Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: <<Ո՞նց եք համարձակվել դիմել մեզ>>

  1. #1
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք <<Ո՞նց եք համարձակվել դիմել մեզ>>

    «Ո՞ՆՑ ԵՔ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԴԻՄԵԼ ՄԵԶ»

    Շատ գործատուներ այսպես են պատասխանում հաշմանդամներին, երբ վերջիններս իրենցից աշխատանք են խնդրում:
    «Որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում անվասայլակին գամված լինելն ու սեփական մաշկի վրա գոնե մի քանի վայրկյան զգան այն անկարող ու հոգեպես ճնշված վիճակը, որ ապրում ենք մշտապես, թող ներկաները փորձեն անվասայլակով մի քանի աստիճան բարձրանալ»,- երեկ Հաշմանդամների միջազգային օրվա առիթով կազմակերպված ակցիայի ժամանակ հաշմանդամներն այս խոսքերով էին դիմավորում հրավիրվածներին ու առաջարկում հաշմանդամի սայլակով Թեքեյան կենտրոնի մուտքի ընդամենը 6 աստիճաններով բարձրանալ շենք: Թեքեյան կենտրոնում «Ունիսոն» հասարակական կազմակերպության միջոցառմանը հրավիրված էին նաեւ Ազգային ժողովի, նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Սակայն, բացի մի քանի հ/կ-ներից եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից, ոչ մի պետական պաշտոնյա հարկ չէր համարել ներկա լինելու միջոցառմանը: Նկատենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն էլ անվասայլակով շենք մտնելուն առանձնապես ուշադրություն չդարձրեց եւ իր ոտքով մտավ շենք: Մարդկանց հորդորելով հաշմանդամների հանդեպ ուշադիր լինել՝ Ա. Հարությունյանը հեռացավ:
    30-ամյա Շուշանիկ Նահապետյանն արդեն 17 տարի հաշմանդամ է ու առանց կողմնակի օգնության՝ ոչ մի քայլ ի վիճակի չէ անել: Իր իսկ խոսքերով՝ ոտքերին անվասայլակն է փոխարինում. «Ուզում ենք լիարժեք մարդ, ոչ թե բեռ լինել: Բայց ինչպե՞ս կարող ենք, երբ փողոցում մի մայթից մյուսն անգամ ինքնուրույն անցնելու հնարավորություն չունենք: Ամբողջ քաղաքում շինարարություն են անում, բայց մեզ համար 2 վեդրո ավազն ու ցեմենտն ափսոսում են, որ շենքերի մուտքերում կամ փողոցներում թեքահարթակներ կառուցեն: Ինչքա՞ն կարելի է ամբողջ կյանքում միշտ ինչ-որ մեկից կախված լինել»: Շ. Նահապետյանը դժգոհում էր նաեւ հասարակության վերաբերմունքից: Նրա ներկայացմամբ՝ մարդիկ մոտենում ու շատ ցավակցական հայացքով հարցնում են՝ ջահել, սիրուն աղջիկ ես, էդ ո՞նց ա պատահել, որ էդ վիճակին ես: Շուշանիկն «Առավոտի» հետ զրույցում պատմեց նաեւ, որ աշխատանք փնտրելիս էլ իրենք մշտապես շատ տհաճ ու վիրավորական վիճակների մեջ են ընկնում. «Շատ են դեպքեր լինում, երբ, ասենք, համապատասխանում ես իրենց պահանջներին, բայց ասում են՝ գիտես, շատ լավ մասնագետ ես, բայց էդ տեսքով քեզ չենք կարող աշխատանքի վերցնել: Հաշմանդամության համար մեզ ընդամենը 5900 դրամ թոշակ են տալիս: Բա եթե չաշխատենք, էդ գումարով ո՞նց ապրենք»: Նրա ներկայացմամբ՝ հաշմանդամները երազում են Եվրոպա մեկնել, քանի որ իրենց կարգավիճակի մարդկանց էնտեղ լավ են վերաբերվում, բարձր թոշակ են տալիս, իսկ խանութներ այցելելու կամ տրանսպորտից օգտվելու խնդիր ընդհանրապես չի լինում:
    Նշենք, որ ներկայումս Հայաստանում կա 156 հազար 800 հաշմանդամ, որոնց միայն 8%-ն աշխատանք ունի: Մեզ հետ զրույցում հաշմանդամները հավաստիացնում էին, որ Հայաստանի գործատուներն իրենց հետ շատ վատ են վերաբերվում, ու նույնիսկ զարմանում են, որ համարձակվել են դիմել իրենց: Ըստ նրանց, Հայաստանում միակ ընկերությունը, որ իրենց հետ լավ է վերաբերվում ու իր մասնագիտական պահանջներին համապատասխանելու դեպքում իրենց գործի է ընդունում՝ «ՎիվաՍելլն» է, որտեղ ներկայումս 10 հաշմանդամ է աշխատում: Գոհար Ստեփանյանը 2 ամիս առաջ է այդ ընկերությունում աշխատանքի ընդունվել: Նա շատ գոհ է թե՛ գործընկերների, թե՛ ղեկավարության վերաբերմունքից: Միայն դժգոհում է, որ աշխատանքի գնալիս տրանսպորտի հետ կապված խնդիրներ է ունենում, որի պատճառով երբեմն ուշանում է. «Երթուղային տաքսիներից կամ ավտոբուսներից օգտվելը, բնականաբար, բացառվում է, անվասայլակով բարձրանալու համար ոչ մի հարմարանք չկա: Տաքսի էլ որ զանգում ենք, գալիս են, մի վարորդ օգնում ու սուսուփուս տանում է, մեկն էլ ասում է, որ անվասայլակի տեղ չունի ու հետ է գնում»: Ստացվում է, որ հաշմանդամների տեղաշարժվելն ու աշխատանքի գնալն անմիջականորեն կախված է տաքսիների վարորդների բարեգթությունից: Ներկայումս շատ տաքսիների բեռնախցիկներում գազի բալոններ են տեղադրված, ուստի «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի պատմելով՝ վարորդները հաճախ բեռնախցիկում տեղ չլինելու պատճառաբանությամբ հրաժարվում են հաշմանդամներին տեղափոխել ու ավելորդ ջանք թափել՝ նրանց նստեցնել-իջեցնելու եւ սայլակը մեքենայում տեղավորելու համար: «Մտավոր հետամնացությունը վտանգավոր եւ վարակիչ չէ, սակայն միայն այն բանի համար, որ նրանք արտաքնապես մի քիչ ուրիշ են, վարորդներն արգելում են նրանց տրանսպորտ բարձրանալ: Կամ եթե տվյալ տաքսի ծառայության աշխատակիցները մեզ ճանաչում են, ապա անմիջապես խուսափում են մեր պատվերն ընդունելուց»,- ասաց Ա. Ալավերդյանը: Ըստ նրա, Հայաստանում հաշմանդամների անվճար բուժօգնության հարցը եւս լուծված չէ. «Հիվանդանոցում բժիշկներն անվճար դեղը տալիս են ու ասում, որ դա լավը չի ու չի օգնի, իսկ եթե ուզում ենք բուժվել՝ պետք է վճարովի դեղեր վերցնենք»: Ա. Ալավերդյանի ներկայացմամբ՝ «Պետության կողմից հաշմանդամներին անվճար տրամադրվող սայլակներն ու լսողական ապարատներն էլ խիստ անորակ են եւ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն էլ հետն են հանում»:
    Համաձայն «Հաշմանդամների իրավունքների միջազգային մոնիտոր» կազմակերպության երեկ հրապարակած զեկույցի, 14 երկրների մեջ հաշմանդամների իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը հինգերորդ, իսկ Թուրքիան՝ վերջին տեղում է: Սակայն «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի կարծիքով, մեր երկիրն այսքան լավ դիրքերում է, որովհետեւ ունենք հաշմանդամներին իրավական առումով պաշտպանող բոլոր օրենքները, բայց դրանք ձեւական են եւ գործնականում չեն կիրառվում: «Եթե այսպես շարունակենք խոսել ու ոչինչ չանել, ապա մյուս տարի ստիպված կլինենք համեմատվել ցուցակի վերջին տեղը զբաղեցնող Թուրքիայի հետ»,- կարծում է Ա. Ալավերդյանը:
    ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
    aravot.am

  2. #2
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. <<Ո՞նց եք համարձակվել դիմել մեզ>>

    Էհ... Կարդացի ու տխրեցի...
    Աշխատանքի ընդունման հետ կապված, կարծում եմ, ոչ մի զարմանալի բան չկա. նույնիսկ ոչ հաշմանդամ երիտասարդներն են հաճախ աշխատանքի ընդունվելու համար դիմելիս նման վատ վերաբերմունքի արժանանում ու մերժվում՝ ամենևին էլ ոչ իրենց գիտելիքների պակասի պատճառով, էլ ուր մնաց հաշմանդամները...

    Բայց գոնե շրջապատի մարդիկ կարող են, չէ՞, մարդկային վերաբերմունք ցույց տալ հաշմանդամներին։ Չէ՞ որ, ի վերջո, ոչ ոք ոչնչից ապահովագրված չէ։ Աստված չանի, մեզնից ցանկացածն էլ կարող է մի օր հայտնվել նույն կարգավիճակում... Միայն մտածելն արդեն սարսափելի է, չէ՞։ Իսկ նրանք արդեն այդ վիճակում են ու դատապարտված են մնալ այդպես մինչև կյանքի վերջ... Թող ամեն մեկը մտածի սրա մասին, փորձի գոնե որոշ չափով մտնել այդ մարդկանց վիճակի մեջ ու հնարավորության դեպքում օգնության ձեռք մեկնել։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  3. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. <<Ո՞նց եք համարձակվել դիմել մեզ>>

    Ամեն անգամ, երբ կարդում կամ առնչվում եմ հաշմանդամների հետ կապված խնդիրներին, սարսափում եմ: Ինչ ուշադրության, գթասրտության, վերաբերմունքի մասին կարող է լինել խոսքը, երբ այս հանրության, հասարակության մեջ անգամ միանգամայն առողջ մարդը չի ստանում այդպիսի վերաբերմունք և հաճախ չի էլ կարողամում դիմակայել հասարակական դաժան վերաբերմունքին: Ոչ խելոքն ու տաղանդավորը, ոչ գեղեցիկն ու հաջողակը` գրեթե ոչ մեկը, բացառությամբ իր ամենամտերիմ մարդկանցից, "շանս" չունի մեղմ և կարեկից, առավելևս ջերմ մարդկային վերաբերմունքի, մեկ քաղցր խոսքի, հայացքի կամ ժպիտի: Ուր մնաց հաշմանդամ կամ անհաջողակ` "կյանքը տանուլ տված" մարդը. ըստ էության, եթե անկեղծ լինենք, մենք ունենք հասարակական հոգեբանության և վերաբերմունքի ընդամենը երկու "գույն"` կամ կեղծ և ստրկական հիացմունք և ստորաքարշ ծառայություն հաջողակի նկատմամբ, կամ գոռոզ ու մեծամիտ, արհամարհական վերաբերմունք կյանքում ակնհայտ սոցիալական հաջողություններ չարձանագրած մարդու նկատմամբ: Ահա ամբողջ զգացմունքային ներկապնակը` հազվադեպ բացառություններով:
    Շատ տխուր պատկեր է մարդ տեսակի համար, մարդկային կոչվող հասարակության համար: Իհարկե, ոչ միայն մեզ բնորոշ. կարծում եմ, ժպտերես արևմուտքն էլ իր մարդասիրության մեջ անկեղծ չէ; իսկ վերջերս Մ. Ուլյանովի հարցազրույցում հասարակական հոգեբանության ընդհանուր գնահատականը այսպես հնչեց." Ты на троне- я дурак, Я на троне- ты дурак": Այնպես որ, խե~ղճ հաշմանդամներ, ինչ սպասումներ կարելի է ունենալ մարդկանցից, եթե, ինչպես ճշգրտորեն նկատել է Թումանյանը` "դեռ երկար է մինչև մարդը իր ճամփան":
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 05.12.2007, 11:18:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. #4
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. <<Ո՞նց եք համարձակվել դիմել մեզ>>

    Ազգի ինքնասպանությունը նրա կենդանականության մեջ է սովորաբար լինում: Այդ կենդանականության դրսևորում է նաև վերոնշյալ լուրը:mad:

  5. #5
    Գրածս կարդա Փայլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2007
    Գրառումներ
    48

    Լռելյայն արժեք Re. <<Ո՞նց եք համարձակվել դիմել մեզ>>

    Գի՞տեք ինձ ավելի շատ հուզում այն խնդիրը, թե ինչո՞ւ ենք հաշմանդաներին առաձնացնում սովորական մարդկանցից: Տեսնենք հոդվածի սկիզբը. Որքան դաժան էր նկարագրված հաշմանդամի սայլակին մոտիկացող մարդու ապրումներն ու ընդհանրապես՝ սայլակը: (Մի անգամ հաճախել էինք մի մարդու, ով հաշմանդամ էր: Սուրճ էր ուզում մեզ հյուրասիրել, ես էլ տեսնելով իրեն սայլակին նստած, ինձ թվաց, թե ես պետք է սուրճ պատրաստեի: Իմ այն հարցին. «Որտե՞ղ է ձեր սուրճը»,- նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ»: Խոստովանում եմ, որ սա իմ կյանքի եզակի դեպքերից է եղել, որ նման պարզ, միևնույն ժամանակ՝ բարդ հարցի չեմ կարողացել պատասխանել: ) Ես համաձայն եմ, որ դյուրին բան չէ սայլակին նստելը, բայց այնքան էլ սարսափելի չէ: Շատ ավելի սարսափելի է նման նկարագրությունը: Այ օրինակ, եթե ես հաշմանդամ լինեի ու կարդաի այս հոդվածը, ինձ թվում է՝ եթե մի ժամանակ է եղել, որ մտածել եմ ապրելու մասին, կսկսեի դա էլ չմտածել: Պետք է չէ երևույթներին այդքան ծանր տեսք տալ, նրանք էլ մեզ նման մարդիկ են, իսկ նրանց առջև ելած խնդիրների առջև պայքարելուց առաջ, պետք է պայքարել մեր մտածելակերպի դեմ, որովհետև հենց մեր՝ բռանցքամարտիկի կեցվածք բռնած մտածելակերպն է ավելի շատ դժբախտեցնում հաշմանդամին, ոչ թե՝ սայլակը:
    Վերջին խմբագրող՝ Փայլ: 05.12.2007, 21:09:
    Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •