Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ինչպես հայ մշակույթը մտցնել հանրակրթություն

  1. #1
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Ինչպես հայ մշակույթը մտցնել հանրակրթություն

    Հարգելի ֆորում, ներկայացնում եմ հեղինակային խմբի վաղեմի Ծրագրերից մեկը: Այն ժամանակ գործում էին մեր հիմնած Մարդու էկոլոգիայի դպրոցը և Առողջագիտության ինստիտուտը, որի հիմքի վրա էլ ստեղծվել է այս Ծրագիրը:

    Ամեն ազգի մշակույթ`ապրելու և ապրեցնելու համար, պետք է մտնի հանրակրթություն: Բայց ինչպե՞ս անել այս գործը: Ծրագիրն առաջարկում է մի այդպիսի ճանապարհ:

    Երկու խոսք կրթության ներկա վիճակի մասին`դիտարկված մշակութային տեսանկյունից: Այժմ հայ դպրոցում ազգային մշակույթը ներկայացված է ոչ լիարժեք, երգն ու պարը դասավանդվում են մինչև IV դասարան, միջնակարգ դպրոցն ավարտողը հայ մշակույթի կրողը չէ: Եվ այս ազգը ունի Սփյուռք, որին պետք է մշակութապես սնի, պահի ու պահպանի...Բայց մի ազգ, որ իր պետություն-հայրենիքում չի կարողանում իր մշակույթին տեր կանգնել` ինչպես կարող է իր Սփյուռքը սնել: Եվ ինչպես կարող է նա Միացյալ Հայրենիքի իղձը փայփայել, եթե նրա պահպանված մեկ-տասներորդ հողակտորի վրա կորցնում է բնիկ մշակույթը:

    Նեկայացված Ծրագիրը ՄԻԱՑՅԱԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՐՏՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ Է, ԱՅՆ ՁԳՏՈՒՄ Է ԱՆՀԱՊԱՂ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ: Այս իղձը նորից հանում ենք համահայկական տարածք, այս անգամ` ԴՆ Ֆորումի միջոցով:






    ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
    ИНСТИТУТ АРМЯНСКИХ ПРОБЛЕМ
    INSTITUTE FOR ARMENIAN STUDIES
    INSTITUT FUR ARMENISCHH FRAGEN

    «ՏԵՍԱԿԵՏ» հանդես
    1999թ, Թիվ 4-ի հավելված




    ՄԱՐԴՈՒ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԴՊՐՈ8
    ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ







    ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆԵՐ (ՆԱՀԱՆԳՆԵՐ)
    ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ



    ԵՐԵՎԱՆ-1999

    Հայկական Հարցերի Հաստատության կողմից

    Մարդու էկոլոգիայի դպրոցը և Առողջագիտության ինստիտուտը Հայկական Հարցերի Հաստատությանը ներկա֊յացրեցին մի գիտա-կրթական ծրագիր՝ առաջարկելով, որ այդ ծրագիրը մենք իրականացնենք համատեղ ջանքերով։ Այդ ծրագիրը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
    Ինչ վերաբերում է ՀՀՀ-ի տեսակետին, ապա այն դրական է, ծրագրի իրականացումը՝ օգտակար։ Սակայն այդ ծրագիրը իրականացնելու համար պահանջվում են ահագին նյութական միջոցներ, որը գոյացնելը ՀՀՀ-ի կարողություններից վեր է, իսկ Հայաստանի կառավարությունից այս ուղղությամբ հատկացումներ ստանալ չհաջողվեց։ Ուստի, մենք դիմում ենք հայ ժողովողին այս ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

    ՀՀՀ- տնօրինություն, 1999թ


    Հայ մշակույթը հանրակարթություն մտցնելու ծրագրերից.


    ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆԵՐ (ՆԱՀԱՆԳՆԵՐ)
    ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ


    Ծրագրի բովանդակությունը

    1. Նախաբան
    2. Ընդհանուր դրույթներ
    3. Ծրագրի նպատակը եւ խնդիրները
    4. Ծրագրին նախորդած աշխատանքները, աշխատախմբի կառուցվածքը եւ գործելակերպը
    5. Սպասվելիք արդյունքները
    6- Ընդունման եւ ներդրման մեխանիզմները
    7. Ֆինանսավորումը

















    ՄԻԱՑՅԱԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
    ՎԵՐԱԿԵՐՏՈՒՄՈՎ ԴԵՊԻ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ


    1. Նախաբան

    Հայ մշակույթը հանրակրթություն մտցնելը, այն համայնքի կյանքի անբաժանելի մասը եւ հիմքը դարձնելը ազգային կյանքի նորոգման ու վերակերտման միակ ճանապարհն է։ Սակայն հայ մշակույթը միասեռ տարածք չէ։ Պատմական Հայաստանի Մեծ Հայքի 15 աշխարհներից (նահանգներից) ամեն մեկն ուներ իր բարբառը (բարբառները), բանահյուսությունը, երգն ու պարը, կենցաղի, սովորությունների ու ծեսերի իր համակարգը։ Հայոց ամեն մի աշխարհ մի մշակութային տիեզերք էր, անկրկնելի ու ներդաշնակ տարածք, որտեղ ապրում ու ստեղծվում էր Հայ Մարդր։ Այդ աշխարհների մեծ մասն ավերվեցին, մշակութային արժեքները ցրվեցին ու ոչնչացան, բարբառները կտրվեցին իրենց սնող բնաշխարհից ու մարեցին այլ եզերքներում, ոչնչացավ ամեն աշխարհին հատուկ ապրելակերպը։ Եւ երբ այսօր հնչում են Վասպուրական, Տուրուբերան կամ Մոկք անունները, ապա դրանք հայ մարդու պատկերացման մեջ պատառ-պատառ եղած թանկ հատկանիշների կրողներն են միայն, բայց ոչ մշակութային կուռ ամբողջություն։

    Իհարկե, այդպիսի մի ամբողջություն վերակերտելու համար անհրաժեշտ է Հողը վերադարձնել։ Բայց մինչեւ այդ՝ մշակութային կորուստը կարող է անդառնալի լինել։ Այդ դեպքում ի՛նչ պետք է ցանենք վերադարձված հողին, որ պտղավորվի։

    2. Ընդհանուր դրույթներ

    2.1. Հող եւ Հայրենիք, մշակույթ ու ապրելակերպ կորցրած ամեն ազգ ձգտում է վերադարձնել կորցրածը։ Ազգային հիշողության նյութը եւ պահպանողը բնաշխարհում ստեղծված մշակույթն ու ապրելակերպն են, եւ եթե դրանք ջնջվում են ազգի հիշողությունից, ապա ի վերջո ջնջվում է նաեւ Հողի ու Հայրենիքի վերադարձի խնդիրը։ Սակայն, եթե ազգը պահպանում է կորուսյալ հողի մշակույթը, ապա դա լինում է այն հոգեւոր ուժը, որի անձայն հրամանով շարժման մեջ են դրվում ազգի ֆիզիկական ու կազմակերպական ուժերը՝ վերադարձի խնդիրը լուծելու համար։

    2.2. Կորուսյալ հողի մշակույթն ու ապրելակերպը (վերջինս լայն առումով նույնպես մշակույթ է) կարող են պահպանվել կենդանի ձեւերի մեջ ել գոյատեւել, եթե նրանք համակարգվեն, ամբողջանան եւ դուրս բերվեն երկրի մշակութային-կրթական տարածք։ Եթե ամեն ամբողջության ամենահարազատ կրողները նրանց վերապրող ժառանգներն ու հայրենակցական միություններն են, ապա կրթությունը այն ասպարեզն է, որտեղ վե֊րականգնված մշակութային համակարգը կարող է ուսուցանվել, գործածվել եւ ապա՝ կյանք մտնել։

    2.3. Հայրենիքի ամեն մի նահանգ կամ գավառ ունի ազգի մշակույթի ընդհանրական կնիքը։ Մշակութային համակարգերը, առանձին-առանձին վերակերտվելով, իրար լրացնելով եւ հարստացնելով՝ կամբողջացնեն միացյալ մշակութային Հայրենիքի պատկերը։ Այն կդաջվի ազգային գիտակցության մեջ, կնորոգի այսօրվա Հայաստանի կյանքը եւ ճանապարհ կբացի դեպի Միացյալ Հայաստան։

    3. Ծրագրի նպատակը եւ խնդիրները

    3.1. Ծրագրի նպատակն է վերակերտել Հայոց աշխարհներից (նահանգներից) յուրաքանչյուրի մշակութային համակարգը՝ իր բարբառով, բանահյուսությամբ, երգ ու պարով, ապրելակերպով-սովորություններով, բժշկությամբ, ծեսերով ու ծիսակատարություններով, բյուրեղացնել ազգային-համամարդկային արժեքների լույսի տակ, ձեւավորել որպես կրթական նյութ, դարձնել կրթական ժողովածու եւ ուսումնական ծրագիր, շնչավորել փորձառական հանրակրթական դպրոցում՝ օգտագործելով արտադպրոցական աշխատանքի եւ ուսումնական պլանի հնարավորությունները։ Դպրոցը 1-2 կիսամյակ ապրում ու շնչում է որպես Վասպուրական աշխարհ, ապա Տուրուբերան (Տարոն) եւ Սյունիք, Մոկք կամ Արցախ եւ այլն։ Երեխայի սրտի եւ էության մեջ վերակերտվում է Հայրենիքի ամբողջությունը, նա դպրոցն ավարտում է որպես Հայ Մարդ եւ կարող է դառնալ Միացյալ Հայրենիքի ժառանգն ու իղձերի պատասխանատուն։
    Ամեն աշխարհի գծով ստեղծվում է կրթական մանրակերտ, որն ընդգրկում է ա) ժողովածուն՝ երկրամասի աշխարհագրությամբ ու պատմությամբ, մշակույթի ու ապրելակերպի բոլոր շերտերի համամասնական ընդգրկումով՝ որպես կրթական նյութ, բ) ուղեցույց ձեռնարկը՝ ուսուցչի ու ծնողի համար, գ) լրացուցիչ նյութեր` երգերի ու պարերի տեսաերիզներ, հավաքչական նյութի անաղարտ կտորներ, տեսաֆիլմեր, այլ նյութեր, դ) կրթական ծրագրեր՝ տարբեր դասարաններում կրթական նյութի օգտագործման երաշխավորություններով;

    Այս նպատակն իրականացնելու համար ծրագիրը դնում է հետեւյալ խնդիրները.

    3.2. Հավաքել, համակարգել եւ ուսումնասիրել ամեն աշխարհի (կամ գավառի) երգն ու պարը, ընտրել այն օրինակները, որոնք ունեն ազգային երգ ու պարի ընդհանրական կնիքը, սկգբնական ձեւի մեջ կատարյալ են, կարիք չունեն էական մշակման եւ այդ վիճակում կարող են կրթական նյութ դառնալ դպրոցի ու համայնքի համար։ Ուսումնասիրել հայ երաժշտական բարբառները, կրթական միջավայրի ստեղծման համար դրանց օգտագործման հնարավորությունները։

    3.3. Ուսումնասիրել ամեն երկրամասի ապրելակերպը՝ սնունդը, սովորությունները, ընտանիքների ներքին կարգուկանոնը, բժշկությունը, նաեւ՝ ծեսերն ու ծիսակատարությունները, դրանց մեջ եղած բուն հայկական շերտերը, ամփոփել դրանք ներդաշնակ ամբողջության մեջ, ընտրել այն ամենը, ինչը կարող է կենսունակ լինել եւ նոր դարաշրջանի ապրելակերպի մասը դառնալ, ձեւավորել որպես կրթական նյութ դպրոցի ու համայնքի համար։ Ստեղծել ձեռնարկ-դասագիրք "Ինչպե՞ս ապրել տարին", որը կարտացոլի Հայ Մարդու ապրելակերպի ընդհանրական գծերը եւ սեղանի գիրք կարող է դառնալ հայ ընտանիքների համար։

    3.4. Ստեղծել հետազոտական-հավաքչական խումբ՝ անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովումով, մշտական հավաքչական աշխատանք կատարել Հայաստանում, հարակից հայկական շրջաններում եւ փրկել հեռացող սերնդի մշակութային արժեքներն ու օգտագործել կրթական ժողովածուների մեջ։ Հավաքչական-հետազոտական գործուղումների միջոցով ուսումնասիրել Սփյուռքի այն օջախները, որտեղ պահպանվել է Երկրի մշակույթը` մաքուր եւ անխառն վիճակում, գործածել ու օգտագործել եղած արժեքները։

    3.5. Ուսումնասիրել հայ էթնոսի այն հատվածների մշակույթը, որոնք պատմական հանգամանքների բերումով հեռացել են մայրենի լեզվից, հողից ու հավատից, այլալեզու եւ այլադավան են, բայց իրենց ինքնության խորքերում պահպանում են ազգային պատկանելության զգացումը, իսկ մշակույթի մեջ՝ հայկականության կնիքը։ Ուսումնասիրել, մասնավորապես, Թուրքիայի, Կիրգիզստանի, Հյուսիսային Կովկասի մուսուլման հայության մշակույթը, հատկապես՝ թուրքախոս աշխարհիկ եւ հոգեւոր երգերը, հրատարակել ու կատարել դրանք։ Ծրագրի կատարողական խումբը կլինի Հայրենիքի մշակութային դեսպանը եւ խնդիր կդնի օտարված հայությանը վերադարձնել ազգային-մշակութային տարածք, ստեղծել կրթական մանրակերտ՝ իր ժողովածուով եւ այլ նյու֊թերով։

    3.6. Ստեղծել ծրագրի երկու կատարողական խումբ, որոնք կշնչավորեն ընտրված կրթական նյութը, որը կտեսագրվի եւ կօգտագործվի կրթական մանրակերտերի ձեւավորման համար։

    3.7. Հետազոտել Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային տարածքը, հավաքել վերջին երեք տասնամյակում տեսագրված ու ձայնագրված ժողովրդական երգն ու պարը, ընտրել սկգբնական ձեւի մեջ մաքուրն ու կատարյալը եւ հին կամ նոր կատարումներով օգտագործել կրթական մանրակերտերի ստեղծման համար։
    3.8. Դնել Հայաստան-Սփյուռք մշակութային կամրջի մաքրության հարցը, այդ կամուրջն օգտագործել հայոց աշխարհների մշակույթը Սփյուռք հասցնելու համար եւ հակառակը։


    4. Ծրագրին նախորդած աշխատանքները, աշխատախմբի կառուցվածքը եւ գործելակերպը

    4.1. Ներկայացվող ծրագրի գծով աշխատանքները կատարվում են 1990թ. սկզբից, աշխատախմբի անդամները նույն գաղափարներով գործել են առանձին-առանձին։ 1993-94թթ. աշխատախմբի կորիզը ձեւավորվել է առողջագիտության աշխատախմբի շուրջը, 1997 թվականից՝ Մարդու էկոլոգիայի դպրոցում։ Կատարվել են հետազոտություններ եւ նյութի հավաքչություն ազգային առողջ ապրելակերպի, բանահյուսության, երգի, պարի եւ էպոսի բնագավառներում։
    Ծրագրերի իրականացումը ներկա փուլում պահանջում. է հետեւյալ գործնական քայլերը։
    4.2. Որոշել այն հանրակրթական հիմնարկը, որի հիմքի վրա պետք է կատարվի աշխատանքը (այստեղ կա երկու տարբերակ).
    4.3. Ներկայումս գործող աշխատախմբի հիմքերի վրա ձեւավորել մշտական գործող աշխատախումբ։ Կգործեն հետեւյալ ֆունկցիոնալ բաժինները՝ յուրաքանչյուրը 1-2 մասնագետներով՝ ազգային առողջ ապրելակերպ, բանահյուսություն, ազգագրություն, երգ, պար, էպոսագիտություն, բարբառագիտություն, աշխարհագրություն-պատմություն։ Աշխատախմբին, պայմանագրային կարգով, կարող են աշխատակցել այլ մասնագետներ։ Կգործի ծրագրի տեխնիկական անձնակազմը՝ համակարգչի օպերատոր, լաբորանտ, վարորդ, տեսագրող, ռեժիսոր-օպերատոր, կգործեն ծրագրի համույթները:
    Ծրագրի մշակումները բազային դպրոցում ներդրվում են այն դպրոցի մանկավարժների միջոցով, որոնք աշխատակցում են պայմանագրային կարգով։
    Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար, որը նվազագույն ժամկետ է այսպիսի մի ծրագրի համար։ Սակայն ծրագրի կատարման ընթացքում այն կստանա ինքնապահպանող հնարավորություններ եւ կշարունակի գործել նաեւ ապագայում։


    5. Սպասվելիք արդյունքները
    5.1. Ծրագրի հեղինակները գիտակցում են, որ հայոց 15 աշխարհներից ոչ բոլորի գծով կա պահպանված բավականաչափ մշակութային նյութ, որը կարող է լիարժեք կրթական մանրակերտի հիմք դառնալ։
    Այնուհանդերձ, խնդիր է դրվում ամեն աշխարհի գծով ստեղծել մշակութային-կրթական մանրակերտ, որը կընդգրկի ժողովածու՝ երկրամասի աշխարհագրությամբ, պատմությամբ, ներկա վիճակով, ապա՝ ապրելակերպի գծերը, սովորույթներն ու ծեսերը, բանահյուսությունը, երգն ու պարը։ Ժողովածուի ամբողջ նյութը նախատեսված է լինելու կրթական նպատակների համար, սակայն կներկայացնի նաեւ տեղեկատվական արժեք։ Ամեն ժողովածուին կից ստեղծվում են տեսաերիզներ, ձայներիզներ, որոնք շնչավորում են կրթական նյութը։
    5.2, 5.3,.................
    5.4. Մշակվում է Հայաստան-Սփյուռք մշակութային կամրջի հայեցակարգի բովանդակային-կրթական հատվածը։
    5.5. Այն հանրակրթական հիմնարկը, որտեղ իրականացվում է ծրագիրը, ձեւավորվում է որպես վերապատրաստման բազա Հայաստանի եւ Սփյուռքի ուսուցիչների, նաեւ՝ մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար՝ ծրագրի մշակումներն ազգային դպրոցում ներդնելու համար։
    Ծրագրի ամենակարեւոր արդյունքը կլնի այն, որ ամեն հայ մարդ Հայաստանում թե Սփյուռքում, կարող է ձեռքի տակ ունենալ իր կամ նախնյաց ծննդավայրը ներկայացնող հայոց աշիարհի (նահանգի) նկարագիրն արտացոլող կենդանի կրթական նյութ, որը կարող է կյանք մտնել ու օգտագործվել։ Իսկ ծրագիրը կամբողջացնի միացյալ մշակութային Հայաստանի պատկերը։


    6.Ծրագրի ընդունման եւ ներդրման մեխանիզմը. մշակված է:

    7. Ֆինանսավորումը

    7.1. Այս ծրագիրը կարող էր հավակնել ֆինանսավորում ստանալ միջազգային կրթական վարկերից, սակայն միջազգային օգնությունն առայժմ չի ուղղվում ազգային հիմնախնդիրների իրականացմանր, հետեւաբար ծրագիրը այդպիսի ֆինանսավորման ներկայացնելը կլիներ ժամանակի կորուստ։ Մինչեւ այժմ կատարված աշխատանքները իրականացվել են աշխատախմբի ջանքերի ու միջոցների հաշվին։ Ծրագիրն այժմ կարող է ֆինանսավորվել այն ազգային-֊բարեգործական ուժերի կողմից, որոնք կընդունեն ծրագրի կարեւորությունը, երկրի ու հայության ապագայի համար, հայրենակցական միություններր կարող են մասնակցել իրենց երկրամասի գծով աշխատանքների կազմակերպմանը եւ ֆինանսավորմանը։
    7.2. Ծրագրի բյուջեն ընդգրկում է հետեւյալ հատվածները. ա) նյութատեխնիկական հիմքի ապահովում՛
    - տարածքի նախապատրաստում.
    - համակարգչային տեսագրող-ձայնազրող սարքերի ձեռքբերում, ձայնագրման սրահի ստեղծում,
    հավաքչական խմբի տրանսպորտի ձեռք բերում,
    բ) նյութատեխնիկական ընթացիկ ապահովում յուրաքանչյուր տարվա համար, գ) մշտական ստեղծագործական խմբի աշխատավարձ (12աշխատակից),
    դ) պայմանագրային աշխատակիցների աշխատավարձ, ե) տեխնիկական անձնակազմի աշխատավարձ, զ) հավաքչական֊ ստեղծագործական էքսպեդիցիաների ֆինասավորում, է) կրթական ժողովածուների (15) սկզբնական տիրաժի հրատարակում
    թԵրկու համույթների սկզբնական նյութական ապահովում (զգեստներ, գործիքներ ել այլն), պահպանման ընթացիկ ծախսեր ել աշխատավարձ (30 աշխատակից)։
    7.3. Կատարված է բյուջեի հատվածների նախնական հաշվարկ, որը կներկայացվի հնարավոր ֆինանսավորողին:
    7.4. Բյուջեի կատարումը ֆինանսավորողի կողմից վերահսկելի է, քանի որ ծրագրի կատարումը նշանավորվում է կոնկրետ արդյունքներով։ Իսկ աշխատախումբր գտնում է, որ ծրագրի բարոյական նպատակը ամեն լումայի ճիշտ ծախսման միակ երաշխիքն է։



    Ծրագրի հեղինակ` ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
    Մարդու էկոլոգիայի դպրոցի և
    Առողջագիտության ինստիտուտի տնօրեն,
    բժշկագիտության թեկնածու

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (05.02.2008), Tigris (04.02.2008)

  3. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ինչպես հայ մշակույթը մտցնել հանրակրթություն

    Յարգելի տիարք եւ տիկնայք, աշխատակիցներ Հայկական հարցերի Հաստատութեան:
    Նմանօրինակ գաղափարով մի գրութիւն յղել էի, «Կիւլպենկեան»ի հայկական բաժին: Արդարեւ, այդ հաստատութիւնը հայագիտական բարձր գնահատելի աշխատանք է տանում, հրատարակելով հայագիտական արժէք ներկայացնող հին եւ նոր գործեր:
    Այն ինչ գրել էք, հիանալի ծրագիր է, յաւելեալ՝ հին եւ նոր Հայաստանների եւ գաղութների գրական աւանդը թուայնացած տեսնել խտասալիկի մէջ, իղձս է: Հայաստան աշխարհի հին եւ նոր քարտէսները, աշխարհագրական տարբեր անուններով եւ օժտուած կապերով )link), որ մեզ տանի յաջորդ տեղեկանքին: Այդպիսի հանրագիտարանային խտասալիկներ պատրաստել է encarta ընկերութիւնը:
    Խտասալիկը իր քարտէսներով, պատկերներով, ձայնային տուեալներով, հին եւ նոր տարբեր Հայաստանների կենդանի կեանքը կարող է ներկայացնել: Երգ ու պար, ժողովրդային բանահիւսութիւն բնիկ բարբառներով, ազգային տարազ: Ան իր մէջ կարող է բովանդակել. պատմական, գրական, աշխարհագրական, լեզուական, մատենագրական ամբողջ հայկական ժառանգութիւնը:
    Մեզնից ո՞վ գիտի այժմ, ճիշտ տեղը պատմական Ձիւնակերտ քաղաքին: Այդ քաղաք-բերդը, ի՞նչ կը կոչուի այժմ: Տղմուտ գետը ո՞ւր է քարտէսի վրայ: Ո՞րտեղ է Աւարայրը: Ի՞նչ բնակչութիւն ունեցած է այդ գաւառը մինչ Առաջին Աշխարհամարտ: Ի՞նչ ականաւոր հայեր ծնած են Գողթնի տարածքին: Ո՞րոնք են Ջահուկ գաւառի յայտնի բերդերը, ամրոցները: Ի՞նչ պատմական նշանակալից անցեալ ունեցել են անոնք: Եւայլն:
    Այս ամէնը hyperlink կապերով քարտէսներով, որ մեզ տանեն նիւթին առնչուած թուայնացած գործերին:
    Խտասալիկները կարելի է նորոգել՝ update անել, ամէն անգամ, երբ հայագիտութիւնը նոր գործերով է հարստանում:
    Այսպիսի ծրագրեր իրական դառնան, երբ հետամուտ լինենք ոյժին: Ազգային իսկ արժէքով հպարտանալ ոյժ է տալիս հայ մարդուն, լաւ, եթէ կուզէք՝ մարդ հային: Մեզ ոյժ է պէտք, վասն ապրելով ստեղծագործելու: Ոյժի ներշնչման անսպառ աղբիւր է հայ մշակոյթը:
    Ինքներս մեզ զլանում ենք օգտուելու ներշնչման հայկեան վարար աղբիւրից:
    Երբ «ղարաբաղ» ասելու փոխարէն ասեմ «Արցախ». ուժեղ զգամ, քանզի յաղթելով ինձ ստրկացնող դրածոյ բառից, խրոխտօրէն գործ եմ ածում անթուրք իմ բառը, մեր անուանակոչումը: Սա յաղթանակն է Հային, Արցախին, որ ոգեշնչում է ինձ: Հպարտ մարդը տկար չի կարող լինել: Առնուազն ոգեպէս ուժեղ է նա: Հպարտ կարող է լինել ինքզինք ստոր մարդ, ստոր ազգի զաւակ չի համարողը: Այդ ժամ, նա կարող է սիրել, սիրելով հպարտանալ իւր մշակոյթից: Այնչափ հպարտ եմ զգում, երբ երկու տող գրաբար կարդում, ու...հասկանում: Սա ինձ ոյժ է տալիս, եւ ոչ միայն ոյժ, նաեւ ուրախութիւն:
    Ականատես ենք լինում Հայ Բանակը գովերգող երգերի, համերգների ներկայացմանը: Երբէք չի անտեսելով Հայ ժողովուրդի եւ Հայաստանի կարմիրբանակային, ինչպէս նաեւ ցարական անցեալը, կուզեմ մատնանշել բացարձակ անտեսումը. Հին եւ նոր Հայ Ազգային Ազատագրական պայքարի բովից ելած ու այնպէ՜ս թրծուած, ու այնպէ՜ս ոգեշնչող, ռազմական ու հայրենասիրական տրամադրութիւն բարձրացնող երգերին:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #3
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Ինչպես հայ մշակույթը մտցնել հանրակրթություն

    Նախաձեռնությունը հրաշալի է։ Հենց միայն կարդալով ոգևորվեցի․․․

    Հիմա, ինչքան գիտեմ, դպրոցներում դասաժամեր են հատկացված հայ եկեղեցու պատմությանը, «հայրենագիտությանը» (կարծեմ էդպես է կոչվում)։ Սակայն սա շատ ավելի հետաքրքիր ու կարևոր նախագիծ է, ամենակարևորը՝ լավ մշակված, այնինչ վերոնշյալ դպրոցական «առարկաները», ասում են, գրեթե չեն տարբերվում սովորական «Հայոց պատմության» դասերից։

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից
    Երեխայի սրտի եւ էության մեջ վերակերտվում է Հայրենիքի ամբողջությունը, նա դպրոցն ավարտում է որպես Հայ Մարդ եւ կարող է դառնալ Միացյալ Հայրենիքի ժառանգն ու իղձերի պատասխանատուն։
    Հրաշալի է ասված․․․

    Մեջբերում Tigris-ի խոսքերից
    Երբ «ղարաբաղ» ասելու փոխարէն ասեմ «Արցախ». ուժեղ զգամ, քանզի յաղթելով ինձ ստրկացնող դրածոյ բառից, խրոխտօրէն գործ եմ ածում անթուրք իմ բառը, մեր անուանակոչումը:
    Լիովին համաձայն եմ։ Շատ եմ մտածել, բայց էդպես էլ չեմ հասկացել (քաղաքականությունից «մի քիչ» հեռու եմ), թե իրականում ի՞նչն է մեզ, կամ հենց արցախցիներին, խանգարում պաշտոնապես անվանափոխել իրենց հայրենի հողն ու այն կոչել իր պատմական անունով․․․

  5. #4
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ինչպես հայ մշակույթը մտցնել հանրակրթություն

    Ու կրկին կգա ապրիլի 24-ը, ու էլի թուրքը կլինի մեղավորը... Ու ոչ ոք չի խոսի իրական մեղավորի մասին` մեր բոլորիս, այսօր ապրող հայերիս մասին:

  6. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ինչպես հայ մշակույթը մտցնել հանրակրթություն

    Ու կրկին կգա ապրիլի 24-ը, ու էլի թուրքը կլինի մեղավորը... Ու ոչ ոք չի խոսի իրական մեղավորի մասին` մեր բոլորիս, այսօր ապրող հայերիս մասին:

    Ասել կուզես. «մեղաւոր ենք, քանզի չենք ոչնչացրել անկոչ հիւրերին, որոնք փոխեցին Փոքր Ասիայի էութիւնը»: Համաձայն եմ:
    Մարդասիրաբար, կամ քրիստոսի նման, մեղքը մեր վրայ առնե՞նք:
    Գիտես ի՜նչ, տասնհինգ թիւը առանձին հասկանալ կարելի չէ, պիտի ուսումնասիրել ողջ պատմութիւնը՝ գտնելու դէպքերի զարգացման ընլթացքը, որպէսզի կարենանք հասկանալ՝ ո՞վ, ի՞նչ է արել, ուստի՝ ո՞վքեր են մեղաւորները:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #6
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ինչպես հայ մշակույթը մտցնել հանրակրթություն

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասել կուզես. «մեղաւոր ենք, քանզի չենք ոչնչացրել անկոչ հիւրերին, որոնք փոխեցին Փոքր Ասիայի էութիւնը»: Համաձայն եմ:
    Մարդասիրաբար, կամ քրիստոսի նման, մեղքը մեր վրայ առնե՞նք:
    Գիտես ի՜նչ, տասնհինգ թիւը առանձին հասկանալ կարելի չէ, պիտի ուսումնասիրել ողջ պատմութիւնը՝ գտնելու դէպքերի զարգացման ընլթացքը, որպէսզի կարենանք հասկանալ՝ ո՞վ, ի՞նչ է արել, ուստի՝ ո՞վքեր են մեղաւորները:
    Ոչ, Tigris, այդպիսի պնդում անելուց նույնքան հեռու եմ, որքան Քրիստոսը "Փոքր Ասիայի էություն" ֆրազից: Մեղքը մեր վրա չվերցնենք, պարզապես մեղավոր ենք և մեղավոր ենք, քանզի միայն ապրիլի 24 նշելու համար են բավարարում ազգային էթիկական ուժերը, իսկ ահա ներքին ազգային տարածք ունենալն ու այդ տարածքի ստեղծման ծրագրերին տեր կանգնելը մեր սահմանը չէ: Մեղկության սահման տեսածը խիզախության սահմանին հասնելու համար ահռելի ջանք պիտի թափի: Ջանք չունենք, ինքնամաքրման ու ինքնահայման ջանք չունենք ու, այո, այսպիսով մեղավոր ենք` անկախ Ասիայիում կամ Եվրոպայում թուրքերի կատարած պատմական դերից կամ Քրիստոսից: Մեղավոր ենք որովհետև մեղավոր ենք ու որովհետև ցայսօր էլ դեռ չենք հասկացել ու շարունակում ենք չհասկանալ, որ մեղավոր ենք: Սա մեղք վերցնել չէ, սա ապրելու արվեստն է

  8. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (06.02.2008), Առողջագետ (06.02.2008)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես ապաքինել հիպերտոնիկ հիվանդին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Լուրեր, նորություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.09.2008, 10:47
  2. Ինչպես ազատվել այս նոր վարակից
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.01.2008, 15:51
  3. Ռուսաստանի բնությունն ինչպես ժողովուրդը...
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.11.2007, 00:30
  4. Հայ հանրության սեռի մշակույթը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Սեռը և կյանքը
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.10.2007, 17:42

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •