Էջ 23 86-ից ԱռաջինԱռաջին ... 13 21 22 23 24 25 33 73 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 221 համարից մինչև 230 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: Այսօրս...

  1. #221
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօրս` 10 հուլիսի 2008թ., ավարտվում է:

    Հրապարակով գնում եմ, շոգ է… Դիմացից գալիս են փողկապները պինդ կապած, պիջակ հագած երիտասարդ ֆունկցիոներներ, գնում են երևի կամ աշխարհը, կամ անտեր մնացած Հայաստանը գրավելու՞ : Չգիտե~մ, սա Հայաստա~նն է:

    Սլանում են նրբիրան աղջիկների փոքրիկ երամները - երկու-երեք հոգիանոց, ծլվլացող, իրենց հետ ձգելով-տանելով տղամարդկանց աչքերի հալվող ու սև ձյութերը: Ջինսերը պինդ նստած են մարմիններին. առողջագիտորեն` լավ չէ, մարմինը չի օդափոխվում, արգանդին չեն հասնում բնության բույրերը , ձվարանները նեղվում են, ապագա ամլության վտանգ կա… Առողջարար չէ, բայց …գեղեցիկ է: Սա Հայաստա~նն է:

    Լուսանկարչի ցուցափեղկը. Շառլ Ազնավուրի դեմքի կնճիռները ակոսնե~ր են. այդ ակոսներում ցանում եմ Հայաստանի սերը, երազները, իղձերը ծիլ տալիս - եղևնինե~ր են: Հայաստանը եղևնիների անտառ է… Սա Հայաստա~նն է:

    Քայլում է ապագա մայրիկը: Ահա կլորիկ փորիկը` սպիտակ վերնաշապկի մեջ առած – մի սպիտակ ու ահագին կեռաս է, իսկ մեջն ի~նչ կորիզ է, հայկական գեների ի~նչ գեղեցկությու~ն …Սա Հայաստա~նն է …

    Օպերայի աշխատանքային մուտքի վրա, վերասլաց սյուների արանքում, մի շքեղ պաստառ է – «ՀՀ Վճռաբեկ դատարան. 10-ամյակ». այստե՞ղ են նշելու հոբելյանը, ինչու՞ է այստեղ այս պաստառը... Հիշում եմ, այս դատարանը գրեթե տաս տարի առաջ մի որոշում է հանել ` հաստատել է Մարդու Էկոլոգիայի դպրոցի գոյության իրավունքը, բայց վճիռը այդպես էլ ուժի մեջ չի մտել: «Դատարան» ասելիս բերանիս մեջ դառնահամ եմ զգում... Հետո պարզվել է, որ Մարդու էկոլոգիայի դպրոցը Հայաստա~նն է…

    Մի խանութից թաշկինակ եմ առնում, և քայլում եմ Ճարտարապետի արձանի մոտով... Հետևում – երևում է սև կատուն: «Սև կատու» զրույցս «Արշալույս» չմտավ, և երևի ճիշտ եղավ: Բայց գիտեմ` սև կատվին իմ ձեռքով եմ հանելու - ռադ անելու Հայաստանից: Գաֆեսճյանին էլ ասելու եմ ` տար – ծախիր, միլիոն դոլարը բեր` մեր քանդակագործները կասկադով մեկ կդնեն երազներում տեսած մեր քանդակները … Սա Հայաստա~նն է…

    Ուզում եմ ավարտել, չի ստացվում... Էլեգանտ և մակերեսային հեռուստալրագրողը հարցազրույց է վերցնում Հարություն Խաչատրյանից... Նվե~ր, Նվե~ր, ուշադիր լսի~ր, մի ընդհատիր նվիրական այս մշակին... Մեր երկիրը Ոսկե Ծիրա~ն է... Սա Հայաստա~նն է...

    Ուզում եմ ավարտել, չի ստացվում. Գագիկ Գինոսյանը և Արսեն Գրիգորյանը ճակատ են տալիս հանուն ՀԱՅ ՍՐԲԱԶԱՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ... Ապա երգում են մի ադամանդյա երգ, սաները պարում են ... Մշակութային Սրբազան Պատերազմ է... Եղբայրնե~ր, սիրտս Ձեր Պայքարի հետ է ... Պայքա~ր, պայքա~ր, մինչև վերջ... Սա Հայաստանն է...

    Բարի գիշեր…
    Նկար էր

  2. Շնորհակալություն Philosopher-ին այս գրառման համար:

    Վանական (15.07.2008)

  3. #222
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 11 հուլիսի 2008թ., ավարտվում է:

    1980-ականներն էին: Ես ու Սիրելիս – արբած մեր կյանքով, զավակներով, Հայրենիքով – ըմպում էինք Կյանքը… Այդ տարիների մեր վայելքներից էր մեր Մայր լեզուն – Գրաբարը, դասեր էինք առնում. սկզբում` գրաբարագետ Բաղդիշյանից, ապա Թոսունյանից: Չեմ ասի թե շատ առաջ գնացինք, բայց լեզվի շունչը մեր հետ էր…Ահա այդ տարիներին է գրվել այս ձոնը

    ՁՈՆ ԳՐԱԲԱՐԻՆ

    Քաղցր է լեզուն իմ մայրենի,
    Բայց մայրենիս իր մայրն ունի. –
    –Դու իմ հպա'րտ, դու իմ չքնա'ղ. –
    Ահա քո դեմ իջել ծնկի,
    Դյութանքի դեմ բառ ու խնկի.–
    Դու մեր ոգու ջահերի ջահ:

    Թույլ տու~ր բառիդ բույրը շնչեմ,
    Քո մագաղաթ ձեռքին դիպչեմ.–
    Ես որդիդ եմ վերադարձած.
    Հար ճառագի~ր գլխիս վրա,
    Տու'ր ինձ սիրո անբեկ զրահ,–
    Դու մեր ոգու գանձերի գանձ:

    Զավակներիս շուրթին ելիր,
    Սին տենչերից նրանց խլիր`
    Տոգորվե~ն մեր ունեցածով.
    Դարեր ի վեր` գերել ես դու
    Եվ իմ տանն էլ տիրել ես դու,–
    Դու մեր ոգու ծովերի ծով:


    Բերկըրություն տու'ր մեր հացին,
    Թիկունք լե~ր մեր ստեղծածին
    Տարերքների հանդեպ ագահ.–
    Դու ոսոխի զարկին սովոր,
    Միշտ զինավա'ռ, միշտ զորավո'ր.–
    Դու մեր ոգու գահերի գահ:





    Գալիս էինք Լեզվի ինստիտուտ, հիշու՞մ եք այդ համեստ մարգարիտը…Այժմ այն չկա, սիզախոտ է աճում որբացած տարածքում…Խեղճ Կաթողիկե եկեղեցին չի մխիթարում հիշողությունս…Եվ Լեզվի ինստիտուտը քանդել են Հայոց Հայրապետի համար երևանյան նստավայր կառուցելու համար…

    Ինչո՞ւ նորից հիշեցի…Այսօր Կաթողիկոսը ՀՀ նախագահին հպարտորեն ցուցադրում էր նոր կառույցները: Այդ թվում` նաև նոր Մկրտարանը: Շատ լավ. թող մյուռոնի պայծառ կաթիլները մեր մանուկներին գրկեն այդ լուսաթռիչ կամարների տակ: Բայց սիրտս հանգիստ չէ, Լեզվի ինստիտուտի վերքը մխում է… Սիզախոտը սվսվում է վիրավոր հողի վրա…

    Եվ այս ժամին, Կաթողիկոսի և Նախագահի առջև` որպես Հայ մարդ հանդես գալու հիերարխիկ գերակայությամբ, քանզի Ազգի մի մասնիկն եմ և հետևաբար ունեմ նրա բոլոր գերակաությունները իրեն ծառայող այս Հոգևոր ու Աշխարհիկ Պաշտոնյաների նկատմամբ`նրանց ասում եմ.
    Երրորդ հանրապետության պետական-քաղաքական կարգը նվաստացրել, թուլացրել և քայքայման է հասցրել մեր գլխավոր Ազգային Մկրտարանը – մեր Ազգային Մշակույթը: Դա եղել է Ձեր նախորդների և Ձեր իշխանության ժամանակ, նրանց և Ձեր գրեթե անտարբեր հայացքների տակ… Դուք պատմական պարտք ունեք` գիտակցելու այդ ավերի փաստը, անցնելու այդ ավերի հետևանքների վերացմանը և մեր ոսկեշունչ Մշակութային Մկրտարանի վերականգնմանը… Եթե գիտակցության արթնություն ունենաք, իհարկե, կստանաք զորավոր ազգային օգնություն… Իսկ Լեզվի ինստիտուտի վերքը մխում է սրտիս մեջ, և թերահավատ սիրտս ցավով լսում է աշխարհիկ լեզվիս այս մի միամիտ թոթովանքը...

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  4. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (13.07.2008), Tigris (14.07.2008), Առողջագետ (12.07.2008)

  5. #223
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 12 հուլիսի 2008թ., ավարտվեց և գրառումս չարեցի: Արդեն հաջորդ օրվա առավոտն է… Ուրեմն, արդեն երեկ…

    Տեղավորվում ենք մի սեղանի մոտ … Հավաքվել են հայոց աշխարհի հասարակական կազմակերպությունները` մեր սիրունիկ հայրենիքը փրկելու … Ոնց է եղել` մենք էլ այստեղ ենք… Գրքերը ուղարկել էինք մի պաշտոնյայի, և մեզ էլ են հրավիրել: «Դուք բոլորովին չեք փոխվել»- ասում է մեկը: Ա~, ճանաչեցինք, այն ֆունկցիոներն է, որը մի տաս – տասներկու տարի առաջ գրիչը ձեռքին, բերանը բաց, աչքերը փայլեցնելով լսում էր մեզ, բայց հետո անուշադրության մատնեց դրամաշնորհի ներկայացված մեր ծրագրերը: Հիմա էլ Հանրային խորհուրդը ստեղծողների մեջ է: Առաջ է գնացել... Էն թվերին հակածխախոտային մի ծրագիր էր տնօրինում...Իսկ հիմա...մի հսկայական ծխամորճ է դնում սեղանին, հետո էլ տեսնում է մեր հայացքը, և կամա~ց ծխամորճը գրպանն է սահեցնում: Սա այս աշխա~րհն է …

    Այս կինը չի ծերանում: Խորհրդային երկրից քոչեց անկախ Հայաստան, կոմկուսից քոչեց մի հայտնի ՀԿ, միշտ ղեկավար, միշտ առաջատար... Սա այս աշխարհն է...

    Մի կուսակցապետ կա, հետն էլ համարյա օլիգարխ է, ինտելեկտուա~լ է, ամեն ինչի մասին խելոք դատողություններ կանի, աչքերն էլ խելո~ք են` ինձ նման ակնոց է հագնում: Կուսակցության անունն էլ` մեկ էլ Նյու-Յորքում մի համաշխարհային կազմակերպություն ունի... Այս կուսակցապետս առատաձեռն է, մի անգամ բիզնես-պլանով խորհրդարանում է հայտնվել, ընտրողի մի ձայնի համար հաստատ 5 հազար դրամ տալիս է... Մեր գրքերի փաթեթը 1 ամիս 10 օր պահել է, և նոր լուր է ուղարկել, թե Հեղինակ` արի քո յուղն ու բրինձը տար, 5 հազար դրամ չունեմ, և ետ է ուղարկել գրքերը: Սա այս աշխա~րհն է …

    Առողջագետը կարդաց մի տեղ, որ մարդկությունը խմում է հեղուկներ, որ փափկացնում են...մարդու ուղեղը, հիմարացնում նրան... Տեսնես, այս հեղուկների շարքի մեջ... կոկա-կոլան մտնու՞մ է... Դատելով հայոց աշխարհիս վրա փայլող ինտելեկտուալ արևների առատությունից` սույն անուշահոտ հեղուկը հանճարածին է, ալքիմիական ծագման... Սա այս աշխա~րհն է...

    Արթնանում եմ… «Այսօրս» չեմ գրել, ընթերցողս սպասում է: Սիրելիս դեռ չի արթնացել: Նրբագիծ կիսադեմը փայլում է առավոտյան լույսերի մեջ…Սա ՄԵՐ ԱՇԽԱ~ՐՀՆ Է…

    Բարի լույս...
    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 13.07.2008, 09:54:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  6. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (13.07.2008), Առողջագետ (13.07.2008)

  7. #224
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 13 հուլիսի 2008թ, ավարտվում է:

    Անցյալ շաբաթ մի հայտնի և դրական գործչի մոտ էինք – այդպիսիք կան Հայաստանում,- և նրա առջև փռել էինք մեր 10-12 անուն գրքերը… Եվ հանկարծ ստացանք մի շատ զարմանալի առաջարկ` ներկայացնել զեկուցում հայտնի ռոդոսյան ֆորումին` «Քաղաքակրթությունների երկխոսություն»: Զարմանալի~ հյուսվածքներ է գործում Կյանքը: Սա մեր մոլորա~կն է:

    Նայում էի այդ ֆորումի 2006-2007թթ. նյութերը, մի ֆանտաստիկ իրադարձություն է եղել ֆորումում. իրար կողքի են նստել Իրանից` այաթոլլա Մուհամմադ Ալի Տասհիրին և Ռուսիայի գլխավոր ռաբին Բերլ Լազարը: Եվ պատկերացնու՞մ եք` իրար հետ խաղաղ զրուցել են. ֆորումն էլ զարմացել է` ո~նց իրար չեն պատառոտել: Սա մեր մոլորա~կն է:

    Համեմատում էի այդ Ֆորումի նյութերը և մեր հեղինակային խմբի աշխատությունները և ինչու չէ` այն ամենը, ինչ գրում և խոսում ենք ԴՆ Ֆորումում... Եվ ինքս ինձ ասում էի` Հեղինակս, չգոռոզանաս, ձերն ջուրն ուրի~շ ջրեն է... Եվ Հայաստանի ջուրն էլ ուրիշ է: Տեսնես կստացվի՞, մեր աղբյուրի ջուրը Ռոդոս տանեինք... Սա մեր մոլորա~կն է:

    Աշխատանքային պտույտ էինք անում համացանցում, տեսա լուսանկարների մի շարք` ծովը գրոհում էր Բրիտանական կղզիները: Եվ մակագրությունը` «Մի՞թե կիրականանա Վանգայի գուշակությունը»: Անգլոսաքսը կուսումնասիրի շնաձկան բոլոր ոսկորները, մի տոննանոց կրիայի բոլոր բջիջները, հազարոտնուկի հազար ոտների բոլոր մազիկները, և ֆիլմ կհանի~, և կճանաչի~ … Բայց որ ասես` կան ուրիշ չափումներ, եղել է Վանգան... գուշակություն է արել... , գոռոզաբար կնայի ու կգնա հազարոտնուկի ատամները հաշվելու.... Սա անգլոսաքսոնական քաղաքակրթությունն է... Սա մեր մոլորա~կն է:

    Մի մշակութային ազգ - ահելի երգարվեստ, ոսկե Շարակնոց, հերոսական «Ծափպար» ունեցող մի ժողովուրդ երգի պատգամավոր է ընտրում և մուտանտատեսիլ մրցույթին ուղարկում երգ կոչվող արվեստի հետ կապ չունեցող մի ճվճվոց... Ժյուրի կոչվող դեգեներատիվ կառույցը տաս միլիոնանոց մի ազգի կստիպի այս ճղճղոցին ձայներ տալ և հպարտանալ գրավված տեղով: Միթե՞ մենք բոլորս դեգեներատներ ենք, միթե՞ սա մեր մոլորակն է:

    Ուզում եմ ավարտել` չի ստացվում... Էկրանից նայում է դժնատեսիլ Կարլա դել Պոնտեն...Ահա Հաագայի դատարանի արդարացրած ալբանացի դահիճը: Քեզ եմ ասում, հայ արյուն, հանկարծ չհանդիպես երեսպաշտ Եվրոպայի դատախազներին... Իսկ Կոսովոյի ցավը մխում է սրտիս մեջ... Սա մեր մոլորա~կն է:

    Օսկարի մրցանակաբաշխությունը, Կաննը … Փողի և փառքի այս շքահանդեսները... Բայց այս մոլորակի ամենաքաղցր պտուղը Ոսկե Ծիրանն է...Սա մեր մոլորա~կն է:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  8. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (13.07.2008), Այգ (13.07.2008), Առողջագետ (13.07.2008)

  9. #225
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 14 հուլիսի 2008թ, ավարտվել է: Ուշ եմ մտնում համացանց...

    Այսօր առավոտից խորհում էի մեր վերնախավի մասին: Պետական-քաղաքական-լրատվական-ֆինանսական-կիսաքրեական ... և այլն: Պատահական չէր, սիրտս մի քիչ նեղված էր… Հիշու՞մ եք` 12 հուլիսի «Այսօրիս» մեջ նկարագրել էի մի կուսակցապետ-միլիոնատիրոջ … Որ լավ կարդաք` կճանաչեք... Ահա, ուրեմն, մեր Քանդակագործը առավոտյան սրա գրասենյակից բերեց գրքերի փաթեթը: Կապուտկազմս, կանաչկազմս … տխուր էին, մի հայ մարդ էլ այդպիսին դուրս եկավ... Եվ ահա` մտածում էի մեր վերնախավի մասին: Ուզու՞մ եք մի փոքրիկ շարքի մեջ նրան տեսնել...

    Ահա նա - մեր քաղաքական ընտրանին որոշում է զվարճացնել մեր ժողովրդին, հետն էլ ձայներ վերցնել-խլել-ստանալ: Եվ որպեսզի մեր ընտրազանգվածի քեֆը լավ լինի, արբած ու ուրախ լինի, 5000-դրամանոցն էլ հեշտ վերցնի` մեկ «Տատու»-ին է Հայաստան կանչում, մեկ` «Շիկ»-երին, մեկ էլ չգիտեմ ում` զվարճացնելու մեր ամբոխացող ազգին... Ա~յ վերնաՑա~վ, մենք ե՞րգ չունենք, մենք երգի՞չ չունենք, մենք արվե՞ստ չունենք... Սա մեր վերնախա~վն է:

    Ահա այս մեկը. գլուխը սափրած, լեզուն վարժ, միտքը ճարպիկ` կատվի նման - ոնց գցես մեջքի վրա չի ընկնի, սիրտը` դատարկ աման, աչքերը յուղած փայլում են,- ահա այս մեկը եկել է մի հակամշակութային շոուի ժյուրի է կանգնել, մեր մշակույթն է խնամում, աստղեր է աճեցնում... Ախր հետն էլ` ազգայնական է, ազգային է, ազգախնամ է … Սա մեր վերնախա~վն է:

    Ահա մեկ ուրիշը. միտքը խորհրդավոր, գրեթե` փիլիսոփայական – մի Դավիթ Անհաղթ, սիրտը` հումանիտար-հոգևոր շնչով - գրեթե մի Գրիգոր Մագիստրոս, լեքսիկոնը ուսուցչապետական` չլինի՞ Հրաչյա Աճառյանն է, քաղաքական ուղղությունը` հայապաշտական-հայոցաշխարհական – չէ~, կա–չկա Նժդեհի թոռն է... Բայց որ տեղը գալիս է` մեկը սրա մեջքին ոտքը դնում է, շունչը խլացնում, սրա ձեռքով հայ մարդու կյանքը ձեռքից խլում, վաստակը` քամուն տալիս... Բայց մեր փիլիսոփա~ն նույն արդարն է - դեմքին նայես` մի աղվամազոտ հրեշտա~կ է մնում: Սա մեր վերնախա~վն է:

    Երեկ էր` կարծես ջրի մեջ էի նայել, երբ «Այսօրումս» գրել էի. «Քեզ եմ ասում, հայ արյուն, հանկարծ չհանդիպես երեսպաշտ Եվրոպայի դատախազներին»: Ոնց որ դաժան կանխատեսում լիներ: Այսօր ինչ–որ տեղից տուն դարձա, և մերոնք ասում են` ստորագրահավաք է գնում, ինչ-որ մեկին ինչ-որ դատարան են ուզում տալ... Ոչ այդ մարդու անունն եմ ուզում տալ, ոչ էլ դատարանի,- չեմ ուզում տեքստիս դառնությունը ավելացնել. հասկացա~ք ում մասին է... Բայց ի՞նչ գործ ունի մեր երկրի կյանքում այդ օտար-զահրումարական դատարանը, չէ՞ որ այս մեկի հետ - մենք օտարի դատարան ենք տալու ինքներս մեզ, մեր քսան տարվա ոգորումը և ազատագրական ավյունը (ոչ թե տաս տարվանը, իմացած լինե~նք), մեր թռիչքներն ու անկումները, մեր արյունն ու մեր քրտինքը... Մեր արատները և մեր ստորությունները... Ավելի պարզ ինչպե՞ս ասեմ, որ հասկանաք: Քննիչ չունե՞նք, դատախազ չունե՞նք, դատարան չունե՞նք... Ազգի Էթիկա և Ատյան չունե՞նք, որ այն մեկի, և նրա նման հազարումեկի անօրեն ճակատը տրորենք և արդարության առջև խոնարհեցնենք... Բայց ու՞մ եմ ասում... Սա մեր վերնախա~վն է…

    Սիրելի ֆորում, ձեր տրամադրությունդ չգցեմ: Սրանց շարքը կարող ենք շարունակել, բայց ի՞նչ օգուտ դրանից... Դառնանք մեր լույսին, մեր ապագային, մեր իղձերին...

    Եվ ասենք. մենք ունենք նաև Պայծառ, Զորավոր, Ինքնությամբ Փայլող, Սրտով Արիական, Մտքով Հայկական, Հոգով Մարդկային, Ճակատը Բաց, Պայծառաչվի, Անդավաճան Վերնախավ, - վաղը կգրեմ նրանց մասին, մեր աչքի լույսը պահողների մասին: Իսկ հիմա մերոնց հետ գնում ենք Անտոնիոնի նայելու...

    Բարի գիշեր:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 15.07.2008, 09:09: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  10. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Այգ (15.07.2008), Առողջագետ (15.07.2008), Վանական (15.07.2008)

  11. #226
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 15 հուլիսի 2008թ., ավարտվել է:

    Ոսկե Ծիրանը… Հարություն Խաչատրյանը: Ջավախքի կապույտ առավոտներից, կոշտ ու պինդ բարբառից, քարերի ոսկե քարաքոսից, հայասառն աղբյուրների պայթյուններից, Էրզրումի բարձր լեռներից է եկել է այս Աշխատավորը ու գերբնական ճիգով խոնարհեցնում է աշխարհը հայ սրտի ու մտքի առջև… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը:

    Մշո շառավիղ է այս կինը, յոթ մանուկ է ծնել, պորտերը բաց` արևի դեմ - պահում, պահպանում են մեր Բարձրավանդակը,- ահա այս մայրը` Հայկական բարձրավանդակի Տիրուհին, սուրբ բարբառի պահպանողը… Ահա այս մյուս գեղջկուհին- ձեռքերի մաշկը մագաղաթե, հոգնած աչքերը` նեղ ու կապույտ – վանքի լուսամուտների պես, բարբառն անուշ – գարնանը հալվող ձյուների նման ,- ահա այս գեղջկուհին մեզ է բերել իր այգու արև-ծիրանները… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը …

    Այս սպիտակավարս Հայուհին... – ո՞վ է իմացել, որ մեր էպոսը երգվել է,-գալիս է այս զորավոր Ասացողը, մեր Ծռերի Էպոսը պատմում է մեզ, հազարամյակների շնչով հնչում են զորավոր օղորմիսները … Աշխարհի հայությու~ն, ուզում ե՞ս Նոր դպրոց ունենալ, ուզում ե՞ս Նոր կրթություն ստեղծել,- այս սպիտակավարս առյուծակինը մեր հազարամյակների բանավոր դպրոցի կրողն է, հարցրու~ նրան … Ահա թե ո~վ է մեր Վերնախավը…

    Մեր պա~րը … Ովքե՞ր են հավաքել մեր Պարի Շարժումները: Տեսնում եմ նշխար հավաքողների հավաքական կերպարը – Սրբուհի Լիսիցյանից մինչև այսօրյա աշխատավորները… Փնտրում են Շարժումը – գյուղական խաղտունների մեջ, գզրոցների հին գրառումներում, ամենուր… իրենց սրտի մեջ, և մի օր գտնու~մ են Շարժումը` միակ, անկրկնելի, անհավատալի այն Շարժումը - հայ Ոգու և Մարմնի տիեզերական ռիթմի մեջ,- այդպես գեղեցիկ կարող է ծնկածալել միայն Արարիչը, Գեղեցկության Արարիչը: Խոնարհեցնենք մեր գլուխները Հայ Պարի Շարժումը փրկող-փայլացնողի առջև… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը:

    Ահա այս Հայ Մարդը, անհոգնել ու անդադար – գտնում է, հանում, երգում, նոր կյանք տալիս, նոր շունչ պարգևում, վերաշնչավորում է հայ գուսանական երգը… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը:

    Այն Մեկը, գիտնական այրը, որ արդեն հեռացել է մեր ֆիզիկական աշխարհից, ով տեսականորեն ապացուցել է արարչական դաշտերի գոյությունը, - մեծն Այնշթայնի հարաբերականության տեսությունը այս Հայ Մեծի տեսության մի հատվածն է ներկայանում… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը…

    Ազնիվ աշխատավորներս մեր տան, որ ամեն օր` որպես հայրենի լեռների մեղվափեթակ, արթնանում եք, հավաքում ոգու և սիրո մեղրը` կաթի~լ առ կաթի~լ… Իմ գեղեցիկ ու պաշտելի մեղուներ, սիրու~մ եմ ձեզ… Դու~ք եք իմ Վերնախավը:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  12. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (16.07.2008), Այգ (17.07.2008), Առողջագետ (16.07.2008)

  13. #227
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 16 հուլիսի 2008թ, ավարտվում է:

    “Ոսկե Ծիրան” կինոփառատոնը…Պարսկական ֆիլմ` “Աշխարհի եզրը”, ռեժիսորը` Աբուլֆազ Սաֆարի: Եվ հերոսը` մենակը, հեռացածը, մերժվածը` ծովի ափին: Դեմքը` կոշտ, մազերը` խոզան, աչքերը` նեղ, մարմինը` պինդ ու դիմացկուն… Ապրում է իր համար և հազվադեպ եկող մարդկանց` ապրեցնում… Երեք պարսիկ, նստած ավազների վրա, Հաֆեզ են կարդում… Կյանքը շնչում է, ծովը շնչում է, մարդը ապրում է…Այս ֆիլմը Արևելքից` Իրանի արևային սրտից կյանքի ուղերձ է բերում մեզ: Շնորհակալ ենք…

    Դուրս եկանք. Երևանը շնչում էր: Զգացի, թե որքա~ն կարոտ ենք իսկական արվեստի: Կարոտ ենք արևային մենակների: Ապրողների: Կարոտ ենք ինքներս մեզ` գոնե մեկ-մեկ լինել սեփական սրտի ու կյանքի հետ… Բայց չէ, խանգարու~մ են… Երթուղային տաքսու հետևի նստարանի… հետևից մեր “աստղիկներից” մեկը ճվվում էր…բառերն անիմաստ, մեղեդին…անմեղեդի: Ականջդ կանչի, պարսիկ Հոջաթ, որտե՞ղ ես, գայիր և էն սրտագին երգը երգեիր…

    Եվ արվեստին կարոտած մեր էությունը ճչու~մ է: Արևմտյան մշակութային փինաչինե~ր, հեռացե~ք ձեր դետեկտիվներով, վարձու մարդասպաններով և զոհերի պատառոտված մարմիններով: Գրողի ծոցը գնացեք ձեր շերիֆների, ոստիկանների և պայթող ավտոմեքենաների հետ: Գետնի տակ անցեք ձեր անիմաստ երկխոսություններով, վիսկիներով, կոկա-կոլաներով… Թողեք ապրենք: Թողեք լռենք: Թողեք ծովի հետ լինենք …

    Նստեինք մի քանի հայ, հայկական ծովակի ափին և… ի՞նչ կարդայինք: Պաղտասար Դպի~ր կարդայինք… Սիրելուս թևը գրկեի, սեղմեի ինձ: Ծովակը շնչեր, աշխարհը շնչեր, մենք շնչեինք ու ապրեինք… Պաղտասար Դպիրի վիշտը հասկանայինք և երջանիկ լինեինք, որ մենք իրար հետ ենք…

    Էհա~ս նշույլ արեգական,
    Ե~կ, սիրելիս, ուրախացի~ր…


    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  14. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (17.07.2008), Առողջագետ (17.07.2008)

  15. #228
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 17 հուլիսի 2008թ, ավարտվել էր, «Ոսկե Ծիրանի» մի ֆիլմ էինք գնացել: Ուշ էր` չկարողացա գրառումն անել և այսպես այս անգամ`

    17-18 հուլիսի – «Այսօրս»:

    ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՎԱԾ Է

    Ձոնվում է “Ոսկե Ծիրան» փառատոնին
    և Հարություն Խաչատրյանին:

    Շարունակվում է «Ոսկե Ծիրան» փառատոնը: Աշխարհն այս անգամ մեզ է բերել իր մշակութային հաշվետվությունը: Այնտեղ ցնցող էջեր կան:

    «Ամեն ինչ ներված է»… Ֆրանսիա: Պամելան – ֆրանսուհի աղջնակը գտել է իր հորը – ժամանակին նա թմրամոլ է եղել, բայց կա, ապրում է, ապաքինվել է,- Պամելան գտել է իր մանկությունը - ահա հորից ստացած` բազմագույն թղթի վրա գրված նամակները: Բայց փլվում է վերագտնված կյանքը, հայրը մահանում է: Վե՞րջ, թե նոր սկի՞զբ: Մայրը հեռանում է երկրորդ ամուսնու հետ, Պամելան արևոտ բացատով գնում է դեպի ցած, դեպի անտառը – իջնում է դեպի կանաչ խորխորատը … Ապրելու՞ է նա, լինելու՞ է նա – ես չգիտեմ պատասխանը: Ոչ ոք չգիտի պատասխանը:

    Ու՞ր է գնում Արևմուտքը: Ապրելու՞ նա, լինելու՞ է նա, ես չգիտեմ պատասխանը: Ոչ ոք չգիտի պատասխանը:

    Պամելա, աղջնակս, ես տեսա քո արցունքը: Այստեղից` Հայաստանից տեսա: Այստեղից ամեն ինչ ավելի խո~րն է երևում, ուրի~շ է երևում …

    Արևմուտք, քո գեղագետը ողբում է քո հիվանդությունը: Միթե՞ այն անբուժելի է…Լինելու՞ ես դու, ապրելու՞ ես դու … Դու իմ աչքին երևում ես որպես մի զառամյալ պչրուհի,- ահա ճոխ ձևերդ, ահա մարդ խեղդող կրծքերդ – լիքն ու գեղեցիկ, բայց միթե՞ դրանց մեջ կաթ կա, միթե սիլիկոնից չեն քո կրծքերը: Եվ փորդ, կնոջական փորդ, որ պետք է մեղրի բույր ունենար, ինչպես երգել է քո երգիչներից Գարսիա Լորկան, ավա~ղ, ներծծված է արհեստական բուրմունքներով: Եվ սպիտակ ու գիրգ են ազդրերդ – սպիտակ Մոմբլանի ձյուների պես, բայց դրանք ընդամենը սիլիկոնե սյուներ են…

    Արևմուտք, Հոգիդ թողել է քո մարմինը, գրեթե հեռացել է… Այն դարերին, ինկվիզիցիայի դարերի ընթացքում դու սպանեցիր քո լավագույն կանանց, որոնց սիրտը խոսում էր Արարաչի հետ,- կանացի հոգու մեջ էր քո հոգին, կնոջ սրտի մեջ էր քո արվեստը,- դու սպանեցիր կնոջ սիրտը և նրա կրակը փոխարինեցիր ավետարանիչներից քաղած կռտած ֆրազներով – իբրև ապացույց, թե հոգի ու հավատ ունես: Բայց առանց կնոջ սրտի` ի՞նչ հոգի ու հավատ… Դու պաշտեցիր Նյութը, բայց մոռացար, որ այն ստեղծված է Ոգու կողմից… Արևմուտք, դու մի գեղեցիկ, չքնաղ, զգլխիչ պչրուհի ես,- բայց միայն մարմին ես դու…

    Եվ այնպես եղավ, օ~, չարաբախտ ճակատագիր, որ երկիրս – մի միամիտ ազգ` ուզեցավ արթնանալ, լինե՜լ, ապրե՜լ, և դեպի քեզ դարձրեց իր հայացքը: Արևմուտք, դու գիրկդ բաց սպասում էիր... Եվ դեպի քեզ եկան մեր իղձերը, ֆրանսիաները ջրի ճամփա դարձան 1988-ի Շարժման երիտասարդ առաջնորդների համար... Եվ ինչի՞ համար էին նրանք գալիս,- մենք կարծում էինք, թե Ուղի, Ճանապարհ ստանալու, իմաստություն ձեռք բերելու համար... Բայց դու, զառամյալ պչրուհի, նրանց սեղմեցիր քո կրծքերին, եղծեցիր մեր առաջնորդներին – չգիտեմ, գուցե նրանց գեներն էլ դարերի մեջ արդեն եղծված էին, որ այդպես հեշտ հանձնվեցին քեզ, - քո սիլիկոնե կրծքերից նրանք խմեցին շահաթույնի կաթը, նրանց աչքերը փառակալեցին, նրանք այլևս աշխարհը տեսնելու էին կանաչ տարադրամի փառի միջով... Եվ մի ագահ ոհմակ դարձած հարձակվեցին հարազատ երկրի վրա: Ավելի ուշ, ողբերգականորեն ուշ պետք է հասկանայինք, որ քո Էթիկան վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում քո Շահը... Դու, Արևմուտք, եղար մեր Շարժումը և մեր Հայրենիքը եղծողներից մեկը... Մենք անշնորհ և ապիկար եղանք, մենք հակաթույն չունեցանք քո եղկ համբույրների ու քո հմայքների դեմ...

    Արևմուտք … դու այսօր էլ երգում ես և երբեմն գեղեցիկ ես երգում. դու հիշում ես քո դասական արվեստը, մեծ ու թանկ են քո պահուստները... Բայց զարմանալի բան. քո շուրթերը բացվում են, քո կոկորդը երգում է, հնչում է գեղեցիկ արվեստական ձայնդ, բայց ... երգդ սրտից չի գալիս... Քանի որ Հոգիդ հեռացել է … Քո դասական արվեստը չի հասնում քո մանուկների սրտին: Քո մանուկներն արդեն մշակութային որբեր են … Եվ նրանց սնելու համար դու կուչուձիգ ես լինում, ուզում ես, որ քո կրծքերից հոսի արվեստի կաթը: Բայց այդ կաթը չկա … Սիլիկոնե կրծքերիցդ բխում է կեղծ արվեստը, անհոգի արվեստը: Եվ դու` որպես պարգև մեզ էլ ես ուղարկում այդ «արվեստը»: Արևմուտք, ամուլ պչրուհի~, դու նախանձում ես, որ մեր մայրերը դեռևս իսկական կաթ ունեն, իսկական արվեստ ունեն, խաղիկ ու օրորոցային ունեն.... Եվ դու բոլոր միջոցներով` Եվրատեսիլի երգի մրցություն լինի, թե այլ ձևերով` մեզ ես ուղարկում կեղծ արվեստի թունավոր կաթը և մեր մանուկներից խլում ես բնիկ երգերն ու պարերը … Ինչպե՞ս քեզ ներեմ այս ցածրությունը...

    Բայց այսօր ես տեսա Պամելայի արցունքը և հասկացա. դու էլ ես թշվառ, դու էլ ապագա չունես, դու էլ կյանք ես ուզում: Ես քեզ ներում եմ, որովհետև Պամելայի աչքերում այսօր տեսա քո արցունքը...

    Արևմուտք, բայց կկարողանա՞մ արդյոք ներել քո ամենամեծ ստորությունը,- երբ համոզել ես շփոթված ժողովուրդներին և հեղափոխական մթնահայաց ամբոխներին, թե` եթե ընտրե~ք ժողովրդավարության ճանապարհը` իրեն-իրեն ամեն ինչ լավ է լինելու, դու լուսավորվելու եք և բարգավաճելու եք: Բայց այստեղ ստոր սուտ կա. ժողովրդավարությունը միայն մեխանիզմ է, մի բան ընտրելու և պահպանելու ձև, բայց երբեք Բան չէ, Ուղի չէ, Կյանք չէ,- ժողովրդավարության միջոցով հնարավոր է նաև մահ ընտրել: Եվ դու, Արևմու՜տք, ժողովրդավարության միջոցով այսօր մահ ես ընտրել – նայի~ր կենսակերպիդ. դու խժռում ես աշխարհի պահուստի 70%-ը, միայն գոռոզ բրիտանացիդ տարեկան քառասուն միլիոն տոննա սնունդ է շպրտում աղբի մեջ, իսկ մնացածնե՞րդ ինչքան եք շպրտում. դու լափում ես այս Մոլորակը, դու պատառոտում ես Մայր Մոլորակի օզոնային չքնաղ հագուստը, ծանր հիվանդ է քո մարմինը, դու փչացնում ես քո և մնացյալ աշխարհի մանուկ սերունդները... Սա՞ չէ քո ընտրությունը, սա՞ չէ քո ժողովրդավարությունը.... Եվ այս ընտրությունը` ունեցածդ բոլոր լծակներով, դու պարտադրում ես մնացած ժողովուրդներին...

    Բայց այսօր ես տեսա Պամելայի արցունքը: Դու էլ ես թշվառ, դու էլ ապագա չունես, դու էլ կյանք ես ուզում: Ես քեզ ներում եմ, որովհետև Պամելայի աչքերում տեսա քո արցունքը...

    Եկել է ներման ժամանակը, գուցե մենք էլ մի օր թուրքերին ներենք նրանց վայրագությունը... Գուցե քեզ էլ մի օր ներենք այս նոր, գաղտնի համաշխարհային վայրագությունը... Բայց ես քեզ արդեն ներել եմ: Քանի որ տեսել եմ Պամելայի արցունքը: Մնում է միայն, որ ինքդ քեզ ներես...

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  16. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (21.07.2008), Այգ (21.07.2008), Առողջագետ (18.07.2008)

  17. #229
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 19 հուլիսի 2008թ., ավարտվում է:

    «Ոսկե Ծիրանի» վերջին ակորդը մեզ համար. ռուս ռեժիսոր Զվյագինցևի «Արտաքսում» ֆիլմը: Կինն ասում է ամուսնուն. «Ես հղի եմ, բայց... ոչ քեզանից» Զարկված է տղամարդու` հազարամյակների ընթացքում ուռճացած ինքնասիրությունը: Այս մոլորակի վրա էլ ո՞վ կա, որից կարող է հղիանալ տղամարդու սեփականությունը կազմող կինը: Ողբերգական սյուժեն զարգանում է... Տղամարդը պահանջում է ոչնչացնել պտուղը, որ … շարունակեն ապրել` հանուն երկու երեխաների: Կինը համաձայնում է և... զոհվում:
    Եվ ի~նչ` պարզվում է, որ կինն ուզեցել է ասել – "Ես հղի եմ, բայց ոչ այն սիրելի մարդուց, որ դու էիր առաջ, այլ այն մարդուց, որ այժմ դու ես ` չսիող , հեռու… Ես հղի եմ, բայց ոչ ՔԵԶԱՆԻՑ: Ես հղի եմ... քեզանից»: Ահա կնոջ ողբերգությունը – տղամարդը կորցրել է իր մարդկային մեծությունը և նրանից հղիությունը չի երջանկացրել կնոջը:

    Տղամարդն ասում է. «Ամեն ինչում կինն է մեղավոր»: Քանի~ հազար տարի արդեն նա այդ է ասում: Իսկ Բնությունը, Տիեզերքը, Մայր-Աստվածուհին գոչում են. «Կինը միշտ անմեղ է …» Եվ այս պարզ ճշմարտությունը անցնում է մոլորակից-մոլորակ, աստղից – աստղ, գալակտիկայից-գալակտիկա...

    Կինը միշտ անմեղ է... Եթե նույնիսկ նա հղիացել է ոչ իր ամուսնուց...

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  18. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (21.07.2008), Tigris (19.07.2008), Առողջագետ (19.07.2008)

  19. #230
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 20 հուլիսի 2008թ., ավարտվում է:

    Մոլորակային կյանքի տրագիզմը ... Երեկվա կտավի մեջ զոհվեց կինը և իր հետ տարավ հազարամյակների ճնշումը, մեղքը, մեղադրանքը... Այսօրվա կտավում (Դարյուշ Մեհրջուիի «Կովը») զոհվում է կենդանին – կովը, և և նրա հետ զոհվում է տերը: Զարմանալի բան. ամեն օր մոլորակի վրա սպանդանոց է գնում երևի մեկ միլիոն կով, բայց Արևելքի հոգին ողբում էր այս մեկ անասունի համար: Համայնքը ելնում է ոտքի և վշտակցում կովի տիրոջը, ձգտում է օգնել... Պարսիկ կանայք նախնյաց հմայություններն են անում, բայց չեն օգնում խենթացած դժբախտին... Արդեն որբևայրի կինը սպասում է... Նույն պահին ղալամով ներկում են նորահարսի աչքերը... Մահն ու կյանքը` նույն օրվա մեջ: Կյանքը շարունակվում է:

    Գանք մեր սիրուն հայրենիք: Երկրի գործող նախագահը իր պաշտոնավարման 100 օրվա առիթով ասում է. «Անցնենք հասարակության առողջացման ողջ ուղին ախտաճանաչումից մինչև ապաքինում»: Ճիշտ ցանկություն է: Վստահ ենք, որ նրա քաղաքական հակառակորդը` ՀՀ հիմնադիր նախագահը նույն ցանկությունն ունի, ըստ էության` նա էլ մշտապես նույնն է ասում: Այս նպատակին հասնելու համար մնաց մի փոքրիկ, շա~տ փոքրիկ աշխատանք - մի գերխիտ աշխատանք - երկրի ախտաճանաչումը սկսվում է ամեն մեկիս, բոլորիս, այդ թվում գործող և հիմնադիր նախագահների ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄԻՑ: Բոլորիս ԻՆՔՆԱ-ԱԽՏԱ-ՃԱՆԱՉՈՒՄԻՑ... Ուրեմն, այդպես. եթե այս երկու մարդը բռնեն ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ուղին, աշխարհին ու ժողովրդին դաս տալուց առաջ` նայեն իրենց էության խորքը, ապա մենք կարող ենք հանգիստ քնել: Այն ժամանակ մենք կկառուցենք մեր երկիրը... Բայց եթե դա չլինի` ճղե~ք ձեզ, իշխանություններ, ձեր գործը չի ստացվելու: Եվ ճղե~ք ձեզ, հեղափոխականներ , ձերն էլ չի ստացվելու: Բոլորիս գործը չի ստացվելու...

    Առողջագետը մի հիվանդ ունի Գյումրիից ... Հարցրել է` ո՞նց ես: «Լավ չե~մ, բժշկուհի ջան, էսօր շա~տ վատ եմ»: «Իսկ մինչև հիմա ինչպե՞ս ես եղել»- հարցրել է Առողջագետը : Հիվանդը պատասխանել է. «Շատ լավ եմ եղել, բայց երեկ բուրդ չփխեցի, վատացա...»: Առողջագետը այստեղ վրդովվել է,- «բա ինչի՞ դրանից չես սկսում, ինչի՞ չես զանգել, որ լավ ես եղել»: «Բժկուհի ջան, լավ էի, կուզեի քեզի համար մե հատըմ մոմ վառել Յոթվերքում»: Առողջագետն ասել է` «Մոմ մի~ վառիր ինձ համար, այլ ասա որ լավ ես եղել, ասա, որ լավ ես...»

    Սիրելի ֆորում, եթե մի օրվա մեջ մի շող կա, մի պտղունց կյանք կա, ասե~ք, որ լա~վ եք ... Այսպե՜ս ապրելով, ամեն շող հավաքելով` կարող ենք հաղթահարել այս մոլորակի տրագիզմը: Այսպես ապրելով` կարող ենք օգնել մեզ Ձեռք Մեկնող Տիեզերական Ապաքինողին...

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  20. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (21.07.2008), Այգ (21.07.2008), Առողջագետ (20.07.2008)

Էջ 23 86-ից ԱռաջինԱռաջին ... 13 21 22 23 24 25 33 73 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •