+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Հարցազրույց Philosopher-ի հետ

  1. #11
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Ի՞նչ մասնագիտություն ունես: dvgray

    Բանասեր

    Մասնագիտության ընտրությունը եղել է ավելի շատ պատահականության արդյու՞նք, երկարատև փնտրտուքի գիտակցված հանգուցալուծու՞մ: dvgray

    Թերևս ոչ մեկը, ոչ մյուսը: Մասնագիտությունս եղել է իմ` մասնագիտություն չճանաչող էությունը ժամանակավորապես ծածկելու ու նրան նվազագույնը վնասելու միջոց: Այս առումով` ես գոհ եմ իմ մասնագիտությունից, գոհ եմ, որ այն ինձ չխանգարեց ապրել իմ ներքին մարդու կյանքով ու պահանջներով, շնչել նրա հետ ու հասնել իմ հիմնական մասնագիտությանը. մարդու զգացողությանն ու գիտությանը: Իսկ ընտրել եմ պատահաբար, իհարկե: Բոլոր ճշմարիտ ուղիների սկիզբը պատահականությունն է:

    Պատրաստվու՞մ ես արդյոք մասնագիտանալ նաև այլ /ավելի շատ բնագիտական/ մասնագիտություններից որևիցէ մեկի կամ մի քանիսի մեջ: dvgray

    Այո: 2007 թվականին բացահայտած կյանքի նոր ոլորտը` ինտերնետը, ինձ տվեց ոչ միայն նոր մարդ դառնալու, փոխվելու, նորանալու վճռականություն, այլ նաև սեփական գոյության միսիայի նորացված, թարմացված ընկալում: Մինչ այդ կյանքիս նպատակի իրականացումը տեսնում էի միանգամայն ավանդական ձևերի մեջ. գրքեր, հոդվածներ, ակադեմիական կրթության փուլեր: Ինտերնետով իմ կյանք եկավ մարդու հետ երկխոսության, մարդու գիտության ու զգացողության, կյանքի փիլիսոփայական ընկալման նոր զգացողություն: Ինտերնետը դարձավ իմ գոյության ձևը, ասելիքս մարդկանց ու մարդուն հասցնելու միջոց: Եվ դրա համար, իհարկե, պետք էր ամբողջովին սուզվել նաև այդ միջոցի տեխնիկական սպասարկման գործի մեջ, ինչն էլ այսօր դառնում է իմ նոր մասնագիտությունը: Կայքային ադմինիստրատորությունից բացի մասնագիտանում եմ նաև վեբ ծրագրագրավորման մեջ, Կյերկեգորին ու Նիցշեին փոխարինելու են եկել PHP-ի, JavaScript-ի գրքերը: Այս նոր մասնագիտություններն ինձ հնարավորություն կտան աշխատել այնտեղ, որտեղ ապրում ես ու ապրել այնտեղ, որտեղ աշխատում ես. ալտերնատիվ, կենդանի կյանքի որքան վիրտուալ, նույնքան էլ իրական տարածքում: Եվ այս փաստն ինձ ուրախություն ու սեփական անձով անհամեստ թե համեստ հիացման զգացողություններ է տալիս

    Մարմնական և Հոգևոր: Նրանց ներդաշնակ, խաղաղ գոյակցության քո բանալին ու միջավայրը: dvgray

    Մարմնականի ու հոգևորի հակամարտությունը մեր` մարդկանցս ու ազգային մշակույթի մեծ պայմանականությունն է: Իրական կենդանի գոյության մեջ մարմինն ու հոգին անտարանջատելի ու դաշն են, ապրում ու շնչում են միմյանցով, ձուլված են միմյանց այնքան, անքակտելի են: Այս համագործակցության իմ բանալին հոգևոր և նյութական սկիզբները չտարանջատելը, դրանց միջև սահմաններ չդնելը, դրանց միջև դրվող սահմանները քանդելն է: Այդ սահմանների փլուզումը յուրաքանչյուր ժամանակակից մարդու խնդիրն է, առավել ևս` եթե նա այդ սահմանների պատմական կուլտիվացիայի մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչ է: Այդքանով` այս խնդիրը ինձ համար մնում է կարևորագույն խնդիրներից մեկը, որը փորձում եմ լուծել, հանգուցալուծել: Իսկ միջավա՞յրը. ընկերներիս միջավայրը, այն մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն անցնելով աշխարհից առանձնացման ու աշխարհի հետ կենդանի վերաձուլման կենսափուլերը` յուրաքանչյուրն իր ձևով, հասել են իրենց ու աշխարհի հետ հաշտության իրենց բանաձևին` մարդկային սկզբի ունիվերսալ գնահատականով: Ընդ որում` ընկերներիս մեջ մտնում են նաև ընտանիքիս անդամները, որոնց հետ ավանդական ընտանեկան գոյությունն ամեն օր ու ամեն ժամ փոխարինվում է կենդանի, մարդկային ընկերությամբ:


    Հնարավո՞ր է արդյոք փոխել մարդուն: dvgray

    Հնարավոր է, բայց ոչ թե նրա գոյության ու ճակատագրի ավիշը պատռել-դեն նետելով, այլ նրա մարդկային գոյության հիմնարար խնդիրների ընկալմամբ, նրան` իր գոյության ամբողջության մեջ ընդունելով ու նրան ինքնափոփոխության հնարավորություն տալով: Այսպես հնարավոր է:

    Ազգայինը, որպես մարդու ինքնաարտահայտման միջավայր:dvgray

    Կարևոր է, բայց որպես միակ ձև` միանգամայն սպառված է: Այսօրվա իմ բանաձևն է` մարդկայինը որպես մարդու ինքնաարտահայտման ձև: Եվ սա ինձ համար կարևոր է, կարևոր է ժամանակին ազգային սկզբին բոլոր դափնիները տված, հետո` հերթով ետ վերադարձրած մարդուս համար:

    Բավականին հաճախ հանդիպող դեպրեսիվ ու պեսիմիստական եզրահանգումներին քո վերաբերմունքը: dvgray


    Դրանք ինձ ավելի քան հայտնի ու հարազատ են: Իրական դեպրեսիայի ու իրական պեսիմիզմի մեջ է պետք փնտրել իրական մարդկանց: Բայց փնտրել ոչ թե նրանց հետ նույն դեպրեսիայի ու պեսիմիզմի մեջ թավալ գալու համար, այլ երջանկացնելու, Կենդանի կյանք տալու համար: Դեպրեսիան ու պեսիմիզմը կեդանի կյանքից առաջ առքինություն են, հետո` մահացու մեղք:

    Գիտությունը, որպես տիեզերքի ու մարդու ճանաչման ճշմարիտ բանալի՞: dvgray

    Իրական գիտությունը` այո: Ամբողջական գիտությունը` այո: Ոչ միայն գիտակցական կատեգորիաներով, այլ նաև ինտուիտիվ գործիքներով իրականությունն ու կյանքը չափող գիտությունը` այո, կյանքի գիտությունը` Այո:

    Ագրեսինա` որպես ինքնապաշտպանական զինատեսակ; Նրա կիրառելիության ընդունելի տարբերակը: dvgray

    Մարդն ապրում է ու կա մեկ հիմնական էներգիայի շնրհիվ, որը կարող է տարբեր անուններ ունենալ, բայց այն մեկն է` կենդանության էներգիան: Այն կարող է դրսևորվել տարբեր ձևերով, այդ թվում ագրեսիայի ձևով, որը, սակայն, բարորակ ագրեսիա է, ագրեսիա, որի նպատակը մարդկային գոյության սահմանների պաշտպանությունն է: Այս ագրեսիան` թե իր հոգեբանական հիմքով, թե պատճառներով ու հետևանքներով ապրելու արվեստի կարևոր բաղադրիչներից է: Այլ է ճգնաժամային մարդու ագրեսիան, չարորակ ագրեսիան, որը ինքն իրեն ու աշխարհը, կյանքի գոյություն ունեցող բջիջները սպանելու, ոչնչացնելու մոլուցքն ունի իր մեջ: Այսպիսի ագրեսիան պետք է բուժել, կրողին` ապաքինել ու ապաքինել կենդանի կյանքով:

    Քաղաքականության հանդեպ արհամարա՞նք... Եթե այո, ապա ո՞ր ակունքներից են հոսում դրանք:dvgray

    Քաղաքականության ակունքից, անցյալի բացարձակ քաղաքականացվածության ակունքից: Ոչ վաղ անցյալում Հայկի օրը չէր սկսվում կամ ավարտվում առանց թերթերի ու քաղաքական թեժ քննարկումների, չկար մի կուսակցություն, որ ստեղծումից հետո չարժանանար քաղաքականացված Հայկի սուր ու հատու գնահատականներին, չկար մի ելույթ, իրադարձություն, որը քաղաքական վերլուծության չենթարկվեր, չկար մոտակա քաղաքական իրադարձություն, որը չարժանանար նրա` հաճախ արդարացող քաղաքական կանխատեսումներին: Եվ այսպես` մինչև... Մինչև ծնվեց Philosopher-ը, որը իր քաղաքականացվածության շրջանում առաջացած ու այդպես էլ պատասխան չստացած կասկածներին գտավ պատասխանը մարդակենտրոն փիլիսոփայության ու կենդանի կյանքի գիտակցական ու զգացողական ընկալման մեջ, աշխարհին ամբողջականորեն նայելու ունակության մեջ, այն ունակության, որը ժամանակավորապես խեղդվել էր քաղաքական ճանապարհների անպտուղ փնտրտուքներում: Հիմա Հայկը էլ թերթ չի կարդում, քաղաքականության մասին տեղեկացվում է այնքանով, որքանով իրեն տեղեկացնում են ընկերները, քաղաքականության մեջ ուղի ու ելք չի տեսնում, մի խոսքով` արմահարում է քաղաքականությունը: Ահա թե ինչ կարող է անել կյանքը, ինքն իրեն գիտակցող ու զգացող կյանքը:

    Եվրոպան ի տարբերություն Ասիայի, կեղծ ու խաբուսիկ արժեքային համակարգի կրո՞ղ dvgray

    Ոչ: Իմ գիտակից գոյության ընթացքում ես ինձ հանդիպած () միակ մարդն եմ, ով փայլուն իմանալով Եվրոպայի խնդիրները, փայլուն իմանալով եվրոպական քաղաքակրթության ճգնաժամի պատկերը, երբեք երես չի թեքել Եվրոպայից և երբեք չի նետվել` առաջին հայացքից իմաստուն ու անպրոբլեմ, խորքում, սակայն, ոչ պակաս անիմաստուն ու ոչ պակաս պրոբլեմատիկ Արևելքի գիրկը: Ես որպես մարդ ու որպես մտածող ձևավորվել եմ եվրոպական մշակույթի ուղղակի ազդեցությամբ, այդ մշակույթի կրողն եմ: Միջնադարյան եվրոպական քաղաքն իմ ներքին լանդշաֆտի ամենակարևոր բաղադրիչներից է, ես զտարյուն, էական Եվրոպայի եվրոպացին եմ: Ես եվրոպացի եմ` իմ ներքին խնդիրներով, աշխարհին ու աստծուն ուղղած իմ հարցադրումներով, մարդկային ես-ի նկատմամբ իմ ինտիմ-զգայական վերաբերմունքով, դետալներն ընկալելու իմ ներքին մշակույթով, քաղաքային գոյության ու նրա պրոբլեմատիկայի ճանաչողությամբ ու հարազատությամբ: Մի խոսքով, մտածողության տիպով ու ապրելու կերպով եվրոպացի եմ: Ու հեց դա է ինձ օգնում նաև լավագույնս հասկանալ եվրոպական քաղաքակրթության խնդիրները` մարդու միայնակությունից մինչև մասսայական հասարակություններ, դեկադենտականությունից մինչև մասսայական մշակույթ, չարորակ ագրեսիայից մինչև ինքնակործան կրքեր, ներքին ազատությունից մինչև ներքին անազատություն ու արտաքին ազատությունից մինչև արտաքին անազատություն: “Ես” ու անգիտակցական, մարդ ու հասարակություն, կեցություն ու գիտակցություն, այս ամենն իմն են: Այս ամենով` ես գիտակցում եմ, որ Եվրոպան կործանման եզրին է, ես հասկանում եմ, որ Զիգֆրիդի, Ռոլանդի, Գիյոմի, Գոնսալոյի, Կուքուլինի, իսլանդական ասերի Եվրոպան, իմ Եվրոպան կործանվում է: Եվ դա արդարացի է: Սակայն նրա ավերակների վրա ուրախացողների մեջ հաստատապես չեմ լինելու, ես լինելու եմ իսկական, եվրոպական ու արևելյան քաղաքակրթությունների սահմանները հաղթահարած նոր քաղաքակրթության կերտողներից, որը հաստատ այցելության է գնալու թե' Գանդիի, թե' Կյերկեգորի ու Հայդեգերի գերեզմաններին ու մի օր նստելու է իր նախնիների գյուղի պատահական քարի ու զգալու է այն, ինչ Բուդդան էր զգում, լանդշաֆտին նայելու Շպենգլերի հայացքով, նետվելու մարդուն ու նրա միջի կենդանուն հաղթահարելու կռվի մեջ, ինչպես Նիցշեն էր նետվում: Արևելք-Արևմուտք սահմանը փոքր արգումենտ է մարդկայնության տոնի համար, համամարդկային տոնի համար, Մարդու համար:


    9. Ի՞նչն է ամենավիրավորականը քո մարդկային արժանապատվության համար:dvgray

    Ցածրի հաղթանակը բարձրի նկատմամբ, անկախ նրանից, թե ով է ցածրն ու ով բարձրը


  2. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (15.01.2008), dvgray (14.01.2008), Stranger with My Face (11.02.2008)

  3. #12
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Ինչպե՞ս ես Black Orchid

