ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ ՚ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸՙ ՖԻԼՄԸ
![]()
Վերջին օրերին մեծ աղմուկ հանած Դեն Բրաունի հեղինակած ՚Դա Վինչիի ծածկագիրըՙ գիրքը եւ վերջինիս հիման վրա նկարահանված համանուն ֆիլմն այսօր քննարկման առիթ էր հանդիսացել Արարատյան թեմի առաջնորդարանում:
Քննարկմանը մասնակցում էին եկեղեցու սպասավորներ, երիտասարդներ, հոգեբաններ: Նրանք միաձայն կոչ արեցին բոյկոտել ֆիլմի դիտումը եւ զերծ մնալ ավելորդ հետաքրքրասիրությունից: Իսկ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը զգուշացնում է, որ ՚Դա Վինչիի ծածկագիրնՙ իր բովանդակությամբ հակասում է Սուրբ Գրքի եւ Եկեղեցու Սրբազան Ավանդության վարդապետությանը, խեղաթյուրում քրիստոնեական ճշմարտությունները:
Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Հարությունյանը նույնիսկ կարծիք հայտնեց, որ գիրքն ու համանուն ֆիլմը կարող են մեծ հարված հասցնել հայ եւ համաշխարհային քրիստոնեությանը: ՚Ֆիլմում փորձ է արված երկնայինը երկրային դարձնելՙ,- ասաց նա եւ առաջնորդվելով լատինական ասացվածքով` ՚Պետք չէ խոսել, այլ գործելՙ ու առաջարկեց զգուշացնել կինոդահլիճների տնօրինությանը` ֆիլմի ցուցադրումից առաջ եւ հետո նշել, որ Հայ Առաքելական եկեղեցին դեմ է:
Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանն իր կողմից ավելացրեց, որ եթե արգելվի ֆիլմի ցուցադրումը, ապա դա ամենամեծ գովազդը կլինի: Նա բերեց ամերիկացիների օրինակը, որոնք կինոդահլիճների մուտքի մոտ գրքույկներ էին բաժանում, որտեղ նշված էին ֆիլմում թույլ տված պատմական բոլոր սխալները եւ այդպիսով բոյկոտել են ֆիլմը: ՚Դա նաեւ հարմար առիթ էր եկեղեցու քարոզչության համար: Մենք Դեն Բրաունի հեղինակած գրքերի նման գործերին անվանում ենք ՚օդանավայինՙ, դատարկաբանություն, որոնք փորձում են մարդու խելքի հետ խաղալ: Գրքում քրիստոնեությունը ներկայացված է իբրեւ հակամարդկային, հակաֆեմինիստական: Նա ոչ աստավածաբան է, ոչ պատմաբան, ընդամենը երկրորդական վարժարանի անգլերենի ուսուցիչ, եւ ֆիլմն էլ ոչ միայն անչափ ձանձրալի է, այլեւ որեւէ արժեք իրենից չէր ներկայացնումՙ,- ասաց տեր Տաճատ ավագ քահանան:
Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանի կարծիքով էլ` ֆիլմը թերարժեք է, ստեղծվել է զգայական հիմքի վրա եւ բացասական նպատակներով, այն է` տարածել հակաքրիստոնեկան գաղափարներ, խեղաթյուրել համընդհանուր ընդունված ճշմարտությունները: ՚Ոչ թե գայթակղությունն է վախեցնում, այլ մերժելի է այն երեւույթը, երբ կասկածի տակ են դրվում 2000 տարվա ճշմարտություները, հոգեւոր ժառանգությունը: Սիրելն այս աշխարհում ամենադժվար բանն է, այս ֆիլմով հեղինակները կարծես փորձել են արդարացնել իրենց մեղքերըՙ,- նշեց նա: Հակոբ քահանան հրապարակայնորեն կոչ արեց` ֆիլմին վերաբերել իբրեւ կոնկրետ հեղինակի մտահղացման, որն իրական հիմքերից զուրկ է:
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Էմին Թորոսյանն էլ ավելացրեց, որ թե գիրքը, թե ֆիլմը շահույթ ստանալու նպատակ ունեն, այդ ամենին բիզնեսի տեսանկյունից են մոտեցել: ՚Դա է պատճառը, որ միտումնավոր կեղծիքներ են ներմուծել ֆիլմ` որպեսզի եկամուտ ստանան, ինչը նրանց մոտ լավ է ստացվել: Հիմա Դեն Բրաունը միլիարդատեր է դարձելՙ,- նկատեց նա: Իսկ հոգեբան Նանա Խաչատրյանի կարծիքով` ֆիլմը մեծ ազդեցություն չի ունենա մարդկանց վրա, կարող է ազդել օրինակ` որոշակի կյանքի խնդիրներ ունեցողների վրա, բայց դա եւս ժամանակավոր է:
www.a1plus.am



Մեջբերել