Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ստորագիր

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Ստորագիր

    Դիտեք Չապլին, Թրիեր, Կուստուրիցա, Լսեք Pink Floyd, Loreena McKennitt, Կարդացեք Դոստոևսկի, Հեմինգուեյ, Ապրեք Երևանում, Մտածեք ու զգացեք ԴՆ Ֆորումում


    Փիլիսոփեր բարեւ,
    Ուզում եմ հասկանալ քո ստորագրութիւնը: Ապրելու համար ընտրել ես Երեվանը, մինչ մշակութային ոչ մի արժէք չես ընտրել Հայաստան աշխարհից: Հասկացայ մարդասէր ես եւ ինքդ քեզ տեսնում ես որպէս մարդկութեան ընդհանուր համանուագի մասնիկ: Այդուհանդերձ, Կը խնդրէի մեկնաբանումդ կարդալ համամարդկային ծանօթ ու անծանօթ (ինձ համար) արժէքների մասին, որ յիշատակում ես:
    Հարց երկրորդ, կը գա՞յ մի օր, հաւանակա՞ն է արժէքային համակարգի փոփոխում Փիլոսոփեր անհատի հոգում:
    Յետ գրութիւն. Փորձել եմ սիրել Pink Floydը չեմ կարողացել:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ստորագիր

    Ողջույն, հարգելի Tigris: Ուրախ եմ, որ տվեցիր այս հարցը, քանզի տեխնիկական աշխատանքներից հոգնած հումանիտար հոգիս չէր իմանա` ինչով լցնի իր այս ուրախ օրը, իր ինտելեկտուալ կրքի` չբավարարված կրակը ուր ուղղի, ինչի մասին խոսի: Իսկ հիմա արդեն գիտեմ. խոսելու եմ հայկականության ավանդական ու մարդկային ընկալումների մասին, խոսելու եմ իմ ու քո մտքերը շղթայած պատկերացումների մասին, որոնք մեզ այսօր թվացյալ հակամետ ճամբարներում են դնում` քեզ` որպես հայկականության ավանդական պատկերացումների կրող, ու ինձ` որպես դրանց նոր, մարդկային հիմքերի կրող: Ու գիտե՞ս, թե այս հակամարտությունը ե'րբ ու որտե'ղ առաջացավ. այնտեղ, որտեղ ինտելեկտի ու մարդկայնության ընկալման ցածր մակարդակ ունեցող մի քանի հոգի համոզեցին ինձ ու քեզ. որ լինել մարդ ու լինել հայ` դրանք միանգամայն տարբեր բաներ են, որ արևի տակ ապրում են ու կան երկու տեսակներ` մարդն ու հայը: Հայը հեռացվեց մարդուց, բարձրացվեց թե իջեցվեց` կարող ենք վիճել, բայց նա հեռացվեց մարդուց, նա այլևս մարդ չէր, նա հայ էր`իր ուրույն, որևէ այլ մարդու կողմից չընկալվող, բոլոր ազգերի համար անհասանելի ապրումների ու երազանքների կրող: Ու այդ մարդիկ հանկարծ որոշեցին, որ Հիմալայները լեռներ են լոկ, իսկ Արարատը` ուրիշ է, քանզի հայ է, խորվաթ պարտիզանները կամ կորեացի զինվորը` զինվոր է լոկ, իսկ Գևորգ Չաուշը ուրիշ է, որովհետև հայ է, Ազովի ծովն էլ, այո, ծով է լոկ, իսկ ահա Սևանը, թեև ծով էլ չէ, բայց ուրիշ է, որովհետև հայ է, և այսպես մինչև` կինը կին է լոկ, իսկ հայ կինը` հայ, այսինքն` ուրիշ, երեխան երեխա է լոկ` գանացի, ճապոնացի, ամերիկացի, հնդիկ, իսկ հայ երեխան հայ է, որովհետև ուրիշ է, ու վերջում էլ իմ ու քո թեթև ձեռքով էլ` Pink Floyd-ը խումբ է լոկ, մի ինչ-որ երկրի մի ինչ-որ խումբ, իսկ այս կամ այն հայկական խումբը ուրիշ է, որովհետև հայ է, ուրիշ է, մարդ չէ, մարդկային չէ... Ու այսպես տեսա՞ր ուր հասանք, տեսա՞ր մեր աչքերի մեջ ինչպես դաժանություն երևաց առ գանազի մանուկն ու մեղկ զգացմունքայնություն հայ երեխայի նկատմամբ, տեսա՞ր ուր հասանք` Հիմալայների բարձրությունն ու մեծությունը չափելիս, տեսա՞ր ինչպես հեռացանք այն ամենայն մարդկայինից, որոնք նաև հայկական են խորապես, որովհետև հայ մարդն էլ է մարդ, նախևառաջ` մարդ ու ապա` հայ: Ես այս` նախ մարդ, ապա` հայ մարդու ազգայնականն եմ, ոչ թե այն մարդու, որ ծննդյան ազգանունով կամ խորովածի նկատմամբ տարփանքով հային բաժանեց մարդուց, դարձրեց մի անհայտ ու հայտնի տեսակ` մարդկայինից, մարդկային գոյության ավազանից կտրված մոլոր տեսակ, մանկուրտ ի վերջո: Տեսա՞ր, որ մեր ունիկալությունը մեզ մանկուրտի հետ համեմատության եզր բերեց, քանզի ինչ է մանկուրտը, եթե ոչ մարդկային երակից կտրված մոլոր էակ, իսկ հայերս հենց մարդկայինից կտրվելու վարպետությանն ենք սովոր, ուրեմն, ցավալի է, բայց մանկուրտությանն ենք սովոր, մանկուրտության քրմեր ենք գուցե: Տեսա՞ր ուր հասանք: Հասանք այնտեղ, որ ես խոստովանեցի` ես ազգայնական եմ, բայց ոչ թե Չաուշի ու Արարատի մասին լացող ազգայնական. այլ մարդկային տեսակի ազգայնական, նախ մարդ, և ապա նոր միայն հայ մարդու ազգայնական, մարդկայինի ազգայնական: Ես մարդ եմ, ու իմ սրտում կտեղավորվեն և' գանացի մանկիկի` մազապուրծ հոգու ճիչերը, և' ամերիկացի նավաստու ահն առ օվկիանոսից ելնող սպիտակապոչ կետը, և' տիբեթցու սրբազան խոնարհումը իր սրբագործված կեցության ու շեղաչ հերոսականության նկատմամբ, և' իսլանդացու տունը, փոքր տունը, որի շուրջ պտտվում են Ասգարդի ու Միդգարդի հերոսներն ու գնոմները, և' իռլանդացու հոգեպարար լեռների քամին` իր հետ կնոջ փափկություն ու ծաղկի հմայք բերող հոգեպարար շնչով, և, այո, հայի լեռն ու հերոսը` որպես մարդկայնության, բարձրագույն մարդկայնության կրողներ, որպես մարդկություն կոչվող պարտեզի չքնաղ ծաղիկներ: Ես ՄԱՐԴՈՒ հավատացյալն եմ, իմ հավատքը ՄԱՐԴՆ է, ես հավատում եմ ՄԱՐԴՈՒՆ, ու երազում եմ այն օրը, երբ մարդ ասելով ես կհասկանամ նաև հայ մարդուն, նրա ներքին կենդանի գոյությունը: Այն ժամանակ մենք կնայենք միմյանց, դու իմ մեջ կտեսնես մարդու, ես քո մեջ` կրկին մարդուն: Ու կհասկանանք, որ գանացի երեխան լաց է լինում նաև մեզ համար, հենց մեր կողմից լսված լինելու համար, ես ու դու որպես հայ ու որպես մարդ ծնվել ենք նրան լսելու համար, գանացի մանկիկին ասելու համար` հանգստացիր. մենք արդեն թշնամիներ չենք: ՄԵՆՔ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ: Ահա իմ երազանքը, ահա իմ հավատամքը: Եվ սա է նաև այն համեստ պատճառը, որով ընտրված է ստորագրությանս: "Ես մարդ եմ ու հպարտ եմ դրանով". սա հասկացիր ստորագրությանս տակ, և իմացիր, որ մի սիրտ չի կարող բաբախել լոկ մի օրվա կամ մի աշխարհի կամ լեռան համար: Եթե այն բաբախում է, ուրեմն` բաբախում է բոլորի համար` իմ, քո, նրա համար, Կյանքի համար: Ու այն չի կարող փոխվել ու ոչ էլ կանգնել, որովհետև ես հավատում եմ այն գանացի մանկանը, ես հավատում եմ մանկանն ընդհանրապես` անկախ նրանից` նա խորովածի հոտից կուրախան թե դզամպայի համից: Ես մարդուն եմ հավատում` իմ, քո, նրա, աշխարհի հոգու միջի մարդկային սկզբին: Ես հավատում եմ ինձ, ու այն զանգերին, որ հնչում են մեզ համար: Մարդկային կենդանի գոյության զանգերին: Ես հավատում եմ քեզ, քանզի նույն զանգերը հնչում են նաև քեզ համար: Ես հավատում եմ զանգերին, քանզի կանք ես ու կաս դու, որ այս հրաշալի օրն էլ կարող ենք այս հրաշալի նյութով լցնել ու խնկարկել մարդուն: Էլ ու~ր փոխվենք, եղբայր, փոխվել չկա. կա ճանապարհ, որ տանում է դեպի ինքներս մեզ, տանում է դեպի Մարդու հայրենիք, մարդու, որ գուցե նաև հայ կկոչվի:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ստորագիր

    Հաճելի էր գրածդ, թէեւ երբեմն համաձայն չեմ իրերի ներկայացման ձեւիդ: Փորձեմ զրուցել աղքատիկ աշխարհընկալումովս:

    Հրաշալի կայք ես պատրաստել, հնարաւորութեանց առատութիւնը աչք շլացուցիչի է, նոյնիսկ չի գիտեմ ինչպէս օգտագործեմ:
    «Թուացեալ ճամբարներ» արտայայտութիւնը սիրեցի: Ես ու դու հակառակ ճամբարներում չենք, քանզի ինչպէս ներկայացնում են. Հայութիւն եւ մարդկութիւն առանձին ճամբարներ չեն: Չեմ փորձում արդարանալ, արդարացում բառն էլ ճիշտ չէ, վասնզի ոչ ես մեղադրող եմ, ոչ դու: Այնպէս որ ասացիր, թուացեալ է, այսինքն թւում է մեզ սա այսպէս է, բայց Pink Floydի երգի նման. լուսինը իր մութ կողմը ունի:

    լինել մարդ ու լինել հայ` դրանք միանգամայն տարբեր բաներ են, որ արևի տակ ապրում են ու կան երկու տեսակներ` մարդն ու հայը

    Ի հարկէ, ընտրեալ ազգի սուրբ գրային աւանդոյթ է «տարբեր» լինելու հասկացողութիւնը: Արի' համաձայնենք. «Մարդկութիւն» հասկացողութիւնն էլ մի քիչ վերացական է: Երկրի վրայ քայլող իսկական մարդիկ կան, գոյնզգոյն, տեսակ-տեսակ, իւրաքանչիւրի ապրուած եւ չապրուած կեանքը մի վէպ է, իւրաքանչիւրը յատուկ է իր մատնահետքի նման, եւ արժանի առանձին գնահատանքի:
    +++++
    Հայը հեռացվեց մարդուց, բարձրացվեց թե իջեցվեց` կարող ենք վիճել, բայց նա հեռացվեց մարդուց, նա այլևս մարդ չէր, նա հայ էր`իր ուրույն, որևէ այլ մարդու կողմից չընկալվող, բոլոր ազգերի համար անհասանելի ապրումների ու երազանքների կրող:

    Տղաս ընդամէնը 4 տարեկան է: Նա չգիտի ինքը հայ է, որքան էլ ասեմ նրան. «տղա'ս մենք հայ ենք», միեւնոյնն է, ինքը Գեւոլիկն է, մի երեխայ սովորական, այսինքն մարդ, սակայն այս մարդ երեխան ունի հայի աչեր, խօսում է հայերէն, նա պիտի մեծանայ եւ պիտի նկատէ, որ ինք սփիւռքահայ է:
    Երբեւէ եղե՞լ էք սփիւռքահայ:
    Այժմեան համաշխարհայնացման նպաստաւոր պայմաններում եւ ցեղակուլ յորձանուտում, վայելում ենք ճարտարարուեստի բարիքը. հեռայաղորդակցութիւնը:
    Ծնել, ապրել ու ապրում ես Հայաստանում: Նոյն կերպ չէիր մտածի եթէ պարտադրուած սփիւռքահայ լինէիր, մանաւանդ հաղորդակցութեան թերզարգացած պայմանում: Պիտի կարօտէիր հայերէնը, պիտի փնտրէիր թէկուզ մի ցեխոտ հայ, միայն ու միայն հայերէն զրուցելու սիրոյն: Սա զուտ մարդկային երեւոյթ է: Մարդկային է եւ արմատին կարչելու հայի փափաքը: Սփիւռքահայութեան Քանի՞ տոկոսը երկու նախադասութիւն հայերէն գրել գիտի կը կարծես: 5 տոկոսը: Իրականում մենք հայերս մարդասէր ենք աւելի քան հայասէր: Սփիւռքում գերյագեցած ենք «միջազգային»ով, ապրում ենք միջազգային քաղաքներում: Յարաբերում ենք (շփւում ենք) տարբեր ազգի ներկայացուցիչների հետ, յաղորդակից ենք տարբեր. բարձրորակ եւ ցածրորակ մշակութային երեւոյթներին եւ... կարօտում ենք մերինը:
    Կարօտ
    Կարօտն այլ զուտ, միանշանակ մարդկային վիճակ է: Դու չես կարօտում, կկարօտես երբ հեռանաս ինքդ քեզնից, այդ ժամ կը փնտրես, պրպտելով կը յայտնաբերես եւ կը փարուես:
    Ինքզինքդ կը ճանաչես երբ օտարութեան մէջ ընկնես: Այդժամ թունդ ազգային ջիղդ կը բանի: Սա եւս զուտ մարդկային ինքնապաշտպանական բնազդային երեւոյթ է: Իսկ երբ հայր դառնաս, ափրիկեցի այդ մանկիկի ճիչի մէջ կը լսես որդուդ ձայնը, առաջինը զաւակդ միտք կուգայ: Աշխարհին, ընտանիքիդ, ծնողքիդ, նոյնիսկ քաղաքականութեան տարբեր դիտանկիւնից մը մօտենաս, երբ պատասխանատու լինես մի, կամ մի քանի անմեղ էակների գոյութեան համար:
    Ունես հարստութիւն, տեղեակ չես: Բախտաւոր ես, կիմանաս արժէքը, երբ կորսնցնես...
    Բնական է, բոլորս էլ այդ մարդկային տկարութիւնը ունենք:
    0000
    Ու այդ մարդիկ հանկարծ որոշեցին, որ Հիմալայները լեռներ են լոկ, իսկ Արարատը` ուրիշ է, քանզի հայ է

    Հասկանում եմ քեզ: Հիմալայները անհամեմատ աւելի բարձր են, քան Մասիսը, գուցէ այդ ահռելի բարձր զանգուածների վրայ աւելի շատ դիցեր, դիւցազուններ հերոսապատել են, քան Արարատի վրայ: Զուտ մարդկային գեղագիտական դիտանկիւնից, եւ բազում ազգերի պատկանող ճանապարհորդների վկայութեամբ Արարատը, կամ աւելի ճիշտ՝ Մասիսը, աշխարհի ամենագեղատեսիլ լեռներից է, նման Ֆուջիյամային, եւ ափրիկեան Կլիմանջարոյին (չգիտեմ եթէ ճիշտ տուեցի անունը):
    Խառնուածքով լեռնային բնութիւնից ախորժելուս պատճառով, ավատարներս ուզեցել եմ լինի լեռների պատկերներ: «Կոյր» հայրենասէր, կամ տիպիկ սփիւռքահայի պատճէն չլինելով, աւանդութեանց կոյր հետեւորդ չլինելով, միլիարդ անգամ դիտուած տեսնուած լեռան պատկեր զետեղել չուզելով, չեմ ցանկացել Արարատի պատկերը տեղադրել ավատարիս: Նայեցի Սիփանին, Արագածին, Արտոս, Նեմրութ, Առնոս, Գեղամին, ամէնա ամէնա ամէնան դարձեալ Արարատն էր:
    Սա զուտ գեղագիտական մարդկային զգացողութեան տեսանկիւնից:
    ***
    խորվաթ պարտիզանները կամ կորեացի զինվորը` զինվոր է լոկ, իսկ Գևորգ Չաուշը ուրիշ է, որովհետև հայ է, Ազովի ծովն էլ, այո, ծով է լոկ, իսկ ահա Սևանը, թեև ծով էլ չէ, բայց ուրիշ է, որովհետև հայ է, և այսպես մինչև` կինը կին է լոկ, իսկ հայ կինը` հայ, այսինքն` ուրիշ, երեխան երեխա է լոկ` գանացի, ճապոնացի, ամերիկացի, հնդիկ, իսկ հայ երեխան հայ է

    Ուքրաինական բնաշխարհը վստահ աւելի գեղատեսիլ ու կանաչապատ է, քան Գեղամայ լիճի շրջակայքը: Կորէացի զինւորը գուցէ աւելի անվեհեր է, քան հայ ռազմիկը, սպանացի կամ յոյն կինը հայուհու նման գեղեցիկ նշաձեւ աչքեր ունեն, գուցէ աւելի հրապուրիչ, ճապոնացի երեխան թերեւս աւելի պարտաճանաչ է, քան հայ երեխան:
    Հայն է հարազատ: Հարազատութիւնը զուտ մարդկային զգացմունք է, հիմնաւոր արեան կապով:
    )))
    Ինքս առաջնորդւում եմ մարդ-հայով, լաւ հայով Հայաստանն ու հայութիւնը դիտելու եւ հպարտանալու հիմունքով: Սիրում եմ լաւ գուսանականը, լաւ գեղջկականը, լաւ քաղաքայինը (էստրադային), լաւ հոգեւորը, ամէն ինչի լաւորակը:
    Որովհետեւ կան անմակարդակ գուսանական, անմակարդակ գեղջկական, անմակարդակ քաղաքային: Կան եւ անմակարդակ մատուցողներ: Թող նրանք չպատճառեն խրտչումն ազգի տեսակից:
    Միջազգայինից նոյնպէս սիրում եմ լաւորակը...այնտեղ էլ կան լաւն ու գռեհիկը, աջողն ու ձախողը:
    Սիրում եմ եւրոպական դասականը, իւր որոշ տեսակներով: Pink Floydի անգլիական պաղապուրութիւնը չեմ սիրում...նոյն անգլիացու Վիկտորեան ժամանակաշրջանի արուեստը գուցէ
    սիրեմ:

    ^^^
    Տեսա՞ր, որ մեր ունիկալությունը մեզ մանկուրտի հետ համեմատության եզր բերեց, քանզի ինչ է մանկուրտը, եթե ոչ մարդկային երակից կտրված մոլոր էակ, իսկ հայերս հենց մարդկայինից կտրվելու վարպետությանն ենք սովոր, ուրեմն, ցավալի է, բայց մանկուրտությանն ենք սովոր, մանկուրտության քրմեր ենք գուցե: Տեսա՞ր ուր հասանք:

    Եղբայր դու ո՞ւմ հետ շփւում ես, Երեւանում չկա՞ն կարգին մարդիկ: Մարդկային է եւ բնական, ամէն ազգի ներսում կը գտնուեն մարմնավաճառ ու ակադեմիկոս, բժիշկ ու փռապան: Բանաստեղծը մարգարէանում էր ասելով. «կգայ ոգու սով»: Բայց ես կասեմ, միշտ այսպէս թէ այնպէս մարդիկ եղել են, միայն համեմատութիւններն են փոխուել: Գրասիրութիւնը պակասել, փողասիրութիւնն է աւելացել, եւ սա մեր ազգին յատուկ չէ: Աշխարհը այնքա՜ն է փոքրացել հեռահաղորդակցման միջոցների առկայութեամբ, որ մոլորակիս տարբեր մասերում բնակող անձինք կարող են զրուցել հասարակաց նիւթի շուրջ: Հայաստանը եւ հայ ժողովուրդը անմասն չէ աշխարհից, ազդեցութիւնը լիակատար է:
    \\\
    Ես մարդ եմ, ու իմ սրտում կտեղավորվեն և' գանացի մանկիկի` մազապուրծ հոգու ճիչերը, և' ամերիկացի նավաստու ահն առ օվկիանոսից ելնող սպիտակապոչ կետը, և' տիբեթցու սրբազան խոնարհումը իր սրբագործված կեցության ու շեղաչ հերոսականության նկատմամբ, և' իսլանդացու տունը, փոքր տունը, որի շուրջ պտտվում են Ասգարդի ու Միդգարդի հերոսներն ու գնոմները, և' իռլանդացու հոգեպարար լեռների քամին` իր հետ կնոջ փափկություն ու ծաղկի հմայք բերող հոգեպարար շնչով, և, այո, հայի լեռն ու հերոսը` որպես մարդկայնության, բարձրագույն մարդկայնության կրողներ, որպես մարդկություն կոչվող պարտեզի չքնաղ ծաղիկներ

    Ցաւօք Հոլովուդը դեռեւս չի նկարահանել հայակենտրոն մի այնպիս շարժանկար (կինո), որ ազդեր տիբետցի, իսլանդցի, գանացի հանդիսատեսի վրայ...
    Իսկ հայ մշակոյթի գոհարներին ծանօթացող օտարազգի մտաւորականները գովերգում են, յար եւ նման Pհilosopherի այս գովասանքին:
    ///
    Ու կհասկանանք, որ գանացի երեխան լաց է լինում նաև մեզ համար, հենց մեր կողմից լսված լինելու համար, ես ու դու որպես հայ ու որպես մարդ ծնվել ենք նրան լսելու համար, գանացի մանկիկին ասելու համար` հանգստացիր. մենք արդեն թշնամիներ չենք:

    Գանացի այս երեխան շատ է ազդել քո վրայ: Նրա համար լաւը՝ խաղաղութիւնը, ուսումը, սնունդը ու ծննդաբերութեան հսկողութիւնն է, որպէսզի մեծանալով չփախչի Ջիբրալտարի նեղուցով եւ Եւրոպայում մակետ չդառնայ: Ցաւօք նրան չեմ կարող օգնել: Նրան կարող է օգնել ծնողքը, շրջապատը. չի պատերազմելով, աշխատելով:
    Միտս ընկաւ ամերիկացի այն միլիարդատէր դերասանները, որոնք որդեգրում են վիետնամցի, անգոլացի որբուկներ, իւրեանց մարդասիրական դէմքը ցոյց տալով, սակայն զլանում են կեանք տալ հարազատ մի էակի, ծնունդ տալ մի պուտ արեան, զերծ մնալով իրակա՜ն, տագնապող ծնողի պատասխանատւութիւնից, որ ենթադրում է ամնացորդ զոհողութիւն:

    "Ես մարդ եմ ու հպարտ եմ դրանով". սա հասկացիր ստորագրությանս տակ, և իմացիր, որ մի սիրտ չի կարող բաբախել լոկ մի օրվա կամ մի աշխարհի կամ լեռան համար

    Ամբողջովին համաձայն եմ, նմանապէս կեանքս չեմ պատկերացներ առանց մարդկային մշակութային այն արժէքներին, որոնք կեանքը կեանք են դարձնում:
    Սակայն մարդկային է ու բնական, որ մարդիկ մարդկանց ուզում են ճանաչել նաեւ նրանց մարդկային ծնունդի ակունքով, արմատներից իրազեկ դառնալով:
    Բարին ընդ քեզ, մարդասէր Իմաստասէր:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Ստորագիր

    Հուզիչ է այս Երկու Հայի զրույցը: Երբ Philosopher-ը կոչում է` թողնե՜լ նեղլիկ հայկականության անձուկ տարածքները, սավառնել վեր` դեպի մարդկայնության վսեմ, տիեզերական բարձունքը, ապա այստեղ նա Հայ է, արի հայ է, և իր մեջ կրում է հենց իր արիական նախնիների ուսմունքը Աշխարհակառույցի և Մարդու մասին, նա իր մեջ կրում է ապագայի տեսիլքը:
    Երբ Tigris -ին տեսնում ենք քաղցրորեն կառչած իր սիրելի Լեռան պատկերին, նա էլ Հայ է, արի հայ է. միթե՞ Սերը առ Հայրենիքը, առ նրա խորհրդանիշները խորթ է բարձրագույն մարդկայնությանը:
    Սակայն թվացյալ և ոչ թվացյալ պայքարը հայկականության այս երկու բևեռների միջև իր մեջ ունի մի կենսական անհրաժեշտություն, ծնվել է այսօրվա մեր դառը հոգսից` ինչպես պահպանել ՄԱՐԴԸ և ՀԱՅԸ մեր մեջ, երբ այս ժամին մոլորակային խորշակն է փչում... Tigris-ը չի էլ կասկածում, թե Հայաստանում ի՜նչ քամիներ են փչում, որքան դժվար է պահպանել բնիկ անձնագիր-մշակույթը, որքան խորն են դեգրադացիոն պրոցեսները...Մի ամբողջ քաղաքակրթություն - աշխարհում և Հայաստանում` մոտենում է իր սպառնալի էթիկական վախճանին, և արթունները ասում են `Արարատի վիհերն ու քարերը, որքան էլ պաշտելի մեր սրտին` չեն օգնի մեզ, եթե ինքնաճանաչման սխրանքով չազատվենք դարավոր ստեհայրենասիրության( Նժդեհի եզրույթն է) քուրձերից, որպեսզի մեր մեջ արարատվի Նոր Մարդը, Նոր Հայը- և , ուրեմն` մեզանով գուցե սկիզբ առնի մի Նոր Մարդկություն և մի Նոր Հայաստան:

    Բարեկամս Tigris, Արարատը ինձ համար էլ մի կենդանի հոգի է, մի հայախոս Ստիխիալ, որին պատանի տարներիս փարում էի երազներիս մեջ, լալիս և խոսում նրա հետ, ազատագրում նրան: Իսկ այժմ գիտեմ, որ իրական Արարատը մարդկային հոգին է, հայի հոգին, և Ոգու ազատագրումով միայն, մի նոր պայծառացումով միայն կազատագրվի նաև ֆիզիկական Արարատը... Այնժամ Philosopher-ը և Tigris-ը, Հայաստանը և Սփյուռքը, Մարդը և Հայը վերջնականապես կհանդիպեն իրար...Իսկ դրա համար ընդամենը պետք է ...ՄԻ ՔԻՉ ԱՇԽԱՏԵԼ...
    Իսկ Գեւորիկին` որդուն Tigris-ի, նվեր ունեմ`

    ԱՐԱՐԱՏ


    Երբ հինգ տարեկան դարձավ իմ որդին,
    Մի օր էլ նայեց նա Արարատին.-
    -Ե՞րբ են կառուցել Արարատն, հայրիկ,
    Որ չեն խանգարել մեր հին թշնամիք:

    - Որդի'ս, երկիրը, լեռները բոլոր,
    Մայր բնությունն է ստեղծել մի օր,
    Եվ Արարատն էլ` բոլորի նման,
    Բնության խաղն է` վեհ ու աննման:
    Հազարամյակներ, դարեր ալեկոծ
    Եղել է այստեղ հայրենիքն հայոց,-
    Եվ ժողովուրդը լեռանն նայելով,
    Հմայվել նրա վսեմ պատկերով,
    Իր սերն ու իղձը կապել նրա հետ,
    Կյանքի նշանն է համարել հավետ:-
    Բայց ամեն մի մարդ մեր հին աշխարհում
    Ի'ր Արարատն է սրտի մեջ կրում.
    Ամեն ոք, երբ որ նայում է նրան
    Տարբեր է տեսնում պատկերը լեռան:-
    Ով նվիրված է նախնյաց կտակին`
    Փայփայում է մեր լեզուն թանկագին,
    Հասնում, տիրում է գանձին մեր ոգու
    Ու մեր դարավոր իղձը չի լքում`
    Լեռան պատկերը նրա սրտի մեջ
    Շքեղանում է անվերջ ու անվերջ:
    Իսկ ով չի կանգնում նախնյաց հողին տեր,
    Չգիտե ինչ է` պարտք ու պարտքի բեռ,
    Դավաճանում է լեզվին մայրենի`
    Չի զգում լեռան շունչը կենդանի,
    Հպարտ կատարը նրան չի թովում,
    Քարի ու ձյունի մի կույտ է թվում.
    Եվ շատ թանկ բաներ` Արարատի հետ,
    Այդ մարդու համար կորչում են անհետ:

    Քո' Արարատը տեսնելու համար,
    Որդի'ս. դու պիտի ելնես ճանապարհ.
    Սիրելու դժվար ճանապարհն է դա,
    Հազար խութ ու խոչ քո առջև կգա.
    Ուրիշ լեզուներ հազար ձայներով,
    Ուրիշ աշխարհներ հազար ձևերով
    Մի ապահով կյանք կխոստանան քեզ,
    Որ դու հեռանաս, գնաս ու կորչես,-
    Բայց դու սրբազան պատգամիս հլու
    Միշտ պիտի գնաս` լեռդ գտնելու.
    Օ~, երջանկության ուրիշ պահ է դա,
    Հայրական խոսքին, որդի'ս, հավատա:
    Այսպես օրեցօր, բյուրեղ առ բյուրեղ
    Սրտիդ մեջ կաճի քո սերը շքեղ,
    Ու երբ լեռնանա այդ սերն անաղարտ
    Այնժա'մ կտեսնես դու լեռն Արարատ:








  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ստորագիր

    Tigris-ը չի էլ կասկածում, թե
    Հայաստանում ի՜նչ քամիներ են փչում, որքան դժվար է պահպանել բնիկ անձնագիր-մշակույթը, Մի ամբողջ քաղաքակրթություն - աշխարհում և Հայաստանում` մոտենում է իր սպառնալի էթիկական վախճանին, և արթունները ասում են `Արարատի վիհերն ու քարերը, որքան էլ պաշտելի մեր սրտին` չեն օգնի մեզ, եթե ինքնաճանաչման սխրանքով չազատվենք դարավոր ստեհայրենասիրության( Նժդեհի եզրույթն է) քուրձերից, որպեսզի մեր մեջ արարատվի Նոր Մարդը, Նոր Հայը- և , ուրեմն` մեզանով գուցե սկիզբ առնի մի Նոր Մարդկություն և մի Նոր Հայաստան

    Սիրելի Հեղինակ, երբ գրում ենք նմանօրինակ տողեր. Մարդիկ կարծում են սխալմամբ, թէ մենք ֆաշիստ, ազգայնամոլ, յետադիմական, սահմանափակ, ծայրայեղ, կաղապարուած գաղափարով թութակողներ ենք, մինչ իրականում, երբ ես գրում եմ նման տողեր, այստեղ թէ այնտեղ, փորձում եմ մարդկանց, երիտասարդ սերունդին արթնացնելով վերադարձնել իր էութեան, իր եսին: Իսկ ան, որ լինում է ինքը, նա արդէն ազատ մարդ է ինքն իր հետ: Փլուզուած համայնավար վարչակարգից, ժողովրդավարացման ուղի անցած բոլոր արեւելաեւրոպական ժողովուրդներին յատուկ է նման խարխափումը: Ի դէպ՝ Հայաստանը Արեւելեան Եւրոպա չէ: Բայց, տակաւ առ տակաւ տեսնում եմ, ինքը լինելու վերադարձը Հայաստանում: Արաքսը Միսիսիպի չէ, սա չի նշանակում թէ Jazzը վատ է, ինքս սիրում եմ եւ ունկնդրում, սակայն նրա հարազատ ներկայացուցիչի բերնով, ոչ գերմաներէն, ոչ էլ հայերէն: Այսպիսի մանրուք օրինակ տալով միտս մեկնել ուզեցի, սա երեւոյթը տարածուն է նաեւ կեանքի բոլոր ասպարէզներում:
    Անտարակոյս փակ պիտի չի լինել աշխարհին, աշխարհի գեղեցիկ ստեղծածին, սակայն բաց լինելով երբ պատճէնահանում ենք օտարինը. սպանում ենք մեր էութիւնը եւ այդ սպանդով ոչնչացնում ենք արարելու հայի ընդունակութիւնը:
    Տարբեր ազգերի, մանաւանդ կայսերական իշխող ազգերի մշակոյթի ազդը ընդ մեզ, պիտի լինի բնական եւ ոչ արհեստական: Չափազանց ծիծաղելի է գուսանական երգի սկիզբին, այդ երգի հետ հեռուից մօտիկից կապ չունեցող jazzային ելեւեջով բացումը: Այսպիսով եւրոպացի, կամ ամերիկացի չենք լինում, չենք լինում նմանապէս հայ կամ քաղաքակրթուած հայ:
    Մարդիկ կը նայեն եւ կը ծիծաղեն մեր վրայ, ծանակելով «գաւառական» մարդու ստրկական ձախող ընդօրինակումը: Հայաստանը կայսերական ուժեղ մշակոյթների անորակ պատճէնահանման գաւառ է (Չինաստան) դարձել:
    Բայց տեսնում եմ լոյսի նշոյլ, այս «Չինաստան»ը կամաց կամաց թոթափում է. ճորտի, «տիրոջ պոչի» իր դերը:
    Երբ տնտեսութիւնը առողջանայ, քիչ-շատ արդար հասարակակարգ լինի, մարդիկ կ'արարեն, արարումը կը լինի ինքնաբուխ, իսկ իրական արուեստագէտը կեղծարար չի կարող լինել, առաւել եւս չի կարող խաբել ինքիրեն:

    Բարեկամս Tigris, Արարատը ինձ համար էլ մի կենդանի հոգի է, մի հայախոս Ստիխիալ, որին պատանի տարներիս փարում էի երազներիս մեջ, լալիս և խոսում նրա հետ, ազատագրում նրան: Իսկ այժմ գիտեմ, որ իրական Արարատը մարդկային հոգին է, հայի հոգին, և Ոգու ազատագրումով միայն, մի նոր պայծառացումով միայն կազատագրվի նաև ֆիզիկական Արարատը... Այնժամ Philosopher-ը և Tigris-ը, Հայաստանը և Սփյուռքը, Մարդը և Հայը վերջնականապես կհանդիպեն իրար...Իսկ դրա համար ընդամենը պետք է ...ՄԻ ՔԻՉ ԱՇԽԱՏԵԼ...


    Ինքս դաստիարակուել եմ Արարատը ազատագրելու գաղափարով: Խաբկանքը ատելուս պատճառով պիտի խնայեմ ինքս ինձ, եւ Ձեզ, ասելով՝ Յոյս չունեմ: Մարդկային, քաղաքական, ռազմական եւ տնտեսական իրադրութիւնը ոչ մօտիկ, ոչ այլ հեռու ապագայում, որեւէ ազատագրում չի ուրուագծում:
    Գալով Արարատին, անունը նշանակում է «Հայաստան», ինքը Հայաստանի կենտրոնական ոստանիկ նահանգի կենտրոնում է, եւ խորհրդանշում հայոց միութիւնը: Մեսրոպ Մաշտոց լինելով «արեւմտահայ», հայոց այբուբենի ձայնային համակարգը «արարատ»ցիների խօսուածքին հարմարեցրեց եւ թարգմանեց:
    Ուստի, ելնելով պատմական դէպքերից եւ ազուն դէմքերի կեցուածքից, եզրակացնում ենք, որ հայերը ապրել են եւ զօրացել, երբ Հայոց տան (Տարօն) իշխանութիւնը ենթարկուել է Արարատին: Երբ Հայոց լեռները (նախարարութիւնները) անջատաբար, ինքորոյն գործել են. հայ մանկիկները օտար լեզւով բարբառել են (գերեվարութիւն): Իսկ երբ Անդոկ, Նպատ, Գեղամ, Աժդահակ եւ միւս լեռները խոնարհել եւ հպատակութիւն են յայտնել Արարատին (պետութեան), այնժամ արարելով ապրել ենք:
    Հայոց Ցեղասպանութեան սկզբնական պատճառը, հայ պետականութեան անկումն է, իսկ սկզբնապատճառնների սկիզբը, անմիաբանութիւնը, գիտակից ու անգիտակից դաւաճանութիւնը:

    Իսկ Գեւորիկին` որդուն Tigris-ի, նվեր ունեմ՝

    Գէորգս կը համբուրէ ձեռքդ,
    Չգիտեմ եթէ կը յաջողիմ նրան ընթերցասէր դարձնել...դա կը լինի իմ ուրախութիւնը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Առողջագետ (22.12.2007)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •