Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Փորփրուկի բանաստեղծությունները

  1. #1
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Փորփրուկի բանաստեղծությունները

    Այս թեմայում քիչ–քիչ կտեղադրեմ իմ բանաստեղծություններից։ Սկզբում՝ հները...
    Սպասում եմ ձեր կարծիքներին, ինչու՞ չէ, նաև քննադատություններին։

    Թեև այս բանաստեղծությունը գրելիս մտքումս ակամա ինչ–որ մեկին պատկերացրել եմ, բայցևայնպես, չեմ համարում, թե այն կոնկրետ մարդու է ուղղված... Կարծում եմ՝ այս խոսքերը շատ–շատերին կարելի է ուղղել.

    ԳՈՒՑԵ...

    Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր
    Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ,
    Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
    Ոչինչ է կյանքում հավիտենական:

    Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
    Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
    Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
    Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:

    Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս,
    Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
    Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
    Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:

    Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
    Սովորես տեսնել առանց աչքերի,
    Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես,
    Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի:

    Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում
    Հարուստ լինում են ոչ միայն փողով,
    Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
    Ու չի պակասում ուրիշին տալով:

    Գուցե երբևէ պարզապես հիշես,
    Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել,
    Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես,
    Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը
    Պարտքը մոռացել ու ներել է քեզ:

    Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
    Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
    Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
    Փորձես զղջումով ինքնամաքրվել:

    Երբ արհեստական լույսերից հոգնած`
    Խամրած հայացքդ հառես արևին,
    Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
    Արձագանքելով Լույսի հպումին...

    Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
    Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ...
    2005թ.
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  2. Շնորհակալություն Փորփրուկ-ին այս գրառման համար:

    mad (06.11.2009)

  3. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Փորփրուկի բանաստեղծությունները

    Գուցե չէ, հաստատ, այստեղ ու այսօր Լավ, ակադեմիական շարադրանք էր

  4. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Փորփրուկի բանաստեղծությունները

    Սիրելի Փորփրուկ, սիրով կարդացի բանաստեղծությունդ, և անմիջապես հասկացա, որ հիմքը այն հոգևոր գիտելիքն է, որ դու, հավանաբար, շատ վաղ տարիքից ստացել ես, այլ պարագայում դու այլ բան և այլ կերպ կգրեիր: Իմ տպավորությամբ, բանաստեղծության հետ շատ լավ ներդաշնակում է բնատուր, ինտուիտիվ, "ինկարնացիոն" գիտելիքը, իսկ երբ այնտեղ թափանցում է ակնհայտ գիտելիքը, պոեզիան, անկասկած, տուժում է, մնում է բանաստեղծական ոճով հաղորդած գիտելիքը: Այդ երևույթը հատկապես ակնհայտորեն կարելի է ուսումնասիրել Տոլստոյի ստեղծագործության վրա. նրա հանճարեղ գործերը, որ բարձր գեղարվեստ էին` "Աննա Կարենինա"-ն, "Պատերազմ և խաղաղություն"-ը գրված են "մինչ գիտելիքը", իսկ տարբեր ուսմունքների, կրոնների ուսումնասիրությունից հետո նա շատ գործեր ստեղծեց, որոնք սակայն այլևս բարձր գեղարվեստականության չհասան և անթաքույց "գիտելիք" էին պարունակում:
    Ես կարծում եմ, որ կգա քո կյանքի մի փուլ, երբ դու նորից կողողվես այդ կյանքով, քո "գիտելիքը" երկրորդ պլան կմղվի, և, եթե բանաստեղծ ես, ապա կգրես նոր բանաստեղծություններ, որոնք ավելի քան պոեզիա կլինեն:
    Սիրով սպասում ենք քո այլ բանաստեղծությունները, կամ այլ ստեղծագործությունները:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. #4
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Փորփրուկի բանաստեղծությունները

    Սիրելի Փորփրուկ, կարդացի բանաստեղծությունդ: Խաղաղ, էպիկական ոճը այս բանաստեղծության առավելությունն է. ի դեպ, այդ խաղաղ մտային-զգայական ցոլանքը բնորոշում է նաև արձակ խոսքիդ: Իսկ բանաստեղծությունը թուլացնողը, որքան էլ զարմանալի թվա` գիտելիքն է, որի վրա կառուցված է այն: Նրա բովանդակությունը առավելապես էթիկական է. ինչու ոչ, դա էլ կարող է լինել պոեզիայի նյութ ու նպատակ, սակայն ընթերցող կաչվող անուղղելի արարածը զգացմունք է փնտրում, որի մեջ կկարողանա գտնել և ճանաչել իր ապրումները: Գյոթեն տիտանական գիտելիք ուներ աշխարհի մասին, բայց "Մարիենբադյան էլեգիայում" նա իր զգացմունքն է երգում:

    Սիրելի Փորփրուկ, շարունակիր այս բանալիով գրված գործերի տեղադրումը, բայց իմացիր, որ ընթերցողդ ցանկանում է քո սիրտը ճանաչել և սիրել: Այս ինկարնացիայում, այսօր և այստեղ:

  6. #5
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Փորփրուկի բանաստեղծությունները

    Նախ շնորհակալ եմ արձագանքների համար։
    Առավել դրական գնահատողները, չգիտես ինչու, իրենց կարծիքը ֆորումային գրառման տեսքով չեն արտահայտել , բայց ես, իհարկե, ուրախ եմ կարդալ ցանկացած արձագանք։

    Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք... Թեև այնքան էլ համաձայն չեմ զգացմունքի ու գիտելիքի այնպիսի տարանջատմանը, որի դեպքում մեկը մյուսին խանգարում է... Չգիտեմ, անձամբ ես պոեզիան ավելի լայն եմ պատկերացնում, որն ընդգրկում է ոչ միայն անձնական զգացմունքների, այլև գաղափարականի տեսակը, որի դեպքում անձնական հույզերի զեղումը կարող է նույնիսկ բացակայել։ Թեև իմ ստեղծագործությունների մեջ և՛ առաջին, և՛ երկրորդ տեսակը ներկայացնող բանաստեղծություններ կան։

    Ինչևէ, ամեն դեպքում ես դեռ էլի կմտածեմ ձեր դիտողությունների մասին՝ փորձելով ավելի լավ մարսել։

    Հիմա էլ մի բանաստեղծություն կտեղադրեմ՝ արդեն զուտ զգայական ոլորտից. Ի դեպ, սա իմ առաջին բանաստեղծությունն է եղել.

    ՏԱՇԵՂԻ ՍԵՐԸ

    Դու մի ծով էիր անհատակ,
    Իսկ ես` տաշեղը փայտի,
    Որ չի սուզվում ջրի տակ,
    Բայց լողալ էլ չգիտի:

    Ինձ քշում էր խենթ ծովը
    Ճամփաներով ամայի,
    Եվ թվում էր` ուր որ է
    Ջուրն ինձ իսպառ կլափի:

    Բայց անցնում էր ժամանակ,
    Նորից խաղաղ էիր դառնում,
    Եվ ջրերում քո անտակ
    Անհույս սեր էի որոնում:

    Շատ էի փնտրում, չէի գտնում.
    Մի՞թե ծովը դատարկ էր,
    Թե՞ միայն ինձ հասու չէր
    Քո հեռավոր հատակը:

    Ալիքներիդ ապտակը
    Ինձ հեռու էր շպրտում,
    Բայց ուր էլ հեռանայի,
    Էլի ծովում էի մնում:

    Չէի հասկանում ես երկար,
    Թե ինձնից ինչ էիր ուզում,
    Ոչ ազատ էիր թողնում ինձ,
    Ոչ մեկընդմիշտ խորտակում:

    Միայն քո ձայնն էի լսում
    Գիշերվա մեջ լուսնկա
    Եվ կարծում էի` աշխարհում
    Քեզնից ուժեղը չկա:

    Այդքան երկար ապրելով
    Քո անհարթ մակերեսին`
    Ես այդպես էլ չգտա
    Քո մեջ իմ երկրորդ կեսին:

    Էլ հույսեր չէի փայփայում,
    Ինձ մնում էր լոկ սպասել,
    Որ մի օր քո ալիքը
    Կարող է ինձ ափ նետել:

    Տաքուկ արևը վերից
    Ջանում էր ինձ ջերմացնել,
    Մի անգամ էլ վրդովված
    Փորձեց աչքերս բացել.

