Սիրելի Ֆորում, ներկայացնում եմ մի շարք,որը գրեթե անտիպ է: Գարնան ակնթարթի մեջ`հավերժի և հայրենիքի զգացումը.


ՈՒՇԱՑԱԾ ԳԱՐՈՒՆ



1. ԱՌԱՎՈՏ

Առավոտյան երեք եղբայր արթնացան,
Արևելքից բխեց լույսը հորդառատ,-
Ճաճանչ ծովում եղբայրները լողացան`
Արա լեռը, Արագածն ու Արարատ:

Մի ամպ պոկվեց Արա լեռան կատարից,
Արագածին գարնան լուրը նա տարավ.
Մի ճառագայթ Արագածի ձյուներից
Գարնան լուրով դեպի անհունը թռավ:

Արարատը` հագած արև ու մշուշ,
Փայլեց ձյունով հավերժական անաղարտ,-
Եվ ցնծացին եղբայրները երկնասույզ`
Արա լեռը, Արագածն ու Արարատ:


2. …

Արևների միջով, արևների միջով
Մոտենում եմ ահա ձյունած Արարատին,
Հասնում այգիների և դաշտերի միջով
Հրաշափառ լեռան ստորոտին:

Ցնծուն լույս է իջել և Հայկական Պարին,
Ու թևաբաց լեռներ – որպես երամ անքուն,
Մի պահ վար են իջել այս հին ճանապարհին,
Որ հեռանան դեպի... օտարություն:

Բայց այլ հայոց լեռներ - որպես դետք ու պահակ,
Հսկում են պահը սուրբ արդար մեր հարության,
Եվ դաշտն Արարատյան` լույսի մի սկահակ,
Շնչում է հույսով և խաղաղությամբ:

Դաշտում լույսը ծփում ու ծավալվում է վեր,
Ելնում, դուրս է թափվում կապույտ սկահակից
Եվ հասնում է հեռու - որպես անխաբ նվեր
Վաղ գարունը ապրող հայրենիքից:

3. …

Նորից բացվեցիր, հայրենի գարու'ն,
Նորից փայլեցիր, ուշացա’ծ արև,-
Ապրելու հույս եք այս հողին բերում
Եվ նրա ոգուն` հին ու հանճարեղ:

Ձեր հավերժական շրջապտույտում,
Ձեր ամենահաս լույսով անաչառ
Տեսել եք այստեղ և կյա'նք, և խնդո'ւմ
Եվ որոգայթներ` կործանիչ ու չար:

Ապրում է այստեղ մի բեկված հանճար`
Իր խոհուն ու հեզ շողարձակումով,
Պատգամաբեր է այստեղ ամեն քար
Իր ապրած փառքով կամ իր անկումով:

Հողին այս հոգնած, դաշտերին անփայլ
Փռվում է նորից կապույտ կախարդանք,
Հայրենի երգն է հնչում տիրաբար`
Կյանքի կոչելով ավիշները թանկ:

Խամրած դաշտերը կծաղկեն շուտով
Ինքնարարչության հրաշքով ներհուն.-
Քանզի եկել ես` մայրական խանդով`
Ըղձալի~ գարու'ն,ուշացա~ծ գարու'ն:


4. …

Օրը մթնեց ստվերներից ամեհի,
Փաթիլները իջան հողին վայրապար,
Մի սառցադեմ ու անծպտյալ թշնամի
Ուզեց ծածկել ծաղկած դաշտ ու ճանապարհ:

Եվ նորածիլ սիզախոտին նստեց ձյուն,
Ակնթարթում կանաչները ծերացան,
Ծաղիկները թախանձեցին գթություն,
Եվ ծառերը խոկացին լուռ ու անձայն:-

Մի իջի~ր ձյուն, ցրվե~ք, մշուշ ու տագնապ,
Քամուն ավար` այլ հանգրվան ձեզ գտե'ք,
Մի~ ըղձացեք անժամանակ ծաղկաթափ,
Հայրենիքիս գարունը մի~ ընդհատեք:

Թող շրջանը ինքնհոլովվի անխաթար,
Թող մայրություն իջնի թփին ու ծառին.-
Մեր պտուղը հավերժական ու արդար
Շռայլորեն կբաժանենք աշխարհին:


5. …

Ծիրանի' ծաղիկ, սպիտա'կ ծաղիկ
Բացվեցիր գարնան արևի դիմաց,
Մեղուն քեզ համար հորինեց խաղիկ,
Անամպ երկնքից ցողիկ իջավ ցած:

Բայց եկավ գիշեր, և ցրտեց այգին,
Մի սիրուն ձյունիկ թերթիկդ գրկեց,-
Ա~խ, անսիրտ ձյունի'կ, ուշացած ձյունի'կ.-
Նա մութ գիշերին քեզ կյանքից զրկեց:

Էլ չես տեսնելու արևը գարնան,
Էլ չես լսելու ոչ ձայն, ոչ տաղիկ,
Քնքուշ ժպիտդ ինչպե՞ս մոռանամ,
Ծիրանի' ծաղիկ, սպիտա'կ ծաղիկ:

6. …

Վազը արդեն լաց է լինում`
Հարս է գնալու,
Բողբոջ- բողբոջ արթնանում`
Մայր է դառնալու:

Արև-փեսան` արբած ու թեժ,
Նրան է նայում,
Մեկ ծակում է շողերով կեզ
Ու մեկ փայփայում:

Իմ շուրթին սառ արցունք կաթեց`
Անուշ համբույրով,
Եվ արևը խանդից մթնեց`
Ծածկվեց ամպերով:

Ինձ մի' խանդիր, գարնա'ն արև`
Իմ վազն եմ ուզում,
Նա էլ` կանաչ իմ մանկան հետ,
Ինձ է սպասում:


7. …

Գարնան արև - գարնան տապ,
Անհուն երկինք - անհուն գութ,-
Ծիրանիներ ծաղկաթափ`
Ծաղիկների մայրամուտ:

Մի մանկամարդ դեղձենի
Այգում ծաղկել է մենակ,-
Փայլեց ի մեջն ամպերի
Մայրամուտի արեգակ:

Կրակ-հրակ շողերով
Արև ցանեց ծառերին,
Սարսուռ-սարսուռ դողերով
Պտղավորվեց դեղձենին:

Սիրուց խամրեց, գունատվեց,-
Օ~, մայրության դժվար ափ,
Զարդ-զարդարանքը թափեց,-
Օ~, երջանիկ ծաղկաթափ:

8. …

Ես մի այգի գտա
Ձորում Հրազդանի,
Գարնան տաճար մտա
Սրտում Հայաստանի:

Աշտանակներ կանաչ
Եվ վարդագույն մոմեր,-
Կոկոններն այս քնքուշ
Ո՞վ է բերել նվեր:

Մի ուխտավոր գարուն`
Արևալից ծոցով,
Այս մոմերը կայրի
Ճերմակալույս բոցով:

Նորից կգամ այստեղ
Ծաղիկները տեսնեմ,
Պտղավորման անհուն
Շարականը լսեմ:

Այսօր այգի մտա
Ձորում Հրազդանի,
Սիրո տաճար գտա
Սրտում Հայաստանի:

9. …

Քանի~ գարուն է բացվել
Հայացքի տակ արևի
Հավերժական ափերին
Հավերժական ջրերի:

Ալիքներով սանձակոծ,
Գոչյուններով խոլական,
Գարնան ջրերն են գնում
Դեպի անհայտ ապագան:

Ո'չ սիրտ ունեն կենդանի,
Ո'չ լեզու են հասկանում,
Եվ ցավ, և խինդ մարդկային
Գալիս, քշում են, տանու~մ:

Մի հնամյա ժողովուրդ
Հասել է այս եզերքին,
Գարնան գետին է նայում
Երազներով անմեկին:

Ոսկեղենիկ իր լեզվով
Նույն աղոթքն է մրմնջում,
Եվ չգիտե, թե արդյոք
Ջրերը ու՞ր են կանչում:

Մի հին ճամփորդ է կանգնել`
Ծանր բեռով դարերի,
Հավերժական ափերին
Հավերժական ջրերի:

10. ԱՅԳԻՆ

Աղմուկներից ահավոր,
Հոգնությունից օրերի
Եկա շնչեմ նորից–նոր
Բույրը քո թաց ծառերի:

Կանաչ պտուղդ տեսնեմ
Փարած կարմիր արևին,-
Ի՞նչը կարող է հասնել
Այս վայելքի ժամերին:

Քո մեջ չկա, իմ այգի',
Իմ մոլորակ հեռավո'ր,
Ո'չ մանրություն մարդկային,
Ո'չ չարություն դարավոր:

Մարդիկ քեզնից հեռացել,
Ապարանքդ թողել պերճ,
Երկնի մեջ են մխրճել
Օթևաններն իրենց խեղճ:

Նրանք հոգնած ու հլու,
Աղմուկներից ցավագար,
Շուտով կգան ըմպելու
Լռությունդ անսպառ:

Բայց շատերը չեն հասնի
Քե'զ, իմ հեռու մոլորակ,
Ինքնամերժման խարույկում
Կդառնան ցավ ու կրակ:

Եվ նվազած գետի պես,
Մի նվազած մարդկություն
Անապատով կգա քեզ`
Գտնի հույս ու փրկություն:


11. ԳԱՀԸ

Նստեցի իմ այգու քարին`
Հոգիս անդո~րր, խաղաղվա~ծ,
Քարի վրա, ինչպես գահին`
Դարձա արքա ու աստված:

Ամեն ծաղկից, ամեն ծառից,
Թախանձեցի ես շնորհ,
Եվ երկնեցի ես բերկրալից
Հրովարտակն իմ սիրո:-

- Ծիրանիներ մշտախոնարհ,
Ծաղկե~ք այդպես ակնաթով
Եվ աշխարհը անհաշտ ու չար
Լցրե~ք սիրով ու գութով:

Շռա~յլ եղեք լույս բաշխելիս`
Արևի պես անաչառ,
Քանզի ձեր դեմ հավասար են
Եվ մի հովիվ, և հանճար:

Կանչե~ք մարդկանց` հոգնած ու որբ,
Անձուկներից կեցության,
Կանչե~ք մարդկանց և չար, և սուրբ
Այս հանդեսին գթության:


Կանչեք բոլոր հոգիներին`
Նվաստացած, խռոված,
Թող գան, նստեն այգուս քարին`
Դառնան արքա' ու աստվա'ծ:

12. …

Այրվել է ծառը, զոհվել է ծառը,-
Կայծակն է հատել կամ մարդ-թշնամին,
Մահերգությունն է ցնցել աշխարհը,
Եվ հանգչող հուշը տարել է քամին:

Բայց որպես վրե'ժ, որպես հաղթանա'կ
Շողարձակել է մի կանաչ ցողուն,
Այրված բնի մոտ կանգնել է մենակ,
Բայց դեռ փխրուն է, ու սիրտն է դողում:

-Իմ կանաչ ցողու'ն, իմ երկրի մանու'կ,
Ինչքա~ն դալար ես, ի~նչ շնորհագեղ,
Բացի'ր աչքերդ` բողբոջներդ նուրբ -
Շուրջդ ծաղկում է գարունը շքեղ:


Մի' մտահոգվիր, թե ինչ կբերեն
Գետը փրփրած, երկինքն ամպամած,-
Կյանքը պարգև~ է, աճու~մ ես արդեն
Անհայտ գալիքի, տարերքի դիմաց…

13. …

Արևի մեջ լուծվեցի,
Դարձա ոսկյա ճառագայթ,
Բողբոջի հետ հունցվեցի`
Բացվեց ծաղիկ առագաստ:

Նրա քնքուշ թևերով
Հավերժի մեջ սուզվեցի,
Նրա ճերմակ թրթիռով
Աստղերի հետ խոսեցի:

Արևի պես իմ երկրի
Ուրիշ արև չգտա
Եվ իմ այգուց գեղեցիկ
Այլ հրաշք տեղ չմտա:

Եվ ոչ գաղտնիք հանդիպեց`
Խորունկ` մարդու սրտի պես,-
Սերս տեսա անվախճան,
Ինձ անսպառ տեսա ես:

14. …

Ծաղկած այգի ես մտա
Զավակի հետ իմ զվարթ
Եվ ապրեցի այդ պահին
Անհուն սիրո ակնթարթ:

Ծաղիկները մեղմալույս
Կպել են կոշտ ճյուղերին,
Ինչպես մանուկն իմ անուշ
Իմ խոնջացած թևերին:

Այգու տեսքով խենթացած`
Թոթովում է երջանիկ.-
Հավերժի դեմ աչք բացած
Քնքուշ, փխրուն մի ծաղիկ:

15. …

Այս գարնանն այնքան սպասել եմ ես`
Թող շուտ չթափվի ծաղիկը վառման.
Կանգ ա'ռ ժամանակ, մի թռչի~ր այդպես`
Գարնան խենթացած ջրերի նման:

Երկրորդ գարունն է իմ անուշ մանկան,-
Զավակս տեսավ աշխարհն հայրենի,-
Ինձ համար հողը, այգն ու լուսնկան
Չեն եղել երբեք այսքան սիրելի:

Փոքրիկ թևերով ուզում է թռչել,
Հավաքել լույսի ոսկին ցանուցիր,-
Ի~նչ շռայլ բախտ է` որդուս հետ շնչել,
Ըմբոշխնել երկրիս հմայքը անծիր:

Պահը հրաշք է - օրն անվերջություն,
Գիշեր ու ցերեկ` կախարդիչ շրջան,-
Թող այս գարունը լինի խնդություն,
Լինի անվախճան, լինի անվախճան…

…Բայց արևն ուրիշ օրեր է բերում,
Հասնում է նորից պտուղը վառման,
Եվ ժամանակը թռչու~մ է, սուրու~մ
Գարնան խենթացած ջրերի նման:


16. …

Փայլեց արև, գարուն եկավ,
Բայց ինչո՞ւ է մեղուն լռում.
Համերգ չկա ու երգ չկա`
Լռությու~ն է այգիներում:

Մի ելուզակ, մի խավար ցեղ`
Դաժանությամբ քոչվորների,
Եկել հեռվից, հասել այստեղ`
Մահ է բերել մեղուներին:

Պղծել նրանց տները սուրբ,
Աղտ է խառնել մեղրահացին,
Մարմինները խոցել է նուրբ
Իր բնազդով խավարածին:

Ու երբ այգիս մտա նորից`
Լռությունը իմ դեմ ելավ,
Տագնապ շնչեց ամեն ծառից,
Ամեն ծաղկում տեսա ես ցավ:

Ճերմակ հագած խնձորենին
Հարսնություն ու սեր է տենչում,
Բայց ո՞վ տանի ծաղկափոշին,-
Հարսանեկան պար չի հնչում:

Ձայն տու'ր, այգի'ս, ինչու դարձար
Խուլ, անբարբառ մի արթնություն,
Անշարական, անձայն տաճար,
Կողոպտյալ երգերի տուն:

Իմ ծաղիկնե~ր, սիրո փոշին,
Թող չկորչի` լուռ ու խոնարհ,
Քամու շնչով, հողմի շնչով
Հասե~ք, գտե~ք, սիրե~ք իրար:

Ձայն տու'ր, այգի'ս, ապրի~, հուսա~
Քո դարավոր երազի հետ,
Մի դավադիր փորձանք է սա –
Կգա օրը` կանցնի անհետ…



17. …
Ռուս բանաստեղծ
Սերգեյ Գորոդեցկու հիշատակին

Մի օր մենք թողեցինք և հայրենիք, և տուն,
Մեր դաշտերը հղի, մեր լճերը ագաթ,
Եվ մեր քարավանը` լքյալ մի սրբություն
Ուղևորվեց երկինք կամ անապատ:

Եվ ի'նչ մնաց այնտեղ` ինչպես այսօր հիշեմ,
Որ չմթնի հավետ վիրավոր սիրտը իմ,-
Տներ ու այգիներ ու երգասաց ջրեր,
Եվ խեղճացած շներ հավատարիմ:

Պտղավորվե՞ց արդյոք հայոց խնձորենին,
Եվ ծանրացա՞ն բերքով բյուր այգիները մեր.
Միթե հասու չեղան, որ մենք այնտեղ չէինք,-
Օ~, միամիտ ծառե~ր, անձնապաստան ծառե~ր:

Թե ինչ եղավ հետո և ինչպես է հիմա,
Երբ գարունն է բացվել հայրենական անհուն,-
Թառամեցի՞ն արդյոք լքված սիրո նման,
Թե՞ խշշում են արդեն մի նոր տիրոջ անուն:


Ինձ մի լուր ուղարկեք նորեկ այս գարնան հետ.
Ո՞վ է ձեզ շշնջում փաղաքշական բառեր,-
Թե չգիտե~ք լեզու, թե մեզ չե~ք կարոտել,-
Օ~, միամիտ ծառեր, օ~, դավաճան ծառեր: