Երկու գերություն մեկ քաղաքում
Մաս 1
Անուշը, ում մասին որոշակիորեն գաղափար կազմելու ճիշտ ժամանակն է, արտաքին նուրբ կազմվածքի և խորապես կանխամտածված թուլության տակ քաղաքավարի, ուշիմ, կենսուրախ աղջիկ էր՝ շոյող հայացքով և բարեհամբյուր ժպիտով: Նրա հայացքը բխում էր կամքից, իսկ ժպիտը՝ խառնվածքից:
Քայլում էին շուկայում Անուշն ու իր հայրը: Այդ շուկան, որ կարող էր համարվել աշխարհի ամենաճաքճքված ու ճեղքված շինություններից մեկը, քաղաքի ամենաթույլ կետն էր: Դրա պատերն այն աստիճան էին անձրևներից ու ձյունից կերվել, որ ստիպված էին շուկայի առաստաղը փայտով երեսպատել: Չնայած այդ հնությանը՝ կար մի այլ սխալ՝ մաքրության և մարդկային որակակայնության տեսնակյունից նորից թույլ հաստատություն էր: Ամեն մեկ իր ուզածի պես՝ հյուսիսային ծայրից մտնում էր՝ հարավայինից դուրս գալիս:
- Պետռուշկի հատը ինչքա՞՜՜նա:
- Դոլա՜ր առնեմ, վաուչեռ ծախեմ:
- Ասպիրին, անալգին: Մաքուր բամբակից նասկինե՜ր:
- Աղաչո՜ւմ եմ մի ճար արեք, բուժեք ես ի՜մ ցավե՜րը…
է՜հ,- հառաչում էր աղջկա հայրը ու աղջկա թաթիկից բռնած՝ գլուխը կախ գնում էր առաջ: Մեկ էլ մի մարդ կամացուկ.
- Դոլար առնեմ, վիզա ծախեմ:
- Պա՛պ, պա՛պ, մենք դոլար ունենք, վիզա առ,- ուրախությունից ցատկոտելով ասում էր հանկարծակի դրախտ ընկած աղջիկը:
- Ինչների՞ս է պետք:
- Այլևս չտեսնել վաուչեռ ծախողներին, պա՛պ:
- Բայց զավակս, դու գի՞տես, որ այս վիզաները անօրինական են:
- Հա՛յր, իսկ ի՞նչ ասել է «անօրինական»:
- Գիտես ի՞նչ բան է աղբակույտը դարպասի անկյունաքարի մոտ:
- Պա՛պ, չեմ հասկանում ինչ ես ասում, վիզա եմ ուզում:
- Է՜հ,- կրկին հառաչեց հայրը, ու անծանոթից գնեց վիզաները: Երբ հայրը գումարը տալիս էր անծանոթին՝ անծանոթը դոլարների առատությունից մի պահ այլայլված՝ այս խոսքերն ասած.
- Դուք կարո՞ղ եք կորցնել այս հարստությունը և դեռ ինձ էլ ծիծաղելի համարե՞լ: Դա կլինի ձեր տգիտության կոթողը: Թե՛աղջիկը, և թե՛ հայրը ոչինչ չհասկացան,- խենթ է,- ասացին:
Փաստորեն դեռատի աղջկա առաջին փորձերը կյանքի արվեստի մեջ ուղղված էին դեպի փախուստը: Բայց և այնպես, պատեհ է հետևյալ որոշակիությունն ավելացնելու մի ուրիշ գլխի մեջ արդեն արված որոշակիություններին. Կան արտաքին շերտից ընկալված փախուստներ, որոնք գործնական փորձի բացակայության պատճառով՝ խորապես գիտակցված չեն:
Երազանք թվացող փախուստն արդեն իրականություն է: Փախուստի ծրագիրն իրականացնելու համար պահն ավելի նպաստավոր դարձնող հանգամանքն այն էր, որ հենց այդ ժամանակ տանիքագործները խախտում և իրար էին կցում շենքերի կտուրների լինոլումները: Երկիրը խառն էր:
Ահա և աղջկա աչքերի առջև դանդաղորեն բակն անջատվում է՝ իր տեղը զիջելով դեպի ազատություն տանող բարձր կամուրջներին ու սանդուղքներին: Եվ այսպես մի քանի ժամ. երկինքը, աղջիկը, բարձր կամուրջներն ու սանդուղքները միասին սավառնում էին, բայց յուրաքանչյուր սավառման վերջը՝ վայրէջքն է:
Ընդամենը վեց ոտք լայնությամբ և ութսուն ոտք խորությամբ տարածք էր բաժանում աղջկան կրկին գետնին հայտնվելու հաճույքից: Այդ գետնի վրա նա տեսնում էր, թե ինչպես է փայլում իր բախտը: Եթե որևէ անցորդ կանգ առներ նրա կողքին՝ կտեսներ ծաղիկներով և փայտե թաղարների մեջ դրված թփերով լեցուն բակ, որի խորքում փռվում էր կողք-կողքի, ճակատ-ճակատի կանգնած լուսավորված խանութներով և խցիկներով ճերմակ տաղավար: Դա շրջագայության ճանապարհի պատն էր:
Բայց որքան էլ բարձր լիներ այդ պատը, այնուամենայնիվ դրան գերազացում էր էլ ավելի սև մի տանիք, որը նկատվեց ավելի ուշ՝ ներսում:
- Ձեր անձնագրերը:
- Չունենք: Փախստական ենք:
- Կանգնեք ձախ անկյունում:
Րոպեներ անց ընտանիքը ոստիկանական մեքենայով ուղևորվում էր: Ուր՝ հայտնի չէ: Եթե Փիլիսոփան կարողանա ֆիքսել մի պահ՝ զննելու համար այդ պահին ընտանիքին պարուրած հուզմունքը, վախը, սեփական անձի անկարողությունը, որն անընդհատ գոլոշիանում էր, իր տեղը զիջելով նոր ինչ-որ մի բանի, կընկնի ցավալի և օգտակար խորհրդածությունների մեջ: Ոչ մի ուսումնասիրություն դրանից ավելի արդյունավետ և բեղմնավոր չի կարող լինել ուսանելիության իմաստով: Իսկ աղջիկը… Աղջիկը ամբողջ ուղևորության ընթացքում մի բան էր մտածում. «Սկսել ես՝ շարունակի՛ր»:
Ժամեր անց, ընտանիք անդամներից յուրաքանչյուրը ոստիկանատան բաժանմունքում հարցազրույց էր տալիս.
-Անուն, ազգանուն:
-Անուշ Ղափլանյան:
- Խափլանյա՞ն:
- Ո՛չ, Ղափլանյան:
- Լավ չեմ հասկանում, թող վերջում:
- Ազգությո՞ւնը:
- Հայ:
- Քաղաքացիությո՞ւնը:
- Armenian.
- Երկրից դուրս գալու պատճա՞ռը:
- Քաղաքական: Սուտ:
- Փաստաթղթե՞ր:
- Չկան:
- Առայժմ այսքանը: Ազգանունդ ինչպե՞ս էր, Խափլանյա՞ն:
- Այո…
«Ղ» տառի աղավաղումը ոստիկանի մոտ միամիտ էր ստացել: Միամիտ էր ստացվել, բայց լա՜վ էր ստացվել: Քննությունն ավարտելուց հետո Անուշին ու ընտանիքի մյուս անդամներին ուղեկցեցին մի ընդարձակ սենյակ, ուր հավաքված էին 100-ից ավելի սևամորթ, արաբ, պարսիկ և այլ ազգերի փախստականներ: Առաջին հայացքից այս մարդկանց իրար կապող ոչինչ չկար, սակայն նրանք բոլորն էլ ճակատագրերով ամուսնացած էին, բոլորն էլ՝ նույն հոդվածով դատված: Փախստականնե՜ր:
Փախստականններին մեղադրում են: Յուրաքանչյուր փախստական թվում է սուտ նյութող արտաբեմյան դերասան: Նրանց տեսությունները համարում են հանցավոր, կասկածելի են նկատում նրանց նպատակը, վախենում են նրանց հետին մտքից, մերկացնում են նրանց խիղճը, կշտամբում են որ իշխող կառավարության կամ կրոնի դեմ գունավորված բողոք են բարձրացնում, սև ժապավեններով իրար կապելով վշտի, անարդարության, տրտունջի, հուսահատության կեղծված փաստաթղթեր: Մի խոսքով, խոստովանեք, որ «փախստական» բառը կարդալիս, հրեշ եք պատկերացնում, մինչդեռ նրանց հիմնական մասը անտեղյակության զոհեր են, և հենց այդ զոհի դերում, կարող էիք լինել և դուք: Ինչևէ… Ինչ էլ, որ լինի, նույնիսկ ընկած, մանավանդ ընկած վիճակում վեհ են այն մարդիկ, ովքեր աննկուն տրամաբանությամբ, իրենց կյանքն են տալիս առաջադիմության համար:
Ընդարձակ սենյակում ոստիկանության գործակալները ամեն մեկն իր գործով էր զբաղված, իսկ մարդիկ… «Ամբոխները խելագարված»,- տեղին է ասված: Ընտանիքը ապշած դիտում էր իր շուրջը կատարվելիքը, կարծես շախմատի խաղաքարեր լինեին, հեռվից լռելյայն խաղում էին, փնտրում: Թվում էր, թե ոչ մեկ չէր շտապում արագորեն առաջ գնալ, կարծես ամեն մեկը վախենում էր, որ շտապելով՝ վերջնականապես կկորցնեն օտարականների մեջ իրենցինին գտնելու աննշան հույսը: Մանր քայլերով հասան մինչև սենյակի վերջը, այդպես էլ չգտան… Վերջապես աղջկա հայրը խախտեց լռությունը.
- Ի՞նչ եք քարացել, հագուստը հագել հագել ենք, վերջացած խնդիր է: Հիմա ամբողջ հարցը հագուստի գույնի մեջ է: Կապույտ հագնել նշանակում է պատվավոր լինել, իսկ կարմիր հագուստով մի տեսակ անախորժ է: Տակը ինչ-որ կրակ կա:
- Հագուստն հագնողը, հագուստի գույնից չի վախենում: Ինչ գույն պահանջվի, այն էլ կհագնենք: Թեքությամբ բարձրացել ենք՝ թեքությամբ էլ կիջնենք: Հիմա դա կարևոր չի, ավելի կարևոր խնդիր կա՝ սոված եմ:
- Ժամը քանիսի՞ն է կերակուրի ժամը,- հարցրեց աղջիկը ոստիկաններից մեկին:
- 18.00-ին:
Եկավ սպասված 18.00-ն: Բոլորը սինիները ձեռքներին՝ շարքով շարժվում ու մոտենում էին կերկուր բաժանողին՝ կերակուր ստանալու: Որ ասում եմ շարքով շարժվում էին, դուք այդքան հանդարտ մի պատկերացրեք: Դա գրեթե նույն բանն է, ինչ ասեմ Հանիբալը իր զորքով շարժվում էր դեպի Հռոմ: Կյանքում սոված մարդուց սարսափելի բան չկա: Երբևէ տեսե՞լ եք: Չտեսնեք ավելի լավ է:
Ավելի ուշ՝ երբ բոլորն արդեն կուշտ էին, մեկ այլ տեսարան էր ընտանիքի առջև բացվել, որը ընդհանուր հաշվով կարելի է համեմատել Սպարտակի ապստամբության հետ: Երեխաները վազում էին այս ու այն կողմ, մարդիկ միասնական լեզվից զրկված լինելու պատճառով՝ միմյանց ձեռք ու ոտքով էին ինչ-որ բան հասկացնում, հերթապահ ոստիկանները շրջվում էին սենյակում: Իսկը ապստամբություն: Այս ամենը շարունակվեց մինչև ուշ երեկո: Դրանից հետո բոլորը գլորվեցին փայտի չորություն ունեցող մատրասների վրա: Իսկ ընտանիքը… Ընտանիքի անդամները ծայրաստիճան հուսահատ վիճակում էին, չէին խոսում միմյանց հետ, ամեն մեկն իրենն էր մտածում… Բայց եթե մեկը զններ նրանց աչքերը, նրանց մեջ ամպայման կտեսներ փախուստի չարագուշակ թշնամանքը և վախի պարունակած ամբողջ սպառնալիքը:
Չնայած հոգնածությանը աղջիկն ամբողջ գիշեր չքնեց: Ինչպես Եզոպոսը կասեր. «Աղմուկը չի արթնացնի հարբածին, բայց լռությունը կարթնացնի»: Իրոք որ: Ի՞նչ էր կատարվում այդ երիտասարդ հոգու մեջ: Ի՞նչ էր պատրաստվում կատարվել: Երբեմն պառկելու փոխարեն աղջիկը գլուխը ձեռքերի մեջ՝ մնում էր նստած ու անըդհատ ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ է կատարվում իմ մտքում»: Մտածում… Մտածում էր այն բաների մասին, որոնց մասին կարող էր մտածել: Ինչպիսի՜ ցավալի հայացքներ էր նա դարձնում դեպի անցյալը: Ինչպիսի՜ հուսահատ զմայլանքով էր հիշում իրենց տունը, առաջին ուսուցչուհուն, մոռացված ընկերներին, դպրոցական տետրերը, հարազատ գրքերը և ամենակարևորը՝ հարազատ լեզվով մարդկանց հետ շփումը: Ինչպե՜ս էր նա ափսոսում արդեն փակված դռները, որտեղից նա դուրս էր եկել կամովին: Որքա՜ն էր խղճում անցյալի աշխարհ ներխուժած թշվառականին՝ իրեն՝ զոհողության խեղճ հերոսին: Ինչպե՜ս էր նա կրկնում.- Այս ի՜նչ արեցի ես: Ինչպե՜ս իրեն հարցնում. «Սկսեցի՛ր՝ շարունակե՞ս»: Սիրտ էր պետք, որ դիմանար, աչք էր պետք, որ չարտասվեր…
Բայց և այնպես, հակառակ այս ամենին և հենց այս ամենի պատճառով, անսովոր տարօրինակ իրադարձությունները իրավմամբ իրենց շարունակությունն էին ուզում:
Այսպես երեք օր անցավ՝ սոված, հիասթափված, կորսված… Երեք օր անց կրկին լսվեց ոստիկանի ձայնը.
- Խափլանյանների ընտանիք:
- Աղջիկն անմիջապես շրջվեց, հարազատություն զգաց ազգանվան մեջ: Այն արդեն իրենն էր:
- Դրսում մեքնենան ձեզ է սպասում: Դուք փոխադրված եք փախստականների ճամբար: Ազա՛տ եք:
Ընտանիքի անդամները արցունքները սրբելով քայլում էին, ավելի ճիշտ՝ վազում էին ուղեկցող ոստիկանի ետևից: Ազատությո՜ւն: Չէին հավատում: Ահա, ահա… Բնական լույս: Լո՜ւյս… Ամեն ինչ սկսվում է լույսից և վերադառնում է լույսին:
Օրը բացվել էր լույսով և արցունքով: Լուսավորները լալիս էին՝ թեկուզ և խավարների վրա…
Սա աղջկա կյանքի առաջին գերությունն էր, գերություն սակայն որը հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից գեղեցիկ դեկորացիա ունեցող ազատություն է թվում:



ը, ում մասին որոշակիորեն գաղափար կազմելու ճիշտ ժամանակն է, արտաքին նուրբ կազմվածքի և խորապես կանխամտածված թուլության տակ քաղաքավարի, ուշիմ, կենսուրախ աղջիկ էր՝ շոյող հայացքով և բարեհամբյուր ժպիտով: Նրա հայացքը բխում էր կամքից, իսկ ժպիտը՝ խառնվածքից:
Մեջբերել



