Հայտնի լրագրող և հետազոտող Նիկոլայ Դրոզդովը հաղորդաշար է ստեղծել."Մարդկանց աշխարհում": Ամբողջ կյանքի ընթացքում այդ հեղինակը վարել է "Կենդանիների աշխարհում" շատ սիրված և հաջողված հաղորդաշարը և պատմել է մեզ բույսերի և կենդանիների ներդաշնակ, գեղեցիկ կյանքի մասին: Եվ ահա, իմաստություն հավաքած, 70-անց տարիքում, կյանք ու աշխարհ տեսած, բոլոր կրոններն ու ուսմունքները ուսումնասիրած մարդը ձեռք է գցել, ինչպես ինքն է ասում անոնսում, Բնության պսակ` Մարդ-Էակին` Արարչի ամենակատարյալ ստեղծագործությանը:
Եվ ահա նայում ես փայլուն ներկայացված սյուժեները և սարսափում. ու~ր ես, կենդանիների աշխարհի ներդաշնակություն: Անգամ վայրի բնության "վայրի բարքերը" չեն կարող համեմատվել մարդկային գոյության դաժանության, ողբերգության հետ:
Առաջին նյութը միշտ "բարի" է լինում. դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է երիտասարդ կին և մայր, և մարդիկ օգնության ձեռք են մեկնում ընտանիքին և երեխաներին: Սակայն մի մեծ տխրություն է պատում դիտողին, և գրեթե արցունքներ առաջացնում վարողի մոտ... Երկրորդ տեսանյութն ավելի դաժան է. գժտություն ընտանիքում, իհարկե, երջանիկ սիրուց և ամուսնությունից հետո, երեխայի պատճառով հայրը դատի է տվել կնոջը և նրա մորը, և այդ 70-ամյա կինը` իր պատմական հայրեքում` Սուրբ հողում` այսօր կալանքի տակ է` ոչ ոք չի ուզում և չի կարող զիջել, բոլորը տառապում են, երեխան` մի չքնաղ գեղեցիկ բալիկ, մեծանում է թշմանության և թշվառության մեջ... Դրոզդովը խորը հոգոց է հանում` երևի, հիշում վայրի կենդանիների անմեղ աշխարհը, և հորդորում... սիրել իրար, ներել իրար, հանուն երեխայի ...և այլն: Նորից տխուր է մարդկանց աշխարհում:
Սակայն ավելի սարսափելի նյութերն դեռ առջևում են. ահա մանկություն չտեսած "Детство, детство" երգի կատարողը, իր կյանքով և ճակատագրով հերթական հոգոցներն է մեզանից քամում` դժբախտություն, հարբեցողություն, սպանություն` ահա մանկական հիշողությունների ներկապնակը:
Եվ, հավարտս մարդկային կյանքի "փառահեղ" ցուցադրման` միջին տարիքի ուսուցչուհի սիրում է մի տղամարդու, և չի կարող հանդուրժել, որ նա սիրում է նաև իր փոքրիկ, չքնաղ 7-ամյա դստերը, որին երբեմն- երբեմն, շաբաթը մեկ անգամ մի-քանի ժամով "վստահում" են հորը: Ահա հեքիաթների չար խորթ մայրերի նման երեխային անտառ է տանում և... այո, ուղղակի սպանում: Անմեղսունակության հասնող տհասությամբ հայրը մինչև այսօր էլ "չի հավատում" իր սիրելու չարագործությանը, և ...ամուսնական մատանի է գնում կալանավորված սիրելու համար:
Ես էլ Դրոզդովի հետ անսահման տխրում եմ, հոգոցներ արձակում, և մտածում. այս ինչ անկատար ու դաժան աշխարհ է ստեղծել Բնության Կատար մարդ- արարածը, ինչպես, ինչ աղոթքով, թե Տիրզերական Հրով ու Սրով պիտի ապաքինվի այս հիվանդ մարդկությունը:
Թե էլ ինչ տեսա "մարդկանց աշխարհում", կպատմեմ վաղը...


Մեջբերել