Այսօրս` 17 հունվարի 2010թ, ավարտվում է:
Սև համազգեստներ հագած ծեր հրշեջների խումբը տոնում է իր բազմամյա նախագահի 86-ամյակը: Հավաքված է սոցիալիստական հասարակությունը – 60-ականների Չեխոսլովակիան է. կլորիկ, սոցիալիստական կանայք, ճարպոտ-երես տղամարդիկ, զոռով սարքած ուրախություն, “գեղեցկության մրցույթ” – մի քանի խեղճ, տրորված, վախեցած աղջիկների հավաքում են այդ մրցույթի համար: Հրշեջների ղեկավարը շատ նման է սովետական ԿԳԲ-ի Անդրոպովին… Մի անստեղծագործ հասարակության սատիրիկ կերպարը: Միլոշ Ֆորմանի “Հրշեջների պարահանդես” ֆիլմ-սատիրան, արդեն 1967-ին տեսնում է սովետական սոցիալիզմի վերջը…
Ո՞վ է նկարելու մեր ներկա հայ հասարակական կյանքի ռեալիստական-սատիրիկ պատկերը: Ե՞րբ է գալու մի Հայ-Կուստուրիցա, որ կնկարի “Հայերի ժամանակը”:
Կոմիտասի շուկայի առջև նկատե՞լ եք – մի կին կա, որ խունկ է ծախում. մի փոքր կրակ է անում, վրան խունկ է ցանում, որ հոտով հաճախորդներ գրավի… Ծուխը ելնում է վեր, իջնում է ցած – ասֆալտին պառկած խոշոր ձկների խռիկներին է հասնում, ձկները իրենց զգում են դրախտում… Մանր առևտրականները գրավել են փողոցը, կյանքը, տարածությունը… Խնկի հոտը հասնում է հեռուներ – նրանց ռունգերին, որոնք ստեղծում են այս կյանքը: Ի՞նչն է սրբազան այս կյանքի մեջ, ի՞նչն է արժանի ապրելու…
Ո՞վ է նկարելու “Հայերի ժամանակը”: Ո՞վ է բացելու դեգրադացվող տոհմերի ներքին ամայությունը: Ո՞վ է հայտնաբերելու հազվադեպ կյանքի օազիսները: Ո՞վ է մեզ օգնելու` տեսնելու ինքներս մեզ:
Բարի գիշեր:


Մեջբերել