Այստեղ դուք կարող եք գրել ձեզ հետաքրքրող տարբեր հոգեբանական հարցեր, բայց նախքան այդ մի քանի խոսք հոգեբանության մասին:
Պատմական ակնարկ.
Հոգեկանի վերաբերյալ առաջին գիտական պատկերացումները սկսել են առաջ գալ դեռևս հին աշխարհում:
Հին Հունաստանի բժիշկ Հիպոկրատը պարզեց, որ հոգեկանի օրգանը ուղեղն է:
Հին աշխարհում հոգեբանության զարգացման բարձրագույն արդյունքները շարադրված են Արիստոտելի «Հոգու մասին» աշխատության մեջ:
Միջին դարերում հոգեբանության զարգացումը ըստ էության կանգ առավ: Միայն սկսած XVII դարից բնական գիտությունների (հատկապես ֆիզիկայի) զարգացման հետ միասին ակտիվացավ նաև հետաքրքրությունը հոգեկան կյանքի նկատմամբ:
Ռ.Դեկարսը մտցրեց ռեֆլեքսի գաղափարը, իսկ հոգու մասին պատկերացումը փոխարինվեց գիտակցության մասին պատկերացմամբ:
XIX-րդ դարի 2-րդ կեսին հիմք դրվեց ժամանակակից փորձարարական հոգեբանության: Ստեղծվեցին չափման պսիխոֆիզիկական մեթոդներ, ձևակերպվեց Վեբեր-Ֆեխների օրենքը («Զգայության ուժը հավասար է գրգռիչի ուժի լոգարիթմին»), ընկալման պրոցեսում «չգիտակցվող մտահանգումների» մասնակցության գաղափարը (Հ.Հելմհոլց), օրգանիզմների ինքնակառավարման պրոցեսում հոգեկան ֆունկցիաների հատուկ դերի մասին պատկերացումը (Չ. Դարվին):
Առաջին փորձարարական լաբորատորիան ստեղծում է Վ.Վունդտը Լայպցիգում (1879): Լայն փորձարարական աշխատանքներ են ծավալվում Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Գերամանացի հոգեբան Հ. Էբինգհաուզը հիմք դրեց (1885) հիշողության պրոցեսների փորձարարական հետազոտությանը: ԱՄՆ-ում մեծ տարածում ստացավ ուշադրության ծավալի և հմտությունների ուսումնասիրությունը:
Անձի, հիշողության և հույզերի ուսումնասիրության ասպարեզում շոշափելի ներդրում կատարեցին ՈՒ. Ջեյմսը (ԱՄՆ), Թ. Ռիբոն (Ֆրանսիա), Գ. Լանգեն (Դանիա) և ուրիշներ:
Մարդկանց անհատական տարբերությունների ուսումնասիրության գործում լուրջ աշխատանք կատարեցին Ֆ. Գալտոնը (Անգլիա), Ա. Բինեն (Ֆրանսիա), Վ. Շտեռնը (Գերմանիա), Ա. Լազուրսկին (Ռուսաստան):
Այս ուղղության ներկայացուցիչները օգտագործում էին հոգեբանական թեստեր:
XIX և XX սահմանագլխին ձևավորվեց նաև հոգեվերլուծությունը, որի հիմնադիրն էր ավստրիացի հոգեբույժ Զ. Ֆրեյդը:



Մեջբերել