    Հրաշալի

    Կան մարդիկ, որոնք, անկախ այն բանից՝ ուրախ են թե տխուր, իրենց մի տեսակ կիսատ են զգում: Կան նաև լրիվ հակառակ տեպի մարդիկ, որոնք իրենց ամբողջականությունն զգում են նույնիսկ ամենադժբախտ պահերին: Հոգուդ խորքում, իրականում լրիվության զգացողություն ունե՞ս: Եթե ոչ՝ ի՞նչն է քեզ պակասում դրան հասնելու համար, իսկ թե այո՝ միայն քո եսն այդ ամբողջականությունը ապահովո՞ւմ է, թե՞ ոչ:Black Orchid

    Դժվար է ասել` ունեմ թե չէ: Թերևս ունեմ, ներքին մի ամրություն կա, որը բոլոր պարագաներում պահպանվում ու ինձ ուժ, իրավիճակը շտկելու վճռականություն է տալիս: Ես հավատում եմ այդ ներքին ամրությանը, այդ ներքին Հայկին ու հավատում եմ, որ նա գիտի իր ուղին: Այս առումով` լրիվության զգացողութուն ունեմ: Այդ մակարդակից մի քիչ այս կողմ այն լրիվությունն է, որն ապահովում են ընտանիքս, սիրելիս, ընկերներս: Այս լրիվության միակ ապահովողը ես չեմ, իսկ ավելի ճշգրիտ` այստեղ ես լրիվ եմ հենց նրանց հետ, նրանց գոյության հետ իմ գոյությամբ: Այսպես եմ լրիվ

    Արդյո՞ք քեզ որևէ բան կարող է հիասթափեցնել կյանքից: Եթե այո՝ ի՞նչը:Black Orchid

    Դժվար թե: Կարող եմ հիասթափվել շատ բաներից, կարող եմ հիասթափվել ամեն ինչից, բայց կյանքից հիասթափվե՞լ... Իմ ոճը չէ

    Ինչպես ինքդ բազմիցս նշել ես, կյանքի մասին գրած շատ փիլիսոփաներ իրականում չեն կարողացել իսկապես ապրել: Քո գիտելիքները քեզ խանգարո՞ւմ են արդյոք ապրել: Ինչո՞ւ:Black Orchid

    Ոչ, չեն խանգարում: Մարդկային կենդանի գոյության մեծագույն թշնամին է իր համար նախատեսված սահմանները խախտող գիտելիքը: Այն կարող է դառնալ մեծ ողբերգություն, մարդկային գոյության ավերման վիթխարի գործոն: Այս առումով գիտելիք, իրական գիտելիք ունեցող մարդը պետք է խուսափի մի շարք գայթակղություններից և առաջին հերթին` գիտելիքն ու կյանքը սկզբունքորեն չտարբերակելու գայթակղությունից: Կյանքը միշտ ավելի հարուստ, անկանխատեսելի ու բազմազան է, քան կարող են ենթադրել Նիցշեն, Հեգելն ու Հայդեգերը միասին վերցրած: Գիտելիքի ու կյանքի մրցակցությունում պետք է հաղթեն նախ` կյանքը և ապա` կյանքի իմպերատիվն ընդունող գիտելիքը, կյանքի գիտելիքը: Ես երբեք չեմ համարել իմ իմացածն ավելին, քան կյանքն է, ես համարել ու համարում եմ, որ իմ իմացածը կարող է փոխել կյանքը, բայց հաղթել կյանքին` երբեք: Նրա հաղթանակը կյանքի հաղթանակն է: Ամեն իսկական փիլիսոփայություն, կրոն, գիտությունը պետք է ապրեցնի մարդուն, առանձին վերցրած կենդանի մարդուն: Իմ փիլիսոփայությունը մարդու ապրեցման փիլիսոփայություն է: Ահա ինչու` այն միայն օգնում է ինձ ապրել` այնքանով, որքան այն ապրում է ինքը:

    Դժվա՞ր է լինել մյուսներից տարբեր, մանավանդ՝ ավելի լավը, թեկուզ, ասենք, ինտելեկտուալ զարգացվածության առումով:Black Orchid

    Դժվար է: Գոնե հաստատ գիտես, որ եթե երբևէ ուզենաս միայնակ լինել, կարող ես գտնել մի քանի հատոր պատճառ քո այդ անհեթեթ ցանկության իրականացման համար Իսկ դա արդեն դժվար է Իրականում երբ հասկանում ես, որ կյանքը ինտելեկտի կամ նույնիսկ զգացողության խորության մեջ չէ, այլ իրական, կենդանի մարդկային երկխոսության մեջ, որի պայմաններում այդ նույն ինտելեկտն ու զգացողությունը ստանում են նոր, առավել քան կարևոր նշանակություն` ինչպես քո` անձիդ, այնպես էլ քեզ շրջապատող մարդկանց համար, այն ժամանակ արդեն ետին պլան են գնում բոլոր տարբերությունները, բոլոր հակասությունները ու գալիս է նմանության, մարդկային մեծ հաշտության ժամանակը: Ես այդ ժամանակի հետ եմ


    Ո՞րն է կյանքում քո նշանաբանը:Black Orchid

    Կյանքը

    Այսքանից հետո գուցեև անիմաստ թվացող մի հարց (կարծում եմ՝ պատասխանը պետք է որ հետաքրքիր լինի). ո՞վ ես...

    Մարդ, մարդ, որն ապրեց, մտածեց, զգաց, մարդ, որ հասավ իր հասածը մի կողմ թողնելու ու նորը ձեռք բերելու հանգրվանին, մարդ, որը գիտակցաբար փոխեց իրեն, չափսոսեց թափած ջանքն ու հարազատ հնոտիները, մարդ, որը երբեք չխուսափեց բուժող դաժանությունից, երբեք կոմպրոմիսի չգնաց ոչ մեկի ու ոչնչի հետ, մարդ, որը իրեն ու դիմացինին ասեց բաներ, որոնք վերբալ ձև երբեք չէին ստացել, մարդ, որը սիրեց իրեն, մարդ, որ սիրեց մարդուն, մարդ, որը ափսոսեց, որ մի օր կարող է ինքը չլինել, մարդ, որը իրենից ու մարդուց վեր աստված չճանաչեց, դրա համար էլ սիրվեց աստվածների կողմից ու սիրվեց մարդկանց կողմից, որոնք դարձան աստված` վերարարվելով նրա հայացքում: Մարդ, որ կա

  4. Շնորհակալություն Philosopher-ին այս գրառման համար:

    Black Orchid (15.01.2008)

  5. #13
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Վիրտուալ աշխարհում, որքանով որ տեսնում եմ, դրսևորում ես լիդերի հատկնիշներ և ունես համապատասխան դաշտ դրանք իրացնելու համար: Իսկ իրական կյանքում լիդե՞ր ես, եթե այո, ապա որտե՞ղ և ինչպե՞ս է դա դրսևորվում: ivy

    Լիդեր եմ եղել միշտ: Նույնիսկ այնտեղ, որտեղ լիդերությունն ինձ չի պատկանել, գերիշխող տարրն ինձ ընկալել է որպես պոտենցիալ լիդեր ու համապատասխան ռեակցիա դրսևորել. պաշտպանողական կամ հարձակողական` կապված միջավայրից: Միշտ ունեցել եմ անձիս շուրջ լիդերական աուրա, որը բարեկամներին գրավել է, գոյության ու մտածողության ձևով տարբերվող մարդկանց` վանել, հակադրել, սակայն նույնիսկ հակադրվելով` նրանք հակադրվել են այնպես, ինչպես հակադրվում են լիդերին. ոչ թե դեմ առ դեմ, այլ սեփական, ստրկական բարոյականության շրջանակներում ընդունված թաքուն մեթոդներով: Այս լիդերությունը և դրա զգացողությունը, որն ինձ ուղեկցել է գիտակցական կյանքիս հենց սկզբից, դրսևորվել են տարբեր ոլորտներում: Լիդերությանս մեջ երբեք ագրեսիա չի եղել, չարորակ ագրեսիա, իհարկե: Բայց այն նաև եղել է անկախ, կամային, երբեք չզիջող, իր նպատակակետին անընդհատ ձգտող, չընդունվելու կամ հակադրության դեպքում` ավելի ու ավելի հետևողական: Նախկինում լիդերությունս հիմնականում միայնակ լիդերություն էր, թեև բոլոր փուլերում էլ եղել են մարդիկ, որոնք ինձ հասկացել ու զգացել են` իմանալով ես ինչ եմ անում ու ինչու եմ անում: Այսպիսի լիդերությունը, իհարկե, բարդ բան է, բարդ ապրումներ են, բայց երբ գիտես նպատակդ ու գիտես, որ այն հասանելի է, գիտես, որ այն պետք է քեզ ու սիրելի մարդկանց, այդ դժվարությունները ի չիք են դառնում, կարևորը արդյունքն է, որի համար պայքարում ես: Հիմա, երբ շատ բաներ փոխվել են անձիս մեջ, փոխվել է նաև լիդերության ձևը: Այն շատ ավելի կոլեկտիվ է, շատ ավելի ընկերական ու հանդուրժող, քան առաջ էր: Բայց այդ փոփոխությունը չի կատարվել իմ` նպատակներից հրաժարվելու հաշվին, ընդահակառակը` այս նոր, արդեն քաղցր ու ջերմ լիդերությունը ինձ համար մեծ գտնում ու ձեռքբերում է: Ինքնին այն իմ կյանքի մեծ նվաճումներից է: Ես երջանիկ եմ, որ կարող եմ և' լինել լիդեր, և' այդ լիդերությունը, պայմանների պարտադրամամբ, չվերածել դիկտատուրայի` ինքս ինձ ու ուրիշների վրա: Երջանիկ եմ, որ այս լիդերությունս հիմնականում, գոնե այն մարդկանց կողմից, ովքեր իսկապես իմ կողքին են ու գիտեն, թե ինչ ու ինչու եմ անում, ընդունվում է ու օժանդակություն ստանում: Շնորհակալ եմ նրանց` ինձ ոչ միայն վճռական, այլ նաև բարի ու հանդուրժող լիդեր Հայկին վերադարձնելու համար


    Ո՞րն է քո էության ամենադրական հատկանիշը և ո՞րն է ամենաբացասականը:ivy

    Ամենադրական ու ամենաբացասական հատկանիշ ունենալու երանությունից ազատ եմ: Կարծում եմ` ընդհանուր առմամբ, որակական առումով բացարձակ դրական երևույթ-մարդ եմ, իսկ ավելի ճիշտ` պարզապես մարդ եմ: Իսկ այդ մարդկայնության վրա մակաբերվող դրական կամ բացասական հատկանիշներ ունեմ: Խորքում, սակայն, բոլորն էլ գալիս ու ենթարկվում են այն դրական սկզբին, որն իր խոսքն ու գործը առաջ է տանում: Առաջին հայացքից բացասաբար ընկալվող հատկանիշս էլ խորքում ծառայում է դրական սկզբին: Եթե ոչ, ապա նրա լավագույն զգացողն, իհարկե, ես եմ, ու իմ ներքին դատավճիռը հետևում է անմիջապես, վայրեկանաբար: Այնպիսի բացասական հատկանիշ, որը գերիշխի ինձ վրա ու չթողնի ներքին մարդուս` անել իր գործը, չունեմ: Երբեմն փոքր ապստամբություններ լինում են, բայց դրանք անմիջապես վերացվում են` կյանքի ֆիեստայականության, կյանքի ամբողջականության, կյանքի հրաշալիության հզոր զենքերի օգնությամբ: Օրինակ` բացասական հատկանիշ. ամենափոքր բանից անգամ կարողանում էի հիասթափվել, ինձ համար թանկ բաներ ու մարդկանց կարողանում էի հեռացնել ինձանից, մտքիցս ու հոգուցս` աննշան կամ ոչ այնքան աննշան թերության, սխալ վարվելակերպի կամ այլ` ինձ դուր չեկող հանգամանքի պատճառով: Հիմա այդ թերությունս, որը թերություն էր դառնում ծայրահեղացման արդյունքում, հաղթահարված է. հիմա ավելի հանդուրժող եմ ու ընդունող. կյանքը ձեզ հանդիպեցնում է միայն հրեշտակների, այդ դուք եք սատանաներ ստեղծում նրանցից:


    Ինչպիսի՞ն պիտի լինի լավ ուսուցիչը, ուսուցիչ՝ լայն իմաստով:ivy


    Ուսուցիչը պետք է խոսի և պետք է ունենա ասելիք: Միշտ զարմացել ու զայրացել եմ մեզ բոլորիս վրա. մի՞թե մարդու ուսուցիչ կարող է լինել միայն կենդանի, առավոտյան իննին դպրոց կամ համալսարան մտնող, երեքին այնտեղից հեռացող մարդը: Իսկ այն մեծ մշակույթը, որ իրական, մեծ ուսուցչությու՞ն է. Հեգելի ու Դոստոևսկու նամականիները, Կյերկեգորի էսսեները, Հելդերլինի ու Հայդեգերի խոհ-երկերը, Գերցեն, Տոլստոյ... Այսպիսին պիտի լինի ուսուցիչը: Ուսուցիչը պիտի լինի` աշակերտի լինելիության համար, ուսուցիչը պիտի զգա` աշակերտի զգացողականության համար, ուսուցիչը պիտի մտածի` աշակերտին մտքի կիրք ներարկելու ու մտքի կրքի պարը փոխանցելու համար: Ուսուցիչը պիտի երազի ու աղոթի, պարզապես բարձրաձայն` նոր երազողներ ու աղոթողներ արարելու համար

    Ո՞րն է քո կարծիքով կնոջ և տղամարդու միջև գլխավոր տարբերությունը, եթե իհարկե այդպիսին ընդհանրապես կա:ivy

    Տղամարդը այն ակտիվությունն է, որը կարող է կյանքի վերածվել միայն կնոջ պասիվության ծովում օծվելուց հետո ու ամենաօրյա օծումով: Բոլոր հերոսները օծվում են ջրում: Կինը այն ջուրն ու հողն է, որի վրա աճում է տղամարդկային ակտիվության, մեծ կենսարարման ծառը: Կինն այն էակն է, որի մի ձեռքը բնության զարկերակին է, մյուսը` տղամարդու սրտին: Տղամարդը կնոջով վերածվում է մարդու: Կինը տղամարդով ստանում իր գոյության հաստատումն ու տիեզերական ցոլքը: Երջանիկ կինը տիեզերքի երջանկությունն է, երջանիկ տղամարդը` մարդկության: Ահա տարբերությունն ու ահա նույնությունը, այն է` միասնական կյանքը

    Ի՞նչը կարող է քեզ մոտ արցունքներ առաջացնել և ե՞րբ ես վերջին անգամ արտասվել:ivy

    Իրականում արտասվելու սովորություն չեմ ունեցել և չունեմ: Ավելի ճիշտ` չունեմ արտասուքները ցույց տալու սովորություն: Իսկ ներսում... Տղամարդն ամենաշատ արտասված էակներից է տիեզերքում: Իսկ երբ եմ վերջին անգամ արտասվե՞լ. իրական, իմ, ներքին արտասուքով` երևի վերջերս, բայց օ՞ր` կյանքիս ինքնադիտման ծրագիրը այդպիսի վիճակագրություն չի անցկացնում (տիպիկ կանացի հարցին տրված տիպիկ տղամարդկային պատասխան)

    Կա՞ մի մասնագիտություն, որը երբեք չէիր ընտրի, ոչ մի պայմանով, ո՞րն է:ivy

    Ոչ մի պայմանով չընտրվող բան չունեմ: Ազատ եմ այդ ուտոպիայից: Իսկ չէի ցանկանա ընտրել ու լինել` միջատաբան և բժիշկ-մաշկավեներոլոգ

    Ամբիցիոզ լինելը ավելի շատ դրակա՞ն հատկանիշ է, թե՞ բացասական: Ինքդ քեզ համարու՞մ ես ամբիցիոզ:ivy

    Եթե ունես ասելիք ու անելիք` ամբիցիաների գոյությունը պարտադիր է, չգոյությունը` լուրջ թերություն, իսկ եթե չունես ասելիք ու անելիք` ամբիցիաների գոյությունը նորմալ է, չգոյությունը` ինքնաախտորոշում: Ես, իհարկե, ամբիցիոզ եմ: Երջանիկ եմ, որ ազատ եմ նաև ամբիցիաներ չունենալու ախտից:

    Քո տեղը Հայաստանում:ivy

    Այստեղ: ԴՆ Ֆորումում ու Երևանում: Այստեղ` նոր մարդու ու նոր հայի ստեղծման միջավայրում`
    ընկերներիս հետ ու ընտանիքումս: Այստեղ` ամեն պահի` իմ, քո, նրա` ներքին կյանքով, ուրախ ջանքով, չվերացող հավատով այստեղ լինելով ապագայի երկիր դարձող Հայաստանում

  6. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (15.01.2008), ivy (13.01.2008), Լեռներ (10.01.2011), Փայլ (13.01.2008)

  7. #14
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Քո կարծիքով, որքանով ես "ավարտել" ինքնաճանաչումդ, անձիդ որ մասը դեռևս կարող է անհայտ լինել քեզ համար, և բացահայտվել հետագայում: Առողջագետ

    Ինքս ինձ միշտ ճանաչել եմ: Միշտ իմացել ու զգացել եմ` ով եմ և ինչ եմ անում: Այլ խնդիր է, որ կյանքի տարբեր փուլերում դրսևորել եմ անձիս տարբեր կողմեր, բայց անկախ նրանից, թե որ փուլում որ կողմն եմ դրսևորել, միշտ իմացել ու ճանաչել եմ այն միջուկիս, որին մշտական վերադարձ, մշտական երկրպագություն է գոյությունս: Դրսևորվե՞լ է արդյոք այդ միջուկս ամբողջականությամբ` իր բազմերանգությամբ ու հարստությամբ: Ամբողջությամ` իհարկե` ոչ: Իսկ դա նշանակում է, որ ես դեռ կճանաչեմ նրան ավելի ու ավելի խորը, դեռ կզգամ նրա շնչառությունը կրծքիս տակ ավելի ու ավելի կենդանի: Ներսիս փոքր, բարի, պարզ Հայկին դեռ ճանաչելու տեղ ունեմ, իսկ ավելի ճիշտ` դեռ զգալու տեղ, դեռ նրա հետ կյանք ապրելու տեղ, դեռ ինքնաձուլման ուղի: Երջանիկ եմ, որ այդ ուղու վրա եմ: Ինքնաճանաչման ու ինքնաապրման ուղու:

    Քո կարծիքով, որ մասն է անհայտ ինձ համար, ինչ նոր բացահայտումներ կարող են սպասել ինձ...Առողջագետ

    Մոր համար գաղտնիք չկա, մոր համար կա գաղտնիքի բացահայտման, ծավալման երազ, սեփական արարչագործության փթթման իղձ: Փթթելուց հետո նա լինելու է այն, ինչ կար, բայց նոր գեղեցկությամբ, ու իրական, տեսանելի, շոշափելի հրաշալիությամբ: Արարչագործության համար գաղտնիքներ չկան: Արարչագործության համար կա նոր արարչագործության հասունացման իղձը:

    Չեմ պատկերացնում անգամ, թե դեռ ինչեր կարող ես անել կյանքում, իսկ դու պատկերացնու՞մ ես:Առողջագետ


    Այո: Օրինակ` մնալ այն, ինչ կամ: Եվ ապա` ծավալել ներքին գոյությանս ձևը, մտածողությանս հյուլէները մարդկանց, մտերիմիս ու անծանոթի հոգու վրա, խոսել նրա հետ, լինել աշխարհի հետ մեծ երկխոսության մեջ, ընդգրկել աշխարհը, սնել այն ու սնվել նրանից` անկախ ազգային ու աշխարհագրական սահմաններից: Աշխարհն ամեն օր վերարարել սեփական անձի ու գոյության արարմամբ, նորացմամբ, բյուրեղացմամբ:
    Անսահմանության սահմանադիր դառնալ. ահա այն ինչ կարող է անել յուրաքանչյուր մարդ, ահա այն ինչ կարող եմ ու պիտի անեմ ես

  8. Շնորհակալություն Philosopher-ին այս գրառման համար:

    Black Orchid (15.01.2008)

  9. #15
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Ինչի՞ն ես ձգտում հասնել, որ դեռ չես հասել։ Իսկ անիրականանալի կամ այդպիսին թվացող երազանքներ ունե՞ս։ Եթե այո, ապա ո՞րն է/որո՞նք են։Փորփրուկ


    Երբեք չեմ սիրել երազել այնքան ու այնպես, որ երազանքների հիերարխիա ստեղծեմ ու սկսեմ սպասել դրանց իրականացմանը: Գրեթե չեմ երազում: Երազելը հրաշալի բան է, երբ ձուլված է կյանքին, քո այսօրվա կյանքի մի մասն է, բայց չի կառչում ապագայից, այսօրդ չի վերածում ապագայի կցորդի, այսօրդ չի չորացնում` ապագայի առատության սպասումով: Այս առումով ես ճիշտ երազող եմ: Իմ երազանքը այսօրն է, այս պահիս մեջ: Ապագան կգա, կսկենք նրան երազել


    Ո՞րն է քեզ համար գեղագիտական հաճույքի մեծագույն աղբյուրը (որևէ զբաղմունք, արվեստի գործ, բնության որևէ երևույթ և այլն)։Փորփրուկ

    Մեծագույն հաճույքը, որ երբևէ զգացել եմ, այն հաճույքն է, որ ստացել եմ որևէ գործ գրելիս-ավարտելիս, որևէ միտք ամփոփելիս, երբ հոգնած ու բավարարված վեր եմ կենում համակարգչի առջևից ու հասկանում. ես ասացի այն, ինչ պիտի ասեի, ասացի այնպես, ինչպես պիտի ասեի: Ու մի աստվածային վայելքի զգացողություն է լցնում սիրտս, հոգիս: Աշխարհի ու ինքդ քեզ հետ ձուլվելու մեծագույն պահ է: Շնորհակալ եմ ինքս ինձ` այսպիսի բազմաթիվ պահեր զգալու ու ապրելու համար: Մեծագույն երջանկություն է թեկուզ մեկ վայրկյան արարիչ լինելը: Եվ ինչու՞ միայն մեկ ու ինչու՞ միայն վայրկյան...

    Դու հաճախ ես օգտագործում «կյանքը հրաշալի է» արտահայտությունը, իսկ հատկապես ո՞ր պահերին է այդ զգացողությունն ավելի ուժգնանում (չհաշված անձնական սիրո հետ կապված ամեն ինչը Փորփրուկ

    Այն պահերին, երբ զգում եմ, որ իմ տեղում եմ, իմ ժամանակում, իմ սիրելի մարդկանց հետ և անում եմ այն, ինչ պետք է անեմ

    Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ նկատմամբ ես դաժան եղել, քո կարծիքով։Փորփրուկ

    Ես հաճախ եմ դաժան լինում, երբ զգում եմ, որ ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան կարող է խաթարել իմ ու մտերիմիս կյանքը, գործը, ընթացքը: Այս առումով գրեթե ոչ մի օր չի ավարտվում առանց որևէ դաժանության: Բայց իմ դաժանությունը բուժող դաժանություն է, փորձում եմ ինքնանպատակ դաժանությունից հնարավորինս զերծ մնալ: Հիմնականում ստացվում է: Իսկ վերջին անգամ ու՞մ նկատմամբ. քո նկատմամբ եմ հիմա դաժան, որ որևէ կոնկրետ անուն չեմ նշում

    Ունե՞ս այնպիսի հատկանիշ, որը հմտորեն թաքցնում ես վիրտուալում, բայց զգալիորեն դրսևորում ես ռեալում։ Եթե այո, ապա ո՞րն է դա։Փորփրուկ

    Անցյալում, երբ գրառումներ էի անում ակումբում, ունեի. դա երևույթների նկատմամբ շատ ավելի պարզ ու հատու մոտեցումն է, որը վիրտուալ տարածքում փոխարինվում էր առավել բարդ կառույցով ու մտքերի շարադրանքով: Դա իմ նախկին` գրեթե սխոլաստիկ փիլիսոփայականության շրջանի արդյունք էր, որը նոր անհատականությանս ձևավորմանը զուգահեռ աստիճանաբար իր տեղը զիջեց թեև կրկին հաճախ բարդ, բայց իր ներքին ավիշում ավելի քան կենդանի ոճին: Նաև` վիրտուալ տարածքում աշխատում եմ զերծ մնալ կառնավալային-դիպուկ-սրամիտ ցինիզմիս գոհարների հրապարակումից, քանի որ վիրտուալ տարածքի միջոցով դժվար է փոխանցել դրանց տակ թաքնված իրական իմաստը, իրական ասելիքս: Բայց երբեմն ինձ թույլ եմ տալիս պարզապես մի սարկաստիկ ռեպլիկով սահմանափակվել կարծիքի հրապարակումից: Ահա այս սարկաստիկ ցինիզմս վիրտուալում հիմնականում քողարկում եմ` նրան ինքնաիրականացման լայն հնարավորություններ տալով ընկերներիս
    հետ հանդիպելիս ու ընտանիքում զվարթ վիճելիս

    Քո կարծիքով, ծնողներիցդ ո՞ր մեկին ես ավելի շատ նման բնավորությամբ, հայացքներով և այլն: Եթե դժվար չէ նշիր կոնկրետ հատկանիշներ։Փորփրուկ

    Երկուսին էլ` միանշանակ: Իրականում կյանքիս ուղին ցույց է տալիս, որ երկու կողմից էլ ունեմ այնպիսի հատկանիշներ, որոնք էությանս էական հատկանիշներն են, և հենց էությանս և ոչ թե դրա վրա մակաբերված մակարդակում: Հորիցս ստացել եմ տաղանդի այնպիսի չչափվող պարագիծ, որն ինձ կարող է թույլ տալ չհանդիպել որևէ երևույթի, ինտելեկտուալ նյութի, որն ինձ համար լինի անհաղթահարելի: Սա թերևս ամենակարևոր հատկանիշն է, որ ստացել եմ հայրական կողմից: Այս հատկանիշն ինձ օգնել է զգալ ու հասկանալ բազմաթիվ երևույթներ, ճանաչել մշակույթ, արագ ընկալել ու զգալ մշակութային ու ինտելեկտուալ բազմաթիվ գոհարներ: Մորս կողմից ստացել եմ քաղաքային մշակույթի, կենցաղի քաղաքայնության, հոգեբանության ու ինտելեկտի այնպիսի նրբություն, որոնք իմ կարևոր ուղեկիցներն են նոր փուլի Հայկի կերտման գործում: Մորիցս ստացել եմ անկախության ու անվախության մի այնպիսի զգացողություն, որն ինձ թույլ է տալիս քանդել պատեր ու սահմաններ, դուրս գալ գենետիկ ու մշակութային կեղևից ու ձեռնոց նետել բոլոր տեսակի պայմանանականություններին, անկյանք, ետադիմական պայմանանականություններին: Մորիցս ստացած ամենամեծ գանձը, սակայն, աշխարհին ու կյանքին դետալներ, նրբերանգներ տեսնող աչքով նայելու հմտությունն է, առանց որի Philosopher-ը կույր կլիներ: Ահա այս երկու հատկանիշների` ինտելեկտի, երբեմն` գիգանտոմանիկ ինտելեկտի ու աշխարհի նրբերանգային զգացողության միաձուլման արդյունք եմ, իսկ ավելի կոնկրետ` հոգիս դրանց միաձուլումով է ելք գտնում դեպի աշխարհ, դեպի մարմնի, հոգու, մտքի ու սրտի ոլորտ: Մի խոսքով` երկուսին էլ նման եմ ու նման եմ ինձ

  10. Այս 6 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (15.01.2008), Այգ (09.02.2008), Առողջագետ (14.01.2008), Լեռներ (10.01.2011), Փայլ (13.01.2008), Փորփրուկ (13.01.2008)

  11. #16
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք

    Ամենից շատ ինչի՞ց ես վախենում։Փորփրուկ

    Վախենալուց: Մարդկային գոյության մեծագույն ողբերգությունը վախն է, վախի իշխանությունը` աշխարհում ու յուրաքանչյուրիս մեջ: Մարդու նորացումն ու նորովի կայացումը սկսվում է վախի հաղթահարումից: Բոլոր զգացումների հետ կարող եմ ապրել, բայց վախին ներս չեմ թողնում:

    Երբ որևէ մեկի հետ ծանոթանում ես, քո ո՞ր հատկանիշն ես ուզում, որ առաջինը նկատեն։ Փորփրուկ

    Ուզում եմ, որ նկատեն, որ ես նկատեցի

    Ընդհանրապես առաջ գնալու համար (լայն իմաստով) քեզ ամենաշատը ի՞նչն է խանգարում։Փորփրուկ

    Ոչինչ և այդ չխանգարելը սկսվում է այն պահից, երբ ասում ես` "ոչինչ չի խանգարում"

    Նախկինում ի՞նչ թերություններ ես ունեցել, որոնցից հիմա ազատվել ես, և ի՞նչ արժանիքներ կուզենայիր ունենալ, որ, ըստ քեզ, դեռ չունես։Փորփրուկ

    Կարծես ամեն ինչ արդեն ասել եմ: Այս հարցին նորից կանդրադառնամ, երբ ներկաս արդեն լինի անցյալ Իսկ ինչ արժանիքներ կուզենայի ունենա՞լ. լինել ավելի տոլերանտ, ավելի հաշտ ինքս ինձ ու աշխարհի հետ, աշխարհը շնչեի ավելի թայլանաթոք ու կյանքի հազարերորդ նրբերանգը զգալուց հետո զգայի նաև 1001-րդը, կյանքը զգայի ավելի ու ավելի լայնահուն. ես սպասում եմ դրան ու սպասում եմ ամեն պահի ու սպասում եմ` պարզապես զգալով, պարզապես ապրելով:

    Եթե նյութապես այն աստիճանի ապահովված լինեիր, որ փող աշխատելու մասին մտածելու կարիք ընդհանրապես չլիներ, ինչո՞վ կզբաղվեիր։Փորփրուկ

    Կլայնացնեի շփումներիս աշխարհագրական ու ազգային շրջանակները, կքայելի, կխոսեի, կքննարկեի, կայցելեի, կշրջեի երեկոյան էլ կգայի ու կնստեի համակարգչի առաջ ու կբացեի www.dnforum.am կայքը ու կմտածեի` ի~նչ հրաշալի է, որ կա աշխարհը, կամ ես ու կա այն փոքր մարդը, որն այսօր ծնվելով` սպասում է, որ իմ խոսքն ու գործը կհասնեն իրեն

    Քո տված հարցերից մեկը հիմա քեզ եմ ուղղում. Նկարագրիր քո երազած միջավայրը, իրավիճակը, շրջապատիդ մարդկանց, տեղը, զբաղմունքդ և այլն... Մի խոսքով՝ դու հասկացար։ Փորփրուկ


    Վառ, արևոտ կեսօր: Երևանից դուրս որևէ տեղ: Փոքր, գեղեցիկ տնակ: Նստած ենք պատշգամբի սեղանի շուրջ, ուտում ենք, խմում ու խոսում: Բոլոր հին ընկերները արդեն նստած են իրենց կանանց ու ամուսինների հետ: Արևի տակ վազվզում են երեխաներ, որոնց կողքից տեսնողը քույր ու եղբայրների բազմություն կհամարի: Ու ճիշտ կանի: Ընկերախմբի ծնողներ` տատիկ-պապիկները հիացմունքով նայում են նրանց ու զգուշության կոչեր հղում խելառների պարսին: Ու մենք էլ Մեր կենացը խմելուց հետո հիշում ենք այս օրը, երբ ես գրում էի այս տողերը, ու ասում. "Գրողը տանի, կյանքը հրաաաաշք է"
    Ահա այսպես

  12. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (15.01.2008), Առողջագետ (13.01.2008), Լեռներ (10.01.2011)

  13. #17
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Եթե այս Philosopher-ը այլ մարդ լիներ, գուցե բոլորովին այլ բան կարողանայի գրել նրա մտքի, հոգու, կենսափիլիսոփայության և մնացյալ պայծառ հատկանիշների մասին, սակայն դա իմ Հայկն է` որ ծնվեց աչքերը փակ, նրան անմիջապես դրեցին մի փոքրիկ թասի մեջ, որը նման էր մեր մուրաբայի թասին, և հայտնեցին հորը, թե "տղա եք ունեցել": Այդպես էլ ապրեցինք այս տարիները նրա անվերջ հիացնող տաղանդի և հոգու տվայտալից փոթորկումների մեջ, նրա անվերջ աշխատասիրության, անսահման ազնվության, անզիջում խստության և ճշմարտասիրության... այն ամբողջ Կյանքը, որ ծավալվում ու դրսևորվում էր իմ մայրական աչքի առջև, բացահայտում էր մի աննախադեպ հոգու ծնունդ:
    Անկասկած, Տիեզերքը մեզ պարգևել է մի Պայծառ Հոգի, ինչպես ինքը կասեր, Մարդ, լիարժեք Մարդ, որով ես այսօր հպարտանում եմ, հպարտանում եմ նրա հոգու անսահման ազատությամբ` միայն այդչափ Ազատ Մարդը կարող է ճախրել, ունակ է մեծ գործերի: Միշտ միայն կնոջ սեր եմ ցանկացել այդ հզոր Հոգուն, քանի-որ սերը կարող է դարձնել Նրան ամբողջությամբ երջանիկ և Բացարձակ Ստեղծագործ: Հուսով եմ, որ Ճակատագիրը հոգացել է այս խնդիրը:
    Իմ զավակը ինձ համար Ուսուցիչ է եղել, շատ տեղերում և շատ խնդիրներում ուղղորդել իր բացառիկ բնածին գիտելիքի և իմաստության շնորհիվ: Երանի շատերը օգտվեն այս հզոր Հոգու Ուսուցչությունից, երանի մեր Երկիրը կարողանար տեսնել, գնահատել և խմել այս աղբյուրից:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  14. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Wista (10.02.2008)

  15. #18
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Անչափ ուրախ եմ, որ շփվում եմ մի այնպիսի անհատականության հետ, որն առանց առավոտյան շպարի, առանց երեկոյան գինարբուքի, իր ազատ, անկաշկանդ գոյությամբ ավելի ներդաշնակ է Աստծոն, քան բազմաթիվ ադամանդակուռ, ոսկեզոծ խաչերով պատված, սուրբ ջրերով օծված, ավետարաններով զինվածների հոծ բազմությունը;
    Ակնհայտ է, որ Նոր Մարդու Ծնունդը անխուսափելի իրողություն է:

  16. #19
    Գրածս կարդա Փայլ is on a distinguished road Փայլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2007
    Գրառումներ
    48

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Փիլիսոփայի հարցազրույցը կարդալիս անընդհատ հիշողությանս մեջ պտտվում էր իր սկզբնական կերպարը, այն առաջին գրառումները, որոնք կատարում էր ակումբում, իմ տպավորություննեը: Կարծում եմ հարմար առիթ է դրանք ներկայացնելու համար:
    Նախ՝ ինձ շատ զարմացրել էր այն հանգամանքը, որ ինքը բավականին ակտիվ լինելով քաղաքական թեմաներում, նաև գրառումներ էր կատարում այլ թեմաներում: Սովորաբար նման դեպքի դժվար է հանդիպել: Հիշում եմ Ալիզիկ բանաստեղծություններն էր շատ մեկնաբանում, նույնիսկ բանը հասավ նրան, որ գրեց, որ եթե Ալիզիկը բանաստեղծություները տպագրելու հետ կապված խնդիրներ ունենա ինքն իրեն կօգնի: Մոտավորապես եմ հիշում, բայց սենց մի բան էր գրել: Ինչ թաքցնեմ, մտքովս անցավ, որ Փիլիսոփան տպագրատանն է աշխատում: Մտածեցի երևի թերթերն էլ իր մոտ են տպագրում, դրա համար էլ քաղաքականությունից հասկանում է:
    Հիշում եմ, այդ ընթացքում էլ, հայ կանանց խնդիրներին վերաբերվող մի հատ լավ թեմա էր բացել, ինչն անկասկած իմ աչքից չվիրիպեց: Նաև հիշում եմ, որ իր ամեն մի գրառումը կարդալուց հետո, մտքիս մեջ ասում էի. «Բայց իրոք խելացի է» ու շատ զարմանում էի, որ ինքն ընդամնեը 24 տարեկան էր:
    Այսպես անցան օրեր, ամիսներ: Ինքս էլ սկսեցի գրառումներ կատարել ակումբում, վարկանիշներ ստանալ: Բայց Փիլիսոփան ինձ վարկանիշ տվողների ցուցկում չկար ու համառորեն չէր հայտնվում: Ես էլ սկզբից մտածում էի. «Իր գրառումների մեջ նույնիսկ սմայլիկ չի դնում, ո՜ւր մնաց վարկաիշ, երևի ոչ մեկին էլ չի տալիս»: Այդպես սկսեցի այդ երևույթի նկատմաբ անտարբեր մնալ, մինչ այն օրը երբ զրուցարանում Երվանդն ու Ռութը զրույց էին ծավալել Փիլիսոփա լեգենդի շուրջ: Երվանդ ասում էր, որ ֆորումի փիլիսոփան ու ֆորումից դուրսի փիլիսոփան լրիվ ուրիշ մարդիկ են: Ռութն էլ ասեց, թե հա ենթադրում եմ, որ ուրիշ են, որովհետև ինձ վարկանիշ տվող փիլիսոփան ու ֆորումի փիլիսոփան էլ իրար հետ կապ չունեն: Հա՜… Ու դու էլ շատ էիր գրում, որ եթե մի բան լավնա դրա մասին ամպայման ասվումա: Ռութի գրածը, որ կարդացի, մտքումս ասեցի. «Ես էս ինչ անհետաքրքիր մարդ եմ, որ Փիլիսոփան ինձ վարկանիշ չի տալիս»: Մի քիչ էլ այդ հարցի շուրջ մտածեցի ու պատասխան չգտնելով բացականչեցի. «Պա՜հ, ինչ եմ սիրտս նեղում, ես հո երեխա չե՞մ»: Կարծեմ Թումանյան էր չէ ասել. «Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է խակ է»:
    Էդ օրն էլ անցավ գնաց, հետագայում քեզանից ստացա առաջին վարկանիշը, հետո 2-ը, 3-ը … Իսկ վարկանիշերի պատմությունը մնաց հիշողություն, որը վերածվեց նյութի, նյութն էլ՝ հեռարձակվեց:
    Իսկ հարցազրույցը իսկը քեզ համապատասխան էր: Շատ գնահատում եմ քո մարդկայնի տեսակը, այն մարդու տեսակը, ով չի կենտրոնաում կոնկրետ մեկ ուղղության վրա, առաջ քաղաքականության մեջ էր խրված, երեկ բանասիրական առարկաների, այսօր ծարագրավորման ոլորտում, իսկ վաղը… Վա՞ղը… Ո՞վ գիտի, ես չգիտեմ: Շատ գրեցի:
    Լավ կաց.
    Վերջին խմբագրող՝ Փայլ: 15.01.2008, 21:19:
    Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:

  17. Շնորհակալություն Փայլ-ին այս գրառման համար:

    Լեռներ (10.01.2011)

  18. #20
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ is on a distinguished road Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց Philosopher-ի հետ

    Տիպիկ Philosopher–ական պատասխաններ էին, ավելի ճիշտ՝ մարդ–Philosopher-ական։ Միայն ավելացնեմ, որ ուրախ եմ, որ այս հարցազրույցը հերթական անգամ փաստում է, որ մարդն արդեն վաղուց գերակշռում է վիրտուալ Հայկի մեջ, հատկապես երբ հիշում եմ Ակումբում սկզբնական շրջանի Philosopher–ի գրառումները, որոնցում կենդանի մարդը միայն մեկ–մեկ ծիկ էր անում փիլիսոփայի լուրջ, խիստ, կշռադատված, խելացի, բայց զգացմունքներից գրեթե զուրկ վիրտուալ կերպարի միջից։

    Սպասենք մեր երազած այս օրվան.
    Վառ, արևոտ կեսօր: Երևանից դուրս որևէ տեղ: Փոքր, գեղեցիկ տնակ: Նստած ենք պատշգամբի սեղանի շուրջ, ուտում ենք, խմում ու խոսում: Բոլոր հին ընկերները արդեն նստած են իրենց կանանց ու ամուսինների հետ: Արևի տակ վազվզում են երեխաներ, որոնց կողքից տեսնողը քույր ու եղբայրների բազմություն կհամարի: Ու ճիշտ կանի: Ընկերախմբի ծնողներ` տատիկ-պապիկները հիացմունքով նայում են նրանց ու զգուշության կոչեր հղում խելառների պարսին: Ու մենք էլ Մեր կենացը խմելուց հետո հիշում ենք այս օրը, երբ ես գրում էի այս տողերը, ու ասում. "Գրողը տանի, կյանքը հրաաաաշք է"
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ծնունդդ շնորհավոր, Philosopher! :love
    Հեղինակ՝ Black Orchid, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 7
    Վերջինը: 17.10.2009, 10:11
  2. Philosopher... :love
    Հեղինակ՝ Black Orchid, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 7
    Վերջինը: 15.10.2008, 21:00
  3. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2008, 01:39
  4. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հայերեն ստեղծագործող
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.11.2007, 14:07

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները