Թեկուզ այնքան ենք տվել-առել, ամենամեղմ ու ամենադաժան հարց ու պատասխանն ունեցել այս տարիների մեջ, սակայն նորից սիրով պատասխանում եմ Հեղինակի հարցերին:
1. Ի՞նչ ես կարծում`այս քաղաքակրթության ընթացքում տղա-մարդը կարո՞ղ է ՄԱՐԴ դառնալ, քո անձնական դիտարկումներով` այդպիսի էվոլյուցիան ի՞նչ ուղղություններով պետք է գնա, ի՞նչ ազդեցություններով: Եվ որն է կնոջ դերը:
Ես ուղղակի չգիտեմ, թե որքան է այս քաղաքակրթության տևողությունը. եթե անվերջ է, ապա, իհարկե կարող է: Դե, դու ինքդ գիտես թե շատ “վստահելի աղբյուրներ” ինչ են գրում այդ մասին: Շնորհակալ եմ նաև հարցիդ մեջ եղած հուշումների համար:
Իհարկե, ես համարում եմ, որ կնոջ դերը այդ առումով ահռելի է, և կարծում եմ, դու ունես դրա ապացույցները. հենց կինն է հղկում բնության բարիք տղամարդ- ալմաստը, նրանից ադամանդ ստանալու համար: Եթե անկեղծ լինենք, պիտի ասենք, որ որոշ տարբերություններով, նույն դերն էլ տղամարդն է կատարում կնոջ կյանքում:
Իսկ թե որ այս հղկումը միշտ չէ, որ անցավ է… դա էլ հասկանալի է, փափուկ “խարտոցներ” դեռ չեմ տեսել:
2. Ի՞նչ շանս ունի Հայաստանը` դառնալու Նոր Մարդկության օրրաններից մեկը: Թե չե՞ս հավատում մարդկության վերածնությանը... Եթե չես հավատում, ապա ի՞նչն է Քեզ սնում` այդքան համառորեն և տարիներ աշխատել այդ ուղղությամբ...
Կարծում եմ, շանս ունի, երբեմն լինում եմ լրիվ վստահ, երբեմն կորցնում եմ վստահությունս: Մարդկության վերածնությանը երբեմն հավատում եմ, երբեմն ոչ:
Երբ շփվում եմ մարդկության ստեղծած մշակույթի հետ, ամբողջ սիրով սիրում եմ այս Մարդկությունը, ցանկանում եմ գիրկս առնել և փրկել, խնդրում եմ Տիեզերական ուժերին խնայել և ապաքինել այս Մարդկությունը: Բայց ոչ հազվադեպ խիստ հուսահատ եմ լինում, այնքան հիվանդ է երևում ինձ այն, որ փրկությունը անհնար եմ տեսնում, և գրեթե չեմ էլ ափսոսում, եթե Տիեզերական տարերքը մաքրի, լվա ամբողջ աղբը, և միայն առողջ ծիլերը նոր կյանք տան:
Իսկ ինձ այդպիսի նպատակաուղղված գործունեության մղում է ոչ թե “հավատը առ ապագան”, այլ խորքումս առկա հզոր իմպուլսները, որոնք գործում են այդ ուղղությամբ, և երևի, շատ կոնկրետ սերն ու կարեկցանքը դեպի յուրաքանչյուր մարդը, որին հանդիպում եմ:
3.Դու, անկասկած, գեղեցիկ Մարդ ես, բայց չե՞ս գտնում, որ Քո ինքնաճանաչումը և ինքնագնահատականը դեռևս առջևում է...
Հնարավոր է, ինչ իմանամ: Այն, ինչ ուղղությամբ իմ կյանքը ընթացել է, երևակայել անգամ չէի կարող , ինչպե՞ս կարող եմ կանխատեսել ներքին և արտաքին զարգացումների հետագա ընթացքը: Այս ընթացքը հիշեցնում է աստիճաններով բարձրանալը, լավ է , որ տեղ-տեղ հարթակներ կան և կարելի է կանգնել և շունչ առնել:
Վատն էլ այն է, որ չգիտես, որ հարկն է նպատակը, որտեղ է “Տունդ”, որտեղ վերջապես կարող ես հանգստանալ: Գուցե և լավ է, որ չգիտես…
4.Երբևէ տեսե՞լ ես ինձ առանց գենետիկ կեղևի, ե՞րբ է դա եղել, ի՞նչ զգացումներ ես ունեցել:
Ընդհանրապես, գիտես, որ այնքան էլ չեմ սիրում մարդուն տրոհել մոնադի և կեղևի, ինչպես դու: Սկզբում հենց այդպես, ամբողջապես եմ տեսել քեզ և հիացել քո կենսասիրությամբ, սիրով, քնքշանքով, տաղանդով, հիացել և սիրել: Դա հետո էր, երբ գիտելիքը եկավ, և փորձության ենթարկեց մեր սերը, կապը, նվիրումը, ձգտում էր կլանել և իրենով փոխարինել այն անփոխարինելին, որ կոչվում է սեր: Ահա այդ ժամանակ մենք սկսեցինք առանձնացնել գենետիկ կեղևը և բուն “էությունը”, “Ես”-ը, որ հենվելու տեղ ունենանք, և բոլոր սխալները վերագրենք հողային կոմպոնենտին, պահպանելով կորիզի` տիեզերական միջուկի անթերիության սկզբունք-զգացումը: Սակայն կարծում եմ, որ նոր փուլ կգա, և ես նորից կգտնեմ այն միաձույլ մարդուն, որին սիրել եմ նույնիսկ ինքնաճանաչման ծանր ճանապարհին:
5.Կարո՞ղ եմ հուսալ, որ կգա մի ժամանակ, երբ Դու չես շփոթի Ինձ և Իմ Կեղևը...
Կարծում եմ, գրեթե պատասխանել եմ, հուսով եմ, կգա ժամանակ, որ ես նորից
կգտնեմ քեզ որպես նոր ու ավելի գեղեցիկ Ամբողջ, որից նույն ջերմությունը կստանամ, որ ստացել եմ նույնիսկ դժվարին օրերին:
Վերջին հարցդ էլ կռահում եմ, բայց չեմ պատասխանում, իմ կանացի էությունն ասում է, որ ավելի լավ է, հստակ պատասխանը չստանաս...


Մեջբերել
Հաջողություն եմ մաղթում Ձեր բոլոր նախաձեռնություններին։


