Առողջագետի առաջարկով որոշեցի բացել այս թեման, որտեղ կգրեմ իմ ամերիկյան մտորումների, զգացողությունների ու դիտարկումների մասին։ Գրառումներս ինչպես տեղեկատվական, այնպես էլ օրագրային բնույթի կլինեն, բայց ուզում եմ նախապես զգուշացնել, որ ԱՄՆ–ի մասին այստեղ ներկայացրածս դիտարկումները սահմանափակվում են զուտ ԱՄՆ–ում իմ բնակության վայրի մասին ունեցածս տեղեկություններով, տպավորություններով ու կարծիքներով, իսկ Ամերիկան, ինչպես գիտեք, մեծ երկիր է, և նահանգից նահանգ երբեմն զգալի տարբերություններ են լինում։ Ավելացնեմ նաև, որ նույնիսկ տեղեկությունների տեսքով հաղորդածս անխուսափելիորեն անցկացված է լինելու իմ սուբյեկտիվ ընկալման ու հույզերի միջով, այնպես որ խնդրում եմ գրածիս վերաբերվել որպես տպավորությունների, ոչ թե ճշգրիտ ու օբյեկտիվ տեղեկատվության։ Տեղեկատվություն, անկասկած, կլինի, բայց ճշգրտությունը չեմ երաշխավորում։
Թեման ստեղծագործությունների բաժնում բացելուց որոշեցի զերծ մնալ, քանի որ բավականաչափ գեղարվեստականություն ապահովել նույնպես չեմ խոստանում։
Ինչպես արդեն ասել եմ, Ամերիկայում հայտնվելու և ապրելու հեքիաթային երազանքով երբեք չեմ տառապել և ընդհանրապես Հայաստանից դուրս ապրելու ցանկություն չեմ ունեցել, բայց, դժբախտաբար թե բարեբախտաբար, հանգամանքները ոչ միշտ են դասավորվում մեր ուզածով ու նախատեսածով՝ երբեմն հիմնովին ավերելով մեր նախնական մտադրություններն ու երազանքները...
Ճակատագրի նմանատիպ մի քմահաճույքով էլ ես հայտնվեցի ԱՄՆ–ում, ու թեև բոլորը կողքից համոզված պնդում են, որ այս երկրից հետդարձի ճանապարհ չկա, ես, այնուամենայնիվ, անկեղծորեն հավատում եմ, որ գոնե մի քանի տարի հետո կկարողանանք հեռանալ այստեղից՝ հիմնավորապես հաստատվելով մեր հայրենիքում։
Բայց... Սկսեմ սկզբից...
Բարի գալուստ Ամերիկա
Հիշում եմ ԱՄՆ մեկնելուց առաջ մեր վերջին օրը Հայաստանում։ Մի կողմից գիտակցում էի, որ շատ եմ կարոտելու հարազատներիս, ընկերներիս ու ընդհանրապես Հայաստանը, մյուս կողմից էլ ինձ գրավում էր ամեն ինչ զրոյից սկսելու աննախադեպ հեռանկարը. նոր երկիր՝ իմից արմատապես տարբեր ու ինձ՝ ամբողջ կյանքս Հայաստանում ապրած մարդուս համար աներևակայելիորեն հեռու, նոր մշակույթ, նոր մարդիկ, նոր տուն և, վերջապես, նոր ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնական կյանք։ Այս ամենը, ինչ խոսք, անչափ գրավիչ էր, բայց միաժամանակ վախեցնող, քանի որ գնում եմ մի երկիր, որտեղ ամուսնուցս բացի, ուրիշ ոչ մի հարազատ... ի՞նչ հարազատ, նույնիսկ ծանոթ մարդ չունեմ...
