Սիրելի Ֆորում, մեր հիմնած "Ազգ և առողջություն" հանդեսի էլեկտրոնային տարբերակից է վերցված այս թեման: Իրապես, ինչու՞ միայն կասկածել, չսիրել կամ ատել պետական պաշոնյային: Իմ դիտարկումներով, դեռ ոչ մի պաշտոնյա չի լավացել կամ ազնվացել ժողովրդյան ատելությունից. ընդհակառակը` չարությունը չարություն է ծնում, բարձր պաշտոնյան նուրբ ու գաղտնի քայլերով վճարում է..."անշնորհակալ" ժողովրդին:
Այս բաժնում տեղադրենք այնպիսի նյութեր, որոնք կարող են առողջացնել պետական պաշտոնյայի աշխարհայացքը, լայնացնել նրա մտահորիզոնը, նրան ուղղել դեպի Կյանքի, Գեղեցկության և Մշակույթի օրենքները...
Տեղադրում եմ մի հատված հանդեսի համանուն բաժնից:
Պետական պաշտոնյայի առողջության դպրոց
Պատմության այս ժամին, երբ մեր մոլորակը էկոլոգիապես և բարոյապես հիվանդ է, և նրան սպասում են բազում աղետներ` մարդկանց զանգվածները և անհայտ մարդիկ իրենց անհանգստությունն են արտահայտում: Այդ անհանգստության, երբեմն էլ բողոքի ու ցասումի հասցեատերը ներկա պետականություններն են, նրանց պաշտոնյաները, նաև միջազգային կազմակերպություններն ու նրանց ծառայողները:
Սակայն դժգոհ զանգվածները մոռանում են, որ պետականությունն ու նրա պաշտոնյան էլ կարող են հիվանդ լինել, ինչը կարող է մթագնել նրանց բանականությունը, բթացնել զգացմունքները ու դարձնել անընկալունակ և ժողովրդի կարիքի, և ճշմարտության հանդեպ: Զանգվածների բողոքն ու ճնշումը կարող են ստիպել պետականությանը և նրա պաշտոնյային` փոխել մարտավարությունը, բայց որպես օրենք` չեն կարող փոխել նրանց էությունը, լայնացնել գիտակցությունը: Սրա համար անհրաժեշտ է բոլորովին նոր, կարելի է ասել` մանկավարժական մոտեցում. պետականությունը ու նրա պաշտոնյային դիտարկել որպես սուբյեկտներ, որոնք ի ծնե չար ու շահատենչ չեն, այլ կարիք ունեն իրենց ծնած ազգ-համայնքի ծնողական սիրուն ու կարեկցանքին, նաև կարիք ունեն կրթության ու դաստիարակության:
Այս մոտեցումը բոլորվին փոխում է իրավիճակը. պետականությանը ու նրա պաշտոնյային կրթելու համար ազգային զանգվածն ինքը, իր մեջ ներառած սուբյեկտները (անհատ անձինք, մտավորակությունը, հասարակական-քաղաքական միավորներ և այլն) պետք է գիտելիքի, սիրո և բարոյականության այնպիսի պաշար ունենան, որ իրենց սաները լսեն իրենց և ճանաչեն որպես Ուսուցիչ: Այլապես չարացած զանգվածը, ինքն էլ անգիտության ու խավարի մեջ, կարող է ընդամենը այդ պահին փշրել պետականության կառույցը, բայց գրեթե երբեք ավելի լավ բան չի կարող ստեղծել: Սա են ապացուցում աշխարհում իրականացված գրեթե բոլոր հեղաշրջումները, հեղափոխությունները և նույնիսկ մեծամասության կամքով և օրինական ճանապարհով կատարված իշխանափոխությունները:
Քանզի եթե հեղաշրջումը չի ընդգրկում գիտակցության, աշխարհայացքի ու գիտելիքների ոլորտները, ապա այն տալիս է միայն ֆիզիկական արդյունք (նոր իշխանություն), բայց չի հանգեցնում տվյալ երկրի կյանքի և մոլորակային կյանքի որակի էական փոփոխության, նոր գիտակցության ու բարոյա–էթիկական համակարգի հաստատման:
Մեր այս էջը նպատակ է դնում ընդլայնել պետականության և պետական պաշտոնյայի գիտակցության սահմանները և ճանաչողությունը, ինչը կարող է առողջացնել նրանց հոգին ու բանականությունը և ֆիզիկական կառույցները: Սա` առաջինը:
Մարդկանց պատկերացումների մեջ պետական պաշտոնյան ներկայանում է որպես մի անհայտ նյութից կեղև հագած մարդ, որին գրեթե անծանոթ են գութի և կարեկցանքի զգացումները, ով գործում է միայն չոր օրենքով (լավագույն դեպքում) կամ էլ սեփական ես-ի պատկերացումների ու շահի թելադրանքով: Մինչդեռ պաշտոնյան նույնքան անպաշտպան է ճակատագրի, հիվանդությունների ու անհաջողությունների հանդեպ: Մեր այս էջը նպատակ է դնում` օգնել պաշտոնյային, հատկապես այն մարդկանց, որոնք նկատելի դեր ունեն երկրի կյանքում` հասնել ինքնաճանաչման և սեփական կյանքի առողջացման, ինչը կարևոր է և նրանց, և երկրի համար: Սա էլ` երկրորդը:
Եվ այսպես` ինչպես ամեն մարդ այս աշխարհում, այնպես էլ պետական պաշտոնյան… աստվածային ծագում ունի, ուրեմն և հոգի ունի. այն կենսաէներգետիկ կառույցը, որ ներթափանցում և կենդանի է պահում ֆիզիկական մարմինը: Սա նշանակում է, որ պաշտոնյան իր մեջ` իր էության միջուկում, ունի բարձրագույն բանականությամբ ու էթիկայով օժտված մի վերադաս մարմին, որի անունն է խիղճ: Մեր պաշտոնյայի կրթության ընթացքում` բուհում, կառավարման դպրոցում կամ իշխանական սանդուղքով բարձրանալիս ներշնչել են, որ նա պետք է պահպանի պետության օրենքները, գործի դրանցով և ծառայի դրանց: Թե այդ ճանապարհին նա ինչ գիտական աղբյուրներ, ինչ օրենսգրքեր է պահել ձեռքին ու սերտել` դժվար է ասել: Բայց կրթության ընթացքում նրան չեն ասել, որ բնության բարձրագույն օրենքները գրված են, այո°, տառացիորեն գրված են նրա կենսաէներգետիկ կորիզում` նրա խղճի մեջ, որի կատարելությունն ու տարողությունը գերազանցում են որևէ հզոր համակարգչի հզորություն` առնվազն միլիարդ անգամ: Եվ նրան չեն ասել, որ այդ Բարձարագույն Օրենքները պետք է լինեն մարդու ստեղծած օրենքների հիմքում: Եվ ապա, եթե պաշտոնյան գործում է` աշխատում է, մարդկանց հետ է հանդիպում, որոշումներ է ընդունում, նա պետք սնվի երկու աղբյուրից` իր սրտի մեջ գաղտնագրված բարձրագույն օրենքներից և իր աշխատանքը կարգավորող պետական օրենքներից: Ով արթուն է, նրա համար դժվար չէ պետական օրենքի գործողությունը առավելապես մոտեցնել բարձրագույն օրենքի գործառույթին, թեկուզ և կլինեն բազմաթիվ անհամատեղելի իրավիճակներ:
Պետական պաշտոնյան ֆիզիկական կյանքում ճանաչում է իր անմիջական վերադասին, գիտի նաև վերադասի վերադասին, նաև փոխազդեցությունների այն ամբողջ դաշտը, որից կախված է իր դիրքն ու ապագան: Նաև գիտի իր շահը, իր անձի ու ընտանիքի ապահովման երաշխիքները, սակայն նրա այս գիտելիքը սովորաբար թերի է, քանի որ այն բխում է պաշտոնյայի կրթությունից, կենսափորձից, բանականությունից, որոնց հիմքը սովորաբար եսակենտրոն աշխարհայացքն ու անսեր օգտապաշտությունն է լինում:
Մինչդեռ պաշտոնյայի ու նրա ընտանիքի բարձրագույն շահը հայտնի է միայն նրա միջուկին` խղճին, որն օժտված է բարձրագույն սիրով ու բանականությամբ:
Մեր դպրոցի խնդիրներից մեկն է` օգնել պաշտոնյային` մշտապես կապի մեջ լինելու իր էության հետ, այնտեղից ստանալ և իր կյանքի, և պետականության կյանքի առողջացման ազդակներ: Պաշտոնյայի շահը և երկրի շահը, պաշտոնյայի կյանքը և երկրի կյանքը իրենց բարձրագույն տիրույթում ներդաշնակության մեջ են և չեն հակասում իրար: Ահա այդ տիրույթում է գործելու մեր դպրոցը:



Մեջբերել