքը, դեմքը չգիտես ինչու աղոտ էր երևում:
Տղան աստիճանաբար սկսեց հասկանալ թե ինչ է կատարվում, բայց հարցը դեռ պտտվում էր նրա գլխում.
_ Ինչու՞ ես եկել:
_ Եկել եմ... _ Աղջիկն ինքն էլ չգիտեր թե ինչու է եկել:
_ Եկել ես... _ Տղան ասես ինքն իր համար արձանագրեց կատարվածն ու առանց փոքր-ինչ դրան նշանակություն տալու` դանդաղ քայլեց դեպի սենյակի խորքն ու նստեց դատարկ արկղի եզրին, աչքերը հառելով գետնին ընկած կեղտոտ տետրերի վրա: Արկղում դեռ երկու շիշ գարեջուր կար, որոնցից մեկը վերցրեց, ու բացեց արկղի եզրով:
Տղային հանկարծ թվաց, թե ինքն անքաղաքավարի է.
_ Կխմե՞ս, _ շիշը մեկնեց աղջկա կողմը, _ գարեջուր է:
Ասես մահացու վիրավորված` աղջիկը նայեց Տղային.
_ Իսկ դրանից ի՞նչ կփոխվի, հետ կգա՞ս...
_ Ոչ,
_ Գնա՞մ
_ Քեզ չէի կանչել...
_ Բոլորը կարոտել են քեզ,
_ Իսկ ես նրանց չեմ կարոտել...
_ Իսկ ի՞նձ,
_ Ընկերդ ինչպե՞ս է,
_ Քանի անգամ պիտի ասեմ, որ նա իմ ընկերը չէ ու չի էլ եղել, _ աղջիկը քայլ արեց դեպի Տղան ու չգիտես ինչու փորձեց ժպտալ, սակայն դա նրան չհաջողվեց _ մենք ընդամենը մի անգամ համբուրվեցինք ու վերջ, այն օրվանից հետո նույնիսկ չեմ էլ տեսել նրան:
Տղան ժպտաց, որ չլացի, վերջերս հաճախ էր այդպես անում:
_ Դու էլ ինձ պետք չես, կարող ես գնալ, _ Տղան դանդաղ էր խոսում, ասես մի քանի անգամ կշռելով յուրաքանչյուր բառը:
_ Ինձ շանս տուր, _ Աղջկա աղերսական հայացքը քար կհալեցներ, բայց ոչ կոտրված սիրտ, _ ների՛ր, չէ որ ես էլ մարդ եմ, կարող եմ սխալվել:
_ Դրա մասին արդեն խոսել ենք, դու գիտես թե ինչ պիտի ասեմ, ցտեսություն...
Տղան կանգնեց ու շուռ գալով` քայլեց դեպի մահճակալը, ճանապարհին կում անելով արդեն կիսադատարկ շշից:
Աղջիկը լուռ հետևում էր նրան, ասես վախենալով ինչ-որ բանով ցույց տալ իր ներկայությունը, որպեսզի նորից չարժանանա հեռանալու հրավերին:
Տղան պառկեց ու շուռ եկավ դեմքով դեպի պատը, Նրա շնչառությունը ծանր էր, նոր մտնողին կարող էր թվալ, թե Նա վաղուց արդեն քնած է... Իսկ Նա սիրում էր...
Աղջիկը դեռ երկար ժամանակ կանգնած մնաց տեղում, քայլ արեց դեպի մահճակալը, նորից կանգնեց, ապա կտրուկ մի շարժումով շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը...
... Ցավը դեռ երկար էր պտտվում սենյակում: Տղան պառկած էր անշարժ, միայն ծանր, անհամաչափ շնչառությունն էր մատնում նրա ներկայությունը: Ցավը կամացուկ շրջում էր սենյակում ու երբեմն յուրովի քնքուշ շոյում Տղայի գլուխը...
Սակայն երեկոյան Տղային մեռած չգտան սենյակում, որովհետև ոչ-ոք էլ երեկոյան սենյակ չմտավ: Իսկ Տղան երեկոյան ուրիշ սենյակում էր, ու քանի որ այդ ուրիշ սենյակում մութ էր, մտնողը կլսեր միայն հառաչներ ու համաչափ շարժվող մահճակալի ճռճռոցը, իսկ եթե մտնողը մի քիչ վառ երևակայություն ունենար, ապա կտեսներ այդ սենյակի դեռ կիսաբաց դռնից գաղտագողի փախչող արդեն համարյա աներևույթ դարձած Ցավին......
04.10.2007




Մեջբերել
ապրես
շնչեմ օդը ձրի է....