Բայց, որքան էլ տարօրինակ է, նույնիսկ մեկնելուս օրը կարոտիս վախը դեռևս զուտ գիտակցական մակարդակի վրա էր. ինչպես ասում են, դեռ «տաք էի», ու եթե ինչ–որ հուզմունք ու անհանգստություն էլ ունեի, ապա զուտ գիտակցական։ Մինչև անգամ օդանավակայանում, որտեղ մեզ ճանապարհելու էին եկել իմ ու ամուսնուս ընտանիքները, սկզբում էլի դեռ «տաք էի» ու անհամբեր սպասում էի մոտալուտ թռիչքին։ Միայն վերջում, երբ հրաժեշտի պահը եկավ, հանկարծ մի տեսակ խուճապային հուզմունք համակեց ինձ... Երբեք չեմ մոռանա այդ սարսափելի զգացողությունը... Մի կերպ պոկվելով հարազատներիս գրկից ու արդեն միանգամայն հուզական մակարդակով գիտակցելով կատարվելիքի լրջությունը՝ արցունքն աչքերիս հեռացա ինձ ձեռքով անող հարազատներից... Հիշում եմ՝ ոնց էի վախեցած ու անօգնական սեղմվել ամուսնուս՝ միակ մարդուն, ով ինձ համար պատասխանատու է լինելու այսուհետև... Սարսափելի խուճապի մեջ էի ընկել... Հեռանում էի... Եվ սա արդեն ոչ թե մտադրություն էր կամ ծրագիր, որի մասին ընդամենը մի քանի օր առաջ անհոգ զրուցում էի ընտանիքիս ու ընկերներիս հետ, այլ արդեն կատարված իրողություն... Մի կողմից լալիս էի, մյուս կողմից փորձում ժպտալ ու ուրախանալ՝ գիտակցելով մեկնելուս դրական կողմերը... Ամուսինս էլ ջանք չէր խնայում ինձ մխիթարելու համար. անընդհատ փորձում էր իրավիճակը թեթև ու լավատեսական կողմից հրամցնել ինձ... Ասում են՝ օտար երկիր մեկնելու դեպքում մարդը մշակութային շոկ է ապրում (culture shock), որը սկսվում է տվյալ երկիր ոտք դնելուց մի քանի օր հետո, երբ սկսում է գիտակցել իր հայրենի երկրի ու օտար երկրի կենցաղի, մշակույթի ու ընդհանրապես բոլոր տեսակի տարբերությունները և դրանց հարմարվելու իր անպատրաստությունը... Իսկ սկզբնական օրերին դեռ համակված է լինում, այսպես ասած, էյֆորիայով, քանի որ դեռ լրջորեն բախված չի լինում խնդրիների հետ, այլ միայն հիանում է նոր երկրի արտաքին առավելություններով կամ թեկուզ հենց նորությամբ։
Իմ մշակութային շոկը սկսվեց ինքնաթիռ ոտք դնելու պահից... Երևանից Վիեննա պետք է թռչեինք, այնտեղից էլ Նյու Յորք։ Առանց այդ էլ նյարդային ու գրգռված վիճակս է՛լ ավելի խորացավ, երբ ինքնաթիռում սկսեց ականջս սղոցել ու նյարդայնացնել ուղևորների ու ավիաուղեկցորդուհիների համատարած գերմաներենը... լեզու, որին որոշ չափով տիրապետում եմ ու չնայած շատերի՝ այդ լեզվի նկատմամբ ունեցած հակակրանքին, միշտ սիրել եմ... Բայց այժմ այդ լեզուն ինձ ուղղակի կատաղեցնում էր. հայերեն էի ուզում լսել, բայց կարծես այս ինքնաթիռում հայեր գրեթե չկային... Եվ սա դեռ Երևանից մեկնող ինքնաթիռն էր, իսկ ի՞նչ էր լինելու Վիեննա–Նյու Յորք թռիչքի ժամանակ... Առաջին թռիչքը 6 ժամանոց էր... Ընթացքում քնում–արթնանում էինք (նախորդ գիշեր չէի քնել ընդհանրապես), ժամանակի զգացողությունը լրիվ կորցրել էի. ասենք, ինքնաթիռի մեջ ի՞նչ ժամանակի մասին կարող է խոսք լինել։
Հաջորդ թռիչքի համար պետք է 5 ժամ սպասեինք Վիեննայի օդանավակայանում. Ավստրիայի վիզա չունեինք, հետևաբար օդանավակայանից դուրս գալ չէինք կարող... Այնտեղ էլ էինք անընդհատ քնում–զարթնում՝ ամեն անգամ նայելով ժամացույցին, որպեսզի տեսնենք, թե քնելով քանի ժամ ենք արդեն սպանել, ու քանի տանջալից ու հավերժական ժամ է դեռ մնացել... Գուցե ճանապարհորդությունների սովոր մարդու համար այս ամենը միանգամայն բնական ու սովորական է, բայց ինձ նման մեկի համար չափից դուրս սթրեսային էր. չգիտեմ, շատ հնարավոր է, որ անհամեմատ ավելի թեթև տանեի նման բաները, եթե զուտ ճամփորդելու համար մեկնելիս լինեի, ոչ թե երկար ու անհայտ ժամանակով... Վիեննա–Նյու Յորք թռիչքը շատ ավելի տանջալից էր, քանի որ այս մեկը 9 ժամանոց էր... Նորից քուն, արթնություն, քնի ու արթնության միջև ընկած մղձավանջային վիճակներ, մատուցվող տարօրինակ ու երբեմն ինձ համար անուտելի ուտելիքից սրտխառնոց... Իրար հաջորդող ցերեկներ ու գիշերներ... Եվ, իհարկե, այս ամենի տրամաբանական հետևանքը՝ ժամանակի զգացողության արդեն կատարյալ բացակայություն. ինձ մերթընդմերթ նույնիսկ թվում էր, թե արդեն շաբաթներով այս ինքնաթիռի մեջ եմ բնակվում... Այդպիսի մղձավանջային վիճակում դեռ չէի եղել...
