«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» ՉԵՂԱՎ
Երեկ Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւ նրան ուղեկցող չինովնիկները պողոտայով շրջելիս, հասնելով Թումանյան փողոց՝ շրջանցեցին բողոքի ցույցը, որը կազմակերպել էին այդ պողոտայի՝ իրենց տներից վտարված բնակիչները: Նրանց հայրենի ոստիկանները՝ կարմիր բերետավորների հետ միասին, արդեն աքցանի մեջ էին առել: Բայց ցուցարար մի տիկին՝ Ալվարդ Ավագյանը, փորձեց անվտանգության աշխատակիցների շղթան ճեղքել եւ մոտենալ Քոչարյանին: Տիկինն այնքան էր վրդովված, որ բարձրաձայն մի քանի «քաղցր» խոսք ուղղեց նրան ու նրա ուղեկցողներին: Դա լսելով՝ Ռոբերտ Քոչարյանը տեղում հրահանգեց. «Մի հատ դրան լռեցրեք ու տարեք էդտեղից»: Ոստիկանները գործի անցան՝ փորձելով «կարգի հրավիրել» բողոքավոր կնոջը: Այդ գործը ստանձնեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ վարչության պետ, ոստիկանության գնդապետ, «Բազազ» մականվամբ Ռոբերտ Մելքոնյանը, որը հանրությանը հայտնի է որպես հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունների ղեկավար: Բարեբախտաբար, այս անգամ «անզգույշ քաշքշուկ» չեղավ, ինչպես եղել էր «Պապլավոկում»՝ Պողոս Պողոսյանի հետ:




Մեջբերել