Այսօր կատարում եմ այլևս անհետաձգելի մի պարտք` ֆորումին ներկայացնում եմ մի հանճարեղ գիտական անուն, որն իր կյանքի ժամանակ լայն հանրությանը գրեթե հայտնի չի եղել, իսկ մահվանից հետո` առավել ևս: Հայ ժողովրդի ծնած մի նոր Էյնշտեյն, բայց գիտական արդյունքով` ավելին, քան Էյնշտեյնը... Մի անուն, որն ապացուցում է, թե մեր երկիրը ինչպես...չի~ փայփայում և ինչպես է մոռանում իր ուսյալ, հանճարեղ զավակներին: Այսօր հնչեցնենք այդ անունը.... Եվ նորից` ինչ պետք է ուսումնասիրի գիտությունը:
ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԸ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԻ, ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ՄԵՏԱՖԻԶԻԿԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՆՃԱՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Էյնշտեյնի հարաբերականության
տեսությունը` միայն մաս հայ գիտնականի
մշակած համընդհանուր տեսության
Երբ տեսնում ես Երկիր մոլորակի էկոլոգիական, հոգևոր-մշակութային և սոցիալական աղետալի վիճակը, մտածում ես, թե ի՞նչ է անում համաշխարհային գիտությունը, ինչու՞ ելքեր չի գտնում, ինչու՞ չի բացահայտում մոլորակի առողջության օրենքները, ինչու՞ չի կրթում պետական- քաղաքական վերնախավերը` իրավիճակը շտկելու համար: Բայց գիտությունը ինչպես ելքեր գտնի, ինչպես կրթի ուրիշներին, երբ ինքն է հայտնվել իրեն ծնած նյութապաշտական աշխարհայացքի և սահմանափակության թակարդում:
Գիտությունը գլուխը մխրճել է նյութի մեջ – գենի և սպիտակուցի, մոլեկուլի ու ատոմի, տարրական մասնիկների աշխարհը և այնտեղ է փնտրում ԿՅԱՆՔԻ պահպանման և զարգացման օրենքերը: Փնտրում է ու չի գտնում, որովհետև ԿՅԱՆՔԸ անսահմանորեն ավելի խորն է ու շքեղ, քան միայն նրա կրողներից մեկը` տեսանելի նյութն ու նրա օրենքները:
Բայց ներկա գիտությունը մեջքի վրա չի ընկնում. նյութի օրենքների ճանաչողությամբ նա ստեղծում է տեխնիկայի հրաշքներ, գրեթե արհեստական ինտելեկտ, հիանում է իր ստեղծածով, խաղում իր խաղալիքներով, հետո կուռք է դարձնում և խոնարհվում դրանց առջև:
Եվ թե հարցնես` քո ուսումնասիրած նյութական աշխարհը, այդ թվում` բնությունն ու իր տարերքները, արևն ու աստղերը, այս զարմանալի Տիեզերքը Ի՞ՆՉ ՈՒԺ Է ամբողջացնում, ԱՄԲՈՂՋ դարձնում և պահում սքանչելի ներդաշնակության մեջ, ապա գիտությունը չի պատասխանի քո հարցին, այլ մի գոռոզ հայացքով կչափի քեզ և կգնա իր հերթական "հրաշքը" ստեղծելու:
Համաշխարհային գիտությունը ծանր հիվանդ է, և նրա հիվանդությունը աշխարհայացքային է:
Նյութի գիտությունը անտեղյակ է, որ կա Ոգու գիտություն, նաև չգիտի, որ Ոգու և Նյութի միջև սահման չկա, դրանք նույն Տիեզերական Նյութի խտացման տարբեր աստիճաններն են, տարբեր տատանողական (վիբրացիոն) մակարդակներով, որոնք ձևավորում են բազմաշերտ ու բանական Տիեզերքը: Եվ մոլորակային կյանքի հիմքը` մայրօրինակը (մատրիցան) գտնվում է ոչ թե տեսանելի և շոշափելի նյութի` գենի ու սպիտակուցի մեջ, այլ Տիեզերական Նյութի միջուկում, որտեղ Նյութի տատանման հաճախականությունը անչափելի բարձր է, իսկ Բանականությունը` Բացարձակ է:
Ներկա գիտությունը նաև հասու չէ, որ Տիեզերքի բարձր շերտերը, Բանականությունից բացի, օժտված են ու կրողն են Բարձրագույն Էթիկական Օրենքների, որոնք նյութի խտացումով էջք են անում նաև մարդկային հասարակության մեջ և սնում մարդկության էթիկայի օրենքները: Ահա թե ինչու` երբ ժամանակակից գիտությունը փորձում է լուծել մոլորակին տիրած էկոլոգիական ճգնաժամը` հաջողության չի հասնում, քանի որ նա անտեղյակ է Բարձրագույն Էթիկական Օրենքներին, առանց որոնց անհնար է գտնել անհրաժեշտ բանալիները:
Ահա թե ինչու` երբ ժամանակակից քաղաքակրթությունը որպես առաջնակի արժեք հռչակում է մարդու իրավունքները, բայց ամենուր և ամեն օր դրանք խախտում է, քանի որ դեռևս չի ճանաչել Տիեզերական Իրավունքը և դրանից բխող մարդու բնական իրավունքները:
Ահա թե ինչու` երբ ներկա գիտությունը ձգտում է ստեղծել առողջ կրթական, առողջապահական, սոցիալական, տնտեսական և այլ համակարգեր` դա նրան չի հաջողվում, քանի որ մարդու կրթության, առողջության, սոցիալական և տնտեսական կյանքի իրական գիտելիքները և օրենքերը պարփակված են ոչ թե տեսանելի նյութի տիրույթում, այլ Տիեզերական Կյանքի Օրենքների մեջ: Ահա թե ինչու` երբ Երկրագնդի պետականությունները ձգտում են համերաշխության հասնել, մեր տուն- մոլորակը խնամել ու մաքրել, պատերազմներին վերջ տալ` դա նրանց չի հաջողվում, որովհետև այդ պետականությունները սնվում են օգտապաշտության և եսապաշտության օրենքներից, և նրանց անծանոթ է մնում Տիեզերական Օրենսգիրքը:
Ահա, երբ այս մտածումներով հիմնում էինք "Ազգ և առողջություն" հանդեսը` ցանկանում էինք նրա առաջին համարում ներկայացնել այնպիսի մի գիտնականի, որի կերպարը կարող էր լուսավորել Հայաստանի գիտության ապագա ճանապարհը: Եվ չէինք գտնում, և տվայտում էինք, մանավանդ` այս վերջին ժամանակներում, երբ Հայաստանի գիտության ակադեմիական համակարգը պատրաստվում է ապամոնտաժման, իսկ "բարեփոխված" նորի ստեղծման համար, իհարկե, "օգնության" են հասել միջազգային կազմակերպությունները` համաշխարհային անգիտության` էթիկայից և իմաստությունից զուրկ այդ կենտրոնները:
Բայց այս անգամ էլ գիրք ու աղբյուր ուղարկող ձեռքը չուշացավ. հեռավոր մանկությունից եկող և մեր այսօրվան օգնող մի հոգի ճիշտ օրին ու ժամին բերեց գիրքը` Հովհաննես Դավթյանի "Հիմնարար դաշտի տեսությունը" ( О.К. Давтян. Теория фундаментального поля.Ереван, "Айастан", 1995г)
Ահա թե ո’ւմ էինք սպասել, ահա թե ո’վ կարող է լինել մեր (և ոչ միայն մեր) Գիտության Զորավարը և հավաքել գիտության առողջ ու կենսունակ զորագունդը: Եվ ոչինչ, որ Զորավարը ֆիզիկական կյանքից հեռացել է 1990 թվականին: Նրա գիրքը, տեսությունը և գործերը ապրում են:
Հ. Դավթյանը աշխատել է հիմնարար դաշտի տեսության, հարաբերականության ընդհանուր տեսության վրա և դուրս է բերել դաշտի նոր հավասարումներ, որոնց նկատմամբ Էյնշտեյնի հավասարումները մասնակի բնույթ ունեն և մաս են կազմում ընդհանուր տեսության:Տարածության և ժամանակի, Նյութի և Տիեզերքի տեսական ուսումնասիրությունները գիտնականին բերել են այն եզրահանգման, որ նյութական Տիեզերքը ունի մի թագ` լուսապսակ, որը անսահման ինֆորմացիայի, հիշողության ու բանականության կրողն է: Մարդկային էությունը այդ դաշտի մի մասն է և "մահից" հետո, պահպանելով ինքնագիտակցությունը, դուրս է գալիս ֆիզիկական մարմնից և ձուլվում Տիեզերքի լուսե պսակին:
Հիմնարար ֆիզիկայի միջոցով դեպի Տիեզերական Բանականության`Աստծո գոյության տեսական հիմնավորումը – ահա գիտնականի անցած ուղին:
Հովհաննես Դավթյանը կարող է լինել այն խորհրդանիշը, որի կերպարի տված էներգիան կարող է առաջ մղել մեր գիտությունը:
Երբ որևէ գիտնական մտնում է հինավուրց մի վանք և նայում նրա երկնաթռիչ կամարներին կամ էլ բնության տաճարում նայում է աստղալից երկնքին, ապա նրա սրտի ու երևակայության մեջ գուցե շարժվում է ճշմարտության իղձը, բայց երբ նա վերադառնում է աշխատանոց` նորից կոպիտ նյութն ու նրա բաղադրիչները կալում-կապում են նրան և կասեցնում ոգու թռիչքը: Սակայն հայտնի է, որ աշխարհի խոշորագույն հայտնագործությունները արել են ներզգայական ճանաչողությամբ օժտված գիտնական-երազողները, որոնք ոգևորության վայրկանին, երբեմն էլ քնի մեջ` երազի միջոցով հանգել են անհրաժեշտ գիտական հանգուցալուծման: Այդ վեհ վայրկյանին գիտնականի անհատականության միջուկը, նրա միտք–զգացումը թողնում են նրա անձի` ուղեղ - կրթություն - աշխարհայացքի անձուկ տարածքները, սլանում ինքն իր էության խորքը, նրա միջոցով դուրս գալիս, կապվում Տիեզերքի գեոնային պսակին (Հ. Դավթյանի եզրույթով ) և այնտեղ տեսնում հիմնախնդրի միակ ճիշտ գիտական լուծումը, փնտրված բանաձևը, վերծանումը: Այդ վայրկյանին գիտնականի համար այս և այն աշխարհ չկա, նյութի և ոգու բաժանում չկա, նյութի գիտություն և ոգու գիտություն չկա.– այլ կա մեկ աշխարհ` Տիեզերքը, կա մեկ նյութ` Բացարձակը ածանցյալները` տարբեր ձևերի մեջ և կա մեկ գիտություն` անկանխակալ ու արարչական գիտելիք–մեթոդաբանությամբ զինված:
Ահա այս գիտնականը կարող է բարձրանալ ճանաչողության լեռը` հաղթահարելով բոլոր խութերը և հասնել վսեմ գագաթին: Իսկ այնտե¯ղ… Լեռան գագաթին քանի հազար տարի նրան արդեն սպասում են երկու հոգի: Արվեստագետը, որի ամեն ներշնչանքի պահը զրույց է Բացարձակի հետ, քանզի նրա գրած ամեն տողի, վրձնի հարվածի կամ ստեղծած մեղեդու մեջ իրեն արտահայտում է` գրում, նկարում, երգում է Բացարձակը: Եվ երկրորդ հոգին. լեռան գագաթին է Օծյալը, որին արդեն հազարամյակներ հայտնի են իրական գիտության ակունքներն ու օրենքները:
Ահա` այն երկիրը, որի մտավորականությունը կարող է իր գիտակցության մեջ ստանալ այսպիսի գիտնականի, արվեստագետի և Օծյալի գիտելիքի ու իմաստության համաձուլվածքը,- ահա այդ երկիրը կբռնի իրական առաջադիմության ուղին:
Երջանիկ լինենք, որ հայ գիտնական Հովհաննես Դավթյանի հանճարի խաչմերուկում հանդիպել են` Գիտությունը և Կրոնը, իհարկե` նաև Արվեստը, որովհետև նրա ամբողջ կյանքն ու գործը շնչում են արիությամբ և ներդաշնակությամբ:
Հեղինակ
Հովհաննես Կարապետի Դավթյանը ծնվել է 1911թ. ապրիլի 15-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, հողագործների ընտանիքում: Գյումրիի Խրիմյան յոթամյա դպրոցն ու Մանկավարժական տեխնիկումը ավարտելուց հետո նա 1931թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանը, այնուհետև կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում և 1936 թ. այն ավարտել է գերազանցության դիպլոմով: Մինչև 1939թ. աշխատել է Մոսկվայի նավթաբանության ինստիտուտի Ֆիզիկական քիմիայի ամբիոնում, որտեղ 1938թ. պաշտպանել է քիմիական գիտությունների թեկնածուական թեզ."Մոլեկուլների ասոցացիայի տեսություն" թեմայով:
1939-46թթ Հ. Դավթյանը աշխատել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտում, որտեղ զբաղվել է էլեկտրաքիմիական էներգիայի հիմնախնդիրներով և պաշտպանության ոլորտում կատարել է հույժ պետական գաղտնիք հանդիսացող գիտական աշխատանքներ: 1944թ. պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան: 1947թ. հրատարակել է "Վառելանյութի քիմիական էներգիան էլեկտրական էներգիայի ամիջական փոխակերպման հիմնախնդիրը" գիրքը: Այդ աշխատությունը աշխարհում առաջինն էր, որտեղ ներկայացված էին ջերմային էլեմենտների աշխատանքի տեսությունն ու տեխնոլոգիաները: Այդ աշխատանքների համար Հ. Դավթյանը պարգևատվել է "Կարմիր աստղ" շքանշանով: Պատերազմից հետո մեկ տարի աշխատել է Կազանում: 1946թ. ՀԽՀ ԳԱ նախագահությունը նրան հրավիրում Հայաստան: Հ. Դավթյանը հիմնում է ֆիզիկական քիմիայի լաբորատորիա, որը ծառայել է որպես բազաª ռադիոակտիվ իզոտոպների հարստացման և գազային խառնուրդների անջատման ընդհանրացված տեսության ստեղծման համար: Միաժամանակ քվանտային քիմիայի թեմաներով դասախոսում էր ԵՊՀ-ում: Նախանձախնդիր գործըկերների կոմից հալածանքների ենթարկվելով տեղափոխվում է Վիլնյուս, որտեղ ղեկավարում է տեղի համալսարանի ամբիոնը: 1953թ. ստանում է ֆիզիկայի պրոֆեսորի կոչում և հաղթելով մրցույթը ընտրվում է Օդեսայի համալսարանի ֆիզկական քիմիայի ամբիոնի վարիչ: 1962թ. հրատարակում է "Քվանտային քիմիա"` ԽՍՀՄ-ում առաջին նմանօրինակ դասագիրքը:
1968թ. Հ. Դավթյանը նորից հրավիրվում է Երևան: Շուտով թողնում է փորձարարական աշխատանքները և զբաղվում է տեսական ֆիզիկայով ու իմաստասիրությամբ: Նա ամբողջովին կլանված էր կյանքի ու մահվան, հոգու անմահության և բարոյագիտության մասին մտորումներով: Հանգուցյալ կնոջª Է. Մասյուկի հուղարկավորությունից հետո, գիշերը նրան երազում հայտնվում է մի Լուսավոր Էակ, տալիս է սպիտակ մի թուղթ, որի վրա գրված են եղել հավասարումներ: Առավոտյան Հ. Դավթյանը հիշողությամբ վերատադրում է այդ հավասարումերը, որոնց վրա աշխատելով` հետագայում պարզում է, որ դրանք արտացոլում են հարաբերականության համընդհանուը տեսությունը, որի մասնավոր դեպքն է համարվում Ա. Էյնշտեյնի տեսությունը: Ա. Էյնշտեյնի հեղինակությունը այնքան բարձր էր, որ ոչ մեկը այդ մասին հրապարակումներ չեր անում: Այնուհետև Գերմանիայում "Annalen der Phyzik" ամսագրում, որի խմբագիրը ժամանակին եղել է Ա. Էյնշտեյնը, տպագրվում են այդ հավասարումները: Այդ հավասարումներից բխում է այն հետևությունը, որ հնարավոր է Տիեզերքում գոյություն ունենա Գերբանականություն:
1972թ. Հ. Դավթյանը ամուսնանում է Է. Լալայանի հետ, որի հետ միասին գրում է "Գրիգոր Նարեկացու աշխարահայացքը" ծանրակշիռ աշխատությունը: Հ. Դավթյանը վախճանվել է 1990թ., չի ունեցել ժառանգ, սակայն թողել է եզակի կարևորություն ունեցող գիտական ժառանգություն:
Հ. Դավթյանի կատարած աշխատանքների մասին ծայրագույնս համառոտ տեղեկագրությունը կազմել է շուրջ 100 էջ, որը հրատարակվել է 2001թ. Երևանում "Հովհաննես Դավթյան" վերնագրով /ռուսերենով/:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Հ. Դավթյանի "Հիմնարար դաշտի տեսություն գրքից և ակնկալում ենք, որ կգտնվեն բարեգործներ, որոնց ֆինանսական աջակցությամբ հայերենով կհրապարակվեն Հ. Դավթյանի համաշխարհային գիտության փառավոր մաս կազմող բոլոր աշխատանքները: Նրա աշխատանքների պսակը "Հիմնարար դաշտի տեսություն"մենագրությունն է, որն ամփոփում է նրա աշխատանքները աշխարհակառույցի` տարածության և ժամանակի, նյութի և Տիեզերքի մասին:
Պատրաստեց Վահան Հարությունյանը
(Շարունակելի)