+ Կատարել գրառում
Էջ 84 85-ից ԱռաջինԱռաջին ... 34 74 82 83 84 85 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 831 համարից մինչև 840 համարի արդյունքները՝ ընդհանուր 850 հատից

Թեմա: Այսօրս...

  1. #831
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 22 փետրվարի 2010թ, ավարտվում է:

    Մի անգամ գրել եմ` մենք հիմա հեռուստացույց չենք նայում – հազվադեպ` միայն մշակութային հաղորդումներ: Հ1-ն ու Հայլուրը մոռացել ենք… Բայց ոնց եղավ` երեկ երեեկոյան որսացինք Հ1-ի մի պահը – ավարտվում էր ժողովրդական երգին նվիրված հաղորդումը: Արա Գևորգյանն ասում էր, որ ժողովրդական երգը քիչ է երգվում… Իսկ սիրում են այն երգը, ինչը շատ են երգում, և եթե ժաղովրդական երգն էլ շատ երգեին, ապա… Հաղորդումը վարում էր կարկառուն բանաստեղծ և շոումեն Ա.Բ.-ը: Մի պահ տեսանք օրվա երգիչների դեմքերը – նուրբ, մանրիկ, “աստղային” դեմքեր էին…

    Մեր ինքնության սրբության սրբոցներից մեկը – մեր բնիկ, գեղջուկ, արարչածին երգը: Այսօրվա “աստղիկը”, իհարկե, կարող է երգել այդ երգը: Նույնիսկ` “լավ” երգել… Նույնիսկ, կարող է թվալ, որ մեր հայրենապաշտ Հանրայինը խելքի եկել և անցել է հայ երգի պահպանման գործին: Բայց չկրողը եթե երգի հայ երգը, չզգալով նրա հոգին` սպանելու է այդ երգը… Այդպես Անդրեն, Հայկոն և չգիտեմ էլ ով` մեկ-մեկ երգում են մեր երգը: Այդպես էլ երգում էին այսօրվա նորահայտ “աստղիկները”: Երգում են չկրողները: Հանրայինը չկրողներին է հանձնել հայ երգը: Երգը խաչելու համար…

    Մի հրաշք լիներ: Ազգային-հանրային գիտակցության լուսավորում լիներ: Կույրերի ապաքինում լիներ: Մի պայծառ հայկյան օր բացվեր: Մի հայկյան արև այրեր մեր ոգու ու մտքի ճորտությունը: Առողջ գիտակցության բռնկում լիներ: Եվ այնժամ – մենք անցնեինք տնից-տուն, գյուղից-գյուղ, համայնքից-համայնք… եվ գտնեինք հայ երգի բնիկ կրողներին: Անցնեինք երգի-պարի սակավաթիվ խմբերը, որտեղ պահպանվում են մասունքները: Օգնության կանչեինք կրող-գիտակներին: Օգնության կանչեինք Կոմիտասին: Եվ Հայաստանում ոգեկոչեինք բնիկ երգի-պարի իրավունքի տոտալ վերականգնում: Եվ այդ բնիկ օվկիանոսից խմեինք – նորածնից սկսած մինչև երկրիս կառավարությունը… Այդ օվկիանոսից խմեին այսօրվա երաժշտական մշակույթի բոլոր մշակները…

    Կլինի այդ հրաշք-օրը: Եթե մենք արթնանանք տոտալ ճորտության քնից:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  2. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (23.02.2010)

  3. #832
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 1 մարտի 2010թ, ավարտվում է:

    Գարնան առաջին օրն է: Մենք – Առողջագետիս հետ` արբած էինք…

    Անցնում էինք Երևանի կենտրոնով, անհանգիստ էր… Գարնան առաջին օրը դարձավ մեր պատմության` դեռևս չվերծանված էջերից մեկը: Երկու տարի առաջ այդ օրը մենք ի՞նչ դաս էինք առնում: Այստեղ կա երկու բևեռացված գնահատական – երկու հակառակորդ կողմերի – այդ գնահատականները պարզունակ-պրիմիտիվ են… Սիրտս ճշմարտության այլ աղբյուր է ուզում:

    Երկվության Օրենքը – երկու հակառակ բևեռ պայքարում են, և նրանց պայքարից, միասնությունից և բալանսից Կյանք է ստեղծվում: Այսօր մեր Հայրենիքում բևեռների պայքար չէ – այլ ճորտություն ծնող բևեռը ճաք է տվել, երկու մաս է եղել – սրանք էլ զարկում են իրար: Ժողովրդական զանգվածը զոմբիացված ֆոն է այդ պայքարի համար, նա զանգվածային տեսարան է ստեղծում պատմության ֆիլմի համար: Բայց վտանգավոր է այդ ժողովրդին ասել ճշմարտությունը – նա դեռ չի հասունացել…

    Իսկ ճշմարտությունը մեկն է – իրական պայքարի բևեռները ուրիշ են, մեկը` Ժողովրդի Ոգին` իր Տիեզերական հենքով ու Օրենքներով, մյուսը` հին, սպառված աշխարհը` մոլորակային աղբով և ազգային աղբով, դեգրադացիայի բոլոր նշաններով: Հայ մտավոր խավը ապ-ուշադիր վիճակում է, նա անգամ չգիտի – ըստ արտաքին նշանների` չի կարդում, չի գրում, չի խորհում այն մասին, որ մոտենում է վճռական թվականը, մոտենում է Երկիր մոլորակի վիբրացիոն մակարդակի փոփոխման ժամկետը - և անհրաժեշտ է Մարդու և Ազգի ոգեկան ուժերի լարման, ինքնամաքրման, նոր կյանքի ստեղծման աշխատանք` ծանր կատակլիզմները կանխելու համար… Սակայն մեր Հայրենիքում – խավարի այս խորհրդավոր տիրույթում – օլիմպիական հանգստություն է… Սա` որպես դիտարկում…

    Գարնան առաջին օրը թող լինի իսկական Գարնան Առաջին Օրը: Ոչ օրացույցի, այլ Ոգու գարնան… Մոլորակը գնում է դեպի ՔՎԱՆՏԱՅԻՆ ԱՆՑՈՒՄ: Հին աշխարհը – իր քաղաքական, տնտեսական, հակամշակութային համակարգերով` խորտակվելու է… Այսօրվա քաղաքական պայքարները և բևեռացումները խաբկանք են, կեղծիք են, ժողովրդի էներգիան հյուծող ներկայացումներ են… Արթնանալ քնից: Իրական ՈԳԵԿԱՆ ԳՈՐԾԸ սպասում է… Եթե ՊԱՅՔԱՐ – ապա պայքար սեփական հոգեկան ծուլության ու քնի դեմ…


    Այսօր Գարնան Առաջին Օրն է…
    Դեպի Քվանտային Անցում… Դեպի Նոր Հայաստան…

    Բարի գիշեր:

    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  4. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (02.03.2010)

  5. #833
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 5 մարտի 2010թ, ավարտվում է:

    Համերգի էինք - The No Smoking Orchestra խումբը` Էմիր Կուստուրիցայով:

    Մեղեդին, ռիթմը, ուրախությունը, ցնծությունը բխում էին էն ակունքից, որ ժողովրդի սիրտն է - նրա ֆոլկլորը, երևակայությունը, անսահման լավատեսությունը… Հարավ-սլավոնական և գնչուական մոտիվների մի պայծառ գոբելեն գործեց այս խումբը համերգի ընթացքում…

    Հիմա աշխարհում երբ մի կենդանի, մի առողջ ու կենսունակ բան եմ տեսնում` սիրտս դեպի իմ հայրենիքն է դառնում ու մտածում եմ – որտե՞ղ է կորել մեր կենսունակությունը…

    Դառնամ ու ասեմ – մեր անհեր, մեր անմեր, մեր անտեր` հայ “ժամանակակից” երգարվեստին, մեր հայկոներին, անդրեներին ու մյուսներին – ե՞րբ եք դառնալու էն առատ ակունքին, որ հայ տոհմիկ երգն ու պարն է, ե՞րբ եք որպես աշակերտ մտնելու այդ վճիտ գետի մեջ, ե՞րբ եք սովորելու ԵՐԳԵԼ ՈՒ ՊԱՐԵԼ, ե՞րբ եք նորովի – համաշխարհորեն նորովի` վերաերգելու, վերապարելու, վերաիմաստավորելու, վերացնծացնելու, վերաշքեղացնելու մեր արվեստը… Որ այդ ՆՈՐ ԱՐՎԵՍՏԸ տեսնողն ու լսողն ասի` էդ ի՞նչ հզոր ազգ է, էդ ի՞նչ օվկիանոս է նրա հոգին, էդ ի՞նչ բարձր է նրա լեռը… Որ ասեն` կեցցե~ հայը, կեցցե~ Հայաստանը… Բայց, ավա~ղ …

    Դառնամ ու ասեմ` Կեցցե~ Էմիր Կուստուրիցան, կեցցե~ սերբական արվեստը…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  6. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (06.03.2010)

  7. #834
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 13 մարտի 2010թ, ավարտվում է:

    Ի՞նչ կրոն մենք պետք է դավանենք…

    Ծառը բողբոջել է, սպիտակ-վարդագույն բողբոջները ուր որ է` բացվելու են… Ստեղծողը աշխատում է: Նրա – Արարչի այդ անընդմեջ աշխատանքը զարմացնում ու հիացնում է. մի թանկագին քարի մեջ, մի ծաղկի մեջ, մի մարդու մեջ, ամենուր - Նա Աշխատում է:

    Հիմա հարցնենք մի քարի, մի ծաղկի, մի մարդու – դու ի՞նչ կրոն ես դավանում: Պատկերացրեք, որ հարցը տվել եք Ծիրանի Ծաղկին: Նա կնայի քեզ իր սպիտակ-անուշ թերթիկներով և կզարմանա – ի՞նչ է հարցնում այս մարդը` կրոնն ի՞նչ է, դավանելն ի՞նչն է… Ինքը ծաղիկ է, մի քանի օր կապրի, պտուղ կծնի… Իսկ հիմա նա բույր ունի և իր բույրը ձոնում է Ստեղծողին: Այդպիսի ձոն երգում է թռչունը, աղբույրը: Եվ մարդն էլ առավոտյան նայում է բարձրացող Արևին, և նրա սրտի մեջ պայթում է խնդությունը` ուղղված Ստեղծողին:

    Հիմա ասպարեզի վրա են քանի~-քանի~ կրոն, կոնֆեսիա, աղանդ - և բոլորը սովորեցնում` թե Արարչին այսպես պետք է պաշտել, այսպես պետք է սիրել… Լավ են անում, որ սովորեցնում են – բայց, ախր, այդ սովորեցնելու ընթացքում իրար հետ կռիվ են անում, իրար աչք են հանում` թե իրենք ավելի լավ են ճանաչում Ստեղծողին, և իրենց բերած Ճշմարտությունը ավելի մաքուր է… Եվ ինչքան կռիվ ու թշնամություն կա այս մոլորակի վրա` մեծ մասը կրոնների խղճի վրա է:

    Իսկ Ստեղծողը խաղաղ շողում է ամեն քարի, բողբոջի, ծաղկի մեջ, ամեն երեխայի ժպիտի մեջ, հնչում է ամեն բառի մեջ, ամեն օրորոցային երգի հնչերանգի մեջ…

    Եվ չեմ թաքցնում` եթե ինձ հիմա հարցնեն` ի՞նչ կրոն ես դավանում – շատ կդժվարանամ. Աշխարհի Գեղեցկությունը ո՞նց տեղավորեմ մի կրոնի մեջ: Շատ կմտածեմ ու կպատասխանեմ – Իմ կրոնը Ստեղծողի Գեղեցկությունն է` Հայ Մշակույթի և Տիեզերքի Ադամանդյա Բյուրեղների միջով ինձ հասած: (Փակագծում ավելացնեմ` Հայ Քրիստոնեությունը մեր մշակույթի մի փայլեզրն է միայն – Նարեկացու տաղերը, Շնորհալու շարականները, մեր խոնարհ ու անզարդ վանքերը…)

    Չէ~, իմաստ չունի` մի քարի, մի ծաղկի, մի մարդու հարցնել` թե ի՞նչ կրոն ես դու դավանում…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  8. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (15.03.2010), Առողջագետ (13.03.2010), Փորփրուկ (28.03.2010)

  9. #835
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 18 մարտի 2010թ, ավարտվում է:

    Ներկա աշխարհում գործում է մի հին ու ստոր պոստուլատ` “Չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր”: Այս պոստուլատով են առաջնորդվում աշխարհի դիվանագետները: Պոստուլատն ուզում է ասել` չկա մի մարդ կամ ժողովուրդ, որին կարող ես մշտապես սիրել և բարեկամդ համարել – շահի~դ նայիր… Կարող ես, ըստ շահի, փոխել բարեկամներիդ… Ստոր, ստոր քաղաքակրթություն: Այս ասացվածքը հպարտորեն բարբաջում են հատկապես քաղաքական առաջնորդները – լսած կլինեք նաև մեր հայոց աշխարհում:

    Սիրտս այդ պոստուլատը գցում է ոտքի տակ, փոշիների մեջ… Թող գնա~, կորչի~… Եվ թող մեկն ասի, որ, օրինակ, Ռուս Մեծ մշակույթը և նրա կրող Ժողովուրդը մեր մշտական բարեկամը չեն… Հա~, կայսերական Ռուսիան հիշեցիր, թե` նա՞ էլ է մեր բարեկամը… Բայց իմացիր, որ Ռուսիո կայսերականությունը, որպես հիվանդություն, անցնում է: Եվ մնում է էն Մեծ Հոգին – Ռուս Ժողովուրդը և Ռուս Մշակույթը` որպես ապագա ծնող ամբողջություն…

    Այս մտածումներն ունեի` Համայն Ռուսիայի և Մոսկվայի Պատրիարք Կիրիլ I-ի` Հայաստան այցելության առիթով: Իհարկե, հասկանում եմ, որ որևէ պաշտոնական եկեղեցի, նաև` ռուսական և հայոց եկեղեցիները, դոգմայի ծանր զգեստների մեջ են և չեն կրում իրենց ժողովուրդների վերածնության ամբողջական աշխարհայացք ու գործելակերպ: Բայց ինչպե՞ս չնկատել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին իր մեջ ունի մշակութային-հոգևոր առողջության մի հսկա շերտ… Ինչպե՞ս չուրախանալ, որ այս այցելությամբ վերարծածվում ու նորոգվում է երկու ժողովուրդների հոգևոր կապը…

    Սրտիս մեջ կասկած չկա – Ռուս ժողովրդի Հոգին ու Մշակույթը մեր Մշտական Բարեկամն են: Մի գաղտնի կամուրջ ձգվում է մեր միջև և մեզ դարձնում է Ամբողջություն… Վերածնության մի գաղտնի մեղեդի հնչում է այդ Ամբողջության մեջ…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  10. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (19.03.2010), Առողջագետ (18.03.2010)

  11. #836
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 5 ապրիլի 2010թ, ավարտվում է:

    Մեր բակի ծիրանենին ծաղկեց, հետո ծաղկաթափ եղավ – պտղավորվել է: Անցնում եմ ծառի մոտով, հին սովորությամբ` ուզում եմ մի թառամած ծաղկի գունատ թերթերը հեռացնել, բացել արդեն երևացող մանուկ պտուղը – թավշամազ, քնքուշ, անպաշտպան… Եվ համոզվել, որ ծառը պտղել է, որ նորից գարուն է…

    Հայկական Բարձրավանդակ – մեր երազների լեռնաշխարհը… Ծայրեծայր այժմ մեր բարձրավանդակում գարուն է: Պատմական մի ակնթարթ առաջ – ընդամենը մեկ հարյուրամյակ առաջ այնտեղ ծաղկած ծառերը լսում էին հայկական բարբառներ: Բայց այժմ բարբառները լռել են: Սրբազան լեռնաշխարհի վրա – բացառությամբ ներկա Հայաստանի, Արցախի և Ջավախքի – հնչում են թուրքերենը և քրդերենը: Ծառերը մոռացե՞լ են հայերենը… Նրանց պտուղների հյութերի մեջ, նրանց ԴՆԹ-ի մոլեկուլներում չկա՞ն հայ բառի բյուրեղյա գաղտնագրերը: Չգիտեմ – մի երազ տեսնեի, ծառերին հարցնեի…

    Մտքով թռչեմ Մշո Դաշտ, Ս. Կարապետ ավերված վանքի տարածքը: Լուսաբաց է, քրդական գյուղը դեռ չի արթնացել, քրդերը և նրանց այծերը դեռ քնած են – վանքի տարածքում միայն ես եմ: Նստեմ մի սրբազան քարի վրա, փակեմ աչքերս… Եվ վանքը տեսնեմ վերականգնված, պարիսպը` անվթար: Եվ մտքիս մեջ վեր խոյանա Ս. Կարապետ Եթերային Տաճարը, չորս կողմ հնչի Մշո քաղցրիկ բարբառը…

    Տաս միլիոն հայ ենք – վերցնենք Չկորուսյալ Հայրենիքի քարտեզները, լուսանկարները, նայենք ֆիլմերը, հիշենք բոլոր քանդված ու դեռ պահպանված մատուռները, վանքերը, մյուս սրբատեղիները: Հիշենք Բյուրակնի աղբյուրները, Սասնո պայթող աղբյուրները… Եվ մեր մտքի մեջ, մեր սրտի մեջ խոյացնենք եթերային տաճարներ, բխեցնենք բյուրեղ ակունքներ, վերականգնենք խնկաբույր գյուղերը – վերականգնենք Արևմտյան Հայաստանը: Եվ ամեն օր, ամեն օր, ամեն օր կառուցենք մեր Հայրենիքը – առայժմ` եթերային տարածքում և մեր մաքրվող, բյուրեղացող սրտերի մեջ: Ժամանակն է:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  12. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (06.04.2010), Առողջագետ (05.04.2010)

  13. #837
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 9 ապրիլի 2010թ, ավարտվում է:

    Երեկ «Ավանգարդ» ֆոլկ-ակումբում համերգի էինք` մի աֆրիկյան նախագծի խումբ էր, ղեկավարը` հայտնի երաժիշտ Ալի Կեյտան է: Խմբում մի սենեգալցի երգիչ կա – ձայնը ցածր, մի քիչ խզված, քաղցր ու հարուստ տեմբրով` ժամանակ առ ժամանակ մտնում էր ջազ նվագախմբի մեղեդային հոսքի մեջ, կարծես խաղաղեցնում այն և բերում մի հեռավոր, անծանոթ հայրենիքի պատկերները…

    Լսում էի սևամորթ երգչին - ժպիտը միամիտ ու ճերմակ էր, իր բնիկ ժողովրդի բնավորությունը, էպոսի և ֆոլկլորի վիբրացիաները երևում էին դեմքին: Նրա երգի, պարի մեջ ոչ մի կեղծիք, մասնագիտական ջանք, կրթական շղարշ չկար – այս մարդը Սենեգալի սավաննայից ուղիղ Երևան էր ընկել: Ահա, լսում էի աֆրիկացի երգչին և սրտիս մեջ բարձրանում էր ցավը – ինչու՞ հայ բնիկ երգը կրող որևէ երգիչ չի կարող այսպես ազատ բեմ բարձրանալ, մի քիչ խռպոտ ու ցածր ձայնով երգել իր ժողովրդի երգը, այն աշխարհ ու այլ ազգերի բեմեր տանել…

    Հիմա կասեք – ի՞նչ է, մեր բեմերից հայ երգ չի հնչում… Հնչում է, բայց… Որպեսզի միտքս ընկալվի` բերեմ մի տպավորություն: Մի երկու տարի առաջ էր, Հայաստանի Մարտունու գյուղերից մեկում` Ծակքարում, մի հանդիսություն էր, Հ1-ը նկարահանել էր: Այդ գյուղը լավ գիտեմ, նրանից վեր` հաջորդ գյուղում մայրական տոհմս է ապրում: Ահա այդ նկարահանման մեջ մի ծակքարեցի երգեց – մի հին երգ էր, գեղջուկ երգիչը հայ երգեցողության կատարյալ կրողն էր – մեղեդու մեջ մի սրտագին տատանում կար, միայն Կոմիտասի ձայնիի մեջ թերևս կա այդ հրաշք-նրբալիքները: Այդպես, մի քիչ թվացյալ արևելյան, բայց մաքրության ու զսպության մեջ` անվթար-հայկական է հայ երգի գեղջկական-արարարչական կատարումը…

    Ահա, այս ծակքարեցին, սրա հետ` մյուս մեր գեղջուկ-աստվածները, հայ երգի վերջին ու առաքինի կրողները, մի երգի փոքրիկ զորագունդ են կազմում, ստեղծում ենք հայ երգի Պաշտպանության Նախարարություն, բոլորս զինվում-զինվորագրվում ենք – Ծակքարեցի Երգիչը դառնում է Երգի Չափանիշ, Օրենսդիր – Իրենից է սնվում հայ բեմարվեստը, ժամամակակից երգը, հայ ջազը – Ծակքարեցու ձայնի նրբերանգ-տատանում-քաղցրությունը պահպանվում է աչքի լույսի պես, և այսպես, ինչպես այս սենեգալցին եկել-գրավել է Երևանը, այդպես էլ Ծակքարեցի Երգչի երգի էության պահպանումով` հայ երգը գրավում է աշխարհը…

    Թե ասածս ինչ է` ևս մի տպավորություն – ընթերցողներից ո՞վ է նայել ապրիլի 7-ի հանդիսավոր համերգը… Լավ չէր` գետին մտնեինք և չլիներ միջակների զվարճանքի այդ հանդեսը, քեֆչիական այդ խեղճությունը – մեջտեղից նայեցի, հայ երգի ոչ մի կրողի բեմ չէին հանել, չտեսա… Ամոթը և հուսահատությունը տիրեցին ինձ, սրտիս մեջ երևի աղաղակում էի…

    Բարի գիշեր:

    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  14. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (13.04.2010), Առողջագետ (10.04.2010)

  15. #838
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Re. Այսօրս...

    Այսօրս` 18 ապրիլի 2010թ, ավարտվում է:

    Պատկերացրեք` սև, տաք ասֆալտը լցնում են կանաչ խոտի վրա ու ծածկում են, անվագլանով պինդ տրորում - և կանաչը խեղդվում է սև ասֆալտի տակ…

    Այնպես եղավ, որ մեր երգարվեստ-պարարվեստը – մեր կյանքի կանաչը, մնաց մեր Երրորդ հանրապետության “մշակութային” քաղաքականության ասֆալտի տակ, ներկա կեղծ-արվեստի հաստ շերտի տակ. նայե~ք` ովքեր են մեր Հանրային հեռուստատեսության փայփայած, բոլոր մեր տոները բռնազավթած “աստղերը” – նրանց “աստղափոշին” խցկել է մեր ականջները, աչքերը, գիտակցությունը, ենթագիտակցությունը… Մեր մանուկ սերունդը մեծանում է առանց Մայր Արվեստի ծնողական խնամքի…

    Եվ որքան մեծ է լինում մարդու ուրախությունը, երբ տեսնում է` կանաչը պատռու~մ է ասֆալտի շերտը… Այդ զգացումն ունեցանք այսօր – “Նարեկացի” ժողովրդական նվագարանների համույթն էր այդ համառ, քնքուշ, բնաշխարհիկ կանաչը: Մեր մանուկներն էին, երիտասարդները – մանուկ ձեռքերով գրկել էին թառը, քամանչան, դհոլը, մանուկ ձայները երգում էին մայրենի մեղեդիներ… Երեք հարազատ շերտ – ազգագարական, քաղաքային-ժողովրդական-աշուղական և հոգևոր երգը` մեր մանուկների սրտագին համաձուլման ջանքով… Մաեստրոն – ծննունդով մեր Սևանի ավազանից` Վարդենիսից – Հովիկ Սահակյանը, քաղցր բերքահավաք էր արել` 70-ականների մեր երգադաշտից, շարականներից, Կոմիտասից, նաև` Արևելքից…

    Մեր մանուկ կանաչները սիրտ էին հուզում, համույթի ստեղծման, կայացման ու բեմ ելնելու պատմությունը իրապես զոհաբերական ու հերոսական էր – մայր մշակույթի նահանջի այս ժամին “Նարեկացի” համույթի ծնունդն ու գործը լուսավոր են:
    Բազում են քո գթությունքդ” – Ս. Մեսրոպի այս շարականի խորագրի բառերով դիմենք ԿՅԱՆՔԻՆ - ՆՐԱՆ, ում ձոնված է այս շարականը և շնորհակալ լինենք…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  16. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (21.04.2010)

  17. #839
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Re. Այսօրս...

    Այսօրս` 2 մայիսի 2010թ, ավարտվում է:

    Երկինքը գորշ ամպերով ու անձրևով գրկել է Հայաստանը: Բնության թախծոտ գրկախառնությունը: Թախծում է գարնանացան ցորենի սերմը – նա կարոտով սպասում է հողի հետ հանդիպմանը… Գարին – հատիկների ազնվականը, նույնպես սպասում է…

    Նորից այսօր նայեցի մեր բակի միակ ծիրանենի ծառին – մի քանի փրկված պտուղ տեսա: Կողքին – մեր բակի միակ բալենին է, սա ուշ է ծաղկել և մանրիկ պտուղները ցնծագին առատությամբ տատանվում են քամուց… Այս խիստ գարունը - մի ծառի խնայել է և թույլ է տվել ցնծալ, իսկ մյուսին զարկել է…

    Մեր մոլորակի հյուսիսային կիսագնդում խիստ ու տարօրինակ գարուն է: Երկրագունդը կրակ ու մոխիր է շնչում… Երկրագնդի սրտի մեջ ի՞նչ կա – ցա՞վ կա, սպասու՞մ կա, կարո՞տ կա… Այս գարունը ինչու՞ այսքան տարօրինակ եղավ…

    Գարուն ու մարդը հանդիպում են: Մարդն էլ ծառ է, պտղի տակ է, ծաղկել է… Խիստ գարունը նայում է մարդուն, նրա ծաղիկներին, նրա կանաչ բողբոջներին… Ի՞նչ է լինելու այս ծառի հետ, այս խիստ գարունը ո՞ր ծառին է խնայելու: Ո´ր ծառն է ցնծալու պտուղների առատությամբ, և ո´րն թախծելու…

    Այս հարցերը տալիս եմ այս տարօրինակ գարնանը: Եվ նա ինձ պատասխանում է – ԵՍ ՈՒՐԻ~Շ ԳԱՐՈՒՆ ԵՄ, իմ նման Գարուն դու դեռ չե~ս տեսել… Ես ուրի~շ Գարուն եմ…
    Բարի գիշեր;
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  18. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (03.05.2010)

  19. #840
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս` 9 մայիսի 2010թ, ավարտվում է:

    Այսօր Մեծ Հաղթանակի օրն է:

    Ամեն տարի սպասում ենք այդ օրվան – այդ օրվա անկեղծությանը, նրա կերտողների անձնուրաց ազնվությանը: Սպասում ենք Հաղթանակի գլխավոր դերակատարի` ռուս ժողովրդի պատերազմական մշակույթին: Սիրտ ճմլող մի զարմանալի ազնվություն կա այդ երգերի, այդ ֆիլմերի, այդ տարիների պոեզիայի մեջ… Այսօր մեր ընտանիքի սրտի մեջ ծփում է խոնարհումը այդ մշակույթի հանդեպ:

    Եվ այս օրը հայի սիրտը դառնում է Հայաստանի ճակատագրին… Մի կողմից` մեր ինքնության և ուժի մայիսյան փայլատակումներն են… Մյուս կողմից` շատ բան է խառնվել վերջին խառնակ տարիների մեջ: Օրինակ, համաշխարհային ժողովրդավարության հայ հետևորդները խոսում են Հայաստանից ռուսական ռազմական բազայի հեռացման մասին – իբրև թե` եթե Թուրքիայի հետ լավ լինենք` մեր ինչի՞ն է պետք ռուսական բազան…

    Մարդկային սիրտը չի խաբում, և սիրտս ինձ չի խաբում: Իմ սիրտը Հաղթանակի Օրվա հետ է: Իմ սիրտը ռուս մեծ մշակույթի հետ է: Իմ սիրտը Նոր Ռուսաստանի և Նոր Հայաստանի բարեկամության հետ է, նրանց մեծ արվեստների փոխներթափանցման, նրանց զինական ուժերի եղբայրության հետ է…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  20. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (10.05.2010), Առողջագետ (10.05.2010)

+ Կատարել գրառում
Էջ 84 85-ից ԱռաջինԱռաջին ... 34 74 82 83 84 85 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները