Խափանված շարժիչ. տեղացի քննադատի տեսակետը հետխորհրդային, սակայն խորհրդային հիշեցնող հայաստանյան իրականության մասին
Սուրեն Մուսայելյան
Մենք լսում ենք դա փողոցներում, հասարակական վայրերում, հեռուստատեսությամբ. «Այս առաջնորդներն ավազակների ոհմակ են»: Սակայն քանի՞ դժգոհ ձայն է հարցնում, թե որտեղից են այսօրվա տերերը հասնում գագաթ: Մեր միջից. այսօրվա պատգամավորը երեկվա գործարարն է, նախորդ տարվա խանութպանը, նախորդ տասնամյակի գրպանահատն ու դպրոցի կռվարարը…
Սա ավազակային կապիտալիզմի դարաշրջան է, երբ նախկինում Աբովյան փողոցում ապրանք վաճառողներն այժմ խորհրդարանի սրահներում օրինագծեր են վաճառում ժողովրդին:
Դժվար խորհրդային ժամանակներին` չճարվող ապրանքներով, հաճախորդների սպասարկման ցածր մակարդակով ու վիթխարի բյուրոկրատիայով, որ բնակչության մեծամասնությունը դեռևս հիշում է, փոխարինելու եկան հասարակությունը թալանելու «լավ ժամանակները», որոնցից շահում են միայն գիրացող հատուկենտները:
Խորհրդային տարիներին մենք չէինք էլ ակնկալում, որ հասարակ բաները պետք է արվեն: Հիմնական ապրանքներից բացի (իսկ երբեմն էլ նույնիսկ դրանք) ինչ-որ բան ճարելու համար պետք էր ջանք գործադրել: Հաճախորդների սպասարկումը Խորհրդային Միությունում ահավոր էր, սակայն խորհրդային սերունդը դա ընդունում էր որպես ինքնին հասկանալի:
Անկախացման առաջին տարիները բնավ մխիթարական չէին ժողովրդի համար, որն այժմ նայում էր Արևմուտքի հասարակությանը` ապրանքների առատությամբ ու հաճախորդների սպասարկման հղկված մշակույթով:
Հետագա անցումը շուկայական տնտեսության, որտեղ, ըստ դասական սահմանման, ընկերությունները, մրցակցությունից դրդված, ձգտում են լավագույն առաջարկ անել, դեռ պետք է նոր շունչ հաղորդի Հայաստանի կոմունիզմի դիակին: Այդ անցման հետևանքները զգում են ոչ միայն աղքատացած սոցիալական խավերը, որոնց հոշոտում են հարստություն դիզած արկածախնդիրները, այլև բնակչության միջին խավը, որն ավելի ու ավելի մեծ դժվարությամբ է փող վաստակում: Իսկ այդ ընթացքում աշխատանքի ու սպասարկման նկատմամբ խորհրդային մոտեցման «լավագույն ավանդույթները», կարծես, բարձր է պահում ազատ համարվող քաղաքացիների սերունդը:
Ճշտապահությունը երբեք չի եղել Հայաստանի միջին քաղաքացու արժանիքների շարքում: Եթե կենցաղում մշտապես ուշանալը կարող է առաջ բերել ընտանիքի անդամների ու բարեկամների նյարդայնությունը, ապա բիզնեսում ու ծառայություններում անճշտապահությունը տխուր հետևանքներ է ունենում հաճախորդների համար: Հասցված վնասը բազմապատկում է խաբեությունը, հատկապես, երբ նախօրոք վճարում ես ծառայության համար: Եթե ծառայության համար կանխաճարն առանձնապես չի խրախուսվում աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանում դրա հետևանքներն առանձնապես ցավալի են: (Սրանք, անշուշտ, ընդհանրություններ են, սակայն դրանց հիմքում ընկած են մեծաթիվ առանձին դեպքեր):
Վերջերս գործնական հանդիպում ունեի: Այն անձը, ում հետ պայմանավորվել էի, զանգահարեց հանդիպումից հինգ րոպե առաջ, որ հարցնի` կարո՞ղ ենք կես ժամ ուշ հանդիպել: Թերևս ես պետք է գոհ լինեի, որ նա գոնե զանգահարել է. սակայն նա գիտեր, որ հանդիպման վայր հասնելու համար ինձ մի 20 րոպե է պետք: Զանգը հանդիպումից 5 րոպե առաջ ենթադրում է, որ ես` իմ համերկրացիների մեծամասնության նման, պարզապես ժամանակին չէի գալու:
«Պրոբլեմ չկա» մոտեցման մեկ այլ բնորոշ օրինակ. Երևանում անցկացվող գիտաժողովին մասնակցող մի ուկրաինացի սփյուռքահայի հրավիրել էին ուղղաթիռով մեկնել Լեռնային Ղարաբաղ: Երբ եկել է պայմանավորված վայր, տեսել է, որ ինը տեղանոց ուղղաթիռով Ղարաբաղ մեկնելու են հրավիրվել ևս 24 մարդ: Գիտնականը հրաժարվել է մեկնել, սակայն ասել է, որ իրեն բնավ չի զարմացրել կատարվածը, քանի որ տեսել է Երևանի երթուղային տաքսիները` տակառի մեջ խցկված տառեխների նման ուղևորներով:
Այնպես որ, ես առանձնապես չզարմացա, երբ ավտոնորոգման ծառայությունը չպահեց խելամիտ` հնգօրյա ժամկետում մեքենաս նորոգելու իր խոստումը (իհարկե, գումարի մեծ մասը կազմող կանխավճարը ստանալուց հետո, ինչպես իրենք բացատրեցին` անհրաժեշտ պահեստամասերն ու նյութերը գնելու համար): Խոստացված առավելագույնը մեկ շաբաթը (ուշադրություն դարձրեք, որ հինգ օրն արագ փոխվեց մեկ շաբաթի) ձգվեց երկու շաբաթ այնպիսի անհեթեթ պատճառաբանություններով, ինչպիսին են «վատ եղանակը», «հոսանքի անջատումը», «պահեստամասերի ուշացած մատակարարումը» և նույնիսկ այնպիսի արտառոց բացատրություն, ինչպիսին է «ժամացույցը մեկ ժամ հետ տալը` ձմեռային ժամանակին անցնելու առնչությամբ» (ինչը, իրականում, նրանց մեկ լրացուցիչ ժամ էր տվել):
Վերջնական արդյունքը` նորոգված մեքենան, գոհացուցիչ էր, ծառայության գործընթացը` ոչ:
Սակայն երբ լսեցի բարեկամիս պատմությունը, իմ անախորժությունները խաղ ու պար թվացին այն բանի համեմատությամբ, ինչ նա ստիպված էր եղել «քաշել» ավտոմեխանիկ ձևացող մի խարդախի ձեռքից:
Բարեկամս, որն աշխատում է ճանապարհային ոստիկանությունում, կանխավճար էր տվել ու թողել ավտոմեքենան մեկ օրով մի աննշան անսարքություն վերացնելու համար: Հաջորդ օրը մեքենան վերցնելիս տեսել էր, որ տարածաչափի հաշվիչի ցուցմունքն ավելացել է` Հայաստանի ամենահեռավոր սահման ուղևորությանը համարժեք:
Ուստի պե՞տք է արդյոք զարմանալ, երբ խարդախությունը ծաղկում է ամենամեծ ներուժ ունեցող ոլորտում` քաղաքականության մեջ: Քանի՞ քայլ է անձնական նպատակով ուրիշի մեքենան առանց հարցնելու վերցնելուց մինչև հասարակությանը մոլորեցնելը:
Պատասխանատու ծրագրերով թեկնածուներն արագորեն դառնում են անպատասխանատու պաշտոնյաներ` մեր ձայները ստանալուց անմիջապես հետո:
Լուծումը, թերևս, այն է, որ փոփոխությունները պետք է սկսել ամենաներքևից և առաջին հերթին թույլ չտալ այդ սրիկաներից ամենաճարպիկներին իշխանության հասնել:
Քաղաքական գործիչները, որոնց մենք թույլ ենք տալիս, հաճախ մեր լուռ համաձայնությամբ, բարձր պաշտոններ զբաղեցնել, արագորեն մոռանում են, որ իրենց գործը իրենց վստահված ավտոմեքենան նորոգելն է և ոչ թե դրանով զվարճալի ուղևորության մեկնելը: Եվ մեր ձայները պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնեն նրանց, որ վաղ թե ուշ իրենք վերադարձնելու են ավտոմեքենան օրինական տիրոջը:
http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=2616&lng=arm&IID=1160




Մեջբերել
;
/կամ ասենք գտնվում ենք պատերազմի մեջ, և նոր շալվարի գնելու համար ոչ ժամանակ ունենք ,ոչ միջոց
/; 