Շուրջս ամեն ինչ նյարդայնացնում ու կատաղեցնում էր։ Օտար դեմքեր, օտար հայացքներ, օտար լեզու... Մտածում էի՝ տեսնես միայն ե՞ս եմ ինձ այսպես զգում, թե՞ էլի մարդիկ կան։ Ժամանակ առ ժամանակ հայացքս սահեցնում էի քիչ թե շատ հասանելի ուղևորների վրայով, բայց ոչ մեկի դեմքին չէի կարդում այն, ինչ ես էի ապրում... Բայց մի՞թե իմ դեմքին կարելի էր կարդալ իմ զգացողությունները... Խիստ կասկածում եմ, հետևաբար չեմ կարող դատել նաև մյուսների մասին... Վերջում, երբ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում, հանկարծ սիրտս սկսեց թեթևակի խառնել, արդեն վեր էինք կացել տեղներիցս, մեկ էլ մի փոքրահասակ տղայի խելքին փչեց ինչ–որ տարօրինակ տեսակի հաց ուտել, որի զզվելի հոտից սրտխառնոցս կտրուկ ուժեղացավ... Հոտը շատ արագ տարածվեց ամբողջ ինքնաթիռով մեկ... Զգում էի, որ եթե մի քիչ էլ դանդաղի մեր դուրս գալը, արդեն փսխելու եմ ինչ–որ մեկի վրա. բոլորը կանգնած սպասում էին, նեղվածք էր, այնպես որ նույնիսկ զուգարանին հասնել չէի կարող... Ուժերիս գերլարումով մի կերպ դիմացա, իսկ դուրս գալուն պես սրտխառնոցս բարեբախտաբար անցավ։
Ամերիկա... Մենք արդեն Ամերկայում ենք...
Նյու Յորք
Բայց դեռ շատ ունեինք մինչև վերջնակետին հասնելը։ Նյու Յորքից պետք է գնացքով մեկնեինք New Brunswick, որտեղից էլ ավտոբուսով հասնեինք Piscataway համալսարանական քաղաքը, որտեղ ապրում էր ամուսինս և որտեղ այսուհետև ապրելու էի նաև ես։
Օդանավակայանում արդեն գլուխս սկսեց պտտվել մարդկանց գույների, լեզուների, հագուկապի ու էլի մի շարք երևույթների բազմազանությունից... Արտառոց ու ցնցող շատ բաներ տեսա, բայց մի սևամորթ կնոջ հագուկապը առանձնապես ցնցող էր. սեպտեմբեր ամիսն էր, ու եղանակը դեռ ամառային էր. կինը հագել էր բաց ամառային չստեր՝ ամառային գուլպաներով և... ձմեռային տաք մուշտակ... Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ նմանատիպ տեսարանները շուտով սովորական երևույթ են դառնալու... Բայց դրա մասին՝ իր ժամանակին։
Այնուամենայնիվ, գրգռված վիճակս իր գագաթնակետին հասավ Նյու Յորքի օդանավակայանից դուրս գալու ընթացքում, երբ մեր ճամպրուկները ստանալով՝ ամեն մեկս մի մեծ ու ծանր ուսապարկ ուսներիս և երկուական լեփ–լեցուն ճամպրուկ քարշ տալով՝ առաջ էինք գնում. վերելակ, աստիճաններ, շարժասանդուղքներ, օդային գնացք... Մեզ հետ վերցրած և՛ ճամպրուկները, և՛ ուսապարկերը թույլատրված առավելագույն չափով լցրել էինք անհրաժեշտ ու ոչ այնքան իրերով...
Երկար ժամանակ այս ու այն կողմ էինք գնում՝ բեռները քարշ տալով։ Հոգնածությունից հազիվ էի շարժվում։ Ի վերջո, զգացի, որ այն աստիճանի ուժասպառ եմ, որ այլևս ի վիճակի չեմ շարունակելու... Լացակումած մի կողմ շպրտեցի ճամպրուկներն ու ուսապարկս և հենվելով մոտակա բազրիքին՝ սկսեցի լաց լինել։ Ամուսինս անմիջապես նետվեց թողածս բեռներին տիրություն անելու և ասաց, որ ԱՄՆ–ում սեփական պայուսակներից հեռանալ չի կարելի, քանի որ կկարծեն, թե ահաբեկիչ ես, պայուսակիդ մեջ ռումբ կա, դու էլ դրել ու փախչում ես... Բայց ես այնպիսի վիճակում էի, որ թքած ունեի, թե ինչ կմտածեն այս տխմար ամերիկացիները... Թող գրողի ծոցը գնան իրենց տխմար օրենքներով, ահաբեկիչներով ու ահաբեկչաֆոբիայով։ Ուղղակի մեռնում էի հոգնածությունից ու կատաղությունից։ Բայց այդտեղից ինչ–որ կերպ պետք էր դուրս գալ, և ամուսինս արդեն ստիպված սկսեց իմ բեռներն էլ ինքը տեղափոխել։ Պարզ է, որ միանգամից 4 ճամպրուկ տանել ուղղակի հնարավոր չէր, հետևաբար ստիպված մի փոքր տարածություն իր ճամպրուկները տանելուց հետո, հետ էր դառնում՝ իմ ճամպրուկները տանելու։ Երբ ասաց, որ այստեղից էլ պիտի գնացք նստենք, իսկ հետո՝ ավտոբուս, արդեն չդիմացա... Հայտարարեցի, որ այս բեռներով գնացք նստելու ի վիճակի չեմ այլևս, ու որ եթե հենց հիմա տաքսի չնստենք, որը մեզ կտանի ուղիղ դեպի տուն, ապա կպառկեմ հենց այստեղ՝ գետնին, ու կլացեմ... Հա, երեխայի պես էի պահում ինձ... Բայց վիճակս իրոք աննկարագրելի էր... Այսինքն՝ արդեն լացում էի՝ շարունակ հայտարարելով, որ զզվում եմ այս անիծյալ Ամերիկայից... Ի վերջո, որոշվեց, որ այս պահին իսկապես խնայողության մասին մտածելու ժամանակը չէ, պետք է տաքսի նստել։ Իսկ այստեղ ինձ սպասում էր ևս մի տհաճ անակնկալ...
Դուք երբևէ տաքսու հերթ տեսած կա՞ք։ Երևի ոչ։ Հայաստանում ավելի շուտ կարելի է ուղևորների համար հերթ կանգնած տաքսիներ տեսնել, քան տաքսիների համար հերթ կանգնած ուղևորներ... Եվ այսպես, հարկավոր էր հերթ կանգնել... Հերթը բավական մեծ էր։ Ճիշտ է, մեր իմացած հայկական հերթերից չէր, որտեղ բոլորն իրար գլխի են հավաքվում, շունը տիրոջը չի ճանաչում, ու հաճախ երկար–բարակ «բազարներ» են գնում այն մասին, թե ով ումից հետո էր և այլն։ Սա բավական կանոնավոր, սյունակների միջոցով ոլորապտույտ հանգիստ հերթ էր, ու կանոնավոր կերպով առաջ էր գնում, ուղղակի շատ երկար էր... Տաքսիները հերթով գալիս էին, ինչ–որ աշխատող, ըստ երևույթին, հատուկ այդ գործն անելու համար կանգնած էր մայթեզրին ու անձամբ կանգնեցնում էի տաքսիները, որից հետո կանչում հերթում կանգնածներին։ Մոտ մի ժամ հերթ կանգնեցինք։ Այդ ընթացքում հասցրեցի ատել Նյու Յորքը։ Մի տեսակ ինքնագոհ դեպի վեր ձգվող երկնաքերները, հեղձուցիչ մարդաշատությունը, մեքենաների, ձայների ու գույների գլխապտույտ առատությունն ու բազմազանությունը և, վերջապես, այդ ամենին ուղեկցող անտանելի աղմուկը սարսափելիորեն ճնշում էին, ու ես հենց տեղում վճռեցի, որ ոչ մի դեպքում չէի ցանկանա ապրել աշխարհի կենտրոն համարվող այս խելահեղ քաղաքում, և որ հաստատ մշտական բնակություն չեմ հաստատի ԱՄՆ–ում... Շունչս կտրվում էր շենքերի խտությունից. ոչ մի հորիզոն չէր երևում... Բնություն կոչվածն այս քաղաքում կարծես իսպառ բացակայում էր։ Զգում էի, որ այստեղ երկար գտնվելու դեպքում իսկապես կարող եմ խելագարվել... Աննկարագրելի ագրեսիվությամբ էի լցվել. անզուսպ բղավելու և շուրջս գտնվող բոլորին ծեծելու անհագ ցանկություն ունեի... Այո, մեծ հաճույքով կծեծեի այս հեղձուցիչ ամբոխի ամեն մի մասնիկին, կարծես նրանք մեղավոր լինեին իմ այդ վիճակի համար... Աշխարհի կենտրոնում գտնվելով՝ ինձ այնպես էի զգում, կարծես աշխարհից կտրված ինչ–որ հեռավոր վայրում լինեի. իսկ աշխարհի կենտրոնն ինձ համար Հայաստանն էր, Երևանը... Ու երբ գիտակցում էի, թե ինձ Երևանից ի՜նչ հսկայական տարածություն է բաժանում, քիչ էր մնում հուսահատությունից խելագարվեի...
Այստեղ էլ արդեն ամենուրեք հնչող անգլերենը, որ մասնագիտությունս էր, հասցրեց զզվեցնել ու ատելի դառնալ... Ի՜նչ ցավալի էր, որ այսքան մարդկանց մեջ ոչ մեկը հայերեն չէր խոսում... Հիշում եմ՝ հայացքս անընդհատ հայկական դիմագծեր էր փնտրում՝ հուսալով, որ գոնե մեկի բերանից մի հայերեն բառ կլսեմ, բայց իզուր... Էլ չեմ ասում, որ գրեթե ոչ մեկի ասածից բան չէի հասկանում. կարծես իմ իմացած անգլերենը ոչ մի ընդհանուր բան չունենար այս մարդկանց արտաբերած անհոդաբաշխ խոսքի հետ... Մի՞թե սրա մասին են երազում Ամերիկան որպես երազանք փայփայող հայաստանաբնակները... Ինչպիսի՜ մոլորություն։ Ես դեռ նրանց պես սպասելիքներ չունեի, որ այսպիսի հիասթափություն էի ապրում, բա նրա՞նք ինչ կլինեին, եթե այս վիճակում հայտնվեին...



Մեջբերել
Երևույթների ու զգացողություններիդ դիպուկ բնութագրումներով, տեսածն ու զգացածը ընթերցողիդ փոխանցելու հմտությամբ: Քեզ բնորոշ դիտողականությունն ու հոտառությունը, որով տեսնում ու զգում էիր Երևանի երևույթները ու հոտերը (
), ոչ միայն պահպանել, այլև զարգացրել ես
Ու դա մեզ խոստանում է , որ տեսնելու ենք Ամերիկան մեզ հարազատ աչքերով ու զգալու այնպես, ինչպես գուցե մենք կզգայինք: Մի խոսքով` փայլուն էր
Սպասում եմ շարունակությանը
Ըստ երևույթին, իր կարծիքով, փող մուրալու խիստ համոզիչ ու հիմնավոր պատճառ... Խոսքեր չկան, մուրացկանության առավել լուրջ արդարացում մեծն Ամերիկան դժվար թե երբևէ լսի... 
: