Առողջագետ-ի խոսքերից
Անսպասելի հարց ծագեց մեջս երբ նորից առնչվեցի այն խնդրի հետ, թե ինչպես է մարդկությունը վերաբերվել /և գուցե վերաբերվում/ Իր և Աստծո առավել արժանի Զավակների հետ` Սոկրատեսին թունավորել, Պլատոնին ստրկության վաճառել, Հիսուսին` դե, գիտեք...: Եվ հանկարծ հարց առաջացավ մեջս, թե ինչ կլիներ, եթե հանկարծ այսօր մեր մեջ, այս մեր իրականության մեջ, հանկարծ նորից հայտնվեր Հիսուսը, ինչպես երկու հազար տարի առաջ Երուսաղեմում...: Ենթադրում եմ, որ արտաքնապես որևէ ձևով չէր տարբերվելու մյուսներից, ինչպես ժողովուրդը կասեր` ճակատին գրված չէր լինելու, թե ով է, կարծում եմ, որ մոտավորապես, միջին խավի մտավորականի տեսք կարող էր ունենալ, պատկերացնում եք, մի այդպիսի մարդ քայլեր փողոցներով և ասեր մոտավորապես այն, ինչ ասում էր...: Ինչ կանեինք, ինչպես կվերաբերվեինք մենք, յուրաքանչյուրս, բոլորս, պետությունը, եկեղեցին..., մոլորակի մոտ մեկ միլիարդանոց քրիստոնեական համայնքը...., կճանաչեի՞նք, կհավատայի՞նք, թե կրկին գուցե խաչեինք: Պատկերացնում եք, եթե այսօրվա մեր երկրում մեկը`սովորական տեսքով ու արտաքինով հայտարարեր, որ ինքը Հայաստանի թագավորն է, Աստծո Որդին է...: Արդյոք հայտնի հիվանդանոցում չէր հայտնվի, կամ այսօրվա դպիրներն ու փարիսեցիները, որ ամբողջ որը աղոթքներ են հղում Նրան, չէին դատապարտի, եթե խոսքը նույնքան հեղափոխական լիներ, արդյոք այսօրվա Պոնտոս Պիղատոսների առջև չէր հայտնվի: Ես բոլորովին վստահ չեմ, որ այսօր էլ չէինք խաչի, գուցե ավելի քաղաքակիրթ ձևով ուղղակի, չէ որ մարդուն խաչելու տարբեր եղանակներ կան, և մարդկությունը մեծ փորձ ունի իրար և սեփական անձը մեծ ու փոքր խաչելությունների ենթարկելու...: Կարող է թվալ, թե Հիսուսը այդպես չի գալու, այլ այսպես...