Ինքնաճանաչումը չափազանց բարդ խնդիր է, այն ուժեղ և հասուն հոգիների համար է, մանկան առջև կյանքը երբեք այսպիսի խնդիր չի դնում, հասուն մարդուն էլ դժվար է պատկերացնել առանց ինքնազննման, ինքնաճանաչման և ինքնաուղղման ջանքի: Ահա մենք էլ եկանք այն եզրահանգմանը, որ մեր ազգ-ժողովուրդ հավաքականությունը դուրս է եկել մանկական տարիքից, այս պահին իր հոգեբանության, մտածելակերպի մեջ բավականաչափ սխալներ է կրում, որոնք խաթարում են յուրաքանչյուրի և միասին բոլորի կյանքը, դրանց շտկման կարիքը ունի և ունի հասուն հոգիների այն քանակը, որը հնարավոր է դարձնում այս աշխատանքը:
Անմիջական առիթը, սակայն, եղավ Լարս ֆոն Թրիերի փայլուն ֆիլմը`"Dogvil"; ամբողջ խորությունն ու իմաստությունը այդ ֆիլմի յուրաքանչյուրը ինքը կարող է "քամել", սակայն մեզ համար զարմանալին այն էր, որ հանճարեղ ռեժիսյորը տեսել էր այն, ինչ բնորոշ է համայնքային հոգեբանությանը, նրա վերաբերմունքին իրեն "ծառայող" Grace-ների նկատմամբ: Այդ պատմությունը այնքան զարմանալի աղերսներ ուներ մեր սեփական ապրումների և մեր ստացած "վերքերի" հետ, որ մնում էր միայն զարմանալ, թե մի՞թե դա ունիվերսալ երևույթ է: Ահա այս տպավորություններից է ծնվել "Դոգվիլ" դառը. գրոտեսկային, սակայն դաժանորեն ճշմարիտ էսսեն: Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ վկայել, որ այն բացառիկ ճշգրիտ է արտահայտում ոչ միայն դեպքերն ու իրադարձությունները, այլ դրանց հենքը կազմող ամբողջ հոգեբանական սպեկտրը: Որքան էլ դառը լինի դեղը, այն կյանքի համար անհրաժեշտ է, մեր ժողովրդին "ստանդարտացման" ցավից փրկելու միջոց է: Մի խոսքով, պետք է կուլ տալ, բայց ավելի լավ է սիրով ու հույսով խմել, վստահ լինելով, որ նշանակումը կատարված է ազգ- հիվանդին սիրող և նրան կյանք ու առողջություն ցանկացող Բժշկի կողմից:
Լ. Դռնոյան. Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ…ձեր տգիտության աչքը հանելու.
Հարգելի ընթերցող
Քեզ եմ ուղղում « Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու » էսսեն։ Այս գործը գրվել է այն օրերին , երբ Հայաստանի ժողովուրդը ընտրությունների միջոցով իր համար ճանապարհ էր փնտրում։ Հարյուրավոր հավակնորդներ և ավելի քան երկու տասնյակ կուսակցություններ ասում էին Հայաստանին. «Մենք տեսնում ենք քո ճանապարհը, արի՛ մեզ հետ»։
Իսկ ես՝ մեկ հատիկ հայս, ասում եմ Հայաստանին՝«Քո աչքերը կապած են, քո ականջները խուլ են, քո գիտակցությունը մթագնած է.– արթնացի՛ր, և այն ժամանակ միայն կարող ես ընտրություն կատարել … »
Հարգելի ընթերցող, աշխատության ամեն տողը ծնվել է կենսափորձից ու սիրուց։ Եթե այն քեզ շատ կոշտ կթվա, ապա իմացի՛ր. բժիշկ–ապաքինողս լավ եմ ճանաչում իմ այս հիվանդին՝ հայ ժողովրդին. – երկրպագության հասնող սիրով ասված՝ մի քանի հատոր խոսքս նրան չի հասել, ստիպված եմ Մշո դաշտի շինականի պես՝ մի յոթհարկանի «հիշոցքով» նրա քնած էթիկան արթնացնել։
Այսքանը՝ որպես նախաբան։ Վստահում եմ քե՛զ, ընթերցո՛ղ, բայց հոգով ծույլը թող չկարդա այս աշխատությունը։
Լևոն Դռնոյան
Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ…
ձեր տգիտության աչքը հանելու
Քեզ եմ ձոնում` Դոգվիլ- Հայաստան
Եվ այսպես, ահա ես -25 տարի ստեղծագործական
աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան
հերկելուց հետո` ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը
- մենա՜կ ու հալածական` պոետ աքսորյալ սեփական
հայրենիքում` հերկի եզերքին հայրենական երգի`
ամայացած դաժանագույն եռանդով սեփական
նախարարների ու պետերի` հայրենի երգակիցների
դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո
Եղիշե Չարենց
«Զվարթ Գիտություն» 1937, 28.03 գիշեր
Ներկա Հայաստանի էթիկական անկման նմանությունը
տեսա Լարս Ֆոն Թրիերի «Դոգվիլ» հանճարեղ ֆիլմում,
և այսուհետ, Հայաստան, մինչև քո արթնացումը և
ինքնամաքրումը՝ դու ինձ համար կմնաս որպես
Դոգվիլ –Հայաստան
Հեղինակ
Եվ ահա ես էլ` աշխատավորս Հայաստան կոչվող երկրի, այդ երկրին պատած գիշերվա մեջ, տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը – 30 տարվա ճանապարհն ընտանիքիս` կաթնահոտ բարուրների հրճվանքի տարիներից մինչև մի ծանր, եղերական հոգնություն և 15 տարվա ոգորումն ընտանիքիս – հայրենի փլուզվող աշխարհում կերտելու գիտության ու կրթության բարձունք` հանուն մարդու, ազգի և պետականության առողջության –չստացած դրա դիմաց որևէ պտուղ ու քաղցրություն, այլ միայն լեղի ու դառնություն վաստակած:
1991-ին` այն ժամանակ, երբ Հայաստան էր մտնում միջազգային բարեփոխիչը` մասնավորեցնելու մեր ամբողջական տնտեսությունը, ալգորիթմացնելու մեր գիտությունն ու մտածելակերպը, թեսթավորելու մեր կրթությունն ու գիտելիքը,– ահա այդ նույն ժամին ճակատագիրը բժիշկ-մարդաբաններիս առջև դրեց ուղիղ հակառակ մի նպատակ – ֆիզիկական մարմնի ճանաչողությունից գնալ դեպի միասնական մարդու` մարմին-հոգի-ոգի եռամիասնության ճանաչողություն, քիմիական դեղորայքից` դեպի Բնության ապաքինող արվեստը, մասի գիտությունից` դեպի Ամբողջի գիտությունը, մաս-առարկաների կրթությունից` դեպի Ամբողջի ու Կյանքի կրթությունը:
I
Ընտանիքով, ոգեշնչված մեր հայրենիքի անկախությամբ ու ապագայով, Ազատության հրապարակից գնացինք աշխատասենյակներ` այդ ապագան կերտելու: Մեր թիկունքին էին հայ կյանքը և մշակույթը, մեզ առաջնորդում էին մարդկության իմաստության աղբյուրները, մեզ հետ էր հավատը Հայաստանի այն ժամանակվա առաջնորդների հանդեպ:
1991-ից արդեն աշխատանքի երեք ուղղություն վերցրեցինք.
- Ստեղծել ազգային առողջ ապրելակերպի կրթական համակարգ, կրթել երեխային և ընտանիքը, առողջացնել հայ մանուկ սերունդը, ֆիզիկապես և մշակութապես առողջ պահել նրան: Եվ ստեղծեցինք այդ կրթության գործող մանրակերտը. կանցնեն տարիներ, 2006-ին մեր գործը կհամեմատենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամերիկյան աղբյուրների հետ և կփաստենք, որ առնվազն տասը տարի կանխել ենք Եվրոպային և ԱՄՆ-ին և որ Հայաստանը ծանրակշիռ հարստության տեր է:
- Ստեղծել նոր բժշկության գործող մանրակերտը, որը կսինթեզի Արևելքի և Արևմուտքի բժշկությունները, առողջարարական դպրոցները և ներկա բժշկագիտությունը, ինչը հնարավորություն կտա մի նոր, արդյունավետ առողջապահություն հիմնել Հայաստանում: Այդ մանրակերտը ստեղծվեց, այն կարող էր այսօր ներդրված լինել և երկրի անկախության հզոր գործոն դառնալ:
- Պետականությունն էլ մարմին է ու հոգի, կարիք ունի խնամքի, օգնության, առողջաց ման, - տաս տարվա ընթացքում մշակեցինք նոր որակի պետականության ստեղծման տեսությունն ու գործելակերպը, հիմնեցինք գիտության նոր ճյուղ` պետականության էկոլոգիա և միջազգային ասպարեզ հանեցինք։
Մենք տեր էինք դառնում մի Զվարթ Գիտության. միթե պոեզիա չէ այն գիտությունը, որն իր մեջ միաձուլում է նյութն ու ոգին, հողն ու հուրը, տեսանելին ու վերանցականը, գիտությունն ու արվեստը...
Այս գործն անում էինք մի անվերջ միամիտ-մանկական հավատով, որ հայրենիք ունենք` իմաստուն ու անձնազոհ առաջնորդներով, Շարժման սերունդ ունենք, ադամանդյա-անբեկ մշակույթ, գյուղական ու քաղաքային առողջ համայնքներ և վերջապես` անկախ պետականություն ունենք - հազարամյա մեր իղձը: 1993-ին տեղափոխվեցինք կրթական համակարգ. հրաշալի կլինիկական դպրոց անցած բժիշկ-սրտաբաններս թողեցինք մեր սրտին սիրելի սրտաբանությունը և իջևանեցինք Երևանի ծայրամասի` կտուրը ծակ մանկապարտեզ-դպրոցում, տաս տարի ոգորեցինք ու պայքարեցինք, դատարանների դռներ գնացինք` հայ մանկան երեսը տեսնելու, նրան առողջ սնունդ և առողջ մշակույթ հասցնելու, ապագա հայ ընտանիքի հորն ու մորը` այսօրվա տղեկին ու աղջկան կրթելու համար: Եվ թե դժվարություն էր պատահում ճանապարհին` կապում էինք ժամանակի, սոցիումի, այս կամ այն մարդու հետ, բայց ոչ երբեք քեզ հետ` մեզ ծնած ու սնած ժողովուրդ:
Եվ միշտ կարծում էինք, թե դու` հայ ժողովուրդ, մի պայծառ, անթերի, անբիծ ամբողջություն ես, որ դու անստվեր ես, և ստվեր ունեն միայն քո զավակները: Որ դու անդավաճան ես, և դավաճան կարող են լինել քո առանձին զավակները: Որ դու բարձր ես ու անեղծելի, և ընտանիքով քեզ պետք է ծառայենք: Սիրելի կնոջս` հավատարիմ զինակցիս և փայլուն բժիշկ-սրտաբանի ու առողջագետի ձեռքը բռնած` մտանք հայոց կրթության, առողջապահության ու մշակույթի դաշտ` ստեղծելու և ծառայելու համար:
Եվ միշտ սպասում էինք, հայ ժողովուրդ, որ եթե քո այսինչ զավակը մերժեց նոր ստեղծված կյանքի ծիլը` մի օր դու կուղղես նրա սխալը: Եթե քո այսինչ զավակն էլ ապիկար եղավ և չորացրեց մեր խնամած ծաղիկը` դավաճանելով իր պարտականությանը, ապա մի օր նրան պատիժ կտաս և մեզ կմեկնես քո ձեռքը: Սպասում էինք քո ծնողական խնամքին ու անմռունչ շարունակում էինք մեր դժվարին ուղին: Մեր աշխատանքի պայմանները դառնում էին դժոխային, ընտանիքի ողջ նյութական և հոգեկան ուժերը ծախսվում էին խութերը հաղթահարելու համար, ստեղծագործական հազվադեպ ժամերին ծնվում էին նոր կրթության ու նոր բժշկության ձեռնարկներն ու ծրագրերը, առողջ պետականագիտության էջերը և վերածնության մանրակերտերը: Հայրենի նախարարությունները գրավված տեսանք օտար փորձագետների և վարկեր ու դրամաշնորհներ սպասարկող հայ պաշտոնյաների կողմից, Հայաստանում ստեղծված ոչ մի գործ ու գաղափար չէր կարողանում իր համար ճանապարհ բացել: Բայց մենք անվհատ էինք, աշխատանքի իրավունքը, Մարդու էկոլոգիայի դպրոցի կարգավիճակը, Առողջագիտության ինստիտուտի ֆիզիկական տարածքը պահում էինք խրամատ մտած զինվորների պես, իսկ երբ մեկը հարց էր հնչեցնում՝ «Իսկ ո՞վ է ձեր աշխատանքների պատվիրատուն», պատասխանում էինք. «Այո՜, մենք պատվիրատու ունենք, նա մի վսեմ ու պայծառ հոգի է, որին դուք չեք ճանաչում»։ Այդպես էինք ասում և քեզ նկատի ունեինք, հայ ժողովու՛րդ և քեզ` հայոց հայրենիք` Հայաստան:
(շարունակելի)



Մեջբերել