Մեր ընտանիքի հին կատակներից մեկն էր. արքայազն Չարլզին նամակ չգրե՞նք, թե ինչ գործ ենք անում Հայաստանում: Դա եղել է դեռ 90-ականներին, երբ հային բնորոշ գրեթե ծայրահեղականության հասնող ոգևորությամբ սկսել էինք երկրում առողջ ապրելակերպի և բնական բժշկության հաստատման գործը: Դեռ ինտերնետային կապից շատ հեռու էինք, և միայն պարբերաբար մեզ հասնում էին լուրերի պատառիկներ`արքայազն Չարլզը բուսակեր է /դա էլ իր կնոջ`Դիանայի հետ ունեցած հակասությունների կարևոր "բլոկն" էր/, արքայազնը ստեղծել է առողջ սննդի արտադրություն, և թեփով թխվածքաբլիթի վրա իր դրոշմակնիքն է դակում, արքայազնը պայքարում է սխալ սննդի դեմ դպրոցներում և բժշկական հաստատություններում և այլն:
Պատկերացնում եք, մեր երկրում որևէ թիկունք չունեցող և բյուրոկրատական համակարգի կողմից մեծամտորեն անտեսված բժիշկ-գործիչներիս համար ինչ ոգևորիչ էր այդպիսի թիմակից ունենալը: Այսքանով արդեն միշտ համակրանքով ենք վերաբերվել այս գործչին:
Այսօր արդեն ինտերնետի շնորհիվ ես իր` արքայազնի. տանն եմ` կարծում եմ, հասկանալի է` home page-ում:
Ւնչ հրաշալի զգացում է` մարդկային հոգեհարազատության, ընդհանրության զգացումը:
Պարբերաբար կներկայացնեմ ձեզ, թե ինչ համահունչ գաղափարներ և ծրագրեր կան աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց մոտ:
Այսօր միայն երկու առավել զարմանալի բան. արքայազնի ֆորումը կառավարական որոշմամբ փակվել է... Թոնի Բլեերի պաշտոնավարության ժամանակ այդ գերդեմոկրատական, բոլորին դաս տվող ազգը չի կարողացել հանդուրժել այդ հումանիստական, մարդկության վտանգավոր զարգացումներին ընդդիմադիր, կառուցողական ֆորումի գոյությունը, և այն փակվել է: Հասկանալի է, թե ում և ինչ շահերի է հակասել այն իր բովանդակությամբ, և այս ինքնասպան մարդկությունը ինչպես է կարճատեսորեն կասեցնում բոլոր իրապես օգտակար գործերը: Մենք էլ այստեղից պետք է եզրահանգումներ անենք. դեռ լավ է, որ այսքան էլ կանք և գործը առաջ ենք տանում:
Երկրորդ հետաքրքիր տեղեկությունն էլ այն էր, որ "Donation" բաժնում գրված էր բառացիորեն այսպես.
Every penny we receive is vital. Last year 80% of our funding came from voluntary donations and in 2008 this proportion is likely to be even higher. By making a donation, you will be making an important contribution to the cause of integrated health.
Մենք էլ մտածում էինք դիմել արքայազնի ֆոնդին` "Արշալույս"-ի թարգմանության գծով, չէ որ իրենց այս, և առավելևս ճարպակալման կանխարգելման գիրքը շատ պետք են, սակայն պարզվեց, որ իրենց ֆոնդը 80%-ով նվիրատվությունեերի հաշվին է գործում, էլ ինչ ուզենք:
Հիշում եք, մեկ ամիս առաջ Philosopher-ը նույն դիմումով դիմեց մեր հանրությանը: Մենք , մինչ այդ բացառապես մեր համեստ կարողություններով գործ արած մարդիկ, հակադրվում էինք այդ դիմումին, և իհարկե որևէ հույս չունեինք հասկացված լինելու:
Մենք գիտենք մեր հանրության մոտեցումը."Ձեզ ձեռք է տալիս, պահեք, կարող եք, պահեք, իսկ չեք կարող, դուք գիտեք...": Իհարկե, կաշխատենք մեր բոլոր գործերը անել, ինչպես արել ենք, մեր աշխատանքի արդյունքներով, բայց... եթե Չարլզն է աջակցություն ակնկալում, թերևս, մեզ համար էլ դա թույլատրելի էր, և գուցե կգա մի օր, երբ համահայկական դրամահավաք կկազմակերպվի ոչ միայն ճանապարհների շինարարության, ջրատարերի կառուցման համար /հուսանք, այդ հարցերը երբևէ լուծված կլինեն/, այլ նաև գիտելիքի աջակցության, գրքի թարգմանության, հայկական ինտելեկտի պտուղների իրականացման համար:
Հուսով եմ, մի օր նախագահի թեկնածուն կխոստանա ոչ թե հրացանավոր մարդկանցից ազատել մեր երկիրը, այլ նպաստել հայերիս "դեռ" պայծառ ուղեղներում ծագած գաղափարների իրականացմանը:
Ահա այսքանը` մեր գործընկեր և բարեկամ Ուելսի Դուքս` արքայազն Չարլզի կայքից ստացած առաջին տպավորությունս:
Հաջորդիվ` ինչպես կասեր "Հայլուր"-ը, կոնկրետ փաստեր այնտեղից` մեր մեկնաբանություններով:



Մեջբերել