    - Տես,- ասաց նա,- քո ծովը
    Երկնքից է գույն առնում,
    Այդ երկնքի կապույտն է
    Նրա մեջ արտացոլվում:

    Կարծում ես` նա ուժե՞ղ է,
    Սխալվում ես, սիրելիս,
    Ամենազոր քամին է
    Նրան այդքան ուժ տալիս:

    Քամու զարկից են ծփում
    Ալիքները քո ծովի,
    Թող այլևս զուր տեղը
    Այդքան գլուխ չգովի:

    Եվ ես ցավով հասկացա,
    Որ դու իրոք շատ մեղք ես,
    Ոչ ուժ ունես սեփական,
    Ոչ էլ նույնիսկ գույն ունես,
    Տեսնես ինչու՞ եմ ես դեռ
    Առաջվա պես սիրում քեզ:

    Եվ այնժամ ես իմացա,
    Որ սերը պատճառ չունի,
    Կարևոր չէ` սիրելիդ
    Ինչ ուժի է, ինչ գույնի:

    Բայց չէի ուզում ես փտել
    Քո չսնող ջրերում,
    Քո քմահաճ ծփանքը
    Ինձ այլևս չէր գերում:

    Հավաքեցի ուժերս
    Ու մի կերպ ընկա ցամաք,
    Որից զրկված էի եղել
    Արդեն երկար ժամանակ:

    Խաղաղվել եմ ես հիմա,
    Բայց քո մոտով անցնելիս
    Մտածում եմ ակամա,
    Ինքս ինձ հարց եմ տալիս,
    Թե այս կյանքում մրրկահույզ
    Ով է դժբախտ ավելի.
    Նա՞, ով սիրում է անհույս,
    Թե՞ ով սիրել չգիտի:

    Հիմա կարծում եմ, որ դու
    Շատ ավելի դժբախտ ես,
    Թեև տեսքից, ինչպես միշտ,
    Փառապանծ ու անպարտ ես:

    Երբ անսահման մենությունից
    Մռնչում ես աղեկեզ,
    Որպես սփոփանք հիշիր, որ
    Մի տաշեղ սիրում էր քեզ...

    2004 թ.
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  7. #6
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Փորփրուկի բանաստեղծությունները

    Այ սա արդեն հրաշալի էր, թողնում եմ գրականագիտական գրառումը Հեղինակին, իսկ ես միայն հիացմունքս եմ հայտնում:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  8. #7
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Փորփրուկի բանաստեղծությունները

    Սիրելի Փորփրուկ, այս բանաստեղծությունդ կարդացի` չէի ասի` խառը, կասեի` բազմաշերտ զգացումներով: Զգացումիս մի շերտն այն էր, որ և պատկերը, և նրա հետ կապված սիմվոլները հանկարծակի, անակնկալ գտնված են. ինչ կա ավելի թանկ բան բանաստեղծության մեջ, քան գտնված պատկերը:

    Այս զգացումին հետևում էր այն, որ լիրիկական հերոսին ոչ մի պահ չի լքում իրեն տիրած զգացմունքը, խոհն ու զգացմունքը դաշն են, ես հավատում եմ նրան: Հրաշալի է գտնված ծովի փառքի "պսակակազերծումը", նրա գույնը և ալեկոծությունը իրենը չեն. այստեղ բանաստեղծը հայտնաբերում է ինքնածին և ինքնաբավ սիրո գաղտնիքը: Սա հրաշալի հայտնագործություն է: Սրանից հետո երիտասարդ հոգին գնում է ինքնորոշման և սքանչելի, կենսական, կանացի անկախության:

    Զգացումիս մյուս շերտն առնչվում էր այն անբավարարվածությանը, թե բանաստեղծին տեխնիկան չի բավարարում հորդած ապրում- հայտնագործությունները քառատողով տիրակալելու համար, երբ էպիկան կհոսեր` որպես մի անվթար վտակ: Սակայն, այստեղ հիշու~մ էի, որ սա Առաջի՜ն Բանաստեղծությունն է, և այս սրբազնագույն մասունքը ի՞նչ առնչություն ունի ...տեխնիկայի հետ:

    Իսկ երբ կարդացի վերջին երկու քառատողերը...

    Հիմա կարծում եմ, որ դու
    Շատ ավելի դժբախտ ես,
    Թեև տեսքից, ինչպես միշտ,
    Փառապանծ ու անպարտ ես:

    Երբ անսահման մենությունից
    Մռնչում ես աղեկեզ,
    Որպես սփոփանք հիշիր, որ
    Մի տաշեղ սիրում էր քեզ...

    Ահա, այս երկու քառատողը, այս հրաշալի "концовка"-ն, վերջնականապես կայացրին բանաստեղծությունը, և թախիծով բաժանվում ենք "անգույն" ... ծովից և նրա մեջ ընկած և այդքան ինքնություն ձեռք բերած չքնաղ ...տաշեղից:

  9. #8
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Փորփրուկի բանաստեղծությունները

    Շնորհակալ եմ կարծիքների, գնահատականների ու մեկնաբանությունների համար։
    Ներկայացնեմ սկզբնական շրջանի բանաստեղծություններիցս ևս մեկը.

    ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

    Սիրտս զգաստացավ բանականության`
    Հերթական անգամ իր իսկ կարծիքով՝
    Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
    Եվ դառնահամը հպարտ մենության
    Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
    Մաշված պատերի մանր անցքերից:
    Երազանքներիս բեկորներն անզոր
    Բախվեցին սրտիս անհարթ հատակին.
    Չդիմացան ստացած ապտակին...

    Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
    Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
    Իրար եմ կցում, ապա` սոսնձում
    Մեքենայաբար, արդեն վարժված։

    Դեռ հավաքում եմ փշուր առ փշուր
    Երազանքներս` երբեմնի աշխույժ,
    Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
    Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
    Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
    Մի՞թե փոխվել են... թե՞ մի ժամանակ
    Ես հենց այդպես եմ նրանց երազել...

    Եվ որոշեցի հին թափոններից
    Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
    Լավ օդափոխել ու ձերբազատվել
    Նամշաբույրերից, խամրած գույներից,
    Վերքերը կոծկող, բայց չապաքինող
    Այն հին սոսնձից, որի սուր հոտից
    Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
    (Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
    Անհայտ որակի ու անհայտ ծագման
    Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
    Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են
    Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

    06.2005թ.
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  10. #9
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Փորփրուկի բանաստեղծությունները

    Շատ լավ է: Ճշգրիտ վրձնահարվածներ: Երբեմն` թվացյալ նատուրալիզմ`

    ...
    Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
    Մաշված պատերի մանր անցքերից:
    Բայց մի քիչ հետո վարժվում ես ոճին, և "կարկատած սիրտը" չի խրտնեցնում...

    Վերջը լավ է`

    Անհայտ որակի ու անհայտ ծագման
    Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
    Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են
    Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...
    "Անհայտ որակից" լսողությունը մի քիչ մրսում է, բայց քիչ անց ճանաչում է նրա գոյության
    իրավունքը ևս: Բանաստեղծությունը ծնվել է և ... լավ է արել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Փորփրուկի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 29.12.2007, 01:58
  2. Իմ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Քանդակագործ, բաժին` Հայերեն ստեղծագործող
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.10.2007, 03:17

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •