Վերջին տարիներին բուռն հետաքրքրություն է արթնացել աստղաբանության /աստրոլոգիայի/ նկատմամբ` մարդիկ սկսել են հետաքրքրվել, թե ինչ նշանի տակ են ծնվել, որ տարերքն է իշխում իրենց բնության մեջ, համատեղելի են թե ոչ իրենց ընկերոջ, կնոջ կամ ամուսնու հետ... Վերջապես, այս ամենը վերաճում է պրիմիտիվ աստղագուշակության, և ամենօրյա աստղագուշակը դառնում է հեռուստատեսային մենյուների պարտադիր կերակրատեսակը. բոլոր Ցուլերին այսօր երջանիկ հանդիպում է սպասում, Կարիճներին` զայրանալու առիթ, Կշեռքներին էլ, ասենք, գործերի հաջող ընթացք և այլն...
Ահա հիմա էլ, Նոր Տարի է, և ակամայից նորից առնչվեցինք Խոզի, Առնետի հետ, նրանց կերպարներին բնորոշ յուրահատկությունների հետ...
Մյուս կողմից բոլորիս հայտնի է կրոնի տեսակետը, որ այս ամենը Մարդ տեսակին ոչ արժանի անհեթեթություններ են, անիմաստ խոսակցություններ, հատկապես, մի ազգի, մի ժողովրդի համար, որը արդեն 1700 տարի է, ինչ քրիստոնեությունն է գտել, հաստատել, որպես պետական կրոն, որի ամեն մի անհատ գտել է Բարձրագույն արժեքը` Քրիստոս Աստծուն, ապա և ինչ տեղ կարող են ունենալ նրա կյանքում այդ զանազան գազանները, թեկուզ ծառերը /ինչպես դրուիդների հորոսկոպը/, անգամ մոլորակներն ու աստղերը:
Սակայն այդ գիտելիքը համառորեն վերադարձի միտում ունի, և եթե մի կողմ թողնենք պրոֆանացիան և կեղծիքը, ապա առաջարկում եմ խորհել այս նյութի վերաբերյալ. ինչն է, որ հին /նախաքրիստոնեական/ գիտելիքից կարող է պետք լինել ժամանակակից մարդուն, ինչն է, որ չարժեր կորցնել քրիստոնեության ընդունման հետ /չորը թացի հետ խառնելով/, ինչ են տալիս մեզ հորոսկոպներն ու կենդանակերպերը, ինչ տեղ են ունեցել արիական աշխարհայացքի մեջ և.. այլն:
Ահա այդ ամենի մասին խոսելու և մեզ համար պարզաբանումներ անելու համար եմ բացում այս թեման, և կարծում եմ, որ պիտի աշխատենք խորքային քննարկումներ անել, էական պարզաբանումների հասնել:



Մեջբերել