Զորբան՝ Կրետեից
Հիսուն տարի առաջ, 1957 հոկտեմբերի 26-ին Ֆրայբուրգում (ԳՖՀ) վախճանվեց համաշխարհային գրականության մեջ մի ազգի ներկայացուցչի լավագույն հավաքական կերպար ստեղծողներից, խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր (1956), Կրետե կղզու ծնունդ հույն գրող Նիկոս Կազանձակիսը, որի հախուռն բնավորության եւ պրպտող մտքի մասին անգլիական «Թայմս լիտրըրի Սափլիմենտի» էջերում (2007 հունիս 22) տպագրված Ռոդերիկ Բիթոնի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ չնչին հապավումներով:
«Հույն Զորբան» եւ «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ստեղծագործությունները մարդկանց հիշողության մեջ տպավորված են առավելապես որպես ֆիլմեր՝ համապատասխանաբար Մայքլ Կոկոյանիսի եւ Մարտին Սքորսեզեի ռեժիսորությամբ, քան որպես վեպեր, որոնց հիման վրա նկարահանված են այդ ֆիլմերը: Նույնը կարելի է ասել նաեւ Բոհուսլավ Մարտինույի «Հունական չարչարանքներ» օպերայի մասին, որ Կովենտ Գարդենի լեփ-լեցուն դահլիճում վերջերս քանիցս ներկայացվեց: Դրա լիբրետոյի հիմքում ընկած է «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը: Այդ երեք, այլոց շարքում, հատորների հեղինակը Նիկոս Կազանձակիսն է, որի ստեղծած «Զորբան» ամբողջ աշխարհում զուգորդվում է կենսասեր ու եռանդուն հույն կերպարի հետ: Աշխարհի տարբեր անկյուններում ծվարած հունական երաժշտության եւ պարարվեստի երկրպագուները չեն կարող անտարբել մնալ Զորբայի պարին՝ սիրթակիին, որը 1965-ին հենց այդ ֆիլմի համար ստեղծվեց՝ եւ որի երաժշտությունը գրեց տաղանդավոր Միքիս Թեոդորակիսը, իսկ գլխավոր դերում հանդես եկավ անկրկնելի Անթոնի Քուինը:
Կրետեում, որտեղ տեղի են ունենում «Հույն Զորբան» ֆիլմի դեպքերը, պանդոկների մեծամասնությունը «Զորբա» անունն է կրում: Այդ անունով են «մկրտված» նաեւ աշխարհի այլ վայրերում գործող հարյուրավոր բարեր, գարեջրատներ, ռեստորաններ եւ գիշերային ակումբներ:
Մյուս կողմից Սքորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» վերնագրով ֆիլմի բարձրացրած աղմուկը, հատկապես Մ. Նահանգներում, կարելի է համարել կրոնական արմատականների եւ «արեւմտյան» աշխարհիկ լիբերալիստների միջեւ ծագած առաջին հակամարտությունը կամ տարաձայնությունը, որը դեռեւս շարունակվելով 21-րդ դարում՝ գուցե նորանոր մեկնաբանությունների առիթ հանդիսանա: Կրոնական խմբավորումների հակազդեցությունը այն աստիճանի ուժեղացավ, որ ֆիլմի ցուցադրությունը որոշ երկրներում արգելվեց քսան տարի առաջ: Կրոնական այդ խմբավորումներին ամենաշատը զայրացրել էր Հիսուս Քրիստոսի եւ Մարիամ Մագդաղենացու մտերմիկ հարաբերությունների տեսարանները: Բայց այդ երկրային ցանկությունների ցուցադրումը Սքորսեզեի մտահղացումը չէր, այլ Կազանձակիսինը, որը չորս տասնամյակներ առաջ համարձակություն էր ունեցել երեւակայելու նման երեւույթներ:
Ճիշտ է՝ հիմա նրա անունը հաճախ չի հիշատակվում, բայց պետք է նշել՝ որպես գրող, որն արդեն 50 տարի մեզ հետ չէ, արժանացել է պատշաճ ճանաչման: Մեծ Բրիտանիայում նրան համբավ բերած բոլոր 7 գործերի թարգմանությունները դեռեւս տպագրվում են եւ հրատարակվում շատ անգամ, ավա՜ղ, առանց բնագրի հիշատակության եւ երբեմն անթույլատրելի սխալներով:
«Զորբայից» եւ «Վերջին գայթակղությունից» հետո երրորդ ճանաչված գիրքը «Քրիստոսը կրկին է խաչվում» ստեղծագործությունն է, որն Ամերիկայում հրատարակվեց «Հունական չարչարանքներ» անվանումով եւ դարձավ Մարտինուի օպերայի խորագիրը: Այդ վեպում հույն գյուղացիների մի խումբ Անատոլիայում պատրաստվում է բեմականացնել Քրիստոսի չարչարանքները, երբ հարեւան գյուղերից փախստականների ժամանումը իրադարձության են վերածում այդ բոլորը: Օսմանյան կոտորածներից մազապուրծ ամբոխին ի տես դերասանները հարկադրված իրենց «բիբլիական» դերերը փոխարինում են ողբերգական դեպքերին մասնակից դառնալու իրական դերակատարումներով:
«Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը Կազանձակիսի լավագույն եւ գուցե նրբագույն հյուսված ստեղծագործությունն է, որտեղ հեղինակն ամենաարդյունավետ ձեւով է կարողացել համատեղել երկու խոշոր թեմաներ: Մեկը՝ հունական ավանդական ապրելակերպի եւ մարդկանց՝ կերպարների վառ անհատականության (նույնիսկ գրոտեսկայինի հասնող) ներկայացումը («Զորբա») եւ մյուսը՝ հեղինակին, որպես քրիստոնյայի հուզող հարցերի ներքին պայքարը, որը այլ կրոնների ներկայացուցիչների մոտ էլ կարելի է նկատել («Վերջին գայթակղություն»):
Մյուս վեպերի ճակատագրերը միանշանակ չեն եղել: Անձամբ ես արժեւորում եմ «Կապիտան Միխալիսը: Մահ կամ ազատություն» (1953 թ.) ստեղծագործությունը: Այդ հատորի լավագույն սահմանումը գուցե «Ֆաբեր» հրատարակչատան թողարկած օրինակների շապիկներին գրված «Մեր ժամանակների Իլիականը» բառերն են: Հատորում նկարագրված դեպքերը իրական են, տեղի են ունենում 1889-ին իր հայրենիք Կրետեում, երբ ինքն ընդամենը 6 տարեկան էր: Նկարագրությունները հիմնված են իր եւ իրեն շրջապատող մարդկանց հիշողությունների վրա: Նյութը Կրետեի քրիստոնյաների օսմանյան լծից ձերբազատվելու եւ Հունաստանին միանալու հարյուրամյա ազատագրական պայքարից վերցրած որոշակի մի դրվագ է: Պատմական իրադարձությունն առասպելի է վերածված վեպում, իսկ թուրք-հունական ձգձգված պատերազմը՝ Տրոյայի պատերազմի արդիական տարբերակի:
Մյուս վեպերից «Եղբայրասպանները» առանձնանում է մեկ ուրիշ տաբու վերացնելու իր առաքելությամբ: 1949-ին գրված այդ ստեղծագործությունը, որը հրատարակվեց միայն գրողի մահվանից հետո, պատկերում է այդ օրերին ավարտված Հունաստանի քաղաքացիական պատերազմը: Մինչեւ 1980-ականները ուրիշ ոչ մի հույն գրող չի անդրադարձել այդ թեմային այնքան իրապաշտորեն, որքան Կազանձակիսը, հավանաբար որովհետեւ միջանկյալ 30 տարիների ընթացքում մի կողմից ժողովրդին հասցված վնասվածքն (տրավման) ու մյուս կողմից տարբեր կառավարական ատյանների գրաքննչական արգելքները չափազանց մեծ ազդեցություն են թողել բնակչության վրա:



Զորբան՝ Կրետեից 
Մեջբերել